Changes
/* Գլուխ X */
Եվ բոլոր փարիզեցիք գտան, որ այդ վճիռը շատ արդար է։ Գուցե ամբողջ Փարիզում չգտնվեր մի դատավոր, որ Ժոանից ավելի լավ վճռեր այդ գործը։ Ինչպես տեսնում եք, կան հիմարներ, որոնք շատ խելոքների աղբյուր կտանեն ու ծարավ ետ կբերեն։
==Գլուխ XI==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը խորհրդակցում ապուշ Տրիբուլեի<ref>Տրիբուլե (1579-1536) Լյուդովիկոս XII֊ի նշանավոր ծաղրածուն է։ Վիկտոր Հյուգոն նկարագրել է նրան իր «Արքան զվարճանում է» դրամայում։</ref> հետ
― Եթե դուք հաստատ որոշել եք խորհրդակցել որևէ հիմարի հետ, ― ասաց Պանուրգին Պանտագրյուելը, ― ձեզ խորհուրդ կտայի ընտրել խեղկատակ Տրիբուլեին։ Նա, կարծեմ, բառիս բուն իմաստով հիմար է։
― Միանգամայն համաձայն եմ, ― ասաց Պանուրգը։
Տրիբուլեն ապրում էր Բլուայում․ նրան կանչելու գնաց Պանտագրյուելի բարեկամներից մեկը, որի անունը Կարպալիմ էր։ Կարպալիմը վերադարձավ երկու օր հետո և բերեց հիմարին։
Նախ և առաջ Պանուրգը նրան պարգևեց սիսեռով լիքը խոզի փուչիկ։ Փուչիկը լավ փչաց էր և նրա միջի սիսեռների շարժվելուց բարձր ձայն էր լսվում։ Հետո Պանուրգն ընծայեց նրան լավ ոսկեզօծած, փայտե սուր, մի շիշ գինի և մի չափ կարմիր խնձոր։
Տրիբուլեն սուրը կապեց, խնձորների կեսը կերավ, խմեց ամբողջ գինին և սկսեց տնտղել փուչիկը։
― Ինչքա՜ն հիմար է, ― ասաց Պանուրգը, ― իսկապես որ կատարելապես հիմար է։ Կյանքումս շատ հիմարներ եմ տեսել, բայց սրա նմանը չեմ տեսել։
Այնուհետև գեղեցիկ և հաճոյական դարձվածքներով Պանուրգը պատմեց նրան իր գործի մասին։ Նա դեռ իր վերջին խոսքը չասած, Տրիբուլեն որքան ուժ ուներ խփեց բռունցքով նրա մեջքին և ձեռքերը կոխեց ինչ֊որ շշի մեջ։
― Աստված վկա, դու կատարյալ ապուշ ես, ― ասաց Տրիբուլեն գլուխը տարուբերելով, ― ամենատխմար մարդն ես, Բյուզանսից բերված պարկապզուկ ես։
Այս խոսքերն ասելուց հետո Տրիբուլեն մի կողմ քաշվեց և զբաղվեց իր փուչիկով։ Նրանից չկարողացան այլևս ոչ մի խոսք լսել։
― Բանից դուրս է գալիս, որ մեզ բոլորիս հիմարացրել են, ― ասաց Պանուրգը։ ― Այ քեզ բա՜ն։ Որ նա բոլորովին հիմար է, դա անկասկած է, բայց ես էլ նրանից խելոք չեմ վարվել, որ վճռել եմ խորհուրդ հարցնել նրանից։
― Դուք սխալվում եք, Պանուրգ, ― ասաց Պանտագրյուելը, ― իմ կարծիքով, Տրիբուլեն ձեզ շատ խելացի և օգտակար խորհուրդ տվեց։ Նա ասաց, որ դուք հիմար եք, և այն էլ ինչպիսի հիմար՝ հիմարների թագավորը։ Բայց նա ինչո՞ւ այդպես ասաց։ Որովհետև դուք հասակով մարդ եք և ուզում եք ամուսնանալ։ Հետո Տրիբուլեն հիշեց Բյուզանսից բերված պարկապզուկի մասին։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ ձեր ապագա կինը կլինի անխելք, շատախոս, կռվարար, ճղճղան ու անտանելի մի արարած, նման այն պարկապզուկներին, որ նվագում են բյուզանսցի գյուղացիները։ Հետո ուշք դարձրեք այն բանի վրա, որ նա խփեց բռունցքով ձեր մեջքին։ Դա շատ վատ նշան է։ Ձեր կինը ձեզ կծեծի, սիրելի Պանուրգ։
― Ոչ, այդպես չէ, ― ասաց Պանուրգը։ ― Ինչ անենք, որ Տրիբուլեն ինձ հիմար անվանեց։ Մի՞թե չեն ասում, որ աշխարհն ամբողջապես հիմար բան է և բոլոր մարդիկ էլ հիմար են։ Ես էլ այդ մարդկանցից մեկը։ Ինչ վերաբերվում է Բյուզանսի պարկապզուկին, դուք բոլորովին չեք հասկացել այդ ակնարկի միտքը։ Ճշմարտախոս Տրիբուլեն լավ գիտի թե՛ իմ բնավորությունը և թե՛ իմ ճաշակը։ Նա միայն ուզեց դրանով ասել, որ իմ կինը լինելու է ոչ թե պալատական մի տիկին, այլ մի շատ սովորական գյուղացի կին։ Ի՞նչ վատ բան կա դրանում։ Ինձ համար հազար անգամ ավելի հաճելի են սրտաբաց և հերարձակ հովվուհիները, քան թե զուգված ու զարդարված փարիզցի գեղեցկուհիները։ Տրիբուլեն բռունցքով խփեց իմ մեջքին, բայց դա չարության նշան չէր նրա կողմից։ Երևի նա կարծել է, թե մի տղայի հետ կատակ է անում։ Չէ՞ որ նա անկեղծ ու անվնաս հիմար է, մեղք է նրա մասին վատ բան մտածելը։ Ես նրան ամբողջ հոգով ներում եմ։
― Դուք մոռացել եք մի բան, ― ասաց Կարպալիմը, ― նա շիշը դրեց ձեր ձեռքի մեջ։ Ի՞նչ է նշանակում այդ, դրանով նա ի՞նչ էր ուզում ասել։
― Երևի այն, որ Պանուրգի կինը հարբեցող կլինի, ― ասաց Պանտագրյուլը։
― Ամենևին ոչ, ― ասաց Պանուրգը, ― չէ՞ որ շիշը դատարկ էր։ Երդվում եմ սուրբ Ֆելիքսի ողնաշարով, որ այդ իմաստուն հիմարը, այդ սիրելին և բոլոր հիմարներից ամենախելոքը խորհուրդ է տալիս ինձ դիմել կախարդական Շշի պատգամախոսին։ Եվ ես երդվում եմ, որ չեմ ամուսնանա, մինչև այդ նշանավոր պատգամախոսի մոտ չգնամ։ Ես մի բարեկամ ունեմ, որ գիտի, թե որտեղ է ապրում այդ պատգամախոսը։ Բոլորս միասին գնանք նրա մոտ։ Հավատացեք ինձ, որ մենք զարմանալի բաներ կտեսնենք։
― Ուրախությամբ, ― պատասխանեց Պանտագրյուելը, ― բայց նախքան այդ վտանգավոր ճամփորդություն կատարելը․․․
― Ինչո՞ւ վտանգավոր, ― ընդհատեց նրան Պանուրգը, ― վտանգներն իրենք զանազան կողմ կփախչեն, հենց որ ինձ տեսնեն։
― Գուցե և այդպես է, ― ասաց Պանտագրյուելը, ― բայց և այնպես պետք է որոշ կարգադրություններ անել։ Նախ և առաջ պետք է Տրիբուլեին վերադարձնել Բլուա, որտեղից եկել է։
Այդ իսկույնևեթ կատարվեց, և Պանտագրյուելը ընծայեց հիմարին ոսկե թելով նախշված շքեղ կերպասե վերարկու։
― Երկրորդ՝ մենք պետք է թույլտվություն խնդրենք մեր տիրոջից, այսինքն իմ ծնողից։ Երրորդը՝ պետք է գտնենք մի լավ ուղեկցող ու թարգմանիչ։
― Ուղեկցող ու թարգմանիչ կլինի իմ բարեկամ Քսենոմանը,<ref>Քսենոման հունարեն նշանակում է «ճանապարհորդություններ սիրող»։</ref> ― ասաց Պանուրգը, ― բացի այդ, մենք պետք է մտնենք Լապտերների Երկիրը և ձեռք բերենք այնտեղ Գիտական Լապտեր։ Այդ Գիտական Լապտերը մեզ կտանի ուղիղ պատգամախոսի մոտ։
― Հետևապես, մեզ մնում է միայն թույլտվություն ստանալ իմ ծնողից, ― ասաց Պանտագրյուելը։
==Գլուխ XII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը ճանապարհորդություն կատարում կախարդական Շշի պատգամախոսին այցելելու համար
Գարգանտյուան նստած էր արքունիքի մեծ դահլիճում՝ ձեռքին երկու հաստ ծրար բռնած։ Մի ծրարում զանազան խնդրագրեր, որոնց նա պատասխանել էր արդեն, մյուսում այն խնդրագրերն էին, որոնց նա դեռ չէր պատասխանել։
Հենց որ Պանտագրյուելը հայնտեց իր մտադրությունը, Գարգանտյուան անմիջապես ծրարները հանձնեց Ույլրիխ Գայլեին, իսկ ինքը Պանտագրյուելին մի կողմ տարավ ու ասաց․
― Ես շատ գոհ եմ, սիրելի որդի, որ դու մտադիր ես այդպիսի մի ճամփորդություն կատարելու։ Քո հասակում դա շատ օգտակար գործ է։ Վերցրու հետդ Պանուրգին, Էպիտեմոնին, հայր Ժանին և ուրիշ ում կուզես։ Իմ ծովային զինարանից վերցրու հետդ որքան ցանկանում ես ղեկապետներ, նավաստիներ և թարգմանիչներ։ Դրամ վերցրու իմ գանձարանից և հենց որ նպաստավոր քամի լինի, ճանապարհվիր։
Պանտագրյուելը հրաժեշտ տվեց հորը և իր բարեկամների հետ գնաց Տալասսա<ref>Տալասսա հունարեն նշանակում է «ծով»։</ref> նավահանգիստը։ Նրանց հետ միասին նավահանգիստ եկավ նաև Պանուրգի բարեկամ Քսենոմանը, որ նշանավոր ճանապարհորդ էր, վաղուց սովորած ծովային ճամփորդության վտանգներին։
Երբ Պանտագրյուելը եկավ Տալասսա նավահանգիստը, ճամփորդության համար պատրաստել տվեց տասներկու նավ։ Նավաստիները, ղեկապետները, թարգմանիչները, արհեստավորները և զինվորականները արդեն պատրաստ էին նավ նստելու։ Բարձեցին նավերի վրա ուտեստի պաշար, հրետանի, ռազմամթերք, հանդերանք, դրամ, կարճ ասած՝ ամեն բան, ինչ անհրաժեշտ էր ճամփորդության համար։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, ճամփորդները հավաքվեցին «Տալամեգա» նավը։ Այսպես էր կոչվում Պանտագրյուելի գլխավոր նավը։ «Տալամեգայի» նավախելում աչքի էր ընկնում մի մեծ ու հաստափոր շիշ, որի կեսը շինված էր արծաթից, կեսը՝ ոսկուց և զարդարված էր կարմրագույն էմալով։ Այդ շիշը նշան էր, որ ճամփորդները գնում են Կախարդական Շշի պատգամախոսի մոտ։
Երկրորդ նավի ետնամասում աչքի էր զարնում մի հին լապտեր, որ վարպետորեն շինված էր փայլարից։ Լապտերը ցույց էր տալիս, որ ճամփորդները պիտի մտնեն նաև Լապտերների Երկիր։
Երրորդ նավի վրա դրված էր ճենապակե գավաթ։ Չորրորդ նավի վրա՝ երկկանթանի ոսկե սափոր։ Հինգերորդ նավի վրա՝ հրաշալի շինվված փայտե աման՝ զմրուխտներով զարդարված։ Վեցերորդ նավի վրա՝ չորս տեսակ մետաղներից շինված վարդապետական մի տափաշիշ գինու համար։ Յոթերորդի վրա՝ սև փայտից շինված և ոսկով զարդարած մի ձագար։ Ութերորդի վրա՝ սևաթույր ոսկուց շինված բաժակ։ Իններորդի վրա՝ ոսկե սկուտեղ։ Տասներորդի վրա մի բաժակ՝ պարսկական ոճով։ Տասնմեկերորդի վրա՝ ոսկե զամբյուղ, որով խաղող են կրում։ Տաներկուերորդի վրա՝ ոսկե փոքրիկ տակառ՝ զարդարված հնդկական խոշոր մարգարիտներով։
Այս մեծաշուք նավատորմը տեսնողը կժպտար ու կհասկանար, որ այդ նավով ճամփորդողներն անշուշտ ուտելու և խմելու մեծ վարպետներ պիտի լինեն։
Եվ ահա բոլորը հավաքվեցին «Տալամեգա» նավի վրա։ Այնտեղ տախտակամածի երկարությամբ շարված էին սեղաններ, որոնց վրա դրված էին գինի և ուտելիքներ։ Պանտագրյուելը բարի երթի ճառ ասեց, ճանապարհորդները կուշտ կերան ու խմեցին։ Հետևայլ օրը լուսաբացին ամբողջ նավատորմը խարիսխները բարձրացրեց ու բարենպաստ քամու օգնությամբ ճանապարհ ընկավ դեպի արձակ ծովը։
==Գլուխ XIII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը փոստային աղավնի ուղարկում իր հոր մոտ
Երեք օր շարունակ ճանապարհորդները ցամաքի չհանդիպեցին։ Չորրորդ օրը նրանք տեսան Մեդամոտի<ref>Մեդամոտի հունարեն նշանակում է «ոչ մի տեղ»։</ref> կղզին, որտեղ այդ ժամանակ մեծ տոնավաճառ կար։ Յուրաքանչյուր տարի այստեղ էին գալիս հարուստ վաճառականներ Ասիայից և Աֆրիկայից ու բերում էին վաճառելու անհաշիվ ու անհամար օտարերկրյա ապրանքներ։
Պանտագրյուելն իր մարդկանցով ափ դուրս եկավ, և մինչդեռ նավաստիները խմելու ջրի պաշար էին վերցնում, գնաց տոնավաճառ՝ գորգեր ու նկարներ նայելու։ Տեսակ֊տեսակ զարմանալի բաներ տեսավ այնտեղ Պանտագրյուելը, բայց ամենից շատ նրան դուր եկան այն գորգերը, որոնց վրա պատկերված էին հերոս Աքիլլեսի քաջագործությունները։ Այդ գորգերը 78 հատ էին և նրանցից յուրաքանչյուրը չորս սաժեն երկարություն ուներ։ Պանտագրյուելը հրամայեց անմիջապես գնել այդ գորգերը։ Բացի գորգերից, նա գնեց նաև երեք մատղաշ միեղջյուր<ref>Միեղջույրը երևակայական գազան է, որի մասին Աստվածաշնչի մեջ է հիշատակվում։</ref> և մի իշայծամ։
Երբ Պանտագրյուելը գնումներ էր կատարում, ծովի կողմից լսվեցին թնդանոթի կրակոցներ և ուրախ աղաղակներ։ Պանտագրյուելը վերադարձավ նավահանգիստ։ Նա տեսավ, ինչպես է մոտենում «Խելիդոնը»,<ref>Խելիդոն հունարեն նշանակում է «ծիծեռնակ»։</ref> իր հոր ամենաարագընթաց նավը։ Նրա ետնամասում կախված էր մի ծովային ծիծեռնակ, որ ձուլված էր Կորնթոսի պղնձից։ Պետք է ասել որ նավորդները խելիդոն են կոչում մի փոքրիկ ծովային ձկան, որ չղջիկի պես թևեր ունի։ Այդ ձկնիկը ծովից դուրս է թռչում և կարող է ջրից մի սաժեն բարձրությամբ բավական մեծ տարածություն թռչել։ Ահա այդ պատճառով էլ Գարգանտյուայի նավի անունը դրել էին «Խելիդոն», որովհետև թվում էր, որ այդ նավը ոչ թե լողում է, այլ ծիծեռնակի պես թռչում է ծովի վրայով։
«Խելիդոնով» էր եկել Մալիկորն անունով սուրհանդակը, որին Գարգանտյուան ուղարկել էր իմանալու իր որդու առողջությունը։ Պանտագրյուելը ողորմածաբար դիմավորեց սուրհանդակին։
― Բերե՞լ եք ձեզ հետ երկնային համբավաբեր Գոզալին,<ref>Գոզալ հին եբրաերեն նշանակում է «աղավնի»։</ref> ― հարցրեց Պանտագրյուելը։
― Այո, տեր իմ, ― պատասխանեց Մալիկորնը, ― Գոզալը նստած է ահա այս զամբյուղի մեջ։
Դա Գարգանտյուայի աղավնաբնից վերցրած մի աղավնի էր։ Այն ժամանակ, երբ Գարգանտյուայի նավատորմը պիտի ճանապարհ ընկներ, աղավնին թուխս էր նստել։ Այժմ ճտերն արդեն ձվից դուրս էին եկել, և աղավնին սաստիկ կարոտում էր իր ձագերին։
Պանտագրյուելը հանեց աղավնուն վանդակից, սպիտակ ժապավեն կապեց նրա ոտքերից և առանց մի րոպե ուշացնելու ազատ արձակեց։ Աղավնին, նետի պես սլանալով, ետ դարձավ և երկու ժամ անց արդեն իր բնում էր։ Երբ Գարգանտյուան իմացավ, որ աղավնին վերադարձել է ոտքերին սպիտակ ժապավեն կապած, շատ ուրախացավ։ Սպիտակ ժապավենը նշան էր, որ Պանտագրյուելը ողջ և առողջ է։ Եթե Պանտագրյուելին որևէ դժբախտություն պատահած լիներ, աղավնուն ետ կուղարկեին սև ժապավեններով։
Այնուհետև Պանտագրյուելը երկար նամակ գրեց հորը և հանձնեց Մալիկորնին։ Բացի այդ, Պանտագրյուելը հորը թանկագին ընծաներ ուղարկեց․ մի ասիական իշայծամ՝ վրան կերպասե տապճակ գցած, 78 գորգ Աքիլլեսի կյանքը պատկերող նկարներով և երեք միեղջյուր՝ ոսկեթել մահուդե տապճակներով։ Ապա յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով՝ Մալիկորնը վերադարձավ Գարգանտյուայի մոտ, իսկ Պանտագրյուելն ու նրա բարեկամները շարունակեցին իրենց ճանապարհը։
==Գլուխ XIV==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը հանդիպում մի առևտրական նավի
Մեր նավարկության հինգերորդ օրը նկատեցինք մի առևտրական նավ, որը բոլոր առագաստնեըը պարզած՝ գալիս էր ուղիղ մեր դիմաց։ Երբ նավը մոտեցավ, Պանտագրյուելը խոսեց վաճառականների հետ։ Նա հարցուփորձ էր անում, թե ինչ կա, ինչ չկա այդ կողմերում։ Դրանք ֆրանցիացի վաճառականներ էին և գալիս էին Լապտերների Երկրից։ Վաճառականների ասելով, Լապտերների երկրում ապրում են ուրախ լապտերավաճառները և իրենց քեֆին լապտերավառությամբ են պարապում։ Լապտերավառները շատ ուրախ կլինեն, եթե Պանտագրյուելը գնա նրանց մոտ, մանավանդ որ այժմ նրանք պատրաստություն են տեսնում լապտերի տոնակատարության համար։
Ըստ որում, երբ Պանտագրյուելը հարցուփորձ էր անում վաճառականներին, Պանուրգը վեճ ունեցավ վաճառականներից մեկի հետ, որը գեր ոչխարների մի ամբողջ հոտ էր տանում։ Այդ վաճառականը Տայլբուրգ քաղաքից էր և անունն էլ Հնդկահավիկ էր։ Այդ Հնդկահավիկը, երբ Պանուրգին նկատեց, իր ընկերներին ցույց տալով ասաց․
― Մի այդ հիմարին նայեցեք, տեսեք ինչ լավ մռութ ունի։
― Հիմարն ինքդ ես, գրողը քեզ տանի, ― պատասխանեց Պանուրգը։ ― Հիմարությունը թափվում է գարշելի ռեխիցդ։ Քո կինը երևի ամեն կիրակի քեզ ծեծում է։
― Իմ կինը ամենաբարի կինն է ամբողջ Ֆրանսիայում, ― ասաց վաճառականը։ ― Ես նրա համար ընծա եմ տանում տասնմեկ մատ երկարությամբ մարջանի մի ճյուղ։ Բայց դու ի՞նչ գործ ունես իմ կնոջ հետ և ինչո՞ւ ես քիթդ ամեն տեղ խոթում։ Ի՞նչ մարդ ես դու, պատասխանիր, սրիկա, եթե աստծուց երկյուղ ունես։
― Իսկ եթե քո կինը լավ կին է, ինչո՞ւ չես նստում տանը, այլ ծովերն ես չափչփում։ Դե պատասխանիր, սատանայի զավակ։
― Ես քեզ սրախողխող կանեմ, ինչպես ոչխարի, ― գոռաց վաճառականը և ձեռքը տարավ դեպի սուրը։ Բայց սուրն այնքան էր խոնավացել ծովային օդից, որ ամբողջապես ժանգոտել էր և ոչ մի կերպ չէր ուզում դուրս գալ պատյանից։ Պանուրգի կողմից միջամտեց հայր սուրբ Ժանը և անշուշտ կսպաներ վաճառականին իր դաշույնով, եթե նավապետը չխնդրեր Պանտագրյուելին վերջ տալ այդ կռվին։
Պանտագրյուելը մի կերպ հաշտեցրեց կռվողներին։ Պանուրգը սեղմեց վաճառականի ձեռքը, և նրանք երկուսը միասին խմեցին ի նշան հաշտության։
Բայց գործը դրանով չվերջացավ։ Հենց որ կռիվը հանդարտեցրին, Պանուրգը հայր Ժանին և Էպիտեմոնին մի կողմ տանելով ասաց․
― Դուք հիմա մի զվարճալի բան կտեսնեք։ Մենք մի լավ կծիծաղենք, եթե հանկարծ որևէ բան չխանգարի։
Եվ, դառնալով դեպի վաճառականը, խնդրեց որ նա իր ոչխարներից մեկը ծախի իրեն։
― Այ թե ի՜նչ գնորդ եմ գտել, ― ծիծաղելով ասաց վաճառականը։ ― Չնեղանաք, բարեկամ, եթե ասեմ, որ դուք արտաքինից ավելի շատ նման եք ճանապարհներին թալան անողի, քան գնորդի։ Հապա միայն ճիշտն ասեք, ի՞նչ կանեիք, եթե անտառում ձեր ձեռքը ընկներ մի մարդ, որի քսակում շատ դրամ լիներ։ Հա՛, հա՛, հա՛, կարծում եմ, որ այդպիսի մարդու բանը շատ վատ կլիներ։ Ճիշտ չի՞ ասածս։ Մի լավ նայեք սրան․ բարեկամներ, իսկական ավազակի տեսք ունի։
― Համբերություն, ― ասաց Պանուրգը, ― խոսենք գործի մասին։ Ծախեցեք ձեր ոչխարներից մեկը։ Ինչքա՞ն կպահանջեք դրա համար։
― Ի՞նչ եք խոսում, բարեկամ, ― ասաց վաճառականը, ― չե՞ք տեսնում միթե, որ այս ոչխարները լևանտական երկարամազ ոչխարներ են։
― Ինչ էլ լինի, շատ եմ խնդրում նրանցից մեկը ծախեք ինձ, ― ասաց Պանուրգը, ― ձեզ կանխիկ ոսկի կվճարեմ։
― Հարևան, ― ասաց վաճառականը, ― լավ լսեցեք ինչ եմ ասում։
― Շատ եմ խնդրում, ― ասաց Պանուրգը։
― Կարծեմ ձեր անունը Ռոբին ոչխար է։
― Անվանեցեք ինձ, ինչպես կամենում եք, ― ասաց Պանուրգը։
― Հա՛, հա՛, հա՛, ― ծիծաղում է վաճառականը։ ― Նայեցեք այս ոչխարին, սրան էլ են Ռոբին ասում։ Ռոբի՜ն, Ռոբի՜ն, Ռոբի՜ն։
― Բա՜֊բա՜֊բա՜ ― մայեց ոչխարը։
― Լսո՞ւմ եք, ինչ գեղեցիկ ձայն ունի, ― ասաց վաճառականը։ ― Լսեցեք ինչ եմ առաջարկում։ Եկեք ձեզ դնենք կշեռքի մի նժարի վրա, իսկ իմ Ռոբինին՝ մյուս նժարի վրա։ Գրազ կգամ, որ իմ ոչխարը ձեզանից ավելի ծանր կլինի։
― Համբերություն, ― ասաց Պանուրգը։ ― Բարի եղեք, պարոն, ծախեցեք ինձ ձեր ոչխարներից մեկը, թեկուզ մի քիչ էլ վատը լինի։
― Սիրելի բարեկամ, ― ասաց վաճառականը, ― այդ ոչխարների բրդից են պատրաստում Ռուանի նուրբ մահուդները։<ref>Ֆրանսիական Ռուան քաղաքը հայտնի էր իր մահուդով։</ref> Սովորական մահուդները դրանց համեմատությամբ հասարակ թաղիք են։ Իմ ոչխարների կաշվից պատրաստում են տաճկական գեղեցիկ սեկը։ Նրանց աղիքներից պատրաստում են լարեր ջութակների ու տավիղների համար։ Հասկացա՞ք հիմա, թե ինչ բան են իմ ոչխարները։
― Եթե դուք բարեհաճեք ծախել ինձ մի ոչխար, ― ասաց Պանուրգը, ― ես ձեզ անչափ շնորհակալ կլինեմ։ Տեսեք, ահա դրամը պատրաստ է։ Ինչքա՞ն եք ուզում մեկ ոչխարի համար։
Եվ այս ասելիս Պանուրգը հանեց գրպանից ոսկե նոր դրամներով լիքը քսակը։
==Գլուխ XV==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը ծովում ջրասույզ անում վաճառականին ու նրա ոչխարներին
― Իմ ազնիվ բարեկամ, ― ասաց վաճառականը, ― իմ ոչխարների միսը կարող են վայելել միայն թագավորներն ու իշխանները։ Նա այնքան հյութալի է, այնքան քնքուշ, որ շաքարի պես հալվում է մարդու բերանում։
― Ինչ անենք, ― ասաց Պանուրգը, ― ես էլ ձեզ արքայի պես կվճարեմ, միայն ծախեցեք ինձ ձեր ոչխարներից մեկը։
― Չէ, բարեկամ, ― ասաց վաճառականը, ― տեսնում եմ, դուք դեռ լավ չեք հասկանում, թե սրանք ինչպիսի կենդանիներ են։ Օրինակի համար վերցնենք հենց նրանց կոտոշները։ Եթե այդ կոտոշները ծեծենք սանդի մեջ, մի արևոտ տեղ ցանենք և շուտ֊շուտ ջրենք, մի քանի ամսից հետո հրաշալի ծնեբեկ կբուսնի։ Էլ չեմ խոսում ոչխարի թիակի, զիստի մասին, կրծքի, երիկամի, լյարդի և փորոտիքի մասին։ Դուք չեք կարող նույնիսկ գնահատել այդ բաները ինչպես հարկն է։ Դեռ այս էլ պետք է նկատի ունենալ, որ ոչխարի փուչիկից պատրաստում են հիանալի խաղագնդակ, կողերից՝ ինքնարձակ աղեղ՝ բալի կորիզներով կռունկներ սպանելու համար, իսկ գլխից՝ հրաշալի կերակուր շների համար։
― Կարիք չկա այդքան շաղակրատելու, ― ասաց նավապետը վաճառականին, ― ոչխարը քոնն է, ծախում ես ծախի, չես ծախում, մի ծախի, բայց ավելորդություններիդ վերջ տուր։
― Շատ լավ, ես մի ոչխար կծախեմ, ― ասաց վաճառականը, ― միայն ձեզ հաճույք պատճառելու համար։ Թող նա ինձ վճարի երեք ոսկեդրամ և թող ընտրի իր ուզածը։
― Շատ թանկ եք ուզում, ― ասաց Պանուրգը, ― մեր կողմերում այդ գնով հինգ֊վեց ոչխար կարելի է գնել։
― Այ դու ավանակ, ― ասաց վաճառականը, ― մի՞թե չես հասկանում, որ իմ ոչխարներից ամենավատը չորս սովորական ոչխար արժի։ Ասածս դատարկ գլուխդ մտա՞վ, թե ոչ։ Տխմար արարած։
― Հանգստացեք, մեծապատիվ պարոն, ― ասաց Պանուրգը, ― շատ մի տաքացեք, ահա ստացեք ձեր փողը։
Պանուրգը վաճառականին վճարեց ոչխարի գինը, ջոկեց ամենամեծ ոչխարը, բարձրացրեց, դրեց մեջքին։ Ոչխարը բարձր մայեց։ Ամբողջ հոտը հետևեց նրա օրինակին, նույնպես բարձր մայեց։
― Գրողը տանի դրան, ― ասաց վաճառականը, ― այդ սրիկան ընտրեց ամենալավ ոչխարը։ Երևում է, որ ոչխարի լավն ու վատը հասկանում է զզվելին։
Իսկ Պանուրգն այդ ժամանակ առանց ոչ մի խոսք արտասանելու մոտեցավ նավի եզրին և իր գնած ոչխարը գցեց ծովը։ Դա այնպես արագ ու անակնկալ կատարվեց, որ ես նույնիսկ չկարողացա տեսնել, թե ինչպես եղավ այդ։ Մյուս բոլոր ոչխարները նույնպես մայելով և միմյանց հրելով մեկը մյուսի ետևից վազեցին ու ծովը թափվեցին, հետևելով առաջին ոչխարին։ Նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր առաջինն իրեն գցել ծովը և ոչ մի հնար չէր լինում նրանց կանգնեցնելու։ Երևի դուք գիտեք, որ ոչխարները սովորություն ունեն հետևելու իրենց առաջնորդին, ուր էլ որ նա տանի նրանց։ Այժմ էլ նույնը պատահեց, հենց որ առաջնորդը ջրասույզ եղավ, մնացած բոլոր ոչխարներն շտապեցին հետևելու նրան, առանց իմանալու, թե ինչ է տեղի ունեցել։ Զուր չեն ասում, որ ոչխարն ամենատխմար կենդանին է։
Սարսափահար եղած վաճառականը դես ու դեն էր վազվզում, որ կորստից փրկի իր ոչխարների հոտը, բայց զուր էին անցնում նրա ջանքերը։ Ոչխարները մեկը մյուսի ետևից նավի եզրից թռչում էին ծովը և ջրասույզ լինում։ Այն ժամանակ վաճառականը ամենալավ ոչխարի բրդից բռնած քարշ տալով տարավ դեպի նավի իջանցքը։ Վաճառականը կարծում էր, որ մյուս ոչխարներն էլ կհետևեն նրան, և հոտը փրկված կլինի։ Բայց պատահեց բոլորովին հակառակը։ Դուրս եկավ, որ վաճառականի բռնած ոչխարն այնքան ուժեղ էր, որ իրեն վաճառականին էլ քարշ տվեց տարավ և նրա հետ միասին գցեց իրեն ծովի ալիքների մեջ։ Այլևս ոչինչ չէր կարող փրկել խելագարված հոտը։ Ոչխարները իրենց նետում էին ծովը, մինչև որ ջրասույզ եղավ ամբողջ հոտը։
― Մնացե՞լ է արդյոք գեթ մի ոչխար, ― հարցրեց Պանուրգը։ Երբ ոչխարների հոտից ոչ մի հետք չէր մնացել։ ― Շատ կուզեի իմանալ, որտեղ է այժմ մեր սիրելի Ռոբին ոչխարը։ Ես ռազմական հին խաղ խաղացի վաճառականի գլխին։ Իսկ դու ինչ կարծիքի ես, եղբայր Ժան։
― Ինչ խոսք, որ դու լավ պատժեցիր վաճառականին, ― ասաց հայր սուրբ Ժանը, ― բայց իմ կարծիքով մի բան միայն վատ եղավ, մեր փողերը զուր տեղը կորան։
― Թքել եմ փողի վրա, փողն ի՞նչ բան է, բայց փոխարենը ես մի լավ զվաճացա, ― ասաց Պանուրգը։ ― Պետք է իմանաս, եղբայր Ժան, որ երբեք անպատիժ չեմ թողնում ինձ վիրավորողին, ես այդ տեսակ բարեհոգիներից չեմ։
― Այն ժամանակ մի օր էլ դու ինքդ կրակի մեջ կընկնես, ― պատասխանեց Ժանը, ― սատանաները շատ են սիրում քեզպեսներին, լավ հիշիր ասածս, բարեկամ։