Changes
== Կեղտոտ թաթիկներ ==
<blockquote>
:::::Նրանք հասակ են առնում ջունգլիների օրենքներով, կյանքը ճանաչում են սեփական փորձով, նրանց փրկում է սուր, կռահող միտքը։ Նրանց արարքները կրոնը մեղք է համարում, բայց աստծու ամենատես հայացքը թողնում է, որ կարծրացած թաղանթի մեջ թպրտա նրանց մանկական սիրտը։
</blockquote>
Մտնելով, տրոլեյբուս, տոմս վերցրեցի և մնացի հետևի հարթակում։ Այդ պահին ուշադրությունս գրավեց մի փոքրիկ տղա։ Նա հազիվ տասը տարեկան լիներ, բայց զարմանալի ճշտությամբ ընդօրինակել էր մեզ ծանոթ տասնութից-քսան տարեկան դյուրաբորբոք, մեծամիտ երիտասարդներին։ Հենց այդ բանն էլ ինձ հետաքրքրեց։ Տղան կիպ կպած կապույտ տաբատ էր կրում «ջինսի» կոչվող կոշտ կտորից, ծովայինի կիսաբաճկոն՝ կարմիր օձիքատակով։ Այդպիսի բաները վաճառվում են Ֆորչելլեում։ Մեկ ուրիշի վրա այս ամենը դիմակահանդեսային հարդարանքի տեսք կունենար, բայց իմ ուղեկցի հագին դա ակնհայտորեն արտահագուստ էր ծառայում։ Փոշեպատ, ամբողջապես լաքաներով ծածկված այս կոստյումը «իսկական» էր նաև մի ուրիշ, ավելի էական պատճառով — բանը նրանումն էր, որ դա ոչ մի կաթիլ չէր հակադրվում տղայի ամբողջ կերպարանքին։ Տղայի դեմքը մանկական չէր։ Այդպիսի տղայի նայելիս, անկախ քեզնից մտածում ես, որ նա իր կյանքում շատ բան է տեսել և շուտով նրա անունը անպայման կգրանցվի ուղղիչ գաղութի քարտադարանում։ Երբ ես նայեցի նրան, գլխումս ծնված վերջին միտքն այն էր, թե վաղ կամ ուշ նա կընկնի արդարադատության ձեռքը։
Կիսաբաճկոնով և տաբատով ծածկված տղայի մարմնաձևերը գալիս, հաստատում էին իմ ենթադրությունը։ Կոնքերը ոսկրոտ էին, ռախիտավոր, ինչպես փայտից պատրաստված տիկնիկներինն է լինում։ Փոխարենը թիկնեղ էր։ Գզգզված մազերով և մանր, անգույն սպիտակ աչքերով աղվեսի դունչը՝ նրան անկախ էակի տեսք էր տայիս, էակի, որը ընդունակ է պաշտպանելու և հարձակվելու, կռվելու մինչև արյան վերջին կաթիլը։
Կանգառից կանգառ ուղևորներն ավելի էին շատանում։ Նա նստել ու նայում էր ներս մտնողներին մի այնպիսի գրգռված մարդու տեսքով, որ սպասում ու չի համբերում, թե երբ կվերջանա այս բոլորը։
Նրա կոշիկների ներբանները գետին չէին հասնում։ Երբ տրոլեյբուս մտավ փնթփնթացող մի պառավ տղան խռպոտ և բարբառային առոգանությամբ իր տեղն առաջարկեց պառավին, իսկ հետո դժգոհ տեսքով հեռացավ հետևի հարթակը։ Ես աչքս չկտրեցի նրանից, և երբ ինձ հրեցին, աշխատեցի տղայի մոտ ընկնել։ Բանը վերջացավ նրանով, որ ուղղակի կողքին հայտնվեցի։ Նրա գլուխը իմ ուսից էր։ Տղան դարձավ իմ կողմը, հավանաբար, ես դուր չեկա նրան, միաժամանակ անտարբեր ու արժեքավորող հայացքով զննելուց հետո նա մի փոքո գրգռիչ եղանակով նորից նայեց ինձ, որով կարծես ասում էր․ «Դու ինձ երեխայի տե՞ղ ես դնում»։ Եվ «կամ (ես տեսա, թե ինչպես այդ միտքը փայլատակեց նրա աչքերում) մուրացիկի, այն մուրացիկներից, որոնք աղբարկղներն են քրքրում»։
Նա ձեռքը կիսաբաճկոնի աջ գրպանը տարավ և ափով մեկ թղթադրամ հանեց մի այնպիսի տեսքով, որ կարծես գրպանները լեփ-լեցուն փող ունենալը իր համար ամենասովորական բանն էր։ Նա փողը չի հաշվում, պետք չէ հաշվել, որովհետև դրան սովոր է։
Համոզվելով, որ նայում եմ, տղան ծայրագույն անտարբերություն ցուցաբերելով, սկսեց փողերը դասավորել և չհաշվել, այսինքն տեսակավորել։ Սկզբում առանձնացրեց քսան և հիսուն լիրանոց թղթադրամները ու խոթեց տաբատի ձախ գրպանը, հետո հինգ հարյուր լիրանոց կտորները անշտապ ուղղեց, հենց այնպես, ժամանակ սպանելու համար և վերջում դուրս հանեց երեք հազար լիրանոց արժեթղթեր։
Ես մտքումս հաշվեցի։ Այսքան փող ողորմությամբ չես հավաքի, ողորմությունը մեծ կտորներով չեն տալիս և ոչ էլ ազգականի կամ մեկ ուրիշ մեծահասակի ցույց տված ծառայության վարձատրություն կարող է լինել, այլապես փողերն այսքան անկանոն վիճակում չէին պահվի։ Թերևս գողացե՞լ է, ումի՞ց, հնարավոր է ինչ-որ տեղ, մայթի վրա թղթախաղում է շահել։ Ո՛չ․ պետք է որ տղան «գործ» անելիս լինի և այն էլ վաղուց։ Կարևոր հանգամանք՝ նա երթևեկում է տոմսով։ Եթե ինծ հարցնեին, թե վերջ ի վերջո ինչ եմ մտածում այս փողերի մասին՝ կասեի, որ տղան կամ փողոցներում ձեռք գցած բան է ծախում, կամ առևտրով է զբաղվում։ Երկու դեպքում էլ ճշմարտության դեմ մեղանչած չէի լինի։
Մինչդեռ տարված էի այս խոհերով, տղան ավարտեց դրամագլխի հաշվումը։ Փողը խոր տեղավորելով գրպաններում, նա ամբողջ ժամանակ հետևում էր, թե ինչ տպավորություն է գործում ինձ վրա իր հարստությունը։ Թվում էր, թե նա ասում է․ «Իսկ հիմա ի՞նչ ես մտածում իմ մասին։ Չէիր սպասո՞ւմ։ Այո, ես ինձ հարյուր անգամ ավելի տղամարդ եմ զգում, քան դու»․ թերևս նա ճիշտ էր։ Եվ կարծես՝ ի հաստատումն դրա, նա դադարեց ուշադրություն դարձնել ինձ, ձեռքերը գրպանները խոթեց և շատ մտքեր, հոգսեր անախորժություններ հաղթահարած մարդու տեսքով սկսեց սուլել։ Նա ոչ մի անգամ չժպտաց, ոչ մի բանով չմատնեց իր տարիքը։
Հաջորդ կանգառում պետք է իջնեի ու նկատեցի, որ նա էլ է մոտենում ելքին։ Քիչ հետո մտա մի նրբանցք, որտեղ ապրում է սպիտակեղենի դերձակուհին, նա, ով իմ շապիկներն է կարում, և կորցրեցի տղային, բայց նա հասավ ինձ ու առաջ անցավ։ Նա քայլում էր առջևից, աննկատելի ծիկրակում, որ իմանա, թե արդյոք հետևո՞ւմ եմ իրեն։ Անցնելով մանրավաճառի մոտից, որը սառնաշաքար էր վաճառում, տղան աչքի տակով նայեց վաճառասեղանի շուրջը խմբված երեխաներին, բռունցքով խփեց, կամ ճմկթեց երեխաներից մեկին։ Երեխան շուռ եկավ և, հավանաբար, ուզեց կռվի բռնվել, բայց տեսնելով, թե ում հետ գործ ունի երևի հրաժարվեց իր մտադրությունից։ Դա զարմանալի չէր․ իմ տղան քմծիծաղ տվեց, հետո նշան արեց «լռել» և կանգ առավ հակահարված տալու մտադրությամբ, միաժամանակ նա չմոռացավ ինձ, և կարծես ասելով․ «տեսնո՞ւմ ես, թե ով եմ ես։ Այս մանրուքը իմ ձեռքի տակ է»։ Պատի տակով մի շուն էր վազում, նա քացով խփեց շանը։ Ես իջա նկուղ, դերձակուհու մոտ, և այլևս նրա մասին չմտածեցի։
Կես ժամ հետո տղան կանգնած էր նրբանցքում, քարե ցանկապատին հենված ու ծուլորեն ծխում էր։ Նրա կողքին իր նման մեկ ուրիշը կար։ Իմը նրան ինչ-որ բան էր ասում, այնպիսի բան, որ նա (թերևս շատ բան «տեսած») լսում էր առանց հետաքրքրության։ «Դիտմամբ է սպասել, որ ցույց տա, թե, ծխում է,— մտածեցի ես ու ինքս էլ նշեցի,— իսկ չէ՞ որ նրա մեջ ոչինչ, ոչինչ մանկական չկա, թերևս միայն երբ քնում է․․․ ո՞վ կարող է փրկել նրան, ո՞վ ուժ ունի և կարող է այնպես անել, որ նա նորից դառնա թարմ, կարմրաթշիկ, անմեղ»։
Ես ձևացրի, թե իբր ոչինչ չեմ նկատում ու շարունակեցի ճանապարհս։ Հանկարծ ինչ-որ մեկը դիպավ ձեռքիս, միանգամից շուռ եկա ու հարցրի․
— Ի՞նչ ես ուզում։— Տղան ուղիղ նայում էր ինձ, իր վախեցած լայն բացված աչքերով, և ես կրկնեցի իմ հարցը։— Կարո՞ղ եմ իմանալ, թե ի՞նչ ես ուզում։
Նա գրպանից հանեց մի քանի տուփ արտասահմանյան սիգարեթներ։
— Ես չեմ ծխում,— ասացի, բայց հետո ձեռքս մեկնեցի, վերցրեցի մի տուփ և հարցրի,— սա թեփի՞ց է պատրաստված։
Տղան մի արագ հայացք նետեց վրաս։ Նրա աչքերը կայծեր արձակեցին։ Տղան առավ տուփը, ճարպկորեն պատռեց, հանեց երեք սիգարեթ և պարզեց ինձ, որ հոտոտեմ․ Ամերիկյան սիգարեթի բույր կար։ Չբավարարվելով, նա դուրս հանեց մի սիգարեթ ևս, սովորական շարժումով պատռեց այն, ծխախոտը տրորեց ափերի մեջ ու թափեց գետին։
— Իսկականն է,— անվիճելի եղանակով հայտարարեց տղան,— ես Ֆորչելլիի ապրանքներից չեմ մաճառում։
— Հեքիաթ ես պատմում։ Ավելի լավ է բացատրի, թե որտեղի՞ց ես դրանք գողանում։
— Սինյոր, այսպես գործը գլուխ չի գա, ես կապացուցեմ, որ ազնիվ մարդ եմ։
— Ինձ մի ծիծաղեցնի։
— Ես, սինյոր, դատարկ խոսակցությունների վրա կորցնելու ժամանակ չունեմ։ Դուք սիգարեթներ գնո՞ւմ եք, թե ոչ,— և աշխատելով ինձ տրամադրել, ավելացրեց,— ես այստեղացի եմ, ինձ բոլորը գիտեն, ասացեք Չիրուցցո և ամեն մեկն էլ կասի, թե որտեղ եմ ապրում։ Ես լավ ապրանքներ եմ վաճառում, իսկական, որովհետև չեմ ուզում հաճախորդներիս կորցնել։ Մենք բաց ենք խաղում։
Նրա խոսքերը ինձ զարմացրին, և ես ասացի․
— Լավ, կվերցնեմ, բայց նախընտրում եմ «Քեմելը»։ Սա ինձ դուր չի գալիս։
Ես անկեղծ խղճահարություն զգացի այս երեխա հրեշի համար։ Քսան տարեկան հասակում նա կդառնա սպառված մարդ, մարդ, որը հուսախաբվել է, ոչինչ չի սիրել, որը կյանքից միայն կարող է սպասել անվերջ ու անտանելի կրկնություն, մի կրկնություն, ինչ արդեն շատ անգամ փորձել, տառապել է։
Տղան ձեռքը իր անհատակ գրպանը տարավ «Քեմել» գտնելու հույսով և դուրս հանեց մի ափ լիքը․․․ տարբեր ձևերի ու գույնի կոճակներ, սուլիչ, ռագատկայով կրակելու գնդակներ, հարթ ու տափակ ծովաքարեր և այդ բոլորը նույն լուրջ տեսքով, ինչպես քիչ առաջ ափի մեջ պահել էր փողերը։ Սրտնեղած, որ չգտավ այն սիգարեթը, ինչ ինձ էր հարկավոր, նա պատրաստակամություն հայտնեց տուն վազել ու բերել։
— Հարկավոր չէ, սա կվերցնեմ,— ասացի ես։ Միայն հիմա, երբ նրա կեղտոտ թաթիկների մեջ տեսա այդ գույնզգույն կոճակները, հիմա հասկացա, որ իմ առջև կանգնածը երեխա է։