Changes

Պահապանները

Ավելացվել է 18 514 բայտ, 14:14, 27 Հունիսի 2015
/* Գլուխ չորորդ. Սև Անդունդ */
Միայն երեկոյան կողմ, ամպամած աղջամուղջին, հոգնած ճամփորդները կանգ առան հանգստի: Բարազինբարի բոսոր զանգվածը ցուրտ էր արտաշնչում ներքև՝ սառը քամի էր փչում: Գանդալֆն իր տափաշիշը փոխանցեց բոլորին, և Պահապանները զվարթեղ ըմպեցին: Ընթրիքից հետո խորհուրդ գումարեցին:
 
— Այս գիշեր կհանգստանանք,— հայտարարեց Գանդալֆը,— որովհետև լեռնանցքի գրոհը մեզանից յուրաքնչյուրի վրա թանկ նստեց...
 
— Իսկ հետ ու՞ր կգնանք,— հարցրեց Ֆրոդոն:
 
— Պահապանները միայն երկու ճանապարհ ունեն,— պատասխանեց Գանդալֆը,— հետ՝ Ազատք, կամ առաջ՝ դեպի Հրամեջ Լեռ:
 
Երբ Գանդալֆը հիշեցրեց վերադառնալու մասին, Փինի դեմքը պայծառացավ, իսկ Մերին ու Սամը ուրախությունից վեր թռան: Բայց Բորոմիրն ու Արագորնը անտարբեր մնացին, իսկ Ջիմլին ու Լեգոլասը սպասողական լռեցին: Ֆրոդոն հասկացավ, որ բոլոր ճամփորդներն ուզում են, որ առաջինն ինքն արտահայտվի:
 
— Վերադառնալ,— անվճռական սկսեց Ֆրոդոն, հետո հաղթահարեց անվճռականությունն ու ավելացրեց. — ... մենք կարող ենք, իմ կարծիքով, միայն հաղթանակով: Կամ խայտառակությամբ՝ ընդունելով սեփական պարտությունը: Ես առաջարկում եմ հաղթահարելով արգելքները, առաջ գնալ:
 
— Ես էլ եմ այդպես մտածում,— պաշտպանեց նրան Գանդալֆը: — Վերադառնալ, նշանակում է ընդունել սեփական պարտությունը, որն անխուսափելիորեն կդառնա Միջերկրի բոլոր ազատ ժողովուրդների կործանումը: Համիշխանության Մատանին կմնա Ռիվենդելում, քանի որ ուրիշ ապաստարան չես գտնի: Թշնամին ժամանակի ընթացքում կիմանա այդ մասին, իր ամբողջ զորքը կշարժի Էլրոնդի դեմ, և վաղ թե ուշ Ռիվենդելը կընկնի, իսկ Թշնամին կդառնա Ամենազոր տիրակալը և Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Սև Մատանեկիրներն ահազդու հակառակորդներ են, բայց երբ նրանց տերը Մատանին ձեռք բերի, նրանք ուղղակի անպարտելի կդառնան:
 
— Ես էլ ասում եմ, պետք է առաջ շարժվել,— ծանր հառաչելով կրկնեց Ֆրոդոն: Դու ուրիշ ճանապարհ գիտե՞ս լեռների միջով...
 
— Գիտեմ, բարեկամս,— պատասխանեց Գանդալֆը: — Բայց դա բավական ծանր ճանապարհ է: Արագորնը դրա մասին նույնիսկ լսել չէր ուզում, քանի դեռ հույս ուներ անցնել լեռնանցքով:
 
— Եթե դա լեռնանցքից վատն է, ապա իսկապես էլ բավական ծանր ճանապարհ է,— Արագորնին նայելով, բացականչեց Մերին: — Բայց այնուամենայնիվ գոնե մի քիչ պատմիր դրա մասին, որ իմանանք ամենավատթարը:
 
— Ճանապարհը, որի մասին խոսում եմ, անցնում է Մորիայի քարանձավներով,— ասաց Գանդալֆը:
 
Ջիմլին հուզված նայեց հրաշագործին, բայց նույնիսկ նրան պատեց սարսափը՝ Լայնարձակ Մորիայի կործանիչ քարանձավների մասին բավական շատ սարսափազդու լեգենդներ են հյուսել:
 
— Ոչ ոք չգիտե,— նկատեց Արագորնը,— պահպանվե՞լ է արդյոք անցուղին Մորիայի միջով:
 
— Դրա փոխարեն բոլորը գիտեն,— ավելացրեց Բորոմիրը,— որ Մորիան կոչվում է Սև Անդունդ: Ախր էլ ինչու իջնենք Մորիա... Ինչու գրոհենք անառիկ լեռնանցքները... Եկեք դուրս գանք ռոհանյան դաշտավայր. ռոհանցիները գոնդորցիների վաղեմի դաշնակիցներն են, նրանք կօգնեն մեզ հասնել մինչև Անդուին: Կարելի է նաև Իզեն գետով իջնել, որպեսզի Մորդորի մոտ դուրս գանք հարավից՝ ծովափից:
 
— Խավարի Վարագույրը տարածվում է,— ասաց Գանդալֆը,— և հիմա ռոհանցիների փոխարեն երաշխավորել չի կարելի: Չէ՞ որ նրանց մոտ դու վաղուց ես եղել: Իսկ գլխավորը. ռոհանյան հարթավայրի ճանապարհին Սարումանի տիրույթները ոչ մի կերպ չես կարղ շրջանցել: Կգա ժամանակը, և ես հաշիվներս կմաքրեմ նրա հետ: Դե իսկ առայժմ Մատանու Պահապանին հարկավոր չէ մոտենալ Իզենգարդին. Սարումանին այրում է համիշխանության տենչը, և նա կփորձի տիրել Մատանուն: Այնպես որ Ռոհանը մեզ համար փակ է:
 
Այժմ հեռավոր շրջանցող ուղու մասին: Առաջինը՝ այն չափազանց երկար կլինի՝ մենք կծախսենք առնվազն մեկ տարի: Երկրորդը՝ արևմտյան գետերի հովիտներին անպայման հետևելիս կլինեն Սարումանը և Սաուրոնը, իսկ այդ չբնակեցված հարթավայրերում թաքստարան չենք գտնի, քանի որ այնտեղ էլֆեր չկան: Հյուսիս՝ Ազատքի տիրակալի մոտ գնալիս, դու Թշնամու համար սոսկ պատահական ճամփորդ էիր, որի վրա նա ուշադրություն չդարձրեց: Իսկ հիմա դու Մատանու Պահապանների Ջոկատի ռազմիկ ես և քեզ սպառնում է նույն վտանգը, ինչ և Մատանու գլխավոր Պահապանին՝ Ֆրոդոյին: Խորտակիչ վտանգ, որովհետև եթե մեզ հայտնաբերեն... Ի դեպ, վախենում եմ, որ մեզ արդեն հայտնաբերել են Բոսոր Դարպասի մոտերքում: Անհրաժեշտ է թաքնվել լրտեսներից, որպեսզի Թշնամին նորից մեզ աչքից կորցնի. ոչ թե շրջանցել լեռները, ոչ թե գրոհել լեռնանցքները, այլ թաքնվել լեռների ընդերքում, Մորիայի քարանձավներում՝ ահա թե որն է ամենաբանականը: Թշնամին մեզանից այդ չի սպասում:
 
— Ի՞նչ իմանաս,— Գանդալֆին առարկեց Բորոմիրը: — Բայց մյուս կողմից, եթե նա կռահի, թե մենք որտեղ ենք, ապա այդ թակարդից այլևս դուրս չենք գա: Ասում են, Թշնամին Մորիայում տեր ու տնօրինություն է անում, ինչպես սեփական Սև Դղյակում: Չէ՞ որ Մորիան անվանում են Սև Անդունդ:
 
— Ամեն լուրի մի հավատա,— ասաց Գանդալֆը: — Մորիայում բոլորովին էլ Թշնամին չէ տեր ու տնօրենը: Ճիշտ է, այնտեղ կարող են օրքեր հանդիպել, սակայն, ես կարծում եմ, այդ չի պատահի. օրքերի հորդաները ջախջախված են Հինգ Զորաց Ճակատամարտում, Մենավոր Լեռան մոտ: Վերջերս լեռնային արծիվներն ինձ հաղորդեցին, որ օրքերը նորից հոսում են դեպի Մշուշապատ... Բայց հուսով եմ, որ Մորիա դեռ չեն թափանցել: Դրա փոխարեն հնարավոր է, որ մենք այնտեղ հանդիպենք Բալինին, իր փոքրաթիվ, բայց խիզախ ջոկատով, և այն ժամանակ օրքերից վախենալու բան չունենք: Ինչ էլ լինի՝ ճանապարհը Մորիայի միջով միակն է, այլ ճանապարհ չունենք:
 
— Ես քեզ հետ կգամ, Գանդալֆ,— բացականչեց Ջիմլին: — Հին ավանդույթներն ինձ չեն վախեցնում: Բայց սկզբում պետք է փնտրել դարպասը, որը շատ վաղուց կողպ է:
 
— Հիանալի է ասված, իմ սիրելի Ջիմլի,— թեթև ժպիտով պատասխանեց Գանդալֆը: — Ես կգտնեմ դարպասը և կկարողանամ բաց անել: Դե իսկ արդեն թզուկի հետ մենք հաստատ չենք մոլորվի: Ես մենակ եմ իջել Մորիա, երբ որոնում էի կորած Թրեինին և, ինչպես տեսնում ես, կենդանի եմ դուրս եկել այնտեղից: Ես այն ժամանակ Մորիան միջանցիկ անցումով անցա, Արագորն,— ավելացրեց հրաշագործը Պանդուխտին նայելով:
 
— Ես էլ մի անգամ իջա Մորիա,— ասաց Արագորնը,— Սևագետքի կողմից: Եվ նույնպես հաջողացրի կենդանի դուրս գալ: բայց երկրորդ անգամ խցկվել չեմ ուզում, չափազանց դառն էր իմ վիճակն այնտեղ:
 
— Ես առաջին անգամ էլ չեմ ուզում,— մրթմրթաց Փինը:
 
— Ե՛ս էլ չեմ ուզում,— քրթմնջաց Սամը:
 
— Դե՜ ոչ ոք էլ չի ուզում,— նկատեց Գանդալֆը: — Սակայն մեզ հարկավոր է ընկնել Սևագետք: Դրա համար էլ հարցնում եմ. Ո՞վ է համաձայն, ոչ թե կուզենա, այլ կհամաձայնվի՝ գնալ Մորիա, որ հետո հասնի Անդուին:
 
— Ես,— պատրաստակամությամբ բացականչեց Ջիմլին:
 
— Ե՛ս էլ,— մռայլ ասաց Արագորնը: — Դու լեռնանցքը գրոհելուց չհրաժարվեցիր, չնայած զգուշացրել էիր ինձ, որ կարող ենք կործանվել, և մենք քիչ էր մնում ցրտահարվեինք: Ես կգամ քեզ հետ Մորիա, Գանդալֆ: Բայց հիշիր, ոչ թե մեզ, այլ հատկապես քեզ է Մորիայում մահացու վտանգ սպառնում:
 
— Իսկ ես,— խոժոռ հայտարարեց Բորոմիրը,— կհամաձայնեմ մտնել այդ Սև Անդունդ միայն բոլոր Պահապանների հետ միասին: Երկու կոլոտիկ չեն ուզում մտնել այնտեղ: Մերին, գլխավոր Պահապան Ֆրոդոն և էլֆ Լեգոլասը դեռ ոչինչ չեն ասել:
 
— Ես Մորիային դեմ եմ,— ասաց էլֆը:
 
Բոլորը նայեցին Ֆրոդոյին և Մերիին: Երկու հոբիթը երկար ժամանակ լուռ էին: Լռությունը խզեց Ֆրոդոն:
 
— Ես վախենում եմ իջնել Մորիա,— ասաց նա: — Բայց և Գանդալֆի խորհուրդը չեմ ուզում մերժել: Բերեք որոշումը հետաձգենք մինչև առավոտ: Հիմա մութ է ու տխուր: Եվ սարսափելի: Լսեցեք, ինչպես է ոռնում քամին...
 
Ճամփորդները թաքնվեցին փշարմավի ճյուղերի տակ: Նրանք խոսակցությունն ընդհատեցին ու ականջ դրեցին: Քամին սուլում էր մերկ ճյուղերի մեջ և խշխշացնում հավամրգու չորացած ցողունները: բայց այդ խուլ, սուլոցախառն խշխշոցին միաձուլվում էր մի թախծոտ, բեկբեկուն ոռնոց, ասես քամին ոռնում էր լեռնային կիրճում:
 
Արագորնը երկար ականջ դնելու հարկ չունեցավ:
 
— Քամի՞ն է,— տեղից վեր թռչելով բացականչեց նա: — Քամին գայլի ձայնով չի ոռնում... Այդ գայլդարձյակներն են նորից անցել Մշուշապատով այս կողմ...
 
— Երևում է, որսն սկսվել է,— ասաց Գանդալֆը: — Ուրեմն արժե՞ արդյոք որոշումը հետաձգել վաղվան: Եթե մենք նույնիսկ ապրենք մինչև լուսաբաց, ապա, միևնույնն է, Ռոհան հասնել չենք կարողանա:
 
— Իսկ այդ Մորիան հեռու՞ է,— հարցրեց Բորոմիրը:
 
— Ուզու՞մ ես իմանալ,— հարցին հարցով պատասխանեց Գանդալֆը,— արդյոք հեռու է այստեղից Արևմտյան Դարպա՞սը... Իմ կարծիքով, մոտ մի տասը լիգ... արծվի համար: Իսկ վերգետնյա ամենակարճ արահետներով կլինի մոտավորապես տասնութ-քսան լիգ:
 
— Հարկավոր է թաքնվել Մորիայում,— ասաց Բորոմիրը: — Օրքից կվախենաս, իսկ գայլից չես փրկվի:
 
— Դա այդպես է որ կա,— համաձայնեց Արագորնը՝ ստուգելով, արդյոք թուրը հեշտությա՞մբ է դուրս գալիս պատյանից: — Բայց մյուս կողմից, որտեղ օրքը, այնտեղ էլ գայլը՝ կիրճերում գայլդարձյակներ են, իսկ քարանձավներում օրքերի հորդաներ են:
 
— Ես Էլրոնդին չլսեցի,— շշնջաց Փինը Սամին,— և՝ իզուր: Դե ինձանից ի՞նչ Պահապան: Այդ ոռնոցից ներսս քարանում է: Կյանքումս երբեք այդպես չեմ վախեցել, իսկի էլ չես ասի, որ Բանդոբրաս Եզան Մռունչը իմ նախնին է:
 
— Իսկ ես,— ի պատասխան շշնջաց նրան Սամը,— Պանդուխտը որ վեր թռավ, սիրտս փորս ընկավ, ու մինչև հիմա էլ էնտեղ թփրտում է: Դե, բան չկա, մեկ էլ տեսար դուրս պրծանք: Արագորնն ու Բորոմիրը շատ բան տեսած մարդիկ են, Ջիմլին ճարպիկ թզուկ է, դե Լեգոլասն էլ հանաք-մանաք էլֆերից չէ, իսկ ծերուկ Գանդալֆը, նրա մասին էլ խոսք չկա, ասա հրաշագործ ու թող: Չէ, ինձ որ մնա, գայլերը մեզ չեն ուտելու:
 
Ճամփորդներն ուզում էին գիշերել լեռնագոգում, բայց գայլդարձյակներից պաշտպանվելու նպատակով բարձրացան հարևան բլուրը, որտեղ երեք թե չորս ծուռումուռ կաղնի էին կանգնած՝ խոշոր, մոխրագույն գլաքարից շարված պարսպով շրջապատված: Տեղ-տեղ քարե պարիսպը քանդված էր, և Պահապանները գիտակցելով, որ գիշերային խավարում գայլդարձյակների ոհմակն իրենց կգտնի, հապճեպորեն մի ոչ մեծ խարույկ վառեցին:
 
Ճամփորդները նստել էին խարույկի շուրջն ու, բացի երկու ժամապահներից, ննջում էին, բայց դա ոչ թե քուն էր, այլ տագնապալի մոռացում: Բիլ պոնին վախից դողում էր, ու քրտինքը վրայից թափվում էր, ասես հենց նոր մի քսան լիգ վազել էր: Ոռնոցն այժմ լսվում էր բոլոր կողմերից, իսկ շուրջը գիշերային սև խավարում չարագույժ փայլում էին զույգ-զույգ կրակներ: Պարսպի քանդված մասում Պահապանները հանկարծ մի մեծ գայլդարձյակ տեսան՝ նա արձանացավ բացվածքում և խռպոտ կաղկանձեց, ասես հարձակման ազդանշան էր տալիս:
 
Առկայծող մոգական գավազանը բարձրացրած, Գանդալֆը քայլեց գազանին ընդառաջ:
 
— Է՜յ դու, Սաուրոնի քնձռոտ շուն,— դիտավորյալ ցածրաձայն խոսեց նա: — Քո առջև Գանդալֆն է: Կորիր այստեղից, եթե կաշիդ թանկ է քեզ համար:
 
Խուլ մռնչյունով գազանը թռավ առաջ. երգեցիկ սուլեց արձակված նետը, կարճ մի կաղկանձով գազանը փլվեց գետնին. նրա կոկորդից դուրս էր ցցվել նետը: Լեգոլասն իսկույն կապարճից հանեց երկրորդ նետը: Բայց չարագույժ կրակների օղակը քայքայվեց: Գանդալֆն ու Արագորնը մոտեցան պարսպին՝ բլրի լանջին արդեն գայլդարձյակներ չկային. առաջնորդին կորցրած ոհմակը նահանջել էր: Ճամփորդների շուրջը լռին մթություն էր:
 
Կեսգիշերն անցել էր, լուսաբացը մոտենում էր. արևմուտքում, համարյա գետնին կպած, մերթ ծվեն-ծվեն ամպերի մեջ սուզվելով հանգչում, մերթ դժգույն փայլում էր լուսինը: Այդ թույլ, ջղաձիգ բռնկումները անզոր գունատվում էին վաղորդյան մթնշաղում: Հանկարծ բարձր, բազմաձայն ոռնոցը ընդհատեց Ֆրոդոյի անհանգիստ քունը. բլուրն անձայն շրջապատած գայլդարձյակները բոլոր կողմերից գրոհի նետվեցին:
 
— Ցա՛խ լցրեք խարույկը,— գոռաց Գանդալֆը հոբիթներին: — Սրերը մեկացնե՛լ: Կանգնե՛լ մեջք մեջքի տված:
Վստահելի
1342
edits