Changes
— Ես վաղուց արդեն քեզ եմ սպասում,— ասաց նա։— Կեր մինչև Գայլի երգը երգելը։
<nowiki>* * *</nowiki>
Հենց որ նրանք պառկեցին՝ յուրաքանչյուրը եղևնու ճյուղերից սարքած իր փռոցի վրա, Ռոնին փորձեց Բիրկի համար երգել Գայլի երգը։ Բայց երբ հիշեց, ինչպես էր Լովիսան սովորաբար երգում իր ու Մատիսի համար այն երջանիկ ժամանակ, երբ ամրոցում ամեն բան դեռ հին ձևով էր, նրան այնպիսի թախիծ համակեց, որ ձայնը կտրվեց։
Եվ Բիրկն էլ արդեն համարյա քնել էր։ Ռոնիին սպասելով, նա ամբողջ օրը քարանձավը մաքրել էր արջերի թողած կեղտից, որոնք այնտեղ քնած անցկացրել էին ձմեռը։ Հետո անտառից չոր փայտ բերեց խարույկի համար և եղևնու թարմ ճյուղեր՝ անկողինների համար։ Մի խոսքով, ամբողջ օրն աշխատել էր առանց հանգստանալու, դրա համար էլ քունն այդպես շուտ տարավ։ Բայց Ռոնին դեռ չէր քնել։
Նա երկար ժամանակ պառկած էր բաց աչքերով, այնքան էլ ուրախ չէր, ինչպես սպասում էր։ Բայց քարանձավի մուտքից նա տեսնում էր գարնանային լուսավոր երկինքը և լսում էր ինչպես էր գետը աղմկում այնտեղ՝ ներքևում, իր քարե հունի մեջ, և դրանից թեթևացավ։
«Նույն երկինքն է, ինչ մեր ամրոցի վերևում,— մտածում էր նա,— և նույն գետն է աղմկում, ոնց որ տանը»։
Եվ Ռոնին էլ քնեց։
Նրանք արթնացան, երբ արևը բարձրանում էր գետի վրա։ Հրե գնդի նման նա դուրս էր լողում առավոտվա թանձր մշուշի միջից և, ասես հրդեհ, մոտիկ ու հեռու անտառները լուսավորում էր կարմիր հրացոլքով։
— Այնպես եմ սառել, որ ատամս ատամիս վրա չի կանգնում,— ասաց Բիրկը։— Բայց լուսաբացին է ցուրտ լինում, շուտով կտաքանա։ Ես քեզ մխիթարեցի՞։
— Խարույկն ամենալավ մխիթարությունը կլիներ,— ասաց Ռոնին։
Նա էլ էր ցրտից դողում։ Բիրկը փչեց ածուխները, որոնք դեռ մլմլում էին տաք մոխիրի տակ։ Նրանք նստեցին խարույկի մոտ ու սկսեցին հաց ուտել, վրայից էլ այծի կաթ խմել, որը Ռոնին իր հետ բերել էր փայտե տափաշշով։ Երբ կաթը խմեցին վերջացրին, Ռոնին ասաց.
— Հիմա միայն աղբյուրի ջուր կխմենք։
— Այո, այստեղ չենք չաղանա,— շարունակեց Բիրկը,— բայց դրանից չեն մեռնում։
Նրանք իրար նայեցին ու ծիծաղեցին։ Կյանքը Արջի քարանձավում հեշտ չի լինի, բայց դա նրանց բոլորովին չէր վախեցնում։ Ռոնին արդեն մոռացել էր, որ գիշերը անվերջ տխրել է։ Նրանք կերան ու տաքացան, ու առավոտն էլ չափազանց պարզ էր, և նրանք թռչունների նման ազատ էին։ Միայն այժմ այդ հասկացան ինչպես պետքն է։ Ամենը, ինչ նրանց ճնշում ու ընկճում էր, մնացել էր ետևում, և առանց պայմանավորվելու, որոշեցին այդ մասին չմտածել ու չհիշել։
— Ռոնի,— ասաց Բիրկը։— Հասկանո՞ւմ ես ինչ ազատ ենք մենք։ Այնպես ազատ ենք, որ ուզում եմ ծիծաղել։
— Ըհը՛, և այս ամենը մեր թագավորությունն է,— ասաց Ռոնին։— Ոչ ոք չի կարող մեզնից խլել կամ քշել մեզ այստեղից։
Նրանք նստել էին կրակի մոտ, քանի դեռ արևը բարձրանում էր, իսկ ներքևում, ժայռի ստորոտին աղմկում էր գետը, և արթնանում էր անտառը։ Ծառերի կատարները կամացուկ դողդողում էին առավոտյան քամուց, ինչ֊որ տեղ կանչում էր կկուն, կողքը փայտփորիկը թխկթխկացնում էր մայրու բնին, իսկ որմզդեղնի ընտանիքը եկել էր ջուր խմելու։ Ռոնիին ու Բիրկին թվում էր, թե իրենց են պատկանում և՛ գետը, և՛ անտառը, և՛ ամեն, ամեն բան, ինչ այնտեղ ապրում է։
— Ականջներդ փակի՛ր, Բիրկ,— հանկարծ ասաց Ռոնին։— Որովհետև ես հիմա կբղավեմ։ Դա կլինի իմ գարնանային ճիչը։
Եվ նա բղավեց այնպես բարձր, որ արձագանքը գլորվեց բոլոր լեռներով ու հովիտներով։
— Գիտե՞ս, Ռոնի, ինչի մասին եմ հիմա մտածում։ Պետք է շուտ այստեղ բերեմ իմ արբալետը, քանի դեռ քո բղավոցի վրա չեն թռել֊եկել բոլոր չարասիրտ դրուդները։
— Իսկ ինձ Մատիսը դեռ թույլ չի տվել արբալետ վերցնել,— ասաց Ռոնին։— Բայց եթե ինձ դանակ տաս, ես ինքս քեզ համար աղեղ կսարքեմ։
— Ըհը, բայց տես, չկորցնես։ Սա մեր ամենաթանկ իրն է։ Առանց դրա մենք անտառում կկորչենք։
Հետո Բիրկն անձավի մուտքի առջևի ժայռոտ հրապարակի վրա դասավորեց իր ամբողջ հարստությունը, որ դրանք ցույց տա Ռոնիին. կացին, սրաքար, կաթսայիկ, ձկնորսական պարագաներ, թռչուն որսալու թակարդ, նետեր և կարճ նիզակ, մի խոսքով, ամենաանհրաժեշտ իրերը անտառում ապրողների համար։
— Իսկ դու, պարզվում է, գիտես, որ անտառի բնակիչները իրենք են իրենց համար կեր հայթայթում և պաշտպանվում են չարասիրտ դրուդներից ու զանազան գիշատիչներից։
— Իհարկե գիտեմ,— ասաց Բիրկը։— Մենք...
Բայց խոսքը վերջացնել չհասցրեց, որովհետև Ռոնին թափով բռնեց նրա ձեռքն ու վախով շշնջաց.
— Սը՛սս։ Այնտեղ ինչ֊որ մեկը կա։ Անձավում։
Շունչները պահելով՝ նրանք ականջ դրին։ Այո, անձավի խորքում իսկապես մի բան շարժվում էր։ Բիրկը ճանկեց նիզակը։ Նրանք անշարժ կանգնել էին՝ ականջ դնելով անհասկանալի ձայներին։ Քարանձավում ինչ֊որ մեկը, ակներև, քայլում էր, և նրանք վախեցան, որովհետև չգիտեին ով է այնտեղ քայլում։ Գուցե թաքնվել էին չարասիրտ դրուդնե՞րը։ Եվ հանկարծ ամբողջ երամով միանգամից դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն բզկտել իրենց սուր ճանկերով։
— Կորե՛ք այստեղից, զզվելի արարածներ,— բղավեց Բիրկը։— Դո՛ւրս թռեք, եթե չեք վախենում այս անտառի ամենասուր նիզակից։
Բայց ոչ ոք դուրս չթռավ։ Փոխարենը չար ֆշշոց լսվեց։
— Մ֊մարդիկ մ֊մոխրագույն թզուկների֊ի անտառում։ Բոլ֊լ֊լոր մ֊մ֊մոխրագույն թզ֊զ֊զուկներ, կծ֊ծ֊ծեք ու ծեծեք նրանց։ Կծ֊ծ֊ծեք ու ծեծեք նրանց...
Ռոնին կատաղությունից ուղղակի կորցրեց իրեն։
— Դո՛ւրս մեր անձավից։ Կորե՛ք, մոխրագույն թզուկներ... Չքվե՛ք, թե չէ ձեր գզգզված մազերը կպոկեմ։
Եվ այստեղ մոխրագույն թզուկները սարսափած, խուռներամ դուրս թափվեցին անձավից։ Նրանք չարությամբ նայում էին Ռոնիին, ծտտացնում էին լեզուներն ու ֆշշում, իսկ նա ի պատասխան ֆշշում էր նրանց վրա։ Իսկ երբ Բիրկը նիզակով սպառնաց նրանց, նրանք գլուխները ջարդելով ցած խուժեցին, կառչելով դուրս ցցված ժայռի ելուստներից, որ չգլորվեն։
— Բանը վատ է,— ասաց Ռոնին։— Հիմա ամբողջ անտառում խոսք ու զրույցը մեր մասին կլինի, այն մասին, որ մենք ապրում ենք այս քարանձավում, և ամեն մի չար դրուդ կիմանա որտեղ գտնել մեզ։
Բայց անտառում վախենալ չի կարելի, այդ բանը Ռոնիին սովորեցրել էին մանկուց։ Նրանք երկուսն էլ՝ և՛ Բիրկը, և՛ Ռոնին, գտնում էին, որ նախապես տագնապելը ուղղակի հիմարություն է։ Դրա համար էլ նրանք ամենայն հանգստությամբ անձավ տարան իրենց բոլոր մթերքները, և զենքերը, և մնացած բաները։ Հետո գնացին աղբյուրի ջուր բերելու և գետը ուռկան գցեցին։ Ափին տափակ քարեր գտան ու դրանցից անձավի մուտքի առջև իսկական օջախ շարեցին։ Միայն դրանից հետո խորացան անտառում՝ գիհի գտնելու, որ Ռոնիի համար աղեղ պատրաստեն։
— Տուր դանակը,— բացականչեց Բիրկը։— Վերջին անգամ սրեմ։
— Դանակը՞,— հարցրեց Ռոնին։— Քեզ մոտ է։
Բիրկը տարուբերեց գլուխը։
— Ոչ, դու ես վերցրել։ Ո՞ւր է...
— Ինձ մոտ դանակ չկա,— ասաց աղջիկը։— Դու, ինչ է, չե՞ս լսում։ Չկա։
— Ի՞նչ ես արել։
Ռոնին զայրացավ։
— Այդ դու ես մի տեղ գցել, ոչ թե ես։ Դո՛ւ վերջինը ձեռք տվիր։
— Ո՛չ, դո՛ւ,— ասաց Բիրկը։
Ռոնին մռայլվեց ու լուռ սկսեց փնտրել դանակը։ Նա փնտրում էր ամեն տեղ. և՛ անձավում, և՛ հրապարակում։ Դանակը ոչ մի տեղ չկար։
Բիրկը չար նայեց Ռոնիին։
— Ես քեզ զգուշացրի, առանց դանակի մենք անտառում կկորչենք։
— Նախ և առաջ,— ասաց Ռոնին,— դու պետք է այն լավ պահեիր։ Իսկ երկրորդը՝ միայն ստորներն են իրենց մեղքը ուրիշի վրա գցում։
Բիրկը սփրթնեց։
— Դե ինչ, ավազակի դուստր, հավատարիմ ես քեզ։ Մի բան չեղած՝ ճանկերդ հանում ես։ Եվ ես, չգիտես ինչու, պետք է քեզ հետ միասին ապրեմ։
— Իսկ ով է քեզ պարտադրում, Բորկայի ավազակախմբի ավազակ։ Ապրիր քո դանակի հետ, եթե կարողանաս գտնել... Իսկ ընդհանրապես, կորիր սատանայի ծոցը...
Եվ բարձր հեծկլտալով՝ դուրս թռավ անձավից։ Փախչել, փախչել անտառ, թեկուզ տարտարոսը, միայն թե չտեսնի այդ ստորին։ Երբեք չտեսնի։ Եվ այլևս չխոսի հետը։
Բիրկը նայում էր նրա հետևից և ավելի ու ավելի էր զայրանում։
— Այդպես, այդպես,— գոռում էր նա,— թող քեզ այնտեղ ճանկեն չարասիրտ դրուդները, դու նրանց ցեղից ես։
Այստեղ նրա հայացքն ընկավ մամուռին, որը չորանում էր արևի տակ։ Ռոնիի ցնդաբանությունն է։ Եվ Բիրկը չարությունից ոտքով այսուայն կողմ գցեց մամուռը։ Մամուռի տակ ընկած էր դանակը։ Նա երկար նայեց դրան մինչև վերցնելը։ Ախր իրենք այնպես մանրակրկիտ փնտրել էին ամեն տեղ, և մամուռի մեջ էլ՝ ի դեպ։ Ինչպե՞ս է դանակը հայտնվել այստեղ և ո՞ւմ պատճառով։ Այն բանում, որ այդ հիմար մամուռը քարշ էին տվել այստեղ, Ռոնին էր մեղավոր։ Դա նրա մտահղացումն էր։ Եվ ընդհանրապես, նա մի տեսակ ցնդած է, համառ է ավանակի նման։ Այդպես թող թափառի անտառում, մինչև խելքը գլուխը գա։
Բիրկը համաչափորեն սրում էր դանակը, մինչև նորից դարձավ սուր։ Հետո մի քանի անգամ վեր֊վեր գցեց ափի մեջ և զգաց ինչ հուսալի ու հարմար տեղավորվել է ձեռքի մեջ։ Հրաշալի դանակ է, համ էլ չի կորել։ Բիրկի զայրույթն անցավ, անհետացավ այն ընթացքում, երբ զբաղված էր դանակով։ Հիմա ամեն ինչ կարգին է։ Դանակը կա։ Միայն թե Ռոնին չկա։ Չլինի՞ դրա համար է կրծքի տակ ճմլվում։ «Ապրիր քո դանակի հետ»,— ահա ինչ բղավեց նա։ Եվ զայրույթը նրա մեջ բռնկվեց նոր ուժով... Իսկապես, անտառում որտե՞ղ է պատրաստվում ապրել։ Իհարկե, դա իրեն չի վերաբերում։ Կարող է վազվզել ուր խելքին փչի... Եվ եթե չվերադառնա, այն էլ՝ շուտ, մեղքը իր վիզը։ Հիմա ինքը նրան ուղղակի ներս չի թողնի Արջի քարանձավը։ Ոչ մի դեպքում։ Եվ նա ուզեց անմիջապես այդ ասել նրան։ Բայց հո չի կարող նրա պատճառով գժի նման վազվզել անտառում։ Իհարկե, նա շուտով կվերադառնա և կխնդրի, որ հետ ընդունի իրեն, և ահա այդ ժամանակ ինքը կասի նրան. «Շուտ պետք է գայիր, հիմա ուշ է։ Ա՛յ, այդպես...»։
Այդ բառերը նա բարձրաձայն ասաց, որպեսզի լսի ինչպես են հնչում։ Եվ վախեցավ։ Մի՞թե կարելի է այդպես դաժանորեն խոսել քրոջ հետ։ ճիշտ է, նա ինքն էր այդ ուզում։ Ի՞նքն է դուրս արել նրան։
Բիրկը տեսավ, որ գետից մառախուղ է բարձրանում։ Եվ հիշեց ինչպես մի անգամ Ռոնիի պատճառով կռվում էր ստորգետնյա ոգիների հետ, որոնք նրան հմայել֊տարել էին իրենց երգով։ Նա այն ժամանակ այնպես անողոք վարվեց իր հետ, նույնիսկ այտը կծեց։ Այդպես էլ դեմքին փոքրիկ սպի մնաց։ Բայց, այնուամենայնիվ, ինչքան է նա իրեն դուր գալիս։ Այո, դուր եկավ առաջին հայացքից, բայց Ռոնին չգիտեր։ Բիրկը երբեք նրան այդ չէր ասել։ Հիմա ինքը պետք է մենակ ապրի այդ անձավում։ Իր դանակի հետ... Եվ ինչպես կարողացավ այդպիսի չար խոսքեր ասել իրեն։ Նա առանց մտածելու գետը կգցեր այդ չարաբաստիկ դանակը, միայն թե Ռոնին վերադառնար, հիմա տղան դա լավ էր հասկանում։
Ինչ լինում է լինի, այլևս ուժ չունի Ռոնիին սպասելու։ Պետք է նրա ետևից վազի անտառ։ Եվ անպայման գտնի Ռոնիին։
Բիրկը վազում էր այնքան երկար, որ շունչը կտրվեց։ Նա փնտրում էր աղջկան բոլոր արահետներում և բոլոր տեղերում, որտեղ նա, ինչպես իրեն թվում էր, կարող էր թաքնվել։ Բղավում էր անունը այնպես բարձր, որ իր ձայնից վախենում էր։
Գարնանային երեկոն չքնաղ էր, ինչպես հրաշք, բայց Բիրկը չնկատեց այդ գեղեցկությունը։ Նա չէր զգում տերևների ու խոտերի բույրը, չէր լսում ինչ են երգում թռչունները, չէր տեսնում բացատների ծաղիկները և զգում էր միայն, որ իր սիրտը կծկվում է վշտից։
Եվ այստեղ նա լսեց, որ հեռվում ինչ֊որ տեղ ձի խրխնջաց։ Ասես մահացու վախից։ Վազեց այդ կողմը, իսկ վրնջոցը հնչում էր ավելի բարձր ու ավելի հուսահատ։ Վերջապես եղևնիներով շրջապատված փոքրիկ բացատի մեջտեղը նա տեսավ ձիուն, պատռված վերքից նրա վզով հոսում էր արյունը։ Ձին վախեցավ Բիրկից, նա դա նկատեց, բայց չփախավ, այլ ավելի հուսահատ վրնջաց՝ ասես նրանից օգնություն ու պաշտպանություն խնդրելով։
— Խեղճ,— ասաց Բիրկը։— Ո՞վ է քեզ այսպես...
Եվ այստեղ հայտնվեց Ռոնին։ Նա դուրս թռավ եղևնուտից ու վազեց Բիրկին ընդառաջ։ Արցունքները վազում էին նրա այտերով։
— Դու տեսա՞ր արջին,— բղավեց նա։— Վա՜յ, Բիրկ, նա պատառոտեց նրա մտրուկին, սպանեց նրան։
Եվ չնայած Ռոնին դառնագին լաց էր լինում, Բիրկը ուրախությունից կորցրել էր իրեն։ Ռոնին կենդանի է, անվնաս, արջը նրան ձեռք չի տվել։ Ի՜նչ երջանկություն։ Ո՛չ չար դրուդները, ո՛չ Մատիսը չեն խլել նրան իրենից։
Ռոնին կանգնած էր ձիու կողքին ու նայում էր ինչպես է վերքից նրա վզին կաթում արյունը։ Եվ հանկարծ կարծես Լովիսայի ձայնը խոսեց նրա մեջ։ Նա միանգամից հասկացավ ինչ է պետք անել։
— Սպիտակ մամուռ։ Շուտ բեր, թե չէ արնաքամ կլինի,— բղավեց Ռոնին Բիրկին։
Եվ Բիրկը վազեց։ Իսկ քանի նա չկար, Ռոնին գրկում էր ձիու գլուխն ու ականջին շշնջում սիրալիր խոսքեր, ինչպես կարող էր։ Եվ ձին կանգնել էր անշարժ, ասես հասկանում էր դրանք։
Բիրկը վերադարձավ ու բերեց մի գիրկ սպիտակ մամուռ։ Նրանք միասին սպիտակ մամուռը դրին վերքի վրա և տեսան, որ տեղնուտեղը արյունը թրջեց այն։ Այդ ժամանակ վրայից մի շերտ էլ դրեցին ու ամրացրին իրենց գոտիներով՝ ինչպես կարող էին։ Ձին հնազանդ կանգնած էր ու չէր խանգարում նրանց, երևի հասկանում էր, որ իրեն բուժում են։ Իսկ ահա բրդոտ տյուխը, որը նայում էր մոտիկ եղևնու հետևից, այդ բանը չէր հասկանում։
— Ինչուխանցի եքխանցի դուքխանցի այդպեսխանցի անումխանցի,— մռայլ հարցրեց նա։
Ռոնին ու Բիրկը ուրախացան՝ տեսնելով բրդոտ տյուխին, որովհետև դա նշանակում էր, որ արջը գնացել է։ Չէ՞ որ արջերն ու գայլերը վախենում են անտառի չար ոգիներից։
— Մտրուկըխանցի,— ասաց բրդոտ տյուխը,— այլևսխանցի չիխանցի թռչկոտումխանցի։ Նախանցի չկախանցի։
— Մենք գիտենք,— տխուր պատասխանեց Ռոնին։
Ամբողջ գիշեր նրանք չհեռացան ձիու մոտից, համարյա չէին քնել ու սառել էին, բայց նույնիսկ չէին նկատում այդ։ Նստել էին կողք֊կողքի՝ խիտ եղևնու տակ։ Եվ խոսում էին ինչի մասին ասես, միայն՝ ոչ վեճի։ Ասես դրա մասին մոռացել էին։
Կեսգիշերից հետո վերքի մամուռը փոխեցին, հետո մի քիչ քնեցին ու արթնացան, երբ սկսեց լույսը բացվել։
— Նայիր, վերքն արդեն չի արյունահոսում։ Մամուռը չոր է,— ասաց Ռոնին։
Նրանք գնացին դեպի քարանձավը՝ իրենց հետևից տանելով ձիուն։ Չէ որ չէր կարելի նրան մենակ թողնել։ Ամեն մի քայլը տանջանքով էր գցում խեղճը, բայց սիրով գնում էր։
Քարանձավից ոչ հեռու աղբյուր կար և ոլորապտույտ հոսում էր եղևնիների ու կեչիների բների արանքով։ Սովորաբար այնտեղից էին ջուր բերում։ Եվ հիմա ձիուն բերին այդտեղ։
— Խմիր,— ասաց Ռոնին,— որ արյունդ ավելանա։
Զին երկար ու ագահաբար խմում էր։ Հետո Բիրկը նրան կապեց ծառից։
Եվ այստեղ Ռոնին տեսավ, որ նրա պտուկներից կաթ է կաթում։
— Այս կաթը քո մտրուկի համար է, բայց հիմա դու կարող ես մեզ տալ։
Ռոնին վազեց քարանձավ և վերադարձավ փայտե թասը ձեռքին։
Եվ կթեց ձիուն։ Թասը լիքը լցվեց կաթով։ Ձին շատ թեթևացավ, երբ իր լցված կուրծը դատարկվեց։ Իսկ Բիրկը կաթ շատ էր սիրում։
— Հիմա մենք տնային կենդանի ունենք,— ասաց նա։— Ձիուն պետք է անուն դնենք։ Ի՞նչպես կոչենք։
— Արի Լիտա անվանենք,— առանց մտածելու առաջարկեց Ռոնին,— Մատիսը փոքր ժամանակ ձի է ունեցել, որին այդպես էլ անվանել են՝ Լիտա։
Թարմ կաթ խմել, այն էլ աղբյուրի ջրում սառեցրած, դրանից լավ ինչ կարող է լինել։ Նրանք նստել էին քարանձավի մուտքի առջևի հրապարակում, հաց էին ուտում, վրայից կաթ խմում ու նայում էին ինչպես է ծագում արևը։
— Ափսոս դանակ չունենք,— հանկարծ ասաց Ռոնին։
Այդ ժամանակ Բիրկը գրպանից հանեց դանակն ու մեկնեց նրան։
— Ես գտա,— ասաց Բիրկը։— Իր համար հանգիստ պառկած էր մամուռի տակ ու սպասում էր, մինչ մենք կռվում էինք։
Ռոնին բավական ժամանակ լուռ նստել էր, հետո ասաց.
— Գիտե՞ս ինչի մասին եմ մտածում։ Այն մասին, որ մի փուչ բանից կարելի է շատ բան ավերել...
— Դե, ուրեմն, արի զգուշանանք այդ փուչ բանից... Իսկ գիտե՞ս ինչի մասին եմ մտածում։ Այն մասին, որ դու ինձ համար թանկ ես, քան հազար դանակը։
Ռոնին նայեց նրան ու ժպտաց.
— Դու ի՞նչ է, խելքդ թռցրի՞ր։
Այդպես Լովիսան էր ասում Մատիսին։
Օրերն անցնում էին, գարնանը փոխարինեց ամառը, շոգն ընկավ։
Ձիու վերքն արդեն լավացել էր։ Նրանք Լիտային ազատ արձակեցին, նա հիմա ապրում էր վայրի ձիերի երամակում, բայց առաջվա նման կաթ ունեին։ Երեկոյան երամակը միշտ արածում էր քարայրից ոչ հեռու գտնվող բացատում, և ամեն երեկո Բիրկն ու Ռոնին գնում էին այդ բացատը, կանչում էին Լիտային. «Լիտա, Լիտա»։ Նա արձագանքում էր, և երեխաները գնում էին նրա արձակած խրխնջոցի ուղղությամբ։
Այդ երեկո Լիտային կթում էր Բիրկը, իսկ Խորամանկն ու Վայրենին, սովորականի նման, կանգնել էին կողքին ու նայում էին։
Ռոնին ասաց.
— Հիշում ես, ես որոշել էի ձի քշել։ Դե ինչ, ժամանակն է սկսել։ Լսեցի՞ր, ինչ ասացի։
Նա դիմում էր Խորամանկին։ Եվ հանկարծ կառչեց նրա բաշից ու թռավ մեջքին։ Ձին ցած գցեց նրան, բայց ոչ ակնթարթորեն, ինչպես առաջին անգամ։
— Ինչպես որ կայիր խորամանկ, այնպես էլ մնացել ես,— ասաց նա՝ վեր կենալով ու արմունկը շփելով։— Բայց նկատի ունեցիր, ես չեմ հանձնվի։
Նա, իսկապես էլ, չհանձնվեց։ Ամեն երեկո, Լիտային կթելուց հետո, Ռոնին ու Բիրկը նորից ու նորից փորձում էին ձիերին իրենց ենթարկել։ Բայց ձիերը հնազանդվողներից չէին, և Ռոնին ընկնում էր հազարերորդ անգամ։
— Հիմա իմ ամբողջ մարմինն է ցավում, ուղղակի անվնաս տեղ չկա,— ասաց նա ու ապտակեց Խորամանկի գավակին։— Սա քո արածն է, ամբարտավան։
Խորամանկը հանգիստ կանգնել էր ու շատ վեհ էր թվում։
Իսկ Բիրկն այդ ժամանակ շարունակում էր իր մենամարտը Վայրենու հետ։ Վայրենին նույնպիսի քմահաճ ձի էր, ինչպես և Խորամանկը, բայց Բիրկը, այնուամենայնիվ, կարողանում էր մնալ ձիու մեջքին։
— Տե՜ս, Ռոնի,— գոչեց Բիրկը,— նա այլևս ծառս չի լինում։
Վայրենին վախեցած խեթ֊խեթ նայում էր, վրնջում, չշարժվելով տեղից։
Ռոնիին զայրացնում էր, որ Բիրկն իր ձիուն հնազանդեցրեց ավելի շուտ, քան ինքը՝ իր ձիուն։
— Դե լավ,— ասաց հանկարծ Ռոնին,— կապտուկները կապտուկներ, բայց ահա կվերջացնեմ կթելը, և մենք ցույց կտանք, թե ինչպես են ձի վարում։
Եվ նա ցույց տվեց։ Խորամանկը ոչինչ չկասկածելով իր համար հանգիստ արածում էր ոչ հեռվում։ Նա չհասցրեց ուշքի գալ, որ Ռոնին նորից թռավ նրա մեջքին։ Դա ձիուն բոլորովին դուր չեկավ։ Բայց ինչքան էլ աշխատեց ցած գցել աղջկան, ինչքան էլ ծառս եղավ, ինչքան էլ աքացի տվեց, ոչինչ դուրս չէր գալիս, և դրանից նա ավելի էր չարանում ու կամակոր դառնում։
— Օգնեցե՜ք... Ինձ կսպանի... Օգնեցե՜ք։
Իսկ Խորամանկը ուղղակի խենթացել էր։ Նա արշավում էր առաջ, ասես փրկելով իր կյանքը, և Ռոնին հասկանում էր, որ ցանկացած րոպեին ձին կարող է իրեն գետին նետել, և ինքը կկոտրի վիզը։
Բիրկը, Վայրենու վրա, արշավում էր նրանց հետևից։
Այդ մտրուկը վազքի մեջ իրեն հավասարը չուներ։ Նա շուտով հասավ Խորամանկին ու անցավ նրանից։ Այդ ժամանակ Բիրկը հանկարծ կանգնեցրեց իր ձին, Խորամանկն էլ կանգ առավ և այնպես կտրուկ, որ քիչ մնաց Ռոնին նրա գլխի վրայով թռչեր։ Բայց նա, այնուամենայնիվ, ձեռքից բաց չթողեց բաշը և իսկույն ուղղվեց, ասես թամբին էր նստած։ Խորամանկը հնազանդ կանգնել էր ու ծանր շնչում էր, նա ակնհայտորեն շփոթված էր։ Կամակորության չարքը լքել էր նրան։ Ամբողջովին փրփրակալած, նա մանր դողում էր։ Եվ ահա այդ ժամանակ Ռոնին սկսեց շոյել նրան, ափով թփթփացնել վզին ու գովել այն բանի համար, որ այդպես հրաշալի արշավել էր։
Դանդաղ վարգով վերադարձան նրանք Լիտայի մոտ, վերցրին կթած կաթը, բաց թողեցին Խորամանկին ու Վայրենուն՝ գնան հանգստանան, իսկ իրենք գնացին դեպի անձավը։
— Բիրկ, իմ կարծիքով, Լիտան հիմա ավելի քիչ կաթ է տալիս, քան առաջ,— ասաց Ռոնին։
— Շուտով նա բոլորովին կաթ չի ունենա։ Երևի նոր մտրուկ է ունենալու։
— Եվ մենք նորից միայն աղբյուրի ջուր ենք խմելու։ Մեր հացն էլ շուտով կվերջանա։
Այնուամենայնիվ, դա չէր նշանակում, թե նրանց սպառնում է սովը։ Չէ որ շուրջը ձկներով լի այնքան լճակներ էին տարածված, և որսն էլ անտառում շատ֊շատ էր։ Ցախաքլոր ու խլահավ միշտ էլ կճարեն, եթե ուտելու բան չունենան։ Ռոնին չորացնում էր նաև ուտելի խոտեր ու տերևներ, մի խոսքով, հավաքում էր ամեն բան, ինչ հնարավոր էր ուտել, դա նա սովորել էր Լովիսայից։ Եվ արդեն հասունանում էր մորին։
— Չէ, մենք, հաստատ, քաղցած չենք մնա,— ասաց Ռոնին։— Բայց հացի ու կաթի պակասը շատ կզգանք։
Այն օրը, երբ հաց ու կաթ այլևս չունեին, ավելի շուտ եկավ, քան նրանք սպասում էին։ Իհարկե Լիտան առաջվա պես արձագանքում էր, երբ երեկոյան բացատում կանչում էին նրան, բայց չէր ուզում, որ իրեն կթեն, նրանք այդ նկատեցին։ Եվ այդ ժամանակ Ռոնին գրկեց նրա գլուխն ու նայեց նրա աչքերի մեջ։
— Շնորհակալություն, Լիտա, կաթի համար, որ մեզ տալիս էիր։
Ռոնին շոյեց ձիուն։ Նա ուզում էր հավատալ, որ Լիտան հասկացավ իր խոսքերը։
Նա դեռ երկար կանգնած էր Լիտայի կողքին, իսկ երբ սկսեց մթնել, և նրանք վերջապես գնացին դեպի քարանձավը, ձին մի քիչ տեղ ճանապարհեց նրանց։ Թվում էր, նա հասկանում էր, որ եկել է վերջը այդ զարմանալի արկածի, որ ոչ մի կերպ չէր տեղավորվում իր՝ վայրի ձիու կյանքի մեջ։ Փոքրիկները, որոնք իր հետ այդպես լավ վարվեցին, հիմա հեռանում էին իրենից, և նա կանգնել ու նայում էր նրանց հետևից, մինչև նրանք չծածկվեցին եղևնուտում։ Այդ ժամանակ նա վերադարձավ իր երամակը։
Ռոնին ու Բիրկը երբեմն տեսնում էին նրան, երբ գնում էին բացատ, որ ձի քշեն, կանչում էին նրան, և նա պատասխանում էր վրնջյունով։ Բայց այլևս ոչ մի անգամ չլքեց իր երամակը ու չմոտեցավ նրանց։
Փոխարենը, Խորամանկն ու Վայրենին հազիվ տեսած Ռոնիին ու Բիրկին, քառատրոփ թռչում էին նրանց մոտ։ Իրարից առաջ ընկնելով արշավելը՝ հեծյալը մեջքին, նրանց համար ամենամեծ հաճույքն էր դարձել հիմա։ Իսկ Ռոնին ու Բիրկը անտառային այդ զվարճալի ձիարշավից ուրախանում էին, իհարկե, ձիերից ոչ պակաս։
— Այս օրերը ես կհիշեմ մինչ իմ մահը,— ասաց Ռոնին։
Բիրկը հայացքով ընդգրկեց անտառը, ուր արդեն խտանում էր աղջամուղջը, և հոգում մի տեսակ տարօրինակ թախիծ զգաց։ Նա դեռ չէր հասկանում, որ դա թախիծ չէ, այլ հիացում՝ այդ ամառային անտառի գեղեցկությամբ ու հանգստությամբ։
— Այս օրե՜րը...— ասաց նա ու նայեց Ռոնիին։— Այո, այս ամառվա օրերը իմ մեջ կլինեն մինչև իմ մահը, ես գիտեմ։
Վերջապես նրանք հասան Արջի քարանձավին։ Մուտքի առջևի հրապարակում նստած էր Պստիկ Կլիպը և սպասում էր նրանց։
Այո, այո, այնտեղ նստած էր Պստիկ Կլիպը։ Տափակ քիթ, տարբեր կողմ ցցված մազեր, գզգզված մորուք՝ այսպիսի տեսքով է ճանաչել նրան Ռոնին ամբողջ կյանքում։ Հիմա նա նստել էր այստեղ, անձավի մուտքի շեմին, և նրան թվում էր՝ նրանից ավելի գեղեցիկ ոչ ոքի չի տեսել։ Ուրախության ճիչով վազեց ու կախվեց նրա վզից։
— Պստիկ Կլիպ։ Օ՜, այդ դու ես... Ի՜նչ լավ է... Որ... որ դու եկար...— Ռոնին այնքան երջանիկ էր, որ չէր կարողանում խոսել։
— Աննման տեսարան է այստեղից,— ասաց Պստիկ Կլիպը։— Եվ գետը, և անտառը՝ ամեն բան երևում է։
Ռոնին ծիծաղեց։
— Այո, երևում է։ Դու եկել ես գետով ու անտառով հիանալո՞ւ։
— Չէ։ Լովիսան ուղարկել է ինձ, որ քեզ հաց բերեմ։
Նա արձակեց կաշվե տոպրակը և այնտեղից հանեց հինգ հատ կլոր բոքոն։
— Բի՛րկ, նայիր։ Հա՛ց... Մենք հաց ունենք։
Ռոնին վերցրեց մի բոքոնը, կպցրեց երեսին, շնչեց բույրը, և արցունքներ հայտնվեցին նրա աչքերում։
— Լովիսայի հացը, իսկ ես մոռացել էի, որ աշխարհում այսպիսի հրաշք է լինում։
Ռոնին չորուկը պոկեց և ատամները խրեց մեջը։ Նա մի կտոր էլ Բիրկի համար պոկեց, բայց նա չվերցրեց, կանգնել էր մռայլ, լուռ, հետո մտավ անձավը։
— Լովիսան մտածեց, որ դու արդեն հաց չես ունենա,— ասաց Պստիկ Կլիպը։
Ռոնին ուտում էր հացը, ի՜նչ աստվածային համեղ էր թվում այն։ Եվ այստեղ նա սուր զգաց, որ կարոտել է Լովիսային։ Հիմա Կլիպին մնացել էր կատարել Լովիսայի ևս մի հանձնարարությունը։ Լովիսան կարգադրել էր դա անել խորամանկորեն, և Պստիկ Կլիպը չգիտեր ինչից սկսել, որովհետև այնքան էլ խորամանկ չէր։
— Լսիր, Ռոնի,— ասաց նա անվստահ։— Իսկ դու չե՞ս մտածում տուն գալ։
Այստեղ քարանձավում ինչ֊որ բան դղրդաց. Բիրկը նշան էր անում, որ լսում է իրենց խոսակցությունը։
Բայց հիմա Ռոնիի համար Պստիկ Կլիպից բացի ոչ ոք գոյություն չուներ։ Նա այնքան շատ բանի մասին պետք է հարցներ նրանից, այնքան շատ բան էր ուզում իմանալ։ Պստիկ Կլիպը նստել էր նրա կողքին, այդ պատճառով էլ հարցեր տալիս Ռոնին նայում էր ոչ թե նրան, այլ միայն գետին ու անտառին։
— Դե, ո՞նց եք ապրում ամրոցում,— հարցրեց Ռոնին այնքան կամաց, որ Պստիկ Կլիպը հազիվ լսեց։ Եվ Պստիկ Կլիպը ասաց նրան ճշմարտությունը։
— Տխուր է մեր ամրոցում, Ռոնի, արի դու վերադարձիր տուն։
Ռոնին նայում էր գետին ու անտառին։
— Լովիսան ուղարկել է, որ այդ ասե՞ս։
Պստիկ Կլիպը գլխով արեց։
— Այո... Մեզ համար ծանր է առանց քեզ, Ռոնի։ Բոլորը սպասում են, որ տուն վերադառնաս։
Ռոնին նայեց գետին, անտառին ու կամացուկ հարցրեց.
— Իսկ Մատի՞սը։ Նա՞ էլ է սպասում, որ ես տուն վերադառնամ։
Պստիկ Կլիպը հանդիմանանքով ասաց.
— Սատանի ցուլ։ Մի՞թե կհասկանաս ինչ կա նրա մտքում, և սպասում է որևէ մեկին, թե ոչ։
Նրանք քիչ լռեցին, հետո Ռոնին հարցրեց.
— Իսկ գոնե հիշո՞ւմ է իմ մասին։
Պստիկ Կլիպը զգաստացավ։ Այ հենց հիմա, հասկացավ նա, ինքը պետք է ցուցաբերի տղամարդկային խորամանկություն, դրա համար էլ լռեց։
— Ասա ինձ ամեն բան, ինչպես կա, Պստիկ Կլիպ, Մատիսը գոնե երբևէ իմ անունը տալի՞ս է։
— Չէ,— չուզենալով, մի կերպ ասաց Պստիկ Կլիպը։— Եվ ոչ ոք նրա ներկայությամբ սիրտ չի անում քո անունը տալ։
Այ քեզ ձախորդություն։ Ահա և ինքը դուրս տվեց այն, ինչի մասին Լովիսան հրամայել էր լռել։ Այո, այո, այս աղջիկը ճարպկորեն իրենից դուրս քաշեց ամեն ինչ։ Եվ նա աղերսանքով նայեց Ռոնիին.
— Ամեն բան կարգին կլինի, եթե վերադառնաս ամրոց։
Ռոնին տարուբերեց գլուխը։
— Ո՛չ, ես տուն չեմ վերադառնա, երբեք։ Քանի որ Մատիսը ինձ չի համարում իր դուստրը։ Ասա այդ նրան, ասա այնպես բարձր, որ ամրոցում բոլորը լսեն։
— Շատ պետք է,— ասաց Պստիկ Կլիպը։— Նույնիսկ Ճաղատ Պերը սիրտ չի անի այդ ասել։ Վա՛խ, վա՛խ, վա՛խ,— շարունակեց Պստիկ Կլիպը։— Բա Ճաղատ Պերը ո՜նց է թուլացել վերջին ժամանակներս, սարսափելի է։ Ուրիշ բան չէր էլ կարող լինել բոլոր ձախորդություններից հետո, որ թափվեցին մեզ վրա։ Մատիսը միայն այն է անում, որ գոռգոռում է բոլորի վրա։ Ով ինչ էլ ասի, նրա սրտովը չի։ Եվ ավազակության գործն էլ վատ է։ Անտառը լցված է զինվորներով, նրանք օրերս այստեղ բռնել են Պելյեին։ Գյուղապետը նրան նետել է պատժախուց և միայն հաց ու ջուր են տալիս, իսկ այդ պատժախցում արդեն նստած էին Բորկայի ավազակախմբի երկու ավազակ։ Եվ, ասում են, գյուղապետը ազնիվ խոսք է տվել, որ մինչև այս տարվա վերջը կբռնի այս անտառի բոլոր ավազակներին։
— Հիմա նա բոլորովին չի՞ ծիծաղում,— հարցրեց Ռոնին։
Պստիկը նրան նայեց զարմանքով.
— Ո՞վ։ Գյուղապե՞տը։
— Ո՛չ, Մատիսը։
Եվ Պստիկ Կլիպը պատմեց նրան, որ այն առավոտից, երբ Ռոնին բոլորի աչքերի առջև թռավ անդունդի վրայով, ոչ ոք ոչ մի անգամ չի լսել, որ Մատիսը ծիծաղի։
— Լսիր, Ռոնի, ավելի լավ է վերադարձիր տուն, արա այդ բանը ինձ համար, շատ եմ խնդրում։ Վերադարձիր։ Դե վերադարձիր, խնդրում եմ...
Բայց Ռոնին տարուբերեց գլուխն ու ասաց.
— Շնորհակալություն հայտնիր Լովիսային հացի համար և հազար անգամ համբուրիր նրան։
Գնալուց առաջ Պստիկ Կլիպը շտապ ձեռքը մտցրեց իր կաշվե տոպրակի մեջ և բացականչեց.
— Վա՜յ, քիչ մնաց մոռանայի։ Ախր քեզ աղ էլ եմ բերել։ Ա՛յ թե ջարդս կտային, եթե մոռանայի տալ։
— Մայրս ամեն բանի մասին հոգ կտանի։ Նա գիտի ինչ է պետք կյանքի համար։ Բայց ո՞նց է գուշակել, որ մեզ ընդամենը մի քանի պտղունց աղ է մնացել։
Նա երկար կանգնել էր հրապարակում ու նայում էր հեռացող Պստիկ Կլիպի հետևից, թե ոնց է թեթևությամբ նեղ արահետով վազում անտառ, և մտավ անձավ միայն այն ժամանակ, երբ նա ծածկվեց ծառերի թավուտում։
— Տե՛ս է, դու, պարզվում է, չես գնացել նրա հետ, չվերադարձար ամրոց՝ հորդ մոտ,— մրթմրթաց Բիրկը։
— Ես այլևս հայր չունեմ,— կատաղած ասաց Ռոնին։— Բայց եթե դու դատարկ֊դատարկ դուրս տաս, ապա, նկատի ունեցիր, ես կարող եմ յոլա գնալ նաև առանց եղբոր։
— Ներիր, քույր, ես երևի անարդար եմ,— տխուր ասաց Բիրկը։— Բայց երբեմն գլխի եմ ընկնում, ինչի մասին ես մտածում։
— Ըհը՛,— պատասխանեց մթան միջից Ռոնին,— ես հիմա մտածում եմ, որ երկրի վրա ապրել եմ տասնմեկ ձմեռ և վախենում եմ, որ տասներկուերորդը ինձ մահ կբերի։ Իսկ ես դեռ շատ եմ ուզում ապրել, Բիրկ, հասկանում ես։
— Դե դու էլ ձմռան մասին մի մտածիր,— ասաց Բիրկը,— մտածիր ամռան մասին։
Այո, շոգ ամառ էր։ Օրեցօր ավելի էր շոգում։ Դա ամենաուրախ ու պարզ ամառն էր բոլորից, որ Ռոնին հիշում էր։ Ամեն օր կեսօրվա շոգին լողում էին սառը գետում։ Նրանք ջրասամույրների նման լողում ու չփչփացնում էին ջրի մեջ և հոսանքը նրանց տանում էր այն տեղը, ուր ջրվեժի շառաչը դառնում էր վտանգավոր։ Գետն իր ջրերը թափում էր բարձր ժայռից, և նա, ով ընկներ այդ եռացող ջրապտույտի մեջ, հրաժեշտ կտար կյանքին։
Բայց Ռոնին ու Բիրկը ճշգրիտ գիտեին որտեղից պետք է լողալ դեպի ափ, եթե չես ուզում ռիսկի դիմել։
— Հենց որ հեռվից տեսնես ջրվեժի դոդոշը,— զգուշացնում էր Ռոնին,— կանգ առ։ Առաջ գնալ չի կարելի։
Ջրվեժի դոդոշ նա անվանում էր մեծ գլաքարը, որը դուրս էր ցցվել ջրից՝ ջրվեժից ոչ հեռու։ Ռոնիի ու Բիրկի համար դա զգուշացնող նշան էր։
Երեկոյան դեմ, երբ շոգը թուլանում էր, նրանք գնում էին անտառ՝ ձի քշելու։
— Ինչ լավ է վարգել ամառային այսպիսի տաք երեկոյան,— ասաց Ռոնին, իսկ մտքում ասաց. «Ինչո՞ւ է անտառում ամբողջ տարին ամառ։ Եվ ինչո՞ւ ես չեմ կարող միշտ ուրախ լինել»։
Հիմա սկսել էր բավական շուտ մթնել։ Սպիտակ գիշերների ժամանակն անցել էր։ Մի անգամ երեկոյան Ռոնին ու Բիրկը նստել էին օջախի մոտ ու նայում էին ինչպես էին ճերմակավուն երկնքում բռնկվում դժգույն աստղերը։ Բայց ինչքան խտանում էր մութը, այնքան վառ էին փայլում աստղերը և շիկացած ածուխների նման առկայծում էին անտառի վրա։ Երկինքը դեռ ամառային էր, բայց Ռոնին գիտեր ինչի մասին էին տեղեկացնում նրանք առկայծելով. շուտով աշունը կգա։
Բայց գիշերվան հետևեց առավոտը։ Սկսվում էր նոր տաք օրը, և նրանք, սովորականի նման, վազեցին լողալու։
Եվ հենց այստեղ էլ թռան եկան չարասիրտ դրուդները։ Ոչ թե մեկը, ոչ թե երկուսը, այլ շա՜տ, մե՜ծ, սարսափելի երամ։ Օդը հանկարծ լցվեց դրանցով և ֆշշոցով ու սուլոցով սուրում էին դեպի գետն ու գոռում.
— Օհո՜֊հո՜։ Է՛յ, դո՛ւք, ջրի միջի սիրունիկ մարդուկներ, հիմա կհոսի ձեր արյունը։ Օհո՜֊հո՜։
— Սուզվի՛ր, սուզվի՛ր, Ռոնի,— բղավեց Բիրկը։
Նրանք սուզվեցին և լողացին ջրի տակով, ինչքան որ հերիքեց շնչառությունը։ Իսկ երբ դուրս լողացին, տեսան ինչպես է երկինքը մթնել չարասիրտ դրուդների անհամար երամից, և հասկացան, որ հիմա իրենց ոչինչ չի փրկի։ Այս անգամ, այդ բանը նրանք հասկանում էին, իրենք փորձանքից չեն պրծնի։
— Է՛յ, դուք, ջրի միջի սիրունիկ մարդուկներ, հիմա դուք կզգաք ի՜նչ սուր են մեր ճանկերը... Հիմա կհոսի ձեր արյունը, օհո՜֊հո՜...
Չարասիրտ դրուդները, նախքան իրենց զոհերի վրա հարձակվելը, միշտ վախեցնում էին նրանց։ Վերջիվերջո, ինչու պետք է շտապեին։ Ճանկերը խրել փափուկ մարմնի մեջ, հետո այն պատառ֊պատառ անել միշտ էլ կհասցնեն։ Չէ որ նրանք պակաս հաճույք չէին ստանում, երբ ահա այսպես թռչում էին ֆշշոցով ու սուլոցով, ամեն կենդանի արարածի մեջ սարսափ ներշնչելով և սպասելով, երբ գլխավոր դրուդը ազդանշան կտա. «Ժամանակն է»։ Իսկ առայժմ մեկը, ամենաչարն ու ամենասարսափելին, մեծ պտույտներով ճախրում էր գետի վրա։ Օհո՜֊հո՜։ Նա չէր շտապում։ Բայց շուտով, շատ շուտով առաջինը ճանկերը կխրի այն մարդուկների քնքուշ մաշկի մեջ, որ հիմա չփչփացնում են ջրում։
Այստեղ Ռոնին վեր լողաց, որ օդ հավաքի։ Աչքերով փնտրեց Բիրկին։ Ո՞ւր է։ Նրան չտեսավ, ոչ մի տեղ չկար։ Նա նույնիսկ ահից տնքաց։ Ո՞ւր է։ Չլինի՞ խեղդվել է։ Մի՞թե իրեն մենակ է թողել այս դրուդների հետ։
— Բի՛րկ,— հուսահատ բղավեց նա։— Բի՛րկ, ո՞ւր ես։
Այդ ակնթարթին գլխավոր դրուդը, ֆշշոցով ու սուլոցով, սկսեց ընկնել, ասես անգղ, որ ճանկի նրան, և Ռոնին աչքերը փակեց... «Բիրկ, եղբայրս, ինչպես ինձ մենակ թողեցիր այս սարսափելի րոպեին, Բի՜֊ի՜֊ի՜րկ...»։
— Այս կո՛ղմ... Ռո՛նի... Շո՛ւտ...
Հոսանքով քշվում էր քամուց արմատահան եղած կանաչ սաղարթով մի կեչի։ Հենց դրանից էլ կառչել էր Բիրկը, որ թաքնվի կանաչ սաղարթի մեջ։ Ռոնին կեչու տերևների մեջ հազիվ նկատեց նրա կարմիր գլուխը։ Նա Ռոնիին մենակ չէր թողել։ Ի՜նչ երջանկություն։
Բայց եթե մի քիչ դանդաղի, հոսանքը կքշի նրան։ Ռոնին նորից սուզվեց և ջրի տակ լողաց այնպես արագ, ինչպես լողում են, երբ փրկում են որևէ մեկի կյանքը... Եվ ահա, արդեն Բիրկի կողքին է։ Նա բռնեց աղջկա ձեռքը և թափով քաշեց իր կողմը։ Հիմա նրանք երկուսով ամուր բռնել էին ծառի բնից և քշվում էին հոսանքից՝ ծածկված խիտ կանաչ սաղարթով։
— Բիրկ,— խռպոտ ձայնով հազիվ լսելի ասաց Ռոնին,— իսկ ես մտածեցի, թե դու խեղդվել ես։
— Դեռ ոչ,— շշնջաց Բիրկը։— Բայց շուտով երկուսս էլ կխեղդվենք։ Լսո՞ւմ ես ինչպես է աղմկում ջրվեժը։
Այո, Ռոնին լսում է ջրի ահեղ դղրդոցը, ջրվեժի սարսափելի ձայնը։ Եվ հորձանուտը անողոքությամբ նրանց տանում էր այդ փրփրացող, եռացող ջրապտույտի մեջ։ Ջրվեժն արդեն բոլորովին մոտիկ էր, Ռոնին դա գիտեր, զգում էր։ Իսկ հոսանքը գնալով ավելի արագ էր քշում նրանց կեչին, և գնալով ավելի բարձր էր դղրդում ջրվեժը։ Ահա հիմա, հիմա ջուրը կանցնի կատարի վրայով, իրենց հետ միասին կփլվի ցած, և կսկսվի իրենց վերջին ճամփան, այն, որ մարդկանց տրված է անցնել միայն մեկ անգամ։
Նա ուզեց հիմա մոտիկ լինել Բիրկին։ Ձեռքերը բնի վրա փոխելով՝ մոտեցավ նրան։ Ռոնին գիտեր, Բիրկը նույնպես մտածում է նույնը, ինչ ինքը, ավելի լավ է ջրվեժը, քան դրուդները։
Բիրկը ձեռքը դրեց նրա ուսին։ Ինչ էլ որ պատահի, նրանք՝ քույր ու եղբայր, մինչև վերջ միասին կլինեն, և հիմա ոչինչ նրանց չի բաժանի։
Իսկ չարասիրտ դրուդները ուղղակի խելքները կորցրել էին։ Ո՞ւր էին կորել այդ մարդուկները։ Ախր արդեն ժամանակն էր նրանց պատառ֊պատառ անելու։ Բայց ո՞ւր են։ Ինչո՞ւ չեն երևում։
Գետի վրա ոչինչ չկար, բացի ճյուղաշատ կեչուց, որը քշում էր հորձանքը։ Խիտ սաղարթի մեջ թաքնված երեխաներին նրանք չէին տեսնում և կատաղությունից ճչալով, կայծակի նման դեսուդեն էին նետվում ջրի վրա...
Իսկ Ռոնին ու Բիրկը արդեն հեռու էին նրանց վայրի երամից և չարագուշակ ճիչերը չէին լսում։ Բայց փոխարենը լսում էին ջրվեժի գնալով ահագնացող դղրդոցը ու հասկանում էին, որ հիմա կգա վերջը։
— Քույր իմ,— շշնջաց Բիրկը։
Այս բառերը Ռոնին չլսեց, բայց հասկացավ շուրթերի շարժումից։ Եվ չնայած թափվող ջրի աղմուկից նրանք միմյանց ձայնը չէին լսում, շարունակում էին վարել իրենց խոսակցությունը։ Չէ որ նրանք պետք է հասցնեին այնքան շատ բան ասել։ Այն մասին, որ երբ ուժգին սիրում ես, չես վախենում Նույնիսկ ամենասարսափելիից, և այն մասին՝ ինչ լավ է այդպես ուժգին սիրելը... Ահա թե ինչի մասին էին նրանք խոսում, չնայած ոչ մի բառ լսել հնարավոր չէր։
Հետո նրանք միանգամից լռեցին, ձեռք֊ձեռքի տվին ու աչքերը պինդ փակեցին։
Հանկարծ նրանք այնպիսի ուժգին ցնցում զգացին, որ ուշքի եկան։ Կեչին ամբողջ թափով զարկվեց ջրվեժի դոդոշին։ Հարվածից ծառը պտտվեց ջրի մեջ և նախքան հորձանքը կքշեր այն, հոսանքը կեչին մղեց ափին մոտիկ։
— Ռոնի,— բղավեց Բիրկը,— արի ռիսկ անենք։
Նա աղջկան պոկեց այն ճյուղից, որը բռնել էր, և երկուսով հայտնվեցին փրփրակալած ջրապտույտի մեջ։ Հիմա ամեն մեկը ինքը պետք է պայքարեր անողոք տարերքի դեմ իր կյանքի համար։ Հոսանքը անխնա քշում էր նրանց, քարշ էր տալիս դեպի ջրվեժը։ Եվ այնպես մոտիկ էր ափի մոտի այդ հանգիստ ջուրը, այնքան մոտիկ ու անհաս։
«Ջրվեժը, անկասկած, կհաղթի մեզ»,— մտածում էր Ռոնին։
Նա արդեն ամենևին ուժ չուներ։ Հիմա մի բան էր երազում, վերջ տալ հոսանքին հակառակվելուն, ընկղմվել ջրի մեջ, թույլ տալ հոսանքը քշի իրեն և ընդմիշտ չքանալ սպիտակ փրփուրի մեջ։ Բայց իրեն շատ մոտիկ տեսնում էր իր կողքից լողացող Բիրկին։ Նա ամբողջ ժամանակ շրջվում էր, աչքերով փնտրում Ռոնիին, և այդ ժամանակ աղջիկը որոշեց մի անգամ էլ ջրի երես դուրս գալ։ Եվ Ռոնին լողաց։ Վերջին ուժերը հավաքած, մինչև լիակատար ուժասպառ լինելը։
Եվ հանկարծ պարզվեց, որ նա արդեն չփչփացնում է հանգիստ ջրում։ Բիրկը կառչեց նրանից, բարձրացրեց ու նրա հետ լողաց մինչև ափ։ Բայց այստեղ ուժերը լքեցին նրան...
Անբացատրելի է, թե ինչպես, բայց նրանք, այնուամենայնիվ, կիսամեռ դուրս եկան ափի արևից տաքացած քարերի վրա ու իսկույն քնեցին, իսկ գուցե գիտակցությունն էին կորցրել և նույնիսկ չգիտեին այն մասին, որ փրկվել էին։
Արջի անձավը նրանք վերադարձան, երբ արևն արդեն բոլորովին ցած էր իջել։ Քարե հրապարակին, անձավի մուտքի մոտ, նստել էր Լովիսան ու նրանց էր սպասում։
— Զավակս,— ասաց Լովիսան,— ինչո՞ւ են մազերդ թաց։ Լողացե՞լ ես։
Ռոնին անխոս նայում էր մորը։ Լովիսան նստել էր՝ հենված ուղղաբերձ ժայռին, նույնքան անսասան ու հավատարիմ։ Բայց ինչքան էլ Ռոնին սիրում էր մորը, հասկանում էր՝ լավ կլիներ, որ նա այսօր եկած չլիներ։ Ցանկացած ուրիշ օր, բայց ոչ այսօր։ Հիմա նա ուզում էր մնալ Բիրկի հետ մենակ։ Նրա հոգին դեռ դողում էր բոլոր սարսափներից ու վախից, որ նրանք ստիպված էին ապրել քիչ առաջ։ Ավելի լավ է մնան երկուսով, որպեսզի միասին ուրախանային այն բանի համար, որ կենդանի են մնացել։
Բայց ժայռի տակ նստել էր Լովիսան, իր սիրելի Լովիսան, որին այնքան երկար ժամանակ չէր տեսել։ Մայրը չպետք է զգա, որ անժամանակ է եկել։
Եվ Ռոնին ժպտաց նրան։
— Այո, ես ու Բիրկը մի քիչ լողացինք։
Բիրկը։ Ռոնիի համար պարզ դարձավ, որ նա հիմա կմտնի անձավ։
— Ինչո՞ւ ես մի կողմ կանգնել, ինչո՞ւ մորս չբարևեցիր։
Բիրկը սառը նայեց Ռոնիին։
— Անկոչ հյուրերին չեն ողջունում, մայրս դա ինձ սովորեցրել է, երբ դեռ ծծկեր էի։
Ռոնիի շունչը նույնիսկ բռնվեց։ Զգալ միաժամանակ և կատաղություն, և հուսահատություն՝ անտանելի ցավ է։ Իսկ Բիրկը կանգնել ու նայում է նրան՝ երկու՝ սառույցի նման սառը աչքերով։ Այն նույն Բիրկը, որ քիչ առաջ նրա համար աշխարհում ամենամոտիկ մարդն էր, որի հետ ուզում էր զոհվել ջրվեժի ջրում։ Ի՜նչ հեշտությամբ հրաժարվեց իրենից ու միանգամից դարձավ բոլորովին օտար։ Ինչպես էր ատում հիմա նրան։ Դեռ երբեք այդպիսի դառնության զգացում չէր ունեցել։ Եվ նա ատում էր ոչ միայն Բիրկին, այլև բոլորին, ով այդպես տանջում, ով այդպես անխղճորեն կտոր֊կտոր էր անում իրեն. և՛ Բիրկին, և՛ Լովիսային, և՛ Մատիսին, և՛ չարասիրտ դրուդներին, և՛ Արջի անձավը, և՛ անտառը, և՛ ամառը, և՛ ձմեռը, և՛ Ունդիսային, որը փոքր տարիքից Բիրկին զանազան հիմարություններ է սովորեցրել...
Ռոնին վերադարձավ Լովիսայի մոտ և Բիրկի փոխարեն ներողություն խնդրեց։ «Նա հոգնել է»,— ասաց ու լռեց։ Հետո նստեց մոր կողքին և դեմքով հպվելով նրա ծնկներին, լաց եղավ։ Բայց նրա լացից սարերը մաս֊մաս չեղան, ոչ, դա կամաց, բոլորովին անլսելի լաց էր։
— Գիտե՞ս ինչու եմ եկել,— հարցրեց Լովիսան։
Եվ Ռոնին արցունքների միջից փնթփնթաց.
— Երևի, ոչ նրա համար, որ ինձ հաց բերես։
— Չէ, ոչ դրա համար,— ասաց Լովիսան և շոյեց նրա մազերը։— Հաց կուտես, երբ վերադառնաս տուն։
Ռոնին հեծկլտաց.
— Ես երբեք չեմ վերադառնա տուն։
— Այդ դեպքում Մատիսն իրեն գետը կգցի,— հանգիստ ասաց Լովիսան։
— Իմ պատճառո՞վ։ Ախր նա նույնիսկ իմ անունը չի տալիս։
— Ցերեկը,— ասաց Լովիսան,— բայց գիշերները լալիս է քնի մեջ ու բարձր ձայնով քեզ կանչում։
— Դու որտեղի՞ց գիտես։ Նա Ճաղատ Պերի խցում չի քնում։
— Ոչ, Ճաղատ Պերը այլևս չէր դիմանում նրա տանջանքներին։ Ես էլ արդեն ուժ չունեմ, բայց չէ որ մեկնումեկը պետք է լինի կողքին, երբ իրեն այդքան վատ է զգում...
Լովիսան բավական լռեց, հետո ասաց.
— Գիտես, Ռոնի, անհնարին է տեսնել, երբ որևէ մեկը անմարդկային տանջանք է կրում։
— Դե, իսկ դու, Լովիսա, եթե երեխա լինեիր և ունենայիր հայր, որը ոչ միայն հրաժարվեր քեզնից, այլև նույնիսկ քո անունը չտար, դու տուն կվերադառնայի՞ր, եթե նա ինքը չկանչեր քեզ... Չգար քո հետևից...
Լովիսան մտածեց։
— Չէ, չէի վերադառնա։ Կսպասեի, մինչև ինքը գա ու կանչի ինձ։
— Իսկ այդ բանը Մատիսը երբեք չի անի,— ասաց Ռոնին։
Եվ նորից դեմքը թաղեց Լովիսայի զգեստի մեջ, որ արդեն թաց էր Ռոնիի արցունքներից։
Այդ ժամանակ արդեն իջավ երեկոն, մթնեց. պարզվում է, նույնիսկ ամենածանր օրերն էլ վերջ են ունենում։
— Գնա քնիր, Ռոնի,— ասաց Լովիսան։— Իսկ ես կնստեմ այստեղ և նույնպես մի քիչ կքնեմ։ Երբ լույսը բացվի, կգնամ։
— Ես ուզում եմ քո ծնկների վրա քնել,— ասաց Ռոնին։— Եվ որ դու երգես ինձ համար Գայլի երգը, ինչպես առաջ։
Լովիսան երգեց։ Եվ նորից աշխարհը դարձավ այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի։ Ռոնիին վերադարձավ իր մանկական անխռովությունը։ Գլուխը դնելով մոր ծնկներին, խորը քնով քնել էր աստղերի տակ և արթնացավ, երբ արդեն բոլորովին լուսացել էր։
Լովիսան արդեն գնացել էր։ Բայց թողել էր իր մոխրագույն շալը, որով ծածկել էր դստերը։ Հենց որ Ռոնին բացեց աչքերը, զգաց այդ շալի ջերմությունը, խորը ներշնչեց դրա հոտը։
Օջախի մոտ կծկվել֊նստել էր Բիրկը, նա ճակատը հենել էր ձեռքերին, և նրա պղնձագույն մազերը կախվել էին՝ ծածկելով երեսը։ Նա Ռոնիին այնպես անհույս միայնակ թվաց, որ սիրտը ցավեց։ Աղջիկն իսկույն ամեն ինչ մոռացավ և գետնի վրա քարշ տալով Լովիսայի շալը, գնաց նրա մոտ։ Բայց միանգամից հետը խոսել սիրտ չարեց, ով գիտի, գուցե ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն։
Բայց վերջիվերջո հարցրեց.
— Բիրկ, քեզ ի՞նչ է պատահել։
Նա նայեց աղջկան ու ժպտաց։
— Նստել, տխրում եմ, քույր իմ։
— Ինչի՞ համար։
— Նրա համար, որ իմ քույրը լինում ես միայն այն ժամանակ, երբ որևէ վատ բան է պատահում, ինչպես երեկ, ջրվեժի մոտ։ Բայց հենց որ Մատիսը քեզ կանչի, ես այլևս քո եղբայրը չեմ լինի։ Դրա համար էլ ինձ հիմարի պես եմ պահում։ Եվ դրանից ավելի եմ տխրում։ Ահա բոլորը։
«Իսկ ո՞վ չի տխրում,— մտածեց Ռոնին։— Կարո՞ղ եմ չտխրել, երբ բոլորի առաջ մեղավոր եմ»։
— Ես իրավունք էլ չունեմ քեզ որևէ բանում մեղադրել,— շարունակեց Բիրկը,— ամեն ինչ գնում է այնպես, ինչպես որ պետք է գնա, այդ ես գիտեմ։
Ռոնին վախեցած աչքերը հառեց նրան։
— Բայց դու չես հրաժարվի իմ եղբայրը լինելուց, չէ՞։
— Բանն էլ հենց այդ է,— ասաց Բիրկը։— Ես քո եղբայրն եմ ընդմիշտ, և դու դա գիտես։ Բայց հիմա քեզ կասեմ ինչու էի այդքան ուզում այս ամառը ապրել հանգիստ, առանց ձեր ամրոցի ամեն տեսակի ներկայացուցիչների, և ինչու տանել չեմ կարողանում ձմեռվա մասին խոսակցությունները։ Եթե, իհարկե, այդ բանն ուզում ես իմանալ։
Աշխարհում ամեն ինչից շատ Ռոնին հատկապես այդ էր ուզում իմանալ։ Նա արդեն բազմաթիվ անգամներ ինքն իրեն հարց էր տվել, ինչո՞ւ Բիրկին չի վախեցնում ձմեռը։ «Հիմա ամառ է, քույրիկս»,— ասում էր նա ամեն անգամ այնպես հանգիստ, ասես ձմեռն էլ երբեք չի գալու։
— Մենք ունենք միայն այս ամառը,— ասաց Բիրկը։— Առանց քեզ կյանքն ինձ համար կկորցնի ամեն արժեք... Հասկանո՞ւմ ես... Երբ ձմեռը գա, դու էլ իմ կողքին չես լինի։ Կվերադառնաս ձեր ամրոցը։
— Իսկ դո՞ւ։ Դո՞ւ որտեղ կլինես։
— Այստեղ,— պատասխանեց Բիրկը։— Իհարկե, ես կարող եմ խնդրել, որ ինձ ներս թողնեն Բորկայի աշտարակը։ Ինձ ոչ ոք դուրս չի անի, ես գիտեմ։ Բայց ինչո՞ւ։ Միևնույն է, քեզ կորցնելու եմ, նույնիսկ չեմ տեսնի քեզ։ Դրա համար էլ կմնամ Արջի քարանձավում։
— Եվ կսառչես այստեղ,— ասաց Ռոնին։
Ամառը հավիտյան ձգվել չի կարող, դա Բիրկը գիտեր, և Ռոնին նույնպես։ Բայց նրանք ապրում էին այնպես, ասես այն ձգվելու էր հավիտյան, և աշխատում էին, ինչքան հնարավոր է, խլացնել ձմռան մասին տանջալի մտքերը։ Նրանք ուզում էին հագենալ այս ամռան յուրաքանչյուր ժամով, ցայգալույսի մեգից մինչև գիշերվա մութը։ Անցնում էին օրերն օրերի հետևից, նրանք ապրում էին, ասես, մի ինչ֊որ մոլուցքով բռնված, ոչ մի բանի մասին չմտածելով։ Չէ որ նրանք առջևում դեռ մի քիչ ժամանակ ունեին։
— Ես հավաքում եմ ամառը, ինչպես մեղուն՝ մեղրը,— ասաց Ռոնին։— Ամառային պաշարներ եմ հավաքում, որոնցով կսնվեմ, երբ գա ձմեռը։ Եվ գիտե՞ս դրանք ինչից են բաղկացած։
Եվ սկսեց հեքիաթի նման պատմել.
— Դա կլինի հսկա֊հսկա կարկանդակ։ Խմորը արևի արշալույսներից է՝ հասած սև հապալասից, պեպեններից, որոնք տարածված են քո ձեռքերին, գետի վրա ընկած լուսնի ճանապարհից, սև մութ երկնքի պայծառ աստղերից և կեչու թավուտից, երբ այն գվվում է տապից... Իսկ այդ կարկանդակի միջուկը արևի շողերից է, որ այրվում են սոճու բներին, գայլի անձրևի գողացող կաթիլներից՝ կախված սոճու ասեղներից։ Ու այնտեղ թռչկոտում են սկյուռներ ու նապաստակներ, վազում են աղվեսներ ու որմզդեղններ, և վայրի ձիեր՝ մեր ամբողջ երամակը։ Եվ, իհարկե, գետում լողալը, և մեր՝ ձիերով սուրալը... Դե ինքդ ես տեսնում, ես այդ կարկանդակը թխում եմ այն ամենից, ինչը որ ամառ է։
— Ամառով հրաշալի կարկանդակ է,— հիացավ Բիրկը։— Միշտ թխիր դրանից։
Ամբողջ ժամանակ վաղ առավոտից մինչև գիշեր նրանք անց էին կացնում անտառում։ Ձուկ էին բռնում և որս էին անում միայն սնվելու համար, և ապրում էին համերաշխ ամենի հետ, ինչ նրանց շրջապատում էր։ Երկարատև զբոսանքներ էին կատարում՝ դիտելով գազաններին ու թռչուններին, բարձրանում էին ժայռերն ու ծառերը, ձի էին քշում, լողում էին անտառի լճերում, որտեղ նրանց չէին վախեցնում չարասիրտ դրուդները։ Այսպես օրը օրի հետևից անցնում էր ամառը։
Օդը դարձավ ավելի թափանցիկ ու սառը, գիշերները ցրտեցին, իսկ հետո դեղնեց գետափի կեչու գագաթը։ Նրանք դա իսկույն նկատեցին, երբ վաղ առավոտյան դուրս եկան օջախի մոտ, բայց իրար բան չասացին։
Հետո օրերը ցրտեցին, իսկ օդն ավելի թափանցիկ դարձավ։ Նրանց հրապարակից հիմա անվերջ տեսարան էր բացվում կանաչ անտառների վրա, բայց դրանք արդեն այնպես կանաչ չէին, ինչպես առաջ, այլ երփներանգվում էին դեղին ու կարմիր բծերով։ Շուտով գետի ամբողջ ափն էլ հրդեհվեց ոսկե֊կարմիր կրակով։ Առավոտները Ռոնին ու Բիրկը առաջվա նման նստում էին օջախի մոտ և տեսնում էին, ինչ գեղեցիկ է շուրջն ամեն բան, բայց այդ մասին չէին խոսում։