Changes
/* Գլուխ չորորդ. Սև Անդունդ */
— Դե, ի՜նչ էի ասում,— ասաց Սամը Փինին՝ թուրը հոգնած դնելով պատյան: — Ծերուկ Գանդալֆին հում-հում չես ուտի, բկիդ կմնա: Հապա ասա՝ հրաշագոր՜րծ...
Ճամփորդները հայացքով ընդգրկեցին հարթավայրն ու տեսան, որ գայլդարձյակներն անհետացել են: Բայց բլրի լանջին դիակներ էլ չկային. Լեգոլասը լռելյայն հավաքում էր իր նետերը՝ սրանք ընկած էին պարսպից ոչ հեռու: Նա համոզված էր, որ ոչ մի անգամ չի վրիպել և, սակայն, բոլոր նետերը, բացի մեկից (դրա միայն ծայրակալն էր մնացել), անվնաս ընկած էին հավամրգու թփերի մեջ:
— Ես այդպես էլ կարծում էի,— նկատեց Գանդալֆը: — Դրանք գայլդարձյակներ են, ոչ թե սովորական գայլեր, դիակներ չկան, չէ՞... Եկեք շատապ նախաճաշենք և ճամփա ընկնենք:
Այդ օրը եղանակը նորից փոխվեց: Ասես մի հզոր ուժի հրամանով, որն այլևս փոթորկի կարիք չուներ, որովհետև ճամփորդները հրաժարվել էին լեռնանցքից, քամին արագորեն ամպերը ցրեց, իսկ հետո, երբ երկինքը մաքրվեց, դադարեց: Սարերի հետևից դանդաղ դուրս եկավ արևը: Պարզ եղանակին բաց հարթավայրում շարժվող ջոկատը հեռվից էլ երևում էր, իսկ նստել թաքստոցում ու սպասել՝ ճամփորդները չէին կարող:
— Մեզ հարկավոր է լույսով հասնել մինչև Մորիա,— մռայլ լրջությամբ հայտարարեց Գանդալֆը,— այլապես առհասարակ չենք հասնի այնտեղ: Քսան լիգը մեծ տարածություն չէ, բայց Արագորնը չգիտե այստեղի ճանապարհները, դե ես էլ ընդամենը մեկ անգամ եմ եղել այստեղ:
— Դարպասն ա՜յ այնտեղ է,— շարունակեց հրաշագործը՝ գավազանոց ցույց տալով դեպի հարավ-արևմուտք, որտեղ վաղորդյան երկնագույն մշուշում երևում էին զառիթափ պատի պես հարթավայր իջնող Մշուշապատի ատամնավոր ուրվագծերը: — Երբ փոթորիկը մեզ լեռնանցքից քշեց, ես թեաքվեցի հարավ ու գնացի լեռնաշղթայի երկարությամբ, որպեսզի գոնե մի քիչ մոտենամ Մորիային: Զգում էի, որ այն մեզ պետք կգա... Հուսով եմ, մենք շուտով կգտնենք Դարպասը և կհասցնենք մինչև մութն ընկնելը խույս տալ գայլդարձյակներից:
Ջիմլիին առաջ էր մղում անհամբերությունը, և նա քայլում էր առջևից, նրա կողքից գնում էր Գանդալֆը: Մի ժամանակ Մորիայի դարպասի մոտ աղբյուր կար, որից սնվում էր Բարապան, կամ ինչպես էլֆերն էին անվանում՝ Սիրանոն գետը, և Գանդալֆը հույս ուներ գտնել այն, որպեսզի գետափնյա ճանապարհով դուրս գար դարպասի մոտ: Սակայն Բարապա՞նն էր չորացել, թե հրաշագո՞րծն էր սխալ ուղղություն վերցրել, բայց ճանապարհը գտնել չէր հաջողվում: Հրաշագործը շրջվում էր մերթ դեպի արևելք, մերթ դեպի արևմուտք, բայց գետը չկար ու չկար, և բոլորը հասկանում էին, որ եթե ճանապարհը չգտնեն, ապա մինչև երեկո դարպասին չեն հասնի: Անվերջ ձգվում էր ամայի հարթավայրը՝ գորշ, չորացած, ճաքճքած հող, կարմրագորշ գլաքարեր ու խիճ: Շուրջը ոչ թռչուն կար, ոչ գազան: Ճամփորդները հուսահատ քայլում էին Գանդալֆի հետևից և ջանում էին չմտածել, թե ինչ կպատահի իրենց, եթե գիշերը վրա հասնի հենց այս հարթավայրում:
Ջիմլին, որ քիչ հեռացել էր նրանցից հանկարծ մագլցեց մի գլաքարի վրա ու Գանդալֆին մոտ կանչեց: Հրաշագործի հետևից գնացին բոլոր ճամփորդները: Թզուկը ձեռքով դեպի արևմուտք ցույց տվեց: Այդ կողմ նայելով՝ ճամփորդները տեսան գետի ցամաքած քարքարոտ հունը: Իսկ գետի ափով ձգվում էր ինչ-որ ժամանակ կարմիր քարերով սալարկված ճանապարհը:
— Ահա՛, վերջապե՜ս,— բացականչեց Գանդալֆը: — Հետաքրքիր է, գետի հետ ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչ էլ եղած լինի, Սա է Բարապանը, կամ էլֆերեն՝ Սիրանոնը: Առա՛ջ, ընկերներ, մեզ հարկավոր է շտապել...
Հոգնած ճամփորդներն արագացրին քայլերը. նրանց խթանում էր գայլդարձյակներից թաքնվելու հույսը:
Իսկ ժամանակը գնում էր. կեսօրն անցել էր, արևն սկսել էր դեպի մայրամուտ թեքվել: Ճամփորդները կարճատև հանգիստ առան, շուտափույթ կերան և շարունակեցին ճանապարհը: Նրանց դիմաց երևում էին Մշուշապատ Լեռները, բայց ճանապարհը սուզվեց մի խոր ձոր, և այժմ երևում էին միայն դեռևս արևով լուսավորված ձյունապատ պայծառ գագաթները:
Մի քանի ժամ հետո ճանապարհը թեքվեց: Առաջ Պահապանները գնում էին դեպի հարավ և նրանցից ձախ ձգվում էր սարահարթը, իսկ այժմ նրանք կտրուկ արևելք էին թեքվում: Շուտով հունը դեմ առավ տափակ գլխով և հիմքի մոտ փոս ունեցող մի ժայռի: Ժայռից մի ժամանակ ջրվեժ էր գահավիժել, իսկ հիմա հազիվ նկատելի մի առվակ էր օձագալար հոսում:
— Այո, Սիրանոնը ցամաքել է,— ասաց Գանդալֆը: — Բայց մենք, անկասկած, մոտենում ենք դարպասին: Սա մերձմորիական շեմքն է, և դրանից ձախ, եթե չեմ սխալվում, ժայռի մեջ պետք է աստիճաններ փորված լինեն, իսկ ճանապարհը, մի մեծ ոլորան անելուց հետո, դուրս է գալիս սիրանոնյան հովտի հյուսիսային լանջ՝ Շեմքի վերին հատվածքի մոտ: Հովիտը ձգվում է արևելքից դեպի արևմուտք (թզուկներն այն անվանել են Աղբյուրի), և սանդուղքը դուրս է բերում նրա արևմտյան ծայրը, իսկ դիմացը, հովտի արևելյան ծայրին գտնվում է դարպասը և աղբյուր է բխում: Եկեք նայենք, սանդուղքը պահպանվե՞լ է արդյոք:
Նրանք հեշտությամբ գտան աստիճանները, և Ջիմլին, նրանից հետո էլ Գանդալֆն ու Ֆրոդոն, հապշտապ բարձրացան Աղբյուրի հովիտը: Հովտի տեղում սևին էր տալիս լիճը: Մայր մտնող արևը ոսկեզօծել էր երկինքը, բայց փայլատ-սև, ասես մեռած ջրի մեջ չէին արտացոլվում ո՛չ Պահապանները, ո՛ սարերը, ո՛չ մայրամուտը: Ըստ երևույթին, փլուզումից գետի հունը փակվել էր և այն ջրասույզ էր արել հովիտը: Հովտի վերջում, սև ջրի հետևում, ծանրորեն իրար վրա էին կիտվել ուղղաբերձ ժայռերը՝ չարագույժ, սև, միակտոր: Ոչ թե դարպաս, նույնիսկ բարակ ճեղք չտեսավ Ֆրոդոն այդ ժայռերի մեջ:
— Ահա այդ Մորիական Պատ կոչվածը,— ասաց Գանդալֆը՝ նկատելով, որ Ֆրոդոն զննում է ժայռերը: — Ինչ-որ ժամանակ այդտեղ էր Արևմտյան կամ, ինչպես մարդիկ էին անվանում, Էլֆական Դարպասը, որովհետև ճանապարհը, որով եկանք, Աղբյուրի հովիտը կապում էր Օստրանի հետ: Բայց կարճ ճանապարհը, ինչպես տեսնում ես, ջրասույզ է եղել, և որքան ես հասկացա, մեզանից ոչ ոք չի ուզենա այդ մռայլ լիճն անցնել ծանծաղ տեղերով: Առավել ևս, որ լիճը հավանաբար խորն է:
— Եկեք հետ դառնանք,— առաջարկեց Ջիմլին,— և փորձենք բարձրանալ գլխավոր ճանապարհով: Այսպես թե այնպես ստիպված պետք է լինենք վերադառնալ, նույնիսկ եթե արահետը ջրասույզ եղած չլիներ. Բիլը աստիճաններով բարձրանալ չի կարող:
— Դե հո Բիլին Մորիա չես տանի,— ասաց Գանդալֆը: — Այնտեղ երբեմն այնպիսի նեղ անցումներ են, որ պոնին մտնել չի կարող:
— Բիլը մեղք է,— քրթմնջաց Ֆրոդոն: — Սամն էլ է մեղք: Իսկ նա ի՞նչ է ասելու... Ինչպե՞ս է բաժանվելու իր սիրելուց:
— Այո, մեղք է,— համաձայնեց Գանդալֆը: — Պոնին մեզ շատ նվիրված ու հավատարիմ ծառայել է, իսկ մենք նրան թողնելու ենք բախտի քմահաճույքին: Ախր ես ասում էի՝ մի վերցրեք Բիլին, առաջարկում էի անբեռ դուրս գալ արշավի: Որովհետև ամենասկզբից էլ կասկածում էի, որ ստիպված կլինենք գնալ Մորիայով:
Երեկոյան մայրամուտը հանգչելով դժգունում էր, և երկնքում աստղերը պսպղում էին սառցե փայլով, երբ տանջահար ճամփորդները գլխավոր ճանապարհով արագ բարձրանալով դուրս եկան հովտի հյուսիսային լանջը, Մորիական պատից մոտավորապես երկու լիգ այն կողմ: Համարյա երկու լիգ լայնությամբ հովիտը ձգվում էր երեք կամ չորս լիգ երկարությամբ, իսկ ժայռերից գոյացած պատնեշի ու ջրի արանքում երևում էր հողի մի նեղ շերտ: Պահապանները լճի երկարությամբ գնացին հարավ՝ այնտեղ, ուր գտնվում էր Մորիայի դարպասը, ավելի ճիշտ, ոչ թե գնացին, այլ համարյա վազեցին, որպեսզի մինչև մութն ընկնելը գտնեն դարպասը:
Հովտի ծայրում, Պատին մոտենալու տեղում նրանց ճանապարհը կտրեց նեղուցը, որը հատում էր լճի ու ափամերձ ժայռերի միջև եղած ցամաքը: Նեղուցի ջուրը մուգ էր ու հոտած, պատված կանաչ ջրոսպով: Նեղուցը նմանվում էր խեղդվածի ձեռքի, որը մահվան հետ գոտեմարտելով կառչել էր ժայռերին: Ջիմլին խրոխտ քայլեց առաջ, ոչ ոք չհասցրեց կանգնեցնել նրան: Նեղուցը ծանծաղ էր, բայց լպրծուն: Սայթաքելով, Ջիմլին քիչ էր մնում ընկներ, սակայն կարողացավ հավասարակշռությունը պահել և շուտով դուրս եկավ չոր տեղ: Նրա հետևից գնացին մնացած ճամփորդները. մտնելով սառը, կանաչավուն ջրի մեջ, Ֆրոդոն նողկանքից ակամա սարսռաց:
Երթը եզրափակող Սամը ափ դուրս բերեց սրթսրթացող պոնիին, Պահապանները լսեցին խուլ ճողփյուն, ասես ջրից հանկարծ ձուկ դուրս թռավ և իսկույն էլ նորից չրմփաց ջրի մեջ: Շուռ գալով նրանք տեսան, որ լճի կենտրոնից շրջանաձև սև ալիքներ են տարածվում, հետո ինչ-որ բլթբլթոց լսվեց, և նորից լռություն տիրեց: Իրիկնային մայրամուտի ոսկեգույն փայլը ծածկվում էր ամպերի հետևում, մթնշաղը թանձրանում էր:
Գանդալֆը շտապ առաջ էր քայլում: Հոբիթները դժվարությամբ էին հասնում նրա հետևից. այժմ նրանք շարժվում էին Մորիական Պատի երկարությամբ՝ ցամաքի քարքարոտ ու նեղ շերտով, որը խճողված էր սուր ժայռաբեկորներով: Ճամփորդներն աշխատում էին չհեռանալ պատից, իրենց պահելու համար, նույնիսկ ձեռքերով կառչում էին պատից, որպեսզի փայլատ-սև, կանաչավուն ջուրը որքան կարելի է հեռու լինի: Երբ նրան համարյա մեկ լիգ հաղթահարեցին, մթնշաղում անսպասելի ծառեր ուրվագծվեցին: Պատի մոտ երկու հզոր կաղնի էին կանգնած, ծանծաղ ջրի վրա ընկած էին սևացած ճյուղերը, իսկ լճի մեջտեղում, երկու շարքով ձգվում էին կիսափտած բների կմաղքները: Երկու կողմերում կաղնիների շարք ունեցող ճանապարհն այստեղ հավանաբար վերջանում էր: Պատի մոտ աճած ծառերը զարմանալի մեծ ու հին էին երևում, Շեմքի մոտից, Մշուշապատի զառիկո պատի տակ դրանք բարձր չէին թվում, բայց հիմա Ֆրոդոն զարմանքով գիտակցեց, որ երբեք ինքն այդպիսի հզոր ու վիթխարի կաղնիներ չի տեսել. դրանք բարձրանում էին Պահապանների գլխավերևում որպես վիթխարի պահակային աշտարակներ՝ պահպանելով Սարամիջի թագավորության մուտքը:
— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց Գանդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը,, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, իսկ էլֆերն էլ թզուկներին պատկանող Աղբյուրի հովտում տնկել են կաղնիների այս ծառուղին, որպեսզի հավերժացնեն իրենց սերտ բարեկամությունը... Կաղնին Օստրանի խորհրդանիշն է: Քանի որ այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:
— Ես երբեք լսած չկամ,— նկատեց Ջիմլին, որ այդ բարեկամությունը թզուկների պատճառով է ընդհատվել:
— Իսկ ես չեմ լսել,— ասաց Լեգոլասը,— որ այդ բարեկամությունն ընդհատվել է էլֆերի պատճառով:
— Ես հաճախ եմ լսել և՛ մեկը, և՛ մյուսը,— սկսվող վեճը դադարեցրեց Գանդալֆը: — Հիմա ժամանակը չէ որոշելու, թե ով է իրավացի: Հուսով եմ, գոնե դուք բարեկամ կմնաք, քանի որ ինձ ձեր օգնությունը շատ է հարկավոր, իսկ միաբան գործել կարող են միայն բարեկամները: Մենք պետք է գտնենք և բացենք դարպասը, քանի դեռ մութը չի ընկել:
— Իսկ դուք,— մնացածներին դառնալով, ասաց նա,— պատրաստվեք անմիջապես մտնել Մորիա, հենց գտնենք ու բաց անենք դարպասը: Չէ որ մենք ստիպված ենք բաժանվել Բիլից, հետևաբար հարկավոր է նրան բեռնաթփել: Տաք հագուստը կարելի է չվերցնել, այն մեզ պետք չի լինելու ո՛չ Մորիայում, ո՛չ էլ հետո, երբ գնանք հարավ: Իսկ սնունդը, և գլխավորը, ջրով լի տափաշշերը, որ մինչև հիմա պոնին էր բերում, հարկավոր է բաժանել բոլոր Պահապաններին:
— Իսկ ինչպե՞ս վարվենք ծերուկ Բիլի հետ,— վախեցած ու վրդովված բացականչեց Սամը: — Առանց նրա ես տեղիցս չեմ շարժվի... Խեղճին բերինք հասցրեցինք չգիտես թե ուր, ու հիմա թողնենք, որ գայլդարձյակներն ուտե՞ն...
— Ախր ես էլ եմ խղճում նրան,— արձագանքեց Գանդալֆը: — Բայց դու, բարեկամս, ստիպված ես ընտրություն կատարել քո տիրոջ և Բիլի միջև: Հասկացիր, երբ մենք դարպասը բացենք, դու նրան չես էլ կարողանա Մորիա քարշ տալ, նա չի մտնի այդ Սև Անդունդը:
— Ինձ հետ կմտնի,— առարկեց Սամը,— ես չեմ թողնի, որ ձեր նզովված դարձյակները հոշոտեն նրան:
— Դե, պետք է ենթադրել, որ գործը հոշոտելուն չի հասնի,— խոսեց Գանդալֆը: Նա փաղաքշանքով շոյեց պոնիի գլուխը, խոնարհվեց նրա վրա ու ցածր ձայնով ասաց. — Դու Ազատքում շատ բան սովորեցիր, Բիլ: Պահպանի՛ր քեզ, երբ վերադառնալու լինես, իսկ պահպանվողին, ինչպես հայտնի է, ճակատագիրն էլ է պահպանում: Մեզանից ոչ ոք չգիտե ինչ է լինելու իր ճակատագիրը, բայց մենք միշտ լավի հույսով ենք ապրում... Ոչ ոք մեզանից չգիտե իր ճակատին գրածը,— կրկնեց հրաշագործը,— դեպի Սամը շրջվելով: — Հույս տածենք, որ Բիլը կենդանի կմնա:
Սամը Գանդալֆին ոչինչ չպատասխանեց: Նա կանգնած էր պոնիի կողքին ու լաց էր լինում: Իսկ պոնին կպավ նրան ու հառաչեց՝ ասես հասկանալով, թե ինչի մասին է խոսքը: Սամն սկսեց պոնիի վրայից իջեցնել բեռը, իսկ մյուս ճամփորդները դասավորում էին փաթեթները՝ իրենց ուսապարկերի մեջ տեղավորելով այն, ինչ հարկավոր էր հետները վերցնել:
Բեռը տեղավորելուց հետո Պահապանները հետ նայեցին՝ փորձելով հասկանալ, թե ինչ է անում Գանդալֆը: Իսկ նա, թվում էր, ոչինչ էլ չէր անում՝ կանգնել ու սևեռուն նայում էր Պատին, ասես ուզում էր հայացքով ծակել այն: Իսկ Լեգոլասը հպվել էր նրան՝ կարծես ունկնդրելով և աչքերն էլ, չգիտես ինչու, փակ էին: Ջիմլին լուռ հետուառաջ էր քայլում Պատի երկարությամբ՝ տապարի պոչով թխկթխկացնելով այն:
— Դե ահա, մենք պատրաստ ենք Մորիա փախչելու,— ասաց Մերին,— բայց ու՞ր է դարպասը:
— Եթե թզուկների սարքած դարպասը փակված է, ապա տեսնել այն հնարավոր չէ,— զսպված հպարտությամբ պատասխանեց Ջիմլին: — Նույնիսկ վարպետը, որը շինել է դարպասը, նույնիսկ նա չի կարող հետո գտնել, եթե չասի պայմանական խոսքը:
— Այո, բայց Մորիայի Արևմտյան Դարպասը գաղտնի չէր,— նկատեց Գանդալֆը: — Դարպասը սարքել են էլֆ բարեկամների համար, և եթե նրանք մեր ժամանակներում չեն վերափոխել, ապա ով դրա տեղը գիտե, պետք է առանց դժվարության հայտնաբերի ու բաց անի:
Գանդալֆը նորից նայեց պատին: Մեջտեղում, պահակ-կաղնիների արանքում այն անբնական ողորկ էր, և Գանդալֆը կիպ մոտենալով սկսեց ձեռքերով շոշափել ու ինչ-որ անհասկանալի բառեր մրմնջալ: Հետո հեռանալով, հարցրեց իր ուղեկիցներին.
— Իսկ հիմա՞... Հիմա որևէ բան տեսնու՞մ եք...
Պատը լուսավորեց դուրս եկող լուսինը, բայց Պահապանները ոչ մի փոփոխություն չնկատեցին: Իսկ հետո Պատի վրա բարակ, արծաթավուն գծեր նշմարվեցին, դրանք աստիճանաբար սկսեցին պայծառանալ, որոշակի ու հստակ դառնալ, և շուտով զարմացած ուղեկիցների առջև բացվեց մի գեղեցիկ նկար:
[[Պատկեր:Moria gate image.jpg|400px|center|]]