Changes
2) Արժեքի մի մասի, որը կազմում է փոփոխուն կապիտալ։ Վերջինս չափում է բանվորի եկամուտը և նրա համար դառնում աշխատավարձ, որ բանվորը, հետևաբար, վերարտադրել է կապիտալի արժեքի այդ փոփոխուն մասում։ Կարճ՝ այս արժեքամասի մեջ ներկայացված է աշխատանքի վճարված մասը, որը ապրանքի արտադրության պրոցեսում նոր է միակցվել արժեքի առաջին հաստատուն մասին։
3) Հավելյալ արժեքի, այսինքն ապրանքային արդյունքի արժեքի մի մասի, որի մեջ ներկայացված է չվճարված կամ հավելյալ աշխատանքը։ Արժեքի այս վերջին մասը, իր հերթին, ընդունում է ինքնուրույն ձևեր, որոնք միևնույն ժամանակ եկամտի ձևեր են. կապիտալի շահույթի ձև (կապիտալի իբրև այդպիսու տոկոսը և ձեռնարկուական եկամուտը կապիտալից իբրև գործող կապիտալից) և հողային ռենտայի ձև, որը բաժին է ընկնում արտադրության պրոցեսին մասնակցող հողի սեփականատիրոջը։ 2) և 3) բաղկացուցիչ մասերը, այսինքն արժեքի այն բաղկացուցիչ մասը, որը մշտապես եկամտի ձև է ընդունում՝ որպես աշխատավարձ (իհարկե, միայն երբ վերջինս նախապես արդեն անցել է փոփոխուն կապիտալի ձևի միջով), շահույթ և ռենտա տարբերվում է 1) հաստատուն բաղկացուցիչ մասից նրանով, որ նրան է հանգում այն ամբողջ արժեքը, որի մեջ իրայնանում է այդ հաստատուն մասին, ապրանքի արտադրամիջոցներին նոր միակցված աշխատանքը։ Իսկ եթե մի կողմ թողնենք արժեքի հաստատուն մասը, ապա ճիշտ կլինի այն պնդումը, որ ապրանքի արժեքը, որչափով որ նա, այսպիսով, ներկայացնում է նոր միակցված աշխատանքը, մշտապես տարալուծվում է երեք մասի, որոնք գոյացնում են եկամտի երեք ձև՝ աշխատավարձ, շահույթ և ռենտա<ref>Կապիտալի հաստատուն մասին միակցված արժեքը աշխատավարձի, շահույթի և հողային ռենտայի տրոհվելիս, ըստինքյան հասկանալի է, ստացվում են արժեքամասեր։ Դրանք, իհարկե, կարելի է իրեն պատկերացնել իբրև անմիջական արդյունքի մեջ գոյություն ունեցող, որի մեջ ներկայացված է այդ արժեքը, այսինքն այն անմիջական արդյունքի մեջ, որ արտադրել են արտադրության տվյալ հատուկ ոլորտի, օրինակ, բամբակամանվածքի, բանվորներն ու կապիտալիստները՝ հետևաբար կաժի մեջ։ Սակայն իրականում դրանք այդ արդյունքի մեջ ներկայացված են ոչ ավելի և ոչ պակաս, քան որևէ այլ ապրանքի մեջ, քան միևնույն արժեքն ունեցող իրային հարստության որևէ այլ բաղկացուցիչ մասի մեջ, որ գործնականում աշխատավարձը վճարվում է փողով, այսինքն արժեքի զուտ արտահայտությամբ։ Նույն բանը ճշմարիտ է և տոկոսի ու ռենտայի վերաբերմամբ։ Եվ հիրավի՝ կապիտալիստի համար նրա արդյունքի փոխարկումը արժեքի զուտ արտահայտության մեծ նշանակություն ունի, այդ արդեն ենթադրվում է հենց բաշխման ժամանակ։ Այդ արժեքները ետփոխարկվում են արդյոք միևնույն արդյունքին, միևնույն ապրանքին, որի արտադրությունից նրանք առաջացել են, ետ է գնում արդյոք բանվորը իր անմիջականորեն արտադրած արդյունքի մի մասը, թե նա գնում է մի այլ և որակապես տարբեր աշխատանքի արդյունք,— այս բոլորը առնչություն չունեն քննարկվող հարցի հետ։ Պ-ն Ռոդբերտուսը միանգամայն անօգուտ նախանձախնդրություն է հանդես բերում այս հարցում։</ref>, որոնց արժեքի համապատասխան մեծությունները, այսինքն այն համապատասխան բաժինները, որ այդ մեծությունները կազմում են ամբողջ արժեքից, սահմանվում են զանազան, սպեցիֆիկ, վերև արտածված օրենքներով։ Բայց սխալ կլիներ հակառակ պնդումը, թե աշխատավարձի արժեքը, շահույթի նորման և ռենտայի նորման գոյացնում են արժեքի ինքնուրույն, կառուցիչ տարրեր, որոնց միացման միջոցով,— եթե մի կողմ թողնենք հաստատուն բաղկացուցիչ մասը,— ստացվում է ապրանքի արժեքը։ Ուրիշ խոսքով, սխալ կլիներ այն պնդումը, թե նրանք գոյացնում են ապրանքային արժեքի կամ արտադրության գնի գումարելի բաղկացուցիչ մասերը<ref>«Բավական է հավաստել, որ նույն այն ընդհանուր կանոնը, որ կարգավորում է հումքի և մանուֆակտուրային ապրանքների արժեքը, կիրառելի է նաև մետաղների վերաբերմամբ. դրանց արժեքը կախում ունի ոչ թե շահույթի նորմայից, ոչ թե աշխատավարձի նորմայից, ոչ թե հանքարանների համար վճարվող ռենտայից, այլ աշխատանքի այն ամբողջ քանակից, որ անհրաժեշտ է մետաղը հանելու և շուկա հասցնելու համար» (Ռիկարդո, «Princ.», III գլ., էջ 77 [ռուսերեն թարգմ., էջ 44]։<br>9ա J. Stuart Mill, «Some Unsettled Questions in Folit. Econ.», London, 1844.<br>* Կ. Մարքս, «Կապիտալ» I հ., գլ. XXIV։— '''Խմբ.'''։</ref>։
Տարբերությանն իսկույն աչքի է ընկնում։
Իհարկե, եթե աշխատավարձը հանգեցնենք նրա ընդհանուր հիմունքին, այսինքն բանվորի սեփական աշխատանքի արդյունքի այն մասին, որը մտնում է նրա անհատական սպառման մեջ. եթե այդ բաժինն ազատենք կապիտալիստական սահմանափակումներից և ընդարձակենք մինչև սպառման այն ծավալը, որը, մի կողմից, թույլատրվում է հասարակության առկա արտադրողական ուժով (այսինքն նրա սեփական աշխատանքի, իբրև իրոք հասարակական աշխատանքի, հասարակական արտադրողական ուժով), որը, մյուս կողմից պահանջում է անհատականության [Individualität] լիակատար զարգացումը. եթե այնուհետև հավելյալ աշխատանքը և հավելյալ արդյունքը հանգեցնենք այն չափին, որը հասարակության տվյալ արտադրական պայմաններում անհրաժեշտ է, մի կողմից, ապահովագրական և պահեստի ֆոնդ գոյացնելու, մյուս կողմից՝ վերարտադրությունն անընդհատ ընդարձակելու համար հասարակական պահանջմունքով որոշվող չափով. եթե, վերջապես, ներառենք № 1՝ անհրաժեշտ աշխատանքի մեջ և № 2՝ հավելյալ աշխատանքի մեջ այն աշխատաքանակը, որ հասարակության աշխատունակ անդամները շարունակ պետք է ծախսեն դեռևս անաշխատունակ կամ արդեն անաշխատունակ նրա անդամների օգտին, այսինքն եթե աշխատավարձից, ինչպես և հավելյալ արժեքից, անհրաժեշտ աշխատանքից, ինչպես և հավելյալ աշխատանքից վերցնենք նրանց սպեցիֆիկ կապիտալիստական բնույթը, ապա կմնան արդեն ոչ թե այդ ձևերը, այլ նրանց սոսկ հիմքերը, որ ընդհանուր են արտադրության բոլոր հասարակական եղանակներին։
Ի միջի այլոց, նման ընդարկումը հատուկ էր նաև արտադրության նախկին տիրապետող եղանակներին, օրինակ, ֆեոդալական եղանակին։ Դրան բոլորովին չհամապատասխանող, դրանից բոլորովին դուրս գտնվող արտադրական հարաբերություններն ընդարկվում էին ֆեոդալական հարաբերություններին, օրինակ, Անգլիայում tenures in common socage [գյուղացիական հողապահություն] (հակառակ tenures on knight’s service-ի [ասպետական պահության]), որոնք պարունակում էին միայն փողային պարտավորություններ և սոսկ անվանապես ֆեոդալական էին։ ===ՀԻՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ=== Տարեցտարի նոր միակցվող աշխատանքի օգնությամբ միակցվող նոր արժեքը,— հետևաբար, և տարեկան արդյունքի այն մասը, որի մեջ ներկայացված է այդ արժեքը և որը կարող է զատվել համախառն ստացույթից,— տրոհվում է ուրեմն երեք մասի, որոնք ընդունում են երեք տարբեր եկամուտների ձևեր, այնպիսի ձևեր, որոնք արտահայտում են այդ արժեքի մի մասն իբրև բանվորական ուժի տիրոջը պատկանող կամ հասնող, մյուս մասը՝ կապիտալի տիրոջը, իսկ երրորդը՝ հողային սեփականության տիրոջը պատկանող կամ հասնող մաս։ Հետևաբար, սրանք բաշխման հարաբերություններ կամ ձևեր են, որովհետև նրանք արտահայտում են այն հարաբերությունները, որոնց մեջ ամբողջ նոր արտադրված արժեքը բաշխվում է, արտադրության տարբեր գործոնների տերերի միջև։ Սովորական հայացքի համաձայն, բաշխման այդ հարաբերությունները ներկայացնում են բնական հարաբերություններ, այնպիսի հարաբերություններ, որ ուղղակի բխում են յուրաքանչյուր հասարակական արտադրության բնությունից, մարդկային արտադրության օրենքներից։ Իհարկե, չի կարելի ժխտել այն, որ մինչկապիտալիստական հասարակությունները երևան են բերում բաշխման այլ եղանակներ, բայց վերջիններս մեկնաբանվում են որպես բաշխման անզարգացած, անկատար ու քողարկված, իրենց առավել զտված արտահայտության և բարձրագույն ձևին [Gestalt] չհասցված, բնական այդ հարաբերությունների այլ կերպ երանգավորված տարատեսակներ։ Նման պատկերացման մեջ ճիշտ է մի բան միայն, եթե տրված է որևէ տեսակի հասարակական արտադրություն (օրինակ, հնդկական պրիմիտիվ համայնքը կամ պերուացիների արհեստականորեն ավելի զարգացած կոմունիզմը), ապա մշտապես տարբերություն կարող է գծվել աշխատանքի այն մասի միջև, որի արդյունքը մտնում է արտադրողների և նրանց խնամառուների անմիջական անհատական սպառման մեջ և,— մի կողմ թողնելով արտադրողական սպառմանը ծառայող մասը,— աշխատանքի մյուս մասի, որ մշտապես հավելյալ աշխատանք է, որի արդյունքը մշտապես ծառայում է ընդհանուր հասարակական պահանջմունքների բավարարմանը, ինչպես էլ որ բաշխվելիս լինի այդ հավելյալ արդյունքը և ով էլ որ գործելու լինի իբրև այդ հասարակական պահանջմունքների ներկայացուցիչ։ Հետևաբար, բաշխման տարբեր եղանակների նույնությունը հանգում է սոսկ այն բանին, որ նրանք նույնական են, երբ մենք վերանում ենք նրանց տարբերություններից ու սպեցիֆիկ ձևերից և ուշադրությունը սևեռում ենք նրանց միասնության վրա միայն՝ ի հակադրություն տարբերությունների։ Ավելի զարգացած, ավելի քննադատական միտքը, ճիշտ է, ընդունում է <math>^{9ա}</math> [''Տես 9 ծան. հետո''] բաշխման հարաբերությունների պատմականորեն զարգացող բնույթը, բայց առավել համառությամբ է կառչում այն դրույթից, որ բուն արտադրական հարաբերություններն անփոփոխ են, բխում են մարդկային բնությունից, հետևաբար, պատմական ամեն մի զարգացումից անկախ բնույթ են կրում։ Սակայն, արտադրության կապիտալիստական եղանակի գիտական անալիզը ապացուցում է, ընդհակառակը, որ նա հատուկ տեսակի, սպեցիֆիկ պատմական որոշակիություն ունեցող արտադրության եղանակ է, որ նա, ինչպես և արտադրության ամեն մի այլ որոշակի եղանակ, հասարակական արտադրողական ուժերի և նրանց զարգացման ձևերի տվյալ աստիճանը ենթադրում է իբրև իր պատմական պայմանը, մի պայման, որն ինքը մի նախընթաց պրոցեսի պատմական հետևանքն ու արդյունքն է և որից, ինչպես իր տվյալ հիմքից, ելնում է արտադրության նոր եղանակը. որ այդ սպեցիֆիկ, պատմականորեն որոշակի արտադրության եղանակին համապատասխանող արտադրական հարաբերությունները,— հարաբերություններ, որոնց մեղմանում են մարդիկ իրենց հասարակական կյանքի պրոցեսում, իրենց հասարակական կյանքի արտադրության մեջ,— սպեցիֆիկ, պատմական և անցողիկ բնույթ են կրում, որ, վերջապես, իրենց էությամբ բաշխման պայմանները, որ նույնական են արտադրության պայմանների հետ, կազմում են այս վերջինների հակերեսը, այնպես որ թե արտադրական և թե բաշխման հարաբերությունները հավասարապես միևնույն պատմական անցողիկ բնույթն են կրում։ Բաշխման հարաբերությունները քննարկելիս ելնում են առաջին հերթին այն կարծեցյալ փաստից, թե իբր տարեկան արդյունքը բաշխվում է իբրև աշխատավարձ, շահույթ և հողային ռենտա։ Բայց, այդ կերպ արտահայտված, այդ փաստը ճիշտ չէ։ Արդյունքը տրոհվում է մի կողմից կապիտալի, մյուս կողմից՝ եկամուտների։ Այդ եկամուտներից մեկը՝ աշխատավարձը, իսկապես ընդունում է եկամտի, բանվորի եկամտի ձև այն բանից հետո սոսկ, երբ նա նախապես դիմակայել է միևնույն բանվորին '''կապիտալի ձևով'''։ Այն փաստը, որ աշխատանքի արտադրված պայմանները և աշխատանքի արդյունքներն առհասարակ իբրև կապիտալ հակադրվում են անմիջական արտագրողներին, արդեն առաջուց ենթադրում է աշխատանքի իրային պայմանների որոշակի հասարակական բնույթը բանվորների վերաբերմամբ և դրանով իսկ նրանց որոշակի հարաբերությունը բուն արտադրության մեջ դեպի աշխատանքի պայմանների տերերը և միմյանց հետ։ Աշխատանքի այդ պայմանների փոխարկումը կապիտալի իր հերթին ենթադրում է անմիջական արտադրողների սեփականազրկումը հողից և դրանով իսկ հողային սեփականության մի որոշակի ձև։ Եթե արդյունքի մի մասը չփոխարկվեր կապիտալի, ապա մյուսը չէր ընդունի աշխատավարձի, շահույթի և ռենտայի ձև։ Մյուս կողմից, եթե արտադրության կապիտալիստական եղանակը ենթադրում է արտադրության պայմանների այդ որոշակի հասարակական ձևը [Gestalt], ապա այդ եղանակը անընդհատ նաև վերարտադրում է նրան։ Արտադրության այդ եղանակն արտադրում է ոչ միայն նյութական արդյունքներ, այլև անընդհատ վերարտադրում է այն արտադրական հարաբերությունները, որոնց մեջ արտադրվում են այդ արդյունքները, դրանով իսկ վերարտադրում է նաև համապատասխան բաշխման հարաբերությունները։ Իհարկե, կարելի է ասել, որ կապիտալը (որի մեջ ներառվում է նաև հողային սեփականությունն իբրև նրա հակադրություն) ինքն արդեն ենթադրում է բաշխում. բանվորի սեփականազրկումը նրա աշխատանքի պայմաններից, այդ պայմանների համակենտրոնացումը անհատների փոքրամասնության ձեռքում, հողի բացառիկ սեփականությունն ուրիշ անհատների համար,— մեկ խոսքով՝ բոլոր այն հարաբերությունները, որ հետազոտված են սկզբնական կուտակման վերաբերյալ բաժնում ([I գիրք, XXIV գլ.)* [''Տես 9 ծան. հետո'']։ Բայց այս բաշխումը միանգամայն տարբեր է նրանից, ինչ որ հասկանում են բաշխման հարաբերությունների տակ, երբ այս վերջիններիս պատմական բնույթ են վերագրում ի հակադրություն արտադրական հարաբերությունների։ Այս դեպքում նկատի են ունենում տարբեր տիտղոսներ արդյունքի այն բաժնի համար, որ հատկացված է անհատական սպառման։ Ընդհակառակը, բաշխման վերը նշած հարաբերությունները հիմք են հանդիսանում հատուկ հասարակական ֆունկցիաների, որոնք հենց արտադրական հարաբերության սահմաններում բաժին են ընկնում նրա որոշակի գործակալներին՝ ի հակադրություն անմիջական արտադրողների։ Նրանք սպեցիֆիկ հասարակական որակ են հաղորդում իրենց իսկ արտադրության պայմաններին և նրանց ներկայացուցիչներին։ Նրանք որոշում են արտադրության ամբողջ բնույթը և ամբողջ շարժումը։ Երկու բնորոշ գիծ հենց ամենասկզբից տարբերում են կապիտալիստական արտադրության եղանակը։ '''Առաջին'''։ Նա արդյունքներն արտադրում է իբրև ապրանքներ։ Սակայն ոչ թե ապրանքների արտադրության բուն փաստն է տարբերում նրան արտադրության մյուս եղանակներից, այլ, այն, որ ապրանքի ձև ընդունելը կազմում է նրա արդյունքների գերիշխող և որոշիչ բնույթը։ Արտադրության այդ եղանակն ամենից առաջ ենթադրում է, որ բանվորն ինքը հանդես է գալիս սոսկ իբրև ապրանքի վաճառորդ, ուստի և իբրև ազատ վարձու բանվոր, հետևաբար, աշխատանքն առհասարակ հանդես է գալիս իբրև վարձու աշխատանք։ Վերը շարադրածից հետո, ավելորդ է նորից ցույց տալ, թե ինչպես է կապիտալի հարաբերությունը դեպի վարձու աշխատանքը որոշում արտադրության տվյալ եղանակի ամբողջ բնույթը։ Արտադրության այդ եղանակի իսկ գլխավոր գործակալներ՝ կապիտալիստը և վարձու բանվորն իբրև այդպիսիներ հանդիսանում են կապիտալի և վարձու աշխատանքի սոսկ մարմնացումներ, անձնավորումներ. դրանք որոշակի հասարակական բնավորություններ են, որ անհատների վրա դնում է արտադրության հասարակական պրոցեսը. դրանք այդ որոշակի հասարակական արտադրական հարաբերությունների արդյունքներ են։ 1) Արդյունքն իր բնույթով, իբրև ապրանք և 2) ապրանքն իր բնույթով իբրև կապիտալի արդյունք՝ նրա արդյունքի այս բնույթն արդեն ներառում է շրջանառության բոլոր հարաբերությունները, այսինքն որոշակի հասարակական մի պրոցես, որ պետք է կատարեն արդյունքները և որի մեջ նրանք ընդունում են որոշակի հասարակական բնույթ. միևնույն ժամանակ նա ներառում է նույնքան որոշակի հարաբերությունները արտադրության գործակալների, որոնցով որոշվում է նրանց արդյունքի արժեքի աճումը [Verwerthung] և նրա ետփոխարկումը՝ կամ կենսամիջոցների, կամ արտադրամիջոցների։ Բայց, նույնիսկ մի կողմ թողնելով այդ, տեսնում ենք, որ արդյունքի իբրև ապրանքի կամ ապրանքի իբրև կապիտալիստականորեն արտադրված ապրանքի վերև հիշատակված երկու բնույթներից բխում է արժեքի ամբողջ բնորոշումը և ամբողջ արտադրության կարգավորումը արժեքով։ Արժեքի այս կատարելապես սպեցիֆիկ ձևի մեջ աշխատանքը նշանակություն ունի մի կողմից միայն իբրև հասարակական աշխատանք. մյուս կողմից, այդ հասարակական աշխատանքի բաշխումը և նրա փոխադարձ լրացումը՝ նյութափոխանակությունը նրա արդյունքների միջև, նրա ենթարկումը հասարակական մեխանիզմին և վերջինիս մեջ մտնելը,— այս բոլորը թողնված է եզակի կապիտալիստական արտադրողների պատահական, փոխադարձաբար ոչնչացվող ձգտումներին։ Քանի որ այդ արտադրողները դիմակայում են միմյանց սոսկ իբրև ապրանքատերեր, ընդ որում յուրաքանչյուրը ձգտում է ըստ կարելույն թանկ վաճառել իր ապրանքը (և նույնիսկ արտադրության կարգավորման գործում ղեկավարվում է կարծես թե միայն իր քմայքով), ապա ներքին օրենքը ճանապարհ է բացում իրեն սոսկ նրանց մրցության, փոխադարձաբար միմյանց ճնշելու միջոցով, որի շնորհիվ շեղումները փոխադարձաբար ոչնչացվում են։ Սոսկ իբրև առանձին գործակալներին հակադիր ներքին օրենք, իբրև բնության կույր օրենք է գործում այստեղ արժեքի օրենքը և ճանապարհ հարթում արտադրության հասարակական հավասարակշռությանը նրա պատահական տատանումների մեջ։ Այնուհետև, արդեն ապրանքի մեջ ու ավելի ևս մեծ չափով ապրանքի իբրև կապիտալի արդյունքի մեջ ամփոփված է արտադրության հասարակական սահմանումների իրայնացումը և արտադրության նյութական հիմքերի սուբեկտիվացումը, որոնք բնորոշում են արտադրության ամբողջ կապիտալիստական եղանակը։ '''Երկրորդ'''. մի հանգամանք, որ հատկապես բնորոշում է արտադրության կապիտալիստական եղանակը,— դա հավելյալ արժեքի արտադրությունն է իբրև արտադրության ուղղակի նպատակ և որոշիչ շարժառիթ։ Կապիտալն ամենից առաջ արտադրում է կապիտալ և դրան հասնում է սոսկ այն չափով, որչափով որ արտադրում է հավելյալ արժեք։ Հարաբերական հավելյալ արժեքը և, այնուհետև, հավելյալ արժեքի՝ շահույթի փոխարկումը հետազոտելիս մենք տեսանք, թե ինչպես դրա վրա հիմնվում է կապիտալիստական ժամանակաշրջանի համար բնորոշ արտադրության եղանակը,— աշխատանքի հասարակական արտադրողական ուժերի զարգացման հատուկ ձևը, ուժեր, որոնք, սակայն, բանվորի հանդեպ ընդունում են կապիտալի ինքնուրույն ուժերի կերպարանք և այդ պատճառով ուղղակի հակասության մեջ են գտնվում նրա՝ բանվորի, սեփական զարգացման հետ։ Հանուն արժեքի և հավելյալ արժեքի կատարվող արտադրությունը, ինչպես այնուհետև ցույց տվին մեր հետազոտությունները, ներառում է մի անընդհատ գործող տենդենց՝ կրճատել ապրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը, այսինքն նրա արժեքը իջեցնել տվյալ մոմենտին գոյություն ունեցող հասարակական միջինից էլ ցած։ Արտադրության ծախքերը նրանց մինիմումին հասցնելու ձգտումը ուժեղագույն լծակ է դառնում աշխատանքի հասարակական արտադրողական ուժի բարձրացման, որը, սակայն, այստեղ ներկայանում է սոսկ իբրև կապիտալի արտադրողական ուժի անընդհատ բարձրացում։ Այն իշխանությունը [Autorität], որ ձեռք է բերում կապիտալիստն իբրև կապիտալի անձնավորում արտադրության անմիջական պրոցեսում, այն հասարակական ֆունկցիան, որ նա կատարում է իբրև արտադրության ղեկավար և տիրակալ, էապես տարբեր են այն իշխանությունից, որ հենվում էր ստրուկների, ճորտերի և այլոց օգնությամբ կատարվող արտադրության պատվանդանի վրա։ Մինչդեռ կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա անմիջական արտադրողների մասսային դիմակայում է նրանց արտադրության հասարակական բնույթը՝ խիստ կարգավորող իշխանության ձևով և իբրև աշխատանքի պրոցեսի հասարակական մեխանիզմ, որը լիակատար զարգացած հիերարխիա է ներկայացնում,— ընդ որումf սակայն, այդ իշխանությունից նրա կրողներն օգտվում են սոսկ իբրև աշխատանքի պայմանների անձնավորում ի հակադրություն բուն աշխատանքի, և ոչ թե իբրև քաղաքական կամ թեոկրատական իշխանավորներ, ինչպես այդ տեղի ուներ արտադրության ավելի վաղ ձևերի դեպքում,— այդ նույն պայմաններում այդ իշխանության բուն կրողների մեջ, հենց իրենց՝ կապիտալիստների մեջ, որոնք դիմակայում են միմյանց սոսկ իբրև ապրանքատերեր, տիրապետում է լիակատար անարխիա, որտեղ արտադրության հասարակական կապը իրականանում է իբրև բնության ամենազոր օրենք, որն իրեն է ենթարկում անձնական քմայքը։ Միայն որպես հետևանք այն բանի, որ իբրև նախադրյալ տրված են՝ աշխատանքը վարձու աշխատանքի ձևով և արտադրամիջոցները կապիտալի ձևով, հետևաբար արտադրության այդ երկու կարևոր գործոնների նման սպեցիֆիկ հասարակական բնույթի հետևանքով միայն,— արժեքի (արդյունքի) մի մասը փոխարկվում է հավելյալ արժեքի, և այդ հավելյալ արժեքը՝ շահույթի (ռենտայի), կապիտալիստի վաստակի, նրա տրամադրության տակ գտնվող, նրան պատկանող լրացուցիչ հարստության։ Բայց միայն այն պատճառով, որ նա, այսպիսով, ներկայացված է իբրև '''նրա շահույթ''', արտադրության լրացուցիչ միջոցներն էլ, որ հատկացված են վերարտադրության ընդարձակման համար և կազմում են կապիտալիստի շահույթի մի մասը, ներկայացված են իբրև նոր, լրացուցիչ կապիտալ, և վերարտադրության պրոցեսի ընդարձակումն, առհասարակ՝ իբրև կապիտալիստական կուտակման պրոցես։ Թեև աշխատանքի իբրև վարձու աշխատանքի ձևը վճռողական նշանակություն ունի ամբողջ պրոցեսի բնույթի համար և իրեն իսկ արտադրության սպեցիֆիկ եղանակի համար, այնուամենայնիվ վարձու աշխատանքով չէ որոշվում արժեքը։ Արժեքը որոշելիս խնդիրը վերաբերում է աշխատանքի հասարակական ժամանակին առհասարակ, աշխատանքի այն քանակին, որ առհասարակ կարող է տնօրինել հասարակությունը և որի համամասնական կլանումը տարբեր արդյունքների միջոցով որոշում են այդ արդյունքների այսպես ասած տեսակարար հասարակական կշիռը։ Այն որոշակի ձևը, որով դրսևորվում է հասարակական աշխատաժամանակը ապրանքների արժեքի մեջ իբրև վերջինս սահմանող գործոն, կապված է, իհարկե, աշխատանքի — իբրև վարձու աշխատանքի — ձևի հետ և արտադրամիջոցների — իբրև կապիտալի — համապատասխան ձևի հետ այն չափով, որչափով որ ապրանքային արտադրությունը լոկ այս պատվանդանի վրա է դառնում արտադրության ընդհանրական ձև։ Սակայն քննարկենք այսպես կոչված բուն բաշխման հարաբերությունները։ Աշխատավարձը ենթադրում է վարձու աշխատանք, շահույթը՝ կապիտալ։ Բաշխման այս որոշակի ձևերը, հետևաբար, ենթադրում են արտադրության պայմանների որոշակի հասարակական բնույթ և արտադրության գործակալների որոշակի հասարակական հարաբերություններ։ Հետևաբար, բաշխման որոշակի հարաբերությունը արտադրության պատմականորեն որոշակի հարաբերության արտահայտությունն է սոսկ։ Իսկ այժմ վերցնենք շահույթը։ Հավելյալ արժեքի այս որոշակի ձևը նախադրյալ է այն բանի, որ նոր արտադրամիջոցների ստեղծումը կատարվում է կապիտալիստական արտադրության ձևով. հետևաբար, դա մի հարաբերություն է, որ գերիշխում է վերարտադրության նկատմամբ, թեև աոանձին կապիտալիստին թվում է, թե նա իսկապես կարող էր իր ամբողջ շահույթը կլանել իբրև եկամուտ։ Սակայն այդ դեպքում նա դեմ է առնում այնպիսի սահմանների, որոնք կանգնում են նրա առջև ապահովագրական ֆոնդի, պահեստաֆոնդի, մրցության օրենքի ու այլ ձևով և գործնականապես ապացուցում են նրան, որ շահույթը սոսկ արդյունքի բաշխման մի կատեգորիա չէ, որ հատկացված է անհատական սպառման համար։ Այնուհետև, կապիտալիստական ամբողջ արտադրության պրոցեսը կարգավորվում է արդյունքների գների միջոցով։ Իսկ արտադրության կարգավորիչ գներն, իրենց հերթին, կարգավորվում են շահույթի նորմաների հավասարեցումով և սրան համապատասխան տեղի ունեցող կապիտալի բաշխումով արտադրության հասարակական տարրեր ոլորտներին միջև։ Այսպիսով, շահույթն այստեղ հանդիսանում է ոչ թե արդյունքի բաշխման, այլ նրա բուն արտադրության գլխավոր գործոնը, արտադրության տարբեր ոլորտների միջև կապիտալի և հենց բուն աշխատանքի բաշխման մի մասը։ Շահույթի տարաբաժանումը ձեռնարկուական եկամտի և տոկոսի ներկայանում է իբրև միևնույն եկամտի բաժանում։ Բայց դա, ամենից առաջ, ծնունդ է կապիտալի զարգացման իբրև հավելյալ արժեք ստեղծող ինքնաճող արժեքի — արտադրության գերիշխող պրոցեսի այդ որոշակի հասարակական ձևի։ Դա զարգացնում է իրենից վարկ և վարկային հիմնարկներ և դրանով իսկ արտադրության ձևը [Gestalt]։ Իբրև տոկոս և այլն հանդես եկող բաշխման կարծեցյալ այդ ձևերը մտնում են գնի մեջ իբրև արտադրության որոշիչ մոմենտներ։ Ինչ վերաբերում է հողային ռենտային, ապա կարող էր թվալ, թև նա զուտ բաշխման ձև է, որովհետև հողային սեփականությունն իբրև այդպիսին արտադրության բուն պրոցեսում ոչ մի — գոնե ոչ մի նորմալ — ֆունկցիա չի կատարում։ Բայց այն հանգամանքը, որ 1) ռենտան սահմանափակվում է միջին շահույթի վրա եկող հավելուրդով, 2) որ հողային սեփականատերը արտադրության պրոցեսի, հետևաբար և ամբողջ հասարակական կենսապրոցեսի ղեկավարից ու տիրակալից ցած է տապալվում մինչև հողը պարզապես վարձով հանձնող, հողային վաշխառու, ռենտայի հասարակ գանձող,— այս հանգամանքը կապիտալիստական արտադրության եղանակի սպեցիֆիկ պատմական արդյունքն է։ Այն հանգամանքը, որ հողը հողային սեփականության ձև է ստացել, ծառայում է արտադրության այդ եղանակի պատմական նախադրյալը։ Այն հանգամանքը, որ հողային սեփականությունը ձեռք է բերում գյուղատնտեսությունը կապիտալիստական եղանակով վարելու ձևեր, հանդիսանում է արտադրության այդ, եղանակի սպեցիֆիկ բնույթի արդյունքը։ Հողային սեփականատիրոջ ստացույթը հասարակության այլ ձևերի դեպքում ևս կարելի է անվանել ռենտա։ Բայց նա էապես տարբերվում է այն ռենտայից, որպիսին հանդես է գալիս արտադրության այս եղանակի դեպքում։ Հետևաբար, այսպես կոչված բաշխման հարաբերությունները համապատասխանում են արտադրության պրոցեսի պատմականորեն որոշակի, սպեցիֆիկ հասարակական ձևերին և այն հարաբերություններին, որոնց մեջ են մտնում մարդիկ միմյանց հետ իրենց մարդկային կյանքի վերարտադրության պրոցեսում. նրանք միաժամանակ առաջանում են այդ ձևերից ու հարաբերություններից։ Բաշխման այդ հարաբերությունների պատմական բնույթը արտադրական այն հարաբերությունների պատմական բնույթն է, որոնց մի կողմն են միայն արտահայտում նրանք։ Կապիտալիստական բաշխումը տարբեր է բաշխման այն ձևերից, որոնք առաջանում են արտադրության այլ եղանակներից, և բաշխման ամեն մի ձև անհայտանում է արտադրության այն որոշակի ձևի հետ միասին, որին նա համապատասխանում է և որից նա բխում է։ Այն հայացքը, որը պատմական է համարում սոսկ բաշխման հարաբերությունները, բայց ոչ արտադրության հարաբերությունները, մի կողմից, բուրժուական տնտեսագիտության սաղմնավորվող, դեռ երկչոտ քննադատության հայացքն է լոկ։ Իսկ մյուս կողմից նա հիմնված է արտադրության հասարակական պրոցեսը աշխատանքի պարզ պրոցեսի հետ շփոթելու և նույնացնելու վրա, պարզ պրոցեսի, որը պետք է կատարի նաև արհեստականորեն մեկուսացված մարդը՝ առանց որևէ հասարակական օգնության։ Որչափով որ աշխատանքի պրոցեսը սոսկ մի պրոցես է մարդու և բնության միջև, նրա պարզ տարրերը միատեսակ են մնում զարգացման բոլոր հասարակական ձևերի համար։ Բայց այդ պրոցեսի յուրաքանչյուր որոշակի պատմական ձև առաջ է տանում նրա նյութական հիմքերը և հասարակական ձևերը։ Հասունության որոշակի աստիճանի հասնելով, տվյալ պատմական ձևը դեն է շպրտվում և տեղ է մաքրում ավելի բարձր ձևի համար։ Որ այդպիսի ճգնաժամի մոմենտը վրա է հասել, դա բացահայտվում է այն ժամանակ, երբ ընդարձակվում ու խորանում են հակասություններն ու հակադրությունը մի կողմից բաշխման հարաբերությունների, հետևաբար և նրանց համապատասխանող արտադրական հարաբերությունների որոշակի պատմական ձևի, և մյուս կողմից, արտադրողական ուժերի, արտադրողական ունակության և նրա գործոնների զարգացման միջև։ Այն ժամանակ կոնֆլիկտ է բռնկվում արտադրության նյութական զարգացման և նրա հասարակական ձևի միջև<ref>Տես Competition and Cooperation (1832 թ?)-ին վերաբերյալ աշաատությունը։</ref>։ ===ՀԻՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԴԱՍԱԿԱՐԳԵՐ=== Լոկ բանվորական ուժի սեփականատերերը, կապիտալի սեփականատերերը և հողի սեփականատերերը, որոնց եկամուտների համապատասխան աղբյուրներն են աշխատավարձը, շահույթը և հողային ռենտան, ուրեմն, վարձու բանվորները, կապիտալիստներն ու հողային սեփականատերերը գոյացնում են կապիտալիստական արտադրության եղանակի վրա՝ խարսխված ժամանակակից հասարակության երեք մեծ դասակարգերը։ Անգլիայում ժամանակակից հասարակությունն իր տնտեսական անդամատումով անվիճելիորեն հասել է ամենալայն, ամենադասական զարգացման։ Սակայն այստեղ ևս այդ դասակարգային անդամատումը տակավին հանդես չի գալիս զուտ ձևով։ Նույնիսկ այստեղ միջին և անցումային աստիճաններն ամենուրեք մթագնում են սահմանագծերը (ճիշտ է, գյուղում անհամեմատ ավելի պակաս, քան քաղաքներում)։ Սակայն սա նշանակություն չունի մեր հետազոտության համար։ Մենք տեսանք, որ կապիտալիստական արտադրության եղանակի մնայուն տենդենցն ու զարգացման օրենքը կայանում է նրանում, որ արտադրամիջոցներն ավելի ու ավելի են անջատվում աշխատանքից, որ արտադրության մանրատված միջոցներն ավելի ու ավելի են համակենտրոնանում մեծ խմբերի մեջ, որ, այդպիսով, աշխատանքը դառնում է վարձու աշխատանք, իսկ արտադրամիջոցները՝ կապիտալ։ Եվ այս տենդենցին, մյուս կողմից, համապատասխանում է հողային սեփականության ինքնուրույն անջատումը կապիտալից և աշխատանքից<ref>Ֆ. Լիստը ճիշտ է նկատում. «Խոշոր կալվածներում ինքնաբավ տնտեսության [Selbstbewirthschaftung] գերակշռումը միայն վկայում է քաղաքակրթության, հաղորդակցության միջոցների, հայրենական արհեստագործության ու հարուստ քաղաքների պակասության մասին։ Այդ պատճառով էլ մենք դա գտնում ենք ամենուրեք Ռուսաստանում, Լեհաստանում, Հունգարիայում, Մեկլենբուրգում։ Առաջ դա գերակշռում էր նաև Անգլիայում. առևտրի և արդյունաբերության զարգացումով նրա տեղը բռնեց բաժանումը միջակ մեծության տնտեսությունների, կապալով հանձնումը» («Die Ackerverfassung, die Zwergwirthschaft und die Auswanderung», 1842, էջ 10)։</ref>, այսինքն ամեն մի հողային սեփականության փոխարկումը կապիտալիստական արտադրության եղանակին համապատասխանող հողային սեփականության ձևի։ Մերձավոր հարցը, որին մենք պետք է պատասխանենք, այս է. ինչն է գոյացնում դասակարգ,— ընդ որում այդ պատասխանը ինքնին կստացվի, եթե մենք պատասխանենք մի այլ հարցի, ի՞նչի շնորհիվ են վարձու բանվորները, կապիտալիստներն ու հողային սեփականատերերը գոյացնում հասարակական երեք մեծ դասակարգ։ Առաջին հայացքից, դա — եկամուտների և եկամտի աղբյուրների նույնությունն է։ Մեր առջևն են հասարակական երեք մեծ խմբավորումներ, որոնց բաղկացուցիչ մասերը — դրանք գոյացնող անհատները — ապրում են համապատասխանորեն աշխատավարձով, շահույթով և հողային ռենտայով, օգտագործելով իրենց բանվորական ուժը, իրենց կապիտալը և իրենց հողային սեփականությունը։ Բայց, այս տեսակետից, օրինակ, բժիշկներն ու աստիճանավորները ևս կկազմեին երկու դասակարգ, որովհետև նրանք պատկանում են երկու տարբեր հասարակական խմբերի, ընդ որում այդ երկու խմբերից յուրաքանչյուրի անդամները իրենց եկամուտներն ստանում են միևնույն աղբյուրից։ Նույն դրույթը միշտ կլիներ նաև շահերի ու հասարակական դիրքերի այն անսահման մանրատվածության վերաբերմամբ, որ ստեղծում է հասարակական աշխատանքի բաժանումը բանվորների, ինչպես և կապիտալիստների ու հողային սեփականատերերի միջև, — վերջիններս տրոհվում են, օրինակ, խաղողի այգիների, վարելահողի, անտառների, հանքարանների, ձկնորսարանների տերերի։ { Այստեղ ձեոագիրն ընդհատվում է։ }