Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 30 226 բայտ, 11:16, 31 Մայիսի 2015
/* Գլուխ LI */
Երբ որ Լեանդրային փակեցին վանքում, Անսելմոյի աչքերը մարեցին, որովհետև այլևս նրա աչքը ոչինչ ուրախացնող բան չմնաց։ Ես էլ էի անշող խավարում ապրում, ես էլ ոչ մի բանի վրա նայել չէի ուզում։ Մեր տխրությունն աճում էր մեր անհամբերության հետ։ Մենք անիծում էինք պարծենկոտ զինվորին և վրդովվում, որ հայրը չկարողացավ պահպանել աղջկան։ Վերջապես երկուսս էլ վճռեցինք լքել մեր գյուղը և բնակվել այս հովտում, որտեղ նա ոչխար է արածանցնում, ես՝ այծ, մեր կյանքը այս ծառերի միջև անց կացնելով, անձնատուր եղած մեր կրքին՝ երգելով Լեանդրայի գովքը կամ պարսավանքը միասին, կամ ախ քաշում զատ֊զատ՝ լոկ երկինքը հաղորդակից անելով մեր տրտունջներին։ Հետևելով մեր օրինակին՝ Լեանդրայի բազմաթիվ այլ երկրպագուներ այս լեռներն են քաշվել և նույն գործով են զբաղվում, ինչ որ մենք։ Մեր բանակն այնքան է աճել, որ այս վայրը նոր Արկադիայի տեղ կարելի է ընդունել, այնքան հովիվ ու հոտ է երևացել։ Ոչ մի տեղ այնքան հաճախ չի հնչում գեղեցիկ Լեանդրայի անունը։ Մեկն անիծում է նրան, անվանում քմահաճ, փոփոխամիտ, անպարկեշտ, մյուսը՝ թեթևսոլիկ ու թեթևամիտ, մեկը նրան արդարացնում ու ներում է, մյուսը դատապարտում ու պարսավում, մեկը գովաբանում է նրա գեղեցկությունը, մյուսը անիծում նրա բնավորությունը, վերջապես՝ բոլորը նրան անպատվում և բոլորը պաշտում են։ Նրանց խելագարությունն այն աստիճանի է հասնում, որ ոմանք գանգատվում են, թե նա արհամարհել է ինրենց, մինչդեռ նրանք նրան երբեք մի բառ էլ ասած չեն եղել, իսկ ոմանք կեղեքվում ու տառապում են խանդի կատաղի ցավից, որ նա ոչ ոքի չէր կարող ներշնչել, քանի որ, ինչպես արդեն ես ձեզ ասացի, մենք նրա մեղքն ավելի շուտ իմացանք, քան մտադրությունը։ Ժայռ չմնաց, վտակ չմնաց, ծառ չմնաց, որի մոտ որևէ հովիվ պատմելիս չլիներ քամուն իր սիրային տանջանքները։ Ամենուր արձագանքը կրկնում է Լեանդրայի անունը։ Լեռները կրկնում են՝ Լեանդրա, և Լեանդրան պահում է մեզ բոլորիս հմայված և կախարդված, և մենք անհույս հուսում ենք, երկյուղ ենք կրում, առանց իմանալու, թե ինչից։ Այս խելագարների միջև ամենացնորամիտն ու ամենաառողջամիտը միաժամանակ իմ ախոյան Անսելմոն է։ Ունենալով գանգատվելու այնքան առիթներ՝ նա ողբում է լոկ Լեանդրայի բացակայությունը իր ոտանավորումներում, երևան հանելով իր մտքի նրբությունը և երգելով նրանց ռաբելի նվագակցությամբ, որ նա զարմանալի լավ է նվագում։ Գալով ինձ՝ ես ավելի բնական և դյուրին ուղի եմ ընտրել, ինձ թվում է, ավելի արդարացի է դատափետել կանանց թեթևամտությունը, նրանց անհաստատամտությունը, նրանց երկրերսանիությունը, նրանց խաբուսիկ խոստումները, երդմնազանցությունը և վերջապես նրանց խոհերի ու մտադրությունների թեթևսոլիկությունը։ Ահա թե, սինյորներ, ինչն է իմ խոսքերի և ասածների իմաստը, որ ասացի այս այծին, երբ որ մոտեցա այստեղ, թեև իմ ողջ հոտի մեջ նա լավագույնն է, բայց ես նրան բարձր չեմ դասում, քանի որ նա իգական սեռին է պատկանում։ Ահա այն պատմությունը, որ խոստացա անել ձեզ։ Թերևս ձեզ այն երկար թվաց, դա նրանից է, որ ձեզ ծառայելու պատրաստակամությունս էլ մեծ է եղել։ Իմ տաղավարը շատ մոտ է այստեղից, ես ունեմ թարմ կաթ, ընտիր պանիր և ամեն տեսակ միրգ, որոնց տեսքը նույնքան հաճելի կլինի, որքան համը։
 
 
==Գլուխ XLII==
 
Դոն Կիխոտի վեճի մասին հովվի հետ և ապաշխարողների հազվադեպ արակածի, որ երջանիկ վախճանի հանգեց մեր ասպետի քրտինքի գնով
 
 
Այծարածի պատմությունը մեծ բավականություն պատճառեց ամենքին և մանավանդ եկեղեցականին, որ գտավ, թե պատմողն արտահայտվեց ոչ թե գեղջուկ այծարածի, այլ նուրբ ու քաղաքավար ոստանիկի պես և թե քահանան միանգամայն իրավացի էր ասելով, որ լեռները սնում են գիտուններ։ Բոլորն առաջարկեցին Էուխենիոյին իրենց ծառայությունը, սակայն ամենից առատաձեռնը դոն Կիխոտը եղավ, որ ասաց․
 
― Ճիշտ եմ ասում, այծարած եղբայր, եթե ինձ թույլատրած լիներ ձեռնամուխ լինել որևէ արկածի, ես իսկույն ևեթ ճամփա կընկնեի՝ ձեզ լավություն արած լինելու համար։ Ես կերթայի, որ ձեր Լեանդրային հանեմ վանքից, որտեղ անտարակույս, նա իր կամքին հակառակ է փակվել, սրբաքրոջ և բոլոր նրանց ջգրու, ում խելքին փչեց հակառակելու ինձ, և ես կվերադառնայի, որ նրան հանձնեմ ձեր ձեռքը, և դուք վարվեիք ըստ ձեր կամքի՝ բնականաբար, պահպանելով ասպետականության օրենքները, որ արգելում են օրիորդներին պատճառել որևէ տհաճություն։ Սակայն ես հույս ունեմ, տեր Աստծո օգնությամբ, որ չար կախարդի զորությունը այնքան ուժ չի ունենա, որ դիմանա բարի կախարդին, ուստի և ես խոստանում եմ ձեզ իմ օգնությունն ու հովանավորությունը, ինչպես պարտավորացնում է ինձ իմ կոչումը, որ թույլ ու ճնշվածներին օգնելն է։
 
Այծարածն սկսեց զննել դոն Կիխոտին և, տեսնելով նրա տարօրինակ տեսքն ու վատ արտաքինը զարմացավ ու դիմեց դալլաքին, որ իր կողքին էր․
 
― Սինյոր, ո՞վ է այս մարդը, որ ունի նման կերպարանք և խոսելու տարօրինակ եղանակ։
 
― Էլ ո՞վ, ― պատասխանեց դալլաքը, ― եթե ոչ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցին, վիրավորների վրիժառուն, արդարության վերականգնողը, կույսերին հովանավորողը հսկաների ահ ու զարը և մարտերի մեջ՝ հաղթանակողը։
 
― Նա նման է, ― պատասխանեց այծարածը, ― ասպետական գրքերում կարդացածներիս, որոնց մեջ թափառական ասպետներն անում են ձեր ասածները։ Եվ ես կարծում եմ, որ ձերդ ողորմածությունը կա՛մ ծաղում է ինձ, կա՛մ պետք է որ այս ազնիվ սինյորի գլուխը դատարկ լինի։
 
― Լի՛րբ֊անզգամ, ― գաչեց դոն Կիխոտը, ― դատարկ ու սարսաղը դո՛ւք եք, իմ գլուխն այնքան լիքն է, ինչպես չի եղել ձեզ աշխարհ բերող անառակի աղջիկ անառակ կինը։
 
Խոսքը գործի վերածելով՝ նա վերցրեց մոտը դրած հացն ու շպրտեց այծարածի վրա այնպիսի կատաղությամբ, որ նրա քիթ ու պռունկը ջարդեց։ Այծարածը, որ կատակ չէր հասկանում, և տեսնելով, թե հետը ինչ վատ են վարվում, ո՛չ գորգ ջոկեց, ո՛չ սփռոց, ո՛չ էլ ողջ հասարակությանը, որ նստած էր հացի, հարձակվեց դոն Կիխոտի վրա, երկու ձեռքով բռնեց նրա պարանոցը և, անշուշտ, կխեղդեր նրան անգթորեն, եթե Սանչո Պանսան վրա չհասներ նույն վայրկյանին և չբռներ նրա ուսերից և վայր չգցեր նրան գորգի վրա, ջարդելով բաժակները, ջարդելով ափսեները, նրանց մեջը եղածները թափելով և ցրիվ տալով։ Դոն Կիխոտը ազատվելով նորից հարձակվեց այծարածի վրա, որ երեսը արյունլվա, Սանչոյից ոտնահար, սողեսող գորգի վրա դանակ էր որոնում, որպեսզի արյունոտ վրեժ լուծի։ Բայց եկեղեցականն ու քահանան արգելք հանդիսացան, իսկ դալլաքն այնպես սարքեց, որ այծարածը հաջողեց դոն Կիխոտին իր տակը կոխել և այնքան շատ հարված հասցնել, որ խեղճ ասպետի երեսից նույնքան արյուն թափվեց, որքան իրենիցը։ Եկեղեցականն ու քահանան ծիծաղից թուլացան։ Հրացանաձիգներն ուրախությունից թռչկոտում էին և քըս էին տալիս մեկը մյուսի վրա, ինչպես կռվող շներին են անում։ Սանչոն էր միայն հուսահատ վիճակում, որովհետև եկեղեցականի ծառաներից մեկը նրան բռնել֊խանգարում էր, որ օգնի իր տիրոջը։
 
Վերջապես, երբ որ բոլորը ծիծաղում էին, բացառությամբ երկու կռվողների, հանկարծ հնչեց շեփորի ձայն, այնքան տխուր, որ բոլորը երեսները դարձրին այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։ Բայց ամենից շատ հուզվողը դոն Կիխոտը եղավ, որ թեև հակառակ իր կամքի պառկած էր այծարածի տակ և ավելի քան աղցան կտրած, ասաց․
 
― Լսի՛ր, դև, անկարելի բան է, որ դու դև չլինես, քանի որ ուժ ու կարողություն ես ունեցել գերազանցելու ինձ, խնդրում եմ, մեկ ժամով դադար անենք, որովհետև այն շեփորի տխրահեծ ձայնը, որ մենք առանք, կարծես թե ինձ որևէ նոր արակածի է կոչում։
 
Այծապանը հոգնած ծեծելուց ու ծեծվելուց, բաց թողեց նրան։ Իսկույն դոն Կիխոտը ոտի ելավ, դարձավ այն կողմը, որտեղից գալիս էր ձայնը և տեսավ, որ բլուրից իջնում են բազմաթիվ մարդիկ, ճերմակ շապիկ իրենց հագին, ապաշխարողների պես։
 
Պատճառն այն էր, որ այն տարին ամպերը մերժել էին խոնավություն բաշխել երկրին, և այդ կողմի բոլոր գյուղերում թափոր էր լինում, աղոթք ու ապաշխարական երթ, որպեսզի Աստված իր ողորմած ձեռները բանա և բաշխի երկրին անձրև։ Ահա թե ինչու մոտիկ գտնվող գյուղի բնակիչները ուխտագնացության էին գնում այս հովտի զառիվայրում կանգնած սուրբ մատուռը։ Դոն Կիխոտը տեսնելով ապաշխարողների տարօրինակ հանդերձը, իակույն մոռացավ, որ նա քանիցս հանդիպել է նման մարդկանց և երևակայեց, թե սա մի նոր արկած է, որին նա, իբրև թափառական ասպետ, պիտի դեմ տա իր կուրծքը։ Մի բան, որ հաստատեց նրան իր կարծիքի մեջ, այն էր, որ նա տեսավ սև քողով ծածկված սրբապատկեր, որ տանում էին ապաշխարորղները։ Նա երևակայեց, թե դա որևէ իշխանուհի է, որին առևանգում են նենգ ու կոպիտ ավազակները։ Հենց որ այս նրա մտքիցն անցավ, նա վազեց դեպի Ռոսինանտը, որ արածում էր, վերցրեց թամքից կապած սանձն ու վահանը, վայրկյանապես ձիու սանձը գցեց, Սանչոյից պահանջեց իր թուրը, թռավ Ռոսինանտի վրա, վահանը բռնեց և բարձրաձայն ասաց ներկա գտնվողներին․
 
― Հիմա դուք, պատվական սինյորներ, կտեսնեք, թե ինչի համար գոյություն ունեն աշխարհիս երեսին ասպետները, որ թափառական ուխտի ասպետներին են պատկանում։ Հիմա, ասում եմ, այն բարի տիկնոջ ազատության հետևանքով, որին գերի են վարում, դուք կտեսնեք՝ արժանի՞ են արդյոք հարգանքի թափառական ասպետները։
 
Այս ասելով՝ նա սեղմեց Ռոսինանտի կողերը խթաններ չունենալու պատճառով։ Ձին արագ վազեց (այս ճշմարտապատում ողջ պատմության ընթացքում դուք չեք կարդացել, որ Ռոսինանտը երբևէ արագ վազ տար), և նա սլացավ ընդդեմ ապաշխարողների, թեև քահանան, եկեղեցականն ու դալլաքը ճիգ էին անում նրան ետ պահել։ Նույնքան ապարդյուն անցան Սանչոյի թախանձանքները, որ ասում էր․
 
― Ո՞ւր ես գնում, սինյոր դոն Կիխոտ։ Ի՞նչ դևեր են ձեզ մեր կաթոլիկ հավատի դեմ գնալու մեղքի մեջ գցել։ Տեսեք, չարը ինձ տանի, ախր սա ապաշխարողների թափոր է, իսկ տիկինը, որին տանում են հենարանի վրա դրած, անարատ կույսի օրհնյալ պատկերն է։ Տեսե՞ք, սինյոր, թե ինչ եք ուզում անել։ Այս անգամ արդեն կարելի է ասել, որ ձեր գործը չէ։
 
Սանչոն զուր էր աշխատում՝ նրա տերն այնպես էր շտապում հարձակվել ապաշխարողների վրա և ազատել սգավոր տիկնոջը, որ ոչ մի խոսք չլսեց։ Եթե անգամ լսելու լիներ, նա ետ չէր դառնա, եթե նույնիսկ թագավորը հրամայելու լիներ։ Մոտենալով թափորին՝ նա կանգնեցրեց Ռոսինանտին, որի ուզածն էլ հենց մի քիչ հանգստանալն էր, և խռպոտ ու հուզված ձայնով ասաց․
 
― Հե՜յ, դուք, որ անազնիվ մարդիկ եք, թե չէ չէիք ծածկի ձեր երեսը, լսեցեք, ինչ եմ ասում․
 
Առաջին կանգ առնողները պատկերը տանողներն էին և աղոթք երգող չորս տիրացուներից մեկը, որ նկատեց դոն Կիխոտի տարօրինակ արտաքինը, Ռոսինանտի լղարությունը և մեր ասպետի այլ ծիծաղելի առանձնահատկությունները, պատասխանեց․
 
― Սինյոր, եթե դուք մեզ ասելու բան ունեք, ասացեք շուտով, որովհետև այս եղբայրները, որ դուք տեսնում եք, խոշտանգում են իրենց մարմինը, և մենք ի վիճակի չենք կանգ առնելու ձեր խոսքը լսելու համար ― ասացեք ձեր ասելիքը կարճ, երկու խոսքով։
 
― Ես մեկ խոսքով կասեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ահա թե ինչ՝ իսկույն ևեթ ազատ արձակեցեք այդ սիրուն տիկնոջը, որի արցունքն ու տխրությունը պարզապես վկայում են, որ դուք նրան տանում եք հակառակ իր կամքի և որ դուք նրան սաստիկ վիրավորանք եք հասցրել։ Ես, որ ծնվել եմ այս աշխարհում, որպեսզի վրիժառու լինեմ վիրավորանքի համար, թույլ չեմ տա, որ մի քայլ առաջ ընթանաք նախքան նրան ցանկալի և արժանի ազատությունը չվերադարձնեք։
 
Այս խոսքերից բոլորը հասկացան, որ դոն Կիխոտը խելագար է և քահ֊քահ ծիծաղեցին, բայց այդ ծիծաղը դարձավ վառոդ, որից բռնկեց դոն Կիխոտի զայրույթը, և նա, այլևս առանց մի խոսք ասելու, թուրը քաշեց և հարձակվեց հենարանի վրա։ Բռնողերից մեկը, որ իր տեղը տալով ընկերներից մեկին, դուրս եկավ դոն Կիխոտի դեմ, ձեռքին՝ փայտը, որ դնում են հենարանի տակ հանգստանալու միջոցին։ Դոն Կիխոտը թրով հարվածեց այդ փայտին և երկու կես արեց փայտը։ Բայց գյուղացին ձեռքին մնացած փայտի կտորով այնպես խփեց դոն Կիխոտի ուսին (այն կողմից, որ նրա թուրն էր և անկարելի էր վահանով ծածկել, որ խեղճ ասպետը ձիուց վայր ընկավ շատ վատթար վիճակում։ Սանչո Պանսան, որ հևիհև հետևում էր նրան, տեսնելով նրան գետնատարած, ճչաց նրա հակառակորդին, որ այլևս չխփի, ավելացնելով, որ դա մի խեղճ, կախարդված ասպետ է, որ իր ողջ կյանքում ոչ ոքի վնաս չի տվել։ Գյուղացին կանգ առավ, բայց ոչ թե Սանչոյի աղաղակից, այլ տեսնելով, որ դոն Կիխոտն անշարժ ընկած է գետնին։ Կարծելով, որ սպանել է նրան, նա արագ֊արագ բարձրացրեց շապիկի փեշերը, խրեց գոտին և սկսեց վազել դաշտով եղջերուի պես։
 
Այդ միջողին վրա հաասավ դոն Կիխոտի ողջ հասարակությունը նրա պառկած տեղը։ Թափորի մարդիկ տեսնելով, վազեվազ եկողներին, որոնց մեջ հրացանները ձեռքին գյուղական ոստիկաններ կային, վախենալով, որ վատ բան դուրս կգա, խմբվեցին սրբապատկերի շուրջը, կնգուղները քաշեցին գլուխները, բռնեցին իրենց մտրակները, տիրացուները՝ իրենց մոմակալները և, սպասելով հարձակման, որոշել էին պաշտպանվել և անգամ հարձակման դիմել, եթե կարելի լինի։ Սակայն բախտը տնօրինել էր ավելի լավ, քան կարելի էր կարծել։ Սանչո Պանսան ընկել էր իր տիրոջ մարմնի վրա և ողբ էր անում ամենացավագին և ծիծաղելի կերպով, նրան մեռած համարելով։ Մեր քահանային ճանաչեց թափորին մասնակցող քահանան, ուստի երկյուղը, որ ներշնչում էին իրար երկու խմբերը, փարատվեց։ Մեր քահանան երկու խոսքով բացատրեց մյուսին, թե ով է դոն Կիխոտը, ապա թե ապաշխարողների բազմությունը մոտեցավ դոն Կիխոտին, որ տեսնի, թե խեղճ ասպետը մեռե՞լ է արդյոք և լսեցին, թե ինչպես Սանչո Պանսան, արցունքն աչքերին ասում էր․
 
― Օ՜, ծաղիկդ ասպետության, փայտի մեկ հարվածից ընդհատվեցին քո տարիները, որ դու այնքան լավ էիր գործադրում։ Քո տոհմի պատիվը, բովանդակ Լամանչի և արար աշխարհի փառքն ու պատիվը, առանց քեզ աշխարհը կլցվի ոճրագործներով, որոնք այլևս չեն վախենա պատժից իրենց հանցագործությունների համար։ Օ՜, առատաձեռդ, առավել քան բոլոր Ալեքսանդրերը, դու, որ լոկ ութ ամսվա ծառայության համար մտադիր էիր տալու ինձ լավագույն կղզին, որին ծովը գոտևորում ու շրջապատում է։ Օ՜, խոնարհդ գոռոզների հետ և գոռոզդ խոնարհների հետ, վանողդ վտանգի, համբերողդ վիրավորանքի, սիրահարվածդ առանց առարկայի, ընդօրինակողդ բարու, խարազանդ չարի, թշնամիդ ստորության, վերջապես՝ թափառականդ ասպետ, որով ամեն ինչ ասված է։
 
Սանչոյի ողբ ու կոծից դոն Կիխոտը ուշքի եկավ և նրա առաջին խոսքերն էին․
 
― Նա, որ ապրում է հեռու ձեզնից, քաղցրագույն Դուլսինեա, ենթակա է ավելի վատթար աղետների, քան այս է։ Օգնի՛ր ինձ, Սանչո բարեկամ, բարձրանամ կախարդված սայլի վրա, որովհետև ես ի վիճակի չեմ Ռոսինանտի վրա նստելու՝ ուսս ջարդված է։
 
― Ամենայն սիրով, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― և, եկեք վերադառնանք մեր գյուղը, ընկերակցությամբ այս սինյորների, որ ձեր բարին են ցանկանում, այնտեղ մենք կնախապատրաստենք նոր արշավ, որ մեզ կտա ավելի օգուտ ու փառք։
 
― Լավ ես ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մեծ խոհեմություն կլինի, թողնենք, որ համաստեղությունների այժմյան չար ազդեցությունն անցնի։
 
Եկեղեցականը, քահանան և դալլաքն ասացին, թե շատ լավ կլինի նրա ասածը կատարել և, Սանչոյի պարզամտությունից կուշտ զվարճանալուց հետո նրանք նորից դոն Կիխոտին դրին սայլի վրա, ինչպես նա առաջ գնում էր։ Երթը վերստին իր կարգով ճամփա ընկավ։ Այծարածը բոլորին հրաժեշտ տվեց։ Հրացանաձիգները չկամեցան այլևս նրաց հետ գնալ, և քահանան վճարեց նրանց, ինչքան որ հարկն էր։ Եկեղեցականը խնդրեց տեղեկացնել իրեն, թե ինչ կլինի դոն Կիխոտի վերջը՝ կբուժվի՞ արդյոք խելագարությունից, թե ոչ և թույլտվություն խնդրեց շարունակելու իր ուղին։ Վերջապես, բոլորը բաժանվեցին իրարից ու գնացին, մնացին միայն քահանան ու դալլաքը, դոն Կիխոտն ու Սանչո Պանսան և բարի Ռոսինանտը, որ ինչ էլ տեսներ, ընդունում էր մեծ համբերությամբ, ինչպես իր տերը։
 
Սայլապանը եզները լծեց, նստացրեց դոն Կիխոտին մի խուրձ խոտի վրա և իր սովորական անխռովությամբ ճամփա ընկավ քահանայի ցույց տված ուղիով և վեց օրից նրանք հասան դոն Կիխոտի գյուղը։ Կիրակի էր և օրը ցերեկ։ Հրապարակի վրա, որի միջով անցնում էր դոն Կիխոտի սայլը, ժողովուրդի բազմություն կար։ Բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ով է սայլով եկողը և, ճանաչելով իրենց համագյուղացուն, մնացին զարմացած։ Մի տղա վազեց, որ իմաց տա դոն Կիխոտի քրոջ աղջկան և տնտեսուհուն, թե եկել է մեկի՝ քեռին, մյուսի՝ տերը՝ լղար ու դեղնած, եզներ լծած սայլով, մեկնված մի խուրձ խոտի վրա։ Ցավալի էր լսել, թե ինչ լացուկոծ բարձրացրին երկու բարի կանայք, ինչպես էին կուրծք ծեծում, ինչպես էին նորից ու նորից անիծում ասպետական վեպերը։ Այս ամենը կրկնվեց, երբ որ նրանք տեսան դոն Կիխոտին դռնից ներս մտնելիս։
 
Դոն Կիխոտի գալստյան լուրն առնելով, վազեվազ եկավ և Սանչո Պանսայի կինը, որ տեղյակ էր, թե իր մարդը մեր ասպետի զինակիրն է դառել։ Սանչոյին տեսնելուն պես առաջին հարցն այն եղավ, թե ինչպես է իրենց էշը։
 
Սանչոն պատասխանեց, թե ավելի լավ, քան իր տերը։
 
― Փառք աստծու, ― հարեց կինը, ― այդքան բարիքի համար։ Հիմա պատմեցեք տեսնեմ, բարեկամ, զինակրի պաշտոնից ի՞նչ օգուտ եք քաղել։ Ի՞նչ նվեր եք բերել ինձ համար։ Ո՞ւր են ձեր երեխաների կոշիկները։
 
― Այդ տեսակի բաներ չեմ բերել, կինս, ― ասաց Սանչոն, ― բայց ուրիշ բան եմ բերել, ավելի կարևոր։
 
― Դու ինձ շատ ես ուրախացնում, ― պատասխանեց կինը, ― դե, ցույց տուր ինձ այդ ավելի կարևոր բանը, բարեկամս, ցույց տուր՝ տեսնեմ, որ սիրտս ուրախանա, ախր, այնքան տխուր ու տրտում է եղել ձեր դարավոր բացակայության ընթացքում։
 
― Տանը ցույց կտամ, կին, ― ասաց Պանսան, ― առայժմ գոհացիր նրանով, որ եթե Աստված հաջողի մեկ էլ ճամփա ընկնենք արկածներ որոնելու, դուք ինձ շուտով կտեսնեք կոմս կամ կղզու վարչապետ դառած, այն էլ ոչ թե մի քոսոտ, այլ ամենալավ կղզու։
 
― Աստված բարին կատարի, մարդ իմ, կղզին մեզ շատ պետքական է։ Միայն թե ասացեք ինձ, կղզին ի՞նչ բան է, ես գլխի չեմ ընկնում։
 
― Էշն ինչ գիտե՝ նուշն ինչ է, ― պատասխանեց Սանչոն, ― ժամանակը կգա կտեսնեք, կին, աբա՛ թե կզարմանաս, հա, երբ որ լսես, որ բոլոր հպատակներդ քեզ ձերդ պայծառություն են անվանելու։
 
― Ինչե՜ր ես խոսում պայծառություններից, կղզիներից ու հպատակներից, Սանչո։ ― Պատասխանեց Խուանա Պանսան (այդպես էր կոչվում Սանչոյի կինը, թեև նրանք ազգականներ չէին, բայց Լամանչում ընդունված է կանանց անվանել իրենց մարդկանց անունով)։
 
― Մի՛ շտապիր, Խուանա, ամեն ինչ այդքան արագ իմանալ։ Բավական է, որ ես քեզ ճշմարտություն եմ ասում և բերանդ փակ պահիր։ Կասեմ միայն հարևանցիորեն, որ արկածախնդիր թափառական ասպետի պատվելի զինակիրը լինելուց ավելի հաճելի բան աշխարհիս երեսին չկա՛։ Ճիշտ է, արկածների մեծ մասը այնպիսի վախճան չեն ունենում, ինչպիսին մարդ կցանկանար և հարյուրից ինսունինը ծուռ ու մուռ են դուրս գալիս։ Այդ ես փորձով գիտեմ, եղել է, որ ինձ վերմակի վրա վեր֊վեր են թռցրել, այլ անգամ ջարդ ու բուրդ արել։ Այնուհանդերձ, շատ հաճելի բան է փորձել բախտը, մագլցել ժայռերի վրա, անցնել անտառներ, հաճախել դղյակներ և ձրի իջևանել հյուրանոցներում, առանց մի գրոշ անգամ վճարելու, գրողը տանի՜։
 
Այսպես էին զրուցում Սանչո Պանսան ու Խուանա Պանսան, մինչդեռ դոն Կիխոտի տնտեսուհին ու քրոջ աղջիկը ընդունում էին դոն Կիխոտին, շորերը հանում և պառկեցնում հին անկողնում։ Դոն Կիխոտը նայում էր նրանց մոլոր հայացքով և չէր կարողանում հասկանալ, թե ինքը որտեղ է։ Քահանան դոն Կիխոտի քրոջ աղջկան խորհուրդ տվեց լավագույն կերպով խնամել իր քեռուն և զգուշանալ, որ նա մեկ է չփախչի տանից՝ պատմելով նրան՝ թե ինչեր են իրենք արել, որպեսզի նրան տուն դարձնեն։ Այստեղ երկու կանայք նորից լաց ու կոծ բարձրացրին, նորից սկսեցին անիծել ասպետական վեպերը և աղերսում էին երկնքից, որ ողջ այդ ստերի ու անմտությունների հեղինակներին գլորի անդունդի խորքը։ Նրանք մնացին մշտական ահի մեջ, թե մեկի՝ քեռին, մյուսի՝ տերը կրկին կլքի իրենց, հենց որ մի քիչ կազդուրվի, մի բան, որ այդպես է եղավ, ինչպես նրանք նախատեսում էին։
 
Այս պատմության հեղինակը, հակառակ իր թափած ջանասիրության, չկարողացավ դոն Կիխոտի երրորդ արշավի միջոցին նրա կատարած սխրագործությունների մասին որևէ տեղեկություն գտնել, առնվազն ստույգ աղբյուրներից։ Լամանչի ավանդություններում պահպանվել է դոն Կիխոտի արշավի հիշատակը, երրորդ անգամ տնից դուրս գալու, Սարագոսա ժամանելու մասին, որտեղ մասնակցել է հռչակավոր մենամարտությունների, որ կազմակերպած են եղել այդ քաղաքում և որտեղ նա իր զորության և բարձր բանականության արժանի գործեր է կատարել։
 
Սակայն վերջին քաջագործությունների և նրա մահվան մասին հեղինակը ոչինչ չկարողացավ գտնել և երբեք էլ չէր գտնի, եթե բարի բախտը նրան չներկայացներ մի ծեր բժշկի, որ ուներ կապարե մի արկղիկ, որ, իր ասելով, գտնված էր հին մի մատուռի վերանորոգության ժամանակ ավերակների մեջ։ Այդ արկղիկի մեջ գոթական գրերով, բայց իսպաներեն ոտանավորներով գրած մի մագաղաթ կար, որ պարունակում էր դոն Կիխոտի բազմաթիվ սխրագործությունները, տեղեկություն կար Դուլսինեա Տոբոսցու գեղեցկության, Ռոսինանտի արտաքինի, Սանչո Պանսայի հավատարմության և մեր ասպետի թաղման մասին։ Կային նույնպես զանազան տապանագրեր և նրա կյանքի և բնավորության վերաբերող գովասանական ոտանավորներ։ Այս զարմանալի և ցարդ չտեսնված ճշմարտապատում պատմության հեղինակը հաղորդում է այս, ինչ որ հաջողվեց վերծանել ու կարդալ։ Եվ, իբրև վարձատրություն Լամանչի բոլոր արխիվները հետազոտելու և ուսումնասիրելու վրա թափած աշխատանքի, հեղինակն իր ընթերցողներից լոկ մեկ բան է խնդրում՝ վերաբերվել այս պատմության նույնպիսի հավատով, ինչ որ խելամիտ մարդիկ վերաբերվում են ասպետական վեպերին, որ հիմա մեզանում այնքան տարածված են։ Այդ վստահությունը նրա համար բավական վարձատրություն ու բավարարություն կլինի և ոգևորելով կմղի նրան այլ պատմությունների որոնումների, եթե ոչ նույնքան ճշմարտապատում, ինչպես այս մեկն է, ապա համենայն դեպս, ոչ պակաս զվարճալի ու հաճելի։
 
Ահա կապարե արկղիկի մեջ գտնված մագաղաթի առաջին խոսքերը․
 
Լամանչյան ավանի, Արգամասիլյայի ակադեմիկոսները, արի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և մահվան առթիվ
 
 
::::::::Hoc scripserunt
 
 
::::Էլ Մոնիկոնդոն, Արգամասիացի
:::::ակադեմիկոսը դոն Կիխոտի
::::::: դամբարանին
Ադմին, Վստահելի
1876
edits