Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
— Դուք համարյա ոչինչ չասացիք էլֆերի մասին, պարոն,— քաջություն հավաքելով ասաց Սեմը: Նա նկատեց, որ Ֆարամիրը էլֆերի մասին մեծ հարգանքով է խոսում, և դա ավելին էր Սեմի համար, քան նրա քաղաքավարությունը, բարյացակամությունը, համեղ ընթրիքն ու որակյալ գինին: Դրանով նա շահեց Սեմի վստահությունը և որոշակի ցրեց նրա կասկածները:
— Այո, իսկապես,— ասաց Ֆարամիրը,— բայց ես էլֆերի մասին շատ բան չգիտեմ: Պետք է ասեմ, որ դու, առանց իմանալու, անդրադարձար մեր բնավորության գծերից մեկին, որը շատ է փոխվել նումենորցիներից միջերկրացիներ դառնալուց հետո: Եթե դու Միթրանդիրի ուղեկիցն ես եղել և զրուցել ես Էլրոնդի հետ, պիտի որ իմանաս, որ նումենորցիների նախնիները՝ Էդաին մարդիկ, առաջին պատերազմներում էլֆերի հետ կողք կողքի կռվել են Խավարի դեմ: Որպես պարգև նրանք ստացել են Միջծովյան թագավորությունը, որտեղից երևում են Օրհնյալ երկրի ափերը: Սակայն երբ Խավարի վարագույրը տարածվեց Միջերկրում, Թշնամու խարդավանքները պառակտեցին էլֆերին ու մարդկանց, և ժամանակի ընթացքում նրանք ավելի էին հեռացան իրարից, գնացին ամենքն իրենց ճանապարհով: Այժմ մարդիկ վախենում են էլֆերից և չեն վստահում նրանց, չնայած նրան, որ քիչ բան գիտեն Էլդար ժողովրդի մասին: Եվ մենք էլ՝ գոնդորցիներս, որոշակի ժամանակից սկսած այդ հարցում նմանվել ենք ռոհանցիներին, քանզի նրանք, չնայած Սև Տիրակալին թշնամի լինելուն, խուսափում են էլֆերից և Ոսկե Անտառի մասին խոսում են վախով: Սակայն մեր մեջ դեռ հանդիպում են համարձակներ, ովքեր բարեկամություն են անում էլֆերի հետ: Նրանցից ոմանք գաղտնի լքում են Գոնդորը և հեռանում Լորիեն. ճիշտ է, վերադառնում են նրանք հազվադեպ... Ինչ վերաբերվում է ինձ, ես Լորիենի բնակիչների հետ հանդիպում չեմ փնտրում. ինձ թվում է մեր օրերում Առաջանածինների հետ շփվելը մահկանացուների համար վտանգավոր է: Այնուամենայնիվ ես նախանձում եմ ձեզ, որ տեսել եք Ճերմակ Տիրուհուն և զրուցել նրա հետ: — Լորիենի տիրուհի՜ն, Գալադիե՜լը,— երազկոտ բացականչեց Սեմը: — Ա՛յ թե տեսնեիք նրան, պարո՛ն, աչք կտրել չի լինում: Ես մի սովորական հոբիթ եմ և զբաղվում եմ այգեգործությամբ, իսկ գլխիցդ վերև, ինչպես ասում են, չես թռչի, և բանաստեղծությունների մասով, ինքներդ եք հասկանում, էնքան էլ լավ չեմ՝ էնպես, ինչ-որ ծիծաղելի բան երբեմն, բայց իսկական բանաստեղծություն՝ էդ մեկը չէ: Դրա համար էլ չեմ կարող նկարագրել, թե ինչպիսին է նա: Էստեղ երգ է հարկավոր: Ձեզ Պանդուխտն է պետք, դե, Արագորնը, կամ ծեր պարոն Բիլբոն. այ նրանք հեշտությամբ կնկարագրեին: Բայց ես էլ այնուամենայնիվ նրա մասին մեծ ուրախությամբ երգ կհորինեի: Նա այնքան գեղեցի՜կ է, այնքան չքնաղ... Գիտեք, երբեմն նման է մեծ, ծաղկած ծառի, երբեմն էլ փոքրիկ, քամուց օրորվող ճերմակ նարցիսի: Ադամանդից կարծր և լուսնի լույսից փափուկ՝ ահա թե ինչպիսին է նա: Ջերմ է արևի ճառագայթների պես և սառն է, ինչպես աստղազարդ գիշերը: Հպարտ, վեհապանծ, ինչպես ձյունապատ լեռները, իսկ խնդուն է, ինչպես երիցուկների ծաղկեպսակը գլխին սովորական աղջնակը: Տեսնում եք, էսքան անհեթեթություններ ասացի, բայց ապարդյուն: — Այո, երևում է նա իսկապես հմայիչ է,— ասաց Ֆարամիրը: — Մահացու է այդ հմայքը: — Չեի ասի որ մահացու է,— առարկեց Սեմը: — Իմ կարծիքով հենց մարդիկ են Լորիեն բերում իրենց կործանումը: Բերում են ու զարմանում, թե էս ինչպե՞ս ստացվեց, հաստատ կախարդե՛լ են: Տիրուհին, իհարկե, վտանգավոր է, և էն էլ ինչքան, թեկուզ այն պատճառով, որ նրա մեջ շա՜տ մեծ ուժ կա: Կարելի է ջարդուփշուր լինել՝ բախվելով էդ ուժին, ինչպես նավը՝ ժայռին, կամ խորտակվել, ինչպես հոբիթը՝ գետում: Սակայն ո՛չ ժայռը, ո՛չ գետը մեղավոր չեն, ճի՞շտ է: Իսկ Բորո... Սեմը շփոթվեց, կմկմաց և կարմրեց: — Դեհ, «Իսկ Բորոմիրը»... ա՞դ էիր ուզում ուզում ասեիր,— հարցրեց Ֆարամիրը: — Շարունակի՛ր, նա է՞լ էր իր կործանումը Լորիեն բերել: — Այո, տեր իմ, իհարկե ներող եղեք, բայց բերել էր, թեև ձեր եղբայրը հրաշալի մարդ էր, եթե ինձ կարելի է նրա մասին դատել: Բայց դուք, մի խոսքով, ինքներդ էլ արդեն կռահեցիք: Ես հենց ամենասկզբից՝ Ազատքից սկսած հետևում էի Բորոմիրին: մենակ թե չմտածեք, թե ես նրան չեի վստահում կամ նրա վատն էի ցանկանում, ուղղակի ես, ինքներդ եք հասկանում, տիրոջս պետք է պահպանեի, և ահա թե ինչ ձեզ կասեմ. հենց Լորիենում Բորոմիրն առաջին անգամ վերջնականապես հասկացավ ինքն իրեն, իսկ ես վաղուց էի դա հասկացել: Հասկացավ, թե ինչ է ինքն ուզում: Իսկ նա հենց առաջին ակնթարթից ցանկացավ Թշնամու Մատանին: — Սե՛մ,— սարսափահար բացականչեց Ֆրոդոն: Նա մտքերի մեջ էր ընկել և սթափվեց չափազանց ուշ:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]