Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 10 400 բայտ, 00:28, 1 Հուլիսի 2015
/* Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները */
— Հարկավոր է գնա՛լ,— ֆշշացրեց նա,— այստեղ չի՛ կարելի կանգնել: Արա՛գ:
Ֆրոդոն չուզենալով շրջվեց թիկունքով դեպի արևմուտք և իր ուղեկցորդի հետևից դուրս եկավ ծառերի օղակից այն ճանապարհով, որը տանում էր լեռներ: Սկզբում ճանապարհը գնում էր ուղիղ, բայց շուտով սկսեց թեքվել հարավ՝ դեպի հսկայական ժայռի ստորոտը: Ճանապարհը սուզվում էր առջևում փռված անթափանց խավարի մեջ և, կրկին թեքվելով դեպի արևմուտք, կտրուկ բարձրանում էր վեր:
Ֆրոդոն ու Սեմը առաջ էին ընթանում ծանր սրտով՝ ուժ չունենալով մտածել վերահաս վտանգի մասին: Ֆրոդոն քայլում էր կորացած. բեռը կրկին ճնշում էր նրան և կքում գետնին: Իթիլիենում նա գրեթե մոռացել էր դրա մասին, բայց հենց որ նրանք անցան խաչմերուկը, այն կրկին սկսեց ծանրանալ և տանջել նրան: Ամեն քայլափոխին գնալն ավելի էր դժվարանում: Հասկանալով, որ ճանապարհը սկսում է բարձրանալ, նա բարձրացրեց հոգնած աչքերը՝ և հանկարծ տեսավ այն, ինչի մասին զգուշացնում էր Գոլլումը՝ Մատանեկիր Ուրվականների ամրոցը: Հոբիթը ցնցվեց ու նետվեց ճամփեզրին գտնվող քարերի հետևը:
Մթին, երկար ու նեղ հովիտը մխրճվում էր լեռների մեջ: Հովտի հեռավոր ծայրին, բարձր, Ժայռոտ գահին, կառուցված ասես Էֆել Դուաթի սև ծնկներին, վեր էին խոյանում Մինաս Մորգուլ ամրոցի աշտարակն ու պարիսպները: Շուրջն ամեն ինչ, և՛ երկինքը, և՛ հողը կուլ էր տվել անթափանց մութը, սակայն ամրոցը լուսարձակում էր: Բայց ոչ լուսնի լույսով, որով մի ժամանակ լցված էին Մինաս Իթիլի մարմարե պատերը և լուսավորում էին շրջակա լեռները: Ոչ, այժմ ամրոցը դժգույն էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին լինում է լուսինը, երբ հիվանդ ու դալուկ դանդաղ մտնում է ստվերի մեջ՝ մոտալուտ խավարումի սպասումով: Երևի այդ պատերի փայլն ավելի շատ հիշեցնում էր ֆոսֆորացած նեխող աղբանոց, կամ ճահճային կրակ նահատակի վրա, կրակ, որը այրում է, բայց բացի իրենից ոչինչ չի լուսավորում: Ամրոցի պատերի ու աշտարակի մեջ փորված անհամար պատուհաններն ասես սև խոռոչներ լինեին դեպի դատարկություն, իսկ աշտարակի գմբեթը դանդաղ պտտվում էր՝ սկզբում մի կողմի վրա, ապա՝ մյուս, ինչպես երախը բաց հրեշավոր ուրվականի գլուխ: Երեք ճամփորդները կծկվեցին ու մի ակնթնարթ քարացան ասես կախարդված՝ չկարողանալով հայացքները կտրել աշտարակից: Առաջինը սթափվեց Գոլլումը: Նա լուռ կառչեց հոբիթների թիկնոցներից և քարշ տվեց նրանց առաջ: Յուրաքանչյուր քայլը տանջալի էր ու դժվար, ժամանակն ասես դանդաղեցրել էր իր ընթացքը և, մինչ ոտքը, կտրվելով գետնից, կրկին իջնում էր գետնին, հոբիթներին թվում էր, թե անցնում են ոչ թե վայրկյաններ, այլ՝ րոպեներ, տանջալի ու անվերջանալի:
Այդպես նրանք վերջապես հասան սպիտակ, կամարակապ կամրջին: Կամրջի մոտ ճանապարհն աղոտ լուսարձակում էր: Այն անցնում էր հոսքի վրայով և գնում դեպի ամրոցի սև երախի նման դարպասը: Գետակի ափերին տարածվել էին մշուշի մեջ թաղված լայնարձակ մարգագետիններ, որոնք ամբողջությամբ ծածկված էին դալուկ լույս արձակող ծաղիկներով: Դրանք լուսարձակում էին իրենց ուրույն ձևով, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ սարսափելի, ծնված ասես մղձավանջից, և թույլ, բայց գերեզմանային նեխահոտ էին տարածում: Կամուրջը տանում էր մարգագետնից մարգագետին. մուտքը հսկում էին քարից վարպետորեն քանդակված անհայտ հրեշների արձաններ՝ կես գազան, կես մարդ, սարսափելի իրենց անբնականությամբ: Ջուրը հոսում էր անաղմուկ՝ պարուրելով կամուրջը սպիտակ գոլորշով, բայց գոլորշին չէր այրում, այլ ընդհակառակը, մահացու սառնություն էր տարածում:
 
Հողը փախավ Ֆրոդոյի ոտքերի տակից, հոբիթի միտքը խավարեց: հանկարծ, ասես ինչ-որ մեկը հրեց նրան, նա նետվեց դեպի կամուրջը՝ ձեռքերով որսալով օդը: Հոբիթի գլուխն անօգնական տարուբերվում էր: Սեմն ու Գոլլումը նետվեցին նրա հետևից: Սեմը հետևից հասնելով բռնեց տիրոջը հենց այն պահին, երբ վերջինս սայթաքեց և քիչ էր մնում ընկներ կամրջի շեմին:
 
— Ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ,— շշնջաց Գոլլումը, բայց նրա ձայնը լռության մեջ սուլոցից էլ բարձր հնչեց: Գոլլումը սարսափահար ընկավ գետնին և կծկվեց:
 
— Պարո՛ն Ֆրոդո,— շունչ քաշեց Սեմը հենց տիրոջ ականջի մեջ,— վերադարձե՛ք: Հե՛տ դարձեք, այնտեղ չի՛ կարելի, Գոլլումն ասում է որ մենք մյուս կողմ պիտի գնանք: Այս անգամ նույնիսկ ես նրա հետ համաձայն եմ:
 
Ֆրոդոն ձեռքով շփեց ճակատը և հայացքը դանդաղ հեռացրեց ամրոցից: Լուսարձակող ամրոցը ձգում էր նրան դեպի իրեն, և նա դժվարությամբ էր զսպում աղոտ շողացող ճանապարհով դեպի դարպասը նետվելու անհագ ցանկությունը: Վերջապես վերջին ջանքերը գործադրելով նա շրջվեց, բայց Մատանին չհնազանդվեց՝ ծանրորեն ձգելով Ֆրոդոյի վզից կախված շղթան ու քաշելով նրան դեպի կամուրջը: Երբ հոբիթը շրջվեց, նա ասես մի ակնթարթ կուրացավ, աչքերի առջև անթափանց խավար տիրեց: Գոլլումը վախեցած գազանի պես գետնին կպած սողալով հեռանում էր, և արդեն գրեթե կորել մթության մեջ: Սեմն օգնելով և ուղղորդելով սայթաքող տիրոջը, շտապեց նրա հետևից: Գետի ափից ոչ հեռու ժայռի մեջ խոռոչ էր սևին տալիս. Գոլլումը սուզվեց դրա մեջ: Սեմը, գնալով նրա հետևից, հայտնաբերեց որ մյուս կողմում նեղ արահետ է սկսվում: Ճանապարհի մոտ այն նույնպես լուսարձակում էր, բայց, անցնելով մեռելային ծաղիկներով մարգագետինները, այն կամաց սևանալով ոլորապտույտ բարձրանում էր հովտի հյուսիսային լանջը: Հոբիթները բարձրանում էին միասին. Գոլլումը կորչում էր առջևում և երբեմն վերադառնում, որպեսզի շտապեցնի նրանց: Նրա աչքերը վառվում էին դժգույն-կանաչ կրակով՝ գուցե արտացոլում էին Մինաս Մորգուլի մեռելային լույսը, կամ գուցե ի պատասխան Մորգուլին բռնկվել էին սեփական ահարկու կրակով: Ֆրոդոն ու Սեմը իրենց շարունակ երկակի նշանառության տակ էին զգում. առջևում Գոլլումի ահարկու հայացքն էր, իսկ երբ վախվորած հետ էին նայում, տեսնում էին աշտարակի դատարկ պատուհանները, որոնք, թվում էր, անքթիթ և ուշադիր հետևում են:
 
Այդպես բարձրանում էին նրանք դանդաղ ու դժվարությամբ, և միայն այն ժամանակ, երբ նեխած գոլորշիները մնացին հեռու ներքևում, շնչելը հեշտացավ և աչքերի առաջ պարզվեց: Բայց հիմա էլ ձեռքերն ու ոտքերն էին նվվում անասելի հոգնածությունից, ասես հոբիթները ծանր բեռի տակ կքված ամբողջ գիշեր քայլել էին, կամ թիավարել հոսանքին հակառակ: Ճանապարհը շարունակելու ուժ չկար. ստիպված եղան կանգ առնել և հանգստանալ:
 
Ֆրոդոն առաջինը կանգ առավ և անուժ փռվեց քարերին: Նրանք գտնվում էին լերկ ժայռի կատարին: Այդտեղից արահետը շարունակվում էր անդունդի վրա կախված քիվի վրայով, շրջանցում հովիտը և, կտրուկ բարձրանալով գրեթե ուղղաձիգ լանջն ի վեր, կորչում խավարում:
Վստահելի
1342
edits