Changes
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
=== Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը ===
Ֆրոդոն պառկած էր մեջքի վրա, իսկ պիղծ արարածը, կռացած նրա վրա, այնքան էր տարված իր զոհով, որ չէր նկատում Սեմին ու չէր լսում նրա բղավոցները, մինչև որ վերջինս բոլորովին չմոտեցավ: Սեմը նկատեց, որ տերը ոտքից գլուխ պարուրված է սարդոստայնով, իսկ հրեշն արդեն բարձրացնում է նրան առջևի հսկայական ոտքերով՝ պատրաստվելով քարշ տալ դեպի իր որջը: Ֆրոդոյի կողքին ընկած էր լուսարձակող էլֆական սուրը, որն այդպես էլ նա չէր կարողացել գործի դնել: Սեմը երկար-բարակ չմտածեց, թե ինչն է իրեն առաջ մղում՝ քաջությու՞նը, հավատարմությու՞նը, թե՞ պարզապես խելագար կատաղությունը. Նա ձախ ձեռքով գետնից սրընթաց բարձրացրեց Ֆրոդոյի թուրրը և վայրի ճիչով նետվեց հարձակման: Արտասովոր տեսարան էր, աննախադեպ նույնիսկ գիշատիչ կենդանիների վայրի աշխարհում, որտեղ հաճախ է պատահում այնպես, որ հուսահատված կենդանին, զինված միայն փոքրիկ ատամներով, անձնուրաց պաշտպանում է իր վիրավոր ընկերուհուն՝ հարձակվելով նրա վրա կռացած մեծ ու հաստակաշի գազանի վրա:
Անհանգստացած հոբիթի բարակ ձայնից, Շելոբը, սթափվելով ասես արյունալի խնջույքի մասին քաղցր մտքերից, դանդաղորեն իր սպանիչ չարությամբ լցված աչքերն ուղղեց դեպի Սեմը: Բայց մինչ նա կհասկանար, որ իր վրա հարձակվում են, և այն էլ այնպիսի կատաղությամբ, ինչպիսին չի հանդիպել երբևէ իր ապրած կյանքի անհամար տարիների ընթացքում, փայլփլուն թուրը խրվեց նրա ոտքը և կտրեց ճիրանը: Սեմը ցատկեց առաջ, սահեց սարդի ոտքերի արանքով և, արագորեն դուրս գալով մյուս կողմից, թուրը խրեց նրա աչքակուտակումներից մեջ՝ բարեբախտաբար Շելոբն այդ պահին գլուխը կախել էր: Ամենամեծ աչքերից մեկը խամրեց:
Փոքրիկ, խղճուկ գազանիկը թաքնվեց սարդի փորի տակ: Գազազած հրեշը ոչ մի կերպ չէր կարողանում խոցել նրան ո՛չ խայթիչով, ո՛չ ճիրաններով: Սարդի հսկայական փորը ճոճվում էր Սեմի գլխավերևում և սարսափելի գարշահոտություն արձակում: Հոբիթը քիչ էր մնում գիտակցությունը կորցներ, սակայն զսպեց իրեն և, թափ հավաքելով, թրատեց հրեշի փորը:
Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել՝ պատվելով բազմաթիվ նողկալի շերտերով: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր սուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական սրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:
Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: