Քլայնը և Վագները

Գրապահարան-ից
Քլայնը և Վագները

հեղինակ՝ Հերման Հեսսե
թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան (գերմաներենից)
աղբյուր՝ Ներսը և Դուրսը

Բովանդակություն

1

Ճեպընթացի մեջ, փախուստի և սահմանն անցնելու գլխապտույտ ձեռնարկումներից ու հուզումներից, լարվածության ու փորձությունների, ջղաձգման ու սարսափի փոթորկահույզ գրոհումներից հետո, և այդ ամենի բարեհաջողության գիտակցումից էլ ավելի զարմացած՝ Ֆրիդրիխ Քլայնը ամբողջ մարմնով կուչ եկավ։ Չնայած որ այժմ արդեն շտապելու հարկ չկար՝ գնացքը արտասովոր գործնականությամբ ընթանում էր դեպի հարավ և սակավաթիվ ուղևորներին սրընթաց փոխադրում լճակների լեռների, ջրվեժների և բնության այլևայլ հրաշալիքների կողքով, խլացուցիչ թունելներով և մեղմօրոր ճոճվող կամուրջների վրայով։ Շուրջն ամեն ինչ օտարոտի էր, գեղեցիկ և ինչ-որ տեղ անհասկանալի. դպրոցական դասագրքերից ու բացիկներից ծանոթ պատկերներ, բնանկարներ, որ, թվում է, թե մի անգամ արդեն տեսել ես, կային նաև բոլորովին նորերը։ Այդ ամենից այժմ օտարություն էր բուրում, բայց ինքն արդեն նրան էր պատկանում, դեպի տուն վերադարձի այլևս ոչ մի ճանապարհ չկար։ Դրամի հարցում ամեն ինչ կարգին էր, նա դրամ շատ ուներ և բոլորն էլ բանկային հազարանոց արժետոմսեր, այդ ողջ դրամը նա այժմ պահում էր ծոցագրպանում։

Այն միտքը, որ իր հետ այժմ ոչինչ չի կարող պատահել, որ ինքը սահմանի այն կողմում է և կեղծած անձնագրի միջոցով ժամանակավորապես ապահովագրված ամեն տեսակի հալածանքներից, այդ հաճելի ու խաղաղարար միտքը նա հաճախ էր որոճում՝ տոգորված ջերմություն գտնելու ու ծարավը հագեցնելու հույսով։ Սակայն այդ գեղեցիկ միտքը կարծես անշնչացած թռչուն լիներ, որի թևերը ճոճում էր երեխան։ Աչքերն առհավետ փակ ու ասես անկենդան այդ թռչունը պողպատի ծանրությամբ գահավիժում էր ափերի միջից, նրանից այլևս ոչ հաճույք, ոչ մի լուսավոր շող, ոչ էլ երջանկություն կարող էիր ակնկալել։ Եվս մի տարօրինակ բան, որի հետ այս վերջին օրերին նրան հաճախ էր վիճակվել բախվել. նա բնավ չէր կարողանում մտածել իր ցանկացած նյութի շուրջը, այլևս տնօրինություն չուներ իր մտքերի վրա, որոնք ծավալվում էին իրենց ուզածի պես և, հակառակ նրա դիմադրության, առանձնակի հաճույքով սևեռվում հատկապես այն մտապատկերների շուրջը, որոնք խորապես տանջում էին իրեն։ Նրա ուղեղն ասես մի գեղադիտակ լիներ, ուր պատկերների հերթափոխությունը կատարվում էր օտար ձեռքի կողմից։ Գուցե դա վերջին օրերի անքնության ու գրգռվածության, երկարատև ու հյուծիչ ջղաձգությունների հետևանք էր։ Համենայնդեպս այդ ամենն անտանելի էր դառնում, և եթե շուտափույթ կերպով չհաջողվեր վերագտնել կորսված հանգիստն ու ուրախ տրամադրությունը, դա հավասարազոր կլիներ հուսահատության։

Ֆրիդրիխ Քլայնը սերթուկի գրպանում շոշափեց ատրճանակը։ Այդ ատրճանակը ևս իր նոր հանդերձանքին, դերին ու դիմակին առնչվող անհրաժեշտ բաղադրամաս էր դարձել։ Անկեղծ ասած՝ ինչ ծայր աստի-ճան ծանր ու զզվելի էր այդ ամենն իր հետ քարշ տալն ու մինչև անհանգիստ ու թունավորված քունը սեփական եսի վրա կրելը, ոճրագործության փաստը, կեղծված փաստաթղթերը, զգեստակարերում ծածուկ պահ տված դրամը, ատրճանակը, օտարոտի ու կեղծված անունը։ Տափակ ռոմանտիզմի ոգով շնչող ավազակների մասին պատմվող սուտումուտ զրույցների հոտ էր դրանից փչում, այդ ամենը չէր էլ պատշաճում իրեն Քլայնին, այդ ազնվաբարո մարդուկին։ Ողջը ձանձրալի էր ու զզվելի, ազատ շունչ քաշելու ու թեթևանալու հնար չկար, ինչպես նա այդ բանը կուզենար։

Տեր աստված, և իրոք, ինչու է նա այդ ամենն իր վրա կրում, նա, քառասունին մոտ այդ մարդը, ազնիվ ծառայողն ու սուսիկ-փուսիկ, անմեղ ուսումնականի համբավ վայելող այդ քաղաքացին, իր զավակների սիրասուն հայրը։ Ինչո՞ւ։ Նա ներքուստ զգում էր, որ մի արտաքին ազդակ, մի գերհզոր ստիպողություն ու հարկադրանք էր պետք, որպեսզի մի մարդու, ինչպիսին ինքն էր, մղեր դեպի անհնարինը։ Եվ հենց որ նա այդ բանն հասկանար, երբ ճանաչեր այդ մղումն ու ստիպողականությունը, երբ կրկին իր մեջ կարգուկանոն հաստատեր, նոր միայն հնարավոր կլիներ ազատ շունչ քաշել։

Կտրուկ շարժումով նա ուղղվեց իր նստատեղում, բթամատով տրորեց քունքերը և ստիպեց իրեն մտածել։ Ոչինչ չստացվեց, գլուխն ասես ապակուց ձուլված լիներ, ջղաձգումներից, հոգնությունից ու քնի պակասից այն կարծես ծամածռվել ու թորշոմել էր։ Ոչինչ չօգնեց, բայց մտածել պետք էր։ Նա պիտի փնտրեր ու գտներ, մի վերջին ճիգով ինչ-որ կենտրոնական առանցք հայտնաբերեր իր մեջ, ինքն իրեն ինչ-որ կերպ ճանաչեր ու հասկանար։ Այլապես այսպես ապրելն անտանելի էր դարձել։

Գերմարդկային ճիգերի գնով նա փորձում էր ի մի բերել այդ վերջին օրերի հիշողությունները, ինչպես որ ճենապակու մանրատված բեկոր-ներն ես ունելիով ժողովում, որպեսզի խնամքով դրանք նորից իրար սոսնձես։ Դրանք թափանցիկ ու մանր բեկորներ էին, մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունեին և ոչ մի կերպ կառուցվածքային կամ գունային ամբողջություն չէին կազմում։ Հիշողությունների ինչ տարօրինակ փունջ. նա տեսնում էր մի փոքրիկ կապտավուն տուփ, որի միջից ինքը դողդողացող ձեռքով դուրս էր կորզում իր պետի պաշտոնական կնիքը։ Տեսնում էր դրամարկղի ծերունուն, որ կապույտ ու շագանակագույն բանկային արժետոմսերով իրեն էր վճարում դրամը՝ ըստ իր ներկայացրած բաժնեհամարների։ Տեսնում էր մի հեռախոսախցիկ, ուր ինքը, մինչ լսափողը բռնած խոսում էր, ձախ ձեռքով հենվել էր խցիկի պատին, որպեսզի ուղիղ դիրք ընդունի։ Ավելի շուտ նա տեսնում էր ոչ թե իրեն, այլ այդ նույն գործողությունները կատարող մեկ ուրիշին, անծանոթ մի մարդու, որը սակայն իրենից տարբեր մեկը լինելով՝ Քլայն ազգանունն էր կրում։ Նա տեսնում էր, թե ինչպես այդ մարդը ինչ-որ նամակներ էր այրում ու նորերը գրում։ Մեկ նրան ռեստորանում ճաշելիս էր տեսնում, մեկ էլ տեսնում էր, թե ինչպես նա... Ո՛չ, դա անծանոթ մեկը չէր, դա հենց ինքն էր, նույն ինքը Ֆրիդրիխ Քլայնը՝ գիշերով՝ քնած երեխայի անկողնու վրա խոնարհված։ Ո՛չ, դա հենց ինքն էր որ կար։ Ի՜նչ ցավալի էր դա, նույնիսկ այժմ, արդեն սոսկ որպես հիշողություն։ Ի՜նչ ցավալի էր տեսնել քնած մանկան դեմքը, լսել ու զգալ նրա շնչառությունը և գիտենալ, որ այդ սիրելի աչքերը այլևս բացված չես տեսնելու, չես տեսնելու, թե ինչպես է նա ծիծաղում, ինչպես է կերակուրը ծամում այդ փոքրիկ բերանիկը, որն այլևս երբեք քեզ չի համբուրելու։ Ի՜նչ ցավալի էր դա։ Ինչու էր այն անծանոթ Քլայն կոչեցյալը իրեն այդքան ցավ պատճառում։

Նա հրաժարվեց մանրաբեկորները իրար կցմցելու մտքից։ Գնացքը կանգ առավ մի անծանոթ կայարանում, դռները բացվեցին, վագոնների պատուհանների դիմաց հայտնվեցին առաջին ճամպրուկները, կապույտ ու դեղին թղթե ազդատախտակները բարձրաձայն աղաղակում էին. հյուրանոց «Միլանո», հյուրանոց «Կոնտինենտալ»... Արդյո՞ք ինքը պետք է զգուշանար, կարևորություն տար դրան, արդյո՞ք այդ ամենն իր մեջ վտանգ չէր պարունակում։ Նա աչքերը փակեց և միառժամանակ ընկավ թմբիրի մեջ, բայց շուտով սարսափած վեր թռավ, հայացքն ուղղեց հեռուն, ուշադրությունը սրեց։ Որտե՞ղ էր գտնվում ինքը։ Դեռ կայարանում էր։ Կաց, ինչպես էր իմ ազգանունը։ Արդեն հազարերորդ անգամ նա նույն բանն էր կրկնում։ Եվ դարձյալ՝ ինչպե՞ս է իմ ազգանունը։ Քլայն։ Ոչ, գրողը տանի։ Գրողի ծոցը կորչի Քլայնը, այդպիսի ազգանունով մարդ այլևս գոյություն չունի։ Նա ձեռքը տարավ դեպի ծոցագրպանը, ուր անձնագիրն էր դրված։

Ի՜նչ հոգնեցուցիչ էր այս ամենը։ Իրոք որ, եթե միայն մարդ գիտակցեր, թե որքան խենթանալու չափ տանջալի բան է ոճրագործ լինելը... Ծայր լարվածությունից նա ձեռքերը բռունցք արեց։ Այստեղ ոչինչ իրեն չէր վերաբերում, ոչ հյուրանոց «Միլանոն», ոչ կայարանը, ոչ բեռնակիրները։ Այդ ամենի մասին նա չէր էլ մտածում, նա մի ուրիշ, ավելի կարևոր բանով էր մտահոգված, ամենագլխավորով։ Ո՞րն էր դա։

Կես-քուն կես-արթուն, մինչ գնացքը շարունակում էր իր ընթացքը, նա վերադարձավ իր մտքերին։ Այո, դա անչափ կարևոր էր, քանզի խոսքը այն մասին էր, թե ինչպե՞ս կարելի էր այսուհետև երկարաձգել սեփական կյանքը։ Եվ կամ՝ միթե ավելի ճիշտ չէր լինի միանգամից վերջ տալ այս ողջ ձանձրալի անհեթեթությանը։ Ինչու՞ իր մոտ թույն կամ թմրադեղ չէր պահում։ Ա՜խ ոչ, նա հանկարծ հիշեց, թույն իրեն չհաջողվեց ճարել, փոխարենը ատրճանակ ձեռք բերեց։ Դե, իհարկե։ Շատ լավ է։ Հոյակապ։

«Շատ լավ է», «հոյակապ», ասաց նա բարձրաձայն և նման մի քանի այլ խոսքեր էլ շարեց։ Հանկարծ իր սեփական ձայնը լսեց ու սարսափահար եղավ, պատուհանի հայելու մեջ տեսավ իր դեմքի աղավաղված արտացոլանքը՝ օտարոտի, ծամածռված ու անչափ տխուր։ Աստվա՜ծ իմ, ճչաց նա ինքն իր մեջ, աստված իմ, ինչ անեմ, էլ ինչի՞ համար եմ ապրում։ Հարկավոր էր ճակատով ուղիղ խոյանալ այդ գունատ ու ծամածռված մռութի, այդ պղտոր ու բթամիտ շրջանակի վրա, դեմքով հարվածել ապակուն, նրա վրա կոկորդը կտրել։ Անզգայացած գլխով որոտաձայն ու հուժկու զարնվել երկաթուղագծերի փայտակոճերին, վագոնների անիվներին փաթաթվել, եղած-չեղածով՝ փորոտիքով ու ուղեղով, ոսկորներով, սիրտ ու աչքերով հանդերձ՝ փոշիանալ երկաթուղագծերի արանքում, առանց դիմադրելու ջնջվել, ոչնչանալ։ Դա այն միակ բանն էր, որ դեռ կարելի էր տենչալ, ինչն իր մեջդեռ իմաստ էր պարունակում։

Մինչ այս, մինչ այն, քթով ապակուն հենված, հուսահատ հայացքը գամած սեփական արտացոլանքին՝ նորից ընկղմվեց խոր քնի մեջ։ Վայրկյաններ, գուցե և ժամեր սահեցին-անցան։ Գլուխը զարնվում էր այս ու այնտեղ, բայց աչքերը չէր բացում։

Նա արթնացավ երազատեսության միջոցին, որի վերջին պատկերները դաջվել էին ուղեղի մեջ։ Երազը հետևյալն էր. նա նստած էր ավտոմեքենայի մեջ՝ վարորդի կողքին, մեքենան խելապատառ արագությամբ ընթանում էր քաղաքի միջով՝ մերթ զառիվեր, մերթ զառիթափ խոյացումներով։ Կողքին նստած էր մեկը, որ մեքենան էր վարում։ Երազի մեջ նա հարվածեց այդ մարդու փորին, նրա ձեռքից ղեկը խլեց ու սկսեց ինքը վարել մեքենան՝ մոլեգին ու գլխապտույտ արագությամբ, աննշան հեռավորությամբ սուրալով ձիերի ու ցուցափեղկերի կողքով, ծառերին քսմսվելով, ու կարծես կայծակներ էին թափվում նրա աչքերից։

Նա արթնացավ այդ անրջանքից։ Գլուխը քիչ խաղաղվել էր։ Քմծիծաղ էր տալիս երազում տեսած պատկերների վրա։ Փորին հասցված հարվածը հրաշալի էր, գոհունակ ժպիտը դեմքին մտաբերեց նա։ Ապա սկսեց վերաիմաստավորել իր տեսած երազը և խորհրդածել դրա շուրջը։ Այդ ինչ սուլոց էր, որ լսեց ծառերի կողքով անցնելիս։ Գուցե երկաթուղով երկար ճանապարհորդելու հետևանք էր։ Սակայն ղեկն իր ձեռքը վերցնելն արդեն իսկ հրաշալի էր, երջանկության ավետիչ, փրկության գրավական։ Անշուշտ, շատ ավելի լավ էր, որ ինքն էր մեքենան վարում՝ թեկուզ և ջարդուփշուր լինելու գնով, քան թե մեկ ուրիշը։

Բայց և այնպես, երազի մեջ այդ ում ինքը հարված հասցրեց։ Ո՞վ էր այդ անծանոթ վարորդը, որ նստած էր ավտոմեքենայի ղեկի մոտ, իր կողքին։ Բայց ոչ նրա դեմքն էր հիշում, ոչ էլ մի որևիցե բնութագրական գիծ, նրան համակել էր միայն մի տհաճ զգացում, անորոշ ու մռայլ մի տրամադրություն... Ո՞վ կարող էր լինել։ Անշուշտ մեկը, որին ինքը հարգում էր, ում ինքը սեփական կյանքի վրա իշխանության իրավունք էր տվել, որի ամեն արարքն հանդուրժում էր, և սակայն ծածուկ ատում էր նրան, և ում փորին, վերջապես, ինքը մեծ բավականությամբ աքացի կտար։ Գուցե իր հայրն էր։ Գուցե մեկը իր վերադասներից, կամ գուցե վերջապես, գուցե դա... էր։

Քլայնը աչքերը չռեց։ Նա գտել էր կծիկի կորսված ծայրը։ Նրա համար նորից ամեն ինչ պարզ դարձավ։ Երազը մոռացվեց։ Այժմ նա արդեն պարզ գիտակցում էր բանի էությունը։ Նոր-նոր միայն սկսեց հասկանալ, կռահել, զգալ, թե ինչու էր ինքը հայտնվել այս ճեպընթացում, ինչու իր ազգանունն այլևս Քլայն չէր, ինչու էր դրամը յուրացրել և կեղծել փաստաթղթերը։ Վերջապես, վերջապես։

Այո, այդպես էլ կար։ Այլևս իմաստ չուներ ինքնախաբեությամբ զբաղվել։ Այդ ամենի պատճառն իր կինն էր, միայն ու միայն իր կինը։ Ի՜նչ լավ էր, որ վերջապես հասկացավ...

Այս հայտնագործության աշտարակից անսպասելիորեն նրա առջև լուսաբանվեցին իր կյանքի ուրիշ իրադարձությունները ևս, որոնք երկար ժամանակից ի վեր պատկերացվում էին անջատ-անջատ, բացառապես իրար հետ կապ չունեցող աննշան ու անարժեք կտորտանքների տեսքով։ Նրա հայացքը կանգ առավ վաղուց տեղի ունեցած մի իրադարձության՝ իր ամուսնական կյանքի հանգամանքների վրա, և այդ իրադարձությունը նրան ներկայացավ որպես մի երկար, հոգնեցուցիչ ու ձանձրալի ճանապարհ, ուր մի միայնակ մարդ, ամբողջապես փոշու մեջ կորած, ծանր բեռներով բեռնավորված, հազիվ-հազ քարշ էր տալիս իր գոյությունը։ Ետևում, ինչ-որ տեղ, փոշու ամպերի մեջ կորած հեռվում նա տեսնում էր երիտասարդության հուրհրատող բարձունքի ու կանաչ, սաղարթախիտ գագաթի աստիճանական անհետացումը։ Այո, մի ժամանակ ինքը երիտասարդ էր, և շատերի նման ինքն էլ մեծ երազանքներ ուներ, սպասելիքներ՝ կյանքից ու ինքն իրենից։ Այնուհետև, սակայն, կյանքը դարձավ փոշի ու բեռ, տոթակեզ ու ձանձրալի ու որաններում ձգվող երկար ու ձիգ ճանապարհ, և միայն նրա չորացած սրտում դեռ շարունակում էր անհանգիստ առկայծել ընդարմացած ու ծերացած մի հին կարոտ։ Սա էր եղել իր ողջ կյանքը։ Այո, այսպես էր այն ընթացել։

Նա նայեց պատուհանից դուրս և զարմանքից վեր թռավ։ Աչքերի առաջ անսովոր պատկերներ էին բացվել։ Նա հանկարծ ցնցվեց՝ տեսնելով, որ ինքը հարավում է։ Զարմանքի արտահայտությունը դեմքին՝ ուղղվեց, դուրս կախվեց պատուհանից, աչքերի շղարշը կարծես պատռվեց, և նրա համար ինչ-որ չափով պարզվեց իր կյանքի հանելուկը։ Ինքը հարավում էր... Կանաչ դարավանդի վրա նա տեսավ խաղողի վազերը, հինավուրց փորագրանկարներ հիշեցնող կիսախարխուլ ոսկեշագանակագույն քարե պարիսպները, սաղարթախիտ ու փթթուն վարդակարմրավուն ծառերը։ Առջևում հայտնվեց իտալական անունով մի փոքրիկ կայարան՝ «ogno» թե «ogna» վերջավորությամբ։

Այժմ արդեն Քլայնը ի զորու էր հստակ պատկերացում կազմել իր ճակատագրի վայրիվերումների մասին։ Նա շուտով ձեռք քաշեց իր ամուսնական կյանքի, ծառայության և մնացած ամեն ինչի մասին հիշո-ղություններից, այն ամենից, ինչը մինչ այդ եղել էր իր կենաց ու գործունեության ասպարեզը։ Իսկ այժմ ինքն ուղևորվում էր դեպի հարավ։ Միայն այժմ նա հասկացավ, թե ինչու է ինքը իր փախուստի գլխապտույտ պատճառող իրարանցման ու արբեցումի մեջ որպես ապաստարան ու նպատակակետ ընտրել իտալական անունով այդ քաղաքը։ Նա դրա մասին տեղեկացել էր հյուրանոցագրքույկներից, ամենայն հավանականությամբ առանց երկար-բարակ ընտրություն կատարելու, պատահաբար էր նա այդ քաղաքի վրա կանգ առել, նույն հաջողությամբ նա կարող էր ուղևորվել նաև Ամստերդամ, Ցյուրիխ կամ Մալմյո։ Եվ միայն այժմ այն դադարել էր պատահականություն լինելուց։ Նա հարավում էր, կտրել-անցել էր Ալպերը։ Դրանով իսկ ի կատար էր ածվել նրա երիտասարդության շրջանի լուսավոր ցանկությունը, այն երիտասարդության, որի հիշարժան պատկերները մարել ու կորսվել էին այս անիմաստ կյանքի երկար ու ձանձրալի ճանապարհի վայրիվերումներում։ Մի անծանոթ ուժ, որ համակել էր նրա ողջ էությունը, այնպես արեց, որ միանգամից իրականացան նրա կյանքի երկու գլխավոր բոցկլտացող ցանկությունները. վաղուց արդեն մոռացության մատնված հարավի կարոտը, և ծածուկ, բնավ երբեք էլ հստակ ու ազատ արտահայտություն չգտած՝ իր ամուսնական կյանքի թիապարտությունից ու հեղձանքից փախչելու ու փրկություն գտնելու տենչը։ Այն կարծես վաղուց տեղի ունեցած ընդհարումը իր վերադասների հետ, դրամի յուրացման հետ կապված անակնկալ պատահարը, այդ ամենը, ինչին նա այնքան կարևորություն էրտալիս, այժմ մանր ու աննշան իրողություններ էին թվում։ Բոլորովին էլ դրանք չէին, որ իրեն այստեղ էին բերել, այլ այն երկու մեծագույն երազանքները, որ պայթել էին նրա հոգում, և իրենց կամքը պարտադրել իրեն, մնացածները սոսկ այդ քայլին դրդող առիթ էին կամ միջոց։

Այս վերջին մտքից Քլայնը շատ վախեցավ։ Նա իրեն զգում էր այն երեխայի դերում, որ լուցկիներով խաղալիս տունն էր կրակի մատնել։ Եվ այդ տունը դեռ շարունակվում էր այրվել։ Աստված իմ դրանից ինչ օգուտ ուներ ինքը։ Եթե նույնիսկ հասներ մինչև Աիցիլիա կամ Կոստանդնուպոլիս, միթե ինքը մի քսան տարով ջահելանալու էր։

Իսկ գնացքը շարունակում էր առաջ ընթանալ։ Օտարոտի գեղեցկությամբ շնչող գյուղեր էին հայտնվում նրա աչքերի առջև, հարավկողմյան երկրներին բնորոշ սքանչելիքներով լի մի հրաշագեղ նկարազարդ գիրք, որին ինքը ծանոթ էր պատկերազարդ բացիկներից. գետակների ու շագանակագույն ժայռաբեկորների վրա փռված քարաշեն ու գեղեցիկ կամարակապ կամուրջներ, բազմաբղետ ձարխոտերով ընդելուզված ցանկապատավոր խաղողի այգիներ, գունազարդ, կամարաձև սրահների նուրբ ու ազնվաշխարհիկ աղեղներով ստվերարկյալ եկեղեցիների ճակատներ, վարդակարմրավուն տնակներ ու հաստ քարե պարիսպներով շրջապատված, սառնահունչ կապույտով ներկված կամարաշարեր, ընտանի շագանակենիներ, այս ու այնտեղ բուսած մշտադալար նոճիներ, ժայռեր մագըլցող այծեր, դիմացի ագարակի մի շինության առաջ, մրգասեզերի մեջ վեր խոյացող գաճաճ ու հաստացողուն արմավենիներ։ Այստեղ ամեն ինչ արտասովոր էր և նույնիսկ անհավանական, սակայն այդ բոլորը միասին վերցրած իր մեջ ծայր աստիճան հրաշատեսիլ և մխիթարիչ մի բան էր պարունակում։ Այդ հարավ կոչվածն արդեն իրականություն էր դարձել, այն այլևս հեքիաթ չէր։ Կամուրջներն ու մշտադալար նոճիները իրականացված պատանեկան անուրջներն էին, տնակներն ու արմավենիները կարծես ասում էին. դու այլևս դուրս ես եկել հնի պատյանից, հիմա բոլորովին մի նոր կյանք է սկսվում։ Օդն ու արևալույսը այս կողմերում ասես ավելի թանձր ու զորավոր լինեին, շնչելն ավելի հեշտ էր, կյանքն ավելի հնարավոր, ատրճանակը՝ ավելորդ, երկաթգծերի վրա ջարդուփշուր լինելու միտքը՝ նվազ անհետաձգելի։ Գոնե մեկ անգամ հարկավոր էր բախտը փորձել։ Գուցե ապրելը հնարավոր դառնար։

Նորից նիրհ եկավ վրան, նա այլևս չկարողացավ դիմադրել և քուն մտավ մինչև երեկո, և միայն քաղաքային մի փոքրիկ հյուրանոցի բարձրաձայն արտաբերված անունը արթնացրեց նրան։ Քլայնը շուտափույթ իջավ գնացքից։

Գլխարկին ամրացված «Հյուրանոց Միլանո» վերտառությամբ վահանակը կրող ծառայողը նրա հետ սկսեց գերմաներեն խոսել։ Քլայնը սենյակ պատվիրեց և խնդրեց հյուրանոցի հասցեն։ Հափշտակված ու արբեցումի կայծերն աչքերի մեջ՝ նա կիսաքուն դուրս պրծավ աղմկոտ ապակեպատ նախասրահից և ոտք դրեց երեկոյի գոլ անտարբերության մեջ օրորվող կայարանային հրապարակ։

«Կարծես Հոնոլուլուում լինեմ», անցավ նրա մտքով։ Արդեն գիշերանալուն մոտ էր, և ֆանտաստիկորեն անհանգիստ բնապատկերները օտարոտի ու անըմբռնելի իմաստներով տարուբերվում էին նրա աչքերի առաջ։ Այնտեղ՝ ցածում, փռված էր սեպաձև մի բլուր, որի վրա տարածված էր տուփերի ձևով մասնաբաժանված քաղաքը։ Նա հայացքը բարձրացրեց հարթաձիգ ու լուսաշատ հրապարակների կողմը։ Զառիթափի վրա սփռված սրանկյունաձև շաքարի ճակնդեղ հիշեցնող լեռնաշարերը բոլոր կողմերից գահավեժ ընթացքով իջնում էին դեպի լճակը, որն անթվելի մերձափնյա լապտերների ցոլարձակումների ներքո պարզորոշ տեսանելի էր դառնում։ Կիսով չափ վտանգավոր, կիսով չափ խաղացկուն հանքահորի կողով-վերելակն հիշեցնող ճոպանուղին իջնում էր քաղաքի վրա։ Բարձրադիր կոնաձև լեռների վրա բոցկլտում էին լուսաշող ու պատուհանաձև խորշակները, որոնք քմահաճ շարքերով բազմահարկ աստիճաններով ու աստղաբույլերով զարդարված՝ ձգվում էին մինչև լեռնագագաթը։ Քաղաքի վրա վեր էին խթանում բարձրահարկ հյուրանոցների տանիքները, նրանց միջև սևին էին տալիս քաղաքի պարտեզները, վառվռուն լապտերների ներքո, փոշով ու անուշահոտություններով առլի, թևածում էր բարեխառն ու տաք ամառային իրիկնաքամին։ Լճակի վրա, անորոշ կիսամութի մեջ ներդաշնակ ու ծիծղուն թնդում էր փողային երաժշտությունը։

Նրա համար միևնույն էր՝ դա Հոնոլուլուն կլիներ, Մեխիկոն, թե Իտալիան։ Դա մի անծանոթ երկիր էր, նոր աշխարհ, օդի նորահայտ բուրմունքով, և չնայած որ այդ ամենն իրեն վրդովմունք էր պատճառում ու ծածուկ վախ գցում սիրտը, այնուամենայնիվ, այն շարունակում էր բուրել արբեցումի, մոռացման, նորի, անծանոթի և էլի ուրիշ թարմ ու անսովոր զգացումներով։

Նա թափառում էր թարմ օդով բուրող փողոցի երկայնքով, պահեստների ու բեռնասայլակների, արվարձանային մանր-մունր շինությունների կողքով, ուր իտալալեզու բարձրաձայն խոսակցություններ էին լսվում, իսկ մի պանդոկի բակում հնչում էր մանդոլինի երաժշտությունը։ Ճամփեզրի տնակից լսվում էր մի աղջնակի երգի ձայնը, որի հափշտակիչ ու վարակիչ մեղեդայնությունից նրա սիրտը ճնշվեց։ Հուրախություն իրեն, երգի խոսքերի մի մասը հասկանում էր և նույնիսկ կրկներգը մտապահեց.

Mama non vuole, papa ne meno, Come faremo a fare l’amor?

Այդ երգը կարծես իր երիտասարդության անուրջներից պոկված լիներ։ Նա շարունակեց աննպատակ քայլել փողոցի երկայնքով, զմայլված հոգով տրվեց ջերմաշունչ գիշերվան ու ծղրիդների երգին։ Հասավ խաղողի այգուն և հմայված կանգ առավ նրա առաջ։ Օդը լեցուն էր մանրիկ ու կանաչ լույսերի վառվռուն շուրջպարով, հազարավոր ընկնող աստղերի արբունքի մեջ թաթախված անուշահոտություններով բուրող բարձրացողուն խոտը մեղմ օրորվում էր.։ Ահա և լուսատտիկների պարսը, որ դանդաղ ու համրաձայն տեսլանում էր ջերմաշունչ գիշերվա առկայծուն լույսի մեջ։ Ամառային օդն ու հողափոշին ֆանտաստիկ երանգավորումներով կարծես լցվում էին ցոլարձակող կերպարանքների ու հազարավոր մանր ու շարժուն աստղաբույլերի մեջ։

Երկար կանգնեց օտարականը կախարդանքին տրված և, տեղի տալով արտասովոր պատկերների առաջ, մի պահ մոռացավ ձեռնարկած ուղևորության և իր կյանքի սարսափազդու պատմությունը։ Արդյոք մեկ ուրիշ իրականություն էլ կար։ Վարչություններ ու ոստիկանություն։ Դատական ատենակալներ ու վարկային արժեթղթերի աղյուսակներ։ Մի՞թե այստեղից տասը րոպեի հեռավորության վրա է գտնվում մոտակա կայարանը։

Փախստականը, որ կարծես մի ուրիշ աշխարհից էր ընկել այս հեքիաթների երկիրը, դեմքով անշտապ շրջվեց դեպի քաղաքը։ Ճանապարհին ցոլցոլում էին լապտերները։ Մարդիկ ինչ-որ բան էին հարցնում, բայց նա չէր հասկանում։ Անծանոթ հսկայական ծառերը փթթել էին ու սաղարթավորվել, քարաշեն եկեղեցին ասես կախված լիներ գլխապտույտ առաջացնող դարավանդի շուրթից, սանդղաշարերով ընդմիջված լուսավոր պողոտաները լեռնային արագահոս գետակների նման թափվում էին քաղաքի մեջ։

Քլայնը կանգ առավ իր հյուրանոցի առաջ։ Առատորեն լուսավորված ու հարմարավետ, սանդղաշարերով դրվագված նախասրահը մտնելուն պես՝ նրա արբեցումն անսպասելիորեն չքացավ, նրան վերադարձավ նախկին անհանգստացնող վեհերոտությունը, հավերժական նզովքն ու Կայենի կնքանշանը։ Շփոթմունքի մեջ ընկած՝ նա փորձում էր խույս տալ դռնապանի, սպասավորների, վերելակավար տղայի, հյուրանոցի բնակիչների քննախույզ ու գնահատող հայացքներից, ուստի և տեղավորվեց ռեստորանի ամենախուլ անկյուններից մեկում։ Ցածրաձայն պահանջեց ճաշացուցակը և սկսեց աչքի անցկացնել՝ ձևացնելով, թե միջոցների խնայողություն է անում։ Մեկ առ մեկ, գներով հանդերձ, ուսումնասիրեց բոլոր ճաշատեսակները, էժանագին պատվերներ տվեց և շինծու աշխուժություն ապրեց կես շիշ Բորդո գինի ճաշակելուց հետո, որն իրեն բոլորովին էլ դուր չեկավ, և ուրախացավ, երբ վերջապես ետևից կողպեց իր փոքրիկ ու քնձռոտ սենյակի դուռը։ Շուտով անկողին մտավ և քնեց ագահ ու խորը քնով, բայց միայն մի երկու-երեք ժամ։ Գիշերվա կեսին նորից արթնացավ։

Մոռացության անդունդից առկախ՝ աչքերն հառել էր անբարյացկամ մթնշաղի մեջ, չէր հիշում, թե որտեղ էր գտնվում, ճնշիչ ու մեղսավոր զգացումների քու/ւայում մոռացել էր ամենակարևորն ու էականը։ Խարխափելով խառնակ անորոշության մեջ՝ մի կերպ կարողացավ գտնել անջատիչի մղլակը և վառեց լույսը։ Փոքրիկ սենյակը լցվեց վառվռուն, օտարոտի ու ձանձրալի լույսով։ Որտե՞ղ էր գտնվում ինքը։ Թավշապատ բազկաթոռները չարագուշակ սևեռումով իր կողմն էին նայում։ Բոլոր-բոլոր առարկաներն իրեն էին նայում սառն ու մարտահրավեր կարդացող հայացքներով։ Հանկարծ նա հայելու մեջ տեսավ իր արտացոլանքը և դեմքի վրա կարդաց մոռացության հետագիծը։ Այժմ միայն գլխի ընկավ։ Իր դեմքը մի ժամանակ ուրիշ էր, աչքերն էլ էին ուրիշ, խորշոմներն էլ, դեմքի գույնն էլ։ Սա մի ուրիշ, նորահայտ դեմք էր։ Այս խելահեղ օրերի վազվզոցի ու իրարանցման թատերականացված ներկայացման միջոցին, երբ հայացքը պատահաբար ընկավ ապակե շրջանակով երիզված հայելու մեջ, նա հանկարծ տեսավ այն։ Դա իր դեմքը չէր, դա այն հրաշալիորեն խաղաղ, համբերատար ու հանդուրժող Ֆրիդրիխ Քլայնի դեմքը չէր։ Դա մի նշանակնքվածի ճակատագրի կողմից նոր դաջվածք ընդունածի դեմք էր, առաջվանից ավելի ծեր ու նաև ավելի երիտասարդ, դիմակակիր, բայց և արտասովոր կերպով կարմրատակած մի դեմք։ Այդպիսի դեմքը ոչ ոքի չէր կարող դուր գալ։

Այսպես նա իր նշանակնքված դեմքով նստել էր հարավային հյուրանոցի համարներից մեկում։ Իսկ տանը քնած էին երեխաները, որոնց ինքը լքել էր։ Այլևս երբեք ինքը չէր տեսնելու նրանց, չէր տեսնելու, թե ինչպես են արթնանում առավոտյան, նրանց ձայները չէր լսելու։ Այլևս երբեք գիշերասեղանի վրա դրված ջրի բաժակից չէր խմելու։ Այնտեղ, ձողաջահի տակ միշտ դրված էր լինում երեկոյան փոստը և մի որևիցե գիրք, իսկ ետևում, անկողնուց վերև՝ պատից կախված էին ծնողների լուսանկարները, ուրիշ շատ ու շատ բաներ էլ կային, որ նա այլևս չէր տեսնելու։ Այնինչ նա այստեղ, արտասահմանյան այս հյուրանոցում նստած՝ ակնապիշ նայում էր հայելու մեջ, ուր արտացոլված էր ոճրագործ Քլայնի տխուր ու անհանգիստ դեմքը, սառն ու չարագուշակ հայացքով իր կողմն էր նայում թավշապատ կահույքը, այստեղ ամեն ինչ ուրիշ էր, օտարոտի ու անկանոն։ Եթե միայն իր հայրը կենդանի լիներ և այս ամենը տեսներ...

Պատանեկության տարիներից սկսած՝ Քլայնը երբեք այսպես անմիջականորեն ու լիակատար իր զգացմունքներն չէր տրվել, և ոչ իսկ օտարության մեջ, ճակատագրի անողոք կիզիչ արևի տակ երբեք այսպես մերկ ու թափանցիկ չէր ցուցադրել իր էությունը։ Միշտ ինչ-որ բանով զբաղված է եղել, ինչ-որ ուրիշ բանով, ոչ իրենով, մշտապես որևէ գործ կամ հոգս է ունեցել դրամ հայթայթելու, պաշտոնի բարձրացման, ընտանեկան հարկի խաղաղության, դպրոցի ու երեխաների հիվանդությունների հետ կապված մշտական հոգսեր։ Մշտապես իր ուսերին դրված մեծ ու սրբանվեր պարտականություններ է ունեցել. քաղաքացիական, ամուսնական կարգի, որդիական պարտք հոր նկատմամբ, որին միշտ հաշիվ էր տալիս իր գործերի մասին, որի պաշտպանության ու հովանավորության տակ էր ինքը ապրում, նրա համար մեծ զոհողությունների գնում, կարծես այդ պարտականություններն էլ հենց դարձել էին իր կյանքի իմաստն ու միակ նպատակը։ Ու հիմա հանկարծ բոլորովին մերկ հայտնվեց աշխարհի դեմ-հանդիման, միայն ինքը՝ և արևն ու լուսինը իր գլխավերևում, և նրբահամ ու սառնորակ օդի շունչն զգաց իր շուրջը։

Տարօրինակն այն էր, որ ոչ մի արտաքին ցնցում իրեն այս սարսափելի ու կյանքի համար վտանգավոր վիճակին չէր հասցրել, ոչ աստված և ոչ իսկ սատանան, այլ միայն ինքը, իր հոժար կամքով։ Սեփական սխրագործությունն էր իրեն այստեղ բերել, միայնակ, օտար անվերջության մեջտեղը շպրտել իրեն։ Հենց իր ներսում էր ամեն ինչ ծնունդ առել ու գոյավորվել, սեփական սրտում էր ծրագրվել ճակատագրի հետագա ընթացքը. ոճրագործություն ու ըմբոստացում, ձերբազատում սրբազան պարտականություններից, ցատկ դեպի մեծ տիեզերք, ատելություն սեփական կնոջ նկատմամբ, փախուստի, մեկուսացման և նույնիսկ ինքնասպան լինելու տրամադրությունները։ Ուրիշների գլխին էլ աղետներ ու ցնցումներ էին բաժին ընկնում, բայց դրանք լինում էին հրդեհի կամ վեճերի պատճառով, դժբախտ պատահարների դեպքում կամ ինչ-որ մեկի չար կամքով, սակայն ինքը՝ ոճրագործ Քլայնը, այդ կարգի ոչ մի բան չի կարող վկայակոչել, իր գործողություններն արդարացնող ինչ-ինչ պատճառաբանություններ բերել, պատասխանատվությունը ինչ-որ մեկի վրա գցել, թերևս միայն իր կնոջը կարող էր մեղադրել։ Այո, հենց նա էր, նա այդ ամենին իրեն հրահրողը, նա էր այդ ամենի պատասխանատուն, եթե երբևէ իրենից այդ առիթով հաշվետվություն պահանջվեր՝ ինքը նրան պետք է մատնացույց աներ։

Անասելի զայրույթով էր համակված նա, երբ այրող ու մահացու մտապատկերների ու վերապրումների կծիկը իր շրջապտույտի մեջ առավ նրա միտքը։ Հիշեց ավտոմեքենայի մասին տեսած երազը և թե ինչպես ինքը հարվածեց թշնամու փորին։

Ինչի մասին էլ այժմ մտածում էր՝ այն միշտ սուր զգացումի, երևակա-յական խաղի, տարօրինակ ու հիվանդոտ հոգեվիճակի, գայթակղության, խելագար ցանկասիրության կամ նման կարգի այլևայլ բաների կերպարանք էր ընդունում։ Դրանք սարսափելի, արյունահեղ չարագործության մտապատկերներ ու տեսիլներ էին, որ ինքն էր հորինել, և որոնց պատկառով զրկել էր կյանքից կնոջը, երեխաներին, և հենց իրեն։ Մինչ հայելին արտացոլում էր իր խելագար ոճրագործի դրոշմակնքված դեմքը՝ նա բազմիցս մտաբերել ու աչքերի առաջ պատկերացրել էր այդ տասնապատկված և ուռճացված սպանության միջադեպը։ Սկսած այն պահից, երբ սպանության գաղափարն առաջին անգամ ճառագեց իր ուղեղում, նա շատ անգամներ տարակուսել էր այդ գարշելի ու անմիտ տեսիլների առիթով և փորձել էր պաշտպանվել նրանցից։ Այդ ժամանակվանից սկսած՝ նրա մեջ ծնունդ առան նման կարգի մտածությունները, տեսիլներն ու ճնշիչ հոգեվիճակները, ու նրան թվում էր, որ հենց դրանք էին, որ ժամանակի ընթացքում աճեցին, ուռճացան և պատճառ դարձան իր ծպտյալ ու փախստականի վիճակին։ Գուցեև տնից փախչելու պատճառը միայն իր կնոջ և ամուսնական կյանքի նկատմամբ շարունակաբար աճող խորշանքը չէր, այլ նաև իր մեջ բուն դրած մտավախությունը, որ ինքը, օրերից մի օր, այնուամենայնիվ, պետք է կատարի այդ ամենասարսափելի ոճրագործությունը, նրանց բոլորին կսպանի, կմորթոտի և նրանց արյան մեջ թավալվելուն ականատեսը կլինի։ Սակայն, այդ տեսիլքը իր նախապատմությունն ուներ։ Այն հաճախ էր իրեն այցելել որպես գլխապտույտ առաջացնող թեթևակի նոպա, պահեր էին եղել, որ քիչ էր մնում ուշագնաց լիներ։ Սակայն մարդասպանության մտապատկերը բոլորովին ուրիշ աղբյուրից էր ծագում։ Զարմանալի է, որ նա այդ բանն առաջին անգամ հենց նոր միայն հասկացավ։

Դեռ այդ ժամանակ, երբ սեփական ընտանիքի սպանության սևեռուն գաղափարը առաջին անգամ իր մեջ ծագեց, և մահու չափ սարսափ զգաց այդ դիվական տեսիլքի առիթով, ահա այն ժամանակ արդեն մի հեգնախառն մտապատկեր, կարծես իրեն ծաղրելու հատուկ դիտավորությամբ, մշտապես հետապնդում էր նրան։ Այսպես, տարիներ առաջ, երբ ինքը դեռևս տանելի, և նույնիսկ կարելի է ասել երջանիկ կյանքով էր ապրում, նա իր գործընկերների հետ զրուցում էր Վ. սկզբնատառով անունը կրող հարավգերմանացի մի դպրոցական ուսուցչի սարսափելի արարքի մասին (նրա անունը միանգամից չկարողացավ մտաբերել), որն իր ողջ ընտանիքը ահավոր արյունահեղության էր մատնել, մորթոտել բոլորին, ապա և ձեռք էր բարձրացրել սեփական անձի վրա։ Խնդիրն այն էր, թե մի այդպիսի մեղսավոր արարքի առիթով տեղի ունեցած խոսակցությունը ինչ կերպարանք կարող էր ունեցած լինել, և, ընդհանրապես, ինչպես կարելի էր հասկանալ ու բացատրել նմանօրինակ արարքը, մարդկային հրեշագործության մի այդպիսի ահավոր ու նողկալի պոռթկումը։ Քլայնն ինքն էլ այն ժամանակ շատ էր գրգռվել և իր մի գործընկերոջ հասցեին, որը փորձում էր հոգեբանորեն բացատրել այդ ոճրագործությունը, չափազանց խիստ տոնով էր արտահայտվել։ Այդպիսի հրեշավոր հանցագործության նկատմամբ կարգին մարդը չի կարող այլ վերաբերմունք ունենալ, քան զայրույթի ու գարշանքի զգացումը, նման արյունահեղության գաղափարը կարող է միայն դիվահարի ուղեղում ծագել, այդ կարգի ոճրագործի համար չկա ընդհանրապես ոչ մի պատժամիջոց, արդար դատաստան, ոչ մի բավականաչափ խիստ ու ծանր տանջանքի ձև։ Նա միայն այսօր մտաբերեց այն զարմացական ու քիչ քննադատական հայացքը, որով այն գործընկերը, իր վրդովմունքի հաղթարշավից ի վեր, ուշի-ուշով զննում էր իրեն, կարծես աչքերի առջև տեսնում էր այն նույն սեղանը, որի շուրջը նստած էին իրենք։

Միայն այժմ, երբ ինչ-որ մի չարագուշակ երևակայական խաղով առաջին անգամ իրեն զգաց յուրայիններին սպանողի դերում, գերագույն սարսուռով նա ընկրկեց այդ մտապատկերի առաջ՝ հանկարծ մտաբերելով տարիներ առաջ տեղի ունեցած խոսակցությունը հարավատասպան Վ.–ի մասին։ Թեև կարող էր երդվել, որ այն ժամանակ կատարյալ արդարամտության դիրքերից ինքն իր անկեղծագույն զգացմունքն էր արտահայտել պատահարի առիթով, սակայն, տարօրինակն այն է, որ այժմ իր հոգում ծնունդ էր առել մի զզվելի ներքնազգացողություն, որն իրեն ծաղրում էր ու ահաբեկում. արդեն այն ժամանակ, այն օրը, տարիներ առաջ, դպրո-ցական ուսուցիչ Վ.–ի շուրջը ծավալված խոսակցության ընթացքում, իր հոգին որդեգրել էր այդ չարագործության գաղափարը, հասկացել ու հավանություն էր տվել նրան, իր այդ սաստիկ զայրույթն ու վրդովմունքը միայն ու միայն նրանից է առաջացել, իր մեջ նստած քաղքենին ու կեղծավորը չէր ուզում ունկն դնել սեփական սրտի ձայնին։ Սարսափելի պատժամիջոցներն ու տանջանքի ձևերը, որ ինքը պահանջում էր կիրառել ամուսնասպան-որդեսպանի նկատմամբ, և զայրույթի պահին ասված նախատինքի խոսքերը, որոնցով փորձում էր բնութագրել այդ արարքը, դրանք բոլորն այժմ կարծես իր դեմ էին ուղղվում, ոճրագործության այն սաղմի դեմ, որն, անշուշտ, արդեն այն ժամանակ բույն էր դրել իր մեջ։ Այդ իրողության առիթով ծնունդ առած մեծագույն զայրույթն ու վրդովմունքը իրականում բացատրվում էին նրանով, որ այդ դատապարտվածի դերում նա իրեն էր տեսնում, իրեն էր մեղադրում արյունահեղ մարդասպանության մեջ և, իր վրա ամեն տեսակ մեղադրանքներ բարդելու և խստագույն դատավճիռներ կայացնելու գնով՝ փորձում էր թեթևացնել խիղճը։ Իր հանդեպ կյանքի կոչած բոլոր այդ մոլեգին հարձակումներով նա կարծես ցանկանում էր դիմագրավել իր գողունի կատարած ոճրագործությանը, խլացնել այն իր հոգու մեջ։

Ահա թե մինչև ուր հասան Քլայնի խորհրդածությունները, նա զգաց, որ խոսքը իր համար ամենակարևոր, ամենակենսական խնդիրների մասին էր։ Բայց այդ բոլոր հիշողություններն ու մտածությունները իրար միահյուսելը, դասդասելն ու կարգավորելը անասելիորեն ծանր գործ էր։ Այդ վերջին փրկարար ճշմարտությունների յուրաքանչյուր լուսաճառագում՝ ասես մարում էր իր ներկա իրական վիճակի մասին հիշեցնող տհաճ ու հոգնեցուցիչ նախազգացումները։ Նա վեր կացավ, ջրով դեմքը շփեց, ոտաբոբիկ ետևառաջ արեց սենյակում, մինչև որ շրջապատի ցուրտն զգաց և որոշեց քուն մտնել։

Բայց քնել չէր կարողանում։ Պառկել էր՝ այս վերջին տպավորությունների տիրապետությանը հանձնված, դրանք ամբողջապես ատելի, հիվանդագին ու նվաստացուցիչ զգացումներ էին. ատելություն իր կնոջ նկատմամբ, կարեկցանք սեփական անձի հանդեպ անօգնականության զգացում, պարզաբանումների պահանջ, ինքնարդարացման փորձեր ու մխիթարության նպատակով ձեռք առնված միջոցառումներ։ Բայց այժմ մխիթարիչ ոչ մի փաստարկ չէր կարողանում մտաբերել, կատարվածի իմաստավորման ուղին անչափ հեռու էր ու մթամած, հիշողությունների խավարչտին ու անողոք, ծածուկ ու սարսափազդու մացառուտներով ու թավուտներով էր այն առաջնորդում իրեն։ Քունը չէր գալիս, գիշերվա մնացած մասը անցկացրեց միևնույն դիրքով պառկած, մի այնպիսի հոգեվիճակում, որն իրեն մինչ այդ կատարելապես անծանոթ էր։ Իր հոգում կռիվ տվող բոլոր նողկալի զգացումները՝ բեկվելով սիրտ ու թոքերում տարածված դիվային մղձավանջի ու որանների վրա, միավորվեցին մի սարսափազդու, հեղձուցիչ ու մահացու վախի մեջ, որը մշտապես ու անխաթար կերպով վերընթաց աճում էր մինչև անտանելիի սահմանը։ Թե ինչ էր վախը, նա վաղուց գիտեր, արդեն տարիներ շարունակ և հատկապես այս վերջին ամիսներին ու օրերին իր հոգու խորքում մշտապես ունեցել էր այդ զգացումը։ Բայց այսպես առարկայորեն, սեփական կոկորդի ու մաշկի վրա, դեռ երբեք չէր զգացել։ Հակառակ իր իսկ կամքի՝ շարունակ ինչ-որ աննշան բաների մասին էր մտածում, մոռացած բանալու, հյուրանոցային հաշիվների, և այդ ամենից ծանր ու մեծ հոգս ու ապրումների լեռներ էր գոյացնում։ Այն հարցը, թե արդյո՞ք այս խունացած սենյակիկը մի գիշերվա համար երեքուկես ֆրանկից ավելի կարժենա, և որ այդ դեպքում արդյոք ինքը կկարողանա այստեղ մնալ՝ գրեթե մեկ ժամի չափ նրան շնչակտուր, քափուքրտինքի վիճակում պահեց, և նույնիսկ սեփական սրտի թակոցներն էր լսում։ Հաստատապես գիտեր, թե ինչպիսի հիմար մտքեր էին դրանք, սակայն կամակոր երեխայի պես նա շարունակ փորձում էր իրեն համոզել, որ դրանք լուրջ բաներ էն, հանգիստ ոճով ու տաք-տաք խոսում էր նրանց հետ, մատների վրա ինչ-ինչ հաշիվներ էր անում, փաստարկներ մոգոնում՝ իր դեմ ուղղված հոգս ու տառապանքների կատարյալ անհիմնությունն ապացուցելու նպատակով, զուր ու ապարդյուն ճիգեր... Ավելին, այդ մխիթարությունների ու կեղծ ինքնահամոզումների ետևում դաժան ծաղրի պես մի բան էր առկայծում, որը նույնպիսի մի ցուցադրություն ու ձևացում էր, ճիշտ և ճիշտ հար և նման մարդասպան Վ.–ի առիթով մի ժամանակ իր ապրած խուճապահար վիճակին։ Այն, որ այդ մահացու վախը, շնչահեղձություն պատճառող սարսափելի զգացումը մի քանի ֆրանկի խնայողության կամ նմանատիպ այլ շինծու հոգսերի պատճառով չէր առաջանում, նա այդ բանը շատ պարզ գիտակցում էր։ Դրանց ետևում պետք է որ թաքնված լիներ ավելի վատթար, շատ ավելի լուրջ մի բան, բայց ինչ։ Ըստ երևույթին դրանք պետք է վերաբերեին արյուն ոթող դպրոցական ուսուցչին, իր սեփական մարդասպանության նկրտումներին և այն բոլոր հիվանդագին ու անկարգ զգացումներին, որ խլրտում էին իր մեջ։ Սակայն ինչպե՞ս գտնել դրանց մերձենալու եղանակը։ Ինչպե՞ս հայտնաբերել դրանց իսկական պատճառը։ Նրա հոգում այլևս չկար ոչ մի անկյուն, որ չլիներ արյունոտված, չլիներ հիվանդոտ, նեխած, խելագար ու ցավի նկատմամբ ծայրահեղորեն զգայուն։ Նա զգաց, որ այդ վիճակն այլևս անկարելի է երկարաձգել։ Եթե այսպես շարունակվի, նման ծանր գիշերները հաջորդեն մեկը մյուսին՝ ինքը կամ կխենթանա, կամ էլ ինքնասպան կլինի։

Ջղաձիգ շարժումով նա ուղղվեց անկողնում, նստեց ու փորձեց գլուխ հանել իր վիճակից, այն հաշվով, որ,մեկընդմիշտ հարցերը լուծած լինի իրեն շուրջառած խռովահույզ զգացումների հետ։ Ոչինչ չհաջողվեց. միայնակ ու անօգ, ծանրացած գլխով ու սրտի ցավատանջ տենդի մեջ, մահասարսուռ զգացումն աչքերի առաջ՝ նա նստել էր ճակատագրի դեմ, ինչպես սարսափից դյութված ու ուժասպառված թռչունը գրոհող օձի առաջ։ Նա հիմա գիտեր, որ ճակատագիրը ինչ-որ անհայտ տեղից չի բուսնում ու չոքում քո առաջ, այլ ծլարձակում է հենց մարդուս մեջ։ Եվ եթե ինքը ոչ մի ինքնապաշտպանական միջոց ձեռք չառնի, ապա այն կխժռի, կլափի իրեն, այնժամ սարսափը կշրջապատի ու կրնկակոխ կհետապնդի իրեն, աստիճանաբար, բջիջ առ բջիջ իր ուղեղը քայքայելով դուրս կկորզի, մինչև որ իրեն հասցնի անդունդի եզրին, որն արդեն այնքան էլ հեռու չէր թվում։

Հիմա գլխավորը հասկանալն էր, գուցե հենց դրա մեջ էր թաքնված փրկությունը։ Նա դեռ մինչև վերջ չէր գիտակցել իր վիճակի ողջ լրջությունը, չէր հասկացել, թե ինչ է վերջիվերջո իր հետ տեղի ունեցել։ Դեռ նոր-նոր էր սկսել գիտակցել իր արարքի էությունը և միայն այժմ այդ բանը զգաց։ Եթե միայն հաջողվեր ուժերը համախմբել, ողջը ճշմարտապես ի մի բերել, համակարգել ու դասդասել, այնժամ գուցե կարողանար կծիկի թելը գտնել։ Այդժամ ամեն ինչ մեկ իմաստ ու մեկ դեմք կունենար, գուցե ապրելն ավեփ ,,ավոր կդառնար։ Սակայն պահանջվող գերլարամը, վերջին ճիգով ձեռքբերելիք ինքնահավաքումը չափազանց դժվար էր, վեր էր իր ուժերից, նա պարզապես անպատրաստ էր դրան։ Ինչքան ավելի էր լարվում խորհրդածելու փորձ անելու համար, այնքան իրադարձություններն ավելի ու ավելի էին հեռանում իր տեսադաշտից, հիշողությունների ու մեկնաբանությունների փոխարեն նա իր հոգում միայն դատարկ լուսանցքներ էր գտնում և ոչինչ չէր կարողանում մտաբերել։ Միաժամանակ նրան նորից սկսել էր հալածել այն տանջալից մտավախությունը, որ չլինի, թե ինքը մոռացության է մատնել ամենագլխավորը։ Նա անհանգիստ պեղում էր իր հոգին, նման այն նյարդայնացած ուղեվորին, որ ուղետոմսը գտնելու համար քրքրում ու շուռումուռ է տալիս իր բոլոր գրպաններն ու ճամպրուկները, մինչդեռ այն իր գլխարկի մեջ է, կամ նույնիսկ՝ ձեռքում։ Բայց ինչ օգուտ այդ «նույնիսկ»–ից։

Մինչև հիմա, թեկուզ մեկ ժամ առաջ, կամ ավելի վաղ, միթե ոչ մի ընդգծուն գաղափար չի ունեցել իր գլխում, միթե ոչ մի հանգույց չի կարողացել իր համար պարզել։ Եթե այո, ուր է այն, ինչ եղավ։ Այդ ամենը հեռու էր, և նա ոչինչ չկարողացավ մտաբերել։ Հուսահատության մեջ՝ բռունցքը խփեց ճակատին։ Տեր աստված, թույլ տուր ինձ բանալին գտնել։ Մի թող այս խղճալի վիճակում, մի թող, որ ապշահար ու անզգա կործանվեմ։ Ինչպես ամպակույտերը փոթորկի ժամանակ՝ նրա աչքերի առջևով ծվեն-ծվեն սահում էին անցյալի պատկերները, իրար մեջ ագուցված ու մեկը մյուսի վրա դասդասված միլիոնավոր տեսարաններ, անճանաչելիորեն օտարոտի ու հեգնախառն բեկորներ, ամեն մեկը ինչ-որ բան հիշեցնող, բայց ինչ, ինչ։

Հանկարծ նրա շրթունքները արտաբերեցին «Վագներ» անունը։ Հնչյունները կարծես անգիտակցաբար դուրս էին գալիս՝ վանկարկելով «Վագներ-Վագներ»։ Որտեղից միտքն ընկավ այդ անունը։ Ո՞ր խորխորատից։ Ի՞նչ էր այն իրենից ուզում։ Ո՞վ էր այդ Վագները։ Վագնե՞ր։

Նա ամուր կառչեց այդ անունից։ Այժմ գոնե իր առջև ինչ-որ ծրագիր ուներ, կոնկրետ առաջադրանք։ Դա գոնե ավելի լավ էր, քան տձև ու անկերպարանք մանրաբեկորների համայնապատկերի մշուշում ապարդյուն թևածելը։ Ինդիրն այս էր. պարզել, թե ո՞վ էր այդ Վագները։ Ես ինչ կապ ունեմ այդ Վագների հետ։ Ինչո՞ւ են իմ շրթունքները, իմ ոճրագործ դեմքի վրա դրոշմված այս ծամածռված շրթունքները, այժմ, գիշերվա կեսին, շարունակ արտաբերում Վագներ անունը։ Նա ժողովեց իր ուժերը։ Միտքը թափառում էր տարբեր հորիզոններում։ Խորհում էր Լոհենգրինի մասին և հանկարծ միտքն ընկավ մի հեռավոր հուշ, որ իրեն կապում էր երաժիշտ Վագների հետ։ Երբ դեռ քսան տարեկան էր՝ ինքը մոլեգին եռանդով սիրում էր Վագներին։ Հետագայում, տարիներ անց ավելի կասկածամիտ դառնալով՝ նա սկսեց թերություններ որոնել Վագների մոտ և շուտով ընդդիմացավ նրան։ Սկսեց ամեն կողմից քննադատել Վագներին, այդ քննադատությունն, հավանաբար, ավելի շուտ վերաբերում էր ոչ թե նրան՝ Ռիխարդ Վագներին, այլ այս վերջինիս նկատմամբ իր՝ Քլայնի տածած երբեմնի սիրույն։ Հա, հա, հա։ Ի՞նչ եղավ, գուցե ինչ-որ բան պարզեց իր համար, թե՞ նորից իր մեջ ինչ-ինչ խաբուսիկ ու սուտումուտ, աննշան թվացող անմաքրություններ էր հայտնաբերել։ Ահա նորից զանազան պատկերներ են իրար հերթափոխում ու լույս աշխարհ գալիս. վարչական ծառայող, ընտանիքի հայր և ամուսին Ֆրիդրիխ Քլայնի անբասիր թվացող կյանքում ամեն ինչ չէ, որ մաքուր ու հարթ է ընթացել, ամեն ինչ չէ, որ անաղարտությամբ է փայլել, ամեն անկյունում միշտ մի չար ոգի է թաղված եղել... Այո, հենց այդպես, նշանակում է նույնն է եղել նաև Վագների առնչությամբ։ Երգահան Ռիխարդ Վագները սուր քննա-դատության ենթարկվեց Ֆրիդրիխ Քլայնի կողմից և վերջնականապես ատելի դարձավ նրան։ Ինչու։ Որովհետև Ֆրիդրիխ Քլայնը երբեք իրեն չէր կարողանում ներել, որ երիտասարդ հասակում հրապուրված է եղել այդ նույն Վագներով։ Ի դեմս Վագների պատկերի՝ նա այժմ հալածում էր իր պատանեկան տարիների խանդավառությունը, իր երիտասարդությունը, իր անձկալի սերը։ Ինչո՞ւ։ Որովհետև պատանեկան անուրջները, խանդավառ սերը, իր երիտասարդությունը, Վագները և այլն, և այլն, իր մեջ ցավալի կորուստների հիշողություններ են արթնացնում, որովհետև ինքը դեպքերի բերումով ամուսնացել էր մի կնոջ հետ, որին երբեք չի սիրել, և նույնիսկ, անկեղծ ասած, չի էլ համակրել։ Այնպես, ինչպես վարվել էր Վագների հետ, այդպես էլ՝ այդ նույն վարչական ծառայող Քլայնը վարվել էր նաև ուրիշների հետ։ Առաքինի մարդ էր այդ պարոն Քլայն կոչեցյալը, որ սակայն իր առաքինությունների ետևում թաքցնում էր աղտեղության, ամոթանքի ու խայտառակության կծիկը, ահա թե ինչ։ Անկեղծ ասած՝ իր ծածուկ ու կեղծավոր մտածությունները նա հաճախ թաքցնում էր անգամ ինքն իրենից... Որքան մեղսավոր հայացքներ էր նետել փողոցներում շրջող սիրունատես աղջիկների ետևից, ինչ չար նախանձով էր նայել երեկոյան դեմ իրեն հանդիպող սիրահար զույգերին, երբ ինքը վարչությունից վերադառնում էր տուն՝ կնոջ մոտ... Հապա սպանության հետ կապված այդ մտքերը... Եվ արդյոք ինքը դպրոցի ուսուցչի վրա չթափեց ողջ ատելությունը, որին իրականում հենց ինքն էր

արժանի...

Նա հանկարծ զարհուրեց։ Եվս մի կապ պարզ դարձավ։ Դպրոցական ուսուցչին, այդ մարդասպանին նույնպես Վագներ էին կոչում, այո։ Ահա,; թե որտեղ էր թաղված շան գլուխը։ Վագներ, այսպես էր կոչվում այն հրեշավոր, այն խելագար ոճրագործը, որ կործանել էր իր ողջ ընտանիքը։ Եվ միթե իր ողջ կյանքը ինչ-որ իմաստով կապված չի եղել այդ Վագների հետ։ Արդյոք իր ողջ կյանքի ընթացքում նրա սևաթույր ստվերները

մշտապես չեն հալածել իրեն։

Փառք աստծո, գոնե հիմա կծիկի ծայրը գտնվեց։ Այո, այդ 4ագների հասցեին նա առաջներում, այն հեռավոր ու բարի ժամանակներում, զայրույթով ու վրդովմունքով էր արտահայտվել, ամենաահավոր կերպով դատափետել էր նրան։ Ավելի ուշ, Վագների արարքից անկախ, ինքն էլ

Նմանօրինակ մտածումներ է ունեցել, կարծես տեսիլքի մեջ իրեն բազմիցս պատկերացել է, թե ինչպես է սպանում կնոջն ու երեխաներին։

Դրանում ինչ անհասկանալի բան կար։ Միթե դա ճշմարտություն չէր։ Միթե բնական չէ, որ երեխաների բարեկեցության նկատմամբ մարդուս պատասխանատվության զգացումը օրերից մի օր անտանելի բեռ է դառնում, նրան հանում է հունից, դառն ում նույնպիսի անտանելի մի բան, ինչպես հաճախ սեփական էությունն ու կյանքն է պատկերանում մարդուն, երբ նա մի պահ այդ ամենն ընկալում է որպես մոլորության մի չար խաղ, որպես մեղք ու տառապանք։ ֊

Հոգոց հանելով, նա շարունակում էր մտորել այդ գաղափարների շուրջ։ Այժմ ամբողջ հստակությամբ պարզ դարձավ, որ արդեն այն ժամանակ, երբ ինքն առաջին անգամ իմացավ Վագների արարքի մասին, սրտի խորքում վագներյան այդ ոճրագործությունը լիովին ըմբռնել ու ներքուստ հավանություն էր տվել նրան, բնականաբար, դեռևս որպես միայն հնարավորություն։ Արդեն այն ժամանակ, երբ իրեն դժբախտ և իր կյանքը չկայացած էր համարում, դեռ տարիներ առաջ, երբ կարծում էր, թե սիրում է իր կնոջը և հավատում վերջինիս սիրույն, ահա այդ ժամանակ արդեն իր հոգին ներքուստ հասկացել էր դպրոցական ուսուցիչ Վագներին, և նրա կատարած զարհուրելի ոճրագործությանը իր հոգու ինչ-որ ներքին մղումով ծածուկ հավանություն էր տվել։ Ինչ որ այն ժամանակ ասել էր ու մտածել՝ այդ ամենը միայն իր բանականության կարծիքն էր եղել, ոչ թե սրտի։ Նրա սիրտը (իր մեջ բուն դրած այդ սրբազան արմատը, որի ընդերքից աճել է սեփական ճակատագիրը) վաղուց ի վեր ուրիշ կարծիքի է եղել, ներքուստ ըմբռնել և արդարացրել էր կատարված ոճրագործությունը։ Մշտապես երկու Ֆրիդրիխ Քլայն է գոյություն ունեցել, մեկը՝ տեսանելի, մյուսը՝ ծպտված, մեկը՝ վարչական ծառայող, մյուսը՝ ոճրագործ, մեկը՝ ընտանիքի հայր, մյուսը՝ մարդասպան։

Այն ժամանակ, սակայն, նա իրեն դասում էր աշխարհիս «երևելիների» խմբի մեջ, վարչապետական ծառայողների և իսկական մարդկանց, ազնիվ ամուսինների և արդարամիտ քաղաքացիների շարքում։ Իր հոգու ծածուկ մղումներին նա մինչև հիմա երբեք ընդառաջ չէր գնացել, նրանց նույնիսկ չի էլ ճանաչել։ Սակայն, իր այդ ներքին ձայնը մշտապես աննկատելիորեն ղեկավարել և վերջիվերջո իրեն դարձրել է փախստական ու արատավոր մի անձնավորություն...

Մեծագույն երախտագիտությամբ նա ամուր կառչեց այդ մտքերից։ Այստեղ գոնե ինչ-որ հետևողականություն կար, ինչ-որ բանական սկիզբ էր իր մեջ պարունակում։ Սակայն դա էլ դեռևս բավական չէր, ամենակարևոր մանրամասները դեռ մութ էին մնում, բայց արդեն ինչ-որ պարզություն, ճշմարտության ինչ-որ հյուլե, համենայնդեպս, ի հայտ էր գալիս։ Այն, ինչի հայտնությանը նա վաղուց ի վեր սպասում էր՝ ճշմարտությունը, կարծես մոտենում էր արդեն։ Միայն թե կծիկի կարճ ծայրը նորից չկորցներ... Քուն թե արթմնի, հյուծախտից ջերմելով, խորհրդածության ու երազանքի սահմանագծին մշտապես տարուբերվելով՝ նա կրկին ու կրկին, հարյուրավոր անգամներ կորցնում ու վերագտնում էր կծիկի ծայրը։ Եվ այսպես շարունակ, մինչև որ լույսը բացվեց, և փողոցների աղմուկ-աղաղակը կամաց-կամաց ներս սողոսկեց լուսամուտից։

2

Ողջ ցերեկը Քլայնը թափառեց քաղաքում։ Մի հյուրանոցի առջևով անցնելիս՝ հայացքն ընկավ պարտեզին, որն իրեն շատ դուր եկավ, ներս մտավ հյուրանոց, զննեց սենյակները և մեկը վարձեց։ Միայն դուրս գալուց հետո նա շրջվեց և շենքի ճակատին փորձեց կարդալ հյուրանոցի անունը, հյուրանոց «Կոնտինենտալ»։ Այդ անունը նրան ծանոթ թվաց, միթե դա էլ էր իրեն նախասահմանված, ինչպես «Հոթել Միլանոն»։ Շուտով նա ձերբազատվեց այդ մտքերից, երջանիկ տրամադրությամբ տրվեց օտարության հրապույրներին, գոհունակ ժպտաց իրեն վիճակված տարօրինակ արկածի թարմաշունչ բույրից, որի մեջ այնպես անսպասելիորեն հայտնվել էր իր կյանքը։

Անցյալ օրվա սքանչելի տրամադրությունը աստիճանաբար վերականգնվեց։ Հրաշալի է, որ այժմ ես հարավում եմ, խորհում էր նա անթաքույց երախտագիտությամբ։ Մի բարի ձեռք առաջնորդում էր իրեն։ Եթե չլիներ ամենուրեք սփռված այս սիրախանդ դյութանքը, չլինեին խաղաղ թափառումներն ու ինքնամոռացումի պահերը, որոնք ժամանակ առ ժամանակ հանգստացնում էին նրան, ապա նա գլուխը կկորցներ սարսափելի մտածությունների ջլատիչ տեղատարափի ու հուսահատության գրոհումների առաջ։ Իսկ այսպես, անբռնազբոս ու չպարտադրված, սարսափազերծ ու ուղեղն անջատած, անբովանդակ թափառումներից հետո՝ իրեն հաջողվում էր առժամանակ ընդարմանալ՝ հաճելի թմբիրին տրվելով։ Դրանից նա մեծ բավականություն էր ստանում։ Ուղղակի հրաշալի էր, որ դեռ գոյություն ունեն հարավային այս վայրերը, հատկապես որ ինքն անձամբ այժմ վայելում էր այդ գեղեցկությունները։ Հարավը թեթևացնում է մարդուս կյանքը, մխիթարում նրան, բթացնում ցավը։

Ցերեկվա լույսով ողողված բնանկարը հիմա նույնիսկ անհավանական ու ապշեցուցիչ տեսք ուներ, զառիթափ ու բարձրաբերձ լեռնագագաթները, թվում է, թե ծվարել էին կողք-կողքի, կարծես մի խենթուկ նկարչի ձեռք միջամտել և ուղղություն էր տվել այդ ամենին։ Ամեն, ամեն ինչ սքանչելի էր, մանր-մունր ու մերձավոր. միայնակ ծառը, ծովեզրը, գեղեցիկ ու պայծառ գույներով նկարազարդված փոքրիկ տնակը, պարտեզը երիզող ցանկապատը, խաղողի վազերի տակ աճած ցորենի նեղլիկ արտը տնամերձ պարտեզի պես պստլիկ ու բարեխնամ։ Այստեղ ամեն ինչ հաճելի էր ու մտերմիկ, զվարթատեսիլ ու մարդամոտ, ամեն կողմից առողջության ու վստահության բույր էր փչում։ Հանդարտաբարո ու զվարթերես մարդկանց հարևանությամբ տարածվող այդ փոքրիկ, հոյատեսիլ ու հոգեպարար տեսարանը անսպառ բերկրանքի իսկական աղբյուր էր։ Այն հանգամանքը, որ դեռ ընդունակ ես ինչ-որ բան սիրելու, դա էլ արդեն իր տեսակի մեջ փրկության նման մի բան էր...

Մոռացության ու անէանալու կրքոտ տենչանքով համակված՝ դարա-նակալ վախի զգացումների սարդոստայնից ելք որոնող տառապյալը ճախրում էր՝ ամբողջովին կլանված անծանոթ աշխարհի հմայքներով։ Ողջ տեսարանն ընդգրկող հրապուրիչ ու դյութող գյուղաշխարհով հմայված՝ նա թափառում էր ազատության մեջ։ Նրա հիշողության ծալքերում հառնում էին ոչ թե իր հայրենի գյուղաշխարհի ու նրա մարդկանց, այլ Հոմերոսի ու հռոմեացիների պատկերները։ Հարավում նա հնության և ասես նախնադարյան կեցության, բարքերի կատարյալ անմեղության ու պարզության այնպիսի հնաբույր շերտեր էր հայտնաբերում, որոնք բացակայում են հյուսիսային կողմերում. երեխաների ձեռքով ասես նկարազարդված դաշտային ծաղիկներ, տեղ-տեղ խունացած ու սմքած գույնզգույն փոքրիկ մատուռներ ու արձանիկներ, ճանապարհներին ամենուրեք վեր խոյացող պաշտամունքի վայրեր ու սրբատեղիներ... Քլայնին թվում էր, թե այդ բոլորը նույն իմաստն ունեին և ծնունդ էին առել այն նույն ոգուց, ինչ և նախնիների կերտած փոքրիկ տաճարներն ու սրբատեղիները, այն նախնիների, որոնք ամեն ծառաստանում, աղբյուրի կամ լեռան մոտ մի-մի աստվածություն էին պաշտում, և որոնց զվարթատեսիլ բարեպաշտությունը բուրում էր հացի, գինու և առողջության զգլխիչ անուշահոտություններով։ Վերադարձավ քաղաք, անցավ լուսափայլ կամարաշարերի տակով, հոգնաբեկ քայլում էր անտաշ սալահատակի վրա ու հետաքրքրությամբ նայում բաց կրպակների ու արհեստանոցների կողմը, հետո մի քանի իտալական լրագրեր գնեց՝ ուշադրություն չդարձնելով անգամ վերնագրերին, հոգնած ու ուժասպառ վերջապես կանգ առավ լճափնյա մի հրաշագեղ պուրակում։ Այս ու այնտեղ շրջում էին հովեկները, ոմանք կարդում էին նստարաններին թիկնած։ Ասես հայելու առաջ կանգնած ու ինքնասիրահարված ծեր ու հսկայաշուք ծառերը կախված էին սևականաչավուն ջրերի վրա և խավարը կարծես կամարով ծածկած լինեին։ Բազմապիսի զարմանահրաշ բույսեր, օձածառեր ու կեղծամածառեր, խցանակաղնիներ և ուրիշ արտասովոր բաներ՝ հանդուգն ու գոռոզ, վախվորած ու թախծալի կերպարանքով կանգնած էին մրգասեզերի մեջ, հրաշատեսիլ ծաղիկների հարևանությամբ։ Իսկ դիմացի լճափին լողում էին լուսաճառագված բծեր հիշեցնող ճերմակաթույր, վարդագույն գյուղակներն ու ամառանոցները։

Նա հոգնաբեկ ընկավ նստարանին և արդեն ուր որ է ննջելու վրա էր, երբ հանկարծ արթնացավ մոտիկից լսվող ինքնավստահ ու առաձգական ոտնաձայներից։ Կարճ կիսաշրջազգեստ ու կարմրակապտավուն բարձրակրունկ մույկեր հագած, նուրբ ոսկեկար գուլպաներից վեր երևակվող սրունքներով մի կին էր անցնում կոճղահարթակի վրայով, թեթևաքայլ ընթացքով, ամրակազմ, ուղղաձիգ ու հրավիրող կերպարանքով, գրգռիչ, նրբագեղ, ինքնավստահ ու սառը դիմագծերով, կարմրեցված շրթունքներով մի աղջնակ, որի լուսասպիտակ, մետաղյա դեղին գունավորումով սանրվածքը բարձր ու խիտ վարսերի դեզ էր հիշեցնում։ Քլայնի կողքով անցնելիս աղջկա հայացքը մի պահ ընկավ նրա վրա, այնպես փորձող ու քննախույզ, ինչպես բարապանի կամ հյուրանոցային ծառայողի հայացքը, հետո նա անտարբեր շարունակեց իր ընթացքը։

Իհարկե, մտածեց Քլայնը, նա իրավացի է, ես այն մարդը չեմ, որ ուշադրություն գրավեմ։ Ինձպեսներին սրանմանները ուշադրության չեն արժանացնում։ Այնուհանդեր ձ, իրեն ուղղված աղջկա սառն ու կարճատև հայացքը նրան ծածուկ ցավ պատճառեց։ Քլայնին թվաց, որ այդ մի. հատիկ, թեկուզև մակերեսորեն ու հպանցիկ կերպով իր կողմը նետված հայացքի մեջ արժանապատվությունը վիրավորող ինչ-որ բացասական շեշտ էր զգացվում, հանկարծ փշեր ու սվիններ խոյացան անցյալի խորքերից, և այդ հայացքից իրեն պաշտպանելու նպատակով՝ ատամները սրած կանգնեցին։ Նա շուտով մոռացավ, որ աղջկա սիրունատես ու նրբագեղ ոտնամանները, նրա ճկուն ու ինքնավստահ քայլվածքը, նրբագույն մետաքսագուլպաներ հագած ձիգ սրունքների հերթափոխը մի պահ իրեն շլացրել ու երջանկություն էին պատճառել։ Արդեն ցնդել-անէացել էր նրա շրջազգեստի սոսափյունը, այն զգլխիչ անուշահոտությունը, որ տարածվում էր նրա մազերից ու մաշկից։ Ցնդէլ-անցել էր այն սքանչելի ու հրապուրիչ շունչը, սեռի ու սիրահոժարության հրավերքը, որ այդ աղջնակից իրեն էր փոխանցվել։ Դրան փոխարինելու էին եկել բազմաթիվ խառնիխուռն հիշողություններ։ Որքան հաճախ էր նա այդպիսի էակներ տեսել, երիտասարդ, ինքնավստահ ու հրավերք կարդացող արարածներ, միայն թե դրանք միշտ պոռնիկներ կամ գոռոզամիտ ազնվաշխարհիկ տիկնայք են եղել, ինչքան էր իրեն զայրացրել նրանց այդ անամոթ անպատկառությունը, ինչքան զզվանք էր պատճառել նրանց ինքնավստահությունն ու ինքնագոհությունը, կոկետություններն ու ցուցամոլությունը։ Արտագնա զբոսանքների ժամանակ, քաղաքային ռեստորաններում որքան հաճախ էր նա անկեղծ սրտով կիսել իր կնոջ վրդովմունքն ու զայրույթը՝ կին կոչվելու անարժան ու անբարոյական այդ արարածների հասցեին։

Ջղաձիգ շարժումով նա ոտքերն առաջ պարզեց։ Այդ կինը փչացրեց իր լավ տրամադրությունը։ Քլայնը զայրացած էր, գրգռված ու վիրավորված։

 Նա կարծես զգում էր, որ եթե այդ դեղնածամի հետ տեղի ունեցած պատմությունը կրկնվի, եթե նա նորից իրեն զննի այն նախկին հայացքով, այդժամ ինքն իր ողջ հանդերձանքով՝ գլխարկից սկսած մինչև ոտնամանները, դեմք ու մորուքով հանդերձ կկարմրատակեր, իրեն ճիվաղաբարո ու թերարժեք կզգար։ Գրողը տանի... Այ քեզ դեղնածամ... Սուտ է, աշխարհում ոչ մի տեղ այդպիսի դեղին մազեր չեն լինում։ Շպարվածի մեկն էր այդ աղջիկը։ Ինչպե՞ս միայն մարդ կարող է իրեն թույլ տալ սեփական շրթունքները սնգույրով ներկել... Ա՜յ քեզ վայրենություն...

Եվ նման էակներն այնպես ինքնավստահ են քայլում՝ ասես աշխարհիս տերը լինեն, այնպիսի արհեստական պահվածք ու գոռոզամիտ շարժուձևեր են բանեցնում, որ փչացնում են օրինավոր մարդկանց եր-ջանկությունը։

Անցյալի հիշողությունները, համեմված տհաճություն, զայրույթի ու վարանումի հարաբորբոք զգացումներով, արդեն որերորդ անգամ հոր-ձանքով արշավեցին նրա վրա, և, հանկարծ, դրանց թվում մի անսպասելի միտք սթափեցրեց նրան. բայց չէ՞ որ դու նորից կնոջն ես վկայակոչում, չէ՞ որ դու ընդունում ես նրա իրավացիությունը, նորից ենթարկվում նրան... Անակնկալ կերպով մի փութանցիկ զգացում անցավ նրա սրտով. ես հիմար եմ, որ ինձ դեռ «օրինավոր մարդկանց» շարքն եմ դասում, չէ՞ որ ես այլևս այդպիսին չեմ, ես, ինչպես և այդ դեղնածամը, կատարելապես մի այլ աշխարհի եմ պատկանում, առաջվանից տարբեր մի աշխարհի, որը բոլորովին էլ «օրինավոր մարդկանց» աշխարհը չէ, այստեղ օրինավորն ու անօրինականը դեռ ոչինչ չեն նշանակում, այստեղ յուրաքանչյուր ոք իր ծանր ու դժվարին կյանքով է ապրում։ Հանկարծ նա զգաց, որ դեղնածամի նկատմամբ ունեցած իր արհամարհանքը նույնքան մակերեսային է ու անկեղծությունից զուրկ, ինչպես և իր երբեմնի վրդովմունքը դպրոցական ուսուցիչ ու մարդասպան Վագների նկատմամբ, ինչպես իր հակակրանքը մյուս Վագների հանդեպ, որի երաժշտությունը ինքը մի ժամանակ համարում էր աշխարհիս ամենազգայացունց երևույթը։ Մի պահ նրա խեղված գիտակցությունը, կորուսյալ ես-ը իրեն զգալ տվեց և ամենագետի հայացքով ասաց, որ վրդովմունք կոչվածը, զայրույթի զգացումը, արհամարհանքն ու հակակրանքը մոլորություններ ու մանկամտություններ են, և որ մի գեղեցիկ օր էլ նրանք կարող են ուղղվել իր նման չմահավան թշվառականների դեմ։

Այդ բարի, ամենագետ գիտակցությունը ասաց նաև, որ նա այստեղ էլ մի մեծ գաղտնիքի առաջ է կանգնած, որի լուծումը խիստ կարևոր է իր կյանքի համար, և որ այդ անբարոյական աղջիկը կամ բարձրաշխարհիկ տիկինը, նրբագեղության, գայթակղության և սեռի այդ հավերժական բուրմունքը իր համար զզվելի կամ վիրավորական չէ այլևս, այդ ինքն է միայն իրեն ներշնչել, միայն ու միայն իր իրական կերպարի, Վագների, գազանի կամ դևի հանդեպ ունեցած վախից դրդված՝ նման արտառոց միտք է հղացել, որը, սակայն, մի օր իր համար նոր կողմով պիտի բացահայտվեր, եթե միայն կարողանար դեն նետել կաշկանդիչ քաղքենիական շղթաներն ու դիմակը։ Նրա մեջ հանկարծ ծիծաղի ալիք պայթեց, բայց իսկույն էլ հանգավ։ Նա նորից իր մեջ ուժ գտավ դիմագրավելու տհաճ զգացմունքների արշավին։ Սարսափելի էր զգալ ու տեսնել, թե ինչպես ամեն հոգևոր զարթոնք, ամեն գրգիռ ու միտք խփում էին քո ամենաթույլ ու անպաշտպան օղակներին, այն օղակներին, որ միայն տառապանք էին պատճառում ու ցավ։ Այժմ նա նորից իր մտքերի հետ էր, փորփրում էր հիշողությունները, դեմ առ դեմ նստած էր իր չկայացած կյանքի, իր կնոջ, կատարած ոճրագործության փաստի, անհուսալի ապագայի առաջ։ Սարսափի զգացումը նորից վերադարձավ, ամենագետ ես-ը խորասուզվեց ու հանգավ որպես հառաչանք, որպես հոգոց, որը ոչ ոք չէր լսել։ Այս ինչ տառապանք է... Օ՜, ոչ, դեղնածամը ոչ մի մեղք չունի։ Այն ամենը, ինչ ինքը տածում էր նրա հանդեպ, դրանից դեղնածամը ցավ չէր զգում, այդ ամենը սոսկ իր դեմ էր ուղղված և միայն իրեն էր ցավ պատճառում։

Նա վեր կացավ և սկսեց արագ-արագ քայլել։ Առաջներում հաճախ էր մտածել, որ ինքը բավական միայնակ կյանք է վարում, և, ոչ առանց փառամոլության զգացումի, իրեն դասելով քչով բավարարվելու փիլիսոփայության ջատագովների շարքը՝ գործընկերների շրջանում գիտնականի, գրքամոլի ու թաքնված գեղագետի համբավ էր վայելում։ Տե՜ր աստված, բայց չէ՞ որ ինքը երբեք միայնակ չի եղել։ Շարունակ հարաբերվել է գործընկերների, կնոջ, երեխաների, ամեն տեսակ մարդկանց հետ, այդպես էր անցնում նրա օրը, այդպես հոգսերն էլ փոքր-ինչ տանելի էին դառնում։ Նույնիսկ երբ մենակ էր լինում, համենայնդեպս, դա մենակություն չէր կարելի անվանել։ Սրա-նրա կարծիքները, անհանգստությունները, ուրախություններն ու մխիթարությունները նա կիսում էր ողջ աշխարհի հետ։ Մշտապես հասարակությամբ է շրջապատված եղել, և նույնիսկ մենակության պահերին էլ, ցավի ու համակերպության մեջ էլ միշտ պատկանել է որևիցե խմբի կամ բազմության, ինչ-որ պաշտպանական միության, օրինավոր ու օրինապահ, առաքինի ու ազնիվ մարդկանց աշխարհին։ Եվ միայն հիմա էր նա ճաշակում մենակության պտուղը։ Արձակված ամեն սլաք իրեն, միմիայն իրեն էր դիպչում, ցանկացած մխիթարական փաստարկ անիմաստ էր դուրս գալիս, վախի զգացումից ձերբազատվելու, փախուստի յուրաքանչյուր քայլ նրան նորից բերում-կանգնեցնում էր այն աշխարհի առաջ, որի հետ ինքը խզել էր բոլոր կապերը ու հաշիվները մաքրել, որն իր համար ցնդել-անէացել էր ու օտարոտի դարձել։ Այն ամենը, ինչը ողջ կյանքում իրեն ազնիվ ու օրինավոր էր թվացել, այժմ դա դարձել էր այդպիսին լինելուց։ Ամեն, ամեն ինչ նա պետք է իր միջից դուրս կորզեր, այդ խնդրում նրան ոչ ոք չէր օգնելու։ Իսկ ինչ էր նա իր մեջ գտնում։ Ավաղ, միայն անկարգություն ու խառնաշփոթ...

Ավտոմեքենան, որին մի պահ մոռացել էր, նորից գրավեց նրա ուշադրությունը և նոր սնունդ մատուցեց նրա խոհերին։ Հանկարծ նա իր քնատ գլխում դատարկություն ու խառնաշփոթ զգաց։ «Ավտոմեքենա», արտաբերեց նա և չկարողացավ հասկանալ, թե ինչ էր այն նշանակում։ Մի պահ միայն, հոգնությունից աչքերը փակելով, նա մի պատկեր տեսավ, որն իրեն ծանոթ թվաց, այն իրեն ինչ-որ բան հիշեցրեց և թարմություն հաղորդեց մտքին։ Նրան պատկերացավ, որ ինքը մեքենա էր վարում, դա կարծես երբեմնի իր տեսած երազներից լիներ։ Այն երազում նրան պարուրած զգացումի մեջ, երբ ինքը հրեց վար որդին և գրավեց նրա տեղը, փրկության ու հաղթանակի պես մի բան կար։ Դրանում ինչ-որ մխիթարական բան էլ կար, որը, սակայն, դժվար էր մատնացույց անել։ Նրան տրված էր, թող որ միայն երևակայության մեջ կամ երազում, սեփական մեքենան լիովին ինքնուրույն վարելու մի ուրախալի հնարավորություն, ով էլ լիներ այդ մեքենավարը՝ նրան ծաղրուծանակով նստատեղից դուրս հրելու հնար և զորություն, նույնիսկ եթե մեքենան այդ ընթացքում ցնցումներ էլ էր ունենում, մերթ ընդ մերթ մայթ դուրս գալիս, մխրճվում տնակների և մարդկանց մեջ, դա, համենայնդեպս, ավելի հրաշալի էր, շատ ավելի լավ, քան ուրիշի կամքին թողնված անվտանգ երթևեկելը և երեխայի պես ուրիշին ենթարկվելը։

Երեխայի պես... նա հանկարծ ծիծաղեց։ Հիշեց, որ իր մանկության ու պատանեկության տարիներին հաճախ էր անիծում իր համար ատելի դարձած Քլայն ազգանունը։ Վերջապես այժմ ձեռք է քաշել դրանից։ Մի՞թե այն իր մեջ ոչ մի նշանակություն, այլաբանական կամ խորհրդանշային իմաստ չէր պարունակում։ Նա այժմ դադարել էր փոքրիկ լինելուց, և այլևս թույլ չի տա, որ ուրիշները իրեն վարեն։

Հյուրանոցում ճաշելիս նա մի շիշ սեղանի ազնիվ գինի պատվիրեց, որը ի մեծ երջանկություն իրեն լավը դուրս եկավ և անունն էլ տպավորվեց նրա հիշողության մեջ։ Այս աշխարհում շատ քիչ բաներ կան, որ ունակ են օգնելու; մխիթարելու ու թեթևացնելու մարդուս կյանքը։ Այդ փոքրաթիվ բաները ճանաչելը անչափ կարևոր է։ Այդ գինին էլ դրանցից մեկն էր, ինչպես նաև հարավային օդն ու բնանկարը։ Ուրիշ, ուրիշ էլ ինչ։ Ախ, այո, մտածելը, դրա մեջ նույնպես ինչ-որ մխիթարական բան կար, որը որպես բարի պարգև է մատուցվում և օգնում է ապրելուն։ Սակայն ամենևին էլ բոլոր մտքերը չէ, որ այդպիսին են, օ, ոչ։ Կան և այնպիսիք, որ միայն տառապանք ու ցավալի խանգարումներ են առաջ բերում։ Կան, որ բախվում են կարծր ու անխորտակելի մի ինչ-որ պատի, փորփրում, պեղում այն, և սակայն կյանքից հիասթափվելուց բացի ուրիշ լավ բանի չեն բերում, գարշանքն ու սարսափի զգացումն է նրանց թողած միակ հետևանքը։ Ուրեմն պետք է ուրիշ կարգի մտքեր հղանալ, ուրիշ խորհրդածությունների վարժեցնել սեփական ուղեղը։ Բայց մի՞թե այդ հոգեվիճակը, տրամադրվածության այդ կերպը ընդհանրապես կարելի է խորհրդածություն կոչել, չէ՞ որ այն միշտ էլ հաշված վայրկյաններ է տևում և խորհրդածելու ճիգից ու տենդագին մղումից միայն քայքայվում է ու կործանվում։ Այդօրինակ անձկալի ու լարված հոգեվիճակում միայն հատուկ կարգի պայծառատեսություններ, հիշողություններ, տեսիլքներ, երևակայության խաղեր ու զանազան գիտելիքներ են ծնունդ առնում։ Ավտոմեքենայի հետ կապված միտքը (կամ երազը) հենց այդ տեսակին է պատկանում, այդ փառահեղ ու մխիթարիչ տեսակին, ինչպես և մարդասպան Վագների ու այն խոսակցության մասին հանկարծակիորեն մտաբերած միջադեպը, որին ինքը տարիներ առաջ մասնակից է եղել։ Քլայն ազգանվան հետ կապված տարօրինակ պայծառատեսությունը նույնպես այդ տեսակին էր պատկանում։ Այսօրինակ խորհրդածությունների ու պայծառատեսությունների ժամանակ վախի զգացումը և զզվելիության չափ անզոր հուսահատությունը ինչ-որ պահի տեղի էին տալիս և փոխակերպվում անսպասելիորեն ճառագող ինքնավստահության, այդժամ թվում էր, որ ամեն ինչ կարգին է, մենակությունը դառնում էր զորեղ ու ինքնահավան, անցյալը՝ հաղթահարված, ապագան՝ անվտանգ ու ոչ սարսափելի։

Այդ ամենը դեռ հարկավոր էր վերաիմաստավորել, այն դեռ պետք էր հասկանալ ու փորձել վերծանել... նա կփրկվեր, եթե կարողանար հաճախակի տրվել նման խորհրդածությունների, եթե հաջողվեր հոգածու նրբավարությամբ այդ ամենն իր միջից դուրս կորզել։ Նա շարունակ մտածում էր Ու մտածում։ Չիմացավ, թե ինչպես անցավ ետճաշյա հանգիստը, ժամերը հալվեցին-անցան ինչպես երազում, իսկ գուցե ինքը իսկապես քնած էր, ի՞նչ իմանաս։ Նրա մտքերը շարունակ պտտվում էին այդ խորհուրդի շուրջը։ Նա հաճախակի և համառորեն մտածում էր դեղնածամի հետ իր ունեցած հանդիպման մասին։ Ի՞նչ էր այն խորհրդանշում։ Ինչպե՞ս բացատրել, որ այդ անծանոթուհու, գեղեցիկ, բայց իրեն հակակրելի կնոջ հետ ունեցած հպանցիկ հանդիպումը, հայացքների այդ վայրկենական փոխանակումը նրա համար երկարատև խորհրդածությունների, զգացմունքների զեղման, հուզմունքի, հիշողությունների, ինքնաձաղկում-ինքնամերկացումների պատճառ հանդիսացավ։ Մի՞թե դա հնարավոր էր պատկերացնել։ Արդյո՞ք ուրիշների հետ էլ էր նման բան պատահում։ Ինչո՞ւ այդ դեղնածամի կերպարանքը, քայլվածքը, ոտքերը, ոտնամանն ու գուլպան իրեն մի պահ ասես դյութեցին։ Եվ ինչո՞ւ, հետո արդեն, այդ կնոջ սառը գնահատող հայացքն իրեն այդպես սթափեցրեց։ Ինչո՞ւ այդ տհաճ հայացքը ոչ միայն զգաստացրեց իրեն և դուրս բերեց կարճատև հեշտանքի ու հրապուրվածության վիճակից, այլ վիրավորեց, վրդովեցրեց ու ստորացրեց իրեն իր իսկ աչքերում։ Այդ հայացքի դեմ կռվելու համար ինչու է ինքը ոգեկոչել այնպիսի բառեր ու հիշողություններ, որոնք ամբողջապես պատկանում էին իր երբեմնի աշխարհատեսությանը, բառեր, որոնք կորցրել էին իրենց իմաստը, փաստարկներ, որոնց ինքը այլևս չէր հավատում։ Այդ դեղնածամ կնոջ ու նրա տհաճ հայացքին նա հանդիպադրեց իր կնոջ դատողությունները, գործընկերների խոսքերը, իր նախկին ես-ի արտահայտած մտքերն ու կարծիքները, որ պատկանում էին այլևս գոյություն չունեցող քաղաքացի և ծառայող Քլայնին, բոլոր հնարավոր միջոցներով նա ձգտում էր պաշտպանվել այդ հայացքից, և ստիպված էր խոստովանել, որ այդ ուղղությամբ իր գործադրած միջոցները բացառապես հնամաշ և այլևս գործածությունից դուրս եկած գրոշի արժեք ունեին։ Ճնշվածության, խռովքի ու սեփական անարդարացիության ցավալի զգացումից բացի՝ բոլոր այդ սիրտ մաշող պատճառաբանությունները ոչ մի դրական արդյունքի չհանգեցրին իրեն։ Միայն մի պահ նա կարծես վերագտավ այն մյուս, խիստ փափագելի հոգեվիճակը, մի ակնթարթ միայն նա կարծես գլուխը տարուբերեց բոլոր այդ ճնշիչ պատճառաբանությունների կապակցությամբ, և, հավանաբար, խելացի վարվեց։ Հանկարծ նա հասկացավ. դեղնածամի վերաբերյալ իմ մտածությունները սնամեջ ու անարժեք բաներ են, ճակատագիրը չար խաղ է խաղում ինչպես ինձ, այնպես էլ նրա հետ։ Աստված նրան այնքան է սիրում, որքան և ինձ։

Որտեղից է գալիս այդ հաճելի ձայնը։ Ինչպե՞ս և որտե՞ղ այն վերստին գտնել, ինչպե՞ս վերաբերվել նրան, որ ճյուղին էր նստած այդ տարաշխարհիկ ու վեհերոտ թռչունը։ Այդ ձայնը ճշմարտությունն էր ավետում, իսկ ճշմարտությունը բարիք էր, փրկություն ու ապաստան։ Այդ ձայնը հայտնվում էր, երբ դու ներքուստ համաձայնության էիր գալիս ճակատագրիդ հետ և սկսում էիր սիրել ինքդ քեզ. դա կամ աստծո կամ էլ ամենաճշմարիտ, ամենասրբազան ես-իդ ձայնն էր՝ ամեն տեսակ կեղծիքից, արդարացումից ու խեղկատակություններից հեռու։

Ինչո՞ւ նա միշտ չէր կարողանում լսել այդ ձայնը։ Ինչու էր ճշմարտությունը տեսիլքի պես մշտապես սահում-անցնում իր կողքով, որպես ուրվական, որին միայն փութանցիկ նետված կես-հայացքով կարող ես նկատել, որը, սակայն, ցնդում-անհետանում է, երբ ամբողջ հայացքդ ես նրա վրա բևեռում։ Երջանկության այդ դարպասները ինչո՞ւ էր նա շարունակ բաց տեսնում, և երբ ուզում էր ներս մտնել՝ այն միշտ շրխկոցով փակվում էր իր առաջ...

Հյուրանոցի համարում արթնանալով ընդարմացուցիչ նիրհից՝ նա ձեռքը վերցրեց Շոպենհաուերի հատորյակը, որն ընկած էր գրասեղանին և, սովորաբար, ճամփորդությունների ժամանակ իր ուղեկիցն էր լինում։ Պատահական մի էջ բացեց ու կարդաց. «Երբ մենք հետադարձ հայացք ենք նետում մեր կյանքի անցած ուղուն և ուշի-ուշով հետևում մեր կատարած տարաբախտ քայլերին ու նրանց հետևանքներին, հաճախ չենք կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող էինք կատարել այս ու այս բանը և չանել մեկ ուրիշը, կամ մի երրորդը. այնպես է ստացվում, որ «կարծես ինչ-որ օտար մի ձեռք ուղղություն է տալիս մեր քայլերին»։ Գյոթեն «Էգմոնտում» ասում է. «Մարդուն թվում է, թե ինքն է արարում իր կյանքը, որ սեփական գործողությունները կառավարվում են իր կամքով, իրականում, մարդու մեջ նախապես դրված սրբազան ուժերը նրան անկասելիորեն առաջնորդում են իր ճակատագրին ընդառաջ»։ Արդյո՞ք այստեղ այնպիսի մի բան չկար, որ իրեն վերաբերելիս լիներ։ Մի բան, որ անմիջականորեն ու խորապես առնչություն ունենար իր այսօրվա մտա՚ էությունների հետ։ Անհագ տենչանքով նա շարունակեց ընթերցանությունը, բայց այլևս ոչինչ չէր ստացվում, հաջորդ տողերն ու նախադասությունները այլևս իրեն չէին վերաբերում։ Գիրքը մի կողմ դրեց, և երբ նայեց գրպանի ժամացույցին՝ նկատեց, որ այն լարից ընկել ու կանգ է առել, վեր կացավ ու պատուհանից դուրս նայեց, ըստ երևույթին արդեն երեկոյանում էր։

Նա իր մեջ հոգնածության պես մի բան էր զգում, ասես սաստիկ մտավոր լարումից հետո, բայց ոչ անպտուղ տեղը հյուծված ու սպառված, դա մի տեսակ արդյունավետ հոգնություն էր, որպիսին վայելում ես աշխատանքի բարեհաջող ավարտից հետո։ Գուցե մեկ ժամ կամ քիչ ավելի քնած եմ մնացել, մտածեց նա, ապա մազերը սանրելու նպատակով մոտեցավ հայելուն։ Նա իրեն արտասովոր կերպով հոգեպես թեթև ու անկաշկանդ էր զգում, հայելու մեջ երևակվում էր իր ժպտացող դեմքը։ Գունատ, գերհոգնած դեմքի վրա, որը նրան արդեն երկար ժամանակ է, ինչ աղճատված, քարացած ու խելացնոր կերպարանքով էր ներկայանում, այժմ արդեն մեղմ, բարեկամական ու բարի ժպիտ էր խաղում։ Նա զարմացած տարուբերեց գլուխը և ինքնաբերաբար ժպտաց։

Երբ ցած իջավ՝ ռեստորանի մի քանի սեղանների շուրջն արդեն ընթրում էին։ Բայց մի՞թե քիչ առաջ չէր, որ ինքը ճաշեց։ Ինչևէ, այդ արարողությունը նորից կրկնելու մեծ ցանկություն ուներ և մատուցողին հետաքրքրասիրությամբ հարցուփորձ անելուց հետո՝ ճոխ կերակուր պատվիրեց։

― Գուցե պարոնը ցանկություն ունենա այսօր երեկոյան Կաստիլյոնե գնալ,― սեղանը գցելով հարցրեց մատուցողը,― հյուրանոցի մոտից մոտորանավակ է մեկնում։

Քլայնը գլուխը թոթվելով շնորհակալություն հայտնեց։ Ոչ, նման հյուրանոցային միջոցառումները նրա համար չէին... Ի՞նչ, Կաստիլյոնե։ Դրա մասին նա կարծես առաջ էլ էր լսել։ Այն զվարճությունների մի հավաքատեղի էր՝ խաղատնով, փոքրիկ Մոնտե-Կարլոյի պես մի բան։ Տեր աստված, ինչ կարող էր ինքն այնտեղ անել։

Մինչ սուրճ կմատուցեին, նա իր առջև դրված բյուրեղապակյա ծաղկամանի միջի ծաղիկների փնջից մի փոքրիկ սպիտակ վարդ վերցրեց ու ամրացրեց իր կոճկառին։ Հարևան սեղանից իրեն էր հասնում ծխացող սիգարի բույրը։ Ճիշտն ասած, լավ սիգարից ինքը չէր հրաժարվի։

Հետո անվճռականորեն սկսեց հյուրանոցի առաջ այսուայնկողմ քայ-լել։ Մեծագույն հաճույքով նա նորից կուղևորվեր այն գյուղաշխարհի կողմերը, ուր երեկ երեկոյան, իտալուհու երգի ու մոգական պարի պտույտներին համընթաց առկայծող կայծոռիկի շարժումների մթնոլորտում իր մեջ զգացել էր հարավի քաղցրանույշ գրավչությունը։ Նրան գրավում էին նաև պարտեզը, սաղարթախիտ ստվերների մեջ ծփացող ջրի խայտանքը, արտասովոր ու վայրի ծառերը, և եթե նորից հանդիպեր այն դեղնածամ տիկնոջը, համոզված էր, որ վերջինիս սառը հայացքը այժմ արդեն իրեն չէր զայրացնի և չէր վրդովի իր հոգին։ Ի դեպ, ինչ անմտածելիորեն վաղուց էր կայացել այդ հանդիպումը... Ինչպե՞ս էր նա արդեն համակերպվել հարավ կոչված այդ վայրերին... Ինչքան էր տառապել, խորհրդածել, ինչքան բան էր իմացել...

Ծայրեիծայր անցավ փողոցի ողջ երկայնքով, ամառային երեկոյի հաճելի ու անուշ քամին շոյում էր նրա կուրծքը։ Միապաղաղ վառվող փողոցային լապտերների շուրջը կրքոտ ու հատու շարժումներով պտտվում էին գիշերաթիթեռները, գործնականորեն տրամադրված խանութպանները շատ ուշ էին փակում իրենց հաստատությունները՝ երկաթե կողպեքները չխկչխկացնելով դռների շրջանակների վրա, երեխաներից շատերը դեռևս չէին սպառել իրենց ողջ էներգիան և այս ու այն կողմ էին վազվզում, թռչկոտում սրճարանների սեղանակների միջև, որոնց շուրջբոլորը, ուղղակի փողոցի մեջտեղում նստած մարդիկ սուրճ ու զովացուցիչ ըմպելիքներ էին ճաշակում։ Պատի որմնախորշում առկայծող լույսերի ներքո մարիամային ինչ-որ դեմք էր ժպտում։ Կյանքը շարունակվում էր նաև լճափնյա նստարանների վրա, ուր ծիծաղում, վիճաբանում էին ու երգում, իսկ ջրերի վրա, այս ու այնտեղ, լողում էին միայն վերնաշապիկ հագած թիավարներով ու ճերմակաբաճկոն աղջնակներով բեռնավորված նավակները։

Քլայնը հեշտությամբ գտավ պարտեզ տանող ճանապարհը, սակայն բարձրուղեշ դարպասը փակ էր։ Բարձրադիր երկաթյա ցանկապատի ետևում փռված էր մութն ու նինջը ներծծած, օտարոտի, լռակյաց ու խավարչտին ծառաստանը։ Նա հայացքը երկար չէր կտրում այդ տեսարանից։ Հետո ժպտաց և միայն հիմա պարզորոշ գիտակցեց այն ծածուկ ցանկությունը, որ նրան բերել էր այստեղ, երկաթակուռ փակ դարպասների մոտ։ Այժմ արդեն միևնույն էր, առանց պարտեզի էլ կարելի էր յոլա գնալ։

Նա հանգիստ նստել էր լճափնյա նստարանին և ուշի-ուշով անցնող-դարձողներին էր նայում։ Լապտերների պայծառ լույսի ներքո՝ նա բաց արեց իտալական մի լրագիր և փորձեց կարդալ։ Ամեն ինչ չէ, որ հասկանում էր, սակայն յուրաքանչյուր նախադասության առթիվ, որ իրեն հաջողվում էր թարգմանել, մեծ բավականություն էր ապրում։ Միայն աստիճանաբար, քերականությունը մի կողմ թողնելով, նա սկսեց իմաստներին ուշադրություն դարձնել, և մեծ զարմանքով նկատեց, որ հոդվածը, որ ինքը ընթերցում էր, դաժան ու դառն անարգանքներ էր տեղում իր հայրենակիցների ու իր երկրի հասցեին։ Տարօրինակ բան, մտածեց նա, մի՞թե այս ամենը դեռ գոյություն ունի... Իտալացիները իր հայրենակիցների մասին գրում էին ճիշտ այնպես, ինչպես որ իրենց թերթերն էին միշտ գրում Իտալիայի ու իտալացիների մասին, ճիշտ և ճիշտ նույն կերպ դատապարտելով, ճիշտ նույն վրդովմունքով, սեփական իրավացիության և հարևանի անարդարացիության այն նույն աներկբայելի ինքնավստահությամբ։ Տարօրինակ էր նաև այն, որ այդ լրագիրը, իր բովանդակած ատելության ու դատապարտողական մռայլ ոգով հանդերձ, իրեն չհուզեց ու չզայրացրեց։ Իսկ գուցե դրանում ամենևին էլ տարօրինակ բան չկար։ Չէ՞ որ այդ ամենը այն աշխարհի ոճն ու լեզուն է, որին ինքը այլևս չէր պատկանում։ Թող որ այն լիներ լավագույն, ամենասքանչելի, միակ ճշմարիտ աշխարհը, բայց այն այլևս իրենը չէր։

Նա լրագիրը թողեց նստարանի վրա և շարունակեց քայլել։ Մի պարտեզում, խիտ աճած վարդաթփերից վեր, հարյուրավոր գույնզգույն լույսեր էին պսպղում։ Շարունակ մարդիկ էին ներս ու դուրս անում, և Քլայնը միացավ նրանց խմբին. դրամարկղ, ծառայողներ ու գործավարներ, ազդագրերով զարդարված պատի տախտակներ։ Պարտեզի մեջտեղում կար մի սրահ, որ պատեր չուներ, վերևում միայն մի մեծ պաստառե առաստաղ էր կապված, որից էլ հենց կախ էին ընկած բոլոր այն անթիվ ու անհամար բազմագույն լապտերները։ Սեղանների շուրջը նստոտած բազմությունը լցնում էր այդ բացօթյա դահլիճը, ավելի խորքում շողշողում էր նեղլիկ ու քիչ բարձր տեղադրված բեմահարթակը՝ ողողված արծաթագույն, կանաչ ու վարդագույն վառվռուն երանգներով։ Նրա առջև՝ ներքևում, նստած էին երաժիշտները, մի փոքրիկ նվագախումբ։ Գունագեղ ու տաք գիշերվա մեջ հնչում էր սրինգի թևավորված ու զուլալ ձայնը, լիաթոք ու հզորաձայն հնչում էր հոբոյը, խուլ, վեհերոտ ու ջերմաշունչ՝ երգում թավջութակը։ Բեմի վրա մի ծերունի կատակերգեր էր ներկայացնում, նրա շպարված բերանը անշարժ ծիծաղում էր, իսկ ճաղատ ու մտահոգ գլխի վրա, ասես հայելում, արտացոլվում էր գունագեղ ու ճոխ լուսախաղը։

Քլայնը նման բաներ չէր սիրում, մի պահ խորը հիասթափություն ապրեց, նրա մեջ արթնացավ իր վաղեմի երկյուղածությունը, որ պաշարեց իրեն՝ այդ ուրախ-զվարթ ու պերճաշուք բազմության մեջ հայտնված միայնակ հոգուն։ Անբնական տոնականության այդ մթնոլորտը, թվաց, թե չէր պատշաճում բուրումնավետ երեկոյան պարտեզին, և նա մի տեսակ խորշանք զգաց դրանից։ Բայց նստած տեղից չշարժվեց, և բազմաթիվ գունագեղ ու աղոտ լապտերներից շողարձակող լույսը շուտով խաղաղեցրեց նրան՝ ասես կախարդական քողով պատելով բացօդյա դահլիճը։ Նուրբ ու սրաթափանց խանդով ծորում էր մեղմիկ երաժշտությունը՝ միախառնված ՞անթիվ վարդերի անուշաբույրությանը։ Ուրախ-զվարթ, պճնված, բայց զուսպ, խրախճանալու ցանկությամբ լի կիսաշրջանաձև նստած էին տղամարդիկ՝ գավաթների, շշերի ու պաղպաղակի պիտույքների հարևանությամբ, փխրուն ու գունավոր լույսերի հրաշալի փոշեխաղի մեջ թաթախված՝ ճախրում էին կանացի պայծառ դեմքերը ու պսպղուն գլխարկները, նույնիսկ գավաթների մեջ փայլփլացող վարդագույն ու դեղին պաղպաղակները, կարմիր, կանաչ ու դեղին մրգահյութով լի բաժակներն անգամ ներդաշնակում էին այդ տոնականորեն շնչող ու հանդիսավոր պատկերներին։

Ծաղրածուին ոչ ոք չէր լսում։ Լքված ու մեկուսի կանգնել էր թշվառ ծերուկը բեմահարթակի մի ակյունում և երգում էր ինչ գիտեր-չգիտեր, հրաշագեղ լույսը կաթկթում էր նրա խեղճուկրակ կերպարանքի վրա։ Նա ավարտեց իր համարը և կարծես գոհ էր, որ վերջապես կարող էր գնալ։ Առջևի շարքի սեղաններից երկու-երեք հոգի աշխույժով ծափողջույններ հնչեցրին։ Երգիչը հեռացավ և քիչ անց պարտեզի միջով սրահ մտավ և տեղ զբաղեցրեց նվագախմբի առջև գտնվող սեղաններից մեկի մոտ։ Փոքր-ինչ առաջ խոնարհված դիրքով նստած մի երիտասարդ կին նրան սոդայաջուր առաջարկեց, Քլայնի հայացքն ընկավ նրա վրա։ Դա հենց այն նույն դեղնածամն էր։

Ինչ-որ տեղից հնչեց զանգակի երկար ու զիլ ձայնը, սրահում աշխույժ առաջացավ։ Շատերը, գլխարկ ու վերարկուն հանած, տեղներից վեր կացան։ Դատարկվեց նաև նվագախմբին մոտիկ սեղանը, դեղնածամը մյուսների հետ վեր կացավ, նրա վարսերը լուսավոր բծի պես շողարձակում էին պարտեզի մթնշաղում։ Սեղանի մոտ նստած մնաց միայն ծերուկ երգիչը։

Քլայնը իրեն ստիպեց վեր կենալ և քայլերն ուղղեց դեպի այն սեղանը, ուր նստած էր դեղնածամը։ Նա քաղաքավարի կերպով ողջունեց ծերունուն, վերջինս միայն թեթևակիորեն գլխով նշան արեց.

― Դուք ինձ չէի՞ք ասի, թե ինչ է նշանակում այդ զանգը,― հարցրեց Քլայնը։

― Ընդմիջում,― ասաց ծաղրածուն։

― Իսկ ու՞ր գնացին բոլորը։

― Խաղալու։ Ընդմիջումը կես ժամ է տևում, այդ ընթացքում կարելի է խաղատանը ժամանակ անցկացնել։

― Շնորհակալություն... Ես չգիտեի, որ այստեղ խաղատուն էլ կա։

― Եղածը մի բան չէ։ Մանկական զվարճալիք, բարձրագույն կանխագումարը ընդամենը հինգ ֆրանկ է։

― Մեծաչափ շնորհակալություն։

Նա նորից գլխարկով ողջունեց ծերունուն և շրջվեց։ Հանկարծ միտքն ընկավ, որ ծերունուց կարելի էր տեղեկանալ դեղնածամի մասին։ Չէ որ նրանք իրար ճանաչում էին։

Գլխարկը դեռ ձեռքում բռնած՝ նա մի պահ հապաղեց, հետո հեռացավ։ Բայց և այնպես, ինչ էր իր ուզածը։ Ի՞նչ գործ ուներ այդ երիտասարդ կնոջ հետ։ Այնուամենայնիվ, զգում էր, որ նրա հետ ինչ-որ կապ էր ուզում հաստատել։ Խանգարում էր միայն իր ամոթխածությունը, քաշվածությունն ու անընդունակությունը։ Նրբահյուս ամպի նման դժգոհության մի ալիք բարձրացավ նրա մեջ։ Նորից ու նորից ինչ-որ ծանրություն իջավ վրան, նս1 իրեն կաշկանդված ու անազատ էր զգում և, կարծես, զայրացած լիներ ինքն իր վրա։ Ավելի լավ է տուն գնար։ Այս կենսուրախ մարդկանց շրջապատը նրա ինչ խելքի բանն էր։ Սա նրա տեղը չէր։

Նրա մտքերի թելը կտրեց մատուցողը, որ մոտեցել և հաշիվն էր պահանջում։ Քլայնը վրդովվեց.

― Չէի՞ք կարող սպասել, մինչև որ ձեզ կկանչեին։

― Ներեցեք, խնդրեմ, ինձ թվաց, թե պարոնն ուզում է գնալ։ Իմ փոխարեն ոչ ոք չի հատուցի, եթե հաճախորդներից որևէ մեկը առանց վճարելու թողնի հեռանա։

Նա հարկ եղածից էլ մի բան ավելի վճարեց, հենց այնպես թեյի համար։

Սրահից դուրս գալով նկատեց, որ դեղնածամը պարտեզի կողմից վերադառնում էր։ Սպասեց այնքան, մինչև որ նա անցավ իր մոտով։ Աղջիկը քայլում էր ուղղաձիգ դիրքով, հաստատուն ու թեթևասահ, ասես զսպանակների վրա լիներ։ Աղջկա սառը հայացքը կարծես առանց ճանաչելու սահեց-անցավ իր դեմքի վրայով։ Քլայնը տեսավ նրա պայծառ լուսավորված դեմքը, այդ խաղաղ ու խելացի, ամրակազմ ու գունատ, փոքր-ինչ ինքնահավան դեմքը, տեսավ արյան կարմիրով շպարված բերանը, մոխրագույն ու զգաստ աչքերը, գեղեցիկ ու բարետես ականջը, որից մի երկարուկ, կանաչ ու պսպղուն քար էր կախ ընկած։ Նա կրում էր ճերմակաթույր մետաքսյա զգեստ, իսկ նրբակազմ ու ճկուն պարանոցը ընկղմված էր օպալաքարի ստվերների մեջ, որ կարծես բռնկված լիներ կանաչ քարերով ընդելուզված բարալիկ շղթայի փայլից։

Թաքուն հուզմունքով ու երկակի տպավորությամբ Քլայնը նրան էր նայում։ Այդ աղջկա մեջ ինչ-որ հրապուրիչ բան կար, երջանկախոստում ու սրտահույզ մի բան, անգամ նրա մարմնից, մազերից ու բարեխնամ գեղեցկությունից անուշահոտություն էր տարածվում, բայց և մի կեղծ, վհատեցուցիչ ու վանող ինչ-որ ուժ կար նրա մեջ թաքնված։ Դա այն հին, իր մեջ արմատներ արձակած և ողջ կյանքի ընթացքում գորովանքով փայփայված սարսափն էր այն բանի հանդեպ, ինչը նա այլասերվածություն էր համարում, դա վախ էր ինքնացուցադրող գեղեցկության և այն ամենի հանդեպ, ինչը բացահայտ կերպով սեռերի փոխհարաբերության և սիրային պայքարի մասին էր հիշեցնում։ Նա հաճույքով զգաց, որ այդ երկակիությունը հենց իր մեջ էր պարփակված։ Ահա Վագները, ահա նորից գեղեցկությունների, անօրինական գեղեցկությունների ու գրավչությունների աշխարհը, ինքնացուցադրող ու մերկ, անհնազանդ ու աներկյուղ, խղճի առաջ անպատասխանատու և սեփական հանցապարտությունը չընդունող։ Հոգու միջից կարծես ցնդեց-անէացավ այն թշնամանք-հակառակությունը, որ նրա առաջ փակել էր դրախտի դարպասները։

Սպասավորները վերադասավորեցին սեղանները, սրահի մեջտեղում ազատ տարածություն բացվեց։ Հյուրերի մեծ մասը չվերադարձավ։

― Մնա՛լ,― աղաղակեց ցանկությունը միայնակ եկվորի հոգում։ Նա կանխազգաց, թե ինչպիսի գիշեր է իրեն վիճակվելու, գուցե և ավելի տհաճը, քան ինքը ենթադրում էր։ Քնապակասություն, չարագույժ երազներ, հուսահատություն և ինքնախոշտանգում,՝ դրան գումարած նաև դյուրագրգիռ հոգու ոռնոցը, անհանգիստ միտքը՝ ճերմակ ու փրփրամարգարտագույն կանացի կրծքին կախ ընկած կանաչ քարերով ընդելուզված շղթայի մասին։ Գուցե շատ շուտով ինքը կհասնի մի կետի, երբ կյանքն արդեն անհանդուրժելի ու անտանելի կդառնա։ Մինչդեռ ինքը, որքան էլ տարօրինակ էր, կառչած էր կյանքից։ Բայց իսկապես կառչած էր։ Այլապես ինչո՞ւ էր այստեղ։ Դե միթե ինքը կլքեր կնոջը, կայրեր իր ետևից բոլոր կամուրջները, կտրվեր այդ չարագուշակ ձեռնարկումներին, սեփական ձեռքերով կկտրեր այն ճյուղը, որի վրա նստած էր, և վերջապես, միթե կուղևորվեր այս հարավային կողմերը, եթե կառչած չլիներ կյանքից, եթե իր մեջ ապրելու ցանկություն ու ապագայի տենչ չլինեին։ Մի՞թե նա այդ բանը իր ողջ պարզությամբ ու հոյակապությամբ չզգաց այս մեկ հատիկ

օրվա ընթացքում, գինի ըմպելիս լիներ, զբոսայգու փակ դարպասների առաջ կանգնած, թե լճափնյա նստարանին նստած:

Նա մնաց և տեղ զբաղեցրեց այն սեղանի հարևանությամբ, ուր նստած էին երգիչն ու դեղնածամը։ Այնտեղ իրար գլխի էին հավաքվել վեց-յոթ հոգի, որոնք իրենց բոլորովին էլ հյուրի պես չէին պահում և կարծես այս ողջ զվարճացուցիչ միջոցառումների կազմակերպիչները լինեին։ Քլայնը շարունակ նրանց կողմն էր նայում։ Այս խմբի և պարտեզի մշտական հյուրերի միջև մտերմիկ հարաբերություններ էին հաստատվել, նվագախմբի անդամներն էլ ճանաչում էին նրանց և ժամանակ առ ժամանակ մոտենում էին սեղանին կամ հեռվից բարձրաձայն կատակաբանում նրանց հետ, վերջիններս էլ, իրենց հերթին, մատուցողներին «դու»–ով կամ անուններով էին դիմում։ Իրար հետ մեջընդմեջ գերմաներեն, իտալերեն ու ֆրանսերեն էին խոսում։

Քլայնը զննում էր դեղնածամին։ Նա նստած էր լուրջ ու սառը դեմքով, Քլայնը դեռ երբեք նրան ծիծաղելիս չէր տեսել, նրա զուսպ ու խաղաղ դեմքը, թվում է, անընդունակ էր փոխակերպվելու։ Քլայնը նկատեց, որ սեղանի շուրջը նստած տղամարդկանց ու աղջիկների շրջապատում նրան հարգանքով ու ընկերաբար էին վերաբերվում։ Հետո լսեց դեղնածամի անունը. Թերեզինա։ Քլայնը մի պահ մտածեց, գեղեցի՞կ էր արդյոք նա, իրեն դուր էր գալիս, թե՞ ոչ։ Ոչ մի կերպ չէր կարողանում այդ հարցն իր համար պարզել։ Նրա կազմվածքն ու քայլքը շատ գեղեցիկ էին, նույնիսկ՝ արտասովոր գեղեցիկ, նստելու դիրքն էլ հոյակապ էր, ձեռքերի շարժուձևերը՝ բարեխնամ ու մշակված։ Բայց նրա դեմքի, հայացքի մեջ իրեն գրգռում ու գրավում էր սառը հանդարտությունը, ինքնավստահությունն ու անխռով պահվածքը, գրեթե դիմակային քարացածությունը։ Այս աղջիկը նման էր մի մարդու, որն իր սեփական դրախտն ու իր սեփական դժոխքն ուներ, որոնցից նրան ոչ ոք չէր կարող բաժանել։ Նույնիսկ այդ, թվում է, թե ամբողջովին խստասիրտ ու անառիկ հոգու մեջ էլ, գուցե և հպարտ, նույնիսկ չար թվացող այդ հոգու մեջ անգամ, պետք է որ ժամանակ առ ժամանակ ցանկությունն ու կիրքը բոցավառվեին։ Ի՞նչ տեսակ զգացումներ էր նա որոնում ու փայփայում, ինչից էր խուսափում։ Որտե՞ղ էին թաքնված նրա թուլությունները, մտավախություններն ու գաղտնիքները։ Ինչպիսի տեսք էր նա ունենում, երբ ծիծաղում էր, քնած ժամանակ, լաց լինելիս կամ համբուրելիս։

Եվ ինչպես պատահեց, որ նա արդեն կես օրվա չափ է, ինչ զբաղեցրել է իր միտքը, ինչու է ինքը շարունակ հետևում, ուսումնասիրում նրան, ինչու է նրանից երկյուղում, զայրանում նրա վրա, երբ նույնիսկ չգիտի էլ՝ նա իրեն դուր է գալիս, թե՞ ոչ։

Գուցե նա իր նպատակն ու նախասահմանված ճակատագիրն էր։ Արդյո՞ք այն նույն գաղտնի ուժը իրեն չէր ձգում դեպի այդ աղջիկը, ինչը իրեն բերել էր այս հարավային կողմերը։ Մի ինչ-որ բնազդային բան, ճակատագրի խաղ, կենսական ու անգիտակից մի մղում։ Արդյո՞ք նրա հետ իր հանդիպումը նախասահմանված չի եղել։ Գուցե այդ բանը, իրոք, ի սկզբանե գրված է եղել իր ճակատին։

Լսողությունը սրելով, բազմաժխոր խոսակցությունների միջից, նա կարողացավ որսալ աղջկա արտաբերած խոսքաշարի մի պատառիկը։ Ականջին հասավ, թե ինչպես թխահեր ու ողորկ դեմքով մի բարետես ու նրբակազմ երիտասարդի նա ասաց. «Ես մեկ անգամ էլ եմ ուզում մի կարգին խաղալ, բայց ոչ այստեղ՝ կոնֆետեղենի վրա, այլ Կաստիլյոնեում կամ Մոնտե-Կարլոյում»։ Ապա, երբ երիտասարդը ինչ-որ բան պատասխանեց, նա շարունակեց. «Ո՜չ, դուք չգիտեք, թե դա ինչպիսի հաճույք է... Այն գուցե և զզվելի է, գուցե և հիմարություն, բայց հափշտակիչ է ու գրավիչ»։

Այժմ արդեն Քլայնը ինչ-որ բան գիտեր նրա մասին։ Գոհ էր, որ դարանակալել ու ծածուկ ականջ էր դրել նրան։ Լույսի շող արձակող փոքրիկ պատուհանի ճեղքից նրա, այդ օտարականի խելքին փչեց, մի պահ միայն, լրտեսել ու տնտղել աղջկա հոգին։ Վերջինս, ըստ երևույթին, շատ ցանկություններ ուներ։ Նրան ճնշում էր իր մի խանդավառ ու վտանգավոր ցանկությանը բավարարում տալու պահանջը, մի ցանկություն, որի իրագործման ճանապարհը հնարավոր է, որ կործանարար լիներ։ Քլայնը մեծ գոհունակությամբ իր ուղեղում դաջեց այդ բանը... Իսկ ինչ կնշանակեր այդ Կաստիլյոնե կոչվածը։ Կարծես ինքն այսօր մեկ անգամ արդեն լսել էր դրա մասին։ Բայց ե՞րբ, որտե՞ղ։

Միևնույն է, այժմ նա ի վիճակի չէր մտածելու։ Նրա մեջ կրկին անգամ վերարթնացավ այն զգացումը, որն այս արտասովոր օրերի ընթացքում արդեն քանիցս համակել էր իրեն, նա նորից զգաց, որ այն ամենը, ինչ ինքը անում էր, լսում ու տեսնում, ինչի մասին մտածում էր, ահա այդ բոլորը իմաստ ստացած ու ճակատագրական էր դառնում իր համար, ինչ-որ մի անտեսանելի ձեռք առաջնորդում էր իրեն, ինչ-որ տարաձիգ ու հեռակա պատճառահետևանքային հանգուցաշարեր ծլարձակում ու պտղավորվում էին նրա շուրջը։ Դա հոյակապ էր, ուրեմն դեռ կարելի էր դրանց պտուղները քաղել, թող նրանք ծլարձակեն։

Նրան կրկին մի երջանիկ զգացողություն համակեց, հոգեկան խաղաղության ու ինքնավստահության մի զգացում, մի իսկական հրաշալիք բոլոր նրանց համար, ում հետապնդում է սարսափն ու սոսկանքը։ Նրա ուշադրությունը գրավեց դեռ մանկության տարիներին իր լսած մի դատողությունը։ Դպրոցականներով հաճախ խոսում էին այն մասին, թե ինչպես է, որ լարախաղացները այդպես վստահորեն ու անվախ կարողանում են տեղաշարժություններ կատարել ճոպանի վրա։ Այնժամ մեկն ասաց. «Եթե կավճով հատակի վրա գիծ քաշես և փորձես ճշգրտությամբ քայլել այդ գծի երկայնքով, ապա դժվար չի լինի համոզվել, որ դա գրեթե նույնչափ դժվար է, ինչպես եթե փորձես տեղաշարժվել բարակ ճոպանի վրա։ Սակայն, այդ կավճե հետագծի վրայով քայլելիս դու քեզ շատ հանգիստ ես զգում ու ապահով, որովհետև այստեղ վտանգի կամ ռիսկի խնդիր չկա։ Բայց եթե փորձես պատկերացնել, որ քո առջև պարզապես կավիճով քաշված մի գիծ է, իսկ հատակը լցված է օդով, այնժամ դու վստահաբար կքայլես ցանկացած ճոպանի վրայով»։ Այս բանը հիմա նա մտաբերեց։ Ինչպիսի սքանչելի միտք... Բայց չէ որ իր մոտ ճիշտ հակառակն էր։ Չէ որ ինքը նույնիսկ ամենահարթ հատակի վրա էլ չի կարողանում ինքնավստահ ու հանգիստ քայլել, երևի թե դա նրանից է, որ այդ հատակը նրան որպես ճոպան է պատկերանում։

Նա անչափ ուրախացավ, որ այդ կարգի սքանչելի բաներ էին իր միտքը զբաղեցնում, նշանակում է՝ դրանք նիրհում էին իր մեջ և ժամանակ առ ժամանակ լույս աշխարհ գալիս։ Մարդու հոգին իմաստակիր պատկերացումներ մի իսկական շտեմարան է, դրսից ոչ ոք չի կարող քեզ օգնել։ Միայն թե ինքդ քեզ հետ կռիվ չտաս, այլ հաշտ ու խաղաղ լինես ինքդ քեզ հետ, սիրես ու վստահես քեզ, այդ դեպքում ամեն-ամեն բան քեզ կհաջողվի։ Այնժամ ոչ միայն ճոպանի վրայով կքայլես, այլև թռչել էլ կկարողանաս։

Առժամանակ մոռանալով իրեն շրջապատողներին և իր գտնվելու վայրը, մտքերի ետևից ընկած՝ իր հոգու փխրուն ու դյուրաթեք բավիղներով առաջ ընթանալով, ինչպես որսորդը կամ հետախույզը, նա գլուխը կախ գցեց սեղանի վրա։ Այդ պահին դեղնածամը հայացքն իր կողմը նետեց և նկատեց նրան։ Նրա հայացքը երկար կանգ չառավ իր վրա, բայց թափանցեց աչքերի մեջ, և երբ Քլայնը, զգալով այդ հայացքի ծանրությունը, ինքն էլ իր հերթին նրա կողմը նայեց, հարգանքի ու հոգեհարազատության նման ինչ-որ զգացում ունեցավ իր մեջ։ Այս անգամ, սակայն, նրա հայացքը իրեն ցավ չպատճառեց, վիրավորանքի ու տհաճության զգացում չարթնացրեց իր մեջ։ Այս անգամ արդեն Քլայնը զգաց, որ դեղնածամը տեսավ իրեն, հենց միայն իրեն, և ոչ թե իր զգեստներն ու շարժուձևերը, իր սանրվածքն ու ձեռքերը, այլ իր մեջ եղած ամենաիսկականը, անփոփոխականը, խորհրդավորը, այն ամենաեզակին, անկրկնելին, աստվածայինն ու ճակատագրական՛ը։

Քլայնը մտովի նրանից ներողություն խնդրեց՝ այսօր նրա մասին պիղծ ու գարշելի մտքեր ունենալու համար։ Բայց ոչ, այստեղ ներում խնդրելու բան չկար։ Բոլոր այն չար ու հիմար մտածություններն ու զգացումները, որ տածել էր դեղնածամի հանդեպ, այդ ամենը հարվածներ են եղել, որ տեղացել են հենց իր՝ Քլայնի, և ոչ թե նրա հասցեին։ Օ", ոչ, ամեն-ամեն բան հրաշալի էր։

Երաժշտության վերսկսումը նրան սարսափեցնելու աստիճան հանկարծակիի բերեց։ Նվագախումբը ինչ-որ պարեղանակ էր հնչեցնում։ Բայց բեմահարթակը դատարկ էր ու մթամած, հյուրերի հայացքները ուղղված էին ոչ թե այդ բեմահարթակի, այլ սեղանների միջև գոյավորված դատարկ քառանկյունու կողմը։ Նա գլխի ընկավ, որ հիմա ուր որ է սկսելու են պարել։

Հայացքը բարձրացնելով տեսավ, որ հարևան սեղանի մոտ դեղնածամն ու անբեղումորուք, պճնված երիտասարդ մեկը պատրաստվում էին վեր կենալ։ Նա քմծիծաղով ընդունեց իրեն համակած այն զգացումը, որ այդ պատանյակի նկատմամբ ինքը ինչ-ինչ հավակնոտ վերապահություններ ունի, և որ ինքը՝ Քլայնը, միայն խորշանք-դիմադրողականությամբ էր ընդունում նրա նրբագեղությունը, շարժուձևերի դուրեկանությունը, նրա նուրբ մազերի ու դիմագծերի գեղեցկությունը։ Պատանյակը իր ձեռքն առաջարկեց կնոջը, նրան առաջնորդեց դեպի ազատ պարահրապարակը, մի երկրորդ զույգ էլ հայտնվեց, և ահա երկու զույգերը նրբագեղ, ինքնավստահ ու գեղեցիկ շարժումներով սկսեցին տանգո պարել։ Քլայնը այդ պարերից գլուխ չէր հանում, բայց շուտով նկատեց, որ Թերեզինան հոյակապ էր պարում։ Նա նկատեց նաև, որ այդ աղջիկը իր պարային շարժումների մեջ խորը իմաստ էր դնում, նա դրա իսկական վարպետն էր, այն կարծես բնածին լիներ նրա մեջ և նույն բնականությամբ էլ նրա միջից դուրս էր հորդում։ Թխահեր պատանյակն էլ լավ էր պարում, նրանք իրար շատ էին սազում։ Նրանց պարը հանդիսատեսներին պարուրում էր ամբողջապես հաճելի, պայծառ, անպաճույճ ու հոյակապ զգացումներով։ Թեթև ու նրբավար ճախրող նրանց ձեռքերը գրկել էին իրարու, նրանց ծնկներն ու ձեռքերը, ոտքերն ու ողջ մարմինը հաճույքով ու սիրահոժար ուրախությամբ էին կատարում նրբագեղությամբ, գեղեցկությամբ և ուժով ճառագող այդ աշխատանքը։ Նրանց պարը երջանկության ու բերկրանքի, գեղեցկության ու շքեղաշուք հրճվանքի, կյանքի քաղցրության ու կենսահաստատ արվեստականության ելևէջումներ էր արտահայտում։ Այն նաև արտահայտում էր սեր և սեռական բնազդ, բայց ոչ վայրի ու կրքոտ, այլ մի յուրօրինակ սեր՝ բնականությամբ, ազնվությամբ ու գրավչությամբ առլի։ Հարուստ հաճախորդների ու հովեկների առաջ պարի միջոցով նրանք ցուցադրում էին այն բոլոր գեղեցկությունները, որ կյանքն առատորեն բաշխել էր իրենց, բայց որը իրենք անձամբ չէին կարող արտահայտել և առանց մի այդպիսի միջակա օգնության նույնիսկ չէին կարողանա զգալ այդ ամենը։ Այդ վարձու, մարզված ու որակյալ պարողները կարծես լրում էին այդ բարձր հասարակության կենսասիրության լծակները։ Նրանք, որ այդպես հմայիչ ու նրբագեղ չէին կարողանում պարել, չէին կարողանում լիարժեք վայելել սեփական կյանքի հաճելի հանդիսությունն ու խաղը, ստիպում էին ահա այդ մարդկանց իրենց առաջ ցուցադրաբար պար գալ, վայելելու համար կենաց այն հոյակապությունը, որ վիճակվել էր իրենց։ Բայց միայն այսքանով չէին բավարարվում։ Նրանք ոչ միայն ոմանց պարտադրում էին իրենց առաջ ներկայացնել կյանքի թեթև-անկշռելիությունն ու ինքնաբավությունը, այլև, բացի այդ, դրանով իսկ ձգտում էին, որ հիշեցման կարգով իրենց մատուցվի-հրամցվի բնության հրաշալիքների, զգացմունքների անմեղության և այդ զգացմունքներն արարող գործարանների մասին պատմվող առասպելը։ Իրենց մշտազբաղ ու գերծանրաբեռնված կամ, ընդհակառակը, ծույլ ու կուշտ կյանքի բարձունքներից, որ խելա-պատառ վարգով առաջ էր ընթանում ծանր ու ջերմեռանդ աշխատանքի, մոլեգին հաճույքների և առողջարանային հարկադիր բուժման ծայրաբևեռներում, նրանք, խենթուկ ժպիտը դեմքներին և ծածուկ հուզախանդով դիտում էին այդ գեղեցիկ ու նրբագեղ երիտասարդների պարը, ինչպես եթե նայելիս լինեին կյանքի հրաշագեղ գարունին կամ հեռու-հեռավոր Դրախտ կորուսյալին, որոնց մասին երեխաներին են պատմում միայն տոն օրերին և որոնց արդեն չես էլ հավատում, բայց և գիշերներ շարունակ երազում ես ու տենչում։

Պարի ընթացքում դեղնածամի դեմքը փոխվել էր, Ֆրիդրիխ Քլայնը դրան նայում էր մեծագույն հիացմունքով։ Աստիճանաբար ու աննկատելիորեն, ինչպես վարդակարմրավունը առավոտյան երկնքում, նրա խիստ ու սառը դեմքի վրա մի ջերմաշունչ ժպիտ դանդաղորեն ծլարձակեց ու գոյացավ։ Հայացքը ուղղած հանդիսատեսների կողմը՝ նա ժպտում էր, ասես արթնանալիս լիներ, սոսկ պարի շնորհիվ ասես այդ սառը էակը ջերմացավ ու վերստին կենդանություն առավ։ ժպտում էին նաև պարընկերն ու երկրորդ պարազույգը, նրանց բոլորի դեմքերին գոյացած ժպիտը զարմանալիորեն հրաշագեղ էր, որը սակայն իր անորոշությամբ ինչ-որ տեղ աննյութական դիմակ էր հիշեցնում։ Բայց ամենից հմայիչն ու խորհրդավորը Թերեզինայի ժպիտն էր, ոչ ոք նրա պես չէր ժպտում՝ արտաքին աշխարհից այնպես կտրված, ներքուստ սեփական ուրախությունից լուսավորված ու ծաղկուն։ Քլայնն այդ ամենին նայում էր խորին սրտառուչությամբ, այնպիսի մի հուզմունքով՝ ասես իր համար ինչ-որ խորաթաքույց գանձ հայտնաբերած լիներ։

― Ի՜նչ հրաշագեղ մազեր ունի,― լսեց կողքին նստած մեկի ցածրաձայն բացականչությունը։ Նա հանկարծ մտածեց այն մասին, որ ինքը այդ սքանչատեսիլ բաց դեղնավուն վարսերը ժամանակին պարսավել էր ու պախարակելի համարել։

Տանգոն ավարտվեց, Քլայնը տեսավ, թե ինչպես Թերեզինան կանգնել էր պարընկերոջ կողքին, իսկ վերջինս մատների մեջ, իր ուսերի բարձրությամբ դեռ բռնած պահում էր պարընկերուհու ձախ ձեռքը, նա տեսավ, թե ինչպես էր Թերեզինայի դեմքի վրա լուսախաղի կախարդանքը մարելով հետզհետե անհետանում։ Թույլ ծափողջույններ լսվեցին, բոլորը հայացքներով ուղեկցում էին զույգերին, երբ նրանք թեթևասահ վերադառնում էին իրենց սեղանների մոտ։

Հաջորդ պարը, որ մի կարճատև դադարից հետո սկսեց, միայն մի զույգ էր կատարում՝ Թերեզինան և նրա գեղատես պարընկերը։ Ազատ ու անկաշկանդ երևակայական ճախր էր այն, ասես մի փոքրիկ ստեղծագործություն լիներ, մնջախաղի պես մի բան, ուր պարողներից ամեն մեկին լիակատար ինքնուրույնություն ու ազատություն էր տրված, որը սակայն միայն մի քանի պայծառացունց բարձրակետերում և սրընթաց վերջնամասերում փոխակերպվում էր զուգապարի։

Երջանկությունից փայլող աչքերով Թերեզինան ճախրում էր այնպես անկաշկանդ ու ինքնամոռաց, նրա անկշիռ մարմինը այնպիսի երանությամբ էր ներդաշնակում երաժշտության ռիթմերին, որ սրահում մի պահ լիակատար լռություն տիրեց, և բոլորը զմայլված միայն նրա կողմն էին նայում։ Պարն ավարտվեց փոթորկահույզ շրջապտույտներով, որի ժամանակ պարուհին և պարընկերը ձեռքերի ափերով ու ոտնաթաթերով հազիվ իրար էին հպվում և գլուխները ցած խոնարհած՝ սրընթաց տեղապտույտներ գործում։

Պարի ընթացքում դիտողներին այն զգացումն էր համակել, որ պարային շարժեր ու շրջապտույտներ կատարելով, բաժանվելով ու նորից իրար միանալով, ասես հավասարակշռությունը մի պահ կորցնելով ու վերագտնելով, երկու պարողներն էլ այն նույն ապրումներն էին վերարծարծում ու ներկայացնում, որոնք բոլորին ծանոթ ու բոլորի համար էլ ցանկալի էին և, սակայն, քիչ թվով երջանիկների է բախտ վիճակվում այսպես հստակորեն, ողջ հզորությամբ ու ամբողջականորեն վերապրել սեփական առողջ մարմնից ստացած անասելի ուրախությունը, այդ ուրախության գերաճումն ու նրա փոխակերպումը ուրիշի նկատմամբ տածած սիրո զգացումի, սեփական մղումներին, երազներին ու սրտի նվիրական խաղերին անմնացորդ տրվելու պատրաստակամությանը։ Շատերը մի պահ տխուր խորհրդածությունների գիրկն ընկան այն պատճառով, որ իրենց կյանքի ու ձգտումների միջև կատարյալ երկպառակություն ու անհամապատասխանություն է տիրում, որ իրենց կյանքը ոչ թե պար է հիշեցնում, այլ ծանր բեռան տակ կքած մի ջլատիչ հևոց, մի իսկական բեռ, որն իրենք են, ըստ էության, իրենց ուսերի վրա ինքնակամ բարդել ու այժմ ստիպված են քարշ տալ այն։

Մինչ նրանք շարունակում էին պարել՝ Ֆրիդրիխ Քլայնը մտովի ճամփորդություն էր կատարում իր ապրած բազմաթիվ տարիների միջով, որն ասես մի խավարչտին թունել լիներ, իսկ հակառակ բևեռում, արևի ու քամու հարևանությամբ, անցյալի կորուստները պատկերանում էին որպես կանաչի ու պայծառ լույսերի մեջ շողարձակող մի եզերք, ջահելությունը, պարզ ու անպաճույճ զգացումները, երջանիկ կյանքի նկատմամբ հարաճուն հավատը, ահա այդ ամենը տարօրինակ կերպով կրկին այնքան մոտիկ, ընդամենը մի քայլ հեռավորության վրա պատկերացավ, որ ասես դյութանքի մեջ արտացոլված ու մերձամատույց լիներ։

Պարից ստացած սրտառուչ ժպիտը դեռ դեմքին՝ Թերեզինան անցավ նրա կողքով։ Այդ պահին ուրախությունն ու շլացումը համակեցին Քլայնին։ Քլայնը կարծես ձայնեց նրան, հանկարծ աղջիկը սրտառուչ հուզականությամբ հայացքը նրա վրա հառեց, դեռևս լրիվ չսթափված, հոգին դեռևս երջանկությամբ լիքը, անուշիկ ժպիտը շուրթերին։ Քլայնն էլ իր հերթին, ասես բազմաթիվ կորուսյալ տարիների խավարչտին թունելի միջից ժպտաց նրան՝ երջանկության այդ մերձամատույց փայլփլացող արեգակին։

Քլայնը հանկարծ վեր կացավ և հին բարեկամի նման, առանց մի բառ իսկ ասելու, ձեռքը նրան երկարեց։ Պարուհին բռնեց այն և, առանց ընթացքից շեղվելու, մի պահ ամուր սեղմած պահեց իր ձեռքերում։ Քլայնը հետևեց նրան։ Դերսաանների սեղանի մոտ նրան աթոռ առաջարկեցին, այժմ նա արդեն նստել էր Թերեզինայի կողքին և տեսնում էր, թե ինչպես են նրա սպիտակափառ պարանոցի մաշկի վրա պսպղում երկարուկ ու կանաչին տվող զարդաքարերը։

Քլայնը չէր մասնակցում սեղանի շուրջը ծավալվող խոսակցություններին, որոնցից ինքը շատ քիչ բան էր հասկանում: Թերեզինայի գլխավերևում, պարտեզի լապտերների պայծառ լույսի մեջ ողողված՝ նա տեսնում էր փթթած վարդաթփերը, հստակորեն ուրվագծվող նրանց մթնած ու փարթամ գլխիկները, որ թաթախված էին շուրջբոլորը թևածող լուսատտիկների լուսերիզ հետագծերի մեջ։ Նրա միտքը հանգստանում էր, այլևս խորհրդածելու ոչ մի առիթ չկար։ Վարդագլխիկները հեզանազ տարուբերվում էին գիշերային քամուց, Թերեզինան նստած էր իր կողքին, նրա ականջից կախ էր ընկած պսպղուն ու կանաչ զարդաքարը։ Աշխարհում ամեն ինչ կարգին էր։

Այժմ Թերեզինան ձեռքը դրել էր նրա թևքին։

― Մենք հիմա կարող ենք իրար հետ զրուցել։ Բայց ոչ այստեղ։ Հիմա ես մտաբերում եմ, ես ձեզ տեսել եմ պարտեզում։ Վաղը, այն նույն ժամին ես այնտեղ կլինեմ։ Հիմա ես հոգնած եմ և շուտով պետք է քնեմ։ Լավ կանեք այստեղից շուտ հեռանաք, այլապես իմ բարեկամները, ձեզանից դրամ փոխ կվերցնեն։

Նա կանգնեցրեց իրենց մոտով անցնող մատուցողին.

― Էուջենիո, պարոնը ուզում է հաշիվը փակել։

Քլայնը, վճարեց, սեղմեց Թերեզինայի ձեռքը, գլխարկով հրաժեշտ տվեց և դուրս եկավ, նա քայլերն ուղղեց լճի կողմը, մի պատահական ուղղությամբ։ Այժմ անպատկերացնելի էր թվում հյուրանոցի իր սենյակում քուն մտնելու հեռանկարը։ Քաղաքից ու ագարակներից դուրս, լճափի երկայնքով քայլելով, նա հասավ ափեզրյա վերջին նստարաններին, այստեղ ավարտվում էր նաև պուրակը։ Հետո նստեց լճափը երիզող բազրիքին և, առանց ձայնը բարձրացնելու, քթի տակ սկսեց մրմնջալ պատառիկներ իր պատանեկության տարիների վաղուց մոռացված երգերից։ Երգեց այնքան ժամանակ, մինչև որ ցրտեց ու զառիթափ լեռները թշնամական և օտարոտի կերպարանք ընդունեցին։ Հետո նա վերադարձավ՝ գլխարկը միշտ ձեռքում բռնած։

Քնաթաթախ դռնապանը նրա առաջ բաց արեց դուռը։

― Ես կարծես մի քիչ ուշացա,― ասաց Քլայնը և նրան մեկ ֆրանկանոց տվեց։

― Օհ մենք ընտելացել ենք։ Դուք դեռ վերջինը չեք։ Կաստիլյոնե մեկնած մոտորանավակը նույնպես դեռ չի վերադարձել։

3

Երբ Քլայնը մտավ այգի՝ պարուհին արդեն այնտեղ էր։ Նա միշտ ձգված քայլվածքով զբոսնում էր այգու ծառուղիների շուրջբոլորը և հանկարծ մի փոքրիկ պուրակի ստվերաշատ մուտքի մոտ հայտնվեց Քլայնի առջև։

Թերեզինան իր բաց-մոխրագույն աչքերով ուշի ուշով նրան էր զննում, նրա դեմքը լուրջ էր և փոքր-ինչ անհամբեր։ Նա հանկարծ սկսեց խոսել.

― Դուք կարող եք ինձ բացատրել, թե երեկ այդ ինչ կատարվեց։ Ինչպե՞ս եղավ, որ մենք մի քանի անգամ իրար հանդիպեցինք։ Ես շարունակ այդ մասին էի մտածում։ Երեկ ձեզ երկու անգամ տեսա խաղատան այգում։ Առաջին անգամ դուք կանգնած էիք ելքի մոտ և ինձ էիք նայում, դուք հոգնած ու վրդովված տեսք ունեիք, ձեզ տեսնելով, իսկույն մտաբերեցի, ես սր-ան մեկ անգամ արդեն հանդիպել եմ այգում։ Անկեղծ ասած, տպավորությունը շատ վատն էր, և ես մեծ ջանքերի գնով փորձեցի ձեզ մոռանալ։ Հետո ձեզ նորից տեսա, դեռ հազիվ մի քառորդ ժամ էլ չէր անցել։ Դուք նստած էիք հարևան սեղանի մոտ, և ձեր տեսքը անսպասելիորեն բոլորովին ուրիշ էր, ես միանգամից գլխի չընկա, որ դուք հենց նա եք, ում արդեն հանդիպել էի։ Այնուհետև, երթ պարն ավարտեցի, դուք հանկարծ հայտնվեցիք իմ առաջ և թռնեցիք իմ ձեռքը, կամ գուցե ես ձերը, չեմ հիշում։ Ինչպես պատահեց։ Դուք գոնե, ըստ երևույթին, ինչ-որ բան գիտեք։ Հույս ունեմ, որ դուք ինձ սիրո խոստովանություններ անելու համար չեք եկել։

Պարուհին հրամայական հայացքով նրան նայեց։

― Չգիտեմ,― ասաց Քլայնը։― Ես ոչ մի որոշակի մտադրությամբ չեմ եկել։ Երեկվանից սկսած ես ձեզ սիրում եմ, թայց այդ մասին խոսելն իմաստ չունի։

― Այո, եկեք ուրիշ թաներից խոսենք։ Երեկ ինձ մի պահ թվաց, որ մեր միջև ինչ-որ բան կար, դա ինձ հետաքրքրեց և նույնիսկ փոքր-ինչ սարսափեցրեց, ասես մենք ինչ-ինչ նմանություն և ընդհանրություններ ունենայինք։ Ի՞նչ էր դա։ Եվ ամենագլխավորը. այդ ի՞նչ փոփոխություն կատարվեց ձեզ հետ։ Ինչպե՞ս եղավ, որ ընդամենը մեկ ժամվա ընթացքում դուք երկու կատարելապես իրարից տարբեր դեմքեր ունեցաք։ Դուք նման էիք մի մարդու, որի հետ շատ կարևոր մի բան էր պատահել։

― Ասում եք՝ ինչպիսի՞ տեսք ունեի ես,― երեխայաբար հարցրեց նա։

― Օ՜, սկզբում տարիքն առած մարդու, մռայլ ու անդուրեկան տեսք ունեիք։ Դուք նման էիք մի քաղքենու, որը սովոր էր սեփական անպետքության ու անճարակության գիտակցումից դրդված՝ իր ողջ չարությունը ուրիշների վրա թափել։

Նա լսում էր անթաքույց հետաքրքրությամբ և շարունակ գլխով համաձայնության նշան անում։ Պարուհին շարունակեց.

― Իսկ այն, ինչ կատարվեց դրանից հետո, դժվար է նկարագրել։ Դուք նստել էիք փոքր-ինչ առաջ խոնարհված դիրքով։ Երթ պատահաբար իմ աչքովն ընկաք, առաջին պահին մտածեցի. Տեր աստված, ինչ տաղտկալի կեցվածք ունեն այդ քաղքենիները... Դուք ձեր գլուխը հենել էիք ձեռքին, այդ պահին ձեր տեսքը խիստ տարօրինակ էր ու արտասովոր, թվում էր, թե ողջ աշխարհում դուք մեն-մենակ եք և ձեզ համար կարծես կատարելապես միևնույն էր, թե ինչ կպատահեր ձեզ և ողջ աշխարհի հետ։ Ձեր դեմքը ասես մի դիմակ լիներ, ոչ. այն է սոսկալիորեն տխուր, ոչ այն է սարսափելիորեն անտարբեր...։

Նա մի պահ լռեց, կարծես ինչ-որ բառեր էր փնտրում, բայց այլևս ոչինչ չասաց։

― Դուք իրավացի եք,― համեստորեն ասաց Քլայնը։― Ամեն ինչ այնպես ճիշտ եք նկատել, որ անկարող եմ թաքցնել իմ զարմանքը։ Դուք ինձ նամակի նման պարզորոշ կարդացել եք։ Բայց չէ՞ որ, ճիշտն ասած, շատ էլ բնական էր ու ինքնըստինքյան սպասելի, որ դուք նկատեիք այդ ամենը։

― Իսկ ինչո՞ւ է դա ձեզ բնական թվում։

― Որովհետև դուք էլ ձեր պարային շարժումներում, ճիշտ է, փոքր-ինչ այլ կերպ, բայց միևնույն բանն էիք արտահայտում։ Երբ դուք պարում եք, Թերեզինա, և ընդհանրապես ցանկացած այլ պահի, դուք մի ծառի կամ լեռան, գազանի կամ աստղի պես կարծես կատարելապես միայնակ կանգնած լինեք աշխարհի դեմ։ Դուք չեք ուզում այլ բան լինել, քան իրականում կաք, անկախ նրանից՝ բարի եք դուք, թե՝ չար։ Միթե հենց նույն բանն էլ դուք իմ մեջ չեք տեսել, չէ՞ որ հենց դրա մասին էիք քիչ առաջ խոսում։

Չփորձելով անգամ պատասխանել՝ պարուհին քննախույզ հայացքով նրան նայեց։

― Դուք տարօրինակ մարդ եք,― վարանումով ասաց նա։― Ուրեմն ինչ. դուք իրո՞ք այնպիսին եք, ինչպիսին երևում էիք այն ժամանակ։ Մի՞թե ձեզ համար իսկապես միևնույն է, թե ինչ կպատահի ձեզ հետ։

― Այո։ Միայն թե ոչ միշտ։ Ես հաճախ նաև վախ եմ ունենում։ Բայց հետո նորից ամեն ինչ իր տեղն է ընկնում, վախը տեղի է տալիս, և այնժամ արդեն իսկապես միևնույն է, թե ինչ կպատահի ինձ հետ։ Այնժամ ես ինձ ուժեղ եմ զգում։ Վատագույն դեպքում ինձ անտարբերությունն է պաշարում, բայց այլևս խռովահույզ ապրումներ չեմ ունենում, ավելի ճիշտ՝ ամեն ինչ հրաշալի ու ցանկալի է թվում, թող լինի ինչ լինելու է։

― Մի պահ ինձ նույնիսկ թվաց, թե դուք հանցագործ եք։

― Դա էլ է հնարավոր, և նույնիսկ, ես կասեի, հավանական։ Հասկանում եք, ասում են՝ «Հանցագործ է», նկատի առնելով այն, որ ինչ-որ մեկը մի բան է արել, ինչը ուրիշները նրան արգելում են կատարել։ Մինչդեռ հանցագործն ինքը սոսկ այն է անում, ինչն իր մեջ է նստած, և ինչին դրդում է իր սիրտը... Հասկանու՞մ եք, հենց դրանում էլ թաքնված են մեր նմանությունները. մենք երկուսս էլ ժամանակ առ ժամանակ կատարում ենք այն, ինչը մեր մեջ կա։ Դա հազվագյուտ հատկություն է, մարդկանց մեծամասնությունը այդ մասին իսկի գաղափար էլ չունի։ Ինքս էլ անգիտակ էի դրան, ես խոսում, մտածում ու անում էի միայն օտարը, սերտածը, բարին ու արդարը, ապրում էի ինչպես բոլորը, մինչև որ մի գեղեցիկ օր այդ ամենին վերջ տրվեց։ Ես այլևս չէի կարող, դրա վերջը պետք է գար, բարին արդեն դադարել էր բարի լինելուց, արդարը այլևս արդար չէր, կյանքը դարձել էր անտանելի։ Բայց ես, ամեն դեպքում, ուզում եմ այն տանելի դարձնել, ես մինչև իսկ սիրում եմ նրան, չնայած որ այնքան շատ տառապանքներ եմ կրել նրա երեսից։

― Գուցե ինձ բարեհաճեիք ասել, թե ո՞վ եք դուք և ինչպե՞ս է ձեր անունը։

― Ես նա եմ, ում տեսնում եք ձեր առաջ և ոչ մեկ ուրիշը։ Ես չունեմ ոչ անուն, ոչ տիտղոսներ, ոչ էլ որևէ մասնագիտություն։ Ես ստիպված էի հրաժարվել այդ ամենից։ Ինձ հետ պատահեց հետևյալը. տարիներ շարունակ օրինավոր ու ազնիվ աշխատանքային կյանքով ապրելուց հետո՝ մի գեղեցիկ օր էլ ես դուրս սայթաքեցի իմ շավղից, դա պատահեց բոլորովին վերջերս, իսկ այժմ ես կամ պետք է կործանվեմ, կամ էլ թռչել սովորեմ։ Աշխարհի հետ ես այլևս գործ չունեմ, այժմ կատարելապես միայնակ եմ։

Պարուհին, փոքր-ինչ շփոթված, հարցրեց.

― Դուք հո հիվանդանոցից չե՞ք փախել։

― Կարծում եք՝ խելագար եմ։ Ոչ, թեև դա էլ էր հնարավոր։― Մի պահ նա շեղվեց, մտքերը կլանեցին նրան։ Անհանգստացած տոնով նա շարունակեց. ― Երբ սկսում ես այդ մասին խոսել՝ ամենապարզ բանն անգամ դառնում է խճճված ու անհասկանալի։ Եկ այդ մասին այլևս չխոսենք... չէ՞ որ այդպես վարվում կամ դրա մասին խոսում ես միայն այն ժամանակ, երբ այն չես ուզում հասկանալ։

― Ի՞նչը նկատի ունեք։ Ես իրոք ուզում եմ հասկանալ։ ՀավատացԷւք։ Դա ինձ շատ է հետաքրքրում։

Քլայնը ոգևորությամբ ժպտաց։

― Այո, այո։ Դուք ուզում եք այդ մասին խոսել։ Դուք արդեն ինչ-որ բան իմացաք և հիմա անպատճառ ուզում եք շարունակել խոսակցությունը։ Բայց դա չի օգնի։ Խոսելը ամեն ինչ թյուրըմբռնելի, հարթ ու ծանծաղ, ձանձրալի դարձնելու փորձված ու վստահելի ճանապարհ է։ Մինչդեռ դուք չէ որ ոչ ինձ եք ուզում հասկանալ և ոչ էլ ձեզ։ Դուք միայն ուզում եք պահպանել ձեր սրտի հանգստությունը, չնայած որ մարտահրավեր կարդալու պես մի բան եք զգացել։ Դուք ուզում եք ազատվել ինձանից և այդ մարտահրավերից, դրա համար էլ շարունակ ինչ-որ պիտակներ եք փնտրում, որ կարողանաք փակցնել ինձ։ Դուք փորձում եք ինձ դասել հանցագործների կամ հոգեկան հիվանդների խմբին, ուզում եք իմանալ իմ պաշտոնն ու անունը։ Սակայն այդ ամենը ինչ-որ բան հասկանալուն ոչ միայն չի նպաստում, այլ, ընդհակառակը, խանգարում է, այդ ամենը մոլորություն է, սիրելիդ իմ օրիորդ, դրանք բոլորն էլ սոսկ խոչընդոտում են մի բան հասկանալուն, դրանք ավելի շուտ մարդուս շեղում են ըմբռնողության հասնելու ճանապարհից, և նույնիսկ, կարելի է ասել, ըմբռնել-հասկանալու պարտականությունից։ Խոսքը վերջացնելուց հետո՝ նա ճնշվածության զգացումով ձեռքով շփեց քունքերը, այնուհետև, հավանաբար, ինչ-որ հաճելի բան հիշեց ու նորից ժպտաց։ ― Ախ, հասկանում եք, դեռ երեկ, երբ դուք և ես, մի պահ երկուսով էլ նույն զգացումով էինք համակված՝ մենք ոչինչ էլ չէինք խոսում, իրար չէինք հարցաքննում, ոչ մի բանի մասին չէինք մտածում... Այնժամ մենք հանկարծ իրար պարզեցինք մեր ձեռքերը, և դա հրաշալի էր։ Իսկ այժմ... այժմ մենք խոսում ենք, մտածում, դատողություններ անում ու բացատրություններ տափս, և այն, ինչը առաջ շատ պարզ էր, հիմա հանկարծ դարձավ տարօրինակ ու անհասկանալի։ Մինչդեռ ձեզ համար նույնքան հեշտ էր ինձ լավ հասկանալ, ինչպես որ ես եմ ձեզ հասկանում։

― Կարծում եք, թե դուք ինձ շատ լա՞վ եք հասկանում։

― Այո, իհարկե։ Թե ինչպես եք դուք ապրում՝ ես չգիտեմ։ Բայց դուք ապրում եք այնպես, ինչպես որ ես էի ապրում, ինչպես ապրում էն բոլորը, խավարի մեջ խարխափելով, իրենք իրենց հետ անհաշտ, զանազան անիմաստ նպատակներով ու պարտականություններով ծանրաբեռնված։ Այդպես են ապրում գրեթե բոլոր մարդիկ, դա ողջ աշխարհի հիվանդությունն է, դրա համար էլ այն կկործավի։ Միայն երբեմն-երբեմն, օրինակ, երբ դուք պարում կամ խաղում եք, նպատակը կամ պարտականությունը ցնդում է ձեր միջից, և դուք միառժամանակ բոլորովին ուրիշ կյանքով եք ապրում։ Ձեզ հանկարծ այնպիսի մի զգացում է համակում՝ ասես աշխարհում միայնակ լինեք, ասես վաղն ևեթ, ահա ուր որ է մեռնելու եք, և այդժամ միայն ջրի երես է դուրս գալիս այն, ինչ դուք իրոք ներկայացնում եք ձեզանից։ Երբ պարում եք՝ դրանով իսկ դուք վարակում եք նաև մյուսներին։ Դա է ձեր գաղտնիքը։

Պարուհին քայլերն արագացրեց։ Լճակի վրա կախված ելուստի ծայրին նա կանգ առավ։

― Դուք տարօրինակ մարդ եք,― ասաց նա։ ― Ձեր ասածները ես մասամբ ընդունում եմ։ Սակայն, ճիշտն ասած, ինչ եք ինձանից ուզում։

Քլայնը գլուխը կախ գցեց և մի պահ տխրեց։

― Դուք սովոր եք, որ ձեզանից միշտ ինչ-որ բան պետք է ուզենան։ Թերեզին այ, ես ձեզանից մի այնպիսի բան չեմ ուզում, ինչը դուք ինքներդ չեք ցանկանում և ուրախ չեք լինի այն կատարել։ Այն, որ ես ձեզ սիրում եմ, կարող եք ուշադրություն չդարձնել։ Սիրված լինելը մի մեծ երջանկություն չէ։ Յուրաքանչյուր ոք միմիայն ինքն իրեն է սիրում, և սակայն, այդ չիմանալով, հազարները տանջվում են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Ոչ, սիրված լինելը բոլորովին էլ երջանկություն չէ։ Սիրելը՝ ահա թե որն է իսկական երջանկությունը...։

― Ես շատ կուզենայի ձեզ ինչ-որ ուրախություն պատճառել, եթե միայն կարողանայի,― հանդարտ ասաց Թերեզինան, նույնիսկ փոքր-ինչ խղճահարությամբ։

― Դա դուք միշտ էլ կարող եք անել, եթե միայն թույլ տաք կատարելու ձեր որևիցե մի ցանկությունը։

― Ախր, դուք ինչ գիտեք իմ ցանկությունների մասին...

― Անշուշտ, հնարավոր է, որ դուք այդպիսիք բոլորովին էլ չունենաք։ Չէ՞ որ դուք տիրում եք դրախտի բանալուն, դա ձեր պարն է։ Բայց ես գիտեմ, և դա ինձ համար շատ հաճելի է, որ դուք, այսպես թե այնպես, ցանկություններ պետք է որ ունենաք։ Այսուհետև, իմացած եղեք, որ կա մեկը, որը հաճույքով պատրաստ է բավարարելու ձեր բոլոր ցանկությունները։

Թերեզինան մտքերի մեջ ընկավ։ Նրա կրակված աչքերը նորից դար-ձան խիստ ու սառը։ Ի՞նչ կարող էր այդ մարդը իր մասին իմանալ։ Եվ երբ ոչինչ չգտավ՝ զգուշորեն սկսեց.

― Նախ և առաջ ես կխնդրեի ձեզ անկեղծ լինել։ Ասացեք, ով է ձեզ իմ մասին ինչ-որ բան պատմել։

― Ոչ ոք։ Ես երբեք ոչ ոքի հետ ձեր մասին չեմ խոսել։ Այն շատ քիչ բանը, որ գիտեմ, միայն ձեզանից եմ իմացել։ Երեկ ես ձեր բերանից լսեցի, որ ուզում եք Կաստիլյոնեում խաղալ։

Նրա դեմքը ցնցվեց։

― Ահա թե ինչ, ուրեմն դուք ինձ ծածուկ ականջ էիք դնում։

― Այո, անշուշտ։ Ես հասկացա ձեր ցանկությունը։ Եվ քանի որ դուք մշտապես ինքներդ ձեզ հետ անհաշտ եք, հետևաբար, գրգիռ ու ընդարմացում եք փնտրում։

― Օ՜, ոչ, ես այնպես ռոմանտիկ չեմ, ինչպես դուք եք կարծում։ Խաղի մեջ ես ոչ թե մոռացություն եմ փնտրում, այլ պարզապես փող։ Ես ուզում եմ հարստանալ, կամ էլ, առնվազն, անհոգ կյանք վարել՝ առանց ստիպված լինելու ինձ դրա համար վաճառել։ Սա է բոլորը։

― Ի՞նչ կարող եմ ասել, դա շատ անկեղծ է հնչում, բայց թույլ տվեք ինձ ձեզ չհավատալ։ Դե, ինչպես կուզեք... Դուք հո լավ գիտեք, որ «վաճառել» արտահայտությունը ձեզ համար այնքան էլ ճիշտ չէ։ Այդ մասին չխոսենք։ Իսկ եթե ձեզ դրամ է հարկավոր, խաղալու կամ մի ուրիշ բանի համար, կարող եք ինձանից վերցնել... Դրամ ես պետք է որ բավական շատ ունենամ, և հետո, ես չեմ դողդողում ունեցածիս վրա։

Թերեզինան նորից սկսեց քայլել։

― Ես ձեզ գրեթե չեմ ճանաչում, էլ ինչպե՞ս կարող եմ ձեզանից դրամ վերցնել։

Քլայնը հանկարծ գլխարկը հանեց, ասես ինչ-որ ցավով բռնված, ու համրացավ։

― Ձեզ ինչ պատահեց,― բացականչեց Թերեզինան։

― Առանձնապես ոչինչ... Թույլ տվեք հեռանալ... Մենք շատ խոսե-ցինք, չափազանց շատ։ Չի կարելի այդքան շատ խոսել։

Առանց հրաժեշտ տալու, հուսահատությունից ասես քամու բերանն ընկած, նա արագ-արագ վազեց ու կորավ ծառերի մեջ։ Իրարամերժ ու երկդիմի զգացումների հեղեղի տակ կքած՝ պարուհին հայացքով հետևեց նրան, անկեղծորեն շփոթված ու զարմացած թե նրա և թե իր վրա։

Քլայնը հեռացավ, սակայն, ոչ թե հուսահատությունից, այլ սոսկ անտանելի լարումից ու հագեցումից դրդված։ Նրա համար հանկարծ անսպասելիորեն անհնար դարձավ ինչ-որ բան ասելն ու լսելը, նա պետք է առանձնանար, պետք է անպայման մենակ մնար, մտածեր, փորձեր ինքն իրեն լսել։ Թերեզինայի հետ ունեցած ողջ խոսակցությունը իրեն շատ էր ապշեցրել ու անակնկալի բերել, բառերն ասես ակամա էին դուրս եկել իր բերանից, նրան հանկարծ սկսել էր խեղդել սեփական ապրումներն ու մտածմունքները մեկ ուրիշի հետ կիսելու սաստիկ պահանջը, դրանք ինչ-որ կերպ ձևակերպելու, արտահայտելու, հենց թեկուզ իր համար բացահայտելու ցանկությունը։ Նա զարմանում էր իր սեփական շրթունքներով արտաբերած ամեն բառի համար, բայց ավելի ու ավելի ուժգին էր զգում, թե ինչպես է խոսքը իրեն հրապուրում-տանում-կանգնեցնում մի այնպիսի իրողության առջև, որն այլևս պարզորոշ հասկանալի ու ճշմարիտ չէր, ինչպես անօգուտ էին անըմբռնելին բացատրելու նրա փորձերը... հանկարծ այդ ամենը իր համար միանգամայն անտանելի դարձավ, և նա պապանձվեց։

Այժմ սակայն, երբ անցած քառորդ ժամն էր փորձում վերհիշել, նա հաճույքով ու մեծագույն երախտիքով էր մտածում պատահածի մասին։ Դա մի մեծ առաջընթաց քայլ էր, փրկություն, ինքնահաստատում։

Անհուսալիության այն անդունդը, որի մեջ, նրա պատկերացմամբ, ընկել էր առօրեականությամբ շնչող ողջ աշխարհը, նրան սարսափելիորեն հոգնեցրել ու տանջահար էր արել։ Նա զարմացավ իր այն հայտնագործությունից, որ կյանքը իմաստով է լցվում միայն այն պահերին, երբ բոլոր իմաստներն ու նշանակությունները զրո են դառնում մարդուս համար։ Սակայն նրան հաճախակի այցելում էր այն ճնշիչ կասկածը, թե արդյոք բոլոր այդ զգացումները իսկապես էական են, արդյոք նրանք շատ ավելին են նշանակում, քան աննշան ու աներևույթ ծփանքները՝ հյուծված ու հիվանդոտ հոգու մակերևույթին, որ ըստ էության սոսկ հաճելի թմբիր կամ թեթևակի նյարդային ջղաձգություն են առաջ բերում։ Այնժամ նա տեսավ՝ երեկ երեկոյան և այսօր, որ իր զգացումը իրական էր։ Այն իր միջից էր ճառագել ու կերպափոխել իրեն, ինքը կարծես ուրիշ մարդ էր դարձել։ Իր միայնությունը խանգարվել էր, նա նորից սիրում էր, կար մեկը, որին ինքն ուզում էր ծառայել ու հաճույք պատճառել, նա վերստին կարողանում էր ժպտալ, ծիծաղել...

Ցավի ու շվայտության մի ալիք անցավ նրա միջով, նա ցնցվեց զգացմունքի ուժի առաջ, կյանքը նրա մեջ ծփում էր ալեբախության հանգույն, ամեն-ամեն ինչ հասկանալի էր։ Նա աչքերը չռեց և տեսավ. փողոցի երկայնքով ձգվող ծառեր, արծաթե փաթիլներ լճի մակերեսին, հևիհև սուրացող մի շուն, մի հեծանվորդ... և ամեն ինչ տարօրինակ էր, հեքիաթային և կատարելության աստիճան գեղեցիկ, այդ ամենը ասես բոլորովին նոր լիներ՝ աստծո խաղալիքի տուփից հենց նոր միայն դուրս կորզված, և այդ բոլորը իր՝ Ֆրիդրիխ Քլայնի համար էր, այդ հրաշքի, ցավ ու ուրախության հորձանքի իր մեջ թափանցումը զգալու համար։ Շուրջբոլորը ամենուրեք գեղեցկություն էր, հրաշալի էր անգամ ճանա-պարհի եզրին նիրհող աղբամանը, շուրջբոլորը խորը տառապանք էր, աստված էր ամեն ուր։ Այո, դա աստված էր, մի ժամանակ, անհիշելի այն օրերին, երբ ինքը դեռ երեխա էր, նա աստծուն հենց այդպես էր պատկերացրել ու սրտով որոնել, «Աստված»–ը և «Ամենագո»–ն հոմանիշ համարել։ Սիրտ, մի՛ պայթիր հագեցումից...

Իր կյանքի բոլոր մոռացված անձավներից կրկին դուրս թափվեցին զանազան խոսակցությունների, իր նշանվածության օրերի, երեխա ժամանակ հագած զգեստների, ուսանողական արձակուրդների առավոտյան ժամերի մասին ազդարարող նրա անթիվ-անհամար ազատագրված հիշողությունները, որոնք իրար ետևից կիսաշրջանաձև դասավորվեցին մի քանի հաստատուն կիզակետերի շուրջը. իր կնոջ, մոր պատկերները, մարդասպան Վագները, Թերեզինան։ Նա մտաբերում էր հատվածներ դասական գրողներից ու լատինական ասացվածքներ, որ դպրոցական տարիներին էր կարդացել ու հուզվել, անմիտ, սենտիմենտալ տողեր ժողովրդական երգերից։ Հոր ստվերը կանգնած էր նրա թիկունքին, նա նորից վերապրեց իր զոքանչի մահը։ Այն ամենը, որ նախկինում տեսողությամբ թե լսողությամբ, մարդկանցից ու գրքերից, բավականությամբ ու տառապանքով մտել էին իր մեջ և հիմնավորվել այնտեղ, կարծես վերստին հարություն էին առել, բոլորը միանգամից, խառնիխուռն ու իրար մեջ խճողված, անկարգ ու անկանոն, բայց ամեն-ամեն ինչ լի էր իմաստներով ու կարևոր, ողջը ինչ-որ բան էր խորհրդանշում և պահպանվել էր անկորուստ։

Այդ հետզհետե ահագնացող հորձանքը վերաճեց տառապանքի, որն անհնար էր տարբերել բարձրագույն ցանկասիրությունից։ Նրա սիրտը արագ էր խփում, աչքերը արցունքակալել էին։ Նա հասկացավ, որ ինքը խելագարվելու շեմին է, սակայն գիտեր, որ չէր խելագարվելու, չնայած դրան՝ խելագարության այդ նոր հոգևոր աշխարհին նա նայում էր նույնպիսի զարմացումով ու հրճվանքով, ինչպես որ նայում էր անցյալին, ծովին կամ երկնքին. այստեղ ևս ամեն ինչ դյութիչ էր ու ներդաշնակ, իմաստներով լի։ Նա հասկացավ, թե ինչու էր բարեծին ու ազնվացեղ ժողովուրդների հավատալիքներում խելագարությունը սրբազան հոգեվիճակ համարվում։ Նա հասկանում էր ամեն-ամեն ինչ, ողջը իրեն էր ուղղված, ամէն ինչ բաց էր իր առաջ։ Դրա համար բառեր պետք չէին, անիմաստ ու անհույս էր ինչ-որ բան փորձել բառերի միջոցով մտածել ու հասկանալ... Ամեն ինչ կախված էր միայն մարդու տրամադրվածությունից, միմիայն նրա պատրաստականությունից. այնժամ ամեն առարկա, համայն աշխարհը անվերջանալի թափորով, ասես նոյյան տապանի մեջ, քո ներսում կտեղավորվեր, և դու կտիրեիր նրան, կհասկանայիր և ընդմիշտ միավորված կլինեիր նրա հետ։

Թախիծը պատեց նրան։ Օհ եթե մարդիկ դա իմանային ու վերապրեին... Մինչդեռ ապրում են առանց դրա, մեղքեր են գործում առանց այդ իմանալու, կույրի պես խարխափում են ու անչափ տանջվում։ Միթե դեռ երեկ չէր, որ զայրանում էր Թերեզինայի վրա։ Միթե դեռ երեկ իր կնոջը չէր ատում, մեղադրում նրան, նրա վրա բարդում իր կյանքի բոլոր տառապանքների պատասխանատվությունը։ Ինչպիսի ձանձրույթ, ինչ հիմարություն, հուսահատության ինչպիսի մաղձ։ չէ՞ որ ամեն ինչ այնքան պարզ էր ու այնքան հրաշալի, այնպես իմաստավորված, պետք էր միայն որ մարդ ուշի ուշով իր ներսը զններ, ամեն մանրուքի ետևում տեսներ գերագույն էությունը՝ աստծուն։

Այստեղ տեղի ունեցավ շրջադարձը դեպի նոր պայծառատեսությունների այգին և պատկերների անտառները։ Հենց որ նա իր այդ օրվա զգացումը ուղղում էր դեպի ապագան՝ հարյուրներով առկայծում էին երջանկության երազային տեսիլները, ցոլցլում՝ իր և բոլորի համար։ Իր անցած անզգա ու թմրած, ապականված կյանքը ոչ թե պետք էր ողբալ ու դատապարտել, այլ նորացնել, շրջել իր հակապատկերին՝ առլի իմաստով ու ցնծությամբ, բարությամբ ու սիրով։ Շնորհը և ողորմածությունը, որին նա արժանացավ, պետք է ցոլցլար ու շարունակաբար տևեր։ Իր համար բոլորովին անսպասելի՝ նա Աստվածաշնչյան ասացվածքներ ու արտահայտություններ էր մտաբերում, այն ամենը, ինչ ինքը գիտեր գթասիրտ բարեպաշտների ու սրբերի մասին։ Բոլորի մոտ էլ դա միշտ այդպես էր սկսվում։ Նրանք ևս այդ նույն դաժան ու խավարչտին ճանապարհով պետք է ընթանային, ինչպես ինքը, երկչոտ ու սարսափով լի, մինչև որ գար ժամը պայծառատեսության ու հոգու լուսավորումի։ «Ձեզ համար աշխարհում սարսափելի կլինի ապրելը»,― ասում էր Հիսուսն իր երիտասարդ աշակերտներին։ «Սակայն նա, ով կհաղթահարի վախը, նա կապրի այլևս ոչ թե աշխարհում, այլ Աստծո, հավերժի մեջ»։

Այսպես են ուսուցանել բոլորը, աշխարհի մեծամեծ իմաստունները՝ Բուդդան ու Շոպենհաուերը, Հիսուսը, հույները։ Կար միայն մեկ իմաս-տություն, մեկ հավատ, միայն մի երազի միտք, մեր մեջ եղած աստծո ճանաչումը։ Ինչպես են դա դպրոցներում ու եկեղեցում, գրքերում ու գիտական աշխատություններում այլափոխված, սխալ ներկայացնում և ուսուցանում...

Լայն թևաբախումներով ճախրում էր Քլայնի հոգին իր ներաշխարհի, իր իմացությունների ու դաստիարակության ոլորտներում։ Այստեղ նույնպես, ինչպես և իր արտաքին կյանքում, իրար վրա դարսված էին բարիքները, գանձերն ու մաքրամաքուր ակունքները, բայց դրանցից յուրաքանչյուրը իր ինքնակա գոյությունն էր քարշ տալիս, մեկուսի, մեռած ու արժեզուրկ։ Այժմ, սակայն, իմացության ու լուսավորության ճառագման հետ այստեղ էլ հանկարծ կարգ ու կանոն հաստատվեց, իմաստ ու ձև տրվեց քաոսին, սկսվեց արարչագործությունը, կյանքն ու իրական հարաբերությունները ձգվեցին բևեռների միջև։ Ամենահեռավոր ու հայեցողական իմաստությունները ինքնին հասկանալի դարձան խավարը լույսի փոխվեց։ իսկ բազմապատկման աղյուսակը, մեկ անգամ մեկը, դարձավ մի միստիկական դավանանք։ Ոգեշնչված ու սիրավառ դարձավ նաև այս աշխարհը։ Երիտասարդ հասակի իր սիրած արվեստի ստեղծագործությունները հուրհրատում էին մի նոր կախարդանքով նա տեսավ. Արվեստի հանելուկային մոգականությունը այդ նույն բանալիով բացվում։ Արվեստն այլ բան չէր, քան աշխարհի զննումը՝ գթաշնորհության ու պայծառատեսության հոգեվիճակում։ Ամեն ինչի ետևում աստծուն մատնացույց անելը, ահա թե որն էր արվեստի էությունը։

Խանդավառված ու ցնծության մեջ՝ նա քայլում էր աշխարհի ճամփաներով։ Ամեն մի ծառի յուրաքանչյուր ճյուղը մասնակից էր այդ հափշտակության խաղին, նրանք ասես բարեմիտ մի ողջույնով վերև էին ձգվում ու սրտագին խանդաղատանքով ցած կախվում հողի վրա, ողջը խորհըրդանիշ էր ու հայտնություն։ Ամպակուտակումների նուրբ, մանուշակագույն ստվերները, զգլխիչ ծփանքով բռնված՝ խայտում էին լճի հայելու վրա։ Յուրաքանչյուր քարը բազմանշանակ ընկած էր իր ստվերի կողքին։ Այսպես գեղեցիկ, այսպես խորախորհուրդ ու սրբորեն քնքուշ աշխարհը դեռ երբեք չէր եղել՝ թերևս միայն իր վաղ մանկության հեքիաթային ու խորհրդաշատ տարիներին։ «Դուք այլևս երբեք չեք դառնա երեխա»,― մտաբերեց նա և զգաց՝ ես նորից մանուկ եմ և արժանացել եմ երկնային թագավորությանը...

Քաղաքից արդեն շատ էր հեռացել, երբ սկսեց հոգնություն ու քաղց զգալ։ Նոր միայն հիշեց, թե որտեղից էր եկել, ինչ էր տեղի ունեցել, և որ առանց Թերեզինային հրաժեշտ տալու ինքը թողել-հեռացել էր։ Նա մի պանդոկ էր փնտրում մոտակա գյուղում։ Նրա ուշադրությունը գրավեց փոքրիկ պարտեզում, բալենիների տակ ծվարած մի գյուղական գինետուն՝ հողի մեջ խրված փայտե սեղաններով։ Նա կերակուր պատվիրեց, սակայն բացի գինուց ու հացից ուրիշ բան չկար։ Ապուր խնդրեց նա, ձու կամ ապուխտ։ Ոչ, նման բաներ այստեղ չկային։ Ներկայիս թանկության պայմաններում այստեղ ոչ ոք այդպիսի բաներ չէր ուտում։ Նա բանակցեց նախ տանտիկնոջ, ապա և ծեր տատիկի հետ, որը տան դռան քարե շեմին նստած սպիտակեղենն էր կարկատում։ Հետո նստեց պարտեզի ստվերաշատ ծառի տակ, հաց վերցրեց ու դառը, կարմիր գինի։ Հարևան պարտեզից, խաղողի վազերի ու կախ տված լվացքի թիկունքից նրա ականջին էին հասնում երկու աղջնային ձայներ, որ երգում էին։ Անսպասելիորեն երգի բառերից մեկը նրա սիրտը հուզեց, չնայած որ ինքը մի կարգին չհասկացավ էլ այն։ Նույնը կրկնվեց նաև հաջորդ քառյակում. դա Թերեզինա անունն էր։ Կատարվող ստեղծագործությունը ինչ-որ մի Թերեզինայի մասին պատմող կատակերգ էր։ Նա ամեն ինչ հասկանում էր.


lo non sono tradtore E ne meno lusnghero, lo son’ fglo d’un rcco sgnore, Son’ venuto per fare l’amor


Թերեզինա... Ինչպես էր ինքը նրան սիրում... Ի՜նչ հրաշալի բան էր սիրելը...

Նա գլուխը դրեց սեղանին ու մոռացության գիրկն ընկավ, նիրհում էր ու կրկին արթնանում, և այսպես անընդհատ ու հաճախակի։ Երեկոյացավ։ Տանտիկինը եկավ և, հյուրի վրա զարմացած, կանգնեց սեղանի առաջ։ Քլայնը վճարեց, մի գավաթ գինի էլ խնդրեց ու հարցուփորձ արեց այն երգի մասին։ Տիկինը ավելի սիրալիր դարձավ, գինի բերեց ու մնաց նրա կողքին կանգնած։ Քլայնը ուշի ուշով լսում էր Թերեզինայի մասին պատմող երգը և շատ ուրախացավ մի քառյակի վրա.


La sua mama ala fnestra Con una voce serpentna: Vena casa, o Teresna, Lasc’ andare quel tradtor!


Տիկինը ասաց, որ այժմ արդեն կարող էր նրան ապուրով հյուրասիրել, քանի որ այս պահին ճաշ էր պատրաստում իր ամուսնու համար, որն ուր որ է պիտի գար։

Քլայնը բանջարեղենով ապուր կերավ ու հաց, տանտերը տուն վերադարձավ, գյուղի մոխրագույն կղմինդրե տանիքների վրա իր վերջին շողերն էր արձակում երեկոյան արևը։ Քլայնը մի վարձու սենյակ խնդրեց, նրան առաջարկվեց հաստ, մերկ քարե պատերով մի վանդակ։ Նա այն վարձեց։ Դեռ երբեք այսպիսի մի խցում չէր գիշերել, այն նրան թվաց մի թաքստոց, որի մասին կարդացել էր ավազակների մասին պատմող մի դրամայում։ Հետո քայլեց իրիկնային գյուղի միջով, հրուշակեղենի մի խանութ դեռ բաց էր, շոկոլադներ գնեց ու բաժանեց երեխաներին, որոնք վխտում էին փողոցներում։ Երեխաները վազում էին իր ետևից, նրանց ծնողները ողջունում էին Քլայնին, բոլորը նրան բարի գիշեր էին մաղթում, նա էլ նրանց էր ողջունում, գլխով անում ծերերին ու երիտասարդներին, որ նստած էին տների շքամուտքերին ու աստիճանների վրա։

Նա հաճույքով էր մտածում պանդոկի իր խուցի, քարանձավ հիշեցնող այդ պարզ ու անպաճույճ, ծիծաղելի ապաստանի մասին, որի մերկ պատերի մոխրագույն քարերի վրայից տեղ-տեղ թափված էին հին կրածեփերը և ոչ մի անօգտակար բան չկար կախված, ոչ նկար, ոչ հայելի, ոչ գորգ, ոչ վարագույր։ Երբ անցնում էր իրիկնային գյուղով, ասես մի արկածի միջով ընթանալիս լիներ, ամեն ինչ պսպղում էր, ամեն ինչ լի էր խորհրդավոր խոստումներով։

Վերադառնալով պանդոկ, դատարկ ու խավար հյուրասրահով անցնելիս՝ մի դռան ճեղքից լույս տեսավ, մոտեցավ ու մտավ խոհանոց։ Այն նրան որպես մի հեքիաթային քարանձավ պատկերացավ, աղոտ լույսը սահում էր կարմրաքարե հատակի վրայով և պատերին ու առաստաղին դեռ չհասած՝ հալչում խիտ ու ջերմաշունչ մթնշաղի մեջ, իսկ երդիկից հաստ շերտով կախված սևամուրը ասես խավարի անսպառ աղբյուր լիներ։

Տանտիկինը տատիկի հետ նստած էր այնտեղ, նրանք կուչ եկած նստած էին փոքր ու լղարիկ, ցածրադիր աթոռակների վրա, ձեռքերը ծնկներին։ Պանդոկատիրուհին լալիս էր, ոչ ոք ուշադրություն չդարձրեց ներս մտնողի վրա։ Քլայնը կռթնեց սեղանի շուրթին՝ բանջարեղենի մնացորդների հարևանությամբ, բթածայր կապարե դանակը պսպղում էր, պատի վրա լուսաճաճանչ ու կարմիր բռնկումներով փայլփլում էր պղնձե ամանեղենը։ Կինը լալիս էր, պառավը ձայնակցում էր նրան և տեղական բարբառով ինչ-որ բան մրմնջում։ Քլայնը կամաց-կամաց հասկացավ, որ տանը կռիվ էր եղել, և ամուսինը, հերթական վեճից հետո, կրկին թողել-հեռացել էր։ Քլայնը փորձեց իմանալ, թե ամուսինը իրեն հո չի հարվածել, բայց պատասխան չստացավ։ Հետո սկսեց մխիթարել նրան։ Քլայնը ասաց, որ ամուսինը հավանաբար շուտով կվերադառնա։ Կինը կտրուկ վրա բերեց. «Այսօր ոչ, հավանաբար վաղն էլ չի գա»։ Քլայնը ձեռք քաշեց նրան մխիթարելու մտքից, կինը նստած տեղը ուղղվեց, սենյակում լռություն էր, լացի ձայնն էլ մարել էր։ Պատահարի սովորականությունը, որի առիթով ոչ մի բառ չասվեց, նրան հոյակապ թվաց։ Վիճել էին, ցավ պատճառել իրար, լաց եղել։ Այժմ դա անցել էր, հիմա խաղաղ նստել ու սպասում էին։ Կյանքը, ինչ էլ լիներ, պետք է շարունակվեր, ինչպես երեխաներն ու կենդանիներն էին անում։ Միայն թե պետք չէր խոսել, պարզ բաները բարդացնել, պետք չէր հոգիները փորփրել։

Քլայնը տատիկին խնդրեց սուրճ եփել բոլոր երեքի համար։ Կանայք զվարթացան, պառավը անմիջապես, արագ-արագ ցախ դրեց վառարանի մեջ, ճարճատող ճյուղերն ու թուղթը պսպղում էին, կրակը ծառս էր լինում։ Օջախի բոցկլտացող լույսերի մեջ Քլայնը տեսնում էր պանդոկատիրուհու ներքևից լուսավորված դեմքը, դեռևս փոքր-ինչ տրտում, բայց արդեն խաղաղված։ Կինը նայում էր կրակի մեջ, մեկ-մեկ ժպտում էր, հետո նա հանկարծ ոտքի կանգեց, դանդաղորեն մոտեցավ ջրի ծորակին ու ձեռքերը լվաց։

Հետո նրանք երեքով նստեցին խոհանոցի սեղանի շուրջը և սկսեցին խմել տաք ու սև սուրճը՝ կում-կում համտեսելով գիհիի թրմօղին։ Կանայք աշխուժացան, սկսեցին պատմություններ պատմել ու հարցեր տալ, ծիծաղում էին Քլայնի դժվարամարս ու սխալաշատ խոսքի վրա։ Նրան թվաց, թե արդեն երկար ժամանակ է, ինչ ինքն այստեղ է գտնվում։ Զարմանալ միայն կարելի է, թե այս օրերին որքան արտասովոր բաներ էին տեղի ունեցել... Բոլոր ժամանակաշրջաններն ու կյանքի շերտերը տեղավորվել էին մեն-միակ ետկեսօրվա մեջ, յուրաքանչյուր ժամը թվում էր կյանքով գերծանրաբեռնված։ ժամանակ առ ժամանակ նրա մեջ փայլատակելով բռնկվում էր սարսափի զգացումը, թվում էր, թե հանկարծակի իր վրա կգրոհեին սպառումը, հարյուրապատիկ ծանրացած հոգնությունն ու հյուծախտը և կծծեին իրեն այնպես, ինչպես որ արևն է լափ լիզում քարաբեկորի վրայի կաթիլը։ Այդ շատ հպանցիկ, սակայն հաճախ այցելող պահերին, օտարոտի ու անծանոթ փայլատակումների շրջապատում նա իրեն տեսնում էր ողջ և առողջ ապրելիս, նրա ուղեղը զգում և տեսնում էր, որ ահա այնտեղ, իր ներսում, հազար անգամ արագացված թափով աշխա-տելով, մի անասելիորեն բարդ ու խճողված, փխրուն ու թանկարժեք սարքավորում է ցնցվում գերլարումից ու ներքին պրկվածությունից, ապակու ետևում աշխատող գերզգայուն մի ժամացույցի մեխանիզմ, և փոշեհատիկն անգամ բավական է նրան փչացնելու համար։

Նրան պատմեցին, որ պանդոկատերը իր փողերը կասկածելի բաների վրա է ծախսում, հաճախ է բացակայում տանից ու կանանց հետ քարշ է գալիս։ Երեխաներ չունեին։ Մինչ Քլայնը պարզագույն հարցերի ու տեղեկությունների համար մեծ ջանքեր թափելով իտալերեն բառեր էր փնտրում՝ ապակու ետևում, առանց հոգնության նշանի, շարունակում էր տենդագին աշխատել այն փխրուն ու նուրբ ժամացույցի մեխանիզմը՝ անմիջապես իր հաշվեկշիռների ու չափումների մեջ մտցնելով յուրաքանչյուր ապրած րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը։

Նա վեր կացավ, որպեսզի գնա քնելու։ Ձեռքը մեկնեց երկու կանանց էլ՝ ծերին ու երիտասարդին, վերջինս, մինչ տատիկը իր հորանջի դեմ էր պայքարում, նրան նայեց սևեռուն ու փութկոտ հայացքով։ Ապա խավարչտին քարե աստիճաններով, այդ զարմանալիորեն բարձր ու հսկայաչափ սանդուղքով Քլայնը բարձրացավ դեպի իր խուցը։ Այստեղ նա գտավ կավե կուժի մեջ իր համար պատրաստ դրված ջուրը, դեմքը լվաց, մի պահ միայն օճառի, տնային կոշիկների ու գիշերաշապիկի պակասությունն զգաց, քառորդ ժամի չափ էլ դեռ կանգնեց պատուհանի առաջ՝ կրծքով հենված գրանիտե լուսամուտագոգին, հետո գրեթե մերկանալու չափ հանվեց և պառկեց չոր անկողնու վրա, որի կոպիտ քաթանը սքանչացրեց նրան՝ գյուղական կենցաղի բոլոր հրապույրները արթնացնելով իր մեջ։ Մի՞թե սա չէր միակ ճշմարիտ ապրելակերպը, չորս պատերով շրջապատված այս դատարկ տարածության մեջ, առանց այդ հիմար պաստառների ու զարդարանքների բազմամասնյա կահույքեղենի ու ծիծաղելի անպետքությունների, առանց բոլոր այդ ավելորդ և, ըստ էության, բարբարոսական պարագաների։ Գլխավերևումդ՝ անձրևներից պատսպարվելու համար մի տանիք, վրադ՝ մի հասարակ ծածկոց՝ սառնության դեմ, քաղցի դեմ՝ հաց ու գինի ու մի քիչ էլ կաթ, առավոտյան կողմ մի քիչ արև՝ արթնանալու ու երեկոյան դեմ մթնշաղ՝ քուն մտնելու համար, ուրիշ էլ ինչ է մարդուս հարկավոր։

Հազիվ էր լույսը հանգցրել, երբ ինչ-որ տեղ ընկղմվեցին ու խավարի գիրկն անցան գյուղը, գյուղական տունն ու իր խուցը։ Նա նորից կանգնած էր լճափին, Թերեզինայի մոտ և զրուցում էր նրա հետ, նա միայն մեծ դժվարությամբ կարողացավ հիշել իրենց այսօրվա խոսակցությունը, և պարզորոշ չէր կարողանում մտաբերել, թե, ըստ էության, ինչ էր ինքը նրան ասում, և, արդյոք, այդ ողջ խոսակցությունը երազում չէր տեսել, գուցե իր երևակայության արդյունքն էր այն։ Խավարը նրան հաճելի թվաց։ Աստված միայն գիտե, թե առավոտյան ինքը որտեղ կարթնանար...

Դռան ետևից լսվող աղմուկը արթնացրեց նրան։ Սողնակը դանդաղորեն շարժվեց, աղոտ լույսի ճառագայթը ընկավ հատակին և անշարժացավ ճեղքի մեջ։ Զարմացած, սակայն, ամեն ինչ արդեն կռահելով, դեռևս ոչինչ պարզ չպատկերացնելով՝ հայացքն ուղղեց այնտեղ։ Դուռը բացվեց, ճրագը ձեռքին կանգնած էր պանդոկատիրուհին, ոտաբոբիկ ու անխոս։ Կինը նրան նայեց սրաթափանց ու սևեռուն հայացքով, Քլայնը ժպտաց և ձեռքերը նրան երկարեց՝ խորապես սքանչացած և դեռ ոչինչ չհասկանալով։ Ահա կինն արդեն նրա մոտ էր։ Կնոջ սևաթույր մազերը փռված էին իր կողքին՝ կոպիտ բարձի վրա։

Նրանք ոչինչ չխոսեցին։ Կնոջ համբույրից բոցավառված՝ Քլայնը նրան իր կողմը քաշեց։ Կրծքին խոնարհված կնոջ անսպասելի մոտիկությունն ու ջերմությունը, իր պարանոցի շուրջը փաթաթված անծանոթ ուժեղ ձեռքը ցնցեցին նրան արտասովոր կերպով, ինչ անծանոթ ու օտարոտի, ցավեցնելու չափ ինչ նոր էին իր համար այդ ջերմությունն ու մոտիկությունը, որքան էր նա միայնակ եղել, անչափ միայնակ և որքան երկար։ Անդունդներ ու դժոխային կրակներն էին նրան բաժանում մնացյալ ողջ աշխարհից, իսկ այժմ եկել էր օտար մեկը, եկել էր անխոս վստահությամբ ու մխիթարություն գտնելու ակնկալիքով, մի թշվառ ու չարքաշ կին, չէ՞ որ ինքն էլ տարիներ առաջ չարքաշ կյանքով ապրող ամոթխած մի մարդ էր, և ահա նա իր վզովն էր ընկել, անկշտաբար տալիս էր ու առնում, ժլատ ու ձանձրալի կյանքից ագահաբար ծծում էր այն մի կաթիլ երանությունը, արբեցման մեջ էր, սակայն, վեհերոտ ամոթխածությամբ նրա շրթունքներն էր փնտրում, իր տրտմորեն նուրբ մատներով խաղում նրա մատների հետ, այտը այտին քսում։ Կնոջ գունատ դեմքի վրա խոնարհվելով՝ Քլայնը համբուրեց նրա կիսափակ աչքերը և մտածեց. նրան թվում է, թե ինքը վերցնում է և չգիտի, որ տալիս է, նա փախչում է իր մենակությունից ինձ մոտ և գաղափար չունի իմ միայնության մասին... Եվ միայն այժմ Քլայնը տեսավ նրան, նրան, որի կողքին ողջ երեկոյի ընթացքում նստել էր կույրի պես, տեսավ, որ նա երկար, բարալիկ ձեռքեր ու մատներ ունի, սիրունիկ ուսեր, հայացքը լի էր վախով հանդեպ ճակատագիրը, և մանկական ուշիմ պարզատեսությամբ զգաց, որ նա վախվորած ու անհավակնոտ գիտելիքներ ուներ քնքշության բազմապիսի ձևերի ու դրանց հասնելու խորամանկ ու հրապուրիչ ուղիների մասին։

Նա տեսավ նաև, և դրանից նույնիսկ փոքր-ինչ տխրեց, որ սիրո հարցերում ինքը դեռ մի իսկական երեխա ու սկսնակ է մնացել, սառն ու ժուժկալ, երկարատև ամուսնական կյանքին համակերպված, ամոթխած, բայց և մեղքի իր բաժինը մուրացող, ցանկությունների մեջ զուսպ, բայց և լի անմաքուր կրքերով։ Շարունակելով ագահորեն համբույրներ տեղալ կնոջ շուրթերին ու կրծքին, իր մազերի վրա զգալով նրա գորովագութ ու ասես մայրական ձեռքի շփումը, նա արդեն կանխավ հիասթափության ու ճնշվածության զգացում ունեցավ իր սրտում, ասես պարզորոշ տեսավ, թե ինչպես էր այն ամենազզվելի բանը՝ վախի զգացումը, վերստին գլուխ բարձրացնում իր մեջ. նրան ցնցեց այն սարսափելի նախազգացումը, որն ասես սառը ցնցուղի պես թափվեց իր գլխին, թե բնության կողմից օժտված չէ սիրելու շնորհով, և որ սերը իրեն սոսկ տառապանք ու սրտնեղություն կարող է պատճառել։ Եվ մինչդեռ հեշտանքի կարճատև փոթորիկը մոլեգնում էր իր մեջ՝ նրա հոգին ծվատվում էր չար աչքի սարսափելի բանադրանքից, այն գարշելի նախազգացումից, որ ոչ թե ինքն է բռնությամբ տիրանում ուրիշին, այլ այդ ուրիշն է նրան իր կամքին ենթարկում, այսպես դժգոհությունից ու ընկճվածությունից նվում էր նրա հոգին։

Անխոս ու անծպտուն կինը նորից դուրս ճողոպրեց անկողնուց, աներևութացավ իր ճրագով հանդերձ։ Մթության մեջ պառկած էր Քլայնը, և հագեցումի այդ գերագույն պահին վրա հասավ այն, ինչից նա հենց նոր միայն վախեցել էր, նախազգացումի մի ինչ-որ փայլատակումով կյանքի կոչված այն զազրելի վայրկյանը, որն իր այս նոր կյանքի գերհագեցած երաժշտության տոնահանդեսում, ասես դիտավորյալ, սոսկ հոգնած, հալից ընկած ու բաղաձայն լարերն էր տնտղում, իր այս բազմաբազում հեշտանքի ու բավականության զգացումներին ի տրիտուր, ժամանակ առ ժամանակ, նրան անսպասելիորեն հատուցում էր հոգնածության ու վախը մանրէներով։ Արտի տրոփյունով նա զգաց, թե ինչպես են գլուխ բարձրացնում իր թշնամիները՝ անքնությունը, ճնշվածության զգացումն ու մղձավանջածին խեղդուկը։ Նրան այրում էր կոշտուկոպիտ քաթանը, պատուհանից դժգույն գիշերն էր իրեն նայում։ Այլևս անհնար էր դառնում այստեղ մնալ և անպաշտպան կանգնել իրեն ծվատող ցավ ու դառնության գրոհի առաջ... Ավաղ, ամեն-ամեն ինչ վերադառնում էր՝ մեղքն ու սարսափը, տխրությունն ու հուսահատությունը... Ողջ հաղթահարվածը, արդեն անցյալ դարձածը կրկին վերադառնում էր։ Փրկության ոչ մի ուղի չկար։

Կատարելապես խավար սենյակում նա արագ-արագ հագնվեց, դռան մոտ խարխափելուց հետո վերջապես գտավ իր փոշու մեջ կորած ոտնամանները, դուրս սողոսկեց տնից և սկսեց վազել, ոտքերը հոգնած էին և ուժասպառ, ինքն իրեն ծաղրելով ու հալածականի պես, իրենից զզված ու գյուղից հիասթափված՝ անհետացավ գիշերվա մեջ։

4

Քլայնը հուսահատ ու անհավասար կռիվ էր տալիս իր դևի հետ։ Իր կյանքում շրջադարձ նշանավորող այն հայտնությունը և փրկության նորահայտ եզերքը, որն իրեն էր վիճակվել այս ճակատագրական օրերին և հաստատակամորեն գլուխ բարձրացրել անցյալի թմրած մտատանջությունների սրարշավ գրոհի ու հարբած պայծառատեսության ալեբախումների խառնաշփոթում, այնպիսի վերընթաց էր՜ ապրում, որ նրա գագաթը Քլայնին թվում էր մեկընդմիշտ նվաճված ու անխորտակելի, մինչդեռ նա արդեն սկսել էր այնտեղից վայր գլորվել։ Այժմ նա նորից հայտնվել էր ստորոտում, կատարյալ մթության մեջ, ճիշտ է՝ դեռևս դիմադրելով, դեռևս ծածուկ հույսեր փայփայելով, բայց և խորապես վիրավորված։ Մի ամբողջ օր, կարճատև փայլատակող մի ամբողջ օր էր նրան հարկավոր տիրապետելու համար այն պարզագույն արվեստին, որին անգամ խոտի ամեն մի պստլիկ ծվենն էր քաջածանոթ։ Այդ մեկ խեղճուկրակ օրվա ընթացքում նա սովորեց ինքն իրեն սիրել, իրեն զգաց որպես մեկ ամբողջություն՝ չպառակտված զանազան թշնամական մասերի, նա սովորեց սիրել իրեն, իր մեջ էլ՝ աշխարհն ու աստծուն, բոլոր կողմերից նրա վրա էին թափվում միայն ու միայն զտագույն սերը, ինքնահաստատումն ու երջանկությունը։ Եթե նույնիսկ ավազակային հարձակում գործեին իր վրա, կամ ոստիկանը կալանավորեր իրեն, միևնույն է՝ դա սոսկ ինքնահաստատումի ու ներդաշնակության նշանակություն էր ունենալու։ Եվ այժմ, երջանիկ ինքնազգացումի ճիշտ և ճիշտ մեջտեղում նա նորից գետնին տապալվեց ու փոքրացավ։ Նա դատապարտում էր իրեն, թեև խորապես համոզված էր, որ ամեն մի դատաստան կեղծիք է ու անմտություն։ Աշխարհը, որ մի հրաշալի օրվա ընթացքում դարձել էր թափանցիկ ու աստուծով լիքը, այժմ նորից կարծրացել ու ծանրաշունչ էր դարձել, յուրաքանչյուր առարկա իր առանձնակի իմաստն էր ստացել, և այդ իմաստներն էլ հակադրվում էին մեկը մյուսին։ Այդ օրվա ոգևորությունը նորից տեղի տվեց, մարեց ու մահացավ։ Այդ սրբազան մասունքը քմահաճ մի ցնորք էր դարձել, Թերեզինայի հետ դիպվածը՝ երևակայական խաղ, պանդոկի արկածը՝ տարակուսելի մի պատմություն, որից միայն նողկանքի հոտ էր փչում։

Նա արդեն գիտեր, որ շնչահեղձ անող վախի զգացումը միայն այն ժամանակ է անցնում, երբ նա իր գլխին խրատներ չի կարգում, չի մեղադրում ինքն իրեն, խստավարժությամբ չի պարապում ու չի քչփորում իր հին վերքերը։ Նա գիտեր, բոլոր ախտավոր ու անմիտ արարքները, աշխարհային չարը իրենց հակադրությունն են վերածվում, եթե մարդս կարողանում է նրանց մեջ ճանաչել աստծուն, հասնում նրանց ամենախորը արմատներին, որ տարածվում են ցավի ու բավականության, չարի ու բարու սահմաններից անդին։ Նա այդ գիտեր։ Բայց դրա դեմ ոչինչ չէր կարելի անել, չար հոգին էր իր մեջ նստած, աստված ասածը կրկին մի բառ էր, գեղեցիկ ու օտարի պես հեռավոր։ Քլայնը ատում էր իրեն ու արհամարհում, և երբ այդ ատելության մոլուցքը վրա էր հասնում, այն կլանում էր իրեն, ընդ որում՝ նույնքան ակամա ու անշրջելի խանդով, ինչպես առաջներում սերն ու վստահությունն էին այցելում իրեն։ Եվ դա այդպես էլ պիտի շարունակվեր... նա պետք է մշտապես բարձրագույն ողորմածությանն ու երանության շնորհին արժանանար և նորից ու նորից այդ անիծյալ հակառակ բևեռի դուռը վերադառնար, և երբեք էլ իր կյանքն այն ճանապարհով չէր ընթանալու, որին իր սեփական կամքն էր մատնացույց անելու... Որպես խաղագնդակ կամ լողախցան նա հավերժ պետք է այս ու այն կողմ տարուբերվեր, մինչև որ իր վերջը գար, մի ինչ-որ ալիքի երախն ընկներ ու կուլ գնար, մինչև որ մահվան կամ խելագարության դուռը հասներ։ Օ՜, երանի թե դա շուտ կատարվեր։

Ասես ինքնաբերաբար նորից վերադարձան վաղուց արդեն իրեն այնքան դառնորեն ծանոթ ու մտերիմ դարձած խորհրդածությունները, իզուր ապրած սարսափներն ու անիմաստ ինքնամեղադրանքները, որոնց անմտության գիտակցումը այժմ լոկ ավելորդ տանջանք էր դարձել։ Նրա մեջ վերարթնացավ մի պատկեր, որն ինքը, մի պահ միայն իր աչքերի առաջ էր ունեցել կարճատև ուղևորություններից մեկի ժամանակ (սակայն նրան թվում էր, թե դա ամիսներ էր տևել). ինչ հոյակապ կլիներ, եթե իրեն հաջողվեր գլուխ-մլուխով հանդերձ նետվել գնացքի անիվների տակ... նա ագահորեն կլանում էր այդ պատկերները, ներծծում այն որպես եթերը, հենց այդպես՝ գլխով առաջ, ամբողջ մարմինը կտոր-կտոր եղած, ծվեն-ծվեն մանրատված ու աղացված, եղած-չեղածով անիվներին փաթաթված ու ճզմված երկաթուղագծերի վրա... Այս տեսիլքները վերջնականապես խժռեցին նրա միջի տառապանքը, և նա հիացմունքով ու բավականության զգացումով լսում էր, տեսնում ու ճաշակում Ֆրիդրիխ Քլայնի այդ կատարյալ կործանումը, զգում էր, թե ինչպես էին պատառ-պատառ լինում, պայթում ու ճզմվում իր սիրտն ու ուղեղը, ինչպես էր բզկտվում ու ճայթում իր ցավացող գլուխը, խոշտանգահար աչքերը դուրս էին պրծնում իրենց խոռոչներից, թոքերը՝ հունցվում, երիկամունքը՝ կտոր-կտոր լինում, մազերը պոկռտվում էին, ոսկորները, ծունկն ու կզակը հօդս ցնդում ու փոշիանում։ Այդ նույն բանը պետք է որ մարդասպան Վագներն էլ զգացած լիներ, երբ նա արյան բաղանիքի մեջ խեղդում էր իր կնոջը, երեխաներին ու ինքն իրեն։ Օ ՜, այնպես լավ էր ինքը նրան հասկանում.. Ինքն էլ հենց մի Վագներ էր՝ աստվածայինը զգալու, սիրելու ընդունակությամբ օժտված, սակայն գերծանրաբեռնված ու չափազանց շուտ ձանձրացող մի անձնավորություն, որ հազար անգամ ավելի լավ է պատկերացնում բոլոր իր թերություններն ու արատները։ Ի՞նչ գործ ունի այս աշխարհում այդպիսի մեկը, այդ Վագները, ուրեմն և այդ Քլայն կոչեցյալը։ Նա, որ իր աչքերի առաջ մշտապես տեսնում էր այն անդունդը, որն իրեն բաժանում էր աստծուց, զգում, թե ինչպես և իր սրտի որ մասով էը անցնում այն ճեղքվածքը, որ բաժան-բաժան էր անում ու պառակտում աշխարհը, առ աստված միտված ու անկումներով ուղեկցվող հավերժական ճախրումների տենդից հոգնած ու ուժասպառ, այդպիսի մի Վագները կամ Քլայն կոչեցյալը ուրիշ էլ ինչ կարող էր անել, քան եթե վերջ տար իր կյանքին և այն ամենին, ինչը կարող էր այդ մասին հիշեցնել և կամ նետեր իրեն խավար անդունդը, ուր հավերժության իրավունքով հանգրվանում էին այս անցողիկ ու ունայն աշխարհը լքած տեսլանման հոգիները։ Ո՛չ, անելու ուրիշ ոչ մի բան չէր մնում։ Վագները պետք է հեռանա, պետք է մահանա Վագները, նա պետք է ինքն իրեն ջնջի կենաց գրքից։ Ինքնասպանություն գործելը գուցե անօգուտ բան է, գուցե նույնիսկ ծիծաղելի։ Գուցե և կատարելապես իրավացի են այն մյուս՝ հեռվում մնացած աշխարհում ապրող քաղքենիները, որ իրեն խորհուրդ էին տալիս ինքնասպան լինել։ Բայց միթե այս վիճակում հայտնվածների համար չկար մի ինչ-որ բան, որ չլիներ անօգուտ ու ծիծաղելի։ Ո՞չ, ոչինչ։

Այդ դեպքում ավելի լավ է գնացքի երկաթե անիվների տակ գանգդ փշրես, զգաս, թե ինչպես է այն ճարճատում, և կամ ինքնակամ անդունդը նետվես։

Դողդողացող ծնկների վրա մի կերպ հավասարակշռությունը պահելով՝ նա անդադար, ժամերով քարշ էր գալիս ճանապարհներին։ Երկաթուղագծերի վրա, դեպի ուր նրան առաջնորդեց ճանապարհը, նա միառժամանակ պառկած մնաց, մինչև իսկ նիրհեց՝ գլուխը սառը երկաթներին դրած, և երբ արթնացավ, արդեն մոռացել էր, թե ինչ էր ուզում, ոտքի կանգնեց, երազների մեջ ընկղմված՝ երերալով առաջ ընթացավ, ներբանների տնքոցից ու գլխացավից երբեմն-երբեմն ցած գլորվելով, ծածկվելով փշերի մեջ, հաճախ էլ՝ կարծես ճախրելիս լիներ ու մեծ դժվարությամբ ոտքերն էր քարշ տալիս։

«Դևը սանձել է ինձ ու ձիավարում է...»,― երգեց նա կերկերուն ձայնով։ Սա ինչ ցավ է՝ տառապանքների մեջ տապակվելով հասունանալ, և դեռ վերջում էլ վրադ սառը ջուր սրսկեն, ինչպես դեղձի կորիզը, որ հասունանում և, վերջիվերջո, տխուր վախճանի է արժանանում։

Այդ կատարյալ խավարի մեջ լույսի մի կայծ շողաց, որից նա շուտով կառչեց իր խոշտանգված հոգու ողջ եռանդով։ Մտածեց, որ ինքնասպանություն գործելն հիմա անօգուտ ու անիմաստ կլիներ, և իսկապես ինքն իրեն այդպես դաժանորեն անդամ առ անդամ ջախջախելն ու խեղելը ինչ , իմաստ կարող էր ունենալ... Տառապելը, տանջանքների ու արցունքների ծովում եփ գալը, հարվածների ու ցավերի գրոհի առաջ պատրաստակամորեն ճկվելը, սակայն, հրաշալի ու փրկարար մի բան էր։ Դրանից հետո կարելի էր մեռնել, այդժամ մահը նույնիսկ հրաշալի կլիներ, գեղեցիկ ու իմաստավորված, աշխարհիս ամենաերջանիկ զգացողությունը, շատ ավելի հաճելի, քան ամենացանկալի սիրային գիշերները. այրվելով և անդունդի մեջ գահավիժելուն մշտապես պատրաստ, պատրաստ հանգչելու, փրկության արժանանալու և վերստին ծնվելու համար։ Միայն այդպիսի մահը, այդօրինակ հասունացած և հրաշալի, ազնիվ ու արդարամիտ վախճանը իմաստ կունենար, միայն դա էր փրկությունը, դա էր, որ կոչվում է վերադարձ դեպի տուն։ Կարոտից նրա սիրտը լալիս էր հեծկլտալեն։ Օ ՜, ուր է այն նեղլիկ, դժվարընթաց ճանապարհը, և որտե՞ղ էր դուռը։ Նա դրան պատրաստ էր, ուժասպառ ու հյուծված իր մարմնի ամեն մի բջիջով նա այնտեղ էր ձգտում՝ մահվան տանջանքից ցնցվող իր հոգու հետ գիրկընդխառն։

Երբ երկինքը լուսավորվեց և կապարե լճակը առաջին սառը ցոլարձակումներից արծաթի գույն դարձավ, փախստականը կանգնած էր շագանակենիներ մի փոքրիկ պուրակում, լճից ու քաղաքից էլ վերև, ցողապատ ձարխոտերի, բարձրացողուն ու փթթած ասպիրակների մեջ։ Մարած աչքերով, բայց ժպիտը դեմքին, նա զննում էր սքանչատեսիլ աշխարհը։ Նա հասավ իր այնքան տենչացած արկածախնդիր խելապատառ վազքի նպատակին, այնքան մահու չափ հոգնած էր, որ հոգսերի տակ կքած նրա հոգին նվաղեց ու լռեց։ Բայց այդ գիշերն էլ արդեն անցնելու վրա էր... ճակատամարտը շահված էր, այս մի վտանգն էլ հաղթահարվեց։ Հոգնած և ուժասպառ նա մահացածի պես փլվեց ձարխոտերի ու արմտիքների վրա՝ դաշտի մերկ հատակին, գլուխը հավամրգիների մեջ, աշխարհի պատկերը ցնդել-անէացել էր անգործության մատնված իր գիտակցությունից։ Ձեռքերը խոտերի մեջ խրած, կուրծքն ու դեմքը հողին փարած՝ նա կարոտյալի պես հանձնվեց քնին, ասես դա նրա ամենավերջին փափագելի քունը լիներ։

Երազի մեջ, որից հետո միայն առանձին պատառիկներ էր մտաբերում, նա տեսավ հետևյալը. մի դռան վրա, որ կարծես թատրոնի շքամուտք էր հիշեցնում, հսկայական մակագրությամբ մի մեծ վահանակ էր կախված. միայն թե հստակ չէր հիշում (այն կարծես փոքր-ինչ անընթեռնելի լիներ), թե ինչ էր գրված՝ «Լոհենգրին», թե՞ «Վագներ»։ Այդ դարպասից ներս մտավ։ Ներսում մի տիկին կար, որ կարծես անցած գիշերվա պանդոկապանուհուն էր հիշեցնում ու նաև իր սեփական կնոջը։ Նրա գլուխը տձև էր, այլանդակ ու վիթխարաչափ, իսկ դեմքը՝ ծամածռություններ անող դիմակ էր հիշեցնում։ Այդ կնոջ նկատմամբ իր մեջ առաջացած հարաճուն զզվանքը այնքան ուժեղացավ, որ նա չդիմացավ և դանակով հարվածեց նրան։ Սակայն մեկ ուրիշ կին, որն ասես առաջինի հայելային արտացոլանքը լիներ, վրիժառուի կերպարանքով ետևից նրան մոտեցավ, իր սուր ու հզոր մագիլները խրեց նրա կոկորդը և ուզում էր խեղդել իրեն։ Սթափվելով խորը քնից՝ նա զարմացավ շուրջբոլորը տարածված դաշտը տեսնելով, մարմինն էլ փայտացել էր կոպիտ մակերեսին երկար պառկելուց, բայց նա իրեն թարմացած էր զգում։ Մեղմօրոր մի տագնապ հարուցելով՝ այդ երազը արձագանքվում էր իր մեջ։ Երևակայության ինչպիսի տարօրինակ, միամիտ ու վայրենաբարո խաղ, հեգնանքով մտածեց նա՝ մի պահ հիշելով «Վագների» թատրոնի մուտքի դռան վրա կախված ազդագիրը։ Ինչպիսի ապուշ գաղափար, և ինչ առնչություն կարող էր լինել իր և Վագների միջև... Այդ երազի ոգին կոպիտ էր, բայց հանճարեղ։ Նա ճիշտ թիրախին էր խփել։ Կարծես ամեն ինչ հասկանում էր... «Վագներ» մակագրությամբ թատրոնը, արդյոք դա հենց ինքը չէր, միթե այդ ազդագիրը ինք\ւ իր մեջ, իր իսկ ներաշխարհի դեռևս չհետազոտված, անծանոթ անկյունները մուտք գործելու մի պարզագույն կոչ չէր։ Ուրեմն՝ Վագները հենց ինքն էր, Վագները իր մեջ նստած մարդասպանն ու փախստականն էր, ինքնադատապարտող իր էությունը, բայց Վագները նաև երգահան էր, հանճարեղ արվեստագետ, քեղության ծարավի, կյանքի ու մարմնական հաճույքների նկատմամբ իր մեջ գայթակղություն առաջ բերող մեկը։ Վագները հավաքական անունն էր բոլոր այն ճնշվածության ու խորտակվածության զգացումների, որ բույն էին դրել նախկին ծառայող Ֆրիդրիխ Քլայնի հոգում։ Իսկ այդ Լոհենգրինը» — արդյո՞ք դա էլ ինքը չէր, Լոհենգրին, խորհրդավոր նպատակների հետամուտ այդ թափառաշրջիկ ասպետը, որի անունն իսկ հարցնելու ոչ ոք համարձակությունը չուներ։ Շարունակությունը այսքան էլ պարզ ու հասկանալի չէր, սարսափազդու դիմակով տիկինը և այն մյուսը, որ մագիլներ ուներ, վերջինիս կողմից իր փորին հասցված դանակի հարվածը նրան մեկ ուրիշ բան էլ հիշեցրեց, նրա մեջ մի պահ հույս արթնացավ, թե ահա ուր որ է կմտաբերի այն, բայց մյուս կողմից էլ՝ սպանության ու մահվան սարսափի տրամադրությունները տարօրինակ զուգորդումներով միախառնվեցին թատրոնի, դիմակների և այն խաղի պատկերների հետ։

Խորասուզված այդ կնոջ և դաշույնի հետ կապված մտածությունների մեջ՝ մի պահ հանկարծ նա իր առաջ պարզորոշ տեսավ իր նախկին ամուսնական առագաստը։ Սկսեց իր երեխաների մասին մտածել, ինչպես կարող էր ինքը մոռանալ նրանց։ Հիշում էր, թե ինչպես էին նրանք առավոտյան կողմ իրենց գիշերաշապիկներով ցած սողում փոքրիկ մահճակալներից։ Աստիճանաբար սկսում էր մտաբերել նրանց անունները, առանձնապես Էլլիին հիշեց։ Օ՜, երեխաներ... Գունատված դեմքի վրայով դանդաղորեն հոսում էին արցունքները։ Նա թափահարեց գլուխը, փոքր-ինչ ճիգ թափելով բարձրացավ պառկած տեղից և իր ճմրթված զգեստների վրայից սկսեց սաղարթն ու հողափոշին թափ տալ։ Միայն այժմ նա պարզորոշ մտաբերեց այն գիշերը, գյուղական պանդոկի մերկ ու սառնաբույր, քարաշեն այն խուցը, անծանոթ կնոջը՝ իր կրծքի վրա, իր փախուստն ու խելապատառ վազքը։ Նա ուշի-ուշով զննում էր իր այս մի փոքրիկ, աղճատված կյանքի պատառիկը, ինչպես հիվանդն է զննում իր հյուծված ձեռքը կամ իր ոտքի վրայի պզուկը։

Տխուր զսպվածությամբ, դեռևս արցունքակալած աչքերով, նա ինքն իրեն կամացուկ ասաց. «Աստված իմ, ուրիշ էլ ինչ ես դու ինձ համար նախատեսել»։ Գիշերվա մասին խորհրդածություններից նրա մեջ լոկ մի կարոտաբաղձ ձայն էր շարունակում հնչել, հասունանալ, տունդարձի ու մահ գտնելու իրավունք ձեռք բերել։ Դեռ երկար էր այսպես թափառելու։ Արդյոք, հանգրվանը շատ էր հեռու։ Մի՞թե ավելի շատ, ավելի դժվարին ու անմտածելի տառապանքներ են իրեն սպասվում առջևում։ Դրանց նա պատրաստ էր դիմագրավել և կամովին ընդառաջ էր գնում՝ ինքն իրեն չխղճալով, և սիրտն էլ բաց էր. Ո՜վ ճակատագիր, ահա ես, դե մոտեցիր ինձ ու զարկ...

Լեռնահովիտների ու խաղողի այգիների միջով նա կամաց-կամաց սկսեց ցած իջնել դեպի քաղաք։ Վերադարձավ իր սենյակը, լվացվեց, սանրվեց և փոխեց զգեստները։ Հետո գնաց ճաշելու, ազնիվ գինի ճաշակեց և զգաց, թե ինչպես են հոգնությունից փայտացած իր անդամները բեռնաթափվում և լցվում աշխույժով։ Տեղեկացավ, թե երբ են պարելու խաղասրահում և թեյելու հեռանկարով՝ քայլեց այդ ուղղությամբ։

Երբ ներս մտավ՝ Թերեզինան արդեն պարում էր։ Պարելիս նրա դեմքին փայլող յուրահատուկ ժպիտը կրկին տեսնելով՝ Քլայնն անչափ ուրախացավ։ Ողջունեց Թերեզինային, երբ նա իր սեղանին էր մոտենում և տեղ առաջարկեց։

― Ես Ձեզ հրավիրում եմ այսօր երեկոյան ինձ հետ Կաստիլյոնե մեկնել,― ասաց նա ցածրաձայն։

― Հենց այսօ՞ր,― ասաց նա,― Ինչո՞ւ այդքան շտապ։

― Կարող եմ և սպասել։ Բայց այդպես ավելի լավ կլիներ։ Ուրեմն, որտե՞ղ ենք պայմանավորվում հանդիպել։

Թերեզինան չկարողացավ մերժել հրավերքը, նրա քիչ այլայլված ու միայնակ դեմքին տարօրինակ մի քնքշությամբ դեռ միառժամանակ կախվել էր մանկական ժպիտը, ինչպես որ մոխրագույն ու քարուքանդ եղած տան կանգուն մնացած վերջին պատից դեռ կախված են լինում պաստառի զվարթերես ու գունագեղ կտորտանքները։

― Որտե՞ղ էիք Դուք, սակայն,― անթաքույց հետաքրքրասիրությամբ հարցրեց Թերեզինան։― Երեկ Դուք այնպես հանկարծակի անհետացաք։ Եվ ամեն անգամ Դուք բոլորովին ուրիշ դեմք եք ունենում, այսօր ևս։ Դուք հո թմրամո՞լ չեք։

Քլայնը ժպտաց՝ տարօրինակորեն մտերմիկ և փոքր-ինչ օտարոտի ժպիտով, այնպես որ նրա շրթունքներն ու կզակը մանկական կերպարանք ստացան, մինչդեռ ճակատին ու աչքերի մեջ առաջվա պես դաջված էր մնում փշե՞ պսակը։

― Խնդրում եմ ինձ դիմավորեք ժամը իննի մոտ «էսպլանադ» հյուրանոցի ռեստորանում։ Կարծեմ նավակը հենց այդ ժամին էլ մեկնում է։ Բայց և այնպես, ասացեք, խնդրեմ, ինչո՞վ էիք Դուք զբաղված ամբողջ երեկ երեկոյան և գիշերը։

― Ես զբոսնել եմ ամբողջ օրը ու նաև ողջ գիշերը։ Գյուղակներից մեկում ես մի կնոջ էի մխիթարում, որովհետև ամուսինը լքել էր նրան։ Հետո շատ ջանքեր թափեցի իտալական մի երգ սովորելու համար, քանի որ այնտեղ ոմն Թերեզինայի մասին էր խոսվում։

― Այդ ի՞նչ երգ է։

― Այն հետևյալ կերպ է սկսվում. Su in cima di quel boschetto

― Տեր Աստված, արդեն Դուք էլ եք հասցրել լսել այդ հնացած

մեղեդին։ Այո, դա հիմա մոդ.այիկ է խանութի վաճառողուհիների շրջանում։

― Օ՜, այդ երգը ինձ շատ է դուր գալիս։

― Ասացիք, մի կնոջ եք մխիթարել։

― Այո, նա տխուր էր, ամուսինը լքել-հեռացել ու դավաճանում էի նրան։

― Լավ։ Եվ ինչպես Դուք նրան մխիթարեցիք։

― Նա ինձ մոտ եկավ, որպեսզի մենակ չմնա։ Ես նրան համբուրեցի ու պառկեցրի իմ կողքին։

― Իսկ նա գեղեցի՞կ էր։

― Չգիտեմ, ես նրան լավ չտեսա։ Ոչ, մի ծիծաղեք, ծիծաղել պետք չէ... Դա շատ տխուր պատմություն էր։

Թերեզինան, այնուամենայնիվ, չկարողացավ ծիծաղը զսպել: Ի՜նչ ծիծաղելի եք Դուք... Ձեր տեսքից դատելով՝ Դուք ողջ գիշերը երևի թե չեք քնել։

― Օ, ոչ, ես մի քանի ժամ քնեցի այնտեղ, վերևի անտառում։

Թերեզինան հայացքով հետևեց նրա մատնացույց արած կողմը՝ սրահի

առաստաղի ուղղությամբ և բարձր ծիծաղեց։

― Թե՞ պանդոկում։

― Ոչ, անտառում։ Հավամրգիների պուրակում։ Գիտե՞ս, հատապտուղները գրեթե արդեն հասունացել են։

― Դուք ֆանտազյոր եք։ Կներեք, ես պետք է պարեմ, սրահի տնօրենն արդեն նշան է անում։ Որտե՞ղ եք, Կլաուդիո։

Գեղեցկատես, թխահեր երիտասարդն արդեն կանգնած էր նրա աթոռի ետևում, երաժշտությունը սկսվեց։ Պարի ավարտին Քլայնը դուրս եկավ։

Երեկոյան, ճիշտ և ճիշտ պայմանավորված ժամին, սմոքինգը հագին նա ուրախ-զվարթ դիմավորեց Թերեզինային, վերջինս էլ իր հերթին խիստ տոնականորեն էր հագնվել, ժանեկազարդ մանուշակագույն զգեստը նրան իշխանուհու տեսք էր տվել։

Հասնելով նավակին՝ նա Թերեզինային առաջնորդեց ոչ թե երթուղային նավի, այլ մի սիրունիկ մոտորանավակի կողմը, որը նա հատուկ այդ երեկոյի համար էր վարձել։ Նրանք տեղ գրավեցին մոտորանավակի մեջ, կիսաբաց նավախցում Թերեզինայի համար ճանապարհորդական ծածկոցներ ու ծաղիկներ էին պատրաստ դրված։ Սուր կորագծով արագաշարժ նավակը նավահանգստից դուրս եկավ դեպի բաց ծով։

Լճափից դեռ նոր էին հեռացել, երբ գիշերվա խաղաղության մեջ Քլայնն ասաց.

― Ի՜նչ եք կարծում, Թերեզինա, հիմա իմաստ ունի գնալ այնտեղ, ուր անհամար ժողովուրդ է հավաքվում։ Եթե դեմ չեք" մենք աննպատակ կլողանք ջրերում, նավակով կզբոսնենք մեր ուզածի չափ, կամ խարիսխ կնետենք մի որևիցե գեղեցիկ ու խաղաղ գյուղակի մերձակայքում, ազնիվ գինի կխմենք պանդոկում ու կունկնդրենք աղջիկների երգը։ Ի՞նչ կասեք սրան։

Թերեզինան լուռ էր, Քլայնը իսկույն ևեթ նրա դեմքին հիասթափության մի արտահայտություն նշմարեց ու կամացուկ ժպտաց։

― Դա հենց այնպես, մի պահ միայն իմ խելքին փչեց այդ միտքը, ներեցեք, խնդրեմ։ Դուք կստանաք այն, ինչը Ձեզ բավականություն է պատճառում, մենք ոչ մի ուրիշ ծրագիր այլևս չենք կազմի։ Մի տասը րոպեից այնտեղ կլինենք։

― Երևում է Դուք չեք հետաքրքրվում այդ խաղով,― ասաց Թերեզինան։

― Տեսնենք, նախ ես պետք է մեկ անգամ փորձեմ։ Խաղի իմաստը ինձ համար մի քիչ պարզ չէ։ Երևի իմաստն այն է, որ կարելի է դրամ շահել և տանուլ տալ։ Ինձ թվում է՝ դրանից ավելի զգայացունց բաներ գոյություն ունեն։

― Փողը, որով խաղում ես, փող չէ սոսկ։ Յուրաքանչյուր խաղացողի համար այն մի խորհրդանիշ է, շահում կամ տանուլ ես տալիս ոչ թե փողը, այլ բոլոր այն ցանկություններն ու երազանքները, որի համար նախատեսված էր այդ գումարը։ Անձամբ ինձ համար այն ազատություն է նշանակում։ Երբ ես դրամ ունենամ, այլևս ոչ ոք ինձ չի կարողանա կարգադըրություններ անել։ Կապրեմ այնպես, ինչպես ցանկանամ։ Կպարեմ, երբ կամենամ, որտեղ և ում հետ ցանկանամ։ Կճանապարհվեմ ուր աչքս կտրի։

Քլայնը ընդհատեց նրան։

― Ի՜նչ միամիտ երեխա եք Դուք, սիրելիդ իմ օրիորդ... Ձեր ցանկություններից դուրս ուրիշ ոչ մի ազատություն չկա։ Վաղը եթե Դուք հարստանաք, ազատ ու անկախ լինեք, միևնույն է՝ մյուս օրն իսկ սիրահարվելու եք մի պատանու, որը Ձեր ձեռքից խլելու է Ձեր փողերը կամ գիշերով Ձեր կոկորդն է կտրելու։

― Դե վերջ տվեք Ձեր այդ զզվելի մտքերին... Երբ ես հարուստ լինեմ, գուցե ավելի պարզ ու համեստ կյանքով ապրեմ, քան հիմա, բայց ինձ հաճելի է այդ բանը ցանկալ, և ես դրան ձգտում եմ ինքնակամ և ոչ թե ստիպողությամբ։ Ես ատում եմ հարկադրանքը... Գիտե՞ք, երբ ես իմ դրամը խաղի մեջ եմ դնում, ապա բոլոր իմ զգացմունքները իրենց մասնակցությունն են ցուցաբերում իմ ամեն մի շահումի կամ տանուլ տալու դեպքում, չէ որ հարցականի տակ է դրված այն ամենը, ինչը թանկ է ինձ համար և ինչին ձգտում եմ ես, և դա այնպիսի զգացմունքներ է առաջ բերում, որոնք ուրիշ կերպ անկարող են ի հայտ գալ։

Մինչ նա խոսում էր, Քլայնը նայում էր նրան՝ առանց խոսքերին ուշադրություն դարձնելու։ Նա ինքնաբերաբար Թերեզինայի դեմքը համեմատում էր այն կնոջ դեմքի հետ, որ ինքը տեսել էր երազում՝ մարգագետնում պառկած։

Հենց որ մոտորանավակը Կաստիլյոնեի կառամատույցը մտավ՝ նոր միայն իր ուղեղին հասավ, որ կայարանի անունով թիթեղյա վահանակի լուսավորված տեսքը իրեն հիշեցնում էր երազում տեսած այն վահանակը, որի վրա «Լոհենգրին» կամ «Վագներ» էր գրված։ Վահանակներն էլ նման էին իրար, նույն չափսերն ունեին, նույն գունավորումը՝ մոխրագույն ու սպիտակ, պայծառ լուսավորվածությամբ։ Սա, արդյո՞ք, այն թատերասրահը չքր, որ իրեն էր սպասում։ Արդյոք, ինքն այստեղ Վագներին հյուր չէր եկել։ Այժմ նա գլխի ընկավ, որ Թերեզինան նման էր երազում տեսած այն կնոջը, ավելի շուտ այն երկու կանանց, որոնցից մեկին ինքը դանակով սպանեց, իսկ մյուսը փորձում էր մագիլներով խեղդամահ անել իրեն։ Սարսափից նրա մարմնով մեկ սարսուռ անցավ։ Ուրեմն, ամեն ինչ կապված է իրար հետ։ Արդյոք իրեն նորից անծանոթ ուժերն են առաջնորդում։ Բայց դեպի ուր։ Դեպի Վագները։ Դեպի սպանություն։ Դեպի մահ։

Նավակից ափ իջնելիս Թերեզինան թևանցուկ արեց նրան և այսպես, ձեռք-ձեռքի տված, նրանք քայլում էին նավամատույցի բազմաբղիտ աղմուկի ու իրարանցման միջով, և գյուղակն անցնելով հասան խաղատուն։ Այստեղ ամեն ինչ վերստացավ այն կիսահրապուրիչ-կիսահոգնեցուցիչ ու անիրական փայլը, որ մշտապես առկա է ընչաքաղց ու անհոգի հասարակության զվարճալի միջոցառումներում, որոնք կազմակերպվում են քաղաքներից ու ճանապարհներից հեռու ընկած նման հանգստավետ վայրերում։ Տները շատ մեծ էին ու նորակառույց, ճոխ լուսավորվածությամբ, սրահները պերճաշուք էին, մարդիկ՝ կենսուրախ։ Հսկայական ու խավարամած լեռների գծագրումների և հեռուն տարածված մեղմածուփ ու ընդարձակ լճի միջև կախված էր ագահ ու կուշտ մարդկանց փոքրիկ, բայց գերխիտ մեղվապարսը, այնպես վախվորած ու ընկճված, ասես իր ամրության մեջ անվստահ լիներ, ասես ամեն վայրկյան կարող էր ինչ-որ բան տեղի ունենալ, որ նրանց այս ու այն կողմ էր շպրտեու։ Սրահներում, ուր շարունակ ուտում էին ու շամպայն ըմպում, ծորում էր ջութակի մեղմիկ երաժշտությունը, արմավենիների ու շատրվանների միջև ընկած սանդղաշարերի վրա, իրար մեջ վերընձյուղված առկայծում էին փթթուն ծաղկաբույլերն ու կանացի զգեստները, գունատ ու սերթուկավոր տղամարդկանց դեմքերը, գործունյա, միշտ ծառայելու պատրաստ ու ամենագետ սպասավորները՝ ոսկեգույն կոճակներով ու կապտազգեստ, այստեղ էին նաև անուշահոտություններով բուրող հարավային դիմագծերով տիկնայք՝ դալուկ ու վառվռուն, գեղեցիկ ու հիվանդոտ, կային և ամրակազմ, հյուսիսային արտաքինով կանայք՝ հաղթանդամ և ուժեղ, հրամայող հայացքով և ինքնավստահ, ծերունազարդ և ազնվածին պարոններ՝ ասես Տուրգենևի կամ Ֆոնտանեի նկարագրություններից դուրս պրծած։

Երբ նրանք սրահ մտան՝ Քլայնն իրեն տկար ու հոգնած էր զգում։ Հսկայական խաղասրահը ոտք դնելով՝ նա գրպանից երկու հազարանոց արժետոմսեր հանեց։

― Դե ինչ,― ասաց նա,― միասի՛ն ենք խաղում։

― Ոչ, ոչ։ Այդպես լավ չէ։ Ամենքս մեզ համար։

Արժետոմսերից մեկը նա տվեց Թերեզինային և խնդրեց, որ իրեն առաջնորդի։ Շուտով նրանք հայտնվեցին խաղասեղաններից մեկի մոտ։

Քլայնը իր բանկային արժետոմսը դրեց մի համարի վրա, անիվը սկսեց պտտվել։ Քլայնը դրանից գլուխ չէր հանում, միայն այն տեսավ, որ իր խաղագումարը մի կողմ հրվեց ու անհետացավ։ Ինչ-որ շատ արագ եղավ, մտածեց նա խաղաղված սրտով և ուզեց ժպտալ Թերեզինային։ Բայց նա այլևս իր կողքին չէր։ Քլայնը նրան տեսավ մեկ ուրիշ սեղանի մոտ կանգնած՝ դրամը մանրելիս, և մոտեցավ։ Այդ պահին Թերեզինան տնային տնտեսուհու պես մտածկոտ, մտահոգ և|սիստ զբաղված տեսք ուներ։

Քլայնը Թերեզինայի թիկունքից մոտեցավ խաղասեղանին և սկսեց զննել նրա խաղը։ Ինչպես երևում էր, Թերեզինան խաղին լավատեղյակ էր և լարված ուշադրությամբ հետևում էր նրա ընթացքին։ Նա փոքր խաղագումարներ էր դնում՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ, հիսուն ֆրանկից ոչ ավելի, մի քանի անգամ իրար վրա շահեց, հետո շարունակ արժետոմսեր էր մտցնում իր մարգարտաշար ձեռքի պայուսակն ու նորից դուրս հանում։

― Ինչպե՞ս են գործերդ,― հարցով ընդմիջեց նրան Քլայնը։

Թերեզինան վատ զգաց իրեն խանգարելու համար։

― Օ՜, թույլ տվեք ինձ խաղալ... Խնդրում եմ ինձ մի խանգարեք։ Շուտով նա տեղափոխվեց մեկ այլ սեղանի մոտ, Քլայնը հետևեց երան, բայց այնպես, որ Թերեզինան իրեն չտեսնի։ Քանի որ Թերեզինան այնքան շատ էր տարված խաղով, որ չէր ընդունում նրա ծառայությունները, ուստի Քլայնը տեղավորվեց պատի տակ ընկած մի կաշեկազմ նստարանի վրա։ Մենակությունը շրջապատեց նրան։ Նա նորից խորասուզվեց իր երազին առնչվող խորհրդածությունների գիրկը։ Շատ կարևոր էր ըմբռնել այդ երազի իմաստը։ Գուցե ինքն այլևս նման երազներ չէր տեսնելու, գուցե դրանք, ինչպես հեքիաթներում է լինում, բարի հոգիների խորհրդանշաններն են. երկու, նույնիսկ երեք անգամ կհրապուրեն, կնախազգուշացնեն քեզ, բայց եթե դու մշտապես կույր մնաս նրա ցուցումներին, այդժամ ճակատագիրը կշարունակի իր ընթացքը, և էլ ոչ մի ազնիվ կամ բարեկամական ուժ չի կարողանա նրա անիվը կանգնեցնել։ ժամանակ առ ժամանակ նա հետևում էր Թերեզինայի գործողություններին, որ մեկ մի սեղանի մոտ էր նստած լինում, մեկ էլ տեսար կանգնած էր մի ուրիշի մոտ, իսկ նրա դեղին մազերը պայծառ պսպղում էին ֆրանկների արանքից։

― Ի՜նչ երկար է նա ընկել այդ հազար ֆրանկանոցի ետևից...,― արդեն ձանձրանալով մտածեց նա,― ինձ մոտ դա շատ արագ ստացվեց։

Միայն մեկ անգամ Թերեզինան իրեն գլխով արեց։ Դրանից մեկ ժամ անց էլ մոտեցավ Քլայնին, նրան գտավ մտքերի մեջ խորասուզված և ձեռքը դրեց թևքին։

― Ի՞նչ է պատահել։ Դուք էլ չէ՞ք խաղում։

― Ես արդեն վերջացրի։

― Տանուլ տվեցիք։

― Այո։ Եղածը մի մեծ բան չէր։

― Ես մի քիչ շահեցի։ Վերցրեք, խնդրեմ, իմ դրամից։

― Շնորհակալություն, այսօրվա համար գուցե բավական է։ Դուք գոհ եք։

― Այո, հրաշալի էր։ Դե ես նորից գնացի խաղալու։ Թե՞ Դուք արդեն ուզում եք վերադառնալ։

Թերեզինան շարունակեց խաղալ։ Այս ու այնտեղ Քլայնը տեսնում էր նրա մազերը, որ փայլփլում էին խաղացողների ուսերի արանքից։ Քլայնը նրան շամպայն հյուրասիրեց և ինքն էլ մի բաժակ խմեց։ Ապա նորից նստեց պատի տակի կաշեպատ նստարանին։

Ի՞նչ էր նշանակում երկու կանանց մասին իր տեսած երազը։ Նրանք նաև իր սեփական կնոջն էին նման, ապա և գյուղական պանդոկի տիրուհուն, նաև Թերեզինային։ Արդեն երկար՝ տարիներ է, ինչ ուրիշ կանանց հետ ինքը չի շփվել։ Կանանցից մեկին ինքը հարվածեց՝ նրա այդ այլանդակորեն ուռած դեմքի հանդեպ գարշանքից դրդված։ Մյուսը իր վրա հարձակվեց թիկունքից և ուզում էր խեղդեր իրեն։ Ո՞րն էր ճշմարտությունը։ Ի՞նչ էր դա խորհրդանշում։ Ի՞նքն էր վիրավորել իր կնոջը, թե՞ նա իրեն։ Միթե ինքը անկարող է սիրել մի կնոջ՝ առանց նրան վնաս պատճառելու, կամ վնասվելու նրա կողմից։ Այդ ինչ անեծք էր կախված իր գլխին։ Գուցե դա բոլորին է հատկանշական, բոլորի հե՞տ է այդպես պատահում։ Միթե սերը ընդհանրապես այդպիսին է։

Եվ ինչն է իրեն կապում այդ պարուհու հետ։ Այն, որ ինքը սիրում է նրան։ Նա շատ կանանց է սիրել, որոնք այդ մասին չեն էլ իմացել։ Ի՞նչն է իրեն կապում նրա հետ, որ ահա այստեղ կանգնել ու բախտախաղով է տարված, ասես մի լուրջ զբաղմունք լինի դա։ Ի՜նչ մանկական բան կա նրա ձգտման ու հույսերի մեջ, ինչքան առողջություն կա նրանում, միամտություն ու կյանքի ծարավ... Ինչպես նա կվերաբերվեր իրեն, երբ իմանար իր ամենասրբազան ցանկության՝ մեռնելու ու հանգիստ գտնելու խանդաղատագին տենչանքի մասին, աստծո գիրկը վերադառնալու իր բաղձանքի մասին։ Գուցե և շատ շուտով Թերեզինան իրեն կսիրի, գուցե և ապրի իր հետ, բայց, արդյոք, դա բոլորովին այլ կյանք կլինի, քան իր կնոջ հետ է եղել։ Արդյոք, ինքը իր ներքին զգացմունքների հետ այլևս երբեք միայնակ չի լինելու։

Թերեզինան ընդհատեց նրան։ Նա մոտեցավ Քլայնին և նրան հանձնեց մի կապոց բանկային արժետոմսեր.

― Սա միառժամանակ Ձեզ մոտ պահեք։

Քիչ անց, Քլայնը նույնիսկ չիմացավ էլ՝ երկար ժամանակ էր անցել, թե՞ կարճ, Թերեզինան վերադարձավ և դրամը ետ խնդրեց։

― Նա տանուլ է տալիս,― մտածեց Քլայնը,― փառք աստծո... Պետք է հուսալ, որ շուտով կվերջացնի...

Կեսգիշերից քիչ անց Թերեզինան վերադարձավ՝ ինքնագոհ և փոքր-ինչ բորբոքված։

― Դե, ահա, ես վերջացրի։ Իմ խեղճ բարեկամ։ Դուք, իհարկե,. հոգնել եք։ Վերադառնալուց առաջ, ինչ եք կարծում, մի կտոր բան չուտենք։

ճաշարանում նրանք խոզապուխտով ձվածեղ ու մրգեղեն ճաշակեցին և շամպայն խմեցին։ Քլայնը սթափվեց ու առույգացավ։ Պարուհին փոխված էր, ուրախ էր և կարծես անուշ արբեցումի մեջ։ Թերեգինան հայացքով իրեն զննեց և կարծես նորից վստահացավ,՝ որ ինքը հրապուրիչ է և գեղեցիկ զգեստներ է կրում, նա որսում էր տղամարդկանց հայացքները, որ հարևան սեղաններից իրեն էին ուղղված։ Քլայնը ևս զգաց նրա հետ կատարված այդ փոփոխությունը, նա նրան կրկին տեսավ գրավչություններով ու նուրբ գայթակղություններով լիքը, զգաց, թե ինչպես էր նրա ձայնում դարձյալ հնչում մարտահրավերի ու սեռի կանչը, նորից տեսավ նրա սպիտակ ձեռքերն ու փրփրաճերմակ պարանոցը՝ ժանեկաշարերի միջից վեր խոյացող։

― Դուք այսօր պետք է որ լավ շահած լինեք,― վրա բերեց նա ծիծաղելով։

― Ոչինչ, բայց դե տարածս մի մեծ բան չի։ Մի հինգ հազարի չափ։

― Դե ինչ, կարծում եմ սկզբի համար վատ չէ։

― Անշուշտ, մյուս անգամ էս ավելին կշահեմ։ Բայց դա էլ հարցի լուծում չէ։ Պետք է միանգամից մեծ գումար ձեռք գցել, ոչ թե այսպես կաթիլ-կաթիլ։

Քլայնը ուզում էր ասել. «Դրա համար խաղագումարն էլ ոչ թե կաթիլ-կաթիլ պետք է դնել, այլ բոլորը միանգամից»,― բայց փոխարենը՝ այդ մեծ հաջողության առիթով բաժակը չրխկացրեց նրա հետ և շարունակէց ժպիտը դեմքին զրուցել։

Ի՜նչ գեղեցիկ, առույգ ու հասարակ էր այդ աղջիկը իր ուրախության պահին։ Դեռ մի ժամ առաջ նա կանգնած էր խաղասեղանների մոտ՝ խստահայաց, մտահոգ, կենտրոնացած, չար ու հաշվենկատ։ Այժմ այնպիսի տեսք ուներ՝ ասես երբեք էլ ոչ մի հոգս չէր ունեցել, ասես գաղափար իսկ չուներ դրամի, թղթախաղի, համանման այլևայլ զբաղմունքների մասին, այլ միայն ուրախությունն ու շքեղությունն էր ճանաչում և անհոգ լող տալիս կենաց երփներանգվող մակերևույթին։ Արդյոք դա էր իրականը, ճշմարիտը։ Չէ՞ որ Քլայնն ինքն էլ ծիծաղում էր ու բավականություն զգում, ձգտում էր Թերեզինայի աչքերի մեջ մշտապես երջանկության ու սիրո հավաստիացումներ գտնել, սակայն, միևնույն ժամանակ, նրա մեջ նստած էր մեկը, որ այդ ամենին չէր հավատում, թերահավատությամբ ու հեգնանքով էր նայում դրան։ Գուցե ուոիշների մոտ էլ է այդպես լինում։ Ավաղ, մենք այնքան քիչ, հուսահատության աստիճան քիչ գիտենք մարդկանց մասին...

Հարյուրավոր ծիծաղելի ճակատամարտերի տարեթվեր ես սերտում դպրոցում, հին-հին թագավորների զվարճալի անուններ սովորում, ամեն օր հոդվածներ ես կարդում գանձվող հարկերի կամ Բալկանների մասին, սակայն, բուն մարդ արարածի մասին ոչինչ չգիտես... Երբ զանգը չի հնչում, վառարանը չի ծխում, կամ ինչ-որ անիվ կամ պտուտակ է խաթարվում մեքենայի մեշ, անմիջապես գլխի ես ընկնում, թե որտե՞ղ պետք է փնտրել պատճառը, և ջանասիրաբար գործի ես լծվում, գտնում վնասված տեղը և հնարներ որոնում այն բուժելու համար։ Սակայն մեր միջի այն բանը, թաքուն այն զսպանակը, որը հենց միայն իմաստ է տալիս կյանքին, և որը մեր միջի միակ ապրողն է, միակը, որ ունակ է հաճույք ու ցավ զգալու, երջանկություն տենչալու և վայելելու այդ երջանկությունը, ահա հենց դա է, որ անծանոթ է մեզ, դրա մասին մարդ ոչինչ չգիտե, գրեթե ոչինչ, և երբ այն հիվանդանում է՝ նրան ապաքինում կամ բուժում չկա։ Մի՞թե դա վայրենի խելագարություն չէ։

Մինչ նա Թերեզինայի հետ խմում էր ու ծիծաղում, նրա հոգու այս ու այն ծածուկ ակյուններում նմանատիպ այլևայլ հարցեր էին ծագում՝ մերթ բանականությանը շատ մոտ, մերթ էլ՝ նրանից շատ հեռու։ Ամեն ինչ կասկածելի էր, ողջը լող էր տալիս անորոշության մեջ։ Ա՜խ, եթե նա դրանցից գոնե մեկը հասկանար. ուրախության միջոցին իր ապրած տարակույսները, տառապանքներն ու հուսահատությունը, խորհրդածելու, ինքնաքննությամբ պարապելու այդ դատապարտվածությունը... Տեսնես ուրիշների մոտ էլ է նույնը, թե՞ դա միայն իրեն է հատուկ, միմիայն իրեն՝ այդ տարօրինակ և բոլորից տարբերվող Քլայնին։

Բայց մի բան նա կարծես թե հասկանում էր, և հենց դրանով էլ ինքը զանազանվում էր Թերեզինայից, զգում, որ Թերեզինան իրենից տարբեր էր՝ մանկան պես միամիտ և շատ ավելի առույգ։ Ինչպես բոլորը, ինչպես նախկինում ինքը՝ այս աղջնակը մշտապես և բնազդաբար հաշվի էր նստում ապագայի հետ, վաղվա, մյուս օրվա, ավելի ուշ ժամանակների մասին էր մտածում։ Արդյոք ինքն էլ կարող էր այդպես խաղալ, այդպես լուրջ նշանակություն տալ դրամին։ Եվ ահա նա խորապես զգաց, որ ինքը այդպես չէր կարող։ Իր ամեն մի զգացումի ու մտածության ետևում բաց դարպասն էր, որ դեպի ոչինչն էր առաջնորդում իրեն։ Նա տառապում էր վախից, շատ բաների հանդեպ սոսկանք զգում, սոսկանք՝ խելագարության, ոստիկանության, անքնության և նույնիսկ մահվան հանդեպ։ Բայց այն ամենը, ինչից ինքը վախենում էր, միաժամանակ տենչանքով ու անհամբերությամբ սպասում էր դրան։ Կարոտի ու տառապանքների, կործանումի ու հալածանքների, խելացնորության ու մահվան նկատմամբ նա լի էր հետաքրքրասիրությամբ ու վերջինիս հետ միախառնված այրող կարոտախտով։

«Ի՜նչ ծիծաղելի է աշխարհը»,― մտածեց նա իր մեջ՝ ոչ թե իրեն շրջապատող աշխարհը, այլ իր ներքին հոգեվիճակը նկատի ունենալով։ Զրուցելով, նրանք հեռացան սրահից ու խաղատնից, գունատ լապտերների լույսի ներքո ուղևորվեցին նիրհի մեջ ընկղմված լճափի կողմը, այստեղ էլ հարկ եղավ արթնացնել իրենց նավավարին։ Բավականաչափ երկար տևեց, մինչև որ նավը վերջապես ճանապարհ ընկավ, երկուսով սպասման մեջ կանգնած էին իրար կողք-կողքի, նրանք, որ կազինոյի լուսառատ ու գունագեղ հոգեզմայլ երանությունից հետո հանկարծակիորեն, մեն-մենակ հայտնվել էին անապատանման, գիշերային լճափի մութ հանդարտության մեջ, անմիտ ծիծաղը դեռևս իրենց ջերմ շուրթերին, գիշերային քնի մերձեցման ու մենակության վախի սառնաբույրով պարուրված։ Երկուսին էլ նույն զգացմունքներն էին պաշարել։ Չնկատելով՝ նրանք բռնել էին միմյանց ձեռքերը, շփոթված ու խելացնոր տենդով ժպտում էին մթության մեջ, դողդոջուն մատներով խաղում միմյանց ձեռքերի հետ։ Նավավարը ձայն տվեց, նրանք սթափվեցին և մտան նավախուց, ուժգին ու դյուրագրգիռ բռնկումով Քլայնը աղջկա շիկահեր ու ծանր գլուխը իր կողմը քաշեց և սկսեց համբույրի քաղցր կրակներ տեղալ նրա վրա։

Պաշտպանվելով՝ Թերեզինան ուղղվեց և հարց տվեց.

― Հավանաբար մենք շուտով նորից այստեղ կվերադառնանք, այնպես չէ։

Սիրային հուզմունքի միջոցին, սակայն, Քլայնը չկարողացավ զսպել իր ծածուկ ծիծաղը։

Թերեզինան շարունակ կազինոյի մասին էր մտածում, ցանկանում էր վերադառնալ ու շարունակել իր կիսատ մնացած զբաղմունքը։

— Հենց որ ցանկանաս,― ասաց Քլայնը քիչ սթափվելով,― վաղը լինի, թե մյուս օրը, երբ էլ որ կամենաս։

Ծոծրակին զգալով Թերեզինայի մատների խաղը՝ Քլայնը հանկարծ ցնցվեց՝ հիշելով երազում տեսած այն սարսափելի զգացումը, երբ վրիժառու կինը մագիլներն էր խրում իր պարանոցի մեջ։

«Այժմ կամ նա ինձ պետք է սպանի, և ճիշտ էլ կանի,― ջղագրգիռ խանդով մտածեց նա,― կամ էլ՝ ես իրեն»։ Գորովագութ ձեռքով փարած Թերեզինայի կրծքին՝ նա ինքն իր ներսում լուռ ժպտում էր։ Քլայնի համար այլևս անհնարին էր դարձել հաճույքն ու ցավը իրարից զանազանելը։ Այդ գեղեցիկ և ուժեղ կնոջ հետ գրկվելու իր ընչաքաղց կա, ոը, այդ գերագույն հաճույքը գրեթե ոչնչով չէր զանազանվում սարսափի զգացումից, նա տենչում էր նրան, ինչպես դատապարտյալը կտենչար կացնի փայլատակումը իր գլխավերևում։ Նրա մեջ երկուսն էլ առկա էին՝ և շողշողացող հաճույքը, և անկարեկից տխրությունը, երկուսն էլ ողջակեզ էին լինում, առկայծելով ցնցվում տենդագին վառվող աստղերի ներքո, երկուսն էլ այրում ու մահվան թույն էին թափում իր վրա։

Ճկուն շարժումով Թերեզինան խույս տվեց ավելի ու ավելի հանդուգն դարձող փաղաքշանքներից, բռնեց Քլայնի զույգ ձեռքերը, աչքերը հառեց նրա աչքերի մեջ և բացակայի հանգույն շշնջաց.

― Ո՞վ ես դու, ասա ինձ։ Ինչու եմ ես քեզ սիրում։ Այդ ինչն է, որ ինձ դեպի քեզ է ձգում։ Դու արդեն տարեց ես և ոչ այնքան գեղեցիկ, ինչպես դու դա կբացատրես։ Գիտե՞ս, համենայնդեպս ինձ թվում է, թե դու ոճրագործ ես։ Այդպես չէ՞։ Քո դրամը գողացված չէ՞։

Քլայնը փորձեց հարցերից գլուխն ազատել.

― Այդպես մի ասա, Թերեզինա... Ի՜՛նչ գողացված դրամի մասին ես խոսում, երբ սեփականություն ասածդ արդեն իսկ գողություն է և անարդար մի բան։ Կամ միթե դա կարևոր է։ Մենք բոլորս մեղավոր ենք, բոլորս անխտիր ոճրագործներ ենք հենց միայն նրա համար, որ ապրում ենք այս աշխարհում։ Հետևաբար, դա ինչ մի կարևոր բան է։

― Այդ դեպքում ի՞նչն է կարևորը,― տեղից վեր թռավ Թերեզինան։

― Կարևորն այն է, որ մենք այս բաժակով խմում ենք,― հանդարտ ասաց Քլայնը,― մնացած ամեն ինչ անկարևոր է, գուցե նաև անվերադարձ։ Դու կգաս ինձ հետ քնելու, թե՞ ես գամ քեզ մոտ։

― Գնանք ինձ մոտ,― ասաց նա ցածրաձայն։ ― Ես քեզանից վախենում եմ, սակայն, ինձ անհրաժեշտ է քեզ հետ լինել։ Գաղտնիքդ ինձ մի ասա։ Ես չեմ ուզում ոչինչ իմանալ...

Շարժիչը հանգավ, Թերեզինան սթափվեց, դուրս պրծավ Քլայնի ձեռքերից, հարդարեց մազերն ու զգեստները։ Նավակը կամացուկ մոտեցավ կառամատույցին, լապտերների լույսերը խայտալով արտացոլվում էին սևումութ ջրերի վրա։ Նրանք ափ դուրս եկան։

― Սպասիր, պայուսակս...,― բղավեց Թերեզինան, երբ դեռ մի տասը քայլ էլ չէին արել։ Նա վազեց ետ դեպի կառամատույցը, ցատկեց նավակի մեջ, նստարանի վրա գտավ դրամով լիքը պայուսակը, կասկածամտությամբ իրեն նայող նավավարին մի թղթադրամ նետեց և վազելով Քլայնի գիրկն ընկավ, որ լճափին կանգնած նրան էր սպասում։

5

Ամառը հանկարծակի սկսվեց, մի երկու տաք օրվա մեջ աշխարհը իսպառ կերպարանափոխվեց, անտառներն ավելի խորունկ դարձան, գիշերներն ավելի կախարդիչ։ Տաք ժամերը իրար հրմշտելով առաջ էին շարժվում, արևը արագ-արագ իր հուրհրատող կիսաշրջանն էր կատարում, շտապ վարգով նրան էին հետևում աստղերը, կյանքը տենդագին այրումով բոցավառվում էր ամենուր, անաղմուկ ու ընչաքաղց շտապողականությունից ողջ աշխարհը հալածական էր լինում։

Մի երեկո խաղատանը Թերեզինայի պարն ընդհատվեց մոլեգնող ամպրոպի պատճառով։ Լապտերները հանգան, խելացնոր հայացքները հուրհրատում էին շանթ ու կայծակի ճերմակ շողարձակումներից, կանայք ճիչեր էին արձակում, մատուցողները քթի տակ մռմռում էին, պատուհանները շառաչյունով ջարդուփշուր լինում փոթորկի գրոհումների առաջ։

Քլայնը Թերեզինային իսկույն առաջարկեց մոտենալ իր սեղանին, ուր ինքը նստած էր ծեր ծաղրածուի կողքին։

― Հոյակապ է,― բացականչեց Քլայնը։ ― Գնանք այստեղից։ Դու հո չե՞ս վախենում։

― Ոչ, ոչ մի վախ։ Բայց այսօր դու չպետք է ինձ հետ գաս։ Դու երեք գիշեր չես քնել և զարհուրելի տեսք ունես։ Ինձ մինչև տուն ուղեկցիր, հետո գնա քո հյուրանոցը քնելու։ Հարկ եղած դեպքում քնաբեր ընդունիր։ Դու ինքնասպանի կյանք ես վարում։

Թերեզինան՝ պատսպարված մատուցողներից մեկի վերարկուով, և իր ուղեկիցը փոթորկի ու կայծակի ոռնացող փոշեմրրիկի միջով քայլում էին դատարկ ու սրբված փողոցներով, պայծառ ու ցնծագին շաչում էին փոթորկի որոտընդոստ հարվածները՝ տակնուվրա անելով գիշերվա անդորրը, հետո որոտմունքը ուժգնացավ, ու անսպասելիորեն անձրևը պայթեց, տրաք-տրաք եղավ սալահատակի վրա, հորդառատ թափվեց բարբարոս, բայց փրկարար տեղատարափի նման ու սելավի պես հորձանք տվեց թանձր ամառային սաղարթների մեջ։

Թրջված ու ծեծված՝ նրանք մտան պարուհու բնակարանը։ Քլայնը տուն չվերադարձավ, այդ մասին արդեն խոսք լինել չէր կարող։ Թեթևացած շունչ քաշելով՝ նրանք մտան ննջասենյակ, հանեցին ամբողջովին ջուր դարձած շորերը, պատուհանների միջից վառ փայլատակում էր կայծակի լույսը, ակացիաների մեջ պատեպատ էին խփվում հոգնատանջ փոթորիկն ու անձրևը։

― Մենք այդպես էլ երկրորդ անգամ չգնացինք Կաստիլյոնե,― կատակեց Քլայնը։ ― էլ ե՞րբ ենք գնալու։

― Դեռ կգնանք, այդ մասին հետո։ Դու դեռ չե՞ս ձանձրացել։

Քլայնը նրան իր կողմը քաշեց, երկուսն էլ խիստ գրգռված էին և ամպրոպի հետափայլը բորբոքվում էր նրանց փաղաքուշ գործողություններում։ Լուսամուտը ցնցվում էր սառն օդի հարվածներից, շուրջբոլորը տարածվում էին ծառասաղարթների դառն բուրմունքն ու սևահողի ընդարմացնող կավահոտը։ Ծանր ու անզիջում սիրամարտից հոգնած նրանց վրա շուտով քաղցր նիրհ իջավ։ Բարձի վրա թուլացած ընկած էր Քլայնի թմրած դեմքը, իսկ կողքին՝ Թերեզինայի թարմությամբ բուրող գլուխն էր, Քլայնի բարակ ու չորացած մազերը հանգչում էին Թերեզինայի փթթուն ու առատ գանգուրների կողքին։ Պատուհան՛ի ետևում իր վերջին փայլատակումներն էր հևում գիշերային ամպրոպը, քիչ հետո այն հոգնեց ու հանգավ, փոթորիկն էլ խաղաղվեց, աստիճանաբար հանդարտվելով՝ անձրևի կաթիլները մեղմիվ սահում էին ծառասաղարթների միջով։

Գիշերվա ժամը մեկն անց էր, երբ Քլայնը, որն այլևս ետ էր վարժվել երկարատև քնից, արթնացավ ծանր ու հեղձուցիչ երազներից՝ շփոթ ուղեղով ու ցավացող աչքերով։ Առժամանակ նա անշարժ պառկած մնաց, աչքերը չռած, ճիգեր թափելով մտաբերելու համար, թե որտեղ էր ինքը գտնվում։ Գիշեր էր, ինչ-որ մեկը շնչում էր իր կողքին, ախ հա, դա Թերեզինան էր։

Շոշափելով նա գտավ էլեկտրականության կոճակը և սեղմեց։ Սառը լույսը սահեց-անցավ սպիտակ բարձերի, զգեստներով լիքը աթոռների վրայով, նեղլիկ պատի վրա էին էր տալիս պատուհանի բացվածքը։ Թերեզինայի մյուս կողմ շրջված դեմքին ստվեր էր ընկել, պայծառ շողշողում էին նրա ծոծրակն ու վարսերը։

Ժամանակին նա հաճախ իր կնոջն էր տեսնում նույն դիրքով պառկած, կողքին էլ իրեն՝ գիշերներ շարունակ անքնությամբ տառապելիս, նրա , նիրհին նախանձելով և կարծես նեղվելով նրա կուշտ ու գոհունակ շնչառությունից։ Ոչ ոք իրեն երբեք այնպես կատարելապես լքված չի զգում իր մերձավորի կողմից, ինչպես Քլայնը՝ քնած ժամանակ։ Եվ կրկին, ինչպես առաջներում էր պատահում, նա մտաբերեց տառապող Հիսուսի կերպարանքը Գեթսեմանիի պարտեզում, ուր նա խեղդվում էր մահվան սարսափից, իսկ նրա աշակերտները քնած էին ու քնած։

Թերեզինայի քնած գլխի հետ մեկտեղ նա բարձը կամացուկ դեպի իրեն քաշեց։ Եվ այժմ միայն տեսավ նրա դեմքը՝ քնի մեջ իրեն այնքան ծանոթ, այնպես ամբողջովին ինքն իր մեջ խորասուզված ու երես դարձրած իրենից։ Նրա մի ուսը և կուրծքը բաց էին, սավանի տակ, ամեն շնչառության հետ, նրա փորը մեղմորեն բարձրանում-իջնում էր։ Ծիծաղելի է, հանկարծ անցավ նրա մտքով, որ սիրո խոստովանությունների ժամանակ, բանաստեղծություններում ու սիրային նամակների մեջ մշտապես խոս վում է նուրբ շրթունքների ու այտերի մասին, բայց ոչ երբեք փորի կամ ոտքերի։ Այսպես էլ խաբեություն լինի, այսպես էլ կեղծիք... նա երկար զննում էր Թերեզինային։ Գեղեցիկ մարմնով ու կրծքով, ճերմակին տվող, առույգ ու ուժեղ, բարեխնամ ձեռքերով ու ոտքերով այդ կինը դեռ հաճախ է հրապուրելու ու գրկելու իրեն, ինքը հաճախ է նրանից բավականություն ստանալու և ապա խաղաղված սրտով քուն մտնելու՝ կուշտ ու խորը,

Անցավ ու առանց վախի, առանց այլևայլ նախազգացումների, քուն մտած առողջ գազանի նման այսպես սքանչացած, անզգա ու ընդարմացած վիճակում։ Ինքն էլ անքուն պառկելու է նրա կողքին՝ ցնցվող նյարդերով ու ցավացող սրտով։ Ո՞ւր էր, թե դա հաճախ կրկնվեր։ Բայց ոչ, դա այլևս չէր կարող հաճախակի կրկնվել, արդեն քիչ էր մնացել, գուցե և սա վերջին անգամն էր... նա հանկարծ ցնցվեց։ Ո՜չ, նա հաստատ գիտեր, սա հենց վերջն էր։

Հոգոց հանելով՝ նա բթամատով տրորում էր իր ակնախոռոչները, հենց այստեղ, աչքերի ու ճակատի միջև բնավորվել էին այդ դժոխային ցավերը։ Անշուշտ, Վագները ևս ճաշակել էր դրանք, ուսուցիչ Վագները։ Անշուշտ, տարիներ շարունակ նա այդ խելագարեցնող ցավերը կրել է իր մեջ, տարել դրանք ու տանջվել, կարծելով, որ իր այդ ապարդյուն տառապանքներին տրվելով՝ ինքը հասունանում ու կամաց-կամաց մերձենում է աստծուն։ Եվ ահա մի գեղեցիկ օր էլ նա այլևս չի կարողացել այդ ամենը տանել, ճիշտ այնպես, ինչպես ինքը՝ Քլայնը, որ նույնպես այլևս Ի զորու չէր կրելու այդ տառապանքները։ Ցավերը դեռ ոչինչ, սոսկալին մտածմունքներն էին, երազներն ու մղձավանջները... Անշուշտ, մի գիշեր էլ Վագները վեր է կացել և հասկացել է, որ տառապանքներով լի նման գիշերներ անցկացնելն այլևս իմաստ չունի, որ դրանով աստծուն չես մոտենա և ինքնաբերաբար ձեռքը մեկնել է դաշույնին։ Վագների կատարած այդ սպանությունը գուցե անօգուտ էր, գուցե և ծիծաղելի մի անմտություն։ Ով նրա տառապանքները չի իմացել, ով չի կրել նրա ցավերը, նա, իհարկե, նրան չէր կարող հասկանալ։

Քիչ առաջ ինքը՝ Քլայնն էլ, երազներից մեկում դանակով հարվածեց մի կնոջ, որովհետև նրա այլանդակ դեմքը իրեն արդեն անտանելի էր դարձել։ Մյուս կողմից, իհարկե, յուրաքանչյուր դեմք, որին սիրում ես, աղավաղված է պատկերանում ու այլանդակ, իսկ երբ այն դադարում է կեղծելուց, լուռ է ու քնած՝ դաժանորեն հրապուրիչ է ու մարտահրավեր կարդացող։ Այդժամ տեսնում ես նրա էությունը և նրանում սեր չես գտնում, ինչպես որ քո իսկ սրտում էլ չես կարողանում սեր գտնել, երբ թափանցում ես նրա էության մեջ։ Այնտեղ միայն կյանքի ծարավն է ու վախը, և այդ վախից, ցրտի,. մենակության ու մահվան հանդեպ ունեցած մանկական վախից է, որ մարդիկ իրար են միանում, համբուրվում են ու գրկվում, այտը այտին քսում ու ոտքը հպում ոտքին, նոր մարդիկ լույս աշխարհ բերում։ Այդպես է։ Այդպես էլ ինքն է մի ժամանակ իր կնոջը մոտեցել։ Այդպես էլ գյուղակի պանդոկապանուհին այն ժամանակ իր մոտ եկավ, իր այժմյան ճանապարհի սկզբում, ոտաբոբիկ ու անխոս, վախեցած, ապրելու ու մխիթարություն գտնելու տենչով համակված հայտնվեց սառնաբույր ու քարաշեն խցում։ Այդպես էլ ինքն ու Թերեզինան են իրար մոտեցել։ Միշտ էլ նույն բնազդային հակումն է, նույն ցանկությունը և նույն թյուրիմացությունը։ Նույն հուսախաբությունն է և սոսկալիորեն դաժան նույն տառապանքը։ Թվում է, թե մոտենում ես աստծուն բայց իրականում մի կնոջ ես գրկում։ Թվում է, թե ահա ուր որ է ներդաշնակության ես հասնելու, բայց իրականում՝ սոսկ քո մեղքերն ու տառապանքներն ես բարդում մի հեռու-հեռավոր էակի վրա։ Մի կնոջ ես գրկում, համբուրում նրա շուրթերը, շոյում կուրծքը, նրա հետ միասին աշխարհ բերում մի երեխա, և ժամանակ հետո այդ երեխան, սեփական ճակատագրի քմահաճույքով, մի գեղեցիկ գիշեր մեկ ուրիշ կնոջ կողքին է պառկելու, օրերից մի օր էլ արբեցումից արթնանալու, ցավող աչքերով անդունդի մեջ է նայելու և ողջը անիծելու է։ Անտանելի է տևականորեն այդ մասին մտածելը։

Ուշադրությամբ նա զննում էր քնածի դեմքը, ուսերն ու կուրծքը, նրա դեղին վարսերը։ Այդ ամենը իրեն սքանչացնում էր, գայթակղեցնում, հրապուրում, այն իրեն հաճույք ու երջանկություն էր պատճառում։ Ահա և արդեն ներկայացել է ինքդ քեզ հաշիվ տալու ժամանակը։ Հիմա արդեն ինքը մտել է Վագների թատրոնը, հասկացել, թե ինչու բոլոր այն դեմքերը, որոնց վրայից հենց որ ցնդում է խաբկանքը, դառնում են այդպես այլանդակ ու անտանելի։

Քլայնը անկողնուց վեր կացավ և սկսեց դանակ փնտրել։ Առաջանալով՝ աթոռի վրայից ցած գցեց Թերեզինայի երկար, բաց-շագանակագույն գուլպաները, և հանկարծ մի կարճ ակնթարթում հիշեց, թե ինչպես էր ինքը առաջին անգամ նրան այգում տեսել, ինչպես էր հմայվել նրա քայլվածքով, ոտնամանով ու սրունքներն ամուր գրկած գուլպաներով։ Մեղմածոր ժպիտը դեմքին, ասես չարախնդալով, նա մեկ առ մեկ ձեռքն առավ Թերեզինայի զգեստները, և դրանք ուշի-ուշով զննելով՝ նետեց հատակին։ Մի պահ ամեն ինչ մոռացած՝ նա դեռ շարունակում էր փնտրտուքը։ Իր գլխարկը դրված էր սեղանին, առանց ծանր ու թեթև անելու նա այն իր ձեռքն առավ, շուռումուծ տվեց, զգաց, որ դեռ թաց է, և դրեց գլխին։ Պատուհանի մոտ կանգ առավ, նայեց մթության մեջ, ունկնդրեց անձրևի երգին, որն ասես վաղնջական ժամանակներից հասնում էր իր ականջին։ Ի՞նչ են ուզում այս ամենն իրենից, այդ պատուհանը, գիշերը, անձրևը, ահա այս ամենը ու նաև խավարամած այն հին օրերի պատկերազարդ գիրքը ինչ կապ ունեին իր հետ։

Հանկարծ նա կանգ առավ։ Ձեռքն ընկավ սեղանին դրված մի առարկա, և նա ուշի-ուշով սկսեց զննել այն։ Դա մի արծաթակուռ, ձվաձև ձեռքի հայելի էր, որի միջից իրեն էր նայում մի դեմք՝ Վագների դեմքը, խելագարության կնիքով դրոշմված ու ծամածռված, խորունկ ու ստվերաշատ խոռոչներով, այլայլված ու թորշոմած դիմագծերով։ Վերջին ժամանակներս տարօրինակ մի անբացատրելիությամբ նա շատ հաճախ էր հայելու մեջ նայում, ու նրան թվում էր, թե առաջներում ինքը, տարիներ շարունակ, երբեք և ոչ մի անգամ հայելու մեջ իր պատկերը տեսած չկա։ Դա ևս, ըստ երևույթին, կապված էր Վագների թատրոն կատարած իր այցելության հետ։

Նա կանգնել ու անթարթ նայում էր հայելու մեջ։ Երբեմնի Ֆրիդրիխ Քլայն կոչեցյալի դեմքը հյուծված էր ու հալից ընկած, այն թոշնած էր ու պաշտոնաթող, կործանումն էր ճչում նրա յուրաքանչյուր խորշոմից։ Այդ դեմքը պետք է անհետանար, պետք է ջնջվեր երկրիս երեսից։ Այդ դեմքը շատ էր ծեր, շատ թաներ էին նրանում արտացոլված, չափազանց շատ, բազում կեղծիք ու խաբեություն, փոշին ու անձրևն էին նրա վրա իրենց կնիքը դրել։ Մի ժամանակ այն ողորկ ու գեղեցիկ է եղել, ժամանակին ինքը սիրել ու հոգածու վերաթերմունք է ունեցել նրա նկատմամբ, բավականության, հաճախ էլ ատելության զգացում էր նրա նկատմամբ տածել։ Բայց ինչու։ Այժմ արդեն ամեն ինչ անհասկանալի էր։

Եվ ինչու է այժմ ինքը այստեղ կանգնած, գիշերվա կեսին, այս օտարոտի, փոքրիկ սենյակում, ձեռքում հայելի թռնած և գլխին այս խոնավ գլխարկը դրած՝ տարօրինակ մի խեղկատակի հանգույն, ինչ էր իր հետ պատահել։ Ի՜նչ էր ինքը ուզում։ Նա նստեց սեղանի շուրթին։ Իսկապես, ինչ էր իր ուզածը։ Եվ ինչ էր փնտրում։ չէ՞ որ ինչ-որ բան, համենայնդեպս, փնտրում էր, ինչ-որ շատ կարևոր մի բան։

Ախ հա, նա դաշույն էր որոնում։

Անասելիորեն ցնցված՝ նա հանկարծ վեր ցատկեց և վազեց անկողնու կողմը։ Հետո խոնարհվեց բարձի վրա, տեսավ հերարձակ դեղնածամին, որ պառկել ու հանձնվել էր քնին։ Ի՞նչ, Թերեզինան դեռ կենդանի էր... Ինքը դեռ ոչինչ չէր ձեռնարկել... Սոսկանքի զգացումը սառը ցնցուղի պես թափվեց նրա վրա։ Աստված իմ, ահա նա... Այժմ անպատճառ պետք է տեղի ունենար այն, ինչին նա մշտապես ականատես էր եղել իր այս զարհուրելի վերջին ժամերի ընթացքում։ Ահա և նա այստեղ էր... Այժմ այդ Վագները կանգնած էր մի քնած աղջնակի անկողնու մոտ և դանակ էր փնտրում... Ո՜չ, նա այդ չէր ուզում։ Ինքը հո չի գժվել... Փառք աստծո, որ դեռ չէր խելագարվել... Հիմա արդեն ամեն ինչ լավ էր։

Նրա վրա խաղաղություն իջավ։ Դանդաղորեն հագնվեց, հագավ տաբատը, սերթուկը, կոշիկները։ Այժմ կարծես ամեն ինչ իր տեղն էր ընկել։

Երբ նորից էր ուզում անկողնուն մոտենալ՝ ոտքի տակ փափկություն զգաց։ Այդ Թերեզինայի զգեստներն էին, գուլպաներն ու թաց-շագանակագույն շրջազգեստը, որ ընկած էին հատակին։ Նա դրանք խնամքով բարձրացրեց և դրեց աթոռին։

Հետո հանգցրեց լույսը և սենյակից դուրս եկավ։ Տան առաջ դեռ մաղում էր մեղմիկ ու սառը անձրևը, շուրջը ոչ լույս կար, ոչ մարդկային շունչ, ոչ էլ մի որևէ ձայն էր լսվում, միայն անձրև էր ու անձրև։ Նա դեմքը բարձրացրեց, և անձրևը վազեց ճակատի ու այտերի վրայով։ Երկինքը չէր երևում։ Խավարը կատարյալ էր։ Ի՜նչ մեծ հաճույքով նա հիմա կուզենար մի աստղ տեսնել, թայց այն չկար ու չկար։

Նա հանգիստ քայլում էր փողոցներով՝ անձրևից ջուր դարձած։ Ոչ մի մարդ, ոչ մի շուն անգամ նրան չէր հանդիպում, աշխարհն ասես մեռած լիներ։ Լճափին հասնելով՝ նա նավակից նավակ էր անցնում, նրանք բոլորը ցամաք էին քաշվել և ամրացվել ամուր շղթաներով։ Այդ ամթողջ արվարձանում նա միայն մի նավակ գտավ, որ ճոպանով թույլ կապված տարուբերվում էր ջրերի վրա։ Նա պարանը արձակեց և թիակներն անցկացրեց օղակների մեջ։ Շուտով հեռացաք ծովափից, այն սահեց գորշության մեջ, ասես այս աշխարհում չէր էլ եղել, շուրջը համատարած գորշություն էր, խավար ու անձրև, լիճն էլ գորշ էր ու թաց, խոնավ էր և երկինքը, ողջը թվում էր անծայրածիր ու անեզր։

Ափից հեռանալով, արդեն բաց ծովում նա թիակները ներս քաշեց։ Հիմա կարծես ժամանակը հասել էր, և ինքը մեծագույն հաճույք էր զգում այդ մտքից։ Առաջներում, երբ մեռնելը նրա համար անխուսափելի էր Թվում, որոշ պահերի նրա մեջ ցանկություն էր առաջանում մի փոքր էլ հապաղել, ծրագրած գործը վաղվան թողնել, ամեն գնով փորձել երկա-րաձգել կյանքի համար հատկացված ժամանակը։ Այժմ նման և ոչ մի միտք նրա մեջ չէր ծնվում։ Այդ փոքրիկ նավակը հենց ինքն էր որ կար, և դա իր փոքրիկ, սահմանափակ ու արհեստականորեն պահվող կյանքն էր, իսկ շուրջը ծավալվող անծայրածիր գորշությունը աշխարհն էր, դա Տիեզերքն էր և Աստված, նրան տրվելը դժվար չէր, նույնիսկ շատ էր հեշտ ու երջանկություն խոստացող։

Նա նստեց նավակի եզրին՝ ոտքերը կախելով ջրի մեջ։ Հետո կամաց-կամաց սկսեց առաջ թեքվել, մինչև որ ետևում մնացած նավակը իր տակից սահելով դուրս պրծավ։ Նա արդեն Տիեզերքի մեջ էր։

Այն փոքրաթիվ պահերին, որ այս ընթացքում նրան վիճակվեց ապրել, նա ավելի շատ ապրումներ ունեցավ, քան այն քառասուն երկարուձիգ տարիների ընթացքում, երբ դեռ իր վերջնական նպատակին հասնելու ճանապարհին էր գտնվում։

Ահա թե այն ինչպես սկսվեց. ընկնելիս, այն կարճատև ակնթարթին, երբ նա կախված էր նավեզրի ու ջրերի միջև, նրան պատկերացավ, որ ինքը ինքնասպանություն է գործում, երեխայական մի արարք, մի ինչ-որ ոչ այն է գարշելի, այլ ավելի շուտ ծիծաղելի ու բավական միամիտ մի բան։ Մահվան տենչանքի կիրքը և հենց մահանալու կիրքը տեղի տվեցին, դրանցից հետք անգամ չմնաց։ Մահանալը նրան այլևս անխուսափելի չէր պատկերանում, այն այլևս անհրաժեշտություն չէր։ Այն սոսկ ցանկալի էր, սքանչելի ու հաճելի մի բան, սակայն այն այլևս անխուսափելի անհրաժեշտություն չէր։ Այն պահից, այն շողշողուն հարյուրերորդական վայրկյանից սկսած, երբ նա, ընդառաջ գնալով իր բուռն ցանկությանը և իր բոլոր ցանկություններից հրաժարվելուն, իր ամբողջ նվիրվածությամբ ու պատրաստակամորեն վճռեց նավակից ջրերի մեջ նետվել, Մոր գիրկն ընկել, Աստծո գիրկը, ահա այդ պահից սկսած մեռնելը այլևս ոչ մի իմաստ իր համար չէր պարունակում։ Այդ ամենն այնքան պարզ էր, այնքան զարմանալիորեն թեթև, այլևս չկար ոչ մի անդունդ, ոչ մի դժվարություն։ Ամբողջ իմաստությունը ընկնելու վճիռ կայացնելու մեջ էր։ Եվ այն պայծառ ճառագեց իր հոգու մեջ, որպես իր ապրած կյանքի արգասիք, ընկնել, միմիայն ընկնել... Բավական էր այդ բանը մեկ անգամ անել, անձնատուր լինել դրան, բավական էր հրաժարվել բոլոր հենարաններից, ոտքերի տակի ամուր գետնից հրաժարվել և միայն սեփական սրտի ձայնին ունկնդրել՝ այդժամ ամեն ինչ հաղթահարված կլիներ ու կլիներ հրաշալի, այլևս ոչ մի վախ, ոչ մի վտանգ չէր լինի։

Վերջապես նա կարողացավ հասնել այդ մեծագույն, այդ եզակի գա-ղափարին. նա ընկնելու որոշում կայացրեց... Այն, որ նա վճռեց ընկնել ջրի մեջ ու մահին հանձնվել՝ այլևս անխուսափելի անհրաժեշտություն չէր, նույն հաջողությամբ նա կարող էր կյանքին հանձնվելու կամ նրա մեջ ընկնելու վճիռ կայացնել, այսինքն՝ կրկին ետ վերադառնալ։ Բայց դա այնքան էլ մեծ նշանակություն չուներ և կարևոր էլ չէր։ Կենդանի մնալ, ապրել, ետ վերադառնալ... Բայց այդ դեպքում նրան պետք չէր լինի ոչ ինքնասպան լինել, ոչ այդ արտասովոր, զարտուղի ճանապարհներն ընտրել, ոչ էլ բոլոր այդ սիրտ մաշող ու ցավեցնող խենթությունները գործել, քանզի այդժամ նա հաղթահարած կլիներ իր միջի վախը։

Հրաշալի միտք, կյանք առանց վախի... Հաղթահարել վախը, ահա թե որն էր բարձրագույն երանությունը, փրկություն կոչվածը։ Իր ողջ կյանքում նա որքան էր տառապել այդ սարսափի զգացումից, իսկ այժմ, երբ մահն արդեն չոքել էր կոկորդին ու խեղդում էր իրեն, նա այլևս այդպիսի ոչ մի բան չէր զգում, ոչ վախ, ոչ սոսկանք, այլ միայն ժպիտ, միայն փրկություն ու համակերպություն։ Նա հիմա հանկարծ հասկացավ, թե ինչ է վախը, և որ այն հաղթահարել կարող է միայն նա, ով նրան արդեն իսկ ճանաչել է։ Հազարավոր բաների հանդեպ է նա վախ ունեցել՝ ցավերի, ինքնադատապարտումների, սեփական սրտի մղումների հանդեպ, նրա մեջ վախ էին առաջ բերում քունն ու արթնացումը, մենակությունն ու սառնությունը, խելացնորությունն ու մահը, հատկապես վերջինս, այդ մահ կոչեցյալը։ Սակայն պարզվում է, որ այդ ամենը սոսկ դիմակներ են եղել ու պատրանքներ։ Իսկ իրականում միայն մեկը կար, որի հանդեպ ինքը իսկապես վախ էր զգում. ընկնելու վճիռ կայացնելը, դեպի անորոշությունը առաջին քայլը կատարելը, փոքրիկ մի քայլ՝ գոյություն ունեցող բոլոր նախազգուշությունների գլխի վրայով։ Եվ նա, ով գոնե մեկ անգամ, միայն մի եզակի անգամ տրվում է դրան, ով միայն մեկ անգամ մեծագույն վստահություն է ցուցաբերում և հավատում է ճակատագրին՝ նա էլ հենց փրկություն է ձեռք բերում։ Նա այլևս չի հնազանդվում երկբային օրենքներին, ընկնում է տիեզերքի գիրկը և երջանիկ տարուբերվում լուսատուների համերաշխ շուրջպարի մեջ։ Ահա թե ինչպես էր բանը։ Դա այնքան պարզ էր, երեխան անգամ կհասկանար դա։

Բայց նա միայն դատողություններ չէ, որ անում էր, նա դրանով ապրում էր, զգում, շոշափում, հոտոտում ու համտես էր անում այն։ Զգում էր ճաշակելիքով ու հոտառությամբ, տեսնում ու հասկանում, թե ինչ էր իրենից ներկայացնում կյանքը։ Նա տեսնում էր աշխարհի արարչագործումն ու նրա կործանումը, այս երկուսը, որպես զույգ բազմամբոխ զորաբանակներ մշտապես իրար դեմ էին շարժվում՝ երբեք իրար չհանդիպելով, մնալով հավերժապես կիսաճանապարհին։ Աշխարհը անընդհատ ծնվում էր ու անընդհատ էլ մեռնում։ Յուրաքանչյուր կյանք աստծո արտաշնչումն էր, յուրաքանչյուր մահ՝ նրա ներշնչման արդյունքը։ Ով հասկացել էր չդիմադրելու, ընկնելու վճիռ կայացնելու խորհուրդը՝ նա մահանում էր հեշտ և հեշտությամբ էլ ծնվում էր։ Ով դիմադրում էր՝ նա տանջվում էր վախից, դժվար էր մահանում ու նաև տհաճությամբ էր ծնվում։

Գորշ, անձրևային խավարի, գիշերային լճակի մեջ ընկղմվողը տեսնում էր արարչագործության խաղի արտացոլանքը։ Արևն ու աստղերը մայր էին մտնում ու նորից ծնվում, մարդկանց ու կենդանիների, հոգիների ու հրեշտակների երգչախմբերը կանգնած էին իրար դեմ-դիմաց, երգում էին, լռում ու բղավոցներ արձակում, արարածների շքախմբերը իրար դեմ էին դուրս գալիս, նրանցից ոչ մեկը ինքն իրեն չէր ճանաչում, նույնիսկ ատում էր իրեն, նրանք իրենց ուրիշ-ուրիշ էակների մեջ էին տեսնում, ատում ու հալածական էին անում իրենց։ Նրանք բոլորը մահ էին տենչում ու հանգիստ, և նպատակն աստված էր՝ վերադառնալ առ աստված ու մնալ նրա մեջ։ Այդ նպատակը վախ էր ծնում, քանզի այն մի պարզագույն մոլորություն էր։ Աստծո մեջ հարատևել՝ նման բան գոյություն չուներ աշխարհիս երեսին։ Հանգիստ էլ չկար... Կային միայն հավերժական ու մշտական, սքանչելի ու սրբազան երկու բան՝ արտաշնչված ու ներշնչված լինելը, ստեղծումն ու կործանումը, ծնունդն ու մահը, մեկնումը և վերադարձը՝ անդադար ու անվերջ։ Դրա համար միայն Մեկ Արվեստ գոյություն ուներ և միայն Մեկ Գիտություն, միայն Մեկ խորհուրդ, ընկնելու վճիռ կայացնելը, չընդդիմանալ աստծո կամքին, ոչնչից չկառչել՝ ոչ բարուց, ոչ էլ չարից։ Այնժամ դու փրկված ես, այնժամ ազատ ես տանջանքներից ու վախից, միմիայն այդ դեպքում և այդ ժամանակ։

Նրա ապրած կյանքը փռված էր իր առաջ, որպես անտառներով, գյուղ ու հովիտներով ծածկված մի տարածություն, որ ասես լեռնագագաթից ես շրջահայում։ Ամեն ինչ շատ լավ էր, պարզ ու հասկանալի, և միայն իր վախի ու իրար մեջ խճողված մոլորությունների շարանի պատճառով էր, որ այդ ամենը վիշտ ու ցավի սոսկալի կծիկի էր վերածվել, դարձել խեղդուկ, վիշտ ու տառապանքների անլուծելի բարդույթ։ Աշխարհում չկար և ոչ մի կին, առանց որի մարդ չկարողանար ապրել, չկար մի կին, որի հետ անհնարին լիներ ապրել։ Աշխարհում չկար և ոչ մի բան, որ հավասարապես գեղեցիկ, ցանկալի ու երջանկախոստում չլիներ և միաժամանակ չվերածվեր իր իսկ հակասությանը... Երանություն էր ապրելը, երանություն էր մեռնելը, դրա համար պետք էր, որ մարդս միայնակ կախված լիներ տիեզերքում։ Դրսում հանգիստ չկար, խաղաղություն չկար նույնիսկ գերեզմանատանը, հանգիստ ու խաղաղություն չկար նաև աստծու մեջ, ոչ մի կախարդանք չի կարող երբևէ ընդհատել ծնունդների հավերժական շղթան, աստծո արտաշնչումների անվերջանալի ծիրը։ Սակայն կար մի ուրիշ տեսակ խաղաղություն, որ պետք էր սեփական հոգու մեջ փնտրել։ Դրա անունն էր՝ ընկնելու վճիռ կայացնելը... Մի դիմադրիր... Մահն հաճույքով ընդունիր... Հաճույքով ապրիր...

Նրա հետ էին իր կյանքի բոլոր պատկերները, բոլոր սիրելի դեմքերն ու տառապալից կերպափոխությունները։ Նրա կինը մաքուր էր և անմեղ, ինչպես և ինքը, Թերեզինան ժպտում էր երեխայաբար։ Մարդասպան Վագները, որի ստվերը այնպես լայնատարած ընկել էր Քլայնի կյանքի վրա, մտահոգ ժպտում էր նրան, այդ ժպիտն ասում էր, որ Վագների չարագործությունը ևս դեպի փրկությունը առաջնորդող մի ճանապարհ էր, նա էլ իր տեսակի մեջ մի արտաշնչանք էր, ինչ-որ խորհրդանիշ, և որ սպանությունը, արյունհեղությունն ու նողկալի արարքները ոչ թե իսկապես գոյություն ունեցող բաներ են, այլ սոսկ մեր սեփական, ինքնախոշտանգվող հոգու զառանցագին բնորոշումներն ու արժեքավորումները։ Վագներյան սպանության գաղափարը մշտապես ուղեկցել է Քլայնին իր կյանքի բոլոր տարիների ընթացքում, մերժելով ու հավանություն տալով, դատապարտելով ու սքանչանալով, խորշելով ու ընդօրինակելով, այդ սպանության առիթով նա իր համար վիշտ ու տառապանքների, սարսափների ու դժբախտությունների անվերջանալի շղթաներ է հորինել։ Հարյուրավոր անգամներ նրա աչքին երևացել են սեփական մահվան սարսափազդու պատկերները, նա տեսել էր իր անփառունակ վախճանը կառափնարանի վրա, զգաց ել, թե ինչպես էր ածելին խրվում իր կոկորդը ու փամփուշտի մխրճվելը իր ուղեղի մեջ՝ քնած ժամանակ, և այժմ, երբ սոսկանք ներշնչող մահն իրոք եկել էր, այդ ամենն այնքան թեթև էր ու հասարակ, երջանկություն ավետող մի տոնահանդես... Աշխարհում սարսափելի ոչինչ չկար, չկար մի բան, որ զարհուրելի լիներ,. միայն ցնորքներին տրվելու դեպքում է, որ այդ սարսափները տառապեցնում են մարդուն, միայն մեր սեփական, զարհուրած հոգու մեջ են ի հայտ գալիս չարն ու բարին, արժեքավորումն ու արժեզրկությունը, տենչանքն ու վախը։

Վագների կերպարանքը ընկղմվեց-տարրալուծվեց հեռաստաններում։ Քլայնը Վագներ չէր, այլևս ոչ, ոչ մի Վագներ այլևս գոյություն չուներ, այդ ամենը մոլորություն է եղել։ Այդ Վագները հիմա թող իր համար մեռներ... Ինքը՝ Քլայնը, դեռ պետք է ապրեր։

Զուրը լցվում էր նրա բերանը, և. նա այն կուլ էր տալիս։ Բոլոր կողմերից, զգայարանների բոլոր ուղիներով ջուրը նրա մեջ էր լցվում ու ամեն ինչ այնտեղ տարրալուծում։ Նրան կարծես ներծծելիս ու ներշնչելիս լինեին։ Իսկ կողքին, նրա շուրջբոլորը, ասես ջրի կաթիլների պես կիպ ի մի հավաքված՝ լողում էին ուրիշ մարդիկ, Թերեզինան, ծեր երգիչը, լողում էին իր նախկին կինը, իր հայրն ու մայրը, քույրը, հազարավոր, տասնյակ հազարավոր ուրիշ էակներ, լող էին տալիս շինություններն ու նկարները, Տիցիանի «Վեներան» ու Ստրասբուրգի Մայր տաճարը, բոլորը լողում էին իրար սեղմված, հրեշավոր մի հեղեղատի մեջ հորձանք տալով, հալածական եղած ու անխուսափելիության կնիքը ճակատներին, հետզհետե ավելի ու ավելի արագ ու մոլեգնորեն, իսկ այդ հրեշային, կատաղի ու վիթխարահսկա կերպարանքներին ընդառաջ էր գալիս մեկ ուրիշ հորձանք՝ նույնպես հրեշավոր ու մոլելգին՝ դեմք ու ոտքերի, փորոտիք-որովայնների, կենդանիների ու ծաղիկների, զանազան մտքերի, սպանությունների ու ինքնասպանությունների, գրված գրքերի, թափված արցոլնքների, թանձրացյալ, հորդառատ ու զորավոր մի հորձանք, մանկան աչքեր, սև գանգուրներ և ձկան գլուխներ, մի կին՝ երկար ու կոպիտ դաշույնը արյունաթաթախ որովայնում, իրեն իսկ՝ Քլայնին նմանվող մի երիտասարդ՝ հայացքը լի սրբազան կրքերով, դա հենց ինքն էր՝ քսան տարեկան հասակում, այն վաղուց մոռացված, անհետ կորած երբեմնի Քլայնը... .Ի՜նչ հրաշալի է, որ այս մի բանն էլ իրեն բախտ վիճակվեց իմանալ, այն, որ ժամանակ հասկացությունը, որպես այդպիսին գոյություն չունի... Այն միակ բանը, որ ժամանակային սահման է դնում ծերության ու երիտասարդության միջև, Բաբելոնի և Բեռլինի, բարու և չարի, տալու և վերցնելու միջև, այն, որ աշխարհը լցնում է տարբերություննեյտվ, արժեքավորում-գնահատումներով, տառապանքով, վիճաբանություններով ու պատերազմով, մարդկային միտքն է, երիտասարդ, հախուռն ու դաժան մարդկային բանականությունը՝ մոլեգնակենցաղ ու աղմկարար, երիտասարդական ավյունով լի, դեռևս հեռու կատարյալ իմաստությունից ու աստծուց։ Նա է հորինում հակադրությունները և անուններն է հեղինակում։ Որոշ բաներ նա գեղեցիկ է կոչում, ուրիշները՝ տգեղ, մեկը լավ, մյուսը վատ։ Կյանքի մի շերտը սեր է կոչում, մեկ ուրիշը՝ սպանություն... Ա՜յ թե այդ միտքը որքան է երիտասարդ, անխոհեմ ու ծիծաղելի։ Նրա հայտնագործություններից մեկն էլ ժամանակն է։ Մի հրաշալի ու խորամանկ հայտնագործություն, նրբագույն ու նենգապատիր մի գործիք է դա, որպեսզի ներքուստ քեզ կ ավելի ուժգնապես տանջես, աշխարհն ավելի բազմատեսակ դարձնես ու դժվար ըմբռնելի... Իր բոլոր տենչանքների առարկաներից մարդս մշտապես միայն ժամանակով է բաժանված, միմիայն այդ ժամանակ կոչվածով, այդ խելագար հայտնագործությամբ։ Դա նաև այն հենարաններից կամ կամուրջներից մեկն է, որ մարդ ամենից առաջ պետք է սանձի, եթե միայն իսկապես ուզում է ազատ լինել։

Շարունակում էր հորդել աստծո կողմից ներշնչված կերպարանքների ու պատկերների տիեզերական հեղեղը, ինչպես և նրանց հանդիպակաց արշավող այն մյուսը՝ արտաշնչվածը։ Քլայնը տեսնում էր արարածներ, որ փորձում էին դիմադրել հոսանքին, որոնք հուսահատ ու սարսափի մատնված, ջղաձգորեն ըմբոստանում էին և սոսկալի տառապանքներ իրենց վրա բերում, հերոսներ, ոճրագործներ, խելագարներ ու մտածողներ, սիրահարներ ու հավատացյալներ։ Ուրիշների էլ էր տեսնում՝ իր նմաններին, հոսանքի հետ ընթացողներին՝ պատրաստակամության, . նվիրումի ու համակերպության ցնծագին հեշտանքի մեջ տարուբերվող իր նման երանելիների։ Այդ երանելիների երգեցողությունից և դժբախտների անվերջանալի ողբ ու կոծի ճիչերից՝ երկու տիեզերական հորձանքների վերևում գոյավորվում էր մի թափանցիկ ու որտ, որպես հնչյուններից կազմված մի գմբեթ, երաժշտության ձայներից կերտված մի տաճար, որի կենտրոնում, տիեզերական երգչախմբի դաշնաձայնության հավերժ եռացող ալեբախությունների մեջ բազմած էր աստված՝ զվարթալույս պայծառափայլության անտեսանելի շողշողացող աստղը, լույսի մարմնացումը։

Հերոսներն ու մտածողները ժամանակ առ ժամանակ դուրս էին հորդում տիեզերական հորձանուտի ափերից, նրանց հետևից էլ՝ մարգարեներն ու նախագուշակները։ «Ահա նա, Տեր Աստվածը, որի գցած ճանապարհը առաջնորդում է դեպի խաղաղություն»,― բղավում էր մեկը, և շատերը արձագանքում էին նրան։ Մեկ ուրիշը հռչակում էր, որ աստծո հիմնած ուղին առաջնորդում է դեպի պայքարն ու պատերազմը։ Մեկը նրան կոչում էր լույս, մյուսը՝ գիշեր, մեկը՝ հայր, մյուսը՝ մայր։ Մեկը փառաբանում էր նրան որպես խաղաղության տվիչ, մյուսը՝ որպես շարժում, որպես կրակ ու սառնություն, դատավոր ու մխիթարիչ, որպես արարիչ ու կործանող, ներող ու վրիժառու։ Միայն աստված ինքն իրեն ոչ մի անունով չէր կոչում։ Բայց նա ուզում էր, որ իրեն անուններ տային, ուզում էր, որ սիրեին իրեն, գովաբանեին ու փառաբանություններ շռայլեին իր հասցեին, անիծեին ու ատեին իրեն, երկիր պագանեին իր առաջ, քանզի տիեզերական երգչախմբի համանվագը հենց իր՝ աստծո տունն էր, բնակատեղին ու նրա կյանքը, բայց նրա համար միևնույն էր, թե ինչ բառերով իրեն կբարեբանեին, սիրում են իրեն, թե ատում, հանգիստ ու քուն են որոնում իր մոտ, թե կենսախինդ պար ու մոլեգնություն։ Ամեն ոք ազատ էր իր ուզածը փնտրելու։ Ամեն ոք ազատ էր գտնելու իր տենչանքների հավաստիքը։

Հանկարծ Քլայնը լսեց իր սեփական ձայնը։ Նա երգում էր։ Մի նոր, հզոր ու լուսապայծառ, հնչուն ձայնով նա բարձրաձայն երգում էր, բարձրագոչ ու հնչեղ փառաբանություն կարդում աստծո հասցեին, բարեբանում ու մեծարում նրան։ Նա երգում էր՝ մոլեգին հորձանքի մեջ ներքաշվելով, միլիոնավոր արարածների միջով, որպես մարգարե ու նախագուշակ, հոսում դեպի նա։ Որոտընդոստ թնդում էր նրա երգը, հնչյունների չուն վեր խոյանալով բարձունքում կամար էր կազմում, և այդ կամարի ամենավերևում իր վեհապանծ գահին բազմել ու շողարձակում էր Տեր Աստվածը։ Զարհուրելի մի շառաչ արձակելով՝ զույգ հորձանքները դեռ շարունակում էին ընթանալ դեպի վեր։