Changes
/* Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները */
Եվ դժվարությամբ ոտքի կանգնեց:
Բայց արդեն ուշ էր: Ժայռը ոտքերի տակ ցնցվեց: Հզոր դղրդյունը, շատ ավելի հզոր, քան նրանք լսել էին առաջ, տարածվեց ստորգետնյա խորքերում և արձագանքեց լեռներում: Հանկարծ հյուսիս-արևելքում երկինքը լուսավորվեց կուրացուցիչ կրակե բռնկումից, և ցածր ամպերը բոսորագույն ներկվեցին: Այդ քարացած, մեռելային սառը լույսով ողողված հովտում կարմիր բռնկումը հրեշավոր դաժան ու կուրացուցիչ թվաց: Գորգորոթի բարձրավանդակի լեռների քարե ատամնավոր գագաթները սև շեղբերի պես մխրճվեցին արյունաթաթախ երկնքի մեջ: Որոտաց ամպրոպը:
Եվ Մինաս Մորգուլը պարտքի տակ չմնացպատասխանեց: Աշտարակից ու մոտակա բլուրներից երկինք խոյացան մեռելային-կանաչ կայծակներ և կապույտ կրակի ճյուղավորված նիզակներ: Հողը տնքաց: Ամրոցից, ասես ամպրոպին ի պատասխան, վայրի ոռնոց լսվեց: Այդ ոռնոցը, խառնվելով սուր, գիշակեր թռչունների ծղրտոցներ հիշեցնող աղմուկին և կատաղությունից ու սարսափից խելակորույս ձիերի զիլ խրխնջոցին, սառեցրեց արյունը երակներում, բայց ամեն ինչ խլացրեց ականջ ծակող սահմռկեցնող զիլ ճիչը, որը գնալով դարձավ ավելի ու ավելի ծակող, մինչև որ հասավ լսելիության ամենավերին սահմանագծին: Հոբիթները ջղաձգորեն փռվեցին գետնին ու ձեռքերով փակեցին ականջները: Ճիչը փոխարինվեց երկար, չարագույժ կաղկանձով՝ և հանկարծ կտրվեց: Ֆրոդոն դանդաղ բարձրացրեց գլուխը: Նեղ հովտի մյուս ծայրում գրեթե աչքերի մակարդակին սպիտակին էին տալիս մահաբեր ամրոցի պարիսպները, բայց այժմ ամրոցի դարպասը՝ հրեշավոր, ֆոսֆորափայլ ատամներով երախը, լայն բացված էր: Այնտեղից զորք էր դուրս գալիս:
Զինվորները բոլորը սև զրահներով էին՝ սև, ինչպես գիշերը: Աղոտ լուսարձակող պատերի ու ճանապարհի ֆոնին նրանք հրաշալի երևում էին՝ շարք առ շարք, արագ ու անաղմուկ դուրս էին հորդում դարպասից, և թվում էր, որ վերջ չի լինի նրանց: Առջևից ընթանում էր հեծելազորը, որը գլխավորում էր սևազգեստ մի հեծյալ. նա զգալիորեն բարձրահասակ էր բոլորից: Հեծյալի գլխին, գլխանոցով կիսաքողարկված, մահացու փայլով առկայծում էր թագանման սաղավարտը: Ահա հեծյալը մոտեցավ կամրջին... Ֆրոդոն կախարդված նայում էր՝ չկարողանալով ո՛չ աչքերը թարթել, ո՛չ հայացքը հեռացնել: Չէ՞ որ դա Ինը Մատանեկիրների գլխավորն էր: Մի՞թե նա վերադարձել է երկիր, որպեսզի ճակատամարտի տանի իր զարհուրելի զորքին: Այո, այդ նա էր՝ սարսափազդու, չորացած, մեռած թագավորը, որի ցառցե ձեռքը մի ժամանակ Ֆրոդոյի ուսն էր խրել մահացու դաշույնը: Հին վերքը ցավից բաբախեց, սիրտը լցվեց անտանելի սառցե սառնությամբ:
Եվ մինչդեռ Ֆրոդոն փայտացած, վախից քարացած կանգնած էր, Հեծյալը, հասնելով կամրջին, հանկարծ կանգ առավ: Կանգ առավ նաև զորքը: Մեռյալ լռություն տիրեց: Մի՞թե Ուրվական Արքան լսեց Մատանու կանչը: Գուցե նա վարանեց այն պատճառով, որ այլ զորություն զգաց իր հովտու՞մ: Վախով պսակված սև գլուխը անտեսանելի աչքերով ծակելով խավարը թեքվեց մի կողմ, ապա՝ մյուս: Ֆրոդոն քարացել էր, ինչպես օձի հայացքից հմայված թռչունը: Նրա ականջներում համառորեն, քան երբևէ, հնչում էր հրամանը՝ հագնել Մատանին: Բայց այս անգամ նա բոլորովին չէր ուզում հնազանդվել: Գիտեր, որ Մատանին միայն իրեն կմատնի. նաև գիտեր, որ նույնիսկ եթե Մատանին հագնի մատին՝ ինքն այդքան ուժ չունի Մորգուլի տիրակալի դեմ պայքարելու՝ դեռևս չունի: Մահացու վախը շղթայել էր Ֆրոդոյի կամքը, բայց, միևնույնն է, հոբիթը չէր արձագանքում ուրվականի հրամանին: Նա միայն զգում էր, որ հզոր, օտար ուժը ճնշում է իրեն, տիրում է իր ձեռքին, և ինքը, փայտացած, ասես այդ ամենն իր հետ չի կատարվում, առանց տեսնելու զգում է, որ իր ձեռքը, այլ կամքով առաջնորդվելով, սողում է դեպի շղթան, որից կախված է Մատանին: Բայց այդ պահին արթնացավ նրա սեփական կամքը՝ և ստիպեց ձեռքին հնազանդվել: Մատանու փոխարեն մատներն ինչ-որ կարծր, սառը բան սեղմեցին՝ Գալադրիելի բյուրեղապակե անոթը, որը նա մշտապես պահում էր սրտի մոտ և գրեթե մոռացել էր դրա գոյության մասին: Հենց որ ձեռքը դիպավ անոթին, Մատանին հագնելու ցանկությունն ակնթարթորեն չքացավ, ասես չէր էլ եղել: Ֆրոդոն շունչը տեղը բերեց և ուժասպառ գլուխը կախեց կրծքին:
Նույն ակնթարթին Ուրվական Արքան շրջվեց, խթանեց ձիուն անցավ կամուրջը: Զորքը Սև զորաբանակը շարժվեց նրա հետևից: Հնարավոր է, էլֆական թիկնոցը պաշտպանեց նրա անտեսանելի հայացքից, կամ գուցե փոքրիկ թշնամու կամքը, անհայտ աջակցություն ստանալով, կարողացավ կարողացավ շեղել Նազգուլի միտքը: Բայց նա նաև շտապում էր: Ժամը եկել էր. Կախարդ արքան, հետևելով իր ամենազոր տիրակալի հրամանին, առաջնորդում էր զորաբանակը դեպի արևմուտք:
Շուտով նրա ահարկու սև ստվերը կորավ ճանապարհը պարուրող խավարի մեջ, իսկ սև շարքերը դեռ անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Իսիլդուրի իշխանության տարիներից այս կողմ դեռևս այդպիսի հսկայական զորաբանակ չէր դուրս եկել այդ հովտից, այդպիսի սարսափելի ու ահեղ զորագնդեր երբևէ չէին անցել Անդուինը: Եվ այնուամենայնիվ դա միայն մեկն էր Մորդորի բազմաթիվ զորքերից, և նույնիսկ ոչ ամենամեծը:
Ֆրոդոն սթափվեց ու շարժվեց: Եվ հանկարծ հիշեց Ֆարամիրին:
«Ահա և փոթորիկն սկսվեց,— մտածեց նա: — Պողպատե ամպը սլանում է դեպի Օսգիլիաթ: Կհասցնի՞ արդյոք Ֆարամիրը ժամանակին անցնել Գետը: Նա կռահում էր, որ ճակատագրական ժամը հեռու չէ, բայց արդյո՞ք անակնկալի չեն բերի նրան: Գոնդորցիները կկարողանա՞ն արդյոք գետանցոււմները պաշպանել, երբ Ուրվական Արքան ինքն է մոտենում դրանց: Չէ որ դա Մորդարի միակ զորաբանակը չէ: Դրան կհետևեն մյուսները... Ես ուշացա, ամեն ինչ կորած է: Չպետք է դանդաղեի ճանապարհին: Նույնիսկ եթե հաջողվի իրականացնել այն, ինչի համար ինձ այստեղ են ուղարկել, միևնույնն է, ոչ ոք այդ մասին երբևէ չի իմանա: Ամեն ինչ իզուր է»:
Նա նստել էր վշտից ուժասպառ, և դեմքի վրայով հոսում էին արցունքները, իսկ Մորդորյան հրոսակները անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Հանկարծ ինչ-որ հեռու տեղից, ասես Հոբիթստանում արևոտ առավոտյան, երբ արդեն ժամն է արթնանալու և բացվում են դռները, լսվեց Սեմի ձայնը.
Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, արթնացե՛ք:
Եթե նա ավելացներ. «Նախաճաշը սառչում է», Ֆրոդոն բոլորովին չէր զարմանա: Բայց Սեմն այլ բան էր ուզում ասել:
— Արթնացեք, տեր իմ,— կրկնեց նա: — Նրանք անցան:
Մինաս Մորգուկի դարպասը շառաչելով փակվեց: Վերջին նիզակներն անհետացան խավարում: Աշտարակն առաջվա պես սպառնալի հսկում էր հովիտը, բայց աչքի առաջ խամրում էր՝ լույսերը գնալով մարում էին և ամրոցը կրկին պարուրվում էր մռայլ խավարով: Կրկին տիրեց նախկին լռությունը, որը, սակայն, աչալուրջ էր. առաջվա պես բոլոր սև խոռոչներից նայում էին անքուն աչքերը:
— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, նրանք հեռացան: Եվ մենք էլ լավ կլինի շարժվենք տեղից: Էստեղ դեռ ոմանք մնացել են, աչքերով ոմանք, եթե, իհարկե, դրանք աչքերով են տեսնում, հասկանու՞մ եք: Որքան երկար էստեղ մնանք, էնքան արագ մեզ կգտնեն: Գնանք, պարոն Ֆրոդո, հեռանանք էստեղից:
Ֆրոդոն նայեց Սեմին և վեր կացավ: Հույսը չէր վերադարձել, բայց թուլությունն անցել էր: Նա նույնիսկ մռայլ ժպտաց. չնայած ամեն ինչին, հանկարծ հասկացավ, որ պետք է վերջին ջանքերը գործադրի և կատարի իր պարտքը, իսկ կիմանան այդ մասին Ֆարամիրը, Արագորնը, Էլրոնդը, Գալադրիելը կամ Գենդալֆը՝ դա արդեն իրեն չի վերաբերվում: Նա մի ձեռքում բռնել էր ցուպը, մյուս ձեռքում՝ լուսարձակող անոթը: Նկատելով, որ մատների արանքից լույս է թափանցում, նա կրկին թաքցրեց անոթը կրծքի տակ և թիկունքով շրջվեց դեպի Մորգուլյան ամրոցը, հազիվ նկատելի, գորշ ու խավարած: Նա պատրաստ էր շարունակել ճանապարհը:
Երևում է Գոլլումը լքել էր հոբիթներին ու թաքնվել խավարում՝ տեսնելով, որ Մինաս Մորգուլի դարպասը բացվում է: Այժմ, երբ ամեն ինչ վերջացավ, նա սողալով հետ վերադարձավ. ձեռքերը դողում էին, ատամները՝ չխկչխկում:
— Հիմարնե՛ր, տխմարնե՛ր,— ֆշշացրեց նա,— չի՛ կարելի հապաղել: Թող նրանք չմտածեն, թե պրծան: Վտանգը չի հեռացել, շտապե՛ք:
Հոբիթներն առանց պատասխանելու նրա հետևից բարձրացան անդունդի եզրով ձգվող կտրուկ արահետով: Այդ վերելքը սարսափելի էր ու չափազանց դժվար նույնիսկ քիչ առաջ կրած սարսափներից հետո, բայց, բարեբախտաբար, այն կարճ տևեց: Արահետը շրջանցեց անդունդը, և հանկարծակի առջևում մի ճեղքվածք բացվեց: Այդպես նրանք հասան Գոլլումի խոստացած առաջին սանդուղքին: Այնպիսի մթություն էր տիրում, որ հոբիթները չէին տեսնում իրենց առաջ մեկնած ձեռքերը, միայն մի քանի ֆուտ այն կողմ աղոտ կրակով առկայծում էին Գոլլումի աչքերը:
— Զգույշ,— վերևից շշնջաց Գոլլումը,— այստեղ աստիճաններ են, շատ, շատ աստճաններ: Պետք է զգույշ լինել:
Եվ իրոք, զգուշության մասին հարկավոր էր հոգ տանել: Երկու կողմերից ձգվում էին քարե պատերը, և հոբիթները թեթևացած շունչ էին քաշում՝ մտածելով, որ գնալը հեշտացավ, բայց սանդուղքը գրեթե ոուղղաձիգ էր, և որքան վերև էին բարձրանում, այնքան ավելի էին զգուշանում թիկունքում փռված սև անդունդից: Վերևում աստիճանները նեղ էին ու անհարթ, մաշված էին ու սայթաքուն, իսկ երբեմն էլ պարզապես փշրվում էին ոտքերի տակ: Հոբիթները համառորեն բարձրանում էին վեր՝ հուսահատ կառչելով վերևի աստիճաններից ընդդարմացած ձեռքերով ու ստիպում նվվացող ծնկներին ծալվել և ուղղվել, իսկ սանդուղքը գնալով ավելի խորն էր մխրճվում լեռան մեջ, և ավելի ու ավելի էին բարձրանում պատերը գլխավերևում:
Ի վերջո, երբ ուժերը վերջնականապես սպառվեցին, և հոբիթները արդեն պատրաստ էին հանձնվել, վերևում կրկին առկայծեցին Գոլլումի աչքերը:
— Բարձրացանք,— շշնջաց նա: — Առաջին սանդուղքը վերջացավ: Բավականին բարձր մագլցեցին խելացի հոբիթները: Մի քանի աստիճան էլ՝ ու վերջ: Օ՛ այո:
Սայթաքելով ու ծանր շնչելով, Սեմը, իսկ նրա հետևից էլ Ֆրոդոն սողալով հասան վերջին աստիճանին ու նստեցին վրան՝ ձեռքերով շփելով ծնկներն ու սրունքները: Առջևում մութ անցում էր սկսվում, որը նույնպես վերև էր տանում, բայց այն զգալիորեն ավելի հարթ էր ու առանց աստիճանների:
Գոլլումը թույլ չտվեց հոբիթներին երկար հանգստանալ: