Changes

Ծերունին և ծովը

Ավելացվել է 109 109 բայտ, 21:48, 29 Հունիսի 2015
/* Գ */
==Գ==
 
Մութ էր. սեպտեմբերին մութը միշտ հանկարծ է իջնում, մայրամուտից անմիջապես հետո։ Նա պառկել էր՝ հենված աղմտած տախտակներին, և ամեն կերպ ջանում էր հանգստանալ։ Երկնքում երևացին առաջին աստղերը։ Նա չէր իմանում Ռիգել աստղի անունը, բայց երբ տեսավ դա, հասկացավ, որ շուտով կերևան և մյուսները, և այն ժամանակ հեռավոր բարեկամները նորից իր հետ կլինեն։
 
— Այս ձուկը նմանապես իմ բարեկամն է,— ասաց նա։— Ես երբեք այսպիսի ձուկ չէի տեսել ու ոչ էլ լսել, որ այսպիսի ձկներ էլ են լինում։ Բայց ես դրան պետք է սպանեմ։ Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։
 
«Պատկերացրու մի մարդ, որ ամեն օր ճգնում է սպանել լուսնին, իսկ լուսինը փախչում է նրանից։ Հապա եթե մարդն ստիպված լիներ ամեն օր արև որսա՞լ։ Ո՛չ, ինչ էլ ասես, մենք դեռ բախտավոր ենք»,— մտածեց նա։
 
Հետո նա սկսեց խղճալ մեծ ձկանը, որը ուտելու բան չուներ, սակայն խղճալը ամենևին չէր խանգարում նրա՝ սպանելու վճռականությանը։ Քանի՜ մարդու կկշտացնի։ Բայց մարդիկ արժանի՞ են արդյոք նրանով սնվելու։ Իհարկե, ո՛չ։ Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։
 
«Շատ բան չեմ հասկանում ես,— մտածեց նա։— Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։
 
Հիմա ես պետք է մտածեմ թիերից արգելակ շինելու մասին։ Դա ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը։ Ես կարող եմ այնքան պարան կորցնել, որ կկորցնեմ և ձուկը, եթե նա ուզենա պոկ գալ, իսկ թիերից շինված արգելակը նավակը կզրկե արագաշարժությունից։ Նավակի թեթևությունը կերկարաձգի թե՛ իմ, թե՛ ձկան տառապանքները, բայց դա միաժամանակ և իմ փրկության երաշխիքն է։ Չէ՞ որ այս ձուկը, եթե ուզենա, կարող է ավելի արագ լողալ։ Ինչ էլ որ լինի, պետք է մաքրել թյունիկի փորը, քանի դեռ չի հոտել, ու մի քիչ ուտել՝ ուժովանալու համար։
 
Հիմա մի ժամ էլ հանգստանամ, իսկ հետո եթե տեսնեմ, որ ձուկը ոչ մի մտադրություն չունի, կանցնեմ խելի վրա ու պետք եղածը կանեմ և թիերի մասին էլ որոշում կկայացնեմ։ Իսկ մինչ այդ կհետևեմ, թե ձուկն ինչպես կպահի իրեն։ Թիերի այդ օյինը խելացի հնարամտություն է, բայց հիմա արդեն պետք է հաստատ գործել։ Ձկան ուժը դեռևս լրիվ տեղն է, իսկ ես նկատեցի, որ կարթը մտել է նրա բերանի անկյունը, նա էլ բերանն ամուր փակել է։ Կարթի պատճառած տանջանքներն այնքան էլ մեծ չեն, նա շատ ավելի տանջվում է քաղցից և այն վտանգի զգացողությունից, որն ինքը չի հասկանում։ Ուրեմն հանգստացի՛ր, ծերո՛ւկ, թող նա ջանք թափի, մինչև քո հերթը գա»։
 
Նրան թվաց, թե ինքը հանգստացավ առնվազն երկու ժամ։ Լուսինը հիմա ուշ էր ծագում, և նա չէր կարող ժամանակը որոշել։ Ճիշտ է՝ նա հանգստացավ այնպես միայն, հարաբերական իմաստով։ Առաջվա պես ուսը զգում էր ձկան ծանրությունը, սակայն ձախ ձեռքը հենելով ցռուկի կողափայտին՝ նա ջանում էր ծանրությունը հետզհետե ավելի փոխադրել նավակի վրա։
 
«Որքան հեշտ կլիներ ամեն ինչ, եթե կարողանայի պարանը կապել նավակին,— մտածեց նա։— Սակայն բավական է, որ ձուկը թեկուզ մի քիչ ձիգ տա, ու պարանը կտրաքի։ Ես պետք է իմ մարմնով անընդհատ թուլացնեմ ձգումը և ամեն րոպե պատրաստ լինեմ զույգ ձեռքով բաց թողնել պարանը»։
 
— Բայց չէ՞ որ դու դեռ չես քնել, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։— Անցել է կես ցերեկ ու մի գիշեր, այնուհետև ևս մի ցերեկ, իսկ դու շարունակ անքուն ես։ Մտածիր ինչպես անես, որ թեկուզ մի քիչ քնես, քանի դեռ նա հանգիստ է ու գժություն չի անում։ Եթե դու չքնես, գլխումդ ամեն ինչ կխառնվի։
 
«Հիմա գլուխս պայծառ է,— մտածեց նա,— նույնիսկ շատ պայծառ։ Նույնքան պայծառ, ինչքան իմ քույրերը՝ աստղերը։ Բայց մեկ է, անհրաժեշտ է, որ մի փոքր քնեմ։ Աստղերն էլ են քնում, լուսինն էլ է քնում, արևն էլ է քնում, և նույնիսկ օվկիանոսն է երբեմն քնում այն օրերին, երբ հոսանք չկա, և կատարյալ լռություն է տիրում»։
 
«Չմոռանաս մի քիչ քնել,— հիշեցրեց ինքն իրեն։— Ստիպի՛ր քեզ մի փոքր քնել, պարանը թողնելու որևէ պարզ ու անվրեպ միջոց գտիր։ Հիմա գնա նավախել ու մաքրիր թյունիկի փորը։ Իսկ թիերից կազմած արգելակը վտանգավոր բան է, եթե քնես»։
 
«Բայց կարող եմ առանց քնելու էլ յոլա գնալ,— ասաց ինքն իրեն։— Այո՛, կարող ես, բայց դա էլ շատ վտանգավոր է»։
 
Նա սկսեց չորեքթաթ գնալ դեպի նավախել՝ ջանալով չանհանգստացնել ձկանը։ «Գուցե նա էլ նիրհել է,— մտածեց ծերուկը։ Բայց ես չեմ ուզում, որ նա հանգստանա։ Նա պետք է քարշ տա նավակը, մինչև որ մեռնի»։
 
Հասնելով նավախելին՝ նա շրջվեց և ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց ձախ ձեռքի վրա, իսկ աջով պատյանից հանեց դանակը։ Աստղերը լուսավորում էին պայծառ, թյունիկը լավ երևում էր։ Ծերունին դանակը խրելով նրա գլխի մեջ՝ խելի տակից դուրս քաշեց։ Ոտքը դնելով ձկան վրա արագ ճեղքեց փորը՝ պոչի ծայրից մինչև ստորին ծնոտը։ Հետո դանակը ցած դրեց, աջ ձեռքով մաքրեց թյունիկի փորը ու պոկեց խռիկները։ Փորը ծանր էր ու լպրծուն, և երբ կտրեց դա, երկու հատ թռչող ձուկ գտավ այնտեղ։ Դրանք թարմ էին և պինդ, ծերուկը դրեց դրանք կողք կողքի, հատակին, իսկ փորոտիքը շպրտեց ծով։ Իջնելով ծովի մեջ՝ փորոտիքը լուսավոր հետք էր թողնում իր ետևից։ Աստղերի աղոտ լույսի տակ թյունիկը կեղտասպիտակ էր թվում։ Ոտքը դնելով ձկան գլխին՝ ծերունին պոկեց մի կողի մաշկը։ Այնուհետև շրջեց ու պոկեց մյուս կողի մաշկը և կտրեց կողերի միսը գլխից մինչև պոչը։
 
Թյունիկի կմախքը նետելով դուրս՝ նայեց, թե ջրի մեջ շրջանակներ չե՞ն երևում, բայց տեսավ միայն դանդաղորեն խորքն իջնող ձկան կմախքի լուսավոր հետքը։ Այդ ժամանակ նա շրջվեց, երկու թռչող ձկները դրեց թյունիկի մսի կտորների միջև և դանակը պահելով պատյանի մեջ՝ նորից զգուշությամբ հասավ ցռուկին։ Նրա մեջքը կռանում էր պարանի ծանրությունից, իսկ ձուկը նա տանում էր աջ ձեռքով։
 
Վերադառնալով նավացռուկ՝ ձկան միսը շարեց տախտակների վրա ու թռչող ձկներն էլ դրեց նրանց կողքը։ Դրանից հետո պարանը փոխադրեց թիկունքի դեռևս չցավացող մասը և նորից ծանրությունը գցեց նավակողին հենած ձախ ձեռքի վրա։ Կռանալով նավակողից՝ թռչող ձուկը լվաց ծովի մեջ և միաժամանակ ստուգեց, թե որքան արագ է հոսում ջուրը իր ձեռքի տակից։ Նրա ձեռքը լուսավորվում էր թյունիկի մաշկը պոկելու հետևանքով, և նա տեսնում էր, թե ինչպես է ջուրը հոսում նրա շուրջ։ Հիմա ավելի դանդաղ էր հոսում, և ձեռքի կողը քսելով նավակի եզրին՝ նա տեսավ, որ ֆոսֆորի մասնիկները դանդաղորեն են գնում դեպի նավախելը։
 
— Կա՛մ հոգնել է, կա՛մ հանգստանում է,— ասաց ծերունին։ Պետք է արագ վերջացնել ուտելու գործը ու մի քիչ քնել։
 
Նա կերավ սուկիներից մեկի կեսը և մի թռչող ձուկ, որ մինչ այդ մաքրեց աստղերի լույսի տակ՝ զգալով, թե ինչպես օդը հետզհետե սառում է։
 
— Ի՞նչը կարող է թյունիկից ավելի համեղ լինել, եթե եփած ուտես,— ասաց նա։— Բայց որքա՜ն զզվելի է նա հում վիճակում։ Էլ երբեք առանց աղի ու լիմոնի ծով դուրս չեմ գա։
 
«Թե գլխումս խելք լիներ,— մտածեց նա,— ամբողջ ցերեկը ջուր կցողեի նավացռուկին, կթողնեի՝ չորանար, և երեկոյան աղ կունենայի։ Այո՛, բայց չէ՞ որ թյունիկը բռնեցի մայրամուտից քիչ առաջ։ Այնուամենայնիվ, շատ բան չեմ կանխատեսել։ Բայց և այնպես ամբողջ կտորը ծամեցի, ու սիրտս չի խառնում»։
 
Արևելքում երկինքը պատվեց ամպերով, և ծանոթ աստղերը հանգչում էին իրար ետևից։ Թվում էր, թե նա մտնում է ամպերից կազմված մի հսկայական կիրճ։ Քամին դադարել էր։
 
— Երեք կամ չորս օր հետո եղանակը կվատանա,— ասաց նա։— Բայց դեռ ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Մի քիչ քնիր, ծերո՛ւկ, քանի դեռ ձուկը հանգիստ է պահում իրեն։
 
Նա աջ ձեռքով բռնեց պարանը և ազդրն էլ սեղմեց ձեռքին՝ ամբողջ մարմնով դիմահարվելով նավակի կողին։ Այնուհետև մեջքի վրա մի քիչ ցած տարավ պարանը և ձախ ձեռքով բռնեց դա։
 
«Աջ ձեռքը պարանը կպահի այնքան, մինչև որ թուլանա։ Իսկ եթե քնած տեղս թուլանա, ինձ կարթնացնի ձախ ձեռքը՝ զգալով, որ պարանն իջնում է ծով։ Աջ ձեռքի դրությունն, իհարկե, հեշտ չի լինի, բայց նա վարժվել է զրկանքներ կրել։ Եթե թեկուզ մի քսան րոպե կամ կես ժամ քնեմ, այդ էլ լավ է»։
 
Նա ընկավ նավակողի վրա, ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց աջ ձեռքի վրա ու քնեց։
 
Երազում առյուծներ չտեսավ, բայց փոխարենը տեսավ ծովախոզերի մի հսկայական երամակ, որ ձգվել էր ութ կամ տասը մղոն, և որովհետև զուգավորման շրջանն էր, օդ էին ոստնում նրանք ու կրկին սուզվում այն ջրափոսի մեջ, որտեղից դուրս էին գալիս։
 
Հետո էլ տեսավ, որ ինքը պառկած է գյուղում՝ իր մահճակալին, և հյուսիսային քամին փչում, մտնում է խրճիթը, որից խիստ մրսում է, իսկ աջ ձեռքը կարկամել է, որովհետև բարձի փոխարեն դրել է գլխի տակ։
 
Դրանցից հետո միայն նա տեսավ մի երկար, դեղին ծանծաղուտ, ապա մթնշաղին դուրս եկավ այդտեղ առաջին առյուծը, որի ետևից գալիս են ահա մյուսները, նա կզակը հենել է խարիսխ գցած նավի պատվարին, ցամաքից եկող իրիկնային քամին պարուրում է նրան, նա սպասում է, թե ուրիշ առյուծներ էլ չե՞ն երևա, ու խիստ երջանիկ է։
 
Լուսինը վաղուց էր ծագել, բայց նա շարունակում էր քնել, իսկ ձուկը միահավասար արագությամբ տանում էր նավակը ամպեղեն կիրճը։
 
Նա զարթնեց ցնցումից, աջ ձեռքի բռունցքը խփվեց նրա դեմքին, իսկ պարանը, դաղելով ձեռքը, սրընթաց իջնում էր ծով։ Ձախ ձեռքի գոյությունը նա չէր զգում, ուստի փորձեց աջ ձեռքով կասեցնել պարանը, բայց սա խելագարի նման շարունակում էր իջնել ծով։ Վերջիվերջո ձախ ձեռքն էլ շոշափեց պարանը, և ծերունին մեջքը հենեց դրան, և հիմա պարանը դաղում էր նրա թիկունքն ու ձախ ձեռքը, որի վրա էր փոխադրվել ձկան ծանրությունը։ Նա նայեց պահեստի կծիկներին ու տեսավ, որ դրանք արագ արձակվում են։ Այդ վայրկյանին ձուկը, պայթեցնելով օվկիանոսի հարթությունը, դուրս եկավ ու նորից ծանրորեն ընկավ ծով։ Հետո կրկին ու կրկին ոստնեց, իսկ նավակը սլանում էր առաջ, թեև պարանը շարունակում էր դուրս վազել նավակից, և ծերունին ծայր աստիճան ձիգ էր տալիս, մի ակնթարթ բաց թողնում, ապա դարձյալ ամբողջ ուժով ձգում՝ ենթարկելով կտրվելու վտանգին։ Նա ինքն էլ քաշվել, կիպ սեղմվել էր ցռուկին, դեմքը փակչել էր թյունիկի մսի կտորին, բայց նա չէր կարող շարժվել։
 
«Ահա սրան էլ սպասում էինք,— մտածեց նա։— Հիմա դիմացի՛ր»։
 
«Իմ պարանի վրեժը կլուծե՜մ դրանից, կլուծե՜մ»։
 
Նա չէր կարող տեսնել ձկան ոստյունները, լսում էր միայն, թե ինչպես շառաչով ճեղքվում է օվկիանոսը, ապա հետևում է ծանր ճողփյունը, երբ ձուկը նորից է ընկնում ջուրը։ Նավակից դուրս սլացող պարանը անողոքաբար կտրում էր ձեռքը, բայց նա գիտեր, որ այդպես կլինի, և ջանում էր ձեռքի կոշտուկապատ մասը ենթարկել դրան, որպեսզի պարանը ափն ու մատները չվիրավորի։
 
«Եթե տղան հետս լիներ,— մտածեց ծերունին,— կջրոտեր պարանը։ Այո՛, եթե տղան այստեղ լինե՜ր։ Եթե միայն տղան այստեղ լինե՜ր»։
 
Պարանն անընդհատ սլանում էր դուրս, բայց հիմա ավելի դժվար էր սլանում, և ծերունին ստիպում էր ձկանը նվաճել ամեն մի մատնաչափը։ Նա կարողացավ բարձրացնել գլուխը ու դեմքը հեռացնել թյունիկի մսից, որը նրա այտոսկրի ճնշումից բլիթի պես տափակել էր։ Այնուհետև նա չոքեց, հետո էլ դանդաղորեն ոտքի ելավ։ Նա դեռևս բաց էր թողնում պարանը, սակայն ավելի ու ավելի ժլատորեն։ Հասնելով այն տեղին, որտեղ խավարում ոտքով կարող էր տնտղել պարանի կծիկները՝ նա համոզվեց, որ պաշարը դեռ մեծ է։ Իսկ ջրի մեջ այնքան պարան կա, որ ձուկը հեշտությամբ չի հաղթահարի դրան։
 
«Ուրեմն այսպես,— մտածեց նա,— հիմա ավելի քան տասը ոստյուն գործեց նա ու փուչիկները օդ լցրեց, հիմա այլևս չի կարող իջնել ջրի խորքը (որտեղից չի կարելի դուրս քաշել նրան) և մեռնել այդտեղ։ Շուտով կսկսի պտույտներ գործել, և այն ժամանակ ես ստիպված կլինեմ քրտինք թափել։ Հետաքրքիր է՝ ի՞նչը համբերությունից հանեց նրան։ Արդյոք քա՞ղցը հուսահատության հասցրեց, թե՞ խավարում որևէ բան վախեցրեց։ Միգուցե հանկարծակի վախ զգաց։ Բայց չէ՞ որ հանդարտ և ուժեղ ձուկ էր դա։ Այնքան ինքնավստահ ու այնքան անվախ էր թվում ինձ։ Տարօրինակ է»։
 
— Ավելի լավ է, ծերո՛ւկ, ինքդ մոռացիր վախը և ավելի հավատա քո ուժերին,— ասաց նա։— Թեկուզ և կաշկանդել ես նրան, բայց մի մատնաչափ պարան էլ չես կարող դուրս քաշել։ Սակայն շուտով նա կսկսի պտույտներ գործել։
 
Այժմ ծերունին պարանը պահում էր ձախ ձեռքով և ուսերով։ Նա կռացավ ու աջ ձեռքով ջուր վերցրեց՝ թյունիկի տափակած միսը դեմքից սրբելու համար։ Վախենում էր, որ սիրտը կխառնի, ինքն էլ կթուլանա։ Դեմքը լվանալուց հետո ծերունին աջ ձեռքը մտցրեց ծով ու պահեց աղի ջրի մեջ՝ նայելով պայծառանալ սկսող երկնքին։ «Հիմա ձուկը լողում է համարյա դեպի արևելք,— մտածեց նա։— Այդ նշանակում է, որ հոգնել է ու հոսանքով է ընթանում։ Շուտով կստիպվի պտույտներով գնալ։ Ահա այդ ժամանակ էլ կսկսվի իսկական աշխատանքը»։
 
Որոշ ժամանակ ձեռքը աղի ջրում պահելուց հետո դուրս հանեց ու զննեց։
 
— Այնքան էլ սարսափելի չէ,— ասաց նա։— Իսկ տղամարդու համար ցավը դատարկ բան է։
 
Ծերունին զգույշ բռնեց պարանը՝ ջանալով, որ նոր վերքերից ոչ մեկի վրա չընկնի, և մարմնի ծանրությունն այնպես տեղափոխեց, որ կարողանա ձախ ձեռքն էլ նավակի մյուս կողմից մտցնել ջրի մեջ։
 
— Այն ոչնչությունը, որ դու ես, այնուամենայնիվ վատ չպահեցիր քեզ,— ասաց նա ձախ ձեռքին։— Բայց եղավ մի պահ, երբ դու դավաճանեցիր ինձ։
 
«Ինչո՞ւ երկու լավ ձեռքով չեմ ծնվել ես,— խորհրդածեց նա։— Գուցե հանցավորը ես եմ, որ ժամանակին ձախ ձեռքիս չեմ սովորեցրել կարգին աշխատել։ Բայց, վկա է աստված, նա ինքն էլ կարող էր սովորել։ Անկեղծորեն ասած՝ այս գիշեր այնքան էլ չխաբեց նա ինձ և կարկամումից միայն մի անգամ փետացավ։ Բայց եթե դա կրկնվի, ապա ավելի լավ է պարանը միանգամից կտրի նրան»։
 
Այս խորհրդածությունից հետո ծերունին իսկույն հասկացավ, որ իր գլուխը մշուշապատվել է, և վատ չէր լինի մի կտոր ևս թյունիկ ծամել։ «Չեմ կարող,— ասաց ինքն իրեն։— Ավելի լավ է միտքս պղտորվի, քան թե սրտխառնուքից թուլանամ։ Իսկ ես գիտեմ, որ չեմ կարող ներսումս պահել այն միսը, որի վրա էր ընկել իմ երեսը։ Միսը կպահեմ ծայրահեղ դեպքում ուտելու, քանի դեռ չի փչացել։ Միևնույնն է, հիմա արդեն ուշ է կազդուրվելու համար։ Հիմա՛ր ծերուկ,— նախատեց ինքն իրեն,— չէ՞ որ կարող ես ուտել երկրորդ թռչող ձուկը»։
 
Ահա այդտեղ է նա՝ փորոտիքը հանված, մաքրված, և ձախ ձեռքով վերցնելով թռչող ձուկը՝ կերավ, երկար ծամելով փշերը՝ կերավ ամբողջովին, առանց մնացորդի։
 
«Սա ավելի սննդարար է, քան որևէ այլ ձուկ,— մտածեց նա։— Համենայն դեպս, դրա մեջ կա այն, որի կարիքն զգում եմ ես։ Դե, հիմա ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Թող միայն նա սկսի պտույտ գալ, մենք նրա հետ կռիվ կմղենք»։
 
Երրորդ անգամն էր արդեն արևը ծագում այն պահից հետո, ինչ նա դուրս էր եկել ծով, և ահա այդ ժամանակ էլ ձուկն սկսեց պտույտներ գործել։
 
Նա դեռևս չէր կարող պարանի՝ ջրի մեջ կազմած թեքությունից որոշել՝ ձուկն սկսե՞լ է պտույտներ գործել, թե՞ ոչ։ Դեռ շուտ էր դրա համար։ Նա միայն զգաց, որ ձգումը մի փոքր թուլացավ, ուստի և սկսեց պարանն աջ ձեռքով հավաքել։ Պարանը ձգվեց ծայրաստիճան, ինչպես առաջ, սակայն ճիշտ այն վայրկյանին, երբ կտրվելու վտանգ էր սպառնում, հանկարծ անկաշկանդ սկսեց գալ։ Այն ժամանակ նա կռացավ, ուսերն ազատեց ճնշող պարանից ու սկսեց հավաքել պարանը առանց շտապելու և հավասար արագությամբ։ Ծերունին աշխատում էր երկու ձեռքերն էլ հերթով վեր֊վար անելով։ Նրա ծերացած ոտքերն ու ուսերը օգնում էին ձեռքերի շարժմանը։
 
— Շատ մեծ շրջանակ է գծում,— ասաց նա,— բայց այնուամենայնիվ գծում է։
 
Հանկարծ պարանի շարժումն արգելակվեց, բայց ծերունին շարունակում էր քաշել, մինչև որ արևից փայլփլող ջրի կաթիլներ սկսեցին ոստոստել նրա վրա։ Հետո պարանը հեռու քաշվեց, և ծերունին չոքելով՝ սկսեց դժկամությամբ քիչ֊քիչ թողնել մուգ ջրի մեջ։
 
— Հիմա իր շրջանակի ամենահեռավոր կետից է անցնում ձուկը,— ասաց նա։
 
Պետք է հնարավորինս ամուր պահել։ Ձգված պարանը ամեն անգամ կկարճացնի շրջանը։ Գուցե և մեկ ժամ հետո ես տեսնեմ նրան։ Նախ պետք է համոզեմ, որ ես ուժեղ եմ, հետո արդեն կհաղթահարեմ նրան։
 
Սակայն անցավ երկու ժամ, իսկ ձուկը շարունակում էր դանդաղ պտտվել նավակի շուրջը։ Քրտինքը անձրևի պես թափվում էր ծերունուց, և նա հոգնել էր ծայրաստիճան։ Ճիշտ է, ձկան գծած շրջանակները շատ ավելի էին կարճացել, և ջուրը մտած պարանի ուղղությունից երևում էր, որ ձուկն աստիճանաբար մակերես է բարձրանում։
 
Մի ամբողջ ժամ է ահա, որ ծերունու աչքերի առաջ սև բծեր էին ոստոստում, աղի քրտինքը լցվում էր աչքերն ու կծկծացնում, այրում աչքի վերևի վերքը և ճակատի մյուս վերքը։ Սև բծերը չէին վախեցնում նրան. դրանց մեջ ոչ մի զարմանալի բան չկար, եթե նկատի առնենք, թե ինչպիսի լարվածությամբ էր նա ձգում պարանը։ Սակայն երկու անգամ նա թուլություն զգաց, որից լրջորեն անհանգստացավ։
 
«Մի՞թե տեղի կտամ ու կմեռնեմ ինչ֊որ ձկան պատճառով,— հարցնում էր նա ինքն իրեն։— Մանավանդ հիմա, երբ ամեն ինչ այսպես լավ է ընթանում։ Տե՜ր աստված, օգնիր ինձ՝ դիմանամ։ Հարյուր անգամ «Հայր մեր» կասեմ, հարյուր անգամ էլ՝ «Սուրբ կույս»։ Միայն թե ոչ հիմա, հիմա չեմ կարող...»։
 
«Հաշիվ արա, որ ասել եմ,— մտածեց նա։— Հետո կասեմ»։
 
Այդ վայրկյանին նա հարվածներ զգաց պարանի վրա, որ պահել էր գույգ ձեռքով, զգաց և ձգում։ Ձգումը թափով էր ու խիստ ուժեղ։
 
«Իր թրով խփում է այն մետաղալարին, որով կապված է կարթը,— մտածեց ծերունին։— Շատ բնական է։ Այսպես էլ պետք է վարվեր։ Սակայն դա կարող է ստիպել նրան դուրս ցատկել, իսկ ես կգերադասեի, որ նա շարունակեր շրջանակներ գծել։ Ոստյուններն անհրաժեշտ էին օդ հավաքելու համար։ Սակայն հիմա ամեն մի նոր ոստյուն կլայնացնի այն վերքը, որից կառչած է կարթը, և ձուկը կարող է պոկ գալ»։
 
«Մի՛ ցատկիր, ա՛յ ձուկ,— աղաչում էր նա։— Մի՛ ցատկիր, խնդրեմ»։
 
Ձուկը կրկին ու կրկին խփում էր մետաղալարին, և ամեն անգամ ծերունին գլուխն օրորելով քիչ֊քիչ բաց էր թողնում պարանը։
 
«Ավելորդ ցավ չպետք է պատճառեմ նրան,— մտածում էր նա։— Իմ ցավը իմ մեջն է. դրա հախից ես կարող եմ գալ։ Բայց ձուկը կարող է ցավից կատաղել»։
 
Որոշ ժամանակ անց ձուկը դադարեց հարվածել մետաղալարին և նորից սկսեց դանդաղորեն շրջանակներ գծել։ Ծերունին միահավասար դուրս էր քաշում պարանը։ Սակայն նա դարձյալ վատ զգաց իրեն։ Նա ձախ ձեռքով ջուր վերցրեց ծովից ու լցրեց գլխին։ Հետո մի քիչ էլ ջուր լցրեց իր գլխին ու տրորեց ծոծրակը։
 
— Բայց լավ է, որ այլևս կարկամում չունեմ,— ասաց նա։— Ձուկը շուտով վեր կբարձրանա, իսկ ես դեռ կդիմանամ։ Դու պարտավոր ես դիմանալ, ծերո՛ւկ։ Չհամարձակվես նույնիսկ մտածել, որ կարող ես չդիմանալ։
 
Նա ծունկ չոքեց և ժամանակավորապես պարանը նորից գցեց մեջքին։ «Քանի նա պտույտ է գալիս, ես կհանգստանամ, հետո վեր կկենամ, և երբ մոտենա, նորից պարանը կքաշեմ»։
 
Նա շատ էր ուզում ավելի երկար հանգստանալ նավացռուկի վրա ու թույլ տալ ձկանը մի ավելորդ շրջան ևս գծել առանց պարանը քաշելու։ Սակայն երբ ձգումը ցույց տվեց, որ ձուկը կիսաշրջան գծելուց հետո շրջվեց ու վերադառնում է դեպի նավակը, ծերուկը վեր կացավ ու սկսեց պարանը քաշել՝ ձեռքերը հերթով թափահարելով ու իրանն այս ու այն կողմ շրջելով որքան կարելի է շատ պարան քաշելու համար։
 
«Կյանքումս երբեք այնպես չեմ հոգնել, ինչպես հիմա,— մտածեց ծերունին,— այնինչ քամին ուժեղանում է։ Ճիշտ է, քամին տեղին կլինի, երբ սրան տուն տանեմ։ Ինձ շատ պետք կգա այս քամին»։
 
— Կհանգստանամ, երբ մեկնի նոր շրջանակ գծելու,— ասաց նա։— Մանավանդ որ հիմա ավելի լավ եմ զգում ինձ։ Եվս մի երկու֊երեք շրջանակ, և ձուկն իմը կլինի։
 
Նրա ծղոտե գլխարկը ընկել էր ուղիղ ծոծրակի վրա, և երբ ձուկը շրջվեց ու դարձյալ սկսեց ձգել, ծերունին ուժասպառ փռվեց քթի վրա։
 
«Հիմա ինքդ աշխատիր, ա՛յ ձուկ,— մտածեց նա։— Ես նորից կոկորդդ կբռնեմ, հենց որ ետ դառնաս»։
 
Խոշոր ալիքներ սկսեցին անցնել ծովի վրայով։ Սակայն ջրերը քշում էր բարյացակամ քամին՝ պարզ եղանակի ուղեկիցը, որ պետք էր նրան տուն հասնելու համար։
 
— Կվարեմ դեպի հարավ ու արևմուտք,— ասաց նա,— ու պրծավ գնաց։ Մի՞թե կարելի է մոլորվել ծովում, մանավանդ որ մեր կղզին երկար է։
 
Նա ձուկը տեսավ երրորդ շրջանակը գծելու ժամանակ։
 
Սկզբում նա տեսավ մի մութ ստվեր, որ երկար ժամանակ անցնում էր իր նավակի տակով, այնպես որ պարզապես չհավատաց իր աչքին։
 
— Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։
 
Բայց ձուկն իրոք այդքան խոշոր էր և երրորդ շրջանակը գծելուց հետո դուրս եկավ մակերես՝ նավակից ընդամենը երեսուն յարդ հեռու, և ծերունին տեսավ, թե ինչպես ծովից վեր բարձրացավ նրա պոչը։ Դա ամենախոշոր մանգաղից էլ մեծ էր և մուգ կապույտ ջրի վրա բաց մանուշակագույն էր թվում։ Ձուկը դարձյալ սուզվեց, բայց արդեն ոչ խոր, և ծերունին կարող էր զննել մանուշակագույն շերտերով երիզված նրա հսկայական մարմինը։ Նրա կռնակի լողաթևը իջած էր, իսկ կրծքի վիթխարի լողաթևերը ձգված էին այս ու այն կողմ։
 
Երբ ձուկն իր շրջանն էր կատարում, ծերունին զննեց նրա աչքը ու կողքին լողացող երկու կպչող ձկները։ Երբեմն֊երբեմն կպչող ձկները փակչում էին խոշորին, ապա գլխիվայր փախչում։ Երբեմն էլ ուրախ լողում էին մեծ ձկան գցած ստվերի մեջ։ Այդ կպչողներից յուրաքանչյուրը երեք ոտնաչափից ավելի երկար էր և երբ արագ էր լողում, օձաձկան նման գալարվում էր ամբողջ մարմինը։
 
Ծերունու դեմքից քրտինք էր թափվում, բայց հիմա արդեն միայն արևից չէր։ Ամեն մի նոր շրջանից հետո, որ այնքան հանդարտ և կարծես թե անխռով կատարում էր ձուկը, ծերունին ավելի շատ պարան էր քաշում և այժմ վստահ էր, որ երկու շրջանից հետո կհաջողվի հարպունը խրել ձկան մեջ։
 
«Բայց պետք է մոտ քաշեմ նրան, շատ մոտ,— մտածեց ծերունին։— Եվ պետք է նշան բռնեմ ոչ թե գլխին, այլ խփեմ սրտին»։
 
— Հանգիստ և պինդ կաց, ծերո՛ւկ,— ասաց ինքն իրեն։
 
Հաջորդ շրջանակը գծելիս ձկան մեջքը ջրից դուրս եկավ, բայց նավակից դեռ շատ հեռու էր լողում նա։ Ձուկը մի շրջան ևս կատարեց, սակայն առաջվա պես շատ էր նավակից հեռու, թեև շատ ավելի էր ջրից դուրս եկել։ Ծերուկը գիտեր, որ եթե մի քիչ էլ պարանը հաներ, կարող էր ձուկը մոտեցնել նավակողին։
 
Վաղուց էր նա պատրաստրել հարպունը. բարակ թոկի կապոցը դրված էր կլոր զամբյուղի մեջ, իսկ դրա ծայրը կապել էր ցռուկի միջնափայտին։
 
Ձուկը մոտենում էր՝ գծելով իր շրջանակը, խիստ հանդարտ ու գեղեցիկ, հսկայական պոչը հազիվ շարժելով։ Ծերունին իր ամբողջ ուժով քաշում էր պարանը՝ ջանալով ինչքան կարելի է ձուկը մոտեցնել նավակին։ Մի վայրկյան ձուկը թեթևակի շրջվեց կողքի վրա, ապա ուղղվեց և սկսեց նոր շրջան կատարել։
 
— Տեղից շարժեցի նրան,— ասաց ծերունին։— Այնուամենայնիվ ստիպեցի շուռ գալ։
 
Ծերունին նորից գլխապտույտ ունեցավ, բայց ամբողջ ուժով քաշեց խոշոր ձուկը։ «Չէ՞ որ այնուամենայնիվ կարողացա շրջել կողքի վրա,— մտածեց նա։— Գուցե այս անգամ կարողանամ մեջքի վրա շրջել։ Քաշեցե՛ք,— հրամայեց նա իր ձեռքերին։— Պի՛նդ պահեցեք ինձ, ոտքե՛ր։ Էլի ծառայի՛ր ինձ, գլո՛ւխ, ծառայի՛ր ինձ։ Չէ՞ որ դու երբեք չես խաբել ինձ։ Այս անգամ մեջքի վրա կշրջեմ դրան»։
 
Նախքան ձուկը կմոտենար նավակին, ծերունին լարեց իր ամբողջ ուժը և սկսեց ամենայն զորությամբ քաշել պարանը։ Բայց ձուկը միայն մի փոքր շրջվեց կողքի վրա, ապա նորից ուղղվեց և հեռու լողաց։
 
— Լսի՛ր, ա՛յ ձուկ, մեկ է՝ պիտի մեռնես,— ասաց նրան ծերունին։— Ինչի՞դ է պետք, որ ես էլ մեռնեմ։
 
«Այսպես ոչ մի օգուտ չեմ ունենա»,— մտածեց նա։ Բերանն այնպես էր չորացել, որ այլևս խոսել չէր կարողանում և ուժ էլ չուներ, որ հասներ ջրի շշին։ «Այս անգամ դրան պիտի քաշեմ֊մոտեցնեմ նավակին,— մտածեց նա։— Իմ ուժերն էլ երկար չեն քաշի»։
 
— Չէ՛, կքաշեն,— առարկեց ինքն իրեն։— Դո՛ւ, ծերո՛ւկ, մահ չունես...
 
Հետևյալ շրջանակը գծելիս ծերունին քիչ մնաց մոտեցներ նրան, բայց ձուկը դարձյալ ուղղվեց և դանդաղ հեռացավ։
 
«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։
 
«Գլուխդ նորից է մթագնում, ծերո՛ւկ, այնինչ գլուխդ պայծառ պետք է լինի։ Մտքերդ կարգի՛ բեր և աշխատի՛ր տոկալ տառապանքներին մարդու պես... կամ ձկան պես»,— մտքում ավելացրեց նա։
 
— Հապա՛, գլո՛ւխ, աշխատի՛ր,— ասաց նա այնքան ցածր ձայնով, որ հազիվ լսեց։— Աշխատի՛ր, ասում եմ քեզ։
 
Մյուս երկու շրջանակի ընթացքում էլ ամեն ինչ մնաց անփոփոխ։
 
«Ի՞նչ անեմ,— մտածում էր ծերունին։ Ամեն անգամ, երբ ձուկը հեռանում էր, նրան թվում էր, թե կորցնում է գիտակցությունը։— Ի՞նչ անեմ։ Մի անգամ էլ փորձեմ»։
 
Նա մի փորձ էլ կատարեց և զգաց, որ կորցնում է գիտակցությունը, բայց այնուամենայնիվ ձուկը շրջեց մեջքի վրա։ Ձուկը ետ շրջվեց ու հեռացավ՝ հսկայական պոչը թափահարելով օդում։
 
«Մի անգամ էլ փորձեմ»,— խոստացավ ծերուկը, թեև ձեռքերը բոլորովին թուլացել էին, և աչքի առաջ մշուշ էր կանգնել։
 
Դարձյալ փորձեց նա, և դարձյալ ձուկը հեռացավ։ «Այդպես, հա՞,— մտածեց նա և անմիջապես զգաց, որ կյանքը հանգչում է իր մեջ,— մի անգամ էլ կփորձեմ»։
 
Նա հավաքեց իր ամբողջ ցավը, ուժերի ամբողջ մնացորդը և վաղուց կորած իր ամբողջ հպարտությունը ու մենամարտի հանեց այն տանջանքների դեմ, որ ձուկն էր կրում, և այդ ժամանակ սա շրջվեց կողքի վրա ու դանդաղ լողաց՝ թուրը համարյա թե դիպցնելով նավակին. քիչ էր մնացել, որ թողներ֊հեռանար այդ երկար, արծաթաթույր, մանուշակագույն շերտերով զուգված ձուկը, որ կարծես վախճան չէր ունենալու։
 
Ծերունին ցած նետեց պարանը, ոտքը դրեց վրան, որքան կարող էր վեր բարձրացրեց հարպունը և ամբողջ ուժով, որ ուներ նա և որ կարողացավ այդ րոպեին հավաքել, խրեց ձկան կողի մեջ՝ ուղիղ նրա կրծքի հսկայական լողաթևի ետևը, որը բարձրացել էր վեր՝ հասնելով մարդու կրծքի մակարդակին։ Նա զգաց, թե ինչպես է երկաթը մտնում փափուկ մսի մեջ, և հենվելով հարպունին՝ հետզհետե ավելի խորն էր մտցնում՝ իր մարմնի ամբողջ ծանրությամբ օգնելով ինքն իրեն։
 
Եվ այդ ժամանակ ձուկն ասես կենդանացավ, թեև արդեն մահ էր կրում իր մեջ, նա ջրից վեր նետվեց՝ կարծես պարծենալով իր հսկայական երկարությամբ ու լայնությամբ, իր ամբողջ գեղեցկությամբ ու հզորությամբ։ Թվում էր, թե նա կախված է օդում՝ ծերունու ու նավակի վրա։ Հետո նա շրմփաց ծով՝ ջրի հորձանքներով ծածկելով և՛ ծերունուն, և՛ նրա ամբողջ նավակը։
 
Թուլությունն ու գլխապտույտը հաղթում էին ծերունուն. նա գրեթե ոչինչ չէր տեսնում։ Սակայն, բաց թողնելով հարպունի պարանը՝ սկսեց հավաքել դա կտրատված ձեռքերում, և երբ տեսողությունը վերադարձավ, տեսավ, որ ձուկը պառկած է մեջքին՝ արծաթագույն փորը վեր դարձրած։ Հարպունի կոթը շեղակի ցցված էր նրա մեջքից, իսկ շուրջը ծովը ներկված էր նրա սրտի արյունով։ Բիծը սկզբում մուգ էր, ասես երկնագույն ջուրը մի մղոն խորությամբ լցված էր ձկների վտառով։ Հետո բիծը տարածվեց ու նմանվեց ամպի։ Արծաթագույն ձուկը հանդարտ ճոճվում էր ալիքներից։
 
Ծերունին աչքը չէր կտրում նրանից, մինչև որ տեսողությունը նորից մշուշվեց։ Այն ժամանակ նա երկու անգամ հարպունի թոկը փաթաթեց միջնափայտի վրա ու գլուխը խոնարհեց ձեռքերին։
 
— Ի՞նչ է եղել իմ գլխին,— ասաց նա՝ դեմքը սեղմելով ցռուկի պատին։— Ծեր մարդ եմ ես ու սաստիկ հոգնել եմ։ Բայց և այնպես սպանեցի այս ձուկը, որն ինձ համար եղբորից էլ թանկ է, իսկ հիմա մնացել է միայն սև աշխատանքը։
 
«Հիմա պետք է պարանը պատրաստեմ, օղակ֊օղակ անեմ, որպեսզի ձուկը կապեմ նավակին։ Եթե նույնիսկ երկու հոգի լինեինք ու նավակը ջրով լցնեինք՝ ձուկն այնտեղ քաշելու համար, հետո էլ սկսեինք ջուրը թափել, մեկ է՝ նավակն այսպիսի ծանրության չէր դիմանա։ Պետք է պատրաստեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հետո ձուկը քաշեմ֊մոտեցնեմ նավակողին, ամուր կապեմ մակույկին, առագաստը դնեմ ու ճանապարհ ընկնեմ տուն»։
 
Եվ սկսեց ձուկը քաշել դեպի նավակը, որպեսզի պարանը խռիկի ու երախի միջով անցկացնելուց հետո գլուխը կապի նավացռուկին։ «Ուզում եմ մի նայեմ դրան,— մտածեց նա,— տնտղեմ, զգամ ինչ ձուկ է։ Չէ՞ որ դա իմ հարստությունն է։ Բայց դրա համար չէ, որ ուզում եմ տնտղել։ Ինձ թվում է, թե ես տնտղեցի նրա սիրտը այն ժամանակ,— մտածում էր նա,— երբ հարպունը մինչև ծայրը խրեցի նրա մեջ։ Դե լավ, մոտ քաշիր, կապիր, օղակ գցիր պոչին, մեկն էլ մարմնի շուրջը անցկացրու, որպեսզի լավ կպչի նավակին»։
 
— Հապա՛, ծերո՛ւկ, գործի՛ անցիր,— ասաց ինքն իրեն ու մի փոքր ումպ ջուր խմեց։— Հիմա, երբ մարտը վերջացած է, մնացել է ահագին սև աշխատանք։
 
Ծերունին նայեց երկնքին, հետո ձկանը։ Մեծ ուշադրությամբ նայեց արևին։ «Կեսօրը հազիվ է անցել։ Իսկ քամին սաստկանում է։ Հիմա անօգուտ է պարանները նորոգել։ Տանը տղայի հետ կմիացնենք»։
 
— Հապա՛, արի՛ այստեղ, ա՛յ ձուկ։— Բայց ձուկը չհնազանդվեց, նա անխռով օրորվում էր ալիքներից, և ծերունին ստիպված անձամբ նավակը մոտեցրեց նրան։
 
Երբ ծերունին սեղմ մոտեցավ նրան, և ձկան գլուխը հավասարվեց ցռուկին, նա դարձյալ զարմացավ դրա մեծության վրա։ Ապա արձակեց հարպունի պարանը միջնափայտի վրայից, անցկացրեց ձկան խռիկից, դուրս բերեց բերանից, փաթաթեց թրի շուրջը, հետո նորից անցկացրեց խռիկի միջով, նորից փաթաթեց թրի վրա և կրկնակ հանգույց անելով՝ կապեց միջնափայտին։ Նա կտրեց պարանը, գնաց նավախելը՝ պոչը օղակով ամրացնելու համար։ Ձկան գույնը, որ մանուշակա֊արծաթաթույր էր, վերածվեց մաքուր արծաթագույնի, իսկ շերտերը դարձան այնպես բաց մանուշակագույն, ինչպես պոչն էր։ Այդ շերտերը տղամարդու չռած ձեռքից ավելի լայն էին, իսկ աչքը այնքան խորթ ու անտարբեր, ինչպես շրջադիտակի հայելին կամ սուրբի հայացքը թափորի ժամանակ։
 
— Այլ կերպ չէի կարող սպանել դրան,— ասաց ծերունին, ջուր խմեց և շատ ավելի լավ զգաց իրեն։ Այժմ նա գիտեր, որ գիտակցությունը չի կորցնի, ու գլուխն էլ պայծառացավ։ «Ամենաքիչը կես տոննա կլինի,— մտածեց նա,— գուցե և շատ ավելի։ Ուրեմն ինչքա՞ն փող կստանամ, եթե այդ քաշի երկու երրորդը միս լինի, ֆունտն էլ՝ 30 ցենտ»։
 
— Առանց մատիտի չեմ կարող հաշվել,— ասաց ծերունին։— Դրա համար պայծառ գլուխ է պետք։ Բայց ես կարծում եմ, որ մեծն Դի Մաջիոն այսօր կարող էր հպարտանալ ինձնով։ Ճիշտ է, ես ոսկրային կոշտուկ չունեի, սակայն ձեռքերս ու մեջքս սաստիկ ցավում էին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ բան է ոսկրային կոշտուկը։ Գուցե մենք էլ ունենք, միայն թե չգիտենք։
 
Ծերունին ձուկը կապեց ցռուկին, խելին ու նստարանին։ Այնքան վիթխարի էր նա, որ նրան թվում էր, թե իր մակույկը կապել է մի մեծ նավի կողին։ Մի կտոր պարան կտրելով՝ ձկան ստորին ծնոտը կապեց նրա թրին, որպեսզի բերանը չբացվի, և լողալը հեշտ լինի։ Այնուհետև հաստատեց կայմը, մահակը հարմարեցրեց որպես շեղաձող ու քաշեց առագաստները վարող պարանը։ Կարկատած առագաստն ուռեց, նավակն առաջ խաղաց, և ծերունին խելի վրա կիսապառկած նավարկեց դեպի հարավ֊արևմուտք։
 
Ծերունին կողմնացույցի կարիք չուներ հարավ֊արևմուտքը որոշելու համար։ Բավական էր, որ նա զգա, թե ինչպես է փչում քամին, և ինչպես է ուռչում առագաստը։ «Ասենք, արժեր կարթ գցել. չե՞մ կարող արդյոք խայծով որևէ փոքր ձուկ բռնել, թե չէ ուտելու ոչինչ չունեմ»։ Բայց նա խայծ չգտավ, իսկ սարդինները հոտել էին։ Այն ժամանակ կեռաձողը գցեց դեղին ջրիմուռներին, որոնց կողքից անցնում էր, և թափ տվեց. դրանցից մանր կրեվետ խեցգետիններ թափվեցին նավակ։ Երկվեցյակից ավելի կլինեին դրանք և ոստոստում էին գետնալվերի նման ոտքերը փոխելով։ Ծերունին երկու մատով պոկեց դրանց գլուխը ու կերավ ամբողջովին՝ ծամելով պոչն ու կճեպը։ Խեցգետինները շատ մանր էին, բայց ծերունին գիտեր, որ խիստ սննդարար են, և համն էլ պատվական է։
 
Շշի մեջ դեռևս մի քիչ ջուր էր մնացել, և խեցգետիններն ուտելուց հետո ծերուկը խմեց դրա քառորդը։ Նավակը լավ էր ընթանում՝ չնայած այն դիմադրությանը, որը ստիպված էր հաղթահարել, և ծերունին վարում էր՝ արմունկով ղեկալծակը պահած։ Ձուկը շարունակ աչքի առաջ էր, և բավական էր, որ նայի իր ձեռքերին կամ մեջքը դիպցնի նավակին, որպեսզի զգա, թե այդ ամենը երազ չէ և իսկապես պատահել է իրեն։ Մի պահ, հենց վերջում, երբ նա վատ զգաց իրեն, հանկարծ նրան թվաց, թե այդ ամենը լոկ երազ է։ Ասենք, հետո էլ, երբ նա տեսավ, թե ինչպես ձուկը ջրից դուրս եկավ ու նորից այնտեղ ընկնելուց առաջ անշարժ կախվեց օդում, նա ինչ֊որ գերբնական բան զգաց դրա մեջ ու չհավատաց իր աչքերին։ Ճիշտ է, այն ժամանակ նա շատ վատ էր տեսնում, իսկ հիմա աչքերը կարգին էին։
 
Հիմա նա գիտեր, որ ձուկն իսկապես կար, և ձեռքերի ու թիկունքի ցավն էլ երազ չէր։ «Ձեռքերը շուտ են լավանում,— մտածեց նա։— Ես բավականին արյուն բաց թողի, որպեսզի վերքերը չաղտոտվեն, իսկ աղի ջուրը կբուժի դրանք։ Ծովածոցի մուգ ջուրը աշխարհի լավագույն դարմանն է։ Միայն թե մտքերս չխառնվեն։ Ձեռքերս իրենց գործն արեցին, և նավակը լավ է գնում։ Ձկան բերանը փակ է, պոչն էլ ուղիղ է պահել, լողում ենք կողք կողքի, եղբայրների պես»։ Նրա գլուխը նորից մի քիչ մթագնեց, և նա մտածեց. «Իսկ ո՛վ է ում տուն տանում, ես նրա՞ն, թե՞ նա ինձ։ Եթե ես նրան բուքսիր արած տանեի, ամեն ինչ պարզ կլիներ։ Կամ եթե նա իր ամբողջ արժանապատվությունը կորցրած պառկեր նավակում, էլի պարզ կլիներ։ Բայց չէ՞ որ մենք լողում ենք կողք կողքի՝ իրար ամուր կապված։ Դե խնդրեմ, թող տանի ինձ, եթե այդքան հաճելի է իրեն։ Չէ՞ որ ես միայն խորամանկությամբ հաղթեցի դրան, նա ո՛չ մի դավ չէր նյութում իմ դեմ»։
 
Նրանք շարունակ լողում էին, և ծերունին ձեռքերը ողողում էր աղի ջրով և ջանում, որ մտքերը չպղտորվեն։ Թանձրացած ամպերը ընթանում էին վեր, իսկ փետրաձև ամպերը՝ դրանց վերևից. ծերուկը գիտեր, որ քամին ողջ գիշեր կփչի։ Ստեպ֊ստեպ նայում էր նա ձկանը՝ ստուգելու՝ չլինի՞ թե իսկապես երազո՞ւմ է տեսել։ Անցավ մի ամբողջ ժամ, նախքան վրա տվեց առաջին շնաձուկը։
 
Շնաձուկը պատահաբար վրա չտվեց։ Նա դուրս լողաց օվկիանոսի ամենախոր մասից, երբ թանձրացավ ձկան արյան մուգ ամպը, ապա սփռվեց ջրի մեջ մի մղոն խորությամբ։ Շնաձուկը դուրս լողաց արագ, առանց որևէ երկյուղի, ճեղքեց ծովի կապուտակ հարթությունը ու դուրս եկավ արևի տակ։ Հետո նորից սուզվեց ջրի մեջ, նորից արյան հոտ առավ ու սկսեց լողալ այն հետքով, որ իրենց ետևից թողնում էին նավակն ու ձուկը։
 
Երբեմն նա հետքը կորցնում էր, բայց կամ նորից էր ընկնում դրա վրա, կամ առնում էր դրա հազիվ զգալի հոտը և անդադրում հետապնդում էր դրան։ Շատ խոշոր շնաձուկ էր դա՝ մակո ցեղից, ստեղծված նույնքան արագ լողալու համար, որքան ամենաարագընթաց ձուկն է լողում ծովում, և նրա ամեն ինչը գեղեցիկ էր, բացի երախից։ Նրա մեջքը նույնպես բաց կապույտ էր, ինչպես թրաձկանը, փորը՝ արծաթաթույր, իսկ մաշկը՝ կոկ ու գեղեցիկ, և նա ամբողջությամբ նման էր թրաձկան, եթե չհաշվեին հսկայական ծնոտները, որոնք այժմ իրար էին սեղմված։ Նա արագ լողում էր ծովի մակերեսին խիստ մոտ՝ մեջքի իր բարձր լողաթևով հեշտությամբ ճեղքելով ջուրը։ Նրա երախի սեղմ փակած կրկնակ շրթունքների տակ ութ շարքով ձգվում էին ծուռումուռ ատամները։ Ատամները նման չէին շնաձկների մեծ մասի սովորական բրգաձև ատամներին, այլ հիշեցնում էին զսպանի ճիրանների նման կեռ մարդկային մատներ։ Երկարությամբ դրանք չէին զիջում ծերունու մատներին, իսկ կողքերից ածելիի շեղբի պես սուր էին։ Շնաձուկը ստեղծված էր, որպեսզի սնվեր ծովային բոլոր, անգամ այնպիսի արագաշարժ, ուժեղ ու լավ զինված ձկներով, որոնց համար ոչ մի այլ թշնամի սարսափելի չէր։ Հիմա նա շտապում էր՝ զգալով, որ ավարը մոտ է արդեն, և նրա մեջքի կապույտ լողաթևը շարունակում էր ճեղքել ջուրը։
 
Երբ ծերունին տեսավ նրան, հասկացավ, որ այդ շնաձուկը ոչնչից չի վախենում և կվարվի այնպես, ինչպես հարմար դատի։ Նա պատրաստեց հարպունը և ամրացնելով դրա պարանի ծայրը՝ սպասեց, որ շնաձուկը մոտ գա։ Պարանը կարճ էր, որովհետև մի կտոր կտրել էր, երբ կապում էր իր ձուկը։
 
Ծերունու գլուխն այժմ բոլորովին պայծառացավ, և նա համակված էր վճռականությամբ, թեև հույսերով չէր օրորում իրեն։ «Գործս չափից ավելի լավ էր գնում, և երկար չէր կարող այդպես շարունակվել»,— մտածում էր նա։ Հետևելով շնաձկան մոտենալուն՝ ծերունին մի հայացք նետեց իր խոշոր ձկանը։ «Թերևս ավելի լավ կլիներ, եթե այս ամենը երազ լիներ։ Ես չեմ կարող արգելել նրան հարձակվելու ինձ վրա, բայց գուցե և կարողանամ սպանել։ Dentuso,— մտածեց նա։— Խավարե՜ր մորդ արևը»։
 
Շնաձուկը ընդհուպ մոտեցավ նավախելին և երբ հարձակվեց թրաձկան վրա, ծերունին տեսավ նրա բաց երախն ու արտասովոր աչքերը և լսեց, թե ինչպես կափկափեցին նրա ծնոտները, երբ խրվեցին ձկան մեջ՝ պոչից քիչ վեր։ Շնաձկան գլուխը բարձրացել էր ջրի վրա, գլխից հետո երևաց նաև մեջքը, և ծերունին, լսելով, թե ինչպես նրա ծնոտները աղմուկով հոշոտում են մեծ ձկան մաշկն ու միսը, հարպունը կոխեց գլխի այն մասում, որտեղ աչքերը միացնող գիծը խաչաձևվում է քթից դեպի վեր մեկնող գծի հետ։ Իրականում այդպիսի գծեր չկային։ Կար միայն ծանր, կապտավուն ու սրաձև գլուխը, խոշոր աչքերը և դուրս ցցված, կափկափող ու ամենակեր ծնոտը։ Սակայն շնաձկան ուղեղն այդտեղ է գտնվում, և ծերունին իր հարպունով այդ տեղին հարվածեց։ Ամենայն ուժով հարվածեց այդտեղին՝ արնոտելու աստիճան քերծված ձեռքերում սեղմած իր հարպունով։ Հարվածեց նրան առանց որևէ բանի վրա հույս դնելու, բայց վճռականությամբ ու մոլեգին զայրույթով։
 
Շնաձուկը շրջվեց, և ծերունին տեսավ նա մարած աչքերը, հետո կրկին շրջվեց՝ երկու անգամ պարանը փաթաթելով իր շուրջը։ Ծերունին հասկացավ, որ շնաձուկը սատկեց, բայց սա չէր ուզում հաշտվել դրա հետ։ Մեջքի վրա պառկած՝ նա խփում էր պոչով ու կափկափում ծնոտները, մրցանավակի պես փրփրեցնելով ջուրը։ Բոլորովին սպիտակ էր ծովն այն մասում, որտեղ նա պոչով հարվածում էր։ Շնաձկան մարմինը երեք քառորդով բարձրացավ ջրից, պարանը ձգվեց, ցնցվեց և ի վերջո կտրվեց։ Շնաձուկը մի քիչ պառկած մնաց մակերեսին, և ծերունին շարունակ նայում էր նրան։ Հետո խիստ դանդաղորեն ընկղմվեց ջրի մեջ։
 
— Մոտ քառասուն ֆունտ ձուկ տարավ իր հետ,— ասաց ծերունին բարձրաձայն։ «Ծովի հատակ տարավ նաև իմ հարպունն ու պարանի ամբողջ մնացորդը,— ավելացրեց նա մտքում,— իսկ ձկնից դարձյալ արյուն է հոսում, և այս շնաձկից հետո կգան ուրիշներ»։
 
Այլևս նա չէր ուզում նայել իր ձկանը, երբ այդպես այլանդակեցին։ Երբ շնաձուկը հարձակվեց իր ձկան վրա, նրան թվաց, թե հարձակվեց իր վրա։
 
«Այնուամենայնիվ սպանեցի այն շնաձուկը, որ հարձակվեց իմ ձկան վրա,— մտածեց նա։— Եվ դա ամենամեծն էր, որ երբևէ տեսել եմ ես։ Իսկ ես, աստված վկա, կյանքումս առիթ եմ ունեցել պատահել ու բավական շատ խոշոր շնաձկների։
 
Գործերս շատ լավ էին ընթանում։ Երկար ժամանակ այդպես չէր կարող շարունակվել։ Կուզենայի, որ այս ամենը երազ լիներ, և ես ոչ մի ձուկ բռնած չլինեի, այլ քնած լինեի լրագիրներով ծածկված իմ մահճակալին»։
 
— Բայց մարդը նրա համար չէ ստեղծված, որ պարտություններ կրի,— ասաց նա։— Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել։
 
«Այնուամենայնիվ, ափսոս որ սպանեցի ձկանը,— մտածեց նա։— Բանս շատ կդժվարանա, և ես զրկվեցի նույնիսկ հարպունից։ Dentuso֊ն ճարպիկ ու դաժան, խելացի և ուժեղ կենդանի է։ Բայց ես նրանից ավելի խելացի եղա։ Բայց թերևս ոչ խելացի։ Թերևս պարզապես ավելի լավ էի զինված»։
 
— Պետք չէ մտածել, ծերո՛ւկ,— ասաց նա բարձր ձայնով։— Նավարկի՛ր քամու ուղղությամբ և դիմավորի՛ր աղետը, երբ գա։
 
«Ո՛չ, պետք է մտածեմ,— մտովի առարկեց նա իրեն։— Չէ՞ որ միայն դա է մնացել ինձ։ Դա և բեյսբոլը։ Հետաքրքիր է՝ մեծն Դի Մաջիոն կհավանե՞ր այն հարվածը, որ հասցրի ճիշտ ուղեղին։ Ընդհանրապես, ոչ մի առանձնակի բան չկար դրա մեջ։ Ամեն ոք կարող էր խփել ոչ պակաս շեշտակիությամբ։ Բայց ի՞նչ ես կարծում, ծերո՛ւկ, քո ձեռքերը պակա՞ս խանգարում էին քեզ, քան ոսկրային կոշտուկը։ Ի՜նչ իմանամ։ Իմ կրունկներին մինչև հիմա ոչ մի բան չի եղել, մի անգամ միայն էլեկտրական կատվաձուկը կծեց, երբ լողանալիս ոտքս վրան դրի. այն ժամանակ մինչև ծունկս ջլատվեց ու անտանելի ցավում էր»։
 
— Ավելի լավ է մի ուրախ բանի մասին մտածիր, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։— Ամեն րոպե դու ավելի ես մոտենում քո տանը։ Ասենք նավարկությունդ էլ հեշտացավ այն պահից սկսած, ինչ քառասուն ֆունտ ձուկ կորցրիր։
 
Նա շատ լավ էր իմանում, թե ինչ է սպասում իրեն, երբ մտնի հոսանքի մեջտեղը։ Բայց հիմա ոչինչ չէր կարող անել։
 
— Ճիշտ չէ, մի ելք ունես,— ասաց նա բարձրաձայն։— Կարող ես դանակդ կապել թիերից մեկի կոթին։
 
Եվ այդպես էլ արեց՝ կառավարման թոկը թևի տակ սեղմելով, ոտքն էլ առագաստի պարանի վրա դնելով։
 
— Սա էլ եղավ,— ասաց նա։— Թեև ծեր եմ ես, բայց համենայն դեպս, անզեն չեմ։
 
Զով քամի էր փչում, և նավակը արագ առաջ էր գնում։ Ծերունին նայում էր միայն ձկան առջևի մասին, և հույսի մի նշույլ վերադարձավ նրան։
 
«Անմտություն է հուսահատվելը,— մտածեց նա,— մանավանդ որ դա կարծեմ թե մեղք է։ Չարժե մտածել այն մասին, թե ինչն է մեղք, ինչը՝ ոչ։ Առանց այդ էլ մտածելու շատ բան կա աշխարհում։ Ճիշտն ասած՝ ես մեղքերից քիչ բան եմ հասկանում։ Չեմ հասկանում և հավանորեն չեմ էլ հավատում դրանց։ Գուցե և մեղք էր ձուկն սպանելը։ Կարծում եմ, թե մեղք է, թեև սպանեցի դրան, որպեսզի սովամահ չլինեմ ու դեռ էլի բազմաթիվ մարդկանց կերակրեմ։ Այդ դեպքում մեղք է այն ամենը, ինչ դու անում ես։ Չարժե խորհրդածել այն մասին, թե ինչն է մեղք, ինչը մեղք չէ։ Հիմա արդեն ուշ է այդ մասին մտածելը, բացի դրանից մեղքերով թող զբաղվեն նրանք, ում վճարում են դրա համար։ Թող նրանք մտածեն, թե ինչ է մեղքը։ Դու ծնվել ես ձկնորս դառնալու համար, ինչպես որ ձուկը ծնվել է ձուկ լինելու համար։ Պետրոս առաքյալն էլ ձկնորս էր, ինչպես և մեծն Դի Մաջիոյի հայրը»։
 
Բայց նա սիրում էր խորհրդածել այն ամենի մասին, ինչ շրջապատում էր նրան, և որովհետև չուներ ո՛չ կարդալու բան և ո՛չ էլ ռադիո, ապա մտածում էր շատ բաների, այդ թվում և մեղքի մասին։ «Դու ձուկը սպանեցիր ոչ միայն ուրիշներին ծախելու և քո կյանքը պահպանելու համար,— մտածում էր նա,— այլև հպարտությունից ու այն բանից, որ դու ձկնորս ես։ Դու սիրում էիր այդ ձուկը, երբ նա ապրում էր, և հիմա էլ ես սիրում։ Եթե որևէ մեկի սիրում ես, ապա մեղք չէ նրան սպանելը։ Գուցե և ընդհակառա՞կը՝ շատ ավելի մեծ մեղք է»։
 
— Չափից շատ ես միտք անում, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։
 
«Բայց դու հաճությամբ էիր սպանում dentuso֊ին,— մտածեց ծերունին։— Իսկ նա, ինչպես և դու, ձուկ սպանելով է սնվում։ Նա ոչ միայն լեշ է լափում ու անկուշտն է, ինչպես ուրիշ շատ շնաձկներ, այլև գեղեցիկ ու վեհանձն կենդանի է և չի իմանում, թե ինչ բան է ահը։
 
— Ես սպանեցի նրան՝ պաշտպանելով իմ կյանքը,— ասաց ծերունին բարձր ձայնով։— Եվ սպանեցի վարպետորեն։
 
«Մանավանդ որ ամենքն էլ,— մտածեց նա,— այսպես թե այնպես, սպանում են որևէ մեկին կամ որևէ բան։ Ձկնորսությունը սպանում է ինձ ճիշտ այնպես, ինչպես որ չի թողնում մեռնեմ։ Տղան, ա՛յ թե ով չի թողնում, որ մեռնեմ։ Մի՛ գայթակղվիր, ծերո՛ւկ»։
 
Նա կռացավ ձկան վրա ու մի կտոր պոկեց այն տեղից, որտեղից շնաձուկն էր հոշոտել։ Ծամեց միսը՝ նրա որակն ու համը որոշելու համար։ Միսը պինդ էր ու հյութալի, տավարի մսի պես, թեև ոչ կարմիր։ Ճլոտ չէր դա, և ծերունին գիտեր, որ դրա համար շուկայում ամենաբարձր գինը կտան։ Սակայն նրա հոտը ծովն իր հետ էր տարել, և ծերունին չէր կարող խանգարել դրան։ Նա հասկանում էր, որ դժվար կլինի իր վիճակը։
 
Քամին չէր թուլանում, մի փոքր շեղվեց դեպի հյուսիս֊արևելք, և դա նշանակում էր, որ չի դադարի։ Ծերունին նայում էր հեռուները, բայց ո՛չ առագաստ էր տեսնում, ո՛չ էլ որևէ նավի ծուխ կամ մարմին։ Թռչող ձկներն էին միայն ծովից դուրս գալիս ու նրա նավացռուկի այս ու այն կողմը սլանում, ինչպես նաև դեղնին էին տալիս ջրիմուռների կղզյակները։ Անգամ թռչուններ կային։
 
Երկու ժամ էր արդեն, ինչ նա առաջանում էր ձկան միս ծամելով ու ջանալով շուտ ուժ հավաքել և հանգստանալ, երբ նկատեց երկու շնաձկներից առաջինին։
 
— Ըհը՜,— ասաց ծերունին իմաստ չունեցող մի բառ, ավելի շուտ հնչյուն, որ ակամա կարող էր արտաբերել մարդը՝ զգալով, թե ինչպես մեխը, ծակելով իր ափը, մտնում է ծառի մեջ։
 
— Galano֊ներ,— ասաց նա բարձրաձայն և տեսավ, թե ինչպես ջրի մեջ առաջին լողաթևից հետո երևաց երկրորդը, և այդ թուխ, եռանկյուն լողաթևերից, ինչպես նաև պոչի մեծաթափ շարժումից հասկացավ, որ լայնաքիթ շնաձկներ են դրանք։ Նրանք ձկան հոտն առել էին, իրար անցել և քաղցից բոլորովին խելահեղ՝ մերթ կորցնում, մերթ նորից էին գտնում այդ հրապուրիչ հոտը։ Բայց և այնպես րոպե առ րոպե մոտենում էին։
 
Ծերունին անշարժ պնդացրեց առագաստը և սեպով էլ ամրացրեց ղեկը։ Հետո բարձրացրեց այն թին, որին ամրացրել էր դանակը։ Թին բարձրացրեց բոլորովին հեշտ, որովհետև ձեռքերն անասելի ցավում էին։ Նա սեղմում ու բացում էր մատները, որպեսզի գեթ մի քիչ ճկունանան։ Հետո ավելի ամուր բռնեց թին, որպեսզի ձեռքերին ստիպի՝ լիովին զգան ցավը ու այլևս աշխատանքից չխուսափեն, և սկսեց հետևել շնաձկների մոտենալուն։ Նա տեսավ նրանց ճմած, լայնաքիթ գլուխները և կրծքի խոշոր, սպիտակաերիզ լողաթևերը։ Դրանք բոլոր շնաձկներից ամենագարշելիներն էին՝ նույնիսկ լեշ լափող գարշահոտ սպանարարներ։ Երբ քաղցը տանջում է, նրանք պատրաստ են կծելու նավակի թին էլ, ղեկն էլ։ Այդպիսի շնաձկները կծում֊պոկում են կրիաների թաթերը, երբ սրանք ննջում են ծովի մակերեսին, իսկ երբ շատ են սովածանում, հարձակվում են ջրի մեջ գտնվող մարդու վրա, եթե նույնիսկ նրանից ձկան արյան կամ լորձնի հոտ չի գալիս։
 
— Ա՜ա,— գոչեց ծերուկը։— Ի՜նչ արած, մոտ լողացեք, galano֊ներ։
 
Եվ մոտեցան։ Սակայն մոտեցան ոչ այնպես, ինչպես մակոն էր մոտեցել։ Նրանցից մեկը շեղվելով թաքնվեց նավակի տակ, և ծերուկն զգաց, թե ինչպես ցնցվեց նավակը, երբ շնաձուկը հոշոտում էր իր ձկանը։ Մյուսն իր նեղ, դեղին աչքերով հետևում էր ծերունուն, ապա լայն բացելով երախի կիսաշրջանակը՝ հարձակվեց ձկան վրա ճիշտ այն կետում, որտեղից մակոն էր պոկել։ Ծերունին պարզ տեսնում էր այն գիծը, որ նրա թուխ գլխի գագաթից գնում էր դեպի մեջքը, որտեղ ուղեղը միանում է ողնասյունին, և թիակին ամրացրած դանակով խփեց ճիշտ այդ տեղին, ապա քաշեց դանակը ու խրեց շնաձկան դեղին, կատվային աչքի մեջ։ Շնաձուկը շունչը փչելով պոկվեց ձկնից ու կրծածը կուլ տալով՝ սահեց ցած։
 
Նավակը դեռևս ցնցվում էր այն դատաստանից, որ երկրորդ շնաձուկը տեսնում էր իր ձկան հետ։ Եվ ծերունին առագաստն արձակելով թողեց, որ նավակը կողը շրջի, որպեսզի շնաձկանը դուրս քաշի այդտեղից։ Եվ տեսնելով նրան՝ նավակից ցած կռացավ ու դանակով խփեց։ Սակայն դիպչելով փափուկ մասին՝ պինդ մաշկը չթողեց, որ դանակը խոր մտնի։ Ծերունու հարվածից ցավեցին ոչ միայն նրա ձեռքերը, այլև ուսը։ Բայց շնաձուկը, ջրից դուրս հանելով երախը, նորից հարձակվեց ձկան վրա, և այդ միջոցին ծերունին զարկեց նրա ճմած գլխի ուղիղ մեջտեղը։ Նա դուրս քաշեց շեղբը ու երկրորդ անգամ խրեց ճիշտ նույն տեղը։ Շնաձուկը շարունակում էր կառչել ձկնից, ծնոտներն ամուր սեղմած, և ծերունին դանակը խրեց նրա ձախ աչքը։ Շնաձուկն առաջվա պես կառչած էր ձկնից։
 
— Այդպես, հա՞,— ասաց ծերունին ու դանակը կոխեց ուղեղի և ողնասյունի միջև։ Հիմա դժվար չէր դա, և նա զգաց, որ ճեղքեց կրճիկը։ Ծերունին շրջեց թին ու մյուս ծայրը կոխեց շնաձկան երախը, որպեսզի բացի նրա ծնոտները, և պտտեցրեց թին, իսկ երբ շնաձուկը պոկվեց ձկնից, ասաց.
 
— Գնա՛ ցած, galano։ Գնա՛ ցած մի ամբողջ մղոն, տեսակցի՛ր ընկերուհուդ հետ։ Բայց գուցե այն մյուսը քո մայրն էր։
 
Նա սրբեց դանակի սայրը և թին դրեց նավակի մեջ։ Հետո հաստատեց առագաստը, և երբ նա քամուց ուռչեց, նավակը շրջեց նախկին ուղղությամբ։
 
— Հավանորեն ձկան քառորդից ոչ պակաս տարան իրենց հետ, այն էլ ամենալավ միսը,— ասաց նա բարձրաձայն։— Կուզենայի, որ այս ամենը երազ լիներ, և ես այս ձուկը բռնած չլինեի։ Ցավում եմ, ա՛յ ձուկ, որ այսպես վատ բան ստացվեց։— Ծերունին լռեց, նա հիմա չէր ուզում նայել ձկանը։ Արնաքամ եղած ու ջրից թրջված ձուկը իր գույնով հիշեցնում էր հայելու ետևը ծածկող ամալգամ, սակայն շերտերը դեռևս նկատելի էին։
 
— Այսքան հեռու չպետք է գնայի ծովում,— ասաց ծերունին։— Վատ եղավ և՛ քեզ համար, և՛ ինձ համար։ Շատ եմ խղճում քեզ, ա՛յ ձուկ։
 
«Հապա՛, բերանբացություն մի՛ անի,— մտածեց նա։— Ստուգի՛ր, հո չի՞ կտրվել այն պարանը, որով ամրացված է դանակը։ Եվ ձեռքդ կարգի բեր, որովհետև գործը դեռ չի վերջացել»։
 
— Ափսո՛ս, որ հեսանաքար չունեմ,— ասաց ծերունին՝ թիակի կոթին կապած պարանը ստուգելով։— Պետք է հետս հեսանաքար բերեի։
 
«Շա՜տ բան կուզենայիր հետդ բերել, ծերո՛ւկ,— մտածեց նա։— Բայց չես բերել։ Հիմա ժամանակը չէ մտածելու այն մասին, ինչ չունես։ Մտածի՛ր միայն եղածով գործ տեսնելու մասին»։
 
— Է՜, գլուխս տարար քո խորհուրդներով,— ասաց նա բարձրաձայն։
 
Նա առագաստի թոկը սեղմեց թևի տակ և զույգ ձեռքերը կոխեց ջուրը։
 
Նավակն առաջ էր ընթանում։
 
— Աստված միայն գիտի, թե որքան լափեց վերջին շնաձուկը,— ասաց։— Բայց ձուկը ինչքա՞ն թեթևացավ։
 
Նա չէր ուզում մտածել ձկան այլանդակված փորի մասին, գիտեր, որ նավակին հասցրած շնաձկան յուրաքանչյուր ցնցումը նշանակում էր մի կտոր պոկված միս, և որ հիմա ձուկը ծովի մեջ թողնում է խճուղու նման լայն ու աշխարհի բոլոր շնաձկների համար մատչելի մի ճանապարհ։
 
«Այսպիսի ձուկը կարող էր մի մարդու ողջ ձմեռը կերակրել։ Մի՛ մտածիր այդ մասին, ծերո՛ւկ։ Հանգստացիր և աշխատի՛ր ձեռքերդ կարգի բերել, որպեսզի պաշտպանես այն, ինչ դեռ մնացել է քեզ։ Իմ ձեռքերի արյան հոտը չնչին բան է այն հոտի համեմատությամբ, որ հիմա թողնում է ջրի մեջ իմ ձուկը։ Ասենք, ձեռքերիցս համարյա թե արյուն չի գալիս։ Խոր կտրվածքներ չկան նրանց վրա։ Իսկ փոքր արնահոսությունը ձախ ձեռքը կազատի կարկամումից։
 
Հիմա ինչի՞ մասին մտածեմ։ Ո՛չ մի բանի։ Ավելի լավ է՝ ո՛չ մի բանի մասին չմտածեմ և սպասեմ նոր շնաձկների։ Կուզենայի, որ այս ամենը երազ լիներ։ Ասենք ի՜նչ իմանամ։ Ամեն ինչ կարող է այնքան էլ վատ չվերջանալ»։
 
Հաջորդ շնաձուկը, որ հայտնվեց միայնակ, նմանապես լայնաքիթ ցեղից էր։ Նա մոտեցավ այնպես, ինչպես խոզն իր տաշտին, միայն թե խոզն այդքան լայն երախ չունի, որ մի հարվածով պոկի մարդու գլուխը։ Ծերունին թողեց, որ կառչի ձկնից, իսկ հետո թիակի ծայրին ամրացրած դանակով հարվածեց գլխին։ Սակայն շնաձուկն իրեն ետ նետեց՝ թավալելով մեջքի վրա, և դանակի շեղբը ջարդվեց։
 
Ծերունին ղեկը ձեռքն առավ։ Նա չնայեց էլ, թե ինչպես դանդաղորեն ընկղմվում է շնաձուկը՝ հետզհետե փոքրանալով, իսկ հետո՝ բոլորովին մանր դառնալով։ Այդ պատկերը միշտ էլ հափշտակում էր նրան, բայց հիմա չուզեց նայել։
 
— Մնաց կեռաձողը,— ասաց նա։— Բայց ի՞նչ օգուտ դրանից։ Դեռևս ունեմ երկու թիակ, ղեկալծակ և մահակ։
 
«Ա՛յ, հիմա նրանք հաղթեցին ինձ,— մտածեց նա։— Շատ եմ ծեր, որպեսզի կարողանամ մահակով շնաձուկ սպանել։ Բայց կկռվեմ նրանց հետ, քանի դեռ թիեր ունեմ, մահակ ու ղեկալծակ»։
 
Նորից ձեռքերը կոխեց աղի ջրի մեջ։ Մոտենում էր երեկոն, իսկ չորս կողմ տեսնվում էր միայն երկինք ու ծով։ Քամին առաջվանից ավելի ուժգին էր փչում, և նա հույս ուներ, որ շուտով ցամաքը կտեսնի։
 
— Հոգնել ես, ծերուկ,— ասաց նա։— Հոգիդ է հոգնել։
 
Շնաձկները նորից հարձակվեցին նրա վրա մայրամուտից մի պահ առաջ միայն։
 
Ծերունին տեսավ, թե ինչպես են շարժվում թուխ լողաթևերն այն լայն հետքով, որ ձուկն այժմ անկասկած թողնում էր ծովում։ Նրանք նույնիսկ չէին սլանում այդ հետքով, այլ կողք կողքի շտապում էին ուղիղ դեպի նավակը։
 
Ծերունին սեպով ամրացրեց ղեկալծակը ու խելի տակից հանեց մահակը։ Դա կոտրված թիակի մի մասն էր՝ երկու և կես ոտնաչափ երկարությամբ։ Միայն մի ձեռքով կարող էր հաստատ բռնել դա՝ կոթի մասից, և աջ ձեռքով ամուր բռնեց ու սկսեց թափահարել՝ սպասելով, որ շնաձկները մոտենան։ Երկուսն էին դրանք, երկուսն էլ՝ galano։
 
«Պետք է սպասեմ, որ առաջինն ամուր կառչի իմ ձկնից,— մտածեց նա,— այն ժամանակ կխփեմ նրա քթի ծայրին կամ ուղիղ գանգին»։
 
Երկու շնաձկներն էլ միասին մոտեցան, և երբ ավելի մոտիկ եղողը բացեց երախը ու ատամները խրեց ձկան արծաթաթույր կողի մեջ, ծերունին բարձրացրեց մահակը ու ծանրորեն իջեցրեց շնաձկան տափակ գլխին։ Նրա ձեռքը զգաց գիշատչի առաձգական ամրությունը։ Սակայն նա զգաց նաև ոսկորի անթափանցելի ամրությունը, և ծերունին դարձյալ ուժգին խփեց շնաձկան քթի ծայրին։ Շնաձուկը սահեց ջուրը։
 
Մյուս շնաձուկն արդեն կարողացել էր բավական լափել ու ետ քաշվել և հիմա երախը լայն բացած՝ նորից մոտ էր գալիս։ Նախքան նա, հարձակվելով ձկան վրա, ատամները կմխրճեր նրա մեջ, ծերունին նրա ծնոտներին կպած մսի սպիտակ կտորներ տեսավ։ Նա թափով զարկեց, բայց հարվածը դիպավ միայն գլխին, և շնաձուկը, մի պահ նայելով նրան, մի կտոր միս պոկեց ձկնից։ Երբ նա ընկրկեց այդ կտորը կուլ տալու համար, ծերունին կրկին խփեց նրան, բայց հարվածը նորից դիպավ նրա գլխի ամուր ու առաձգական մակերեսին։
 
— Հապա՛, մո՛տ արի, galano,— ասաց ծերունին։— Մի անգամ էլ մոտեցի՛ր։
 
Շնաձուկը շեշտակի նետվեց ձկան վրա, և ծերունին խփեց նրան այն վայրկյանին, երբ նա կափկափեց երախը։ Որքան կարելի էր վեր բարձրացնելով իր մահակը՝ ամբողջ ուժով զարկեց նրան։ Այս անգամ հարվածը դիպավ գանգարմատի ոսկորին, և նա զարկեց երկրորդ անգամ՝ նույն տեղին։ Շնաձուկը թուլորեն մի կտոր միս պոկեց ու սահեց ջրի մեջ։
 
Ծերունին սպասում էր, թե նորից շնաձկներ չե՞ն հայտնվի. բայց այլևս չէին երևում։ Հետո նա նկատեց, որ դրանցից մեկը պտտվում է նավակի մոտերքը։ Մյուս շնաձկան լողաթևը բոլորովին չքվեց։
 
«Հույս էլ չունեի, թե կկարողանամ սպանել դրանց,— մտածեց ծերունին։— Առաջ կկարողանայի։ Բայց և այնպես երկուսին էլ խիստ հաշմեցի, և հազիվ թե իրենց լավ են զգում։ Եթե կարողանայի մահակը երկու ձեռքով բռնել, առաջինին անկասկած կսպանեի։ Նույնիսկ հիմա՝ այս տարիքիս»։
 
Չէր ուզում նայել ձկանը, գիտեր, որ նրա կեսը գնացել է։ Մինչ նա կռվում էր շնաձկների հետ, արևը արդեն մայր էր մտել։
 
— Շուտով կմթնի,— ասաց նա։— Այն ժամանակ ես հավանորեն կտեսնեմ Հավանայի լույսերի հրացոլքը։ Իսկ եթե շատ եմ շեղվել դեպի արևելք, ապա կտեսնեմ նոր կուրորտներից մեկի լույսերը։
 
«Չեմ կարող ափից շատ հեռու լինել,— մտածեց ծերունին։— Հույս ունեմ, որ այնտեղ նրանք իզուր չեն անհանգստանում։ Ասենք, անհանգստանալ կարող է միայն տղան։ Բայց նա, արդեն, չի կասկածում իմ հմտությանը։ Տարիքավոր ձկնորսները հավանորեն տագնապում են։ Ասենք երիտասարդներն էլ,— մտածեց նա։— Չէ՞ որ ես ապրում եմ լավ մարդկանց միջավայրում»։
 
Այլևս նա չէր կարող խոսել ձկան հետ, այնքան որ այլանդակված էր նա։ Բայց հանկարծ մի նոր միտք ծագեց գլխում։
 
— Կես ձուկ,— ձայն տվեց նրան։— Նախկի՛ն ձուկ, ցավում եմ, որ այսքան հեռու գնացի ծովում։ Քեզ էլ կործանեցի, ինձ էլ։ Բայց մենք երկուսով շատ շնաձկներ ոչնչացրինք ու էլ ավելի շատ հաշմեցինք։ Դու հավանորեն դրանցից շատ ես սպանել կյանքումդ, ծե՛ր ձուկ։ Զուր չէ, որ գլխիցդ ցցված է քո այդ թուրը։
 
Հաճելի էր նրան մտածել և՛ ձկան, և՛ այն մասին, թե ինչ կարող էր թրաձուկը հանել շնաձկան գլխին, եթե ազատ լող տար ծովում։ «Պետք է կտրած լինեի այդ թուրը, որպեսզի դրանով կռվեի շնաձկների հետ»,— մտածեց նա։ Բայց նա կացին չուներ, իսկ հիմա արդեն դանակ էլ չուներ։
 
«Բայց եթե դրա թուրը մոտս լիներ, կարող էի կապել դա թիակի կոթին, և հիանալի զենք կլիներ։ Այն ժամանակ մենք երկուսով իսկապես կողք կողքի կկռվեինք։ Իսկ ի՞նչ կանես հիմա, եթե գիշերը նրանք գան։ Ի՞նչ կարող ես անել»։
 
— Կկռվեմ,— ասաց նա,— կկռվեմ, մինչև որ մեռնեմ։
 
Սակայն խավարում ո՛չ լույսեր էին երևում, ո՛չ հրացոլք, միայն քամի կար ու նրա ուռեցրած առագաստը, և հանկարծ նրան թվաց, թե ինքը արդեն մեռել է։ Ձեռքերն իրար կցեց և զգաց իր ափերը։ Դրանք մեռած չէին, և նա կարող էր ցավ առաջացնել, հետևաբար և կյանք՝ պարզապես սեղմելով ու բացելով դրանք։ Նա հենվեց նավախելին ու հասկացավ, որ ողջ է։ Այդ բանն ասացին նրա ուսերը։
 
«Պետք էր ասել այն բոլոր աղոթքները, որ խոստացա ասել, եթե ձուկը բռնեմ,— մտածեց նա։— Բայց հիմա շատ եմ հոգնել։ Ավելի լավ է վերցնեմ պարկը ու դրանով ուսերս ծածկեմ»։
 
Նավախելին պառկած՝ նա վարում էր մակույկը ու սպասում, թե երբ երկնքում կերևա Հավանայի լույսերի հրացոլքը։ «Ձկան կեսն է մնացել,— մտածում էր նա։— Գուցե բախտս բանի ու գոնե դրա առջևի մասը հասցնեմ տուն։ Պե՛տք է վերջապես բախտս բանի...— Ո՛չ,— ասաց ինքն իրեն։— Ինքդ ծաղրեցիր քո հաջողությունը, երբ այսքան առաջացար ծովում»։
 
— Հիմար֊հիմար մի՛ խոսիր, ծերո՛ւկ,— ընդհատեց ինքն իրեն։— Արթուն կաց ու հետևիր ղեկին։ Կարող ես դեռ բախտավորության հասնել։
 
— Կուզենայի մի քիչ երջանկություն գնել, եթե որևէ տեղ ծախում են,— ասաց ծերունին։
 
— Իսկ ինչո՞վ կգնես,— հարցրեց նա իրեն։— Մի՞թե կարող ես գնել դա կորցրած հարպունովդ, կոտրված դանակովդ ու խեղված ձեռքերովդ։
 
— Ի՜նչ իմանաս։ Դու ուզում էիր երջանկություն ձեռք բերել այն ութսունչորս օրվա գնով, որ անցկացրիր ծովում։ Եվ, իմիջիայլոց, քիչ մնաց ծախեին դա քեզ։
 
«Չպետք է մտածել ամեն տեսակ դատարկ բաների մասին։ Բախտավորությունն ամեն ձևով է գտնում մարդուն, մի՞թե կճանաչես նրան։ Ասենք, ես ամեն մի ձևով էլ մի քիչ բախտավորություն կառնեի ու դրա համար կվճարեի այն ամենը, ինչ պահանջեին։ Կուզենայի տեսնել Հավանայի հրացոլքը,— մտածեց նա։— Շատ բան ես ուզում միանգամից, ծերո՛ւկ։ Բայց հիմա ուզում եմ տեսնել Հավանայի լույսերը, և ուրիշ ոչինչ»։ Նա փորձեց ավելի հարմար ձևով նստել ղեկի մոտ և ցավի հետզհետե ավելի սաստկանալուց հասկացավ, որ ինքը հիրավի չի մեռել։
 
Քաղաքի լույսերի հրացոլքը նա տեսավ երեկոյան ժամը մոտավորապես տասին։ Սկզբում դա թվաց մի թույլ ցոլք երկնքում, ինչպես լուսնի ծագելուց առաջ է լինում։ Հետո լույսերն սկսեցին որոշակի երևալ օվկիանոսի գծից այն կողմ, որտեղ սաստկացած քամին բարձր ալիքներ էր գլորում։ Ծերունին նավարկում էր դեպի այդ լույսերը և մտածում, որ շուտով, հիմա արդեն շուտով կմտնի Գոլֆսթրիմի մեջ։
 
«Ա՛յ, պրծավ֊գնաց,— մտածեց նա։— Դրանք, իհարկե, նորից կհարձակվեն ինձ վրա։ Բայց դատարկ ձեռքերով ի՞նչ կարող է անել մարդը խավարում»։
 
Նրա ողջ մարմինը կոտրատվում էր ու կծկծում, իսկ գիշերվա ցուրտը սաստկացնում էր վերքերի, հոգնաբեկ ձեռքերի ու ոտքերի ցավը։ «Հույս ունեմ, որ այլևս կռվելու կարիք չեմ ունենա,— մտածեց նա։— Միայն թե էլ չկռվեմ»։
 
Սակայն կեսգիշերին նա կրկին մարտնչում էր շնաձկների հետ և գիտեր, որ այս անգամ պայքարն անօգուտ է։ Նրանք հարձակվեցին ամբողջ ոհմակով, իսկ ծերունին տեսնում էր միայն այն շերտերը, որ գծում էին նրանց լողաթևերը ջրի վրա, և այն լույսը, որ արձակում էին նրանք, երբ գրոհում էին միս պոկելու։ Նա մահակը խփում էր գլուխներին ու լսում, թե ինչպես են կափկափում ծնոտները, և ինչպես է ցնցվում նավակը, երբ ներքևից են պոկում ձուկը։ Նա հուսահատությամբ մահակը իջեցնում էր մի անտեսանելի բանի, որը միայն լսել ու շոշափել կարող էր, և հանկարծ զգաց, որ մահակն անհետացավ։
 
Նա ղեկալծակը քաշեց֊հանեց իր բնից ու զույգ ձեռքով բռնած՝ սկսեց իրար ետևից հարվածներ տեղալ։ Բայց շնաձկներն արդեն նավակի ցռուկի մոտ էին և իրար ետևից ու բոլորը միասին հարձակվում էին ձկան վրա, պոկում մսի կտորներ, որոնք լույս էին տալիս ծովի մեջ. շնաձկները նորից էին ցրվում, որպեսզի նորից հարձակվեն իրենց որսի վրա։
 
Շնաձկներից մեկը վերջապես հասավ ձկան գլխին, և այն ժամանակ ծերունին հասկացավ, որ ամեն ինչ վերջացած է։ Նա ղեկալծակով խփեց շնաձկան գլխի այն կետին, որտեղ նրա ատամները խցկվել էին ձկան գլխի ամուր ոսկորների մեջ։ Խփեց մի անգամ, ապա երկրորդ ու երրորդ անգամ։ Լսելով, թե ինչպես ճռճռաց ու ճեղքվեց ղեկալծակը, նա խփեց շնաձկանը ճեղքված կոթով և զգաց, թե ինչպես փայտը խրվեց մսի մեջ, և իմանալով, որ այդ բեկորը սուր է՝ նորից զարկեց։ Շնաձուկը թողեց միսն ու հեռացավ։ Նրա վրա հարձակված ոհմակի վերջին շնաձուկն էր դա։ Այլևս ուտելու բան չունեին նրանք։
 
Ծերունին հազիվ էր շունչ քաշում և տարօրինակ համ էր զգում բերանում։ Քաղցրավուն էր այդ և պղնձահամ, և մի րոպե ծերունին վախեցավ։ Սակայն շուտով ամեն ինչ անցավ, նա թքեց օվկիանոսի մեջ ու ասաց.
 
— Կերե՛ք, galano֊նե՛ր, բկերիդ մնա։ Եվ երազում էլ տեսեք, որ դուք մարդուն սպանեցիք։
 
Ծերունին գիտեր, որ հիմա ինքը հաղթված է վերջնականապես և անուղղելիորեն ու վերադառնալով նավախել՝ տեսավ, որ ղեկալծակի բեկորը մտնում է ղեկի բացվածքի մեջ, այնպես որ վատագույն դեպքում կարելի է դրանով էլ վարել։ Եվ պարկը գցելով ուսերին՝ նավակն ընթացքի դրեց։ Այժմ նա լավ էր ընթանում, և ծերունին ոչինչ չէր մտածում և ոչինչ չէր զգում։ Հիմա նրա համար միևնույնն էր, միայն թե նավակը շուտ ու բարեհաջող հասցնի հայրենի ափ։ Գիշերը շնաձկները հարձակվեցին ձկան մսազուրկ կմախքի վրա՝ սեղանի փշրանքները կորզող որկրամոլների պես։ Ծերուկն ուշք չդարձրեց նրանց։ Այլևս ոչ մի բանի ուշք չէր դարձնում նա, բացի իր նավակից։ Զգում էր միայն, թե որքան թեթև ու արագ է ընթանում հիմա, երբ այլևս չի արգելակում ձկան ահագին ծանրությունը։
 
«Լավ նավակ է և անաղարտ ու անվնաս, եթե չհաշվենք ղեկալծակը,— մտածեց նա։— Իսկ նոր ղեկալծակ դնելը դժվար չէ»։
 
Ծերունին զգում էր, որ մտել է տաք հոսանքի մեջ, և նշմարում էր առափնյա ավանների լույսերը։ Նա գիտեր, թե որտեղ է գտնվում, և տուն հասնելը հիմա ոչ մի դժվարություն չէր հարուցում։
 
«Քամին արդեն անկասկած մեր բարեկամն է,— մտածեց նա, հետո էլ ավելացրեց։— Ասենք՝ ոչ միշտ։ Եվ հսկայական ծովը նմանապես լի է թե՛ մեր բարեկամներով, թե՛ մեր թշնամիներով։ Իսկ անկողինը...— մտածեց նա,— անկողինն իմ բարեկամն է։ Այո՛, հենց սովորական անկողինը։ Մեծ բան է անկողնում պառկելը։ Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։ Իսկ ո՞վ հաղթեց քեզ, ծերո՛ւկ»,— հարցրեց ինքն իրեն։
 
— Ոչ ոք,— պատասխանեց նա։— Պարզապես շատ հեռացա ծովում։
 
Երբ ծերուկը մտնում էր փոքր ծովախորշը, Տեռասի լույսերը մարած էին, և նա հասկացավ, որ ամենքն էլ արդեն քնել են։ Քամին անընդհատ սաստկանում էր և հիմա շատ ուժեղ էր փչում։ Բայց նավահանգստում խաղաղ էր, և ծերունին կանգ առավ ժայռերի տակ՝ խճաքարերի շերտում։ Ոչ ոք չկար, որ օգներ, և նա որքան կարելի էր թիավարեց դեպի ափ, ապա դուրս եկավ նավակից ու կապեց դա ժայռին։
 
Հանեց կայմը, առագաստը փաթաթեց վրան ու կապեց։ Հետո կայմը գցեց ուսին ու բարձրացավ դարն ի վեր։ Ահա այդ ժամանակ էլ հասկացավ, թե որքա՜ն սաստիկ էր հոգնել։ Մի ակնթարթ նա կանգ առավ ու ետ նայելով՝ փողոցի լապտերի լույսի տակ տեսավ, թե նավակի խելի ետևից որքան վեր է ցցվել ձկան հսկայական պոչը։ Տեսավ նաև նրա ողնաշարի սպիտակ, մերկացած գիծը, գլխի մուգ ստվերը և առաջ մեկնված թուրը։
 
Ծերունին նորից սկսեց վեր բարձրանալ։ Վերելքը հաղթահարելուց հետո նա ընկավ և կայմն ուսին՝ պառկեց մի քիչ։ Հետո ջանաց վեր կենալ, բայց հեշտ չէր դա. և այդպես էլ մնաց նստած ու նայեց ճանապարհին։ Վազեց իր գործերին հետամուտ մի կատու, և ծերունին երկար ժամանակ նայեց նրա ետևից։ Այնուհետև սկսեց նայել ամայի փողոցին։
 
Վերջապես կայմը գցեց գետին ու վեր կացավ։ Հետո բարձրացրեց կայմը, գցեց ուսին ու շարունակեց ճանապարհով վեր բարձրանալ։ Ստիպված եղավ հանգստանալ հինգ անգամ, մինչև որ հասավ իր խրճիթը։
 
Մտավ տուն, կայմը հենեց պատին, խավարում գտավ ջրի շիշը ու խմեց։ Հետո պառկեց մահճակալին, վերմակը քաշեց ուսերին, ծածկեց մեջքն ու ոտքերը և քնեց՝ դեմքը հպած լրագիրներին ու ձեռքերը, ափերը վեր պարզած։
 
Երբ առավոտյան խրճիթ մտավ տղան, նա քնած էր։ Քամին այնքան ուժգին էր փչում, որ նավակները դուրս չէին եկել ծով, տղան էլ քնով էր ընկել, հետո էլ եկել էր ծերունու խրճիթը, ինչպես ամեն առավոտ էր գալիս։ Տղան համոզվեց, որ ծերուկը շնչում է, բայց երբ տեսավ նրա ձեռքերը, լաց եղավ։ Նա կամացուկ դուրս եկավ խրճիթից՝ սուրճ բերելու, և ամբողջ ճանապարհին լաց էր լինում։
 
Բազմաթիվ ձկնորսներ էին հավաքվել նավակի շուրջը, և բոլորն էլ զննում էին այն, ինչ կապված էր նրան։ Ձկնորսներից մեկը շալվարը քշտած մտել էր ջուրը ու պարանով կմախքն էր չափում։
 
Տղան չիջավ նրանց մոտ, նա արդեն եղել էր ներքևում, և ձկնորսներից մեկը խոստացել էր նրան մտիկ տալ նավակին։
 
— Ինչպե՞ս է զգում իրեն,— ձայն տվեց տղային ձկնորսներից մեկը։
 
— Քնել է,— պատասխանեց տղան։ Նրա համար մեկ էր, որ նրանք տեսնում են իր արցունքները։— Չպետք է անհանգստացնել նրան։
 
— Քթից մինչև պոչ տասնութ ոտնաչափ է,— գոռաց նրան ձուկը չափող ձկնորսը։
 
— Ոչ պակաս,— ասաց տղան։
 
Նա մտավ Տեռաս ու մի աման սուրճ խնդրեց։
 
— Տվեք ինձ տաք սուրճ. կաթն ու շաքարը շատ լինի։
 
— Ուրիշ բան էլ վերցրու։
 
— Պետք չէ։ Հետո կնայեմ, թե ինչ կարելի է տալ նրան ուտելու։
 
— Բայց ի՜նչ ձուկ է,— ասաց տերը,— պարզապես չեղա՜ծ ձուկ։ Ասենք, դու էլ երեկ երկու հատ լավ ձուկ ես բռնել։
 
— Է֊է՜, թող կորչի իմ ձուկը,— ասաց տղան ու նորից լաց եղավ։
 
— Չե՞ս ուզում մի բան խմել,— հարցրեց տերը։
 
— Պետք չի,— պատասխանեց տղան։— Ասա դրանց, որ Սանտյագոյին չձանձրացնեն։ Ես նորից կգամ։
 
— Հայտնիր նրան, որ ես շատ եմ ցավում։
 
— Շնորհակալ եմ,— ասաց տղան։
 
Տղան խրճիթ տարավ տաք սուրճը ու նստեց ծերունու մոտ, մինչև որ նա արթնացավ։ Մի անգամ տղային թվաց, որ նա զարթնեց։ Բայց ծանր քունը նորից համակեց ծերունուն, և տղան ճանապարհը կտրելով գնաց հարևանների մոտ մի քիչ փայտ փոխառնելու, որպեսզի սուրճը տաքացնի։
 
Վերջապես ծերունին արթնացավ։
 
— Պառկի՛ր, մի՛ վեր կենար,— ասաց տղան։— Ահա՛, խմի՛ր,— և սուրճ լցրեց բաժակը։
 
Ծերուկը վերցրեց բաժակն ու խմեց սուրճը։
 
— Նրանք ընկճեցին ինձ, Մանոլին,— ասաց նա։— Նրանք հաղթեցին ինձ։
 
— Բայց ինքը հո չկարողացավ ընկճել քեզ։ Ձուկը հո՛ չկարողացա՜վ հաղթել քեզ։
 
— Ո՛չ, ինչ որ ճիշտ է, ճիշտ է։ Իսկ դա հետո եղավ։
 
— Պեդրիկոն խոստացավ հետևել նավակին ու պարաններին։ Ի՞նչ ես մտածում անել դրա գլուխը։
 
— Թող Պեդրիկոն մանրացնի ուռկանների խայծի համար։
 
— Իսկ թո՞ւրը։
 
— Վերցրու քեզ որպես հիշատակ, եթե ուզում ես։
 
— Ուզում եմ,— ասաց տղան։— Իսկ հիմա արի խոսենք, թե ինչ ենք անելու հետագայում։
 
— Ինձ փնտրե՞լ եք։
 
— Իհարկե։ Առափնյա պաշտպանությունն էլ, սավառնակներն էլ։
 
— Օվկիանոսը մեծ է, իսկ նավակը չափազանց փոքր, չի նկատվի,— ասաց ծերունին։ Նա զգաց, թե որքա՜ն հաճելի է, երբ կա մեկը, որի հետ կարող ես խոսել, բացի քեզանից ու ծովից։— Կարոտել էի քեզ,— ասաց նա։— Որևէ բան բռնե՞լ ես դու։
 
— Առաջին օրը՝ մի ձուկ։ Մի ձուկ էլ երկրորդ, և երկուսն էլ՝ երրորդ օրը։
 
— Հիանալի՜ է։
 
— Հիմա էլի միասին ձուկ կբռնենք։
 
— Չէ՛, ես ձախորդ եմ։ Է՛լ բախտս չի բանում։
 
— Թքած այդ չբանելու վրա,— ասաց տղան։— Ես քեզ բախտ կբերեմ։
 
— Իսկ ի՞նչ կասեն քո հարազատները։
 
— Դա կարևոր չէ։ Չէ՞ որ երեկ երկու ձուկ բռնեցի։ Բայց հիմա միասին պիտի ձկնորսություն անենք, որովհետև ես քեզանից դեռ շատ բան ունեմ սովորելու։
 
— Հարկ կլինի ճարել մի լավ եռաժանի ու միշտ տանել մեզ հետ։ Շեղբը կարելի է շինել հին ֆորդի ռեսորից։ Կսրենք դա Գուանաբակոայում։ Շեղբը պետք է սուր լինի, բայց ոչ կոփված, որպեսզի չկոտրվի։ Իմ դանակը ջարդվեց։
 
— Ես մի նոր դանակ կճարեմ քեզ համար ու կսրեմ ռեսորը։ Քանի՞ օր էլ պիտի փչի այս ուժեղ brisa֊ն։
 
— Գուցե և երեք։ Բայց գուցե և ավելի։
 
— Մինչ այդ ամեն ինչ սարքին կլինի,— ասաց տղան։— Իսկ դու մինչ այդ ձեռքերդ բուժիր։
 
— Ես գիտեմ, թե ինչ պետք է անեմ դրանց։ Գիշերը մի տարօրինակ հեղուկ թքեցի, և ինձ թվաց, թե կրծքումս ինչ֊որ բան պայթեց։
 
— Այդ էլ բուժիր,— ասաց տղան։— Պառկի՛ր, ծերո՛ւկ, ես քեզ մաքուր շապիկ կբերեմ։ Ուտելու բան էլ կբերեմ։
 
— Իմ բացակա օրերի թերթերից որևէ մեկը գտիր, բե՛ր,— խնդրեց ծերունին։
 
— Դու պետք է շուտ լավանաս, որովհետև ես քեզանից շատ բան պետք է սովորեմ։ Իսկ դու կարող ես ամեն ինչ սովորեցնել ինձ։ Շա՞տ ծանր էր քո վիճակը։
 
— Շա՜տ,— ասաց ծերունին։
 
— Ուտելիք ու թերթեր կբերեմ։ Հանգստացի՛ր, ծերո՛ւկ։ Դեղատնից մի որևէ սպեղանի կվերցնեմ քո ձեռքերի համար։
 
— Չմոռանաս Պեդրիկոյին ասելու, որ ձկան գլուխը վերցնի իրեն։
 
— Չեմ մոռանա։
 
Երբ տղան դուրս եկավ խրճիթից ու սկսեց ցած իջնել հին, քարքարոտ ճանապարհով, նորից լաց եղավ։
 
Այդ օրը մի խումբ տուրիստներ եկան Տեռաս, և երբ նրանք դիտում էին, թե ինչպես արևելյան քամին բարձր ալիքներ է ուռեցնում ծովախորշի մուտքի մոտ, տուրիստուհիներից մեկը գարեջրի դատարկ թիթեղամանների ու սատկած մեդուզաների մեջ նկատեց մի սպիտակ, երկար ողնաշար, ծայրին էլ՝ մի հսկայական պոչ, որ բարձրանում ու օրորվում էր ափնակոծության ալիքներից։
 
— Այս ի՜նչ է,— հարցրեց նա մատուցողին՝ ցույց տալով վիթխարի ձկան երկար ողնաշարը, որ հիմա պարզապես աղբ էր, և որ շուտով տեղատվությունը պիտի տաներ։
 
— Tiburon,— ասաց մատուցողը։— Շնաձկները...— ուզում էր բացատրել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։
 
— Չէի իմանում, որ շնաձկները այսպես գեղեցիկ, շքեղորեն ուռուցիկ պոչ են ունենում։
 
— Այո՜, ես էլ չէի իմանում,— համաձայնեց նրա ուղեկիցը։
 
 
Վերևում՝ իր խրճիթում, ծերունին նորից քնել էր։ Նա դարձյալ քնել էր երեսն ի վայր, և տղան հսկում էր նրան։ Ծերունին երազում առյուծներ էր տեսնում։
Վստահելի
68
edits