Changes

Գրառումներ մեռյալ տնից

Ավելացվել է 24 922 բայտ, 17:50, 1 Օգոստոսի 2015
=== VIII։ Վճռական մարդիկ։ Լուչկան ===
 
Վճռականների մասին դժվար է խոսել, տաժանավայրում, ինչպեսև ամենուրեք, նրանք բավականին քիչ են։ Արտաքնապես թերևս սարսափելի մարդ է, մեկ֊մեկ պատկերացնես, թե ինչեր են պատմում մեկնումեկի մասին, նույնիսկ ճամփադ կթեքես։ Տարտամ մի զգացողություն ստիպում էր ինձ նույնիսկ շրջանցել նրանց սկզբում։ Հետագայում շատ բան փոխվեց իմ հայացքներում՝ անգամ ամենազարհուրելի մարդասպանների հանդեպ։ Մեկ ուրիշը չէր էլ սպանել, սակայն ավելի սարսափելի էր մյուսից, որը վեց սպանությամբ էր բանտ եկել։ Իսկ որոշ հանցագործությունների վերաբերյալ դժվար էր անգամ ամենասկզբնական պատկերացում կազմել, այնքան շատ տարօրինակ բան կար դրանց կատարման մեջ։ Հենց այն պատճառով եմ ասում, որ մեզանում, հասարակ ժողովրդի մեջ սպանություններ են կատարվում ամենազարմանալի պատճառներով։ Օրինակ, գոյություն ունի, և նույնիսկ շատ հաճախ, մարդասպանի այսպիսի տեսակ՝ այդ մարդն ապրում էր հանգիստ, խաղաղ։ Դառը վիճակ է՝ դիմանում էր։ Ասենք, մուժիկ է, ճորտ, քաղքենի, զինվոր։ Հանկարծակի ինչ֊որ պոռթկում է ներսում, չի դիմանում և դանակը խրում իր թշնամու, իրեն նեղացնողի փորը։ Այդտեղ էլ հենց ծայր է առնում տարօրինակությունը. մարդը հանկարծակի, ժամանակավորապես դուրս է պրծնում իր չափուձևից։ Առաջինը սպանել է իրեն նեղողին՝ թշնամուն, սա թեև հանցանք է, բայց հասկանալի դրդապատճառ, է եղել։ Սակայն հետագայում արդեն նա սպանում է նաև ոչ թշնամիներին, սպանում է առաջին հանդիպող֊անցնողին, սպանում է խնդալու համար, կոպիտ խոսքի համար, նայվածքի համար, տերողորմյայի համար, կամ պարզապես. «Հեռու ճամփիցս, ձեռքիս տակ չընկնես, ես եմ գալիս»։ Ճիշտ կարծես արբենում է մարդը, ճիշտ կարծես ջերմի զառանցանքի մեջ է։ Ճիշտ կարծես մի անգամ անցնելով իր համար երանելի գծի վրայով, արդեն սկսում է հիանալ, որ այլևս չկա իր համար սրբազան և ոչ մի բան, ճիշտ կարծես նրան մտրակում է՝ մեկեն խախտել ամենայն օրինականություն ու իշխանություն և ըմբոշխնել ամենասանձարձակ և անեզր ազատությունը՝ ըմբոշխնել սրտի այդ նվաղումը սարսափից, ինչ անհնար է, որ ինքն իր հանդեպ չզգա։ Բացի դրանից, գիտե նաև, որ իրեն զարհուրելի մահապատիժ է սպասվում։ Այդ ամենը կարող է նման լինել մի զգացողության, երբ մարդուն բարձր աշտարակից ձգում է վիհը, որ ոտքերի տակ է, այնպես որ ինքն էլ վերջապես ուրախ կլիներ նետվել գլխիվար ավելի ու ավելի շուտ և վերջ ամեն ինչին։ Ու պատահում է դա նույնիսկ ամենախաղաղ և մինչ այդ աննշմար մարդկանց հետ։ Նրանցից ոմանք այդ մշուշի մեջ անգամ ձևեր են թափում։ Որքան ավելի նվաստացած նախկինում, հիմա այնքան ավելի սաստիկ է մղում նրան լոպազանալ, վախեցնել։ Նա ըմբոշխնում է այդ վախը, սիրում է այն նողկանքը, որ ինքն է հարուցում ուրիշների մեջ։ Նա երեսանց ստանձնում է ինչ֊որ ''հանդգնություն'', և այդօրինակ «հանդուգնը» երբեմն ինքն է շուտափույթ պատիժ սպասում, ուզում է, որ ''վերջացնեն'' իր գործը, քանզի ի վերջո իր համար է ծանր դառնում կրել այդ երեսանց ''հանդգնությունը''։ Հետաքրքրական է, որ մեծ մասամբ այդ ամբողջ տրամադրվածությունը, ամբողջ շինծուությունը շարունակվում է ճիշտ մինչև կառափնարան, հետո միանգամից կտրվում. ճիշտ կածես իրականում այդ ժամկետը մի տեսակ ձևական է, ասես նախապես կանխորոշված՝ դրա համար հաստատված կանոններով։ Մարդն այստեղ մեկեն դառնում է խոնարհ, դժգունում, լաթի կտորի վերածվում։ Նվնվում է կառափնարանի վրա, թողություն խնդրում հավաքվածներից։ Գալիս է բանտ, ու տեսնում ես՝ ինչ փսլնքոտ, ինչ լալկան, նույնիսկ ծեծված մեկն է, այնպես որ զարմանում ես նույնիսկ. «Մի՞թե սա հենց նա է, որը հինգ֊վեց մարդ է սպանել»։
 
Հարկավ, ոմանք շուտ չեն հանդարտվում բանտում։ Դեռևս պահպանվում է ինչ֊ինչ ձևապաշտություն, պարծենկոտություն. իբր, ես այն չեմ, ինչ կարծում եք, ես «վեց հոգու համար» եմ այստեղ։ Սակայն վերջացնում է նրանով, որ այնուամենայնիվ, հանդարտվում է։ Երբեմն սոսկ մխիթարում է իրեն, վերհիշելով իր հանդուգն թափը, իր գինարբուքը, որ մի անգամ արել է կյանքում, երբ «հանդուգն» էր և շատ է սիրում, երբ միամիտ մեկին գտնելով, պատշաճ ծանրումեծությամբ ձևեր է թափում ու պարծենում նրա առաջ՝ պատմելով իր քաջագործությունները, ի դեպ, ցույց չտալով անգամ, որ հենց ինքն է ուզում պատմել։ Իբր, տեսք ես ի՜նչ մարդ եմ եղել։
 
Եվ ինչպիսի նրբավարություններ են նկատվում այդ ինքնասեր գորշության մեջ, ինչ ալարկոտ-անփույթ է լինում երբեմն նման պատմությունը։ Ինչպիսի ուսումնասիրված ձևապաշտություն է դրսևորվում պատմողի տոնի, ամեն բառի մեջ։ Ու որտեղ են այդ մարդիկ սովորել։
 
Մի անգամ, առաջին այդ օրերին, մի երկարուձիգ երեկո, պարապ ու տրտում պառկած թախտաշարին, լսեցի նման պատմություններից մեկը, և պատմողին անսովորությունից դրեցի ինչ-որ վիթխարահասակ, ահարկու ոճրագործի տեղ չլսված երկաթյա բնավորության համար, թեև այդ նույն ժամանակ համարյա թե ձեռ էի առնում Պետրովին։ Պատմության թեման էր, թե ինչպես ինքը՝ Լուկա Կուզմիչը, ոչ որևէ պատճառով, այլ սոսկ իր հաճույքի համար, ''պառկեցրել'' է մի մայորի։ Այդ Լուկա Կուզմիչը մեր բանտասենյակի այն փոքր-մոքր, նիհարիկ, սրաքիթ ու ջահել կալանավորն էր, ուկրաինացիներից, ում մասին արդեն հիշատակել եմ մի տեղ։ Ըստ էության, ռուս էր, միայն ծնվել էր հարավում, կարծեմ, կալվածատան ծառա էր եղել։ Նրա մեջ, իրոք, մի սուրուլիկ, լոպազական բան կար. «Ճստիկ է թռչնակը, բայց ճանկերը՝ սուր»։ Սակայն կալանավորները բնազդաբար են ճանաչում մարդուն։ Նրան շատ քիչ էին հարգում, կամ, ինչպես տաժանավայրում են ասում․ «Էնքան էլ շատ չէին հարգում»։ Ահավոր ինքնասեր էր։ Այն երեկո, թախտաշարին նստած, շապիկ էր կարում։ Սպիտակեղեն կարելը նրա արհեստն էր։ Կողքը նստած էր բութ ու սահմանափակ, բայց բարի և մեղմաբարո մի ջահել պնդակազմ և բարձրահասակ կալանավոր Կոբիլինը՝ Լուկայի հարևանը թախտաշարին։ Լուկան, հարևանը լինելով, հաճախ էր վիճում հետը և ընդհանրապես վերից նայում, ծաղրաբար ու բռնակալական վարվում, ինչ Կոբիլինը մասամբ չէր նկատում իր պարզահոգությամբ։ Նա բրդե գուլպա էր հյուսում և անտարբեր լսում Լուչկային։ Վերջինս պատմում էր բավականին բարձրաձայն ու լսելի։ Ուզում էր, որ բոլորը լսեն իրեն, թեև ընդհակառակը, ջանում էր ձևացնել, թե մենակ Կոբիլինին է պատմում։
 
― Ուրեմն, ախպորս ասեմ,— սկսեց նա ասեղը բանացնելով,― մեր տեղից ինձ ուղարկեցին Չ․֊վ, ուրեմն, թափառականության համար։
 
― Էդ ե՞րբ է եղել, վաղո՞ւց,— հարցրեց Կոբիլինը։
 
― Ասեմ՝ գարին հասավ, տարին կլրանա։ Է, հենց հասանք Կ.-վ, կարճ ժամանակով ինձ տարան բանտ։ Տեսնեմ, ինձ հետ նստած են տասներկու հոգի, լրիվն ուկրաինացի, բոյով, ջանով, ցլի պես ուժեղ։ Ու հո սուսուփուս չեն՝ կերը վատ, մայորն ինչ ուզում, անում է հետները, ոնձ գլխինը փջեց (Լուչկան դիտավորյալ խեղդում էր բառերը)։ Մի օր նայեցի, երկու օր նայեցի, տեսնեմ վախկոտ ժողովուրդ են։ «Էդ ի՞նչ եք,— ասի,— էդ ախմախին ականջ դնում»։— «Հլա գնա, դու խոսի հետը»,— որ ասեմ, քթների տակ էլ խնդում են վրաս։ Սուս մնացի։
 
― Տղերք, էնտեղ մեկը կար, ամենամազալուն էր,— ավելացրեց նա հանկարծ, թողնելով Կոբիլինին և դիմելով բոլորին՝ ընդհանրապես։— Պատմում էր, թե ոնց դատեցին իրեն դատարանում ու ոնց էր ինքը դատավորների հետ խոսում, պատմում ու հո լաց չէր լինում հոնգուր-հոնգուր, ասում երեխեքս մնացին, կնիկս։ Ընկած-ելած մարդ էր, մազերը սպիտակած, չաղ։ «Ես նրա հետ եմ խոսում ոչ մի բան։ Դատավորն էլ, շան որդին, մի գլուխ գրում է, մի գլուխ գրում։ Ինքս ինձ ասում եմ, այ, սատկես դու հա, ես էլ տեսնեմ՝ ուրախանամ։ Դա էլ գրում, գրում է մի գլուխ, ու հո չի՜ գրում։ ... Էստեղ էլ գլխիս փորձանք եկավ»։ Վասյա, մի քիչ թել տուր, բանտի տվածը փտած է։
 
― Բազարի թել է,— պատասխանեց Վասյան, թելը տալով։
 
― Մեր արհեստանոցինն ավելի լավ է, էս քանի օրս մի վետերան էինք ուղարկել, տեսնես, ինչ անիծած կնկանից էր առել,— շարունակեց Լուչկան լույսին բռնած թելելով ասեղը։
 
― Սանամերը կըլնի, ուրեմըս։
 
― Ուրեմըս, սանամերն է։
 
― Հետո՞ ինչ եղավ։ Մայորի գո՞րծը ոնց եղավ,— հարցրեց լիովին մոռացված Կոբիլինբ։
 
Հենց դա էլ պետք էր Լուչկային։ Բայց նա հիմա չշարունակեց պատմությունը, անգամ կարծես ուշադրություն էլ չդարձրեց Կոբիլինին։ Հանգիստ շտկելով թելերը, հանգիստ և ծուլորեն ոտքերն իրեն քաշեց ու վերջապես սկսեց.
 
― Վերջիվերջով, կատաղեցրի իմ ուկրաինացիներին, կանչել տվին մայորին։ Ես էլ առավոտից մի ժուլիկ ուզեցի հարևանից, առա ու պահեցի, ուրեմըս, որ բան եղավ։ Մայորս փրփրել էր։ Գալիս էր։ Դե, տղերք, ասի, չվախենաք, տղերք։ Դրանց սիրտն էլ փորներն է ընկել, հո չեն դողում։ Ներս եկավ մայորը, հարբած։ «Էս ո՞վ եք էստեղ, ո՞նց եք էստեղ։ Ես ձեր գլխին թագավոր էլ, աստված էլ»։
 
― Չէ, ասի, ձերդ պայծառափայլություն,— ինքս էլ կամաց֊կամաց մոտ եմ գնում,— չէ, ասի, չէ, էգ ո՞նց կըլնի, որ դուք, ձերդ պայծառափայլություն, որ մեր թագավորն էլ ես դու, մեր աստվածն էլ։
 
«Ա, ուրեմըս, էդ դո՞ւ ես, ուրեմըս, դո՞ւ ես,— ճղճղաց մայորը։— Խռովարար»։
 
― Չէ, ասի (ինքս էլ մոտ եմ գնում), չէ, ասի, ձերդ պայծառություն, ո՞նց կըլնի, լրիվս էլ գիտենք, որ մեր ամենափրկիչ ու ամենակարող Աստված մեկն է, ասի։ Մեր թագավորն էլ է մեկը, լրիվիս գլխին կարգված Աստծուց։ Նա, ասի, ձերդ ազնվականություն, միապետ է։ Իսկ դուք, ասի, ձերդ ազնվականություն, մենակ մայոր եք, մեր պետը, թագավորական ողորմածությամբ, ասի, ու ձեր վաստակներով։
 
«Էդպե՛ս֊էդպե՛ս֊էդպե՛ս֊էդպե՛ս»,— հավի պես կչկչացրեց, խոսել չէր կարենում, թուքը թռել էր բուկը։ Շատ էր զարմացել։
 
«Հենց էդպես»,— ասի, ու հանկարծ որ վրա չպրծա, ուղիղ փորը խրեցի դանակը մինչև կոթ։ Հաջող եղավ։ Ցած գլորվեց ու մենակ ոտներն էր թափ տալիս։ Ես դանակը շպրտեցի։
 
«Հիմի տեսեք, տղերք, բարձրացրեք դրան հիմի»։
 
Այստեղ ես պետք է շեղում անեմ։ Դժբախտաբար, «ես եմ թագավոր ու աստված» և նման արտահայտություններ շատ էին օգտագործում հնում բազմաթիվ հրամանատարներ։ Ի դեպ, հարկ է խոստովանել, որ այդպիսիք արդեն քիչ են մնացել, գուցեև լրիվ վերացել են։ Նշեմ նաև, որ առանձնապես հոխորտում և սիրում էին պարծենկոտություն անել մեծ մասամբ հենց ցածր կոչումներից բարձրացած հրամանատարները։ Սպայական կոչումը կարծես ամբողջովին տակնուվրա էր անում նրանց ներքինը, նաև՝ գլուխը։ Երկար ժամանակ տքնելով լծի տակ և անցնելով ենթարկվածության բոլոր աստիճանները, նրանք հանկարծ իրենց տեսնում էին սպաներ, հրամանատարներ, ազնվականացածներ և սնափառությունից ու առաջին արբեցումից չափազանցնում իրենց զորության և նշանակալիության մասին ըմբռնումը։ Հարկավ, միայն իրենց ենթակա ստորին աստիճանների նկատմամբ։ Իսկ ավելի բարձրների նկատմամբ նախկինի պես ստորաքարշություն անում, ինչ բացարձակապես պետք չէր և անգամ գարշելի՝ շատ պետերի համար։ Որոշ ստորաքարշներ նույնիսկ մի առանձին սրտաշարժությամբ իրենցից բարձր հրամանատարներին շտապում էին հայտարարել, որ իրենք էլ են ցածր աստիճաններից, թեև սպաներ են, «միշտ գիտեն իրենց տեղը»։ Սակայն ստորին աստիճանների նկատմամբ դառնում էին համարյա անսահմանափակ տիրակալներ։ Իհարկե, ներկայումս հազիվ թե կան նմաններ և հազիվ թե գտնվեր մեկը, որ բղավեր «Ես եմ թագավոր, ես եմ աստված»։ Սակայն, չնայած դրան, այնուամենայնիվ նշեմ, որ ոչինչ այնպես չի բորբոքում կալանավորներին, ընդհանրապես նաև բոլոր ցածր աստիճան ունեցողներին, ինչպես պետերի այդօրինակ արտահայտությունները։ Ինքնամեծարման այդ լկտիությունը, սեփական անպատժելիության այդ չափազանցված կարծիքը ատելություն է ծնում ամենախոնարհ մարդու մեջ և հանում նրան վերջին համբերությունից։ Բարեբախտաբար, այդ ամենը համարյա անցյալ է և նույնիսկ հնում խստորեն հետապնդվում էր ղեկավարության կողմից։ Մի քանի օրինակներ գիտեմ։
 
Եվ ընդհանրապես, ստորին աստիճաններին բարկացնում է ամեն կարգի բարձրամիտ քամահրանքը, ամենայն խորշանք իրենց հետ հաղորդակցվելիս։ Ոմանք կարծում են, ասենք, որ եթե լավ կերակրես, լավ պահես կալանավորին, ամեն ինչ օրենքով անես, գործտ դրանով էլ կվերջանա։ Սա նմանապես մոլորություն է։ Ամեն ոք, ով էլ լինի, որքան էլ նսեմացված լինի, թեկուզ բնազդաբար, թեկուզ անգիտակցաբար, այդուհանդերձ, հարգանք է պահանջում իր մարդկային արժանապատվության նկատմամբ։ Կալանավորն ինքը գիտի, որ կալանավոր է, թշվառական, և գիտե իր տեղը պետերի առաջ։ Սակայն ոչ մի խարանով, ոչ մի կալանդներով չես ստիպի նրան մոռանալ, որ ինքր մարդ է։ Իսկ քանի որ, իրոք, մարդ է, հետևաբար և նրա հետ պիտի վարվել մարդավայել։ Աստված իմ, չէ որ ''մարդկային'' վերաբերմունքը կարող է մարդ դարձնել այնպիսի մեկին, ում վրա վաղուց խամրել է Աստծո կերպարը։ Հենց այդ «թշվառականների» հետ է պետք վարվել առավելագույնս մարդավարի։ Դա նրանց փրկությունն է և բերկրանքը։ Ես հանդիպել եմ այդպիսի բարեսիրտ, վեհանձն հրամանատարների։ Տեսել եմ այդ թշվառականների վրա նման վարմունքի ներգործությունը։ Մի քանի սիրալիր խոսք, և կալանավորները համարյա թե բարոյապես հառնում էին։ Երեխաների պես հրճվում և երեխաների պես էլ սկսում էին սիրել։ Մի տարօրինակություն ևս. կալանավորներն իրենք չեն սիրում չափից ավելի ընտանեվարություն և իրենց հանդեպ պետերի ''չափազանց'' բարեհոգի վարմունքը։ Ինքն ուզում է հարգել պետերին, իսկ հենց այդ դեպքում դադարում է հարգել։ Կալանավորի դուրը գալիս է, օրինակ, որ իր պետը շքանշաններ ունենա, որ ներկայանալի լինի, որևիցե մեծամեծի հովանավորությունը վայելի, որ թե՛ խիստ լինի, թե՛ ծանրումեծ և իր արժանապատվությունը պահպանի։ Այդպիսիներին կալանավորներն ավելի են սիրում, նշանակում է, թե իր արժանապատվությունն է պահպանել, չի նեղացրել, ուրեմնև ամեն ինչ լավ է և գեղեցիկ։
 
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
 
― Դրա համար պետք է որ քեզ լավ դաղած լինեն,— հանգիստ նշեց Կոբիլինը։
 
― Հը՛մ։ Դաղել են, ախպերս, ճիշտ որ դաղել են։ Ալեյ, մկրատը տուր տեսնեմ։ Տղերք, էսօր ոնց որ մայդան չկա, հա՞։
 
― Էս երկու օրը խմելու տվին,― նշեց Վասյան։— Խմելու տված չլինեին, վայ թե մայդանը բացեին։
 
― Վայ թե։ Վայ թե-ի համար Մոսկվայում էլ հարյուր ռուբլի կտան,— միջամտեց Լուչկան։
 
― Լուչկա, բա քե՞զ ինչքան են տվել արած-չարածիդ համար,— նորից սկսեց Կոբիլինը։
 
― Տված կըլնեն, իմ լավ ախպեր, հարյուր ու հինգ։ Ու ինչ կասեմ, տղերք, քիչ էր մնացել սպանեին,― խոսքի տուտր բռնեց Լուչկան, նորից թողնելով Կոբիլինին։— Ու հենց էդ հարյուր ու հինգը վճիռ արեցին ինձ, տարան լրիվ սարք ու կարգով։ Մինչև էդ էլ հլա մտրակի համր չէի իմացել։ Ժողովուրդ էլ հո չէր հավաքվել՝ թիվ-համրանք չկար, լրիվ քաղաքն եկել էր՝ ավազակ են պատժելու, մարդասպան կըլնի, ուրեմըս։ Էնքան անխելք է էդ ժողովուրդը, որ չեմ իմանում ինչ ասեմ։ Տիմոչկան շորերս հանեց, պառկեցրեց, գոռաց. «Դիմացի, դաղելու եմ հա՜», ես էլ սպասում եմ ի՞նչ է լինելու։ Մի հատ որ հասցրեց, ուզեցա գոռալ, բերանս բացեցի, բայց գոռոց չեղավ, չկար։ Ձենս կտրվել էր, ուրեմըս։ Երկրորդը որ հասցրին, ինչ ասեմ, կհավատաս, թե՝ չէ, էլ չլսեցի ոնց հաշվեցին ''երկուսը''։ Որ ուշքի եկա, լսեմ, հաշվում են տասնյոթը։ Ախպեր, ուրեմըս էդպես մի չորս անգամ ինձ թամքից իջեցրին, կես-կես ժամ հանգստանում էի ջուր էին լցնում վրաս։ Հավաքվածներին էի նայում աչքերս չռած ու մտածում. «Հենց էստեղ էլ կմեռնեմ...»։
 
― Ու չմեռա՞ր,— միամիտ հարցեց Կոբիլինը։
 
Լուչկան նրան չափեց ծայրաստիճան արհամարհական հայացքով։ Քրքիջ լսվեց։
 
― Չաչանակ ես, ինչ ասեմ,— նշեց Լուչկան, ճիշտ ասես զղջալով, որ խոսք է բացել նման մեկի հետ։
 
― Ասել է, թե խելքն է գցել,— ամրապնդեց Վասյան։
 
թեև վեց մարդ էր սպանել Լուչկան, բայց բանտում երբեք և ոչ ոք չէր վախենում նրանից, թեև անկեղծորեն ցանկանում էր սարսափելի մարդու համբավ ունենալ...
 
 
=== IX։ Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուչինի պատմածը ===
=== X։ Քրիստոսի ծննդյան տոնը ===
Վստահելի
113
edits