Մառախուղը

Գրապահարան-ից
19:03, 6 Նոյեմբերի 2015 տարբերակ, Շրյոդինգերի կատու (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մառախուղը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Մի անգամ, թագուհու ծննդյան օրը Մառախուղը իջավ Լոնդոնի վրա։ Շատ էր ուզում տեսնել զինվորական շքերթը։ Բայց հենց որ իջավ Լոնդոնի վրա, թագուհին գեներալին ասաց․

— Ստիպված ենք հետաձգել այսօրվա շքերթը։ Մառախուղ է։

Եվ այսպես կրկնվում էր ամեն անգամ, երբ Լոնդոնի վրա իջնում էր մառախուղը։

Մառախուղը շատ էր վշտանում․ նա վաղուց երազում էր տեսնել շքերթը, բայց ի՞նչ կարող ես անել, երբ ամեն անգամ Լոնդոնի վրա հայտնվելիս, թագուհին ասում էր․

— Շքերթը հետաձգվում է։

Իսկ Բուքինհեյմյան պալատի արքայական գահի տակ ապրում էր Սմոքի անունով մի կատու։ Նա շատ խղճաց Մառախուղին եւ որոշեց օգնել նրան։ Երբ մոտենում էր թագուհու ծննդյան օրը, Սմոքին Մառախուղին մի նամակ գրեց․

Պալատ
Արքայական գահի տակ
երեքշաբթի

Թանկագին Մառախուղ,
քեզ սպասում եմ երեկոյան, պալատի մոտ։

Քեզ հավատարիմ՝
Սմոքի

Այդ երեկո, քնելուց առաջ, թագուհին Բուքինհեյմյան պալատի ետնամուտքից կատվին բաց թողեց փողոց, իսկ ինքը գնաց ննջարան։ Ու դեռ Սմոքին չէր հասցրել երեք անգամ մլավել, երբ Մառախուղն իջավ Լոնդոնի վրա։

— Ես շատ եմ ուզում շքերթը տեսնել,— խոստովանեց Մառախուղը։— Բայց իմ պատճառով ամեն անգամ շքերթը հետաձգում են եւ ինձ երբեք չի հաջողվում տեսնել։

— Ես մի բան եմ մտածել,— ասաց Սմոքին։— Վաղը դու եկ այն ժամանակ, երբ զինվորները արդեն շարված կլինեն շքերթն սկսելու համար։ Քեզ տեսնելուն պես գեներալը կասի․ «Ձերդ մեծություն, նորից Մառախուղ է։ Շքերթը հետաձգե՞նք»։

— Այո, այո, նա հենց այդպես էլ կասի,— հառաչեց Մառախուղը։

— Ու մինչեւ թագուհին պատասխանի․ «Շքերթը հետաձվում է», դու մլավիր։

— Լավ,— ասաց Մառախուղը։— Միայն թե մլավել չգիտեմ։ Սմոքին նրան մլավել սովորեցրեց, թեեւ դա այնքան էլ հասարակ բան չէր։

Հետեւյալ օրն առավոտյան, երբ զինվորները շարվել էին շքերթն սկսելու համար, գեներալը դիմեց թագուհուն․

— Ձերդ մեծություն, հետաձգե՞նք շքերթը։ Տեսնո՞ւմ եք, Մառախուղ է։

— Որտե՞ղ,— հարցրեց թագուհին։

— Այնտեղ,— պատասխանեց գեներալը, մատնացույց անելով Մառախուղին։

Այդ պահին Մառախուղը մլավեց։

— Օ՜հ, գեներալ,— ասաց թագուհին։— Մի՞թե կատվին չեք տարբերում Մառախուղից։ Ես լսեցի նրա մլավոցը։ Ոչ մի դեպքում մի հետաձգեք շքերթը։


Մառախուղը այսպիսով, ի վերջո, տեսավ շքերթը։ Նա շատ գոհ մնաց, իսկ հետո վերադարձավ Ուելսյան իր հայրենի լեռները։ Ճիշտ է, լեռները առանց նրա ներկայության էլ մառախլապատ էին, բայց դրա փոխարեն Մառախուղն այնտեղ մենակ չէր ու չէր ձանձրանում։

Եվ մի անգամ թագուհին նրան նամակ գրեց․

Պալատ
Հունիսի 1

Թանկագին Մառախուղ,
Մի շտապիր վերադառնալ։

Անկեղծ զգացումներով՝
քո՝
Թագուհի

Իսկ Մառախուղը պատասխանեց․

Ուելս
Ուրբաթ

Ձերդ մեծություն,
ինձ այստեղ էլ լավ եմ զգում։ Իսկ շքերթը շատ հավանեցի։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք շքերթը դիտել։

Ձեր հավատարիմ՝
Մառախուղ
Բարեւեք Սմոքիին։

Թագուհին ոչինչ չկարողացավ հասկանալ։

— Սմոքի,— հարցրեց նա կատվին, կռանալով գահի տակ,— այդ ե՞րբ է Մառախուղին հաջողվել դիտել շքերթը։

Բայց Սմոքին միայն մռռացրեց։

Չէ՞ որ դա գաղտնիք էր։