Changes
/* Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները */
— Նա ասաց. «Չխմեք Իմլադ Մորգուլից հոսող ջուրը»,— առարկեց Ֆրոդոն,— իսկ մենք արդեն դուրս ենք եկել հովտի գլուխը, ու եթե առվակ հանդիպենք, ապա խնդրեմ:
— Մեկ է, եթե էդպիսի առվակ գտնվեր, ես չէի համարձակվի էնտեղից ջուր խմել,— ասաց Սեմը: — Դե, եթե միայն ծարավից մեռնելուց լինեմ: Դուրս չի գալիս էս տեղերը: — Նա հոտոտեց օդը: — Տարօրինակ հոտ է գալիս, զգու՞մ եք: Ծանր հոտ է ինչ-որ: Էհ, դուրս չի գալիս էստեղ:
— Ինձ այստեղ ոչինչ դուր չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: — Ո՛չ ժայռերը, ո՛չ հողը, ո՛չ ջուրը, ո՛չ էլ օդը: Այստեղ ամեն ինչ պղծված է, անիծված: Բայց ինչ կարող ես անել, մեր ճամփան այստեղով է գնում:
— Էդ մեկը ճիշտ է,— գլխով արեց Սեմը: — Նախօրոք իմանայինք ուր ենք գնում, հիմա դժվար թե էստեղ նստած լինեինք: Բայց երևի միշտ էլ էդպես է լինում: Վերցնենք բոլոր մեծ գործերը, որոնց մասին խոսվում է հին հեքիաթներում ու ասքերում՝ դե, արկածները, էդպես եմ ես դրանք անվանում: Առաջ մտածում էի որ բոլոր հայտնի հերոսներն իրենք են իրենց գլխին արկածներ բերում, ման են գալիս ու փնտրում՝ չկա՞ արդյոք որևէ տեղ որևէ արկած: Դե նրանք սովորական ժողովուրդ չեն, իսկ կյանքը ձանձրալի է, ահա և ճամփա են ընկնում իրենց գլխին արկածներ փնտրելու՝ հենց էնպես, հաճույքի համար: Բայց հիմա երկար մտածեցի ու հասկացա, որ էն հեքիաթներում, դե, որ ամենալավն են, որ իսկականից մինչև հոգուդ խորքը մտնում են, իրականում էդպես չէ: Էսպես որ նայում ես, հա, իբր հեքիաթային մարդիկ ուղղակի վերցրել ու գնացել են էդ ճամփով, ոնց որ դուք ասացիք. մեր ճամփան էլ էստեղով է գնում: Բայց ես մտածում եմ, որ նրանք շատ անգամ կարող էին հրաժարվել ու թողնել գնալ տուն, ինչպես և մենք, բայց ոչ ոք չի նահանջել: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ նահանջել է՝ նրանց մասին մենք ոչինչ չգիտենք, որովհետև հեքիաթները նրանց մասին չեն: Հեքիաթները պատմում են մենակ նրանց մասին, ովքեր չեն նահանջել ու հայտնվել են ոչ էնտեղ, որտեղ կուզենային հայտնվել: Ու պետք է ասեմ, որ ոչ բոլորն են երջանիկ ավարտել: Համենայն դեպս որ էդ հերոսներին հարցնես, էդպես չեն ասի, որ ամեն ինչ լավ է: Թեկուզ հենց ծեր պարոն Բիլբոն. վերադարձավ տուն, սկսեց ապրել իր համար, նայում ես՝ ամեն ինչ լավ է, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ փոխվել է, էլ էն չէ, հասկանու՞մ եք: Բայց, իհարկե, ավելի լավ է հենց էդպիսի լավ ավարտով հեքիաթի մեջ ընկնել, թեև կարող է պատահել, որ դա հեքիաթներից ամենալավը չէ: Իսկ մենք, հետաքրքիր է, ի՞նչ հեքիաթի մեջ ենք ընկել:
— Այո, հետաքրքիր է,— համաձայնեց Ֆրոդոն: — Բայց ես դա չգիտեմ: Իսկական հեքիաթում, երևի, այդպես էլ լինում է: Վերցրու յուրաքանչյուր ասք, որ սիրում ես: Դու, հնարավոր է, գիտես կամ կռահում ես, ինչով այն կվերջանա, բայց հերոսները հո չգիտեն: Եվ դու չես էլ ուզում, որ նրանք իմանան:
— Իհարկե, տեր իմ, չես ուզում: Թեկուզ հենց Բերենը. նա մտքով էլ չէր անցկացնում, որ իրեն վիճակված է հասնել Թանգորոդրիմ ու պոկել Սիլմարիլը Երկաթե Թագի վրայից, բայց՝ արեց: Ու էն էլ ասեմ, որ էնտեղ հազարապատիկ ավելի սարսափելի էր, քան էստեղ: Բայց նրա մասին հեքիաթը երկար-երկար է, էնտեղ և՛ ուրախություն կա, և՛ տխրություն, իսկ վերջում, նայում ես, ոչ մեկը, ոչ մյուսը... Իսկ Սիրմարիլը վերջ ի վերջո Էարենդիլիլը ստացավ: Իսկ հետո... Օհ, տեր իմ, ախր ես էդ մասին ո՛չ մի անգամ չէի մտածել. չէ՞ որ էդ Սիրմարիլի մի մասնիկն էլ մեզ մոտ է, էդ բյուրեղապակե անոթում, որ տիրուհին է ձեզ տվել... Ահա՛ քեզ խնդրեմ, մենք, պարզվում է, էդ նույն հեքիաթում ենք, ու այն շարունակվում է: Փաստորեն էդ բոլոր հեքիաթները երբեք չե՞ն ավարտվում:
— Այո, Սեմ, չեն ավարտվում,— պատասխանեց Ֆրոդոն: — Միայն հերոսներն են փողվում. գալիս են, ավարտում իրենց գործը, գնում, իսկ հեքիաթը շարունակվում է: Մեր պատմությունն էլ վաղ թե ուշ կավարտվի:
— Ու էդ ժամանակ կկարողանանք հանգստանալ ու քնել,— ասաց Սեմն ու մռայլ ծիծաղեց: — Ախր լուրջ եմ ասում, տեր իմ. քնել, հանգստանալ, իսկ հետո վեր կենալ ու գնալ այգում աշխատելու: Ինձ, իրականում հենց էդ է մենակ պետք, իսկ հերոսություն անել՝ էդ թող ուրիշներն անեն, ես ուր, հերոսությունն ուր: Իսկ ընդհանրապես հետաքրքիր է, մենք հեքիաթի կամ երգի մեջ կհայտնվե՞նք: Դե, արդեն ընկել ենք, էդ պարզ է, ուրիշ բան նկատի ունեմ. էն որ երեկոները բուխարում մոտ նստած պատմում են: Գուցե մեր մասին է՞լ պատմեն, կամ շատ-շատ տարիներ հետո մեծ, հաստ, կարմիր ու սև տառերով գրքից կարդա՞ն: Հայրը կասի. «Իսկ հիմա եկեք լսենք Պահապան Ֆրոդոյի ու Մատանու պատմությունը» Եվ երեխաները կուրախանան. «Օ՜հ, այո, դա մեր ամենասիրած պատմություններից մեկն է: Իսկ Ֆրոդոն շատ քաջ էր, չէ՞, հայրիկ»: — «Այո, տղաս, Ֆրոդոն Հոբիթստանի պատմության մեջ ամենահաճանաչված հոբիթն է եղել, իսկ դա հանա՛ք բան չէ»:
— Հաստա՛տ հանաք բան չէ,— ամբողջ սրտով ուրախ ու զրնգուն ծիծաղեց Ֆրոդոն: Շա՜տ-շատ վաղուցվանից այդպիսի զրնգուն ծիծաղ չէր լսվել այս կողմերում, համենայն դեպս Մինչև Միջերկրում Սաուրոնի հայտնվելը: Սեմին հանկարծ թվաց, որ քարերն ուշադիր լսում են, իսկ ժայռերը շարժվում ու կռանում են իրենց վրա: Բայց Ֆրոդոն ոչինչ չէր նկատում և շարունակում էր ծիծաղել:
— Ախ, Սեմ,— արցունքները մաքրելով ասաց նա,— լսում եմ քեզ ու այնպես եմ ուրախանում, ասես մեր մասին արդեն գրել են գրքում: Բայց դու մոռացար մյուս գլխավոր հերոսի՝ Սեմուայս Անկոտրումի մասին: «Հայրիկ, ես Սեմի մասին էլ եմ ուզում լսել: Ինչու՞ նրա մասին չես պատմում, ես սիրում եմ նրա զրույցները, դրանք այնքան ծիծաղելի են... Ֆրոդոն առանց Սեմի հեռու չէր գնա, չէ՞, հայրիկ»:
— Էհ, տեր իմ,— նեղացավ Սեմը,— ես լուրջ եմ բան եմ ասում, իսկ դուք վրաս ծիծաղում եք:
— Ես էլ եմ լուրջ ասում,— առարկեց Ֆրոդոն,— ավելի լուրջ չի լինում: Միայն թե մեր հեքիաթը դեռ չի վերջացել, Սեմ, մենք հասել ենք ամենամռայլ գլխին: Ամենայն հավանականությամբ կգտնվեն այնպիսինները, որ կասեն. «Հայրիկ, գիրքը փակիր, էլ մի կարդա, շարունակությունը չենք ուզում լսել»:
— Հնարավոր է,— ասաց Սեմը,— բայց ես նրանց փոխարեն էդպես չէի ասի: Երբ ամեն ինչ արդեն գրված է, ու հեքիաթը պատրաստ է, էնտեղ թեկուզ Գոլլումին ավելացրու, ինչ-որ մեկին նա էլ լավը կթվա: Ախր նա մեր կողքին է անընդհատ, ոչ թե նրանց... Չէ՞ որ նա էլ է սիրել մի ժամանակ հեքիաթներ լսել՝ եթե իրեն հավատանք: Հետաքրքիր է, նա իրեն հերո՞ս է համարում, թե՞ չարագործ: Հե՛յ, Գոլլում,— կանչեց նա,— ուզու՞մ ես հերոս լինել... Էս ու՞ր նորից կորավ:
Ո՛չ ելքի մոտ, ո՛չ էլ մոտակայքում Գոլլումը չէր երևում: Ուտելուն նա չմասնակցեց, միայն, ինչպես միշտ, մի քիչ ջուր խմեց ու կծկվեց, որ քնի: Առաջ երբ կորչում էր, հոբիթները չէին անհանգստանում, մտածում էին որ գնում է որս անելու: Եվ ահա նորից է կորել, բայց հիմա՞ ուր է գնացել:
— Ինձ դուր չի գալիս, որ նա էսպես, առանց մի խոսք ասելու կորչում է,— մռայլվեց Սեմը: — Արի ու հասկացիր, թե ինչ կա մտքին: Մանավանդ հիմա, ախր էստեղ ուտելու բան չկա, ի՞նչ պետք է նա գտնի: Համեղ քա՞ր: Էստեղ նույնիսկ մամուռ չի աճում:
— Հանգիստ թող նրան,— ասաց Ֆրոդոն: — Քեզ համար ի՞նչ տարբերություն: Առանց նրա մենք այսքան հեռու չէինք գնա ու անցումն էլ երբեք չէինք գտնի: Ինչպես որ կա, Էնպես էլ ընդունիր՝ եթե նույնիսկ երկակի խաղ է խաղում, ոչինչ չենք կարող անել:
— Ճիշտ եք ասում, բայց ես ավելի հանգիստ եմ, երբ նա աչքիս առաջ է,— չէր հանգստանում Սեմը: — Մանավանդ, եթե երկակի խաղ է խաղում: Հիշու՞մ եք, ոնց նա հրաժարվեց պատասխանել, հսկու՞մ են անցումը, թե՞ ոչ: Եվ ահա խնդրեմ, հրեն աշտարակը: Հնարավոր է դատարկ է, հնարավոր է և ոչ: Գուցե նա նրանց մո՞տ է գնացել. դե նրանց, ովքեր աշտարակում նստած են, օրքերի, կամ չգիտեմ էլ ում...
— Չէ, չեմ կարծում,— ասաց Ֆրոդոն,— եթե նույնիսկ մտքին վատ բան կա՝ և երևում է, այդպես էլ կա, դու, միևնույնն է, սխալվում ես: Ո՛չ օրքերին, ո՛չ էլ Սաուրոնի մյուս սպասավորներին նա չի բերի: Այլապես ինչու՞ պետք է նա այսքան երկար սպասեր, բերեր հասցներ այստեղ, մանավանդ որ այդքան վախենում է այս երկրից: Հարյուր անգամ կարող էր մեզ մատնել մեր հանդիպելու պահից սկսած... Ոչ, եթե ինչ-որ բան էլ մտածել է, ապա հույսը դրել է իր վրա ու կանի իր ձևով՝ սուսիկ փուսիկ:
— Դե լավ, երևի դուք ճիշտ եք, տեր իմ,— ասաց Սեմը: — Բայց եթե էդպես է, դրա մեջ ուրախանալու բան չկա: