Բաբայ

Գրապահարան-ից
15:57, 23 Դեկտեմբերի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նամակ

հեղինակ՝ Մկրտիչ Արմեն
աղբյուր՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ»

Հենց որ մտնում էիր բարաք, ուղիղ դռան դիմաց, գտնվում էր Բաբայի քնելատեղը վերին յարուսում։ Նրա իսկական անունն ուրիշ էր, բայց նրան, ինչպես եւ ադրբեջանցի, ուզբեկ եւ ընդհանրապես բահմեդական այլ ծերունիներին ճամբարում անվանում էին նրանց լեզուներից առնված այդ բառով։ Բայց ադրբեջանցի այդ ծերունու նկատմամբ «բաբայն» այդ ճամբարում գործածում էին որպես հատուկ անուն։ Եվ, որպեսզի չշփոթեն ուրիշ «բաբայների» հետ, մյուս ծերունիներին անվանում էին «ծերունի», «պապ», «պապիկ» եւ այլն։

Բաբայի կողքի քնելատեղերը, դարձյալ վերին յարուսում, զբաղեցնում էին եւս երկու ծերունիներ՝ ադրբեջանցի եւ ուզբեկ։ Երբ էլ դուռը բաց անեիր, ուղիղ քո դիմաց, վերեւում, մի շարքի վրա, ծալապատիկ նստած էին երեք ծերունիները՝ ինչպես հավերը թառի վրա։ Նրանց «ակտավորել» էին, այսինքն՝ բուժական հանձնաժողովի «ակտի» համաձայն ազատել աշխատանքից։ Ստանում էին ողորմելի օրապահիկ եւ քարշ տալիս իրենց գոյությունը՝ մրցելով, թե ո՛րը կլինի ավելի հարատեւ՝ գոյությո՞ւնը, թե՞ ժամկետը։

Ժամեր ու ժամեր շարունակ նրանք նստում էին նույն դիրքով՝ լուռ, անշարժ, եւ միայն հացից սարքված երեք թազբեհներն էին թույլ չկչկում նրանց ձեռքերում։ Ուտելիք ստանալու համար գնում էին ոչ թե երեքը, այլ միայն մեկը, հերթով։ Սա վերցնում էր երեքի ժանգոտ կաթսայիկները, կռնչալով իջնում ներքեւ եւ կատարում վաղուց ի վեր բացառությունների կարգը մտած գործողություն, այսինքն՝ քայլում։ Արտաքնոց գնում էին օրական եւ նույնիսկ երկու օրը մի անգամ։ Այնպես, որ համարյա ոչ ոք նրանց տեղերը չէր տեսնում թափուր։ Երբ էլ մտնեիր ներս՝ նրանք նստած էին իրենց տեղերում՝ ինչպես հավերը թառի վրա։

Ծերունիներից ոչ մեկը չգիտեր ռուսերեն կամ մի այլ լեզու։ Խոսում էին իրենց մայրենի լեզուներով, հետեւաբար եւ՝ միայն իրար հետ։ Երկու ադրբեջանցիները, մոռանալով, որ երրորդն ուզբեկ է, մերթ֊մերթ բարկանում էին վրան, որ «ճիշտ չի խոսում», իսկ հաճախ մինչեւ իսկ գործածում է ուղղակի անհասկանալի բառեր։

Ինչպես երեւում էր, նրանք վաղուց ի վեր միմյանց պատմել֊ավարտել էին իրենց անցյալ կյանքի մանրամասնագույն պատմությունները եւ այդ կյանքում տեսած ու լսած բոլոր այլ պատմությունները։ Այժմ այլեւս խոսելու ոչինչ չունեին, ուստի եւ կառչում էին ամեն մի նոր նյութից, որը մատչչլի էր նրանց՝ այդ թառի վրա, րոպեն մեկ բացվող ու ծածկվող դռնից երեւացող նրանց ողորմելի տեսադաշտում…

Թեեւ երեքն էլ քաղաքական կալանավորներ էին, «հհա»֊ի, այսինքն՝ հակահեղափոխական ագիտացիայի համար դատապարտված, բայց եւ այնպես, ուրիշ բարաքներում տեղ չլինելու պատճառով նրանց տեղավորել էին քրեականների հետ։ Քրեականները ոչ միայն չէին վշտացնում նրանց, այլեւ օգնում էին՝ ինչով որ կարող էին․— ճաշի մնացորդ էին տալիս, երբեմն հաց եւ այլն։ Իսկ Բաբային ուղղակի սիրում էին։ Ճիշտն ասած, հենց միայն նրան էին հյուրասիրում, իսկ նա արդեն, իր ստացածը կիսում էր մյուս երկուսի հետ։

Իսկ ինչո՞ւ այդպիսի խտրություն քրեականների կողմից։

Բաբայը նրանց դուր էր գալիս նրանով, որ տեղի, անտեղի հայհոյում էր իր սովորած միակ բառերով՝ «քո մերը…»։ Բարկանար՝ այդ էր ասում։ Ուրախանար՝ այդ էր ասում։ Հատկապես այդ հայհոյանքը լսելու համար քրեականները մոտենում էին նրան, տալիս, օրինակ, մի կտոր հաց։ Բաբայը վերցնում էր, սիրալիր ժպտում եւ շնորհակալական տոնով ասում․

— Քո մերը…

Քրեականները քրքջում էին եւ սիրով նայում այդ ծեր հայհոյախոսին։

Մի անգամ Բաբայը, բոլորի ներկայությամբ, այդպես ասաց նույնիսկ ճամբարի պետին։

Պետը մտավ բարաք,— դա շատ հազվադեպ էր պատահում,— եւ առաջինը դիմելով Բաբային, հարցրեց․

— Ի՞նչպես ես ապրում, յախշի՞։

— Յախշի, քո մերը…— գլխով արեց ծերունին։

Բարաքը դնդաց բարձրագոչ քրքիջից։ Բաբային տարան մեկուսարան եւ տասնհինգ օր պահեցին այնտեղ։ Վերադարձավ նա ավելի նիհարած եւ ծերացած։ Քրեականները շրջապատեցին նրան, սկսեցին հարցեր տալ, իսկ նա իհարկե, ոչինչ չէր հասկանում։ Մեկը դեպի նա երկարեց մի ամբողջ օրապահիկ հաց․

— Կեր, բաբայ, հալից ընկել ես։

Ինչպես երեւում է, մեկուսարանն էլ չէր ընկճել Բաբայի հոգու արիությունը, որովհետեւ նա վերցրեց հացը եւ ասաց տվողին․

— Քու մերը…

Քրեականները վրնջացին հաճույքից, սկսեցին գգվել Բաբային, եւ ամենից շատ՝ հաց տվողն ինքը։ Քնքշությամբ բարձրացրին նրան եւ դրեցին իր թառի վրա։

Հերթական մի էտապով այդ ճամբարը եկավ ադրբեջանցի մի տարիքոտ մարդ՝ Գերմանիայիում բարձրագույն կրթություն ստացած ինժեներ։ Խիստ փոքրամարմին, նա կարծես սեղմված֊կծկված զայրույթ լիներ։ Նրան գազազեցրել էր իր անարդարացիորեն դատապարտված լինելը, եւ նա, առանց քաշվելու, բոլորի ներկայությամբ, ասում էր այնպիսի խոսքեր, որոնցից կփշաքաղվեր իսկական հակահեղափոխականն անգամ։ Նրան անդադար նստեցնում էին մեկուսարան, սաստում, մինչեւ իսկ ծեծում, բայց ոչինչ չէր օգնում։ Չէին ենթարկում դատական նոր պատասխանատվության, քանի որ նա արդեն ուներ ամենամեծ ժամկետը եւ հազիվ թե ողջ֊առողջ անցկացներ դրա մի երրորդը։

Առաջին իսկ օրը, բնականաբար֊ նա անցավ բարաքներով եւ հետաքրքրվեց, թե չկա՞ն արդյոք հայրենակիցներ։ Գտնելով ծերունիներին, նա սկսեց ամեն օր այցելել նրանց։ Կանգնում էր դռան մոտ, պատին հենված եւ, վերեւ նայելով, զրուցում հետները։

Մի անգամ, երբ նրանք զրուցում էին, հնչեց ճաշի զանգը։ Փոքրամարմին ինժեները թույլ չտվեց ծերունիներին իջնել ցած, ինքը վերցրեց նրանց ժանգոտ կաթսաները եւ գնաց ճաշ բերեց նրանց համար։

Ծերունիներն սկսեցին խմել իրենց ճաշը։ Այդ պահին մոտեցավ մի քրեական եւ Բաբային ու մյուս երկուսին տվեց մեկական եփած կարտոֆիլ։

— Քո մերը…— գլխով արեց Բաբայը։

Քրեականը ծիծաղեց, գնաց։

Ադբեջանցի ինժեները սառեց֊մնաց իր տեղում։

— Ամոթ չէ՞, հայրիկ,— բարկացավ նա։— Քեզ կարտոֆիլ են հյուրասիրում, իսկ դու հայհոյում ես անխիղճ կերպով…

— Ո՞վ է հայհոյում,— նրանից ավելի բարկացավ Բաբայը։— Ինչեր ես ասում։

— Դու չասացի՞ր՝ «քու մերը»։

— Իհարկե։ Բա էլ ո՞րտեղ հայհոյեցի։

— Բա դա հայհոյանք չէ՞։ Դու մայր հայհոյեցիր տղային։

— Ի՞նչպես թե մայր…— Բաբայն իր ճաշը դրեց մի կողմ։

— Իսկ քո կարծիքով՝ ի՞նչ է «քո մերը»։

— Դա մեր «սաղ օլ»֊ը չէ՞։ Այսինքն՝ «շնորհակալություն»։

— Խե՜ղճ մարդ…— դառը ծիծաղեց ինժեները։— Ուրեմն հայհոյում ես՝ առանց հասկանալու…

Հանկարծ Բաբայը ծերունավարի թույլ սեղմեց բռունցքները եւ սկսեց ուժեղ հարվածել դրանցով իր գլխին․

— Օ՛յ, ամո՜թ… Օ՛յ, խայտառակությո՜ւն… Ալլա՛հ, ալլա՛հ…

Այժմ նա հասկացավ ամեն ինչ․— ե՛ւ քրեականների հրճվելը, ե՛ւ տասնհինգ օրով իր մեկուսարան ընկնելը… Բայց չէ՞ որ իրենց գյուղում նա ամենապատկառելի ծերունին էր եւ ոչ ոք նրա բերանից չէր լսել ոչ մի անպատվաբեր խոսք։ Ընդհակառակը, երիտասարդները սարսում էին ասել նրա ներկայությամբ որեւէ անպատշաճություն։

«Քո մերը»… Այդ հայհոյանքի համար հներում մարդիկ սպանում էին իրար, իսկ նոր ժամանակներում քիթ ու պռունգ ջարդում միմյանց։ Եվ այդպես էլ պետք էր։ Հայհոյել աշխարհի ամենասրբազան էակին՝ մորը…

Եվ հանկարծ դուրս է գալիս, որ տարիներ շարունակ հայհոյել է նա ինքը՝ իրենց գյուղի ամենապատկառելի մարդը…

Այդ օրվանից քրեականներն այլեւս ոչ մի հայհոյանք չլսեցին Բաբայից։ Մերժելով նրանց հյուրասիրությունը, նա լուռ ձեռքով էր անում՝ «հարկավոր չէ», եւ անդադար նամազ էր շշնջում ինքն իրեն՝ ալլահից թողություն էր խնդրում իր այդքան տարիների հանցանքի համար…

Քրեականները շուտով կորցրին իրենց հետաքրքրությունը Բաբայի նկատմամբ։ Եվս որոշ ժամանակ անց՝ նրանք պահանջեցին վերակարգիչից, որ ծերունիներին փոխադրեն քաղաքականների բարաքը։ Ի՞նչ գործ ունեն նրանք այդտեղ։

Ծերունիներին փոխադրեցին։