Changes
/* Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը */
— Տափուկի՞: Էդ ո՞վ է:
— Տեսած կլինես. նիհար, մի քիչ սևուկ, նույնպես սարդի է նման կամ սոված գորտի: Նա առաջին անգամ մեզ մոտ դեռ տարիներ առաջ էր բարեհաճել: Բայց նրան թույլ տվեցին հեռանալ, ճիշտ եմ ասում. Լուգբուրզից մեզ հրաման եկավ չդիպչել նրան: Հետո էլի մեկ կամ երկու անգամ տեսել ենք աստիճանների վրա, բայց ձեռք չենք տվել: Նա ինչ-որ պայմանավորվածություն ունի ձերդ գերազանցություն Շելոբի հետ: Նիհար է երևի ու անհամ, երևում է, դուրը չի եկել՝ ախր նա թքած ունի վերևից եկող հրամանների վրա: Դե իսկ ձեր հովտում հո չե՜ն հսկում. նա էս խառնաշփոթից դեռ մեկ օր առաջ էր էստեղ հայտնվել:Հետո մի անգամ էլ են նրան տեսել երեկ երեկոյան: Տղաներն ասացին, որ ձերդ գերազանցությունը զվարճանում է: Դե ես էլ մտածեցի. լավ է անում, ու հանգստացանք: Ու էդտեղ՝ հրամանը եկավ: Մտածեցի, երևի Տափուկը նրա համար ինչ-որ կենդանի է բերել կամ դուք եք գերի նվեր ուղարկել: Ես նրա խաղերին չեմ խառնվում. եթե Շելոբը դուրս է եկել որսի՝ նրանից ոչ ոք չի ազատվի: — Ոչ ո՞ք: Աչքերդ լայն բացի՛ր: Ասու՛մ եմ քեզ. ինչ-որ մեկը աստիճաններով բարեհաճել է էստեղ ու քո Շելոբի քթի տակով հանգիստ անցել, հասկացա՞ր: Պատռել է նրա սարդոստայնը ու դուրս եկել որջից: Ուղեղդ աշխատացրու, էդ քեզ համար կատակ բան չէ: — Բայց ի վերջո նրա ճանկն է ընկել, չէ՞: — Ճա՞նկն է ընկել: Ո՞վ է ընկել: Էս փոքրաչափի՞կը: Խե՛լք հավաքիր: Եթե նա մենակ լիներ, ապա վաղուց կախված կլիներ Շելոբի մառանում, ու եթե Լուգբուրզից պահանջեին, դու նրան հարցաքննելու համար ստիպված կլինեիր մտնել էնտեղ: Համարիր, բախտդ բերել է: Բայց նա մենակ չի եղել, ահա՛ թե ինչ: Այստեղ Սեմն սկսեց ավելի ուշադիր լսել և ականջը դիպցրեց քարին: — Ո՞վ է ազատել նրան Շելոբի փաթույթներից, հը՞մ, Շագրատ: Նա, ով պատռել է ելքը արգելափակող սարդոստայնը, պարզ չէ՞: Իսկ ո՞վ է ծակել ձերդ գերազանցությանը: Կարծում եմ էլի նա: Դե, իսկ ու՞ր է նա հիմա, Շագրա՛տ: Շագրատը չպատասխանեց: