Guerra y paz, volumen 2, parte 1
Բովանդակություն
Առաջին մաս
I
1806 թվի սկզբներին Նիկոլայ Ռոստովն արձակուրդով վերադարձավ տուն։ Դենիսովը նույնպես տուն էր գնում՝ Վորոնեժ։ Ռոստովը համոզեց նրան գնալ միասին մինչև Մոսկվա և իջևանել իրենց տանը. նախավերջին կայարանում, ընկերոջը հանդիպելով, Դենիսովը նրա հետ երեք շիշ գինի խմեց և, մինչև Մոսկվա, չնայած խորդուբորդ ճանապարհին, չզարթնեց, մնալով պառկած սահնակի մեջ, Ռոստովի կողքին, որը, քանի մոտենում էին Մոսկվային, այնքան ավելի անհամբեր էր դառնում։
«Շո՞ւտ կհասնենք արդյոք։ Հը՞… Օ՜, այդ անտանելի փողոցները, խանութները, կալաչները, լապտերները», մտածում էր Ռոստովը, երբ գրանցել տվին իրենց արձակուրդի վկայականները ուղեկալի մոտ ու մտան Մոսկվա։
— Դենիսո՛վ, հասանք։ Քնած է,— ասում էր Նիկոլայն ամբողջ մարմնով առաջ ընկնելով, կարծես այդ դիրքով հույս ուներ արագացնել սահնակի ընթացքը։ Դենիսովը չպատասխանեց։
— Ահա ճամփաբաժանի անկյունը, ուր կառապան Զախարն է կանգ առնում, ահա և ինքը Զախարը, ու դարձյալ նույն ձին։ Ահա և խանութը, ուր շաքարահաց էինք գնում։ Երթ պիտի հասնենք մի։ Դե՛հ…
— Դեպի ո՞ր տունը քշեմ,— հարցրեց կառապանը։
— Այ, ծայրի այն տունը. մի՞թե չես տեսնում։ Դա մեր տունն է,— ասում էր Ռոստովը,— չէ՞ որ դա մեր տունն է։ Դենիսո՛վ, Դենիսո՛վ։ Հիմա կհասնենք։
Դենիսովը գլուխը բարձրացրեց, հազաց ու ոչինչ չպատսխանեց։
— Դմիտրի,— դիմեց Ռոստովը սահնակի առաջամասում նստած լաքեյին։— Այդ մեր տանն է լույս վառվում, չէ՞։
— Այո։ Հայրիկի կաբինետում էլ լույս է երևում։
— Ուրեմն դեռ չե՞ն պառկել։ Ի՞նչ ես կարծում։
— Տե՛ս, Դմիտրի, չմոռանաս, իսկույն մի նոր բաճկոն գտնես ինձ համար,— ավելացրեց Ռոստովը, նորածիլ բեղերը շոշափելով։
— Դե՛, քշի՛ր,— ձայն տվեց նա կառապանին։— Իսկ դու, Վասյա, զարթնիր,— ասավ նա Դենիսովին, որ գլուխն իջեցրեց կրկին։
— Դե՛, քշիր, երեք ռուբլի քեզ նվեր, քշի՛ր,— գոչեց Ռոստովը, երբ արդեն երեք տուն էր մնացել, որ սահնակը հասներ իրենց շքամուտքին։ Նրան թվում էր, թե ձիերը չեն շարժվում։ Վերջապես սահնակը ծռվեց աջ՝ դեպի շքադուռը։ Ռոստովն իր գլխավերև տեսավ ծանոթ կարնիզը՝ թափված ծեփերով, սանդուղքը, մայթի սյունը։ Դեռ սահնակը շարժվում էր, երբ նա դուրս թռավ նրա միջից ու վազեվազ նախասրահը մտավ։ Տունն առաջվա պես անշարժ էր, անտարբեր, կարծես բնավ չէր էլ հետաքրքրվում, թե ո՛վ է եկել ներս։ Նախասրահում ոչ ոք չկար։ «Տեր աստված, տեսնես ամեն ինչ կարգի՞ն է», մտածեց Ռոստովը, նվաղուն սրտով մի րոպե կանգ առնելով և իսկույն առաջ վագելով նախասրահի միջով ու ծանոթ ծռված աստիճաններով։ Դարձյալ դռան նույն բռնակը որի անմաքրության համար բարկանում էր կոմսուհին, նույնպես թույլ է բացվում։ Նախասենյակում վառվում էր մի ճարպամոմ։
Ծերունի Միխայլոն քնած էր սնդուկի վրա։ Պրոկոֆին, որ լաքեյություն էր անում ճանապարհորդության, քաղաքից դուրս գալու միջոցին, նա՛, որ այնքան ուժեղ էր, որ կառքը բարձրացնում էր ետևի կողմից, նստել և մահուդի կտորտանքից տրեխներ էր շինում։ Նա նայեց բացվող դռանը և նրա անտարբեր, քնատ տեսքը հանկարծ փոխվեց խանդավառ ու երկչոտ արտահայտության։
— Տեր աստված, այս ումն եմ տեսնո՞ւմ, երիտասարդ կոմսը՜,— բացականչեց նա, ճանաչելով ջահել պարոնին։— Այդ ինչպե՜ս, հոգիս։— Եվ Պրոկոֆին հուզմունքից դողալով՝ նետվեց դեպի հյուրասրահի դուռը, նրա համար երևի, իր երիտասարդ պարոնի գալուստը հայտնի, բայց, ըստ երևույթին, միտքը փոխեց, ետ դարձավ ու փարվեց ջահել պարոնին։
— Առո՞ղջ եք,— հարցրեց Ռոստովը, ձեռն ազատելով նրանից։
— Փառք աստծո։ Առողջ ենք, փառք աստծո, հենց նոր հաց կերանք։ Թող մի մտիկ անեմ քեզ, ձերդ պայծառափայլություն։
— Բոլորը առողջ-առո՞ղջ են։
— Փա՛ռք աստծո, փառք աստծո։
Ռոստովը, միանգամայն մոռանալով Դենիսովին, չկամենալով անգամ որևէ մեկին նախազգուշացնել իր մասին, մուշտակը գցեց վրայից ու ոտքերի ծայրերի վրա՝ վազեց մտավ մութ, ընդարձակ դահլիճը։ Ամեն ինչ նույնն էր. նույն թղթախաղի սեղանները, նույն ծածկոցով ջահը։ Բայց մեկն արդեն նկատել էր երիտասարդ պարոնին, և հազիվ սա հասել էր հյուրասրահին, երբ ինչ-որ մի բան, փոթորկի պես սրընթաց, դուրս վազեց դռնից և, նրան գրկելով, սկսեց համբուրել։ Դարձյալ մի ուրիշը, երրորդ այդպիսի մի էակ — դուրս թռավ մի ուրիշ, երրորդ դռնից, կրկին գրկախառնություն, կրկին համբույրներ, դարձյալ բացականչություններ և ուրախության արցունքներ։ Նիկոլայը չէր կարողանում ջոկել ո՛ւր է և ո՛րն է հայրը, ո՛րն է Նատաշան, որը՝ Պետյան։ Բոլորն էլ աղմկում էին, խոսում և միևնույն ժամանակ համբուրում նրան։ Դրանց մեջ չկար միայն մայրը — այդ նկատում էր Նիկոլայը։
— Իսկ ես չգիտեի… Նիկոլուշկա… սիրելիս։
— Ահա… մեր Կոլյան։ Փոխվել է՜։ Մոմ չկա, ի՜նչ է։ Թեյ բերե՛ք։
— Դե, ինձ էլ համբուրիր։
— Հոգյակս, ինձ էլ։
Սոնյան։ Նատաշան, Պետյան, Աննա Միխայլովնան, Վերան, ծեր կոմսը գրկում էին նրան, իսկ սպասավորներն ու սպասուհիները, սենյակներում հավաքված, խոսում էին ու հառաչում։
Պետյան կախվել էր Նիկոլայի ոտքերից։
— Բա ինձ չես համբուրո՜ւմ,— ճչում էր նա։
Նատաշան, նրանից հետո, երբ Նիկոլային թեքեց դեպի իրեն ու համբուրեց նրա ամբողջ երեսը, քիչ ետ քաշվեց ու նրա բաճկոնի փեշը բռնած՝ այծի նման ծուլծուլ էր լինում միևնույն տեղը և ուրախությունից ճչում ականջ ծակող ձայնով։
Ամեն կողմ փայլում էին ուրախության արցունքով լի սիրող աչքեր. ամեն կողմ շրթունքներ էին, որ համբույր էին որոնում։
Սոնյան, կակաչի պես կարմրած, նույնպես կախ էր ընկել Նիկոլայի ձեռից և ամբողջովին ցնծում էր՝ իր երջանիկ հայացքը հառած Նիկոլայի աչքերին, որոնց նայվածքին սպասում էր նա։ Սոնյայի 16 տարին լրացել էր արդեն, և նա շատ գեղեցիկ էր, առանձնապես այդ երջանիկ, խանդավառ րոպեին։ Նա Նիկոլային նայում էր ակնապիշ, ժպտուն ու շունչը պահած։ Նիկոլայը շնորհապարտ հայացքը նետեց Սոնյայի վրա. բայց տակավին սպասում ու որոնում էր մեկին։ Պառավ կոմսուհին դեռ դուրս չէր եկել։ Դռան մոտ քայլերի ձայն լսվեց, այդ քայլերն այնքան արագ էին, որ եկողը չէր կարող մայրը լինել։
Բայց դա նա՛ էր — մայրը, Նիկոլային անծանոթ զգեստ հագած։ Բոլորը թողին Նիկոլային, հեռացան, և նա վազեց դեպի մայրը։ Երբ նրանք իրար մոտեցան՝ կոմսուհին հեկեկալով ընկավ որդու կրծքին։ Կոմսուհին չէր կարողանում երեսը բարձրացնել և սեղմում էր այն Նիկոլայի հունգարական բաճկոնի սառը կապերին։ Դենիսովը, աննկատ մտնելով սենյակ, կանգնել էր հենց այդտեղ և, նրանց նայելով, տրորում էր աչքերը։
— Վասիլի Դենիսով, ձեր որդու բարեկամը,— ասավ նա, ներկայանալով կոմսին, որն այդ րոպեին հարցական հայացքով դիտում էր նրան։
— Համեցեք, խնդրեմ։ Գիտեմ, գիտեմ,— ասավ կոմսը, համբուրելով ու գրկելով Դենիսովին։— Նիկոլուշկան գրել էր… Նատաշա, Վե՛րա, ահա՛, Դենիսովը։
Նույն երջանիկ ու խանդավառ դեմքերը դարձան դեպի Դենիսովի մազոտ կերպարանքն ու շրջապատեցին նրան։
— Հոգյակս, Դենի՛սով,— ծղրտաց Նատաշան, ուրախությունից իրեն կորցրած, ցատկեց դեպի նա, գրկեց ու համբուրեց նրան։ Նատաշայի այդ զարմանքից բոլորը շփոթվեցին։ Դենիսովը նույնպես կարմրեց, բայց ժպտալով բռնեց Նատաշայի ձեռքը և համբուրեց։
Դենիսովին տարան նրա համար պատրաստած սենյակը, իսկ Ռոստովները՝ բոլորը միասին հավաքվեցին բազմոցարանում՝ Նիկոլայի շուրջը։
Պառավ կոմսուհին, որ բաց չէր թողնում որդու ձեռը և համբուրում էր ամեն րոպե, նստեց որդու կողքին, մյուսները նրանց շուրջը խմբվելով՝ հետևում էին նրա յուրաքանչյոլր խոսքին, հայացքին և Նիկոլայից չէին հեռացնում իրենց սիրառատ-խանդավառ հայացքները։ Եղբայրն ու քույրերը վիճում և իրար տեղ էին խլում, որ Նիկոլային մոտիկ լինեն, և կռվում էին, թե ո՛վ թեյ, թաշկինակ ու ծխամորճ բերի նրա համար։
Ռոստովը շատ երջանիկ էր այն սիրով, որ ցույց էին տալիս իրեն, բայց հանդիպման առաջին րոպեն այնքան երանելի էր, որ իր այժմյան երջանկությունն իրեն քիչ էր թվում, և նա էլի ու էլի ինչ-որ նոր բանի էր սպասում։
Հետևյալ առավոտ եկվորները քնեցին մինչև ժամր 10-ը։
Նրանց ննջարանի առջևի սենյակում թափթփված էին սրեր, պայուսակներ, զինվորական մախաղներ, բաց ճամպրուկներ և կեղտոտ կոշիկներ։ Դրանցից խթանավոր երկու զույգ հենց նոր մաքրված էին և պատի տակ դրված։ Սպասավորներր բերում էին լվացվելու պարագաներ, տաք ջուր՝ սափրվելու համար, և մաքրած հագուստներ։ Ծխախոտի և տղամարդկանց հոտ էր գալիս։
— Էյ, Գղիշկա, ծխամողճ,— գոչեց Վասյա Դենիսովը խռպոտ ձայնով,— Ղոստով, վեղկա՛ց։
Ռոստովը կպչող աչքերը տրորելով, խճճված գլուխը բարձրացրեց տաք բարձից։
— Ի՛նչ է, ո՞ւշ է։
— Ուշ է, ինն անց է,— պատասխանեց Նատաշայի ձայնը, և հարևան սենյակից լսվեց օսլայած հադուստների շրշյուն, աղջկանց ձայների շշուկ ու ծիծաղ, ու հազիվ բացված դռան արանքում երևացին ինչ-որ երկնագույն մի բան, ժապավեններ, սև մազեր և ուրախ դեմքեր։ Դա Նատաշան էր՝ Սոնյայի ու Պետյայի հետ, որ միասին եկել էին՝ իմանալու՝ զարթնե՞լ են արդյոք։
— Նիկոլենկա, վեր կաց,— կրկին լսվեց Նատաշայի ձայնը դռան մոտից։
— Իսկույն։
Այդ ժամանակ Պետյան կից սենյակում սրեր տեսնելով՝ վրա պրծավ, վերցրեց նրանցից մեկը և մի այնպիսի հրճվանք զգաց, որպիսին զգում են երեխաներն իրենց ռազմասեր մեծ եղբոր հանդեպ, ու մոռանալով, որ քույրերի համար անհարմար է տեսնել շորերը հանած տղամարդկանց, բացեց ննջարանի դուռը։
— Այս քո սո՞ւրն է,— հարցրեց նա։
Աղջիկները ետ քաշվեցին։ Դենիսովը վախեցած աչքերով իր բրդոտ ոտները թաքցրեց վերմակի տակ։ Պետյայի ներս մտնելուց հետո դուռը կրկին ծածկվեց։ Դռան ետևից ծիծաղ լսվեց։
— Նիկոլենկա, խալաթով դուրս արի,— ասավ Նատաշայի ձայնը։
— Այս թուրը քո՞նն է,— հարցրեց Պետյան։— Գուցե ձե՞րն է,— խոնարհ հարգանքով դիմեց նա բեղավոր սև Դենիսովին։
Ռոստովն շտապ հագավ ոտնամանները, հագավ խալաթը և դուրս եկավ։ Նատաշան հագել էր խթանավոր կոշիկներից մեկը և ձեռ էր մեկնում մյուսին։ Սոնյան պտտվում էր և հենց այն է ուզում էր ուռցնել շրջազգեստն ու նստել, երբ Նիկոլայը դուրս եկավ։ Աղջիկները՝ երկուսն էլ միատեսակ նոր երկնագույն զգեստներով՝ թարմ էին երևում, կարմիր ու զվարթ։ Նիկոլային տեսնելով՝ Սոնյան փախավ, իսկ Նատաշան բռնեց եղբոր թևը, տարավ նրան բազմոցարան, և սկսեցին զրուցել։ Նրանք ժամանակ չէին գտնում կարգին հարցուփորձել միմյանց և պատասխանել այն հազարավոր մանր-մունր բաներին վերաբերող հարցերին, որ միայն նրանց կարող էին հետաքրքրել։ Նատաշան ծիծաղում էր ամեն մի խոսքի վրա, որ ասում էր Նիկոլայը կամ ինքը. ծիծաղում էր ոչ թե նրա համար, որ ծիծաղելի էր այն, ինչ ասում էին, այլ ծիծաղում էր նրա համար, որ ուրախ էր և անկարող էր զսպել իր ուրախությունը, որն արտահայտվում էր ծիծաղով։
— Ա՜խ, ինչ լավ է, հիանալի,— ասում էր նա, ամեն մի խոսքի վրա։
Ռոստովն զգաց, թե ինչպես սիրո ջերմ կրակի ազդեցության ներքո, տարի ու կես անցնելուց հետո, առաջին անգամ իր հոգում և իր դհմքին ծաղկեց այն մանկական ժպիտը, որով երբեք չէր ժպտացել՝ սկսած այն օրից, երբ հեռացել էր տնից։
— Ո՛չ, լսիր,— ասավ Նատաշան,— դու հիմա բոլորովի՞ն տղամարդ ես դարձել։ Ես շա՜տ ուրախ եմ, որ դու իմ եղբայրն ես։— Նատաշան ձեռը քսեց նրա բեղերին։— Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ բան եք դուք, տղամարդիկդ։ Այնպե՞ս եք արդյոք, ինչպես մենք։ Ո՞չ։
— Սոնյան ինչո՞ւ փախավ,— հարցրեց Ռոստովը։
— Հա՜, դա մի ամբողջ պատմություն է։ Դու ինչպե՞ս պետք է խոսես Սոնյայի հետ. դու-ով, թե դուք-ով։
— Ինչպես պատահի,— ասավ Ռոստովը։
— Նրան դուք ասա, խնդրում եմ. ես հետո քեզ կասեմ բանն ինչումն է։ Բայց ոչինչ, հիմա կասեմ։ Դու գիտես, որ Սոնյան իմ բարեկամն է, այնպիսի բարեկամ, որի համար ես ձեռս կայրեմ։ Ա՛յ, տե՛ս։
Նա թևքը ետ քշտեց և իր երկար, նիհարիկ ու քնքուշ թևի վրա, ուսից ցած, արմունկից շատ վեր (այն տեղը, որ ծածկվում է և պարահանդեսի զգեստով) ցույց տվեց մի կարմիր նշան։
— Սա ես այրել եմ, որ ցույց տամ նրան իմ սերը։ Ուղղակի քանոնը տաքացրել եմ կրակի վրա ու դաղել։
Նստած իր նախկին դասարանական սենյակում՝ բազմոցի վրա և նայելով Նատաշայի աշխույժ աչքերին, Ռոստովն իրեն զգաց կրկին այն հարազատ-մանկական աշխարհում, որը, բացի իրենից, ոչ ոքի համար որևէ իմաստ չուներ, բայց որը նրան պատճառում էր կյանքի լավագույն բավականություններից մեկը։ Եվ այն, որ Նատաշան իր սերն ապացուցելու համար քանոնով դաղել էր թևը՝ նրան անօգուտ չթվաց։ Նա հասկանում էր այդ ու զարմանում այդ բանի վրա։
— Ուրեմն միայն ա՞յդ,— հարցրեց Նիկոլայը։
— Այո. այնպե՜ս լավ ենք իրար հետ, այնպե՜ս լավ։ Դա ոչինչ — հիմարություն է քանոնով։ Բայց մենք միշտ բարեկամ ենք։ Նա որ մեկին սիրեց, կսիրի ընդմիշտ, իսկ ես այդ չեմ հասկանում, ես կմոռանամ իսկույն։
— Էհ, հետո ի՞նչ։
— Այո, այդպես սիրում է ինձ և քեզ։
Նատաշան կարմրեց հանկարծ։
— Դու հիշում ես քո գնալուց առաջ… Ասում է՝ դու այդ բոլորը մոռացիր… Նա ասում էր՝ ես նրան միշտ պետք է սիրեմ, իսկ նա թող ազատ լինի։ Ճիշտ է, չէ՞ որ դա շատ լավ և ազնիվ վարմունք է։ Այո՞, այո՞։ Շա՞տ ազնիվ։ Այո՞,— հարցնում էր Նատաշան այնպես լուրջ և հուզված, որ երևում էր, թե այն, ինչ ասում է այժմ, առաջ այդ նույնը նա ասում էր արցունքներով։
Ռոստովը մտածմունքի մեջ ընկավ։
— Ես իմ խոսքը երբեք ետ չեմ վերցնում,— ասավ նա։— Եվ հետո Սոնյան մի այնպիսի սքանչելիք է, որ ամենամեծ հիմարն էլ չէր հրաժարվի այդպիսի երջանկությունից։
— Ոչ, ոչ,— գոչեց Նատաշան։— Մենք դրա մասին արդեն խոսել ենք։ Մենք գիտեինք, որ դու այդ կասես։ Բայց դա չի կարելի, որովհետև, գիտես, քանի որ դու այդպես ես ասում, քեզ խոսքով կաշկանդած ես համարում. բանից դուրս է գալիս, որ նա կարծես թե դիտմամբ է այդ ասել։ Դուրս է գալիս, որ դու այնուամենայնիվ զոռով ես ամուսնանում նրա հետ, և բոլորովին այն չէ։
Ռոստովը տեսնում էր, որ այս ամենը նրանց կողմից լավ է մտածված։ Սոնյան դեռ երեկ հիացրեց նրան իր գեղեցկությամբ: Այժմ էլ, թռուցիկ կերպով նրան տեսնելով, նա Նիկոլային թվաց ավելի գեղեցիկ։ Սոնյան տասնվեց տարեկան հիասքանչ մի աղջիկ էր, որ, ըստ երևույթին, բուռն կերպով սիրում էր Նիկոլային (այդ մասին Նիկոլայը ոչ մի կասկած չուներ)։ Ռոստովը մտածում էր՝ ինչո՞ւ հենց հիմա չսիրի նրան և չամուսնանա հետը, բայց այժմ այնքա՜ն ուրախություններ ու զբաղմունքներ կային։ «Այո, այդ բանը նրանք շատ լավ են մտածել», կրկնեց Ռոստովը մտքում, «պետք է ազատ լինել»։
— Շատ գեղեցիկ,— ասավ նա,— հետո կխոսենք։— Ա՜խ, որքան ուրախ եմ քեզնով, Նատաշա,— ավելացրեց նա։— Հը՛, իսկ դու Բորիսին հո չե՞ս դավաճանել,— հարցրեց եղբայրը։
— Այ քեղ հիմարություն,— գոչեց Նատաշան ծիծաղելով։— Ոչ նրա, ոչ էլ ուրիշ որևէ մեկի մասին ես չեմ մտածում և չեմ էլ ուզում լսել։
— Այ թե ի՜նչ։ Ուրեմն դո՞ւ…
— Ե՞ս,— հարցրեց Նատաշան, և երջանիկ ժպիտը լուսավորեց նրա դեմքը։— Դու տեսել ես Duport-ին։
— Ոչ։
— Նշանավոր Դյուպորին, պարող Դյուպորին. չես տեսե՞լ։ Ուրեմն դու չես հասկանա։ Ահա թե ես ինչ եմ։
Նատաշան, ձեռները կորացնելով, շրջազգեստը բռնեց այնպիսի ձևով, ինչպես անում են պարողները, ու մի քանի քայլ առաջ վազեց, շրջվեց, վեր ցատկեց, ոտքը խփեց ոտքին, և կոշկի քթի ծայրերի վրա կանգնելով՝ մի քանի քայլ արավ։
— Կանգնո՞ւմ եմ, չէ։ Մի տես,— ասավ Նատաշան, բայց չկարողացավ մնալ ոտքի ծայրերի վրա։— Ա՛յ թե ինչ եմ ես։ Երբեք ոչ ոքին չեմ առնի, կդառնամ պարուհի։ Միայն մարդու բան չասես։
Ռոստովն այնպես բարձր և ուրախ ծիծաղեց, որ Դենիսովն իր սենյակում նախանձեց նրան. Նատաշան նույնպես չկարողացավ զսպել իրեն ու ծիծաղեց նրա հետ միասին։
— Հա՛, լավ է, չէ՞,— կրկնում էր նա։
— Լավ, ուրեմն էլ չե՞ս ուզում ամուսնանալ Բորիսի հետ։
Նատաշան բռնկեց.
— Ես ոչ ոքի հետ չեմ կամենում ամուսնանալ։ Ես նրան էլ նույնը կասեմ, երբ տեսնեմ։
— Այ թե ինչ,— ասավ Ռոստովը։
— Դե, դրանք բոլորը դատարկ բաներ են,— շարունակեց շաղակրատել Նատաշան։— Իսկ Դենիսովն ինչպե՞ս մարդ է։ Լա՞վն է,— հարցրեց նա։
— Լավն է։
— Դե, մնաս բարով, հագնվիր։ Սարսափելի՞ է այդ Դենիսովը։
— Ինչո՞ւ է սարսափելի,— հարցրեց Նիկոլայը։— Չէ՜, Վասկան սքանչելի տղա է։
— Դու նրան Վասկա ես ասո՞ւմ… տարօրինակ է։ Իսկ նա ի՞նչ է, շատ լա՞վն է։
— Շա՛տ։
— Դե շուտ եկ թեյ խմելու։ Բոլորս միասին։
Ու Նատաշան ոտքի ծայրերի վրա դուրս եկավ սենյակից այնպես, ինչպես անում են պարուհիները, բայց այնպես ժպտալով, որպես ժպտում են միայն տասնհինգ տարեկան երջանիկ աղջիկները։ Հյուրասրահում Սոնյային հանդիպելով՝ Ռոստովը կարմրեց։ Չէր իմանում՝ ինչպես վարվի հետը։ Երեկ, հանդիպումի ուրախության առաջին րոպեին է նրանք համբուրվեցին, բայց այժմ երկուսն էլ զգում էին, որ այդ անել չի կարելի։ Նիկոլայն զգում էր, որ բոլորը՝ թե՛ մայրը, թե՛ քույրերը, իրեն էին նայում հարցական և սպասում, թե նա ինչպես կվերաբերվի Սոնյային։ Նիկոլայը համբուրեց Սոնյայի ձեռը և դիմեց նրան — դուք — Սոնյա։ Բայց նրանց հայացքները, իրար հանդիպելով, իրարու «դու» ասին և քնքշորեն համբուրվեցին։ Սոնյան իր հայացքով ներողություն խնդրեց Նիկոլայից նրա համար, որ ինքը՝ Նատաշայի դեսպանությամբ՝ համարձակվել էր հիշեցնել նրան իր խոստումը, ու շնորհակալություն հայտնեց նրա սիրո համար։ Նիկոլայն իր հայացքով շնորհակալություն էր հայանում ազատության առաջարկի համար ու ասում էր, որ ինքը, այսպես թե այնպես, երբեք չի դադարի նրան սիրել, քանի որ նրան չսիրել չի կարելի։
— Որքան տարօրինակ է, սակայն,— խոսեց Վերան, ընտրելով ընդհանուր լռության րոպե,— որ Սոնյան ու Նիկոլայն այժմ հանդիպում են դուք-ով և իբրև օտարներ։
Վերայի դիտողությունն իրավացի էր, ինչպես և նրա բոլոր դիտողությունները, բայց ինչպես միշտ, այս անգամ էլ նրա դիտողությունից բոլորն անհարմարություն զգացին. ոչ միայն Սոնյան, Նիկոլայը, Նատաշան, այլև պառավ կոմսուհին, որ երկյուղ էր կրում որդու սիրուց՝ դեպի Սոնյան, մի անձնավորություն, որը Նիկոլային կարող էր զրկել փայլուն զույգից,— նույնպես կարմրեց ջահել աղջկա պես։ Դենիսովը, ի զարմանս Ռոստովի, հյուրասրահ եկավ նոր մունդիրը հագին, պոմադ քսած և անուշահոտ յուղով օծված, պճնված այնպես, ինչպես կռիվներում, և այնքան սիրալիր դամաների ու կավալերների հետ, որ Ռոստովը երբեք չէր սպասում։
II
Բանակից վերադառնալով Մոսկվա, Նիկոլայ Ռոստովը տնեցիներից ընդունվեց իբրև լավագույն որդի, հերոս և աչքի լույս Նիկոլուշկա. հարազատներից՝ իբրե սիրելի, հաճելի և հարգելի երիտասարդ, ծանոթներից՝ իբրև գեղեցիկ հուսար-տեղակալ, լավ պարող և մեկը Մոսկվայի լավագույն փեսացուներից։
Ամբողջ Մոսկվան Ռոստովների ծանոթն էր. այս տարի ծեր կոմսը բավականաչափ դրամ ուներ, որովհետև բոլոր կալվածքները կրկին գրավ էին դրված, ուստի և Նիկոլայը, ձեռք բերելով սեփական արագավազ մի նժույգ և ձիավարության համար նորագույն հատուկ ձևի մի կաշեպատ վարտիք, որից դեռ ոչ ոք չուներ Մոսկվայում, և նորագույն ձևի ճտքավոր կոշիկներ՝ ամենասուր քթերով ու փոքրիկ արծաթե խթաններով,— ժամանակն անց էր կացնում շատ ուրախ։ Տուն վերադառնալով, Ռոստովը կարճ ժամանակից հետո ներքին գոհունակություն զգաց, հարմարվելով իր կյանքի հին պայմաններին։ Նրան թվում էր, որ ինքը շատ մեծացել, առնական է դարձել։ Կրոնի անհաջող քննությունը, որ վհատություն էր առաջ բերել նրա մեջ, Գավրիլից կառքի փող վերցնելը, գաղտնի համբույրները Սոնյայի հետ — այս ամենը նա հիշում էր իբրև տղայամտություն, որից ինքն այժմ անչափ հեռու էր. նա հիմա հուսարական գնդի տեղակալ է՝ արծաթագույն մենտիկով, զինվորի Գեորգի շքանշանով, իր ձին պատրաստում է ձիարշավի, որը պետք է տեղի ունենա հայտնի, հասակավոր ու պատվավոր ձիարշավասերների մասնակցությամբ։ Նա բուլվարում ունի ծանոթ մի կին, որի մոտ գնում է երեկոները։ Նա ղեկավարեց մազուրկան Արխարովների պարահանդեսին։ Պատերազմի մասին զրույց ունեցավ ֆելդմարշալ Կամենսկու հետ, եղավ Անգլիական ակումբում, դու-ով խոսեց քառասուն տարեկան մի գնդապետի հետ, որին ծանոթացավ Դենիսովի միջոցով։
Նրա սերը դեպի թագավորը փոքր-ինչ թուլացավ Մոսկվայում։ Բայց որովհետև նա չէր տեսել և առիթ չուներ տեսնելու նրան, ուստի հաճախ պատմում էր թագավորի և նրա վերաբերմամբ ունեցած իր սիրո մասին, զգացնել տալով, որ ինքը դեռ բոլորը չի պատմում, որ թագավորի վերաբերմամբ ունեցած իր զգացմունքի մեջ կա էլի մի ինչ-որ բան, որը չի կարող հասկանալի լինել ամենքին։ Նա ամբողջ հոգով համակրում էր պաշտանմունքի այն ընդհանուր զգացումը, որ տիրում էր այն ժամանակ Մոսկվայում՝ կայսր Ալեքսանդր Պավլովիչի նկատմամբ, որին Մոսկվայում անվանում էին «մարմնացյալ հրեշտակ»։
Մոսկվայում եղած կարճ միջոցին, մինչև բանակ մեկնելը, Ռոստովը ոչ թե մոտեցավ, այլ, ընդհակառակը, հեռացավ Սոնյայից։ Սոնյան շատ գեղեցիկ էր, դուրեկան, և ըստ երևույթին, սաստիկ սիրահարված Ռոստովի վրա. բայց Ռոստովը երիտասարդական հասակի այն շրջանումն էր, երբ թվում է, թե շատ գործ կա, բայց ժամանակ չկա դրանով զբաղվելու, ու երիտասարդ մարդը վախենում է կապվել — թանկ է գնահատում իր ազատությունը, որը հարկավոր է իրեն ուրիշ շատ բաների համար։ Երբ նա մտածում էր Սոնյայի մասին, այս վերջին անդամ Մոսկվա եղած միջոցին, նա ինքն իրեն ասում էր. «Է՜, դեռ շատ-շատ կլինեն այդպիսիները և կան այնտեղ՝ դեռ ինձ անհայտ ինչ-որ տեղերում։ Երբ ցանկություն լինի, դեռ ժամանակ կունենամ սիրով էլ զբաղվելու, իսկ այժմ ժամանակ չկա»։ Բացի դրանից, կանանց հասարակության մեջ գտնվելը մի տեսակ ստորացուցիչ էր թվում իր տղամարդության համար։ Նա գնում էր պարահանդեսներ, լինում էր կանանց շրջանում, ու ձևացնում էր, թե այդ անում է հակառակ իր կամքի։ Ձիարշավը, Անգլիական ակումբը, քեֆերը Դենիսովի հետ այնտեղ գնալը,— սրանք ուրիշ բաներ էին. սրանք պատշաճում էին ջահել հուսարին։
Մարտի սկզբներին ծեր կոմս Իլյա Անդրեյիչ Ռոստովը մտահոգված էր իշխան Բագրատիոնի ընդունելության համար Անգլիական ակումբում ճաշ կազմակերպելու գործով։
Կոմսը խալաթով շրջում էր դահլիճում, հրամաններ էր տալիս ակումբի տնտեսին ու հռչակավոր Ֆեոկտիստին՝ Անգլիական ակումբի ավագ խոհարարին,— ծնեփակի, կանաչ վարունգի, մորու, հորթի մսի և ձկան վերաբերյալ, որ անհրաժեշտ էին իշխան Բագրատիոնի ճաշի համար։ Կոմսն ակումբի հիմնադրության օրից նրա անդամն էր և ավագներից մեկը։ Ակումբը նրան էր հանձնարարել Բագրատիոնի համար հանդես կազմակերպելու գործը, որովհետև հազիվ թե մեկը կարողանար նրա պես ճոխ, լիառատ խնջույք սարքել, մանավանդ այն պատճառով, որ հազիվ թե մեկը կարողանար և ցանկանար իր դրամը ծախսել, եթե դա հարկավոր լիներ խնջույք սարքելու համար։ Ակումբի խոհարարն ու տնտեսն ուրախ դեմքերով լսում էին կոմսի կարգադրությունները, որովհետև գիտեին, որ միայն նրա մոտ կարելի է լավ շահվել ճաշից, որը սովորաբար նստում էր մի քանի հազար։
— Տե՛ս ուրեմն, արգանակի մեջ սունկ կգցեք։
— Կնշանակի երեք հատ սաո՞ը,— հարցնում էր խոհարարը։
Կոմսը մտածմունքի մեջ ընկավ։
— Երեք, պակաս չի կարելի… մայոնեզ, մեկ,— ասավ նա մատը ծալելով։
— Ուրեմն կհրամայեք ստերլետ ձկից խոշորնե՞րը վերցնել,— հարցրեց տնտեսը։
— Ի՞նչ արած, վերցրու, քանի որ չեմ զիջում։ Հա՛, քիչ մնաց մոռանայի։ Չէ որ հարկավոր է մի ուրիշ անտրե էլ սեղանի համար։ Ախ, աստված իմ։— Նայ բռնեց գլուխը։— Իսկ ո՞վ պետք է ծաղիկներ բերի։ Միտենկա, ա՛յ Միտենկա, մի վազիր քաղաքամերձ կալվածքը,— դիմեց նա իր ձայնի վրա ներս, մտնող կառավարչին,— վազիր այնտեղ և այգեպան մաքսիմկային պատվիրիր, որ ճորտերին իսկույն գործի դնի։ Ասա, որ ջերմոցի բոլոր ծաղիկներն այստեղ բերեն, և թող թաղիքներով ծածկեն, որ ցուրտը, չտանի։ Այնպես որ ուրբաթ օրը այստեղ երկու հարյուր ծաղկաման լինի։
Կրկին ու կրկին զանազան հրամաններ տալով, նա ուզում էր գնալ հանգստանալու իր սիրելի կոմսուհու մոտ, բայց էլի ինչ-որ կարևոր բան հիշեց, վերադարձավ, նորից կանչեց խոհարարին ու տնտեսին և դարձյալ սկսեց հրամաններ տալ։ Դռների մոտ լսվեց տղամարդու թեթև քայլվածք, խթանների շխկոց, և ներս մտավ գեղեցկատես, կարմրադեմ, սևին տվող բեղերով ջահել կոմսը, ըստ երևույթին, հանգստացած ու թարմացած Մոսկվայում՝ անդորրության պայմաններում։
— Ախ, եղբայր պատվական, շշմել եմ գործի մեջ,— ասավ ծերունին ժպտալով, կարծես որդուց ամաչելով։— Գոնե դու օգնեիր։ Հարկավոր են էլի երգիչներ։ Երաժշտախումբ ունեմ, հիմա գնչուներ կանչե՞նք, թե ի՜նչ։ Դուք՝ զինվորականներդ, սիրում եք այդ։
— Ճիշտն ասած, հայրիկ, ես կարծում եմ, որ իշխան Բագրատիոնը, երբ պատրաստվում էր Շենգրաբենի ճակատամարտի համար, ավելի քիչ էր անհանգստանում, քան դուք այժմ,— ասավ որդին ժպտալով։
Ծեր կոմսը բարկացած ձևացավ։
— Խոսում ես, ապա մի՜ փորձիր։
Եվ կոմսը դիմեց մոտը կանգնած խոհարարին, որ խելացի ու պատկառելի դեմքով, զննողաբար ու քնքշությամբ դիտում էր հորն ու որդուն։
— Տեսնո՞ւմ ես, Ֆեոկտիստ, ի՜նչ ջահելներ են,— ասավ նա,— ծիծաղում են մեզ՝ ծերերիս վրա։
— Ինչ արած, ձերդ պայծառափայլություն. նրանցն այն է, որ լավ ուտեն միայն, իսկ երբ բանը գա պատրաստելուն և սեղան սարքելուն՝ դա նրանց գործը չի։
— Այդպես է, այդպես,— գոչեց կոմսը և ուրախ-ուրախ որդու ձեռը բռնելով, բացականչեց։— Այ, լավ ձեռս ընկար։ Այս րոպեիս սահնակ նստիր, գնա Բեզուխովի մոտ ու ասա՛, թե ահա կոմսը, Իլյա Անդրեյիչն ուղարկել է մորի և թարմ անանաս խնդրելու ձեզնից։ Ուրիշ ոչ ոքի մոտ չի լինի։ Ինքը Բեզուխովն այստեղ չի, ուրեմն գնա իշխանադուստրերին ասա. այնտեղից էլ, այ ինչ, գնա դու Ռազգուլյայ,— կառապան Իպատկան գիտի,— գտիր այնտեղ գնչու Իլյուշկային, որը, հիշում ես, այն օրը պարում էր կոմս Օոլովի տանը, սպիտակ կազակին հագած, և նրան քաշ տուր այստեղ, ինձ մոտ։
— Գնչուհիների՞ հետ բերեմ նրան,— հարցրեց Նիկոլայը ծիծաղելով։— Դե, դե…
Այդ միջոցին անձայն քայլերով, մտազբաղ, մտահոգ և միաժամանակ քրիստոնեական հեզ տեսքով, որ երբեք չէր հեռանում նրա դեմքից, ներս մտավ Աննա Միխայլովնան։ Չնայած որ նա ամեն օր կոմսին տեսնում էր խալաթով, բայց և այնպես կոմսը միշտ շփոթվում էր նրա առաջ և ներողություն խնդրում հագուստի համար։
— Ոչինչ, կոմս, հոգիս, ոչինչ,— ասավ Աննա Միխայլովնան, աչքերը հեզաբար գոցելով։— Ես կերթամ Բեզուխովի մոտ,— ասավ նա։- Պիեռը եկել է, մենք հիմա ամեն ինչ կճարենք նրա մոտ, կոմս, նրա ջերմոցներից։ Ես հենց ուզում էի նրան տեսնել։ Նա ինձ ուղարկել է Բորիսի նամակը։ Փառք աստծու, Բորյան հիմա շտաբումն է։
Կոմսն ուրախացավ, որ Աննա Միխայլովնան հանձնարարությունների մի մասը վերցրեց իր վրա, և հրամայեց փոքրիկ, կառեթը լծել։
— Դուք Բեզուխովին կասեք, որ գա։ Ես նրան կմտցնեմ հրավիրյալների ցուցակի մեջ։ Նա կնոջ հետ միասի՞ն է,— հարցրեց նա։
Աննա Միխայլովնան աչքերը ոլորեց և նրա դեմքին երևաց մի խորին թախիծ։
— Է՜հ, բարեկամս, նա շատ դժբախտ է,— ասավ Աննա Միխայլովնան։— Եթե ճիշտ է, ինչ որ լսել ենք, դա սարսափելի է։ Սկի մտքներովս ա՞նց էր կենում, երբ ուրախանում էինք նրա բախտավորության վրա։ Եվ այնքա՜ն բարձր, մաքուր հոգու տեր է այդ երիտասարդ Բեզուխովր։ Այո, սրտանց խղճում եմ և կաշխատեմ մխիթարել նրան, որքան կարող եմ։
— Ի՞նչ է պատահել որ,— հարցրին հայր և որդի Ռոստովները։
Աննա Միխայլովնան խոր հառաչեց։
— Դոլոխովը, Մարյա Իվանովնայի որդին,— ասավ նա խորհրդավոր շշուկով,— ասում են բոլորովին խայտառակել է Պիեռի կնոջը։ Պիեռը նրան մարդամեջ դուրս բերեց, հրավիրէց իր տունը՝ Պետերբուրգ, և ահա… Կինը եկավ այստեղ, այդ թոկից փախածն էլ ետևից,— ասավ Աննա Միխայլովնան, կամենալով իր համակրանքը հայտնել Պիեռին, բայց ձայնի ակամա շեշտով ու կիսաժպիտներով համակրանք ցույց տալով թոկից փախածին, ինչպես անվանում էր նա Դոլոխովին։— Ասում են Պիեռը վշտից մեռած է ու թաղած չի։
— Դե, այնուամենայնիվ, ասացեք նրան, որ գա. ամեն, ինչ կմոռանա։ Մեծ խնջույք է լինելու։
Հետևյալ օրը, մարտի երեքին, ցերեկվա ժամը 2-ին, Անգլիական ակումբի 250 անդամները և 50 հոգի հյուրեր ճաշի հրավիրված՝ սպասում էին ավստրիական արշավանքի հերոս, այժմ թանկագին հյուր իշխան Բագրատիոնին։ Սկզբում, երբ տեղեկություն ստացվեց Աուստերլիցի ճակատամարտի մասին, Մոսկվան տարակուսանքի մեջ ընկավ։ Այդ ժամանակ հաղթություններն այնպես սովորական էին դարձել ռուսների համար, որ պարտության լուրն ստանալով, մի շարք մարդիկ ուղղակի չէին հավատում, իսկ ոմանք այդ տարօրինակ անցքի համար բացատրություններ էին որոնում ինչ-որ անսովոր պատճառների մեջ։ Անգլիական ակումբում, ուր հավաքվում էին ճիշտ տեղեկություններ և կշիռ ունեցող բոլոր նշանավոր մարդիկ, դեկտեմբեր ամսին, երբ սկսվեցին լուրեր ստացվել, ոչինչ չէին խոսում պատերազմի և վերջին ճակատամարտի վերաբերյալ, կարծես բոլորն էլ խոսքերը մեկ էին արել՝ լռել այդ ճակատամարտի մասին։ Այն մարդիկ, որ ուղղություն էին տալիս խոսակցություններին, այն է՝ կոմս Ռոստոպչինը, իշխան Յուրի Վլադիմիրովիչ Դոլգորուկին, Վալույևը, կոմս Մարկովը, իշխան Վյազեմսկին,— չէին երևում ակումբում, այլ հավաքվում էին տներում, իրենց նեղ շրջանակների մեջ, և մոսկվացիք, որ սովոր էին ուրիշի բերանից խոսելու (որոնց թվին պատկանում էր և Իլյա Անդրեյիչ Ռոստովը), կարճ ժամանակով մնացին առանց որոշակի կարծիքի՝ պատերազմի մասին, և՝ առանց առաջնորդների։ Մոսկվացիք զգում էին, որ ինչ-որ վատ բան կա, և որ այդ վատ լուրերի մասին դատողություններ անելը դժվար է, ուստի և գերադասում էին լռել։ Բայց մի քանի ժամանակից հետո, ինչպես երդվյալները դուրս են զալիս խորհրդակցական սրահից, երևացին և ջոջերը, որոնք կարծիք էին ստեղծում ակումբում, և նորից ամեն ինչ ասվեց պարզ ու որոշակի։ Գտնվեցին այդ անօրինակ, չլսված ու անհնարին անցքի պատճառները, այն, որ ռուսները ջարդվել են, և ամեն ինչ պարզվեց, ու Մոսկվայի բոլոր անկյուններում խոսեցին միևնույն բանը։ Այդ պատճառներն էին. ավստրիացիների դավաճանությունը, զորքի վատ պարենավորումը, լեհ Պրժեբիշևսկու և ֆրանսացի Լանժերոնի դավաճանությունը, Կուտուզովի անընդունակությունը և (ավելացնում էին կամացուկ) թագավորի ջահելությունն ու անփորձությունը, որ հույսը դրել էր չնչին ու վատ մարդկանց վրա։ Սակայն զորքը, ռուսական զորքը, ասում էին ամենքը, աննման էր և քաջության հրաշքներ էր գործում։ Զինվորները, սպաները, գեներալները հերոս էին։ Բայց հերոսների հերոսը՝ իշխան Բագրատիոնն էր, որ հռչակվել էր իր՝ Շենգրաբենի ճակատամարտով և Աուստերլիցի նահանջով, ուր նա մենակ իր զորասյունը պահեց կազմ ու կանոնավոր և ամբողջ օրը ետ էր մղում կրկնակի ուժեղ թվնամուն։ Որ Բագրատիոնը Մոսկվայում ընդունվեց իբրև հերոս, դրան նմաստեց և այն, որ նա կապեր չուներ Մոսկվայում և դրսեցի էր։ Հանձին Բագրատիոնի արժանի պատիվ էր տրվում քաջարի, պարզ, կապերից ու բանսարկություններից ազատ մի ռուս ռազմիկի, որի անունն իտալական արշավանքի հիշողություններով կապված էր Սուվորովի անվան հետ։ Բացի դրանից, Բագրատիոնին մատուցվող այդ հարգանքը պերճախոս կերպով վկայում էր այն անբարյացակամության և անվստահության մասին, որ կար Կուտուզովի նկատմամբ։
— Եթե չլիներ էլ Բագրատիոնը, il faudrait l’inventer[1],— ասավ հանաքչի Շինշինը, ծաղրական կերպով ձևափոխելով Վոլտերի խոսքերը։ Կուտուզովի մասին ոչ ոք չէր խոսում, մի քանիսը միայն քրթմնջալով անարգում էին նրան, անվանելով պալատական խաղալիք և ծեր սատիր։
Ամբողջ Մոսկվայում բերնից-բերան էր անցնում իշխան Դոլգորուկովի խոսքերը, թե «ծեփելով, ծեփելով, մի օր էլ ինքդ կծեփվես». որ մեր այսօրվա պարտության հանդեպ իրեն մխիթարում էր նախկին հաղթությունների հիշատակներով, կրկնվում էին և Ռաստոպչինի խոսքերն այն մասին, թե ֆրանսական զինվորին կռվի համար պետք է ոգևորել ճոռոմ խոսքերով, թե գերմանացիների հետ պետք է խոսել տրամաբանորեն, համոզելով նրանց, որ փախչելը վտանգավոր է, քան առաջ գնալը, իսկ ռուս զինվորին պետք է միայն զսպել և խնդրել — կամա՛ց։ Ամեն կողմից լսվում էին նորանոր պատմություններ արիության առանձին դեպքերի մասին, որ ցույց էին տվել մեր զինվորներն ու սպաներն Աուստերլիցի մոտ։ Այնի՛նչը փրկեց դրոշակը, այսի՛նչը սպանեց հինգ ֆրանսացի, երրորդը մեն-մենակ լցրեց հինգ թնդանոթ։ Խոսում էին և Բերգի մասին, ովքեր չէին ճանաչում, թե նա՝ աջ ձեռքից վիրավորվելով, սուրն առել է ձախ ձեռքը և առաջ գնացել։ Բալկոնսկու մասին ոչինչ չէին խոսում, և միայն նրան մոտիկ ճանաչող մարդիկ ցավում էին, որ նա շուտ մեռավ, հղի կինը թողնելով խենթ հոր խնամքին։
III
Մարտի երեքին Անգլիական ակոմբի բոլոր սենյակներում կանգնել էր խոսակցող ձայների մի խուլ շշունջ, և ինչպես մեղուները գարնան օդում,— այսպես էլ ակումբի անդամներն ու հյուրերը՝ նշանազգեստներով ու ֆրակներով, մի քանիսը նույնիսկ շպարված ու կաֆտան հագած,— ետ ու առաջ էին անում, մոտենում էին իրար ու բաժանվում. նրանցից ոմանք նստած էին, ոմանք կանգնած։ Երկարաճիտ գուլպաներով, կոշիկներ հագած ու շպարված լաքեյները կանգնել էին դռների մոտ և լարված ուշադրությամբ ջանում էին աչքաթող չանել հյուրերի և ակումբի անդամների ամեն մի շարժումը, որպեսզի իրենց ծառայությունն առաջարկեին։ Ներկաների մեծամասնությունը — ծեր, պատկառելի մարդիկ էին՝ լայն, ինքնավստահ դեմքերով, հաստ մատներով, հաստատ շարժվածքով ու ձայնով։ Այս կարգի հյուրերն ու անդամները նստել էին հայտնի, սովորական տեղերում և կազմել էին որոշ, սովորական խմբեր։ Իսկ փոքրամասնությունը կազմված էր պատահական հյուրերից, առավելապես երիտասարդներից, որոնց թվում էին Դենիսովը, Ռոստովն ու Դոլոխովը, որը դարձյալ Սեմյոնովյան գնդի սպա էր։ Երիտասարդների դեմքին, առանձնապես զինվորականների, նկատվում էր արհամարհական պատկառանքի զգացումի մի արտահայտություն դեպի ծերերը, որ կարծես թե ասում էր հին սերնդին.— հարգել և պատվել ձեզ՝ պատրաստ ենք, բայց լավ հիշեցեք, որ այնուամենայնիվ ապագան մերն է։
Նեսվիցկին էլ այդտեղ էր, իբրև ակումբի հին անդամ։ Պիեռը, որ կնոջ կարգադրությամբ մազերը թողել էր, ակնոցը վերցրել, նորաձև հագնված, բայց տրտում ու ընկճված տեսքով պտտվում էր դահլիճներում։ Նրան, ինչպես ամեն տեղ, շրջապատել էր այնպիսի մարդկանց մթնոլորտ, որոնք խոնարհվում էին նրա հարստության առաջ, և նա իշխելու սովորույթով, նրանց վերաբերվում էր անտարբեր արհամարհանքով։
Ըստ տարիքի՝ նա պետք է որ երիտասարդների հետ լիներ, բայց հարստությամբ ու կապերով՝ նա ծեր, պատկառելի հյուրերի շրջանի անդամ էր, ուստի մի խմբից անցնում էր մյուսը։ Ամենանշանավոր ծերերը կազմում էին այդ շրջանի կենտրոնը, որին պատկառանքով մոտենում էին մինչև անգամ անծանոթները, որպեսզի լսեն հայտնի մարդկանց։ Մեծ շրջանակներ էին կազմվել կոմս Ռաստոպչինի, Վալույևի և Նարիշկինի շուրջը։ Ռաստոպչինր պատմում էր, թե ինչպես փախչող ավստրիացիները կոխկրտել են ռուսներին և ռուսները հարկադրված են եղել սվիններով իրենց համար ճանապարհ բանալ փախչողների միջով։
Վալույևը զաղտնի պատմում էր, թե Ուվարովը Պետերբուրգից ուղարկված է նրա համար, որ մոսկովցիների կարծիքն իմանա Աուստերլիցի մասին։
Երրորդ խմբի մեջ Նարիշկինը խոսում էր ավստրիական զինվորական խորհրդի նիստի մասին, ուր Սուվորովն աքաղաղի նման կանչել էր ի պատասխան ավստրիական գեներալների հիմարության։ Շինշինը, որ կանգնած էր հենց այդտեղ, կամենում էր հանաքով ասել, թե Կուտուզովը, ինչպես երևում է, անգամ այդ հեշտ արվեստը — աքաղաղի նման կանշելը — չի կարողացել սովորել Սուվորովից. բայց ծերերը խստությամբ նայեցին կատակաբանին, դրանով զգացնել տալով, որ այդտեղ և այդ օրը անվայել է այդպես խոսել Կուտուզովի մասին։
Կոմս Իլյա Անդրեյիչ Ռոստովը մտահոգ, շտապ-շտապ, իր փափուկ կոշիկներով, գնում-գալիս էր սեղանատնից հյուրանոց, շտապով և միակերպ գլուխ տալով նշանավոր ու աննշան անձանց, որոնց բոլորին նա ճանաչում էր, և երբեմն աչքերով որոնում էր իր բարեկազմ որդուն, հայացքը հրճվանքով ուղղում էր նրան ու աչքով անում։ Երիտասարդ Ռոստովը կանգնած էր լուսամուտի մոտ, Դոլոխովի կողքին, որի հետ նա նոր էր ծանոթացել և որի ծանոթությունը բարձր էր գնահատում։ Ծեր կոմսը մոտեցավ նրանց և սեղմեց Դոլոխովի ձեռը։
— Խնդրեմ շնորհ բերեք մեզ մոտ. ուրեմն դուք ծանոթ եք իմ կարիճին… այնտեղ միասին հերոսություններ եք արել… Ա՜, Վասիլի Իգնատիչ… ողջույն ծերուկ,— դիմեց նա մոտից անցնող ծերունուն, բայց իր ողջույնը դեռ չէր ասել-վերջացրել, երբ բոլորն իրարով անցան և վազեվազ մոտեցող լաքեյը վախեցած դեմքով զեկուցեց. «Շնորհ բերին»։
Ջանգակներր հնչեցին. ավագներն առաջ անցան, զանազան սենյակներում ցրված հյուրերը, ինչպես թափ տված հաճարը թիու վրա, ի մի խմբվեցին և կանգ առան մեծ հյուրասրահում, դահլիճի մուտքի առաջ։
Նախասենյակի դռան մոտ երևաց Բագիատիոնը, ածանց գլխարկի և թրի, հրոնք նա, ակումբի սովորության համաձայն, թողել էի բարապանի մոտ։ Նա գառան մորթու գլխարկով չէր, ոչ էլ մտրակն ուսովը գցած, ինչպես տեսել էր նրան Ռոստովը Աուստերլիցի ճակատամարտի նախօրյակի գիշերը, այլ հագել էր նոր նեղ պաշտոնազգեստ՝ ռուսական ու օտարերկրյա շքանշաններով և Գեորգի աստղը՝ կրծքի ձախ կողմը։ Նա, ըստ երևույթին, հենց այժմ, ճաշից առաջ, խուզել էր մազերն ու բակենները, որը և տգեղացնում էր նրա դեմքը։ Նրա դեմքին կար ինչ-որ միամիտ տոնական մի բան, որը միացած նրա հաստատուն, առնական գծերի հետ, դեմքին տալիս էր փոքր-ինչ կոմիկական արտահայտություն։ Բեկլեշովը և Ֆեոդոր Պետրովիչ Ուվարովը, որ եկել էին նրա հետ միասին, կանգնեցին դռան մոտ, որպեսզի նա, որպես ավագ հյուր, իրենցից առաջ անցնի։ Բագրատիոնը շփոթվեց, չուզելով օգտվել նրանց ցույց տված քաղաքավարությունից. մի վայրկյան ամենքը կանգ առան դռան մոտ, և, վերջապես, Բագրատիոնը, այնուամենայնիվ, առաջ անցավ։ Նա, չիմանալով ո՛ւր թաքցնել ձեռները, ընդունարանի պարկետի վրա քայլում էր ամոթխած ու անհամարձակ քայլերով, նրա համար սովորական ու հեշտ էր քայլել հերկած դաշտում, գնդակների տակ, ինչպես անցել էր Շենգրաբենում, Կուրսկյան գնդի առջևից։ Ավագները դիմավորեցին նրան առաջին դռան մոտ, ասելով մի քանի խոսք, թե ուրախ են՝ տեսնելու այդչափ մի թանկագին հյուրի ու, չսպասելով նրա պատասխանին, կարծես նրան տիրելով, շրջապատեցին ու տարան հյուրասրահ։ Հյուրասրահի դռնով անհնար էր անցնել, շնորհիվ ակումբի խմբված անդամների ու հյուրերի, որոնք իրար սեղմելով և իրար ուսի վրայից, ջանք էին թափում, իբրև մի հազվագյուտ գազանի, լավ տեսնել Բագրատիոնին։ Կոմս Իլյա Անդրեյիչն ամենից եռանդով ծիծաղելով և «թո՛ղ, mon cher, թո՛ղ, թող» ասելով, հրեց ամբոխը և հյուրերին առաջնորդեց հյուրասրահ ու նստեցրեց մեջտեղի բազմոցին։ Մեծամեծները, ակումբի ամենապատվավոր անդամները, խռնվեցին նորեկների շուրջր։ Կոմս Իլյա Անդրեյիչը, կրկին ճեղքելով ամբոխը, դուրս եկավ հյուրասրահից և մի րոպե հետո վերադարձավ մի ուրիշ ավագի հետ, բերելով մեծ արծաթյա սկուտեղ, որը նա մատուցեց իշխան Բագրատիոնին։ Սկուտեղի վրա դրված էր հերոսի պատվին հեղինակած ու տպագրած մի ոտանավոր։ Բագրատիոնը, սկուտեղը տեսնելով, վախեցած շուրջը նայեց, կարծես օգնություն որոնելու։ Սակայն բոլորի աչքերն արտահայտում էին մի պահանջ, որ նա ընդունի մատուցածը։ Զգալով, որ ինքը գտնվում է հյուրընկալների իշխանության տակ, Բագրատիոնը վճռականորեն երկու ձեռով վերցրեց սկուտեղը և կշտամբանքով ու բարկացած նայեց մատուցանող կոմսին։ Մեկը խոնարհաբար առավ սկուտեղը Բագրատիոնի ձեռից (այլապես թվում էր, թե նա մտադիր է պահել այն մինչև երեկո և այդպես էլ գնալ սեղանատուն) ու նրա ուշադրությունը հրավիրեց ոտանավորի վրա։ «Է՛հ, ինչ արած կկարդամ», կարծես ասաց Բագրատիոնը և հոգնած աչքերը թղթին հառելով, սկսեց կարդալ այն լուրջ ու կենտրոնացած տեսքով։ Հեղինակն ինքը վերցրեց ոտանավորը և սկսեց կարդալ։ Իշխան Բագրատիոնը թեքեց գլուխն ու լսեց.
Славь тако Александра век
И охраняй нам Тита на престоле,
Будь купно страшный вождь и добрый человек,
Рифей в отечестве, а Цесарь в бранном поле.
Да счастливый Наполеон,
Познав чрез опыты, каков Багратион,
Не смеет утруждать Алкидов русских боле…
Սակայն նա դեռ չէր վերջացրել, երբ որոտաձայն ավագ սպասավորը հայտարարեց. «ճաշը պատրաստ է»։ Դուռը բացվեց, սեղանատնից որոտաց լեհականը. «Гром победы раздавайся, веселися, храбрый росс»», և կոմս Իլյա Անդրեյիչը, բարկացած նայելով հեղինակին, որ շարունակում էր կարդալ ոտանավորը, գլուխ տվեց Բագրատիոնին։ Բոլորը վեր կացան, զգալով, որ ճաշն ավելի կարևոր է ոտանավորից, և Բագրատիոնը կրկին ամենքի առջևից գնաց դեպի սեղանը։ Աոաջին տեղը, երկու Ալեքսանդրի՝ Բեկլեշևի և Նարիշկինի մեջտեղը (այդ անունը նույնպես նշանակություն ուներ թագավորի անվան նկատմամբ) նստեցրին Բագրատիոնին։ Երեք հարյուր մարդ տեղավորեցին սեղանատանը՝ ըստ աստիճանների ու դիրքի. ով ավելի նշանավոր էր — մոտ էր նստել պատվելի հյուրին, այնպես բնական կերպով, ինչպես ջուրը թափվում է ավելի այնտեղ, ուր տեղն ավելի ցած է։
Ճաշից առաջ կոմս Իլյա Անդրեյիչը որդուն ներկայացրեց իշխանին։ Բագրատիոնը նրան ճանաչելով, ասաց մի քանի անկապ, անհաջող խոսքեր, ինչպես նրա բոլոր խոսքերը, որ ասավ այդ օրը։ Կոմս Իլյա Անդրեյիչն այն միջոցին, երբ Բագրատիոնը խոսում էր իր որդու հետ, ուրախ, հպարտ նայում էր ամենքին։
Նիկոլայ Ռոստովը Դենիսովի ու նոր ծանոթ Դոլոխովի հետ միասին նստեցին գրեթե սեղանի մեջտեղը։ Նրանց դիմաց նստեց Պիեռը՝ իշխան Նեսվիցկու կողքին։ Կոմս Իլյա Անդրեյիչը նստած էր Բագրատիոնի դեմ ու մյուս ավագների հետ և հյուրասիրում էր իշխանին, իր մեջ անձնավորելով մոսկովյան սիրալիրությունը։
Նրա ջանքերն ապարդյուն չանցան։ Նրա ճաշը, թե՛ պասից և թե՛ ուտից, հիանալի էր, բայց այնուամենայնիվ նա չկարողացավ հանգիստ մնալ մինչև ճաշի վերջը։ Նա աչքով էր անում բուֆետապանին, շշուկով կարգադրություններ էր անում լաքեյներին և չէր կարողանում առանց հուզմունքի սպասել իրեն ծանոթ յռւրտքանչյուր նոր կերակրի։ Ամեն ինչ հիանալի էր։ Երբ մատուցեցին ճաշի երկրորդ տեսակը, որի հետ կար մի խոշոր ձուկ (որը տեսնելով Իլյա Անդրեյիչր կարմրեց ուրախությունից ու ամոթխածությունից), լաքեյներն սկսեցին խցանները հանել և շամպայն լցնել։ Ձկից հետո, որը որոշ տպավորություն թողեց, կոմս Իլյա Անդրեյիչն ու մյուս ավագներն իրար նայեցին։ «Շատ կենացներ են լինելու, պետք է սկսել», շշնջաց նա և, գավաթը ձեռն առնելով, վեր կացավ։ Բոլորր լուռ սպասում էին, թե ի՛նչ է ասելու։
— Թագավոր կայսեր կենացը,— գոչեց նա, և նույն այդ րոպեին նրա բարի աչքերր թրջվեցին ուրախության ու բերկրանքի արցունքներից։ Նույն այդ րոպեին նվագեցին «Гром победы раздавайся»։ Բոլորը վեր կացան տեղներից և «ուռռա» կանչեցին։ Բագրատիոնը նույնպես «ուռռա» գոչեց՝ ճիշտ այն ձևով, ինչպես գոչել էր Շենգրաբենի դաշտում։ Երիտասարդ Ռոստովի ցնծագին ձայնը լսելի էր բոլոր 300 ձայնի մեջ։ Նա քիչ էր մնում լաց լինի։ «Թաղավոր կայսեր կենացը,— գոչեց նա,— ուռռա՜»։ Բաժակը միանգամից գլխին քաշելով. նա խփեց այն հատակին։ Ու երկար շարունակվում էին բարձր աղաղակները։ Երբ ձայները լռեցին, լաքեյները հավաքեցին ջարդած ամանեղենը, և ամենքն սկսեցին նստոտել ու, իրենց ձայների վրա ժպտալով, խոսակցել։ Կոմս Իլյա Անդրեյիչը կրկին վեր կացավ, նայեց իր պնակի մոտ դրված գրության և առաջարկեց մեր վերջին արշավանքի հերոս Պյոտր Իվանովիչ Բագրատիոնի կենացը, կոմսի կապույտ աչքերը կրկին թրջվեցին արցունքից։ «Ուռռա» կրկին ձայնեցին 300 հյուրերն ու երաժշտության փոխարեն լսվեց երգիչների ձայնը, որ երգում էին Պավել Իվանովիչ Կուտուզովի հեղինակած մեղեդին.
Тщетны россам все препоны,
Храбрость есть побед залог,
Есть у нас Багратионы,
Будут все враги у ног… և այլն
Հենց որ երգը վերջացավ, հետևեցին նորանոր կենացներ, որոնց միջոցին ավելի ու ավելի էր զգացվում կոմս Իլյա Անդրեյիչը, և դարձյալ շատ աման ջարդվեց, դարձյալ շատ բացականչություն եղավ։ Խմեցին Բեկլեշովի, Նարիշկինի, Ուվարովի, Դոլգորուկովի, Ապրաքսինի, Վալույևի կենացը, խմեցին ավագների կենացը, կարգադրիչի կենացը, ակումբի բոլոր անդամների կենացը, ակումբի բոլոր հյուրերի կենացը և, վերջապես, առանձին խմեցին ճաշը ձեռնարկող կոմս Իլյա Անդրեյիչի կենացը։ Այս կենացի միջոցին կոմսը հանեց թաշկինակը և, նրանով երեսը ծածկելով, սաստիկ լաց եղավ։
IV
Պիեռը նստել էր Դոլոխովի և Նիկոլայ Ռոստովի դիմաց։ Նա ուտում էր շատ և ագահաբար, շատ էլ խմում էր, ինչպես միշտ։ Բայց նրանք, ովքեր մոտից ճանաչում էին նրան, տեսնում էին, որ այդ օրը նրա մեջ կատարվել է մի ինչ-որ մեծ փոփոխություն։ Ճաշի ամբողջ միջոցին նա լուռ էր և, աչքերը կկոցելով ու դեմքը կնճռելով, շուրջն էր նայում կամ, աչքերը մի բանի հառելով, բոլորովին ցրված տեսքով, մատով քչփորում էր քիթը։ Նրա դեմքը տխուր էր ու մռայլ։ Նա, կարծես, ոչինչ չէր տեսնում, չէր լսում, թե ինչ է կատարվում շուրջը, և մտածում էր ինչ-որ մի ծանոթ ու անլուծելի բանի մասին։
Այդ անլուծելի, նրան տանջող խնդիրը իշխանուհու՝ Մոսկվայում արած ակնարկներն էին այն մասին, թե Դոլոխովը մոտ է իր կնոջ հետ, և այս առավոտ ստացած անանուն նամակը, որի մեջ ստոր կատակով, որ հատուկ է բոլոր անստորագիր նամակներին, ասված էր, թե նա վատ է տեսնում իր ակնոցի միջով և թե նրա կնոջ կապը Դոլոխովի հետ գաղտնիք է միայն իր՝ Պիեռի համար։ Պիեռը բնավ չհավատաց ոչ իշխանուհու ակնարկներին, ոչ էլ նամակին, բայց այժմ նրա համար շատ տհաճ էր նայել Դոլոխովին, որ նստած էր իր առջև։ Ամեն անգամ, երբ նրա հայացքը պատահաբար հանդիպում էր Դոլոխովի գեղեցիկ լիրբ աչքերին, Պիեռն զգում էր, որ ինչ-որ մի սարսափելի այլանդակ բան է ծագում իր սրտում, ու նա արագ շրջում էր երեսը։ Ակամա հիշելով կնոջ ամբողջ անցյալը և նրա վերաբերմունքը դեպի Դոլոխովը, Պիեռը պարզ տեսնում էր, որ այն, ինչ ասված է նամակում, կարող է ճիշտ լինել, կարող է, համենայն դեպս, ճիշտ թվալ, եթե մինչև անգամ այդ վերաբերեր ոչ իր կնոջը։ Պիեռն ակամա հիշում էր, թե ինչպես Դոլոխովը, որին ներել էին արշավանքներից հետո, վերադարձավ Պետերբուրգ ու եկավ իր մոտ։ Օգտվելով քեֆերի ժամանակ Պիեռի հետ հաստատած բարեկամական հարաբերությունից, Դոլոխովն ուղղակի իջևանեց նրա տանը, և Պիեռը տեղավորեց նրան ու փոխարինաբար փող էլ տվեց նրան։ Պիեռը հիշում էր, թե ինչպես Էլենը ժպտալով իր անբավականությունն էր հայտում, որ Դոլոխովն ապրում է իրենց տանը, և թե ինչպես Դոլոխովը լրբաբար գովում էր իր կնոջ գեղեցկությունն ու ինչպես մինչև Մոսկվա գալու ժամանակը՝ մի րոպե անգամ չէր բաժանվում իրենցից։
«Այո, Դոլոխովը շատ գեղեցիկ է,— մտածում էր Պիեռը,— ես նրան ճանաչում եմ։ Նա մի առանձին հաճույք կզգա, որ խայտառակի ինձ ու ծիծաղի ինձ վրա, հենց այն պատճառով, որ ես չարչարվել եմ նրա համար, խնամել եմ նրան ու օգնել։ Գիտե՛մ, հասկանո՛ւմ եմ, թե ինչ նշանակություն կունենար իմ խայտառակությունը նրա աչքում, եթե դա ճիշտ լիներ։ Այո, եթե դա ճիշտ լիներ, բայց ես չե՛մ հավատում, իրավունք չունե՛մ հավատալու և չե՛մ կարող հավատալ»։ Պիեռը հիշեց Դոլոխովի այն արտահայտությունը, որ երբեմն, կատաղության րոպեներին, ընդունում էր նրա դեմքը, ինչպես մի անգամ նա թաղականին կապեց արջից և ջուրն արավ, կամ երբ նա առանց որևէ պատճառի մարդու կանչում էր մենամարտի, և կամ ատրճանակով սպանում կառապանի ձին։ Կատաղության այդ արտահայտությունը հաճախ էր երևում Դոլոխովի դեմքին, երբ ինքը՝ Պիեռը նայում էր նրան։ «Հա՜, նա կռվասեր է,— մտածեց Պիեռը,— նրա համար ոչ մի նշանակություն չունի մարդ սպանելը. գուցե նրան թվում է, որ բոլորը վախենում են իրենից, գուցե և նա հաճույք է զգում այդ բանից, թերևս նա մտածի, որ ես էլ եմ վախենում իրենից։ Եվ իսկապես, ես վախենում եմ նրանից»,— մտածեց Պիեռը և կրկին, այս մտքերի վրա, զգաց որ ինչ-որ մի հրեշավոր ու այլանդակ բան ծագեց իր սրտում։ Դոլոխովը, Դենիսովն ու Ռոստովը այժմ նստած էին Պիեռի դիմաց և շատ ուրախ էին երևում։ Ռոստովն ուրախ-ուրախ խոսակցում էր իր երկու ընկերոջ հետ, որոնցից մեկը քաջ հուսար էր, մյուսը՝ հայտնի կռվարար ու կապը կտրած ստահակ, երբեմն էլ նա քմծիծաղով նայում էր Պիեռին, որն իր ինքնամփոփ, անուշադիր տեսքով ու վիթխարի կերպարանքով զարմացնում էր բոլորին։ Ռոստովը Պիեռին անբարյացակամ նայում էր նախ նրա համար, որ Պիեռն իր՝ Ռոստովի՝ հուսարական սպայի աչքում, սոսկական մի հարուստ էր, գեղեցկուհու ամուսին և ընդհանրապես կնիկ մարդ. երկրորդ՝ նրա համար, որ Պիեռն իր ինքնամփոփ ու ցրված տրամադրության մեջ չճանաչեց Ռոստովին և չպատասխանեց նրա ողջույնին։ Երբ սկսեցին թագավորի կենացը խմել, Պիեռը, մտազբաղ լինելով, տեղից վեր չկացավ ու բաժակ չվերցրեց։
— Ինչո՞ւ չեք վեր կենում,— պոռաց նրա վրա Ռոստովը, խանդավառ կատաղի հայացքն ուղղելով նրան։— Մի՞թե չեք լսում. թագավոր կայսեր կենացը։
Պիեռը, հառաչելով, հնազանդ վեր կացավ, խմեց իր բաժակը և, սպասելով, որ բոլորը նստեն, իր բարի ժպիտը դեմքին դարձավ Ռոստովին։
— Իսկ ես ձեզ չճանաչեցի էլ,— ասավ նա։ Բայց Ռոստովը ժամանակ չուներ նրան լսելու. նա աղաղակեց. «ուռռա՜»։
— Հը՛, դու չե՞ս ուզում ծանոթությունդ նորոգել,— ասավ Դոլոխովը Ռոստովին։
— Թող գնա՛, հիմարի մեկն է,— ասավ Ռոստովը։
— Գեղեցիկ կանանց ամուսիններին պետք է փաղաքշել,— ասավ Դենիսովը։
Պիեռը չէր լսում, թե ինչ են խոսում նրանք, բայց գիտեր, որ խոսում են իր մասին։ Նա կարմրեց և երեսը շուռ տվեց։
— Դե՛, հիմա գեղեցիկ կանանց կենացը,— ասավ Դոլոխովը և լուրջ արտահայտությամբ, սակայն բերնի անկյուններով ժպտալով, բաժակը ձեռին դիմեց Պիեռին։
— Պետրուշկա, գեղեցիկ կանանց և նրանց սիրեկանների կենացը,— ասավ նա:
Պիեռը, աչքերը խոնարհած, խմեց իր բաժակը, առանց Դոլոխովին նայելու և նրան պատասխանելու։ Լաքեյը, որ բաժանում էր Կուտուզովի գրած մեղեդին, մի թերթ էլ դրեց Պիեռի առաջ, իբրև ավելի պատվելի հյուրի։ Պիեռն ուզեց վերցնել այն, բայց Դոլոխովը թեքվեց, խլեց թուղթը նրա ձեռից և սկսեց կարդալ։ Պիեռը նայեց Դոլոխովին և աչքերը խոնարհեց. այն հրեշավոր ու այլանդակ բանը, որ ճաշի ամբողջ միջոցին պղտորում էր նրա հոգին, նորից զարթնեց ու տիրեց նրան։ Եվ նա իր գիրուկ մարմնով թեքվեց սեղանի վրա։
— Չհամարձակվե՛ք վերցնել,— պոռաց նա։
Լսելով այդ ձայնը և տեսնելով, թե ումն է վերաբերում այն, Նեսվիցկին և նրա աջակողմի հարևանը, երկյուղով ու արագ դարձան Բեզուխովին։
— Բավական է, բավական է, ի՞նչ եք անում,— շշնջացին նրանք։
Դոլոխովն իր պայծառ, ուրախ և դաժան աչքերով նայեց Պիեռին նույն ժպիտով, որ կարծես ասում էր, «Ա՛յ, այդ ինձ դուր է գալի՜ս»։
— Չեմ տա,—- ասավ նա կտրուկ։
Պիեռը գունատ, դողացող շրթունքներով թուղթը ձգեց դեպի իրեն։
— Դուք… դուք… անպիտա՛ն… Ես հրավիրում եմ ձեզ մենամարտի,— ասավ նա աթոռը հրելով և վեր կացավ տեղից։
Այդ իսկ վայրկյանին, երբ Պիեռն արավ այդ և արտասանեց այդ խոսքերը, նա զգաց, որ իր կնոջ հանցավորության հարցը, որը տանջում էր նրան այս վերջին օրերը, վերջնականապես և որիշակի վճռվեց դրական մտքով։ Նա ատում էր կնոջը և ընդմիշտ կտրվել էր նրանից։ Չնայած Դենիսովի խնդրանքին, որ Ռոստովն այդ գործի մեջ չխառնվի, բայց և այնպես Ռոստովը համաձայնեց լինել Դոլոխովի մարտավկան և ճաշից հետո բանակցեց Բեզուխովի մարտավկա Նեսվիցկու հետ՝ մենամարտի պայմանների մասին։ Պիեռը մեկնեց տուն, իսկ Ռոստովը՝ Դոլոխովի և Դենիսովի հետ՝ մինչև ուշ երեկո մնաց ակումբում, լսելու գնչուներին ու երգասացներին։
— Այդպե՛ս ուրեմն, վաղը, Սոկոլնիկում,— ասավ Դոլոխովը, ակումբի շեմքում հրաժեշտ տալով Ռոստովին։
— Եվ դու հանդիստ ե՞ս,— հարցրեց Ռոստովը։
Դոլոխովը կանգ առավ։
— Բանն ահա ինչո՛ւմն է. մի երկու խոսքով հայտնեմ մենամարտի ամբողջ գաղտնիքը։ Երբ դու գնում ես մենամարտի, և կտակ ու քնքուշ նամակներ ես գրում ծնողներիդ, ու մտածում ես, թե կարող են քեզ սպանել, դու հիմար կլինես և հավանաբար կկորչես, բայց դու գնա մենամարտի այն հաստատ մտադրությամբ, որ նրան սպանես, որքան կարելի է շուտ, ու այն ժամանակ ամեն ինչ կարգին կլինի, ինչպես ասում էր ինձ մեր կոստրոմացի արջորսը։ Արջից էլ, ասում էր նա, ինչպե՞ս չվախենալ։ Բայց հենց որ նրան տեսնում ես, վախն անցնում է և մտածում ես ինչպե՛ս անես, որ չփախչի։ Հե՛նց այդպես էլ ես։ A demain, mon cher![2]
Մյուս oրը, առավոտյան ժամը 8-ին, Պիեռը Նեսվիցկու հետ եկան Սոկոլնիկի անտառը, ուր եկել էին արդեն Դոլոխովը, Դենիսովը և Ռոստովը։ Պիեռն զբաղված մարդու տեսք ուներ, որի մտածմունքները բնավ չէին վերաբերում առաջիկա գործին։ Նրա նիհարած դեմքը դեղնել էր։ Ըստ երևույթին գիշերը չէր քնել։ Նա մտացրիվ շուրջը նայեց և դեմքը կնճռեց՝ ասես շլացուցիչ արևից։ Նրան բացառապես երկու միտք էին զբաղեցնում.— կնոջ հանցավորությունը, որ անքուն գիշերից հետո այլևս անտարակուսելի էր նրա համար, և Դոլոխովի անմեղությունը, որը բնավ պարտավոր չէր պաշտպանել իրեն օտար մի մարդու պատիվ։ «Թերևս ես էլ նույնն անեի, եթե նրա տեղը լինեի», մտածում էր Պիեռը։ «Ամենայն հավանականությամբ գուցե ես էլ նույնը անեի, էլ ինչո՞ւ համար է այս մենամարտը, այս սպանությունը։ Կամ ես պիտի սպանեմ նրան, կամ նա պիտի գնդակ խփի իմ գլխին, արմունկին, ծնկան։ Հեռանալ այստեղից, փախչել, թաքնվել որևէ տեղ», անցնում էր Պիեռի մտքով։ Բայց հենց այդ րոպեին, երբ նրան պաշարել էին այս մտքերը, նա մի առանձին անդորր ու ցրված տեսքով, որ հարգանք էր ներշնչում նրան նայողներին, հարցրեց. «Շո՞ւտ կլինի, պատրա՛ստ է»։
Երբ ամեն բան արդեն պատրաստ էր, սրերը խրված էին ձյունի մեջ, որ ցույց էին տալիս այն տեղը, որից առաջ չպետք է անցնեին մենամարտողները, և երբ ատրճանակներն էլ լցրին, Նեսվիցկին մոտեցավ Պիեռին։
— Ես իմ պարտականությունը կատարած չէի լինի, կոմս,— ասավ նա երկչոտ ձայնով,— ես չէի արդարացնի այն վստահությունն ու պատիվը, որ դուք արիք ինձ, ընտրելով ձեր մարտավկան, եթե ես այս կարևոր, շատ կարևոր րոպեին չասեի ձեզ ամբողջ ճշմարտությունը։ Ես կարծում եմ, որ այս գործի համար չկան բավականաչափ պատճառներ և որ չարժի դրա համար արյուն թափել… Դուք, կոմս, անիրավացի էիք, այսինքն ոչ բոլորովին իրավացի. դուք տաքացաք…
— Այո՛, չափազանց հիմար կերպով…— ասավ Պիեռը։
— Ուրեմն թույլ տվեք ինձ ձեր զղջումը հայտնելու նրանց, և ես հավատացած եմ, որ մեր հակառակորդները կհամաձայնեն ընդունել ձեր ներողությունը,— ասավ Նեսվիցկին (այնպես, ինչպես և մյուսները գործին մասնակցողներից և ինչպես բոլորը նման գործերում, տակավին չհավատալով, որ բանը կհասնի իսկական մենամարտի)։ Դուք գիտե՛ք, կոմս, ավելի ազնիվ բան է ընդունել սխալը, քան հասցնել այն անուղղելի աստիճանի։ Վիրավորանք ոչ մի կողմից չի եղել։ Թույլ տվեք ինձ խոսել նրանց հետ,
— Չէ՜, էչ ի՛նչ խոսել,— ասավ Պիեռը,— միևնույն է… Ուրեմն պատրա՞ստ է,— ավելացրեց նա։— Դուք ինձ ասացեք միայն՝ ո՞ր կողմը գնալ և ո՞ւր արձակել,— ասավ նա անբնական հեզությամբ ժպտալով։
Նա ատրճանակը ձեռն առավ և սկսեց հարց ու փորձ՝ կրակելու եղանակի մասին, որովհետև մինչև այդ նա ձեռն ատրճանակ չէր վերցրել, ինչ որ սակայն չէր ուզում խոստովանել։
— Հա՛, այդպե՛ս, գիտե՛մ, ես մոռացել եմ միայն,— ասում էր նա։
— Ո՛չ մի ներողություն, ո՛չ մի բան,— ասում էր Դոլոխովը Դենիսովին, որն իր կողմից հաշտեցնելու նույն փորձն էր անում, և նույնպես մոտեցավ նշանակած տեղին։
Մենամարտի տեղն ընտրել էին ճանապարհից (ուր գտնվում էին սահնակները) ութսուն քայլ հեռու, փիճի անտառի մի փոքրիկ բացատում, որը ծածկված էր վերջին օրերի տաքությունից հալվող ձյունով։ Հակառակորդները կանգնած էին 40 քայլ իրարից հեռու, բացատի եզրերին։ Մարտավկաները տարածությունը չափեցին քայլերով, ոտնատեղեր թողնելով թաց ու խոր ձյունի վրա,— իրենց կանգնած տեղից մինչև Նեսվիցկու և Դենիսովի սրերը, որոնք ձյունի մեք խրված էին որոշելու այն սահմանը, որից առաջ չպետք է անցնեին մենամարտողները սրերը տնկված էին տասը քայլ իրարից հեռու։ Տաք եղանակի հետ մառախուղ էր. 40 քայլի վրա ոչինչ չէր երևում։ Երեք րոպեի մեջ ամեն ինչ պատրաստ էր արդեն, և նրանք այնուամենայնիվ հապաղում էին սկսել, բոլորը լուռ էին։
V
— Դե՛-, սկսե՛նք,— ասավ Դոլոխովը։
— Սկսենք,— ասավ Պիեռն առաջվա պես ժպտալով։
Դրությունը սարսափելի էր դառնում։ Պարզ էր, որ այդքան հեշտ սկսված գործն այլևս ոչ մի բանով չէր կարելի խափանել, որ այն կատարվում էր ինքնաբերաբար, մարդկանց կամքից անկախ, ու պետք է կատարվեր։
Դենիսովն առաջինը մոտեցավ բարյերին և հայտարարեց.
— Քանի վող հակաղակողդնեղը հղաժաղվեցին հաշտվել, աղղյոք չսկսե՞լ. վեղցղեք ատղճանակնեղը և եղեք ասելուն պես՝ մոտեցեք։
— Մե՛կ, եղկո՛ւ, եղե՛ք,— գոչեց Դենիսովը բարկացած և մի կողմ քաշվեց։
Հակառակորդները տրորված արահետով ավելի ու ավելի մոտեցան, մառախուղի մեջ իրար ճանաչեչով։ Նրանք իրավունք ունեին մոտենալ արգելք դնող սահմանին և կրակել՝ ո՛վ երբ կամենար։ Դոլոխովն առաջ էր գնում դանդաղ, առանց ատրճանակը բարձրացնելու, բայց իր փայլուն, պայծառ աչքերով հակառակորդի երեսին նայելով։ Նրա բերանը, ինչպես միշտ, ժպիտի նման մի բան ուներ իր վրա։
— Երբ ուզենամ՝ կարող եմ կրակել,— ասավ Պիեռր, և երեք ասելուց հետո, արագ քայլերով առաջ անցավ և տրորած ճամփից շեղվելով, քաղեց ձյունի միջով։ Նա ատրճանակը բռնել էր աջ ձեռն առաջ մեկնած, ըստ երևույթին վախենում էր, շլինի թե հանկարծ այդ ատրճանակով սպանի իրեն։ Ձախ ձեռն աշխատում էր ետևը պահել, որովհետև կամենում էր դրանով ուժ տալ աջին, գիտենալով, սակայն, որ այդպես չի կարելի։ Անցնելով վեց քայլ և ճամփից ընկնելով ձյունի մեջ, Պիեռը նայեց ոտքերի տակ, կրկին նայեց Դոլոխովին և, մատը քաշելով, ինչպես սովորեցրել էին, ատրճանակն արձակեց։ Երբեք չսպասելով այդքան ուժեղ ձայնի, Պիեռը ցնցվեց, ապա ժպտաց ինքն իր տպավորության վրա ու կանգ առավ։ Ծուխը, որ առանձնապես թանձր էր մառախուղի պատճառով, խանգարեց նրան առաջին ակնթարթին բան տեսնել. սակայն մյուս կրակոցի ձայնը, որին սպասում էր նա, չլսվեց։ Լսելի էին միայն Դոլոխովի շտապ քայլերը, և քիչ հետո երևաց նրա կերպարանքը։ Նա մի ձեռով բռնել էր ձախ կողքը, մյուսով սեղմում էր դեպի ցած բռնած ատրճանակը։ Նրա դեմքը գունատ էր։ Ռոստովը մոտ վազեց և ինչ-որ բան ասավ նրան։
— Ո…ո՜…չ,— արտասանեց ատամների արանքից Դոլոխովը.— ոչ, չի վերջացած,— և էլի մի քանի երերուն ու կաղ քայլեր անելով, ընկավ ձյունի վրա, սրի մոտ։ Նրա ձախ ձեռն արյունոտ էր, նա բաճկոնով սրբեց ձեռն ու հենվեց նրա վրա։ Նրա դեմքը գունատ էր, մռայլ և դողում էր։
— Համե…— սկսեց Դոլոխովը, չկարողանալով միանգամից խոսքն ասել…— համեցեք,— ավարտեց նա զոռով։
Պիեռը հեկեկանքը հազիվ զսպելով, վագեց դեպի Դոլոխովը, և այն է ուզում էր անցնել արգելված սահմանը, երբ Դոլոխովը ճչաց. «Մի անցե՛ք», և Պիեռը հասկանալով բանն ինչումն է, կանգ առավ սահմանը որոշող սրի մոտ։ Նրանց բաժանում էր միայն 10 քայլ։ Դոլոխովը գլուխն իջեցրեց, ագահաբար կծեց ձյունը, կրկին բարձրացրեց գլուխը, ուղղվեց, ոտները հավաքեց ու նստեք, հավասարակշռություն փնտրելով։ Նա կլանում էր սառը ձյունը և ծծում, նրա շրթունքները դողում էին, բայց շարունակ ժպտում էր, և նրա աչքերը փայլում էին վերջին ուժերի լարումից ու կատաղությունից։ Նա ատրճանակը բարձրացրեց ու նշան բռնեց։
— Կողքանց կանգնեցեք, պաշտպանվեցեք ատրճանակով,— ասավ Նեսվիցկին։
— Պաշտպանվեցեք,— չհամբերելով ասավ նույնիսկ Դենիսովն իր հակառակորդին։
Պիեռն ափսոսանքի ու զղջումի հեզ ժպիտով, ոտներն ու ձեռները չռելով՝ իր լայն կրծքով կանգնեց Դոլոխովի առջև ու տխրությամբ նայեց նրան։ Դենիսովը, Ռոստովը և Նեսվիցկին աչքերնին կուչ ածին։ Եվ հենց նույն այդ միջոցին լսվեց մի նոր կրակոց և Դոլոխովի չար ճիչը։
— Չդիպավ.— ձայնեց Դոլոխովը և երեսնիվայր ուժաթափ ընկավ ձյունի վրա։
Պիեռը գլուխը բռնեց ու ետ շրջվելով՝ մտավ անտառ, ամբողջովին ձյունի միջով քայլելով և ինքն իրեն բարձր անհասկանալի խոսքեր ասելով։
— Հիմար բան է. հիմար բան է։ Մահ… կեղծի՛ք…— կրկնում էր նա դեմքը կնճռելով։
Նեսվիցկին կանգնեցրեց նրան և տուն տարավ։
Ռոստովն ու Դենիսովը կառքով տարան վիրավոր Դոլոխովին։
Դոլոխովը, աչքերը փակ, լուռ պառկել էր սահնակի մեջ և ոչ մի բառով չէր պատասխանում իրեն ուղղված հարցերին, սակայն Մոսկվա մտնելով, նա հանկարծ ուշքի եկավ և գլուխը դժվարությամբ բարձրացնելով, բռնեց կողքին նստած Ռոստովի ձեռը։ Ռոստովին միանգամայն զարմացրեց Դոլոխովի դեմքի փոխված և անսպասելի խանդավառ ու քնքուշ արտահայտությունը։
— Հը՞, ինչպե՞ս ես զգում քեզ,— հարցրեց Ռոստովը։
— Վա՛տ։ Բայց դու այն ասա, բարեկամս,— ասավ Դոլոխովն ընդհատվող ձայնով։— Որտե՞ղ ենք։ Մոսկվայումն ենք, գիտեմ։ Ես ոչինչ, բայց նրան սպանեցի, սպանեցի… նա այդ բանը չի տանի…
— Ո՞վ,— հարցրեց Ռոստովը։
— Մայրս։ Մայր իմ, հրեշտակ իմ, պաշտելի հրեշտակ իմ,— և Դոլոխովը լաց եղավ՝ Ռոստովի ձեռը սեղմելով։
Երբ փոքր-ինչ հանգստացավ, Ռոստովին բացատրեց, որ ինքն ապրում է մոր մոտ և եթե մայրը տեսնի իրեն մեռնելիս, նա այդ բանը չի տանի։ Նա աղաչում էր Ռոստովին՝ գնալ մոր մոտ և նախապատրաստել նրան։
Ռոստովն առաջուց գնաց հանձնարարությունը կատարելու և մեծ զարմանքով իմացավ, որ Դոլոխովը, այդ կռվասեր, կռվարար Դոլոխովը Մոսկվայում ապրում էր իր պաոավ մոր և սապատավոր քրոջ հետ միասին և շատ սիրող որդի ու եղբայր էր։
VI
Պիեռը վերջին ժամանակները կնոջ հետ երես առ երես սակավ էր տեսնվում։ Թե՛ Պետերբուրգում, թե՛ Մոսկվայում նրանց տունը միշտ լիքն էր լինում հյուրերով։ Մենամարտի հետևյալ գիշերը Պիեռը, ինչպես հաճախ էր անում, ննջարան չգնաց, այլ մնաց հոր մեծ առանձնասենյոոկում, ուր մեռավ կոմս Բեզուխովը։
Նա պառկեց բազմոցի վրա և ուզեց քնել, որպեսզի մոռանա այն բոլորը, ինչ կատարվեց իրեն հետ, բայց չկարողացավ։ Հանկարծ նրա հոգում բարձրացավ զգացումների, մտքերի և հիշողությունների մի այնպիսի փոթորիկ, որ նա ոչ միայն չկարողացավ քնել, այլև անկարող եղավ մի տեղ նստել ու ստիպված էր ցատկել բազմոցից և արագ քայլերով անց ու դարձ անել սենյակում։ Նրան մե՛կ երևում էր կինն ամուսնության առաջին օրերին՝ բաց ուսերով և հոգնած կրքոտ հայացքով, ու նույն րոպեին նրա կողքին երևում էր Դոլոխովի գեղեցիկ, լիրբ ու հեգնական դեմքը, ինչպես ճաշի ժամանակ էր, և Դոլոխովի նույն դեմքը՝ գունատ, դողացող ու վշտահար այն միջոցին, երբ նա շրջվեց ու ընկավ ձյունի վրա։
— Ի՞նչ պատահեց,— հարցնում էր նա ինքն իրեն։— Ես սպանեցի մի սիրեկանի, այո, սպանեցի կնոջս սիրեկանին։ Այո՛, այդ եղավ։ Բայց ինչու համարէ ինչպես հասա ես այդտեղ։— Նրա համար, որ դո՛ւ ամուսնացար նրա հետ,— պատասխանում էր ներքին ձայնը։
— Բայց ի՞նչ է իմ մեղքը,— հարցնում էր նա։— Ա՛յն, որ դու ամուսնացար, առանց նրան սիրելու, այն, որ դու խաբեցիր և՛ քեզ, և՛ նրան,— ու Պիեռին կենդանի պատկերացավ այն րոպեն, երբ իշխան Վասիլիի տանը, ընթրիքից հետո նա ասավ հետևյալ իր համար դժվար արտասանելի խոսքերը. «Je vous aime». բոլորի պատճառն այս էր։ «Ես այն ժամանակ էլ զգում էի,— մտածում էր նա,— զգում էի այն ժամանակ, որ դա այն չէր, որ ես այդ անելու իրավունք չունեի։ Այդպես էլ եղավ»։
Նա հիշեց մեղրամիսը և նրա դեմքը շառագունեց այդ հիշողությունից։ Առանձնապես կենդանի, վիրավորական և ամոթալի թվաց այն հիշողությունը, երբ ինքը մի անգամ, ամուսնությունից հետո, ցերեկվա ժամը 12-ի մոտ, մետաքսե խալաթով ննջարանից մտավ կբինետ ու այնտեղ տեսավ գլխավոր կառավարչին, որը հարգալից գլուխ տվեց, նայեց Պիեռի դեմքին, նրա խալաթին և թեթևակի ժպտաց, կարծես այդ ժպիտով իր հարգալիր համակրանքն էր հայտնում մեծավորին՝ նրա երջանկության համար։
«Իսկ քանի՜ անգամ ես պարծեցել եմ նրանով, պարծեցել եմ նրա փառահեղ գեղեցկությամբ, նրա բարեկիրթ ձևերով», մտածում էր Պիեռը։ «Պարծենում էի իմ այն տնով, ուր նա ընդունում էր ամբոդջ Պետերբուրգը, պարծենում էի նրա անմատչելիությամբ ու գեղեցկությամբ։ Ա՛յ, թե ինչով էի պարծենում։ Այն ժամանակ ես կարծում էի, թե նրան չեմ հասկանում։ Ուսումնասիրելով նրա բնավորությունը՝ ես հաճախ ասում էի ինքս ինձ, թե մեղավորը ես եմ, որ նրան չեմ հասկանում, չեմ հասկանում նրա մշտական հանգիստ բնավորությունը, ինքնագոհությունը և ամեն տեսակ կրքի ու ցանկության բացակայությունը, բայց հարցի ամբողջ լուծումն ա՛յն սարսափելի խոսքն է, որ նա անառակ կին է, ասացի այս սարսափելի խոսքը և ամե՜ն ինչ պարզվեց։
«Անատոլը գալիս էր նրա մոտ նրանից փող վերցնելու և համբուրում էր նրա բաց ուսերը։ Նա Անատոլին փող չէր՝ տալիս, բայց թողնում էր, որ նա իրեն համբուրի։ Հայրը կատակով խանդ էր հարուցանում նրա մեջ, բայց նա հանգիստ ժպիտով ասում էր, որ ինքն այնքան էլ հիմար չէ, որ խանդի. «Թո՛ղ անի՝ ի՛նչ ուզում է», ասում էր նա իմ մասին։ Մի անգամ ես նրան հարցրի, թե արդյոք նա հղիության նշաններ չի՞ զգում։ Նա արհամարհանքով ծիծաղեց և ասավ, թե ինքը հիմար չէ, որ ցանկանա երեխա ունենալ, և որ ինձնից նա երեխա չի ունենա»։
Հետո նա հիշեց կնոջ կոպտությունը, պարզ մտքերը և արտահայտությունների գռեհկությունը, որ հատուկ էր նրան, չնայած բարձր արիստոկրատ շրջանում ստացած դաստիարակության։ «Ես հիմար չեմ… ինքդ գնա փորձիր… allez vous promener[3]», ասում էր նա։ Պիեռը հաճախ, նայելով կնոջ ունեցած հաջողությանը՝ ծեր և ջահել մարդկանց ու կանանց աչքում, չէր կարողանում հասկանալ, թե ինչու ինքը չէր սիրում նրան։— Այո՛, ես երբեք նրան չեմ սիրել,— ասում էր Պիեռն ինքն իրեն.— ես գիտեի, որ նա անառակ կին է.— կրկնում էր նա,— բայց չէի համարձակվում խոստովանել այդ։ Եվ Դոլոխովն այժմ ձյունի վրա նստած դժվարությամբ ժպտում ու մեռնում է, թերևս մի ինչ-որ շինծու քաջությամբ պատասխանելով իմ զղջումին։
Պիեռը մեկն էր այն մարդկանցից, որոնք, չնայած իրենց արտաքին, այսպես կոչված, թույլ բնավորության, մարդ չեն փնտրում իրենց վիշտը հայտնելու։ Նա իր վիշտն ապրում ու կրում էր մենակ։
— Ամե՛ն բանում, ամե՛ն բանում միայն նա է մեղավոր,— ասում էր Պիեռն ինքն իրեն։— Բայց ի՜նչ նշանակություն ունի այդ։ Ինչո՞ւ կապվեցի նրա հետ, ինչո՞ւ ես նրան ասի այդ՝ «սիրում եմ ձեզ»-ը, որը կեղծ էր, ավելի՝ քան կեղծ,— ասում էր նա ինքն իրեն։— Ես մեղավոր եմ և պետք է կրեմ… Ի՞նչ, անվանարկությո՞ւն, կյանքի դժբախտությո՞ւն։ Էհ, այդ բոլորը դատարկ բան է,— մտածեց նա,— թե՛ անվանարկությունը, թե՛ պատիվը, բոլորը պայմանական բաներ են, բոլորն էլ ինձանից անկախ։
Լյուդովիկոս XVI-ին մահապատժի ենթարկեցին նրա համար (անցավ Պիեռի մտքով), որ նրանք ասում էին, թե նա անպատիվ մարդ է ու ոճրագործ, և նրանք իրենց տեսակետից՝ իրավացի էին, ինչպես և իրավացի էին նրանք, ովքեր տանջալից մահով մեռան նրա համար և ովքեր նրան դասում էին սրբերի դասը։ Հետո Ռոբեսպիերին գլխատեցին նրա համար, որ նա բռնակալ էր։ Ո՞վ է արդարը, ո՞վ՝ մեղավոր։ Ոչ ոք։ Կենդանի ես՝ ապրի՛ր, վաղը կմեռնես, ինչպես ե՛ս կարող էի մեռնել մի ժամ առաջ։ Ու դրա համար արժե՞ տանջվել, երբ ապրելու համար մնում է մի վայրկյան, հավերժության հետ համեմատած։
Բայց այդ րոպեին, երբ նա իրեն այսպիսի դատողություններով հանգստացած էր համարում, հանկարծ նրան պատկերացավ կինը և ա՛յն րոպեներին, երբ ինքն ամենից ավելի ուժգին ցույց էր տալիս նրան իր ոչ անկեղծ սերը, և նա արյան հոսանք զգաց իր սրտում, ու ստիպված եղավ կրկին վեր կենալ, շարժվել և կոտրել ու պատռել իր ոտքերի տակ ընկնող իրերը։— Ինչո՞ւ ես նրան ասի. «Je vous aime», — շարունակ կրկնում էր նա ինքն իրեն։ Եվ այդ միևնույն հարցը տասն անգամ կրկնելով հիշեց Մոլիերի «mais que diable allait-il faire dans cette galère?»[4], խոսքերը և ծիծաղեց ինքն իր վրա։
Գիշերը նա կանչեց սենեկապահին և հրամայեց պատրաստություն տեսնել Պետերբուրգ մեկնելու։ Նա դժվարանում էր պատկերացնել, թե ինչպես պետք է խոսի կնոջ հետ։ Ու վճռեց, որ վաղը կմեկնի և կնոջը կթողնի մի նամակ, որով կհայտնի նրան իր ընդմիշտ բաժանվելու մտադրությունը։
Առավոտյան, երբ սենեկապահը, սուրճը ձեռին մտավ առանձնասենյակ, Պիեռը տաճկական բազմոցի վրա պառկած, բաց գիրքը ձեռին, քնել էր։
Նա զարթնեց և երկար, վախեցած, շուրջն էր նայում, չիմանալով, թե որտեղ է գտնվում։
— Կոմսուհին հրամայեց հարցնել, թե տա՞նն եք, ձերդ պայծառափայլություն,— ասավ սենեկապահը։
Բայց Պիեռը դեռ չէր վճռել ինչ պատասխան տա, երբ հանգիստ ու վեհաշուք քայլերով ներս մտավ ինքը կոմսուհին՝ արծաթակար սպիտակ մետաքսե զգեստով, բնական մազերով (երկու ահագին հյուսեր դիադեմաձև երկուտակ բոլորում էին նրա սքանչելի գլուխը). միայն նրա մարմարյա, փոքր-ինչ դուրս ընկած ճակատին զայրույթի կնճիռ կար։ Նա իր զարմանալի հանգստությամբ խոսակցություն չսկսեց սենեկապահի ներկայությամբ։ Նա լսել էր մենամարտի մասին և եկել էր այդ առթիվ խոսելու։ Նա սպասեց, մինչև որ սենեկապահը սուրճը դնի և դուրս գնա։ Պիեռն ակնոցի միջից երկչոտ հայացքով կնոջը նայեց, ինչպես շներով շրջապատված մի նապաստակ, ականջները կուչ է ածում և մնում թշնամիների առաջ, այնպես էլ նա փորձեց շարունակել գրքի ընթերցումը, բայց զգաց, որ դա անմիտ և անհնարին բան է, ու կրկին երկչոտ նայեց կնոջը։ Կինը չնստեց և արհամարհական ժպիտը դեմքին նայում էր Պիեռին, սպասելով սենեկապահի դուրս գնալուն։
— Սա ի՞նչ բան է։ Այդ ի՞նչ եք արել դուք, ձե՛զ եմ հարցնում,— ասավ նա խիստ ձայնով։
— Ե՞ս։ Ես ի՞նչ,— ասավ Պիեռը։
— Այս քաջը որտեղից գտնվեց։ Դե՛, պատասխանեցե՛ք, դա ի՞նչ մենամարտ էր։ Դուք դրանով ի՞նչ էիք կամենում ապացուցել։ Ի՞նչ, ձե՛զ եմ հարցնում։
Պիեռը ծանրորեն շրջվեց բազմոցի վրա, բերանը բացեց, բայց չկարողացավ պատասխանել։
— Քանի որ դուք չեք պատասխանում, ուրեմն ես կասեմ ձեզ…— շարունակեց Էլենը։— Դուք հավատում եք ամեն բանի, ի՛նչ որ ձեզ ասում են. ձեզ ասել են,— Էլենը ծիծաղեց,— որ Դոլոխովն իմ սիրեկանն է,— ասավ նա ֆրանսերեն, իր խոսքի կոպիտ որոշակիությամբ արտասանելով «սիրեկան» բառը, ինչպես և բոլոր մյուս բառերը.— և դուք հավատացի՛ք։ Դե՛, դրանով դուք ի՞նչ ապացուցեցիք։ Ի՞նչ ապացուցեցիք այդ մենամարտով։ Ա՛յն, որ դուք հիմար եք, que vous êtes un sot. այդ, բոլորը գիտեն։ Ի՞նչ կլինի դրա վերջր։ Ա՛յն, որ ես ծաղրի առարկա կդառնամ ամբողջ Մոսկվայի համար, որ բոլորն ասեն, թե դուք հարբած դրության մեջ, ձեզ կորցրած, մենամարտի եք կանչում մի մարդու, որին խանդում եք՝ առանց հիմք ունենալու,— Էլենը հետզհետե ավելի ու ավելի բարձրացնում էր ձայնը և ոգևորվում,— մի մարդ, որն ամեն կողմով բարձր էր ձեզնից…
— Հը՛մ, հը՛մ,— մզզաց Պիեռը, ճակատը կնճռելով, առանց կնոջը նայելու և առանց շարժվելու։
— Եվ դուք ինչպե՞ս հավատացիք, որ նա իմ սիրեկանն է… Ինչո՞ւ։ Նրա համար, որ ես սիրում եմ նրա ընկերությունը։ Եթե դուք լինեիք ավելի խելոք և ավելի հաճելի, կգերադասեի ձերը։
— Ինձ հետ մի խոսեք… աղաչում եմ,— խռպոտ ձայնով շշնջաց Պիեռը։
— Ինչո՞ւ չխոսեմ։ Ես կարող եմ խոսել և համարձակ կասեմ որ հազվագյուտ է այն կինը, որ քեզ նման մարդ ունենա և սիրեկան չպահի (des amants), իսկ ես այդ չեմ արել,— ասավ նա։
Պիեռն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց կնոջը նայեց տարօրինակ աչքերով, որոնց արտահայտությունը սակայն կինը չհասկացավ, և Պիեռը կրկին պառկեց։
Պիեռը այդ րոպեին տանջվում էր ֆիզիկապես, ինչ-որ մի բան ճնշում էր նրա կուրծքը և նա դժվարանում էր շնչել։ Նա գիտեր, որ պետք էր մի բան անել այդ տան ջանքին վերքջ տալու համար, բայց ա՛յն, ինչ որ նա էր ուզում անել, չափազանց սարսափելի էր։
— Ավելի լավ է բաժանվենք; — խոսեց Պիեռն ընդհատվող ձայնով։
— Բաժանվե՛լ, խնդրեմ, եթե միայն դուք ինձ միջոցներ կտաք,— ասաց Էլենը…— Բաժանվե՜լ, բա՛ն գտավ վախեցնելու։
Պիեռը ցատկեց բազմոցից և, երերալով, նետվեց դեպի կինը։
— Ես քեզ կսպանեմ,— պոռաց նա և, սեղանի վրայից վերցնելով մարմարյա տախտակը, նա իրեն անհայտ մի ուժով մի քայլ արավ դեպի կինն ու տախտակը բարձրացրեց։
Էլենի դեմքը սարսափ պատեց, նա ծղրտաց ու փախավ Պիեռի առջևից։ Հոր արյունը խոսեց Պիեռի մեջ։ Նա զգաց կարողության հմայքն ու հրապույրը։ Նա տախտակը շպրտեց, փշրեց և օդի մեջ տարածած ձեռներով կնոջը մոտենալով, գոռաց. «Դո՛ւրս», մի այնպիսի ահեղ ձայնով, որ ամբողջ տունը սարսափով լսեց այդ ճիչը: Աստված գիտե, թե ինչ կաներ Պիեռն այդ րոպեին, եթե Էլենը դուրս չփախչեր սենյակից։
Մի շաբաթ հետո Պիեռը. կնոջը հավատարմաթուղթ տվեց՝ կառավարելու բոլոր Վելիկոռուսական կալվածքները, որոնք կազմում էին նրա կարողության կեսից ավելին և ինքը մենակ մեկնեց Պետերբուրգ։
VII
Երկու ամիս անցավ այն օրից, երբ Լիսիե Գորիում տեղեկություն ստացվեց Աուստերլիցի ճակատամարտի և իշխան Անդրեյի մահվան մասին, և, չնայած դեսպանատան միջոցով ուղարկած բոլոր նամակներին ու բոլոր որոնումներին, նրա դիակը չէր գտնվել, նա չկար նաև գերիների թվում։ Նրա հարազատների համար ամենավատն այն էր, որ նրանք այնուամենայնիվ հույս ունեին, թե բնակիչները վերցրած կլինեն նրան կռվի դաշտից և այժմ գուցե պառկած ապաքինվում կամ մեռնում է մենակության մեջ՝ ինչ-որ մի տեղ, օտարների շրջանում և անկարող է որևէ լուր ուղարկել իր մասին։ Լրագիրներում, որոնցից առաջին անգամ ծեր իշխանն իմացավ Աուստերլիցի պարտության մասին, գրված էր, ինչպես միշտ, կարճ ու անորոշ, թե ռուսները փայլուն կռիվներից հետո ստիպված էին նահանջել և նահանջը կատարեցին միանգամայն կանոնավոր։ Ծեր իշխանն այս պաշտոնական տեղեկությունից իմացավ, որ մերոնք ջարդվել են։ Աուստերլիցի կռվի մասին տեղեկություն բերող լրագրից հետո, մի շաբաթ անց, ստացվեց Կուտուզովի նամակը։ Կոսոուզովը հայտնում էր իշխանին՝ նրա որդուն հասած դժբախտության մասին։
«Ձեր որդին, իմ աչքի առաջ,— գրում էր Կուտուզովը,— դրոշակը ձեռին, գնդի առջևում ընկավ հերոսաբար՝ արժանի իր հորն ու իր հայրենիքին։ Ի դժբախտություն իմ և ամբողջ բանակի՝ մինչև այժմ հայտնի չէ — կենդանի՞ է նա, թե ոև։ Ինչպես ես, այնպես էլ դուք՝ հուսանք, որ ձեր որդին ողջ է, հակառակ դեպքում կռվի դաշտում գտնված սպաների թվում, որոնց ցուցակը ստացել եմ բանագնացների միջոցով, նա ևս հիշատակված կլիներ»։
Ստանալով այս տեղեկությունն ուշ երեկոյան, երբ նա մենակ էր իր առանձնասենյակում, ծեր իշխանն, ըստ սովորության, հետևյալ օրը գնաց իր առավոտյան զբոսանքը կատարելու։ Բայց չխոսեց ոչ գործակատարի, ոչ այգեպանի և ոչ ճարտարապետի հետ, և թեև զայրացած էր առերևույթս, բայց և այնպես ոչ ոքի ոչինչ չասավ։
Երբ սովորական ժամին իշխանադուստր Մարիան մտավ հոր սենյակը, ծեր իշխանը՝ մեքենայի մոտ կանգնած բան էր սրում, բայց, ըստ սովորության, նրան չնայեց։
— Ա՜, իշխանադուստր Մարիա,— հանկարծ ասավ նա անբնական ձայնով և ձեռի դուրը շպրտեց։ (Անիվը դեռ պտտվում էր իր թափից։ Իշխանադուստր Մարիան երկար հիշում էր անիվի հետզհետե խլացող այդ ճռինչը, որը միաձուլվեց դրան հաջորդող բանին)։
Իշխանադուստր Մարիան մոտեցավ հորը, նայեց նրա դեմքին և ինչ-որ մի բան հանկարծ կտրվեց նրա սրտում։ Նրա աչքերը մթնեցին։ Նա հոր դեմքին, այդ ո՛չ տխուր, ո՛չ վշտահար, այլ չար ու անբնականորեն լարված դեմքին, նկատեց, որ իր գլխին կախված է և ահա իրեն խորտակելու է մի ահավոր դժբախտություն, ամենավատը բոլոր դժբախտություններից, մի դժբախտություն, որպիսին դեռ ինքը չի զգացել, մի անուղղելի ու աներևակայելի դժբախտություն — իր սիրած էակի մահը։
— Mon père! André?— ասավ ոչ նազելի, անհամարձակ իշխանադուստրը վշտի ու ինքնամոռացության այնպիսի մի անասելի քնքշանքով, որ հայրը չդիմացավ նրա հայացքին և, փղձկալով, երեսը շրջեց։
— Լուր ստացա։ Ոչ գերիների թվում կա, ոչ սպանվածների։ Կուտուզովը գրում է,— ճչաց նա սուր ձայնով, կարծես այդ ճիչով կամենալով դուրս անել իշխանադստեր,— սպանվա՛ծ է։
Իշխանադուստրն իրեն չկորցրեց — չուշաթափվեց։ Նա արդեն գունատ էր, բայց երբ այդ խոսքերը լսեց, նրա դեմքը փոխվեց և ինչ-որ մի բան փայլեց նրա շողուն, գեղեցիկ աչքերում։ Ինչ-որ խնդություն, մի արտասովոր խնդություն, որ կապ չունի այս աշխարհի վշտերի և ուրախությունների հետ, համակեց նրա հոգին ավելի խորը, քան իր վիշտը։ Նա մոռացավ ամեն մի երկյուղ հոր նկատմամբ, մոտեցավ նրան, բռնեց նրա ձեռը և դեպի իրեն քաշելով, գրկեց նրա չոր, ջղուտ վիզը։
— Mon père,— ասավ նա։— ինձնից երես մի դարձնեք, թո՛ղ միասին ողբանք։
— Ստոր ու սրիկա մարդիկ,— բղավեց ծերունին, երեսը աղջկանից հեռացնելով։— Ոչնչացնել զորքը, ոչնչացնել մարդկանց։ Ինչո՞ւ համար։ Գնա՛, գնա՛, ասա՛ Լիզային։
Իշխանադուստրը թուլացած նստեց բազկաթոռին՝ հոր կողքին, ու լաց եղավ։ Աքժմ տեսնում էր նա եղբորն այն րոպեին, երբ նա իր քնքուշ և դրա հետ միաժամանակ հպարտ տեսքով, հրաժեշտ տվեց իրեն ու Լիզային։ Նա տեսնում էր եղբորն այն րոպեին, թե ինչպես նա քնքշագին ու հեգնանքով սրբապատկերը կախեց վզից. «Արդյոք նա հավատո՞ւմ էր։ Արդյոք չզղջաց իր թերահավատությունը։ Այնտե՞ղ է արդյոք նա այժմ։ Արդյո՞ք այնտեղ է՝ հավերժական հանգստի ու երանության օթևանում», մտածում էր նա։
— Mon père, ասացեք, այդ ինչպե՞ս է եղել,— հարցրեց իշխանադուստրը արտասվելով։
— Գնա՛, գնա՛. սպանված է կռվում, այնտեղ, ուր տարան սպանելու լավագույն ռուս մարդկանց և ռուսական փառքը։ Գնացե՛ք, իշխանադուստր Մարիա։ Գնա՛ և հայտնիր Լիզային: Ես կգամ նրա մոտ։
Երբ իշխանադուստր Մարիան վերադարձավ հոր մոտից, փոքրիկ իշխանուհին, որ նստած գործ էր անում, երջանիկ ու խաղաղ հայացքի այն առանձին պրտահայտությամբ, որ հատուկ է միայն հղի կանանց, նայեց իշխանադուստր Մարիային։ Երևում էր, որ նրա աչքերը չէին տեսնում իշխանադուստր Մարիային, այլ նայում էին իր ներսը, մի ինչ-որ երջանիկ ու խորհրդավոր բանի, որ կատարվում էր իր մեջ։
— Marie,— ասավ նա արուրի քարգահը թողնելով և նստած տեղն ուղղվելով.— ձեռդ տո՛ւր։
Նա բռնեց իշխանադստեր ձեռն ու դրեց իր փորի վրա։ Նրա աչքերը ժպտում էին սպասողական դրության մեջ. նրա բեղիկներով շուրթը վեր բարձրացավ և այդպես էլ մնաց մանկական բերկրանքի արտահայտությամբ։
Իշխանադուստր Մարիան չոքեց նրա առաջ և երեսը թաքցրեց հարսի շրջազգեստի ծալքերում։
— Ահա՛, տե՛ս, լսո՞ւմ ես։ Այնպես տարօրինակ է ինձ համար։ Գիտե՛ս, Մարի, ես շատ պիտի սիրեմ նրան,— ասավ Լիզան, փայլուն, երջանկավետ հայացքով տալին նայելով։
Իշխանադուստր Մարիան չէր կարողանում գլուխը, բարձրացնել. նա լալիս էր։
— Քեզ ի՞նչ է պատահել, Մաշա։
— Ոչինչ… այնպես տխրություն եկավ վրաս… Անդրեյի համար տխրեցի,— ասավ նա՝ արցունքները հարսի ծնկներին սրբելով։
Առավոտյան իշխանադուստրը մի քանի անգամ սկսեց նախապատրաստել հարսին և ամեն անգամ էլ լաց էր լինում։ Այդ արցունքները, որոնց պատճառը փոքրիկ իշխանուհին չգիտեր, հուզեցին նրան, որքան էլ նա զուրկ էր սուր դիտողականությունից։ Նա ոչինչ չէր ասում և անհանգիստ շուրջն էր նայում, ասես ինչ-որ բան որոնելով։ Ճաշից առաջ նրա սենյակը մտավ ծեր իշխանը (որից նա միշտ վախենում էր) մի առանձին անհանգիստ ու չար դեմքով և, առանց որևէ մի խոսք ասելու դուրս եկավ։ Փոքրիկ իշխանուհին նայեց իշխանադուստր Մարիային, ապա մտածմունքի մեջ ընկավ՝ ներքին աշխարհին հառած աչքերի այն ուշադիր արտահայտությամբ, որ հատուկ է հղի կանանց, և հանկարծ լաց եղավ։
— Մի բան ստացե՞լ եք Անդրեյից,— հարցրեց նա։
— Ոչ, դու գիտես, որ նրանից դեռևս տեղեկություն չի կարող գալ, բայց mon père անհանգստանում է, ես էլ վախենում եմ։
— Ուրեմն ոչի՞նչ։
— Ոչինչ,— ասավ իշխանադուստր Մարիան իր լուսաշող աչքերը հառելով հարսի երեսին։
Նա վճռեց ոչինչ չասել հարսին և հորը համոզել, որ սա հարսից թաքցնի ստացված սարսափելի լուրը, մինչև հարսի ազատվելը, որ պետք էր տեղի ունենար մոտ օրերս։ Իշխանադուստր Մարիան և ծեր իշխանը, յուրաքանչյուրը յուրովի, թաքցնում էին իրենց վիշտը։ Ծեր իշխանը չէր ուզում որևէ հույս փայփայել, նա վճռել էր, որ իշխան Անդրեյն սպանված է, և չնայած, որ պետական պաշտոնյա էր ուղարկել Ավստրիա՝ որդու հետքը փնտրելու, Մոսկվայում արդեն արձանի պատվեր էր տվել, որը մտադիր էր դնել իր այգում, ու բոլորին էլ ասում էր, որ որդին սպանված է։ Նա աշխատում էր անփոփոխ շարունակել նախկին ապրելակերպը, բայց ուժերը դավաճանում էին իրեն։ Նա ման էր գալիս քիչ, ուտում էր քիչ, քնում էր քիչ և օրըստօրե-օրըստօրե թուլանում էր։ Իսկ իշխանադուստր Մարիան հույսը չէր կորցնում. նա աղոթում էր եղբոր համար, իբրև ողջ մի մարդու համար, և յուրաքանչյուր րոպե սպասում էր նրա վերադարձի լուրին։
VIII
— Ma bonne amie,— ասավ փոքրիկ իշխանուհին մարտի 19-ի առավոտյան նախաճաշից հետո, և նրա բեղիկներով շուրթը վեր բարձրացավ ըստ հին սովորության. բայց, սարսափելի լուրն ստանալուց հետո, ինչպես այդ տան ո՛չ միայն բոլոր ժպիտների, այլև խոսակցությունների հնչյունների մեջ, անգամ քայլվածքների մեջ վիշտ էր նկատվում, այնպես էլ այժմ փոքրիկ իշխանուհու ժպիտը, իշխանուհու, որ ենթարկվում էր ընդհանուր տրամադրության, որի պատճառը դեռ անհայտ էր նրան, մի այնպիսի ժպիտ էր, որ ավելի էր հիշեցնում ընդհանուր վշտի մասին։
— Ma bonne amie, je crains que le fruschtique (comme dit Ֆոկան — խոհարարը) de ce matin ne m’aie pas fait du mal.[5]
— Իսկ ի՞նչ է պատահել քեզ, հոգիս։ Դու գունատ ես։ Ա՜խ, դու շատ գունատ ես,— վախեցած ասավ իշիանադուստր Մարիան իր ծանր, փափուկ քայլերով հարսի մոտ վազելով։
— Ձերդ պայծառափայլություն, լավ չի՞ լինի մարդ ուղարկել Մարիա Բոգդանովնայի ետևից,— ասավ այդտեղ գտնվող սպասուհիներից մեկը։ (Մարիա Բոգդանովնան մանկաբարձուհի էր գավառական քաղաքից եկած, երկրորդ շաբաթն էր, որ նա ապրում էր Լիսիե Գորիում)։
— Իսկապես,— վրա բերեց իշխանադուստր Մարիան.— գուցե, ճիշտ որ… ես կերթամ կանչելու։ Courage, mon ange[6],— նա համբուրեց Լիզային և կամենում էր դուրս գալ սենյակից։
— Ա՛խ, չէ՛, չէ՛։— Եվ բացի գունատությունից, ֆիզիկական տառապանքից, փոքրիկ իշխանուհու դեմքին երևաց անխուսափելի տանջանքի մանկական մի վախ։
— Non, c’est l’estomac… dites que c’est l’estomac, dites, Marie, dites…[7]— և իշխանուհին լաց եղավ տանջագին քմահաճ մանկան պես ու մինչև անգամ փոքր-ինչ շինծու կոտրտելով փոքրիկ ձեռները։
Իշխանադուստրը դուրս վազեց Մարիա Բոգդանովնային կանչելու։
— Mon Dieu! Mon Dieu[8], օ՛հ, լսում էր նա իր ետևից։
Լիքը, ոչ այնքան խոշոր, սպիտակ ձեռները սրբելով, իշխանադստեր դեմ ելավ մանկաբարձուհին։
— Մարիա Բոգդանովնա, կարծես սկսվեց,— ասավ իշխանադուստր Մարիան վախից չռած աչքերով նայելով պառավին։
— Է՛հ, փառք աստծու,— ասավ Մարիա Բոգդանովնան առանց շտապելու։— Ձեզ, աղջիկներիդ վայել չէ այդպես բաներ իմանալ։
— Բայց ինչպես է, որ բժիշկը Մոսկվայից դեռ չի եկել,— ասավ իշխանադուստրը։ (Լիզայի և իշխան Անդրեյի ցանկությամբ նախօրոք մարդ էր ուղարկվել Մոսկվա մանկաբարձ բժիշկ կանչելու, և այժմ յուրաքանչյուր րոպե սպասում էին նրան)։
— Ոչի՛նչ, իշխանադուստր, մի անհանգստանաք,— ասավ Մարիա Բոգդանովնան,— առանց բժշկի էլ ամեն ինչ լավ կլինի։
Հինգ րոպե անց իշխանադուստրն իր սենյակից լսեց, որ ինչ-որ ծանր բան են տանում։ Նա դուրս նայեց — սպասավորները ննջարան էին տանում կաշվե բազմոցը, որ դրված էր լինում իշխան Անդրեյի առանձնասենյակում։ Բազմոցը տանող մարդկանց դեմքերին ինչ-որ հանդիսավոր ու խաղաղ բան կար։
Իշխանադուստր Մարիան իր սենյակում մենակ նստած ականջ էր դնում տնից լսվող ձայներին, երբեմն դուռը բանալով, երբ մեկն անցնում էր նրա մոտով, ու նայում էր, թե ի՛նչ է կատարվում միջանցքում։ Մի քանի հոգի լուռ քայլերով դնում-գալիս էին այնտեղ, նայում իշխանադստեր ու երեսնին շրջում։ Իշխանադուստրը չէր համարձակվում մի բան հարցնել, դուռը ծածկում էր. վերադառնում սենյակը, նստում բազմոցին, մերթ աղոթագիրքը ձեռն առնելով, մերթ կանթեղի առաջ ծունկի գալով։ Նա ցավով ու զարմանքով զգում էր, որ աղոթքը չի հանգստացնում իր հուզմունքը։ Հանկարծ նրա սենյակի դուռը բացվեց և շեմքում երևաց գլխաշոր կապած Պրասկովյա Սավիշնան, իշխանուհու պառավ դայակը, որ գրեթե երբեք, իշխանի արգելելու պատճառով, նրա սենյակը չէր մտնում։
— Եկա, Մաշինկա, քեզ մոտ՝ մի քիչ նստելու,— ասավ դայակը,— հա՛մ էլ, հրեշտակս, իշխանի պսակի մոմերը բերի պատկերի առաջ վառելու,— ասավ նա հառաչելով։
— Ա՜խ, որքան ուրախ եմ, դայակս։
— Աստված ողորմած է, աղավնյակս։
Դայակը սրբապատկերի առաջ վառեց ոսկեզարդ մոմերը և գուլպան ձեռին նստեց դռան մոտ։ Իշխանադուստր Մարիան գիրքը վերցրեց ու սկսեց կարդալ։ Բայց երբ քայլեր կամ ձայներ էին լսվում, իշխանադուստրը՝ վախեցած, հարցական, իսկ դայակը հանգստացնող հայացքով նայում էին իրար։ Թե՛ տանն ամենուրեք, թե՛ բոլորին տիրում էր նույն զգացումը, ինչ զգում էր իշխանադուստր Մարիան իր սենյակում նստած։ Ասում են, թե որքան քիչ մարդիկ են իմանում ծննդկանի ցավը, այնքան ավելի պակաս է լինում նրա տառապանքը. և բոլորը ձևացնում էին, թե բանից տեղյակ չեն. այդ մասին ոչ-ոք չէր խոսում, բայց բոլորի մեջ, բացի սովորական լրջմտությունից ու հարգալիր ձևերից (որ տիրում էին իշխանի տանը), նկատելի էր ինչ-որ ընդհանուր մի հոգս, սրտի մեղմություն և այդ րոպեին կատարվող ինչ-որ մեծ անհասանելի բանի գիտակցություն։
Ծառայող ազջիկների մեծ սենյակից ծիծաղի ձայն չէր լսվում։ Սպասավորների սենյակում բոլորը նստել էին անխոս, ինչ-որ բանի պատրաստ։ Նրանք մարխ ու մոմ էին վառել և մնացել արթուն։ Ծեր իշխանը՝ կրունկների վրա քայլեյով՝ անց ու դարձ էր անում իր առանձնասենյակում. նա Տիխոնին ուղարկել էր Մարիա Բոգդանովնայի մոտ՝ հարցնելու, ի՞նչ։— Միայն ասա՛, իշխանը հրամայեց հարցնել «ի՞նչ», և արի ասա՛, ինչ որ նա կասի։
— Իշխանին հայտնիր, որ ծննդաբերությունն սկսվել է,— ասավ Մարիա Բոգդանովնան, նշանակալից հայացքով սուրհանդակին նայելով։
Տիխոնը վերադարձավ և լսածը հայտնեց իշխանին։
— Լավ,— ասավ իշխանը՝ դուռը ծածկելով, և Տիխոնն այլևս ոչ մի ձայն չլսեց առանձնասենյակից։
Փոքր անց՝ նա նորից մտավ առանձնասենյակ, իբր թե մոմերն ուղղելու, և տեսավ, որ իշխանը պառկած է բազմոցի վրա, Տիխոնը նայեց նրան, նայեց նրա վշտահար դեմքին, գլուխը շարժեց, անխոս մոտեցավ իշխանին և, նրա ուսը համբուրելով, դուրս եկավ, առանց մոմերն ուղղելու և առանց ասոլու, թե ինչի էր եկել։ Աշխարհի ամենահանդիսավոր խորհուրդը շարունակվում էր կատարվել։ Երեկոն անցավ, վրա հասավ գիշերը։ Սպասումի և սրտի մեղմության զգացումն անըմբռնելիի առաջ չէր թուլանում, այլ բարձրանում էր։ Բոլորն արթուն էին։
Մարտ ամսի այն գիշերներից մեկն էր, երբ ձմեռը կարծես կամենում է իրեն ցույց տալ և հուսահատ կատաղությամբ թափում է իր վերջին ձյուներն ու բորանները։ Մոսկվայից եկող գերմանացի բժշկին,— որին ամեն րոպե սպասում էին և որի համար ձիեր էին ուղարկել մեծ ճանապարհը,— գյուղի ճանապարհի ոլորանը դիմավորելու ուղարկվեցին լապտերներով ձիավորներ, որպեսզի նրան առաջնորդեն խորդուբորդ տեղերից և ձյունածածկ փոսերից։
Իշխանադուստր Մարիան վաղուց արդեն մի կողմ էր դրել գիրքր. նա լուռ նստել էր, լուսաշող աչքերը հառած դայակի կնճռոտ դեմքին, որի բոլոր մանրամասնությունները ծանոթ էին նրան, նայում էր գլխաշորի տակից դուրս եկած ճերմակ մազերին և կզակի տակ կախ ընկած մաշկի փոքրիկ պարկին։
Պաոավ Սավիշնան, գուլպան ձեռքին, ցածր ձայնով, ինքն էլ չիմանալով ու չհասկանալով իր խոսքերը, նորից պատմում էր հարյուր անգամ պատմած բաները, թե ինչպես հանգուցյալ իշխանուհին Քիշինյովում ծնեց իշխանադուստր Մարիային, մի մոլդավացի գեղջկուհու օգնությամբ, որ տատմոր էր փոխարինում։
— Աստված կողորմա, ղոխտուր սկի հարկավոր չի,— ասում էր նա։
Հանկարծ քամու ուժեղ հոսանքը հրեց լուսամուտը և վատ դրված փականը դուրս գցելով, թրթռացրեց մետաքսե վարագույրը և, ցուրտ ու ձյուն փչելով, հանգցրեց մոմը, իշխանադուստր Մարիան ցնցվեց. դայակը գուլպան ցած դնելով, մոտեցավ լուսամուտին և, գլուխը դուրս հանելով, աշխատեց բռնել բացված փեղկը։ Ցուրտ քամին խաղում էր նրա գլխաշորի ծայրերի և դուրս թափված մազերի խոպոպների հետ։
— Իշխանադուստր, սիրելիս, կարծես մարդ է գալիս փողոցով,— ասավ նա փեղկը բռնելով, բայց չփակելով այն։— Ճրագներով են, ո՛վ գիտի դոխտուրն է…
— Ախ, աստված իմ։ Փառք քեզ,— ասավ իշխանադուստր Մարիան,— պետք է գնալ նրան դիմավորելու, նա ռուսերեն չգիտի։
Իշխանադուստր Մարիան շալն ուսերին գցեց ու վազեց եկողներին ընդառաջ։ Երբ նախասենյակից անցնում էր, լուսամուտից նկատեց, որ ինչ-որ կառք ու լապտերներ կանգ առան շքադռան մոտ։ Նա դուրս եկավ դեպի սանդուղքը։ Բազրիքի սյան վրա դրված էր մի ճարպամոմ, որ հալվում էր քամուց։ Սպասավոր Ֆիլիպը, վախեցած դեմքով, մի ուրիշ մոմ ձեռին, կանգնել էր ներքև, սանդուղքի առաջին աստիճանի վրա։ Ավելի ներքևից, սանդուղքի ոլորանում, լսվում էին տաք-փափուկ կոշիկներ հագած մարդկանց քայլեր։ Եվ ինչպես Մարիային թվաց, ծանոթ մի ձայն ինչ-որ բան էր մրմնջում։
— Փառք աստծու,— ասավ ձայնը,— իսկ հայրի՞կը։
— Պառկեցին քնելու,— պատասխանեց Դեմյանի ձայնը, որն արդեն ներքևումն էր։
Հետո էլի ինչ-որ բան ասավ ձայնը, ինչ-որ բան պատասխանեց Դեմյանը, ու փափուկ կոշիկներ հագած մարդու քայլերն սկսեցին արագորեն մոտենալ սանդուղքի չերևացող ոլորանով։
«Սա Անդրեյն է», մտածեց իշխանադուստր Մարիան։ «Չէ՛, այդ անկարելի է. դա չափազանց անբնական կլիներ», մտածեց նա, և նույն րոպեին, երբ իշխանադուստրը մտածում էր այս, սանդուղքի հարթակի վրա, ուր կանգնած էր սպասավրրր մոմը ձեռին, երևաց իշխան Անդրեյի դեմքը և իրանը, ձյունածածկ օձիքով մուշտակը հագին։ Այո, դա նա էր, բայց գունատ, նիհար ու փոխված և դեմքի տարօրինակ կերպով մեղմացած, բայց հուզված արտահայտությամբ։
Նա բարձրացավ սանդուղքի գլուխը և գրկեց քրոջը։
— Դուք իմ նամակը չե՞ք ստացել,— հարցրեց նա ու, չսպասելով պատասխանի, որը գուցե և չստանար, քանի որ իշխանադուստրը չէր կարողանում խոսել, նա ետ դարձավ և մանկաբարձ բժշկի հետ, որ մտավ նրա ետևից (նրանք հանդիպել էին վերջին կայարանում), արագ քայլերով կրկին բարձրացավ սանդուղքի ծայրը և կրկին գրկեց քրոջը։
— Ինչ բախտ էր,— խոսեց նա։— Մա՛շա, սիրելի՛ս,— և մուշտակն ու կոշիկները մի կողմ գցելով, անցավ իշխանուհու մոտ։
IX
Փոքրիկ իշխանուհին սպիտակ չամչիկով պառկած էր բարձերի վրա։ (Ցավերը նոր միայն դադարել էին)։ Նրա սև մազերը խոպոպներով կախվել էին բորբոքուն, քրտնած այտերին։ Կարմիր, սքանչելի բերանը՝ սև մազիկներով ծածկված շրթով, բաց էր, և նա ուրախ ժպտում էր։ Իշխան Անդրեյը մտավ սենյակը և կանգնեց կնոջ առաջ, բազմոցի մոտ, որի վրա պառկած էր փոքրիկ իշխանուհին։ Նրա փայլուն աչքերը, որ նայում էին մանկամիտ պարզությամբ, վախեցած ու հուզված, կանգ առան իշխան Անդրեյի վրա, առանց իրենց արտահայտությունը փոխելու։ «Ես ձեզ բոլորիդ սիրո՛ւմ եմ, ես ո՛չ ոքին չար բան չեմ արել, ինչո՞ւ եմ տանջվում, օգնեցեք ինձ»,— ասում էր նրա արտահայտությունը։ Նա տեսնում էր ամուսնուն, բայց չէր հասկանում, թե ինչու է եկել իր մոտ։ Իշխան Անդրեյն անցավ բազմոցի մյուս ծայրը և համբուրեց կնոջ ճակատը։
— Հոգյակս,— ասավ նա, մի բառ, որ երբեք չէր ասել նրան։— Աստված ողորմած է…
Փոքրիկ իշխանուհին հարցական, մանկական անմեղ կշտամբանքով նայեց նրան։
«Ես քեզանից օգնություն էի սպասում, և ոչինչ, ոչինչ չես անում, ուրեմն դո՜ւ էլ», ասում էին նրա աչքերը։ Նա չզարմացավ, որ Անդրեյը եկել է. նա չհասկացավ, որ նա եկել է։ Նրա գալուստը ոչ մի թեթևություն չբերեց նրա տանջանքներին։ Ցավը նորից սկսվեց. Մարիա Բոգդանովնան իշխան Անդրեյին խորհուրդ տվեց դուրս գալ սենյակից։
Մանկաբարձ բժիշկը ներս մտավ։ Իշխան Անդրեյը դուրս եկավ և, իշխանադուստր Մարիային հանդիպելով, կրկին մոտեցավ նրան։ Նրանք սկսեցին շշուկով խոսել, բայց նրանց զրույցը ամեն րոպե ընդհատվում էր. նրանք սպասողական դրության մեջ ականջ էին դնում։
— Allez, mon ami,— ասավ իշխանադուստր Մարիան։
Իշխան Անդրեյը կրկին գնաց կնոջ մոտ, և հարևան սենյակում նստելով, սպասեց։ Ինչ-որ մի կին՝ վախեցած դեմքով, դուրս եկավ փոքրիկ իշխանուհու սենյակից և, իշխան Անդրեյին տեսնելով, շփոթվեց։ Իշխան Անդրեյը ձեռներով ծածկեց երեսը և այդպես նստեց մի քանի րոպե։ Դռան ետևից լսվեցին թույլ, անօգ-կենդանական տնքոցներ։ Իշխան Անդրեյը վեր կացավ, մոտեցավ դռանը և ուզեց բաց անել այն։ Մեկը դուռը բռնել էր։
— Չի՛ կարելի, չի՛ կարելի,— ասավ այնտեղից մի վախեցած ձայն։
Իշխան Անդրեյն սկսեց սենյակում երթևեկել։ Ճիչերը դադարեցին, անցավ էլի մի քանի վայրկյան է հանկարծ մի սարսափելի ճիչ լսվեց, դա նրա ճիչը չէր. նա այդպես չէր ճչա — դա հարևան սենյակից էր։ Իշխան Անդրեյը վազեց դեպի դուռը, ձայնը լռեց և այս անգամ լսվեց երեխայի ճիչ։
«Ինչո՞ւ են այնտեղ երեխա բերել», մտածեց առաջին վայրկյանին իշխան Անդրեյը. «Երեխա՞, ի՞նչ երեխա… Երեխան ինչո՞ւ համար է այդտեղ… թե՞ երեխա ծնվեց…»
Այդ ժամանակ նա հասկացավ այդ ձայնի բովանդակ ուրախագին նշանակությունը։ Արցունքները խեղդեցին նրան և նա, երկու ձեռով լուսամուտի գոգին հենվելով, լաց եղավ հեկեկալով, ինչպես լալիս են երեխաները։ Դուռը բացվեց։ Բժիշկը, շապկի թեքերը վեր քշտած, առանց սյուրտուկի, գունատ և դողացող ծնոտով, դուրս եկավ սենյակից։ Իշխան Անդրեյը շուռ եկավ դեպի նա, բայց բժիշկը ցրված նրան նայեց և առանց որևէ խոսք ասելու, անցավ մոտով։ Մի կին դուրս վազեց և, իշխան Անդրեյին տեսնելով, շփոթված կանգ առավ շեմքին։ Իշխան Անգրեյը մտավ կնոջ սենյակը։ Փոքրիկ իշխանուհին անշունչ պառկած էր նույն դիրքով, ինչպես տեսել էր նրան Անդրեյը հինգ րոպե առաջ, և չնայած անշարժ աչքերին ու այտերի գունատության, նրա գեղեցիկ մանկական դեմքի վրա մնացել էր նույն արտահայտությունը։
«Ես ձեզ բոլորիդ սիրում եմ և ոչ-ոքին վատ բան չեմ արել, բայց ինչ արիք դուք ինձ», ասում էր նրա գեղեցիկ, նիհար, մեռած դհմքը։
Սենյակի անկյունում Մարիա Բոգգանովնայի ղողացող սպիտակ ձեռներին վնգաց ու ծվաց մի ինչ-որ փոքրիկ կարմիր բան։
Երկու ժամ հետո իշխան Անդրեյը հանդարտ քայլերով մտավ հոր առանձնասենյակը։ Ծերունին ամեն ինչ գիտեր արդեն։ Նա կանգնած էր հենց դռան մոտ, ու հենց որ դուռը բացվեց, նա անխոս, զառամ ու կոշտ ձեռներով պինդ գրկեց որդու պարանոցն ու լաց եղավ երեխայի պես։
Երեք օր հետո կատարում էին փոքրիկ իշխանուհու թաղման կարգը, և իշխան Անդրեյը, նրան հրաժեշտ տալու համար, մոտեցավ դագաղին։ Դագաղումն էլ նույն դեմքն էր, թեև փակ ալքերով։ «Ա՜խ, ի՛նչ արիք դուք ինձ», շարունակ ասում էր այդ դեմքը, և իշխան Անդրեյն զգաց, որ ինչ-որ մի բան կտրվեց իր սրտում, զգաց, որ ինքը գործել է մի մեղք, որը չի կարող ո՛չ ուղղել, ո՛չ մոռանալ։ Նա չէր կարողանում լաց լինել։ Ծեր իշխանը նույնպես մոտեցավ դագաղին և համբուրեց հարսի մոմագույն ձեռը, որ դրված էր մյուս ձեռի վրա։ Հարսի դեմքը ծերունուն էլ ասում էր, «Ա՜խ, ի՛նչ արիք դուք ինձ, ինչո՞ւ համար արիք այս բանը»։ Եվ ծերունին, տեսնելով այդ դեմքը, երեսը շրջեց բարկացած։
Հինգ օր հետո կնքեցին փոքրիկ իշխան Նիկոլայ Անդրեյիչին։ Տատմերը կզակով բռնել էր փաթաթանները, և քահանան սագի փետուրով մեռոն էր քսում երեխայի դեռևս կուչ եկած կարմիր ձեռներին ու ոտներին։
Կնքահայր պապը, վախենալով երեխային վայր գցելուց, դողալով պտտեց նրան մկրտության թիթեղյա ավազանի շուրջը և տվեց կնքամորը՝ իշխանադուստր Մարիային։ Իշխան Անդրեյը, վախենալով, թե չլինի երեխային խեղդեն, նստել էր հարևան սենյակում, սպասելով կատարվող խորհրդի վերջանալուն։ Նա ուրախ նայեց երեխային, երբ դայակը դուրս բերեց նրան, և գլխով հավանության նշան արավ, երբ դայակը հայտնեց, թե ավազանը գցված չեչը չսուզվեց ջրի տակ, այլ լողաց ավազանի երեսին։
X
Ռոստովի մասնակցությունը՝ Դոլոխովի և Բեզուխովի միջև տեղի ունեցած մենամարտին, ծեր կոմսի ջանքերով քողարկվեց ու մոռացության տրվեց, և Ռոստովը, փոխանակ աստիճանազուրկ լինելու, ինչպես ինքն էր սպասում, նշանակվեց Մոսկվայի ընդհանուր նահանգապետի ադյուտանտ։ Այդ պատճառով նա չկարողացավ ընտանիքի հետ գյուղ գնալ, այլ իր նոր պաշտոնով ամբողջ ամառը մնաց Մոսկվայում։ Դոլոխովն առողջացավ և Ռոստովն առանձնապես մտերմացավ նրան՝ ապաքինման այդ շրջանում։ Դոլոխովը հիվանդ պառկած էր մոր մոտ, որը քնքուշ ու ջերմագին սիրում էր նրան։ Պառավ Մարիա Իվանովնան սիրում էր Ռոստովին՝ Ֆեդյայի հետ ունեցած բարեկամության համար ու հաճախ պատմում էր նրան որդու մասին։
— Այո՛, կոմս, նա շատ ազնիվ է և մաքուր սիրտ ունի,— ասում էր նա,— մեր ապականված աշխարհի համար։ Առաքինությունը ոչ ոք չի սիրում, նա ամենքի աչքը ծակում է։ Դուք ասացեք, կոմս, իրավացի ազնիվ բա՞ն էր դա Բեզուխովի կողմից։ Իսկ Ֆեդյան, իբրև ազնիվ մարդ, սիրում էր նրան և այժմ ոչ մի մարդու վատ բան չի ասում նրա մասին։ Պետերբուրգում արած չարաճճիությունները, որ ինչ-որ մի հանաք էին արել թաղականի հետ, չէ՞ որ միասին էին արել։ Բայց Բեղուխովին բան չարին, իսկ Ֆեդյան ամեն ինչ իր վրա առավ։ Եվ ինչե՜ր չկրեց նա։ Ասե՛նք ներեցին, բայց ինչպե՞ս չներեին։ Ես կարծում եմ այդպիսի քաջ տղաներ և հայրենիքի արժանավոր զավակներ, ինչպիսին նա է, շատ չեն եղել այնտեղ։ Այս ինչ բան էր — այս մենամարտը։ Արդյոք սիրտ և պատվի զգացում ունե՞ն այդ մարդիկ։ Իմանալով, որ մինուճար որդի է, կանչել այդպե՜ս մենամարտի ու խփե՜լ… Լավ էր, որ աստված ողորմաց մեզ։ Եվ ինչի՞ համար։ Դե, մեր օրերում ո՛վ ասեք, որ արկածներ չունենա։ Ի՞նչ արած, որ նա այդպես խանդոտ է։ Ես հասկանում եմ, չէ որ առաջուց կարող էր զգալ տալ, այն ինչ մի տարի շարունակվել է։ Եվ ի՞նչ, մենամարտի կանչեց, կարծելով թե Ֆեդյան չի կռվի, որովհետև իրեն պարտ է։ Ի՜նչ ստորություն, ի՜նչ գարշելություն։ Ես գիտեմ, իմ սիրելի կոմս, դուք հասկացել եք Ֆեդյային, դրա համար էլ ես սրտանց սիրում եմ ձեզ, հավատացեք։ Շատ քչերն են նրան հասկանում։ Նա մի այնպես բարձր, երկնային հոգի ունի։
Ինքը՝ Դոլոխովն ապաքինման միջոցին հաճախ ասում էր Ռոստովին այնպիսի խոսքեր, որ երբեք նրանից չէր կարելի սպասել։
— Ինձ չար մարդ են համարում, ես այդ գիտեմ,— կրկնում էր նա,— և թո՛զ համարեն։ Ես ոչ ոքին ճանաչել չեմ ուզում, բացի նրանցից, ո՛ւմ սիրում եմ. բայց ո՛ւմ որ ես սիրեմ, կսիրեմ, այնպես, որ կյա՛նքս կտամ, իսկ մնացած բոլորին կոխ կտամ, եթե կանգնեն ճանապարհիս։ Ես ունեմ սիրելի, անգնահատելի մայր, երկու-երեք բարեկամ, դրանց թվում և դու, իսկ մնացածների վրա ես այնքան եմ ուշադրություն դարձնում, նայած որքան օգտակար կամ վնասակար են նրանք։ Եվ բոլորը համարյա թե վնասակար են, մանավանդ կանայք։ Այո, հոգիս,— շարունակում էր նա,— ես հանդիպել եմ սիրող, ազնիվ, մեծահոգի տղամարդկանց, բայց կանանց, բացի ծախու ապրանքից՝ կոմսուհի թե խոհարարուհի, միևնույն է,— դեռ չեմ հանդիպել։ Ես չեմ տեսել այն երկնային մաքրությունը, անձնվիրությունը, որ փնտրում եմ կնոջ մեջ։ Եթե գտնեի այդպիսի մի կին, կյանքս կտայի նրա համար, իսկ սրա՜նք…— նա արհամարհական շարժում արավ,— կհավատաս արդյոք, որ ես եթե դեռ գնահատում եմ կյանքս, գնահատում եմ միայն նրա համար, որ տակավին հույս ունեմ հանդիպել երկնային մի այդպիսի էակի, որ վերածներ, մաքրեր և բարձրացներ ինձ։ Բայց դու չես հասկանում այդ։
— Ոչ, ես շատ լավ եմ հասկանում,— պատասխանում էր Ռոստովը, որ գտնվում էր իր նոր բարեկամի ազդեցության տակ։
Աշնանը Ռոստովների ընտանիքը վերադարձավ Մոսկվա։ Ձմռան սկզբին վերադարձավ և Դենիսովն ու իջևանեց Ռոստովների մոտ։ 1806 թվի ձմռան առաջին օրերը, որ Նիկոլայ Ռոստովն անցրեց Մոսկվայում, ամենաերջանիկ և ամենաուրախ օրերից էին թե՛ նրա և թե՛ նրա ամբողջ ընտանիքի համար։ Նիկոլայն իր հետ ծնողների տուն բերեց շատ երիտասարդներ։ Վերան քսան տարեկան գեղեցիկ աղջիկ էր, Սոնյան՝ տասնվեց տարեկան, դեռափթիթ ծաղիկ ամբողջ հրապուրանքով, Նատաշան՝ կիսաօրիորդ էր, կիսաաղջիկ, մերթ մանկան պես խնդուն, մերթ աղջկա պես դյութիչ։
Ռոստովների տանն այդ ժամանակ ստեղծվել էր մի ինչ-որ սիրային մթնոլորտ, ինչպես այդ լինում է այն տներումէ ուր շատ սիրազեղ և շատ ջահել աղջիկներ են լինում։ Ռոստովների տունն եկող ամեն մի երիտասարդ, նայելով այդ ջահել, զգայուն ինչ-որ բանի (հավանորեն իրենց բախտին) ժպտացող կուսական դեմքերին, այդ աշխույժ վազվզոցին, լսելով այդ անհետևողական, բայց սիրալիր, ամեն ինչի պատրաստ, հույսերով լի կանացի ջահելության զրույցը, լսելով այդ անհետևողական մերթ երաժշտական, մերթ երգեցողության հնչյունները, ապրում էր սիրո պարտականության և սպասվող երջանկության նույն զգացումը, ինչ որ զգում էին և Ռոստովների տան երիտասարդները։
Ռոստովների տունն եկող երիտասարդնհրի թվում առաջիններից մեկն էր Դոլոխովը, որ դուր էր եկել բոլոր տնեցիներին, բացի Նատաշայից։ Դոլոխովի պատճառով նա քիչ մնաց կռվեր եղբոր հետ։ Նատաշան պնդում էր, որ Դոլոխովը չար մարդ է, որ Բեզուխովի հետ ունեցած մենամարտում Պիեռը իրավացի էր, իսկ Դոլոխովը՝ մեղավոր, և որ նա անդուրեկան ու տարօրինակ մարդ է։
— Ես ոչինչ հասկանալ չեմ ուզում,— համառ ինքնակամությամբ գոչում էր Նատաշան։— Նա չա՛ր է և զգացմունքներից զուրկ. տեսնո՞ւմ ես, որ սիրում եմ քո Դենիսովին. նա թեև ուտող-խմող է, և ամեն ինչ, բայց և այնպես սիրում եմ, ուրեմն հասկանում եմ։ Չգիտեմ ինչպես ասեմ քեզ… նրա ամեն ինչը որոշ է, իսկ ես այդ չեմ սիրում։ Դենիսովին…
— Դե, Ղենիսովն ուրիչ բան է,— պատասխանեց Նիկոլայը, զգացնել տալով, որ Դոլոխովի համեմատությամբ անգամ Դենիսովը ոչինչ է,— պետք է իմանալ, թե ի՜նչ հոգու տեր է Դոլոխովը, պետք է տեսնել նրան՝ մոր հետ խոսելիս, գիտես ինչ սիրտ ունի։
— Այդ արդեն ես չգիտեմ, բայց նրա մոտ ինձ անհարմար եմ զգում։ Իսկ դու գիտե՞ս, որ նա սիրահարվել է Սոնյայի վրա։
— Ի՞նչ հիմարություն…
— Ես հավատացած եմ, ա՛յ, կտեսնես։
Նատաշայի գուշակությունը կատարվեց։ Դոլոխովը, որ չէր սիրում կանանց հասարակություն, սկսեց շուտ-շուտ հաճախել Ռոստովների տուն, և այն հարցը, թե ո՞ւմ համար է նա գալիս, շուտով (թեև ոչ ոք չէր խոսում այդ մասին) պարզվեց։ Նա գալիս է Սոնյայի համար։ Եվ Սոնյան, թեև երբեք չէր համարձակվել ասել այդ, գիտեր, սակայն և ամեն անգամ կակաչի պես կարմրում էր Դոլոխովի երևալու ժամանակ։
Դոլոխովը հաճախ ճաշում էր Ռոստովների տանը, երբեք բաց չէր թողնում այն ներկայացումները, ուր լինում էին նրանք. հաճախում էր և adolescentes պարահանդեսներն Իոգելի մոտ, ուր միշտ լինում էին Ռոստովները։ Նա առավելապես ուշադիր էր դեպի Սոնյան և նրան նայում էր այնպես, որ ոչ միայն Սոնյան չէր դիմանում նրա հայացքին առանց կարմրելու, այլև պառավ կոմսուհին ու Նատաշան կարմրում էին այդ հայացքը տեսնելով։
Երևում էր, որ այդ ուժեղ, տարօրինակ մարդը գտնվում էր մի ուժեղ ազղեցության տակ, որը թողել էր նրա վրա այդ սևուկ, նազելի և ուրիշին սիրող աղջիկը։
Ռոստովն ինչ-որ բան էր նկատում Դոլոխովի և Սոնյայի միջև. բայց նրա համար պարզ չէր, թե ինչ նոր հարաբերություններ են այդ։ «Սրանք ինչ-որ մեկի վրա սիրահարված են», մտածում էր նա Սոնյայի ու Նատաշաի մասին։ Սակայն առաձվա նման նա իրեն այնքան էլ լավ չէր զգում Սոնյայի և Դոլոխովի շրջանում, ուստի և սկսեց տանը քիչ երևալ։
1806 թվի աշնանից նորից սկսեցին խոսել Նապոլեոնի հետ լինելիք պատերազմի մասին. այս անգամ ավելի շատ էին խոսում, քան անցյալ տարի։ Նշանակված էր զորահավաք՝ յուրաքանչյուր հազարից տասը նորակոչ և իննը՝ պահեստի զինվոր։ Ամեն տեղ անիծում էին Բոնապարտին, և Մոսկվայում խոսակցության միակ առարկան առաջիկա պատերազմն էր։ Ռոստովների ընտանիքի համար պատերազմի պատրաստությունների ամբողջ հետաքրքրությունը կայանում էր նրանում միայն, որ Նիկոլուշկան ոչ մի կերպ չէր համաձայնում մնալ Մոսկվայում և սպասում էր Դենիսովի արձակուրդը վերջանալուն, որպեսզի նրա հետ միասին, տոներից հետո, գունդը գնան։ Բանակ գնալու հանգամանքը ոչ միայն չէր խանգարում նրա ուրախ ժամանցին, այլ դեռ նպաստում էր դրան։ Եվ նա ժամանակի մեծ մասն անց էր կացնում տնից դուրս՝ ճաշկերույթներում ու պարահանդեսներում։
XI
Ծննդյան տոների երրորդ օրը Նիկոլայը ճաշեg տանը, մի բան, որ վերջին ժամանակներս քիչ էր պատահում։ Դա պաշտոնական հրաժեշտի ճաշ էր, որովհետև Մկրտությունից հետո, նա Դենիսովի հետ մեկնելու էր զորաբանակ։ Ճաշին կային քսան մարդ, դրանց թվում և Դոլոխովն ու Դենիսովը։
Սիրային օդը և սիրահարական մթնոլորտը Ռոստովների տանը երբեք իրենց զգալ չէին տվել այնպիսի ուժով, ինչպես այդ տոներին։ «Բաց մի թողնիր երջանկության րոպեն, ստիպի՛ր քեզ սիրել, սիրահարվիր՝ ինքդ։ Դա է միայն ճշմարիան այս աշխարհում, մնացած բոլոը՝ գատարկ բան է։ Եվ մենք այստեղ զբաղված ենք միայն դրանով», ասում էր այդ մթնոլորտը։
Նիկոլայը, ինչպես միշտ, երկու զույգ ձիեր տանջելով և այն էլ չկարողանալով լինել այն բոլոր տեղերում, ուր պետք է լիներ և ուր կանչել էին իրեն, տուն եկավ հենց ճաշից առաջ։ Ներս մտավ թե չէ՝ նկատեց ու զգաց տանը տիրող սիրային լարված մթնոլորտը. բացի դրանից՝ նա նկատեց մի տարօրինակ շփոթություն, որ կար տան հասարակության անդամներից մի քանիսի միջև։ Առանձնապես հուզված էին Սոնյան, Դոլոխովը, պառավ կոմսուհին և փոքր-ինչ՝ Նատաշան։ Նիկոլայը հասկացավ, որ նախքան ճաշը ինչ-որ բան է պատահել Սոնյայի ու Դոլոխովի միջև, և նա, իրեն հատուկ սրտացավությամբ, ճաշի միջոցին շատ մեղմ ու զգույշ էր վարվում նրանց հետ։ Հենց այդ երեկո, տոների երրորդ օրը, Իոգելի (պարի ուսուցչի) մոտ պետք է լիներ այն պարահանդեսներից մեկը, որ տոներին սարքում էր նա իր բոլոր աշակերտների ու աշակերտուհիների համար։
— Նիկոլենկա, դու գալո՞ւ ես Իոգելի մոտ։ Խնդրո՜ւմ եմ, արի՛,— ասավ Նատաշան եղբորը։— Նա առանձնապես խնդրում է քեզ. Վասիլի Դմիտրիչն էլ (Դենիսովը) է գալիս։
— Ո՜ւղ չեմ գնա ես կոմսուհու հղամանով,— ասավ Դենիսովը, որ Ռոստովների տանը հանաքով իրեն ձևացնում էր Նատաշայի ասպետ,— պատրաստ եմ pas de châle պարել։
— Եթե կարողանա՛մ։ Ես Արխարավներին խոսք եմ տվել, նրանց մոտ երեկույթ կա,— ասավ Նիկոլայը։— Իսկ դո՞ւ…— դիմեց նա Դոլոխովին։ Ու հենց հարցրեց թե չէ, զգաց, որ այդ բանը չպետք է հարցներ։
— Այո, գուցե…— սառն ու բարկացած պատասխանեց Դոլոխովը, նայելով Սոնյային ու հոնքերը կիտելով, և ճիշտ այն հայացքով, որով ակումբի ճաշին նայում էր Պիեռին, կրկին նայեց Նիկոլային։ «Այստեղ մի բան կա», մտածեց Նիկոլայը, ու էլ ավելի համոզվեց իր ենթադրության մեջ, երբ Դոլոխովը ճաշից հետո իսկույն ևեթ մեկնեց։ Նիկոլայը կանչեց Նատաշային և հարցրեց.— ի՞նչ կա։
— Ես հենց քեզ էի որոնում,— ասավ Նատաշան, դուրս վազելով նրա առաջ։— Ես ասո՛ւմ էի, դու չէիր հավատում,— հաղթական ձայնով ասավ նա,— նա Սոնյային առաջարկություն արավ։
Որքան էլ Նիկոլայն այդ ժամանակամիջոցում քիչ էր ըզ-թաղվում Սոնյայով, բայց երբ այդ խոսքերը լսեց, կարծես մի ինչ-որ բան պոկվեց սրտից։ Դոլոխովը հարմար և մի քանի կողմերով փայլուն զույգ էր անօժիտ ու որբ Սոնյայի համար։ Պառավ կոմսուհու և դրսի աշխարհի տեսակետից նրան չպետք էր մերժել։ Ուստի և երբ Նիկոլայը լսեց այդ, նրա առաջին զգացումը կատաղություն էր Սոնյայի դեմ։ Նա պատրաստվում էր ասելու. «Եվ շատ լավ. պետք է մոռանալ մանկական խոստումները և առաջարկությունն ընդունել». բայց նա դեռ չկարողացավ, այդ ասել…
— Բայց կարող ես երևակայել. Սոնյան մերժեց. բոլորովին մերժեց,— շարունակեց Նատաշան։— նա ասավ, որ ուրիշին է սիրում,— ավելացրեց Նատաշան փոքր-ինչ լռելուց հետո։
«Այո, այլ կերպ էլ չէր կարող վարվել իմ Սոնյան», մտածեց Նիկոլայը։
— Որքա՛ն էլ մայրիկը խնդրեց, նա մերժեց, և ես գիտեմ, եթե Սոնյան մի բան ասավ, է՛լ իր խոսքը չի փոխի…
— Իսկ մայրիկը նրան խնդրե՜ց,— հանդիմանանքով ասավ Նիկոլայը։
— Այո՛,— ասավ Նատաշան։— Բայց, Նիկոլենկա, մի բարկանա. ես գիտեմ, որ դու նրա հետ չես ամուսնանա։ Ես գիտեմ, այդ աստված է իմանում, թե ինչո՛ւ, բայց ես հաստատ գիտեմ, որ դու նրա հետ չես ամուսնանա։
— Է՜հ, դու բոլորովին էլ բան չգիտես,— ասավ Նիկոլայը, բայց ես պետք է նրա հետ խոսեմ։ Ի՜նչ հիանալի աղջիկ է այդ Սոնյան,— ավելացրեց նա ժպտալով։
— Նա այնպե՜ս հիանալի աղջիկ է։ Նրան կուղարկեմ քեզ մոտ։
Եվ Նատաշան, եղբորը համբուրելով, դուրս վազեց։
Մի րոպե անց՝ ներս մտավ Սոնյան՝ վախեցած, շփոթված ու մեղավոր տեսքով։ Նիկոլայը մոտեցավ նրան և համբուրեց նրա ձեռքը։ Դա առաջին անգամն էր, որ նրանք, Նիկոլայը Մոսկվայում գտնվելու միջոցին, երես առ երես խոսում էին իրենց սիրո մասին։
— Sophie.— ասավ Նիկոլայն սկզբում ամաչելով և ապա ավելի ու ավելի համարձակ,— եթե դուք իսկապես ուզում եք հրաժարվել ոչ միայն այդպիսի փայլուն, հարմար զույգից, բայց նա սքանչելի, ազնիվ մարդ է… նա իմ բարեկամն է…
Սոնյան ընդհատեց նրան։
— Ես արդեն մերժեցի,— ասավ նա շտապ։
— Եթե դուք հրաժարվել եք ինձ համար, ապա վախենամ, որ ինձ…
Սոնյան կրկին ընդհատեց նրան։ Նա աղերսագին երկյուղած հայացքով նայեց Նիկոլային։
— Nicolas, այդպիսի բան մի ասեք ինձ,— ասավ նա։
— Չէ, պետք է ասեմ։ Գուցե իմ կողմից դա suffisance[9] է բայց ավելի լավ է ասել։ Եթե դուք մերժեք ինձ համար, ուստի ես պետք է ասեմ ձեզ ամբողջ ճշմարտությունը։ Ես ձեզ սիրում եմ, ես կարծում եմ ամենից ավելի…
— Դա էլ ինձ հերիք է,— բռնկվելով ասավ Սոնյան։
— Ոչ, բայց ես հազար անգամ սիրահարվել եմ և այսուհետև էլ սիրահարվելու եմ, թեև ոչ ոքի վերաբերմամբ բարեկամության, վստահության և սիրո այնպիսի զգացումներ չեմ ունեցել, ինչպես դեպի ձեզ։ Հետո, ես երիտասարդ եմ։ Maman այդ բանը չի ցանկանում։ Դե, ճիշտն ասած, ես ոչինչ էլ չեմ խոստանում։ Եվ խնդրում եմ մտածել Դոլոխովի առաջարկության մասին,— ասավ նա դժվարությամբ արտասանելով բարեկամի ազգանունը։
— Այդ բանն ինձ մի ասեք։ Ես ոչինչ չեմ ուզում։ Ես ձեզ սիրում եմ, ինչպես եղբոր, ու միշտ էլ պիտի սիրեմ, ուրիշ ոչ մի բան հարկավոր չէ ինձ։
— Դուք հրեշտակ եք, ես ձեզ արժանի չեմ, և վախենում եմ թե խաբեմ ձեզ։
Նիկոլայը նորից համբուրեց նրա ձեռը։
XII
Մոսկվայում ամենաուրախ պարահանդեսները լինում էին Իոգելի մոտ։ Դա վկայում էին մայրերը, նայելով իրենց adolescentes[10], որ պարում էին հենց նոր սովորած պա-ն, այդ մասին վկայում էին և իրենք՝ adolescentes և adolescents[11], որ պարում էին մինչ ուշաթափության աստիճան։ Այդ բանն ասում էին և հասակավոր աղջիկներն ու երիտասարդները, որ այցելում էին այդ պարահանդեսները, արժանացնելով նրանց իրենց ուշադրության և միևնույն ժամանակ նրանց մեջ գտնելով ամենալավ ուրախությունը։ Այդ իսկ պարահանդեսների շնորհիվ երկու ամուսնություն տեղի ունեցավ։ Երկու սիրունիկ Գորչակով իշխանադուստրերը փեսացուներ գտան և ամուսնացան, ու դրանով էլ ավելի նպաստեցին պարահանդեսների հռչակին։ Այդ պարահանդեսների առանձնահատուկ կողմն այն էր, որ այդտեղ չկար ո՛չ տեր, ո՛չ տիրուհի։ Այդտեղ էր միայն փետուրի նման թեթև թռչող, արվեստի կանոններով ոտները քսքստացնող, բարեհոգի Իոգելը, որ դասերի տոմս էր ընդունում բոլոր հյուրերից. այդ պարահանդեսների մյուս աչքի ընկնող հատկությունն էլ այն էր, որ այդտեղ գալիս էին միայն նրանք, ովքեր ուզում էին պարել և ուրախանալ, ինչպես ցանկանում են այդ 13 և 14 տարեկան աղջիկները՝ առաջին անգամ երկար զգեստներ հագած։ Բոլորը, հազվագյուտ բացառությամբ, լավն էին կամ թվում էին լավ. այնպե՜ս խանդավառ էին ժպտում բոլորը և այնպե՜ս էին վառվում նրանց աչքերը։ Երբեմն լավագույն աշակերտուհիները, որոնցից ամենալավը Նատաշան էր, որ աչքի էր ընկնում իր նազելի ձևերով,— պարում էին մինչև անգամ pas de châle, բայց այս վերջին պարահանդեսին պարում էին միայն էքոսիզներ և անգլեզներ և նորամուտ մազուրկան։ Իոգելը պարի դահլիճ վարձել էր Բեզուխովի տանը, և պարահանդեսը շատ հաջող անցավ, ինչպես ասում էին բոլորը։ Կային շատ սիրուն աղջիկներ, և Ռոստովների աղջիկներն ամենալավերից էին։ Նրանք երկուսն էլ առանձնապես երջանիկ և ուրախ էին։ Այդ երեկո Սոնյան՝ հպարտացած Դոլոխովի արած առաջարկությամբ, իր մերժումով և Նիկոլայի հետ ունեցած բացատրությամբ, դեռ տանը պտտվում էր խնդությունից, թույլ չտալով սպասուհի աղջկան մազերի սանրվածքը վերջացնելու, իսկ այժմ ամբողջովին ցնծում էր ուրախությունից։
Նատաշան, որ պակաս չէր հպարտանում նրանով, որ առաջին անդամ երկար զգեստ է հագել մի իսկական պարահանդեսում, իրեն ավելի երջանիկ էր զգում։ Նրանք երկուսն էլ հագել էին սպիտակ կիսեյի զգեստներ՝ վարդագույն ժապավեններով զարդարված։
Նատաշան պարահանդես եկած առաջին իսկ րոպեից իրեն սիրահարված զգաց։ Նա սիրահարված չէր մեկի վրա առանձնապես, այլ սիրահարված էր բոլորի վրա։ Այդ րոպեին ո՛ւմ որ նայում էր, նրա վրա էլ սիրահարվում էր։
— Ա՜խ, ինչ լավ է,— շարունակ ասում էր նա Սոնյային։
Նիկոլայն ու Դենիսովը անց ու դարձ էին անում դահլիճներում, սիրալիր և հովանավորի հայացք նետելով պարողների վրա։
— Ի՛նչ լավիկն է։ Գեղեցկուհի է դաղնալու,— ասավ Դենիսովը։
— Ո՞վ։
— Կոմսուհի Նատաշան,— պատասխանեց Դենիսովը։— Եվ ինչպես էլ պաղում է, ի՜նչ նազանք ունի,— փոքր-ինչ լռելուց հետո կրկին ասավ նա։
— Դե, ո՞ւմ մասին ես ասում։
— Քո քույղիկի մասին,— բարկացած բացականչեց Դենիսովը։
Ռոստովը քմծիծաղ տվեց։
— Mon cher comte; vous êtes l’un de mes meilleurs ecoliers, il faut que vous dansiez,— ասավ փոքրամարմին Իոգելը, Նիկոլային մոտենալով։— Voyez combien de jolies demoiselles.[12]
Նա նույն խնդիրքով դիմեց և Դենիսովին, որ նույնպես իր նախկին աշակերտն էր։
— Non, mon cher, je ferai tapisserie[13],— այավ Դենիսովը։— Մի՞թե չեք հիշում թե ողքան անշնողք էի օգտվում ես ձեղ դասեղից։
— Օ՜, ո՛չ,— նրան մխիթարերւ համար փութկոտ ասավ Իոդելը։— Դուք միայն անուշադիր էիք, բայց ընդունակություններ ունեիք, այո՛, դուք ընդունակություններ ունեիք։
Նորից նվագեցին նորամուտ մազուրկան։ Նիկոլայը չկարողացավ մերժել Իոգելին և հրավիրեց Սոնյային։ Դենիսովը նստեց պառավների մոտ և իր թրին հենված, ոտով չափ զարկելով, մի ինչ-որ ուրախ բան էր պատմում և ծիծաղեցնում պառավ կանանց, միաժամանակ նայելով պարող ջահելներին։ Իոգելն առաջին պարի զույգ կազմեց Նատաշայի հետ՝ իր պարծանքի ու լավագույն աշակերտուհու հետ։ Ոտները մեղմ ու թեթև շարժելով՝ Իոգելն առաջինը սլացավ դահլիճի երկարությամբ, ամաչկոտ բայց քայլերն ուշադիր շտկող Նատաշայի հետ։ Դենիսովն աչքը չէր հեռացնում Նատաշայից և թրովը չափ էր զարկում մի այնպիսի տեսքով, որ պարզ ասում էր, թե ինքը չի պարում ոչ այն պատճառով, որ չի կարողանում, այլ այն պատճառով, որ չի ցանկանում պարել։
Պարի կեսին նա կանչեց կողքով անցնող Ռոստովին։
— Դա բոլողովին այն չի,— ասավ նա։— Մի՞թե դա լեհական մազուղկան է։ Բայց պետք է ասել՝ շատ լավ է պաղում:
Իմանալով, որ Դենիսովը Լեհաստանում անգամ հռչակվել է լեհական մազուրկա պարելու ճարտարությամբ, Նիկոլայը մոտ վազեց Նատաշային։
— Գնա՛, Դենիսովին հրավիրի։ Ա՛յ պարում է՜։ Հրաշալի,— ասավ նա։
Երբ հերթը կրկին Նատաշային հասավ, նա վեր կացավ և իր բանտավոր կոշիկներով, ամաչելով մենակ դահլիճի միջով վազեց դեպի այն անկյունը, ուր նստած էր Դենիսովը։ Նատաշան տեսնում էր, որ բոլորն իրեն են նայում ու սպասում։ Նիկոլայը տեսնում էր, որ Դենիսովն ու Նատաշան, ժպտալով վիճում էին, և Դենիսովը հրաժարվում էր, բայց ուրախ ժպտում, նա մոտ վազեց։
— Խնդրում եմ, Վասիլի Դմիտրիչ,— ասում էր Նատաշան,— գնա՛նք, խնդրո՛ւմ եմ։
— Է՛հ, թողեք, կոմսուհի,— ասում էր Դենիսովը։
— Դե՛, լա՛վ, Վա՛սյա, վե՛ր կաց,— ասավ Նիկոլայը։
— Կաղծես կատվի եք համոզում,— հանաքով վրա բերեց Դենիսովը։
— Ամբողջ երեկոն կերգեմ ձեզ համար,— ասավ Նատաշան։
— Կախարդ, ի՛նչ ուզենա կանի ինձ,— ասավ Դենիսովը և թուրն արձակեց։
Նա դուրս եկավ աթոռների ետևից, բռնեց պարընկերուհու ձեռը, գլուխը բարձրացրեց և մի ոտը ետ դնելով, ինչպես անում են պարողները, տակտի էր սպասում։ Միայն ձիու վրա և մազուրկայի ժամանակ չէր երևում Դենիսովի փոքրիկ հասակը, և նա իսկապես ներկայանում էր իբրև մի այնպիսի կտրիճ, որպիսին հենց ինքը երևակայում էր իրեն։ Տակտն սկսելուն պես նա կողքանց, հաղթական ու հանաքով նայեց պարընկերուհուն, հանկարծ մի ոտով խփեց հատակին և գնդակի պես ծուլ եղավ տեղից ու սլացավ շրջագծի երկարությամբ, հետը տանելով պարընկերուհուն։ Նա մի ոտի վրա անձայն անցավ դահլիճի կեսը ու, թվում էր, թե չի տեսնում առջևը դրված աթոռները և ուղղակի սլանում էր նրանց կողմը, բայց հանկարծ, խթանները շրխկացնելով և ոտները չռելով, նա կանգ էր առնում կրունկների վրա, մի վայրկյան մնում էր այդպես, խթանները չխկացնելով, ոտներով դոփում էր միևնույն տեղը, արագ պտույտ էր գործում և, ձախ ոտը աջին խփելով, վերստին սլանում էր շրջագծով։ Նատաշան հասկացավ, թե նա ինչ է մտադիր անելու, և չիմանալով ինչպես, հետևում և հանձնվում էր նրան։ Դենիսովը նրան պտտում էր մերթ աջ, մերթ ձախ ձեռով, մերթ ծունկի գալով, ման էր տալիս նրան իր շուրջը և կրկին ծուլ լինելով, առաջ էր վազում այնպես սրընթաց, կարծես մտադիր էր առանց շունչ առնելու, վազեվազ անցնել բոլոր սենյակները. մերթ էլ՝ հանկարծ կանգ էր առնում նորից և կրկին անսպասելի ծունկի գալիս։ Երբ Դենիսովն ընկերուհուն ճարպկորեն աթոռի առաջ պտտելով, խթանը շրխկացրեց ու գլուխը խոնարհեց նրա առաջ, Նատաշան նույնիսկ գլուխ չտվեց։ Նա տարակուսանքով ու ժպտալով՝ աչքերը հառեց Դենիսովի դեմքին, ձևանալով կարծես թե նրան չի ճանաչում։
— Սա ի՞նչ բան է,— ասավ Նատաշան։
Չնայած որ Իոգելն այդ մազուրկան չէր համարում իսկական մազուրկա, բայց բոլորը հիացած էին Դենիսովի ճարտարությամբ. շարունակ նրան էին պարի հրավիրում, իսկ ծերունիները ժպտալով սկսեցին խոսել Լեհաստանի և հին երանելի ժամանակների մասին։ Դենիսովը, մազուրկայից կարմրած, քրտինքը թաշկինակով սրբելով, նստեց Նատաշայի մոտ և պարահանդեսի ամբողջ ընթացքում չհեռացավ նրանից։
XIII
Դրանից երկու օր հետո Ռոստովը Դոլոխովին չտեսավ ոչ իրենց մոտ և ոչ էլ իր տանը։ Երրորդ օրը նրանից մի գրություն ստացավ։
«Որովհետև ես այլևս մտադիր ձեր տունը գալու, քեզ հայտնի պատճառներով և գնում եմ բանակ, ուստի այս երեկո ընկերներիս տալիս եմ հրաժեշտի խնջույք — ե՛կ Անգլիական հյուրանոցը»։
Նշանակված օրը, երեկոյան ժամը 10-ին, Ռոստովը թատրոնից, ուր գտնվում էր յուրայինների ու Դենիսովի հետ միասին, եկավ Անգլիական հյուրանոցը։ Նրան իսկույն առաջնորդեցին հյուրանոցի լավագույն սենյակը, որ այդ գիշերվա համար վարձել էր Դոլոխովը։ Քսան մարդ խմբվել էին Սեղանի շուրջը, որի առջև երկու մոմի արանքում նստել էր Դոլոխովը։ Սեղանի վրա դրված էին թղթադրամներ ու ոսկի։ Դոլոխովը բանկ էր գցում։ Սոնյայի մերժումից հետո՝ Նիկոլայը դեռ չէր հանդիպել Դոլոխովին, ուստի և մի քիչ անհարմարություն էր զգում, երբ մտածում էր, թե ինչպես պիտի հանդիպեն իրար։
Դոլոխովի պայծառ սառը հայացքը Ռոստովին դիմավորեց դեռ դռան մոտ. կարծես նա վաղուց սպասում էր Նիկոլային։
— Երկար ժամանակ իրար չենք տեսել,— ասավ նա,— շնորհակա՛լ եմ, որ եկար։ Ա՛յ շուտով կվերջացնեմ, կգա և Իլյուշան իր խմբով։
— Ես ձեր տուն գնացի,— ասավ Ռոստովը կարմրելով։
Դոլոխովը չպատասխանեց նրան։
— Կարող ես խաղին մասնակցել — ասավ նա։
Ռոստովն այդ րոպեին հիշեց այն տարօրինակ խոսակցությունը, որ մի անգամ ունեցել էր Դոլոխովի հետ։ «Բախտի համար կարող են խաղալ միայն հիմարները», ասավ այն ժամանակ Դոլոխովը։
— Գուցե վախենո՞ւմ ես ինձ հետ խաղալ,— ասավ այժմ Դոլոխովը, կարծես գուշակելով Ռոստովի միտքը, ու ժպտաց։
Նրա ժպիտի մեջ Ռոստովը նկատեց նրա այն տրամադրությունը, որ ուներ ակումբի ճաշկերույթի միջոցին և ունենում էր ընդհանրապես այն ժամանակները, երբ կարծես առօրյա կյանքից ձանձրացած, Դոլոխովն անհրաժեշտություն էր զգում մի որևէ տարօրինակ, մեծ մասամբ բիրտ արարքով ազատվել դրանից։
Ռոստովն անհարմարություն զգաց, նա մտքում որոնում ու չէր գտնում մի կատակ, որով պատասխաներ Դոլոխովի խոսքերին։ Բայց մինչ պատրաստվում էր անել այդ՝ Դոլոխովն ուղիղ Ռոստովի դեմքին նայելով, դանդաղ և ընդմիջումներով, այնպես որ ամենքը կարող էին լսել, ասավ նրան.
— Հիշո՞ւմ ես, մի անգամ իրար հետ խոսում էինք խաղի մասին, թե հիմա՛ր է այն մարդը, որ բախտի համար է խաղում. պետք է խաղալ տանելու հաստատ համոզումով, իսկ ես կամենում եմ բախտս փորձել։
«Փորձել բա՞խտը, թե խաղալ տանելու հաստատ համոզումով», մտածեց Ռոստովը։
— Բայց ավելի լավ է չխաղաս,— ավելացրեց նա և խաղաթղթերը սեղանին զարկելով, ասավ։— Բա՛նկ, պարոննե՛ր։
Փողը մոտ քաշելով՝ Դոլոխովը պատրաստվեց խաղի։ Ռոստովը նստեց նրա կողքին և սկզբում չխաղաց։ Դոլոխովը մերթ ընդ մերթ նայում էր նրան։
— Հը՛, չես խաղո՞ւմ,— հարցրեց նա Ռոստովին։
Եվ տարօրինակ բան, Նիկոլայը ցանկություն զգաց խաղաթուղթ վերցնել, փող դնել ու խաղալ։
— Բայց մոտս փող չկա,— ասավ Ռոստովը։
— Ոչինչ, քեզ կհավատամ։
Ռոստովը հինգ ոուբլի դրավ և տանուլ տվեց. նորից գրավ և կրկին տանուլ տվեց։ Դոլոխովն իրար ետևից տասը խաղ տարավ։
— Պարոններ,— ասավ նա փոքր-ինչ հետո,— խնդրում եմ դրամը դնել խաղաթղթերի վրա, այսպես հաշիվներր կխառնեմ։
Խաղացողներից մեկը նկատեց, որ նա հույս ունի, թե իրեն կարելի է հավատալ։
— Հավատալ կարելի է, բայց վախենում եմ շփոթվել, խնդրում եմ դրամը դնել խաղաթղթերի վրա,— պատասխանեց Դոլոխովը։— Դու մի քաշվիր, մենք քեզ հետ հաշիվ կտեսնենք,— ավելացրեց նա, Ռոստովին դառնալով։
Խաղը շարունակվեց։ Լաքեյն անընդհատ շամպայն էր մատուցում։
Ռոստովը բոլոր խաղերը տանուլ էր տալիս. նրա հաշվին գրվել էր արդեն մոտ ութ հարյուր ռուբլի։ Նա ուզում էր մի խաղաթղթի վրա գրել ութ հարյուր ռուբլի, բայց այն ժամանակ, երբ նրան շամպայն մատուցին, նա միտքը փոխեց և դրեց կրկին սովորական գումարը՝ քսան ռուբլի։
— Թո՛ղ,— ասավ Դոլոխովը, թեև թվում էր, թե նա չէր էլ նայում Ռոստովին,— շուտով ետ կբերես։ Ուրիշին տալիս եմ, իսկ քեզ խփում։ Ով գիտի վախենո՞ւմ ես ինձանից ,— կրկնեց նա։
Ռոստովը հնազանդվեց, թողեց գրած 800-ը և անկյունը պատռած յոթնոց փոսիկը, որ հատակից վերցրեց, դրեց սեղանի վրա։ Հետո նա լավ էր հիշում այդ թուղթը։ Ցոթնոց փոսիկը դնելով, նա կավճով նրա վրա կլոր, ուղիղ թվերով գրրեց՝ 800, խմեց մատուցած բաժակը, ժպտաց Դոլոխովի վրա և, սրտի թրթռոցով յոթնոցին սպասելով, սկսեց նայել Դոլոխովի ձեռներին, որոնցով նա բռնել էր խաղաթղթերի կապը։ Այդ յոթնոցի տանելը կամ տանուլ տալը մեծ նշանակություն ուներ Ռոստովի համար։ Անցած շաբթի կիրակի օրը կոմս Իլյա Անդրեյիչը որդուն տվել էր 2000 ռուբլի, և նա, որ երբեք չէր սիրում դրամական դժվարությունների մասին խոսել, Նիկոլային ասավ, որ այդ փողը վերջինն է լինելու մինչև մայիս, ուստի և նա որդուն խնդրեց, այս անգամ խնայողաբար ծախսել։ Նիկոլայն ասավ, որ իր համար դա էլ չափազանց շատ է և որ ազնիվ խոսք է տալիս մինչև գարուն փող չվերցնել։ Հիմա այդ դրամից մնացել էր 1200 ռուբլի։ Ուրեմն յոթնոց փոսիկը ո՛չ միայն 1600 ռուբլի տարվել էր նշանակում, այլև նա՝ Նիկոլայն անհրաժեշտությունից ստիպված պետք է դրժեր տված խոսքը։ Նա սրտդող նայում էր Դոլոխովի ձեռներին ու մտածում. «Դե, շուտ արա, տուր ինձ այդ խաղաթուղթը, ես գլխարկս վերցնեմ, գնամ տուն Դենիսովի, Նատաշայի և Սոնյայի հետ ընթրելու և այսուհետև հավանաբար ձեռս թուղթ չեմ առնի այլևս»։ Այդ րոպեին նա հիշեց իր ընտանեկան կյանքը, իր հանաքները Պետյայի հետ, իր զրույցները՝ Սոնյայի հետ, դուետները՝ Նատաշայի, պիքետը հոր հետ և մինչև անգամ հանգիստ անկողինը Պովարսկի փողոցի տանը. և այդ ամենն այնպիսի ուժով, պարզ ու այնպիսի հրապուրիչ պատկերացան նրան, որ կարծես այդ բոլորը վաղուց անցած կորած և չգնահատված երջանկություն էր։ Նա չէր կարող երևակայել, որ անմիտ պատահականոլթյունը յոթնոցին ստիպեր աջ կողմի փոխարեն ընկնել ձախ կողմը և դրանով զրկեր իրեն բոլոր այդ նոր միայն հասկացված, նոր միայն պարզված երջանկությունից և նետեր իրեն դեռևս անծանոթ ու անորոշ դժբախտության գիրկը։ Այդ չէր կարող լինել, բայց նա այնուամենայնիվ նվաղուն սրտով սպասում էր Դոլոխովի ձեռների շարժումներին։ Այդ լայնոսկր, կարմրավուն ձեռները, որոնց մազոտ լինելը երևում էր շապկի տակից, ցած դրին խաղաթղթերի կապը և վերցրին մատուցած բաժակն ու ծխամորճը։
— Ուրեմն չես վախենո՞ւմ ինձ հետ խաղալ,— կրկնեց Դոլոխովը և, կարծես մի ուրախ բան պատմելու համար, խաղաթղթերը վար դրավ, հենվեց աթոռի թիկունքին և դանդաղ, ժպտալով սկսեց պատմել.
— Այո, պարոններ, ինձ ասին, որ Մոսկվայում լուր է տարածվել, իբր թե ես շուլեր եմ, ուստի խորհուրդ կտամ ձեզ ինձ հետ զգույշ լինել։
— Դե՛ շարունակիր,— ասավ Ռոստովը։
— Օ՜հ, Մոսկվայի բամբասանքներ,— ասավ Դոլոխովը և, ժպտալով, խաղաթղթերը ձեռն առավ։
— Աա՜ա՜խ,— քիչ մնաց գոռար Ռոստովը, ձեռները մազերին տանելով։ Այն յոթնոցը, որ հարկավոր էր իրեն, հենց կապի երեսին էր։ Նա տանուլ տվեց ավելին, քան կարող էր վճարել։
— Բայց դու շատ առաջ մի գնա,— ասավ Դոլոխովը, աչքի պոչով Ռոստովին նայելով, և խաղը շարունակեց։
XIV
Ժամ ու կես հետո խաղացողների մեծ մասն արդեն հանաքով էր նայում իր խաղին։
Ամբողջ խաղը կենտրոնացած էր մենակ Ռոստովի շուրջը. 1600 ռուբլու փոխարեն նրա հաշվին գրված էր թվերի մի երկար շարան, որ նա հաշվում էր մինչև տասը հազար, որը սակայն, ինչպես ենթադրում էր նա աղոտ կերպով, հասել էր արդեն 15 հազարի։ Իսկապես, նրա հաշվին գրված գումարը քսան հազարից ավելի էր արդեն։ Դոլոխովն այլևս ոչ լսում էր, ոչ էլ պատմություններ անում, նա հետևում էր Ռոստովի ձեռների յուրաքանչյուր շարժումին և երբեմն թռուցիկ նայում Ռոստովի հաշվին գրված թվերին։ Նա վճռել էր խաղը շարունակել, մինչև որ գրված թվերը կհասնեն քառասուներեք հազարի։ Այդ թիվը նա ընտրել էր նրա համար, որովհետև «քառասուներեք»-ը կազմում էր իր՝ Դոլոխովի և Սոնյայի տարիքի գումարը։ Ռոստովը, գլուխը ձեռներին հենած նստել էր գրոտած, գինոտ և խաղաթղթերով լիքը սեղանի առջև։ Մի տանջող տպավորություն չէր հեռանում նրանից. դա Դոլոխովի լայնոսկր, կարմրավուն ու մազոտ ձեռներն էին։ Այդ ձեռները, որոնց Ռոստովը և՛ սիրում էր, և՛ ատում, նրան առել էին իրենց իշխանության տակ։
«Վեց հարյուր ռուբլի, տուզը, անկյունը, իննոցը… անհնարին է ետ բերել… և ինչքան ուրախ կլիներ տանը… Վալետը գցել… դա էլ անկարելի է… Եվ ինչո՞ւ համար է նա այդպես վարվում ինձ հետ», մտածում էր Ռոստովը։ Երբեմն նա մեծ գումար էր դնում, բայց Դոլոխովը հրաժարվում էր թուղթ տալուց և ինքն էր գումար նշանակում։ Նիկոլայը նրան հնազանդվելով՝ մերթ աղոթում էր աստծուն, ինչպես աղոթել էր ճակատամարտի դաշտում Ամշտետենի կամրջի վրա, մերթ գուշակում էր, թե այն խաղաթուղթը, որն առաջինը կընկնի ձեռը, սեղանի տակի ծալված թղթերի կույտից, հենց այդ կփրկի իրեն. մերթ հաշվելով, թե որքան կապիչ կա նրա բաճկոնի վրա, ուզում էր այնպես էլ թուղթ գցոլ, մերթ էլ օգնություն հայցողի պես նայում էր մյուս խաղընկերներին. մերթ ուշադրությամբ դիտում էր Դոլոխովի սառը դեմքը և ջանում հասկանալ, թե ինչ է կատարվում Դոլոխովի հետ։
«Չէ՛ որ նա լավ գիտի, թե ինչ նշանակություն ունի ինձ համար այս անգամ տարվելը։ Մի՞թե նա իմ կորուստն է ցանկանում։ Չէ՞ որ նա բարեկամ է եղել ինձ։ Չէ՞ որ ես սիրել եմ նրան… բայց նա էլ մեղավոր չի. նա ինչ անի, որ բախտը բերում է. ես նույնպես մեղավոր չեմ», ասում էր նա ինքն իրեն. «Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Մի՞թե ես սպանել, վիրավորել կամ չարիք եմ ցանկացել որևէ մեկին։ Ուրեմն ինչո՞ւ համար է այս սոսկալի դժբախտությունը։ Եվ ե՞րբ սկսվեց այն։ Դեռ քիչ առաջ ես այս սեղանին մոտեցա հարյուր ռուբլի տանելու մտքով, որ մորս անվանակոչության համար այն արկղիկը դնեմ ու տուն գնամ։ Եվ որքան երջանիկ էի, որքա՜ն ազատ, ուրախ Եվ այն ժամանակ ես չէի հասկանում, թե որքան երջանիկ էի։ Եվ երբ վերջացավ այդ, և երբ սկսվեց այս նոր, սարսափելի դրությունը։ Ինչո՞վ նշանակալի դարձավ այս փոփոխությունը։ Ես հենց այսպես էլ նստած էի այս սեղանի մոտ, այսպես էլ ընտրում ու առաջ էի քաշում խաղաթղթերը, և նայում էի այս լայնոսկր, ճարպիկ ձեռներին։ Բայց ե՞րբ կատարվեց այդ, և ի՞նչ կատարվեց։ Ես առողջ եմ, ուժեղ, և դարձյալ նույնն եմ ու նույն տեղը։ Ոչ, դա անկարելի է։ Թերևս այս բոլորը ոչնչով էլ չվերջանա»։
Նա կարմրել էր, ամբողջովին քրտնել, չնայած որ սենյակը տաք չէր։ Իսկ նրա դեմքը և՛ սոսկալի էր, և՛ ողորմելի, մանավանդ այն պատճառով, որ հանգիստ երևալու ապարդյուն ջանք էր թափում։
հաշիվը հասավ ճակատագրական թվին՝ քառասուներեք հազարի։ Ռոստովը մի թուղթ էր պատրաստել, որը պետք է շարունակեր խաղը երեք հազար ռուբլով, երբ Դոլոխովը թղթերի կապը խփեց սեղանին, մի կողմ դրավ այն և, կավիճ վերցնելով, սկսեց իր պարզ ու հստակ ձեռագրով կավիճը կոտրտելով, շտապ հաշվել Ռոստովի պարտքը։
— Է՜հ, պարոններ, ընթրելու ժամանակ է։ Ահա՛ և գնչուները։
Իսկապես արդեն ներս էին մտել և իրենց գնչուական առոգանությամբ խոսում էին ինչ-որ սև տղամարդիկ ու կանայք։ Նիկոլայը հասկանում էր, որ ամեն ինչ վերջացած է, բայց անտարբեր ձայնով ասավ,
— Հը, էլ չես խաղո՞ւմ։ Իսկ ես մի փառավոր թուղթ եմ պատրաստել։— Կարծես նրան ամենից ավելի հետաքրքրում էր հենց խաղի հաճույքը։
«Ամեն ինչ վերջացավ, ես կորած եմ», մտածում էր նա, «Հիմա մնում է մի բան — գնդակ խփեմ ճակատիս», և դրա հետ միաժամանակ նա ուրախ ձայնով ասավ.
— Հե՛յ մի թուղթ էլ։
— Լա՛վ,— պատասխանեց Դոլոխովը հաշվարկումը վերջացնելով,— լա՛վ։ 21 ռուբլի գալիս է,— ասավ նա ցույց տալով 21 թիվը, որը պակասում էր 43 հազարին, և խաղաթղթերը վերցնելով պատրաստվեց բաժանել։ Ռոստովը հնազանդությամբ խաղաթղթի ծալած անկյունն ուղղելով, նախատեսված 6000-ի փոխարեն խնամքով գրեց 21։
— Դա ինձ համար միևնույն է,— ասավ նա,— ինձ հետաքրքրում է միայն իմանալ՝ կխփե՞ս, թե այդ տասնոցն ինձ կտաս։
Դոլոխովն սկսեց լրջորեն բաժանել։ Օ՜, որքան էր ատում Ռոստովն այդ րոպեին նրա կարմրավուն, կարճլիկ մատներով, մազոտ ձեռները, որ իրեն պահում էին իրենց իշխանության տակ… Տասնոցը տրվեց։
— Ձեզ վրա 43 հազար, կոմս,— ասավ Դոլոխովը և, ձգվելով, ելավ տեղից։— Մարդ հոգնում էլ է այսքան երկար նստելուց,— ասավ նա։
— Այո, ես էլ եմ հոգնել,— ասավ Ռսոտովը։
Դոլոխովը, կարծես նրան հիշեցնելու համար, թե նրան հանաք անել չի սազում, ընդհատեց նրան.
— Երբ կհրամայեք փողն ստանալ, կոմս։
Ռոստովը, բռնկելով, Դոլոխովին կանչեց մյուս սենյակը։
— Ես բոլորը միանգամից չեմ կարող վճարել, մուրհակ կտամ,— ասավ նա։
— Լսիր, Ռոստով,— ասավ Դոլոխովը, պայծառ ժպտալով և Նիկոլայի աչքերին նայելով,— դու գիտե՞ս այն առածը , որ ասում է. « Ով բախտ ունի սիրո մեջ, նա դժբախտ է խաղի մեջ։ Քո հորաքրոջ աղջիկը սիրահարված է քեզ վրա։ Ես այդ Գիտեմ։
«Օ՜, սարսափելի է զգալ, որ գտնվում ես այս մարդու իշխանության տակ», մտածեց Ռոստովը։ Նա հասկանում էր, թե ինչպիսի հարված կհարցնի իր հորը, մորը, երբ հայտնի նրանց աանուլ տված գումարի մասին. նա հասկանում էր, թե որքան երջանիկ կլիներ, եթե ազատվեր այդ բոլորից, և զգում էր, որ Դոլոխովը գիտի, թե ի՛նչը կարող է նրան փրկել այդ ամոթից ու վշտից, և հիմա ուզում էր իր հետ խաղ խաղալ, ինչպես կատուն մկան հետ։
— Քո հորաքրոջ աղջիկը…— ուզում էր խոսել Դոլոխովը, բայց Նիկոլայը ընդհատեց նրան։
— Իմ հորաքրոջ աղջիկը այստեղ գործ չունի, նրա մասին խոսելն ավելորդ է,— գոռաց նա կատաղած։
— Ուրեմն ե՞րբ կարող եմ ստանալ,— հարցրեց Դոլոխովը։
— Վա՛ղը,— ասավ Ռոստովը և դուրս եկավ սենյակից։
XV
Ասել «վաղը» և վայելուչ տոն պահել — դժվար չէր։ Բայց մենակ գնալ տուն, տեսնել քույրերին, եղբորը, մորը, հորը, խոստովանել և խնդրել դրամ, որի նկատմամբ իրավունք չունես ազնիվ խոսք տալուց հետո, սարսափելի էր։
Տանը դեռ արթուն էին։ Ռոստովների տան երիտասարդները, թատրոնից վերադառնալով, նստել էին դաշնամուրի մոտ։ Նիկոլայը դահլիճ մտավ թե չէ, զգաց այն սիրային, բանաստեղծական մթնոլորտը, որ այդ ձմեռ տիրում էր իրենց տանը և որն այժմ, Դոլոխովի առաջարկությունից և Իոգելի պարահանդեսից հետո, Սոնյայի ու Նատաշայի համար թվում էր է՛լ ավելի խտացած, ինչպես օդը փոթորկից առաջ։ Սոնյան ու Նատաշան երկնագույն զգեստներով, որոնցով գնացել էին թատրոն, գեղեցիկ՝ և իմանալով իրենց գեղեցկությունը, երջանիկ ու ժպտուն, կանգնել էին դաշնամուրի մոտ։ Վերան Շինշինի հետ շախմատ էր խաղում։ Պառավ կոմսուհին, որդուն և մարդուն սպասելով, թուղթ էր բաց անում պառավ ազնվականուհու հետ միասին, որ նույնպես ապրում էր նրանց տանը։ Դենիսովը փայլուն աչքերով ու ցցված մազերով, ոտի մեկը ետ ձգած, նստել էր դաշնամուրի մոտ և, իր կարճ մատներով ստեղներին զարնելով, աչքերը կոպերի տակ թաղելով, իր ցածր, խռպոտ, բայց հաստատուն ձայնով երգում էր իր հեղինակած «Կախարդուհի» ոտանավորը, ու փորձում էր մի եղանակ գտնել։
Волшебница, скажи, какая сила
Влечет меня к покинутым струнам;
Какой огонь ты в сердце заронила,
Какой восторг разлился по перстам!
Երգում էր նա կրքոտ ձայնով, իր սև ագաթանման աչքերը փայլեցնելով վախեցած և երջանիկ Նատաշայի վրա։
— Հրաշալի՜ է, սքանչելի՜,— աղաղակում էր Նատաշան։— Մի տուն էլ.— ասում էր նա Նիկոլային չնկատելով։
«Նրանք էլի նույն բանով էին զբաղված», մտածեց Նիկոլայը, նայելով հյուրասրահ, ուր տեսավ Վերային և մորը՝ պառավի հետ միասին։
— Ա՜ա՜, ահա և Նիկոլենկան։
Նատաշան վազեց դեպի եղբայրը։
— Հայրիկը տա՞նն է,— հարցրեց Ռոստովը։
— Շատ ուրախ եմ, որ եկար,— առանց եղբոր հարցին պատասխանելու ասաց Նատաշան։— Մենք այնպե՜ս ուրախ ենք։ Վասիլի Դմիտրիչը մի օր էլ մնաց ինձ համար, գիտե՞ս։
— Ոչ, հայրիկը դեռ չի եկել,— ասավ Սոնյան։
— Կոկո, դու եկա՜ր. մոտս եկ սիրելիս,— լսվեց կոմսուհու ձայնը հյուրասրահից։
Նիկոլայը մոտեցավ մորը, համբուրեց նրա ձեռը և, լուռ նստելով նրա սեղանի մոտ, սկսեց նայել նրա ձեռներին, որոնք թուղթ էին բաց անում։ Դահլիճից շարունակ լսվում էին ծիծաղ և ուրախ ձայներ, որ համոզում էին Նատաշային։
— Դե, լա՛վ, լա՛վ,— աղաղակեց Դենիսովը,— հիմա էլ խոսելու բան չկա, barcarolla, պիտի երգեք, աղաչում եմ։
Կոմսուհին նայեց լռակյաց որդուն։
— Ի՞նչ է պատահել քեզ,— հարցրեց մայրը Նիկոլային։
— Ախ, ոչինչ,— ասավ նա, կարծես թե նրան արդեն ձանձրացրել էր այդ միևնույն հարցը։— Շո՞ւտ կգա հայրիկը։
— Կարծում եմ։
«Սրանք դեռ նույնն են, սրանք դեռ ոչինչ չգիտեն։ Ո՞ւր կորչեմ ես», մտածեց Նիկոլայը և կրկին գնաց դահլիճ, ուր դրված էր դաշնամուրը։
Սոնյան նստել էր դաշնամուրի առաջ և նվագում էր այն բարկարոլլայի նախերգանքը, որն առանձնապես սիրում էր Դենիսովը։ Նատաշան պատրաստվում էր երգել, իսկ Դենիսովը խանդավառ աչքերով նրան էր նայում։
Նիկոլայն սկսեց ետ ու առաջ անել սենյակում։
«Դա ի՞նչ հաճույք է ստիպել նրան, որ երգի, ի՞նչ կարող է նա երգել։ Ոչ մի ուրախ բան չկա այդտեղ», մտածեց Նիկոլայը։ Սոնյան սկսեց նախերգանքի առաջին ակորդը։
«Աստված իմ, ես կորած, անպատիվ մարդ եմ։ Մնում է միայն գնդակ խփել ճակատիս, և ոչ թե երգել», մտածեց նա. «Հեռանա՞լ, բայց ո՞ւր. միևնույն է, թո՛ղ երգեն»։
Նիկոլայը, անց ու դարձը շարունակելով. մռայլ նայում էր Դենիսովին ու աղջիկներին, խուսափելով նրանց հայացքներից։
— Նիկոլենկա, ի՞նչ է պատահել ձեզ,— հարցնում էր Սոնյայի հայացքը։ Սոնյան իսկույն նկատեց, որ ինչ-որ մի բան է պատահել նրան։
Նիկոլայն երեսը շրջեց։ Նատաշան իր հոտառությամբ նույնպես նկատեց եղբոր վիճակը։ Նա այդ նկատեց, բայց քանի որ ինքն այնքան ուրախ էր այդ վայրկյանին, այնքան հեռու էր վշտից, տխրությունից ու կշտամբանքներից, որ (ինչպես այդ հաճախ է պատահում երիտասարդներին) դիտմամբ խաբեց իրեն։ «Չէ, ես հիմա շատ ուրախ եմ, և իմ այդ ուրախությունը չեմ փչացնի ուրիշներին վշտակցելով», զգաց ու ասավ ինքն իրեն Նատաշան։ «Չէ, ես գուցե սխալվում եմ. պետք է որ նա նույնպես ուրախ լինի, ինչպես ես»։
— Դե՛, Սոնյա,— ասավ նա և գնաց կանգնեց դահլիճի մեջտեղը, ուր նրա կարծիքով ձայնն ավելի լավ էր հնչում։
Գլուխը բարձրացնելով, կախ ընկած անկենդան ձեռներն ավելի ցած թողնելով, ինչպես այդ անում են պարուհիները, Նատաշան եռանդուն շարժումով, ոտների ծայրերի վրա անցավ սենյակի միջով ու կանգ առավ։
«Ահավասիկ ո՛վ եմ ես», կարծես ասում էր նա ի պատասխան Դենիսովի խանդավառ հայացքին, որ հետևում էր իրեն։ «Տեսնես ինչի՞ վրա է ուրախանում սա», մտածեց Նիկոլայը, քրոջը նայելով։ «Եվ ինչպես էլ ձանձրույթ ու ամոթ չի զգում»։
Նատաշան սկսեց առաջին նոտան. նրա կոկորդը լայնացավ, կուրծքը շտկվեց, աչքերն ընդունեցին լուրջ արտահայտություն։ Այդ վայրկյանին նա չէր մտածում ոչ ոքի և ոչ մի բանի մասին, և նրա ժպտուն բերանից դուրս թռան հնչյուններ, այն հնչյունները, որոնք նույն ժամանակի ընթացքում և նույն միջոցին կարող է արձակել ամեն ոք, սակայն որոնք հազար անգամ կարող են տպավորություն չգործել, բայց հազար ու մի երրորդ անգամը ստիպում են ձեզ ցնցվել ու լալ։ Նատաշան այդ ձմեռ առաջին անգամ սկսեց լուրջ երգել, և դա մանավանդ նրա համար, որ Դենիսովը հիանում էր իր երգով։ Այժմ նա էլ երեխայաբար չէր երգում, նրա երգի մեջ այլևս չկար այն կոմիկական, մանկական ճիգը, որ առաջներում կար նրա մեջ, բայց դեռևս նա լավ չէր երգում, ինչպես ասում էին գիտակ մարդիկ, որ լսել էին նրան։ «Անմշակ, բայց հիանալի ձայն ունի, պետք է մշակել», ասում էին բոլորը։ Բայց այդ ասում էին արդեն նրանից շատ հետո, երբ լռում էր նրա ձայնը։ Իսկ այն ժամանակ, երբ հնչում էր այդ անմշակ ձայնը՝ անկանոն շնչառումներով ու դժվարին ելևէջներով, մինչև անգամ գիտակ մարդիկ ոչինչ չէին ասում և միայն հիանում էին այդ անմշակ ձայնով և ցանկանում կրկին անգամ լսել այն։ Նրա ձայնի մեջ կար այն կուսական անմեղությունը, իր ուժերին անգիտակ լինելը և այն, տակավին անմշակ թավշությունը, որոնք այնպես էին միացած երգեցողության արվեստի թերությունների հետ, որ թվում էր, թե անկարելի է որևէ բան փոխել այդ ձայնի մեջ առանց այն փչացնելու։
«Սա ի՞նչ բան է», մտածեց Նիկոլայը քրոջ ձայնը լսելով և աչքերը լայն բանալով. «Ինչ է պատահել սրան։ Ինչպե՜ս էլ երգում է», մտածեց նա։ Եվ հանկարծ նրան այնպես թվաց, թե ամբողջ աշխարհը կենտրոնացած սպասում է հաջորդ նոտային, հաջորդ նախադասությանը, ու ամեն բան աշխարհում բաժանվեց երգի երեք աստիճանի. Oh, mio crudele affctto…[14] Մեկ, երկու, երեք… մեկ, երկու, երեք… Oh, mio crudele affetto… Մեկ, երկու, երեք… մեկ։ «Է՜հ, հիմար բան է մեր կյանքը», մտածեց Նիկոլայը։ «Այդ բոլորը՝ թե՛ դժբախտություն, թե՛ փող, թե՛ Դոլոխով, թե՛ չարություն և թե՛ պատիվ,— այդ բոլորը դատարկ բան է… ահավասիկ սա է իրականը… Դե՛, Նատաշա, դե՛, հոգիս, երգիր… Ինչպե՞ս նա կսկսի այդ si-ն։ Սկսեց։ Փառք աստծու», և Նիկոլայը չնկատելով, որ ինքը երգում է, որպեսզի ուժեղացնի այդ si-ն, երգակցելով, վերցրեց բարձր նոտայի տերցիա: «Տեր աստվա՛ծ, որքան լավ է։ Մի՞թե այդ ես էի. ի՜նչ երջանկություն է», մտածեց նա։
Օ, ինչպես է դողում այդ տերցիան, և Ռոստովի սրտում շարժվեց մի ինչ-որ լավ բան։ Այդ ինչ-որը բարձր էր աշխարհի բոլոր բաներից ու կապ չուներ նրանց հետ։ «Ին՞չ գործ ունեն այստեղ տանուլ տված խաղ, Դոլոխովներ և ազնիվ խոսքեր… Բոլորը դատարկ բան է։ Կարելի է մարդ սպանել, գողություն անել և այնուամենայնիվ երջանիկ լինել…»
XVI
Վաղուց Ռոստովը երաժշտությունից այնպիսի բավականություն չէր ստացել, ինչպես այդ օրը։ Բայց հենց որ Նատաշան վերջացրեց իր բարկարոլլան, նա նորից հիշեց իրականությունը։ Առանց որևէ խոսք ասելու, դուրս եկավ և գնաց ցած՝ իր սենյակը։ Քառորդ ժամից հետո ծեր կոմսը՝ ուրախ և զոհ, վերադարձավ ակումբից։ Նիկոլայը նրա գալն իմանալով՝ գնաց հոր մոտ։
— Հը՛, ինչպես է. քեֆ արի՞ր,— ասավ Իլյա Անդրեյիչը, ուրախ և հպարտ ժպտալով։
Նիկոլայն ուզում էր ասել «այո», բայց չկարողացավ, քիչ մնաց հեկեկար։ Կոմսը ծխամորճ էր ծխում, ուստի և չնկատեց որդու վիճակը։
«Է՜հ, անխուսափելի է», մտածեց Նիկոլայն առաջին և վերջին անգամ։ Ու հանկարծ նա մի անփույթ ձևով, այնպես որ ինքն իրեն զզվելի թվաց, կարծես քաղաք գնալու համար կառք էր խնդրում, ասավ հորը.
— Հայրիկ, ես քեզ մոտ գործով եմ եկել։ Քիչ մնաց մոռանայի։ Ինձ փող է հարկավոր։
— Ա՛յ թե ինչ,— ասավ հայրը, որ առանձնապես ուրախ տրամադրության մեջ էր։— Ես քեզ ասի, որ հերիք չի անի։ Շա՞տ է հարկավոր։
— Շատ-շատ,— կարմրելով և հիմար, անփույթ ժպիտով, որը հետո նա չէր կարողանում ներել իրեն, Նիկոլայն ասավ։— Ես մի քիչ տանուլ եմ տվել, այսինքն՝ շատ, մինչև անգամ շատ-շատ, 43 հազար։
— Ի՞նչ։ Ո՞ւմ։ Հանաք ես անո՜ւմ,— գոչեց կոմսը և հանկարծ, կարծես կաթվածից կարմրեց նրա վիզն ու ծոծրակը, ինչպես կարմրում են ծեր մարդիկ։
— Ես խոստացել եմ վաղը վճարել,— ասավ Նիկոլայը։
— Նո՜ւ…— բացականչեց ծեր կոմսը, ձեռները տարածելով և ուժաթափ նստեց բազմողին։
— Ի՛նչ արած, ում հետ չի պատահել այդպիսի բան,— ասավ որդին բաց-համարձակ եղանակով, երբ միևնույն ժամանակ իր հոգում նա իրեն համարում էր մի անպիտան, ստոր մարդ, որն իր կյանքում չի կարող քավել հանցանքը։ Նա կուզեր համբուրել հոր ձեռները, ծնկաչոք թողություն խնդրել նրանից, բայց ինքը խոսեց անփույթ, մինչև իսկ կոպիտ եղանակով, թե ամենքի հետ էլ այդ պատահում է։
Կոմս Իլյա Անդրեյիչը խոնարհեց աչքերը, լսելով որդու այդ խոսքերը, և շփոթված սկսեց ինչ-որ բան որոնել։
— Այո, այո,— խոսեց նա,— դժվար է, վախենում եմ, դժվար է ճարել… Ում հետ չի պատահել, այո, ում հետ չի պատահել…
Ու կոմսը, թեթևակի նայելով որդու դեմքին, դուրս եկավ սենյակից։ Նիկոլայը պատրաստվում էր ընդդիմություն ցույց տալ հորը, բայց բնավ չէր սպասում դրան։
— Հայրի՛կ հայրի՜կ…— կանչեց նա հոր ետևից հեկեկալով, ներեցե՜ք ինձ։— Ու բռնելով հոր ձեռը, մոտեցրեց այն շուրթերին ու լաց եղավ:
Այդ ժամանակ, երբ հայրը բացատրվում էր որդու հետ, մոր և աղջկա միջև տեղի էր ունենում ոչ պակաս կարևոր բացատրություն։ Նատաշան հուզված եկել էր մոր մոտ։
— Մայրի՛կ… մայրի՛կ… նա ինձ…
-— Ի՞նչ արավ։
— Առաջարկություն արավ, առաջարկություն։ Մայրի՛կ, մայրիկ,— գոչում էր Նատաշան։
Կոմսուհին իր ականջներին չէր հավատում։ Դենիսովն առաջարկություն էր արել։ Ո՞ւմ։ Այդ փոքրիկ աղջկան՝ Նատաշային, որ դեռ երեկ տիկնիկ էր խաղում և հիմա դասեր է առնում։
— Նատաշա՛, հերիք է հիմարություն անես,— ասավ կոմսուհին, տակավին հուսալով, որ դա հանաք է։
— Ինչպե՞ս թե՝ հիմարություն։ Ես քեզ բա՛ն եմ ասում,— բարկացած ասավ Նատաշան։— Ես եկա հարցնելու — ի՞նչ անել, իսկ դուք ինձ ասում եք «հիմարություն»։
Կոմսուհին ուսերը թոթվեց։
— Եթե ճիշտ է, որ մոսյո Դենիսովն առաջարկություն է արել քեզ, նրան ասա՛, ինքը հիմար է։ Ահա՛ բոլորը։
— Ոչ, նա հիմար չի,— նեղացած ու լուրջ ասավ Նատաշան։
— Ուրեմն ի՞նչ ես ուզում։ Հիմա դուք բոլորդ էլ սիրահարված եք։ Է՛հ, սիրահարված ես, գնա ամուսնացիր,— բարկացած ծիծաղով խոսեց կոմսուհին։— Աստված քեզ հետ։
— Ոչ, մայրիկ, ես սիրահարված չեմ նրա վրա, կարծեմ սիրահարված չեմ։
— Դե ուրեմն՝ այդպես էլ ասա նրան։
— Մայրիկ, դուք բարկանո՞ւմ եք։ Մի բարկանաք, հոգյակս. դե, ես ինչո՞վ եմ հանցավոր։
— Չէ՞, ուրեմն էլ ի՞նչ։ Ուզում ես ինքս գնամ ասեմ.— ասավ կոմսուհին ժպտալով։
— Ոչ, ես ինքս կասեմ. միայն սովորեցրու։ Հե՜շտ է ձեզ համար,— ավելացրեց նա,— իսկ եթե տեսնեի՜ք, թե ինչպես նա այդ ասավ ինձ… Ես գիտեմ, որ նա այդ չէր ուզում ասել, բայց անզգուշաբար ասավ։
— Բայց այնուամենայնիվ պետք է մերժել նրան։
— Ոչ, հարկավոր չէ։ Ես այնպես խղճում եմ նրան։ Նա այնպես լավն է։
— Դե՛, ուրեմն առաջարկությունն ընդունիր, ամուսնանալուդ ժամանակն է,— բարկացած ու հեգնանքով ասավ մայրը։
— Ոչ, մայրիկ, ես այնպես խղճում եմ նրան։ Չգիտեմ, ինչպես ասեմ։
— Դու ասելու բան չունես, ես ինքս կասեմ,— ասավ կոմսուհին, վրդովված, որ այդ փոքրիկ Նատաշային համարձակվել են նայել իբրև մեծի։
— Ոչ, ոչ մի դեպքում, ես կասեմ, իսկ դուք ականջ դրեք դռան մոտ,— և Նատաշան հյուրասրահի միջով վազեց դահլիճ, ուր նույն աթոռի վրա, դաշնամուրի մոտ, երեսը ձեռներով ծածկած, նստած էր Դենիսովը։
Նա վեր թռավ Նատաշայի թեթև քայլերի ձայնից։
— Նատալի,— ասավ Դենիսովն արագ քայլերով մոտենալով նրան,— ողոշեցեք իմ բախտը։ Նա ձեղ ձեղին է։
— Վասիլի Դմիտրիչ, ես ձեզ այնպե՜ս եմ խղճում… Ոչ. բայց դուք այնպես լավն եք… բայց այդ հարկավոր չէ… դա… իսկ այնպես ես միշտ կսիրեմ ձեզ։
Դենիսովը կռացավ դեպի նրա ձեռը և Նատաշան լսեց՝ տարօրինակ, իրեն անհասկանալի հնչյուններ։ Նա համբուրեց Դենիսովի սև, խճճված, գանգրահեր գլուխը։ Այդ միջոցին լսվեց կոմսուհու զգեստի շտապ մոտեցող շրշյունը։ Կոմսուհին ներս մտավ։
— Վասիլի Դմիարիչ, շնորհակալ եմ ձեր արած պատվից,— ասավ կոմսուհին շփոթված ձայնով, որը սակայն խիստ թվաց Դենիսովին,— բայց իմ աղջիկն այնքան ջահել է, որ ես կարծում էի, թե դուք, իբրև իմ որդու բարեկամ, նախ կդիմեիք ինձ։ Այդ դեպքում ինձ չէիք հարկադրի մերժել ձեզ։
— Կոմսուհի,— ասավ Դենիսովը խոնարհած աչքերով ու մեղավոր տեսքով, և ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց կմկմաց։
Նատաշան չկարողացավ սառնասրտությամբ տեսնել նրան այդպես ողորմելի, և սկսեց բարձրաձայն հեկեկալ։
— Կոմսուհի, ես մեղավող եմ ձեղ աղաջ,— շարունակեց Դենիսովն ընդհատվող ձայնով,— բայց իմացեք, ես այնպես պաշտում եմ ձեղ աղջկան և ձեղ ամբողջ ընտանիքը, ող եթե եղկու կյանք ունենամ, եղկու կյանքս էլ կտամ…— Նա նայեց կոմսուհուն և նկատեց նրա խսիստ դեմքը։— Դե՛, մնաք բաղով կոմսուհի,— ասավ նա կոմսուհու ձեռը համբուրելով և առանց Նատաշային նայելու, արագ, վճռական քայլերով դուրս եկավ սենյակից։
Մյուս օրը Ռոստովը ճանապարհ դրեց Դենիսովին, որ այլևս չէր ցանկանում մի օր անգամ մնալ Մոսկվայում։ Դենիսովի մեկնելու առթիվ նրա՝ Մոսկվայի ընկերները գնչուների մոտ հրաժեշտի քեֆ սարքեցին նրա համար, և նա չէր հիշում, թե ինչպես սահնակ նստեցրին իրեն և ինչպես անցան առաջին հրեք կայարանը։
Դենիսովի մեկնելուց հետո, Ռոստովը, սպասելով փողի, որը ծեր կոմսը չէր կարող միանգամից հավաքել, երկու շաբաթ ևս անցրեց Մոսկվայում, մնալով տանը, առավելապես աղջիկների սենյակում։
Սոնյան այժմ ավելի քնքուշ ու անձնվեր վերաբերմունք էր ցույց տալիս նրան, քան առաջ։ Նա կարծես ուզում էր ցույց տալ Նիկոլային, որ նրա փող տանուլ տալը մի քաջագործություն է, որի համար նա այժմ նրան ավելի է սիրում։ Բայց Նիկոլայն իրեն անարժան էր համարում Սոնյային։
Նիկոլայն աղջիկների ալբոմները գրոտեց ոտանավորներով ու նոտաներով և, առանց հրաժեշտ տալու ծանոթներից որևէ մեկին, վերջապես Դոլոխովին ուղարկելով 43 հազարը և նրա ստացականն ստանալով, նոյեմբերի վերջին մեկնեց իրենց գնդին հասնելու, որն արդեն Լեհաստանումն էր։
- ↑ Պետք էր ստեղծել նրան։
- ↑ Մինչև վաղը, սիրելիս։
- ↑ Կորեք։
- ↑ Սակայն, սատանան գիտի, նա ինչ ունի այստեղ։
- ↑ Բարեկամս, վախենում եմ, որ այս նախաճաշը վնասի ինձ։
- ↑ Արիություն, հրեշտակս։
- ↑ Ստամոքսս է ցավում, Մարիա, ասեք ստամոքսս է։
- ↑ Աստված իմ, աստված իմ։
- ↑ Ինքնավստահություն։
- ↑ Դեռահասներին։
- ↑ Դեռահաս աղջիկներն ու տղաները։
- ↑ Սիրելի կոմս, դուք իմ լավագույն աշակերտներից եք։ Դուք պետք է պարեք։ Նայեցեք, ինչքան սիրուն աղջիկներ կան։
- ↑ Ոչ, սիրելիս, ես կնստեմ պատի մոտ։
- ↑ Օ, իմ անագորույն սեր…