Changes
/* Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը */
— Բռնվե՞ց աղավնյակը,— հարցրեց նա Ֆրոդոյին:
— Այո: Ոչ, ավելի ճիշտ չեն բռնել. նա ինքը եկավ ինձ մոտ, որովհետև հավատաց իմ խոսքերին: Ես չէի ուզում, որ նրան կապեն, առավել ևս այդքան ամուր: Հուսով եմ, ամեն ինչ լավ կվերջանա, բայց ես ամաչում եմ իմ արածից:
— Ինձ էլ դուր չեկավ,— հոգոց հանեց Սեմը,— բայց էնտեղ որտեղ էդ չարագործի մատը խառն է, ամեն ինչ միշտ թարս ու շիտակ է ստացվում:
Այդ պահին ռազմիկներից մեկը մոտեցավ նրանց և գլխով արեց դեպի խորշը՝ հրավիրելով նրանց Ֆարամիրի մոտ: Ֆարամիրը նստած էր հին տեղում. նրա գլխավերևում ամրացրած ջահը կրկին վառել էին: Նա հոբիթներին մատնացույց արեց աթոռակները:
— Գինի բերեք հյուրերի համար,— կարգադրեց նա: — Եվ գերուն էլ այստեղ բերեք:
Գինի բերեցին, հետո Գոլլումին գրկած հայտնվեց Անբորնը: Նա պարկի միջից դուրս քաշեց գերուն, դրեց գետնին և կանգնեց նրա հետևում՝ ձեռքերը դնելով Գոլլումի ուսերին: Վերջինս աչքերն էր կկոցում՝ թաքցնելով հայացքում առկայծող չարությունը գունատ և ուռած կոպերի տակ: Խղճալի տեսք ուներ նա. մատներից ջուր էր կաթում, բերանից ձկան հոտ էր փչում (ձկներից մեկը դեռ սեղմում էր ձեռքի մեջ), թաց, նոսր մազերը կպել էին ճակատից և ասես չորացած ջրիմուռեր լինեին, իսկ քթից ծլունք էր կաթում:
— Արձակե՛ք մեզզզ, արձակե՛ք,— պահանջում էր նա,— պարանը ցավեցնում է մեզզզ, այո, ցավեցնում է, իսկ մենք ոչ մի վատ բան չե՛նք արել:
— Ոչ մի վատ բա՞ն,— հարցրեց Ֆարամիրը՝ սևեռուն նայելով իր առջև կանգնած խղճալի արարածին: Նրա դեմքն անփոփոխ էր՝ ո՛չ զայրույթ, ո՛չ խղճահարություն, ո՛չ զարմանք չկար հայացքի մեջ: — Վստա՞հ ես: Մի՞թե դու երբեք չես արել մի բան, որի համար արժեր քեզ կապել կամ ավելի խիստ պատժել: Թեպետ այդ մասին, բարեբախտաբար, ես չէ, որ պիտի դատեմ: Բայց այս գիշեր դու արժանացել ես մահվան, քանզի մեր լճակից ձուկ բռնելու համար հատուցում են կյանքով:
Գոլլումը ցած գցեց ձուկը:
— Մենք չենք ուզում ձկնիկ,— ասաց նա:
— Ձկան պատճառով չէ, որ պիտի հատուցես,— ասաց Ֆարամիրը: — Բոլորը, ովքեր հանդգնում են թափանցել այստեղ և տեսնել արգելված լճակը, հատուցում են կյանքով: Ես քեզ գթացի միայն Ֆրոդոյի պատճառով, որովհետև նա պնդում է, որ ինչ-որ բանով պարտական է քեզ: Բայց ես եմ այստեղ որոշում, և դու պետք է արդարանաս իմ առաջ: Ասա տեսնեմ ի՞նչ է քո անունը, որտեղի՞ց ես, ու՞ր ես գնում, ի՞նչ ես փնտրում:
— Մենք կորել ենք, կորել ենք,— տնքաց Գոլլումը: — Մենք անուն չունենք: Ոչինչ չենք փնտրում: Սքանչելին չկա, ոչինչ չկա: Ամեն ինչ դատարկ է, դատարկ ու սոված: Մենք շատ սոված ենք, այո, սոված ենք: Երկու գարշելի, փոքրիկ ու փշոտ ձկնկների պատճառով նրանք ասում են. պետք է մեռնես: Իմաստուն են նրանք և արդար, օ այո՛, շա՜տ արդար:
— Գուցե իմաստնությամբ չենք փայլում,— ասաց Ֆարամիրը,— բայց արդարությունը հարգում ենք և կվարվենք արդար, ինչպես հուշում է մեզ մեր համեստ իմաստնությունը: Արձակիր նրա կապանքները, Ֆրոդո:
Ֆարամիրը գոտու տակից դուրս քաշեց դանակը և տվեց Ֆրոդոյին: Գոլլումը, ճիշտ չհասկանալով ասվածը, ճչաց ու փռվեց գետնին:
— Դե, դե, Սմեագորլ, ի՞նչ ես անում,— բացականչեց Ֆրոդոն: — Վստահիր ինձ, ես քեզ չեմ լքի: Հարցերին ճիշտը պատասխանիր, դրանից դու միայն կշահես:
Նա կտրատեց Գոլլումի դաստակներին ու կոճերին կապված պարանները և օգնեց նրան ոտքի կանգնել:
— Մոտեցի՛ր,— հրամայեց Ֆարամիրը,— նայիր ուղիղ աչքերիս մե՛ջ: Քեզ ծանո՞թ է այս տեղանքի անունը: Նախկինում այստեղ եղե՞լ ես:
Գոլլումը դանդաղ, չուզենալով բարձրացրեց գունատ աչքերը և նայեց Ֆարամիրն: Նրա հայացքը հանդիպեց գոնդորցի ռազմիկի սևեռուն ու պարզ հայացքին: Լռություն տիրեց: Վերջապես Գոլլումն իջեցրեց գլուխը և նստեց գետնին՝ դողալով ամբողջ մարմնով:
— Մենք ոչինչ չգիտենք ու չենք ուզում իմանալ,— վնգստաց նա: Երբեք այստեղ չենք եղել: Երբեք այստեղ չենք վերադառնա:
— Քո հոգում շատ փակ դռներ ու պատուհաններ կան, իսկ դրանց հետևում մութ է, ինչպես նկուղում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն զգում եմ, որ հիմա դու անկեղծ ես: Ավելի լավ քեզ համար: Ինչո՞վ կարող ես երդվել, որ էլ երբեք չես վերադառնա այստեղ և ոչ մի կենդանի արարածի չես պատմի այս վայրի մասին:
— Տերը գիտի թե ինչով,— պատասխանեց Գոլլումը՝ խեթ նայելով Ֆրոդոյին: — Այո, այո, գիտի: Մենք երդում կտանք տիրոջը, եթե նա մեզ փրկի: Մենք կերդվենք Սքանչելիով, այո-սսս:
Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ ու վնգստաց.
— Փրկիր մեզ, բա՛րի տեր, Սմեագորլը երդվում է Սքանչելիով, նա էլ երբեք, երբե՛ք այստեղ չի վերադառնա: Նա ոչ մեկին չի պատմի, իմ սքանչելի, ո՛չ մեկին, երբե՛ք:
— Դու նրան հավատու՞մ ես,— հարցրեց Ֆարամիրը:
— Այո,— ասաց Ֆրոդոն: — Եվ դու ստիպված ես կամ հավատալ, կամ ի կատար ածել ձեր երկրի օրենքըը: Դրանից առավել ոչնչի չես հասնի: Բայց ես խոստացա, որ եթե նա մոտենա ինձ, ապա նրա հետ ոչինչ չի պատահի: Եվ չէի ուզենա խաբած լինել:
Ֆարամիրը մի պահ մտածմունքի մեջ ընկավ:
— Լավ,— վերջապես ասաց նա,— հանձնում եմ քեզ տիրոջդ՝ Ֆրոդոյին, Դրոգոյի որդուն: Թող նա հայտարարի, թե ինչ է մտադիր անել հետ:
— Սկզբում ինքդ ասա ինձ, զորավար Ֆարամիր,— ասաց Ֆրոդոն խոնարհվելով,— ի՞նչ որոշում ես կայացրել նշված Ֆրոդոյի հետ կապված: Քանի դեռ դու վերջնական որոշում չես ընդունել, Ֆրոդոն չի կարող տնօրինել ո՛չ իր, ո՛չ իր ուղեկիցների ճակատագրերը: ու քո որոշումը թողեցիր վաղվան, և ահա արդեն լույսը բացվում է...
— Այդ դեպքում ես կհայտարարեմ իմ որոշումը,— ասաց Ֆարամիրը: — Եվ այսպես, Ֆրոդո, իշխանությամբ ինձ շնորհված, հայտարարում եմ, որ Գոնդորի հնագույն սահմանների տարածքում կարող ես գնալ, ուր ցանկանաս, դու ազատ ես: Միայն մեկ բացառությամբ. ո՛չ դու, ո՛չ քո ուղեկիցները չպետք է վերադառնաք այստեղ, որտեղ հիմա կանգնած եք, առանց հատուկ հրավերի: Սույն վճիռը ուժի մեջ է մեկ տարի և մեկ օր, ապա կորցնում է իր ուժը, եթե մինչև նշված ժամանակի լրանալը չբարեհաճես Մինաս Թիրիթ ու չներկայանաս տիրակալին և փոխարքային: Իսկ եթե ներկայանաս՝ ես կխնդրեմ նրա թույլտվությունը երկարաձգելու քո իրավունքը և դարձնելու այն ցմահ: Մինչ այդ ամեն ոք, ում դու կվերցնես քո խնամքի տակ, կստանա իմ հովանավորությունը, և Գոնդարի վահանը կլինի նրա պահապանը: Բավարարվա՞ծ ես արդյոք դու:
Ֆրոդոն մինչև գետին խոնարհվեց:
— Բավարարված եմ,— ասաց նա,— և պատրաստ եմ ծառայել քեզ, եթե միայն իմ ծառայությունը ինչ-որ արժեք ունի նման ազնվաբարո և խիզախ զորավարի աչքերում:
— Ունի և շատ,— պատասխանեց Ֆարամիրը: — Իսկ հիմա պատասխանիր. վերցնու՞մ ես արդյոք դու քո խնամքի տակ Սմեագորլ անունը կրող այս արարածին:
— Այո, վերցնում եմ վերոնշյալ Սմեագորլին իմ խնամքի տակ,— հաստատեց Ֆրոդոն:
Սեմը բարձրաձայն հոգոց հանեց, բայց ոչ այն պատճառով, որ նրան ձանձրացրին չափից ավելի հաճոյախոսությունները՝ ոչ, նա, ինչպես և ցանկացած հոբիթ, հավանություն էր տալիս նման արարողություններին: Ճիշտն ասած, Հոբիթստանում այդպիսի խոսակցությունը երեք անգամ ավելի շատ խոսքեր ու խոնարհումներ կպահանջեր:
— Այսուհետ հիշիր,— ասաց Ֆարամիրը, դիմելով Գոլլումին,— քո վրա ծանրացած է մահվան դատավճիռը, բայց քանի դեռ դու ուղեկցում ես Ֆրոդոյին, մեր կողմից քեզ ոչինչ չի սպառնում: Սակայն եթե գոնդորցիները մեր հողերում տեսնեն քեզ առանց Ֆրոդոյի, ապա վճիռն ի կատար կածվի: Եվ թող արագ ու չար մահի արժանանաս, լինի դա Գոնդորում, թե նրա սահմաններից դուրս, եթե չարաշահես տիրոջդ վստահությունը: Իսկ այժմ պատասխանի՛ր. ու՞ր եք դուք գնում: Ֆրոդոն ասաց, որ դու իր ուղեկցորդն ես եղել: Ու՞ր էիր նրան տանում:
Գոլլումը չպատասխանեց: