Changes

Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը

Ավելացվել է 55 586 բայտ, 15:45, 8 Նոյեմբերի 2015
Բանալին պտտվեց դռան մեջ, դուռը բացվեց, անտառապետը դուրս եկավ, ձեռքին՝ թղթեր։ Զգացի, որ գլուխս պարուրվեց մշուշով, նայեի շուրջս և, ո՛վ սարսափ, գորշ բաճկոնով մարդը նստած էր կողքիս ու սատանայական քմծիծաղով նայում էր ինձ։ Նա իմ գլուխը նույնպես ծածկեց անտեսանելի գլխարկով և նրա ոտքերի մոտ իրար կողքիհանգիստ ձգվեցին երկուսիս ստվերները։ Նա անփութորեն ձեռքում շուռումուռ էր տալիս ծանոթ մագաղաթի թուղթը, և անտառապետը, առայժմ զբաղված իր թղթերով, ետ ու առաջ էր անում տաղավարում, իսկ գորշ հագած մարդը գաղտնաբար շշնջում էր ականջիս․
 
― Եվ այսպես, դուք ընդունեցիք իմ հրավերը և այժմ մենք երկուսով նստած ենք մի գլխարկի տակ։ Դա արդեն լավ է․ այո՛, այո՛, շատ լավ է։ Իսկ հիմա վերադարձրեք թռչնաբույնը, այն ձեզ արդեն պետք չէ․ դուք ազնիվ մարդ եք և չեք հակաճառի։ Միայն թե պետք չէ դրա համար շնորհակալություն հայտնել, ես այն ձեզ սրտանց էի տրամադրել։
 
Նա անարգել կերպով վերցրեց թռչնաբույնը, տեղավորց իր պարկում և կրկին ծիծաղեց, բայց այնպես բարձր, որ ձայնի վրա անտառապետը շրջվեց։ Ես նստած տեղս քարացել էի։
 
― Դուք պետք է խոստովանեք,― շարունակեց նա,― որ այսպիսի գլխարկը շատ հարմարավետ է, այն ծածկում է ոչ միայն մարդուն, այլև նրա ստվերը և դրա հետ միասին այնքան ստվերներ, ինչքան որ ցանկանաս։ Տեսեք, այսօր ես զավթել եմ երկուսիդ։― Նա կրկին ծիծաղեց,― նկատի ունեցեք, Շլեմիլ, եթե մարդ սկզբից բարությամբ չի ցանկանում, վերջում, միևնույն է, ուզի֊չուզի, համաձայնելու է։ Կարծում եմ, որ դուք դեռ կգնեք ինձնից այս իրը և ետ կստանաք ձեր հարսնացուին, որովհետև դեռ ժամանակ կա, իսկ Եասկալին կախաղան կհանենք։ Դա մեզ համար հասարակ բան է, քանի դեռ պարանը ինքներդ ձեր վզին չեք փոխադրել։ Լսեցեք, ես ձեզ կտամ նաև իմ անտեսանելի գլխարկը։
 
Այդ պահին դուրս եկավ մայրը, և ծնողների միջև սկսվեց խոսակցություն։
 
― Ի՞նչ է ասում Մինան։
 
― Լալիս է։
 
― Հիմար երեխա։ Էլ ի՞նչ կփոխվի։
 
― Բայց այդքան շուտ տալ մեկ ուրիշին․․․ Օ՜, հայր, դու դաժան ես վարվում քո հարազատ երեխայի հետ։
 
― Ոչ, մայր, դու շատ սխալ ես, երբ նա դատարկի իր աղջկական արցունքները և տեսնի, որ ինքը մի շատ հարուստ ու հարգված մարդու կին է, կմխիթարվի, կմոռանա իր վիշտը, ինչպես ծանր մղձավանջ և այն ժամանակ շնորհակալ կլինի և՛ աստծուն, և՛ մեզ։ Դե կտեսնես։
 
― Աստված տա՛։
 
― Ճիշտ է, այժմ Մինային են պատկանում չափազանց լավ կալվածքներ, բայց այն աղմուկից հետո, որը բարձրացավ այդ արկածախնդրի հետ կապված պատմության պատճառով, հավատո՞ւմ ես, որ նա հետո մի ուրիշ, իր համար այդքան սազական ամուսին, ինչպես որ Ռասկալն է, կարողանա գտնել։ Գիտե՞ս, թե պարոն Ռասկալն ինչ ունեցվածքի տեր է։ Նա վեց միլիոնի կալվածքներ ունի այստեղ, այս կողմերում, և՝ ոչ մի պարտք, բոլորը կանխիկ վճարված։ Ես բոլոր փաստաթղթերը տեսել եմ։ Այդ նա էր, որ այստեղ գնեց ամենալավ հողերը, և բացի այդ, Թոմաս Ջոնը մոտ չորս ու կես միլիոն պարտ է նրան մուրհակներով։
 
― Նա պետք է, որ շատ ու շատ գողացած լինի։
 
― Ի՛նչ ես դուրս տալիս։ Ռասկալը խելացի է վարվել՝ անտեղի մսխողներից հավաքել կուտակելով։
 
― Մի մարդ, որը լիվրե է հագել, սպասավոր է եղել։
 
― Դատարկ բան, բայց չէ՞ որ դրա փոխարեն նա ունի անթերի ստվեր։
 
― Դու ճիշտ ես, բայց․․․
 
Գործ հագուստով մարդը ծիծաղեց և նայեց իմ կողմը։ Դուռը բացվեց, Մինան դուրս եկավ։ Նա հենվել էր սպասավորուհու թևին, լուռ, արցունքները հոսում էին գեղեցիկ գունատ այտերի վրայով։ Մինան նստեց բազկաթոռին, որը լորենիների տակ պատրաստված էր նրա համար։ Հայրը նստեց կողքին, քնքշանքով վերցրեց Մինայի ձեռքը և սիրալիր սկսեց խոսել, իսկ Մինան շարունակեց դառնագին արտասվել։
 
― Իմ բարի, իմ լավ երեխա, պետք է դու խելացի լինես և չվշտացնես ծեր հորդ, չէ՞ որ ես միայն քո լավն եմ ցանկանում։ Հասկանում եմ, հոգյակս, որ շատ ես հուզվել, դու հրաշքով ես ետ կանգնել քո դժբախտությունից։ Քանի դեռ մենք չէինք բացել այդ նողկալի կեղծիքը, դու այդ անարժանին շատ էիր սիրում։ Տեսնում ես, Մինա, գիտեմ և դրա համար քեզ չեմ նախատում։ Ես նույնպես, սիրելի զավակս, սիրում էի նրան, քանի դեռ համարում էի իսկական մեծ մարդ։ Հիմա ինքդ էլ տեսնում ես, ինչպես ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Ինչ է, ամեն շուն ունի իր ստվերը, իսկ իմ միակ սիրելի աղջիկը պետք է մի մարդու․․․ Ոչ, դու այլևս չպետք է մտածես նրա մասին։ Լսիր, Մինա, հիմա քո ձեռքը խնդրում է մի մարդ, որը արեգակից չի փախչում, միմ պատվարժան մարդ, որը ճիշտ է, իշխան չէ, բայց նրա ունեցվածքը տաս միլիոն է, տասն անգամ ավել, քան քոնը, մի մարդ, որն իմ սիրելի զավակին երջանիկ կդարձնի։ Մի առարկիր ինձ, մի հակառակվիր, իմ բարի, իմ հնազանդ դուստր, թող որ սիրող հայրդ քո մասին հոգա, արցունքներդ չորացնի։ Խոստացիր ինձ, որ քո ձեռքը կտաս պարոն Ռասկալին։ Ասա, դու խոստանո՞ւմ ես այդ։
 
Նա պատասխանեց նվաղած ձայնով․
 
― Ես այս աշխարհում սեփական կամք ու ցանկություն չունեմ։ Կանեմ այն, ինչ իմ հայրն է ցանկանում։
 
Հենց այդ ժամանակ հայտնեցին Ռասկալի գալու մասին, որը լպիրշորեն մոտեցավ նրան։ Մինան ուշաթափվեց։ Նողկալի ուղեկիցս չարախնդորեն նայեց իմ կողմը ու արագ շշնջաց․
 
― Եվ դուք համբերո՞ւմ եք։ Ի՞նչ է հոսում ձեր երակներում։
 
Նա արագ շարժումով մի փոքր քերեց ձեռքս, որից արյուն հոսեց և ասաց․
 
― Իսկապես որ կարմիր արյուն է։ Դե ստորագրեք։
 
Մագաղաթի կտորն ու գրիչը ձեռքումս էին։
 
=***=
 
Ես ենթարկվում եմ քո դատավճռին, սիրելի Շամիսսո և չեմ փորձի արդարանալ։ Ինքս ինձ արդեն վաղուց դատապատրել եմ խիստ պատժի, որովհետև սրտումս սնել եմ տանջանքիս որդը։ Մտքիցս չի հեռանում իմ կյանքի համար վճռական այն պահի պատկերը, և ես կարողացա նայել դրան լոկ տարակուսանքով, հլությամբ ու ափսոսանքով։ Սիրելի ընկեր, ով թեթևամտորեն շեղվում է ճանապարհից, նա աննկատ կերպով ոտքը կդնի ուրիշ ճանապարհների, որոնք նրան ավելի ու ավելի ներքև կտանեն։ Նա զուր կնայի երկնքում փայլող ուղեցույց աստղերին, նրա համար արդեն ընտրություն չկա․ սրընթաց կգլորվի ներքև՝ հանձնվելու Նեմեսիսին։ Չմտածված, անխոհեմ քայլից հետո, որը ինձ վրա անեծք բերեց, ես հանցանք կատարեցի՝ սիրելով և ներխուժելով ուրիշի ճակատագրի մեջ։ Ի՞նչ էր մնում ինձ անել, այնտեղ, ուր ես վիշտ էի սերմանել, ուր ինձնից շուտափույթ փրկություն էին սպասում, կուրորեն դիմել փրկությա՞ն, քանի որ հնչել էր վերջին ժամը։ Իմ մասին վատ մի մտածիր, Ադելբերտ, հավատա, որ յուրաքանչյուր պահանջված գին ինձ շատ բարձր չէր թվա, ես չէի ափսոսա ինձ պատկանող որևէ բան, ինչպես որ չէի ափսոսում ոսկին, ոչ, Ադելբերտ։ Բայց իմ հոգին լցված էր անհաղթահարելլի ատելությամբ այդ հանելուկային, սորամուտ մարդու հանդեպ, որ սողոսկում էր զարտուղի ճանապարհներով։ Հնարավոր է ես ճիշտ չէի, բայց յուրաքանչյուր շփում նրա հետ վրդովեցնում էր ինձ։ Եվ տվյալ դեպքում, ինչպես հաճախ իմ կյանքում, նմանապես համաշխարհային պատմության մեջ, նախատեսվածը զիջում էր իր տեղը պատահականությանը։ Հետագայում ինքս ինձ հետ հաշտվեցի։ Ես սովորեցի լրջորեն հարգել անխուսափելիությունը նույնպես՝ իբրև իմաստալից կանխատեսում, որը գործի է գցում այն հսկա մեխանիզմը, ուր մենք միայն գործող և ուղեկցող անվակներ ենք․ ինչ վիճակված է լինելու՝ պետք է լինի, ինչ վիճակված էր կատարել՝ կատարվեց և ոչ առանց նախախնամության, որը ես սկսեցի հարգել իմ սեփական ճակատագրում և նրանց ճակատագրում, ում որ կյանքը կապել է ինձ հետ։
 
Չգիտեմ ինչին վերագրել այն՝ ինչ կատարվեց․ ուժեղ ապրումների ազդեցության տակ հոգեկան լարվածությա՞նը, ֆիզիկական ուժերիս չափազանց հյուծմա՞նը, որոնք վերջին օրերին թուլացան անսովոր զրկանքներից, վերջապես գորշ հրեշի ներկայությա՞նը, որի մոտիկությունը վրդովում էր իմ ամբողջ էությունը՝ կարճ ասած՝ միինչև խոսքը հասավ ստորագրությանը՝ ինձ պատեց անասելի թուլություն, և ես երկար ժամանակ մնացի պառկած, ինչպես մահվան գրկում։
 
Երբ ուշքի եկա, ականջիս հասած առաջին ձայները լուտանքներ էին ու ոտքերի թփթփոց։ Բացեցի աչքերս, արդեն մթնել էր, իմ ատելի ուղեկիցը շուրջս իրար էր անցել ու հայհոյում էր․
 
― Ոնց որ պառավ կնիկ լինի։ Դե շուտ ոտքի կանգնեք և արեք այն ամենը, ինչ որ պայմանավորվել ենք։ Թե՞ փոշմանել ենք ու գերադասում ենք նվնվալ։
 
Ես դժվարությամբ բարձրացա գետնից, ուր կառկած էի ու լուռ նայեցի շուրջս։ Ուշ երեկո էր, անտառապետի պայծառ լուսավորված տնից լսվում էր տոնական երաժշտություն, այգու ծառուղիներով խմբերով զբոսնում էին հյուրերը։ Նրանցից երկուսը շարունակելով զրույցը, ավելի մոտեցան, նստեղին այն նստարանին, որտեղ մինչ այդ ես էի նստել։ Նրանք խոսում էին հարուստ Ռասկալի և անտառապետի դստեր այսօր առավոտ կատարված հարսանիքի մասին։ Ուրեմն եղել էր։ Ես գլխիցս պոկեցի անտեսանելի գլխարկը․ նրա հետ միասին չքացավ նաև անծանոթը։ Թաղվելով թփերի մթության մեջ, կոմս Պետերի տաղավարի կողքով անցնող շավղով լուռ շտապեցի դեպի այգու ելքը։ Բայց իմ անտեսանելի հոգեառը մի քայլ անգամ ետ չէր մնում, կծու ծաղրանքով շարունակում էր հետապնդել ինձ․
 
― Եվ սա է շնորհակալությունը այն տանջանքի դիմաց, որ ես կրեցի ամբողջ օրը, քարշ գալով այսպիսի թույլ նյարդեր ունեցող մեկի հետ։ Այսպիսի հիմար վիճակի մեջ թողնել ինձ։ Դե լավ, պարոն կամավոր, այժմ փրկեցեք ինքներդ ձեզ։ Մենք, միևնույն է, անբաժան ենք։ Ձեզ մոտ իմ ոսկին է, իսկ ինձ մոտ՝ ձեր ստվերը․ ահա մենք երկուսս էլ ոչ մի կերպ չենք կարող հանգստանալ։ Որտե՞ղ է լսված, որ ստվերը ետ մնա տիրոջից։ Ձեր ստվերը ամեն տեղ ինձ քարշ կտա ձեր ետևից, քանի դեռ դուք չեք բարեհաճի այն ետ վերցնել․ միայն այդ ժամանակ ես նրանից կբաժանվեմ։ Տեսեք, հետո խելքի կգաք, ուշ կլինի։ Եվ ձանձրույթից ու նեղկանքից կանեք այն, ինչը չուզեցիք անել բարի կամքով։ Ճակատագրից հնարավոր չէ փախչել։
 
Նա շարունակում էր նույն ոգով։ Իզուր էի մտածում փախուսով փրկվելու մասին։ Նա ետ չէր մնում ոչ մի րոպե ու ծաղրանքով խոսում էր ոսկու և ստվերի մասին։ Ես ասես խելքս կորցրած լինեի։ Գնում էի դեպի տուն՝ ընտրելով ամայի փողոցները։ Երբ արդեն հասել էի տանս մոտ, հազիվ ճանաչեցի այն։ Ջարդված լուսամուտներից լույս չէր երևում, դռները փակ էին, տանը չէին լսվում սպասավորների ձայները։
 
Նա բարձր քրքջաց ականջիս տակ․
 
― Այո, այո, ահա թե բանն ուր է հասել։ Բայց ձեր Բենդելը պետք է որ այստեղ լինի․ նրա մասին հոգացել են․ տուն ուղեկցեցին շատ խղճալի տեսքով․ երևի ոչ մի տեղ չի կարող գնալ։ ― Նորից ծիծաղեց։― Այո, նա պատմեու շատ բան ունի։ Դե այդպես էլ պետք է լիներ։ Այսօրվա համար բավական է։ Բարի գիշեր, մինչև նոր հանդիպում։
 
Ես մի քանի անգամ զանգը տվեցի, լույսը վառվեց։ Բենդելը ներսից հարցրեց՝ ով է։ Ձայնիցս ճանաչելով ինձ, բարի մարդը հազիվ կարողացավ պահել իր ուրախությունը։ Դուռը բացվեց, մենք հեկեկալով իրար գիրկ նետվեցինք։ Նա շատ էր փոխվել, թույլ էր ու հիվանդ։ Իսկ իմ մազերը ամբողջովին ճերմակել էին։ Բենդելը դատարկված սենյակներից միջով ինձ ուղեկցեց դեպի ներսի անվնաս մնացած բաժինը, ուտելիք և խմիչ բերեց։ Մենք սեղան նստեցինք և Բենդելը նորից սկսեց արտասվել։ Նա պատմեց, թե այնքան է հետապնդել այն գորշ հագած, ճորուկ մարդուն, որի մոտ գտնվում էր իմ ստվերը, մինչև որ կորցրել է հետքս և ուժասպառ վայր ընկել։ Այնուհետև ինձ չկարողանալով գտնել, վերադարձել է տուն, որտեղ արդեն Ռասկալի հրահրմամբ ներխուժել էր ամբոխը, ջարդել պատուհանները և հագուրդ տվել իր ավերելու ծարավին։ Այդպես էր նա վարձահայտույց եղել իր բարերարին։ Իմ բոլոր սպասավորները փախել էին։ Տեղական ոստիկանությունը ինձ, որպես մութ անձնավորության, արգելել է մնալ քաղաքում և հրամայել է քսանչորս ժամվա ընթացքում հեռանալ։ Բենդելը այնուհետև շատ բան ավելացրեց դրան, որ ես արդեն գիտեի՝ Ռասկալի հարստության ու նրա ամուսնության մասին։ Այդ չարագործը, որից ծագեց այդ ամենը իմ դեմ, հնարավոր է նախապես գիտեր գաղտնիքս, հավանաբար ոսկով հրապուրված, նա իմ կողմից վստահություն շահեց և հենց սկզբից ձեռք բերեց այն փողերի բանալին, որը և դրեց իր ունեցվածքի հիմքը․ իսկ այդ ունեցվածքի հետագա բազմացման կարիքը նա այլևս չուներ։ Այս բոլորը պատմեց Բենդելը՝ շարունակ արտասվելով, ապա լաց եղավ ուրախությունից, քանի որ երկար տարակուսանքներից հետո, թե ուր է նետել ինձ դժբախտությունը, կրկին գտել էր, կրկին միասին էինք և նա տեսնում էր, որ ես վիշտս տանում եմ զուսպ ու հանգիստ, այո, իմ մեջ հուսահատությունն այժմ այդպիսի տեսք էր ընդունել։ Թշվառությունս ինձ երևաց անասելի մեծ, հավիտյան անփոփոխելի։ Արտասվելով նրա համար, ես արդեն սպառել էի բոլոր արցունքներս և այլևս ոչ մի հառաչանք չէր կարող կորզել այն իմ կրծքից։ Ես սառն ու անտարբեր հանձնել էի նրան անպաշտպան գլուխս։
 
― Բենդել,― ասացի,― դու գիես իմ վիճակը։ Նախկին հանցանքիս համար ինձ ծանր պատիժ է բաժին ընկել։ Դու անմեղ ես, և պետք չէ, որ այսուհետև քո բախտը կապես իմի հետ, ես դա չեմ ուզում։ Այս գիշեր ես կգնամ, թամբիր մի ձի, գնալու եմ միայնակ։ Դու կմնաս այստեղ, այդպես եմ ուզում։ Այստեղ պետք է լինեն ևս մի քանի ոսկու արկղեր, վերցրու քեզ։ Ես մեն մենակ եմ թափառելու աշխարհում։ Բայց եթե ինձ համար կրկին սկսվի ուրախ պահ և երջանկությունը ժպտա ինձ, ես կհիշեմ քեզ, որովհետև արտասվել եմ քո հավատարիմ կրծքի վրա՝ իմ դժվար, տխուր պահերին։
 
Այդ ազնիվ մարդը կոտրված սրտով պետք է հնազանդվեր իր տիրոջ վերջին հրամանին։ Ես նրա խնդրանքների, առարկությունների հանդեպ մնացի խուլ, նրա արցունքների հանդեպ՝ կույր։ Նա բերեց ձին։ Ես մեկ անգամ էլ սեղմեցի կրծքիս արտասվող Բենդելին, ցատկեցի թամբին ու գիշերվա մթնով ծածկված, հեռացա կյանքիս գերեզմանափոսից անտարբեր՝ թե ձիս ինձ ուր էր տանում․ չէ՞ որ երկրի վրա չունեի այլևս ոչ նպատակ, ոչ իղձ, ոչ հույս։
 
=***=
 
Շուտով ինձ միացավ մի հետիոտն, որը մի առ ժամանակ ձիուս կողքից քայլելուց հետո (երևում է մեր ճանապարհը նույնն էր), թույլտվություն խներդց ձեռքի եղած իրերը դնել ձիուս վրա։ Ես լռությամբ համաձայնեցի։ Նա թեթև քաղաքավարությամբ շնորհակալություն հայնտեց իմ աննշան ծառայության համար, ձիուս գովեց, ապա անցավ հարուստների երջանոկթւոյւնն ու հզորությունը փառաբանելուն, իսկ հետո սկսեց խոսել ինքն իր համար, ես մնացի սոսկ իբրև ունկնդիր։
 
Նա ամբողջովին բացեց կյանքի ու աշխարհի մասին ունեցած իր պատկերացումները և արագորեն անցավ մետաֆիզիկային, որից, իբր, պահանջվում է գտնել բոլոր հանելուկները լուծող բառը։
 
Դու, ընկեր իմ, գիտես, փիլիսոփաների մոտ սովորելիս ես լիովին համոզվեցի, որ փիլիսոփայական մտահայեցողությունը ոչ մի դեպքում իմ բանը չէ և հրաժարվեցի այդ բնագավառից։
 
Այդ ժամանակվանից շատ բաներ եմ դեն նետել, շատ բաներից հրաժարվել՝ իմանալ ու հասկանալ, և, ինչպես դու էիր խորհուրդ տալիս, վստահելով բանականությանս, ներքին ձայնիս, որքան ուժերս ներել են, գնացել եմ իմ ճանապարհով։ Ահա ուրեմն ինձ թվաց, թե այդ ճոռոմախոսը մեծ վարպետությամբ մի ամուր շինություն է կառուցում, որը հիմնադրված լինելով իր մեջ, բարձրանում է վեր ու կանգնում որպես ներքին անհրաժեշտությւոն։ Բայց ես չտեսա նրա մեջ այն, ինչ ուզում էի գտնել, և դրա համար էլ այդ շինությունը ինձ համար մնում էր սոսկ գեղարվեստական ստեղծագործություն, որի նրբին ներդաշնակությունն ու կատարելությունը կարող էր միայն աչք շոյել։ Այնուամենայնիվ ես հաճույքով ունկնդրում էի այդ պերճախոս մարդուն, որը գրավում էր ուշադրությունս՝ շեղելով ինձ իմ վշտերից, և նա դյուրությամբ ինձ կնվաճեր, եթե չկպչեր ոչ միայն բանականությանս, այլ նաև իմ հոգուն։
 
Մինչ այդ՝ ժամանակը անցնում էր, և աննկատելիորեն արշալույսը սկսել էր լուսավորել երկինքը․ ես սարսափից քարավա, երբ նայեցի վեր ու տեսա, որ արևելքը ներկվել է շքեղ ծիրանիով, որն ազդարարում էր մոտալուտ արևածագը։ Ես հասկացա, որ այն պահին, երբ ստվերները իրենց հասակով մեկ փռվեն այս բաց տարածքում, ինձ համար չկա ոչ մի պատվար կամ թաքստարան։ Իսկ ես մենակ չէի։ Մի հայացք ձգեցի իմ ուղեկցի վրա ու կրկին սարսափեցի։ Դա այն նույն գորշ բաճկոնով մարդն էր։
 
Նա ծիծաղեց շփոթվելուս վրա և շարունակեց՝ չթողնելով ինձ մի խոսք անգամ ասել․
 
― Թող մեր փոխադարձ շահը ժամանակավորապես մեզ կապի միմյանց, ինչպես դա լինում է աշխարհում։ Բաժանվելու համար մենք միշտ ժամանակ կունենանք։ Ահա այս ճանապարհը՝ լեռան երկայնքով ձգվող, որի մասին դուք թեպետև չեք էլ մտածել, միակն է, որով խելամտորեն դատելով կարող եք գնալ․ ներքև՝ դեպի հովիտը ձեզ չի կարելի, առավել ևս ետ, լեռան վրայով, որտեղից եկել եք․ դա նաև իմ ճանապարհն է։ Ես տեսնում եմ, որ դեռ արևը չծագած՝ դուք գունատվում եք։ Ուզում եմ ժամանակավորապես ձեզ տալ ձեր ստվերը, բայց միայն մեր ընկերակցության դեպքում։ Ստիպված եք հանդուրժել իմ ընկերակցությունը։ Բենդելը ձեզ հետ չէ, կարող եք օգտվել իմ բարի ծառայություններից։ Ափսոս, որ դուք ինձ չեք սիրում։ Բայց ոչինչ, այնուամենայնիվ, ես կարող եմ ձեզ պետք գալ։ Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրան պատկերացնում են։ Ճիշտ է, երեկ դուք ինձ զայրացրիք, այսօր ես արդեն այդ մասին մոռացել եմ և պետք է խոստովանել, ձեր ճանապարհը մինչև այստեղ կարճացրել եմ։ Թեկուզ փորձի համար ետ ստացեք ձեր ստվերը։
 
Արևն արդեն դուրս եկավ, մարդիկ էին հանդիպում ճանապարհին։ Ես դժկամորեն ընդունեցի առաջարկը։ Ժպտալով, նա գետնին փռեց իմ ստվերը, որն անմիջապես բարձրացավ ձիուս ստվերի վրա ու աշխուժորեն սկսեց թռվռալ իմ ետևից։ Ես տագնապի մեջ էի։ Անցա մի խումբ գյուղացիների կողքով, նրանք հարգանքով հանեցին գլխարկները և ճանապարհ տվեցին մեծահարուստ մարդուն։ Շարունակեցի գնալ՝ ձոի վրայից անհագ աչքով ու տանգապալի սրտով նայելով ստվերիս, որն այժմ մի օտար մարդուց, ավելին՝ իմ թշնամուց, վերցրել էի ժամանակավորապես։
 
Իսկ թշնամիս անհոգ գնում էր կողքովս և սուլում մի երգ։ Ինքը ոտքով՝ ես ձիով։ Գլուխս պտտվում էր․ գայթակղությունը չափազանց մեծ էր, հանկարծ ձգեցի սանձը, ասպանդակեցի ձիուս ու ճանապարհը շեղելով՝ սլացա ամբողջ թափով։ Սակայն չտարա ինձ հետ ստվերը․ շրջադարձի ժամանակ այն սահեց ձիուց և ճանապարհի վրա ընկած սպասեց օրինական տիրոջը։ Ամոթահար ետ վերադարձա։ Գորշ բաճկոնով մարդը իր երգի սուլոցն ավարտելով, սկսեց ծիծաղել ինձ վրա։ Կրկին դրեց ստվերն իր տեղում ու խրատական տոնով ասաց, թե ստվերը միայն այն ժամանակ ամուր կկպչի ինձանից ու չի պոկվի, երբ ես կրկին դառնամ նրա օրինական տերը։
 
― Ես ձեզ պինդ եմ բռնել ձեր ստվերի պատճառով,― շարունակեց նա,― և դուք իմ ձեռքից չեք ազատվի։ Այնպիսի հարուստ մարդու, ինչպիսին դուք եք, ստվերն անհրաժեշտ է, ոչինչ չես կարող անել։ Միայն այն բանի համար կարելի է ձեզ կշտամբել, որ դուք այդ վաղուց չեք հասկացել։
 
Ես շարունակում էի գնալ մեծ ճանապարհով։ Կրկին կյանքը երևում էր ինձ իր բոլոր հմայքներով ու շքեղությամբ։ Ես կարող էի ազատ ու թեթև շարժվել,― չէ՞ որ ունեի արդեն ստվեր, թեպետ ժամանակավորապես վերցրած,― և ամենուր հանդիպում էի հարգանքի, որը հարստությունն էր ներշնչում, բայց իմ հոգում մահն էր նստած։ Իմ տարօրինակ ուղեկիցը, որ իրեն ներկայացնում էր իբրև աշխարհի ամենահարուստ մարդու համեստ ծառան, չափազանց պատրաստակամ էր, անսահման խելացի ու ճարպիկ, կարելի է ասել հարուստ մարդու սպասավորի մի իսկական տիպար, բայց նա երբեք չէր հեռանում իմ կողքից, շարունակ հավատացած լինելով, որ ես վերջապես կհամաձայնեմ գնել ստվերը, թեկուզ և հենց այն բանի համար, որ անջատվեմ իրենից։ Նա որքան ինձ համար ատելի էր, նույնքան էլ անտանելի էր։ Արդեն սարսափում էի նրանից․ այժմ վերադարձնելով ինձ կյանքի բերկրանքները, որոնցից ես խուսափում էի, նա ամուր կերպով ինձ առել էր իր ձեռքերի մեջ։ Ստիպված էի դիմանալ նրա շաղակրատանքին, նույնիսկ երբեմն զգում էի, որ նա է ճիշտը։
 
Հարուստ մարդը պետք է ունենա իր ստվերը, և երբ ես ուզում եմ պահպանել իմ դիրքը, որից սկսել եմ օգտվել նրա շնորհիվ, ինձ համար միակ ելքը դա է։ Մի բան էի հաստատապես վճռել․ այն բանից հետո, երբ զոհեցի իմ սերը, երբ ինձ լքեց կյանքը, թեկուզև աշխարհի բոլոր ստվերների դիմաց այլևս չէի ուզենա հոգիս հանձնել այդ կեղտոտ արարածներին։ Ես չգիտեի, թե այդ ամենն ինչով էր վերջանալու։
 
Մի անգամ մենք նստած էինք մի քարանձավի մուտքի մոտ, ուր միշտ այցելում են այս լեռներով ճանապարհորդող օտարականները։ Լսվում էր անհուն ընդերքից ստորերկրյա հոսանքների աղմուկը, ձեռքով նետած քարի ձայնը կորչում էր դեռ հատակին չհասած։ Ինչպես միշտ, նա մեծ երևակայությամբ հիասքանչ ու վառ գույներով սկսեց նարագրել հմայիչ, գայթակղիչ պատկերներն այն ամենի, ինչի ես կարող էի հասնել աշխարհում իմ պարկի ուժով, եթե իհարկե կրկին դառնայի ստվերիս տերը։ Կռթնած, դեմքս առած ափերիս մեջ, լսում էի այդ նենգ մարդուն, ու սիրտս պայթում էր՝ երկատված գայթակղության և ամուր կամքի միջև։ Ես չէի կարող այլևս դիմանալ այդպիսի երկվության ու որոշեցի վերջնական ճակատամարտը տալ։
 
― Դուք, պորան, երևում է մոռացել եք, որ ձեզ, ճիշտ է, թույլատրեցի որոշակի պայմաններում ուղեկցել ինձ, բայց ես ունեմ նաև իմ լիիրավ ազատությունը։
 
― Եթե կհրամայեք, ես իսկույն ետ կվերցնեմ իմ ունեցվածքը։
 
Նա հաճախ էր անցնում նման սպառնաիքների։ Ես լռեցի։ Նա անմիջապես սկսեց ծալել իմ ստվերը։
 
Ես գունատվեցի և համրացած սպասեցի, թե ինչ էր կատարվելու։ Տիրեց երկար լռություն։ Առաջինը խոսեց ինքը․
 
― Դուք ինձ տանել չեք կարող, պարոն, ինձ ատում եք, դա գիտեմ։ Բայց ինչի՞ համար է այդ ատելությունը։ Արդյո՞ք նրա համար, որ ուզեցիք գողությամբ տիրել իմ գույքին՝ ստվերին, որը ինձ եք վստահել ձեր ազնվությամբ։ Իմ կողմից ասեմ՝ ես դրա համար ձեզ չեմ ատում։ Կարծում եմ շատ բնական է, որ դուք օգտագործում եք ձեր բոլոր առավելությունները, հնարամտությունն ու ուժը․ ի դեպ, դուք ունեք ամենախիստ սկզբունքները և ազնվությունը ձեր պատկերացմամբ կիրք է՝ դրա դեմ դարձյալ ես ոչինչ չունեմ։ Ձեր արարքների նկատմամբ ես այնքան էլ խիստ չեմ, ուղղակի գործում եմ այնպես, ինչպես դուք մտածում եք։ Մի՞թե եղել է այնպիսի դեպք, որ ես սեղմեմ ձեր կոկորդը՝ ձեր թանկագին հոգին վերցնելու համար, որն այնքան էի ուզում ունենալ։ Կամ իմ փոխանակած տոպրակի համար երբևէ ձեր դեմ հանե՞լ եմ իմ ծառաներից որևէ մեկին։ Փորձե՞լ եմ այն ձեզանից առնել ու ծլկել։
 
Ես ոչինչ չունեի հակռակելու։ Նա շարունակեց․
 
― Դուք իրավացի՛ եք, պարոն, իրավացի եք։ Դուք ինձ չեք կարող հանդուրժել․ ես դա լավ եմ հասկանում և այլևս չեմ բարկանում։ Պարզ է, մենք բաժանվելու ենք, դուք էլ սկսում եք ինձ բավականին ձանձրացնել։ Եվ որպեսզի ազատվեք ձեզ համար ամոթալի իմ հետագա ներկայությունից, ես մեկ անգամ էլ խորհուրդ եմ տալիս՝ գնեցեք այս իրը։
 
Ես մեկնեցի նրան տոպրակը․
 
― Այս գնով։
 
― Ոչ։
 
Ես ծանր շունչ քաշեցի ու նորից խոսեցի․
 
― Դե ինչ արած։ Ես մնում եմ իմ խոսքին, պարոն, բաժանվենք, և մի կանգնեք իմ ճանապարհի վրա, հուսով եմ այս աշխարհը բավարար է երկուսիս համար։
 
Նա ծիծաղեց ու պատասխանեց․
 
― Ես գնում եմ, պարոն, բայց նախապես ուզում եմ ձեզ զգուշացնել, որ դուք կանչեք ինձ, երբ կարոտեք ձեր հնազանդ ծառային։ Թափ կտաք միայն ձեր տոպրակը, որպեսզի զրնգան միջի անսպառ ոսկիները և ձայնից ես կհայտնվեմ վայրկենաբար։ Այս աշխարհում ամեն ոք մտածում է իր շահի մասին, իսկ ես, տեսնո՞ւմ եք, միաժամանակ հոգ եմ տանում ձեր մասին․ չէ որ ձեզ, ըստ էություն, նոր ուժ եմ հաղորդում։ Օ՜, այս տոպրակը․․․ Եթե նույնիսկ ցեցերը ուտեն ձեր ստվերը, սրա միջոցով դարձյալ մեր միջև կլինի ամուր կապ։ Վերջապես դուք ինձ պահում եք իմ փողերի համար, նույնիսկ հեռվից դուք կարող եք կարգադրել ձեր ծառային։ Գիտեք որ ես իմ բերեկամներին կարող եմ պատրաստակամ խառայել, և որ հարուստներն ինձ հետ առանձնահատուկ լավ կապերի մեջ են, դուք այդ ինքներդ եսք տեսել, սակայն ձեր ստվերը, պարոն, սա մեկընդմիշջ հիշեցեք, կարող եք միայն մեկ պայմանով ետ ստանալ։
 
Իմ մտքում հառնեցին անցյալի պատկերները։ Արագ հարցրեցի նրան․
 
― Իսկ պարոն Ջոնից ունե՞ք ստորագրություն։
 
Նա ծիծաղեց․
 
― Այդպիսի լավ բերակամի հետ նման բանի հարկ չկա։
 
― Որտե՞ղ է նա, աստծու սիրուն, ես ուզում եմ իմանալ։
 
Նա վարանումով ձեռքը տարվա գրպանը և մազերից բռնած դուրս քաշեց Թոմաս Ջոնին՝ գունատված, այլանդակված կերպարանքով, մեռելի պես կապույտ շրթուքներով շշնջում էր այս խանր բառերը․
 
«Justo judicio dei judicatus sum; Justo judico dei condemnatus sum»<ref>Աստծո ճշմարիտ դատով ես դատվեցի, <br>Աստծո ճշմարիտ դատով ես դատապարտվեցի (լատ․)</ref>։
 
Ես սարսափեցի և զնգզնգուն տոպրակը արագ նետելով սնդունդը, դիմեցի նրան վերջին խոսքերով․
 
― Նզովում եմ քեզ աստծո անունով, ով զարհուրանք։ Չքվիր և այլևս չերևաս աչքիս։
 
Նա մռայլորեն բարձրացավ տեղից և անմիջապես անհետացավ ժայռերի ետևում, որոնցով եզերված էր վայրի բույսերով ծածկված տեղանքը։
 
=***=
 
Ես նստել էի այնտեղ առանց ստվերի, առանց փողի, բայց իմ կրծքից ընկել էր մի ծանր բեռ, և ուրախ էի։ Եթե կորցրած չլինեի իմ ստվերը, կամ եթե այդ կորուստը իմ մեղքով չլինի, հավատացած եմ, կարող էի նույնիսկ երջանիկ զգալ ինձ։ Բայց ես չգիտեի, ինչ անել։ Ստուգեցի գրապաններս, գտա ընդամենը մի քանի ոսկի, հաշվեցի ու ծիծաղեցի։ Ներքևում՝ հյուրանոցում, ձի ունեի, բայց ամաչում էի այնտեղ վերադառանալ, պետք է սպասեի մինչև արևը մայր մտներ, իսկ արևը կանգնած էր դեռ երկնքի կենտրոնում։ Ուստի, պառկեցի մոտակա ծառերի ստվերում ու հանգիստ քնեցի։
 
Հաճելի երազում ուրախ շուրջպարով միմյանց էին հյուսվել հմայիչ պատկերները։ Մինան, ծաղկեպսակը գլխին, ճախրում էր իմ կողքով ու ժպտում ինձ սիրալիր։ Ազնիվ Բենդելը, նույնպես ծաղիկներով զարդարված, սիրալիր ողջույնով անցավ իմ կողքով։ Եվ էլի շատերին տեսա, ու ինչպես ինձ թվաց, տեսա նաև քեզ, Շամիսո։ Հեռավոր խառնաշփոթի մեջ մի պայծառ լույս էր ճառագում, բայց ոչ ոք ստվեր չուներ, և, ամենատարօրինակն այն է, որ ամեն ինչ հրաշալի էր՝ ծաղիկներ ու երգեր, սեր և ուրախություն արմավենիների պուրակում։ Ես ոչ կարող էի այդ օրորվող, թեթևասահ սիրելի դեմքերը պահել ամուր, ոչ էլ կարող էի պարզորոշ տեսնել, թե ովքեր են դրանք, բայց գիտեի, որ այդ երազը տեսնում էի հաճույքով և վախենում էի արթնանալ։ Վերջապես արթնացա, բայց աչքերս փակ էի պահում, որպեսզի այդ փխրուն տեսլիքները երկար մնային իմ հոգում։
 
Ի վերջո բացեցի աչքերս, արևը դեռ կանգնած էր երկընքում, բայց արևելքի կողմում։ Ուրեմն, քնել էի ողջ գիշերը։ Նշանակում էր, չէի կարող վերադառնալ հյուրանոց։ Հանգիստ սրտով հրաժարվեցի այն ամենից, ինչ թողել էի այնտեղ և որոշեցի ոտքով գնալ անտառապատ լեռան ստորոտով անցնող նեղ ճանապարհով՝ հանձնված ճակատագրի կամքին։ Ետ չէի նայում և չէի մտածում դիմել Բենդելին, որը հարուստ էր այժմ, թեպետ կարող էի այդ անել։ Ես ինձ տեսա այլ նոր դերի մեջ, որը ինձ այսուհետև վիճակված էր խաղալ։ Հսգուստս չափազանց համեստ էր, ունեի մի հին սև բաճկոն, որը հագնում էի դեռևս Բեռլինում ու չիմացա, թե այս ճանապարհորդության ընթացքում ինչպես կրկին ձեռքս ընկավ։ Գլխիս ունեի ճամփորդական գլխարկ, ոտքերիս՝ մի զույգ հին կոշիկներ։ Ես վեր կացա տեղիցս, կտրեցի այդտեղից մի մահակ՝ իբրև հիշատակ, և անմիջապես ճամփա ընկա։
 
Անտառում հանդիպեցի մի ծեր գյուղացու։ Նա ինձ ողջունեց սիրալիր, և մենք սկսեցինք զրույց։ Իբրև հետաքրքրասեր ճանապարհորդ, ես տեղեկացա նախ ճանապարհի, ապա՝ այդ կողմերի և բնակիչների, լեռների հարստության և նման այլ բաների մասին։ Բայց նկատելով իմ պակասությունը, ընդհատեց իր խոսքը․
 
― Այդ ինչպե՞ս կարող է լինել, պարոնը ստվեր չունի։
 
― Դժբախտաբար, դժբախտաբար,― պատասխանեցի հառաչելով,― մի ծանր, երկար հիվանդության ժամանակ ես կորցրեցի մազերս, եղունգներս և ստվերս։ Տես, հայրիկ, իմ այս տարիքում նոր աճած մազերս բոլորովին սպիտակ են, եղունգներս՝ շատ կարճ, իսկ ստվերս դեռ չի աճել։
 
― Ա՛յ, ա՛յ,― գլուխը տարուբերեց ծերունին,― զզվելի բան է ստվեր չունենալը։ Հավանաբար որևէ նողկալի հիվանդություն է ունեցել պարոնը։
 
Բայց նա չշարունակեց իր պատմությունը և հենց հաջորդ հատվող ճանապարհով հեռացավ՝ առանց որևէ խոսք ասելու։ Դառն արցունքները կրկին գլորվեցին այտերովս, և ես կորցրեցի իմ առույգությունը։
 
Տխուր սրտով շարունակեցի ճանապարհս ու այլևս չէի ուզում հանդիպել մարդ արարածի։ Մտա անտառի խորքը և երբեմն մի փոքրիկ հատված անցնելու համար, ուր լուսավորում էր արևը, ժամերով սպասում էի, որ ոչ մի մարդկային աչք չնկատի ինձ։ Երեկոները օթևան էի փնտրում որևէ գյուղում։ Ճիշտն ասած, գնացի լեռնային մի հանքավայր, ուր մտածում էի գտնել որևէ ստորգետնյա աշխատանք, քանի որ իմ ներկա վիճակը պահանջում էր, որ ապրուստիս համար ինքս հոգ տանեի․ ես լավ գիտեի, որ միայն լարված աշխատանքով կարող էի փրկվել ճնշող մտքերից։
 
Մի քանի անձրևոտ օրեր նպաստեցին իմ ճանապարհին, բայց վնասվեցին կոշիկներիս ներբանները, որոնք նախատեսված էին կոմս Պետերի, և ոչ թե հետիոտն ծառայի համար։ Քայլում էի արդեն մերկ ոտքերով։ Պետք էր ճարել նոր կոշիկներ։ Հաջորդ օրը լրջորեն զբաղվեցի այդ գործով, եղա տոնավաճառում, կրպակներից մեկում ցուցադրված էին հին ու նոր կոշիկներ։ Ընտրեցի մի զույգ, և երկար սակարկեցի։ Բայց ստիպված էի հրաժարվել նոր կոշիկներ գնելու մտքից, որոնք կհանգեի մեծ սիրով․ ինձ սարսափեցրեց նրանց չափազանց թանկ գինը։ Պետք է բավարարվեի տակավին ամուր և լավ տեսք ունեցող հնամաշ կոշիկներով, որոնք կանխիկ վճարով ինձ հանձնեց կրպակի վաճառողը՝ գեղեցիկ, շիկագանգուր մի տղա՝ սիրալիր ժպտալով և բարի ճանապարհ մաղթելով։ Անմիջապես հագա կոշիկները և Հյուսիսային դարպասով հեռացա այդտեղից։
 
Ես խորասուզված էի մտքերիս մեջ ու չիմացա, թե ուր եմ քայլում, որովհետև մտածում էի հանքավայրի մասին, որտեղ հույս ունեի հասնել երեկոյան, բայց ճիշտը չգիտեի, թե ինչպես էի ներկայանալու։ Հազիվ երկու հարյուր քայլ էի անցել, երբ նկատեցի, որ ճանապարհից շեղվել եմ, նայեցի շուրջս, պարզվեց, որ մի հին, վայրի եղևնիների անտառում եմ, որին հավանաբար դեռ կացին չէր դիպել։ Գնացի ևս մի քանի քայլ՝ ընկա ամայի ժայռերի մեջ, որոնք ծածկված էին լոկ մամուռով ու քարկոտրուկներով, իսկ ժայռերի միջև ընկած էին ձյան ու սառցի դաշտեր։ Օդը շատ սառն էր, նայեցի շուրջս, անտառն անհետացել էր ետևում։ Եվս մի քանի քայլ կատարեցի, շուրջս տիրում էր մեռելային լռություն, ոտքերիս տակ սառույց էր․ ինչքան որ կտրում էր աչքս՝ տարածվել էր սառույցը, որի վրա ամենուրեք կախված էր ծանր մառախուղը։ Արնագույն արևը կանգնած էր հորիզոնի գծին։ Անտանելի ցուրտ էր։ Ես չէի հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ․ սոսկալի սառնամանիքը ստիպեց ինձ արագացնել քայլերս․ ես լսեցի միայն հեռավոր ջրերի աղմուկը․ ևս մեկ քայլ՝ և հայտնվեցի ինչ֊որ օվկիանոսի սառցակերտ ափին։ Փոկերի անհամար երամակները աղմուկով փախան ինձնից դեպի ջուրը։ Ափով անցնելիս նորից տեսա մերկ ժայռեր, դաշտեր, կեչու և եղևնու անտառներ, վազեցի ևս մի քանի րոպե։ Արդեն խեղդող շոգ էր, նայեցի շուրջս, կանգնել էի գեղեցիկ, մշակված բրնձի դաշտերի ու թթենիների միջև։ Նստեցի ծառերի ստվերում։Նայեցի ժամացույցիս, քառորդ ժամ էլ չկար, որ թողել էի այն տեղը, ուր տոնավաճառն էր, ինձ թվաց երազում եմ, կծեցի լեզուս, որ արթնանամ, բայց իսկապես արթուն էի։ Փակեցի աչքերս, որպեսզի ի մի բերեմ մտքերս։ Հանկարծ լսեցի, ինչ֊որ մեկը անհասկանալի ռնգային վանկեր է արտասանում։ Քչաերս բացեցի, երկու չինացի, որոնց ասիական դեմքերի կազմությունն անհնար էր չճանաչել, եթե նույնիսկ ես ուշադրություն էլ չդարձնեի նրանց հագուստներին, խոսում էին ինձ հետ իրենց լեզվով, ողջունելով իրենց տեղական սովորույթով։ Երկու քայլ ետ գնացի։ Տեսա, նրանք չկան այլևս, լանդշաֆտը ամբողջությամբ փոխվել էր, բրնձի դաշտերի տեղը ծառեր էին, անտառներ։ Նայեցի այդ ծառերին ու խոտերին, որ ծաղկել էին շուրջս․ նրանք ծանոթ էին ինձ, հարավ֊արևելյան Ասիայում աճող բույսեր էին։ Ցանկացա մոտենալ ծառերից մեկին․ մեկ քայլ՝ և դարձյալ ամեն ինչ փոխվեց։ Այժմ ես քայլում էի ինչպես մինորակոչիկ զինվոր, որը վարժանք է կատարում՝ դանդաղ, հավասար քայլերով։ Հրաշքի պես փոփոխվելով՝ դաշտերը, արտերը, հովիտները, լեռները, տափաստանները ավազոտ անապատները անցնում էին զարմացած հայացքիս առջևով։ Կասկած չկար, որ ոտքերիս յոթ մղոնանի կոշիկներ էին։
 
=***=
 
Ծնկի իջած, աղոթում էի անշշուկ, հոսում էին իմ գոհունակության արցունքները, քանի որ հանկարծակի աչքերիս առջև հստակորեն կանգնեց իմ ապագան։ Վաղեմի հանցանքիս համար հեռացել էի մարդկային հասարկությունից, բայց փոխարենը ես բնությանն էի, որը վաղուց պաշտում էի․ այսուհետ հողն ինձ համար շքեղ այգի էր, նրա ուսուցումը շտկելու և ուժ էր հաղորդելու կյանքիս, որի նպատակն է գիտությունը։
 
Դա ես չեմ ընդունել իբրև որոշում։ Պարզապես այդ պահից ես խոնարհաբար, համառորեն, անհատնելի եռանդով ջանում էի, ձգտում՝ հաղորդել ուրիշներին այն ամենը, ինչը տեսա իմ ներքին աչքերով՝ հստակ ու կատարյալ նախատիպի մեջ, և գոհ էի այն ժամանակ, երբ իմ հաղորդածը համընկնում էր նախատիպի հետ։
 
Ես վեր ցատկեցի տեղիցս և անվախ հայացքով չափեցի այն դաշտը, որի բարիքն այսուհետև ուզում էի հնձել։ Ես կանգնել էի Տիբեթի բարձունքների վրա, և արեգակը, որը մի քանի ժամ առաջ էր ծագել, այստեղ արդեն թեքվում էր դեպի մայրամուտ։ Ես անցա Ասիան՝ արևելքից արևմուտք, արևի վազքին համընթաց, և հասա Աֆրիկա։ Դիտեցի այդ երկիրը հետաքրքրությամբ, մի քանի անգամ չափելով այն բոլոր ուղղություններով։ Երբ եղա Եգիպտոսում, ապշած նայեցի հին բուրգերն ու տաճարները, տեսա անապատում հարյուր դարպասանի Թեբեից ոչ հեռու քարայրները, ուր ապրել են քրիստոնյա ճգնավորները։ Եվ հանկարծ պարզ ու հստակ հասկացա, որ դա է իմ տունը։ Ես ինձ բնակավայր ընտրեցի ամենածածուկ, միաժամանակ ընդարձակ, շնագայլերից ապահով մի քարանձավ ու շարունակեցի ճանապարհս։
 
Հերկուլեսյան սյուների մոտով անցա Եվրոպա, նրա հարավային ու հյուսիսային նահանգներն աչքի անցկացնելուց հետո, Հյուրսիսային բևեռային սառցադաշտերի վրայով հասա Գրենլանդիա և Ամերիկա, շրջագայեցի այս աշխարհամասի երկու մասերում, և ձմեռը, որ ադրեն իշխում էր հարավում, ստիպեց ինձ Հորն հրվանդանից վերադառնալ հյուսիս։
 
Սպասեցի, մինչև արևելյան Ասիայում օրը բացվի և քիչ հանգստանալուց հետո շարունակեցի շրջագայությունս։ Անցա երկու Ամերիկաները՝ լռենաշղթայով, որի վրա են գտնվում մեր մոլորակի ծանոթ ամենաբարձր կետերը։ Անցա դանդաղ և զգույշ՝ գագաթից֊գագաթ, բոցավառ հրաբխի, ձյունամած լեռնագագաթների վրայով, երբեմն շնչահեղձ լինելով, շուտով հասա սբ․ Եղիայի լեռները, այնտեղից Բերինգի նեղուցով ցատկեցի Ասիա։ Անցա Ասիայի անչափ կտրված արևելյան ծովեզրերով՝ առանձին ուշադրությամբ զննելով, թե այնտեղ ընկած կղզիներից որոնք կարող էին ինձ մատչելի լինել։
 
Մալակա թերակղզուց կոշիկներս ինձ տարան Սումատրա, Ճավա, Բալի և Լոմբոկ։ Ես, բազում անգամներ վտանգելով անձս, ջանում էի փոքրիկ կղզիների ու ժայռերի վրայով, որոնցով հարուստ էր ծովը, մի ճանապարհ հարթել ինձ համար դեպի հյուսիս արևմուտք, դեպի Բոնռեո և այդ Արշիպելգաի մյուս կղզիները։ Բայց՝ անօգուտ։ Պետք է հրաժարվեի այդ մտքից։ Վերջապես նստեցի Լոմբոկի անվերջեին ծայրամասի եզրին և դեմքս դարձնելով հարավ ու արևելք՝ սկսեցի արտասվել, քանզի ինձ զգում էի բանտում ամուր փկաված, որտեղ շուտով գտնելու էի իմ վերջը։ Հրաշալի նոր Հոլանդիան, որն անհրաժեշտ էր ճանաչելու համար հողը ու նրա արևահյուս ծածկույթը՝ բուսական ու կենդանական աշխարհը, և Հնդկական օվկիանոսը իր Կարելյան կղզիներով, ինձ համար անմատչելի էին, և նշանակում է ամենասկզբից դեռ այն բոլորն, ինչ ես հավաքում եմ ու ստեղծում, դատապարտված է մնալու որպես գիտության լոկ կցկտուր բեկորներ։
 
Օ, Ադելբերտ, ինչ ունայն են մարդու ճիգերը։