Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 43 682 բայտ, 15:06, 21 Նոյեմբերի 2015
/* ԳլուխXXXV */
― Չլինի՞ դուք կարծում եք, որ վախեցել եմ, ― ասաց Պանուրգը, ― ամենևին ոչ։ Այս բոլորը ծիծաղելի է ինձ համար։ Ի՞նչ անենք, որ շապիկս կեղտոտված է, բայց ես ամենևին չեմ վախեցել։ Պանուրգը ոչ մի բանից չի վախենում, բացի վտանգից։ Այդպես եմ ես։ Հիմա խմենք։
 
 
==Գլուխ XXXVI==
 
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը հասնում Հնչյուն կղզին
 
 
Երեք օր լողում էինք առանց արկածի։ Չորրորդ օրը հեռվում երևաց մի ցամաք։ Նավապետը մեզ ասաց, որ դա Հնչյուն կղզին է։ Կղզու կողմից շարունակ լսվում էր խառնաշփոթ մի աղմուկ։ Կարելի էր կարծել, որ այնտեղ միաժամանակ խփում են մեծ, միջակ ու փոքր զանգեր, ինչպես անում են Փարիզում, Նանտում և ուրիշ մեծ քաղաքներում մեծ տոներին։ Եվ քանի մոտենում էինք կղզուն, այնքան պարզ էինք լսում այդ զանգահարությունը։
 
― Կարծես այս կղզուց թռել հեռացել է մեղուների մի պարս, ― ասաց Պանտագրյուելը, ― ու նրանց ետ բերելու համար ծեծում են կաթսաներ և ուրիշ անոթներ։ Մի լավ ականջ դրեք։
 
Երբ մենք ավելի մոտեցանք կղզուն, զանգերի ձայնի հետ միաժամանակ լսեցինք և անընդմեջ երգեցողություն։ Ակներև էր, որ տեղացիներն էին երգում։ Կղզու մոտ Պանտագրյուելը նկատեց մի փոքրիկ ժայռ։ Ժայռի ստորոտում կար փոքրիկ պարտեզով շրջապատված մի խրճիթ։ Պանտագրյուելը որոշեց մտնել այդ խրճիթը։
 
Խրճիթում մենք տեսանք մի բարեհոգի ճգնավորի՝ Բրագիբյուս անունով, որը մեզ շատ տարօրինակ կերպով հյուրասիրեց․ նա մեզ ստիպեց ամբողջ չորս օր պաս պահել։ Ճգնավորը հայտնեց, որ այլ կերպ չեն թողնի մեզ կղզին մտնել, որովհետև այժմ այնտեղ տարվա չորս եղանակների պասն է։
 
― Չեմ հասկանում, դա ի՞նչ հանելուկ է, ― ասաց Պանուրգը։
 
― Հավանորեն դա չորս քամիների պասն է։ Չէ՞ որ պաս պահողները քամիով են կերակրվում։ Մի՞թե դուք ուրիշ բան ու գործ չունեք, բացի պաս պահելուց։ Ճիշտն ասած, դա շատ ձանձրալի գործ է։ Առանց պասի էլ մենք մեզ շատ լավ կզգայինք։
 
― Ո՛չ, ― ասաց ճգնավորը, ― այժմ անկարելի է պաս չպահել։ Այդպես է մեր կարգը։ Իսկ ով համաձայն չի մեր կարգին, նա հերետիկոս է, որին պետք է այրել խարույկի վրա։
 
― Է՜հ, հայրիկ, ― ասաց Պանուրգը, ― ծովի վրա ես ավելի շատ եմ վախենում ջրասույզ լինելուց, քան թե ցամաքում կրակի մեջ այրվելուց։ Ինչ արած պաս էլ կպահենք։ Պաս պահելն այնքան էլ դժվար բան չի։ Անհամեմատ ավելի դժվար է այնպես անել, որ մարդու փորը քաղցից չգալարվի։
 
Այդպես ուրեմն, սկսեցինք պաս պահել։ Ճիշտն ասած՝ պաս պահելն այնքան էլ հեշտ բան չէր։ Առաջին օրը մենք պաս պահեցինք առանց հանգստանալու և առանց ժամկետի, երկրորդ օրը՝ անիմաստ ու անմիտ կերպով, երրորդ օրը՝ լեզուներս քարշ գցած, չորրորդ օրը պասը մեզ համար ոչ թե կյանքի, այլ մահու խնդիր էր։ Այդպես էր այստեղի սովորությունը։
 
Երբ մեր պասը վերջացավ, ճգնավորը մեզ նամակ տվեց, ինչ֊որ մի Ալբիան Կամաշի անունով, որը Հնչյուն կղզու եկեղեցու պահապանն էր։ Դա մի շատ լավ ծերուկ էր, բոլորովին ճաղատ, մուգ կարմիր այտերով և մոխրագույն քթով։ Երբ նա կարդաց նամակում, որ մենք պաս ենք պահել այնքան, որքան պահանջվում է, մեզ շատ լավ ընդունեց, հիանալի հյուրասիրեց և ցույց տվեց մեզ կղզու տեսարժան վայրերը։
 
Բանից պարզվեց, որ Հնչյուն կղզում բացառապես թռչուններ էին ապրում։ Թռչունները մեծ էին, գեղեցիկ, չափազանց քաղաքավարի և շատ նման էին իմ հայրենակիցներին։ Նրանք ուտում, խմում և քնում էին ճիշտ այնպես, ինչպես մարդիկ։ Առաջին անգամ տեսնելիս կարելի էր կարծել, որ դրանք իսկապես մարդիկ են, բայց այդպես չէր։ Ծերունին մեզ ասաց, որ դրանք ոչ քահանա են, ոչ աշխարհական։ Նրանց փետուրները նույնպես տարօրինակ էին թվում մեզ՝ մի քանիսի փետուրներն սպիտակ էին, մյուսներինը՝ սև, ուրիշներինը՝ մոխրագույն կամ կարմիր։ Կային թռչուններ, որոնց կեսը սև էր, կեսը՝ սպիտակ, կամ կեսը՝ սպիտակ, կեսը՝ բաց կապույտ։ Նրանց արուերին անվանում էին կլերգ, մոնագ, պրետրագ, արբեգ, էվեգ, կարդենգ և վերջապես պապագ։ Էգերին անվանում էին կլերգես, մոնագես, պրետրագես, արբեգես, էվեգես, կարդենգես, պապագես։
 
Մեզ շատ էր զարմացնում այն, որ ամբողջ կղզում միայն մի պապագ էր ապրում։ Եկեղեցու պահապանն ասաց, որ այդպես է այստեղի սովորությունը։ Պարզվեց, որ այստեղի թռչունները կարող են փոխակերպվել մի տեսակից մի այլ տեսակի, օրինակ՝ կլերգները կարող են դառնալ պրետրագներ և մոնագներ։ Պրետրագները կարող են դառնալ էվեգներ՝ կարդենգներ։ Կարդենգներից ընտրում են պապագ։ Եվ ինչպես որ մեղուների փեթակում լինում է միայն մի մայր, իսկ աշխարհս լուսավորում է միայն մի արեգակ, այնպես էլ Հնչյուն կղզում կար միայն մի պապագ։<ref>Ռաբլեն խոսոում է այն եկեղեցական պառակտման մասին, որ եղավ 1380 թվականին, երբ միմյանց դեմ պայքարող երկու եկեղեցական կուսակցությունները միաժամանակ երկու պապ ընտրեցին՝ Ուրբանոս IV, որը գտնվում էր Հռոմում, և Կլիմենտ VII, որն ապրում էր Ֆրանսիայում՝ Ավինյոնում։</ref>
 
Ճիշտ է, 2660 ամիս սրանից առաջ կղզում հանկարծ հայտնվել են երկու պապագ։ Բայց դա եղել է մի կատարյալ աղետ։ Թռչունների մի մասը հարել է մի պապագին, մյուս մասը՝ մյուս պապագին։ Թռչուններից մի քանիսը հանկարծ պապանձվում են և այլևս չեն երգում։ Մյուսները թույլ չեն տալիս զանգերը խփել։ Պապագների կողմնակիցները հարձակվում էին միմյանց վրա, կռվում էին իրար հետ և մշտապես գժտություն էր տիրում նրանց միջև։ Երկյուղ կար, որ կղզին կարող է մնալ առանց բնակիչների։ Այս խառնակ ժամանակ օգնության են կանչում օտարերկրյա կասյրների, թագավորների, դուքսերի, կոմսերի, բարոնների։ Խաղարարները եկան և կատարեցին իրենց գործը, բայց խառնակչությունը վերջացավ միայն այն ժամանակ, երբ պապագներից մեկը մեռավ, և ամբողջ կղզում մնաց մի պապագ։
 
Մենք հարցրինք պահապանին, թե ի՞նչն է պատճառը, որ այդ թռչունները ամբողջ ժամանակ երգում են։ Պահապանն ասաց, որ երգել նրանց հրամայում են զանգերը, որոնք կախված են նրանց վանդակների վերևում։
 
― Եթե ցանկանում եք, ― ասաց նա, ― ես կստիպեմ երգել այն մոնագներին, որոնց գլխներին վեղար կա։
 
― Շատ ցանկալի է, ― ասացինք մենք։
 
Պահապանը վեց անգամ զանգը խփեց։ Զանգի ձայնը որ լսեցին, վազելով եկան մոնագները և ձայները գլուխները գցեցին։
 
― Իսկ եթե ես զանգերը խփեմ, ― ասաց Պանուրգը, ― կերգե՞ն այ նրանք, որոնց փետուրները ապխտած ձկան գույն ունեն։
 
― Իհարկե, ― պատասխանեց պահապանը։
 
Պանուրգը զանգերը խփեց, և այդ սպիտակ թռչուններն իսկապես երգեցին, բայց նրանց ձայնը խռպոտ էր և անդուրեկան։ Պահապանը մեզ ասաց, որ այդ թռչունները կեղծ բարեպաշտներ են և բացի ձկներից ուրիշ բան չեն ուտում։
 
― Դուք մեզ բացատրեցիք, ― ասաց Պանտագրյուելը պահապանին, ― որ այդ թռչունները, կլերգներից սկսած, կարող են փոխակերպվել և մեկից մյուսը դառնալ։ Բայց կլերգները որտեղի՞ց են առաջ եկել։
 
― Դրանք թռչում գալիս են մեզ մոտ ծովի մյուս կողմից, ― ասաց պահապանը։ ― Նրանց մեծ մասը թռչում գալիս է մեզ մոտ մի մեծ ու զարմանալի երկրից, որը կոչվում է «Հաց չկա», մյուս մասը՝ ուրիշ երկրից, որ գտնվում է մեզնից դեպի հարավ և կոչվում է «Չափազանց շատ են նրանք»։ Կլերգները թողնում են այնտեղ իրենց հայրերին, մայրերին ու բարեկամներին և մեծ երամներով թռչում են մեզ մոտ։ Ասենք թե մի տան մեջ շատ երեխաներ կան։ Եթե նրանցից յուրաքանչյուրին ընտանիքի ունեցվածքից մաս հանեն, այն ժամանակ ամբողջ տունը կավերվի։ Այդ պատճառով ավելորդ երեխաներին ծնողներն ուղարկում են մեր կղզին։ Հենց դրանք են կլերգները։
 
― Ինքնըստինքյան հասկանալի է, ― շարունակեց պահապանը, ― որ այդ մարդկանց մեծ մասը կաղեր են, կույրեր, սապատավորներ, ընդհանրապես ողորմելի արարածներ, որոնք զուր տեղը ծանրաբեռնում են երկիրը։ Սովորաբար մայրերը սափրում են այդպիսի երեխաների գագաթի բոլոր մազերը և սափրելիս մրթմրթում ինչ֊որ անհասկանալի աղոթքներ։ Դրանից հետո երեխաները կլերգ են դառնում ու թռչում գալիս են մեզ մոտ։ Չգիտեմ ինչպես բացատրեմ այն, որ դրանից հետո կլերգները մոռանում են տանը երգած իրենց սիրուն երգերը և երգում են միայն տաղտկալի և տխուր աղոթքներ։ Եվ այնուհետև երիտասարդ թե ծեր՝ նրանք միշտ անիծում են իրենց ազգականներին նրա համար, որ իրենց թռչուն են դարձրել։
 
― Բայց ի՞նչն է խանգարում նրանց նորից թռչել և տուն վերադառնալ, ― հարցրի ես։
 
― Ոմանք այդպես էլ անում են, ― ասաց պահապանը, ― բայց դրանց թիվը շատ քիչ է։ Թռչելուց առաջ նրանք իրենց փետուրները հանում գցում են եղինջի մեջ։<ref>Ֆրանսերեն դարձվածքը՝ «ձգել վեղարը եղինջի մեջ», նշանակում է «վերարկուն հանել», կարգալույծ լինել, հրաժարվել հոգևոր կոչումից։</ref>
 
Եվ իրոք, եղինջների մեջ նկատեցինք փետուրների մի փոքրիկ կույտ։
 
Դրանից հետո պահապանը մեզ տարավ մի մեծ ու զով ճաշարան։
 
― Գիտեմ, ― ասաց նա, ― որ Բրագիբյուս ճգնավորը ձեզ չորս օր պաս է պահել տվել։ Այստեղ, ընդհակառակը, չորս օր դուք անընդհատ կուտեք, կխմեք որքան սիրտներդ ուզի։
 
Հնարավոր չէ ասել, թե որքան կերանք ու խմեցինք այդ չորս օրվա ընթացքում։
 
 
==Գլուխ XXXVII==
 
Այն մասին, թե ինչպես եկեղեցու պահապանը ցույց տվեց մեզ հռչակավոր պապագին
 
 
Երբ մի քիչ կերանք, խմեցինք, Ժան վարդապետը այսպիսի հարց տվեց պահապանին․
 
― Այս կղզում կան թռչուններ, որոնք ոչ վարում են, ոչ ցանում և նրանց ամբողջ բան ու գործն այն է միայն, որ տեղից տեղ թռչեն և կոկորդներում որքան ուժ կա երգե՞ն։ Ո՞րտեղից եք ստանում այդքան բարիքները այսքանին կերակրելու համար։
 
― Աշխարհիս բոլոր երկրներից, ― պատասխանեց պահապանը, ― միայն հյուսիսային մի քանի երկրներ խռովարարներ դուրս եկան, և նրանցից մենք այլևս ոչինչ չենք ստանում։<ref>Կաթոլիկ եկեղեցին տուրք էր գանձում կաթոլիկություն դավանող բոլոր երկրներում։ Այն հյուսիսային երկրները, որոնք հրաժարվում էին այդ տուրքը վճարել և ընդունել էին բողոքականություն, Սկանդինավիան, Գերմանիայի հյուսիսային մարզերը, Հոլանդիան և Անգլիան էին։</ref>
 
― Նրանք կզղջան, կտեսնեք, որ կզղջան, ― ասաց Ժան վարդապետը, ― լցրեք ձեր գավաթները, սիրելի բարեկամներ։
 
― Իսկ դուք ո՞րտեղացի եք, ― հարցրեց պահապանը։
 
― Ֆրանսիացի, ― ասաց Պանուրգը, ― Տուրենից։<ref>Ինքը Ռաբլեն Տուրեն քաղաքից էր և Տուրենի եկամուտների մասին ասածների մեջ շատ դառը ճշմարտություն կա։</ref>
 
― Տուրենից մենք շատ բարիքներ ենք ստանում, ― ասաց պահապանը։ Ասում են, որ շուտով Տուրենի դուքսը ոչինչ չի ունենա ուտելու, որովհետև նրա բոլոր փասիանները, կաքավները, հնդկահավերը և ուրիշ թռչուններ ծառայում են որպես կեր մեր սրբազան թռչունների համար։ Մի լավ նայեք այդ թառին, տեսեք, թե ինչ թռչուններ կան նստած։ Նրանք բոլորն ուտում են Տուրենից ստացված բարիքները։ Բայց և ինչպե՜ս են երգում, ոչ մի սոխակ նրանց չի հասնի։ Դեհ, լցրեք, խմենք։
 
― Գրողը տանի ձեզ, ― բացականչեց Պանուրգը, ― քեֆը ձերն է, այժմ աշխարհում ձեզ պես ապրող չկա։
 
― Մյուս աշխարհում ավելի լավ կապրենք, ― ասաց պահապանը, ― խմում եմ ձեր կենացը։
 
Խնջույքի երրորդ օրը Պանտագրյուելը հայտնեց, որ անպատճառ ուզում է տեսնել պապագին։
 
― Դա այնքան էլ հեշտ բան չէ, ― ասաց պահապանը, ― պապագը չի սիրում մարդկանց աչքին երևալ։ Սակայն ես մի կերպ այնպես կանեմ, որ դուք նրան տեսնեք։
 
Այս ասելուց հետո նա դուրս եկավ և թողեց մեզ, որ ճաշը վերջացնենք։
 
Քառորդ ժամ հետո պահապանը վերադարձավ և պատվիրեց մեզ, որ հետևենք իրեն։ Գաղտագողի, առանց ձայն ու ծպտուն հանելու, նա մեզ տարավ մի շքեղ վանդակի մոտ, որի մեջ նստած էր պապագը։ Նրա հետ միասին նստած էին վանդակում երկու փոքրիկ կարդենգ և վեց մեծ ու գեր էվեգ։
 
― Ինչ հիմար կենդանի է, ― ասաց Պանտագրյուելը պապագին նայելիս։ ― Իսկական ապուշ է։
 
― Ի սեր աստծո, կամաց խոսեցեք, ― ասաց պահապանը, ― պապագն ականջներ ունի։
 
― Բայց ճիշտ եմ ասում, իսկական ապուշի նման է։
 
― Իմացեք, վայն եկել է ձեզ տարել, եթե նա հանկարծ լսի ձեր պղծախոսությունը, ― ասաց պահապանը։ ― Տեսնո՞ւմ եք, ինչպիսի ահագին ջրամբար է շինված նրա վանդակում։ Այդ ջրամբարից դուրս կթռչեն որոտ ու կայծակ և ձեզ հարյուր կանգուն գետնի տակով կանեն։ Զգույշ եղեք։
 
― Եթե այդպես է, այն ժամանակ ավելի լավ է գնանք քեֆ անելու, ― ասաց Ժան վարդապետը։
 
Ճաշարան վերադառնալիս տեսանք կանաչ գլխով մի ծեր էվեգ։ Էվեգը ծառի ստվերում պառկած էր։ Նրա կողքին նստած էր մի ջահել արբեգես և անընդհատ երգում էր։
 
― Այ քեզ բա՜ն, ― ասաց Պանուրգը, ― արբեգեսի հոգին դուրս է գալիս երգելով, իսկ այս հիմար ծերունին խռմփացնելով քնած է և ամենևին հոգը չէ։ Սպասեցեք, ես նրան կստիպեմ, որ երգի։
 
Այդ ասելով Պանուրգը խփեց վանդակի վերևում կախված զանգին։ Էվեգը շարունակում էր խռմփացնել։
 
― Տեսնում ես այս քավթառին, տեղից էլ չի շարժվում, ― բարկացած ասաց Պանուրգը, ― ես քեզ կստիպեմ երգել։
 
Պանուրգը մի քար վերցրեց և գնաց դեպի վանդակը։
 
― Սպասիր, ― գոչեց պահապանը, ― կանգնիր քեզ ասում են։ Եթե ցանկություն ունես մեկին սպանելու, այն ժամանակ սպանիր ում կուզես՝ թագավորին, կայսրին, նույնիսկ երկնային հրեշտակին, պապագն այդ բոլորը քեզ կների։ Բայց վայ քեզ, եթե դու ձեռք տաս այս սրբազան թռչուններից մեկն ու մեկին։ Ոչ միայն դու կկորչես, այլև քո բոլոր ազգականները և ծանոթները կդժբախտանան։ Լավ նայիր այդ ջրամբարին։
 
― Այն ժամանակ մեզ մի բան է մնում անելու, քեֆ անել, ― ասաց Պանուրգը։
 
Երրորդ օրը ճաշից հետո պահապանը մեզ հրաժեշտ տվեց։ Մենք նրան որպես հիշատակ մի գեղեցիկ դանակ նվիրեցինք։ Ծերունին շատ զգացվեց և ինքն էլ իր կողմից մեծ քանակությամբ թարմ պաշարեղեն ուղարկեց մեր նավը։ Բացի այդ, նա մեզանից խոսք առավ, որ վերադարձին դարձյալ այցելենք իրեն։
 
 
==Գլուխ XXXVIII==
 
Այն մասին, թե ինչպես այցելեցինք Երկաթե գործիքների և Խարդավանքի կղզիները
 
 
Լավ կուշտ կերած, ուրախ և գոհ սրտով շարունակեցինք մեր ճանապարհը։ Երկու օր հետո մեր նավը կանգ առավ Երկաթե գործիքների կղզու մոտ։ Դա մի ամայի և անմարդաբնակ կղզի էր՝ ամբողջապես ծածկված մեծ֊մեծ ծառերով։ Ծառերի վրա աճում էին բահեր, թիեր, մանգաղներ, գերանդիներ, սղոցներ, կացիններ, մկրատներ, ունելիներ և աքցաններ։ Մի քանի ծառերի վրա էլ աճում էին սրեր, թրեր, դանակներ և սուսերներ։
 
Հենց որ մի փոքր շարժում էինք ծառերը, այդ բոլոր Երկաթե գործիքները թթի պես գետնին էին թափվում։ Բացի այդ, վայր ընկնելիս նրանք ընկնում էին այնպիսի խոտերի վրա, որոնք կոչվում են «պատյան», և մինչև կոթը մտնում էին նրանց մեջ։
 
Իհարկե, պետք էր զգուշությամբ թափահարել ծառերը, այլապես այդ գործիքները կարող էին ընկել մարդու գլխի կամ կրծքի վրա և ծանր վիրավորել։
 
Մի քանի ծառերի տակ ես տարօրինակ խոտեր տեսա, որոնք նման էին տեգի, նիզակի, նետի, գեղարդի։ Այդ խոտերը բարձրանում հասնում էին այն ծառերի բարձրությանը, որոնց վրա բուսնում էին երկաթե խայթերը։ Խայթերն անմիջապես կպչում էին խոտերին, և այդ եղանակով ստացվում էին իսկական տեգեր և գեղարդներ։
 
Պարզ է, որ լինում էին հաճախ և սխալներ։ Օրինակ՝ տեգը պատահում էր ոչ թե երկաթե խայթի վրա էր ընկնում, այլ սովորական ավելի, և պինդ կպչում էր նրան։ Ուզեին չուզեին, դրանով պետք է բակն ավլեին։ Մի նիզակ էլ հանդիպում էր պարտեզի մկրատի։ Այդ էլ զուր չէր անցնում։ Այդ նիզակով կտրում էին ծառերի ավելորդ ճյուղերը։ Գեղարդի կոթը պատահում էր երկաթե գերանդուն։ Դա էլ էր պետք գալիս՝ այդ գերանդով խոտ էին հնձում։
 
Այդ բոլոր հրաշքները մեզ շատ էին զարմացնում։ Բայց հետո երևաց, որ Խարդավանքի կղզին, որին մենք հասանք հետևյալ օրը, ավելի ևս հրաշալի էր։ Այնտեղ մենք տեսանք երկու քառանկյունի ժայռ, որոնք զարմանալի նման էին խաղոսկրերի։ Հեռվից նրանք այնպես էին փայլում, որ ես կարծում էի, թե դրանք սառցե ժայռեր են։ Բայց նավապետը մեզ ասաց, որ դրանք խաղոսկրներ են, և նրանց չորս կողմն ապրում են թղթախաղի սարսափելի սատանաներ։ Սատանաներից մեկին անվանում են Տուզ, մյուսին՝ Թագավոր, երրորդին՝ Վալետ, չորրորդին՝ Տասնոց, հինգերորդին՝ Իննանոց, և այլն։ Երբ թուղթ խաղացողները խաղի ժամանակ գոչում էին «Տուզ, Վալե՜տ, Ութանո՜ց» և շրխկացնում էին խաղաթղթերը, այն ժամանակ սատանաները գլխապատառ թռչում գալիս էին նրանց մոտ։ Իհարկե, սատանաները մշտապես թուղթ խաղացողների մոտ չէին գալիս։ Կարող էր այնպես պատահել, որ նրանց արդեն կանչած լինեին ուրիշ տեղ։
 
Խարդավանքի կղզու մոտ շատ շատերն են կորել ու անհետացել։ Այդ պատճառով մենք այդտեղ չմնացինք, և հենց որ համընթաց հողմն սկսեց, շարունակեցինք մեր ճանապարհը։
 
 
==Գլուխ XXXIX==
 
Այն մասին, թե ինչպես ընկանք Զնդան կղզին, որտեղ ապրում էր Մռռան Կատու՝ աղվամազով ծածկված կատուների մեծավորը<ref>39֊րդ գլուխը մի երգիծանք է ուղղված ֆրանսիական դատավարության դեմ։ «Աղվամազով ծածկված կատուներ է անվանում Ռաբլեն պառլամենտների անդամներին։ Պառլամենտներ էին կոչվում (մինչև 1789 թվի ֆրանսիական Մեծ հեղափոխությունը) այն գերագույն դատարանները, որոնց քննությանը ենթակա էին կրոնի և կառավարության դեմ գործած հանցանքները։</ref>
 
Շուտով մոտեցանք Զնդան կղզուն։ Պանտագրյուելը չէր ուզում մտնել այդ կղզին, և լավ կաներ, որ չմտներ։ Այդտեղ մենք շատ անախորժությունների հանդիպեցինք։
 
Բանն սկսվեց նրանից, որ մենք այնտեղ ծեծեցինք մի գարշելի բանսարկուի։ Աղվամազով ծածկված կատուները մեզ շրջապատեցին և առանց մի խոսք ասելու հետները տարան։
 
Աղվամազով ծածկված կատուներն անտանելի ու նողկալի կենդանիներ են։ Նրանց բուրդն աճում է ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս։ Նրանց ճանկերը երկար են ու սուր։ Հեշտ է նրանց ճանկն ընկնել, բայց ազատվելը շատ դժվար է։
 
Ճանապարհին հանդիպեցինք մի մուրացիկի, որին ողորմություն տվինք։
 
― Աստված տա, որ դուք այստեղից ողջ֊առողջ ազատվեք, իմ բարերարներ, ― կամացուկ ու ծածուկ ասաց մուրացիկը։ ― Այդ կատուները բռնում են ու լափում ամեն բան, ինչ որ ճանկներն է ընկնում։ Նրանք կախում են, այրում ու սպանում բոլորովին անմեղ մարդկանց, կողոպտում են նրանց ունեցած֊չունեցածը և քանդում, խորտակում են անխտիր ամեն բան՝ թե լավը, թե վատը։ Եվ այդ բոլորը նրանք անում են որպես թե մարդկային ցեղի բարօրության համար։ Ա՜խ, ինչ լավ կլիներ, գտնվեր մեկը, որ նրանց դիմակազերծ աներ։ Այն ժամանակ ոչ մի բան չէր կարող նրանց փրկել սարսափելի պատժից։ Իմ հանգուցյալ հայրը հրամայել է ինձ այնքան կանգնել այստեղ, մինչև որ կայծակն այրի, մոխիր դարձնի այդ սրբապիղծներին։ Պետք է իմանաք, որ մարդիկ այնքան են սովորել նրանց, որ չեն նկատում այլևս նրանց հանցագործությունները։ Իսկ եթե նկատողներ էլ կան, նրանք չեն համարձակվում ձայն֊ծպտուն հանել։
 
― Աստված վկա, դա ինձ ամենևին դուր չի գալիս, ― ասաց Պանուրգը, ― որքան կարելի է շուտ փախչենք այստեղից։
 
Բայց արդեն ուշ էր։ Մենք արդեն գտնվում էինք բանտում, և դռնակը փակվեց մեր ետևից։ Մեզ տարան մի այլանդակ հրեշի մոտ։ Նրա ձեռքերն արյունոտ էին, աչքերը չարագուշակ փայլ ունեին, բերանից դուրս էին ցցված վարազի ժանիքներ, բայց ամենից սարսափելին նրա ճանկերն էին՝ երկար, սուր և արյունոտ։
 
Դա նշանավոր Մռռան Կատուն էր, աղվամազով ծածկված կատուների գլխավորը, Զնդան կղզու տերն ու տնօրենը։
 
Ինչ֊որ մարդիկ, որոնց վրա կախված էին պարկեր ու պայուսակներ, հրամայեցին մեզ նստել մեղադրյալների նստարանին։
 
― Հարգելի բարեկամներ, ― ասաց Պանուրգը, ― ես կանգնած էլ լավ եմ զգում ինձ, այդ նստարանը շատ ցածր է ինձ համար։
 
― Նստիր և խելքիդ զոռ մի տուր, ― ասացին նրան։ ― Հիմա գետինը ձեր ոտքերի տակ կպատռվի և բոլորիդ ողջ֊ողջ կուլ կտա, եթե չպատասխանեք ինչպես հարկն է։
 
Նստեցինք։
 
― Այդպես, այդպես, այդպես, հենց այդպես, ― ասաց Մռռան Կատուն խռպոտ ձայնով։
 
― Եթե խմեինք, կոկորդներս մի քիչ թացացնեինք, այ դա կլիներ իսկապես այդպես, ― մրթմրթաց Պանուրգը ատամների արանքից։
 
― Լսեցեք, ― ասաց Մռռան Կատուն՝
 
<poem>
Սպիտակ տանը, ինչպես փայտոջիլ
Ծնվեց մի խափշիկ
Եվ տան պատը նա կերավ։
Սողաց, ցատկեց ու թռավ։
Նա թռավ դեպի երկինք,
Ու սողաց անտառներով։
Ողջ ժողովուրդն էր զարմացել,
Թե որքան արագաշարժ է հրեշը մեր։
</poem>
 
― Հենց այդպես, ― շարունակեց Մռռան Կատուն, ― լուծիր այս հանելուկը, ասա, թե ինչ է նշանակում, հենց այդպես։
 
― Ամենևին ոչ, ― պատասխանեցի ես, ― եթե ես որևէ մեղք ունենայի, այն ժամանակ կլուծեի ձեր հանելուկը, բայց ես ոչ մի մեղք չունեմ, ամենևին ոչ։
 
― Այդպես, այդպես, ― ասաց Մռռան Կատուն, ― կնշանակի դու ապուշ ես, կարծում ես, որ եթե մեղք չունես, մենք քեզ պետք է ազա՞տ արձակենք, հենց այդպե՞ս։ Սխալվում ես, սիրելիս, մեր օրենքները սարդի ոստայնի պես մի բան են, հենց այդպես։ Հասարակ ճանճերն ու փոքրիկ թիթեռնիկները հեշտությամբ են ընկնում այդ ոստայնի մեջ, հենց այդպես։ Մեծ, վնասակար բառերը պատռում են ոստայնը ու թռչում֊գնում են, հապա, այդպես։ Այդ պատճառով մենք խոշոր ավազակներ չենք որսում, իսկ ձեզպեսները մեր ձեռքից չեն պրծնի, հենց այդպես։
 
― Էյ, պարոն սատանա, ― ասաց Ժան վարդապետը, ― այս մարդը ոչինչ չգիտի, ինչպե՞ս կարող է քեզ պատասխանել։
 
― Ո՞վ է այս կատաղած խենթի շղթան բաց արել, ― գոչեց Մռռան Կատուն։ ― Այ քեզ չտեսնված բան, խոսում է, երբ նրան ոչինչ չեն հարցնում։
 
― Սուտ ես ասում, շան ձագ, ― ինքն իրեն մրթմրթաց Ժան վարդապետը։
 
― Հենց այդպես, ― ասաց Մռռան Կատուն, ― այստեղ մենք մեր օրենքն ունենք, հենց այդպես։ Այստեղ պատասխանում են այն, ինչ որ իրենք էլ չգիտեն, հենց այդպես։ Այստեղ խոստովանում են այն, ինչ որ երբեք չեն գործել, այդպես։ Այստեղ դատողություններ են անում բաների մասին, որ երբեք չեն սովորել, հենց այդպես։ Հենց այդպես, հենց այդպես, այստեղ սագին ողջ֊ողջ փետրահան են անում, իսկ սագը ծպտուն հանել չի համարձակվում, հենց այդպես։ Իսկ դու, սրիկա, եթե դողէրոցք ունես, կուզես թեկուզ պսակվիր դողիդ հետ, բայց լեզուդ քեզ քաշիր, հենդ այդպես։
 
― Այ դու դև, դևապետ, դևերի իշխան, ― գոչեց Ժան վարդապետը, ― ուրեմն դու ուզում ես ամուսնացնել վարդապետի՞ն, ինչպես տեսնում եմ, դու հերետիկոս ես։
 
Մռռան Կատուն այնպես ձևացրեց, թե չի լսել այդ խոսքերը։
 
― Հենց այդպես, հենց այդպես, ― ասաց նա, դառնալով դեպի Պանուրգը, ― իսկ դու պիտի շարունակե՞ս համառել և ոչի՞նչ չես ասի մեզ դրա մասին։
 
― Բանն էլ հենց այն է, ― ասաց Պանուրգը, ― այստեղ կարծես բոլորս էլ բռնված ենք ժանտախտով։ Ես բոլորի փոխարեն կվճարեմ, միայն խնդրում եմ ազատ արձակեք մեզ այստեղից։ Ես այլևս համբերել չեմ կարողանում այս զահրումար տեղում։
 
― Արձակե՜լ, ― գոչեց Մռռան Կատուն, ― երեք հարյուր տարի է այդպիսի դեպք չի եղել, հենց այդպես, որ մեկն ու մեկն այստեղից դուրս պրծնի առանց իր բուրդն այստեղ թողնելու, հաճախ և իր ամբողջ կաշին այստեղ թողնելու, հենց այդպես։ Դու, դժբախտ արարած, հենց այդպես, և ավելի դժբախտ կլինես, եթե չլուծես իմ հանելուկը, հենց այդպես, հենց այդպես։
 
― Իսկ այս սև ճիճուն, գրողը նրան տանի, ― ասաց Պանուրգը, ― որ դուրս է եկել սպիտակ բակլայից, գրողի տարած թիթեռնիկ է դարձել և բոլոր մարդկանց զարմանք պատճառել, գրողը նրան տանի։
 
Այս խոսքերն ասելիս Պանուրգը սենյակի մեջտեղը մի կաշվե հաստ քսակ շպրտեց՝ մեջը լիքը ոսկե նոր դրամներ։ Փողի հոտը որ առան, աղվամազով ծածկված կատուներն իրենց սուր֊սուր ճանկերը կարծես մի֊մի ջութակ դարձրին ու սկսեցին նվագել։
 
― Այդ ի՜նչ հրաշալի կերակուր է, ― մլավեցին կատուները, ― ինչքա՜ն հրաշալի էր այսօրվա դատաստանը, ինչքան համեղ ու լավ համեմված։ Իսկույն երևում է, որ սրանք լավ տղերք են։
 
― Այդ փող է, ― ասաց Պանուրգը, ― այդ ոսկե դրամներ են, մի՞թե չեք տեսնում։
 
― Հենց այդպես, ― ասաց Մռռան Կատուն, ― դատաստանն այդ ընդունում է, հենց այդպես։ Դուք ազատ եք, տղերք, հենց այդպես։ Չէ՞ որ մենք էլ սևահոգի չենք, ինչպես թվում է ձեզ։ Հենց այդպես։
 
Մեզ դուրս բերին Զնդանից և ճանապարհ դրին մինչև նավահանգիստ։ Ճանապարհին մեզ զգուշացրին, որ մենք պետք է պարգև տանք նաև Մռռան Կատվի կնոջը և աղվամազով ծածկված մյուս կատուներին, հակառակ դեպքում մեզ նորից Զնդանը կտանեն։
 
― Լավ, ― ասաց Ժան վարդապետը, ― մենք մի կողմ կքաշվենք, որ մեր գանձը հաշվենք։
 
― Չմոռանաք և մեզ, մեղավորներիս, ― ասացին մեր ուղեկիցները։
 
― Միամիտ եղեք, ― ասաց Ժան վարդապետը, ― ձեր մասին էլ անպատճառ կհոգանք։
 
 
==Գլուխ XL==
 
Այն մասին, թե ինչպես Ժան վարդապետն ուզում էր կոտորել աղվամազով ծածկված կատուներին
 
 
Այն ժամանակ նավահանգստին մոտեցան վաթսունութ գալերներ ու ֆրեգատներ։ Նավերն ամբողջապես բեռնավորված էին ամեն տեսակ որսի կենդանիներով՝ նապաստակներով, աղավնիներով, վարազներով, այծյամներով, հորթերով, հավերով, բադերով, սագերով և ուրիշ կենդանիներով։ Նույն նավերում կային նաև թավշի և ատլասի ահագին կտորներ։
 
― Այդ ի՞նչ բան է, ― հարցրեց Ժան վարդապետը ճանապարհորդներին, ― ո՞ւմ համար եք բերել այդ հարստությունը։
 
― Կաշառք է, ― պատասխանեցին ճանապարհորդները։ ― Այդ բոլորը մենք բերել ենք Մռռան Կատվի, աղվամազով ծածկված էգ ու որձ կատուների համար։
 
― Դրանք ուրեմն կաշառքներո՞վ են ապրում, ― գոչեց Ժանը։ ― Ախ, սրիկաներ, որքա՞ն մարդկանց տուն են քանդել դրանք իրենց ապօրինի տուրքերով։
 
― Ես երկու առաջարկ ունեմ, ― ասաց Ժանը փոքր֊ինչ լռելուց հետո։ ― Առաջինը՝ խլենք այդ ամբողջ մսեղեն ապրանքը։ Պետք է խոստովանեմ, որ զզվել եմ աղ դրած մսից, որ ամեն օր ուտում ենք նավում, դրանից խանգարվում է իմ ստամոքսը։ Երկրորդը՝ վերադառնանք Զնդանը և մորթոտենք բոլոր այդ դժոխքի ծնունդներին՝ աղվամազով ծածկված կատուներին։
 
― Ես էլ երբեք այնտեղ ոտք չեմ դնի, ― ասաց Պանուրգը, ― ես առհասարակ մի քիչ զգույշ մարդ եմ։
 
― Իսկապես ասած, ― շարունակեց Ժան վարդապետը, ― ինչի՞ նման է այս ճանապարհորդությունը։ Մեր բան ու գործը միայն ուտելն ու խմելն է։ Պետք է ասեմ, որ դա ամենևին իմ սրտովը չէ։ Քունս չի տանում, եթե որևէ հերոսական գործ չեմ կատարում։ Դեհ, ի՞նչ եք ասում, գնո՞ւմ ենք, թե ոչ։ Հավատացնում եմ ձեզ, մենք հեշտությամբ նրանց հախից կգանք։ Գնանք։
 
― Ես ոչ մի դեպքում այնտեղ չեմ գնա, ― ասաց Պանուրգը։ ― Մինչև հիմա էլ չեմ հանգստացել մեր գլխին եկած այդ բոլոր արկածներից։ Լավ լսի, ինչ եմ ասում, սանահեր ջան։ Եթե դու ուզենաս ջհանդամի տակը գնալ, մի խոսք ասա ինձ միայն, և ես քեզ հետ կգնամ։ Իսկ այժմ, երբ դու ուզում ես վերադառնալ աղվամազով ծածկված կատուների մոտ, ներիր ինձ, քո ուղեկիցը չեմ լինի։ Իմ խոսքը հաստատ է, ինչպես ժայռե պատը։
 
― Այ դու ռազմիկ, ― ասաց Ժանը ծիծաղելով։ ― Ասա խնդրեմ, ինչո՞ւ գցեցիր նրանց առաջ ոսկիներով լիքը քսակդ։ Մի՞թե կարծում ես, ոսկիներ շատ ունենք։ Մի քանի դրամ գցեիր առաջները բավական կլիներ։
 
― Ոչ, սխալվում ես, ― ասաց Պանուրգը, ― մի՞թե չէիր նկատում, որ Մռռան Կատվի առաջ դրված էր թավշե մի մեծ քսակ։ Մռռանը շարունակ ձեռքում խաղացնում էր քսակն ու ասում՝ «Ոսկի, դեսն արի»։ Պարզ է, թե ինչ էր նրա ուզածը, սանահեր։ Եթե դու էլ իմ չափ ապրած լինեիր, այն ժամանակ ուրիշ կերպ կխոսեիր։
 
Իսկ մեզ ուղեկցող կատուներն սպասում էին պարգև ստանալու։ Տեսնելով, որ մենք գնում ենք դեպի նավերը, նրանք շրջապատեցին մեզ և չէին ուզում թողնել, որ շարունակենք մեր ճանապարհը։
 
― Սուրբ Կիրակոս, Պետրոս, Մարկոս, ― ասաց Ժանը։ ― Դուք դեռ այստե՞ղ եք, դիվանատան շներ։ Քի՞չ եք ինձ զայրացրել, հիմա էլ մեր օձիքիցն եք կպել և հիմար պահանջնե՞ր եք անում։ Կորեք, թե չէ, աստված վկա, այնպես քոթակ կտամ․․․
 
Եվ սուրը մերկացնելով հարձակվեց նրանց վրա։ Կատուները ցրիվ եկան ու փախան զանազան կողմեր և այլևս չերևացին։
 
Հենց որ մենք մտանք նավը, Պանտագրյուելը հրամայեց խարիսխները բարձրացնել։ Բայց այնպիսի սաստիկ քամի բարձրացավ, որ մենք շեղվեցինք ճանապարհից, և հոսանքը մեզ ետ տարավ։ Կայմի ծայրին նստած յունգան աղաղակեց, որ նորից տեսնում է Մռռան Կատվի բնակարանը։
 
― Նավապետ, սիրելի բարեկամ, ― խելքը կորցրածի պես աղաղակում էր Պանուրգը, ― սանձը դարձրու, սիրելիս, դարձրու սանձը, որ չվերադառնանք նորից այդ սարսափելի երկիրը։ Այ քարուքանդ լինի դա։
 
Բայց քամին նորից ետ տարավ մեզ դեպի կղզին։ Սակայն մենք այլևս կղզի չմտանք, այլ ապաստան գտանք բարձր ու մեծ ժայռերի վրա, կղզուց մի մղոն հեռու։
Ադմին, Վստահելի
1876
edits