Changes
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Սեմը, սակայն դեմ չէր ճագարներին՝ մանավանդ եփված վիճակում, և այդպես էլ ասաց Գոլլումին: Բոլոր հոբիթներն էլ, անշուշտ, եփել-թափելուց լավ են՝ նրանց դա սովորեցնում են ավելի շուտ, քան կարդալը (որը, պատահում է, որ չեն էլ սովորեցնում), իսկ Սեմը այդ գործում վարպետ էր համարվում նույնիսկ հոբիթների շրջանում: Երբ հարմար առիթ էր լինում, նա միշտ էլ ինչ-որ բան էր պատրաստում և կերակրում ջոկատի անդամներին: Իսկ երբ ջոկատը ցրվեց, լավատեսորեն տրամադրված Սեմը չցանկացավ բաժանվել իր գլխավոր ունեցվածքից. աբեթից, կայծքարից, երկու փոքրիկ կաթսաներից՝ մեկը մյուսի մեջ, փայտյա գդալից, երկճյուղ պատառաքաղից և մի քանի շամփուրից: Իսկ ավելի խորը և ավելի խնամքով թաքցված էր փայտյա տուփի մեջ պահվող գլխավոր և անփոխարիելի գանձը՝ մի բուռ աղ: Մնում էր միայն խարույկ վառել և էլի որոշ բաներ հայթայթել: Այդ ուղղությամբ խորհելով, Սեմը հանեց դանակը, մաքրեց, սրեց և սկսեց մաշկել ճագարներին: Նա չէր ցանկանում նույնիսկ մեկ ակնթարթ առանց հսկողության թողնել քնած Ֆրոդոյին:
— Լսիր, Գոլլում,— ասաց նա,— ես քեզ համար ևս մեկ գործ ունեմ: Հապա մի գնա ու այս կաթսաներով ջուր բեր:
— Սմեագորլը կգնա ջուր բերելու, եթե նրան խնդրում են,— համաձայնեց Գոլլումը: — Բայց հոբիթի ինչի՞ն է պետք այդքան ջուրը: Նա արդեն լվացվել է և կուշտ խմել: