Հայկական Թալիբան, վերջնաբանի փոխարեն

Գրապահարան-ից
19:05, 15 Մարտի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հայկական Թալիբան, վերջնաբանի փոխարեն

հեղինակ՝ Ավետիս Հարությունյան
աղբյուր՝ «Գյադաների ժամանակը»

Ռուսաստանը այլ ելք չունի, քան Ադրբեջանի հետ ռազմական դաշինք կնքելը
Ահա եկավ վարձկաններին վերցնելու ժամը: Եւ որոշակի հույս կա, որ սա միաժամանակ կլինի հայ «Գաղթօջախային դիվանագիտության», հայ համայնքային-հայրենակցական-մեռելածին քաղաքական մտքի թաղումը՝ վերջապես:

Ի՞նչ կորուստներով է այս անգամ Հայաստանը դուրս գալու իր ավանդական մեռելապաշտության այս վերջին հարյուրամյակից եւ ինչ եզրակացությունով. դժվար է այս պահին գնահատել, որովհետեւ բուն ցնցումները դեռ առջեւում են: Տեր-Պետրոսյանի նման ռոմանտիկները կարծում են, թե այս անգամ դաս կքաղենք: Ոնց որ թե՝ հերթական անգամ սխալվում են: Եթե Մեծ Եղեռնի նման արհավիրքից անգամ բացարձակապես ոչ մի հետեւություն մեզ համար դուրս չբերեցինք...

Բայց այդ մասին՝ հետո, «Մեզ օդի նման անհրաժեշտ է սեփական թշնամի» հոդվածով: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ նոր տարվա առաջին աշխատանքային տասնօրյակում Հայաստանում մեկնարկեց՝ ոչ, ո´չ թե նախընտրական շրջանը, այլ 98 թվականի հեղաշրջման համար արդարանալու կամպանիան, որի սկիզբը դրեց, բնականաբար, Վազգեն Մանուկյանը՝ մասնակցության իր բաժին մեղքը, այդպիսով, հանձն առնելով (ինչից էլ որ ու ինչ ոգով էլ որ խոսեր), եւ շարունակեց (ինչը ամենահետաքրքիրն է) Նաիրա Մելքումյանը, որը զարգացնում էր Մանուկյանի գլխավոր միտքը, թե հեղաշրջում արեցին, որովհետեւ Լեւոնի իշխանությունը լեգիտիմ չէր: Զգո՞ւմ եք լեյտմոտիվի փոփոխությունը. ոչ թե որ Լեւոնը «ծախում էր Ղարաբաղը», այլ որ՝ թույլ էր: Այս մոտիվը գնալով սաստկանալու է՝ արտաքին քաղաքականության ճակատում տապալված լինելը ավելի ու ավելի ակնհայտ դառնալուն համընթաց, եւ թող զարմանալի չթվա, եթե իշխանափոխության հիմնավորումների սպառման վերջնամասում եւ կործանարար լինելը հանրության գլուխը մտնելու շեմին ապստամբները ապավինեն մանկամտությանը՝ թե Լեւոնին հրաժարականի պարտադրեցին, որովհետեւ մարդամոտ չէր:
Եթե առաջիկայում ուշադիր լինենք, տեսնելու ենք, որ 98-ի հեղաշրջման մոտիվացիան գնալով Ղարաբաղի հարցից հեռացվելու, տարվելու է դեպի սոցիալական վիճակի (այն ժամանակվա, որ այսօրվանը լրագրողները մոռանան- ժողովուրդը չի մոռանում ոչ մեկը) թելադրությունների ոլորտը: Նաիրային ու Վ.Մանուկյանին այդ հարցում միանալու են (հերթականությունը ասել չեմ կարող), Արկադիան, Արտաշ Թումանյանը, Արտաշ Գեղամյանը, Գառնիկ Անանյանը, մի քանի՝ սոցիալականի մեռած դաշնակ դասախոս Համալսարանից, մի տասնյակ դոկտորներ ակադեմիայից՝ քյավառա Ազատ Եղիազարյանի գլխավորությամբ, մի դասակ հին ու նոր կոմունիստ պատգամավորներ պառլամենտից՝ Սերժի ձեռնասուն, պոլի շորի նման առօրյա պետքերի Մերզիկը՝ ռամկավար դարձած դախ կոմսոմոլների շինջոկատով, եւ, իհարկե, թանաքի ծծանի նման ձեռքի տակ լինող Հայրիկյանը: Եւ իհարկե Սիլվան: Լյուդմիլան, Ժաննան, Ֆլորան, Նառան, Իռան, Քիսոն...
«Ղարաբաղը ծախելու» մոտիվը թուլանալու է, որովհետեւ արտաքին քաղաքական օղակի՝ արդեն խեղդող սեղմումի տակ դադարելու է աշխատել, ու երեւալու է, ամենայն ակնհայտությամբ, որ Ղարաբաղը «պահողները» ահա չորս տարի դրած նաղդով ծախում են այն: Եւ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանի մարդկային, բարոյական, քաղաքական, ռազմական ռեսուրսները անամոթաբար ծախում են՝ բլոկով, կանիստրով, կարատով եւ այլն: Ղարաբաղը՝ Ադրբեջանին, Հայաստանի ռեսուրսները՝ քամուն, եւ, որքան էլ բանալ է ստացվում, փողը մնում է իրենց: Ողբերգությունն ու զավեշտը, ինչպես կյանքում, միահյուսված են լինում քաղաքականության մեջ: Այս չորս տարին հարյուր-հազարների համար անձնական ողբերգություն եղավ, տասնյակ մարդկանց կյանք արժեցավ, հարյուրավորների քաղաքական կարիերան փչացավ, նոր հարյուրավորներ էլ սկսեցին ամեն շաբաթ եղունգները կտրել, մի տասնյակ մարդ էլ բիրդան հարստացան անհավատալի չափերի:
Ոչ թե իմ ու քո հաշվին, ինչի մասին երեսանց բղավում են Արշակն ու Արտաշը: Ոչ: Դա ժամանակավոր անհարմարություն է հայաստանցիներիս համար: Այլ՝ Ղարաբաղի կորստյան գնով: Իսկ ստեփանակերտցի Նաիրան եկել Երեւանում խոսում է Տեր-Պետրոսյանի լեգիտիմությունից: Վատ նանար չեն ընտրել, ես ձեզ ասեմ, այդ դերի համար: Բայց բավականաչափ անհաջող է ընտրված արդարանալու կամպանիայի ստարտի երկրորդ դեմք Վազգեն Մանուկյանը: Բացի այն, որ օբյեկտիվորեն սուբյեկտիվ կողմ է, ինչ էլ որ խոսի, դեռ մի բան էլ հոգուն մեղք է անում՝ 96 թվականի ձախողված հեղաշրջման մեջ արյուն չթափելու հանգամանքի պատիվը իրեն վերագրելով:
Ընդհակառակը, այդ ինքն էր շահագրգռված, որ արյուն թափվի, եթե անգամ հազար անգամ երդվի, որ չէր ուզում: Կամ՝ միամիտներիս համոզի, որ չէր ուզում: Այդ իշխանության համար էր արյունը վտանգավոր: Մոռանում ենք, որ միայն վերջին տարիներին ենք հայաստանցիներս զարմանքով նկատել, որ արյունը ամրապնդում է իշխանությունը, գոնե՝ առժամանակ: Այն ժամանակ բոլորովին հակառակ համոզմունքն ունեինք բոլորս: Այնպես որ, արյունը իշխանությանը պետք չէր, եւ նա ապահովեց, որ արյուն չթափվի: Ճիշտ է, մի քիչ էլ նախախնամությունը իրենց կողմից եղավ: Ի դեպ, լեգիտիմության եւ 96 թվականի ռեյտինգների մասին: Ահա թե ինչ են գրում մեր նախագահական ընտրությունների նախօրյակին ռուսական կառավարական շրջանակներին մոտ կանգնած քաղաքական վերլուծաբանները («Նացիոնալնայա սլուժբա նովոստեյ»):
Ուրեմն, ռուս քաղաքական վերլուծաբանները 96 թվականի նախագահության մեր թեկնածուների հնարավորությունները այսպես են գնահատում. «Հիմա քչերն են կասկածում ներկա նախագահի հաղթանակին, որը ընտրողների մեծամասնության մոտ եւ ներհայաստանյան քաղաքականության մեջ կարողացել է առաջատար դիրք գրավել: Դրա համար էլ նրա ախոյանների կողմից նրան առաջադրվող պրետենզիաները միայն որոշակի քաղաքական դիրքեր պահելու հայտ եւ միջոց է դիտվում: Դրանով են, ըստ երեւույթին, առաջնորդվում նաեւ ակնհայտ աուտսայդերներ Բադալյանը, Հայրիկյանը, Սարգսյանը, Աղալովյանը»: Որպեսզի վերոգրյալը մասնավոր մեկի սուբյեկտիվ կարծիք չհամարենք կամ դաշնակից երկու երկրներից մեկի կառավարության կանխակալ ու կանխորոշող (Ռուսաստանի դեպքում) կարծիքը, ուշադրություն դարձնենք հետեւյալ առանցքային մտքին. «Հայաստանի պարագային (հոդվածը ընդհանրապես Կովկասի մասին է - Ա.Հ.) Ռուսաստանի գլխավոր քաղաքական շահը այն է, որ պահպանվի դաշնակից երկրի քաղաքական ռեժիմի կայունությունը»:
Իսկ ինչո՞վ պիտի ռուսական կառավարությունը նպաստի դաշնակից երկրի քաղաքական ռեժիմի կայունությանը: Ամենեւին էլ ոչ եղած իշխանությունը պաշտպանելու միանշանակորեն, այլ «ուշադիր եւ բարյացակամորեն հետեւելով Հայաստանում ընթացող պրոցեսներին», որովհետեւ, համոզված են Ռուսաստանում, «Գործող համաձայնագրով նշագրված երկկողմանի հարաբերությունների ուղղվածությունը, ամենայն հավանականությամբ, զգալի փոփոխություն չի կրի առաջիկա ընտրությունների ցանկացած ելքի դեպքում»: Ահա այս վերջին համոզմունքը առավել քան համոզիչ է դարձնում ռուս վերլուծաբանների՝ Հայաստանի 96 թվի նախընտրական շրջանի համակրությունների եւ հակակությունների պատկերի գնահատման օբյեկտիվությունը: Այդ սկզբունքին հետեւելով եւ այդ գնահատականն ունենալով, սակայն, ռուսական կողմը կուզենար, որ «եթե Տեր-Պետրոսյանի ընկեր-ախոյանները ընտրություններում հավաքեն ձայների նշանակալի մասը, ապա նրանք շանս կստանան վերադառնալ իշխանության կառույցները, որը, պիտի ենթադրել, պոզիտիվ ազդեցություն կունենա հայկական պետականության ամրապնդման տեսակետից:
Բազմաթիվ դեմոկրատական երկրների զարգացման փորձը ցույց է տալիս, որ դրանց ներքաղաքական կայունությունը ուղղակիորեն կախված է քաղաքական վերնախավում եւ իշխանական կառույցներում բոլոր հիմնական հասարակական կառույցների եւ դրանց ներկայացուցիչների մասնակցության աստիճանից»: Թող ներվի ինձ ծավալուն այս մեջբերումը: Համենայն դեպս, կողմնակի հայացք է ու ավելի ձանձրալի չէ, քան Վ.Մանուկյանի յոթնամյա նաղլը՝ իր չստացված ձայների մասին: Եւ պակաս հուսահատեցնող է, քան մանկական վերկուսակցական խանդավառությունը Լյովիկ Զուրաբյանի, որով նա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր սոցիոլոգ կարգեց կենսագրությամբ, խասյաթով, անատոմիայով, ուղնուծուծով սկաուտ եւ դաշնակցական Նաիրի Բադալյանին՝ 1996 ընտրական տարում: Ինչպես եթե...
Բայց անպատկերացնելին ես ինչպես նկարագրեմ: Չեմ ուզում խորանալ «խլուրդ»-ական-լրտեսական դատողությունների մեջ, բայց պարզագույն մի կանոն՝ քաղաքական ասեմ, ազգային ասեմ, համակեցություն ասեմ, թե պարզապես կենցաղային, կա մի այդպիսի կանոն կամ օբյեկտիվ ռեալություն, որ համաձայնությանը նախորդում է հանդուրժողականությունը, ինչպես հաշտությանը զինադադարն է նախորդում: Դա վերաբերվում է մարդկային գործունեության անխտիր բոլոր ոլորտներին: Պատկերացրեք, որ նույնիսկ ներազգային հարաբերությունների ոլորտին: Որովհետեւ բնությունը իր օրենքները չի փոխում, ըստ այնմ, թե ոլորտը սուրբ է, սրբազան է, թե ինչ շանոտնուգլուխ է: Թռչելուց առաջ, եթե անգամ ազգային երկպառկտչության վրայով ես թռչում, պետք է ասել՝ «հոպ»: Բայց սա՝ ապագայի համար:
Իսկ այն ժամանակ սկսնակ սոցիոլոգ (հասկացություն, որը Հայաստանում ասոցիացվում է արդեն խարդախ բառի հետ) Բադալյանը (հետագայում՝ կասկածյալ), որը իր հասարակական, քաղաքական, աշխատանքային կենսագրությունը սկսել էր սկաուտական բանակումներում եւ նոր ձեւավորվող դաշնակցական լրատվական ցանցում, 96-ին, հանկարծ, դառնում է Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կարեւորագույն դեմքերից մեկը, որովհետեւ Զուրաբյանը դառնում է, փաստորեն, ընտրությունների՝ մամուլի գծով պատասխանատուն: Իսկ որտեղ ենք տեսնում սույն Բադալյանին իր սեւ գործը անելուց հետո, 98 թվականին...
Ապրես, Վազգեն Սարգսյանի աշխատակազմում, որպես քաղաքական ու ռազմավարական վերլուծությունների (ռազմախին նայեք) խմբի ղեկավար՝ մտքի տիտան Շիրխանյանի ենթակայության տակ: Եւ այդ ժամանակներում է, որ բուռն ծաղկում է ապրում Նաիրի Բադալյան- մանր սոցիոլոգի գործունեությունը: Երբ ամեն ամիս հարցումներ է անցկացնում՝ նախապես կուսակցություններից կանխավճար հավաքելով եւ ամսվա վերջում ամենքին մի քանի ռեյտինգ գրում տալիս: Անշուշտ, ամենաշատ տոկոսը՝ Դաշնակցությանը: Բայց դառնանք 96-ին: Անշուշտ, ժողովրդային տրամադրությունները իմանալու միակ աղբյուրը Տեր-Պետրոսյանի համար Ն. Բադալյանը չէր՝ Դաշնակցության հետ: Բայց ճակատագրի հեգնանքն այն է, որ երկրորդ աղբյուրը Սերժ Սարգսյանի ղեկավարած Ազգային անվտանգության ծառայությունն էր: Արդեն կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե գործող նախագահի թիմը ապատեղեկատվության ինչ պաշարով եւ ինչ տրամադրությամբ էր գնում դեպի նախագահական ընտրությունները: Բայց կար համակրությունների եւ հակակրությունների մի այլ պատկեր, ինչի մասին ընտրություններից ամիսներ առաջ գիտեր նաեւ ռուսական իշխանությունը: Իսկ թե ռուսական կողմը տեղյա՞կ էր պահել, թե՞ ոչ Տեր-Պետրոսյանին՝ իր ուսումնասիրությունների մասին, մենք չգիտենք: Մենք նաեւ չգիտենք ՑՐՈՒ-ի մատուցած տեղեկությունը, որը պիտի որ շատ չտարբերվեր Նաիրի Բադալյանի հրամցրած պատկերից:
Հիմա անլեգիտիմության հին երգը նորից քաղաքական բեմ է ելնում. ինչո՞ւ: Պետք չէ շատ առաջ ընկնել եւ եզրակացնել, որ սկսվել է նախագահական ընտրությունների նախաշրջանը, թեեւ հակառակը պնդելն էլ խոհեմ չի լինի: Իհարկե, Քոչարյանը, համենայն դեպս, պատրաստվում է ընտրություններին եւ, բնականաբար, գտել ու ֆիքսել է իր բուն հակառակորդին՝ Տեր-Պետրոսյանին: Զարմանալի կլիներ, եթե նա Արտաշին կամ մեկ ուրիշի լուրջ ընդուներ եւ մեկուկես տարի առաջ կամպանիա սկսեր, ինչը (վաղ սկսելը) հղի է փուստ-ստարտի վտանգներով: Նա պետքը չունի վաղ սկսելու: Նրան Վազգենի եւ Նաիրայի կամպանիան պետք է նախ այսօրվա քաղաքական վիճակի թելադրանքով:
Արտաքին քաղաքական: Ներսում նա խնդիր չունի, հատկապես որ կեղծելու տարբերակը կա: Նման դեպքում, եթե հույս էլ չունեն ընտրություններին հասնելու, համենայն դեպս, նախընտրական կամպանիայի իմիտացիա անում են: Այլապես թիմը սխալ կհասկանա եւ ժամանակից շուտ կլքի պատրոնին: Դա արվում է ոչ միայն համակիր լոխերի համար, այլեւ մերձավորագույն զինակիցների: Բայց իշխանության բիրտ բնույթն է այդպիսին: Քնքշություն ակնկալեք ձեր սիրուհիներից: Եւ ուրեմն, Քոչարյանն այսօր ձեռքն է առել երկսայրի մի բան: Կհասնի՞ ընտրությունների, կօգտագործի Լեւոնի դեմ, չի հասնի... օգտագործում է արդեն այսօր: Այսօրվանից: Ամենահավանական զարգացումների դեպքում նա պիտի հեղաշրջման համար արդարանալու բավականաչափ պաշար կուտակած լինի: Կասկածելի ճանապարհ է, եւ Մանուկյանին էլ հատակն է տանում հետը: Ամենայն հավանականությամբ, անգիտակցաբար է անում, ինչպես շատուշատ բաներ, որ արել է այս տարիներին: Բայց Մանուկյանը ինչո՞ւ է Քոչարյանի քարը իր վզին կապել: Որովհետեւ Վազգենը իր տարերքի մեջ է: Նա բլեֆ է անում: Իսկ այս ողջ իրարանցման պատճառն այն է, որ Ռուսաստանին այսօր այլ բան չի մնում անելու, քան ռազմական Դաշինք կնքելը Ադրբեջանի հետ: Կենտրոնական Ասիայում ամերիկացիների հիմնավորվելուց հետո:
Մոսկվայում Բաքվի հետ ստորագրված համաձայնագրի մանրամասները էական չեն: Ամենայն հավանականությամբ, այն կիսով չափ էլ պատկերացում չի տալիս այն գեոպոլիտիկ զարգացումների մասին, ինչի հոտը առել է դաշնակցությունը եւ ինչը օբյեկտիվ պատճառներով դեռ չի հասկացել ռամկավարների Թերմաշը: Կարծեմ ուղիղ մեկ տարի առաջ մենք ենթադրել էինք, որ ԱՄՆ-ը շուտով բանակցություններ կսկսի Թալիբների հետ: Թալիբների հետ, թե առանց Թալիբների, ամերիկացիները մտնելու էին Աֆղանստան անխուսափելիորեն, որովհետեւ տարածաշրջանում քաղաքական ամեհի վակուում էր գոյացել, ինչը լիցքաթափելու համար ռուսները արդեն ուժ չունեին, Չինաստանը՝ դեռ չուներ: Մնում էր Ամերիկան: Ինչը եւ եղավ: Ամերիկացիները, ի վերջո, Կովկասում ռուսներին թեթեւակի վրաքաշ անելով՝ մտան Կասպից ծովի եւ Իրանի թիկունքը՝ էֆեկտիվ նրբագեղությամբ, եթե այս տերմինը, իհարկե, օգտագործելի է ռազմաքաղաքական օպերացիաների դեպքում:
Դա Ռուսաստանի համար չարյաց փոքրագույնն էր՝ համեմատած Չինական ապագա հնարավոր ներխուժման հետ: Այդ պատճառով էլ ռուսական կողմի առարկությունները ճարահատյալ են: Ամերիկացիները միայն առիթ չունեին, ինչը ձեռք բերեցին սեպտեմբերի 11-ին: Չլիներ սեպտեմբերի 11-ը, կլիներ դեկտեմբերի՝ կարեւոր չէ քանիսը, կամ չգիտեմ որ ամսի որեւէ օր: Մեզ վերաբերվող մասով հակատեռորիստական կամպանիայի նշմարվող զարգացումներից եւ դասերից մեկն այն է լինելու, որ Կոալիցիան չի կարող տեւական ժամանակ այսպես ստորացված վիճակում թողնել մահմեդական աշխարհին, եւ որ այդ աշխարհի կողմից Ամերիկային հասցեագրվող գլխավոր՝ երկակի ստանդարտով առաջնորդվելու մեղադրանքը մեղմելու համար մոտ ապագայում Կոալիցիան պատժելու է նաեւ քրիստոնյա մի կարգազանց տարածք:
Իսկ այդպիսին, ըստ ամենայնի, Հայաստանն է: Հատկապես, որ վերջին 10 տարում քիչ «ավանդ» չենք ներդրել մահմեդական աշխարհի հասարակական կարծիքում երկակի ստանդարտի գոյության համոզմունքի ձեւավորման գործում: Այնպես որ, քավության նոխազը չէ, որ փնտրելու են: Եւ ահա թե վերջում ինչ է ստանում «լավ ժամանակներին սպասելու» քաղաքականությունը՝ մասնավորապես, եւ այդպիսի կենսաձեւը՝ ընդհանրապես: Եւ մինչ թոթովախոս աղամալյանները-աղալովյանները հին ղալմաղալն են քոքել Հյուսիս-Հարավ անմտության մասին (պատեֆոնի երանավետ ժամանակներում կտտոցով ասեղը ակոսից դուրս գցելու հնարավորություն կար), ռուսական մեծագույն նավթային ընկերությունը արդեն ակնհայտորեն միանում է Բաքու-Ջեյհան գծին. մնացածը մասնակցության տոկոսի բազարն է: Եթե անգամ լուրջ ընդունենք Հյուսիս-Հարավ «օսը», ի՞նչ կապ ունի դա հայերիս հետ: Ռուսաստանը իր «օսը» անց է կացնում որտեղով ասես, բայց ոչ երկայնությամբ Գյուլնազ տատի հեքիաթ Իրան-Հայաստան գազամուղի, որը այս քաղաքականության պայմաններում, քանի դեռ Ռուսաստանի ընդերքում գեթ մեկ բալոն գազ կմնա, չի իրագործվի: Իսկ այդ թեմայով Օսկանյան-Քոչարյանի հակառուսական շանտաժը վատ կվերջանա: Հայտնի է, թե ինչով է ավարտվում թույլի շանտաժը-լավագույն դեպքում՝ ապտակով:
Անցած տարի, երբ Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալը Ադրբեջանում բանակցություններ էր վարում Ռուսաստանը Ադրբեջանի ու Իրանի վրայով հարավային ծովերին կապող երկաթուղու պակասող 300 կիլոմետր հատվածը կառուցելու մասին, նույն օրերին նույն Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարարը Երեւանում հայտարարեց, թե՝ «Պատմականորեն հնարավոր չէ, որ ռուսական գազը Թուրքիա մտնի Հայաստանով»: Ոչ թե աշխարհագրորեն, ոչ թե քաղաքական պատճառաբանությամբ, եւ ոչ էլ տնտեսագիտական, այլ շիփշիտակ՝ «պատմականորեն»: Իհարկե, նա ուզում էր ասել եւ կարող էր ասել՝ պաթոլոգիայի բերումով: Հայկական պաթոլոգիայի: Ո՞վ պիտի ասեր ապուշը դու ես: Հո ինքը ուղիղ չէր ասել՝ ապուշ: Ռուսները Թուրքիա ու Բալկաններ գազը անց են կացնում Սեւ ծովի տակով, Ռուսաստան-Թուրքիա ավտոուղին անցնում է Վրաստանով, ծովային ուղիները, բնականաբար, Սեւ ծովով եւ Կասպից ծովով, իսկ երկաթուղին էլ, ահա, Ադրբեջանով: Որից հետո Ռուսաստանի ու Վրաստանի համար գոնե անիմաստ է դառնում Ջուլֆայի երկաթուղային հանգույց ու Մեղրու երկաթուղին՝ այսինքն, հայկական երկաթուղու տրանզիտային նշանակության առնվազն կեսը: Եւ Հայաստանը դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու:
Եւ որպեսզի հայ ժողովրդի պատմական հիշողությունը շատ չվիրավորվի թուրքերի հետ ավելորդ շփումից, Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը Թուրքիայի հետ շփվի օդով, ապագայում, Մեծամորի հոսանքի լարերով: Ու դեռ Արամը (ճիշտ է՝ անվստահորեն) գրում է, թե՝ «հայ-ռուսական հարաբերություններում տնտեսական գործոններն են աշխատում, ոչ թե քաղաքական»: Իսկապես որ, Ռուսաստանը նոր լարեր հո չի քաշելու (շուկայական տնտեսության այս դարում) Կրասնոյարսկգէսից մինչեւ Էրզրում, եթե Մեծամորի ատոմակայանը հրես՝ Թուրքիայի սահմանի վրա, հայերի պատմական հիշողությունն էլ (ու բարգավաճելու շանսը՝ հետը) հուր-հավիտյան մեկուսացված ռուսական սահմանապահ զորքով: Միայն ապշել կարելի է, թե մի ժողովրդի ազգային զգացմունքները ինչ աստիճանի շուկայական արժեք ունեն մի այլ ազգի համար: Առավել ապշելունն այն է, որ հայերի գործնականության մասին առասպելը ամեն անգամ իրականության հետ շփվելիս հօդս է ցնդում: Հայությունը իրեն ավելի ապահով զգում է անցյալի մեջ, ուր ամեն ինչ տեղի ունեցել-վերջացել է, եւ որեւէ բան որոշելու անհրաժեշտություն չկա: Բայց ամբողջ ցավն այն է, որ ուրիշները ամեն պահ որոշում են ընդունում (այդպիսին է մարդուս բնույթը): Եւ որոշում ընդունողները ընդունում են նաեւ նրանց փոխարեն, ովքեր որոշում ընդունելու ընդունակություն կամ խիզախություն չունեն:
Եւ իհարկե, այդ որոշումները մեր մասով լինում է անցնող-դարձողի որոշումը՝ ճանապարհին ընկած քարի մասին: Մեկը վերցնում դնում է ճամփեզրին, մեկը ոտքի թաթով շպրտում է հեռու՝ նայած իր ուժին ու քարի չափսին: Որպեսզի համեմատությունների ցուցակը լիովին սպառենք եւ Հայաստանի այսօրվա անապահովությունը ավելի հստակ տեսնենք, դիմենք ռուս գրողին, հատկապես, որ այդտեղ հիշատակվում է նաեւ Փարիզը (առանց Քի Վեսթի): Մամին Սիբիրյակի վեպի հերոսը իր՝ Փարիզ ճանապարհ ընկնող ցանցառ ազգականուհուն խորհուրդ է տալիս. «Չլինի՞ թե Փարիզում մտքովդ անցնի ֆրանսերեն խոսես, որովհետեւ քո ֆրանսերենը նույնն է, ինչ ձիու քայլքը սառույցի վրա»:
Չպատկերացրի´ք: Դա ներելի է: Եւ ուրեմն, քանի որ Վարդանանց պատերազմին հայ այրուձիի՝ Կասպից ծովը շրջանցելով դեպի Հայաստան մարշ-բրասոկից հետո հազիվ թե ձիերը մեր կյանքում լուրջ նշանակություն ունեցած լինեն եւ հարստացրած լինեն մեր սոցիալական փորձառությունը, ինչից պիտի բխեր մեր երեւակայությունը, կանգ առնենք մեզ քաջածանոթ կենդանու պատկերի վրա՝ նույն սառույցին: Սառույցը միջազգային քաղաքականության ասպարեզն է, էշի չռված չորս ոտքերը՝ Քոչարյանը, Սերժը, Օսկանյանը, Վահանը: Եւ քանի որ իշի՝ գլուխ ունենալ-չունենալը մի հաշիվ է, մնում է մեզ իդենտիֆիկացնել մնացած մասի հետ: Հետեւաբար, էշի իրանն էլ Հայաստանն է, այսինքն՝ մենք: Սառույցի վրա: Գրեթե պատկերացրիք: Եւ ահա քիչ չէ այդ էշը այդ վիճակում է, մի բան էլ Հունաստանը, Իրանը, Սփյուռքը, Ռուսաստանը խեղճ հայվանին բզում, բրթում ու քաշքշում են՝ չորսով մի ուղղությամբ: Ուղղությունը կարեւոր չէ, որովհետեւ էշը քայլ անել չի համարձակվում, այլ չռված ոտքերով սողում է սառույցի վրա: Դեռ որ սղղում է: Հիմա պատկերացրի՞ք: Հիմա նույնիսկ կոմպլեմենտարիզմը պատկերացրիք: Բայց Հյուսիս-հարավի նաղլը ավարտենք:
Եւ այսպես, տարածաշրջանի կոմունիկացիների անցուդարձին հեռվից նայող Հայաստանին մի բան, այնուամենայնիվ, նմում է, որ Հայաստանը քրիստոնեական սիրուց դրդված Ռուս-Բելոռուս Միության հետ կապվի... օդով: Վրաստանի օդով անցնող հայ քաղաքական բթամտության չժանգոտող պողպատե լարով: Այս էլ ձեզ՝ Հարավ-Հյուսիս առանցք: Ահա եւ ձեզ կոմպլեմենտարիզմը գործողության մեջ: Ահա եւ ձեզ Ցեղասպանության դատապարտում՝ կենդանի երկրի փոխարեն: Փաթեթային տարբերակն էլ՝ վերադիր: Այսպես ավելի շուտ կմոտենանք Հայաստանը փաթեթավորելուն: Կամ՝ Զմռսելուն: Բայց ուրիշ ի՞նչ աներ Ռուսաստանը, եթե Հայաստանը անմիտ քարի նման ընկած է Հարավի ու Հյուսիսի, Արեւմուտքի ու Արեւելքի ճանապարհին: Ի՞նչ է լինում պարտիզպանի շան կամ դեզի վրա նստած շան հետ, որը ոչ ինքն է ուտում, ոչ ուրիշին է մոտ թողնում: Պարտիզպանի շան հետ լինում է այն, որ կա´մ սովից սատկում է, կա´մ տալիս սատկացնում են: