Changes
/* Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները */
— Չէ, չեմ կարծում,— ասաց Ֆրոդոն,— եթե նույնիսկ մտքին վատ բան կա՝ և երևում է, այդպես էլ կա, դու, միևնույնն է, սխալվում ես: Ո՛չ օրքերին, ո՛չ էլ Սաուրոնի մյուս սպասավորներին նա չի բերի: Այլապես ինչու՞ պետք է նա այսքան երկար սպասեր, բերեր հասցներ այստեղ, մանավանդ որ այդքան վախենում է այս երկրից: Հարյուր անգամ կարող էր մեզ մատնել մեր հանդիպելու պահից սկսած... Ոչ, եթե ինչ-որ բան էլ մտածել է, ապա հույսը դրել է իր վրա ու կանի իր ձևով՝ սուսիկ փուսիկ:
— Դե լավ, երևի դուք ճիշտ եք, տեր իմ,— ասաց Սեմը: — Բայց եթե էդպես է, դրա մեջ ուրախանալու բան չկա: Նա ինձ, չեմ կասկածում, փտած փորոտիքի համար էլ կմատնի օրքերին: Բայց ես ախր մոռացել եմ. Բա Սքանչելի՛ն: Չէ, հենց սկզբից էլ նրա ճակատին գրված էր. «Տվեք Սքանչելին խեղճ Սմեագորլին»: Ու եթե մտքում մի բան կա, ապա հաստատ էդ ուղղությամբ: Բայց ինչու՞ նա մեզ էստեղ բերեց: Չէ, ավելի պարզ հարց տվեք, Էդ մեկը չգիտեմ: — Դե նա, երևի, ինքն էլ չգիտի ինչու,— ասաց Ֆրոդոն: — Գլխում այնպիսի խառնաշփոթ է, որ դժվար թե այնտեղ ինչ-որ հստակ պլան հասունանա: Կարծում եմ, նրա գլուխը հիմնականում զբաղված է իր Սքանչելին Թշնամուց փրկելու մտքերով, պահպանում է այն, քանի դեռ կարողանում է: Եթե Թշնամին ստանա Մատանին, Գոլլումի համար ամեն ինչ կվերջանա: Մյուս կողմից էլ ժամանակ է ձգում ու սպասում հարմար պահի: — Դե ես էդպես էլ ասում էի՝ Լպրծունն ու Գարշելին,— գլխով արեց Սեմը: — Ինչքան մոտենում ենք թշնամական հողերին, էնքան Գարշելին ավելի է գլուխ բարձրացնում: Հիշեք իմ խոսքը. հենց որ հասնենք անցումին, նա իր Սքանչելին էդտեղից էն կողմ էդպես հանգիստ բաց չի թողնի, անպայման ինչ-որ մի բան կհնարի: — Անցումին դեռ պետք է հասնել,— նկատեց Ֆրոդոն: