Յո՞ երթաս

Գրապահարան-ից
04:21, 10 Մարտի 2019 տարբերակ, Veronica Bokhchalian (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Յո՞ երթաս

հեղինակ՝ Հենրիկ Սենկևիչ
թարգմանիչ՝ Ստեփան Լիսիցյան
աղբյուր՝ http://elib.ovanitas.com/


Բովանդակություն

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԳԼՈՒԽ Ա

Պետրոնիոսը զարթնեց հազիվ կեսօրին մոտ և ինչպես միշտ՝ շատ հոգնած։ Նախորդ օրը նա Ներոնի մոտ խնջույքի էր, որ տևել էր մինչև ուշ գիշեր։ Վերջերս նրա առողջությունը սկսել էր վատանալ։ Ինքն ասում էր, որ առավոտները զարթնում է կարծես թե թմրած և չի կարողանում մտքերը հավաքել։ Բայց առավոտյան բաղնիք ընդունելը և մարմնի եռանդուն մաժումը, որ կատարում էին այդ բանին վարժեցրած ստրուկները, կամաց֊կամաց արագացնում էին նրա ծույլ արյան հոսանքը, կազդուրում էին նրան, զարթեցնում և վերադարձնում էին նրա ուժերը, այնպես որ դեռ ոլեոտեկիոնից, այսինքն՝ բաղնիքի վերջին բաժանմունքից նա դուրս էր գալիս կարծես թե վերածնված, սրամտությամբ և խնդությամբ փայլող աչքերով, երիտասարդացած, կյանքով լի, վայելչադեմ, այնչափ անհասանելի, որ ինքը Օթոնը չէր կարող նրա հետ համեմատվել, ի՛սկ որ, ինչպես նրան անվանում էին, arbiter elegantiarum - «ճաշակի օրենսդիր»։

Հասարակաց բաղնիքներում նա սակավ էր լինում, այն էլ երբ երևան էր գալիս զարմանք գրգռող մի որևէ հռետոր, որի մասին ամբողջ քաղաքը խոսում էր, կամ երբ եփեբեոններում[1] տեղի էր ունենում մի առանձնապես հետաքրքրական մրցում։ Վերջապես, նա իր ինսուլայում[2] ուներ սեփական բաղնիք, որը Սևերոսի հռչակավոր ընկերակից ճարտարապետ Կելերը ընդարձակել էր նրա համար, վերանորոգել և սարքել այնպիսի արտասովոր ճաշակով, որ Ներոնն ինքը խոստովանում էր կայսերական բաղնիքից նրա գերազանց լինելը, թեև կայսերականը ավելի ընդարձակ էր և սարքված էր անհամեմատ ավելի մեծ ճոխությամբ։

Երեկվա խնջույքին նա, ձանձրանալով Վատինիոսի հիմարաբանություններից, Ներոնի, Լուկանոսի և Սենեկայի հետ միասին մասնակից էր եղել այն վեճին, թե արդյոք կինը հոգի ունի՞ Եվ ահա այժմ, ուշ վեր կենալով, իր սովորության համաձայն լվացվում էր բաղնիքում։ Երկու հաղթանդամ բալնեատորներ՝ բաղնեպաններ, նոր էին դրել նրան ձյան նման սպիտակ եգիպտական բեհեզով ծածկված նոճյա սեղանի վրա և անուշահոտ յուղի մեջ թաթախած ափերով մաժում էին նրա վայելչակազմ մարմինը. իսկ նա, աչքերը խփած, սպասում էր, որ լակոնիկոնի[3] տաքությունը և մաժողների ձեռքերի ջերմությունն իրեն անցնի և ցրի հոգնածությունը։

Բայց մի փոքր անց նա խոսեց և աչքերը բաց անելով սկսեց հարց ու փորձ անել եղանակի, ապա այն ակնեղենի մասին, որ Եդոմենես ակնավաճառը խոստացել էր իրեն ուղարկել այսօր՝ նայելու։ Երևաց, որ եղանակը գեղեցիկ է, Ալբանոյի լեռներից թեթև հով է փչում, և որ ակնեղենը դեռ չեն բերել։ Պետրոնիոսը նորից աչքերը խփեց և պատվիրեց, որ իրեն տեղափոխեն տեպիդարիոն[4], երբ վարագույրի ետևից ներս նայեց նոմենկլատորը[5] և հայտնեց, որ Փոքր Ասիայից նոր վերադարձած երիտասարդ Մարկոս Վինիկիոսը եկել է նրան այցելելու։

Պետրոնիոսը հրամայեց հյուրին հրավիրել տեպիդարիոն, ուր տեղափոխվեց և ինքը։ Վինիկիոսը նրա մեծ քրոջ որդին էր. այդ քույրը շատ տարիներ առաջ ամուսնացել էր Տիբերիոսի ժամանակակից մեծավոր Մարկոս Վինիկիոսի հետ։ Երիտասարդը ժամանակին ծառայել էր Կորբուլոնի[6] հրամանատարության տակ, պարթևական սահմանների մոտ, և պատերազմը վերջանալուց հետո վերադարձել էր քաղաք։ Պետրոնիոսը զգում էր դեպի նա մի տեսակ համակրանք, նույնիսկ խանդաղատանք, որովհետև Մարկոսը մի գեղեցիկ և հաղթանդամ տղամարդ էր և միաժամանակ գիտեր որոշ չափ պահպանել մոլության մեջ, մի հատկություն, որը Պետրոնիոսը ամենից վեր էր դասում։

— Ողջույն Պետրոնիոսին,— ասաց երիտասարդը` արագ քայլերով մտնելով տեպիդարիոն,— թող հաջողություն պարգևեն քեզ բոլոր աստվածները, մանավանդ Ասկլեպիոսը և Կիպրիան[7], և նրանց կրկնակի խնամքներով քեզ ոչ մի փորձանք չի կարող պատահել։

— Գալուստդ բարի, և հանգիստը թող քաղցր լինի քեզ համար պատերազմից հետո,— պատասխանեց Պետրոնիոսը՝ մեկնելով իր ձեռքը փափուկ կերպասի ծալքերի տակից, որի մեջ փաթաթված էր։— Ի՞նչ լուր կա Հայաստանից, և արդյոք Ասիայում ապրելիս չհանդիպեցի՞ր Բյութանիա[8]։

Պետրոնիոսը մի ժամանակ Բյութանիայի կուսակալ էր և, որ գլխավորն է, կառավարում էր եռանդուն և արդարադատ կերպով։ Այս հանգամանքը հակասություն էր մի մարդու բնավորության մեջ, որ հայտնի էր իր փափկասեր և հեշտասեր կենցաղով. այս պատճառով նա սիրում էր հիշել այն ժամանակները, որովհետև նրանք մի ապացույց էին, թե ինչի էր ունակ և ինչ կարող էր լինել, եթե միայն ուզենար։

— Ինձ պատահել է լինել Հերակլեայում[9],— պատասխանեց Վինիկիոսը,— Կորբուլոնը ուղարկեց ինձ այնտեղ օգնական զորքեր հավաքելու։

— Ա՛հ, Հերակլեա. ճանաչում էի այնտեղ մի կողքիսացի աղջկա, որի համար կտայի այստեղի բոլոր մարդաթողներին, Պոպպեայի հետ միասին։ Բայց այդ հին պատմություն է։ Ավելի լավ է պատմիր, թե ի՞նչ է լսվում պարթևական սահմաններից։ Ճիշտն ասած՝ ինձ ձանձրացնում են այդ Վաղարշները, Տրդատները, Տիգրանները և բոլոր այդ բարբարոսները, որոնք, ինչպես պնդում է երիտասարդ Արուլանոսը, իրենց տանը դեռևս չորեքթաթ են ման գալիս և միայն մեր առջև են իրենց մարդ ձևացնում։ Բայց այժմ շատ են նրանց մասին խոսում Հռոմում, թեկուզ հենց նրա համար, որ անվտանգ չէ մի ուրիշ բանի մասին խոսելը։

— Այդ պատերազմը վատ է ընթանում, և եթե Կորբուլոնը չլիներ, կարող էր պարտության փոխվել։

— Կորբուլոն. Բաքոսը վկա, նա իսկ որ պատերազմական աստված է, ճշմարիտ Մարս, մեծ զորավար և միևնույն ժամանակ ոգևորվող, արդարադատ ու տխմար։ Սիրում եմ նրան թեկուզ հենց նրա համար, որ Ներոնը նրանից վախենում է։

— Կորբուլոնը տխմար մարդ չէ։

— Գուցե չես սխալվում, սակայն այդ բոլորովին միևնույն է։ Տխմարությունը, ինչպես ասում է Պիռոնը[10], իմաստությունից ոչնչով պակաս չէ և ոչնչով նրանից չի զանազանվում։

Վինիկիոսը սկսեց պատմել պատերազմի մասին, երբ Պետրոնիոսը կոպերը ծածկեց, երիտասարդը, տեսնելով նրա հոգնած և մասամբ նիհարած դեմքի, փոխեց խոսակցության նյութը և սկսեց մի տեսակ հոգածությամբ հարցնել նրա առողջության մասին։

Պետրոնիոսը նորից բաց արեց աչքերը։

Առողջություն... Ոչ, նա իրեն առողջ չի զգում։ Ճիշտ է, դեռ այն տեղը չի հասել, ուր հասել էր երիտասարդ Սիսենան, որն այն աստիճան կորցրել էր գիտակցությունը, որ երբ առավոտյան բաղնիք տեղափոխելիս են եղել, հարցրել է. «Նստած չե՞մ»։ Առողջ չէր։ Վինիկիոսն ահա Ասկլեպիոսի և Կիպրիդի խնամքին հանձնեց նրան։ Բայց նա՝ Պետրոնիոսը, չի հավատում Ասկլեպիոսին։ Հայտնի չէ մինչև անգամ, թե ում որդին է այդ Ասկլեպիոսը, արդյոք Արսինոեի՞, թե Կորոնիդի. իսկ երբ հայտնի չէ մայրը, ապա ի՞նչ ասել հոր մասին։ Ո՞վ այժմ կարող է երաշխավոր լինել նույնիսկ իր սեփական հոր համար։

Այստեղ Պետրոնիոսն սկսեց ծիծաղել, ապա շարունակեց.

— Ճիշտ է, երկու տարի սրանից առաջ Եպիդավրոս[11] ուղարկեցի երեք դյուժին աքաղաղ և մի թաս ոսկի, բայց գիտե՞ս ինչի համար։ Ասացի ինքս ինձ՝ կօգնի թե չի օգնի, բայց հո չի՞ վնասի։ Թեև մարդիկ դեռևս զոհեր են մատուցում աստվածներին, այնուամենայնիվ կարծում եմ, որ բոլորն էլ ինձ պես են մտածում։ Բոլորը, գուցե միայն բացի այն ջորեպաններից, որոնց ճանապարհորդները վարձում են Porta Capena֊ի[12] մոտ։ Բացի Ասկլեպիոսից, գործ եմ ունեցել նան ասկլեպիագների[13] հետ, երբ անցյալ տարի փամփշտացավով հիվանդացել էի։ Ինձ համար ինկուբացիաներ[14] կատարեցին։ Գիտեի, որ խարդախ մարդիկ են, բայց դարձյալ ինձ ասում էի՝ ի՞նչ վնաս դրանից։ Աշխարհս հաստատված է խարդախության վրա, իսկ կյանքը խաբեություն է։ Հոգին նույնպես խաբեություն է։ Հարկավոր է միայն խելք ունենալ, որ կարողանաս զանազանել քաղցր խաբեությունը դառնից։ Իմ հյուպոկավստոնը[15] հրամայում եմ տաքացնել համպար ցանած մայրի փայտով, որովհետև կյանքի մեջ անուշահոտությունը գերադասում եմ գարշահոտությունից։ Ինչ վերաբերում է Կիպրիդին, որի խնամակալությանը ինձ նույնպես հանձնեցիր, փորձել եմ նրա խնամքն արդեն այնչափ, որ աջ ոտիս մեջ ծակծկոց ունեմ։ Բայց, այնուամենայնիվ, նա բարի աստվածուհի է, Հավատացած եմ, որ դու ևս այժմ, վաղ թե ուշ, սպիտակ աղավնիներ կտանես նրա տաճարը։

— Այդպես է,— ասաց Վինիկիոսը.— չկպան ինձ պարթևների նետերը, բայց դիպավ ինձ Ամուրի[16] սլաքը, ամենաանսպասելի կերպով, քաղաքի դռներից մի քանի ասպարեզ հեռու։

— Քարիտների[17] սպիտակ ազդրերը վկա, կպատմես ինձ այդ մասին։

— Ես հենց քո խորհուրդը հարցնելու եմ եկել,— պատասխանեց Մարկոսը։

Բայց այդ րոպեին մտան էպիլատորները[18] և զբաղվեցին Պետրոնիոսով։ Իսկ Մարկոսը, տունիկան[19] իր վրայից ձգելով, մտավ գոլ ջրի ավազանը. Պետրոնիոսը առաջարկել էր նրան լողանալ։

— Ա՜հ, մինչև. անգամ չեմ հարցնում՝ սերդ փոխադա՞րձ է,— ասաց Պետրոնիոսը՝ նայելով Վինիկիոսի երիտասարդ, կարծես թե մարմարիոնից քանդակած մարմնին։ —Եթե Լիսիպպոսը[20] քեզ տեսած լիներ, այժմ զարդարելիս կլինեիր Պալատիոնի[21] դարպասը, իբրև նորատի Հերակլեսի մի արձան։

Երիտասարդ տղամարդը ինքնաբավական կերպով ժպտաց և սկսեց ընկղմվել ավազանի մեջ՝ դուրս ցայտեցնելով ջուրը Հատակի խճանկարի վրա, որ ներկայացնում էր Հերային այն պահին, երբ նա խնդրում էր, որ Քունը քնեցնի Զևսին։ Պետրոնիոսը նայում էր նրան գեղարվեստագետի հիացած հայացքով։

Իսկ երբ նա վերջացրեց և իր հերթին անձնատուր եղավ էպիլատորներին, ներս մտավ լեկտորը (դպիրը), բրոնզե արկղիկը գոտուց կախ՝ մեջը լի թղթե ծրարներով։

— Արդյոք կամենո՞ւմ ես լսել,— հարցրեց Պետրոնիոսը։

— Եթե քո գրածն է, ուրախությամբ,— պատասխանեց Վինիկիոսը,— իսկ եթե ոչ, ավելի լավ է խոսենք։ Բանաստեղծներն այժմ փողոցների բոլոր անկյուններում մարդկանց ճանապարհներն են կտրում։

— Ճշմարիտ է։ Չես կարող անցնել որևէ բազիլիկայի, բաղնիքի, մատենադարանի կամ գրավաճառանոցի մոտով, որ չնկատես կապկի պես ծռմռվող մի բանաստեղծի։ Ագրիպպան, երբ Արևելքից այստեղ եկավ, կարծեց, թե խելագարներ են։ Բայց այժմ այսպիսի ժամանակ է։ Կեսարը ոտանավորներ է գրում, ուստի բոլորն էլ ընթանում են նրա շավղով։ Չի թույլատրվում միայն գրել Կեսարից ավելի լավ ոտանավորներ, և այդ պատճառով մի փոքր վախենում եմ Լուկանոսի համար... իսկ ես գրում եմ միայն արձակ և չեմ հրամցնում ոչ ինքս ինձ, ոչ էլ ուրիշների։ Այն, ինչ կամենում էր կարդալ լեկտորը, խեղճ Ֆաբրիկիոս Վեյենտացու «Godicilli» (հիշատակարաններ) են։

— Ինչո՞ւ «խեղ՛ճ»։

— Որովհետև նրան ասված է, որ Ոդիսևսի դերը կատարի և մինչև նոր կարդադրություն ստանալը չվերադառնա տուն։ Այդ ոդիսականը նրա համար ավելի հեշտ կլինի, քան թե Ոդիսևսի համար, քանի որ նրա կինը Պենելոպե չէ։ Վերջապես, հարկ չկա քեզ ասելու, որ նրա հետ վարվել են տխմարաբար։ Բայց այստեղ միայն վայրիվերո են վերաբերվում գործերին։ Սա մի դատարկ և տաղտկալի գիրք է, որը հափշտակությամբ սկսեցին կարդալ միայն այն ժամանակ, երբ հեղինակն աքսոր ուղարկվեց։ Այժմ ամեն կողմից լսվում է «խայտառակություն, խայտառակություն», և գուցե մի քանի բան Վեյենտացին չի հնարել. բայց ես, որ քաղաքը լավ գիտեմ և ճանաչում եմ մեր «հայրերին»[22] և մեր կանանց, հավատացնում եմ, որ այդ ամենը իրականությունից ավելի դժգույն է։ Իհարկե, ամեն մեկն այժմ այնտեղ որոնում է իրեն երկյուղով, իսկ ծանոթներին՝ զվարճությամբ, Ավիրունոսի գրավաճառանոցում հարյուրավոր գրիչներ արտադրում են այս գիրքը մեկի թելադրությամբ, և գրքի հաջողությունն ապահովված է։

— Քո արարմունքներից այնտեղ ոչ մեկը չկա՞։

— Կա, բայց հեղինակը վրիպել է, քանի որ միևնույն ժամանակ և՛ ավելի վատ եմ, և՛ պակաս տափակամիտ, քան թե ինձ ներկայացրել է։ Տեսնո՞ւմ ես, մենք այստեղ վաղուց է, որ կորցրել ենք այն բանի գիտակցությունը, թե ինչն է վայել և ինչը՝ անվայել, և ինձ ևս թվում է, որ, հիրավի, ոչ մի զանազանություն չկա, թեև Սենեկան, Մուսոնիոսը և Թրասեան[23] ձևացնում են, թե իբր տեսնում են այդ զանազանությունը։

Ինձ համար այդ միևնույն է, Հերակլեսը վկա, առում եմ՝ ինչ որ մտածում եմ։ Բայց այն առավելությունն եմ պահպանել, որ գիտեմ, թե ինչն է անճոռնի և ինչը՝ գեղեցիկ. իսկ այդ, օրինակի համար, մեր պղնձամորուս բանաստեղծը. կառավարը, երգիչը, կաքավիչը և դերասանը[24] չի հասկանում։

— Այնուամենայնիվ խղճում եմ Ֆաբրիկիոսին. լավ ընկեր էր։

— Նրան կործանեց իր անձնասիրությունը։ Ամեն մեկը նրան էր կասկածում, ոչ ոք լավ չգիտեր, բայց ինքն իր լեզուն չկարողացավ կարճ պահել և ամեն տեղ հայտնում էր իբրև գաղտնիք։ Արդյոք լսե՞լ ես Ռուֆինոսի պատմությունը։

— Ոչ։

— Անցնենք Ֆրիգիդարիոն[25], ուր կզովանանք, և ես կպատմեմ քեզ։

Անցան ֆրիգիդարիոն, որի մեջտեղը գտնվում էր բաց վարդագույն ներկված և մանուշակի անուշահոտություն տարածող մի շատրվան։ Այնտեղ նրանք նստեցին մետաքսով պատած որմնախցերում և սկսեցին զովանալ։ Մի քանի րոպե լռություն էր տիրում։ Վինիկիոսը որոշ ժամանակ մտախոհ նայում էր բրոնզե ֆավնին[26], որ բազուկով մի հավերժահարս գրկած՝ ագահությամբ որոնում էր իր շրթունքներով նրա շրթունքները, և ասաց.

— Սա արդարացի է։ Ահա աշխարհիս երեսին ամենալավ բանը։

— Քիչ թե շատ. բայց դու, բացի այդ բանից, սիրում ես պատերազմը, որը ես չեմ սիրում, որովհետև վրաններում եղունգները ճաքճքում են և դադարում են վարդագույն լինելուց։ Դեհ, ամեն մեկը ունի իր սիրած բանը։ Պղնձամորուսը սիրում է երգը, մանավանդ իր սեփականը, իսկ ծերունի Սկավրոսը իր կորնթական անոթը, որը գիշերները իր մահճակալի մոտ է դնում և համբուրում է, երբ չի կարողանում քնել։ Արդեն համբույրներից անոթի պռունկների գույնը սրբվել է։ Ասա ինձ, ոտանավորներ չե՞ս գրում։

— Ոչ, երբեք չեմ կազմել նույնիսկ մի ամբողջ վեցոտնյա։

— Վին չե՞ս ածում և չե՞ս երգում։

— Ոչ։

— Եվ չե՞ս կառավարում[27]։

— Մի ժամանակ մրցել եմ Անտիոքում, բայց առանց հաջողության։

— Ուրեմն քո վերաբերմամբ հանգիստ եմ։ Իսկ հիպպոդրոմի (կրկեսի) ո՞ր կուսակցության ես պատկանում։

— Կանաչների։

— Ուրեմն բոլորովին հանգիստ եմ, մանավանդ, որ թեև մեծ կարողություն ունես, բայց այնպես հարուստ չես, ինչպես Պալլասը կամ Սենեկան։ Պետք է գիտենաս, որ մեզանում կարելի է ոտանավորներ գրել, վինի նվագակցությամբ երգել, ճառեր արտասանել և կրկեսում կառք վարել, բայց ավելի լավ է, առավել ևս ապահով է ոտանավորներ չգրել, չնվագել և կրկեսում կառք չվարել։ Իսկ ամենալավն է զարմանալ գիտենալ, երբ այդ անում է Պղնձամորուսը։ Գեղեցիկ երիտասարդ ես, ուստի և գուցե կարող է մի բան սպառնալ, ասենք թե՝ որ Պուպպեան[28] սիրահարվի քեզ։ Բայց նա չափազանց փորձված է այդ բանի մեջ։ Սիրուց բավականին կշտացել է իր առաջին ամուսինների օրով, իսկ երրորդի օրով նրա միտքը ուրիշ բանի հետ է։ Արդյոք գիտե՞ս, որ այն հիմար Օթոնը մինչև հիմա սիրում է նրան, խելագարվածի պես թափառում այնտեղ, Իսպանիայի ժայռերի վրա, և հոգոց հանում, և այնպես մոռացել է իր հին սովորությունները, դադարել է մտածել իր մասին, որ սանրվելու համար այժմ բավականանում է օրական երեք ժամով։ Ո՞վ կարող էր այդ սպասել, մանավանդ Օթոնից։

— Ես նրան հասկանում եմ,— պատասխանեց Վինիկիոսը,— բայց նրա տեղը ես ուրիշ բան կանեի։

— Այսինքն ի՞նչ։

— Կկազմեի ինձ հավատարիմ լեգեոններ այնտեղի լեռնցիներից։ Կտրիճ զինվորներ են այդ իբերները։

— Վինիկիոս, Վինիկիոս։ Քիչ է մնում ասեմ քեզ, որ այդ բանին ընդունակ չէիր լինի։ Եվ գիտե՞ս ինչու։ Այդպիսի բաներ անում են, բայց դրանց մասին չեն խոսում, նույնիսկ թեական եղանակով։ Եթե ինձ մնար, նրա տեղը կծիծաղեի Պոպպեայի վրա, կծիծաղեի Պղնձամորուսի վրա և կկազմեի ինձ համար լեգեոններ, միայն ոչ թե իբերներից, այլ իբերուհիներից, մինչև իսկ կգրեի էպիգրամներ, որոնք, սակայն, ոչ ոքի չէի կարդա, ինչպես այն խեղճ Ռուֆինոսը։

— Ուզում էիր ինձ պատմել նրա պատմությունը։

— Կպատմեմ քեզ ունկտորիոնում[29]։

Բայց ունկտորիոնում Վինիկիոսի ուշադրությունը դարձավ ուրիշ բանի, այն է՝ հրաշագեղ ստրկուհիների վրա, որոնք այնտեղ սպասում էին լողացողներին։ Նրանցից երկուսը՝ եբենոսից քանդակած հոյակապ արձանների նման նեգրուհիներ, սկսեցին օծել նրանց մարմինները Արաբիայի ընտիր անուշահոտություններով։ Սանրելու մեջ վարժ փռյուգուհիք իրենց փափուկ և օձի պես ճկուն ձեռներով բռնել էին պողպատե ողորկ հայելիներ և սանրեր, իսկ երկու, ուղղակի աստվածներ հիշեցնող կոսացի հույն աղջիկներ սպասում էին, որպես «vestiplicae»[30], մինչև որ կգար տերերի տոգաների (պարեգոտ) ծալքերը հարդարելու ժամանակը։

— Շանթընկե՜ց Զևսը վկա՜,— ասաց Մարկոս Վինիկիոսը,— այս ի՜նչ ժողովածու ունես։

— Որակը գերադասում եմ քանակից,— պատասխանեց Պետրոնիոսը,— իմ ամբողջ «ֆամիլիան»[31] Հռոմում չորս հարյուր հոգուց չի անցնում, և կարծում եմ, որ անձնական ծառայության համար միայն «նոր մարդ»[32] դարձածներին են հարկավոր ավելի մեծ քանակությամբ ստրուկներ։

— Ավելի գեղեցիկ մարմիններ գուցե նույնիսկ Պղնձամորուսը չունենա,— ռունգերը լայնացնելով ասաց Վինիկիոսը։

Պետրոնիոսը պատասխանեց մի տեսակ մտերմական անփութությամբ.

— Իմ ազգականն ես. իսկ ես ոչ այնպես համառ եմ, որպես Բասսոսը, ոչ էլ այնչափ խստապահանջ, որպես Ավլոս Պլավտիոսը։

Բայց Վինիկիոսը, լսելով վերջին անունը, մի րոպե մոռացավ կոսացի աղջիկների մասին և արագությամբ գլուխը բարձրացնելով՝ հարցրեց.

— Որտեղի՞ց միտքդ եկավ Ավլոս Պլավտիոսը. գիտե՞ս, արդյոք, որ երբ քաղաքից ոչ հեռու թևս դուրս էր ընկել, ես մի քանի օր անց եմ կացրել նրանց տանը։ Պլավտիոսը պատահմամբ փորձանքիս րոպեին հասավ և տեսնելով, որ սաստիկ տանջվում եմ, տարավ ինձ իր տուն. իսկ այնտեղ նրա ստրուկ Մերիոն բժիշկը առողջացրեց ինձ։ Հենց այդ բանի մասին էր, որ կամենում էի խոսել քեզ հետ։

— Ինչո՞ւ։ Չլինի՞ թե պատահմամբ սիրահարվել ես Պոմպոնիային։ Եթե այդպես է, խղճում եմ քեզ. երիտասարդ չէ և առաքինի է։ Չեմ կարող երևակայել դրանից ավելի վատ զուգավորություն։ Բը՜՜ռռ...

— Ոչ Պոմպոնիային...— պատասխանեց Վինիկիոսը։

— Ուրեմն ո՞ւմ։

— Երանի թե ինքս գիտենայի, թե ում։ Ես մինչև անգամ լավ չգիտեմ, նրա անունը՝ Լիգիա՞, թե Կալլինա։ Տանը նրան անվանում են Լիգիա, որովհետև լիգերի ազգիցն է ծագում, բայց ունի յուր բարբարոսական անունը՝ Կալլինա։ Տարօրինակ տուն է այդ Պլավտիոսների տունը։ Կենդանություն և շարժում է տիրում մեջը, և խաղաղություն է, ինչպես Սուբիակոնի անտառներում։ Մի քանի օր չգիտեի, որ այնտեղ աստվածուհի է բնակվում։ Մի օր լուսադեմին նկատեցի նրան պարտեզի ավազանի մեջ լողանալիս։ Եվ երդվում եմ քեզ այն փրփուրով, որից դուրս եկավ Աֆրոդիտեն, որ արշալույսի ճառագայթները թափանցում էին նրա մարմնի միջով։ Կարծում էի, թե երբ արևը բարձրանա, նա կցրվի, կհալվի փայլի մեջ, ինչպես ցրվում, հալվում է արշալույսը։ Այդ վայրկյանից հետո տեսել եմ նրան երկու անգամ և նույն այդ վայրկյանից հետո այլևս չգիտեմ ինչ է հանգիստը, չգիտեմ ինչ են ուրիշ ցանկությունները, չեմ ուզում նկատել, թե ինչ կարող է ինձ տալ քաղաքը, չեմ ուզում կանայք, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում կորնթական պղինձ, ոչ սաթ, ոչ սադափ, ոչ գինի, ոչ խնջույքներ. ուզում եմ միայն Լիգիային։ Ասում եմ քեզ պարզապես, Պետրոնիոս, որ կարոտում եմ նրան, ինչպես կարոտում էր Պայսիթեային[33] այն Քունը, որ ներկայացված է քո տրեպիդարիոնի խճանկարի վրա. կարոտում եմ գիշեր-ցերեկ։

— Եթե ստրկուհի է, գնիր նրան։

— Նա ստրկուհի չէ։

— Ի՞նչ է ուրեմն։ Պլավտիոսի ազատագրուհի՞։

— Երբեք ստրկուհի չլինելով՝ չէր կարող և ազատագրված լինել։

— Ապա ի՞նչ է։

— Չգիտեմ, արքայադուստր կամ մի այդպիսի բան։

— Հետաքրքրում ես ինձ, Վինիկիոս։

— Բայց եթե ուզենաս ինձ լսել, իսկույն կգոհացնեմ հետաքրքրությունդ։ Պատմությունը շատ երկար չէ։ Դու գուցե անձամբ ճանաչում էիր սվեվների թագավոր Վաննիոսին, որ վռնդվելով իր երկրից՝ երկար ժամանակ ապրում էր Հռոմում և մինչև անգամ հռչակվեց իր հաջողակ ոսկրախաղով և վարժ կառավարությամբ. Դրուսոս Կեսարը նրան նորից գահ բարձրացրեց։ Վաննիոսը, որ իսկապես մի հաստատակամ մարդ էր, սկզբում լավ էր կառավարում իր երկիրը և հաջող պատերազմներ էր մղում, բայց վերջն սկսեց չափից դուրս կեղեքել ոչ միայն հարևաններին, այլև սեփական սվեվներին։ Այն ժամանակ նրա երկու քեռորդիները, այն է՝ Հերմանդուրների թագավոր Վիբիլիսի Վանգիոն և Սիդոն զավակները, վճռեցին ստիպել նրան, որ նորից գնա Հռոմ... ոսկրախաղի մեջ բախտը փորձելու համար։

— Հիշում եմ, դա Կլավդիոսի օրով էր. նոր անցած բաներ են։

— Այո, պատերազմը բորբոքվեց։ Վաննիոսը օգնության կանչեց յազիգներին, իսկ նրա սիրելի քեռորդիները՝ լիգերին[34], որոնք, լսած լինելով Վաննիոսի հարստությունների համբավը, ավարառության հույսով եկան այնպիսի մեծ քանակությամբ, որ Կլավդիոս Կեսարն սկսեց անհանգստանալ սահմանների խաղաղության համար։ Կլավդիոսը չէր կամենում բարբարոսների պատերազմի մեջ խառնվել, բայց գրեց Ատելիոս Հիստերին, որ այդ միջոցին դանուբական լեգեոնի հրամանատարն էր, որ աչալուրջ հետևի պատերազմի ընթացքին և թույլ չտա խանգարել մեր խաղաղությունը։ Հիստերն այն ժամանակ լիգերից պահանջեց, որ խոստանան չանցնել սահմանը, և նրանք ոչ միայն համաձայնվեցին, այլև պատանդներ տվին, որոնց մեջ գտնվում էին նաև նրանց առաջնորդի կինն ու աղջիկը։ Հայտնի է քեզ, որ բարբարոսները պատերազմ են գնում իրենց կանանց և որդիների հետ միասին...

Ահա իմ Լիգիան այդ առաջնորդի աղջիկն է։

— Ո՞րտեղից գիտես այդ բոլորը։

— Ինքը Ավլոս Պլավտիոսն ինձ պատմեց. լիգերը, ճիշտ որ, այն ժամանակ չանցան սահմանը, բայց բարբարոսները փոթորկի նման գալիս են և փոթորկի նման նահանջում։ Այդպես անհետացան լիգերը՝ իրենց գլխազարդով ու վայրի ցուլի եղջյուրներով։ Կոտորեցին Վանիոսի սվեվներին և յազիգներին, բայց իրենց թագավորն ընկավ. լիգերը ավարներ առնելով հեռացան, իսկ պատանդները մնացին Հիստերի ձեռքում։ Մայրը շուտով վախճանվեց, իսկ Հիստերը, չիմանալով ինչ անի երեխային՝ ուղարկեց ամբողջ Գերմանիայի կուսակալ Պոմպոնիոսին։ Սա, երբ կատտերի պատերազմը վերջացրեց, վերադարձավ Հռոմ, ուր Կլավդիոսը, ինչպես գիտես, թույլ տվեց նրան հաղթական հանդեսով քաղաք մտնել։ Աղջիկն այն ժամանակ գնում էր հաղթողի կառքի ետևից, բայց հանդեսի վերջանալուց հետո, քանի որ պատանդը չէր կարելի իբրև գերի նկատել, Պոմպոնիոսը ևս իր կողմից չգիտեր ինչ անի նրա հետ, վերջը տվեց նրան իր քույր Պոմպոնիա Գրեկինային՝ Պլավտիոսի կնոջը։ Այդ գերդաստանի մեջ, ուր բոլորն էլ, սկսած տերերից և վերջացրած հավաբնի հավերով, առաքինի են, մեծացավ նա, ավա՜ղ, Գրեկինայի պես առաքինի և այնչափ գեղեցիկ, որ նույնիսկ Պոպպեան նրա առջև կերևար ինչպես աշնան թուզը հեսպերիական խնձորի առջև։

— Հետո ի՞նչ։

— Եվ կրկնում եմ քեզ, որ այն վայրկյանին, երբ տեսա ավազանի մոտ, թե ինչպես ճառագայթները թափանցում էին նրա մարմնի միջով, սիրահարվեցի նրան խելացնոր կերպով։

— Ուրեմն նա այնպես թափանցիկ է, որպես ջահել սարդինաձուկը։

— Հանաք մի՛ անիր, Պետրոնիոս, և եթե քեզ խաբում է այն ազատությունը, որով ես ինքս խոսում եմ իմ տռփանքի մասին, իմացիր, որ հաճախ պայծառ հանդերձը խոր վերք է ծածկում։ Պետք է քեզ այն էլ ասեմ, որ Փոքր Ասիայից վերադառնալիս մի գիշեր անցկացրի Մոպսոսի մեհյանում՝ կանխագուշակ երազ ունենալու համար։ Եվ ահա երազիս մեջ երևաց ինձ ինքը Մոպսոսը[35] և նախագուշակեց, որ սիրո շնորհիվ կյանքիս մեջ կատարվելու է մեծ փոփոխություն։

— Լսել եմ, ինչպես Պլինիոսը ասում էր, թե աստվածներին չի հավատում, այլ հավատում է երազներին, և գուցե իրավունք ուներ։ Իմ հանաքները ինձ չեն խանգարում երբեմն մտածել, թե ճիշտ որ կա մի աստվածություն, հավիտենական, ամենահզոր, ստեղծող, Venus Genitrix[36]։ Նա միացնում է հոգիները, միացնում է մարմինները և առարկաները։ Էրոսը առաջ բերեց լույսը քաոսից։ Արդյոք լա՞վ արեց, այդ ուրիշ բան է, բայը քանի որ այդպես է, պետք է ճանաչենք նրա զորությունը, թեև ազատ ենք նրան չօրհնելու։

— Ա՛հ, Պետրոնիոս։ Աշխարհիս երեսին ավելի հեշտ է փիլիսոփայություն գտնել, քան թե բարի խորհուրդ։

— Ասա ինձ, իսկապես ի՞նչ ես ուզում։

— Ուզում եմ Լիգիայի տերը լինել։ Ուզում եմ, որ իմ այս բազուկները, որոնք այժմ միայն օդն են գրկում, կարողանային գրկել նրան և կրծքիս սեղմել։ Ուզում եմ ներշնչել նրա շունչը։ Եթե նա ստրկուհի լիներ, նրա տեղն Ավլոսին կտայի հարյուր աղջիկ, որոնց ոտները կավիճով կսպիտակեցնեի՝ ի նշան այն բանի, որ առաջին անգամն են վաճառքի հանվում։ Ուզում եմ նրան ունենալ իմ տանը մինչև այն ժամանակ, որ գլուխս լինի այնպես սպիտակ, ինչպես ձմռանը Սորակտեի գագաթը[37]։

— Նա ստրկուհի չէ, բայց, իհարկե, Պլավտիոսի «գերդաստանին» է պատկանում, և քանի որ ձգած երեխա է, կարող է նկատվել իբրև ալումնա[38]. Պլավտիոսը կարող էր քեզ նրան զիջել, եթե կամենա։

— Կարծես չես ճանաչում Պոմպոնիա Գրեկինային։ Վերջապես երկուսն էլ սիրում են նրան իրենց հարազատ զավակի պես։

— Ճանաչում եմ Պոմպոնիային։ Եթե Ավլոսի կինը չլիներ կարելի էր նրան իբրև լալկան կին վարձել։ Հուլիայի մահից հետո իր վրայից չի հանում մուգ ստոլան[39], և առհասարակ այնպես է երևում, կարծես թե դեռ կենդանի՝ ման գալիս լինի սանդարամետային ծաղիկներով ծածկված դաշտում։ Եվ univira[40] է, ուստի մեր չորս և հինգ անգամ մարդաթողների մեջ մի տեսակ փյունիկ է։ Բայց... լսե՞լ ես արդյոք, թե իբր այժմ փյունիկը լույս է ընկել Վերին Եգիպտոսում, մի բան, որ պատահում է հինգ հարյուր տարին մեկ անգամ, ոչ ավելի հաճախ։

— Պետրոնիոս, Պետրոնիոս, փյունիկի մասին կխոսենք մի ուրիշ անգամ։

— Ի՞նչ ասեմ քեզ, իմ Մարկոս։ Ճանաչում եմ Ավլոս Պլավտիոսին, որ թեև պախարակում է իմ կենցաղավարությունը, այնուամենայնիվ մի փոքր բարեմիտ է իմ նկատմամբ և գուցե մինչև անգամ ինձ հարգում է ուրիշներից ավելի, որովհետև գիտե, որ երբեք մատնիչ չեմ եղել, ինչպես օրինակ, Դոմիտիոս Աֆերը, Տիգելլինոսը և Ահենոբարբի ընկերների ամբողջ խմբակը։ Ինձ ստոիկ չձևացնելով՝ շատ անգամ հոնքերս կիտել եմ Ներոնի այնպիսի արարքները տեսնելիս, որոնց Սենեկան և Բուռոսը[41] ներողամիտ աչքով էին նայում։ Եթե կարծում ես, որ կարող եմ քեզ համար մի որևէ բան Ավլոսից շահել, պատրաստ եմ քեզ ծառայելու։

— Կարծում եմ, որ կարող ես։ Դու նրա վրա ազդեցություն ունես, և միտքդ անսպառելի միջոցներ է կարողանում հնարել։ Եթե լավ ծանոթանայիր իրերի դրությանը և խոսեիր Պլավտիոսի հետ...

— Չափազանցրած կարծիք ունես իմ ազդեցության և հնարագիտության մասին. բայց եթե այդ հարկավոր է, կխոսեմ Պլավտիոսի հետ, հենց որ կտեղափոխվի քաղաք։

— Նրանք երկու օր է, որ վերադարձել են։

— Եթե այդպես է, գնանք տրիկլինիոն[42], ուր մեզ սպասում է նախաճաշիկը, և հետո, ուժերս կազդուրելով, կհրամայենք տանել մեզ Պլավտիոսի մոտ։

— Միշտ սիրելի ես եղել ինձ,— պատասխանեց աշխույժով Վինիկիոսը,— իսկ հիմա կուզեմ հրամայել քո արձանը դնելու իմ լարերի[43] մեջ. ահա մի այնպիսի գեղեցիկը, ինչպես այն, և զոհեր կմատուցեմ նրան։

Այսպես ասելով նա դարձավ արձանների կողմը, որոնք զարդարում էին անուշահոտությամբ լցված սենյակի ամբողջ մի պատը, և մատնացույց արեց Պետրոնիոսի արձանի վրա, որ ներկայացնում էր նրան՝ Հերմեսի կերպարանքով, գավազանը ձեռքին։

Հետո ավելացրեց.

— Հելիոսի[44] լույսը վկա՛, եթե աստվածանման Աղեքսանդրը[45] քեզ էր նման, չեմ զարմանում Հելենայի վրա։

Եվ այս բացականչության մեջ նույնքան շողոքորթություն, որքան և անկեղծություն կար, որովհետև Պետրոնիոսը, թեև ավելի հասակավոր և պակաս հաղթանդամ, բայց ավելի գեղեցիկ էր, քան թե մինչև անգամ Վինիկիոսը։ Հռոմեացի կանայք զմայլվում էին ոչ միայն նրա ճկուն մտքով և ճաշակով, որի շնորհիվ arbiter elegantiarum անունն էր ստացել, այլև նրա մարմնով։ Այդ զմայլանքը երևում էր մինչև անգամ այն երկու կոսացի աղջիկների դեմքերին, որոնք հիմա նրա տոգայի ծալքերն էին հարդարում, և որոնցից մեկը՝ Եվնիկեն, ծածուկ նրան սիրելով, նայում էր նրա աչքերին ակնածությամբ և հիացմունքով։

Բայց նա մինչև անգամ ուշադրություն չդարձրեց այդ բանին, այլ ժպտալով Վինիկիոսին, իբրև պատասխան նրա խոսքերին, սկսեց արտասանել կանանց մասին Սենեկայի կարծիքը։

— Animal impudens են...[46]

Իսկ հետո, գրկելով ձեռքով նրա թևերը, տարավ նրան տրիկլինիոն։

Ունկտորիոնում երկու հույն աղջիկներ, փռյուգուհիներ և երկու նեգրուհի սկսեցին հավաքել անուշահոտ յուղերի անոթները։ Բայց այդ իսկ րոպեին ֆրիգիդարիոնի վարագույրը ետ քաշվեց, այնտեղից երևացին բալնեատորների գլուխները, և լսվեց կամացուկ՝ սսը՜տ։ Այս կանչի վրա հույն աղջիկներից մեկը, փռյուգուհիները և երկու եթովպուհիները արագ վազելով՝ մի ակնթարթում աներևութացան վարագույրների ետևում։ Բաղնիքում սկսվում էր անսանձ զեխության ժամը, որը չէր խանգարում վերակացուն, որովհետև ինքը ևս հաճախ մասնակից էր լինում այդպիսի խրախճանքների։ Իմանում էր այդ մասին և Պետրոնիոսը, բայց իբրև խոհեմ և պատժել չսիրող մարդ, չնկատելու էր տալիս։

Ունկտորիոնում մնաց միայն Եվնիկեն։ Մի քանի րոպե նա ականջ էր դնում լակոնիկոնի կողմը հեռացող ձայներին ու ծիծաղներին, ապա, վերցնելով սաթով և փղոսկրով զարդարված նստարանը, որի վրա մի րոպե առաջ նստած էր Պետրոնիոսը, զգուշությամբ մոտեցրեց նրան վերջինիս արձանին։

Ունկտորիոնը լցված էր արևի լույսով և պատերի՝ բազմերանգ մարմարիոնից անդրադարձող գույներով։

Եվնիկեն կանգնեց նստարանի վրա և արձանի հետ հավասար բարձրության վրա գտնվելով շտապ փաթաթվեց նրա վզով, ապա ետ ձգեց իր ոսկեգույն մազերը և հպելով իր վարդագույն մարմինը սպիտակ մարմարիոնին՝ հափշտակությամբ սկսեց սեղմել իր շրթունքները Պետրոնիոսի սառն շրթունքներին։

Կիպրիա («Կիպրուհի») կոչվում է Վեներան,— Ափրոդիտե (Աստղիկ),— որ ծովի փրփուրից էր ծնվել և ցամաք դուրս եկել Կիպրոս կղզու վրա։ Սիրո և գեղեցկության աստվածուհի։

D. Masonius Rufus — Տիբերիոսի և Ներոնի օրով հռչակված ստոիկյան փիլիսոփա։ Սրան ևս մեղադրեցին Պիսոնի դավադրությանը մասնակից լինելու մեջ և աքսորեցին Արքիպելագոսի կղզիներից մեկը, ուր նրան հետևեցին բազմաթիվ երիտասարդներ՝ նրա ուսմունքը լսելու համար։

ԳԼՈՒԽ Բ

Հացից հետո, որ նախաճաշիկ էր անվանվում և որը երկու ընկերներ սկսեցին այն ժամանակ, երբ սովորական մահկանացուները վաղուց արդեն վերջացրած էին կեսօրյա prandium[47]֊ը Պետրոնիոսն առաջարկեց մի քիչ նիրհել։ Նրա կարծիքով այցելության համար դեռ վաղ էր։ Ճշմարիտ է, կան մարդիկ, որոնք սկսում են այցելել ծանոթներին արևը բարձրանալուն պես և դեռ համարում են այդ սովորությունը հին, բուն հռոմեական։ Բայց նա՝ Պետրոնիոսը, այդ համարում է բարբարոսական։ Ամենահարմար են հետկեսօրյա ժամերը, բայց ոչ ավելի վաղ, քան արևը կթեքվի Կապիտոլիական Զևսի մեհյանի կողմը և կսկսի կողքից նայել ֆորումին[48]։ Աշնանը դեռ շոգ է լինում, և մարդիկ ուրախությամբ քնում են հացից հետո։ Այդ ժամանակ ախորժելի է լինում ատրիոնում ականջ դնել շատրվանի կարկաչին և պարտավորեցուցիչ հազար քայլերից հետո նիրհել կարմիր լույսի մեջ, որ ներս է թափանցում կիսով չափ իջեցված ծիրանի վարագույրների միջով։

Վինիկիոսը համաձայնեց նրա ասածի հետ, և սկսեցին անց ու դարձ անել խոսելով անփույթ կերպով, թե ինչ է լսվում Պալատիոնում և քաղաքում, և մի փոքր փիլիսոփայություն անել կյանքի մասին։ Հետո Պետրոնիոսն առանձնացավ կուբիկուլոնում[49], բայց երկար չքնեց։ Կես ժամ չանցած՝ նա դուրս եկավ և հրամայելով իր համար աղավնիճ բերել սկսեց հոտոտել և քսել ձեռներին ու քունքերին։

— Չես հավատա,— ասաց նա,— դա ինչպես զվարթացնում և կազդուրում է։ Այժմ պատրաստ եմ։

Դեսպակը[50] վաղուց սպասում էր։ Նրանք ներս մտան և հրամայեցին իրենց տանել Vicus Patricus, Ավլոսի տուն։

Պետրոնիոսի «ինսուլա»֊ն գտնվում էր Պալատիոնի հարավային լանջին, Carinac կոչված տեղի մոտ, ուստի նրանց համար ամենակարճ ճանապարհը ֆորումից մի փոքր ներքև էր. բայց որովհետև Պետրոնիոսը կամենում էր մտնել նաև ակնավաճառ Իգոմենեսի մոտ՝ այս պատճառով պատվիրեց, որ իրենց տանեն Vicus Apollinis և ֆորումով, Vicus Sceleratus[51]֊ի կողմը, որի անկյունում ամեն տեսակ պանդոկներ կային։

Հսկայական նեգրերը բարձրացրին դեսպակը և ճանապարհ ընկան. առջևից գնում էին pedisequii[52] կոչված ստրուկները։

Պետրոնիոսը որոշ ժամանակ աղավնիճի հոտ արձակող ափերը լուռ մոտեցնում էր ռունգերին, կարծես մտածում էր մի բանի մասին, հետո ասաց.

— Մտքովս անցնում է, որ եթե քո անտառային աստվածուհին ստրկուհի չէ, կարող է թողնել Պլավտիոսների տունը և տեղափոխվել քեզ մոտ։ Դու կշրջապատեիր նրան սիրով և կնստեցնեիր հարստության մեջ այնպես, ինչպես ես իմ աստվածացրած Քրիսոթեմիսին, որից, մեր մեջ մնա, արդեն այնքան կշտացել եմ, որքան նա ինձնից։

Մարկոսը գլուխը թափահարեց։

— Ո՞չ,— հարցրեց Պետրոնիոսը։— Ամենավատ պարագայում բանը կհասնի Կեսարին, և կարող ես հավատացած լինել, որ թեկուզ հենց իմ ազդեցության շնորհիվ Պղնձամորուսը կլինի քո կողմը։

— Չես ճանաչում Լիգիային,— պատասխանեց Վինիկիոսը։

— Ուրեմն թույլ տուր հարցնել՝ իսկ դու ճանաչո՞ւմ ես նրան այլ կերպ, ոչ թե հեռվից տեսնելով։ Խոսե՞լ ես հետը, նրան հայտնե՞լ ես սերդ։

— Տեսել եմ նրան նախ ավազանի մոտ, հետո պատահել երկու անգամ։ Նկատի ունեցիր, որ Ավլոսների տանը ես ապրում էի առանձին շինության մեջ, որ հյուրերի համար է հատկացրած, և թևս դուրս ընկած լինելով՝ չէի կարող նրանց հետ ընդհանուր սեղան նստել։ Միայն հեռանալուս նախորդ օրը պատահեցի Լիգիային ընթրիքի ժամանակ և անկարող էի նրան մի խոսք ասել։ Ստիպված էի լսել Ավլոսին և նրա պատմություններն այն հաղթությունների մասին, որ ինքը կատարել է Բրիտանիայում, իսկ հետո՝ Իտալիայում փոքրիկ տնտեսությունների անկման մասին, և թե ինչպես այդ անկման առաջն առնել աշխատում էր դեռ Լիկինիոս Ստոլոնը[53]։ Առհասարակ չգիտեմ՝ արդյոք կարո՞ղ է Ավլոսը որևէ այլ բանի մասին խոսել, և մի կարծիր, թե կարող ենք այդ խոսակցությունից խույս տալ, գուցե միայն ուզենաս լսել ներկա ժամանակների փափկակեցության մասին։ Նրանք այնտեղ, հավաբներում, շատ փասիաններ ունեն, բայց չեն ուտում այն պատճառով, թե իբր ամեն մի կերած փասիան մոտեցնում է հռոմեական զորության վախճանը։ Երկրորդ անգամ պատահեցի նրան պարտեզի ջրամբարի մոտ, նոր պոկած եղեգնիկը ձեռքին, եղեգնիկի վրձինը ջրի մեջն էր թաթախում և ցողում ջրամբարի շուրջը բուսնող իրիս ծաղիկները։ Նայիր ծնկներիս։ Հերակլեսի վահանը վկա, ասում եմ քեզ, որ սրանք չէին դողում, երբ մեր գնդերի վրա գոռում֊գոչումներով գալիս էր պարթևների ամբոխը. բայց այդ ջրամբարի մոտ դողում էին։ Եվ շփոթված, ինչպես մի մանուկ, որ դեռ վզին բուլլա է[54] կրում, աչքերով միայն պաղատում էի գթություն և երկար չէի կարողանում ոչ մի խոսք ասել։

Պետրոնիոսը նայեց նրան կարծես մի տեսակ նախանձով։

— Երջանիկ մարդ,— ասաց նա,— թեկուզ աշխարհն ու կյանքը ամենամեծ չարիքներ լինեին, նրանց մեջ մի բան կմնա միշտ՝ բարիք֊երիտասարդությունը։

Եվ մի րոպե անց հարցրեց.

— Եվ չխոսեցի՞ր հետը։

— Ինչպե՞ս չէ։ Մի փոքր ուշքի գալովս ասացի, որ վերադառնում եմ Ասիայից, որ քաղաքին չհասած դուրս եմ ձգել թևս և շատ տանջվել եմ, բայց այն վայրկյանին, երբ պետք է թողնեմ այս հյուրընկալ տունը, տեսնում եմ, որ այստեղ տանջվելը ավելի լավ է, քան թե մի ուրիշ տեղ զվարճանալը, հիվանդ լինելն ավելի լավ է, քան թե մի ուրիշ տեղ առողջ ապրելը։ Նա ականջ էր դնում իմ խոսքերին նույնպես շփոթված և գլուխը քարշ արած, եղեգնիկով մի բան էր գծագրում զափրանանման ավազի վրա։ Հետո աչքերը բարձրացրեց, նորից նայեց այն գծած նշանին, ապա նորից ինձ, կարծես կամենալով մի բան հարցնել, և հանկարծ փախավ, ինչպես Համադրիադը[55] խելառ ֆավնից։

— Պետք է որ գեղեցիկ աչքեր ունենա։

— Ինչպես ծով, և ես խեղդվեցի նրանց մեջ ինչպես ծովում։ Հավատա ինձ, Արքիպելագոսը պակաս կապույտ է։ Մի րոպեից մոտ վազեց փոքրիկ Պլավտիոսը և սկսեց ինչ֊որ բան հարցնել։ Բայց ես չէի հասկանում՝ ինչ է ուզում։

— Օ՜, Աթենաս...— բացականչեց Պետրոնիոսը,— արձակիր այս մանուկի աչքերից այն կապը, որ Էրոսն է կապել եթե ոչ, իր գլուխը Վենուսի մեհյանի սյունով կտա։

Ապա դարձավ Վինիկիոսին.

— Ո՜վ դու, գարնան կոկոն կյանքի ծառի վրա, դո՛ւ, խաղողի առաջին կանաչ ոստ... Ես պետք է Պլավտիոսների փոխարեն հրամայեի տանել քեզ Գելոկիոսի տուն, որտեղ գտնվում է կյանքին անծանոթ մանուկների դպրոցը։

— Իսկապես ի՞նչ ես ուզում ասել։

— Իսկ ի՞նչ գծագրեց նա ավազի վրա։ Արդյոք Ամուրի անունը չէ՞ր, նրա սլաքով ծակված սիրտը չէ՞ր կամ մի այսօրինակ բան, որից կարող էիր հասկանալ, որ սատիրները[56] այդ հավերժահարսի ականջին կյանքի զանազան գաղտնիքներ են շշնջացել արդեն։ Ինչպե՞ս կարելի էր չնայել այն նշաններին։

— Ես այդ ինքս էլ գիտեի,— ասաց Վինիկիոսը,— փոքրիկ Ավլոսի գալուց առաջ ուշադրությամբ նայում էի այդ նշաններին։ Ինքս էլ գիտեմ, որ թե Հունաստանում, թե՛ Հռոմում շատ անգամ աղջիկներն ավազի վրա գծագրում են խոստովանանքներ, որ նրանց շրթունքները չեն կամենում արտասանել... Բայց իմացիր՝ ի՛նչ էր գծածը։

— Եթե մի ուրիշ բան, քան ենթադրում էի, չեմ իմանա։

— Ձուկ։

— Ի՞նչ ես ասում։

— Ասում եմ՝ ձուկ։ Պետք է, արդյոք, դա նշանակեր, որ նրա երակների մեջ մինչև այն ժամը սառն արյուն էր հոսում. չգիտեմ։ Բայց դու, որ ինձ անվանեցիր գարնան կոկոն կյանքի ծառի վրա, անկասկած կկարողանաս ավելի լավ հասկանալ այդ նշանը։

— Carissime[57], այդպիսի բանի մասին հարցրու Պլինիոսին։ Նա ձկների համը գիտե։ Եթե ծերունի Ապիկիոսը[58] դեռևս կենդանի լիներ, գուցե նա նույնպես կարողանար քեզ մի բան ասել այդ մասին, որովհետև իր կյանքում կերել է ավելի շատ ձուկ, քան թե կարող է միանգամից իր մեջ զետեղել Նեապոլիսի ծոցը։

Սակայն խոսակցության շարունակությունն ընդհատվեց. նրանց դեսպակն անցնում էր բազմամարդ փողոցներով, ուր ամբոխի աղաղակները խանգարում էին խոսել։ Vicus Apollonis֊ից նրանք ծռվեցին դեպի Forum Romanum, ուր լավ եղանակներին, արևի մայր մտնելուց առաջ, խմբերով հավաքվում էին անգործ բնակիչները կոլումնաների[59] արանքներում զբոսնելու, նորություններ պատմելու և լսելու, անվանի մարդկանց դեսպակները տեսնելու և, վերջապես, ոսկեղենների կրպակները, գրավաճառանոցները, դրամափոխ տները, մետաքսեղենի, բրոնզեղենի և ամեն տեսակ խանութները նայելու համար. այս բոլորով լիքն էր հրապարակի մի մասը՝ Կապիտոլիումի հանդեպ։ Ֆորումի կեսը, որ գտնվում էր ամրոցի ժայռերի տակ, արդեն ծածկված էր ստվերով. դրա փոխարեն, ավելի վերևում կառուցված մեհյանների սյուները ոսկեզօծված էին փայլով և կապույտով։ Ավելի ներքև գտնվող սյուները երկարացած ստվերներ էին ձգում մարմարե սալահատակի վրա, և ամեն տեղ կոլումնաների թիվը այնչափ շատ էր, որ աչքից կորչում էր շատ բան, ինչպես անտառում։ Թվում էր, թե այդ շինությունների և կոլումնաների համար շուրջը նեղվածք էր։ Սյուները մեկը մյուսի վրա էին կիտվում, ձգվում էին աջ և ձախ, բարձրանում էին բլուրների վրա, կպչում ամրոցի պարսպին կամ միմյանց, մեծ և փոքր, հաստ և բարակ, ոսկեգույն և սպիտակ ծառաբների նման, որոնցից մի քանիսը բացվում էին ականթի ծաղկի պես, մի քանիսը ոլորվում էին հոնիական եղջյուրների ձևով, կամ վերջանում էին դորիական պարզ քառակուսիով։ Այդ անտառի վրա պսպղում էին գունավոր տրիգլիփներ[60], մեհյանների ճակատներից վեր էին ցցվում աստվածների քանդակած արձաններ, թևավոր ոսկեզօծ քվադրիգաներ[61], որ կարծես ուզում էին սլանալ տանիքներից օդի, այն կապույտի մեջ, որ խաղաղ ծանրացել էր մեհյանների այդ նվիրական քաղաքի վրա։ Հրապարակի մեջտեղ և ափերին հոսում էր մի մարդկային գետ, ամբոխը անցուդարձ էր անում Հուլիոս Կեսարի բասիլիկայի[62] կամարների տակ, ամբոխը նստած էր Կաստորի և Պոլլուքսի աստիճանների վրա և զբոսնում էր Վեստայի փոքրիկ տաճարի շուրջը՝ հիշեցնելով այն լայնատարած մարմարե ֆոնի վրա թիթեռնիկների կամ բզեզների բազմերանգ պարեր։ Վերևից, ահագին սանդուղքներով, Iovi optimo, maxsimo֊ին[63] նվիրված մեհյանի կողմից, գալիս էին նորանոր խմբեր, ռոստրայի[64] մոտ խուժանը ականջ էր դնում ինչ֊որ պատահական հռետորների. այստեղ և այնտեղ լսելի էին միրգ, գինի կամ թզաջուր վաճառողների, հրաշագործ դեղեր առաջարկող խաբեբաների, թովիչների, թաքցրած գանձեր հայտնաբերողների, երազմեկնողների գոչյունները։ Տեղ֊տեղ խոսակցության աղմուկի միջից լսվում էին սիստրումի և սամբուկայի[65] կամ հունական սրինգների ձայներ։ Տեղ֊տեղ հիվանդ, աստվածասեր կամ վշտահար մարդիկ զոհեր էին տանում մեհյանները։ Ժողովրդի մեջ, քարե հատակի վրա, շարժուն, գույնզգույն և մուգ բծերի պես հավաքվում էին զոհի հացահատիկների սիրահար աղավնիների երամներ և մեկ վեր էին թռչում, մի քանի րոպե թևերով սաստիկ աղմուկ բարձրացնելով, մեկ իջնում ամբոխի ազատ թողած տեղերը։ Ժամանակ առ ժամանակ մարդկային բազմությունը ճանապարհ էր տալիս դեսպակներին, որոնց միջից երևում էին գեղեցիկ կանանց դեմքեր կամ սենատորների, ասպետների գլուխներ՝ կարծես քարացած և կյանքից մաշված դիմագծերով։

Բազմալեզու խուժանը բարձրաձայն կրկնում էր սրանց անունները՝ ավելացնելով մականուններ, ծաղրանք կամ գովասանք։ Պատահում էր, որ այս անկարգ ամբոխի միջով հավասարաչափ քայլերով շարժվում էին զինվորների կամ պահապանների գնդեր, որոնք հսկում էին հասարակական կարգապահությանը։ Հունարենը ամեն կողմից լսվում էր նույնպես հաճախ, ինչպես և լատիներենը։

Վինիկիոսը, որ շատ ժամանակ է, որ քաղաքում չէր եղել, մի առանձին հետաքրքրությամբ էր նայում այդ մարդկային մրջնանոցին ու այդ forum Romanum֊ին, որ թե՛ տիեզերքի ալիքին էր տիրում և թե՛ միաժամանակ ինքն այդ ալիքով ծածկված էր այնչափ, որ Պետրոնիոսը, գուշակելով ընկերոջ միտքը, այդ հրապարակն անվանեց «Քվիրիտների բույն՝ առանց քվիրիտների»[66]։ Արդարև, տեղական տարրը համարյա թե կորչում էր այս ամբոխի մեջ, որ բաղկացած էր ամեն տեսակ ցեղերից և ազգություններից։ Այստեղ կարելի էր տեսնել եթովպացիների, հեռավոր հյուսիսի ահագին հսկաների, բրիտանացիներ, գալլերի և գերմանացիների, Սերիկոնի[67] շլաչյա բնակիչների, Եփրատի և Ինդոսի ափերից եկած մարդկանց՝ աղյուսագույն ներկած մորուքներով. սևաչյա և քաղցրահայաց ասորիների՝ Օրոնտի ափերից, ոսկորի պես չորացած, անապատաբնակ արաբների, նեղակուրծ հրեաների, մշտական անտարբեր ժպիտը դեմքերին եգիպտացիների, նումիդացիների և աֆրերի, Հելլադայի հույների, որոնք հռոմեացիների հետ հավասարապես իշխում էին քաղաքում, բայց իշխում էին գիտության, արվեստի, խելքի և խորամանկության շնորհիվ, կղզիների, Փոքր Ասիայի, Եգիպտոսի, Իտալիայի, Նարբոնական Գալլիայի հույների։ Ականջները ծակած ստրուկների ամբոխի մեջ պակաս չէին նաև ազատ, անգործ բնակիչները, որոնց կայսրը զվարճացնում էր, կերակրում և մինչև անգամ հագցնում, և ազատ օտարականները, որոնց դեպի ահագին քաղաքն էին քաշում կյանքի հեշտությունը և բախտի հույսը։ Պակաս չէին վաճառականներն ու Սերապիսի[68] քրմերը՝ արմավենու ճյուղերը ձեռներին, և՛ Իսիդի[69] քրմերը (այս աստվածության սեղանին ավելի շատ զոհեր էին մատուցում, քան թե Կապիտոլիական Յուպիտերի մեհյանում), և՛ Կիբելայի[70] քրմերը, որոնք ձեռներին բրնձի ոսկե հասկեր ունեին բռնած, և՛ թափառաշրջիկ աստվածությունների քրմերը, և՛ արևելյան կաքավչուհիներ՝ պայծառ խույրերով, և՛ հուռութքներ վաճառողներ, և օձերի թովիչներ, և՛ քաղդեական մոգեր, վերջապես, մարդիկ՝ առանց որևէ զբաղմունքի, որոնք ամեն շաբաթ լույս էին ընկնում շուրջտիբերիսյան պահեստների մոտ՝ հաց ստանալու համար, կռվում էին կրկեսների վիճակախաղային տոմսերի համար, գիշերներն անց էին կացնում անդրտիբերիսյան արվարձանում՝ շարունակ քանդվող տների մեջ, իսկ արև և տաք օրերին՝ կրյուպտոպորտիկներում[71], Սուբուռայի կեղտոտ ճաշարաններում, Միլվիոսի կամուրջի վրա կամ հարուստների «ինսուլաների» առջև, որտեղ ժամանակ առ ժամանակ նրանց բաժին էին նետում ստրուկների սեղանի մնացորդները։

Պետրոնիոսին լավ էր ճանաչում այդ խուժանը։ Վինիկիոսի ականջին, շարունակ հասնում էր «Hic est» (նա է)։ Նրան սիրում էին առատաձեռնության համար, և նրա ժողովրդականությունն ավելի մեծացավ այն օրից, երբ նա Կեսարի առջև բարեխոսեց Պեդանիոս Սեկունդոսի ամբողջ «գերդաստանի», այսինքն՝ առանց սեռի և տարիքի խտրության բոլոր ստրուկների համար, որոնք մահվան էին դատապարտված այն պատճառով, որ նրանցից մեկը հուսահատության րոպեին սպանել էր այդ բռնակալին։ Ճշմարիտ է, Պետրոնիոսը բարձրաձայն կրկնում էր, որ նրա համար այդ միևնույն էր, որ նա բարեխոսել է Կեսարի առջև մասնավորապես իբրև arbiter elegantiarum, որի գեղագիտական զգացմունքը վրդովվում էր այդ բարբարոսական, որևէ սկյութացիներին և ոչ թե հռոմեացիներին վայել կոտորածից։ Այնուամենայնիվ, ամբոխը, որ հուզվում էր այդ կոտորածի առիթով, այն ժամանակից ի վեր սիրում էր Պետրոնիոսին։

Բայց նա այդ բանի մասին հոգ չէր տանում։ Հիշում էր, որ այդ ամբոխը սիրում էր նաև Բրիտանիկոսին, որին Ներոնը թունավորեց, և Ագրիպպինային, որին նա հրամայեց սպանել, և Օկտավիային[72], որին խեղդեցին Պանդատարիայում[73], նախապես տաքացած շոգու մեջ բաց անելով նրա զարկերակը, և Ռուբելիոս Պլավտոսին, որին աքսորեցին, և Թրասեասին, որին ամեն մի առավոտ կարող էր մահվան դատավճիռ բերել։ Ամբոխի սերը կարող էր համարվել ավելի շուտ վատ գուշակություն, իսկ Պետրոնիոսը սկեպտիկ լինելով հանդերձ՝ նաև սնահավատ էր։ Խուժանին նա արհամարհում էր կրկնակի՝ և՛ իբրև ազնվական, և՛ իբրև գեղարվեստասեր։ Մարդիկ, որոնցից բոված սիսեռի հոտ էր գալիս, որ միշտ ունենում էին ծոցում, որոնք միևնույն ժամանակ փողոցների անկյուններում և պերիստիլներում[74] մորա[75] խաղալուց խռպոտած և քրտնած էին, նրա աչքում արժանի չէին մարդ անվանը։

Եվ ահա, չպատասխանելով ոչ ծափահարություններին, ո՛չ էլ այս ու այն կողմից ուղարկվող օդային համբույրներին՝ նա Մարկոսին պատմում էր Պեդանիոսի գործի մասին և ծաղրում այդ փողոցային խուժանի փոփոխամտությունը, որ սպառնալից խռովության հետևյալ օրը ծափահարում էր Յուպիտեր Ստատորի[76] մեհյանը գնացող Ներոնին։ Ավիոնոսի գրավաճառանոցի մոտ նա հրամայեց կանգ առնել և դուրս գալով՝ գնեց մի շքեղազարդ ձեռագիր ու տվեց Վինիկիոսին։

— Այս քեզ ընծա իմ կողմից,— ասաց նա։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց Վինիկիոսը. հետո, նայելով վերնագրին, հարցրեց.

— Սատիրիկո՞ն[77]։ Այս ի՞նչ նոր բան է։ Ո՞ւմն է։

— Իմը։ Բաչց ես չեմ կամենում Ռուֆինոսի շավղով գնալ, որի մասին կուզեի պատմել քեզ, ոչ էլ Ֆաբրիկիոս Վեյենտացու շավղով. այս պատճառով ոչ ոք այս բանի մասին չգիտե, և դու էլ ոչ ոքի մի ասա։

— Ինձ դու ասում էիր, թե ոտանավորներ չես գրում,— ասաց Վինիկիոսը՝ թերթելով գիրքը.— այստեղ ես տեսնում եմ նրանցով շատ համեմված մի արձակ գրվածք։

— Երբ կարդալիս կլինես, ուշադրություն դարձրու Տրիմալքիոնի մեծարքի վրա։ Ինչ վերաբերում է ոտանավորներին, նրանք ինձ զզվելի դառան այն րոպեից ի վեր, երբ Ներոնն սկսեց բանաստեղծությամբ զբաղվել։ Գիտե՞ս, Վիտելիոսը կամենալով թեթևացնել ստամոքսը, գործ է ածում փղոսկրե ձողիկ, որով գրգռում է կոկորդը. ուրիշներն օգտագործում են ձեթի կամ ծոթրինի ջրի մեջ թաթախած՝ ֆլամինգոների փետուրներ[78], իսկ ես կարդում եմ Ներոնի բանաստեղծությունը, և դա անհապաղ ունենում է իր հետևանքը։ Ուստի կարող եմ այդ բանաստեղծությունը գովել եթե ոչ մաքուր խղճով, գոնե մաքուր ստամոքսով։

Այսպես ասելով՝ նա նորից կանգնեցրեց դեսպակը Իդոմենես ակնավաճվառի մոտ և, ակների գործը վերջացնելով, հրամայեց դեսպակը տանել ուղղակի Ավլոսի տուն։

— Իբրև ապացույց, թե ինչ է հեղինակի ինքնասիրությունը, ճանապարհին քեզ կպատմեմ Ռուֆինոսի պատմությունը,— ասաց նա։ Բայց առաջ, քան սկսեց պատմել, ծռվեցին Vicus Patricus֊ը և շուտով հասան Ավլոսի տանը։ Երիտասարդ և ամրակազմ «ianitor» — դռնապանը, բաց արեց նրանց առջև օստիոնի[79] դռները, դռան վերևից վանդակի մեջ փակված կաչաղակը ողջունեց նրանց «salve»՝ «բարև» խոսքով։

Օստիոնից ատրիոնն անցնելիս Վինիկիոսն ասաց.

— Նկատեցի՞ր արդյոք, որ դռնապանն այստեղ առանց շղթայի է։

— Տարօրինակ տուն է,— ցածր ձայնով պատասխանեց Պետրոնիոսը.— երևի քեզ հայտնի է, որ Պոմպոնիա Գրեկինային կասկածում էին, թե դավանում է արևելյան մի աղանդ, որի հիմքն է մի ինչ֊որ Քրիստոսի պաշտամունքը։ Ինձ թվում է, որ այդ ծառայությունը նրան արել է Կրիսպինիլլան, որը չի կարող ներել Պոմպոնիային այն, որ նրան մի ամուսինը բավական է եղել ամբողջ կյանքում։ Univira՝ մի ամուսի՜ն... Այժմ ավելի հեշտ է գտնել Հռոմում մի կճուճ նորիկական[80] սունկ։ Պոմպոնիային դատեցին տնային դատաստանով...

Մինչ այդ նրանք արդեն ատրիոնումն էին։ Այդտեղի վերակացու atriensis ստրուկը ուղարկեց նոմենկլատորին, որ հայտնի հյուրերի գալուստը։ Միաժամանակ սպասավորները նրանց համար առաջ քաշեցին բազկաթոռներ և ոտքի աթոռիկներ։ Պետրոնիոսը, որ երևակայում էր, թե այս տան մեջ մշտնջենավոր տխրություն է տիրում, և երբեք այստեղ չէր եղել, նայում էր շուրջը մի տեսակ զարմանքով և կարծես թե գոհ զգացմունքով, որովհետև ատրիոնը ավելի շուտ ուրախ տպավորություն էր թողնում։ Վերևից լայն երդիկով ներս էր թափվում պայծառ լույսի մի փունջ, որ հազար ու մի գույներով բեկբեկվում էր շատրվանի ջրի մեջ։ Քառակուսի, մեջտեղը շատրվան ունեցող ավազանը, որ հատկացրած էր անձրևի ժամանակ երդիկով ներս թափվող ջուրը հավաքելու համար և որ impluvium էր կոչվում, շրջապատված էր հողմածաղիկներով և շուշաններով։ Ըստ երևույթին՝ այս տան մեջ սիրում էին մանավանդ շուշաններ, քանի որ նրանցից մի շարք թփեր էին տնկած, թե՛ սպիտակ, թե՛ կարմիր, նաև կապույտ հիրիկներ (լուրթ շուշաններ), որոնց մեղմ թերթիկները կարծես արծաթազօծված էին ջրի փոշով։ Թաց մամուռների միջից, ուր թաքցվել էին շուշանների ծաղկամանները, երևվում էին երեխաներ և ջրային թռչուններ ներկայացնող բրոնզե արձաններ։ Մի անկյունում նույնպես բրոնզից ձուլված մի եղջերու կռացրել էր ջրին իր՝ խոնավությունից ժանգոտած կանաչավուն գլուխը, կարծես թե ուզում էր խմել։

Ատրիոնի հատակը խճանկար էր. պատերը, որոնք մասամբ կարմիր մարմարով էին ծածկված, մասամբ էլ զարդարված ծառերի, ձկների, թռչունների, և կորճերի նկարներով, աչքը հրապուրում էին գույների խաղով։ Հարևան սենյակների դռների բանալիների տեղերը զարդարված էին կրիայի, կամ նույնիսկ փղի ոսկորով. պատերի մոտ, դռների արանքում, կանգնած էին Ավլոսի նախնիների արձանները։ Ամեն տեղ երևում էր խաղաղ, շռայլությունից խույս տվող, բայց ազնիվ և ինքնավստահ ունևորություն։

Պետրոնիոսը, որ ապրում էր ավելի մեծ շքեղության և պճնության մեջ, այստեղ չէր կարողանում գտնել ոչ մի առարկա, որ վիրավորեր իր ճաշակը, և այն է ուզում էր այդ նկատողությամբ դիմել Վինիկիոսին, երբ «velarius»[81] ստրուկը քաշեց տաբլինոնը[82] ատրիոնից բաժանող վարագույրը, և տան խորքում երևաց արագ մոտեցող Ավլոս Պլավտիոսը։

Նա կյանքի երեկոյին մոտեցող մի ալևոր, բայց դեռ զվարթ ու ամրակազմ մարդ էր՝ եռանդուն, փոքր֊ինչ կարճ, բայց և փոքր֊ինչ արծվի գլուխ հիշեցնող դեմքով։ Այս անգամ նրա դեմքին նշմարվում էր մի տեսակ զարմանք և մինչև իսկ անհանգստություն՝ Ներոնի բարեկամի, ընկերոջ և սիրելիի անակնկալ գալստյան պատճառով։

Բայց Պետրոնիոսը չափազանց աշխարհիկ և չափազանց սրատես մարդ էր, որ չնկատեր այդ, ուստի առաջին ողջույններից հետո հայտնեց ամենայն ճարտարությամբ և անկեղծությամբ, որ հատուկ էր իրեն, թե եկել է շնորհակալություն հայտնելու այն խնամքի համար, որ այս տան մեջ վայելել էր իր քեռորդին, և թե միայն երախտագիտությունն է առիթ տվել իր այցելությանը, թե իրեն քաջալերել է Ավլոսի հետ վաղեմի ծանոթությունը։

Ավլոսը ևս իր կողմից հավատացրեց նրան, որ ցանկալի հյուր է, իսկ ինչ վերաբերում է երախտագիտությանը, հայտարարեց, որ ինքը նույն զգացմունքն է տածում, թեև հավանական է, որ Պետրոնիոսը չի իմանում դրա պատճառը։

Իրոք, Պետրոնիոսը չէր կարողանում իմանալ դրա պատճառը։ Նա զուր, վերև բարձրացնելով իր ընկուզանման աչքերը, աշխատում էր մտաբերել մի ամենափոքրիկ ծառայություն, որ արած լիներ Ավլոսին կամ որևէ մեկի։ Ոչ մեկը չէր հիշում, թերևս բացի նրանից, որը մտադիր էր անել Վինիկիոսին։ Իր կամքին հակառակ, ճշմարիտ է, կարող էր մի այդպիսի բան պատահած լինել, բայց միայն՝ իր կամքին հակառակ։

— Ես շատ եմ սիրում և շատ եմ հարգում Վեսպասիանոսին,— ասաց վերջապես Ավլոսը,— որի կյանքը դու փրկեցիր, երբ մի անգամ նա դժբախտություն ունեցավ քնելու՝ Կեսարի ոտանավոր կարդալու ժամանակ։

— Այո, նա բախտավոր էր, որ չէր լսում այդ ոտանավորը,— պատասխանեց Պետրոնիոսը,— բայց չեմ հակառակում, որ դա կարող էր դժբախտությամբ վերջանալ։ Պղնձամորուսն անպատճառ ուզում էր նրա մոտ կենտուրիոն[83] ուղարկել բարեկամական խորհրդով, որ բաց անի իր զարկերակը։

— Իսկ դու, Պետրոնիոս, ծաղրեցիր նրան։

— Այդպես է, բայց ավելի շուտ՝ ընդհակառակը. ես ասացի նրան, որ եթե Օրփեոսը ընդունակ էր իր երգով վայրենի գազաններին քնեցնելու, Կեսարի հաղթանակը նույնչափ է, քանի որ կարողացավ քնեցնել Վեսպասիանոսին։ Ահենոբարբին կարելի է նախատել, բայց մի պայմանով, որ փոքրիկ նախատինքի մեջ պարունակվելիս լինի մեծ շողոքորթություն։ Մեր գթառատ օգոստուհի Պոպպեան լավ է հասկանում այդ։

— Ավա՜ղ, այսպիսի ժամանակ է,— պատասխանեց Ավլոսը։— Ինձ պակասում են առջևի երկու ատամներս, որ մի բրիտանացի քարով կոտրել է, և այդ պատճառով խոսակցության ժամանակ փսփսացնում եմ, այնուամենայնիվ կյանքիս ամենալավ վայրկյանները անց եմ կացրել Բրիտանիայում[84]։

— Որովհետև հաղթող էիր,— վրա բերեց Վինիկիոսը։

Բայց Պետրոնիոսը, վախենալով, որ չլինի թե ծերունի զորավարը սկսի պատմել իր վաղուցվա հաղթությունները, փոխեց խոսակցության նյութը։ Praeneste֊ի շրջակայքում գյուղացիք ասում են, թե գտել են գայլի երկգլուխ լակոտ, իսկ անցյալ փոթորկի ժամանակ կայծակը պոկել է Լուսնի մեհյանի ճակատը, և դա, նկատի առնելով ներկա տարաժամ աշունը, չլսված բան է։ Մի ոմն Կոտտա, որն իրեն այդ բանը պատմել էր, նաև ավելացնում էր, թե մեհյանի քրմերն այս առիթով քաղաքի կործանումն են գուշակում կամ առնվազն մի երևելի տան անկում, որի առաջը կարելի է առնել միայն արտակարգ զոհաբերություններով։

Ավլոսը, պատմությունը լսելով, այն կարծիքը հայտնեց, թե այդպիսի նշանները չպետք է արհամարհել։ Աստվածները կարող են բարկացած լինել սանձարձակ մոլության վրա, որ ամեն չափ անցել է. այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, ուստի և մաղթանքներն ու զոհաբերությունները բոլորովին տեղին են...

Այդ խոսքի վրա Պետրոնիոսն ասաց.

— Քո տունը, Պլավտիոս, շատ մեծ չէ, թեև նրա մեջ ապրում է մեծ մարդ. իմ տունը թեև, ճիշտ է, չափազանց մեծ է ինձ պես չնչին մի տիրոջ համար, բայց, նույնպես փոքր է։ Իսկ եթե խնդիրը վերաբերում է մի այնպիսի ահագին տան, որպիսին է «domus trasitoria»[85]֊ն արդյոք արժե՞, որ զոհեր մատուցենք այդ կործանման առաջն առնելու համար։

Պլավտիոսը չպատասխանեց այս հարցին, և այդ զգուշությունը մինչև իսկ մի փոքր վիրավորեց Պետրոնիոսին, որովհետև թեև նրան պակասում էր չարն ու բարին զանազանելու զգացմունքը, բայց երբեք մատնիչ չէր եղել, և նրա հետ կարելի էր խոսել բոլորովին ապահով կերպով։ Նա փոխեց խոսակցության նյութը և սկսեց գովաբանել Պլավտիոսի բնակարանը, նաև տան մեջ տիրող նուրբ ճաշակը։

— Հին կացարան է.— պատասխանեց Պլավտիոսը.— ոչինչ չեմ փոխել ժառանգելուցս ի վեր։

Ատրիոնը տաբլինոնից բաժանող վարագույրը բացված լինելով՝ տունը ծայրեծայր երևում էր, այնպես որ տաբլինոնի, այնուհետև պերիստիլի և ապա oecus կոչված դահլիճի միջով աչքը սահում էր մինչև պարտեզ, որ հեռվից երևում էր իբրև մի պայծառ պատկեր՝ ամփոփված մուգ շրջանակի մեջ։ Մանկական ուրախ ծիծաղը այնտեղից ատրիոն էր հասնում։

— Ա՜հ, զորավար,— ասաց Պետրոնիոսը,— մեզ թույլ տուր մոտիկից լսել այդ սրտաբուխ ծիծաղը, որ այժմ այնպես հազվագյուտ է։

— Ուրախությամբ,— վեր կենալով պատասխանեց Պլավտիոսը,— այդ իմ փոքրիկ Ավլոսն ու Լիգիան են գնդակ խաղում, իսկ գալով ծիծաղին՝ կարծում եմ, Պետրոնիոս, ամբողջ կյանքդ նրանով ես անց կացնում։

— Կյանքը ծիծաղի է արժանի, ուստի ծիծաղում եմ,— պատասխանեց Պետրոնիոսը.— բայց այստեղ ծիծաղը ուրիշ տեսակ է հնչում։

— Պետրոնիոսը վերջապես,— ավելացրեց Վինիկիոսը,— չի ծիծաղում ցերեկները, այլ ավելի շուտ՝ գիշերները։

Այսպես խոսելով նրանք անցան տան երկարությամբ և դուրս եկան պարտեզը, ուր Լիգիան և փոքրիկ Ավլոսը գնդակ էին խաղում։ Հատկապես այդ զվարճության համար նշանակված ստրուկները — sphesistae — գետնից բարձրացնում էին գնդակները և տալիս էին նրանց ձեռքը։ Պետրոնիոսը մի արագ, թռուցիկ հայացք ձգեց Լիգիայի վրա. փոքրիկ Ավլոսը, նկատելով Վինիկիոսին, մոտ վազեց նրան բարևելու համար, իսկ նա անցնելիս գլուխը խոնարհեց գեղեցիկ աղջկա առջև, որ կանգնած էր գնդակը ձեռքին, փոքր֊ինչ արձակված մազերով, շունչը արագացած և կարմրած։

Պարտեզի տրիկլինիոնում, որ ծածկված էր բաղեղով, որթով և այծատերևով, նստած էր Պոմպոնիա Գրեկինան, հյուրերը գնացին նրան ողջունելու։ Պետրոնիոսը թեև չէր այցելում Պլավտիոսների տուն, բայց լավ էր ճանաչում նրան, որովհետև տեսել էր նրան Ռուբելիոս Պլավտիոսի դուստր Անտիստիայի մոտ և հետո՝ Սենեկայի տանը և Պոլիոնի մոտ։ Նա չէր կարողանում զսպել իր մեջ զարմանքը, որ իր վրա ազդում էր այդ կնոջ տխուր, թեև ջինջ դեմքը, նրա կերպարանքի, շարժվածքի և խոսքերի ազնվությունը։ Պոմպոնիան այն աստիճան շփոթեցնում էր կանանց մասին նրա ունեցած հասկացողությունը, որ այդ մինչև ոսկորների ծուծը փչացած և ինքնավստահ, ինչպես ոչ ոք Հռոմում, մարդը ոչ միայն մի տեսակ պատկառանք էր զգում նրա հանդեպ, այլև մինչև իսկ մասամբ կորցնում էր ինքնավստահությունը։ Ահա հիմա էլ. շնորհակալություն հայտնելով նրան Վինիկիոսի համար, նա ակամայից կոչում էր «domina»՝ տիրուհի, որ երբեք նրա միտքը չէր գալիս, երբ, օրինակ, խոսում էր Կալվիայի, Կրիսպինիլայի, Ակրիբոնիայի, Վալերիայի, Սոլինայի և բարձր շրջանի ուրիշ կանանց հետ։ Ողջունելուց և շնորհակալություն հայտնելուց հետո նա սկսեց ափսոսանք հայտնել, որ Պոմպոնիան շատ սակավ է երևում, որ նրան չի կարելի պատահել ո՛չ կրկեսում, ո՛չ ամֆիթատրոնում. իսկ Պոմպոնիան, ափը դնելով ամուսնու ափի մեջ, հանդարտ պատասխանեց.

— Ծերանում ենք, երկուսս էլ ավելի ու ավելի ենք սիրում տնային առանձնությունը։

Պետրոնիոսը կամենում էր հակաճառել, բայց Ավլոս Պլավտիոսը ավելացրեց իր փսփսացող ձայնով.

— Եվ ավելի ու ավելի օտարացած ենք զգում մեզ մարդկանց մեջ, որոնք նույնիսկ մեր աստվածներին հունական անուններով են կոչում։

— Աստվածները որոշ ժամանակից ի վեր դարձել են միայն ճարտասանական ձևեր,— անփույթ արտասանեց Պետրոնիոսը,— և որովհետև ճարտասանությունը սովորել ենք հույներից, այդ պատճառով նույնիսկ ինձ համար ավելի հեշտ է, օրինակ, ասել Հերա[86], քան թե Յունոն։

Այսպես ասելով՝ նա աչքերը դարձրեց Պոմպոնիային, կարծես թե ուզենալով ասել, որ նրա ներկայությամբ ոչ մի ուրիշ աստվածություն չէր կարող իր միտքը գալ, և հետո սկսեց հակաճառել այն բանին, ինչ որ նա ասաց ծերության մասին։

«Մարդիկ, ճշմարիտ է, շուտ են ծերանում, բայց միայն այնպիսիք, որոնք ուրիշ տեսակ կյանք են վարում, և բացի դրանից, կան արարածներ, որոնց մասին Սատուրնը կարծես մոռացել է»։ Պետրոնիոսը այդ ասում էր մինչև անգամ մի տեսակ անկեղծությամբ, որովհետև Պոմպոնիա Գրեկինան, թեև արդեն կյանքի կեսօրից հեռանում էր, սակայն պահպանել էր դեմքի արտասովոր թարմություն, և փոքրիկ գլուխ ու կարճ երես ունենալով՝ ժամանակ առ ժամանակ, չնայելով լրջմտությանն ու տխրությանը, բոլորովին երիտասարդ կնոջ տպավորություն էր թողնում։

Այդ միջոցին փոքրիկ Ավլոսը, որ Վինիկիոսի՝ իրենց տանը եղած ժամանակ հետը չափազանց մտերմացել էր, մոտենալով նրան՝ խնդրեց, որ մասնակցի խաղին։ Տղայի ետևից տրիկլինիոն մտավ և Լիգիան։ Բաղեղի հովանու տակ, դեմքի վրա թրթռող լույսի բծերով՝ նա Պետրոնիոսին այժմ ավելի գեղեցիկ էր թվում, քան թե առաջին պահին, և, ճիշտ որ, հավերժահարսի նման էր։ Եվ որովհետև նրա հետ մինչև այդ չէր խոսել, վեր կացավ տեղից, խոնարհեց նրա առջև իր գլուխը և ողջույնի սովորական խոսքերի փոխարեն սկսեց արտասանել այն բառերը, որոնցով Ոդիսևսը ողջունեց Նավսիկեին.

 

Եթե մեկըն ես դու երկնակենցաղ դիցուհիներից,

Ապա ուրեմըն վեհ Արամազդի միայն մեծ դըստեր,

Միայն Արտեմիս դիցուհուն կարող ես լինել նըման

Չըքնաղ դեմքովըդ և վայելչակազմ քո այդ իրանով.

Իսկ եթե դու մի մահկանացու ես, հավերժ ենթակա

Ճակատագըրին, ապա անպատում երանելի են

Քո հայր և քո մայր, երանելի են և քո եղբայրներ...

 

Մինչև անգամ Պոմպոնիային դուր եկավ այս աշխարհիկ մարդու նրբամիտ սիրալիրությունը։ Ինչ վերաբերում է Լիգիային, նա ականջ էր դնում շփոթված և շիկնած՝ չհամարձակվելով աչքերը բարձրացնել։ Բայց կամաց֊կամաց նրա շրթունքների փոսերի մեջ սկսեց կայտառ ծիծաղ շարժվել, դեմքի վրա նկատվում էր կռիվ կուսական ամոթխածության և պատասխանելու ցանկության մեջ, և ակներև էր, որ այս ցանկությունը հաղթող հանդիսացավ, քանի որ հանկարծակի նայելով Պետրոնիոսի երեսին պատասխանեց նրան միևնույն Նավսիկեի բառերով, արտասանելով միանգամից, անգիր սերտած դասի պես.

 

Անցորդ, իհարկե, նըշանավոր է քո տոհմը, և դու,

Ինչպես տեսնում եմ՝ խելացի մեկն ես...

 

Հետո, տեղում պտտվելով, փախավ, ինչպես փախչում է վախեցրած թռչնակը։

Այժմ զարմանալու հերթը հասավ Պետրոնիոսին, որովհետև նա չէր սպասում, որ կլսի հոմերական ոտանավորը մի աղջկա բերանից, որի բարբարոսական ծագման մասին արդեն նախօրոք Վինիկիոսը հայտնել էր նրան։ Հարգական հայացքով նա նայեց Պոմպոնիային, բայց սա չէր կարող նրան պատասխանել, քանի որ այդ միջոցին ժպտալով դիտում էր, թե ինչպիսի հպարտությամբ էր ցոլում ծերունի Ավլոսի դեմքը։

Իսկ Ավլոսը չէր կարող թաքցնել այդ հպարտությունը։ Մեկ՝ որ սիրում էր Լիգիային իր հարազատ զավակի պես և երկրորդ՝ որ չնայելով իր հին֊հռոմեական նախապաշարմունքներին, որոնք իրեն դրդում էին մաքառել հունականության և նրա տարածվելու դեմ, նա այդ համարում էր ընկերական նուրբ վարվեցողության գագաթնակետ։ Ինքը երբեք չէր կարողացել լավ սովորել այդ լեզուն և դրա համար գաղտնի վշտանում էր։ Իսկ այժմ ուրախ էր, որ այդ նրբակյաց մարդուն, միաժամանակ և գրականագետին, որ պատրաստ էր նրա տունը բարբարոսական համարել, հենց այդ տանը պատասխան է տրվում Հոմերոսի լեզվով ու ոտանավորով։

— Տանը մի մանկավարժ կա, հույն,— ասաց նա՝ դիմելով Պետրոնիոսին,— որ սովորեցնում է մեր տղային, իսկ աղջիկը ունկնդիր է լինում դասերին։ Ծիտիկ է դեռ, բայց սիրելի ծիտիկ, որին երկուսս ևս ընտելացել ենք։

Պետրոնիոսը բաղեղի և այծատերևի միջով այժմ դիտում էր պարտեզը և այնտեղ զվարճացող եռյակը։ Վինիկիոսը հանել էր տոգան և միայն տունիկայով դեպի վեր էր նետում գնդակը, որը Լիգիան, դիմացը կանգնած՝ աշխատում էր բռնել բարձր պարզած ձեռքերով։ Աղջիկն առաջին պահ մեծ տպավորություն չգործեց Պետրոնիոսի վրա. նրան շատ նիհար թվաց։ Բայց այն րոպեին, երբ տրիկլինիոնում մոտիկից զննեց նրան, ինքն իրեն մտածեց, որ այդպես կարող էր երևալ միայն արշալույսը, և իբրև գեղագետ հասկացավ, որ նրա մեջ կա մի ինչ֊որ արտասովոր բան։ Բոլորը նկատեց և բոլորը գնահատեց՝ և՛ վարդագույն թափանցիկ դեմքը, և՛ ծովի մակերևույթի պես կապուտակ աչքերը, և՛ թարմ, կարծես համբույրի համար ստեղծված շրթունքները, և՛ ճակատի փղոսկրե սպիտակությունը, և՛ ոլորներին սաթի կամ կորնթական պղնձի պես փայլող մուգ մազերի խտությունը, և՛ նուրբ պարանոցը, և՛ ուսերի աստվածային կլորությունը, և՛ ամբողջ կազմվածքը՝ ճկուն, բարակ, մայիսյան, երիտասարդությամբ ու նոր բացված ծաղիկներով բուրող։ Նրա մեջ զարթնեց արվեստագետն ու գեղեցկության երկրպագուն, զգաց, որ այս աղջկա արձանի տակ կարելի է փորագրել «Գարուն»։ Հանկարծ նա հիշեց Քրիսոթեմիսին և ուզեց ծիծաղել։ Ոսկե փոշին ցանած մազերին և հոնքերը սևացրած՝ նա անասելի թառամած, դեղնած, թերթիկները վայր թափող վարդի պես մի բան երևաց իրեն։ Իսկ մի ժամանակ այդ Քրիսոթեմիսի համար իրեն նախանձում էր ամբողջ Հռոմը։ Հետո նա մտաբերեց Պոպպեային, և այդ անզուգական Պոպպեան նույնպես անհոգի, մեղրամոմե դիմակ երևաց իրեն։ Այս տանագրիական գծերով աղջիկը ոչ միայն գարուն էր, այլև փայլող «փսիքե»[87], որ թափանցում էր նրա վարդագույն մարմնի միջից, ինչպես ճառագայթն է թափանցում ղամպարի միջից։

— Վինիկիոսը իրավացի է,— մտածեց նա,— իսկ իմ Քրիսոթեմիսը պառավ է, պառավ... ինչպես Տրոյան։

Ապա դարձավ Պոմպոնիա Գրեկինային և ցույց տալով պարտեզը՝ ասաց.

— Հասկանում եմ այժմ, domina, որ այսպիսի երկու հոգու ներկայությամբ ձեր տունը գերադասում եք պալատիոնի մեծարանքներից ու կրկեսից։

— Այո,— պատասխանեց նա՝ աչքերն ուղղելով դեպի փոքրիկ Ավլոսի և Լիգիայի կողմը։

Իսկ ծերունի զորավարն սկսեց պատմել աղջկա պատմությունը և այն, ինչ որ լսել էր շատ տարիներ առաջ Ատելիոս Հիստերից՝ հյուսիսային մառախլապատի մեջ ապրող լիգիական ազգի մասին։

Երիտասարդները վերջացրին խաղը և որոշ ժամանակ զբոսնում էին պարտեզի ավազի վրա՝ մրտենիների և նոճիների մուգ խորության մեջ աչքի ընկնելով երեք սպիտակ արձանների պես։ Լիգիան բռնել էր փոքրիկ Ավլոսի ձեռքից։ Մի քիչ զբոսնելուց հետո նրանք նստեցին նստարանին «piscina»֊ի (ձկնարանի) մոտ, որ պարտեզի մեջտեղն էր գտնվում։ Բայց մի րոպե անց Ավլոսը վեր թռավ՝ պարզ ջրի մեջ լողացող ձկներին վախեցնելու համար, իսկ Վինիկիոսը շարունակեց զբոսանքի ժամանակ սկսած խոսակցությունը։

— Այո,— խոսում էր նա ցածր, դողդոջուն ձայնով.— դեռ նոր էի վրայիցս ձգել պրետեքստան[88], որ ինձ ուղարկեցին ասիական լեգեոնները։ Քաղաքին չծանոթացա, չծանոթացա ո՛չ կյանքին, ո՛չ էլ սիրույն։ Անգիր գիտեմ կտորներ Անակրեոնից[89] և Հոմերոսից, բայց չէի կարողանա Պետրոնիոսի պես ոտանավորներ արտասանել այն ժամանակ, երբ միտքս զարմանքից համրանում է և չի կարողանում սեփական բառեր գտնել։ Մանուկ հասակումս այցելում էի Մուսոնիոսի ուսումնարանը, ուր ինձ ասում էին, թե երջանկությունը նրա մեջ է, որ ցանկա այն, ինչ ցանկանում են աստվածները, ուստի և կախված է մեր կամքից։ Սակայն ես կարծում եմ, որ կա մի ուրիշ, ավելի մեծ և ավելի թանկագին երջանկություն, որ կախված չէ մեր կամքից, որովհետև այն կարող է տալ միայն սերը։ Իրենք՝ աստվածները, որոնում են այդ երջանկությունը. ահա և ես, Լիգիա, ես, որ դեռ մինչև այսօր չգիտեմ սերը, գնալով նրանց հետքերով՝ նույնպես որոնում եմ այնպիսի մի էակ, որ ինձ կամենար երջանկություն տալ...

Լռեց... և որոշ ժամանակ լսելի էր միայն ջրի թեթև ձայնը, ուր փոքրիկ Ավլոսը քարեր էր նետում՝ վախեցնելով ձկներին։ Հետո Վինիկիոսը կրկին սկսեց խոսել ավելի մեղմ ու ցածր ձայնով.

— Իհարկե, ճանաչում ես Վեսպասիանոսի որդի Տիտոսին։ Ասում են, հազիվ պատանեկան հասակից դուրս գալով՝ այնպես սիրահարվեց Բերենիկային, որ քիչ էր մնում կարոտից մեռներ։ Այդպես սիրելու ընդունակ կլինեի և ես, Լիգիա... Հարստություն, փառք, իշխանություն միայն ծուխ են, ունայնություն։ Հարուստը կգտնի իրենից հարստին, փառաբանվածին մոռացնել կտա ուրիշի ավելի մեծ փառքը, ուժեղին կհաղթե ավելի ուժեղը... Բայց մի՞թե ինքը Կեսարը, մի՞թե մինչև անգամ որևէ աստված կարող է ավելի մեծ վայելչություն զգալ, կամ ավելի երջանիկ լինել, քան թե մի հասարակ մահկանացու այն րոպեին, երբ նրա կրծքին շունչ է առնում անգին մի կուրծք, կամ երբ համբուրում է սիրած շրթունքները... Սերը մեզ հավասարեցնում է աստվածներին. օ՜, Լիգիա...

Իսկ նա լսում էր անհանգստությամբ, զարմանքով և այնպես, կարծես լսելիս լիներ հունական սրնգի կամ քնարի ձայնը։ Երբեմն թվում էր, թե Վինիկիոսն իբր ինչ֊որ հրաշալի երգ է երգում, որ ծորում է իր ականջները, հուզում արյունը, միաժամանակ լցնում է իր սիրտը երկյուղով ու ինչ֊որ անհասկանալի ուրախությամբ։ Իրեն թվում էր նաև, թե Վինիկիոսը մի այնպիսի բան է ասում, որ առաջ արդեն իր մեջ եղել է, բայց որի մասին չէր կարողանում իրեն հաշիվ տալ։ Զգում էր, որ նա իր մեջ մի բան է արթնացնում, որ առաջ քնած էր, և որ այդ րոպեին անորոշ երազն ավելի ու ավելի պայծառ, հաճելի և գեղեցիկ ձևեր էր ստանում։

Մինչ այդ արևը վաղուց անցել էր Տիբերիսի ետևը և իջել ցածր, Հանիկուլի բլրի գագաթին։ Անշարժ նոճիների վրա ընկնում էր կարմիր լույսը, և ամբողջ օրը լցված էր նրանով։ Լիգիան բարձրացրել էր իր կապույտ, կարծես քնից արթնացած աչքերը Վինիկիոսի վրա, և հանկարծ, երեկոյան վերջալույսի մեջ դեպի ինքը խոնարհած, դողդոջուն պաղատանքը աչքերին այդ տղամարդն իրեն երևաց բոլոր տղամարդկանցից և այն բոլոր հունական ու հռոմեական աստվածներից գեղեցիկ, որոնց ինքը տեսել էր մեհյանների ճակատին։ Իսկ Վինիկիոսը, իր մատներով թեթև բռնելով աղջկա ձեռքը արմունկից վերև, հարցրեց.

— Մի՞թե չես հասկանում, Լիգիա, ինչու եմ այս ասում քեզ։

— Ոչ,— շշնջաց օրիորդն այնպես ցածր, որ Վինիկիոսը հազիվ լսեց։

Բայց չհավատաց նրան և, ավելի ու ավելի սեղմելով նրա ձեռքը, կսեղմեր նրան իր կրծքին, որ անհանգիստ բաբախում էր չքնաղ աղջկա զարթեցրած տռփանքի ազդեցությամբ, և ուղղակի կուղղեր նրան բորբոքող բառեր, եթե մրտենիներով շրջապատված շավղի վրա չերևար ծերունի Ավլոսը, որ մոտենալով ասաց.

— Արևը մայր է մտնում. զգուշացեք երեկոյան ցրտից և հանաք մի արեք Լիբիտինայի[90] հետ...

— Ո՛չ,— պատասխանեց Վինիկիոսը.— ես դեռ վրաս չեմ ձգել տոգաս և ցուրտ չեմ զգում։

— Տես, լեռների ետևից արդեն հազիվ կեսն է երևում,— նկատեց ծերունի զորավարը։ —Երանի թե այստեղ Սիցիլիայի քաղցր կլիման լիներ, ուր երեկոները ազգաբնակչությունը հավաքվում է հրապարակներում՝ խմբական երգերով հրաժեշտ տալու մայր մտնող Ֆեբոսին։

Եվ մոռանալով, որ մի րոպե առաջ ինքը զգուշացնում էր Լիբիտինայից, սկսեց պատմել Սիցիլիայի մասին, ուր կալվածքներ ուներ և ընդարձակ տնտեսություն, որ սաստիկ սիրում էր։ Հիշեց նույնպես, որ շատ անգամ մտքովն անցել է տեղափոխվել Սիցիլիա և այնտեղ հանգիստ վերջացնել կյանքը։ Բավական է, որքան ձմեռվա եղյամ է տեսել նա, ում գլուխը ձմեռն արդեն սպիտակեցրել է։ Դեռ տերև չի ընկնում ծառերից, և քաղաքի վրա քաղցր ժպտում է երկինքը. բայց երբ խաղողը կդեղնի, երբ ձյունը կնստի Ալբանոյի լեռներին, և աստվածները սրընթաց հողմերով կայցելեն Կամպանիա, այն ժամանակ, ո՞վ գիտե, արդյոք չի՞ տեղափոխվի ամբողջ ընտանիքով իր գյուղական խաղաղ կացարանը։

— Ցանկություն ունես Հռոմը թողնելո՞ւ, Պլավտիոս,— հանկարծակի անհանգստությամբ հարցրեց Վինիկիոսը։

— Այդ ցանկությունը վաղուց ունեմ,— պատասխանեց Ավլոսը,— այնտեղ ավելի հանգիստ է ու ապահով։

Եվ սկսեց նորից գովաբանել իր այգիները, խաշները, կանաչի մեջ թաքնված տունը և բլուրները, ուր բզզում են հազարավոր մեղուներ։ Բայց Վինիկիոսը ուշք չէր դարձնում այդ հովվերգական հնչյունների վրա և մտածելով միայն այն մասին, թե կարող է կորցնել Լիգիային, նայում էր Պետրոնիոսի կողմը, կարծես միայն նրանից էր փրկություն սպասում։

Այս միջոցին Պետրոնիոսը, Պոմպոնիայի կողքին նստած, զմայլվում էր մայր մտնող արևով, պարտեզի և ձկնարանի մոտ կանգնած խմբով։ Սրանց սպիտակ զգեստները մրտենիների մուգ ֆոնի վրա ոսկու պես պեծին էին տալիս երեկոյան շողերից։ Երկնքում վերջալույսը սկսեց ներկվել ծիրանի, մանուշակագույն ներկերով և փոխվել օպալի նման։ Նոճիների սև ուրվագծերն ավելի նկատելի դարձան, քան ցերեկը. մարդկանց, ծառերին ու ամբողջ պարտեզին տիրում էր երեկոյան խաղաղությունը։

Պետրոնիոսին ապշեցրեց այդ խաղաղությունը, ապշեցրեց մանավանդ մարդկանց մեջ։ Պոմպոնիայի, ծերունի Ավլոսի, նրանց զավակի և Լիգիայի դեմքերին կար մի բան, որ նա չէր տեսել այն դեմքերին, որոնք ամեն օր, կամ ավելի ճիշտ՝ ամեն գիշեր շրջապատում էին իրեն։ Կար մի տեսակ լույս, մի տեսակ անդորրություն և մի տեսակ պայծառություն, որ առաջ էր գալիս նրանց բոլորի վարած կյանքից։ Եվ մի փոքր զարմանքով մտածեց, թե ինքը՝ միշտ գեղեցկության և քաղցրության ետևից ընկնողը, քաղցրություն չէր վայելել։ Այս միտքը նա չէր կարող իր մեջ ծածկել և, դիմելով Պոմպոնիային, ասաց.

— Կշռադատում եմ մտքիս մեջ, թե որչափ տարբեր է ձեր աշխարհը այն աշխարհից, որին տիրում է մեր Ներոնը։

Իսկ նա բարձրացրեց իր կարճ երեսը երեկոյան վերջալույսի կողմը և պատասխանեց պարզությամբ.

— Աշխարհիս տիրում է ոչ թե Ներոնը, այլ Աստված։

Տիրեց լռություն։ Տրիկլինիոնի մոտերքում, ճեմելիքի վրա լսելի եղան ծերունի զորավարի, Վինիկիոսի, Լիգիայի և փոքրիկ Ավլոսի քայլերը բայց նախքան նրանց մոտենալը Պետրոնիոսը հարցրեց.

— Ուրեմն դու հավատո՞ւմ ես աստվածներին, Պոմպոնիա։

— Հավատում եմ Աստծուն, որ մի է, արդարադատ և ամենակալ,—պատասխանեց Ավլոս Պլավտիոսի կինը։

ԳԼՈՒԽ Գ

— «Հավատում է Աստծուն, որ մի է, ամենակալ և արդարադատ»,— կրկնեց Պետրոնիոսն այն ժամանակ, երբ նորից ինքը Վինիկիոսի հետ մենակ գտնվեց դեսպակի մեջ։— Եթե նրա Աստվածը ամենակալ է, ուրեմն իշխում է մահի և կյանքի վրա, և եթե արդարադատ է, ուրեմն արդարացի է մահ ուղարկում։ Ինչո՞ւ է ապա Պոմպոնիան Հուլիայի համար սգի զգեստ հագնում։ Հուլիայի համար սուգ պահելով՝ վիրավորում է իր Աստծուն։ Պետք է այս եզրակացությունը կրկնեմ մեր պղնձամորուս կապկին, քանի որ նկատում եմ, որ տրամաբանության մեջ հավասարվում եմ Սոկրատեսին։ Իսկ ինչ վերաբերում է կանանց, համաձայնում եմ, որ ամեն մեկն ունի երեք կամ չորս հոգի, բայց ոչ մեկը չունի բանական հոգի։ Թող Պոմպոնիան խոսի Սենեկայի կամ Կոռնուտոսի[91] հետ այն մասին, թե ինչ է սրանց մեծ Բանը։ Թող միաժամանակ դուրս կանչեն Քսենոֆանի, Պարմենիդեսի, Զենոնի և Պլատոնի[92] ուրվականները, որոնք տխրում են այնտեղ, կիմերական աշխարհում, ինչպես սարյակները վանդակի մեջ։ Ես կամենում էի խոսել նրա և Պլավտիոսի հետ ուրիշ բանի մասին։ Եգիպտական Իսիդի սուրբ արգանդը վկա։ Եթե նրան ուղղակի հայտնեի, թե ինչու ենք եկել, հավատացած եմ, նրանց առաքինությունը կհնչեր պղնձե մի վահանի պես, երբ նրան խփում ես փայտով։ Եվ ես չվստահեցի։ Կհավատա՞ս, Վինիկիոս, չվստահեցի։ Սիրամարգերը գեղեցիկ թռչուններ են, բայց կանչում են շատ սուր։ Վախեցա կանչից։ Պետք է սակայն գովեմ ընտրությունդ։ Իսկ և իսկ «վարդամատ արշալույս» է։ Եվ գիտե՞ս նաև ինչ հիշեցրեց ինձ։ Գարունը, այն էլ ոչ մերը՝ Իտալիայինը, ուր հազիվ այս ու այնտեղ խնձորենին ծածկվում է ծաղիկով, իսկ ձիթենին գորշ է մնում, ինչպես որ գորշ է եղել, այլ այն գարունը, որը երբեմն տեսել եմ Հելուիտիայում՝ առույգ, թարմ, պայծառ, կանաչ... դժգույն Սելենեն[93] վկա, չեմ զարմանում քեզ վրա, Մարկոս, բայց իմացիր, որ Դիանայի[94] ես սիրահարվել և որ Ավլոսն ու Պոմպոնիան պատրաստ են քեզ գզգզելու, ինչպես մի ժամանակ շները գզգզեցին Ակտեոնին[95]։

Վինիկիոսը, գլուխը չբարձրացնելով, մի առ ժամանակ լուռ էր, հետո սկսեց խոսել տռփանքից դողդողացող ձայնով.

— Փափագում էի նրան առաջ, իսկ այժմ առավել ևս փափագում եմ։ Երբ նրա ձեռքը բռնեցի, ինձ ընդգրկեց մի հուր... Պետք է նրան տիրանամ։ Եթե Զևս լինեի, կպատեի նրան մշուշով, ինչպես նա պատեց Իոյին, կամ կընկնեի նրա վրա իբրև անձրև, ինչպես նա ընկավ Դանեի[96] վրա։ Կուզեի համբուրել նրա շրթունքները ցավ զգալու չափ. կուզեի լսել նրա ճիչը իմ բազուկների մեջ. կուզեի սպանել Ավլոսին ու Պոմպոնիային ու նրան փախցնել, բազուկներիս վրա տունս տանել։ Այսօր չեմ քնի։ Կհրամայեմ գանակոծել ստրուկներից մեկին և ականջ կդնեմ նրա հառաչանքներին...

— Հանգստացիր,— ասաց Պետրոնիոսը,— սուբուռացի հյուսնի ցանկություններ ունես։

— Ինձ համար բոլորը մեկ է։ Պետք է նրան տիրանամ։ Եկա քեզ մոտ օգնություն խնդրելու, բայց եթե դու ճար չես գտնում, ես ինքս կգտնեմ... Ավլոսը Լիգիային դստեր տեղ է ընդունում, ինչու ես պետք է նայեմ նրան իբրև ստրկուհու։ Եվ եթե ուրիշ ճանապարհ չկա, թող բաց անի իմ տան դռները, թող նրանց քսի գայլի ճարպը[97] և թող նստի իբրև կին իմ օջախի առջև։

— Հանգստացիր, կոնսուլների (հյուպատոսների) խելագար սերունդ։ Նրա համար չենք բարբարոսներին պարաններով քարշ տալիս մեր կառքերի ետևից, որ ամուսնանանք նրանց դուստրերի հետ։ Զգուշացիր ծայրահեղությունից։ Սպառիր հասարակ, ընդունված միջոցները և ժամանակ տուր քեզ և ինձ մտածելու։ Ինձ ևս Քրիսոթեմիսը երևում էր Զևսի դուստր, այնուամենայնիվ հո չպսակվեցի հետը, ինչպես և Ներոնը չպսակվեց Ակտեի հետ, թեև նրան Ատտալոս[98] թագավորի դուստր դարձրին... Հանգստացիր... Մտածիր, որ եթե նա կամենար թողնել Ավլոսներին քեզ համար, նրանք իրավունք չէին ունենա պահելու նրան։

Այն էլ իմացիր, որ ոչ միայն դու ես այրվում, Էրոսը նրա մեջ ևս կրակ էր փչել... Ես այդ տեսա, և ինձ պետք է հավատալ... Համբերություն ունեցիր։ Ամեն բանի համար կան միջոցներ, իսկ այսօր այնպես էլ չափազանց շատ եմ մտածել, իսկ դա ինձ հոգնեցնում է։ Դրա տեղ խոստանում եմ քեզ, որ վաղը նորից կմտածեմ քո սիրո մասին, և թող Պետրոնիոսը Պետրոնիոս չլինի, եթե չգտնի որևէ միջոց։

Երկուսն էլ լռեցին. վերջապես որոշ ժամանակ անց Վինիկիոսն ասաց ավելի հանգիստ.

— Շնորհակալ եմ քեզանից, և թող Բախտը առատաձեռն լինի քեզ համար։

— Եղիր համբերող։

— Ո՞ւր ես հրամայել տանել քեզ։

— Քրիսոթեմիսի մոտ։

— Բախտավոր ես, որ այն էակի տերն ես, որին սիրում ես։

— Ե՞ս։ Գիտե՞ս, թե ինձ դեռ ինչն է զվարճացնում Քրիսոթեմիսի մեջ։ Այն, որ նա ինձ դավաճանում է իմ սեփական ազատագրի՝ Թեոկլես քնարածուի հետ և երևակայում է, որ այդ չեմ նկատում։ Մի ժամանակ սիրում էի նրան, իսկ այժմ զվարճացնում են ինձ նրա ստերը և հիմարությունը։ Արի ինձ հետ նրա մոտ։ Եթե կսկսի քեզ գլխից հանել և սեղանի վրա քեզ համար տառեր կգծի գինու մեջ թաթախած մատով, իմացիր, որ ես խանդոտ չեմ։

Եվ հրամայեցին իրենց տանել Քրիսոթեմիսի մոտ։

Բայց նախասենյակում Պետրոնիոսը ձեռքը դրեց Վինիկիոսի ուսին և ասաց.

— Կաց, ինձ թվում է, որ հնարել եմ մի միջոց։

— Թող բոլոր աստվածները քեզ օգնական լինեն։

— Այդպես է. կարծում եմ, որ միջոցը անվրեպ է։ Գիտե՞ս ինչ, Մարկոս։

—— Լսում եմ քեզ, իմ Աթենաս։

— Դեհ, մի քանի օրից աստվածանման Լիգիան քո տանը ճաշակելիս կլինի Դեմետրայի[99] հատիկը։

— Կեսարից մեծ ես,— բացականչեց ոգևորությամբ Վինիկիոսը։

ԳԼՈՒԽ Դ

Եվ Պետրոնիոսն իր խոստումը կատարեց։

Ճշմարիտ է, Քրիսոթեմիսին այցելելու հաջորդ ամբողջ օրը նա քնած էր, բայց երեկոյան հրամայեց տանել իրեն պալատիոն և Ներոնի հետ ունեցավ առանձնակի տեսակցություն, որի հետևանքն էր այն, որ երրորդ օրը Պլավտիոսի տան առջև երևաց կենտուրիոնը մի քանի պրետորական զինվորներով։

Անորոշ և ահռելի ժամանակներ էին։ Այդ տեսակ պատվիրակները շատ հաճախ միևնույն ժամանակ մահի մունետիկներ էին լինում։ Ուստի երբ կենտուրիոնը Ավլոսի դռան կոչնակը խփեց, և հենց որ ատրիոնի վերակացուն հայտնեց, որ նախասենյակում զինվորներ են գտնվում, զարհուրանք տիրեց ամբողջ տան մեջ։ Իսկույն գերդաստանը շրջապատեց ծերունի զորավարին, որովհետև ոչ ոք չէր կասկածում, որ վտանգը նախ և առաջ նրան է սպառնում։ Պոմպոնիան, բազուկներով նրա վիզը գրկելով, ամբողջ ուժով հպվել էր նրան, իսկ իր կապտացած շրթունքները արագ շարժվում էին, ցածրաձայն արտասանելով ինչ֊որ բառեր։ Լիգիան, քաթանի պես գունատ դեմքով՝ համբուրում էր պարոնի ձեռքը։ Փոքրիկ Ավլոսը նրա տոգայից էր քաշում. անցքերից, վերնատանը ծառաներին հատկացրած սենյակներից, խոհանոցից, բաղնիքից, կամարակապ նկուղներից, ամբողջ տնից սկսեցին դուրս թափվել անհամար ստրուկներ և ստրկուհիներ։ Լսվում էին աղաղակներ. «Heu, heu me miserum»[100]. կանայք վայնասուն բարձրացրին, մի քանիսն արդեն սկսեցին երեսները պատառոտել, կամ գլուխները ծածկել թաշկինակներով։

Միայն ինքը՝ ծերունի զորավարը, որ շատ տարիների ընթացքում սովորել էր ուղղակի նայել մահվան աչքերին, մնաց հանգիստ, և միայն նրա արծվի դեմքը դարձավ կարծես թե քարից քանդակած։ Մի փոքր անց, հանդարտեցնելով աղմուկը և հրամայելով ծառաներին ցրվել, ասաց.

— Թո՛ղ ինձ, Պոմպոնիա, եթե իմ ժամը հասել է, ժամանակ կունենանք հրաժեշտ տալու։

Եվ կամաց հեռացրեց նրան, իսկ կինը ասաց.

— Երանի թե քո վիճակը լինի և իմ վիճակը, օ՜ Ավլոս։

Հետո ծնկաչոք ընկնելով՝ սկսեց աղոթք անել այնպիսի ջերմեռանդությամբ, որպիսին կարող է տալ միայն սիրած էակի համար երկյուղը։

Ավլոսն անցավ ատրիոնր, ուր նրան սպասում էր կենտուրիոնը։ Դա ծերունի Կայոս Հաստան էր՝ նրա նախկին ստորադրյալը և ընկերակիցը բրիտանական պատերազմներում։

— Ողջույն, զորապետ,— ասաց նա.— բերում եմ քեզ Կեսարի հրամանն ու նրա հաճությունը. և ահա տախտակներ ու նշան, որ նրա անունով եմ գալիս։

— Շնորհակալ եմ Կեսարից նրա հաճության համար, իսկ հրամանը կկատարեմ,— պատասխանեց Ավլոսը։— Ողջույն քեզ, Հաստա, և ասա, ի՞նչ պատվերով ես եկել։

— Ավլոս Պլավտիոս,— սկսեց Հաստան,— Կեսարը տեղեկացել է, որ տանդ մնում է լիգերի թագավորի աղջիկը, որին այդ թագավորը դեռ աստվածազարմ Կլավդիոսի օրով տվել է հռոմեացիների ձեռքը իբրև գրավական, որ կայսրության սահմանները երբեք կոխան չլինեն լիգերից։ Աստվածների սերունդ Ներոնը երախտապարտ է քեզ, օ՜ զորապետ, որ այսքան տարիների ընթացքում նրան ապաստարան ես տվել քեզ մոտ. բայց չկամենալով այլևս շարունակել ծանրաբեռնել քո տունը, ինչպես նաև նկատի առնելով, որ օրիորդը, իբրև պատանդ, պիտի լինի իր՝ Կեսարի և ծերակույտի հովանավորության ներքո, հրամայում է քեզ հանձնել նրան իմ ձեռքը։

Ավլոսն այնքան պարտաճանաչ զինվոր էր և կարգավարժ մի մարդ, որ հրամանի նկատմամբ թույլ տար իրեն վշտանալ, արտասանել զուր խոսքեր կամ գանգատներ։ Այնուամենայնիվ, հանկարծակի բարկության և կսկծի կնճիռ երևաց նրա ճակատին։ Հոնքերի այդպիսի ծալքի առջև մի ժամանակ դողում էին բրիտանական լեգեոնները, այդ վայրկյանին ևս Հաստայի դեմքի վրա երկյուղ արտացոլվեց։ Բայց այժմ հրամանի առջև Ավլոս Պլավտիոսը իրեն անզեն զգաց։ Մի կարճ ժամանակ նա նայում էր տախտակներին, նշանին, հետո, հայացքն ուղղելով ծերունի կենտուրիոնի վրա, ասաց արդեն հանգիստ.

— Հաստա, սպասիր ատրիոնում, մինչև որ պատանդը քեզ հանձնվի։

Եվ այս խոսքերից հետո անցավ տան մյուս ծայրը oecus կոչված դահլիճը, որտեղ Պոմպոնիա Գրեկինան, Լիգիան և փոքրիկ Ավլոսը սպասում էին նրան անհանգստությամբ և հուզված։

— Ոչ ոքի մահ կամ հեռավոր կղզիների աքսոր չի սպառնում ասաց նա,— այնուամենայնիվ Կեսարի սուրհանդակը դժբախտության ազդարար է։ Քո մասին է խոսքը, Լիգիա։

— Լիգիայի՞ մասին,— զարմանքով բացականչեց Պոմպոնիան։

— Այո,— պատասխանեց Ավլոսը։

Եվ դիմելով օրիորդին՝ ասաց.

— Լիգիա, քեզ խնամում էինք մեր տանն ինչպես մեր հարազատ զավակին, և երկուսս Պոմպոնիայի հետ սիրում ենք քեզ մեր աղջկա պես։ Բայց դու գիտես, որ մեր աղջիկը չես։ Քո ազգի կողմից պատանդ ես տրված հռոմեացիներին, և քո հովանավորությունը պատկանում է Կեսարին։ Կեսարն ահա քեզ առնում է մեր տնից։

Զորապետը խոսում էր հանգիստ, բայց մի ինչ-որ զարմանալիք անսովոր ձայնով։ Լիգիան ականջ էր դնում նրա խոսքերին, աչքերը թարթելով և կարծես չհասկանալով` ինչ է կատարվում։ Պոմպոնիայի այտերը գունատվեցին, նախասենյակից oecus տանող դռներում սկսեցին նորից երևալ ստրկուհիների սարսափահար դեմքերը։

— Կեսարի կամքը պետք է կատարված լինի,— ասաց Ավլոսը։

— Ավլոս,— բացականչեց Պոմպոնիան, բազուկներով գրկելով օրիորդին, կարծես կամենում էր պաշտպանել նրան.— ավելի լավ էր սա մեռներ։

Իսկ Լիգիան, սեղմվելով նրա կրծքին, կրկնում էր. «մայրիկ, մայրիկ»՝ հեկեկանքի մեջ չկարողանալով այլ բառեր գտնել։

Ավլոսի դեմքին նորից արտահայտվեցին բարկությունն ու կսկիծը։

— Եթե ես մենակ լինեի աշխարհիս երեսին,— ասաց նա մռայլորեն,— չէի տա նրան, քանի կենդանի եմ, և մեր արյունակիցները հենց այսօր կկարողանային մեզ համար զոհեր մատուցել «Iovi liberatori»֊ին[101]... Բայց իրավունք չունեմ կորցնել քեզ և մեր մանկանը, որ կարող է ավելի երջանիկ ժամանակում ապրել... Այսօր ևեթ կերթամ Կեսարի մոտ և կպաղատեմ նրան, որ փոխի իր հրամանը։ Արդյոք ինձ կլսի՞, չգիտեմ։ Մինչ այդ ողջ եղիր, Լիգիա, և իմացիր, որ թե ես, թե Պոմպոնիան միշտ օրհնել ենք այն օրը, երբ դու նստեցիր մեր օջախի մոտ։

Այս ասելով ձեռքը դրեց նրա գլխին ու թեև աշխատում էր հանգիստ մնալ, այնուամենայնիվ այն րոպեին, երբ Լիգիան նրա վրա դարձրեց իր արտասվալից աչքերը, ապա և բռնելով նրա ձեռքը՝ սկսեց իր շրթունքներին հպել, նրա ձայնի մեջ հնչեց հայրական խոր կսկիծ։

— Մնաս բարև, մեր ուրախություն, մեր աչքի լույս,— ասաց նա։

Եվ շտապ վերադարձավ ատրիոն, որպեսզի իրեն չտիրե հռոմեացուն և զորապետին անվայել հուզմունքը։

Մինչ այդ, Պոմպոնիան, ուղեկցելով Լիգիային դեպի կուբիկուլոն, սկսեց հանգստացնել նրան, մխիթարել, քաջալերել և ասել այնպիսի խոսքեր, որոնք տարօրինակ էին հնչում այս տան մեջ, որտեղ հենց կից, հարևան սենյակում կանգնած էր դեռ լարարիոն և օջախը, որի վրա հին սովորություններին հավատարիմ Ավլոս Պլավտիոսը զոհեր էր մատուցում տնային աստվածներին։ Ահա հասել է փորձության ժամը։ Մի ժամանակ Վիրգինիոսը հարազատ դստեր կուրծքը պատռեց՝ նրան Ապպիոսի ձեռքից փրկելու համար. ավելի առաջ Լուկրետիան հոժարակամ մահով վճարեց իր անպատվությունը։ Կեսարի տունը անառակության, չարության և հանցանքի բուն է։ «Բայց մենք, Լիգիա, հայտնի է ինչու իրավունք չունենք մեր վրա ձեռք բարձրացնելուն»... Այո, այն օրենքը, որով իրենք երկուսն են ապրում, ուրիշ է, ավելի մեծ է, ավելի սուրբ, բայց նա ևս թույլ է տալիս պաշտպանվել չարից ու անպատվությունից, թեկուզ այդ պաշտպանությունը լիներ կյանքի և տանջանքի գնով։ Ով մաքուր է դուրս գալիս անառակության որջից, նրա արժանիքը ավելի ևս մեծ է։ Երկիրը այդպիսի մի որջ է, բայց մեր բախտից` կյանքը միայն մի ակնթարթ է, իսկ հարություն են առնում միայն դագաղի միջից, որի մյուս կողմն արդեն թագավորում է ոչ թե Ներոնը, այլ ողորմածությունը, և կսկիծի փոխարեն խնդություն է, արցունքների փոխարեն՝ ուրախություն։

Հետո սկսեց խոսել իր մասին։ Այո, նա հանգիստ է. բայց իր կրծքի մեջ քիչ չեն ցավագին վերքերը։ Ահա իր Ավլոսի աչքերին դեռ մնում է շղարշը, նրա վրա դեռ չէ իջել լուսավոր ճառագայթը։ Եվ որդուն նույնպես չի կարող կրթել ճշմարտության ոգով։ Ուստի երբ մտածում է, որ այսպես կարող է լինել մինչև կյանքի վերջը և որ կարող է վրա հասնել նրանցից բաժանվելու ժամը, մի բաժանում, որ հարյուր անգամ ավելի երկարատև է և ահռելի, քան թե այն ժամանակավոր բաժանումը, որի պատճառով իրենք երկուսն այժմ վշտանում են, չի կարող անգամ հասկանալ, թե ինչպես պիտի կարողանա առանց նրանց, թեկուզ երկնքում, երջանիկ լինել։ Եվ արդեն շատ գիշերներ է լաց եղել, շատ գիշերներ է անց կացրել աղոթքով, ողորմություն և գթություն պաղատելով։ Բայց իր վիշտը զոհ է բերում Աստծուն և սպասում է, և հույսը չի կորցնում։ Եվ երբ այժմ նոր հարվածի է հանդիպում, երբ բռնակալի հրամանը զրկում է իրեն թանկագին էակից, նրանից, որին Ավլոսը աչքի լույս անվանեց, ինքը դեռ հույսը չի կորցնում, հավատալով, որ կա մի զորություն Ներոնի զորությունից էլ մեծ և մի գթություն նրա չարությունից էլ ուժեղ։

Եվ նա ավելի ամուր սեղմեց օրիորդի գլուխն իր կրծքին, իսկ աղջիկը մի րոպե հետո գլուխը խոնարհեց դեպի նրա ծնկները և աչքերը ծածկելով նրա պեպլոսի[102] ծալքերի մեջ այսպես երկար ժամանակ լուռ մնաց. բայց երբ վերջապես բարձրացավ, դեմքին արդեն մի փոքր հանգստություն էր երևում։

— Խղճում եմ քեզ, մայրիկ, և հայրիկին, և եղբորս, բայց գիտեմ, որ ընդդիմությունը ոչնչի պետք չի գա ու կկորցնի ձեզ բոլորիդ։ Դրա փոխարեն երդվում եմ քեզ, որ երբեք Կեսարի տանը խոսքերդ չեմ մոռանա։

Իր բազուկներով մի անգամ ևս գրկեց նրա պարանոցը և հետո, երբ երկուսը մտան oecus, մնաք բարով ասաց փոքրիկ Պլավտիոսին և հույն ծերունուն, հր իրենց վարժապետն էր, և իր դայակին, որ մի ժամանակ նայում էր նրան, և բոլոր ստրուկներին։

Սրանցից մեկը՝ բարձրահասակ և հաստաբազուկ լիգ, որին տան մեջ կոչում էին Ուրսուս և որ իր ժամանակին Լիգիայի մոր հետ միասին ուրիշ ծառաների թվում եկել էր հռոմեացոց բանակը, ընկավ նրա ոտները, հետո թեքվեց Պոմպոնիայի ծնկների կողմը՝ ասելով.

— O domini! Թույլ տվեք ինձ գնալ իմ տիրուհու հետ, որպեսզի նրան ծառայեմ և հսկեմ Կեսարի տանը։

— Ոչ թե մեր, այլ Լիգիայի ծառան ես,— պատասխանեց Պոմպոնիա Գրեկինան,— բայց արդյոք քեզ Կեսարի դռներին մոտ կթողնե՞ն և ինչպե՞ս կկարողանաս հսկել սրան։

— Չգիտեմ, domina, գիտեմ միայն, որ երկաթն իմ ձեռքում փշրվում է փայտի պես։

Ավլոս Պլավտիոսը, որ այդ րոպեին վրա հասավ, իմանալով ինչի մասին է խոսքը, ոչ միայն չհակառակեց Ուրսուսի ցանկությանը, այլև հայտնեց, որ մինչև իսկ իրավունք չունեն նրան ետ պահելու։ Ետ են ուղարկում Լիգիային՝ իբրև պատանդ, որի մասին Կեսարը հիշում է. ուստի պարտական են ուղարկել նաև նրա ծառաներին, որոնք նրա հետ միասին անցնում են Կեսարի հովանավորության ներքո։ Այստեղ նա ցածր շշնջաց Պոմպոնիային, որ աղխի անունով կարող է հետը դնել այնքան ստրկուհիներ, որքան անհրաժեշտ կհամարի, որովհետև կենտուրիոնը չի կարող հրաժարվել նրանց ընդունելուց։

Լիգիայի համար սա մի տեսակ մխիթարություն էր, իսկ Պոմպոնիան նույնպես ուրախ էր, որ կարող է նրան շրջապատել իր ընտրած ծառաներով։ Ուստի, բացի Ուրսուսից, տվեց նրան պառավ դայակին, սանրելու մեջ վարժ երկու կիպրուհիների և երկու գերմանացի բաղնեպան աղախինների։ Նա ընտրեց բացառապես նոր վարդապետության հետևողներին, և քանի որ Ուրսուսը ևս մի քանի տարիներից ի վեր նույնն էր դավանում, Պոմպոնիան կարող էր վստահ լինել նրանց հավատարիմ ծառայության համար, ինչպես և մխիթարվել այն մտքով, որ ճշմարտության սերմերը կցանվեն նաև Կեսարի տանը։

Նա գրեց մի քանի խոսք նաև՝ Լիգիայի խնամքը հանձնելով Ներոնի ազատագրուհի Ակտեին։ Ճիշտ է, Պոմպոնիան չէր տեսել նրան նոր վարդապետության դավանողների ժողովներում, բայց նրանցից լսել էր, որ Ակտեն երբեք չի հրաժարվում իրենց օգնելուց և որ ագահությամբ կարդում է Պողոս Տարսոնացու թղթերը։ Վերջապես նրան հայտնի էր, որ երիտասարդ ազատագրուհին շարունակ ապրում է թախծության մեջ, որ Ներոնի տան բոլոր կանանցից տարբեր մի էակը և որ ընդհանրապես պալատի բարի հրեշտակն է։

Հաստան հանձն առավ ինքն Ակտեին հասցնել նամակը և բոլորովին բնական համարելով, որ արքայադուստրը պետք է ունենա իր սեփական ծառաները, ոչ մի արգելք չէր դնում նրանց պալատ տանելուն և միայն զարմանում էր նրանց փոքրաթիվ լինելու վրա։ Բայց նա խնդրում էր շտապել երկյուղ կրելով, չլինի թե իրեն մեղադրենք որ հրամաններ կատարելիս եռանդուն չէ։ Հասավ ան չատվելու ժամը։ Պոմպոնիայի և Լիգիայի աչքերը նորից լցվեցին արտասուքով, Ավլոսը այլև մի անգամ ձեռքը դրեց նրա գլխին, և շուտով զինվորները Լիգիային Կեսարի տուն տարան. նրան ճանապարհ էին գցում փոքրիկ Ավլոսի աղաղակները, որ քրոջը պաշտպանելու համար իր փոքր բռունցքներով սպառնում էր կենտուրիոնին։

Ծերունի զորավարը հրամայեց դեսպակ պատրաստել իր համար, իսկ մինչև այդ Պոմպոնիայի հետ փակվելով oecus֊ին կից պինակոթեկում, ասաց նրան.

— Լսիր ինձ, Պոմպոնիա։ Գնում եմ Կեսարի մոտ, թեև կարծում եմ՝ իզուր, և թեև Սենեկայի խոսքերը այլևս ոչ մի նշանակություն չունեն նրա համար, կլինեմ նաև Սենեկայի մոտ։ Այսօր ավելի նշանակություն ունեն Սոֆոնիոսը, Տիգելլինոսը, Պետրոնիոսը կամ Վատինիոսը... Լսած անգամ չի լինի լիգիական ազգության մասին, և եթե պահանջել է Լիգիային իբրև պատանդ հանձնել, դա էլ այն պատճառով է, որ որևէ մեկը դրդել է նրան, իսկ հեշտ է հասկանալ, թե ով կարող էր անել այդ։

Եվ Պոմպոնիան արագ նրան ուղղեց իր աչքերը.

— Պետրոնիո՞սր։

— Այո։

Մի րոպե տիրեց լռություն, ապա զորավարը շարունակեց.

— Ահա թե ինչ է նշանակում տուն թողնել այդ պատվից և խղճմտանքից զուրկ մարդկանցից որևէ մեկին։ Թող անիծվի այն րոպեն, երբ Վինիկիոսը մեր տուն մտավ։ Նա բերեց մեզ մոտ Պետրոնիոսին։ Ավա՜ղ Լիգիային, որովհետև խնդիրը այստեղ ոչ թե պատանդի, այլ հարճի մասին է։

Եվ նա խոսակցության ժամանակ բարկությունից, անզոր կատաղությունից և խլած երեխայի համար կսկծից ավելի էր փսփսացնում, քան առհասարակ։ Մի քանի վայրկյան նա մաքառում էր ինքն իր հետ, և միայն սեղմված բռունցքներն էին վկայում, թե որչափ դժվար էր այդ ներքին կռիվը։

— Մինչև այսօր պաշտում էի աստվածներին,— ասաց նա,— բայց այս րոպեին մտածում եմ, որ չկան նրանք աշխարհիս երեսին, որ կա միայն մեկը՝ չարը, խելագարը և զզվելին, որի անունն է Ներոն։

— Ավյլո՛ս,— ասաց Պոմպոնիան,— Ներոնը միայն մի բուռ բորբոսնած փոշի է Աստծու առջև։

Իսկ նա սկսեց լայն քայլերով ման գալ պինակոթեկի քարահատակի վրա։ Նրա կյանքի մեջ եղել էին մեծ գործեր, բայց չէին եղել մեծ փորձանքներ, ուստի և ընտելացած չէր նրանց։ Ծերունի զինվորականը սիրել էր Լիգիային ավելի, քան ինքը ենթադրում էր, և այժմ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ նրան կորցրել է։ Բացի դրանից, իրեն ստորացած էր զգում։ Նրա վրա ծանրացել էր մի ձեռք, որը ատում էր, և միաժամանակ զգում, որ այդ ուժի առջև իր ուժը ոչինչ է։

Բայց երբ, վերջապես, զսպեց իր բարկությունը, որ խանգարում էր նրան մտածել, ասաց.

— Կարծում եմ, որ Պետրոնիոսը նրան մեզանից խլեց ոչ Կեսարի համար, որովհետև չէր ցանկանա վիրավորել Պոպպեային, ուրեմն կամ իր համար, կամ թե Վինիկիոսի համար... Այսօր ևեթ կտեղեկանամ այդ մասին։

Եվ մի որոշ ժամանակ անց դեսպակը տանում էր նրան պալատիոնի կողմը. իսկ Պոմպոնիան, մենակ մնալով, գնաց փոքրիկ Ավլոսի մոտ, որ չէր դադարում քրոջ համար լաց լինելուց և Կեսարին սպառնալուց։

ԳԼՈՒԽ Ե

Ավլոսը իրավացի կերպով ենթադրում էր, որ իրեն թույլ չեն տա երևալ Ներոնի աչքերին։ Նրան պատասխանեցին, թե Կեսարը զբաղված է երգեցողությամբ Տերպնուս քնարածուի հետ և որ առհասարակ չի ընդունում նրանց, որոնց ինքը չի հրավիրել։ Այլ խոսքով՝ այդ նշանակում էր, որ Ավլոսը փորձ չանի ապագայում ևս նրա հետ տեսակցելու։

Դրա փոխարեն Սենեկան, թեև տենդով հիվանդ էր, ծերունի զորավարին ընդունեց նրան վայել պատվով, բայց երբ լսեց, թե ինչ է ուզում, դառնությամբ ժպտաց և ասաց.

— Միայն մի ծառայություն կարող եմ քեզ անել, իմ ազնիվ Պլավտիոս, այն է՝ ցույց չտալ երբեք Կեսարին, որ սիրտս ցավակցում է քո վշտին, և որ կկամենայի քեզ օգնել, որովհետև եթե Կեսարի մեջ այդ առթիվ ամենաչնչին կասկած իսկ ծագի, իմացած եղիր, որ չի վերադարձնի քեզ Լիգիային, թեկուզ դրա համար ոչ մի այլ առիթ չունենար, այնպես, հենց միայն հակառակը անելու մորմոքից։

Խորհուրդ չէր տալիս նույնպես դիմել ոչ Տիգելլինոսին ու Վատինիոսին, ոչ էլ Վիտելիոսին։ Գուցե փողով կարելի լինի նրանց միջոցով մի բան հաջողեցնել, գուցե նույնիսկ կամենան գործել հակառակ Պետրոնիոսի, որի ազդեցությունը աշխատում են տապալել, սակայն ավելի հավանական է, որ հասկացնել կտան Կեսարին, թե որչափ թանկագին է Լիգիան Պլավտիոսների համար, և այն ժամանակ Կեսարը առավել ևս չի համաձայնի տալ։ Այստեղ ծերունի իմաստունն սկսեց խոսել կծու հեգնությամբ՝ դիմելով ինքն իրեն. «Լռում էիր, Պլավտիոս, լռում էիր այսքան տարիների ընթացքում. իսկ Կեսարը չի սիրում այնպիսիներին, որոնք լռում են։ Այդ ինչպե՞ս է, որ դու չէիր զմայլվում նրա գեղեցկությամբ, առաքինությամբ, երգեցողությամբ, նրա արտասանությամբ, կառավարման ու ոտանավորների արվեստով, ինչպե՞ս է, որ փառաբանեցիր Բրիտանիկայի մահը, ներբողական չասացիր ի պատիվ մայրասպանի և բարեմաղթություններ չարիր Օկտավիային հեղձամահ անելու առթիվ։ Հեռատեսություն է պակասում քեզ, Ավլոս, որը մենք՝ պալատում երջանիկ ապրողներս, պահանջված չափով ունենք»։

— Ահ, Ներոնը երախտագետ սիրտ ունի։ Սիրում է քեզ, որովհետև ծառայել ես Հռոմին և նրա անունը փառավորել աշխարհիս ծայրերին։ Նա սիրում է և ինձ, որովհետև իր պատանեկության դաստիարակն եմ եղել։ Այդ պատճառով, տեսնում ես, գիտեմ, որ այս ջուրը թունավորված չէ, և աներկյուղ խմում եմ։ Գինին իմ տանը պակաս անվտանգ կլիներ. բայց եթե ծարավ ես, համարձակ խմիր այս ջրից։ Ջրմուղները բերում էն Ալբանոյի լեռներից, և ով որ կամենար այս ջուրը թունավորել, պետք է թունավորեր Հռոմի բոլոր շատրվանները։ Ինչպես տեսնում ես, դեռ կարելի է աշխարհիս երեսին ապահով լինել և հանգիստ ծերություն ունենալ։ Ճիշտ է, հիվանդ եմ, բայց ավելի շուտ հոգիս է հիվանդ, քան թե մարմինս։

Այդ ճշմարիտ էր, Սենեկային պակասում էր հոգեկան այն ուժը, որը ուներ, օրինակի համար, Կոռնուտոսը կամ Թրասեասը, ուստի և նրա ամբողջ կյանքը մի շարք զիջումներ էին, որ նա անում էր ոճրագործությանը։ Ինքն այդ զգում էր, հասկանում, որ Կիտիացի Զենոնի[103] ուսմունքին հետևողը պիտի ուրիշ ճանապարհով ընթանար, և այդ պատճառով ավելի շատ էր տանջվում, քան թե հենց մահի երկյուղից։

Բայց զորավարն այս անգամ ընդհատեց նրա դառն մտածությունները։

— Ազնիվ Աննեոս,— ասաց նա,— գիտեմ, թե ինչպես Կեսարը վճարեց քեզ այն խնամքի փոխարեն, որով նրան շրջապատել էիր պատանեկան տարիներին։ Բայց աղջկան մեզանից խլելու սկզբնապատճառը Պետրոնիոսն է։ Ցույց տուր ինձ նրա դեմ միջոցներ, ցույց տուր այն ազդեցությունը, որին նա ենթարկվում է, և վերջապես ինքդ գործադրիր նրա նկատմամբ քո ամբողջ ճարտասանությունը, որը քեզ կարող է ներշնչել ինձ հետ ունեցած քո հին մտերմությունը։

— Պետրոնիոսը և ես,— պատասխանեց Սենեկան,— երկու հակառակ բանակների մարդիկ ենք։ Նրա դեմ միջոցներ չգիտեմ, ոչ մեկի ազդեցությանը չի ենթարկվում։ Գուցե իր ամբողջ փճությամբ հանդերձ նա դեռ ավելի գնահատելի է, քան այն անզգամները, որոնք այսօր շրջապատում են Ներոնին։ Սակայն համոզել նրան, որ վատ գործ է կատարել, այդ միայն ժամանակի կորուստ է. Պետրոնիոսը վաղուց կորցրել է այն ընդունակությունը, որ զանազանում է չարը բարուց։ Համոզիր նրան, որ նրա արարքը տգեղ է, այն ժամանակ կամաչի։ Երբ նրա հետ տեսնվիմ, կասեմ իրեն՝ արարքդ ազատագրին է վայել։ Եթե այդ չօգնի, ոչինչ չի օգնի։

— Շնորհակալ եմ և դրա համար,— պատասխանեց զորավարը։

Հետո հրամայեց, որ իրեն տանեն Վինիկիոսի մոտ, որին գտավ տնային զինուսույցի հետ վարժվելիս։ Ավլոսը, տեսնելով երիտասարդ տղամարդուն, որ հանգիստ զբաղված էր զինավարժություններով այն ժամանակ, երբ տեղի էր ունեցել Լիգիայի դեմ դավադրությունը, լցվեց սաստիկ բարկությամբ, և այդ զգացմունքը, հենց որ վարագույրը ծածկվեց զինուսույցի ետևից, բռնկվեց դառն նախատինքների ու վիրավորանքների հեղեղով։ Իսկ Վինիկիոսը, տեղեկանալով, որ Լիգիան փախցվել է, այնպես սաստիկ գունատվեց, որ նույնիսկ Ավլոսը մի րոպե անգամ չէր կարող մեղադրել նրան այդ դավադրությանը մասնակից լինելու մեջ։ Երիտասարդի ճակատը ծածկվեց քրտնքի կաթիլներով. արյունը, որ մի ակնթարթում սիրտն էր հավաքվել, նորից երեսն ընկավ հրատապ ալիքով. աչքերն սկսեցին կայծեր արձակել, շրթունքները՝ անկապ հարցեր տալ։ Խանդն ու կատաղությունը փոթորկի պես տարուբերում էին նրան։ Նրան թվում էր, թե Լիգիան մեկ որ անցել է Կեսարի տան շեմքը, հավիտյան կորած է իր համար. բայց երբ Ավլոսը Պետրոնիոսի անունը տվեց, կասկածը կայծակի պես անցավ երիտասարդ զինվորականի մտքով, թե Պետրոնիոսը ծաղրել է իրեն և, Լիգիային ընծայելով կամ կամենում է Կեսարի նոր շնորհները շահել, կամ կամենում էր նրան պահել իր համար։ Որ մեկը, տեսնելով Լիգիային, իսկույն չցանկանա տիրանալ նրան,— այս միտքը չէր տեղավորվում նրա գլխում։

Ինքնամոռացությունը, որ նրա գերդաստանի մեջ ժառանգական էր, այժմ կատաղի ձիու պես տանում էր նրան և զրկում բանականությունից։

— Զորապետ,— ասաց նա ընդհատվող ձայնով,— վերադարձիր տուն և սպասիր ինձ... Իմացած եղիր, որ եթե Պետրհնիուրը հարազատ հայրս լիներ, նույնիսկ այդ դեպքում նրանից կառնեի Լիգիայի վրեժը... Վերադարձիր տուն և սպասիր ինձ։ Ոչ Պետրոնիհսը, ոչ Կեսարը նրան չեն տիրանա։

Հետո սեղմված բռունցքները դարձրեց մեղրամոմե դիմակների կողմը, որ դրված էին ատրիոնի դարակների վրա, և գոչեց.

— Այո մահկանացու դիմակները վկա, առաջ կսպանեմ նրան և ինձ։

Այս ասելով նա թռավ և, մի անգամ ևս կրկնելով Ավլոսին՝ «սպասիր ինձ», խելագարի պես դուրս փախավ ատրիոնից և վազեց Պետրոնիոսի մոտ՝ ճանապարհին բրթելով անցվորներին։

Իսկ Ավլոսը տուն վերադարձավ մի փոքր հույսով։

Նա մտածում էր, որ եթե Պետրոնիոսն է դրդել Կեսարին առնել Լիգիային՝ Վինիկիոսին հանձնելու համար, սա կուղարկի նրան իրենց տուն։ Նրա համար փոքր մխիթարություն չէր և այն միտքը, որ Վինիկիոսը, եթե մինչև անգամ իսկ չփրկի աղջկան, նրա վրեժը կառնի և մահով կազատի անպատվությունից։ Ծերունին հավատում էր, որ Վինիկիոսը կիրագործի բոլորը, ինչ որ երդվել էր։ Տեսել էր նրա կատաղությունը և գիտեր նրա ընտանիքի մեջ ժառանգական դարձած կրակոտությունը։ Նա ինքը թեև հարազատ հոր պես սիրում էր Լիգիային, բայց կգերադասեր սպանել նրան, քան թե տալ Կեսարին, և եթե որդու ազգատոհմի այդ վերջին շառավղի համար երկյուղը չլիներ, անպատճառ կաներ այդ բանը։ Ավլոսը զինվորական էր, հազիվ միայն լսած էր ստոիկների մասին, բայց բնավորությամբ նրանցից հեռու չէր, և նրա համոզմունքներին, նրա հպարտությանը մահն ավելի դյուրին և ավելի լավ էր թվում, քան անպատվությունը։

Վերադառնալով տուն՝ նա հանգստացրեց Պոմպոնիային, հաղորդեց նրան իր հույսը, և երկուսը սկսեցին Վինիկիոսից համբավի սպասել։ Ժամանակ առ ժամանակ, երբ ատրիոնում լսվում էր ստրուկներից որևէ մեկի ոտնաձայնը, կարծում էին, թե գուցե այդ Վինիկիոսն է իրենց վերադարձնում սիրելի զավակին, և պատրաստ էին հոգու խորքից օրհնել երկուսին։ Բայց ժամանակն անցնում էր, և ոչ մի լուր չէր գալիս։ Միայն երեկոյան լսելի եղավ դռան կոչնակի ձայնը։ Մի րոպեից ստրուկը ներս մտավ և Ավլոսին մի նամակ տվեց։ Ծերունի զորապետը թեև սիրում էր ցույց տալ, թե իշխում է իր զգացմունքներին, դողդոջուն ձեռքով վերցրեց գրությունը և սկսեց կարդալ այնպես շտապով, կարծես խնդիրը նրա ամբողջ տան մասին էր։

Հանկարծ նրա երեսը մռայլվեց. նրա վրա կարծես անցնող մի ստվեր ընկավ։

— Կարդա,— ասաց նա, դիմելով Պոմպոնիային։

Պոմպոնիան վերցրեց նամակը և կարդաց հետևյալը.

«Մարկոս Վինիկիոսը Ավլոս Պլավտիոսին ողջույն։ Այն, ինչ պատահել է, պատահել է Կեսարի կամքով, որի առջև խոնարհեցեք ձեր գլուխը, ինչպես խոնարհում ենք ես և Պետրոնիոսը»։

Ապա երկար լռություն տիրեց։

ԳԼՈՒԽ Զ

Պետրոնիոսը տանն էր։ Դռնապանը չհամարձակվեց կանգնեցնել Վինիկիոսին, որ մրրկի պես ներս պրծավ ատրիոն և իմանալով, որ տանտիրոջը պետք է որոնել գրադարանում, նույն հապճեպությամբ ներս ընկավ գրադարան և, գտնելով Պետրոնիոսին գրելիս, նրա ձեռքից խլեց եղեգնիկը, կոտրեց ու ձգեց գետին, ապա իր մատները ցցեց նրա ուսին և դեմքը նրա դեմքին մոտեցնելով՝ խռպոտ ձայնով հարցրեց.

— Ի՞նչ արիր նրան, ո՞ւր է նա։

Բայց հանկարծ մի զարմանալի բան կատարվեց։ Այն վայելչակազմ և կնաբարո Պետրոնիոսը բռնեց իր ուսին կպած ձեռքը, հետո՝ մյուսը, և այդպես՝ երկաթե ունելիքի ուժով պահելով հաղթանդամ երիտասարդի երկու ձեռները իր մեկ թաթի մեջ ասաց.

— Ես միայն առավոտներն եմ փոքր֊ինչ տկար լինում, իսկ երեկոները նորից ստանում եմ նախկին աշխուժությունս։ Մի փորձիր դուրս պրծնել։ Մարմնամարզություն քեզ երևի սովորեցրել է ջուլհակը, իսկ քաղաքավարություն՝ դարբինը։

Նրա դեմքին նույնիսկ բարկություն չէր նկատվում. միայն աչքերի մեջ փայլեց անվեհերության և եռանդի մի ինչ֊որ թույլ նշույլ։ Մի փոքր անց նա ազատեց Վինիկիոսի ձեռքերը. իսկ սա կանգնած էր նրա առջև ստորացած, ամոթահար ու կատաղած։

— Պողպատե ձեռք ունես,— ասաց նա,— բայց դժոխքի բոլոր աստվածների անունով երդվում եմ քեզ, որ եթե ինձ դավաճանել ես, կոկորդդ կցցեմ դաշույնս, թեկուզ հենց Կեսարի ապարանքներում։

— Խոսենք հանգիստ, — պատասխանեց Պետրոնիոսը.— պողպատը, ինչպես տեսնում ես, երկաթից ուժեղ է, ուստի թեև քո մի բազկից կարելի է իմ երկուսը շինել, կարիք չունեմ քեզնից վախենալու։ Դրա փոխարեն ցավում եմ կոպտությանդ համար, և եթե մարդկանց ապերախտությունը կարողանար դեռևս ինձ զարմացնել, կզարմանայի քո ապերախտության վրա։

— Ո՞ւր է Լիգիան։

— Լուպանարիոնում[104], այսինքն Կեսարի տանը։

— Պետրոնիո՜ս։

— Հանգստացիր և նստիր։ Կեսարից խնդրեցի երկու բան, որ ինձ խոստացավ. մեկ որ Լիգիային վերցնի Ավլոսների տնից, և երկրորդ որ քեզ հանձնի նրան։ Արդյոք այդտեղ տոգայիդ որևէ ծալքի մեջ, դանակ չունե՞ս։ Գուցե կոկորդս ցցես։ Բայց քեզ խորհուրդ եմ տալիս մի երկու օր սպասել, որովհետև քեզ բանտ կտանեին, իսկ այդ միջոցին Լիգիան կտխրեր քո տանը։

Տիրեց լռություն։ Վինիկիոսը մի քանի րոպե զարմացած աչքերով նայում էր Պետրոնիոսին. ապա ասաց.

— Ների՛ր ինձ։ Սիրում եմ նրան, և սերը խառնում է իմ մտքերը։

— Զարմացիր ինձ վրա, Մարկոս։ Անցյալ օրը Կեսարին ասացի՝ իմ քրոջ որդին՝ Վինիկիոսը, այնպես է սիրահարվել մի չորացած աղջկա, որ կրթվում է Ավլոսների մոտ, որ հառաչանքներից նրա տունը տաքացրած բաղնիք է դարձել։ Դու,— ասում եմ,— Կեսար, և ես, մենք լավ գիտենք, թե որն է ճշմարիտ գեղեցկությունը, և այն աղջկա համար նույնիսկ հազար սեստերից[105] չէինք տա, բայց այդ տղան միշտ էլ հիմար է եղել հորթի պես, իսկ հիմա վերջնականապես հիմարացել է։

— Պետրոնիո՛ս։

— Եթե չես հասկանում, որ ես այդ ասացի, կամենալով ապահովել Լիգիային, պատրաստ եմ հավատալու, որ ճշմարտություն եմ ասել։ Ներշնչեցի Պղնձամորուսին, որ այնպիսի մի գեղագետ, որպիսին է ինքը, չի կարող այդպիսի մի աղջիկ գեղեցիկ համարել, և Ներոնը, որ մինչև օրս չի համարձակվում նայել ուրիշ կերպ, եթե ոչ իմ աչքերով, նրա մեջ գեղեցկություն չի գտնի և չգտնելով՝ չի էլ կամենա տիրանալ նրան։ Պետք էր մեզ ապահովել այդ կապկից և պարան ձգել վրան։ Լիգիայի վրա աչք է դարձնելու ոչ թե նա, այլ Պոպպեան, և ակներև է՝ կաշխատի որչափ կարելի է շուտ պալատից վռնդել նրան։ Իսկ ես անփույթ կերպով շարունակեցի համոզել Պղնձամորուսին. «Առ Լիգիային և տուր Վինիկիոսին։ Իրավունք ունես այդ անելու, քանի որ նա պատանդ է, և եթե այդպես անես, անախորժություն պատճառած կլինիս Ավլոսին»։ Եվ նա համաձայնեց։ Ոչ մի ամենաչնչին առիթ չուներ չհամաձայնելու, մանավանդ, որ իրեն միջոց տվի օրինավոր մարդկանց վատություն անելու։ Քեզ պատանդի արքունի պահապան կշինեն, կտան քո ձեռքը այդ լիգիական գանձը, իսկ դու, իբրև քաջազգի լիգերի դաշնակից ու Կեսարի հավատարիմ ծառա, ոչ միայն ոչինչ չես կորցնի այդ գանձից, այլև կաշխատես բազմացնել այն։ Կեսարը, քաղաքավարություն պահպանելու համար, նրան մի քանի օր իր տանը կպահի, իսկ հետո կուղարկի քո ինսուլան, երջանիկ մարդ։

— Ճշմարի՞տ է այդ։ Նրան այնտեղ, Կեսարի տանը, ոչինչ չի՞ սպառնում։

— Եթե նա այնտեղ մշտապես բնակվելու լիներ, Պոպպեան նրա մասին կխոսեր Լոկուստայի հետ[106], իսկ այս մի քանի օրը նրան ոչինչ չի սպառնում։ Կեսարի պալատում տասը հազար մարդ կա։ Գուցե Ներոնը նրան բոլորովին չի էլ տեսնի, մանավանդ, որ բոլորը ինձ է հանձնել այն աստիճան, որ մի րոպե առաջ կենտուրիոնը ինձ մոտ էր և լուր բերեց, որ աղջկան տարել է պալատ և հանձնել Ակտեի ձեռքը։ Դա բարի հոգի է, այդ Ակտեն, այդ պատճառով հրամայեցի, որ նրան հանձնի։ Պոմպոնիա Գրեկինան երևի նույնպես այդ կարծիքի է, քանի որ նրան նամակ է գրել։ Վաղը Ներոնի մոտ մեծարք է։ Քեզ համար տեղ եմ հաջողեցրել Լիգիայի կողքին։

— Ներիր ինձ, Կայոս, իմ դյուրագրգռությունը,— ասաց Վինիկիոսը.— կարծում էի, թե նրան հրամայել ես հափշտակել քեզ կամ Կեսարի համար։

— Կարող եմ ներել դյուրագրգիռ լինելդ, բայց դժվարանում եմ ներել քո ռամկական ձևերը, կոպիտ աղաղակները ու մորա խաղացողներին հիշեցնող ձայնը։ Այդ ես չեմ սիրում, Մարկոս, և այդ բանից զգուշացիր։ Իմացած եղիր, որ Կեսարի կավատն է Տիգելլինոսը, և նույնպես իմացած եղիր, որ եթե կամենայի աղջիկն առնել ինձ համար, ահա այժմ, նայելով ուղղակի քո աչքերի մեջ, կասեին «Վինիկիոս, քեզանից առնում եմ Լիգիային և կպահեմ նրան այնքան ժամանակ, որքան որ նա ինձ չի ձանձրացնի»։

Այսպես ասելով՝ նա իր ընկուզանման աչքերով սկսեց նայել ուղղակի Վինիկիոսի աչքերի մեջ, սառն ու ինքնավստահ հայացքով. իսկ երիտասարդը վերջնականապես շփոթվեց։

— Իմ մեղքն է,— ասաց նա։— Բարի ես և ազնիվ, և ամբողջ հոգով շնորհակալ եմ քեզանից։ Թույլ տուր միայն քեզ նաև մի հարց տալ։ Ինչո՞ւ չհրամայեցիր Լիգիային ուղղակի իմ տունն ուղարկել։

— Որովհետև Կեսարը կամենում է արտաքուստ քաղաքավարություն պահպանել։ Մարդիկ կսկսեն խոսել Հռոմում, թե Լիգիային իբրև պատանդ ենք վերցնում, ուստի քանի որ կխոսեն, նա կմնա Կեսարի պալատում։ Հետո գաղտնի կերպով կուղարկեն նրան քեզ մոտ, և կավարտվի ամեն ինչ։ Պղնձամորուսը երկչոտ շուն է։ Գիտե, որ իշխանությունն անսահման է, սակայն աշխատում է ամեն արարք քողարկել։ Արդյոք արդեն այնչափ սառնասի՞րտ ես, որ կարողանաս փիլիսոփայել մի փոքր։ Շատ անգամ իմ մտքով էլ անցել է, թե ինչո՞ւ ոճրագործությունը, թեկուզ այնչափ հզոր, ինչպես Ներոնն է, և այնչափ վստահ, որչափ նա է, որ անպատիժ կմնա, ամեն անգամ աշխատում է քողարկվել իրավունքով, արդարությամբ ու առաքինությամբ։ Ինչո՞ւ է այդ ջանքը։ Եվ համոզված եմ, որ եղբորը, մորը, կնոջը սպանելը ասիական որևէ փոքր թագավորին և ոչ թե հռոմեական Կեսարին վայել մի գործ է. բայց եթե այդ պատահեր ինձ անել, արդարացնող նամակներ չէի գրի ծերակույտին... Իսկ Ներոնը գրում է. Ներոնը պատրվակներ է որոնում, որովհետև Ներոնը երկչոտ է։ Բայց չէ՞ որ Տիբերը երկչոտ չէր, այնուամենայնիվ նա ևս իր ամեն մի ոճիրը արդարացնում էր։ Ինչո՞ւ է այդպես։ Այս ի՜նչ զարմանալի ակամա ակնածություն, պատկառանք է, որ չարությունը առաքինությանն է մատուցում։ Եվ գիտե՞ս ինձ ինչ է թվում։ Այն, որ այդպես է լինում նրա համար, որ ոճիրը տգեղ, անճոռնի է, իսկ առաքինությունը՝ գեղեցիկ։ ճշմարիտ գեղագետը նաև առաքինի մարդ է։ Ergo, ես առաքինի մարդ եմ։ Պետք է այսօր մի փոքր գինի ցողեմ զոհարանիս վրա՝ ի պատիվ Պրոտագորասի, Պրոդիկոսի և ֆորգիասի[107] ուրվականներին։ Բանից երևում է, որ սոփեստներն էլ կարող են մի բանի պետք գալ։ Լսիր, ես շարունակում եմ։ Խլեցի Լիգիային Ավլոսներից, որպեսզի քեզ տամ։ Երկուսդ գեղեցիկ եք, ուրեմն և իմ արարքն է գեղեցիկ և գեղեցիկ լինելով լի կարող չար լինել։ Նայիր, Մարկոս, ահա առջևդ նստած է առաքինությունը՝ մարմնացած Պետրոնիոսի մեջ։ Եթե Արիստիգեսր[108] կենդանի լիներ, պիտի ինձ մոտ գար և ինձ հարյուր մինա[109] պարգևեր՝ առաքինության մասին կարճ դասախոսության համար։

Բայց Վինիկիոսը, որին իրականությունն ավելի էր զբաղեցնում, քան առաքինության մասին դասախոսությունը, ասաց.

— Վաղը կտեսնեմ Լիգիային, իսկ հետո կունենամ նրան իմ տանն ամեն օր, միշտ և մինչև մահ։

— Դու կունենաս Լիգիային, իսկ ես գլխիս վրա՝ Ավլոսին։ Ինձ վրա կհրավիրի բոլոր ստորերկրյա աստվածների վրեժխնդրությունը։ Եվ երանի թե անպիտանը գոնե օրինավոր խոսելու դաս առած լիներ...

Եթե ոչ, կհայհոյի ինձ այնպես, ինչպես իմ կլիենտներին[110] հայհոյում էր նախկին դռնապանս, որին վերջը այդ բանի համար քշեցի գյուղ, երգաստոլոն[111]։

— Ավլոսն ինձ մոտ էր։ Խոստացա նրան լուր ուղարկել Լիգիայի մասին։

— Գրիր նրան, որ «աստվածային» Կեսարի կամքը բարձրագույն իրավունքն է, և որ քո առաջին որդին կկրի Ավլոս անունը։ Պետք է, որ ծերունին մի որևէ մխիթարություն ունենա։ Պատրաստ եմ խնդրելու Պղնձամորուսին, որ նրան վաղը մեծարքի հրավիրի. թող քեզ տեսնի տրիկլինիոնում՝ Լիգիայի կողքին։

— Մի՛ անիր այդ,— ասաց Վինիկիոսը։— Այնուամենայնիվ ես նրանց խղճում եմ, մանավանդ Պոմպոնիային։

Եվ նա նստեց ու գրեց այն նամակը, որ ծերունի զորապետին զրկեց վերջին հույսից։

ԳԼՈՒԽ Է

Ներոնի նախկին սիրուհի Ակտեի առջև մի ժամանակ խոնարհվում էին ամենահզոր գլուխները։ Բայց նույնիսկ այն ժամանակ նա չէր կամենում խառնվել հասարակական գործերին, և եթե երբևիցե օգտվել է երիտասարդ պետի վրա իր ունեցած ազդեցությունից, այդ եղել է միայն որևէ մեկի համար ներումն խնդրելու նպատակով։ Համեստ և պարկեշտ՝ նա գրավել էր ընդհանուրի համակրանքը և ոչ ոքի չէր թշնամացրել իր հետ։ Նրան չկարողացավ ատել մինչև իսկ Օկտավիան։ Խանդոտներին նա չափազանց քիչ էր վտանգավոր թվում։ Նրա մասին հայտնի էր, որ սիրում է Ներոնին թախծագին և վշտալից սիրով, որ սնվում էր ոչ թե հուրով, այլ միայն այն ժամանակի հիշատակներով, երբ Ներոնը ոչ միայն ավելի երիտասարդ էր ու սիրող, այլև՝ ավելի լավ։ Հայտնի էր, որ այդ հիշատակներից նա չէր կարող խլել իր հոգին ու մտքերը, բայց որ ոչինչ այլևս նա չէր սպասում, և որովհետև իսկապես ոչ մի երկյուղ չկար, թե Կեսարը նորից կվերադառնա նրա մոտ, նրան նայում էին իբրև մի բոլորովին անզեն էակի և այդ պատճառով հանգիստ էին թողել։ Պոպպեան նրան լոկ խոնարհ աղախին էր համարում, մի այն աստիճան անվնաս արարած, որ մինչև անգամ չէր ձգտում նրան հեռացնել պալատից։

Բայց քանի որ Կեսարը մի ժամանակ սիրում էր նրան և թողել էր առանց անարգանքի, խաղաղ, նույնիսկ բարեկամաբար, նրան վերապահված էին մի քանի առանձնաշնորհումներ։ Ներոնը, ազատագրելով նրան, թույլ էր տվել բնակվել պալատում, տվել էր առանձին կուբիկուլոն և սպասավորության համար՝ մի քանի մարդ։ Եվ որովհետև իր ժամանակին Պալլասը և Նարկիսը, Կլավդիոսի ազատագիրները լինելով, այնուամենայնիվ մեծարքների ժամանակ ոչ միայն սեղանակից էին լինում Կլավդիոսին, այլև իբրև ամենակարող մինիստրներ, պատվավոր տեղեր էին բազմում, ուստի և Ակտեին երբեմն հրավիրում էին Կեսարի սեղանին։

Այդ անում էին գուցե և այն պատճառով, որ նրա հրապուրիչ պատկերը մեծարքի ճշմարիտ զարդարանքն էր կազմում։ Վերջապես՝ Կեսարը ընկերակիցներ ընտրելու գործում վաղուց է, որ դադարել էր որևէ նկատումներ աչքի առաջ առնելուց։ Նրան սեղանակից էր խառնիճաղանջ մի խառնուրդ, որ բաղկացած էր բոլոր դասերի ու տարբեր զբաղմունքների տեր մարդկանցից։ Այստեղ կային սենատորներ, բայց գլխավորապես այնպիսիները, որոնք ընդունակ էին և խեղկատակներ լինելու։ Կային ավագ ու կրտսեր պատրիկներ՝ տոգորված հեշտասիրությամբ, պճնությամբ, կյանքի վայելքների փափագով։ Կային մեծանուն կանայք, որոնք չէին քաշվում երեկոները շեկ կեղծամներ կրելուց և մութ փողոցներում զվարճության համար արկածներ որոնելուց։ Կային և բարձրաստիճան պաշտոնատարներ ու քրմեր, որոնք, լի բաժակները առջևները դրած, խնդությամբ ծաղրում էին սեփական աստվածներին. և նրանց կողքին կային ամեն տեսակ ձրիակերներ, երգիչներ, միմոսներ[112], նվագածուներ, կաքավիչներ ու կաքավչուհիներ, բանաստեղծներ, որոնք ոտանավորներ կարդալիս մտածում էին այն սեստերցների մասին, որ իրենց կարող էին հասնել Կեսարի ոտանավորները գովաբանելու համար. դատարկապորտ փիլիսոփաներ, որոնք ագահ հայացքով հետևում էին ամեն մատուցվող կերակուրի. վերջապես կային անվանի կառավարներ, ձեռնածուներ, հմայողներ, առակախոսներ, ծաղրածուներ, առհասարակ մոդայի կամ մարդկային հիմարության շնորհիվ միօրյա հռչակ ստացած ամեն տեսակ շրջմոլիկներ, որոնց մեջ պակաս չէին և այնպիսիները, որոնք երկար մազերով ծածկում էին ստրկության նշանը՝ ծակած ականջները։

Մեծավորները նստում էին բարձերի վրա, սեղանների մոտ, իսկ ավելի աննշանները պետք է զվարճացնեին նրանց ճաշի ժամանակ, սպասելով այն վայրկյանին, երբ ծառաները թույլ կտան իրենց հարձակվել կերակուրների և խմիչքների մնացորդների վրա։ Այդօրինակ հյուրեր մատակարարում էին Տիգելլինոսը, Վատինիոսը և Վիտելիոսը, որոնք այս հյուրերի համար ստիպված էին լինում հոգալ նաև Կեսարի ապարանքներին վայել զգեստներ. Կեսարը սիրում էր այսպիսի ընկերություն՝ դրա մեջ իրեն բոլորովին ազատ զգալով։ Պալատի ճոխությունը ոսկեզօծում էր բոլորը և ամեն բան ծածկում իր փայլով։ Մեծերն ու փոքրերը, ականավոր տոհմերի սերունդներն ու փողոցային սինլքորները, նշանավոր հանճարներն ու տաղանդների խղճալի քերուցքները խուժում էին դեպի պալատ, որպեսզի մարդկային հասկացողությունը գրեթե գերազանցող շքեղությամբ հագեցնեն իրենց կուրացած աչքերը և մոտենան ամեն պատիվների, հարստությունների և բարությունների աղբյուրին, որի մի հայացքը, ճիշտ է, կարող էր ցածրացնել, բայց և կարող էր բարձրացնել անչափ։

Այդ օրը և Լիգիան պիտի մասնակցեր մեծարքին։ Երկյուղը, անվստահությունն ու շփոթությունը, որ զարմանալի չէին անակնկալ պատահարից հետո, նրա մեջ մաքառում էին ընդդիմանալու ցանկության հետ։ Նա վախենում էր Կեսարից, վախենում էր մարդկանցից, վախենում էր պալատից, որի աղմուկը նրան զրկում էր գիտակցությունից, վախենում էր մեծարքներից, որոնց անամոթության մասին լսել էր Ավլոսից, Պոմպոնիա Գրեկինայից և սրանց բարեկամներից։ Թեև նա դեռահաս օրիորդ էր, այնուամենայնիվ անփորձ չէր, որովհետև այն ժամանակ չարի համբավը վաղ էր հասնում նույնիսկ մանկական ականջներին. ուստի նա գիտեր, որ այդ պալատի մեջ իրեն կորուստ է սպառնում, որի մասին հրաժեշտի րոպեին իրեն զգուշացրել էր Պոմպոնիան։ Բայց երիտասարդ, դեռ չփչացած հոգի ունենալով և դավանելով այն մեծ վարդապետությունը, որը իրեն պատվաստել էր մայրացուն, նա երդվել էր պաշտպանվել այդ կորստից, երդվել էր մորը, իրեն, միաժամանակ և այն Աստվածային ուսուցչին, որին ոչ միայն հավատում, այլև սիրում էր իր կես մանկական սրտով։ Նրա ուսման քաղցրության համար, նրա մահի դառնության և հարության փառքի համար։

Նա նաև հավատացած էր, որ այժմ ոչ Ավլոսը, ոչ Պոմպոնիա Գրեկինան պատասխանատու չեն լինի իր արարքների համար, և մտածում էր, թե արդյոք ավելի լավ չի լինի ընդդիմանալ և չգնալ մեծարքին։ Մի կողմից երկյուղն ու անհանգստությունն էին բարձրաձայն խոսում նրա հոգու մեջ, մյուս կողմից նրա մեջ ծնվում էր անվեհերություն և հաստատամտություն ցույց տալու տանջանքի ու մահի ենթարկվելու ցանկությունը։ Չէ՞ որ այդպես է հրամայել Աստվածային ուսուցիչը։ Չէ՞ որ ինքն է օրինակ տվել։ Չէ՞ որ Պոմպոնիան պատմել է իրեն, որ հավատացյալներից ամենանախանձավորները ամենայն հոգով փափագում են այդպիսի փորձանքի և աղոթում այդ մասին։ Եվ Լիգիային, երբ նա դեռ Ավլոսների տանն էր, ժամանակ առ ժամանակ համակում էր այդպիսի մի փափագ։ Երևակայում էր իրեն նահատակված, վերքեր ձեռներին ու ոտներին, ձյունի պես սպիտակ, չնաշխարհիկ գեղեցկությամբ գեղեցկացած, իր պես սպիտակ հրեշտակների թևերի վրա սլանում էր եթեր, և այսպիսի տեսիլներից զմայլում էր նրա երևակայությունը։ Դրանում մանկական շատ անուրջներ կային, բայց կար և մի փոքր անձնապաշտություն, ինքներկրպագություն, որի համար Պոմպոնիան հանդիմանում էր նրան։ Իսկ այժմ, երբ Կեսարի կամքին ընդդիմություն ցույց տալը կարող էր սարսափելի պատիժ առաջ բերել, և երբ երևակայության մեջ պատկերացրած տանջանքները կարող էին իրականություն դառնալ, գեղեցիկ տեսիլների, անձնապաշտության վրա ավելացավ նաև երկյուղի հետ խառնված մի տեսակ հետաքրքրություն՝ ինչպե՞ս կդատապարտեն իրեն և իր համար ի՞նչ տանջանքներ կհնարեն։

Եվ այսպես տարակուսում էր նրա՝ դեռ կիսով չափ մանկական հոգին։ Բայց Ակտեն, այս տարակուսանքների մասին իմանալով, նայեց նրան այնպիսի զարմանքով, կարծես աղջիկը խոսում էր տենդի մեջ։ Դիմադրե՞լ Կեսարի կամքին։ Հենց առաջին րոպեից նրա բարկությունը գրգռե՞լ։ Պետք է միայն երեխա լինել, որ չգիտե, թե ինչ է ասում։ Չէ՞ որ Լիգիայի սեփական խոսքերից երևում է, որ ինքն իսկապես պատանդ չէ, այլ իր ազգից մոռացված մի աղջիկ։ Նրան չի պաշտպանում ոչ մի միջազգային օրենք, և եթե մինչև անգամ պաշտպաներ նրան, Կեսարը բավականին ուժեղ է, որպեսզի բարկության րոպեին այդ օրենքը ոտնակոխ անի։ Կեսարին հաճելի էր նրան վերցնել, և այսուհետև նրա տերն է։ Այսուհետև աղջիկը նրա կամքին է հանձնված, և այդ կամքից բարձր չկա մի ուրիշը աշխարհիս երեսին։

— Այդպես է,— շարունակեց նա,— ես էլ կարդացել եմ Պողոս Տարսոնացու թղթերը, ես էլ գիտեմ, որ երկրից վեր, բարձրում, կա Աստված և Աստուծո որդի, որ մեռելներից հարություն առավ, բայց երկրիս երեսին կա միայն Կեսար։ Հիշիր այդ, Լիգիա... Գիտեմ նույնպես, որ քո օրենքը քեզ թույլ չի տալիս լինել այն, ինչ որ ես եմ եղել, և որ դուք, ինչպես և ստոիկները, որոնց մասին ինձ պատմել է Եպիկտետոսը[113], երբ հարկ է լինում ընտրել անպատվություն կամ մահ, միայն մահը կարող են ընտրել։ Բայց արդյոք կարո՞ղ ես նախագուշակել, թե քեզ սպասում է մահը, ոչ թե անպատվությունը։ Միթե չե՞ս լսել Սեյանոսի դստեր մասին, որ դեռ անչափահաս աղջիկ էր, և քանի որ Տիբերիոսի հրամանով օրենքն արգելում է մահով պատժել օրիորդներին, պետք է անպատվություն կրեր շունչը փչելուց առաջ։ Լիգիա՛, Լիգիա՛, մի գրգռիր Կեսարին։ Երբ կհասնի վճռական րոպեն և պետք կլինի ընտրել անպատվություն կամ մահ, կվարվես այնպես, ինչպես քեզ պատվիրում է քո ճշմարտությունը, բայց հոժարակամ մի որոնիր կորուստ և չնչին առիթով մի գրգռիր երկրային, նաև ահռելի աստծուն։

Ակտեն խոսում էր մեծ կարեկցությամբ, մինչև անգամ ոգևորությամբ և, բնությունից կարճատես լինելով, մոտեցրել էր իր բարի դեմքը Լիգիայի դեմքին, կարծես ուզում էր ստուգել ինչ տպավորություն են թողնում նրա վրա իր խոսքերը։

Իսկ Լիգիան մանկական վստահությամբ իր ձեռքերով գրկեց նրա պարանոցը և ասաց.

— Որչա՜փ բարի ես, Ակտե։

Ակտեի սիրտը շարժվեց այդ գովասանքից ու վստահությունից. նա իր կրծքին սեղմեց օրիորդին և, ազատվելով նրա բազուկներից, պատասխանեց.

— Իմ երջանկությունն անցավ, և ուրախությունս անցավ, բայց չար չեմ։

Հետո սկսեց արագ քայլերով ման գալ սենյակում և ինքն իրեն ասել ինչ֊որ հուսահատությամբ.

— Ո՞չ։ Նա էլ չար չէ։ Նա ինքն այն ժամանակ մտածում էր, որ բարի է, և ուզում էր բարի լինել։ Ես այդ ամենից լավ գիտեմ։ Այդ բոլորը հետո եղավ, երբ դադարեց սիրելուց... Ուրիշները նրան այնպիսին դարձրին, ինչպիսին է այժմ. այդ ուրիշներից էր և Պոպպեան։

Այստեղ նրա արտևանունքները ծածկվեցին արտասուքով։ Լիգիան որոշ ժամանակ հետևում էր նրան իր կապույտ աչքերով, վերջապես ասաց.

— Դու նրան խղճո՞ւմ ես, Ակտե։

— Խղճում եմ,— խուլ ձայնով պատասխանեց հույն կինը։

Եվ նորից սկսեց ման գալ ցավից սեղմված ձեռքերով և հուսահաատ դեմքով։

Եվ Լիգիան համարձակ հարցրեց.

— Դու նրան դեռ սիրո՞ւմ ես, Ակտե։

— Սիրում եմ...

Ապա մի րոպեից անց ավելացրեց.

— Նրան ոչ ոք, բացի ինձանից, չի սիրում։

Տիրեց լռություն, որի ընթացքում Ակտեն աշխատում էր վերականգնել հիշողություններից վրդովված խաղաղությունը և, երբ վերջապես նրա դեմքը նորից անխոս թախծության սովորական արտահայտություն ստացավ, ասաց.

— Խոսենք քո մասին, Լիգիա։ Մտքովդ անգամ թող չանցնի հակառակել Կեսարին։ Դա խելագարություն կլինի։ Սակայն հանգստացիր։ Լավ եմ ճանաչում այս տունը և համոզված եմ, որ Կեսարի կողմից քեզ ոչինչ չի սպառնում։ Եթե Կեսարը հրամայած լիներ քեզ հափշտակել իր համար, քեզ չէին բերի պալատիոն։ Այստեղ իշխում է Պոպպեան, իսկ Կեսարը, այն ժամանակից ի վեր, երբ դուստր ունեցավ նրանից, առավել ևս նրա իշխանության տակ է։ Ոչ։ Ճիշտ է, Ներոնը հրամայել է, որ ներկա գտնվես մեծարքին, բայց մինչև այժմ քեզ չի տեսել, քո մասին չի հարցրել, ուրեմն քեզ հետ նա գործ չունի։ Գուցե խլել է քեզ Ավլոսից և Պոմպոնիայից՝ միայն նրանց նկատմամբ չարամտություն զգալով։ Ինչպես գիտես, ինձ գրել են և՛ Պետրոնիոսը, և՛ Պոմպոնիան. գուցե նրանք իրար հետ պայմանավորվել են։ Գուցե Պետրոնիոսը այդ արել է Պոմպոնիայի խնդրանքով։ Եթե այդպես է, եթե նա էլ, Պոմպոնիայի խնդրանքով հանձն կառնի քո հոգսը, քեզ ոչինչ չի սպառնում, և մինչև անգամ, ով գիտե, արդյոք Ներոնը նրա թելադրանքով ետ չի՞ ուղարկի քեզ Ավլոսների տուն։ Չգիտեմ՝ արդյոք Ներոնը նրան շա՞տ է սիրում, բայց գիտեմ, որ սակավ է համարձակվում նրա հակառակ կարծիքի լինել։

— Ա՛հ, Ակտե,— պատասխանեց Լիգիան,— Պետրոնիոսը մեր տանն էր ինձ այնտեղից վերցնելուց առաջ, և մայրս համոզված էր, որ Ներոնը նրա դրդմամբ է պահանջել ինձ։

— Այդ վատ կլիներ,— ասաց Ակտեն։

Բայց մեկ րոպե մտածելուց հետո շարունակեց.

— Գուցե որևէ ընթրիքի ժամանակ Պետրոնիոսի բերանից Ներոնի ներկայությամբ դուրս է թռել, թե Ավլոսների մոտ տեսել է լիգերի պատանդին, և Ներոնը, որ իր իշխանության համար նախանձախնդիր է, պահանջել է քեզ միայն այն պատճառով, որ պատանդները Կեսարին են պատկանում։ Այն էլ կա, որ նա չի սիրում. Ավլոսին և Պոմպոնիային։ Ո՛չ։ Չեմ կարծում, որ Պետրոնիոսը, եթե կամենար քեզ խլել Ավլոսից, դիմեր այդպիսի միջոցի... Չգիտեմ՝ արդյոք, Պետրոնիոսը լա՞վ է նրանցից, որոնք շրջապատում են Կեսարին, բայց նա ուրիշ է... Գուցե վերջապես, բացի նրանից գտնես որևէ մեկին, որ ուզենար պաշտպանել քեզ։ Ավլոսների մոտ արդյոք չե՞ս ծանոթացել Կեսարի մեծավորներից որևէ մեկի հետ։

— Տեսել եմ Վեսպասիանոսին և Տիտոսին։

— Կեսարը նրանց չի սիրում։

— Եվ Սենեկային։

— Բավական է Սենեկան մի բան խորհուրդ տա, որ Ներոնը հակառակն անի։

Լիգիալի պայծառ երեսը սկսեց կարմրել։

— Եվ Վինիկիոսին...

— Չեմ ճանաչում նրան։

— Նա Պետրոնիոսի ազգականն է և նոր է վերադարձել Հայաստանից։

— Կարծում ես, որ Ներոնը ուրա՞խ կլինի տեսնելու նրան։

— Վինիկիոսին բոլորը սիրում են։

— Եվ նա կուզենա՞ր քեզ պաշտպան լինել։

— Այո՛։

Ակտեն զգացված ժպտաց և ասաց.

— Ուրեմն նրան կտեսնես մեծարքին։ Պարտավոր ես ներկա, գտնվել նախ նրա համար, որ պարտական ես... Միայն քեզ պես երեխան կարող էր այլ կերպ մտածել։ Երկրորդ՝ եթե կամենում ես վերադառնալ Ավլոսների տուն, առիթ կունենաս Պետրոնիոսին և Վինիկիոսին խնդրելու, որ իրենց ազդեցությամբ քեզ համար տուն դառնալու թույլտվություն ձեռք բերեն։ Եթե այստեղ լինեին, երկուսն էլ քեզ կասեին այն, ինչ որ ես, այն է՝ որ խելագարություն և կորուստ կլիներ ընդդիմանալու ամեն մի փորձ։ Ճիշտ է, Կեսարը կարող է չնկատել քո բացակայությունը, բայց եթե նկատի և մտածի, թե դու համարձակվել ես հակառակել իր կամքին, ոչ մի փրկություն չի լինի քեզ համար։ Արի՛, Լիգիա... Արդյոք լսո՞ւմ ես այս աղմուկը տան մեջ։ Արևը մայր է մտնում, և շուտով հյուրերը կսկսեն ժողովվել։

— Իրավացի ես, Ակտե,— պատասխանեց Լիգիան,— և կհետևեմ խորհրդիդ։

Թե այս վճռի մեջ որչափ ցանկություն կար՝ Պետրոնիոսին և Վինիկիոսին տեսնելու, որչափ կանացի հետաքրքրություն՝ կյանքի մեջ մի անգամ այդպիսի մեծարք տեսնելու, և այնտեղ տեսնելու Կեսարին, պալատականներին, հռչակավոր Պոպպեային և այլ գեղեցկուհիների և այն ամբողջ ճոխությունը, որի մասին Հռոմում հրաշքներ էին պատմում, ինքը Լիգիան հազիվ թե կարողանար իրեն հաշիվ տալ։ Բայց Ակտեն յուրովի իրավացի էր, և օրիորդն այդ լավ էր զգում։ Անհրաժեշտ էր գնալ. ուստի երբ անհրաժեշտությունը և առողջ դատողությունը նեցուկ եղան գաղտնի գայթակղությանը, օրիորդը դադարեց տատանվել։

Այն ժամանակ Ակտեն տարավ նրան իր սեփական ունկտորիոնը՝ յուղով օծելու և զգեստավորելու, ու թեև Կեսարի տան մեջ պակաս չէին ստրկուհիները, և Ակտեն նրանցից բավականին ուներ իր անձնական ծառայության համար, սակայն նա համակրելով օրիորդին, որի անմեղությունն ու գեղեցկությունը շարժում էին իր սիրտը, վճռեց ինքը հագցնել նրան։ Եվ իսկույն երևաց, որ հույն կնոջ մեջ, չնայելով իր թախծությանը և այն բանին, որ կարդում էր Պողոս Տարսոնացու թղթերը, դեռ շատ բան էր մնացել նախկին հելլենական ոգուց, որին մարմնի գեղեցկությունը ավելի էր ազդում, քան թե ամեն մի ուրիշ բան աշխարհիս երեսին։ Մերկացնելով Լիգիային և տեսնելով նրա միաժամանակ նրբակազմ և կլորակ, կարծես մարգարտից և վարդից ստեղծված ձևերը՝ Ակտեն չկարողացավ զսպել հիացմունքի բացականչությունը և մի քանի քայլ հեռանալով՝ զմայլանքով նայում էր այդ անզուգական գարնանաբույր կազմվածքին։

— Լիգիա՛,— վերջապես գոչեց նա,— դու հարյուր անգամ Պոպպեայից գեղեցիկ ես։

Իսկ օրիորդը, կրթված լինելով Պոմպոնիայի խստաբարո տան մեջ, ուր ամոթխածությունը պահպանվում էր մինչև իսկ այն ժամանակ, երբ կանայք մենակ էին լինում, իրենք իրենց, կանգնած էր սքանչելի, իբրև չքնաղ մի երազ, ներդաշնակ, իբրև Պրաքսիտելեսի[114] մի արձան կամ մի երգ, բայց շփոթված, ամոթից շառագունած, ծնկները սեղմած, ձեռները կրծքին և աչքերի արտևանունքներն իջեցրած։ Հետո արագ շարժումով բարձրացնելով բազուկները՝ նա քակեց ծամերը պահող կեռիկները և գլուխը թափահարելով՝ մի ակնթարթում ծածկվեց մազերով, ասես թիկնոցով։

Ակտեն, մոտենալով և ձեռք տալով նրա մուգ ծամերին, ասաց.

— Եվ ինչպիսի՜ մազեր ունես... Ոսկե փոշի չեմ ցանի վրան, իրենք ոսկու պես փայլում են տեղ֊տեղ, ոլորներին... Գուցե հազիվ մի երկու տեղ ոսկեփայլ թել ավելացնեմ, բայց շատ թեթև, շատ աննշմարելի, այնպես, որ ասես մեջը շող պսպղալիս լինի։ Չքնաղ երկիր պիտի լինի ձեր լիգիական երկիրը, ուր այսպիսի աղջիկներ են ծնվում։

— Ես այդ երկիրը չեմ հիշում,— պատասխանեց Լիգիան,— Ուրսուսը միայն պատմել է ինձ, որ մեզ մոտ անտառներ են և անտառներ։

— Իսկ անտառներում ծաղիկներ են ծաղկում,— ասաց Ակտեն՝ թաթախելով ձեռքերը աղավնիճի հյութով լի ամանի մեջ և նրանով օծելով Լիգիայի մազերը։

Ավարտելով այս գործը՝ նա սկսեց օրիորդի ամբողջ մարմնին թեթևակի Արաբիայի անուշահոտ յուղեր քսել և ապա հագցրեց փափուկ, ոսկեգույն, առանց թևքերի տունիկան, որի վրա ձյունանման պեպլոս պիտի ձգեր։ Բայց որովհետև սրանից առաջ հարկավոր էր մազերը սանրել, ուստի նա փաթաթեց օրիորդին մի տեսակ լայն շորի մեջ, որ սյունթեսիս էր կոչվում, և, բազկաթոռի մեջ նստեցնելով, հանձնեց նրան միառժամանակ ստրկուհիների ձեռքը, որպեսզի հեռվից դիտի սանրելը։ Երկու ստրկուհի սկսեցին Լիգիայի ոտքերին հագցնել սպիտակ, ծիրանիով ասեղնագործած մաշիկներ, որ կապում էին նրա ալաբաստրանման ոտքի կոճերին՝ խաչաձև անցկացնելով ոսկեզօծ ժապավենները։ Երբ, վերջապես, սանրվածքն ավարտվեց, Լիգիայի վրա ձգեցին պեպլոսը՝ գողտրիկ, թեթև ծալքերով. հետո Ակտեն մարգարիտներ շարեց նրա պարանոցին և թեթևակի ոսկեփայլ փոշի ցանեց նրա մազերի ոլորներում, ապա պատվիրեց իրեն էլ հագցնել ամբողջ ժամանակ հիացական հայացքներով հետևելով Լիգիային։

Շուտով նա էլ պատրաստ էր։ Գլխավոր մուտքի առջև նոր էին սկսել երևալ առաջին դեսպակները, երբ երկուսը մտան կողքի կրյուպտոպորտիկը, որտեղից երևում էին գլխավոր մուտքը, ներքին նախագավիթն ու բակը, որ պատած էր նումիդիական մարմարիոնից շինած սյուներով։

Քանի գնում ավելի և ավելի շատ մարդիկ էին անցնում մուտքի բարձրագագաթ կամարի տակով, որի վրայից Լիսիասի[115] հոյակապ քառաձի կառքը կարծես դեպի երկինք էր սլացնում Ապոլլոնին ու Դիանային։ Լիգիայի աչքին դիպավ մի շքեղ տեսարան, որի մասին Ավլոսի համեստ տունը ամենափոքր գաղափար իսկ չէր կարող տալ նրան։ Արևի մայր մտնելու րոպեն էր, և նրա վերջին ճառագայթներն ընկնում էին սյուների նումիդիական դեղին մարմարիոնի վրա, որ այդ փայլերից ոսկու պես պսպղում էր, վարդագույնի տալիս։ Սյուների միջով, Դանայիտներ և ուրիշ աստվածներ կամ դյուցազուններ ներկայացնող սպիտակ արձանների մոտով, անցնում էին խումբ֊խումբ մարդիկ՝ այր և կին, որոնք նույնպես արձանների էին նման, որովհետև նույնպես հագել էին տոգաներ, պեպլոսներ ու ստոլաներ՝ դեպի գետին ճոխությամբ իջնող փափուկ ծալքերով, որոնց վրա հանգչում էին մայր մտնող արևի ցոլքերը։ Հսկայական Հերակլեսր, որի գլուխը դեռ լուսավորված էր, իսկ մարմինն արդեն խորասուզվել էր սյունից ընկած ստվերի մեջ, բարձրից նայում էր այդ ամբոխին։ Ակտեն ցույց էր տալիս Լիգիային սենատորների, որոնք աչքի էին ընկնում ափերին լայն ծիրանի կարած իրենց տոգաներով, գունավոր տունիկաներով և կոշիկների կիսալուսիններով[116], և ասպետների, և հռչակավոր գեղարվեստագետների, հռոմեացի կանանց, որոնց հագուստները մեկ հռոմեական էր, մեկ հունական, մեկ ֆանտաստիկական՝ արևելյան, մազերը՝ աշտարակների, բուրգերի պես հավաքած կամ աստվածուհիների արձանների օրինակով՝ ցածր, գլխին հարթ սանրված և զարդարված ծաղիկներով։ Շատ տղամարդկանց և շատ կանանց անունները տալիս՝ Ակտեն նրանց անուններին կցում էր կարճառոտ և հաճախ սարսափելի պատմություններ, որոնք Լիգիային երկյուղ ու զարմանք էին պատճառում և շվարեցնում։ Նրա համար դա մի տարօրինակ աշխարհ էր, որի գեղեցկությամբ արբում էին նրա հայացքները, բայց որի հակասությունները չէր կարող հասկանալ նրա կուսական խելքը։ Երկնքի այդ վերջալույսի խորքում կորչող անշարժ սյուների այդ շարքերի և արձանների նմանող այդ մարդկանց մեջ կար մի տեսակ խաղաղություն. թվում էր, թե այդ ուղղագիծ մարմարիոնների մեջ պետք է ապրելիս լինեն հոգսերից ազատ, անդորը ու երջանիկ կիսաստվածներ. մինչդեռ Ակտեի ցածր ձայնը մի առ մի բաց էր անում և՛ այդ պալատի, և՛ այդ մարդկանց բոլորովին հակառակ, սարսափելի գաղտնիքը։ Ահա այնտեղ, հեռվում, երևում է կրյուպտոպորտիկը, որի սյուների և, հատակի վրա դեռևս կարմրին են տալիս այն արյան բծերը, որով Կալիգուլան[117] ցողեց սպիտակ մարմարիոնը, երբ ընկավ Կասսիոս Քերայի դաշույնից. ահա այնտեղ սպանեցին նրա կնոջը, ահա այնտեղ նրա որդուն քարին զարկեցին. այնտեղ, այն թևի տակ, կա գետնափոր նկուղ, ուր սովից ձեռներն էր կրծում կրտսեր Դրուսոսը. այնտեղ թունավորեցին երեց Դրուսոսին[118], այնտեղ երկյուղից գալարվում էր Գեմելլոսը. այնտեղ Կլավդիոսը` ցնցումներից[119], այնտեղ Բրիտանիկոսը[120]։ Ամեն տեղ այդ պատերը լսել են մեռնողների հառաչանքն ու խռպոցը, իսկ այս մարդիկ, որոնք այժմ շտապում են մեծարքի, տոգաները, գունավոր տունիկաները հագին, ծաղիկներով ու ակներով զարդարված, գուցե վաղը մահապարտ կլինեն, գուցե շատերի դեմքերին ժպիտը քողարկում է երկյուղ, անհանգստություն, վաղվա համար անվստահություն. գուցե կիրքը, ընչասիրությունը, նախանձն այդ միջոցին կրծում են այս, ըստ երևույթին, անհոգ, պսակակիր կիսաստվածների սրտերը։ Լիգիայի սարսափահար միտքը չէր կարողանում հետևել Ակտեի խոսքերին, և այն ժամանակ, երբ այդ չքնաղ աշխարհը նրա աչքերը դեպի իրեն էր քաշում ավելի ու ավելի մեծ ուժով, սիրտը ճմլվում էր երկյուղից, իսկ հոգին հանկարծ մորմոքեց անասելի և անսահման անձկությամբ Պոմպոնիա Գրեկինայի և Ավլոսների խաղաղ տան համար, որտեղ թագավորում էր սերը, ոչ թե ոճիրը։

Մինչ այդ Vicus Apollinis֊ի կողմից հյուրերի նորանոր խմբեր էին կուտակվում։ Դարպասի հետևից հասնում էին իրենց տերերին ուղեկցող կլիենտների ձայներն ու բացականչությունները։ Բակում և սյունազարդ նախագավիթներում խռնվում էին Կեսարի բազմաթիվ ստրուկները, որոնք պահպանում էին արքունիքը։ Մի քանի տեղ, սպիտակ կամ թուխ դեմքերի մեջ, սևին էր տալիս նումիդիացու դեմքը՝ փետրազարդ սաղավարտով և մեծ ոսկե օղերը ականջներին։ Ամեն կողմից բերում էին վիներ, կիթառներ, չնայած ուշ աշնան՝ արհեստական կերպով աճեցրած ծաղիկների փնջեր, ձեռքի արծաթե, ոսկե և պղնձե լամպեր։ Խոսակցությունների ավելի և ավելի սաստկացող աղմուկը խառնվում էր շատրվանի կարկաչի հետ, որի՝ վերջալույսի շողերից վարդագույն նետված ցայտերը, վերևից վայր ընկնելով, մարմարիոնի վրա ջարդվում էին ողբաձայն։

Ակտեն դադարեց պատմել, իսկ Լիգիան շարունակում էր զննել այդ տան մեջ որոնելով մեկին։ Եվ հանկարծ նրա դեմքը կարմրեց։ Սյուների միջից երևացին Վինիկիոսն ու Պետրոնիոսը, որ գնում էին դեպի մեծ տրիկլինիոնը` գեղեցիկ, հանգիստ, իրենց սպիտակ տոգաների մեջ՝ սպիտակ աստվածների նման։ Երբ Լիգիան օտար մարդկանց մեջ նկատեց այդ երկու ծանոթ և բարեկամ դեմքերը և, մանավանդ, երբ նկատեց Վինիկիոսին, թվաց, թե մեծ բեռ ընկավ իր սրտի վրայից։ Օրիորդն իրեն ավելի քիչ մեկուսացած զգաց։ Այն անսահման անձկությունը Պոմպոնիայի և Ավլոսների տան համար, որ մի րոպե առաջ մորմոքեցրեց նրան, հանկարծ դադարեց ցավ պատճառել։ Վինիկիոսին տեսնելու և հետը խոսելու գայթակղությունը խլացրեց նրա մեջ ուրիշ ձայներ։ Իզուր էր իրեն հիշեցնում ամբողջ այն վատությունը, որ լսել էր Կեսարի տան մասին, և Ակտեի խոսքերը, և Պոմպոնիայի նախազգուշությունը. այդ խոսքերին և նախազգուշություններին հակառակ՝ նա հանկարծ զգաց, որ այդ մեծարքին ոչ միայն պարտական է, այլև ուզում է լինել։ Այն միտքը, թե մի րոպե անց լսելու է նույն սիրելի և դուրեկան ձայնը, որ իրեն ասում էր աստվածներին վայել սիրո և երջանկության մասին և որ մինչև այդ հնչում էր իր ականջների մեջ, նրան ուղղակի ցնծություն էր պատճառում։

Բայց հանկարծ օրիորդը վախեցավ այս ցնծությունից։ Նրան թվում էր, թե այդ վայրկյանին դավաճանում է և՛ այն մաքուր ուսմունքին, որի մեջ դաստիարակվել էր, և՛ Պոմպոնիային, և՛ ինքն իրեն։ Այլ բան է գնալ ստիպմամբ և այլ է ուրախանալ այդպիսի անհրաժեշտությունից։ Նա իրեն մեղավոր, անարգ և կորած զգաց։ Սիրտը հուսահատությամբ լցվեց, և նա ուզում էր լաց լինել։ Եթե մենակ լիներ, կչոքեր և կսկսեր կրծքին խփել, կրկնելով «վա՛յ ինձ, վա՛յ ինձ»։ Ակտեն, բռնելով Լիգիայի ձեռքը, ներքին սենյակներով նրան տանում էր դեպի մեծ տրիկլինիոնր, որտեղ պիտի տեղի ունենար մեծարքը, իսկ օրիորդի աչքերը մթնում էին և սրտի բաբախումը արգելում էր նրա շնչառությունը։ Կարծես երազի մեջ նա տեսավ թե՛ սեղանների և թե՛ պատերի վրա պսպղացող լամպերը, կարծես երազի մեջ լսեց աղաղակները, որոնցով ողջունում էին Կեսարին, կարծես մառախուղի մեջ նկատեց իրեն՝ Կեսարին։ Աղաղակներն աղջկան խլացրին, փայլը կուրացրեց, անուշահոտությունները թմրեցրին, և Լիգիան, կորցնելով ինքնագիտակցության մնացորդը, հազիվ կարողանում էր զանազանել Ակտեին, որ նրան սեղանի առջև տեղավորելով՝ ինքը բազմեց կողքին։

Բայց մի րոպե անց մյուս կողմից լսվեց ցածր, ծանոթ մի ձայն։

— Ողջո՜ւյն քեզ, ամենագեղեցիկդ երկրիս օրիորդների և երկնքի աստվածների մեջ, ողջո՜ւյն քեզ, աստվածանման Կալլինա։

Լիգիան մի փոքր ուշքի գալով՝ նայեց այն կողմը. նրա կողքին բազմած էր Վինիկիոսը։

Առանց տոգայի էր, որովհետև հարմարությունը և սովորությունը թելադրում էին մեծարքի ժամանակ հանել տոգան։ Նրա մարմինը ծածկված էր միայն կարմիր, առանց թևերի տունիկայով, որ ասեղնագործած էր արծաթե արմավենիներով։ Մերկ բազուկները, արևելյան սովորության համաձայն, զարդարված էին արմունկներից վերև կոճկած երկու լայն ոսկե ապարանջաններով, իսկ ավելի ներքև մազերից խնամքով մաքրված էին ողորկ, բայց շատ ջղոտ, իսկ և իսկ զինվորի վայել, սուսերի և վահանի համար ստեղծված բազուկները։ Գլխին կրում էր վարդերից հյուսված մի պսակ։ Քթավերևում միացած հոնքերով, գեղեցիկ աչքերով և թուխ դեմքով՝ նա ներկայանում էր իբրև երիտասարդության և ուժի մարմնացում։ Լիգիային նա այնչափ հրապուրիչ երևաց, որ թեև առաջին շփոթմունքն արդեն անցել էր, հազիվ կարողացավ պատասխանել.

— Ողջո՜ւյն քեզ, Մարկոս...

Իսկ նա ասաց.

— Երջանիկ են աչքերս, որ տեսնում են քեզ. երջանիկ են ականջներս, որ լսեցին ձայնդ, որ քաղցր է սրնգի և կիթառի ձայնից։ Եթե ինձ պատվիրված լիներ ընտրել, թե այս մեծարքին ո՛վ բազմի ինձ մոտ՝ դո՞ւ, Լիգիա, թե Վենուսը, քեզ կընտրեի, ով աստվածանման։

Եվ սկսեց նայել նրան այնպես, ասես ուզում էր կշտանալ նրա տեսքով, և այրում էր նրան իր աչքերով։ Նրա հայացքը սահեց աղջկա դեմքից պարանոցը և մերկ բազուկները, շոյում էր նրա գեղանի ձևերը, զմայլվում էր նրանով, գգվում էր նրան, կլանում էր. բայց տռփանքի հետ միասին այդ հայացքի մեջ վառվում էր և՛ երջանկություն, և՛ փաղաքշանք, և՛ անսահման հափշտակություն։

— Գիտեի, որ քեզ կտեսնեմ Կեսարի տանը,— շարունակեց նա,— բայց երբ քեզ տեսա, իմ ամբողջ հոգուն տիրեց այնպիսի մի ուրախություն, կարծես ինձ պատահեց բոլորովին անսպասելի երջանկություն։

Լիգիան, ուշքի գալով և զգալով, որ այդ ամբոխի և այս տան մեջ նա էր միակ իրեն մոտիկ էակը, սկսեց խոսել նրա հետ և հարցնել այն ամենի մասին, ինչ իր համար անհասկանալի էր և ինչ որ երկյուղ էր ազդում իրեն։ Որտեղի՞ց գիտեր, որ իրեն կգտնի Կեսարի տանը և ինչո՞ւ է ինքը այստեղ։ Ինչո՞ւ Կեսարը խլեց իրեն Պոմպոնիայից։ Ինքն այստեղ վախենում է և ուզում է Ավլոսների տուն վերադառնալ։ Ինքը կմեռներ կարոտից և անհանգստությունից, եթե հույս չունենար, որ Պետրոնիոսը և նա՝ Վինիկիոսը, կմիջնորդեն իր համար Կեսարի առջև։

Վինիկիոսը բացատրում էր նրան, որ նրա հափշտակելու մասին իմացել է հենց Ավլոսից։ Ինչո՞ւ է նա այստեղ, չգիտե։ Կեսարը ոչ մեկին հաշիվ չի տալիս իր կարգադրությունների և հրամանների համար։ Սակայն թող չվախենա։ Ահա ինքը՝ Վինիկիոսը, նրա մոտ է և կմնա նրա մոտ։ Կգերադասեր աչքերի լույսից զրկվել, քան թե չտեսնել նրան, կգերադասեր զրկվել կյանքից, քան թե թողնել նրան։ Լիգիան իր հոգին է, ուրեմն կպահպանի նրան, ինչպես իր հոգին։ Իր տանը նրա, իբրև աստվածուհու համար, կկառուցի մի սեղան, որի վրա զոհ կմատուցի զմուռ և հալվե, իսկ գարնանը՝ արևածաղիկ և խնձորենու ծաղիկ... Իսկ եթե Կեսարի տանը վախենում է, ահա ինքը երդվում է, որ նա այս տանը չի մնա։

Եվ երիտասարդը, թեև խոսում էր ճարպիկ զգուշությամբ և երբեմն հնարում էր, նրա ձայնի մեջ սակայն անկեղծություն էր զգացվում, որովհետև նրա զգացմունքները ճշմարիտ էին։ Նրա սիրտը նույնպես լցվում էր անկեղծ գորովով, օրիորդի խոսքերը թափանցում էին նրա հոգու խորքերն այնպես, որ երբ Լիգիան սկսեց շնորհակալություն հայտնել և նրան հավատացնել, թե Պոմպոնիան կսիրի նրան նրա բարության համար, իսկ ինքն իր ամբողջ կյանքում նրան երախտապարտ կլինի, Վինիկիոսը չկարողացավ զսպել իր հուզմունքը. նրան թվում էր, թե կյանքում երբեք չի կարողանա ընդդիմանալ նրա խնդրանքին։ Նրա սիրտը հալվում էր։ Աղջկա գեղեցկությունը արբեցնում էր նրա մտքերը, և նա փափագում էր նրան, բայց միաժամանակ զգում, որ իր համար շատ թանկագին է նա, և, հիրավի, կարող է նրան պաշտել իբրև աստվածուհու, նույնպես մի անդիմադրելի ցանկություն էր զգում՝ խոսելու նրա գեղեցկության, երկրպագության հասնող իր սիրո մասին, և որովհետև աղմուկը մեծարքի ժամանակ ավելանում էր, նա, ավելի մոտ քաշվելով, օրիորդի ականջին սկսեց շշնջալ խոսքեր, բարի, քաղցր, սրտի խորքից բխող, երաժշտության պես հնչող, գինու պես արբեցնող խոսքեր։

Ինքն էլ արբեցնում էր Լիգիային։ Այս շրջապատող օտարների մեջ նա օրիորդին ավելի ու ավելի սրտակից էր երևում, ավելի և ավելի սիրելի ու բոլորովին վստահելի և նվիրված ամբողջ հոգով։ Նա հանգստացրեց Լիգիային, խոստացավ դուրս կորզել Կեսարի տնից, խոստացավ, որ նրան անպաշտպան չի թողնի, որ կծառայի նրան։ Բացի դրանից, առաջ, Ավլոսների տանը, նրա հետ խոսում էր միայն ընդհանրապես սիրո և այն երջանկության մասին, որը կարող է տալ Լիգիան, իսկ այժմ արդեն ուղղակի ասում էր, որ նրան է սիրում, որ իր համար ամենաընտրելին է և ամենաթանկագինը։ Օրիորդն առաջին անգամ էր այսպիսի խոսքեր լսում տղամարդու բերանից և քանի ավելի էր լսում, թվում էր, թե իր մեջ մի բան է երազի պես արթնանում, որ իրեն ընդգրկում է մի ինչ֊որ երանություն, որի մեջ անսահման ուրախությունը խառնվում է անսահման անհանգստության հետ։ Նրա այտերն սկսեցին այրվել, սիրտը՝ բաբախել, շրթունքները բացվել էին կարծես զարմանքից։ Երկյուղ էր տիրում նրան, որ այսպիսի բաներ է լսում, բայց և ոչ մի կերպ չէր ուզենա բաց թողնել նրա մի խոսքն իսկ։ Ժամանակ առ ժամանակ վար էր հառում աչքերը, բայց մեկ էլ բարձրացնում էր Վինիկիոսի վրա հուսափայլ, երկչոտ և հարցախնդիր մի հայացք` կարծես ուզենալով նրան ասել շարունակիր խոսել։ Խոսակցությունը, երաժշտությունը, ծաղիկների բույրը և արաբական խունկերի անուշահոտությունը նորից սկսեցին թմրեցնել նրան։ Հռոմում սովորություն էր մեծարքների ժամանակ պառկել բարձերի վրա, բայց տանը Լիգիան տեղավորվում էր Պոմպոնիայի և փոքրիկ Ավլոսի միջև. իսկ այժմ նրա կողքին բազմած էր Վինիկիոսը՝ հաղթանդամ, սիրահարված և բորբոքված այդ երիտասարդը, և զգալով այն տապը, որ նրանից խփում էր, ինքը թե՛ ամոթահարվում և թե՛ հրճվում էր։ Նրան տիրում էր մի ինչ֊որ քաղցր թմրություն, ինչ֊որ ուժասպառություն և մոռացություն, կարծես քունը տանելիս լիներ։

Բայց օրիորդի մերձավորությունն սկսել էր ազդել և Վինիկիոսին։ Նրա դեմքը գունատվել էր, ռունգերը լայնացել էին, կարծես արևելքի նժույգի ռունգեր լինեին։ Երևում էր, որ նրա սիրտն էլ անսովոր խիստ զարկերով բաբախում էր կարմիր տունիկայի տակ, որովհետև նրա շունչն ավելի կարճացել էր, բառերը կտրվում էին շրթունքին։ Նա առաջին անգամն էր այսպես մոտիկ, Լիգիայի կողքին։ Նրա մտքերը սկսեցին խառնվել, երակների մեջ հուր էր զգում, որն իզուր աշխատում էր շիջեցնել գինով։ Եվ ոչ թե գինին, այլ նրա հրաշագեղ դեմքը, նրա մերկ բազուկները, նրա ոսկեթել տունիկայի տակ ալեկոծվող կուսական կուրծքը և պեպլոսի սպիտակ ծալքերի մեջ թաղված կազմվածքն էին արբեցնում Վինիկիոսին ավելի ու ավելի։ Վերջը նա բռնեց օրիորդի ձեռքը արմունկից վերև, ինչպես արդեն մի անգամ էլ Ավլոսի տանը, և քաշելով նրան իր մոտ՝ սկսեց շշնջալ դողդոջուն շրթունքներով.

— Ես քեզ սիրում եմ, Կալլինա... իմ աստվածանմա՜ն։

— Մարկոս, թող ինձ,— ասաց Լիգիան։

Իսկ նա շարունակեց, մշուշապատ աչքերով.

— Իմ աստվածանմա՜ն... սիրիր ինձ։

Բայց այդ վայրկյանին լսվեց Ակտեի ձայնը, որ Լիգիայի մյուս կողմն էր բազմած.

— Կեսարը ձեզ է նայում։

Վինիկիոսին հանկարծ բարկություն տիրեց թե՛ Կեսարի և թե՛ Ակտեի վրա, որի խոսքերը ցրեցին արբեցության հրապույրները։ Երիտասարդ տղամարդուն այսպիսի րոպեին մինչև իսկ բարեկամական ձայնը զազրելի կթվար. իսկ նա դեռ կարծում էր, որ Ակտեն դիտմամբ կամենում է խանգարել Լիգիայի հետ իր խոսակցությունը։ Ուստի գլուխը բարձրացնելով և Լիգիայի ուսերի վրայից նայելով ջահել ազատագրուհուն՝ ասաց չարամտությամբ.

— Ակտե, անցել է այն ժամանակը, երբ մեծարքներին բազմած էիր Կեսարի կողքին, և ասում են, որ քեզ կուրություն է սպասում, ուստի ինչպե՞ս ես կարողանում տեսնել նրան։

Իսկ ազատագրուհին պատասխանեց թախծությամբ.

— Այնուամենայնիվ տեսնում եմ նրան... Նա ևս կարճատես է և նայում է ձեզ զմրուխտի միջով։

Ամեն բան, ինչ որ Ներոնն էր անում, արթնացնում էր նույնիսկ նրա ամենամոտիկ մարդկանց զգուշությունը։ Վինիկիոսը ևս սկսեց անհանգստանալ, սառավ և սկսեց աննկատելիորեն նայել Կեսարի կողմը։ Լիգիան, որ մեծարքի սկզբում շփոթմունքից իբրև մառախուղի մեջ էր տեսել Ներոնին, իսկ հետո, հափշտակված Վինիկիոսի ներկայությամբ ու խոսքերով, բոլորովին չէր նայում նրան, այժմ նույն պես նրա վրա ուղղեց իր հետաքրքիր, միաժամանակ և ահաբեկ աչքերը։

Ակտեն ճշմարիտ էր ասում։ Կեսարը թեքվել էր սեղանին և մի աչքը պլշած, իսկ մյուսի առջև մատներով պահելով ողորկած կլոր զմրուխտը, որ միշտ գործ էր ածում, նրանց էր նայում։ Մի վայրկյան նրա հայացքը հանդիպեց Լիգիայի հայացքին, և օրիորդի սիրտը կծկվեց սարսափից։ Երբ, դեռ երեխա ժամանակդ ապրում էր Ավլոսների սիցիլիական կալվածքներում, պառավ եգիպտացի ստրկուհին պատմել էր լեռների գագաթներին ապրող վիշապների մասին, և ահա այժմ նրան թվում էր, թե հանկարծ մի այսպիսի վիշապի կանաչ աչք նայեց իրեն։ Ահ ու դողով նա բռնեց Վինիկիոսի ձեռքից, վախեցած երեխայի պես, իսկ գլխում խռնվում էին անկարգ և արագ տպավորություններ։

«Ուրեմն սա նա՞ է՝ այն ահեղն ու ամենակա՞լը»։ Մինչև այդ օրը երբեք չէր տեսել նրան և կարծում էր, թե ուրիշ կերպարանք ունի։ Երևակայում էր մի ինչ֊որ ահռելի դեմք՝ չարությունը գծերի մեջ քարացած։ Մինչդեռ տեսավ հաստ պարանոցի վրա հաստատված մի մեծ գլուխ. իրոք, ահռելի, բայց գրեթե ծիծաղաշարժ մի դեմք, որովհետև հեռվից երեխայական գլուխ էր հիշեցնում։ Մեղեսկագույն տունիկան, որն արգելված էր հագնել հասարակ մահկանացուներին, կապույտ ցոլք էր ձգում նրա լայն ու կարճ դեմքի վրա։ Մազերը մուգ էին և սանրված, Օթոնի մտցրած մոդայի համեմատ, չորս շարք խոպոպներով։ Մորուք չէր կրում. նորերս զոհել էր Յուպիտերին, և դրա համար ամբողջ Հռոմը շնորհակալություն էր մատուցել նրան, թեև միմյանց մեջ կամացուկ խոսում էին, որ մորուքը զոհել է նրա համար, որ, ինչպես և նրա ամբողջ ազգատոհմի մեջ, մորուքի մազերը շեկ էին բուսնում։ Բայց հոնքերի վերևից դուրս ցցված նրա ճակատի մեջ մի ինչ֊որ օլիմպիական բան կար. սեղմված հոնքերի մեջ ամենակալության գիտակցություն էր երևում, բայց այս կիսաստվածային ճակատի տակ կապիկի, արբեցողի և խեղկատակի մի չնչին դեմք էր, որ լի էր փոփոխական կրքերով և, չնայելով երիտասարդ հասակին, պարարտացած էր, միաժամանակ և հիվանդոտ, ուռած։ Լիգիային նա չարագուշակ երևաց, բայց նախ և առաջ` զզվելի։

Մի րոպե անց Կեսարը ցած դրեց զմրուխտը և դադարեց նրան նայել։ Այն ժամանակ Լիգիան տեսավ նրա դուրս ընկած կապույտ աչքերը, որ պլշել էին լույսի շատությունից. նրանք ապակեփայլ էին, մտքից զուրկ, մեռելի աչքերի նման։

Իսկ Ներոնը, դիմելով Պետրոնիոսին, ասաց.

— Արդյոք սա՞ է այն պատանդը, որին սիրում է Վինիկիոսը։

— Սա է։

— Ինչպե՞ս է կոչվում նրա ազգությունը։

— Լիգ։

— Վինիկիոսը սրան գեղեցի՞կ է համարում։

— Հագցրու օրիորդական պեպլոսը ձիթենու փտած կոճղի վրա, և Վինիկիոսը նրան գեղեցիկ կհամարի։ Բայց քո դեմքին, ով անզուգական գեղագետ, կարդում եմ արդեն նրա դատավճիռը։ Հարկավոր չէ, որ բացարձակ հայտնես։ Այո, չափազանց չոր ու ցամաք, նիհար, ուղիղ խաշխաշի գլուխ բարակ ցողունի վրա. իսկ դու, աստվածանման գեղագետ, կանանց մեջ գնահատում ես ցողունը և դու եռապատիկ, քառապատիկ իրավացի ես։ Միայն դեմքը ոչինչ չի նշանակում։ Ես շատ բան եմ յուրացրել քեզնից, բայց այդպիսի անվրեպ աչք չունեմ... Ես ահա պատրաստ եմ գրազ գալ Տուլիոս Սենեկիոնի հետ նրա սիրուհիով, որ թեև մեծարքի ժամանակ, երբ բոլորն էլ բազմած են լինում, դժվար է կարծիք կազմել ամբողջ կազմվածքի մասին, դու արդեն ինքդ քեզ ասել ես՝ ազդրերը նեղ են։

— Ազդրերը նեղ են,— պատասխանեց Ներոնը՝ աչքերը պշացնելով։

Պետրոնիոսի շրթունքներին հազիվ նկատելի մի ժպիտ երևաց. իսկ Տուլլիոս Սենեկիոնը, որ մինչև այդ զբաղված էր Վեստինոսի հետ խոսելով, այն է՝ ծիծաղում էր երազների վրա, որոնց Վեստինոսը հավատում էր, դիմեց Պետրոնիոսին ու թեև ոչ մի գաղափար չուներ, թե ինչի մասին է խոսքը, ասաց.

— Սխալվում ես, ես համակարծիք եմ Կեսարի հետ։

— Շատ բարի,— պատասխանեց Պետրոնիոսը։— Այն է ապացուցում էի, որ դու մի կաթիլ բանականություն ունես, իսկ Կեսարը պնդում էր, որ ընտիր տեսակի էշ ես։

— Habet[121],— ասաց Ներոնը՝ ծիծաղելով և դեպի ցած շրջեց ձեռքի մեծ մատը, ինչպես անում էր կրկեսներում ի նշան այն բանի, որ գլադիատորը հարված է ստացել և պետք է մեռցվի։

Իսկ Վեստինոսը, կարծելով, որ խոսքը շարունակ երազների մասին է, բացականչեց.

— Իսկ ես հավատում եմ երազներին, և Սենեկան մի ժամանակ ինձ ասում էր, որ նույնպես հավատում է։

— Այս գիշեր երազումս տեսա, որ վեստյան քրմուհի եմ դարձել,— ասաց Կալվիա Կրիսպինիլլան՝ թեքվելով սեղանի վրա։

Այդ խոսքի վրա Ներոնն սկսեց ծափ տալ, ուրիշները հետևեցին նրա օրինակին, և մի րոպեից հետո շուրջը լսվեցին ծափահարություններ, որովհետև մի քանի ամուսին թողած Կրիսպինիլլան հայտնի էր ամբողջ Հռոմում իր առասպելական անբարոյականությամբ։

Իսկ նա, ամենևին չշփոթվելով, ասաց.

— Բոլոր այդ վեստալուհիք պառավ են և զզվելի։ Միայն Ռուբրիան է մարդու նման, և այդպիսով երկուսս մենակ կլինեինք, թեև Ռուբրիայի երեսը ամառը ծածկվում է մունով։

— Թույլ տուր սակայն, ողջախոհագույն Կալվիա,— ասաց Պետրոնիոսը,— վեստալուհի կարող էի դառնալ գուցե միայն երազում։

— Իսկ եթե Կեսարը հրամայե՞ր։

— Կհավատայի, որ կատարվում են մինչև անգամ ամենազարմանալի երազները։

— Որովհետև կատարվում են,— ասաց Վեստինոսը։— հասկանում եմ, որ կարող են լինել մարդիկ, որոնք աստվածներին չեն հավատում, բայց ինչպե՞ս կարելի է չհավատալ երազներին։

— Իսկ գուշակությա՞նը,— հարցրեց Ներոնը։— Մի ժամանակ ինձ գուշակեցին, որ Հռոմը կդադարի գոյություն ունենալուց, և ես կթագավորեմ ամբողջ արևելքում։

— Գուշակությունները և երազները իրար հարակից են,— ասաց Վեստինոսր։— Մի օր մի պրոկոնսուլ[122], որ սաստիկ անհավատ մարդ էր, Մոպսոսի մեհյանը մի ստրուկ ուղարկեց նամակով, որ չէր թույլ տվել բաց անել, որպեսզի ստուգի, թե արդյոք աստվածը կկարողանա՞ պատասխանել այն հարցին, ինչ գրված էր նամակի մեջ։ Ստրուկը գիշերը քնեց սրբավայրում, գուշակող երազ ունենալու համար, հետո վերադարձավ և ասաց այսպես՝ «Երևաց ինձ մի պատանի՝ արևի պես պայծառ, նա ասաց ինձ միայն մի բառ՝ սև»։ Պրոկոնսուլը այդ լսելով գունատվեց և, դիմելով իր հյուրերին, որոնք նրա նման անհավատ էին, ասաց. «Գիտե՞ք ինչ կար նամակի մեջ»։— Այստեղ Վեստինոսը ընդհատեց և վեր բարձրացնելով գինով գավաթը՝ սկսեց խմել։

— Ի՞նչ կար նամակի մեջ,— հարցրեց Սենեկիոնը։

— Նամակի մեջ գրված էր այս հարցը. «Ի՞նչ գույնի եզ պիտի զոհ բերեմ, սպիտա՞կ, թե սև»։

Բայց պատմության շարժած հետաքրքրությունն ընդմիջեց Վիտելիոսը[123], որ արդեն հարբած գալով մեծարքին հանկարծ առանց որևէ առիթի բռնկվեց անմիտ ծիծաղով։

— Ինչի՞ վրա է ծիծաղում այդ ճարպի տակառը,— հարցրեց Ներոնը։

— Ծիծաղը զանազանում է մարդուս անասունից,— ասաց Պետրոնիոսը, իսկ սա ոչ մի ուրիշ ապացույց չունի, որ վարազ չէ։

Վիտելիոսը ծիծաղը կտրեց և չփչփացնելով բազմաթիվ սոուսներից և յուղերից պլպլացող շուրթերը՝ այնպիսի զարմանքով սկսեց նայել ներկա եղողներին, կարծես մինչև այդ օրը տեսած չլիներ նրանց։

Ապա նա բարձրացրեց իր բարձանման ձեռքը և ասաց խռպոտ ձայնով.

— Մատիցս վայր է ընկել ասպետական մատանիս, որ ստացել էի հորիցս։

— Որ կոշկակար էր,— վրա բերեց Ներոնը։

Իսկ Վիտելիոսը նորից բռնկվեց անսպասելի ծիծաղով և սկսեց որոնել մատանին Կալվիա Կրիսպինիլլայի պեպլոսի մեջ։

Այս բանի վրա Վատինիոսը սկսեց ձևացնել սարսափահար կնոջ ճիչերը, իսկ Նիգիդիան՝ Կալվիայի ընկերուհին, որ մի ջահել որբևայրի էր մանկական դեմքով և անառակի աչքերով, բարձրաձայն ասաց.

— Որոնում է՝ ինչ որ չի կորցրել։

— Եվ ինչ որ իրեն ոչ մի բանի պետք չի գա, թեկուզ գտնի էլ,—վերջացրեց Լուկանոս բանաստեղծը[124]։

Խնջույքն ավելի ուրախալի էր դառնում։ Բազմաթիվ ստրուկներ բերում էին նորանոր կերակուրներ. մեծ անոթներից, որոնք ձյունով էին լցված և բաղեղով փաթաթված, ամեն րոպե հանում էին փոքրիկ կրատերներ[125] գինու զանազան տեսակներով։ Բnլnրն էլ շատ էին խմում։ Սեղանի և խոսակիցների վրա առաստաղից շարունակ վարդեր էին թափվում։

Պետրոնիոսն սկսեց խնդրել Ներոնին, որ առաջ, քան հյուրերը կհարբեն, մեծարքն ազնվացնի իր երգեցողությամբ։ Մի խումբ սեղանակիցներ ձայնակցեցին այս խոսքերին, բայց Ներոնը հրաժարվում էր։ Դժվարությունը ոչ թե համարձակության մեջ է, թեև առհասարակ իրեն այդ պակասում է... Աստվածները վկա են, որչափ թանկ է նստում իրեն ամեն մի փորձը... Ճիշտ է, ինքը խույս չի տալիս դրանից, որովհետև պետք է մի բան անի գեղարվեստի համար. և վերջապես եթե Ապոլոնն իրեն պարգևել է մի չնչին ձայն, չպիտի արհամարհի աստվածային պարգևները։ Մինչև անգամ հասկանում է, որ այդ իր պարտականությունն է տերության նկատմամբ։ Բայց այսօր, ճշմարիտ որ, ձայնը խանձվել է։ Գիշերս կրծքին արճճե քարեր էր դրել, բայց այդ էլ չօգնեց։ Մտադիր է մինչև անգամ Անտիոն գնալ՝ ծովային օդը ծծելու համար։

Բայց Լուկանոսը սկսեց պաղատել նրան՝ հանուն գեղարվեստի և մարդկության։ Ամենքը գիտեն, որ աստվածավարժ բանաստեղծը և երգիչը Վենուսի նոր օրհներգ է հյուսել, որի հետ համեմատած՝ Լուկրետիոսի[126] օրհներգը միամյա գայլի ոռնոց է միայն։ Թող այս մեծարքն իսկական մեծարք լինի։ Այսպիսի բարի մի պետ այսպիսի տանջանքների չպիտի ենթարկի իր հպատակներին։ «Մի՛ լինիր խստասիրտ, Կեսար»։

— Մի՛ լինիր խստասիրտ,— կրկնեցին բոլոր մոտիկ նստածները։

Ներոնը ձեռները տարածեց, ցույց տալով, որ պետք է զիջի։ Այն ժամանակ բոլորի դեմքերը զարդարվեցին երախտագետ արտահայտությամբ, և բոլորի աչքերը նրա վրա դարձան։ Բայց նա հրամայեց նախ և առաջ տեղեկացնել Պոպպեային, որ երգելու է, իսկ ներկա եղողներին հայտնեց, որ Պոպպեան տկար լինելով՝ չեկավ մեծարքին, բայց որովհետև ոչ մի դեղ նրան այնպիսի թեթևություն չէր պատճառում, ինչպես իր երգեցողությունը, ուստի շատ կցավեր, եթե նրանից խլեր լսելու և առողջանալու հարմար առիթը։

Պոպպեան շուտով եկավ։ Մինչ այդ նա դեռ իշխում էր Ներոնի, իբրև մի հպատակի վրա, բայց գիտեր, որ երբ բանը հասնում էր նրա՝ իբրև երգչի, կառավարի կամ բանաստեղծի ինքնասիրությանը, վտանգավոր կլիներ նրան գրգռել։ Ուստի մտավ՝ աստվածության պես գեղեցիկ, Ներոնի նման մեղեսկագույն զգեստը հագին, պարանոցին ահագին մարգարիտներից շարված մանյակով, որ մի ժամանակ Մասսինիսայից էր հափշտակված, ոսկեծամ, հեզահամբույր, և թեև դրանից առաջ երկու ամուսին էր ունեցել՝ կուսական դեմքով ու հայացքով։

Նրան ողջունեցին բացականչություններով և «աստվածային Ավգուստա»[127] գոչյունով։ Լիգիան իր կյանքում երբեք չէր տեսել նմանօրինակ գեղեցկություն. և սեփական աչքերին չէր ուզում հավատալ, որովհետև իրեն հայտնի էր, որ Պոպպեա Սաբինան աշխարհիս ամենաանառակ կանանցից մեկն էր։ Իմացել էր Պոմպոնիայից, որ նա էր Կեսարին դրդել սպանելու մորն ու կնոջը, ճանաչում էր նրան Ավլոսի հյուրերի և ծառաների պատմելով, լսել էր, որ ժողովուրդը գիշերները քանդում է նրա արձանները. լսել էր այն մակագրությունների մասին, որոնց հեղինակներին դատապարտում էին ամենածանր պատիժների և որոնք, այնուամենայնիվ, ամեն առավոտ երևում էին քաղաքի պարիսպների վրա։ Մինչդեռ այժմ, տեսնելով այդ հռչակված Պոպպեային, որին Քրիստոսի հետևողները չարի ու ոճրի մարմնացում էին համարում, նրան թվում էր, թե այդպես կարող են ներկայանալ հրեշտակները կամ երկնային ոգիները։ Ուղղակի չէր կարողանում աչքերը հեռացնել նրանից, իսկ շրթունքներից ակամա դուրս թռավ հիացմունք.

— Ո՜հ, Մարկո՛ս, մի՞թե այդ կարելի է...

Իսկ սա գինուց բորբոքված և կարծես անբավական, որ այդքան բաներ ցրում էին աղջկա ուշադրությունը և խլում էին նրան իրենից և իր խոսքերից, ասաց.

— Այո՛, նա գեղեցիկ է, բայց դու հարյուր անգամ ավելի գեղեցիկ ես։ Դու քեզ չես ճանաչում, թե չէ կսիրահարվեիր ինքդ քեզ, ինչպես Նարկիսը[128]։ Նա լողանում է իշի կաթի մեջ, իսկ քեզ երևի Վենուսն է լողացրել իր սեփական կաթի մեջ։ Դու քեզ չես ճանաչում, oculle mi[129]... Մի նայիր նրան, աչիկներդ ինձ դարձրու, oculle mi... Շրթունքներովդ դիպիր այս գինու գավաթին, իսկ հետո նույն տեղին ես կկպչեմ իմ շրթունքներով...

Եվ ավելի ու ավելի մոտ էր գնում, իսկ օրիորդն սկսեց քաշվել Ակտեի կողմը։ Բայց այդ րոպեին հրամայվեց լսել. Կեսարը բարձրացավ տեղից, երգիչ Դիոդորը նրան տվեց դելտա կոչված տեսակի մի վին, իսկ Տերպնոսը, որ նվագելու ժամանակ պիտի դաշնակցեր նրան, մոտեցավ նաբլիոն (nablium) նվագարանը ձեռքին։ Ներոնը, հենելով դելտան սեղանին, վեր բարձրացրեց աչքերը, և միառժամանակ տրիկլինիոնում թագավորեց լռություն, որ ընդհատվում էր միայն առաստաղից շարունակ վայր թափվող վարդերի սոսափյունով։

Ապա սկսեց երգել, կամ ավելի ճիշտ՝ երգելով և հանգերը շեշտելով՝ երկու վիների դաշնակցությամբ արտասանել իր օրհներգը ի պատիվ Վենուսի։ Թե՛ ձայնը, չնայելով, որ մի փոքր խուլ էր, և թե՛ ոտանավորը վատ չէին, այնպես որ խեղճ Լիգիային նորից խղճահարություն տիրեց. օրհներգը թեև փառաբանում էր անմաքուր հեթանոսական Վենուսին՝ նրան չափազանց գեղեցիկ, իսկ ինքը Կեսարը, դափնյա պսակը ճակատին և վեր ուղղած աչքերով ավելի հոյակապ, շատ ավելի պակաս ահռելի ու զզվելի երևաց, քան թե մեծարքի սկզբում։

Թնդացին հյուրերի ծափահարությունները։ «0՛ երկնային ձայն» աղաղակները լսվեցին շուրջը. կանանցից մի քանիսը, վեր տարածելով բազուկները, մնացին այդպես՝ իբր թե հափշտակված, մինչև անգամ երգեցողության վերջանալուց հետո. մյուսները սրբում էին արտասուքները. ամբողջ դահլիճում այնպիսի աղմուկ բարձրացավ, կարծես փեթակ լիներ, Պոպպեան, ոսկեհեր գլուխը խոնարհելով, շրթունքներին մոտեցրեց Ներոնի ափը և երկար ժամանակ այդպես պահում էր այն. իսկ հրաշագեղ հույն պատանի Պյութագորասը, նա, որի հետ ավելի ուշ կիսախելագար Ներոնը հրամայեց ֆլամիններին (քուրմերին), որ իրեն պսակեն, ճշտիվ կատարելով բոլոր ծեսերը, ընկավ նրա ոտների մոտ։

Բայց Ներոնը աչքերը հառել էր Պետրոնիոսին, որի գովասանքները նրա համար միշտ նախ և առաջ ցանկալի էին։ Իսկ սա ասաց.

— Եթե խնդիրը վերաբերում է երաժշտությանը, Օրփեոսը[130] այս րոպեին պետք է որ նախանձից դեղնած լինի, ինչպես այստեղ ներկա գտնվող Լուկանոսը. իսկ ինչ վերաբերում է ոտանավորներին, ափսոսում եմ, որ ավելի վատ չեն, որովհետև այն ժամանակ գուցե նրանց գովելու համար համապատասխան բառեր գտնեի։

Բայց Լուկանոսը չվիրավորվեց, որ Պետրոնիոսը հիշատակեց իր նախանձը. ընդհակառակը, նայեց նրան երախտագիտությամբ և ձևացնելով, թե անբավական է, սկսեց փնփնթալ.

Անիծվի ճակատագիրս, որ ինձ պատվիրել է ապրել այսպիսի բանաստեղծի օրով։ Գուցե կարողանայի տեղ գտնել մարդկային հիշողության մեջ և Պառնասի վրա. իսկ այսպես՝ կհանգչեմ, ինչպես հանգչում է ճրագը արևի ժամանակ։

Պետրոնիոսը, որ զարմանալի հիշողություն ուներ, սկսեց կրկնել օրհներգի ներածությունը, մեջ բերել առանձին տուներ, գովել և քննել ամենագեղեցիկ դարձվածքները։ Լուկանոսը, որ կարծես մոռացել էր իր նախանձը բանաստեղծության հրապույրից, նրա խոսքերին ավելացնում էր իր հիացմունքը։ Ներոնի դեմքին արտահայտվեց երջանկություն և անհատակ սնափառություն, որ ոչ միայն հասնում էր հիմարության, այլև բոլորովին հավասար էր այս զգացմունքին. ինքը հիշեցնում էր Պետրոնիոսին այն տուները, որ ամենագեղեցիկն էր համարում, և վերջը սկսեց մխիթարել Լուկանոսին և ասել նրան, որ չվհատի, որովհետև թեև մարդս ինչ որ ծնվում է, այն էլ է, այնուամենայնիվ այն պատիվը, որ Յուպիտերին են ցույց տալիս, չի արգելում պաշտել և ուրիշ աստվածների։

Հետո նա վեր կացավ ճանապարհելու Պոպպեային, որ իսկապես հիվանդ լինելով՝ կամենում էր հեռանալ։

Համենայն դեպս, մնացած սեղանակիցներին նա պատվիրեց նորից տեղերը բազմել և հայտնեց, որ վերադառնալու է։ Եվ մի րոպեից հետո վերադարձավ բուրվառների ծխով իրեն թմրեցնելու և նայելու այն տեսարաններին, որ ինքը Պետրոնիոսը կամ Տիգելլինոսը պատրաստել էին այս մեծարքի համար։

Նորից ոտանավորներ կարդացվեցին և ընդդիմախոսություններ եղան, որոնց մեջ ցնդաբանությունը սրամտության տեղն էր բռնում։ Հետո հռչակված միմոս Պարիսը ներկայացրեց Ինաքոսի դուստր Իոյի արկածները։ Հյուրերը, մանավանդ Լիգիան, որ այդպիսի ներկայացումներին սովոր չէր, կարծում էին, որ տեսնում են հրաշքներ ու կախարդություններ։ Պարիսը ձեռքերի ու մարմնի շարժումներով այնպիսի բաներ էր արտահայտում, որ, ըստ երևույթին, անկարելի էր արտահայտել պարի միջոցով. նրա ձեռքերն արագ շարժվում էին օդի մեջ՝ կազմելով լուսաճաճանչ, կենդանի, ցնցվող, տռփանքով լի մի ամպ, որ շրջապատում էր կիսով չափ ուշաթափ օրիորդի երջանկության տենդով բռնված մարմինը։ Դա մի պատկեր էր, ոչ թե պար, պայծառ, սիրո գաղտնիքները բացող, կախարդիչ և անպատկառ մի պատկեր. և երբ նրա վերջանալուց հետո ներս մտան կոռիբանտները2 և ասորի աղջիկների հետ միասին, կիթառների, վիների, բամբիռների ու թմբուկների ձայներով սկսեցին վայրենի աղաղակներով և ավելի վայրենի անառակությունով համեմված բաքոսական պարը, Լիգիային թվաց, թե կենդանի կրակը կայրի իրեն, որ կայծակը պիտի այս տան վրա ընկնի կամ առաստաղը քանդվի հյուրերի գլխին։

Բայց առաստաղին ամրացրած ոսկեթել ուռկանից վայր էին ընկնում միայն վարդեր, իսկ կիսով չափ արդեն հարբած Վինիկիոսը կողքից ասում էր.

— Տեսա քեզ Ավլոսների տանը, շատրվանի մոտ, և սիրեցի քեզ։ Լուսադեմին էր և կարծում էիր, թե ոչ ոք չի նայում, իսկ ես քեզ տեսա... Ես տեսնում եմ քեզ այնպես մինչև այժմ, թեև ծածկում է քեզ այդ պեպլոսը։ Դեն ձգիր պեպլոսը Կրիսպինիլլայի պես։ Տես, աստվածները և մարդիկ սեր են որոնում։ Դրանից բացի աշխարհիս երեսին ոչինչ չկա։ Գլուխդ կռթնիր կրծքիս և աչքերդ փակիր։

Իսկ օրիորդի զարկերակը թունդ խփում էր քունքերին և ձեռքերին։ Նրան այնպես էր թվում, թե իբր ինքը մի ինչ֊որ անդունդ է գլորվում, իսկ Վինիկիոսը, որ մի րոպե առաջ իրեն այնպես մտերիմ ու վստահելի էր երևում, փրկելու փոխարեն իրեն քաշում էր դեպի այդ անդունդը։ Եվ նրա նկատմամբ թշնամանք զգաց ու նորից սկսեց վախենալ թե՛ այս մեծարքից, թե՛ նրանից և թե՛ ինքն իրենից։ Պոմպոնիայի ձայնի նման մի ձայն գոչում էր դեռ նրա հոգու մեջ՝ Լիգիա, փրկիր քեզ. բայց մի բան նաև ասում էր նրան, որ արդեն ուշ է, և որ նա, որին տիրում էր այդօրինակ մի հուր, որը տեսնում էր այն ամենը, ինչ որ տեղի էր ունենում այս մեծարքին, որի մեջ սիրտը այնպես էր բաբախում, ինչպես իր մեջ, երբ Վինիկիոսի խոսքերն էր լսում, և որին ընդգրկում էր այնպիսի մի տենդ, ինչպիսին իրեն էր ընդգրկում, երբ այս տղամարդը իրեն էր մոտենում,— նա արդեն անդարձ կորած է։ Ուշքը գնում էր։ Մի ժամանակ իրեն թվում էր, թե կուշաթափվի, իսկ հետո մի սարսափելի բան տեղի կունենա։ Գիտեր, որ Կեսարի բարկությունն է սպառնում ամեն մեկի, ով որ տեղից վեր կկենա Կեսարի վեր կենալուց առաջ, և թեկուզ այդ արգելքը չլիներ, ուժ չէր ունենա արդեն այդ բանի համար։

Բայց դեռ շատ ժամանակ կար մինչև մեծարքի վերջանալը։ Ստրուկները բերում էին նորանոր կերակուրներ և գավաթներն անընդհատ լցնում գինով. իսկ սեղանի առջև, որ մի կողմից բաց սրահի մեջ էր ձգված, երևացին երկու գոտեմարտիկներ՝ հյուրերին մրցման տեսարանով զվարճացնելու համար։

Նրանք սկսեցին կռվել։ Ուժեղ, յուղից փայլող մարմինները մի կույտ կազմեցին. նրանց ոսկորները ճռռացին երկաթե ձեռքերի մեջ, սեղմված ատամների միջից դուրս էր թռչում չարագուշակ կրճտոց։ Ժամանակ առ ժամանակ լսելի էր լինում նրանց ոտքերի արագ և խուլ դոփյունը զափրան ցանած հատակի վրա. մեկ էլ նորից կանգնում էին անշարժ ու խաղաղ, և հանդիսականներին թվում էր, թե իրենց առջև քարից քանդակած մի խումբ է։ Հռոմեացիների աչքերը սիրով հետևում էին սարսափելի կերպով լարված ողնաշարների, ազդրերի և բազուկների այդ խաղին։ Բայց կռիվը երկար չտևեց, որովհետև գլադիատորների ուսումնարանի վարպետ և կառավարիչ Կրոտոնը իզուր չէր վայելում պետության մեջ ամենաուժեղ մարդու համբավը։ Նրա հակառակորդը սկսեց ավելի ու ավելի հաճախ շունչ առնել, հետո դեմքը կապտեց, և վերջում արյունը դուրս ցայտեց բերանից, ընկավ։

Հյուրերն անզուսպ ծափահարություններով ողջունեցին կռվի վախճանը. իսկ Կրոտոնը, ոտքերը դնելով հակառակորդի ուսերի վրա, հսկայական բազուկները խաչաձև ծալեց իր կրծքի վրա ու հաղթական հայացքով նայում էր դահլիճին։

Հետո ներս մտան գազաններին և նրանց ձայներին նմանեցնողներ, ձեռնածուներ և խեղկատակներ, բայց սրանց վրա շատ քիչ ուշադրություն էին դարձնում, քանի որ գինին արդեն մթնեցնում էր հանդիսականների աչքերը։ Խնջույքը հետզհետե դառնում էր հարբած և սանձարձակ օրգիա[131]։ Ասորի աղջիկները, որոնք մի փոքր առաջ բաքոսական պար էին պարում, խառնվեցին հյուրերի հետ։ Երաժշտությունը փոխարկվեց կիթառների, վիների, հայկական բամբիռների, եգիպտական սիստեռների, շեփորների և փողերի անկարգ ու վայրենի թնդյունի, և որովհետև հյուրերից մի քանիսը կամենում էին խոսել, սկսեցին աղաղակել երաժիշտների վրա, որ աչքից կորչեն։ Օդը ծանրացել էր և անտանելի դարձել թանձրանալով վարդերի բույրից, հոտավետ յուղերից, որ գեղեցիկ մանկլավիկները մեծարքի ժամանակ ցայտում էին հյուրերի ոտքերին, զափրանի հոտից և մարդկանց շնչառությունից. լամպարները վառվում էին անզոր լույսով, ծռվել էին հյուրերի գլուխների պսակները, դեմքերը գունատվել էին և ծածկվել քրտինքի կաթիլներով։

Վիտելիոսն ընկել էր սեղանի տակ։ Կիսով չափ մերկացած Նիգիդիան հենել էր իր արբած մանկական գլուխը Լուկանոսի կրծքին. իսկ սա, նույնպես արբած, սկսել էր փչելով ցրել նրա մազերից ոսկեգույն փոշին՝ անսահման հրճվանքով վեր բարձրացնելով իր աչքերը։ Վեստինոսը արբած մարդու համառությամբ տասներորդ անգամ կրկնում էր Մոպսոսի պատասխանը պրոկոնսուլի փակ նամակին, իսկ Տուլլիոսը, որ ծաղրում էր աստվածներին, զկրտոցից կտրվող ձայնով, խոսքերը ձգձգելով ասաց.

— Որովհետև եթե Քսենոփանեսի Սփերոսը[132] կլոր է, ուրեմն, հաս կանո՞ւմ ես, այդպիսի աստծուն կարելի է առջևից ոտով գլորել տակառի պես։

Իսկ հին ոճրագործ և մատնիչ Դոմիտիոս Աֆերը[133] վրդովվեց այդ խոսակցությունից և վրդովմունքից իր ողջ տունիկան թրջեց ֆալերական գինով։ Նա միշտ հավատացել է աստվածներին։ Մարդիկ ասում են, թե իբր Հռոմը կկործանվի, և մինչև անգամ կան այնպիսիները, որոնք պնդում են, թե արդեն կործանվում է։ Եվ ճշմարիտ է։ Բայց եթե այդ տեղի ունենա, ապա նրա համար, որ երիտասարդությունը հավատ չունի, իսկ առանց հավատի առաքինություն լինել չի կարող։ Բարձիթող են արվել նաև վաղեմի սովորույթները, և ոչ մեկի մտքով չի անցնում, որ էպիկուրյանները չեն կարողանա ընդդիմադրել բարբարոսներին։ Եվ շատ ափսոս։ Ինչ որ իրեն է վերաբերում, շատ ցավում է, որ այսպիսի ժամանակի է հասել և որ զվարճությունների մեջ ստիպված է վշտերից սփոփանք որոնել, եթե ոչ, այդ վշտերը շատ շուտով կմաշեին իր կյանքը։

Այսպես ասելով՝ նա իր մոտ քաշեց ասորի մի պարուհու և անատամ բերանով սկսեց համբուրել նրա վիզն ու ուսերը։ Հյուպատոս Մեմմիոս Ռեգուլոսը, տեսնելով այդ, ծիծաղեց և, բարձրացնելով իր ճաղատ, ծռված պսակով զարդարված գլուխը, գոչեց.

— Ո՞վ է ասում, թե Հռոմը կործանվում է... Հիմարություն... Ես՝ հյուպատոսս, ամենից լավ գիտեմ... Videant consules!... երեսուն լեգեոն պահպանում են մեր pax romana[134]֊ն։

Այստեղ նա բռունցքները դրեց քունքերին և սկսեց աղաղակել ամբողջ սենյակով մեկ։

— Երեսուն լեգեոն, երեսուն լեգեոն, Բրիտանիայից մինչև Պարթևստանի սահմանները։

Բայց հանկարծ կանգ առավ և, մատը ճակատին մոտեցնելով, ասաց.

— Բայց կարծեմ, մինչև անգամ երեսուն և երկու...

Եվ գլորվեց սեղանի տակ, որտեղ քիչ անց սկսեց ետ տալ ֆլամինգների ու սագերի լեզուներ, տապակած սունկեր, սառեցրած սունկեր, մեղրով շինած ծածան, ձկնեղեն, մսեղեն և ամեն բան, ինչ որ կերել էր կամ խմել։

Բայց Դոմիտիոսին չհանգստացրեց հռոմեական խաղաղությանը հսկող լեգեոնների քանակությունը։ Ո՛չ, ո՛չ. Հռոմը պետք է կործանվի, որովհետև վերացել են աստվածների հավատը և խստակյաց բարքերը։ Հռոմը պետք է կործանվի. բայց ափսոս, կյանքն այնպես լավ է։ Կեսարը քաղցրահայաց է, գինին համեղ. ա՜հ, որչա՜փ ափսոս։ Եվ ասորի բաքոսուհու կռնակի վրա գլուխը թաքցնելու՝ սկսեց լաց լինել։

— Ի՜նչ բան է այն հանդերձյալ կյանքը... Աքիլլեսը իրավացի էր ասում, որ ավելի լավ է վարձկան ծառա լինել այս լույս աշխարհում, քան թե թագավոր այն կիմերական երկրներում[135]։ Եվ դեռ այն էլ հարց է՝ արդյոք գոյություն ունե՞ն որևէ աստվածներ, թեև անհավատությունը փչացնում է երիտասարդությանը։

Մինչ այդ Լուկանոսը, փչելով, ոսկեգույն փոշին բոլորովին մաքրեց Նիգիդիայի մազերից, որն արբելով քնել էր։ Հետո նա, հանելով իր առջև դրած անոթից բաղեղը, փաթաթեց քնած Նիգիդիային, ապա սկսեց նայել ներկաներին ուրախ և հարցական հայացքով։

Հետո իրեն ևս զարդարեց բաղեղով և խորին համոզմունքով լի ձայնով սկսեց կրկնել.

— Ամենևին էլ մարդ չեմ, այլ միայն ֆավն։

Պետրոնիոսն արբած չէր, իսկ Ներոնը, որ սկզբում քիչ էր խմում, խնայելով իր աստվածային ձայնը, վերջը դատարկում էր գավաթ գավաթի ետևից և արբեց։ Մինչև անգամ կամենում էր շարունակել ու երգել իր ոտանավորները, այս անգամ հունարեն, բայց մոռացավ դրանք և սխալմամբ սկսեց երգել Անակրեոնտի երգը։ Նրան ձայնակցում էին Պյութագորասը, Դիոդորը և Տերպնոսը, բայց որովհետև ոչ մեկին չէր հաջողվում, ուստի դադարեցին։ Դրա փոխարեն Ներոնը, իբրև գեղասեր և աշխարհագետ մարդ, սկսեց հիանալ Պյութագորասի գեղեցկությամբ և հիացմունքից համբուրել նրա ձեռքերը։ Այսպիսի գեղեցիկ ձեռքեր մի ժամանակ տեսել է միայն... ո՞ւմ մոտ։

Եվ, թևը դնելով թաց ճակատին, փորձեց մտաբերել։ Մի րոպեից նրա դեմքի վրա արտացոլվեց սարսափը։

— Ահա, մորս՝ Ագրիպպինայի մոտ։

Եվ հանկարծ նրան պարուրեցին մռայլ տեսիլները։

— Ասում են,— խոսեց,— որ նա գիշերները լուսնյակի լույսով ման է գալիս ծովափին, Բայի և Բավլի[136] մոտերքում... Ուրիշ ոչինչ, բայց միայն ման է գալիս, ման է գալիս՝ իբր մի բան որոնելով։ Իսկ հենց որ մոտենում է նավակին, նայում է և հեռանում. բայց այն ձկնորսը, որին նայում է, մեռնում է։

— Վատ նյութ չէ...— ասաց Պետրոնիոսը։

Իսկ Վեստինոսը, կռունկի պես պարանոցը ձգելով՝ խորհրդավոր շշնջաց.

— Չեմ հավատում աստվածներին, այլ հավատում եմ երազներին։

Բայց Ներոնն ուշք չէր դարձնում նրանց խոսքերին և շարունակում էր.

— Չէ՞ որ կատարել եմ lamuralia[137]-ն։ Չեմ ուզում նրան տեսնել։ Այս արդեն հինգերորդ տարին է։ Պետք է, պետք է մահվան դատապարտել, որովհետև իմ դեմ մարդասպան էր ուղարկել և եթե ես նրա առաջը չկտրեի, այսօր չէիք լսի իմ երգը։

— Շնորհակալություն, Կեսար, քաղաքի և աշխարհի կողմից,— բացականչեց Դոմիդիոս Աֆերը։

— Գինի՛, և թո՛ղ թմբուկներ խփեն։

Նորից սկսվեց աղմուկը։ Լուկանոսը, ոտից գլուխ բաղեղով ծածկված, կամենալով խլացնել այդ աղմուկը՝ վեր կացավ և սկսեց գոչել.

— Մարդ չեմ, այլ ֆավն, և ապրում եմ անտառում։ Ար...ձա...գա՜նք...

Վերջապես արբեց Կեսարը, արբեցին տղամարդիկ և կանայք։ Վինիկիոսն ուրիշներից պակաս արբած չէր և, բացի այդ, տռփանքի հետ միատեղ նրա մեջ ծնվում էր կռվելու ցանկություն, որ նրան միշտ պատահում էր, երբ չափից անցնում էր։ Նրա թուխ դեմքն ավելի գունատվեց, և լեզուն արդեն բերանում կապվում էր, երբ նա հանդուգն և հրամայական ձայնով ասաց.

— Տո՜ւր շրթունքներդ։ Այսօր, վաղը՝ բոլորը մեկ է։ Բավական է արդեն։ Կեսարը քեզ Ավլոսներից վերցրեց ինձ բաշխելու համար, հասկանո՞ւմ ես։ Վաղը իրիկնադեմին ետևիցդ կուղարկեմ, հասկանո՞ւմ ես։ Կեսարն ինձ խոստացավ՝ քեզ առնելուց առաջ... Պետք է իմս լինես... Տուր շրթունքներդ, չեմ կամենում վաղվա օրվան սպասել... շուտով շրթունքներդ։

Եվ գրկեց Լիգիային, իսկ Ակտեն սկսեց պաշտպանել աղջկան. սա ևս պաշտպանում էր ինքն իրեն վերջին ուժերով, որովհետև զգում էր, որ կորչում է։ Բայց զուր էր աշխատում ձեռքերով իր վրայից թոթափել Վինիկիոսի անմազ բազուկները, զուր մի ձայնով, որի մեջ հնչում էր պաղատանք և երկյուղ, աղաչում էր նրան, որ այնպիսին չլինի, ինչպիսին որ էր, և որ խղճա իրեն։ Գինով թանձրացած շունչն ավելի և ավելի մոտիկ էր դիպչում օրիորդին, և Վինիկիոսի դեմքն՝ արդեն շատ մոտ նրա դեմքին։ Այս արդեն առաջվա բարի և համարյա թե նրա հոգուն սիրելի Վինիկիոսը չէր, այլ արբած, չար սատիր, որ նրան սարսափ և զզվանք էր հարուցում։

Ուժերն ավելի ու ավելի էին լքում նրան. իզուր ետ ձգվելով՝ շուռ էր տալիս դեմքը՝ նրա համբույրներից խույս տալու համար։ Նա վեր քաշվեց, երկու բազուկներով բռնեց օրիորդին և նրա գլուխն իր կրծքին սեղմելով՝ արագ շնչելով սկսեց իր շուրթերով բաց անել նրա շուրթերը։

Բայց հենց այդ միջոցին մի ինչ-որ ահռելի ուժ նրա բազուկները Լիգիայի պարանոցից արձակեց այնպիսի դյուրությամբ, ասես մանկական բազուկներ լինեին, և իրեն Վինիկիոսին մի կողմ ձգեց, որպես մի չորացած ճյուղ կամ թառամած տերև։ Ի՞նչ պատահեց։ Վինիկիոսը տրորեց զարմացած աչքերը և հանկարծ իր վրա տեսավ ահագին մարմինը լիգի, որին տեսել էր Ավլոսի տանը։

Լիգը հանգիստ նայում էր Վինիկիոսին իր կապույտ աչքերի այնպիսի տարօրինակ հայացքով, որ երիտասարդ տղամարդու արյունը երակների մեջ սառեց։ Ապա նա ձեռների վրա առավ իր արքայադստերը և հավասար, հանգիստ քայլերով դուրս գնաց տրիկլինիոնից։

Ակտեն իսկույն դուրս գնաց նրա ետևից։

Վինիկիոսը մի ակնթարթ նստած էր քարացածի պես, ապա տեղից վեր թռավ և սկսեց վազել դեպի մուտքը։

— Լիգիա՛, Լիգիա՛։

Բայց տռփանքը, զարմանքը, կատաղությունն ու գինին ուժաթափ արին նրա ոտները։ Նա մեկ֊երկու տարուբերվեց, հետո բռնեց մի բաքոսուհու մերկ բազուկը և, աչքերը թարթելով, հարցրեց.

— Ի՞նչ է պատահել։

Իսկ սա, վերցնելով գինով գավաթը, մոտեցրեց նրան և ժպիտը մշուշապատ աչքերում՝

— Խմի՛ր,— ասաց։

Վինիկիոսը խմեց և վայր գլորվեց։

Հյուրերի մի մասն արդեն պառկած էր սեղանի տակ։ Մի քանիսը տատանվող քայլերով ման էին գալիս տրիկլինիոնում, մի քանիսը քնած էին սեղանի բարձերի վրա՝ խռմփալով կամ քնի մեջ փսխելով ավելորդ խմածը, և այս արբած հյուպատոսների ու սենատորների վրա, այս պարող կանանց և պատրիկուհիների վրա, այս ամբողջ աշխարհի վրա, որ դեռ ամենակալ էր, բայց արդեն հոգեզուրկ, որ պսակված էր ու սանձարձակ, բայց արդեն հանգչող, վարդեր էին թափվում և թափվում՝ առաստաղին ամրացրած ոսկեթել ուռկանի միջից։

Դուրսը սկսեց լուսանալ։

ԳԼՈՒԽ Ը

Ոչ ոք Ուրսուսի աոջևը չկտրեց մինչև անգամ, ոչ ոք չհարցրեց նրան, թե ինչ է անում։ Հյուրերից նրանք, որոնք դեռ սեղանի տակ չէին պառկած՝ արդեն նստած չէին իրենց տեղերում. ուստի ծառաները, տեսնելով հսկային, որ ձեռքերի վրա տանում էր աղջկան, կարծում էին, թե դա մի ստրուկ է, որ դուրս է տանում իր արբած տիրուհուն։ Վերջապես Ակտեն նրանց ետևիցն էր գնում, և նրա ներկայությունը ցրում էր ամեն մի կասկած։

Այսպես նրանք տրիկլինիոնից դուրս եկան կից սենյակը և այնտեղից՝ Ակտեի բնակարանը տանող անցքը։

Լիգիան արդեն այնչափ ուժաթափ էր եղել, որ մեռածի պես ընկած էր Ուրսուսի բազուկների վրա։ Բայց երբ նրան դիպավ առավոտյան զով և մաքուր օդը, նա բաց արեց աչքերը։

Շուրջն ամեն բան ավելի ու ավելի էր որոշվում։ Քիչ հետո, անցնելով միջանցքի միջով, ծռվեցին կողքի պորտիկը, որ ոչ թե դեպի բակն էր նայում, այլ պալատական պարտեզը, ուր պինիաների և նոճիների գագաթներն արդեն վառվում էին արշալույսի շողերից։ Տան այս մասը դատարկ էր, և երաժշտության ձայներն ու հյուրերի աղաղակները հասնում էին նրանց ավելի ու ավելի թույլ կերպով։

Լիգիային թվում էր, թե իրեն հափշտակել են դժոխքից և Աստուծո լույս աշխարհ բերել։ Այդ զզվելի տրիկլինիոնից դուրս կար մի ինչ֊որ բան. կար երկինք, արշալույս, լույս և խաղաղություն։ Աղջկան հանկարծ լաց բռնեց, և նա, հսկայի ուսին սեղմվելով, սկսեց հեկեկալ ու կրկնել.

— Տո՛ւն տար, Ուրսուս, տո՛ւն, Ուրսուս, Ավլոսների մոտ...

— Գնանք,— պատասխանեց Ուրսուսը։

Այդ ժամանակ նրանք հասան Ակտեի բնակարանի փոքրիկ ատրիոնը։ Այնտեղ Ուրսուսը Լիգիային նստեցրեց մարմարիոնե նստարանին, շատրվանից հեռու, իսկ Ակտեն սկսեց նրան հանգստացնել, առաջարկեց քնել, հավատացնելով, որ առժամանակ նրան ոչինչ չի սպառնամ, քանի որ արբած հյուրերը մեծարքից հետո մինչև երեկո քնած կմնան։ Բայց Լիգիան երկար ժամանակ չէր կարողանում հանգստանալ և, ձեռներով ճնշելով քունքերը, երեխայի պես կրկնում էր միայն.

— Տուն եմ ուզում, Ավլոսների մոտ։

Ուրսուսը պատրաստ էր։ Ճիշտ է, դարպասի առջև կանգնած են պրետորիաններ, բայց ինքն այդպես էլ կանցնի։ Զինվորները չեն կանգնեցնում դուրս գնացողներին։ Կամարի մոտ խռնվում են դեսպակները։ Մարդիկ կսկսեն դուրս գալ խմբերով։ Ոչ ոք իրենց չի կանգնեցնի։ Դուրս կգան ամբոխի հետ, կերթան ուղիղ տուն։ Վերջապես իրե՞ն ինչ։ Ինչպես արքայադուստրը կհրամայի, այնպես էլ պիտի լինի։ Դրա համար է ինքն այստեղ։

Իսկ Լիգիան կրկնում էր։

— Այդպե՛ս է։ Ուրսուս, հեռանանք գնանք։

Բայց Ակտեն պետք է խելք բանեցներ երկուսի փոխարեն։ Դուրս կգնա՛ն, այո՛։ Ոչ ոք նրանց չի կանգնեցնի։ Բայց թույլ չի տրված Կեսարի տնից փախչել, և ով որ այդ անում է, նորին վեհափառությունն է անարգում։ Դուրս կգնան, բայց երեկոյան կենտուրիոնը զինվորների ուղեկցությամբ մահվան վճիռ կբերի Ավլոսին, Պոմպոնիա Գրեկինային, իսկ Լիգիային նորից կվերցնի պալատ, և այն ժամանակ նրա համար փրկություն չի լինի։ Եթե Ավլոսները նրան ընդունեն իրենց հարկի տակ, հաստատ մահ է սպառնում նրանց։

Լիգիայի ձեռները կախ ընկան։ Ոչ մի ճար չկար։ Պետք է ընտրեր Պլավտիոսների կամ իր սեփական կորուստը։ Մեծարք գնալիս հույս ուներ, որ Վինիկիոսը և Պետրոնիոսը իրեն կխնդրեն Կեսարից և կտան Պոմպոնիային. իսկ այժմ գիտեր, որ հենց նրանք էին, որ Կեսարին դրդեցին իրեն խլել Ավլոսներից։ Ճար չկար։ Միայն հրաշքը կարող էր ազատել նրան այդ անդունդից, հրաշքն ու Աստուծո զորությունը։

— Ակտե,— ասաց նա հուսահատությամբ,— արդյոք լսեցի՞ր ինչ ասաց Վինիկիոսը, որ Կեսարն ինձ իրեն է ընծայել և որ այսօր երեկոյան նա ստրուկներին կուղարկի իմ ետևից, և ինձ կտանի իր տուն։

— Լսեցի,— ասաց Ակտեն։

Եվ ձեռները տարածելով՝ լռեց։ Այն հուսահատությունը, որով խոսում էր Լիգիան, արձագանք չէր գտնում նրա մեջ։ Չէ՞ որ ինքն էլ Ներոնի սիրուհին էր եղել։ Թեև նրա բարի սիրտը չէր կարողանում բավականաչափ զգալ այդպիսի հարաբերության անարգությունը։ Իբրև վաղեմի ստրկուհի, չափազանց ընտելացել էր ստրկության իրավունքին, և բացի այդ, դեռևս սիրում էր Ներոնին։ Եթե Կեսարն ուզենար նրա մոտ վերադառնալ, ինքն իր ձեռքերը կմեկներ նրան, իբրև երջանկության։

Այժմ պարզ հասկանալով, որ Լիգիան պետք է կամ երիտասարդ և գեղեցիկ Վինիկիոսի սիրուհին դառնա, կամ իրեն և Ավլոսներին կորստյան մատնի, ուղղակի չէր հասկանում, թե աղջիկն ինչպե՞ս կարող էր տատանվել։

— Կեսարի տանը,— ասաց նա քիչ հետո,— քեզ համար ավելի ապահով չի լինի, քան Վինիկիոսի տանը։

Եվ մտքովը չէր անցնում, որ թեև ճշմարտություն էր ասում, իր խոսքերը նշանակում էին՝ «հնազանդվիր ճակատագրիդ և դարձիր Վինիկիոսի հարճը»։ Բայց Լիգիայի դեմքը, Լիգիայի, որ իր շրթունքներին դեռ զգում էր գազանային տռփանքով լի և ածուխի պես այրող նրա համբույրները, ամոթից կարմրատակեց՝ հենց միայն դրա հիշողությունից։

— Երբե՛ք,— գոչեց նա եռանդով,— չեմ մնա ոչ այստեղ, ո՛չ էլ Վինիկիոսի մոտ, երբե՛ք։

Ակտեին զարմացրեց այդ եռանդը։

— Մի՞թե,— հարցրեց նա,— Վինիկիոսը քեզ համար այդպես ատելի՞ է։

Բայց Լիգիան չկարողացավ պատասխանել, որովհետև այդ րոպեին նրան նորից խեղդեց լացը։ Ակտեն սեղմեց նրան իր կրծքին և սկսեց հանգստացնել։ Ուրսուսը ծանր շունչ էր քաշում և սեղմում էր իր հսկայական բռունցքները, որովհետև, սիրելով իր արքայադուստրին շան հավատարմությամբ, չէր կարողանում դիմանալ նրա արտասուքներին։

Նրա լիգիական, կիսավայրենի սրտի մեջ մի ցանկություն ծնվեց՝ վերադառնալ դահլիճ, խեղդել Վինիկիոսին, իսկ եթե հարկավոր է՝ և Կեսարին. բայց վախենում էր այդ մասին հաղորդել իր տիրուհուն, որովհետև վստահ չէր, թե արդյոք այդպիսի մի արարք, որ միանգամից իրեն շատ հեշտ երևաց, վայե՞լ կլինի խաչ հանած Գառի հետևորդին։

Ակտեն, հանգստացնելով Լիգիային, նորից հարցրեց.

— Մի՞թե նա քեզ համար այդչափ ատելի է։

— Ոչ,— ասաց Լիգիան,— կարելի չէ, որ ատեմ նրան, որովհետև քրիստոնյա եմ։

— Գիտեմ, Լիգիա։ Գիտեմ նույնպես Տարսոնացի Պողոսի թղթերից, որ ձեզ թույլ չի տրվում ո՛չ անպատիվ լինել, ո՛չ էլ մահից ավելի վախենալ, քան թե մեղքից։ Բայց ասա ինձ, արդյոք քո օրենքը թո՞ւյլ է տալիս մահ պատճառել։

— Ո՛չ։

— Ուրեմն ինչպե՞ս կարող ես Կեսարի վրեժը Ավլոսների տան վրա հրավիրել։

Տիրեց լռություն։ Անհատակ անդունդը նորից բացվեց Լիգիայի առջև։

Իսկ ջահել ազատագրուհին շարունակեց.

— Հարցնում եմ, որովհետև խղճում եմ քեզ և խղճում եմ բարի Պոմպոնիային ու Ավլոսին և նրանց երեխային։ Ես վաղուց է, որ ապրում եմ այս տան մեջ և գիտեմ՝ ի՛նչ է սպառնում Կեսարի բարկությունը։ Ո՛չ։ Դուք չեք կարող այստեղից փախչել։ Քեզ մի ճանապարհ է մնում՝ աղաչել Վինիկիոսին, որ քեզ վերադարձնե Պոմպոնիային։

Բայց Լիգիան ծունր չոքեց մեկ ուրիշին աղաչելու համար։ Ուրսուսը մի րոպե հետո չոքեց նույնպես, և երկուսն սկսեցին աղոթել Կեսարի տանը, առավոտյան արշալույսի շողերով լուսավորված։

Ակտեն առաջին անգամն էր տեսնում այդպիսի մի աղոթք և չէր կարողանում աչքերը հեռացնել Լիգիայից, որ կես դեմքով իրան դարձած, գլուխն ու ձեռքերը վեր ուղղած՝ նայում էր երկնքին, կարծես այնտեղից էր սպասում փրկություն։ Արշալույսը շող էր սփռում նրա մուգ մազերի և սպիտակ պեպլոսի վրա, արտացոլում նրա աչքերի մեջ, և ամբողջովին փայլի մեջ լինելով՝ աղջիկը ներկայանում էր իբրև լույս։ Նրա գունատ դեմքին, նրա բաց շրթունքների, նրա վեր ուղղած ձեռքերի և աչքերի մեջ նկատելի էր մի ինչ֊որ երկնային հափշտակություն։ Եվ Ակտեն այժմ հասկացավ, թե ինչու Լիգիան չի կարող ոչ ոքի հարճը լինել։ Ներոնի նախկին սիրուհու առջև կարծես ետ քաշվեց այն վարագույրի ծայրը, որ ծածկում էր մի բոլորովին ուրիշ աշխարհ, քան այն, որին ինքն ընտելացել էր։ Զարմացնում էր նրան այս աղոթքը՝ ոճրագործության և անառակության այս որջում։ Մի րոպե առաջ նրան թվում էր, թե Լիգիայի համար փրկություն չկա, իսկ այժմ սկսեց հավատալ, որ կարող է կատարվել մի արտասովոր բան, որ կհասնի մի փրկություն, այնպես զորեղ, որ նույնիսկ ինքը Կեսարը չի կարողանա նրան ընդդիմադրել, որ երկնքից կիջնեն մի տեսակ թևավոր զորքեր՝ աղջկան օգնելու համար, կամ արևը նրա տակ կտարածի իր շողերը և նրան կտանի իր մոտ։ Ակտեն լսել էր քրիստոնյաների մեջ կատարված շատ հրաշքների մասին, և այժմ մտածում էր, որ ակներև է, թե այդ բոլորը ճշմարտություն է, եթե Լիգիան այսպես աղոթում է։

Լիգիան վերջապես վեր կացավ հուսափայլ դեմքով. Ուրսուսը նույնպես բարձրացավ և հետո, պպզելով նստարանի կողքին, նայում էր իր տիրուհուն՝ սպասելով նրա խոսքերին։

Իսկ օրիորդի աչքերը պատեց մշուշ, և մի երկու րոպեից անց խոշոր արցունքներ սկսեցին կամաց սահել նրա այտերով։

— Աստծո օրհնությունը լինի Պոմպոնիայի և Ավլոսի վրա,— ասաց նա։ Չպետք է նրանց գլխին կորուստ բերել, ուրեմն այլևս երբեք չեմ տեսնի նրանց։

Հետո, դառնալով Ուրսուսին, ասաց նրան, որ իրեն միայն նա է մնացել այս աշխարհում, որ նա պետք է լինի այժմ իր հայրն ու իր խնամակալը։ Չեն կարող ապաստան գտնել Ավլոսների տանը, որովհետև նրանց տան վրա կգրգռեն Կեսարի վրեժը։ Բայց չի կարող նաև մնալ ո՛չ Կեսարի, ոչ էլ Վինիկիոսի տանը։ Թող ուրեմն Ուրսուսն իրեն վերցնի, թող դուրս տանի քաղաքից, թող թաքցնի մի տեղ, ուր իրեն չեն գտնի ո՛չ Վինիկիոսը, ո՛չ էլ նրա ծառաները։ Ինքն ամեն տեղ կերթա նրա ետևից, թեկուզ ծովերից դենը, թեկուզ լեռներից դենը, բարբարոս ների մոտ, որտեղ լսված չէ հռոմեացոց անունը, և որտեղ չի հասնում Կեսարի իշխանությունը։ Թող իրեն վերցնի և փրկի, որովհետև իրեն միայն նա է մնացել։

Լիգը պատրաստ էր և, ի նշան հնազանդության, կռանալով գրկեց նրա ոտքերը։ Իսկ Ակտեի դեմքին, որ հրաշքի էր սպասում, արտատպվեց հիասթափությունը։ Այդքա՞ն միայն ազդեց այդ աղոթքը։ Կեսարի տնից փախչել նշանակում է վեհափառությունն անարգել. այդ ոճրի վրեժը կառնվի, և, եթե մինչև անգամ Լիգիան կարողանա թաքնվել, Կեսարը վրեժ կառնի Ավլոսներից։ Եթե ուզում է փախչել, թող Վինիկիոսի տնից փախչի։ Այն ժամանակ Կեսարը, որ չի սիրում ուրիշի գործերով զբաղվել, գուցե մինչև անգամ չուզենա օգնել Վինիկիոսին, որ որոնի նրան, և համենայն դեպս վեհափառության անարգանքի ոճիր տեղի չի ունենա։

Բայց Լիգիան, իրոք, այսպես էր մտածում։ Ավլոսները նույնիսկ չեն գիտենա ուր է ինքը, մինչև անգամ Պոմպոնիան... Բայց կփախչի ոչ թե Վինիկիոսի տնից, այլ ճանապարհից։ Նա, հարբած լինելով՝ հայտնեց իրեն, որ երեկոյան ստրուկներ կուղարկի իր ետևից։ Անկասկած, ճշմարտություն էր ասածը, որը չէր ասի, եթե գինովցած չլիներ։ Երևի նա, կամ գուցե Պետրոնիոսի հետ երկուսով, Կեսարին տեսել են մեծարքից առաջ և նրանից խոստում են առել, որ իրեն մի երկու օրից կհանձնե նրանց։ Եվ եթե այսօր մոռանան, վաղը կուղարկեն իր հետևից։ Բայց Ուրսուսը կազատի իրեն։ Կգա, իրեն դուրս կհանի դեսպակից, ինչպես դուրս հանեց տրիկլինիոնից, և կերթան լայնատարած աշխարհը։ Ոչ ոք չի կարողանա դիմադրել Ուրսուսին։ Նրան չի հաղթել մինչև անգամ այն ահռելի գոտեմարտիկը, որ երեկ կռվում էր տրիկլինիոնում։ Բայց որովհետև Վինիկիոսը կարող է բազմաթիվ ստրուկներ ուղարկել, ուրեմն Ուրսուսն իսկույն կերթա Լիննոս եպիսկոպոսի մոտ խորհուրդ և օգնություն խնդրելու։ Եպիսկոպոսը կխղճա, իրեն չի թողնի Վինիկիոսի ձեռքում և կհրամայի քրիստոնյաներին՝ Ուրսուսի հետ գնալ իրեն փրկելու։ Իրեն կխլեն Վինիկիոսի ծառաների ձեռքից և կտանեն, իսկ հետո Ուրսուսին կհաջողվի դուրս տանել իրեն քաղաքից ու մի տեղ թաքցնել հռոմեական իշխանությունից։

Եվ օրիորդի դեմքն սկսեց ծածկվել կարմրությամբ ու ժպիտով։ Նա նորից աշխույժ դարձավ, կարծես փրկության հույսն արդեն իրականացել էր։ Նա հանկարծ ընկավ Ակտեի պարանոցով և իր գեղանի շրթունքները նրա այտին հպելով՝ շշնջաց.

— Դու մեզ չե՞ս մատնի, Ակտե, այնպես չէ՞...

— Մորս ուրվականը վկա,— պատասխանեց ազատագրուհին,— չեմ մատնի ձեզ և խնդրիր միայն քո Աստծուց, որ Ուրսուսը կարողանա քեզ ազատել։

Իսկ հսկայի մանկական կապույտ աչքերը փայլում էին երջանկությամբ։ Ահա ինքը չկարողացավ մի բան հնարել, թեև շատ զոռ էլ տվեց գլխին։ Բայց այսպիսի մի բան` միայն նա կարող է։ Գիշեր լինի, թե ցերեկ, իր համար բոլորը մեկ է։ Կերթա եպիսկոպոսի մոտ, որովհետև եպիսկոպոսը երկնքում կարդում է՝ ի՛նչ է պետք և ի՛նչ պետք չէ։ Իսկ քրիստոնյաներին այնպես էլ կարող է հավաքել։ Քի՞չ ծանոթներ ունի թե՛ ստրուկների, թե՛ գլատիատորների, թե՛ ազատ մարդկանց մեջ, Սուբուռայում[138] և կամուրջներից դենը։ Կհավաքի մեկ, անգամ երկու հազար... Եվ կազատի իր տիրուհուն, իսկ քաղաքից դուրս տանել նույնպես կկարողանա, և նրա ետևից գնալ կկարողանա. կերթա թեկուզ աշխարհի ծայրը, թեկուզ այնտեղ, որտեղից եկել են, որտեղ ոչ ոք Հռոմի անունն անգամ չի լսել։

Այստեղ նա սկսեց իր առջև նայել, կարծես ուզում էր զննել ինչ֊որ անցած և անչափ հեռավոր բաներ։ Ապա շարունակեց.

— Անտա՞ռ։ Հե՜յ, ինչպիսի՜ անտառ, ինչպիսի՜ անտառ։

Բայց քիչ անց նա սթափվեց տեսիլներից։

Ահա իսկույն կերթա եպիսկոպոսի մոտ, իսկ երեկոյան արդեն մի հարյուր հոգու հետ կսպասի դեսպակին։ Եվ թող այն ուղեկցեն ոչ միայն ստրուկները, այլև նույնիսկ պրետորիանները։ Ավելի լավ է՝ այնտեղ ոչ ոք իր բռունցքին չպատահի, թեկուզ երկաթե զրահ հագած ունենա։ Իբր թե այդ երկաթը շա՞տ ամուր է։ Եթե երկաթին լավ խփես, գլուխը նրա տակ էլ չի դիմանա։

Բայց Լիգիան մանկական լրջությամբ մատը վեր բարձրացրեց և՝

— Ուրսո՛ւս, «Մի՛ սպանաներ»,— ասաց։

Լիգը իր մահականման ձեռքը ետ տարավ և սկսեց փնթփնթալ ու տրորել իր վիզը մեծ անհանգստությամբ։ Բայց չէ՞ որ ինքը պետք է ազատի նրան՝ «իր արևին»... Չէ՞ որ տիրուհին ասաց, որ այժմ իր հերթն է... Կաշխատի, որքան կկարողանա։ Իսկ եթե այդ ակամա պատահի՞... Չէ՞ որ պիտի ազատի նրան։ Բայց եթե այդ պատահի, արդեն այնպես կապաշխարհի, այնպես կաղերսի Անմեղ Գառին, որ խաչված Գառը կխղճա իրեն՝ թշվառին... Չէ՞ որ ինքը չի կամենում վիրավորել Գառին. բայց որ այնպիսի ծանր ձեռքե՜ր ունի...

Եվ նրա դեմքին նկատվեց մեծ զգացվածություն բայց ցանկանալով այդ ծածկել նա գլուխ տվեց և ասաց.

— Ուրեմն ես գնում եմ սրբազան հոր մոտ։

Իսկ Ակտեն, փաթաթվելով Լիգիայի պարանոցով՝ սկսեց լաց լինել... Մի անգամ էլ հասկացավ, որ կա մի աշխարհ, ուր մինչև անգամ տանջանքի մեջ ավելի շատ բախտավորություն կա, քան թե Կեսարի տան բոլոր անզուսպ զվարճությունների և վայելքների մեջ։ Մի անգամ ևս բացվեց նրա առջև դեպի լույսը տանող դուռը, բայց և զգաց, որ ինքն անարժան է այդ դռնով անցնելու։

ԳԼՈՒԽ Թ

Լիգիան խղճում էր Պոմպոնիա Գրեկինային, որին ամբողջ հոգով սիրում էր, խղճում էր Ավլոսների ամբողջ տունը, այնուամենայնիվ հուսահատությունն անցավ։ Մինչև անգամ մի տեսակ քաղցրություն էր զգում այն մտքից, որ ահա իր ճշմարտության համար զոհում է հարստություն, փափուկ կյանք և ընտրում է թափառական ու անորոշ ապագա։ Գուցե այս բանի մեջ կար և մի փոքր մանկական հետաքրքրություն, թե ինչպիսի՞ն կլինի այդ կյանքը այնտեղ, հեռավոր երկրներում, բարբարոսների և վայրի գազանների մեջ։ Բայց ավելի շատ այստեղ խորին և անկեղծ հավատ կար, որ այդպես վարվելով՝ անում է այն, ինչ հրամայել է «Աստվածային Վարդապետը», և որ այդ րոպեից Նա ինքը կխնամի իրեն, իբրև խոնարհ և հավատարիմ զավակի։ Իսկ եթե այդպես է, իրեն ի՞նչ կարող էր պատահել։ Թե իրեն որևէ փորձանք պատահի, բոլորը կտանի նրա անունով։ Թե իրեն անսպասելի մահ հանդիպի, նա իրեն կվերցնի և ժամանակով, երբ Պոմպոնիան մեռնի, երկուսը միասին կլինեն հավիտենից հավիտյան։ Շատ հաճախ, դեռ Ավլոսների տանը եղած ժամանակ, նա իր մանկական գլուխը հոգնեցնում էր, որ ինքը քրիստոնյա լինելով՝ ոչինչ չի կարող անել այն Խաչվածի համար, որի մասին այնպես զգացված հիշում էր Ուրսուսը։ Բայց այժմ հասել է ժամանակը։ Լիգիան իրեն համարյա թե երջանիկ էր զգում և սկսեց իր երջանկության մասին ասել Ակտեին, որ սակայն չէր կարողանում հասկանալ նրան։

Զգել բոլորը, ձգել տունը, կարողությունը, քաղաքը, պարտեզները, մեհյանները, պորտիկները, ամենը, ինչ գեղեցիկ է, ձգել արևառատ երկիրը և մերձավոր մարդկանց, և ինչո՞ւ... Երիտասարդ և գեղեցիկ ասպետի սիրուց թաքնվելո՞ւ համար... Ակտեի գլխում այս բաները չէին տեղավորվում... Երբեմն նա զգում էր, որ այստեղ մի ճշմարտություն կա, որ գուցե կա նույնիսկ մի ահագին խորհրդավոր երջանկություն, բայց պարզ չէր կարող այդ բանի մեջ իրեն հաշիվ տալ, մանավանդ, որ Լիգիային սպասում էր դեռ մի արկած, որ կարող էր վատ վերջանալ և որտեղ նա կարող էր ուղղակի կորցնել կյանքը։ Ակտեն բնությունից երկչոտ էր և ահ ու դողով մտածում էր այն մասին, թե ինչ կբերի այսօրվա երեկոն։ Բայց իր կասկածները չէր կամենում հաղորդել Լիգիային, և որովհետև այդ ժամանակ արդեն բոլորովին լուսացել էր և արևը մտել էր ատրիոն, նա սկսեց համոզել Լիգիային, որ քնի և հանգստանա. այդ անհրաժեշտ էր անքուն անցկացրած գիշերից հետո։ Լիգիան չընդդիմացավ. երկուսով մտան կուբիկուլոն, որ ընդարձակ էր և սարքված էր շքեղորեն, Ակտեի՝ նախկինում Կեսարի հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ։ Այնտեղ պառկեցին մեկը մյուսի կողքին. բայց Ակտեն, չնայելով որ հոգնած էր, չէր կարողանում քուն մտնել։ Վաղուց է, որ թախծոտ էր և անբախտ, բայց այժմ նրան սկսեց տիրել մի անհանգստություն, որ առաջ երբեք չէր զգացել։ Մինչև այդ օրը կյանքը նրան երևում էր միայն ծանր և առավոտից զրկված. այժմ այն հանկարծ անարգ երևաց։

Նրա գլխի մեջ ավելի ու ավելի մեծ խառնաշփոթություն էր առաջանում։ Դեպի լույսը տանող դուռը սկսեց նորից մեկ բացվել, մեկ ծածկվել։ Բայց այն ժամանակ, երբ բացվում էր, լույսը կուրացնում էր նրան այնչափ, որ ոչ մի բան պարզ չէր տեսնում։ Նա միայն գուշակում էր, որ այս փայլի մեջ թաքնված է ուղղակի անսահման մի երջանկություն, որի համեմատությամբ, ուրիշ ամեն մի երջանկություն բոլորովին ոչինչ է, որ եթե, օրինակի համար, Կեսարը հեռացներ Պոպպեային և նորից սիրեր իրեն՝ Ակտեին, նույնիսկ այդ կլիներ աննշան մի բան։ Հանկարծ նրա գլխում մի միտք հղացավ, իբր թե այդ Կեսարը, որին սիրում էր և որին ակամա համարում էր մի ինչ֊որ կիսաստված, մի այնպիսի չնչին բան է, ինչպես ամեն մի ստրուկ, և այս պալատը իր, նումիդիական մարմարե սյուներով մի կույտ քարից ավելի լավ բան չէ։ Բայց վերջն այդ զգացմունքները, որոնց մեջ չէր կարողանում ինքն իրեն հաշիվ տալ, սկսեցին տանջել նրան։ Կամենում էր քնել, բայց անհանգստությունից հուզված՝ չէր կարողանում։

Վերջապես, կարծելով որ Լիգիան, որի վրա ծանրացել էին այնչափ վտանգներ, նույնպես քնած չէր, դիմեց նրան՝ երեկոյան փախուստի մասին խոսելու մտադրությամբ։

Բայց Լիգիան հանգիստ քնած էր։ Այնքան էլ լավ չծածկված վարագույրի միջով մութ կուբիկուլոն էին թափանցում մի քանի պայծառ ճառագայթներ, որոնց մեջ շարժվում էր ոսկեգույն փոշին։ Նրանց լույսով Ակտեն տեսավ օրիորդի նուրբ դեմքը՝ մերկ բազուկի վրա դրած, ծածկված աչքերը և մի քիչ բաց մնացած շրթունքները։ Շնչում էր հավասար կերպով, այնպես, ինչպես սովորաբար շնչում են քնի մեջ։

— Քնած է, կարող է քնել,— մտածեց Ակտեն։— Դեռ երեխա է։

Բայց մի րոպե անց նրա մտքով անցավ, որ, այնուամենայնիվ, այդ երեխան ավելի լավ է համարում փախչել, քան թե Վինիկիոսի հարճը դառնալ. ավելի լավ է համարում կարիքը, քան թե անպատվությունը. անտուն, անտեր կյանքը, քան թե Կառինայի[139] մոտ հոյակապ տունը, քան թե զգեստները, զարդերը, քան թե մեծարքները, վիների և կիթառների հնչյունները։

— Ինչո՞ւ։

Եվ սկսեց նայել Լիգիային, կարծես կամենում էր դրա պատասխանը գտնել նրա քնած դեմքին։ Նայում էր նրա մաքուր ճակատին, հոնքերի քնքուշ կամարին, մուգ թերթերունքներին, հանգիստ շնչառությունից շարժվող կուսական կրծքին։ Հետո նորից մտածեց. «Որչա՜փ տարբեր է ինձանից»։

Եվ Լիգիան մի հրաշք երևաց նրան, մի աստվածային տեսիլ, աստվածներին սիրելի, Կեսարի պարտեզների բոլոր ծաղիկներից, նրա պալատի բոլոր արձաններից հարյուր անգամ գեղեցիկ։ Բայց հույն կնոջ սրտի մեջ նախանձ չկար։ Ընդհակառակը, մտածելով աղջկան սպառնացող վտանգների մասին՝ նրան սաստիկ կարեկցություն էր տիրում։ Նրա մեջ ծագեց մի մայրական զգացմունք։ Լիգիան երևաց նրան ոչ միայն գեղեցիկ, ինչպես գեղեցիկ մի տեսիլ, այլև սաստիկ սիրելի, և, մոտեցնելով շրթունքները նրա մուգ մազերին, սկսեց համբուրել։

Իսկ Լիգիան հանգիստ քնած էր, կարծես իր տանը լիներ, Պոմպոնիա Գրեկինայի խնամքի տակ։ Եվ քնած էր բավականին երկար։ Կեսօրն արդեն անցել էր, երբ բաց արեց իր կապուտակ աչքերը և սկսեց մեծ զարմանքով դիտել իր շուրջը՝ կուբիկուլոնը։

Նրան, ակներև, զարմացնում էր այն, որ Ավլոսների տանը չէ։

— Դո՞ւ ես, Ակտե,— ասաց նա վերջապես՝ մթության մեջ նկատելով հույն կնոջ դեմքը։

— Այո, Լիգիա։

— Ուրեմն երեկո՞ է։

— Ո՛չ զավակս, բայց կեսօրն արդեն անցել է։

— Եվ Ուրսուսը չի՞ վերադարձել։

— Ուրսուսը չասաց, թե կվերադառնա, այլ միայն՝ թե երեկոյան քրիստոնյաների հետ կսպասի դեսպակին։

— Ճշմարիտ է։

Ապա նրանք թողին կուբիկուլոնր և մտան բաղնիք։ Այստեղ Ակտեն լողացրեց Լիգիային, տարավ նախաճաշելու, իսկ հետո՝ զբոսնելու պալատական պարտեզներում, ուր չէր կարելի սպասել ոչ մի վտանգավոր հանդիպման, քանի որ Կեսարը և նրա մերձավորները դեռ քնած էին։ Լիգիան իր կյանքի մեջ առաջին անգամ էր տեսնում այս հոյակապ պարտեզները, ուր անհամար նոճիների, պինիաների, կաղնիների, ձիթենիների և մրտենիների արանքներում սպիտակին էր տալիս արձան ների մի ամբողջ ամբոխ, փայլում էին ձկնարանների խաղաղ հայելիները, ծաղկում էին շատրվանների փոշիով ցողվող վարդենիների պուրակներ, ուր կախարդիչ քարանձավների մուտքերը ծածկված էին բաղեղով կամ խաղողի որթով, ուր ջրերի երեսին լող էին տալիս արծաթափայլ կարապներ, իսկ արձանների և ծառերի արանքներում ման էին գալիս Աֆրիկայի անապատներից բերած ընտանեցրած վիթեր և բազմերանգ թռչուններ, որ հավաքված էին աշխարհիս բոլոր հայտնի ծայրերից։

Պարտեզները դատարկ էին, միայն այս ու այնտեղ բահերը ձեռքին աշխատում էին ստրուկներ՝ կիսաձայն երգելով. մի քանիսը, որոնց հանգստանալու ժամանակ էր տրված, նստած էին ձկնարանների ափին կամ կաղնիների ստվերներում, տերևների միջով թափանցող արևի ճառագայթների մեջ. վերջապես, մի քանիսը ջրում էին վարդերը կամ զափրանի բաց մանիշակագույն ծաղիկները։ Ակտեն Լիգիայի հետ բավական երկար ման էր գալիս՝ դիտելով պարտեզների բոլոր հրաշքները, և թեև Լիգիայի միտքը ուրիշ բաների հետ էր, այնուամենայնիվ նա դեռ չափից դուրս երեխա էր, որ կարողանար չգրավվել, չհետաքրքրվել ու չզարմանալ այս բոլորով։ Մինչև անգամ նրա մտքով անցնում էր, որ եթե Կեսարը բարի մարդ լիներ, այսպիսի պալատում և այսպիսի պարտեզներում կարող էր շատ բախտավոր լինել։

Բայց վերջը մի փոքր հոգնելով՝ նրանք նստեցին նստարանի վրա, որ համարյա թե ամբողջովին թաք էր կացել խիտ նոճիների մեջ, և սկսեցին խոսել արդեն ամենից ավելի ճնշող բաների, այն է՝ Լիգիայի այդ երեկոյան փախուստի մասին։ Ակտեն Լիգիայից շատ ավելի պակաս հանգիստ էր՝ այդ փախուստի մասին դատելիս։ Ժամանակ առ ժամանակ նրան մինչև անգամ թվում էր, թե այդ մի խելագար ձեռնարկություն է, որ չի կարող հաջողվել։ Եվ ավելի ու ավելի էր խղճում Լիգիային։ Մեկ նրա միտքն էր գալիս, թե հազար անգամ ավելի ապահով, անվտանգ կլիներ փորձել Վինիկիոսին մտերմացնել իրենց։ Նա օրիորդին հարցրեց, թե վաղո՞ւց է արդյոք, որ նա ծանոթ է Վինիկիոսի հետ, արդյոք նրան չի՞ կարելի համոզել, որ իրեն վերադարձնի Պոմպոնիային։

Բայց Լիգիան տխուր շարժեց իր թխահեր գլուխը։

— Ո՛չ, Ավլոսների տանը Վինիկիոսն ուրիշ էր, շատ բարի էր. իսկ երեկվա մեծարքից հետո նրանից վախենում եմ և գերադասում եմ լիգերի մոտ փախչել։

Ակտեն շարունակեց հարց ու փորձ անել.

— Բայց Ավլոսների տանը նա քեզ համար սիրելի՞ էր։

— Այո,— պատասխանեց Լիգիան՝ խոնարհելով գլուխը։

— Չէ՞ որ դու ստրուկ չես, ինչպես ես եմ եղել,— մի րոպե մտածելով ասաց Ակտեն,— Վինիկիոսը կարող է քեզ հետ ամուսնանալ։ Դու պատանդ ես և լիգերի թագավորի դուստր։ Ավլոսները քեզ սիրում են իրենց հարազատ զավակի պես, և հավատացած եմ, որ նրանք պատրաստ են քեզ որդեգրելու։ Վինիկիոսը կարող է քեզ հետ ամուսնանալ, Լիգիա։

Բայց օրիորդը պատասխանեց ցածր և ավելի տխուր ձայնով.

— Ավելի լավ է փախչեմ լիգերի մոտ։

— Լիգիա, արդյոք կամենո՞ւմ ես, որ իսկույն գնամ Վինիկիոսի մոտ, զարթեցնեմ նրան, եթե քնած է, և ասեմ այն, ինչ որ այս րոպեին քեզ եմ ասում։ Այո, իմ անգին, կերթամ նրա մոտ և կասեմ նրան. «Վինիկիոս, նա արքայադուստր է և մեծափառ Ավլոսների թանկագին զավակը. եթե սիրում ես նրան, վերադարձրու նրան Ավլոսներին և հետո նրան իբրև կին վերցրու քո տունը»։

Իսկ օրիորդը պատասխանեց արդեն այնչափ ցածր ձայնով, որ Ակտեն հազիվ կարողացավ լսել.

— Ավելի լավ է փախչեմ լիգերի մոտ։

Եվ արտասուքի երկու կաթիլներ կախ ընկան նրա իջեցրած արտևանունքներից։

Խոսակցության շարունակությունն ընդհատեցին մոտեցող ոտնաձայները, և առաջ, քան Ակտեն ժամանակ ունեցավ նկատելու, թե ով է մոտեցողը, նստարանի առջև երևաց Սաբինա Պոպպեան՝ փոքրաթիվ աղախինների ուղեկցությամբ։ Նրանցից երկուսը նրա գլխին բռնած ունեին ջայլամի փետուրներից կապած ոսկեթոկ փունջեր, որոնցով թեթև հովհարում էին նրա դեմքը և միաժամանակ պաշտպանում դեռևս այրող աշնանային արևից, իսկ առջևից՝ եբենոսի պես սև մի եթովպուհի, ստինքները դուրս ցցած, կարծես թե կաթով լցված, ձեռքի վրա տանում էր մի մանուկ, որ փաթաթված էր ափերը ոսկեթելով ասեղնագործած ծիրանիի մեջ։ Ակտեն և Լիգիան տեղերից բարձրացան, կարծելով, թե Պոպպեան կանցնի նստարանի մոտով, իրենց վրա ուշադրություն չդարձնելով. բայց նա կանգ առավ նրանց առջև և ասաց.

— Ակտե, բոժոժները, որ դու կարել էիր իկունկուլի (օրորոցի) վրա, վատ էին կարված. երեխան մեկը պոկեց և բերանին մոտեցրեց. լավ է, որ Լիլիթը ժամանակին նկատեց։

— Ներիր, աստվածային,— պատասխանեց Ակտեն՝ ձեռները խաչաձև ծալելով կրծքի վրա և գլուխը խոնարհելով։

Պոպպեան սկսեց զննել Լիգիային։

— Այս ի՞նչ ստրկուհի է,— հարցրեց նա։

— Սա ստրկուհի չէ, աստվածային Ավգուստա, այլ Պոմպոնիա Գրեկինայի սանուհին և լիգերի թագավորի դուստրը, որին հայրը իբրև պատանդ տվել էր հռոմեացիներին։

— Եվ եկել է քեզ այցելելո՞ւ։

— Ոչ, Ավգուստա, անցյալ օրվանից բնակվում է պալատում։

— Երեկ մեծարքին ներկա՞ էր։

— Ներկա էր, Ավգուստա։

— Ո՞ւմ հրամանով։

— Կեսարի հրամանով։

Պոպպեան սկսեց ավելի ուշիուշով զննել Լիգիային, որ նրա առջև կանգնած էր գլուխը քարշ արած և մեկ հետաքրքրությունից բարձրացնում էր իր փայլուն աչքերը, մեկ ծածկում կոպերով։ Հանկարծ Ավգուստայի հոնքերի մեջտեղ խորշոմ երևաց։ Իր գեղեցկությանն ու իշխանությանը նախանձախնդիր լինելով՝ նա ապրում էր միշտ երկյուղի մեջ, չլինի թե մի որևէ բախտավոր ախոյան կործանի իրեն այնպես, ինչպես ինքը կործանել էր Օկտավիային։ Այդ պատճառով պալատի ամեն մի գեղեցիկ դեմք նրա մեջ կասկածանք էր արթնացնում։ Փորձված հայացքով ու միանգամից աչքի անցրեց Լիգիայի բոլոր ձևերը, նրա դեմքի ամեն մի մանրագիծ և զարհուրեց. «Սա իսկ որ հավերժահարս է,— ասաց նա ինքն իրեն,— սրան աշխարհ է բերել Վենուսը»։ Եվ հանկարծ մտքովն անցավ այն, ինչ֊որ մինչև այդ երբեք չէր անցել մի որևէ գեղեցիկ դեմք տեսնելիս, այն է՝ թե ինքը նրանից շատ ավելի տարիքով է։ Նրա մեջ ցնցվեց վիրավորված ինքնասիրությունը, անհանգստությունը տիրեց նրան, և զանազան կասկածներ սկսեցին արագ շարժվել նրա գլխում։ «Գուցե Ներոնը սրան չի տեսել կամ զմրուխտի միջով նայել է և չի գնահատել։ Բայց ի՞նչ կարող է լինել, եթե պատահի սրան ցերեկով, արևի լույսով, այսպես հրաշագեղ... Եվ ստրկուհի չէ, այլ արքայադուստր. ճիշտ է բարբարոսների արքայադուստրը, բայց, այնուամենայնիվ, արքայադուստր... Անմահ աստվածներ. սա նույնչափ գեղեցիկ է, որչափ և ես, և ավելի մատաղահաս»։ Եվ հոնքերի խորշոմն ավելի խորացավ, իսկ աչքերն սկսեցին փայլել ոսկեղեն արտևանունքների տակից սառն փայլով։

Դիմելով Լիգիային՝ նա արտաքին հանգստությամբ հարցրեց.

— Խոսե՞լ ես Կեսարի հետ...

— Ո՛չ, Ավգուստա։

— Ինչո՞ւ ես դու գերադասում լինել այստեղ, քան Ավլոսների տանը։

— Ես չեմ գերադասում, տիրուհի։ Պետրոնիոսն է Կեսարին դրդել խլելու ինձ Պոմպոնիայից, իսկ ես այստեղ ակամայից եմ, տիկին։

— Եվ կուզեի՞ր վերադառնալ Պոմպոնիայի մոտ։— Վերջին հարցը Պոպպեան տվեց ավելի մեղմ և քաղցր ձայնով, ուստի Լիգիայի սրտում հանկարծ ծագեց մի հույս։

— Տիրուհի,— ասաց՝ դեպի նա տարածելով իր ձեռքերը,— Կեսարը խոստացել է ինձ իբրև ստրկուհի տալ Վինիկիոսին, բայց դու բարեխոսիր ինձ համար և վերադարձրու Պոմպոնիային։

— Ուրեմն Պետրոնիո՞սն է դրդել Կեսարին խլելու քեզ Ավլոսներից և տալու Վինիկիոսին։

— Այդպես է, տիրուհի։ Վինիկիոսը հենց այսօր պետք է իմ ետևից ուղարկի, բայց դու բարի ես, խղճա՛ ինձ։

Այսպես ասելով նա խոնարհվեց և, բռնելով Պոպպեայի զգեստի քղանցքը, բաբախող սրտով սկսեց սպասել նրա խոսքերին, իսկ Պոպպեան որոշ ժամանակ նայում էր նրան չար ժպիտից պայծառացած դեմքով, ապա ասաց.

— Ուրեմն խոստանում եմ քեզ, որ հենց այսօր կլինես Վինիկիոսի ստրկուհին։

Եվ հեռացավ, ինչպես մի գեղեցիկ, բայց չարագուշակ տեսիլ։ Լիգիայի և Ակտեի ականջներին հասավ միայն երեխայի ճիչը, որ հայտնի չէ, թե ինչու, սկսեց լաց լինել.

Լիգիայի աչքերը նույնպես լցվեցին արտասուքով, բայց մի րոպեից նա բռնեց Ակտեի ձեռքն ու ասաց.

— Վերադառնանք։ Միայն այնտեղից պետք է օգնություն սպասել, որտեղից նա կարող է գալ։

Եվ վերադարձան ատրիոն, որտեղից չհեռացան այլևս մինչև երեկո։ Երբ մթնեց, և ստրուկները ներս բերին քառակի, մեծ լույս սփռող ճրագներ, երկուսն էլ շատ գունատ էին։ Երկուսն էլ շարունակ ականջ էին դնում, թե արդյոք մեկը չի՞ մոտենում։ Լիգիան միշտ կրկնում էր, որ թեև իր սիրտը ծանր է, որ պետք է թողնի Ակտեին, բայց քանի որ Ուրսուսը երևի արդեն սպասում է այնտեղ, մթության մեջ, ուրեմն ավելի լավ է, որ այսօր բոլորը կատարվի։ Այնուամենայնիվ շնչառությունը հուզմունքից ավելի արագ և լսելի էր դարձել։ Ակտեն ինչ ակնեղեն որ կարող էր, հավաքում էր տենդային արագությամբ և, կապելով Լիգիայի պեպլոսի ծայրի մեջ, աղաչում էր Լիգիային, որ չհրաժարվի այս նվերից և փախուստի այդ միջոցից։ ժամանակ առ ժամանակ տիրում էր լռություն, և նրանց ականջները խաբվում էին։ Երկուսին էլ թվում էր, թե վարագույրի հետևից լսում են մի ինչ֊որ շշնջյուն՝ մեկ երեխայի լացը հեռվում, մեկ էլ շների հաչոց։

Հանկարծ նախասենյակի վարագույրն անձայն ետ քաշվեց, և բարձրահասակ, թխադեմ, երեսը ծաղկատար մի մարդ ուրվականի պես երևաց ատրիոնում։ Լիգիան մի վայրկյանում ճանաչեց Վինիկիոսի ազատագիր Ատիկինոսին, որ քանիցս եկած էր Ավլոսների տուն։

Ակտեն ճչաց, իսկ Ատիկինոսը ցած խոնարհեց գլուխը և ասաց.

— Ողջույն աստվածային Լիգիային Մարկոս Վինիկիոսից, որ սպասում է նրան իր կանաչազարդ տանը՝ խնջույքի։

Օրիորդի շրթունքներն ամբողջովին գունատվեցին։

— Գալիս եմ,— ասաց նա։

Եվ հրաժեշտ տալիս բազուկներով փաթաթվեց Ակտեի պարանոցով։

ԳԼՈՒԽ Ժ

Եվ ճիշտ որ, Վինիկիոսի տունը զարդարված էր մրտենու տերևներով ու բաղեղով, որոնցից պատերի վրա և դռների գլխին դրասանգներ էին հյուսված։ Սյուներին փաթաթված էին կանաչատերև որթեր։ Ատրիոնում, որի երդիկի վրա, գիշերվա ցրտից պաշտպանվելու համար, ծիրանի բրդե վարագույր էր ձգված, ցերեկվա պես լույս էր։ Վառվում էին ութաստեղյա և տասներկուաստեղյա աշտանակներ։ Այս աշտանակները անոթների, ծառերի, կենդանիների, թռչունների ձևեր ունեին, կամ անուշահոտ ձեթով լցված լամպերը ձեռքին արձաններ էին ներկայացնում, որոնք ալեբաստրից, մարմարից, ոսկեզօծ կորնթական պղնձից էին շինված ու թեև այնչափ հրաշալի չէին, ինչպես Ապոլլոնի մեհյանի այն հոյակապ աշտանակը, որ Ներոնն էր գործածում, բայց գեղեցիկ էին և քանդակված էին երևելի վարպետների ձեռքով։ Մի քանիսը քողարկված էին ալեքսանդրեական ապակիով կամ հնդկական թափանցիկ կարմիր, կապույտ, դեղին, մանիշակագույն մանվածքներով, այնպես, որ ամբողջ ատրիոնը բազմերանգ շողերով էր փայլում։ Ամեն կողմ տարածվում էր նարդոսի բույրը, որին Վինիկիոսը ընտելացել էր և սիրել էր արևելքում։ Տան խորքը, որտեղ խառնվում էին կին և տղամարդ ստրուկներ, փայլում էր նույնպես լույսով։ Տրիկլինիոնում սեղանը պատրաստված էր չորս անձի համար, որովհետև խնջույքին, բացի Վինիկիոսից և Լիգիայից, պետք է նստեին նաև Պետրոնիոսն ու Քրիսոթեմիսը։

Վինիկիոսն ամեն բանում վարվում էր Պետրոնիոսի խոսքերով, որ նրան խորհուրդ էր տվել անձամբ չգնալ Լիգիայի մոտ, այլ ուղարկել Ատիկինոսին՝ Կեսարից ստացած թույլտվությամբ հանդերձ, իսկ ինքը կընդունի նրան իր տանը և կընդունի քնքշությամբ, մինչև իսկ պատվանշաններով։

— Երեկ արբած էիր,— ասաց նրան Պետրոնիոսը։— Տեսա քեզ. հետը վարվում էիր ինչպես Ալբանոյի լեռներից եկած մի քարտաշ։ Չափից դուրս պահանջող մի լինիր և հիշիր, որ լավ գինին պետք է խմել կամաց֊կամաց։ Իմացիր նույնպես, որ քաղցր է ցանկանալ, բայց ավելի քաղցր է ցանկալի լինել։

Քրիսոթեմիսն այս մասին սեփական, մի փոքր տարրեր կարծիք ուներ, բայց Պետրոնիոսը, վեստալուհի և աղավնյակ կանչելով նրան, սկսեց նրան մեկնել այն զանազանությունը, որ պետք է լինի կրկեսում վարժված կառավարի և կառքն առաջին անգամ նստող պատանու միջև։ Հետո, դիմելով Վինիկիոսին, շարունակեց.

— Գրավիր նրա վստահությունը, ուրախացրու նրան, վեհանձն եղիր նրա հետ։ Չէի ուզենա տխուր խնջույք տեսնել։ Երդվիր նրան թեկուզ Հադեսի անունով, թե նրան կվերադարձնես Պոմպոնիային. իսկ արդեն քո բանը կլինի, որ վաղը չէ մյուս օրը ինքը գերադասի մնալ, քան թե վերադառնալ։

Ապա, մատնացույց անելով Քրիսոթեմիսին, ավելացրեց.

— Ես ահա հինգ տարի է՝ ամեն օր քիչ թե շատ այդպես եմ վարվում այս երկչոտ տատրակիս հետ և չեմ կարող գանգատվել սրա խստության վրա։

Այս խոսքի վրա Քրիսոթեմիսը խփեց նրան սիրամարգի փետուրից շինած իր հովհարով և ասաց.

— Մի՞թե ես քեզ չեմ ընդդիմացել, սատիր։

— Աչքի առաջ ունենալով նախորդին...

— Մի՞թե իմ ոտքերն ընկած չես եղել։

— Նրանց մա տների վրա մատանիներ անցկացնելու համար։

Քրիսոթեմիսը ակամա նայեց իր ոտքերին, որոնց մատների վրա, իսկ որ, գոհարներ էին պսպղում, և Պետրոնիոսի հետ երկուսով սկսեցին ծիծաղել։ Բայց Վինիկիոսը ականջ չէր դնում նրանց վիճաբանությանը։ Սիրտն անհանգիստ բաբախում էր ասորական քրմի պայծառ զգեստի տակ, որ հագել էր Լիգիայի գալստյան առիթով։

— Պետք է որ արդեն դուրս եկած լինեն պալատից,— ասաց նա. կարծես ինքն իր հետ խոսելով։

— Պետք է որ դուրս եկած լինեն,— պատասխանեց Պետրոնիոսը։— Ուզո՞ւմ ես մինչև նրանց գալը պատմեմ քեզ Ապոլլոնիոս Տիանացու[140] գուշակությունների մասին, կամ Ռուֆֆինոսի պատմությունը, որը, չեմ հիշում ինչու, չվերջացրի։

Բայց Վինիկիոսին հավասարապես քիչ էր հետաքրքրում թե՛ Ապոլլոնիոս Տիանացին և թե՛ Ռուֆֆինոսի պատմությունը։ Նրա ուշքն ու միտքը Լիգիայի հետ էր, ու թեև զգում էր, որ ավելի վայելուչ էր աղջկան տանն ընդունել, քան թե իբրև ոստիկանական ծառա, պալատ գնալ, այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ ափսոսում էր, որ չի գնացել։ Այս դեպքում նա կկարողանար ժամ առաջ տեսնել Լիգիային և մթության մեջ բազմել նրա կողքին, կրկնակի դեսպակում։

Այդ միջոցին ստրուկները ներս բերին եռոտանի, խոյերի գլուխներով զարդարված բրոնզե մանղալներ որոնց կրակ կտրած ածուխի վրա սկսեցին զմուռ և նարդոս ցանել։

— Արդեն թեքվում են դեպի Կառինան,— ասաց նորից Վինիկիոսը։

— Սա չի դիմանա, ընդառաջ կվազի և գուցե նույնիսկ չի պատահի նրանց,— բացականչեց Քրիսոթեմիսը։

Վինիկիոսն անմտորեն ժպտաց և ասաց.

— Ոչ, կդիմանամ։

Սայց սկսեց շարժել ռունգերն ու խռկալ. այս տեսնելով՝ Պետրոնիոսն ուսերը թափահարեց։

— Սրա մեջ սեստերցի չափ փիլիսոփա չկա,— ասաց նա,— և երբեք այս Մարսի[141] զավակից մարդ չեմ շինի։

Վինիկիոսը չլսեց այդ։

— Արդեն Կառինայումն են։

Ճիշտ որ, նրանք թեքվում էին դեպի Կառինան։ Լապտերակիր ստրուկները գնում էին առջևից, pediseqii կոչվածները՝ դեսպակի երկու կողմից, իսկ Ատիկինոսը՝ իսկույն դեսպակի ետևից, և եզրափակում էր շարժումը։

Բայց կամաց էին առաջ ընթանում, որովհետև լապտերներն այս բոլորովին չլուսավորված տեղերում վատ էին ցույց տալիս ճանապարհը, մանավանդ պալատի մերձակա փողոցները դատարկ էին։ Տեղ֊տեղ միայն շարժվում էր որևէ մարդ՝ լապտերը ձեռքին։ Բայց հետո սկսեց արտասովոր կենդանություն նկատվել։ Համարյա ամեն մի փոքրիկ փողոցից դուրս էին գալիս մարդիկ՝ երեքով, չորսով, բոլորն էլ առանց ճրագների, բոլորն էլ մուգ թիկնոցներով։ Մի քանիսը գնում էին ընդհանուր երթի հետ, խառնվելով ստրուկներին, մի քանիսը, մեծ խմբեր կազմելով, գալիս էին առջևից։ Ոմանք տարուբերվում էին արբածների պես։ Տեղ֊տեղ անցնելն այնպես էր դժվարանում, որ լապտերակիրներն սկսեցին գոչել.

— Տեղ տվեք ազնվազարմ տրիբուն Մարկոս Վինիկիոսին։

Լիգիան ետ քաշած վարագույրների տակից տեսնում էր այդ սև խմբերը և սկսել էր հուզմունքից ցնցվել։ Նրան փոփոխակի մեկ հույս, մեկ էլ անհանգստություն էր տիրում։ «Այս նա է, այս Ուրսուսն է և քրիստոնյաները։ Այս րոպեիս կկատարվի,— ասում էր աղջիկը դողդոջուն շրթունքներով։— Օ՜, Քրիստո՛ս, օգնի՛ր ինձ, օ՜, Քրիստո՛ս, փրկի՛ր ինձ»։

Բայց և Ատիկինոսը, որ սկզբում ուշք չէր դարձնում փողոցների այս արտասովոր կենդանության վրա, վերջն սկսեց անհանգստանալ։ Այստեղ մի տարօրինակ բան կար։ Լապտերակիրները ստիպված էին ավելի հաճախ կանչել. «Տեղ տվեք ազնվազարմ տրիբունի դեսպակին». կողքերից անծանոթ մարդիկ այնպես էին հրում դեսպակը, որ Ատիկինոսը ստրուկներին հրամայեց փայտերով նրանց ետ մղել։

Հանկարծ երթի առջևում աղաղակ բարձրացավ. մի ակնթարթում հանգան բոլոր ճրագները։ Դեսպակի շուրջն սկսվեց իրարանցում, շփոթություն և կռիվ։

Ատիկինոսը հասկացավ, որ դա ուղղակի հարձակում էր։

Եվ հասկանալով՝ վախեցավ։ Հայտնի էր ամենքին, որ Կեսարը հաճախ զվարճության համար, ավգուստիանների ընկերակցությամբ, ավազակային հարձակումներ է անում թե՛ Սուբուռայում և թե՛ ուրիշ արվարձաններում։ Հայտնի էր, որ մի քանի անգամ նա այդ գիշերային զբոսանքներից վերադառնում էր մարմինը ջարդված և կապտած. բայց ով որ իրեն պաշտպանում էր, մահվան էր դատապարտվում, թեկուզ սենատոր լիներ։ Քաղաքի պահապանների բնակարանը հեռու չէր, բայց նրանք այսպիսի դեպքերում խուլ և կույր էին ձևանում։

Մինչ այդ դեսպակի շուրջն իրարանցում էր. մարդիկ սկսել էին կռվել, ծեծել միմյանց, վայր գցել, ոտնակոխ անել։ Ատիկինոսի գլխում մի միտք փայլեց, թե նախ և առաջ պետք է ազատել Լիգիային և իրեն, իսկ մնացածը բախտին թողնել։ Օրիորդին դուրս քաշելով դեսպակից՝ բարձրացրեց նրան իր մի ձեռքի վրա և փորձում էր փախչել մթության մեջ։

Բայց Լիգիան սկսեց կանչել.

— Ուրսո՛ւս, Ուրսո՛ւս։

Նրա հագին սպիտակ զգեստ էր, ուստի հեշտ էր նրան նկատել։ Ատիկինոսը սկսեց մյուս ազատ ձեռքով բռնությամբ նրա վրա ձգել իր սեփական թիկնոցը, երբ հանկարծ սարսափելի ունելին բռնեց նրա վզից, իսկ գլխին քարի պես վայր ընկավ մի ահագին ջախջախիչ զանգված։

Նա մի ակնթարթում գետին տապալվեց, ինչպես Յուպիտերի սեղանի առջև կացնով զարնված արջառ։

Ստրուկների մեծ մասը թափված էր գետնի վրա կամ փախչում էր՝ խիստ մթության մեջ դիպչելով պատերի անկյուններին։ Մնաց միմիայն իրարանցումի ժամանակ փշրված դեսպակը։ Ուրսուսը Լիգիային տանում էր Սուբուռայի կողմը, ընկերները հետևում էին նրան՝ հետզհետե ցրվելով ճանապարհին։

Իսկ ստրուկներն սկսեցին հավաքվել Վինիկիոսի տան առջև և խորհուրդ անել։ Չէին համարձակվում ներս մտնել։ Կարճատև խորհրդակցությունից հետո վերադարձան պատահարի տեղը, ուր գտան մի քանի մեռած մարմիններ, որոնց մեջ էր և Ատիկինոսը։ Սա դեռ ցնցվում էր, բայց վայրկենական սաստիկ ջղաձգությունից հետո՝ ձգվեց և մնաց անշարժ։

Այն ժամանակ նրանք վերցրին Ատիկինոսի մարմինը և վերադառնալով նորից կանգ առան դարպասի առջև։ Բայց պետք էր հայտնել տիրոջը, ինչ որ պատահել էր։

  • Թող Գուլոնը հայտնի,— սկսեցին շշնջալ մի քանի ձայներ,— նրա դեմքից ևս կաթկթում է արյունը, ինչպես և մեր դեմքերից, և տերը նրան սիրում է. Գուլոնի համար այդ ավելի ապահով է, քան ուրիշների համար։

Իսկ գերմանացի ստրուկ ծերունի Գուլոնը, որ մի ժամանակ Վինիկիոսի դայակն էր եղել և նրա մորից՝ Պետրոնիոսի քրոջից. անցել էր նրա ձեռքը, ասաց.

— Ես կհայտնեմ, բայց եկեք բոլորդ։ Թող նրա բարկությունը մենակ ինձ վրա չընկնի։

Վինիկիոսն սկսել էր խիստ անհանգստանալ։ Պետրոնիոսը և Քրիսոթեմիսը ծաղրում էին նրան, իսկ նա մեծ քայլերով գնում֊գալիս էր ատրիոնով և կրկնում էր.

— Արդեն պետք է եկած լինեին... Պետք է եկած լինեին։

Եվ ուզում էր գնալ, բայց երկուսով նրան պահեցին։

Հանկարծ նախասենյակում ոտնաձայներ լսվեցին, և խմբով ատրիոն լցվեցին ստրուկները, որոնք արագությամբ հարվելով պատի տակ՝ ձեռները վեր բարձրացրին և սկսեցին վայնասունը.

— Աաաա՜.. աա՜։

Վինիկիոսը ցատկեց նրանց մոտ։

— Ո՞ւր է Լիգիան,— աղաղակեց նա ահռելի, փոխված ձայնով։

— Աաաա՜...

Այդ միջոցին առաջ եկավ Գուլոնը արյունոտած դեմքով և շտապով ու ողբալի ձայնով խոսեց.

— Ահա՜ արյունը, տեր. պաշտպանո՛ւմ էինք։ Ահա՛ արյունը, տեր, ահա՛ արյունը...

Բայց չկարողացավ վերջացնել, որովհետև Վինիկիոսը խլեց բրոնզե աշտանակը և մեկ հարվածով ջախջախեց ստրուկի գանգը. հետո, երկու ձեռքով գլուխը սեղմելով, մատները մազերի մեջ խրեց և սկսեց խռպոտ ձայնով կրկնել.

— Me miserum! me miserum![142].

Նրա դեմքը կապտեց, աչքերը ճակատի տակ փոս մտան, փրփուր երևաց շրթունքներին։

— Գանակոծե՛լ...— մռնչաց նա վերջապես ոչ մարդկային ձայնով։

— Տե՜ր, աաաա՜... գթա՛...— կոծում էին ստրուկները։

Իսկ Պետրոնիոսը վեր կացավ՝ տհաճության արտահայտությունը դեմքին։

— Գնանք, Քրիսոթեմիս,— ասաց նա,— եթե կամենում ես նայել մսի, կպատվիրեմ կոտրել մսավաճառի խանութը Կառինայում։

Եվ դուրս գնաց ատրիոնից. իսկ ամբողջ տան մեջ, որ բաղեղի կանաչով էր զարդարված և սարքված խնջույքի համար, մի րոպեից տարածվեցին հառաչանքներ և ճիպոտների շաչյուն։ Եվ սա տևեց գրեթե մինչև առավոտ։

ԳԼՈՒԽ ԺԱ

Այդ գիշեր Վինիկիոսը բոլորովին չպառկեց։ Պետրոնիոսի հեռանալուց մի քանի ժամ հետո, երբ գանակոծվող ստրուկների հառաչանքները չկարողացան մեղմացնել ոչ նրա կսկիծը, ոչ էլ կատաղությունը, նա հավաքեց ուրիշ ծառաների մի խումբ և առաջնորդելով նրանց՝ ուշ գիշերին դուրս պրծավ՝ Լիգիային որոնելու համար։

Նա այցելեց Էսքվիլինական արվարձանը, հետո Սուբուռան, Vicus Sceleratus և բոլոր կից փողոցները։ Ապա շրջելով Կապիտոլիոնը՝ Ֆաբրիկիոսի կամրջով հասավ կղզին, հետո շրջագայեց անդրտիբերիսյան քաղաքամասը։ Բայց աննպատակ մի հետամտություն էր, քանի որ ինքը Լիգիային գտնելու հույս չուներ, և եթե որոնում էր նրան, գլխավորապես նրա համար, որպեսզի մի բանով լցնի այդ սարսափելի գիշերը։ Նա տուն վերադարձավ միայն լուսադեմին, երբ արդեն քաղաքի մեջ սկսեցին սայլեր և մրգավաճառների ջորիներ երևալ և երբ հացթուխներն արդեն բաց էին անում իրենց փռերը։ Նա հրամայեց աչքից հեռացնել Գուլոնի մարմինը, որին մինչև այդ ոչ ոք չէր համարձակվում ձեռք տալ, հետո պատվիրեց՝ այն ստրուկներին, որոնց ձեռքից խլել էին Լիգիային, ուղարկել գյուղական երգաստոլոնները. այս պատիժը մահից էլ վատթար էր. վերջապես, ընկնելով ատրիոնում փռած թախտի վրա, սկսեց անկարգ մտածել, թե ինչ ճանապարհով կարող է գտնել և խլել Լիգիային։ Հրաժարվել նրանից, կորցնել նրան, այլևս չտեսնել նրան, թվում էր անկարելի մի բան. այդպիսի մի մտքից իրեն կատաղություն էր տիրում։ Երիտասարդ զինվորականի ինքնահաճ բնությունը կյանքի մեջ առաջին անգամն էր ընդդիմության, ուրիշի անպարտելի կամքին հանդիպել, և նա ուղղակի չէր կարող հասկանալ, թե այդ ինչպե՞ս կարող է լինել, որ մեկը համ արձակվեր իր տռփանքի առաջը կտրել։ Վինիկիոսը գերադասում էր, որ աշխարհն ու քաղաքը ավերակների կույտեր դառնային, քան թե ինքը չհասներ այն բանին, ինչ ուզում էր։ Հեշտանքի գավաթը նրանից խլել էին համարյա շուրթերի առջևից, ուստի թվում էր, թե կատարվել է անլուր, աստվածային և մարդկային օրենքների վրեժխնդրությունը հրավիրող մի բան։

Բայց նախ և առաջ չէր ուզում և չէր կարող հաշտվել ճակատագրի հետ, որովհետև իր կյանքում ոչ մի բանի այնպես չէր փափագել, որպես Լիգիային։ Թվում էր, թե չի կարողանա առանց նրա ապրել։ Չէր կարողանում իրեն պատասխանել ի՞նչ կաներ վաղը առանց նրա, ինչպե՞ս կարող էր անցկացնել հաջորդ օրերը։ Ժամանակ առ ժամանակ նրան տիրում էր խելագարության չափ բարկություն Լիգիայի դեմ։ Նա կամենում էր աղջկան տիրել, որպեսզի նրան ծեծի, մազերից քաշկռտի ննջարանում ու ծաղրի։ Մեկ էլ նորից զգում էր, որ պատրաստ կլիներ ընկած լինել նրա ոտների մոտ։ Կանչում էր նրան, կրծոտում էր մատները, ձեռքերով սեղմում էր գլուխը։ Մեծ ճիգ էր գործադրում, որպեսզի հանգիստ մտածի նրան գտնելու մասին, ու չէր կարողանում։ Մտքովն անցնում էին հազար ու մի հնարներ և միջոցներ, բայց մեկը մյուսից ցնորական։ Վերջապես նրա գլխում ծագեց մի միտք, թե բացի Ավլոսից ուրիշ ոչ ոք չի հափշտակել Լիգիային, որ համենայն դեպս Ավլոսը պետք է գիտենա, թե որտեղ է նա թաքնվում։

Եվ վեր թռավ՝ Ավլոսների տուն վազելու համար։ Եթե իրեն չեն տա նրան, եթե չեն վախենա իր սպառնալիքներից, կերթա Կեսարի մոտ, ծերունի զորապետին կմեղադրի անհնազանդության մեջ և ձեռք կբերի մահվան դատավճիռ. բայց դրանից առաջ խոստովանանք դուրս կկորզի նրանցից, թե որտեղ է Լիգիան։ Իսկ եթե կտան իրեն, նույնիսկ հոժարակամ, դարձյալ վրեժ կառնի, ճիշտ է, նրանք իրեն տուն են ընդունել և խնամել, բայց այդ ոչինչ։ Այս վիրավորանքով իրեն ազատեցին ամեն մի երախտագիտությունից։ Այստեղ նրա վրեժխնդիր և դյուրագրգիռ բնությունը սկսեց զմայլվել այն մտքից, թե ինչպե՞ս կհուսահատվի Պոմպոնիա Գրեկինան, երբ կենտուրիոնը ծերունի Ավլոսին կբերի մահվան դատավճիռը։ Գրեթե վստահ էր, թե այդ կհաջողվի։ Իրեն կօգնի Պետրոնիոսը։ Վերջապես ինքը Կեսարն էլ ոչինչ չի մերժում իր ընկերակից ավգուստիաններին[143], եթե միայն նրան չի թելադրում մերժել որևէ անձնական դժկամություն կամ կիրք։

Եվ հանկարծ նրա սիրտը համարյա թե մեռավ սարսափելի ենթադրության ազդեցությունից։

Իսկ եթե ինքը Կեսա՞րն է Լիգիային հափշտակել։

Բոլորն էլ գիտեին, որ Կեսարը հաճախ ձանձրույթից զբաղմունք էր որոնում գիշերային արշավանքների մեջ։ Մինչև անգամ Պետըոնիոսն էր մասնակցում այս արշավանքներին։ Ճիշտ է, սրանց գլխավոր նպատակն էր կանայք բռնելը և զինվորական թիկնոցներով ուշաթափվելու չափ վեր նետելը։ Այնուամենայնիվ ինքը Ներոնը այս արշավանքները «մարգարիտների որս» էր անվանում, որովհետև պատահել էր, որ խեղճ խառնիճաղանջ ազգաբնակություն ունեցող արվարձանների խորքերում որսացել էին գեղեցկության և երիտասարդության ճշմարիտ մարգարիտ։ Այն ժամանակ sagatio֊ն, ինչպես անվանում էին զինվորական թիկնոցով այդ վեր նետելը, փոխվում էր իսկապես ավարառության, և «մարգարիտն» ուղարկում էին կամ պալատիոն, կամ Կեսարի անթիվ դղյակներից որևէ մեկը, կամ վերջապես Ներոնը նրան զիջում էր իր ընկերակիցներից մեկին։ Այսպես կարող էր պատահել և Լիգիայի հետ։ Կեսարը զննում էր նրան մեծարքի ժամանակ, և Վինիկիոսը մի րոպե չէր կասկածում, որ Լիգիան նրա տեսած կանանցից ամենագեղեցիկը պիտի երևար։ Եվ ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել։ Ճիշտ է, նա Ներոնի պալատում էր, և կարող էր ազատ պահել, բայց, ինչպես ճիշտ նկատել էր Պետրոնիոսը, Կեսարը համարձակ չէր ոճրագործություն անելիս և կարողանալով բացարձակ գործել միշտ գերադասում էր գործել գաղտնի։ Այս անգամ կարող էր նրան այդ բանին դրդել և Պոպպեայի երկյուղը։ Վինիկիոսի մտքով այժմ անցավ, որ Ավլոսները գուցե չհանդգնեին բռնի կերպով հափշտակել մի օրիորդի, որն իրեն էր ընծայված Կեսարից։ Ո՞վ, վերջապես, կհանդգներ։ Գուցե այն հսկա կապուտաչյա լի՞գը, որ, այնուամենայնիվ, համարձակվեց մտնել տրիկլինիոն և մեծարքից դուրս բերել նրան իր ձեռքերի վրա։ Բայց որտե՞ղ կարող էր թաքնվել նրա հետ, ո՞ւր կարող էր տանել նրան։ Ո՛չ, ստրուկն անընդունակ է այդ բանին։ Ուրեմն, ուրիշ ոչ ոք չի արել այդ, եթե ոչ միայն Կեսարը։

Այս մտքից Վինիկիոսի աչքերը մթնեցին, և ճակատը ծածկվեց քրտինքի կաթիլներով։ Եթե այդպես է, Լիգիան ընդմիշտ կորած է։ Կարելի է նրան կորզել ամեն մի ուրիշ, բայց ոչ այդպիսի ձեռքից։ Այժմ առաջվանից ավելի մեծ իրավունքով կարող էր կրկնել «Vae misero mihi» Երևակայությունը նրան ներկայացնում էր Լիգիային Ներոնի գրկում, և կյանքում առաջին անգամ հասկացավ, որ կան այնպիսի մտքեր, որ մարդ ուղղակի չի կարող տանել։ Միայն այժմ իմացավ, թե որչափ սիրում էր նրան։ Ինչպես խեղդվողի հիշողության մեջ կայծակի արագությամբ պատկերվում է նրա ամբողջ կյանքը, այնպես էլ նրա հիշողության մեջ սկսեց երևալ Լիգիան։ Տեսնում էր նրան, լսում նրա ամեն մի խոսքը։ Տեսնում էր նրան շատրվանի մոտ, տեսնում էր Ավլոսների տանը և մեծարքին։ Զգում էր նրա մերձավորությունը, զգում էր նրա մազերի բուրմունքը, մարմնի տաքությունը, համբույրների հրապույրը, այն համբույրների, որ մեծարքին դրոշմում էր նրա կուսական անմեղ շրթունքներին։ Լիգիան երևում էր նրան հազար անգամ ավելի գեղեցիկ, ավելի անձկալի, ավելի քաղցր, հազար անգամ ավելի միակ ընտրելին բոլոր մահկանացուների և բոլոր աստվածների միջից, քան երբևիցե։ Եվ երբ մտածում էր, թե այս ամենին, ինչ որ սրտի մեջ այսպես արմատակալել է, ինչ որ իր կյանքն ու արյունն է դարձել, կարող է տիրանալ Ներոնը, նրան ցավ էր բռնում, ֆիզիկական մի այնպիսի սաստիկ ցավ, որ նա ուզում էր գլուխը ատրիոնի պատերին տալ, ջախջախել։ Նա զգում էր, որ կարող է խելագարվել և որ անպատճառ կխելագարվեր, եթե իրեն դեռ մնացած չլիներ վրեժը։ Բայց ինչպես առաջ նրան թվում էր, թե չի կարողանա ապրել, եթե ձեռք չբերի Լիգիային, այնպես էլ այժմ՝ թե չի կարողանա մեռնել, մինչև որ վրեժ չառնի։ Այս միտքը մի փոքր թեթևացնում էր նրան։ «Կլինեմ քո Կասսիոս Քերեան»,— կրկնում էր ինքն իրեն՝ մտածելով Ներոնի մասին։ Քիչ հետո իմպլուվիոնը[144] շրջապատող ծաղկամաններից մի բուռ հող առնելով՝ սարսափելի երդում արեց Երեբոսի, Հեկատայի[145] և սեփական տնային աստվածների անունով, որ վրեժխնդիր կլինի մինչև վերջ։

Եվ, ճիշտ որ, թեթևություն զգաց։ Գիտեր գոնե, թե ինչի համար ապրի և ինչով լցնի ցերեկն ու գիշերները։ Հետո, թողնելով Ավլոսների մոտ գնալու միտքը, մտածում էր, որ եթե իրեն ներս չեն թողնի Կեսարի մոտ, կամ կուզենան ստուգել արդյոք հետը զենք չի՞ առել, այդ մի ապացույց կլինի, թե Լիգիային հափշտակել է Կեսարը։ Սակայն զենք չառավ։ Բոլորովին կորցրել էր գիտակցությունը, բայց, ինչպես առհասարակ մտքերով հափշտակված բոլոր մարդիկ, պահպանել էր գիտակցությունը միայն այն բանի մասին, ինչ որ վերաբերում էր վրեժին։ Չէր կամենում, որ սա լինի ժամանակից առաջ։ Բացի դրանից, ցանկանում էր նախ և առաջ տեսնել Ակտեին, որովհետև կարծում էր, որ նրանից կարող է ճշմարտությունն իմանալ։ Ժամանակ առ ժամանակ նրա մեջ հույս էր ծագում, թե գուցե կտեսնի նաև Լիգիային, և այդ մտքից սկսում էր դողալ։ Իսկ եթե Կեսարը հափշտակել է նրան, չիմանալով ում է հափշտակում, և այսօր իրեն վերադարձնի՜։ Բայց իսկույն նա թողեց այս ենթադրությունը։ Եթե ուզենային Լիգիային իրեն ուղարկել, կուղարկեին երեկ։ Միայն Ակտեն կարող էր բոլորը պարզել, և ուրիշներից առաջ նրա հետ պիտի տեսնվել։

Այս բանը հաստատապես վճռելով՝ Վինիկիոսը հրամայեց ստրուկներին արագացնել քայլերը, իսկ ճանապարհին անկարգ մտածում էր մեկ Լիգիայի, մեկ էլ վրեժի մասին։ Լսել էր, որ եգիպտական Պախտ աստվածուհու քրմերը գիտեն հիվանդություններ առաքել ում վրա որ կամենում եմ, և մտքում դրեց նրանցից իմանալ հնարը։ Արևելքում նրան ասել էին նաև, թե հրեաները ինչ֊որ հմտություններ ունեն, որոնց օգնությամբ թշնամիների մարմինները ծածկում են բորով։ Ստրուկների թվում նա իր տանն ուներ մի քանի հրեաներ, ուստի իրեն խոստացավ, որ վերադառնալով կհրամայի գանակոծել նրանց, մինչև որ իրեն այդ գաղտնիքը հայտնեն։ Բայց ամենամեծ զվարճությամբ մտածում էր հռոմեական կարճ դաշույնի մասին, որ արյան շիթեր է ցողեցնում, հենց այնպիսի շիթեր, որպիսիները դուրս ցայտեցին Կայոս Կալիգուլայի մարմնից և անջնջելի բծեր թողին պորտիկի սյուների վրա։ Նա այժմ պատրաստ էր ամբողջ Հռոմի կոկորդը կտրել, և եթե որևէ վրեժխնդիր աստված իրեն խոստանար, որ բոլոր մարդիկ կմեռնեն, բացի իրենից ու Լիգիայից, կհամաձայներ այդ մտքին։

Կամարի առջև նա ամբողջ գիտակցությունը հավաքեց և, պրետորիական[146] պահապաններին տեսնելով, մտածեց, որ եթե մտնելու ժամանակ իրեն որևէ արգելք դնելու լինեն, այս մի ապացույց կլինի, որ Լիգիան Կեսարի կամքով պալատումն է։ Բայց ավագ կենտուրիոնը[147] ժպտաց նրան մտերմաբար և մի քանի քայլ առաջ գալով՝ ասաց.

— Ողջույն քեզ, ազնվազարմ տրիբուն։ Եթե ցանկանում ես Կեսարին երկրպագել, վատ միջոցի ես եկել, և չգիտեմ՝ արդյոք կկարողանա՞ս նրան տեսնել։

— Ի՞նչ է պատահել,— ասաց Վինիկիոսը։

— Աստվածազարմ փոքրիկ Ավգուստան արդեն երկու օր է, ինչ անսպասելի հիվանդացել է, Կեսարը և ավգուստա Պոպպեան նրա կողքին են բժիշկների հետ միասին, որոնց հավաքել են ամբողջ քաղաքից։

Սա մի նշանավոր դեպք էր։ Երբ իրեն այդ աղջիկը ծնվեց, Կեսարն ուղղակի գժվում էր բախտավորությունից և ընդունեց նրան extra humanum gaudium[148]։ Դեռ դրանից առաջ ծերակույտը Պոպպեայի արգանդը ամենայն հանդիսավորությամբ հանձնեց աստվածների խնամքին։ Եվ Անտիոնում[149], որտեղ Պոպպեան ազատվեց, ուխտադրություններ կատարվեցին, տեղի ունեցան հոյակապ խաղեր, բացի այդ, կառուցվեց մեհյան՝ ի պատիվ երկու ֆորտունաների[150]։ Ներոնը, որ ոչ մի բանի մեջ չէր կարողանում չափ պահպանել, նույնիսկ անչափ սիրում էր այս մանկանը։ Պոպպեայի համար այս երեխան թանկ էր, թեկուզ նրա համար, որ ավելի հաստատում էր իր դիրքը և անդիմադրելի էր դարձնում իր ազդեցությունը։

Փոքրիկ Ավգուստայի առողջությունից և կյանքից կարող էր կախված լինել ամբողջ կայսրության բախտը, բայց Վինիկիոսն այնպես զբաղված էր ինքն իրենով, սեփական խնդրով և սեփական սիրով, որ համարյա ոչ մի ուշադրություն չդարձրեց կենտուրիոնի հայտնածի վրա և պատասխանեց.

— Կամենում եմ տեսնվել միմիայն Ակտեի հետ։

Եվ անցավ։

Բայց Ակտեն զբաղված էր երեխայով, և Վինիկիոսը պիտի երկար սպասեր։ Արդեն կեսօրվա մոտ էր, երբ նա եկավ տանջված և գունատ դեմքով, բայց Վինիկիոսի տեսքից ավելի գունատվեց։

— Ակտե,— Գոչեց Վինիկիոսը՝ նրա ձեռքը բռնելով և նրան քաշելով ատրիոնի մեջտեղը, ո՞ւր է Լիգիան։

— Կամենում էի քեզ հարցնել դրա մասին,— պատասխանեց նա՝ հանդիմանությամբ նայելով նրա աչքերին։

Իսկ զինվորականը թեև երդվել էր իրեն, որ հանգիստ հարցուփորձ կանի նրան, նորից ձեռքերով սեղմեց իր գլուխը և սկսեց կրկնել կսկծից և բարկությունից ծռված դեմքով.

— Չկա նա։ Ճանապարհին նրան հափշտակեցին ինձնից։

Մի րոպեից սակայն ուշքի եկավ և մոտեցնելով իր դեմքը Ակտեի դեմքին՝ ասաց սեղմված ատամների միջից.

— Ակտե՛... Եթե քեզ սիրելի է կյանքդ, եթե չես կամենում այնպիսի մեծ դժբախտությունների պատճառ դառնալ, որ մինչև անգամ չես կարող երևակայել, ճշմարիտ պատասխանիր ինձ՝ արդյոք Կեսարը չէ՞, որ հափշտակել է նրան։

— Կեսարը երեկ պալատից դուրս չի եկել։

— Թե մորդ ուրվականը սիրես, թե բոլոր աստվածներին սիրես, արդյոք նա պալատում չէ՞։

— Մորս ուրվականը վկա, Մարկոս, նա պալատում չէ, և Կեսարը չէ, որ հափշտակել է նրան։ Երեկվանից հիվանդացել է փոքրիկ Ավգուստան, և Ներոնը չի հեռանում նրա օրորոցի մոտից։

Վինիկիոսը ազատ շունչ քաշեց։ Այն, ինչ ամենից ավելի սարսափելի էր թվում, դադարեց սպառնալ նրան։

— Ուրեմն,— ասաց նա՝ նստելով նստարանի վրա և բռունցքները սեղմելով,— նրան հափշտակել են Ավլոսները, և եթե այդպես է, վայ նրանց։

— Ավլոս Պլավտիոսն այսօր առավոտ այստեղ էր։ Չկարողացավ ինձ հետ տեսնվել, քանի որ զբաղված էի երեխայով, բայց Եպաֆրոդիտեսից և կայսերական ուրիշ ծառաներից հարցուփորձ է արել Լիգիայի մասին և հետո հայտնել է նրանց, որ դարձյալ կգա ինձ հետ տեսնվելու։

— Կամեցել է կասկածանքը իրենից հեռացնել։ Եթե չգիտենար, թե ինչ է պատահել Լիգիային, իմ տունը եկած կլիներ՝ որոնելու նրան։

— Նա թողել է ինձ մի քանի տող տախտակի վրա։ Նրանցից կտեսնես, որ իմանալով, թե Կեսարը Լիգիային վերցրել է իր տնից քո և Պետրոնիոսի ցանկությամբ, հույս է ունեցել, թե աղջիկը ուղարկված պիտի լիներ քեզ մոտ, և այսօր առավոտյան եկել է քո տուն, ուր իրեն պատմել են՝ ինչ է պատահել։

Այս ասելով՝ Ակտեն մտավ կուբիկուլոն և մի րոպեից վերադարձավ Ավլոսի թողած տախտակը[151] ձեռքին։

Վինիկիոսը կարդաց և լռեց։ Իսկ Ակտեն կարծես երիտասարդի մտքերն էր կարդում նրա մռայլ դեմքից, որովհետև մի րոպե անց ասաց.

— Ո՛չ, Մարկոս։ Եղավ այն, ինչ որ ուզում էր ինքը Լիգիան։

— Դու, ուրեմն, գիտեի՞ր, որ նա ուզում է փախչել,— բացականչեց Վինիկիոսը։

Կին արմատը նայեց նրան իր մշուշապատ աչքերի համարյա խիստ հայացքով.

— Գիտեի, որ չի կամենում քո հարճը լինել։

— Իսկ դու ի՞նչ ես եղել քո ամբողջ կյանքում։

— Ես առաջ ստրուկ եմ եղել։

Բայց Վինիկիոսը չդադարեց հուզվել։ Կեսարը իրեն էր ընծայել Լիգիային, ուստի կարիք չունի հարցնելու, թե նա ինչ է եղել դրանից առաջ։ Կգտնի նրան թեկուզ գետնի տակից և նրա հետ կանի ամենը, ինչ որ իրեն հաճելի է։ Այդպես է։ Նա իր հարճը կլինի. կհրամայի գանակոծել նրան, որքան որ իրեն հաճելի է։ Երբ նա իր համար ձանձրալի կդառնա, կտա նրան իր ստրուկներից հետինին կամ կհրամայի երկանաքարեր պտույտ տալ իր աֆրիկական կալվածներում։ Այժմ կորոնի, կգտնի միայն նրա համար, որ տրորի, ոտնակոխ անի և ստորացնի նրան։

Եվ ավելի ու ավելի գրգռվելով՝ Վինիկիոսը ամեն չափ կորցնում էր այն աստիճան, որ նույնիսկ Ակտեն հասկացավ։ որ խոստանում է ավելի, քան թե կատարելու ընդունակ է, և որ նրա մեջ խոսում է բարկությունն ու կսկիծը։ Կսկծի նկատմամբ կարող էր կարեկից լինել, բայց Վինիկիոսի չափազանց կատաղությունը նրա համբերությունը սպառեց այնպես, որ վերջապես հարցրեց նրան, թե ինչո՞ւ է իր մոտ եկել։

Վինիկիոսը միանգամից պատասխան չգտավ։ Եկել է նրա մոտ, որովհետև այդպես է կամեցել, որովհետև կարծել է, թե մի որևէ տեղեկություն կհայտնի իրեն, բայց իսկապես եկել է Կեսարի մոտ և չկարողանալով տեսնել մտել է նրա մոտ։ Լիգիան փախչելով հակառակել է Կեսարի կամքին, ուստի ինքը Կեսարին կաղաչի, որ հրամայի որոնել աղջկան ամբողջ քաղաքի և պետության մեջ, թեկուզ դրա համար հարկավոր լինի գործի գնել բոլոր լեգեոնները, և խուզարկել հերթով կայսրության ամեն մի տուն։ Պետրոնիոսը կպաշտպանի իր խնդիրը, և կսկսեն որոնել հենց այսօրվանից։

Այս բանի վրա Ակտեն ասաց.

— Զգուշացի՛ր, որ հավիտյան չկորցնես նրան, մանավանդ, երբ նրան գտնեն Կեսարի հրամանով։

Վինիկիոսը հոնքերը կիտեց։

— Այդ ի՞նչ է նշանակում,— հարցրեց նա։

— Լսիր ինձ, Մարկոս։ Երեկ Լիգիայի հետ միասին այստեղի պարտեզումն էինք և պատահեցինք Պոպպեային և փոքրիկ Ավգուստային, որին տանում էր Լիլիթ եթովպուհին։ Երեկոյան երեխան հիվանդացավ, իսկ Լիլիթը պնդում է, թե աչքով են տվել և թե աչքով տվողն այն օտարուհին է, որին հանդիպել են պարտեզում։ Եթե երեխան առողջանա, կմոռանան այս մասին, իսկ հակառակ դեպքում Պոպպեան առաջինը կլինի, որ Լիգիային կմեղադրի վհուկության մեջ, և այն ժամանակ, հենց որ գտնեն, նրա համար փրկություն չի լինի։

Մի րոպե լռություն տիրեց. ապա Վինիկիոսը հառաչեց.

— Գուցե և հմայել է. ինձ էլ է հմայել։

— Լիլիթը կրկնում է, թե երեխան մեր մոտով անցավ թե չէ, իսկույն լաց եղավ։ Ճշմարիտ որ, լաց եղավ։ Երևի նրան արդեն հիվանդ էին դուրս բերել պարտեզ։ Մարկո՛ս, փնտրիր նրան ինքդ՝ որտեղ կամենաս. բայց քանի դեռ փոքրիկ Ավգուստան չի առողջանա, Լիգիայի մասին մի՛ խոսիր Կեսարի հետ, որովհետև նրա վրա կհրավիրես Պոպպեայի վրեժը։ Բավական է. ինչքան նրա աչքերը լաց են եղել քո պատճառով, և թող բոլոր աստվածներն այժմ նրա խեղճ գլխին պահապան լինեն։

— Դու նրան սիրո՞ւմ ես, Ակտե,— հարցրեց մռայլ ձայնով Վինիկիոսը։

Իսկ ազատագրուհու աչքերում արտասուքներ փայլեցին։

— Այո՛, սիրեցի նրան։

— Որովհետև քեզ ատելությամբ չվճարեց, ինչպես ինձ։

Ակտեն մի րոպե նայում էր նրան, կարծես թե տարակուսելով, կամ կամենալով իմանալ արդյոք անկեղծորե՞ն է ասում, ապա պատասխանեց.

— Դյուրագրգիռ և կույր մա՛րդ. նա քեզ սիրում էր։

Վինիկիոսը խելագարի նման վեր թռավ այդ խոսքերի ազդեցությունից։ Սո՛ւտ է։ Նա ատում էր իրեն։ Ակտեն որտեղի՞ց կարող է գիտենալ։ Մի օրվա ծանոթությունից հետո Լիգիան նրան խոստովանե՞լ է։ Այս ի՞նչ սեր է, որ թափառաշրջիկ կյանքը, անտուն, չքավոր, անհաստատ ապագան, գուցե թշվառ մահը գերադասում է ծաղկազարդ տնից, ուր սպասում է սիրահարը՝ ճոխ խնջույքով։ Ավելի լավ է այսպիսի բաներ չլսի, որովհետև պատրաստ է խելագարվելու։ Ինքն այդ աղջկան չի փոխի այս պալատի բոլոր գանձերի հետ, իսկ նա փախավ։ Այս ի՞նչ սեր է, որ վախենում է վայելքից և բազմացնում է տանջանք ու կսկիծ։ Ո՞վ կհասկանա։ Ո՞վ կարող է մեկնել։ Եթե հույս չունենար, որ կգտնի նրան, դաշույնը կցցեր իր սիրտը։ Սերը անձնատուր է լինում, ոչ թե զրկում է։ Ավլոսների տանը մի վայրկյան կար, երբ հավատում էր մոտալուտ երջանկության, բայց այժմ գիտե, որ իրեն ատում էր, ատում է և կմեռնի ատելությունը սրտում։

Բայց Ակտեն, որ առհասարակ երկչոտ էր և քաղցրախոս, ինքն էլ բռնկվեց վրդովմունքով... Նա ինչպե՞ս է աշխատել գրավել Լիգիային։ Փոխարեն Ավլոսին և Պոմպոնիային գլուխ տալու և նրա ձեռքը խնդրելու, դավաճանությամբ խլեց երեխան ծնողներից. կամենում էր նրան ոչ թե իրեն կին դարձնել, այլ հարճ. նրան, որ թագավորի աղջիկ էր։ Եվ մտցրեց նրան ոճրագործության և անառակության այս տունը. նրա անմեղ աչքերն անարգեց անպատկառ խնջույքի տեսարանով, վարվում էր իբրև անառակ կնոջ հետ։ Մի՞թե մոռացել է, թե ի՛նչ է Ավլոսների տունը, ի՛նչ է Պոմպոնիա Գրեկինան, որ կրթել է Լիգիային։ Մի՞թե այնքան խելք չունի, որ հասկանա, թե նրանք ուրիշ կանայք են, քան թե Նիկիդիան, քան թե Կալվիա Կրիսպինիլլան, քան թե Պոպպեան և քան թե բոլոր այն կանայք, որոնց պատահում է Կեսարի տանը։ Մի՞թե, տեսնելով Լիգիային, միանգամից չհասկացավ, որ նա մի մաքուր կույս է, որ մահը գերադասում է անարգանքից։ Որտեղի՞ց արդյոք գիտե, թե ո՛ր աստվածներին է նա հավատում, և նրանք ավելի մաքուր, ավելի վեհ չե՞ն, քան թե անառակ Վենուսը, կամ թե Իսիդը, որին պաշտում են ազատաբարո հռոմուհիները։ Ո՛չ։ Լիգիան չխոստովանեց, բայց ասում էր իրեն, որ փրկությունը սպասում է նրանից՝ Վինիկիոսից. հույս ուներ, որ նա կխնդրի և ձեռք կբերի Կեսարից իր տուն վերադառնալու թույլտվությունը և կվերադարձնի իրեն Պոմպոնիային։ Եվ այս ասելիս բորբոքվում էր, ինչպես մի աղջիկ, որ սիրում և հավատում է։ Եվ Լիգիայի սիրտը բաբախում էր նրա համար, բայց նա ինքը վախեցրեց նրան, վիրավորեց, վրդովեց և թող հիմա որոնի նրան Կեսարի զինվորների օգնությամբ. բայց թող իմացած լինի, որ եթե Պոպպեայի աղջիկը մեռնի, նրա վրա կընկնի կասկածանքը, և նրա կորուստը անխուսափելի կլինի։

Վինիկիոսի բարկության և կսկծի հետ սկսեց և խռովություն խառնվել։ Այն լուրը, թե Լիգիան իրեն սիրում էր, մինչև խորքը ալեկոծեց նրա հոգին։ Մտաբերեց օրիորդին, երբ Ավլոսի պարտեզում նա լսում էր իր խոսքերը շառագունած դեմքով և լուսափայլ աչքերով։ Նրան թվաց, որ այն ժամանակ նա իսկապես սկսել էր սիրել իրեն, և հանկարծ այդ մտքից տիրեց նրան մի ինչ֊որ երջանկության զգացմունք, հազար անգամ ավելի մեծ երջանկություն, քան այն, որին ինքն սպասում էր։ Մտածեց, թե, իրոք, կարող էր նրան ունենալ հոժարակամ և սիրով։ Ապա թե՝ նա մանվածք կփաթաթեր իր դռանը և սրա վրա գայլի ճարպ կքսեր, իսկ հետո, որպես իր կինը, կնստեր ոչխարի մորթու վրա, իր օջախի մոտ։ Ապա թե կլսեր նրա շրթունքներից խորհրդավոր. «Ուր որ դու, Կայոս, այնտեղ և ես Կայա»[152], և կլիներ ընդմիշտ իրենը։ Ինչո՞ւ այսպես չվարվեց։ Չէ՞ որ պատրաստ էր։ Իսկ հիմա նա չկա, և կարող է նրան չգտնել և եթե գտնելու էլ լինի, կարող է կորցնել, և եթե անգամ կորցնելու էլ չլինի, չեն ուզի իրեն ոչ Ավլոսները, ոչ էլ ինքը Լիգիան։ Այստեղ բարկությունը նորից սկսեց փշաքաղել նրա գլխի մազերը, բայց այժմ այն ուղղված էր ոչ թե Ավլոսների կամ Լիգիայի, այլ Պետրոնիոսի դեմ։ Նա էր բոլորի պատճառը։ Եթե նա չլիներ, Լիգիան կարիք չէր ունենա թափառելու, կլիներ իր հարսնացուն, և ոչ մի վտանգ չէր ծանրանա նրա խեղճ գլխի վրա։ Իսկ այժմ արդեն ամեն ինչ կատարվել է, և ուշ է չարիքն ուղղել, հնար չկա։

— Ո՛ւշ է։

Եվ թվում էր նրան, որ վարագույրը քաշվել է իր աչքերի առջևից։ Չգիտեր ինչ ձեռնարկի, ինչպես վարվի, ուր գնա։ Ակտեն արձագանքի պես կրկնեց «ուշ է» բառը, որը օտարի շրթունքներից նրա ականջին հնչեց մահվան դատավճռի պես։ Հասկանում էր միայն մի բան, որ պետք է գտնի Լիգիային, եթե ոչ, մի փորձանք է գալու իր գլխին։

Եվ մեքենաբար փաթաթվելով տոգայի մեջ՝ ուզում էր հեռանալ, մինչև անգամ հրաժեշտ չտալով Ակտեին, երթ այդ միջոցին ետ քաշվեց նախասենյակը ատրիոնից բաժանող վարագույրը, և նա հանկարծ տեսավ իր առջև Պոմպոնիա Գրեկինայի սգազգեստ կերպարանքը։

Ակներև էր, որ նա էլ տեղեկացել էր Լիգիայի անհետանալու մասին և, կարծելով, որ Ակտեի հետ տեսնվելն իր համար ավելի դյուրին կլինի, քան թե Ավլոսի համար, եկել էր սրանից մի լուր առնելու։

Բայց նկատելով Վինիկիոսին` նրա կողմն ուղղեց իր կարճ, գունատ դեմքը և քիչ հետո ասաց.

— Մարկո՛ս, Աստված ների քեզ այն չարիքը, որ պատճառեցիր մեզ և Լիգիային։

Իսկ սա կանգնած էր ճակատը խոնարհած, դժբախտության և մեղապարտության զգացմունքը սրտում, չհասկանալով, թե ո՞ր աստվածը պետք է և կարող է իրեն ներել, նաև թե Պոմպոնիան ինչո՞ւ է խոսում ներման մասին, մինչդեռ պետք է վրեժի մասին խոսեր.

Եվ վերջը դուրս եկավ անօգնական գլխով, ծանր մտքերով և սաստիկ թախիծով ու զարմանքով։

Բակում և սյունազարդ անցուղում մարդկանց անհանգիստ խմբեր էին կանգնած։ Պալատական ստրուկների մեջ երևում էին ասպետներ և սենատորներ, որոնք եկել էին փոքրիկ Ավգուստայի առողջությունն իմանալու և միաժամանակ պալատում երևալու և իրենց կարեկցության ապացույցը տալու համար, թեկուզ կայսերական ստրուկների ներկայությամբ։ «Աստվածուհու» հիվանդության լուրը, ինչպես երևում էր, արագ էր տարածվել, որովհետև պալատում հայտնվում էին նորանոր կերպարանքներ, իսկ կամարի բացվածքի միջով նկատելի էր ամբոխը։ Եկվորներից մի քանիսը, տեսնելով, որ Վինիկիոսը դուրս է գալիս պալատից, նորություններ էին հարցնում նրանից, բայց նա հարցերին չպատասխանելով՝ առաջ էր գնում, մինչև որ Պետրոնիոսը, որ նույնպես եկել էր տեղեկանալու, թափ չտվեց նրան ձեռքով և չկանգնեցրեց։

Վինիկիոսը անպատճառ կբորբոքվեր նրան տեսնելով և թույլ կտար իրեն մի որևէ անկարգություն Կեսարի պալատում, եթե Ակտեի մոտից դուրս եկած չլիներ ջարդված, այնպես ուժասպառ ու ճնշված, որ միառժամանակ նրան թողել էր մինչև անգամ նրա ժառանգական դյուրագրգռությունը։ Այնուամենայնիվ նա շուռ եկավ Պետրոնիոսից և ուզում էր անցնել, բայց մորեղբայրը կանգնեցրեց նրան համարյա թե զոռով.

— Ինչպե՞ս է Ավգուստան։

Բայց այս բռնությունը նորից գրգռեց Վինիկիոսին և ալեկոծեց նրան մի ակնթարթում։

— Թող դժոխքը կուլ տա նրան էլ, այս ամբողջ տունն էլ,— պատասխանեց նա՝ ատամները սեղմելով։

— Լռի՛ր, թշվառակա՛ն,— ասաց Պետրոնիոսը և շուրջը նայելուց հետո շտապ ավելացրեց.

— Կամենում ես մի բան իմանալ Լիգիայի մասին, արի՛ ինձ հետ։ Ո՛չ։ Այստեղ ոչինչ չեմ ասի։ Արի՛ ինձ հետ. կասեմ քեզ իմ ենթադրությունները դեսպակիս մեջ։

Եվ թևով գրկելով երիտասարդին՝ դուրս բերեց պալատից՝ որչափ կարելի է շտապ։ Նա հենց այդ էր ուզում, թեպետև ոչ մի նորություն չգիտեր։ Դրա փոխարեն, հեռատես մարդ լինելով և չնայած երեկվա տհաճությանը, Վինիկիոսին շատ սիրելով և, վերջապես, զգալով իրեն մասամբ պատասխանատու այն բոլորի համար, ինչ որ պատահել էր, Պետրոնիոսն արդեն մի քանի բան ձեռնարկել էր, ուստի երբ մտան դեսպակը, ասաց.

— Հրամայել եմ ստրուկներին բոլոր դարպասների մոտ հսկել՝ տալով նրանց աղջկա և այն հսկայի մանրամասն նկարագիրը, ով նրան Կեսարի մեծարքից դուրս տարավ, որովհետև կասկած չկա, որ նա է հափշտակողը։ Լսիր ինձ։ Գուցե Ավլոսները կուզենան թաքցնել նրան իրենց գյուղական կալվածքներից որևէ մեկում, և եթե այդպես է, մենք կիմանանք, թե ուր են նրան տարել։ Իսկ եթե դարպասների մոտ նրան չեն նկատել, այդ ապացույց կլինի, որ մնացել է քաղաքում, և հենց այսօր ևեթ կսկսենք քաղաքի մեջ որոնել։

— Ավլոսները չգիտեն ուր է նա,— պատասխանեց Վինիկիոսը։

— Հավատացա՞ծ ես, որ այդպես է։

— Տեսել եմ Պոմպոնիային։ Նրանք նույնպես որոնում են։

— Երեկ չէր կարող քաղաքից դուրս գնալ, որովհետև գիշերները դարպասները փակված են լինում։ Եմ ծառան երից երկու֊երկու հոգի պտտում են ամեն մի դարպասի մոտ։ Մեկը պետք է գնա Լիգիայի և այն հսկայի ետևից, իսկ մյուսն իսկույն պիտի վերադառնա՝ մեզ իմացնելու։ Եթե քաղաքում է, կգտնենք նրան, որովհետև հեշտ է ճանաչել այդ հսկային թեկուզ իր հասակից և լայն կռնակից։ Բախտավոր ես, որ նրան Կեսարը չի հափշտակել. կարող եմ քեզ հավատացնել, որ ոչ, որովհետև պալատիոնում ինձ համար ոչ մի գաղտնիք չկա։

Իսկ Վինիկիոսը բռնկեց ավելի կսկծից, քան թե բարկությունից, և սկսեց խռովությունից կտրվող ձայնով պատմել Պետրոնիոսին՝ ինչ որ լսել էր Ակտեից, և թե ինչպիսի նոր վտանգներ էին կուտակվել Լիգիայի գլխին, այնչափ սարսափելի վտանգներ, որ սրանք նկատի առնելով՝ փախստականներին գտնելուց հետո պետք է օրիորդին կրկին թաքցնել Պոպպեայից որչափ կարելի է խնամքով։ Հետո սկսեց դառնությամբ նախատել Պետրոնիոսին նրա խորհուրդների համար։ Եթե նա չլիներ, ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Լիգիան կլիներ Ավլոսների մոտ, և ինքը՝ Վինիկիոսը, կկարողանար ամեն օր տեսնել նրան և այսօրվա օրը Կեսարից երջանիկ կլիներ։ Եվ պատմելու ժամանակ ոգևորվելով՝ ավելի ու ավելի էր հուզվում, այնպես որ վերջը կսկծի և կատաղության արտասուքներ սկսեցին կաթկթել նրա աչքերից։

Իսկ Պետրոնիոսը, որ բոլորովին չէր սպասում, թե երիտասարդն այսչափ սիրել և ցանկանալ կարողանար, տեսնելով այս հուսահատական արտասուքները` իր մտքում ասում էր ինքն իրեն` մի տեսակ զարմանքով։ «0 Կիպրոսի զորավոր տիկին[153], միայն դու ես թագավորում աստվածների և մարդկանց վրա»։

ԳԼՈՒԽ ԺԲ

Երբ նրանք Պետրոնիոսի տան առջև դուրս եկան դեսպակից, ատրիոնի վերակացուն հաղորդեց նրանց, թե դարպասների մոտ ուղարկած ստրուկներից ոչ մեկը դեռ չի վերադարձել։ Atrienisi֊ը[154] հրամայել էր նրանց համար կերակուր տանել և նորից պատվիրել էր, որ եթե չեն ուզում ծեծ ուտել ուշիուշով դիտեն բոլոր քաղաքից դուրս գնացողներին։

— Տեսնո՞ւմ ես,— ասաց Պետրոնիոսը,— անկասկած, մինչև այժմ քաղաքումն են, իսկ եթե այդպես է, կգտնենք նրանց։ Բայց քո մարդկանց հրամայիր՝ հսկել դարպասների մոտ, մանավանդ նրանց, որոնք Լիգիայի ետևից էին ուղարկված, որովհետև նրանք հեշտությամբ կճանաչեն։

— Հրամայել եմ նրանց աքսորել գյուղական երգաստոլոնները,— ասաց Վինիկիոսը.— բայց իսկույն հրամանս կփոխեմ. թող գնան դարպասների մոտ։

Եվ մի քանի բառ գծելով մեղրամոմով ողորկած տախտակի վրա՝ տվեց Պետրոնիոսին, որը պատվիրեց այդ գրությունն իսկույն ուղարկել Վինիկիոսի տուն։

Հետո նրանք անցան ներքին պորտիկը և, այնտեղ նստելով մարմարիոնի նստարանի վրա, սկսեցին զրուցել։ Ոսկեհեր Եվնիկեն և Իրասը նրանց ոտների տակ քաշեցին բրոնզե աթոռներ և ապա նստարանին մի փոքր սեղան մոտեցնելով՝ սկսեցին նրանց գավաթները գինի լցնել գեղեցիկ նեղբերան կուժերից, որ բերված էին Վոլատեռայից և Կեկինայից[155]։

— Արդյոք քո ծառաներ ի մեջ կա՞ մեկը, որ ճանաչելիս լիներ այդ հսկայական լիգին,— Հարցրեց Պետրոնիոսը։

— Նրան ճանաչում էին Ատիկինոսը և Գուլոնը։ Բայց Ատիկինոսր երեկ ընկավ դեսպակի մոտ, իսկ Գուլոնին ես սպանեցի։

— Խղճում եմ նրան,— ասաց Պետրոնիոսը։— Նա ձեռքերի վրա է ման ածել ոչ միայն քեզ, այլև ինձ։

— Կամենում էի մինչև անգամ ազատագրել նրան,— պատասխանեց Վինիկիոսը.— բայց թողնենք նրան։ Խոսենք Լիգիայի մասին։ Հռոմը, այս ծովը...

— Մարգարիտները գտնվում են հենց ծովի մեջ... Հավանական է՝ չենք գտնի նրան այսօր կամ վաղը, բայց անպատճառ կգտնենք։ Դու ինձ այժմ մեղադրում ես, որ քեզ այս միջոցը խորհուրդ տվի, բայց միջոցը ինքնըստինքյան բարի էր, և վատ դարձավ միայն այն ժամանակ, երբ չար կողմը շրջվեց։ Չէ՞ որ լսել էիր իրենից՝ Ավլոսից, որ մտադիր է ամբողջ ընտանիքով Սիցիլիա տեղափոխվել։ Այն ժամանակ աղջիկը առանց այն էլ քեզնից հեռու կլիներ։

— Ես նրանց ետևից կերթայի,— պատասխանեց Վինիկիոսը,— բոլոր դեպքերում ապահով կլիներ, իսկ այժմ, երբ այն երեխան մեռնի, Պոպպեան և՛ ինքը կհավատա, և՛ կթելադրի Կեսարին, որ դա Լիգիայի մեղքով է։

— Այդպես է։ Դա ինձ էլ անհանգստացրեց։ Բայց այդ փոքրիկ տիկնիկը կարող է դեռ առողջանալ։ Իսկ եթե պետք է մեռնի, այն ժամանակ որևէ միջոց կգտնենք։

Այստեղ Պետրոնիոսը մի րոպե մտածեց, հետո ասաց.

— Պոպպեան, ասում են, հրեաների օրենքն է դավանում և հավատում է չար ոգիների։ Կեսարը սնահավատ է... Եթե լուր տարածենք, թե Լիգիային հափշտակել են չար ոգիները, լուրը հավատ կգտնի, մանավանդ, քանի որ նրան չի հափշտակել Կեսարը և ոչ էլ Ավլոս Պլավտիոսը, նա անհետացել է իսկապես խորհրդավոր կերպով։ Լիգն ինքը միայնակ չէր կարողանա այդ անել։ Պետք է օգնականներ ունենար, իսկ մի ստրուկ մի օրվա ընթացքում որտեղի՞ց կարող էր այդչափ մարդիկ հավաքել։

— Ստրուկները միմյանց պաշտպանում են ամբողջ Հռոմում։

— Որը երբևիցե սաստիկ կտուժի դրանից։ Այո, միմյանց պաշտպանում են և ոչ թե հակառակում. այստեղ հայտնի էր, որ քո ստրուկների վրա կընկնի թե՛ պատասխանատվությունը և թե՛ պատիժը։ Եթե ծառաներիդ ներշնչես չար ոգիների մասին ենթադրությունդ, իսկույն կհաստատեն, որ իրենց աչքերով են տեսել, որովհետև նրանք միանգամից քո աչքում արդարացված կլինեին... Փորձի համար հարցրու որևէ մեկին՝ արդյոք չի՞ տեսել, ինչպես էին Լիգիային տանում օդով, և Զևսի վահանով իսկույն կերդվի, որ այդպես էր։

Վինիկիոսը, որ նույնպես սնահավատ էր, հանկարծակի և սաստիկ անհանգստությամբ նայեց Պետրոնիոսին։

— Եթե Ուրսուսը չէր կարող օգնականներ ունենալ և չէր կարող ինքը միայնակ հափշտակել նրան, ապա ո՞վ է նրան հափշտակել։

Իսկ Պետրոնիոսն սկսեց ծիծաղել։

— Տեսնո՞ւմ ես,— ասաց նա,— կհավատան, եթե դու արդեն կիսով չափ հավատում ես։ Այսպես է մեր աշխարհր, որ աստվածներին ծաղրում է։ Կհավատան և չեն որոնի նրան. իսկ մենք այդ միջոցին կտեղավորենք նրան մի որևէ տեղ, քաղաքից հեռու, իմ կամ քո որևէ դղյակում։

— Այնուամենայնիվ ո՞վ կարող էր օգնել նրան։

— Նրա հավատակիցները,— պատասխանեց Պետրոնիոսը։

— Ովքե՞ր։ Ի՞նչ աստվածություն է նա պաշտում։ Այդ ես քեզանից լավ պետք է գիտենայի։

— Հռոմում ամեն մի կին այլևայլ աստվածություն է պաշտում։ Աներկբայելի բան է, որ Պոմպոնիան նրան կրթել է այն աստվածության պաշտամունքի մեջ, որին ինքը հավատում է, իսկ որի՞ն է հավատում, չգիտեմ։ Մի բան միայն ճիշտ է, որ ոչ ոք չի տեսել նրան, որ մեր մեհյաններից մեկում մեր աստվածներին զոհաբերելիս լիներ։ Մինչև անգամ նրան մեղադրում էին, թե քրիստոնյա է, բայց այս անկարելի բան է։ Տնային դատաստանը նրան արդար համարեց այս մեղադրանքից։ Քրիստոնյաների մասին խոսում են, թե ոչ միայն էշի գլուխ են պաշտում, այլև մարդկային ցեղի թշնամի են և ամենազազրելի ոճիրներ են գործում։ Ուստի Պոմպոնիան չի կարող քրիստոնյա լինել, քանի որ հռչակված է իր առաքինությամբ, իսկ մարդկային ցեղի թշնամին ստրուկների հետ չէր վարվի այնպես, ինչպես նա էր վարվում։

— Ոչ մի տան մեջ նրանց հետ այնպես չեն վարվում, ինչպես Ավլոսների տանը,— ընդհատեց Վինիկիոսը։

— Ուրեմն տեսնո՞ւմ ես։ Պոմպոնիան իմ ներկայությամբ հիշատակեց մի ինչ-որ Աստուծո մասին, որ պետք է մի լինի, ամենակալ և արդարադատ։ Ո՞ր ծակն է պահել մնացած բոլոր աստվածներին, նրա գործն է. բավական է, որ նրա բանը երևի շատ էլ ամենակալ չէր լինի և ավելի շուտ պետք է չնչին աստվածություն լիներ, եթե ունենար միայն երկու պաշտողներ, այն է՝ Պոմպոնիային և Լիգիային, Ուրսուսն էլ վրաները ավելացրած։ Նրանք՝ այդ պաշտողները, ավելի պիտի լինեն և նրանք են օգնել Լիգիային։

— Այդ հավատը հրամայում է ներել,— ասաց Վինիկիոսը.— Ակտեի մոտ հանդիպեցի Պոմպոնիային, որն ինձ ասաց. «Թող քեզ Աստված ների այն չարիքը, որը դու պատճառեցիր Լիգիային և մեզ»։

— Երևի նրա աստվածը մի ինչ֊որ «curator»[156] է, սաստիկ բարեսիրտ... Հա՛, թող ների քեզ և, ի նշան ներման, թող քեզ վերադարձնի այդ աղջկան։

— Վաղը նրան կզոհեի հեկատոմբեն[157]։ Չեմ ուզում ո՛չ ուտել, ո՛չ լողանալ, ո՛չ քնել. կառնեմ մուգ լակերնան[158] և կերթամ թափառելու քաղաքի փողոցներում։ Գուցե այդպես գտնեմ նրան։ Հիվանդ եմ։

Պետրոնիոսը նայեց նրան մի տեսակ կարեկցությամբ։ Իրոք, Վինիկիոսի աչքերի տակ կապտել էին, բիբերի մեջ փայլում էր տենդ, առավոտյան չածիլած մազերը կապույտ թաղանթով էին ծածկել նրա խիստ որոշվող այտերը, մազերն անկարգ էին, և ինքը հիվանդի կերպարանք ուներ։ Իրասը և ոսկեհեր Եվնիկեն նայում էին նրան նույնպես կարեկցությամբ, իսկ նա կարծես թե չէր տեսնում նրանց, և երկուսը Պետրոնիոսի հետ այնչափ ուշադրություն չէին դարձնում ստրուկների ներկայության, որչափ իրենց շուրջը պտտվող շների վրա։

— Տենդ ունիս,— ասաց Պետրոնիոսը։

— Այո՛։

— Ուրեմն լսիր ինձ... Չգիտեմ ինչ դեղ կտար քեզ բժիշկը, բայց գիտեմ, թե ես ինչպե՛ս կվարվեի քո տեղը, ես... Ահա, մինչև այն աղջկա գտնելը կորոնեի ուրիշի մեջ այն, ինչ նրանով ինձ պակասեց։ Քո դղյակի մեջ տեսել եմ գեղեցիկ մարմիններ։ Մի՛ հակառակիր ինձ... Գիտեմ ինչ է սերը և գիտեմ, որ երբ մեկին ես ցանկանում, մյուսը նրան չի փոխարինի։ Բայց գեղեցիկ ստրկուհու մեջ կարելի է գտնել գոնե վայրկենական մոռացում...

— Չեմ ուզում,— պատասխանեց Վինիկիոսը։

Բայց Պետրոնիոսը, որ նրա նկատմամբ ճշմարիտ սեր էր տածում, աշխատում էր, իսկապես, թեթևացնել նրա տանջանքը, սկսեց մտածել, թե ինչ անի։

— Գուցե քո ստրկուհիները քեզ համար արդեն նորության հրապույր չունեն,— ասաց նա, բայց այստեղ սկսեց հերթով նայել Իրասին ու Եվնիկեին և վերջապես ձեռքը դրեց հույն աղջկա ազդրի վրա։— Լավ զննիր այս նազելուն։ Մի քանի օր առաջ ֆոնտենոս կապիտոն Կրտսերը սրա համար ինձ երեք հրաշագեղ կլազոմենացի պատանիներ էր տալիս, որովհետև ավելի գեղեցիկ մարմին գուցե նույնիսկ Սկոպասը[159] չի ստեղծագործել։ Ինքս չգիտեմ, թե ինչու մինչև այսօր սրա նկատմամբ անտարբեր եմ մնացել։ Քրիսոթեմիսի միտքը հո ինձ չի զսպել։ Ահա սրան քեզ եմ պարգևում. առ, քեզ լինի։

Իսկ ոսկեհեր Եվնիկեն, լսելով այս, մի վայրկյանում գունատվեց կտավի պես և սարսափահար աչքերով նայեց Վինիկիոսին. թվում էր, թե շունչը կտրած սպասում էր սրա պատասխանին։

Բայց սա հանկարծ վեր թռավ և քունքերը ձեռներով սեղմելով՝ սկսեք արագ խոսել, ինչպես մի մարդ, որ հիվանդությունից մաշվելով չի կամենում ոչ մի բանի մասին լսել։

— Ո՛չ, ո՛չ... Սրան ի՞նչ կանեմ, ի՞նչ կանեմ ուրիշներին... Շնորհակալ եմ քեզանից, բայց չեմ ուզում և գնում եմ նրան որոնելու ամբողջ քաղաքում։ Հրամայիր տալ ինձ գաղղիական լակերնան գլխանոցով։ Կերթամ Տիբերիսի մյուս ափը... Երանի թե գոնե Ուրսուսին տեսնեմ։

Եվ արագ դուրս գնաց։ Իսկ Պետրոնիոսը տեսնելով, որ նա, իսկապես, չի կարող մի տեղում նստել, չփորձեց պահել նրան։ Բայց Վինիկիոսի մերժումը ժամանակավոր զզվանք համարելով դեպի ամեն մեկը, որ Լիգիա չէ, և չկամենալով, որ իր վեհանձնությունը իզուր անցնի, դիմեց ստրկուհուն.

— Եվնիկե՛, կլողանաս, կօծվես և կզգեստավորվես, իսկ հետո կերթաս Վինիկիոսի տուն։

Բայց աղջիկը ծնկաչոք ընկավ և, ձեռները ծալելով, սկսեց նրան աղերսել, որ իրեն չհեռացնի տնից։ Նա չի գնա Վինիկիոսի մոտ և գերադասում է այստեղ փայտ կրել հյուպոկավստոնը, քան թե այնտեղ ծառաներից առաջինը լինել։ Չի՛ ուզում, չի՛ կարող և աղաչում է, պաղատում է նրան, որ խղճա իրեն։ Թող հրամայի ամեն օր ծեծել իրեն՝ միայն թե դուրս չանի տնից։

Եվ տերևի պես դողալով թե՛ երկյուղից և թե՛ ոգևորությունից՝ նա ձեռները տարածում էր նրա կողմը. իսկ Պետրոնիոսը զարմացած լսում էր ստրկուհուն։ Մի ստրկուհի, որ համարձակվում է աղաչել, չկատարել հրամանը, որ ասում է «չե՛մ ուզում. չե՛մ կարող», մի այնպիսի չտեսնված բան էր Հռոմում, որ Պետրոնիոսն առաջին անգամ չէր կամենում ականջներին հավատալ։ Վերջը հոնքերը կիտեց։ Նա չափից դուրս նրբակիրթ էր խստասիրտ լինելու համար։ Նրա ստրուկներին, մանավանդ ինչ որ անառակության էր վերաբերում, ավելի ազատություն էր տրված, քան թե ուրիշներին, մի պայմանով, որ ժամանակին կատարեին ծառայությունը և տիրոջ կամքը Աստուծո կամքին հավասար համարեին։ Այս երկու պարտականություններից խույս տվողի համար նա գիտեր, սակայն, չխնայել այն պատիժները, որոնց, ընդհանուր սովորության համաձայն, ենթարկվում էին նրանք։ Եվ որովհետև բացի այդ չէր տանում հակաճառություն և առհասարակ ոչ մի բան, որ իր հանգստությունն էր վրդովում, ուստի մի րոպե նայելով չոքեչոք ընկած աղջկան ասաց.

— Կկանչես ինձ մոտ Տեյրետիասին և կվերադառնաս նրա հետ միասին։

Եվնիկեն վեր կացավ դողալով, արտասուքն աչքերին և հեռացավ, բայց մի րոպեից վերադարձավ ատրիոնի վերակացու կրետացի Տեյրեսիասի հետ։

— Կառնես Եվնիկեին,— ասաց նրան Պետրոնիոսը,— և սրան քսան և հինգ հարված կտաս, բայց այնպես, որ կաշին չվնասվի։

Այս ասելով՝ նա անցավ գրադարան և, նստելով վարդագույն մարմարիոնից շինած սեղանի մոտ, սկսեց զբաղվել իր «Տրիմալքիոնի մեծարք»֊ով։

Բայց Լիգիայի փախուստը և փոքրիկ Ավգուստայի տկարությունը չափազանց շփոթում էին նրա մտքերը, այնպես որ երկար չէր կարողանում պարապել։ Մանավանդ, որ այդ տկարությունն էլ նշանավոր իրողություն էր։ Պետրոնիոսի մտքովն անցավ, որ եթե Կեսարը հավատա, թե Լիգիան է հմայել փոքրիկ Ավգուստային, պատասխանատվությունը կարող է ընկնել և իր վրա, որովհետև իր խնդրանքով էր աղջիկը պալատ բերվել։ Բայց նա հույս ուներ, որ հենց առաջին տեսակցության միջոցին կկարողանա ցույց տալ Կեսարին այդօրինակ ենթադրության ամբողջ անմտությունը, մի փոքր էլ հույս էր դնում նաև մի տեսակ համակրանքի վրա, որ զգում էր դեպի իրեն Պոպպեան։ Իրոք, Պոպպեան մեծ խնամքով թաքցնում էր այդ զգացմունքը, բայց ոչ այնպիսի խնամքով, որ Պետրոնիոսը չկարողանար հասկանալ։ Մի րոպեից նա իր ուսերը թափահարեց այս երկյուղի վրա և վճռեց մտնել տրիկլինիոն՝ նախաճաշելու և ապա հրամայելու, որ մի անգամ էլ իրեն պալատ տանեն, հետո Մարսյան դաշտ, իսկ այնտեղից՝ Քրիսոթեմիսի մոտ։

Բայց տրիկլինիոն գնալիս, ճանապարհին, ծառաների համար նշանակված բաժանմունքի դռան մոտ, պատի տակ, ուրիշ ստրուկների շարքում նկատեց հանկարծ Եվնիկեի վայելչակազմ կերպարանքը և մոռանալով, որ Տեյրեսիասին ոչ մի այլ հրաման չէր տվել, բացի նրան ծեծելուց, նորից հոնքերը կիտեց և սկսեց աչքերով որոնել վերակացուին։

Չտեսնելով նրան ծառաների մեջ՝ նա դիմեց Եվնիկեին.

— Հարվածներն ստացա՞ր։

Իսկ սա կրկին ընկավ նրա ոտքերը, մի վայրկյան շրթունքներին կպցրեց նրա տոգայի ծայրը, հետո պատասխանեց.

— Օ՜, այո՛, տե՛ր։ Ստացա՜, այո՛, տե՛ր։

Նրա ձայնի մեջ կարծես ուրախություն և երախտագիտություն էր լսվում։ Երևում էր, որ կարծում է, թե ծեծը պետք է փոխարինի տնից հեռացնելուն, և թե այժմ կարող է արդեն մնալ։ Պետրոնիոսին, որ այս հասկացավ, զարմացրեց ստրկուհու այս կրքոտ ընդդիմադրությունը. բայց չափազանց լավ էր ճանաչում մարդկային սիրտը, որպեսզի չհասկանար, որ միայն սերն էր կարող այդպիսի ընդդիմադրության առիթ լինել։

— Ունի՞ս սիրեկան այս տան մեջ,— հարցրեց նա։

Իսկ աղջիկը նրան ուղղեց իր կապույտ արտասվալից աչքերը և պատասխանեց այնպես ցած, որ հազիվ կարելի էր լսել.

— Այո՛, տե՛ր։

Եվ իր այս աչքերով, ետ ձգած ոսկեհերով, երկյուղը և հույսը դեմքին այնպես գեղեցիկ էր, նայում էր նրան այնպես աղերսալից, որ Պետրոնիոսը, որ իբրև փիլիսոփա փառաբանում էր սիրո ուժը, իսկ իբրև գեղագետ պաշտում էր ամեն գեղեցկություն, նրա նկատմամբ մի տեսակ գորով զգաց։

— Սրանցից ո՞րն է քո սիրեկանը,— հարցրեց նա՝ գլխով ցույց տալով ծառաներին։

Բայց այս խոսքերին ոչ մի պատասխան չկար. Եվնիկեն միայն գլուխը խոնարհեց գրեթե մինչև նրա ոտքերը և մնաց անշարժ։

Պետրոնիոսը նայեց ստրուկներին, որոնց թվում կային գեղեցիկ և ամրակազմ կտրիճներ, բայց ոչ մեկի երեսին ոչինչ չկարողացավ կարդալ. իսկ դրա փոխարեն բոլորի դեմքին էլ ինչ֊որ տարօրինակ ժպիտ կար. ապա նա ևս մեկ րոպե նայեց իր ոտքերի մոտ տարածված Եվնիկեին և լուռ հեռացավ տրիկլինոն։

Նախաճաշիկից հետո նա հրամայեց իրեն տանել պալատ, իսկ հետո՝ Քրիսոթեմիսի մոտ, ուր մնաց մինչև ուշ գիշեր։ Տուն վերադառնալով՝ նա հրամայեց կանչել իր մոտ Տեյրեսիասին։

— Եվնիկեն հարվածներն ստացե՞լ է,— հարցրեց նա։

— Այո՛, տե՛ր։ Բայց արգելեցիր կաշին վնասել։

— Արդյոք նրա վերաբերյալ քեզ ոչ մի ուրիշ հրաման չե՞մ տվել։

— Ոչ, տե՛ր,— անհանգստությամբ պատասխանեց

— Շա՛տ բարի։ Ստրուկներից ո՞րն է նրա սիրեկանը։

— Ոչ ոք, տե՛ր։

— Ի՞նչ գիտես նրա մասին։

Տեյրեսիասն սկսեց խոսել մի փոքր անվստահ ձայնով.

— Եվնիկեն երբեք գիշերները չի թողնում կուբիկուլոնը. այնտեղ քնում է պառավ Ակրիզիոնայի և Իֆիդի հետ. տեր, քո լողանալուց հետո երբեք չի մնում բաղնիքում... Մյուս ստրկուհիները ծաղրում են նրան և անվանում են Դիանա[160]։

— Բավական է,— ասաց Պետրոնիոսը։— Իմ ազգական Վինիկիոսը, որին այսօր առավոտյան ուզեցի ընծայել Եվնիկեին, չընդունեց նրան. ուրեմն՝ տանը կմնա։ Կարող ես գնալ։

— Թույլ կտա՞ս ինձ դարձյալ խոսել Եվնիկեի մասին, տեր։

— Ասացի քեզ, որ ասես բոլորը, ինչ որ գիտես։

— Ամբողջ «ֆամիլիան» խոսում է, տեր, այն աղջկա փախուստի մասին, որ պետք է բնակվեր ազնիվ Վինիկիոսի տանը։ Քո գնալուց Հետո Եվնիկեն եկավ ինձ մոտ և հայտնեց, թե ճանաչում է մի մարդու, որը կարող է գտնել նրան։

— Ա՜, — ասաց Պետրոնիոսը,— այդ ի՞նչ մարդ է։

— Չեմ ճանաչում, տեր, բայց կարծում էի, որ պարտավոր եմ քեզ հայտնել այս մասին։

— Շատ բարի։ Թող այդ մարդը վաղը իմ տանն սպասի տրիբունի գալստյանը, և Վինիկիոսին էլ կխնդրես իմ անունից, որ առավոտյան այցելի ինձ։

Atrensis֊ը գլուխ տվեց և դուրս գնաց։

Իսկ Պետրոնիոսն սկսեց ակամա մտածել Եվնիկեի մասին։ Սկզբում նրան պարզ բան էր երևում, որ ջահել աղջիկը աշխատում է, որ Վինիկիոսը գտնի Լիգիային միայն նրա համար, որպեսզի ինքը ստիպված չլինի նրա տեղը բռնել Վինիկիոսի տանը։ Բայց հետո նրա միտն ընկավ, որ այն մարդը, որին հանձնարարում է Եվնիկեն, կարող է նրա սիրեկանը լինել, և այս միտքը նրան հանկարծ դուր չեկավ։ Իրոք, ճշմարտությունն իմանալու մի հասարակ միջոց կար՝ բավական էր հրամայել կանչելու Եվնիկեին. բայց ուշ էր, Պհտրոնիոսն իրեն հոգնած էր զգում Քրիսոթեմիսի մոտ երկար այցելությունից հետո և շտապում էր քնել։ Այնուամենայնիվ կուբիկուլոնը գնալիս հիշեց, հայտնի չէ, թե ինչու, որ Քրիսոթեմիսի աչքերի անկյուններում այսօր խորշոմներ նկատեց։ Մտածեց նույնպես, որ նրա գեղեցկությունը շատ ավելի հռչակված էր Հռոմում, քան արժանի էր, և որ Ֆոնտենոս Կապիտոնը, որ Եվնիկեի փոխարեն իրեն նվիրում էր երեք կլազոմենացի պատանի, շատ էժան գնով էր կամենում գնել աղջկան։

ԳԼՈՒԽ ԺԳ

Մյուս օրը Պետրոնիոսը նոր էր վերջացրել հագնվելը ունկտորիոնում, երբ եկավ Տեյրեսիասի միջոցով հրավիրված Վինիկիոսը։ Նա արդեն գիտեր, որ ոչ մի նորություն չի եկել դարպասների մոտից, և այս տեղեկությունը փոխանակ նրան մխիթարելու իբրև ապացույց, որ Լիգիան գտնվում է քաղաքում, ճնշեց նրա հոգին ավելի ևս, որովհետև սկսեց ենթադրել, թե Ուրսուսր կարող էր նրան դուրս բերել քաղաքից՝ անհապաղ հափշտակելուց հետո և ուրեմն ավելի առաջ, քան թե Պետրոնիոսի ստրուկներն սկսել էին հսկել դարպասների մոտ։ Ճիշտ է, աշնանը, երբ օրերն ավելի կարճ էին դառնում, դարպասները վաղ էին փակում, բայց և բաց էին անում դուրս գնացողների համար, որոնց թիվը հայտնի էր լինում։ Պարսպից դուրս կարելի էր գտնվել նաև ուրիշ միջոցներով, որ, օրինակ, քաղաքից փախչել կամեցող ստրուկները լավ գիտեին։ Վինիկիոսը մարդիկ էր ուղարկել նաև գավառ տանող բոլոր ճանապարհները, ամենափոքր քաղաքների պահակների մոտ՝ հայտնելով զույգ ստրուկների փախուստը, կցելով Ուրսուսի և Լիգիայի մանրամասն նկարագիրը և նրանց բռնելու համար պարգև խոստանալով։ Սակայն կասկածելի էր՝ արդյոք այս հետապնդումը կարո՞ղ է նրանց հասնել, և եթե մինչև իսկ հասներ, տեղական իշխանություններն իրենց իրավասու կզգայի՞ն նրանց կալանավորել Վինիկիոսի մասնավոր պահանջով, որ պրետորին[161] ձեռքով վավերացրած չէր։ Այսպիսի վավերացման համար ժամանակ չկար։ Իսկ Վինիկիոսն ամբողջ երեկվա օրը որոնում էր Լիգիային՝ ստրուկի շորով, քաղաքի բոլոր փողոցներում, բայց չհաջողվեց ամենափոքր մի հետք կամ ցուցմունք գտնել։ Տեսել էր, ճշմարիտ է, Ավլոսների մարդկանց, բայց նրանք, թվում էր, նույնպես ինչ֊որ որոնում էին, այսպիսով, հաստատվեց միայն նրա այն ենթադրությունը, թե Ավլոսները չեն նրան հափշտակողները և որ նրանք նույնպես չգիտեն, թե ուր է նա։

Ուստի երբ Տեյրեսիասը նրան հաղորդեց, թե կա մի մարդ, որ հանձն է առնում գտնել աղջկան, Վինիկիոսն անհապաղ շտապեց Պեարոնիոսի տուն և հազիվ նրան ողջունելով սկսեց այդ մարդու մասին հարց ու փորձ անել։

— Իսկույն նրան կտեսնենք,— ասաց Պետրոնիոսը։— նա Եվնիկեի ծանոթն է, Եվնիկեն այս րոպեիս գալու է իմ տոգայի ծալքերը հարդարելու և մեզ նրա մասին ավելի ընդարձակ տեղեկություն կտա։

— Նա՞, որին երեկ ուզում էիր ինձ ընծայել։

— Նա, որին երեկ մերժեցիր, և այդ բանի համար շնորհակալ եմ քեզանից, որովհետև նա ամենալավ վեստիպլիկան[162] է ամբողջ քաղաքում։

Վեստիպլիկան եկավ առաջ, քան թե սա վերջացրեց իր խոսքը և, փղոսկրով զարդարված բազկաթոռից վերցնելով ծալած տոգան, բաց արեց այն՝ Պետրոնիոսի ուսերին ձգելու համար։ Դեմքը պայծառ էր, խաղաղ և աչքերի մեջ ուրախություն էր փայլում։

Պետրոնիոսը մտիկ տվեց նրան, և աղջիկը նրան շատ գեղեցիկ թվաց։ Մի րոպե հետո, երբ Եվնիկեն փաթաթելով նրան տոգայի մեջ, սկսեց հարդարել, ժամանակ առ ժամանակ կռանալով ծալքերը ձգելու համար, տերը նկատեց, որ նրա բազուկները բաց վարդի հրապուրիչ գույն ունեն, իսկ կուրծքն ու կռնակը՝ սադափի կամ ալեբաստրի թափանցիկ փայլ։

— Եվնիկե՛,— ասաց նա,— այստե՞ղ է այն մարդը, որի մասին երեկ դու հայտնել էիր Տեյրեսիասին։

— Այստեղ է, տե՛ր։

— Ի՞նչ է նրա անունը։

— Քիլոն Քիլոնիդես, տե՛ր։

— Ո՞վ է նա։

— Բժիշկ, իմաստուն և հմայող, որ գիտե մարդկանց ճակատագիրը կարդալ և գուշակել ապագան։

— Արդյոք գուշակե՞լ է և քո ապագան։

Եվնիկեն կարմրեց, կարմրեցին մինչև անգամ նրա ականջներն ու պարանոցը։

— Այո՛, տե՛ր։

— Եվ ի՞նչ է գուշակել։

— Որ ինձ կպատահի ցավ և բախտավորություն։

— Ցավը քեզ երեկ պատահեց Տեյրեսիասի ձեռքից, ուստի պետք է և բախտավորությունը հասնի։

— Արդեն հասել է, տեր։

— Ի՞նչ։

Իսկ նա կամացուկ շշնջաց.

— Մնացի՜։

Պետրոնիոսը ձեռքը դրեց նրա ոսկեհեր գլխին։

— Այսօր լավ հարդարեցիր ծալքերը, և գոհ եմ քեզնից, Եվնիկե։

Իսկ աղջկա աչքերն այս շփումից մեկ ակնթարթում ծածկվեցին երջանկության մշուշով, կուրծքն սկսեց արագ բարձրանալ։

Պետրոնիոսը Վինիկիոսի հետ անցան ատրիոն, ուր նրանց սպասում էր Քիլոն Քիլոնիդեսը, որ տեսնելով նրանց՝ շատ ցածրաձայն ողջունեց։ Պետրոնիոսի շրթունքներին ժպիտ երևաց, հենց որ հիշեց իր երեկվա ենթադրությունը, թե սա կարող է լինել Եվնիկեի սիրեկանը։ Նրա առջև կանգնած մարդը ոչ մեկի սիրեկանը չէր կարող լինել։ Այս տարօրինակ կերպարանքի մեջ կար ինչ֊որ թե՛ զզվելի և թե՛ ծիծաղաշարժ բան։ Ծեր չէր. նրա անխնամ մորուքի և ոլորուն մազերի մեջ տեղ֊տեղ սպիտակ մազ էր երևում։ Փորը փոս էր ընկած, ուսերը առաջ էին եկել, այնպես որ առաջին հայացքից թվում էր, թե սապատավոր է. այս սապատի վրա վեր էր ցցված մեծ գլուխը, որ կապկի և միաժամանակ աղվեսի դեմք ուներ ու թափանցիկ նայվածք։ Նրա դեղին երեսը խոցերով էր ծածկված, մանավանդ քիթը, որ ցույց էր տալիս նրա չափազանց սերը դեպի գինին։ Նրա անփույթ զգեստը, որ կազմված էր մուգ այծի բրդիդ մանված տունիկայից և նույնչափ ծակոտկեն թիկնոցից, իսկական կամ թվացող չքավորության ապացույց էր։ Պետրոնիոսը նրան տեսնելով՝ հիշեց հոմերական Թերսիդեսին[163], ուստի ձեռքի շարժումով պատասխանելով նրա ողջույնին՝ ասաց.

— Ողջույն քեզ, աստվածային Թերսիդես։ Ինչպե՞ս են քո խոցերը, որ Տրոյայի մոտ քո մարմնի վրա դրոշմեց Ուլիսսեսը, և ի՞նչ է անում նա ինքը Ելիսեյան[164] դաշտերում։

— Ազնի՛վ տեր,— պատասխանեց Քիլոն Քիլոնիդեսը,— մեռածներից ամենաիմաստունը՝ Ուլիսսեսը, իմ միջոցով կենդանիներից ամենաիմաստունին՝ Պետրոնիոսին ողջույն և խնդիր է ուղարկում, որ նա թիկնոցով ծածկի իմ խոցված տեղերը։

— Եռակի Հեկատան[165] վկա,— բացականչեց Պետրոնիոսը,— պատասխանն արժե՛ թիկնոցի։

Բայց խոսակցության շարունակությունն ընդհատեց անհամբեր Վինիկիոսը, որն ուղղակի հարցրեց.

— Արդյոք լավ գիտե՞ս, թե ի՞նչ ես հանձն առնում։

— Երբ երկու «ֆամիլիաները» երկու հոյակապ տների մեջ ոչ մի ուրիշ բանի մասին չեն խոսում, իսկ նրանց ետևից Հռոմի կեսը կրկնում է լուրը, դժվար չէ գիտենալ,— պատասխանեց Քիլոնը։— Անցյալ գիշեր հափշտակել են Ավլոս Պլավտիոսի տանը սնված Լիգիա կամ իսկապես Կալլինա կոչված աղջկան, որին քո ստրուկները, տեր, Կեսարի տնից ուղեկցում էին դեպի քո «ինսուլան». իսկ ես հանձն եմ առնում գտնել նրան քաղաքի մեջ, կամ եթե նա թողել է քաղաքը, որ քիչ հավանական է, ցույց տալ քեզ, ազնիվ տրիբուն, ուր է փախել և որտեղ է թաք կացել։

— Լա՛վ,— ասաց Վինիկիոսը,— որ հավանեց պատասխանի ճշտությունը,— ի՞նչ միջոցներ ունես այդ բանի համար։

Քիլոնը խորամանկությամբ ժպտաց.

— Միջոցները քո ձեռքին են, տե՛ր. ես միայն խելք ունեմ։

Պետրոնիոսը նույնպես ժպտաց և բոլորովին գոհ էր։ «Այս մարդը կարող է աղջկան գտնել»,— մտածեց նա։

Այդ միջոցին Վինիկիոսը կիտեց իր միացած հոնքերը և ասաց.

— Թշվառական, եթե ինձ խաբում ես շահիդ համար, կհրամայեմ քեզ բրածեծ անել։

— Փիլիսոփա եմ, տե՛ր, իսկ փիլիսոփան չի կարող շահախնդիր լինել, մանավանդ այնպիսի բաների, որ դու ինձ վեհանձնաբար խոստանում ես։

— Ա՛հ, փիլիսոփա՞ ես,— հարցրեց Պետրոնիոսը։— Եվնիկեն ասաց ինձ, որ բժիշկ և հմայող ես։ Որտեղի՞ց ես ճանաչում Եվնիկեին։

— Եկել էր ինձ մոտ ճարի, քանի որ իմ հռչակը հասել էր նրա ականջին։

— Ի՞նչ ճար էր ուզում։

— Սիրո՛, տե՛ր, կամենում էր բժշկվել անփոխադարձ սիրուց։

— Եվ բժշկեցի՞ր նրան։

— Ավելին արի, տեր, որովհետև նրան հուռութք տվեցի, որ ապահովում է փոխադարձ սեր։ Կիպրոսի Պաթոսում կա մի մեհյան, տեր, որտեղ պահում են Վենուսի գոտին։ Եվնիկեին երկու թել տվեցի այդ գոտուց՝ նշի կեղևի մեջ։

— Եվ լավ վարձատրություն ստացա՞ր։

— Փոխադարձ սիրո համար երբեք չի կարելի բավականաչափ վարձատրել, իսկ ես աջ ձեռքիս երկու մատ չունենալով՝ դպիր֊ստրուկի վարձն եմ հավաքում, որպեսզի նա գրի իմ մտքերը և պահի իմ վարդապետությունն աշխարհի համար։

— Ո՞ր դպրոցին ես պատկանում, աստվածային իմաստուն։

— Ցինիկ[166] եմ, քանի որ չքավորությունս տանում եմ համբերությամբ. պերիպատետիկ[167] եմ, քանի որ դեսպակ չունենալով ոտով եմ շրջում գինետնից գինետուն և ճանապարհին սովորեցնում եմ նրանց, որոնք խոստանում են վճարել գինու համար։

— Իսկ գինու առջև դառնում ես հռետո՞ր։

— Հերակլիտոսը[168] ասել է. «Ամեն ինչ հոսում է», իսկ կարո՞ղ ես հերքել, տե՛ր, որ գինին հոսում է։

— Եվ քարոզում էր, որ հուրը աստվածություն է, իսկ այս աստվածությունը վառվում է քո քթիդ։

— Իսկ աստվածային Դիոգենհս Ապոլլոնիացին[169] քարոզում էր, որ տիեզերքի էությունը օդն է, և որքան ավելի տաք է օդը, այնքան ավելի կատարյալ էակներ է ստեղծում, և ամենատաքից ստեղծվում են իմաստունների հոգիները։ Բայց աշնան հետ գալիս է ցուրտը, ուստի ճշմարիտ իմաստունը պարտական է հոգին տաքացնել գինով, որովհետև, նույնպես չես կարող հերքել, տե՛ր, որ գինին, թեկուզ հենց Կապուայի կամ Տելեսիայի[170] ողողոցքը, տաքություն է տարածում մարդուս փուչ մարմնի բոլոր ոսկորների մեջ։

— Քիլոն Քիլոնիդես, ո՞ւր է քո հայրենիքը։

— Եվքսինյան Պոնտոսի մոտ։ Ծագում եմ Մեսամբրիայից[171]։

— Քիլոն, մեծ մարդ ես։

— Եվ մոռացված,— ավելացրեց իմաստունը մելամաղձոտ ձայնով։

Սակայն Վինիկիոսը նորից անհամբեր էր դարձել։

Հույսը փայլեց նրա դեմ, և նա ուզում էր, որ Քիլոնն իսկույն ևեթ ձեռնամուխ լինի որոնելու. այս ամբողջ խոսակցությունը նրան ժամանակի զուր կորուստ երևաց, և սրա համար չարացած էր Պետրոնիոսի վրա։

— Ե՞րբ կսկսես հետախուզություններդ,— ասաց նա՝ դիմելով հույնին։

— Արդեն սկսել եմ,— պատասխանեց Քիլոնը։— Եվ երբ այստեղ եմ, երբ պատասխանում եմ քո քաղցրախոս հարցերին, նույնպես որոնում եմ։ Միայն թե հույս ունեցիր, առաքինի տրիբուն, և իմացած եղիր, որ եթե կորցնեիր ոտնամանիդ կապը, կկարողանայի գտնել այդ կապը կամ այն մարդուն, որ փողոցում վերցրել է այդ կապը։

— Այսպիսի ծառայությունների համար արդյոք երբևէ դիմե՞լ են քո օգնությանը,— հարցրեց Պետրոնիոսը։

Հյուրը բարձրացրեց աչքերը։

— Այժմ չափից դուրս քիչ են գնահատում առաքինությունն ու իմաստությունը, այնպես որ մինչև իսկ փիլիսոփան է ստիպված լինում ապրուստի համար ուրիշ միջոցներ որոնել։

— Որո՞նք են այդ միջոցները։

— Բոլորը գիտենալ և նորություններ բերել նրանց, որոնք ցանկանում են։

— Եվ որոնք քեզ վճարո՞ւմ են։

— Ա՛խ, տե՛ր, մի դպիր գնելու պետք ունեմ։ Եթե ոչ իմ իմաստությունը կմեռնի ինձ հետ։

— Եթե մինչև այսօր նույնիսկ մի թիկնոցի գին չես հավաքել, քո ծառայությունները չպետք է երևելի լինեն։

— Համեստությունն արգելում է ինձ գովաբանել դրանք։ Բայց մտածի՛ր, տե՛ր, որ այժմ չկան այնպիսի բարերարներ, որոնք առաջ շատ էին և որոնց համար ծառայություն անողին գլխից մինչև ոտք ոսկու մեջ նստեցնելն այնպես դուրեկան էր, ինչպես Պուտեոլից[172] բերած մի ոստրե կուլ տալը։ Ոչ թե իմ ծառայությունները, այլ մարդկային երախտագիտությունն է փոքր։ Այն դեպքում, երբ փախած է լինում մի թանկագին ստրուկ, ո՞վ է նրան գտնողը, եթե ոչ իմ հոր միամոր զավակը։ Երբ պատերի վրա երևան են գալիս աստվածային Պոպպեայի դեմ գրություններ, ո՞վ է նրանց գրողներին ցույց տվողը։ Կեսարի դեմ գրված ոտանավորի մասին ո՞վ է իմանում գրավաճառանոցներում։ Ո՞վ է հաղորդում, թե ի՛նչ է խոսվում սենատորների և ասպետների տների մեջ. ո՞վ է այն նամակները տանում, որոնք չեն ուզում վստահել ստրուկներին։ Ո՞վ է նորություններ լսում վարսավիրների դռների մոտ. ո՞ւմ համար գաղտնիք չունեն գինեվաճառները, հացթուխները։ Ո՞ւմ են հավատում ստրուկները. ո՞վ կարող է ամեն մի տան ծակ ու ծուկը տեսնել ատրիոնից սկսած մինչև պարտեզ։ Ո՞վ գիտե բոլոր փողոցները, անցուղիները, թաքստի տեղերը. ո՞վ է իմանում, թե ի՞նչ են խոսում բաղնիքներում, կրկեսում, վաճառանոցներում, լանիստաների[173] դպրոցներում, ստրկավաճառների ամբարներում և մինչև անգամ արենարիաներում[174]։

— Թե աստվածները կսիրես, բավական է, ազնիվ իմաստուն,— բացականչեց Պետրոնիոսը,— որովհետև կխեղդվենք քո ծառայությունների, առաքինության, իմաստության և ճարտասանության մեջ։ Բավական է, ուզում էինք իմանալ ով ես, և իմացանք։

Վինիկիոսն ուրախ էր, որովհետև մտածում էր, որ այս մարդը, որսկան շան պես, մեկ անգամ հետքի վրա բաց թողած լինելով՝ չի դադարի, մինչև որ չգտնի թաքստի տեղը։

— Լա՛վ,— ասաց նա,— ցուցմունքներ հարկավո՞ր են քեզ։

— Զենք է հարկավոր ինձ։

— Ինչպիսի՞,— հարցրեց զարմանքով Վինիկիոսը։

Հույնը մի ձեռքը պարզեց, իսկ մյուսով փող համրելու շարժումը արեց։

— Այժմ այսպիսի ժամանակ է, տեր,— ասաց նա հոգոց հանելով։

— Ուրեմն, դու այն էշը կլինես,— նկատեց Պետրոնիոսը,— որը ամրոց է առնում ոսկու տոպրակների օգնությամբ[175]։

— Միայն թշվառ փիլիսոփա եմ, տեր,— խոնարհությամբ արտասանեց Քիլոնը,— ոսկին դուք ունեք։

Վինիկիոսը նրան շպրտեց քսակը, որը հույնը բռնեց օդի մեջ, թեև ուղիղ որ երկու մատ չուներ աջ ձեռքին։

Հետո նա բարձրացրեց գլուխը և ասաց.

— Տե՛ր, գիտեմ ավելի, քան թե կարծում ես։ Չեմ եկել այստեղ դատարկաձեռն։ Գիտեմ, որ աղջկան չեն հափշտակել Ավլոսները, որովհետև խոսել եմ նրանց ծառաների հետ։ Գիտեմ, որ նա պալատիոնում չէ, որովհետև բոլորն էլ զբաղված են փոքրիկ Ավգուստայի հիվանդությամբ, և գուցե նույնիսկ գուշակում եմ, թե ինչո՞ւ գերադաս եք համարում աղջկան որոնել իմ, քան թե Կեսարի վիգիլների[176] և զինվորների միջոցով։ Գիտեմ, որ նրա փախուստը հաջողեցրել է մի ծառա, որ միևնույն երկրից է, որտեղից և նա։ Այդ ծառան չէր կարող օգնություն գտնել ստրուկներից, որովհետև ստրուկները, որոնք բոլորն էլ միմյանց պաշտպանում են, չէին օգնի նրան քո ստրուկների դեմ։ Նրան կարող էին օգնել միայն հավատակիցները։

— Լսի՛ր, Վինիկիոս,— ընդմիջեց Պետրոնիոսը,— ես քեզ բառ առ բառ միևնույնը չէի՞ ասում։

— Այդ ինձ համար պատիվ է,— ասաց Քիլոնը։— Աղջիկը, տեր,— շարունակեց նա՝ դիմելով նորից Վինիկիոսին,— անկասկած պաշտում է նույն աստվածությունը, ինչ որ այն ամենաառաքինի հռոմուհին, այն իսկական ստոլազգեստ մատրոնան[177], Պոմպոնիան։ Լսել եմ նույնպես, որ Պոմպոնիային տնային դատաստանով դատել են ինչ-որ օտար աստվածների պաշտամունքի համար, բայց չկարողացա նրա ծառաներից տեղեկանալ, թե որն է այդ աստվածությունը և ինչպես են կոչվում նրա հետևորդները։ Եթե կարողանայի այս իմանալ, կերթայի նրանց մոտ, կդառնայի ամենաբարեպաշտը նրանց մեջ և ձեռք կբերեի նրանց վստահությունը։ Իսկ դու, տեր, որ, ինչպես գիտեմ, մի քանի օր անց ես կացրել ազնիվ Ավլոսի տանը, կարո՞ղ ես արդյոք ինձ այս մասին որևէ տեղեկություն տալ։

— Չեմ կարող,— ասաց Վինիկիոսը։

— Ինձ երկար հարցուփորձ էիք անում, իմ ազնիվ տերեր, և ես պատասխանում էի ձեր հարցերին. թույլ տվեք, որ այժմ ես հարցեր տամ։ Արդյոք չե՞ս տեսել, առաքինի տրիբուն, որևէ արձան, որևէ զոհաբերություն, որևէ նշան, որևէ հուռութք Պոմպոնիայի կամ քո աստվածային Լիգիայի վրա։ Արդյոք չե՞ս տեսել, որ իրար մեջ որևէ նշաններ գծելիս լինեին, որ միայն նրանց էին հասկանալի...

— Նշաննե՞ր... Սպասիր... Այո, մի անգամ տեսել եմ, թե ինչպես Լիգիան ավազի վրա ձուկ գծեց։

— Ձո՞ւկ... Աա՜։ Արդյոք նա այդ մի՞, թե՞ մի քանի անգամ արեց։

— Մի անգամ։

— Եվ վստա՞հ ես, տեր, որ նա գծեց... ձո՞ւկ։ Օ՜օ՜...

— Այո՛,— հետաքրքրված պատասխանեց Վինիկիոսը.— հասկանո՞ւմ ես, ինչ է այդ նշանակում։

— Հասկանում եմ,— բացականչեց Քիլոնը։

Եվ գլուխը խոնարհելով ի նշան հրաժեշտի՝ ավելացրեց.

— Թո՛ղ ֆորտունան հավասարաչափ թափի ձեզ վրա իր բոլոր բարիքները, պատվարժան տերեր։

— Հրամայիր, որ քեզ թիկնոց տան,— նրա ետևից ասաց Պետրոնիոսը։

— Ուլիսսեսը քեզ շնորհակալություն է հայտնում Թերսիտեսի փոխարեն,— պատասխանեց հույնը։

Եվ կրկին գլուխ տալով՝ դուրս գնաց։

— Ի՞նչ կասես այս ազնիվ իմաստունի մասին,— հարցրեց Պետրոնիոսը Վինիկիոսին։

— Կասեմ, որ սա կգտնի Լիգիային,— ուրախ֊ուրախ բացականչեց Վինիկիոսը.— բայց կասեմ նաև, որ եթե անզգամների մի պետություն գոյություն ունենար, սա կարող էր այդ պետության թագավորը լինել։

— Անկասկած։ Պետք է այս ստոիկի հետ ավելի մոտիկից ծանոթանամ. բայց մինչև այդ կհրամայեմ նրանից հետո խունկ ծխել ատրիոնում։

Իսկ Քիլոն Քիլոնիդեսը, փաթաթվելով իր նոր թիկնոցի մեջ, նրա փեշերի տակ ձեռքում թափ էր տալիս Վինիկիոսից ստացած քսակը և զմայլվում նրա ծանրությունից ու զնգզնգոցից։ Կամաց առաջ գնալով և ետ նայելով, թե արդյոք Պետրոնիոսի տնից ոչ ոք իրեն չի՞ նայում, անցավ Լիվիայի պորտիկը և հասնելով Clivus Yirbius֊ի անկյունը՝ ծռվեց դեպի Սուբուռան։

«Պետք է Սպորոսի մոտ գնալ,— ասում է նա ինքն իրեն, և մի փոքր գինի ցողել Ֆորտունայի պատվին։ Վերջապես գտա այն, ինչ երկար որոնում էի։ Երիտասարդ է, դյուրագրգիռ, առատաձեռն, ինչպես Կիպրոսի հանքերը, և այս լիգիական թռչնակի համար պատրաստ է իմ քաշի կեսը տալ։ Այո, հենց այսպիսի մեկին վաղուց էի փնտրում։ Պետք է սակայն նրա հետ զգույշ լինել, որովհետև նրա հոնքեր կիտելը ոչ մի բարի բան չի խոստանում։ Ա՜հ, գայլի լակոտները[178] այսօր տիրում են աշխարհիս... Ավելի քիչ կվախենայի այն Պետրոնիոսից։ Օ՜, աստվածնե՜ր, մի՞թե կավատությունն այսօր ավելի է վարձատրվում, քան առաքինությունը։ Հա, քեզ համար ձուկ գծեց ավազի վրա։ Եթե գիտեմ, թե այդ ինչ է նշանակում, թող մի կտոր այծի պանրից խեղդվեմ։ Բայց որովհետև ձկները ապրում են ջրի տակ, իսկ ջրի մեջ որոնելն ավելի դժվար է, քան թե ցամաքի վրա, ուստի նա ինձ այդ ձկան համար էլ կվճարի։ Այլևս մի այսպիսի քսակ, և կկարողանամ դեն ձգել աղքատի տոպրակն ու ինձ համար մի ստրուկ գնել... բայց ի՞նչ կասեիր, Քիլոն, եթե քեզ խորհուրդ տայի գնել ոչ թե ստրուկ, այլ ստրկուհի... ճանաչում եմ քեզ։ Գիտեմ, որ կհամաձայնես... Եթե գեղեցիկ լիներ, ինչպես օրինակ, Եվնիկեն է, ինքդ նրա կողքին կերիտասարդանայիր և նրանից որոշ եկամուտ կունենայիր։ Այս խեղճ Եվնիկեին իմ սեփական հին թիկնոցից երկու թել վաճառեցի։ Հիմար է, բայց եթե Պետրոնիոսն ինձ ընծայեր, կվերցնեի նրան։ Այո՜, այո՜, Քիլոնի զավակ։ Զրկվել ես հորից ու մորից... Որբ ես, ուրեմն մխիթարվելու համար գոնե ստրկուհի գնիր։ Ճիշտ է, պետք է նա մի տեղ բնակվի, ուստի Վինիկիոսը նրա համար բնակարան կվարձի, որտեղ և դու կուչ կգաս։ Նա պետք է հագնվի, Վինիկիոսը կվճարի նրա հագուստի համար և պետք է ուտի, ուստի կկերակրի նրան։ Ո՜հ, որչա՜փ ծանր է կյանքը։ Ո՞ւր է այն ժամանակը, երբ կես օբոլով[179] կարելի էր ճարել այնքան սիսեռ և աղած միս, որքան կարելի էր վերցնել երկու բռով, կամ մի կտոր այծի աղիք` արյունով լցված, այնպես երկար, ինչպես տասներկու տարեկան երեխայի բազուկը... Բայց ահա և այն անզգամը՝ Սպորոսը։ Գինետանը ամենից հեշտ է մի բան իմանալ»։

Այսպես խոսելով՝ նա մտավ գինետուն և հրամայեց մոտ բերել մի կուժ «մուգից», բայց տեսնելով տիրոջ կասկածոտ նայվածքը՝ քսակից մի ոսկեդրամ հանեց և, դնելով սեղանի վրա, ասաց.

— Սպորոս, այսօր առավոտվանից մինչև կեսօր պարապել եմ Սենեկայի հետ և ահա թե ճանապարհ ձգելիս ինչ ընծայեց ինձ իմ ընկերը։

Սպորոսի կլոր աչքերը ոսկու տեսքից ավելի կլորացան, և գինին իսկույն երևաց Քիլոնի առջև. իսկ սա, մատը թաթախելով նրա մեջ, սեղանի վրա ձուկ գծագրեց և ասաց.

— Գիտե՞ս սա ի՞նչ է նշանակում։

— Ձո՞ւկը։ Դե՛ ձուկը ձուկ է, էլի ի՞նչ։

— Հիմար ես, թեև գինու հետ այնքան ջուր ես խառնում, որ սրա մեջ կարող էր և ձուկ լինել։ Այս մի նշան է, որ փիլիսոփաների լեզվով ասվում է «Ֆորտունայի ժպիտ»։ Եթե այս նշանը իմանայիր, գուցե դու էլ բախտ գտնեիր։ Մեծարիր փիլիսոփային, ասում եմ քեզ, եթե ոչ, կփոխեմ գինետունը. այս բանին վաղուց ինձ դրդում է իմ անձնական բարեկամ Պետրոնիոսը։

ԳԼՈՒԽ ԺԴ

Հետևյալ մի քանի օրերը Քիլոնը ոչ մի տեղ չէր երևում։ Վինիկիոսը, որ Ակտեից տեղեկանալով, թե Լիգիան իրեն սիրում է, հազար անգամ ավելի էր փափագում գտնել նրան, սկսեց հետախուզությունները սեփական ուժերով, չկամենալով և այլև չկարողանալով օգնության համար դիմել Կեսարին, որ շատ անհանգստացած էր փոքրիկ Ավգուստայի հիվանդության պատճառով։

Բայց չօգնեցին մեհյաններում մատուցված զոհաբերությունները, աղոթքներն ու ուխտադրությունները, ինչպես և բժշկական և ամեն տեսակ հմայական միջոցները, որ գործ էին ածվում ճարահատյալ։ Մի շաբաթից երեխան մեռավ։ Սուգ ընկավ Հռոմում և պալատում։ Կեսարը, որ երեխայի ծնվելու ժամանակ ուրախությունից գժություններ էր անում, այժմ գժություններ էր անում վշտից և, իր սենյակում փակվելով, երկու օր բերանը կերակուր չէր առնում, և չնայելով, որ պալատում խռնվում էին խումբ֊խումբ սենատորներ ու ավգուստիաններ, որոնք շտապում էին կարեկցություն ու կսկիծ ցույց տալ, ոչ ոքի տեսնել չէր ցանկանում։ Սենատն արտակարգ նիստի հավաքվեց, ուր մեռած երեխան աստվածուհի հռչակվեց, վճռվեց նրա պատվին մեհյան կառուցել և այնտեղ առանձին քրմապետ նշանակել։ Հանուն մեռածի՝ մեհյաններում զոհեր էին մատուցում. թանկագին մետաղներից արձաններ ձուլեցին, իսկ հուղարկավորությունը մի անծայր հանդես էր, որի ժամանակ ժողովուրդը զարմանում էր Կեսարի վշտի չափազանց արտահայտությամբ, հետը լաց էր լինում, ձեռքերը տարածում՝ ընծաներ ստանալու համար, բայց և ամենից ավելի զվարճանում էր արտասովոր տեսարանով։

Պետրոնիոսին խռովության մեջ ձգեց այս մահը։ Արդեն ամբողջ Հռոմում հայտնի էր, որ Պոպպեան այս մահը վերագրում է հմայություններին։ Նրա հետ միասին նույնն էին կրկնում և բժիշկները, որոնք այսպիսով կարող էին արդարացնել իրենց ջանքերի անհաջողությունը, և քրմերը, որոնց զոհաբերություններն անզոր դուրս եկան, և գրբացները, որոնք դողում էին իրենց կյանքի համար, և ժողովուրդը։ Պետրոնիոսն այժմ ուրախ էր, որ Լիգիան փախել է, որովհետև չարիք չէր ցանկանում Ավլոսներին, իսկ թե՛ իրեն և թե՛ Վինիկիոսին բարիք էր ցանկանում. ուստի երբ վերցրին նոճու ճյուղը, որ ի նշան սգի ցցված էր պալատի տակ, գնաց մասնակցելու այն ընդունելությանը, որ պատրաստված էր սենատորների և ավգուստիանների համար. նա ուզում էր համոզվել, թե Ներոնը ինչքան է ենթարկվել հմայության լուրի ազդեցությանը, և այս բանի հետևանքների առաջն առնել։

Լավ ճանաչելով Ներոնին՝ նա ենթադրում էր, որ Կեսարը, եթե չհավատա էլ հմայություններին, կձևացնի, թե հավատում է, որպեսզի սեփական վիշտը խաբի և որևէ մեկից վրեժխնդիր լինի և, վերջապես, այն ենթադրության առաջն առնի, թե ոճրագործությունների համար աստվածներն սկսում են պատժել իրեն։

Պետրոնիոսը չէր կարծում, որ Կեսարը կարող է ճշմարիտ ու խոր սիրով սիրել անգամ իր երեխային, թեև նրան սիրում էր կրքոտ կերպով։ Նա հավատացած էր, որ Ներոնը կչափազանցնի իր վիշտը։ Եվ չսխալվեց։ Ներոնը սենատորների և ասպետների մխիթարություններին ականջ էր դնում քարացած դեմքով, մի կետի հառած աչքերով, և երևում էր, որ եթե, իրոք, մինչև անգամ մաշվում է, այնուամենայնիվ մտածում է նաև, թե իր վիշտն ինչպիսի տպավորություն է գործում ներկա եղողների վրա, միաժամանակ Նիոբե[180] է ձևացնում և ծնողական վշտի ներկայացում է տալիս այնպես, ինչպես այդ անում է մի դերասան բեմի վրա։ Նա չէր կարողանում հանգիստ մնալ նույնիսկ իր այս լուռ ու կարծես քարացած վշտի մեջ, որովհետև երբեմն այնպիսի շարժումներ էր անում, կարծես գլխին գետնից փոշի էր ցանում, երբեմն էլ խուլ հառաչում էր. իսկ Պետրոնիոսին տեսնելով՝ տեղից վեր թռավ և ողբերգական ձայնով գոչեց.

— Ավա՜ղ... Դու ևս մեղավոր ես նրա մահվան մեջ. քո խորհրդով էր, որ այս հարկի տակ մտավ այն չար հոգին, որ մի նայվածքով կյանքը ծծեց նրա կրծքից... Վա՜յ ինձ, երանի՜ աչքերս չտեսնեին Հելիոսի լույսը[181]... ինձ, ավա՜ղ, ավա՜ղ...

Եվ ավելի ու ավելի բարձրացնելով ձայնը` սկսեց հուսահատական ճիչեր արձակել. իսկ Պետրոնիոսն այդ վայրկյանին վճռեց իր ողջ բախտը մի խաղի ենթարկել. ձեռքը մեկնեց, արագությամբ քակեց մետաքսե թաշկինակը, որ Ներոնը միշտ կրում էր պարանոցին, և դրեց նրա շրթունքներին.

— Տե՛ր,— ասաց նա լրջմտությամբ,— այրի՛ր վշտիցդ Հռոմը, ամբողջ աշխարհը, միայն թե մեզ համար պահպանիր քո ձայնը։

Զարմացան ներկա եղողները, զարմացավ մի վայրկյան ինքը Ներոնը. միայն Պետրոնիոսը մնաց անվրդով։ Նա շատ լավ գիտեր, թե ինչ է անում։ Նա հիշում էր, որ Տերպնոսն ու Դիոդորը ուղղակի պատվեր էին ստացել փակել Կեսարի բերանը, երբ սա, չափազանց բարձրացնելով ձայնը, վերջինս վնասվելու որևէ վտանգի էր ենթարկում։

— Կեսա՞ր,— շարունակեց նա նույն լրջմտությամբ ու վշտով.— այնչափ մեծ կորուստ կրեցինք. թող մեզ գոնե մխիթարության այս գանձը մնա։

Ներոնի դեմքը դողդողաց, և աչքերից կաթկթեցին արտասուքներ. հանկարծ նա թևերը կռթնեց Պետրոնիոսի ուսերին և, գլուխը նրա կրծքին դնելով, սկսեց կրկնել հեկեկալով.

—Բոլորի միջից միայն դո՛ւ այդ մտածեցիր, միայն դո՛ւ, Պետրոնիոս, միայն դո՛ւ։

Տիգելլինոսը[182] նախանձից դեղնեց, իսկ Պետրոնիոսն ասաց.

— Գնա Անտիոն. այնտեղ նա աշխարհ եկավ, այնտեղ քեզ վրա իջավ ուրախությունը, այնտեղ կիջնի և խաղաղությունը։ Թող ծովի օդը կազդուրի քո աստվածային կոկորդը, թող կուրծքդ աղի խոնավություն ծծի։ Մենք՝ քո հավատարիմները, ամեն տեղ կերթանք քեզ հետ, և երբ քո վիշտը մեղմացնելիս կլինենք մեր բարեկամությամբ, մերը դու կմեղմացնես քո երգով։

— Այո՛,— ողբալից ձայնով պատասխանեց Ներոնը.— օրհներգ կգրեմ նրա հիշատակին և երաժշտական եղանակ կհնարեմ օրհներգիս համար։

— Իսկ հետո տաք արև կորոնես Բայքում։

— Իսկ հետո՝ մոռացություն Հունաստանում։

— Բանաստեղծության և երգի հայրենիքում։

Եվ քարացած, մռայլ տրամադրությունն աստիճանաբար անցավ, ինչպես անցնում են արևը ծածկող ամպերը, և իսկույն սկսվեց մի խոսակցություն, որ թեև լի էր թախիծով, բայց և ապագայի նախագծերով, որոնք վերաբերում էին ճանապարհորդությանը, արտիստական արշավանքներին, մինչև անգամ ընդունելություններին, որ պահանջում էր Հայաստանի Տրդատ թագավորի ազդարարված գալուստը։ Տիգելլինոսը, ճիշտ է, փորձեց հիշեցնել նաև հմայությունների մասին, սակայն Պետրոնիոսը, վստահ իր հաղթության վրա, ուղղակի ընդունեց կռվի հրավերը։

— Տիգելլինոս,— ասաց նա,— մի՞թե կարծում ես, թե հմայությունները կարող են վնասել աստվածներին։

— Ինքը Կեսարն էր դրանց մասին ասում,— պատասխանեց պալատականը։

— Կսկիծն էր ասում, ո՛չ թե Կեսարը. բայց դու ի՞նչ ես կարծում այդ մասին։

— Աստվածները չափազանց զորեղ են, որպեսզի կարողանան հմայությունների ենթարկվել։

— Արդյոք կկարողանայի՞ր հերքել Կեսարի և նրա ընտանիքի աստվածությունը։

— Peractum est[183] — փնթփնթաց կողքին կանգնած Եպրիոս Մարկելլոսը, կրկնելով այն բացականչությունը, որն արձակում էր ամբոխը, երբ գլադիատորը ասպարեզի վրա միանգամից այնպիսի հարված էր ստանում, որ այլևս սպանելու հարկ չէր լինում։

Տիգելլինոսն իր բարկությունը զսպեց։ Նրա և Պետրոնիոսի մեջ վաղուց գոյություն ուներ մի մրցում, և Տիգելլինոսն այն առավելությունն ուներ, որ Ներոնը նրա ներկայությամբ շատ քիչ, կամ ավելի ճիշտ՝ բոլորովին չէր քաշվում. բայց մինչ այդ Պետրոնիոսն ամեն անգամ, երբ ընդհարվել էին, նրան հաղթել էր խելքով ու սրամտությամբ։

Այդպես էր և այժմ։ Տիգելլինոսը լռեց և միայն իր հիշողության մեջ էր դրոշմում այն սենատորների և ասպետների անունները, որոնք, հենց որ Պետրոնիոսը հեռացավ դահլիճի խորքը, իսկույն շրջապատեցին իրեն, կարծելով, որ այն բանից հետո, ինչ որ պատահեց, նա, անկասկած, Կեսարի առաջին սիրելին կլինի։

Իսկ Պետրոնիոսը, դուրս գալով պալատից, ուղևորվեց Վինիկիոսի մոտ և, նրան պատմելով Կեսարի և Տիգելլինոսի հետ տեղի ունեցած դեպքը, ասաց.

— Վտանգը հեռացրի ոչ միայն Ավլոս Պլավտիոսից, Պոմպոնիայից, նաև մեր երկուսից, այլև նույնիսկ Լիգիայից, որին չեն որոնի թեկուզ այն պատճառով, որ այն պղնձամորուս կապկին ներշնչեցի քաշվել Անտիոն, իսկ այնտեղից՝ Նեապոլ կամ Բայք։ Եվ կերթա, որովհետև նա չէր համարձակվում մինչև այսօր հրապարակորեն հանդես գալ Հռոմի թատրոնում. իսկ գիտեմ, որ վաղուց ցանկություն ունի բեմ դուրս գալ Նեապոլում։ Հետո՝ երազում է Հունաստանի մասին, որտեղ ուզում է երգել ամենանշանավոր քաղաքներում և ապա, հետը բերելով այն պսակները, որ իրեն կնվիրեն «Graeculi»֊ը[184], հաղթական երթով մտնել Հռոմ։ Այդ միջոցին մենք կկարողանանք ազատ կերպով որոնել Լիգիային և թաքցնել նրան մի ապահով տեղ։ Բայց ի՞նչ։ Մեր պատվական փիլիսոփան մինչև այսօր չի՞ եկել։

— Քո պատվական փիլիսոփան խաբեբա է։ Ոչ, չի եկել, չի երևացել և չի երևա երբեք։

— Իսկ ես ավելի լավ գաղափար ունեմ եթե ոչ նրա ազնվության, գոնե նրա խելքի մասին։ Մի անգամ արյուն առավ քո գրպանից և կգա թեկուզ հենց նրա համար, որպեսզի երկրորդ անգամ էլ առնի։

— Թող զգույշ կենա, որ ես իր արյունը չթափեմ։

— Այդ մի՛ անիր, համբերիր, մինչև որ հաստատապես համոզվես նրա խաբեբայության մեջ։ Այլևս փող մի՛ տուր նրան և դրա փոխարեն խոստացիր առատ պարգև, եթե նա քեզ հաստատ տեղեկություն բերի։ Արդյոք որևէ բան ձեռնարկե՞լ ես սեփական միջոցներով։

— Իմ ազատագիրներից երկուսը՝ Նիմֆիդիոսն և Դեմասը, որոնում են նրան՝ ձեռքի տակ ունենալով վաթսուն հոգի։ Ստրուկներից ով որ նրան գտնի, խոստացել եմ ազատություն տալ։ Բացի դրանից, սուրհանդակներ եմ ուղարկել Հռոմից ելնող բոլոր ճանապարհներով, որպեսզի պանդոկներում հարցուփորձ անեն լիգի և օրիորդի մասին. ինքս էլ գիշեր֊ցերեկ շրջում եմ քաղաքում’ բարեպատեհ հանդիպումի հույսով։

— Ինչ որ կիմանաս, հաղորդիր ինձ, որովհետև ես պետք է Անտիոն գնամ։

— Լավ։

— Իսկ եթե մի առավոտ զարթնելով ինքդ քեզ ասես, թե մի աղջկա համար չարժե մաշվել և այդչափ ճիգ թափել, շտապիր Անտիոն։ Այնտեղ չեն պակասի թե՛ կանայք և թե՛ զվարճությունները։

Վինիկիոսն սկսեց արագ քայլերով ման գալ, իսկ Պետրոնիոսը որոշ ժամանակ հետևում էր նրան. վերջը ասաց.

— Ասա ինձ անկեղծորեն, ոչ իբրև ինչ֊որ զգացմունքից մի մոլեգնած, որ ինքն իրեն գրգռում է, այլ իբրև խելքը գլխին մի մարդ. արդյոք քեզ միշտ նույն չափո՞վ է զբաղեցնում Լիգիան։

Վինիկիոսը մի րոպե կանգ առավ և այնպիսի հայացք ձգեց Պետրոնիոսի վրա, ասես առաջին անգամ էր տեսնում նրան, ապա նորից սկսեց քայլել։ Ակնհայտ երևում էր, որ իր մեջ զսպում էթ բռնկումը։ Վերջը նրա աչքերից, սեփական անզորության զգացումից, կսկծից, բարկությունից և անտանելի անձկությունից դուրս պրծան երկու արտասուք, որոնք ամենաճարտասան խոսքերից ավելի ազդու էին պատասխանում Պետրոնիոսին։ Ուստի վերջինս մի րոպե մտածելուց հետո ասաց.

— Աշխարհը շարժում է իր ուսերի վրա ոչ թե Ատլանտը[185], այլ կինը, և երբեմն խաղացնում է նրան իբրև մի գնդակ։

— Այո՛,— ասաց Վինիկիոսը։

Եվ նրանք հրաժեշտ տվեցին միմյանց։ Բայց նույն րոպեին ստրուկը հայտնեց, որ Քիլոն Քիլոնիդեսը սպասում է նախասենյակում և խնդրում է թույլ տալ երևալու իրեն տիրոջ աչքին։

Վինիկիոսը հրամայեց իսկույն ներս թողնել նրանք իսկ Պետրոնիոսն ասաց.

— Հա՜, չասացի՞ քեզ։ Հերակլեսը սիրես, աշխատիր միայն հանգիստ լինել, եթե ոչ, նա քեզ կիշխի, ոչ դու նրան։

— Ողջույն և հարգանք ազնիվ զինվորական տրիբունին[186] և քեզ, տեր,— ներս մտնելով ասաց Քիլոնը։— Քող ձեր բախտավորությունը ձեր փառքին հավասար լինի, իսկ ձեր փառքը թող շրջի ամբողջ աշխարհում՝ Հերակլեսի սյուներից[187] մինչև Արշակունիների սահմանները։

— Ողջույն քեզ, առաքինության և իմաստության օրենսդիր,— պատասխանեց Պետրոնիոսը։

Իսկ Վինիկիոսը հարցրեց արտաքին հանգստությամբ.

— Ի՞նչ ես բերում։

— Առաջին անգամ հույս բերի քեզ, տե՛ր, այժմ բերում եմ վստահություն, որ աղջիկը կգտնվի անպայման։

— Այդ նշանակում է, որ մինչև հիմա չե՞ս գտել նրան։

— Այո՛, տե՛ր, բայց գտել եմ, թե ինչ է նշանակում այն նշանը, որը նա գծել էր. գիտեմ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հափշտակել են նրան, և գիտեմ ո՞ր աստվածությունը պաշտողների մեջ պետք է որոնել նրան։

Վինիկիոսը կամենում էր վեր թռչել բազկաթոռից, որի վրա նստած էր, բայց Պետրոնիոսը ձեռքը նրա ուսին դրեց և դիմելով Քիլոնին՝ ասաց.

— Շարունակի՛ր։

— Արդյոք բոլորովին հավատացա՞ծ ես, տեր, որ աղջիկը ավազի վրա ձուկ գծագրեց։

— Այո՛,— գոչեց Վինիկիոսը։

— Ուրեմն քրիստոնյա է, և նրան հափշտակել են քրիստոնյաները։

Մի րոպե լռություն տիրեց։

— Լսի՛ր, Քիլոն,— վերջապես ասաց Պետրոնիոսը,— իմ ազգականը քեզ համար, եթե աղջկան գտնես, մեծ քանակությամբ փող է հատկացրել, բայց և ոչ պակաս քանակությամբ հարվածներ, եթե կամենաս խաբել իրեն։ Առաջին դեպքում կգտնես ոչ թե մեկ, այլ երեք դպիր, իսկ երկրորդում՝ բոլոր յոթ իմաստունների փիլիսոփայությունը, քո սեփականն էլ հետը չի բավականացնի նույնիսկ վիրաբուժական յուղերի համար։

— Աղջիկը քրիստոնյա է, տե՛ր,— բացականչեց հույնը։

— Կա՛ց, Քիլոն։ Դու հիմար մարդ չես։ Գիտենք, որ Հունիա Սիլանան Կալվիա Կրիսպինիլլայի հետ միասին մեղադրեցին Պոմպոնիա Գրեկինային, թե նա քրիստոնեական աղանդն է դավանում, բայց գիտենք նաև, որ տնային դատաստանն ազատեց նրան այս մեղադրանքից։ Մի՞թե դու կուզես այժմ վերանորոգել այդ։ Կամ մի՞թե կուզես համոզել մեզ, թե Պոմպոնիան և նրա հետ միասին և Լիգիան կարող են պատկանել մարդկային ցեղի թշնամիների, շատրվաններ թունավորողների և ոճրագործների, էշի գլուխ պաշտողների, կամ այն մարդկանց թվին, որոնք մորթում են երեխաներին և անձնատուր են լինում ամենազզվելի անառակության։ Մտածիր, Քիլոն, այն դրույթը, որ դու ներկայացնում ես մեզ, արդյոք իբրև հակադրություն չի՞ դրոշմվի քո կռնակի վրա։

Քիլոնը ձեռքերը տարածեց՝ ցույց տալով, թե այդ իր մեղքը չէ, և ասաց.

— Տե՛ր, ասա՛ հունարեն հետևյալ նախադասությունը՝ Հիսուս Քրիստոս, Աստուծո որդի, Փրկիչ։

— Շա՛տ բարի։ Ահա ասում եմ... Ի՞նչ դուրս եկավ։

— Իսկ այժմ վերցրու այդ բառերի առաջին տառերը և այնպես միացրու, որ մի բառ կազմվի։

— Ձո՛ւկ[188],— զարմանքով ասաց Պետրոնիոսը։

— Ահա թե ինչու ձուկը դարձել է քրիստոնյաների նշանաբանը,— հպարտությամբ պատասխանեց Քիլոնը։

Մի րոպե լռություն տիրեց։ Հույնի եզրակացությունների մեջ մի այնպիսի ապշեցնող բան կար, որ երկու բարեկամները չկարողացան զարմանքը զսպել։

— Վինիկիո՛ս,— հարցրեց Պետրոնիոսը,— արդյոք չե՞ս սխալվում, և ճի՞շտ է, որ Լիգիան ձուկ գծագրեց։

— Բոլոր ստորերկրյա աստվածները վկա, կարելի է խելագարվել,— հափշտակությամբ գոչեց երիտասարդը,— եթե ինձ մոտ թռչնակ նկարած լիներ, կասեի, որ թռչնակ էր։

— Ուստի քրիստոնյա է,— կրկնեց Քիլոնը։

— Այդ նշանակում է,— ասաց Պետրոնիոսը,— որ Պոմպոնիան և Լիգիան թունավորում են աղբյուրները, սպանում են փողոցներում բռնած երեխաներին և անձնատուր լինում անառակության։ Հիմարությո՜ւն։ Դու, Վինիկիո՛ս, ավելի երկար ես կացել նրանց տանը, իսկ ես՝ կարճ, բայց բավականին ճանաչում եմ թե՛ Ավլոսին և թե՛ Պոմպոնիային, բավականին ճանաչում եմ նույնիսկ Լիգիային, որ ասեմ, թե զրպարտություն է և հիմարություն։ Եթե ձուկը քրիստոնյաների նշանաբանն է, որ իսկապես դժվար է հերքել, և եթե նրանք քրիստոնյաներ են, Պրոսերպինան[189] վկա, երևի քրիստոնյաներն այն չեն, ինչ որ մենք համարում ենք նրանց։

— Սոկրատեսի պես ես խոսում, տե՛ր,— պատասխանեց Քիլոնը։ —Ո՞վ է երբևիցե ուսումնասիրել քրիստոնյաներին, ո՞վ է քննել նրանց վարդապետությունը։ Երբ երեք տարի սրանից առաջ տեղափոխվում էի Նեապոլից այստեղ, Հռոմ (օ՛, ինչո՛ւ այնտեղ չմնացի), ինձ ընկերացավ մի բժիշկ, անունը Գլավկոս էր, որի մասին ասում էին, թե քրիստոնյա է, և այնուամենայնիվ համոզվեցի, որ մի բարի և առաքինի մարդ է։

— Արդյոք այդ առաքինի մարդուց չէ՞, որ իմացել ես, թե ի՞նչ է նշանակում ձուկը։

— Ավա՜ղ, տե՛ր։ ճանապարհին, մի պանդոկում, չգիտեմ ով դանակը խրեց պատկառելի ծերունու կողքը. նրա կնոջը և երեխաներին տարան ստրկավաճառները, իսկ ես նրանց պաշտպանելիս զրկվեցի երկու մատներիցս։ Բայց որովհետև քրիստոնյաների մեջ, ասում են, հրաշքները պակաս չեն, ուստի հույս ունեմ, որ նորից կհայտնվեն։

— Ինչպե՞ս։ Մի՞թե քրիստոնյա ես դարձել։

— Երեկվանից ի վեր, տե՛ր, երեկվանից ի վեր։ Ինձ փոխեց այդ ձուկը։ Տես, թե ինչպիսի՜ զորություն է եղել մեջը։ Եվ մի քանի օրից կլինիմ բարեպաշտներից ամենաբարեպաշտը, որպեսզի ինձ հաղորդակից անեն իրենց բոլոր գաղտնիքներին. և երբ ինձ հաղորդակից անեն իրենց բոլոր գաղտնիքներին, կիմանամ, թե որտեղ է թաքնվում այն աղջիկը։ Այն ժամանակ գուցե իմ քրիստոնեությունն ինձ ավելի վարձատրի, քան թե իմ փիլիսոփայությունը։ Նաև ուխտ եմ արել Մերկուրիոսին[190], որ եթե օգնի ինձ աղջկան գտնելու, կզոհեմ նրան երկու հասակակից և համաչափ արջառներ և կհրամայեմ ոսկեզօծել նրանց եղջյուրները։

— Ուրեմն քո երեկվա քրիստոնեությունը և վաղուցվա փիլիսոփայությունը քեզ թույլ են տալիս հավատալ Մերկուրիոսին։

— Հավատում եմ առհասարակ այն բանին, ինչին հավատալու պետք ունեմ, և սա իմ փիլիսոփայությունն է, որ պետք է դուր գա, մանավանդ, Մերկուրիոսին։ Դժբախտաբար, պատվարժան տերեր, ինչպիսի կասկածոտ աստված է այդ աստվածը։ Գիտե՞ք, հավատ չի ընծայում մինչև անգամ անարատ փիլիսոփաներին և գուցե գերադասում է նախ ստանալ արջառները, իսկ սա մեծ ծախս է։ Ամեն մեկը Սենեկա չէ, և իմ միջոցները դրա համար չեն ներում, բայց եթե ազնվազարմ Վինիկիոսը կամենար այն գումարի հաշվից, որ ինձ խոստացել է... մի քիչ բան...

— Ո՛չ մի օբոլ, Քիլո՛ն,— ասաց Պետրոնիոսը,— ո՛չ մի օբոլ։ Վինիկիոսի առատաձեռնությունը հույսերդ կգերազանցի, բայց միայն այն ժամանակ, երբ Լիգիան գտնված կլինի, այսինքն, երբ դու մեզ ցույց կտաս նրա թաքստի տեղը։ Մերկուրիոսը պետք է քեզ երկու արջառի հավատ ընծայի, թեկուզ նրանից չեմ զարմանում, որ չի ախորժում այս բանը, և այստեղ նրա խելքն եմ տեսնում։

— Լսեցեք ինձ, պատվարժան տերեր։ Արած գյուտս մեծ է, որովհետև թեև աղջկան դեռ չեմ գտել, բայց գտել եմ այն ճանապարհը, որի վրա հարկավոր է որոնել նրան։ Ահա ազատագիրներ և ստրուկներ եք ցրել ամբողջ քաղաքում և գավառներում, իսկ գոնե որևէ մեկը ցուցմունք տվե՞լ է։ Ո՛չ։ Մենակ ես եմ տվել։ Եվ ավելին կասեմ։ Ձեր ստրուկների մեջ կարող են քրիստոնյաներ լինել, որոնց մասին տեղեկություն չունեք, որովհետև այս աղանդն արդեն ամեն տեղ տարածվել է, և նրանք օգնելու փոխարեն կարող են դավաճանել ձեզ։ Նույնիսկ վատ է, որ ինձ տեսնում են այստեղ, և այս պատճառով դու, ազնվազարմ Պետրոնիոս, հրամայիր Եվնիկեին լռություն պահպանել. իսկ դու, նույն չափ ազնիվ Վինիկիոս, լուր տարածիր, թե քեզ մի յուղ եմ վաճառում, որ եթե ձիերի սմբակներին քսես, նրանք կրկեսում անշուշտ հաղթություն կտանեն։ Ես մենակ կորոնեմ և ես մենակ փախստականներին կգտնեմ. իսկ դուք հավատացեք ինձ և իմացած եղեք, որ ինչ էլ առաջուց ստացած լինեմ, այդ ինձ համար միայն քաջալերություն կլինի, որովհետև միշտ ավելի շատ հույս կունենամ և ավելի վստահ կլինեմ, որ ինձ խոստացված պարգևը ձեռքիցս չի գնա։ Ա՛հ, այո՛, իբրև փիլիսոփա արհամարհում եմ փողը, թեև այն չեն արհամարհում ո՛չ Սենեկան, ո՛չ էլ նույնիսկ Մուսոնիոսը կամ Կոռնուտոսը, որոնք սակայն մատներից չեն զրկվել որևէ մեկին պաշտպանելիս և որոնք կարող են իրենք գրել և իրենց անունները ապագա սերունդներին թողնել։ Բայց, բացի ստրուկից, որին մտադիր եմ գնելու, և բարի Մերկուրիոսից, որին արջառներ եմ խոստացել (իսկ ինքներդ գիտեք, ինչպես է տավարը թանկացել), հենց ինքը հետախուզությունը մեծ ծախսեր է պահանջում։ Լսեցեք միայն համբերությամբ։ Ահա քանի օր է, որ շարունակ ման գալուց ոտներիս վրա վերքեր են գոյացել։ Մտել եմ գինետները մարդկանց հետ խոսելու, փռերը, սպանդարների մոտ, ձիթապտուղ ծախողների մոտ, ձկնավաճառների մոտ։ Պտտել եմ բոլոր փողոցները և խուլ անկյունները. եղել եմ փախած ստրուկների ապաստարաններում. մորա խաղի մեջ տարվել եմ մոտ հարյուր աս[191], եղել եմ լվացք լվացող, լվացքը չորացնող տներում, ռամկական ճաշարաններում. տեսնվել եմ ջորեպանների և քարտաշների հետ, տեսնվել եմ երիկամունք բժշկողների և ատամ հանողների հետ. զրույց եմ արել չորացած թուզ դնողների հետ, այցելել եմ գերեզմանատներ, իսկ գիտե՞ք ինչի համար։ Որպեսզի ամեն տեղ ձուկ գծագրեմ, նայեմ, մարդկանց աչքերին և լսեմ, թե ինչ կասեն այս նշանը տեսնելիս։ Երկար ժամանակ ես ոչինչ չէի կարողանում նկատել, մինչև որ մի անգամ, ավազանի մոտ, աչքովս ընկավ մի ծերունի ստրուկ, որ սափորով ջուր էր հանում և լաց լինում։ Մոտենալով նրան՝ արտասուքների պատճառը հարցրի։ Այս հարցիս, երբ նստեցինք ավազանի աստիճանների վրա, նա ինձ պատասխանեց, թե իր ամբողջ կյանքում հավաքելիս է եղել սեստերց սեստերցի վրա՝ սիրած որդուն ստրկությունից ազատելու համար. բայց նրա տերը՝ ոմն Պանսա, երբ փողը տեսել է, խլել է բոլորը, իսկ որդուն շարունակել է պահել ստրկության մեջ։ «Եվ ահա լաց եմ լինում,— ասում էր ծերունին,— որովհետև թեև կրկնում եմ՝ թող Աստուծո կամքը լինի, խեղճ մեղավորս չեմ կարող արտասուքս պահել»։ Այն ժամանակ, իբր թե կարեկցությունից զգացված, մատս թրջեցի սափորի ջրի մեջ և ձուկ գծագրեցի, իսկ նա ձայն հանեց. «Իմ հույսը նույնպես Քրիստոսն է»։ Ես հարցրի. «Ճանաչեցի՞ր ինձ այս նշանից»։ Նա ասաց* «Այո, և թող խաղաղությունը քեզ հետ լինի»։ Այն ժամանակ սկսեցի բերանից քաշել, և ծերունին բոլորը դուրս տվեց։ Նրա տերը՝ այդ Պանսան, մեծ Պանսայի ազատագիրն է և Տիրերիս գետով քար է մատակարարում Հռոմ, իսկ ստրուկները և վարձկան մարդիկ այդ քարը նավերից դատարկում են և շալակով կրում կառուցվող տների համար գիշերները, որպեսզի ցերեկով արգելք չլինեն փողոցներում անց ու դարձ անողներին։ Այնտեղ բանում են բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց մեջ և նրա որդին։ Բայց որովհետև դա ուժից վեր աշխատանք է, այս պատճառով կամեցել է ազատել որդուն։ Բայց Պանսան գերադասել է պահպանել թե՛ փողը և թե՛ ստրուկին։ Այս որ ասաց, ծերունին նորից սկսեց լաց լինել, իսկ ես արտասուքներս նրա արտասուքների հետ խառնեցի, մի բան, որ ինձ համար շատ հեշտ էր, սրտիս բարության և ոտներիս ծակծկոցի պատճառով, որ շատ ման գալուց էր։ Ինքս էլ այդ միջոցին սկսեցի գանգատվել, որ մի քանի օր առաջ Նեապոլից եկած լինելով՝ եղբայրներից ոչ ոքին չեմ ճանաչում, չգիտեմ որտեղ են ժողովվում՝ միասին աղոթք անելու։ Նա զարմացավ, որ նեապոլի եղբայրները ոչ մի նամակ չեն տվել ինձ Հռոմի եղբայրների հասցեով, բայց ես նրան ասացի, որ ճանապարհին նամակն ինձնից գողացել են։ Այն ժամանակ նա ինձ ասաց, որ գիշերը գամ գետափ, ուր ինձ կծանոթացնի եղբայրների հետ, նրանք ինձ կուղեկցեն մինչև աղոթատեղին և այն երեցների մոտ, որոնք կառավարում են քրիստոնեական համայնքը։ Այս լսելով՝ այն չափ ուրախացա, որ նրան տվի որդուն ազատագրելու անհրաժեշտ գումարը, այն հույսով, որ վեհանձն Վինիկիոսը կրկնակին ինձ կվերադարձնի։

— Քիլո՛ն,— ընդմիջեց Պետրոնիոսը,— պատմածիդ մեջ սուտը լող է տալիս ճշմարտության երեսին, ինչպես ձեթը՝ ջրի երեսին։ Կարևոր տեղեկություններ ես բերել, խոսք չունեմ։ Մինչև անգամ պնդում եմ, որ Լիգիային գտնելու ճանապարհի վրա մեծ քայլն արդեն արված է, միայն թե ստով մի՛ համեմիր նորություններդ։ Ինչպե՞ս է կոչվում այն ծերունին, որից իմացել ես, թե քրիստոնյաները միմյանց ճանաչում են ձկան նշանի օգնությամբ։

— Էվրիկոս, տե՛ր։ Խե՜ղճ, անբա՜խտ ծերունի։ Նա հիշեց բժիշկ Գլավկոսին, որին պաշտպանում էի ավազակների ձեռքից, և դրանով է, որ գլխավորապես սիրտս շարժեց։

— Հավատում եմ, որ նրա հետ ծանոթացել ես և որ կկարողանաս օգուտ քաղել այս ծանոթությունից, բայց նրան փող չես տվել։ Ոչ մի աս չես տվել, հասկանո՞ւմ ես ինձ։ Ոչինչ չես տվել։

— Բայց օգնեցի նրան շալակել սափորները և նրա որդու մասին խոսեցի ամենայն կարեկցությամբ։ Այո, տեր, ի՞նչ կարող է թաքնվել Պետրոնիոսի սրատեսությունից։ Դե՛հ, չեմ տվել նրան, կամ, ավելի ճիշտ, տվել եմ, բայց հոգուս մեջ, մտքիս մեջ, և դա, եթե նա ճշմարիտ փիլիսոփա լիներ, պետք է որ նրան բավական լիներ... Իսկ տվի նրա համար, որ այսպես վարվելը անհրաժեշտ և օգտավետ, համարեցի. մտածիր միայն, տե՛ր, թե դրանով ինչպես միանգամից գրաված կլինեի բոլոր քրիստոնյաներին, ինչպիսի ազատ ճանապարհ կբացվեր դեպի նրանց և ինչպիսի վստահություն կառաջացնեի նրանց մեջ։

— Ճշմարիտ է,— ասաց Պետրոնիոսը,— պետք է այդպես անեիր։

— Հենց դրա համար եմ այստեղ գալիս, որ կարողանամ այդ անել։ Պետրոնիոսը դարձավ Վինիկիոսին.

— Հրամայիր համրել սրան հինգ հազար սեստերց, բայց միայն հոգուդ, մտքիդ մեջ։

Բայց Վինիկիոսն ասաց.

— Քեզ մի տղա կտամ, որ կբերի հարկավոր գումարը, իսկ դու կասես Էվրիկիոսին, որ տղան քո ստրուկն է, և նրա ներկայությամբ վաղը ծերունուն կհանձնես։ Բայց քանի որ կարևոր տեղեկություն ես բերել, նույնչափ կստանաս և քեզ համար։ Տղայի և փողի համար արի այսօր երեկոյան։

— Ահա ճշմարիտ Կեսա՛ր,— ասաց Քիլոնը։— Թույլ տուր, տե՛ր, որ քեզ նվիրեմ իմ աշխատությունը, բայց թույլ տուր նույնպես, որ այսօր երեկոյան գամ միայն փողի համար, որովհետև Էվրիկիոսն ասաց ինձ, որ բոլոր նավերն արդեն դատարկված են, իսկ նորերը Օստիայից[192] կգան միմիայն մի քանի օր հետո։ Խաղաղությունը ձեզ հետ։ Այսպես են հրաժեշտ տալիս քրիստոնյաները։ Ինձ համար մի ստրկուհի կգտնեմ, այսինքն ուզում էի ասել մի ստրուկ։ Ձկները կարթով են բռնվում, իսկ քրիստոնյաները՝ ձկնով։

Pax vobiscum! pax!... pax!... pax!...[193]

ԳԼՈՒԽ ԺԵ

Պետրոնիոսը Վինիկիոսին.

«Հավատարիմ ստրուկի ձեռքով ուղարկում եմ քեզ Անտիոնից ստացված այս նամակը, որին (թեև ձեռքդ ավելի վարժված է սրի և աղեղի, քան թե գրչի) հույս ունեմ նույն նամակաբերիս միջոցով անհապաղ կպատասխանես։ Թողի քեզ լավ հետքի վրա և հույսով լի, ուստի կարծում եմ, որ դու քաղցր իղձերդ կամ արդեն հագեցրել ես Լիգիայի գրկում, կամ կհագեցնես առաջ, քան իսկական ձմեռային հողմը Սորակտեի գագաթներից կփչի Կամպանիայի վրա։ 0՛ իմ Վինիկիո՛ս. թող քեզ համար ուսուցչուհի լինի Կիպրոսի ոսկեհեր աստվածուհին[194], իսկ դու ուսուցիչ եղիր այդ լիգիական արշալույսի համար, որ խույս տվեց սիրո արևից։ Եվ միշտ հիշիր, որ մարմարիոնը ինքնըստինքյան, թեկուզև ամենաթանկագինը, ոչինչ է և որ ճշմարիտ արժեք է ստանում միայն այն ժամանակ, երբ նրան գլուխգործոց է դարձնում քանդակագործի ձեռքը։ Եղիր այսպիսի մի քանդակագործ, դու, carissime! Բավական չէ սիրել, պետք է գիտենալ սիրել և պետք է գիտենալ սիրել տալ իրեն։ Զվարճություն զգում է և՛ ռամիկը, և՛ անգամ անասունը, բայց ճշմարիտ մարդը նրանով է իսկապես սրանցից զանազանվում, որ զվարճությունը մի տեսակ ազնիվ արվեստի է փոխակերպում և այս արվեստի վրա զմայլվելով՝ գիտե այդ, գիտակցորեն զգում է իր մտքի մեջ սրա ամբողջ աստվածային արժեքը և այսպիսով հագեցնում է ոչ միայն մարմինը, այլև հոգին։ Հաճախ, երբ այստեղ մտածում եմ մեր կյանքի դատարկության, անապահովության և տաղտկության մասին, մտքովս անցնում է, որ դու գուցե և ավելի լավն ես ընտրել, և որ ոչ թե Կեսարի արքունիքը, այլ պատերազմն ու սերն են այն երկու բաները, որոնց համար արժե ծնվել ու ապրել։

«Պատերազմի մեջ բախտավոր ես եղել. բախտավոր եղիր և սիրո մեջ. իսկ եթե հետաքրքրվում ես, թե ի՛նչ է պատահում Կեսարի արքունիքում, ես քեզ երբևէ կհաղորդեմ։ Նստած ենք այժմ Անտիոնում և դողում ենք մեր աստվածային ձայնի վրա, սակայն միշտ ատելություն ենք զգում դեպի Հռոմը և ձմեռս մտադիր ենք Բայք գնալ՝ Նեապոլում հրապարակորեն բեմ դուրս գալու համար. այնտեղի բնակիչները, հույն լինելով կարող են մեզ ավելի լավ գնահատել, քան թե Տիբերիսի ափին ապրող գայլի լակոտները։ Կաճապարեն մարդիկ Բայքից, Պոմպեայից, Պուտեոլից, Կումեից, Ստաբիքից, չեն պակասի ծափահարություններն ու պսակները, և սա միայն քաջալերություն կլինի դեպի Աքայա[195] կատարվելիք արշավանքի համար։

«Իսկ փոքրիկ Ավգուստայի հիշատա՞կը։ Այո։ Դեռ նրան ողբում ենք։ Սեփական ստեղծագործության այնպիսի հրաշալի օրհներգներ ենք երգում, որ սիրենները[196] նախանձից թաք են կացել Ամփիտրիտեի[197] ամենախոր անդունդներում։ Սրանց փոխարեն մեզ ականջ կդնեին դելֆինները, եթե չխանգարեր ծովի ձայնը։ Մեր վիշտը մինչև օրս չի սփոփվել, ուստի այդ ցույց ենք տալիս մարդկանց ամենայն ձևերով, որ մեզ սովորեցնում է քանդակագործությունը, ինչպես և մեծ խնամքով դիտում ենք՝ արդյոք այդ ձևերով գեղեցի՞կ ենք և արդյոք մարդիկ կարողանո՞ւմ են ըմբռնել այդ գեղեցկությունը։ Ա՛հ, իմ անգին, կմեռնենք, իբրև խեղկատակներ և կոմեդիանտներ։

«Այստեղ են բոլոր ավգուստիանները և բոլոր ավգուստիանուհիները, չհաշված հինգ հարյուր մատակ էշերը, որոնց կաթի մեջ լողանում է Պոպպեան, և տասը հազար ծառաներ։ Երբեմն լինում է և ուրախ։ Կալվիա Կրիսպինիլլան պառավում է. ասում են, թե խնդրել է Պոպպեայից, որ թույլ տրվի իրեն էշի կաթի լոգանք ընդունել իսկույն նրանից հետո։ Նիգիդիային Լուկանոսը ապտակ տվեց, մեղադրելով նրան, որ կապ ունի մի գլադիատորի հետ։ Սպորոսը ոսկորախաղի մեջ տանուլ տվեց իր կնոջը՝ Սենեկիոնին։ Տորքվատոս Սիլանոսն առաջարկում էր ինձ Եվնիկեի համար չորս շագանակագույն նժույգ, որոնք այս տարի անկասկած հաղթանակ կտանեն ձիարշավների ժամանակ։ Չուզեցի, և քեզնից շնորհակալ եմ, որ չվերցրիր նրան։ Ինչ վերաբերում է Տորքվատոս Սիլանոսին, խեղճը մինչև իսկ չի հասկանում, որ արդեն ավելի ուրվական է, քան թե մարդ։ Նրա մահն արդեն վճռված բան է։ Իսկ գիտե՞ս որն է նրա հանցանքը, այն, որ աստվածային Օգոստոսի ծոռն է։ Ոչ մի փրկություն չկա նրա համար։ Այսպես է մեր աշխարհը։

«Սպասում էինք այստեղ, ինչպես քեզ հայտնի է, Տրդատին, իսկ այդ միջոցին Վաղարշը մեզ վիրավորական նամակ է գրել։ Քանի որ գրավել է Հայաստանը, խնդրում է, որ իր ձեռքում թողնվի այդ երկիրը՝ Տրդատի համար, իսկ եթե ոչ, այնպես էլ չի տա։ Ճիշտ որ ծաղր է, ուստի վճռեցինք պատերազմել։ Կորբուլոնը[198] կստանա այնպիսի իշխանություն, ինչպիսին ուներ մեծ Պոմպեոսը ծովահենների պատերազմի ժամանակ։ Բայց կար մի պահ, որ Ներոնը տատանվում էր. վախենում էր երևի այն փառքից, որ հաղթությունից հետո կարող է ձեռք բերել Կորբուլոնը։ Մինչև անգամ կարծիք կար՝ արդյոք բարձրագույն հրամանատար չնշանակե՞լ մեր Ավլոսին։ Հակառակեց Պոպպեան, որի աչքին Պոմպոնիայի առաքինությունը մի փուշ է։

«Վատինիոսը խոստացել է մեզ գլադիատորական ինչ֊որ արտասովոր կռիվներ, որ պիտի տեղի ունենան Բենիվենտոնում։ Տես, թե ուր են հասնում այժմ կոշկակարները, չնայելով որ ասված է. «ne sutor supra erepidam»[199]։ Վիտելիոսը՝ կոշկակարի սերունդ, Վատինիոսը՝ կոշկակարի հարազատ որդի՜։ Գուցե ինքը ևս մի ժամանակ կոշկի թելերն էր ձգում։ Դերասան Ալիտուրոսը երեկ հրաշալի ներկայացրեց Էդիպպոսին։ Հարցրի նրան, իբրև հրեայի՝ արդյոք հրեաներն ու քրիստոնյաները մե՞կ են։ Պատասխանեց ինձ, թե հրեաների հավատը նախնական է, իսկ քրիստոնյաները նոր աղանդ են, որ նոր է ծագել Հրեաստանում։ Տիբերիոսի օրով այնտեղ խաչել են ինչ֊որ մարդու, որի դավանակիցները օրեցօր շատանում են և աստված են համարում նրան։ Կարծեմ ոչ մի ուրիշ աստված, մանավանդ մեր աստվածներին, նրանք չեն կամենում ճանաչել։ Չեմ հասկանում, թե աչդ ի՞նչ վնաս կարող էր տալ նրանց։

«Տիգելլինոսը ինձ արդեն ակնհայտ թշնամություն է ցույց տալիս։ Մինչև օրս չի կարող հաղթել ինձ, այնուամենայնիվ իմ համեմատությամբ մի առավելություն ունի։ Նա ինձնից ավելի է հոգ տանում կյանքի մասին և ավելի մեծ անզգամն է, և այս նրան մոտեցնում է Ահենաբարբին։ Այս երկուսը վաղ թե ուշ իրար կհասկանան, և այն ժամանակ կգա իմ հերթը։ Ե՞րբ այս ժամանակը կհասնի, չգիտեմ, բայց որովհետև առանց այն էլ մի օր պիտի պատահի, ուրեմն ինչո՞ւ մտածեմ ժամանակի մասին։ Իսկ այդ միջոցին պետք է զվարճանալ։ Կյանքն ինքնըստինքյան վատ չէր լինի, եթե Պղնձամորուսը չլիներ։ Նրա պատճառով մարդ շատ անգամ զզվում է ինքն իրենից։ Չարժե նրա քաղցր հայացքի համար մղած մրցումը ինչ֊որ կրկեսային մրցում համարել, մի ինչ֊որ խաղ, մի այնպիսի մրցում, ուր հաղթությունը գոհացում է տալիս ինքնասիրությանր։ Շատ անգամ, իրոք, ես հենց այսպես եմ այդ մեկնում ինձ, սակայն երբեմն թվում է, որ ես մի Քիլոն եմ և ոչնչով նրանից լավ չեմ։ Երբ դա կդադարի քեզ հարկավոր լինել, ուղարկիր ինձ մոտ։ Սիրեցի դրա հնարագետ խոսակցությունը։ Իմ կողմից շնորհավորիր քո աստվածային քրիստոնեուհուն և իմ անունից, մանավանդ, խնդրիր նրան, որ քեզ համար ձուկ չլինի։ Հաղորդիր ինձ քո առողջության, հաղորդիր քո սիրո մասին, իմացիր սիրել, սովորեցրու սիրել և ողջ եղիր»։

 

Մ. Կ. Վինիկիոսը Պետրոնիոսին։

«Լիգիան մինչև օրս չկա։ Եթե հույսը չլիներ, որ նրան կգտնեմ, պատասխանս չէիր ստանա, որովհետև երբ կյանքը զզվելի է դառնում, գրելու ցանկություն էլ չի լինում։ Ուզում էի ստուգել արդյոք Քիլոնը ինձ չի՞ խաբում, և այն գիշեր, երբ եկավ Էվրիկիոսի փողի համար, զինվորական թիկնոցի մեջ փաթաթված՝ աննկատելի հետևեցի նրան ու տղային, որին հետն էի դրել։ Երբ տեղ հասանք, հեռվից, նավահանգստի սյունի հետևը թաք կենալով, դիտում էի նրանց և համոզվեցի, որ Էվրիկիոսը հնարած անձնավորություն չէր։ Ներքևը, գետափին, մի քանի մարդիկ լապտերների լույսով մեծ լաստանավից քարեր էին դատարկում և դարսում ափին։ Տեսա, թե ինչպես Քիլոնը մոտեցավ նրանց և սկսեց խոսել մի ծերունու հետ, որ մի րոպե անց ընկավ նրա ոտները։ Մյուսները շրջապատեցին նրանց՝ զարմացած բացականչություններ արձակելով։ Իմ աչքերի առջև տղան քսակը տվեց Էվրիկիոսին, որ փողն առնելով, սկսեց աղոթք անել ձեռները վեր տարածած, և նրա կողքին չոքած էր մի ուրիշը, ակներև էր՝ նրա որդին։ Քիլոնն ինչ֊որ բան ասաց, թե ի՞նչ, չկարողացա լսել, և օրհնեց թե՛ այդ երկու չոքածներին և թե՛ մնացածներին՝ օդի մեջ խաչի նման նշաններ անելով. այս նշանները նրանք, ինչպես երևում է, պաշտում են, քանի որ բոլորն էլ ծունկ չոքեցին։ Իմ մեջ ցանկություն էր ծնվում նրանց մեջ մտնել և երեք այնպիսի քսակ խոստանալ, ով որ Լիգիային կտար ինձ, բայց վախենում էի փչացնել Քիլոնի գործը և մի քիչ մտածելուց հետո հեռացա։

«Սա տեղի ունեցավ քո մեկնելուց մոտավորապես տասներկու օր անց։ Այդ օրվանից Քիլոնը մի քանի անգամ ինձ մոտ է եկել։ Ինքն ինձ պատմում էր, որ քրիստոնյաների մեջ մեծ հարգանք է ձեռք բերել։ Ասում է, որ եթե մինչև օրս Լիգիային չի գտել, պատճառն այն է, որ նրանց թիվը հենց միայն Հռոմում անհամար է, ուստի ամենքն էլ միմյանց հետ ծանոթ չեն և չեն կարող ամենը գիտենալ, ինչ որ իրենց մեջ պատահում է։ Միաժամանակ զգույշ են և առհասարակ սակավախոս. բայց նա գրավական է տալիս, թե հենց որ երեցներին, այն էր՝ պրեսբիտերներին հասնի, կկարողանա նրանցից դուրս կորզել բոլոր գաղտնիքները։ Արդեն մի քանիսի հետ ծանոթացել է և փորձել նրանց հարցուփորձ անել, բայց զգուշորեն, որպեսզի կասկածանք չհարուցի և չդժվարացնի գործը... Ու թեև ծանր է սպասելը, թեև համբերությունս հատնում է, զգում եմ, որ արդարացի են նրա ասածները, և սպասում եմ։

«Նա արդեն տեղեկացել է նաև, որ աղոթքի համար ընդհանուր տեղեր ունեն, առավելապես՝ քաղաքի դարպասներից դուրս, դատարկ տներում և մինչև անգամ արենարիաներում։ Այնտեղ նրանք կատարում են Քրիստոսի պաշտամունքը, երգում են և փառաբանում նրան։ Այսպիսի տեղեր շատ են։ Քիլոնը ենթադրում է, որ Լիգիան դիտմամբ ուրիշ տեղեր էր գնում, իսկ Պոմպոնիան մնում է տեղում, որպեսզի, բան է, եթե դատ և քննություն բացվի, համարձակ կարողանա երդվել, որ նրա թաքստի տեղը չգիտե։ Գուցե պրեսբիտերներն են նրան խորհուրդ տվել պահել այս զգուշությունը։ Եթե Քիլոնը իմանա արդեն այն տեղերը, կգնամ հետը, և եթե աստվածները թույլ կտան ինձ տեսնել Լիգիային, երդվում եմ քեզ Յուպիտերի անունով, որ այս անգամ ձեռքիցս չի պրծնի։

«Շարունակ մտածում եմ այս աղոթատեղիների մասին։ Քիլոնը չի կամենում, որ հետը գնամ։ Վախենում է, բայց ես չեմ ուզում տանը նստել։ Կճանաչեմ նրան իսկույն, թեկուզ ուրիշ զգեստ հագած, կամ քողարկված լինի։ Նրանք այնտեղ հավաքվում են գիշերներով, բայց ես նրան կճանաչեմ և գիշերով։ Ամեն տեղ կճանաչեի նրա ձայնն ու շարժումները։ Ինքս կերթամ զգեստս փոխած, ուշադրությամբ կզննեմ ամեն եկող֊գնացողի։ Շարունակ նրա մասին եմ մտածում, ուստի և կճանաչեմ նրան։ Քիլոնը պետք է վաղը գա, և մենք կերթանք. հետս զենք կառնեմ։ Գավառ ուղարկած իմ ստրուկներից մի քանիսը վերադարձան ձեռնունայն։ Բայց այժմ հավատացած եմ, որ այստեղ է, քաղաքում։ Գուցե մինչև անգամ ոչ հեռու։ Ինքս էլ շատ տներ այցելեցի՝ վարձելու պատրվակով։ Ինձ մոտ նրա համար հազարապատիկ լավ կլինի, որովհետև այս տներում ապրում է աղքատների մի ամբողջ մրջնանոց։ Չէ՞ որ ես նրա համար ոչինչ չեմ խնայի։ Գրում ես, որ լավ եմ ընտրել, բայց ես ընտրել եմ վշտերն ու թախիծը։ Նախ կերթանք այն տները, որոնք քաղաքի մեջ են, հետո՝ դարպասներից դուրս։ Մի ինչ֊որ բանի հույս է ծագում ամեն առավոտ, եթե ոչ, չէի կարող ապրել։ Դու ասում ես, որ պետք է իմանալ սիրել, և ես գիտեմ Լիգիայի հետ խոսել սիրո մասին. իսկ այժմ միայն կարոտն եմ քաշում, միայն սպասում եմ Քիլոնին, և տանն ինձ համար անտանելի է։ Մնաս բարև»։

ԳԼՈՒԽ ԺԶ

Բայց Քիլոնը բավական երկար ժամանակ չէր երևում, այնպես որ Վինիկիոսը վերջապես չգիտեր, թե ինչ մտածի այդ մասին։ Իզուր ինքն իրեն կրկնում էր, թե հետախուզությունները, եթե պետք է ցանկալի և հաստատ հետևանքների հասնեն, պետք է և ծանր լինեն։ Բայց թե նրա արյունը և թե բուռն բնավորությունը բողոքում էին բանականության ձայնի դեմ։ Ոչինչ չանել, սպասել, ձեռները ծալած նստել,— այնքան հակառակ էր նրա բնությանը, որ ոչ մի կերպ չէր կարող դրա հետ հաշտվել։ Ստրկական մուգ թիկնոցը հագին քաղաքի փողոցներով շրջելը, հենց այն պատճառով, որ զուր էր, նրան միայն սեփական անգործությունը քողարկել էր թվում և չէր կարող գոհացնել։ Նրա ազատագիրները, բոլորն էլ ճարպիկ մարդիկ, որոնց հրամայել էր սեփական նախաձեռնությամբ հետախուզություններ անել, հազարապատիկ ավելի քիչ հնարագետ գտնվեցին, քան Քիլոնը։ Լիգիայի նկատմամբ զգացած սիրո հետ միասին նրա մեջ ծագեց նաև խաղը վաստակել կամեցողի համառությունը։ Վինիկիոսը միշտ այդպես էր։ Ամենափոքր հասակից նա ինչ որ ուզում էր, ի կատար էր ածում, մի մոլեգնած մարդու պես, որ չի հասկանում, թե կարող է որևէ բան չհաջողվել և թե պետք է որևէ բանից հրաժարվել։ Ճիշտ է, զինվորական կարգապահությունը միառժամանակ սանձահարեց նրա ինքնակամությունը, սակայն ներշնչեց նրան նաև մի համոզմունք, որ ամեն մի հրաման, որ տալիս էր իր ստորադրյալներին, պետք է կատարված լինի. իսկ նրա երկար տարիների կյանքը Արևելքում, հլու և ստրկական հնազանդության ընտելացած մարդկանց մեջ, հաստատեցին նրան այն հավատի մեջ, թե նրա «ուզում եմ»֊ը սահման չունի։ Այս պատճառով այժմ ծանր խոցված էր և նրա ինքնասիրությունը։ Այս հակասությունների, Լիգիայի այս ընդդիմության և հենց այս փախուստի մեջ նաև մի անհասկանալի բան կար նրա համար, մի հանելուկ, որը մեկնելու համար նա մաշվելով գլուխը տրաքացնում էր։ Զգում էր, որ Ակտեն ճշմարիտ է ասել, և որ Լիգիան իր նկատմամբ անտարբեր չէր։ Բայց եթե այդպես է, ինչո՞ւ գերադասեց շրջմոլիկ և աղքատ կյանքը իր սիրուց, իր փաղաքշանքներից և իր շքեղ տան ապրուստից։ Այս հարցի պատասխանը չէր կարողանում գտնել և դրա տեղ միայն մի անորոշ գաղափար էր կազմում, թե իր և Լիգիայի բնավորությունների ու գաղափարների մեջ, իր ու Պետրոնիոսի աշխարհի և Լիգիայի ու Պոմպոնիա Գրեկինայի աշխարհի մեջ գոյություն ունի մի ինչ֊որ տարբերություն և մի ինչ֊որ տարաձայնություն, որ խոր է, ինչպես մի անդունդ, որ ոչնչով չի լցվի և չի հավասարվի։ Այն ժամանակ թվում էր նրան, թե պետք է կորցնի Լիգիային, և այս մտքից կորցնում էր հավասարակշռության այն մնացորդը, որ նրա մեջ կամենում էր պահպանել Պետրոնիոսը։ Լինում էին այնպիսի րոպեներ, երբ ինքը չգիտեր՝ արդյոք սիրո՞ւմ է Լիգիային, թե ատում. հասկանում էր միայն, որ պետք է նրան գտնի, և որ կգերադասեր գետինը իրեն կուլ տա, քան չկարողանա տեսնել և տիրանալ նրան։ Երևակայության ուժով տեսնում էր նրան երբեմն այնպես պարզորոշ, կարծես կանգնած լիներ իր առջև։ Մտաբերում էր ամեն մի խոսք, որ ասել էր նրան, կամ լսել նրանից։ Զգում էր նրա մերձավորությունը. զգում էր նրան իր կրծքին, իր բազուկների մեջ, և այն ժամանակ տռփանքը պարուրում էր նրան կրակի պես։ Սիրում էր նրան, կանչում նրան։ Իսկ երբ մտածում էր, որ նրանից սիրված էր, և որ ինքը հոժարակամ կարող էր կատարել այն ամենը, ինչ որ ցանկանար, նրան մի ծանր անզուսպ ցավ էր բռնում, և մի մեծ գորով էր տիրում նրա սրտին՝ մի ահագին ալիքի պես։ Բայց լինում էին և այնպիսի րոպեներ, երբ բարկությունից գունատվում ու զմայլվում էր՝ մտածելով այն պատիժների և չարչարանքների մասին, որ կտա Լիգիային, երբ կգտնի նրան։ Ուզում էր ոչ միայն նրան տիրանալ, այլև ունենալ իբրև անպատված մի ստրկուհու, նաև զգում էր, որ եթե իրեն տային ընտրելու, արդյոք ինքը Լիգիայի ստրո՞ւկը կկամենար լինել, թե երբեք չտեսնել նրան. կգերադասեր նրան ստրուկ լինելը։ Լինում էին օրեր, երբ մտածում էր այն նշանների մասին, որ նրա վարդագույն մարմնի վրա կթողներ մտրակը, և միաժամանակ կուզենար համբուրել այդ նշանները։ Նրա մտքով անցնում էր նաև, որ բախտավոր կլիներ, եթե կարողանար սպանել նրան։

Այս հոգեկան պառակտումից, տանջանքից, դրության անորոշությունից և կսկծից կորցնում էր առողջությունը, մինչև իսկ՝ գեղեցկությունը։ Նաև անմատչելի և անգութ տեր էր դարձել։ Ստրուկները և նույնիսկ ազատագիրները մոտենում էին նրան դողալով, և որովհետև պատիժ էր նշանակում առանց որևէ առիթի, որչափ անգութ, նույնչափ և անարդար կերպով, սկսեցին ծածուկ ատել նրան։ Իսկ նա, զգալով այս և զգալով իր մենակությունը, ավելի ևս վրեժ էր առնում նրանցից։ Այժմ իրեն զսպում էր միայն Քիլոնի նկատմամբ, վախենալով՝ չլինի թե նա դադարի որոնելուց, իսկ հույնը, հասկանալով այս, սկսել էր տիրել նրան և ավելի ու ավելի պահանջող դառնալ։ Սկզբում ամեն տեսակցության ժամանակ հավատացնում էր Վինիկիոսին, թե բանը հեշտ և արագ կերթա. իսկ այժմ, ինքն էր սկսել դժվարություններ հնարել և, ճիշտ է, չէր դադարում հետախուզությունների անկասկած հաջողության համար երաշխավոր լինելուց, այնուամենայնիվ և չէր ծածկում, որ այս հետախուզությունները դեռ երկար պետք է տևեն։

Վերջապես Քիլոնը եկավ, երկար օրեր սպասել տալուց հետո, այնպես մռայլված դեմքով, որ երիտասարդը, նրան տեսնելով, գունատվեց և, նրան ընդառաջ վազելով, հազիվ ուժ ունեցավ հարցնելու.

— Նա քրիստոնյաների մեջ չէ՞։

— Ինչպե՞ս չէ, տե՛ր,— պատասխանեց Քիլոնը,— բայց գտա նրանց մեջ Գլավկոսին՝ բժշկին։

— Ինչի՞ մասին ես խոսում և ո՞վ է դա։

— Մոոռացել ես, ուրեմն, տեր, այն ծերունուն, որի հետ ճանապարհորդել եմ Նեապոլից Հռոմ և որին պաշտպանելիս կորցրել եմ այս երկու մատներս, որոնց կորուստը թույլ չի տալիս ինձ ձեռքիս գրիչ պահել։ Ավազակները, որոնք հափշտակեցին նրա կնոջը և երեխաներին, նրա կողքը դանակ խրեցին։ Նա մեռնում էր, երբ ես նրան թողի պանդոկում, Մինտուրնայի[200] մոտ, և երկար ժամանակ ողբում էի նրա մահը։ Ավա՜ղ, այժմ համոզվեցի, որ դեռևս ապրում է և պատկանում է Հռոմի քրիստոնեական համայնքին։

Վինիկիոսը, որ չէր կարողանում հասկանալ բանն ինչ է, միայն հասկացավ, որ այս Գլավկոսը մի խոչընդոտ է Լիգիային գտնելու համար, ուստի զսպեց իր բարկությունը, որ արդեն սկսել էր իրեն տիրել, և ասաց.

— Եթե նրան պաշտպանում էիր, պետք է նա քեզ երախտագետ լինի և օգնի։

— Ա՜հ, պատվելի տրիբուն, մինչև անգամ աստվածները միշտ չեն երախտագետ լինում, ուր մնաց մահկանացուները։ Այո՛, պետք է ինձ երախտագետ լինի։ Բայց, դժբախտաբար, նա մի թույլ, տարիքից և վշտից բթացած խելքի տեր ծերունի է և այս պատճառով ոչ միայն երախտագետ չէ ինձ, այլև, ինչպես տեղեկացա հենց նրա հավատակիցներից, ինձ մեղադրում է, թե ես ավազակների հետ խոսքը մեկ եմ արել և թե ես եմ նրա դժբախտությունների պատճառը։ Ահա իմ երկու մատի վարձատրությունը։

— Հավատացած եմ, անպիտա՛ն, որ հենց այնպես է, ինչ որ նա է ասում,— ասաց Վինիկիոսը։

— Ուրեմն նրանից ավելի գիտես, տե՛ր,— արժանավորությամբ պատասխանեց Քիլոնը,— որովհետև նա միայն ենթադրում է, թե այդպես է եղել. բայց այս ենթադրությունը նրան չի խանգարի քրիստոնյաներին դիմելու և անխիղճ կերպով ինձնից վրեժն առնելու։ Անկասկած նա այս կանի, իսկ մյուսները, նույնպես անկասկած, կօգնեն նրան։ Իմ բախտից՝ չգիտե անունս, իսկ աղոթատեղիում, ուր մենք միմյանց հանդիպեցինք, չնկատեց ինձ։ Բայց ես նրան իսկույն ճանաչեցի և առաջին պահ կամեցա նրա պարանոցով փաթաթվել։ Ինձ պահեց միայն սառը դատողությունս և ամեն մի քայլի մասին մտածելու սովորությունս։ Դուրս գալով աղոթատեղից՝ սկսեցի նրա մասին հարցուփորձ անել, և ովքեր որ նրան ճանաչում են, ասացին ինձ, որ նա մի մարդ է, որին ընկերը դավաճանել է Նեապոլի ճանապարհին... Այլապես չէի էլ գիտենա, թե նա այսպես է պատմում։

— Այդ բոլորը ինձ չի վերաբերում։ Ասա, ի՞նչ տեսար աղոթատեղիում։

— Քեզ չի վերաբերում, տե՛ր, բայց ինձ վերաբերում է լիովին, այնչափ, որչափ որ սեփական կաշիս։ Եվ որովհետև կամենում եմ, որ իմ վարդապետությունն ինձնից հետո էլ ապրի, ավելի լավ եմ համարում հրաժարվել այն պարգևից, որը ինձ խոստացել ես, քան թե կյանքս վտանգի ենթարկել միայն մամոնայի համար, առանց որի, իբրև ճշմարիտ փիլիսոփա, կարող եմ ապրել և աստվածային ճշմարտությունը որոնել։

Բայց Վինիկիոսը մոտեցավ նրան չարագուշակ դեմքով և սկսեք զսպված ձայնով.

— Իսկ ո՞վ է քեզ ասել, որ ավելի շուտ Գլավկոսի, քան թե իմ ձեռքից մահ կստանաս։ Որտեղի՞ց գիտես, շան զավակ, որ քեզ իսկույն ևեթ չեն թաղի իմ պարտեզում։

Քիլոնը, որ երկչոտ էր, նայեց Վինիկիոսին և մի ակնթարթում հասկացավ, որ ևս մի անզգույշ խոսք, և կկորչի առանց այլևայլության, ուստի`

— Կորոնեմ նրան, տե՛ր, և կգտնեմ նրան,— գոչեց փութով։

Տիրեց լռություն, այս միջոցին լսելի էր միայն Վինիկիոսի արագ շնչառությունը և հեռվում, պարտեզում, աշխատող ստրուկների երգը։

Քիչ ժամանակ անց միայն հույնը նկատեց, որ երիտասարդն արդեն մի փոքր հանգստացել է, և ասաց.

— Մահը կողքովս անցավ, բայց ես նայում էի նրան այնպիսի հանդարտ հոգով, ինչպես Սոկրատեսը։ Ո՞չ, տեր, չասացի, թե հրաժարվում եմ աղջկան որոնելուց, և կամենում էի քեզ միայն ասել, որ նրան որոնելը կապված է այժմ ինձ համար մեծ վտանգի հետ։ Մի ժամանակ կասկածում էիր, թե աշխարհիս երեսին արդյոք կա՞ Էվրիկիոս անունով մեկը, և թեև սեփական աչքերով համոզվեցիր, որ հորս զավակը քեզ ճշմարտություն էր ասում, այժմ էլ մտածում ես, որ ես հնարել եմ Գլավկոսին։ Ավա՛ղ, եթե նա միայն մտացածին անձնավորություն լիներ, եթե կարողանայի ամենայն ապահովությամբ շրջել քրիստոնյաների մեջ այնպես, ինչպես առաջ էի շրջում, կհրաժարվեի այն խեղճ, պառավ ստրկուհուց, որին գնել եմ երեք օր սրանից առաջ, որպեսզի իմ տարիքն ու անկալությունը խնամի։ Բայց Գլավկոսը ապրում է, տե՛ր, և եթե մի անգամ հանդիպի ինձ, դու այլևս ինձ չես տեսնի, և այն ժամանակ քեզ համար ո՞վ կգտնի աղջկան։

Այստեղ նա նորից լռեց և սկսեց արտասուքը սրբել. ապա շարունակեց.

— Բայց քանի որ Գլավկոսը ապրում է, ես նրան ինչպե՞ս որոնեմ, երբ ամեն րոպե կարող եմ այն ծերունուն պատահել. իսկ երբ նրան պատահեմ, կկորչեմ, և ինձ հետ կկորչեն իմ հետախուզությունները։

— Ի՞նչ ես ակնարկում, միտքդ ի՞նչ է, ի՞նչ ես կամենում ձեռնարկել,— հարցրեց Վինիկիոսը։

— Արիստոտելը մեզ սովորեցնում է, տեր, որ փոքր բաները պետք է զոհել ավելի մեծ բաների. իսկ Պրիամոս թագավորը հաճախ ասում էր, թե ծերությունը ծանր բեռ է։ Ծերության և դժբախտությունների այս ծանր բեռը վաղուց է, որ ճնշում է Գլավկոսին և այնպես սաստիկ, որ մահը նրա համար բարերարություն կլիներ։ Ապա ի՞նչ է ըստ Սենեկայի մահը, եթե ոչ ազատություն։

— Հիմարություն արա Պետրոնիոսի, ոչ թե ինձ հետ, և պարզ ասա՝ ի՞նչ ես կամենում։

— Եթե առաքինությունը հիմարություն է, թող ինձ աստվածները թույլ տան հավիտյան հիմար մնալ։ Կամենում եմ, տեր, ճանապարհից հեռացնել Գլավկոսին, որովհետև քանի նա ապրում է, թե՛ իմ կյանքը և թե՛ իմ հետախուզությունները շարունակ վտանգի մեջ են։

— Ուրեմն վարձիր մարդիկ, որոնք նրան փայտով սատկացնեն. ես նրանց կվճարեմ։

— Կպլոկեն քեզ, տեր, և վերջը կսկսեն օգուտ քաղել այս գաղտնիքից. Հռոմում այնքան անզգամներ կան, որքան ավազ կրկեսի ասպարեզում. բայց չես հավատա. ինչպես թանկ են իրենց գնահատում, երբ մի ազնիվ մարդ կամենում է վարձել իրենց անզգամությունը։ Ո՛չ, պատվելի տրիբուն։ Իսկ եթե վիգիլները[201] վրա հասնեն հենց սպանության րոպեի՞ն. նրանք անպատճառ կխոստովանեն, թե ո՛վ է իրենց վարձողը, և դավի մեջ կընկնես։ Իսկ ինձ չեն մատնի, որովհետև անունս չեմ ասի։ Վատ ես անում, որ ինձ չես հավատում. մի կողմ թողնելով մինչև անգամ իմ բարեխղճությունը՝ հիշիր գոնե այն, որ այստեղ նաև երկու խնդիր կա՝ անձնական կաշիս և քո՝ ինձ խոստացած պարգևը։

— Որքա՞ն է քեզ հարկավոր։

— Հարկավոր է ինձ հազար սեստերց։ Ուշադրություն դարձրու, տեր, որ պետք է գտնեմ բարեխիղճ անզգամներ, այնպիսի մարդիկ, որոնք գրավական վերցնելով՝ իսկույն չեն անհետանա։ Լավ աշխատության համար լավ էլ վարձատրություն է պահանջվում։ Ինձ էլ մի բան կմնար այն արտասուքները սրբելու համար, որ կթափեմ Գլավկոսի կսկծից։ Թող աստվածները վկայեն, թե որչափ սիրում էի նրան։ Եթե այսօր հազար սեստերց ստանամ, երկու օր հետո նրա հոգին կլինի Հադեսում, և այնտեղ արդեն, եթե հոգիները պահպանում են հիշողություն և մտածելու ընդունակություն, կիմանա թե ո՛րչափ սիրում էի իրեն։ Հենց այսօր ևեթ կգտնեմ մարդիկ և կհայտնեմ նրանց, որ վաղվա երեկոյից սկսած՝ Գլավկոսի ապրած ամեն մի ավելորդ օրվա համար վճարից կբռնեմ հարյուր սեստերց։ Մի ծրագիր ունեմ նաև, որ ինձ անվրեպ է երևում։

Վինիկիոսը մի անգամ էլ խոստացավ նրան հարկավոր գումարը, բայց արգելեց այլևս խոսել Գլավկոսի մասին և դրա փոխարեն հարցրեց, թե ուրիշ ինչ նորություններ է բերում, որտեղ էր այսքան ժամանակ, ինչ է տեսել և ինչ իմացել։ Բայց Քիլոնը չէր կարող շատ նորություններ հայտնել։ Եղել է նաև երկու աղոթատեղերում և ուշիուշով դիտել բոլորին, մանավանդ կանանց, բայց ոչ մեկի չի նկատել, որ նման լիներ Լիգիային։ Քրիստոնյաներն իրեն համարում են իրենց մարդը, և այն ժամանակից ի վեր, երբ Էվրիկիոսի որդու ազատագինն է տվել, պատվում են իրեն իբրև մի մարդու, որ Քրիստոսի շավղով է ընթանում։ Նրանցից իմացել է նաև, որ մի մեծ օրենսդիր` ոմն Պողոս Տարսոնացի, գտնվում է Հռոմում և բանտարկված է մի գանգատի պատճառով, որ հրեաներն են հարուցել, և վճռել է հետը ծանոթանալ։ Բայց Վինիկիոսին ամենից ավելի ուրախացրեց մի ուրիշ տեղեկություն, այն է` որ ամբողջ աղանդի բարձրագույն քրմապետը, որ Քրիստոսի աշակերտն է եղել և որին նա հանձնել է ամբողջ աշխարհի քրիստոնյաների կառավարումը, պետք է այսօր չէ վաղը նույնպես ժամանի Հռոմ։ Ակներև է, որ բոլոր քրիստոնյաները կուզենան տեսնել նրան և լսել նրա ուսմունքը։ Տեղի կունենան ինչ-որ մեծ ժողովներ, ուր և ինքը՝ Քիլոնը, ներկա կլինի, և քանի որ ամբոխի մեջ հեշտ է թաքնվել, հետը կտանի նաև Վինիկիոսին։ Այն ժամանակ, անկասկած, կգտնեն Լիգիային։ Երբ Գլավկոսը ճանապարհից հեռացած կլինի, դա մինչև անգամ կապված չի լինի մեծ վտանգի հետ։ Վրեժ առնելուն գալով իհարկե, քրիստոնյաները ևս նրա վրեժը կառնեին, բայց ընդհանրապես նրանք խաղաղասեր մարդիկ են։

Այստեղ Քիլոնն սկսեց պատմել մի տեսակ զարմանքով, թե երբեք չի նկատել, որ քրիստոնյաներն անձնատուր լինեին անառակության, թունավորելիս լինեին աղբյուրներ ու շատրվաններ, որ մարդկային ցեղի թշնամի լինեին, էշ պաշտեին կամ երեխաների միս ուտեին։ Ո՛չ, այս չի տեսել։ Իհարկե, նրանց մեջ էլ կան այնպիսիները, որոնք փողի համար մյուս աշխարհ կուղարկեն Գլավկոսին, բայց նրանց վարդապետությունը, որչափ իրեն հայտնի է, ոչ մի ոճիր չի խրախուսում, ընդհակառակը, պատվիրում է ներել վիրավորանքը։

Վինիկիոսը հիշեց, թե Ակտեի մոտ Պոմպոնիա Գրեկինան ինչ ասաց իրեն, և առհասարակ Քիլոնի խոսքերը լսում էր ուրախությամբ։ Թեև Լիգիայի նկատմամբ նրա զգացմունքներն ստանում էին ատելության կերպարանք, թեթևություն էր զգում, լսելով, որ այն վարդապետությունը, որը դավանում էին թե՛ նա և թե՛ Պոմպոնիան, ո՛չ ոճրագործական էր, ո՛չ էլ անառակ։ Բայց նրա մեջ մի անորոշ նախազգացում էր ծագում, որ հենց այս վարդապետությունն է, որ Քրիստոսի այս՝ իրեն անծանոթ և խորհրդավոր պաշտամունքն է իր և Լիգիայի մեջ առաջացրել տարաձայնություն, ուստի սկսեց միաժամանակ թե՛ վախենալ այս վարդապետությունից և թե՛ ատել այն։

ԳԼՈՒԽ ԺԷ

Քիլոնի հոգսն էր, անշուշտ, հեռացնել Գլավկոսին, որ թեև տարիքով մարդ էր, բայց բոլորովին անուժ ծերունի չէր։ Քիլոնի պատմածի մի զգալի մասը ճշմարիտ էր։ Մի ժամանակ նա ճանաչում էր Գլավկոսին, դավաճանել էր նրան, ծախել ավազակներին, զրկել ընտանիքից, կարողությունից և մահվան մատնել։ Այս դեպքերի հիշատակը նա հեշտ էր տանում, որովհետև ձգել էր նրան մահամերձ ոչ թե պանդոկում, այլ Մինտուրնայի մոտ, դաշտում, և չէր նախատեսել միայն այն, որ Գլավկոսը վերքերից կառողջանա և կգա Հռոմ։ Ուստի, երբ նրան նկատեց աղոթատեղիում, իսկ որ զարհուրեց և առաջին պահ կամենում էր հրաժարվել Լիգիային որոնելու մտքից։ Բայց մյուս կողմից՝ Վինիկիոսն է՛լ ավելի զարհուրեցրեց նրան. նա հասկացավ, որ պետք է ընտրություն անի Գլավկոսի երկյուղի և հզոր տրիբունի հալածանքի ու վրեժի մեջ, հզոր տրիբունի, որին անպատճառ օգնության կգար մի ուրիշը, ավելի ևս հզորը՝ Պետրոնիոսը։ Այս նկատի առնելով՝ Քիլոնն այլևս տատանվեց։ Մտածեց, որ ավելի լավ է ունենալ փոքր, քան թե մեծ թշնամիներ, ու թեև նրա երկչոտ բնավորությունը սարսուռ էր զգում արյունալի միջոցներից, այնուամենայնիվ անհրաժեշտ համարեց Գլավկոսին սպանել ուրիշների ձեռքով։

Այժմ նա պետք է միայն մարզիկ ընտրեր, և հենց սրանց էր վերաբերում նրա այն ծրագիրը, որը նա հիշատակեց Վինիկիոսի հետ խոսելիս։ Շատ հաճախ գիշերները գինետներում անց կացնելով և այնտեղ քնելով անտուն, անտեղ, պատիվ և հավատ չունեցող մարդկանց մեջ՝ հեշտ կարող էր գտնել այնպիսիներին, որոնք հանձն կառնեին ամեն տեսակ գործ, բայց ավելի հեշտ կարող էր գտնել այնպիսիներին, որոնք նրա գրպանում փողի ձայնը լսելով կսկսեին գործը հենց նրանից, որ գրավականը վերցնելով կկորզեին նրանից ամբողջ գումարը, սպառնալով մատնել նրան վիգիլների ձեռքը։ Վերջապես, որոշ ժամանակից ի վեր Քիլոնը խորշում էր մերկ, զզվելի, ահռելի կերպարանքներից, որոնք բուն էին դրել կասկածելի տների մեջ՝ Սուբուռայում կամ Տիբերիսի մյուս ափին։ Ամեն բան նա իր աչքով էր չափում և, բավական խոր ուսումնասիրած չլինելով քրիստոնյաներին և նրանց վարդապետությունը, կարծում էր, որ նրանց մեջ էլ կգտնի հլու գործիքներ, և որովհետև ուրիշներից ավերի բարեխիղճ մարդիկ էին երևում նրան, վճռեց դիմել նրանց՝ հանգամանքը ներկայացնելով այնպիսի եղանակով, որ այդ գործը հանձն առնեն ոչ միայն փողի համար, այլև նախանձախնդիր լինելուց։

Այս նպատակով երեկոյան գնաց Էվրիկիոսի մոտ, որի մասին գիտեր, որ ամբողջ հոգով նվիրված է իրեն և որ ամեն բան կանի իրեն օգնելու համար։ Բայց ի բնե զգույշ լինելով մտքով անգամ չէր անցնում նրան հաղորդակից անելու իր իսկական խորհուրդներին, որոնք, վերջապես, կհակասեին ծերունու՝ իր աստվածավախության և առաքինության նկատմամբ ունեցած հավատին։ Նա կամենում էր ձեռքի տակ ունենալ ամեն ինչի պատրաստ մարդիկ և արդեն նրանց հետ պայմանավորվել գործի մասին, այնպես որ նրանք, հենց իրենց շահերը նկատի ունենալով, պահեին այդ ամենն իբրև հավիտենական գաղտնիք։

Ծերունի Էվրիկիոսը, որդուն ազատագրելով, վարձել էր այն փոքրիկ խանութներից մեկը, որոնք խռնվում էին Circus maximus֊ի[202] մոտ և ներկայացումների այցելուներին վաճառում էին ձիթապտուղ, սիսեռ, խմորեղեն ու մեղրախառն ջուր։ Քիլոնը նրան գտավ տանը, կրպակը կարգի բերելիս և, Քրիստոսի անունով ողջույն տալով նրան, սկսեց խոսել այն գործի մասին, որ իրեն բերել էր այստեղ։ Լավություն անելով նրանց՝ ինքը հույս ուներ, որ նրանք կվճարեն երախտագիտությամբ։ Իրեն պետք են երկու կամ երեք ուժեղ և համարձակ մարդիկ՝ մի վտանգի առաջն առնելու համար, որ սպառն ում է ոչ միայն իրեն, այլև բոլոր քրիստոնյաներին։ Ճիշտ է, ինքն աղքատ է, քանի որ գրեթե բոլորը, ինչ որ ուներ, տվել է Էվրիկիոսին, այնուամենայնիվ այսպիսի մարդկանց կվճարի նրանց ծառայության համար, մի պայմանով միայն, որ հավատան իրեն և ճշմարտությամբ կատարեն այն, ինչ որ նրանց կպատվիրի կատարել։

Էվրիկիոսը և նրա Քվարտոս որդին լսում էին նրան իբրև իրենց բարերարի, համարյա թե ծնկաչոք։ Երկուսն էլ հայտարարեցին, որ իրենք պատրաստ են անելու բոլորը, ինչ որ իրենցից կպահանջի, հավատալով, որ մի այսպիսի սուրբ մարդ չի կարող այնպիսի մի գործ պահանջել, որ չհամապատասխաներ Քրիստոսի վարդապետությանը։

Քիլոնը վստահեցրեց նրանց, որ այդպես է, և, ձեռքերը վերև տարածելով, թվում էր, թե աղոթք է անում. բայց իսկապես մտածում էր, թե արդյոք ավելի լավ չի՞ լինի ընդունել սրանց անձնազոհությունը, որով պիտի կարողանար իր համար հազար սեստերցը խնայել։ Բայց մի րոպե մտածելուց հետո դեն ձգեց այս միտքը։ Էվրիկիոսը ծեր էր, գուցե ոչ այնչափ տարիքից ճնշված, որչափ կսկծից, և հիվանդությունից մաշված։ Քվարտոսը տասնվեց տարեկան էր, իսկ Քիլոնին հարկավոր էին վարժ ու նախ և առաջ ուժեղ մարդիկ։ Ինչ վերաբերում էր հազար սեստերցին, հույս ուներ, որ բոլոր դեպքերում կկարողանա խնայել նրա նշանակալի մասը՝ այն հնարների շնորհիվ, որ մտածել էր։

Որոշ ժամանակ ծերունին և նրա որդին պնդում էին, բայց երբ վերջնականապես մերժեց, զիջեցին։

Այն ժամանակ Քվարտոսն ասաց.

— Ճանաչում եմ Դեմաս հացթուխին, տե՜ր, որ իր երկանաքարերի համար ստրուկներ և վարձված մարդիկ է բանեցնում։ Այդ վարձկաններից մեկն այնպես ուժեղ է, որ կփոխարիներ ոչ թե երկուսին, այլև չորսին։ Ինքս տեսել եմ, թե ինչպես բարձրացրել է քարեր, որ չորս մարդ տեղից շարժել չէին կարողանա։

— Եթե դա աստվածավախ մարդ է և ընդունակ եղբայրների համար իրեն անձը նվիրելու, ծանոթացրու ինձ նրա հետ,— ասաց Քիլոնը։

— Քրիստոնյա է, տեր,— պատասխանեց Քվարտոսը,— որովհետև Դեմասի մոտ մեծ մասամբ քրիստոնյաներ են բանում։ Այնտեղ գիշեր ու ցերեկ բանողներ կան, նա գիշերն է բանում։ Եթե այժմ գնանք, կհասնենք հենց նրանց ընթրիքին և կկարողանանք նրանց հետ ազատ խոսել։ Դեմասը բնակվում է Էմպորիոնի[203] մոտ։

Քիլոնը հոժարությամբ համաձայնեց։ Էմպորիոնը Ավենտինյան բլրի ստորոտումն էր, ուստի մեծ կրկեսից շատ հեռու չէր։ Կարելի էր բլրի շուրջը չպտտել և գնալ գետի ափով, Porticus Aemilia֊ով և այսպիսով ավելի ևս կարճացնել ճանապարհը։

— Ծեր եմ,— ասաց Քիլոնը, երբ մտան սյունազարդ անցումը, և երբեմն հիշողությունս թմրում է։ Այո, չէ՞ որ մեր Քրիստոսին մատնեց նրա աշակերտներից մեկը։ Բայց մատնիչի անունն այս րոպեին չեմ կարողանում հիշել...

— Հուդա, տե՛ր, որ իրեն կախեց,— պատասխանեց Քվարտոսը՝ մի փոքր զարմանալով մտքում, թե ինչպե՞ս կարելի էր այս անունը չհիշել։

— Այո՛, այո, Հուդա՜։ Շնորհակալ եմ քեզնից,— ասաց Քիլոնը։

Որոշ ժամանակ նրանք գնում էին լուռ։ Հասնելով Էմպորիոնը, որ արդեն փակ էր, նրանք մի կողմ թողին այն և, շրջելով ամբարները, որտեղից հաց էին տալիս ժողովրդին, ծռվեցին ձախ, դեպի այն տները, որոնք ձգվում էին Via Ostiensis֊ի երկարությամբ մինչև Testacius բլրակը և forum pistorium[204]։ Այնտեղ նրանք կանգ առան մի փայտե շինության առջև, որի ներսից լսելի էր երկանաքարերի ձայնը։ Քվարտոսը ներս մտավ, իսկ Քիլոնը, որ չէր սիրում երևալ շատ մարդկանց մեջ և որ շարունակ երկյուղ էր կրում, չլինի թե որևէ պատահմունքով հանդիպի բժիշկ Գլավկոսին, մնաց դուրսը։

«Ինձ հետաքրքրում է տեսնելու այդ Հերկուլեսին, որ ջաղացպանություն է անում,— ասում էր նա ինքն իրեն՝ նայելով պայծառ լուսավորող լուսնյակին,— եթե նա անպիտանի մեկն է և խելոք մարդ, քիչ փող կնստի, իսկ եթե առաքինի քրիստոնյա և հիմար է, ձրի կանի այն բոլորը, ինչ որ նրանից կպահանջեմ»։

Մտքերի շարունակությունն ընդհատեց Քվարտոսը, որ շինությունից դուրս եկավ մի ուրիշ մարդու հետ, որ հագին միայն exomis կոչված տունիկա ուներ։ Այս տունիկան այնպես էին ձևում, որ աջ բազուկը և կրծքի աջ մասը մնում էին մերկ։ Այսպիսի հագուստը, քանի որ շարժումների լիակատար ազատություն էր տալիս, գործ էին ածում առավելապես բանվորները։ Քիլոնը, աչք ձգելով եկվորի վրա, բավականությամբ շունչ քաշեց. իր կյանքում այսպիսի բազուկ և այսպիսի կուրծք չէր տեսել։

— Ահա՛, տեր,— ասաց Քվարտոսը,— այն եղբայրը, որին ուզում էիր տեսնել։

— Քրիստոսի խաղաղությունը քեզ հետ լինի,— ձայն տվեց Քիլոնը,— իսկ դու, Քվարտոս, հայտնիր այս եղբորը՝ արդյոք արժանի՞ եմ հավատի և վստահության, և վերադարձիր տուն, որովհետև ալևոր հորդ մենակ չպիտի թողնես։

— Սա սուրբ մարդ է,— ասաց Քվարտոսը,— որ իր ամբողջ կարողությունը տվեց ինձ՝ իր համար անծանոթ մեկին ստրկությունից ազատելու համար։ Մեր Տեր Փրկիչը թող երկնային պարգև պատրաստի սրա համար։

Հսկա բանվորը լսելով այս՝ կռացավ համբուրեց Քիլոնի աջը։

— Ինչպե՞ս է քո անունը, եղբայր,— հարցրեց հույնը։

— Սուրբ մկրտության ժամանակ ինձ տրված է Ուրբանոս անունը, տեր։

— Ուրբանոս, եղբայր իմ, ժամանակ ունե՞ս ինձ հետ ազատ խոսելու։

— Մեր գործը սկսվում է կեսգիշերին, իսկ այժմ դեռ ընթրիք են պատրաստում մեզ համար։

— Ուրեմն, բավական ժամանակ ունենք. գնանք գետի ափը, և այնտեղ կլսես իմ խոսքերը։

Գնացին և նստեցին քարե ափնուղու վրա. լռությունը խանգարվում էր միայն երկանաքարերի հեռավոր ժխորից և ներքևում հոսող ալիքների ձայնից։ Այնտեղ Քիլոնը զննեց բանվորի դեմքը, որ չնայելով մռայլ ու թախծոտ արտահայտությանը, որ հատուկ էր Հռոմում բնակվող բարբարոսների դեմքերին, նրան բարի և անկեղծ երևաց։

«Այդպե՛ս է,— ասաց նա մտքում,— սա բարի և հիմար մարդ է և ձրի կսպանի Գլավկոսին»։

Ապա հարցրեց.

— Ուրբանոս, սիրո՞ւմ ես դու Քրիստոսին։

— Սիրում եմ ամբողջ սրտով,— պատասխանեց բանվորը։

— Իսկ եղբայրների՞դ, իսկ քույրերի՞դ, իսկ նրա՞նց, որոնք քեզ ճշմարտությունն ու Քրիստոսի հավատն են սովորեցրել։

— Նրանց ևս սիրում եմ, հա՛յր։

— Ուրեմն թող խաղաղությունը լինի քեզ հետ։

— Եվ քեզ հետ։

Նորից լռություն տիրեց. միայն հեռվում աղմկում էին երկանաքարերը, իսկ ներքևում խոխոջում էր գետը։

Քիլոնն աչքերը հառեց լուսնյակի պարզ փայլատակմանը և կամաց ու ցած ձայնով սկսեց խոսել Քրիստոսի մահվան մասին։ Խոսում էր կարծես ոչ թե Ուրբանոսի հետ այլ կարծես ինքն իր համար մտաբերում էր այդ մահը, կամ կարծես այդ խորհուրդը հաղորդում էր այս քնած քաղաքին։ Այդտեղ միաժամանակ մի ինչ-որ սրտահույզ և հանդիսավոր բան կար։ Բանվորը լաց էր լինում, իսկ երբ Քիլոնը սկսեց հառաչել և վշտանալ այն բանից, որ Փրկչի մահվան րոպեին ոչ ոք չկար, որ նրան պաշտպաներ եթե ոչ խաչելությունից, գոնե զինվորների և հրեաների ծաղրանքից, բարբարոսի հսկայական բռունցքները կսկծից և զսպված բարկությունից սկսեցին սեղմվել։ Մահը նրան միայն հուզում էր, բայց մտածելով այն ամբոխի մասին, որ ծաղրում էր խաչին մեխված Գառին, նրա մեջ ալեկոծվում էր ռամկական ոգին, և նրան տիրում էր վրիժառության վայրենի իղձը։ Իսկ երբ հանկարծ Քիլոնը հարցրեց.

— Ուրբանո՛ս, արդյոք գիտե՞ս ո՛վ էր Հուդան։

— Գիտե՛մ, գիտե՛մ, բայց նա իրեն կախեց,— գոչեց բանվորը։

Եվ նրա ձայնի մեջ լսվում էր կարծես ափսոսանք, որ մատնիչն ինքն էր իր պատիժը տեսել և որ նա չի կարող ընկնել իր ձեռքը։

Իսկ Քիլոնը շարունակեց.

— Իսկ եթե իրեն չկախեր, և եթե քրիստոնյաներից որևէ մեկը պատահեր նրան ցամաքի կամ ջրի վրա, արդյոք պարտական չէ՞ր լինի Փրկչի չարչարանքի, արյան և մահվան վրեժն առնել։

— Ո՞վ չէր վրեժն առնի, հա՛յր սուրբ։

— Խաղաղությունը քեզ, Գառի հավատարիմ ծառա։ Այո՛։ Կարելի է անձնական վիրավորանքը ներել, բայց ո՞վ իրավունք ունի ներել Աստուծո վիրավորանքը։ Բայց ինչպես օձը օձ է բազմացնում, ինչպես չարությունը՝ չարություն և ինչպես մատնությունը՝ մատնություն, այնպես և Հուդայի թույնից ծնվել է մի ուրիշ մատնիչ, և ինչպես նա մատնեց Փրկչին հրեաների և հռոմեական զինվորների ձեռքը, այնպես և սա, որ ապրում է մեր մեջ, ուզում է Աստուծո հոտը մատնել գայլերի ճանկը, և եթե ոչ ոք մատնության առաջը չառնի, եթե ոչ ոք օր առաջ չջախջախե օձի գլուխը, մեզ բոլորիս կորուստ է սպասում, իսկ մեզ հետ միասին կկորչի և Գառի պաշտամունքը։

Բանվորը նայում էր նրան սաստիկ անհանգստությամբ, կարծես թե իրեն հաշիվ չէր տալիս այն բանից, ինչ լսում էր. իսկ հույնը, գլուխը ծածկելով թիկնոցի ծայրով, սկսեց կրկնել կարծես թե գետնի տակից դուրս եկող ձայնով.

— Վա՛յ ձեզ, ճշմարիտ Աստուծո ծառաներ, վա՛յ ձեզ, քրիստոնյաներ և քրիստոնեուհիներ։

Եվ նորից տիրեց լռությունը, նորից լսելի էին միայն երկանաքարերի աղմուկը, ջրաղացպանների խուլ երգն ու գետի ձայնը։

— Հայր սուրբ,— հարցրեց վերջապես բանվորը,— ո՞վ է այդ մատնիչը։

Քիլոնը գլուխը խոնարհեց.

— Ո՞վ է այդ մատնիչը։ Հուդայի որդին, նրա թույնի որդին, որ իրեն քրիստոնյա է ձևացնում և շրջում է աղոթատեղիները նրա համար միայն, որպեսզի եղբայրներին մեղադրի Կեսարի առջև, թե Կեսարին չեն կամենում Աստված ճանաչել, թե թունավորում են շատրվանները, մանուկներին մորթում և ուզում են ոչնչացնել քաղաքն այնպես, որ քարը քարի վրա չմնա։ Ահա մի քանի օրից հետո հրաման կտրվի պրետորիաններին, որ շղթայեն ծերերին, հարսներին ու երեխաներին և տանեն մատնեն դահճի ձեռքն այնպես, ինչպես մատնել են Պեդանիոս Սեկունդոսի ստրուկներին։ Եվ այս բոլորն այդ երկրորդ Հուդան արեց։ Բայց եթե առաջինին ոչ ոք չպատժեց, եթե ոչ ոք նրանից վրեժ չառավ, եթե չարչարանքի րոպեին ոչ ոք չպաշտպանեց Քրիստոսին, ո՞վ կուզենա սրան պատժել, ո՞վ կջախջախե օձին առաջ, քան Կեսարը սրան ունկնդիր կլինի, ո՞վ սրան կոչնչացնի, ո՞վ կպաշտպանի կորստից եղբայրներին և Քրիստոսի հավատը։

Իսկ Ուրբանոսը, որ մինչև այս ժամանակ նստած էր քարե սալահատակի վրա, հանկարծ վեր կացավ և ասաց.

— Ե՛ս կանեմ այդ, հայր սուրբ։

Քիլոնը նույնպես վեր կացավ, մի րոպե նայում էր բանվորի երեսին, որ լուսավորված էր լուսնյակի շողերով, ապա բազուկները տարածելով կամաց դրեց նրա գլխին։

— Գնա՛ քրիստոնյաների մեջ,— ասաց նա հանդիսավոր կերպով,— գնա աղոթատեղիները և հարցուփորձ արա եղբայրներին բժիշկ Գլավկոսի մասին, և երբ քեզ մատնացույց կանեն, այն ժամանակ, Քրիստոսի անունը հիշելով, սպանիր։

— Գլավկոս,— կրկնեց բանվորը՝ կարծես կամենալով իր հիշողության մեջ դրոշմել այս անունը։

— Ճանաչո՞ւմ ես նրան։

— Ո՛չ, չեմ ճանաչում։ Հազարավոր քրիստոնյաներ կան ամբողջ Հռոմում, և բոլորը միմյանց չեն ճանաչում։ Բայց վաղը գիշերն Օստրիանոնում[205] կհավաքվեն եղբայրներն ու քույրերը, բոլորն առանց բացառության, որովհետև եկել է Քրիստոսի մեծ առաքյալը, որ այնտեղ պետք է սովորեցնի, և այնտեղ եղբայրներն ինձ ցույց կտան Գլավկոսին։

— Օստրիանոնո՞ւմ,— հարցրեց Քիլոնը,— ուրեմն քաղաքի պարիսպներից դուրս։ Եղբայրնե՞րը և բոլոր քույրե՞րը, գիշերո՞վ, դարպասներից դուրս, Օստրիանոնո՞ւմ։

— Այո՛, հայր։ Այնտեղ մեր գերեզմանատունն է, via Salaria֊ի և via Nomentana֊ի մեջտեղ։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ այնտեղ պետք է սովորեցնի մեծ առաքյալը։

— Երկու օր է, տանը չեմ եղել, և այս պատճառով նրա նամակը չեմ ստացել. բացի դրանից, չգիտեի՝ ուր է Օստրիանոնը, որովհետև նոր եմ եկել Կորնթոսից, որտեղ կառավարում եմ քրիստոնեական համայնքը։ ...Այդպես ուրեմն. եթե Քրիստոսը քեզ այդպես ներշնչել է, կերթաս գիշերով, որդի, Օստրիանոն, այնտեղ եղբայրների մեջ կգտնես Գլավկոսին և կսպանես նրան ճանապարհին, քաղաք վերադառնալիս, և այս բանի Համար թողություն կտրվի քո բոլոր մեղքերին։ Իսկ հիմա խաղաղությունը լինի քեզ հետ։

— Հայր սուրբ...

— Լսում եմ քեզ, Գառի ծառա։

Բանվորի դեմքին շփոթություն երևաց։ Ահա մոտերքս նա մի մարդ է սպանել, գուցե և երկուսին, իսկ Քրիստոսի վարդապետությունն արգելում է սպանել։ Բայց սպանել է նրանց ոչ թե իրեն պաշտպանելով, որովհետև սա ևս չի թույլատրվում։ Չի սպանել (Աստված փրկե և ազատե) կողոպտելու համար։ Եպիսկոպոսը իրեն օգնելու համար ինքը եղբայրներ տվեց, բայց արգելեց սպանել. իսկ ինքն ակամա է սպանել, որովհետև չափից դուրս ուժը Աստված իրեն պատիժ է տվել... Եվ այժմ սաստիկ ապաշխարում է... Ուրիշները երգում են երկանաքարերը շարժելիս, իսկ ինքը, անբախտը, մտածում է իր մեղքի մասին, Գառի վիրավորանքի մասին... Արդեն որքա՛ն աղոթք է արել, լաց եղել։ Որչա՛փ ներում է խնդրել Գառից և դեռևս զգում է, որ բավական չէ ապաշխարել... Իսկ այժմ նորից խոստանում է սպանել։ Շատ լավ։ Թույլ է տրված ներել միայն սեփական վիրավորանքները, ուրեմն կսպանի նրան, թեկուզ հենց բոլոր այն եղբայրների և քույրերի աչքի առջև, որոնք վաղը լինելու են Օստրիանոնում։ Բայց թող Գլավկոսը նախ դատապարտվի եղբայրների, երեցների, եպիսկոպոսի կամ առաքյալի ձեռքով։ Սպանելը մեծ բան չէ, իսկ սպանել մատնիչին մինչև անգամ հաճելի է, ինչպես սպանել գայլին կամ արջին, բայց եթե Գլավկոսն անմե՞ղ մեռնի։ Ինչպե՞ս ծանրաբեռնել խղճմտանքը նոր սպանությամբ, նոր մեղքով և Գառին նորից վիրավորել։

— Դատաստանի համար ժամանակ չկա, որդի,— պատասխանեց Քիլոնը,— որովհետև մատնիչը Օստրիանոնից ուղղակի կշտապի Կեսարի մոտ, Անտիոն, և կթաքնվի մի հայտնի պատրիկի տանը, որի ձեռքի տակ է ծառայում, բայց ահա քեզ մի նշան կտամ, որ եթե Գլավկոսին սպանելուց հետո ցույց տաս, թե՛ եպիսկոպոսը և թե՛ մեծ առաքյալը կօրհնեն քո արարմունքը։

Այս ասելով նա հանեց մի մանր դրամ, հետո սկսեց գոտկի ետևում դանակ որոնել և, գտնելով դանակը, նրա ծայրով սեստերցի վրա խաչի նշան փորեց ու տվեց բանվորին։

— Ահա Գլավկոսի դատավճիռը և մի նշան քեզ համար։ Երբ Գլավկոսին սպանելուց հետո այս ցույց կտաս եպիսկոպոսին, նա թողություն կտա և այն սպանության համար, որ թույլ տվիր քեզ ակամայից։

Բանվորը մեքենայաբար ձեռքը մեկնեց դրամը վերցնելու, բայց հիշողության մեջ դեռ շատ թարմ ունենալով առաջին սպանությունը՝ մի տեսակ երկյուղ զգաց։

— Հա՛յր սուրբ,— ասաց նա գրեթե աղերսական ձայնով,— արդյոք քո խղճմտանքի վրա՞ ես առնում այս արարմունքը և արդյոք ինքդ լսե՞լ ես, թե ինչպես Գլավկոսը ծախում էր եղբայրներին։

Քիլոնը հասկացավ, որ պետք է որևէ ապացույց տալ, որևէ անուն հիշել եթե ոչ, հսկայի սրտում կարող է կասկած ծագել։ Եվ հանկարծ մի հաջող միտք փայլեց նրա գլխում։

— Լսի՛ր, Ուրբանոս,— ասաց նա,— բնակվում եմ Կորնթոսում, այլ ծագմամբ կոսացի եմ և այստեղ, Հռոմում, Քրիստոսի վարդապետությունն եմ սովորեցնում իմ երկրացի մի սպասավոր աղջկա, որի անունն է Եվնիկե։ Նա ծառայում է իբրև վեստիպլիկիա Կեսարի մի բարեկամի՝ ոմն Պետրոնիոսի տանը։ Ահա այդ տանը լսել եմ, թե ինչպես Գլավկոսը հանձն էր առնում մատնել բոլոր քրիստոնյաներին և, բացի դրանից, խոստանում էր Կեսարի մի ուրիշ սիրելիին՝ Վինիկիոսին, որ նրա համար քրիստոնյաների մեջ մի աղջիկ կգտնի։

Այստեղ նա կանգ առավ և զարմանքով նայեց բանվորին, որի աչքերը հանկարծ փայլեցին գազանի աչքերի պես, իսկ դեմքը վայրենի բարկության և սպառնալիքի արտահայտություն ստացավ։

— Քեզ ի՞նչ պատահեց,— հարցրեց նա համարյա թե երկյուղով։

— Ոչինչ, հայր սուրբ, վաղը կսպանեմ Գլավկոսին։

Բայց հույնը լռեց և մի րոպեից, բռնելով բանվորի ուսերից, շուռ տվեց նրան այնպես, որ լուսնյակի շողն ընկներ ուղղակի նրա դեմքին, և սկսեց ուշիուշով զննել նրան։ Ակներև էր, որ իր մտքի մեջ տատանվում էր՝ արդյոք շարունակի՞ հարցնել և ամեն բան երևան հանի՞, թե այս անգամ բավականանա նրանով, ինչ որ իմացել կամ հասկացել էր։

Սակայն ի վերջո գերակշռեց նրա բնատուր զգուշությունը։ Նա մի երկու անգամ խոր հոգոց հանեց, ապա, նորից ձեռքը դնելով բանվորի գլխին, հանդիսավոր, դանդաղ ձայնով հարցրեց.

— Ուրեմն սուրբ մկրտության ժամանակ քեզ Ուրբանոս անո՞ւնն է տրված։

— Այո, հայր սուրբ։

— Թող խաղաղություն քեզ լինի, Ուրբանոս։

ԳԼՈՒԽ ԺԸ

Պետրոնիոսը Վինիկիոսին։

«Վատ է բանդ, carissime։ Երևի Վենուսը խելքդ շփոթել է, խլել է բանականությունդ, հիշողությունդ և բացի սիրուց որևէ ուրիշ բանի մասին մտածելու ընդունակությունը։ Կարդա երբևիցե այն, ինչ որ պատասխանել ես իմ նամակին, և կիմանաս, թե խելքդ ինչպես անտարբեր է դարձել այն ամենի համար, ինչ որ Լիգիա չէ. ինչպես միայն նրանով է զբաղված, նրան է շարունակ դիմում և պտտվում է նրա, ինչպես բազեն իր նկատած որսի, գլխով։ Պոլլուքսը[206] սիրես, շուտով գտիր նրան, եթե ոչ քանի որ քո հուրը քեզ մոխիր չի դարձրել, կկերպարանափոխվես եգիպտական Սֆինքսի, որ սիրահարվելով, ինչպես ասում են, գունատ Իսիդին՝ ամեն բանի հանդեպ խուլ, անտարբեր դարձավ և սպասում է միայն գիշերվան, որպեսզի կարողանա քարե աչքերով դիտել իր սիրուհուն։

«Շորերդ փոխած երեկոները շրջիր քաղաքում, քո փիլիսոփայի հետ այցելիր մինչև անգամ քրիստոնեական աղոթատեղիները. ամեն բան, ինչ որ հույս է զարթեցնում և ժամանակը վատնել է տալիս, արժանի է գովասանքի։ Բայց թե բարեկամությունս ես սիրում, մի բան արա. այդ Ուրսուսը՝ Լիգիայի ստրուկը, ըստ երևույթին արտասովոր ուժի տեր մարդ է. ուրեմն վարձիր քեզ համար Կրոտոնին և երեքով սկսեցեք արշավանքները։ Սա թե՛ ավելի անվտանգ կլինի և թե՛ ավելի խոհեմ։ Քրիստոնյաները, եթե միայն նրանց թվին պատկանում են Պոմպոնիա Գրեկինան և Լիգիան, անկասկած այնպիսի անպիտաններ չեն, ինչպես որ նրանց առհասարակ համարում են. այնուամենայնիվ, Լիգիային հափշտակելու ժամանակ նրանք ապացուցեցին, որ երբ խնդիրը իրենց հոտի որևէ գառնուկի մասին է, գիտեն հանաք չանել։ Երբ կտեսնես Լիգիային, գիտեմ, չես կարողանա զսպել քեզ և կկամենաս իսկույն ևեթ նրան խլել, բայց դա Քիլոնի հետ մենակ ինչպե՞ս կհաջողեցնես։ Իսկ Կրոտոնը գլուխ կհանի, թեկուզ աղջկան պաշտպանելիս լինեին տասնյակ այնպիսի լիգեր, ինչպիսին է Ուրսուսը։ Մի՛ թույլ տուր, որ Քիլոնը պլոկի քեզ, բայց Կրոտոնի համար փող մի խնայիր։ Ամեն խորհուրդներից, որ քեզ կարող եմ ուղարկել, սա ամենալավն է։

«Այստեղ արդեն դադարել են խոսել փոքրիկ Ավգուստայի և այն մասին, թե նա մեռել է հմայություններից։ Սրա մասին երբեմն հիշեցնում է Պոպպեան, բայց Կեսարի խելքն ու միտքը զբաղեցված է ուրիշ բանով. վերջապես, եթե ճիշտ է, որ Ավգուստան նորից պատճառավոր է, նրա մեջ էլ անհետ կցրվի երեխայի հիշատակը։ Արդեն մի քանի օր է, ինչ Նեապոլում ենք, կամ ավելի ճիշտ՝ Բայքում։ Եթե որևէ բանի մասին մտածելու ընդունակ լինեիր, մեր այստեղի զբոսանքների արձագանքը պետք է որ քո ականջը հասած լիներ, որովհետև ամբողջ Հռոմը երևի ուրիշ ոչ մի բանի մասին չի խոսում։ Ուղղակի եկանք Բայք, ուր նախ և առաջ մեզ տիրեցին մոր հիշողություններն ու խղճահարությունները, բայց արդյոք գիտե՞ս, թե ուր է հասել արդեն Ահենոբարբը։ Այնտեղ, որ մինչև իսկ մայրասպանությունը նրա համար միայն ոտանավորների նյութ է և խեղկատակ֊ողբերգական տեսարաններ ներկայացնելու առիթ։ Առաջ նա անկեղծորեն խղճահարություն էր ապրում այն չափով միայն, որ չափով որ երկչոտ է։ Իսկ այժմ, երբ նա համոզվել է, որ աշխարհը, ինչպես որ էր իր ոտների տակ, այնպես էլ կա, և ոչ մի աստված իրենից վրեժ չի առնում, այժմ խղճահարվել է ձևացնում, որպեսզի իր վիճակով շարժի մարդկանց սիրտը։ Երբեմն գիշերները տեղից վեր է թռչում, կրկնելով, թե իրեն հալածում են ֆուրիաները[207]. զարթեցնում է մեզ, դիտում ինքն իրեն, Օրեստեսի[208] դերը կատարող դերասանի, այն էլ վատ դերասանի ձևեր է բանեցնում, արտասանում է հունական ոտանավորներ և նայում է, թե արդյոք զմայլվո՞ւմ ենք իրենով։ Իսկ մենք, իհարկե, զմայլվում ենք և փոխանակ իրեն ասելու «գնա, քնի՛ր, խեղկատակ», մենք էլ ողբերգական ձևերով լարում ենք մեզ և մեծ արտիստին պաշտպանում ֆուրիաներից։ Կաստորը[209] վկա, քեզ պիտի հասած լիներ գոնե այն, որ նա արդեն բեմ է դուրս եկել Նեապոլում։ Նեապոլից և շրջակա քաղաքներից թափառաշրջիկներ էին հավաքել, որոնք թատրոնն այնպես էին լցրել սխտորի ու քրտնքի անախորժ հոտերով, որ աստվածներին փառք էի տալիս, որ փոխանակ ավգուստիանների մեջ առաջին շարքերում նստելու՝ Ահենոբարբի հետ բեմի հետևն էի։ Եվ, կհավատա՞ս, վախենում էր։ Ճիշտ որ, վախենամ էր։ Բռնում էր ձեռքս և դնում սրտին, իսկ սիրտն, իսկապես, արագ բաբախում էր։ Շնչառությունը կարճացել էր։ Իսկ այն րոպեին, երբ պետք է բեմ դուրս գար, մագաղաթի պես գունատվեց, և ճակատը ծածկվեց քրտնքի կաթիլներով։ Բայց չէ՞ որ գիտեր, որ բոլոր կարգերում նստած էին փայտերով զինված պատրաստի պրետորիաններ, որպեսզի հարկավոր դեպքում ոգևորություն գրգռեին հանդիսականների մեջ։ Բայց հարկ չկար։ Կարթագենի շրջակայքում կապիկների ոչ մի հոտ չի կարող այնպես գոռալ, ինչպես գոռում էր այս խուժանը։ Ասում եմ քեզ, որ սխտորի հոտը մինչև բեմն էր հասնում. իսկ Ներոնը գլուխ էր տալիս, ձեռքերը սեղմում սրտին, շուրթերից համբույրներ էր ուղարկում և լաց լինում։ Հետո արբածի պես ներս պրծավ մեզ մոտ՝ բեմի ետևը գոչելով. «Ի՜նչ են բոլոր հաղթանակները այս իմ հաղթանակի համեմատ»։ Իսկ խուժանը այնտեղ դեռ շարունակում էր գոռալ և ծափահարում էր, գիտենալով, որ Կեսար֊խեղկատակից իր համար ձեռք է բերելու շնորհներ, նվերներ, խնջույքներ, վիճակախաղի տոմսեր և նորանոր ներկայացումներ։ Ես մինչև անգամ չեմ զարմանում նրանց վրա, որ ծափահարում էին, որովհետև չտեսնված բան էր։ Իսկ նա ամեն րոպե կրկնում էր. «Ահա՛ թե ինչ են հույները։ Ահա՛ թե ինչ են հույները»։ Եվ ինձ թվում է, որ այդ վայրկյանից Հռոմի նկատմամբ նրա ատելությունն ավելի աճեց։ Իհարկե, Հռոմ ուղարկվեցին հատուկ սուրհանդակներ՝ հաղթանակն ավետելու համար, և օրերս սպասում ենք ծերակույտի շնորհավորության։ Ներոնի բեմ դուրս գալուց անմիջապես հետո այստեղ մի տարօրինակ դեպք տեղի ունեցավ։ Թատրոնը քանդվեց հանկարծ, բայց այն ժամանակ, երբ մարդիկ արդեն դուրս էին եկել։ Պատահարի տեղն էի և չտեսա, որ փլատակների տակից գոնե մի դիակ հանեին։ Շատերը, նույնիսկ հույներից, աստվածների բարկություն են համարում սա այն պատճառով, որ կայսրը ստորացնում է իր իշխանությունը. իսկ նա, ընդհակառակը, պնդում է, որ այստեղ աստվածների շնորհն է, և որ նրանք ակներև խնամք են ցույց տալիս իր երգեցողության և նրանց հանդեպ, ովքեր լսում են իրեն։ Եվ այստեղից՝ նոր զոհաբերություններ բոլոր մեհյաններում և մեծամեծ գոհաբանական մաղթանքներ, իսկ Կեսարի համար՝ նոր դրդում ճանապարհորդելու Աքայա։ Սրանից մի քանի օր առաջ ինձ ասում էր՝ վախենում է, թե այս մասին ինչ կասի հռոմեական ժողովուրդը, արդյոք չի՞ խռովի, քանի որ սիրում է իրեն և քանի որ կարող է երկյուղ կրել՝ չլինի՞ թե Կեսարի երկար բացակայության միջոցին զրկվի բաժանվող հացից ու ներկայացումներից։

«Այնուամենայնիվ գնում ենք Բենեվենտոն՝ կոշկակարական հանդեսները տեսնելու, որոնցով պիտի փքվի Վատինիոսը, իսկ այնտեղից, Հելենայի աստվածային եղբայրների[210] հովանավորության ներքո՝ Հունաստան։ Ինչ որ ինձ է վերաբերում, նկատել եմ մի բան, որ երբ խելագարների մեջ եմ, ինքս էլ խելագար եմ դառնում։ Հունաստան և հազարավոր կիթառներով ճանապարհորդություն, Բաքոսի մի տեսակ հաղթական երթ, մրտենու կանաչով կամ խաղողի տերևով պսակված նիմֆաների և բաքոսուհիների ընկերություն, վագրեր լծած կառքեր, ծաղիկներ, տիրսեր, պսակներ, «evoe!» աղաղակներ[211], երաժշտություն, բանաստեղծություն և ծափահարող Հելլադա. այս ամենը լավ բաներ են, բայց մենք ավելի հանդուգն մտքեր ենք տածում։ Կամենում ենք ստեղծել մի տեսակ արևելյան առասպելական կայսրություն, արմավենիների, արևի, բանաստեղծության, երազ դարձած իրականության և անընդհատ զվարճություն դարձած կյանքի մի տեսակ թագավորություն։ Կամենում ենք մոռանալ Հռոմը, իսկ աշխարհի ծանրության հենակետը տեղափոխել մի որևէ տեղ Հունաստանի, Ասիայի և Եգիպտոսի մեջտեղ, ապրել ոչ թե մարդկանց, այլ աստվածների կյանքով, չգիտենալ, թե ինչ են առօրյա հոգսերը, Արխիպելագում շրջել ոսկեզօծ նավերով՝ նստած ծիրանի առագաստների ստվերում, լինել Ապոլլոն, Օսիրիս և Բահալ՝ մի անձի մեջ միավորված, արշալույսի հետ վարդագույն դառնալ, արևի հետ՝ ոսկեճաճանչ... Եվ արդյոք կհավատա՞ս, որ ես, որ դեռ մի սեստերցի խելք ունեմ, և մի ասի բանականություն, այնուամենայնիվ թույլ եմ տալիս ինձ հափշտակվել այս երևակայական ծնունդներով, և թույլ եմ տալիս ինձ նրա համար, որ թեև անիրագործելի են, բայց գոնե և՛ մեծ են, և՛ արտասովոր։ Այսպիսի մի առասպելական կայսրությունը կլիներ մի այնպիսի բան, որ երբևիցե, շատ դարեր հետո, մարդկանց երազ կթվար։ Եթե Վենուսը չընդունի այնպիսի մի կերպարանք, ինչպիսին ունեն Լիգիան կամ Եվնիկեի պես մի ստրկուհի, և եթե գեղարվեստը չզարդարի մեր ապրուստը, կյանքն ինքը չնչին է և հաճախ կապկի դեմք է ունենում։ Բայց Պղնձամորուսը չի իրագործի իր մտադրությունները թեկուզ հենց նրա համար, որ բանաստեղծության և Արևելքի այդ առասպելական թագավորության մեջ դավաճանություն, ստորաքարշություն ու մահ չպիտի լինեն. իսկ նրա մեջ բանաստեղծի դիմակի տակ մի վատթար կոմեդիանտ, տխմար կառապան և տափակամիտ բռնակալ է նստած։ Իսկ այդ ժամանակ մարդիկ ենք խեղդամահ անում, երբ որևէ կերպով խոչընդոտ են կանգնում։ Խեղճ Տորքուատոս Սիլանոսն արդեն ուրվական է դարձել։ Մի քանի օր առաջ բացեց իր երակը։ Լեկանիոսն ու Լիկինիոսը երկյուղով հանձն են առնում հյուպատոսությունը. ծերունի Թրասեասը մահից խույս չի տա, որովհետև համարձակվում է ազնիվ լինել։ Տիգելլինոսը մինչև օրս չի կարողանում երակս բանալու հրաման ստանալ։ Դեռ հարկավոր եմ ոչ միայն իբրև elegantiae arbiter, այլև իբրև մի մարդ, առանց որի խորհուրդների և ճաշակի կարող է վիժել Աքայական արշավանքը։ Սակայն հաճախ մտածում եմ, որ վաղ թե ուշ այդպես է վերջանալու, և գիտե՞ս այն ժամանակ հոգսս ինչ է. այն, որ Պղնձամորուսը ձեռք չձգե իմ այն մուռինական[212] անոթը, որ քեզ ծանոթ է և որով հիանում ես։ Եթե մեռնելու րոպեին կողքիս լինես, քեզ կտամ, իսկ եթե հեռու` կփշրեմ։

«Մինչ այդ առջևներս դեռ կոշկակարական Բենեվենտոն ռւնենք՝ Օլիմպիական Հունաստանը և ֆատում[213], որ ամեն մեկիս համար անհայտ և անսպասելի ճանապարհ է բացում։ Ողջ եղիր և վարձիր Կրոտոնին, եթե ոչ, երկրորդ անգամ ձեռքիցդ կխլեն Լիգիային։ Քիլոնիդեսին, երբ նա կդադարի քեզ պետք լինել, ուղարկիր ինձ մոտ, ուր որ էլ լինեմ։ Գուցե նրան երկրորդ Վատինիոս դարձնեմ և գուցե կոնսուլազարմ պարոններն ու սենատորները դեռ դողան նրա առջև, ինչպես դողում են կոշկաթելի ասպետի առջև։ Արժե հասնել այդ տեսարանին։ Երբ Լիգիային գտնես, հաղորդիր ինձ, որպեսզի քեզ համար զոհ բերեմ այստեղ մի զույգ կարապ, իսկ Վենուսի կլոր մեհյանում՝ մի զույգ աղավնի։ Մի անգամ երազումս տեսա Լիգիային, որ քո ծնկների վրա նստած քո համբույրների էր որոնում։ Աշխատիր, որ դա մարգարեական երազ լինի։ Թող քո երկնքի վրա ամպեր չլինեն, իսկ եթե լինեն, թող ունենան վարդի գույնն ու բույրը։ Ողջ եղիր և մնաս բարև»։

ԳԼՈՒԽ ԺԹ

Վինիկիոսը նոր էր վերջացրել նամակի ընթերցումը, երբ առանց որևէ ծանուցումի կամաց ներս սողաց Քիլոնը, որովհետև ծառաները հրաման էին ստացել նրան ներս թողնելու գիշերվա և ցերեկվա ամեն մի ժամի։

— Թող քո վեհանձն նախնի Էնեասի[214] մայրը,— ասաց նա,— այնպես քաղցրահայաց լինի քեզ համար, տեր, որպես քաղցրահայաց էր ինձ համար Մայայի աստվածորդին[215]։

— Այդ նշանակո՞ւմ է...— հարցրեց Վինիկիոսը՝ վեր թռչելով սեղանի կողքից, որի մոտ նստած էր։

Իսկ Քիլոնը գլուխը բարձրացրեց և ասաց.

— Eurika![216]

Երիտասարդ տրիբունն այնպես հուզվեց, որ երկար ժամանակ չէր կարողանում մի բառ իսկ ասել։

— Տեսա՞ր նրան,— հարցրեց նա վերջապես։

— Տեսա Ուրսուսին, տեր, և խոսեցի հետը։

— Եվ գիտե՞ս, թե որտեղ են թաք կացել։

— Ոչ, տեր։ Մեկ ուրիշը, հենց ինքնասիրությունից դրդված կհասցներ լիգին, որ իմացել է, թե ով է նա, մեկ ուրիշը կաշխատեր նրանից դուրս կորզել, թե որտեղ է բնակվում, և կամ բռունցքի հարված կստանար, որից հետո երկրային բոլոր գործերը նրա համար մեկ կդառնային, կամ հսկայի կասկածանքը կգրգռեր և այնպես կաներ, որ աղջկա համար գուցե հենց նույն գիշեր թաքստի ուրիշ տեղ որոնեին։ Ես այդ չարի, տեր։ Բավական է, որ գիտեմ, որ Ուրսուսը բանում է Էմպորիոնից ոչ հեռու, Դեմաս կոչվող ջրաղացպանի մոտ, այսպես է կոչվում նաև քո ազատագիրը, և այսքանը բավական է ինձ. որովհետև այժմ քո հավատարիմ ստրուկներից ամեն մեկը վաղը կարող է գնալ նրա ետևից և իմանալ նրանց ապաստարանը։ Ես քեզ համար միայն հավաստիություն եմ բերում, թե քանի որ Ուրսուսը Հռոմումն է, այստեղ է և աստվածային Լիգիան, և մի ուրիշ տեղեկություն, գրեթե հավաստի, որ այս գիշեր նա լինելու է Օստրիանոնում...

— Օստրիանոնո՞ւմ։ Դա որտե՞ղ է,— ընդմիջեց Վինիկիոսը՝ կամենալով, ինչպես երևում էր, իսկույն ևեթ վազել ցույց տված տեղը։

— Հին հիպոգեոն[217] է, via Salaria֊ի և via Nomentana֊ի մեջտեղ։ Այն pontifex maximus֊ը[218], որի մասին քեզ ասել եմ, տեր, և որին ավելի ուշ էին սպասում, արդեն ժամանել է և այս գիշեր պիտի մկրտի և սովորեցնի այդ գերեզմանատանը։ Նրանք թաք են կենում և թաքցնում են իրենց վարդապետությունը, որովհետև թեև մինչև այժմ այս վարդապետությունն արգելող ոչ մի հրովարտակ չկա, ամբոխն իրենց ատում է. ուստի իրենք պետք է զգույշ լինեն։ Ինքն Ուրսուսը ասաց ինձ, որ բոլորը, առանց բացառության, կժողովվեն Օստրիանոնում. ամեն մեկն ուզում է տեսնել և լսել նրան, որ Քրիստոսի առաջին աշակերտն է եղել և որին նրանք առաքյալ են անվանում։ Եվ որովհետև այնտեղ կանայք տղամարդկանց հետ միասին են լսում քարոզները, այս պատճառով կանանցից գուցե միայն Պոմպոնիան չլինի, քանի որ չի կարողանա իրեն արդարացնել Ավլոսի առջև, որ հին աստվածներին է պաշտում, թե ինչո՞ւ է գիշերով տունը թողնում։ Իսկ Լիգիան, տեր, որ Ուրսուսի և համայնքի երեցների խնամքի տակ է, անկասկած ուրիշ կանանց հետ կերթա այնտեղ։

Վինիկիոսը, որ մինչ այդ կարծես ապրում էր տենդի մեջ և որին միայն հույսն էր պահում, այժմ, երբ այս հույսը թվում էր, թե իրականանալու վրա էր, հանկարծ այնպիսի թուլություն զգաց, որպիսին զգում է մի մարդ, որ ուժից վեր ճանապարհորդությունից հետո մոտեցել է իր նպատակին։ Քիլոնն այս նկատեց և վճռեց օգտվել դրանից։

— Դարպասների մոտ, ճիշտ է, հսկում են քո մարդիկ, տեր, և քրիստոնյաները պետք է որ այդ գիտենան։ Բայց նրանք դարպասների կարիք չանեն։ Տիբերիսը նույնպես կարիք չունի դարպասների, և թեև գետից մինչև այն ճանապարհները հեռու է, դարձյալ արժե երկարացնել ճանապարհը՝ «Մեծ առաքյալին» տեսնելու համար։ Վերջապես նրանք կարող են ունենալ հազար ու մի միջոցներ՝ քաղաքից դուրս գնալու համար, և գիտեմ, որ ունեն։ Օստրիանոնում, տեր, կգտնես Լիգիային, իսկ եթե մինչև անգամ (այդ ես չեմ էլ ենթադրում) նա այնտեղ չլինի, կլինի Ուրսուսը, որովհետև նա ինձ խոստացավ սպանել Գլավկոսին։ Ինքն ինձ ասաց, որ կլինի և այնտեղ կսպանի նրան. լսո՞ւմ ես, ազնիվ տրիբուն։ Ահա, կամ կերթաս նրա ետևից և կիմանաս, որտեղ է բնակվում Լիգիան, կամ կհրամայես քո մարդկանց, որ բռնեն նրան իբրև մարդասպանի, և քո ձեռքում ունենալով նրան՝ դուրս կկորզես խոստովանանք, թե որտեղ է պահել Լիգիային։ Ես իմս արի։ Մեկ ուրիշը, տեր, քեզ կասեր, թե Ուրսուսի հետ, ամենաառաջնակարգ գինուց տասը կանթար[219] է խմել նախքան նրանից գաղտնիք իմանալը. մեկ ուրիշը քեզ կասեր, թե scriptae ducdecim խաղի մեջ տարվել է նրան հազար սեստերց կամ թե երկու հազարով է գնել տեղեկությունը... Գիտեմ, որ կվերադարձնեիր ինձ դրա կրկնապատիկը, բայց այնուամենայնիվ կյանքիս մեջ առաջին անգամ... այսինքն՝ ուզում էի ասել, ինչպես միշտ կյանքիս մեջ՝ ազնիվ կլինեմ, որովհետև համոզված եմ, որ ինչպես ասաց վեհանձն Պետրոնիոսը, քո առատաձեռնությունը կգերազանցի իմ բոլոր ծախսերն ու հույսերը։

Բայց Վինիկիոսը, որ զինվորական էր և ամեն տեսակ պատահարների ժամանակ սովոր էր ոչ միայն իրեն զսպել, այլև գործել, տիրեց իր ժամանակավոր թուլությանը և ասաց.

— Չես սխալվում առատաձեռնության մասին, բայց նախ ինձ հետ Օստրիանոն կերթաս։

— Ե՞ս, Օստրիանո՞ն,— հարցրեց Քիլոնը, որ ոչ մի ցանկություն չուներ այնտեղ գնալու։— Ես, ազնիվ տրիբուն, քեզ խոստացել եմ ցույց տալ Լիգիային, բայց չեմ խոստացել հափշտակել նրան։ Մտածիր, տեր, ինչ կլիներ իմ օրը, եթե այն լիգիական արջը Գլավկոսին ջախջախելուց հետո միաժամանակ համոզվեր, որ բոլորովին արդարացի չէ նրան ջախջախելը։ Արդյոք ինձ չէ՞ր համարի (իհարկե ոչ արդարացի կերպով) կատարված սպանության պատճառ։ Հիշիր, տեր, որ մարդս քանի ավելի մեծ փիլիսոփա է, այնքան ավելի դժվար է նրա համար պարզամիտների հիմար հարցմունքներին պատասխանելը, ուստի ես ի՞նչ պիտի պատասխանեմ նրան, եթե հարցնի, թե ինչի համար մեղադրեցի բժիշկ Գլավկոսին։ Իսկ եթե կասկածում ես, թե քեզ խաբում եմ, այն ժամանակ քեզ կասեմ՝ վճարիր ինձ միայն այն ժամանակ, երբ քեզ մատնացույց կանեմ այն տունը, որտեղ բնակվում է Լիգիան. իսկ այսօր ցույց տուր ինձ միայն առատաձեռնությանդ փշրանքը, որպեսզի եթե դու էլ, տեր (բոլոր աստվածները պահպանեն քեզ այս բանից), որևէ պատահարի ենթարկվես, բոլորովին առանց վարձատրության չմնամ։ Քո սիրտը երբեք այս բանը չէր տանի։

Վինիկիոսը մոտեցավ մարմարիոնե պատվանդանի վրա դրված արկղին, որ arca էր կոչվում, և այնտեղից մի քսակ հանելով՝ շպրտեց Քիլոնին։

— Այս միայն «scrupula» է,— ասաց նա,— իսկ երբ Լիգիան իմ տանը կլինի, կստանաս հենց այդպիսի մի քսակ՝ լցված aureus֊ներով[220]։

— Յուպիտե՜ր,— գոչեց Քիլոնը։

Բայց Վինիկիոսը կիտեց հոնքերը։

— Քեզ ուտելիք կտան, հետո կարող ես հանգստանալ։ Մինչև երեկո այստեղից չես շարժվի, իսկ երբ մութը կընկնի, կընկերակցես ինձ Օստրիանոն։

Հույնի դեմքին մի րոպե երկյուղ ու տատանմունք երևացին, բայց հետո հանգստացավ և ասաց.

— Ո՞վ քեզ կհակառակի, տե՛ր։ Այս խոսքերն ընդունիր իբրև մի բարի մարգարեություն, ինչպես ընդունեց այն մեր նույնչափ մեծ դյուցազնը Ամմոնի տաճարում։ Ինչ որ ինձ է վերաբերում, այս scrupul֊ները (նա թափահարեց քսակը) գերազանցեցին իմ ակնարկած փշրանքը. էլ չեմ խոսում քո ընկերության մասին, որ ինձ համար բախտավորություն և վայելչություն է։

Բայց Վինիկիոսն ընդհատեց նրան և սկսեց հարցուփորձ անել Ուրսուսի հետ ունեցած խոսակցության մանրամասնությունների մասին։ Մի բան նրա համար բոլորովին պարզ էր դառնում, այն է՝ որ կամ Լիգիայի ապաստարանը հենց այս գիշեր բացված կլինի, կամ նրան կարելի կլինի հափշտակել ճանապարհին՝ Օստրիանոնից վերադառնալիս։

Եվ այս մտքից Վինիկիոսին անզուսպ ուրախություն էր տիրում։ Այժմ, երբ համարյա թե վստահ էր, որ Լիգիային կգտնի, անհետացել էին թե բարկությունը և թե թշնամանքը, որ տածում էր նրա նկատմամբ։ Հենց միայն այս ուրախության համար նրան ներում էր բոլոր հանցանքները։ Մտածում էր միայն նրա, իբրև թանկագին ու ցանկալի էակի մասին, և այնպիսի զգացմունք ուներ, կարծես Լիգիան պիտի վերադառնար երկար ճանապարհորդելուց հետո։ Փափագ էր զգում կանչելու ստրուկներին և հրամայելու նրանց, որ տունը զարդարեն ծաղկահյուսերով։ Այդ միջոցին զայրացած չէր նույնիսկ Ուրսուսի վրա։ Պատրաստ էր ամենին ամեն ինչ ներել։ Քիլոնը, որի նկատմամբ, չնայելով նրա արած ծառայություններին, մի տեսակ զզվանք էր զգում, առաջին անգամ նրան ծիծաղաշարժ, նաև ոչ սովորական մարդ երևաց։ Նրա համար պայծառացավ տունը, պայծառացան աչքերը, պայծառացավ դեմքը։ Սկսեց նորից երիտասարդություն և կյանքի ուրախություն զգալ։ Առաջվա մռայլ տանջանքը նրան դեռևս բավականին ցույց չէր տվել, թե որչափ սիրելիս է եղել Լիգիային։ Այս հասկացավ միայն այժմ, երբ հույս ուներ տիրանալու նրան։ Լիգիային ունենալու ցանկությունը զարթնում էր նրա մեջ այնպես, ինչպես գարնանը զարթնում է արևի ճառագայթներով ջերմացած գետինը։ Բայց նրա տռփանքն այժմ կարծես պակաս կույր և վայրենի էր և ավելի ուրախառիթ ու մեղմ։ Իր մեջ նաև անսահման եռանդ էր զգում և համոզված էր, որ եթե միայն սեփական աչքերով տեսնի Լիգիային, այն ժամանակ նրան իր ձեռքից չեն խլի արդեն ամբողջ աշխարհիս բոլոր քրիստոնյաները, նույնիսկ ինքը Կեսարը։

Իսկ Քիլոնը, նրա ուրախությունից համարձակություն առնելով, սկսեց խոսել ու խորհուրդներ տալ։ Նրա կարծիքով՝ դեռ գործը պետք չէր շահած համարել, պետք էր ամենամեծ զգուշություն պահպանել, առանց որի ամբողջ գործը կարող էր փչանալ։ Նաև երդվեցնում էր Վինիկիոսին, որ Լիգիային չհափշտակի Օստրիանոնից։ Այնտեղ պետք է գնան գլխանոցները գլխին, դեմքերը քողարկված և բավականանան որևէ մութ անկյունից ներկա եղողներին դիտելով։ Եթե տեսնեն Լիգիային, ամենաապահովը կլինի նրան հետևել հեռվից, նկատել ո՛ր տունն են մտնում, իսկ վաղը, լուսադեմին, այղ տունը շրջապատել բազմաթիվ ստրուկներով և օրը ցերեկով վերցնել աղջկան։ Եվ քանի որ նա պատանդ է և հատկապես պատկանում է Կեսարին, ուստի այդ կարելի է անել առանց օրենքը խախտելու։ Բան է, եթե նրան չգտնեն Օստրիանոնում, կերթան Ուրսուսի ետևից, և հետևանքը միևնույնը կլինի։ Չի կարելի գերեզմանատուն գնալ բազմաթիվ մարդկանց ուղեկցությամբ, որովհետև հեշտությամբ կարող են իրենց վրա դարձնել ընդհանուրի ուշադրությունը, և այն ժամանակ քրիստոնյաները բավական է, որ միայն հանգցնեն բոլոր ճրագները, ինչպես այդ արին առաջին հափշտակության ժամանակ, որ ցրվեն կամ թաքնվեն մթության մեջ, իրենց միայն ծանոթ ապաստարաններում։ Դրա համար պետք է զինվել, կամ ավելի լավ է հետները վերցնել երկու վստահելի և ուժեղ մարդիկ՝ հարկավոր դեպքում պաշտպաններ ունենալու համար։

Վինիկիոսը համաձայն էր, որ նրա ասածները իրավացի են, և միաժամանակ հիշելով Պետրոնիոսի խորհուրդը՝ ստրուկներին հրամայեց կանչել Կրոտոնին։ Քիլոնը, որ Հռոմում ճանաչում էր բոլորին, բավականին հանգստացավ լսելով այս հռչակավոր ատլետի[221] անունը, որի գերմարդկային ուժի վրա հաճախակի զարմացել էր թատրոնում, և հայտնեց, որ կերթա Օստրիանոն։ Նրան թվում էր, թե մեծ «ոսկիներով» լցված քսակը շատ ավելի հեշտ է ձեռք բերել Կրոտոնի օգնությամբ։

Հանգիստ հոգով նստեց ճաշի, որին քիչ անց հրավիրեց ատրիոնի վերակացուն, և ուտելու ժամանակ ստրուկներին պատմում էր, թե ինչպես նրանց տիրոջը մատակարարել է հրաշագործ ձեթ, որը բավական է քսել ամենավատ ձիերի սմբակներին, որպեսզի բոլորից շատ առաջ ընկնեն։ Երեն այդ ձեթը շինել սովորեցրել է մի քրիստոնյա, որովհետև քրիստոնյա երեցները ավելի շատ են իմանում հմայություններ ու հրաշքներ, քան թե մինչև անգամ թեսալացիք, թեև Թեսալիան հռչակված է իր հմայություններով։ Քրիստոնյաներն իրեն սաստիկ հավատ էին ընծայում, իսկ թե ինչո՞ւ, այդ հեշտությամբ կհասկանա ամեն մեկը, ով որ գիտե, թե ինչ է նշանակում ձուկը։ Այսպես խոսելով նա ուշիուշով նայում էր ստրուկների դեմքերին այն հույսով, որ գուցե նրանց մեջ մի քրիստոնյա գտնի և նրա մասին հայտնի Վինիկիոսին։ Երբ նրան խաբեց այս հույսը, նա սկսեց ուտել և խմել սաստիկ եռանդով գովասանքներ չխնայելով խոհարարի մասին և հավատացնելով, որ կաշխատի նրան ազատագրել Վինիկիոսի ձեռքից։ Նրա ուրախությունը պղտորվում էր միայն այն մտքից, որ գիշերը պետք է զնալ Օստրիանոն. բայց քաջալերվեց նրանով, որ զգեստը փոխած կլինի, մթնում և երկու մարդկանց ընկերության մեջ, որոնցից մեկը, իբրև հուժկու, ամբողջ Հռոմի աստվածն էր, իսկ մյուսը տրիբուն է և զինվորական բարձր պաշտոնյա։ «Թեկուզև ճանաչեն Վինիկիոսին,— խոսում էր նա ինքն իր հետ,— չեն համարձակվի նրա վրա ձեռք բարձրացնել, իսկ ինձ... շատ իմաստուն կլինի, եթե գոնե քթիս ծայրը տեսնեն»։

Ապա սկսեց մտաբերել իր խոսակցությունը բանվորի հետ, և այս հիշողությունը նոր աշխույժ էր ներշնչում նրան։ Ամենափոքր կասկած իսկ չուներ, որ այն բանվորը Ուրսուսն էր։ Գիտեր այս հսկայի արտասովոր ուժի մասին Վինիկիոսի և այն մարդկանց պատմածից, որոնք Կեսարի պալատից ուղեկցում էին Լիգիային։ Եվ որովհետև Էվրիկիոսին հարցուփորձ էր անում անօրինակ ուժի տեր մարդկանց մասին, զարմանալու ոչինչ չկար, որ նա մատնացույց աներ Ուրսուսին։ Հետո Վինիկիոսի ու Լիգիայի անունները հիշելիս բանվորի ապրած շփոթությունը և հուզմունքը թույլ չէին տալիս կասկածելու, որ այս անձնավորությունները նրա համար մասնավոր նշանակություն ունեին։ Բանվորը հիշեց նաև մի մարդասպանության քավություն, իսկ Ուրսուսը սպանել էր Ատիկինոսին. վերջապես բանվորի նկարագիրը բոլորովին համապատասխանում էր այն բանին, ինչ որ Վինիկիոսը պատմել էր իրեն լիգի մասին։ Միայն փոխած անունը կարող էր կասկած հարուցել. բայց Քիլոնն արդեն գիտեր, որ քրիստոնյաները մկրտության ժամանակ հաճախ նոր անուններ են ընդունում։

— Եթե Ուրսուսը կսպանի Գլավկոսին,— ասում էր ինքն իրեն Քիլոնը,— ավելի լավ կլինի. իսկ եթե չի սպանի, այս ևս լավ նշան կլինի, որովհետև ցույց կտա, թե քրիստոնյաների համար որքան դժվար բան է սպանությունը։ Չէ՞ որ այդ Գլավկոսին ներկայացրի իբրև Հուդայի հարազատ որդի և բոլոր քրիստոնյաների մատնիչ. այնպես պերճախոս էի, որ քարի սիրտը կշարժվեր և կխոստանար ընկնել Գլավկոսի գլխին. այնուամենայնիվ հազիվ համոզեցի այդ լիգիական արջին, որ ինձ խոստանար թաթը դնել նրա վրա։ Տատանվում էր, չէր ուզում, պատմում էր իր մեղքի և ապաշխարանքի մասին։ Ակներև է՝ դա ընդունված չէ նրանց մեջ... Սեփական վիրավորանքները պետք է ներել, ուրիշների վիրավորանքների համար այնքան էլ թույլ չի տրվում վրիժառու լինել, ուրեմն ինքդ մտածիր, Քիլոն, ի՞նչ կարող է քեզ սպառնալ։ Գլավկոսին թույլ չի տրվում քեզնից վրեժ առնել... Ուրսուսը եթե չի սպանի Գլավկոսին մի այնպիսի մեծ հանցանքի համար, ինչպիսին է բոլոր քրիստոնյաների մատնությունը, առավել ևս չի սպանի քեզ մի այնպիսի փոքր բանի համար, ինչպիսին է մի քրիստոնյայի մատնությունը։ Վերջապես, հենց որ այս տռփոտ աղավնուն ցույց կտամ այն աղավնյակի բույնը, ձեռներս ամեն բանից կլվամ և կրկին կտեղափոխվեմ Նեապոլ։ Քրիստոնյաները խոսում են նաև մի ինչ֊որ ձեռնալվացության մասին, ուստի դա երևի մի միջոց է, որով նրանց հետ ունեցած ամեն մի գործդ կարելի է լրիվ ավարտել։ Ի՜նչ բարի մարդիկ են այս քրիստոնյաները, իսկ այնպես վատ են նրանց մասին խոսում։ Օ՜, աստվածներ, սա է աշխարհիս արդարադատությունը։ Բայց սիրում եմ այդ վարդապետությունը նրա համար, որ թույլ չի տալիս սպանել։ Իսկ եթե թույլ չի տալիս սպանել, անկասկած թույլ չի տալիս ո՛չ գողանալ, ո՛չ խաբել, ո՛չ սուտ վկայել, և այս պատճառով չեմ ասի, թե հեշտ դավանելու լինի։ Պարզ է, որ նա սովորեցնում է ոչ միայն ազնիվ մեռնել, ինչպես սովորեցնում են ստոիկները, այլև ազնիվ ապրել։ Եթե երբևիցե հարստանամ և այսպիսի մի տուն ունենամ և այսքան ստրուկներ, գուցե քրիստոնյա դառնամ այնքան ժամանակ, որքան այն ինձ ձեռնտու կլինի։ Հարուստները կարող են ամեն բան իրենց թույլ տալ, մինչև անգամ՝ առաքինություն... Այո՛։ Այդ կրոնը հարուստների համար է և այս պատճառով չեմ հասկանում՝ ինչպե՞ս է, որ նրանց մեջ այդքան աղքատներ կան։ Ի՞նչ շահ ունեն դրանից և ինչո՞ւ են թույլ տալիս, որ առաքինությունն իրենց ձեռները կապի։ Պետք է երբևիցե սրա մասին մտածեմ։ Իսկ այժմ փա՜ռք քեզ, Հերմես, որ ինձ օգնեցիր գտնել այս գորշուկը... Բայց եթե այս արեցիր երկու սպիտակ, համահասակ, եղջյուրները ոսկեզօծած արջառների հույսով, քեզ չեմ ճանաչում։ Ամո՜թ քեզ, Արգոսասպան[222]. քեզ պես մի իմաստուն աստված առաջուց չնախագուշակի՞ թե ոչինչ չի ստանալու... Կնվիրաբերեմ քեզ իմ երախտագիտությունը, իսկ եթե իմ երախտագիտությունից երկու հորթն ես գերադասում, այն ժամանակ ինքդ երրորդն ես և պետք է տավարած լինեիր և ոչ թե աստված։ Զգույշ եղիր նաև, որ ես, իբրև փիլիսոփա, չապացուցեմ մարդկանց, որ դու գոյություն չունես, որովհետև այն ժամանակ բոլորն էլ կդադարեն քեզ զոհեր մատուցելուց։ Փիլիսոփաների հետ ավելի լավ է հաշտ ապրել։

Այսպես խոսելով իր և Հերմեսի հետ՝ Քիլոնը ձգվեց նստարանի վրա, թիկնոցը գլխի տակ դրեց, և երբ ստրուկները կերակուրները հավաքեցին, քնեց։ Զարթնեց կամ, ավելի ճիշտ, նրան զարթեցրին միայն, երբ եկավ Կրոտոնը։ Այն ժամանակ նա անցավ ատրիոն և գոհությամբ սկսեց զննել լանիստայի՝ նախկին գլադիատորի հաղթանդամ կերպարանքը, որ իր ահագնությամբ թվում էր, թե լցնում էր ամբողջ ատրիոնը։ Կրոտոնն արդեն պայմանավորվել էր ձեռնարկության վարձի մասին և Վինիկիոսին ասում էր.

— Հերակլեսը վկա, լավ է, տեր, որ այսօր ինձ դիմեցիր. վաղը Հեռանալու եմ Բենեվենտոն, ուր ինձ կանչել է ազնիվ Վատինիոսր, որպեսզի այնտեղ, Կեսարի ներկայությամբ, փորձեմ կպչել մի ինչ֊որ Սիփաքս նեգրի հետ, որի նման ուժեղը դեռ չի ծնել Աֆրիկան։ Արդյոք երևակայո՞ւմ ես, տեր, թե նրա ողնաշարն ինչպես կճռճռա իմ ձեռների մեջ, բայց, բացի դրանից, կջախջախեմ բռունցքով նաև նրա սև գանգը։

— Պոլլուքսը վկա,— պատասխանեց Վինիկիոսը։— Հավատացած եմ, որ կանես, Կրոտոն։

— Եվ հիանալի կանես,— ավելացրեց Քիլոնը։— Այո, ջախջախիր և նրա գանգը։ Դա լավ միտք է և քեզ վայել մի գործ։ Պատրաստ եմ գրազ գալու, որ նրա գանգը կջախջախես։ Սակայն մինչ այդ մարմինդ լավ օծիր ձեթով, իմ Հերակլես, և գոտիդ կապիր, իմացած եղիր, որ կարող ես գործ ունենալ իսկական Կակոսի[223] հետ։ Այն մարդը, որ հսկում է պատվական Վինիկիոսին հարկավոր աղջկան, իսկապես արտակարգ ուժ ունի։

Քիլոնն այսպես էր ասում միայն Կրոտոնի ինքնասիրությունը գրգռելու համար. իսկ Վինիկիոսն ասաց.

— Այո՛, ինքս չեմ տեսել, բայց ինձ ասել են նրա մասին, որ եզան պոզերից բռնելով կարող է քաշել նրան, որ կողմը կամենա։

— Այո՛,— բացականչեց Քիլոնը, որ չէր երևակայում, թե Ուրսուսն այդպես ուժեղ է։

Բայց Կրոտոնը արհամարհանքով ժպտաց.

— Հանձն եմ առնում, պատվական տեր, որ այս մի ձեռքով հափշտակեմ ում ուզում ես, իսկ այս մյուսով պաշտպանվեմ այդպիսի յոթ լիգերից և աղջկան բերեմ քո տուն, թեկուզ Հռոմի բոլոր քրիստոնյաներն իմ ետևից ընկնեին կալաթրիական[224] գայլերի պես։ Եթե այդ չապացուցեմ, թույլ կտամ այս իմպլուվիոնի վրա փայտով հարվածել ինձ։

— Մի՛ թույլ տուր սրան այդ, տեր,— ասաց Քիլոնը.— կսկսեն մեզ վրա քարեր արձակել, այն ժամանակ ի՞նչ կօգնի սրա ուժը։ Արդյոք ավելի լավ չէ՞ աղջկան հափշտակել տնից և ո՛չ նրան և ո՛չ էլ մեզ կորստի չենթարկել։

— Այդպես է լինելու, Կրոտոն,— ասաց Վինիկիոսը։

— Քոնն է փողը, կամքն էլ քոնը։ Հիշիր միայն, տեր, որ վաղը գնում եմ Բենեվենտոն։

— Միայն քաղաքի մեջ հինգ հարյուր ստրուկ ունեմ,— պատասխանեց Վինիկիոսը։

Ապա նշան տվեց, որ հեռանան, իսկ ինքն առանձնացավ գրասենյակում և նստելով՝ Պետրոնիոսին գրեց հետևյալ տողերը.

«Քիլոնը գտել է Լիգիային, այս գիշեր նրա և Կրոտոնի հետ գնալու եմ Օստրիանոն ու կհափշտակեմ նրան իսկույն, կամ վաղը առավոտյան։ Թող աստվածները քեզ վրա թափեն բոլոր բարիքները։ Ողշ եղիր, carissime, որովհետև ուրախությունը խանգարում է ինձ ավելի երկար գրել»։

Եղեգնը վայր դնելով՝ սկսեց արագ քայլերով ման գալ. բացի ուրախությունից, որ նրա սիրտը լցնում էր, նրան հուզում էր և անհամբերությունը։ Ասում էր ինքն իրեն, որ վաղը Լիգիան այս տանը կլինի։ Չգիտեր, թե հետը ինչպես կվարվի, բայց զգում էր, որ եթե իրեն սիրել ուզենա, կլինի նրա ծառան։ Հիշեց Ակտեի պնդումները, թե ինքը սիրված էր, և սիրտն ուժեղ տրոփեց։ Ուրեմն բանը մի ինչ֊որ կուսական ամոթխածությունը և այն պատվերները հաղթելն է, որ երևի քրիստոնեական վարդապետությունն է տալիս։ Եթե այդպես է, երբ Լիգիան արդեն իր տանը կլինի և կզիջի համոզումներին կամ բռնությանը, այն ժամանակ նա պետք է որ ինքն իրեն ասի. «Եղել պրծել է», և հետո արդեն կլինի կամակատար ու սիրող։

Բայց Քիլոնի գալուստն ընդհատեց նրա ուրախառիթ մտքերի հոսանքը։

— Տե՛ր,— ասաց հույնը.— ահա թե էլի ինչ ընկավ միտքս. իսկ եթե քրիստոնյաները որևէ նշան ունեն, որևէ tessera֊ներ[225], առանց որի ոչ ոքի ներս չեն թողնի Օստրիանոն։ Գիտեմ, որ աղոթատներում այդպես է, և այդպիսի տեսերա տեսել եմ Էվրիկիոսի մոտ։ Թույլ տուր ինձ, ուրեմն, գնալ նրա մոտ, տեր, լավ տեղեկանալ և ձեռք բերել այդ նշանները, եթե երևաց, որ անհրաժեշտ են։

— Շատ բարի, ազնիվ իմաստուն,— ուրախ֊ուրախ պատասխանեց Վինիկիոսը,— խոսում ես ինչպես մի հեռատես մարդ, և դրա համար քեզ պետք է գովեմ։ Կերթաս ուրեմն Էվրիկիոսի մոտ, կամ ուր որ ուզում ես, իսկ ապահովությանս համար այս սեղանի վրա կթողնես այն քսակը, որ ստացար։

Քիլոնը, որ միշտ դժկամությամբ էր փողերից բաժանվում, ծռմռվեց, բայց այնուամենայնիվ, հետևեց հրամանին և դուրս գնաց։ Կարինայից մինչև կրկեսը, որի մոտ էր Էվրիկիոսի կրպակը, շատ հեռու չէր. այս պատճառով նա իրիկնադեմից շատ առաջ եկավ։

— Ահա նշանները, տեր։ Առանց սրանց մեզ ներս չէին թողնի։ Լավ ստուգեցի նաև ճանապարհը և ասացի Էվրիկիոսին, որ ինձ պետք են նշաններ՝ ընկերակիցներիս համար, իսկ ինքս չեմ գնա, որովհետև ինձ համար շատ հեռու է, և վերջապես, որ վաղը կտեսնվեմ մեծ առաքյալի հետ, որ ինձ համար կկրկնի իր քարոզի ամենագեղեցիկ կտորները։

— Ինչպե՞ս թե չես լինելու։ Պետք է գաս,— ասաց Վինիկիոսը։

— Գիտեմ, որ պետք է, բայց կերթամ լավ զգեստափոխված, և ձեզ էլ խորհուրդ եմ տալիս այդպես անել, եթե ոչ կարող ենք փախցնել թռչուններին։

Շուտով նրանք սկսեցին պատրաստվել։ Մութը կոխում էր։ Վերցրին գալլիական թիկնոցներ՝ գլխանոցներով, վերցրին լապտերներ։ Վինիկիոսը, բացի այդ, զինվեց և զինեց ընկերներին կարճ, ծուռ դաշույններով. Քիլոնը հագավ կեղծ մազեր, որ ձեռք էր բերել Էվրիկիոսի մոտ գնալիս, և միասին դուրս գնացին՝ շտապելով փակվելուց առաջ հասնել Նոմենտանական հեռավոր դարպասին։

ԳԼՈՒԽ Ի

Նրանք գնում էին Vicus Patricus֊ով, Վիմինալի կողքով մինչև նախկին Վիմինալական դարպասը, այն հրապարակի մոտով, ուր հետագայում Դիսկլետիանոսը հոյակապ բաղնիքներ կառուցեց։ Անցան Սերվիոս Տուլլիայի պարիսպների մնացորդները և արդեն ավելի ու ավելի դատարկ թաղերով հասան նոմենտանական ճանապարհին, իսկ այնտեղից ձախ ծռվելով՝ դեպի Salaria, դուրս եկան բլրակների մոտ, ուր ավազի փորվածքներ էին և տեղ֊տեղ գերեզմանտաներ։ Այդ միջոցին բոլորովին մթնեց, և քանի որ լուսնյակը դեռ չէր բարձրացել, նրանց համար դժվար պիտի լիներ ճանապարհը գտնել, եթե, ինչպես Քիլոնը նախատեսել էր, ցույց չտային իրենք քրիստոնյաները։ Ձախից, աջից, առջևից նկատելի էին մութ կերպարանքներ, որոնք զգուշությամբ շրջում էին ավազոտ փոսերի մոտով։ Այս մարդկանցից մի քանիսը ձեռներին ունեին լապտերներ, որ կարելիին չափ թաքցնում էին թիկնոցների տակ. մնացածները, ճանապարհը ավելի լավ գիտենալով, մթնով էին առաջ ընթանում։ Վինիկիոսի զինվորական վարժ աչքերը շարժումներից երիտասարդներին զանազանում էին փայտին հենվող ծերունիներից ու կանանցից, որոնք մեծ խնամքով փաթաթվել էին մեծ ստոլաների մեջ։ Սակավաթիվ անցորդներն ու քաղաքից դուրս եկող գյուղացիները, երևի, այդ գիշերային շրջիկներին ընդունում էին արենարիաները շտապող բանվորների կամ հուղարկավորության եղբայրությունների տեղ, որոնց անդամները գիշերները երբեմն նվիրական ագապաներ[226] էին կատարում։ Բայց որքան ավելի առաջ էին գնում երիտասարդ տրիբունն ու նրա ուղեկիցները, շուրջն ավելի ու ավելի շատ լապտերներ էին փայլփլում, շատանում էր և մարդկանց թիվը։ Նրանցից մի քանիսը երգում էին ցած ձայնով երգեր, որոնք Վինիկիոսին կարծես թախծով լցված էին թվում։ Երբեմն նրա ականջը կարողանում էր որսալ հատ֊հատ բառեր կամ երգի տողեր, օրինակ՝ «վեր կաց, դու, որ քնած ես», կամ «մեռելներից հարություն առ», կամ երբեմն Քրիստոսի անունը կրկնվում էր տղամարդկանց և կանանց շրթունքներին։ Բայց Վինիկիոսը քիչ ուշադրություն էր դարձնում բառերի վրա, որովհետև նրա մտքով անցնում էր, թե գուցե այս մուգ կերպարանքներից որևէ մեկը Լիգիան է։ Մի քանիսը մոտով անցնելիս ասում էին. «խաղաղություն ձեզ» կամ՝ «փա՜ռք Քրիստոսին». իսկ նրան տիրում էր անհանգստություն, և սիրտն սկսում էր ավելի թունդ բաբախեի նրան թվում էր, թե լսում է Լիգիայի ձայնը։ Այսպիսի կերպարանքները և այսպիսի շարժումներն ամեն րոպե խաբում էին նրան մթության մեջ, և միայն մի քանի անգամ, իր սխալը ստուգելուց հետո, նա սկսեց չհավատալ աչքերին։

Ճանապարհը նրան երկար թվաց։ Շրջակայքը նա լավ գիտեր, բայց մթության մեջ չէր կարողանում տեղերը լավ զանազանել։ Ամեն րոպե պատահում էին ինչ֊որ նեղ անցքեր, մեկ պարիսպների ավերակներ, մեկ ինչ֊որ շինություններ, որոնք չէր հիշում, թե տեսել է քաղաքի մոտ։ Վերջապես լուսնյակի ծայրը երևաց կուտակված ամպերի տակից և աղոտ լապտերներից ավելի լավ լուսավորեց շրջակայքը։ Վերջապես ինչ֊որ բան սկսեց փայլել հեռվում՝ խարույկի, կամ ջահի բոցի պես։ Վինիկիոսը թեքվեց Քիլոնի կողմը և հարցրեց՝ սա՞ է Օստրիանոնը։

Քիլոնը, որի վրա գիշերը, ճանապարհի հեռավորությունը և այս կախարդների նման կերպարանքները մեծ տպավորություն էին թողել, պատասխանեց մի փոքր անվստահ ձայնով.

— Չգիտեմ, տեր, երբեք չեմ եղել Օստրիանոնում։ Բայց կարող էին Քրիստոսին փառաբանել քաղաքին ավելի մոտիկ մի որևէ տեղ։

Բայց մի րոպեից հետո, զգալով խոսելու և սիրտ առնելու պահանջ, ավելացրեց.

— Ժողովվում են մարդասպանների պես, իսկ չէ՞ որ իրենց արգելված է սպանել։ Չլինի՞ ինձ անամոթաբար խաբել է այդ լիգը։

Վինիկիոսին, որ մտածում էր Լիգիայի մասին, նույնպես զարմացնում էր այս զգուշությունն ու խորհրդավորությունը, որով ժողովվում էին նրա հավատակիցներն իրենց բարձրագույն քրմին լսելու համար, և այս պատճառով նկատեց.

— Ինչպես ամեն տեսակ կրոններ, այս կրոնն էլ մեր մեջ հետևողներ ունի, բայց քրիստոնյաները հրեական աղանդ են, ապա ինչո՞ւ են այստեղ հավաքվում, երբ Անդրտիբերիսում[227] կան հրեական տաճարներ, որտեղ օրը ցերեկով հրեաները զոհեր են մատուցում։

— Ո՛չ, տեր, հենց հրեաներն են, որ սրանց ամենաոխերիմ թշնամիներն են։ Լսել եմ, որ ներկա Կեսարից առաջ քիչ էր մնում, որ կռիվ սկսվեր հրեաների և սրանց մեջ։ Կեսար Կլավդիոսին այնպես ձանձրացրել էին այդ խռովությունները, որ վռնդեց բոլոր հրեաներին, բայց այժմ այդ հրովարտակը վերացված է։ Սակայն քրիստոնյաները թաք են կենում հրեաներից ու ժողովրդից, որ, ինչպես քեզ հայտնի է, մեղադրում է սրանց ոճրագործությունների մեջ և ատում է։

Որոշ ժամանակ նրանք լուռ գնում էին. ապա Քիլոնը, որի երկյուղը ավելի էր սաստկանում, որքան ավելի հեռանում էր դարպասներից, ասաց.

— Երբ Էվրիկիոսից վերադառնում էի, մի վարսավիրից կեղծամ փոխ առա և երկու սիսեռ դրի ռունգերիս մեջ։ Պետք է, որ ինձ չճանաչեն։ Բայց եթե մինչև անգամ ճանաչեն, չեն սպանի։ Սրանք ոխակալ մարդիկ չեն, սրանք մինչև անգամ շատ պատվական մարդիկ են, որոնց սիրում և հարգում եմ։

— Սրանց սիրտը ժամ առաջ մի յուղիր գովասանքներով,— պատասխանեց Վինիկիոսը։

Այժմ նրանք մտել էին մի նեղ ձորակ, որ կողքերից ասես պարփակված էր երկու պատվարներով, որոնց վրայով մի տեղ ջրմուղ էր ձգված։ Այս միջոցին լուսնյակը դուրս եկավ ամպերի միջից, և ձորակի ծայրին նրանք տեսան մի պատ, որ բոլորովին ծածկված էր լուսնյակի շողերից պսպղացող բաղեղով։ Դա Օստրիանոնն էր։

Վինիկիոսի սիրտն սկսեց ավելի արագ բաբախել։

Դռան առջև երկու ֆոսսորներ[228] նշաններն էին նայում։ Քիչ հետո Վինիկիոսը և նրա ուղեկիցները մի բավականին ընդարձակ, ամեն կողմից պատերով շրջապատված վայրում էին։ Տեղ֊տեղ բարձրանում էին առանձնակի մահարձաններ, իսկ մեջտեղում նկատվում էր իսկական հիպոգեոնը կամ կրիպտեն[229], որի ներքևի մասը գետնի տակն էր. այդտեղ էին դամբարանները։ Կրիպտեի մուտքի առջև կարկաչում էր շատրվանը։ Բայց երևում էր, որ այդ մարդկանցից շատ֊շատերը չեն կարողանա տեղավորվել հենց հիպոգեոնում, և Վինիկիոսն իսկույն հասկացավ, որ բացօթյա հանդես կլինի բակում, ուր քիչ անց մեծաթիվ ամբոխ հավաքվեց։ Որ կողմ որ աչք էր ձգում, լապտերը պսպղում էր լապտերի կողքին, իսկ եկվորներից շատերը բոլորովին ճրագ չունեին։ Բացի մի քանի գլուխներից, որոնք բացվել էին, բոլորը, մատնությունից թե ցրտից վախենալով, մնացել էին ծածկված, և երիտասարդ տրիբունն անհանգստությամբ մտածեց, որ եթե այսպես մնան մինչև վերջ, ուրեմն այս ամբոխի մեջ, աղոտ լույսի տակ անկարելի կլինի ճանաչել Լիգային։

Բայց հանկարծ կրիպտեի մոտ վառվեցին մի քանի ձյութի ջահեր, որոնք փոքրիկ խարույկ կազմեցին։

Շուրջն ավելի պարզվեց։ Մի րոպեից ամբոխն սկսեց երգել ինչ֊որ տարօրինակ օրհներգ՝ սկզբում կամաց, հետո ավելի և ավելի բարձրաձայն։ Վինիկիոսն իր կյանքում այսպիսի օրհներգ երբեք չէր լսել։ Միևնույն անձկությունը, թախիծը, որ նրան զարմացրեց այն երգերի մեջ, որ կիսաձայն երգում էին ճանապարհին պատահող առանձին մարդիկ, լսելի էր և այժմ այս օրհներգի մեջ, բայց ավելի ազդու, ավելի ուժեղ եղանակով, որ վերջն այնպես ծավալվեց և ուժգնացավ, որ կարծես մարդկանց հետ միասին սկսեցին անձկալ ամբողջ գերեզմանատունը, ավազաբլուրը, ձորն ու շրջակայքը։ Կարող էր այնպես թվալ, թե դա մի տեսակ աղերսանք է գիշերին ուղղված՝ խավարից փրկելու համար։ Թվում էր, թե վեր դարձրած գլուխները մեկին տեսնում են այնտեղ, բարձրում, իսկ ձեռները կանչում են նրան, որ իջնի։ Երբ երգը դադարում էր, կարծես սպասողական մի վիճակ էր տիրում՝ այնքան գրավիչ, որ թե՛ Վինիկիոսը, թե՛ նրա ուղեկիցներն ակամա նայում էին աստղերին՝ կարծես վախենալով, թե տեղի կունենա մի ինչ֊որ արտասովոր բան, և որ մեկը, ճիշտ որ, ցած կիջնի։ Վինիկիոսը Փոքր Ասիայում, Եգիպտոսում և նույնիսկ Հռոմում բազմաթիվ զանազան սրբավայրեր էր տեսել, ճանաչել էր բազմաթիվ կրոններ և լսել բազմաթիվ երգեր, սակայն այստեղ առաջին անգամն էր տեսնում մարդկանց, որոնք երգելով աստվածությունն էին կանչում ոչ թե նրա համար, որ կամենում էին որևէ սահմանված ծես կատարել, այլ սրտանց. այնպիսի ճշմարիտ անձկությամբ, ինչպիսին կարող են զգալ որդիներն իրենց հոր կամ մոր համար։ Պետք է կույր լիներ, որ չնկատեր, թե այս մարդիկ ոչ միայն պաշտում էին իրենց Աստծուն, այլև ամբողջ հոգով սիրում են Նրան, իսկ այս դեռ չէր տեսել Վինիկիոսը ոչ մի երկրում, ոչ մի ծիսակատարության մեջ, ոչ մի տաճարում, որովհետև Հռոմում և Հունաստանում նրանք, որոնք դեռ պաշտում էին աստվածներին, այդ անում էին միայն նրանց օգնությունը ձեռք բերելու համար, կամ երկյուղից, և ոչ ոքի մտքովն անգամ չէր անցնում սիրել նրանց։

Թեև նրա միտքը Լիգիայով էր զբաղված, իսկ ուշքը՝ ամբոխի մեջ նրան որոնելով, նա չէր կարող չտեսնել այն տարօրինակ և անսովոր բաները, որ կատարվում էին նրա շուրջը։ Այս միջոցին մի քանի ջահ էլ ավելացրին խարույկի վրա, որ կարմիր գույնով լուսավորեց գերեզմանատունը և մթնեցրեց լապտերների լույսը. հենց այդ ժամանակ հիպոգեոնից դուրս եկավ մի ծերունի, գլխանոցով թիկնոցը հագին, բայց գլխաբաց, և բարձրացավ խարույկի մոտ ընկած քարի վրա։

Ամբոխը նրա տեսքից ալեկոծվեց։ Վինիկիոսի կողքին սկսեցին շշնջալ։ «Պետրո՛սն է, Պետրոսն է»։ Մի քանիսը հառաչում էին, մյուսները ձեռքերը տարածում էին նրա կողմը։ Այնպիսի խոր լռություն տիրեց, որ լսելի էր ջահից վայր ընկնող ամեն մի ածխակտորի ձայնը, անիվների հեռավոր գռգռոցը Նոմենտանական ճանապարհի վրա, քամու սոսափյունը գերեզմանատան մոտերքում բուսնող մի քանի պինիաների մեջ։

Քիլոնը կռացավ դեպի Վինիկիոսը և շշնջաց.

— Սա նա է՝ Քրիստոսի առաջին աշակերտը, ձկնորսը։

Իսկ ծերունին վեր բարձրացրեց իր ձեռքը և խաչի նշանով օրհնեց ժողովվածներին, որոնք նույն րոպեին ծունկի իջան։ Վինիկիոսի ուղեկիցները և նա ինքը, չկամենալով իրենց մատնել, հետևեցին մյուսների օրինակին։ Երիտասարդը չէր կարողանում միանգամից տիրել իր տպավորություններին, որովհետև նրան թվաց, թե այդ կերպարանքը, որ իր առջև տեսնում էր, և՛ բավական հասարակ է, և՛ արտասովոր, ու առավել ևս՝ թե այս արտասովորությունն առաջ է գալիս հենց նրա հասարակ լինելուց։ Ծերունին չուներ ոչ խույր գլխին, ոչ էլ կաղնե պսակ ճակատին, ոչ արմավենի ձեռքին, ոչ ոսկե տախտակ կրծքին, ոչ աստղազարդ կամ սպիտակ շուրջառ, մի խոսքով՝ ոչ մի այնպիսի արտաքին նշան, որ կրում էին արևելյան, եգիպտական, հունական քրմերը և հռոմեական ֆլամինները։ Եվ Վինիկիոսին նորից զարմացրեց նույն տարբերությունը, որ զգացել էր քրիստոնեական երգերը լսելիս, որովհետև և այդ «ձկնորսը» երևաց նրան ոչ թե իբրև ծիսակատարությանց մեջ վարժված ինչ֊որ քրմապետ, այլ իբրև հասարակ, տարիքավոր և անչափ արժանահավատ մի վկա, որ հեռվից գալիս է մի ինչ֊որ ճշմարտություն պատմելու, որը տեսել է, շոշափել է, որին հավատացել է, ինչպես հավատում ենք ակներև բանին, և որ սիրել է նրա համար, որ հավատացել է։ Նրա դեմքին նաև համոզմունքի այնպիսի ուժ կար, որպիսին ունենում է ինքը ճշմարտությունը։ Եվ Վինիկիոսը, որ թերահավատ լինելով չէր ուզում նրա հրապույրին ենթարկվել, ենթարկվեց մի տեսակ տենդային հետաքրքրության, թե ինչ է դուրս հոսելու Քրիստոսի այս խորհրդավոր ընկերոջ շուրթերից և թե ի՞նչ է այն վարդապետությունը, որը դավանում են Լիգիան և Պոմպոնիա Գրեկինան։

Այդ միջոցին Պետրոսն սկսեց խոսել և խոսում էր սկզբում իբրև հայր, որ խրատում է զավակներին և սովորեցնում է նրանց, թե ինչպես պիտի ապրել։ Պատվիրում էր նրանց, որ հրաժարվեն ընչասիրությունից և հեշտասիրությունից, սիրեն աղքատությունը, վարքի սրբությունը, ճշմարտությունը, որ համբերությամբ տանեն անարդարությունն ու հալածանքը, լսեն կառավարողներին և իշխանավորներին, զգուշանան մատնությունից, խաբեբայությունից և զրպարտությունից. իսկ վերջը՝ որ օրինակ տան թե մեկը մյուսին և թե մինչև անգամ հեթանոսներին։ Վինիկիոսին, որի համար բարի էր միայն այն, ինչ որ կարող էր Լիգիային իրեն վերադարձնել, և չար բոլորը, ինչ որ կարող էր արգելք լինել դրան, խայթեցին և բարկացրին այս խորհուրդներից մի քանիսը, որովհետև թվաց, թե պատվիրելով սրբություն ու կրքերի զսպում, ծերունին համ արձակվում է դրանով ոչ միայն հանդիմանել իր սերը, այլև թշնամացնում է Լիգիային իր հանդեպ և մղում ընդդիմանալու իրեն։ Նա հասկացավ, որ եթե Լիգիան ժողովականների մեջ է և լսում է այդ խոսքերն ու սրտին մոտիկ է ընդունում, այդ րոպեին պիտի մտածի նրա մասին, ինչպես այդ վարդապետության թշնամու և պիղծ մեկի մասին։ Այս մտքից նրան չարություն տիրեց։ «Ի՞նչ նոր բան իմացա,— ասում էր նա ինքն իրեն։— Սա՞ է այն անծանոթ վարդապետությունը։ Ամեն մեկն այս գիտե, ամեն մեկը լսել է այս։ Չէ՞ որ չքավորություն, պահանջների չափավորում պատվիրում են նաև ցինիկները. չէ՞ որ առաքինություն պատվիրում էր և Սոկրատեսը, որպես հին, բայց լավ բան. չէ՞ որ առաջին պատահած ստոիկը, մինչև անգամ ինքը Սենեկան, որ կիտրոնի փայտից հինգ հարյուր սեղան ունի, փառաբանում է չափավորությունը, քարոզում է ճշմարտություն, պատահարների ժամանակ համբերություն, դժբախտության մեջ հաստատամտություն. այս բոլորը միայն հնացած հացահատիկ է, որ մկներն են ուտում, իսկ մարդիկ արդեն ուտել չեն ուզում նրա համար, որ հնությունից բորբոսնել է»։ Եվ բարկության հետ կարծես հիասթափություն զգաց, որովհետև հույս ուներ գտնել որևէ անհայտ, հրաշագործ գաղտնիք և սպասում էր, որ գոնե կլսի իր ճարտասանությամբ հիացնող որևէ հռետորի, մինչդեռ լսում էր այս սաստիկ պարզ, պաճուճանքներից զուրկ խոսքերը։ Նրան զարմացնում էր միայն այն լռությունն ու ուշադրությունը, որով լսում էր ամբոխը։ Իսկ ծերունին շարունակում էր ասել այդ լսողություն կտրած մարդկանց, որ նրանք պիտի բարի, խաղաղ, արդար, անընչասեր և մաքուր լինեն ոչ թե նրա համար, որ կենդանի ժամանակ հանգստություն վայելեն, այլ նրա համար, որ մեռնելուց հետո հավիտյան ապրեն Քրիստոսի հետ այնպիսի ուրախության, այնպիսի փառքի, կատարելության և բերկրության մեջ, որպիսին ոչ ոք երբեք չի վայելել երկրիս երեսին։ Եվ այստեղ Վինիկիոսը, չնայելով, որ մի րոպե առաջ թշնամաբար էր տրամադրված, չէր կարող չնկատել, որ, այնուամենայնիվ, կա տարբերություն ծերունու վարդապետության և այն բանի մեջ, ինչ որ ասում էին ցինիկները, ստոիկները կամ այլ փիլիսոփաները. նրանք պատվիրում էին բարություն և առաքինություն՝ որպես բանական և կյանքի համար ձեռնտու մի բան. իսկ սա խոստանում էր դրա փոխարեն անմահություն և այն էլ ոչ թե մի ինչ֊որ ողորմելի անմահություն գետնի տակ, ձանձրույթով, ոչնչությամբ, դատարկությամբ լի, այլ հոյակապ, համարյա թե աստվածային կյանքին հավասար անմահություն։ Նա միաժամանակ խոսում էր այդ անմահության, իբրև մի հավաստի բանի մասին. ուստի այսպիսի հավատի հետ առաքինությունը մի անսահման գին էր ստանում, իսկ կյանքի անհաջողությունները դառնում էին անասելի չնչին. որովհետև ժամանակավորապես տանջվել անվախճան երջանկության համար բոլորովին ուրիշ բան է, քան թե միայն նրա համար, որ այսպես է բնության կարգը։ Իսկ ծերունին շարունակում էր ասել, որ առաքինությունն ու ճշմարտությունը պետք է սիրել հենց նույն բանի՝ առաքինության և ճշմարտության համար, որովհետև բարձրագույն, հավիտենական բարիքը և հավիտենական առաքինությունը Աստված է, ուրեմն, ով որ այդ սիրում է, սիրում է և Աստծուն և այդպիսով դառնում է նրա սիրելի զավակը։ Վինիկիոսն այս լավ չհասկացավ, բայց վաղուց արդեն գիտեր այն խոսքերից, որ Պոմպոնիա Գրեկինան ասել էր Պետրոնիոսին, որ այս Աստվածը քրիստոնյաների կարծիքով մի է և ամենազոր, և երբ այժմ լսեց նաև, որ նա բարձրագույն բարիք է և ճշմարտություն, ակամա մտածեց, որ այսպիսի Դեմիուրգի[230] համեմատությամբ Յուպիտերը, Սատուրնը, Ապոլլոնը, Յունոնը, Վեստան և Վենուսը պետք է երևային իբրև չնչին և անզուսպ մի հրոսակ, որ ավազակություն են անում թե՛ բոլորը միասին և թե՛ ամեն մեկը առանձին, ինքնագլուխ։ Բայց ամենամեծ զարմանքը տիրեց երիտասարդին, երբ ծերունին սկսեց սովորեցնել, թե Աստված նաև բարձրագույն գութ է. ուրեմն ով որ սիրում է մարդկանց, նա կատարում է նրա ամենամեծ պատվերը։ Բայց բավական չէ սիրել իր ազգի մարդկանց, որովհետև Աստվածամարդը ամենքի համար արյուն թափեց և հեթանոսների մեջ գտավ այնպիսի ընտրյալների, ինչպիսին Կոռնելիոս կենտուրիոնն էր. և բավական չէ սիրել նրանց, որոնք մեզ բարիք են անում, որովհետև Քրիստոսը ներեց նույնիսկ հրեաներին, որոնք նրան մահվան մատնեցին, և հռոմայեցի զինվորներին, որոնք նրան մեխեցին խաչին. ուրեմն պետք է ոչ միայն ներել նրանց, որոնք մեզ չարիք են արել, այլև սիրել նրանց և բարի վճարել չարի փոխարեն. և բավական չէ սիրել բարի մարդկանց, այլ պետք է սիրել և չարերին, որովհետև միայն սիրով կարելի է նրանցից հեռացնել չարությունը։ Քիլոնն այս խոսքերի ժամանակ ինքն իրեն մտածեց, որ իր աշխատանքն իզուր անցավ, և որ Ուրսուսը երբեք իր կյանքում չի համարձակվի սպանել Գլավկոսին ոչ այս, ոչ էլ մի ուրիշ գիշեր։ Սակայն նա իսկույն իրեն մխիթարեց մի ուրիշ եզրակացությամբ, որ արել էր ծերունու ուսմունքից, այն է, որ և Գլավկոսը իրեն չի սպանի, թեկուզ իրեն գտներ և ճանաչեր։ Իսկ Վինիկիոսն արդեն չէր մտածում, թե ծերունու խոսքերի մեջ ոչ մի նոր բան չկա, բայց զարմանալով հարցնում էր իրեն՝ այս ի՞նչ Աստված է, այս ի՞նչ վարդապետություն է և այս ի՞նչ մարդիկ են։ Ամբողջ լսածը ուղղակի չէր տեղավորվում նրա գլխի մեջ։ Այստեղ նրա համար գաղափարների մի ինչ֊որ անլուր նորություն էր։ Զգում էր, որ եթե, օրինակ, կամենար հետևել այդ վարդապետությանը, պետք է խարույկի վրա դներ իր մտահայեցողությունը, սովորությունները, բնավորությունը, ամբողջ նախկին բնությունը, և այս բոլորը մոխիր դարձներ ու լցվեր մի ինչ֊որ բոլորովին ուրիշ կյանքով և ամբողջովին նոր հոգով։ Մի վարդապետություն, որ նրան պատվիրում էր սիրել պարթևներին, ասորիներին, հույներին, եգիպտացիներին, գալլերին և բրիտաններին, ներել թշնամիներին, բարի հատուցել նրանց չարի փոխարեն և սիրել նրանց, խելացնոր երևաց նրան, բայց միաժամանակ մի նախազգացում ասում էր իրեն, որ, այնուամենայնիվ, նույն այդ խելացնորության մեջ կա մի ինչ֊որ ավելի վեհ բան, քան բոլոր նախկին փիլիսոփայությունների մեջ։ Կարծում էր, որ այդ խելացնորության պատճառով այդ վարդապետությունը անիրագործելի և անիրագործելի լինելու պատճառով՝ աստվածային է։ Մերժում էր այն հոգու մեջ, զգում էր, որ նրանից, կարծես ծաղիկներով ծածկված մի դաշտից, տարածվում է ինչ֊որ հրապուրիչ բույր, որի շունչն ով որ մի անգամ առնի, պիտի, ինչպես լոտոսակերների[231] աշխարհում, մոռանա մնացած ամեն ինչ և միայն Նրան փափագի։ Նրան թվում էր, որ այդ ուսմունքի մեջ ոչ մի իրական բան չկա, և միաժամանակ, որ իրականությունը դրա հետ համեմատած մի այնպիսի չնչին բան է, որ չարժե նրանով զբաղեցնել միտքը։ Նրա առջև բացվեցին ինչ֊որ հեռավոր տեսարաններ, որոնք առաջ մտքովն էլ չէին անցնում, ինչ֊որ ընդարձակ տարածություններ, ինչ֊որ ամպեր։ Այս գերեզմանատունը սկսեց նրա վրա խելագարների ժողովարանի և մի խորհրդավոր ու ահավոր տեղի տպավորություն թողնել, ուր կարծես մի խորհրդավոր առագաստի մեջ ծնվում էր մի բան, որ մինչև այդ ժամանակ չէր եղել աշխարհիս երեսին։ Մտքովը անցկացրեց բոլորը, ինչ որ առաջին վայրկյանից ասել էր ծերունին կյանքի, ճշմարտության, սիրո, Աստծո մասին, և նրա միտքն սկսեց կուրանալ փայլից, ինչպես աչքերն են կուրանում անմիջապես իրար հաջորդող փայլակներից։ Ինչպես առհասարակ այն մարդիկ, որոնց կյանքը կրքի է վերածվել, նա էլ մտածում էր այս բոլորի մասին՝ Լիգիայի նկատմամբ ունեցած սիրո տեսակետից, և այս փայլակների լույսով պարզ տեսնում էր մի բան՝ որ եթե Լիգիան գերեզմանատանն է, այս վարդապետությունը լսում է և զգում, երբեք չի լինի իր հարճը։

Այն ժամանակից ի վեր, երբ տեսել էր նրան Ավլոսների մոտ, առաջին անգամն էր, որ Վինիկիոսն զգաց, որ թեկուզ այժմ ձեռք բերի նրան, միևնույն է, ձեռք բերած չի լինի։ Ոչ մի այսպիսի բան նրա մտքով չէր անցել և այժմ էլ չէր կարողանում հաշիվ տալ իրեն այս բանի մեջ, քանի որ սա ոչ այնքան պարզ հասկացություն էր, այլ ավելի շուտ՝ մի տեսակ անփոխարինելի կորստի ու դժբախտության անորոշ նախազգացում։ Նրա մեջ անհանգստություն ծագեց, որ ապա բարկության փոխվեց քրիստոնյաների դեմ ընդհանրապես և ծերունու դեմ՝ մասնավորապես։ Այս ձկնորսը, որին առաջին հայացքից պարզամիտ մարդ էր կարծել, նրան գրեթե երկյուղ էր ազդում, և մի տեսակ խորհրդավոր ճակատագիր էր երևում նրան, որ անողորմ ու ողբերգական կերպով որոշում էր իր վիճակը։

Ֆոսսորը նորից աննկատելի կերպով կրակին մի քանի ջահ ավելացրեց. քամին դադարեց ձայն հանել պինիաների մեջ. բոցը բարձրանում էր ուղիղ դեպի ջինջ երկնքում պսպղացող աստղերը, իսկ ծերունին, հիշելով Քրիստոսի մահը, սկսեց խոսել միայն նրա մասին։ Ամենքը շունչը պահեցին կրծքի տակ, և լռությունն առաջվանից սաստկացավ, այնպես, որ գրեթե կարելի էր լսել սրտերի բաբախումը։ Այդ մարդը տեսել էր և պատմում էր այնպես, ինչպես մի մարդ, որի հիշողության մեջ դրոշմվել է ամեն մի վայրկյանը, և որ եթե մինչև անգամ աչքը փակի, շարունակում է տեսնել։ Նա ասում էր, թե ինչպես խաչելությունից վերադառնալով՝ Հովհաննեսի հետ երկու օր ու երկու գիշեր նստած էին վերնատանը, առանց քնելու, առանց կերակուր ընդունելու, տանջված, վշտացած, հուզված, թերահավատ՝ գլուխները ափերի մեջ բռնելով և մտածելով, թե նա մեռել է։ Ա՜հ, որչա՜փ ծանր էր, որչա՜փ ծանր էր։ Արդեն երկրորդ օրն էր ծագում, և լուսավորվել էին պատերը, իսկ իրենք՝ Հովհաննեսի հետ երկուսով այդպես նստել էին պատի տակ՝ անճար, անհույս։ Հենց որ քունը տիրում էր իրենց (որովհետև չարչարանքի նախընթաց գիշերն էլ անքուն էին անց կացրել), զարթնում էին և սկսում հեծել նորից։ Բայց նոր էր արևը բարձրացել, երբ ներս վազեց Մարիամ Մագդաղինացին, շնչասպառ, մազերը արձակած, գոչելով. «Տարել են Տիրոջը»։ Իսկ իրենք, լսելով այս, վեր թռան տեղերից և սկսեցին այնտեղ վազել։ Բայց Հովհաննեսը, որ ավելի երիտասարդ էր, առաջինը եկավ, տեսավ դատարկ գերեզմանը և չէր համարձակվում ներս մտնել։ Բայց երբ արդեն երեքով կանգնած էին մուտքի մոտ, ինքը, որ ահա այս ամենը ասում էր նրանց, ներս մտավ, քարի վրա տեսավ վարշամակն ու կտավները, բայց մարմինը չգտավ։

Այն ժամանակ երկյուղը տիրեց իրենց, որովհետև կարծում էին, թե Քրիստոսին հափշտակել են քահանաները, և երկուսով տուն վերադարձան առավել ևս ճնշված սրտով։ Հետո եկան մյուս աշակերտները և սկսեցին լաց ու կոծ բարձրացնել, երբեմն միասին, որ իրենց ավելի հեշտությամբ լսե զորությանց Տերը, և երբեմն հերթով։ Իրենց սիրտը մեռած էր, որովհետև հույս ունեին, որ վարդապետը պետք է Իսրայելին փրկեր, իսկ ահա երրորդ օրն էր, որ մեռած էր, և չէին հասկանում, թե ինչո՞ւ Հայրը թողել է Որդուն, և կկամենային լույսը չտեսնել և մեռնել. այնպես ծանր էր այդ բեռը։

Այս սարսափելի րոպեների հիշողությունն այժմ էլ երկու արտասուք քամեց ծերունու աչքերից, և կրակի լույսով լավ երևում էր, թե ինչպես էին նրանք հոսում ալևոր մորուքի վրայով։ Նրա ծեր, մազերից զրկված գլուխն սկսեց դողալ, և ձայնը կտրվեց կրծքի տակ։ Վինիկիոսը մտքումն ասաց. «Այս մարդը ճշմարտություն է ասում և լաց է լինում նրա վրա»։ Իսկ պարզասիրտ ունկնդիրներին նույնպես խեղդում էր լացը։ Արդեն շատ անգամ լսել էին Քրիստոսի չարչարանքների պատմությունը, և նրանց հայտնի էր, որ կսկծից հետո ուրախություն է գալու. բայց որովհետև պատմում էր Առաքյալը, որ այդ տեսել էր, սաստիկ տպավորության տակ ձեռներն էին կոտրտում, հեկեկում էին, կամ խփում կրծքներին։

Բայց կամաց֊կամաց հանգստացան. հաղթեց շարունակությունը լսելու ցանկությունը։ Ծերունին աչքերը փակեց, կարծես կամենում էր մտքով ավելի լավ տեսնել հեռավոր դեպքերը, և շարունակեց.

«Երբ այսպես լացուկոծ էինք բարձրացնում, նորից ներս վազեց Մարիամ Մագդաղինացին, գոչելով, որ տեսել է Տիրոջը։ Սաստիկ լույսի և փայլի պատճառով չկարողանալով ճանաչել նրան՝ կարծել է, թե պարտիզպանն է, իսկ նա ասել է՝ «Մարիամ»։ Այն ժամանակ Մարիամը բացականչել է. «Րաբբի» և ընկել է նրա ոտները, իսկ նա հրամայել է նրան գնալ աշակերտների մոտ և հետո անհետացել է։ Բայց իրենք՝ աշակերտները, չէին հավատում Մարիամին, և երբ նա ուրախությունից լաց էր լինում, մի քանիսը դատապարտում էին նրան, մյուսները կարծում էին, թե կսկիծը խառնել է նրա խելքը, որովհետև ասում էր, որ գերեզմանի մեջ հրեշտակներ է տեսել, իսկ իրենք աշակերտները, երկրորդ անգամ վազելով, գերեզմանը դատարկ էին գտել։ Հետո, երեկոյան, եկավ Կղեովպասը, որ մի ուրիշի հետ գնացել էր Էմմավուս, և շտապ վերադառնալով՝ նրանք ասացին. «Արդարև, հարություն է առել Տերը»։ Եվ սկսեցին տան դռները փակել վախենալով հրեաներից։ Այս միջոցին իրենց մեջ կանգնեց նա, թեև դռները չճռռացին, և երբ ամենքը ահաբեկված էին, ասաց իրենց. «Խաղաղություն ձեզ»...

......................................

«Եվ ես տեսա նրան, ինչպես ամենքը տեսնում էին. և նա իբրև լույս էր, իբրև մեր սրտերի երջանկություն, քանի որ մենք հավատում էինք, որ հարություն է առել, և որ ծովը կցամաքի, լեռները ավազ կդառնան, իսկ նրա փառքը չի դադարի»։

......................................

«Եվ ութ օրից հետո Թովմաս Երկվորյակը իր մատները դրեց նրա վերքերի վրա, շոշափեց նրա կողը, հետո ընկավ նրա ոտները և գոչեց. «Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ»։ Եվ նա պատասխանեց. «Դու, որ տեսար ինձ, հավատացիր։ Երանի նրանց, որոնք չեն տեսել և հավատացել են»։ Եվ այս բառերը մենք լսում էինք, և մեր աչքերը նայում էին նրան, որովհետև մեր մեջն էր»։

Վինիկիոսը լսում էր, և մի տարօրինակ բան էր պատահում նրան։ Մի րոպե մոռացել էր, թե որտեղ է, սկսել էր կորցնել իրականության զգացումը, չափը, դատողությունը։ Նրա առջև երկու հակասություն էր։ Չէր կարող հավատալ այն ամենին, ինչ որ ծերունին ասում էր, և զգում էր, որ միայն կույր պետք է լինել և հրաժարվել սեփական խելքից՝ ենթադրելու համար, որ այդ մարդը, որ ասում է. «Տեսել եմ», սուտ է խոսում։ Նրա խռովության, նրա ամբողջ կերպարանքի և պատմած դեպքերի մանրամասնությունների մեջ մի բան կար, որ անկարելի էր դարձնում ամեն կասկածանք։ Վինիկիոսին երբեմն թվում էր, թե քնի մեջ է։ Բայց շուրջը տեսնում էր լուռ ամբոխը, լապտերների ծուխը հասնում էր նրա քթանցքերին, հեռվում վառվում էին ջահերը, և կողքին, քարի վրա կանգնած էր ծեր, գերեզմանին մոտեցած, փոքր֊ինչ դողդոջուն գլխով մարդը, որ վկայություն տալով կրկնում էր. «Տեսե՛լ եմ»։

Եվ շարունակեց պատմել նրանց բոլորը, մինչև համբարձումը։ Երբեմն նա հանգիստ էր առնում, որովհետև շատ մանրամասն էր խոսում, բայց զգալի էր, որ ամեն մի չնչին մանրամասնություն այնպես է դրոշմվել նրա հիշողության մեջ, ինչպես մի քարի վրա։ Նրանց, որոնք լսում էին, զմայլանք տիրեց։ Գլուխներից վայր էին ձգել գլխանոցները, որպեսզի ավելի լավ լսեն և բաց չթողնեն ոչ մի բառ նրա ասածներից, որոնք նրանց համար գին չունեին։ Թվում էր, թե մի գերմարդկային զորություն փոխադրում է իրենց Գալիլիա, թե աշակերտների հետ միասին ման են գալիս այնտեղի անտառների մեջ և ջրերի մոտ, թե այդ գերեզմանատունը Տիբերական ծովն է, իսկ ափին, առավոտյան մառախուղի մեջ, կանգնած է Քրիստոսն այնպես, ինչպես կանգնած էր այն ժամանակ, երբ Հովհաննեսը, նավակի միջից նայելով, ասաց. «Տերն է», իսկ Պետրոսը ջուրն ընկավ լողալով, որպեսզի ավելի շուտ համ բուրի սիրելի ոտքերը։ Դեմքերին երևում էր անսահման հափշտակություն և կյանքի մոռացում, և երջանկություն, և անչափ սեր։ Երևում էր, որ Պետրոսի երկար պատմության ժամանակ մի քանիսը տեսիլներ էին տեսնում. իսկ երբ ասաց, թե համբարձման ժամանակ ամպերն ինչպես սկսեցին իջնել փրկչի ոտքերի տակ, պատել նրան և ծածկել առաքյալների աչքից, բոլորի գլուխներն ակամա դեպի վեր դարձան, և կարծես սպասողություն տիրեց, կարծես հույս ունեին տեսնել նրան նորից, կամ կարծես հույս ունեին, թե երկնային դաշտերից նա կիջնի տեսնելու, թե ծերունի առաքյալն ինչպես է արածեցնում իրեն վստահված հոտը, և օրհնելու նրան ու այդ հոտը։ Եվ այդ րոպեին այդ մարդկանց համար չկար Հռոմը, չկար խելագար Կեսարը, չկային մեհյանները, բագինները. կար միայն Քրիստոսը, որ լցնում էր ցամաքը, ծովը, երկինքը, տիեզերքը։

Աքաղաղներն սկսեցին կանչել Via Nomentana֊ի երկարությամբ ձգված հեռավոր տներում, կեսգիշեր էր։ Այդ րոպեին Քիլոնը Վինիկիոսի թիկնոցի ծայրը քաշեց և շշնջաց.

— Տե՛ր, այնտեղ, ծերունուց ոչ հեռու, տեսնում եմ Ուրբանոսին և նրա կողքին՝ մի աղջկա։

Վինիկիոսը ուշքի եկավ կարծես քնից և շուռ գալով հույնի մատնացույց արած ուղղությամբ տեսավ Լիգիային։

ԳԼՈՒԽ ԻԱ

Նրա տեսքից դողաց երիտասարդ պատրիկի արյան ամեն մի կաթիլը։ Մոռացավ ամբոխը, ծերունուն, այս անհասկանալի բառերից իր մեջ զարթնած զարմանքը, իր առջև տեսնում էր միայն նրան։ Ահա, վերջապես, բոլոր ջանքերից, անհանգստության, չարչարանքների ու տանջանքների երկար ու ձիգ օրերից հետո գտավ նրան։ Կյանքի մեջ առաջին անգամ զգաց, որ ուրախությունը կարող է մարդուս կրծքի վրա նետվել վայրենի գազանի պես և հուպ տալ մինչև շունչը կտրելը։ Նա, որ մինչ այդ մտածում էր, թե Ֆորտունան մի տեսակ պարտականություն ունի իր բոլոր ցանկությունները կատարելու, այժմ հազիվ էր հավատում աչքերին և սեփական բախտին։ Եթե այս անվստահությունը լիներ, նրա դյուրաբորբոք բնությունը կարող էր մղել որևէ չմտածված վարմունքի. բայց նախ և առաջ ուզում էր համոզվել, թե արդյոք սա այն հրաշքների շարունակությունը չէ՞, որոնցով լի էր իր գլուխը, և արդյոք երազի մեջ չէ՞։ Բայց կասկած չկար՝ տեսնում էր Լիգիային, և օրիորդից իրեն բաժանում էր հազիվ մի քանի քայլ։ Լիգիան կանգնած էր առատ լույսի մեջ, և Վինիկիոսը կարող էր կշտանալ նրա տեսքով, որքան որ կամենում էր։ Գլխանոցն ընկել էր ուսերին և ցրել մազերը. շրթունքները մի փոքր բաց էին, աչքերն ուղղված էին առաքյալի կողմը։ Դեմքն ամբողջովին լսողություն ու հափշտակություն էր։ Մուգ բրդե թիկնոցը հագին՝ նա նման էր հասարակ ժողովրդի մի աղջկա, բայց Վինիկիոսը նրան երբեք ավելի գեղեցիկ չէր տեսել, և չնայելով այն հուզմունքին, որ ծագել էր իր մեջ, իր աչքերին զարկեց, իբրև հակասություն նրա գրեթե ստրկական զգեստին, այդ հրաշալի պատրիկական գլխի ազնվությունը։ Նրա սրտով բոցի պես անցավ սերը՝ տարօրինակ անձկության, հիացմունքի, երկրպագության և կրքի հետ խառնված ահագին մի սեր։ Հրճվանք էր զգում հենց միայն նրա տեսքից և արբում էր այդ տեսքով, ինչպես երկար ծարավից հետո կենարար ջրով։ Հսկա լիգի կողքին կանգնած` Լիգիան նրան ավելի փոքր էր երևում, քան թե առաջ, գրեթե երեխա. նկատեց նաև, որ նիհարել է։ Նրա դեմքը համարյա թափանցիկ էր դարձել և ծաղկի ու հոգու տպավորություն էր թողնում։ Բայց այս պատճառով ավելի ևս փափագում էր տիրանալ այդ էակին, որ տարբեր էր Արևելքում և Հռոմում իր տեսած կամ ունեցած բոլոր կանանցից։ Զգում էր, որ այդ աղջկա փոխարեն կտար այն բոլոր մնացածներին, հետն էլ Հռոմն ու աշխարհը։

Վինիկիոսը հիացած և բոլորովին մտակորույս կմնար, եթե Քիլոնը նրա թիկնոցի ծայրից չքաշեր, վախենալով, չլինի թե մի այնպիսի բան անի, որ վտանգի մեջ ձգի իրենց։ Քրիստոնյաներն այդ միջոցին սկսեցին աղոթել ու երգել։ Մի րոպեից հնչեց «Մարանաթան»[232], ապա մեծ առաքյալն սկսեց շատրվանի ջրում մկրտել նրանց, որոնց պրեսբիտերները իբրև մկրտվելու պատրաստ էին ներկայացնում։

Վինիկիոսին թվում էր, թե այս գիշերը երբեք չի վերջանա։ Կամենում էր այժմ որչափ կարելի է շուտ գնալ Լիգիայի ետևից և հափշտակել նրան ճանապարհին կամ տնից։

Վերջապես մի քանիսն սկսեցին թողնել գերեզմանատունը։ Քիլոնն այդ ժամանակ շշնջաց.

— Դուրս գնանք, տեր, դարպասի մոտ, որովհետև գլխանոցներս չենք հանել, և մարդիկ մեզ են նայում։

Ի՛սկ որ այդպես էր։ Մինչդեռ առաքյալի խոսակցության ժամանակ ամենքը բաց էին արել գլուխները՝ ավելի լավ լսելու համար, իսկ իրենք չէին հետևել ընդհանուրի օրինակին։ Քիլոնի խորհուրդը նաև նպատակահարմար երևաց։ Դարպասի մոտ կանգնելով՝ նրանք կարող էին դիտել բոլոր դուրս գնացողներին։ Ուրսուսին դժվար չէր ճանաչել հասակից և կազմվածքից։

— Երթանք նրանց ետևից,— ասաց Քիլոնը.— տեսնենք ո՞ր տունն են մտնում, իսկ վաղը, կամ, ավելի ճիշտ, հենց այսօր, ստրուկներովդ կշրջապատես, տեր, տան բոլոր մուտքերը և կվերցնես նրան։

— Ոչ,— ասաց Վինիկիոսը։

— Ի՞նչ ես ուզում անել, տեր։

— Նրա ետևից ներս կմտնենք տուն և իսկույն ևեթ կհափշտակենք նրան. չէ՞ որ այդ հանձն առար, Կրոտո՛ն։

— Այո՛,— պատասխանեց լանիստը.— և ինձ քեզ ստրուկ դարձրու, տե՛ր, եթե չկոտրեմ այն փղի մեջքը, որ պահպանում է նրան։

Բայց Քիլոնն սկսեց ետ կանգնեցնել նրանց այս մտքից և բոլոր աստվածների անունով երդվեցնել, որ այդպես չանեն։ Չէ՞ որ Կրոտոնը վերցված է իրենց ճանաչվելու դեպքում միայն պաշտպանվելու և ոչ թե աղջկան հափշտակելու համար։ Եթե միայն երկուսով հափշտակեն նրան, իրենց մահվան վտանգի կենթարկեն և կարող են ձեռքից բաց թողնել նրան, և այն ժամանակ նա մի ուրիշ տեղ կթաքնվի կամ կթողնի Հռոմը։ Եվ ի՞նչ են անելու։ Ինչո՞ւ հավաստի չգործել, ինչո՞ւ իրենց կորստի մատնել, իսկ ամբողջ ձեռնարկությունը՝ անհաստատ վախճանի։

Վինիկիոսը, չնայելով, որ իրեն դժվարությամբ էր զսպում, որ գերեզմանատանը հենց իսկույն կրծքին չսեղմի Լիգիային, այնուամենայնիվ զգում էր, որ հույնի ասածներն արդարացի են, և գուցե ականջ դներ նրա խորհուրդներին, եթե Կրոտոնը չլիներ, որը մտածում էր իր վարձատրության համար։

— Հրամայի՛ր, տեր, լռել այս պառավ այծին,— ասաց նա.— կամ թույլ տուր ինձ բռունցքս իջեցնեմ սրա գլխին։ Մի անգամ Բուքսենտոնում, ուր ինձ խաղերին մասնակցելու էր հրավիրել Լուկիոս Սատուրնինոսը, պանդոկում վրաս հարձակվեցին յոթ հարբած գլադիատորներ, և ոչ մեկը ողջ կողերով դուրս չգնաց։ Չեմ ասում, որ աղջկան հափշտակես այժմ, ամբոխի միջից, որովհետև սրանք կարող են մեր ոտքերի տակ քարեր ձգել, բայց երբ արդեն տանը կլինի, կհափշտակեմ նրան և կտանեմ ուր որ ուզում ես։

Վինիկիոսն ուրախացավ, լսելով այս խոսքերը, և պատասխանեց.

— Թող այդպես լինի, Հերակլե՛սը վկա։ Վաղը կարող ենք պատահաբար նրան տանը չգտնել. իսկ եթե շփոթություն ձգենք քրիստոնյաների մեջ, անպատճառ կփախցնենք նրան։

— Այդ լիգն ինձ սաստիկ ուժեղ է երևում,— տնքաց Քիլոնը։

— Քեզ չեն հրամայի բռնել նրա ձեռքերը,— պատասխանեց Կրոտոնը։

Բայց դեռ երկար պիտի սպասեին, և աքաղաղներն սկսել էին կանչել լուսաբացից առաջ, երբ նկատեցին դարպասից դուրս եկող Ուրսուսին, իսկ նրա հետ՝ Լիգիային։ Նրանց ուղեկցում էին մի քանի ուրիշ մարդիկ։ Քիլոնին թվաց, որ նրանց մեջ ճանաչեց մեծ առաքյալին, նրա կողքին գնում էին մի ուրիշ, ավելի կարճահասակ ծերունի, երկու հասակավոր կանայք և մի պատանի, որ լապտերով լուսավորում էր ճանապարհը։ Այս խմբի ետևից գնում էր մոտ երկու հարյուր հոգուց բաղկացած մի ամբոխ։ Վինիկիոսը, Քիլոնը և Կրոտոնը խառնվեցին այս ամբոխի մեջ։

— Այո՛, տեր,— ասաց Քիլոնը,— քո օրիորդը հզոր խնամակալության տակ է։ Այո՛, նա է հետը՝ մեծ առաքյալը. տես, մարդիկ ինչպես չոքում են նրան մոտենալիս։

Մարդիկ, ճիշտ որ, չոքում էին, բայց Վինիկիոսը նրանց չէր նայում։ Ոչ մի րոպե աչքից բաց չթողնելով Լիգիային՝ մտածում էր միայն նրան հափշտակելու մասին և, պատերազմների ժամանակ ընտելացած լինելով ամեն տեսակ խորամանկությունների, գլխում զինվորական ճշտությամբ մշակում էր հափշտակելու ամբողջ ծրագիրը։ Զգում էր, որ այն քայլը, որ համարձակվում էր այժմ անել, հանդուգն է, բայց լավ գիտեր, որ հանդուգն հարձակումները սովորաբար պսակվում են հաջողությամբ։

Ճանապարհը երկար էր, և երբեմն նա մտածում էր այն անդունդի մասին, որ փորել էր իր և Լիգիայի մեջ այս աղջկա դավանած տարօրինակ վարդապետությունը։ Այժմ հասկանում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել անցյալում, և հասկանում էր, թե ինչու էր տեղի ունեցել։ Այս բանի համար միտքը բավականին սուր էր։ Մինչև այսօր նա Լիգիային չէր ճանաչում։ Նրան համարում էր բոլոր աղջիկներից ամենագեղեցիկը, որ գրավել էր իր ուշքը, բոլոր ցանկությունները. իսկ այժմ հասկացավ, որ այս վարդապետությունն էր նրան ուրիշ կանանցից տարբեր մի էակ դարձրել, և չարաչար ինքնախաբեություն է այն հույսը, թե նրան էլ կգրավեն ցանկությունը, կիրքը, հարստությունը, զվարճությունը։ Հասկացավ վերջապես այն, ինչ որ Պետրոնիոսի հետ երկուսով չէին հասկանում, այն, որ այս նոր կրոնը պատվաստում էր հոգուն մի ինչ֊որ բան, անծանոթ այն աշխարհին, ուր ինքն էր ապրում, և որ Լիգիան, եթե մինչև անգամ իրեն սիրելիս լիներ, իր համար չէր զոհի իր քրիստոնեական ճշմարտություններից ոչ մեկը, և որ եթե նրա համար զվարճություն կա, այդ զվարճությունը բոլորովին տարբեր է այն զվարճությունից, որին ձգտում էին և՛ ինքը, և՛ Պետրոնիոսը, և՛ Կեսարի արքունիքը, և՛ ամբողջ Հռոմը։ Իր ծանոթ կանանցից ամեն մեկ ուրիշը կարող էր իր սիրեկանը լինել, իսկ այս քրիստոնեուհին կարող էր միայն զոհը լինել։

Եվ այս բանի մասին մտածելով՝ նա կիզիչ ցավ և բարկություն էր զգում, բայց միաժամանակ և զգում էր, որ այս բարկությունն անզոր է։ Լիգիային հափշտակելը նրան հնարավոր էր թվում, և դրանում համարյա թե վստահ էր, բայց նույնպես և վստահ էր, որ այս վարդապետության առջև ինքը, իր արիությունը և իր զորությունը ոչինչ են, և որ սրա դեմ ոչ մի հնար չունի։ Այս հռոմեական զինվորական տրիբունը, որ համոզված էր, թե միշտ տերը կլինի սրի և բռունցքի այն ուժին, որ տիրել է աշխարհին, կյանքի մեջ առաջին անգամ տեսավ, որ բացի այդ ուժից կարող է և մի ուրիշ բան լինել, ուստի զարմանքով հարցնում էր ինքն իրեն՝ այդ ի՞նչ բան է։

Եվ չէր կարողանում պարզ պատասխանել իրեն. նրա մտքով արագ անցնում էին միայն գերեզմանատունը, ժողովված ամբոխը և Լիգիան, որ ամբողջ հոգով հետևում էր, թե ինչպես ծերունին պատմում էր Ասավածամարդու չարչարանքը, մահն ու հարությունը և թե Նա՝ այդ Ասավածամարդն ինչպես փրկեց աշխարհն ու խոստացավ նրան երջանկություն Ստիքսի մյուս կողմում։ Եվ երբ մտածում էր այդ մասին, նրա Գլխի մեջ քաոս էր առաջանում։

Այս շփոթությունից նրան հանեցին Քիլոնի գանգատները, որ սկսել էր վայ տալ իր ճակատագրին, չէ որ ինքը պայմանավորվել էր գտնել Լիգիային և կյանքը վտանգելով գտել է նրան ու ցույց ավել Վինիկիոսին։ Բայց ի՞նչ են ավելի պահանջում իրենից։ Արդյոք հա՞նձն է առել հափշտակել նրան, և ո՞վ կարող է մինչև անգամ այդպիսի մի բան պահանջել մի հաշմանդամից, իր մտածողություններին, գիտության ու առաքինության անձնատուր եղած մի մարդուց։ Ի՞նչ կդառնա, եթե մի այնպիսի պատվելի տեր, ինչպիսին է Վինիկիոսը, որևէ վնաս կրի աղջկան հափշտակելու ժամանակ։ Իհարկե, աստվածները պետք է հովանավոր լինեն ընտրյալներին. բայց արդյոք շատ անգամ չի՞ պատահում, որ աստվածները գնդակ են խաղում, փոխանակ հսկելու, թե ինչ է կատարվում երկրի վրա։ Ֆորտունան, ինչպես հայտնի է, կապած աչքեր ունի, ուստի չի տեսնում մինչև անգամ ցերեկով, էլ ի՞նչ ասել կուզի գիշերով։ Իսկ եթե մի բան պատահի, եթե այդ լիգիական արջը ազնիվ Վինիկիոսի վրա նետի մի երկանաքար, գինու կամ, ավելի վատ՝ ջրի մի տակառ, ո՞վ կերաշխավորի, որ խեղճ Քիլոնին պարգևի փոխարեն պատասխանատվություն չի վիճակվի։ Նա՝ խեղճ իմաստունը, այնպես է սիրել ազնիվ Վինիկիոսին, ինչպես Արիստոտելը Ալեքսանդր Մակեդոնացուն, և եթե գոնե ազնիվ Վինիկիոսն իրեն տար այն քսակը, որ տնից դուրս գալու ժամանակ իր աչքի առջև գոտու ետևը խրեց, ձեռքին միջոց կունենար (բան է՝ եթե անբախտություն պատահի), որով իսկույն օգնություն կկանչեր կամ իրենց կողմը կգրավեր նույնիսկ քրիստոնյաներին։ Օ՜, ինչո՞ւ չեն ուզում լսել ծերունու խորհուրդները, որ բանա կաղությունն ու փորձառությունն են թելադրում նրան։

Վինիկիոսն այս լսելով գոտկի ետևից հանեց քսակը և կոխեց Քիլոնի ձեռքը։

— Ա՛ռ և լռի՛ր։

Հույնն զգաց, որ չափազանց ծանր է, և սիրտ առավ։

— Իմ ամբողջ հույսն այն է,— ասաց նա,— որ Հերակլեսը կամ Թեսեոսը առավել դժվար գործեր են կատարել, իսկ ի՞նչ է իմ անձնական, ամենամտերիմ բարեկամ Կրոտոնը, եթե ոչ Հերակլես։ Իսկ քեզ, տեր, Կեսար չեմ անվանի, որովհետև ամբողջովին աստված ես և ապագայում էլ չես մոռանա թշվառ, բայց հավատարիմ ծառայիդ, որի կարիքները ժամանակ առ ժամանակ պետք է հոգալ, որովհետև նա ինքը, երբ գրքերի մեջ է խորասուզվում, իր մասին բոլորովին չի մտածում... Մի փոքրիկ պարտեզ և տնակ, թեկուզ ամենափոքրիկ պորտիկով՝ ամառը զովանալու համար, քեզ նման մի պարգևատուի արժանի բան կլինեին։ Մինչ այդ հեռվից կզարմանամ ձեր դյուցազնական գործերի վրա, կաղերսեմ Յուպիտերին, որ ձեզ հաջողի. իսկ եթե մի բան պատահի այնպիսի աղմուկ կբարձրացնեմ, որ կես Հռոմը կզարթնի և ձեզ օգնության կգա։ Այս ի՞նչ վատ և խորդուբորդ ճանապարհ է։ Յուղը վերջացել է իմ լապտերի մեջ, և եթե Կրոտոնը, որ այնչափ ազնիվ է, որչափ և ուժեղ, ուզենար ինձ ձեռների վրա վերցնել և հասցնել մինչև դարպասը, նախ կիմանար, թե արդյոք հեշտությա՞մբ, կտանի աղջկան, և երկրորդ կվարվեր Էնեասի[233] պես և վերջապես կգրավեր բոլոր ազնվագույն աստվածների սիրտը այն աստիճան, որ ձեռնարկության հետևանքի մասին բոլորովին հանգիստ կլինեի։

— Ավելի լավ կհամարեի տանել մեկ ամսվա սատկած ոչխարի դին,— պատասխանեց լանիստը.— բայց եթե ինձ կտաս այն քսակը, որ ձեռքդ շպրտեց պատվելի տրիբունը, կտանեմ քեզ մինչև դարպասը։

— Ոտքիդ բութ մատը կոտրվի,— պատասխանեց հույնը.— այդպե՞ս օգտվեցիր այն պատկառելի ծերունու վարդապետությունից, որ չքավորությունն ու ողորմածությունը իբրև երկու առաջնակարգ առաքինություններ էր ներկայացնում... Մի՞թե նա քեզ ազդու կերպով չէ՞ր խրատում սիրել ինձ։ Տեսնում եմ, որ քեզ երբեք մինչև անգամ ամենահետին քրիստոնյա չեմ դարձնի, և որ ավելի շուտ արևը կմտնի մամերտինական բանտի ներսը, քան թե ճշմարտությունը՝ քո հիպոպոտամական գանգը։

Իսկ Կրոտոնը, որ գազանային ուժի տեր էր, բայը դրա փոխարեն ոչ մի մարդկային զգացմունք չուներ, ասաց.

— Մի վախենա, քրիստոնյա չեմ դառնա, չեմ կամենում կտոր հացս կորցնել։

— Այո՛, բայց եթե գոնե տարրական տեղեկություններ ունենայիր փիլիսոփայությունից, կգիտենայիր, որ ոսկին փուչ բան է։

— Մի մոտեցիր ինձ քո փիլիսոփայությամբ, իսկ ես գլխովս միայն մի հարված կտամ փորիդ, և տեսնենք ով կտանի։

— Այդ նույնը կարող էր ասել և եզը Արիստոտելին,— պատասխանեց Քիլոնը։

Լույսը բացվում էր։ Արշալույսը աղոտ գույնով ներկեց պարիսպների ատամները։ ճանապարհի եզրի ծառերը, շինությունները և այս ու այնտեղ ցրված մահարձաններն սկսեցին նշմարվել ստվերի միջից։ Ճանապարհն արդեն բոլորովին դատարկ չէր։ Կանաչեղեն վաճառողները շտապում էին հասնել դարպասների բացվելուն և քշում էին բանջարեղեն բարձած էշերն ու ջորիները։ Տեղ֊տեղ ճռռում էին սայլեր, որոնցով մսեղեն էին տանում։ Ճանապարհին և նրա երկու կողմերում գետնի երեսին թեթև մառախուղ էր նստել, որ լավ եղանակ էր խոստանում։ Այս մառախուղի մեջ ավելի և ավելի հեռվից երևացող մարդիկ ոգիների էին նմանում։ Վինիկիոսն աչքը չէր հեռացնում Լիգիայի նուրբ կազմվածքից, որ քանի այգը ավելի և ավելի էր տարածվում, այնքան ավելի արծաթագույն էր դառնում։

— Տե՛ր,— ասաց Քիլոնը,— վիրավորած կլինեի քեզ, եթե նախատեսեի, որ առատաձեռնությունդ երբևիցե վերջ կունենա. բայց այժմ, երբ ինձ վճարեցիր, չես կարող մեղադրել ինձ, որ ասում եմ միայն իմ շահի համար։ Ահա մի անգամ ևս խորհուրդ եմ տալիս՝ իմանալով, որ տանն է ապրում աստվածային Լիգիան, վերադառնաս, վերցնես ստրուկներիդ ու դեսպակդ և չլսես այս փղի կնճիթ Կրոտոնին, որ միայն նրա համար է հանձն առնում հափշտակել աղջկան, որ մածնի տոպրակի պես քամի քսակդ։

— Բռունցքիս հարվածը կստանաս կռնակիդ, այդ նշանակում է, որ կսատկես,— ձայն հանեց Կրոտոնը։

— Մի դիոտա կեֆալոնիական գինի կստանամ, իսկ այդ նշանակում է, որ առողջ կլինեմ,— պատասխանեց հույնը։

Վինիկիոսը ոչինչ չպատասխանեց, որովհետև մոտենում էին քաղաքի դարպասին, ուր մի տարօրինակ տեսարան զարկեց նրանց աչքին։ Ահա երկու զինվորներ չոքեցին, երբ անցնում էր առաքյալը, իսկ նա մի րոպե ձեռքը նրանց երկաթե սաղավարտների վրա պահեց և հետո նրանց գլխին խաչի նշան հանեց։ Երիտասարդ պատրիկի մտքով մինչև այդ երբեք չէր անցել, որ զինվորների մեջ ևս կարող են քրիստոնյաներ լինել, և զարմանալով մտածեց, որ ինչպես կրակ ընկած քաղաքի մեջ հրդեհը կպչում է նոր և նոր տների, այնպես էլ այս վարդապետությունն օրեցօր նորանոր հոգիների է կպչում և տարածվում է ավելի, քան թե մարգ կարող է երևակայել։ Այս նրա աչքին զարկեց և Լիգիայի պատճառով. նա համոզվեց, որ եթե աղջիկն ուզենար փախչել քաղաքից, կգտնվեին պահապաններ, որոնք իրենք կհեշտացնեին նրա ծածուկ ելքը։ Եվ օրհնում էր այդ րոպեին բոլոր աստվածներին, որ այդպես չէր եղել։

Անցնելով պարիսպներից դուրս եղած անշեն տեղերով՝ քրիստոնյաների խմբերն սկսեցին ցրվել։ Պետք էր այժմ շարունակել Լիգիայի ետևից գնալ և զգույշ լինել՝ իրենց վրա ուշադրություն չգրավելու համար։ Քիլոնն սկսեց գանգատվել վերքերից և ոտքերի ծակծկոցից և այժմ ավելի ու ավելի էր ետ մնում. Վինիկիոսը չէր հակառակում դրան, մտածելով, որ այժմ այդ երկչոտ և ծույլ հույնն իրեն պետք չի գա։ Գուցե նույնիսկ թույլ տար նրան հեռանալ, եթե նա կամենար. բայց պատվելի իմաստունին պահում էր միայն հեռատեսությունը, իսկ առաջ էր մղում ակներև հետաքրքրությունը. նա շարունակ հետևում էր նրանց, մինչև անգամ երբեմն մոտենում էր, կրկնելով իր նախկին խորհուրդները, միաժամանակ և ենթադրություններ անելով, թե առաքյալին ընկերակցող ծերունին, եթե նրա մի փոքր կարճ հասակը չլիներ, կարող էր Գլավկոսը լինել։

Արդեն շատ երկար էին գնում մինչև Անդրտիբերիսյան արվարձանը, և արևն արդեն բարձրանալու վրա էր, երբ այն խումբը, որի մեջ Լիգիան էր, բաժանվեց։ Առաքյալը, պառավ կինը և պատանին հեռացան գետափով, ընթացքին հակառակ, իսկ կարճահասակ ծերունին, Ուրսուսը և Լիգիան ծռվեցին մի նեղ փողոց և մոտ հարյուր քայլ անցնելով՝ մտան մի տուն, ուր երկու կրպակ կար, մեկը ձիթենու, մյուսը՝ թռչունների։

Քիլոնը, որ հետևում էր Վինիկիոսից և Կրոտոնից մոտ հիսուն քայլ հեռու, իսկույն կանգ առավ մեխվածի պես և պատին սեղմվելով, սկսեց նրանց կամացուկ ձայն տալ, որ վերադառնան իր մոտ։

Նրանք վերադարձան. պետք էր խորհուրդ անել։

— Գնա՛,— ասաց նրան Վինիկիոսը,— և զննիր, թե արդյոք այս տունը մյուս կողմով մի ուրիշ փողոց դուրս չի՞ գալիս։

Քիլոնը, չնայած որ դրանից առաջ գանգատվում էր ոտքերի վերքերից, այնպես արագ սկսեց վազել, կարծես կոճերին Մերկուրիոսի թևերն ունենար, և մի րոպեից վերադարձավ։

— Ո՛չ,— ասաց նա.— մուտքը մեկ է։

Հետո ձեռքերը ծալեց։

— Թե Յուպիտերը, Ապոլլոնը, Վեստան, Կիբելլան, Իսիդն ու Օսիրիսը, Միհրը, Բահալը, Արևելքի և Արևմուտքի բոլոր աստվածները կսիրես, երդվեցնում եմ քեզ, տե՛ր, թո՛ղ այդ մտադրությունդ... Լսի՛ր ինձ։

Բայց հանկարծ կտրեց, որովհետև նկատեց, որ Վինիկիոսի դեմքը հուզմունքից գունատվեց, աչքերը փայլեցին գայլի աչքերի պես։ Բավական էր նրան նայել, հասկանալու համար, որ աշխարհիս երեսին ոչ մի բան ետ չի պահի նրան ձեռնարկումից։ Կրոտոնն սկսեց շունչը հավաքել իր հերակլյան կրծքի տակ և իր չզարգացած գանգը շարժել այս ու այն կողմ, ինչպես անում են վանդակի մեջ փակված արջերը։ Նրա դեմքին ամենափոքր անհանգստության նշույլ իսկ չկար։

— Ե՛ս կերթամ առաջինը,— ասաց նա։

— Կերթաս ինձ հետ,— հրամայական ձայնով ասաց Վինիկիոսը։

Եվ մի վայրկյանում երկուսն էլ անհետացան մութ սրահի մեջ։

Քիլոնը վազեց ամենամոտիկ փողոցի անկյունը և սկսեց նրա ետևից դուրս նայել, սպասելով, թե ինչ է լինելու։

ԳԼՈՒԽ ԻԲ

Վինիկիոսը միայն սրահում հասկացավ ձեռնարկման ամբողջ դժվարությունը։ Տունը ահագին էր, մի քանի հարկանի, այնպիսի տներից մեկը, որպիսիները հազարներով կառուցվում էին Հռոմում՝ բնակարանների վարձով շահ ստանալու նպատակով, և առհասարակ կառուցվում էին այնպես արագ և վատ, որ գրեթե տարի չէր անցնում, որ նրանցից մի քանիսը չփլչեին բնակիչների գլխներին։ Դրանք իսկական փեթակներ էին` չափազանց բարձր և չափազանց նեղ, լի սենյակներով և խուցերով, որոնց մեջ բուն էին դրել շատ չքավոր մարդիկ։ Այս քաղաքի մեջ, ուր փողոցներից շատերն անուն չունեին, այդպիսի տներն էլ համարներ չունեին. տանտերերը ստրուկներին էին հանձնարարում սենյակների վարձն հավաքելը, իսկ սրանք, պարտավորված չլինելով քաղաքապետությանը ներկայացնել բնակիչների ազգանունները, հաճախ իրենք էլ այդ չէին իմանում։ Տեղեկանալ որևէ մեկի մասին այսպիսի տան մեջ շատ անգամ անչափ դժվար էր լինում, մանավանդ, երբ դռան մոտ դռնապան էլ չէր լինում։

Վինիկիոսը Կրոտոնի հետ միջանցքի նման երկար սրահով հասավ նեղ, չորս կողմից շինություններով պատած բակը, որ մի տեսակ ընդհանուր ատրիոն էր կազմում ամբողջ տան համար. մեջտեղում շատրվան էր, որի ցայտերը թափվում էին գետին խրված քարե ավազանի մեջ։ Բոլոր պատերին կպած էին վերև տանող, մասամբ քարե, մասամբ փայտե արտաքին և ներքին սանդուղքներ, որոնցով կարելի էր բարձրանալ պատշգամբները, իսկ այնտեղից մտնել բնակարանները։ Ներքևը նույնպես բնակարաններ էին, որոնցից մի քանիսը փայտե դռներ ունեին. մյուսները բակից բաժանվում էին միայն բրդե, մեծ մասամբ գզգզված ու պատռտված կամ կարկատած վարագույրներով։

Վաղ էր ժամը, և բակում մարդ չկար։ Երևում էր, որ ամբողջ տան մեջ բոլորն էլ քնած էին, բացի նրանցից, որոնք վերադարձել էին Օստրիանոնից։

— Ի՞նչ անենք, տեր,— հարցրեց Կրոտոնը՝ կանգ առնելով։

— Սպասենք այստեղ, գուցե մեկը երևա,— պատասխանեց Վինիկիոսը։— Պետք չէ, որ մեզ բակում տեսնեն։

Բայց մտածում էր, որ Քիլոնի խորհուրդը գործնական էր։ Եթե հետն ունենար մի քանի ստրուկներ, կարելի էր շրջապատել դուռը (մուտքը միայն մեկն էր) և խուզարկել բոլոր բնակարանները. իսկ այժմ հարկավոր էր միանգամից գտնել Լիգիայի բնակարանը, եթե ոչ քրիստոնյաները, որոնց թիվն անկասկած այս տան մեջ նվազ չէր, կարող էին նրան զգուշացնել, որ որոնում են իրեն։ Այս պատճառով վտանգավոր էր և հարցուփորձ անել օտար մարդկանց։ Վինիկիոսը մի րոպե մտածեց, թե արդյոք չվերադառնա՞ ստրուկներ բերելու, երբ հանկարծ հեռավոր բնակարանների վարագույրներից մեկի տակից դուրս եկավ մի մարդ մաղը ձեռին, և մոտեցավ շատրվանին։

Երիտասարդը մի նայվածքով ճանաչեց Ուրսուսին։

— Լի՛գն է,— շշնջաց Վինիկիոսը։

— Արդյոք իսկո՞ւյն պետք է սրա ոսկորները ջախջախեմ։

— Սպասել։

Ուրսուսը չնկատեց նրանց, որովհետև կանգնած էին մութ սրահի մեջ, և հանգիստ սկսեց ջրով լվանալ բանջարեղենը, որով լցված էր մաղը։ Երևում էր, որ ամբողջ գիշերը գերեզմանատանը անց կացնելով, մտադիր էր կերակուր պատրաստել։ Հետո, վերջացնելով գործը, վերցրեց թաց մաղը և անհետացավ վարագույրի ետև։ Կրոտոնն ու Վինիկիոսը հետևեցին նրան, կարծելով, թե կընկնեն ուղղակի Լիգիայի բնակարանը։

Բայց նրանց զարմանքը մեծ էր, երբ տեսան, որ վարագույրով ոչ թե բնակարանն էր բակից բաժանվում, այլ մի ուրիշ երկար միջանցք, որի ծայրին պարտեզ էր երևում. այստեղ երևում էին մի քանի նոճիներ, մրտենու մի քանի թփեր և հարևան տան պատին կպած մի փոքրիկ տնակ։

Երկուսն էլ իսկույն հասկացան, որ նրանց համար դա խիստ նպաստավոր է։ Բակում կարող էին հավաքվել բոլոր բնակիչները, իսկ տնակի առանձնությունը հեշտացնում էր ձեռնարկումը։ Շուտով պաշտպանների, ավելի ճիշտ՝ Ուրսուսի հարցը կլուծեն, և հետո, նույնպես շուտով, հափշտակված Լիգիայի հետ կհասնեն փողոցը, իսկ այնտեղ արդեն իրենց բանը գիտեն։ Ամենից հավանականն այն է, որ ոչ ոք իրենց ճանապարհը չի կտրի. իսկ եթե կտրի, կասեն, որ Կեսարի փախած պատանդի համար են եկել. ծայրահեղ դեպքում Վինիկիոսը կհայտնի վիգիլներին իր ով լինելը և նրանց պաշտպանությանը կդիմեն։

Ուրսուսն արդեն ուզում էր մտնել տնակը, երբ նրա ուշադրությունը գրավեց ոտնաձայնը. նա կանգ առավ և, տեսնելով երկու մարդկանց, մաղը վայր դրեց պատշգամբին և շուռ եկավ նրանց կողմը։

— Ի՞նչ եք որոնում,— հարցրեց։

— Քեզ ,— պատասխանեց Վինիկիոսը։

Եվ դառնալով Կրոտոնին՝ շտապ, բայց ցածր ձայնով ասաց.

— Սպանի՛ր։

Կրոտոնը վագրի պես հարձակվեց Ուրսուսի վրա և մի ակնթարթում, առաջ, քան լիգը կարողացավ ուշքի գալ, կամ ճանաչել թշնամուն, գրկեց նրան իր պողպատե բազուկներով։

Վինիկիոսը չափազանց վստահ էր նրա գերմարդկային ուժի վրա և չսպասեց կռվի վախճանին. նրանց կողքից ցատկեց տնակի դռան մոտ, հրեց այն և հայտնվեց մի քիչ մութ սենյակում, որ լուսավորված էր հնոցում վառվող կրակով։ Այս կրակի շողն ընկնում էր ուղղակի Լիգիայի դեմքին։ Օջախի մոտ նստած մյուս անձնավորությունն այն ծերունին էր, որ Օստրիանոնից վերադառնալիս ուղեկցում էր աղջկան և Ուրսուսին։

Վինիկիոսն այնպես հանկարծ ներս ընկավ, որ Լիգիան մինչև կարողացավ ճանաչել նրան, նա մեջքից գրկեց աղջկան և, վեր բարձրացնելով, նորից դռան մոտ վազեց։ Ճիշտ է, ծերունուն հաջողվեց նրա առաջը կտրել, բայց Վինիկիոսը, մի ձեռքով աղջկան իր կրծքին սեղմելով, մյուսով ետ մղեց նրան։ Գլխանոցն ընկավ նրա գլխից, և այդ ժամանակ, ծանոթ սարսափելի դեմքը տեսնելով, զարհուրանքից արյունը սառավ Լիգիայի մեջ, իսկ ձայնը խեղդվեց կոկորդում։ Ուզում էր օգնություն կանչել, բայց չէր կարողանում։ Զուր էր ուզում բռնել դռան ծայրից դիմադրելու համար։ Նրա մատները սահեցին քարի վրայով, և ուշքը կկորցներ, եթե մի զարհուրելի տեսարան չընկներ նրա աչքին հենց այն րոպեին, երբ Վինիկիոսը նրան բռնած դուրս պրծավ պարտեզը։

Ուրսուսը բազուկների մեջ սեղմել էր մի ինչ-որ մարդու, որի մեջքը բոլորովին հետ էր ոլորված, գլուխը ծռվել էր ցած, իսկ շրթունքները արյունոտել էին։ Տեսնելով սրանց՝ լիգը մեկ անգամ էլ բռունցքով հարվածեց նրա գլխին և մի ակնթարթում, շղթայից ազատված գազանի պես, ցատկեց Վինիկիոսի վրա։ «Մահ,— մտածեց երիտասարդ պատրիկը։ Եվ կարծես երազի մեջ լսեց Լիգիայի ձայնը. «Մի սպանիր». հետո նա զգաց, որ մի բան կայծակի պես արձակեց իր ձեռքերը, որոնցով գրկել էր աղջկան, վերջը՝ գետինը շուռ եկավ նրա ոտքերի տակ, և ցերեկվա լույսը խավարեց աչքերում։

......................................

Իսկ Քիլոնը, փողոցի անկյունի հետևը թաք կացած, սպասում էր՝ ինչ է լինելու։ Նրա մեջ հետաքրքրությունը մաքառում էր երկյուղի հետ։ Նա մտածում էր, որ եթե նրանց հաջողվի Լիգիային հափշտակել, լավ կլիներ գտնվել Վինիկիոսի մոտ։ Ուրբանոսից արդեն չէր վախենում, հավատացած էր, որ Կրոտոնը կսպանի նրան։ Դրա փոխարեն ինքն իրեն ասում էր, որ եթե այդ միջոցին դատարկ փողոցներում կսկսեն հավաքվել մարդիկ, եթե քրիստոնյաները կամ որևէ ուրիշ մարդիկ կուզենան Վինիկիոսին դիմադրություն ցույց տալ, ինքը Քիլոնը կդիմի նրանց իբրև իշխանության ներկայացուցիչ, իբրև Կեսարի կամքը կատարող, իսկ ծայրահեղ դեպքում՝ կկանչի վիգիլներին, որ օգնեն երիտասարդ պատրիկին փողոցային խուժանի դեմ, և այդպիսով նոր շնորհների կարժանանա։ Մտքում միշտ կրկնում էր, որ Վինիկիոսի վարմունքն անմիտ է, բայց, նկատի առնելով Կրոտոնի ահռելի ուժը, ենթադրում էր, որ կարող են հաջողության հասնել։ «Եթե նրանք նեղ տեղն ընկնեն, ինքը Վինիկիոսը կտանի աղջկան, իսկ Կրոտոնը նրա առջև ճանապարհ բաց կանի»։ Բայց ժամանակը երկարում էր, նրան անհանգստացնում էր սրահի լռությունը, որին հետևում էր հեռվից։

«Եթե ուղղակի նրա բնակարանը չընկնեն, աղմուկ կբարձրացնեն և ձեռքից կփախցնեն նրան»։ Բայց այս միտքը նրա համար դառն չէր, որովհետև հասկանում էր, որ այս դեպքում ինքը նորից պետք կլինի Վինիկիոսին և նորից կկարողանա նրանից բավականաչափ սեստերց դուրս կորզել։

— Ինչ որ էլ անեն, ինձ համար կանեն,— ասում էր նա ինքն իրեն. թեև դա ոչ ոք էլ չի հասկանում... Աստվածնե՛ր, աստվածնե՛ր, թույլ տվեք միայն...

Եվ հանկարծ կտրեց միտքը. նրան թվաց, թե ինչ֊որ մեկը դուրս նայեց սրահից, ուստի, կպչելով պատին, սկսեց դիտել շունչը պահելով կրծքի տակ...

Եվ չէր սխալվում, որովհետև սրահից դուրս ձգվեց մի գլուխ և սկսեց նայել շուրջը։

Բայց մի րոպեից անհետացավ։

— Վինիկիոսն է, կամ Կրոտոնը,— մտածեց Քիլոնը,— բայց եթե աղջկան հափշտակել են, նա ինչո՞ւ չի աղաղակում և ինչո՞ւ են դուրս նայում, դեպի փողոցը։ Մարդկանց այնպես էլ կպատահեն. մինչև որ Կարինա հասնեն, քաղաքում շարժում կսկսվի։ Այս ի՞նչ է, բոլոր անմահ աստվածներ։

Եվ հանկարծ փշաքաղվեցին գլխի մազերը։

Դռների մեջ երևաց Ուրսուսը, ուսին գցած Կրոտոնի մարմինը, և, մեկ անգամ էլ շուրջը նայելով, սկսեց դատարկ փողոցով վազել դեպի գետը։

«Կորած եմ, եթե ինձ տեսնի»,— մտածեց նա։ Բայց Ուրսուսը արագ սլացավ անկյունի մոտից և անհետացավ մերձակա տան հետև. իսկ Քիլոնը, այլևս չսպասելով, սկսեց փախչել կից փողոցի խորքը, զարհուրանքից ատամը ատամին խփելով և այնպիսի արագությամբ, որ չէր կարող ունենալ նույնիսկ երիտասարդ մարդը։

— Եթե վերադառնալիս հեռվից ինձ նկատի, վրա կհասնի ու կսպանի,— ասում էր նա ինքն իրեն։— Փրկիր ինձ, Զևս, փրկիր, Ապոլլոն, փրկիր։ Հերմես, փրկիր, քրիստոնյաների Աստված։ Կթողնեմ Հռոմը, կվերադառնամ Մեսամբրիա, բայց ազատեցեք ինձ այս դևի ձեռքից։

Եվ այս լիգը, որ սպանել էր Կրոտոնին, այդ միջոցին նրան գերմարդկային ինչ-որ էակ էր երևում։ Վազելիս մտածում էր, թե գուցե նա մի որևէ աստված է, որ բարբարոսի կերպարանք է ընդունել։ Այդ միջոցին նա հավատում էր աշխարհի բոլոր աստվածներին և բոլոր առասպելներին, որոնց սովորաբար ծաղրում էր։ Նրա մտքով անցնում էր նաև, որ Կրոտոնին կարող էր սպանել քրիստոնյաների Աստվածը, և մազերը բիզ֊բիզ էին կանգնում նրա գլխին այն մտքից, թե թշնամացել է մի այսպիսի հզոր աստծու հետ։

Միայն մի քանի փողոցներ անցնելով և դիմացից եկող ինչ֊որ բանվորներ նկատելով՝ մի փոքր հանգստացավ։ Կրծքում շունչը կտրվում էր, ուստի նստեց մի տան շեմքին և սկսեց թիկնոցի փեշով սրբել քրտնած ճակատը։

— Ծեր եմ, և ինձ հանգստություն է հարկավոր,— ասաց նա։

Դիմացից եկող մարդիկ ծռվեցին կից փողոցը, և նորից նրան պա տեց դատարկությունը։ Քաղաքը դեռ քնած էր։ Առավոտները շարժումը կանուխ էր սկսվում գլխավորապես ունևոր արվարձաններում, որտեղ հարուստ տների ստրուկները ստիպված էին լինում վեր կենալ արևածագից առաջ, իսկ այն թաղերում, ուր բնակվում էր ազատ ազգաբնակչությունը, որ կերակրվում էր պետության հաշվին, ուստի անգործ էր, զարթնում էին, մանավանդ ձմեռը, բավականին ուշ։ Քիլոնը մի որոշ ժամանակ նստելով շեմքին, սարսռեցնող ցուրտ զգաց. վեր կացավ և, համոզվելով, որ չի կորցրել Վինիկիոսից ստացած քսակը, ավելի համարձակ քայլերով ծռվեց դեպի գետը։

— Գուցե մի տեղ տեսնեմ Կրոտոնի մարմինը,— ասում էր նա ինքն իրեն։— Աստվածնե՜ր։ Այդ լիգը, եթե մարդ է, կարող է մի տարվա մեջ միլիոնավոր սեստերցներ վաստակել, որովհետև եթե Կրոտոնին խեղդեց լակոտի պես, ապա ո՞վ կդիմանա նրան։ Ամեն մի բեմ դուրս գալու համար նրան իր քաշով ոսկի կտան։ Նա ավելի լավ է հսկում այդ աղջկան, քան թե Կերբերը[234] դժոխքին։ Այ թե դժոխքը նրան կուլ տա։ Չեմ ուզում նրա հետ գործ ունենալ։ Չափազանց ոսկրոտ է։ Բայց ի՞նչ անեմ։ Սարսափելի բան է պատահել։ Եթե նա Կրոտոնի պես մեկի ոսկորները փշրեց, անկասկած և Վինիկիոսի հոգին էլ հեծում է այն անիծվածի տան գլխին՝ սպասելով հուղարկավորության[235]։ Կաստորը վկա, չէ՞ որ նա պատրիկ է, Կեսարի ընկերը, Պետրոնիոսի ազգականը, ամբողջ Հռոմում հայտնի իշխան և զինվորական տրիբուն։ Նրա մահը հեշտ չի նստի սրանց... Չգնա՞մ արդյոք, օրինակի համար, պրետորիանների բանակը, կամ վիգիլների մոտ։

Այստեղ լռեց և սկսեց մտածել, բայց մի րոպե անց ասաց.

— Վա՜յ ինձ։ Ո՞վ բերեց նրան այս տունը, եթե ոչ ես... Նրա ազատագիրները և ստրուկները գիտեն, որ նրա մոտ գնացել եկել եմ, իսկ մի քանիսը գիտեն՝ ինչ նպատակով։ Ի՞նչ կլինի, եթե մեղադրեն ինձ, որ դիտմամբ ցույց եմ տվել նրան այս տունը, ուր նրան մահ պատահեց։ Եթե մինչև անգամ հետո դատարանում երևար, որ այս մահը ես չեմ ուզեցել, այնուամենայնիվ այնպես էլ կասեն, որ ես եմ սրա պատճառը... Բայց չէ՞ որ նա պատրիկ է, ուստի ոչ մի կերպ անպատիժ չի անցնի ինձ համար։ Իսկ եթե սուսուփուս թողնեմ Հռոմը և տեղափոխվեմ հեռավոր մի տեղ, դրանով ավելի մեծ կասկած կհարուցեմ։

Եվ այսպես, և այնպես վատ էր։ Պետք էր միայն ամենափոքր չարիքն ընտրել։ Հռոմը մեծ քաղաք էր, բայց Քիլոնն զգաց, որ կարող էր իր համար նեղվածք լինել։ Մեկ ուրիշը կարող էր ուղղակի գնալ վիգիլների հրամանատարի մոտ, պատմել, թե ինչ է պատահել, և թեկուզ իր վրա որևէ կասկած ընկներ, հանգիստ սպասեր քննությանը։ Բայց Քիլոնի ամբողջ անցյալը այնպիսին էր, որ ամեն մի ավելի մոտիկ ծանոթություն թե՛ քաղաքապետի, թե՛ վիգիլների հրամանատարի հետ շատ մեծ գլխացավանք պիտի պատճառեր իրեն, այլև պիտի հիմնավոր դարձներ այն բոլոր կասկածները, որ կարող էին ծագել պաշտոնյաների գլխում։

Մյուս կողմից, փախչել նշանակում էր Պետրոնիոսին հաստատել այն կարծիքի մեջ, թե Վինիկիոսը մատնված է եղել և սպանված դավով։ Իսկ Պետրոնիոսն ազդեցիկ մարդ էր և կարող էր իր տրամադրության տակ ունենալ ամբողջ պետության ոստիկանությունը. նա, անտարակույս, կաշխատեր հանցավորներին գտնել թեկուզ աշխարհիս ծայրին։ Այնուամենայնիվ Քիլոնի մտքով անցավ, թե արդյոք չգնա՞ ուղղակի նրա մոտ և չպատմի՞ նրան, թե ինչ է պատահել։ Այո, դա ամենալավ միջոցն է։ Պետրոնիոսը հանգիստ մարդ է, և Քիլոնը կարող էր գոնե վստահ լինել, որ իրեն մինչև վերջ ականջ կդնի։ Պետրոնիոսը, որ հենց սկզբից գիտեր բոլոր հանգամանքները, ավելի հեշտությամբ կհավատար Քիլոնի անմեղությանը, քան թե հրամանատարները։

Բայց նրան դիմելու համար պետք էր հավաստի իմանալ, թե ինչ էր պատահել Վինիկիոսին։ Իսկ Քիլոնն այդ չգիտեր։ Ճիշտ է, տեսել էր լիգին, երբ նա Կրոտոնի մարմինը գաղտագողի տանում էր գետը նետելու, բայց ավելի՝ ոչինչ։ Վինիկիոսը կարող էր սպանված, բայց և վիրավորված կամ կալանավորված լինել։ Միայն այժմ նրա միտն եկավ, որ քրիստոնյաները, կասկած չկա, չէին համարձակվի սպանել մի այդպիսի ազդեցիկ մարդու ավգուստիան և բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի. այդպիսի մի ոճիր կարող էր իրենց դեմ ընդհանուր հալածանք գրգռել։ Ամենահավանականն այն էր, որ նրան բռնի պահել են՝ Լիգիային մի ուրիշ տեղ նորից թաքնվելու միջոց տալու համար։

Այս միտքը Քիլոնին սիրտ տվեց։

— Եթե այն լիգիական վիշապը նրան չի գզգզել առաջին իսկ կատաղության միջոցին, այն ժամանակ կենդանի է, այն ժամանակ ինքը վկայություն կտա, որ ես իրեն չեմ մատնել, և այն ժամանակ ինձ ոչ միայն ոչինչ չի սպառնում, այլև (օ՜, Հերմես[236], նորից երկու արջառի հույս ունեցիր իմ առջև նոր ասպարեզ է բացվում... Կարող եմ ցույց տալ ազատագիրներից մեկին, թե որտեղ պետք է որոնել տիրոջը, իսկ նա կդիմի հրամանատարին, թե ոչ, այդ նրա գործն է, միայն թե ես ինքս դիմած չլինեմ... Կարող եմ նաև գնալ Պետրոնիոսի մոտ և պարգևի հույս ունենալ... Որոնում էի Լիգիային, այժմ կորոնեմ Վինիկիոսին, իսկ հետո նորից Լիգիային... Բայց նախ և առաջ պետք է գիտենալ՝ սպանվա՞ծ է թե՞ կենդանի։

Այստեղ նրա մտքով անցավ, որ կարող է գիշերը գնալ Դեմաս հացթուխի մոտ և այդ մասին հարցնել Ուրսուսին, բայց այս միտքն իսկույն թողեց։ Ավելի լավ էր համարում ոչ մի գործ չունենալ Ուրսուսի հետ։ Նա իրավացի կերպով կարող էր ենթադրել, որ եթե Ուրսուսը չի սպանել Գլավկոսին, ակներև է, որ նա խոստովանել է քրիստոնյա երեցներից մեկն ու մեկին, և սա նրան նախազգուշացրել է, թե դա մի հանցավոր գործ է, և թե իրեն այդ անել տալ կամեցողը մատնիչ է։ Վերջապես, միայն Ուրսուսին հիշելուց Քիլոնի ամբողջ մարմնին դող էր բռնում։ Դրա փոխարեն մտածեց, որ երեկոյան կուղարկի Էվրիկիոսին այն տունը, ուր տեղի ունեցավ դեպքը։ Իսկ մինչ այդ զգում էր, որ պետք է կազդուրվի, լողանա և հանգստանա։ Անքուն գիշերը, Օստրիանոնի ճանապարհը և Անդրտիբերիսից փախուստը, իսկ որ չափազանց հոգնեցրել էին նրան։

Մի բան շարունակ մխիթարում էր նրան, այն, որ մոտը ուներ երկու քսակ, մեկը, որ Վինիկիոսն էր տանը տվել իրեն, իսկ մյուսը, որ իր ձեռքն էր շպրտել գերեզմանատնից վերադառնալիս։ Նկատի ունենալով այս բախտավոր հանգամանքը, ինչպես և բոլոր կրած հուզմունքները, նա վճռեց սովորականից ավելի առատորեն ուտել և ավելի լավ գինի խմել։

Եվ երբ վերջապես հասավ գինետների բացվելու ժամանակը, նա այս ամենն արեց այնպիսի մեծ չափով, որ մոռացավ լողանալը։ Նախ և առաջ նա ուզում էր քնել, և քնատությունն այն աստիճան ուժասպառ արեց նրան, որ խիստ տատանվող քայլերով վերադարձավ Սուբուռա՝ իր բնակարանը, որտեղ նրան սպասում էր Վինիկիոսի փողով գնած ստրկուհին։

Այնտեղ, մտնելով աղվեսի որջի պես մութ կուբիկուլոն, ընկավ անկողինը և մի րոպեում քնեց։

Զարթնեց միայն երեկոյան, կամ ավելի ճիշտ՝ նրան զարթեցրեց ստրկուհին, ասելով որ վեր կենա, որովհետև մեկն իրեն որոնում է և ուզում է կարևոր գործով տեսնվել հետը։

Արթնացած Քիլոնը մի րոպեում ուշքի եկավ, արագ իր վրա ձգեց գլխանոցով թիկնոցը և ստրկուհուն հրամայելով մի կողմ քաշվել նախ և առաջ զգուշությամբ դուրս նայեց։

Եվ սառած մնաց։ Կուբիկուլոնի դռնից նա նկատեց Ուրսուսի հսկայական կերպարանքը։

Այս տեսքից նա զգաց, որ իր գլուխն ու ոտները սառույցի պես սառն են դառնում, սիրտը կրծքի տակ դադարում է բաբախելուց, մեջքին մրջյուններ են վազվզում... Մի առ ժամանակ չէր կարողանում ոչ մի խոսք ասել, բայց հետո, ատամը ատամին խփելով, ասաց, ավելի ճիշտ՝ հառաչեց.

— Սիրա՛, տանը չեմ... չեմ ճանաչում... այս... բարի մարդուն...

— Ասել եմ իրեն, որ տանն ես և քնած ես, տեր,— պատասխանեց կինը,— իսկ նա պահանջում էր, որ քեզ զարթեցնեմ։

— Օ՜, աստվածներ... հրամայում եմ քեզ...

Բայց Ուրսուսը, կարծես հապաղումից ձանձրացած, մոտեցավ կուբիկուլոնի դռանը և կռանալով ներս տարավ իր գլուխը։

— Քիլո՜ն Քիլոնիդես,— ասաց նա։

— Pax tecum! pax! pax![237]— պատասխանեց Քիլոնը։— Օ՜, քրիստոնյաներից ամենալավը։ Այո՛, Քիլոնն եմ, բայց այդ սխալ է... չեմ ճանաչում քեզ։

— Քիլոն Քիլոնիդես,— կրկնեց Ուրսուսը,— քո տեր Վինիկիոսը կանչում է քեզ, որ ինձ հետ միասին իր մոտ գնաս։

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԳԼՈՒԽ Ա

Վինիկիոսին զարթեցրեց սարսափելի մի ցավ։ Առաջին րոպեին չկարողացավ հասկանալ՝ ո՞ւր է և իր հետ ի՞նչ է կատարվում։ Գլխում աղմուկ էր զգում, աչքերը կարծես պատած էին մշուշով։ Բայց կամաց֊կամաց գիտակցությունը վերադարձավ և մշուշի միջից նկատեց իր վրա կռացած երեք մարդու։ Երկուսին ճանաչեց, մեկը Ուրսուսն էր, մյուսն այն ծերունին, որին գետին էր տապալել Լիգիային հափշտակելու ժամանակ. երրորդը, որ բոլորովին անծանոթ էր, բռնել էր իր ձախ թևը և տրորելով արմունկից սկսած մինչև ուսն ու անուրը՝ այնպիսի մի սարսափելի ցավ էր պատճառում, որ Վինիկիոսը կարծելով, թե այս մի տեսակ վրիժառություն է, ասաց սեղմված ատամներով.

— Սպանեցե՛ք ինձ։

Բայց թվաց, թե ուշադրություն չդարձրին նրան, չլսեցին, կամ տանջանքի մի սովորական հառաչանք համարեցին այն։ Հենց Ուրսուսը՝ իր բարբարոսական ահարկու դեմքով, ձեռքին երկար ժապավենների պես կտրտված սպիտակ կտավներ էր բռնել, իսկ ծերունին դիմեց այն մարդուն, որ Վինիկիոսի ուսն էր տրորում.

— Գլավկո՛ս, վստա՞հ ես, որ գլխի այս վերքը մահացու չէ։

— Այո, պատվելի Կրիսպոս,— պատասխանեց Գլավկոսը։— Իբրև ստրուկ նավատորմիղի վրա ծառայելիս և հետո Նեապոլում ապրելիս՝ շատ վերքեր եմ բժշկել և դրանից ստացած վաստակով ազատագրել եմ թե՛ ինձ և թե՛ յուրայիններիս։ Գլխի վերքը թեթև է։ Երբ այս մարդը (նա գլխով ցույց տվեց Ուրսուսին) աղջկան խլում էր երիտասարդից և նրան դեն հրեց պատի կողմը, սա, ինչպես երևում է, վայր ընկնելու միջոցին պաշտպանվել է թևով. թևը դուրս է ընկել և կոտրել, բայց ազատել է գլուխն ու կյանքը։

— Եղբայրներից շատերին ես խնամել,— պատասխանեց Կրիսպոսը,— և հմուտ բժշկի անուն ես վայելում... Դրա համար է, որ Ուրսուսին ուղարկեցի քո ետևից։

— Եվ նա ճանապարհին խոստովանեց, որ դեռ երեկ պատրաստ էր ինձ սպանել։

— Բայց մինչ այդ ինձ խոստովանեց իր մտադրությունը. բայց ես գիտեմ քեզ և քո սերը Քրիստոսի նկատմամբ, ուստի սրան բացատրեցի, որ ոչ թե դու ես մատնիչը, այլ այն անծանոթը, որ կամենում էր սրան դրդել սպանություն կատարելու։

— Նա չար ոգի էր, իսկ ես նրան հրեշտակի պես ընդունեցի,— հառաչելով պատասխանեց Ուրսուսը։

— Երբևիցե կպատմես ինձ,— ասաց Գլավկոսը,— իսկ այժմ պետք է մտածենք վիրավորի մասին։

Եվ նա սկսեց Վինիկիոսի թևը տեղը նստեցնել, իսկ Վինիկիոսը, թեպետ Կրիսպոսը դեմքին ջուր էր սրսկում, շարունակ ուշաթափվում էր ցավից։ Բայց այդ նրա համար բախտավոր մի բան էր, որովհետև չէր զգում, թե ինչպես էին թևը տեղը նստեցնում, կամ ինչպես էին փաթաթում կոտրած թևը, որը Գլավկոսը նախ գոգավոր. տախտակների մեջ դրեց և ապա արագ ու ամուր կապեց, որպեսզի անշարժ մնա։

Միայն գործողությունը վերջանալուց հետո նա նորից զարթնեց և իր կողքին տեսավ Լիգիային։

Կանգնած էր հենց այդտեղ, նրա անկողնու մոտ՝ իր առջև բռնած ջրով տաշտը, որի մեջ Գլավկոսը երբեմն֊երբեմն սպունգ էր թրջում և զովացնում էր նրա գլուխը։

Վինիկիոսը նայում էր և չէր հավատում աչքերին։ Նրան թվում էր, թե երազը կամ տենդն է, որ իր առջև կանգնեցնում է թանկագին տեսիլը. և միայն երկար ժամանակից հետո ուժ ունեցավ շշնջալու.

— Լիգիա՜...

Այս ձայնից տաշտը դողաց օրիորդի ձեռքերում, իսկ ինքը վշտով լի աչքերը դարձրեց հիվանդի վրա և կամաց շշնջաց. «Խաղաղությունը քեզ հետ»։

Եվ կանգնել էր ձեռքերն առաջ պարզած, գութն ու կարեկցանքը դեմքին։

Իսկ երիտասարդը նայում էր նրան, կարծես ուզում էր նրանով հագեցնել իր աչքերը, որպեսզի կոպերը ծածկելուց հետո էլ նրա պատկերը մնա այնտեղ։ Նայում էր նրա դեմքին, որ առաջվանից ավելի գունատ էր ու նիհար, մուգ մազերի ոլորներին, բանվորի աղքատիկ զգեստին. նայում էր այնպիսի համառությամբ, որ նրա հայացքից աղջկա ձյունագույն ճակատն սկսեց կարմրել։ Նախ մտածեց, որ սիրում է միշտ, և ապա՝ որ այս գունատությունն ու չքավորությունն իր գործն է. ինքն էր, որ դուրս վռնդեց նրան այն տնից, ուր նրան սիրում էին, և ուր նրան շրջապատում էր ունևորությունն ու փափկությունը, ու ձգեց այս աղքատիկ խրճիթը, հագցրեց այս մուգ, բրդե թիկնոցը։

Բայց որովհետև կուզենար հագցնել նրան ամենաթանկագին զարդերը, աշխարհիս բոլոր ակնեղենը, նրան զարմանք, անհանգստություն, գութ և այնպես մեծ կարեկցություն տիրեց, որ եթե կարողանար շարժվել, նրա ոտները կընկներ։

— Լիգիա՛,— ասաց նա,— թույլ չտվեցիր սպանել ինձ։

Իսկ աղջիկը պատասխանեց քաղցրությամբ.

— Աստված քեզ առողջություն տա։

Վինիկիոսի համար, որ զգում էր և՛ այն չարիքները, որ առաջ պատճառել էր նրան, և՛ այն, որ նոր էր ուզեցել անել, Լիգիայի խոսքերը ճշմարիտ բալասան էին։ Այդ րոպեին նա մոռացավ, որ նրա շուրթերով կարող է խոսել քրիստոնեական ուսմունքը, և միայն զգում էր, որ խոսում է սիրած կինը, և որ նրա պատասխանի մեջ ինչ֊որ հոգատարություն և ուղղակի գերմարդկային բարություն կա, որ նրան հուզեց մինչև հոգու խորքը։ Ինչպես առաջ ցավից այնպես էլ այժմ հուզմունքից նա թուլացավ։ Նրան տիրեց անպարտելի և քաղցր մի թուլություն։ Այնպիսի տպավորություն էր զգում, կարծես ընկնելիս լիներ մի ինչ֊որ անդունդ, նաև զգում էր, որ լավ է և երջանիկ է։ Թուլության այս վայրկյանին կարծում էր, թե իր մոտ աստվածություն է կանգնած։

Այս միջոցին Գլավկոսը վերջացրեց նրա գլխի վերքը լվանալն ու վրան բուժիչ ճար դրեց։ Ուրսուսը Լիգիայի ձեռքից առավ տաշտը, իսկ նա, վերցնելով սեղանի վրայից գինու հետ խառնված ջրի թասը, մոտեցրեց վիրավորի շրթունքներին։ Վինիկիոսն ագահությամբ խմեց և մեծ թեթևություն զգաց։ Վերքերը փաթաթելուց հետո ցավը համարյա թե անցավ, վերքերն ու ջարդված տեղերը սկսեցին ողջանալ, գիտակցությունը լիովին վերադարձավ։

— Տո՛ւր էլի խմեմ,— ասաց նա։

Լիգիան մյուս սենյակը գնաց՝ դատարկ թասը ձեռքին, իսկ Կրիսպոսը, մի քանի խոսք Գլավկոսի հետ փոխանակելուց հետո, մոտեցավ անկողնուն և ասաց.

— Վինիկիո՛ս, Աստված քեզ թույլ չտվեց չար գործ կատարել և պահպանեց կյանքդ, որպեսզի սթափվես հոգուդ խորքում։ Նա, որի հետ համեմատած մարդս միայն փոշի է, քեզ զինաթափ հանձնեց մեր ձեռքը, բայց Քրիստոսը, որին հավատում ենք, մեզ պատվիրել է սիրել մինչև անգամ թշնամիներին։ Ահա վերքերդ կապեցինք և, ինչպես Լիգիան ասաց, աղոթք կանենք, որ Աստված քեզ վերադարձնի առողջությունդ, բայց ավելի երկար չենք կարող խնամել քեզ։ Մնա խաղաղությամբ և մտածիր՝ արդյոք լա՞վ է շարունակել Լիգիային հալածելը՝ նրան, որին զրկեցիր խնամակալներից, տուն ու տեղից, և մեզ, որոնք քեզ չարի փոխարեն բարի վճարեցինք։

— Կամենում եք ինձ թողնե՞լ,— հարցրեց Վինիկիոսը։

— Կամենում ենք թողնել այս տունը, ուր մեզ կարող է հասնել քաղաքապետի հալածանքը։ Ընկերդ սպանված է, իսկ դու, որ հզոր ես յուրայիններիդ մեջ, վիրավորված պառկած ես։ Մեր պատճառով չեղավ այս ամենը, այնուամենայնիվ մեզ վրա պետք է ընկնի օրենքի խստությունը...

— Հալածանքից մի՛ վախենաք,— ասաց Վինիկիոսը,— ես ձեզ կպաշտպանեմ։

Կրիսպոսը չէր ցանկանում պատասխանել նրան, թե իրենք ոչ միայն քաղաքապետից ու ոստիկանությունից են վախենում, այլև, որ հավատ չընծայելով հենց իրեն՝ Վինիկիոսին, կամենում են Լիգիային ապահովել նրա նոր հալածանքներից։

— Տե՛ր, — ասաց նա,— աջ ձեռքդ առո՞ղջ է. ահա տախտակ և ստիլ[238], գրիր ծառաներիդ, որ այսօր երեկոյան դեսպակով գան քո ետևից և տեղափոխեն քեզ քո տուն, ուր ավելի հարմարություններ կունենաս, քան թե մեր այս խեղճության մեջ։ Մենք այստեղ ապրում ենք մի աղքատ որբևայրու մոտ, որ շուտով գալու է իր որդու հետ, այդ պատանին կտանի նամակդ, իսկ մենք բոլորս պիտի մի ուրիշ ապաստարան որոնենք։

Վինիկիոսը գունատվեց. հասկացավ, որ իրեն կամենում են բաժանել Լիգիայից և որ եթե նորից կորցնի նրան, գուցե այլևս երբեք չտեսնի նրան... Ճիշտ է. նա գիտակցում էր, որ իր և աղջկա միջև շատ բաներ են անցել, որոնցով, եթե կամենում էր տիրանալ նրան, պիտի ինչ֊որ նոր միջոցներ էլ որոներ, որոնց մասին դեռ ժամանակ չէր ունեցել մտածելու։ Հասկանում էր նաև, որ ինչ էլ ասեր այս մարդկանց, թեկուզ նրանց երդվեր, որ Լիգիային Պոմպոնիա Գրեկինայի տուն կվերադարձնի, նրանք իրավունք ունեն իրեն չհավատալու և չեն հավատա։ Չէ՞ որ դա կարող էր անել վաղուց. չէ՞ որ կարող էր, փոխանակ Լիգիային հալածելու, գնալ Պոմպոնիայի մոտ և երդվել նրան, որ հրաժարվում է հալածելուց, և այս դեպքում ինքը Պոմպոնիան կգտներ և նորից իր մոտ կառներ աղջկան։ Ո՛չ, զգում էր, որ այսպիսի և ոչ մի խոստումներով չի հաջողվի այս մարդկանց կանգնեցնել և ոչ մի հանդիսավոր երդում ընդունելի չի լինի, մանավանդ, որ քրիստոնյա չլինելով՝ կարող էր երդվել միայն անմահ աստվածների անունով, որոնց ինքն էլ շատ չէր հավատում և որոնց նրանք չար ոգիներ էին համարում։

Բայց նա սաստիկ փափագում էր շահել թե՛ Լիգիայի և թե՛ նրա այդ խնամակալների սերը։ Ի՞նչ եղանակով. դրա համար ժամանակի պետք ուներ։ Նրան մտահոգում էր նաև այն, որ գոնե մի քանի օր նայի նրան։ Ինչպես խեղդվողին տախտակի կամ թիակի ամեն մի կտոր ազատություն է թվում, այդպես և նրան թվում էր, թե այդ մի քանի օրվա մեջ կկարողանա ասել մի այնպիսի բան, որ իրեն կմոտեցնի նրան, գուցե որևէ բան մտածի, գուցե որևէ նպաստավոր բան պատահի։

Ուստի, մտքերը հավաքելով, նա ասաց.

— Լսեցեք ինձ. քրիստոնյաներ։ Երեկ ձեզ հետ միասին Օստրիանոնումն էի և լսեցի ձեր վարդապետությունը. բայց եթե այդ չգիտենայի էլ, ձեր գործերը կհամոզեին ինձ, որ ազնիվ և բարի մարդիկ եք։ Ասացեք այն որբևայրուն, որ վարձել է այս տունը, թող մնա այս տանը, դուք նույնպես մնացեք, ինձ էլ թույլ տվեք, մնալ։ Թող այս մարդը (այստեղ նա հայացքն ուղղեց Գլավկոսի կողմը), որ բժիշկ է կամ գոնե գիտե վերքեր փաթաթել, ասի՝ արդյոք կարելի՞ է ինձ այսօր տեղափոխել։ Հիվանդ եմ, թևս կոտրված է, պետք է գոնե մի քանի օր անշարժ մնամ և այս պատճառով հայտնում եմ ձեզ, որ չեմ շարժվի այստեղից, եթե միայն բռնությամբ դուրս չտանեք ինձ։

Այստեղ նա կանգ առավ. որովհետև նրա ջարդված կրծքի տակ շունչը պակասեց։ Կրիսպոսն ասաց.

— Ոչ ոք, տեր, քո դեմ բռնություն գործ չի դնի. մենք միայն մեր գլուխները կհեռացնենք այստեղից։

Ընդդիմության չընտելացած երիտասարդը հոնքերը կիտեց և ասաց.

— Թույլ տուր շունչ առնեմ։

Մի րոպեից սկսեց նորից խոսել.

— Կրոտոնի մասին, որին Ուրսուսը սպանել է, ոչ ոք չի հարցնի. այսօր պետք է գնար Բենեվենտոն, ուր նրան կանչել էր Վատինիոսը, ուստի բոլորը կկարծեն, թե գնացել է։ Երբ մենք մտանք այս տունը, մեզ ոչ ոք չտեսավ, բացի մի հույնից, որ մեզ հետ Օստրիանոնումն էր։ Կասեմ ձեզ, թե որտեղ է բնակվում. բերեք նրան ինձ մոտ, իսկ ես կպատվիրեմ նրան լռել, որովհետև նա իմ վարձած մարդն է։ Իմ տուն նամակ կգրեմ, որ նույնպես գնացել եմ Բենեվենտոն։ Եթե հույնը արդեն տեղեկացրել է պրեֆեկտին, կհայտնեմ նրան, որ Կրոտոնին ինքս եմ սպանել, և որ նա է ձեռքս կոտրել։ Այդպես կանեմ, հորս ու մորս գերեզմանը վկա՜։ Ուրեմն կարող եք այստեղ ապահով մնալ. ոչ մի մազ չի ընկնի ոչ մեկի գլխից։ Շուտով ինձ մոտ կանչեցեք հույնին, որի անունն է Քիլոն Քիլոնիդես։

— Ուրեմն Գլավկոսը քո կողքին կմնա, տեր,— ասաց Կրիսպոսը,— և որբևայրու հետ միասին կխնամի քեզ։

Վինիկիոսն ավելի կիտեց հոնքերը։

— Ո՛ւշ դարձրու, ծերունի, ինչ եմ քեզ ասելու,— ասաց նա,— քեզ երախտապարտ եմ, և բարի ու ազնիվ մարդ ես երևում ինձ, բայց ինչո՞ւ չես ասում այն, ինչ որ կա սրտիդ խորքում։ Դու վախում ես՝ չլինի թե կանչեմ իմ ստրուկներին և հրամայեմ նրանց խլել Լիգիային։ Այդպես չէ՞։

— Այո՛,— մի տեսակ մռայլությամբ պատասխանեց Կրիսպոսը։

— Այն ժամանակ նկատի առ, որ Քիլոնի հետ խոսելու եմ ձեր ներկայությամբ և հենց ձեզ մոտ եմ տուն նամակ գրելու, թե քաղաքից դուրս եմ գնացել, և որ հետո՝ բացի ձեզանից ուրիշ սուրհանդակ չեմ գտնելու... Ինքդ այդ քննիր և մի վրդովիր ինձ ավելի...

Այստեղ նա հուզվեց, և դեմքը ծռվեց բարկությունից. հետո սկսեց խոսել հափշտակությամբ.

— Մի՞թե դու կարծում էիր, թե ես կծածկեմ, թե ուզում եմ մնալ, որպեսզի տեսնեմ նրան... Հիմարը կհասկանար, եթե մինչև անգամ ծածկեի։ Բայց ես բռնությամբ նրան այլևս չեմ առնի... Իսկ քեզ կասեմ մի ուրիշ բան։ Եթե նա այստեղ չի մնա, այս առողջ ձեռքովս պարուրները կպոկեմ թևիցս, չեմ ուտի, չեմ խմի, և թող իմ մահը ընկնի քո և քո եղբայրների վրա։ Ինչո՞ւ էիր ինձ պարուրում, ինչո՞ւ չէիր հրամայում սպանել ինձ։

Եվ գունատվեց բարկությունից ու թուլությունից։ Բայց Լիգիան, որ մյուս սենյակից լսում էր ամբողջ խոսակցությունը և որ հավատացած էր, որ Վինիկիոսը կանի ամենը, ինչ որ ասում է, վախեցավ նրա խոսքերից։ Ոչ մի կերպ չէր ուզում նրա մահը։ Վիրավորված և անզեն՝ նա օրիորդի սրտում միայն գութ էր զարթեցնում, ոչ թե երկյուղ։ Փախուստից ի վեր ապրելով այնպիսի մարդկանց մեջ, որոնք շարունակ խորասուզված էին կրոնական զմայլման մեջ, մտածում էին միայն անձնազոհության, անձնամոռացության և անսահման ողորմածության մասին, ինքն էլ այն աստիճան ներշնչվել էր այս ոգով, որ դա փոխարինեց նրա համար տունը, ընտանիքը, կորցրած բախտավորությունը ու նրան այն քրիստոնյա կանանցից մեկը դարձրեց, որոնք հետագայում նաև փոխեցին աշխարհի հին հոգին։ Վինիկիոսը նրա վիճակի համար չափազանց մեծ նշանակություն էր ունեցել և չափազանց մեծ դեր էր խաղացել նրա կյանքում, այնպես, որ ինքը չէր կարող մոռանալ նրան։ Լիգիան մտածում էր նրա մասին ամբողջ օրերով և շատ անգամ Աստծուց խնդրում էր այնպիսի մի ժամանակի հասցնել, որ հետևելով իր ուսմունքին՝ կարողանար նրան բարիք վճարել չարիքի փոխարեն, ողորմածություն՝ հալածանքների փոխարեն, ընկճել նրան, նվաճել նրան Քրիստոսի հավատի համար և փրկել։ Եվ այժմ թվում էր նրան, որ ահա հասել է այս ժամանակը, և որ իր աղոթքները լսելի են եղել։

Նա մոտեցավ Կրիսպոսին կարծես ներշնչված դեմքով և սկսեց այնպես, կարծես նրա բերանով խոսելիս լիներ մի ուրիշը.

— Կրիսպոս, թող սա մեր մեջ մնա, և մենք մնանք սրա հետ, մինչև որ Քրիստոսը առողջացնի սրան։

Իսկ ծերունի երեցը, որ սովոր էր ամեն բանի մեջ աստվածային ներշնչում որոնել, տեսնելով նրա ոգևորությունը, իսկույն մտածեց, թե գուցե նրա միջոցով բարձրագույն զորությունն է խոսում, երկյուղ զգաց սրտում, խոնարհեց ալևոր գլուխը և՝

— Թող այնպես լինի, ինչպես ասում ես,— ասաց։

Վինիկիոսի վրա, որ ամբողջ ժամանակ աչքը չէր հեռացնում Լիգիայից, Կրիսպոսի այս արագ հնազանդությունը տարօրինակ և սաստիկ տպավորություն թողեց։ Նրան թվաց, թե Լիգիան քրիստոնյաների մեջ մի տեսակ Սիբիլլա[239] կամ քրմուհի է, որին երկրպագություն և հնազանդություն է շրջապատում։ Եվ ինքն էլ ակամա ենթարկվեց այս զգացմունքին։ Սիրո հետ, որ նա զգում էր, այժմ կարծես միացավ մի տեսակ երկյուղ, որի առջև նույնիսկ սերը գրեթե հանդգնություն էր դառնում։ Միաժամանակ չէր կարողանում ընտելանալ այն մտքին, թե իրենց հարաբերությունը փոխվել է. թե այժմ ոչ թե նա իր, այլ ինքը նրա կամքիցն է կախված. թե ինքն ահա հիվանդ, ջարդված պառկած է. թե դադարել է հարձակվող֊հափշտակող ուժ լինելուց և թե կարծես անզեն մանուկ է՝ հանձնված նրա խնամքին։ Երիտասարդի հպարտ և ինքնավստահ բնության համար այսպիսի մի հարաբերություն ամեն մի ուրիշ էակի նկատմամբ ստորանալ կլիներ. իսկ այս անգամ ոչ միայն ստորացում չզգաց, այլև երախտապարտ էր նրան, ինչպես իր տիրուհուն։ Սրանք նրա մեջ անլուր զգացմունքներ էին, որոնք մի օր առաջ չէին ուզենա նրա գլխում տեղավորվել և որոնք կխռովեին նրան նույնիսկ այդ րոպեին, եթե կարողանար պարզ կերպով իրեն հաշիվ տալ այս բաների մեջ։ Բայց նա այժմ չէր հարցնում, թե ինչո՞ւ է այդ այդպես, ասես դա բոլորովին բնական բան լիներ. իրեն միայն բախտավոր էր զգում, որ մնում է։

Եվ կամենում էր նրան շնորհակալություն հայտնել երախտագիտությամբ և մի այլ զգացմունքով, որ իրեն այնչափ քիչ էր ծանոթ, որ մինչև անգամ չէր կարողանում նրա անունը գտնել, որովհետև այս զգացմունքն ուղղակի խոնարհություն էր։ Բայց նախընթաց ոգևորությունը նրան այնպես ուժասպառ էր արել, որ չէր կարողանում խոսել, և շնորհակալություն էր հայտնում միայն աչքերով, ուր ուրախություն էր փայլում, որ նրա կողքին է մնում և որ կկարողանա նայել նրան վաղը, մյուս օրը, գուցե երկար ժամանակ։ Այս ուրախությունը պղտորվում էր միայն երկյուղով՝ չլինի թե կորցնի այն, ինչ որ ձեռք էր բերել, և այս երկյուղը այնպես մեծ էր, որ երբ Լիգիան քիչ անց նորից նրան ջուր տվեց, և երբ այդ միջոցին նրան տիրեց աղջկա ձեռքը բռնելու ցանկությունը, վախենում էր նա` նույն այդ Վինիկիոսը, որ Կեսարի մոտ մեծարանքի ժամանակ բռնությամբ համբուրում էր նրա շուրթերը, իսկ նրա փախուստից հետո իրեն խոստացել էր, թե նրան մազերից քարշ կտա կուբիկոլոն, կամ կհրամայի գանակոծել։

ԳԼՈՒԽ Բ

Բայց նաև վախենում էր՝ գուցե որևէ անժամանակ մի արտաքին օգնություն խանգարի իր ուրախությունը։ Քիլոնը կարող էր նրա անհետանալու մասին հայտնել քաղաքապետին կամ տան ազատագիրներին, և այս դեպքում վիգիլների միջամտությունը հավանական էր։ Ճիշտ է, նրա մտքով հանկարծ անցնում էր, որ այն ժամանակ կկարողանար հրամայել բռնելու Լիգիային և փակելու իր տան մեջ, բայց և զգում էր, որ այս չպիտի անի և ուժ չի ունենա անելու։ Նա ինքնահաճ, ինքնավստահ, բավականին փչացած և հարկ եղած դեպքում նույնիսկ անողոք մարդ էր, բայց ո՛չ Տիգելլինոս էր և ո՛չ էլ Ներոն։ Զինվորական կյանքը պահպանել էր նրա մեջ արդարության, հավատի մի որոշ զգացում և այնքան խիղճ, որ հասկանում էր, որ այդպիսի արարքը կրկնակի ստորություն կլիներ։ Վերջապես այս բանը գուցե իրեն թույլ տալու ընդունակ լիներ չարությունը բռնկվելու և առողջ ժամանակ, բայց այդ րոպեին նա թե՛ զգացված էր և թե՛ հիվանդ, և նրա հոգսը միայն այն էր, որ ոչ ոք չկանգնի իր և Լիգիայի միջև։

Նա զարմանալով նկատեց, որ այն րոպեից ի վեր, երբ Լիգիան իր կողմը պահեց, ոչ նա, ոչ էլ Կրիսպոսը իրենից ոչ մի երաշխավորություն չեն պահանջում, կարծես հավատացած լինեին, որ հարկ եղած ժամանակ ինչ-որ գերբնական ուժ կպաշտպանի իրենց։ Վինիկիոսը, որի գլխում, Օստրիանոնում առաքյալի վարդապետությունը և պատմությունը լսելուց հետո, սկսել էր խառնվել և ոչնչանալ կարելիի և անկարելիի մեջ եղած տարբերությունը, նույնպես պատրաստ էր ընդունելու, որ այդպես կարող է պատահել։ Բայց հանգամանքներն ավելի սառնորեն քննելով ինքը հիշեցրեց նրանց այն, ինչ որ ասել էր հույնի մասին, և նորից պահանջեց, որ կանչեն Քիլոնին։

Կրիսպոսը համաձայնեց, և վճռեցին ուղարկել Ուրսուսին։ Վինիկիոսը, որ վերջերս, Օստրիանոն գնալուց առաջ, հաճախ, թեև իզուր իր ստրուկներին ուղարկում էր Քիլոնի մոտ, մանրամասնորեն ցույց տվեց լիգին նրա բնակության տեղը, հետո, մի քանի տող գծելով տախտակի վրա, դիմեց Կրիսպոսին.

— Այս տախտակը տալիս եմ, որովհետև կասկածոտ և խորամանկ մարդ է, որ հաճախ, երբ իրեն կանչում էի, հրամայում էր պատասխանել իմ մարդկանց, թե տանը չէ, և այսպես էր անում միշտ, երբ ինձ համար բարի համբավներ չէր ունենում և վախենում էր իմ բարկությունից։

— Միայն թե նրան գտնեմ, կբերեմ, ուզենա, թե չուզենա,— պատասխանեց Ուրսուսը։

Ապա թիկնոցը վերցնելով՝ արագ դուրս գնաց։

Որևէ մեկին Հռոմում գտնելը հեշտ բան չէր, մինչև անգամ ամենաճիշտ ցուցմունքներ ունենալով. բայց Ուրսուսին այսպիսի դեպքերում օգնում էր անտառաբնակ մարդու բնազդը, նաև քաղաքին լավ ծանոթ լինելը, այնպես որ քիչ հետո Քիլոնի բնակարանումն էր։

Բայց նրան չճանաչեց։ Առաջ նրան միայն մի անգամ էր տեսել կյանքում և այն էլ գիշերը։ Վերջապես այն բարձրահասակ և ինքնավստահ ծերունին, որ նրան համոզում էր սպանել Գլավկոսին, այնպես նման չէր երկյուղից մեջքը ծռած այս հույնին, որ ոչ ոք ենթադրել չէր կարողանա, թե երկուսն էլ նույն անձնավորությունն են։ Իսկ Քիլոնը, գլխի ընկնելով, որ Ուրսուսն իրեն նայում է իբրև բոլորովին անծանոթ մեկի, առաջին զարհուրանքից հետո սիրտ առավ։ Վինիկիոսի ձեռքով գրած տախտակը առավել ևս հանգստացրեց նրան։ Գոնե չեն կասկածում, թե ինքը Վինիկիոսին դիտմամբ ձգել է դավի մեջ։ Միաժամանակ մտածեց, որ քրիստոնյաները չսպանեցին Վինիկիոսին երևի նրա համար, որ չհամարձակվեցին ձեռք բարձրացնել մի այդպիսի բարձրադիր անձի վրա։ «Ուրեմն Վինիկիոսը հարկ եղած ժամանակ ինձ էլ կպաշտպանի,— ասաց նա ինքն իր մտքում.— չէ՞ որ ինձ նրա համար չի կանչում, որ սպանել տա»։ Մի փոքր քաջալերվելով, նա հարցրեց.

— Բարի մարդ, իմ բարեկամ ազնվազարմ Վինիկիոսն արդյոք դեսպակ չուղարկե՞ց իմ ետևից. ոտքերս ուռած են և այդպես հեռու չեմ կարող գնալ։

— Ոչ,— պատասխանեց Ուրսուսը,— կերթանք ոտքով։

— Իսկ եթե հրաժարվե՞մ։

— Մի՛ անի, որովհետև պետք է գնաս։

— Եվ կերթամ, բայց հոժար կամքով։ Ուրիշ կերպ ոչ ոք ինձ չէր ստիպի, որովհետև ազատ մարդ եմ և քաղաքապետի բարեկամ։ Իբրև իմաստուն՝ նույնպես հնարներ ունեմ բռնության դեմ և գիտեմ մարդկանց ծառ և գազան դարձնել։ Բայց կերթամ, կերթամ։ Միայն մի քիչ ավելի տաք թիկնոց ու գլխանոց հագնեմ, որպեսզի ինձ չճանաչեն այն թաղի ստրուկները, եթե ոչ, շարունակ կկանգնեցնեն մեզ՝ ձեռքերս համբուրելու համար։

Այս ասելով, նա ուրիշ թիկնոց հագավ, գլխին իջեցրեց գալլիական լայն գլխանոցը, վախենալով՝ չլինի թե Ուրսուսը հիշի իր դիմագծերը, երբ դուրս գան ավելի լույս տեղ։

— Ո՞ւր ես ինձ տանում,— հարցրեց նա ճանապարհին Ուրսուսից։

— Անդրտիբերիս։

— Շատ ժամանակ չէ, որ այստեղ եմ և երբեք այնտեղ չեմ եղել, բայց այնտեղ էլ, անկասկած, այնպիսի մարդիկ են բնակվում, որոնք սիրում են առաքինությունը։

Ուրսուսը, որ պարզամիտ մարդ էր և որ լսել էր, թե ինչպես Վինիկիոսն ասում էր, որ հույնն իր հետ եղել է Օստրիանոնի գերեզմանատանը և հետո տեսել է, թե ինչպես ինքը Կրոտոնի հետ մտել են այն տունը, որտեղ բնակվում էր Լիգիան, մի քիչ կանգ առավ և ասաց.

— Սուտ մի խոսիր, ծերունի, որովհետև Վինիկիոսի հետ այսօր եղել ես Օստրիանոնում և մեր դռան մոտ։

— Ա՜հ,— ասաց Քիլոնը,— ուրեմն դա ձե՞ր տունն է Տիբերիսի այն կողմում։ Շատ ժամանակ չէ, որ Հռոմում եմ, և լավ չգիտեմ՝ ինչպես են կոչվում թաղերը։ Այո՛, բարեկամ։ Ձեր դռան մոտ եմ եղել և առաքինության անունով այնտեղ աղաչում էի Վինիկիոսին, որ չմտնի։ Եղել եմ և Օստրիանոնում, և գիտե՞ս ինչու։ Որոշ ժամանակ է, որ աշխատում եմ Վինիկիոսին քրիստոնյա դարձնել և ուզում էի, որ լսի ամենամեծ առաքյալին։ Լույս մտնի նրա և քո հոգին։ Չէ՞ որ քրիստոնյա ես և չէ՞ որ փափագում ես, որ ճշմարտությունը տիրի ստության տեղ։

— Այո՛,— խոնարհությամբ պատասխանեց Ուրսուսը։

Քաջությունը բոլորովին տիրապետեց Քիլոնին։

— Վինիկիոսն ազդեցիկ մարդ է,— ասաց նա,— և Կեսարի բարեկամ։ Շատ անգամ նա դեռևս լսում է չար ոգու շշունջներին, բայց եթե գոնե մի մազ ընկներ նրա գլխից, Կեսարը վրեժ կհաներ բոլոր քրիստոնյաներից։

— Մեզ ավելի մեծ զորություն է պահպանում։

— Իրա՜վ է, իրա՜վ է. բայց ի՞նչ եք մտադիր անել Վինիկիոսի հետ,— նորից անհանգստանալով՝ հարցրեց Քիլոնը։

— Չգիտեմ. Քրիստոսը ողորմածություն է պատվիրում։

— Այդ հիանալի ասացիր։ Միշտ հիշիր այդ, եթե ոչ, կտապակվես դժոխքի մեջ, ինչպես աղիքը թավայի վրա։

Ուրսուսը հոգոց հանեց, իսկ Քիլոնը մտածեց, որ այս բորբոքված րոպեին ահռելի մարդու հետ միշտ կարող էր ինչ որ կամենար անել։

Ուստի ցանկանալով իմանալ, թե ինչեր են եղել Լիգիայի հափշտակության ժամանակ, խիստ դատավորի ձայնով շարունակեց հարցնել.

— Ի՞նչ արիք Կրոտոնին։ Ասա և մի հնարիր։

Ուրսուսը երկրորդ անգամ հոգոց հանեց.

— Կասի քեզ Վինիկիոսը։

— Այդ կնշանակի, որ փորը դանակ ես խրել, կամ սպանել ես փայտով։

— Անզեն էի։

Բայց հույնը չկարողացավ զսպել այս բարբարոսի գերմարդկային ուժի նկատմամբ ունեցած իր զարմանքը։

— Պլուտոնը[240] քե՜զ... Այսինքն ուզում էի ասել Քրիստոսը քո մեղքերին թողություն տա։

Որոշ ժամանակ նրանք լուռ գնում էին. ապա Քիլոնն ասաց.

— Ես քեզ չեմ մատնի, բայց զգույշ եղիր վիգիլներից։

— Ես վախենում եմ Քրիստոսից, ոչ թե վիգիլներից։

— Դա էլ իրավացի է։ Սպանությունից ավելի մեծ մեղք չկա։ Աղոթք կանեմ քեզ համար, բայց չգիտեմ նույնիսկ իմ աղոթքը մի բանի կօգնի՞։ Գուցե միայն եթե երդում տաս, որ երբեք կյանքիդ մեջ ոչ ոքին մատով չես դիպչի։

— Ես այնպես էլ դիտավորյալ չեմ սպանել,— պատասխանեց Ուրսուսը։

Բայց Քիլոնը, որ, համենայն դեպս, ցանկանում էր, ապահովեցնել իրեն, ճանապարհին չէր դադարում զզվանք ցույց տալ Ուրսուսի գործած սպանության առթիվ և դրդել նրան երդում անել։ Հարցուփորձ էր անում և Վինիկիոսի մասին, բայց լիգը նրա հարցերին տհաճությամբ էր պատասխանում, կրկնելով, թե իր՝ Վինիկիոսի բերանից կլսի այն, ինչ որ պետք է լսեր։ Այսպես խոսելով նրանք անցան վերջապես հույնի բնակարանը Անդրտիբերիսից բաժանող երկար ճանապարհը և հասան տան առջև։ Քիլոնի սիրտն սկսեց նորից անհանգստությամբ բաբախել։ Վախից նրան թվաց, թե Ուրսուսն սկսում է նայել իրեն մի տեսակ ագահ հայացքով։ «Շատ քիչ մխիթարանք է ինձ համար,— ասում էր ինքն իրեն,— թե ինձ կսպանի անգիտությամբ, և, համենայն դեպս, կգերադասեի, որ սա կաթվածահար լիներ և հետն էլ բոլոր լիգերը։ Զևսը տա այդ, եթե կարող է»։ Այսպես խորհրդածելով՝ նա ավելի ու ավելի էր փաթաթվում իր գալլիական թիկնոցի մեջ, կրկնելով, որ վախենում է ցրտից։ Վերջապես, երբ սրահը և առաջին բակն անցնելով՝ հայտնվեցին այն միջանցքում, որ տանում էր դեպի տնակի պարտեզը, նա հանկարծ կանգ առավ և ասաց.

— Թույլ տուր ինձ շունչ քաշել, այլապես չեմ կարողանա խոսել Վինիկիոսի հետ և նրան փրկարար խորհուրդներ տալ։

Այս ասելով՝ կանգնեց, որովհետև թեև կրկնում էր ինքն իրեն, թե ոչ մի վտանգ իրեն չի սպառնում, այնուամենայնիվ մտածելով, որ կանգնելու է այն խորհրդավոր մարդկանց մեջ, որոնց տեսել էր Օստրիանոնում, ոտքերը համարյա թե դողդողում էին։

Այս միջոցին տնից նրա ականջին երգեցողության ձայներ սկսեցին հասնել։

— Այս ի՞նչ է,— հարցրեց նա։

— Ասում ես, թե քրիստոնյա ես, բայց չգիտես, որ մեր մեջ սովորություն է՝ ամեն մի հացկերույթից հետո երգեցողությամբ փառաբանել մեր Փրկչին,— պատասխանեց Ուրսուսը։— Միրիամն իր որդու հետ արդեն վերադարձած պիտի լինի, գուցե և առաքյալը նրանց մեջ է, ամեն օր այցելում է այրուն և Կրիսպոսին։

— Տա՛ր ինձ ուղղակի Վինիկիոսի մոտ։

— Վինիկիոսը նույն սենյակումն է, ուր որ ամենքը. այդ միակ ամենամեծ սենյակն է. իսկ մնացածը մութ կուբիկուլոններ են, ուր միայն քնելու ենք գնում։ Դե մտնենք, այնտեղ կհանգստանաս։

Եվ ներս մտան։ Սենյակում բավականին մութ էր. երեկոն ամպոտ էր, ձմեռային, իսկ մի քանի ճրագների լույսը հազիվ էր ցրում մութը։ Վինիկիոսն ավելի շուտ իմացավ, քան թե ճանաչեց, որ ծպտված մարդը Քիլոնն է. իսկ սա, տեսնելով սենյակի անկյունում եղած անկողինը և նրա վրա՝ Վինիկիոսին, առանց ուրիշների վրա հայացք ձգելու, շտապեց ուղղակի նրա մոտ’՝ կարծես համոզված լինելով, թե նրա կողքին ինքն ավելի ապահով կլինի։

— Օ՜, տե՛ր, ինչո՞ւ ականջ չդրիր իմ խորհուրդներին,— բացականչեց նա՝ ձեռքերը ծալելով։

— Լռի՛ր,— ասաց Վինիկիոսը,— և լսիր։

Այստեղ նա սկսեց սուր հայացքով նայել Քիլոնի աչքերի մեջ և խոսել ծանր, բայց ամեն խոսքը շեշտելով, կարծես ուզում էր, որ ամեն մի խոսքը հասկացվեր իբրև հրաման և մեկ անգամ ընդմիշտ մնար Քիլոնի հիշողության մեջ.

— Կրոտոնն ինձ վրա հարձակվեց սպանելու և կողոպտելու նպատակով, հասկանո՞ւմ ես։ Այն ժամանակ ես նրան սպանեցի, իսկ այս մարդիկ փաթաթեցին իմ վերքերը, որ ստացա նրա հետ կռվելիս։

Քիլոնը անմիջապես հասկացավ, որ եթե Վինիկիոսը այսպես է ասում, նա, իհարկե, քրիստոնյաների հետ որևէ կերպ պայմանավորվել է, ուստի կամենում է, որ իրեն հավատան։ Հասկացավ այս նաև նրա դեմքից և մի ակնթարթում ոչ կասկած, ոչ էլ զարմանք ցույց տալով՝ աչքերը վեր բարձրացրեց ու գոչեց.

— Իսկ որ անզգամ է եղել, տեր։ Չէ՞ որ քեզ զգուշացնում էի, որ չհավատաս նրան։ Իմ բոլոր խրատները թե՛ նրան ասեի, թե՛ այս պատին։ Ամբողջ Հադեսում[241] նրա համար արժանավոր պատիժ չկար։ Ով որ չի կարող ազնիվ լինել, նա պետք է մի տեսակ անզգամ լինի, ո՞ւմ համար է ավելի դժվար ազնիվ լինեի քան թե անզգամի համար։ Բայց որ հարձակվի իր բարերարի և այսպիսի վեհանձն տիրոջ վրա... Օ՜, աստվածնե՜ր...

Բայց այստեղ մտաբերեց, որ ճանապարհին իրեն քրիստոնյա էր ներկայացնում Ուրսուսին, և լռեց։

Վինիկիոսն ասաց.

— Եթե sica֊ն[242] հետս չունենայի, կսպաներ ինձ։

— Օրհնված լինի այն րոպեն, երբ խորհուրդ տվի քեզ սիկա վերցնել։

Իսկ Վինիկիոսը հույնի վրա զննող հայացք գցեց և հարցրեց.

— Այսօր ի՞նչ էիր անում։

— Ինչպե՞ս։ Մի՞թե, տեր, չասացի, որ զոհ էի խոստանում քո առողջության համար։

— Եվ ուրիշ ոչի՞նչ։

— Եվ հենց պատրաստվում էի այցելելու քեզ, երբ այն բարի մարդը հասավ և ասաց ինձ, որ ինձ կանչում ես։

— Ահա մի տախտակ։ Կտանես իմ տուն, կգտնես իմ ազատագրին և կտաս նրան։ Այստեղ գրված է, թե ես գնացել եմ Բենեվենտոն։ Կասես Դեմասին, որ մեկնել եմ այսօր առավոտյան՝ Պետրոնիոսից շտապ նամակ ստանալով։

Այստեղ նա շեշտելով կրկնեց.

— Գնացել եմ Բենեվենտոն։

— Գնացել ես, տեր։ Առավոտյան քեզ ճանապարհ էի ձգում Porta capena֊ի[243] մոտ, և քո գնալուց ի վեր ինձ այնպիսի տխրություն է տիրել, որ եթե քո վեհանձնությունը չցրի այն, մեռնելու չափ կհեծեմ, ինչպես հեծում է Զեթոսի անբախտ կինը իր Իտիլոսի[244] կսկծից։

Վինիկիոսը թեև հիվանդ էր և հույնի մտքի ճկունությանն ընտելացած, այնուամենայնիվ, չէր կարող զսպել ժպիտը։ Միաժամանակ ուրախ էր, որ Քիլոնը մի ակնարկից հասկացավ իրեն և ասաց.

— Ուրեմն կավելացնեմ, որ արտասուքներդ սրբի։ Տուր ինձ ճրագը։

Բայց երբ այս անելիս Քիլոնի գլխից գլխանոցը ետ քաշվեց, և լույսն ընկավ ուղղակի նրա երեսին, Գլավկոսր նստարանից վեր թռավ և արագ մոտենալով` կանգնեց նրա առջև։

— Ինձ չե՞ս ճանաչում, Կեփաս,— հարցրեց նա։ Եվ նրա ձայնի մեջ մի այնպիսի սարսափելի բան կար, որ դողը բռնեց բոլոր ներկա եղողներին։

Քիլոնը ճրագը վեր բարձրացրեց և գրեթե իսկույն իջեցրեց գետին. հետո կծկվեց ամբողջովին և սկսեց տնքալ.

— Ե՜ս չեմ... ե՜ս չեմ... գթա՜...

Իսկ Գլավկոսը դարձավ ընթրողների կողմն ու ասաց.

— Ահա այն մարդը, որ վաճառեց և կործանեց ինձ ու իմ ընտանիքը։

Նրա անցյալը հայտնի էր թե՛ բոլոր քրիստոնյաներին և թե՛ Վինիկիոսին, որ միայն այն պատճառով չէր հասկացել, թե ո՞վ է այդ Գլավկոսը, որ վիրակապության ժամանակ ցավից շարունակ ուշաթափվել էր և նրա անունը չէր լսել։ Բայց Ուրսուսի համար այս կարճ միջոցը, Գլավկոսի խոսքերի հետ միասին, կարծես փայլակ էր մթության մեջ։ Ճանաչելով Քիլոնին՝ մի ոստյունով ցցվեց հույնի առջև, բռնեց նրա ուսերից և մեջքը ոլորելով՝ գոչեց.

— Ահա սա՛ էր ինձ դրդում սպանելու Գլավկոսին։

— Գթացե՜ք,— տնքում էր Քիլոնը,— կտամ ձեզ... Տեր,— ճչաց նա՝ գլուխը դարձնելով Վինիկիոսի կողմը,— փրկիր ինձ. քեզ վստահեցի. բարեխոսիր ինձ համար... Քո նամակը... կտանեմ։ Տե՜ր, տե՜ր...

Բայց Վինիկիոսը բոլորից ավելի անտարբեր աչքով էր նայում այդ ամենին նախ նրա համար, որ հույնի բոլոր գործերը հայտնի էին նրան, և ապա նրա համար, որ նրա սիրտը չգիտեր ինչ է գթալ, ու ասաց.

— Թաղեցեք դրան պարտեզում. նամակը ուրիշը կտանի։

Քիլոնին թվաց, թե այս խոսքերը վերջնական վճիռ են։ Նրա ոսկորները սկսեցին ճռռալ Ուրսուսի ահռելի ափերի մեջ, ցավից աչքերը լցվեցին արտասուքով։

— Ձեր Աստվածը սիրե՜ք, գթացե՛ք,— ճչում էր նա.— քրիստոնյա եմ... Pax vobiscum! քրիստոնյա եմ. իսկ եթե ինձ չեք հավատում, մկրտեցեք ինձ նորից, մի անգամ, երկու անգամ, նորից տասն անգամ։ Գլավկոս, սա սխալմունք է։ Թույլ տվեք ինձ խոսել, ստրուկ դարձրեք ինձ... Մի սպանեք ինձ, գթացե՜ք...

Եվ նրա՝ ցավից խեղդվող ձայնն ավելի ու ավելի էր թուլանում։ Այս միջոցին սեղանի մոտից վեր կացավ Պետրոս առաքյալը, մի րոպե թափ տվեց իր ալեզարդ գլուխը՝ խոնարհելով այն իր կրծքին։ Աչքերը փակել էր, բայց հետո բացեց և տիրող լռության մեջ ասաց.

— Փրկիչը մեզ ասել է. «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչել է, հանդիմանիր նրան, իսկ եթե զղջա, ներիր նրան։ Եթե օրական յոթն անգամ մեղանչի քո դեմ և յոթն անգամ դիմի քեզ ասելով «Գթա՛ ինձ», ներիր նրան»։

Ապա տիրեց ավելի խոր լռություն։

Գլավկոսը երկար ժամանակ կանգնած էր՝ դեմքը ձեռքերով ծածկած. վերջապես ձեռքերը հեռացրեց դեմքից, ասաց.

— Կեփաս, թող Աստված քեզ այնպես ների ինձ պատճառած չարիքներդ, ինչպես ես եմ ներում Քրիստոսի անունով։

Իսկ Ուրսուսը, արձակելով հույնի ուսերը, իսկույն ավելացրեց.

— Թող Փրկիչն իմ նկատմամբ այնպես ողորմած լինի, ինչպես ես եմ քեզ ներում։

Իսկ Քիլոնը փռվեց գետնին ձեռքերի վրա հենվելով՝ շուռ ու մուռ էր տալիս գլուխը, ինչպես թակարդ ընկած մի գազան, որ իր շուրջն է նայում և սպասում է, թե որ կողմից է մահը գալու։ Աչքերին և ականջներին դեռ չէր հավատում և չէր համարձակվում թողությանը հուսալ։

Բայց կամաց֊կամաց գիտակցությունը տեղն էր գալիս, միայն կապտած շրթունքներն էին դեռևս դողում զարհուրանքից։ Իսկ առաքյալն ասաց.

— Գնա՛ խաղաղությամբ։

Քիլոնը վեր կացավ, բայց դեռ չէր կարողանում խոսել։ Ակամա մոտեցավ Վինիկիոսի անկողնուն, կարծես դեռևս նրա հովանավորությունը որոնելով, որովհետև մինչև այս վայրկյան ժամանակ չէր ունեցել մտածելու, որ Վինիկիոսը, թեև օգտվել է իր ծառայություններից, և ինքը մի տեսակ նրա գործիքն է եղել, դատապարտեց իրեն, մինչդեռ հենց նրանք, որոնց դեմ էր գործել, իրեն ներեցին։ Այս միտքը հետո էր ծագելու նրա մեջ։ Այժմ նրա հայացքի մեջ երևում էր միայն զարմանք ու անվստահություն։ Նա արդեն հասկացել էր, որ իրեն ներել են. այնուամենայնիվ, կամենում էր որչափ կարելի է շուտ գլուխը դուրս պրծեցնել այս անհասկանալի մարդկանց միջից, որոնց բարությունը նրան զարմացնում էր գրեթե նույնչափ, որչափ կզարմացներ և անգթությունը։ Նրան թվում էր, որ եթե ավելի երկար մնա, նորից որևէ անսպասելի բան է պատահելու, ուստի, կանգնելով Վինիկիոսի կողքին, սկսեց խոսել կցկտուր ձայնով.

— Տո՛ւր, տեր, նամակդ, տո՛ւր նամակդ։

Եվ Վինիկիոսի ձեռքից տախտակը խլելով գլուխ տվեց մեկ քրիստոնյաներին, մեկ հիվանդին և կողքից, հենց պատի տակից շարժվելով դուրս պրծավ։

Պարտեզում, ուր նրան շրջապատեց մթությունը, երկյուղը նորից բիզ֊բիզ կանգնեցրեց նրա գլխի մազերը. հավատացած էր, որ Ուրսուսը դուրս կվազի ետևից և կսպանի խավարի մեջ։ Ամբողջ ուժով կփախչեր, բայց ոտքերը հրաժարվում էին նրան հնազանդվելուց, իսկ մի րոպեից բոլորովին անզոր դարձան, որովհետև Ուրսուսը, ճիշտ որ, կանգնեց նրա առջև։

Քիլոնը երեսով գետնին տարածվեց և սկսեց հառաչել.

— Ուրբանո՜ս... հանուն Քրիստոսի...

Բայց Ուրբանոսն ասաց.

— Մի՛ վախենա։ Առաքյալն ինձ հրամայեց փողոց դուրս տանել քեզ, որպեսզի մթնում չմոլորվես. իսկ եթե ուժ չունես, ճանապարհ կդնեմ քեզ մինչև տուն։

Քիլոնը երեսը բարձրացրեց.

— Ի՞նչ ես ասում, ի՞նչ... Չե՞ս սպանի ինձ։

— Ո՛չ, չե՛մ սպանի քեզ. իսկ եթե քեզ չափազանց ուժեղ բռնեցի և վնասեցի ոսկորներդ, թողություն արա ինձ։

— Օգնիր ինձ վեր կենալու,— ասաց հույնը։— Չե՞ս սպանի ինձ, հա՞։ Ճանապարհ ձգիր ինձ մինչև փողոց, այնուհետև ինքս կերթամ։

Ուրսուսը փետուրի պես բարձրացրեց նրան գետնից և ոտքի կանգնեցրեց. հետո մութ անցքով ուղեկցեց մինչև մյուս բակը, որտեղից պետք էր մտնել սրահը և ապա՝ փողոց։ Միջանցքում Քիլոնը մտքում կրկնում էր. «Այս է, մեռած եմ», և միայն երբ փողոցում էին, սիրտ առավ և ասաց.

— Այստեղից ինքս կերթամ։

— Խաղաղություն քեզ...

— Եվ քե՛զ, և քեզ... Ապա մի շունչ քաշեմ։

Եվ Ուրսուսի հեռանալուց հետո ամբողջ կրծքով շունչ քաշեց։ Ձեռներով շոշափեց մարմինը, ազդրերը, կարծես ուզում էր համոզվել արդյոք կենդանի՞ է, և շտապ քայլերով առաջ շարժվեց։

Բայց մի քանի քայլ հեռանալով կանգնեց և ասաց ինքն իրեն. «Բայց ինձ ինչո՞ւ չսպանեցին»։

Եվ չնայելով, որ Էվրիկիոսի հետ խոսել էր քրիստոնեական ուսմունքի մասին, չնայելով, որ խոսել էր Ուրբանոսի հետ գետի ափին, և չնայելով այն ամենին, ինչ որ լսել էր Օստրիանոնում, նա չէր կարողանում գտնել այս հարցի պատասխանը։

ԳԼՈՒԽ Գ

Վինիկիոսը նույնպես չէր կարող իրեն հաշիվ տալ պատահածի մասին և հոգու խորքում ոչ պակաս ապշած էր, քան թե Քիլոնը։ Այն, որ իր հետ էլ այս մարդիկ վարվեցին այնպես, ինչպես Քիլոնի հետ, և իրենից հարձակման վրեժն առնելու փոխարեն հոգածությամբ կապեցին իր վերքերը, նա վերագրում էր մասամբ նրանց դավանած վարդապետությանը, ավելի ևս Լիգիային և մի քիչ էլ նաև իր սեփական դիրքին։ Բայց նրանց վարմունքը Քիլոնի հետ ուղղակի անցնում էր նրա՝ մարդուս ներողամիտ լինելու ընդունակության մասին ունեցած գաղափարից։ Եվ ակամա նրա միտքը տանջվում էր այն հարցից, թե նրանք ինչո՞ւ չսպանեցին հույնին։ Չէ՞ որ անպատիժ կարող էին անել այս ամենը։ Ուրսուսը նրան կթաղեր պարտեզում կամ գիշերը կտաներ կգցեր Տիբերիս, որ այդ ժամանակներում, երբ նույնիսկ Կեսարը գիշերային ավազակություններ էր անում, առավոտները այնպես հաճախ մարդկային դիակներ էր ափ դուրս ձգում, որ ոչ ոք մինչև անգամ չէր էլ փորձում իմանալ, թե որտեղից են։ Բացի այդ, Վինիկիոսի կարծիքով քրիստոնյաները ոչ միայն կարող էին, այլև պետք է սպանեին Քիլոնին։ Գթությունից, ճիշտ է, բոլորովին զուրկ չէր այն աշխարհը, որին պատկանում էր երիտասարդ պատրիկը։ Աթենացիները գթության պատվին նույնիսկ զոհարան էին կառուցել և երկար ժամանակ դիմադրում էին գլադիատորական կռիվների Աթենք մտնելուն։ Պատահել էր նաև, որ Հռոմում հաղթվածները ներումն էին ստանում, ինչպես օրինակ, Բրետոնների թագավոր Կալիկրատը, որ Կլավդիոսի օրով գերի ընկած լինելով, առատ պարգևներ էր ստացել կայսրից և ազատ ապրում էր քաղաքում։ Բայց սեփական անձի դեմ գործած չարիքների համար վրեժ առնելը Վինիկիոսին, ինչպես և ամենքին, արդարացի և օրինական էր թվում։ Ճիշտ է, նա էլ Օստրիտնոնում լսել էր, թե պետք է սիրել նույնիսկ թշնամիներին. բայց սա համարում էր մի տեսություն, որ կյանքի մեջ ոչ մի նշանակություն չունի։ Եվ այժմ նրա մտքով անցնում էր, թե գուցե Քիլոնին չսպանեցին միայն նրա համար, որ որևէ տոն էր կամ լուսնյակի որևէ շրջան, երբ քրիստոնյաներին արգելվում էր սպանություն գործել։ Լսել էր, որ լինում են այնպիսի ժամանակամիջոցներ, երբ զանազան ազգերին թույլ չի տրվում մինչև անգամ պատերազմ սկսել։ Բայց ինչո՞ւ, եթե այդպես է, հույնին չհանձնեցին արդարադատության ձեռքը. ինչո՞ւ առաքյալն ասաց, որ եթե որևէ մեկը յոթն անգամ մեղանչի, յոթն անգամ էլ պետք է ներել նրան, և ինչո՞ւ Գլավկոսր ասաց Քիլոնին. «Թող քեզ Աստված այնպես ների, ինչպես ես եմ քեզ ներում»։ Բայց չէ՞ որ Քիլոնը նրան ամենասարսափելի չարիք էր արել, որպիսին մարդը մարդուն կարող է անել, և Վինիկիոսի մեջ միայն այն մտքից, թե ինքը ինչպե՞ս կվարվեր նրա հետ, ով որ, օրինակ, սպանած լիներ Լիգիային, սիրտը եռ եկավ. ոչ մի տանջանք չէր մնա, որով դրա վրեժը չառներ։ Իսկ ահա նա ներեց։ Եվ Ուրսուսը նույնպես ներեց, նա, որ իսկապես կարող էր Հռոմում ում ուզում էր, սպանել բոլորովին անպատիժ, որովհետև այնուհետև պետք է միայն սպաներ Նեմորական անտառի[245] «թագավորին» և նրա տեղը նստեր։ Մի՞թե այն մարդուն, որին չդիմացավ Կրոտոնը, կդիմանար թագավորի պաշտոնը կատարող այդ գլադիատորը. իսկ այդ պաշտոնին կարելի էր հասնել նախորդ «թագավորի» սպանությամբ։ Միայն մի պատասխան կար այս բոլոր հարցերին։ Նրանք չէին սպանում ինչ֊որ այնչափ մեծ բարության պատճառով, որի նմանը չէ եղած աշխարհի երեսին, և անսահման մարդասիրության պատճառով, որ պատվիրում է մոռանալ իր անձը, իրեն արած չարիքը, իր բախտավորությունն ու դժբախտությունը, և ապրել ուրիշների համար։ Թե դրա համար ի՛նչ վարձատրություն պետք է ստանային այս մարդիկ, Վինիկիոսը լսել էր Օստրիանոնում, բայց դա չէր տեղավորվում նրա գլխում։ Դրա փոխարեն զգում էր, որ այնպիսի մի երկրային կյանք, որ պարտավորեցնում է հրաժարվել այն ամենից, ինչ որ բարիք և զվարճություն է ասվում, պետք է որ թշվառ լիներ։ Եվ ահա այն բանի մեջ, ինչ որ մտածում էր քրիստոնյաների մասին, ամենամեծ զարմանքի հետ միասին կար և՛ խղճալու, և՛ կարծես արհամարհանքի նշույլ. նրան թվաց, թե դրանք ոչխարներ են, որոնց վաղ թե ուշ պետք է ուտեն գայլերը. իսկ նրա հռոմեական բնավորությունն ընդունակ չէր հարգանք տածելու նրանց վերաբերմամբ, ովքեր թույլ են տալիս, որ իրենց ուտեն։ Բայց նրան ապշեցրեց մի բան։ Քիլոնի հեռանալուց հետո ինչ֊որ խոր ուրախություն փայլեցրեց բոլորի դեմքերը։ Առաքյալը մոտեցավ Գլավկոսին և ձեռքը նրա գլխին դնելով՝ ասաց.

— Քո մեջ հաղթեց Քրիստոսը։

Իսկ բժիշկն աչքերը վեր բարձրացրեց, և նրա հայացքն այնպես լի էր հույսով և ուրախությամբ, կարծես նրա վրա մի մեծ, անսպասելի երջանկություն էր իջել։ Վինիկիոսը, որ կարող էր հասկանալ միայն հագեցրած վրեժի ուրախությունը, նայում էր նրան տենդից լայնացած աչքերով, մի քիչ այնպես, ինչպես կնայեր խելագարին։ Բայց նա տեսավ և տեսավ ոչ առանց ներքին խռովության, թե ինչպես հետո Լիգիան իր արքայական շրթունքները հպեց այն մարդու ձեռքին, որ արտաքուստ ստրուկի տեսք ուներ, և թվում էր նրան, թե այս աշխարհի կարգը բոլորովին շրջվել է։ Հետո եկավ Ուրսուսը և սկսեց պատմել, թե ինչպես ճանապարհ էր ձգել Քիլոնին, ինչպես խնդրել էր ներել այն չարիքը, որով վնաս էր պատճառել նրա ոսկորներին, և Առաքյալն այս բանի համար օրհնեց նրան էլ, իսկ Կրիսպոսը հայտարարեց, որ այս օրը մեծ հաղթության օր է։ Լսելով այս հաղթության մասին՝ Վինիկիոսը բոլորովին կորցրեց մտքի թելը։

Բայց երբ Լիգիան մի քիչ անց նորից մոտեցրեց նրան զովացնող խմիչքը, նա մի րոպե բռնեց աղջկա ձեռքը և հարցրեց.

— Դու էլ ներե՞լ ես ինձ։

— Մենք քրիստոնյա ենք, մեզ արգելված է սրտում ոխ պահել։

— Լիգիա՛,— ասաց նա,— ինչ որ էլ լինի քո Աստվածը, կմեծարեմ նրան հարյուր եզներով, միայն նրա համար, որ քոնն է։

Իսկ աղջիկը պատասխանեց.

— Մեծարած կլինես նրան սրտիդ մեջ, երբ նրան սիրես։

— Նրա համար միայն, որ քոնն է...— ավելի թույլ ձայնով կրկնեց Վինիկիոսը։

Եվ փակեց կոպերը, որովհետև թուլությունը նորից տիրեց նրան։

Լիգիան հեռացավ, բայց մի րոպեից վերադարձավ և, մոտիկ կանգնելով, կռացավ նրա վրա, համոզվելու՝ արդյոք քնա՞ծ է։ Վինիկիոսն զգաց նրա մերձավորությունը և աչքերը բանալով ժպտաց. իսկ Լիգիան ձեռքը թեթևակի դրեց նրանց վրա, կարծես ուզում էր, որ նա քուն մտնի։ Այն ժամանակ նրան սաստիկ քաղցրություն տիրեց, բայց և իրեն ավելի տկար զգաց։ Եվ իսկ որ այդպես էր։ Արդեն բոլորովին գիշեր էր, ու դրա հետ սկսվեց և սաստիկ տենդը։ Այս պատճառով չէր կարողանում քնել և հայացքը ման էր բերում Լիգիայի ետևից, ուր որ էլ շարժվում էր։ Բայց երբեմն մի տեսակ կիսաքուն էր մտնում, տեսնում և լսում էր ամենը, ինչ որ շուրջը կատարվում էր, բայց իրականությունը խառնվում էր տենդային տեսիլների հետ։ Թվում էր նրան, թե մի ինչ֊որ հին, թողած գերեզմանատանը բարձրանում է աշտարակաձև մի մեհյան, ուր Լիգիան քրմուհի է։ Եվ ահա աչքը նրանից չէր հեռացնում. բայց նրան տեսնում էր աշտարակի գագաթին՝ վինը ձեռքին, ամբողջովին լույսի մեջ, այն քրմուհիների նման, որոնք գիշերները օրհներգ էին երգում լուսնյակի պատվին, և որոնց տեսել էր Արևելքում։ Իսկ ինքը մեծ ջանքերով բարձրանում էր օձապտույտ սանդուղքներով՝ նրան հափշտակելու համար, իր ետևից սողում էր Քիլոնը՝ երկյուղից արագ ատամը ատամին խփելով և կրկնելով. «Մի՛ աներ այդ, տեր, սա քրմուհի է, որի վրեժը նա կառնի»... Վինիկիոսը չգիտեր, թե ո՞վ է նա, բայց հասկանում էր, որ գնում է սրբապղծության, և անչափ զարհուրանք էր զգում։ Երբ հասավ աշտարակի գագաթը պատող պատշգամբին, Լիգիայի կողքին հանկարծ կանգնեց արծաթափայլ մորուքով առաքյալը և ասաց. «Ձեռք չբարձրացնես սրա վրա. սա ինձ է պատկանում»։ Եվ այսպիսով նա սկսեց աղջկա հետ միասին գնալ լուսնյակի շողքով, կարծես մի ճանապարհով՝ դեպի երկինք, իսկ ինքը, Վինիկիոսը, ձեռքերը տարածելով նրանց կողմը, սկսեց նրանց աղաչել, որ իրեն էլ վերցնեն հետները։

Այստեղ նա զարթնեց, ուշքի եկավ և սկսեց իր առջևը նայել։ Բարձր օջախում կրակն արդեն թույլ էր վառվում, բայց դեռևս բավականին լույս էր ձգում, իսկ նրանք ամենքը նստած էին կրակի շուրջը` տաքանալով, որովհետև գիշերը ցուրտ էր, և սենյակը` սառը։ Վինիկիոսը տեսնում էր նրանց շնչառությունը, որ գոլորշու պես դուրս էր գալիս շրթունքներից։ Մեջտեղ նստած էր առաքյալը, նրա ծնկների մոտ, ցածր աթոռակի վրա՝ Լիգիան, ապա Գլավկոսը, Կրիսպոսը, Միրիամը. իսկ ծայրերին՝ մի կողմից Ուրսուսը, մյուս կողմից՝ Մարիամի որդի Նազարիասը, որ մի գեղեցկադեմ պատանի էր՝ երկար, սև, մինչև ուսերը իջնող մազերով։

Լիգիան, աչքերը առաքյալի վրա բարձրացրած, լսում էր, և բոլորի գլուխները նույն կողմն էին դարձրած, իսկ նա ինչ֊որ ասում էր կիսաձայն։ Վինիկիոսն սկսեց նայել նրանց մի տեսակ սնահավատ երկյուղով, որ շատ քչով պակաս էր այն վախից, որ զգացել էր տենդային տեսիլի մեջ։ Նրա մտքով անցավ, թե տենդի մեջ տեսածը իրականություն էր և թե հեռավոր ափերից եկած այդ ալևոր օտարականը, իսկ֊որ, խլում է Լիգիային իրենից և տանում նրան մի անծանոթ ճանապարհով։ Նա հավատացած էր, որ ծերունին իր մասին է խոսում, գուցե և խորհուրդ է տալիս, թե ինչ միջոցով իրեն նրանից բաժանեն. Վինիկիոսին անկարելի բան էր երևում, որ մեկը կարողանար որևէ ուրիշ բանի մասին խոսել, ուստի ամբողջ գիտակցությունը հավաքելով՝ սկսեց ականջ դնել Պետրոսի խոսքերին։

Բայց կատարելապես սխալվել էր, որովհետև առաքյալը նորից Քրիստոսի մասին էր խոսում։

— Սրանք միայն այս անունով են ապրում,— մտածեց Վինիկիոսը։

Ծերունին պատմում էր Քրիստոսի ձերբակալությունը։ Եկան զինվորներն ու դպիրները՝ բռնելու նրան։ Երբ Փրկիչը հարցրեց նրանց՝ ո՞ւմ են որոնում, պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Բայց երբ նրանց ասաց՝ «Ես եմ», ընկան գետին և չէին համարձակվում նրա վրա ձեռք բարձրացնել և միայն երկրորդ անգամ հարցնելուց հետո բռնեցին Նրան։

Այստեղ առաքյալը մի պահ լռեց և ապա ձեռքերը դեպի կրակը տարածելով՝ ասաց.

— Գիշերը ցուրտ էր, ինչպես այսօր, բայց եռ եկավ սիրտս. հանեցի սուրս Նրան պաշտպանելու համար ու կտրեցի քահանայապետի դպրի ականջը։ Եվ կպաշտպանեի Նրան իմ կյանքիցս էլ ավելի, եթե ինձ չասեր. «Դիր սուրդ պատյանը. մի՞թե չպիտի խմեմ այն բաժակը, որ հայրս տվեց ինձ»։ Այն ժամանակ Նրան բռնեցին և կապեցին։

Ապա նա ձեռքը դրեց ճակատին ու լռեց՝ կամենալով պատմությունը շարունակելուց առաջ զսպել հիշողությունների ուժը։ Բայց Ուրսուսը, չկարողանալով դիմանալ, վեր թռավ, երկաթը առնելով ուղղեց օջախի կրակը, այնպես որ կայծերը ոսկեփայլ անձրևի նման ցրվեցին ամեն կողմ, և կրակը ավելի բորբոքվեց. հետո նստեց և բացականչեց.

— Ինչ ուզում էր լինի. հե՜յ...

Բայց հանկարծ լռեց, որովհետև Լիգիան մատը դրեց շուրթերին։ Նա բարձրաձայն շունչ էր քաշում, և երևում էր, որ հոգին ալեկոծվում է, և որ թեև միշտ պատրաստ է առաքյալի ոտները համբուրել, այնուամենայնիվ այս միակ վարմունքը չի կարող ի սրտե հավանել. եթե այսպես ահա, իր կողքին մեկը ձեռք բարձրացներ Փրկչի վրա, եթե ինքը լիներ նրա հետ այն գիշեր, օ՜, կտոր֊կտոր կաներ և՛ զինվորներին, և՛ քահանաների ծառաներին, և՛ դպիրներին... Մինչև անգամ արտասուքներ երևացին աչքերին՝ այս մտքից, նաև կսկծից, թե հոգեկան հակասությունից, որովհետև մի կողմից մտածում էր, որ ոչ միայն ինքը կպաշտպաներ Փրկչին, այլև ձայն կտար իր լիգերին, մեկը մյուսից կարիճ տղամարդկանց, մյուս կողմից՝ ինքն իրեն ասում էր, որ եթե այդ աներ, անհնազանդություն ցույց տված կլիներ Փրկչին և խանգարած կլիներ աշխարհիս քավության գործը։

Այս պատճառով էր, որ չկարողացավ արտասուքը պահել։

Քիչ հետո Պետրոսը, ձեռքը ճակատից հեռացնելով, շարունակեց պատմությունը։ Բայց Վինիկիոսին նորից տիրեց տենդային նիրհը։ Այժմ լսածը խառնվեց այն բանի հետ, ինչ որ նախընթաց գիշերը Օստրիանոնում առաքյալը պատմում էր այն օրվա մասին, երբ Քրիստոս երևաց Տիբերական ծովի ափին։ Նա տեսնում էր լայնատարած ջրի մակերևույթը, նրա վրա ձկնորսական մի նավակ, իսկ նավակի մեջ՝ Պետրոսին և Լիգիային։ Ինքն ամբողջ ուժով լող էր տալիս նրանց ետևից, բայց կոտրած ձեռքի ցավը խանգարում էր նրանց հասնելու։ Փոթորիկն սկսեց աչքերին զարնել, և ինքն սկսեց խեղդվել ու աղերսական ձայնով փրկություն կանչել։ Այն ժամանակ Լիգիան չոքեց առաքյալի առջև, և նա նավակը ետ դարձրեց ու իր կողմը մեկնեց թին, որն ինքը բռնեց և նրա օգնությամբ բարձրացավ նավակը, վայր ընկավ հատակին։

Իսկ հետո նրան թվում էր, թե վեր կենալով տեսնում է բազմաթիվ մարդկանց, որոնք լող էին տալիս նավակի ետևից։ Ալիքները փրփուրով ծածկում էին նրանց գլուխները, մի քանիսի միայն ձեռքերն էին երևում ջրի տակից, բայց Պետրոսը մի առ մի փրկում էր խեղդվողներին և վերցնում իր նավակը, որ կարծես հրաշքով լայնանում էր։ Կարճ ժամանակում այդտեղ լցվեց մի ամբոխ, որ այնպես մեծ էր, ինչպես այն, որ ժողովվել էր Օստրիանոնում, իսկ հետո ավելի ևս մեծացավ։ Վինիկիոսը զարմանում էր, թե ինչպես էր կարողանում նավակի մեջ այդքան մարդ տեղավորվել, և երկյուղ զգաց, թե լճի հատակը կերթան։ Բայց Լիգիան սկսեց իրեն հանգստացնել և ինչ֊որ լույս էր ցույց տալիս հեռավոր ափին, դեպի ուր լողում էին։ Այստեղ Վինիկիոսի անուրջները խառնվեցին նորից այն բանի հետ, ինչ որ լսել էր առաքյալի շրթունքներից Օստրիանոնում, թե ինչպես Քրիստոսը մի անգամ էլ երևացել էր ծովափին։ Այժմ այդ ծովափնյա լույսի մեջ մի ինչ֊որ կերպարանք էր տեսնում դեպի ուր Պետրոսն ուղղում էր նավակը։ Եվ քանի ավելի էին նրան մոտենում, այնքան ավելի եղանակը խաղաղ էր դառնում, ջրի երեսը՝ հարթ, իսկ լույսը՝ մեծ։ Ամբոխն սկսեց մի քաղցր օրհներգ. օդը լցվեց նարդոսի բույրով, ջրի երեսին խաղում էր ծիածանը, կարծես հատակից մանուշակներ ու վարդեր նայելիս լինեին, ի վերջո նավակի կուրծքը մեղմությամբ դիպավ ավազին։ Այդ ժամանակ Լիգիան առավ նրա ձեռքը և ասաց. «Գնա՛, կուղեկցեմ քեզ»։ Եվ տարավ նրան դեպի լույսը։

Վինիկիոսը նորից զարթնեց, բայց նրա անուրջները դանդաղ էին ցրվում, և նա միանգամից ձեռք չբերեց իրականության զգացումը։ Որոշ ժամանակ նրան դեռ թվում էր, թե ծովափին է և թե իրեն շրջապատում է մի ամբոխ, որի մեջ, ինքն էլ չգիտեր, թե ինչու, սկսեց որոնել Պետրոնիոսին ու զարմացավ, որ նրան չի կարողանում գտնել։ Բայց օջախի լույսը, որի մոտ ոչ ոք չկար, բոլորովին արթնացրեց նրան։ Ձիթենու փայտը թույլ վառվում էր վարդագույն մոխրի տակ. դրա փոխարեն պինիայի կտորները, որ ինչպես երևում էր, նոր էին ավելացրել կրակի վրա, պայծառ բոց էին արձակում, և այդ փայլի մեջ Վինիկիոսը տեսավ Լիգիային, որ նստել էր նրա անկողնուց ոչ հեռու։

Նրա տեսքը մինչև հոգու խորքը հուզեց երիտասարդին։ Նա հիշում էր, որ անցած գիշեր աղջիկն անց էր կացրել Օստրիանոնում և ամբողջ օրը օգնում էր վերքերը կապելու ժամանակ, իսկ այժմ, երբ բոլորը հեռացել էին հանգստանալու, նա մենակ հսկում էր իր անկողնու մոտ։ Հեշտ էր հասկանալ, որ պետք է շատ տանջված լիներ, որովհետև, անշարժ նստել ու փակել էր աչքերը։ Վինիկիոսը չգիտեր՝ քնա՞ծ է, թե խորասուզված մտքերի մեջ։ Նա նայում էր աղջկա դիմագծերին, իջեցրած թերթերունքներին, ծնկների վրա ծալած ձեռներին, և նրա հեթանոս գլխի մեջ սկսեց դժվարությամբ ծնվել այն գաղափարը, որ, բացի մերկ, ինքնավստահ և իր ձևերով հպարտացող հունական և հռոմեական գեղեցկությունից, աշխարհիս երեսին կա մի ուրիշ, նոր, սաստիկ մաքուր գեղեցկություն, որի մեջ ապրում է հոգին։

Նա չէր համարձակվում այդ գեղեցկությունը քրիստոնեական կոչել, Լիգիայի մասին մտածելիս չէր կարողանում արդեն բաժանել նրան այն վարդապետությունից, որ դավանում էր նա։ Մինչև անգամ հասկանում էր, որ եթե բոլոր մնացածները հեռացել են քնելու, իսկ Լիգիան, հենց միայն նա, որին ինքն այնքան չարիքներ էր արել, արթուն մնացել է իր մոտ, այդ հենց այն պատճառով է, որ այդպես է պատվիրում այդ վարդապետությունը։ Բայց այս միտքը, որ Վինիկիոսին զարմանք էր ազդում այդ վարդապետության նկատմամբ, միաժամանակ և դառն էր։ Նա կգերադասեր, որ Լիգիան այդ աներ իրեն՝ իր դեմքը, աչքերը, իր նրբակազմ ձևերը սիրելուց, մի խոսքով՝ այն ամենի համար, ինչի համար շատ անգամ իր պարանոցով փաթաթվել էին հունական և հռոմեական ձյունանման բազուկները։

Բայց նա հանկարծ զգաց, որ եթե Լիգիան այնպես լիներ, ինչպես ուրիշ կանայք, արդեն մեջը մի բան պակաս կլիներ։ Այն ժամանակ նա զարմացավ, ինքը չգիտեր, թե ինչ է իր հետ պատահում, որովհետև նկատեց, որ և իր մեջ ծագում են ինչ֊որ նոր նախազգացումներ ու նոր հասկացություններ, որ օտար էին այն աշխարհի համար, ուր մինչև այդ ապրում էր։

Այդ միջոցին Լիգիան բաց արեց աչքերը և տեսնելով, որ Վինիկիոսն իրեն է նայում, մոտեցավ նրան և ասաց.

— Քեզ մոտ եմ։

Իսկ նա պատասխանեց.

— Երազումս հոգիդ տեսա։

ԳԼՈՒԽ Դ

Հետևյալ օրը նա զարթնեց թուլացած, բայց սառը գլխով և առանց տենդի։ Նրան թվում էր, թե զարթնեց խոսակցության ձայնից, բայց երբ աչքերը բացեց, Լիգիան մոտը չէր. միայն Ուրսուսը, օջախի մոտ կռացած, քրքրում էր մոխիրը, կրակ որոնում նրա մեջ։ Մեջը մի մարած ածուխ գտնելով՝ նա սկսեց փչել այնպես, կարծես այդ անելիս լիներ ոչ թե բերանով, այլ դարբնոցի փուքսով։ Վինիկիոսը մտաբերելով, որ երեկ այս մարդը ջարդ ու փշուր արեց Կրոտոնին, կրկեսասերին վայել հետաքրքրությամբ քննում էր նրա հսկայական կռնակը, որ Կիկլոպի[246] կռնակին էր նման, և սյունի պես ուժեղ ոտքերն ու ձեռքերը։

«Փառք Մերկուրիոսին, որ վիզս չոլորեց,— մտածեց նա,— Պոլլուքսը վկա, եթե բոլոր լիգերը սրա նման են, դանուբական լեգեոնները կարող են նրանց հետ երբևիցե ծանր ընդհարում ունենալ»։ Եվ բարձրաձայն գոչեց.

— Է՜յ ստրուկ։

Ուրսուսը գլուխն օջախից հանեց և գրեթե մտերմաբար ժպտալով՝ ասաց.

— Աստված քեզ, տեր, բարի օր տա և առողջություն. իսկ ես ազատ մարդ եմ, ոչ թե ստրուկ։

Վինիկիոսը, որ ցանկություն ուներ Ուրսուսին հարց ու փորձ անել նրա հայրենի երկրի մասին, հավանեց այս պատասխանը. ազատ, թեև հասարակ մարդու հետ խոսակցությունն ավելի քիչ էր վիրավորում նրա հռոմեական և պատրիկական գոռոզությունը, քան թե խոսակցությունը մի ստրուկի հետ, որին ոչ օրենքը, ոչ էլ սովորությունը մարդկային էակ չէր ճանաչում։

— Ուրեմն դու Ավլոսներինը չե՞ս,— հարցրեց նա։

— Մեր մեջ ստրուկներ չկան։

Բայց Վինիկիոսը հարցրեց.

— Ո՞ւր է Լիգիան։

— Նոր գնաց, իսկ ես պիտի քեզ համար կերակուր պատրաստեմ, տեր։ Ամբողջ գիշեր քեզ էր նայում։

— Ինչո՞ւ նրան չփոխարինեցիր։

— Այդպես էր ուզում ինքը, իսկ իմ պարտքն է լսել։

Այստեղ նրա աչքերը մռայլվեցին. քիչ հետո նա ավելացրեց.

— Եթե նրան չլսեի, դու, տե՛ր, կենդանի չէիր լինի։

— Մի՞թե ափսոսում ես, որ ինձ չսպանեցիր։

— Ո՛չ, տեր։ Քրիստոսը թույլ չի տվել սպանել։

— Իսկ Ատիկինո՞սը, իսկ Կրոտո՞նը։

— Ուրիշ կերպ չէի կարող,— մրթմրթաց Ուրսուսը։

Եվ սկսեց կարծես վշտացած նայել իր ձեռքերին, որոնք, նկատվում է, որ մնացել էին հեթանոսական, չնայած որ հոգին մկրտություն էր ընդունել։

Հետո նա կճուճը դրեց կրակի վրա և, պպզելով օջախի առջև, մտախոհ աչքերը հառեց բոցին։

— Այդ քո մեղքն է, տեր,— ասաց նա վերջապես։— Ինչո՞ւ ձեռք բարձրացրիր նրա՝ արքայադստերս վրա։

Վինիկիոսի մեջ առաջին պահ բորբոքվեց հպարտությունը, թե ինչպես մի հասարակ և բարբարոս մարդ համարձակվում է ոչ միայն այսպես ընկերաբար խոսել իր հետ, այլև նախատել իրեն։ Այն արտասովոր և անհավատալի բաների վրա, որ պատահել էին իրեն անցյալ գիշերից ի վեր, ավելացավ և այս մեկը։ Բայց թույլ լինելով և ձեռքի տակ իր ստրուկները չունենալով՝ նա զսպեց իրեն, մանավանդ, որ հաղթող հանդիսացավ Լիգիայի կյանքից որևէ մանրամասնություն իմանալու ցանկությունը։

Հանգստանալով՝ նա սկսեց հարց ու փորձ անել Վանիոսի և սվեվների դեմ լիգերի պատերազմի մասին։ Ուրսուսն ուրախությամբ պատմում էր, բայց չէր կարող շատ բան ավելացնել նրա վրա, ինչ որ Վինիկիոսը մի ժամանակ լսել էր Ավլոս Պլավտիոսից։ Ուրսուսը պատերազմի մեջ չէր եղել, որովհետև պատանդների հետ Ատելիոս Հիստերի բանակումն էր։ Իմացել էր միայն, որ լիգերը հաղթեցին սվեվներին և հազիգներին, բայց իրենց առաջնորդն ու թագավորն ընկավ մի հազիգի նետից։ Դրանից իսկույն հետո նրանք լուր ստացան, որ սեմնոններն իրենց անտառները կրակ են ձգել, և շտապ վերադարձան դրա վրեժն առնելու, իսկ պատանդները մնացին Ատելիոսի մոտ, որ սկզբում հրամայեց արքայական պատիվ ցույց տալ նրանց։ Հետո Լիգիայի մայրը վախճանվեց։ Հռոմեացիների զորավարը չգիտեր, թե երեխային ինչ անի։ Ուրսուսը կամենում էր նրա հետ վերադառնալ հայրենիք, բայց ճանապարհն ապահով չէր գազաններից ու վայրենի ցեղերից, և երբ լուր եկավ, թե մի ինչ֊որ լիգիական դեսպանություն գտնվում է Պոմպոնիոսի մոտ և օգնություն է առաջարկում նրան մարկոմանների դեմ, Հիստերը Կալլինային և Ուրսուսին ուղարկեց Պոմպոնիոսի[247] մոտ։ Գալով նրա մոտ՝ իմացան, որ ոչ մի պատգամավորություն չի եկել, և այդ պատճառով մնացին բանակի մեջ, որտեղից Պոմպոնիոսը նրանց իր հետ բերեց Հռոմ և հաղթական մուտքից հետո արքայական մանկանը տվեց Պոմպոնիա Գրեկինային։

Վինիկիոսը թեև այս պատմությունից միայն չնչին մանրամասնությունները չգիտեր, հաճությամբ լսում էր, որովհետև նրա անսահման տոհմական գոռոզությունը շատ էր շոյվում նրանից, որ ականատես վկան հաստատում էր Լիգիայի արքայական ծագումը։ Իբրև արքայադուստր, նա կարող էր Կեսարի արքունիքում առաջնակարգ տոհմերի աղջիկներին հավասար տեղ բռնել, մանավանդ, որ այն ազգը, որի տերն էր նրա հայրը, մինչև այդ երբեք չէր պատերազմել Հռոմի դեմ, և որ իր բարբարոս տեղովը կարող էր սպառնալից լինել, քանի որ հենց Ատելիոս Հիստերի վկայությանը նայելով, պատերազմողների անհամար զորություն ուներ։

Վերջապես և Ուրսուսը հաստատեց վերջին վկայությունը, որովհետև, երբ Վինիկիոսը հարցրեց լիգերի մասին, նա պատասխանեց.

— Մենք ապրում ենք անտառներում, բայց այնքան հող ունենք, որ ոչ ոք չգիտե, թե որտեղ է անտառի վերջը, և շատ ժողովուրդ կա այնտեղ։ Կան նաև անտառի մեջ փայտակերտ քաղաքներ, որոնց հարստությունը մեծ է, որովհետև ինչ որ աշխարհիս ամեն կողմից հափշտակում են սեմոնները, մարկոմանները, վանդալներն ու քվադները, այդ բորբը մենք խլում ենք նրանցից։ Իսկ նրանք չեն համարձակվում մեզ մոտ գալ, միայն անտառներն են կրակ ձգում, երբ քամին իրենց կողմիցն է լինում։ Եվ չենք վախենում ո՛չ նրանցից, ո՛չ հռոմեական Կեսարից։

— Աստվածները հռոմեացիներին տվել են աշխարհիս իշխանությունը,— խրոխտ ձայնով ասաց Վինիկիոսը։

— Աստվածները չար ոգիներ են,— պարզամտությամբ պատասխանեց Ուրսուսը,— իսկ ուր որ հռոմեացիները չկան, չկա և նրանց իշխանությունը։

Այստեղ նա ուղղեց կրակը և շարունակեց.

— Երբ Կալլինային Կեսարը վերցրեց իր արքունիքը, և ես կարծում էի, թե նրան կարող է այնտեղ մի փորձանք պատահել, ուզում էի գնալ այնտեղ անտառները, և կանչել լիգերին, որ օգնեն իրենց արքայադստերը, և լիգերը կհարձակվեին Դանուբի վրա, որովհետև նրանք լավ, թեև հեթանոս ազգ են։ Այլև «բարի լուրը» կտանեի նրանց։ Բայց ես առանց այդ էլ մի օր, երբ Կալլինան կվերադառնա Պոմպոնիայի մոտ, գլուխ կտամ նրան, որ ինձ թույլ տա նրանց մոտ գնալ, որովհետև Քրիստոսը նրանցից հեռու է ծնվել, և նրանք մինչև անգամ չեն լսել նրա մասին... Նա ինձանից լավ գիտեր, թե որտեղ պիտի ծնունդ առներ, բայց եթե մեզ մոտ՝ անտառներում աշխարհ գար, նրան անկասկած, չէին տանջի, այլ կխնամեին Մանկանը և կաշխատեին, որ նրան երբեք չպակասեր ոչ վայրի միս, ոչ սունկ, ոչ ջրշան մորթի, ոչ սաթ։ Եվ ինչ որ սվեվներից կամ մարկոմաններից խլեինք, բոլորը նրան կտայինք, որպեսզի պակասություն և նեղություն չքաշեր...

Այսպես ասելով՝ նա Վինիկիոսի համար նշանակված ապուրը մոտեցրեց կրակին ու լռեց։ Երևում էր, որ նրա միտքը միառժամանակ թափառում էր լիգիական անտառների մեջ, բայց երբ կերակուրն սկսեց եփ գալ, նա լցրեց ծանծաղ ամանի մեջ և, որքան հարկավոր էր սառեցնելով, ասաց.

— Գլավկոսը խորհուրդ է տալիս, որ որչափ կարելի է քիչ շարժվես, տեր, մինչև անգամ չբանեցնես այն ձեռքը, որ առողջ է մնացել, և այս պատճառով Կալլինան հրամայեց ինձ կերակրել քեզ։

Լիգիան հրամայեց. դրա դեմ պատասխան չկար։ Վինիկիոսի մտքով անգամ չանցավ ընդդիմանալ նրա կամքին, կարծես թե նա Կեսարի աղջիկը լիներ, կամ աստվածուհի. և ոչ մի պատասխան, իսկ Ուրսուսը, նստելով նրա մահճակալի կողքին, սկսեց փոքրիկ գավաթով ապուրը վերցնել ափսեից և մոտեցնել նրա շրթունքներին։ Նա այդ անում էր այնպիսի հոգատարությամբ, կապույտ աչքերը այնպիսի բարությամբ էին ժպտում, որ Վինիկիոսն իր աչքերին չէր հավատում, թե դա կարող էր լինել նույն ահռելի տիտանը, որ երեկ Կրոտոնին տրորելով` փոթորկի պես հարձակվել էր իր վրա և կջախջախեր, եթե Լիգիայի գթասրտությունը չլիներ։ Երիտասարդ պատրիկն իր կյանքում առաջին անգամ սկսեց ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ կարող է կատարվել մի ռամկի, ծառայի և բարբարոսի կրծքի տակ։

Բայց Ուրսուսը նույնքան անվարժ, որքան և հոգատար դայակ երևաց։ Գավաթն ամբողջովին կորչում էր նրա հերակլյան մատների մեջ, այնպես որ տեղ չէր մնում Վինիկիոսի շրթունքների համար։ Մի քանի անհաջող փորձերից հետո հսկան սաստիկ տրտմեց և ասաց.

— է՜յ, ավելի հեշտ է վայրի ցուլ դուրս քաշել թակարդից...

Վինիկիոսին ծիծաղեցրեց լիգի հուզմունքը, բայց ոչ պակաս հետաքրքրեց և նրա այս նկատողությունը։ Կրկեսներում ահռելի ցուլեր էր տեսել, որ բերվել էին հյուսիսային անտառներից. նրանց վրա ամենավարժ bestiarii[248] երկյուղով էին հարձակվում, և նրանք իրենց ուժով ու մեծությամբ զիջում էին միայն փղերին։

— Արդյոք փորձե՞լ ես այդպիսի գազաններին բռնել եղջյուրներից,— հարցրեց նա զարմանքով։

— Քանի դեռ քսան ձմեռս անցած չէր, վախենում էի,— պատասխանեց Ուրսուսը.— իսկ հետո պատահե՜լ է։

Եվ սկսեց նորից կերակրել Վինիկիոսին, ավելի անտաշ կերպով, քան առաջ։

— Պետք է խնդրեմ Միրիամին կամ Նազարիասին,— ասաց նա։

Բայց այդ միջոցին Լիգիայի գունատ գլուխը երևաց վարագույրի ետևից։

— Իսկույն կօգնեմ,— ասաց նա։

Եվ մի րոպեից դուրս եկավ կուբիկուլոնից, ուր երևի պատրաստվում էր քնելու, որովհետև մազերը արձակված էին, իսկ հագին միայն նեղ տունիկան էր, որ հնում caritium էր ասվում և որ խնամքով ծածկում էր կուրծքը։ Վինիկիոսը, որի սիրտն ավելի արագ բաբախեց նրա տեսքից, սկսեց հանդիմանել նրան, որ մինչև այժմ քնած չէ. բայց նա ուրախ֊ուրախ ասաց.

— Հենց այդ էլ ուզում էի անել, բայց նախ կփոխարինեմ Ուրսուսին։

Վերցնելով գավաթը՝ նստեց անկողնու եզրին և սկսեց կերակրել Վինիկոսին, որ միառժամանակ իրեն թե՛ ստորացած էր զգում և թե՛ բախտավոր։ Երբ Լիգիան կռացավ նրա վրա, նրան դիպավ աղջկա կուսական մարմնի ջերմությունը, իսկ արձակված մազերն ընկան նրա կրծքի վրա։ Նա գունատվում էր հուզմունքից, բայց այս շփոթության և կրքերի թափի հետ միաժամանակ նա զգում էր, որ դա ամենից ավելի թանկագին և ամենից ավելի սիրված գլուխն է, որի համեմատությամբ ոչինչ է ամբողջ աշխարհը։ Առաջ ցանկանում էր նրան, այժմ սկսում էր սիրել նրան ամբողջ հոգով։ Առաջ, ինչպես առհասարակ թե կենցաղի և թե զգացմունքների մեջ, բոլոր ժամանակակից մարդկանց նման, նա կույր, բացարձակ եսասեր էր, որի հոգսը միայն ինքն էր, այժմ սկսեց հոգս քաշել և նրա մասին։

Քիչ անց նա հրաժարվեց ուտելուց ու թեև աղջկան նայելը և նրա ներկա լինելը անպատմելի զվարճություն էր պատճառում իրեն, ասաց.

— Բավական է։ Գնա քնի՛ր, իմ աստվածային։

— Այդպես մի անվանիր ինձ,— պատասխանեց Լիգիան,— ինձ վայել չէ լսել այդ։

Բայց ժպտում էր նրան և ապա ասաց, որ քունն իր աչքերից փախել է, որ հոգնածություն չի զգում և որ չի հեռանա հանգստանալու մինչև Գլավկոսի գալը։ Վինիկիոսն այս խոսքերը լսում էր երաժշտության պես, սիրտը լցվում էր ավելի և ավելի մեծ հուզմունքով, ավելի և ավելի մեծ երախտագիտությամբ, ավելի և ավելի մեծ հիացմունքով, իսկ միտքը ճիգ էր թափում, թե նրան ինչպես ցույց տա իր երախտագիտությունը։

— Լիգիա,— ասաց նա մի քանի րոպե լռելուց հետո։— Ես քեզ առաջ չէի ճանաչում։ Բայց այժմ գիտեմ, որ ուզում էի քեզ հասնել ծուռ ճանապարհով, ուստի քեզ ասում եմ՝ վերադարձիր Պոմպանիա Գրեկինայի մոտ և հավատացած եղիր, որ այսուհետև ոչ ոք ձեռք չի բարձրացնի քեզ վրա։

Օրիորդի դեմքն իսկույն մռայլվեց։

— Բախտավոր կլինեի,— պատասխանեց նա,— եթե գոնե հեռվից կարողանայի տեսնել նրան, բայց վերադառնալ նրա մոտ արդեն չեմ կարող։

— Ինչո՞ւ,— զարմանքով հարցրեց Վինիկիոսը։

— Մենք՝ քրիստոնյաներս, գիտենք Ակտեից, թե ինչ է կատարվում Պալատիոնում։ Միթե չե՞ս լսել, որ Կեսարը իմ փախչելուց հետո և իր Նեապոլ գնալուց առաջ անմիջապես կանչել էր Ավլոսին ու Պոմպոնիային և, կարծելով, որ նրանք են ինձ օգնել, սպառնացել էր նրանց իր բարկությամբ։ Իմ բախտից, Ավլոսը կարողացել էր պատասխանել նրան. «Դու գիտես, տե՛ր, որ երբեք սուտ դուրս չի եկել իմ բերանից. ահա երդվում եմ քեզ, որ նրան չենք օգնել փախչելու ու որպես և դու, չգիտենք՝ ի՞նչ է եղել նրան»։ Եվ Կեսարը հավատաց, իսկ հետո մոռացավ։

Իսկ ես երեցների խորհրդով երբեք չեմ գրել մայրիկին, թե որտեղ եմ, որպեսզի միշտ համարձակ կարողանա երդվել, որ իմ մասին ոչինչ չգիտե։ Դու գուցե այդ չհասկանաս, Վինիկիոս, բայց մեզ արգելված է սուտ խոսել մինչև անգամ եթե կյանքը վտանգված լինի։ Այսպես է մեր օրենքը, որով կամենում ենք սրտերս կրթել, և չեմ տեսել Պոմպոնիային այն ժամանակից ի վեր, երբ թողեցի նրա տունը։ Իսկ նրա ականջին ժամանակ առ ժամանակ հասնում են հեռավոր արձագանքներ, թե կենդանի եմ և թե վտանգի մեջ չեմ։

Այստեղ նրան անձկություն տիրեց, աչքերին ցոլաց արտասուքը, բայց շուտով հանգստացավ և ասաց.

— Գիտեմ, որ Պոմպոնիան էլ կարոտել է ինձ, բայց մենք մեր մխիթարանքն ունենք, որ ուրիշները չունեն։

— Այո՛,— պատասխանեց Վինիկիոսը,— ձեր մխիթարանքը Քրիստոսն է, բայց ես այդ չեմ հասկանում։

— Նայիր մեզ. մեզ համար անջատում չկա, չկա վիշտ և տանջանք, և եթե պատահեն, ուրախության են փոխարկվում։ Եվ մահն ինքը, որ ձեզ համար կյանքի վերջն է, մեզ համար միայն նրա սկիզբն է, և մեռնելը մեզ համար նշանակում է պակաս բախտավորությունը փոխել գերագույն բախտավորության հետ, պակաս խաղաղը՝ ավելի խաղաղի և հավիտենականի հետ։ Մտածի՛ր ինչպիսին պետք է լինի այն կրոնը, որ պատվիրում է մեզ նույնիսկ թշնամիների նկատմամբ ողորմածություն, արգելում է ստախոսություն, մաքրում է մեր սրտերը չարությունից և մահվանից հետո անհասանելի երջանկություն է խոստանում։

— Լսել եմ այդ Օստրիանոնում և տեսա, թե ինչպես վարվեցիք ինձ ու Քիլոնի հետ, և երբ այդ մասին մտածում եմ, մինչև հիմա թվում է ինձ, թե դա երազ է և թե ո՛չ ականջներիս, ո՛չ էլ աչքերիս չպետք է հավատամ։ Բայց դու պատասխանիր մի ուրիշ հարցիս՝ բախտավո՞ր ես։

— Այո,— պատասխանեց Լիգիան։— Հավատալով Քրիստոսին՝ չեմ կարող անբախտ լինել։

Վինիկիոսը նայեց նրան, կարծես թե այն, ինչ որ ասում էր, ամբողջովին անցնում էր մարդկային խելքի չափից։

— Եվ չէի՞ր կամենա վերադառնալ Պոմպոնիայի մոտ։

— Կկամենայի ամբողջ հոգով և կվերադառնամ, եթե Աստուծո կամքը լինի։

— Ուրեմն ասում եմ քեզ վերադարձիր, իսկ ես քեզ երդվում եմ իմ տան լարերով[249], որ ձեռք չեմ բարձրացնի քեզ վրա։

Լիգիան մի րոպե մտախոհ մնաց, հետո պատասխանեց.

— Ո՛չ, չեմ կարող մերձավորներիս վտանգի ենթարկել։ Կեսարը չի սիրում Պլավտիոսների տոհմը։ Եթե վերադառնամ, դու գիտես, թե ինչպես ստրուկների միջոցով ամեն մի լուր տարածվում է Հռոմում, ուստի և իմ վերադարձը հայտնի կդառնա ամբողջ քաղաքին, և Ներոնը իր ստրուկների միջոցով, անտարակույս, կտեղեկանա այս մասին, այն ժամանակ նա կպատժի Ավլոսներին կամ առնվազն նորից կխլի ինձ նրանցից։

— Այո՛,— հոնքերը կիտելով ասաց Վինիկիոսը.— այդ կարող է պատահել։ Այնպես կաներ թեկուզ հենց նրա համար, որ ցույց տա, թե իր կամքին գոհացում պետք է տրվի։ Ճիշտ է, նա միայն մտքից ձգել է քեզ կամ չի կամեցել մտածել, ենթադրելով, որ ոչ թե իրեն, այլ ինձ է վնաս պատահել։ Բայց գուցե... խլելով քեզ Ավլոսներից... կտա ինձ, իսկ ես կվերադարձնեմ քեզ Պոմպոնիային։

Բայց օրիորդը նրան տրտմությամբ հարցրեց.

— Վինիկիոս, արդյոք կուզեի՞ր ինձ նորից տեսնել Պալատիոնում։

— Ո՜չ, իրավացի ես։ Խոսում էի հիմարի պես։ Ո՛չ։

Եվ հանկարծ իր առջև կարծես մի անհատակ անդունդ տեսավ։ Պատրիկ էր, զինվորական տրիբուն էր, հզոր մարդ էր. բայց այն աշխարհի բոլոր զորություններից վեր, որին ինքը պատկանում էր, կանգնած էր ահա մի խելագար, որի ո՛չ կամքը, ո՛չ էլ չարությունը չէր կարելի նախատեսել։ Նրան հաշվի չառնել, նրանից չվախենալ կարող էին գուցե միայն այնպիսի մարդիկ, ինչպիսին էին քրիստոնյաները, որոնց համար այս ամբողջ աշխարհը, անջատումը, տանջանքը և նույնիսկ մահը ոչինչ էին։ Բոլոր մնացածները պետք է նրանից վախենային։ Ժամանակի արհավիրքը, որի մեջ ապրում էին, Վինիկիոսին երևաց իր ամբողջ հրեշավոր ընդարձակությամբ։ Նա չէր կարող ահա Ավլոսների տուն վերադարձնել Լիգիային, վախենալով՝ չլինի թե հրեշը մտաբերի նրան և նրա վրա դարձնի իր բարկությունը. այս նույն պատճառով, եթե այդ աղջկան իրեն կին առներ, կարող էր վտանգի ենթարկել նրան, իրեն և Ավլոսներին։ Վատ տրամադրության մի րոպեն բավական էր բոլորին կորցնելու համար։ Վինիկիոսն իր կյանքի մեջ առաջին անգամ զգաց, որ կամ աշխարհը պետք է փոխվի և վերածնվի, կամ կյանքն իսպառ անկարելի կդառնա։ Հասկացավ նաև, որ այսպիսի ժամանակներում միայն քրիստոնյաները կարող էին բախտավոր լինել։

Բայց նախ և առաջ կսկիծ ապրեց, որովհետև հասկացավ այն էլ, որ ինքն էր այդպես խճճել իր և Լիգիայի կյանքը, և որ այդ խճճվածքից համարյա թե ոչ մի ելք չկար։ Եվ այդ կսկծի ազդեցության ներքո ասաց.

— Արդյոք գիտե՞ս, որ դու ինձնից բախտավոր ես։ Դու քո չքավորության և այս միակ խրճիթի մեջ, հասարակ մարդկանց շրջանում գտել ես քո ուսմունքը և քո Քրիստոսին. իսկ ես միայն քեզ ունեմ և երբ քեզնից զրկվեցի, աղքատի պես էի, որ ոչ տուն ունի, ոչ մի կտոր հաց։ Դու ինձ համար ամբողջ աշխարհից թանկ ես... Որոնում էի քեզ, որովհետև առանց քեզ չէի կարող ապրել... չէի կամենում ոչ մեծարք, ոչ քուն։ Եթե քեզ գտնելու հույսը չլիներ, սրի վրա կնետեի ինձ։ Բայց վախենում եմ մահից, որովհետև չէի կարողանա քեզ տեսնել։ Անկեղծ ճշմարտություն եմ ասում քեզ, որ չեմ կարողանա առանց քեզ ապրել, և մինչև այժմ ապրում էի միայն այն հույսով, թե քեզ կգտնեմ և կտեսնեմ։ Արդյոք հիշո՞ւմ ես մեր խոսակցությունները Ավլոսների մոտ։ Մի անգամ դու ավազի վրա ձուկ գծագրեցիր, և ես չհասկացա, թե ինչ է նշանակում։ Հիշո՞ւմ ես, ինչպես գնդակ էինք խաղում։ Սիրում էի քեզ կյանքիցս ավելի դեռ այն ժամանակ, և դու էլ արդեն սկսել էիր հասկանալ, որ քեզ սիրում եմ... Եկավ Ավլոսը, վախեցրեց մեզ լիբիտինայով և րնդհատեց մեր խոսակցությունը։ Պոմպոնիան Պետրոնիոսին հրաժեշտ տալիս ասաց, որ Աստված մի է, ամենակալ և ողորմած, բայց մեր մտքովն անգամ չանցավ, որ ձեր աստվածը Քրիստոսն է։ Թող քեզ տա ինձ, և կսիրեմ նրան, թեև Նա ինձ ստրուկների և օտարների աստված է թվում։ Դու կողքիս նստած ես և մտածում ես միայն նրա մասին։ Մտածիր և իմ մասին, եթե ոչ, կատեմ Նրան։ Ինձ համար միայն դու ես աստվածություն։ Օրհնվին հայրդ ու մայրդ, օրհնվի երկիրը, որ քեզ ծնել է։ Կուզեի գրկել քո ոտքերը և աղոթք անել քեզ համար, քեզ երկրպագել, քեզ զոհեր բերել, քո առջև ծունր գնել, դո՜ւ, եռապատիկ աստվածային։ Դու չգիտես, դու չես կարող գիտենալ, ես քեզ ինչքան եմ սիրում...

Վերջացնելով՝ նա իր ձեռքը քսեց գունատված ճակատին և ծածկեց աչքերը։ Նրա բնությունը երբեք սահման չգիտեր՝ ո՛չ բարկության, ո՛չ սիրո ժամանակ։ Խոսում էր հափշտակությամբ, որպես մի մարդ, որ դադարելով ինքն իրեն իշխելուց, չի կամենում նկատի ունենալ ոչ մի չափ թե՛ խոսքերի և թե՛ զգացմունքների մեջ։ Բայց խոսում էր հոգու խորքից և անկեղծորեն։ Զգալի էր, որ ցավը, հափշտակությունը, կիրքն ու պաշտումը կուտակվել էին նրա կրծքի տակ և այժմ վերջապես դուրս էին ժայթքում խոսքերի անզսպելի հոսանքով։ Նրա խոսքերը Լիգիային սրբապիղծ երևացին, այնուամենայնիվ նրա սիրտն սկսեց բաբախել, կարծես կամենում էր պատռել կուրծքը պատող տունիկան։ Չէր կարող դիմանալ, որ չխղճար նրան և նրա չարչարանքները։ Նրան հուզում էր այն ակնածությունը, որով երիտասարդը խոսում էր իր հետ։ Զգում էր, որ սիրված է և անսահման պաշտված, զգում էր, որ այդ անպարտելի և վտանգավոր մարդն այժմ իրեն է պատկանում՝ ամբողջ հոգով ու մարմնով, ինչպես մի ստրուկ, և նրա խոնարհության ու իր զորության զգացմունքը, աղջկան երջանկությամբ էր լցնում։ Նրա հիշողությունները մի րոպեի մեջ կենդանություն առան։ Նրա համար նա նորից այն հրաշալի և գեղեցիկ, հեթանոս աստծո նման Վինիկիոսն էր, որ Ավլոսների տանն իր հետ խոսում էր սիրո մասին և կարծես քնից զարթեցնում էր իր կիսամանկական սիրտը, նա ինքը, որի համբույրները դեռ զգում էր իր շուրթերին և որի գրկախառնություններից Ուրսուսն իրեն ազատեց Պալատիոնում, կարծես իրեն ազատեց կրակից։ Միայն թե այժմ նա՝ այդ Վինիկիոսը, հափշտակությունն ու ցավը արծվային դեմքին, գունատ ճակատով և աղերսական հայացքն աչքերին, վիրավորված, սիրուց մաշված, սիրող, պաշտող և խոնարհ, երևաց իրեն այնպես, ինչպիսին այն ժամանակ կամենում էր նրան տեսնել և ինչպիսին կսիրեր ամբողջ սրտով, ուրեմն և ավելի թանկագին, քան թե երբևիցե։

Եվ հանկարծ հասկացավ, որ կարող է հասնել այնպիսի մի ժամանակ, երբ նրա սերը կտիրի և կհափշտակի իրեն, ինչպես մի մրրիկ, և զգալով այդ՝ նույնպիսի տպավորություն ստացավ, ինչպիսին, որ երիտասարդն էր ստացել մի րոպե առաջ, այն է՝ թե կանգնած է անդունդի ափին։ Դրա՞ համար թողեց Ավլոսների տունը, դրա՞ համար էր փախուստի մեջ փրկություն որոնում, դրա՞ համար այսքան ժամանակ թաք էր կենում քաղաքի աղքատ թաղերում։ Ո՞վ է այդ Վինիկիոսը։ Ավգուստիան, զինվորական և Ներոնի պալատական։ Չէ՞ որ նա մասնակցում էր Կեսարի անառակությանն ու խելացնորություններին, ինչպես այդ վկայում էր այն մեծարքը, որի հիշատակը Լիգիան չէր կարող ջնջել։ Չէ՞ որ ուրիշների հետ միասին այցելում էր մեհյանները և զոհաբերություններ էր անում անպատկառ աստվածներին, որոնց գուցե և չէր հավատում, բայց, այնուամենայնիվ, ընդունված պատիվներ էր ցույց տալիս։ Չէ՞ որ իրեն հալածում էր նրա համար, որպեսզի իրեն ստրկուհի և հարճ դարձնի և միևնույն ժամանակ մտցնի աստվածային բարկությունը և վրեժը հրավիրող զեխության, հեշտանքի, ոճրագործության և անառակության այն աշխարհը։ Ճիշտ է, փոխված էր երևում, բայց չէ՞ որ հենց նոր ասաց, որ եթե ավելի մտածի Քրիստոսի, քան թե իր՝ Վինիկիոսի մասին, պատրաստ է նրան ատելու։ Եվ Լիգիային թվաց, որ ամեն մի միտք որևէ այլ սիրո մասին, քան թե Քրիստոսի սերն է, արդեն մեղք է նրա և նրա ուսմունքի դեմ, և երբ նկատեց, որ իր սրտի մեջ կարող են զարթնել ուրիշ զգացմունքներ ու փափագներ, իրեն անհանգստություն տիրեց իր սեփական ապագայի և սեփական սրտի համար։

Ներքին խռովության այդ վայրկյանին վրա հասավ Գլավկոսը, որ եկել էր հիվանդին այցելելու և նրա առողջությունն իմանալու համար։ Վինիկիոսի դեմքին մի ակնթարթում բարկություն ու անհամբերություն ցոլաց։ Չարացած էր, որ ընդհատեցին իր խոսակցությունը Լիգիայի հետ, և երբ Գլավկոսը սկսեց նրան հարցեր տալ, պատասխանում էր գրեթե ատելությամբ։ Ճիշտ է, շուտով իրեն չափավորեց, բայց եթե Լիգիան գոնե մի քիչ մոլորված էր, կարծելով, թե այն, ինչ որ լսել էր Օստրիանոնում, կարող էր ազդել նրա անզուսպ բնավորության վրա, այդ մոլորությունը պետք է ցրվեր։ Նա փոխվել էր միայն իր՝ Լիգիայի համար. իսկ բացի այդ միակ զգացմունքից, նրա կրծքում մնացել էր առաջվա խիստ, եսասեր, իսկական հռոմեական, միաժամանակ և գայլային սիրտը, որ ընդունակ չէր ոչ միայն քրիստոնեական վարդապետության քաղցրությունն զգալու, այլև երախտագետ լինելու։

Օրիորդը հեռացավ՝ թախիծը և անհանգստությունը սրտում։ Մի ժամանակ աղոթելիս նա զոհ էր մատուցում Քրիստոսին՝ պարզ և, իսկ որ, արտասուքի պես մաքուր մի սիրտ։ Այժմ այդ պարզությունը պղտորվել էր։ Ծաղկի ներսը մտել էր մի թունավոր որդ և սկսել էր այնտեղ բզզալ։ Մինչև անգամ քունը, չնայելով որ նա երկու գիշեր արթուն էր անցկացրել, նրան հանգստություն չբերեց։ Երազում նրան երևաց, թե իբր Օստրիանոնում Ներոնը ավգուստիանների, բաքոսուհիների, կորիբանտների և գլադիատորների ուղեկցությամբ կառքով կոխոտում, է վարդերով պսակված քրիստոնյաներին, իսկ Վինիկիոսն իրեն բռնում է ուսերից, քարշում է քառաձի կառքը և, կրծքին սեղմելով, շշնջում է. «Արի մեզ հետ»։

ԳԼՈՒԽ Ե

Այդ րոպեից Լիգիան ավելի սակավ էր երևում ընդհանուր սենյակում և ավելի սակավ էր մոտենում նրա անկողնուն։ Բայց օրիորդի հանգստությունը չէր վերականգնվում։ Տեսնում էր, որ Վինիկիոսն իր ետևից աղերսական հայացք է ման ածում, շնորհի պես սպասում իր ամեն մի խոսքին, որ տանջվում է և չի համարձակվում գանգատվել, որպեսզի իրեն ետ չմղի, որ ինքն է նրա համար առողջությունն ու ուրախությունը, և Լիգիայի սիրտը լցվում էր գթությամբ։ Շուտով նա նկատեց նաև, որ որքան աշխատում է նրանից փախչել, այնքան ավելի է, շարժվում իր գութը, հենց դրանով ավելի ևս հոգատար էին դառնում իր զգացմունքները նրա նկատմամբ։ Հանգստությունը թողել էր նրան։ Երբեմն ասում էր իրեն, որ, իսկապես, պետք է միշտ նրա մոտ լինի, նախ այն պատճառով, որ աստվածային վարդապետությունը պատվիրում էր բարի վճարել չարի փոխարեն, և ապա՝ որ խոսելով նրա հետ, կարող էր նրան գրավել դեպի այդ վարդապետությունը։ Բայց խիղճն իսկույն ասում էր, որ ինքն իրեն խաբում է, և որ իրեն նրա մոտ քաշում է ոչ թե ուրիշ բան, այլ միայն նրա սերը և նրա հրապույրը։ Այսպիսով, ապրում էր շարունակ հակասության մեջ, որ օրեցօր աճում էր։ Երբեմն նրան թվում էր, թե իրեն շրջապատում է մի ինչ֊որ ցանց, իսկ ինքը, կամենալով պատռել, ավելի էր խճճվում նրա մեջ։ Պետք է նաև ինքն իրեն խոստովաներ, որ նրան տեսնելն օրեցօր ավելի պահանջ էր դառնում իր համար, նրա ձայնը՝ ավելի դուրեկան, և որ պետք է ամբողջ ուժով կռվի նրա անկողնու մոտ նստելու ցանկության դեմ։ Երբ մոտենում էր նրան, և նա բոցավառվում էր, ուրախությունը լցնում էր և իր սիրտը։ Մի օր նրա արտևանունքներին արտասուքի հետքեր նկատեց, և կյանքի մեջ առաջին անգամ աղջկա գլխում մի միտք ծագեց, թե ինքը կարող էր իր համբույրներով ցամաքեցնել այն։ Այս մտքից զարհուրած և ինքնազզվանքով լի՝ նա ամբողջ հաջորդ գիշերը լաց եղավ։

Իսկ Վինիկիոսը համբերող էր, կարծես համբերություն էր երդվել։ Երբ իր աչքերում երբեմն հանկարծ անհամբերություն, ինքնահաճություն և բարկություն էին ցոլում, իսկույն զսպում էր այդ փայլփլումը և հետո անհանգիստ նայում էր նրան, կարծես ուզում էր ներողություն խնդրել. իսկ դա ավելի ևս խռովում էր աղջկան։ Լիգիան երբեք չէր կարող երևակայել, թե այդչափ սաստիկ սիրված է, և երբ դրա մասին մտածում էր, իրեն միաժամանակ թե՛ հանցավոր և թե՛ երջանիկ էր զգում։ Վինիկիոսը իսկ որ փոխվում էր։ Գլավկոսի հետ նրա խոսակցության մեջ ավելի քիչ գոռոզություն կար։ Հաճախ նրա մտքով անցնում էր, որ և այդ խեղճ ստրուկ բժիշկը, և այդ օտարուհին՝ պառավ Միրիամը, որ իրեն հոգատարությամբ էր շրջապատել, և՛ Կրիսպոսը, որին շարունակ աղոթքի մեջ խորասուզված էր տեսնում, դրանք բոլորը հո մարդիկ են։ Զարմանում էր, որ այսպես էր մտածում, այնուամենայնիվ այսպես էր մտածում։ Ժամանակի ընթացքում սիրեց Ուրսուսին և այժմ խոսում էր նրա հետ ամբողջ օրերով, որովհետև կարող էր նրա հետ խոսել Լիգիայի մասին. իսկ հսկայի զրույցներն անհատնելի էին, և հիվանդի մոտ ամենահասարակ ծառայություններ կատարելով՝ նա սկսել էր Վինիկիոսի նկատմամբ նույնպես մի տեսակ համակրանք ցույց տալ։ Լիգիան միշտ Վինիկիոսի համար մի էակ էր, որ կարծես մի ուրիշ ցեղի էր պատկանում և հազարապատիկ բարձր էր նրանցից, որոնք նրան շրջապատում էին, բայց, այնուամենայնիվ, Վինիկիոսն սկսեց հետևել հասարակ մարդկանց, մի բան, որ երբեք չէր արել իր կյանքում, և սկսեց նրանց մեջ գտնել ուշադրության արժանի զանազան կողմեր, որոնց գոյությունը մինչև այդ երբեք չէր զգացել։

Միայն Նազարիասին չէր կարող տանել, որովհետև իրեն թվում էր, թե պատանին համարձակվում է սիրել Լիգիային։ Ճիշտ է, երկար ժամանակ իրեն զսպում էր նրան տհաճություն ցույց տալուց, բայց մի անգամ, երբ նա օրիորդի համար երկու լոր բերեց, որ գնել էր իր վաստակած փողով, Վինիկիոսի մեջ խոսեց քվիրիտների[250] սերունդը, որի համար օտար ազգի զավակը ամենավատ որդուց էլ քիչ արժեք ուներ։ Լսելով Լիգիայի շնորհակալությունը՝ նա սաստիկ գունատվեց. և երբ Նազարիասը դուրս գնաց թռչնակների համար ջուր բերելու, ասաց.

— Լիգիա՛, մի՞թե կարող ես տանել, որ դա քեզ պարգևներ տա, մի՞թե չգիտես, որ դրա ազգի մարդկանց հույները ջհուդի շուն են անվանում։

— Չգիտեմ ինչպես են հույներն անվանում սրանց,— պատասխանեց աղջիկը,— բայց գիտեմ, որ Նազարիասը քրիստոնյա է և ինձ՝ եղբայր։

Այս ասելով Լիգիան երիտասարդին նայեց զարմանքով ու կսկիծով, որովհետև այսպիսի բռնկումներ վաղուց չէր տեսել. իսկ սա ատամները սեղմեց, որպեսզի չասի, որ նրա այդպիսի մի եղբորը կհրամայեր մահու չափ ծեծել դագանակով, կամ նրան կուղարկեր գյուղ, որ իբրև compeditus[251] հող վարի իր սիցիլիական այգիներում։ Բայց զսպեց իրեն, խեղդեց իր մեջ բարկությունը և միայն մի քանի րոպեից ասաց.

— Ների՛ր ինձ, Լիգիա։ Դու ինձ համար արքայադուստր ես և Պլավտիոսների սանուհի։

Եվ այն աստիճան հաղթեց իրեն, որ երբ Նազարիասը նորից երևաց սենյակում, խոստացավ նրան, որ դղյակ վերադառնալուց հետո նրան կընծայի երկու սիրամարգ կամ ֆլամինգ, որոնցով լի էին իր պարտեզները։

Լիգիան հասկացավ, թե ինչ արժեին նրա համար այս տեսակ հաղթությունները։ Եվ որքան ավելի հաճախ էր ինքն իրեն հաղթում, այնքան ավելի էր աղջկա սիրտը կպչում նրան։ Բայց Նազարիասի վերաբերմամբ նրա երախտիքն ավելի փոքր էր, քան թե Լիգիան ենթադրում էր. Վինիկիոսը կարող էր մի րոպե չարանալ նրա վրա, բայց չէր կարող խանդ զգալ նրա նկատմամբ։ Միրիամի որդին, իսկապես, շնից շատ քիչ նշանակություն ուներ նրա աչքում և, բացի այդ, դեռ մանուկ էր, որ եթե մինչև անգամ սիրում էր Լիգիային, սիրում էր միաժամանակ թե՛ անգիտակցաբար և թե՛ ծառայաբար։ Երիտասարդ տրիբունն ավելի մեծ կռիվ պետք է մղեր ինքն իրեն դեմ, որ համակերպվի, թեկուզ լուռ, այն պաշտամունքին, որով այդ մարդիկ վերաբերվում էին Քրիստոսի անվանն ու նրա վարդապետությանը։ Այս առումով Վինիկիոսի մեջ տարօրինակ բաներ էին կատարվում։ Դա, ինչ էլ որ լինի, մի վարդապետություն էր, որին հավատում էր Լիգիան, ուստի հենց այս պատճառով ինքն էլ պատրաստ էր այն դավանել։ Հետո, որքան առողջանում էր, որքան ավելի ու ավելի պարզ էր մտաբերում բոլոր անցքերը Օստրիանոնում անցկացրած գիշերից հետո, և այն բոլոր գաղափարները, որ այն օրվանից ի վեր ծագել էին իր գլխում, այնքան ավելի զարմանում էր այդ վարդապետության գերմարդկային զորության վրա, որ այդպես հիմնովին վերածնում էր մարդկանց հոգիները։ Հասկանում էր, որ դրա մեջ մի ինչ֊որ արտասովոր բան կա, մի բան, որ մինչև այդ չէր եղել աշխարհիս երեսին, և զգում էր, որ եթե դա ընդգրկեր ամբողջ աշխարհը, եթե պատվաստեր նրան իր սերը և իր ողորմածությունը, գուցե այնպիսի մի դար հասներ, որ հիշեցներ այն դարը, երբ դեռ ոչ թե Յուպիտերը, այլ Սատուռնն[252] էր կառավարում աշխարհը։ Նա չէր համարձակվում կասկածել ո՛չ Քրիստոսի գերբնական ծագման, ո՛չ նրա հարության, ո՛չ էլ ուրիշ հրաշքների վրա։ Ականատես վկաները, որոնք այս պատմում էին, չափազանց արժանահավատ էին և չափազանց զզվում էին ստախոսությունից, որպեսզի կարողանար ենթադրել, թե չեղած բաներ են պատմում։ Վերջապես հռոմեական թերահավատությունը թույլ էր տալիս չհավատալ աստվածներին, բայց հրաշքներին հավատում էր։ Վինիկիոսը կանգնած էր մի ինչ֊որ զարմանալի հանելուկի առջև, որը չէր կարողանում վճռել։ Մյուս կողմից, սակայն, այդ ամբողջ վարդապետությունը նրա աչքում այնպես հակառակ էր թվում իրերի գոյություն ունեցող կարգին, այնպես գործնականապես անիրագործելի և այնպես ցնորական, ինչպես ոչ մի այլ բան։ Նրա կարծիքով, մարդիկ թե Հռոմում և թե ամբողջ աշխարհում կարող էին չար լինել, բայց իրերի կարգը բարի էր։ Եթե, օրինակ, Կեսարը ազնիվ մարդ լիներ, եթե ծերակույտը բաղկացած լիներ ոչ թե ոչուփուչ անառակներից, այլ այնպիսի մարդկանցից, ինչպիսին էր Թրասեան, այլևս ավելի ի՞նչ կարելի էր ցանկանալ։ Չէ՞ որ հռոմեական խաղաղությունն ու հռոմեական գերիշխանությունը լավ բաներ էին, մարդկանց մեջ դասակարգությունը՝ հիմնավոր ու արդարացի։ Մինչդեռ այդ վարդապետությունը, Վինիկիոսի հասկացողությամբ, պիտի տակնուվրա աներ ամեն կարգ ու կանոն, ամեն գերիշխանություն և ջնջեր ամեն դասակարգություն։ Եվ այն ժամանակ ի՞նչ կլինեին թեկուզ հռոմեական իշխանությունն ու պետությունը։ Մի՞թե հռոմեացիները կկարողանային իշխելուց դադարել կամ նվաճած ազգությունների ամբողջ հոտը իրենց հավասար ճանաչել։ Այս արդեն չէր տեղավորվում պատրիկի գլխում։ Այդ վարդապետությունը միաժամանակ և հակառակ էր նրա բոլոր ըմբռնումներին, սովորություններին, բնավորությանը և կյանքի մասին ունեցած գաղափարներին։ Չէր կարող իսպառ երևակայել, թե ինչպես կարող էր ապրել, եթե, օրինակ, ընդուներ այդ վարդապետությունը։ Վախենում էր նրանից և զարմանում նրա վրա, բայց այդ կրոնն ընդունելու մտքից ուղղակի սարսուռ էր անցնում նրա ամբողջ մարմնով։ Վերջապես նա հասկանում էր, որ ուրիշ ոչ մի բան, այլ միայն դա է իրեն բաժանում Լիգիայից, և երբ մտածում էր այս մասին, ատում էր այդ ուսմունքը հոգու բոլոր ուժերով։

Սակայն նա արդեն իրեն հաշիվ էր տալիս, որ հենց այդ վարդապետությունն է, որ զարդարել է Լիգիային մի այնպիսի բացառիկ, անասելի գեղեցկությամբ, որ իր սրտում բացի սիրուց, ակնածություն ծնեց, բացի տռփանքից՝ պաշտամունք, իսկ Լիգիային իր համար աշխարհիս երեսին ամենից թանկագին էակը դարձրեց։ Եվ այն ժամանակ նա նորից կամենում էր սիրել Քրիստոսին։ Եվ պարզ հասկանում էր, որ նրան պետք է կամ սիրի, կամ ատի, իսկ անտարբեր մնալ չի կարող։ Այդ միջոցին նրան սեղմում էին երկու հակառակ ալիքներ։ Նա տարուբերվում էր մտքերի, տարուբերվում էր զգացմունքների մեջ, չէր կարողանում ընտրություն անել. սակայն գլուխը խոնարհում էր և լուռ պատիվ ու պատկառանք էր ցույց տալիս իրեն անհասկանալի այդ Աստծուն նրա համար միայն, որ նա Լիգիայի Աստվածն էր։

Իսկ Լիգիան տեսնում էր՝ ինչ էր կատարվում նրա մեջ, նրա ներքին կյանքը ինչպե՛ս էր հեղաշրջվում, ինչպե՛ս էր նրա բնությունը ետ մղում այդ վարդապետությունը, և եթե մի կողմից աղջկան չափազանց վշտացնում էր այդ, մյուս կողմից գութը, կարեկցությունը և երախտագիտությունը այն լուռ հարգանքի համար, որ երիտասարդը ցույց էր տալիս Քրիստոսին, անդիմադրելի ուժով դեպի նա էին մղում իր սիրտը։ Մտաբերեց Պոմպոնիա Գրեկինային և Ավլոսին։ Պոմպոնիայի համար անդադար վշտի և անցամաքելի արտասուքների աղբյուր էր այն միտքը, թե գերեզմանի այն կողմը չի գտնի Ավլոսին։ Լիգիան սկսեց այժմ ավելի լավ հասկանալ այս դառնությունն ու այս վիշտը։ Նա էլ գտել էր մի թանկագին էակ, որի հետ իրեն հավիտենական անջատում էր սպառնում։ Երբեմն, ճիշտ է, խաբում էր իրեն, թե նրա հոգին դեռ բացվելու է քրիստոնեական ճշմարտության համար, բայց այս մոլորությունները չէին կարող երկար տևել, այժմ չափազանց լավ էր ճանաչում և հասկանում նրան։ Վինիկիոսը քրիստոնյա՞։ Այդ երկու գաղափարները, մինչև անգամ նրա անփորձ գլխում չէին կարողանում միմյանց մոտ տեղավորվել։ Եթե ծանրախոհ և լրջմիտ Ավլոսը իմաստուն և կատարյալ Պոմպոնիայի ազդեցության տակ քրիստոնյա չդարձավ, ինչպե՞ս կարող էր քրիստոնյա դառնալ Վինիկիոսը։ Այս բանի պատասխանը չկար, կամ ավելի ճիշտ, միայն մեկը կար՝ այն, թե նրա համար ոչ հույս կա, ոչ փրկություն։

Բայց Լիգիան նկատեց, որ կորստի այդ դատավճիռը, որ նրա գլխին է ծանրացել, փոխարեն իրեն հեռացնելու նրանից, հենց իր կարեկցությունը բորբոքելով, նրան իր համար ավելի ևս թանկագին է դարձնում։ Երբեմն նրա մեջ ցանկություն էր ծագում Վինիկիոսի հետ անկեղծորեն խոսել նրա ապագայի մասին, բայց երբ մի անգամ, կողքին նստելով, ասաց նրան, որ քրիստոնեական ուսմունքից դուրս կյանք չկա, նա, ավելի առողջ լինելով, վեր քաշվեց իր առողջ թևի վրա և, հանկարծ գլուխը նրա ծնկներին դնելով, ասաց. «Դու կյանք ես»։ Եվ այդ ժամանակ շունչը կտրվեց Լիգիայի կրծքում, գիտակցությունը թողեց նրան, ինչ-որ քաղցր դող անցավ մարմնով՝ ոտից մինչև գլուխ։ Ձեռքերով բռնելով նրա քունքերը՝ ճգնում էր նրան բարձրացնել, բայց ինքը թեքվեց նրա վրա այնպես, որ շրթունքներով նրա մազերին կպավ, և մի րոպե այսպես մաքառում էին թե իրենց և թե սիրո հետ, որ մեկին դեպի մյուսն էր մղում։

Վերջապես Լիգիան վեր կացավ և փախավ՝ հուր զգալով իր երակների և պտույտ՝ գլխի մեջ։ Բայց սա միայն մի կաթիլ էր, որ վերջնականապես պռնկեպռունկ լցրեց արդեն լի բաժակը։ Վինիկիոսը չհասկացավ ինչպես պետք է թանկ վճարեր այդ մի երջանիկ րոպեի համար, բայց Լիգիան իմացավ, որ այժմ ինքն է փրկության կարոտ։ Այս երեկոյի հաջորդ գիշերն անցկացրեց անքուն, արտասուքների և աղոթքի մեջ, մի զգացմունք սրտում, թե արժանի չէ աղոթք անելու, և թե աղոթքը չի կարող լսելի լինել։ Մյուս օրը նա վաղ դուրս եկավ կուբիկուլոնից և, Կրիսպոսին դուրս կանչելով պարտեզի տաղավարը, որ բաղեղով ու թառամած գայլուկով էր ծածկված, նրա առջև բաց արեց իր ամբողջ հոգին և սկսեց աղաչել, որ իրեն թույլ տա թողնել Միրիամի տունը, որովհետև արդեն իր վրա հույս չունի և չի կարող սրտի մեջ հաղթել Վինիկիոսի սերը։

Կրիսպոսը, որ ծեր, խիստ ու շարունակ կրոնական ոգևորության մեջ խորասուզված մի մարդ էր, համաձայնեց, որ Լիգիան թողնի Միրիամի տունը, բայց խոսք չգտավ իր կարծիքով մեղավոր սերը ներելու համար։ Նրա սիրտը վրդովվում էր հենց միայն այն մտքից, որ այն Լիգիան, որին ինքը խնամում էր փախուստից ի վեր, որին սիրել էր, հավատի մեջ հաստատել էր և որին մինչև այդ նայել էր իբրև մի սպիտակ շուշանի, որ կրթվել և սնվել է քրիստոնեական ուսմունքի սկզբունքներով և որ ոչ մի երկրային շնչով չի ապականված, իր հոգու մեջ կարող էր բացի երկնային սիրուց մի ուրիշ սիրո համար տեղ գտնել։ Մինչև այդ նա հավատում էր, որ ամբողջ աշխարհիս երեսին ոչ մի տեղ ոչ մի ավելի մաքուր սիրտ չէ եղել Քրիստոսի փառքի համար։ Ուզեցել էր Նրան նվիրել այդ սիրտն իբրև մի բյուրեղ, իբրև մի գոհար, իր ձեռքի մի ահագին գործ, բայց կրած հիասթափությունը լցրեց ծերունու սիրտը զարմանքով ու դառնությամբ։

— Գնա և աղաչիր Աստծուն, որ մեղքերդ ների,— ասաց նա մռայլորեն։— Փախիր, քանի որ չար ոգին, որ քեզ փարել է, դեռ քեզ կատարյալ անկման չի հասցրել և քանի որ Փրկչից չես հրաժարվել։

Աստված քեզ համար մեռավ խաչի վրա՝ սեփական արյունով փրկելու քո հոգին. իսկ դու ավելի լավ համարեցիր սիրել նրան, ով քեզ ուզում էր իր հարճը դարձնել։ Աստված հրաշքով ազատեց քեզ նրա ճանկերից. իսկ դու սիրտդ բաց արիր պիղծ կրքի համար և սիրեցիր խավարի որդուն։ Ո՞վ է նա։ Նեռի բարեկամ և ծառա, անառակության և ոճրագործության աջակից։ Նա ո՞ւր կտանի քեզ, եթե ոչ այն անդունդը և այն Սոդոմը, որտեղ ինքն է ապրում, և որը Աստված կոչնչացնի իր բարկության հրով։ Եվ ես քեզ ասում եմ՝ երանի՜ թե մեռած լինեիր, երանի՜ թե այս տան պատերը փուլ եկած լինեին քո գլխին, առաջ, քան այդ օձը ներս սողաց քո կուրծքը և պղծեց այն իր անօրենության թույնով։

Եվ նա ավելի ու ավելի էր հափշտակվում, որովհետև Լիգիայի հանցանքը նրա սիրտը լցնում էր ոչ միայն բարկությամբ, այլև զզվանքով ու ատելությամբ դեպի մարդկային բնությունն ընդհանրապես և կանացի բնությունը՝ մասնավորապես, որին մինչև անգամ քրիստոնեական ուսմունքը չպահպանեց Եվայի թուլությունից։ Նրա համար ոչինչ էր, որ աղջիկը դեռ մաքուր էր մնացել, որ կամենում էր փախչել այդ սիրուց և որ խոստովանում էր այդ սերը կսկիծով և բեկված սրտով։ Կրիսպոսը կամեցել էր նրան հրեշտակ դարձնել և հասցնել այն բարձրության, ուր գոյություն ուներ միայն Քրիստոսի սերը. իսկ նա սիրե՜լ էր ահա ավգուստիանին։ Այդ բանի մասին լոկ մտածելը նրա սիրտը լցնում էր զայրույթով, որ ուժեղացել էր հիասթափության և ինքնախաբեության զգացմունքից։ Ո՛չ, չէր կարող նրան ներել այդ։

Զայրույթի խոսքերը բորբոքված ծխի պես այրում էին նրա շուրթերը, նա դեռ մաքառում էր ինքն իր հետ այս բառերը չարտասանելու համար, բայց իր չորացած ձեռքերն արագ շարժում էր զարհուրած աղջկա գլխին։ Լիգիան իրեն հանցավոր էր ճանաչում, բայց ոչ այդ աստիճան հանցավոր։ Մինչև անգամ ինքն այնպես էր դատում, որ Միրիամի տնից հեռանալով՝ հաղթած կլինի գայթակղությանը և մեղքը քաված։ Կրիսպոսը նրան ջարդուփշուր արեց, ցույց տվեց նրա հոգու ամբողջ վատությունն ու ոչնչությունը, որ մինչև այդ նա չէր էլ նշմարել։ Ինքը մինչև անգամ կարծում էր, թե ծերունի երեցը, որ իր Պալատիոնից փախչելուց ի վեր հոր տեղ էր եղել իր համար, մի քիչ գթոտ կլինի, թե իրեն կմխիթարի, ոգի կտա, կզորացնի։

— Աստծուն եմ նվիրում իմ ինքնախաբեությունն ու վիշտը,— ասում էր Կրիսպոսը,— բայց դու խաբեցիր և Փրկչին, որովհետև կարծես մտել ես մի ճահիճ, որի գոլորշիները թունավորեցին քո հոգին։ Կարող էիր հոգիդ նվիրել Քրիստոսին, իբրև թանկագին մի անոթ և ասել նրան. «Լցրո՜ւ այն, Տեր, շնորհովդ», իսկ դու ավելի լավ համարեցիր այն նվիրել չար ոգու ծառային։ Աստված ների քեզ և ողորմի քեզ, որովհետև ես, մինչև այդ օձը սրտիցդ չհանես... ես, որ քեզ ընտրյալ էի համարում...

Եվ հանկարծ դադարեց խոսելուց, որովհետև նկատեց, որ մենակ չէին։

Թառամած գայլուկի և ամառ ու ձմեռ հավասարապես կանաչող բաղեղի միջով նա նկատեց երկու մարդ, որոնցից մեկը Պետրոս առաքյալն էր։ Մյուսին չէր կարող միանգամից ճանաչել. կոշտ մազե թիկնոցը, որ cilicium էր կոչվում, ծածկում էր նրա դեմքի մի մասը։ Կրիսպոսին մի րոպե թվաց, որ դա Քիլոնն է։

Իսկ նրանք, լսելով Կրիսպոսի բարձրացրած ձայնը, մտան տաղավարը և նստեցին քարե նստարանի վրա։ Պետրոսի ուղեկիցը բաց արեց իր նիհար դեմքը, որի ճաղատավոր գանգը կողքերից ծածկված էր գանգուր մազերով, և կոպերը կարմրած էին, իսկ քիթը ծուռ էր։ Այս անճոռնի, բայց միաժամանակ և ոգևորված դեմքի մեջ Կրիսպոսը ճանաչեց Պողոս Տարսոնացու դիմագծերը։

Լիգիան, ծունկի ընկնելով, կարծես հուսահատությամբ գրկեց Պետրոսի ոտքերը և, իր տանջված գլուխը թաքցնելով նրա թիկնոցի ծալքերի մեջ, մնաց այսպես լուռ։

Պետրոսն ասաց.

— Խաղաղություն ձեր հոգիներին։

Եվ, տեսնելով երեխային իր ոտքերի մոտ, հարցրեց՝ ի՞նչ է պատահել։ Այդ ժամանակ Կրիսպոսը սկսեց պատմել այն բոլորը, ինչ որ իրեն խոստովանել էր Լիգիան՝ նրա հանցավոր սերն ու Միրիամի տնից փախչելու ցանկությունը և իր վիշտը, որ այն հոգին, որն ինքը կամենում էր արտասուքի պես մաքուր նվիրել Քրիստոսին, ապականվել է երկրային մի զգացմունքով այն ամեն ոճիրների կուսակիցների նկատմամբ, որոնց մեջ խրված է հեթանոս աշխարհը, և որոնք Աստծու վրեժն էին կանչում։

Լիգիան նրա պատմելու ժամանակ ավելի ու ավելի ուժեղ էր գրկում առաքյալի ոտքերը, կարծես նրանց մոտ էր ուզում ապաստան գտնել և գոնե մի քիչ գութ հայցել։

Իսկ առաքյալը, մինչև վերջ լսելով, կռացավ և չմշկած ձեռքը դրեց աղջկա գլխին, հետո աչքերը բարձրացրեց ծերունի քահանայի վրա և ասաց.

— Կրիսպոս, մի՞թե չես լսել, որ մեր սիրելի վարդապետը Կանայում հարսանիքում էր և օրհնեց փեսայի ու հարսի սերը։

Կրիսպոսի ձեռքերը կախ ընկան, և նա զարմանքով նայեց խոսողին՝ չկարողանալով ոչ մի բառ ասել։

Իսկ մի րոպե լռելուց հետո նորից հարցրեց.

— Կրիսպոս, մի՞թե կարծում ես, թե Քրիստոսը, որ Մարիամ Մագդաղինեին թույլ էր տալիս իր ոտքերի մոտ պառկել, և որ ներեց ակներև անառակ կնոջը, երեսը շուռ կտար այս մանուկից, որ մաքուր է դաշտի շուշանի պես։

Լիգիան հեկեկալով ավելի սաստիկ սեղմվեց Պետրոսի ոտքերին, հասկանալով, որ զուր չէր նրանց մոտ ապաստան որոնում։ Առաքյալը, վեր բարձրացնելով նրա արտասվալից դեմքը, ասաց.

— Մինչև որ նրա աչքերը, որին սիրում ես, չեն բացվել ճշմարտության համար, փախուստ տուր նրանից, որպեսզի մեղքի մեջ չձգի քեզ, բայց աղոթիր նրա համար և իմացած եղիր, որ մեղք չկա քո սիրո մեջ։ Եվ որովհետև կամենում ես գայթակղությունից խույս տալ, ուստի այդ երախտիքը նկատի կառնվի։ Մի տանջվիր և լաց մի լինի, որովհետև ասում եմ քեզ, որ Փրկչի շնորհը չի թողել քեզ, և որ քո աղոթքները լսելի կլինեն, և վշտից հետո գալու են ուրախության օրեր։

Ապա երկու ձեռքը դրեց նրա գլխի վրա և, աչքերը վեր բարձրացնելով, օրհնեց նրան։ Նրա դեմքին գերերկրային բարություն էր փայլում։

Իսկ վշտացած Կրիսպոսը սկսեց խոնարհությամբ արդարանալ.

— Մեղանչեցի ողորմածության դեմ,— ասաց նա,— բայց կարծում էի, թե երկրային սերը թույլ տալով սրտի մեջ, ուրացել է Քրիստոսին...

Պետրոսը պատասխանեց.

— Երեք անգամ ուրացա Նրան, այնուամենայնիվ ներեց ինձ և հրամայեց, որ արածեցնեմ իր ոչխարները...

— ...Եվ նրա համար, որ Վինիկիոսը ավգուստիան է։

— Քրիստոսն ավելի կոշտ սրտեր է ընկճել,— պատասխանեց Պետրոսը։

Այս խոսքի վրա Պողոս Տարսոնացին, որ մինչ այդ Ժամանակ լուռ էր, մատները կրծքին մոտեցրեց և, իր վրա ցույց տալով, ասաց.

— Ես եմ, որ հալածում էի և մահի մատնում Քրիստոսի աշակերտներին։ Ես Ստեփանոսին քարկոծելու ժամանակ հսկում էի նրանց շորերին, որոնք քարկոծում էին նրան... ես ուզում էի ջնջել ճշմարտությունը աշխարհիս երեսից, ամեն տեղից, ուր որ մարդիկ են բնակվում, այնուամենայնիվ ինձ էր նշանակել Տերը, որ այդ ճշմարտությունը բոլոր կողմերը տարածեմ։ Եվ դա քարոզել եմ Հրեաստանում, Հունաստանում, կղզիների վրա և այս անաստված քաղաքում, երբ առաջին անգամ իբրև բանտարկյալ ապրում էի այստեղ։ Իսկ այժմ, երբ ինձ կանչել է Պետրոսը՝ իմ առաջնորդը, ես ոտք կդնեմ այս տունը, որպեսզի գոռոզ գլուխը խոնարհեցնեմ Քրիստոսի ոտքերի առաջ և սերմ ձգեմ այդ քարքարոտ գետինը, որ Տերը կպարարտացնի՝ առատ հունձ քաղելու համար։

Եվ վեր կացավ. իսկ Կրիսպոսին այդ կարճահասակ, մեջքը կորացած մարդը իսկապես ինչ֊որ մի հսկա երևաց, որ հիմնովին քանդելու էր աշխարհը և նվաճելու էր մարդիկ ու երկրներ։

ԳԼՈՒԽ Զ

Պետրոնիոսը Վինիկիոսին։

«Գթա ինձ, carissime, մի հետևիր նամակներիդ մեջ ոչ լակեդեմոնացիներին[253], ոչ էլ Հուլիոս Կեսարին։ Եթե գոնե վերջինիս պես կարողանայիր գրել. «veni, vidi, vici»[254], կհասկանայի դեռ լակոնականությունդ։ Բայց քո նամակը վերջ ի վերջո նշանակում է՝ «veni, vidi, fugi»[255], բայց քանի որ գործի այդ վախճանը քո բնությանն ուղղակի հակառակ է, քանի որ վիրավորված էիր և քանի որ վերջապես քեզ անսովոր բաներ են պատահում, ուստի նամակդ բացատրությունների կարոտ է։ Աչքերիս չէի հավատում, երբ կարդացի, որ այդ լիգը այնպիսի հեշտությամբ է խեղդել Կրոտոնին, ինչպես կալեդոնիական շունն է խեղդում գայլին Հիբերնիայի[256] կիրճերում։ Այդ մարդն իր քաշի չափ ոսկի արժե, և միայն նրանից է կախված Կեսարի սիրելին լինել։ Երբ քաղաք վերադառնամ, նրա հետ պիտի ավելի մոտիկից ծանոթանամ և կհրամայեմ, որ նրա մարմինը բրոնզից ձուլեն ինձ համար։ Պղնձամորուսը հետաքրքրությունից կտրաքի, երբ ասեմ, որ այդ իրական պատկեր է։ Իսկական ատլետիկ մարմիններն ավելի և ավելի հազվագյուտ են դառնում թե՛ Իտալիայում և թե՛ Հունաստանում։ Արևելքի մասին էլ չեմ խոսում, իսկ գերմանացիները թեև բարձրահասակ են, սակայն ճարպով ծածկված մկաններ ունեն և ավելի ահագին են, քան թե ուժեղ։ Իմացիր լիգից՝ արդյոք ինքը մի բացառությո՞ւն է, թե՞ իր աշխարհում իր նման շատ մարդ կա։ Եթե, բան է, ինձ կամ քեզ վիճակվի երբևիցե պաշտոնապես խաղեր սարքել, լավ կլիներ իմանալ, թե ամենալավ մարմիններ որտեղ որոնենք։

«Բայց փառք արևելյան և արևմտյան աստվածներին, որ շունչդ բերանումդ դուրս պրծար այդպիսի ճանկերից։ Անկասկած նրա համար ազատվեցիր, որ պատրիկ ես և հյուպատոսական սերնդից, բայց բոլորը, ինչ որ պատահել է, վերին աստիճանի զարմացնում է ինձ՝ և՛ այդ գերեզմանատունը, ուր գտնվեցիր քրիստոնյաների շրջանում, և՛ դրանք իրենք, և՛ դրանց վարմունքը քեզ հետ, և՛ ապա Լիգիայի փախուստը, և՛ վերջապես այն թախիծն ու անհանգստությունը, որ բուրում է քո կարճ նամակից։ Բացատրիր ինձ, որովհետև չեմ հասկանում շատ բան՝ ո՛չ քրիստոնյաներին, ո՛չ քեզ, ո՛չ էլ Լիգիային։ Եվ մի զարմանա, որ ես, որին բացի սեփական անձից շատ քիչ բան է հետաքրքրում աշխարհիս երեսին, այսպես մանրամասնորեն հարցուփորձ եմ անում այս բոլորի մասին։ Ես եմ եղել պատահածի ամբողջ պատճառը, ուրեմն, սա մասամբ իմ գործն է։ Գրիր շուտով, որովհետև չեմ կարող ճիշտ նախատեսել, թե ե՛րբ կտեսնվենք։ Պղնձամորուսի գլխում մտադրությունները փոփոխվում են գարնան քամիների պես։ Այժմ Բենեվենտոնում նստած՝ փափագ ունի ուղղակի Հունաստան գնալ և Հռոմ չվերադառնալ։ Բայց Տիգելլինոսը նրան խորհուրդ է տալիս, որ վերադառնա թեկուզ կարճ ժամանակով, որովհետև ժողովուրդը նրա անձնավորության (կարդա՝ խաղերի և հացի) սաստիկ կարոտը քաշելով՝ կարող է ապստամբել։ Եվ ահա չգիտեմ ինչպես կլինի։ Եթե Աքայան գերակշռեց, գուցե հետո ուզենանք Եգիպտոսը։ Պնդելով կպնդեի, որ այստեղ գաս, որովհետև համոզված եմ, որ հոգուդ այդ տրամադրության միջոցին ճանապարհորդությունն ու մեր զվարճությունները քեզ համար ճար կլինեին, բայց կարող ես մեզ այստեղ չգտնել։ Այնուամենայնիվ, մտածիր՝ արդյոք այսպիսի պարագաներում քեզ համար ավելի գերադաս չէ՞ հանգստանալ քո սիցիլիական կալվածքներում, քան թե Հռոմում։ Մանրամասն գրիր ինձ քո մասին և՝ մնաս բարև։ Ոչ մի ցանկություն, բացի առողջությունից, այս անգամ չեմ կցում, որովհետև, Պոլլուքսը վկա, չգիտեմ՝ ինչ ես ցանկանում»։

Վինիկիոսը, այս նամակն ստանալով, սկզբում ոչ մի ցանկություն չէր զգում պատասխանելու։ Մի ինչ-որ նախազգացում ուներ, որ չարժե պատասխանել, որ դա ոչ ոքի ոչ մի օգուտ չի բերի, ոչինչ չի բացատրի և ոչինչ չի պարզի։ Նրան դժկամություն և կյանքի ոչնչության զգացում էր տիրել։ Միաժամանակ նրան թվում էր, թե մի այնպիսի բան է պատահել, որ իրենց միմյանցից հեռացրել է։ Չէր կարողանում կարգի բերել նույնիսկ ինքն իրեն։ Անդրտիբերիսից վերադառնալով իր կառինական հոյակապ ինսուլան՝ դեռևս թուլացած էր, ուժասպառ և առաջին օրերը մի տեսակ բավականություն էր զգում այն հանգստությունից, հարմարություններից և հարստությունից, որ շրջապատում էին իրեն։ Բայց այս բավականությունը կարճատև էր։ Շուտով նա զգաց, որ ապրում է դատարկության մեջ, որ այն ամենը, ինչ մինչև այդ իր համար կյանքի իմաստն էր կազմում, կամ բոլորովին գոյություն չունի իր համար, կամ հազիվ նշմարելի ծավալի է հասել։ Այնպիսի մի զգացմունք ուներ, կարծես իր սրտում կտրված էին այն լարերը, որոնք մինչև այդ իրեն միացնում էին կյանքի հետ, և տեղը կապված չէին նորերը։ Մտածելով, որ կարող է գնալ Բենեվենտոն, իսկ հետո՝ Աքայա և զվարճությունների ու խելացնոր վայելքների կյանքի մեջ սուզվել, նա ունայնություն զգաց։ «Ինչո՞ւ, ի՞նչս կավելանա դրանցից». ահա այն առաջին հարցերը, որոնք նրա գլխում ծագեցին։ Կյանքում նա առաջին անգամ մտածեց, որ եթե գնար, Պետրոնիոսի խոսակցությունը, նրա սրամտությունը, նրա հրապույրը, մտքերը կոկ սահմանելու և ամեն մի գաղափարի համար կտրուկ խոսքը գտնելու նրա ընդունակությունը, այս ամենն այժմ կարող էին ձանձրացնել իրեն։

Սակայն մյուս կողմից սկսեց նրան ձանձրացնել և մենակությունը։ Նրա բոլոր ծանոթները զվարճանում էին Կեսարի հետ Բենեվենտոնում, ուստի ինքը պետք է մենակ տանը նստեր՝ գլուխը լի անհամար մտածմունքներով, սիրտը՝ զգացմունքներով։ Բայց կային րոպեներ, երբ կարծում էր, որ եթե կարողանար որևէ մեկի հետ խոսել այդ ամենի մասին, ինչ որ իր մեջ կատարվում էր, գուցե ինքն էլ այս բոլորն ընդգրկել, կարգի բերել և ավելի լավ քննել կարողանար։ Այս հույսի ազդեցության տակ, մի քանի օր տարուբերվելուց հետո, նա վճռեց, այնուամենայնիվ, պատասխանել Պետրոնիոսին ու թեև հավատացած չէր՝ արդյոք այդ պատասխանը նրան կուղարկի՞, գրեց հետևյալ տողերը.

«Ուզում ես, որ ավելի ընդարձակ գրեմ։ Շատ բարի. իսկ արդյոք կարո՞ղ եմ ավելի պարզ գրել, չգիտեմ, որովհետև ինքս էլ չեմ կարողանում հանգույցներից շատերն արձակել։ Հաղորդել եմ քեզ, թե ինչպես են վարվում նրանք իրենց թշնամիների հետ, որոնց թվում իրավունք ունեին դասել և՛ ինձ, և՛ Քիլոնին, վերջապես, որպիսի՜ բարությամբ էին խնամում ինձ, և ինչպես անհետացավ Լիգիան։ Ո՛չ, սիրելիս, նրա համար ինձ չխնամեցին, որ հյուպատոսական սերունդ եմ։ Այսպիսի նկատառումներ նրանց համար գոյություն չունեն. չէ՞ որ ներեցին և Քիլոնին, թեև ինքս նրանց թելադրում էի, որ նրան պարտեզի մեջ թաղեն։ Նրանք այնպիսի մարդիկ են, որպիսիներին աշխարհը դեռ չի տեսել, և մի վարդապետություն ունեն, որի նման որևէ բան աշխարհը դեռ չի լսել։ Ոչ մի ուրիշ բան քեզ ասել չեմ կարող, և ով նրանց մեր չափով չափել ուզենա, կսխալվի։ Դրա փոխարեն կասեմ քեզ, որ եթե սեփական տանս կոտրած ձեռքով պառկած լինեի և եթե ինձ խնամելիս լինեին իմ մարդիկ, կամ մինչև անգամ իմ ընտանիքը, անկասկած ավելի մեծ հարմարություններ կունենայի, բայց անգամ կիսով չափ չէի գտնի այն հոգատարությունը, որ գտա նրանց մեջ։ Իմացած եղիր, որ Լիգիան էլ ուրիշների պես է։ Եթե նա քույրս կամ կինս լիներ, չէր կարողանա ավելի հոգածությամբ խնամել ինձ։ Շատ անգամ ուրախությունը լցնում էր սիրտս, որովհետև կարծում էի, թե միայն սերը կարող է այդպիսի հոգածություն ներշնչել։ Շատ անգամ եմ այդ կարդացել նրա դեմքին և հայացքի մեջ և այն ժամանակ, կհավատա՞ս, այդ հասարակ մարդկանց շրջանում, այդ աղքատիկ սենյակում, որ միաժամանակ և իբրև խոհանոց, և իբրև տրիկլինիոն էր ծառայում, ինձ ավելի բախտավոր էի զգում, քան երբևիցե։ Ոչ, նրա համար ես օտար չէի և դեռևս այսօր ինձ անկարելի է թվում ուրիշ կերպ մտածել։ Եվ այնուամենայնիվ հենց այդ Լիգիան, ինձնից ծածուկ, թողեց Միրիամի բնակարանը։

«Ահա ամբողջ օրերով նստած եմ գլուխս ձեռքերիս կռթնած և մտածում եմ` նա ինչո՞ւ այդ արեց։ Արդյոք գրե՞լ եմ քեզ, թե ինքս երդվեցի վերադարձնել նրան Ավլոսների տուն։ Ճիշտ է, նա պատասխանեց ինձ, որ այդ անկարելի բան է թե՛ այն պատճառով, որ Ավլոսները Սիցիլիա են տեղափոխվել և թե այն պատճառով, որ լուրերը ստրուկների միջոցով տնետուն անցնելով հասնում են պալատիոն։ Կեսարը կարող է իրեն նորից խլել Ավլոսներից։ Իրավ է։ Բայց նա գիտեր, որ այլևս իրեն չեմ հալածի, որ թողնում եմ բռնության ճանապարհը, և չկարողանալով ոչ իրեն սիրելուց դադարել և ոչ էլ առանց իրեն ապրել, պսակներով զարդարված դռներով կմտցնեմ նրան իմ տուն և կնստեցնեմ օրհնած մորթու վրա, օջախի մոտ... Եվ, այնուամենայնիվ, նա փախավ։ Ինչո՞ւ։ Ոչինչ արդեն նրան չէր սպառնում։ Եթե չէր սիրում, կարող էր մերժել ինձ։

«Դրանից մի օր առաջ ծանոթացա մի զարմանալի մարդու՝ ոմն Պողոս Տարսոնացու հետ, որ ինձ հետ Քրիստոսի ու նրա ուսմունքի մասին էր խոսում և խոսում էր այնպես ազդու կերպով, որ ինձ թվաց, թե նրա ամեն մի բառը, նրա կամքի հակառակ, փոշի էր դարձնում մեր աշխարհի բոլոր հիմքերը։ Այդ նույն մարդն այցելեց ինձ նրա փախչելուց հետո և ասաց ինձ. «Երբ Աստված բաց կանի քո աչքերը լույսի համար և նրանցից փառը կհանի, ինչպես իմ աչքերից հանեց, այն ժամանակ կհասկանաս, որ նա արդարացի վարվեց, և այն ժամանակ գուցե նրան գտնես»։ Եվ ահա գլուխս ջարդում եմ այս խոսքերի վրա. կարծես Դելփյան պյութիայից[257] լսած լինեմ այդ։ Երբեմն ինձ թվում է, թե արդեն մի բան հասկանում եմ։ Նրանք, սիրելով մարդկանց, մեր կյանքի, մեր աստվածների... ու մեր ոճիրների թշնամիներ են, ուստի նա փախել է ինձնից, որպես մի մարդուց, որ այս աշխարհին է պատկանում և որի հետ միանալով պետք է վարեր մի կյանք, որ քրիստոնյաները հանցավոր են համարում։ Կասես, որ եթե կարող էր ինձ մերժել, հարկ չուներ հեռանալու։ Իսկ եթե նա էլ սիրում է ի՞նձ։ Եթե այդպես է, նա ուզում էր սիրուց փախչել։ Այս որ մտածում եմ, ուզում եմ ստրուկներին Հռոմի բոլոր անկյուններն ուղարկել և հրամայել նրանց, որ աղաղակեն տնետուն. «Վերադարձի՛ր, Լիգիա»։ Քայց դադարում եմ հասկանալ, թե ինչո՞ւ է նա այդ արել։ Չէ՞ որ ես նրան չէի արգելի սիրել Քրիստոսին և ինքս Սրա պատվին սեղան կկանգնեցնեի իմ ատրիոնում։ Ի՞նչ պիտի վնասեր ինձ մի նոր ավելորդ աստված, և ինչո՞ւ չպետք է նրան հավատայի ես, որ շատ էլ չեմ հավատում հներին։ Գիտեմ ամենայն վստահությամբ, որ քրիստոնյաները սուտ չեն խոսում երբեք, իսկ նրանք ասում են, որ նա հարություն առավ։ Մարդը չէ՞ որ այդ անել չի կարող։ Այն Պողոս Տարսոնացին, որ հռոմեական քաղաքացի է և, որ հրեա լինելով, հրեական հին գրքերը գիտե, ասում էր ինձ, որ Քրիստոսի գալուստը հազար տարիներ առաջ նախագուշակված էր մարգարեների բերանով։ Այս բոլորը գերբնական բաներ են, բայց արդյոք գերբնականությունը չի՞ շրջապատում մեզ ամեն կողմից։ Չէ՞ որ դեռ չեն դադարում և Տիանացի Ապոլոնիոսի մասին խոսել։ Այն, ինչ որ պնդում էր Պողոսը, թե չկա աստվածների մի ամբողջ ամբոխ, այլ կա միայն մեկը, ինձ բանական է թվում։ Նույնը կարծում է նաև Սենեկան և նրանից առաջ շատ ուրիշները։ Քրիստոսը գոյություն ուներ, թույլ տվեց Իրեն խաչ հանել աշխարհի փրկության համար և հարություն առավ։ Այս բոլորը լիովին ստույգ է, և այս պատճառով ոչ մի առիթ չեմ տեսնում, թե ինչո՞ւ պետք է հակառակ կարծիքի մեջ համառեմ, կամ ինչո՞ւ չպիտի նրա պատվին սեղան կանգնեցնեմ, քանի որ, օրինակի համար, պատրաստ եմ եղել ատրուշան կանգնեցնել Սերապիոի պատվին։ Ինձ համար մինչև անգամ դժվար չէր լինի հրաժարվել բոլոր մնացած աստվածներից, որովհետև այնպես էլ ոչ մի խելքը գլխին մարդ չի հավատում նրանց։ Բայց թվում է, թե այս բոլորը դեռ բավական չէ քրիստոնյաների համար։ Բավական չէ պաշտել Քրիստոսին. պետք է և նրա պատվերների համաձայն ապրել, և այստեղ արդեն կանգնած եմ կարծես մի ծովի ափին, որը քեզ հրամայում են ոտով անցնել։ Եթե սա խոստանայի նրանց, կզգային, որ սա բառերի դատարկ հնչյուն է իմ բերանում։ Պողոսն այդ պարզորոշ ասաց ինձ։ Դու գիտես, որչափ սիրում եմ Լիգիային, և գիտես, որ ոչ մի այնպիսի բան չկա, որ նրա համար չանեի։ Բայց, այնուամենայնիվ, չէ՞ որ չէի կարողանա, մինչև անգամ եթե նա ցանկանար, բարձրացնել կռներիս վրա Սորակտեն կամ Վեզուվը, ոչ էլ ափիս մեջ ամփոփել Տրասիմենյան լիճը, ոչ էլ իմ սև աչքերը կապույտ դարձնել, ինչպես լիգերն ունեն։ Եթե ցանկանար, ես ևս կուզեի, բայց այդ իմ կարողությունից դուրս է։ Ես փիլիսոփա չեմ, բայց և այնչափ հիմար չեմ, որչափ քեզ շատ անգամ գուցե երևացել է։ Եվ ահա կասեմ քեզ՝ չգիտեմ, ինչպես են քրիստոնյաները կարողանում ապրել. դրա փոխարեն գիտեմ, որ ուր որ սկսվում է նրանց վարդապետությունը, վերջանում է Հռոմը, վերջանում է կյանքը, տարբերությունը հաղթողի և հաղթվածի, հարուստի և աղքատի, տիրոջ և ստրուկի մեջ, վերջանում է Կեսարը, օրենքը և աշխարհիս ամբողջ կարգն ու կանոնը. և այս բոլորի փոխարեն գալիս է Քրիստոսը և մի ինչ֊որ ողորմածություն, որ մինչև այսօր դեռ գոյություն չի ունեցել, և մի ինչ֊որ բարություն, որ մարդկային ու մեր հռոմեական բնազդումներին հակառակ է։ Ինձ համար Լիգիան, իրոք, ավելի է նշանակում, քան թե ամբողջ Հռոմը և նրա իշխանությունը, և երանի թե ամբողջ աշխարհը կործանվի, միայն թե նրան իմ տանն ունենամ։ Բայց այս ուրիշ բան է։ Նրանց՝ քրիստոնյաների համար բավական չէ խոսքերով համաձայնել, պետք է նաև զգալ, որ հենց այդպես լավ է, և չունենալ սրտի մեջ ոչ մի ուրիշ բան։ Իսկ ես, աստվածները վկա, չեմ կարող։ Արդյոք հասկանո՞ւմ ես, թե սա ինչ է նշանակում։ Իմ բնության մեջ ինչ֊որ մի բան կա, որ սարսուռ է զգում այդ վարդապետությունից, և թեկուզ իմ շրթունքներն այդ ուսմունքը փառաբանեին, թեկուզ աշխատեի դրա պատվիրաններին հարմարվել, խելքս ու հոգիս կասեին ինձ, որ այդ անում եմ սիրո համար, Լիգիայի համար, և որ եթե նա չլիներ, աշխարհիս երեսին ոչ մի բան ինձ ավելի զզվելի չէր լինի։ Եվ, զարմանալի բան, այս հասկանում է մի ոմն Պողոս Տարսոնացի, և այս հասկանում է, իր ամբողջ պարզամտությամբ և ստոր ծագմամբ հանդերձ, և այն ծերունի թեուրգոսը[258] նրանց ամենամեծ իմաստունը՝ Պետրոսը, որ Քրիստոսի աշակերտն էր։ Եվ գիտե՞ս ինչ են անում. ահա աղոթք են անում ինձ համար և խնդրում են մի բան, որ շնորհ են անվանում, իսկ իմ մեջ ծնվում է միայն անհանգստություն և Լիգիայի ավելի ու ավելի մեծ կարոտը։

«Արդեն գրել եմ քեզ, որ նա հեռացավ ծածուկ, բայց հեռանալիս թողեց ինձ մի խաչ, որ ինքը հյուսել էր տոսախի ճյուղերից։ Զարթնելով գտա այդ խաչը անկողնուս կողքին։ Այժմ դրել եմ իմ լարարիոնում[259] և ինքս ինձ չեմ կարող հաշիվ տալ ինչո՞ւ եմ նրան մոտենում այնպես, որպես թե նրա մեջ մի ինչ֊որ աստվածային բան լիներ, այսինքն՝ ակնածությամբ և երկյուղով։ Սիրում եմ այդ խաչը, որովհետև նրա ձեռքով է հյուսված, և ատում եմ, որովհետև նա է մեզ բաժանում։ Երբեմն ինձ թվում է, թե այս բոլորի մեջ հմայություններ կան, և թե Պետրոս թեուրգոսը թեև ասում է, որ հասարակ ձկնորս է, ավելի մեծ է, քան Ապոլոնիոսը, և այն բոլորը, ովքեր նրանից առաջ են եղել, և թե նա հմայել է բոլորին՝ Լիգիային, Պոմպոնիային և ինձ։

«Դու գրում ես, որ իմ նախորդ նամակի մեջ անհանգստություն և թախիծ է երևում։ Թախիծ պետք է լիներ, որովհետև նորից կորցրել եմ նրան, իսկ անհանգստությունը նրանից է, որ ինչ֊որ բան, այնուամենայնիվ, փոխվել է իմ մեջ։ Անկեղծորեն ասում եմ քեզ, որ այս վարդապետությունից ավելի զզվելի ոչինչ չկա իմ բնության համար, սակայն այն ժամանակից ի վեր, երբ հանդիպեցի դրան, չեմ կարողանում ինձ ճանաչել։ Հմայությո՞ւն է, թե սեր... Կիրկեն[260] ձեռքի շոշափումով փոխում էր մարդկանց մարմինները, իսկ իմ մեջ հոգին է փոխվում։ Միայն Լիգիան անկարող էր այս անել, կամ ավելի շուտ Լիգիան՝ այն զարմանալի վարդապետության շնորհիվ, որը դավանում է։ Երբ նրանց մոտից տուն վերադարձա, ոչ ոք չէր սպասում ինձ։ Կարծում էին, թե Բենեվենտոնումն եմ և որ շուտ չեմ վերադառնալու, ուստի տան մեջ տեսա անկարգություն, հարբած ստրուկների խնջույքի վրա հասա, որ իրենց համար սարքել էին իմ տրիկլինիոնում։ Ավելի շուտ մահվան կսպասեին, քան իմ գալստին, և ավելի քիչ կզարհուրեին նրանից։ Դու գիտես, որ երկաթե թաթով եմ պահում իմ տունը. ուստի բոլորը, ինչ որ շունչ ուներ, գետին փռվեց, մի քանիսը նույնիսկ ուշաթափվեցին. իսկ ես գիտե՞ս ինչպես վարվեցի։ Ահա առաջին պահ կամենում էի կանչել, որ ճիպոտներ ու շիկացած երկաթ բերեն. բայց դրանից իսկույն ամոթ տիրեց ինձ և, կհավատա՞ս, նաև՝ ինչ֊որ գութ դեպի այդ ստրուկները. դրանց մեջ կան և ծեր ստրուկներ, որոնց իմ պապ Մ. Վինիկիոսը Օգոստոսի օրով բերել է իր հետ Հռենոսի ափերից։ Փակվեցի մենակ իմ գրադարանի մեջ, և այնտեղ գլխիս մեջ ծագեցին ավելի զարմանալի մտքեր՝ որ քրիստոնյաների մեջ իմ բոլոր լսած ու տեսածից հետո վայել չէ վարվել ստրուկների հետ այնպես, ինչպես վարվում էի մինչև այդ, և որ դրանք նույնպես մարդիկ են։ Նրանք մի քանի օր ման էին գալիս մահու չափ սարսափահար, կարծելով, որ նրա համար եմ հետաձգում, որպեսզի ավելի չարաչար պատիժ հնարեմ. իսկ ես չէի պատժում և չպատժեցի, որովհետև չէի կարող։ Երրորդ օրը, կանչելով նրանց, ասացի՝ ներում եմ ձեզ, իսկ դուք ավելի եռանդուն ծառայությամբ աշխատեցեք քավել ձեր հանցանքը։ Լսելով այս՝ նրանք գետին փռվեցին և, արտասուք թափելով, հառաչելով ու ձեռները տարածելով, ինձ «տեր» և «հայր» էին անվանում, իսկ ես (ամոթով եմ քեզ այս ասում) նույնպես հուզված էի։ Թվում էր ինձ, որ այդ րոպեին տեսնում եմ Լիգիայի քաղցրահայաց դեմքը և նրա արտասվալից աչքերը, որոնք շնորհակալություն էին հայտնում ինձ այդ վարմունքիս համար։ Եվ, proh pudor[261], զգում էի, որ իմ արտևանունքները նույնպես թաց էին... Գիտե՞ս քեզ ինչ կխոստովանեմ, այն, որ չեմ կարող գլխիս ճարը տեսնել առանց նրա, որ մենակ վատ եմ զգում ինձ, որ ուղղակի անբախտ եմ և որ իմ թախիծը ավելի մեծ է, քան ենթադրում ես... Իսկ ինչ վերաբերում է իմ ստրուկներին, ինձ հետաքրքրեց մի բան։ Ստացած ներումը ոչ միայն չփչացրեց նրանց, ոչ միայն չթուլացրեց կարգապահությունը, այլև երկյուղը երբեք չի ստիպել նրանց ավելի եռանդուն ծառայել, քան ստիպեց երախտագիտությունը։ Ոչ միայն ծառայում են, այլև կարծես միմյանց առաջը կտրելով, գուշակում իմ մտքերը, իսկ ես այս հիշում եմ նամակիս մեջ նրա համար, որ երբ քրիստոնյաներին թողնելուց մի օր առաջ ասացի Պողոսին, թե աշխարհը նրա վարդապետության շնորհիվ փուլ կգա, ինչպես տակառը առանց օղակապերի, նա պատասխանեց ինձ. «Սերն ավելի մեծ կապ է, քան սարսափը»։ Եվ այժմ տեսնում եմ, որ մի քանի դեպքերում այս կարծիքը կարող է արդարացի լինել։ Ստուգեցի այս և կլիենտներիս վերաբերմամբ, որոնք, լսելով իմ վերադարձը, հավաքվել էին ինձ ողջունելու։ Գիտես, որ երբեք նրանց համար չափազանց ժլատ չեմ եղել, բայց դեռ հայրս իր համոզմունքի համեմատ նրանց հետ վարվում էր հպարտությամբ և ինձ էլ այսպիսի վարվեցողության էր ընտելացրել։ Բայց ահա այժմ, տեսնելով այդ մաշված թիկնոցներն ու սոված դեմքերը, նորից մի ինչ-որ գութ զգացի։ Հրամայեցի ուտելեղեն տալ նրանց և չափազանց շատ խոսեցի նրանց հետ, մի քանիսին դիմեցի իրենց անուններով, նորից արտասուքներ նկատեցի աչքերին, և նորից թվաց ինձ, թե Լիգիան տեսնում է այս, ուրախանում և գովում է... Արդյոք իմ խե՞լքն է սկսում խառնվել, արդյոք սե՞րն է խճճում իմ մտքերը, չգիտեմ, գիտեմ միայն, որ շարունակ այնպես եմ զգում, թե նա հեռվից նայում է ինձ, և վախենում եմ մի այնպիսի բան անելուց, որ նրան կարող է խռովել ու վիրավորել։ Այո, Կայոս, փոխվել է հոգիս, և երբեմն այս միտքն ինձ ուրախացնում է, իսկ երբեմն մաշում է, որովհետև վախենում եմ՝ չլինի թե զրկվել եմ նախկին քաջությունից, նախկին եռանդից և որ գուցե անընդունակ եմ այլևս ոչ միայն խորհուրդ տալու, դատելու, մեծարելու, այլև մինչև իսկ պատերազմելու։ Սրանք, անտարակույս, հմայություններ են։ Եվ այնպես փոխվել եմ, որ կասեմ քեզ և այն, թե ինչ էր մտքովս անցնում դեռ այն ժամանակ, երբ հիվանդ պառկած էի՝ որ եթե Լիգիան Նիգիդիայի, Պոպպեայի, Կրիսպինիլլայի և մեր մյուս մարդաթողների նման լիներ, եթե նույնչափ զազրելի, նույնչափ անողորմ և նույնչափ թեթևամիտ լիներ, որչափ նրանք են, ես նրան այնպես չէի սիրի, ինչպես սիրում եմ։ Բայց երբ սիրում եմ նրան հենց այն բանի համար, որ մեզ բաժանում է, հասկանո՞ւմ ես, թե ինչպիսի քաոս է ծագում հոգուս մեջ, ինչպիսի մթության մեջ եմ ապրում, ինչպես առջևս հաստատ ճանապարհ չեմ տեսնում և ինչպես հեռու եմ գիտենալուց, թե ինչ պիտի ձեռնարկեմ։ Եթե կյանքը կարելի է վտակի հետ համեմատել, իմ վտակի մեջ ջրի փոխարեն անհանգստություն է հոսում։ Ապրում եմ հույսով, որ գուցե տեսնեմ նրան, և երբեմն թվում է ինձ, որ դա պետք է լինի... Բայց ի՞նչ կլինի ինձ հետ մեկ կամ երկու տարուց հետո, չգիտեմ և չեմ կարող նախատեսել։ Հռոմից դուրս չեմ գա։ Կմնամ այստեղ։ Չէի կարողանա տանել ավգուստիանների ընկերությունը, իմ թախծի և անհանգստության մեջ միակ մխիթարանքն այն միտքն է, որ մոտիկ եմ Լիգիային, որ Գլավկոս բժշկի, որ ինձ խոստացավ այցելել, կամ Պողոս Տարսոնացու միջոցով գուցե երբեմն մի բան իմանամ նրա մասին։ Ոչ, չէի թողնի Հռոմը, թեկուզ ինձ պարգևեին Եգիպտոսի կառավարությունը։ Իմացիր նույնպես, որ քանդակագործին հրամայել եմ գերեզմանաքար շինել Գուլոնի համար, որին բարկացած ժամանակ սպանեցի։ Շատ ուշ հիշեցի, որ նա ինձ ման էր ածել ձեռքերի վրա և առաջինը սովորեցրել, թե ինչպես պետք է նետը դնել աղեղի վրա։ Չգիտեմ՝ հիմա ինչո՞ւ զարթնեց իմ մեջ նրա հիշատակը, որ կսկծի և խղճահարության նման է... Եթե քեզ կզարմացնի այն, ինչ որ գրում եմ, կպատասխանեմ, որ ինձ դա պակաս չի զարմացնում, բայց գրում եմ քեզ անկեղծ ճշմարտությունը։ Ողջ մնաս»։

ԳԼՈՒԽ է

Այս նամակի պատասխանը Վինիկիոսն արդեն չստացավ, որովհետև Պետրոնիոսը չէր գրում՝ երևի հույս ունենալով, թե Կեսարը այսօր չէ վաղը Հռոմ վերադառնալու կարգադրություն կանի։ Արդարև, այդ մասին լուրն արդեն տարածվել էր քաղաքում և մեծ ուրախություն էր առաջացրել խուժանի սրտերում, որ կարոտել էր խաղերին և հացի ու ձիթապտղի բաշխումին։ Օստիայում ամբարված էին մեծ քանակությամբ հաց ու ձիթապտուղ։ Վերջապես Ներոնի ազատագիր Հելիոսը ծերակույտի մեջ ազդարարեց նրա վերադարձը։ Բայց իր արքունիքի հետ միասին նավ նստելով Միսենոնի հրվանդանի մոտ, կամաց էր վերադառնում՝ կանգ առնելով ծովափնյա քաղաքներում հանգստանալու կամ թատրոններում բեմ դուրս գալու համար։ Մինտուռնայում, ուր նորից հրապարակորեն երգում էր, մնաց մի քանի օր, և մինչև անգամ մտածում էր, թե արդյոք նորից չվերադառնա՞ Նեապոլ և չսպասի՞ այնտեղ գարնան գալստին, որն այնտեղ սովորականից ավելի շուտ էր հասնում և տաք էր լինում։ Այս ամբողջ ժամանակ Վինիկիոսը փակված ապրում էր իր տան մեջ մտածելով Լիգիայի և այն բոլոր նոր բաների մասին, որոնք զբաղեցնում էին նրա հոգին և մտցնում էին նրա մեջ մինչև այդ ժամանակ անծանոթ գաղափարներ ու զգացմունքներ։ Ժամանակ առ ժամանակ նա միայն Գլավկոս բժշկին էր տեսնում, որի ամեն մի այցելություն նրան ներքին հրճվանք էր պատճառում, որովհետև նրա հետ կարողանում էր խոսել Լիգիայի մասին։ Գլավկոսը, իրոք, չգիտեր, թե որտեղ է ապաստան գտել նա, բայց հավատացնում էր նրան, որ երեցները նրան խնամատար հոգածությամբ են շրջապատել։ Գլավկոսը մեկ անգամ էլ, Վինիկիոսի թախիծով զգացված, ասաց նրան, որ Պետրոս առաքյալը հանդիմանել է Կրիսպոսին, երբ սա նախատում էր Լիգիային նրա երկրային սիրո համար։ Երիտասարդ պատրիկը, լսելով այս, հուզմունքից գունատվեց։ Նրան հաճախ թվում էր, թե Լիգիայի համար ինքը օտար չէ. բայց հաճախ կասկածանքի ու անվստահության մեջ էր ընկնում. իսկ այժմ նա առաջին անգամ իր փափագի և հույսի հաստատությունը լսեց ուրիշի, այն էլ քրիստոնեական շրթունքներից։ Երախտագիտության առաջին րոպեին ուզում էր վազել Պետրոսի մոտ, բայց իմանալով, որ քաղաքում չէ և որ քարոզում է շրջակայքում, աղաչում էր Գլավկոսին, որ իրեն նրա մոտ ուղեկցի, դրա փոխարեն խոստանալով առատորեն պարգևատրել համայնքի աղքատներին։ Նրան թվում էր նաև, որ եթե Լիգիան սիրում է իրեն, արդեն դրանով իսկ վերանում են բոլոր խոչընդոտները, քանի որ ամեն րոպե ինքը պատրաստ էր պաշտելու Քրիստոսին։ Բայց Գլավկոսը, թեև եռանդուն կերպով նրան դրդում էր մկրտվելու, չէր համարձակվում երաշխավորել, թե միանգամից ձեռք կբերի Լիգիային, և ասում էր նրան, որ մկրտությունը պետք է ցանկալ մկրտության ու Քրիստոսի սիրո և ոչ թե ուրիշ նպատակների համար։ «Հարկավոր է և քրիստոնեական հոգի ունենալ»,— ասաց նա. և Վինիկիոսը, թեև ամեն մի խոչընդոտ վրդովում էր նրան, սկսում էր արդեն հասկանալ, որ Գլավկոսը, իբրև քրիստոնյա, ասում է այն, ինչ որ պետք է ասեր։ Նա ինքն իրեն պարզ հաշիվ չէր տալիս, որ իր բնության մեջ կատարված ամենախոր փոփոխություններից մեկն այն էր, որ առաջ մարդկանց ու երևույթները անձնական եսականությամբ էր չափում, իսկ այժմ կամաց֊կամաց ընտելանում էր այն մտքին, թե ուրիշի աչքերը կարող են ուրիշ կերպ տեսնել, ուրիշի սիրտը ուրիշ կերպ զգալ, և թե արդարությունն ամեն անգամ նույնը չէ, ինչ որ անձնական օգուտը։

Նրան հաճախ տիրում էր նաև Պողոս Տարսոնացուն տեսնելու ցանկությունը, որի խոսքերը նրան հետաքրքրում էին և անհանգստացնում։ Իր մտքում նա ապացույցներ էր հավաքում, որոնցով կհերքի նրա ուսմունքը, մտքում ընդդիմախոսում էր նրան, այնուամենայնիվ կամենում էր նրան տեսնել ու լսել։ Բայց Պողոսը գնացել էր Արիկիա[262], և երբ Գլավկոսի այցելություններն ավելի սակավ դարձան, Վինիկիոսին լիովին պատեց մենակությունը։ Այն ժամանակ նա սկսեց նորից պտտել Սուբուռայի կից բոլոր փողոցներն ու Անդրտիբերիսի նեղ ուղիներն այն հույսով, որ գոնե հեռվից կտեսնի Լիգիային. բայց երբ այս հույսը խաբուսիկ դուրս եկավ, նրա սրտի մեջ սկսեց բուն դնել ձանձրույթն ու անհամբերությունը։ Հասավ վերջապես այնպիսի մի ժամանակ, երբ նրա նախկին բնությունը մի անգամ էլ վերածնվեց նրա մեջ այնպիսի ուժով, ինչ ուժով ալիքը մակընթացության ժամանակ վերադառնում է այն ափին, որից հեռացել էր։ Թվաց նրան, թե հիմար է եղել, որ իր գլուխն իզուր լցրել էր այնպիսի բաներով, որոնք իրեն տրտմություն հասցրին, և որ պետք է կյանքից վերցնել այն, ինչ որ նա տալիս է։ Վճռեց մոռանալ Լիգիային, կամ գոնե զվարճություն ու վայելչություն որոնել նրանից դուրս։ Բայց զգում էր, որ այս վերջին փորձն է, ուստի կյանքի ոլորտն ընկավ՝ իրեն հատուկ կույր եռանդով ու խանդով։ Ձմեռը մեռած և ամայացած քաղաքն սկսել էր կենդանանալ Կեսարի մոտալուտ գալստյան հույսով։ Նրա համար հանդիսավոր ընդունելություն էր պատրաստվում։ Մոտենում էր և գարունը. Ալբանոյի լեռների գագաթների վրա ձյունը հալվել էր աֆրիկական քամիներից։ Պարտեզի ածուները ծածկվել էին մանուշակներով։ Հրապարակներում և Մարսյան դաշտում խռնվում էին մարդիկ, որոնց տաքացնում էր ավելի ու ավելի ջերմ արևը։ Via Appia֊ի[263] վրա, որ քաղաքից դուրս զբոսանքների սովորական տեղն էր, սկսեցին շարժվել հարուստ զարդարված կառքեր։ Շատերն արդեն Ալբանոյի լեռներն էին գնում ժամանակ անցկացնելու համար։ Երիտասարդ կանայք, Լանուվիոնում Յունոնին[264], կամ Առիկիայում Դիանային երկրպագելու պատրվակով տնից դուրս էին փախչում՝ քաղաքից դուրս տպավորություններ, ընկերություն, հանդիպումներ ու զվարճություններ որոնելու համար։ Այստեղ Վինիկիոսը հոյակապ կառքերի մեջ մի օր նկատեց Քրիսոթեմիսի շքեղ carruca֊ն[265], որը շրջապատել էին մի խումբ երիտասարդներ և ծերունի սենատորներ, որոնց պաշտոնավարությունը պահել էր քաղաքում։ Երկու ահագին մոլոսյան[266] շներ վազում էին carruca֊ի առջևից, իսկ ինքը Քրիսոթեմիսը, չորս կորսիկական պոչատ ձիերը վարելով, շուրջը ժպիտներ ու ոսկե մտրակով քնքուշ հարվածներ էր նետում, բայց նկատելով Վինիկիոսին՝ կանգնեցրեց, ձիերն ու նրան նստեցրեց իր կառուկան և հետո իր տուն տարավ խնջույքի, որ ամբողջ գիշեր տևեց։ Վինիկիոսն այնպես հարբեց այս մեծարքի ժամանակ, որ մինչև անգամ չէր հիշում, թե երբ իրեն տուն բերին. հիշում էր միայն, որ երբ Քրիսոթեմիսը հարցրեց իրեն Լիգիայի մասին, վիրավորվեց և, արդեն բոլորովին գինովցած լինելով, նրա գլխին թափեց ֆալեռնական գինով գավաթը։ Եվ երբ բոլորովին սթափված մտածում էր այս մասին, դեռևս բարկություն էր զգում։ Բայց մի օր հետո Քրիսոթեմիսը, երևի մոռանալով այդ ճաշը, այցելեց նրա տուն և իր հետ տարավ նորից Ապպիական ճանապարհը, հետո նրա մոտ ընթրիքի էր, որի ժամանակ խոստովանեց, որ ոչ միայն Պետրոնիոսը, այլև իր վին նվագողը վաղուց ձանձրացրել են իրեն և որ իր սիրտն ազատ է։ Մի շաբաթ նրանք միասին էին երևում, բայց նրանց հարաբերությունը չէր խոստանում երկարատև լինել։ Թեև ֆալեռնական գինու դեպքից հետո Լիգիայի անունը երբեք չէր հիշում, Վինիկիոսը, այնուամենայնիվ, չէր կարողանում ազատվել նրա մասին մտածելուց։ Շարունակ մի զգացմունք ուներ, թե նա նայում է իրեն, և այս զգացմունքը նրան կարծես երկյուղ էր ազդում։ Նա թոթվում էր ուսերը՝ չկարողանալով այնուամենայնիվ ազատվել թե՛ այն մտքից, որ Լիգիային վշտացնում է, և թե՛ այն կսկծից, որ ծագում էր այս մտքից։ Խանդի հենց առաջին արտահայտությունից հետո, որ Քրիսոթեմիսն իրեն թույլ տվեց նրա գնած երկու ասորուհիների առիթով, Վինիկիոսը նրան դուրս քշեց կոպտորեն։ Ճիշտ է, միանգամից չդադարեց զվարճության ու անառակության մեջ լողանալուց, ընդհակառակը, դրան էր դիմում կարծես Լիգիայի ջգրու, բայց վերջը նկատեց, որ նրանով է զբաղված միտքը ամեն մի վայրկյան, որ բացառապես նա է իր ինչպես վատ, այնպես և լավ արարմունքների շարժառիթը, և որ իսկապես իրեն ոչ մի բան չի հետաքրքրում աշխարհիս երեսին, բացի նրանից։ Այն ժամանակ նրան անգոհություն և հոգնածություն տիրեց։ Զվարճությունը զզվելի դարձավ նրա համար և միայն խղճի խայթոցներ թողեց։ Նրան թվում էր, թե մի թշվառական է, և այս վերջին զգացմունքը նրա սիրտը լցրեց անչափ զարմանքով, որովհետև առաջ բարի էր համարում ամենը, ինչ որ իրեն հաճելի էր։ Վերջ ի վերջո նա կորցրեց ազատություն, անձնավստահություն, և նրան տիրեց մի կատարյալ թմրություն, որից չկարողացավ նրան արթնացնել մինչև անգամ Կեսարի գալստյան լուրը։ Այժմ ոչինչ նրան չէր հետաքրքրում, նույնիսկ Պետրոնիոսի մոտ գնաց ոչ առաջ, քան թե նա մարդ և իր սեփական դեսպակն ուղարկեց իր ետևից։

Թեպետ Պետրոնիոսն ուրախ֊ուրախ ընդունեց նրան, բայց նա դժկամությամբ պատասխանեց մոր եղբոր հարցմունքներին։ Սակայն ի վերջո երկար ճնշված զգացմունքներն ու մտքերը բռնկեցին ու դուրս հոսեցին նրա բերանից բառերի հորդ հոսանքով։ Նա մի անգամ էլ պատմեց մանրամասնորեն, թե ինչպես որոնում էր Լիգիային, ինչպես եղել էր քրիստոնյաների մեջ, բոլորը, ինչ որ այնտեղ տեսել և լսել էր, բոլորը, ինչ որ իր մտքով ու սրտով անցել էր, և վերջում սկսեց գանգատվել, թե մի քաոսի մեջ է ընկել և կորցրել է հանգիստը, երևույթները զանազանելու ու նրանց մասին դատելու ընդունակությունը։ Ոչինչ իրեն չի գրավում, ոչինչ իրեն դուր չի գալիս, չգիտե, ինչին հետևի և ինչպես վարվի։ Պատրաստ է պաշտել Քրիստոսին և հալածել Նրան, հասկանում է նրա վարդապետության վեհությունը և միաժամանակ մի անհաղթելի զզվանք է զգում դեպի այդ վարդապետությունը։ Հասկանում է, որ թեկուզ տիրանա էլ Լիգիային, նրան ամբողջովին տիրացած չի լինի, քանի որ պետք է բաժանի նրան իր և Քրիստոսի մեջ։ Վերջապես ապրում է այնպես, կարծես չի ապրում՝ առանց հույսի, առանց ապագայի, առանց երջանկության հավատի, և իր շուրջը խավար է պատել, որից շոշափելով է ելք որոնում և չի կարողանում գտնել։

Պետրոնիոսը պատմելու ժամանակ նայում էր նրա փոխված դեմքին, նրա ձեռքերին, որ խոսելու միջոցին տարօրինակ եղանակով տարածում էր իր առջև, կարծես ինչ֊որ ճանապարհ էր որոնում խավարի մեջ, և մտածում էր։ Հետո Պետրոնիոսը հանկարծ վեր կացավ և, մոտենալով Վինիկիոսին, սկսեց մատներով զննել նրա մազերը՝ ականջների ետևում։

— Գիտե՞ս արդյոք,— հարցրեց նա,— որ մի քանի սպիտակ մազ ունես քունքերիդ։

— Գուցե,— պատասխանեց Վինիկիոսը,— չեմ զարմանում, եթե քիչ ժամանակ անց բոլորն էլ սպիտակեն։

Ապա լռություն տիրեց։ Պետրոնիոսը խելոք մարդ էր ու շատ անգամ էր մտածել մարդու հոգու և կյանքի մասին։ Բայց առհասարակ կյանքն այն աշխարհում, ուր երկուսն էլ ապրում էին, արտաքուստ կարող էր բախտավոր կամ անբախտ լինել, սակայն ներքուստ խաղաղ էր լինում։ Ինչպես որ կայծակը կամ երկրաշարժը կարող էր քարուքանդ անել տաճարը, այնպես և դժբախտությունը կարող էր խռովել կյանքը, բայց ինքնըստինքյան կյանքը պարզ ու ներդաշնակ, ամեն խճճվածքներից ազատ գծերից է կազմված։ Մինչդեռ մի ուրիշ բան կար Վինիկիոսի խոսքերի մեջ, և Պետրոնիոսը առաջին անգամն էր, որ կանգնած էր մի շարք հոգեկան հանգույցների առջև, որոնք մինչև այդ ոչ ոք չէր քակել։ Նա այնքան խելոք էր, որ զգում էր դրանց կարևորությունը, բայց իր ամբողջ սրամտությամբ հանդերձ ոչինչ չէր կարողանում պատասխանել տրված հարցերին, և, վերջապես, երկար լռելուց հետո ասաց.

— Դրանք գուցե հմայություններ են։

— Ես էլ այդպես էի կարծում,— պատասխաներ Վինիկիոսը։— Շատ անգամ ինձ թվում էր, թե երկուսս էլ հմայված ենք։

— Իսկ եթե,— ասաց Պետրոնիոսը,— դիմեիր, օրինակ, Սերապիսի քրմերին։ Անտարակույս նրանց, ինչպես առհասարակ քրմերի մեջ, շատ խաբեբաներ կան, բայց կան և այնպիսիները, որոնք զարմանալի գաղտնիքներ են հասկացել։

Բայց սա ասում էր առանց հավատի և անվստահ ձայնով. զգում էր, թե իր շրթունքներին այդ խորհուրդն ինչպես կարող է չնչին և նույնիսկ ծիծաղաշարժ երևալ։

Իսկ Վինիկիոսն սկսեց տրորել ճակատը և ասաց.

— Հմայություննե՜ր... Տեսել եմ հմայողներ, որոնք ստորերկրյա, անծանոթ զորությունները գործ էին ածում իրենց շահի համար. տեսել եմ և այնպիսիներին, որոնք այդ զորությունները գործ էին ածում ի վնաս իրենց թշնամիների։ Բայց քրիստոնյաները չքավորության մեջ են ապրում, ներում են իրենց թշնամիներին, խոնարհություն են քարոզում, առաքինություն ու ողորմածություն, ուրեմն ի՞նչ օգուտ ունեն հմայություններից և ինչի՞ համար պիտի գործադրեին։

Պետրոնիոսին սկսեց բարկացնել, որ իր խելքը չի կարողանում ոչ մի պատասխան գտնել. բայց, չկամենալով խոստովանել այդ, պատասխանեց, միայն թե մի որևէ պատասխան տված լինի.

— Այդ նոր աղանդը...

Բայց մի րոպե անց ասաց.

— Պաֆոսյան անտառների աստվածային բնակչուհին վկա[267], այդ բոլորն ինչպես է փչացնում կյանքը։ Դու զարմանում ես այդ մարդկանց բարության և առաքինության վրա. իսկ ես քեզ ասում եմ, որ չարիք են, քանի որ կյանքի թշնամիներ են, ինչպես հիվանդությունները և ինչպես հենց ինքը մահը։ Առանց նրանց սրանք էլ բավական են. մեզ պետք չեն նաև քրիստոնյաները։ Հաշվիր միայն՝ հիվանդություններ, Կեսար, Տիգելլինոս, Կեսարի ոտանավորներ, կոշկակարներ, որոնք նախկին քվիրիտների սերունդներին են կառավարում, ազատագիրներ, որոնք նստում են սենատում։ Կաստորը վկա՜, սրանք էլ բավական են։ Դա կորստաբեր և զազրելի աղանդ է։ Փորձե՞լ ես սթափվել այդ թախծից և մի քիչ կյանք վայելել։

— Փորձել եմ,— պատասխանեց Վինիկիոսը։

Իսկ Պետրոնիոսը ծիծաղեց և ասաց.

— Ա՜հ, դավաճա՛ն. ստրուկների միջոցով արագ են տարածվում լուրերը. ինձնից խլել ես Քրիսոթեմիսին։

Վինիկիոսը դժկամությամբ շարժեց ձեռքը։

— Համենայն դեպս շնորհակալ եմ քեզնից,— ասաց Պետրոնիոսը,— նրան մի զույգ մարգարտակար մաշիկներ կուղարկեմ, որ իմ սիրահարական լեզվով նշանակում է՝ ռադ եղիր։ Քեզ կրկնակի երախտապարտ եմ, մեկ որ չընդունեցիր Եվնիկեին, և ապա՝ որ ինձ ազատեցիր Քրիսոթեմիսից։ Լսիր ինձ. առջևդ տեսնում ես մի մարդու, որ առավոտները վեր էր կենում, լողանում էր, տիրում էր Քրիսոթեմիսին, երգիծաբանություններ էր գրում, մեծարում էր, բայց որ Կեսարի պես ձանձրանում էր և հաճախ չէր կարողանում մռայլ ու ծանր մտքերը հեռացնել իրենից։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ Նրա համար, որ հեռվում էի որոնում այն, ինչ որ մոտիկ էր... Գեղեցիկ կինը միշտ այնքան արժե, որքան կշռում է. բայց մի կին, որ նաև սիրում է, ուղղակի գին չունի։ Այդ չես գնի Վեռեսի բոլոր գանձերով[268]։ Այժմ ասում եմ ինձ հետևյալը՝ կյանքս երջանկությամբ եմ լցնում, ինչպես գավաթը՝ հողի պարգևած ամենաառաջնակարգ գինով, և խմում եմ, մինչև որ չի անզգայանա իմ ձեռքը և չեն գունատվի շրթունքներս։ Ի՞նչ կլինի հետո, հոգ չեմ քաշում, և ահա սա է իմ նորագույն փիլիսոփայությունը։

— Այդ միշտ դավանել ես։ Դրա մեջ նոր ոչինչ չկա։

— Բովանդակությունը կա, որ առաջ պակասում էր։

Այս ասելով՝ նա կանչեց Եվնիկեին, որ ներս մտավ սպիտակ շորով զարդարված, ոսկեհեր, արդեն ոչ առաջվա ստրկուհու պես, այլ իբրև սիրո և երջանկության աստվածություն։

Պետրոնիոսն իր գիրկը բացեց և ասաց.

— Ե՛կ։

Եվնիկեն մոտ վազեց և, նստելով նրա ծնկներին, բազուկներով փաթաթվեց նրա վզով, իսկ գլուխը դրեց նրա կրծքին։ Վինիկիոսը տեսավ, թե ինչպես նրա այտերն սկսեցին ծածկվել ծիրանի ցոլքով, աչքերն ինչպես էին աստիճանաբար մշուշի մեջ սուզվում։ Միասին նրանք կազմում էին սիրո և երջանկության մի հրաշալի արձանախումբ։ Պետրոնիոսը ձեռքը մեկնեց դեպի հարևան սեղանի վրա դրված սկահակը և մի ամբողջ բուռ մանուշակ վերցնելով միջից՝ սկսեց ցանել Եվնիկեի գլխին, կրծքին և ստոլային, հետո ետ ձգեց տունիկան նրա ուսերից և ասաց.

— Երջանիկ է նա, ով սեր է գտել այսպիսի կատարյալ կերպարանքի մեջ... Երբեմն ինձ թվում է, թե աստվածներ ենք երկուսս էլ... նայիր ինքդ, արդյոք Պրաքսիտելը, արդյոք Միռոնը, արդյոք Սկոպասսը կամ Լիզիասը[269] ստեղծագործե՞լ են ավելի հրաշագեղ գծեր։ Արդյոք Պարոսի վրա կամ Պենտելիկոնում[270] գոյություն ունի՞ այսպիսի մի մարմարիոն՝ ջերմ, վարդագույն և սիրաբորբոք։ Կան մարդիկ, որոնք համբույրներով մաշում են ըմպանակների պռունկները, բայց ես գերադասում եմ որոնել զվարճությունն այնտեղ, ուր իսկ որ կարելի է այն գտնել։

Այս ասելով՝ նա սկսեց շրթունքները հպել նրա ուսերին և վզին, իսկ աղջկան դող էր բռնում, և նրա աչքերը մեկ ծածկվում էին, մեկ բացվում զվարճության անասելի արտահայտությամբ։ Պետրոնիոսը մի րոպե անց բարձրացրեց իր նրբակազմ գլուխը և դառնալով Վինիկիոսին՝ ասաց.

— Իսկ այժմ մտածիր, և եթե չես հասկանա զանազանությունը, գնա նրանց մոտ... Բայց այս տեսարանը քեզ կառողջացնի։

Վինիկիոսը լայնացրել էր ռունգերը, որոնցով թափանցում էր մանուշակների բույրը, որ լցված էր ամբողջ սենյակը, և գունատվեց։ Նա մտածեց, որ եթե կարողանար շրթունքներն այդպես հպել Լիգիայի ուսերին, դա մի սրբապիղծ զվարճություն կլիներ, այնպիսի մեծ զվարճություն, որից հետո թեկուզ քանդվեր աշխարհը։ Բայց ընտելացած լինելով արագ ըմբռնելու այն, ինչ որ կատարվում էր իր սրտում, նա նկատեց, որ և այս րոպեին իր միտքը միայն նրա՝ Լիգիայի հետ է։

Իսկ Պետրոնիոսն ասաց.

— Եվնիկե, հրամայի՛ր, աստվածային, մեզ համար պսակներ ու նախաճաշ պատրաստել։

Հետո, երբ կինը հեռացավ, նա դարձավ Վինիկիոսին.

— Ուզում էի ազատագրել սրան. իսկ սա գիտե՞ս ինձ ինչ պատասխանեց. «Ավելի լավ եմ համարում ստրկուհիդ լինել, քան թե Կեսարի կինը», և չէր կամենում համաձայնել։ Այն ժամանակ ես ազատագրեցի նրան իր կամքին հակառակ։ Պրետորն ինձ համար արեց այնպես, որ չպահանջեց նրա ներկայությունը։ Բայց Եվնիկեն չգիտե այդ մասին, ինչպես նաև չգիտե, որ այս տունը ու իմ բոլոր գոհարեղենները, բացի գեմմաներից, իմ մեռնելուց հետո կպատկանեն իրեն։

Այս ասելով նա վեր կացավ, անցուդարձ արեց սենյակի մեջ և ասաց.

— Սերը մեկին ավելի, մյուսին պակաս է փոխում, բայց ինձ էլ փոխեց։ Մի ժամանակ սիրում էի աղավնիճի հոտը. բայց որովհետև Եվնիկեն մանուշակ է սիրում, ես էլ ամենից ավելի այդ ծաղիկը սիրեցի և գարնան գալստից ի վեր միայն մանուշակի հոտն ենք ներշնչում։

Այստեղ նա կանգ առավ Վինիկիոսի առջև և հարցրեց.

— Իսկ դու շարունակո՞ւմ ես սիրել նարդոսը։

— Հանգի՛ստ թող ինձ,— պատասխանեց երիտասարդը։

— Ես ուզում էի, որ դու լավ նայեիր Եվնիկեին, և ասում եմ քեզ նրա մասին այն նպատակով, որ գուցե դու էլ հեռվում ես որոնում այն, ինչ որ մոտիկ է։ Գուցե և քեզ համար քո ստրկական կուբիկուլոններից որևէ մեկի մեջ բաբախում է մի հավատարիմ ու պարզ սիրտ։ Դիր այդպիսի բալասան վերքերիդ վրա։ Ասում ես, թե Լիգիան սիրում է քեզ։ Գուցե։ Բայց այդ ի՞նչ սեր է, որ ինքն իրեն դրժում է։ Արդյոք այդ չի՞ նշանակում, որ նրա մեջ կա մի բան, որ սիրուց էլ ուժեղ է։ Ոչ, սիրելիս, Լիգիան Եվնիկե չէ։

Այս խոսքերին Վինիկիոսը պատասխանեց.

— Ամեն բան տանջանք է միայն։ Տեսա, թե ինչպե՛ս համբուրում էիր Եվնիկեի ուսերը, և այն ժամանակ մտածեցի, որ եթե Լիգիան այդպես մերկացներ իր ուսերը, թող այնուհետև գետինը պատռվեր մեր ոտքերի տակ։ Բայց հենց այս մտքից սիրտս ասես նետ ծակեց, կարծես հանդգնեցի անարգել մի վեստալուհու, կամ մտադիր էի անպատվել աստվածությունը... Լիգիան Եվնիկե չէ, միայն թե ես ուրիշ կերպ եմ հասկանում տարբերությունը, քան թե դու։ Քո մեջ սերը փոխել է հոտառությունը, և դու գերադասում ես մանուշակը աղավնիճից. իսկ իմ մեջ փոխել է հոգին, և չնայելով իմ չարչարանքին ու տռփանքին, գերադասում եմ, որ Լիգիան լինի այնպես, ինչպես որ է, քան թե ուրիշների նման։

Պետրոնիոսը թափահարեց ուսերը.

— Եթե այդպես է, քեզ ոչ մի վատ բան չի պատահել։ Բայց ես այդ չեմ հասկանում։

Իսկ Վինիկիոսը պատասխանեց տաք֊տաք։

— Այո՛, այո՛... Մենք արդեն չենք կարող հասկանալ միմյանց։

Նորից լռություն տիրեց. ապա Պետրոնիոսն ասաց.

— Հադե՜սը կուլ տա քո քրիստոնյաներին։ Լցրին քեզ անհանգստությամբ և ոչնչացրին կյանքի իմաստը։ Հադե՜սը նրանց կուլ տա... Սխալվում ես կարծելով, թե դա բարերար վարդապետություն է. որովհետև բարերար է այն, ինչ որ մարդկանց բախտավորություն է տալիս, այն է՝ գեղեցկությունը, սերը և ուժը, իսկ նրանք այդ ամենը ունայնություն են անվանում։ Սխալվում ես, որ արդարադատ են, որովհետև եթե չարի փոխարեն բարի վճարելու լինենք, ի՞նչ պետք է վճարենք բարու փոխարեն։ Բացի դրանից եթե մեկի և մյուսի համար վարձատրությունը մեկ է, մարդիկ այլևս ինչո՞ւ պիտի բարի լինեն։

— Ո՛չ վարձատրությունը մեկ չէ, բայց սկսվում է, ըստ նրանց վարդապետության, ապագա կյանքում, որ ժամանակավոր չէ։

— Դրա մասին ես չեմ խոսում, այդ դեռ կտեսնենք. եթե միայն մի բան կարելի է տեսնել... առանց աչքերի։ Իսկ առայժմ դրանք ուղղակի ապիկարներ են։ Ուրսուսը խեղդեց Կրոտոնին, որովհետև երկաթե բազուկներ ունի. բայց դրանք միայն պոռոտախոսներ են, իսկ ապագան չի կարող պոռոտախոսներին պատկանել։

— Կյանքը նրանց համար սկսվում է իսկույն մահից հետո։

— Այդ միևնույն է, թե մեկը ասեր, թե ցերեկը սկսվում է իսկույն գիշերից հետո։ Մտադի՞ր ես հափշտակելու Լիգիային։

— Ո՛չ, չեմ կարող նրան բարու փոխարեն չարով վարձատրել և երդվել եմ, որ այդ չեմ անի։

— Մտադիր ես ընդունել քրիստոնեական ուսմո՞ւնքը։

— Ուզում եմ, բայց իմ բնույթն այդ չի տանում։

— Իսկ կարո՞ղ ես մոռանալ Լիգիային։

— Ոչ։

— Ուրեմն, ճանապարհորդի՛ր։

Ստրուկներն այդ րոպեին հայտնեցին, որ նախաճաշը պատրաստ է, բայց Պետրոնիոսը, որին թվաց, թե հաջողակ մտքի է ընկել, տրիկլինիոն անցնելու ժամանակ շարունակեց.

— Բավականին ճանապարհորդել ես, բայց միայն իբրև զինվորական, որ իր պաշտոնատեղին է շտապում և կանգ չի առնում ճանապարհին։ Եկ մեզ հետ Աքայա։ Կեսարը դեռ չի թողել ճանապարհորդելու միտքը։ Ճանապարհին ամեն տեղ հանգիստ կառնի, կերգի, պսակներ կհավաքի, տաճարներ կկողոպտի և վերջը հաղթանակով կվերադառնա Իտալիա։ Դա Բաքոսի և Ապոլլոնի երթի պես մի բան կլինի՝ միացած մի անձնավորության մեջ։ Ավգուստիաններ, ավգուստիանուհիներ, հազարավոր կիթառներ, Կաստորը վկա՜, արժե տեսնել, որովհետև մինչև այսօր աշխարհը դրա նման դեռ ոչինչ լի տեսել։

Այստեղ նա բազմեց գահավորակին, սեղանի մոտ, Եվնիկեի կողքին, և երբ ստրուկը նրա գլխին դնում էր հողմածաղկից հյուսած պսակը, շարունակեց.

— Ի՞նչ ես տեսել Կորբուլոնի ձեռքի տակ ծառայելիս։ Ոչինչ։ Արդյոք օրինավոր կերպով դիտե՞լ ես հունական տաճարներն այնպես, ինչպես ես, որ մոտ երկու տարի մի ուղեցույցի ձեռքից մյուսի ձեռքն եմ անցել։ Եղե՞լ ես Հռոդոսում՝ տեսնելու այն տեղը, ուր կանգնած է եղել Կոլոսը[271]։ Փովկիսի Պանոպեում տեսե՞լ ես այն կավը, որից Պրոմեթեոսը մարդիկ էր ծեփում[272], կամ Սպարտայում՝ այն ձվերը, որ Լեդան է ածել[273], կամ Աթենքում՝ այն հռչակավոր սարմատական լանջապանակը, որ ձիու պայտերից է շինված, կամ Եվրեայի վրա՝ Ագամեմնոնի նավը[274] կամ այն գավաթը, որին իբրև գաղափար է ծառայել Հելենայի ձախ ստինքը։ Տեսե՞լ ես Ալեքսանդրիան, Մեմֆիսը, բուրգերը։ Իսիդի մազը, որ նա պոկեց իր գլխից՝ Օսիրիսի կսկծից[275]։ Լսե՞լ ես Մեմնոնի հառաչանքները[276]։ Աշխարհն ընդարձակ է, և ամեն բան չի վերջանում Անդրտիբերիսում։ Ես կընկերակցեմ Կեսարին և հետո, երբ նա վերադառնալու լինի, կթողնեմ նրան և կերթամ Կիպրոս, որովհետև իմ ոսկեհեր աստվածուհին կամենում է, որ Պափոսում մենք միասին աղավնիներ մատուցենք Կիպրիդին. իսկ պիտի իմանաս, որ ինչ սա կամենում է, այնպես էլ լինելու է։

— Քո ստրուկն եմ,— ասաց Եվնիկեն։

Իսկ Պետրոնիոսը իր գլուխը դրեց նրա գոգին և ասաց ժպտալով.

— Ուրեմն ստրուկի ստրուկն եմ։ Զմայլվում եմ քեզնով, աստվածային, ոտից գլուխ։

Հետո դիմեց Վինիկիոսին.

— Եկ մեզ հետ Կիպրոս։ Բայց նախ և առաջ հիշիր, որ պետք է տեսնվես Կեսարի հետ։ Վատ է, որ մինչև այժմ նրա մոտ չես եղել։ Տիգելլինոսը պատրաստ է օգտվելու այս բանից՝ ի վնաս քեզ։ Ճիշտ է, նա քո դեմ անձնական ատելություն չունի։ Բայց չի կարող սիրել քեզ թեկուզ նրա համար, որ իմ քեռորդին ես... Կասենք, թե հիվանդ էիր։ Պետք է մտածենք, թե ի՞նչ ես պատասխանելու, եթե քեզ հարցնի Լիգիայի մասին։ Ամենից լավ է, ձեռքդ թափահարիր և ասա նրան, որ նա գոյություն ուներ, քանի որ քեզ չէր ձանձրացրել։ Նա այդ կհասկանա։ Նրան ասա նաև, թե հիվանդությունն է քեզ տանը պահել, թե տենդդ ավելացել է այն վշտից, որ չէիր կարող լինել Նեապոլում և լսել նրա երգեցողությունը և որ առողջանալուդ նպաստել է միայն այն հույսը, որ նրան կլսես։ Մի քաշվիր չափազանցելուց։ Տիգելլինոսը խոստանում է, որ Կեսարի համար կսարքի մի ինչ֊որ փառավոր, այլև կոպիտ բան, բայց վախենում եմ՝ չլինի թե տակս փորի։ Վախենում եմ նաև քո այդ տրամադրությունից։

— Արդյոք գիտե՞ս,— ասաց Վինիկիոսը,— որ կան մարդիկ, որոնք Կեսարից չեն վախենում և այնպես խաղաղ են ապրում, կարծես նա աշխարհիս երեսին չլինի։

— Գիտեմ ում ես ակնարկում. քրիստոնյաների՞ն։

— Այո, միմիայն նրանք... Իսկ մեր կյանքն ի՞նչ է, եթե ոչ շարունակ երկյուղ։

— Գլուխս տարար քո քրիստոնյաներով։ Չեն վախենում Կեսարից, որովհետև գուցե իրենց մասին նա նույնիսկ չի լսել և, համենայն դեպս, նրանց մասին ոչինչ չգիտե, և նրանք այնքան են հետաքրքրում նրան, որչափ թառամած տերևները։ Իսկ ե՛ս քեզ ասում եմ, որ նրանք ապիկարներ են, որ այդ ինքդ էլ զգում ես, և որ եթե քո բնությունը զզվում է նրանց վարդապետությունից, այդ հենց նրանիցն է, որ զգում ես նրանց ապիկարությունը։ Դու ուրիշ կավից ծեփված մարդ ես և այս պատճառով հանգիստ թող ինձ ու քեզ և ազատվիր նրանցից։ Մենք կարող ենք ապրել և մեռնել. իսկ նրանք ի՞նչ են կարող, այդ դեռ հայտնի չէ։

Վինիկիոսի ուշքը գրավեցին այս խոսքերը, և տուն վերադառնալուց սկսեց մտածել, որ գուցե, իսկ֊որ, քրիստոնյաների այդ բարությունն ու ողորմածությունը ցույց է տալիս նրանց հոգու անկարողությունը։ Նրան թվում էր, թե այն մարդիկ, որոնք ուժ ու քաջություն ունեն, ընդունակ չէին լինի այդպես ներելու։ Նրա մտքով անցավ, որ, իրոք, այդ կարող է լինել այն զզվանքի պատճառը, որ իր հռոմեական հոգին զգում էր դեպի նրանց վարդապետությունը։ «Մենք կարող ենք ապրել և մեռնել»,— ասաց Պետրոնիոսը։ Իսկ նրա՞նք։ Նրանք ընդունակ են միայն ներելու, բայց չգիտեն ո՛չ ճշմարիտ սեր, ո՛չ ճշմարիտ ատելություն։

ԳԼՈՒԽ Ը

Կեսարը, Հռոմ վերադառնալով, չարացած էր, որ վերադարձել է, և մի քանի օր անց նորից բորբոքվեց Աքայա գնալու փափագով։ Նա մինչև անգամ հրովարտակ գրեց, թե իր բացակայությունը երկար չի տևի, և որ հասարակական գործերն այս պատճառով որևէ վնասի չեն ենթարկվի։ Հետո ավգուստիանների ընկերակցությամբ, որոնց թվում գտնվում էր և Վինիկիոսը, ուղևորվեց Կապիտոլիոն։ Բայց մյուս օրը, երբ նա հերթով այցելեց Վեստայի մեհյանը, մի դեպք պատահեց, որ բոլոր մտադրությունները փոխելու պատճառ դարձավ։ Ներոնը չէր հավատում աստվածներին, բայց վախենում էր նրանցից, մանավանդ խորհրդավոր Վեստան նրան այնպիսի սարսափ էր ազդում, որ աստվածությունն ու նվիրական կրակը տեսնելու միջոցին նրա մազերը զարհուրանքից փշաքաղվեցին, ատամները սեղմվեցին, բոլոր անդամներով սարսուռ անցավ, և նա հենվեց Վինիկիոսի ձեռքին, որ պատահմամբ հենց կողքին էր։ Նրան իսկույն դուրս բերին մեհյանից և տեղափոխեցին Պալատիոն, ուր թեև շուտով բոլորովին ուշքի եկավ, սակայն ամբողջ օրը անկողինը չէր թողնում։ Նա հայտնեց, ի մեծ զարմանս ներկա եղողների, որ Աքայա գնալու միտքը վճռականորեն հետաձգում է, որովհետև աստվածությունն իրեն ծածուկ զգուշացրել է որևէ կերպ շտապելուց։ Մի ժամ անցած՝ արդեն հրապարակորեն հայտարարված էր ամբողջ Հռոմի ժողովրդին, որ Կեսարը, տեսնելով քաղաքացիների տխուր դեմքերը և սիրելով նրանց, որպես հայրն իր զավակներին, նրանց հետ է մնում՝ նրանց ուրախությունն ու վիշտը բաժանելու համար։ Խուժանը ուրախացած էր այս վճռից և միաժամանակ վստահ էր, որ խաղերն ու հացի բաշխումը իր ձեռքից չեն փախչի։ Մեծ բազմություն խռնվեց Պալատիոնի դարպասի առջև, աղաղակներ արձակելով ի պատիվ աստվածային Կեսարի, իսկ նա ընդմիջեց իր ոսկրախաղը, որով ժամանակ էր անցկացնում ավգուստիանների հետ, և ասաց.

— Այո, պետք էր հետաձգել։ Եգիպտոսն ու Արևելքի իշխանությունը, ինչպես նախագուշակված է, չի կարող ձեռքիցս գնալ, և Աքայան իմը կլինի։ Կհրամայեմ փորել կորնթական պարանոցը, իսկ Եգիպտոսում այնպիսի հիշատակարաններ կկառուցեմ, որոնց առջև բուրգերը մանկական խաղալիքներ կերևան։ Կհրամայեմ մի այնպիսի սֆինքս շինել, որ յոթ անգամ ավելի մեծ լինի այն սֆինքսից, որ Մեմֆիսի[277] մոտերքում նայում է անապատին, բայց կհրամայեմ, որ դեմքը իմ դեմքի նման լինի։ Ապագա դարերը կխոսեն միայն այդ հիշատակարանի և իմ մասին։

— Արդեն ոտանավորներովդ էլ ոչ թե յոթ, այլ երեք յոթ անգամ ավելի մեծ հիշատակարան ես կառուցել, քան Քեոփսի բուրգն[278] է,— ասաց Պետրոնիոսը։

— Իսկ երգեցողությա՞մբ,— հարցրեց Ներոնը։

— Ավա՜ղ, երանի՜ թե հնարավոր լիներ քեզ համար այնպիսի մի արձան կառուցել, ինչպիսին է Մեմնոնի արձանը, որ քո ձայնի նման ձայն արձակեր արևի ծագելու միջոցին։ Եգիպտոսին կից ծովերում հավիտենից հավիտյան նավեր կխռնվեին, որոնց վրայից երեք աշխարհամասերից եկած ժողովուրդները ականջ կդնեին քո երգին։

— Ավա՜ղ, ո՞վ կարող է այդ անել,— ասաց Ներոնը։

— Բայց կարող ես քանդակել տալ քո պատկերը՝ քվադրիգան կառավարելիս։

— Ճշմարիտ է, կանեմ այդ։

— Ընծայաբերություն արած կլինես մարդկությանը։

— Եգիպտոսում կպսակվեմ Լուսնյակի հետ, որ այրի է, և կլինիմ իսկական աստված։

— Եվ աստղերը մեզ կին կտաս, իսկ մենք կկազմենք նոր համաստեղություն, որ Ներոնի համաստեղություն կասվի։ Բայց Վիտելիոսին պսակիր Նեղոսի հետ, որպեսզի հիպոպոտամներ բազմացնի։ Տիգելլինոսին նվիրիր անապատը, այն ժամանակ չախկալների թագավոր կլինի։

— Իսկ ինձ ի՞նչ ես նշանակում,— հարցրեց Վատինիոսը։

— Ապիսը[279] օրհնի քեզ։ Բենեվենտոնում այնպիսի հոյակապ խաղեր սարքեցիր մեզ համար, որ չեմ կարող քեզ վատը ցանկանալ. երկու կոշիկ կարիր Սֆինքսի համար, որի թաթերը փայտանում են գիշերվա ցրտից, իսկ հետո ոտնամաններ կկարես՝ մեհյանների առջև ճեմելիք կազմող կոլոսների համար։ Ամեն մեկն այնտեղ համապատասխան պարապմունք կգտնի։ Դոմիտիոս Աֆերը[280] կդառնա գանձապահ, որպես իր ազնվությամբ հայտնի մի մարդ։ Սիրում եմ, Կեսար, երբ երազում ես Եգիպտոսի մասին, և տխրեցնում է ինձ, որ հետաձգեցիր գնալու մտադրությունդ։

Իսկ Ներոնն ասաց.

— Ձեր մահկանացու աչքերը չտեսան, որովհետև աստվածությունն անտեսանելի է դառնում նրա համար, ում համար որ ուզում է։ Իմացած եղեք, որ երբ Վեստայի մեհյանումն էի, նա ինքը կանգնեց իմ կողքին և ասաց իմ ականջին. «Հետաձգիր գնալդ»։ Այս այնպես անսպասելի կատարվեց, որ զարհուրեցի, թեև աստվածների այսպիսի ակներև հոգացողության համար պետք է շնորհապարտ լինեի։

— Բոլորս զարհուրեցինք,— ասաց Տիգելլինոսը։

— Իսկ Ռուբրիա վեստալուհին ուշաթափվեց։

— Ռուբրիան,— ասաց Ներոնը,— ինչպիսի՜ ձյունանման պարանոց ունի։

— Բայց քո նայվածքից կարմրում է, աստվածային Կեսար։

— Այո, ես էլ եմ նկատել։ Զարմանալի բան է։ Վեստալուհի՜։ Մի ինչ֊որ աստվածային բան կա ամեն մի վեստալուհու մեջ, իսկ Ռուբրիան սաստիկ գեղեցիկ է։

Նա մի րոպե մտածեց, հետո հարցրեց.

— Ասացեք ինձ, ինչո՞ւ մարդիկ Վեստայից ավելի են վախենում, քան ուրիշ աստվածներից։ Ի՞նչ գաղտնիք կա այստեղ։ Ահա հենց ինձ սարսափ տիրեց, թեև բարձրագույն քրմապետ եմ։ Հիշում եմ միայն, որ ընկնելու վրա էի և գետին կգլորվեի, եթե մեկն ինձ չպահեր։ Ո՞վ ինձ պահեց։

— Ես,— պատասխանեց Վինիկիոսը։

— Ահ, դու, «դաժան Արես»[281], ինչո՞ւ չէիր եկել Բենեվենտոն։ Ինձ ասացին, որ հիվանդ էիր, և, իրոք, դեմքդ փոխվել է։ Հա՜, լսել եմ, Կրոտոնը կամեցել էր սպանել քեզ։ Ճի՞շտ է։

— Այո, և թևս կոտրեց, բայց պաշտպանվեցի։

— Կոտրած թևո՞վ։

— Ինձ օգնեց մի բարբարոս, որ Կրոտոնից ուժեղ է։

Ներոնը զարմանքով նայեց նրան.

— Կրոտոնից ուժե՞ղ։ Հանաք չե՞ս անում։ Կրոտոնը բոլորից ուժեղ էր, իսկ այժմ ամենաուժեղն է եթովպացի Սիֆաքսը։

— Քեզ ասում եմ այն, Կեսար, ինչ֊որ իմ սեփական աչքով եմ տեսել։

— Ո՞ւր է այդ մարգարիտը։ Արդյոք նեմորենական արքա չի՞ դարձել։

— Չգիտեմ, Կեսար։ Աչքիցս կորցրի նրան։

— Չգիտե՞ս նույնիսկ ազգությունը։

— Թևս կոտրված էր, և չկարողացա ոչ մի բան իմանալ նրա մասին։

— Որոնիր նրան ինձ համար և գտիր։

Սրա վրա Տիգելլինոսն ասաց.

— Ես կզբաղվեմ դրանով։

Բայց Ներոնը շարունակեց դիմել Վինիկիոսին.

— Շնորհակալ եմ քեզնից, որ ինձ պահեցիր։ Կարող էի վայր ընկնել և գլուխս ջարդել։ Մի ժամանակ լավ ընկերակից էիր, բայց պատերազմից հետո և Կորբուլոնի ձեռքի տակ ծառայելուց ի վեր մի քիչ վայրենացել ես, և սակավ եմ տեսնում քեզ։

Հետո մի րոպե լռելով, ասաց.

— Ինչպե՞ս է այն աղջիկը... ազդրերը բարակ... որին սիրահարվել էիր և որին քեզ համար վերցրի Ավլոսների ձեռքից։

Վինիկիոսը շփոթվեց. բայց Պետրոնիոսն իսկույն նրան օգնության հասավ։

— Գրազ կգամ, տե՛ր,— ասաց նա,— որ մոռացել է։ Տեսնո՞ւմ ես սրա շփոթությունը։ Հարցրո՛ւ սրան այն մասին, թե այնուհետև քանի կին է ունեցել. գլուխս գրավ կդնեմ, որ այդ հարցին էլ չի կարողանա պատասխանել։ Վինիկիոսները լավ զինվորներ են, բայց առավել ևս լավ աքաղաղներ։ Մի ամբողջ երամ է սրանց հարկավոր։ Պատժիր սրան դրա համար, տեր, և մի հրավիրիր այն մեծարքին, որ քո պատվին խոստանում է սարքել Տիգելլինոսը Ագրիպպայի լճի[282] վրա։

— Ո՛չ, չեմ անի այդ։ Վստահ եմ Տիգելլինոսի համար, որ հենց այնտեղ երամը պակաս չի լինի։

— Կարո՞ղ են քարիտներ պակասել այնտեղ, որտեղ Ամորը լինի,— պատասխանեց Տիգելլինոսը։

Իսկ Ներոնն ասաց.

— Ձանձրույթը սիրտս մաշում է։ Աստվածուհու կամքով մնացի Հռոմում, բայց այս քաղաքը չեմ կարող տանել։ Կերթամ Անտիոն։ Խեղդվում եմ այս նեղ փողոցներում, այս փուլ եկող տների, այս զզվելի ուղիների մեջ։ Հոտած օդը մինչև այստեղ է հասնում՝ իմ տունն ու պարտեզները։ Ա՛հ, եթե երկրաշարժը ոչնչացներ Հռոմը, եթե որևէ բարկացած աստված գետնին հավասարեցներ սրան, այն ժամանակ ցույց կտայի ձեզ, թե ինչպես պիտի շինել մի քաղաք, որ աշխարհի գլուխն է և իմ մայրաքաղաքը։

— Կեսար,— պատասխանեց Տիգելլինոսը,— ասում ես՝ «եթե որևէ բարկացած աստված ոչնչացներ այս քաղաքը», այդպե՞ս է։

— Այո՛։ Ուրեմն ի՞նչ։

— Իսկ մի՞թե դու աստված չես։

Ներոնը ձանձրույթով ձեռքը շարժեց և հետո ասաց.

— Տեսնենք ի՞նչ ես պատրաստելու մեզ համար Ագրիպպայի լճի վրա։ Հետո կտեղափոխվենք Անտիոն։ Դուք բոլորդ փոքր եք, ուստի չեք հասկանում, որ ինձ հարկավոր են մեծ բաներ։

Նա ապա աչքերը փակեց՝ նշան տալով, թե հանգստանալու պետք ունի։ Եվ ավգուստիաններն սկսեցին ցրվել։ Պետրոնիոսը դուրս եկավ Վինիկիոսի հետ և ասաց նրան.

— Ուրեմն հրավիրված ես մասնակցելու մեծարքին։ Պղնձամորուսը հրաժարվել է ճանապարհորդությունից. բայց դրա փոխարեն ավելի գժություններ կանի, քան երբևիցե, և ինչ ուզենա կանի քաղաքում, ինչպես իր սեփական տանը։ Աշխատիր դու էլ այդ գժությունների մեջ զվարճություն ու մոռացություն գտնես։ Գրողը տանի, ամբողջ աշխարհին տիրել ենք և իրավունք ունենք զվարճանալու։ Դու, Մարկոս, շատ գեղեցիկ տղամարդ ես, և դրան եմ մասամբ վերագրում այն սերը, որ ունեմ քո նկատմամբ։ Դիանա Եփեսացին վկա՜. երանի թե դու կարողանայիր տեսնել քո միացած հոնքերը և քո դեմքը, որից երևում է քվիրիտների հին սերունդը։ Այն մնացածները քո առջև ազատագիրներ են երևում։ Այո՛։ Եթե այն վայրենի վարդապետությունը չլիներ, Լիգիան այսօր քո տանը կլիներ։ Դեռ փորձիր ապացուցել ինձ, որ նրանք կյանքի և մարդկանց թշնամիներ չեն... Քեզ հետ լավ են վարվել, ուստի կարող ես երախտապարտ լինել. բայց ես քո տեղը լինեի, կատեի այդ վարդապետությունը և զվարճություն կորոնեի այնտեղ, ուր այդ կարելի է գտնել։ Գեղեցիկ տղամարդ ես, կրկնում եմ քեզ, իսկ Հռոմը լի է մարդաթողներով։

— Զարմանում եմ միայն, որ այս բոլորը դեռ քեզ չի ձանձրացնում,— պատասխանեց Վինիկիոսը։

— Ո՞վ է այդ ասել քեզ։ Դա վաղուց ինձ ձանձրացնում է, բայց ես քո տարիքը չունեմ։ Ես վերջապես ունեմ ուրիշ սիրած բաներ, որ դու չունես։ Գրքեր եմ սիրում, որ դու չես սիրում. բանաստեղծություններ եմ սիրում, որ քեզ պախարակելի են երևում. անոթներ, գեմմաներ և բազմաթիվ այնպիսի բաներ եմ սիրում, որոնց վրա դու չես էլ նայում. մեջքացավ ունեմ, որ դու չես ունեցել. վերջապես ես գտել եմ Եվնիկեին, որ դու ոչ մի այդպիսի բան չես գտել... Ինձ համար լավ է տանը, գեղարվեստական առաջնակարգ ստեղծագործությունների շրջանում, իսկ քեզ երբեք գեղասեր չեմ շինի։ Ես գիտեմ, որ կյանքում այլևս ոչինչ չեմ գտնի, բացի այն բանից, ինչ որ գտել եմ. իսկ դու ինքդ չգիտես, որ շարունակ հույս ունես և որոնում ես։ Եթե գլխիդ վրա մահը կանգներ, դու, չնայելով քո ամբողջ քաջությանն ու բոլոր վշտերին, կմեռնեիր, զարմանալով, որ արդեն պետք է թողնել կյանքը. իսկ ես կընդունեի նրան իբրև մի անհրաժեշտություն՝ այն համոզմունքը սրտումս, որ աշխարհիս երեսին ոչ մի այնպիսի պտուղ չկա, որի համը տեսած չլինեմ։ Չեմ շտապում, բայց չեմ էլ հապաղի, միայն կաշխատեմ, որ մինչև վերջ կյանքս ուրախ լինի։ Աշխարհիս երեսին կան ուրախ թերահավատներ։ Ստոիկները ինձ համար հիմարներ են, բայց ստոիկյան փիլիսոփայությունը գոնե բնավորությունն է ամրացնում, իսկ քո քրիստոնյաներն աշխարհ են մտցնում տրտմություն, որ կյանքի մեջ նույնն է, ինչ որ բնության մեջ անձրևը։ Գիտե՞ս ինչ եմ իմացել։ Այն հանդեսի ժամանակ, որ Տիգելլինոսն է սարքում Ագրիպպայի լճի ափերին, կանգնած կլինեն լուպանարիոններ[283], իսկ նրանց մեջ հավաքված կլինեն Հռոմի առաջնակարգ տների կանայք։ Արդյոք չի՞ գտնվի գոնե մեկը, որ իր գեղեցկությամբ կարողանար ուրախացնել քեզ։ Կլինեն և օրիորդներ, որոնք կյանքի մեջ առաջին անգամ են աշխարհ դուրս գալիս... իբրև նիմֆաներ։ Այսպես է մեր հռոմեական կայսրությունը։ Արդեն տաք է. հարավային քամին կտաքացնի ջրերը և չի վնասի մերկ մարմինները։ Իսկ դու, Նարկիս, իմացած եղիր, որ չի գտնվի ոչ մեկը, որ քեզ դիմադրի, ոչ մեկը, թեկուզ վեստալուհի լինի նա։

Վինիկիոսն սկսեց ձեռքերով խփել գլխին, ինչպես մի մարդ, որ միշտ մի մտքով է տարված։

— Բախտ է պետք, որ այդպիսի մեկին հանդիպեմ։

— Իսկ ո՞վ է մեղավոր, եթե ոչ քրիստոնյաները։ Բայց մարդիկ, որոնց նշանն է խաչը, չեն կարող ուրիշ տեսակ լինել։ Լսիր ինձ. Հունաստանը գեղեցիկ էր և ստեղծեց աշխարհիս իմաստությունը. մենք ստեղծեցինք ուժը. իսկ ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է ստեղծել այդ վարդապետությունը։ Եթե գիտես, բացատրիր ինձ. Պոլլուքսը վկա, չեմ կարողանում հասկանալ։

Վինիկիոսը ուսերը շարժեց.

— Այնպես է թվում, կարծես վախենում ես, որ չլինի թե քրիստոնյա դառնամ։

— Վախենում եմ, չլինի թե կյանքդ փչացնես։ Եթե չես կարող Հունաստան լինել, եղիր Հռոմ, իշխիր և օգտվիր։ Մեր գժությունները որևէ իմաստ ունեն այն պատճառով, որ նրանց մեջ հենց այդպիսի մի միտք է ծածկված։ Պղնձամորուսին ատում եմ, որովհետև նա խեղկատակ հույն է։ Եթե նա իրեն հռոմեացի համարեր, կխոստովանեի նրան, որ արդարացի է, որ իրեն գժություններ է թույլ տալիս։ Խոստացիր ինձ, որ եթե այժմ տուն վերադառնալով, կպատահես որևէ քրիստոնյայի, լեզու ցույց կտաս նրան։ Եթե դա Գլավկոս բժիշկը լինի, մինչև անգամ չի զարմանա։ Մինչև տեսություն Ագրիպպայի լճի վրա։

ԳԼՈՒԽ Թ

Պրետորիանները շրջապատել էին Ագրիպպայի լճի ափերին բուսնող անտառները, որպեսզի չափազանց բազմաթիվ հանդիսականների ամբոխը չխանգարի Կեսարին ու նրա հյուրերին։ Առանց այդ էլ ասում էին, թե ինչ որ հարստությամբ, խելքով կամ գեղեցկությամբ աչքի ընկնող բան կար Հռոմում, պետք է ներկա լիներ այդ մեծարքին, որի հավասարը չէր եղել քաղաքի պատմության մեջ։ Տիգելլինոսը կամենում էր վարձատրել Կեսարին Աքայական ճանապարհորդությունը հետաձգելու համար և գերազանցել այն ամենքին, որոնք երբևիցե հյուրասիրել էին Ներոնին, և ցույց տալ նրան, որ ոչ ոք նրան այդպես զվարճացնել չի կարողանա։ Այս նպատակով դեռևս Կեսարի հետ Նեապոլում և հետո Բենեվենտոնում եղած ժամանակ պատրաստություններ էր տեսնում և հրամաններ էր արձակում, որ աշխարհի ամենահեռավոր ծայրերից անասուններ, թռչուններ, հազվագյուտ ձկներ և բույսեր բերվեն՝ չմոռանալով և անոթներն ու մանվածքները, որոնք պետք է վայելչացնեին մեծարքը։ Գավառների ամբողջ եկամուտը ծախսվում էր ցնորամիտ մտքերին գոհացում տալու համար, բայց ազդեցիկ պալատական սիրելին հարկ չուներ ուշադրություն դարձնել այս բանի վրա։ Նրա ազդեցությունը օրեցօր աճում էր։ Տիգելլինոսը գուցե դեռ ուրիշներից ավելի սիրելի չէր Ներոնի համար, բայց ավելի ու ավելի անհրաժեշտ մարդ էր դառնում։ Պետրոնիոսն անհամեմատ գերազանցում էր նրան արտաքին փայլով, խելքով, սրամտությամբ և խոսակցության ժամանակ ավելի լավ էր կարողանում զվարճացնել Կեսարին, բայց ի դժբախտություն իրեն, այդ բանի մեջ գերազանցում էր և Կեսարին ու այդպիսով գրգռում նրա նախանձը։ Նա չգիտեր նույնպես ամեն բանի մեջ հլու գործիք լինել, և Կեսարը վախենում էր նրա կարծիքից, երբ բանը գեղարվեստին և ճաշակին էր վերաբերում, իսկ Տիգելլինոսից նա երբեք չէր քաշվում։

Հենց «arbiter elegantiarum» անունը, որ տալիս էին Պետրոնիոսին, գրգռում էր Ներոնի ինքնասիրությունը. ո՞վ, եթե ոչ նա ինքը, պետք է այս անունը կրեր։ Տիգելլինոսը սակայն, այնքան խելք ուներ, որ հասկանում էր իր պակասությունները և, տեսնելով, որ չի կարող մրցել ո՛չ Պետրոնիոսի, ո՛չ Լուկանոսի հես, ո՛չ էլ ուրիշների հետ, որոնք աչքի էին ընկնում կամ ծագման, կամ տաղանդի, կամ գիտելիքի շնորհիվ, վճռել էր նրանց հաղթել իր քսու ծառայություններով ու նախ և առաջ այնպիսի շռայլությամբ, որ կապշեցներ նույնիսկ Ներոնին։

Տիգելլինոսը մեծարքը սարքել էր տվել հսկայական մի լաստի վրա, որ շինված էր ոսկեզօծ գերաններից։ Նրա ծայրերը զարդարված էին Կարմիր ծովի և Հնդկական օվկիանոսի ճոխ խեցիներով, որ ցոլում էին մարգարտի և ծիածանի գույներով։ Շուրջը ծածկված էր արմավենիների պուրակներով, լոտոսի անտառիկներով և բացված վարդի թփերով, որոնց մեջ կարծես թաքնվել էին անուշահոտություն ցայտող շատրվաններ, աստվածների արձաններ և ոսկե կամ արծաթե վանդակներ՝ բազմերանգ թռչուններով։ Մեջտեղում բարձրանում էր մի ահագին վրան, կամ ավելի ճիշտ՝ տեսարանը չծածկելու համար միայն ասորական ծիրանուց վրանի վերնածածկը, որն ամրացված էր արծաթե սյուների վրա, իսկ նրա տակ արևի պես փայլում էին հյուրերի համար պատրաստված սեղանները, որոնց վրա բարձված էին ալեքսանդրիական ապակեղեն, բյուրեղյա և ուղղակի անգին անոթներ, որ հափշտակված էին Իտալիայից, Հունաստանից և Փոքր Ասիայից։ Լաստը, որ իր վրա կուտակված բույսերով կղզու և պարտեզի տեսք ուներ, նավակների հետ միացած էր ոսկե թելից և ծիրանուց ոլորած ժապավեններով, որոնք ձկների, կարապների, ձկնկուլների և ֆլամինգոների ձևեր ունեին. այս նավակների մեջ գունավոր թիերի կոթերի մոտ նստած էին թիավարներ և թիավարուհիներ, մեկը մյուսից գեղեցիկ կազմվածքով ու դիմագծերով, մազերը գանգրացրած արևելյան եղանակով կամ հավաքած ոսկե ցանցիկների մեջ։ Երբ Ներոնը Պոպպեայի և ավգուստիանների հետ մտավ գլխավոր լաստը և նստեց ծիրանե ծածկի տակ, նավակները տեղից շարժվեցին, թիերն սկսեցին ջրին խփել, ձգվեցին ոսկե ժապավենները, և լաստը մեծարքի ու հյուրերի հետ միասին սկսեց շարժվել ու պտույտներ անել լճի վրայով։ Նրան շրջապատեցին ուրիշ նավակներ ու փոքրիկ լաստեր. այստեղ լի էին կիթառ ու տավիղ նվագող կանայք, որոնց վարդագույն մարմինները երկնքի ու ջրի կապույտ ֆոնի վրա, ոսկե գործիքների ցոլքերի մեջ, կարծես կլանում էին այս կապույտն ու այս ցոլքերը, փոփոխում էին գույները և ծաղկում ծաղիկների պես։

Ծովափի անտառներից, երևակայական շինություններից, որ ծածկված էին ծառերի խտության մեջ, երգի ու երաժշտության ձայներ էին լսվում։ Հնչեց շրջակայքը, հնչեցին անտառները, արձագանքը կրկնեց փողերի ու շեփորների ձայնը։ Ինքը Կեսարը, մի կողմից Պոպպեայի, իսկ մյուս կողմից Պիթագորասի[284] հարևանությամբ զարմանում էր շրջապատով, և մանավանդ երբ նավակների մեջ երևում էին երիտասարդ ստրուկ աղջիկներ՝ զարդարված սիրենաների պես, ծածկված կանաչ ցանցով, որ ձկան թեփուկի նման էր, և անխնա գովում էր Տիգելլինոսին։ Բայց իր սովորությամբ նա նայում էր Պետրոնիոսին՝ կամենալով իմանալ arbiter֊ի կարծիքը, իսկ սա երկար ժամանակ անտարբեր էր մնում, և երբ Ներոնը ուղղակի հարցրեց նրան, պատասխանեց.

— Կարծում եմ, տե՛ր, տասը հազար մերկացած աղջիկներ ավելի քիչ տպավորություն են թողնում, քան թե մեկը։

Սակայն Կեսարը հավանում էր «լողացող մեծարքը», որովհետև նոր բան էր։ Վերջապես՝ ըստ սովորականի այնպիսի ընտիր կերակուրներ էին մատուցվում, որ Ապիկիոսի[285] երևակայությունը ապշած կմնար նրանց տեսքից, և այնքան տեսակ գինիներ, որ Օթոնը, որ ութսուն տեսակ էր մատուցում, ամոթից ջրի տակ թաք կկենար, եթե միայն կարողանար տեսնել այս ճոխությունը։ Բացի կանանցից, սեղան էին նստած նաև միայն ավգուստիանները, որոնց մեջ Վինիկիոսը բոլորին մթնեցնում էր իր գեղեցկությամբ։ Մի ժամանակ նրա կազմվածքն ու դեմքը որոշակի ցույց էին տալիս նրա ի պաշտոնե զինվոր լինելը. այժմ ներքին հուզմանքներն ու ֆիզիկական ցավը, որ նոր էր կրել, այնպես սուր ու որոշ բնավորություն էին տվել նրա գծերին, կարծես նրանց վրայով վարպետ քանդակագործի վարժ ձեռք անցած լիներ։ Նրա մաշկը կորցրել էր նախկին թխությունը, բայց պահպանել էր նումիդիական մարմարիոնի ոսկեգույն փայլը։ Աչքերն ավելի մեծ ու թախծալի էին դարձել։ Միայն իրանն էր պահպանել նախկին ուժեղ, կարծես զրահի համար ստեղծված ձևերը, բայց լեգեոնականի այս իրանի վրա երևում էր հույն աստծու, կամ գոնե ազնվազարմ պատրիկի թե՛ նրբագիծ և թե՛ գեղանի գլուխը։ Պետրոնիոսը, որ ասում էր նրան, թե ոչ մի ավգուստիանուհի չի կարողանա և չի ուզենա ընդդիմանալ նրան, իբրև մի փորձված մարդ էր ասում։ Այժմ նրան նայում էին ամենքը, նույնիսկ Պոպպեան և վեստալուհի Ռուբրիան, որի մեծարքին ներկա գտնվելը կամեցել էր Կեսարը։

Լեռների ձյան մեջ սառեցրած գինիները շուտով բորբոքեցին հյուրերի սրտերն ու գլուխները։ Ծովափի խիտ անտառների միջից դուրս էին գալիս նոր ու նոր նավակներ, որ ծղրիդի ու տիկնիկի ձևեր ունեին։ Լճի կապույտ երեսը կարծես ծածկված լիներ ծաղիկների պսակաթերթերով կամ թիթեռնիկներով։ Նավակների վրայից այս ու այնտեղ էին թռչում արծաթե և կապույտ թելերով կամ ժապավեններով կապած աղավնիներ և Հնդկաստանից ու Աֆրիկայից բերած այլ թռչուններ։ Արևն արդեն կտրել էր երկնքի մեծ մասը, բայց օրը, թեև մեծարքը տեղի էր ունենում մայիսի սկզբներին, տաք էր և մինչև անգամ տոթ։ Լիճը ծփում էր թիակների հարվածներից, որոնք կրկնվում էին երաժշտության չափի թելադրանքով, բայց օդի մեջ ամենափոքր զով անգամ չէր փչում, և անտառները կանգնած էին անշարժ, կարծես ապշած լսելիս և նայելիս լինեին ջրի վրա կատարվող անցքերին։ Լաստը շարունակ շրջում էր լճի վրայով տանելով ավելի ու ավելի հարբող ու աղաղակող հյուրերին։ Դեռ խնջույքի կեսին էլ չէին հասել, երբ արդեն խախտվում էր այն կարգը, որով նստել էին խնջույքի սկզբում։ Ինքը Կեսարն օրինակ տվեց. նա վեր կացավ, Վինիկիոսին հրամայեց իրեն տեղ տալ (իսկ նա բազմած էր Ռուբրիայի կողքին) և, նրա տրիկլինիոնը[286] բռնելով, սկսեց ինչ֊որ բան շշնջալ վեստալուհու ականջին։ Վինիկիոսը գտնվեց Պոպպեայի մոտ, որը քիչ անց նրան մեկնեց ձեռքը, որպեսզի նա կապի իր բացված ապարանջանը, և երբ երիտասարդը կապեց փոքր, դողդոջուն մատներով, նա իր երկար արտևանունքների տակից նրա վրա ամոթխած մի հայացք ձգեց և, կարծես հանդիմանելով, շարժեց իր ոսկեհեր գլուխը։ Այս միջոցին արևն ավելի մեծ, ավելի կարմիր էր դարձել և կամաց գլորվում էր անտառների գագաթների հետևը, հյուրերի մեծ մասը բոլորովին հարբած էր։ Լաստը պտտվում էր ափերին շատ մոտիկ, ուր ծառերի և ծաղիկների միջից երևում էին ֆավների կամ սատիրների պես հագնված մարդկանց խմբեր, որոնք ֆլեյտա, սրինգ և թմբուկ էին նվագում. երևում էին և աղջիկների խմբեր, որ նիմֆաներ, դրիադներ, համադրիադներ[287] էին ներկայացնում։ Վերջապես մութը կոխեց, իսկ վրանի տակից լսվեցին հարբած աղաղակներ ի պատիվ Լուսնյակի. այս միջոցին անտառները լուսավորվեցին հազարավոր լապտերներով։ Ափին կանգնեցրած լուպանարիոններից դուրս թափվեցին լույսի փնջեր, տերասների վրա երևացին մերկ մարդկանց նոր խմբեր, որոնք հռոմեական առաջնակարգ տների կանանցից ու աղջիկներից էին։ Սրանք գոչյուններով ու սանձարձակ շարժումներով սկսեցին կանչել հյուրերին։ Լաստը վերջապես ափ հասավ, Կեսարը և ավգուստիանները դուրս թռան անտառները. ցրվեցին լուպանարիոններում, խտության մեջ ծածկված վրաններում, շատրվանների և աղբյուրների մեջ շինված արհեստական քարայրներում։ Բոլորն էլ խելքները կորցրին, ոչ ոք չգիտեր, թե ո՛ւր է կորել Կեսարը, ո՛վ է սենատոր, ո՛վ է ասպետ, ո՛վ է կաքավիչ կամ նվագածու։ Սատիրները և ֆավները սկսեցին հալածել նիմֆաներին։ Տիրսերով խփում էին լապտերներին, որպեսզի հանգչեն։ Անտառների մի քանի տեղերում մթություն տիրեց։ Բայց ամեն տեղ լսելի էին բարձր աղաղակներ, մեկ՝ ծիծաղ, մեկ՝ շշունջ, մեկ էլ մարդկային կրծքերի զսպված շնչառություն։ Իրոք, Հռոմը մինչև այդ նման բան չէր տեսել։

Վինիկիոսը հարբած չէր, ինչպես Կեսարի պալատում էր, այն մեծարքին, որին ներկա էր և Լիգիան. բայց նրան էլ շլացրեց ու արբեցրեց այն ամենը, ինչ կատարվում էր, և վերջը նրան էլ տիրեց զվարճության տենչը։ Դուրս ցատկելով անտառ նա ուրիշների հետ միասին վազվզում էր, զննելով՝ դրիադներից ո՞րն իրեն ամենից սիրուն կերևա։ Ամեն րոպե երգելով ու աղաղակելով՝ նրա մոտից թռչում անցնում էին նրանց նորանոր երամները, որոնց, սակայն, հալածում էին ֆավները, սատիրները, սենատորները, ասպետները և երաժշտության ձայները։ Վերջապես, տեսնելով աղջիկների մի խումբ, որին առաջնորդում էր Դիանայի պես զարդարված մեկը, նա մոտ ցատկեց՝ կամենալով մոտիկից նայել աստվածուհուն, և հանկարծ նրա սիրտը մեռավ կրծքի տակ։ Նրան թվաց, որ լուսնյակը գլխին աստվածուհին նման է Լիգիային։

Իսկ աղջիկները մոլեգնած պարով շրջապատեցին նրան և մի վայրկյանից, երևի կամենալով դրդել նրան իրենց հետևից ընկնելու, ցրվեցին այծյամների երամի պես։ Բայց նա մնաց տեղում՝ բաբախող սրտով, շունչը կտրած, որովհետև թեև նկատեց, որ Դիանան Լիգիան չէ և փոքր իսկ նրան չէր նմանում, չափազանց սաստիկ հուզմունքը սպառեց իր ուժերը։ Հանկարծ նրան տիրեց Լիգիայի կարոտը՝ մի այնպիսի անսահման կարոտ, որպիսին կյանքի մեջ երբեք չէր զգացել, և աղջկա սերը պատեց նրա սիրտը նոր, ուժգին ալիքով։ Երբեք Լիգիան ավելի թանկագին, ավելի մաքուր ու ավելի սիրված չէր երևացել նրան, քան մոլեգնության ու վայրենի անառակության այս անտառի մեջ։ Մի րոպե առաջ ինքն էր կամենում այդ բաժակից խմել և մասնակցել այդ սանձարձակ ու անպատկառ հեշտանքին, իսկ այժմ ցնցվեց զզվանքից ու զազրությունից։ Նա զգաց, որ գարշանքը խեղդում է իրեն, որ կուրծքը մաքուր օդ է պահանջում, իսկ աչքերը՝ այս սարսափելի անտառի խիտ ծառերով չծածկված աստղեր, ու վճռեց փախչել։ Բայց նոր էր շարժվել, երբ նրա առջև կանգնեց մի կերպարանք, որի գլուխը պատած էր քողով. այս կինը ձեռները նրա ուսերին հենելով՝ սկսեց շշնջալ, ջերմ շնչով այրելով նրա դեմքը.

— Սիրում եմ քեզ... Եկ... Ոչ ոք մեզ չի տեսնի, շտապիր։

Վինիկիոսը սթափվեց կարծես քնից.

— Ո՞վ ես դու։

Իսկ նա կպավ նրան իր կրծքով, սկսեց ստիպել.

— Շտապի՛ր։ Տե՛ս, ինչպե՛ս դատարկ է այստեղ, իսկ ես քեզ սիրում եմ։ Ե՛կ։

— Ո՞վ ես դու,— կրկնեց Վինիկիոսը։

— Իմացի՛ր։

Այս ասելով՝ նա քողի տակից հպեց իր շրթունքները նրա շրթունքներին, միաժամանակ դեպի ինքը քաշելով նրա գլուխը, մինչև որ վերջապես, երբ շունչը պակսեց, երեսը հեռացրեց նրանից։

— Սիրո՛ գիշեր... մոռացության գիշեր,— ասում էր նա, արագությամբ օդ ծծելով։— Այսօր կարելի է... Ես քոնն եմ։

Բայց Վինիկիոսին այրեց այդ համբույրը և նորից լցրեց զզվանքով։ Նրա սիրտն ու հոգին ուրիշ տեղ էին, և ամբողջ աշխարհի երեսին նրա համար ոչ ոք գոյություն չուներ, բացի Լիգիայից։

Ուստի ձեռքով հեռացնելով փաթաթված կերպարանքը՝ նա ասաց.

— Ով էլ որ լինես, ես ուրիշին եմ սիրում և քեզ չեմ ուզում։

Իսկ կինը գլուխը թեքեց նրա կողմը.

— Բարձրացրու քողս։

Բայց այդ վայրկյանին սոսափեցին մերձավոր մրտենիների տերևները, կերպարանքն անհետացավ տեսիլքի պես, միայն հեռվից լսելի եղավ նրա տարօրինակ ու չարագուշակ ծիծաղը։

Պետրոնիոսն էր կանգնած Վինիկիոսի առջև։

— Լսեցի և տեսա,— ասաց նա։

Իսկ Վինիկիոսը պատասխանեց.

— Գնանք այստեղից։

Եվ գնացին։ Անցան լույսով վառվող լուպանարիոնները, անտառը, հեծյալ պրետորիանների շղթան և գտան իրենց դեսպակները։

— Կմտնեմ քո դեսպակը,— ասաց Պետրոնիոսը։

Եվ նստեցին միասին։ Բայց ճանապարհին երկուսն էլ լուռ էին։

Միայն երբ արդեն գտնվում էին Վինիկիոսի տան ատրիոնում, Պետրոնիոսն ասաց.

— Գիտե՞ս ով էր։

— Ռուբրիա՞ն,— հարցրեց Վինիկիոսը և զարհուրեց այն մտքից, որ Ռուբրիան վեստալուհի էր։

— Ոչ։

— Ուրեմն ո՞վ։

Պետրոնիոսն իջեցրեց ձայնը.

— Վեստայի կրակը սրբապղծված է, որովհետև Ռուբրիան Կեսարի հետ էր։ Իսկ քեզ հետ խոսում էր...

Այստեղ նա վերջացրեց ավելի ցածր ձայնով.

— Diva Augusta֊ն[288]։

Մի րոպե լռություն տիրեց։

— Կեսարը,— ասաց Պետրոնիոսը,— չկարողացավ թաքցնել նրանից իր տռփանքը Ռուբրիայի նկատմամբ։ Ուստի Պոպպեան գուցե կամենում էր վրեժխնդիր լինել. իսկ ես խանգարեցի ձեզ նրա համար, որ, եթե ճանաչելով Ավգուստային, մերժեիր նրան, առանց փրկվելու հույսի կորած էինք՝ դու, Լիգիան, գուցե և ես։

Բայց Վինիկիոսը բռնկվեց.

— Կոկորդս է հասել Հռոմը, Կեսարը, մեծարքը, Ավգուստան, Տիգելլինոսը և դուք բոլորդ։ Խեղդվում եմ, չեմ կարող այստեղ ապրել, չեմ կարող։ Հասկանո՞ւմ ես։

— Գլուխդ, դատողությունդ, չափը կորցնո՜ւմ ես... Վինիկիոս...

— Սիրում եմ աշխարհիս երեսին միայն նրան։

— Ուրեմն ի՞նչ։

— Ուրեմն ոչ մի ուրիշ սեր չեմ ուզում, չեմ ուզում ձեր կյանքը, ձեր մեծարքները, ձեր անամոթությունը և ձեր ոճիրները։

— Ի՞նչ է կատարվում քեզ հետ։ Արդյոք քրիստոնյա՞ ես։

Իսկ երիտասարդը ձեռքերով բռնեց գլուխը և սկսեց կրկնել հուսահատությամբ.

— Դեռ ո՛չ, դեռ ո՛չ։

ԳԼՈՒԽ Ժ

Պետրոնիոսը տուն վերադարձավ՝ ուսերը թափահարելով և սաստիկ անբավական։ Այժմ նա էլ նկատեց, որ Վինիկիոսն ու ինքը դադարել են միմյանց հասկանալուց, և որ իրենց հոգիները միմյանցից հեռացել են։ Մի ժամանակ Պետրոնիոսն ահագին ազդեցություն ուներ երիտասարդ զինվորականի վրա։ Ամեն բանի մեջ նրա համար օրինակ էր, և հաճախ մի քանի հեգնական խոսք բավական էր իր կողմից՝ Վինիկիոսին որևէ բանից ետ կանգնեցնելու կամ որևէ բանի դրդելու համար։ Այժմ այս բոլորից ոչինչ չէր մնացել, այն աստիճան, որ Պետրոնիոսը մինչև անգամ չէր փորձում նախկին միջոցները, զգալով, որ իր սրամտությունն ու հեգնությունն առանց որևէ հետևանքի կսահեն այն նոր զրահի վրայով, որ Վինիկիոսի հոգու վրա դրել էր սերն ու քրիստոնեական անհասկանալի աշխարհի հանդիպումը։ Փորձված թերահավատը հասկացավ, որ կորցրել է նրա հոգու բանալին։ Սա նրա սիրտը լցնում էր անբավականությամբ և մինչև անգամ երկյուղով, որ ավելի ուժեղացել էր այդ գիշերվա դեպքերից։ «Եթե դա Ավգուստայի կողմից մի անցնող ցանկություն չէ, եթե ավելի տևողական մի կիրք է,— մտածում էր Պետրոնիոսը,— ուրեմն երկուսից մեկը կլինի՝ կամ Վինիկիոսը նրան չի ընդդիմանա և կարող է որևէ պատահմունքից կորչել, կամ թե, որ այժմ սպասելի է նրանից, կընդդիմանա, և այս դեպքում, անշուշտ, կորած է, գուցե նրա հետ և ես, թեկուզ նրա համար, որ նրա ազգականն եմ, և որ Ավգուստան, դժկամություն զգալով իմ ամբողջ գերդաստանի նկատմամբ, իր ազդեցության կշիռը կթեքի Տիգելլինոսի կողմը»։ Թե այսպես, թե այնպես՝ վատ էր։ Պետրոնիոսը քաջասիրտ մարդ էր և մահից չէր վախենում, բայց, նրանից ոչինչ չսպասելով, չէր էլ կամենում շտապեցնել այն։ Երկար մտածելուց հետո վերջապես նա վճռեց, որ ամենալավն ու ամենաապահովը կլինի Վինիկիոսին հեռացնել Հռոմից՝ ճանապարհորդելու։ Ահ, եթե կարողանար նրան իբրև ճանապարհի ընկեր տալ Լիգիային, ուրախությամբ կաներ այդ։ Բայց և այնպես հույս ուներ, որ իր համար չափազանց դժվար չի լինի համոզել Վինիկիոսին։ Այն ժամանակ Պալատիոնում լուր կտարածեր Վինիկիոսի հիվանդության մասին և կհեռացներ վտանգը միաժամանակ թե՛ նրանից և թե՛ իրենից։ Ավգուստան վերջապես չգիտեր, թե, արդյոք, Վինիկիոսը ճանաչե՞լ է իրեն. կարող էր ենթադրել, թե ոչ. ուրեմն նրա ինքնասիրությունը դեռ շատ չէր վիրավորված։ Բայց ապագայում ուրիշ կերպ կարող էր լինել, և պետք էր նախ և առաջ ժամանակ շահել, որովհետև գիտեր, որ հենց որ Կեսարը ճանապարհ ընկնի Աքայա, այն ժամանակ Տիգելլինոսը, որ ոչինչ չէր հասկանում գեղարվեստից, ետ կմնա և կկորցնի իր ազդեցությունը։ Հունաստանում Պետրոնիոսը վստահ էր, որ կհաղթի բոլոր ախոյաններին։

Մինչ այս՝ վճռեց հսկել Վինիկիոսի վրա և նրան ճանապարհորդելու դրդել։ Մի քանի օր նա մինչև անգամ մտածում էր, որ եթե հաջողեցնի, որ Կեսարը քրիստոնյաներին Հռոմից վռնդող մի հրովարտակ հանի, Լիգիան քաղաքը կթողնի Քրիստոսի ուրիշ հետևորդների հետ միասին, իսկ նրան կհետևի նաև Վինիկիոսը։ Այն ժամանակ հարկ չի լինի համոզել նրան։ Իսկապես այս կարելի բան էր։ Չէ՞ որ շատ ժամանակ չէր անցել, որ երբ հրեաները, ատելով քրիստոնյաներին, խռովություններ էին սկսել, Կլավդիոս կեսարը, չկարողանալով մեկին մյուսից զանազանել, դուրս վռնդեց հրեաներին։ Ուրեմն՝ Ներոնն ինչո՞ւ չպիտի վռնդի քրիստոնյաներին։ Հռոմում ավելի արձակ կլիներ։ Պետրոնիոսն այդ «լողացող մեծարքից» հետո ամեն օր տեսնվում էր Ներոնի հետ թե՛ Պալատիոնում և թե՛ ուրիշ տներում։ Այսպիսի մի միտք նրան թելադրել հեշտ էր. որովհետև Կեսարը երբեք չէր դիմադրում այն թելադրանքներին, որոնք մեկին կորուստ կամ վնաս էին պատճառում։ Երկար ու բարակ մտածելուց հետո Պետրոնիոսը մի ամբողջ ծրագիր կազմեց։ Ինքն իր տանը մեծարք կսարքի և այստեղ կհոժարեցնի Կեսարին հրովարտակը ստորագրելու։ Նա մինչև անգամ հիմնավոր հույս ուներ, որ Կեսարն իրեն կհանձնի դրա կատարումը։ Այն ժամանակ, նախատեսելով Վինիկիոսի սիրուհուն վայել բոլոր հանգամանքները, դուրս կուղարկի Լիգիային։ Թող նրանք այնտեղ իրար սիրեն և քրիստոնեություն խաղան, որքան կամենում են։

Այս միջոցին նա հաճախ այցելում էր Վինիկիոսին, մեկ նրա համար, որ, չնայելով իր ամբողջ հռոմեական եսասիրությանը, չէր կարող սրտից հանել սերը, և ապա՝ որպեսզի նրան դրդի ճանապարհորդելու։ Վինիկիոսը հիվանդ էր ձևանում և չէր երևում Պալատիոնում, ուր ամեն օր նորանոր ծրագրեր էին ծագում։ Մի օր, վերջապես, Պետրոնիոսը իր՝ Կեսարի բերանից լսեց, որ հաստատապես երեք օրից հետո Անտիոն է գնալու, և մյուս օրն ևեթ գնաց այդ հաղորդելու Վինիկիոսին։

Բայց Վինիկիոսը ցույց տվեց նրան Անտիոն հրավիրվածների ցուցակը, որ վաղ առավոտյան իր մոտ բերել էր Կեսարի ազատագիրը։

— Այստեղ և իմ անունս կա,— ասաց նա,— կա և քոնը։ Վերադառնալով՝ այսպիսի մի ցուցակ կգտնես և քո տանը։

— Եթե ես հրավիրվածների թվում չլինեի,— պատասխանեց Պետրոնիոսը,— այդ կնշանակեր, որ պիտի մեռնեմ, իսկ ես դեռ հույս չունեմ, որ այդ կլինի Աքայա գնալուց առաջ։ Այնտեղ Ներոնին չափազանց հարկավոր կլինեմ։

Հետո ցուցակը զննելով ասաց.

— Նոր ենք Հռոմ եկել և նորից պետք է տներս թողնենք ու քարշ գանք Անտիոն։ Բայց պետք է. սա ոչ միայն հրավեր է, այլև հրաման։

— Իսկ եթե մեկը չհնազանդվի՞։

— Կստանա ուրիշ տեսակ հրավեր, որ անհամեմատ ավելի երկար ճանապարհ ընկնի, այնպիսի մի ճանապարհ, որից չեն վերադառնում։ Ափսոս, որ իմ խորհրդին չլսեցիր և ճանապարհ չընկար, քանի որ ժամանակ կար։ Այժմ պետք է Անտիոն գնաս։

— Այժմ պե՜տք է Անտիոն գնամ... Տես թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում և որպիսի ստորաքարշ ստրուկներ ենք։

— Մի՞թե այդ միայն այսօր նկատեցիր։

— Ո՛չ։ Բայց գիտե՞ս, դու ինձ ապացուցում էիր, թե քրիստոնեական ուսմունքը կյանքի թշնամի է, որովհետև նրա վրա սանձեր է դնում։ Բայց մի՞թե այդ սանձերն ավելի ուժեղ կարող են լինել, քան թե այն, որ կրում ենք։ Դու ասում էիր՝ Հունաստանը իմաստություն ու գեղեցկություն է ստեղծել, իսկ Հռոմը՝ ուժ։ Ո՞ւր է մեր ուժը։

— Քիլոնին քեզ մոտ կանչիր։ Այսօր փիլիսոփայություն անելու ոչ մի ցանկություն չունեմ։ Հերակլեսը վկա՛, ես չեմ այս ժամանակների ստեղծողը և ես չեմ պատասխանատուն։ Խոսենք Անտիոնի մասին։ Իմացած եղիր, որ քեզ մեծ վտանգ է սպասում այնտեղ և որ գուցե քեզ համար ավելի լավ կլիներ կպչել այն Ուրսուսի հետ, որ տրորել է Կրոտոնին, քան թե այնտեղ գնալ. սակայն չես կարող չգնալ։

Վինիկիոսը ձեռքն անհոգ թափ տվեց և ասաց.

— Վտա՜նգ։ Բոլորս խարխափում ենք մահվան խավարի մեջ և ամեն րոպե որևէ գլուխ է խորասուզվում այդ խավարը։

— Արդյոք պե՞տք է քեզ մեկ֊մեկ թվեմ այն ամենքին, որոնք մի կտոր խելք ունեին և այդ պատճառով, չնայելով Տիրերի, Կալիգուլայի, Կլավդիոսի և Ներոնի ժամանակներին, հասել են ութսուն կամ իննսուն տարեկան հասակին։ Թող քեզ օրինակ ծառայի թեկուզ միայն մի որևէ Դոմիտիոս Աֆեր։ Նա հանգիստ պառավել է, թեև իր ամբողջ կյանքում եղել է ավազակի ու անզգամի մեկը։

— Գուցե դրա համար, գուցե հենց դրա համար,— պատասխանեց Վինիկիոսը։

Ապա նա սկսեց ցուցակը թերթել և ասաց.

— Տիգելլինոս, Վատինիոս, Սեքստոս Աֆրիկանոս, Աքվիլիոս Ռեգուլոս, Սվիլիոս Ներուլինոս, Եպրիոս Մարկելլոս և այլն, և այլն. անպիտանների և անզգամների որպիսի՜ ժողովածու... Եվ տե՛ս՝ սրանք են աշխարհի կառավարիչնե՛րը... Սրանց ավելի լավ չէ՞ր սազի, եթե քաղաքեքաղաք որևէ եգիպտական կամ ասորական աստվածություն շրջել տային, սիստրա հնչեցնեին և հմայելով կամ թռչկոտելով մի կտոր հաց վաստակեին։

— Կամ վարժված կապիկներ ցույց տային, հաշիվ անող շներ կամ սրինգ ածող էշ,— ավելացրեց Պետրոնիոսը,— այս բոլորը ճիշտ է, բայց խոսենք ավելի կարևոր պարագայի մասին։ Ուշքդ հավաքիր և լսիր ինձ։ Պալատիոնում ասել եմ, թե հիվանդ ես և տունդ թողնել չես կարող, և, այնուամենայնիվ, քո անունը ցուցակի մեջ է, դա ապացույց է, որ մեկը իմ ասածներին չի հավատացել և դիտմամբ աշխատել է հրավիրել քեզ։ Ներոնն այստեղ ոչ մի շահ չուներ, որովհետև նրա համար մի զինվորական ես, որի հետ կարելի է միայն կրկեսի ձիարշավների մասին խոսել, և որը բանաստեղծությունից ու երաժշտությունից ոչ մի գաղափար չունի։ Ուրեմն քո անունն աշխատել է մտցնել, իհարկե, Պոպպեան, և դա նշանակում է, որ նրա կիրքը անցողական ցանկություն չէր, այլ որ քեզ տիրել է կամենում։

— Ա՜յ թե համարձակ Ավգուստա է։

— Իրոք որ համարձակ, որովհետև կարող է բոլորովին կորցնել իրեն։ Եվ երանի թե Վենուսը որչափ կարելի է շուտ ուրիշ սերով ներգործի նրա վրա։ Բայց քանի որ քեզ է ցանկանում, պետք է որչափ կարելի է մեծ զգուշություն բանեցնես։ Պղնձամորուսի համար նա արդեն սկսել է տաղտկալի դառնալ. այժմ Ռուբրիային կամ Պիթագորասին է ցանկանում, բայց հենց իր ինքնասիրության համար ձեզնից ամենասաստիկ վրեժ կառներ։

— Անտառում չգիտեի, որ նա է ինձ հետ խոսողը. բայց չէ՞ որ ականջ էիր դնում, և գիտես ինչ պատասխանեցի նրան՝ որ ուրիշին եմ սիրում և որ նրան չեմ կամենում։

— Իսկ ես քեզ երդվեցնում եմ բոլոր ստորերկրյա աստվածներով՝ մի կորցրու խելքի այն մնացորդը, որ քո մեջ թողել են քրիստոնյաները։ Ինչպե՞ս կարելի է տատանվել, երբ ստիպված ես հավանական կամ հաստատ կորուստն ընտրելու։ Արդյոք չե՞մ ասել քեզ, որ եթե Ավգուստայի ինքնասիրությունը վիրավորես, այլևս չես փրկվի։ Հադեսը վկա՜. եթե կյանքը քեզ զզվեցրել է, ավելի լավ է իսկույն երակներդ բաց արա, կամ սրի վրա ընկիր. որովհետև եթե Պոպպեային վիրավորես, քեզ պակաս թեթև մահ չի կարող պատահել։ Մի ժամանակ ավելի ախորժելի էր քեզ հետ խոսել։ Ի՞նչ ես իսկապես ուզում։ Ի՞նչդ է պակասելու. դա քեզ կխանգարի՞ սիրել Լիգիային։ Հիշիր նաև, որ Պոպպեան տեսել է նրան Պալատիոնում և որ նրա համար դժվար չի լինի հասկանալ, թե ո՞ւմ համար ես այդչափ բարձր շնորհը մերժում։ Եվ այն ժամանակ կգտնի նրան, թեկուզ գետնի տակից։ Կկորցնես ոչ միայն քեզ, այլև Լիգիային. հասկանո՞ւմ ես։

Վինիկիոսը լսում էր, կարծես մեկ ուրիշ բանի մասին մտածելով, և վերջապես ասաց.

— Ես պետք է տեսնեմ նրան։

— Ո՞ւմ, Լիգիայի՞ն։

— Լիգիային։

— Գիտե՞ս որտեղ է նա։

— Ո՛չ։

— Ուրեմն կսկսե՞ս որոնել նրան հին֊հին գերեզմանատներում և Անդրտիբերիսում։

— Չգիտեմ, բայց պետք է տեսնեմ նրան։

— Շա՛տ բարի։ Թեև քրիստոնեուհի է, գուցե ցույց տա, որ քեզնից խելոք է, և, անտարակույս, այդպես կլինի, եթե չի ուզում քո կորուստը։

Վինիկիոսն ուսերը շարժեց.

— Նա ինձ ազատեց Ուրսուսի ձեռքից։

— Ուրեմն շտապի՛ր, որովհետև Պղնձամորուսը չի ուշացնի ուղևորությունը։ Մահվան վճիռներ կարող է արձակել և Անտիոնից։

Բայց Վինիկիոսը չէր լսում։ Նրան զբաղեցնում էր միայն մի միտք՝ Լիգիայի հետ տեսնվելու միտքը. ուստի սկսեց մտածել միջոցների մասին։

Այդ ժամանակ մի բան եղավ, որ կարող էր վերացնել բոլոր դժվարությունները։ Մյուս օրը նրա մոտ եկավ Քիլոնը։

Եկավ խեղճացած և պատառոտված, քաղցի նշանները դեմքին և գզգզված ցնցոտիներով, բայց ծառաները, որոնք առաջ հրաման էին ստացել ցերեկվա և գիշերվա ամեն ժամի ներս թողնել նրան, չհամարձակվեցին պահել նրան, այնպես որ նա ուղղակի ատրիոն մտավ և, կանգնելով Վինիկիոսի առջև, ասաց.

— Աստվածները քեզ անմահություն տան և բաժանեն քեզ հետ աշխարհի տիրապետությունը։

Վինիկիոսն առաջին պահ ցանկություն ունեցավ հրամայելու, որ նրան դուրս շպրտեն։ Բայց նրա մտքով անցավ, որ հույնը գուցե մի բան գիտե Լիգիայի մասին, և հետաքրքրությունը հաղթեց զզվանքին։

— Այդ դո՞ւ ես,— հարցրեց,— ինչպե՞ս ես։

— Վատ, Յուպիտերի որդի՛,— պատասխանեց Քիլոնը։— Ճշմարիտ առաքինությունը մի ապրանք է, որ այժմ ոչ ոք չի պահանջում, և ճշմարիտ իմաստունը պետք է գոհ լինի և նրանով, որ հինգ օրը մեկ անգամ է կարողանում ոչխարի գլուխ գնել մսավաճառից և իր նկուղում կրծոտել՝ վրան արտասուքներ խմելով։ Ա՜հ, տե՛ր, բոլորը, ինչ որ ինձ տվեցիր, ծախսեցի Ատրակտոսից գրքեր գնելով, իսկ հետո ինձ կողոպտեցին, ոչնչացրին. այն ստրկուհին, որ իմ մտքերը պիտի գրի առներ, փախավ՝ հետն առնելով ինչ որ մնացել էր քո առատաձեռնությամբ ինձ պարգևած բաներից։ Աղքատ եմ, բայց մտածեցի ինքս ինձ՝ ո՞ւմ պիտի դիմեմ, եթե ոչ քեզ, Սերապիս, որին սիրում եմ, պաշտում եմ և որի համար կյանքս վտանգի էի ենթարկում։

— Ինչի՞ համար ես եկել և ի՞նչ ես բերում։

— Ողորմությանդ համար, Բահ՛ալ, և բերում եմ քեզ աղքատությունս, արտասուքներս, սերս, վերջապես տեղեկություններ, որ հավաքել եմ քեզ սիրելով։ Հիշո՞ւմ ես, տեր, ի՞նչ էի քեզ ասում իր ժամանակին, որ աստվածային Պետրոնիոսի ստրկուհուն տվեցի Վենուս Պափոսացու գոտկից մի թել... Եվ տեղեկություն էի հավաքում՝ արդյոք այդ նրան օգնե՞ց։ Եվ դու, Արևի զավակ, գիտես ինչ է կատարվում այն տան մեջ, գիտես նույնպես՝ ինչ է այնտեղ Եվնիկեն։ Ես ունեմ մի այդպիսի թել, քեզ համար եմ պահել, տեր։

Այստեղ նա ընդհատեց, նկատելով Վինիկիոսի հոնքերին հավաքվող բարկությունը, և կամենալով բռնկումի առաջն առնել շտապ ավելացրեց.

— Գիտեմ, թե որտեղ է բնակվում աստվածային Լիգիան, ցույց կտամ քեզ, տեր, տունը, փողոցը...

Վինիկիոսը զսպեց խռովությունը, որ տիրեց նրան այդ լուրից, և ասաց.

— Որտե՞ղ է նա։

— Լիննոսի՝ քրիստոնյաների ծերունի քահանայի մոտ։ Նա այնտեղ է Ուրսուսի հետ. իսկ սա առաջվա պես բանում է ջրաղացպանի մոտ, որի անունը նույնն է, տե՜ր, ինչ որ և քո ազատագրինը՝ Դեմաս... Այո, Դեմաս... Ուրսուսն աշխատում է գիշերներով, ուրեմն տունը գիշերով շրջապատելով՝ չես գտնի նրան... Լիննոսը ծեր է, իսկ տան մեջ, բացի նրանից, միայն երկու ավելի հասակավոր կանայք կան։

— Որտեղի՞ց գիտես այդ բոլորը։

— Հիշո՞ւմ ես, տեր, քո քրիստոնյաների ձեռքում էի, և խնայեցին ինձ։ Գլավկոսը, ճիշտ է, սխալվում է, կարծելով, թե իբր ես եմ իր դժբախտությունների պատճառը. բայց խեղճն այս բանին հավատացել է և մինչև այժմ էլ հավատում է, այնուամենայնիվ, նրանք խնայեցին ինձ։ Ուրեմն, մի զարմանար, տեր, որ երախտագիտությունը սիրտս լցրեց։ Ես հին, ավելի լավ ժամանակների մարդ եմ։ Այս պատճառով մտածում էի՝ մի՞թե պետք է իմ բարեկամներին ու բարերարներին մոռանում։ Միթե բացսրտություն չէ՞ր լինի հարց ու փորձ չանել նրանց մասին, չտեղեկանալ ի՞նչ է նրանց պատահել, ինչպե՞ս է նրանց առողջությունը և որտեղ են բնակվում։ Պեսինունտական[289] Կիբելան վկա՜, ես այսպիսի բանի ընդունակ չեմ։ Սկզբում ինձ երկյուղն էր պահում՝ չլինի թե վատ հասկանան իմ միտքը։ Բայց այն սերը, որ ունեի նրանց հանդեպ, երկյուղից ավելի մեծ դուրս եկավ, և ինձ սիրտ տվեց մանավանդ այն հեշտությունը, որով նրանք ամեն չարություն ներում են։ Բայց նախ և առաջ քո մասին էի մտածում, տեր։ Մեր վերջին ձեռնարկությունը պարտությամբ վերջացավ. բայց մի՞թե Ֆորտունայի քեզպես զավակը կարող է հաշտվել այդ մտքի հետ։ Ուստի հաղթություն էի պատրաստում քեզ համար։ Տունը առանձնակի է կանգնած։ Կարող ես ստրուկներիդ հրամայել շրջապատել այդ տունը, այնպես որ մուկն անգամ դուրս չի պրծնի։ 0, տե՛ր, այժմ քեզնից է կախված միայն, որ հենց այս գիշեր այդ մեծահոգի թագուհին քո տանը լինի։ Բայց եթե այդ չհաջողվի, մտածիր, որ դա եղել է իմ հոր սաստիկ խեղճ և սովատանջ որդու շնորհիվ։

Վինիկիոսի արյունը գլուխն ընկավ։ Գայթակղությունը մի անգամ էլ ցնցեց նրա ամբողջ էությունը։ Այո՛, այդ մի միջոց է և այս անգամ՝ հաստատ միջոց։ Երբ արդեն Լիգիային իր տանը կունենա, այլևս ո՞վ կկարողանա խլել նրան։ Երբ արդեն Լիգիան իր սիրուհին լինի, էլ ի՞նչ կմնա նրան, եթե ոչ հավիտյան սիրուհի լինել։ Եվ թող կորչեն բոլոր ուսմունքները։ Ի՞նչ նշանակություն կունենան իր համար այն ժամանակ քրիստոնյաները` իրենց ողորմածությամբ ու մռայլ ուսմունքով հանդերձ։ Արդյոք ժամանակը չէ՞ այս ամենից սթափվելու, արդյոք ժամանակը չէ՞ սկսել ապրել այնպես, ինչպես ամենքն են ապրում։ Ի՞նչ կանի հետո Լիգիան, ինչպե՞ս կհաշտեցնի իր վիճակը իր դավանած ուսմունքի հետ. դրանք հավասարապես չնչին բաներ են։ Դրանք կարևորություն չունեցող բաներ են։ Նախ և առաջ իրենը կլինի, և այդ հենց այսօր։ Այն էլ դեռ հարց է՝ արդյոք նրա մեջ կդիմանա՞ այն ուսմունքը, երբ կծանոթանա իր համար այդ նոր կյանքին, այն զվարճություններին ու հրճվանքներին, որոնց պետք է ենթարկվի։ Եվ այդ կարող է լինել հենց այսօր։ Բավական է, որ պահի Քիլոնին և իրիկնադեմին հրամաններ տա։ Եվ հետո անվերջ ուրախությո՜ւն... «Ի՞նչ է եղել իմ կյանքը,— մտածում էր Վինիկիոսը,— տանջանք, չհագեցրած ցանկություն և շարունակ հարցատրություն առանց պատասխանի»։ Եվ այսպիսով ամեն ինչ կդադարի, կվերջանա։ Նա մտաբերեց, որ երդվել էր Լիգիային՝ երբեք նրա վրա ձեռք չբարձրացնել։ Բայց ինչո՞վ էր երդվել։ Ոչ այն աստվածների անունով, որոնց արդեն չէր հավատում, ոչ էլ Քրիստոսի անունով, որին դեռ չէր հավատում։ Վերջապես, եթե աղջիկն իրեն անպատված զգա, կպսակվի նրա հետ և այս եղանակով կվարձատրի անպատվությունը։ Այո՛, դրան պարտավորված է զգում, որովհետև չէ որ իր կյանքով պարտական է նրան։ Այստեղ նա մտաբերեց այն օրը, երբ Կրոտոնի հետ միասին ներս պրծավ նրա ապաստանը, մտաբերեց իր գլխի վրա Ուրսուսի բարձրացրած բռունցքը և ամենը, ինչ հետո եղավ։ Նա տեսավ Լիգիային նորից իր անկողնու վրա կռացած, ստրկուհու զգեստը հագին, գեղեցիկ, որպես աստվածություն, գթառատ և պաշտելի։ Նրա աչքերն ակամա անցան լարարիոնի և այն խաչի վրա, որը հեռանալիս թողել էր իրեն։ Մի՞թե այդ բոլորի փոխարեն նրան նոր դավով կվճարի. մի՞թե նրան մազերից քարշ կտա կուբիկուլոն, իբրև մի ստրկուհու։ Եվ ինչպե՞ս կկարողանա այդ անել, երբ նրան ոչ միայն ցանկանում, այլև սիրում է. իսկ սիրում է հենց նրա համար, որ այնպես է, ինչպես որ է։ Եվ հանկարծ զգաց, որ բավական չէ՛ նրան իր տանն ունենալ, բավական չէ՛ նրան բռնությամբ բռնել ուսերից, և որ իր սերն ուզում է արդեն ավելին, այսինքն՝ նրա համաձայնությունը, նրա սերն ու նրա հոգին։ Օրհնվի այն հարկը, եթե նա դրա տակ կմտնի հոժարակամ. օրհնվի այն րոպեն, օրհնվի այն օրը, օրհնվի կյանքը։ Այն ժամանակ երկուսի բախտավորությունը ծովի պես լայնատարած կլինի և արևի պես պայծառ։ Բայց բռնի կերպով հափշտակել նրան՝ կնշանակեր հավիտյանս սպանել այդ բախտավորությունը, այլև ոչնչացնել, գարշելի դարձնել, սրբապղծել այն, ինչ որ կյանքի մեջ ամենաթանկագինն է և միայն սիրելին։

Այս մասին մտածելիս՝ Վինիկիոսին պատեց կատաղությունը։ Նայեց Քիլոնին, որ աչքերը նրա դեմքին հառած` ձեռքերը պահել էր ցնցոտիների տակ և անհանգիստ քորում էր իրեն. ապա նրան տիրեց անասելի զզվանք և իր նախկին օգնականին ոտքերի տակ տրորելու ցանկություն, այնպես, ինչպես տրորում են գարշելի մի ճիճու կամ թունավոր օձ։ Մի րոպե անց նա գիտեր արդեն, թե ինչ պիտի աներ։ Բայց ոչնչի մեջ չափ չգիտենալով և հետևելով իր խստասիրտ հռոմեական բնության դրդման՝ նա դիմեց Քիլոնին.

— Չեմ անի այն, ինչ որ խորհուրդ ես տալիս. բայց որպեսզի առանց պարգևի այստեղից չհեռանաս, կհրամայեմ երեք հարյուր հարված տալ քեզ իմ տնային երգաստոլոնում։

Քիլոնը գունատվեց։ Վինիկիոսի գեղեցիկ դեմքի վրա այնչափ սառնարյուն համառություն կար, որ նա ոչ մի րոպե չէր կարող իրեն խաբել այն հույսով, թե խոստացած պարգևը միայն մի անողորմ կատակ էր։

Ուստի մի վայրկյանում գետին տապալվեց և ծռմռվելով սկսեց մռթմռթալ կտրտվող ձայնով.

— Ինչպե՞ս, պարսից թագավոր, ինչո՞ւ... Շնորհի բուրգ, ողորմության կոթող, ինչո՞ւ... Ես ծեր, սոված, աղքատ մարդ եմ... Ծառայել եմ քեզ... Այդպե՞ս ես երախտիքս վարձատրում։

— Ինչպես դու քրիստոնյաներին,— պատասխանեց Վինիկիոսը։

Եվ կանչեց դիսպենսատորին[290]։

Բայց Քիլոնը նրա ոտքերն ընկավ, ցնցվելով սեղմվեց նրանց և մահաշունչ գունատությունը դեմքին՝ գոչում էր.

— Տե՛ր, տե՛ր... Ես մի ծեր մարդ եմ. հիսուն, ոչ երեք հարյուր... Հիսունը բավական է... Հարյո՜ւր, ոչ երեք հարյուր... Գթա՛ ինձ, գթա՛։

Վինիկիոսը ոտքով հրեց նրան և հրաման արձակեց։ Մի ակնթարթում դիսպենսատորի ետևից ներս վազեցին երկու քվադներ[291], որոնք Քիլոնի գլխին դեռ մնացած մազերից բռնելով գլուխը փաթաթեցին նրա սեփական ցնցոտիների մեջ և նրան երգաստոլոն քշեցին։

— Հանուն Քրիստոսի...— ճչաց հույնն անցքի դռներում։

Վինիկիոսը մենակ մնաց։ Հրամանը ոգևորեց և աշխուժացրեց։

Այժմ նա աշխատում էր հավաքել և կարգի բերել ցրված մտքերը։ Մեծ թեթևություն էր զգում և իր վրա տարած հաղթությունը քաջալերում էր նրան։ Թվում էր, թե մի մեծ քայլ է արել դեպի Լիգիան և թե այս բանի համար պիտի պարգև ստանա։ Առաջին պահ նրա մտքով անգամ չանցավ, թե Քիլոնի նկատմամբ ինչպիսի ծանր անարդարություն էր թույլ տվել իրեն, որ հրամայել էր ծեծել նրան հենց նույն բանի համար, ինչի համար առաջ պարգևատրում էր։ Դեռ չափազանց հռոմեացի էր, որպեսզի ուրիշի ցավը նրան ցավ պատճառեր և որպեսզի ուշադրությունը զբաղեցներ որևէ թշվառ հույնով։ Եթե մինչև անգամ մտածեր այդ մասին, կվճռեր, որ արդարացի է վարվել հրամայելով պատժել անպիտանին։ Բայց նա մտածում էր Լիգիայի մասին և ասում էր նրան՝ քեզ բարու տեղ չարությամբ չեմ վարձատրի, և երբ կիմանաս, թե ինչպես վարվեցի այն մարդու հետ, որ կամենում էր դրդել ինձ քեզ վրա ձեռք բարձրացնել, ինձնից շնորհակալ կլինես։ Բայց այստեղ նա կանգ առավ՝ արդյոք Լիգիան կգովի՞ Քիլոնի հանդեպ իր վարմունքը։ Չէ՞ որ այն վարդապետությունը, որ դավանում էր նա, պատվիրում է ներել, չէ՞ որ քրիստոնյաները ներեցին այդ անպիտանին, թեև ավելի մեծ առիթ ունեին ոխակալության։ Այն ժամանակ միայն նրա սրտի մեջ լսելի եղավ «հանուն Քրիստոսի» աղաղակը. նա մտաբերեց, որ նույնպիսի աղաղակով Քիլոնը ազատվեց լիգի ձեռքից, և վճռեց ներել նրան պատժի մնացած մասը։

Այս նպատակով նա այն է ուզում էր կանչել դիսպենսատորին, երբ սա ինքը երևաց նրա առջև և ասաց.

— Տեր, այն ծերունին ուշաթափվել է, գուցե և մեռել է։ Արդյոք շարունակե՞մ ծեծել տալ։

— Ուշքի բեր և կանգնեցրու առջևս։

Ատրիոնի կառավարիչն անհետացավ վարագույրի հետև, բայց ուշքի բերելը երևի հեշտ չէր, որովհետև Վինիկիոսը երկար ժամանակ սպասում էր նրան և սկսել էր արդեն անհամբեր դառնալ, երբ վերջապես ստրուկները ներս բերին Քիլոնին և տիրոջ նշանով իսկույն հեռացան։

Քիլոնը քաթանի պես գունատ էր. նրա ոտքերի վրայով արյան գծեր էին հոսում դեպի ատրիոնի մոզաիկը, բայց ուշքը վրան էր և ծնկաչոք ընկնելով գետնին ու տարածելով ձեռքերը՝ ասաց.

— Շնորհակալ եմ քեզնից, տեր, ողորմած ես և մեծ։

— Շո՛ւն,— ասաց Վինիկիոսը.— իմացած եղիր, որ քեզ ներեցի այն Քրիստոսի համար, որին ինքդ էլ պարտական ես կյանքով։

— Կծառայեմ նրան և քեզ, տեր։

— Լռի՛ր և լսի՛ր։ Վե՛ր կաց։ Կգաս ինձ հետ և ցույց կտաս ինձ այն տունը, ուր բնակվում է Լիգիան։

Քիլոնը վեր կացավ, բայց հենց որ ոտքի կանգնեց, ավելի սաստիկ գունատվեց և ասաց նվազող ձայնով.

— Տեր, ես, ճշմարիտ որ, սոված եմ։ Կգամ, տեր, կգամ, բայց ուժ չունեմ... Հրամայիր ինձ տալ գոնե քո շան ամանի մնացորդը, և ես կգամ։

Վինիկիոսը հրամայեց ուտելու բան տալ նրան, մի ոսկեդրամ և թիկնոց։ Բայց Քիլոնը, որին ուժասպառ էին արել սովն ու հարվածները, չէր կարող գնալ մինչև անգամ ճաշելուց հետո, թեև սարսափից մազերը բիզ֊բիզ էին կանգնում իր գլխին՝ չլինի թե Վինիկիոսն իր թուլությունը ընդդիմություն համարի և հրամայի նորից ծեծել։

— Թող այս գինին ինձ տաքացնի,— կրկնում էր նա, ատամը ատամին խփելով,— իսկույն կկարողանամ գնալ թեկուզ Մեծ Հունաստան[292]։

Քիչ անց մի փոքր ուժի եկավ, և նրանք դուրս եկան սենյակից։ Ճանապարհը երկար էր. Լիննոսը բնակվում էր, ինչպես և քրիստոնյաների մեծ մասը, Անդրտիբերիսում, Միրիամի տնից ոչ հեռու։ Քիլոնը վերջապես Վինիկիոսին ցույց տվեց առանձնակի կանգնած մի փոքրիկ տուն, որ ամբողջապես շրջապատված էր բաղեղով ծածկված պատով, և ասաց.

— Ահա այստեղ է, տեր։

— Լավ,— ասաց Վինիկիոսը,— այժմ կորիր աչքիցս։ Բայց առաջ լսիր, ինչ կասեմ քեզ, մոռացիր, որ ինձ ծառայել ես, մոռացիր որտեղ են բնակվում Միրիամը, Պետրոսն ու Գլավկոսը, մոռացիր նաև այս տունն ու բոլոր քրիստոնյաներին։ Ամեն ամիս կգաս իմ տուն, ուր Դեմաս ազատագիրս քեզ երկու֊երկու ոսկե դրամ կտա։ Բայց եթե շարունակես լրտեսել քրիստոնյաներին, կհրամայեմ ծեծելով սատկացնել քեզ և կամ կհանձնեմ քաղաքապետի ձեռքը։

Քիլոնը գլուխը խոնարհեց և ասաց.

— Կմոռանամ։

Բայց երբ Վինիկիոսն անհետացավ փողոցի անկյան ետևը, Քիլոնը ձեռքերը նրա կողմը պարզեց և բռունցքներով սպառնալով՝ գոչեց.

— Ատեն[293] և Ֆուրիան վկա՜, չեմ մոռանա։

Եվ ապա նորից նվաղեց։

ԳԼՈՒԽ ԺԱ

Վինիկիոսը գնաց ուղղակի այն տունը, ուր բնակվում էր Միրիամը։ Դռան առջև պատահեց Նազարիասին, որ տեսնելով նրան՝ շփոթվեց. բայց պատրիկը քաղցրությամբ բարևեց նրան և հրամայեց, որ իրեն ուղեկցի մոր բնակարանը։

Բնակարանում, բացի Միրիամից, նա գտավ Պետրոսին, Գլավկիոսին, Կրիսպոսին, այլև Պողոս Տարսոնացուն, որ նոր էր վերադարձել Ֆրեգելլայից[294]։ Տեսնելով երիտասարդ տրիբունին՝ բոլորն ապշեցին. իսկ նա ասաց.

— Ողջույն ձեզ հանուն Քրիստոսի, որին պաշտում եք։

— Հավիտյան օրհնված լինի նրա անունը։

— Տեսել եմ ձեր առաքինությունն ու փորձել եմ ձեր բարությունը, ուստի գալիս եմ իբրև բարեկամ։

— Եվ ողջունում ենք քեզ իբրև բարեկամի,— պատասխանեց Պետրոսը։— Նստիր, տեր, և իբրև մեր հյուր, վայելիր մեզ հետ մեր հացը։

— Կնստեմ և կվայելեմ ձեզ հետ ձեր հացը, բայց նախ և առաջ լսեցեք ինձ, դու, Պետրոս, և դու, Պողոս Տարսոնացի, որպեսզի իմանաք իմ անկեղծությունը։ Գիտեմ, որտեղ է Լիգիան. գալիս եմ այստեղ Լիննոսի տան մոտից, որ այս բնակարանից հեռու չէ։ Իրավունք ունեմ նրա վրա, որովհետև նա տրված է ինձ Կեսարի կամքով. քաղաքում, իմ տներում մոտ հինգ հարյուր ստրուկ ունեմ. կարող էի շրջապատել նրա ապաստանը և հափշտակել նրան. այնուամենայնիվ չարի այդ և չեմ անի։

— Դրա համար Տիրոջ օրհնությունը քեզ վրա կլինի և մաքրված կլինի քո սիրտը,— ասաց Պետրոսը։

— Շնորհակալ եմ քեզնից, բայց լսեցեք ինձ. չարի այդ, թեև ապրում եմ տանջվելով և անձկալով։ Ձեզ հետ եղած օրերից էլ առաջ, անկասկած, կվերցնեի նրան և կպահեի բռնությամբ. բայց ձեր առաքինությունն ու ձեր վարդապետությունը, թեև այն չեմ դավանում, մի բան փոխեցին և իմ հոգու մեջ, այնպես որ այլևս չեմ հանդգնում բռնության։ Ինքս չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես եղել, բայց այդպես է։ Եվ ահա գալիս եմ ձեզ մոտ, որովհետև դուք նրա համար և՛ հայր, և՛ մայր եք. նրան տվեք ինձ իբրև ամուսնու, և ես կերդվեմ ձեզ, որ ոչ միայն չեմ արգելի նրան պաշտել Քրիստոսին, այլև ինքս կսկսեմ սովորել Նրա ուսմունքը։

Նա խոսում էր գլուխը բարձրացրած, վճռական ձայնով, բայց հուզված էր, և ոտքերը դողում էին շերտավոր թիկնոցի տակ, և երբ նրա խոսքերից հետո լռություն տիրեց, նա շարունակեց խոսել, կարծես կամենում էր աննպաստ պատասխանի առաջն առնել։

— Գիտեմ ինչպիսի խոչընդոտներ կան, բայց սիրում եմ նրան սեփական աչքերիս պես ու թեև դեռ քրիստոնյա չեմ, բայց թշնամի էլ չեմ ոչ ձեզ, ոչ էլ Քրիստոսին։ Կամենում եմ ձեզ հետ ճշմարտախոս լինել, որպեսզի ինձ կարողանաք հավատալ։ Այս րոպեից է կախված իմ կյանքը, և, այնուամենայնիվ, ճշմարտություն եմ ասում ձեզ։ Մեկ ուրիշը գուցե ձեզ ասեր. «Մկրտեցեք ինձ». ես ասում եմ. «Լուսավորեցեք ինձ»։ Հավատում եմ, որ Քրիստոսը հարություն առավ, որովհետև ինքս եմ տեսել, որ ձեր ուսմունքը առաքինություն է սերմանում, արդարություն ու ողորմածություն, ոչ թե ոճրագործություն, ինչպես ձեզ մեղադրում են։ Շատ բան չգիտեմ այդ ուսմունքից, այնքան միայն, որքան ձեզնից, ձեր գործերից եմ իմացել, որքան Լիգիայից եմ լսել, որքան ձեր խոսակցություններից եմ հասկացել։ Եվ, այնուամենայնիվ, կրկնում եմ, որ իմ մեջ ևս մի բան արդեն փոխվել է նրա շնորհիվ։ Առաջ երկաթե ձեռքով էի պահում ծառաներիս. այժմ չեմ կարող։ Գթություն չգիտեի. այժմ գիտեմ։ Սիրում էի զվարճություններ, այժմ փախչում եմ Ագրիպպայի լճից, որովհետև գարշելուց շունչս կտրվում է։ Առաջ հավատում էի բռնության. այժմ հրաժարվել եմ նրանից։ Իմացեք, որ ինքս ինձ չեմ ճանաչում. բայց զզվելի են ինձ համար մեծարքները, զզվելի են գինին, երգեցողությունը, կիթառներն ու պսակները, զզվելի են Կեսարի արքունիքը և՛ մերկ մարմինները, և՛ բոլոր ոճիրները։ Եվ երբ մտածում եմ, որ Լիգիան լեռների ձյունի պես է, սիրում եմ նրան առավել ևս և երբ մտածում եմ, որ նա այդպիսին է ձեր վարդապետության շնորհիվ, սիրում եմ և այդ վարդապետությունը և փափագում եմ դրան։ Բայց որովհետև այդ վարդապետությունը չեմ հասկանում, որովհետև չգիտեմ՝ կարո՞ղ եմ արդյոք նրա համաձայն ապրել և արդյոք իմ բնությունը կտանի՞ այդ... Այս պատճառով ապրում եմ անհայտության և տանջանքների մեջ, կարծես բանտի մեջ ապրելիս լինեմ։

Այստեղ նրա ճակատի խորշոմները ծալվեցին ցավագար ծալքով, և այտերին կարմրություն երևաց. հետո նորից խոսեց ավելի ու ավելի շտապ և ավելի ու ավելի մեծ հուզմունքով.

— Տեսնում եք, տանջվում եմ և՛ սիրուց, և՛ խավարից։ Ինձ ասում էին, որ եթե ձեր վարդապետությունը թագավորի, չի պահպանվի կյանքը, ո՛չ մարդկային ուրախությունը, ո՛չ բախտավորությունը, ո՛չ իրավունքը, ո՛չ կարգը, ո՛չ էլ հռոմեական գերիշխանությունն ու տիրապետությունը։ Մի՞թե այդպես է։ Ինձ ասում էին, որ դուք ցնորամիտ մարդիկ եք, ասացեք ի՞նչ եք դուք բերում։ Արդյոք մե՞ղք է բախտավորություն ցանկանալ, արդյոք կյանքի թշնամի՞ եք։ Արդյոք քրիստոնյան պետք է աղքա՞տ լինի, արդյոք պետք է Լիգիայից հրաժարվեի՞։ Ո՞րն է ձեր ճշմարտությունը։ Ձեր գործերն ու ձեր խոսքերը ջրի պես թափանցիկ են, բայց ինչպիսի՞ն է այդ ջրի հատակը։ Տեսնում եք, անկեղծ եմ։ Ցրեցե՛ք խավարը։ Ինձ ասացին նաև՝ Հունաստանը իմաստություն ու գեղեցկություն է ստեղծել, Հռոմը՝ ուժ, իսկ նրանք ի՞նչ են բերում։ Ասացե՛ք ուրեմն՝ ի՞նչ եք բերում։ Եթե ձեր դռների հետև լույս կա, ինձ համար բաց արեք այդ դռները։

— Մենք բերում ենք սեր,— ասաց Պետրոսը։

Իսկ Պողոս Տարսոնացին ավելացրեց.

— Եթե բոլոր մարդկային ու հրեշտակային լեզուներով խոսելիս լինեի, իսկ սեր չունենայի, կլինեի որպես պղինձ՝ ղողանջող։

Բայց ծերունի առաքյալի սիրտը շարժվեց այդ հոգու տանջանքից, որ վանդակում փակված թռչնակի պես ուզում էր դուրս թռչել մաքուր օդի և արևի մեջ, և նա մեկնեց Վինիկիոսին իր ձեռքերն ու ասաց.

— Ո՛վ որ բախում է, նրա համար կբացվի, և Տիրոջ շնորհը քեզ վրա է։ Օրհնում եմ քեզ, քո հոգին և քո սերը աշխարհիս Փրկչի անունով։

Վինիկիոսը, որ առանց այն էլ խոսում էր հափշտակությամբ, լսելով այս օրհնությունը, ցատկեց Պետրոսի մոտ, և այն ժամանակ չտեսնված բան եղավ։ Ահա, քվիրիտների այդ սերունդը, որ մինչև վերջերս ուրիշին մարդ չէր ճանաչում, բռնեց ծերունի գալիլիացու ձեռքերը և սկսեց երախտագիտությամբ հպել շրթունքներին։

Իսկ Պետրոսն ուրախացել էր, որովհետև հասկանում էր, որ սերմը դարձյալ լավ հողի վրա է ընկել, և որ իր ձկնորսական ուռկանը ևս մի հոգի է բռնել։

Իսկ ներկա եղողները, որոնց ոչ պակաս ուրախացրեց աստվածային առաքյալին մեծարելու այդ ակներև նշանը, միաձայն գոչեցին.

— Փա՜ռք ի բարձունս Աստուծո։

Վինիկիոսը վեր կացավ պայծառացած դեմքով և ասաց.

— Տեսնում եմ, որ ձեր մեջ կարող է ապրել բախտավորությունը, որովհետև ինձ բախտավոր եմ զգում և կարծում եմ, որ հենց այսպես կհամոզեք ինձ ուրիշ բաների մեջ էլ։ Բայց այն էլ ձեզ կասեմ, որ այդ չի կատարվի Հռոմում։ Կեսարը գնում է Անտիոն, և ես ստիպված եմ գնալու նրա հետ, որովհետև հրաման եմ ստացել։ Գիտեք, որ չլսելը մահ է։ Բայց եթե բարի աչքով եք ինձ նայում, եկեք ինձ հետ, որպեսզի ինձ սովորեցնեք ձեր ճշմարտությունը։ Այնտեղ դուք ավելի ապահով կլինեք, քան թե ես ինքս, և կկարողանաք ձեր ճշմարտությունը քարոզել հենց Կեսարի արքունիքում։ Ասում են, որ Ակտեն քրիստոնյա է, և պրետորիանների մեջ էլ քրիստոնյաներ կան. ինքս եմ տեսել, թե ինչպես զինվորները չոքում էին քո առջև, Պետրոս, Նոմենտանական դարպասի մոտ։ Անտիոնում մի դղյակ ունեմ, ուր կհավաքվենք, որպեսզի Ներոնի կողքին ձեր քարոզները լսենք։ Գլավկոսն ինձ ասել է, որ դուք մի հոգու համար պատրաստ եք աշխարհի ծայրը գնալու. ուստի արեք ինձ համար այն, ինչ որ արել եք նրանց համար, որոնց համար եկել եք Հրեաստանից, արեք և մի թողեք իմ հոգին։

Նրանք, լսելով այս, սկսեցին խորհուրդ անել, ուրախությամբ մտածելով իրենց ուսմունքի հաղթության և այն նշանակության մասին, որ այս հեթանոս աշխարհի համար կունենա ավգուստիանի և հռոմեական ամենահին տոհմերից մեկի սերնդի դարձը։ Իսկ որ պատրաստ էին մի մարդկային հոգու համար աշխարհի ծայրը գնալու, և վարդապետի մահից հետո չէ՞ որ ոչ մի ուրիշ բան չէին անում, ուստի մերժելու միտք մինչև անգամ չանցավ նրանց գլխով։ Բայց Պետրոսն այդ ժամանակ ամբողջ հոտի հովիվն էր, և հեռանալ չէր կարող. դրա փոխարեն Պողոս Տարսոնացին, որ նոր էր վերադարձել Արիկիայից և Ֆրեգելլայից և նորից պատրաստվում էր հեռավոր ճանապարհ գնալու դեպի Արևելք, այնտեղի եկեղեցիներն այցելելու և բարեպաշտական թարմ հոգի ներշնչելու համար, համաձայնեց ընկերակցել երիտասարդ պատրիկին մինչև Անտիոն. նրա համար հեշտ էր այնտեղ հունական ծով գնացող մի նավ գտնել։

Վինիկիոսը թեև տխրեց, որ Պետրոսը, որին այնչափ պարտական էր, չի ընկերակցի իրեն, երախտագիտությամբ շնորհակալություն հայտնեց և հետո դարձավ ծերունի առաքյալին վերջին խնդրանքով.

— Գիտենալով Լիգիայի բնակարանը,— ասաց նա,— ինքս կարող էի գնալ նրա մոտ և հարցնել, ինչպես որ հարկն է, թե կուզենա՞ արդյոք, որ ես իր ամուսինը լինեմ, եթե հոգիս քրիստոնեական դառնա. բայց ավելի լավ եմ համարում խնդրել քեզ, առաքյալ, որ թույլ տաս ինձ տեսնել նրան, կամ ինքդ ուղեկցես ինձ նրա մոտ։ Չգիտեմ, ինձ որչափ երկար կվիճակվի մնալ Անտիոնում, և հիշեցեք, որ Կեսարի մոտ ոչ ոք իր վաղվա օրվա մասին վստահ չի կարող լինել։ Արդեն ինձ ասել է և Պետրոնիոսը, որ այնտեղ լինելու եմ ոչ այնքան ապահով։ Գնալուցս առաջ թողեք տեսնեմ նրան, թողեք աչքերս կշտանան նրանով և թողեք հարցնեմ՝ արդյոք կմոռանա՞ իմ գործած չարիքը և արդյոք ինձ հետ կբաժանի՞ բարին։

Իսկ Պետրոս առաքյալը բարությամբ ժպտաց և ասաց.

— Ո՞վ քեզ կզրկի արդարացի ուրախությունից, զավակս։

Վինիկիոսը նորից կռացավ դեպի նրա աջը, որովհետև արդեն բոլորովին չէր կարող զսպել իր լցված սիրտը. իսկ առաքյալը բռնեց նրա գլուխը և ասաց.

— Բայց դու Կեսարից մի վախենա. ահա ասում եմ քեզ, որ ոչ մի մազ չի ընկնի քո գլխից։

Հետո նա ուղարկեց Միրիամին Լիգիայի ետևից, պատվիրելով, որ չասի նրան, թե ում է գտնելու իրենց մեջ, որպեսզի աղջկան դրանով ավելի մեծ ուրախություն պատճառի։

Հեռու չէր, ուստի քիչ ժամանակ անց սենյակում եղածները տեսան, թե ինչպես պարտեզի մրտենիների միջով գալիս էր Միրիամը՝ Լիգիայի ձեռքը բռնած։

Վինիկիոսը ուզում էր առաջ վազել, բայց իր սիրած արարածին տեսնելով՝ ուժասպառ եղավ, խիստ բաբախող սրտով մնաց կանգնած, շունչը կտրած՝ հազիվ կարողանալով ոտքերի վրա մնալ, հազար անգամ ավելի հուզված, քան այն ժամանակ, երբ կյանքում առաջին անգամ լսեց, թե ինչպես պարթևական նետերը բզզում էին իր գլխի շուրջը։

Օրիորդը միամիտ ներս վազեց և, նրան տեսնելով, նույնպես կանգնեց մեխվածի պես։ Դեմքը շառագունեց և իսկույն գունատվեց սաստիկ. հետո սկսեց զարմացած ու վախեցած աչքերով նայել ներկա եղողներին։

Բայց շուրջը տեսնում էր պայծառ, բարությամբ լի հայացքներ, իսկ Պետրոս առաքյալը մոտեցավ նրան և ասաց.

— Լիգիա, սրան դեռևս սիրո՞ւմ ես դու։

Րոպեական լռություն տիրեց։ Նրա շուրթերն սկսեցին դողդողալ, ինչպես շուրթերն այն երեխայի, որ պատրաստվում է լաց լինել և որ իրեն մեղավոր զգալով՝ սակայն տեսնում է, որ պետք է մեղքը խոստովանի։

— Պատասխանի՛ր,— ասաց առաքյալը։

Այն ժամանակ խոնարհությամբ և երկյուղած ձայնով, Պետրոսի ծնկներն ընկնելով, նա շշնջաց.

— Այո։

Վինիկիոսն իսկույն չոքեց նրա կողքին։ Իսկ Պետրոսը ձեռքերը դրեց նրանց գլուխներին և ասաց.

— Սիրեցեք միմյանց ի Տեր և ի փառս նորա, որովհետև ձեր սիրո մեջ մեղք չկա։

ԳԼՈՒԽ ԺԲ

Զբոսնելով պարտեզում՝ Վինիկիոսը կարճ, սրտաբուխ խոսքերով պատմում էր Լիգիային այն, ինչ որ մի րոպե առաջ խոստովանել էր առաքյալին՝ իր հոգու անհանգստությունը, իր մեջ պատահած փոփոխությունները և, վերջապես, այն անսահման անձկությունը, որ մթնեցրել էր իր կյանքը այն ժամանակից ի վեր, երբ թողել էր Միրիամի բնակարանը։ Նա խոստովանվեց Լիգիային, որ կամենում էր մոռանալ նրան, բայց չկարողացավ։ Մտածում էր նրա մասին գիշեր֊ցերեկ։ Լիգիային իրեն հիշեցնում էր այն ճյուղերից հյուսած խաչը, որ թողել էր իր համար և որը ինքը տեղավորել էր լարարիոնում և ակամա պաշտում էր իբրև մի աստվածություն։ Եվ ավելի ու ավելի էր կարոտում, որովհետև սերն իրենից ուժեղ էր և արդեն Ավլոսների մոտ բոլորովին ընդգրկել էր իր հոգին... Ուրիշների համար կյանքի թելը մանում են պարկաները[295], իսկ իր համար մանում էր սերը, անձկությունն ու թախիծը։ Վատ էին իր արարքները, բայց բխում էին սիրուց։ Սիրում էր նրան Ավլոսների մոտ և Պալատիոնում և երբ նրան տեսավ Օստրիանոնում, ուր լսում էր Պետրոսի խոսքերը, և երբ զգում էր նրա ներկայությունը իր անկողնու մոտ, և երբ նա թողեց իրեն։ Եկավ ահա Քիլոնը, որ գտել էր նրա բնակարանը, և խորհուրդ էր տալիս հափշտակել նրան, բայց ինքը գերադասեց պատժել Քիլոնին և գնալ առաքյալների մոտ՝ ճշմարտությունն ու նրան՝ Լիգիային խնդրելու... Եվ թող օրհնված լինի այն րոպեն, երբ այս միտքը ծագեց իր գլխում, որովհետև ահա նրա մոտ է, և չէ՞ որ նա արդեն այլևս չի փախչի իրենից այնպես, ինչպես վերջին անգամ փախավ Միրիամի բնակարանից։

— Ես ոչ թե քեզնից փախա,— ասաց Լիգիան։

— Ուրեմն ինչո՞ւ արիր այդ։

Իսկ աղջիկը նրան ուղղեց կապուտակ աչքերը.

— Դու գիտես...

Վինիկիոսը չափազանց երջանկությունից մի րոպե լռեց. հետո նորից սկսեց խոսել, թե ինչպես կամաց֊կամաց բացվում էին իր աչքերը, որ նա՝ Լիգիան, բոլորովին զանազանվում է հռոմեացի կանանցից և որ գուցե միայն Պոմպոնիային է նման։ Վերջապես նա չէր կարողանում ամենը լավ բացատրել նրան, որովհետև ինքը ևս իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչ էր զգում։ Լիգիայի հետ աշխարհ էր գալիս մի բոլորովին այլ գեղեցկություն, որ մինչև այդ աշխարհիս երեսին գոյություն չէր ունեցել և որ ոչ միայն արձան է, այլև հոգի։ Սրա փոխարեն Վինիկիոսն ասաց նրան այն, ինչ որ աղջկա սիրտը խնդությամբ լցրեց, այն է՝ թե նրան սիրեց մինչև անգամ նրա համար, որ փախավ իրենից, և թե նա իր համար սրբություն կլինի օջախի մոտ։

Ապա, աղջկա ձեռքը բռնելով, չէր կարողանում այլևս խոսել. նայում էր միայն հիացմունքով նրան, որպես կյանքի ձեռք բերած երջանկությանը, և կրկնում նրա անունը, կարծես ուզում էր իրեն վստահեցնել, թե նրան գտել է և թե իր մոտ է։

— Օ՜, Լիգիա՛, օ՜, Լիգիա՛։

Վերջը սկսեց նրան հարց ու փորձ անել՝ ի՛նչ էր կատարվում նրա սրտում, և նա խոստովանեց Վինիկիոսին, որ նրան սիրեց դեռ Ավլոսների տանը և որ եթե իրեն Պալատիոնից նրանց մոտ ուղարկած լիներ, կհայտներ նրանց իր սերը և կաշխատեր մեղմացնել նրա դեմ եղած բարկությունը։

— Երդվում եմ քեզ,— ասաց Վինիկիոսը,— որ իմ մտքով անգամ չէր անցել քեզ խլել Ավլոսներից։ Պետրոնիոսը քեզ երբևէ կասի, որ ես արդեն այն ժամանակ ասում էի նրան, թե սիրում եմ քեզ և թե ցանկանում եմ պսակվել քեզ հետ։ Ասացի նրան՝ թող իմ դռներին գայլի ճարպ քսի և թող նստի իմ օջախի մոտ։ Բայց նա ծաղրեց ինձ և Կեսարին թելադրեց այն միտքը, որ քեզ պահանջի իբրև մի պատանդ և ինձ տա։ Քանի անգամ իմ կյանքի մեջ անիծել եմ նրան, բայց գուցե այդ կարգադրել էր հոգատար ճակատագիրը, որովհետև այլապես չէի ճանաչի քրիստոնյաներին և չէի հասկանա քեզ...

— Հավատա՛ ինձ, Մարկոս,— պատասխանեց Լիգիան,— որ Քրիստոսը քեզ դիտմամբ տանում է իր մոտ։

Վինիկիոսը գլուխը բարձրացրեց մի տեսակ զարմանքով։

— Ճշմարիտ է,— պատասխանեց աշխուժով,— ամեն ինչ այնպես զարմանալի կերպով էր կատարվում, որ քեզ որոնելով՝ պատահեմ քրիստոնյաներին... Օստրիանոնում զարմանքով լսում էի առաքյալին. այդպիսի խոսքեր երբեք չէի լսել։ Դու այն ժամանակ աղոթո՞ւմ էիր ինձ համար։

— Այո՛,— պատասխանեց Լիգիան։

Նրանք անցան խիտ բաղեղով ծածկված տաղավարի մոտից և մոտենում էին այն տեղին, ուր Ուրսուսը, տրորելով Կրոտոնին, հարձակվել էր Վինիկիոսի վրա։

— Այստեղ,— ասաց երիտասարդը,— եթե դու չլինեիր, կորած էի։

— Մի՛ հիշեցրու,— պատասխանեց Լիգիան,— և ոխ մի պահիր Ուրսուսի դեմ։

— Կարո՞ղ եմ նրանից վրեժխնդիր լինել նրա համար, որ պաշտպանում էր քեզ։ Եթե ստրուկ լիներ, իսկույն ազատություն կպարգևեի նրան։

— Եթե ստրուկ լիներ, Ավլոսները վաղուց նրան ազատագրած կլինեին։

— Հիշու՞մ ես,— ասաց Վինիկիոսը,— որ կամենում էի քեզ վերադարձնել Ավյլոսներին, բայց դու պատասխանեցիր, թե Կեսարը կարող է իմանալ այդ և նրանցից վրեժ առնել։ Տես, այժմ պիտի կարողանաս նրանց տեսնել, որքան որ սիրտդ ուզում է։

— Ինչո՞ւ, Մարկոս։

— Ասում եմ «այժմ», բայց մտածում եմ, որ նրանց հանգիստ կարող ես տեսնել այն ժամանակ, երբ իմս կլինես... Այո... Որովհետև եթե Կեսարը հարցնի ինձ, թե ինչ արի պատանդը, որն ինձ էր վստահել, կասեմ. պսակվեցի նրա հետ, և նա Ավլոսների տուն է գնում իմ համաձայնությամբ։ Կեսարը երկար չի մնա Անտիոնում, որովհետև սիրտը Աքայա է քաշում. իսկ եթե մնա էլ, հարկ չունեմ նրան ամեն օր տեսնելու։ Երբ Պողոս Տարսոնացին ձեր ճշմարտությունը կսովորեցնի ինձ, իսկույն կմկրտվեմ և կվերադառնամ այստեղ, կշահեմ Ավլոսների սիրտը, որոնք օրերս քաղաք են վերադառնում, և արդեն ոչ մի արգելք լի լինի, և այն ժամանակ կառնեմ քեզ և կնստեցնեմ իմ օջախի առջև։ O carrissima! carrissima![296]։

Ապա նա պարզեց ձեռքերը, կարծես երկինքն իր սիրուն վկա էր կանչում, իսկ Լիգիան, բարձրացնելով նրա վրա իր փայլուն աչքերը, ասաց.

— Եվ այն ժամանակ ես կասեմ. «Ուր դու Կայոս, այնտեղ և ես Կայա»[297]։

— Ո՛չ, Լիգիա,— գոչեց Վինիկիոսը.— երդվում եմ քեզ, որ երբեք ոչ մեկն այնպես պաշտված չի եղել իր ամուսնու տանը, ինչպես դու կլինես իմ տանը։

Որոշ ժամանակ լուռ ման էին գալիս, չկարողանալով իրենց կրծքերի մեջ տեղավորել երջանկությունը, սիրահարված երկու աստվածությունների նման, այնպես գեղեցիկ, կարծես ծաղիկների հետ միասին նրանց լույս աշխարհ բերած լիներ գարունը։

Վերջապես կանգ առան տնակի մուտքի մոտ տնկած նոճու տակ։ Լիգիան հենվեց ծառի բնին, իսկ Վինիկիոսը դողդոջուն ձայնով նորից սկսեց խնդրել.

— Հրամայիր Ուրսուսին Ավլոսների տուն գնալ, քո իրերն ու մանկական խաղալիքները վերցնել ու տեղափոխել իմ տուն։

Իսկ նա, վարդի կամ արշալույսի պես կարմրատակելով, պատասխանեց.

— Սովորությունն ուրիշ է։

— Գիտեմ, այդ սովորաբար պրոնուբան է[298] տանում նորահարսի ետևից, բայց ինձ համար այդպես արա։ Ես այդ իրերը հետս կվերցնեմ Անտիոն, և նրանք ինձ կհիշեցնեն քեզ։

Այստեղ նա ձեռքերը ծալեց և սկսեց կրկնել, որպես մի աղերսող մանուկ.

— Պոմպոնիան այս օրերս կվերադառնա. արա այդպես, diva[299], արա, իմ carrissima։

— Թող Պոմպոնիան ինչպես ուզում է՝ անի,— պատասխանեց Լիգիան՝ ավելի սաստիկ կարմրելով պրոնուբայի հիշատակելուց։

Եվ նրանք նորից լռեցին, որովհետև սերը սկսեց ճնշել շունչը նրանց կրծքերում։ Լիգիան կանգնած էր ուսով նոճուն հենված, ստվերի մեջ ծաղկի պես սպիտակին տվող դեմքով, աչքերն իջեցրած գետնին և ալեկոծվող կրծքով, իսկ Վինիկիոսի դեմքը փոփոխվում էր, գունատվում։ Կեսօրվա խաղաղության մեջ նրանք լսում էին սեփական սրտերի զարկը, և փոխադարձ հիացմունքի մեջ նոճին, մրտենիների թփերն ու տաղավարի բաղեղը սիրո պարտեզ էին թվում նրանց։

Բայց Միրիամը երևաց տնակի շեմքին և կեսօրվա ճաշի հրավիրեց նրանց։ Այն ժամանակ նրանք նստեցին առաքյալների մեջ, իսկ սրանք նայում էին նրանց ուրախությամբ, իբրև նոր սերնդի, որ իրենց մահից հետո պետք է պահպաներ և շարունակեր սերմանել նոր ուսմունքի հատիկները։ Պետրոսը կտրեց և օրհնեց հացը։ Բոլորի դեմքերին խաղաղություն էր, և թվում էր, թե մի ինչ֊որ ահագին երջանկություն լցնում էր այդ սենյակը։

— Տե՛ս,— վերջապես ասաց Պետրոսը՝ դառնալով Վինիկիոսին,— արդյոք կյանքի և բախտավորության թշնամինե՞ր ենք մենք։

Իսկ սա պատասխանեց.

— Այժմ գիտեմ այդ, որովհետև երբեք այնպես բախտավոր չեմ եղել, ինչպես ձեր մեջ։

ԳԼՈՒԽ ԺԳ

Այդ օրը երեկոյան Վինիկիոսը Ֆորումով իր տունն անցնելիս նկատեց Vicus Tuscus֊ի սկզբում Պետրոնիոսի ոսկեզօծ դեսպակը, որը կրում էին ութ բիթանացի ստրուկներ, և ձեռքի նշանով կանգնեցնելով նրանց՝ մոտեցավ վարագույրին։

— Քունդ անուշ ու քաղցր,— բացականչեց նա ծիծաղելով՝ տեսնելով քնած Պետրոնիոսին։

— Ա՜հ, դո՞ւ ես,— արթնանալով ասաց Պետրոնիոսը։— Այո՛, նիրհել էի, որովհետև գիշերը Պալատիոնումն եմ անցկացրել։ Այժմ դուրս եմ եկել, որ Անտիոնի համար կարդալու բան գնեմ... Ի՞նչ նորություն։

— Գրախանութից գրախանո՞ւթ ես շրջում,— հարցրեց Վինիկիոսը։

— Այո՛, չեմ ուզում անկարգություն ձգել գրադարանիս մեջ և ահա ճանապարհի համար առանձին պատրաստություն եմ տեսնում։ Կարծեմ Մուսոնիոսի և Սենեկայի նոր երկեր են լույս տեսել։ Որոնում եմ նաև Պերսիոս և Վիրգիլիոսի հովվերգությունների մի հրատարակություն[300], որ չունեմ։ Ո՛հ, որչա՛փ հոգնած եմ, և ինչպե՜ս մատներս ցավում են մատյանների թելերը քակելուց[301]... Երբ որ գրախանութ ես մտնում, ուզում ես այս էլ, այն էլ թերթել։ Եղել եմ արդեն Ավիրունոսի մոտ, Արգիլետոնում Ատրակտոսի մոտ, իսկ դրանից առաջ Vicus Sandalarius֊ում՝ Սոզիոսների մոտ։ Կաստորը վկա՛, ինչպե՜ս քնել եմ ուզում։

— Դո՛ւ ես Պալատիոնում եղել, ուստի ես պետք է քեզ հարցնեմ՝ ի՞նչ կա։ Կամ գիտե՞ս ինչ. տուն ուղարկիր դեսպակդ ու գրքերի կապոցները, և գնանք ինձ մոտ։ Կխոսենք Անտիոնի ու էլի մի ուրիշ բանի մասին։

— Լա՛վ,— պատասխանեց Պետրոնիոսը՝ դուրս գալով դեսպակից,— պետք է գիտենաս, որ վաղը չէ մյուս օրը գնում ենք Անտիոն։

— Որտեղի՞ց պետք է գիտենամ։

— Ո՞ր աշխարհում ես ապրում։ Ուրեմն ես առաջի՞նն եմ այս նորությունը քեզ հաղորդում։ Այո, պատրաստ եղիր մյուս օրը առավոտյան։ Ձեթի մեջ թրջած սիսեռը չօգնեց, հաստ պարանոցի վրա դրած թաշկինակը չօգնեց, և Պղնձամորուսի ձայնը խռպոտել է։ Այսպիսի հանգամանքներում չի կարող խոսք լինել հապաղելու մասին։ Նա անիծելով անիծում է Հռոմը և նրա օդը, պատրաստ է քաղաքը գետնի հետ հավասարեցնել կամ ոչնչացնել կրակով, սիրտն անհամբեր ծով է ուզում։ Ասում էր, որ այն հոտերը, որ քամին բերում է նեղ փողոցներից, իրեն գերեզման կիջեցնեն։ Այսօր բոլոր մեհյանների մեջ զոհեր էին բերվում, որ վերականգնվի նրա ձայնը, և վա՜յ Հռոմին, մանավանդ Սենատին, եթե չվերականգնվի շուտով։

— Այն ժամանակ այլևս ինչո՞ւ պիտի Աքայա գնար։

— Բայց մի՞թե մեր աստվածային Կեսարը միայն այդ միակ տաղանդն ունի,— ծիծաղելով պատասխանեց Պետրոնիսոը,— օլիմպիական խաղերին իբրև բանաստեղծ հանգես կգար իր՝ Տրոյայի հրդեհով, իբրև կառավար, իբրև երաժիշտ, իբրև ատլետ... բա՛, մինչև անգամ իբրև կաքավիչ, և ամեն անգամ կստանար հաղթության համար նշանակված բոլոր պսակները։ Գիտե՞ս ինչու է խռպոտել այդ կապիկը։ Երեկ կամեցավ պարի մեջ մրցել մեր Պարիսի հետ, և մեզ համար Լեդայի[302] արկածները պարեց, քրտնեց ու մրսեց։ Ամբողջովին թաց և մածուցիկ էր դարձել, ինչպես ջրից նոր հանած օձ։ Փոխում էր դիմակ դիմակի ետևից, պտույտ էր գալիս իլիկի պես, ձեռքերը շարժում էր հարբած նավաստու պես, մինչև անգամ զզվանք էր տիրում ինձ՝ նրա ահագին փորին և բարակ ոտներին նայելիս։ Պարիսը մոտ երկու շաբաթ սովորեցնում էր նրան, բայց ներկայացրո՛ւ քեզ Ահենոբարբին իբրև Լեդա կամ իբրև կարապ֊աստված։ Կարա՜պ է, խոսք չկա։ Բայց նա կամենում էր հրապարակորեն դուրս գալ և ներկայացնել այդ ցուցախաղը նախ Անտիոնում և ապա՝ Հռոմում։

— Դժգոհ էին արդեն նրա համար, որ երգում էր հրապարակորեն. բայց որ մտածես միայն, թե հռոմեացիների Կեսարը բեմ դուրս կգա իբրև միմոս... ո՛չ, Հռոմն էլ այդ չի տանի։

— Սիրելիս, Հռոմն ամեն բան կտանի, իսկ Սենատը շնորհակալություն կհայտնի «հայրենիքի հորը»։

— Իսկ ամբոխը դեռ պարծենում է նրանով, որ իր Կեսարը խեղկատակ է։

— Ինքդ ասա, արդյոք կարելի՞ է ավելի ստորանալ։

Պետրոնիոսը շարժեց ուսերը։

— Դու քեզ համար ապրում ես տանդ և մտածում ես մեկ Լիգիայի և մեկ էլ քրիստոնյաների մասին և, իհարկե, չգիտես՝ ինչ է պատահել երկու օր առաջ։ Չէ՞ որ Ներոնը հրապարակորեն պսակվել է Պիթագորասի հետ։ Ինքը նորահարս էր։ Կարելի է կարծել, որ արդեն խելագարության չափը լցվել է, այնպես չէ՞։ Եվ ի՞նչ կասես. եկան հրավիրված քրմերը և հանդիսավոր պսակեցին նրանց։ Ես էլ էի ներկա։ Ես էլ շատ բան կարող եմ տանել, այնուամենայնիվ, խոստովանում եմ՝ մտածեցի, որ աստվածները, եթե գոյություն ունեն, պետք է որևէ նշան ցույց տան... Բայց Կեսարը աստվածներին չի հավատում և հիմք ունի։

— Այսպիսով, ուրեմն մի անձնավորության մեջ միացած բարձրագույն քրմապետ է, աստված է, անաստված է,— ասաց Վինիկիոսը։

Պետրոնիոսն սկսեց ծիծաղել.

— Ճշմարիտ է։ Այդ իմ խելքը չեկավ, և այդ մի զուգավորություն է, որի նմանը աշխարհս մինչև այսօր չի տեսել։

Հետո կանգնելով՝ ասաց.

— Եվ պետք է ավելացնել, որ այդ բարձրագույն քրմապետը, որ աստվածներին չի հավատում, և այդ աստվածը, որ ծաղրում է աստվածներին, վախենում է նրանցից, որպես մի անաստված։

— Ապացույց այն, ինչ որ պատահեց Վեստայի տաճարում։

— Ինչպիսի՜ աշխարհ։

— Ինչպիսին որ աշխարհն է, նույնպիսին և Կեսարն է։ Բայց այդ երկար չի տևի։

Այսպես իրար հետ խոսելով՝ նրանք մտան Վինիկիոսի տուն։ Երիտասարդն ուրախ֊ուրախ ընթրիք պատվիրեց և հետո դիմեց Պետրոնիոսին.

— Ո՛չ, իմ անգին, աշխարհս պետք է վերածնվի։

— Մենք նրան չենք վերածնի,— պատասխանեց Պետրոնիոսը,— թեկուզ նրա համար, որ Ներոնի օրով մարդս թիթեռի պես է. ապրում է արևի շնորհիվ և առաջին սառը քամուց կորչում է... թեկուզև չուզենաք։ Մայայի որդին վկա՜[303], շատ անգամ հարց եմ տալիս ինձ՝ ի՞նչ հրաշքով է մի ինչ֊որ Լուկիոս Աատուռնինոս կարողացել ապրել իննսուն և երեք տարի՝ տեսնելով Տիկերի, Կալիգուլայի և Կլավդիոսի օրերը... Բայց թողնենք այս։ Արդյոք թույլ կտա՞ս քո դեսպակն ուղարկել Եվնիկեի ետևից։ Քնելու ցանկությունս անցավ, և կուզեի ուրախանալ։ Հրամայի՛ր, որ ընթրիքին ներկա լինի կիթառահարը, և հետո՝ կխոսենք Անտիոնի մասին։ Պետք է դրա մասիս մտածենք, մանավանդ դու։

Վինիկիոսը հրամայեց, որ Եվնիկեի ետևից ուղարկեն, բայց հայտնեց, որ մտադիր չէ գլուխը ցավեցնել, մտածելով, թե ինչպես է ապրելու Անտիոնում։ Թող գլուխ ցավեցնեն նրանք, որոնք չեն կարող ուրիշ կերպ ապրել, քան Կեսարի շնորհի շողերի մեջ։ Աշխարհը չի վերջանում Պալատիոնում, մանավանդ նրանց համար, որոնք մի ուրիշ բան ունեն սրտի և հոգու մեջ։

Եվ դա ասում էր այնպիսի անփութությամբ, այնպիսի աշխուժով և այնպես ուրախ, որ այս բոլորը զարմացրեց Պետրոնիոսին, սա մի փոքր ժամանակ նայելով քեռորդուն, ասաց.

— Քեզ ի՞նչ է պատահել։ Դու այսօր այնպես ես, ինչպես որ էիր այն ժամանակ, երբ դեռ բուլլա էիր կրում պարանոցիդ։

— Բախտավոր եմ,— պատասխանեց Վինիկիոսը,— դիտմամբ քեզ ինձ մոտ հրավիրեցի, որ ասեմ այդ։

— Ի՞նչ է պատահել։

— Մի այնպիսի բան, որը չէի փոխի ամբողջ հռոմեական կայսրության հետ։

Այս ասելով՝ նա նստեց, կռները հենեց բազկաթոռի թևերին, գլուխը՝ ափերին և սկսեց խոսել ժպտացող դեմքով և պայծառ հայացքով.

—Արդյոք հիշո՞ւմ ես, թե ինչպես միասին Ավլոս Պլավտիոսի մոտ էինք, և այնտեղ առաջին անգամ տեսար աստվածային աղջկան, որին ինքդ արշալույս ու գարուն անվանեցիր։ Հիշո՞ւմ ես այն Փսիքեին` այն անզուգականին, աղջիկներից ու ձեր աստվածություններից ամենագեղեցկին։

Պետրոնիոսը նայում էր նրան այնպիսի ապշությամբ, կարծես ուզում էր ստուգել արդյոք խելքը գլխի՞ն է։

— Այդ ի՞նչ լեզվով ես խոսում,— վերջապես ասաց նա։— Իհարկե հիշում եմ Լիգիային։

Իսկ Վինիկիոսն ասաց.

— Նրա նշանածն եմ։

— Ի՞նչ...

Բայց Վինիկիոսը վեր թռավ և կանչեց դիսպենսատորին.

— Թող բոլոր ստրուկները, մինչև հետին մարդը, կանգնեն իմ առջև. շո՛ւտ։

— Նրա նշանա՞ծն ես,— կրկնեց Պետրոնիոսը։

Բայց առաջ, քան ապշությունից ուշքի եկավ, Վինիկիոսի տան ամբողջ ահագին ատրիոնը վխտաց մարդկանցով։ Շնչասպառ վազեցին եկան ծերունիները, հասակավոր տղամարդիկ, կանայք, պատանիներ և աղջիկներ։ Ամեն րոպե ատրիոնը լցվում էր ավելի ու ավելի. faecus կոչվող անցքերից լսելի էին զանազան լեզուներով բացականչություններ, վերջապես բոլորը շարվեցին պատերի տակ ու սյուների արանքներում, իսկ Վինիկիոսը, կանգնելով իմպլուվիոնի մոտ, դարձավ ազատագիր Դեմասին և ասաց.

— Ովքեր որ այս տանը ծառայել են քսան տարի, վաղը պիտի ներկայանան պրետորին, ուր ազատություն կստանան. ովքեր այդքան չեն ծառայել, կստանան երեքական ոսկեդրամ ու կրկնակի բաժին՝ մի ամբողջ շաբաթ։ Գյուղական երգաստոլոնները հրաման ուղարկիր, որ պատիժները ներեն, մարդկանց ոտքերից հանեն շղթաները և, ինչպես հարկն է, կերակրեն։ Իմացած եղեք, որ ինձ համար բախտավոր օր է հասել, և ուզում եմ, որ տանս ուրախություն լինի։

Նրանք մի րոպե լուռ կանգնել էին, կարծես չէին հավատում սեփական ականջներին. ապա բոլոր ձեռքերը միանգամից վեր բարձրացան, և բոլոր բերանները գոչեցին.

— Աա՜, տե՜ր, ա՜ա՜ա՜...

Ձեռքի նշանով Վինիկիոսը նրանց ետ ուղարկեց, ու նրանք, թեև շնորհակալություն հայտնելու և նրա ոտքերին փաթաթվելու ցանկություն ունեին, շտապ դուրս գնացին և տունը լցրին ուրախությամբ՝ նկուղից մինչև կտուրը։

— Վաղը,— ասաց Վինիկիոսը,— կհրամայեմ սրանց հավաքվել պարտեզում և ինչ նշաններ որ ուզում են, գծագրել իրենց առջև։ Նրանց, որոնք ձուկ կգծագրեն, կազատագրի Լիգիան։

Իսկ Պետրոնիոսը, որ երկար չէր զարմանում ոչ մի բանի վրա, արդեն սառել էր և հարցրեց.

— Ձո՞ւկ... Հա՜, հիշում եմ, թե Քիլոնն ինչ էր ասում. դա քրիստոնյաների նշանն է։

Ապա նա ձեռքը Վինիկիոսի կողմը պարզեց և ասաց.

— Բախտավորությունը միշտ այնտեղ է, ուր մարդս տեսնում է նրան։ Թող Ֆլորան[304] երկար տարիներ ծաղիկներ թափի ձեր ոտքերի տակ։ Ցանկանում եմ քեզ այն ամենը, ինչ որ դու ինքդ ես քեզ ցանկանում։

— Շնորհակալ եմ քեզնից, որովհետև կարծում էի, թե խորհուրդ չես տա. իսկ այդ, գիտես, զուր ժամավաճառություն կլիներ։

— Ե՞ս, խորհուրդ չտա՞մ։ Բոլորովին։ Ընդհակառակը, ասում եմ քեզ, որ լավ ես անում։

— Հա՞, դավաճա՜ն,— ուրախ֊ուրախ պատասխանեց Վինիկիոսը,— մի՞թե մոռացել ես՝ ինչ ասացիր ինձ մի ժամանակ, երբ դուրս էինք գալիս Գրեկինայի տնից։

Բայց Պետրոնիոսը պատասխանեց սառնարյունությամբ.

— Ո՛չ, կարծիքս փոխել եմ։

Մի րոպե անց ավելացրեց.

— Սիրելիս, Հռոմում ամեն բան փոխվում է։ Մարդիկ փոխում են կանանց, կանայք մարդիկ են փոխում, ինչո՞ւ ես պետք է կարծիքս չփոխեի։ Քիչ էր մնում՝ Ներոնը պսակվեր Ակտեի հետ, որին դիտմամբ այս բանի համար թագավորական ծագում վերագրեցին։ Եվ ի՞նչ։ Կունենար մի ազնիվ կին, իսկ մենք՝ մի ազնիվ Ավգուստա։ Պրոտեոսը և նրա ծովային խոսքերը վկա[305], կարծիքս միշտ կփոխեմ, հենց որ այդ արդարացի կամ հարմար դատեմ։ Ինչ որ Լիգիային է վերաբերում, նրա թագավորական ծագումն ավելի հաստատ է, քան թե Ակտեի պերգամական նախահայրեր ունենալը[306]։ Բայց դու Անտիոնում զգույշ կաց Պոպպեայից, որ ոխակալ է։

— Չեմ էլ մտածում։ Անտիոնում մազ չի ընկնի իմ գլխից։

— Եթե կարծում ես, թե ինձ մի անգամ էլ կզարմացնես, սխալվում ես. բայց որտեղի՞ց քեզ այդ հավատը։

— Ինձ Պետրոս առաքյալն ասաց այդ։

— Ա՜, քեզ ասաց Պետրոս առաքյա՜լը։ Դրա դեմ ոչ մի պատճառաբանություն լի կարող լինել. բայց թույլ տուր, որ զգուշության մի քանի միջոցներ ձեռք առնեմ, թեկուզ նրա համար, որ Պետրոս առաքյալը սուտ մարգարե դուրս չգա, որովհետև, եթե, բան է, Պետրոս առաքյալը սխալվի, կարող է կորցնել քո վստահությունը, որ, անտարակույս, ապագայում էլ պետք կգա Պետրոս առաքյալին։

— Ինչ ուզում ես արա՛, բայց ես նրան հավատում եմ։ Եվ եթե կարծում ես, թե նրանից կհեռացնես ինձ, ամեն անգամ արհամարհանքով կրկնելով նրա անունը, շատ սխալվում ես։

— Մի հարց ևս՝ արդյոք արդեն քրիստոնյա՞ ես։

— Մինչև այժմ՝ ոչ, բայց Պողոս Տարսոնացին գալիս է ինձ հետ՝ ինձ Քրիստոսի ուսմունքը մեկնելու, և այնուհետև մկրտություն կընդունեմ, որովհետև այն, ինչ որ ասում էիր, թե նրանք կյանքի և ուրախության թշնամիներ են, սո՛ւտ է։

— Առավել ևս լավ քեզ համար և Լիգիայի համար,— պատասխանեց Պետրոնիոսը։

Հետո, ուսերը թափահարելով, ասաց կարծես ինքն իրեն.

— Զարմանալի բան է՝ ինչպե՛ս է այդ մարդկանց հաջողվում հետևողներ գրավել և ինչպես է այդ աղանդը տարածվում։

Իսկ Վինիկիոսը պատասխանեց այնպիսի եռանդով, կարծես ինքն էլ մկրտված լիներ.

— Այո՛, հազարներ ու տասնյակ հազարներ կան Հռոմում, Իտալիայի քաղաքներում։ Հունաստանում և Ասիայում։ Կան քրիստոնյաներ լեգեոնների և պրետորիանների մեջ, կան հենց Կեսարի պալատում։ Այդ ուսմունքը դավանում են ստրուկներն ու քաղաքացիները, աղքատներն ու հարուստները, պլեբեյներն ու պատրիկները։ Արդյոք գիտե՞ս, որ Կոռնելիոսներից մի քանիսը քրիստոնյա են, որ քրիստոնյա է Պոմպոնիա Գրեկինան, որ քրիստոնյա էր, հավանորեն, Օկտավիան և է Ակտեն։ Այո՛, այդ վարդապետությունը տիրում է աշխարհին, և նա միայն կարող է վերածնել աշխարհը։ Մի թափահարիր ուսերդ. ո՞վ գիտե, արդյոք մեկ ամսից կամ մեկ տարուց հետո ինքդ այդ հավատը չե՞ս ընդունի։

— Ե՞ս,— ասաց Պետրոնիոսը։— Ո՛չ, Լետայի զավակը վկա[307]. ես չեմ ընդունի, թեկուզ նրա մեջ ծածկված լիներ միաժամանակ թե՛ մարդկային և թե՛ աստվածային ճշմարտությունն ու իմաստությունը... Դա աշխատանք կպահանջեր, իսկ ես չեմ սիրում աշխատել... Դա անձնուրացություն կպահանջեր, իսկ ես չեմ սիրում կյանքի մեջ ոչինչ ուրանալ։ Քեզ՝ այդ բնությամբ հանդերձ, որ կրակի և եռացած ջրի է նման, միշտ կարող էր այդպիսի մի բան պատահել, բայց ե՞ս. ես ունեմ իմ գեմմաները, իմ քարերը, իմ անոթները և իմ Եվնիկեն։ Օլիմպոսին[308] չեմ հավատում, բայց ինձ համար գետնի վրա Օլիմպոս եմ ստեղծում և կփթթեմ, քանի որ ինձ չեն տապալել աստվածային Որսորդի[309] նետերը, կամ մինչև որ Կեսարը չհրամայե ինձ երակներս բաց անել։ Ես արդեն չափազանց սիրում եմ մանուշակի անուշահոտությունն ու հարմար տրիկլինիոնը։ Սիրում եմ մինչև անգամ մեր աստվածներին, իբրև հռետորական բանաձևություններ, և Աքայան, ուր պատրաստվում եմ գնալու մեր հաստափոր, բարակոտն, անզուգական, աստվածային Կեսարի, Օգոստոսի, Պերիոդոնիկեսի[310]... Հերակլեսի՝ Ներոնի հետ։

Այս ասելով, նա սկսեց խնդալ լոկ այն ենթադրությունից, թե կարող է գալիլիական ձկնորսների վարդապետությունն ընդունել, և սկսեց կիսաձայն երգել.

 

«Մրտենու կանաչով կպատեմ իմ պայծառ սուրը

Հարմոդիոսի և Արիստոդիտոնի օրինակով...»[311]։

 

Բայց ընդհատեց, որովհետև նոմենկլատորը ազդարարեց Եվնիկեի գալուստը։

Սրա գալուց հետո իսկույն ընթրիքը բերին, որի ժամանակ, կիթառահարի երգած մի քանի երգերից հետո Վինիկիոսը Պետրոնիոսին պատմեց Քիլոնի այցելության մասին և այն, թե ինչպես այդ այցելությունն իրեն միտք ներշնչեց ուղղակի առաքյալների մոտ գնալ, և ինչպես ծագեց այդ միտքը Քիլոնի գանակոծության ժամանակ։

Հետո Պետրոնիոսը, որին նորից սկսեց քունը հաղթել, ձեռքը ճակատին դրեց և ասաց.

— Միտքը բարի էր, քանի որ հետևանքը բարի էր։ Իսկ ինչ որ Քիլոնին է վերաբերում, կհրամայեի տալ նրան հինգ հատ ոսկի. բայց եթե հրամայել ես ծեծել նրան, ավելի լավ էր ծեծամահ անեիր, որովհետև, ո՞վ գիտե, արդյոք ժամանակով նրան գլուխ չե՞ն տա սենատորները, ինչպես այժմ գլուխ են տալիս ասպետ֊կոշկակար Վատինիոսին։ Բարի գիշեր։

Եվ պսակները հանելով՝ նա և Եվնիկեն սկսեցին տուն գնալու պատրաստվել, և երբ հեռացան, Վինիկիոսը առանձնացավ իր գրասենյակը և Լիգիային գրեց հետևյալը.

«Ուզում եմ, որ երբ բաց կանես քո հրաշալի աչքերը, աստվածային, այս նամակը քեզ ասի՝ բարի լո՜ւյս։ Դրա համար եմ այսօր գրում, թեև վաղը տեսնելու եմ քեզ։ Կեսարը վաղը չէ մյուս օրը մեկնում է Անտիոն, և ես, eheu![312], պիտի ընկերակցեմ նրան։ Չէ՞ որ քեզ արդեն ասել եմ, որ չլսել` կյանքը վտանգի ենթարկել կնշանակեր, իսկ ես այժմ քաջություն չէի ունենա մեռնելու։ Բայց եթե դու չես ուզում, գրիր ինձ մի բառ, և կմնամ. իսկ արդեն Պետրոնիոսի գործը կլինի վտանգն իմ գլխից հեռացնել։ Այսօր ուրախության օր է, նվերներ բաժանեցի բոլոր ստրուկներին, իսկ ովքեր քսան տարի իմ տանը ծառայել են, նրանց վաղը կներկայացնեմ պրետորին՝ ազատագրելու համար։ Դու, անգինս, պետք է սրա համար ինձ գովես, որովհետև ինձ թվում է, որ սա համաձայն կլինի այն քաղցր ուսմունքին, որ դավանում ես, և ապա՝ որ այդ քեզ համար արի։ Վաղը կասեմ նրանց, որ ազատության համար քեզ են պարտական, որպեսզի քեզ երախտապարտ լինեն և քո անունը փառաբանեն։ Դրա տեղ ինքս գերի եմ դառնում բախտավորությանն ու քեզ, և երանի երբեք ազատություն չստանամ։ Անիծվի Անտիոնը և Ահենոբարբի ճանապարհորդությունը։ Երեք֊չորս անգամ բախտավոր եմ, որ այնչափ խելոք չեմ, որչափ Պետրոնիոսը, որովհետև գուցե ստիպված լինեի գնալ Աքայա։ Մինչ այդ՝ անջատումը ինձ համար կքաղցրանա քո հիշատակով։ Հենց որ կկարողանամ դուրս պրծնել, ձի կհեծնեմ և կթռչեմ Հռոմ՝ աչքերս քո տեսքով, ականջներս քո քաղցր ձայնով ուրախացնելու համար։ Իսկ երբ չեմ կարողանա, նամակ կուղարկեմ ստրուկի ձեռքով և կհարցնեմ առողջությունդ։ Ողջունում եմ քեզ, աստվածային, ոտներդ եմ գրկում։ Մի՛ բարկանա, որ աստվածային եմ անվանում։ Եթե կարգելես, կհնազանդվեմ, բայց այսօր դեռ չեմ կարող այլ կերպ կոչել։ Ողջունում եմ քեզ քո ապագա տնից՝ ամբողջ հոգով»։

ԳԼՈՒԽ ԺԴ

Հռոմում հայտնի էր, որ Կեսարը ճանապարհին կամենում է այցելել Օստիան, կամ ավելի ճիշտ՝ աշխարհի ամենամեծ նավը, որ նորերս հացահատիկ էր բերել Ալեքսանդրիայից, իսկ այնտեղից Ծովեզրյա ճանապարհով (Via Littoralis) կմեկնի Անտիոն։ Արդեն մի քանի օր առաջ հրամաններ էին տրված, և այս պատճառով առավոտից Porta Ostiensis֊ի մոտ սկսել էր հավաքվել տեղական տկլոր ու սոված խուժանից ու աշխարհ ի բոլոր ազգերից կազմված մի ամբոխ, որ կամենում էր կշտացնել աչքերը Կեսարի երթով, որով հռոմեական պլեբը[313] երբեք չէր կարողանում բավականին կշտանալ։ Մինչև Անտիոն ճանապարհը դժվար չէր, ոչ էլ հեռու. իսկ հոյակապ պալատներից ու դղյակներից բաղկացած այս քաղաքում կարելի էր գտնել այն ամենը, ինչ որ հարմարությունը, մինչև անգամ այն ժամանակվա ամենանուրբ զեխությունն էր պահանջում։ Բայց Կեսարը սովորություն ուներ հետն առնելու այն ամենը, ինչ֊որ հավանում էր, սկսած երաժշտական գործիքներից ու տնային առարկաներից և վերջացրած արձաններով ու մոզաիկներով. այս բոլորը նրա շուրջն էին դարսում մինչև անգամ այն ժամանակ, երբ կամենում էր միայն կարճ ժամանակով կանգ առնել ճանապարհին՝ հանգստանալու կամ ճաշելու համար։ Այս պատճառով նրա ամեն մի զբոսանքին ուղեկցում էին գունդ֊գունդ ծառաներ, չհաշված պրետորիական վաշտերն ու ավգուստիաններին, որոնցից ամեն մեկը ստրուկների իր առանձին խմբերն էր ունենում։

Այդ օրը վաղ առավոտվանից Կամպանիայի նախրապանները, այծի մորթին ազդրերին ձգած և արևից այրված դեմքերով, դարպասից առաջ քշեցին հինգ հարյուր մատակ էշ, որպեսզի Պոպպեան Անտիոն գալու մյուս օրը կարողանար էշի կաթի իր սովորական լոգանքն ընդունել։ Ամբոխը ծիծաղելով ու ինքնագոհությամբ նայում էր փոշու ամպերի մեջ շարժվող այս երկարականջներին և ուրախությամբ լսում էր մտրակների շվշվոցն ու նախրապանների վայրենի աղաղակները։ Էշերի անցնելուց հետո հազարավոր պատանիներ դուրս վազեցին ճանապարհը և, մեծ խնամքով մաքրելով, սկսեցին երթուղու վրա ծաղիկներ և փշատերև պինիաներ ցանել։ Ամբոխի մեջ մի տեսակ հպարտությամբ կրկնում էին, թե մինչև Անտիոն ամբողջ ճանապարհը պետք է այսպես ցանված լինի ծաղիկներով, որոնք հավաքված էին շրջակա մասնավոր այգիներից և մինչև անգամ մեծ փողով գնված էին Porta Mugionis֊ի ծաղկավաճառներից։ Քանի անցնում էր ժամանակը, այնքան ավելի ու ավելի նեղվածք էր դառնում։ Մի՛ քանիսն ամբողջ ընտանիքով էին եկել, և, որպեսզի ժամանակը շատ երկար չթվա նրանց, ուտելեղեն էին դարսել Կերերայի նոր մեհյանի համար նշանակված քարերի վրա և իրենց «պրանդիոնը» բացօթյա էին ուտում։ Տեղ֊տեղ խմբեր էին կազմվել աշխարհ տեսած մարդկանց շուրջը։ Կեսարի մեկնելու առիթով այստեղ խոսում էին նրա ապագա ճանապարհորդությունների և առհասարակ ճանապարհորդությունների մասին. նավաստիները և ծառայությունը վերջացրած զինվորները հրաշքներ էին պատմում այն երկրներից, որոնց մասին լսել էին իրենց հեռավոր արշավանքների ժամանակ, և ուր դեռ մինչև այդ օրը չէր կոխել հռոմեական ոտքը։ Այն քաղաքացիները, որոնք իրենց կյանքի մեջ երբեք Via Appia֊ից հեռու չէին եղել, զարմանքով լսում էին Հնդկաստանի և Արաբիայի հրաշքների մասին, Բրիտանիան շրջապատող արշիպելագների մասին, ուր մի կղզու վրա Բրիարեոսը կապում էր քնած Սատուռնին և ուր քաջքեր էին բնակվում. Հիպերբորեական երկրների մասին, թանձրացրած ծովերի մասին, այն ֆշշոցի և մռնչյունի մասին, որ օվկիանոսի ջրերն էին արձակում, երբ մայր մտնող արևը սուզվում էր անդունդը[314]։ Հեշտությամբ հավատ էին գտնում խուժանի մեջ այսպիսի լուրերը, որոնց հավատում էին մինչև անգամ Պլինիոսի և Տակիտոսի[315] նման մարդիկ։ Խոսում էին նաև այն նավի մասին, որ պիտի այցելեր Կեսարը, ասում էին, թե նա երկու տարվա հաց է վերցնում, չհաշվելով չորս հարյուր ճանապարհորդ, նույնչափ նավաստիներ ու անթիվ անհամար գազաններ, որոնք պիտի գործածվեին ամառային խաղերի ժամանակ։ Բոլորին միացնում էր սերը Կեսարի նկատմամբ, որ ոչ միայն կերակրում էր, այլև զվարճացնում էր իրենց։ Պատրաստվում էին ոգևորված ընդունելություն ցույց տալու նրան։

Մինչ այս, երևաց նումիդիական հեծյալների վաշտը, որ պատկանում էր պրետորական զորքին։ Նրանք կրում էին դեղին զգեստներ, կարմիր գոտիներ և մեծ օղեր, որոնց ոսկե փայլն ընկնում էր նրանց սև դեմքերի վրա։ Նրանց բամբուկե նիզակների ծայրերը ճառագայթների պես պսպղում էին արևի տակ։ Նրանց անցնելուց հետո սկսվեց երթը, որ հանդեսի էր նման։ Ամբոխն առաջ էր խռնվում, որպեսզի մոտիկից դիտի այն, բայց վրա հասան հետևակ պրետորիանների գնդերը և, երկարությամբ շարվելով դարպասի երկու կողմից, սկսեցին պաշտպանել ճանապարհը։ Առջևից գնում էին կառքեր, որոնց վրա բարձել էին Ներոնի ծիրանի, կարմիր և մանուշակագույն վրանները, և՛ ոսկեթելով կարած, ձյունի պես սպիտակ բեհեզե վրաններ, և՛ արևելյան գորգեր, և՛ նոճե սեղաններ, և՛ մոզաիկի կտորներ, և՛ խոհարարական գործիքներ, և՛ Արևելքի, Հարավի ու Արևմուտքի թռչուններով վանդակներ (այս թռչունների լեզուները կամ ուղեղները պետք է Կեսարի սեղանի կերակուր դառնային), և՛ գինով սափորներ, և՛ մրգերով քթոցներ. իսկ այն առարկաները, որ վախենում էին ջարդել կամ կոտրել կառքերի վրա, տանում էին հետևակ ստրուկները։ Երևացին հարյուրավոր մարդիկ՝ կորնթական պղնձից շինած անոթներն ու արձանները ձեռքներին։ Երևացին առանձին֊առանձին խմբեր՝ էտրուսկական, հունական սկահակների, ոսկուց, արծաթից և ալեքսանդրիական ապակուց շինած անոթների համար։ Սրանց իրարից բաժանում էին հեծյալ և հետևակ պրետորիանների փոքրիկ գնդեր, իսկ ամեն մի ստրկական խմբի վրա հսկում էին վերակացուներ՝ մտրակները ձեռքերին. այս մտրակների ծայրերին կապված էին արճիճե ու երկաթե կտորներ։ Ուշադրությամբ ու զգուշությամբ զանազան առարկաները տանող մարդկանց այս երթը մի կրոնական թափոր էր թվում, և նմանությունն ավելի մեծ դարձավ, երթ սկսեցին անցնել Կեսարի և արքունիքի երաժշտական գործիքները։ Այստեղ կարելի էր տեսնել տավիղներ, հունական, եբրայական և եգիպտական վիներ, քնարներ, ֆորմինգներ, կիթառներ, սրինգներ, երկար, ծռված փողեր, ծնծղաներ։ Նայելով այս նվագարանների ծովին, որ արևից պսպղում էր ոսկու, բրոնզե, թանկագին ակների և սադափի ցայտերով, կարելի էր կարծել, թե Ապոլլոնը կամ Բաքոսն է աշխարհ պտտելու դուրս եկել։ Հետո երևացին հոյակապ կառուկաներ լարախաղացներով, կաքավիչ տղամարդկանցով և կանանցով, որոնք տիրսերը ձեռքներին գեղեցիկ խմբեր էին կազմում։ Սրանց ետևից կառքերով գալիս էին ոչ թե ծառայության, այլ զեխության համար նշանակված ստրկուհիներ, ապա՝ պատանիներ ու փոքրիկ աղջիկներ, որոնք ամբողջ Հունաստանից և Փոքր Ասիայից էին ընտրված. սրանց մազերը երկար էին կամ խոպոպներով գանգրացված և ոսկեթել ցանցերի մեջ հավաքված, ամուրների նման դեմքերը գեղեցիկ, բայց ծածկված ներկերի հաստ շերտով, չլինի թե Կամպանիայի քամին այրի իրենց փափուկ մաշկը։

Եվ ապա գալիս էր հսկայական, երկարամորուս, շիկահեր և կապտաչյա սիկամբրների[316] պրետորիական գունդը, որի առջևից imaginarii կոչված դրոշակակիրները հռոմեական արծիվներ, գրերով ծածկված տախտակներ, գերմանական ու հռոմեական աստվածների արձաններ, վերջում էլ Կեսարի արձաններն ու կիսանդրիներն էին տանում։ Կաշու և զինվորական զրահի տակից երևում էին այրված և պատերազմի մեքենաների պես ուժեղ, մի այնպիսի ծանր զենք գործածելու ընդունակ ձեռքեր, որպիսիք ունեին միայն այս տեսակ պահապանները։ Թվում էր, թե գետինն իջնում է նրանց հաստատ, ծանր քայլերի տակ. իսկ նրանք, կարծես վստահ իրենց ուժի վրա, որը կարող էին գործադրել նույնիսկ իր՝ Կեսարի դեմ, գոռոզությամբ նայում էին փողոցային խուժանին, անկասկած մոռանալով, որ իրենցից շատերը ցնցոտիներով էին եկել այս քաղաքը։ Բայց նրանց թիվը մեծ չէր, որովհետև գլխավոր պրետորիական ուժերը մնում էին իրենց բնակատեղերում քաղաքի վրա հսկելու և սրա մեջ կարգ պահպանելու համար։ Սիկամբրների ետևից տանում էին Ներոնի լծկան վագրերն ու առյուծները, որ պիտի լծեին ճանապարհորդական կառքերին, եթե Կեսարը ցանկանար նմանվել Դիոնիսիոսին։ Այս գազաններին տանում էին հնդիկներն ու արաբները՝ պողպատե շղթաներով, որոնք այնպես էին փաթաթված ծաղիկներով, որ ծաղիկներից հյուսված էին թվում։ Վարժ բեստիարների ձեռքով ընտանի դարձված գազանները նայում էին ամբոխին իրենց կանաչ, կարծես քնաթաթախ աչքերով, իսկ երբեմն բարձրացնելով հսկայական գլուխները՝ մռնչյունով ներս էին քաշում մարդկային հոտը և փշոտ լեզուներով լիզում իրենց դունչերը։

Անցան նաև Կեսարի կառքերն ու դեսպակները, մեծ և փոքր, ոսկե կամ ծիրանե, փղոսկրով, մարգարտով զարդարված և ակնեղենների փայլերով պսպղացող. սրանց ետևից կրկին գալիս էր հռոմեական զենքով զրահավորված պրետորիանների մի գունդ, որ կազմված էր իտալական կամավորներից[317], ապա զարդարված ստրուկ ծառաների ու պատանիների խմբեր, վերջից գալիս էր ինքը Կեսարը, որի մոտենալը հեռվից իմացվում էր ժողովրդի աղաղակներով։

Խուժանի մեջ էր նաև Պետրոս առաքյալը, որ կյանքի մեջ մի անգամ ուզեցել էր տեսնել Կեսարին։ Նրան ընկերակցում էին Լիգիան՝ երեսը խիտ քողով ծածկված, և Ուրսուսը, որի ուժը աղջկա համար ամենից հաստատ ապավենն էր այս անկարգ ու սանձարձակ ամբոխի մեջ։ Լիգը ձեռքով բարձրացրեց այն քարերից մեկը, որ մեհյանի շինության համար էր ընտրված, և բերեց առաքյալի համար, որպեսզի սա, քարի վրա կանգնելով, ուրիշներից ավելի լավ տեսնի։ Խուժանն սկզբում տրտնջում էր, երբ Ուրսուսը խմբերը ճեղքում էր, ինչպես նավը ալիքներն է ճեղքում. բայց երբ նա մենակ բարձրացրեց մի քար, որ չորս ամենաուժեղ կտրիճներ չէին կարողանա տեղից շարժել, տրտունջը զարմանքի փոխվեց, և macte[318] բացականչությունները լսվեցին ամեն կողմից։ Բայց այս միջոցին մոտեցավ Կեսարը։ Նա նստած էր մի կառքում, որ վրանի ձև ուներ, և որ քաշում էին իդումեական, ոսկի պայտերով չորս նժույգներ։ Վրանի ափերը դիտմամբ բարձրացրել էին, որպեսզի ամբոխը կարողանար տեսնել Կեսարին։ Այնտեղ կարող էր մի քանի մարդ տեղավորվել. բայց Ներոնը կամենալով, որ բոլորի ուշադրությունը իր վրա կենտրոնացած լինի, մենակ էր անցնում քաղաքով՝ միայն երկու թզուկ և գաճաճներ նստեցրած ոտքերի մոտ։ Հագին սպիտակ տունիկա էր և մեղեսկե տոգա, որ կապույտ ցոլք էր ձգում նրա դեմքին. գլխին՝ դափնյա պսակ։ Նեապոլ գնալուց ի վեր բավականին պարարտացել էր։ Երեսը լցվել էր, ներքևի ծնոտի տակից կախված էր կրկնակի կզակը, որից նրա շրթունքները, որ առանց այն էլ սաստիկ մոտ էին քթին, այժմ ասես գրեթե կպած էին ռունգերին։ Նրա գեր պարանոցը, ըստ սովորության, պաշտպանված էր մետաքսե թաշկինակով, որը նա ամեն րոպե ուղղում էր սպիտակ ու պարարտ, հոդերին շեկ մազ բուսած ձեռքով. այդ մազերը, որ կարծես արյան բծեր էին, էպիլատորներին թույլ չէր տալիս պոկել, որովհետև իրեն ասել էին, թե դա մատների դող է առաջացնում և արգելում է վին նվագել։ Ինչպես միշտ, նրա դեմքին նկատվում էր անհատակ դատարկություն՝ հոգնածության և ձանձրույթի հետ միասին։ Ընդհանրապես այդ դեմքը միաժամանակ թե՛ ահռելի և թե՛ խեղկատակային էր երևում։ Առաջ գնալով՝ նա աջ ու ձախ էր դարձնում գլուխը, ժամանակ առ ժամանակ աչքերը պլշացնելով և ուշիուշով ականջ դնելով, թե իրեն ինչպես են ողջունում։ Ծափահարությունների մի մրրիկ ողջունում էր նրան, և լսվում էին աղաղակներ՝ «Կեցցե՜ աստվածային, Կեսա՜ր, Իմպերա՜տոր, Կեցցե՜ հաղթո՜ղ։ Կեցցե անզուգական, Որդի Ապոլլոնի, Ապոլլո՜ն»։ Այս խոսքերին ականջ դնելով նա ժպտում էր, բայց երբեմն նրա դեմքի վրայով կարծես ամպ էր անցնում, որովհետև հռոմեական խուժանը ծաղրող էր, և վստահ իր քանակին՝ կծու նկատողություններ էր թույլ տալիս մինչև անգամ մեծ տրիումֆատորների[319] վերաբերմամբ, որոնց, իսկ֊որ, սիրում էր և հարգում։ Չէ՞ որ հայտնի էր, որ մի ժամանակ Հուլիոս Կեսարի Հռոմ մտնելու միջոցին աղաղակում էին. «Քաղաքացիք, պահեցե՛ք ձեր կանանց. գալիս է ճաղատ անառակը»։ Բայց Ներոնի անչափ անձնասիրությունը ամենափոքր հանդիմանություն կամ նկատողություն չէր հանդուրժում, մինչդեռ ամբոխի մեջ գովաբանական աղաղակների միջից լսելի էին գոչումներ. «Պղնձամորո՛ւս... Պղնձամորո՛ւս... Ո՞ւր ես տանում կրակոտ մորուքդ։ Գուցե վախենո՞ւմ ես՝ չլինի թե Հռոմը այրվի դրանից»։ Եվ նրանք, որոնք այսպես կանչում էին, չգիտեին, որ իրենց կատակի մեջ սարսափելի մարգարեություն է ծածկված։ Կեսարին շատ էլ չէին բարկացնում այսպիսի ձայները, մանավանդ, որ մորուք չէր կրում (վաղուց է, որ մորուքը ոսկե տուփի մեջ զոհել էր Յուպիտեր Կապիտոլիացուն)։ Բայց ուրիշները, քարերի կույտերի և մեհյանի պատերի հետևը թաք կացած՝ աղաղակում էին. «Մայրասպա՜ն, Ներո՜ն, Օրեստե՜ս, Ալկմեո՜ն», կամ՝ «Ո՞ւր է Օկտավիան»[320], «Տուր ծիրանին». իսկ նրա ետևից գնացող Պոպպեայի վրա գոչում էին՝ «Flava coma»[321]. այս անունը փողոցային պոռնիկ կանանց էին տալիս։ Ներոնի երաժշտական ականջը լսում էր այս աղաղակները, և այն ժամանակ մատներով աչքին էր մոտեցնում իր ողորկ զմրուխտը, կարծես կամենալով տեսնել և մտքում պահել նրանց, որոնք այդպիսի ձայներն էին արձակում։ Այսպիսով նրա հայացքն ընկավ քարի վրա կանգնած առաքյալի վրա։ Մի րոպե այս երկու մարդիկ նայում էին միմյանց, բայց ո՛չ այդ շքեղ գնացքի, ո՛չ էլ այդ անթիվ անհամար ժողովրդի միջից ոչ ոքի մտքով չանցավ, որ այդ վայրկյանին նայում են իրար երկրիս երկու պետերը, որոնցից մեկն անցնելու էր իբրև արյունալի երազ, իսկ մյուսը՝ այդ աղքատիկ լակեռնան հագին ծերունին, հավիտենական իշխանությամբ առնելու էր այդ աշխարհն ու քաղաքը։

Մինչ այդ Կեսարն անցավ, և իսկույն նրա ետևից ութ աֆրիկացիներ տարան մի հոյակապ դեսպակ, ուր նստած էր ժողովրդին ատելի Պոպպեան։ Ներոնի պես մեղեսիկի գույնի հանդերձները հագին, դեմքին ներկերի հաստ շերտ, անշարժ, մտազբաղ ու անտարբեր՝ այս կինը միաժամանակ ինչ֊որ և բարի, և չար աստվածություն էր երևում, որին տանում էին թափորի ժամանակ։ Նրա ետևից ձգվում էր նորից կին և տղամարդ ծառաների մի բազմություն, հետո մի շարք կառքեր՝ հագուստի ու փափկության պարագաներով։ Արևն արդեն բավականին թեքվել էր կեսօրից, երբ սկսվեց ավգուստիանների երթը՝ փայլուն, պսպղացող, օձի պես փոփոխվող և անվերջ քարավանը։ Ծույլ Պետրոնիոսը, որին մտերմաբար ողջունում էր ամբոխը, հրամայել էր իրեն տանել իր՝ աստվածուհու նման ստրկուհու հետ միասին մի դեսպակի մեջ։ Տիգելլինոսը գնում էր կառուկայով, որ քաշում էին սպիտակ ու ծիրանի փետուրներով զարդարված փոքր ձիեր։ Ժողովուրդը տեսնում էր, թե ինչպես նա վեր էր կենում կառքից և պարանոցը երկարացնելով նայում՝ արդյոք շուտո՞վ Կեսարն իրեն նշան կտա իր կառքն անցնելու։ Ուրիշները ծափահարություններով ողջունում էին Լիկինիանոս Պիսոնին, ծիծաղով Վիտելիոսին, շվացնելով՝ Վատինիոսին։ Լիկինիոս և Լեկանիոս կոնսուլների նկատմամբ ամբոխն իրեն անտարբեր պահեց, իսկ Տուլլիոս Սենեկիոնը, որին հայտնի չէ, թե ինչու էին սիրում, ինչպես և Վեստինոսը, արժանացան ծափահարությունների։ Արքունիքն անհամար էր։ Թվում էր, թե Հռոմում ինչ որ հարուստ, փայլուն կամ նշանավոր բան կար, այդ ամենը գաղթում է Անտիոն։ Ներոնը երբեք այլ կերպ չէր ճանապարհորդում, եթե ոչ հազարավոր կառքերով, իսկ ուղեկիցների քարավանը գրեթե միշտ անցնում էր լեգեոնի զինվորների թվից[322]։ Ժողովուրդը մատնացույց էր անում և Դոմիդիոս Աֆերի, և զառամած Լուկիոս Սատուռնինոսի վրա, տեսավ և Վեսպասիանոսին, որ դեռ չէր գնացել իր հրեական արշավանքին, որտեղից վերադառնալու էր միայն կայսերական թագն ստանալու համար, և նրա որդիներին, և երիտասարդ Ներվային, և Լուկանոսին, և Անտիոս Գալլոնին, և Քվինտիանոսին, և բազմաթիվ կանանց, որոնք հռչակված էին իրենց հարստությամբ, գեղեցկությամբ, շռայլությամբ ու անառակությամբ։ Ամբոխի աչքերը ծանոթ դեմքերից անցնում էին ձիերի սարքերի, կառքերի, ձիերի, ծառաների տարօրինակ զգեստների վրա (այդտեղ գտնվում էին մարդիկ աշխարհի բոլոր ազգություններից)։ Եվ շռայլության ու վեհության այս հոսանքի մեջ մարդ չգիտեր, թե ինչի՞ն նայի, և ոչ միայն աչքերը, այլև միտքը շլանում էր ոսկու այդ փայլատակումից, ծիրանիի ու մանուշակի այդ գույներից, թանկագին ակների պսպղումից, ուլունքի, մարգարտի, փղոսկրի ցոլքերից։ Թվում էր, թե նույնիսկ արևի ճառագայթներն են հալվում այդ պայծառ հոսանքի մեջ։ Ու թեև խուժանի մեջ պակաս չէին փորը ներս ընկած և սովածությունն աչքերին աղքատները, այնուամենայնիվ այդ տեսարանը նրանց մեջ ոչ միայն ապրելու ցանկություն ու նախանձ էր գրգռում, այլև նրանց սրտերը լցնում էր զվարճությամբ ու հպարտությամբ, նրանց մեջ ներարկելով Հռոմի այն ուժի և զորության զգացմունքը, որոնց առջև ծունր էր դնում և գետին էր տարածվում աշխարհը։ Չէ՞ որ ամբողջ աշխարհի երեսին ոչ ոք չկար, որ համարձակվեր մտածել, թե այս ուժը կանգուն չի մնա բոլոր դարերում, չի ապրի բոլոր ազգերից երկար և որ մի բան կարող է նրան հակառակ կանգնել երկրի վրա։

Վինիկիոսը գնում էր շքերթի վերջից և, տեսնելով առաքյալին ու Լիգիային, որին հույս չուներ տեսնելու, դուրս թռավ կառքից և, ողջունելով նրանց կարմրած դեմքով, սկսեց խոսել շտապ, ինչպես մի մարդ, որ ժամանակ չունի կորցնելու.

— Եկա՞ր... Չգիտեմ, ինչպե՞ս պետք է քեզանից շնորհակալ լինեմ, Լիգիա։ Աստված չէր կարող ինձ ավելի լավ գուշակություն ուղարկել։ Անջատվելով քեզնից՝ ողջունում եմ քեզ նորից, բայց երկար չեմ անջատվում։ Ճանապարհին կկանգնեցնեմ պարթևական ձիերը և ամեն ազատ օր քեզ մոտ կլինեմ, մինչև որ վերադառնալու թույլտվություն ստանամ։ Ողջ եղիր։

— Ողջ եղիր,— պատասխանեց Լիգիան և հետո ավելի կամացուկ ավելացրեց.— Քրիստոս քեզ առաջնորդի և բաց անի հոգիդ Պողոսի խոսքերի համար։

Իսկ երիտասարդն ուրախացավ հոգու խորքում, որ նրա հոգսն այն է, որ ինքը շուտով քրիստոնյա դառնա, և պատասխանեց.

— Ocelle mi![323] թող այնպես լինի, ինչպես ասում ես։ Պողոսն ավելի լավ է համարում իմ մարդկանց հետ գալ, բայց ինձ հետ է և կլինի իմ ուսուցիչն ու ընկերը... Ետ արա քողդ, իմ ուրախություն, որ քեզ մի անգամ էլ տեսնեմ ճանապարհից առաջ։ Ինչո՞ւ ես այդպես ծածկվել։

Լիգիան ձեռքով քողը բարձրացրեց և նրան ցույց տվեց իր պայծառ դեմքն ու գեղեցիկ ժպտացող աչքերը, հարցնելով.

— Այսպես վա՞տ է։

Եվ նրա ժպիտն իր մեջ մի քիչ էլ օրիորդական հանդիմանություն էր պարունակում. իսկ Վինիկիոսը, հիացած նայելով նրան, պատասխանեց.

— Վատ է իմ աչքերի համար, որոնք երանի թե մինչև մահ միայն քեզ նայեն։

Հետո դարձավ Ուրսուսին և ասաց.

— Ուրսո՛ւս, պահպանիր սրան իբրև քո աչքի լույսը, որովհետև սա ոչ միայն քո, այլև իմ domina֊ն է[324]։

Ապա նա բռնեց օրիորդի ձեռքը, հպեց իր շրթունքներին, ի մեծ զարմանս խուժանի, որ ոչ մի կերպ չէր կարող հասկանալ, թե այս փայլուն ավգուստիանը ինչու է այսպիսի մեծարանք ցույց տալիս մի աղջկա, որ հագին ունի հասարակ, գրեթե ստրկական զգեստ։

— Ողջ եղիր։

Եվ Վինիկիոսն շտապ հեռացավ, որովհետև կայսերական ամբողջ շքախումբը բավականին առաջ էր գնացել։ Պետրոս առաքյալը խաչի աննկատելի նշանով խաչակնքեց նրան, իսկ բարի Ուրսուսն սկսեց իսկույն փառաբանել նրան՝ ուրախ լինելով, որ մատաղահաս տիրուհին հոժարությամբ լսում է և երախտագիտությամբ նայում է իրեն։

Շքերթը հեռանում էր և ծածկվում ոսկեգույն փոշու ամպերով, իսկ նրանք երկար նայում էին նրա ետևից, մինչև որ մոտեցավ Դեմասը՝ այն ջրաղացպանը, որի մոտ աշխատում էր Ուրսուսը։

Սա, համբուրելով առաքյալի ձեռքը, սկսեց խնդրել նրան, որ գնան իր մոտ ճաշելու, ասելով, որ իր տունը Էմպորիոնի մոտ է, իսկ նրանք պետք է որ քաղցած ու հոգնած լինեն՝ օրվա մեծ մասն անցկացնելով դարպասի մոտ։

Նրանք միասին գնացին, և իրիկնադեմ էր արդեն, երբ հանգստանալով և ուժերը կազդուրելով նրա տանը՝ վերադառնում էին Անդրտիբերիս։ Կամենալով գետն անցնել Էմիլիոսի կամրջով՝ նրանք գնում էին Clivius Publicus֊ով, անցնում էր Ավենտինյան բլրի վրայով, Դիանայի և Մերկուրիոսի մեհյանների մեջտեղով։ Պետրոս առաքյալն այս բարձրությունից նայում էր իրեն շրջապատող և հեռվում կորչող տներին և լուռ, մտքերի մեջ խորասուզված, մտածում էր այս քաղաքի ահագնության ու իշխանության մասին, ուր ինքը եկել էր Աստուծո խոսքը քարոզելու։ Մինչև այդ ժամանակ նա տեսել էր հռոմեական տիրապետությունն ու լեգեոնները զանազան երկրներում, ուր շրջել էր, բայց նրանք կարծես այն ուժի առանձին անդամներն էին, որի մարմնացումն այսօր առաջին անգամ տեսավ Կեսարի անձնավորության մեջ։ Այս անչափ մեծ, հափշտակիչ, ընչասեր ու նաև սանձարձակ, մինչև ոսկորների ծուծը փտած, իր գերմարդկային ուժի մեջ անպարտելի քաղաքը, այս եղբայրասպան, մայրասպան և կնասպան Կեսարը, որի ետևից քարշ էին գալիս նրա պալատականներից ոչ սակավաթիվ արյունոտ ուրվականներ. այս անառակն ու խեղկատակը, միաժամանակ և երեսուն լեգեոնների ու նրանց միջոցով ամբողջ երկրի տերը, այս ոսկով ու ծիրանիով պատած պալատականները, որոնք վաղվա օրվա վրա վստահ չէին, բայց և ուժեղ էին թագավորներից,— այս ամենը միասին վերցրած չարիքի և անիրավության դժոխային թագավորություն երևաց նրան։ Եվ նա իր պարզամիտ հոգու մեջ զարմանում էր, թե աստված ինչպե՞ս կարող է այսպիսի անհասկանալի ամենակալություն տալ մի սատանայի և ինչպե՞ս կարող է տալ նրան երկիրը, որ այն հունցի, շուռ տա, ճմռի, արտասուք և արյուն քամի, մրրկի մրրիկի պես, փչի հողմի պես, այրի կրակի պես։ Եվ այս մտածողություններից խռովեց նրա առաքելական սիրտը, և մտքի մեջ ասաց Վարդապետին. «Տե՛ր, ի՞նչ անեմ այս քաղաքի մեջ, ուր ուղարկել ես ինձ։ Սրանն են ծովն ու ցամաքը, սրանն են ցամաքի կենդանին ու ջրի ձուկը, սրանն են ուրիշ թագավորություններն ու քաղաքները և երեսուն լեգեոնները, որոնք նրանց վրա հսկում են. իսկ ես, Տե՛ր, մի լճաբնակ ձկնորս, ի՞նչ անեմ և ինչպե՞ս հաղթեմ սրա չարությանը»։

Այս ասելով նա բարձրացրեց իր ալեզարդ, դողդոջուն գլուխը դեպի երկինք, աղոթք անելով և սրտի խորքում Աստվածային Վարդապետին կանչելով՝ վշտահար և խռոված հոգով։

Եվ այս աղոթքի ժամանակ նրան ընդմիջեց Լիգիայի ձայնը.

— Ամբողջ քաղաքը կարծես կրակի մեջ է։

Իրավ որ, այդ օրն արևը տարօրինակ կերպով էր մայր մտնում։ Նրա ահագին բոլորակն արդեն կիսով չափ թաք էր կացել Հանիկուլյան բլրի հետև, իսկ ամբողջ երկնակամարը լցվել էր կարմիր ցոլքով։ Այնտեղից, ուր նրանք կանգնած էին, հայացքը բավականին ընդարձակ տարածություն էր ընդգրկում։ Մի քիչ աջ երևում էին Circus Maximus֊ի ձիգ պատերը, նրանցից վեր՝ Պալատիոնի աստիճան֊աստիճան պալատները, իսկ ուղիղ առջևը, Forum Boarium֊ի և Velebrum֊ի հետևից, Կապիտոլի գագաթը Յուպիտերի մեհյանով։ Բայց պատերը, սյուները և մեհյանների գմբեթները կարծես սուզված էին այդ ոսկեգույն և ծիրանի ցոլքի մեջ։ Գետի հեռվում նկատվող մասերը հոսում էին կարծես արյան հորձանքով և քանի ավելի էր արևը թաք կենում բլրի հետև, ցոլքը ավելի և ավելի կարմիր էր դառնում, ավելի և ավելի նման հրդեհի արտացոլմունքին և մեծանում էր, ընդարձակվում, այնպես որ վերջապես ընդգրկեց յոթ բլուրները, որտեղից թվում էր, թե հոսում էր ամբողջ շրջակայքի վրա։

— Ամբողջ քաղաքը կարծես կրակի մեջ է,— կրկնեց Լիգիան։

Իսկ Պետրոսը աչքերը ձեռքով պաշտպանեց և ասաց.

— Աստուծո բարկությունն է այս քաղաքի վրա։

ԳԼՈՒԽ ԺԵ

Վինիկիոսը Լիգիային։

«Ստրուկ Ֆլեգոնը, որի ձեռքով քեզ ուղարկում եմ այս նամակը, քրիստոնյա է, ուրեմն, նրանցից մեկը կլինի, որոնք ազատության կստանան քո ձեռքով, իմ անգին։ Նա մեր տան հին ծառան է, ուստի կարող եմ նրա միջոցով վստահությամբ ուղարկել նամակս, առանց վախենալու, թե այն ուրիշների ձեռքը կընկնի։ Գրում եմ քեզ Լավրենտոնից, ուր կանգ ենք առել տոթի պատճառով։ Օթոնր այստեղ մի հոյակապ դղյակ ուներ, որ իր ժամանակին նվիրել է Պոպպեային. իսկ սա, թեև բաժանվել է նրանից, հարմար է համարել պահել այդ գեղեցիկ ընծան... Երբ մտածում եմ այն կանանց մասին, որոնք այժմ շրջապատում են ինձ, և քո մասին, թվում է, թե Դևկալիոնի[325] քարերից պետք է որ առաջացած լինեն մարդկանց տարբեր, բոլորովին միմյանց չնմանող տեսակները, և որ դու այն տեսակին ես պատկանում, որ բյուրեղից է ծնվել։ Զմայլվում եմ քեզնով և սիրում եմ քեզ ամբողջ հոգով, այնպես որ կկամենայի քեզ հետ խոսել միայն քո մասին, և պետք է ինձ ստիպեմ, որ գրեմ ճանապարհորդությանս մասին, այն մասին, թե ինչ է ինձ պատահում, և պալատական նորությունների մասին։ Այսպես ուրեմն, Կեսարը հյուր էր Պոպպեային, որը ծածուկ շքեղ ընդունելություն էր պատրաստել։ Ավգուստիաններից շատերին չէր հրավիրել, բայց ես և Պետրոնիոսը հրավիրվել էինք։ Պրանդիոնից հետո նավակներով զբոսնում էինք ծովի վրա, որ այնպես խաղաղ էր, ասես քնած լիներ, և այնպես կապույտ, ինչպես քո աչքերը, օ՜ աստվածային։ Ինքներս էինք թիավարում, որովհետև Ավգուստայի ինքնասիրությունը, անկասկած, շոյվում էր նրանից, որ իրեն տանում էին կոնսուլական այրերը կամ սրանց որդիք։ Կեսարը, ծիրանի տոգան հագին, ղեկի մոտ կանգնած, երգում էր ծովին ձոնված մի օրհներգ, որը հյուսել էր նախորդ գիշերը և որի երաժշտական եղանակը հնարել էր Դիոդորի հետ միասին։ Ուրիշ նավակներից նրան ձայնակցում էին հնդիկ ստրուկները, որոնք գիտեն նվագել ծովային խեցիների վրա, իսկ շուրջը երևում էին բազմաթիվ դելֆիններ, կարծես երաժշտությունը, իրոք, նրանց դուրս էր կանչել Ամֆիտրիդի խորքերից։ Իսկ ես գիտե՞ս ինչ էի անում։ Քո մասին էի մտածում և քեզ էի կարոտում և ուզում էի վերցնել այդ ծովը, այդ ջինջ եղանակը, այդ երաժշտությունը և քեզ պարգևել բոլորը։ Արդյոք ուզո՞ւմ ես, որ մենք երբևիցե բնակվենք ծովափին, իմ ավգուստա, Հռոմից հեռու։ Սիցիլիայում հողեր ունեմ, ուր նշի անտառներ կան, որոնք գարունքին վարդագույն ծաղիկներով են ծածկվում և այնքան են մոտենում ծովափին, որ ճյուղերի ծայրերը գրեթե կպչում են ջրին։ Այնտեղ կսիրեմ քեզ և կպաշտեմ այն ուսմունքը, որ ինձ Պողոսը կսովորեցնի, որովհետև արդեն գիտեմ այն, որ այդ ուսմունքը սիրո և երջանկության հակառակ չէ։ Արդյոք ուզո՞ւմ ես... Բայց առաջ, քան պատասխանդ իմանամ քո սիրելի շրթունքներից, շարունակում եմ գրել, թե ի՞նչ պատահեց նավակում։ Հենց որ ափը հեռու մնաց, մեր առջև տեսանք մի առագաստ, և իսկույն վեճ ծագեց, թե դա արդյոք ձկնորսի հասարակ նավա՞կ է, թե Օստիայից եկող մեծ նավ։ Ես էի առաջինը, որ ճանաչեցի այն, և այն ժամանակ Ավգուստան ասաց, որ իմ աչքերի համար երևի ոչ մի ծածուկ բան չկա, և հանկարծ, դեմքի վրա քողն իջեցնելով, հարցրեցի արդյոք այսպես էլ կճանաչեի՞ իրեն։ Պետրոնիոսն իսկույն պատասխանեց, որ ամպի հետևից անկարելի է տեսնել նույնիսկ արևը, իսկ նա ծիծաղելով ասաց, որ այդպիսի մի սրատես աչք միայն սերը կարող է կուրացնել, և զանազան ավգուստիանուհիների թվելով՝ սկսեց հարցնել ու քննել, թե ո՞ւմ եմ սիրում։ Ես հանգիստ պատասխանում էի, բայց նա վերջը քո անունն էլ տվեց։ Խոսելով քո մասին՝ Ավգուստան նորից իր դեմքը բաց արեց և սկսեց նայել ինձ չար ու քննող աչքերով։ Անչափ երախտապարտ եմ Պետրոնիոսին, որ այդ վայրկյանին նավակը մի կողմ թեքեց և այսպիսով ընդհանուրի ուշադրությունը հեռացրեց ինձնից, որովհետև եթե քո մասին անհաճո կամ հեգնական բառ լսեի, չէի կարողանա բարկությունս զսպել, և պետք է մաքառեի այդ այլանդակ ու չար կնոջ գլուխը թիակով ջախջախելու ցանկության դեմ... Հիշո՞ւմ ես, որ պատմեցի քեզ Լիննոսի տանը, մեկնելուս նախորդ օրը՝ Ագրիպպայի լճակի մոտ տեղի ունեցած անցքի մասին։ Պետրոնիոսն ինձ համար վախենում է և այսօր աղաչում էր ինձ, որ Ավգուստայի ինքնասիրությունը չգրգռեմ. բայց Պետրոնիոսն արդեն ինձ չի հասկանում և չգիտի, որ բացի քեզնից ինձ համար ոչ զվարճություն, ոչ գեղեցկություն, ոչ սեր կա, և որ Պոպպեայի նկատմամբ միայն զզվանք ու արհամարհանք կարող եմ ունենալ։ Դու արդեն չափազանց փոխել ես իմ հոգին և այնպես սաստիկ, որ առաջվա կյանքին արդեն վերադառնալ չէի կարողանա։ Բայց մի վախենա, որ ինձ այստեղ վատ բան կարող է պատահել։ Պոպպեան ինձ չի սիրում, որովհետև նա ընդունակ չէ ոչ ոքի սիրելու, և նրա ցանկությունները բխում են միայն բարկությունից Կեսարի դեմ, որը դեռևս նրա ազդեցության տակ է և գուցե մինչև այժմ էլ դեռևս սիրում է նրան, այնուամենայնիվ նրան չի խնայում և չի ծածկում նրա առջև իր անամոթությունն ու մոլությունները։ Կասեմ քեզ վերջապես և մի այլ բան, որը պետք է որ հանգստացնի քեզ. Պետրոսը մեկնելուցս առաջ ինձ ասաց, որ չվախենամ Կեսարից, որովհետև ոչ մի մազ վայր չի ընկնի գլխիցս, և ես նրան հավատում եմ։ Մի ինչ֊որ ձայն հոգուս ասում է, որ նրա ամեն մի խոսքը պիտի կատարվի. իսկ քանի որ նա օրհնել է մեր սերը, ուրեմն ոչ Կեսարը, ոչ էլ Հադեսի բոլոր զորությունները, ոչ նույնիսկ նախախնամությունը չեն կարող քեզ ինձնից խլել, Լիգիա։ Երբ մտածում եմ այս մասին, երջանիկ եմ այնպես, կարծես երկինք լինեմ, որ ինքը մենակ թե՛ երջանիկ է և թե խաղաղ։ Բայց քեզ քրիստոնեուհուդ, գուցե վիրավորում է այն, որ խոսում եմ երկնքի և նախախնամության մասին։ Եթե այդպես է, ներիր ինձ, որովհետև անգիտակցորեն եմ մեղանչում։ Մկրտությունը դեռ չի մաքրել ինձ, և իմ սիրտը մի դատարկ անոթ է, որ Պողոս Տարսոնացին պետք է լցնի քաղցր ուսմունքով, որ ավելի ևս քաղցր է ինձ համար, քանի որ քո ուսմունքն է։ Դու, աստվածային, իմ արժանիքը համարիր գոնե այն, որ այդ անոթից դեն եմ ածել այն հեղուկը, որով առաջ լցված էր, և որ այդ անոթը չեմ հեռացնում, այլ պարզում եմ առաջ, ինչպես մի ծարավ մարդ, որ կանգնած է պարզ աղբյուրի մոտ։ Երանի՜ քաղցրահայաց լինես իմ հանդեպ։ Գիշեր֊ցերեկ կհավաքվենք Անտիոնում՝ լսելու Պողոսին, որ իմ ծառաների մեջ հենց առաջին օրվանից այնպիսի ազդեցություն է ձեռք բերել, որ անդադար շրջապատում են նրան՝ համարելով նրան ոչ միայն Թավմատուրդոս[326], այլև գրեթե գերբնական մի էակ։ Երեկ նրա դեմքին ուրախություն նկատեցի, և երբ հարցրի, թե ինչ է անում, պատասխանեց ինձ. «Սերմանում եմ»։ Պետրոնիոսը գիտի, որ նա իմ մարդկանց մեջ է, և ցանկանում է նրան տեսնել։ Այդպես և Սենեկան, որ նրա մասին լսել է Գալլոնից։ Բայց արդեն աստղերը գունատվում են, օ՜, Լիգիա, և առավոտյան Lucifer֊ը[327] ավելի ու ավելի սաստիկ է լույս տալիս։ Քիչ հետո արշալույսը կկարմրացնի ծովը. ամեն բան շուրջս քնած է, միայն մտածում եմ քո մասին. սիրում եմ քեզ։ Ողջույն քեզ առավոտյան արշալույսի հետ». sponsa mea![328]։

ԳԼՈՒԽ ԺԶ

Վինիկիոսը Լիգիային։

«Արդյոք դու, անգինս, երբևիցե Ավլոսների հետ եղե՞լ ես Անտիոնում։ Եթե ոչ, երջանիկ կլինեմ, երբ քեզ մի ժամանակ ցույց տամ այս քաղաքը։ Մինչև Լավրենտոն՝ ծովափով, մեկը մյուսի ետևից դղյակներ են ձգվում, և ինքը Անտիոնը մի անվերջանալի շարք է պալատների ու պորտիկների, որոնց սյուները պարզ եղանակին արտացոլվում են ջրի մեջ։ Ես էլ այնտեղ մի ապարանք ունեմ, հենց ջրի ափին. դղյակիս ետև ձիթենու և նոճու անտառ է, և երբ մտածում եմ, որ այս ապարանքը ժամանակով քոնը կլինի, նրա մարմարները ավելի սպիտակ են երևում ինձ, ավելի ստվերախիտ են երևում պարտեզները և ավելի կապույտ՝ ծովը։ Օ՜, Լիգիա, ինչ լավ է ապրել և սիրել։ Ծերունի Մենիկլեսը, որ կառավարում է այդ դղյակը, մրտենիների տակ, մարգագետիններում, շուշանի ամբողջ թփեր է տնկել, և դրանք տեսնելով մտաբերեցի Ավլոսների տունը, ձեր իմպլուվիոնը և ձեր պարտեզը, ուր նստած էի քո կողքին։ Քեզ էլ այդ ծաղիկները կհիշեցնեն քո հայրական տունը. դրանում վստահ եմ, որ կսիրես Անտիոնն ու այն դղյակը։ Մեր հասնելուն պես պրանդիոնի ժամանակ երկար խոսեցինք Պողոսի հետ։ Խոսում էինք քո մասին, իսկ հետո նա սկսեց սովորեցնել։ Ես նրան երկար ժամանակ լսում էի, և միայն կասեմ քեզ, որ եթե մինչև անգամ այնպես գրել իմանայի, ինչպես Պետրոնիոսը, այնուամենայնիվ չէի կարողանա քեզ պատմել բոլորը, ինչ որ անցավ իմ մտքով ու հոգով։ Ես հույս չունեի, թե աշխարհիս հրեսին կարող են դեռևս գոյություն ունենալ այնպիսի մի երջանկություն, գեղեցկություն ու խաղաղություն, որ մարդիկ մինչև օրս չգիտեն։ Բայց այս ամենը պահում եմ քեզ հետ խոսելու համար, երբ հենց առաջին ազատ օրը կգամ Հռոմ։ Ասա ինձ, երկիրն ինչպե՞ս կարող է տանել միաժամանակ այնպիսի մարդկանց, ինչպիսին են Պետրոս առաքյալը, Պողոս Տարսոնացին... և Կեսարը։ Հարցնում եմ նրա համար, որ Պողոսի խոսակցությունից հետո երեկոն անցկացրի Ներոնի մոտ, և, գիտե՞ս, այնտեղ ինչ լսեցի։ Նախ և առաջ նա ինքը կարդում էր իր՝ Տրոյայի կործանման վեպը և սկսեց գանգատվել, որ երբեք այրվող քաղաք չի տեսել։ Նա նախանձում էր Պրիամոսին և նրան բախտավոր մարդ էր անվանում նրա համար միայն, որ կարողացել էր հայրական քաղաքի հրդեհն ու կործանումը տեսնել։ Այս խոսքին Տիգելլինոսը պատասխանեց. «Մի խոսք ասա, աստվածային, կառնեմ ջահն, ու նախքան գիշերը անցնի, կտեսնես այրվող Անտիոնը»։ Բայց Կեսարը նրան տխմար անվանեց. «Ո՞ւր,— ասաց նա,— պետք է գայի ծովի օդը ծծելու և պահպանելու այն ձայնը, որն ինձ աստվածներն են պարգևել, և որի մասին, ինչպես ասում են, մարդկանց օգտի համար, պարտական եմ հոգս քաշել։ Չէ՞ որ Հռոմն է, որ ինձ վնասում է, Սուբուռայի և Էսքվիլինի խեղդող գոլորշիներն են, որ իմ ձայնը խռպոտ են դարձնում, և արդյոք այրվող Հռոմը հազարապատիկ ավելի հոյակապ և ողբերգական տեսարան չէ՞ր ներկայացնի, քան թե Անտիոնը»։ Այստեղ ամենքը ասացին, թե ինչպիսի անլուր ողբերգություն կլինի ավերակների և մոխրի կույտ դարձած տեսնել մի այնպիսի քաղաք, որ տիրել է ամբողջ աշխարհին։ Կեսարը նկատեց, որ այն ժամանակ նրա վեպը կգերազանցեր Հոմերոսի երգերին, և ապա ասաց, թե ինչպես կվերաշիներ քաղաքը և թե ինչպես հաջորդ դարերում պիտի զարմանային իր գործից, որի համեմատությամբ կնվաստանային մարդկային բոլոր գործերը։ Այն ժամանակ հարբած հյուրերը սկսեցին գոչել. «Արա՛ այդ, արա՛»։ Իսկ նա ասաց. «Պետք է որ ավելի հավատարիմ և ինձ ավելի սաստիկ նվիրված բարեկամներ ունենայի»։ Ես, խոստովանում եմ, լսելով այս, հանկարծ անհանգստացա, որովհետև Հռոմում դու ես։ Ինքս ծիծաղում եմ այս երկյուղի վրա և մտածում եմ, որ Կեսարն ու ավգուստիանները թեև խելագար մարդիկ են, սակայն չէին հանդգնի այդպիսի մի խելագարություն անել. բայց տես, թե ինչպես մարդ վախենում է իր սիրած էակի համար։ Այնուամենայնիվ կցանկանայի, որ Լիննոսի տունը չլիներ Անդրտիբերիսի նեղ փողոցում և այն օտարականների թաղում, որի վրա այդպիսի դեպքում ամենաքիչ ուշադրություն կդարձնեին։ Ինձ համար նույնիսկ Պալատինյան պալատները քեզ արժանի բնակարան չէին լինի, և կուզեի, որ քեզ չպակասեր այն հարմարություններից ոչ մեկը, որոնց ընտելացած ես մանկությանդ օրերից ի վեր։ Տեղափոխվիր Ավլոսների տուն. իմ Լիգիա։ Ես այստեղ շատ եմ դրա մասին մտածում։ Եթե Կեսարը Հռոմում լիներ, վերադարձիդ լուրը ստրուկների միջոցով կարող էր Պալատիոն հասնել, քեզ կուղղեր ուշադրությունը և հալածանք կգրգռեր, քանի որ համարձակվեցիր գործել Կեսարի կամքին հակառակ։ Բայց նա երկար ժամանակ կմնա այստեղ Անտիոնում, իսկ նրա վերադառնալուց առաջ ստրուկներն էլ կդադարեն այդ մասին խոսելուց։ Լիննոսն ու Ուրսուսը կարող են քեզ մոտ լինել։ Վերջապես՝ այն հույսով եմ ապրում, որ առաջ, քան Պալատիոնը կտեսնի Կեսարին, դու, իմ աստվածային, արդեն ապրելիս կլինես քո սեփական տանը՝ Կառինայում։ Օրհնվի օրը, ժամն ու րոպեն, երբ իմ շեմս կկոխես, և եթե Քրիստոսը, որին սովորում եմ դավանել, այդ կտա, թող օրհնված լինի նրա անունն էլ։ Կծառայեմ նրան և կյանքս ու արյունս կզոհեմ նրա համար։ Վատ եմ ասում. կծառայենք նրան երկուսս, որքան կբավականանա մեր կյանքի թելը։ Սիրում եմ քեզ և ողջունում եմ քեզ ամբողջ հոգով»։

ԳԼՈՒԽ ԺԷ

Ուրսուսը ջուր էր քաշում ջրհորից և պարանով կրկնակի սափորը հանելիս կիսաձայն երգում էր լիգիական օտարոտի մի երգ, նա ուրախափայլ աչքերով նայում էր Լիգիային ու Վինիկիոսին, որոնք Լիննոսի պարտեզի նոճիների միջից սպիտակին էին տալիս երկու արձանների պես։ Թույլ քամին չէր շարժում նրանց շորերը։ Աշխարհը պատում էր ոսկեգույն ու մանուշակագույն աղջամուղջը, իսկ նրանք, երեկոյան այդ խաղաղության մեջ խոսում էին՝ բռնած իրար ձեռքից։

— Ոչ մի վատ բան չի՞ կարող քեզ պատահել, Մարկոս, որ Անտիոնը թողել ես առանց Կեսարի թույլտվության,— հարցրեց Լիգիան։

— Ոչ, իմ անգին,— պատասխանեց Վինիկիոսը,— Կեսարը հայտարարեց, որ Տերպնոսի հետ երկու օրով առանձնանալու է՝ նոր երգեր հնարելու համար։ Նա հաճախ է այդպես անում և այն ժամանակ ոչ մի ուրիշ բան չգիտի ու չի հիշում, վերջապես ինչի՞ս է Կեսարը, երբ քո կողքին եմ և քեզ եմ նայում։ Չափազանց կարոտել էի, իսկ վերջին գիշերները քունն աչքիցս փախել էր։ Շատ անգամ, երբ հոգնածությունից նիրհում էի, հանկարծ զարթնում էի մի զգացումով, որ քեզ վրա վտանգ է ծանրացած. երբեմն երազ էի տեսնում, իբր թե գողացել են կայարաններում կանգնեցրած ձիերս, որոնք ինձ Անտիոնից Հռոմ պետք է բերեին և որոնցով այս ճանապարհը այնպես արագ անցա, ինչպես երբեք չի անցել և ոչ մի կայսերական սուրհանդակ։ Եվ առանց քեզ այլևս դիմանալ չէի կարող։ Անչափ սիրում եմ քեզ, անգինս, իմ թանկագին։

— Գիտեի, որ կգաս։ Իմ խնդրանքով երկու անգամ Ուրսուսը վազել է Կառինա, քո տուն և հարցրել քո մասին։ Ինձ ծաղրում էր Լիննոսը, ինչպես և Ուրսուսը։

Իրոք, նկատելի էր, որ նրան սպասում էր։ Սովորական մուգ զգեստի փոխարեն նա հագել էր փափուկ սպիտակ ստոլան, որի նուրբ ծալքերի տակից դուրս էին ցցված նրա ուսերն ու գլուխը, ինչպես ձնծաղիկը ձյան տակից։ Մի քանի վարդագույն հարսնուկներ զարդարում էին նրա գլուխը։

Վինիկիոսն իր շուրթերը հպեց նրա ձեռքին, հետո նրանք նստեցին քարե նստարանի վրա, վայրի որթի մեջ և, ուսերը միմյանց կռթնելով, լուռ նայում էին վերջալույսին, որի վերջին ցոլքերն արտացոլվում էին նրանց աչքերի մեջ։

Խաղաղ երեկոյի հրապույրը կամաց֊կամաց ընդգրկում էր նրանց։

— Որքա՜ն խաղաղ է այստեղ, և որքա՜ն հրաշալի է աշխարհը,— զսպված ձայնով ասաց Վինիկիոսը։— Զարմանալի ջինջ գիշեր է լինելու։ Այնպես բախտավոր եմ ինձ զգում, ինչպես երբեք իմ կյանքում։ Ասա ինձ, Լիգիա, ի՞նչ է սա։ Ես երբեք չէի ենթադրում, որ սերն այսպես կարող է լինել։ Կարծում էի, թե դա միայն արյան հուր է ու ցանկություն, իսկ այժմ տեսնում եմ, որ կարելի է սիրել արյան ամեն կաթիլով և ամեն շնչով ու միաժամանակ այնպիսի քաղցր ու անսահման անդորրություն զգալ, կարծես հոգիդ արդեն օրորած լինեն Քունն ու Մահը։ Սա ինձ համար մի նոր բան է։ Նայում եմ այս ծառերի հանգստությանը, ու թվում է, թե իմ մեջն է նա։ Այժմ եմ միայն հասկանում, որ կարող է երջանկություն լինել, որի մասին մարդիկ մինչև այսօր գաղափար չեն ունեցել։ Այժմ եմ միայն հասկանում, թե ինչու և դու, և Պոմպոնիա Գրեկինան այնպես պարզ ու վճիտ եք... Այո... Այդ Քրիստոսն է տալիս...

Իսկ աղջիկն այդ րոպեին իր հրաշալի դեմքը դրեց նրա ուսին և ասաց.

— Իմ թանկագին Մարկո՛ս...

Եվ չէր կարողանում ավելին ասել։ Խնդությունը, երախտագիտությունը և այն զգացմունքը, թե միայն այժմ կարող է սիրել նրան, նրա ձայնը խզեցին և դրա տեղ աչքերը լցրին հուզմունքի արցունքներով։ Վինիկիոսը գրկելով նրա նուրբ մարմինը՝ մի րոպե սեղմեց իրեն, հետո ասաց.

— Լիգիա, օրհնված լինի այն րոպեն, երբ առաջին անգամ լսեցի Նրա անունը։

Իսկ աղջիկը կամացուկ պատասխանեց.

— Սիրում եմ քեզ, Մարկոս։

Եվ երկուսն էլ լռեցին՝ չկարողանալով հուզված կրծքերից որևէ բառ արձակել։ Նոճիների վրա հանգան վերջին մանուշակագույն ցոլքերը, և պարտեզն սկսեց արծաթազօծվել կիսալուսնի լույսով։

Քիչ անց Վինիկիոսը վերջապես խոսեց.

— Ես գիտեմ... Մտա թե չէ, քո անգին ձեռքերը համբուրեցի թե չէ, քո աչքերի մեջ մի հարց կարդացի՝ արդյոք հասկացե՞լ եմ այն աստվածային ուսմունքը, որը դու դավանում ես, և արդյոք մկրտվա՞ծ եմ։ Ոչ, դեռ մկրտված չեմ, իսկ գիտե՞ս, ծաղիկս, ինչո՞ւ։ Պողոսն ինձ ասաց. «Քեզ համոզեցի, որ Աստված աշխարհ եկավ և թույլ տվեց, որ աշխարհիս փրկության համար խաչեն Իրեն», բայց շնորհի աղբյուրի մեջ թող լվանա քեզ Պետրոսը, որն առաջինն էր, որ քո գլխին ձեռքը տարածեց, և առաջինն էր, որ օրհնեց քեզ։ Ես էլ ուզում էի, որ դու, իմ անգին, տեսնես մկրտությունս, և որ կնքամայրս լինի Պոմպոնիան։ Ահա սրա համար է, որ դեռևս մկրտված չեմ, թեև հավատում եմ Փրկչին և Նրա քաղցր ուսմունքին։ Պողոսն ինձ համոզեց, դարձրեց, և մի՞թե ուրիշ կերպ կարող էր լինել։ Ինչպե՞ս կարող էի չհավատալ, որ Քրիստոսն աշխարհ է եկել, քանի որ այդ ասում է Պետրոսը, որ Նրա աշակերտն է եղել, և Պողոսը, որին Նա երևացել է։ Ինչպե՞ս կարող էի չհավատալ, որ Աստված էր, քանի որ հարյավ։ Չէ՞ որ Նրան տեսել են և քաղաքում, և լճի ափին, և լեռան վրա, և տեսել են մարդիկ, որոնց շրթունքները սուտ չգիտեն։ Ես արդեն հավատում էի այս ամենին այն ժամանակից ի վեր, երբ լսեցի Պետրոսին Օստրիանոնում, այն ժամանակ արդեն ասացի ինձ՝ ամբողջ աշխարհի երեսին շատերը կարող են սուտ խոսել, բայց ոչ այդ մարդը, որ ասում է. «Տեսել եմ»։ Բայց ձեր ուսմունքից վախենում էի։ Թվում էր ինձ, թե նա խլում է քեզ ինձնից։ Կարծում էի, թե նրա մեջ տեղ չունի ոչ իմաստությունը, ոչ գեղեցկությունը, ոչ էլ երջանկությունը։ Բայց այսօր, երբ հասկացել եմ այդ ուսմունքը, ես ի՞նչ մարդ կլինեի, եթե չուզենայի, որ աշխարհիս երեսին արդարությունը տիրեր, ոչ թե ստությունը, բարին, ոչ թե ոճիրը, հավատարմությունը, ոչ թե անհավատարմությունը, գթությունը, ոչ թե ոխակալությունը։ Ո՞վ կլիներ, որ չուզենար և չգերադասեր այս։ Եվ չէ՞ որ դա է ձեր ուսմունքը սովորեցնում։ Ուրիշներն էլ արդարություն են ուզում, բայց միայն դա է սիրտը արդար դարձնում։ Եվ բացի դրանից, մաքուր է դարձնում, ինչպես քո և Պոմպոնիայի սիրտը, և հավատարիմ է դարձնում, ինչպես քոնը և Պոմպոնիայինը։ Կույր կլինեի, եթե չտեսնեի այդ։ Եվ եթե սրա հետ Քրիստոսը հավիտենական կյանք ու այնպիսի անվերջանալի երջանկություն է խոստացել, որպիսին միայն Աստուծո ամենակալությունը կարող է տալ, այլևս ի՞նչ կարող է ցանկալ մարդը։ Եթե հարցնեի Սենեկային՝ ի՞նչ պատճառներով է առաքինություն պատվիրում, քանի որ մոլությունը ավելի բախտավորություն է բերում, ճիշտ որ, չէր կարողանա ոչ մի խելացի պատասխան տալ։ Բայց ես գիտեմ այժմ, ինչու պետք է առաքինի լինեմ։ Ահա նրա համար, որ բարիքն ու սերը բխում են Քրիստոսից, և նրա համար, որ երբ մահը աչքերս կխփի, կյանք գտնեմ, երջանկություն գտնեմ, ինքս ինձ և քեզ գտնեմ, իմ անգին... Ինչպե՞ս չսիրեմ և չընդունեմ մի ուսմունք, որ միաժամանակ և՛ ճշմարտություն է ասում, և՛ մահն է ոչնչացնում։ Ո՞վ բարին չարից գերադաս չէր համարի։ Ես կարծում էի, թե այդ ուսմունքը երջանկության դեմ է, մինչդեռ Պողոսը համոզեց ինձ, որ նա ոչ միայն ոչինչ չի խլում, այլ դեռ ավելացնում է։ Այս բոլորը հազիվ է կարողանում գլխումս տեղավորվել, բայց զգում եմ, որ այդպես է, որովհետև երբեք այսպես բախտավոր չեմ եղել և չէի կարող լինել, թեկուզ քեզ բռնությամբ վերցրած լինեի, և իմ տան մեջ լինեիր։ Ահա, մի քիչ առաջ ասացիր ինձ. «Սիրում եմ քեզ». իսկ այդ խոսքերը քեզնից չէի դուրս կորզի Հռոմի ամբողջ զորության օգնությամբ։ Օ՜, Լիգիա։ Խելքս ասում է, որ այդ ուսմունքն աստվածային է և ամենալավը, սիրտս այդ զգում է, իսկ այսպիսի երկու զորությունների ո՞վ կդիմանա։

Լիգիան լսում էր նրան՝ նրա վրա հառելով իր կապուտակ աչքերը, որոնք լուսնյակի լույսով նվիրական ծաղիկներ էին հիշեցնում և ծաղիկների պես ցողով էին սրսկված։

— Այո, Մարկոս, ճշմարիտ է,— ասաց նա՝ ավելի սեղմելով իր գլուխը նրա ուսին։

Եվ այդ րոպեին երկուսը սաստիկ ուրախ էին իրենց զգում, որովհետև հասկանում էին, որ բացի սիրուց, նրանց միացնում է և մի ուրիշ, միաժամանակ քաղցր և անպարտելի զորություն, որի շնորհիվ ինքը սերը մի ինչ֊որ անքակտելի, անփոփոխելի, հիասթափման, դավաճանության և մինչև անգամ մահի չենթարկվող բան էր դառնում։ Նրանց սրտերը լցրեց լիակատար վստահությունը, որ ինչ էլ պատահի, իրենք չեն դադարի միմյանց սիրելուց, միմյանց պատկանելուց։ Եվ այս պատճառով նրանց հոգիների վրա անասելի խաղաղություն էր իջնում։ Վինիկիոսը նաև զգում էր, որ այդ ոչ միայն մաքուր և խորին, այլև նոր սեր է, այնպիսի մի սեր, որպիսին աշխարհը մինչև այդ չգիտեր և չէր կարող տալ։ Նրա սրտում այդ սիրո մեջ տեղ էր գտնում ամեն բան՝ և Լիգիան, և Քրիստոսի ուսմունքը, և լուսնյակի լույսը, որ խաղաղ քնած էր նոճիների վրա, և գիշերը, այնպես որ ամբողջ տիեզերքը նրան այդ սիրով լցված էր թվում։

Քիչ անց նա սկսեց խոսել կամացուկ և դողդոջուն ձայնով.

— Դու իմ հոգու հոգին կլինես, դու ինձ համար աշխարհի երեսին ամենաթանկագին էակը կլինես։ Միասին կբաբախեն մեր սրտերը, մեկ կլինի մեր աղոթքը և մեկ կլինի երախտագիտությունը Քրիստոսի հանդեպ։ Օ՜, իմ անգին։ Ապրել միասին, միասին պաշտել քաղցր աստծուն և գիտենալ, որ երբ մահը վրա հասնի, մեր աչքերը նորից կբացվեն, իբր քաղցր քնից հետո, նոր լույսի համար, սրանից լավ այլևս ի՞նչ կարելի է մտածել։ Եվ գիտե՞ս, ինչ է ինձ թվում, այն, որ այդ ուսմունքին ոչ ոք չի դիմանա։ Երկու կամ երեք հարյուր տարի հետո այն կընդունի ամբողջ աշխարհը. մարդիկ կմոռանան Յուպիտերին, և չեն լինի ուրիշ աստվածներ, բացի Քրիստոսից, ուրիշ տաճարներ, բացի քրիստոնեական տաճարներից։ Ո՞վ չի կամենա սեփական երջանկությունը։ Ա՜հ, չէ՞ որ լսել եմ Պողոսի և Պետրոնիոսի խոսակցությունը, և արդյոք գիտե՞ս, թե վերջում ինչ ասաց Պետրոնիոսը. «Այդ ինձ համար չէ»։ Բայց ոչինչ ավելին ասել չկարողացավ։

— Կրկնիր Պողոսի խոսքերը,— ասաց Լիգիան։

— Դա ինձ մոտ էր, երեկոյան։ Պետրոնիոսն սկսեց թեթևակի խոսել և կատակ անել, ինչպես սովորաբար անում է, և այն ժամանակ Պողոսն ասաց. «Ինչպե՞ս կարող ես, իմաստուն Պետրոնիոս, հերքել, որ Քրիստոսը գոյություն ուներ և հարություն առավ, քանի որ ինքդ այդ ժամանակ դեռ աշխարհ չէիր եկել, իսկ Պետրոսն ու Հովհաննեսը Նրան տեսել են. ես էլ տեսել եմ նրան Դամասկոսի ճանապարհին։ Ուրեմն, նախ թող քո իմաստությունն ապացուցի, որ ստախոսներ ենք, և միայն հետո թող հերքի մեր վկայությունը»։ Բայց Պետրոնիոսը պատասխանեց, որ մտադիր չէ հերքել, քանի որ գիտե, որ շատ անհասկանալի բաներ են կատարվում, որ և հաստատում են արժանահավատ մարդիկ։ Բայց, ասաց նա, ուրիշ բան է մի որևէ նոր օտարազգի աստված գտնել, ուրիշ նրա ուսմունքն ընդունել։ «Չեմ կամենում,— ասաց նա,— իմանալ ոչ մի բան, որ կարող է փչացնել իմ կյանքը և ոչնչացնել նրա գեղեցկությունը... Բանն այն չէ, թե արդյոք մեր աստվածները ճշմարի՞տ են, բայց սրանք գեղեցիկ են, սրանց օրով ուրախ ենք զգում մեզ և կարող ենք ապրել առանց վշտի»։ Այն ժամանակ Պողոսը պատասխանեց. «Չես ընդունում սիրո, արդարության ու ողորմածության ուսմունքը՝ վախենալով կյանքի վշտերից. բայց մտածիր, Պետրոնիոս՝ արդյոք ձեր կյանքը, իսկապես, ազա՞տ է վշտերից։ Ահա թե դու, տեր, թե ամենահարուստներից ու ամենաուժեղներից մեկ ուրիշը չգիտեք, երեկոյան քուն մտնելով արդյոք չե՞ք զարթնի մահվան դատավճիռը ստանալու։ Բայց ասա՝ եթե այս ուսմունքը դավաներ Կեսարը, որ սեր և արդարություն է պատվիրում, մի՞թե քո բախտավորությունը ավելի ապահով չէր լինի։ Երկյուղ ես կրում քո ուրախության համար. բայց արդյոք կյանքդ այն ժամանակ ավելի ուրախ չէ՞ր լինի։ Իսկ ինչ վերաբերում է կյանքը զարդարելուն ու գեղեցկությանը, եթե այսքան գեղեցիկ տաճարներ եք կառուցել չար, ոխակալ, հեշտասեր և կեղծավոր աստվածների պատվին, ինչո՞ւ չեք կառուցի և սիրո ու ճշմարտության մի Աստուծո պատվին։ Գովաբանում ես քո վիճակը, որովհետև ուժեղ ես և փարթամության մեջ ես ապրում. բայց կարող էիր և աղքատ ու աստանդական լինել, թեև մեծ տոհմից ես սերված, և այն ժամանակ, ճշմարիտ, ավելի լավ կլիներ քեզ համար աշխարհիս երեսին, եթե մարդիկ ճանաչելիս լինեին Քրիստոսին։ Ձեր քաղաքում մինչև անգամ ունևոր ծնողները, չկամենալով իրենց ծանրաբեռնել երեխաների կրթությամբ, հաճախ նրանց դուրս են ձգում տնից, և դրանք էլ իրենց այն երեխաներն են, որոնք alumna են կոչվում։ Եվ դու, տեր, կարող էիր այդպիսի ալումնա լինել։ Բայց եթե քո ծնողները ապրեին մեր ուսմունքի համաձայն, այն ժամանակ քեզ հետ այդպես չէր լինի։ Երբ հասակդ առնելով պսակվեիր սիրածդ աղջկա հետ, կկամենայիր, որ մինչ մահ քեզ հավատարիմ մնար։ Մինչդեռ տես ինչ է կատարվում ձեր մեջ, որպիսի լկտիություն, որպիսի լրբություն, ամուսնական պարտականությունների ոտնահարություն։ Չէ՞ որ ինքներդ զարմանում եք, երբ պատահում եք մի այնպիսի կնոջ, որպիսին univira — միամուսին եք կոչում։ Իսկ ես ձեզ ասում եմ, որ նրանք, որոնք իրենց սրտերի մեջ կկրեն Քրիստոսին, չեն դավաճանի իրենց ամուսիններին, նույնպես և քրիստոնյա ամուսինները հավատարիմ կմնան իրենց կանանց։ Դուք վստահ չեք ո՛չ ձեր պետերի, ո՛չ ձեր ծնողների, ո՛չ կանանց, ո՛չ երեխաների, ո՛չ ծառաների վրա։ Ձեր առջև դողում է ամբողջ աշխարհը, իսկ դուք դողում եք ձեր ստրուկների առջև, որովհետև գիտեք, որ ամեն րոպե կարող են ձեր ճնշման դեմ սարսափելի պատերազմ սկսել, ինչպես որ արդեն շատ անգամ սկսել են։ Հարուստ ես, բայց չգիտես՝ արդյոք վաղը չե՞ն հրամայի քեզ ձգել հարստությունդ։ Երիտասարդ ես, բայց վաղը գուցե հարկ լինի, որ մեռնես։ Սիրում ես, բայց քո դեմ է շարժվում դավաճանությունը. սիրահար ես դղյակների և արձանների, իսկ վաղը կարող ես Պանդատարիայի անապատներն աքսորվել։ Հազարավոր ծառաներ ունես, իսկ վաղն այդ ծառաները կարող են արյուն հոսեցնել քո մարմնից։ Իսկ եթե այդպես է, ուրեմն ինչպե՞ս կարող եք լինել հանգիստ, բախտավոր և ապրել ուրախության մեջ։ Բայց ահա ես սեր եմ քարոզում և քարոզում եմ մի վարդապետություն, որ պատվիրում է պետերին՝ սիրել իրենց հպատակներին, տերերին՝ սիրել իրենց ստրուկներին, ստրուկներին՝ սիրով ծառայել. պատվիրում է արդար ու ողորմած լինել և ի վերջո խոստանում է ծովի պես անսահման, անվերջ երջանկություն։ Ուրեմն ինչպե՞ս կարող ես ասել, Պետրոնիոս, որ այս վարդապետությունը փչացնում է կյանքը, քանի որ ուղղում է այն, քանի որ ինքդ հազար անգամ ավելի բախտավոր կլինեիր և ավելի ապահով, եթե նա տիրեր աշխարհին այնպես, ինչպես տիրում է նրան հռոմեական իշխանությունը»։

— Այսպես էր ասում Պողոսը, Օ՜, Լիգիա, և այն ժամանակ Պետրոնիոսն ասաց. «Այդ ինձ համար չէ», և նիրհող ձևանալով դուրս գնաց. իսկ հեռանալու րոպեին ավելացրեց. «Իմ Եվնիկեն գերադասում եմ քո վարդապետությունից, Հուդայացի, բայց չէի կամենա քեզ հետ վիճել հրապարակորեն»։ Իսկ ես ամբողջ հոգով լսում էի Պողոսի խոսքերը, և երբ խոսում էր մեր կանանց մասին, ամբողջ սրտով փառաբանում էի այդ վարդապետությունը, որից դու բուսար, ինչպես գարնանը մանուշակներն են բուսնում պարարտ արտում։ Այն ժամանակ ես մտածում էի՝ ահա Պոպպեան Ներոնից առաջ երկու ամուսին է թողել. ահա Կալվիա Կրիսպինիլլան, ահա Նիգիդիան, ահա գրեթե ամենքը, որոնց ճանաչում եմ, բացի միայն Պոմպոնիայից, վաճառում էին և՛ հավատը, և՛ երդումները, և միայն նա, միմիայն նա՝ իմս, չի դրժի, չի դավաճանի, չի հանգցնի օջախը, թեկուզ ինձ դավաճանեին և դրժեին ամենքը, որոնց վստահել եմ։ Եվ ասում էի քեզ հոգուս մեջ. ինչո՞վ քեզ երախտագետ պիտի լինեմ, եթե ոչ սիրով ու պաշտելով։ Արդյոք դու զգո՞ւմ էիր, որ այնտեղ, Անտիոնում, քեզ էի դիմում և քեզ հետ էի խոսում շարունակ, անդադար, կարծես թե մոտս լինեիր։ Հազար անգամ ավելի սիրում եմ քեզ նրա համար, որ փախար Կեսարի տնից։ Ես էլ չեմ ուզում այդ տունը։ Չեմ ուզում նրա զվարճություններն ու երաժշտությունը, ուզում եմ միայն քեզ։ Ասա մի խոսք, և կթողնենք Հռոմը՝ մի որևէ հեռու տեղ բնակվելու համար։

Իսկ Լիգիան, գլուխը նրա ուսի վրայից չհեռացնելով, կարծես մտածությունների մեջ խորասուզված, աչքերը բարձրացրեց դեպի նոճիների արծաթազօծ գագաթները և պատասխանեց.

— Շատ բարի, Մարկոս։ Դու ինձ գրում էիր Սիցիլիայի մասին, ուր և Ավլոսներն են ուզում բնակվել ծերության օրերում։

Իսկ Վինիկիոսն ընդմիջեց ուրախությամբ.

— Այո, իմ անգին... Մեր հողերը իրար կից են։ Հրաշալի ափ է, ուր կլիման ավելի քաղցր է, իսկ գիշերներն ավելի ջինջ, քան Հռոմում, բուրավետ և պարզ... Այնտեղ կյանքն ու բախտավորությունը գրեթե նույնն են։

Հետո սկսեց երազել ապագայի մասին։

— Այնտեղ կարելի է մոռանալ վշտերը։ Կզբոսնենք անտառներում, ձիթենիների մեջ և կհանգստանանք ստվերներում... Օ՜, Լիգիա, ի՜նչ կյանք է սիրել միմյանց, հանգիստ զգալ, միասին նայել ծովին, միասին՝ երկնքին, միասին պաշտել քաղցր Աստծուն, շուրջը բարիք և արդարություն գործել խաղաղության մեջ։

Երկուսն էլ լռեցին՝ աչքերն ապագային ուղղելով. Վինիկիոսն ավելի ու ավելի սաստիկ էր սեղմում նրան, և լուսնյակի ցոլքերից պսպղում էր նրա մատին ասպետական մատանին։

Աղքատ ու բանվոր մարդկանց բնակած թաղում բոլորն արդեն քնել էին, և ոչ մի ձայն չէր խանգարում լռությունը։

— Թույլ կտա՞ս ինձ տեսնվել Պոմպոնիայի հետ,— հարցրեց Լիգիան։

— Այո, անգինս։ Նրանց մեր տունը կհրավիրենք, կամ ինքներս նրանց մոտ կերթանք։ Արդյոք կամենո՞ւմ ես, որ հետներս առնենք Պետրոս առաքյալին։ Նա տարիքով և աշխատանքով ճնշված մարդ է։ Պողոսը նույնպես մեզ կայցելի, կդարձնի Ավլոս Պլավտիոսին, և ինչպես զինվորները գաղութներ են հիմնում հեռավոր երկրներում, այնպես և մենք քրիստոնեական մի գաղութ կհիմնենք։

Լիգիան բռնեց Վինիկիոսի ձեռքն ու կամենում էր իր շրթունքներին մոտեցնել. իսկ նա սկսեց շշնջալ, կարծես վախենում էր թռցնել երջանկությունը։

— Ոչ Լիգիա, ոչ, այդ ես եմ քեզ պաշտում և երկրպագում. տուր ինձ քո ձեռքը։

— Սիրում եմ քեզ։

Բայց երիտասարդը իր շրթունքներն արդեն հպել էր նրա՝ հասմիկի պես սպիտակ ձեռքին, և որոշ ժամանակ նրանք լսում էին միայն սեփական սրտերի բաբախումը։ Օդի մեջ բոլորովին հով չէր փչում, նոճիները կանգնած էին անշարժ, կարծես նույնպես շունչները կտրել էին կրծքների տակ...

Հանկարծ լռությունն ընդհատեց անսպասելի, խոր, կարծես գետնի տակից դուրս եկող մռնչյունը։ Դող անցավ Լիգիայի մարմնով։ Իսկ Վինիկիոսը վեր կենալով՝ ասաց.

— Առյուծներն են մռնչում վիվարիոններում։

Եվ սկսեցին ականջ դնել։ Այդ միջոցին առաջին մռնչյունին պատասխանեցին երկրորդը, երրորդը, տասներորդը, ամեն կողմերից և թաղերից։ Քաղաքում երբեմն լինում էին մի քանի հազար առյուծներ, որոնք տեղավորված էին լինում զանազան արենաներում[329] և շատ անգամ գիշերներով մոտենալով վանդակներին, սրանց հենելով իրենց ահագին գլուխները, այս եղանակով հայտնում էին ազատության ու անապատի կարոտը։ Այսպես սկսել էին անձկալ և այժմ, և մեկը մյուսին ձայն տալով գիշերային լռության մեջ, մռնչյունով լցրին ամբողջ քաղաքը։ Այդտեղ մի ինչ֊որ անասելի, ահռելի և թախծալի բան կար, այնպես որ Լիգիան, որի ապագայի պայծառ ու խաղաղ տեսիլները ցրվեցին այդ ձայներից, դրանց ականջ էր դնում տարօրինակ անհանգստությունից ու տխրությունից ճնշված սրտով։

Բայց Վինիկիոսը գրկեց նրան և ասաց.

— Մի վախենա, անգինս, խաղերը մոտենում են, և բոլոր վիվարիոնները լի են դրանցով։

Ապա երկուսով մտան Լիննոսի տուն. նրանց ուղեկցում էր առյուծների ավելի ու ավելի աճող մռնչյունը։

ԳԼՈՒԽ ԺԸ

Այդ Ժամանակ Անտիոնում Պետրոնիոսը գրեթե ամեն օր նոր հաղթություններ էր տանում այն ավգուստիանների դեմ, որոնք նրա հետ մրցում էին Կեսարի շնորհի համար։ Տիգելլինոսի ազդեցությունը բոլորովին ընկավ։ Հռոմում, ուր պետք էր լինում վտանգավոր թվացող մարդկանց հեռացնել ճանապարհից, հափշտակել նրանց կալվածքները, կարգադրել քաղաքական գործերը, շռայլությամբ ու վատ ճաշակով զարմացնող ներկայացումներ տալ և վերջապես հագեցնել Կեսարի այլանդակ ցանկությունները, Տիգելլինոսը, որ նույնչափ ճարպիկ էր, որչափ և ամեն բանի պատրաստ, անհրաժեշտ մարդ էր լինում։ Բայց Անտիոնում, ծովի կապույտի մեջ արտացոլվող պալատներում, Կեսարն ապրում էր հելլենական կյանքով։ Առավոտից մինչև երեկո ոտանավորներ էին կարդում, դատում էին նրանց հյուսվածքի ու նրբության մասին, հիանում էին հաջող դարձվածքների վրա, զբաղվում երաժշտությամբ, թատրոնով, մի խոսքով՝ բացառապես նրանով, ինչ որ հնարել էր և ինչով կյանքը զարդարել էր հելլենական հանճարը։ Իսկ այս պարագաներում Տիգելլինոսից և ուրիշ ավգուստիաններից անհամեմատ ավելի կրթված Պետրոնիոսը, սրամիտ, պերճախոս, նուրբ զգացմունքների և ճաշակի տեր մարդ լինելով, պետք է որ գերակշռություն ստանար։ Կեսարը նրա ընկերությունն էր որոնում, նրա կարծիքն էր հարցնում, խորհուրդն էր խնդրում, երբ ինքն ստեղծագործում էր, և ավելի մեծ մտերմություն էր ցույց տալիս, քան երբևիցե։ Շրջապատողներին թվում էր, թե նրա ազդեցությունը վերջապես վճռական հաղթություն է տարել, և Կեսարի մտերմությունը մշտական բնավորություն է ստացել, և որ դա շատ տարիներ կտևի։ Մինչև անգամ նրանք, որոնք առաջ դժգոհություն էին ցույց տալիս նրբաճաշակ էպիկուրյանին[330], այժմ սկսեցին շրջապատել նրան և որոնել նրա շնորհը։ Շատերը նույնիսկ անկեղծորեն ուրախ էին իրենց հոգու մեջ, որ գերակշռությունն ստացել է մի մարդ, որ իրոք, գիտեր ինչ պիտի մտածել ամեն մեկի մասին և թերահավատ ժպիտով էր ընդունում երեկվա թշնամիների շողոքորթություները։ Բայց ծուլությունի՞ց էր, թե քաղցրաբարոյությունից, ոխակալ չէր և իր ազդեցությունը գործ չէր դնում ուրիշին կորցնելու կամ վնասելու համար։ Լինում էին րոպեներ, երբ կարող էր կորցնել նույնիսկ Տիգելլինոսին, բայց գերադասում էր ծաղրել նրան ու երևան հանել նրա կրթության պակասությունն ու սովորական մարդ լինելը։ Հռոմում սենատը շունչ առավ, որովհետև մեկուկես ամիս էր, որ ոչ մի մահվան դատավճիռ չէր արձակվել։ Իսկ Անտիոնում ու քաղաքում պատմում էին այն կատարելագործված նրբության մասին, որին հասել էր Կեսարի ու նրա սիրելու անառակությունը, բայց ամեն մեկն ավելի լավ էր համարում զգալ իր վրա անառակ, քան թե Տիգելլինոսի ձեռքին գազանացած Կեսարի իշխանությունը։ Ինքը Տիգելլինոսը գլուխը կորցնում էր և տատանվում էր՝ արդյոք հաղթված չհամարի՞ իրեն, որովհետև Կեսարը շատ անգամ ասում էր, որ ամբողջ Հռոմի ու ամբողջ իր արքունիքի մեջ միայն երկու մարդ կան, որոնք ընդունակ են միմյանց հասկանալու, և երկու ճշմարիտ հելլեններ՝ ինքն ու Պետրոնիոսը։

Այս վերջինիս զարմանալի ճարպկությունը մարդկանց մեջ հաստատեց այն համոզմունքը, թե նրա ազդեցությունը երկար տարիներ կտևի։ Չէին կարող երևակայել, թե ինչպես Կեսարը կկարողանա դիմանալ առանց նրան, ում հետ կկարողանար խոսել բանաստեղծության, երաժշտության, ձիարշավների մասին և ո՞ւմ աչքերին կնայեր, կամենալով ստուգել, թե այն, ինչ գրել է, իրո՞ք կատարյալ է։ Իսկ Պետրոնիոսը, իրեն հատուկ անհոգությամբ, կարծես ոչ մի նշանակություն չէր տալիս իր դիրքին։ Նա, ինչպես միշտ, անփույթ, ծույլ, սրամիտ և թերահավատ էր։ Շատ անգամ նա շրջապատողների վրա մի այնպիսի մարդու տպավորություն էր թողնում, որը ծաղրում է նրանց, իրեն, Կեսարին ու ամբողջ աշխարհը։ Երբեմն համարձակվում էր հանդիմանել Կեսարին հենց նրա ներկայությամբ, և երբ ուրիշները կարծում էին, թե շատ է հեռու գնում, կամ ուղղակի իր համար կորուստ է պատրաստում, նա գիտեր հանդիմանությունը համեմել հանկարծ այնպիսի եղանակով, որ իր օգտին էր ծառայում, իսկ ներկա եղողների մեջ զարմանք ու համոզմունք էր առաջանում, թե չկա մի այնպիսի դրություն, որից նա դուրս չգա հաղթանակով։ Մի անգամ, մոտավորապես Վինիկիոսի Հռոմից վերադառնալուց մի շաբաթ անց, Կեսարը փոքրիկ շրջանի մեջ կարդում էր իր Տրոյականի[331] նախերգանքը, և երբ վերջացրեց ու ամեն կողմից հիացման աղաղակներ հնչեցին, Պետրոնիոսը, որի կարծիքն էր Կեսարը հարցնում հայացքով, ասաց.

— Չնչին, կրակ ձգելու արժանի ոտանավորներ են։

Ներկա եղողների սրտերը զարհուրած դադարեցին բաբախելուց. Ներոնը մանուկ օրերից ի վեր երբեք ոչ ոքի բերանից այսպիսի մի դատավճիռ չէր լսել. միայն Տիգելլինոսի դեմքը փայլեց ուրախությամբ։ Դրա տեղ Վինիկիոսը գունատվեց, կարծելով, որ Պետրոնիոսը, որ երբեք չէր հարբում, այս անգամ հարբել է։

Իսկ Ներոնն սկսեց հարցնել քաղցր ձայնով, որի մեջ, այնուամենայնիվ, խոր կերպով վիրավորված անձնասիրություն էր լսվում.

— Ի՞նչ վատ տեղեր ես գտնում սրանց մեջ։

Իսկ Պետրոնիոսը հարձակվեց նրա վրա։

— Մի հավատա սրանց,— ասաց նա՝ ձեռքերով ցույց տալով ներկա եղողներին.— սրանք ոչինչ չեն հասկանում։ Հարցնում ես՝ ինչ վատ տեղեր կան քո ոտանավորների մեջ։ Եթե ճշմարտությունն ես ուզում, ես քեզ կասեմ՝ լավ են դրանք Վիրգիլիոսի համար, լավ են Օվիդիոսի[332] համար, լավ են նույնիսկ Հոմերոսի համար, բայց ոչ քեզ համար։ Դու այդպիսի ոտանավորներ չպիտի գրես։ Այն հրդեհը, որ նկարագրում ես, ուժեղ չի վառվում, քո հուրը բավականին չի այրում։ Մի լսիր Լուկանոսի շողոքորթություններին։ Հենց այդպիսի ոտանավորների համար նրան կասեի, որ հանճար է, իսկ քեզ ոչ։ Եվ գիտե՞ս ինչու։ Որովհետև դու սրանցից մեծ ես։ Ում որ աստվածներն այնքան տվել են, որքան քեզ, նրանից ավելի կարելի է պահանջել։ Բայց դու ծուլանում ես։ Գերադասում ես պրանդիոնից հետո քնել, քան գրել։ Դու կարող ես մի այնպիսի երկ ստեղծել, որի նմանը աշխարհը մինչև օրս չի լսել, և այդ պատճառով կասեմ քեզ՝ գրիր ավելի լավը։

Եվ նա այս ասում էր դժկամությամբ, կարծես ծաղրելով և միևնույն ժամանակ բարկանալով. իսկ Կեսարի աչքերը զվարճության մշուշով էին ծածկվում, և նա ասաց.

— Աստվածներն ինձ մի քիչ տաղանդ են տվել, բայց բացի դրանից ավելի մեծ բան են տվել՝ ճշմարիտ քննադատ և բարեկամ, որ միայն գիտե ինձ ճշմարտությունն ասել։

Այս ասելով՝ նա իր պարարտ, շեկ մազերով ծածկված ձեռքը պարզեց դեպի Դելֆիսից հափշտակված մոմակալը՝ կամենալով այրել ոտանավորը։

Բայց Պետրոնիոսը խլեց այդ նրա ձեռքիցս առաջ, քան սա դիպավ պապիրուսին[333]։

— Ոչ, ոչ,— ասաց նա,— մինչև անգամ այսպես չնչին տեղով սրանք մարդկությանն են պատկանում։ Սա թող ինձ։

— Թույլ տուր ինձ, որ այդ ոտանավորներն ուղարկեմ քեզ իմ հնարած տուփի մեջ,— ասաց Ներոնը՝ գրկելով նրան։

Եվ քիչ հետո շարունակեց.

— Այո։ իրավացի ես... Իմ Տրոյականի հրդեհը բավականին չի այրում։ Սակայն կարծում էի, որ եթե Հոմերոսին հասնեմ, այդ բավական է։ Մի տեսակ անվստահությունը և իմ մասին ունեցած փոքր համարումը միշտ խանգարել են ինձ։ Դու բաց արիր իմ աչքերը։ Իսկ գիտե՞ս ինչու է այդպես, ինչպես ասում ես։ Ահա, երբ քանդակագործը կամենում է աստծու պատկեր ստեղծել, իր համար օրինակ է որոնում, իսկ ես օրինակ չեմ ունեցել... Երբեք այրվող քաղաք չեմ տեսել, և այդ պատճառով իմ նկարագրության մեջ պակասում է ճշմարտությունը։

— Ուրեմն, կասեմ քեզ, որ, այնուամենայնիվ, պետք է մեծ արվեստագետ լինել այդ հասկանալու համար։

Ներոնը մտատանջության մեջ ընկավ և մի րոպեից հարցրեց.

— Պատասխանիր, Պետրոնիոս, իմ մի հարցին՝ արդյոք ափսոսո՞ւմ ես, որ այրվեց Տրոյան։

— Արդյոք ափսոսո՞ւմ եմ... Վենուսի կաղ ամուսինը[334] վկա, բոլորովին ոչ։ Եվ կասեմ քեզ ինչու։ Տրոյան չէր այրվի, եթե Պրոմեթեոսը կրակը նվիրած չլիներ մարդկանց և եթե հույները պատերազմ հայտարարած չլինեին Պրիամոսին։ Իսկ եթե կրակը չլիներ, Էսքիլեսը[335] չէր գրի իր Պրոմեթեոսը, նույնպես և առանց Տրոյական պատերազմի Հոմերոսը չէր գրի Իլիականը. իսկ ես գերադասում եմ, որ գոյություն ունենային Պրոմեթեոսն ու Իլիականը, քան պահպանվեր այդ հավանաբար վատ և կեղտոտ քաղաքը, ուր այժմ նստած կլիներ մի որևէ աքսորական պրոկուրատոր[336] և քեզ ձանձրացնելիս կլիներ տեղական արեոպագոսի[337] հետ իր ընդհարումներով։

— Ահա թե ինչ է նշանակում խելոք խոսել,— պատասխանեց Կեսարը։— Բանաստեղծության ու արվեստի համար ներելի է և պետք է ամեն ինչ նվիրել։ Երջանիկ են աքայանները[338], որոնք Հոմերոսին նյութ մատակարարեցին Իլիականի համար, և երջանիկ է Պրիամոսը, որ նայում էր հայրենիքի կործանմանը։ Իսկ ե՞ս. ես այրվող քաղաք չեմ տեսել։

Մի րոպե լռություն տիրեց, որն ընդհատեց վերջապես Տիգելլինոսը։

— Չէ՞ որ արդեն քեզ ասել եմ, Կեսար,— ասաց նա,— հրամայիր, և կայրեմ Անտիոնը։ Կամ գիտե՞ս ինչ. եթե խնայում ես այս դղյակներն ու պալատները, կհրամայեմ այրել Օստիայի նավերը կամ մի փայտե քաղաք, որ ինքդ կրակ կտաս։ Ուզո՞ւմ ես։

Իսկ Ներոնը նրա վրա արհամարհանքով լի հայացք ձգեց.

— Ես պետք է նայեմ այրվող փայտե՛ շինություններին։ Քո միտքը բոլորովին անպտուղ է դարձել, Տիգելլինոս։ Տեսնում եմ նաև, որ շատ էլ չես գնահատում իմ տաղանդն ու իմ Տրոյականը, եթե կարծում ես, որ մի որևէ ուրիշ զոհ նրա համար շատ մեծ կլիներ։

Տիգելլինոսը շփոթվեց, իսկ Ներոնը քիչ հետո, կարծես կամենալով փոխել խոսակցության առարկան, ավելացրեց.

— Մոտենում է ամառը... Օ՜, այդ Հռոմը պետք է որ այժմ հոտած լինի... Բայց այնուամենայնիվ ամառային խաղերին պետք կլինի վերադառնալ այնտեղ։

Տիգելլինոսն ասաց.

— Երբ կարձակես ավգուստիաններին, Կեսար, թույլ տուր մի րոպե մնալ քեզ հետ։

Մի ժամ անց Վինիկիոսը, Պետրոնիոսի հետ վերադառնալով կայսերական դղյակից, ասում էր.

— Ինչպես անհանգստացրիր ինձ։ Կարծում էի, թե հարբած ես և անպատճառ կորցրել ես գլուխդ։ Հիշիր, որ մահվան հետ ես խաղում։

— Իմ ասպարեզն է այդ,— անփութորեն ասաց Պետրոնիոսը,— և ինձ զվարճացնում է այն զգացմունքը, որ այդ ասպարեզի վրա բոլոր գլադիատորներից առաջնակարգն եմ։ Տեսա՞ր ինչպես վերջացավ։ Իմ ազդեցությունը նորից աճեց այս երեկո։ Ինձ կուղարկի իր ոտանավորները տուփի մեջ, որը (ուզում ես՝ գրազ գանք) սաստիկ հարուստ կլինի և սաստիկ անճաշակ։ Իմ բժշկին կհրամայեմ նրա մեջ լուծողական պահել։ Ես այդ արի նաև նրա համար, որ Տիգելլինոսը տեսնելով, թե ինչպես են այդօրինակ բաները հաջողվում, անտարակույս կուզենա հետևել իմ օրինակին, և, երևակայում եմ՝ ինչ կպատահի, եթե ցույց տա իր սրամտությունը։ Այդ նույնը կլիներ, եթե պիրենեական արջն ուզենար լարի վրայով ման գալ։ Կծիծաղեմ Դեմոկրիտոսի պես[339]։ Եթե անպատճառ ուզենայի, կկարողանայի գուցե կորցնել Տիգելլինոսին և նրա տեղը պրետորիանների պրեֆեկտը դառնալ։ Այն ժամանակ ձեռքիս կունենայի և իրեն՝ Ահենոբարբին։ Բայց ծուլանում եմ։ Այդ չարչարանքից ավելի լավ եմ համարում վարած կյանքս և մինչև անգամ Կեսարի ոտանավորները։

— Ի՞նչ ճարպկություն է, որ կարողանում է մինչև անգամ հանդիմանությունը շողոքորթություն դարձնել։ Բայց արդյո՞ք այդ ոտանավորներն այնպես վատ են։ Ես այդ չեմ հասկանում։

— Ուրիշ ոտանավորներից ավելի վատ չեն։ Լուկանոսը մի մատի մեջ ավելի շատ տաղանդ ունի, բայց Պղնձամորուսի մեջ մի բան կա։ Կա նախ և առաջ անսահման սեր դեպի բանաստեղծությունն ու երաժշտությունը։ Երկու օր հետո նրա մոտ պիտի լինենք, որպեսզի լսենք Աֆրոդիտեին նվիրված օրհներգի եղանակը, որն այսօր կամ վաղը ավարտելու է։ Մի փոքրիկ շրջան կլինենք։ Միայն ես, դու, Տուլլիոս Սենիկիոնը և երիտասարդ Ներվան։ Իսկ ինչ ոտանավորներին է վերաբերում, մի անգամ քեզ ասացի, որ նրանց նույն նպատակի համար եմ գործադրում խնջույքից հետո, ինչ նպատակի համար որ Վիտելիոսը գործածում է ֆլամինգի փետուրը[340], բայց այդ սխալ է... Երբեմն պերճախոս են լինում... Հեկուբեի[341] խոսքերը սրտաշարժ են... Նա գանգատվում է երկունքի ցավերից, և Ներոնը հաջողել է հարմար դարձվածքներ գտնել գուցե նրա համար, որ ինքն էլ երկունքով է ծնում ամեն մի տունը... Երբեմն խղճում եմ նրան։ Պոլլուքսը վկա, ինչ այլանդակ խառնակություն է։ Կալիգուլայի մի ծալն էր պակաս, բայց, այնուամենայնիվ, այսպիսի այլակերպը չէր։

— Ո՞վ կարող է նախատեսել ուր կհասնի Ահենոբարբի գժությունը,— ասաց Վինիկիոսը։

— Երբեք ոչ ոք։ Կարող են դեռ այնպիսի բաներ պատահել, որոնց հիշելուց, դարեր անց, մարդկանց գլուխներին կփշաքաղվեն մազերը։ Բայց հենց այդ է հետաքրքրական, շահագրգիռ, ու թեև հաճախ ձանձրույթ եմ զգում, ինչպես Յուպիտեր Ամմոնացին անապատում, կարծում եմ, որ ուրիշ Կեսարի օրով ավելի սաստիկ կձանձրանայի։ Քո Պողոս Հուդայացին ճարտարախոս է, այդ խոստովանում եմ, և եթե այդպիսի մարդիկ քարոզեն այդ վարդապետությունը, մեր աստվածները պետք է լուրջ կերպով զգուշանան՝ չլինի թե ժամանակով կտուրը ընկնեն։ Ուղիղ է, որ եթե Կեսարը քրիստոնյա լիներ, բոլորս մեզ ավելի ապահով կզգայինք։ Բայց քո Տարսոնացի մարգարեն, իր ապացույցներն ինձ հարմարեցնելով, տեսնո՞ւմ ես, չի մտածել, որ ինձ համար այս անապահովությունը կյանքի հրապույրն է կազմում։ Ով ոսկրախաղ չի խաղում, կարողությունը տանուլ չի տա, և, այնուամենայնիվ, մարդիկ խաղում են։ Այս բանի մեջ ինչ֊որ զվարճություն և ինչ֊որ մոռացություն կա։ Ճանաչում էի ասպետների և սենատորների որդիների, որոնք իրենց կամքով գլադիատոր դարձան։ Ես, ասում ես դու, կյանքի հետ խաղ եմ անում. այդպես էլ է. բայց այդ անում եմ, որովհետև այդ ինձ զվարճացնում է, իսկ ձեր քրիստոնեական առաքինությունները մի օրում ինձ կձանձրացնեին, ինչպես Սենեկայի խորհրդածությունները։ Այս պատճառով Պողոսի ճարտարախոսությունն իզուր անցավ։ Նա պետք է հասկանա, որ ինձ նման մարդիկ չեն ընդունի այդ քարոզը։ Դու ուրիշ բան ես։ Քո տրամադրությամբ դու կարող էիր կամ ժանտախտի պես ատել քրիստոնյա անունը, կամ քրիստոնյա դառնալ։ Ես նրանց խոսքերի ճշմարտությունը ճանաչում եմ։ Գժություն ենք անում, անդունդն ենք ձգտում, մի ինչ֊որ բան փշրվում է մեր ոտքերի տակ, մի ինչ֊որ բան մեռնում է մեր կողքին, համաձայն եմ. բայց կկարողանանք մեռնել. իսկ մինչ այդ՝ չենք կամենում կյանքը ծանրացնել և ծառայել մահին, առաջ, քան նա կհափշտակի մեզ։ Կյանքը գոյություն ունի ինքն իր, ոչ թե մահվան համար։

— Ես քեզ խղճում եմ, Պետրոնիոս։

— Մի խղճա ինձ ավելի, քան ինքս եմ ինձ խղճում։ Առաջ քեզ համար մեր մեջ վատ չէր, և կռվելով Հայաստանում Հռոմի կարոտն էիր քաշում։

— Այժմ էլ Հռոմի կարոտն եմ քաշում։

— Այո, որովհետև սիրել ես քրիստոնեական վեստալուհուն, որ Անդրտիբերիսումն է ապրում։ Ոչ դրա վրա եմ զարմանում և ոչ էլ քեզ եմ հանդիմանում։ Ավելի նրա վրա եմ զարմանում, որ չնայելով այդ ուսմունքին, որի մասին ասում ես, թե երջանկության ծով է, և չնայելով այդ սիրուն, որ կարճ միջոցում պսակված պետք է լինի, թախիծը չի իջնում քո դեմքից։ Պոմպոնիա Գրեկինան անդադար թախծոտ է. դու այն օրից ի վեր, երբ քրիստոնյա ես դարձել, դադարել ես ժպտալ։ Մի համոզիր ինձ, դա ուրախ ուսմունք է։ Հռոմից վերադարձար ավելի թախծոտ։ Եթե ձեր քրիստոնեական սերը այդպես է, Բաքոսի պայծառ գանգուրները վկա, չեմ գա ձեր հետքերով։

— Դա ուրիշ բան է,— պատասխանեց Վինիկիոսը,— ես քեզ երդվում եմ ոչ թե Բաքոսի գանգուրներով, այլ հորս ուրվականով, որ առաջ երբեք չեմ զգացել այնպիսի երջանկության նշույլն անգամ, որով այսօր լի է իմ սիրտը։ Բայց անչափ անձկում եմ և, որ ամենազարմանալին է, երբ Լիգիայից հեռու եմ լինում, թվում է, թե մի վտանգ ծանրացած է նրա գլխին։ Չգիտեմ ինչ վտանգ և չգիտեմ որտեղի՞ց կարող է գալ, բայց այդ այնպես եմ նախազգում, ինչպես նախազգում եմ փոթորիկը։

— Երկու օր հետո հանձն եմ առնում քեզ համար ձեռք բերել թույլտվություն՝ թողնելու Անտիոնը որքան ժամանակով ուզենաս։ Պոպպեան ավելի հանգիստ է երևում, և որչափ գիտեմ, նրա կողմից ոչինչ չի սպառնում ոչ քեզ, ոչ էլ Լիգիային։

— Դեռ այսօր հարցնում էր ինձ՝ ի՞նչ էի անում Հռոմում, թեև իմ մեկնելը գաղտնիք էր։

— Գուցե հրամայել է լրտեսել քեզ։ Բայց այժմ նա էլ պիտի ինձ հետ հաշիվ տեսնի։

Վինիկիոսը կանգ առավ և ասաց.

— Պողոսն ասաց, որ Աստված երբեմն նախազգուշացնում է, բայց նախագուշակություններին արգելում է հավատալ։ Ուստի այդ հավատի դեմ մաքառում եմ և չեմ կարող զսպել ինձ։ Սրտիս վրայից ծանրությունը ձգելու համար կասեմ քեզ, թե ինչ է պատահել։ Լիգիայի հետ կողք կողքի նստած էինք. այնպես պարզ գիշեր էր, ինչպես այսօր, և ապագա կյանքն էինք դարսոտում։ Չեմ կարող ասել ինչպես բախտավոր ու հանգիստ էինք։ Բայց այդ միջոցին առյուծներն սկսեցին մռնչալ։ Հռոմում այդ սովորական բան է։ Բայց այդ րոպեից ի վեր հանգիստ չունեմ։ Ինձ թվում է, թե այդ բանի մեջ կարծես սպառնալիք, կարծես փորձանքի նախազգուշություն կար... Գիտես, որ անհանգստությունը հեշտ չի տիրում սրտիս, բայց այն ժամանակ մի այնպիսի բան պատահեց, որ անհանգստությամբ լցրեց ամբողջ գիշերվա մթությունը։ Դա այնպես տարօրինակ և հանկարծակի պատահեց, որ այժմ ականջներիս մեջ շարունակ այդ ձայներն են, և սրտիս մեջ շարունակ անհանգստություն է իշխում, կարծես Լիգիան իմ օգնության կարիքն ունի՝ ինչ֊որ սարսափելի բանից պաշտպանվելու համար... Թեկուզ հենց այդ առյուծներից։ Եվ տանջվում եմ։ Ուրեմն ինձ համար մեկնելու թույլտվություն ձեռք բեր, եթե ոչ, առանց թույլտվության կմեկնեմ։ Չեմ կարող նստել այստեղ, կրկնում եմ՝ չեմ կարող։

Պետրոնիոսն սկսեց ծիծաղել։

— Դեռ այն տեղը չի հասել,— ասաց նա,— որ կոնսուլական որդիները կամ նրանց կանայք արենաներում առյուծների ճանկերը նետվեն... Ձեզ կարող է ամեն մի այլ տեսակի մահ պատահել, բայց ոչ այդպիսին։ Վերջապես ով գիտե, թե դրանք արդյոք առյուծնե՞րն էին. գերմանական ցուլերը նրանցից պակաս չեն բառաչում։ Ինչ ինձ է վերաբերում, ծիծաղում եմ նախազգուշությունների և ճակատագրի վրա։ Երեկ տաք գիշեր էր, և անձրևի պես թափվող աստղեր տեսա։

Շատերն իրենց վատ են զգում այդ տեսարանից. իսկ ես մտածեցի՝ եթե սրանց մեջ իմս էլ է, ուրեմն ինձ գոնե ընկերներ չեն պակասի։

Հետո մի քիչ լռեց և ասաց.

— Վերջապես, գիտե՞ս, եթե ձեր Քրիստոսը հարություն է առել, կարող է ձեզ երկուսիդ էլ պաշտպանել մահից։

— Կարող է,— պատասխանեց Վինիկիոսը՝ նայելով աստղազարդ երկնքին։

ԳԼՈՒԽ ԺԹ

Ներոնը նվագում էր և երգում «Կիպրոսի Տիրուհուն» օրհներգը, որի թե խոսքը և թե երաժշտությունը ինքն էր հնարել։ Այդ օրը ձայնը տեղն էր, և զգում էր, որ իր երաժշտությունը, իրոք, հափշտակում է ներկա եղողներին, և այս զգացմունքն այնքան ուժ էր տալիս նրա հնչյուններին և այնպես ալեկոծում էր նրա սեփական հոգին, որ թվում էր, թե ոգևորված է։ Վերջում գունատվեց անկեղծ հուզմունքից։

Կյանքի մեջ, անկասկած, առաջին անգամն էր, որ չէր ուզում լսել ներկա եղողների գովասանքը։ Մի քանի րոպե նստած էր ձեռքերը կիթառին կռթնած և գլուխը քարշ արած. հետո հանկարծ վեր կացավ և ասաց.

— Հոգնած եմ, մաքուր օդ է հարկավոր։ Լարեցեք կիթառները։

Ապա պարանոցը փաթաթեց մետաքսե թաշկինակով։

— Դուք եկեք ինձ հետ,— ասաց նա դառնալով Պետրոնիոսին և Վինիկիոսին, որոնք նստած էին դահլիճի անկյունում։— Դու, Վինիկիոս, տուր ինձ ձեռքդ, որովհետև ուժ չունեմ, իսկ Պետրոնիոսը կխոսի երաժշտության մասին։

Եվ նրանք միասին դուրս գնացին ալաբաստրով սվաղված և զափռան ցանված պալատական պատշգամբը։

— Այստեղ ավելի ազատ ես շունչ քաշում,— ասաց Ներոնը։— Հոգիս հուզված է և տխուր, թեև տեսնում եմ, որ ինչ որ ձեր առջև փորձի համար երգեցի, դրանով կարող եմ հրապարակ դուրս գալ և որ դա մի հաղթանակ կլինի, որպիսին դեռ երբեք ոչ մի հռոմեացի չի տարել։

— Կարող ես դուրս գալ այստեղ, Հռոմում և Աքայայում։ Քեզնով զմայլվում էի ամբողջ հոգով ու մտքով, աստվածային,— պատասխանեց Պետրոնիոսը։

— Գիտեմ, չափազանց ծույլ ես, որ քեզ ստիպես մեկին գովելու։ Եվ անկեղծ ես, ինչպես Տուլլիոս Սենեկիոնը, բայց ավելի շատ ես հասկանում, քան նա։ Ասա ինձ՝ ի՞նչ ես մտածում երաժշտության մասին։

— Երբ բանաստեղծությանն եմ ականջ դնում, երբ նայում եմ կրկեսում վարած կառքիդ, գեղեցիկ արձանին, գեղեցիկ մեհյանին կամ պատկերին, զգում եմ, որ ամբողջովին ընդգրկում եմ այն, ինչ որ տեսնում եմ, և որ իմ հիացմունքի մեջ տեղավորվում է այն ամենը, ինչ դրանք կարող են տալ։ Բայց երբ երաժշտությանն եմ ականջ դնում, մանավանդ քո երաժշտությանը, առջևս նորանոր գեղեցկություններ ու հրճվանքներ են բացվում։ Վազում եմ նրանց ետևից, բռնում եմ նրանց, բայց առաջ, քան նրանց իմ մեջ եմ ամփոփում, կրկին գալիս են նորերն ու նորերը, ծովի ալիքների պես, որոնք գալիս են անսահման տարածությունից։ Ահա կասեմ քեզ, որ երաժշտությունը մի ծով է։ Կանգնած ենք մի ափին և տեսնում ենք հեռուն, բայց մյուս ափը տեսնել անհնարին է։

— Ա՛հ, որպիսի՜ խորիմաստ արվեստագետ ես,— ասաց Ներոնը։

Նրանք լուռ ման էին գալիս, միայն զափռանն էր կամաց սոսափում նրանց ոտքերի տակ։

— Դու իմ միտքը հայտնեցիր,— ասաց վերջապես Ներոնը.— և դրա համար է, որ միշտ ասում եմ, թե ամբողջ Հռոմում միայն դու ես կարողանում հասկանալ ինձ։ Այո, նույնը ես եմ կարծում երաժշտության մասին։ Երբ նվագում եմ և երգում, այնպիսի բաներ եմ տեսնում, որոնց մասին չէի իմանում, որ իմ պետության մեջ կամ աշխարհիս երեսին գոյություն ունեն։ Ահա Կեսար եմ, և աշխարհն ինձ է պատկանում, ամեն ինչ կարող եմ։ Եվ այնուամենայնիվ երաժշտությունը ինձ համար բաց է անում նոր թագավորություններ, նոր լեռներ ու ծովեր և նոր հրճվանքներ, որ մինչև այսօր չէի իմացել։ Ամենից հաճախ չեմ կարողանում դրանց անունը գտնել, ոչ էլ խելքովս հասկանալ. միայն զգում եմ դրանք։ Զգում եմ աստվածներին, զգում եմ Օլիմպոսը։ Մի ինչ֊որ գերերկրային հով փչում է վրաս, նշմարում եմ կարծես մշուշի մեջ ինչ֊որ անչափելի, միաժամանակ և խաղաղ ու ծագող արևի պես պայծառ առարկաներ։ Ամբողջ տիեզերքը փայլում է իմ շուրջը և կասեմ քեզ... (այստեղ Ներոնի ձայնը հնչեց ճշմարիտ զարմանքով) որ ես՝ Կեսարս ու աստվածս, այդ ժամանակ ինձ փոշու պես պստիկ եմ զգում։ Կհավատա՞ս։

— Այո։ Միայն մեծ գեղարվեստագետները կարող են գեղարվեստի առջև պստիկ զգալ իրենց։

— Այսօր անկեղծության գիշեր է, և ահա քո, իբրև մտերմիս առջև, բաց եմ անում իմ հոգին։ Քեզ ավելին կասեմ... Արդյոք կարծո՞ւմ ես, որ կույր եմ և խելազուրկ։ Արդյոք մտածո՞ւմ ես, թե չգիտեմ, որ Հռոմի պատերին իմ մասին նախատինքներ են գրում, որ ինձ մայրասպան ու կնասպան են կոչում... որ ինձ հրեշ ու ոճրագործ են համարում նրա համար, որ Տիգելլինոսն ինձնից մի քանի մահավճիռներ է ստացել իմ թշնամիների դեմ... Այո, անգինս, ինձ հրեշ են համարում, և ես այդ գիտեմ... Իմ ոճրագործ լինելու մասին այն աստիճան շատ եմ լսել, որ երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք իրո՞ք ոճրագործ եմ... Բայց նրանք այն չեն հասկանում, որ մարդուս գործերը կարող են ոճիր լինել, իսկ մարդս կարող է ոճրագործ չլինել։ Ա՛հ, ոչ ոք չի հավատա, և գուցե դու ևս, իմ անգինս, չես հավատա, որ երբեմն, երբ երաժշտությունն իմ հոգին ալեկոծում է, ես ինձ այնպես բարի եմ զգում, ինչպես երեխան օրորոցի մեջ։ Երդվում եմ քեզ այս աստղերով, որոնք մեզ վրա պսպղում են, որ անկեղծ ճշմարտություն եմ ասում։ Մարդիկ չգիտեն, թե որքան բարություն է պարունակվում այս սրտի մեջ և որքան գանձեր եմ գտնում ես ինքս սրա մեջ, երբ երաժշտությունը բաց է անում դեպի նրանք տանող դռները։

Պետրոնիոսը, որ ոչ մի կասկած չուներ, թե Ներոնն այդ րոպեին անկեղծորեն էր խոսում և թե երաժշտությունը, իսկ֊որ, կարող էր նրա հոգու զանազան ազնիվ հակումները երևան բերել, որոնք եսասիրության, անառակության և չարագործության կույտերով էին ծածկված, ասաց.

— Քեզ պետք է այնպես մոտիկ ճանաչել, որպես ես։ Հռոմը չի իմացել երբեք քո գինը։

Իսկ Կեսարն ավելի ուժեղ թեքվեց Վինիկիոսի թևին, կարծես կռացավ անարդարության ծանրությունից, և պատասխանեց.

— Տիգելլինոսն ասաց ինձ, իբր թե սենատում միմյանց ականջներին փսփսում են, թե Դիոդորը և Տերպնոսը ինձնից լավ են կիթառ նվագում։ Մինչև անգամ այս չեն ճանաչում իմ մեջ։ Բայց դու, որ միշտ ճշմարտություն ես ասում, ասա ինձ անկեղծորեն, արդյոք նրանք ինձնից լա՞վ, կամ գոնե ինձ պես լա՞վ են նվագում։

— Բոլորովին ոչ։ Դու ավելի մեղմ զարկ ունես և ավելի ուժ։ Քո մեջ երևում է արվեստագետը, նրանց մեջ՝ վարժ արհեստավորը։ Իհարկե, լսելով նախ նրանց նվագածը, կարելի է ավելի լավ հասկանալ, թե դու ինչ ես։

— Եթե այդպես է, թող ապրեն իրենց համար։ Երբեք չեն իմանա, թե այս րոպեին դու իրենց որպիսի ծառայություն արիր։ Վերջապես, եթե նրանց սպանել տայի, պետք է նրանց տեղը ուրիշներին վերցնեի։

— Եվ մարդիկ դեռ կավելացնեին, որ սիրելով երաժշտությունը՝ պետությանդ մեջ ոտնակոխ ես անում երաժշտությունը։ Մի՛ սպանիր երբեք գեղարվեստը գեղարվեստի համար, աստվածային։

— Որքան տարբեր ես Տիգելլինոսից,— պատասխանեց Ներոնը։— Բայց տեսնո՞ւմ ես, ես հենց ամեն բանի մեջ արվեստագետ եմ, և որովհետև երաժշտությունը բաց է անում իմ առջև հեռանկարներ, որոնց գոյությունը մտքովս անգամ չի անցել, երկրներ, որոնց չեմ տիրապետում, զվարճություն ու երջանկություն, որ երբեք չեմ ճաշակել, դրա համար ես չեմ կարող ապրել սովորական կյանքով։ Երաժշտությունն ինձ ասում է, որ գերբնականը գոյություն ունի, և ահա այդ գերբնականը որոնում եմ այն իշխանության ամբողջ ուժով, որ աստվածներն իմ ձեռքն են տվել։ Երբեմն թվում է ինձ, թե այդ օլիմպիական աշխարհը հասնելու համար պետք է մի այնպիսի բան անեմ, որպիսին մինչև այսօր ոչ մի մարդ երբեք չի արել, պետք է գերազանցեմ մարդկային չափը բարու կամ չարի մեջ։ Գիտեմ նաև, որ մարդիկ ինձ մեղադրում են, թե ես ցնորվում եմ։ Բայց ես չեմ ցնորվում, այլ որոնում եմ, և եթե ցնորվում եմ, այդ ձանձրույթից է և անհամբերությունից, որ չեմ կարողանում գտնել։ Ես որոնում եմ, հասկանո՞ւմ ես ինձ, և այս պատճառով կամենում եմ ավելի մեծ լինել, քան հասարակ մարդն է, որովհետև միայն այդ եղանակով կարող եմ ամենամեծը լինել իբրև արվեստագետ։

Այստեղ նա իր ձայնն իջեցրեց այնպես, որ Վինիկիոսը չկարողանա լսել նրան, և իր շրթունքները Պետրոնիոսի ականջին կպցնելով՝ սկսեց փսփսալ.

— Գիտե՞ս արդյոք, որ ես գլխավորապես դրա համար մահվան դատապարտեցի մորս և կնոջս։ Անհայտ աշխարհի դռների առջև ուզում էի ամենամեծ զոհը բերել, որպիսին մարդս կարող է բերել։ Կարծում էի, թե հետո մի բան տեղի կունենա և ինչ֊որ դռներ կբացվեն, որոնց հետևում կտեսնեմ այդ անհայտը։ Թող այդ տեսածս ամենազարմանալի, մարդկային հասկացողությունը զարհուրեցնող բան լիներ, միայն թե արտակարգ և մեծ լիներ... Բայց այդ զոհը բավական չէր։ էմպիրիական[342] դռների բացվելու համար երևի ավելի մեծ զոհ է հարկավոր, և թող այնպես լինի, ինչպես ճակատագիրն ուզում է։

— Ի՞նչ ես մտադիր անել։

— Կտեսնես, կտեսնես ավելի շուտ, քան կարծում ես։ Մինչ այդ իմացիր, որ կա երկու Ներոն. մեկը՝ այնպիսին, որպիսին մարդիկ են ճանաչում. մյուսը՝ արվեստագետ, որին մենակ դու ես ճանաչում, և որը, եթե մինչև անգամ սպանում է Մահի պես, կամ ցնորամտություններ է անում Բաքոսի պես, այդ հենց նրա համար է, որ նրան ճնշում է սովորական կյանքի դատարկությունն ու վատթարությունը, և նա կկամենար դա ջնջել, թեկուզ դրա համար հարկավոր լիներ կրակ կամ երկաթ գործածել... Օ՜, այս աշխարհը որչափ տափակ կլինի, երբ ես չեմ լինի... Ոչ ոք դեռ չի հասկանում, մինչև անգամ դու, իմ անգին, թե ի՜նչ արվեստագետ եմ ես։ Բայց հենց դրա համար եմ տանջվում և, անկեղծորեն ասում եմ քեզ, որ հոգիս երբեմն այնպես տխուր է լինում, ինչպես այն նոճիները, որոնք այնտեղ սևին են տալիս մեր առջև։ Ծանր է մարդուս համար միաժամանակ ամենամեծ իշխանության և ամենամեծ տաղանդի ծանրությունը կրել։

— Ցավակցում են ցամաքն ու ծովը, չհաշվելով Վինիկիոսին, որ քեզ իր հոգու մեջ աստվածացնում է։

— Սա էլ է ինձ միշտ սիրելի եղել,— ասաց Ներոնը,— թեև Մարսին է ծառայում, ոչ թե մուսաներին։

— Սա նախ և առաջ ծառայում է Աֆրոդիտեին,— պատասխանեց Պետրոնիոսը։

Եվ որոշեց միանգամից գլուխ բերել քեռորդու գործը և միևնույն ժամանակ հեռացնել ամեն տեսակի վտանգ, որ կարող էր սպառնալ նրան։

— Սա սիրահարված է, ինչպես Տրոյիլոսը Կրեսիդին[343],— ասաց նա,— թույլ տուր սրան, տե՛ր, մեկնել Հռոմ, որովհետև ձեռքիս չորանում է։ Գիտե՞ս, արդյոք, որ այն լիգիական պատանդը, որ բաշխել էիր սրան, գտնվել է, և Վինիկոսը, Անտիոն գալիս, թողել է նրան մի ոմն Լիննոսի խնամքին։ Այդ ես չեմ պատմել քեզ, որովհետև դու գրում էիր քո օրհներգը, իսկ դա ամենից կարևորն է։ Վինիկիոսը կամենում էր նրան հարճ դարձնել. բայց որովհետև Լուկրետիայի պես[344] առաքինի աղջիկ դուրս եկավ, սիրահարվեց նրա առաքինությանը և այժմ ցանկանում է նրա հետ պսակվել։ Նա արքայադուստր է, ուրեմն սրան ոչ մի անպատվություն չի բերի. բայց սա ճշմարիտ զինվոր է, հալվում է, մաշվում է, հառաչում է, սակայն սպասում է իր հրամանատարի թույլտվությանը։

— Կեսարը կանայք չի ընտրում իր զինվորների համար։ Ի՞նչ կանի իմ թույլտվությունը։

— Ասացի քեզ, տե՜ր, որ սա քեզ աստվածացնում է։

— Առավել ևս կարող է վստահ լինել, որ թույլ կտամ. նա գեղեցիկ աղջիկ է, միայն ազդրերը նեղ են։ Ավգուստա Պոպպեան գանգատվում էր ինձ, որ նա էր հմայել մեր երեխային՝ Պալատիոնի պարտեզում։

— Բայց չէ՞ որ ես ասացի Տիգելլինոսին, որ աստվածները չեն ենթարկվում չար հմայության։ Հիշո՞ւմ ես, աստվածային, ինչպես նա շփոթվեց և ինչպես ինքդ բացականչեցիր՝ habet!

— Հիշում եմ։

Այստեղ նա դարձավ Վինիկիոսին.

— Սիրո՞ւմ ես դու նրան այնպես, ինչպես Պետրոնիոսն է ասում։

— Սիրում եմ նրան, տեր,— պատասխանեց Վինիկիոսը։

— Ուրեմն հրամայում եմ քեզ վաղն ևեթ մեկնել Հռոմ, ամուսնանալ նրա հետ և առանց հարսանեկան մատանու չերևալ իմ աչքին։

— Շնորհակալ եմ. քեզնից, տե՛ր, հոգով ու սրտով։

— Օ՜, որչափ սիրելի է մարդկանց բախտավորեցնելը,— ասաց Կեսարը,— կուզեի ուրիշ ոչինչ չանել իմ ամբողջ կյանքում։

— Մի շնորհ ևս արա մեզ, աստվածային,— ասաց Պետրոնիոսը,— և այդ քո կամքը հայտնիր Ավգուստայի ներկայությամբ։ Վինիկիոսը երբեք չէր համարձակվի ամուսնանալ մի էակի հետ, որի վերաբերմամբ Ավգուստան դժկամություն է զգում. բայց դու, տե՜ր, մի խոսքով կցրես նրա նախապաշարումը, հայտարարելով, որ ինքդ ես այդ հրամայել։

— Շատ բարի,— ասաց Կեսարը,— քեզ և Վինիկիոսին չէի կարողանա ոչ մի բան մերժել։

Եվ վերադարձավ դղյակը, իսկ նրանք գնացին նրա հետ միասին՝ հոգու մեջ ուրախանալով տարած հաղթությամբ։ Վինիկիոսը պետք է իրեն զսպեր, որ չընկներ Պետրոնիոսի պարանոցով. այժմ նրան բոլոր վտանգներն ու արգելքները վերացված էին թվում։

Դղյակի ատրիոնում երիտասարդ Ներվան և Տուլլիոս Սենեկիոնը զբաղեցնում էին Ավգուստային խոսակցությամբ, իսկ Տերպնոսն ու Դիոդորը լարում էին կիթառները։ Ներոնը, ներս մանելով, նստեց կրիայի ոսկրով պատած բազկաթոռին և ինչ֊որ բան շշնջալով կողքին կանգնած հույն պատանուն՝ սպասեց մի փոքր։

Պատանին իսկույն վերադարձավ ոսկե տուփը ձեռքին։ Ներոնը բաց արեց և այնտեղից հանելով մեծ օպալներից շարած մանյակը` ասաց.

— Ահա մի ակնեղեն, որ արժանի է այսօրվա երեկոյին։

— Դրանց մեջ արշալույսն է փայլում,— պատասխանեց Պոպպեան, համոզված լինելով, որ մանյակը իր համար է ընտրված։

Կեսարը մի կարճ ժամանակ մեկ բարձրացնում, մեկ իջեցնում էր վարդագույն քարերը, վերջապես ասաց.

— Վինիկիոս, իմ կողմից այս մանյակը կնվիրես լիգիական մատաղահաս արքայադստրին, որի հետ հրամայում եմ քեզ պսակվել։

Պոպպեայի՝ բարկությամբ ու հանկարծակի զարմանքով լի հայացքն սկսեց անցնել Կեսարից Վինիկիոսի վրա, բայց վերջը կանգ առավ Պետրոնիոսի վրա։

Իսկ սա, անփույթ թեքվելով բազկաթոռի թևին, ձեռքը տանում բերում էր արֆայի շրջանակով՝ կարծես կամենում էր ավելի լավ հիշել նրա ձևը։

Այդ միջոցին Վինիկիոսը, շնորհակալություն հայտնելով ընծայի համար, մոտեցավ Պետրոնիոսին և ասաց.

— Ինչո՞վ պետք է այսօր վճարեմ քեզ ինձ արածիդ համար։

— Երկու կարապ զոհիր էվտերպեին[345],— պատասխանեց Պետրոնիոսը,— գովիր Կեսարի երգերը և ծաղրիր նախագուշակությունները։ Հույս ունեմ, որ առյուծների մռնչյունն այսուհետև չեն խանգարի ոչ քո, ոչ էլ լիգիական շուշանի քունը։

— Ոչ— ասաց Վինիկիոսը,— այժմ բոլորովին հանգիստ եմ։

— Թող Ֆորտունան ձեզ համար քաղցրահայաց լինի։ Բայց այժմ ուշադիր եղիր, Կեսարը նորից վերցնում է ֆորմինգը[346]։ Շունչդ զսպիր, լսիր և արտասուք թափիր։

Կեսարը, ճիշտ որ, վերցրել էր ֆորմինգը և աչքը վեր բարձրացրել։ Դահլիճում խոսակցությունը դադարել էր, մարդիկ նստած էին անշարժ, կարծես քարացած։ Միայն Տերպնոսն ու Դիոդորը, որոնք պետք է դաշնակցեին Կեսարին, նայում էին, գլուխները դարձնելով մեկ միմյանց, մեկ նրա շրթունքների կողմը՝ սպասելով երգի առաջին հնչյուններին։

Այդ միջոցին նախասենյակում շարժում ու աղմուկ բարձրացավ. իսկ մի րոպեից հետո վարագույրի ետևից երևաց նախ Կեսարի ազատագիր Ֆավոնը և ապա՝ Լեկանիոս կոնսուլը[347]։

Ներոնը հոնքերը կիտեր։

— Ներիր, աստվածային իմպերատոր,— շնչասպառ ասաց Ֆավոնը։— Հռոմում հրդեհ է, քաղաքի մեծ մասը կրակի մեջ է։

Այս լուրը լսելով բոլորը վեր թռան տեղերից։ Ներոնը վայր դրեց ֆորմինգը և ասաց.

— Աստվածներ... Այրվող քաղաք կտեսնեմ և կավարտեմ Տրոյականս։

Ապա դարձավ կոնսուլին.

— Իսկույն մեկնելով՝ արդյոք կհասցնե՞մ տեսնել հրդեհը։

— Տե՛ր,— պատասխանեց պատի պես գունատված կոնսուլը,— քաղաքի վրա միայն կրակի ծով է. ծուխը խեղդում է բնակիչներին, և մարդիկ ուշաթափվում են, կամ խելագարվելով՝ իրենց նետում կրակը... Հռոմը կործանվում է, տե՛ր։

Տիրեց լռություն, որը ընդհատեց Վինիկիոսի աղաղակը.

— Vae misero mihi![348]...

Եվ երիտասարդ տրիբունը, վրայից ձգելով տոգան, միայն տունիկայով դուրս վազեց պալատից։

Իսկ Ներոնը ձեռքերը երկինք բարձրացրեց և գոչեց.

— Վա՜յ քեզ, Պրիամոսի նվիրական քաղաք։

ԳԼՈՒԽ Ի

Վինիկիոսը հազիվ ժամանակ ունեցավ մի քանի ստրուկների հրամայելու, որ հետևեն իրեն, հետո ձիու մեջքին թռչելով, քշեց գիշերային խավարում, Անտիոնի դատարկ փողոցներով, Լավրենտոնի ուղղությամբ։ Սարսափելի լուրի ազդեցության տակ նա կարծես խելագարության ու մտավոր կատաղության էր հասել և երբեմն իրեն լավ հաշիվ չէր տալիս, թե ինչ է իրեն պատահում։ Այնպիսի մի զգացում ուներ, թե այդ նույն ձիու վրա նստած է իր ետևում անբախտությունը և իր ականջին գոչում է. «Հռոմը այրվում է», մտրակում է իրեն ու իր ձիուն և դեպի կրակն է քշում։ Բաց գլուխը դնելով ձիու բաշին՝ նա սլանում էր միայն մեկ տունիկա հագին, կույրի պես, առանց առաջ նայելու, ուշք չդարձնելով խոչընդոտներին, որոնց դիպչելով կարող էր ջախջախվել։ Լռության և խաղաղ ու աստղալից գիշերը լուսնի լույսով ցողած այդ ձիավորն ու ձին երազի տեսիլների տպավորությունն էին թողնում։ Հռոմեական նժույգը, ականջները ետ սեղմելով և պարանոցը երկարացնելով, նետի պես սլանում էր անշարժ նոճիների և նրանց մեջ թաք կացած սպիտակ դղյակների մոտով։ Ձիու ոտքերի տրոփյունը քարե հատակին այս ու այնտեղ զարթեցնում էր շներին, որոնք հաչելով ճանապարհ էին ձգում տարօրինակ երևույթը, իսկ հետո, նրա հանկարծակիությունից անհանգստացած, սկսում էին ոռնալ դնչները բարձրացնելով դեպի լուսնյակը։ Վինիկիոսի ետևից եկող ստրուկները, ավելի վատ ձիեր ունենալով, շուտով ետ մնացին։ Իսկ նա, փոթորկի պես անցնելով քնած Լավրենտոնի միջով, ծռվեց Արգեայի կողմը, ուր նույնպես, ինչպես և Արիկիայում, Բովիլայում և Ուստրինոնում, Անտիոն տեղափոխվելու օրից փոխելու ձիեր էր պահում, որպեսզի ամենակարճ ժամանակում կարողանար անցնել Հռոմից իրեն բաժանող տարածությունը։ Հիշելով այս՝ նա ձիու հոգին հանում էր։ Արգեայի մյուս կողմում նրան թվաց, թե երկինքը հյուսիս֊արևելքում ծածկվում է վարդագույն փայլով։ Այդ կարող էր և առավոտյան արշալույսը լինել, որովհետև ուշ ժամ էր, հուլիսին ցերեկը վաղ է բացվում։ Բայց Վինիկիոսը չկարողացավ հուսահատության ու կատաղության ճիչը զսպել. նրան թվաց, թե դա հրդեհի արտացոլմունք է։ Նրա միտքը եկան Լեկանիոսի խոսքերը. «Ամբողջ քաղաքը ծովի պես այրվում է». և մի րոպե զգում էր, որ իրեն, իսկապես, խելագարություն է սպառնում, որովհետև բոլորովին կորցրել էր Լիգիային փրկելու և մինչև անգամ քաղաք հասնելու հույսը, առաջ, քան քաղաքը մոխրի մի կույտի կվերածվի։ Նրա մտքերն ավելի արագընթաց դարձան, քան թե ձիու վազքը. թռչում էին առջևից թռչունների սև երամի պես՝ հուսահատ և անճար։ Ճշմարիտ է, չգիտեր քաղաքի որ մասն է սկսել այրվել, բայց ենթադրում էր, որ Անդրտիբերիսի թաղը, որ լցված էր խիտ֊խիտ տներով, փայտի ամբարներով ու փայտե շինություններով, որոնց մեջ ստրուկներն էին վաճառվում, առաջինը կարող էր կրակի ճարակ դառնալ։ Հռոմում հրդեհներ բավական հաճախ էին լինում, և այդ ժամանակ նույնպես բավական հաճախ էին բռնություններն ու ավարառությունները, մանավանդ աղքատ ու կիսով չափ բարբարոսական ազգաբնակությամբ բնակեցված թաղերում. ուրեմն ի՞նչ կարող էր կատարվել մի որևէ Անդրտիբերիսում, որ աշխարհիս բոլոր ծայրերից եկած սինլքորների բույնն էր։ Այստեղ Վինիկիոսի մտքով անցավ Ուրսուսն իր գերմարդկային զորությամբ, բայց ի՞նչ կարող էր անել ոչ միայն մարդը, այլ նույնիսկ տիտանը կրակի ոչնչացնող ուժի դեմ։ Ստրուկների ապստամբության երկյուղը նույնպես մի ծանրություն էր, որ վաղուց ի վեր խեղդում էր Հռոմը։ Ասում էին, որ սրանցից հարյուր հազարները երանի են տալիս Սպարտակոսի[349] ժամանակներին և սպասում էին միայն հարմար րոպեի՝ ճնշողների և քաղաքի դեմ զենք վերցնելու համար։ Եվ ահա ժամը հասել է։ Գուցե այնտեղ, քաղաքում, հրդեհի հետ միասին խլրտում է կոտորածն ու կռիվը. գուցե նույնիսկ պրետորիանները թափվել են քաղաք և սպանում են Կեսարի հրամանով։ Եվ Վինիկիոսի գլխի մազերը հանկարծ զարհուրանքից բիզ֊բիզ կանգնեցին։ Նա մտաբերեց քաղաքների հրդեհների մասին եղած բոլոր խոսակցությունները, որոնք մի հայտնի ժամանակից ի վեր զարմանալի համառությամբ բռնկվում էին Կեսարի արքունիքում։ Մտաբերեց կեսարի տրտունջը, որ պետք է այրվող քաղաք նկարագրի, մինչդեռ երբեք իսկական հրդեհ չի տեսել. մտաբերեց նրա արհամարհական պատասխանը Տիգելլինոսին, որ հանձն էր առնում կրակ տալ Անտիոնը կամ արհեստական փայտե քաղաքը, մտաբերեց վերջապես նրա գանգատները Հռոմից և Սուբուռայի հոտած փողոցներից։ Այո, այդ Կեսարն է հրամայել կրակ տալ քաղաքը։ Միայն նա կարող էր հանդգնել այդ անելու, այնպես, ինչպես միայն Տիգելլինոսը կարող էր հանձն առնել այդօրինակ հրամանի իրագործումը։ Իսկ եթե Հռոմը վառվում է Կեսարի հրամանով, ո՞վ կարող է երաշխավորել, որ ազգաբնակչությունն էլ նրա հրամանով կոտորվելիս չի լինի։ Հրեշը ընդունակ էր նաև այդ արարմունքին։ Հրդեհ, ստրուկների ապստամբություն և կոտորած, ի՜նչ սարսափելի քաոս, ոչնչացնող տարրերի և մարդկային կատաղության ինչպիսի ազատություն, և այս բոլորի մեջ Լիգիան... Վինիկիոսի հառաչանքները խառնվեցին ձիու խռպոցի և հառաչանքների հետ, ձիու, որը վազելով մինչև Արիկիա շարունակ զառիվեր բարձրացող ճանապարհով, արդեն վերջին ուժերն էր լարում։ Ո՞վ դուրս կբերի աղջկան այրվող քաղաքից և ո՞վ կարող է նրան փրկել։ Այստեղ Վինիկիոսը, ամբողջովին պառկելով ձիու վրա, մատները նրա մազերի մեջ խրեց և ցավից պատրաստ էր կրծոտել ձիու պարանոցը։ Բայց այդ միջոցին մի ձիավոր, որ նույնպես սլանում էր փոթորկի նման, բայց հակառակ կողմից դեպի Անտիոն, նրա մոտով թռչելիս ճչաց. «Հռոմը կործանվում է», և քշեց անցավ։ Վինիկիոսի ականջին հասավ ևս մի բառ «աստվածներ», մնացածը խլացրեց ձիու տրոփյունը։ Բայց այս բառը նրան սթափեցրեց։ Աստվածնե՜ր... Վինիկիոսը հանկարծ գլուխը բարձրացրեց և ձեռքերը դեպի աստղազարդ երկինքը պարզելով՝ սկսեց աղոթել. «Ձեզ չեմ կանչում, որոնց տաճարներն այրվում են, այլ Քեզ... Դու ինքդ տանջվել ես, Դու մենակ ողորմած ես։ Դու մենակ հասկացել ես մարդկային վիշտը։ Դու աշխարհ եկար մարդկանց գթություն սովորեցնելու. ցո՛ւյց տուր այժմ գթությունդ։ Եթե ա՛յն ես, ինչ որ Պետրոսն ու Պողոսն են ասում, փրկի՛ր ինձ համար Լիգիային։ Վերցրու նրան թևերիդ վրա և դուրս բեր կրակից։ Դու այդ կարող ես։ Տո՜ւր ինձ նրան, և ես Քեզ արյունս կտամ։ Իսկ եթե ինձ համար չես ուզենա այդ անել, արա այդ նրա համար։ Նա Քեզ սիրում է և ապավինել է Քեզ։ Կյանք ու երջանկություն ես խոստանում մահից հետո, բայց մահից հետո երջանկությունը խույս չի տա, իսկ նա դեռ ապրել է ուզում։ Տո՛ւր նրան կյանք։ Վերցրու թևերիդ վրա և դուրս բեր Հռոմից։ Դու կարող ես. իսկ եթե չուզենայիր»...

Եվ կտրեց. նա զգում էր, որ աղոթքի շարունակությունը կարող էր սպառնալիքի փոխվել, վախենում էր վիրավորել աստվածությունը այն րոպեին, երբ ամենից առավել պետք ուներ նրա գթությանն ու շնորհին։ Նա զարհուրեց այդ մասին մտածելուց և իրեն մի մազաչափ սպառնալիք անգամ թույլ չտալու համար նորից սկսեց մտրակել ձիուն, մանավանդ որ Հռոմի կես ճանապարհին գտնվող Արիկիայի սպիտակ շինություններն արդեն փայլեցին լուսնյակի լույսով։ Քիչ անց նա սլացավ ամենայն արագությամբ Մերկուրիոսի մեհյանի առջևից, որ քաղաքի մոտ էր, անտառում։ Երևում էր, որ այստեղ արդեն գիտեին դժբախտության մասին, մեհյանի առջև անսովոր իրարանցում էր տիրում։ Վինիկիոսն անցնելիս աստիճանների վրա ու սյուների արանքներում մարդկային խմբեր նկատեց, որոնք, լապտերներով լուսավորելով իրենց ճանապարհը, խռնվում էին աստվածության հովանավորության տակ։ Ճանապարհն արդեն ոչ այնպես դատարկ էր, ոչ էլ այնպես ազատ, ինչպես Արգեայի մյուս կողմում։ Մարդիկ շտապում էին անտառ, ճիշտ է, կողմնակի շավիղներով, բայց և գլխավոր ուղու վրա կանգնած էին խմբեր, որոնք իսկույն ճանապարհ էին տալիս սլացող ձիավորին։ Քաղաքից բազմաթիվ ձայների ժխոր էր հասնում։ Վինիկիոսը փոթորկի պես ներս պրծավ Արիկիա՝ ճանապարհին մի քանի մարդ վայր գլորելով և կոխկրտելով։ Այժմ ամեն կողմից աղաղակներ էին լսվում. «Հռոմն այրվո՜ւմ է... քաղաքը կրակի մե՜ջ է... Աստվածնե՜ր, փրկեցե՜ք Հռոմը»։

Ձին սայթաքեց, բայց ուժեղ ձեռքը զսպեց նրան, և նա ետևի ոտներով նստեց իջևանի առջև, որտեղ Վինիկիոսը փոխելու ձիեր էր պահում։ Ստրուկները, կարծես սպասելով տիրոջ գալստյանը, կանգնած էին տան առջև և, նրա հրամանից իրար անցնելով, վազեցին նոր ձի բերելու։ Իսկ Վինիկիոսը, տեսնելով տասը հեծյալ պրետորիաններից կազմված վաշտը, որ, ինչպես երևում էր, լուր էր տանում քաղաքից Անտիոն, մոտ ցատկեց և հարցրեց նրանց.

— Քաղաքի ո՞ր մասն է կրակի մեջ։

— Ո՞վ ես,— հարցրեց տասնապետը։

— Վինիկիոս՝ զինվորական տրիբուն և ավգուստիան։ Պատասխանիր, եթե գլխիցդ ձեռք չես վերցրել։

— Հրդեհը, տե՛ր, սկսվեց Մեծ կրկեսի մերձակա խանութներում։ Երբ մեզ ուղարկեցին, քաղաքի մեջտեղը կրակի մեջ էր։

— Իսկ Անդրտիբերի՞սը։

— Կրակն այնտեղ դեռ չի հասել, բայց անդիմադրելի ուժով նորանոր թաղեր է ընդգրկում... Մարդիկ տոթից ու ծխից կոտորվում են, և որևէ փրկություն անկարելի է։

Այդ վայրկյանին Վինիկիոսին նոր ձի բերին։ Երիտասարդ տրիբունը թռավ նրա մեջքին և առաջ քշեց։

Այժմ նա գնում էր դեպի Ալբանոն՝ աջ կողմը թողնելով Ալբալոնգան և նրա հոյակապ լիճը։ Մինչև Արիկիան ճանապարհը զառիվեր էր գնում, և լեռը բոլորովին ծածկում էր հորիզոնն ու մյուս կողմում գտնվող Ալբանոնը։ Բայց Վինիկիոսը գիտեր, որ գագաթին հասնելուն պես կտեսնի ոչ միայն Բովիլան և Ուստրինոնը, ուր նրան նոր ձիեր էին սպասում, այլև Հռոմը, որովհետև Ալբանոնից այն կողմն, Via Appia֊ի երկու կողմերով, տարածվում էր հարթ ու տափարակ Կամպանիան, ուր միայն ջրմուղների խողովակներն էին դեպի քաղաքն անցնում, և ոչինչ արդեն չէր խանգարում տեսարանը։

«Գագաթից կտեսնեմ կրակը»,— ասաց նա ինքն իրեն։

Եվ սկսեց նորից ձին քշել։

Բայց լեռան գագաթը հասնելուց առաջ զգաց, որ իր դեմքին փչեց քամին, և ծխի հոտը հասավ քթին։

Եվ այդ միջոցին լեռան գագաթն էլ սկսեց ոսկեզօծվել։ «Հրդեհի լույսն է»,— մտածեց Վինիկիոսը։

Գիշերն արդեն վաղուց է, որ սկսել էր գունատվել. այգը լույսի էր փոխվում, և բոլոր մերձակա լեռներում փայլում էին նույնպիսի ոսկեգույն ու վարդագույն ցոլքեր, որոնք կարող էին առաջ գալ թե հրդեհից և թե արշալույսից։ Վինիկիոսը հասավ գագաթին, և այդ ժամանակ սարսափելի տեսարանը բացվեց նրա աչքերին։

Ամբողջ հովիտը ծածկված էր ծխով, որ մի հսկայական, հենց գետնին պառկած ամպ էր կազմում, որի մեջ անհետացել էին քաղաքները, աքվադուկները[350], դղյակները, ծառերը. իսկ այս գորշ, ահագին տափարակի ծայրին, բլուրների վրա, այրվում էր քաղաքը։

Բայց հրդեհը կրակե սյան ձև չուներ, ինչպես լինում է այն ժամանակ, երբ այրվում է մի առանձին, թեկուզ ամենամեծ շինություն։ Ավելի շուտ՝ դա մի երկար, արշալույսի նման ժապավեն էր։

Այդ ժապավենի վրայով անցնում էր ծխե ալիքը, որը տեղ֊տեղ բոլորովին սև էր, տեղ֊տեղ վարդագույն և արևաներկով կայծկլտող, մի կուտակված, երկար, թանձր և ոլորվող ալիք, որ օձի պես մեկ կծկվում էր, մեկ ձգվում։ Այդ հրեշավոր ալիքը երբեմն թվում էր, թե ծածկում է նույնիսկ կրակե ժապավենը, այնպես, որ սա դառնում էր նեղ, ինչպես երիզ, բայց երբեմն սա էր այդ ալիքը ցածրից փայլեցնում՝ բոցե կոհակների փոխելով նրա ներքևի շերտերը։ Երկուսն էլ՝ կրակե ժապավենն ու ալիքը, ձգվում էին հորիզոնի մեկ ծայրից մինչև մյուսը՝ շրջապատելով այնպես, ինչպես երբեմն նրան շրջապատում է անտառը։ Սաբինական լեռները բոլորովին չէին երևում։

Վինիկիոսին առաջին ակնթարթ թվաց, թե ոչ թե քաղաքն է այրվում, այլ ամբողջ աշխարհը, և ոչ մի կենդանի էակ չի կարող փրկվել կրակի և ծխի այդ օվկիանոսից։

Ավելի ու ավելի սաստիկ քամի էր փչում հրդեհի կողմից՝ հետը բերելով խանձվածքի հոտ ու մառախուղ, որ սկսեց ծածկել նույնիսկ մերձավոր առարկաները։ Բոլորովին ցերեկ դարձավ, և արևը լուսավորեց Ալբանոյի լիճը շրջապատող կատարները։ Բայց առավոտյան բաց ոսկեգույն ճառագայթները մառախուղի միջով կարծես կարմրած և հիվանդոտ էին երևում։ Վինիկիոսը, իջնելով դեպի Ալբանոն, ավելի ու ավելի թանձր և ավելի դժվար թափանցելի ծխի մեջ էր մտնում։ Այս քաղաքը ևս ամբողջովին ծխի ծովի մեջ էր։ Անհանգստացած քաղաքացիները դուրս էին վազել փողոցները, և սարսափելի էր մտածել, թե ինչ պետք է լիներ Հռոմում, եթե արդեն այստեղ դժվար էր շունչ քաշել։

Հուսահատությունը նորից տիրեց Վինիկիոսին, և զարհուրանքից գլխին մազերն սկսեցին փշաքաղվել։ Բայց նա փորձում էր իրեն քաջալերել, ինչպես կարող էր... «Անկարելի է, որ ամբողջ քաղաքն սկսեր միանգամից այրվել։ Քամին հյուսիսից է փչում և ծուխը քշում է միայն այս կողմը։ Մյուս կողմում ծուխ չկա։ Անդրտիբերիսը գետով բաժանված է և կարող է ամբողջովին ազատվել, բոլոր դեպքերում բավական է, որ Ուրսուսը Լիգիայի հետ դուրս գա Յանիկուլյան դարպասից, և նրանք փրկված են վտանգից։ Նույնպես անկարելի է, որ ամբողջ ազգաբնակչությունը կորչի, և քաղաքը, որ ամբողջ աշխարհի տերն է, ջնջվի երկրի երեսից՝ իր բոլոր բնակիչների հետ միասին։ Մինչև անգամ նվաճվող քաղաքներում, ուր կոտորածն ու հրդեհը միաժամանակ են գործում, միշտ մարդկանց մի հայտնի թիվ կենդանի է մնում. ուրեմն ինչու Լիգիան անպատճառ պիտի կորչի։ Չէ՞ որ նրան պահպանում է Աստված, որն ինքը հաղթեց մահվան»։ Այսպես մտածելով՝ նա սկսեց նորից աղոթք անել և իր սովորության համաձայն Քրիստոսին մեծ ուխտեր անել՝ նվերներ ու զոհաբերություններ խոստանալով։ Սլանալով Ալբանոնի միջով, որի գրեթե ամբողջ ազգաբնակչությունը Հռոմին նայելու համար նստած էր կտուրների ու ծառերի վրա, նա մի փոքր հանգստացավ ու սառնարյուն դարձավ։ Նա մտածեց նաև, որ Լիգիային խնամում են ոչ միայն Ուրսուսն ու Լիննոսը, այլև Պետրոս առաքյալը։ Հենց որ այս հիշեց, նոր հույս ծագեց նրա սրտում։ Պետրոսը նրա համար միշտ անհասկանալի, գրեթե գերմարդկային էակ էր։ Օստրիանոնում նրան լսելու օրից նա Վինիկիոսի վրա տարօրինակ տպավորություն էր թողել, որի մասին իր Անտիոն եղած ժամանակ գրել էր Լիգիային, որ այդ մարդու ամեն մի խոսքը ճշմարտություն է, կամ պետք է ճշմարտվի։ Ավելի մոտիկ ծանոթությունը, որ նա ունեցել էր առաքյալի հետ իր հիվանդության ժամանակ, ավելի սաստկացրել էր այս տպավորությունը, որը հետո անքակտելի հավատի էր փոխվել։ Ուրեմն, քանի որ Պետրոսը օրհնել է իր սերը և իրեն է խոստացել Լիգիային, Լիգիան չի կարող կորչել բոցերի մեջ։ Քաղաքը կարող է այրվել, բայց հրդեհի ոչ մի կայծ չի ընկնի նրա զգեստին։ Անքուն գիշերվա, խելակորույս ձիարշավի և հուզմունքների ազդեցության շնորհիվ Վինիկիոսին այժմ սկսեց զարմանալի ոգևորություն ընդգրկել, և ամեն բան նրան հնարավոր էր երևում։ Պետրոսը կխաչակնքի կրակը, մի խոսքով կճեղքի այն, և ապահով կերպով կանցնեն կրակե ճեմելիքով։ Պետրոսը գիտեր նաև ապագան, ուստի նա, անկասկած, նախատեսել է հրդեհն էլ, և եթե այդպես է, ինչպե՞ս կարող էր չզգուշացնել ու քաղաքից դուրս չբերել քրիստոնյաներին, սրանց թվում նաև Լիգիային, որին սիրում էր հարազատ զավակի պես։ Եվ ավելի ու ավելի մեծ Հույս սկսեց ծագել Վինիկիոսի սրտում։ Նա մտածեց, որ եթե փախչում են քաղաքից, ինքը կարող է նրանց գտնել Բովիլայում, կամ հանդիպել ճանապարհին։ Գուցե մի րոպե ևս, և սիրելի դեմքը կերևա այս ծխի միջից, որ ավելի ու ավելի թանձրությամբ սփռվում էր ամբողջ Կամպանիայի վրայով։

Այս բանը առավել ևս հավանական թվաց նրա համար, որ ճանապարհին նրան սկսեցին պատահել ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք քաղաքը թողնելով, գնում էին Ալբանոյի լեռները, որպեսզի կրակից ազատվելով, դուրս գան և ծխից։ Ուստրինոնին չհասած՝ նա պիտի ավելի կամաց գնար, որովհետև ճանապարհը բռնված էր։ Նրան հանդիպում էին հետևակ մարդիկ, որոնք իրենց ունեցածը կրում էին կռնակներին, բեռնավորված ձիեր, ջորիներ, սայլեր, նաև դեսպակներ, որոնց մեջ ստրուկները տանում էին ունևոր բնակիչներին։ Ուստրինոնն այնպես էր լցված Հռոմից փախածներով, որ ամբոխի միջով դժվար էր անցնել։ Հրապարակում, մեհյանների սյունազարդ պատշգամբների վրա ու փողոցներում խռնված էին փախստականները։ Այս ու այն տեղ արդեն սկսել էին վրաններ խփել, ուր ապաստան պիտի գտնեին ամբողջ ընտանիքներ։ Ուրիշները տեղավորվել էին բացօթյա, գոչելով, աստվածներին կանչելով, կամ անիծելով ճակատագիրը։ Ընդհանուր զարհուրանքի մեջ դժվար էր որևէ բան իմանալ։ Ում որ էլ դիմում էր Վինիկիոսը, կամ բոլորովին պատասխան չէր ստանում, կամ տեսնում էր իր վրա ուղղած, զարհուրանքից կիսով չափ ցնորված աչքեր և լսում էր միայն, թե կործանվում են քաղաքն ու աշխարհը։ Հռոմի կողմից ամեն րոպե նորանոր խմբեր էին գալիս, որոնք բաղկացած էին լինում այր մարդկանցից, կանանցից ու երեխաներից. իրարանցումն ու աղաղակն աճում էր։ Մի քանիսը, շփոթության մեջ կորցնելով իրենց ազգականներին, վայնասուններով որոնում էին կորածներին։ Մյուսները կռվում էին տեղերի համար։ Բազմաթիվ կիսավայրենի հովիվներ հավաքվել էին Կամպանիայից քաղաքը՝ նորություններ, կամ կողոպուտ որոնելով այդ ընդհանուր իրարանցման մեջ։ Այս ու այն տեղ ամեն ազգության ստրուկներից ու գլադիատորներից կազմված հրոսակները սկսել էին կողոպտել քաղաքի տներն ու դղյակները և կռվի բռնվել քաղաքացիներին պաշտպանող զինվորների հետ։

Վինիկիոսը կայարանի մոտ նկատեց սենատոր Յունիոսին, որին շրջապատում էին բատավիական ստրուկներ, և առաջին անգամ նրանից ավելի մանրամասն տեղեկություն իմացավ հրդեհի մասին։ Կրակը, ճիշտ որ, սկսվել էր Մեծ կրկեսի մոտ, այն տեղում, որ կպած է Պալատիոնին և Caelius բլրին, բայց տարածվել էր աներևակայելի արագությամբ, այնպես որ ընդգրկել էր քաղաքի ողջ կենտրոնը։ Բրեննոսի[351] օրերից ի վեր քաղաքին այսպիսի մեծ պատուհաս դեռ երբեք չէր պատահել։ «Ամբողջովին այրվեց կրկեսը և նրան շրջապատող խանութներն ու տները,— ասում էր Յունիոսը։— Ավենտինը և Caelius֊ը կրակի մեջ են։ Հրդեհը, պատելով Պալատիոնը, հասել է Կառինա...»։

Այստեղ Յունիոսը, որ Կառինայում հոյակապ ինսուլա ուներ և այն լցրել էր գեղարվեստի երկերով, որոնց սիրահար էր, մի բուռ փոշի առավ, գլխին ցանեց և սկսեց մի քանի րոպե հուսահատությամբ ողբալ։

Բայց Վինիկիոսը նրա ուսը ցնցեց.

— Իմ տունս էլ Կառինայումն է,— ասաց նա.— բայց երբ ամեն ինչ կործանվում է, թող նա էլ կործանվի։

Հետո մտաբերելով, որ Լիգիան, իր խորհրդին հետևելով, կարող էր Ավլոսների տուն տեղափոխվել, հարցրեց.

— Իսկ Vicus Patricius֊ը՞։

— Կրակի մեջ է,— պատասխանեց Յունիոսը։

— Իսկ Անդրտիբերի՞սը։

Յունիոսը զարմացած հայացքով նայեց նրան։

— Ինչի՞ս է պետք Անդրտիբերիսը,— ասաց նա՝ ձեռքերով սեղմելով իր ցավագար քունքերը։

— Ինձ ավելի պետք է Անդրտիբերիսը, քան ամբողջ Հռոմը,— եռանդով գոչեց Վինիկիոսը։

— Միայն Via Portuensis֊ով գուցե հասնես այնտեղ, եթե ոչ, Ավենտինի մոտով տոթը կխեղդի քեզ... Անդրտիբերի՞սը... Չգիտեմ։ Կրակը երևի դեռ չի կարողացել այնտեղ հասնել, բայց այս րոպեին արդյոք չի՞ հասել, այդ միայն աստվածները գիտեն...

Այստեղ Յունիոսը մի րոպե տատանվեց, հետո ասաց ցածր ձայնով.

— Գիտեմ, որ ինձ չես մատնի, ուստի կասեմ քեզ, որ սա սովորական հրդեհ չէ։ Չէին թույլ տալիս Կրկեսն ազատել... Ինքս լսեցի... Երբ սկսեցին այրվել շրջապատի տները, հազարավոր ձայներ գոչում էին. «Մա՛հ ազատողներին»։ Ինչ֊որ մարդիկ շրջում էին քաղաքում և վառված ջահեր էին ձգում տները... Մյուս կողմից ժողովուրդը հուզված է և գոչում է, որ քաղաքն այրվում է որևէ մեկի հրամանով։ Ոչինչ ավելի չեմ ասի։ Վա՜յ քաղաքին, վա՜յ մեզ ամենքիս և ինձ։ Ինչ է այնտեղ կատարվում, մարդկային լեզուն այդ չի պատմի։ Ազգաբնակչությունը կորչում է կրակի ճիրաններում, կամ միմյանց սպանում է շփոթության մեջ... Հռոմի վախճանն է հասել։

Եվ նորից կրկնեց. «Վա՜յ մեզ։ Վա՜յ քաղաքին և մեզ»։ Իսկ Վինիկիոսը թռավ ձիու մեջքին և առաջ գնաց Ապպիական ճանապարհով։

Բայց քաղաքից մարդկանց ու սայլերի մի ամբողջ գետ էր հոսում, և Վինիկիոսը դժվարությամբ էր կարողանում շարժվել հոսանքին հակառակ։

Հրեշավոր հրդեհով ընդգրկված քաղաքն այժմ Վինիկիոսի առջևն էր, կարծես ձեռքի ափի վրա... Կրակի և ծխի ծովից սարսափելի տաքությունը խփում էր երեսին, և մարդկային աղաղակները չէին կարողանում խլացնել բոցի ֆշշոցը։

ԳԼՈՒԽ ԻԱ

Վինիկիոսը որքան ավելի էր մոտենում քաղաքի պարիսպներին, այնքան ավելի պարզ էր դառնում, որ ավելի հեշտ էր Հռոմ հասնել, քան ներս մտնել քաղաք։ Ապպիական ճանապարհով դժվար էր առաջ ընթանալ մարդկանց ճխլտոցի պատճառով։ Ճանապարհի երկու կողմը գտնվող տները, դաշտերը, գերեզմանատները, պարտեզներն ու մեհյանները բանակատեղիներ էին դարձել։ Ամբոխը փշրել էր հենց Porta Appia֊ի մոտ գտնվող Մարսի տաճարի դռները՝ նրա ներսում գիշերն ապաստան գտնելու համար։ Գերեզմանատներում գրավում էին մեծ մատուռներն ու կռիվ էին մղում նրանց համար, այնպես որ շատ տեղ արյուն էր թափվում։ Բատրինոնը իր ամբողջ խառնաշփոթությամբ միայն թեթև պատկերացում էր տալիս այն մասին, ինչ որ կատարվում էր քաղաքի հենց պարիսպների մոտ։ Այլևս ոչ ոք ուշ չէր դարձնում օրենքի, պաշտոնի, ազգակցական կապերի, դասակարգերի տարբերության վրա։ Կարելի էր տեսնել ստրուկներ, որոնք դագանակներով ծեծում էին քաղաքացիներին։ Գլադիատորները, Էմպորիոնից գողացած գինուց հարբած, մեծ հրոսակախմբեր էին կազմել ու վայրենի աղաղակներով շրջում էին ճանապարհին կից հրապարակները՝ առջևից քշելով մարդկանց, ոտնակոխ անելով, կողոպտելով նրանց։ Բազմաթիվ բարբարոսներ, որոնք քաղաքում վաճառքի էին հանված, փախել էին վաճառատներից։ Քաղաքի հրդեհն ու կործանումը նրանց համար միաժամանակ գերության վերջն ու վրեժխնդրության ժամն էր, և ահա, մինչդեռ նստակյաց ազգաբնակչությունը, որ կրակի մեջ իր ամբողջ կարողությունն էր կորցնում, հուսահատությամբ պարզում էր ձեռքերը, աստվածներից փրկություն աղերսելով, այդ վայրենիներն ուրախ աղաղակներով ցրում էին ամբոխը, մարդկանց վրայից հանում էին շորերը և հափշտակում մատաղահաս կանանց։ Նրանց հետ միանում էին վաղուց արդեն Հռոմում ծառայող ստրուկներ, բացի ազդրերի վրայի բրդե փաթեթից մարմնի վրա ոչինչ չունեցող թափառաշրջիկներ, փողոցային ահռելի կերպարանքներ, որոնք օրը ցերեկով գրեթե երբեք չէին երևում փողոցներում և որոնց գոյությունը Հռոմում դժվար էր գուշակել։ Ասիացիներից, աֆրիկացիներից, հույներից, թրակիացիներից, գերմանացիներից և բրետոններից կազմված, աշխարհիս բոլոր լեզուներով գոչող այդ վայրենի ու սանձարձակ ամբոխը գժվել էր, կարծելով, որ հասել է ժամը, երբ կարող է չարչարանքի ու կարիքի երկար տարիների վարձն առնել։ Այդ ալեկոծվող մարդկային ծովի մեջ, արևի ու հրդեհի շողերից պսպղում էին պրետորիանների սաղավարտները, այդ զինվորների հովանավորության տակ ապավինել էր ավելի խաղաղ ազգաբնակչությունը, որ շատ տեղերում ստիպված էր լինում հարձակում գործել գազանացած ամբոխի վրա։ Վինիկիոսն իր կյանքում տեսել էր քաղաքների գրավումներ, բայց երբեք նրա աչքերը չէին նայել մի տեսարանի, ուր հուսահատությունը, արտասուքը, ցավը, հառաչանքը, վայրենի ուրախությունը, խելագարությունը, կատաղությունն ու սանձարձակությունը խառնված լինեին միմյանց հետ մի այսպիսի անեզր քաոսի մեջ։ Իսկ այդ ալեկոծվող, խելակորույս ամբոխի վրայից վշշում էր հրդեհը, այրվում էր բլուրների վրա աշխարհիս ամենամեծ քաղաքը, այդ խառնաշփոթ խուժանի վրա փլելով իր հրակեզ շունչը և նրան ծածկելով ծխով, որի տակից արդեն չէր երևում կապույտ երկինքը։ Երիտասարդ տրիբունը մեծ ջանքերով, ամեն րոպե կյանքը վտանգի ենթարկելով, վերջապես հասավ Ապպիական դարպասին, բայց այստեղ նկատեց, որ Porta Capena֊ի թաղով չի կարողանա մտնել քաղաքի կենտրոնը, ոչ միայն խուռն ամբոխի, այլև սարսափելի տապի պատճառով, որից դեռ դարպասից դուրս դողում էր ամբողջ օդը։ Այդ ժամանակ դեռ չկար Porta Trigenia֊ի մոտ, Bonae Deae֊ի տաճարի դիմացի կամուրջը, ուստի Տիբերիսի մյուս կողմը հասնելու համար պետք էր գնալ մինչև Pons Sublicus֊ը[352], այսինքն՝ անցնել Ավենտինի մոտով, այն քաղաքամասով, որ կրակի ծով էր։ Դա բոլորովին անհնար բան էր։ Վինիկիոսը հասկացավ, որ պետք է վերադառնալ Ուստրինոնի ուղղությամբ, այնտեղ ծռվել Ապպիական ճանապարհից, անցնել գետը քաղաքից ներքև և հասնել Via Portliensis, որ ուղղակի Անդրտիբերիս էր տանում։ Դա էլ հեշտ չէր ավելի ու ավելի աճող խառնաշփոթության պատճառով, որ տիրում էր Ապպիական ճանապարհի վրա։ Այստեղ պետք էր ճանապարհ բացել միայն սրով, իսկ Վինիկիոսը զենք չուներ, որովհետև դուրս էր եկել Անտիոնից այնպես, ինչպես որ կար Կեսարի դղյակում հրդեհի լուրն իմանալու վայրկյանին։ Բայց Մերկուրիոսի աղբյուրի մոտ նա նկատեց պրետորիանական ծանոթ կենտուրիոնին, որ մի քանի տասնյակ մարդկանց գլուխ անցած՝ պաշտպանում էր տաճարի բակի մուտքը, և հրամայեց նրան հետևել իրեն, իսկ սա, ճանաչելով տրիբունին և ավգուստիանին, չէր համարձակվում ընդդիմադրել հրամանին։

Վինիկիոսն ինքն ստանձնեց վաշտի առաջնորդությունը և այդ րոպեին մոռանալով Պողոսի խրատները գթության մասին՝ վրա էր տալիս և ճեղքում էր իր առջևի ամբոխը մի այնպիսի աճապարանքով, որ կորստաբեր էր այն շատերի համար, ովքեր ժամանակին չէին կարողանում տեղ տալ։ Նրանց ետևից անեծքներ ու քարե կարկուտ էր թափվում. բայց նա այս բանի վրա ուշք չէր դարձնում՝ ցանկանալով շուտով ավելի արձակ տեղ հասնել։ Այնուամենայնիվ միայն մեծ դժվարությամբ էր հնարավոր առաջ գնալ։ Արդեն բանակ դրած մարդիկ չէին կամենում ճանապարհ տալ զինվորներին՝ բարձրաձայն անիծելով Կեսարին և պրետորիաններին։ Մի քանի տեղ ամբոխը սպառնալից դիրք էր բռնում։ Վինիկիոսի ականջին ձայներ էին հասնում, որոնք մեղադրում էին Ներոնին քաղաքը կրակ տալու մեջ։ Բարձրաձայն մահ էին սպառնում թե՛ նրան և թե՛ Պոպպեային։ Աղաղակներ՛ «sannio», «histerio» (խեղկատակ, դերասան), «մայրասպան», լսվում էին շուրջը։ Մի քանիսը գոչում էին, թե նրան պետք է քարշ տալ Տիբերիս, մյուսները՝ թե բավականին համբերություն է ցույց տվել Հռոմը։ Երևում էր, որ այդ սպառնալիքները կարող են բացարձակ ապստամբության փոխվել, որը եթե առաջնորդ գտներ, կարող էր բռնկվել ամեն րոպե։ Մինչ այդ ամբոխի կատաղությունն ու հուսահատությունն ուղղվում էր պրետորիանների դեմ, որոնք նաև այն պատճառով չէին կարողանում դուրս պրծնել այդ խռնվածքից, որ ճանապարհը փակում էին հրդեհից շտապ դուրս բերված առարկաների ամբողջ բլուրներ՝ սնդուկներ և ուտելեղենի տակառներ, թանկագին կահ կարասիք, ամաններ, մանկական օրորոցներ, անկողիններ, սայլեր և ձեռքի դեսպակներ։ Այս ու այնտեղ ընդհարումներ տեղի ունեցան, բայց պրետորիաններն արագ էին հաշիվ մաքրում անզեն խուժանի հետ։ Վինիկիոսը դժվարությամբ կտրեց Լատինական, Նումիտիական, Արդեական, Լուվինիական և Օստիական ճանապարհները[353] և, պտտելով դղյակների, պարտեզների, գերեզմանատների ու մեհյանների շուրջը, վերջապես հասավ այն գյուղաքաղաքը, որը Vicus Alexandri էր կոչվում, ուր և անցավ Տիբերիսը։ Այստեղ ավելի արձակ էր և ծուխն ավելի քիչ։ Փախչողներից, որոնք այստեղ էլ պակաս չէին, նա տեղեկացավ, որ Անդրտիբերիսի միայն մի քանի փողոցներն են հրդեհված, բայց, անտարակույս, ոչինչ չի դիմանա կրակի զորությանը, որովհետև կան մարդիկ, որոնք դիտմամբ կրակ են ձգում և չեն թույլ տալիս ազատել, գոչելով, որ իրենց այդպես է հրամայված։ Երիտասարդ տրիբունն այժմ ոչ մի կասկած չուներ, որ Կեսարն է, իսկապես, հրամայել այրել Հռոմը, և ամբոխի գոչած վրեժխնդրությունը նրան հիմնավոր ու արդարացի երևաց։ Ավելի ի՞նչ կարող էր անել Միհրդատը[354] կամ Հռոմի ամենակատաղի թշնամիներից որևէ մեկը։ Չափն անցել էր, խելագարությունն արդեն չափազանց հրեշային էր դարձել, և մարդկանց կյանքն այդ պատճառով՝ անհնարին։ Վինիկիոսը հավատում էր, որ Ներոնի ժամը հասել է, որ քաղաքի թողած այդ ավերակները պարտական են և պետք է տապալեն խեղկատակ հրեշին՝ նրա բոլոր ոճրագործությունների հետ միատեղ։ Եթե գտնվեր մի բավական համարձակ մարդ, որ հուսահատ ազգաբնակչության գլուխ կանգներ, դա կարող էր կատարվել մի քանի ժամվա ընթացքում։ Այստեղ հանդուգն ու վրեժխնդիր մտքեր սկսեցին անցնել Վինիկիոսի գլխով։ Իսկ եթե դա հենց ի՞նքն աներ։ Վինիկիոսների տոհմը, որ մինչև վերջին ժամանակներս մի շարք կոնսուլներ էր տվել, հայտնի էր ամբողջ Հռոմում։ Ամբոխը միայն անուն կուզեր։ Չէ՞ որ մի անգամ պրեֆեկտ Պեդանիոս Սեկունդոսի չորս հարյուր ստրուկների մահապարտության պատճառով քիչ էր մնում, որ բանն ապստամբության ու տնային պատերազմի հասներ։ Ուրեմն ի՞նչ կարող էր լինել այդ սարսափելի պատահարի ժամին, որ գերազանցում էր գրեթե այն բոլոր պատահարներից, որ Հռոմը կրել էր ութ դարերի ընթացքում։ Ով զենքի կկոչի քվիրիտներին, մտածում էր Վինիկիոսը, նա էլ, անկասկած, գահընկեց կանի Ներոնին և ինքը կհագնի ծիրանին։ Բայց ինչո՞ւ ինքը չպիտի անի այդ։ Ավելի ուժեղ, գործունյա և երիտասարդ էր, քան թե ուրիշ ավգուստիանները... Ներոնը, ճիշտ է, իր ձեռքի տակ երեսուն լեգեոններ ուներ, որոնք պետության ծայրերին էին կանգնած. բայց արդյոք այդ լեգեոններն էլ ու նրանց հրամանատարները չե՞ն վրդովվի՝ լսելով Հռոմի ու նրա տաճարների այրվելը... Եվ եթե այդպես է, նա՝ Վինիկիոսը, կարող էր Կեսար դառնալ։ Չէ՞ որ ավգուստիանների մեջ փսփսում էին, որ մի կախարդ Օթոնին ծիրանի է գուշակել։ Ինչո՞վ է ինքը պակաս նրանից։ Գուցե և Քրիստոսն օգնի իրեն իր աստվածային զորությամբ. գուցե սա հենց նրա ներշնչումն է. «Երանի թե այդպես լիներ»,— իր մտքում գոչում էր Վինիկիոսը։ Այն ժամանակ նա Ներոնից Լիգիայի անապահովության և իր հուզմունքների վրեժը կառներ, արդարության ու ճշմարտության թագավորություն կհիմներ, Քրիստոսի վարդապետությունը կտարածեր Եփրատի ափերից մինչև Բրիտանիայի մշուշապատ կղզիները, այլև ծիրանիով կզարդարեր Լիգիային ու նրան երկրիս տիրուհի կդարձներ։

Բայց այս մտքերը, ժայթքելով նրա գլխից, որպես մի փունջ կայծ այրվող տնից, կայծերի պես էլ մարեցին։ Նախ և առաջ պետք էր փրկել Լիգիային։ Նա այժմ կրկին մոտիկից էր նայում աղետին, և սարսափը նորից ճնշեց նրան, և, տեսնելով այդ կրակի ու ծխի ծովը, երես առ երես հանդիպելով զարհուրելի իրականությանը՝ նրա սրտի մեջ բոլորովին հանգավ այն վստահությունը, որով հավատում էր, թե Պետրոս առաքյալը կփրկի Լիգիային։ Հուսահատությունը կրկին տիրեց նրան, և հասնելով ուղղակի Անդրտիբերիս տանող Via Portuensis֊ը, նա սթափվեց միայն դարպասի մոտ, ուր նրան կրկնեցին նույնը, ինչ որ առաջ փախչողներն էին ասում, թե այդ թաղի մեծագույն մասում դեռ հրդեհ չկա, թեև կրակը մի քանի տեղ արդեն անցել է գետը։

Սակայն Անդրտիբերիսը նույնպես լցված էր ծխով և փախչող ամբոխով։ Այնտեղ ավելի դժվար էր առաջ գնալ այն պատճառով, որ այս մարդիկ, ավելի շատ ժամանակ ունենալով, դուրս էին կրում և ազատում ավելի շատ բաներ։ Ամենագլխավոր փողոցը նավահանգստի ճանապարհը, շատ տեղերում բոլորովին փակված էր, իսկ Օգոստոսի Նավմաքիայի մոտ բարձրանում էին ամբողջ կույտեր։ Ավելի նեղ փողոցները, ուր ծուխն ավելի թանձր էր, ուղղակի անանցանելի էին դարձել։ Բնակիչները նրանցից փախչում էին հազարներով։ Վինիկիոսը ճանապարհին զարհուրելի տեսարանների էր հանդիպում։ Շատ անգամ երկու հակառակ կողմերից հոսող մարդկային գետեր, հանդիպելով իրար նեղ անցքում, հրում էին միմյանց և մահացու կռիվ էին մղում իրար դեմ։ Մարդիկ կռվում էին ու կոխկրտում իրար։ Ընտանիքի անդամները միմյանց կորցնում էին շփոթության մեջ, մայրերը հուսահատությամբ ձայն էին տալիս երեխաներին։ Վինիկիոսի մազերը փշաքաղվում էին այն մտքից, թե ինչ պետք է կատարվելիս լիներ կրակին ավելի մոտիկ տեղերում։ Աղաղակների և հարայ֊հրոցի մեջ դժվար էր մի բան իմանալ, կամ հասկանալ բացականչությունները։ Երբեմն գետի կողմից գալիս էին ծխի նորանոր սև և այնպես թանձր ամպեր, որ տարածվելով գետնի վրա, այնպես էին ծածկում տները, մարդկանց ու բոլոր առարկաները, ինչպես կարող էը միայն գիշերը։ Բայց հրդեհի առաջադրած քամին ցրում էր ծուխը, և այն ժամանակ Վինիկիոսը կարողանում էր առաջ ընթանալ դեպի այն փողոցը, ուր կանգնած էր Լիննոսի տունը։ Հուլիս օրվա տոթը, որ սաստկացել էր այրվող թաղերից փչող տապից, անտանելի էր դարձել։ Ծուխը աչք էր ծակում, կուրծքը չէր կարող շունչ քաշել։ Մինչև անգամ այն բնակիչները, որոնք հույս ունենալով, թե կրակը չի անցնի գիտի այս կողմը և մնացել էին դեռ իրենց տներում, սկսել էին դուրս վազել, և խառնակությունը հետզհետե սաստկանում էր։ Վինիկիոսին ընկերակցող պրետորիանները ետ մնացին։ Ճխլտոցի մեջ մեկը մուրճով վիրավորել էր նրա ձիուն, որը սկսեց թափահարել արյունոտած ճակատը, կանգնել և չհնազանդվել հեծվորին։ Հարուստ տունիկայից ամբոխը ճանաչեց ավգուստիանին, և իսկույն շուրջը լսելի եղան ձայներ. «Մա՛հ Ներոնին և նրա հրդեհաձիգներին»։ Ահռելի վտանգի րոպե էր. հարյուրավոր ձեռքեր ձգվեցին Վինիկիոսի կողմը, բայց վախեցած ձին թռցրեց նրան՝ ոտնատակ անելով մարդկանց. այդ ժամանակ վրա հասավ սև ծխի մի նոր ալիք և խավարի մեջ խորասուզեց փողոցը։ Վինիկիոսը, տեսնելով, որ չի անցնի, վերջապես վայր թռավ և սկսեց վազել, սահել պատերի տակով, երբեմն սպասելով, որ փախչող ամբոխը մոտիցը անցնի։ Մտքում նա իրեն ասում էր, թե այդ զուր ջանքեր են, Լիգիան կարող էր արդեն չլինել քաղաքում, կարող էր այդ րոպեին փախած լինել. ավելի հեշտ էր ասեղ գտնել ծովի ափին, քան նրան՝ այս ճխլտոցի ու քաոսի մեջ։ Բայց նա ուզում էր թեկուզ կյանքի գնով հասնել Լիննոսի տուն։ Երբեմն նա կանգ էր առնում և աչքերը տրորում։ Պատռելով տունիկայի փեշը՝ նրանով պաշտպանում էր քիթն ու բերանը և շարունակում վազել։ Քանի ավելի էր մոտենում գետին, տոթը սարսափելի սաստկանում էր։ Վինիկիոսը, գիտենալով, որ հրդեհը սկսվել է Մեծ կրկեսի մոտից, սկզբում կարծում էր, թե այդ տաքությունը փչում է Forum Boarium և Velebrum֊ից, որոնք նրան մոտ էին և պետք է որ նույնպես կրակի մեջ լինեին։ Բայց տապը տանելու բան չէր։ Փախչողներից մեկը՝ վերջինը, որին Վինիկիոսը նկատեց, անթացուպով մի ծերունի, գոչեց նրան. «Մի մոտենա Կեստիոսի կամրջին. ամբողջ կղզին կրակի մեջ է»։ Այլևս անկարելի էր խաբել իրեն։ Ծռվելով դեպի Vicus Judaeorum, ուր կանգնած էր Լիննոսի տունը, երիտասարդ տրիբունը ծխի ամպերի միջից բոց նկատեց. այրվում էր ոչ միայն կղզին, այլև Անդրտիբերիսը, գոնե այն փողոցի մյուս ծայրը, որտեղ բնակվում էր Լիգիան։

Բայց Վինիկիոսը հիշում էր, որ Լիննոսի տունը շրջապատված էր պարտեզով, որի ետևը Տիբերիսի կողմից, ոչ շատ ընդարձակ դատարկ դաշտ էր։ Այդ միտքը նրան սիրտ տվեց։ Կրակը կարող էր կանգ առնել դատարկ տեղում։ Այդ հույսով նա շարունակում էր վազել, թեև քամին ամեն մի փչելուց արդեն ոչ միայն ծուխ էր բերում, այլև կայծեր, որոնք կարող էին կրակ ձգել փողոցի մյուս ծայրը և կտրել վերադարձի ճամփան։

Վերջապես ծխի վարագույրի ետևից նա տեսավ Լիննոսի պարտեզի նոճիները։ Դատարկ դաշտի այն կողմը գտնվող տներն արդեն վառվում էին փայտե կույտերի պես, իսկ Լիննոսի փոքրիկ «ինսուլան» դեռ անվնաս կանգնած էր։ Վինիկիոսը շնորհակալությամբ երկինք նայեց և մոտ ցատկեց, թեև օդը կրակի պես դաղում էր։ Դռները փակ էին, բայց նա բոթեց և ներս ընկավ։

Պարտեզում ոչ ոք չկար, և տունը նույնպես բոլորովին դատարկ էր երևում։

«Գուցե ծխից և տապից ուշաթափվել են»,— մտածեց Վինիկիոսը։

Եվ սկսեց կանչել.

— Լիգիա՛, Լիգիա՛։

Նրա պատասխանը լռությունն էր։ Միայն լսելի էր հեռավոր կրակի ֆշշոցը։

— Լիգիա՛։

Հանկարծ նրա ականջին հասավ այն ահռելի ձայնը, որը արդեն մի անգամ լսել էր այս պարտեզում։ Մերձակա կղզու վրա երևի կրակ էր ընկել Էսկուլապոսի մեհյանին կից գտնվող վիվարիոնը, ուր ամեն տեսակ գազաններ, մեծ մասամբ առյուծներ, սկսեցին մռնչալ զարհուրանքից։ Գլխից մինչև ոտ դող անցավ Վինիկիոսի մարմնով։ Արդեն երկրորդ անգամն էր, որ այն րոպեին, երբ նրա ամբողջ էությունը Լիգիայով էր զբաղված, լսվում էին այդ ահարկու ձայները, իբրև դժբախտության գուշակություն, իբրև չարագուշակ ապագայի օտարոտի մի նշան։

Բայց այդ միայն կարճատև, րոպեական տպավորություն էր. վայրի գազանների մռնչյուններից ավելի սարսափելի հրդեհի ֆշշոցը հարկադրում էր ուրիշ բանի մասին մտածել։ Լիգիան, ճիշտ է, չէր պատասխանում նրա կանչերին, բայց կարող էր այս վտանգված շինության մեջ ուշաթափված կամ ծխից խեղդված լինել։ Վինիկիոսը ցատկեց ներս։ Փոքրիկ ատրիոնը դատարկ էր և ծխից մթնած։ Ձեռներով կուբիկուլոնների դռները որոնելով՝ նա նկատեց ճրագի պսպղացող մի բոց և մոտենալով տեսավ ատրիոնը, ուր լարերի փոխարեն խաչ կար և այդ խաչի տակ վառվում էր լամպարը։ Նոր հավատացյալ երիտասարդի գլխով կայծակի արագությամբ անցավ այն միտքը, թե այդ խաչն է ուղարկում իրեն այդ ճրագը, որի օգնությամբ կարող է գտնել Լիգիային, ուստի նա վերցրեց լամպարը և սկսեց որոնել կուբիկուլոնները. գտավ մեկը, վարագույրը ետ քաշեց և, ճրագով լուսավորելով, սկսեց նայել շուրջը։

Բայց այստեղ էլ ոչ ոք չկար։ Վինիկիոսը հավատացած էր, որ Լիգիայի կուբիկուլոնն է ընկել, որովհետև պատերին ցցած մեխերից կախված էր նրա զգեստը, իսկ անկողնու վրա դրած էր capitium֊ը՝ նեղ շորը, որ կանայք կրում էին անմիջապես մարմնի վրա։ Վինիկիոսը քաշեց, շրթունքներին հպեց capitium֊ը և, ուսի վրա ձգելով, շարունակեց որոնումները։ Տնակը փոքր էր, և նա կարճ ժամանակամիջոցում մտավ բոլոր սենյակները, մինչև անգամ նկուղները։ Բայց ոչ մի տեղ ոչ ոքի չգտավ։ Արդեն չափազանց պարզ էր, որ Լիգիան, Լիննոսն ու Ուրսուսը պետք է որ թաղի ուրիշ բնակիչների հետ փախած լինեին՝ հրդեհից փրկվելու համար։ «Պետք է նրանց որոնել ամբոխի մեջ, քաղաքի դարպասներից դուրս»,— մտածեց Վինիկիոսը։

Նրան շատ էր զարմացնում այն, որ չէր պատահել նրանց Via Portuensis֊ի վրա. նրանք կարող էին դուրս եկած լինել Անդրտիբերիսի հակառակ կողմից, Վատիկանի բլրի ուղղությամբ։ Բոլոր դեպքերում պետք է որ փրկված լինեին գոնե կրակից։ Վինիկիոսի սրտի վրայից քարն ընկավ։ Ճիշտ է, նա տեսել էր, թե ինչ սարսափելի վտանգների հետ էր կապված փախուստը, բայց Ուրսուսի գերմարդկային ուժի մասին միտքը նրան սիրտ էր տալիս։

«Այժմ ես պետք է,— ասում էր նա ինքն իրեն,— այստեղից փախչեմ և Դոմիտիոսի պարտեզներով հասնեմ Ագրիպպինայի պարտեզները։ Այնտեղ կգտնեմ նրանց։ Ծուխը այնտեղ սաստիկ չէ, որովհետև քամին Սաբինական լեռներից է փչում»։

Բայց արդեն հասել էր ամենածանր րոպեն, երբ պետք է իր սեփական փրկության մասին մտածեր, որովհետև կրակի ալիքն ավելի ու ավելի էր մոտենում կղզու կողմից և ծխի քուլաները գրեթե բոլորովին ծածկել էին փողոցը։ Ճրագը, որով իր առջև լուսավորում էր տան մեջ, այժմ հանգավ քամուց։ Վինիկիոսը, փողոց դուրս թռչելով, մեծ արագությամբ վազում էր դեպի Via Portuensis, հենց նույն կողմը, որտեղից եկել էր. իսկ հրդեհը թվում էր, թե հալածում էր նրան իր հրեղեն շնչով, մեկ՝ ծխի նորանոր ամպերով շրջապատելով նրան, մեկ նրա վրա կայծեր թափելով, որոնք մազերի, պարանոցի և շորի վրա էին ընկնում։ Նրա տունիկան սկսեց տեղ֊տեղ խանձվել, բայց նա ուշք չէր դարձնում դրան և շարունակում էր վազել, վախենալով, որ ծուխը կարող է խեղդել իրեն։ Բերանում խանձվածի և մխի համ էր, կոկորդն ու թոքերը կարծես այրվում էին կրակի մեջ։ Արյունը գլուխն էր ընկնում, այնպես որ երբեմն ամեն ինչ կարմիր գույնով էր տեսնում և նույնիսկ ծուխն էր կարմիր երևում նրան։ Այն ժամանակ նա ինքն իրեն ասաց մտքում. «Կենդանի հուր է սա. ավելի լավ է գետին տապալվեմ և մեռնեմ»։ Վազելը նրա համար ավելի ու ավելի չարչարանք էր դառնում։ Գլուխը, պարանոցը և ուսերը թրջվել էին քրտինքից, և այդ քրտինքը եռացրած ջրի պես եփում էր նրան։ Եթե Լիգիայի անունը չլիներ, որ կրկնում էր մտքում, և եթե նրա «Capitium»֊ը չլիներ, որով փաթաթել էր բերանը, վայր կընկներ։ Բայց քիչ անց սկսեց արդեն չճանաչել փողոցը, որով փախչում էր։ Կամաց֊կամաց գիտակցությունը նրան լքում էր, և հիշում էր միայն, որ պետք է փախչի, որովհետև բաց դաշտում իրեն սպասում էր Լիգիան, որին Պետրոս առաքյալը խոստացել էր իրեն։ Եվ հանկարծ նրան տիրեց մի տարօրինակ, կիսով չափ տենդային, հոգեվարքի տեսիլի նման վստահություն, որ պետք է տեսնի Լիգիային, հետը պսակվի և հետո իսկույն մեռնի։

Բայց արդեն վազում էր հարբածի պես՝ տարուբերվելով փողոցի մի կողմից դեպի մյուսը։ Այդ միջոցին ինչ֊որ փոփոխություն տեղի ունեցավ այդ ահագին քաղաքը ճարակած հրեշավոր հրդեհի մեջ։ Ամեն բան, ինչ որ մինչև այդ միայն ծխում էր, հանկարծ բռնկվեց ծովի պես, որովհետև քամին դադարեց ծուխ բերելուց, իսկ եռացած օդի կատաղի հոսանքը ցրեց փողոցներում կիտված ամպերը։ Այս հոսանքն այժմ հազարավոր կայծեր էր քշում, այնպես որ Վինիկիոսը վազում էր կարծես հրեղեն ամպի մեջ։ Այժմ նա ավելի լավ կարող էր տեսնել իր առջևը, և այն րոպեին, երբ արդեն ընկնելու վրա էր, տեսավ փողոցի ծայրը։ Այդ տեսքը նորից նրան ուժ տվեց։ Անկյունը շրջելով նա ընկավ այն փողոցը, որ տանում էր դեպի Via Portuensis և Կոգետանական դաշտ։ Կայծերը դադարեցին նրան հալածելուց։ Նա հասկացավ, որ եթե հաջողվի վազել մինչև նավահանգստի ճանապարհը, փրկված է, թեկուզ ուշաթափվի այնտեղ։

Փողոցի ծայրին նա նորից կարծես մի ամպ տեսավ, որ փակում էր ելքը։ «Եթե այդ ծուխ է,— մտածեց նա,— այլևս չեմ անցնի»։ Նա վազում էր վերջին ուժերը հավաքած։ Ճանապարհին իր վրայից դեն ձգեց տունիկան, որ կայծերից խանձվելով, սկսել էր այրել իրեն Նեսսոսի[355] շապկի պես։ Վազում էր գլխաբաց՝ բերանին փաթաթած Լիգիայի capitium֊ը։ Մոտ վազելով նա նկատեց, որ այն, ինչ որ ծխի տեղ էր ընդունել, փոշի էր, որի միջից մարդկային ձայներ և աղաղակներ էին լսվում։

«Խուժանը տներն է կողոպտում»,— մտածեց նա։

Բայց շարունակում էր վազել ձայների ուղղությամբ։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, այնտեղ մարդիկ էին, որոնք կարող էին օգնության հասնել։ Այդ հույսով մոտ վազելուց առաջ սկսեց ամբողջ ուժով աղաղակել, փրկության կանչել։ Բայց այդ վերջին ճիգն էր, աչքերի մեջ ամեն ինչ էլ ավելի կարմիր գույն ստացավ, պակասեց շունչը թոքերի մեջ, ոսկորների մեջ ուժը, և նա ընկավ։

Բայց նրա ձայնը լսեցին, կամ ավելի ճիշտ՝ նրան նկատեցին, և երկու մարդ օգնության շտապեցին՝ ջրով լի ամաններով։ Վինիկիոսը, որ ուժասպառ ընկել էր, բայց գիտակցությունը չէր կորցրել, երկու ձեռքով բռնեց ամանը և այն դատարկեց մինչև կեսը։

— Շնորհակալ եմ,— ասաց նա,— ինձ ոտքի կանգնեցրեք, այնուհետև ինքս կերթամ։

Մյուս բանվորը նրա գլխին ջուր լցրեց, իսկ ընկերոջ հետ երկուսով նրան ոչ միայն ոտքի կանգնեցրին, այլև գետնից բարձրացրին և տարան իրենց ընկերակիցների մոտ, որոնք շրջապատեցին ու հոգածությամբ սկսեցին զննել, թե արդյոք չափից դուրս չի՞ վնասվել։ Այդ հոգածությունը զարմացրեց Վինիկիոսին։

— Տղայք,— հարցրեց նա,— ովքե՞ր եք դուք։

— Քանդում ենք այս տունը, որպեսզի կրակը չկարողանա հասնել Նավահանգստի ճանապարհին,— պատասխանեց բանվորներից մեկը։

— Հասաք, երբ ես արդեն վայր էի ընկել։ Շնորհակալ եմ ձեզանից։

— Մեզ արգելված է օգնությունը մերժել,— ասացին մի քանի ձայներ։

Այն ժամանակ Վինիկիոսը, որ վաղ առավոտվանից ի վեր գազանացած ամբոխ էր տեսել, կռիվներ ու ավարառություններ, ուշադրությամբ նայեց իրեն շրջապատող դեմքերին և ասաց.

— Թող ձեզ վարձատրե... Քրիստոս։

— Փառք նրա անունին,— գոչեց ձայների մի ամբողջ խումբ։

— Լիննո՞սը...— հարցրեց Վինիկիոսը։

Բայց չէր կարող ավելի երկար հարցնել և չլսեց պատասխանը. հուզմունքից և գործադրած ջանքերից ուշաթափվեց։ Սա զարթնեց միայն Կոդետանական դաշտում, մի պարտեզում, մի քանի կանանցով և տղամարդկանցով շրջապատված, և առաջին խոսքերը, որ նորից կարողացավ արտասանել, էին՝

— Ո՞ւր է Լիննոսը։

Որոշ ժամանակ պատասխան չկար։ Հետո մի ծանոթ ձայն հանկարծ ասաց.

— Նոմենտանական դարպասից դուրս. գնացել է Օստրիանոն... արդեն երկու օր է... Խաղաղություն քեզ, պարսից թագավոր։

Վինիկիոսը վեր քաշվեց և նստեց՝ անսպասելի կերպով իր կողքին տեսնելով Քիլոնին։

Իսկ ձայնը շարունակեց.

— Քո տունը, տեր, անկասկած, այրվել է, որովհետև Կառինան կրակի մեջ է. բայց դու միշտ հարուստ կլինես Միդասի[356] պես։ Այս ի՜նչ դժբախտություն է... Քրիստոնյաները, Սերապիսի զավակ, վաղուց նախագուշակում էին, որ կրակը ոչնչացնելու է այս քաղաքը... Իսկ Լիննոսը Յուպիտերի աղջկա հետ միասին Օստրիանոնումն են... Ո՜հ, այս ինչ անբախտություն է այս քաղաքի վրա։

Վինիկիոսը նորից թուլացավ։

— Տեսե՞լ ես նրանց,— հարցրեց։

— Տեսե՞լ եմ, տեր... Շնորհակալ պետք է լինեմ Քրիստոսից և բոլոր աստվածներից, որ կարողացա քեզ բարի համբավով վճարել քո բարերարությունների համար։ Բայց ես քեզ, Օզիրիս, դեռ կվճարեմ, երդվում եմ այս այրվող Հռոմով։

Դուրսն արդեն մթնում էր, իսկ պարտեզում ցերեկվա պես լույս էր, որովհետև հրդեհն ավելի սաստկացել էր։ Թվում էր, թե վառվում են արդեն ոչ թե առանձին թաղեր, այլ ամբողջ քաղաքն իր ամբողջ երկարությամբ ու լայնությամբ։ Ուր որ աչքը հասնում էր, երկինքը կարմիր էր, և աշխարհիս վրա կարմիր գիշեր էր իջնում։

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

ԳԼՈՒԽ Ա

Այրվող քաղաքի արտացոլումը երկինքը ծածկել էր այնքան տարածության վրա, որքան կարող էր ընդգրկել մարդկային աչքը։ Բլուրների ետևից բարձրացավ ահագին լիալուսինը, որ իսկույն բոցավառվեց արտացոլումից և շիկացած պղնձի գույն ստանալով՝ կարծես զարմանքով նայում էր կործանվող աշխարհակալ քաղաքին։ Երկնքի վարդագունած խորքերում պսպղում էին նույնպես վարդագույն աստղեր, բայց սովորական գիշերներին հակառակ, երկիրը երկնքից պայծառ էր։ Հռոմը հսկայական խարույկի պես լուսավորում էր ամբողջ Կամպանիան։ Արյունոտ փայլի մեջ երևում էին հեռավոր լեռները, քաղաքները, դղյակները, տաճարները, հուշարձանները և շրջակա լեռներից դեպի քաղաքը վազող ջրմուղները, իսկ ջրմուղների մոտ մարդկային խմբեր էին, որոնք այստեղ պատսպարվել էին ապահով մնալու կամ հրդեհին նայելու համար։

Մինչ այդ սարսափելի տարերքը նորանոր թաղեր էր ընդգրկում։ Անկարելի էր չհավատալ, որ ինչ֊որ չարագործ ձեռքեր կրակ էին տալիս քաղաքը, որովհետև հրդեհի նորանոր օջախներ էին բռնկվում այնպիսի տեղերում, որոնք հեռու էին գլխավոր բովից։ Բլուրներից, որոնց վրա կառուցված էր Հռոմը, բոցը ծովի ալիքների պես իջնում էր հովիտները, ուր խիտ֊խիտ կանգնած էին հինգ և վեց հարկանի տներ, ամբարներ, խանութներ, զանազան ներկայացումների համար հարմարեցրած փայտաշեն շարժական ամֆիթատրոններ և, վերջապես փայտի, ձեթի, հացահատիկի, ընկույզի, պինիայի խոզակի (որի սերմով կերակրվում էր հասարակ ազգաբնակչությունը) և հագուստի պահեստներ (զգեստները երբեմն, իբրև կայսերական շնորհ, բաժանվում էին նեղ փողոցներում բույն դրած սինլքորներին)։ Այդտեղ հրդեհը, այրվող նյութի առատության մեջ, պայթյունների էր փոխվում և անլուր արագությամբ լափում ամբողջ փողոցներ։ Քաղաքից դուրս բանակած կամ ջրմուղների մոտ կանգնած մարդիկ բոցի գույնից գուշակում էին, թե ինչ է այրվում. օդի կատաղի հոսանքը հրեղեն անդունդից երբեմն դուրս էր բերում հազարավոր և միլիոնավոր ընկույզի ու նշի կճեպներ, որոնք հանկարծ վեր էին թռչում, ինչպես փայլուն թիթեռների անհամար երամներ, և ճայթյունով տրաքվում էին օդի մեջ, կամ քամուց մղվելով՝ ընկնում էին նոր թաղերի, ջրմուղների և քաղաքը շրջապատող դաշտերի վրա։ Փրկվելու ամեն մի միտք ցնորք էր թվում, իսկ շփոթությունն ավելի ու ավելի էր աճում, քանի որ մի կողմից քաղաքի ազգաբնակչությունն էր բոլոր դարպասներով պարիսպներից դուրս վազում, իսկ մյուս կողմից հրդեհը հազարավոր մարդիկ էր գրավել շրջակայքից, ինչպես փոքր քաղաքների բնակիչների, այնպես էլ Կամպանիայի երկրագործներին և կիսավայրենի հովիվներին, որոնց քաշում էր նաև կողոպուտի հույսը։

«Հռոմը կործանվում է» աղաղակը չէր իջնում ամբոխի բերանից, իսկ այդ քաղաքի կործանումն այն ժամանակ թե նրա իշխանության վախճան էր թվում և թե այն բոլոր կապերի արձակումը, որոնք մինչև այդ մարդկանց ամբողջություն էին ստեղծում։ Խուժանը, որի մեծ մասը ստրուկներ ու եկվորներ էին, որոնք ոչ մի կարևորություն չէին տալիս Հռոմի տիրապետությանը և որոնց միայն հեղափոխությունը կարող էր ազատել շղթաներից, այս ու այնտեղ ահռելի կերպարանք էր ընդունում։ Բռնությունն ու ավարառությունն ընդարձակվում էին, թվում էր, թե կործանվող քաղաքի տեսքն է միայն բևեռել մարդկային ուշադրությունը, նա դեռ զսպում է կոտորածի բռնկումը, որն սկսվելու է իսկույն քաղաքը մոխիր դառնալուն պես։ Հարյուր հազարավոր ստրուկներ, մոռանալով, որ Հռոմը բացի տաճարներից և պատերից, աշխարհի բոլոր ծայրերում դեռ ունի մի քանի տասնյակ լեգեոններ, կարծես միայն նշանաբանի էին սպասում և առաջնորդի։ Սկսել էին հիշատակել Սպարտակոսի անունը, բայց Սպարտակոսը չկար. քաղաքացիք սկսել էին խմբվել և զինվել ով ինչով կարող էր։ Ամենահրեշավոր լուրեր էին պտտում բոլոր դարպասների մոտ։ Մի քանիսը պնդում էին, թե Յուպիտերի հրամանով Վուլկանն[357] է ոչնչացնում քաղաքը՝ գետնի տակից դուրս ժայթքելով հուր, մյուսները՝ թե այդ Վեստայի[358] վրեժն է՝ Ռուբրիա վեստալուհու համար։ Այսպես համոզված մարդիկ ոչինչ չէին ուզում ազատել, այլ մեհյանները շրջապատելով՝ աստվածներից գթություն էին աղերսում։ Բայց ավելի հասարակորեն կրկնում էին, որ այդ Կեսարն է հրամայել այրել քաղաքը նրա համար, որ ազատվի Սուբուռայից փչող հոտերից և նոր քաղաք շինի՝ Ներոնիա անունով։ Այս մտքից կատաղություն էր տիրում մարդկանց սրտերին, և եթե, ինչպես այդ կարծում էր Վինիկիոսը, մի առաջնորդ գտնվեր, որ կամենար ատելության այդ բռնկումից օգուտ քաղել, Ներոնի ժամը մի քանի տարի առաջ հնչած կլիներ։

Ասում էին նաև, թե Կեսարը խելագարվել է, թե հրամայել է պրետորիաններին և գլադիատորներին հարձակում գործել ժողովրդի վրա և ընդհանուր կոտորած սարքել։ Մի քանիսը երդվում էին աստվածներով, թե բոլոր վիվարիոններից Պղնձամորուսի պատվերով դուրս են թողնված գազանները։ Տեսել էին փողոցներում բոցավառ բաշերով առյուծներ, կատաղած փղեր, ցուլեր, որոնք ոտնակոխ էին անում մարդկանց։ Այդտեղ մինչև անգամ ճշմարտության մի մաս կար, քանի որ մի քանի տեղ փղերը, տեսնելով հրդեհի մոտենալը, քանդել էին վիվարիոնները և ազատություն ձեռք բերելով՝ փախչում էին վայրագ շփոթմունքի մեջ կրակի հակառակ կողմը՝ փոթորիկի պես ամեն ինչ ոչնչացնելով ճանապարհին։ Հասարակական կարծիքը տասնյակ հազարներով էր հաշվում կրակի մեջ ոչնչացած մարդկանց թիվը։ Իրոք, մեծ բազմություն էր ոչնչացել։ Կային այնպիսիները, որոնք կորցնելով ամբողջ կարողությունը կամ սրտին մոտիկ էակներ, հուսահատությունից հոժարակամ նետվել էին կրակը։ Ուրիշներին ծուխն էր խեղդել։ Քաղաքի կենտրոնում, մի կողմից Կապիտոլիոնի, մյուս կողմից՝ Քվիբինալի, Վիմինայի և Էսքվիլինի մեջտեղ, ինչպես նաև Պալատիոնի և Caelius բլրի մեջտեղ, ուր գտնվում էին ամենախիտ կառուցած փողոցները, հրդեհը սկսվել էր միանգամից շատ տեղերում, այնպես որ մարդկանց ամբողջ խմբեր, փախչելով մի կողմ, անսպասելի կերպով հակառակ կողմից պատահում էին բոցեղեն պատի և կորչում էին սարսափելի մահով հրեղեն հեղեղի մեջ։

Զարհուրանքից, շփոթությունից և խելագարությունից մարդիկ չգիտեին ուր փախչել։ Ճանապարհները բռնված էին կահ֊կարասիքի կույտերով, և շատ տեղ ուղղակի անհնարին էր լինում անցնել։ Ովքեր ապաստանել էին հրապարակներում և շուկաներում, այնտեղ, ուր վերջը կանգնած էր Ֆլավիոսի ամֆիթատրոնը, Գետնի տաճարի, Լիվիայի պորտիկի մոտ և ավելի վերև, Յունոնի և Լուկինայի մեհյանների մոտ, նույնպես և Clivus Vibrius ու Էսքվիլինյան հին դարպասի մեջտեղ, ամեն կողմից շրջապատված լինելով կրակի ծովով, մեռան տապից։ Այն տեղերում, ուր չէր հասել հուրը, վերջը հարյուրավոր մարմիններ գտան ածուխ դարձած, թեև այս ու այնտեղ թշվառները սալաքարերն էին հանել և կիսով չափ թաղվել գետնի մեջ տապից պաշտպանվելու համար։

Քաղաքի կենտրոնում ապրող ընտանիքներից գրեթե ոչ մեկը ամբողջովին չէր ազատվել և այս պատճառով պարիսպների տակ, բոլոր դարպասների մոտ, բոլոր ճանապարհների վրա լսելի էին կանացի հուսահատական ողբեր, որոնք կանչում էին ճխլտոցի կամ կրակի մեջ կորած ազգականների թանկագին անունները։

Եվ այսպես, մինչդեռ մի քանիսը աստվածներից գթություն էին աղերսում, մյուսները, այդ սարսափելի պատահարը տեսնելով, նրանց հայհոյում էին ու անիծում։ Կարելի էր տեսնել ծերունիների, որոնք, դառնալով Յուպիտեր Ազատարարի տաճարի կողմը և ձեռքերը պարզելով, գոչում էին. «Ազատարար ես, ազատիր քո տաճարն ու քաղաքը»։ Բայց հուսահատությունը դարձել էր գլխավորապես հին հռոմեական աստվածների դեմ, որոնք, ազգաբնակչության կարծիքով, պարտական էին ուրիշներից ավելի հոգածությամբ հսկել քաղաքի վրա։ Երևաց, որ նրանք անզոր են, և ահա հայհոյում էին նրանց։ Դրա փոխարեն այնպես պատահեց, որ երբ Via Asinaria֊ի վրա եգիպտական քուրմեր երևացին, տանելով Իսիդի կուռքը, որին ազատել էին Porta Caelimontana֊ի շրջակա լճում գտնվող տաճարից, խուժանը հարձակվեց թափորի վրա, լծվեց կառքին, քաշեց նախ մինչև Ապիական դարպասը և, հափշտակելով կուռքը, տեղավորեց Մարսի տաճարում՝ տրորելով այդ աստվածության քուրմերին, որոնք համարձակվել էին ընդդիմադրություն ցույց տալ։ Ուրիշ տեղերում կանչում էին Սերապիսին, Բահալին կամ Եհովային, որի հետևողները, դուրս սողալով Սուբուռայի շրջակա փողոցներից և Անդրտիբերիսից, ճիչ ու աղաղակով լցնում էին քաղաքից դուրս տարածվող դաշտերը։ Սրանց գոչումների մեջ, սակայն, հաղթական ձայներ էին հնչում, և այս պատճառով, մինչդեռ բնակիչներից մի քանիսը միացան այդ խմբին, փառաբանելով «Աշխարհի Տիրոջը», մյուսները, զայրանալով այս ուրախալի աղաղակների վրա, աշխատում էին բռնի կերպով խեղդել նրանց ձայները։ Տեղ֊տեղ լսվում էր, թե ինչպես հասակավոր տղամարդիկ, ծերունիներ, կանայք ու երեխաներ զարմանալի ու խորհրդավոր երգեր էին երգում, որոնց նշանակությունը շատերի համար անհասկանալի էր և որոնց մեջ ամեն րոպե կրկնվում էր. «Ահա մոտենում է դատավորը՝ բարկության և պատժի օրը»։ Այսպես այդ շարժուն և անքուն մարդկային ալիքը մրրկող ծովի պես շրջապատում էր այրվող քաղաքը։

Բայց ոչինչ չէր օգնում՝ ոչ հուսահատությունը, ոչ անեծքները, ոչ էլ երգերը։ Աղետը նախախնամության պես անպարտելի, կատարյալ և անողորմ էր երևում։ Պոմպեոսի Ամֆիթատրոնի մոտ հրդեհվեցին կանեփի և վուշի պահեստները. մեծ քանակությամբ կանեփ ու վուշ էր պահանջվում կրկեսներում, արենաներում և խաղերի ժամանակ գործածվող ամեն տեսակ մեքենաների համար։ Միաժամանակ սկսեցին այրվել նաև կից շինությունները, ուր պարաններին քսելու ձյութի տակառներ էին պահվում։ Մի քանի ժամ շարունակ քաղաքի այն ամբողջ մասը, որի հետև սկսվում էր Մարսյան դաշտը, լուսավորված էր այնպիսի բաց դեղին գույնով, որ զարհուրանքից կիսով չափ ուշքը կորցրած հանդիսականներին թվում էր, թե ընդհանուր կործանման այդ միջոցին ցերեկվա ու գիշերվա կարգը նույնպես շփոթվել է, և թե տեսնում են արևի փայլը։ Բայց հետո արյունոտ միապաղաղ գույնը հաղթեց կրակի բոլոր ուրիշ գույներին։ Հրեղեն ծովից կարծես դեպի շիկացած երկինքն էին ցայտում հսկայական շատրվաններ ու բոցեղեն սյուներ՝ փռվելով վերևում հրեղեն վրձինների ու փետուրների պես, իսկ քամին հափշտակում էր նրանց, փոխում ոսկե թելերի ու կայծե մազերի և Կամպանիայի վրայով մղում էր հեռու, գրեթե մինչև Ալբանոյի լեռները։ Գիշերն ավելի ու ավելի պայծառ էր դառնում. նույնիսկ օդը թանձրացած էր երևում ոչ միայն փայլով, այլև բոցով։ Տիբերիսը հոսում էր կենդանի կրակի պես։ Թշվառ քաղաքը մի դժոխքի էր փոխվել։ Հրդեհն ավելի ու ավելի ընդարձակ տարածություն էր ընդգրկում, հարձակումով առնում էր բլուրները, փռվում էր տափարակներում, հեղեղում էր հովիտները, կատաղում էր, ֆշշում, որոտում։

ԳԼՈՒԽ Բ

Ոստայնանկ Մակրինոսը, որի տունը տարան Վինիկիոսին, լվաց նրան, փոխեց շորերը և կերակրեց, ապա երիտասաարդ տրիբունը, ուժերը լրիվ վերականգնելով, հայտնեց, որ այդ գիշերն ևեթ շարունակելու է փնտրել Լիննոսին։ Մակրինոսը, որ քրիստոնյա էր, հաստատեց Քիլոնի խոսքերը, թե Լիննոսը ավագ երեց Կլեմեսի հետ մեկնել է Օստրիանոն, ուր Պետրոսը պիտի նոր վարդապետության հետևողների ամբողջ խմբեր մկրտեր։ Թաղականներին հայտնի էր, որ Լիննոսը երկու օր առաջ իր տան հսկողությունը հանձնել է ոմն Գայոսի։ Վինիկիոսի համար դա մի ապացույց էր, որ թե՛ Լիգիան և թե՛ Ուրսուսը տանը չէին մնացել և որ պետք է նույնպես մեկնած լինեին Օստրիանոն։

Այս միտքը նրան մեծ թեթևություն պատճառեց։ Լիննոսը ծեր մարդ էր, որի համար դժվար էր ամեն օր գնալ Անդրտիբերիսից մինչև նոմենտանական հեռավոր դարպասը և այնտեղից նորից վերադառնալ Անդրտիբերիս, ուստի հավանական էր, որ այդ մի քանի օրերը նա բնակվել էր իր հավատակիցներից որևէ մեկի մոտ, պարիսպներից դուրս, իսկ նրա հետ միասին՝ նաև Լիգիան և Ուրսուսը։ Այդպիսով նրանք խույս էին տվել հրդեհից, որը առհասարակ չէր հասել Էսքվիլինի մյուս լանջը։ Վինիկիոսը, որ այս բոլորի մեջ Քրիստոսի մատն էր տեսնում, իր վրա զգաց նրա խնամքը և սիրտը լցված ավելի մեծ սիրով, քան երբևիցե, հոգու մեջ երդվեց իր ամբողջ կյանքում վարձահատույց լինել շնորհի այս ակներև նշանների համար։

Եվ հենց այս պատճառով նա ավելի էր Օստրիանոն շտապում։ Կգտնի Լիննոսին, կգտնի Լիգիային, Պետրոսին և կառնի նրանց, կտանի մի տեղ, իր հեռո՜ւ կալվածքներից որևէ մեկը, թեկուզ հենց Սիցիլիա։ Հռոմն ահա այրվում է, և մի քանի օր հետո նրանից կմնա միայն մի ածխակույտ. այլևս ի՞նչ հարկ կա մնալու այստեղ, այս պատահարի և կատաղած ազգաբնակչության մեջ։ Այնտեղ իրենց կշրջապատեն բազմաթիվ կարգավարժ ստրուկներ, կշրջապատի իրենց գյուղական խաղաղությունը, և կապրեն հանգիստ, Քրիստոսի թևի տակ, Պետրոսից օրհնված։ Միայն թե այժմ գտնի նրանց։

Բայց սա հեշտ գործ չէր։ Վինիկիոսը հիշում էր, թե ինչպիսի դժվարությամբ Via Appia֊ից Անդրտիբերիս հասավ և ինչպիսի պտույտ պետք է աներ նավահանգստի ճանապարհը դուրս գալու համար. ուստի վճռեց այժմ պտտել քաղաքը հակառակ կողմից։ Գնալով Հաղթական ճանապարհով՝ կարելի էր գետի ափով հասնել մինչև Էմիլիոսի կամուրջը, իսկ այնտեղից, մի կողմ թողնելով Pincius֊ը, Մարսյան դաշտի երկարությամբ, Պոմպեոսի, Լուկուլլոսի և Սալլուստիոսի պարտեզների մոտով դուրս գալ Via Nomentana. դա ամենակարճ ճանապարհն էր, բայց թե Մակրինոսը և թե Քիլոնը խորհուրդ չէին տալիս այդտեղով գնալ։ Ճիշտ է, հուրը դեռ չէր կպել քաղաքի այդ մասին, բայց բոլոր հրապարակներն ու փողոցները կարող էին բոլորովին բռնված լինել մարդկանցով ու իրերով։ Քիլոնը խորհուրդ էր տալիս Ager Vaticanus֊ով մեկնել մինչև Porta Flaminia, այնտեղ անցնել գետը և այնուհետև առաջ շարժվել պարսպի դրսի կողմով, Ակիլիոսի պարտեզների հետևով, դեպի Porta Salaria։ Վինիկիոսը մի րոպե տատանվելուց հետո համաձայնեց հետևել այս խորհրդին։

Մակրինոսը պիտի մնար պահպանելու տունը, այնուամենայնիվ աշխատեց երկու ջորի ձեռք բերել, որոնք կարող էին վերջն էլ պետք գալ Լիգիայի ապագա ճանապարհորդության համար։ Կամենում էր հետը մի ստրուկ դնել, բայց Վինիկիոսը մերժեց, մտածելով, որ, ինչպես այդ առաջ էլ եղել է, ճանապարհին առաջին իսկ պատահած պրետորիանական վաշտը կհնազանդվի իր հրամանին։

Եվ քիչ հետո Քիլոնի հետ Pagus Janiculensis֊ով ողղվեցին դեպի Հաղթական ճանապարհը։ Բաց տեղերում այստեղ էլ բանակներ էին անցնում, որովհետև բնակիչների մեծ մասը նավահանգստի ճանապարհով փախչում էր դեպի ծով։ Սեպտիմիական դարպասից այն կողմ նրանք սկսեցին գնալ գետի ու Դոմիտիոսի փառավոր պարտեզների միջև ընկած ճանապարհով, պարտեզներ, որոնց բարձրագագաթ նոճիները հրդեհից կարմիր գույնով էին ներկվել, ինչպես վերջալույս։ Ճանապարհն ավելի արձակ էր դառնում. երբեմն միայն ստիպված էին լինում կռվելու գյուղացիների աճող հոսանքի դեմ։ Վինիկիոսը, որքան կարող էր, առաջ էր քշում ջորին, իսկ Քիլոնը, գնալով անմիջապես նրա ետևից, ամբողջ ճանապարհին խոսում էր ինքն իր հետ.

— Ահա հրդեհը մեր ետևն է մնացել և այժմ մեր կռնակներն է տաքացնում։ Երբեք դեռ այս ճանապարհին այսպես լույս չի եղել գիշերով։ Օ՜, Զև՛ս, եթե հեղեղ չթափես այս քաղաքի վրա, ասել է, թե չես սիրում Հռոմը։ Մարդկային զորությունը չի հանգցնի այս հուրը։ Այսպիսի մի քաղաք, որին ծառայում էր Հունաստանը և ամբողջ աշխարհը։ Իսկ այժմ առաջին իսկ հույնը կկարողանա իր սիսեռը բովել սրա մոխրի մեջ։ Ո՞վ կարող էր սպասել... Եվ չի՜ լինի այլևս Հռոմը, չե՜ն լինի հռոմեական տերերը... Եվ ով որ ուզենա ման գալ սրա մոխրակույտերի վրա և երբ սառչի, շվացնել կշվացնի անպատիժ կերպով։ Օ՜, աստվածնե՜ր, սուլե՜լ այսպիսի մի աշխարհակալ քաղաքի վրա։ Հույներից կամ մինչև անգամ բարբարոսներից ո՞ր մեկը կկարողանար սպասել... Բայց այնուամենայնիվ կարելի է շվացնել, որովհետև մոխրակույտը, լինի նա հովիվների խարույկից մնացած, թե այրված քաղաքից, միայն մոխրակույտ է, որ վաղ թե ուշ ցրելու է քամին։

Այսպես խոսելով ինքն իր հետ՝ նա ամեն րոպե շուռ էր գալիս հրդեհի կողմը և նայում էր հրեղեն ալիքին թե՛ չար և թե՛ խնդացող դեմքով։ Ապա շարունակեց.

— Կործանվո՜ւմ է, կործանվո՜ւմ է, և այլևս չի լինի աշխարհիս երեսին։ Այժմ աշխարհն ո՞ւր կուղարկի իր հացահատիկը, իր ձիթապտուղը և իր դրամը։ Ո՞վ նրանից դրամ ու արտասուք կքամի։ Մարմարը չի այրվում, այլ ճաքճքում է կրակից։ Կապիտոլիոնը ավերակ է դառնալու, Պալատիոնն էլ ավերակ։ Օ՜, Զև՛ս. Հռոմը հովիվ էր, իսկ մնացած մարդիկ՝ իբրև ոչխար։ Եթե Հովիվը քաղցած էր լինում, մորթում էր ոչխարներից մեկը, միսը ուտում էր, իսկ քեզ, աստվածների հայր, մորթն էր զոհում։ Այժմ ո՞վ, օ՜, ամպատեր, կմորթի և ո՞ւմ ձեռքը կդնես հովվական ցուպը։ Որովհետև Հռոմն այրվում է, հայր, այնպես լավ, կարծես ինքդ նրան կրակ տված լինեիր կայծակով։

— Շտապի՛ր,— ընդմիջեց Վինիկիոսը,— Ի՞նչ ես այդտեղ անում։

— Ողբում եմ Հռոմը, տե՛ր,— պատասխանեց Քիլոնը։— Այսպիսի՜ յուպիտերական քաղաք...

Եվ որոշ ժամանակ լուռ գնում էին՝ ականջ դնելով հրդեհի ֆշշոցին ու թռչունների թևերի ձայնին։ Աղավնիները, որոնք անթիվ էին դղյակներում ու Կամպանիայի քաղաքներում, նույնպես և զանազան տեսակի ծովային ու լեռնային թռչունները, երևի հրդեհի փայլը արևի լույսի տեղ ընդունելով, թռչում էին ուղղակի կրակի մեջ։

Վինիկիոսն առաջինն ընդհատեց լռությունը։

— Ո՞ւր էիր, երբ սկսվեց հրդեհը։

— Գնում էի իմ բարեկամ Էվնիկիոսի մոտ, որ Մեծ կրկեսի մոտ կրպակ էր պահում, և հատուկ մտածում էի Քրիստոսի ուսմունքի մասին, երբ սկսեցին գոչել. «կրա՜կ»։ Մարդիկ կրկեսի մոտ էին հավաքվում փրկվելու համար և հետաքրքրությունից, բայց երբ բոցն ընդգրկեց ամբողջ կրկեսը և միաժամանակ սկսեց երևալ նաև այլ տեղերում, պետք էր մտածել սեփական փրկության մասին։

— Տեսա՞ր տները ջահեր ձգող մարդկանց։

— Ի՜նչ չտեսա, Էնեասի թո՜ռ։ Տեսա մարդիկ, որոնք սրով էին ճանապարհ բաց անում ճխլտոցի մեջ. տեսա կռիվներ և սալահատակի վրա ոտնատակ տված մարդկային փորոտիքներ։ Ա՜հ, տեր, եթե այդ տեսնեիր, կկարծեիր, թե բարբարոսներն են քաղաքին տիրացել և կոտորած անում։ Շուրջս մարդիկ աղաղակում էին, թե աշխարհի վերջն է հասել։ Մի քանիսը բոլորովին գլուխները կորցրել էին և արհամարհելով փախուստը, անմիտ հայացքով սպասում էին, որ իրենց լափի հուրը։ Մի քանիսը խելագարվել էին, մի քանիսը հուսահատությունից ոռնում էին. բայց տեսա և այնպիսիների, որոնք ոռնում էին ուրախությունից, որովհետև, օ՜, տեր, շատ են աշխարհիս երեսին չար մարդիկ, որոնք չգիտեն ձեր մեղմ տիրապետության բարիքների և այն արդարացի օրենքների արժեքը, որոնց հիման վրա առնում եք ամենքից այն, ինչ որ ունեն, և յուրացնում ձեզ։ Մարդիկ չգիտեն հաշտվել աստվածների կամքի հետ։

Վինիկիոսը չափազանց զբաղված էր սեփական մտածություններով, որպեսզի նկատեր Քիլոնի խոսքերի մեջ ծածկված հեգնությունը։ Զարհուրանքի դող էր բռնում նրան այն մտքից, թե Լիգիան կարող էր այդ իրարանցման մեջ լինել, այդ սարսափելի փողոցներում, ուր կոխկրտում էին մարդկային փորոտիքը։ Ուստի, թեև արդեն գրեթե տասն անգամ հարցրել էր Քիլոնից այն ամենը, ինչ որ նա կարող էր գիտենալ, մի անգամ էլ դարձավ նրան.

— Իսկ նրանց սեփական աչքերո՞վդ տեսար Օստրիանոնում։

— Տեսա, Վենուսի զավակ, տեսա օրիորդին, բարի լիգին, սուրբ Լիննոսին և Պետրոս առաքյալին։

— Հրդեհից առա՞ջ։

— Հրդեհից առաջ, Միհր։

Վինիկիոսի սրտում կասկած ծագեց՝ արդյոք Քիլոնը սուտ չի՞ խոսում. ուստի ջորին կանգնեցնելով՝ սպառնալի հայացքով նայեց ծեր հույնին և հարցրեց.

— Ի՞նչ էիր անում այնտեղ։

Քիլոնը շփոթվեց։ Ճիշտ է, ինչպես շատերին, նրան էլ թվում էր, թե Հռոմի կործանվելով գալիս է նաև հռոմեական տիրապետության վերջը, բայց այդ վայրկյանին նա երես առ երես Վինիկիոսի հետ էր և մտաբերեց, որ նա սաստիկ սպառնալիքով արգելել էր իրեն լրտեսել քրիստոնյաներին, մանավանդ Լիննոսին ու Լիգիային։

— Տե՛ր,— ասաց նա,— ինչո՞ւ չես հավատում, որ սիրում եմ նրանց։ Այո, եղել եմ Օստրիանոնում, որովհետև կես֊քրիստոնյա եմ։ Պիռհոնը սովորեցրեց ինձ առաքինությունը գերադասել փիլիսոփայությունից, ուստի ավելի ու ավելի եմ կպչում առաքինի մարդկանց։ Բացի այդ, տե՛ր, աղքատ մարդ եմ, և երբ դու, Յուպիտեր, Անտիոնումն էիր, հաճախ մեռնում էի սովից ու նստում Օստրիանոնի պատի տակ, որովհետև քրիստոնյաները, թեև իրենք էլ աղքատ են, ավելի ողորմություն են բաժանում, քան թե Հռոմի բոլոր մնացած բնակիչները միասին վերցրած։

Այս պատճառաբանությունը Վինիկիոսին գոհացուցիչ երևաց, և նա հարցրեց պակաս սպառնալի կերպով.

— Եվ չգիտե՞ս, թե այդ ժամանակ որտեղ էր բնակվում Լիննոսը։

— Հետաքրքրությանս համար, տեր, մի անգամ խիստ պատժեցիր ինձ,— պատասխանեց հույնը։

Վինիկիոսը լռեց, և նրանք շարունակեցին ճանապարհը։

— Տեր,— քիչ հետո ասաց Քիլոնը,— չէիր գտնի աղջկան, եթե ես չլինեի, բայց եթե նրան գտնենք, չե՞ս մոռանա խղճուկ իմաստունին։

— Ամերիոլայի մոտ[359] կստանաս մի տուն՝ այգիով,— պատասխանեց Վինիկիոսը։

— Շնորհակալ եմ քեզնից, Հերակլես։ Այգիո՞վ... Շնորհակալ եմ քեզնից. օ՜, այո՛, այգիո՜վ։

Այժմ նրանք գնում էին Վատիկանյան բլրի մոտով, որ հրդեհից կարմիր էր ներկվել. բայց Նավմաքիայից հետո շրջվեցին աջ, որպեսզի Վատիկանյան դաշտն անցնելով մոտենան գետին և, անցնելով այն, հասնեն Porta Flaminia[360]։ Քիլոնը հանկարծ կանգնեցրեց ջորին և ասաց.

— Տե՛ր, մի բարի միտք ծագեց գլխումս։

— Ասա՛,— պատասխանեց Վինիկիոսը։

— Հանիկուլյան բլրի և Վատիկանի մեջտեղ, Ագրիպպինայի պարտեզների ետևում, կան գետնափոր այրեր, որտեղից քար ու ավազ էին հանում Ներոնի կրկեսի շինության համար։ Լսիր ինձ, տեր։ Վերջերս հրեաները, որոնց թիվը, ինչպես գիտես, մեծ է Անդրտիբերիսում, սկսել էին խիստ հալածել քրիստոնյաներին։ Հիշո՞ւմ ես, որ դեռ աստվածային Կլավդիոսի օրով այնտեղ այնպիսի խռովություններ տեղի ունեցան, որ Կեսարն ստիպված էր նրանց Հռոմից վռնդել։ Այժմ վերադարձել են և Ավգուստայի հովանավորության շնորհիվ իրենց ապահով են զգում, ավելի հանդգնաբար են հալածում քրիստոնյաներին։ Ես այդ գիտեմ, ես տեսել եմ։ Ոչ մի հրովարտակ դեռ չի հանվել քրիստոնյաների դեմ, իսկ հրեաները ամբաստանում են նրանց քաղաքապետի առաջ, թե մանուկներ են սպանում, էշ են պաշտում և քարոզում են մի վարդապետություն, որ ճանաչված չէ ծերակույտի կողմից. իսկ իրենք հրեաները ծեծում են նրանց և հարձակվում նրանց աղոթատների վրա այնպիսի կատաղությամբ, որ քրիստոնյաները հարկադրված են նրանց երեսից թաքնվել։

— Ի՞նչ ես ուզում ասել վերջապես,— հարցրեց Վինիկիոսը։

— Այն, տեր, որ սինագոգները՝ ժողովարանները, ազատ գոյություն ունեն Անդրտիբերիսում, իսկ քրիստոնյաները, կամենալով խույս տալ հալածանքներից, հարկադրված են աղոթել թաքուն և ժողովվում են լքված ամբարանոցներում, քաղաքից դուրս կամ արենարիաներում։ Նրանք, որոնք բնակվում են Անդրտիբերիսում, ընտրել են իրենց համար հատկապես այն արենարիան, որն առաջ է եկել այն ժամանակ, երբ շինվում էին կրկեսն ու Տիբերիսի ափին կանգնած զանազան տները։ Այժմ, երբ քաղաքը կործանվում է, անկասկած, Քրիստոսի հետևողները աղոթք են անում։ Նրանց մի անհամար բազմություն կգտնենք այրերի մեջ. ուստի խորհուրդ եմ տալիս քեզ, տեր, որ ճանապարհին այնտեղ մտնենք։

— Չէ՞ որ ասացիր, թե Լիննոսը հեռացել է Օստրիանոն,— գոչեց անհամբեր Վինիկիոսը։

— Իսկ դու խոստացար ինձ Ամերիոլայի մոտ մի տուն՝ այգիով,— պատասխանեց Քիլոնը,— ուստի կամենում եմ որոնել աղջկան ամեն տեղ, ուր հույս ունեմ գտնել նրան։ Հրդեհի բռնկումից հետո կարող էին վերադառնալ Անդրտիբերիս. կարող էին պտտել քաղաքի շուրջն այնպես, ինչպես մենք ենք այժմ պտտում։ Եթե վերադարձել են, այն ժամանակ երդվում եմ քեզ, տեր, Պերսեփոնեով[361], որ կգտնենք նրանց այրում աղոթելիս, իսկ ամենավատ պարագայում՝ նրանց մասին տեղեկություններ կստանանք։

— Իրավացի ես, առաջնորդի՛ր ինձ,— ասաց տրիբունը։

Քիլոնը, առանց մտածելու, ծռվեց ձախ, բլրի կողմը։

Միառժամանակ այդ բլրի լանջը նրանց աչքից ծածկեց հրդեհը, այնպես որ, թեև մերձավոր բարձրությունները լույսի մեջ էին, նրանք երկուսը ստվերում էին։ Իրենց ետևում թողնելով կրկեսը՝ նորից ձախ ծռվեցին և մտան մի տեսակ ձոր, ուր բոլորովին մութ էր։ Բայց այդ մթության մեջ Վինիկիոսը բազմաթիվ պսպղացող լապտերներ նշմարեց։

— Ահա նրանք,— ասաց Քիլոնը։— Այսօր ավելի շատ կլինեն, քան երբևիցե, որովհետև մյուս աղոթատներն այրվել են, կամ լցվել ծխով, ինչպես և ամբողջ Անդրտիբերիսը։

— Այո, երգեցողություն եմ լսում,— ասաց Վինիկիոսը։

Ճիշտ որ, բլրի մութ բացվածքից հասնում էին երգող մարդկանց ձայներ, իսկ լապտերները մեկը մյուսի ետևից երևում ու անհայտացնում էին։ Բայց հարակից ձորերից հայտնվում էին նորանոր կերպարանքներ, այնպես որ քիչ հետո Վինիկիոսն ու Քիլոնը մարդկանց մի ամբողջ խմբի մեջ էին։

Քիլոնն իջավ ջորուց և, կանչելով մի պատանու, որ անցնում էր մոտից, ասաց նրան.

— Քրիստոսի քահանա եմ և եպիսկոպոս։ Պահիր մեր ջորիները և կստանաս իմ օրհնությունն ու մեղաց թողությունը։

Հետո, չսպասելով պատասխանի, նրա ձեռքը խոթեց սանձերը, իսկ ինքը Վինիկիոսի հետ միացավ գնացող խմբին։

Մի վայրկյանից նրանք մտան մի այր և սկսեցին լապտերների աղոտ լույսով մութ անցքով շարժվել առաջ, մինչև որ հասան մի ընդարձակ քարանձավ, որտեղ, ըստ երևույթին, նորերս քար էին կտրում, որովհետև պատերը շարված էին քարի նոր կոտրվածքներից։

Այստեղ աչքն ավելի էր տեսնում, քան անցքում, որովհետև բացի ճրագներից ու լապտերներից, վառվում էին և ջահեր։ Սրանց լույսով Վինիկիոսը մի մեծ ամբոխ տեսավ, որ ծնկաչոք վեր էր տարածել ձեռքերը։ Լիգիային, Պետրոս առաքյալին, ոչ էլ Լիննոսին ոչ մի տեղ չկարողացավ նկատել, դրա փոխարեն նրան շրջապատում էին հանդիսավոր ու հուզված դեմքեր։ Մի քանիսի վրա երևում էր սպասողություն, խռովություն, հույս։ Փայլն անդրադառնում էր վեր ուղղված աչքերի սպիտակուցների մեջ. մի քանիսը երգում էին, մյուսները կրծքներին էին խփում, և այդ բոլորից նկատվում էր, որ ամեն րոպե ինչ֊որ արտասովոր բան էին սպասում։

Այդ միջոցին երգեցողությունը դադարեց, և ժողովականների վրա, պատուհանում, որ առաջացել էր մի ահագին քար հանելուց, Վինիկիոսին երևաց Կրիսպոսի ծանոթ դեմքը՝ կիսով չափ մտակորույս, գունատ, մոլեռանդ և խստահայաց։ Աչքերը նրա կողմը դարձան՝ կարծես սպասելով քաջալերիչ և հուսադրական խոսքերի. իսկ նա, խաչակնքելով ժողովականներին, շտապ, գրեթե ճչացող ձայնով ասաց.

— Ապաշխարեցեք ձեր մեղքերը, որովհետև ժամը հասել է։ Ահա ոճիրի և անառակության քաղաքի վրա, ահա նոր Բաբելոնի վրա Տերը ոչնչացնող հուր է թափել։ Հասել է դատի, բարկության և կործանման ժամը... Տերը կրկին գալուստ խոստացավ, և շուտով կտեսնեք նրան։ Բայց չի գա արդեն իբրև Գառ, որ իր արյունը զոհեց ձեր մեղքերի համար, այլ իբրև ահեղ դատավոր, որ իր արդարադատությամբ անդունդ կնետի մեղավորներին և անհավատներին... Վա՜յ աշխարհին, վա՜յ մեղավորներին, որովհետև արդեն գթություն չի լինի նրանց համար։ Տեսնում եմ քեզ, Քրիստոս։ Աստղերն անձրևի պես թափվում են գետնին, արևը խավարում է, գետինը անդունդներ է բացում, և մեռածները հարություն են առնում. իսկ դու գալիս ես փողերի ձայներով և հրեշտակների գումարտակով, որոտումների և թնդյունների մեջ։ Տեսնում և լսում եմ քեզ, օ՜, Քրիստոս։

Այստեղ նա լռեց և, վեր դարձնելով դեմքը, թվում էր, թե մի ինչ֊որ հեռավոր ու ահեղ բան էր դիտում։ Իսկ այս միջոցին այրի մեջ խուլ թնդյուն լսվեց, մեկ, երկու, տասը։ Այրվող քաղաքում տների ամբողջ շարքեր էին սկսել փլչել։ Բայց քրիստոնյաների մեծ մասն այդ ձայներն ընդունեց իբրև ակներև նշան, որ ահեղ ժամը մոտենում է, որովհետև առանց այդ էլ նրանց մեջ ընդհանրացած էր հավատը Քրիստոսի մոտալուտ երկրորդ գալստյան և աշխարհի վախճանի նկատմամբ, իսկ այժմ դա ավելի մեծացել էր քաղաքի հրդեհի պատճառով։ Եվ ահա խռովություն տիրեց ժողովականների սրտերին։ Բազմաթիվ ձայներ սկսեցին կրկնել. «Դատաստանի օ՜րը... Ահա գալիս է...»։ Մի քանիսը դեմքերը ծածկում էին ձեռքերով, համոզված լինելով, որ գետինն իսկույն կցնցվի իր հիմքերից, բերանից դուրս կգան դժոխային հրեշներ՝ մեղավորների վրա հարձակվելու համար։ Մի քանիսը գոչում էին. «Քրիստոս, ողորմի՛ր մեզ։ Փրկիչ, գթա՛ մեզ...», մյուսները բարձրաձայն խոստովանում էին իրենց մեղքերը, մի քանիսն էլ վերջապես միմյանց գիրկն էին ընկնում, որպեսզի օրհասական րոպեին որևէ մտերիմ սիրտ ունենան իրենց կողքին։

Բայց կային և այնպիսիները, որոնց՝ կարծես երկինք ամբարձած, գերերկրային խնդությամբ լի դեմքերը խռովություն չէին ցույց տալիս։ Մի քանի տեղ լսվեցին ճիչեր. այդ կրոնական հափշտակության մեջ մարդիկ սկսել էին անհասկանալի բառեր բացականչել անհասկանալի լեզուներով։ Մեկը քարանձավի մութ անկյունից կանչեց. «Զարթնի՛ր, ով որ քնած է»։ Ամենից բարձր հնչում էր Կրիսպոսի աղաղակը. «Արթո՜ւն կացեք, արթո՜ւն կացեք»։

Բայց երբեմն լռություն էր տիրում, կարծես բոլորը, կրծքի մեջ շունչը կտրած, սպասում էին, թե ինչ է լինելու։ Եվ այն ժամանակ լսելի էր լինում փլչող թաղերի հեռավոր դղրդյունը, որից հետո նորից բարձրանում էին հառաչանքներ, աղոթքներ, ճիչեր և գոչումներ. «Փրկի՜չ, ողորմի՜ր»։ Երբեմն Կրիսպոսը նորից ձայն էր արձակում և աղաղակում. «Հրաժարվեցեք երկրային սիրուց, որովհետև Տերը կդատապարտի նրանց, որոնք իրենից ավելի կանանց և երեխաներին էին սիրում։ Վա՜յ նրան, ով սիրեց ստեղծվածքը Ստեղծողից ավելի. վա՜յ հզորներին, վա՜յ հարուստներին, վա՜յ անառակներին, վա՜յ տղամարդկանց, կանանց և մանուկներին»։

Հանկարծ առաջվանից մեծ թնդյուն դղրդացրեց քարհանքը։ Ամենքը գետին փռվեցին, ձեռքերը խաչաձև տարածելով, որպեսզի այդ նշանով պաշտպանվեն չար ոգիներից։ Տիրեց լռություն, որի միջից լսվում էին միայն արագացած շնչառություն, զարհուրած շշուկներ՝ «Հիսո՛ւս, Հիսո՛ւս, Հիսո՛ւս», և տեղ֊տեղ մանկական լաց։ Եվ այդ միջոցին այդ մարդկային փռված ամբոխի վրա մի խաղաղ ձայն հնչեց.

— Խաղաղություն ձեզ։

Այդ ձայնը Պետրոս առաքյալինն էր, որ մի րոպե առաջ մտել էր քարանձավը։ Նրա խոսքերի ազդեցությունից երկյուղը մի ակնթարթում անհետացավ, ինչպես անհետանում է երկյուղը հոտի մեջ, երբ երևում է հովիվը։ Մարդիկ բարձրացան գետնից, մոտիկ կանգնածներն սկսեցին սեղմվել նրա ծնկներին՝ կարծես նրա թևերի տակ հովանավորություն որոնելով. իսկ նա նրանց վրա պարզեց իր ձեռքերն ու ասաց.

— Ինչո՞ւ են երկնչում ձեր սրտերը։ Ո՞վ ձեզանից կգուշակի, թե իրեն ի՞նչ կարող է պատահել առաջ, քան ժամը կհասնի։ Տերը հրով պատժեց Բաբելոնը. բայց ձեր վրա, որ մաքրվել եք մկրտությամբ և որոնց մեղքերը քավել է Գառի արյունը, կլինի նրա ողորմությունը, և կմեռնեք նրա անունը փառաբանելով։ Խաղաղություն ձեզ։

Կրիսպոսի ահարկու և անգութ խոսքերից հետո Պետրոսի խոսքերը բալասանի պես ազդեցին ներկա եղողների սրտերի վրա։ Աստուծո երկյուղի փոխարեն հոգիներին տիրեց Աստուծո սերը։ Այդ մարդիկ գտան այնպիսի Քրիստոս, որպիսին սիրեցին առաքելական պատմություններից՝ ոչ թե անողորմ դատավոր, այլ քաղցրահայաց և երկայնամիտ Գառ, որի գթասրտությունը հարյուրապատիկ գերազանցում էր մարդկային չարությունից։ Թեթևության զգացմունքն ընդգրկեց ամբողջ ժողովին, և հույսը, երախտագիտության հետ շաղկապված, լցրեց սրտերը։ Զանազան կողմերից սկսեցին գոչել. «Մենք քո ոչխարներն ենք, հովվիր մեզ». մոտիկ եղողներն ասում էին. «Մի թողնի մեզ պատահարի օրը», և չոքում էին նրա ծնկների առջև. այս տեսնելով՝ Վինիկիոսը մոտեցավ, բռնեց նրա թիկնոցի ծայրից, և, գլուխը թեքելով, ասաց.

— Տեր, փրկիր ինձ։ Նրան որոնում էի հրդեհի ծխի ու մարդկային ճխլտոցի մեջ և ոչ մի տեղ գտնել չկարողացա, բայց հավատում եմ, որ դու կարող ես վերադարձնել նրան ինձ։

Իսկ Պետրոսը ձեռքը նրա գլխին դրեց ու`

— Հուսա՛,— ասաց նա,— և եկ իմ ետևից։

ԳԼՈՒԽ Գ

Քաղաքը շարունակում էր այրվել։ Մեծ կրկեսը ավերակ դարձավ. իսկ հետո այն թաղերում, ուր ամենից առաջ սկսվեց հրդեհը, սկսեցին փլչել ամբողջ փողոցներ։ Ամեն մի այդպիսի փլվածքից որոշ ժամանակ հրեղեն սյուներ էին բարձրանում մինչև երկինք։ Քամին փոխեց իր ուղղությունը և այժմ սաստիկ ուժով փչում էր ծովի կողմից՝ Caelius, Էսքվիլինյան և Վիմինալյան բլուրների վրա կրակի, մեծ֊մեծ կայծերի ու ածուխի ալիքներ քշելով։ Սակայն արդեն սկսել էին մտածել փրկության մասին։ Տիգելլինոսի հրամանով, որ երկու օր առաջ շտապ եկել էր Անտիոնից, քանդում էին տներ Էսքվիլինի վրա, որպեսզի կրակը, դատարկ տեղերի հանդիպելով, հանգչի ինքն իրեն։ Բայց դա չնչին միջոց էր, որ ձեռք էր առնված քաղաքի մնացորդները փրկելու համար, քանի որ ավելորդ էր անգամ մտածել արդեն վառվող թաղերը փրկելու մասին։ Միաժամանակ հարկավոր էր պատահարի ուրիշ հետևանքների առաջն առնել։ Հռոմի հետ միասին ոչնչանում էին անհամար հարստություններ, ոչնչանում էր նրա բնակիչների ամբողջ կարողությունը, այնպես որ պարիսպների շուրջն այժմ հարյուր հազարներով ամենահետին աղքատներ էին թափառում։ Արդեն երկրորդ օրը սովն սկսեց տանջել այդ մարդկային բազմությունը, որովհետև այրվում էին քաղաքի մեջ կիտված ահագին մթերքները, իսկ ընդհանուր իրարանցման ու վարչության լուծման միջոցին մինչև այդ օրը ոչ ոք չէր մտածել նոր մթերքներ մատակարարելու մասին։ Միայն Տիգելլինոսի ժամանելուց հետո Օստիա ուղարկվեցին համապատասխան պատվերներ, իսկ մինչ այդ ազգաբնակչությունն սկսել էր սպառնալի դիրք բռնել։

Aqua Appia֊ի մոտի տունը, ուր ժամանակավորապես բնակվել էր Տիգելլինոսը, շրջապատել էին անթիվ կանայք, առավոտից մինչև ուշ գիշեր գոչելով՝ «Հաց և ապաստան»։ Պրետորիանները, որոնք կանչված էին Via Salaria և Nomentana֊ի մեջտեղ գտնվող գլխավոր պահականոցից, իզուր էին աշխատում մի կերպ կարգ պահպանել։ Այս ու այնտեղ նրանց դիմադրում էին բացարձակորեն, զենքը ձեռքին. տեղ֊տեղ անզեն խուժանը, ցույց տալով այրվող քաղաքի վրա, գոչում էր. «Սպանեցեք մեզ այս կրակի առջև»։ Անիծում էին Կեսարին, ավգուստիաններին, պրետորիանական զինվորներին, և հուզմունքը ժամեժամ աճում էր, այնպես որ Տիգելլինոսը, նայելով գիշերով քաղաքի շուրջը վառված հազարավոր խարույկներին, ասում էր ինքն իրեն, թե դրանք թշնամական բանակների խարույկներ են։ Նրա հրամանով բացի ալյուրից բերեցին մեծ քանակությամբ պատրաստի հաց, որ վերցվել էր ոչ միայն Օստիայից, այլև բոլոր շրջակա քաղաքներից ու գյուղերից. բայց երբ առաջին քարավանը գիշերով հասավ Էմպորիոն, ժողովուրդը կոտրեց գլխավոր դարպասը Ավենտինի կողմից և, սարսափելի ճխլտոց առաջացնելով, մի ակնթարթում թալանեց մթերքը։ Լուսնյակի լույսով կռվում էին հացի համար՝ մեծ մասը տրորելով գետնին։ Պատառոտված պարկերից թափված ալյուրը ձյունի պես ծածկեց ամբողջ տարածությունը, սկսելով ամբարանոցներից մինչև Դրուսոսի ու Գերմանիկոսի կամարը, և խռովությունն այնքան տևեց, մինչև որ զինվորները շրջապատեցին բոլոր շինությունները և նետերով ու նիզակներով սկսեցին ետ մղել խուժանը։

Դեռ երբեք Գալլերի և նրանց առաջնորդ Բրեննոսի արշավանքից ի վեր Հռոմին չէր պատահել այսպիսի պատահար։ Հուսահատությամբ համեմատում էին այդ երկու հրդեհները։ Բայց այն ժամանակ ողջ մնաց գոնե Կապիտոլիոնը։ Այժմ Կապիտոլիոնն էլ պատած էր սարսափելի հրեղեն պսակով։ Մարմարը, ճիշտ է, չէր վառվում կրակից, բայը գիշերները, երբ քամին մի առ ժամանակ ցրում էր բոցը, Յուպիտերի բարձրադիր տաճարի սյուները երևում էին շիկացած և վարդագույն, կրակված ածխի պես փայլող շարքերով։ Վերջապես, Բրեննոսի ժամանակ Հռոմը կարգապահ, միապաղաղ, քաղաքին ու տաճարներին նվիրված ազգաբնակչություն ուներ, իսկ այժմ այրվող քաղաքի պարիսպների շուրջը թափառում էր գլխավորապես ստրուկներից ու ազատագիրներից բաղկացած մի բազմալեզու, կատաղած ու անկարգ ամբոխ, որ կարիքի ճնշման տակ պատրաստ էր հարձակվելու իշխանության և քաղաքի վրա։

Բայց հենց հրդեհի ահագնությունը սրտերը լցնում էր զարհուրանքով և հայտնի չափով անզոր էր անում խուժանին։ Կրակից հետո կարող էր վրա հասնել մի ուրիշ պատահար՝ սովն ու հիվանդությունը, որովհետև, կարծես անբախտությունը լրացնելու համար, սկսվել էին սարսափելի հուլիսյան շոգերը։ Կրակից ու արևից եռացած օդը անհնարին էր ներշնչել։ Գիշերը ոչ միայն թեթևություն չէր բերում, այլև դառնում էր դժոխք։ Առավոտյան բացվում էր զարհուրելի ու չարագուշակ տեսարանը։ Մեջտեղը, ահագին բլուրների վրա, ահագին քաղաքը դղրդացող հրաբուխ դարձած, իսկ շուրջը, մինչև Ալբանոյի լեռները՝ մի անծայր բանակ՝ շինություններից, վրաններից, սայլերից, պատգարակներից կազմված, ծխով ու փոշով ծածկված, հրդեհի վրայով անցնող արևի շեկ ճառագայթներով լուսավորված, խոսակցություններով, աղաղակներով, սպառնալիքներով, ատելությամբ ու երկյուղով լցված, տղամարդկանց, կանանց և մանուկների հրեշավոր դեմքեր։ Քվիրիտների մեջ՝ հույներ, Հյուսիսի շիկահեր, հրաչյա ժողովուրդներ, աֆրիկացիներ և ասիացիներ. քաղաքացիների մեջ ստրուկներ, ազատագիրներ, մի կատարյալ մարդկային ծով, որ շրջապատել էր հրեղեն կղզին։

Զանազան լուրեր էր մղում այդ ծովը, ինչպես հողմը՝ իսկական ալիքը։ Կային նպաստավոր և աննպաստ լուրեր։ Պատմում էին հացի ու հագուստի, անհամար մթերքների մասին, որ պիտի Էմպորիոն հասնեին և ձրի բաժանվեին։ Նույնպես պատմում էին, որ Կեսարի հրամանով ասիական և աֆրիկյան նահանգներից պիտի գրավվեն բոլոր հարստությունները, և հավաքված գանձը բաժանվի Հռոմի բնակիչների մեջ, այնպես որ ամեն մեկը կարողանա սեփական տուն կառուցել։ Բայց միաժամանակ տարածվում էին և այնպիսի նորություններ, թե բոլոր ջրմուղների ջրերը թունավորված են, և թե Ներոնը կամենում է քաղաքը ոչնչացնել և բնաջինջ անել բոլորին, մինչև վերջին մարդը, որպեսզի ինքը տեղափոխվի Հունաստան կամ Եգիպտոս և այնտեղից կառավարի աշխարհը։ Ամեն լուր տարածվում էր կայծակի արագությամբ, և ամեն մեկը հավատ էր գտնում ռամիկ խուժանի մեջ առաջացնելով հույսի կամ բարկության բռնկումներ։ Վերջապես ինչ֊որ տենդ ընդգրկեց այդ հազարավոր թափառաշրջիկներին։ Քրիստոնյաների հավատը, թե շուտով աշխարհը վերջանալու է կրակով, օրեցօր ավելի ու ավելի ընդհանրանում էր նաև աստվածներին հետևողների մեջ։ Մարդիկ քարանում էին կամ ցնորվում։ Լուսնյակի շողերով լուսավորված ամպերի միջով շատերը տեսնում էին աստվածներին, որոնք դիտում էին երկրի կործանումը, և այն ժամանակ այդ մարդիկ ձեռքերը պարզում էին նրանց կողմը՝ գթություն հայցելով կամ անիծելով նրանց։

Այդ միջոցին զինվորները մի քանի բնակիչների օգնությամբ շարունակում էին տներ քանդել Էսքվիլինի, Caelius֊ի վրա, նույնպես և Անդրտիբերիսում, որը սրա շնորհիվ մեծ մասամբ անվնաս մնաց։ Բայց հենց քաղաքի մեջ այրվում էին անհամար գանձեր, որ դարերի ընթացքում դիզվել էին հաղթանակներով՝ գեղարվեստի անգին գործեր, հոյակապ նվիրատեղիներ և հռոմեական անցյալի ու հռոմեական փառքի ամենաթանկագին հիշատակարաններ։ Երևում էր, որ ամբողջ քաղաքից կմնան միայն ծայրամասերում տեղավորված մի քանի թաղերը և որ հարյուրավոր հազարներ մնալու են առանց տուն ու տեղի։ Մի քանիսը սակայն լուր էին տարածում, թե զինվորները տները քանդում են ոչ թե հրդեհը կանգնեցնելու, այլ նրա համար, որ քաղաքից ոչինչ չմնա։ Տիգելլինոսը ամեն նամակի մեջ աղաչում էր, որ Կեսարը գա և իր ներկայությամբ հանգստացնի հուսահատված ժողովրդին։ Բայց Ներոնը միայն այն ժամանակ տեղից շարժվեց, երթ հուրը կպավ «domus transitoria»֊ին, և շտապում էր, որպեսզի բաց չթողնի վայրկյանը, երբ հրդեհն արդեն հասել էր գագաթնակետին։

ԳԼՈՒԽ Դ

Մինչ այդ կրակը հասավ Via Nomentana, իսկ այնտեղից, քամու փոխվելով, դարձավ Via Lata և Տիբերիսի կողմը, շրջապատեց Կապիտոլիոնը, տարածվեց մինչև Forum Boarium և, ոչնչացնելով ամենը, ինչ առաջին հարձակման ժամանակ խնայել էր, նորից մոտեցավ Պալատիոնին։ Տիգելլինոսը, հավաքելով պրետորիանական բոլոր ուժերը, սուրհանդակ սուրհանդակի ետևից էր ուղարկում մոտեցող Կեսարին՝ ազդարարելով, որ նա ոչինչ բաց չթողնի փառավոր տեսարանից, որովհետև հրդեհն էլ ավելի է սաստկացել։ Բայց Ներոնը կամենում էր ժամանել գիշերը, որպեսզի ավելի կշտանար կործանվող քաղաքի տեսքով։ Այս նպատակով նա կանգ առավ Aqua Albano֊ի շրջակայքում և իր վրանը կանչելով Ալիտուրոս ողբերգուին՝ նրա օգնությամբ մշակում էր ձևերը, դեմքի արտահայտությունը, նայվածքը և սովորում էր համապատասխան շարժումներ, բորբոքված վիճելով նրա հետ, թե արդյոք «Օ՜ նվիրական քաղաք, որ Իդայից[362] ավելի հաստատուն էիր երևում» ասելիս պե՞տք է վեր բարձրացնի երկու ձեռքերը, թե մեկով ֆորմինգը բռնելով՝ այն իջեցնի մարմնի ուղղությամբ, իսկ բարձրացնի մյուսը։ Եվ այս խնդիրն այդ միջոցին բոլոր ուրիշներից ավելի կարևոր էր թվում նրան։ Վերջապես տեղից շարժվելով միայն ժանգառքին՝ խորհուրդ հարցրեց նաև Պետրոնիոսից, թե պատահարին նվիրված ոտանավորին աստվածների հասցեին մի քանի փառահեղ անարգանքներ չկցի՞ արդյոք և այդպիսի բառեր, դատելով գեղարվեստի տեսակետից, արդյոք ինքնըստինքյան չպիտի՞ դուրս թռչեին նման վիճակում մի մարդու բերանից, որ հայրենիքն է կորցնում։

Գրեթե կեսգիշեր էր, երբ նա մոտեցավ պարիսպներին իր անհամար արքունիքի հետ, որ բաղկացած էր պալատականների, սենատորների, ասպետների, ազատագիրների, ստրուկների, կանանց ու մանուկների ամբողջ գնդերից։ Ճանապարհի շուրջը զինվորական կարգով կանգնեցրած էին տասնվեց հազար պրետորիաններ և հսկում էին նրա մուտքի հանգստյանն ու ապահովությանը՝ պատշաճ հեռավորության վրա պահելով վրդովված ժողովրդին։ Ժողովուրդը, ճիշտ է, անիծում, աղաղակում և սուլում էր, տեսնելով թափորը, բայց չէր համարձակվում հարձակվել նրա վրա։ Շատ տեղերում, սակայն, լսվեցին սինլքորների ծափահարություններ, որովհետև նրանք, ոչինչ չունենալով, ոչինչ էլ չէին կորցրել հրդեհի մեջ, իսկ սպասում էին, որ իրենց սովորականից ավելի առատությամբ կբաժանվի հաց, ձիթապտուղ, շոր և դրամ։ Վերջապես թե աղաղակներն ու սուլոցները և թե ծափահարությունները հավասարապես խլացրին փողերի և շեփորների ձայնը, որ հնչեց Տիգելլինոսի հրամանով։ Ներոնը, անցնելով Օստիական դարպասը, մի րոպե կանգ առավ և ասաց. «Անտուն ժողովրդի անտուն իշխան, գիշերս ո՞ւր պիտի դնեմ իմ անբախտ գլուխը»։ Հետո անցնելով Clivus Delphini, իր համար պատրաստված սանդուղքով բարձրացավ Ապպիական ջրմուղի վրա, նրա ետևից՝ ավգուստիանները և երգիչների խումբը՝ տավիղներով, վիներով և երաժշտական այլ գործիքներով։

Եվ բոլորը շնչները կտրեցին կրծքի տակ, սպասելով, թե արդյոք չի՞ արտասանի ավելի մեծ խոսքեր, որ պետք է փնտրեր սեփական ապահովության համար։ Բայց նա կանգնած էր հանդիսավոր, լուռ, ծիրանի թիկնոցը հագին և ոսկե դափնիներից պսակը գլխին, հայացքը բևեռելով կրակի կատաղած տարրի վրա։ Երբ Տերպնոսը ոսկե վինը տվեց նրան, նա աչքերը վեր բարձրացրեց դեպի լուսնյակի լույսով շաղված երկինքը՝ կարծես սպասելով ոգևորության։

Ժողովուրդը ձեռքերով ցույց էր տալիս նրան, որ շաղված էր արյունոտ փայլով։ Հեռվում վշշում էին հրեղեն վիշապներ և այրվում էին հավիտենական, ամենանվիրական հիշատակարանները, այրվում էր Հերակլեսի տաճարը, որը կառուցել էր Եվանդերը[363], և Լուսնյակի տաճարը, որ դեռ Սերվիոս Տուլլոսի օրով էր շինված, և Նումա Պոմպիլիոսի[364] տունը, և Վեստայի տաճարը հռոմեական պենատների հետ. բոցի քուլաների մեջ երևում էր երբեմն Կապիտոլիոնը։ Այրվում էր Հռոմի անցյալը և ոգին, իսկ նա՝ Կեսարը, կանգնած էր վինը ձեռքին, ողբերգակ դերասանի դեմքով և մտածելով ոչ թե կործանվող հայրենիքի, այլ թատերական կեցվածքի և զգայացունց խոսքերի մասին, որոնցով ամենից լավ կարող էր արտահայտել պատահարի մեծությունը, ուզում էր արթնացնել ամենամեծ զարմանք և արժանանալ ամենաջերմ ծափահարությունների։

Նա ատում էր այդ քաղաքը, ատում էր նրա ազգաբնակչությունը, սիրում էր միայն իր երգերն ու ոտանավորները, ուստի սրտի մեջ ուրախանում էր, որ վերջապես տեսավ մի ողբերգություն՝ նման այն ողբերգությանը, որը նկարագրում էր ինքը։ Ոտանավորողն իրեն երջանիկ էր զգում, ճարտասանն իրեն ոգևորված էր զգում, տպավորություններ որոնողը կշտանում էր սարսափելի տեսարանով և հրճվանքով մտածում էր, որ մինչև անգամ Տրոյայի կործանումը ոչինչ էր այդ ահագին քաղաքի կործանման առջև։ Էլ ուրիշ ի՞նչ կարող էր փափագել։ Ահա Հռոմը, աշխարհակալ Հռոմն այրվում է, իսկ նա ինքը կանգնած է ջրմուղի կամարների վրա՝ ոսկե վինը ձեռքին, ամենքի համար տեսանելի, ծիր առնազգեստ, զարմանք գրգռող, վսեմ և բանաստեղծական։ Այնտեղ, ցածում, խավարի մեջ տրտնջում և մրրկում էր ժողովուրդը։ Թող տրտնջա։ Դարեր կանցնեն, հազարավոր տարիներ կփոփոխվեն, իսկ մարդիկ կհիշեն և կփառաբանեն այն բանաստեղծին, որ այսպիսի մի գիշեր երգում էր Տրոյայի անկումն ու հրդեհը։ Ի՞նչ է ինքը Ապոլլոնը իր գոգավորված ֆորմինգով։

Այստեղ նա ձեռքերը վեր բարձրացրեց և, զարկելով լարերին, բացականչեց Պրիամոսի խոսքերով։

— Օ՜, իմ նախնիների բույն, օ՛, թանկագին օրրա՜ն։

Նրա ձայնը բաց օդում, հրդեհի վշշոցի և հազարավոր ամբոխի հեռավոր գոչումների մեջ, թվում էր զարմանալիորեն ողորմելի, դողդոջուն և թույլ, իսկ նվագակցումը հնչում էր ճանճի բզզոցի պես։ Բայց ջրմուղի վրա հավաքված սենատորները, աստիճանավորներն ու ավգուստիանները գլուխները խոնարհեցին՝ ականջ դնելով լուռ հափշտակությամբ։ Իսկ նա երկար երգում էր և ավելի ու ավելի լարում իր ողբը։ Այն միջոցներին, երբ նա դադար էր առնում շունչ առնելու համար, երգիչների խումբը կրկնում էր վերջին տները, հետո Ներոնը Ալիտուրոսից յուրացրած շարժումներով նորից ուսից իջեցնում էր ողբերգական «սիրման»[365], զարկում էր լարերին և շարունակում երգել։ Ավարտելով առաջուց հնարած երգը՝ սկսեց հանպատրաստից երգել վեհ համեմատություններ որոնելով իր առջև բացվող տեսարանի մեջ։ Եվ նրա դեմքն սկսեց փոխվել։ Նրան, իրոք, չհուզեց հայրենի քաղաքի կործանումը, այլ արբեց և հուզվեց իր սեփական խոսքերի ոգևորությունից այն աստիճան, որ հանկարծ վինն իջեցրեց ոտքերի մոտ և փաթաթվելով «սիրմայի» մեջ, մնաց կարծես քարացած՝ նման Նիոբիդների[366] այն արձաններից մեկին, որոնք զարդարում էին Պալատիոնի արքունիքը։

Կարճատև լռությունից հետո դղրդաց ծափահարությունների մրրիկը։ Բայց հեռվում նրան պատասխանում էր ամբոխի ոռնոցը։ Այժմ ոչ ոք այլևս չէր կասկածում, որ Կեսարն է հրամայել կրակ ձգել քաղաքը՝ տեսարանով զմայլվելու և երգելու համար։ Ներոնը, լսելով այդ հարյուր հազարների ձայնը, դարձավ ավգուստիաններին տխուր, խոնարհությամբ լի ժպիտով, ինչպես մի մարդ, որին զրպարտում են, և ասաց.

— Ահա թե քվիրիտներն ինչպե՜ս գիտեն իմ և բանաստեղծության գինը։

— Անզգամնե՜ր,— պատասխանեց Վատինիոսը,— տեր, պրետորիաններին հրամայիր հարձակվել նրանց վրա։

Ներոնը դարձավ Տիգելլինոսին.

— Արդյոք կարո՞ղ եմ հույս դնել զինվորների հավատարմության վրա։

— Այո, աստվածային,— պատասխանեց պրեֆեկտը[367]։

Բայց Պետրոնիոսն ուսերը թափահարեց և ասաց.

— Նրանց հավատարմության, բայց ոչ նրանց թվի վրա։ Մնա՛ առժամանակ այստեղ, որովհետև այստեղ ավելի ապահով է, իսկ այս ժողովրդին պիտի հանգստացնել։

Նույն կարծիքին էին նաև Սենեկան և կոնսուլ Լիկինիոսը։ Իսկ ներքևում այդ միջոցին հուզմունքն աճում էր. ժողովուրդը զինվում էր քարերով, վրանների ձողերով, սայլերի ու քարշակների տախտակներով ու երկաթեղենով։ Քիչ անց շտապ եկան մի քանի կոհորտական[368] հրամանատարներ՝ ազդարարելով, որ ամբոխը ճնշում է և որ պրետորիանները ամենամեծ ջանքերով հազիվ են պահպանում զինվորական գիծը և, չունենալով հարձակվելու հրաման, չգիտեն ինչ անեն։

— Աստվածնե՜ր,— ասաց Ներոնը,— այս ինչ գիշեր է։ Մի կողմից հրդեհ, մյուս կողմից՝ մարդկային կատաղած ծով։

Եվ սկսեց դարձվածքներ որոնել, որոնք ամենավսեմ կերպով կարող էին արտահայտել այդ րոպեի անապահովությունը. բայց շուրջը գունատ դեմքեր և անհանգիստ հայացքներ տեսնելով՝ ինքն էլ վախեցավ։

— Տվեք ինձ գլխանոցով մուգ թիկնոցը,— գոչեց նա,— մի՞թե ճիշտ է, որ բանը կարող է կռվի հասնել։

— Տեր,— անհաստատ ձայնով պատասխանեց Տիգելլինոսը,— ես ամեն ինչ արի, ինչ որ կարող էի, բայց վտանգը սաստիկ է... Տեր, խոսիր ժողովրդի հետ և խոստումներ արա նրան...

— Կեսարը պիտի խոսի գռեհիկ խուժանի հետ։ Թ՛ող այդ ուրիշն անի իմ անունից։ Ո՞վ հանձն կառնի այդ։

— Ե՛ս,— հանգիստ ձայն տվեց Պետրոնիոսը։

— Գնա՛, բարեկամ, դու իմ ամեն մի նեղության մեջ ամենահավատարիմն ես... Գնա և խոստումներ մի խնայիր։

Պետրոնիոսն անփույթ ու հեգնական դեմքով դարձավ պալատականներին և ասաց.

— Այստեղ ներկա եղող սենատորները, ինչպես և Պիսոնը, Ներվան և Սենեկիոնը[369] կգան ինձ հետ։

Ապա նա ծանր քայլերով իջավ ջրմուղից. իսկ նրանք, որոնց անունները տվեց, հետևում էին նրան, թեև ոչ առանց տատանման, բայց որոշ վստահությամբ, որ ներշնչում էր նրա հանգստությունը։ Պետրոնիոսը կամարների ստորոտում կանգ առնելով՝ հրամայեց իր սպիտակ ձին մոտ բերել և, հեծնելով, ընկերակիցների առջևից, պրետորիանների խոր շարքերով գնաց դեպի սև, դղրդացող խուժանը՝ անզեն ձեռքին բռնած միայն փղոսկրե բարակ մի փայտ, որին սովորաբար հենվում էր։

Եվ հասնելով այնտեղ ձին քշեց ամբոխի մեջ։ Շուրջը հրդեհի լույսով երևում էին բարձրացրած ձեռքեր, որ ամեն տեսակ զենքեր էին կրում, բորբոքված աչքեր, քրտնած դեմքեր և մռնչացող, փրփրոտ շրթունքներ։ Կատաղած ալիքն իսկույն պատեց նրան ու նրա ընկերակիցներին. այդ ալիքի ետև երևում էր գլուխների ծովը՝ շարժվող, եռացող, ահռելի։

Աղաղակներն ավելի ևս սաստկացան և փոխվեցին ոչ մարդկային մռնչյունի. ձողեր, եղաններ և մինչև անգամ սրեր էին երերում Պետրոնիոսի գլխին. կողոպտիչ ձեռքեր էին պարզվում նրա ձիու սանձերի և հենց նրա կողմը. իսկ նա ավելի ու ավելի էր խորանում ամբոխի մեջ՝ սառնասիրտ, անտարբեր, արհամարհող։ Երբեմն փայտով խփում էր ամենահանդուգն մարդկանց գլուխներին, կարծես թե սովորական ճխլտոցի մեջ իր համար ճանապարհ բաց անելիս լիներ, սակայն նրա այդ վստահությունը, այդ հանգստությունը զարմացնում էին կատաղած ամբոխին։ Նրան վերջապես ճանաչեցին, և բազմաթիվ ձայներ սկսեցին գոչել.

— Պետրոնիո՜ս։ Arbiter elegantiarum, Պետրոնիո՜ս։

— Պետրոնիո՜ս,— լսվեց բոլոր կողմերից։

Եվ քանի կրկնվում էր այդ անունը, շուրջը դեմքերը դառնում էին պակաս ահռելի, իսկ աղաղակները պակաս կատաղի, որովհետև այդ վայելչակազմ պատրիկը, թեև երբեք չէր աշխատել ժողովրդի սիրտը գրավել, սակայն նրա սիրելին էր։ Մարդասեր և առատաձեռն մարդու անուն ուներ, նրա հեղինակությունը մեծացավ մանավանդ Պետրոնիոս Սեկունդոսի դատի ժամանակից ի վեր, երբ նա բարեխոսել էր մեղմացնելու այն խիստ վճիռը, որով այդ պրեֆեկտի բոլոր ստրուկները մահվան էին դատապարտվում։ Այնուհետև առավելապես ստրուկները սիրում էին նրան այնպիսի անզուսպ սիրով, ինչպես որ ճնշված ու թշվառ մարդիկ սովոր են սիրելու նրանց, որոնք իրենց գոնե մի կաթիլ կարեկցություն են ցույց տալիս։ Բացի այդ, հիմա դրան ավելացել էր նաև հետաքրքրությունը, թե ինչ է ասելու Կեսարի պատգամավորը, որովհետև ոչ ոք չէր կասկածում, որ Կեսարն է նրան դիտմամբ ուղարկել։ Իսկ նա, վրայից հանելով իր սպիտակ, ծայրերին կարմիր շերտ կարած տոգան, վեր բարձրացրեց և սկսեց տարուբերել իր գլխի վրա. նշան տալով, որ կամենում է խոսել։

— Լո՛ւռ, լո՛ւռ,— գոչեցին ամեն կողմից։

Մի քանի րոպե հետո ամեն ինչ լռեց։ Այն ժամանակ նա ուղղվեց ձիու վրա և սկսեց խոսել հեռուն տարածվող, հանգիստ ձայնով։

— Քաղաքացի՜ք, թող նրանք, որոնք իմ խոսքերը կլսեն, թող հաղորդեն դրանք նրանց, որոնք ավելի հեռու են կանգնած, և թող բոլորն իրենց պահեն մարդկանց և ոչ թե արենաների գազանների պես։

— Լսո՜ւմ ենք, լսո՜ւմ ենք...

— Դե՛հ լսեցեք։ Քաղաքը նորից կկառուցվի։ Լուկուլլոսի, Մեկենասսի, Կեսարի և Ագրիպպինայի պարտեզները բաց կլինեն ձեզ համար։ Վաղվանից կսկսվի հացի, գինու և ձիթապտղի բաժանումը, այնպես որ ամեն մեկը կկարողանա լցնել իր որովայնը մինչև որկորը։ Հետո Կեսարը ձեզ համար դեռ աշխարհիս երեսին չտեսնված խաղեր կսարքի, որոնց ժամանակ ձեզ մեծարքներ ու նվերներ են սպասում։ Ավելի հարուստ կլինեք հրդեհից հետո, քան թե էիք հրդեհից առաջ։

Նրա պատասխանն էր մրմունջը, որ մեջտեղից այնպես էր տարածվում ամեն կողմ, ինչպես ալիքները ջրի վրա, երբ մեջը քար ես ձգում. մոտիկ կանգնածները նրա խոսքերը կրկնում էին հեռու կանգնածներին։ Ապա այս ու այնտեղ բարձրացան աղաղակներ, բարկության թե հավանության, որոնք վերջապես փոխվեցին մի ընդհանուր, ահագին աղաղակի.

— Panem et circensus![370]...

Պետրոնիոսը փաթաթվեց տոգայի մեջ և միառժամանակ լսում էր լուռ, իր սպիտակ զգեստի մեջ մարմարե արձան հիշեցնելով։ Աղաղակը մեծանում էր, խլացնում էր հրդեհի ձայները, որ լսվում էին ամեն կողմից, և ավելի ու ավելի հեռավոր խորքերից. բայց երևում էր, որ դեսպանը էլի բան ուներ ասելու, որովհետև սպասում էր։

Եվ վերջապես վեր բարձրացրած ձեռքով նորից լռություն պատվիրելով նա գոչեց.

— Խոստանում եմ ձեզ panem et circenses. իսկ այժմ աղաղակեցեք ի պատիվ Կեսարի, որ ձեզ կերակրում է, հագցնում է, հետո գնացեք քնելու, իմ անփոխարինելի մարդիկ, որովհետև շուտով կսկսի լուսանալ։

Այս ասելով, նա շուռ տվեց ձիու գլուխը և, փայտով թեթևակի խփելով նրանց գլուխներին ու դեմքերին, որոնք նրա ճանապարհին էին կանգնած, դանդաղ հեռացավ դեպի պրետորիանական զորքերի շարքերը։

Մի փոքր անց՝ նա ջրմուղի տակն էր։ Վերևում գրեթե իրարանցում էր։ Այնտեղ չէին հասկացել panem et circenses աղաղակը և կարծում էին, թե դա զայրույթի նոր բռնկում է։ Մինչև անգամ հույս չունեին, որ Պետրոնիոսը կարողանար ազատվել, և այս պատճառով Ներոնը, տեսնելով նրան, վազեց համարյա մինչև աստիճանները և հուզմունքից գունատված դեմքով հարցրեց։

— Ի՞նչ է։ Ի՞նչ է այնտեղ։ Արդեն կռի՞վ է։

Պետրոնիոսը օդ շնչեց լի կրծքով, խոր հոգոց հանեց և պատասխանեց.

— Պոլլուքսը վկա՜, այ թե քրտնած են ու հոտած։ Ինձ մի «Էպիլիմմա»[371] տվեք, ուշաթափվում եմ։

Ապա դարձավ Կեսարին.

— Խոստացա նրանց հաց, ձիթապտուղ, պարտեզների բացում և խաղեր։ Պաշտում են քեզ և փրփուրը շրթունքներին նորից փառաբանում են քո անունը։ Աստվածներ, ինչ անախորժ հոտ ունի այս պլեբսը։

— Պրետորիաններս պատրաստ ունեի,— գոչեց Տիգելլինոսը,— և եթե նրանց չհանգստացնեիր, գոռացողները հավիտյան կլռեին։ Ափսոս, Կեսար, որ թույլ չտվիր ուժ գործադրել։

Պետրոնիոսը նայեց խոսողին, ուսերը թափահարեց և ասաց.

— Այդ դեռ կորած չէ։ Թեկուզ վաղը կարող ես գործ դնել այդ։

— Ո՛չ, ո՛չ,— ասաց Կեսարը։— Կհրամայեմ նրանց համար բաց անել պարտեզները և հաց բաժանել։ Շնորհակալ եմ քեզնից, Պետրոնիոս։ Խաղեր կսարքեմ, և այն երգը, որ այսօր ձեզ համար երգեցի, կերգեմ հրապարակորեն։

Այս ասելով՝ նա ձեռքը դրեց Պետրոնիոսի ուսին և մի րոպե լռելուց հետո վերջապես հարցրեց.

— Ճիշտ ասա, ինչպե՞ս էի քեզ երևում, երբ երգում էի։

— Արժանի էիր տեսարանին, ինչպես տեսարանը արժանի էր քեզ,— պատասխանեց Պետրոնիոսը։

Ապա դարձավ հրդեհի կողմը.

— Բայց նայենք էլի,— ասաց նա,— և հրաժեշտ տանք հին Հռոմին։

ԳԼՈՒԽ Ե

Առաքյալի խոսքերը հույս ներշնչեցին քրիստոնյաների հոգիներին։ Աշխարհի վերջը նրանց միշտ մոտալուտ էր թվում, բայց սկսեցին այնուամենայնիվ հավատալ, որ ահեղ դատաստանն իսկույն չի հասնի և որ դեռ գուցե տեսնեն Ներոնի իշխանության վերջը. այդ իշխանությունը նրանք Նեռի իշխանություն էին համարում և Աստծու պատիժ՝ վրեժխնդրություն կանչող նրա ոճիրների համար։ Ուստի սրտերն ամրապնդելով՝ նրանք աղոթքը վերջացնելուց հետո սկսեցին ցրվել գետնափորից և վերադառնալ իրենց ժամանակավոր ապաստանները, մինչև անգամ Անդրտիբերիս, քանի որ լուրեր եկան, թե մի քանի տեղ ձգված կրակը, քամու ուղղության փոխվելով, դարձել էր նորից գետի կողմը և այս ու այնտեղ լափելով ինչ որ կարող էր, դադարել էր տարածվել։

Առաքյալը Վինիկիոսի և իրենց ետևից գնացող Քիլոնի ուղեկցությամբ նույնպես թողեց գետնափորը։ Երիտասարդ տրիբունը չէր համարձակվում ընդհատել նրա աղոթքները և որոշ ժամանակ հետևում էր լուռ միայն աչքերով գթություն հայցելով և դողալով անհանգստությունից։ Բայց դեռևս շատերը գալիս էին առաքյալի աջը և զգեստի ծայրը համբուրելու. մայրերը մեկնում էին նրան իրենց մանուկներին, մյուսները չոքում էին մութ, երկար անցքի մեջ և, վեր բարձրացնելով լապտերները, օրհնություն էին խնդրում. մի քանիսը, վերջապես, մոտից անցնելով՝ երգում էին, այնպես որ մի հարմար րոպե չկար ո՛չ հարցնելու, ո՛չ էլ պատասխանելու համար։ Նույնն էր նաև ձորի մեջ։ Միայն երբ դուրս եկան ավելի արձակ տարածություն, որտեղից արդեն տեսանելի էր այրվող քաղաքը, առաքյալը, երեք անգամ խաչ հանելով նրա վրա, դարձավ Վինիկիոսին և ասաց.

— Մի՛ անհանգստանա։ Այստեղից մոտիկ է ֆոսորի խրճիթը, ուր կգտնենք Լիգիային՝ Լիննոսի և հավատարիմ ծառայի հետ։ Քրիստոսը, որ նրան քեզ համար է նշանակել, պահպանեց նրան քեզ համար։

Իսկ Վինիկիոսը տատանվեց և ձեռքով հենվեց ժայռին։ Անտիոնի ճանապարհը, պարիսպների շուրջը պատահած դեպքերը, կեծացած ծխի մեջ Լիգիային որոնելը, անքնությունն ու չափազանց անհանգստությունը սպառել էին երիտասարդի ուժերը, իսկ նրանց մնացորդն էլ կորցրեց, իմանալով, որ իր համար ամենաթանկագին գլուխը մոտիկ է և որ մի քանի րոպեից կտեսնի նրան։ Հանկարծ այնպիսի մեծ թուլություն տիրեց նրան, որ ընկավ առաքյալի ոտները և, գրկելով նրա ծնկները, մնաց այդպես՝ չկարողանալով մի խոսք արտասանել։

Իսկ առաքյալը, պաշտպանվելով շնորհակալության և պատվի նշաններից, ասաց.

— Ո՛չ ինձնից, ո՛չ ինձնից, այլ Քրիստոսից։

— Ի՜նչ հզորագույն աստվածություն է,— ետևից լսվեց Քիլոնի ձայնը,— բայց չգիտեմ՝ ի՛նչ պետք է անեմ ջորիները, որոնք այստեղ մոտիկ սպասում են։

— Վեր կաց և արի ինձ հետ,— ասաց Պետրոսը՝ բռնելով երիտասարդի ձեռքից։

Վինիկիոսը վեր կացավ։ Լուսնյակի լույսով հուզմունքից գունատված դեմքի վրա նկատվում էին հոսող արտասուքները։ Շրթունքները դողում էին, կարծես աղոթելիս լիներ։

— Գնանք,— ասաց նա։

Բայց Քիլոնը նորից կրկնեց.

— Տեր, ի՞նչ պիտի անեմ ջորիները, որոնք սպասում են։ Գուցե այս պատվելի մարգարեն գերադասում է ջորիով գնալ, քան թե ոտքով։

Վինիկիոսն ինքն էլ չգիտեր՝ ինչ պատասխանի. բայց իմանալով Պետրոսից, որ բանվորի խրճիթը այնտեղից մոտիկ է, ասաց.

— Ջորիները տար Մակրինոսի մոտ։

— Ների՛ր, տեր, որ քեզ հիշեցնում եմ Ամերիոլայի տան մասին։ Այս զարհուրելի հրդեհի առջև կարելի է այդպիսի չնչին բանը մոռանալ։

— Կստանաս այդ։

— Օ՜, Նումա Պոմպիլիոսի թոռ, միշտ վստահ եմ եղել, իսկ այժմ, երբ խոստումդ լսեց նաև այս վեհանձն առաքյալը, չեմ հիշեցնում քեզ մինչև անգամ այն, որ ինձ նաև այգի ես խոստացել։ Pax vobiscum!։ Ես քեզ կգտնեմ, տեր։ Pax vobiscum.

Իսկ նրանք պատասխանեցին.

— Եվ քեզ։

Հետո երկուսն էլ շրջվեցին աջ, բլուրների կողմը։ Ճանապարհին Վինիկիոսն ասաց.

— Տեր, սրբիր ինձ մկրտության հրով, որպեսզի կարողանամ Քրիստոսի ճշմարիտ հետևող անվանվել, որովհետև սիրում եմ նրան հոգուս բոլոր ուժերով։ Սրբիր ինձ, սիրտս արդեն պատրաստ է։ Եվ ինչ որ կպատվիրի ինձ, կանեմ. բայց դու ասա՛ ինձ՝ ավելի ի՞նչ կարող եմ անել։

— Սիրի՛ր մարդկանց եղբայրներիդ պես,— պատասխանեց առաքյալը,— որովհետև միայն սիրով կարող ես Նրան ծառայել։

— Այո՛։ Ես այդ արդեն հասկանում և զգում եմ։ Մանուկ հասակումս հավատում էի հռոմեական աստվածներին, բայց նրանց չէի սիրում. իսկ այս միակին սիրում եմ այնպես, որ կյանքս ուրախությամբ կզոհեի նրա համար։

Եվ սկսեց նայել երկնքին՝ կրկնելով հափշտակությամբ.

— Որովհետև Նա միայն գոյություն ունի, որովհետև Նա միայն բարի է և ողորմած։ Թող ոչ միայն այս քաղաքը, այլև ամբողջ աշխարհը կործանվելու լիներ։ Նրան միայն կպաշտեմ և նրան կճանաչեմ։

— Եվ նա կօրհնի քեզ և քո տունը,— վերջացրեց առաքյալը։

Այս միջոցին նրանք ծռվեցին մի ուրիշ ձորակ, որի ծայրին երևում էր մի աղոտ լույս։ Պետրոսը ձեռքով նրա կողմը ցույց տվեց և ասաց.

—Ահա ֆոսորի խրճիթը, որ մեզ ապաստան տվեց, երբ հիվանդ Լիննոսի հետ վերադառնում էինք Օստրիանոնից և չկարողացանք հասնել Անդրտիբերիս։

Քիչ անց նրանք տեղ հասան։ Խրճիթն ավելի շուտ մի քարանձավ էր՝ փորված լեռան ճեղքվածքի մեջ և դրսից փակված պատով, որ կավից և եղեգնից էր շարված։ Դուռը ծածկված էր, սակայն պատուհանի փոխարինող բացվածքի միջով երևում էր օջախի կրակով լուսավորված ներսը։

Մի ինչ֊որ ահագին կերպարանք վեր կացավ տեղից՝ եկվորներին դիմավորելու և հարցրեց.

— Ովքե՞ր եք։

— Քրիստոսի ծառաներ,— պատասխանեց Պետրոսը։— Խաղաղություն քեզ, Ուրսո՛ւս։

Ուրսուսը խոնարհվեց առաքյալի ոտքերի առջև, հետո ճանաչելով Վինիկիոսին, իր թաթերով բռնեց նրա ձեռքը և մոտեցրեց շրթունքներին։

— Դո՞ւ ես, տե՛ր,— ասաց նա։— Օրհնվի Գառի անունը այն ուրախության համար, որ կպատճառես Կալլինային։

Այս ասելով՝ նա բաց արեց դուռը, և նրանք ներս մտան։ Հիվանդ Լիննոսը պառկած էր ծղոտի վրա՝ նիհարած դեմքով և փղոսկրի պես դեղին ճակատով։ Օջախի մոտ նստած էր Լիգիան՝ ձեռքում բռնած փոքր ձկների մի շար, որ ինչպես երևում էր, ընթրիքի համար էր։

Զբաղված լինելով թելից ձկները ետ անելով և այն համոզմունքի մեջ, թե Ուրսուսն է մտնում, աչքերը բոլորովին չբարձրացրեց։ Բայց Վինիկիոսը մոտեցավ և, նրա անունը տալով, պարզեց նրան իր ձեռքերը։ Այն ժամանակ նա արագ վեր թռավ. զարմանքի և ուրախության փայլակն անցավ նրա դեմքով, և անխոս, մի մանկան պես, որ երկար նեղություններից ու փորձանքներից հետո գտնում է իր հորը կամ իր մորը, ընկավ նրա բաց արած բազուկների մեջ։

Իսկ երիտասարդը գրկեց նրան և երկար սեղմում էր կրծքին այնպիսի հափշտակությամբ, կարծես նա հրաշքով ազատված լիներ։ Բայց հետո, բազուկներն արձակելով, իր ձեռների մեջ առավ նրա քունքերը, համբուրում էր ճակատը, աչքերը և նորից գրկում նրան, կրկնում էր նրա անունը, հետո կռանում էր դեպի նրա ծնկներն ու ձեռքերը, ողջունում էր նրան, մեծարում էր և պաշտում։ Նրա ուրախությունն ուղղակի սահման չուներ, ինչպես և նրա սերն ու բախտավորությունը։

Վերջն սկսեց նրան պատմել, թե ինչպես էր շտապում Անտիոնից, ինչպես էր որոնում նրան պարիսպների տակ և տների մեջ, Լիննոսի տանը. որքան էր տանջվել ու մաշվել և որքան տառապանք էր քաշել առաջ, քան առաքյալը ցույց տվեց իրեն նրա ապաստանը։

— Բայց այժմ,— ասում էր նա,— երբ գտա, քեզ չեմ թողնի այս կրակի և կատաղած ամբոխի մեջ։ Մարդիկ այստեղ միմյանց սպանում են պարիսպների շուրջը, ստրուկները հուզվում են և հափշտակում։ Աստված միայն գիտի, թե էլ ինչպիսի փորձանքներ կարող են ընկնել Հռոմի վրա։ Բայց ես կփրկեմ քեզ և ձեզ բոլորիդ, օ՜, իմ անգի՜ն... Արդյոք կամենո՞ւմ եք ինձ հետ գնալ Անտիոն։ Այնտեղ նավ կնստենք և կհեռանանք Սիցիլիա։ Եմ հողերը ձեր հողերն են. իմ տները՝ ձեր տները։ Լսի՛ր ինձ։ Սիցիլիայում կգտնենք Ավլոսներին, կվերադարձնեմ քեզ Պոմպոնիային և հետո քեզ կստանամ նրանից։ Չէ՞ որ դու, օ՜ carrissima, չես վախենում ինձնից։ Մկրտությունը դեռ ինձ չի սրբել, բայց ահա հարցրու Պետրոսին, արդյոք մի րոպե առաջ, այստեղ, քեզ մոտ գալիս, չասացի՞, որ կամենում եմ Քրիստոսի ճշմարիտ հետևող լինել, և արդյոք իրենից չե՞մ խնդրել, որ ինձ մկրտի, թեկուզ ֆոսորի այս խրճիթի մեջ։ Հավատա՛ ինձ և հավատացեք ինձ բոլորդ։

Լիգիան լսում էր նրա խոսքերը պայծառացած դեմքով։ Ամենքն այստեղ, սկզբում հրեաների հալածանքների, իսկ հետո հրդեհի և պատահարից առաջացած շփոթության պատճառով, իսկապես շարունակ ապրում էին անապահովության և անհանգստության մեջ։ Խաղաղ Սիցիլիա հեռանալը վերջ կդնի բոլոր նեղություններին և միաժամանակ բախտավորության նոր դար կբանար նրանց կյանքի մեջ։ Եթե Վինիկիոսը կամենար միայն իրեն՝ Լիգիային վերցնել, հավանական է աղջիկը կդիմադրեր գայթակղությանը՝ չկամենալով թողնել Պետրոս առաքյալին և Լիննոսին. բայց Վինիկիոսը չէ՞ որ ասում էր նրանց. «Եկեք ինձ հետ, իմ հողերը ձեր հողերն են, իմ տները՝ ձեր տները»։

Ուստի, խոնարհվելով դեպի նրա ձեռքը, որպեսզի այն համբուրի ի նշան հնազանդության, ասաց.

— Քո օջախը՝ իմ օջախը։

Ապա ամոթահարվելով, որ արտասանեց այն խոսքերը, որոնք հռոմեական սովորության համաձայն կրկնում էին նշանվածները միայն հարսանիքի ժամանակ, շիկնեց և կանգնած էր կրակի փայլի մեջ, գլուխը քարշ արած, անվստահ՝ չլինի թե իր խոսքերը վատ հասկացվեն։

Բայց Վինիկիոսի հայացքի մեջ միայն անծայր պաշտամունք էր նկատվում։ Այնուհետև նա դիմեց Պետրոսին և նորից ասաց.

— Հռոմը այրվում է Կեսարի հրամանով։ Դեռ Անտիոնում գանգատվում էր, որ երբեք մեծ հրդեհ չի տեսել։ Բայց եթե նա կանգ չառավ այսպիսի ոճրի առջև, մտածեցեք՝ այլևս ինչ կարող է լինել։ Ո՞վ գիտե, արդյոք զորքերը ժողովելով, չի՞ հրամայի կոտորել բնակիչներին։ Ո՞վ գիտե, ինչպիսի՜ պրոսկրիպցիաներ[372] կլինեն, ո՞վ գիտե, արդյոք հրդեհի պատահարից հետո վրա չի՞ հասնի տնային պատերազմը, սպանությունների և սովի պատահարը։ Ուստի թաք կացեք և թաք կացրեք Լիգիային։ Այնտեղ խաղաղության մեջ սպասեցեք փոթորկի վախճանին և երբ կանցնի, վերադարձեք նորից՝ ձեր սերմը սերմանելու։

Դրսից, Ager Vaticanus֊ի կողմից, կարծես Վինիկիոսի երկյուղը հաստատելու համար, ինչ֊որ հեռավոր, կատաղության և զայրույթով լի աղաղակներ լսվեցին։ Այդ միջոցին հասավ նաև խրճիթի տեր քարագործը և դուռը շտապ կողպելով՝ գոչեց.

— Ներոնի կրկեսի մոտ մարդիկ կոտորում են միմյանց։ Ստրուկներն ու գլադիատորները հարձակվել են քաղաքացիների վրա։

— Լսո՞ւմ եք,— ասաց Վինիկիոսը։

— Չափն անցնում է,— ասաց առաքյալը,— և տառապանքները ծովի պես անծայր կլինեն։

Հետո դիմեց Վինիկիոսին և, ցույց տալով Լիգիային, ասաց.

— Ա՛ռ այս աղջկան, որին քեզ համար Աստված է նշանակել, և փրկիր սրան. հիվանդ Լիննոսն ու Ուրսուսն էլ թող գնան ձեզ հետ։

Բայց Վինիկիոսը, որ սիրել էր առաքյալին իր անզուսպ հոգու բոլոր ուժերով, գոչեց.

— Երդվո՛ւմ եմ քեզ, վարդապետ, որ քեզ այստեղ չեմ թողնի կորչելու։

— Եվ թող Տերը օրհնի քեզ քո մտադրության համար,— պատասխանեց առաքյալը,— բայց մի՞թե չես լսել, որ Քրիստոսը երեք անգամ կրկնեց ինձ լճափին. «Արածեցրու իմ գառները»։

Վինիկիոսը լռեց։

— Եվ եթե դու, որին ոչ ոք չի հանձնարարել հոգալ իմ մասին, ասում ես, որ չես թողնի ինձ այստեղ կորչելու, ի՞նչ ես ուզում, որ ես փորձության ժամին փախչե՞մ իմ հոտից։ Երբ ծովի վրա փոթորիկ էր, և երբ մենք խռովվում էինք մեր սրտերի մեջ, նա չթողեց մեզ. ես, որ ծառա եմ, ինչո՞ւ չպիտի հետևեմ իմ Տիրոջ օրինակին։

Այդ միջոցին Լիննոսը բարձրացրեց իր նիհար դեմքը և հարցրեց.

— Եվ ես, Տիրոջ փոխանորդ, ինչո՞ւ չպիտի հետևեմ քո օրինակին։

Վինիկիոսն սկսեց ձեռքն իր գլխով ման բերել, կարծես մաքառում էր ինքն իրեն հետ, կամ կռվում իր մտքերի հետ, ապա, բռնելով Լիգիայի ձեռքից, ասաց մի ձայնով, որի մեջ հնչում էր հռոմեական զինվորի եռանդը.

— Լսեցե՛ք ինձ, Պետրոս, Լիննոս և դու, Լիգիա։ Ասում էի այն, ինչ որ թելադրում էր ինձ իմ մարդկային խելքը. դուք ուրիշ խելք ունեք, որ մտածում է ոչ թե սեփական ապահովության, այլ Փրկչի պատվերների մասին։ Այո, ես այդ չհասկացա և սխալվեցի, որովհետև իմ աչքերից դեռ հանված չէ շղարշը, և նախկին բնությունը զարթնում է իմ մեջ։ Բայց սիրում եմ Քրիստոսին և կամենում եմ նրա ծառան լինել և չնայելով որ մտածում եմ ավելի մի ուրիշ բանի, քան իմ սեփական գլխի մասին, ահա չոքում եմ ձեր առջև և երդվում, որ ես էլ կկատարեմ սիրո պատվերը և փորձության օրը չեմ թողնի իմ եղբայրներին։

Այս ասելով՝ նա չոքեց, և հանկարծ նրան տիրեց հափշտակությունը. աչքերն ու ձեռքերը վեր ուղղեց և գոչեց.

— Արդյոք հասկանո՞ւմ եմ Քեզ արդեն, Քրիստո՛ս, արդյոք արժանի՞ եմ Քեզ։

Ձեռքերը դողդողում էին, աչքերը փայլում էին արտասուքներից, մարմինը ցնցվում էր հավատի ու սիրո սարսուռից։ Իսկ Պետրոս առաքյալը վերցրեց ջրով լի կավե ամֆորան[373] և, մոտենալով նրան, ասաց հանդիսավոր կերպով.

— Ահա մկրտում եմ քեզ հանուն Հոր և Որդվո և Հոգվույն սրբո, ամե՜ն։

Այն ժամանակ կրոնական հափշտակությունը տիրեց բոլորին։ Նրանց թվում էր, թե խրճիթը լցվում է ինչ֊որ գերերկրային լույսով, թե լսում են ինչ֊որ գերերկրային երաժշտություն, թե երկնքից իջնում են հրեշտակների գումարտակներ, իսկ այնտեղ, բարձրում, խաչ է երևում և մեխերով ծակծկված օրհնող ձեռքեր։

Իսկ դուրսը դղրդում էին կռվող մարդկանց աղաղակները և այրվող քաղաքի կրակի վշշոցը։

ԳԼՈՒԽ Զ

Մարդկային բանակները տեղավորվել էին Կեսարի պարտեզներում, որ առաջ Դոմիտիոսինն ու Ագրիպպինայինն էին, Մարսյան դաշտի վրա, Պոմպեոսի, Սալլուստիոսի և Մեկենասի պարտեզներում։ Բռնված էին պորտիկները, գնդակախաղի[374] համար նշանակված շենքերը, շքեղ ամառային տները և գազանների համար կառուցված սրահները։ Սիրամարգերը, ֆլամինգները, կարապներն ու ջայլամները, աֆրիկական վիթերն ու անտիլոպները, եղջերուներն ու այծյամները, որոնք պարտեզների զարդարանքի համար էին ծառայում, ամբոխի կերակուր դարձան։ Օստիայից սկսեցին այնպես առատ ուտելեղեն բերել, որ լաստերի ու զանազան նավերի վրայով կարելի էր Տիբերիսի մեկ ափից մյուսն անցնել, իբրև կամուրջով։ Հացը բաժանում էին երեք սեստերց չլսված ցածր գնով, իսկ չքավորներին՝ բոլորովին ձրի։ Ամբարված էր անհամար քանակությամբ գինի, ձիթապտուղ և շագանակ։ Լեռներից ամեն օր եզների ու ոչխարների հոտեր էին քշվում։ Հրդեհից առաջ Սուբուռայի ծակուծուկերում թաք կացող և առաջ սովից մեռնող աղքատներն այժմ ավելի լավ էին ապրում։ Սովի վտանգը վերջնականապես հեռացված էր, դրա փոխարեն ավելի դժվար էր թալանի, ավարառությունների և բռնությունների առաջն առնելը։ Թափառաշրջիկ կյանքն ապահովում էր ավազակների անպատիժ մնալը, մանավանդ որ նրանք իրենց Կեսարի պաշտողներ էին հռչակում և նրա պատվին ծափահարություններ չէին խնայում ամեն տեղ, ուր որ երևում էր։ Նաև քանի որ իրերի բերմամբ իշխանությունը լուծված էր, ինչպես և բավական զինվորական ուժ էր պակասում, որ կարող էր ինքնակամությունների առաջն առնել, այն ժամանակվա ամբողջ աշխարհի տականքով բնակված քաղաքում կատարվում էին այնպիսի բաներ, որոնք դուրս էին մարդկային երևակայությունից։ Ամեն գիշեր կռիվներ, սպանություններ, կանանց և պատանիների առևանգումներ էին լինում։ Porta Mugionis֊ի մոտ, ուր կանգնում էին Կամպանիայից քշված հոտերը, բանը արյունահեղության էր հասնում, կոտորվում էին հարյուրավոր մարդիկ։ Ամեն առավոտ Տիբերիսի ափերը ծածկվում էին խեղդված դիակներով, որոնց ոչ ոք չէր թաղում և որոնք շոգերի և հրդեհի տապի պատճառով արագ նեխվելով, օդը լցնում էին գարշահոտությամբ։ Ապաստանի տեղերում հիվանդություններ երևացին, և երկչոտները մեծ ժանտախտ էին գուշակում։

Իսկ քաղաքը շարունակ այրվում էր։ Միայն վեցերորդ օրը հրդեհը, հանդիպելով Էսքվիլինի դատարկ տարածություններին, ուր դիտմամբ քանդել էին բազմաթիվ մեծամեծ տներ, սկսեց թուլանալ։ Բայց կրակվող ածուխների կույտերը դեռ լուսավորում էին այնպես սաստիկ, որ ժողովուրդը չէր ուզում հավատալ, թե պատահարն արդեն վերջանում է։ Եվ, իրոք, յոթերորդ գիշերը Տիգելլինոսի շինությունների մեջ հրդեհը բորբոքվեց նոր ուժով, բայց ճարակի պակասության պատճառով արդեն կարճ տևեց։ Այս ու այնտեղ միայն այրված տներն էին դեռ փուլ գալիս՝ վեր նետելով բոցեղեն լեզուներ և կայծի սյուներ։ Բայց տակից ծանր վառվող ածխակույտերն արդեն վերևից սկսեցին սևանալ։ Երկինքը արևի մայր մտնելուց հետո դադարեց լուսավորվել արյունոտ փայլով, և ընդարձակ սև անապատի վրա միայն գիշերն էին վազվզում կապույտ լեզուներ, որոնք դուրս էին թռչում ածխակույտերից։

Հռոմի տասնևչորս արվարձաններից մնացին հազիվ չորսը, այդ թվում և Անդրտիբերիսը։ Մնացածը լափեցին բոցերը։ Երբ վերջապես ածխակույտերը մոխիր դարձան, Տիբերիսից սկսած մինչև Էսքվիլին երևում էր մի ահագին սև, տխուր, մեռած տարածություն, որի վրա ցցված էին ծխնելույզների շարքեր՝ գերեզմանատան դամբանական սյուների պես։ Այդ սյուների միջով շրջում էին մռայլադեմ մարդիկ՝ թանկագին իրեր և թանկագին մարդկանց ոսկորներ որոնելով. գիշերները շները ոռնում էին մոխրակույտերի և նախկին տների ածուխների վրա։

Կեսարի ցույց տված ամբողջ առատաձեռնությունն ու օգնությունը ժողովրդին ետ չպահեց չարախոսություններից ու խռովությունից։ Գոհ էր միայն ավազակների, ոճրագործների և անտուն աղքատների ամբոխը, որ կարող էր սրտի ուզածին չափ ուտել խմել և գռփել։ Բայց ամենամոտիկ էակներ և կարողություն կորցնողներին չէր կարելի հաշտեցնել ո՛չ պարտեզների բացումով, ո՛չ հացի բաշխումով, ո՛չ էլ խաղերի ու նվերների խոստումներով։ Դժբախտությունը չափազանց մեծ էր և չափազանց անլուր։ Մի քանիսին, որոնց մեջ դեռ չէր հանգել քաղաքի հայրենասիրական կայծը, հուսահատության էր հասցնում այն լուրը, թե «Հռոմ» հին անունը պետք է ջնջվի երկրի երեսից, և թե Կեսարը մտադիր է մոխրի վրա նոր քաղաք կառուցել՝ Ներոպոլիս անունով։ Դժկամության ալիքը ուռչում և մեծանում էր օրեցօր, և չնայելով ավգուստիանների շողոքորթություններին, չնայելով Տիգելլինոսի ստախոսություններին, Ներոնը, որ բոլոր նախորդ կայսրերից ավելի էր աշխատում ամբոխի սերը գրավել, անհանգստությամբ մտածեց, որ պատրիկների և ծերակույտի դեմ իր մղած մահի ու կյանքի խուլ կռվի մեջ կարող է կորցնել նեցուկը։ Իրենք ավգուստիանները պակաս չէին շփոթված, քանի որ ամեն մի առավոտ կարող էր կորուստ բերել նրանց։ Տիգելլինոսը մտածում էր մի քանի լեգեոններ կանչել Փոքր Ասիայից։ Վատինիոսը, որ ծիծաղում էր մինչև անգամ այն ժամանակ, երբ նրան ապտակ էին տալիս, կորցրեց ծիծաղկոտ տրամադրությունը. Վիտելիոսը կորցրեց ախորժակը։

Մի քանիսը միմյանց հետ խորհուրդ էին անում՝ ինչպես հեռացնեն վտանգը, որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ եթե որևէ հեղափոխություն ոչնչացնի Կեսարին, ավգուստիաններից ոչ ոք, բացի գուցե Պետրոնիոսից, դուրս չի պրծնի, շունչը բերանում։ Չէ՞ որ իրենց ազդեցություններին էին վերագրում Ներոնի գժությունները, իրենց թելադրություններին՝ նրա կատարած բոլոր ոճրագործությունները, իրենց դեմ ատելությունը գրեթե ավելի մեծ էր, քան նրա դեմ։

Ուստի սկսել էին հնարներ մտածել, որպեսզի իրենցից հեռացնեն քաղաքն այրելու պատասխանատվությունը։ Բայց դրա համար պետք էր և Կեսարին մաքրել կասկածանքներից, այլ կերպ ոչ ոք չէր հավատա, որ իրենք չեն եղել պատահարի պատճառը։ Տիգելլինոսն այդ նպատակով խորհուրդ էր անում Դոմիտիոս Աֆերի և մինչև անգամ Սենեկայի հետ, թեև նրան ատում էր։ Պոպպեան, նույնպես հասկանալով, որ Ներոնի կորուստը կլիներ նաև իր մահավճիռը, հարցնում էր իր հավատարմատարների և եբրայական քահանաների կարծիքը, քանի որ ամեն տեղ պնդում էին, թե նա մի քանի տարուց ի վեր դավանում է Եհովայի հավատը։ Ներոնն իր առանձին միջոցներն էր հնարում՝ հաճախ ահեղ, ավելի հաճախ՝ խեղկատակային, և փոփոխակի մեկ երկյուղի մեջ էր ընկնում, մեկ զվարճանում էր մանկան պես, բայց նախ և առաջ տրտնջում էր։

Մի անգամ, Տիբերի՝ հրդեհից ազատված տանը երկար և ապարդյուն խորհրդակցություն էր։ Պետրոնիոսը այն կարծիքի էր, որ գլխացավանքից ազատվելով՝ մեկնեն Հունաստան, իսկ հետո՝ Եգիպտոս և Փոքր Ասիա։ Չէ՞ որ այդ ճանապարհորդությունը վաղուց որոշված էր, ի՞նչ հարկ կա հետաձգել, քանի որ Հռոմում և՛ տխուր է, և՛ վտանգավոր։

Կեսարը ոգևորությամբ ընդունեց այս խորհուրդը, բայց Սենեկան, մի րոպե միտք անելով, ասաց.

— Գնալը հեշտ է, բայց վերադառնալը հետո ավելի դժվար կլինի։

— Հերակլե՜սը վկա,— պատասխանեց Պետրոնիոսը,— վերադառնալ կարելի է՝ ասիական լեգեոնների գլուխն անցած։

— Այդպես կանեմ,— գոչեց Ներոնը։

Բայց Տիգելլինոսն սկսեց հակառակել։ Ինքը ոչինչ հնարել չէր կարող և եթե Պետրոնիոսի միտքն իր գլուխը գար, դա կհայտարարեր իբրև միակ փրկարար միտք. սակայն նրա հոգսն այն էր, որ Պետրոնիոսը նորից միակ մարդը չերևա, որ նեղ րոպեներին գիտե ամենը և ամենքին փրկել։

— Լսիր ինձ, աստվածային,— ասաց նա,— խորհուրդը կորստաբեր է։ Մինչև կհասնես Օստիա, տնային կռիվը կսկսվի. ո՞վ գիտե, արդյոք աստվածային Օգոստոսի՝ դեռ կենդանի մնացած կողմնակի սերունդներից որևէ մեկը իրեն կայսր չի՞ հռչակի, և այն ժամանակ ի՞նչ կանենք, եթե լեգեոնները նրա կողմը կանգնեն։

— Կանենք այն,— պատասխանեց Ներոնը,— որ առաջ սպառվի Օգոստոսի սերունդը։ Քչերն են մնացել, ուստի նրանցից ազատվել հեշտ է։

— Այդ կարելի է անել, բայց մի՞թե նրանք են միայն վտանգավոր։ Իմ մարդիկ, հենց երեկ, լսել են ամբոխի մեջ, թե պետք է որ կայսր լինի այնպիսի մեկը, ինչպիսին է Թրասեասը։

Ներոնը շրթունքները կծեց։ Սակայն մի րոպե անց աչքերը վեր բարձրացրեց և ասաց.

— Անկուշտ և ապերախտ մարդի՜կ։ Ունեն բավականին ալյուր և ածուխ, որի վրա կարող են լոշ թխել, էլ ի՞նչ են ուզում։

Այս խոսքի վրա Տիգելլինոսն ասաց.

— Վրեժխնդրությո՜ւն։

Տիրեց լռություն։ Հանկարծ Կեսարը վեր կացավ, վեր բարձրացրեց ձեռքը և սկսեց բլբլալ.

«Սրտերը վրեժ են խնդրում, իսկ վրեժը՝ զոհ»...

Հետո ամեն ինչ մոռանալով՝ գոչեց պայծառացած դեմքով.

— Թող տախտակ տան և ստիլոս, որպեսզի այս տունը գրեմ։ Լուկանոսը երբեք նմանը չի հնարի։ Արդյոք նկատեցի՞ք, որ հյուսեցի մի ակնթարթում։

— Օ՜ , անզուգական,— լսվեցին մի քանի ձայներ։

Ներոնը տունը գրեց և ասաց.

— Այո՛, վրեժը զոհ է պահանջում։

Ապա հայացքը ման բերեց ներկա եղողների վրայով։

— Իսկ եթե լուր տարածենք, որ այդ Վատինիոսն է հրամայել քաղաքն այրել, և նրան զոհենք ժողովրդի բարկությա՞նը։

— Օ՜, աստվածայի՜ն։ Ես ի՞նչ եմ որ...— գոչեց Վատինիոսը։

— Ճշմարիտ է։ Հարկավոր է քեզանից ավելի մեծը... Վիտելիո՞սը...

Վիտելիոսը գունատվեց, բայց սկսեց ծիծաղել։

— Իմ ճարպը,— ասաց նա,— կարող է միայն նորից արծարծել հրդեհը։

Բայց Ներոնը ուրիշ բան ուներ մտքում. նա որոնում էր մի այնպիսի զոհ, որը, իրոք, կարողանար մարել ժողովրդի բարկությունը, և գտավ նրան։

— Տիգելլինոս,— ասաց նա քիչ հետո.— դու այրեցիր Հռոմը։

Ժողովականների մարմնով դող անցավ։ Հասկացան, որ Կեսարն այս անգամ դադարել է կատակելուց և որ մոտենում է դեպքեր ծնող րոպեն։

Իսկ Տիգելլինոսի դեմքը ծռվեց, ինչպես մի շան բերան, որ պատրաստ է կծելու։

— Այրեցի Հռոմը, բայց քո՛ հրամանով,— ասաց նա։

Եվ նրանք սկսեցին իրար նայել երկու դևերի պես։ Այնպիսի լռություն տիրեց, որ լսելի էր ատրիոնում թռչող ճանճերի բզզոցը։

— Տիգելլինոս,— ձայն հանեց Ներոնը,— դու արդյոք սիրո՞ւմ ես ինձ։

— Դու գիտես, տեր։

— Նվիրիր քեզ ինձ։

— Աստվածային Կեսար,— պատասխանեց Տիգելլինոսը,— ինչո՞ւ ես ինձ տալիս քաղցր խմիչքը, որ անհնար է շրթունքներիս մոտեցնել։ Ժողովուրդը տրտնջում և հուզվում է, արդյոք կամենում ես, որ պրետորիաննե՞րն էլ սկսեն հուզվել։

Սպառնալիքի զգացումը ճնշեց ներկա եղողների սրտերը։ Տիգելլինոսը պրետորիանների պրեֆեկտ էր, և նրա խոսքերը ուղղակի սպառնալիքի նշանակություն ունեին։ Ինքը Ներոնը հասկացավ այդ, և նրա դեմքը գունատվեց։

Այս միջոցին ներս մտավ Կեսարի Եպոփրոդիտես ազատագիրը, ազդարարելով, որ աստվածային Ավգուստան կամենում է տեսնել Տիգելլինոսին, և որ նրա մոտ մարդիկ կան, որոնց պրեֆեկտը պարտավոր է լսել։

Տիգելլինոսը գլուխ տվեց Կեսարին և դուրս գնաց՝ հանգիստ ու արհամարհանքով լի դեմքով։ Ահա, երբ կամենում էին խփել նրան, նա ատամները ցույց տվեց, հասկացնելով, թե ինքը ով է, և, գիտենալով Ներոնի երկչոտությունը, վստահ էր, որ աշխարհի այդ տերը երբեք չի համարձակվի իր դեմ ձեռք բարձրացնել։

Իսկ Ներոնը մի րոպե լուռ նստած էր, բայց տեսնելով, որ ներկա եղողներն իրենից որևէ խոսքի են սպասում, ասաց.

— Սնուցեցի օ՛ձ ծոցիս մեջ։

Պետրոնիոսն ուսերը շարժեց. կարծես ուզում էր ասել, որ այդպիսի օձի գլուխը դժվար չէ ջախջախել։

— Ի՞նչ կասես, խոսիր, խորհուրդ տուր,— գոչեց Ներոնը՝ նկատելով նրա շարժումը։— Միայն քեզ եմ հավատում, որովհետև դու ուրիշներից ավելի խելք ունես և սիրում ես ինձ։

Արդեն Պետրոնիոսի լեզվի վրա էր՝ «Նշանակիր ինձ պրետորիանների պրեֆեկտ, և ես Տիգելլինոսին կհանձնեմ ժողովրդի ձեռքը և մի օրվա մեջ կխաղաղեցնեմ քաղաքը»։ Բայց բնական ծուլությունը գերակշռեց։ Պրեֆեկտ լինել նշանակում էր միայն ուսերի վրա կրել Կեսարի իշխանությունը և հազարավոր քաղաքական գործեր։ Եվ իր ինչի՞ն է պետք այդ աշխատանքը։ Մի՞թե ավելի լավ չէ ոտանավորներ կարդալ շքեղ գրադարանում, սկահակներ ու արձաններ տնտղել, կամ գրկում պահելով աստվածային Եվնիկեի մարմինը՝ մատներով զննել նրա ոսկեգույն մազերը, և շրթունքները կռացնել նրա մարջանանման շուրթերի վրա։

Ուստի ասաց.

— Ես խորհուրդ եմ տալիս Աքայա գնալ։

— Ա՛հ,— պատասխաներ Ներոնը,— ավելի մեծ բան էի սպասում քեզնից։ Ծերակույտն ինձ ատում է։ Երբ հեռանամ, ինձ ո՞վ կվստահեցնի, թե արդյոք չե՞ն ապստամբի իմ դեմ և մեկ ուրիշին չե՞ն հայտարարի կայսր։ Ժողովուրդն առաջ ինձ հավատարիմ էր, իսկ այժմ կգնա նրանց ետևից... Հադեսը վկա՜, եթե այս ծերակույտն ու այս ժողովուրդը մի գլուխ ունենար...

— Թույլ տուր քեզ ասել, աստվածային, որ կամենալով պահպանել Հռոմը՝ պետք է պահպանել գոնե մի քանի հռոմեացի,— ժպտալով ասաց Պետրոնիոսը։

Բայց Ներոնն սկսեց գանգատվել.

— Ինչի՞ս են Հռոմը և հռոմեացիները։ Ինձ կլսեին Աքայայում։ Այստեղ ինձ միայն դավադրություն է շրջապատում։ Ամենքն ինձ լքում են, դուք էլ պատրաստ եք դավաճանելու ինձ։ Գիտեմ այդ, գիտեմ... Դուք մինչև անգամ չեք կարող մտածել, որ եթե լքեք ինձ նման գեղարվեստագետին, ինչ կասեն ձեր մասին հաջորդ դարերը։

Այստեղ նա խփեց իր ճակատին և գոչեց.

— Իրոք, այս հոգսերի մեջ ինքս էլ մոռանում եմ, թե ի՛նչ եմ ես։

Ապա նա դիմեց Պեարոնիոսին արդեն պայծառացած դեմքով.

— Պետրոնիոս,— ասաց նա,— ժողովուրդը տրտնջում է. բայց եթե վինը վերցնեի և նրանով դուրս գայի Մարսյան դաշտ, եթե նրա համար երգեի այն երգը, որ ձեզ համար երգեցի հրդեհի ժամանակ, ի՞նչ ես կարծում, իմ երգեցողությամբ չէի՞ շարժի նրա սիրտը, ինչպես մի ժամանակ Օրփեոսն էր շարժում վայրի գազանների սիրտը։

Այս խոսքի վրա Տուլլիոս Սենեկիոնը, որ շտապում էր վերադառնալ Անտիոնից բերած իր ստրկուհիների մոտ և որ վաղուց անհամբերություն էր զգում, ասաց.

— Անկասկած, Կեսար, եթե միայն քեզ թույլ տային սկսել։

— Գնանք Հելլադա,— դժկամությամբ գոչեց Ներոնը։

Բայց այդ րոպեին մտան Պոպպեան և նրա հետ՝ Տիգելլինոսը։ Ներկաների դեմքերը ակամա դարձան վերջինիս կողմը, որովհետև երբեք ոչ մի տիրումֆատոր[375] Կապիտոլիոն չէր մտել այնպիսի գոռոզությամբ, ինչպիսի գոռոզությամբ սա կանգնեց Կեսարի առջև։

Հետո սկսեց խոսել ծանր շեշտելով ամեն մի բառը, երկաթի հնչուն ձայնով.

— Լսի՛ր ինձ, Կեսար, որովհետև քեզ կարող եմ ասել «գտել եմ»։ Ժողովուրդը պահանջում է վրեժ և զոհ, բայց ոչ թե մի, այլ հարյուրավոր ու հազարավոր։ Արդյոք երբևիցե լսե՞լ ես, տեր, թե ով էր Քրիստոսը՝ նա, որ Պոնտիոս Պիղատոսի ձեռքով խաչվեց, և արդյոք գիտե՞ս, թե ովքեր են քրիստոնյաները։ Չե՞մ ասել քեզ նրանց ոճիրների և անառակ ծեսերի և նրանց գուշակությունների մասին, թե աշխարհը վերջանալու է հրով։ Ժողովուրդը նրանց ատում է և կասկածում։ Ոչ ոք նրանց չի տեսել տաճարներում, որովհետև մեր աստվածներին չար ոգիներ են համարում. չեն երևում Stadium֊ում[376], որովհետև արհամարհում են արշավանքները։ Երբեք ոչ մի քրիստոնյայի ձեռքեր քեզ չեն պատվել ծափահարությամբ։ Երբեք ոչ մեկը քեզ աստված չի ճանաչել։ Թշնամի են մարդկային ցեղին, թշնամի են քաղաքին և քեզ։ Ժողովուրդը տրտնջում է քեզնից, բայց դու չես, Կեսար, Հռոմն այրել հրամայողը, և ես չեմ նրա այրողը... Ժողովուրդը վրեժ է փափագում, թող ստանա։ Ժողովուրդը քեզ է կասկածում, թող նրա կասկածանքները դառնան ուրիշ կողմը։

Ներոնը սկզբում լսում էր զարմանքով։ Բայց Տիգելլինոսի խոսքերից հետո նրա դերասանական դեմքն սկսեց փոխվել և ընդունել փոփոխակի բարկության, կսկծի, կարեկցության ու զայրույթի արտահայտություն։ Հանկարծ նա վեր թռավ և վրայից ձգելով տոգան, որ իջավ մինչև ոտները, երկու ձեռքերը վեր տարածեց և մի րոպե լուռ մնաց։

Վերջապես սկսեց ողբերգական ձայնով.

— Զևս, Ապոլլոն, Հերա, Աթենե, Պերսեփոնե և դուք բոլոր անմահ աստվածներ, ինչո՞ւ օգնության չհասաք մեզ։ Ի՞նչ է արել այս դժբախտ քաղաքն այդ անզգամներին, որ այսպես անգթորեն այրեցին այն։

— Թշնամի են մարդկային ցեղին և քեզ,— ասաց Պոպպեան։

Իսկ ուրիշներն սկսեցին գոչել.

— Արդարություն ցույց տուր։ Պատժիր հրդեհաձիգներին։ Իրենք աստվածները վրեժխնդրություն են կանչում։

Իսկ նա նստած էր գլուխը կրծքին քարշ արած և շարունակում էր լռել, կարծես այդ իր լսած զազրելի չարագործությունից խլացել էր։ Բայց մի րոպե անց խոսեց ձեռքերը թափահարելով.

— Ինչպիսի՞ պատիժների և ինչպիսի՞ տանջանքների է արժանի այսպիսի ոճրագործությունը։ Բայց աստվածներն ինձ կներշնչեն, և Տարտարոսի[377] ուժերի օգնությամբ խեղճ ժողովրդին կտամ այնպիսի բաներ, որ դարերի ընթացքում երախտագիտությամբ կհիշի ինձ։

Պետրոնիոսի ճակատը հանկարծ ծածկվեց մշուշով։ Մտածեց այն վտանգի մասին, որ պիտի ծանրանար Լիգիայի վրա, Վինիկիոսի վրա, որին սիրում էր, և այն բոլոր մարդկանց վրա, որոնց վարդապետությունը դրժում էր, բայց որոնց անմեղության մեջ համոզված էր։ Մտածեց նաև, որ կսկսվի այնպիսի արյունալից օրգիաներից մեկը, որպիսին չէին տանում նրա գեղարվեստասիրական աչքերը։ Բայց նախ և առաջ ասաց ինքն իրեն. «Պետք է փրկեմ Վինիկիոսին, որ կխելագարվի, եթե կորչի այն աղջիկը», և այս պատճառաբանությունը հաղթեց։ Պետրոնիոսը լավ հասկանում էր, որ մի այնպիսի վտանգավոր խաղ է սկսվում, որպիսին երբեք իր կյանքի մեջ չէր խաղացել։

Այնուամենայնիվ նա սկսեց խոսել ազատ և անփույթ կերպով, ինչպես սովորաբար խոսում էր, երբ քննադատում էր կամ ծաղրում Կեսարի և ավգուստիանների գեղարվեստագիտական հնարանքները։

— Ուրեմն զոհերը գտե՜լ եք։ Շա՜տ բարի։ Կարող եք նրանց արենաներն ուղարկել կամ հագցնել «սգավոր տունիկաներ»։ Նույնպես շա՜տ բարի։ Բայց լսեցեք ինձ։ Իշխանություն ունեք, պրետորիաններ ունեք, ուժ ունեք. եղեք ճակատախոս գոնե այն ժամանակ, երբ ոչ ոք ձեզ չի լսում։ Խաբեցեք ժողովրդին, բայց ոչ ինքներդ ձեզ։ Մատնեցեք քրիստոնյաներին ժողովրդի ձեռքը, դատապարտեցեք նրանց ինչպիսի տանջանքների կուզեք, բայց գոնե համարձակություն ունեցեք ձեզ ասելու, որ նրանք չեն Հռոմն այրողները... Փի՜։ Անվանում եք ինձ arbiter elegantiarum, ուստի հայտարարում եմ ձեզ, որ չեմ տանում ողորմելի կոմեդիանտներին։ Փի՜։ Ա՜հ, այս ամենը ինչպե՜ս ինձ հիշեցնում է Porta Asinaria֊ի մոտ եղած թատրոնները, ուր դերասաններն արվարձանների սինլքորների համար աստվածների և թագավորների դերեր են խաղում, իսկ ներկայացումից հետո սխտորի վրա թթու գինի են խմում կամ ծեծ են ուտում։ Եղեք ճշմարիտ աստվածներ և թագավորներ, որովհետև, ասում եմ ձեզ, կարող եք այդ ձեզ թույլ տալ։ Ինչ որ քեզ է վերաբերում, Կեսար, սպառնում էիր մեզ ապագա դարերի դատաստանով. բայց մտածիր, որ նրանք վճիռ կարձակեն և քո մասին։ Աստվածային Կլիո[378]. Ներոնը՝ աշխարհի տերը, Ներոնը՝ աստվածն այրեց Հռոմը, որովհետև այնպես հզոր էր երկրիս վրա, ինչպես Զևսը Օլիմպիոսի վրա։ Ներոնը՝ բանաստեղծը, այնպես էր սիրում բանաստեղծությունը, որ նրան զոհեց հայրենիքը։ Աշխարհի սկզբից ոչ ոք այսպիսի բան չի արել, այսպիսի բան հանդգնել։ Երդվեցնում եմ քեզ ինը Լիբեթրիդների[379] անունով, մի հրաժարվիր այդպիսի փառքից, որովհետև քո մասին երգերը կհնչեն մինչև դարերի վախճանը։ Ի՞նչ կլինի քո առջև Պրիամոսը, ի՞նչ Ագամեմնոնը, ի՞նչ Աքիլլեսը, ի՞նչ իրենք՝ աստվածները։ Քիչ է ասել, թե Հռոմն այրելը բարի գործ է, դա նաև մեծ ու անսովոր գործ է։ Այն էլ ասեմ քեզ, որ ժողովուրդը քեզ վրա ձեռք չի բարձրացնի։ Այդ սուտ է։ Համարձակություն ունեցիր. զգուշացիր քեզ անարժան գործերից, որովհետև քեզ սպառնում է միայն այն, որ ապագա դարերը կարող են ասել. «Ներոնն այրեց Հռոմը, բայց իբրև փոքրոգի Կեսար և փոքրոգի բանաստեղծ, երկյուղից ուրացավ այդ մեծ գործը և հանցանքը ձգեց անմեղների վրա»։

Պետրոնիոսի խոսքերը սովորաբար մեծ տպավորություն էին գործում Ներոնի վրա, սակայն այս անգամ ինքը Պետրոնիոսն իրեն չէր խաբում և հասկանում էր, որ այն, ինչ ասում էր, վերջին միջոցն է, որ, իրոք, հաջողակ դեպքում կարող է փրկել քրիստոնյաներին, բայց ավելի հեշտ կարող է հենց իրեն կորցնել։ Բայց նա չվարանեց, որովհետև, խնդիրը այստեղ միաժամանակ թե Վինիկիոսի մասին էր, որին սիրում էր, և թե վտանգի մասին, որի հետ խաղում էր։ «Ոսկորները[380] գցված են» ասում էր ինքն իրեն, և կտեսնենք, թե կապկի մեջ սեփական կաշու երկյուղը որքան կգերակշռի փառքի սիրուց։

Եվ հոգու մեջ չէր կասկածում, որ այնուամենայնիվ կգերակշռի երկյուղը։

Նրա խոսքերից հետո լռություն տիրեց։ Պոպպեան և բոլոր ներկա եղողները ուշիուշով նայում էին Ներոնի աչքերի մեջ, իսկ սա սկսեց շրթունքները վեր բարձրացնել, մոտեցնելով գրեթե ռունգերին, ինչպես սովոր էր անել, երբ չգիտեր, թե ինչ սկսի. վերջապես խռովությունը և դժկամությունը պարզ երևացին նրա դեմքին։

— Տե՛ր,— այդ տեսնելով գոչեց Տիգելլինոսը,— թույլ տուր ինձ հեռանալ. որովհետև երբ կամենում են քո անձը կորստի մատնել և քեզ փոքրոգի Կեսար, փոքրոգի բանաստեղծ, հրձիգ և կոմեդիանտ են անվանում, իմ ականջները չեն կարող տանել այդ խոսքերը։

«Տանուլ տվի»,— մտածեց Պետրոնիոսը։

Բայց դառնալով Տիգելլինոսի կողմը՝ լափեց նրան մի հայացքով, որի մեջ նշմարվում էր բարձրատոհմ ազնվականի և վայելչակյաց մարդու արհամարհանքը դեպի մի սրիկա. ապա ասաց.

— Տիգելլինոս, քեզ էր, որ անվանեցի կոմեդիանտ, որովհետև կոմեդիանտ ես մինչև անգամ այժմ։

— Արդյոք նրա՞ համար, որ չեմ ուզում քո զրպարտությունները լսել։

— Նրա համար, որ անսահման սեր ես ցույց տալիս Կեսարի, նկատմամբ, իսկ մի րոպե առաջ սպառնում էիր նրան պրետորիաններովդ. այդ հասկացանք ամենքս, Կեսարը՝ նույնպես։

Տիգելլինոսը, որ չէր սպասում, թե Պետրոնիոսը սեղանի վրա այսպիսի ոսկորներ կձգի, գունատվեց, գլուխը կորցրեց և պապանձվեց։ Բայց սա՝ ճաշակի օրենսդրի վերջին հաղթությունն էր ախոյանի դեմ, որովհետև այդ րոպեին Պոպպեան ասաց.

— Տե՛ր, ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ մինչև անգամ այդպիսի միտք անցնի որևէ մեկի գլխով, և մանավանդ որ մեկը համարձակվի բարձրաձայն արտահայտել այդ քո ներկայությամբ։

— Պատժի՛ր հանդուգնին,— գոչեց Վիտելիսսը։

Ներոնը շրթունքները նորից բարձրացրեց ռունգերի մոտ և իր կարճատես ապակեփայլ աչքերը դարձնելով Պետրոնիոսի վրա, ասաց.

— Այդպե՞ս ես վճարում ինձ այն բարեկամության համար, որ ունեի քո վերաբերմամբ։

— Եթե սխալվում եմ, ապացուցիր ինձ,— պատասխանեց Պետրոնիոսը,— բայց իմացիր, որ ասում եմ այն, ինչ որ թելադրում է ինձ սերը քո նկատմամբ։

— Պատժիր հանդուգնին,— կրկնեց Վիտելիոսը։

— Արա՛ այդ,— աղաղակեցին մի քանի ձայներ։

Ատրիոնում աղմուկ ու շարժում բարձրացավ, որովհետև մարդիկ սկսել էին հեռու քաշվել Պետրոնիոսից։ Հեռացավ նույնիսկ Տուլլիոս Սենեկիոնը՝ նրա մշտական ընկերը արքունիքում, և երիտասարդ Ներվան, որ մինչև այդ նրան ցույց էր տալիս ամենաջերմ մտերմություն։ Մի րոպեից Պետրոնիոսը ինքը մենակ մնաց ատրիոնի ձախ կողմում և ժպիտը երեսին, ձեռքով հարդարելով տոգայի ծալքերը, դեռ սպասում էր, թե ինչ կասի, կամ ինչ կսկսի Կեսարը։

Իսկ Կեսարն ասաց.

— Կամենում եք, որ սրան պատժեմ. բայց սա իմ ընկերն է և մտերիմը. ուստի, թեև սիրտս խոցեց, թող գիտենա, որ այս սիրտը մտերիմների համար ունի միայն... ներողամտություն։

— Տանուլ տվի և կորա՜ ծ եմ,— մտածեց Պետրոնիոսը։

Եվ Կեսարը վեր կացավ. խորհրդակցությունը վերջացած էր։

ԳԼՈՒԽ Է

Պետրոնիոսը տուն վերադարձավ, իսկ Ներոնը Տիգելլինոսի հետ անցան Պոպպեայի ատրիոնը, ուր նրանց սպասում էին մարդիկ, որոնց հետ պրեֆեկտը նախօրոք խոսել էր։

Այնտեղ էին Անդրտիբերիսի երկու «ռաբբիներ», երկար հանդիսավոր զգեստները հագին, խույրերը գլխին, նրանց օգնական դպիրը, նաև Քիլոնը։ Կեսարին տեսնելով՝ կրոնավորները հուզմունքից գունատվեցին և ձեռքերը դեպի ուսերը բարձրացնելով՝ խոնարհեցին գլուխները մինչև ափերը։

— Ողջույն քեզ, արքաների արքա և իշխանների իշխան,— ասաց ավագը,— ողջույն քեզ, աշխարհիս պետ, ընտրյալ ժողովրդի խնամակալ և Կեսար, առյուծ՝ մարդկանց մեջ, որի թագավորությունը իբրև արևի լույս է և իբրև Լիբանանու մայրի, և իբրև աղբյուր, և իբրև արմավենի, և իբրև Երիքոնի բալասան...

— Ինձ աստված չե՞ք անվանում,— հարցրեց Կեսարը։

Կրոնավորներն ավելի սաստիկ գունատվեցին. ավագը նորից սկսեց.

— Քո խոսքերը, տե՛ր, քաղցր են, ինչպես խաղողի պտուղը և իբրև հասած թուզը, որովհետև Եհովան քո սիրտը լցրել է բարությամբ։ Բայց քո հոր նախորդը՝ կայսր Կայոսը, դաժան մարդ էր, և այնուամենայնիվ, մեր պատգամավորները նրան աստված չէին անվանում՝ մահը գերադասելով օրենքի խախտումից։

— Եվ Կալիգուլան հրամայեց ձգել նրանց առյուծների առջև։

— Ոչ, տեր. կայսր Կայոսը վախեցավ Եհովայի բարկությունից։

Եվ գլուխները բարձրացրին, որովհետև հզոր Եհովայի անունը նրանց սիրտ տվեց։ Վստահ լինելով նրա ուժի վրա՝ նրանք արդեն ավելի համարձակ էին նայում Ներոնի աչքերին։

— Մեղադրում եք քրիստոնյաներին Հռոմը այրելու մե՞ջ,— հարցրեց Կեսարը։

— Մենք, տեր, մեղադրում ենք նրանց միայն, որ օրենքի թշնամիներ են, մարդկային ցեղի թշնամիներ, Հռոմի և քո թշնամիներ և որ վաղուց սպառնում էին քաղաքին և աշխարհին հրով։ Մնացածը կլրացնի քեզ այս մարդը, որի շրթունքները չեն պղծվում ստախոսությամբ, որովհետև սրա մոր երակների մեջ հոսում էր ընտրյալ ժողովրդի արյունը։

Ներոնը դիմեց Քիլոնին.

— Ո՞վ ես։

— Քեզ մեծարող, Օսիրիս, նաև մի խեղճ ստոիկ։

— Ատում եմ ստոիկներին,— ասաց Ներոնը,— ատում եմ Թերասեասին, ատում եմ Մուսոնիոսին և Կոռնուտոսին։ Զզվելի է ինձ համար նրանց խոսակցությունը, գեղարվեստի արհամարհանքը, նրանց հոժարակամ չքավորությունը և անմաքրությունը։

— Տեր, քո ուսուցիչ Սենեկան հարյուրավոր նոճե սեղաններ[381] ունի։ Կամեցիր միայն, և կունենամ երկու անգամ շատ։ Ստոիկ եմ՝ հարկադրված։ Զարդարիր, օ՜, լուսաճաճանչ, իմ ստոիկությունը վարդերի պսակով և դիր նրա առջև գինով լի անոթը, և կերգեմ Անակրեոնտի տաղերն այնպես, որ կխլացնեմ բոլոր էպիկուրյաններին։

Ներոնը, որին դուր եկավ «լուսաճաճանչ» մականունը, ժպտաց և ասաց.

— Հավանում եմ քեզ։

— Այս մարդն այնքան արժե, որքան ինքը կշռում է,— գոչեց Տիգելլինոսը։

Իսկ Քիլոնը պատասխանեց.

— Տեր, իմ կշիռը լրացրու քո առատաձեռնությամբ, եթե ոչ, քամին կտանի վարձատրությունս։

— Ճիշտ որ, սա չի կշռի Վիտելիոսից ավելի,— մեջ բերեց Կեսարը։

— Ավա՛ղ, Արծաթաղեղն, իմ սրամտությունը անագից չէ։

— Տեսնում եմ, որ քո Օրենքը չի արգելում քեզ աստված անվանել ինձ։

— Օ՜, անմահ, իմ օրենքը դու ես. քրիստոնյաները ամբաստանում էին այդ օրենքը, և այս պատճառով ատեցի նրանց։

— Ի՞նչ գիտես քրիստոնյաների մասին։

— Արդյոք թույլ կտա՞ս ինձ լաց լինել, աստվածային։

— Ո՛չ— ասաց Ներոնը.— այդ ինձ ձանձրացնում է։

— Եվ եռապատիկ իրավացի ես, որովհետև քեզ տեսած աչքերը մեկ անգամ ընդմիշտ պետք է չորանան արտասուքից։ Տեր, պաշտպանի՛ր ինձ իմ թշնամիներից։

— Խոսի՛ր քրիստոնյաների մասին,— ասաց Պոպպեան անհամբերության նշանով։

— Հրամայում ես, Իսիդ,— պատասխանեց Քիլոնը։— Ահա, մանկությունից ի վեր նվիրել եմ ինձ փիլիսոփայությանը և որոնել եմ ճշմարտություն։ Որոնում էի նրան և նախնի աստվածային իմաստունների մոտ, և Աթենքի ճեմարանում, և ալեքսանդրիական Սերապեոնում[382]։ Լսելով քրիստոնյաների մասին՝ կարծում էի, թե դա որևէ նոր դպրոց է, որտեղ կարող էի գտնել ճշմարտության մի քանի հատիկներ, և ծանոթացա նրանց հետ, իմ սև օրին։ Առաջին քրիստոնյան, որի հետ ճակատագիրն ինձ հանդիպեցրեց, Գլավկոս բժիշկն էր Նեապոլից։ Նրանից իմացա, որ պաշտում են մի ոմն Քրիստոսի, որ իրենց խոստացել է ջնջել բոլոր մարդկանց և ոչնչացնել աշխարհիս բոլոր քաղաքները, իսկ իրենց թողնել, եթե իրեն օգնեն ջնջելու Դևկալիոնի զավակներին։ Այդ պատճառով է, տեր, որ նրանք ատում են մարդկանց, այդ պատճառով է, որ իրենց ժողովներում անեծքներ են թափում Հռոմի և բոլոր տաճարների վրա, որոնց մեջ երկրպագում ենք մեր աստվածներին։ Քրիստոսը խաչվեց, բայց խոստացավ նրանց, որ երբ Հռոմը կոչնչանա հրով, այն ժամանակ աշխարհ կգա երկրորդ անգամ և նրանց կտա աշխարհիս իշխանությունը։

— Այժմ ժողովուրդը կհասկանա, թե ինչու է Հռոմը այրված,— ընդմիջեց Տիգելլինոսը։

— Շատ բան է արդեն հասկանում,— պատասխանեց Քիլոնը,— որովհետև շրջում եմ պարտեզները, Մարսյան դաշտերը և սովորեցնում եմ։ Բայց, եթե ինձ մինչև վերջը լսել կուզենաք, կհասկանաք՝ ի՛նչ առիթներ ունեմ վրեժխնդիր լինելու։ Գլավկոս բժիշկն սկզբում իմ առջև չէր բացում, թե իրենց ուսմունքը պատվիրում է ատել մարդկանց։ Ընդհակառակը, ասում էր ինձ, թե Քրիստոսը բարի աստվածություն է և թե նրա ուսմունքի հիմքն է սերը։ Իմ փափուկ սիրտը չէր կարող ընդդիմանալ այսպիսի ճշմարտությունների, ուստի սիրեցի Գլավկոսին և վստահեցի նրան։ Բաժանում էի նրա հետ հացի ամեն մի կտոր, ամեն մի գրոշ, և գիտե՞ս, տեր, ինչպես վարձահատույց եղավ։ Նեապոլից Հռոմ գալու ժամանակ դանակը խրեց կողքս, իսկ իմ կնոջը՝ իմ գեղեցիկ և մատաղահաս Բերենիկին, ծախեց ստրկավաճառներին։ Եթե Սոֆոկլեսը գիտենար գլխիս եկածը... բայց ինչ եմ ասում. ինձ լսում է Սոֆոկլեսից հանճարեղ մեկը։

— Խե՜ղճ մարդ,— ասաց Պոպպեան։

— Ով որ տեսել է Աֆրոդիտեի դեմքը, խեղճ չէ, տիրուհի, իսկ ես տեսնում եմ այդ դեմքը։ Բայց այն ժամանակ մխիթարություն որոնում էի փիլիսոփայության մեջ։ Հասնելով Հռոմ՝ աշխատում էի տեսնվել քրիստոնեական երեցների հետ, որպեսզի նրանցից, արդարություն գտնեի Գլավկոսի դեմ։ Կարծում էի, որ նրան կստիպեն ինձ վերադարձնել կնոջս... Ծանոթացա նրանց քահանայապետի հետ, ծանոթացա մյուսի հետ ևս, որի անունը Պողոս է, և որ այստեղ բանտարկվել, իսկ հետո ազատ է արձակվել, ծանոթացա Զեբեդեոսի որդու հետ, ծանոթացա Լիննոսի ու Կլետոսի և շատ ուրիշների հետ։ Գիտեմ, որտեղ էին ապրում հրդեհից առաջ, գիտեմ, որտեղ են ժողովվում, կարող եմ ցույց տալ մի գետնափոր Վատիկանյան բլրի վրա և մեկ գերեզմանատուն Նոմենտանական դարպասից դուրս, որտեղ կատարում են իրենց անառակությունները։ Այնտեղ տեսել եմ Պետրոս առաքյալին, տեսել եմ Գլավկոսին, թե ինչպես մորթում էր մանուկներին, որպեսզի առաքյալին նյութ տար սրսկելու ներկա եղողների վրա, և տեսել եմ Լիգիային՝ Պոմպոնիա Գրեկինայի սանուհուն, որ պարծենում էր, թե չկարողանալով մանկական արյուն բերել, բերում է սակայն մանկան մահը, որովհետև հմայեց փոքրիկ Ավգուստային՝ քո դստերը, օ՜, Օսիրիս, և քոնը, օ՜, Իսիդ։

— Լսո՞ւմ ես, Կեսար,— ասաց Պոպպեան։

— Մի՞թե այդ կարող էր,— գոչեց Ներոնը։

— Կարող էի անձնական վիրավորանքները ներել,— շարունակեց Քիլոնը,— բայց ձեզ հասցված վիրավորանքը լսելով կամենում էի դանակով խողխողել նրան։ Ափսոս, խանգարեց ինձ ազնիվ Վինիկիոսը, որ սիրում է նրան։

— Վինիկիո՞սը. չէ՞ որ աղջիկը նրանից փախավ։

— Աղջիկը փախավ, բայց նա որոնում էր նրան, որովհետև չէր կարողանում ապրել առանց նրա։ Չնչին վարձատրությամբ նրան օգնում էի որոնելիս, նրան ցույց տվի այն տունը, ուր բնակվում էր Լիգիան քրիստոնյաների մեջ, Անդրտիբերիսում։ Միասին գնացինք այնտեղ, մեզ հետ էր և քո գոտեմարտիկ Կրոտոնը, որին ազնիվ Վինիկիոսը վարձել էր իր ապահովության համար։ Բայց Լիգիայի ստրուկ Ուրսուսը խեղդեց Կրոտոնին։ Այդ մարդը սարսափելի ուժ ունի, տեր, և այնպիսի հեշտությամբ է ոլորում եզների գլուխները, ինչպես մեկ ուրիշը ոլորում է կակաչի գլուխը։ Ավլոսն ու Պոմպոնիան դրա համար սիրում էին նրան։

— Հերակլեսը վկա՜,— ասաց Ներոնը։— Այն մահկանացուն, որ խեղդել է Կրոտոնին, արժանի է ֆորումի վրա արձան ունենալու։ Բայց սխալվում ես կամ հնարում ես, որովհետև Կրոտոնին Վինիկիոսն է սպանել դանակով։

— Ահա այդպես են մարդիկ խաբում աստվածներին։ Օ՜, տեր, ես ինքս տեսա, թե ինչպես Կրոտոնի կողերը փշրտվում էին Ուրսուսի ձեռքերում, որ հետո վայր գլորեց և Վինիկիոսին։ Նրան էլ կսպաներ, եթե Լիգիան չլիներ։ Վինիկիոսը հետո երկար հիվանդ էր, բայց նրանք խնամում էին նրան, հույս ունենալով, որ սիրուց քրիստոնյա կդառնա։ Եվ, իրոք, քրիստոնյա դարձավ։

— Վինիկիո՞սը։

— Այո՛։

— Գուցե նաև Պետրոնիո՞սը,— շտապ հարցրեց Տիգելլինոսը։

Քիլոնն սկսեց կծկվել, տրորել ձեռքերը և ասաց.

— Զարմանում եմ քո սրատեսության վրա, տե՛ր։ Օ՜։ կարելի՜ է, շա՜տ կարելի է։

— Այժմ հասկանում եմ՝ ինչու էր այնպես պաշտպանում քրիստոնյաներին։

Բայց Ներոնն սկսեց ծիծաղել։

— Պետրոնիոսը քրիստոնյա՜... Պետրոնիոսը կյանքի ու զվարճության թշնամի՜։ Հիմար մի՛ լինեք և մի՛ կամենաք, որ հավատամ դրան, որովհետև պատրաստ եմ չհավատալ ոչնչի։

— Բայց ազնիվ Վինիկիոսը քրիստոնյա դարձավ, տեր։ Երդվում եմ այն փայլով, որ քեզանից է ցոլում, ճշմարիտ եմ ասում, ոչինչ ինձ այնպիսի զզվանք չի պատճառում, որպես ստախոսությունը։ Պոմպոնիան քրիստոնյա է, փոքրիկ Ավլոսը քրիստոնյա է, նույնպես և Լիգիան ու Վինիկիոսը։ Հավատարիմ ծառայում էի նրան, իսկ նա վարձատրելու փոխարեն, բժիշկ Գլավկոսի պահանջով, հրամայեց գանակոծել ինձ, թե ծեր եմ և հիվանդ էի ու սոված։ Եվ երդվեցի Հադեսով, որ այդ կհիշեցնեմ նրան։ Օ՜, տե՛ր, վրեժխնդիր եղիր նրանից իմ վիրավորանքների համար, իսկ ես կմատնեմ ձեր ձեռքը Պետրոս առաքյալին, և՛ Լիննոսին, և՛ Կլեսասին, և՛ Գլավկոսին, և՛ Կրիսպոսին. նրանց երեցներին և Լիգիային ու Ուրսուսին. ցույց կտամ նրանց հարյուրներով, հազարներով, ցույց կտամ աղոթատները, գերեզմանոցները. ձեր բոլոր բանտերը չեն տեղավորի նրանց։ Առանց ինձ չէիք կարող գտնել նրանց։ Մինչև այսօր իմ դժբախտությունների ժամանակ մխիթարանք էի որոնում միայն փիլիսոփայության մեջ, թող այժմ մխիթարանք գտնեմ այն շնորհների մեջ, որ ինձ վրա են թափվելու... Ծերացել եմ, իսկ կյանք չեմ վայելել, թող հանգստանամ։

— Կամենում ես ստոիկ լինել, լի թասը առջևդ է,— ասաց Ներոնը։

— Ով որ քեզ ծառայություն է մատուցում, հենց դրանով լցնում է թասը։

— Չես սխալվում, փիլիսոփա։

Բայց Պոպպեան մտքից չէր հանում իր թշնամիներին։ Ճիշտ է, նրա համակրությունը Վինիկիոսի նկատմամբ մի ժամանակավոր ցանկություն էր, որ արծարծվել էր նա խանդի, բարկության և վիրավորված ինքնասիրության ազդեցության ներքո։ Սակայն երիտասարդ պատրիկի սառնությունը նրան խոր խոցեց և նրա սիրտը լցրեց կատաղի թշնամանքով։ Արդեն միայն այն, որ համարձակվել էր ուրիշի գերադասել իրենից, վրեժ պահանջող մի հանցանք էր թվում իրեն։ Ինչ որ Լիգիային է վերաբերում, ատել էր նրան առաջին իսկ վայրկյանից, երբ իրեն խռովեց այդ հյուսիսային շուշանի գեղեցկությունը։ Պետրոնիոսը, որ ասում էր աղջկա չափազանց նեղ ազդրերի մասին, կարող էր թելադրել ինչ որ ուզում էր Կեսարին, ոչ թե Ավգուստային։ Վարպետ Պոպպեան մեկ հայացքից հասկացել էր, որ ամբողջ Հռոմում միայն Լիգիան կարող է մրցել իր հետ և մինչև անգամ հաղթել իրեն։ Եվ այդ րոպեից երդվել էր կորցնել նրան։

— Տե՛ր,— ասաց նա,— վրեժխնդիր եղիր մեր մանկան համար։

— Շտապեցե՛ք,— գոչեց Քիլոնը,— շտապեցե՛ք, եթե ոչ Վինիկիոսը կթաքցնի նրան։ Ես ցույց կտամ այն տունը, ուր վերադարձան նրանք հրդեհից հետո։

— Կտամ քեզ տասը մարդ, գնա իսկույն,— ասաց Տիգելլինոսը։

— Տե՛ր, դու չես տեսել Կրոտոնին Ուրսուսի թաթերի մեջ, եթե հիսունը տաս, տունը ցույց կտամ միայն հեռվից։ Բայց եթե չեք կալանավորի Վինիկիոսին էլ, ես կորած եմ։

Տիգելլինոսը նայեց Ներոնին։

— Արդյոք լավ չէ՞ր լինի, օ՜, աստվածային, հաշիվները միանգամից վերջացնել մորեղբոր և քեռորդու հետ։

Ներոնը մի րոպե մտածեց և պատասխանեց.

— Ոչ, ոչ այժմ... Մարդիկ չէին հավատա, եթե ուզենայինք նրանց թելադրել, թե Պետրոնիոսը, Վինիկիոսը, կամ Պոմպոնիա Գրեկինան են հրդեհել Հռոմը։ Չափազանց գեղեցիկ տներ ունեին... Այժմ ուրիշ զոհեր են հարկավոր, իսկ նրանց հերթը ավելի ուշ կգա։

— Ուրեմն զինվորներ տուր, տեր, որ ինձ պահպանեն,— ասաց Քիլոնը։

— Տիգելլինոսը կհոգա այդ մասին։

— Առժամանակ կբնակվես ինձ մոտ,— ասաց պրեֆեկտը։

Ուրախությունն սկսեց ճառագել Քիլոնի դեմքին։

— Կմատնեմ ամենքին, միայն շտապեցեք։ Շտապեցե՛ք,— գոչում էր նա խռպոտ ձայնով։

ԳԼՈՒԽ Ը

Պետրոնիոսը, դուրս գալով Կեսարի մոտից, հրամայեց տանել իրեն Կառինա, իր տուն, որը երեք կողմից շրջապատված էր պարտեզով, իսկ առջևում Կեկիլիոսների փոքրիկ հրապարակն էր և որոնց շնորհիվ հրաշքով ազատվել էր հրդեհի ժամանակ։

Այս առիթով մյուս ավգուստիանները, որոնք կորցրել էին իրենց տները և սրանց մեջ եղած բազմաթիվ գանձերն ու գեղարվեստական երկեր, բախտավոր էին կոչում Պետրոնիոսին։ Առհասարակ վաղուց ասում էին նրա մասին, որ ֆորտունայի անդրանիկ զավակն է, և այն օրեցօր աճող մտերմությունը, որ վերջին ժամանակներս նրան ցույց էր տալիս Կեսարը, կարծես հաստատում էր այդ ենթադրության ճշմարտությունը։

Բայց ֆորտունայի այդ անդրանիկ զավակը այժմ գուցե կարող էր մտածել այդ մոր փոփոխամտության և ավելի շուտ այն նմանության մասին, որ նա ուներ իր որդիներին լափող Քրոնոսի[383] հետ։

— Եթե իմ տունը այրվեր,— ասում էր նա ինքն իրեն,— և նրա հետ միասին իմ գեմմաները[384], իմ էտրուսկական անոթներն ու ալեքսանդրիական ապակեղենը և կորնթական պղնձեղենը, գուցե Ներոնը, իրոք, մոռանար վիրավորանքը։ Պոլուքսը վկա՜։ Եվ որ մտածում եմ, թե այժմ ինձնից էր միայն կախված պրետորիանների պրեֆեկտ լինելը... Տիգելլինոսին հրձիգ կհայտարարեի, ինչպես որ է իսկապես, կզգեստավորեի նրան սգավոր տունիկայով, կհանձնեի ժողովրդի ձեռքը, կպաշտպանեի քրիստոնյաներին և կվերաշինեի Հռոմը։ Ո՞վ գիտե, արդյոք ազնիվ մարդկանց համար դա ավելի լավ սկիզբ չէ՞ր լինի։ Պետք է այդ անեի, թեկուզ հենց Վինիկիոսին նկատի ունենալով։ Եթե աշխատանքը չափազանց շատ լիներ, նրան կզիջեի պրեֆեկտի պաշտոնը, և Ներոնը չէր փորձի անգամ ընդդիմանալ։ Թող այնուհետև Վինիկիոսը մկրտեր բոլոր պրետորիաններին և նույնիսկ իրեն՝ Կեսարին. դա ինձ ի՜նչ պիտի վնասեր։ Ներոնը՝ բարեպաշտ, Ներոնը՝ առաքինի և գթասիրտ, կատարելապես ծիծաղաշարժ տեսարան...

Եվ նրա անփութությունն այնչափ մեծ էր, որ սկսեց ժպտալ։ Բայց մի րոպեից նրա միտքը ուրիշ կողմ դարձավ։ Թվաց նրան, թե Անտիոնումն է և Պողոս Տարսոնացին իրեն ասում է. «Մեզ կյանքի թշնամի եք անվանում, բայց պատասխանիր ինձ, Պետրոնիոս. եթե Կեսարը քրիստոնյա լիներ և վարվեր մեր վարդապետության համաձայն, արդյոք ձեր կյանքը ավելի աներկյուղ և ապահով չէ՞ր լինի»։

Եվ հիշելով այս խոսքերը՝ ասաց ինքն իրեն.

— Կաստորը վկա՜։ Որքան քրիստոնյա այստեղ մորթոտեն, այնքան նորերին կգտնի Պողոսը, որովհետև եթե աշխարհը չի կարող կանգնել անզգամության ու ստորաքարշության վրա, նա արդարացի է... Բայց գուցե և կարող է, քանի որ կանգնած է։ Ես ինքս, որ քիչ բան չեմ սովորել, չսովորեցի, թե ինչպես պետք է մեծ անզգամ լինել, և այս պատճառով ստիպված կլինեմ զարկերակս բաց անել... Բայց չէ՞ որ այդպես պետք է վերջանար և եթե մինչև անգամ չվերջանար այսպես, կվերջանար այլ ձևով։ Մեղքանում եմ Եվնիկեին և իմ միռենական սկահակը, բայց Եվնիկեն ազատ կլինի, իսկ սկահակը ինձ հետ կերթա։ Ահենոբարբը ձեռք չի բերի այն ոչ մի դեպքում։ Մեղքանում եմ նաև Վինիկիոսին։ Սակայն, թեև վերջին ժամանակներս ավելի քիչ էի ձանձրանում, քան թե առաջ, պատրաստ եմ։ Աշխարհիս երեսին իրերը գեղեցիկ են, բայց մարդիկ մեծ մասամբ այնպես գարշելի են, որ չարժե ափսոսալ կյանքը։ Ով գիտե ապրել, նա պետք է իմանա և մեռնել։ Թեև ավգուստիանների թվին էի պատկանում, ավելի ազատ մարդ էի, քան նրանք այնտեղ ենթադրում են։

Այստեղ նա ուսերը թոթվեց.

— Նրանք այնտեղ գուցե մտածում են, որ այս րոպեին իմ ծնկները դողում են, և երկյուղը մազերս փշաքաղում է գլխիս. իսկ ես, տուն վերադառնալով, կլողանամ մանուշակի ջրում, հետո իմ ոսկեծամը ինքն ինձ կօծի և ընթրիքից հետո կհրամայենք բարձրաձայն երգել Ապոլլոնի այն օրհներգը, որը հնարել է Անթեմիոսը։ Ինքս մի օր ասել եմ՝ մահվան մասին չարժե մտածել, որովհետև նա առանց մեր օգնության էլ մեր մասին մտածում է։ Բայց մի զարմանալի բան կլիներ, եթե, իրոք, գոյություն ունենային որևէ Ելիսեական դաշտեր և նրանց վրա ուրվականներ... Եվնիկեն ժամանակով ինձ մոտ կգար, և միասին կթափառեինք ասֆոդելով[385] ծածկված մարգագետիններում։ Կգտնեի ավելի լավ ընկերություն, քան թե այստեղ... Ի՜նչ խեղկատակներ են, ի՜նչ ձեռնածուներ են, ի՜նչ գարշելի համայնք է առանց ճաշակի և փայլի։ Տասը arbiter elegantarium կարգին մարդ չէին դարձնի այս Տերիմալքիոններին։ Պերսեֆոնեն վկա՜. արդեն բավական են ինձ։

Եվ զարմանքով նկատեց, որ մի ինչ֊որ բան արդեն բաժանել է իրեն այդ մարդկանցից։ Նրանց լավ էր ճանաչում առաջ էլ և գիտեր, թե ինչ պիտի մտածել նրանց մասին, բայց այժմ նրան երևացին մի տեսակ ավելի հեռացած և արհամարհանքի ավելի արժանի, քան առհասարակ։ Իրոք, բավական էր։

Բայց հետո սկսեց քննել իր դրությունը։ Իր սրատեսության շնորհիվ հասկանում էր, որ իրեն անհապաղ կորուստ չի սպառնում։ Ներոնը միայն հարմար րոպեից օգուտ էր քաղել մի քանի գեղեցիկ, վսեմ խոսքեր արտասանելու մտերմության, ներողամտության մասին և մի տեսակ կապվեց դրանցով։ Այժմ նա հարկադրված պիտի լինի առիթ որոնելու, իսկ մինչև գտնելը կարող է բավականին ժամանակ անցնել։ Նախ և առաջ խաղեր կսարքի և կօգտվի քրիստոնյաներից,— ինքն իրեն ասում էր Պետրոնիոսը,— չարժե ոչ գլուխ ցավեցնել, ոչ էլ փոխել կյանքի ընթացքը։ Մերձավոր վտանգը սպառնում է Վինիկիոսին։

Եվ այդ րոպեից սկսեց մտածել միայն Վինիկիոսի մասին, որին վճռեց փրկել։

Ստրուկները դեսպակն արագ տանում էին ավերակների, ածխակույտերի և ծխնելույզների միջով, որոնցով դեռ լցված էր Կառինան. բայց նա հրամայեց ավելի արագ վազել, որպեսզի շուտով լինի իր տանը։ Վինիկիոսը, որի ինսուլան այրվել էր, բնակվում էր նրա մոտ և բարեբախտաբար տանն էր։

— Այսօր տեսե՞լ ես Լիգիային,— դեռ շեմից հարցրեց նրան Պետրոնիոսը։

— Նրա մոտից եմ գալիս։

— Լսիր, ուրեմն, ինչ եմ քեզ ասելու, և ժամանակ մի կորցրու հարց ու փորձ անելով։ Կեսարի մոտ վճռվել է քրիստոնյաների վրա ձգել Հռոմը այրելու մեղքը, նրանց հալածանք և տանջանք է սպասում։ Կալանավորումներն ամեն րոպե կարող են սկսվել։ Վերցրու Լիգիային և իսկույն փախեք, թեկուզ Ալպերի մյուս կողմը կամ Աֆրիկա։ Եվ շտապի՛ր, որովհետև մինչև Անդրտիբերիս Պալատիոնից ավելի է մոտիկ, քան այստեղից։

Վինիկիոսը, իսկապես չափազանց զինվորական էր, որ ժամանակ կորցներ զուր հարցմունքներով։ Լսում էր կիտած հոնքերով, կենտրոնացած և սպառնալի դեմքով, բայց առանց սարսափի։ Երևում էր, որ առաջին զգացմունքը, որ վտանգի առջև բորբոքվեց այդ բնավորության մեջ, կռվելու և պաշտպանվելու ցանկությունն էր։

— Գնում եմ,— ասաց նա։

— Մի խոսք ևս՝ վերցրու ոսկով մի «կապսա»[386], վերցրու զենք ու քո քրիստոնյա ստրուկներից մի քանիսին։ Եթե հարկավոր լինի, ձեռքերից խլիր Լիգիային։

Վինիկիոսն արդեն ատրիոնի դռների մոտ էր։

— Ինձ տեղեկություն ուղարկիր ստրուկի բերանով,— հեռացողի ետևից գոչեց Պետրոնիոսը։

Եվ մենակ մնալով սկսեց ման գալ ատրիոնը զարդարող սյուների երկարությամբ, մտածելով այն մասին, թե ինչ էր լինելու։ Գիտեր, որ Լիգիան և Լիննոսը հրդեհից հետո վերադարձել էին իրենց նախկին տունը, որ, ինչպես և Անդրտիբերիսի մեծ մասը, չէր այրվել, և այս բարեպատեհ հանգամանք էր, որովհետև այլ կերպ հեշտ չէր լինի գտնել նրանց ամբոխի մեջ։ Բայց նա հույս ուներ, որ այնպես էլ ոչ ոք Պալատիոնում չգիտի, թե նրանք որտեղ են բնակվում, և որ բոլոր դեպքերում Վինիկիոսը կկանխի պրետորիաններին։ Նրա մտքով նաև անցավ, որ Տիգելլինոսը, կամենալով միանգամից բռնել որչափ կարելի է շատ քրիստոնյաներ, պետք է ցանցը տարածի ամբողջ Հռոմի վրա, այսինքն՝ պրետորիաններին փոքրիկ մասերի բաժանի։ Եթե աղջկա ետևից ուղարկեն տասը մարդուց ոչ ավելի, մտածում էր նա, ինքը լիգիական հսկան կփշրի նրանց ոսկորները. իսկ ի՞նչ կլինի, երբ նրան օգնության հասնի Վինիկիոսը։ Եվ այսպես մտածելով նա սիրտ առավ։ Ճիշտ է, զենքով դիմադրություն ցույց տալ պրետորիաններին՝ այդ համարյա նույնն էր, թե պատերազմ սկսել Կեսարի դեմ։ Պետրոնիոսը գիտեր նաև, որ եթե Վինիկիոսը խույս տա Ներոնի վրեժխնդրությունից, այդ վրեժխնդրությունը կարող է ընկնել իր վրա, բայց շատ հոգ չէր տանում այդ մասին։ Ընդհակառակը, Ներոնի և Տիգելլինոսի հաշիվները խանգարելու միտքը նրան զվարճացնում էր։ Վճռեց այդ նպատակի համար չխնայել ոչ փող, ոչ մարդիկ, և քանի որ Պողոս Տարսոնացին դեռ Անտիոնում քրիստոնյա էր դարձրել նրա ստրուկների մեծ մասին, ուստի կարող էր վստահ լինել, որ քրիստոնեուհի պաշտպանելու գործում կարող է հույս դնել նրանց պատրաստակամության և անձնազոհության վրա։

Եվնիկեի գալուստն ընդհատեց նրա մտածմունքները։ Նրա տեսքից Պետրոնիոսի բոլոր հուզմունքներն ու հոգսերն անհետ ցրվեցին։ Մոռացավ Կեսարին, որի շնորհից զրկվել էր, չնչին դարձած ավգուստիաններին, քրիստոնյաներին սպառնացող հալածանքը, Վինիկիոսին և Լիգիային. միայն նրան էր նայում, որպես այդ հրաշալի ձևերին երկրպագող գեղագետ և որպես սիրահար, որի համար այդ ձևերից սեր էր բուրում։ Իսկ աղջիկը, թափանցիկ մանուշակագույն coa vestis[387] զգեստը հագին, որի տակից երևում էր նրա վարդագույն մարմինը, իսկ որ, գեղեցիկ էր աստվածության պես։ Զգալով, որ զարմանք է գրգռում, և սիրելով նրան ամբողջ հոգով, միշտ նրա գուրգուրանքներին փափագող Եվնիկեն սկսեց ուրախությունից շիկնել, կարծես ոչ թե հարճ լիներ, այլ անմեղ կույս։

— Ի՞նչ կասես ինձ, Քարիտ,— ասաց Պետրոնիոսը՝ նրան պարզելով ձեռքերը։

Իսկ նա, դեպի այդ ձեռքերը խոնարհելով գլուխը, պատասխանեց.

— Տեր, Անթեմիոսը եկել է երգիչների հետ և հարցնում է, թե արդյոք կուզենա՞ս նրան լսել այսօր։

— Թող սպասի։ Ճաշի ժամանակ կերգի մեզ համար Ապոլլոնի օրհներգը։ Պափոսական պուրակները[388] վկա՜ երբ քեզ տեսնում եմ այս coa vestis֊ով, ինձ թվում է, թե Աֆրոդիտեն սքողվել է երկնքի շղարշով և կանգնել է իմ առջև։

— Օ՜, տեր,— ասաց Եվնիկեն։

— Արի այստեղ, Եվնիկե, գրկիր ինձ բազուկներով և տուր ինձ քո շուրթերը... Սիրո՞ւմ ես ինձ։

Այս ասելով՝ հպեց իր շրթունքները նրա շրթունքներին՝ նրա գրկի մեջ դողալով երջանկությունից։

Քիչ անց Պետրոնիոսն ասաց.

— Իսկ եթե մեզ վիճակվեր բաժանվե՞լ...

Եվնիկեն սարսափով նայեց նրա աչքերի մեջ.

— Ինչպե՞ս, տե՞ր։

— Մի վախենա... Բանն այն է, որ, ո՞վ գիտե, գուցե ստիպված լինեմ հեռու ճանապարհ ընկնելու։

— Ա՛ռ ինձ քեզ հետ։

Բայց Պետրոնիոսը հանկարծ փոխեց խոսակցության նյութը և հարցրեց.

— Ասա ինձ՝ պարտեզի մարգերում արդյոք ասփոթել կա՞։

— Պարտեզում նոճիները և մարգերը դեղնել են հրդեհից, մրտենիներից վայր է թափվել սաղարթը, և ամբողջ պարտեզը կարծես մեռած տեսք ունի։

— Ամբողջ Հռոմը կարծես մեռած լինի և շուտով կատարյալ գերեզմանատուն կդառնա։ Գիտե՞ս, որ հրովարտակ է հանվելու քրիստոնյաների դեմ և կսկսվի հալածանք, որից հազարավոր մարդիկ կկորչեն։

— Նրանց ինչո՞ւ պիտի պատժեն, տեր։ Նրանք բարի և հանգիստ մարդիկ են։

— Հենց դրա համար։

— Ուրեմն, գնանք ծովափ։ Քո աստվածային աչքերը չեն սիրում նայել արյան։

— Լավ, բայց նախ պիտի լողանամ։ Արի օլեոթեսիոն[389] բազուկներս օծելու։ Կիպրիդի գոտին վկա, երբեք դեռ ինձ այսպես գեղեցիկ չես երևացել։ Քեզ համար շինել կտամ ավազան խեցու ձևով, և դու նրա մեջ թանկագին մարգարիտ կլինես։ Արի, Ոսկեծամ։

Եվ հեռացավ, իսկ մի ժամից հետո երկուսը, վարդե պսակները ճակատներին և մշուշապատ աչքերով բազմած էին սեղանի մոտ, որ բեռնավորված էր ոսկե ամաններով։ Նրանց ծառայում էին ամուրների տարազով հագնված պատանիներ, իսկ նրանք, բաղեղնազարդ գավաթներից գինի խմելով, լսում էին Ապոլլոնի օրհներգը, որ երգում էր խումբը Անթեմիոսի ղեկավարությամբ և տավիղների դաշնակցությամբ։ Նրա ի՞նչ հոգն էր, որ դղյակի շուրջը, ածխակույտերի միջից, դուրս էին ցցվել տների ծխնելույզները, որ քամին ցրում էր այրված Հռոմի մոխիրը։ Իրենց երջանիկ էին զգում և մտածում էին միայն սիրո մասին, որ նրանց համար կյանքը մի աստվածային երազի էր փոխում։

Բայց դեռ օրհներգը չվերջացրած՝ դահլիճ մտավ ատրիոնի վերակացու ստրուկը։

— Տեր,— ասաց նա մի ձայնով, որի մեջ շփոթություն էր հնչում.— կենտուրիոնը պրետորիանական վաշտի հետ կանգնած է դարպասի առջև և Կեսարի հրամանով կամենում է տեսնվել քեզ հետ։

Դադարեց երգեցողությունն ու տավիղի նվագը։ Շփոթությունը հաղորդվեց բոլոր ներկա եղողներին, որովհետև Կեսարը մտերիմների հետ ունեցած հարաբերությունների մեջ սովորաբար պրետորիաններ չէր գործածում, և նրանց գալուստը այդ ժամանակ ոչ մի լավ բան չէր գուշակում։ Միայն Պետրոնիոսն էր, որ ցույց չտվեց ամենաչնչին հուզմունք անգամ և այն մարդու նման, որին շարունակ ձանձրացնում են հրավերները, ասաց.

— Կարող էին գոնե թողնել, որ հանգիստ ճաշ ուտեմ։

Ապա դառնալով ատրիոնի վերակացուին՝ ավելացրեց.

— Ներս թող։

Ստրուկն անհետացավ վարագույրի հետև. մի քանի րոպե անց ծանր քայլեր լսվեցին, և դահլիճ մտավ Պետրոնիոսի ծանոթ հարյուրապետ Ապերը՝ գլխից մինչև ոտ զրահավորված, երկաթե սաղավարտը գլխին:

— Ազնիվ տեր,— ասաց նա,— ահա Կեսարի նամակը։

Պետրոնիոսը ծուլությամբ մեկնեց իր սպիտակ ձեռքը, վերցրեց տախտակը և մի հայացք ձգելով նրա վրա՝ ամենայն հանդարտությամբ տվեց Եվնիկեին։

— Երեկոյան Տրոյականից մի նոր հագներգություն է կարդալու,— ասաց նա,— և հրավիրում է ինձ, որ գնամ։

— Հրաման ունեմ միայն նամակը հանձնելու,— ավելացրեց հարյուրապետը։

— Լավ։ Պատասխան չի լինի։ Բայց գուցե, հարյուրապետ, մի փոքր հանգիստ առնես մեզ մոտ և մի կրատեր գինի դատարկես։

— Շնորհակալ եմ, ազնիվ տեր։ Ուրախությամբ մի կրատեր գինի կխմեմ քո կենացին, իսկ հանգիստ առնել չեմ կարող, որովհետև պաշտոնի մեջ եմ։

— Ինչո՞ւ քե՛զ են տվել նամակը, փոխանակ ստրկի ձեռքով ուղարկելու։

— Չգիտեմ, տեր։ Գուցե նրա համար, որ այս կողմն էի ուղարկված մի ուրիշ գործով։

— Գիտեմ ,— ասաց Պետրոնիոսը,— քրիստոնյաների դեմ։

— Այո՛, տեր։

— Խուզարկությունը վաղո՞ւց է սկսվել։

— Մի քանի վաշտեր ուղարկվեցին Անդրտիբերիս դեռ կեսօրից առաջ։

Այս ասելով՝ հարյուրապետը գավաթից մի քանի կաթիլ գինի սրսկեց Մարսի պատվին, հետո դատարկեց և ասաց.

— Աստվածները քեզ, տեր, այն տան, ինչ որ ցանկանում ես։

— Վերցրո՛ւ և այդ կրատերը,— ասաց Պետրոնիոսը։

Հետո նշան տվեց Անթեմիոսին, որ վերջացնի Ապոլլոնի օրհներգը։ «Պղնձամորուսն սկսում է խաղ խաղալ ինձ և Վինիկիոսի հետ,— ասում էր նա ինքն իրեն, երբ տավիղները նորից հնչեցին։— Գիտեմ նրա մտադրությունը։ Կամենում էր սարսափեցնել ինձ՝ հրավերն ուղարկելով կենտուրիոնի ձեռքով։ Երեկոյան հարցուփորձ կանեն հարյուրապետին, թե ես ինչպե՞ս ընդունեցի նրան։ Ո՛չ, ո՛չ։ Շատ չես խնդա, չարանենգ և դաժան խրտվիլակ։ Գիտեմ, որ վիրավորանքդ չես մոռանա, գիտեմ որ կորստից խույս չեմ տա. բայց եթե կարծում ես, որ աղերսանքով կնայեմ քո աչքերին, որ իմ դեմքի վրա երկյուղ և խոնարհություն կնկատես, սխալվում ես»։

— Կեսարը գրում է, տեր. «Եկե՜ք, եթե ցանկություն ունեք».— ասաց Եվնիկեն.— արդյոք կերթա՞ս։

— Հիանալի տրամադրության մեջ եմ և կարող եմ լսել նույնիսկ նրա ոտանավորները,— պատասխանեց Պետրոնիոսը.— ուրեմն կերթամ, մանավանդ, որ Վինիկիոսը չի կարող գնալ։

Իսկապես, ճաշը վերջացնելուց և ըստ սովորության զբոսնելուց հետո նա անձնատուր եղավ մազեր հարդարող և ապա ծալքեր դարսող ստրկուհիներին և մի ժամից հետո աստվածության պես գեղեցիկ, հրամայեց իրեն տանել Պալատիոն։ Ուշ էր, երեկոն խաղաղ, տաք լուսնյակն այնպես սաստիկ էր լուսավորում, որ դեսպակի առջևից գնացող լապտերակիրները հանգցրին ճրագները։ Փողոցներով և ավերակների միջով շրջում էին գինովցած մարդիկ՝ բաղեղով զարդարված, ձեռքերին մրտենու և արմավենու ճյուղեր, որ պոկել էին Կեսարի պարտեզներից։ Հացի առատությունը և մեծամեծ խաղերի հույսը ուրախությամբ էր լցնում մարդկանց սրտերը։ Մի տեղ երգեր էին երգում, փառաբանելով «աստվածային գիշերը» և սերը, մյուս տեղ պարում էին լուսնյակի լույսով. մի քանի անգամ ստրուկներն ստիպված էին գոչել, որ ճանապարհ տան «ազնվազարմ Պետրոնիոսին», և այն ժամանակ ամբոխը ճանապարհ էր տալիս՝ աղաղակներ արձակելով իր սիրելու պատվին։

Իսկ նա մտածում էր Վինիկիոսի մասին և զարմանում էր, որ նրանից ոչ մի լուր չկա։ Էպիկուրյան էր և եսասեր, բայց ապրելով մեկ Պողոս Տարսոնացու, մեկ Վինիկիոսի հետ և ամեն օր լսելով քրիստոնյաների մասին, մի փոքր փոխվել էր, թեև ինքն այդ չգիտեր։ Վրան փչել էր նրանցից մի ինչ֊որ քամի, որ նրա հոգու մեջ անծանոթ սերմեր էր ձգել։ Սեփական անձնավորությունից դուրս սկսեցին նրան զբաղեցնել և ուրիշ մարդիկ։ Վինիկիոսին միշտ սիրում էր, որովհետև մանուկ ժամանակ սաստիկ սիրում էր նրա մորը՝ իր քրոջը. իսկ այժմ, մասնակից լինելով նրա գործերին, դրանց նայում էր այնպիսի հափշտակությամբ, կարծես նայելիս լիներ մի ողբերգության։

Հույսը չէր կորցնում, որ Վինիկիոսը կանխել է պրետորիաններին և փախել Լիգիայի հետ, կամ, ծայրահեղ դեպքում, որ նրան խլել է զինվորների ձեռքից։ Բայց կգերադասեր վստահ լինել, որովհետև նախատեսում էր, որ հարկադրված պիտի լինի զանազան հարցերի պատասխանելու, և ավելի լավ կլիներ նախապատրաստված լինել։

Կանգ առնելով Տիբերի տան առջև՝ դուրս եկավ դեսպակից, մտավ ատրիոն, որ լցված էր ավգուստիաններով։ Երեկվա բարեկամները, թեև նրանց զարմացնում էր, որ նա հրավիրված էր, դեռևս իրենց հեռու էին պահում նրանից. բայց նա շարժվում էր նրանց մեջ գեղեցիկ, ազատ, անփույթ և այնպես ինքնավստահ, կարծես թե ինքը կարող լիներ շնորհներ բաժանել։ Մի քանիսը, տեսնելով նրան, անհանգստացան իրենց հոգու մեջ, թե արդյոք վաղ չէ՞ր նրան սառնություն ցույց տալը։

Կեսարը սակայն ձևացնում էր, թե նրան չի տեսնում և չպատասխանեց նրա ողջույնին, իբր թե զբաղված էր խոսակցությամբ։ Դրա փոխարեն Տիգելլինոսը մոտեցավ և ասաց.

— Բարի երեկո, arbiter elegantiarum։ Արդյոք դեռ շարունակո՞ւմ ես պնդել, որ քրիստոնյաները չեն այրել Հռոմը։

Իսկ Պետրոնիոսը ուսերը թոթվեց և խփելով նրա կռնակին, իբրև ազատագրի, պատասխանեց.

— Դու նույնչափ լավ գիտես, որչափ և ես, թե ի՞նչ պիտի մտածել դրա մասին։

— Չեմ համարձակվում հավասարվել իմաստությանդ հետ։

— Եվ մասամբ իրավացի ես, թե չէ, երբ ահա Կեսարը կարդա մեզ Տրոյականի նոր հագներգությունը, ստիպված պիտի լինես, փոխանակ սիրամարգի պես ճչալու, որևէ վայելուչ կարծիք հայտնել։

Տիգելլինոսը շրթունքները կծեց։ Շատ էլ ուրախ չէր, որ Կեսարն այսօր վճռել էր երգել իր նոր հագներգությունը, որովհետև դրանով այն ասպարեզն էր բացվում, որի վրա ինքը չէր կարող մրցել Պետրոնիոսի հետ։ Ճշմարիտ որ, երգելու ժամանակ Ներոնն ակամա, հին սովորությամբ, աչքերը դարձնում էր Պետրոնիոսի վրա՝ ուշիուշով դիտելով, թե ի՞նչ է կարող կարդալ նրա դեմքին։ Իսկ նա լսում էր հոնքերը վեր բարձրացրած, տեղ֊տեղ հավանություն ցույց տալով, տեղ֊տեղ ուշքը լարելով, կարծես ուզում էր ստուգել, թե արդյոք լա՞վ է լսել։ Եվ հետո կամ գովում էր, կամ դատափետում, պահանջելով, որ այս կամ այն տունն ուղղվի կամ սրբագրվի։ Ինքը Ներոնն զգում էր, որ ուրիշներն իրենց ճոռոմաբան գովեստներով անձնական նկատառումներն ունեն, իսկ սա միակն է, որ զբաղված է բանաստեղծությամբ միայն ի սեր բանաստեղծության, միակն է, որ հասկանում է և որը եթե մի բան գովի, ուրեմն կարելի է վստահ լինել, որ ոտանավորը, իրոք, արժանի է գովեստի։ Փոքր առ փոքր նա սկսեց Պետրոնիոսի հետ խոսել, վիճել և երբ վերջապես Պետրոնիոսը կասկած հայտնեց մի դարձվածքի հաջողության մասին, ասաց նրան։

— Կտեսնես վերջին հագներգության մեջ` ինչու եմ այդ դարձվածքը գործածել։

«Ա՜հ,— մտածեց Պետրոնիոսը,— ուրեմն կհասնեմ և վերջին հագներգության օրին»։

Շատերը, լսելով այդ, ասում էին իրենց հոգու մեջ.

— Վա՜յ ինձ. Պետրոնիոսը, իր առջև ժամանակ ունենալով, կարող է նորից շնորհի արժանանալ և գլորել նույնիսկ Տիգելլինոսին։

Եվ սկսեցին նորից մերձենալ նրան։ Բայց երեկոյի վերջը պակաս բախտավոր էր. որովհետև Կեսարն այն րոպեին, երբ Պետրոնիոսը հրաժեշտ էր տալիս, պշած աչքերով, միաժամանակ չարանենգ ու խնդացող դեմքով հարցրեց հանկարծ.

— Իսկ Վինիկիո՞սն ինչու չեկավ։

Եթե Պետրոնիոսը հավատացած լիներ, որ Վինիկիոսը Լիգիայի հետ քաղաքի դարպասներից դուրս է, կպատասխաներ. «Պսակվեց քո թույլտվությամբ և ճանապարհ ընկավ»։ Բայց տեսնելով Ներոնի տարօրինակ ժպիտը՝ ասաց.

— Քո հրավերը, տեր, նրան տանը չգտավ։

— Ասա՛ նրան, որ ուրախ եմ նրան տեսնելու,— պատասխանեց Ներոնը,— և ասա նրան իմ կողմից, որ բաց չթողնի խաղերը, որոնց ժամանակ պիտի հանդես գան քրիստոնյաները։

Պետրոնիոսին անհանգստացրին այս խոսքերը. նրան թվաց, որ դրանք վերաբերում են ուղղակի Լիգիային։ Նստելով դեսպակը՝ նա հրամայեց տուն տանել ավելի շտապ, քան առավոտյան։ Բայց այդ հեշտ բան չէր։ Տիբերի տան առջև կանգնած էր խուռն և աղմկող բազմություն, որ հարբած էր առաջվա պես, բայց չէր երգում և չէր պարում, այլ կարծես գրգռված էր։ Հեռվից հասնում էին ինչ֊որ գոչումներ, որոնք ուժեղանում էին, մեծանում, մինչև որ վերջապես փոխվեցին մի վայրագ աղաղակի.

— Քրիստոնյաներին առյուծներ ի ճա՜նկը։

Պալատականների շքեղ դեսպակները լողում էին դղրդացող ամբոխի մեջ։ Այրված փողոցների խորքերից վազում էին նորանոր խմբեր, որոնք, լսելով աղաղակը, սկսում էին իրենք էլ կրկնել նույնը։ Բերնեբերան էր անցնում այն լուրը, թե կեսօրվանից շարունակվում է խուզարկությունը, թե արդեն բազմաթիվ հրձիգներ են բռնված, և շուտով նոր բացված ու հին փողոցներում, ավերակներով լցված շուկաներում, Պալատիոնի շուրջը, բոլոր բլուրների վրա, բոլոր պարտեզներում տարածվում էին ավելի ու ավելի կատաղած աղաղակներ.

— Քրիստոնյաներին առյուծների ճա՜նկը։

— Ոչխարնե՜ր,— կրկնում էր արհամարհանքով Պետրոնիոսը,— Կեսարին արժանի ժողովուրդ։

Եվ սկսեց մտածել, որ այդպիսի մի աշխարհ, որ հենված է ճնշման, մինչև անգամ բարբարոսների մեջ չտեսնված բռնության, ոճրագործության և խելագար անառակության վրա, չի կարող հարատևել։ Հռոմն աշխարհի տեր էր, բայց և աշխարհի պալար. նրանից դիակի գարշահոտություն էր գալիս։ Փտած կյանքի վրա մահվան ստվեր էր ընկնում։ Այդ մասին հաճախ խոսվում էր նույնիսկ ավգուստիանների մեջ, բայց Պետրոնիոսի աչքերի առջև երբեք ավելի պարզ չէր երևացել այն ճշմարտությունը, թե այդ պսակված կառքը, որի վրա տրիումֆատորի պես կանգնած էր Հռոմը, իր ետևից քաշելով ժողովուրդների հոտը, ձգտում է դեպի անդունդ։ Աշխարհակալ քաղաքի կյանքը նրան ինչ֊որ խեղկատակային շուրջպար և մի ինչ֊որ օրգիա թվաց, որ սակայն պետք է վերջանար։

Այժմ հասկանում էր, որ միայն քրիստոնյաներն են, որ ունեին կյանքի նոր հիմունքներ, բայց կարծում էր, որ շուտով հետք անգամ չի մնա քրիստոնյաներից։ Եվ այն ժամանակ ի՞նչ։

Խեղկատակային շուրջպարն առաջ կընթանա Ներոնի առաջնորդությամբ, և, եթե Ներոնն անցնի, կգտնվի մեկ ուրիշը, նրա նմանը կամ ավելի վատթարը, որովհետև այսպիսի ժողովրդի և այսպիսի պատրիկների մեջ ոչ մի հիմք չկա, որ գտնվի որևէ ավելի լավը։ Կլինի նոր օրգիա՝ ավելի գարշելի և ավելի զազրելի։

Իսկ օրգիան չի կարող հավիտյան տևել, հարկավոր է նրանից հետո գնալ քնելու, թեկուզ ուժասպառությունից։

Մտածելով այս մասին՝ Պետրոնիոսն ինքը սաստիկ հոգնած էր զգում իրեն։ Արդյոք, արժե՞ ապրել, այն էլ ապրել անապահով ապագայով միայն նրա համար, որպեսզի տեսնի աշխարհի այդօրինակ կարգը։ Մահվան ոգին չէ՞ որ պակաս գեղեցիկ չէ, քան քնի ոգին, և նույնպես թևեր ունի ուսերի ետև։

Դեսպակը կանգ առավ տան դռան մոտ, որն արթուն դռնապանն իսկույն բաց արեց։

— Ազնիվ Վինիկիոսը վերադարձե՞լ է,— հարցրեց նրան Պետրոնիոսը։

— Այս րոպեիս, տեր,— պատասխանեց ստրուկը։

«Ուրեմն աղջկան չի խլել»,— մտածեց Պետրոնիոսը։ Եվ վրայից ձգելով տոգան՝ ներս վազեց ատրիոն։ Վինիկիոսը նստած էր եռոտանու վրա, գլուխը գրեթե մինչև ծնկները կռացրած, ձեռքերը դրած գլխին. բայց ոտնաձայն լսելով, բարձրացրեց իր քարացած դեմքը, որի վրա միայն աչքերն էին փայլում տենդով.

— Ո՞ւշ հասար,— հարցրեց Պետրոնիոսը։

— Այո։ Նրան կալանավորել են կեսօրից առաջ։

Տիրեց լռություն։

— Տեսա՞ր նրան։

— Այո՛։

— Ո՞րտեղ։

— Մամերտինյան բանտում։

Պետրոնիոսը ցնցվեց և հարցական հայացքով սկսեց նայել Վինիկիոսին։

Իսկ նա հասկացավ։

— Ոչ,— ասաց.— նրան չեն ձգել ոչ տուլիանոն[390], ոչ էլ մինչև անգամ միջնաբերդ։ Բանտապահին վճարեցի, որպեսզի նրան իր սենյակը տա։ Ուրսուսը պառկած է շեմքին և հսկում է նրան։

— Ինչո՞ւ Ուրսուսը չպաշտպանեց նրան։

— Հիսուն պրետորիան էր ուղարկված։ Վերջապես Լիննոսը նրան արգելեց։

— Իսկ Լիննո՞սը։

— Լիննոսը մեռնում է։ Այդ պատճառով նրան չեն վերցրել։

— Ի՞նչ ես մտադիր անել։

— Ազատել նրան կամ մեռնել նրա հետ միասին։ Ես էլ հավատում եմ Քրիստոսին:

Վինիկիոսը խոսում էր իբր թե հանգիստ, բայց նրա ձայնի մեջ կար մի այնպիսի սրտաճմլիկ բան, որ Պետրոնիոսի սիրտը ցնցվեց անկեղծ կարեկցությունից։

— Ես քեզ հասկանում եմ,— ասաց նա,— բայց ինչպե՞ս ես կամենում ազատել նրան։

— Կաշառեցի բանտապահներին նախ նրա համար, որ նրան ազատեմ անարգանքներից, և ապա՝ որ նրան չխանգարեն փախչելու։

— Ե՞րբ կլինի այդ։

— Պատասխանեցին, որ չեն կարող նրան իսկույն հանձնել ինձ, որովհետև վախենում են պատասխանատվությունից։ Երբ բանտերը կլցվեն բազմաթիվ մարդկանցով, և երբ բանտարկյալների հաշիվը կկորչի, այն ժամանակ նրան ինձ կտան։ Բայց այդ միայն ծայրահեղ միջոց է։ Նախ դու փրկիր նրան և ինձ։ Դու Կեսարի բարեկամն ես։ Նա ինքը Լիգիային տվեց ինձ։ Գնա նրա մոտ և փրկիր ինձ։

Պետրոնիոսը պատասխանելու փոխարեն կանչեց ստրուկին, և հրամայելով նրան երկու մուգ թիկնոց և երկու դաշույն բերել, դիմեց Վինիկիոսին։

— Ճանապարհին քեզ կպատմեմ,— ասաց նա.— այժմ վերցրու թիկնոցը, վերցրու զենքը և գնանք բանտը։ Այնտեղ տո՛ւր բանտապահներին հարյուր հազար սեստերց, տո՛ւր երկու և հինգ անգամ ավելի, միայն թե իսկույն դուրս թողնեն Լիգիային։ Այլապես շատ ուշ կլինի։

— Գնա՛նք,— ասաց Վինիկիոսը։

Եվ մի րոպե անց երկուսն էլ փողոցումն էին։

— Իսկ այժմ լսիր ինձ,— ասաց Պետրոնիոսը։— Չէի կամենում ժամանակ կորցնել։ Այսօրվանից շնորհից զրկված եմ։ Իմ սեփական կյանքը մազից է կախված, և այդ պատճառով չեմ կարող ոչինչ ձեռք բերել Կեսարից։ Ավելի վատ, հավատացած եմ, որ կանի իմ խնդրանքի հակառակը։ Եթե այդ չլիներ, մի՞թե խորհուրդ կտայի քեզ, որ փախչեիր Լիգիայի հետ, կամ զինվորների ձեռքից խլեիր նրան։ Չէ՞ որ, եթե քեզ հաջողվեր խույս տալ, Կեսարի բարկությունը կդառնար ինձ վրա։ Բայց նա այժմ ավելի շուտ մի բան կաներ քո, քան իմ խնդրանքով։ Հույս մի դիր սակայն դրա վրա։ Դուրս կորզիր աղջկան բանտից և փախի՛ր։ Քեզ այլևս ոչինչ չի մնում։ Երբ այդ չի հաջողվի, այն ժամանակ ուրիշ միջոցների դիմելու հարկ կլինի։ Առայժմ իմացի՛ր, որ Լիգիային կալանավորել են ոչ միայն Քրիստոսի հավատի համար։ Նրան և քեզ հալածում է Պոպպեայի բարկությունը։ Արդյոք դու հիշո՞ւմ ես, որ վիրավորեցիր Ավգուստային՝ մերժելով նրան։ Իսկ նա գիտեր, որ իրեն մերժեցիր Լիգիայի համար, որին այդպես էլ ատել է առաջին հայացքից։ Առաջ էլ աշխատում էր կորցնել նրան՝ նրա հմայություններին վերագրելով իր երեխայի մահը։ Այն բանի մեջ, ինչ որ պատահել է, Պոպպեայի մատը խառն է։ Ինչո՞վ կբացատրես, որ առաջինը նա է կալանավորվել։ Ո՞վ կարող էր ցույց տալ Լիննոսի տունը։ Իսկ ես քեզ ասում եմ, որ վաղուց լրտեսում էին նրան։ Գիտեմ, որ սիրտդ պատռում եմ և խլում եմ հույսի մնացորդը, բայց դա ասում եմ քեզ դիտմամբ, նրա համար, որ եթե նրան չազատես, նախքան գլխի կընկնեն, որ պիտի փորձես նրան ազատել, երկուսդ էլ կորած եք։

— Այո՛, հասկանում եմ,— խուլ ձայնով պատասխանեց Վինիկիոսը։

Փողոցներն ուշ ժամին դատարկ էին, բայց խոսակցությունն ընդհատեց նրանց դիմացից եկող հարբած գլադիատորը, որ տարուբերվեց Պետրոնիոսի կողմը, ափով հենվեց նրա ուսին՝ թրջելով նրա դեմքը գինով թանձրացած շնչով և խռպոտ ձայնով գոչելով.

— Քրիստոնյաներին առյուծների ճա՜նկը։

— Միրմիլլոն[391],— հանգիստ պատասխանեց Պետրոնիոսը,— լսիր բարի խորհուրդս և գնա քո ճանապարհով։

Այստեղ հարբածը բռնեց նրան մյուս ձեռքով և ասաց.

— Աղաղակիր ինձ հետ, եթե ոչ, վիզդ կոլորեմ. դե՝ «քրիստոնյաներին առյուծների ճա՜նկը»։

Բայց Պետրոնիոսի նյարդերն արդեն բավականին լարվել էին այդ աղաղակներից։ Պալատիոնից դուրս գալու րոպեից ի վեր դրանք խեղդում էին նրան և ծակում ականջները. ուստի, երբ տեսավ իր վրա բարձրացած հսկայական բռունցքը, հատավ համբերությունը։

— Բարեկամ,— ասաց նա,— գինուց հոտում ես և խանգարում մեզ։

Այսպես ասելով մինչև կոթը նրա կուրծքը խրեց իր կարճ դաշույնը, որով զինվել էր տնից դուրս գալիս. հետո, Վինիկիոսի թևն առնելով, շարունակեց, կարծես ոչինչ չէր պատահել.

— Կեսարն այսօր ինձ ասաց. «Իմ կողմից ասա Վինիկիոսին, որ ներկա գտնվի խաղերին, որոնց մեջ դուրս են գալու քրիստոնյաները»։ Արդյոք հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում։ Քո վշտից կամենում են իրենց համար տեսարան սարքել։ Սա մտածված գործ է։ Գուցե դրա համար չեն մինչև այժմ կալանավորել քեզ ու ինձ։ Եթե չես կարողանա իսկույն ազատել նրան, այն ժամանակ... չգիտե՛մ... Գուցե Ակտեն քեզ պաշտպաներ, բայց արդյոք մի բան կշահի՞... Քո սիցիլիական կալվածքները կարող են նույնպես գայթակղեցնել Տիգելլինոսին։ Փորձի՛ր։

— Կտամ նրան ամենը, ինչ որ ունեմ,— պատասխանեց Վինիկիոսը։

Կառինայից մինչև Ֆորում հեռու չէր, և նրանք շուտ տեղ հասան։

Գիշերվա մութն արդեն սկսել էր նոսրանալ, և ամրոցի պարիսպները պարզ որոշվում էին խավարի մեջ։

Հանկարծ, երբ ծռվեցին Մամերտինյան բանտի կողմը, Պետրոնիոսը կանգ առավ և ասաց.

— Պրետորիաննե՜ր... Շատ ո՜ւշ է։

Ճշմարիտ որ, բանտը շրջապատված էր երկու շարք, զինվորներով։ Արշալույսն արծաթազօծում էր նրանց երկաթե սաղավարտները և նիզակների ծայրերը։

Վինիկիոսի դեմքը գունատվեց մարմարի պես։

— Գնանք,— ասաց նա։

Քիչ հետո նրանք կանգնած էին շարքերի առջև։ Պետրոնիոսը, որ արտասովոր հիշողություն ունենալով, ճանաչում էր պրետորիայի ոչ միայն հրամանատարներին, այլև գրեթե բոլոր զինվորներին, իսկույն նկատեց իրեն ծանոթ կոհորտապետին և գլխով նշան տվեց նրան։

— Ի՞նչ է, Նիգեր,— ասաց նա,— ձեզ հրամայված է բանտը պահպանե՞լ։

— Այո՛, ազնիվ Պետրոնիոս.— Պրեֆեկտը երկյուղ էր կրում, որ չլինի թե փորձեն ազատել հրդեհաձիգներին։

— Արդյոք հրաման ունե՞ք ոչ ոքի ներս չթողնելու.— հարցրեց Վինիկիոսը։

— Ո՛չ, տեր։ Ծանոթները կայցելեն բանտարկյալներին և այս եղանակով կբռնոտենք ավելի շատ քրիստոնյաների։

— Ուրեմն ներս թող ինձ,— ասաց Վինիկիոսը։

Եվ սեղմելով Պետրոնիոսի ձեռքը՝ ասաց նրան.

— Տես Ակտեին, իսկ ես կգամ տեղեկանալու, ինչ պատասխան տվեց քեզ։

— Եկ,— պատասխանեց Պետրոնիոսը։

Այդ րոպեին գետնի տակից և հաստ պատերի ետևից երգեցողություն լսվեց։ Սկզբում խուլ և զսպված՝ երգն ավելի ու ավելի բարձր էր հնչում։ Այդ մարդկանց, կանանց և մանուկների ձայները միանում էին մի ներդաշնակ խմբերգի։ Ամբողջ բանտն սկսեց լուսադեմի խաղաղության մեջ երգել տավիղի պես։ Բայց դրանք կսկիծի կամ հուսահատության ձայներ չէին։ Ընդհակառակը, նրանց մեջ ուրախություն և հաղթություն էր հնչում։

Զինվորներն իրար նայեցին զարմանքով։ Երկնքում երևացին արշալույսի առաջին ոսկեփայլ և վարդագույն ճաճանչները։

ԳԼՈՒԽ Թ

«Քրիստոնյաներին առյուծների ճա՜նկը» աղաղակը շարունակ բարձրանում էր քաղաքի բոլոր արվարձաններում։ Առաջին րոպեին ոչ միայն ոչ ոք չէր կասկածում, որ նրանք էին պատահարի ճշմարիտ պատճառը, այլև ոչ ոք չէր կամենում կասկածել, որովհետև նրանց պատիժը միաժամանակ հոյակապ զվարճություն պիտի լիներ ժողովրդի համար։ Բայց տարածվեց այն ենթադրությունը, թե պատահարն այդպիսի ընդարձակ ծավալ չէր ընդունի, եթե աստվածների բարկությունը չլիներ, և այդ պատճառով մեհյաններում «piacula» կամ քավիչ զոհաբերություններ պատվիրվեցին։ Սիբիլլական գրքերը[392] բաց անելով՝ ծերակույտը հանդեսներ և հրապարակական աղոթքներ կարգադրեց Վուլկանի, Կերերայի և Պրոսերպինեի պատվին։ Մատրոնաները զոհեր էին մատուցում Յունոնին. նրանց մի ամբողջ թափոր գնաց մինչև ծովափ՝ ջուր վերցնելու և նրանով աստվածուհու արձանը սրսկելու համար։ Ամուսնացած կանայք պատրաստում էին խնջույքներ աստվածների[393] համար և գիշերային հսկումներ անում։ Ամբողջ Հռոմը քավում էր մեղքերը, զոհեր էր բերում և քաղցրացնում էր անմահների սիրտը։ Իսկ միաժամանակ ածխակույտերի և ավերակների մեջ նոր լայն փողոցներ էին բացվում։ Այս և այնտեղ արդեն փառավոր տների, պալատների և մեհյանների հիմքեր էին դրվում։ Բայց նախ և առաջ անլուր շտապողությամբ ահագին փայտե ամֆիթատրոններ էին կառուցվում, որոնց մեջ պետք է մահանային քրիստոնյաները։ Իսկույն Տիբերի տան մեջ եղած խորհրդակցությունից հետո հրամաններ էին ուղարկվել պրոկոնսուլներին, որ վայրի գազաններ ուղարկեն։ Տիգելլինոսը դատարկեց իտալական բոլոր քաղաքների վիվարիոնները՝ բաց չթողնելով ամենափոքրերը։ Նրա պատվերով Աֆրիկայում ահագին որսեր էին լինում, որոնց տեղական ամբողջ ազգաբնակչությունը ստիպված էր մասնակցել։ Բերվում էին փղեր և վագրեր Ասիայից, կոկորդիլոսներ և հիպոպոտամներ (ջրագոմեշներ)՝ Նեղոսից, առյուծներ՝ Ատլասից, գայլեր և արջեր՝ Պիրենեական լեռներից, կատաղի շներ՝ Հիբերնիայից, մոլոս շներ՝ Էպիրոսից, գոմեշներ և ահագին խստերախ ցուլեր՝ Գերմանիայից։ Բանտարկվածների թվին նայելով՝ խաղերն իրենց ծավալով գերազանցելու էին ամենը, ինչ մինչև այդ օրը տեսնված էր։ Կեսարը ցանկանում էր հրդեհի հիշատակը խեղդել արյան մեջ ու նրանով հագեցնել Հռոմը. և երբեք արյունահեղությունը չէր խոստանում ավելի փառավոր լինել։

Բորբոքուն հետաքրքրությունից գրգռված՝ ժողովուրդն օգնում էր «վիգիլներին» և պրետորիաններին՝ քրիստոնյաներին կալանավորելու գործում։ Այդ դժվար բան չէր, քանի որ քրիստոնյաները, դեռևս ուրիշների հետ տեղավորված լինելով պարտեզների մեջ, բարձրաձայն դավանում էին իրենց հավատը։ Երբ նրանց շրջապատում էին, նրանք չոքում էին և, երգեր ասելով, թույլ էին տալիս առանց դիմադրության բռնել իրենց։ Բայց նրանց համբերությունը միայն ավելի բարկացնում էր ժողովրդին, որ չհասկանալով դրա աղբյուրը, կարծում էր, թե համառում են և անզգայացել են ոճրագործության մեջ։ Խելագարություն էր տիրել հալածողներին։ Պատահում էր, որ ամբոխը խլում էր քրիստոնյաներին պրետորիանների ձեռքից և ձեռքերով գզգզում էր նրանց. կանանց մազերից բռնած՝ քարշ էին տալիս բանտը, երեխաների գլուխները ջախջախում էին քարերին։ Հազարավոր մարդիկ գիշեր֊ցերեկ մռնչալով վազվզում էին փողոցներով։ Զոհեր էին որոնում ածխակույտերի, ծխնելույզների և նկուղների մեջ։ Բանտերի առջև, խարույկների մոտ, գինու տակառների շուրջը սարքում էին բաքոսական խնջույքներ ու պարեր։ Երեկոները զմայլանքով ականջ էին դնում որոտների նման մռնչյուններին, որոնցով դղրդում էր ամբողջ քաղաքը։ Բանտերը լցված էին հազարավոր մարդկանցով. իսկ ամեն օր նորանոր զոհեր էին քշում ժողովուրդն ու պրետորիանները։ Գթությունը մարել էր. թվում էր, թե մարդիկ մոռացել էին խոսել և վայրագ խելագարության մեջ հիշում էին միայն մի կոչ՝ «Քրիստոնյաներին առյուծների ճա՜նկը»։ Վրա հասան զարմանալի տոթ օրեր, իսկ գիշերներն այնպես խեղդիչ էին, ինչպես երբեք։ Օդը կարծես թանձրացած էր խելագարությունից, արյունից և ոճրագործությունից։

Եվ այդ անչափ բռնությանը լիովին համապատասխանում էր չարչարանքի անսահման ցանկությունը։ Քրիստոսին պաշտողները հոժարակամ դիմում էին մահվան, կամ մինչև անգամ որոնում մահ, մինչև որ նրանց չզսպեցին երեցների խիստ հրամանները։ Նրանց պատվերով սկսեցին հավաքվել արդեն միայն քաղաքից դուրս, գետնափորերում, Ապպիական ճանապարհի մոտ և քրիստոնյա պատրիկներին պատկանող այգիներում. այս պատրիկներից դեռ ոչ ոք չէր կալանավորվել։ Պալատիոնում հաստատ գիտեին, որ Քրիստոսին են պաշտում և՛ Ֆլավիոսը, և՛ Դոմիտիլլան, և՛ Պոմպոնիա Գրեկինան, և՛ Կոռնելիոս Պուդենսը, և՛ Վինիկիոսը. սակայն ինքը Կեսարը վախենում էր, որ ռամիկ ամբոխը չի հավատա այն ամբաստանությանը, թե այդպիսի մարդիկ են Հռոմն այրել. իսկ որովհետև նախ և առաջ խնդիրը ժողովրդին համոզելուն էր վերաբերում, ուստի դրանց պատժելու գործը հետաձգվում էր ապագային։ Մի քանիսը ենթադրում էին, թե այդ պատրիկներին փրկել է Ակտեի ազդեցությունը։ Ենթադրությունը սխալ էր։ Պետրոնիոսը, Վինիկիոսից բաժանվելուց հետո, իրոք, շտապեց Ակտեի մոտ՝ Լիգիայի համար օգնություն ձեռք բերելու. բայց այս կինը նրան միայն արտասուք կարող էր նվիրել, որովհետև ապրում էր մոռացված ու վշտահար, վիճակը՝ միայն այնքան տանելի, որքան թաք էր կենում Պոպպեայի և Կեսարի աչքից։

Սակայն նա Լիգիային այցելեց բանտում, նրա համար բերեց զգեստ, ուտեստ և, որ ավելի կարևոր է, դրանով պաշտպանեց նրան բանտապահների անարգանքներից, թեև նրանք առանց այն էլ կաշառված էին։

Այնուամենայնիվ Պետրոնիոսը, չկարողանալով մոռանալ, որ եթե Լիգիային Ավլոսների տանից խլելու իր միտքը չլիներ, հավանական է, որ այժմ նա բանտում չէր լինի։ Բացի դրանից, կամենալով Տիգելլինոսից շահել խաղը՝ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ հնարներ էր խնայում։ Մի քանի օրվա ընթացքում նա տեսնվեց Սենեկայի, Դոմիտիոս Աֆերի, Կրիսպինիլլայի (որի միջոցով կամենում էր տեսակցություն ունենալ Պոպպեայի հետ), Տիգելլինոսի, Դիոդորի, գեղեցիկ Պիթագորասի և վերջապես Ալիտուրոսի և Պարիսի հետ, որոնց առհասարակ Կեսարը ոչինչ չէր մերժում։ Քրիսոթեմիսի օգնությամբ, որն այժմ Վատինիոսի սիրուհին էր, աշխատում էր ձեռք բերել նույնիսկ այդ մարդու օգնությունը՝ թե նրան և թե ուրիշների համար չխնայելով ոչ միայն խոստումներ, այլև դրամ։

Բայց այս բոլոր ջանքերն անհետևանք մնացին։ Սենեկան, որ ինքն իր ապագայի նկատմամբ վստահ չէր, սկսեց նրան ապացուցել, որ քրիստոնյաները, եթե մինչև անգամ, իրոք, չեն այրել Հռոմը, դարձյալ պետք է նրա օգտի համար վերացվեն մեջտեղից. մի խոսքով, ապագա կոտորածն արդարացնում էր պետական անհրաժեշտությամբ։ Տերպնոսն ու Դիոդորը դրամը վերցրին և փոխարենը ոչինչ չարին։ Վատինիոսը հայտնեց Կեսարին, որ փորձ է եղել իրեն կաշառելու. միայն Ալիտուրոսը, որ սկզբում թշնամաբար էր տրամադրված քրիստոնյաների վերաբերմամբ, իսկ այժմ կարեկցում էր նրանց, համարձակվեց հիշեցնել Կեսարին բանտարկված աղջկա մասին և խնդրել նրա համար, բայց ոչինչ չստացավ, բացի պատասխանից.

— Մի՞թե կարծում ես, որ ավելի ստոր հոգի ունիմ, քան Բրուտոսը[394], որ Հռոմի օգտի համար չխնայեց սեփական որդիներին։

Եվ երբ Ալիտուրոսը այս պատասխանը կրկնեց Պետրոնիոսին, սա ասաց.

—Եթե նա իրեն համեմատել է Բրուտոսի հետ, ուրեմն արդեն փրկություն չկա։

Բայց նա խղճում էր Վինիկիոսին և երկյուղ էր կրում՝ չլինի թե նա իր կյանքին վերջ դնի։ «Այժմ,— ասում էր Պետրոնիոսն ինքն իրեն,— նրան սիրտ են տալիս դեռ այն ջանքերը, որ անում է Լիգիային ազատելու համար, աղջկա տեսքը և տանջանքը. բայց երբ բոլոր հնարներն ապարդյուն կանցնեն, և կմարի հույսի վերջին կայծը, Կաստորը վկա՜, նա Լիգիայից հետո չի ապրի և կնետվի սրի վրա»։ Պետրոնիոսը մինչև անգամ ավելի լավ էր հասկանում, որ կարելի է այդպես վերջացնել, քան թե սիրել այդպես և չարչարվել այդպես։ Այդ միջոցին Վինիկիոսն անում էր ամեն բան, ինչ կարող էր հնարել նրա խելքը Լիգիային փրկելու համար։ Այցելում էր ավգուստիաններին, և նա, որ մի ժամանակ այնպես հպարտ էր, այժմ նրանցից օգնություն էր աղերսում։ Վիտելիոսի միջոցով խոստացավ Տիգելլինոսին իր սիցիլիական հողերը և ամենը, ինչ որ կցանկանար։ Բայց Տիգելլինոսր, չկամենալով իրենից սառեցնել Ավգուստային, մերժեց։ Գնալ հենց իր՝ Կեսարի մոտ, գրկել նրա ծնկները և պաղատել, ոչ մի օգուտ չէր ունենա. Վինիկիոսը, ճիշտ է, կամենում էր այդ էլ անել. բայց Պետրոնիոսը, լսելով այս մտադրության մասին, հարցրեց.

— Իսկ եթե քեզ մերժի, եթե պատասխանի կատակով կամ անպատկառ սպառնանքով, ի՞նչ ես անելու։

Այս խոսքերի վրա Վինիկիոսի դիմագծերը ծռվեցին կսկծից ու զայրույթից, և սեղմված ծնոտների միջից սկսեց կրճտոց լսվել.

— Այո՛,— ասաց Պետրոնիոսը,— դրա համար էլ քեզ խորհուրդ չեմ տալիս։ Կփակես փրկելու բոլոր ճանապարհները։

Բայց Վինիկիոսը զսպեց իրեն և, ձեռքը քսելով սառը քրտինքով ծածկված ճակատին, ասաց.

— Ո՛չ, ո՛չ։ Քրիստոնյա՜ եմ...

— Եվ կմոռանաս այդ, ինչպես մոռացար մի րոպե առաջ։ Իրավունք ունես քեզ կորցնելու, բայց ոչ նրան։ Հիշի՛ր, ի՞նչ կրեց մահից առաջ Սեյանոսի դուստրը[395]։

Եվ այսպես էր ասում բոլորովին էլ ոչ անկեղծորեն, որովհետև նրա հոգսն ավելի Վինիկիոսն էր, քան Լիգիան, բայց գիտեր, որ ոչնչով նրան այնպես չի զսպի այդ վտանգավոր քայլից, որքան ներկայացնելով, թե կարող էր անխուսափելի կորուստ պատճառել Լիգիային։ Վերջապես, իրավացի էր, որովհետև Պալատիոնում նախատեսել էին երիտասարդ տրիբունի գալուստը, և ձեռք էին առնված զգուշության համապատասխան միջոցներ։

Սակայն Վինիկիոսի տանջանքն անցավ ամեն մի սահման, որ կարող են տանել մարդկային ուժերը։ Այն ժամանակից ի վեր, երբ Լիգիան բանտարկված էր և երբ նրա վրա ընկավ ապագա նահատակության շողը, ոչ միայն սիրել էր նրան հարյուր անգամ ավելի, այլ ուղղակի սկսել էր նրա, իբրև մի գերբնական էակի հոգու մեջ գրեթե կրոնական պաշտամունք ներարկել։ Եվ, այժմ, մտածելով, որ պիտի կորցնի այդ միաժամանակ թե սիրված և թե սուրբ էակին, որ բացի մահվանից նրան կարող են վիճակվել մահից էլ սարսափելի չարչարանքներ, արյունը սառչում էր նրա երակների մեջ, հոգին փոխվում էր կսկծի, մտքերը խառնվում էին։ Երբեմն թվում էր, թե իր գանգը լցված է կենդանի հրով, որ կայրի կամ կճաքեցնի այն։ Դադարեց հասկանալ, թե ինչ է կատարվում. դադարեց հասկանալ, թե ինչու Քրիստոսը, այդ Ողորմածը, այդ Աստվածը, օգնության չի գալիս իր պաշտողներին. ինչո՞ւ Պալատիոնի խանձված պատերը և նրանց հետ՝ Ներոնը, պրետորիանների բանակը և ամբողջ այդ ոճրագործ քաղաքը գետին չեն մտնում։ Ենթադրում էր, թե չի կարող և չպիտի էլ այլ կերպ լինի, և թե այն ամենը, ինչին նայում են իր աչքերը, ինչից փշրվում է հոգին և պատռվում է սիրտը, երազ է։ Բայց գազանների մռնչյունն ասում էր նրան, որ այդ իրականություն է, և այդ հաստատում էին ժողովրդի աղաղակներն ու լցված բանտերը։ Այն ժամանակ նրա մեջ տատանվում էր Քրիստոսի հավատը, և այդ տատանումից առաջանում էր նոր տանջանք՝ գուցե բոլոր տանջանքներից ամենասարսափելին։

Իսկ այդ միջոցին Պետրոնիոսն ասում էր նրան.

— Հիշիր, թե մահվանից առաջ ինչ կրեց Սեյանոսի դուստրը։

ԳԼՈՒԽ Ժ

Եվ այդ ամենը խաբուսիկ դուրս եկավ։ Վինիկիոսն այն աստիճան ստորացավ, որ պաշտպանություն էր որոնում ինչպես Կեսարի, նույնպես և Պոպպեայի ազատագիրների և ստրուկների մեջ, վճարում էր նրանց կեղծ խոստումների համար, նրանց բարեհաճությունը շահում հարուստ նվերներով։ Նա գտավ Ավգուստայի առաջին ամուսին Ռուֆիոս Կրիսպինոսին և նրանից մի նամակ վերցրեց, նվիրեց Անտիոնի դղյակում բնակվող Ռուֆիոսին, որը Պոպպեայի այդ ամուսնուց ունեցած որդին էր, բայց դրանով միայն բարկացրեց Կեսարին, որ ատում էր իր խորթ որդուն։ Հատուկ սուրհանդակի ձեռքով նամակ ուղարկեց Իսպանիա՝ Պոպպեայի երկրորդ ամուսին Օթոնին, խոստացավ իր ամբողջ կարողությունը, նույնիսկ իրեն, մինչև որ վերջապես նկատեց, որ միայն խաղալիք էր մարդկանց ձեռքին և որ, եթե առերես ցույց տար, որ Լիգիայի բանտարկությունն իրեն քիչ է հետաքրքրում, նրան ավելի շուտ ազատած կլիներ։

Նույնը նկատեց նաև Պետրոնիոսը։ Մինչ այդ օրերն անցնում էին։ Ամֆիթատրոնները վերջացրել էին խաղերը։ Արդեն բաժանվում էին «tessera»֊ներ, այսինքն՝ նշաններ «ludus matutinus»[396] մտնելու համար։ Բայց այս անգամ «առավոտյան» խաղը զոհերի անլուր քանակության պատճառով օրեր, շաբաթներ և ամիսներ պիտի տևեր։ Չգիտեին արդեն, թե որտեղ տեղավորեն քրիստոնյաներին։ Բանտերն արդեն լի էին, և այնտեղ երևացել էր տենդը։ «Puticuli»֊ն, այսինքն՝ այն ընդհանուր փոսերը, որտեղ թաղում էին ստրուկներին, սկսեցին լցվել։ Երկյուղ էին կրում՝ չլինի թե հիվանդությունը տարածվի ամբողջ քաղաքում, ուստի վճռված էր շտապել։

Եվ բոլոր այդ լուրերը հասնում էին Վինիկիոսի ականջը՝ նրա մեջ հանգցնելով հույսի վերջին փայլերը։ Քանի որ ժամանակ կար, կարող էր իրեն խաբել, որ դեռ կարող է որևէ բան հաջողեցնել, բայց այժմ արդեն ժամանակ էլ չկար։ Ներկայացումները պիտի սկսվեին։ Լիգիան ամեն օր կարող էր լինել կրկեսի «cuniculum»֊ում[397], որտեղից ելքն արդեն միայն արենայի կողմն էր։ Վինիկիոսը, գիտենալով, թե ո՛ւր կձգի նրան ճակատագիրն ու բռնությունը, սկսեց շրջել բոլոր կրկեսները, կաշառել պահապաններին և «բեստիարներին», նրանց առաջ այնպիսի պահանջներ դնելով, որոնք կատարել չէին կարող։ Երբեմն նկատում էր, որ արդեն միայն նրա համար է աշխատում, որ Լիգիայի համար մահը պակաս սարսափելի դարձնի, և այդ ժամանակ զգում էր, որ գանգի մեջ ուղեղի փոխարեն ածուխ է։

Վերջապես չէր կարծում, որ կապրի նրանից հետո, և վճռեց կորչել նրա հետ միասին։ Բայց հույս ուներ, որ վիշտը կարող է իր կյանքը մաշել առաջ, քան կհասնի սարսափելի րոպեն։ Նրա բարեկամներն ու Պետրոնիոսը նույնպես կարծում էին, որ ամեն օր նրա առջև կարող է բացվել ուրվականների աշխարհը։ Վինիկիոսի դեմքը սևացավ և նմանվեց այն մեղրամոմե դիմակներին, որ պահում էին «լարարիոններում»։ Գծերի մեջ սառել էր տարակուսանքը, կարծես թե հասկանալիս չլիներ, թե ի՞նչ է պատահել և ի՞նչ կարող է պատահել։ Երբ մեկը սկսում էր խոսել նրա հետ, նա մեքենաբար բարձրացնում էր ձեռքերը դեպի գլուխը և ափերով սեղմելով քունքերը՝ նայում էր խոսողին սարսափահար և հարցական հայացքով։ Գիշերներն անց էր կացնում Ուրսուսի հետ Լիգիայի դռների մոտ, բանտում. իսկ եթե աղջիկը պատվիրում էր նրան հեռանալ և հանգստանալ, վերադառնում էր Պետրոնիոսի մոտ և մինչև առավոտ անցուդարձ էր անում ատրիոնում։ Ստրուկները հաճախ նրան գտնում էին ծնկաչոք, վեր պարզած ձեռքերով, կամ երեսնիվայր գետնին տարածված։ Աղոթք էր անում Քրիստոսին, քանի որ նա էր իր վերջին ապավենը։ Ամեն բան խաբուսիկ դուրս եկավ։ Լիգիային կարող էր փրկել միայն հրաշքը, ուստի Վինիկիոսը ճակատը խփում էր քարե հատակին և հրաշք էր աղերսում։

Բայց դեռ այնքան գիտակցություն ուներ, որ հասկանար, թե Պետրոսի աղոթքն իր աղոթքից ավելի ծանրակշիռ է։ Պետրոսն իրեն մկրտել էր, Պետրոսն ինքը հրաշքներ էր անում. թող իրեն փրկություն ու օգնություն տա։

Եվ մի գիշեր գնաց նրան որոնելու։ Քրիստոնյաները, որոնք արդեն շատ չէին մնացել, նրան այժմ թաքցնում էին ամենայն խնամքով նույնիսկ մեկը մյուսից, որպեսզի ոգով թույլերից որևէ մեկն ակամա կամ դիտմամբ չմատնի նրան։ Վինիկիոսն ընդհանուր շփոթության ու հալածանքի մեջ, այն էլ ամբողջովին զբաղված լինելով Լիգիային բանտից ազատելու փորձերով, մոռացության էր տվել առաքյալին, այնպես որ մկրտվելուց ի վեր նրան պատահել էր հազիվ մի անգամ, դեռ հալածանքն սկսվելուց առաջ։ Բայց գնալով այն ֆոսորի մոտ, որի խրճիթում ինքը մկրտվել էր, տեղեկացավ նրանից, որ Porta Salaria֊ից դուրս գտնվող մի այգում, որ պատկանում էր Կոռնելիոս Պուդենսին, քրիստոնյաների ժողով է տեղի ունենալու։ Ֆոսորը հանձն առավ ուղեկցել Վինիկիոսին մինչև այնտեղ, հավատացնելով նրան, որ այնտեղ կգտնեն Պետրոսին։ Իրոք, մութը կոխելուն պես ճանապարհ ընկան և քաղաքից դուրս գալով և հետո առաջ շարժվելով եղեգնուտով ծածկված ձորերի միջով հասան մի այգի, որ գտնվում էր մի խոպանացած և առանձնացած տեղում։ Ժողովը տեղի էր ունենում հնձանում, ուր սովորաբար գինի էին մղում։ Դեռ շեմքին Վինիկիոսի ականջին հասավ աղոթքի շշունջը, իսկ ներս մտնելով՝ լապտերների աղոտ լույսով մի քանի ծնկաչոք և աղոթքի մեջ թաղված կերպարանքներ նկատեց։ Մի տեսակ մաղթանք էին կատարում. այր մարդկանց և կանանց ձայները ամեն րոպե կրկնում էին. «Քրիստոս, ողորմիր մեզ»։ Այդ ձայների մեջ սիրտ պատռող խոր թախիծ ու վիշտ էր հնչում։

Պետրոսը ներկա էր։ Նա չոքել էր առջևում, փայտե խաչի առջև, որ մեխած էր հնձանի պատից, և աղոթում էր։ Վինիկիոսը հեռվից ճանաչեց նրա սպիտակ մազերը և վեր պարզած ձեռքերը։ Երիտասարդ պատրիկի առաջին միտքն էր ամբողջ ժողովի միջից անցնել, ընկնել առաքյալի ոտքերը և աղաղակել. «փրկի՛ր». բայց թե աղոթքի խորհրդավորությունը և թե թուլությունը ծալեցին նրա ոտքերը և մուտքի մոտ չոքելով սկսեց կրկնել հառաչանքով և ձեռքերը սեղմելով. «Քրիստոս, ողորմիր»։ Եթե գիտակցությունը վրան լիներ, կհասկանար, որ ոչ միայն իր խնդիրքի մեջ էր հնչում հառաչանքը, և որ ոչ միայն ինքն էր բերում այստեղ իր վիշտը, իր կսկիծը և իր տանջանքը։ Չկար այս ժողովի մեջ ոչ մի մարդկային հոգի, որ կորցրած չլիներ սրտին թանկագին էակներ, և քանի որ հավատակիցներից ամենամոլեռանդներն ու ամենաքաջերն արդեն կալանավորվել էին, քանի որ ամեն րոպե տարածվում էին այն անարգանքների և չարչարանքների լուրերը, որոնց նրանք ենթարկվում էին բանտերի մեջ, քանի որ տառապանքի ծավալն անցել էր ամեն երևակայությունից, քանի որ մնացել էր արդեն միայն այս մի բուռը, չկար այստեղ ոչ մի սիրտ, որ չտատանվեր հավատի մեջ և չհարցներ երկմտությամբ. «Ո՞ւր է Քրիստոսը և ինչո՞ւ է թույլ տալիս, որ չարիքը Աստծուց զորավոր լինի»։

Բայց այդ միջոցին դեռ հուսահատությամբ նրանից ողորմածություն էին աղերսում, որովհետև ամեն հոգու մեջ շարունակվում էր վառվել հույսի կայծը, թե նա գալու է, ջնջելու է չարիքը, անդունդ է նետելու Ներոնին և տիրելու է աշխարհին։ Դեռևս նայում էին երկինք, դեռևս ականջ էին դնում, դեռևս աղոթում էին դողալով։ Վինիկիոսին նույնպես, քանի կրկնում էր «Քրիստոս, ողորմիր», սկսեց տիրել հափշտակությունը, որպիսին մի ժամանակ տիրել էր իրեն ֆոսորի խրճիթում։ Ահա կանչում է նրան կսկծի խորքերից, խորխորատից, ահա կանչում է նրան Պետրոսը. ուրեմն՝ այս է, կբացվի երկինքը, երկիրը կդողա հիմքից, և կիջնի Նա՝ անհուն փայլի մեջ, աստղերը ոտքերի տակ, ողորմած, բայց և ահռելի, որ կբարձրացնի իր հավատարիմներին և կհրամայի անդունդներին՝ կուլ տալ հալածիչներին։

Վինիկիոսը դեմքը ծածկեց ձեռքերով և գետին տարածվեց։ Հանկարծ նրան շրջապատեց լռությունը, կարծես թե երկյուղը կապեց բոլոր ներկա եղողների լեզուները։ Եվ թվում էր նրան, թե անպատճառ մի բան պիտի լինի, որ հասնելու է հրաշքի ժամը։ Հավատացած էր, որ երբ ոտքի կանգնի և բաց անի աչքերը, կտեսնի մի լույս, որից կուրանում է մահկանացուի տեսանելիքը, և կլսի մի ձայն, որից ուշաթափվում են սրտերը։

Բայց լռությունը երկարում էր։ Ընդհատվեց միայն կանանց հեկեկանքներից։

Վինիկիոսը ոտքի կանգնեց և սկսեց շշմած հայացքով նայել իր առջև։

Հնձանում, գերերկրային փայլերի փոխարեն, պսպղում էին լապտերների աղոտ ճրագները, և լուսնյակի շողերը, մտնելով երդիկից, լցնում էին սրահը արծաթագույն լույսով։ Վինիկիոսի կողքին չոքած մարդիկ լուռ բարձրացնում էին արտասվալից աչքերը դեպի խաչը. այս և այնտեղ լսվեցին ուրիշ հեկեկանքներ, իսկ դրսից հասնում էին պահապանների զգույշ սուլոցները։ Այդ ժամանակ Պետրոսը վեր կացավ և, դառնալով ժողովականներին, ասաց.

— Որդիք, սրտերդ վեր առաքեցեք դեպի մեր տեր Փրկիչը և մատուցեք նրան ձեր արտասուքները։

Եվ լռեց։

Հանկարծ ժողովականների միջից լսվեց մի կանացի ձայն՝ վշտահար, տրտունջով և անծայր կսկիծով լի.

— Ես որբևայրի եմ, մի որդի ունեի, որ ինձ կերակրում էր... Վերադարձրու նրան ինձ, տե՛ր։

Կրկին լռություն տիրեց։ Պետրոսը կանգնած էր ծնկաչոք ժողովականների առջև, ծերացած, մաշված, և այդ րոպեին նրանց զառամության և տկարության մարմնացում էր երևում։

Այդ միջոցին սկսեց տրտնջալ և մի ուրիշ ձայն.

— Դահիճներն առևանգեցին իմ աղջիկներին, և Քրիստոսն այդ թույլ տվեց։

Հետո երրորդը՝

— Մնացել եմ ինքս երեխաներիս հետ, և երբ ինձ կտանեն, ո՞վ նրանց հաց և ջուր կտա։

Հետո չորրորդը՝

— Լիննոսին, որին թողել էին, նորից վերցրին և չարչարանքի մատնեցին, տե՛ր։

Հետո հինգերորդը՝

— Երբ տուն վերադառնանք, մեզ կբռնեն պրետորիանները։ Չգիտենք որտեղ ծածկվենք։

— Վա՜յ մեզ։ Ո՞վ մեզ կպաշտպանի։

Եվ այսպես՝ գիշերային խաղաղության մեջ հնչում էր տրտունջը տրտունջի ետևից։ Ծերունի ձկնորսն աչքերը փակեց և իր ալևոր գլուխը թափահարում էր մարդկային այդ վշտից ու անհանգստությունից։ Նորից լռություն տիրեց. միայն պահապաններն էին կամացուկ սուլում սրահից դուրս։

Վինիկիոսը նորից ուզում էր ժողովականների միջով նետվել առաքյալի մոտ և նրանից փրկություն հայցել. բայց հանկարծ իր առջև կարծես վիհ նկատեց, որի տեսքը ուժաթափ արեց նրա ոտքերը։ Ի՞նչ կլինի, եթե առաքյալը խոստովանի իր տկարությունը, եթե հաստատի, որ հռոմեական կայսրը ավելի ուժեղ է, քան թե Քրիստոս Նազովրեցին։ Եվ այս մտքից զարհուրանքը փշաքաղեց նրա գլխի մազերը, որովհետև զգաց, որ այն ժամանակ այդ վիհը կգլորվի ոչ միայն իր հույսի մնացորդը, այլև ինքը և իր Լիգիան, և իր սերը Քրիստոսի նկատմամբ, և իր հավատը, և ամենը, ինչով ապրում էր, և կմնա միայն մահն ու ծովի պես անեզր գիշերը։

Իսկ այդ միջոցին Պետրոսն սկսեց խոսել, սկզբում այնպիսի ցածր ձայնով, որ հազիվ կարելի էր լսել նրան.

— Իմ զավակներ։ Գողգոթայի վրա տեսա, թե ինչպես Աստծուն գամում էին խաչին։ Լսեցի մուրճի ձայները և տեսա, թե ինչպե՛ս վեր բարձրացրին խաչը, որպեսզի ժողովուրդները տեսնեն Մարդու Որդու մահը...

......................................

...Եվ տեսա, թե ինչպե՛ս ծակեցին Նրա կողը, և ինչպե՛ս մեռավ։ Եվ այն ժամանակ, վերադառնալով խաչելության մոտից, գոչում էի կսկիծով, ինչպես դուք եք գոչում. «Վա՜յ ինձ, վա՜յ ինձ։ Տե՜ր, Դու Աստված ես. ինչո՞ւ ապա թույլ տվիր այս, ինչո՞ւ մեռար և ինչո՞ւ մաշեցիր մեր սրտերը, որոնք հավատում էին, որ գալու է Քո թագավորությունը...»։

... Եվ Նա՝ մեր Տերը և մեր Աստվածը, երրորդ օրը մեռածներից հարություն առավ և մեր մեջն էր, մինչև որ մեծ լույսի մեջ չմտավ իր թագավորությունը։

Իսկ մենք, ճանաչելով մեր թերի հավատը, ամրապնդեցինք մեր սրտերը և այդ օրից ի վեր ցանում ենք նրա սերմերը...

......................................

Այստեղ, դառնալով այն կողմը, որտեղից լսվեց առաջին տրտունջը, սկսեց խոսել արդեն ավելի ուժեղ ձայնով.

— Ինչո՞ւ եք տրտնջում... Աստված ինքն իր անձը չարչարանքի ու մահի մատնեց, իսկ դուք կամենո՞ւմ եք, որ ձեզ նրանից պաշտպանի։ Թերահավատ մարդիկ, մի՞թե հասկացել եք նրա ուսմունքը, մի՞թե նա ձեզ միայն այս կյանքն է խոստացել։ Ահա նա գալիս է ձեզ մոտ և ասում է ձեզ. «Եկեք իմ ճանապարհով». ահա բարձրացնում է ձեզ իր մոտ. իսկ դուք ձեռքերով կպչում եք գետնին՝ գոչելով. «Տե՜ր, փրկիր»։ Ես, որ փոշի եմ Աստծու առջև, իսկ ձեզ համար՝ Աստծու առաքյալ և փոխանորդ, ասում եմ ձեզ հանուն Քրիստոսի։ Ոչ թե մահ է ձեր առջև, այլ կյանք. ոչ թե չարչարանք, այլ անսահման հրճվանք. ոչ թե գերություն, այլ թագավորություն։ Ես՝ Աստծո առաքյալս, ասում եմ քեզ, այրի կին. քո որդին չի մեռնի, այլ կվերածնվի փառքի մեջ հավիտենական կյանքի համար, և դու կմիանաս նրա հետ։ Քեզ, հայր, որի անմեղ աղջիկներին պղծեցին դահիճները, խոստանում եմ, որ նորից կգտնես նրանց Հոբրոնի շուշանից էլ սպիտակ։ Զեզ, մայրեր, որոնց կխլեն որբերից, ձեզ, որ կկորցնեք ծնողներին, ձեզ որ տրտնջում եք, ձեզ, որ նայելիս կլինեք սիրելիների մահին, ձեզ, վշտացյալներ, դժբախտներ, բեռնավորվածներ, և ձեզ, որ մեռնելու եք, հանուն Քրիստոսի ասում եմ, որ կզարթնեք իբրև քնից՝ երջանիկ արթնության համար և իբրև խավարից՝ Աստծու լույսի համար։ Հանուն Քրիստոսի, թող ընկնի փառը ձեր աչքերից, և թող բոցավառվեն ձեր սրտերը։

Այս ասելով նա ձեռքը բարձրացրեց, կարծես հրամայելիս լիներ. իսկ նրանք նոր արյուն զգացին իրենց երակների մեջ և միաժամանակ սարսուռ՝ ոսկորների մեջ, որովհետև նրանց առջև կանգնած էր ոչ թե մի զառամյալ և ուժասպառ ծերունի, այլ մի հզոր պետ, որ վեհացնում էր նրանց ոգիները և թափ տալիս նրանցից փոշին ու խռովությունը։

— Ամե՜ն,— գոչեցին մի քանի ձայներ։

Իսկ նրա աչքերից ավելի ու ավելի մեծ փայլ էր բխում. նրանից ուժ էր բխում, բխում էր վեհություն, բխում էր սրբություն։ Գլուխները խոնարհվեցին նրա առջև, իսկ նա, երբ դադարեց «ամենը», շարունակեց.

— Սերմանեցեք ողբալով, հնձեք ուրախությամբ։ Ինչո՞ւ եք երկնչում չարի զորությունից։ Երկրից վեր, Հռոմից վեր, քաղաքի պատերից վեր Տերն է, և Նա բնակվել է ձեր մեջ։ Քարերը կխոնավանան արտասուքներից, ավազը կթրջվի արյունից, փոսերը կլցվեն ձեր մարմիններով, իսկ ես ձեզ կասեմ՝ դուք եք հաղթողը։ Տերը գալիս է ընկճելու ոճրագործության, բռնության և գոռոզության այս քաղաքը, և դուք եք նրա լեգեոնները։ Եվ ինչպես նա իր չարչարանքներով և մահով քավեց աշխարհիս մեղքերը, այնպես և կամենում է, որ դուք ձեր չարչարանքներով ու արյունով քավեք այս անիրավության բույնը... Այս նա է ձեզ հայտարարում իմ բերանով։

Եվ ձեռքերը տարածեց, աչքերը վեր հառեց. իսկ նրանց սրտերը գրեթե դադարեցին կրծքում բաբախելուց, որովհետև զգացին, որ նրա հայացքը մի ինչ֊որ բան է տեսնում, որը չեն կարող տեսնել իրենց մահկանացու աչքերը։

Ճշմարիտ որ, նրա դեմքը փոխվեց ու պայծառացավ, և որոշ ժամանակ նայում էր լուռ, կարծես համրացել էր զմայլանքից, իսկ հետո լսվեց նրա ձայնը.

— Դու ես, Տե՛ր, և ցույց ես տալիս քո ճանապարհները... Ինչպե՞ս, օ՜, Քրիստոս... Ոչ թե Երուսաղեմում, այլ սատանայի այս քաղաքո՞ւմ ես կամենում դնել քո աթոռը։ Դու այս արտասուքների՞ց և այս արյունի՞ց ես կամենում կառուցել Քո Եկեղեցին։ Այստեղ, ուր այսօր իշխում է Ներոնը, պետք է լինի Քո հավիտենական թագավորությունը։ Օ՜ Տեր, Տեր։ Եվ հրամայո՞ւմ ես այս խռովված մարդկանց, որ իրենց ոսկորներից կառուցեն աշխարհի Սիովնի հիմքը, իսկ իմ հոգուս՝ որ այդ աշխարհի և երկրի մարդկանց իշխանությունը ձեռք առնեմ... Եվ ահա ուժի աղբյուր ես թափում թույլերի վրա, որպեսզի ուժեղանան, և ահա հրամայում ես ինձ Քո գառներն արածեցնել այժմվանից իսկ, մինչև դարերի վախճանը... օ՜, փառաբանված լինեն քո խորհուրդները, և Դու, որ հրամայում ես հաղթել... Օվսաննա՜, Օվսաննա՜։

Նրանք, որոնք խռոված էին, սիրտ առան. նրանց մեջ, որոնք երկմտել էին, հավատի ճաճանչներ մտան։ Մի քանի ձայներ գոչեցին «Օվսաննա՜», ուրիշները՝ «pro Christo»[398], ապա տիրեց լռություն։ Ամառային պայծառ փայլակները լուսավորում էին սրահի ներսը և հուզմունքից գունատված դեմքերը։

Պետրոսը, տեսիլի մեջ խորասուզված, դեռ երկար աղոթում էր, բայց վերջապես ուշքի եկավ, ժողովականների վրա դարձրեց իր ներշնչված, լուսափայլ հայացքը և ասաց.

— Ահա, ինչպես Տերը հաղթեց ձեր մեջ երկմտությունը, այնպես և դուք գնացեք հաղթելու նրա անունով։

Ու թեև գիտեր արդեն, որ կհաղթեն, թեև գիտեր, ինչ դուրս կգա նրանց արտասուքներից ու արյունից, սակայն նրա ձայնը դողաց հուզմունքից, երբ սկսեց խաչակնքել նրանց և ասաց.

— Իսկ այժմ օրհնում եմ ձեզ, զավակներս, չարչարանքի, մահվան և հավիտենականության համար։

Իսկ նրանք խմբվեցին նրա շուրջը՝ գոչելով. «Մենք արդեն պատրաստ ենք. բայց դու, սրբազան հայր, թաք կացիր, որովհետև դու Քրիստոսի փոխանորդ ես, որ կառավարում ես նրա համայնքը»։ Եվ այսպես, բռնում էին նրա զգեստներից, իսկ նա ձեռքերը դնում էր նրանց գլխներին և խաչակնքում էր ամեն մեկին առանձին, ինչպես հայրը օրհնում է հեռու ճանապարհ ընկնող երեխաներին։

Եվ իսկույն սկսեցին դուրս գալ հնձանից, որովհետև շտապում էին տուն, իսկ այնտեղից՝ բանտ և արենա։ Նրանց մտքերը կտրվել էին երկրից, հոգիները թռիչք էին առել դեպի հավիտենականություն, և նրանք գնում էին կարծես երազի կամ ոգևորության մեջ, «գազանի» ուժին և դաժանությանը դեմ դնելու այն ուժը, որ կար իրենց մեջ։

Իսկ առաքյալին առավ Պուդենսի ծառա Ներեոսը և խաղողի որթերի մեջ ծածկվող նեղ շավիղով տանում էր իր տուն։ Բայց պայծառ գիշերով նրանց հետևում էր Վինիկիոսը, և երբ վերջապես նրանք հասան Ներեոսի խրճիթին, երիտասարդն ընկավ առաքյալի ոտները.

Իսկ նա, ճանաչելով, հարցրեց.

— Ի՞նչ ես ուզում, որդի։

Բայց Վինիկիոսն. այն խոսքերից հետո, ինչ լսել էր հնձանում, արդեն չէր համարձակվում նրանից ոչինչ աղերսել, միայն երկու ձեռքերով գրկելով նրա ոտքերը՝ հեկեկանքով սեղմում էր նրանց իր ճակատը, այսպես լուռ գթություն աղերսելով։

Իսկ առաքյալն ասաց.

— Գիտեմ։ Խլել են քեզնից, այն աղջկան, որին սիրեցիր։ Աղոթիր նրա համար։

— Տե՛ր,— հառաչեց Վինիկիոսը ավելի սաստիկ սեղմելով առաքյալի ոտքերը։— Տե՛ր, ես անպետք որդ եմ, իսկ դու գիտեիր Քրիստոսին, դո՛ւ նրան աղաչիր, դո՛ւ բարեխոս եղիր Լիգիայի համար։

Եվ կսկծից դողում էր տերևի պես, ճակատը խփում էր գետնին, որովհետև, ճանաչելով առաքյալի զորությունը, գիտեր, որ նա՛ միայն կարող է իրեն վերադարձնել աղջկան։

Եվ Պետրոսը հուզվեց վշտի այս արտահայտությունից։ Հիշեց, թե ինչպես մի ժամանակ էլ Լիգիան, Կրիսպոսի խոսքերից շանթահարված, պառկած էր հենց այսպես իր ոտքերի մոտ՝ գթություն հայցելով։ Հիշեց, որ նրան բարձրացրեց՝ և մխիթարեց, ուստի այժմ էլ բարձրացրեց Վինիկիոսին։

— Որդյա՜կ,— ասաց նա,— կաղոթեմ նրա համար. բայց դու իմացիր, ինչ ասացի այն երկմտողներին, որ Աստված ինքն անցավ խաչելության չարչարանքից, և հիշիր, որ այս կյանքից հետո սկսվում է ուրիշը՝ հավիտենականը։

— Ես գիտեմ... ես լսեցի,— պատասխանեց Վինիկիոսը՝ օդ ծծելով գունատ շրթունքներով,— բայց, տեսնում ես, տե՜ր... չե՛մ կարող։ Եթե արյուն է հարկավոր, խնդրիր Քրիստոսից, որ վերցնի իմը... Ես զինվորական եմ։ Թող ինձ համար կրկնապատկի, թող եռապատկի նրա համար նշանակված չարչարանքը, կտանեմ. բայց թող նրան փրկի։ Նա դեռ մանուկ է՝ տեր, իսկ Քրիստոսը Կեսարից հզոր է, հավատո՛ւմ եմ, հզո՛ր է... Դու ինքդ նրան սիրում էիր։ Դու մեզ օրհնեցի՛ր։ Նա անմեղ աղջիկ է...

Այստեղ նորից կռացավ, և, դեմքը դնելով Պետրոսի ծնկներին, կրկնեց.

— Դու գիտեիր Քրիստոսին, տե՜ր, դու գիտեիր։ Նա քեզ կլսի։ Բարեխոսիր նրա համար։

Իսկ Պետրոսն աչքերը փակեց և ջերմեռանդությամբ աղոթում էր։

Ամառային փայլակները նորից սկսեցին լուսավորել երկինքը։ Վինիկիոսը նրանց լույսով աչքը չէր հեռացնում առաքյալի շրթունքներից՝ նրանցից կյանքի կամ մահվան դատավճռի սպասելով։ Խաղաղության մեջ լսվում էին այգիներում միմյանց ձայն տվող լորերի ձայնը Via Salaria֊ի մոտ գտնվող ջրաղացների ժխորը։

— Վինիկիոս,— վերջապես հարցրեց առաքյալը,— հավատո՞ւմ ես դու։

— Տե՛ր, այլապես մի՞թե այստեղ կգայի,— պատասխանեց Վինիկիոսը։

— Այն ժամանակ հավատա մինչև վերջ, որովհետև հավատը լեռներ է շարժում։ Եթե մինչև անգամ տեսնեիր այն աղջկան դահճի սրի տակ, կամ առյուծի բերանում, հավատա դեռևս, որ Քրիստոսը կարող է ազատել նրան։ Հավատա և աղոթիր Նրան, ես էլ կաղոթեմ քեզ հետ միասին։

Ապա, դեմքը դեպի երկինք բարձրացնելով, ասաց բարձրաձայն.

— Ողորմած Քրիստոս, նայիր այս ցավագար սրտի մեջ և մխիթարիր սրան։ Ողորմած Քրիստոս, հեռացրու հողմը գառան բրդից։ Ողորմած Քրիստոս, դու, որ խնդրում էիր Հորը, որ հեռացնի դառնության թասը քո շրթունքներից, հեռացրու այդ Քո ծառայի շրթունքներից։ Ամե՜ն։

Իսկ Վինիկիոսը, ձեռքերը դեպի աստղերը տարածելով, ասում էր հառաչելով.

— 0՛ Քրիստոս, ես քո՛նն եմ։ Ա՛ռ ինձ նրա տեղ։

Արևելքում երկինքն սկսել էր ճերմակել։

ԳԼՈՒԽ ԺԱ

Վինիկիոսը, առաքյալից բաժանվելով, գնում էր բանտը՝ սիրտը վերածնված հույսով։ Մի ինչ֊որ տեղ, հոգու խորքում, դեռ ճչում էին հուսահատությունն ու զարհուրանքը, բայց ինքը ճնշում էր իր մեջ այդ ձայները։ Նրան անհնարին էր թվում, որ Աստուծո փոխանորդի բարեխոսությունը և նրա աղոթքի զորությունը մնային առանց հետևանքի։

Վախենում էր հույս չունենալ, վախենում էր երկմտել։ «Կշարունակեմ հավատալ նրա ողորմածությանը,— ասում էր ինքն իրեն,— մինչև անգամ եթե տեսնեմ Լիգիային առյուծի բերանում»։ Եվ այսպես մտածելով, թեև ցնցվում էր հոգին, և սառը քրտինքը թրջում էր քունքերը, հավատում էր։ Նրա սրտի ամեն մի բաբախյունն այժմ աղոթք էր։ Սկսեց հասկանալ, որ հավատը լեռներ է շարժում, որովհետև զգաց իր մեջ մի ինչ֊որ զարմանալի ուժ, որն առաջ չէր զգում։ Թվում էր նրան, թե կհաջողի հավատով այնպիսի բաներ անել, որոնք դեռ երեկ իր ուժից վեր էին։ Երբեմն այնպիսի զգացմունք էր ունենում, կարծես չարիքն արդեն անցել է։ Երբ հուսահատությունը դեռևս հառաչանք էր ծնում նրա մեջ, նա մտաբերում էր այն գիշերը և այն որբահայաց ալեզարդ դեմքը, որ աչքերը դեպի վեր դարձրած աղոթում էր։ «Ոչ, Քրիստոսը նրան չի մերժի, և ես չեմ երկմտի»։

Բայց այստեղ նրան մի անակնկալ էր սպասում։

Պրետորիական պահապանները, որոնք փոփոխակի հսկում էին Մամերտինյան բանտի մոտ, արդեն բոլորն էլ ճանաչում էին նրան և առհասարակ ոչ մի դժվարություն չէին ստեղծում նրա առաջ, բայց այս անգամ շղթան չքակվեց, և դրա փոխարեն հարյուրապետը մոտեցավ նրան ու ասաց.

— Ների՛ր, ազնիվ տրիբուն, այսօր հրաման ունենք ոչ ոքի ներս չթողնել։

— Հրամա՞ն,— գունատվելով կրկնեց Վինիկիոսը։

Զինվորականը կարեկցությամբ նայեց նրան և պատասխանեց.

— Այո՛, տեր, Կեսարի հրամանն է։ Բանտում բազմաթիվ հիվանդներ կան և գուցե վախենում են, չլինի թե այցելուները հիվանդությունը տարածեն քաղաքում։

— Բայց ասացիր, որ հրամանը միայն այսօրվա համար է։

— Կեսօրին փոխվում են պահապանները։

Վինիկիոսը լռեց և մերկացրեց գլուխը, որովհետև թվաց, թե իր կրած «pileolus»֊ը[399] արճճից է։

Այդ միջոցին զինվորականն ավելի մոտեցավ և ասաց ցածր ձայնով.

— Հանգստացիր, տեր։ Բանտապահները և Ուրսուսը հսկում են նրան։

Ապա կռացավ և մի ակնթարթում իր երկար գալլիական սրով սալահատակի վրա ձուկ գծեց։

Վինիկիոսն արագ նայեց նրան։

— ...Եվ պրետորիա՞ն ես։

— Քանի դեռ այնտեղ չեմ,— պատասխանեց զինվորականը՝ գլխով բանտի կողմը ցույց տալով։

— Ես էլ եմ պաշտում Քրիստոսին։

— Փառավորյալ է անունը նրա։ Գիտեմ, տեր։ Չեմ կարող քեզ ներս թողնել բանտը, բայց եթե նամակդ գրես, կտամ բանտապահներին։

— Շնորհակալ եմ քեզնից, եղբայր...

Եվ սեղմելով զինվորականի ձեռքը հեռացավ։ Pileolus֊ը դադարեց արճիճի պես ծանրանալ գլխին։ Առավոտյան. արևը բարձրացավ բանտի պատերից վեր, և նրա պայծառության հետ հույսը սկսեց նորից արծարծվել Վինիկիոսի սրտի մեջ։ Այդ քրիստոնյա զինվորականը նրա համար կարծես Քրիստոսի զորության նոր ապացույց էր։ Մի վայրկյանից նա կանգ առավ և, հայացքը հառելով վարդագույն ամպերին, որոնք կախ էին ընկել Կապիտոլիոնի և Ստատորի մեհյանի վրա, ասաց.

— Այսօր չեմ տեսել նրան, Տեր, բայց հավատում եմ Քո գթությանը։

Տանը նրան սպասում էր Պետրոնիոսը, որն ըստ իր սովորության «գիշերը ցերեկ շինելով»՝ նոր էր վերադարձել։ Այնուամենայնիվ նա արդեն կարողացել էր լողանալ և օծվել քուն մտնելուց առաջ։

— Նորություններ ունեմ քեզ համար,— ասաց նա։— Այսօր Տուլլիոս Սենեկիոնի մոտ էի, որտեղ էր և Կեսարը։ Չգիտեմ որտեղի՞ց էր Ավգուստայի միտքը եկել իր հետ բերելու փոքրիկ Ռուֆիոսին... Գուցե նրա համար, որ իր գեղեցկությամբ մեղմացնի Կեսարի սիրտը։ Դժբախտաբար ընթերցանության ժամանակ երեխայի քունը տարավ, ինչպես մի ժամանակ Վեսպասիանոսի հետ էր պատահել։ Այս տեսնելով՝ Ահենոբարբը նրա վրա շպրտեց գավաթը և սաստիկ վիրավորեց նրան։ Պոպպեան ուշաթափվեց, իսկ բոլորս լսեցինք, թե ինչպես Կեսարն ասաց. «Կոկորդս է հասել այս բիջը». իսկ այդ, գիտես, որ միևնույն է, թե մահ։

— Ավգուստայի վրա ծանրացել է Աստուծո պատիժը,— պատասխանեց Վինիկիոսը.— բայց ինչո՞ւ ես ինձ այդ ասում։

— Ասում եմ նրա համար, որ քեզ և Լիգիային հալածում է Պոպպեայի բարկությունը. բայց այժմ նա, զբաղված լինելով իր սեփական դժբախտությամբ, գուցե մի կողմ թողնի վրեժխնդրությունը և ավելի հեշտ հաշտվի։ Կտեսնեմ նրան այսօր երեկոյան և կխոսեմ հետը։

— Շնորհակալ եմ քեզնից։ Ինձ բարեգուշակ նորություն ես հայտնում։

— Իսկ դու լողացիր և հանգստացիր։ Շրթունքներդ կապտել են, քեզանից միայն, ստվեր է մնացել։

Իսկ Վինիկիոսը հարցրեց.

— Արդյոք չե՞ն խոսում, թե երբ է տեղի Ունենալու առաջին ludus matutinus֊ը։

— Տասն օրից հետո։ Բայց նախ և առաջ կվերցնեն ուրիշ բանտերից։ Որքան ավելի ժամանակ կմնա մեզ, այնքան ավելի լավ։ Դեռ ամեն բան կորած չէ։

Դրանով նա ասում էր այն, ինչին ինքն արդեն չէր հավատում. որովհետև հաստատապես գիտեր՝ քանի որ Կեսարը, պատասխանելով Ալիտուրոսի խնդրանքին, գտավ վսեմ հնչող պատասխան, որի մեջ իրեն համեմատում էր Բրուտոսի հետ, ուրեմն՝ Լիգիայի համար արդեն փրկություն չկար։ Թաքցրեց նույնպես, խղճալուց, ինչ որ լսել էր Սենեկիոնի մոտ, այն է՝ որ Կեսարն ու Տիգելլինոսը վճռել են ընտրել իրենց և իրենց ընկերների համար ամենագեղեցիկ քրիստոնյա կույսեր և անպատվել նրանց չարչարանքից առաջ, իսկ մնացածները պիտի պրետորիաններին և բեստիարներին հանձնվեին խաղի օրը։

Գիտենալով, որ Վինիկիոսը ոչ մի դեպքում չի ապրի Լիգիայից հետո, Պետրոնիոսը նրա սրտի մեջ պահպանում էր հույսը, նախ կարեկցելով նրան, և ապա՝ որ այս գեղագետի հոգսը նույնպես և այն էր, որ Վինիկիոսը, եթե մեռնելու է, մեռնի գեղեցիկ և ոչ թե վշտից ու անքնությունից մաշված, սևացած դեմքով։

— Այսօր Ավգուստային կասեմ,— ասաց նա,— մոտավորապես այսպես՝ փրկիր Լիգիային Վինիկիոսի համար, իսկ ես քեզ համար կփրկեմ Ռուֆիոսին։ Եվ կմտածեմ դրա մասին, ճշմարիտ։ Ահենոբարբին պատեհ րոպեին ասված մեկ խոսքը կարող է որևէ մեկին փրկել կամ կորցնել։ Ամենավատ պարագայում ժամանակ կվաստակենք։

— Շնորհակալ եմ քեզնից,— կրկնեց Վինիկիոսը։

— Ամենից լավ ինձ շնորհակալություն արած կլինես, եթե մի բան ուտես և քնես։ Աթենասը վկա՜, Ոդիսևսը ամենամեծ դժբախտության ժամանակ էլ մտածում էր քնի ու կերակրի մասին։ Երևի ամբողջ գիշերն անց ես կացրել բանտում։

— Ոչ,— պատասխանեց Վինիկիոսը։— Ուզում էի բանտ գնալ այժմ, բայց հրամայված է, որ ոչ ոքի ներս չթողնեն։ Իմացիր, Պետրոնիոս, արդյոք այդ հրամանը միայն այսօրվա՞ համար է, թե կգործի մինչև խաղերի օրը։

— Կիմանամ այս գիշեր և վաղը առավոտյան կասեմ քեզ, թե որքան ժամանակով և ինչու է տրված այդ հրամանը։ Իսկ այժմ, թեկուզ Հելիոսը[400] վշտից իջնելու լիներ Կիմերիական աշխարհը, գնում եմ քնելու, իսկ դու հետևիր իմ օրինակին։

Եվ բաժանվեցին, իսկ Վինիկիոսն առանձնացավ գրադարանում և սկսեց նամակ գրել Լիգիային։

Երբ ավարտեց, ինքը տարավ և հանձնեց քրիստոնյա հարյուրապետին, որ իսկույն գնաց բանտ։ Մի փոքր անց նա վերադարձավ՝ բերելով ողջույն Լիգիայից և խոստանալով, որ հենց այսօր կբերի և նրա պատասխանը։

Վինիկիոսը սակայն չէր կամենում տուն վերադառնալ և, նստելով քարի վրա, սպասում էր Լիգիայի նամակին։ Արևն արդեն շատ էր բարձրացել երկնքում, և Clivus Argentariu֊ով, ըստ սովորության, ֆորում էին լցվում խումբ֊խումբ մարդիկ։ Վաճառականները գովաբանում էին իրենց ապրանքները, թովիչները անցուդարձ անողներին իրենց ծառայություններն էին առաջարկում, քաղաքացիները ծանր քայլերով դիմում էին դեպի Ռոստրա՝ պատահական ճառախոսներին լսելու, կամ իրար փոխադարձաբար ամենաթարմ նորություններ հաղորդելու համար։ Քանի ավելի էր շոգն այրում, դատարկապորտների խմբերն այնքան ավելի շատ էին լցվում մեհյանների պորտիկների տակ, որտեղից ամեն րոպե դուրս էին թռչում աղավնիների ամբողջ երամներ՝ թևերով մեծ աղմուկ բարձրացնելով, և փայլելով իրենց սպիտակ փետուրներով արևի լույսի ու երկնքի կապույտի մեջ։

Լույսի առատությունից, խոսակցության, տաքության և անչափ հոգնածության ազդեցության տակ Վինիկիոսի աչքերն սկսեցին փակվել։ Մոտակայքում մորա խաղացող տղաների միակերպ աղաղակները և զինվորների միաչափ քայլերը օրորում էին նրան։ Մի քանի անգամ էլ բարձրացրեց գլուխը, նայեց բանտին, հետո գլխով հենվեց քարաժայռին, հոգոց հանեց մի երեխայի պես, որ քնում է երկար լացից հետո, և քուն մտավ։

Եվ իսկույն նրան պատեցին տեսիլները։ Թվում էր, թե գիշերվա պահին գրկած տանում է Լիգիային մի անծանոթ այգիով, իսկ իրենց առջևից գնում է Պոմպոնիա Գրեկինան ճրագը ձեռքին և լույս է տալիս։ Ինչ֊որ ձայն, կարծես Պետրոնիոսը, իրեն կանչում էր հեռվից։ «Վերադարձիր», բայց ինքն ուշադրություն չէր դարձնում այդ կանչին և շարունակում էր գնալ Պոմպոնիայի ետևից, մինչև հասան մի խրճիթ, որի շեմքին կանգնած էր Պետրոս առաքյալը։ Այն ժամանակ ինքը ցույց տվեց Լիգիային և ասաց. «Գալիս ենք արենայից, տեր, բայց չենք կարողանում սրան զարթնեցնել. զարթեցրու սրան»։ Բայց Պետրոսը պատասխանեց. «Քրիստոսն ինքը կգա զարթեցնելու սրան»։

Հետո նրա տեսիլներն սկսեցին խառնվել։ Երազի մեջ տեսնում էր Ներոնին և Պոպպեային, որ ձեռքին բռնել էր փոքրիկ Ռուֆիոսին, իսկ Պետրոնիոսը լվանում էր այդ երեխայի արյունաթաթախ ճակատը. և Տիգելլինոսին, որ մոխիր էր ցանում թանկագին կերակուրներով ծանրաբեռնված սեղաններին. և Վիտելիոսին, որ լափում էր այդ կերակուրները, այլև բազմաթիվ այլ ավգուստիանների, որոնք նստած էին խնջույքի։

Ինքը բազմած էր Լիգիայի կողքին, բայց սեղանների միջով ման էին գալիս առյուծները, որոնց շեկ մազերից ծլծլում էր արյունը։ Լիգիան խնդրում էր, որ իրեն դուրս տանի, իսկ իրեն այնպիսի սաստիկ ուժասպառություն էր տիրել, որ չէր կարողանում մինչև անգամ շարժվել։ Հետո նրա տեսիլների մեջ ավելի մեծ խառնաշփոթություն առաջ եկավ, և վերջապես ամեն ինչ անհետացավ կատարյալ խավարի մեջ։

Խոր քնից նրան զարթեցրին միայն արևի տապը և այն աղաղակները, որոնք բարձրացան հենց նրա նստած տեղի մոտ։ Վինիկիոսը տրորեց աչքերը. փողոցը լցված էր մարդկանցով, բայց երկու արագաքայլ ստրուկներ, դեղին տունիկաները հագին, երկար եղեգներով հրում էին ամբոխին, աղաղակելով և ճանապարհ բաց անելով շքեղազարդ դեսպակի համար, որը տանում էին չորս հաղթանդամ եգիպտացիներ։

Դեսպակի մեջ նստած էր ինչ֊որ մարդ սպիտակ զգեստը հագին. նրա դեմքը լավ չէր երևում, որովհետև հենց աչքերի առջև բռնել էր պապիրուսի փաթեթը և ուշադրությամբ ինչ֊որ բան էր կարդում։

— Ճանապարհ ազնիվ ավգուստիանի համար,— գոռում էին ստրուկները։

Բայց փողոցն այնպես լի էր, որ դեսպակը պիտի մի րոպե կանգ առներ։ Այն ժամանակ ավգուստիանն անհամբեր իջեցրեց պապիրուսը և դուրս հանեց գլուխը՝ գոչելով.

— Քշե՛լ այս անզգամներին։ Շո՛ւտ։

Եվ հանկարծ, նկատելով Վինիկիոսին, ներս քաշեց գլուխը և պապիրուսը շտապ մոտեցրեց իր աչքերին։

Իսկ Վինիկիոսը ձեռքը քսեց ճակատին՝ կարծելով, թե դեռ երազում է։

Դեսպակի մեջ նստած էր Քիլոնը։

Այդ միջոցին արագաքայլ ստրուկները ճանապարհը բաց արին, և եգիպտացիներն առաջ շարժվելու վրա էին, երբ հանկարծ երիտասարդ տրիբունը, որ մի ակնթարթում հասկացավ շատ բան, որ առաջ անհասկանալի էր, մոտեցավ դեսպակին։

— Ողջույն քեզ, Քիլոն,— ասաց։

— Պատանի,— արժանավորությամբ և գոռոզությամբ պատասխանեց հույնը, աշխատելով իր դեմքին հանգիստ արտահայտություն տալ, մինչդեռ սիրտը շփոթված էր.— բարև, բայց ինձ մի պահիր, որովհետև շտապում եմ իմ բարեկամ ազնիվ Տիգելլինոսի մոտ։

Իսկ Վինիկիոսը, բռնելով դեսպակի կողքից, կռացավ Քիլոնի կողմը և, նայելով ուղղակի նրա աչքերի մեջ, ասաց ցածրաձայն.

— Դո՞ւ մատնեցիր Լիգիային...

— Մեմնոնի կոլո՜ս,— գոչեց սարսափահար Քիլոնը։

Բայց Վինիկիոսի աչքերում սպառնալիք չկար, ուստի ծերունի հույնի երկյուղն արագ անցավ։ Մտածեց, որ ինքը Տիգելլինոսի ու կայսեր հովանավորության ներքո է, այսինքն` այնպիսի զորությունների, որոնց առջև ամենքը դողում են, որ իրեն շրջապատում են ուժեղ ստրուկներ, իսկ Վինիկիոսն իր առջև կանգնած է անզեն, մաշված դեմքով և վշտից ճնշված կերպարանքով։

Այս մտքից համարձակությունը վերադարձավ նրան։ Հառեց Վինիկիոսի վրա կարմիր կոպերով շրջապատված աչքերը և շշնջաց.

— Իսկ երբ սովից մեռնում էի, դու հրամայեցիր գանակոծել ինձ։

Մի րոպե երկուսն էլ լուռ էին, հետո լսվեց Վինիկիոսի խուլ ձայնը.

— Մեղանչեցի քո առջև, Քիլո՜ն...

Այն ժամանակ հույնը բարձրացրեց գլուխը և մատները չրխկացնելով, որ Հռոմում արհամարհանքի նշան էր, պատասխանեց այնպես բարձր ձայնով, որ ամենքը կարողանային լսե.

— Բարեկամ, եթե ինձ մոտ խնդիրք ունես, եկ իմ տուն, Էսքվիլին, առավոտյան կանուխ, երբ լողանալուց հետո ընդունում եմ հյուրերիս և կլիենտներիս։

Եվ ձեռքով նշան արեց. եգիպտացիները բարձրացրին դեսպակը, իսկ դեղին տունիկավոր ստրուկները եղեգնիկները շարժելով գոչեցին.

— Ճանապա՜րհ, ազնիվ Քիլոն Քիլոնիդեսի դեսպակի համար ճանապա՜րհ, ճանապա՜րհ։

ԳԼՈՒԽ ԺԲ

Լիգիան շտապով գրած նամակի մեջ երկար, հավիտենական հրաժեշտ էր տալիս Վինիկիոսին։ Նրան արդեն հայտնի էր, որ ոչ ոքի թույլ չի տրվում գալ բանտ, և որ Վինիկիոսին կկարողանա տեսնել միայն արենայից։ Եվ ահա խնդրում էր նրան, որ տեղեկանա, թե ե՞րբ է լինելու իրենց հերթը ներկա գտնվելու խաղերին, որովհետև ինքը կուզենար մեկ անգամ էլ տեսնել նրան իր կյանքում։ Նրա նամակի մեջ երկյուղ չէր երևում։ Գերում էր, որ թե ինքը և թե ուրիշները արդեն կարոտում են արենային, որտեղ բանտից ազատություն են գտնելու։ Հույս ունենալով, որ Պոմպոնիան ու Ավլոսները եկած պիտի լինեն, աղաչում էր, որ նրանք էլ գան։ Նրա ամեն մի խոսքի մեջ երևում էր ոգևորություն և երկրից այն հրաժարումը, որով ապրում էին բոլոր բանտարկյալները, միաժամանակ կար և անդրդվելի հավատ, թե Քրիստոսի խոստումները պետք է կատարվեն գերեզմանի մյուս կողմում։ Գրում էր. «Այժմ, թե մեռնելուց հետո Քրիստոսը կազատի ինձ։ Նա ինձ խոստացավ քեզ առաքյալի բերանով, և ես քոնն եմ»։ Եվ երդվեցնում էր նրան, որ իրեն չխղճա և կսկիծին թույլ չտա տիրանալ իրեն։ Մահը նրա համար նշանագրության քակտում չէր։ Մանկական վստահությամբ հավատացնում էր Վինիկիոսին, որ արենայի վրա չարչարվելուց հետո իսկույն կասի Քրիստոսին, թե Հռոմում մնացել է իր նշանած Մարկոսը, որ իր կարոտն է քաշում ամբողջ հոգով։ Եվ կարծում էր, որ Քրիստոսը գուցե իր հոգուն թույլ տա մի փոքր ժամանակով վերադառնալ նրա մոտ, որպեսզի նրան ասի, որ ապրում է, որ չարչարանքը չի հիշում և որ երջանիկ է։ Նրա ամբողջ նամակը շնչում էր երջանկությամբ և անծայր հույսով։ Նրա մեջ միայն մի խնդրանք կար, որ կապված էր աշխարհային գործերի հետ, այն է` որ Վինիկիոսը սպոլիարիոնից[401] վերցնի իր մարմինը և թաղի իր կնոջ պես այն մատուռի մեջ, ուր ինքը մի ժամանակ պետք է հանգստանա։

Վինիկիոսը կարդում էր այս նամակը պատառ֊պատառ լինող սրտով, բայց նրան նաև անհնարին էր թվում, որ Լիգիան կարողանար կորչել վայրենի գազանների ատամներից, և որ Քրիստոսը չխղճա նրան։ Եվ, իսկապես, Քրիստոսն էր նրա հավատն ու հույսը։ Տուն վերադառնալով՝ ասաց, որ ամեն օր գալու է Տուլիանոնի պատերի տակ և սպասելու, մինչև որ Քրիստոսը չի փշրի այդ պատերը և չի տա նրան իրեն։ Խրախուսում էր Լիգիային, որ Նա կարող է նրան իրեն տալ մինչև անգամ կրկեսում, որ մեծ առաքյալն այդ մասին աղաչում է Նրան, և որ ազատության ժամը մոտիկ է։ Հավատացյալ կենտուրիոնը պիտի այս նամակը տաներ հետևյալ օրը։

Բայց երբ Վինիկիոսը հաջորդ օրը եկավ բանտի մոտ, հարյուրապետը, զինվորական շարքը թողնելով, առաջինը մոտեցավ նրան և ասաց.

— Լսիր ինձ, տեր, Քրիստոսը, որին դու խոստովանեցիր, քեզ իր շնորհը ցույց տվեց։ Այս գիշեր եկան Կեսարի և պրեֆեկտի ազատագիրները, որ նրանց համար քրիստոնյա աղջիկներ ընտրեն անպատվելու համար. հարցնում էին և քո նշանածի մասին, բայց Տերը նրան տենդ առաքեց, որից մեռնում են բանտարկյալները տուլանոնում, և նրանք հանգիստ թողին օրիորդին։ Երեկ երեկոյան արդեն ուշքը կորցրած էր, և օրհնված լինի Փրկչի անունը, որովհետև այդ հիվանդությունը, որ նրան ազատեց անպատվությունից, կարող է նրան ազատել նաև մահից։

Վինիկիոսը ձեռքով հենվեց զինվորականի վակասին, չընկնելու համար, իսկ նա շարունակեց.

— Շնորհակալ եղիր Տիրոջից։ Լիննոսին վերցրին և սկսեցին չարչարել. բայց տեսնելով, որ մեռնում է, ետ տվին նրան։ Գուցե նրան էլ քեզ տան այժմ, իսկ Քրիստոսը կվերադարձնի նրան առողջությունը։

Երիտասարդ տրիբունը մի րոպե էլ մնաց գլուխը քարշ արած, հետո բարձրացրեց այն և ասաց ցածր ձայնով.

— Այո, հարյուրապետ, Քրիստոսը, որ նրան անպատվությունից ազատեց, կազատի նրան և մահից։

Եվ մինչև երեկո նստած մնալով բանտի պատերի տակ՝ վերադարձավ տուն, որ իր մարդկանց Լիննոսի մոտ ուղարկի, հրամայի նրան տեղափոխել քաղաքից դուրս ունեցած իր դղյակներից մեկը։

Բայց Պետրոնիոսը, այս ամենն իմանալով, վճռել էր էլի աշխատել։ Առաջ էլ արդեն եղել էր Ավգուստայի մոտ, իսկ այժմ գնաց նրա մոտ երկրորդ անգամ։ Նրան գտավ փոքրիկ Ռուֆիոսի մահճակալի մոտ։ Երեխան իր կոտրած գլխով զառանցում էր տենդի մեջ, իսկ մայրն աշխատում էր փրկել նրան, հուսահատությունն ու երկյուղը սրտում, որովհետև մտածում էր, որ եթե փրկի նրան, կփրկի գուցե նրա համար, որ շուտով հանդիպի ավելի սարսափելի մահվան։

Բացառապես իր կսկիծով զբաղված լինելով՝ Պոպպեան մինչև անգամ չէր կամենում լսել Վինիկիոսի ու Լիգիայի մասին. բայց Պետրոնիոսը զարհուրեցրեց նրան։

— Անարգել ես,— ասաց նա Ավգուստային,— նոր անծանոթ աստվածությունը։ Դու, Ավգուստա, պաշտում ես կարծես եբրայական Եհովային. իսկ քրիստոնյաները հավատում են, որ Քրիստոսը նրա որդին է. մտածի՛ր ուրեմն, արդյոք քեզ չի՞ հալածում հոր բարկությունը։ Ո՞վ գիտե, արդյոք այն, ինչ որ քեզ պատահել է, նրանց վրեժխնդրությունը չէ՞, և արդյոք Ռուֆիոսի կյանքը կախված չէ՞ նրանից, թե ինչպես կվարվես։

— Ի՞նչ ես կամենում, որ անեմ,— հարցրեց զարհուրած Պոպպեան։

— Մեղմացրու բարկացած աստվածությունների սիրտը։

— Ինչպե՞ս։

— Լիգիան հիվանդ է։ Ազդիր Կեսարին կամ Տիգելլինոսին, որ նրան հանձնեն Վինիկիոսին։

Իսկ Պոպպեան հարցրեց հուսահատությամբ.

— Արդյոք դու կարծում ես, որ կարո՞ղ եմ։

— Բայց կարող ես մի ուրիշ բան։ Եթե Լիգիան առողջանա, պիտի գնա մեռնի։ Գնա Վեստայի մեհյանը և պահանջիր, որ virgo magna[402] գտնվի պատահմամբ Տուլիանոնի մոտ այն րոպեին, երբ բանտարկյալներին դուրս կբերեն մահվան տանելու, և հրամայի ազատել այդ աղջկան։ Մեծ վեստալուհին այդ չի մերժի քեզ։

— Իսկ եթե Լիգիան մեռնի տենդի՞ց։

— Քրիստոնյաներն ասում են, որ Քրիստոսը վրեժխնդիր է, բայց և արդարադատ. գուցե նրան մեղմացնես հենց այդ ցանկությամբ միայն։

— Թող ինձ որևէ նշան տա, որ կողջացնե Ռուֆիոսին։

Պետրոնիոսն ուսերը թոթվեց։

— Ես չեմ գալիս իբրև նրա պատգամավոր, օ՜, աստվածային, այլ միայն ասում եմ՝ ավելի լավ է հաշտ եղիր հռոմեական և օտար բոլոր աստվածների հետ։

— Կերթամ,— կոտրված ձայնով ասաց Պոպպեան։

Պետրոնիոսը խոր հոգոց հանեց։ «Վերջապես մի բան հաջողեցրի»,— մտածեց նա։

Եվ վերադառնալով Վինիկիոսի մոտ՝ ասաց նրան.

— Խնդրիր քո Աստծուն, որ Լիգիան չմեռնի տենդից, որովհետև, եթե չմեռնի, մեծ վեստալուհին կհրամայի ազատել նրան։ Ինքը Ավգուստան կխնդրի նրան այդ մասին։

Վինիկիոսը նայեց նրան այնպիսի աչքերով, որոնց մեջ փայլում էր տենդը, և պատասխանեց.

— Նրան կազատի Քրիստոսը։

Իսկ Պոպպեան, որ Ռուֆիոսի առողջանալու համար պատրաստ էր հեկատոմբաներ զոհել աշխարհի բոլոր աստվածներին, հենց նույն երեկո գնաց ֆորում վեստալուհիների մոտ՝ վստահելով հիվանդ երեխայի խնամատարությունը հավատարիմ դայակ Սիլվիային, որ իրեն մեծացրել էր։

Բայց Պալատիոնում արդեն արձակված էր երեխայի դատավճիռը, և հենց որ կայսերական դեսպակն անհետացավ Մեծ դարպասի ետևում, Կեսարի երկու ազատագիրները մտան այն սենյակը, ուր քնած էր փոքրիկ Ռուֆիոսը. նրանցից մեկը նետվեց Սիլվիայի վրա և նրա բերանը փակեց, իսկ մյուսը, առնելով Սֆինքսի պղնձե անդրին, նրա մի հարվածով շշմեցրեց պառավին։

Հետո նրանք մոտեցան Ռուֆիոսին։ Տենդահար և գիտակցությունը կորցրած տղան, իրեն հաշիվ չտալով, թե ինչ է շուրջը կատարվում, ժպտում էր նրանց և պշացնում էր իր գեղեցիկ աչքերը՝ կարծես աշխատում էր նրանց ճանաչել։ Բայց նրանք, դայակից քակելով cingulum կոչված գոտին, նրանով կապեցին պարանոցը և հանգուցելով սկսեցին ձգել։ Երեխան մի անգամ մայրիկ կանչեց և իսկույն մեռավ։ Հետո նրա մարմինը փաթաթեցին սավանի մեջ և, հեծնելով պատրաստ ձիերը, շտապեցին Օստիա, ուր և մարմինը ծովը նետեցին։

Պոպպեան, տանը չգտնելով մեծ վեստալուհուն, որ ուրիշ վեստալուհիների հետ միասին Վատինիոսի մոտ էր, շուտով վերադարձավ Պալատիոն։ Տեսնելով դատարկ մահճակալը և Սիլվիայի սառած մարմինը՝ ուշաթափվեց, իսկ երբ նրան ուշքի բերին, սկսեց աղաղակել, և նրա վայրագ աղաղակները լսվում էին ամբողջ այդ գիշերը և հաջորդ օրը։

Բայց երրորդ օրը Կեսարը հրամայեց նրան ներկա գտնվել մեծարքին, և, պճնվելով մեղեսիկե տունիկայով, նա եկավ և նստեց քարացած դեմքով, ոսկեհեր, լուռ, հրաշագեղ, չարագուշակ, որպես մահվան հրեշտակ։

ԳԼՈՒԽ ԺԴ

Առաջ, քան Ֆլավիոսները կառուցեցին Կոլիզեոնը, ամֆիթատրոնները[403] Հռոմում շինվում էին փայտից, բայց նրանք բոլորն էլ այրվել էին հրդեհի ժամանակ։ Այդ պատճառով Ներոնն իր խոստացած խաղերը սարքելու համար հրամայեց կառուցել մի քանի ամֆիթատրոններ, մեկը՝ ահագին, որի համար, կրակը հանգչելուց հետո, ծովով և Տիբերիսով իսկույն սկսեցին բերել հսկայական գերաններ, որ կտրված էին Ատլասի ծմակներից։ Քանի որ խաղերն իրենց փառահեղությամբ և զոհերի թվով գերազանցելու էին բոլոր առաջ եղածներին, ուստի ընդարձակ դիրք էր տրված մարդկանց և գազանների տեղերին։ Հազարավոր արհեստավորներ գիշեր֊ցերեկ աշխատում էին շինության վրա։ Շինում էին և զարդարում առանց հանգիստ առնելու։ Ժողովուրդը հրաշքներ էր պատմում բրոնզով, սաթով, փղոսկրով և անդրծովային կրիաների ոսկրով զարդարված նեցուկների մասին։ Նստարանի մոտի առուներով վազող լեռների սառցաջուրը շինության մեջ պիտի պահպաներ հաճելի զովություն նույնիսկ ամենասաստիկ տոթին։ Ահագին ծիրանի վելարիոնը[404] պահպանում էր արևի ճառագայթներից։ Նստարանների շարքերի արանքներում դրված էին բուրվառներ՝ արաբական անուշահոտություններ վառելու համար. բարձրում տեղավորված էին սարքեր՝ հանդիսականների վրա զափրանի ջուր և աղավնիճ սրսկելու համար։ Հռչակավոր ճարտարապետներ Սևերոսն ու Կելլերը ամբողջ իրենց հմտությունը բանեցնում էին, որ կառուցեն մի անզուգական ամֆիթատրոն, որ միաժամանակ հետաքրքրվողների մի այնպիսի մեծ բազմություն տեղավորել կարողանար, որպիսին չէր կարող տեղավորել հայտնի ամֆիթատրոններից ոչ մեկը։

Եվ ահա այն օրը, երբ պիտի սկսվեր ludus matutinus֊ը, ռամիկ խուժանը լուսադեմից սպասում էր դռները բացվելուն՝ հրճվանքով ականջ դնելով առյուծների մռնչյունին, հովազների խռպոտ մայունին և շների ոռնոցին։ Երկու օրից ի վեր գազաններին ուտելու բան չէին տալիս և դրա փոխարեն նրանց մոտով անց էին կացնում արյունոտված մսի կտորներ, որ ավելի ևս գրգռեն նրանց կատաղությունն ու քաղցը։ Երբեմն վայրենի ձայների այնպիսի փոթորիկ էր բարձրանում, որ կրկեսի առջև կանգնած մարդիկ չէին կարողանում խոսել, իսկ ավելի զգայունները գունատվում էին երկյուղից։ Իսկ արևի ծագելուն պես կրկեսի միջից լսվեց բարձրաձայն, բայց խաղաղ երգեցողություն, որին խուժանը ականջ էր դնում զարմանքով, կրկնելով միմյանց՝ «Քրիստոնյանե՜րը, քրիստոնյանե՜րը»։ Ճիշտ որ, նրանցից բազմաթիվ խմբեր դեռ գիշերս տեղափոխված էին ամֆիթատրոն, և ոչ թե միայն մի բանտից, ինչպես էր առաջին ծրագիրը, այլ բոլորից քիչ-քիչ։ Ժողովուրդը գիտեր, որ ներկայացումները տևելու են ամբողջ շաբաթներ ու ամիսներ, բայց այժմ վիճում էին, թե արդյոք քրիստոնյաների այն մասի հետ, որ նշանակված էր այդ օրվա համար, կհաջողվի վերջացնել մի օրվա ընթացքում։ Առավոտյան երգը երգող այս մարդկանց, կանանց և մանուկների ձայներն այնքան բազմաթիվ էին, որ վարժ ունկնդիրները պնդում էին, թե թեկուզ ամեն անգամ հարյուրական և երկու հարյուրական մարմիններ դուրս բերվեն, գազանները կհոգնեն, կկշտանան և մինչև երեկո չեն կարողանա պատառոտել բոլորին։ Մյուսները պնդում էին, թե միաժամանակ արենա դուրս եկող զոհերի չափազանց մեծ թիվը ցրում է ուշադրությունը և թույլ չի տալիս զվարճանալ տեսարանով, ինչպես հարկն է։ Քանի ավելի էր մոտենում դեպի ներս տանող և վոմիտորիա կոչվող անցքերը բացվելու րոպեն, այնքան ժողովուրդն ավելի աշխուժանում էր, ուրախ էր դառնում և վիճում էր ներկայացմանը վերաբերող զանազան խնդիրների մասին։ Այս և այնտեղ գրազ էին գալիս, մի քանիսը, սակայն, խոսում էին գլադիատորների մասին, որոնք պետք է ասպարեզ դուրս գային քրիստոնյաներից առաջ, և նորից կազմվում էին կուսակցություններ, մեկ՝ սամնիացիների, մեկ՝ գալլիացիների, մեկ՝ միրմիլլոնների, մեկ՝ թրակիացիների, մեկ՝ ցանցաձիգ ռետիարների[405]։

Վաղ առավոտյան գլադիատորների մեծ կամ փոքր գնդեր սկսել էին դիմել ամֆիթատրոն իրենց վարպետների, լանիստաների առաջնորդությամբ։ Չկամենալով ժամանակից առաջ հոգնեցնել իրենց՝ նրանք գնում էին առանց զենքի, հաճախ բոլորովին մերկ, կանաչ ճյուղերը ձեռքերին կամ ծաղիկներով պսակված, երիտասարդ, առավոտյան լույսի մեջ գեղեցիկ և կյանքով լի։ Յուղից պսպղացող ու կարծես մարմարիոնից քանդակած նրանց ուժեղ մարմինները զմայլեցնում էին ձևերի սիրահար ժողովրդին։ Նրանցից շատերն անձնապես ծանոթ էին, և ամեն րոպե լսվում էին աղաղակներ. «Կեցցե՜ Ֆուռնիոս, կեցցե՜ Լեո, կեցցե՜ Մաքսիմոս, կեցցե՜ Դիոմեդես»։ Երիտասարդ կանայք նրանց էին ուղղում սիրով լի աչքերը, իսկ նրանք նկատում էին, թե որտեղ ինչ գեղեցկուհի կա, և ձայն էին տալիս նրանց կատակներով, կարծես ոչ մի վտանգ ծանրացած չէր նրանց վրա, և ուղարկում էին համբույրներ կամ գոչում էին. «Գրկիր առաջ, քան մահը կգրկե»։ Հետո անհետանում էին դռների մեջ, որտեղից շատերն արդեն չպիտի դուրս գային։ Բայց նորանոր պարագաներ ցրում էին ժողովրդի ուշադրությունը։ Գլադիատորներից հետո գալիս էին մաստիգոֆորներ, այսինքն՝ մտրակով զինված մարդիկ, որոնց պարտականությունն էր մտրակել և գրգռել մարտնչողներին։ Հետո ջորիները spoliarium֊ի կողմն էին քաշում մի շարք սայլեր, որոնց վրա դարսված էին փայտե դագաղների դեզեր։ Դրանք տեսնելով, ժողովուրդն ուրախանում էր՝ դագաղների թվից եզրակացնելով ներկայացման ահագնության մասին։ Ապա գալիս էին մարդիկ, որոնք պետք է վերջ դնեին վիրավորվածների կյանքին, և այնպես էին հագնված, որ ամեն մեկը նման էր Քարոնին կամ Մերկուրիոսին[406]. ապա՝ մարդիկ, որոնք կարգ ու կանոն էին պահպանում կրկեսում, տեղեր էին բաժանում. ապա ստրուկներ՝ կերակուրներ և ըմպելիքներ մատուցելու համար, և վերջապես պրետորիաններ, որ ամեն մի կայսր միշտ ունենում էր ձեռքի տակ, ամֆիթատրոնում։

Վերջապես բացվեցին վոմիտորիաները, և ամբոխը ներս խուժեց։ Բայց այնպես շատ էին հավաքվածները, որ ժամերով մտնում էին ու մտնում, այնպես, որ զարմանալի էր, թե ամֆիթատրոնն ինչպես կարող էր կուլ տալ մի այսպիսի անհամար ամբոխ։ Մարդկանց գոլորշիներն զգալով՝ գազանների մռնչյուններն ավելի սաստկացան։ Տեղերն զբաղեցնելիս ժողովուրդը դղրդացնում էր այնպես, ինչպես ալիքը փոթորկի ժամանակ։

Վերջապես եկավ քաղաքապետը՝ վիգիլներով շրջապատված, իսկ նրանից հետո անընդհատ շղթայի պես սկսեցին փոփոխվել սենատորների, կոնսուլների, պրետորների, էդիլների, հասարակական ու պալատական պաշտոնյաների, պրետորիական հրամանատարների, պատրիկների ու վայելչակազմ կանանց դեսպակները։ Մի քանի դեսպակների առջևից գնում էին ճիպոտների կապի մեջ սակրեր բռնած լիկտորներ[407], մյուսների առջևից գնում էին բազմաթիվ ստրուկներ։ Արևի լույսից պսպղում էին դեսպակների ոսկին, սպիտակ ու գունավոր զգեստները, փետուրները, օղերը, թանկագին քարերը, սակրերի պողպատը։ Կրկեսից լսվում էին գոչումներ, որոնցով ժողովուրդը ողջունում էր հզոր մեծավորներին։ Ժամանակ առ ժամանակ նաև պրետորիանների փոքրիկ վաշտեր էին գալիս։

Բայց զանազան մեհյանների քրմերը եկան մի քիչ ավելի ուշ, և միայն նրանցից հետո բերեցին Վեստայի սրբակյաց կույսերին, որոն առջևից գալիս էին լիկտորները։ Ներկայացումն սկսելու համար սպասում էին միայն Կեսարին, որ չկամենալով ժողովրդին երկար սպասել տալ և ցանկանալով նրա սիրտը գրավել իր աճապարանքով, իսկույն եկավ Ավգուստայի և ավգուստիանների ընկերակցությամբ։

Պետրոնիոսը եկավ ավգուստիանների հետ՝ իր դեսպակի մեջ բերելով Վինիկիոսին։ Սա գիտեր, որ Լիգիան հիվանդ պառկած է, գիտակցությունը կորցրած. բայց որովհետև վերջին օրերս բանտի մուտքը ամենախիստ կերպով արգելված էր, որովհետև նախորդ պահապանների տեղ նորերն էին կանգնեցված, որոնց պատվիրված էր չխոսել բանտապետների հետ, անգամ ոչ մի չնչին տեղեկություն չհայտնել նրանց, որոնք գալիս էին բանտարկյալների մասին հարցնելու. նա հավատացած չէր, թե արդյոք Լիգիան այն զոհերի թվում չէ՞, որոնք նշանակված էին ներկայացման առաջին օրվա համար։ Առյուծների համար կարող էին դուրս բերել և հիվանդին, թեկուզ և ուշաթափված լիներ։ Բայց որովհետև զոհերը պետք է կարված լինեին գազանների մորթիների մեջ և մեծ խմբերով պիտի դուրս բերվեին արենա, այս պատճառով հանդիսականներից ոչ ոք չէր կարող ստուգել, թե արդյոք մեկն ավելի է կամ պակաս նրանց մեջ, և ոչ ոք չէր կարող ոչ մեկին ճանաչել։ Պահապանները և ամֆիթատրոնի բոլոր ծառաները կաշառված էին, իսկ բեստիարների հետ պայման էր կապված, որ կթաքցնեն Լիգիային ամֆիթատրոնի որևէ մութ անկյունում, իսկ գիշերը կհանձնեն Վինիկիոսի հավատարիմ ծառայի ձեռքը, որն իսկույն կտանի նրան Ալբիոնի լեռները։ Պետրոնիոսը, որ գաղտնիքին հաղորդակից էր, խորհուրդ էր տալիս Վինիկիոսին, որ իր հետ բացարձակ կերպով գնա ամֆիթատրոն և միայն մտնելու միջոցին իրարանցումից օգուտ քաղի և շտապի խորքերը, ուր հնարավոր սխալների առաջն առնելու համար՝ պահապաններին անձամբ պիտի ցույց տար Լիգիային։

Պահապանները ներս թողին նրան փոքրիկ դռնով, որտեղով և իրենք էին ման գալիս։ Սիրոս անունով մեկը նրան իսկույն տարավ քրիստոնյաների մոտ։ Ճանապարհին ասաց.

— Չգիտեմ, տեր, արդյոք կգտնե՞ս այն, ինչ որ որոնում ես։ Մենք հարցուփորձ էինք անում Լիգիա անունով աղջկա մասին, բայց ոչ ոք մեզ պատասխան չտվեց. գուցե մեզ չեն վստահում։

— Շա՞տ են այստեղ,— հարցրեց Վինիկիոսը։

— Շատերը երևի, տեր, վաղվան կմնան։

— Հիվանդներ կա՞ն նրանց մեջ։

— Այնպիսիներ, որոնք ոտքի վրա չեն կարող կանգնել, չկան։

Այս ասելով, Սիրոսը դռները բաց արեց, և նրանք մտան մի ահագին, բայց ցածր ու մութ սրահ. լույսն անցնում էր միայն վանդակապատ բացվածքներով, որոնք բաժանում էին սրահը արենայից։ Վինիկիոսն սկզբում ոչինչ չէր կարողանում տեսնել, սրահից միայն շշունջ և ամֆիթատրոնից հասնող ժողովրդի աղաղակներն էր լսում։ Բայց մի քանի րոպեից, երբ աչքերն ընտելացան խավարին, նա խումբ֊խումը տարօրինակ էակներ նկատեց, որոնք գայլերի և արջերի էին նմանվում։ Դրանք քրիստոնյաներն էին՝ գազանների մորթերի մեջ կարված։ Նրանցից մի քանիսը կանգնած էին, մյուսները ծնկաչոք աղոթք էին անում։ Այս և այնտեղ մորթու վրայով իջնող երկար մազերից կարելի էր գուշակել, որ զոհը կին է։ Էգ գայլերի նման մայրերը ձեռքերին ման էին ածում իրենց բրդոտ երեխաներին։ Բայց մորթու տակից դուրս էին նայում պայծառ դեմքեր, խավարի մեջ աչքերը փայլում էին ուրախությամբ ու տենդով։ Երևում էր, որ այդ մարդկանց մեծ մասին տիրել էր մի միտք, բացառիկ և գերերկրային, որ դեռ կենդանի ժամանակ նրանց անզգա էր դարձրել այն ամենի համար, ինչ որ կարող էր իրենց շուրջը կատարվել, կամ ինչ որ կարող էր պատահել իրենց։ Մի քանիսը, երբ նրանց Վինիկիոսը հարցնում էր Լիգիայի մասին, նայում էին նրան կարծես քնից արթնացած աչքերով, չպատասխանելով նրա հարցերին. մի քանիսն էլ ժպտում էին նրան, մատը շրթունքներին դնելով կամ ցույց տալով երկաթե վանդակների կողմը, որոնց միջով ճառագայթների պայծառ փնջեր էին թափանցում։ Երեխաները տեղ֊տեղ լաց էին լինում՝ սարսափելով գազանների մռնչյունից, շների ոռնոցից, ժողովրդի աղմուկից և իրենց ծնողների գազանանման կերպարանքներից։ Վինիկիոսը, պահապան Սիրոսի հետ առաջ գնալով, զննում էր դեմքերը, որոնում էր, հարցնում էր, երբեմն ընկնում էր նրանց մարմինների վրա, որոնք ուշաթափվել էին օդի ծանրությունից ու տոթից, գնում էր ավելի հեռու, դեպի սրահի մութ խորքը. սրահը նրան այնպես ընդարձակ էր թվում, ինչպես ամբողջ ամֆիթատրոնը։

Բայց հանկարծ նա կանգ առավ, որովհետև նրան թվաց, թե վանդակի մոտից լսվեց մի ինչ֊որ ծանոթ ձայն։ Մի րոպե ականջ գնելուց հետո նա ծռվեց և, հրելով ամբոխը, մոտեցավ այդ ձայնին։ Լույսի մի փունջ ընկնում էր խոսողի գլխին, և այդ փայլի մեջ, գայլի մորթու տակից, Վինիկիոսը ճանաչեց Կրիսպոսի նիհարած և անողոք դեմքը։

— Ողբացեք ձեր մեղքերը,— ասում էր Կրիսպոսը,— որովհետև ահա շուտով կհասնի ժամը։ Բայց ով կարծում է, թե, լոկ մահով կքավի իր մեղքերը, նա նոր մեղք է գործում և ձգված կլինի հավիտենական հուրը։ Ձեր ամենի մեղքով, որ կենդանի ժամանակ գործել եք, նորոգեցեք Տիրոջ չարչարանքը. ինչպե՞ս եք ուրեմն համարձակվում մտածել, թե այն չարչարանքը, որ մեզ սպասում է, կարող է քավել նրան պատճառածը։ Միատեսակ մահով կմեռնեն այսօր արդարներն ու մեղավորները, բայց Տերը կդատի իր ընտրյալներին։ Վա՜յ ձեզ, որովհետև առյուծների ժանիքները կգզգզեն ձեր մարմինները, բայց չեն գզգզի ոչ ձեր մեղքերը, ոչ էլ ձեր հաշիվը Աստուծո հետ։ Տերը բավականին ողորմածություն ցույց տվեց, երբ թույլ տվեց խաչ հանել իրեն, բայց այսուհետև նա կլինի միայն դատավոր, որը ոչ մի հանցանք առանց պատժի չի թողնում։ Ով որ ձեզնից կարծում էր, թե չարչարանքով կսրբի իր մեղքերը, մեղանչում էր աստվածային արդարության դեմ և ավելի խորը կնետվի։ Վերջացավ ողորմածությունը, և հասավ Աստուծո բարկության ժամը։ Ահա մի քանի րոպեից կկանգնեք ահեղ դատաստանի առջև, որին հազիվ կդիմանա առաքինին։ Ողբացե՛ք ձեր մեղքերը, որովհետև բաց է դժոխքի բերանը, և վա՜յ ձեզ, տղամարդիկ և կանայք, վա՜յ ձեզ, ծնողներ և մանուկներ։

Եվ տարածելով ոսկորոտ թևերը՝ նա դրանք շարժում էր խոնարհած գլուխների վրա, մնալով աներկյուղ, բայց և անողոք մինչև անգամ մահվան նկատմամբ, որ մի քանի րոպեից սպասում էր բոլոր դատապարտվածներին։ Նրա խոսքերից հետո լսվեցին ձայներ. «Ողբում ենք մեր մեղքերը», և ապա տիրեց լռություն. միայն երեխաներն էին լաց լինում, և կանայք ձեռքերով խփում էին կրծքերին։ Վինիկիոսի արյունը սառչում էր երակներում։ Նա, որ իր ամբողջ հույսը դրել էր Քրիստոսի ողորմածության վրա, այժմ լսեց, որ հասել է բարկության ժամը, և որ ողորմածությունը ձեռք չի բերվի նույնիսկ մահվան արենայի վրա։ Նրա գլխով, ճիշտ է, մի պայծառ և կայծակի պես արագ միտք անցավ, թե Պետրոս Առաքյալը ուրիշ կերպ կխոսեր մեռնելու պատրաստ այս մարդկանց հետ, այնուամենայնիվ Կրիսպոսի ահռելի, մոլեռանդությամբ լի խոսքերը և այդ մութ սրահը իր վանդակներով, որոնց ետև չարչարանքի ասպարեզն էր, և այդ չարչարանքի մերձավորությունն ու զոհերի շատությունը նրա սիրտը լցրին երկյուղով ու զարհուրանքով։ Այս ամենը միասին նրան սարսափելի երևաց և հարյուր անգամ ավելի սարսռեցնող, քան թե այն ամենաարյունահեղ ճակատամարտերը, որոնց մասնակցել էր։ Ծանր օդն ու տոթը նրան սկսեցին խեղդել։ Սառը քրտինքը թրջեց ճակատը։ Նա վախեցավ՝ չլինի թե ուշաթափվի նրանց պես, որոնց մարմինները նրա ոտքերի դեմ էին ընկնում, երբ խուզարկում էր սրահի խորքը, և մտածելով, որ ամեն րոպե կարող են բացվել վանդակները, սկսեց բարձրաձայն կանչել Լիգիային և Ուրսուսին, հույս ունենալով, որ եթե ոչ նրանք, գոնե նրանց ճանաչող մեկը կպատասխանի իրեն։

Եվ, իրոք, արջի պես հագնված մի մարդ իսկույն քաշեց նրա տոգայից և ասաց.

— Տե՛ր, նրանք մնացին բանտի մեջ։ Ամենից վերջը ինձ դուրս բերին, և ես նրան հիվանդ տեսա մահճի վրա։

— Ո՞վ ես,— հարցրեց Վինիկիոսը։

— Ֆոսորը, որի խրճիթում առաքյալը քեզ մկրտեց, տե՛ր։ Երեք օր առաջ ինձ կալանավորեցին, իսկ այսօր պետք է մեռնեմ։

Վինիկիոսն ավելի հանգիստ շունչ քաշեց։ Երբ այստեղ էր մտնում, փափագում էր գտնել Լիգիային, իսկ այժմ պատրաստ էր շնորհակալություն հայտնել Քրիստոսին, որ աղջիկն այստեղ չէ, և այդ բանի մեջ նրա ողորմածությունն էր տեսնում։

Այդ միջոցին ֆոսորը մի անգամ էլ քաշեց նրա տոգայից և ասաց.

— Հիշո՞ւմ ես, տեր, որ ես քեզ առաջնորդեցի մինչև Կոռնելիայի այգին, որտեղ հնձանում սովորեցնում էր առաքյալը։

— Հիշում եմ,— պատասխանեց Վինիկիոսը։

— Տեսա նրան հետո, ինձ կալանավորելուց մեկ օր առաջ։ Օրհնեց ինձ և ասաց, որ կգա ամֆիթատրոն՝ խաչակնքելու նահատակվողներին։ Կուզեի նրան նայել մեռնելու րոպեին և տեսնել խաչի նշանը. այն ժամանակ ինձ համար ավելի հեշտ կլինի մեռնել։ Եթե գիտես, տեր, որտեղ է նա, ասա ինձ։

Վինիկիոսը ձայնն իջեցրեց և ասաց.

— Նա Պետրոնիոսի ծառաների մեջ է և հագնված է ստրուկի պես։ Չգիտեմ, թե որտեղ են նստել, բայց կվերադառնամ կրկես և կտեսնեմ։ Դու նայիր ինձ, երբ կմտնեք արենա, իսկ ես վեր կելնեմ և գլուխս կդարձնեմ նրանց կողմը։ Այն ժամանակ աչքերով կգտնես նրան։

— Շնորհակալ եմ, տե՛ր, և խաղաղություն քեզ։

— Փրկիչը ողորմի քեզ։

— Ամեն։

Վինիկիոսը դուրս եկավ «կունիկոլլոնից» և հեռացավ ամֆիթատրոն, ուր նրա տեղը Պետրոնիոսի կողքին էր, ուրիշ ավգուստիանների մեջ։

— Այնտե՞ղ է,— հարցրեց նրան Պետրոնիոսը։

— Ոչ, մնացել է բանտում։

— Լսիր, էլի ինչ եկավ միտքս, բայց լսելիս նայիր, օրինակի համար, Նիգիդիային, որպեսզի այնպես երևա, թե խոսում ենք նրա սանրվածքի մասին... Տիգելլինոսը և Քիլոնը այս րոպեիս մեզ են նայում... Լսիր ուրեմն. թող Լիգիային գիշերով դագաղը դնեն և դուրս բերեն բանտից իբրև մեռածի. մնացածը հասկանում ես։

— Այո,— պատասխանեց Վինիկիոսը։

Խոսակցության շարունակությունն ընդհատեց Տուլլիոս Սենեկիոնը, որ նրանց կողմը թեքվելով, ասաց.

— Չգիտե՞ք, արդյոք, քրիստոնյաներին զենք տալո՞ւ են։

— Չգիտենք,— պատասխանեց Պետրոնիոսը։

— Ավելի լավ կլիներ, որ տային,— ասաց Տուլլիոսը,— այլապես արենան շատ շուտով մսագործների կրպակ կդառնա։ Բայց այս ի՜նչ շքեղ ամֆիթատրոն է։

Ճիշտ որ, տեսարանը փառահեղ էր։ Ստորին շարքերը ձյունի պես սպիտակին էին տալիս. այնտեղ նստած էին տոգավոր մեծամեծները։ Ոսկեզօծված «պոդիոնում» նստած էր Կեսարը՝ ադամանդե մանյակը պարանոցին, ոսկե պսակը ճակատին, իսկ նրա կողքին՝ գեղեցիկ և տխրադեմ Ավգուստան, երկու կողմերում՝ վեստալուհիներ, բարձր պաշտոնյաներ, սենատորներ ծիրանակար թիկնոցներով, զինվորական ավագանին՝ պսպղացող զրահներով, մի խոսքով ամենը, ինչ որ Հռոմում հզոր էր, փայլուն և հարուստ։ Հետևյալ շարքերում նստած էին ասպետները, իսկ ավելի վերև՝ սև շրջան էր կազմում մարդկային գլուխների ծովը, որի վրա մի սյունից մինչև մյուսը վարդերից, շուշաններից, բաղեղի և խաղողի տերևներից հյուսակներ էին կախված։

Ժողովուրդը խոսում էր բարձր ձայնով, միմյանց ձայն էր տալիս, երգում էր, երբեմն ծիծաղ էր ժայթքում որևէ սրամիտ խոսքի վրա, որ միմյանց հաղորդում էին շարքից շարք, և տրոփում էր անհամբերությամբ, որպեսզի շտապեցնի ներկայացումը։

Վերջապես տրոփյունը որոտների նման դարձավ և չէր դադարում։ Այն ժամանակ քաղաքապետը, որ դեռ առաջ պտտել էր արենան իր փայլուն ուղեկիցներով, թաշկինակով նշան տվեց, որին ամֆիթատրոնը պատասխանեց ընդհանուր «ա՜ ա՜ ա՜...» գոչյունով, որ դուրս թռավ հազարավոր կրծքերից։

Սովորաբար ներկայացումն սկսվում էր վայրենի գազանի որսով, որին մասնակցում էին հյուսիսային և հարավային զանազան բարբարոսներ. բայց այս անգամ գազանների թիվը չափազանց շատ էր լինելու, ուստի սկսեցին անդաբատներից[408], այսինքն՝ այն գլադիատորներից, որոնք ծածկում էին աչքերի համար բացվածք չունեցող սաղավարտներ, և պետք է կռվեին աչքերը կապված։ Մի քանի անդաբատներ, միասին արենա դուրս գալով, սկսեցին սրերը խաղացնել օդի մեջ, իսկ մաստիգոֆորները երկար եղաններով նրանց մղում էին դեպի միմյանց, որ կարողանային իրար հանդիպել։ Ավելի նրբաճաշակ հանդիսականներն անտարբեր և արհամարհական աչքերով էին նայում այսպիսի տեսարանին, բայց հասարակ ժողովուրդը, զվարճանում էր կռվողների անճոռնի շարժվածքներով. իսկ երբ պատահում էր, որ նրանք միմյանց հանդիպում էին կռնակներով, բարձրաձայն ծիծաղում էր և գոչում՝ «ա՛ջ», «ձա՛խ», «ուղի՛ղ», հաճախ դիտմամբ սխալեցնելով հակառակորդներին։ Բայց մի քանի զույգ իրար կպան, և կռիվն սկսեց արյունահեղ դառնալ։ Կատաղի մարտիկները ձգում էին վահանը ու միմյանց տալով ձախ ձեռքը, այլևս չբաժանվելու համար, աջով մահացու հարվածներ էին հասցնում։ Ով որ ընկնում էր, վեր էր բարձրացնում մատները, այդ նշանով գթություն աղերսելով, բայց ներկայացման սկզբում ժողովուրդը սովորաբար վիրավորվածների մահն էր պահանջում, մանավանդ երբ խնդիրը անդաբատներին էր վերաբերում, որոնք ծածկված դեմքեր ունենալով ամբոխի համար անծանոթ էին մնում։ Կռվողների թիվը հետզհետե փոքրանում էր. և երթ վերջապես միայն երկուսը մնացին, նրանց այնպես մղեցին իրար դեմ, որ ընդհարվելով երկուսն էլ ավազի վրա ընկան և խողխողեցին իրար։ Այդ ժամանակ «Peractum est»[409] աղաղակներ բարձրացան, ծառաները հավաքեցին դիակները, իսկ պատանիները արենայի վրա հավասարեցրին արյան հետքերը և վրան զափռանի տերևներ ցանեցին։

Այժմ պետք է կատարվեր ավելի նշանավոր մրցություն, որ հետաքրքրություն է զարթեցնում ոչ միայն խուժանի, այլև նրբաճաշակ մարդկանց մեջ, երբ երիտասարդ պատրիկները հաճախ վիթխարի գրազներ էին կնքում՝ շատ անգամ տանուլ տալով վերջին շապիկը։ Եվ ահա ձեռքեձեռք սկսեցին անցնել տախտակներ, որոնց վրա գրված էին սիրելիների անունները, նաև՝ թե ամեն մեկը որքան սեստերց էր դնում իր ընտրյալի համար։ «Spectati», այսինքն՝ այնպիսի մարտիկները, որոնք արդեն դուրս էին եկել արենա և հաղթել էին, ամենաշատ կողմնակիցներ էին գրավում, բայց խաղացողների մեջ կային և այնպիսիները, որոնք նշանավոր գումարներ էին դնում նոր և բոլորովին անծանոթ գլադիատորների համար այն հույսով, որ եթե նրանք հաղթեն, իրենք ահագին օգուտ կունենան։ Գրազ էր գալիս ինքը Կեսարը, և՛ քրմերը, և՛ վեստալուհիները, և՛ սենատորները, և՛ ասպետները, և՛ ժողովուրդը։ Ռամիկ մարդիկ, երբ փողը պակասում էր, հաճախ գրավ էին դնում իրենց սեփական ազատությունը։ Այս պատճառով հանդիսականները սրտի բաբախումով և մինչև անգամ հուզմունքով էին սպասում մարտիկների երևալուն, շատերը բարձրաձայն խոստումներ էին անում աստվածներին, որ նրանք հովանի լինեն իրենց ընտրածներին։

Երբ լսվեց փողերի խլացնող ձայնը, ամֆիթատրոնում մեռելային լռություն տիրեց։ Հազարավոր աչքեր դարձան մեծ սողնակին, որին մոտեցավ Քարոնի պես հագնված մի մարդ և ընղհանուր լռության մեջ մուրճով երեք անգամ բախեց այն, կարծես մահվան կանչելով նրանց, որոնք ծածկվում էին նրա ետև։ Ապա կամաց բացվեցին դռան երկու կեսերը, ցույց տալով սև բերանը, որից սկսեցին պայծառ արենայի վրա դուրս թափվել գլադիատորներ։ Գալիս էին առանձին֊առանձին գնդերով, քսանհինգական հոգի՝ թրակիացիներն առանձին, միրմիլլոններն առանձին, սամնիացիները, գալլիացիները, բոլորն էլ ծանր զրահավորված, և վերջապես «retiarii», մեկ ձեռքում ցանց ունենալով, մյուսում՝ եռաժանի։ Նրանց տեսնելով այս և այնտեղ նստարաններից լսվեցին ծափահարություններ, որոնք շուտով փոխվեցին մի ահագին և ընդարձակ մրրիկի։ Վերևից մինչև ներքև երևում էին բորբոքված դեմքեր, ծափահարող ձեռքեր և բաց շրթունքներ, որ աղաղակում էին։ Իսկ գլադիատորները պտտեցին ամբողջ արենան հավասար ու հաստատ քայլերով, շողշողացնելով իրենց զենքերն ու հարուստ զրահները, հետո կանգ առան կայսերական պոդիոնի առջև գոռոզ, հանգիստ և փայլուն։ Փողի սուր ձայնը խաղաղեցրեց ծափահարությունը, և այն ժամանակ մարտիկները վեր պարզեցին իրենց աջ ձեռքերը և աչքերն ու, գլուխները Կեսարի կողմը դարձնելով, սկսեցին գոչել կամ ավելի շուտ՝ երգել ձիգ ձայնով.

Ave, Caesar imperator!

Morituri te salutanti[410]

Եվ իսկույն բաժանվեցին՝ իրենց հատուկ տեղերը բռնելու արենայի շրջանում։ Նրանք պետք է ընդհարվեին ամբողջ գնդերով, բայց նախ և առաջ թույլ էր տրված ամենահռչակավոր մարտիկներին սկսել մենամարտերը, որոնց մեջ ամենալավ կերպով երևում էր հակառակորդների ուժը, ճարպկությունն ու քաջությունը։ Եվ ահա «գալլիացիների»[411] միջից առաջ եկավ մեկը, որ ամֆիթատրոնի սիրահարներին հայտնի էր «Մսագործ» (Lanio) անունով և շատ խաղերի մեջ հաղթող էր հանդիսացել։

Մեծ սաղավարտը գլխին և առջևից ու ետևից հաղթանդամ իրանը զրահով պատած՝ նա իր փայլով ավազի վրա նմանվում էր մի ահագին փայլուն ճիճվի։ Ոչ պակաս հռչակավոր Կալենդիոնը դուրս եկավ նրա դեմ։

Հանդիսականների մեջ սկսեցին գրազ գալ։

— Հինգ հարյուր սեստերց գալլիացու համար։

— Հինգ հարյուր՝ Կալենդիոնի համար։

— Հերակլեսը վկա՜, հազա՜ր։

— Երկու հազա՜ր։

Իսկ գալլիացին այդ միջոցին արենայի մեջտեղ հասնելով՝ սկսեց նորից ետ քաշվել պատրաստի սուրը ձեռքին և կռացնելով գլուխը՝ ուշադրությամբ սաղավարտի պահպանակի ծակերով դիտում էր հակառակորդի շարժումները. իսկ թեթևաքայլ, գեղեցիկ ռետիարը, արձանային ձևերով, բոլորովին մերկ, բացի ազդրերից, որոնք փաթաթված էին, արագ պտտվում էր ծանրազեն թշնամու շուրջը, չքնաղ ձևերով շարժելով ցանցը, մեկ բարձրացնելով, մեկ իջեցնելով եռաժանին և երգելով «ցանցավորի» սովորական երգը.

Non te peto, piscem peto,

Quid me fugis, galle[412].

Բայց գալլիացին խույս չէր տալիս, որովհետև քիչ հետո կանգ առավ մի տեղ և սկսեց դեսուդեն դառնալ աննշան շարժումներով, այնպես որ թշնամին միշտ լինի իր դիմացը։ Նրա կերպարանքի ու անճոռնի մեծ գլխի մեջ այժմ ինչ֊որ ահռելի բան կար։ Հանդիսականները լավ հասկանում էին, որ այդ ծանր, պղնձապատ մարմինը պատրաստվում է մի հանկարծակի հարձակում գործելու, որը կարող է վերջ տալ կռվին։ «Ցանցավորը» այդ միջոցին մեկ նրա մոտ էր ցատկում, մեկ ետ քաշվում, իր եռաժանի եղանով այնպիսի շարժումներ անելով, որ մարդկային աչքը դժվարությամբ կարող էր հետևել նրանց։ Մի քանի անգամ լսվեց վահանին եռաժանու զարկվելու ձայնը, բայց գալլիացին տեղից էլ չշարժվեց՝ դրանով ցույց տալով իր հսկայական ուժը։ Նրա ամբողջ ուշադրությունը գրավել էր ոչ թե եռաժանին, այլ ցանցը, որ չարագուշակ թռչունի պես շարունակ պտտվում էր գլխավերևում։ Հանդիսականները, շունչները պահելով, հետևում էին գլադիատորների վարպետ խաղին։ Լանիոնը, հարմար վայրկյան ընտրելով, վերջապես հարձակվեց հակառակորդի վրա, իսկ սա հավասար արագությամբ խույս տվեց նրա սրի ու բարձրացրած ձեռքի տակից, ուղղվեց և նրան գցեց իր ցանցը։

Գալլիացին, տեղում շրջվելով՝ վահանով ետ մղեց ցանցը, ապա երկուսը միմյանցից հեռու ցատկեցին։ Ամֆիթատրոնում դղրդացին աղաղակները. «Macte», իսկ ստորին շարքերում սկսեցին նոր գրազներ գնել։ Ինքը Կեսարը, որ սկզբում խոսում էր Ռուբրիա վեստալուհու հետ և մինչև այդ շատ էլ ուշադրություն չէր դարձնում ներկայացման վրա, գլուխը դարձրեց արենայի կողմը։

Իսկ գլադիատորները նորից սկսեցին մարտնչել այնպես վարժ ու շարժումների այնպիսի կանոնավորությամբ, որ երբեմն թվում էր, թե խնդիրն այստեղ ոչ թե կյանքի ու մահվան, այլ ճարպկություն ցույց տալուն է վերաբերում։ Լանիոնը ևս, երկու անգամ դուրս պրծնելով ցանցից, սկսեց նորից ետ քաշվել դեպի արենայի ափը։ Բայց այդ ժամանակ նրանք, որոնք գրազ էին գալիս նրա դեմ, չկամենալով, որ նա հանգստանա, սկսեցին աղաղակել. «Վրա՛ տուր». գալլիացին լսեց և վրա տվեց։ Հանկարծ ցանցավորի ուսն արյունոտվեց, և ցանցը կախ ընկավ ձեռքին։ Լանիոնը կծկվեց ու ցատկեց՝ կամենալով վերջին հարվածը տալ։ Բայց այդ միջոցին Կալենդիոնը, որ դիտմամբ ձևացավ, թե իբր չի կարող ցանցը բանեցնել, կողքը հեռացրեց, խույս տվեց հարվածից և եռաժանին հակառակորդի ծնկների մեջ ցցելով՝ գլորեց գետին։

Լանիոնը կամենում էր վեր կենալ, բայց մի ակնթարթում նրան փաթաթեցին օրհասական թելերը, որոնց մեջ ամեն շարժումով ավելի ու ավելի խճճում էր իր ձեռքերն ու ոտքերը։ Իսկ եռաժանու հարվածներն իրար ետևից նրան գետնին էին գամում։ Մի ճիգ էլ արեց, հենվեց ձեռքի վրա և ջանաց վեր կենալ, իզուր։ Դեպի գլուխն ուղղեց ուժասպառ ձեռքը, որի մեջ արդեն չէր կարողանում սուր բռնել, և ընկավ կռնակի վրա։ Կալենդիոնը եռաժանու ատամներով նրա պարանոցը սեղմեց գետնին և, երկու ձեռքերով հենվելով նրա կոթին, դարձավ կայսերական օթյակի կողմը։

Ամբողջ կրկեսը դղրդաց ծափահարություններից և մարդկային մռնչյուններից։ Նրանց համար, որոնք Կալենդիոնի կողմն էին բռնել, նա այդ րոպեին Կեսարից էլ մեծ էր, բայց հենց դրա համար նրանց սրտերի մեջ անհետացավ ատելությունը և Լանիոնի դեմ, որն արյան գնով լցրեց իրենց գրպանները։ Ժողովրդի ցանկությունները բաժանվեցին։ Բոլոր նստարանների վրա կեսը ցույց էր տալիս մահվան, կեսը ներման նշաններ, բայց ցանցավորը նայում էր միայն Կեսարին և վեստալուհիների օթյակին, սպասելով, թե նրանք ինչ են վճռելու։

Դժբախտաբար, Ներոնը չէր սիրում Լանիոնին, որովհետև վերջին խաղերի ժամանակ, հրդեհից առաջ, գրազ գալով նրա դեմ՝ Լիկինիոսին տանուլ էր տվել մի նշանավոր գումար։ Նա ձեռքը դուրս հանեց պոդիոնից և մեծ մատը դարձրեց դեպի գետին։

Վեստալուհիներն իսկույն կրկնեցին այս նշանը։ Այդ ժամանակ Կալենդիոնը չոքեց գալլիացու կրծքի վրա, մերկացրեց իր կարճ դանակը, որը կրում էր գոտկի ետև, և զրահը քակելով հակառակորդի պարանոցի մոտ՝ եռակող շեղբը մինչև կոթը ցցեց նրա կոկորդը։

— Peractum est,— լսվեցին ձայներ ամֆիթատրոնում։

Իսկ Լանիոնը մի քանի րոպե ցնցվում էր մորթած եզի պես, ոտքերով փորում էր ավազը. հետո ձգվեց և մնաց անշարժ։

Հարկ չկար, որ Մերկուրիոսը ստուգեր շիկացած երկաթով՝ արդյոք նա դեռ կենդանի՞ է։ Իսկույն վերցրին նրան, և առաջ շարժվեցին ուրիշ զույգեր, որոնցից հետո միայն սկսվեց ամբողջ գնդերի կռիվը։ Ժողովուրդը հոգով, սրտով, աչքերով մասնակցում էր դրան, ոռնում էր, մռնչում էր, սուլում էր, ծափահարում էր, ծիծաղում էր, գրգռում էր կռվողներին, գժվում էր։ Արենայի վրա երկու շարքի բաժանված գլադիատորները կռվում էին վայրենի գազանների կատաղությամբ, կուրծքը կրծքին էր դիպչում, մարմիններն իրար փաթաթվում մահացու գրկախառնությամբ, ճռռում էին հուժկու անդամների հոդերը, սրերը կորչում էին կրծքերում ու փորերի մեջ, գունատված շրթունքներն արյուն էին թքում ավազի վրա։ Վերջում մի քանի նորելուկների այնպիսի սաստիկ սարսափ տիրեց, որ դուրս պրծնելով խառնվածքից, սկսեցին փախչել, բայց մաստիգոֆորները ծայրերին արճիճ ունեցող մտրակներով իսկույն քշեցին նրանց կռվողների մեջ։ Ավազի վրա գոյացան մեծ֊մեծ մուգ բծեր, ավելի ու ավելի շատ մարմիններ, թե՛ մերկ և թե՛ զրահավորված, որ ընկել էին այս ու այնտեղ խրձերի պես։ Կենդանի մնացածները կռվում էին դիակների վրա, արյունոտում էին ոտքերը կոտրտված զենքեր կոխելով և վայր էին ընկնում։ Ժողովուրդը չէր կարողանում ուրախությունը զսպել, արբում էր մահով, շնչում էր նրանով, կշտացնում նրանով իր աչքերը և զվարճությամբ ներս էր քաշում նրա գոլորշիները։

Հաղթված ընկան վերջապես գրեթե բոլորը։ Միայն մի քանի վիրավորվածներ ծունկ չոքեցին արենայի մեջտեղում և, տարուբերվելով, ձեռքերը տարածեցին դեպի հանդիսականները գթություն աղերսելով։ Հաղթողներին բաժանեցին նվերներ, պսակներ ու ձիթենու ճյուղեր։ Հասավ հանգստյան ժամը, որ ամենակալ Կեսարի հրամանով փոխվեց մի մեծարքի։ Սկահակների մեջ սկսեցին անուշահոտություններ խնկել։ Ժողովրդի վրա սրսկում էին զափռանի ու մանուշակի ջուր, մատուցում էին զովացնող խմիչքներ, խորոված միս, քաղցր խմոր, գինի, ձիթապտուղ և պտուղներ։ Ժողովուրդը խժռում, խոսում ու աղաղակում էր ի պատիվ Կեսարի՝ նրա առատաձեռնությունն ավելի շահելու համար։ Երբ քաղցն ու ծարավը հագեցրած էր, հարյուրավոր ստրուկներ ներս բերին ընծաներով լի կողովներ, որոնցից ամուրների պես հագնված պատանիները հանում էին զանազան իրեր և երկու ձեռքերով նետում դեպի նստարանները։ Իսկ երբ սկսեցին վիճակախաղի «տեսսերաներ»[413] բաժանել, սկսվեց կռիվը. մարդիկ միմյանց ճմլում էին, վայր էին ձգում, տրորում էին իրար, օգնություն էին կանչում, նստարանների շարքերի վրայից ցատկում և խեղդում էին միմյանց սարսափելի ճխլտոցի մեջ, որովհետև ով շահող համար էր հանում, կարող էր տանել մինչև անգամ պարտեզով տուն, ստրուկ, շքեղ զգեստ կամ հազվագյուտ գազան, որ հետո ծախում էր ամֆիթատրոնում։ Այս պատճառով այնպիսի իրարանցում էր բարձրանում, որ հաճախ պրետորիաններն ստիպված էին լինում կարգը վերականգնել, իսկ ամեն մի բաշխումից հետո դուրս էին բերում ձեռքերը, ոտքերը կոտրած կամ նույնիսկ մահացու կերպով տրորված մարդկանց։

Բայց հարուստները չէին մասնակցում այս կռվին։ Ավգուստիաններն այդ միջոցին զբաղվում էին Քիլոնի տեսքով և ծիծաղում էին նրա զուր ջանքերի վրա. նա կամենում էր ցույց տալ մարդկանց, որ կարող է կռվին և արյունահեղությանը այնպես հանգիստ աչքով նայել, ինչպես և ամեն մեկ ուրիշը։ Բայց իզուր էր դժբախտ հույնը հոնքերը կիտում, շրթունքները կծում և բռունցքները սեղմում այնպես, որ եղունգները մտնում էին ափերի մսի մեջ։ Թե նրա հունական բնությունը և թե նրա անձնական երկչոտությունը հավասարապես չէին տանում այդպիսի տեսարաններ։ Նրա դեմքը գունատվեց, ճակատը ծածկվեց քրտինքի կաթիլներով, շրթունքները կապտեցին, աչքերը ներս թափվեցին, ատամներն սկսեցին չխկչխկալ, իսկ մարմնով սարսուռ անցավ։ Կռիվը վերջանալուց հետո ուշքի եկավ. բայց երբ սկսեցին ծաղրել, նրան հանկարծակի բարկություն տիրեց և սկսեց կատաղի կերպով պաշտպանվել։

— Այ հույն. քեզ համար անտանելի է պատռտված մարմնի կաշու տեսքը,— ասում էր Վատինիոսը՝ քաշելով նրա մորուքից։

Իսկ Քիլոնը նրա վրա կրճտացրեց իր երկու վերջին ատամները և պատասխանեց.

— Իմ հայրը կոշկակար չէր, և ես չգիտեմ կաշի կարկատել։

— Macte! habet![414]— գոչեցին մի քանի ձայներ։

Բայց ուրիշները շարունակեցին ծաղրել։

— Սա մեղավոր չէ, որ կրծքում ոչ թե սիրտ, այլ ծիրտ ունի,— գոչեց Սենեկիոնը։

— Դու մեղավոր չես, որ ոչ թե գլուխ ունես, այլ դդում,— պատասխանեց Քիլոնը։

— Գուցե գլադիատոր դառնաս. տեսնելու ինչ լավ բան կլինեիր արենայի վրա՝ ցանցը ձեռքիդ։

— Եթե ցանցով քեզ բռնեի, մի հոտած թրաձուկ բռնած կլինեի։

— Իսկ եթե քրիստոնյաների հետ լինեիր,— հարցնում էր լիգուրիացի Ֆեստոսը,— արդյոք չէի՞ր կամենա շուն լինել և կրծոտել նրանց։

— Չէի կամենա քո եղբայրը լինել։

— Դու լիգիական իշաճանճ ես։

— Դու՝ լիգուրիական ջորի։

— Երևի կաշիդ քոր է գալիս. բայց քեզ խորհուրդ չեմ տալիս խնդրել ինձ, որ քորեմ քեզ։

— Քորիր ինքդ քեզ։ Եթե քորելով քերես սեփական երեսիդ խոցերը, ամենալավ բանդ ոչնչացրած կլինես։

Եվ այսպես նրանք հարձակվում էին հույնի վրա, իսկ սա կծու պատասխաններ էր տալիս՝ ընդհանուր ծիծաղ հարուցելով։ Կեսարը ծափահարում էր, կրկնում էր՝ «Macte!» և գրգռում էր նրանց։ Բայց մի քիչ հետո մոտեցավ Պետրոնիոսը և իր քանդակազարդ փղոսկրե ձեռնափայտով դիպչելով հույնի ուսին՝ ասաց սառը ձայնով.

— Այդ լավ է, փիլիսոփա, բայց միայն մի բանի մեջ սխալվել ես. աստվածները քեզ գող են ստեղծել, իսկ դու դարձել ես դև և այդ պատճառով չես դիմանա։

Ծերունին նայեց նրան իր կարմրած աչքերով, այնուամենայնիվ այս անգամ ոչ մի պատրաստի հայհոյանք չգտավ։ Մի րոպե լռեց և հետո պատասխանեց մի տեսակ դժվարությամբ.

— Կդիմանամ...

Բայց այս միջոցին փողերը նշան տվին, որ ընդմիջումը վերջացել է։ Մարդիկ սկսեցին թողնել միջանցքները, որտեղ հավաքվել էին ոտքերն ուղղելու և խոսելու համար։ Ընդհանուր շարժում սկսվեց, և սովորական վեճեր՝ առաջվա տեղերը բռնելու համար։ Սենատորներն ու պատրիկներն շտապում էին իրենց տեղերը։ Կամաց֊կամաց խոսակցությունը հանդարտվում էր, և ամֆիթատրոնը կարգի էր ընկնում։ Արենայի վրա երևացին բազմաթիվ մարդիկ և այս ու այնտեղ փշրեցին դեռևս արյունով շաղախված ավազի կոշտերը։

Քրիստոնյաների հերթն էր հասնում։ Բայց որովհետև այդ տեսարանը նոր էր ժողովրդի համար, և ոչ ոք չգիտեր, թե նրանք ինչպես են իրենց պահելու, բոլորը սպասում էին նրանց մի տեսակ հետաքրքրությամբ։ Ամբոխի տրամադրությունը կենտրոնացած էր, որովհետև արտասովոր տեսարանների էին սպասում, բայց վերաբերմունքը նաև թշնամական էր։ Չէ՞ որ այդ մարդիկ, որ այժմ պիտի հանդես գային, այրեցին Հռոմը և նրա դարավոր գանձերը։ Չէ՞ որ կերակրվում էին մանուկների արյունով, թունավորում էին ջրերը, անիծում էին ամբողջ մարդկային ցեղը և իրենց ամենազազրելի ոճիրներ էին թույլ տալիս։ Գրգռված ատելության համար բավական չէին ամենախիստ պատիժները, և եթե որևէ երկյուղ տիրում էր սրտերին, այդ միայն երկյուղն էր, թե արդյոք չարչարանքները կհավասարվեին չարանախանձ դատապարտվածների հանցանքներին։

Արևն արդեն բարձր էր, և նրա ճառագայթները, թափանցելով ծիրանի վելարիոնի միջով, ամֆիթատրոնը լցնում էին արնագույն լույսով։ Ավազը հրեղեն փայլ ստացավ, և այդ փայլի, այդ մարդկային դեմքերի, ինչպես և դատարկ արենայի մեջ, որ մի րոպեից լցվելու էր մարդկանց չարչարանքով ու գազանների կատաղությամբ, ինչ֊որ ահարկու բան կար։ Թվում էր, թե օդի մեջ սարսափ և մահ էր սավառնում։ Սովորաբար ուրախ ամբոխը, ատելության ազդեցության տակ, լուռ քարացել էր։ Դեմքերը կատաղի արտահայտություն ունեին։

Պրեֆեկտը նշան տվեց. այն ժամանակ երևաց Քարոնի պես հագնված նույն ծերունին, որ մահի էր դուրս կանչում գլադիատորներին, ծանր քայլերով անցավ ամբողջ արենան և խոր լռության մեջ նորից երեք անգամ մուրճով բախեց դուռը։

Ամբողջ ամֆիթատրոնում շշունջ լսվեց.

— Քրիստոնյանե՜րը, քրիստոնյանե՜րը։

Ճռռացին երկաթե դռները, մութ բացվածքում հնչեցին մաստիգոֆորների սովորական աղաղակները՝ «Ավազի վրա՜», և մի րոպեում արենան կարծես լցվեց մորթիներով ծածկված անտառաբնակներով։ Ամենքը վազում էին մի փոքր արագ, տենդային կերպով և, շրջանի մեջտեղը հասնելով, ծնկաչոք ընկնում էին մեկը մյուսի կողքին, ձեռները վեր տարածում։ Ժողովուրդը կարծում էր, թե այդ գթության աղաչանք է, և կատաղելով այդպիսի երկչոտության վրա՝ սկսեց տրոփել, սուլել, գինու դատարկ անոթներ, կրծոտած ոսկորներ նետել և գոչել. «Գազանների՜ն, գազանների՜ն»։ Բայց հանկարծ ինչ֊որ անակնկալ եղավ։ Ահա բրդոտ խմբի միջից բարձրացան երգող ձայներ, և նույն րոպեին թնդաց մի երգ, որ առաջին անգամ էր լսվում հռոմեական կրկեսում.

«Christos regnat!»[415]

......................................

Այդ ժամանակ զարմանք տիրեց ժողովրդին։ Դատապարտյալները երգում էին՝ աչքերը վեր, դեպի վելարիոն ուղղված։ Նշմարելի էին գունատ, բայց ոգևորված դեմքեր։ Բոլորն էլ հասկացան, որ այդ մարդիկ գթություն չեն խնդրում և կարծես չեն տեսնում ոչ կրկեսը, ոչ ժողովրդին, ոչ ծերակույտը, ոչ Կեսարին։ Christos regnat! հնչում էր ավելի ու ավելի բարձրաձայն, իսկ նստարանների վրա, ներքևից մինչև վերև, հանդիսականների շարքերի մեջ շատ֊շատերն իրենց հարց էին տալիս, թե ի՞նչ է կատարվում և այդ ի՞նչ Քրիստոս է, որ

թագավորում է այդ մեռնել պատրաստվող մարդկանց ասելով։ Բայց այդ միջոցին բացվեց նոր դուռը, և վայրագ ոստյուններով և հաչելով արենա դուրս պրծան շների ամբողջ ոհմակներ՝ Պելոպոնեսոսի ահագին շեկ մոլոսներ, պիրենեական շերտամորթ շներ և Հիբերնիայի գայլանման գամփռեր, որոնք դիտմամբ սոված էին պահվել և ներս ընկած կողեր ու արյունալից աչքեր ունեին։ Ոռնոցն ու կաղկանձյունը լցրեց ամբողջ ամֆիթատրոնը։ Քրիստոնյաները, երգը վերջացնելով, անշարժ չոքել, կարծես քարացել էին, կրկնելով միայն միաձայն հառաչող խմբով pro Christo! pro Christo![416]։ Շները, զգալով գազանների մորթիների տակից ելնող մարդկանց հոտը և զարմանալով նրանց անշարժության վրա, չէին համարձակվում միանգամից հարձակվել նրանց վրա։ Մի քանիսը առջևի թաթերով մագլցում էին օթյակների պատերով, կարծես կամենում էին հասնել հանդիսականներին, մյուսները վազում էին շուրջը, կաղկանձելով կատաղի կերպով, կարծես հալածում էին ինչ֊որ աներևույթ գազանի։ Ժողովուրդը զայրացավ։ Թնդացին հազարավոր ձայներ. հանդիսականներից մի քանիսը մռնչում էին գազանների պես, մյուսները կաղկանձում էին շների պես, ամենքն աշխատում էին գրգռել շներին։ Ամֆիթատրոնը դողում էր աղաղակներից։ Գրգռված շներն սկսեցին մեկ մոտենալ չոքածներին, մեկ նորից ետ քաշվել ատամները կրճտացնելով, մինչև որ վերջապես մոլոսներից մեկը ժանիքները խրեց առջևում չոքած կնոջ վիզը և տակով արեց նրան։

Այն ժամանակ տասնյակ շներ նետվեցին մեջտեղը՝ կատաղի սլացքով։ Ամբոխը դադարեց մռնչալուց՝ ավելի մեծ ուշադրությամբ նայելու համար։ Ոռնոցի միջից լսվում էին դեռևս տղամարդկանց և կանանց ողբալի ձայներ՝ pro Christo!, pro Christo!, բայց արենայի վրա գոյացան շարժուն կույտեր՝ շների և մարդկանց մարմիններից։ Գզգզված մարմիններից արյունն այժմ հոսում էր գետի պես։ Շները մարդկային արյունոտ անդամներ էին խլում միմյանցից։ Արյան և քրքրված փորոտիքների հոտը հաղթեց արաբական անուշահոտությունները և լցվեց ամբողջ կրկեսը։ Վերջում արդեն միայն տեղ֊տեղ երևում էին առանձնակի ծնկաչոք կերպարանքներ, որոնց իսկույն ծածկում էին շարժուն, ոռնացող կույտերը։

Վինիկիոսը, որ այն րոպեին, երբ ներս վազեցին քրիստոնյաները, տեղից բարձրացել և շուռ էր եկել, որպեսզի իր խոստման համաձայն ցույց տա ֆոսորին այն կողմը, որտեղ Պետրոնիոսի ծառաների մեջ գտնվում էր ծպտյալ առաքյալը, նորից նստեց և նստած էր մեռած մարդու դեմքով, զարհուրելի տեսարանին նայելով ապակե աչքերով։

Սկզբում նրան անզգայացրեց երկյուղը, թե ֆոսորը կարող էր սխալվել և թե Լիգիան կարող է գտնվել զոհերի թվում. բայց նա լսեց pro Christo ձայները, երբ տեսավ այդքան չարչարվող զոհեր, որոնք մեռնելով վկայություն էին տալիս իրենց ճշմարտության և իրենց Աստծուն, նրան ընդգրկեց մի ուրիշ, ամենասաստիկ ցավի պես դաղող, բայց և անպարտելի մի զգացմունք, թե երբ ինքը Քրիստոս մեռավ չարչարանքով և երբ ահա Նրա համար իրենց զոհում են հազարավորները, երբ հոսում է, արյան ծով, մի կաթիլ ավել թե պակաս, ոչինչ չի նշանակում, և որ մեղք է նույնիսկ գթություն աղերսել։ Այս միտքը բուրում էր նրա վրա արենայից, թափանցում էր նրա սիրտը մեռնողների հառաչանքների, նրանց արյան հոտի հետ։ Այնուամենայնիվ նա աղոթք էր անում և կրկնում էր չորացած շրթունքներովդ «Քրիստոս, Քրիստոս, Քո առաքյալն էլ աղոթում է նրա համար»։ Հետո հիշողությունը կորցրեց, կորցրեք գիտակցությունը, չիմացավ, թե ուր է. նրան թվում էր միայն, թե արյունը արենայի վրա բարձրանում է և բարձրանում, թե վարարում է և հոսելու է կրկեսից ամբողջ Հռոմի վրա։ Վերջապես նա ոչինչ չէր լսում՝ ո՛չ շների ոռնոցը, ո՛չ ժողովրդի աղաղակները, ո՛չ ավգուստիանների ձայները, որոնք հանկարծ սկսեցին գոչել.

— Քիլոնը ուշաթափվե՜ց։

— Քիլոնը ուշաթափվեց,— կրկնեց Պետրոնիոսը՝ դառնալով հույնի կողմը։

Եվ նա, իրոք, ուշաթափվել էր. նստած էր քաթանի պես գունատ, գլուխը ետ մղած և շրթունքները լայն բաց արած, դիակի պես։

Իսկ այդ իսկ րոպեին սկսեցին մորթիների մեջ կարած նոր, զոհեր դուրս քշել արենա։

Նրանք իսկույն ծունկ էին չոքում, ինչպես և նախորդները, բայց հոգնած շները չէին կամենում նրանց պատռտել։ Նրանցից միայն մի քանիսը հարձակվեցին ամենամերձավոր քրիստոնյաների վրա, իսկ, մնացածները, նստոտելով ու վեր բարձրացնելով արյունոտված, դնչերը, սկսեցին ծանր շունչ քաշել և հորանջել։

Այն ժամանակ անհանգստացած, բայց և արյունով արբած և խելքը, կորցրած ժողովուրդն սկսեց գոչել դղրդեցնող ձայներով.

— Առյուծների՜ն, առյուծների՜ն. նե՜րս թողնել առյուծներին։

Առյուծները, պետք է հետևյալ օրվա համար պահվեին. բայց ամֆիթատրոնում ժողովուրդն իր կամքն էր թելադրում բոլորին, մինչև անգամ՝ Կեսարին։ Միայն Կալիգուլան էր, որ հանդուգն ու փոփոխամիտ լինելով, համարձակվում էր հակառակել և նույնիսկ պատահում էր, որ հրամայում էր փայտերով ծեծել ժողովրդին, բայց նա էլ ավելի հաճախ զիջում էր։ Ներոնը, որի համար ծափահարություններն աշխարհիս երեսին ամենաթանկ բանն էին, երբեք չէր ընդդիմանում, մանավանդ չընդդիմացավ այժմ, քանի որ խնդիրը հրդեհից հուզված, ամբոխը հանգստացնելու մասին էր, քանի որ հանցանքը կամենում էր ձգել քրիստոնյաների վրա։

Ուստի նա նշան տվեց, որ բաց անեն կունիկուլոնը, և, այս տեսնելով, ժողովուրդն իսկույն հանգստացավ։ Լսվեց այն վանդակների ճռռոցը, որոնց հետև գտնվում էին առյուծները։ Շները նրանց տեսքից խռնվեցին մի տեղ, շրջանի հակառակ կողմում, ցածր կաղկանձելով, իսկ ահագին, շիկահեր, մեծ, բրդոտ֊գլխանի առյուծները մեկը մյուսի ետևից սկսեցին դուրս թափվել արենա։ Ինքը Կեսարը նրանց կnղմը դարձրեց իր ձանձրացած դեմքը և զմրուխտն աչքին մոտեցրեց՝ ավելի լավ տեսնելու համար։ Ավգուստիանները ծափահարություններով ողջունեցին նրանց, ամբոխը հաշվում էր նրանց մատներով, միևնույն ժամանակ հետաքրքրությամբ դիտում էր, թե ինչ տպավորություն է թողնում նրանց տեսքը մեջտեղում չոքած քրիստոնյաների վրա, որոնք նորից սկսեցին կրկնել շատերի համար անհասկանալի և բոլորին գրգռող խոսքերը՝ Pro Christo! pro Christo!

Բայց առյուծները, թեև քաղցած էին, չէին շտապում զոհերի վրա հարձակվել։ Արենայի կարմրավուն փայլը զարհուրեցնում էր նրանց, և նրանք պշացնում էին աչքերը՝ կուրացածների պես. մի քանիսը ծույլ ձգձգվում էին, մյուսները, լայն բաց անելով բերանները, հորանջում էին, կարծես ուզում էին հանդիսականներին ցույց տալ իրենց սարսափելի ժանիքները։ Բայց հետո արյան ու շուրջը թափած պատառոտած մարմինների հոտը սկսեց ազդել նրանց վրա։ Շուտով նրանց շարժումներն անհանգիստ դարձան, բաշերն ուռան, ռունգերը խորդալով սկսեցին ներս քաշել օդը։ Մեկը հանկարծ ընկավ գլուխը ջախջախած մի կնոջ մարմնի վրա և, առջևի թաթերը մարմնի վրա դնելու, փշոտ լեզվով սկսեց լիզել լերդացած արյունը, մյուսը մոտեցավ մի քրիստոնյայի, որը ձեռքին բռնել էր եղջերուի մորթի մեջ կարած երեխային։

Մանուկը աղաղակելուց ու լաց լինելուց դողում էր և ցնցվելով փաթաթվում հոր պարանոցով, իսկ հայրը, կամենալով գոնե մի րոպե երկարացնել նրա կյանքը, աշխատում էր նրան պոկել իր պարանոցից և տալ ավելի հեռվում չոքածներին։ Բայց աղաղակն ու շարժումը գրգռեցին առյուծին։ Հանկարծ նա կարճ, կցկտուր մռնչյուն արձակեց, տրորեց երեխային թաթի մի հարվածով և, հոր գանգը երախն առնելով, մի ակնթարթում ջախջախեց։

Այս տեսնելով՝ մյուս առյուծներն էլ հարձակվեցին քրիստոնյաների խմբի վրա։ Մի քանի կանայք չկարողացան զարհուրանքը զսպել, բայց ժողովուրդը խլացրեց նրանց աղաղակները ծափահարություններով, որոնք, սակայն, իսկույն դադարեցին, որովհետև գերակշռեց նայելու ցանկությունը։ Այն ժամանակ սարսափելի բաներ տեղի ունեցան. մարդկային գլուխներն ամբողջովին անհետանում էին առյուծների երախներում, կրծքերը պատռվում էին ժանիքի մի հարվածով, սրտերը և թոքերը դուրս էին թափվում, լսվում էր ոսկորների փշրվելու ձայնը։ Մի քանի առյուծ, բռնելով զոհերին կողերից կամ կռնակներից, կատաղի ոստյուններով թռչկոտում էին արենայի վրա՝ կարծես տեղ որոնելով նրանց լափելու համար. շատերն էլ փոխադարձ կռվի մեջ կանգնում էին ետևի թաթերի վրա, ախոյանների պես առջևի թաթերով գրկում էին միմյանց և լցնում էին ամֆիթատրոնը որոտմունքով։ Մարդիկ վեր էին կենում տեղերից։ Մի քանիսը, իրենց նստարանները թողնելով, ավելի ներքև էին իջնում միջանցքներով՝ ավելի լավ տեսնելու համար, և մահացու կերպով ճխլում էին միմյանց։ Թվում էր, թե հափշտակված ամբոխը վերջը ինքը կնետվի արենա և կսկսի գզգզել առյուծների հետ միասին։ Երբեմն լսվում էր ոչ մարդկային աղմուկ, երբեմն ծափահարություն, երբեմն մռնչյուն, շշուկ, ատամների կրճտոց, մոլոսների ոռնոց, երբեմն՝ միայն հառաչանքներ։

Կեսարը իր ձեռքի զմրուխտի միջով այժմ նայում էր ուշադրությամբ։ Պետրոնիոսի դեմքն ստացել էր տհաճության և զզվանքի արտահայտություն։ Քիլոնին դեռ դրանից առաջ դուրս էին տարել թատրոնից։

Իսկ կունիկուլոններից նորանոր զոհեր էին դուրս քշվում։

Ամֆիթատրոնի ամենավերին շարքից նրանց նայում էր Պետրոս առաքյալը։ Ոչ ոք նրա վրա ուշք չէր դարձնում, որովհետև բոլորի գլուխներն ուղղված էին արենայի կողմը։ Առաքյալը կանգնեց և, ինչպես մի ժամանակ Կոռնելիոսի այգում մահի և հավիտենականության համար էր օրհնում նրանց, որոնց կալանավորելու էին, այդպես և այժմ խաչակնքում էր գազանների ժանիքների տակ մեռնողներին, և՛ նրանց արյունը, և՛ նրանց չարչարանքը, և՛ նրանց դիակները, որոնք տձև մսակույտեր էին դարձել, և նրանց հոգիները, որոնք թռչում էին արյունաշաղախ ավազի վրայից։ Մի քանիսը նրա կողմն էին բարձրացնում իրենց աչքերը, և այն ժամանակ պայծառանում էին նրանց դեմքերը, և ժպտում էին՝ տեսնելով իրենց վրա այնտեղ, բարձրում, խաչելության նշանը։ Իսկ առաքյալի սիրտը պատառ֊պատառ էր լինում, և նա ասում էր. «Օ՜, Տե՛ր, թող Քո կամքը լինի, որովհետև Քո փառքի համար, Քո ճշմարտությունը վկայելու համար են կորչում այս գառներս։ Դու ինձ հրամայեցիր արածեցնել սրանց, ուստի Քեզ եմ հանձնում սրանց, իսկ Դու հաշվիր սրանց, Տեր, վերցրու սրանց, բժշկիր սրանց վերքերը, դադարեցրու սրանց վշտերը և ավելի մեծ երջանկություն տուր սրանց, քան այստեղ չարչարանք կրեցին»։

Եվ խաչակնքում էր մի խումբը մյուսի ետևից, այնպիսի մեծ սիրով, կարծես իր որդիները լինեին, որոնց տալիս էր ուղղակի Քրիստոսի ձեռքը։ Իսկ այդ միջոցին Կեսարը, հիացած, թե կամենալով, որ խաղերը գերազանցեն այն ամենը, ինչ մինչև այդ օրը տեսնված էր Հռոմում, մի քանի խոսք շշնջաց քաղաքապետի ականջին, իսկ սա, թողնելով պոդիոնը, իսկույն հեռացավ կունիկուլոնները։ Եվ նույնիսկ ամբոխը զարմացավ, երբ քիչ հետո տեսավ նորից բացվող վանդակները։ Այժմ դուրս թողին ամեն տեսակ գազաններ՝ Եփրատի ափերից բերած վագրեր, նումիդիական հովազներ, արջեր, գայլեր, բորենիներ և չախկալներ։ Ամբողջ արենան ծածկվեց շերտավոր, դեղին, շեկ, մուգ գորշագույն և բծավոր մորթիների շարժուն ալիքով։ Իրարանցում բարձրացավ, որի ժամանակ աչքերն արդեն չէին կարողանում ոչինչ զանազանել, բացի գազանների ողնաշարերի ալեկոծությունից։ Տեսարանը կորցրեց իրականության նմանությունը և փոխվեց կարծես արյան օրգիայի, սարսափելի երազի, ցնորված խելքի հրեշավոր անուրջի։ Չափը լցված էր։ Մռնչյունների ոռնոցի և կաղկանձյունի միջից այս ու այնտեղ լսվեց հանդիսականների նստարանների վրայից զարհուրած, ջղաձգական ծիծաղ. մի քանի կանանց ուժերը վերջապես սպառվել էին։ Ամբոխն սկսեց սարսափ զգալ։ Դեմքերը գունատվեցին։ Զանազան ձայներ սկսեցին գոչել. «Բավակա՜ն է, բավակա՜ն է»։

Բայց ավելի հեշտ էր գազաններին ներս քշել, քան թե դուրս անել։ Սակայն Կեսարը գտավ նրանցից արենան մաքրելու մի այնպիսի հնար, որ ժողովրդին նոր զվարճություն պիտի պատճառեր։ Բոլոր միջանցքներում նստարանների մեջ երևացին սև, փետրազարդ և օղերը ականջին նումիդիացիներ՝ իրենց աղեղներով։ Ժողովուրդը հասկացավ, թե ինչ է լինելու, և ողջունեց նրանց գոհության աղաղակներով. իսկ նումիդիացիները մոտեցան շրջանի պատնեշներին և, նետերը լարերին դնելով՝ սկսեցին արձակել գազանների վրա։ Դա, իսկ որ, ներկայացում էր։ Վայելչակազմ թուխ մարմինները թեքվում էին ետ, լարելով ճկուն աղեղները և սլաք սլաքի ետևից նետելով։ Լարերի շաչյունը ու փետրավոր նետերի շառաչյունը խառնվում էին գազանների ոռնոցի ու հանդիսականների զարմացական բացականչությունների հետ։ Գայլերը, արջերը, հովազներն ու դեռևս ողջ մնացած մարդիկ ընկնում էին կույտ֊կույտ իրար կողքի։ Այս ու այնտեղ որևէ առյուծ, ցավ զգալով կողքում, դարձնում էր հանկարծակի շարժումով կատաղությունից կնճռված երախը, ցցված նետը հանելու և կոտրատելու համար։ Շատերը ցավից հառաչում էին։ Փոքր գազանները, կուրացածների պես, շփոթության մեջ վազվզում էին արենայով կամ գլուխները խփում էին վանդակներին, իսկ այդ միջոցին նետերը շառաչում էին ու շառաչում շարունակ, մինչև որ ամենը, ինչ որ կենդանի էր, տապալվեց մահվան տագնապի մեջ։

Այն ժամանակ հարյուրավոր ստրուկներ ներս պրծան արենա բահերով, թիակներով, ավելներով, քարշակներով՝ փորոտիքը տանելու կողովներով և ավազի տոպրակներով։ Իրար ետևից գալիս էին ու գալիս, և ամբողջ շրջապատը տենդի մեջ էր։ Իսկույն մաքրեցին ասպարեզը դիակներից, արյունից և կղկղանքից, փորփրեցին, ուղղեցին և թարմ ավազի հաստ շերտ ցանեցին վրան։ Հետո ներս վազեցին ամուրներ՝ թափթփելով վարդի, շուշանի ու զանազան ծաղիկների տերևներ։ Նորից վառեցին խնկարանները և ետ քաշեցին վելարիոնը, որովհետև արևն արդեն բավականին թեքվել էր դեպի արևմուտք։

Իսկ մարդիկ, զարմանքով նայելով միմյանց, փոխադարձաբար հարցնում էին, թե այդ օրն էլ ի՞նչ տեսարան է սպասում իրենց։

Նրանց, իրոք, սպասում էր մի այնպիսի տեսարան, որ ամենքի համար անակնկալ էր։ Ահա Կեսարը, որ վաղուց թողել էր պոդիոնը, հանկարծ երևաց ծաղիկներով փռված արենայի վրա՝ ծիրանե թիկնոցը հագին և ոսկե պսակը գլխին։ Տասներկու երգիչներ կիթառներով հետևում էին նրան, իսկ նա, արծաթե վինը ձեռքին, հանդիսավոր քայլվածքով առաջ եկավ մինչև կենտրոն և, մի քանի անգամ գլուխ տալով հանդիսականներին, դեպի երկինք բարձրացրեց աչքերը և մի քանի վայրկյան այսպես կանգնած մնաց՝ կարծես սպասելով ներշնչման։

Ապա լարերին զարկեց և սկսեց երգել.

 

Օ՜ լուսաճաճանչ որդի Լետայի[417],

Տեր Տենեգոսի, Քրիսի, Կիլլայի,

Դու, որ հովանի էիր Իլիոն

Սուրբ դաստակերտին, ինչպե՞ս սիրտ արիր

Նըրանց Աքայյանց բարկության մատնել,

Ինչպե՞ս թույլ տըվիր, որ այն լուսեղեն

Սուրբ սեղանները, որոնք հավիտյան

Խընկարկվում էին քո փառքի համար,

Սրսկեր Տրոյացոց կարմիր արյունը։

Դեպի քեզ էին ծերունիները

Տարածում իրենց դողդոջուն ձեռքերը,

Օ՜ Արծաթաղեղն, հեռու դիտողըդ,

Դեպի քեզ էին գոգերի խորքից

Ողբալի ձայներ մայրերը ուղղում,

Որ գըթաս նրանց երեխաներին։

Քարն էլ կըհուզվեր այդ մըրմունջներից,

Իսկ դու քարից էլ անըզգա՜ էիր,

Սմինթեոս[418] դեպի մարդկային վիշտը...

 

Երգը կամաց֊կամաց փոխվում էր ողբալի, թախիծով լի եղերերգության։ Կրկեսում լռություն էր տիրում։ Մի րոպեից Կեսարը, ինքը ևս հուզված, շարունակեց երգել.

 

Չէ՞ որ կարող էր քո աստվածային

Հընչուն ֆորմինգը իր մեղմ ձայներով

Խըլացնել սըրտի մըրմունջն ու կոծը,

Դեռ այսօր ահա թըրջվում է աչքը

Արտասուքներով, ինչպես որ դաշտում

Ծաղիկը ցողով, երբ որ լըսվում է

Հանկարծ թախծալի եղանակը երգի,

Որ կըրկին փոշու ու մոխրի միջից

Հարուցանում է այն տառապանքի,

Տըխուր հրդեհի, կորուստի օրը։

Սմինթեոս, ո՞ւր էիր դու այն ժամանակ։

 

Այստեղ նրա ձայնը դողաց, և աչքերը թրջվեցին։ Վեստալուհիների թերթերունքներին արտասուքներ երևացին. ժողովուրդը լուռ լսում էր, իսկ հետո հանկարծ բռնկեցին երկար ժամանակ չդադարող ծափահարություններ։

Իսկ այդ միջոցին օդափոխության համար բաց արած վոմիտորիաների միջով դրսից հասնում էր սայլերի ճռճռոցը, որոնց վրա բարձում էին քրիստոնյաներին տղամարդկանց, կանանց ու մանուկների արյունաթաթախ բեկորները, դրանք նետելու այն սարսափելի փոսերը, որ կոչվում էին «puticuli»։

Իսկ Պետրոս առաքյալը ձեռքերով բռնել էր իր ալևոր, դողդոջուն գլուխը և գոչում էր հոգու մեջ.

— «Տե՛ր, Տե՛ր, ո՞ւմ ես տվել աշխարհիս իշխանությունը։ Եվ դեռ կամենո՞ւմ ես Քո աթոռը հաստատել այս քաղաքում»։

ԳԼՈՒԽ ԺԴ

Այս միջոցին արևն արդեն մոտ էր մայրամուտին, և թվում էր, թե շիկացել էր վերջալույսի շողերի մեջ։ Ներկայացումը վերջացել էր։ Ամբոխն սկսեց թողնել ամֆիթատրոնը և դուրս թափվել քաղաք՝ վոմիտորիա կոչված մուտքերով։ Ավգուստիանները միայն սպասում էին, որ ժողովուրդը դուրս գա։ Նրանց ամբողջ բազմությունը, թողնելով իրենց տեղերը, հավաքվել էր պոդիոնի մոտ, ուր Կեսարը նորից երևաց՝ գովասանքները լսելու։ Թեև հանդիսականները երգը վերջանալուց հետո նրա համար ծափահարություններ չէին խնայել, բայց նրա համար այդ բավական չէր, որովհետև այնպիսի ոգևորություն էր սպասում, որ խելագարության հասնելիս լիներ։ Այժմ իզուր էին հնչում գովասանական ճառերը, վեստալուհիներն իզուր էին, համբուրում նրա «աստվածային» ձեռքերը, իսկ Ռուբրիան այնպես էր թեքվել, որ իր շիկահեր գլխով կպել էր նրա կրծքին։ Ներոնը գոհ չէր և չգիտեր այդ ծածկել։ Նրան զարմացնում էր, նաև անհանգստացնում այն, որ Պետրոնիոսը լռություն էր պահպանում։ Որևէ գովասանական, նաև կտրուկ խոսք նրա բերանից այդ վայրկյանին մեծ մխիթարություն կլիներ Ներոնի համար։ Վերջապես, չկարողացավ իրեն զսպել, գլխով նշան տվեց նրան, և երբ նա մտավ պոդիոն, ասաց.

— Խոսի՛ր...

Իսկ Պետրոնիոսը պատասխանեց սառնությամբ.

— Լռում եմ, որովհետև խոսք չեմ գտնում։ Գերազանցեցիր ինքդ քեզ։

— Ինձ էլ այդպես էր թվում, սակայն այս ժողովուրդը...

— Արդյոք կարելի՞ է խուժանից սպասել, որ բանաստեղծությունից մի բան հասկանա։

— Ուրեմն դո՞ւ էլ նկատեցիր, որ ինձ այնպես շնորհակալություն չհայտնեցին, ինչպես պետք է։

— Որովհետև վատ րոպե էիր ընտրել։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ արյան գոլորշիներից շշմած ուղեղները չեն կարող ուշադրությամբ լսել։

Ներոնը մատները սեղմեց և ասաց.

— Ա՜հ, այդ քրիստոնյանե՜րը։ Այրեցին Հռոմը, իսկ այժմ ինձ են վատություն անում։ Այլևս ի՞նչ պատիժներ պետք է հնարեմ նրանց համար։

Պետրոնիոսը նկատեց, որ վատ ճանապարհով է գնում և որ իր խոսքերն ուղղակի հակառակ հետևանք են ունենում, քան ուզում էր. ուստի, կամենալով Կեսարի միտքը ուրիշ կողմ դարձնել, կռացավ նրա ականջին և շշնջաց.

— Երգդ հրաշալի է, բայց միայն մի դիտողություն կանեմ քեզ՝ երկրորդ տան վերջին տողի չափը մի փոքր կաղում է։

Ներոնի դեմքն ամոթից շիկնեց, կարծես իրեն բռնել էին մի նախատելի վարմունքի մեջ, նայեց զարհուրանքով և պատասխանեց նույնպես շշուկով.

— Դու ամե՜ն բան նկատում ես... Գիտե՜մ... կփոխե՛մ... Բայց այլևս ոչ ոք չնկատե՞ց. ճշմարի՞տ։ Իսկ դու, ի սեր աստվածների, ոչ ոքի մի ասա... եթե... քեզ համար կյանքդ թանկ է։

Այս խոսքերի վրա Պետրոնիոսը հոնքերը կիտեց և կարծես ձանձրությունից հոգնած ու դժկամությամբ պատասխանեց.

— Կարող ես, աստվածային, ինձ մահվան դատապարտել, եթե քեզ համար խոչընդոտ եմ. բայց ինձ մահով մի վախեցրու, աստվածները շատ լավ գիտեն` թե արդյոք վախենո՞ւմ եմ նրանից։

Ապա սկսեց ուղղակի Կեսարի աչքերի մեջ նայել, իսկ սա քիչ հետո պատասխանեց.

— Մի բարկանա... Գիտես, որ քեզ սիրում եմ...

«Վատ նշան է»,— մտածեց Պետրոնիոսը։

— Ուզում էի ձեզ այսօր մեծարքի հրավիրել,— շարունակեց Ներոնը,— բայց ավելի լավ է՝ կփակվեմ և կսրբագրեմ վերջին կտորի այդ անիծյալ տողը։ Բացի քեզանից սխալս կարող էր նկատել նաև Սենեկան. գուցե և Սեկունդոս Կառինասը, բայց նրանցից շուտով կազատվեմ։

Այս ասելով՝ կանչեց Սենեկային և հայտնեց նրան, որ Ակրատոսի և Սեկունդոս Կառինասի հետ միասին նրան ուղարկում է Իտալիա և բոլոր նահանգները, որպեսզի փող հավաքի բոլոր քաղաքներից գյուղերից, անվանի մեհյաններից, մի խոսքով՝ ամեն տեղից, որտեղ միայն կարելի կլինի գտնել կամ պոկել որևէ բան։ Բայց Սենեկան հասկացավ, որ իրեն գողի, սրբություն պղծողի և ավազակի պաշտոն են տալիս, և հրաժարվեց.

— Պետք է գյուղ գնամ, տեր,— ասաց նաև այնտեղ սպասեմ մահվան, որովհետև ծեր եմ, և նյարդերս՝ տկար։

Սենեկայի իբերիական նյարդերը, որոնք ավելի ամուր էին, քան Քիլոնի նյարդերը, գուցե տկար չէին, բայց նրա առողջությունը առհասարակ վատ էր, որովհետև ուրվականի էր նմանում, և գլուխը վերջերս բոլորովին սպիտակել էր։

Ներոնը, նայելով նրան, մտածեց, թե գուցե, ճշմարիտ որ, երկար չի սպասի նրա մահվան, և պատասխանեց.

— Չեմ կամենում քեզ ճանապարհի դժվարությունների ենթարկել, եթե հիվանդ ես, և քանի որ քեզ սիրելով կամենում եմ, որ դու հեռու չլինես ինձնից, ուստի փոխարեն գյուղ գնալու, կփակվես քո տան մեջ և սենյակից դուրս չես գա։— Ապա ծիծաղեց և ասաց.

— Եթե Ակրատոսին և Կառինասին մենակ ուղարկեմ, նույնն է, թե գայլեր ուղարկեմ ոչխարների ետևից։ Նրանց վրա ո՞ւմ գլխավոր կարգեմ։

— Ի՛նձ, տե՛ր,— ասաց Դոմիտիոս Աֆերը։

— Ո՛չ։ Չեմ կամենում Հռոմի վրա Մերկուրիոսի վրեժխնդրությունը հրավիրել, դու նրան կամաչեցնեիր քո չարագործությամբ։ Ինձ հարկավոր է որևէ ստոիկ, Սենեկայի նման, կամ իմ նոր բարեկամի՝ փիլիսոփա Քիլոնի նման։

Այս ասեղով՝ սկսեց շուրջը նայել և հարցրեց.

— Իսկ Քիլոնը ի՞նչ եղավ։

Քիլոնը, որ թարմ օդում ուշքի գալով, Կեսարի երգելու րոպեին վերադարձել էր ամֆիթատրոն, առաջ մեկնվեց և ասաց.

— Այստեղ եմ, արևի ու լուսնյակի փայլացայտ պտուղ։ Հիվանդ էի, բայց քո երգը առողջացրեց ինձ։

— Կուղարկեմ քեզ Աքայա,— ասաց Ներոնը։— Դու պիտի որ մինչև վերջին գրոշը գիտենաս, թե ի՞նչ կա այնտեղի ամեն մի մեհյանում։

— Այդպես արա՛, Զևս, և աստվածները քեզ այնպիսի հարկ կտան, որպիսին երբեք չեն տվել։

— Այդպես կանեի, բայց չեմ կամենում քեզ զրկել խաղերից։

— Բահա՜լ... — ասաց Քիլոնը։

Բայց ավգուստիանները, ուրախանալով, որ Կեսարի տրամադրությունն ուղղվել էր, սկսեցին ծիծաղել և գոչել.

— Ո՛չ, տե՛ր։ Այս քաջ հույնին մի զրկիր խաղերից։

— Բայց զրկիր ինձ, տե՛ր, այս աղաղակող կապիտոլիական սագերից[419]. սրանց ուղեղները՝ բոլորը միասին, մի կաղնի կճեպն էլ չեն լցնի,— պատասխանեց Քիլոնը։— Հիմա, Ապոլլոնի անդրանիկ զավակ, հունարեն օրհներգ եմ գրում քո պատվին և դրա համար կամենում եմ մի քանի օր անցկացնել մուսաների մեհյանում՝ նրանցից ներշնչում հայցելու։

— Ո՛չ,— գոչեց Ներոնը։— Կամենում ես խույս տալ հաջորդ ներկայացումներից։ Իզուր է։

— Երդվում եմ քեզ, տեր, որ օրհներգ եմ գրում։

— Կգրես գիշերներով։ Ներշնչում հայցիր Դիանայից. չէ՞ որ նա Ապոլլոնի քույրն է։

Քիլոնը գլուխը քարշ արեց՝ չարությամբ նայելով ներկա եղողների վրա, որոնք նորից սկսեցին ծիծաղել։ Իսկ Կեսարը, դիմելով Սենեկիոնին և Սվիլիոս Ներուլինոսին, ասաց.

— Երևակայեցեք, որ այսօրվա համար նշանակված քրիստոնյաներից հազիվ կեսին կարողացանք վերջ տալ։

Այս խոսքերի վրա ծերունի Աքվիլոս Ռեգոլլոսը, որ ամֆիթատրոնին վերաբերող գործերի մեջ մեծ հմտություն ուներ, մի րոպե մտածեց և ասաց.

— Այս ներկայացումները, որտեղ դուրս են գալիս մարդիկ sine armis et sine arte[420], տևում են նույնչափ երկար, բայց պակաս հետաքրքրական են։

— Կհրամայեմ զենք տալ նրանց,— պատասխանեց Ներոնը։

Բայց սնահավատ Վեստինոսը հանկարծ զարթնեց մտքերից և հարցրեց խորհրդավոր ձայնով.

— Արդյոք նկատեցի՞ք, որ նրանք մի ինչ֊որ բան են տեսնում մեռնելիս։ Նայում են երկինք և մեռնում են կարծես առանց տանջանքների։ Հավատացած եմ, որ նրանք ինչ֊որ բան են տեսնում...

Այս ասելով՝ նա աչքերը բարձրացրեց դեպի ամֆիթատրոնի բաց վերնամասը, որի վրա գիշերն արդեն սկսել էր փռել իր աստղազարդ «վելարիոնը»։ Սակայն մի քանիսը ծիծաղով պատասխանեցին նրան և կատակելով ենթադրություններ էին անում, թե քրիստոնյաները ինչ կարող են տեսնել մահվան րոպեին։ Այդ միջոցին Կեսարը նշան արեց ջահակիր ստրուկներին և կրկեսը թողեց, իսկ նրա ետևից դուրս եկան վեստալուհիները, սենատորները, պաշտոնյաները և ավգուստիանները։

Պարզ ու տաք գիշեր էր։ Կրկեսի առջև դեռ խռնվում էր ամբոխը, որ կամենում էր Կեսարի մեկնելը տեսնել, բայց բոլորն էլ մի տեսակ մռայլ էին և լուռ։ Այս ու այնտեղ ծափահարություն լսվեց և լռեց իսկույն։ Ճռռացող սայլերը «սպոլարիոն»֊ից դուրս էին տանում քրիստոնյաների արնաշաղախ մնացորդները։

Պետրոնիոսն ու Վինիկիոսը լուռ էին ճանապարհին։ Միայն դղյակին մոտենալիս՝ Պետրոնիոսը հարցրեց.

— Արդյոք մտածե՞լ ես այն մասին, ինչ որ քեզ ասացի։

— Այո,— պատասխանեց Վինիկիոսը։

— Արդյոք կհավատա՞ս, որ այժմ ինձ համար դա ամենից ավելի ծանրակշիռ խնդիրն է։ Պետք է աղջկան ազատեմ՝ հակառակ Կեսարի ու Տիգելլինոսի կամքի։ Այդ կարծես մի կռիվ է, որտեղ երդվել եմ հաղթել, կարծես մի խաղ է, որ կամենում եմ տանել, թեկուզ հենց սեփական կաշվիս գնով... Այսօր իմ մեջ ավելի հաստատվեց այդ մտադրությունը։

— Թող քեզ Քրիստոսը վարձատրի։

— Կտեսնես։

Խոսելով՝ նրանք հասան տան դռների առջև և դուրս եկան դեսպակից։ Այդ րոպեին ինչ֊որ մուգ կերպարանք մոտեցավ նրանց և հարցրեց.

— Դո՞ւ ես ազնիվ Վինիկիոսը։

— Այո,— պատասխանեց տրիբունը.— ի՞նչ ես կամենում։

— Նազարիասն եմ՝ Միրիամի որդին. բանտից եմ գալիս և լուր եմ բերում Լիգիայի մասին։

Վինիկիոսը ձեռքը դրեց նրա ուսին և ջահի լույսով սկսեց նայել նրա աչքերի մեջ՝ չկարողանալով ոչ մի խոսք արտասանել. իսկ Նազարիասը գուշակեց նրա շրթունքներին մարող հարցմունքը և պատասխանեց.

— Դեռ կենդանի է։ Ուրսուսն ինձ ուղարկել է քեզ մոտ, տեր, ասելու, որ նա տենդի մեջ աղոթում է և քո անունն է կրկնում։

Իսկ Վինիկիոսն ասաց.

— Փա՜ռք Քրիստոսին, որ ինձ կարող է վերադարձնել նրան։

Ապա, վերցնելով Նազարիասին՝ նրան տարավ գրադարան։ Բայց մի քանի րոպե անց եկավ և Պետրոնիոսը՝ նրանց խոսակցությունը լսելու։

— Հիվանդությունը փրկեց նրան անպատվությունից, որովհետև դահիճները վախենում են,— ասաց պատանին։— Ուրսուսն ու բժիշկ Գլավկոսը հսկում են նրան գիշեր֊ցերեկ։

— Արդյոք բանտապահները նո՞ւյնն են մնացել։

— Այո՛, տեր, և Լիգիան նրանց սենյակում է։ Այն բանտարկյալները, որոնք ստորին բանտում էին, բոլորն էլ մեռան տենդից կամ խեղդվեցին ծանր օդից։

— Ո՞վ ես դու,— հարցրեց Պետրոնիոսը։

— Ազնիվ Վինիկիոսը ճանաչում է ինձ։ Այն որբևայրու որդին եմ, որի մոտ բնակվում էր Լիգիան։

— Եվ քրիստոնյա՞ ես։

Պատանին հարցական հայացքով նայեց Վինիկիոսին, բայց տեսնելով, որ նա աղոթում է այդ րոպեին, գլուխը բարձրացրեց և ասաց.

— Այո՛։

— Ինչպե՞ս է, որ կարողանում ես ագատ մտնել բանտը։

— Վարձվել եմ, տեր, մեռածների դիակները դուրս բերելու համար, և այդ դիտմամբ եմ արել, որպեսզի օգնեմ իմ եղբայրներին և նրանց լուրեր տանեմ քաղաքից։

Պետրոնիոսն սկսեց ավելի ուշադրությամբ դիտել պատանու գեղեցիկ դեմքը, նրա կապույտ աչքերն ու սև, խիտ մազերը, հետո հարցրեց.

— Ո՞ր երկրից ես, պատանի։

— Գալիլիացի եմ, տեր։

— Կկամենայի՞ր, որ Լիգիան ազատվի։

Պատանին աչքերը վեր բարձրացրեց.

— Թեկուզ հետո ինքս մեռնելու լինեի։

Այդ միջոցին Վինիկիոսը դադարեց աղոթել և ասաց.

— Ասա բանտապահներին, որ նրան դագաղի մեջ դնեն իբրև մեռածի։ Դու օգնականներ կընտրես քեզ համար, որ ձեզ հետ գիշերով նրան դուրս բերեն։ Հոտած փոսերի[421] մոտ կգտնեք ձեզ սպասող մարդկանց՝ դեսպակով. նրանց կտաք դագաղը։ Բանտապահներին խոստացիր իմ կողմից, որ իրենց այնքան ոսկի կտամ, որքան ամեն մեկը կկարողանա թիկնոցի մեջ տանել։

Խոսելիս նրա դեմքը կորցրեց սովորական մեռելային արտահայտությունը. նրա մեջ արթնացավ զինվորականը, որին հույսը վերադարձրեց նախկին եռանդը։

Իսկ Նազարիասն ուրախությունից շիկնեց և ձեռքերը բարձրացնելով գոչեց.

— Քրիստոսը նրան առողջացնի, որովհետև ազատ կլինի։

— Կարծո՞ւմ ես, որ բանտապահները կհամաձայնվեն,— հարցրեց Պետրոնիոսը։

— Նրա՞նք, տեր։ Միայն թե գիտենան, որ դրա համար իրենց չեն պատժի և չեն չարչարի։

— Այո՛,— ասաց Վինիկիոսը։— Բանտապահները քիչ էր մնում համաձայնեին, որ նա փախչի. ավելի ևս թույլ կտանք որ նրան դուրս տանեն իբրև մեռածի։

— Ճշմարիտ է, կա մի մարդ,— ասաց Նազարիասը,— որ շիկացած երկաթով ստուգում է՝ արդյոք մեր դուրս տարած մարմինները մեռա՞ծ են։ Բայց նա մինչև անգամ մի քանի սեստերց է վերցնում նրա համար, որ երկաթը չդնի մեռածների դեմքին։ Մի խոսքով, նա երկաթը կմոտեցնի դագաղին, ոչ թե մարմնին։

— Ասա նրան, որ կստանա ոսկիներով լի «կապսա»,— ասաց Պետրոնիոսը։— Բայց կկարողանա՞ս վստահելի օգնականներ գտնել։

— Կարող եմ գտնել այնպիսիներին, որոնք փողի համար կծախեն իրենց կանանց և երեխաներին։

— Որտե՞ղ կգտնես նրանց։

— Հենց բանտի մեջ կամ քաղաքում։ Կաշառված բանտապահները ներս կթողնեն, ում էլ լինի։

— Որ այդպես է, ինձ տար հետդ իբրև վարձկանի,— ասաց Վինիկիոսը։

Բայց Պետրոնիոսն սկսեց նրան ամեն կերպ ետ կանգնեցնել այդ մտքից։ Պրետորիանները կարող էին նրան ճանաչել մինչև անգամ ծպտյալ, և ամեն բան կարող էր ձեռքից գնալ։ Ո՛չ բանտի մեջ, ո՛չ Հոտած փոսերի մոտ։ Պետք է որ բոլորը՝ և՛ Կեսարը, և՛ Տիգելլինոսը համոզված լինեն, որ նա մեռել է, այլապես իսկույն կհրամայեն հետամուտ լինել նրան. կասկածները կարող ենք քնեցնել միայն այնպես, որ երբ Լիգիային կտանեն Ալբանոյի լեռները կամ ավելի հեռու, Սիցիլիա, մենք կմնանք Հռոմում։ Մեկ կամ երկու շաբաթ հետո դու կհիվանդանաս և կկանչես Ներոնի բժշկին, որ քեզ կհրամայի լեռները գնալ։ Այն ժամանակ կմիանաք նրա հետ, իսկ հետո...

Այստեղ նա մի րոպե մտածեց և ապա, ձեռքը թափ տալով, ասաց.

— Հետո գուցե ժամանակը փոխվի։

— Քրիստոսը նրան ողորմի,— ասաց Վինիկիոսը,— դու խոսում ես Սիցիլիայի մասին, իսկ նա հիվանդ է և կարող է մեռնել։

— Առայժմ նրան ավելի մոտիկ կտեղավորենք։ Նրան կբժշկի հենց միայն օդը, միայն թե նրան բանտից դուրս կորզեինք։ Արդյոք լեռներում այնպիսի մի կլիենտ չունե՞ս, որին կարողանայիր հավատալ։

— Այո՛, ունե՛մ, այո՛,— շտապ պատասխանեց Վինիկիոսը,— Կորիոլիի մոտ լեռներում մի հավատարիմ մարդ կա, որ ինձ ձեռքի վրա է ման ածել, երբ դեռ մանուկ էի, և որ մինչև այսօր սիրում է ինձ։

Պետրոնիոսը նրան մեկնեց տախտակը։

— Գրիր նրան, որ վաղն այստեղ գա։ Իսկույն սուրհանդակ կուղարկեմ։

Ապա նա կանչեց ատրիոնի վերակացուին և նրան համապատասիան հրաման տվեց։ Մի քանի րոպե հետո ձիավոր ստրուկը գիշերով ճանապարհ ընկավ դեպի Կորիոլի։

— Կուզեի,— ասաց Վինիկիոսը,— որ Ուրսուսը նրան ընկերակցեր ճանապարհին... Ավելի հանգիստ կլինեի...

— Տեր,— ասաց Նազարիասը,— նա գերմարդկային ուժի տեր մարդ է, հավատացած եմ, որ վանդակը կփշրի և կերթա Լիգիայի ետևից։ Գետնից շատ բարձր, խուլ պատի մեջ մի պատուհան կա, որի տակ պահապան չի կանգնած։ Ուրսուսի համար պարան կտանեմ, իսկ մնացածը նա ինքը գլուխ կբերի։

— Հերակլե՜սը վկա,— ասաց Պետրոնիոսը,— թող դուրս պրծնի, ինչպես որ կամենում է, բայց ոչ նրա հետ միաժամանակ և ոչ երկու կամ երեք օր նրա փախչելուց հետո, որովհետև կարող են Ուրսուսի ետևից գնալ և գտնել աղջկա թաքստի տեղը։ Հերակլեսը վկա՝ մի՞թե կամենում եք կորցնել ձեզ և նրան։ Արգելում եմ ձեզ նրա մոտ տալ Կորիոլիի անունը, եթե ոչ, ձեռքերս լվանում եմ։

Նրանք երկուսն էլ զգացին նրա խոսքերի ճշմարտությունը և լռեցին։ Հետո Նազարիասը հրաժեշտ տվեց՝ խոստանալով գալ վաղը լուսադեմին։

Հույս ուներ բանտապահների հետ գործը վերջացնել այս գիշեր. բայց նախ կամենում էր հանդիպել մորը, որը ժամանակի վտանգն ու սարսափը նկատի ունենալով՝ ոչ մի րոպե հանգիստ չուներ։ Լուրջ մտածելուց հետո վճռել էր օգնական որոնել ոչ թե քաղաքում, այլ գտնել և կաշառել այն մարդկանցից մեկին, որոնք իր հետ միասին դիակներ էին դուրս բերում բանտից։

Հենց մեկնելուց առաջ նա կանգ առավ և Վինիկիոսին մի կողմ տանելով՝ շշնջաց.

— Տեր, ոչ ոքի չեմ ասի մեր մտադրությունը, մինչև անգամ մորս. բայց Պետրոս առաքյալը խոստացավ ամֆիթատրոնից գալ մեզ մոտ. նրան կասեմ բոլորը։

— Այս տան մեջ կարող ես բարձր ձայնով խոսել,— պատասխանեց Վինիկիոսը։— Պետրոս առաքյալը ամֆիթատրոնում էր Պետրոնիոսի մարդկանց հետ։ Վերջապես ինքս էլ կգամ քեզ հետ։

Եվ հրամայեց իր համար բերել ստրկական թիկնոցը, և նրանք դուրս եկան։

Պետրոնիոսը խոր հոգոց հանեց։

«Ցանկանում էի,— մտածում էր նա,— որ տենդից մեռներ, որովհետև Վինիկիոսի համար դա պակաս սարսափելի կլիներ։ Բայց այժմ պատրաստ եմ ոսկե եռոտանի նվիրել Էսկուլապոսին՝ նրան առողջացնելու համար... Ա՛հ, դու, Ահենոբարբ, կամենո՛ւմ ես քեզ համար ներկայացում սարքել սիրահարի կսկծից. դու, Ավգուստա, առաջ նախանձում էիր աղջկա գեղեցկությանը, իսկ այժմ կենդանի կլափեիր նրան այն պատճառով, որ քո Ռուֆիոսը մեռավ... Դու, Տիգելլինոս, կամենում ես նրան կորցնել ինձ հակառակ... Կտեսնե՜նք։ Ես ձեզ ասում եմ, որ ձեր աչքերը չեն տեսնի նրան արենայի վրա, որովհետև նա կամ կմեռնի սեփական մահով, կամ ձեզանից կխլեմ նրան, ինչպես որսը շան բերանից... Եվ կխլեմ այնպես, որ չեք իմանա. իսկ հետո քանի ձեզ նայեմ, այսքանը կմտածեմ՝ ահա հիմարնե՜ր, որոնց իշացրեց Պետրոնիոսը»։

Եվ գոհ ինքն իրենից՝ նա անցավ տրիկլինիոն, ուր Եվնիկեի հետ ընթրիքի բազմեց։ Դպիրն այդ միջոցին նրանց համար կարդում էր Թեոկրիտոսի[422] հովվերգությունները։ Դուրսը, Սորակտեի կողմից քամին ամպեր քշեց, և հանկարծակի փոթորիկը խանգարեց ամառային հանգիստ գիշերվա խաղաղությունը։ Ժամանակ առ ժամանակ որոտի ձայներ էին լսվում յոթ բլուրների վրա. իսկ իրենք, մեկը մյուսի կողքին, սեղանի մոտ բազմած, ականջ էին դնում գյուղական բանաստեղծին, որ քաղցրահնչյուն դորիական բարբառով երգում էր հովվական սերը, իսկ հետո հանգստացած սրտերով պատրաստ էին ննջելու գնալ։

Սակայն այդ միջոցին մտավ Վինիկիոսը։ Պետրոնիոսը, նրա գալուստն իմանալով, գնաց նրա մոտ և հարցրեց.

— Ի՞նչ է... Արդյոք նոր բան չե՞ք հնարել։ Նազարիասը արդեն գնացե՞լ է բանտ։

— Այո՛,— պատասխանեց երիտասարդը՝ հարդարելով անձրևից թաց եղած մազերը։— Նազարիասը գնաց բանտապահների հետ պայմանավորվելու, իսկ ես տեսնվեցի Պետրոսի հետ, որ պատվիրեց ինձ աղոթել և հավատալ։

— Լա՜վ։ Եթե ամեն ինչ հաջող գնա, հաջորդ գիշերը կարելի կլինի դուրս բերել նրան։

— Կլիենտս իր մարդկանցով այստեղ պիտի լինի լուսադեմին։

— Ճանապարհը կարճ է։ Այժմ հանգստացիր։

Բայց Վինիկիոսը չոքեց իր կուբիկուլոնում և սկսեց աղոթել։

Արևածագին Կորիսլիի մոտից եկավ կլիենտ Նիգերը՝ Վինիկիոսի պատվերի համաձայն իր հետ բերելով ջորիներ, դեսպակ ու չորս վստահելի մարդ, որոնց ընտրել էր բրիտանացի ստրուկների միջից։ Զգուշության համար նա այդ մարդկանց թողել էր Սուբուռայի մի պանդոկում։

Վինիկիոսը, որ ամբողջ գիշերն արթուն էր մնացել, դուրս եկավ Նիգերին դիմավորելու, իսկ սա հուզվեց երիտասարդ տիրոջ տեսքից և, համբուրելով նրա ձեռներն ու աչքերը, ասաց.

— Անգինս, հիվա՞նդ ես, թե վշտերն են երեսիդ արյունը քամել. հազիվ կարողացա առաջին նայվածքից ճանաչել քեզ։

Վինիկիոսը նրան տարավ ներքին կոլումնադը, որ քսիստոս[423] էր կոչվում, և այնտեղ հաղորդեց նրան գաղտնիքը։ Նիգերը լսում էր ուշադրությունը լարած, և նրա կոշտ, արևակեզ դեմքին մեծ հուզմունք երևաց, որը չէր էլ կամենում զսպել։

— Ուրեմն նա քրիստոնյա՞ է,— գոչեց։

Եվ սկսեց զննող աչքով նայել Վինիկիոսի դեմքին. իսկ նա երևի հասկացավ ինչ է հարցնում գյուղացու հայացքը, որովհետև պատասխանեց.

— Ես ևս քրիստոնյա եմ...

Այն ժամանակ Նիգերի աչքերի մեջ արտասուքներ փայլեցին։ Մի րոպե նա լռում էր. հետո ձեռքերը վեր պարզելով ասաց.

— Օ՜հ, փառք քեզ, Քրիստոս, որ փառը հանել ես աշխարհիս երեսին ինձ համար ամենաթանկագին աչքերից։

Ապա գրկեց Վինիկիոսի գլուխը և, երջանկությունից լաց լինելով, սկսեց համբուրել նրա ճակատը։

Մի փոքր անց եկավ Պետրոնիոսի իր հետ բերելով Նազարիասին։

— Բարի համբա՜վ,— ասաց նա հեռվից։

Իրոք, համբավը բարի էր։ Նախ, որ բժիշկ Գլավկոսը երաշխավորում էր Լիգիայի կյանքի համար, թեև նա նույն բանտային տենդն ուներ, որից թե Տուլիանոնում և թե ուրիշ բանտերում ամեն օր հարյուրավոր մարդիկ էին մեռնում։ Ինչ վերաբերում էր բանտապահներին և այն մարդուն, որ մահն ստուգում էր շիկացած երկաթով, ոչ մի դժվարության չկար։ Օգնականը՝ Ատտիսը, արդեն նույնպես համաձայնվել էր։

— Դագաղի մեջ ծակեր ենք շինել, որպեսզի հիվանդը կարողանա շունչ քաշել,— ասաց Նազարիասը։— Ամբողջ վտանգն այն է, որ չհառաչի կամ ձայն չհանի այն րոպեին, երբ պրետորիանների մոտով անցնելիս կլինենք։ Բայց նա շատ թուլացած է և առավոտվանից պառկած է փակ աչքերով։ Վերջապես՝ Գլավկոսը նրան քնեցնող խմիչք կտա, որն ինքը պիտի պատրաստի քաղաքից իմ բերած դեղերից։ Դագաղի խուփը գամած չի լինի։ Հեշտությամբ նրան կհանեք և կգնեք դեսպակի մեջ, իսկ դագաղի մեջ կդնենք ավազի երկար պարկ, որը դուք պատրաստ կունենաք այստեղ։

Վինիկիոսը, լսելով այս խոսքերը, գունատվեց քաթանի պես, բայց այնպիսի լարված ուշադրությամբ էր լսում, որ թվում էր, թե առաջուց գուշակում էր՝ ինչ էր ասելու Նազարիասը։

— Ուրիշ դիակներ չե՞ն դուրս բերի բանտից,— հարցրեց Պետրոնիոսը։

— Այս գիշեր մոտ քսան հոգի է մեռել, իսկ մինչև երեկո ևս մի քանիսը կմեռնեն,— պատասխանեց պատանին.— մենք պետք է գնանք մի ամբողջ թափորով, բայց կուշացնենք, որպեսզի վերջինը լինենք։ Ճանապարհին ընկերս կսկսի դիտմամբ սաստիկ կաղալ։ Այդպիսով բավականին ետ կմնանք ուրիշներից։ Դուք մեզ կսպասեք Լիբիտինայի փոքրիկ մեհյանի մոտ։ Երանի թե Աստված չափազանց մութ գիշեր տա։

— Աստված տա,— ասաց Նիգերը։— Երեկ պարզ երեկո էր, բայց հանկարծ հեղեղ սկսվեց։ Այսօր երկինքը նույնպես պարզ է, բայց առավոտից տոթ է։ Այժմ ամեն գիշեր անձրևներ ու հեղեղներ են լինելու։

— Գնում եք առանց ճրագների՞,— հարցրեց Վինիկիոսը։

— Առջևից միայն ջահեր են տանում։ Դուք, համենայն դեպս, մթնելիս եղեք Լիբիտինայի մեհյանի մոտ, թեև սովորաբար դիակները դուրս ենք բերում կեսգիշերին մոտ։

Բոլորը լռեցին, լսելի էր միայն Վինիկիոսի ուժեղ շնչառությունը։

Պետրոնիոսը դարձավ նրան.

— Երեկ ասում էի, որ ամենից լավ կլիներ, որ երկուսս էլ տանը մնայինք։ Բայց այժմ տեսնում եմ, որ հենց ինքս չեմ կարողանա տանը նստել... Վերջապես, եթե նա փախչելիս լիներ, պետք կլիներ ավելի զգուշություն պահպանել. բայց քանի որ նրան դուրս են բերելու իբրև մեռածի, կարծում եմ, որ ոչ մեկի գլխով ամենափոքր իսկ կասկած չի անցնի։

— Այո՛, այո՛,— պատասխանեց Վինիկիոսը,— ես պետք է այնտեղ լինեմ։ Ինքս կհանեմ նրան դագաղից...

— Երբ կլինի Կորիոլիի մոտ, իմ տանը, երաշխավոր եմ նրա համար,— ասաց Նիգերը։

Այսքանով վերջացավ խոսակցությունը. Նիգերը գնաց պանդոկը, իր մարդկանց մոտ։ Նազարիասը, ոսկով քսակը պահելով տունիկայի տակ, բանտ վերադարձավ։ Վինիկիոսի համար այդ օրն անհանգստության, տենդի, խռովության և սպասողության օր էր։

— Գործը պետք է հաջողվի, որովհետև լավ է մտածված,— ասում էր նրան Պետրոնիոսը։— Ավելի լավ չէր կարելի կարգադրել։ Դու պետք է քեզ սգավոր ներկայացնես և ման գաս սև տոգայով։ Բայց կրկեսները բաց չթողնես... Թող քեզ տեսնեն... Ամեն բան այնպես մտածված է, որ չի կարող վրիպել։ Բա՞յց։ Արդյոք բոլորովին վստա՞հ ես քո կլիենտի վրա։

— Նա քրիստոնյա՛ է,— պատասխանեց Վինիկիոսը։

Պետրոնիոսը զարմանքով նայեց նրան, հետո սկսեց ուսերը թոթվել և խոսել կարծես ինքն իր հետ.

— Պոլլուքսը վկա, այդ կրոնն ինչպե՜ս տարածվում է և ինչպե՜ս խոր կպչում մարդկային սրտերին... Այսպիսի, վտանգի առջև մարդիկ միանգամից կդրժեին բոլոր աստվածներին՝ և՛ հռոմեական, և՛ հունական, և՛ եգիպտական։ Սակայն այդ զարմանալի է... Պոլլուքսը վկա... Եթե հավատայի, որ աշխարհիս երեսին, դեռևս մի բան կախում ունի մեր աստվածներից, ամեն մեկին կխոստանայի այժմ վեցական սպիտակ եզ, իսկ Կապիտոլինական Յուպիտերին՝ տասներկու... Բայց դու ևս խոստումներ մի խնայի քո Քրիստոսին...

— Ես նրան տվել եմ հոգիս,— պատասխանեց Վինիկիոսը։

Եվ բաժանվեցին։ Պետրոնիոսը վերադարձավ իր կուբիկուլոնը, իսկ Վինիկիոսը գնաց հեռվից բանտին նայելու և այնտեղից հեռացավ մինչև Վատիկանյան բլրի լանջը, մինչև ֆոսորի այն խրճիթը, ուր առաքյալի ձեռքից ընդունել էր մկրտությունը։ Թվում էր նրան, որ այդ խրճիթում Քրիստոսն ավելի շուտ կլսի իրեն, քան թե մի ուրիշ տեղ. ուստի, գտնելով խրճիթը ու գետնին փռվելով, աղոթում էր իր վշտահար սրտի բոլոր ուժերով և գթություն էր պաղատում և այն աստիճան խորասուզվեց այս աղոթքի մեջ, որ մոռացավ, թե որտեղ է և ինչ է կատարվում իր հետ։

Արդեն կեսօրին մոտ էր, երբ արթնացավ փողերի ձայնից, որ հասնում էր Ներոնի կրկեսի կողմից։ Այն ժամանակ նա դուրս, եկավ խրճիթից և սկսեց շուրջը նայել այնպիսի աչքերով, կարծես նոր էր քնից սթափվել։ Դուրսը տոթ էր և անդորրություն, որ ընդմիջվում էր միայն ծղրիդների անընդհատ մոլեգնական ճռճռոցից։ Օդը տաքացել էր. երկինքը քաղաքի վրա դեռ ջինջ էր, բայց Սաբինյան լեռների մոտ հորիզոնի վրա մութ ամպեր էին հավաքվում։

Վինիկիոսը տուն վերադարձավ։ Ատրիոնում նրան սպասում էր Պետրոնիոսը։

— Պալատիոնում էի,— ասաց նա։— Դիտմամբ այնտեղ երևացի և մինչև անգամ ոսկրախաղի նստեցի։ Անիկիսսի մոտ երեկոյան մեծարք է. խոստացա, որ կգնանք, բայց միայն կեսգիշերից հետո, որովհետև դրանից առաջ պետք է քնեմ։ Իսկապես կգնամ, և լավ կլիներ, որ դու էլ գայիր։

— Արդյոք որևէ համբավ կա՞ Նիգերից կամ Նազարիասից,— հարցրեց Վինիկիոսը։

— Ոչ։ Նրանց կտեսնենք միայն կեսգիշերին մոտ։ Նկատեցի՞ր, որ փոթորիկ է լինելու։

— Այո։

— Վաղը պետք է խաչված քրիստոնյաների ներկայացում լինի, բայց գուցե անձրևը խանգարի։

Նա մոտեցավ և, Վինիկիոսի ուսին ձեռքը գնելով, ասաց.

— Բայց նրան չես տեսնի խաչի վրա, այլ Կորիոլիի մոտ։ Կաստորը վկա՜. Հռոմի բոլոր գոհարներով չէի փոխի այն րոպեն, երբ նրան կազատենք։ Երեկոն արդեն մոտենում է...

Իրոք, երեկոն մոտենում էր, և մութը սկսել էր սովորականից ավելի վաղ քաղաքը կոխել ամպերի շնորհիվ, որոնք ծածկեցին ամբողջ հորիզոնը։ Երեկոյան սաստիկ անձրև եկավ և, գոլորշիանալով ցերեկվա տոթից տաքացած քարերի վրա, մշուշով լցրեց՝ քաղաքի փողոցները։ Հետո փոփոխակի մեկ հանդարտվում էր, մեկ նորից կարճատև տարափ էր տեղում։

— Շտապենք,— ասաց վերջապես Վինիկիոսը,— փոթորկի պատճառով կարող են ավելի վաղ դուրս բերել դիակները։

— Ժամանակն է,— պատասխանեց Պետրոնիոսը։

Եվ վերցնելով գլխանոցավոր գալլիական թիկնոցները՝ պարտեզի դռնով դուրս եկան փողոց։ Պետրոնիոսը զինվեց նաև կարճ հռոմեական դանակով, որը isica էր կոչվում և որը միշտ հետը առնում էր գիշերային արշավանքների ժամանակ։

Քաղաքը փոթորկի պատճառով դատարկ էր։ ժամանակ առ ժամանակ փայլակները ճեղքում էին ամպերը՝ պայծառ փայլով լուսավորելով նոր կառուցված կամ դեռ շինվող տների պատերը ու թաց սալահատակը, որով ծածկված էին փողոցները։ Երկար ճանապարհից հետո այս փայլով նկատեցին վերջապես այն բլրակը, որի վրա կանգնած էր Լիբիտինայի փոքրիկ մեհյանը, և բլրակի տակ՝ ջորիներից ու ձիերից կազմված մի խումբ։

— Նիգեր,— կամաց կանչեց Վինիկիոսը։

— Ես եմ, տե՜ր,— պատասխանեց ձայնը անձրևի միջից։

— Ամեն բան պատրա՞ստ է։

— Այո, սիրելիս։ Հենց որ մթնեց, այստեղ էինք։ Բայց ծածկվեցեք պատի տակ, քանի որ տակից վրայից կթրջվեք։ Այս ի՜նչ փոթորիկ է։ Կարծեմ կարկուտ պիտի գա։

Ճիշտ որ, Նիգերի երկյուղը կատարվեց. շուտով սկսեց կարկուտ տեղալ սկզբում մանր, իսկ հետո ավելի ու ավելի խոշոր և խիտ։ Օդն իսկույն ցրտեց։

Իսկ նրանք, պատի տակ կանգնած, պաշտպանված էին քամուց ու կարկտի հատիկներից և խոսում էին ցածր ձայնով։

— Եթե մեզ մեկը տեսնի էլ,— ասում էր Նիգերը,— ոչ մի կասկած չի տանի, որովհետև կկարծի, թե անձրևի վերջանալուն ենք սպասում։ Բայց վախենում եմ՝ չլինի թե դիակները մինչև առավոտ թողնեն բանտում։

— Կարկուտը երկար չի տևի,— ասաց Պետրոնիոսը,— պետք է սպասենք թեկուզ մինչև լուսանալը։

Եվ նրանք սպասում էին, ականջ դնելով՝ չի՞ հասնի արդյոք թափորի ձայնը։ Կարկուտն անցավ, բայց հետո իսկույն սկսեց շփշփալ անձրևը։ Երբեմն քամի էր բարձրանում և բերում էր Հոտած փոսերից սարսափելի հոտ, որովհետև դիակները խոր ու խնամքով չէին թաղվում և շուտ էին նեխվում։

Հանկարծ Նիգերն ասաց.

— Մշուշի միջից ճրագ եմ տեսնում... մեկ, երկու, երեք... Այդ ջահեր են։

Եվ դարձավ իր մարդկանց.

— Նայեցեք, որ ջորիները չփռշտացնեն։

— Գալիս են,— ասաց Պետրոնիոսը։

Ճրագներն ավելի ու ավելի պարզ էին երևում։ Մի քանի րոպեից հետո կարելի էր արդեն զանազանել, թե ինչպես քամուց շարժվում էին ջահերի բոցերը։

Նիգերն սկսեց երեսը խաչակնքել և աղոթել։ Մինչ այդ տխուր քարավանն ավելի էր մոտենում և, վերջապես, հավասարվելով Լիբիտինայի մեհյանի հետ, կանգնեց։ Պետրոնիոսը, Վինիկիոսը և Նիգերը լուռ սեղմվեցին բլրակին, չհասկանալով՝ ինչ է այդ նշանակում։ Բայց դագաղակիրները կանգ առան միայն երեսներն ու շրթունքները փաթաթելու համար, որ պաշտպանվեին այն խեղդող գարշահոտությունից, որը հենց puticuli֊ի մոտ ուղղակի տանելու բան չէր. հետո նրանք բարձրացրին դագաղներով պատգարակները և շարունակեցին ճանապարհը։

Միայն մի դագաղ կանգ առավ մեհյանի դիմաց։

Վինիկիոսը ցատկեց նրա մոտ, իսկ նրա ետևից Պետրոնիոսը, Նիգերը և երկու բրիտանացի ստրուկների դեսպակով։

Բայց առաջ, քան մոտ վազեցին, մթության միջից լսելի եղավ Նազարիասի կսկծագին ձայնը.

— Տեր, նրան Ուրսուսի հետ միասին տեղափոխել են Էսքվիլինյան բանտը... Մենք ուրիշ դիակ ենք տանում, իսկ նրան կեսգիշերից առաջ վերցրել են...

Պետրոնիոսը, տուն վերադառնալով, մռայլ էր փոթորկի պես և մինչև անգամ չէր փորձում մխիթարել Վինիկիոսին։ Հասկանում էր, որ Էսքվիլինյան նկուղներից Լիգիային դուրս կորզելու մասին մտածելն անգամ ավելորդ է։ Գուշակում էր, որ հավանական է նրա համար էին նրան տեղափոխել Տուլիանոնից, որ տենդից չմեռնի և որ խույս չտա իր համար նշանակված ամֆիթատրոնից։ Բայց այս հատկապես մի ապացույց էր, որ նրան ավելի ուշադրությամբ էին հսկում ու պահպանում, քան ուրիշների։ Պետրոնիոսի մեղքն էին գալիս և՛ նա, և՛ Վինիկիոսը, բայց բացի դրանից նրան ճնշում էր և այն միտքը, թե կյանքի մեջ առաջին անգամ մի բան իրեն չհաջողվեց, և թե առաջին անգամ հաղթված է կռվի մեջ։ «Ֆորտունան կարծես ինձ թողնում է,— ասում էր նա իրեն,— բայց աստվածները սխալվում են, եթե կարծում են, որ կհամաձայնվեմ այնպիսի կյանք վարել, ինչպիսին սա է վարում»։ Այստեղ նա նայեց Վինիկիոսին, որ նույնպես նայում էր նրան լայն բացված աչքերով։

— Ի՞նչ է։ Տե՞նդ ունես,— հարցրեց Պետրոնիոսը։

Իսկ նա պատասխանեց մի տարօրինակ, կոտրված և ծանր ձայնով, հիվանդ մանկան պես.

— Իսկ ես հավատում եմ, որ Նա կարող է Լիգիային ինձ վերադարձնել։

Քաղաքի գլխին հանդարտվում էին փոթորկի վերջին որոտումները։

ԳԼՈՒԽ ԺԵ

Եռօրյա անձրևները, որոնք մի բացառիկ երևույթ էին ամառվա ժամանակ Հռոմում, և կարկուտը, որ հակառակ բնության կարգին՝ հեղում էր ոչ միայն ցերեկն ու երեկոները, այլև մինչև անգամ գիշերները, ընդհատեցին ներկայացումները։ Ժողովուրդն սկսեց անհանգստանալ։ Գուշակում էին խաղողի անբերրիություն, և երբ մի անգամ կեսօրին կայծակը հալեցրեց Կապիտոլիոնի վրա հաստատված Կերերայի բրոնզե արձանը, զոհաբերություններ պատվիրեցին Յուպիտեր Սալվատորի մեհյանում։ Կերերայի քուրմերը լուր տարածեցին, որ աստվածների բարկությունն է քաղաքի վրա նրա համար, որ քրիստոնյաների պատժելու գործը չափազանց ուշանում է։ Ուստի ամբոխն սկսեց պահանջել, որ, ուշք չդարձնելով եղանակի վրա, շտապեցնեն խաղերի շարունակությունը, և ուրախություն տիրեց ամբողջ Հռոմին, երբ վերջապես հայտարարվեց, որ երեք օրվա ընդհատումից հետո խաղը կվերսկսվի։

Այդ միջոցին վերականգնվեց և գեղեցիկ եղանակը։

Ամֆիթատրոնը լուսադեմից լցվեց հազարավոր մարդկանցով։ Կեսարը նույնպես վաղ եկավ վեստալուհիների ու պալատի հետ։ Ներկայացումը պիտի սկսվեր քրիստոնյաների կռվով իրար հետ, և այս նպատակով նրանց հագցրել էին գլադիատորների պես և տվել էին ամեն տեսակ զենք, որ գործ էին ածում մարտիկները հարձակվելու և պաշտպանվելու համար։ Քրիստոնյաներն ավազի վրա թափեցին ցանցերը, եղանները, նիզակներն ու սրերը և դրա փոխարեն սկսեցին միմյանց գրկել ու քաջալերել չարչարանքներին ու մահվան դիմանալու։ Այդ ժամանակ խորին վրդովմունք և զայրույթ տիրեց ամբոխի սրտերին։ Մի քանիսն ամբաստանում էին նրանց փոքրոգության և երկչոտության մեջ, մյուսները պնդում էին, որ չեն կամենում կռվել դիտմամբ, ժողովրդին ատելով և նրա համար, որ ժողովրդին զրկեն այն զվարճությունից, որն առհասարակ նա զգում էր արիությունը տեսնելիս։ Վերջապես Կեսարի հրամանով նրանց վրա բաց թողին իսկական գլադիատորներին, որոնք մի ակնթարթում ոչնչացրին ծնկաչոք ու անզեն քրիստոնյաներին։

Բայց դիակները հավաքելուց հետո ներկայացումը դադարեց կռիվ լինելուց և փոխվեց մի շարք, առասպելական պատկերների, որ ստեղծել էր Կեսարի երևակայությունը։ Ցույց տվին, թե Հերակլեսն ինչպես էր այրվում խարույկի վրա, Էտայի գագաթին։ Վինիկիոսը դողաց մտածելով, որ գուցե Հերակլեսի դերը հատկացրած էի Ուրսուսին. բայց երևի դեռ հերթը չէր հասել Լիգիայի հավատարիմ ծառային, որովհետև խարույկի վրա այրվողը մեկ ուրիշը՝ Վինիկիոսին բոլորովին անծանոթ մի քրիստոնյա էր։ Դրա փոխարեն հետևյալ պատկերի մեջ Քիլոնը, որին Կեսարը չէր կամենում ազատել ներկայացմանը ներկա գտնվելուց, տեսավ իրեն ծանոթ մարդկանց։ Ներկայացնում էին Դեդալոսի և Իկարոսի մահը։ Դեդալոսի դերով հանդես եկավ Էվնիկիոսը՝ այն ծերունին, որը մի ժամանակ Քիլոնին հնարավորություն էր տվել ձկան նշանակությունը իմանալու, իսկ Իկարոսի դերում նրա որդի Քվարտոսն էր։ Երկուսին էլ հատուկ մեքենաների օգնությամբ վեր բարձրացրին, իսկ հետո այնտեղից, ահագին բարձրությունից վայր նետեցին արենայի վրա։ Քվարտոսն ընկավ կայսերական պոդիոնին այնպես մոտիկ, որ արյունով սրսկեց ոչ միայն նրա արտաքին զարդերը, այլև ծիրանիով ծածկված եզրապատը։ Քիլոնը չտեսավ այդ անկումը, որովհետև աչքերը փակել էր. լսեց միայն մարմնի խուլ դրմփյունը և երբ մի փոքր անց իր կողքին արյուն տեսավ, քիչ էր մնում ուշաթափվեր կրկին։ Բայց պատկերներն արագ փոփոխվում էին։ Օրիորդներին մահից առաջ անպատվում էին գազանների պես հագնված գլադիատորները, և այս անպատկառ չարչարանքները հրճվանքով էին լցնում ամբոխի սրտերը։ Ժողովրդի աչքին ներկայացան Կիբելլայի և Կերերայի քրմուհիներ, ներկայացան Դանայիդները[424], ներկայացան Դիրկեն[425] և Պասիփայեն[426], ներկայացան վերջապես անչափահաս աղջիկներ, որոնք պատառոտեցին վայրի ձիերը։ Հանդիսականները ծափահարում էին Կեսարի երևակայության նոր և նոր ստեղծագործություններին, իսկ նա, հպարտանալով դրանով և իրեն երջանիկ զգալով ծափահարություններից, այժմ ոչ մի րոպե աչքից չէր հեռացնում զմրուխտը, դիտում էր, թե ինչպես երկաթը պատառոտում էր սպիտակ մարմինները և թե ինչպես զոհերը ջղաձգաբար ցնցվում էին։ Բայց տրվում էին նաև ներկայացումներ քաղաքի պատմությունից։ Աղջիկներից հետո ժողովուրդը տեսավ Մուկիոս Սկևոլային, որի ձեռքը, կրակով լի եռոտանուն ամրացած լինելով, ամֆիթատրոնը լցնում էր խանձված մսի հոտով, բայց որը ճշմարիտ Սկեոլայի պես կանգնած էր առանց հառաչանքի, աչքերը վեր բարձրացրած և աղոթքը՝ սևացած շրթունքներին։ Նրան մեռցնելուց և դիակը սպոլարիոն քարշ տալուց հետո կեսօրյա սովորական ընդմիջում եղավ։ Կեսարը վեստալուհիների և ավգուստիանների հետ միասին թողեց ամֆիթատրոնը և հեռացավ հատուկ կառուցված ահագին ծիրանե վրանը, ուր իր և հյուրերի համար շքեղ «պրանդիոն»՝ նախաճաշ էր պատրաստված։ Ամբոխն էլ մեծ մասամբ հետևեց նրա օրինակին և, դուրս թափվելով, բանաստեղծական խմբերով տեղավորվեց վրանի կողքին, որ երկար նստելուց հոգնած անդամներին հանգիստ տա և կերակուր ուտի, որը Կեսարի պատվերով առատորեն բաժանում էին ստրուկները։ Միայն ամենահետաքրքրասերները, իրենց տեղերը թողնելով, իջան հենց արենա և, մատներով շոշափելով արյունից կպչուն դարձած ավազը, վարպետների ու սիրահարների պես խոսում էին այն ամենի մասին, ինչ որ տեղի էր ունեցել և ինչ որ դեռևս պիտի տեղի ունենար։ Սակայն շուտով սրանք էլ հեռացան՝ մեծարքից չուշանալու համար. միայն մի քանի մարդ մնացին, որոնց ոչ թե հետաքրքրությունն էր պահում, այլ կարեկցությունը դեպի ապագա զոհերը։

Սրանք առանձնացել էին միջանցքներում, կամ ստորին շարքերում. իսկ այդ միջոցին արենան սկսեցին ուղղել և փոսեր փորել մեկը մյուսի կողքին շարք֊շարք, շրջանի մի ափից մինչև մյուսը, այնպես որ վերջին շարքը մի քանի քայլ հեռու էր կայսերական պոդիոնից։ Կրկեսի դրսից հասնում էին ժողովրդի խոսակցությունը, աղաղակներն ու ծափահարությունները, իսկ այստեղ տենդային աճապարանքով պատրաստություններ էին տեսնում ինչ֊որ նոր չարչարանքների համար։ Հանկարծ բացվեցին կունիկուլները, և բոլոր բացվածքներից սկսեցին արենա դուրս քշել անհամար մերկ քրիստոնյաների՝ խաչերն ուսերին։ Ամբողջ ամֆիթատրոնը լցվեց նրանցով։ Փայտե գերանների ծանրությունից կռացած վազում էին ծերունիները, նրանց կողքին փարթամ հասակի տղամարդիկ էին, կանայք՝ արձակած մազերով, որոնցով կամենում էին իրենց մերկությունը ծածկել, անչափահաս տղաներ և բոլորովին փոքր մանուկներ։ Խաչերը, ինչպես և զոհերը ծաղիկներով էին զարդարված։ Կրկեսի ծառաները մտրակելով ստիպում էին դժբախտներին խաչերը դարսել պատրաստի փոսերի մոտ և շարքով կանգնել կողքերին։ Այսպես պիտի մեռնեին նրանք, որոնց խաղերի առաջին օրը ժամանակ չէին ունեցել դուրս քշելու շների և վայրենի գազանների ճարակ անելու համար։ Սև ստրուկները բռնում էին նրանց ու կռնակի վրա դնում խաչերի վրա, ապա սկսում էին նրանց ձեռքերը մեխել խաչերի թևերին այնպիսի արագությամբ ու շտապով, որ ժողովուրդը, ընդմիջումից հետո տեսներ, որ բոլոր խաչերն արդեն բարձրացված են։ Ամբողջ թատրոնում լսվեց մուրճերի հարվածների ձայնը, որի արձագանքը տարածվեց վերևի շարքերում և հասավ ամֆիթատրոնը շրջապատող հրապարակն ու վրանի տակ, ուր Կեսարը մեծարում էր վեստալուհիներին ու ընկերներին։ Այնտեղ գինի էին խմում, ծիծաղում էին Քիլոնի վրա և տարօրինակ խոսքեր էին շշնջում Վեստայի քրմուհիների ականջներին. իսկ արենայում գործը եռում էր, մեխերը մտնում էին քրիստոնյաների ձեռքերն ու ոտքերը, թիակները լցնում էին փոսերը, որոնց մեջ ցից խաչերն էին։

Բայց այն զոհերի թվում, որոնց հերթը քիչ հետո պիտի գար, գտնվում էր և Կրիսպոսը։ Առյուծները ժամանակ չէին ունեցել նրան պատառելու, և նրա համար խաչ էին նշանակել. իսկ նա, միշտ պատրաստ լինելով մեռնելու, ուրախանում էր իր հոգու մեջ, որ հասնում է և իր ժամը։ Այսօր նա ուրիշ տեսք ուներ, որովհետև նրա չորացած մարմինը բոլորովին մերկ էր, միայն բաղեղի հյուսված տերևներն էին ծածկում նրա ազդրերը, իսկ գլխին վարդե պսակ էր։ Բայց նրա աչքերի մեջ միշտ փայլում էր նույն անքակտելի եռանդը, և նույն խիստ ու մոլեռանդ դեմքն էր երևում պսակի տակից։ Չէր փոխվել նույնպես և նրա սիրտը, որովհետև ինչպես մի ժամանակ կունիկուլոնում Աստուծո բարկությամբ էր սպառնում մորթիների մեջ կարված եղբայրներին, այդպես և այսօր իր խոսքերով շանթահարում էր նրանց, փոխանակ մխիթարելու։

— Շնորհակալ եղեք Փրկչից,— ասում էր նա,— որ թույլ է տալիս ձեզ միևնույն մահով մեռնել, որով և Ինքը մեռավ։ Գուցե ձեր մեղքերի մի մասը ձեզ ներվի դրա համար։ Բայց սոսկացեք, որովհետև արդարությունը հատուցում է պահանջում, և չեն կարող միևնույն վարձատրությունն ստանալ չարերն ու բարիները։

Եվ նրա խոսքերին ձայնակցում էր մուրճերի թրխկթրխկոցը, որոնցով գամում էին զոհերի ձեռքերն ու ոտքերը։ Ավելի ու ավելի շատ խաչեր էին կանգնում արենայի վրա. իսկ նա դիմեց այն քրիստոնյաներին, որոնք դեռ սպասում էին՝ ամեն մեկը իր փայտի մոտ։

— Տեսնում եմ բացված երկինքը, բայց տեսնում եմ և բացված անդունդը... Ինքս չգիտեմ, թե ինչպե՞ս պիտի հաշիվ տամ Տիրոջս իմ կյանքի համար, թեև հավատում էի և ատում էի չարը։ Ոչ թե մահից եմ երկնչում, այլ հարությունից, ոչ թե չարչարանքից, այլ դատաստանից, որովհետև հասնում է բարկության օրը...

Բայց այդ միջոցին մոտավոր նստարաններից լսվեց ինչ-որ խաղաղ ու հանդիսավոր ձայն.

— Ոչ թե բարկության, այլ ողորմածության օրը, փրկության և երջանկության օրը։ Ահա ասում եմ ձեզ, որ Քրիստոսը կհանգստացնի ձեզ, կմխիթարի և կնստեցնի իր աջ կողքը։ Ապավինեցեք, որովհետև ահա երկինքը բացվում է ձեր առջև։

Այս խոսքերի վրա բոլորի աչքերը դարձան նստարանների կողմը. մինչև անգամ նրանք, որոնք արդեն մեխված էին խաչերին, բարձրացրին իրենց գունատված, տանջված գլուխները և սկսեցին նայել խոսող մարդու կողմը։

Իսկ սա մոտեցավ գրեթե եզրապատին, որ շրջապատում էր արենան, և սկսեց նրանց օրհնել խաչելության նշանով։

Կրիսպոսը ձեռքը պարզեց նրա կողմը, կարծես կամենում էր շանթահարել նրան, բայց տեսնելով նրա դեմքը, իջեցրեց ձեռքը, ապա ծնկները ծալվեցին նրա տակ, իսկ շրթունքները շշնջացին.

— Պողոս առաքյա՜լ...

Ի մեծ զարմանս կրկեսի ծառայողների, չոքեցին բոլորը, որոնց դեռ չէին կարողացել խաչել. իսկ Պողոս Տարսոնացին դարձավ Կրիսպոսին և ասաց.

— Կրիսպոս, մի սպառնա դրանց, որովհետև հենց այսօր քեզ հետ արքայության մեջ կլինեն։ Դու կարծում ես, որ կարող են դատապարտվե՞լ։ Բայց ո՞վ դրանց կդատապարտի։ Մի՞թե այդ կանի Աստված, որ դրանց համար տվեց իր Որդուն։ Կամ գուցե Քրիստո՞սը, որ մեռավ դրանց փրկության համար, ինչպես դրանք մեռնում են նրա անվան համար։ Եվ ինչպե՞ս կարող է դատապարտել Նա, որ սիրում է։ Ո՞վ կասի այս արյանը՝ անիծված ես...

— Տե՛ր, ատում եմ չարը,— պատասխանեց ծերունի երեցը։

— Քրիստոսը պատվիրեց՝ ավելի սաստիկ սիրել մարդկանց, քան ատել չարը, որովհետև Նրա ուսմունքը սեր է, ոչ թե ատելություն...

— Մեղանչեցի մահվանս րոպեին,— պատասխանեց Կրիսպոսը։

Եվ սկսեց իր կրծքին խփել։

Այդ միջոցին նստարանների վերակացուն մոտեցավ առաքյալին և հարցրեց.

— Ո՞վ ես դու, որ խոսում ես դատապարտյալների հետ։

— Հռոմեական քաղաքացի,— հանգիստ պատասխանեց Պողոսը։

Հետո դառնալով Կրիսպոսին՝ ասաց.

— Ապավինիր, որովհետև այս օրը շնորհի օր է, և մեռիր խաղաղությամբ, Աստծու ծառա։

Այդ րոպեին երկու նեգրեր մոտեցան Կրիսպոսին խաչելու համար. իսկ նա մեկ անգամ ևս նայեց շուրջը և գոչեց.

— Եղբայրնե՜ր, աղոթեցեք ինձ համար։

Եվ նրա դեմքը կորցրեց սովորական խստությունը. քարացած դիմագծերը խաղաղության ու քաղցրության արտահայտություն ստացան։ Ձեռները տարածեց խաչի թևերի վրա՝ ծառաների աշխատանքը թեթևացնելու համար և, նայելով ուղիղ երկինք, սկսեց ջերմեռանդությամբ աղոթել։ Թվում էր, թե ոչինչ չէր զգում, որովհետև երբ մեխերը ցցվում էին նրա ձեռքերի մեջ, ոչ մի ցնցում չշարժեց մարմինը, և դեմքին ցավի ոչ մի կնճիռ չերևաց. աղոթում էր, երբ նրա ոտքերն էին մեխում, աղոթում էր, երբ խաչն էին կանգնեցնում և շուրջը հողն էին կոխոտում։ Միայն երբ ամբոխը ծիծաղելով, աղմկելով սկսեց լցնել ամֆիթատրոնը, ծերունու հոնքերը մի փոքր կիտվեցին, կարծես բարկանում էր, որ անհավատ ժողովուրդը խանգարում է իր քաղցր մահվան անդորրությունն ու խաղաղությունը։

Արդեն բոլոր խաչերը բարձրացված էին, այնպես, որ արենայի վրա կարծես անտառ էր բուսել ծառերին գամած մարդկանցով։ Խաչերի թևերի ու նահատակների գլուխների վրա արևի շողն էր ընկնում, իսկ արենայի վրա՝ խաչերի թանձր ստվերները, որոնք կարծես մի սև, հյուսված վանդակ էին կազմում, և այս վանդակի միջով փայլում էր դեղին ավազը։ Ժողովրդի համար այս տեսարանի ամբողջ գեղեցկությունը դանդաղ մահը դիտելու մեջ էր։ Բայց մինչև այդ օրը այդքան խաչեր չէին տեսել։ Արենան այնպես էր լցված նրանցով, որ ծառաները դժվարությամբ էին կարողանում արանքներով անցնել։ Եզրերում խաչված էին գլխավորապես կանայք, բայց Կրիսպոսին, իբրև առաջնորդի, բարձրացրել էին գրեթե ուղղակի կայսերական պոդիոնի առջև, ահագին խաչի վրա, որի ստորին մասը ծաղկահյուսերով էր զարդարված։ Զոհերից դեռ ոչ ոք չէր մեռել, բայց առաջին խաչվածներից մի քանիսն արդեն ուշաթափվել էին։ Ոչ ոք չէր հառաչում և գթություն չէր աղերսում։ Մի քանիսը կախված էին՝ գլուխն ուսի վրա թեքված, կամ կրծքի վրա քարշ արած, կարծես քնած լինեին. մյուսները կարծես մտախոհ էին, իսկ շատերն էլ դեռ երկինք էին նայում և կամաց շարժում էին շրթունքները։ Բայց խաչերի այս սարսափելի անտառի մեջ, այդ գամված մարմինների մեջ, զոհերի այդ լռության մեջ ինչ-որ չարագուշակ բան կար։ Ժողովուրդը, որ մեծարքից հետո կուշտ և ուրախ էր մտել կրկեսը, լռեց, չգիտենալով ո՛ր մարմնի վրա կենտրոնացնի հայացքը և ինչ մտածի։ Կանացի ձգված մարմինների մերկությունը դադարեց նրանց երևակայությունը գրգռել։ Մինչև անգամ գրազ չէին գալիս, թե ով ավելի շուտ կվախճանվի, որ սովորաբար լինում էր, երբ արենայի վրա ավելի փոքրաթիվ դատապարտյալներ էին հանգես գալիս։ Թվում էր, թե Կեսարը նույնպես ձանձրանում է, որովհետև գլուխը ետ ձգելով, ծույլ շարժումներով ուղղում էր մանյակը, իսկ դեմքը բոլորովին քնաթաթախ էր։

Հանկարծ դիմացը խաչված Կրիսպոսը, որի աչքերը մի րոպե առաջ փակ էին, ուշաթափ կամ մեռնող մարդու նման աչքերը բաց արեց և սկսեց նայել Կեսարին։

Նրա դեմքը նորից անողոք արտահայտություն ընդունեց, իսկ հայացքը բորբոքվեց այնպիսի հրով, որ ավգուստիաններն սկսեցին միմյանց շշնջալ, մատներով ցույց տալով նրա վրա, և վերջը ինքը Կեսարը ուշադրությունը նրա վրա դարձրեց և զմրուխտը դանդաղ մոտեցրեց աչքերին։

Կատարյալ լռություն տիրեց։ Հանդիսականները աչքերը հառել էին Կրիսպոսին, որ փորձում էր աջ ձեռքը շարժել, կարծես կամենում էր այն պոկել փայտից։

Մի րոպեից նրա կուրծքը փքվեց, կողերը վեր բարձրացան, և նա սկսեց գոչել.

— Մայրասպա՜ն, վա՜յ քեզ։

Ավգուստիանները, լսելով այս մահացու վիրավորանքը, որ աշխարհի տիրոջն էր հասցված հազարավոր ամբոխի ներկայությամբ, չէին համարձակվում շունչ քաշել։ Քիլոնը ուշաթափվելու վրա էր։ Կեսարը դողաց և ձեռքից բաց թողեց զմրուխտը։

Ժողովուրդը շունչը պահեց։ Կրիսպոսի ձայնն ավելի ու ավելի ուժեղ էր հնչում ամբողջ ամֆիթատրոնում.

— Վա՜յ քեզ, կնասպան և եղբայրասպան. վա՜յ քեզ, Նեռ։ Անդունդը բացվում է քո առջև. մահը պարզում է դեպի քեզ իր ձեռքերը և դագաղը սպասում է քեզ։ Վա՜յ քեզ, կենդանի դիակ, որովհետև մեռնելու ես զարհուրանքով և դատապարտված կլինես հավիտյան։

Եվ չկարողանալով մեխած ձեռքը պոկել փայտից, սաստիկ ձգված, սարսափելի, դեռ կենդանի ժամանակ կմախքի նմանվող, ճակատագրի պես անողոք՝ նա շարժում էր սպիտակ մորուքը Ներոնի պոդիոնի վրա, և գլխի շարժումներից ավազի վրա էին թափվում ճակատին դրված պսակի վարդի թերթիկները։

— Վա՜յ քեզ, մարդասպա՛ն. լցվե՛լ է արդեն քո չափը, և քո ժամը մո՜տ է։

Այստեղ մի անգամ ևս ձգվեց. մի րոպե թվում էր, թե ձեռքը կպոկի խաչից և սպառնալիքով կպարզի Կեսարի կողմը, բայց հանկարծ նրա նիհարած բազուկներն ավելի երկարացան, մարմինը քաշվեց դեպի ներքև, գլուխը քարշ ընկավ կրծքի վրա, և նա վախճանվեց։

Խաչ֊անտառի մեջ ավելի թույլերն սկսել էին նույնպես քնել հավիտենական քնով։

ԳԼՈՒԽ ԺԶ

— Տե՛ր,— ասում էր Քիլոնը,— այժմ ծովը ձեթի պես է, և ալիքները կարծես քնած են։ Գնանք Աքայա։ Այնտեղ քեզ սպասում է Ապոլլոնի փառքը, այնտեղ քեզ սպասում են պսակներ, հաղթանակներ. այնտեղ մարդիկ քեզ կաստվածացնեն, իսկ աստվածները կընդունեն իբրև իրենց հավասար մի հյուր, իսկ դո՛ւ, տե՛ր...

Եվ ընդմիջեց, որովհետև նրա ստորին շրթունքն սկսեց այնպես սաստիկ դողալ, որ խոսքերն անհասկանալի հնչյունների փոխվեցին։

— Կերթանք խաղերը վերջանալուց հետո,— պատասխանեց Ներոնը։— Գիտեմ, որ առանց այդ էլ մի քանիսը քրիստոնյաներին կոչում են «innoxia corpora»[427]։ Եթե այստեղից հեռանամ, բոլորը կսկսեն կրկնել այդ։ Ինչի՞ց ես վախենում, որդնոտ սունկ։

Այս ասելով՝ նա հոնքերը կիտեց, բայց սկսեց հարցական հայացքով նայել Քիլոնին, կարծես նրանից բացատրություն սպասելով, որովհետև միմիայն ձևացնում էր, թե սառնարյուն է։ Վերջին ներկայացման միջոցին ինքն էլ սարսափեց Կրիսպոսի խոսքերից և, տուն վերադառնալով, չկարողացավ քնել զայրույթից, ամոթից, նաև երկյուղից։

Սնահավատ Վեստինոսը, որ լուռ լսում էր նրա խոսակցությունը, նայեց իր շուրջը և ասաց խորհրդավոր ձայնով.

— Լսի՛ր, տե՛ր, այս ծերունուն. այդ քրիստոնյաների մեջ մի տարօրինակ բան կա... նրանց աստվածությունը հեշտ մահ է տալիս նրանց, բայց կարող է ոխակալ լինել։

Ներոնն իսկույն ասաց.

— Ե՛ս չեմ սարքել խաղերը։ Այդ Տիգելլինոսն է։

— Այո՞, ես եմ սարքել,— պատասխանեց Տիգելլինոսը, որ լսեց Կեսարի պատասխանը։— Այո՛, ես, և ծիծաղում եմ բոլոր քրիստոնյա աստվածների վրա։ Վեստինոսը, տե՛ր, սնահավատություններով փքված բուշտ է. իսկ այս քաջ հույնը ճուտերը պաշտպանող թուխս տեսնելիս պատրաստ է երկյուղից մեռնել։

— Լավ ես ասում,— նկատեց Ներոնը,— բայց այսուհետև հրամայիր քրիստոնյաների լեզուները կտրել, կամ գելանքով փակել բերանները։

— Կրակը նրանց բերանները կփակի, աստվածային։

— Վա՜յ ինձ,— տնքաց Քիլոնը։

Բայց Կեսարը, որին Տիգելլինոսի հանդուգն ինքնավստահությունը սիրտ տվեց, սկսեց ծիծաղել ու ցույց տալով ծերունի հույնին, ասաց.

— Նայեցեք, ինչի՞ նման է Աքիլլեսի թոռը։

Իսկ որ, Քիլոնը սարսափելի տեսք ուներ։ Գլխին մնացած մազերը բոլորովին սպիտակել էին, դեմքին անսահման շփոթության, անհանգստության և հոգեկան ճնշման ինչ֊որ արտահայտություն էր։ Երբեմն կարծես ցնորված և կիսով չափ ուշաթափված էր երևում։ Հաճախ պատասխան չէր տալիս հարցերին, կամ բարկանում էր և այնպես հանդուգն էր դառնում, որ ավգուստիանները ավելի լավ էին համարում չկպչել նրան։

Այսպիսի տրամադրության մեջ ընկավ նա և այժմ։

— Ինչ ուզում եք, արեք ինձ, բայց ես այլևս այդ խաղերին չեմ գնա,— գոչեց նա հուսահատությամբ ու մատները չխկացնելով։

Ներոնը երկար նայում էր նրան, ապա դառնալով Տիգելլինոսին, ասաց.

— Աչք կպահես, որ այս ստոիկը պարտեզներում իմ կողքին լինի։ Ուզում եմ տեսնել, թե սրա վրա ինչպիսի՞ տպավորություն կգործեն մեր ջահերը։

Քիլոնը վախեցավ սպառնալիքից, որ հնչում էր Կեսարի ձայնի մեջ։

— Տե՛ր,— ասաց նա,— ոչինչ չեմ տեսնի, որովհետև գիշերով աչքս չի կտրում։

Իսկ Կեսարը պատասխանեց սարսափելի ժպիտով.

— Գիշերը ցերեկվա պես պայծառ կլինի։

Հետո դարձավ մյուս ավգուստիաններին, որոնց հետ սկսեց խոսել այն կառարշավների մասին, որ մտադիր էր սարքել խաղերը վերջանալուց հետո։

Քիլոնին մոտեցավ Պետրոնիոսը և, թափ տալով նրա ուսը, ասաց.

— Չասացի՞, որ չես դիմանա։

Իսկ սա պատասխանեց.

— Ուզում եմ հարբել։

Եվ դողդոջուն ձեռքը մեկնեց գինու անոթին, բայց չկարողացավ շրթունքներին մոտեցնել։ Այդ տեսնելով՝ Վեստինոսը նրա ձեռքից առավ անոթը և, ավելի մոտիկ քաշվելով, հարցրեց հետաքրքիր ու սարսափահար դեմքով.

— Քեզ ֆուրիանե՞րն են հալածում, ի՞նչ է...

Ծերունին լայն բացված շրթունքներով որոշ ժամանակ նայում էր նրան, կարծես չէր հասկանում հարցը, հետո սկսեց թարթել աչքերը։

Իսկ Վեստինոսը կրկնեց.

— Քեզ ֆուրիանե՞րն են հալածում։

— Ո՛չ,— պատասխանեց Քիլոնը,— բայց առջևս գիշեր է։

— Ինչպե՞ս թե գիշեր... Թող աստվածները գթան քեզ։ Ինչպե՞ս թե գիշեր։

— Սարսափելի ու անթափանցելի գիշեր, որի մեջ մի բան շարժվում է և գալիս ինձ վրա։ Բայց ես չգիտեմ ի՞նչ է, և վախենում եմ։

— Ես միշտ հավատացած էի, որ նրանք կախարդներ են։ Արդյոք երազում մի բան տեսնո՞ւմ ես։

— Ոչ, որովհետև չեմ քնում։ Ես չէի կարծում, որ նրանց այդպես կպատժեն։

— Խղճո՞ւմ ես նրանց։

— Ինչի՞ համար եք այդքան արյուն թափում։ Լսեցի՞ր ինչ ասաց այն մարդը խաչից։ Վա՜յ մեզ։

— Լսեցի,— ցածրաձայն պատասխանեց Վեստինոսը։— Բայց նրանք հրդեհաձիգներ են։

— Սո՛ւտ է։

— Եվ մարդկային ցեղի թշնամիներ։

— Սո՛ւտ է։

— Եվ ջուր թունավորողներ։

— Սո՛ւտ է։

— Եվ մանկասպաններ...

— Սո՛ւտ է։

— Ինչպե՞ս,— զարմանքով հարցրեց Վեստինոսը։— Դու ինքդ էիր այդ ասում և մատնեցիր նրանց Տիգելլինոսի ձեռքը։

— Եվ ահա գիշերը պատել է ինձ, և մահը գալիս է ինձ վրա... Երբեմն թվում է, թե արդեն մեռել եմ, և դուք նույնպես։

—Ո՛չ. այդ նրանք են մեռնում, իսկ մենք կենդանի ենք։ Բայց ասա ինձ, ի՞նչ են նրանք տեսնում մեռնելիս։

— Քրիստոսին...

— Դա նրանց աստվա՞ծն է։ Եվ դա հզո՞ր աստված է։

Բայց Քիլոնը պատասխանեց նույնպես հարցմունքով.

—Այդ ի՞նչ ջահեր պիտի վառվեն պարտեզներում։ Լսեցի՞ր ինչ ասաց Կեսարը։

—Լսեցի և գիտեմ։ Այդ ջահերը կոչվում են Saimentitii և semaxii[428]։ Նրանց կպրած սգավոր տունիկաներ կհագցնեն, կկապեն սյուներին և կվառեն։ Երանի թե նրանց Աստվածը որևէ փորձանք չբերի քաղաքի գլխին... samaxii!! Դա սարսափելի պատիժ է։

— Գերադասում եմ այդ, որովհետև արյուն չի լինի,— պատասխանեց Քիլոնը։— Հրամայիր ստրուկին կրատերը մոտեցնել շրթունքներիս։ Ուզում եմ խմել, բայց թափթփում եմ գինին... ձեռքս դողում է ծերությունից...

Ուրիշներն էլ այդ ժամանակ խոսում էին քրիստոնյաների մասին։ Ծերունի Դոմիտիոս Աֆերը ծաղրում էր նրանց։

— Նրանք այնքան բազմաթիվ են,— ասում էր նա,— որ կկարողանային տնային պատերազմ գրգռել, և հիշո՞ւմ եք, որ մինչև իսկ երկյուղ կար՝ չլինի թե սկսեն պաշտպանվել։ Իսկ նրանք ոչխարների պես մեռնում են։

— Մեկ փորձեին ուրիշ կերպ մեռնել,— ասաց Տիգելլինոսը։

Այս խոսքի վրա Պետրոնիոսը նկատեց.

— Սխալվում եք։ Նրանք պաշտպանվում են։

— Ի՞նչ եղանակով։

— Համբերությամբ։

— Այդ նոր եղանակ է։

— Իհարկե։ Բայց արդյոք կարո՞ղ եք ասել, որ նրանք սովորական ոճրագործների պես են մեռնում։ Ո՛չ։ Նրանք այնպես են մեռնում, կարծես ոճրագործները լինեին նրանք, որոնք նրանց մահվան են դատապարտում, այսինքն՝ մենք և ամբողջ հռոմեական ժողովուրդը։

— Ի՜նչ հիմարություններ են,— գոչեց Տիգելլինոսը։

— Hie Abdera[429],— պատասխանեց Պետրոնիոսը։

Իսկ ուրիշները, ապշելով նրա հաջող նկատողությունից, սկսեցին միմյանց նայել զարմանքով ու կրկնել.

— Ճշմարիտ է, ինչ֊որ անօրինակ ու առանձին բան կա նրանց մահվան մեջ։

— Ասում եմ ձեզ, որ նրանք իրենց աստվածությունն են տեսնում,— գոչեց Վեստինոսը։

Այն ժամանակ մի քանի ավգուստիաններ դարձան Քիլոնին.

— է՜յ, ծերուկ. դու նրանց լավ ես ճանաչում. ասա մեզ, նրանք ի՞նչ են տեսնում։

Իսկ հույնը, գինին բերանից կաթկթեցնելով տունիկայի վրա, պատասխանեց.

— Հարությո՜ւն։

Եվ սկսեց այնպես դողալ, որ ավելի մոտիկ նստած հյուրերը բռնկվեցին բարձրաձայն ծիծաղով։

ԳԼՈՒԽ Ժէ

Մի քանի օրից ի վեր Վինիկիոսը գիշերներն անց էր կացնում տնից դուրս։ Պետրոնիոսի մտքով անցնում էր, որ նա գուցե որևէ նոր ծրագիր է հնարել, ու աշխատում է Լիգիային ազատել Էսքվիլինյան բանտից, բայց չէր էլ փորձում հարցնել, որ անհաջողություն չբերի նրա ջանքերին։ Այս նրբաճաշակ սկեպտիկը մի տեսակ սնահավատ էր դարձել, և մանավանդ այն օրից, երբ իրեն չհաջողվեց Մամերտինյան գետնափորից ազատել աղջկան, դադարել էր հավատալ իր աստղին։

Սակայն այս անգամ էլ հույս չուներ, որ Վինիկիոսի ջանքերն արդյունավետ լինեն։ Էսքվիլինյան բանտը շտապ շինված էր այն տների նկուղներից, որոնք քանդվել էին հրդեհը մարելու համար, և, ճիշտ է, այնպես սարսափելի չէր, ինչպես հին Տուլիանոնը, բայց դրա փոխարեն հարյուր անգամ ավելի ուժեղ հսկողության տակ էր։ Պետրոնիոսը շատ լավ հասկանում էր, որ Լիգիային այնտեղ են տեղափոխել նրա համար, որ չմեռնի և ամֆիթատրոնից խույս չտա, հեշտ էր գուշակել, որ հենց այդ պատճառով նրան պիտի աչքի պես հսկեին։

— Երևի,— ասում էր նա ինքն իրեն,— Կեսարը Տիգելլինոսի հետ միասին նրան նշանակել են որևէ առանձին, ուրիշներից ավելի սարսափելի ներկայացման համար, և Վինիկիոսն ավելի շուտ ինքն իրեն կորստյան կմատնի, քան կկարողանա ազատել նրան։

Բայց Վինիկիոսը նույնպես հույս չուներ, որ կկարողանա ազատել Լիգիային։ Այժմ այդ կարող էր անել միայն Քրիստոսը։ Երիտասարդ տրիբունի հոգսը միայն այն էր, որ Լիգիային կարողանա տեսնել բանտի մեջ։

Որոշ ժամանակից ի վեր նրան հանգիստ չէր տալիս այս միտքը, թե չէ՞ որ Նազարիասը Մամերտինյան բանտն էր մտնում իբրև դիակներ դուրս բերող բանվոր, և ինքն էլ վճռեց փորձել նույն ճանապարհը։

Հոտած փոսերի վերակացուն, կաշառվելով, ընդունեց նրան իբրև մեկը իր բանվորներից, որոնց ամեն գիշեր բանտերն էր ուղարկում դիակներ կրելու։ Վտանգը, թե Վինիկիոսին կարող են ճանաչել, իսկապես փոքր էր։ Նրան այդ վտանգից պահպանում էին գիշերը, ստրկական զգեստն ու բանտերի վատ լուսավորությունը։ Վերջապես ո՞ւմ մտքով կանցներ, որ մի պատրիկ, կոնսուլների թոռ և զավակ, կարող էր հուղարկավոր բանվորների մեջ լինել, իրեն ենթարկել բանտերի և հոտած փոսերի գոլորշիները շնչելու գարշանքին և հանձն առնել մի գործ, որ մարդիկ հանձն էին առնում միայն ստրկությունից կամ ծայրահեղ չքավորությունից ստիպված։

Բայց Վինիկիոսը, երբ հասավ ցանկալի երեկոն, ուրախությամբ կապեց իր ազդրերը ու գլխին փաթաթեց բևեկնով թրջված լաթը և բաբախող սրտով ուրիշների խմբի հետ Էսքվիլին գնաց։

Պրետորիան պահապանները ոչ մի դժվարություն չարին նրանց, որովհետև բոլորն էլ ունեին համապատասխան «տեսսերաներ», որ կենտուրիոնը զննում էր լապտերի լույսով։ Մի րոպեից երկաթե մեծ դռները բացվեցին նրանց առջև, և նրանք ներս մտան։

Վինիկիոսն իր առջև տեսավ մի ընդարձակ կամարակապ նկուղ, որից կարելի էր ուրիշ նկուղներ անցնել։ Աղոտ ճրագները լուսավորում էին մարդկանցով լցված այդ նկուղները։ Բանտարկյալներից մի քանիսը պատերի տակ էին պառկոտել, քնած էին կամ գուցե և մեռած։ Մյուսները պատել էին մեջտեղը դրված ջրի մեծ անոթները և ջուր էին խմում տենդից այրվող մարդկանց պես, շատերն էլ գետնի վրա էին նստոտել՝ արմունկները ծնկներին հենած և գլուխները ափերով գրկած. տեղ֊տեղ քնած էին երեխաներ՝ սեղմված իրենց մայրերին։ Շուրջը լսելի էին մերթ հիվանդների հառաչանքներն ու բարձրաձայն շնչառությունը, մերթ լաց, մերթ աղոթքի շշուկ, մերթ կիսաձայն երգ, մերթ էլ բանտապահների անեծքները։ Գետնափորում ծանր օդ էր և նեղվածք։ Մութ խորքերում վխտում էին անորոշ կերպարանքներ, իսկ ավելի մոտիկ, պսպղացող ճրագների մոտ, կարելի էր տեսնել գունատ, զարհուրած, այտերը փոս ընկած ու քաղցած դեմքեր՝ մարած կամ տենդից բորբոքված աչքերով, կապտած շրթունքներով, քրտնքից թրջած ճակատով և կպած մազերով։ Անկյուններում բարձր ձայնով զառանցում էին հիվանդները. մի քանիսը ջուր էին խնդրում, մյուսները՝ որ իրենց մահվան տանեն։ Իսկ այդ բանտը դեռ պակաս սարսափելի էր, քան Տուլիանոնը։ Վինիկիոսի ոտքերն սկսեցին ծալվել այդ տեսարանից, կրծքի տակ կտրվում էր շնչառությունը։ Այն մտքից, թե Լիգիան գտնվում է այս թշվառության մեջ, նրա մազերը փշաքաղվեցին, իսկ կրծքում մեռավ հուսահատության ճիչը։ Ամֆիթատրոնը, գազանների ժանիքները, խաչերը՝ այս ամենը ավելի լավ էին, քան այդ սարսափելի, դիակների հոտով լցված նկուղները, որտեղ մարդկանց աղերսական ձայները բոլոր անկյուններից կրկնում էին.

— Տարե՛ք մեզ մահի։

Վինիկիոսը եղունգները ցցեց ափերի մսի մեջ, որովհետև զգում էր, որ թուլանում է, և որ գիտակցությունը լքում է իրեն։ Այն ամենը, ինչ մինչ այդ զգացել էր, ամբողջ սերն ու վիշտը, նրա մեջ մահվան փափագի փոխվեց։

Այդ միջոցին նրա կողքին լսվեց Հոտած փոսերի վերակացուի ձայնը։

— Իսկ քանի՞ դիակ կա այսօր։

— Երևի տասներկու,— պատասխանեց բանտապահը,— բայց մինչև առավոտ ավելի կլինի, որովհետև այնտեղ մի քանիսն արդեն խռխռացնում են պատերի տակ։

Եվ սկսեց գանգատվել կանանց վրա, որ ծածկում են մեռած մանուկներին, որպեսզի ավելի երկար պահեն իրենց մոտ և նրանց քանի կարելի է ուշ տանեն Հոտած փոսերը։ Հարկավոր է դիակները գտնել միայն հոտով, և այս պատճառով առանց այն էլ սարսափելի օդը ավելի է փչանում։ «Ավելի կուզեի,— ասում էր նա,— ստրուկ լինել գյուղական երգաստոլոնում, քան հսկել այս կենդանի նեխվող շների վրա»։ Փոսերի վերակացուն մխիթարում էր նրան, պնդելով, թե իր ծառայությունն էլ ավելի թեթև չէ։ Այդ միջոցին Վինիկիոսին վերադարձավ իրականության զգացումը, և նա սկսեց զննել գետնափորը, որտեղ սակայն իզուր էր աչքերով որոնում էի Լիգիային, և նաև մտածում, թե գուցե երբեք նրան ողջ չի տեսնի։ Բազմաթիվ նկուղներ կային, որոնք իրար հետ միացած էին նոր փորած անցքերով, և հուղարկավոր բանվորները մտնում էին միայն այն բաժանմունքները, որտեղից հարկավոր էր լինում վերցնել մեռածների մարմինները։ Վինիկիոսին երկյուղ պատեց, թե այն, ինչ այնքան ջանք էր նստել, կարող էր իրեն ոչ մի արդյունքի չհասցնել։

Բարեբախտաբար նրա պատրոնը օգնության հասավ.

— Մարմիններն իսկույն պետք է դուրս տանել,— ասաց նա,— որովհետև ախտն ամենից ավելի տարածվում է դիակների պատճառով։ Այլապես կմեռնեք դուք էլ, ձեր բանտարկյալներն էլ։

— Բոլոր նկուղների համար տասը հոգի ենք,— պատասխանեց բանտապահը,— և չէ՞ որ մենք էլ քնելու պետք ունենք։

— Որ այդպես է, կթողնեմ քեզ մոտ իմ մարդկանցից չորսին, որոնք գիշերներով կշրջեն նկուղները և կստուգեն, թե ով է մեռել։

— Եթե այդպես անես, վաղը կկոնծենք միասին։ Ամեն մի դիակ թող տանեն ստուգելու, որովհետև հրաման է եկել, որ մեռածների կոկորդները կտրենք, իսկ հետո իսկույն շտապենք փոսերը։

— Շատ բարի. բայց տես, պիտի կոնծենք,— պատասխանեց վերակացուն։

Հետո չորս մարդ նշանակեց, որոնց թվում և Վինիկիոսին, իսկ մնացածների հետ սկսեց դագաղների մեջ դնել դիակները։

Վինիկիոսն ազատ շունչ քաշեց. գոնե հավատացած էր, որ այժմ կգտնի Լիգիային։

Նախ և առաջ սկսեց ուշիուշով խուզարկել առաջին նկուղը։ Զննեց բոլոր մութ անկյունները, ուր համարյա թե չէր հասնում ճրագի լույսը, զննեց ավելի սաստիկ հիվանդներին, որոնք առանձին անկյուն էին քաշված. բայց Լիգիային ոչ մի տեղ չկարողացավ գտնել։ Երկրորդ և երրորդ նկուղներում նրա խուզարկությունները նույնպես ապարդյուն անցան։

Գիշերվա ուշ ժամն էր. դիակներն արդեն դուրս էին տարել։ Բանտապահները, պառկելով նկուղները միացնող անցքերում, քնեցին. լացից հոգնած երեխաները լռեցին, գետնափորում լսվում էին միայն հիվանդ կրծքերի շնչառությունն ու տեղ֊տեղ դեռևս աղոթքների շշուկը։

Վինիկիոսը կարգով չորրորդ, բավականին փոքր նկուղը մտավ և, վեր բարձրացնելով լույսը, սկսեց շուրջը նայել։

Եվ հանկարծ դողաց. նրան թվաց վանդակավոր պատուհանի տակ տեսնում է Ուրսուսի հսկայական կերպարանքը։

Եվ ճրագը հանգցնելով մոտեցավ այդ կերպարանքին, հարցրեց.

— Ուրսո՛ւս, դո՞ւ ես։

Հսկան գլուխը շուռ տվեց.

— Ո՞վ ես դու։

— Չե՞ս ճանաչում ինձ,— հարցրեց երիտասարդը։

— Ճրագը հանգցրել ես, ինչպե՞ս կարող եմ ճանաչել։

Բայց Վինիկիոսն այդ րոպեին նկատեց Լիգիային, որ պատի տակ պառկած էր թիկնոցի վրա, և այլևս ոչինչ չասելով չոքեց նրա կողքին։

Իսկ Ուրսուսը ճանաչեց նրան և ասաց.

— Փա՜ռք Քրիստոսի. բայց մի զարթեցնի նրան, տեր։

Վինիկիոսը չոքած, արտասուքների միջով դիտում էր նրան։ Չնայելով մթությանը, կարողանում էր զանազանել նրա դեմքը, որ ալաբաստրի պես գունատ երևաց, նկատեց և նրա նիհարած ձեռքերը։ Եվ այդ տեսքից նրան այնպիսի մի սեր տիրեց, որ սիրտը պատռող կսկծի էր նման, հոգին տակն ու վրա էր լինում և լցվում էր մի այնպիսի կարեկցությամբ ու երկրպագությամբ, որ ընկնելով երեսի վրա, նա շրթունքներով հպվեց թիկնոցի ծայրին, որի վրա հանգչում էր իր համար ամենից ավելի թանկագին գլուխը։

Ուրսուսը երկար ժամանակ լուռ նայում էր նրան, բայց վերջապես քաշեց նրա տունիկայից.

— Տե՛ր,— հարցրեց նա,— ինչպե՞ս մտար, և արդյոք սրան ազատելո՞ւ ես գալիս։

Վինիկիոսը ոտքի կանգնեց և մի քանի րոպե դեռ մաքառում էր հուզմունքի հետ։

— Հնար ցույց տուր ինձ,— ասաց նա։

— Կարծում էի, որ դու ինքդ կգտնես, տե՛ր։ Իմ մտքով միայն մեկն էր անցնում...

Այստեղ նա աչքերը վանդակավոր պատուհանին դարձրեց. հետո, կարծես ինքն իրեն պատասխանելով՝ ասաց.

— Այո՛... Բայց այնտեղ զինվորներ են։

— Հարյուր պրետորիաններ,— պատասխանեց Վինիկիոսը։

— Անցնել չի լինի։

— Ո՛չ:

Լիգը ճակատը ձեռքով տրորեց և կրկին հարցրեց.

— Ինչպե՞ս մտար։

— Տեսսերա ունեմ Հոտած փոսերի վերակացուից...

Եվ հանկարծ լռեց, կարծես մի միտք փայլեց նրա գլխում։

— Փրկչի չարչարանքները վկա՜...— նա փութկոտ շարունակեց իր խոսքը։— Ես այստեղ կմնամ, իսկ սա թող իմ տեսսերան վերցնի, գլուխը փաթաթի լաթով, ուսերը ծածկի թիկնոցով և դուրս գնա։ Հուղարկավոր ստրուկների մեջ մի քանի պատանիներ կան, ուստի պրետորիանները չեն ճանաչի սրան, և մեկ որ հասնի Պետրոնիոսի տուն, նա կազատի սրան։

Բայց լիգը գլուխը կրծքին խոնարհեց և ասաց.

— Սա չի համաձայնվի, որովհետև սիրում է քեզ, այլև հիվանդ է և առանց ուրիշի օգնության ոտքի կանգնել չի կարող։

Իսկ մի րոպեից ավելացրեց.

— Եթե դու, տեր, և ազնիվ Պետրոնիոսը չկարողացաք բանտից հանել, ո՞վ կկարողանա ազատել սրան։

— Միայն Քրիստոսը։

Ապա երկուսն էլ լռեցին։ Լիգը իր պարզամիտ խելքով դատում էր այսպես. «Նա կարող էր ամենքին ազատել, բայց եթե այդ չի անում, երևի չարչարանքի ու մահվան ժամը հասել է»։ Եվ համաձայնում էր մեռնել, բայց ամբողջ հոգով խղճում էր այդ մանկանը, որ իր ձեռքին էր մեծացել և որին սիրում էր կյանքից ավելի։

Վինիկիոսը նորից չոքեց Լիգիայի կողքին։ Վանդակավոր պատուհանի միջով լուսնյակի շողքերը ներս էին պրծնում գետնափորը և ավելի լավ էին լուսավորում այն, քան այն միակ ճրագը, որ դեռևս պսպղում էր դռան գլխին։

Այդ միջոցին Լիգիան բաց արեց աչքերը և, իր բորբոքված ափերը դնելով Վինիկիոսի ձեռքերի մեջ, ասաց.

— Տեսնում եմ քեզ և գիտեի, որ կգաս։

Իսկ երիտասարդը կպավ նրա ձեռքերին, դրեց իր ճակատին ու սրտին. հետո Լիգիային մի փոքր բարձրացրեց տեղաշորերից և հենեց իր կրծքին։

— Եկա՜, անգինս... Քրիստոսը քեզ պահի և ազատի, իմ պաշտած Լիգիա։

Եվ չէր կարողանում ավելին ասել, որովհետև սիրտն սկսեց մղկտալ վշտից ու սիրուց, իսկ ինքը չէր կամենում իր վիշտը ցույց տալ նրան։

— Հիվանդ եմ, Մարկոս,— պատասխանեց Լիգիան,— և արենայի վրա, թե այստեղ, բանտի մեջ, պետք է մեռնեմ... Բայց աղոթում էի, որ դրանից առաջ քեզ կարողանամ տեսնել, և դու եկար։ Քրիստոսն ինձ լսեց...

Եվ որովհետև Վինիկիոսը չէր կարողանում բառ գտնել և միայն սեղմում էր նրան իր կրծքին, Լիգիան շարունակեց.

— Տեսնում էի քեզ Տուլիանոնի պատուհանից և գիտեի, որ ուզում ես գալ։ Իսկ այժմ Փրկիչն ինձ մի րոպե գիտակցություն տվեց, որ կարողանանք միմյանց հրաժեշտ տալ։ Ես արդեն գնում եմ Նրա մոտ, Մարկոս, բայց սիրում եմ քեզ և միշտ կսիրեմ։

Վինիկիոսն իրեն հաղթեց, խեղդեց իր մեջ կսկիծը, և խոսեց մի ձայնով, որին աշխատում էր հանգիստ եղանակ տալ.

— Ո՛չ, անգինս։ Դու չե՛ս մեռնի։ Առաքյալը հրամայեց հավատալ և խոստացավ աղոթել քեզ համար։ Իսկ նա ճանաչում էր Քրիստոսին։ Քրիստոսը նրան սիրում էր և ոչինչ նրան չի մերժի... Եթե պիտի մեռնեիր, Պետրոսն ինձ չէր հրամայի հուսալ, իսկ նա ինձ ասաց. «Հուսա՛»։ Ո՛չ, Լիգիա՛։ Քրիստոսը կողորմի ինձ... Նա չի՜ կամենում քո մահը, Նա թույլ չի՛ տա այդ... Երդվում եմ քեզ Փրկչի անունով, որ Պետրոսն աղոթում է քեզ համար...

Լռություն տիրեց։ Դռան գլխին կախված միակ ճրագը հանգավ, բայց դրա փոխարեն ամբողջ պատուհանով ներս էր լցվում լուսնյակի լույսը։ Նկուղի հակառակ անկյունում լաց եղավ մի երեխա և լռեց։ Դրսից հասնում էին պրետորիանների ձայները. նրանք պահապանության հերթը վերջացնելուց հետո «scriptae duodecim» էին խաղում պատի տակ։

— Օ՜ Մարկոս,— պատասխանեց Լիգիան,— Քրիստոսն ինքը հայցում էր Իր հորից. «Հեռացրո՛ւ ինձանից դառնության այս բաժակը»։ Քրիստոսն ինքը մեռավ խաչի վրա, և այժմ Նրա համար հազարավորներն են մեռնում. ինչո՞ւ ինձ միայն պիտի փրկի։ Ո՞վ եմ ես, Մարկոս։ Լսել եմ, թե ինչպես Պետրոսն ասում էր, որ ինքն էլ կմեռնի նահատակվելով. իսկ ո՞վ եմ ես նրա առջև։ Երբ մեզ մոտ եկան պրետորիանները, վախենում էի մահից ու չարչարանքից. բայց այժմ արդեն չեմ վախենում։ Տե՛ս, թե սա ինչ սարսափելի բանտ է, իսկ ես գնում եմ երկինք։ Մտածիր, որ այստեղ Կեսարն է, իսկ այնտեղ Փրկիչը, բարին և ողորմածը։ Եվ չկա մահ։ Դու ինձ սիրում ես, ուստի մտածիր, թե ինչպես երջանիկ կլինեմ։ Օ՜ անգին Մարկոս, մտածիր, որ դու այնտեղ կգաս, ինձ մոտ։

Այստեղ նա լռեց՝ իր հիվանդ կրծքով շունչ առնելու համար. հետո նրա ձեռքը մոտեցրեց իր շրթունքներին.

— Մարկո՛ս։

— Ի՞նչ է, անգինս։

— Լաց մի՛ լինիր ինձ համար և հիշիր, որ դու այնտեղ կգաս, ինձ մոտ։ Կարճ էր կյանքս, բայց Աստված տվեց ինձ քո հոգին։ Կամենում եմ ասել Քրիստոսին, որ թեև մեռնում եմ, ու թեև դու նայում էիր իմ մահվանը ու թեև մնացիր վշտահար, բայց չես տրտնջացել Իր կամքի դեմ, միշտ սիրում ես Իրեն։ Իսկ դու նրան կսիրե՞ս. և համբերությամբ կտանե՞ս իմ մահը... Եվ այն ժամանակ նա մեզ կմիացնի. իսկ ես քեզ սիրում եմ և կամենում եմ քեզ հետ լինել։

Այստեղ նորից նրա շունչը պակասեց, և հազիվ լսելի ձայնով վերջացրեց խոսքը.

— Երդվի՛ր ինձ այդ, Մարկո՛ս...

Վինիկիոսը գրկեց նրան դողդոջուն ձեռքերով և պատասխանեց.

— Քո սուրբ գլուխը վկա՜, երդվո՛ւմ եմ...

Այն ժամանակ լուսնյակի տխուր լույսով Լիգիայի դեմքը փայլեց։ Մի անգամ էլ նրա ձեռքը մոտեցրեց իր շուրթերին և շշնջաց.

— Ես քո կինն եմ...

Պատի մյուս կողմում, scriptae duodecim խաղացող պրետորիաններն աղմկալի վեճ բարձրացրին. բայց Լիգիան ու Վինիկիոսը մոռացան և բանտը, և պահապաններին, և ամբողջ աշխարհը և, իրար մեջ հրեշտակային հոգիներ զգալով, սկսեցին աղոթել։

ԳԼՈՒԽ ԺԸ

Երեք օր կամ ավելի ճիշտ՝ երեք գիշեր շարունակ ոչինչ չէր խանգարում նրանց հանգստությանը։ Երբ վերջանում էին բանտային սովորական գործերը, հիմնականում՝ մեռածներին կենդանիներից և սաստիկ հիվանդներին առողջներից զատելը, և երբ հոգնած բանտապահներն անցքերում պառկած էին քնելու, Վինիկիոսը մտնում էր այն նկուղը, որտեղ էր Լիգիան, և մնում էր այնտեղ այնքան, մինչև որ արշալույսն սկսում էր ներս նայել պատուհանի վանդակից։ Լիգիան գլուխը դնում էր նրա կրծքին, և նրանք այդպես ցածր ձայնով խոսում էին սիրո ու մահվան մասին։ Երկուսն էլ ակամա իրենց մտքերով ու խոսքով, մինչև անգամ իրենց իղձերով ու հույսերով ավելի ու ավելի էին հեռանում կյանքից և կորցնում էին նրա զգացումը։ Երկուսն էլ այնպես էին, ինչպես նավով ցամաքից հեռացող մարդիկ, որոնք արդեն ափը չեն տեսնում և կամաց֊կամաց խորասուզվում են անծայր տարածության մեջ։ Երկուսն էլ աստիճանաբար անձկալի, իրար և Քրիստոսին սիրահարված ու թռչելու պատրաստ հոգիներ էին դառնում։ Երբեմն միայն Վինիկիոսի սրտում հողմի պես արթնանում էր կսկիծը, երբեմն փայլում էր փայլակի պես հույսը, որ բխում էր սիրուց և հավատից խաչած Աստուծո ողորմածության նկատմամբ, բայց օրեցօր նա էլ ավելի էր կտրվում երկրից ու անձնատուր լինում մահվան։ Առավոտները, երբ դուրս էր գալիս բանտից, նա կարծես երազի միջով էր նայում աշխարհին, քաղաքին, ծանոթներին և մարդկային գործերին։ Ամեն ինչ նրան օտար, հեռավոր, չնչին և անցավոր էր երևում։ Նրան դադարեցին զարհուրեցնել նույնիսկ չարչարանքները. այնպիսի զգացում ուներ, թե այդ մի բան է, որի միջից կարելի է անցնել ուշամոռացությամբ, ինչ֊որ ուրիշ կետի հառած աչքերով։ Երկուսին էլ թվում էր, թե իրենց արդեն ընդգրկում է հավիտենականությունը։ Խոսում էին սիրո մասին, այն մասին, թե ինչպես կսիրեն միմյանց և կապրեն միասին, բայց միայն գերեզմանի այն կողմում, և եթե նրանց միտքը երբեմն դառնում էր աշխարհային գործերի շուրջը, այդ նման էր միայն այն մարդկանց մտքին, ովքեր երկար ճանապարհի պատրաստվելով, խոսում են ճանապարհի պատրաստությունների մասին։ Վերջապես նրանց այնպիսի անդորրություն էր պաշարում, որպիսին պաշարում է որևէ ամայի տեղում կանգնած ու մոռացված երկու սյուների։ Նրանց հոգսը արդեն միայն այն էր, որ Քրիստոսը չբաժանի իրենց, և որովհետև ամեն մի րոպեն սաստկացնում էր նրանց մեջ այդ հավատը, նրանք սիրահարվեցին Նրան, ինչպես մի օղակի, որ իրենց պետք է միացներ անծայր երջանկության ու անծայր անդորրության մեջ։ Դեռ երկրի վրա՝ նրանցից թափվում էր երկրի փոշին։ Նրանց հոգիները մաքրվեցին, ինչպես արտասուք։ Մահվան վտանգի ներքո, տառապանքների ու վշտերի մեջ, բանտային որջում, նրանց համար երկինք սկսվեց. Լիգիան նրա ձեռքից էր բռնում և առաջնորդում էր նրան դեպի կյանքի հավիտենական աղբյուրը, կարծես թե ինքը արդեն փրկված ու սրբված լիներ։

Իսկ Պետրոնիոսը զարմանում էր Վինիկիոսի դեմքին ավելի ու ավելի մեծ անդորրություն և ինչ֊որ տարօրինակ փայլ տեսնելով, որ առաջ չէր նկատել։ Երբեմն մինչև անգամ նրա մտքում ենթադրություն էր ծագում, թե Վինիկիոսը փրկության որևէ ճանապարհ է գտել, և նրա համար անախորժ էր, որ երիտասարդն իրեն մասնակից չի անում իր հույսերին։

Վերջապես, չկարողանալով դիմանալ, Պետրոնիոսն ասաց նրան.

— Այժմ դեմքդ ուրիշ է, ուրեմն՝ ինձանից գաղտնիք մի պահի, որովհետև ես կամենում եմ և կարող եմ օգտակար լինել քեզ. մի բան հնարե՞լ ես։

— Հնարե՛լ եմ,— պատասխանեց Վինիկիոսը,— բայց դու արդեն չես կարող ինձ օգտակար լինել։ Նրա մահվանից հետո կհայտարարեմ, որ քրիստոնյա եմ, և կերթամ նրա ետևից։

— Ուրեմն հույս չունե՞ս։

— Ընդհակառակը, ունեմ, Քրիստոսը նրան ինձ կտա, և արդեն նրանից երբեք չեմ բաժանվի։

Պետրոնիոսն սկսեց ման գալ ատրիոնով՝ հիասթափության և անհամբերության արտահայտությունը դեմքին. հետո ասաց.

— Այդ բանի համար հարկավոր չէ ձեր Քրիստոսը, որովհետև միևնույն ծառայությունը կարող է քեզ անել և մեր Թանատոսը[430]։

Իսկ Վինիկիոսը տխուր ժպտաց և ասաց.

— Ո՛չ, սիրելիս, բայց դու այդ չես կամենում հասկանալ։

— Չեմ կամենում և չեմ կարող,— պատասխանեց Պետրոնիոսը։— Ժամանակը չէ վիճելու. բայց հիշո՞ւմ ես ինչ ասացիր, երբ մեզ չհաջողվեց դուրս կորզել նրան Տուլիանոնից։ Ես ամբողջ հույսս կորցրել էի. իսկ դու ասացիր, երբ մենք վերադարձանք տուն. «Իսկ ես հավատում եմ, որ Քրիստոսը կարող է նրան ինձ վերադարձնել»։ Թող, ուրեմն, վերադարձնի նրան քեզ։ Երբ ծովը նետեմ մի թանկագին թաս, մեր աստվածներից ոչ մեկը չի կարող նրան ինձ վերադարձնել. բայց եթե ձերն էլ ավելի լավ չէ, չգիտեմ ինչո՞ւ պետք է նրան հներից ավելի պաշտել։

— Եվ Նա կտա նրան ինձ։

Պետրոնիոսը թոթվեց ուսերը։

— Գիտե՞ս արդյոք,— հարցրեց նա,— որ վաղը քրիստոնյաներով լուսավորելու են Կեսարի պարտեզները։

— Վա՞ղը,— կրկնեց Վինիկիոսը։

Եվ մոտալուտ սարսափելի իրականության առջև նրա սիրտը ցնցվեց կսկծից ու զարհուրանքից։ Մտածեց, որ գուցե այս վերջին գիշերն է, որ կկարողանա անց կացնել Լիգիայի հետ և, հրաժեշտ տալով Պետրոնիոսին, շտապ գնաց «փոսերի» վերակացուի մոտ՝ տեսսերա ստանալու։

Բայց այստեղ նրան հուսախաբություն էր սպասում՝ որովհետև վերակացուն չէր կամենում նրան նշան տալ։

— Ների՛ր, տեր,— ասաց նա։— Ինչ որ կարողացա, արի քեզ համար, բայց չեմ կարող կյանքս վտանգի ենթարկել։ Այս գիշեր պետք է քրիստոնյաներին տեղափոխեն Կեսարի պարտեզները։ Բանտը լցված կլինի զինվորականներով և պաշտոնյաներով։ Եթե քեզ ճանաչեն, կորած ենք ես և իմ զավակները։

Վինիկիոսը հասկացավ, որ իզուր կլիներ պնդել։ Սակայն նրա մեջ մի հույս փայլեց, որ զինվորները, որոնք առաջ իրեն քանիցս տեսել էին, ներս կթողնեն իրեն գուցե և առանց նշանի, և այս պատճառով գիշերը վրա հասնելուն պես ըստ սովորության հագնելով ստրկական տունիկան և գլուխը լաթով փաթաթելով, շտապեց բանտի դռան մոտ։

Բայց այդ օրը նշանները ավելի խիստ էին ստուգում, քան սովորաբար և այդ դեռ ոչինչ։ Սկևինոս հարյուրապետը, որ հոգով մարմնով նվիրված էր Կեսարին, ճանաչեց Վինիկիոսին։

Բայց երևի նրա երկաթապատ կրծքի մեջ դեռ բոլորովին չէին մարել կարեկցության կայծերը մարդկային վշտի հանդեպ. նա, ի նշան վտանգի, փոխանակ նիզակը վահանին զարնելու, մի կողմ տարավ Վինիկիոսին և ասաց նրան.

— Տե՛ր, վերադարձիր տուն։ Ճանաչեցի քեզ, բայց կլռեմ՝ չկամենալով կորստի ենթարկել քեզ։ Թողնել չեմ կարող, բայց վերադարձիր, և թող աստվածները քեզ հանգստություն ուղարկեն։

— Ինձ թողնել չես կարող,— ասաց Վինիկիոսը,— բայց թույլ տուր ինձ այստեղ մնալ և տեսնել նրանց, որոնց դուրս են բերելու։

— Իմ ունեցած հրահանգը հակառակ չէ դրան,— պատասխանեց Սկևինոսը։

Վինիկիոսը կանգնեց դռան առջև և սպասում էր, որ սկսեն դուրս բերել դատապարտյալներին։ Վերջապես կեսգիշերին մոտ բանտի դռները լայն բացվեցին, և երևացին շարեշար բանտարկյալներ. դուրս էին գալիս տղամարդիկ, կանայք և մանուկների շրջապատված պրետորիանների զինված վաշտերով։ Գիշերը շատ պարզ էր, լիալուսին, այնպես որ կարելի էր զանազանել ոչ միայն դժբախտների կերպարանքները, այլև մինչև անգամ՝ դեմքերը։ Անցնում էին զույգ֊զույգ, երկար, տխուր թափորի պես և լռության մեջ, որ ընդմիջվում էր միայն զինվորական զրահների զնգզնգոցից։ Նրանք այնքան բազմաթիվ էին, որ թվում էր, թե բոլոր նկուղները կդատարկվեն։

Թափորի վերջում Վինիկիոսը պարզորոշ նկատեց բժիշկ Գլավկոսին, բայց ոչ Լիգիան, ոչ էլ Ուրսուսը չկային դատապարտյալների մեջ։

ԳԼՈՒԽ ԺԹ

Մութը դեռ չէր կոխել, երթ արդեն ժողովրդի առաջին ալիքներն սկսեցին լցնել Կեսարի պարտեզները։ Տոնական զգեստները հագին, պսակավորված, գրգռված հետաքրքրությամբ, երգող, մասամբ էլ հարբած ամբոխը գալիս էր՝ նոր, փառահեղ տեսարանին նայելու։ Semaxii! Sarmentitii! աղաղակները լսվում էին Via Testa֊ի և Էմիլիոսի կամրջի վրա, Տիբերիսի մյուս ափին, Հաղթական ճանապարհի վրա, Ներոնի կրկեսի շուրջը, մինչև Վատիկանյան բլուրը։ Առաջ էլ Հռոմում սյուների վրա այրվող մարդիկ էին տեսել, բայց դատապարտյալների մի այդպիսի բազմություն դեռ երբեք չէր եղել։ Կեսարն ու Տիգելլինոսը, կամենալով վերջ դնել քրիստոնյաների գործին, ինչպես և առնել ախտի առաջը, որ բանտերից ավելի ու ավելի տարածվում էր քաղաքի մեջ, հրամայել էին բոլոր գետնափորները դատարկել, այնպես որ նրանց մեջ մի քանի տասնյակ մարդ մնաց, որոնք նշանակված էին վերջին խաղերի համար։ Այս պատճառով պարտեզների շեմերն անցնելով՝ ամբոխը զարմանքից ապշեց։ Բոլոր գլխավոր և օժանդակ ճեմելիքները, որոնք կորչում էին ծառերի խտության մեջ, մարգագետինների շուրջը, լճակների, ձկնարանների ափերը և ծաղիկներով ծածկված ածուների շուրջը լցված էին կպրած սյուներով, որոնց վրա կապկպել էին քրիստոնյաներին։ Բարձր տեղերից, որտեղ ծառերը չէին ծածկում տեսարանը, կարելի էր տեսնել շարք֊շարք սյուներ և ծաղիկներով, մրտենու տերևներով կամ բաղեղով զարդարված մարմիններ. այդ շարքերը ձգվում էին խորքերը, բլուրների վրա և հովիտների մեջ, այնպես հեռու, որ մինչդեռ մոտերքում կանգնածները նավերի կայմերի չափ էին երևում, հեռվում եղածները երևում էին իբրև գետնի մեջ ցցված, գունավոր նիզակներ։ Նրանց շատությունը գերազանցեց նույնիսկ ժողովրդի սպասածը։ Կարելի էր կարծել, թե մի ամբողջ ժողովուրդ էր կապված սյուներին՝ Հռոմի ու Կեսարի զվարճության համար։ Հանդիսականները խումբ֊խումբ կանգնում էին առանձին կայմերի առջև, նայելով, թե նրանց ինչ էր հետաքրքրում՝ զոհերի կազմվա՞ծքը, տարի՞քը, թե՞ սեռը։ Դիտում էին նրանց դեմքերը, պսակները, բաղեղի հյուսերը, հետո գնում էին առաջ ու առաջ, տարակուսանքով լի հարցեր տալով իրենց. «Մի՞թե այսքան հանցավորներ կարող էին լինել. կամ ինչպե՞ս կարող էին Հռոմը հրդեհել հազիվհազ ման եկող մանուկները»։ Եվ տարակուսանքը կամաց֊կամաց շփոթության էր փոխվում։

Մինչ այդ մութը կոխեց, և երկնքի վրա պսպղացին առաջին աստղերը։ Այն ժամանակ ամեն մի դատապարտյալի մոտ կանգնեց մի ստրուկ՝ վառված ջահը ձեռքին, և երբ փողերի ձայնը հնչեց պարտեզներից ի նշան հանդեսն սկսվելու, բոլորը կրակը մոտեցրին սյուներին։

Ծաղիկների տակ ծածկված և ձյութի մեջ թաթախված ծղոտն իսկույն բորբոքվեց պայծառ բոցով, որ ամեն րոպե, ավելի ու ավելի սաստկանալով, քակում էր բաղեղի հյուսերը, վեր էր բարձրանում և պաշարում էր զոհերի ոտքերը։ Ժողովուրդը լռեց, պարտեզները թնդացին սուր հառաչանքով և ցավագար աղաղակներով։ Բայց մի քանի զոհեր, գլուխները աստղալից երկնքին ուղղելով, սկսեցին երգել Քրիստոսի փառքը։ Ժողովուրդը լսում էր։ Բայց ամենախիստ սրտերը զարհուրեցին, երբ ավելի փոքր կայմերի վրայից մանկական սրտաճմլիկ ձայները սկսեցին գոչել «Մայրի՜կ, մայրի՜կ», և սարսուռ անցավ մինչև անգամ հարբած հանդիսականների մարմնով, երբ տեսան այդ փոքրիկ գլուխներն ու անմեղ դեմքերը, որոնք ծամածռվում էին ցավից, կամ ուշաթափվում էին խեղդող ծխի մեջ։ Իսկ բոցը շարունակ վեր էր բարձրանում և վարդի ու բաղեղի նորանոր պսակներ էր քակում։ Լուսավորվեցին գլխավոր և օժանդակ ճեմելիքները, լուսավորվեցին ծառերի պուրակները, մարգագետիններն ու ծաղկավետ ածուները. լուսավորվեց լճակների և ձկնարանների ջուրը, վարդագունվեցին ծառերի դողդողացող տերևները, և ցերեկվա պես լույս դարձավ։ Խանձված մարմինների հոտը լցրեց պարտեզները, բայց այդ միջոցին ստրուկներն սկսեցին կնդրուկ և հալվե ցանել սյուների արանքում պատրաստված խնկարանների մեջ։ Ամբոխի մեջ այս և այնտեղ աղաղակներ լսվեցին, հայտնի չէ, կարեկցությա՞ն, թե զմայլանքի, ուրախության, և ամեն րոպե նրանք ուժեղանում էին այն կրակի հետ միասին, որ գրկել էր սյուները, հասնում էր կրծքերին, իր այրող շնչով ոլորում էր նրանց մազերը, ծխի քող էր ձգում նրանց սևացած դեմքերի վրա և վերջապես ձգտում էր ավելի բարձր, կարծես հաղթանակ պարգևելու այն ուժին, որ հրամայել էր վառել այն։

Դեռ հանդեսի սկզբում ժողովրդի մեջ երևաց Կեսարը՝ կրկեսային շքեղ քվադրիգայով, որը քաշում էին չորս ճերմակ նժույգներ. նա հագնվել էր կառավարի պես և զարդարված էր Կանաչների կուսակցության գույներով (այս կուսակցության պատկանում էին թե՛ ինքը և թե՛ իր պալատականները)։ Նրա ետևից ուրիշ կառքեր էին գալիս՝ լցված պերճազգեստ պալատականներով, սենատորներով, քրմերով և պսակները գլխին ու գինու թասերը ձեռքին բաքոսուհիներով, որոնք մեծ մասամբ հարբած էին և վայրագ աղաղակներ էին արձակում։ Նրանց կողքին ֆավների և սատիրների պես հագնված երաժիշտները կիթառ, ֆորմինգ, սրինգ և փող էին նվագում։ Ուրիշ կառքերում նստած էին հռոմեական մատրոնաներ և օրիորդներ, որոնք նույնպես հարբած էին և կիսով չափ մերկ։ Քվադրիգաների կողքին քաջընթաց ստրուկները տատանում էին ժապավեններով զարդարված տիրսաներ, մյուսները թմբկահարում էին կամ ծաղիկներ ցանում։ Այս ամբողջ պճնազարդ թափորը «evoe!» աղաղակելով առաջ էր շարժվում պարտեզի ամենալայն ծառուղիով ծխի և մարդկային ջահերի միջով։ Կեսարն իր կառքի մեջ նստեցրել էր Տիգելլինոսին ու Քիլոնին, որի զարհուրանքով կամենում էր զվարճանալ, ինքն էր ձիերը կառավարում և, քայլ առ քայլ առաջ գնալով, դիտում էր այրվող մարմինները, միաժամանակ ականջ էր գնում ժողովրդի գոռում֊գոչյուններին։ Բարձր, ոսկե քվադրիգայի վրա կանգնած և շրջապատված մարդկային ալիքներով, որոնք նրա առջև խոնարհվում էին մինչև ոտքերը, կրակի շողքերի մեջ, կրկեսային հաղթողի ոսկե պսակը ճակատին՝ նա ամբողջ գլխով բարձր էր երևում պալատականներից ու ամբոխից և հսկայի տպավորություն էր թողնում։ Նրա անճոռնի ձեռքերը, որոնք պարզված էին սանձերը բռնելու համար, թվում էր, թե օրհնում էին ժողովրդին։ Դեմքին և պշացրած աչքերի մեջ ժպիտ էր նշմարվում և փայլում էր մարդկանց վրա, իբրև մի արև և կամ իբրև մի աստվածություն՝ ահեղ, բայց հոյակապ և հզոր։

Երբեմն նա կանգ էր առնում, որպեսզի ավելի լավ դիտի մի որևէ աղջկա, որի գոգը սկսել էր արդեն թշշալ բոցից, ջղաձգություններից ծռված մանկական մի դեմք, և նորից շարունակում էր առաջ գնալ իր ետևից տանելով խելագար և սանձարձակ թափորը։ Երբեմն նա գլուխ էր տալիս ժողովրդին, կամ նորից, գլուխը ետ քաշելով, ձգում էր ոսկե սանձերը և խոսում էր Տիգելլինոսի հետ։ Վերջապես հասնելով մի մեծ շատրվանի, որ շինված էր երկու իրար միացող փողոցների մեջտեղ, նա իջավ քվադրիգայից և, նշան տալով իր ընկերակիցներին, խառնվեց ամբոխի հետ։

Նրան ողջունեցին աղաղակներով ու ծափահարություններով։ Բաքոսուհիներ, նիմֆաներ, սենատորներ, ավգուստիաններ, քրմուհիներ, ֆավներ, սատիրներ և զինվորականներ խելագարի պես իսկույն շրջապատեցին նրան, իսկ նա, մի կողմից Տիգելլինոսի, իսկ մյուսից Քիլոնի հետ սկսեց պտտել շատրվանը, որի շուրջն այրվում էին մի քանի տասնյակ ջահեր. կանգնում էր ամեն մեկի առջև, նկատողություններ էր անում զոհերի մասին, կամ ծաղրում էր հույնին, որի դեմքին անսահման հուսահատություն էր նկատվում։

Վերջապես նրանք կանգնեցին մի բարձր կայմի առջև, որ զարդարված էր մրտենու տերևներով ու գայլուկով։ Բոցի կարմիր լեզուներն այստեղ արդեն հասնում էին զոհի ոտքերին. Բայց նրա երեսը չէր կարելի ճանաչել, որովհետև այրվող թարմ ճյուղերը նրան ծածկում էին ծխով։ Մի քանի րոպեից սակայն գիշերային թեթև քամին ցրեց ծուխը և բաց արեց մի ալևոր, մինչև կուրծքը հասնող մորուքով ծերունու գլուխ։

Այդ տեսքից հույնը հանկարծ կծկվեց վիրավորված իժի պես, իսկ շրթունքներից դուրս թռավ մի աղմուկ, որ ավելի նման էր ագռավի կռավոցի, քան մարդկային ձայնի.

— Գլավկո՜ս, Գլավկո՜ս...

Իրոք, այրվող սյունի վրայից նայում էր նրան բժիշկ Գլավկոսը։ Դեռ կենդանի էր։ Նա խոնարհել էր վշտահար դեմքը, կարծես ուզում էր վերջին անգամ տեսնել իր դահճին, որ իրեն մատնեց, զրկեց կնոջից ու զավակներից, մարդասպան վարձեց իրեն սպանելու համար, և երբ ինքը այս բոլորը հանուն Քրիստոսի նրան ներեց, նա իրեն կրկին մատնեց հալածիչների ձեռքը։ Որևէ մարդ ավելի սարսափելի արնաշաղախ չարություն չէր արել մի ուրիշ մարդու։ Եվ ահա զոհը այրվում էր կպրած սյունի վրա, իսկ դահիճը կանգնած է նրա ոտքերի մոտ։ Գլավկոսի աչքերը հառած էին հույնի դեմքին։ Երբեմն դրանք ծածկվում էին ծխից, բայց երբ փչում էր զեփյուռը, Քիլոնը նորից տեսնում էր իր վրա ուղղված աչքերը։ Վեր կացավ և ուզում էր փախչել, բայց չէր կարող։ Հանկարծ նրան թվաց, թե ոտքերը արճճից են, և ինչ֊որ աներևույթ ձեռք գերմարդկային զորությամբ պահում է իրեն այս սյան առջև։ Եվ քարացավ։ Զգում էր միայն, որ ինչ֊որ լցվում է իր մեջ, ինչ֊որ պատռվում է, որ այլևս չի կարող տանել այդ չարչարանքներն ու արյունահեղությունը, և որ հասնում է կյանքի վախճանը և որ շուրջն անհետանում է ամեն ինչ՝ և՛ պալատականները, և՛ ամբոխը, և իրեն պաշարում է միայն մի անհատակ, սարսափելի և սև ամայություն, իսկ այս ամայության մեջ երևում են միայն նահատակի այդ աչքերը, որոնք իրեն դատի են կանչում։ Իսկ նա՝ զոհը, ավելի և ավելի ցածր խոնարհելով գլուխը, շարունակ նայում էր։ Ներկա եղողները հասկացան, որ այդ մարդկանց մեջ ինչ֊որ բան է կատարվում, բայց ծիծաղը սառավ նրանց շրթունքներին, որովհետև Քիլոնի դեմքին մի սարսափելի բան կար. նա ծռվել էր այնպիսի շփոթությունից և այնպիսի կսկծից, կարծես թե այն հրեղեն լեզուները այրելիս լինեին իր սեփական մարմինը։ Հանկարծ նա տատանվեց և, վեր պարզելով իր ձեռքերը, գոչեց սարսռեցնող, սրտաճմլիկ ձայնով.

— Գլավկո՜ ս, հանո՜ւն Քրիստոսի, ների՜ր...

Շուրջը լռեց. դող անցավ ներկա եղողների մարմնով, և բոլոր աչքերն ակամա վեր բարձրացան։

Իսկ նահատակի գլուխը կամաց շարժվեց. հետո կայմի գագաթից լսվեց հառաչանքի նման մի ձայն.

— Ներո՜ւմ եմ...

Քիլոնը երեսի վրա ընկավ, վայրի գազանի պես ոռնալով և, հող առնելով երկու ափերի մեջ, ցանեց իր գլխին։ Իսկ այդ միջոցին բոցերը ավելի վեր էին ձգվում, գրկեցին Գլավկոսի կուրծքն ու դեմքը, քակեցին մրտենու պսակը նրա գլխից, կպան սյան գագաթի ժապավեններին, և ամբողջ սյունը վառվեց վիթխարի, պայծառ լույսով։

Բայց Քիլոնը մի քանի րոպեից վեր կացավ. նրա դեմքն այնպես փոխվել էր, որ ավգուստիաններին թվաց, թե ուրիշ մարդու են տեսնում։ Աչքերը փայլում էին անսովոր փայլով. կնճռապատ ճակատից հափշտակություն էր բխում. մի րոպե առաջ ապիկար հույնը այժմ մի քրմի էր նմանվում, որ աստվածային ներշնչման արժանանալով, կամենում է անծանոթ ճշմարտություններ ազդարարել։

— Սրան ի՞նչ է պատահել. խելագարվե՜լ է,— լսվեցին մի քանի ձայներ։

Իսկ նա դարձավ ամբոխի կողմը և, դեպի երկինք պարզելով իր աջ ձեռքը, սկսեց գոչել կամ ավելի ճիշտ՝ աղաղակել այնպիսի ուժով, որ ոչ թե միայն ավգուստիանները, այլև խուժանը կարողանային լսել իր ձայնը.

— Հռոմեական ժողովո՜ւրդ. մահովս երդվում եմ, որ այս մարդիկ մեռնում են անմեղ, իսկ հրդեհաձիգը սա՛ է...

Եվ մատով ցույց տվեց Ներոնին։

Խորին լռություն տիրեց։ Պալատականներն ապշած էին։ Քիլոնը դեռ կանգնա՛ծ էր դողդոջուն ձեռքը պարզած, մատը ուղղած Կեսարի վրա։ Հանկարծ խռովություն սկսվեց։ Ժողովուրդը հանկարծակի հողմից մղված ալիքների պես ձգվեց դեպի ծերունին՝ կամենալով ավելի լավ տեսնել նրան։ Այս և այնտեղ լսվեցին աղաղակներ՝ «Բռնի՛ր», տեղ֊տեղ «Վա՜յ մեզ»։ Ամբոխի մեջ սուլոց և աղմուկ բարձրացավ. «Ահենոբա՜րբ, մայրասպա՜ն, հրդեհաձի՜գ»։ Ամեն րոպե հուզմունքն աճում էր։ Բաքոսուհիները վայնասունով սկսեցին պահվել կառքերի մեջ։ Հանկարծ մի քանի այրված սյուներ տապալվեցին՝ շուրջը կայծեր արձակելով և մեծացնելով իրարանցումը։ Մարդկային կույր ու խռնված ալիքը հափշտակեց Քիլոնին և տարավ նրան պարտեզի խորքը։

Ամեն տեղ սյուներն արդեն սկսել էին ածուխ դառնալ և տապալվել ծառուղիների մեջ՝ պարտեզը լցնելով ծխով, կայծերով, փայտի ու մարդկային ճարպի հոտով։ Հեռավոր և մոտավոր կրակները հանգչում էին։ Պարտեզները մթնեցին։ Ամբոխը շփոթված, մռայլ և անհանգիստ հոգով խռնվում էր դռների մոտ։ Տեղի ունեցածի լուրն անցնում էր բերնեբերան՝ փոփոխվելով և մեծանալով։ Մի քանիսը պատմում էին, թե Կեսարն ուշաթափվեց, մյուսները, թե ինքը խոստովանեց, որ հրամայել է Հռոմն այրել, ուրիշները, թե սաստիկ հիվանդացել է, շատերը, վերջապես, թե նրան մեռածի պես դուրս տարան կառքով։ Այս և այնտեղ լսվում էին կարեկցության ձայներ քրիստոնյաների նկատմամբ։ Նրա՛նք չեն Հռոմը կրակ ձգողը, ինչի՞ համար են ուրեմն այսքան արյունահեղությունը, այսքան չարչարանքն ու անարդարությունը։ Արդյոք աստվածները վրեժխնդիր չե՞ն լինի անմեղների համար, և որպիսի՞ «Piacula»[431] կկարողանան նրանց հաշտեցնել նորից։ «Innoxia corpora» բառերն ավելի ու ավելի հաճախ էին կրկնվում։ Կանայք բարձրաձայն ողբում էին այն մանուկներին, որոնք նետվել էին վայրի գազանների ճանկը, խաչվել էին կամ այրվել այս անիծված պարտեզներում։ Եվ վերջապես կարեկցությունը փոխվեց անեծքների՝ Կեսարի և Տիգելլինոսի հասցեին։ Բայց կային և այնպիսիները, որոնք հանկարծ կանգ էին առնում և հարց էին տալիս իրենց կամ ուրիշների. «Այս ի՞նչ աստվածություն է, որ այսպիսի ուժ է տալիս չարչարվելու և մեռնելու»։ Եվ մտախոհ տուն էին վերադառնում։

Քիլոնը դեռ թափառում էր պարտեզներում, չիմանալով՝ ուր գնա և ինչ անի։ Այժմ նա նորից իրեն անզոր, ապիկար ու հիվանդ ծերունի զգաց։ Երբեմն նա սայթաքում էր ածխացած մարմինների վրա, դիպչում էր կոճղերին, որոնք նրա ետևից կայծերի փնջեր էին արձակում, երբեմն նստում էր՝ նայելով շուրջը անգիտակից աչքերով։ Պարտեզներն արդեն գրեթե բոլորովին մթնել էին, ծառերի միջով անցնում էր միայն գունատ լուսինը՝ անհաստատ լույսով լուսավորելով ծառուղիները, սևացած, ճանապարհների մեջտեղ ընկած սյուները և զոհերի չայրված տձև բեկորները։ Բայց ծերունի հույնին թվաց, թե լուսնյակի վրա տեսնում է Գլավկոսի դեմքը, և թե նրա աչքերը դեռ շարունակ նայում են իրեն, և նա թաք էր կենում լույսից։ Բայց վերջապես նա դուրս եկավ ստվերից և ակամա, կարծես մի անծանոթ ուժ իրեն մղելիս լիներ, սկսեց դիմել այն շատրվանի կողմը, որի մոտ հոգին ավանդեց Գլավկոսը։

Հանկարծ մի ձեռք դիպավ նրա ուսին։

Ծերունին ետ նայեց և, իր առջև մի անծանոթ կերպարանք տեսնելով, գոչեց զարհուրած.

— Ո՞վ է այստեղ։ Ո՞վ ես դու։

— Առաքյալ Պողոս Տարսոնացին։

— Ես անիծված եմ... Ի՞նչ ես կամենում։

Իսկ առաքյալը պատասխանեց.

— Կամենում եմ քեզ փրկել։

Քիլոնը հենվեց ծառին։

Ոտքերը տատանվում էին, և ձեռքերը կախ ընկան մարմնի երկարությամբ։

— Ինձ փրկություն չկա,— ասաց նա խուլ ձայնով։

— Արդյոք լսե՞լ ես, որ Աստված ներեց խաչի վրա զղջացող ավազակին,— հարցրեց Պողոսը։

— Գիտե՞ս արդյոք, թե ինչ եմ արել։

— Տեսա քո տառապանքը և լսեցի, թե ինչպիսի վկայություն տվիր ճշմարտությանը։

— Օ՜ Տե՛ր։

— Եվ երբ Քրիստոսի ծառան ներեց քեզ չարչարանքի ու մահվան րոպեին, ինչպե՞ս չպիտի ների քեզ Քրիստոսը։

Իսկ Քիլոնը գլուխը ձեռքերով բռնեց և խելագարվածի պես սկսեց կրկնել.

— Ներո՞ւմ, ինձ ներո՜ւմ։

— Մեր Աստվածը գթության Աստված է,— պատասխանեց Առաքյալը։

— Ի՞նձ համար,— կրկնեց Քիլոնը։

Եվ սկսեց հառաչել, ինչպես մի մարդ, որին պակասում է կսկծին և տառապանքին իշխելու ուժը։ Իսկ Պողոսն ասաց.

— Հենվիր ինձ և եկ ինձ հետ։

Եվ վերցնելով նրան՝ Առաքյալը նրա հետ գնաց խճճվող ուղիներով, դիմելով շատրվանի ձայնի կողմը, որ կարծես լաց էր լինում գիշերային խաղաղության մեջ նահատակների մարմինների վրա։

— Մեր Աստվածը գթության Աստված է,— կրկնեց առաքյալը։— Եթե կանգնեիր ծովի ափին և քարեր ձգեիր նրա մեջ, կկարողանայի՞ր արդյոք լցնել նրանցով ծովի խորքերը։ Եվ ես քեզ ասում եմ, որ Քրիստոսի գթությունը ծով է, և որ մարդկային մեղքերն ու հանցանքները կանհետանան նրա մեջ, ինչպես քարերը անդունդի մեջ։ Եվ ասում եմ քեզ, որ Նա երկինք է, որ ծածկում է լեռները, ցամաքներն ու ծովերը, որովհետև Նա ամեն տեղ է և ոչ սահման, ոչ ծայր ունի։ Դու տառապում էիր Գլավկոսի խաչի առջև, և Քրիստոսը տեսավ քո տառապանքը։ Դու ասացիր, չվախենալով այն բանից, ինչ որ վաղը կարող է քեզ հանդիպել. «Ահա սա է հրդեհաձիգը»։ Եվ Քրիստոսը հիշեց քո խոսքերը։ Անցավ քո չարությունն ու ստությունը, և սրտիդ մեջ միայն անսահման խղճահարություն մնաց։ Եկ ինձ հետ և լսիր՝ ինչ եմ քեզ ասում. ես ատում էի Նրան և հալածում Նրա ընտրյալներին։ Ես Նրան չէի կամենում և չէի հավատում Նրան, մինչև որ Ինքն ինձ երևաց և կանչեց ինձ։ Եվ այնուհետև Նա իմ սերն է։ Եվ այժմ Նա այցելեց քեզ խղճահարությամբ, խռովությամբ ու կսկիծով, որպեսզի կանչի քեզ Իր մոտ։ Դու Նրան ատում էիր, իսկ Նա սիրում էր քեզ։ Դու մահվան էիր մատնում Նրա հետևողներին, իսկ Նա կամենում է ներել և փրկել քեզ։

Խեղճի կուրծքն սկսեց ցնցվել անզուսպ հեկեկանքներից, որից սիրտը պատռվում էր խորքից. իսկ Պողոսը գրկում էր նրան, տիրանում նրա հոգուն և առաջ էր տանում, ինչպես զինվորը գերուն։

Եվ մի րոպե անց նորից սկսեց խոսել։

— Արի ինձ հետ, և ես կտանեմ քեզ Նրա մոտ։ Ուրիշ ինչի՞ համար կգայի քեզ մոտ։ Բայց Նա պատվիրեց ինձ սիրո անունով հավաքել մարդկային սրտերը, և ես կատարում եմ Նրա ծառայությունը։ Դու կարծում ես, որ անիծված ես, իսկ ես քեզ ասում եմ՝ հավատա Նրան, և քեզ փրկություն է սպասում։ Դու կարծում ես, որ ատված ես. իսկ ես քեզ կրկնում եմ, որ Նա սիրում է քեզ։ Նայիր ինձ։ Եթե Նրան չունենայի, ոչինչ չէի ունենա բացի չարությունից, որ բնակվում էր իմ սրտի մեջ. իսկ այժմ Նրա սերը ինձ համար հորս և մորս, հարստության և թագավորության է փոխարինում։ Նա է միակ ապավենը, Նա կդատի քո կսկիծը, կնայի քո թշվառությանը, կազատի քեզ խռովությունից և կբարձրացնի քեզ Իր մոտ։

Այդպես խոսելով՝ առաքյալը Քիլոնին հասցրեց շատրվանի մոտ, որի արծաթանման ցայտերը փայլփլում էին լուսնյակի լույսով։ Շուրջը խաղաղ էր և դատարկ, ստրուկ ծառաներն արդեն այստեղից հավաքել էին ածխացած սյուները և նահատակների մարմինները։

Քիլոնը հառաչանքով ծնկաչոք ընկավ և, երեսն ափերի մեջ առնելով, մնաց անշարժ. իսկ Պողոսն աչքերը աստղերին ուղղեց և սկսեց աղոթել.

— Տե՛ր, նայիր այս թշվառի, սրա կսկծի, արտասուքների և տառապանքների վրա։ Տե՛ր ողորմած, որ արյունդ թափեցիր մեր մեղքերի համար, Քո չարչարանքի, մահվան և հարության միջոցով թողություն տուր սրան։

Ապա լռեց, բայց դեռ երկար նայում էր աստղերին և աղոթում։

Իսկ այդ միջոցին նրա ոտքերի տակից հառաչանքի նմանող աղերսանք լսվեց.

— Քրիստո՜ս... Քրիստո՜ս... թողություն տուր ինձ։

Այդ ժամանակ Պողոսը մոտեցավ ավազանին և ափերով ջուր առնելով, վերադարձավ ծնկաչոք թշվառականի մոտ։

— Քիլո՛ն, ահա մկրտում եմ քեզ հանուն Հոր և Որդվո և Հոգվույն սրբո, ամե՜ն։

Քիլոնը գլուխը բարձրացրեց, տարածեց ձեռքերը և մնաց այդպես անշարժ։ Լուսինը լի լույսով լուսավորում էր նրա ճերմակ գլուխը, ճերմակ, անշարժ, կարծես մեռած, կամ քարից քանդակած դեմքը. րոպեներն անցնում էին միմյանց ետևից. մեծ հավատներից, որոնք տեղավորված էին Դոմիտիոսի պարտեզներում, սկսեցին հասնել աքաղաղների կանչերը. իսկ նա դեռևս չոքած էր մահարձանի նման։

Վերջապես ուշքի եկավ, վեր կացավ և, դառնալով առաքյալին, հարցրեց.

— Ի՞նչ պետք է անեմ մահվանից առաջ, տե՜ր։

Պողոսը նույնպես արթնացավ մտքերից՝ անհասանելի զորության մասին, որին չկարողացան ընդդիմադրել մինչև անգամ այնպիսի հոգիներ, ինչպիսին ուներ այդ հույնը, և պատասխանեց.

— Հավատա՛ և վկայություն տուր ճշմարտությանը։

Ապա նրանք երկուսով դուրս եկան։ Պարտեզի դռան մոտ առաքյալը մի անգամ էլ օգնեց ծերունուն, և նրանք բաժանվեցին, որովհետև այդ պահանջում էր ինքը Քիլոնը՝ նախատեսելով, որ այն բանից հետո, ինչ֊որ եղավ, Կեսարն ու Տիգելլինոսը կհրամայեն պատժել իրեն։

Իրոք, չէր սխալվում։ Տուն վերադառնալով՝ նա տեսավ, որ տունն արդեն շրջապատված էր պրետորիաններով, որոնք իսկույն կալանավորեցին նրան և Սկևինոսի առաջնորդությամբ տարան Պալատիոն։

Կեսարն արդեն հեռացել էր հանգստանալու, բայց Տիգելլինոսը սպասում էր և, տեսնելով դժբախտ հույնին, ողջունեց նրան հանգիստ, բայց չարագուշակ դեմքով։

— Նորին վեհափառությանն անարգել ես,— ասաց նա,— և քեզ պատիժ է սպասում։ Բայց եթե վաղը ամֆիթատրոնում հայտարարես, որ հարբած էիր ու խելքդ կորցրած և որ հրդեհի պատճառը քրիստոնյաներն են, քո պատիժը կվերջանա գանակոծությամբ և աքսորով։

— Չե՛մ կարող, տեր,— ցածր ձայնով պատասխանեց Քիլոնը։

Տիգելլինոսը մոտեցավ նրան ծանր քայլերով և նույնպես ցածր, բայց ահռելի ձայնով հարցրեց.

— Ինչպե՞ս թե չես կարող, հույն շուն։ Մի՞թե հարբած չէիր և մի՞թե չգիտես, թե քեզ ի՞նչ է սպասում։ Նայի՛ր այնտեղ։

Եվ այս ասելով, նա ցույց տվեց ատրիոնի անկյան կողմը, ուր փայտե երկար նստարանի մոտ խավարի մեջ կանգնած էին չորս թրակիացի ստրուկներ՝ պարանները և ունելիները ձեռքերին։

Իսկ Քիլոնը պատասխանեց.

— Չե՛մ կարող, տեր։

Տիգելլինոսին սկսեց կատաղություն տիրել, բայց դեռևս զսպեց իրեն.

— Տեսա՞ր,— հարցրեց նա,— թե ինչպես են մեռնում քրիստոնյաները։ Կամենո՞ւմ ես նույնպես մեռնել։

Ծերունին վեր բարձրացրեց իր գունատ դեմքը* միառժամանակ նրա շրթունքներն անձայն շարժվում էին. հետո ասաց.

— Ե՛ս էլ եմ հավատում Քրիստոսին։

Տիգելլինոսը զարմանքով նայեց նրան։

— Շո՛ւն, դու, ճիշտ որ, խելագարվել ես։

Եվ հանկարծ նրա կրծքի մեջ կուտակված կատաղությունը բռնկվեց։ Քիլոնի մոտ ցատկելով՝ նա երկու ձեռքով բռնեց մորուքից, նրան գետին գլորեց և սկսեց կոխկրտել կրկնելով, փրփուրը շրթունքներին.

— Կհրաժարվե՜ ս, կհրաժարվե՜ս...

— Չե՛մ կարող,— գետնից պատասխանեց նրան Քիլոնը։

— Տանջե՛լ սրան։

Այս հրամանը լսելով՝ թրակիացիները բռնեցին ծերունուն, պառկեցրին նստարանի վրա, հետո պարաններով նրան ամուր կապելով տախտակին, սկսեցին ունելիներով սեղմել նիհարած ազդրոսկրերը։ Բայց նա, այն միջոցին, երբ կապում էին, խոնարհությամբ համբուրում էր նրանց ձեռքերը, իսկ հետո աչքերը փակեց և մեռածի պես էր երևում։

Բայց կենդանի էր, և երբ Տիգելլինոսը կռացավ նրա վրա և մի անգամ էլ հարցրեց. «Կհրաժարվե՞ս», նրա գունատ շրթունքները թեթև շարժվեցին, և նրանց միջից հազիվ լսելի շշուկ հնչեց.

— Չե՛մ... կարող։

Տիգելլինոսը հրամայեց չարչարանքը դադարեցնել և սկսեց ման գալ ատրիոնով. դեմքը բարկությունից այլակերպվել էր, բայց և անճարացել։ Վերջապես երևի նրա գլխով մի նոր միտք անցավ, որովհետև դարձավ թրակիացիներին և ասաց.

— Պոկեցե՛ք դրա լեզուն։

ԳԼՈՒԽ Ի

«Aureolus»[432] թատերգությունը սովորաբար տրվում էր այնպիսի թատրոններում կամ ամֆիթատրոններում, որոնք կարող էին բացվել և կարծես երկու առանձին բեմ կազմել։ Բայց Կեսարի պարտեզներում տեղի ունեցած ներկայացումից հետո թողին սովորական եղանակը և հոգ էին տանում, որ որքան կարելի է մեծ բազմություն կարողանա տեսնել խաչված ստրուկի մահը (նրան պիտի լափեր արջը)։ Թատրոններում արջի դերը խաղում էր կաշու մեջ կարած դերասանը, իսկ այս անգամ ներկայացումը պիտի «իրական» լիներ։ Դա Տիգելլինոսի նոր միտքն էր։ Կեսարը սկզբում հայտնեց, որ չի գա, բայց սիրելիի թելադրությամբ փոխեց իր մտադրությունը։ Տիգելլինոսը բացատրեց նրան, որ այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ պարտեզներում, նա առավել ևս պարտական է ժողովրդին երևալ, նաև հավաստիացրեց, որ խաչված ստրուկը չի ամբաստանի նրան արդեն այնպես, ինչպես արեց այդ Կրիսպոսը։ Ժողովուրդն արդեն փոքր֊ինչ կշտացած էր և հոգնած արյունահեղությունից, ուստի հայտարարված էր, որ նորից վիճակախաղի տոմսեր ու ընծաներ կբաժանվեն, և երեկոյան մեծարք տեղի կունենա. ներկայացումը պիտի լիներ երեկոյան, պայծառ լուսավորված ամֆիթատրոնում։

Արդեն ժանգառքին ամբողջ շինությունը բերնեբերան լցվեց. ավգուստիանները բոլորն եկան Տիգելլինոսի հետ, ոչ այնքան ներկայացումը տեսնելու, որքան վերջին դեպքից հետո Կեսարին իրենց հավատարմությունը ցույց տալու և Քիլոնի մասին խոսելու համար։ Հույնի մասին խոսում էր ամբողջ Հռոմը։

Միմյանց ականջին ասում էին, թե Կեսարը, պարտեզներից վերադառնալով, կատաղած էր և չէր կարողանում քնել. թե նրան պաշարեցին զարհուրելի և տարօրինակ տեսիլներ, որոնց հետևանքն այն էր, որ մյուս օրը հայտարարեց, թե շուտով գնալու է Աքայա։ Մյուսները, սակայն, հակառակն էին խոսում, պնդելով, թե այժմ նա առավել ևս անողոք կլինի քրիստոնյաների վերաբերմամբ։ Պակաս չէին երկչոտները, որոնք նախատեսում էին, թե անարգանքը, որը Քիլոնն ամբոխի ներկայությամբ շպրտեց Կեսարի երեսին, կարող է ամենավատ հետևանքներ ունենալ։ Կային վերջապես և այնպիսիները, որոնք մարդասիրությունից դրդված խնդրում էին Տիգելլինոսին, որ վերջ դնի հալածանքներին։

— Նայեցեք՝ ո՛ւր եք գնում,— ասում էր Բարկոս Սորանոսը։— Կամենում էիք ժողովրդի վրեժխնդրությանը հագուրդ տալ և նրան համոզմունք ներշնչել, թե պատիժն ընկնում է մեղավորների գլխին, իսկ հետևանքն ուղղակի հակառակն ստացվեց։

— Ճշմարիտ է,— ավելացրեց Անտիստիոս Վերոսը,— այժմ բոլորն էլ շշնջում են, թե նրանք անմեղ են։ Եթե պետք է ճարպկություն ցույց տայիք, Քիլոնն արդարացի էր, ասելով, որ ձեր ուղեղները խոզակաղնի կճեպ էլ չեն լցնի։

Իսկ Տիգելլինոսը դարձավ նրանց և ասաց.

— Մարդիկ շշնջում են նաև, թե քո դուստրը՝ Սերվիլիան, Բարկոս Սորանոս, և քո կինը՝ Անտիստիոսը, իրենց քրիստոնյա ստրուկներին թաքցրել են Կեսարի արդարադատությունից։

— Սո՛ւտ է,— անհանգստությամբ գոչեց Բարկոսը։

— Իմ կնոջը կամենում են ոչնչացնել ձեր մարդաթողները, որոնք նախանձում են նրա առաքինությանը,— ոչ պակաս անհանգստությամբ ասաց Անտիստիոս Վերոսը։

Իսկ ուրիշները խոսում էին Քիլոնի մասին։

— Ի՞նչ պատահեց նրան,— ասում էր Եպրիոս Մարկելլոսը։— Ինքը մատնում էր քրիստոնյաներին Տիգելլինոսի ձեռքը. աղքատից հարուստ դարձավ, կարող էր հանգիստ անցկացնել իր օրերը, ունենալ գեղեցիկ գինենկուղ և մահից հետո՝ շքեղ տապանաքար, բայց տեսեք, որ ո՛չ։ Հանկարծ գերադասեց բոլորը կորցնել և իր գլուխը կորցնել։ Ճիշտ որ, երևի խելագարվել է։

— Ոչ թե խելագարվել է, այլ քրիստոնյա է դարձել։

— Անկարելի է,— ձայն տվեց Վիտելիոսը։

— Ես ձեզ չէի՞ ասում,— մեջ բերեց Վեստինոսը։— Նահատակեցեք քրիստոնյաներին, բայց, հավատացեք ինձ, մի՛ կռվեք նրանց աստվածության դեմ։ Այստեղ հանաք անելու բան չէ... Տեսեք ի՛նչ է կատարվում։ Ես չեմ հրդեհել Հռոմը, բայց եթե Կեսարը թույլ տար ինձ, իսկույն հեկատոմբե կզոհեի նրանց աստվածությանը։ Եվ բոլորը պարտական են նույնն անելու, որովհետև, ահա կրկնում եմ, նրա հետ հանաք անել չի կարելի։ Հիշեցեք, որ ես այդ ասել եմ ձեզ։

— Իսկ ես ուրիշ բան եմ ասել,— ասաց Պետրոնիոսը։— Տիգելլինոսը ծիծաղում էր, երբ պնդում էի, որ նրանք պաշտպանվում են. իսկ այժմ ավելին կասեմ՝ նրանք հաղթո՛ւմ են։

— Ինչպե՞ս, ինչպե՞ս,— հարցրին մի քանի ձայներ։

— Պոլլուքսը վկա՜... Եթե Քիլոնի պես մեկը չկարողացավ նրանց դիմադրել, ո՞վ կդիմադրի նրանց։ Եթե կարծում եք, թե ամեն մի ներկայացումից հետո քրիստոնյաների թիվը չի ավելանում, այն ժամանակ, քանի որ Հռոմի հետ այդչա՛փ եք ծանոթ, պղնձագործ դարձեք կամ սկսեցեք մորուքներ սափրել, և դուք ավելի լավ կիմանաք, թե ինչ է մտածում ժողովուրդը, և ինչ է կատարվում քաղաքում։

— Զուտ ճշմարտություն է ասում, Դիանայի սուրբ պեպլոսը վկա՜,— բացականչեց Վեստինոսը։

Բայց Բարկոսը դարձավ Պետրոնիոսին.

— Խոսքիդ վերջն ի՞նչ է։

— Վերջն այն է, ինչից որ սկսեցիք՝ բավական է արդեն այս արյունահեղությունը։

Տիգելլինոսը հեգնությամբ նայեց նրան և ասաց.

— Է՜յ, ևս մի քիչ։

— Եթե մի գլուխդ հերիք չի անում, մյուսն էլ ունիս ձեռնափայտիդ վրա,— պատասխանեց Պետրոնիոսը։

Խոսակցության շարունակությունն ընդհատեց Կեսարի գալուստը։ Ներոնն իր տեղը բռնեց Պյութագորասի կողքին։ Իսկույն սկսեցին «Aureolus»֊ի ներկայացումը, որի վրա շատ էլ ուշադրություն չէին դարձնում, որովհետև բոլորի մտքերն զբաղված էին Քիլոնով։ Չարչարանքներին և արյան ընտելացած ժողովուրդը նույնպես ձանձրանում էր, սուլում, պալատի համար աննպաստ բացականչություններ էր արձակում և գոչում էր, որ շտապեցնեն արջի տեսարանը, որը միայն հետաքրքրում էր նրանց։ Եթե դատապարտյալ ծերունուն տեսնելու և նվերներ ստանալու հույսը չլիներ, միայն ներկայացումը չէր կարողանա պահել ամբոխին։

Բայց վերջապես հասավ ակնկալած րոպեն։ Կրկեսի ծառայողները նախ և առաջ ներս բերին մի փայտե խաչ, որ բավականին կարճ էր, որպեսզի արջը, հետևի թաթերի վրա կանգնելով, կարողանար հասնել մինչև նահատակվողի կուրծքը, և ապա երկու մարդ ներս քաշեցին կամ ավելի ճիշտ՝ ներս հրեցին Քիլոնին, որովհետև ոտքերը ջարդված լինելով, չէր կարողանում ման գալ։ Նրան այնպիսի արագությամբ խաչի վրա դրին և մեխեցին, որ հետաքրքրված ավգուստիանները չկարողացան մինչև անգամ նրան լավ զննել, և միայն երբ խաչը հաստատվեց հատկապես փորված փոսի մեջ, բոլորի աչքերը դարձան նրա վրա։ Բայց քչերը կարող էին այդ մերկ ծերունու մեջ ճանաչել նախկին Քիլոնին։ Այն չարչարանքներից հետո, որ հրամայեց տալ նրան Տիգելլինոսը, նրա դեմքին գույն չէր մնացել, և միայն ճերմակ մորուքի վրա երևում էին կարմիր հետքեր, որոնք մնացել էին արյունից, լեզուն պոկելուց հետո։ Թափանցիկ կաշու միջով կարելի էր գրեթե տեսնել նրա ոսկորները։ Նա շատ ավելի ծեր էր երևում, համարյա թե զառամած։ Բայց մի ժամանակ նրա աչքերից արձակվող միշտ անհանգիստ ու չար հայացքների, զգայուն դեմքին դրոշմված շփոթության ու անվստահության փոխարեն՝ այժմ նրա դեմքը թեև վշտահար, բայց և այնպես մեղմ ու հանգիստ էր այնպես, ինչպես ունենում են քնած կամ մեռած մարդիկ։ Գուցե նրան սիրտ էր տալիս միտքը այն խաչված ավազակի մասին, որին Քրիստոսը ներեց, գուցե նույնպես հոգու մեջ ասում էր ողորմած Աստծուն. «Տե՛ր, խայթում էի թունավոր որդի պես, բայց իմ ամբողջ կյանքում եղել եմ աղքատ, մեռել եմ սովից. մարդիկ կոխոտում էին ինձ, ծեծում էին և ծաղրում էին ինձ։ Խեղճ էի, Տեր, և չափազանց թշվառ, իսկ այժմ ահա չարչարեցին ինձ և խաչեցին. բայց Դու, որ ողորմած ես, չես մերժի ինձ մահվան րոպեին»։ Եվ ակներև էր, որ խաղաղությունը մտել էր նրա խորտակված սիրտը։ Ոչ ոք չէր ծիծաղում, որովհետև այդ խաչվածի մեջ մի այնպիսի հանդարտ բան կար, այնպես ծեր, անզեն, թույլ էր երևում, իր խոնարհությամբ այնպես գթություն աղերսող, որ ամեն մեկն ակամա հարց էր տալիս իրեն՝ ինչպե՞ս կարելի է չարչարել և խաչել այնպիսի մարդկանց, որոնք առանց այդ էլ վախճանվում են։ Ամբոխը լուռ էր։ Ավգուստիանների մեջ Վեստինոսը, աջ ու ձախ կռանալով, շշնջում էր զարհուրած ձայնով. «Տեսեք ինչպես են մեռնում». ուրիշներն սպասում էին արջին, հոգու մեջ փափագելով, որ ներկայացումը որչափ կարելի է շուտ վերջանա։

Արջը վերջապես ներս ընկավ արենա և, այս ու այն կողմը տարուբերելով իր ցած իջեցրած գլուխը, նայում էր շուրջը աչքի տակով, կարծես մտածում էր մի բանի մասին, կամ որոնում մի բան։ Նկատելով վերջապես խաչը և նրա վրայի մերկ մարմինը՝ մոտեցավ նրան, մինչև անգամ բարձրացավ. բայց քիչ հետո նորից իջավ առջևի թաթերի վրա և, նստելով խաչի տակ, սկսեց մռմռալ, կարծես թե նրա գազանային սրտի մեջ կարեկցություն զարթնեց այդ մարդկային բեկորի նկատմամբ։

Կրկեսի ծառաների բերանից գրգռող աղաղակներ լսվեցին, բայց ժողովուրդը լռում էր։ Իսկ Քիլոնը կամաց բարձրացրեց գլուխը և որոշ ժամանակ աչքերը ման էր ածում հանդիսականների վրայով, վերջապես նրա հայացքը կանգ առավ ամֆիթատրոնի ամենավերին շարքերում եղած մի տեղի վրա, կուրծքն սկսեց ավելի արագ շարժվել, և այն ժամանակ մի այնպիսի բան տեղի ունեցավ, որ զարմանք ու տարակուսանք պատեց նայողներին։ Դեմքը փայլեց ժպիտով, ճակատը կարծես ճաճանչներ պատեցին, աչքերը մահվանից առաջ դեպի երկինք ուղղվեցին, քիչ անց երկու մեծ արտասուք, հավաքվելով թերթերունքների տակ, կամաց հոսեցին այտերի վրայով։

Եվ մեռավ։

Իսկ այդ վայրկյանին այրական մի բարձր ձայն գոչեց վերևից, վելարիոնի տակից.

— Խաղաղությո՜ւն նահատակվածներին։

Ամֆիթատրոնում խուլ լռություն էր տիրում։

ԳԼՈՒԽ ԻԱ

Կայսերական պարտեզներում տեղի ունեցած հանդեսից հետո բանտերը բավականին դատարկվել էին։ Ճիշտ է, դեռ շարունակում էին բռնել ու բանտարկել մարդկանց, որոնց կասկածում էին արևելյան աղանդը դավանելու մեջ, բայց խուզարկություններն ավելի ու ավելի քիչ զոհեր էին հասցնում, հազիվ այնքան, որքան հարկավոր էր հաջորդ ներկայացումների համար, դրանք էլ արդեն վերջանալու վրա էին։ Արյամբ կշտացած ժողովուրդը դատապարտյալների անսովոր վարքից ավելի ու ավելի մեծ ձանձրույթ, ավելի ու ավելի մեծ անհանգստություն էր ցույց տալիս։ Սնահավատ Վեստինոսի երկյուղը պաշարեց հազարավոր մարդկանց։ Ամբոխի մեջ պատմում էին տարօրինակ բաներ քրիստոնեական աստվածության վրեժխնդրության մասին։ Բանտային հարինքը, որ տարածվել էր քաղաքում, սաստկացնում էր ընդհանուր երկյուղը։ Տեսնում էին հաճախակի հուղարկավորություններ և կրկնում էին իրար ականջի, թե նոր «piacula» են հարկավոր անծանոթ աստծու սիրտը մեղմացնելու համար։ Մեհյաններում զոհեր էին մատուցվում Յուպիտերին և Լիբիաինային։ Վերջապես, Տիգելլինոսի և նրա ջատագովների բոլոր ջանքերին հակառակ, ավելի և ավելի էր տարածվում այն համոզմունքը, թե քաղաքը հրդեհվել էր Կեսարի հրամանով, և թե քրիստոնյաներն անմեղ են, և նրանց զուր են չարչարում։

Բայց հենց դրա համար Ներոնն ու Տիգելլինոսը չէին դադարում հալածելուց։ Ժողովրդին հանգստացնելու համար նորանոր կարգադրություններ էին արվել հացահատիկ, գինի ու ձիթապտուղ բաժանելու համար, հրապարակվել էին օրենքներ, որոնք հեշտացնում էին տների կառուցումը և մեծ դյուրություն էին տալիս սեփականատերերին, կային և այնպիսի օրենքներ, որոնք սահմանում էին փողոցների լայնությունը, շինարարության համար գործածելիք նյութը՝ ապագայում հրդեհի փորձանքի առաջն առնելու համար։ Ինքը Կեսարը հաճախում էր ծերակույտի նիստերին և «հայրերի» հետ միասին խորհրդակցում ժողովրդի ու քաղաքի բարօրության մասին. բայց դրա հետ շնորհի ոչ մի կաթիլ չընկավ դատապարտյալների վրա։ Աշխարհի տիրող Հոգսը նախ և առաջ այն էր, որ համոզմունք ներշնչի ժողովրդին, թե այդպիսի անողոք պատիվների կարող են արժանանալ միմիայն մեղավորները։ Ծերակույտի մեջ ոչ մի ձայն չէր լսվում ի նպաստ քրիստոնյաների, որովհետև ոչ ոք չէր կամենում Կեսարի բարկությունը գրգռել, և բացի այդ, այն մարդիկ, որոնք հայացքը ավելի հեռու էր տեսնում ապագայի մեջ, պնդում էին, թե նոր կրոնի պատճառով հռոմեական պետության հիմունքները չէին կարողանա կանգուն մնալ։

Բանտերից ազգականներին էին հանձնվում միայն վախճանվող կամ մեռած մարդկանց, հռոմեական իրավունքը վրեժխնդիր չէր լինում մեռածներից։ Վինիկիոսի համար մի տեսակ թեթևություն էր այն միտքը, որ եթե Լիգիան վախճանվի, այն ժամանակ ինքը նրան կթաղի իր ընտանեկան մատուռի մեջ և կհանգչի նրա կողքին։ Ոչ մի հույս չուներ նրան մահից ազատելու և ինքը, կիսով չափ կտրված լինելով կյանքից և ամբողջովին սուզված Քրիստոսի հավատքի մեջ, չէր երազում արդեն ուրիշ որևէ միավորության մասին, բացի հավիտենականից։ Նրա հավատն ուղղակի անհատակ էր, այնպես որ նրան այդ հավիտենականությունը ինչ֊որ անհամեմատ ավելի իրական և ավելի ճշմարիտ բան էր երևում, քան այն անցավոր գոյությունը, որով մինչև այդ ապրում էր։ Սիրտը լցվել էր կենտրոնացած հափշտակությամբ։ Դեռ կենդանի֊կենդանի՝ նա փոխվում էր գրեթե անմարմին էակի, որ իր համար կարոտելով կատարյալ ազատության, այդ ազատությունը ցանկանում է և ուրիշ սիրված հոգու համար։ Նա երևակայում էր իրեն, թե այն ժամանակ Լիգիայի հետ երկուսով ձեռք ձեռքի կտան և կթռչեն երկինք, ուր Քրիստոսն իրենց կօրհնի և թույլ կտա իրենց այնպիսի անդորր և սաստիկ լույսի մեջ ապրել, ինչպիսին է արշալույսի փայլը։ Նա միայն աղաչում էր Քրիստոսին, որ Լիգիային փրկի կրկեսի չարչարանքներից և թույլ տա նրան հանգիստ քնել բանտի մեջ, որովհետև հաստատ զգում էր, որ ինքն էլ կմեռնի նրա հետ միասին։ Նա մտածում էր, որ թափած արյան այդ ծովի առջև իրավունք չունի նույնիսկ հույս ունենալու, թե միայն Լիգիան փրկված լինի։ Լսել էր Պետրոսից ու Պողոսից, որ նրանք էլ պիտի նահատակվեն։ Տեսնելով Քիլոնին խաչի վրա՝ նա համոզվեց, որ նույնիսկ մարտիրոսական մահը կարող է քաղցր լինել, և արդեն ցանկանում էր, որ իրենց երկուսի համար հասնի այդ մահը, իբրև վատթար, տխուր և ծանր վիճակից դեպի ավելի լավ վիճակ կատարվող մի ցանկալի փոփոխություն։

Երբեմն նա արդեն հանդերձյալ կյանքի նախազգացում էր ունենում։ Այն թախիծը, որ տիրում էր նրանց երկուսի հոգիներին, կորցնում էր ավելի ու ավելի նախկին այրող դառնությունը և աստիճանաբար փոխվում էր ինչ֊որ գերաշխարհային, հանգիստ ապավինության Աստծու կամքին։ Վինիկիոսն առաջ լող էր տալիս հոսանքին հակառակ, մաքառում էր և տառապում. իսկ այժմ անձնատուր եղավ ալիքին, հավատալով, որ նա տանում է իրեն դեպի հավիտենական անդորրություն։ Նա գուշակում էր նաև, որ Լիգիան, ինչպես և ինքը, մահվան է պատրաստվում, և որ չնայելով իրենց բաժանող բանտի պատերին, իրենք միասին են գնում, և հրճվում էր այս մտքից, ինչպես երջանկությունից։

Եվ իրոք, նրանք այնպես համաձայն էին գնում, կարծես ամեն օր երկար խոսելիս լինեին միմյանց հետ։ Լիգիայի մեջ նույնպես ոչ մի այլ ցանկություն չկար, ոչ մի հույս, բացի հանդերձյալ կյանքի հույսից։ Մահը նրան ոչ միայն ազատություն էր երևում բանտի սարսափելի պատերի միջից, այլև Վինիկիոսի հետ ամուսնության օր։ Այս անդրդվելի հավատի նկատմամբ ուրիշ ամեն ինչ կորցնում էր իր նշանակությունը։ Մահից հետո նրա համար մինչև անգամ երկրային երջանկություն էր սկսվում, և այս պատճառով սպասում էր մահվան նաև այնպես, ինչպես հարսնացուն սպասում է հարսանյաց պահին։

Հավատի այս անդիմադրելի հորձանքը, որ գետնից պոկում էր և գերեզմանի մյուս կողմն էր տանում այդ առաջին հավատացյալներին, հափշտակեց նաև Ուրսուսին։ Նա էլ երկար ժամանակ չէր կամենում համաձայնել, որ Լիգիան մեռնի. բայց քանի որ ամեն օր բանտի պատերի մյուս կողմից լուրեր էին հասնում, թե ինչ է կատարվում ամֆիթատրոններում ու պարտեզներում, քանի որ մահը բոլոր քրիստոնյաների ընդհանուր, անխուսափելի վիճակն էր երևում և նրանց բարիքը, որ գերազանցում էր երջանկության մասին մահկանացուների ունեցած բոլոր գաղափարներից, լիգն է՛լ չէր համարձակվում աղոթել Քրիստոսին, որ նա այդ երջանկությունից զրկի Լիգիային, կամ դա երկար տարիներ ուշացնի նրա համար։ Իր պարզամիտ բարբարոսական հոգով նա մտածում էր, թե լիգերի առաջնորդի աղջկան ավելի վայել են և ավելի պիտի հասնեն այդ երկնային հրճվանքները, քան այն հասարակ մարդկանց, որոնց թվին պատկանում էր ինքն էլ, և թե հավիտենական փառքի մեջ նա ավելի մոտիկ կնստի «Գառան» մոտ, քան ինքը։ Ճիշտ է, լսել էր, որ աստծու առջև մարդիկ հավասար են, բայց նրա հոգու խորքում արմատացած էր այն համոզմունքը, թե առաջնորդի, այն էլ բոլոր լիգերի առաջնորդի դուստրը նույնը չէ, ինչ որ առաջին պատահած ստրկուհին։ Նա հույս ուներ նաև, որ Քրիստոսն իրեն թույլ կտա այնտեղ էլ ծառայել Լիգիային։ Ինչ իրեն էր վերաբերում, նա միայն մի ծածուկ ցանկություն ուներ, այն է՝ կարողանար այնպես մեռնել, ինչպես «Գառը»՝ խաչի վրա։ Բայց դա նրան այնպիսի մեծ երջանկություն էր երևում, որ թեև գիտեր, որ Հռոմում խաչում են նույնիսկ ամենավատթար ոճրագործներին, չէր համարձակվում անգամ աղոթել այդպիսի մահվան համար։ Նա մտածում էր, որ իրեն անկասկած վիճակված է մեռնել վայրի գազանների ատամների տակ, և այդ նրան ներքին վիշտ էր պատճառում։ Մանուկ հասակից ի վեր նա ապրել էր անանցանելի անտառներում, շարունակ որսորդությամբ պարապելով, և մինչև հասակ առնելն արդեն հռչակվել էր լիգերի մեջ շնորհիվ իր գերմարդկային ուժի։ Որսորդությունը նրա այնպես սիրած պարապմունքն էր, որ երբ Հռոմում էր և պետք է հրաժարվեր նրանից, հաճախում էր վիվարիոններն ու ամֆիթատրոնները, որպեսզի գոնե նայի ծանոթ և անծանոթ գազաններին. նրանց տեսքը նրա մեջ կռվելու և սպանելու անդիմադրելի ցանկություն էր հարուցում, և այժմ հոգու խորքում վախենում էր, չլինի թե երբ իրեն կվիճակվի ամֆիթատրոնում երես առ երես կանգնել գազանների դեմ, իրեն պաշարեն այնպիսի մտքեր, որոնք վայել չեն քրիստոնյային, որ պետք է բարեպաշտությամբ և համբերությամբ մեռնի։ Բայց նա այս բանի մեջ ապավինել էր Քրիստոսին՝ մխիթարվելով ուրիշ, ավելի քաղցր մտքերով։ Լսելով, որ «Գառը» պատերազմ է հայտարարել դժոխային զորություններին և չար ոգիներին՝ քրիստոնեական հավատը դասելով բոլոր հեթանոսական աստվածություններին, Ուրսուսը մտածում էր, որ ինքն այդ պատերազմի մեջ չէ՞ որ շատ պետք կգա «Գառին» և կկարողանա նրան ծառայել ուրիշներից լավ. որովհետև նրա գլխում այն էլ չէր կարող տեղավորվել, որ իր հոգին ուրիշ նահատակների հոգիներից ուժեղ չպիտի լիներ։ Վերջապես, նա ամբողջ օրերով աղոթք էր անում, ծառայություններ էր մատուցում բանտարկվածներին, օգնում էր վերակացուներին և մխիթարում իր արքայադստերը, որ երբեմն ցավում էր, որ իր կարճատև կյանքում չկարողացավ այնքան բարիքներ անել, որքան արել էր հայտնի Տաբիթան[433], որի մասին մի ժամանակ իրեն պատմել էր Պետրոս առաքյալը։ Բանտապահները, որոնց նույնիսկ բանտի մեջ երկյուղ էր ազդում այդ հսկայի սարսափելի ուժը (այդ ուժի՛ն համապատասխան ո՛չ շղթա, ո՛չ վանդակ կար), վերջում սիրեցին նրան նրա քաղցրաբարո բնավորության համար։ Շատ անգամ, նրա ջինջ տրամադրությունից զարմացած՝ նրանք հարցնում էին դրա պատճառը. իսկ Ուրսուսն այնպիսի անկասկած համոզմունքով էր պատմում, թե ինչպիսի կյանք է իրեն սպասում մահվանից հետո, որ նրանք զարմանքով լսում էին նրան, առաջին անգամ տեսնելով, որ արևի ճառագայթների համար անթափանցելի գետնափորը կարող է երջանկություն մտնել։ Եվ երբ նա դրդում էր նրանց, որ հավատան «Գառին», շատերի մտքով անցնում էր, որ իրենց պաշտոնը ստրուկի պաշտոն է, իսկ կյանքը` թշվառականի կյանք, և շատերն սկսում էին մտածել իրենց դառն վիճակի մասին, որի վերջը պետք է միայն մահը լիներ։

Բայց նրանց այդ մահը նոր երկյուղով էր պարուրում, և նրանից հետո նրանք ոչնչի չէին սպասում, մինչդեռ այդ լիգիական հսկան և այդ աղջիկը, որ բանտի ծղոտի վրա ձգած ծաղկի էր նմանվում, ուբախությամբ դիմում էին նրան, իբրև երջանկության նախագավթի։

ԳԼՈՒԽ ԻԲ

Մի երեկո Պետրոնիոսին այցելեց սենատոր Սկևինոսը և երկար խոսակցություն սկսեց նրա հետ իրենց ապրած ծանր ժամանակների և Կեսարի մասին։ Նա այնպես պարզ էր խոսում, որ Պետրոնիոսը, չնայելով որ բարեկամ էր նրան, սկսեց իրեն զգույշ պահել։ Նա գանգատվում էր, որ աշխարհը ծուռ է գնում, և որ այդ ամենը պիտի վերջանա որևէ շատ ավելի սարսափելի պատահարով, քան Հռոմի հրդեհն էր։ Ասում էր, թե մինչև անգամ ավգուստիանները դժկամում են. թե Ֆենիոս Ռուֆիոսը՝ պրետորիանների մյուս պրեֆեկտը, մեծ դժվարությամբ է տանում Տիգելլինոսի զազրելի կառավարությունը, և թե Սենեկայի ամբողջ տոհմը վերին աստիճանի զայրացած է թե՛ ծերունի ուսուցչի և թե՛ Լուկանոսի նկատմամբ ցուցաբերվող Կեսարի վարքից։ Վերջում նշեց նաև, որ ժողովուրդը դժգոհ է, մինչև անգամ պրետորիանները, որոնց մեծ մասին Ֆենիոս Ռուֆիոսը կարողացել էր գրավել իրենց կողմը։

— Ինչի՞ համար ես այդ ասում,— հարցրեց նրան Պետրոնիոսը։

— Կեսարի նկատմամբ ունեցած կարեկցանքից,— պատասխանեց Սկևինոսը։— Մի հեռավոր ազգական ունեմ պրետորիանների մեջ, որ ինձ պես Սկևինոս է կոչվում, և նրա միջոցով գիտեմ, թե ինչ է կատարվում բանակում... Դժգոհությունն աճում է և այնտեղ... Կալիգուլան, գիտես, նույնպես խելագար մարդ էր, և տես, թե ինչ եղավ։ Չէ՞ որ գտնվեց Կասիոս Քերեա՜... Սարսափելի արարմունք էր, և անկասկած մեր մեջ ոչ մեկը չկա, որ գովի նրան, այնուամենայնիվ Քերեան աշխարհն ազատեց հրեշից։

— Գուցե,— ասաց Պետրոնիոսը,— ուզում ես ասել. «Ես Քերեային չեմ գովում, բայց նա հիանալի մարդ էր, և երանի թե աստվածները մեզ ավելի շատ այդպիսի մարդիկ տան»։

Բայց Սկևինոսը խոսքը փոխեց և անսպասելիորեն սկսեց գովաբանել Պիսոնին։ Փառաբանում էր նրա տոհմը, նրա ազնվությունը, նրա սերը կնոջ նկատմամբ, և վերջապես խելքը, խաղաղ բնավորությունը և մարդկանց սիրտը շահելու զարմանալի ընդունակությունը։

— Կեսարն անորդի է,— ասաց նա,— և բոլորը նրա հաջորդ են նկատում Պիսոնին։ Անկասկած, ամեն մեկը կօգներ նրան ամբողջ հոգով՝ իշխանություն ձեռք բերելու։ Ֆենիոս Ռուֆիոսր սիրում է նրան, Աննեոսների տոհմն ամբողջովին նրան է նվիրված, Պլավտիոս Լատերանոսը և Տուլլիոս Սենեկիոնը նրա համար կրակը կնետվեին։ Նույնպես և Նատալիսը, և Սուբրիոս Ֆլավիոսը, և Սուլպիկիոս Ասպերը, և Ատրանիոս Քվինկտիանոսը, մինչև անգամ Վեստինոսը։

— Այu վերջինից Պիսոնը շատ օգուտ չի ունենա,— պատասխանեց Պետրոնիոսը։— Վեստինոսը սեփական ստվերից էլ վախենում է։

— Վեստինոսը վախենում է երազներից և ոգիներից,— պատասխանեց Սկևինոսը,— բայց նա գործունյա մարդ է, որին իզուր չէ, որ կամենում են կոնսուլ նշանակել։ Իսկ որ նա իր հոգու մեջ հակառակ է քրիստոնյաների հալածանքին, այդ բանի մեջ դու նրան չպետք է մեղադրես, որովհետև քեզ համար էլ կարևոր է, որ այդ խենթությունները վերջանան։

— Ոչ թե ինձ, այլ Վինիկիոսի համար,— ասաց Պետրոնիոսը,— Վինիկիոսի համար կուզեի մի աղջիկ ազատել, բայց չեմ կարողանում, որովհետև Կեսարի աչքից ընկել եմ։

— Ինչպե՞ս։ Մի՞թե չես նկատում, որ Կեսարը նորից մոտենում է և սկսում է խոսել քեզ հետ։ Ես կասեմ քեզ, թե ինչի՛ համար։ Նա նորից պատրաստվում է գնալ Աքայա, ուր պետք է երգի իր ստեղծագործած հունարեն երգերը։ Փափագում է այդ ճանապարհորդությունը, բայց միևնույն ժամանակ դողում է՝ մտածելով հույների հեգնող բնավորության մասին. երևակայում է, թե կարող է իրեն կամ ամենամեծ հաղթանակ, կամ ամենամեծ անկում վիճակվել։ Նրան բարի խորհուրդ է հարկավոր, և նա գիտե, որ քեզնից լավ այդ ոչ ոք չի կարող անել։ Դա է պատճառը, որ այժմ նորից շնորհի ես արժանանում։

— Լուկանոսը կտրող է փոխարինել ինձ։

— Պղնձամորուսն ատում է նրան և արդեն մտքում մահ է վճռել նրա համար։ Միայն պատրվակ է որոնում, որովհետև նա միշտ պատրվակեր է որոնում։ Լուկանոսը հասկանում է, որ պետք է շտապել։

— Կաստորը վկա՜,— ասաց Պետրոնիոսը։— Շատ հնարավոր է։ Բայց մի միջոց էլ կունենայի Կեսարի շնորհը վաստակելու։

— Ի՞նչ։

— Կրկնել Պղնձամորուսին այն, ինչ մի րոպե առաջ ինձ ասացիր։

— Ես ոչինչ չեմ ասել,— շփոթված գոչեց Սկևինոսը։ Իսկ Պետրոնիոսը ձեռքը նրա ուսին դրեց։

— Կեսարին խելագար անվանեցիր, նրա հաջորդ հիշեցիր Պիսոնին և ասացիր. «Լուկանոսը հասկանում է, որ հարկավոր է շտապել»։ Այդ ի՞նչ եք կամենում շտապեցնել, carrissime!

Սկևինոսը գունատվեց, և մի քանի րոպե նրանք նայում էին միմյանց աչքերի մեջ։

— Չե՛ս կրկնի։

— Կիպրիդի ազդրերը վկա՛։ Ի՜նչ լավ ես ինձ ճանաչում։ Ո՛չ, չե՛մ կրկնի։ Ոչինչ չեմ լսել և չեմ էլ կամենում լսել... Հասկանո՞ւմ ես։ Կյանքը շատ կարճ է, որ արժանի լինի մի բանի ձեռնարկել։ Միայն խնդրում եմ քեզ, որ այսօր այցելես Տիգելլինոսին և խոսես նրա հետ նույնչափ երկար, որչափ և ինձ հետ, ինչի մասին որ ուզում ես։

— Ինչո՞ւ։

— Որպեսզի, եթե երբևիցե Տիգելլինոսն ինձ ասի. «Սկևինոսը եղել է քեզ մոտ», կարողանայի նրան պատասխանել. «Միևնույն օրը եղել է նաև քեզ մոտ»։

Սկևինոսը, լսելով այս, կոտրեց ձեռքի փղոսկրե ձեռնափայտը, և պատասխանեց.

— Թող չարը խափանվի այս ձեռնափայտով։ Այսօր կլինեմ Տիգելլինոսի մոտ, իսկ հետո Ներվայի մոտ՝ մեծարքին։ Չէ՞ որ դու էլ ես լինելու։ Համենայն դեպս, ցտեսություն մինչև մյուս օրն ամֆիթատրոնում, ուր պետք է դուրս գան մնացած քրիստոնյաները... Ցտեսությո՜ւն։

— Մյուս օ՜րը,— մենակ մնալով կրկնեց Պետրոնիոսը։— Ուրեմն՝ կորցնելու ժամանակ չունենք։ Ահենոբարբին իսկ որ հարկավոր եմ Աքայայում, ուստի գուցե նա իմ խոսքին նշանակություն տա։

Եվ վճռեց փորձել վերջին միջոցը։

Ներվայի մոտ մեծարքին ինքը Կեսարը ցանկացավ, որ Պետրոնիոսը բազմի իր դիմաց, կամենում էր խոսել նրա հետ Աքայայի և այն քաղաքների մասին, որտեղ կարող էր ամենամեծ հաջողության հույսով բեմ դուրս գալ։ Ամենից ավելի նրան մտահոգում էին աթենացիները, որոնցից վախենում էր։ Մնացած ավգուստիանները լարված ուշադրությամբ լսում էին այդ խոսակցությունը, որպեսզի Պետրոնիոսի կարծիքների փշրանքները հավաքելով հետո իրենց սեփական կարծիքների տեղ ցույց տան դրանք։

— Թվում է ինձ, թե մինչև այսօր չեմ ապրել,— ասաց Ներոնը,— և թե պետք է ծնվեմ միայն Հունաստանում։

— Կծնվես նոր փառքի ու անմահության համար,— պատասխանեց Պետրոնիոսը։

— Հույս ունեմ, որ այդպես կլինի, և որ Ապոլլոնը նախանձոտ չի լինի։ Եթե հաղթանակով վերադառնամ, նրան մի այնպիսի հեկատոմբե կզոհեմ, որպիսին դեռ ոչ մի աստված չի ստացել մինչև օրս։

Սկևինոսն սկսեց կրկնել Հորացիոսի ոտանավորը.

 

Sic te diva potens Cypri

sic fratres Helenae, lucida sidera

ventorumque regat pater[434].

 

— Նավն արդեն կանգնած է Նեապոլում,— ասաց Կեսարը։— Կուզեի հենց վաղը ճանապարհ ընկնել։

Այս խոսքի վրա Պետրոնիոսը վեր կացավ և, նայելով ուղղակի Ներոնի աչքերի մեջ, ասաց.

— Թույլ տուր, աստվածային, որ ճանապարհ ընկնելուց առաջ հարսանյաց ուրախություն սարքեմ և հրավիրեմ ամենից առաջ քեզ։

— Հարսանյաց ուրախությո՜ւն. ո՞ւմը,— հարցրեց Ներոնը։

— Վինիկիոսի և լիգերի արքայադստեր ու քո պատանդի։ Նա, ճիշտ է, այժմ բանտում է, բայց նախ՝ որպես պատանդ չի կարող բանտում լինել, և ապա ինքդ պատվիրեցիր Վինիկիոսին ամուսնանալ նրա հետ, և որովհետև քո վճիռները Զևսի վճիռների պես անդրդվելի են, ուստի կհրամայես արձակել նրան բանտից, իսկ ես կհանձնեմ նրան փեսացուին։

Պետրոնիոսի սառնարյունությունն ու ինքնավստահությունը շփոթեցրին Ներոնին, որը միշտ շփոթվում էր, երբ մեկը նրա հետ այդ եղանակով էր խոսում։

— Գիտեմ,— պատասխանեց նա աչքերը խոնարհելով։— Մտածել եմ նրա և այն հսկայի մասին, որ խեղդեց Կրոտոնին։

— Եթե այդպես է, երկուսն էլ փրկված են,— հանգիստ պատասխանեց Պետրոնիոսը։

Բայց Տիգելլինոսն օգնության եկավ իր տիրոջը։

— Նա բանտումն է Կեսարի հրամանով, իսկ դու ինքդ ասացիր, Պետրոնիոս, որ նրա վճիռներն անդրդվելի են։

Բոլոր ներկա եղողները, գիտենալով Վինիկիոսի և Լիգիայի պատմությունը, լավ հասկանում էին խնդրի լրջությունը, ուստի լռեցինք հետաքրքրվելով, թե ինչպես է վերջանալու խոսակցությունը։

— Նա բանտումն է քո սխալանքի պատճառով և միջազգային օրենքի քո անգիտությամբ, Կեսարի կամքի հակառակ,— շեշտելով պատասխանեց Պետրոնիոսը։— Պարզամիտ մարդ ես, Տիգելլինոս, բայց, այնուամենայնիվ, դու էլ չես պնդի, որ նա է այրել Հռոմը. վերջապես, եթե մինչև անգամ պնդեիր, Կեսարը քեզ չէր հավատա։

Բայց Ներոնն արդեն սառել էր և սկսել էր իր կարճատես աչքերը պշացնել անասելի չարությամբ։

— Պետրոնիսսն արդարացի է,— քիչ հետո ասաց նա։

Տիգելլինոսը զարմանքով նայեց նրան։

— Պետրոնիոսն արդարացի է,— կրկնեց Ներոնը.— վաղը կբացվեն նրա բանտի դռները, իսկ հարսանյաց ուրախության մասին կխոսենք մյուս օրն ամֆիթատրոնում։

«Նորից տանուլ տվի»,— մտածեց Պետրոնիոսը։

Եվ տուն վերադառնալով՝ նա արդեն այնպես հավատացած էր, որ հասել է Լիգիայի կյանքի վերջը, և առավոտյան վաղ ամֆիթատրոն ուղարկեց մի հավատարիմ ազատագրի, որպեսզի սպոլիարիոնի[435] վերակացուի հետ պայմանավորվի աղջկա դիակը իրենց հանձնելու, որովհետև ուզում էր այն տալ Վինիկիոսին։

ԳԼՈՒԽ ԻԳ

Ներոնի օրով սովորական էին դարձել՝ առաջ սակավ և միայն բացառիկ պարագաներում կրկեսում և ամֆիթատրոնում տրվող երեկոյան ներկայացումները։ Ավգուստիանները սիրում էին այս ներկայացումները, որովհետև դրանցից հետո հաճախ տեղի էին ունենում մեծարքներ ու կոնծաբանություններ, որոնք տևում էին մինչև առավոտ։ Թեև ժողովուրդը կշտացած էր արդեն արյունահեղությունից, այնուամենայնիվ, երբ լուր տարածվեց, թե խաղերի վերջն է հասնում և թե մնացած քրիստոնյաները պիտի մեռնեն երեկոյան ներկայացման ժամանակ, անթիվ անհամար մարդիկ շտապեցին ամֆիթատրոն։ Ներկա էին բոլոր ավգուստիանները առանց բացառության, գուշակելով, որ այդ սովորական մի ներկայացում չի լինի, և որ Կեսարը վճռել է Վինիկիոսի վիշտն իր համար ողբերգություն շինել։ Տիգելլինոսը գաղտնիք էր պահում, թե ինչպիսի չարչարանք էր նշանակված երիտասարդ տրիբունի հարսնացուի համար, բայց այդ միայն ավելի էր գրգռում ընդհանուրի հետաքրքրությունը։ Նրանք, որոնք մի ժամանակ Լիգիային տեսել էին Պլավտիոսների տանը, այժմ հրաշքներ էին պատմում նրա գեղեցկության մասին։ Ուրիշներին նախ և առաջ այն հարցն էր զբաղեցնում, թե արդյոք այսօր այդ աղջկան իրոք կտեսնե՞ն արենայի վրա, որովհետև այն մարդկանցից շատերը, որոնք լսել էին Ներվայի տանը Կեսարի՝ Պետրոնիոսին տված պատասխանը, երկու տեսակ էին մեկնում այդ։ Մի քանիսն ուղղակի ենթադրում էին, թե Ներոնը Վինիկիոսին կտա կամ գուցե արդեն տվել է աղջկան. հիշեցնում էին միմյանց, որ նա պատանդ է, որ և այդ պատճառով ազատ էր իր ուզած աստվածությունները դավանելու և որին արգելում էր պատժել միջազգային օրենքը։

Անհայտությունը, սպասողությունն ու հետաքրքրությունը պաշարել էին բոլոր հանդիսականներին։ Կեսարը սովորականից ավելի շուտ եկավ, և նրա գալուն պես նորից սկսեցին շշնջալ, թե երևի մի որևէ արտասովոր բան է տեղի ունենալու, քանի որ Ներոնին, բացի Տիգելլինոսից և Վատինիոսից, ընկերակցում էր ահագին կազմվածքի ու ահագին ուժի տեր Կասսիոս կենտուրիոնը, որին Կեսարը իր հետ էր վերցնում միայն այն Ժամանակ, երբ կողքին կամենում էր պաշտպան ունենալ, օրինակ՝ երբ ցանկանում էր Սուբուռայում գիշերային արշավանքներ կատարել և այդ ժամանակ զվարճանալ «sagatio»֊ով։ Այս զբոսանքի էությունն այն էր, որ զինվորական թիկնոցով վեր էին նետում ճանապարհին պատահած կանանց։ Նույնպես նկատեցին, որ ամֆիթատրոնում էլ ձեռք էին առնված զգուշության մի քանի միջոցներ։ Պրետորիանական պահապանների թիվը շատացել էր, իսկ հրամանատարությունը հանձնված էր ոչ թե կենտուրիոնին, այլ Սուբրիոս Ֆլավիոս տրիբունին, որ մինչև այդ հայտնի էր Ներոնի նկատմամբ տածած իր կույր սիրով։ Այն ժամանակ ամենքը հասկացան, որ Կեսարը համենայն դեպս կամենում է իրեն ապահովեցնել Վինիկիոսի հուսահատության բռնկումից, և հետաքրքրությունն ավելի ևս սաստկացավ։

Բոլորի հայացքները լարված ուշադրությամբ ուղղվեցին դեպի այն կողմը, որտեղ նստած էր դժբախտ նշանածը։ Իսկ սա՝ սաստիկ գունատված, քրտնքի կաթիլները ճակատին, նույնպես անորոշության մեջ էր, ինչպես մյուսները, բայց ծանր ապրումներով և խռովված մինչև հոգու խորքերը։ Պետրոնիոսը, ինքն էլ լավ չգիտենալով՝ ինչ է տեղի ունենալու, ոչինչ չասաց նրան, այլ Ներվայի մոտից վերադառնալով, միայն հարցրեց՝ արդյոք ամեն բանի պատրա՞ստ է և ապա՝ արդյոք գնալո՞ւ է ներկայացմանը։ Վինիկիոսը երկու հարցերին էլ պատասխանեց. «Այո՛», բայց սարսուռ անցավ նրա մարմնով, որովհետև հասկացավ, որ Պետրոնիոսն առանց պատճառի չի հարցնում։ Ինքն արդեն հայտնի ժամանակից ի վեր կարծես միայն կես կյանքով էր ապրում. խորասուզվել էր մահվան մեջ և համաձայնվել էր, որ Լիգիան մեռնի, որովհետև մահը իրենց երկուսի համար միաժամանակ և՛ ազատություն էր, և հարսանիք. բայց այժմ հասկացավ, որ այլ բան է հեռվից մտածել վերջին րոպեի, իբրև հանգիստ նիրհումի մասին, և այլ բան՝ գնալ նայելու այն էակի չարչարանքներին, որ կյանքի ամենաթանկագին էակն է։ Բոլոր առաջ զգացած ցավերը վերանորոգվեցին նրա մեջ։ Հանդարտված հուսահատությունը նորից սկսեց գոչել հոգու մեջ. նրան ընդգրկեց նախկին ցանկությունը՝ ինչ գնով էլ լինի, ազատել Լիգիային։ Առավոտվանից կամենում էր մտնել կունիկուլոնները, որպեսզի համոզվի, թե արդյոք Լիգիան այնտե՞ղ է, բայց պրետորիանական պահապանները հսկում էին բոլոր մուտքերը, և պատվերներն այնպես խիստ էին, որ մինչև անգամ ծանոթ զինվորների սրտերը չմեղմացան ոչ աղաչանքներից, ոչ ոսկուց։ Վինիկիոսին թվում էր, թե անհավաստիությունն իրեն կսպանի առաջ, քան կտեսնի ներկայացումը։ Այնտեղ, սրտի խորքում, դեռ ծփում էր հույսը, թե գուցե Լիգիան ամֆիթատրոնում չէ, և թե իր ամբողջ երկյուղը զուր է։ Երբեմն նա ամբողջ ուժով բռնում էր այդ հույսի ծայրից։ Ասում էր ինքն իրեն, որ Քրիստոսը կարող է թույլ տալ նրան բանտ գցել, բայց չի կարող թույլ տալ, որ չարչարեն կրկեսում։ Առաջ արդեն ամեն բանի մեջ հաշտվել էր Նրա կամքի հետ. իսկ այժմ, երբ կունիկուլոնների դռներից քշվելով, վերադարձավ ամֆիթատրոն և նստեց իր տեղը, երբ իր վրա նետված հետաքրքիր հայացքներից հասկացավ, որ ամենասարսափելի ենթադրությունները կարող են ճշտվել, նա սկսեց հոգու մեջ պաղատել Քրիստոսին՝ համարյա սպառնալիքի հասնող ջերմեռանդությամբ։ «Դու կարո՛ղ ես»,— կրկնում էր նա՝ ջղաձգությամբ սեղմելով ձեռքերը. «Դու կարո՛ղ ես»։ Դրանից առաջ նա չէր կարծում, որ այդ րոպեն եթե իրականություն դառնա, այսպես սարսափելի կլինի։ Այժմ, իրեն հաշիվ չտալով նրա համար, ինչ կատարվում էր իր մեջ, նա սակայն զգում էր, որ եթե տեսնի Լիգիայի չարչարանքը, իր սերն ատելության կփոխվի, իսկ հավատը՝ հուսահատության։ Նաև զարհուրում էր այս զգացմունքից, վախենում էր վիրավորել Քրիստոսին, որից աղերսում էր գթություն ու հրաշք։ Արդեն Լիգիայի կյանքը չէր խնդրում. ուզում էր միայն, որ մեռնի առաջ, քան թե նրան դուրս կբերեն արենա, և կսկծի անհատակ անդունդից կրկնում էր հոգու մեջ. «Գոնե այդ մի՛ մերժիր ինձ, իսկ ես Քեզ կսիրեմ ավելի, քան սիրում էի մինչև այսօր»։ Վերջը նրա մտքերն անզուսպ դարձան, ինչպես փոթորկից բարձրացած ալիքները։ Նրա մեջ վրեժխնդրության ու արյունահեղության փափագ էր ծնվում։ Խելացնոր ցանկություն էր տիրում՝ հարձակվելու Ներոնի վրա և բոլոր հանդիսականների աչքի առջև խեղդելու նրան, նաև զգում էր, որ այս ցանկությամբ նորից վիրավորում է Քրիստոսին և Նրա պատվիրաններն է խախտում։ Երբեմն նրա գլխում փայլատակում էր հույսը, թե հզոր ու ողորմած ձեռքը դեռևս կհեռացնի այն ամենը, ինչից իր հոգին սարսռում էր, բայց այդ փայլատակումներն իսկույն մարում էին՝ կարծես չափազանց վշտից, որ Նա, ով որ կարող է մի խոսքով հիմնահատակ անել այս կրկեսն ու փրկել Լիգիային, այնուամենայնիվ թողել է նրան, թեև Լիգիան ապավինել է նրան իր մաքուր սրտի բոլոր ուժերով։ Եվ ապա մտածում էր, որ ահա նա պառկած է այնտեղ, մութ կունիկուլոնում, թույլ, անզեն, լքված, թողնված գազանացած պահապանների շնորհին, գուցե վերջին շունչը բերանում, իսկ ինքը պիտի անճար սպասի նրան այս սարսափելի ամֆիթատրոնում, չգիտենալով, թե ինչ չարչարանք է նրա համար հնարված և ինչ կտեսնի մի րոպեից։ Վերջապես, իբրև մի մարդ, որ անդունդ ընկնելիս բռնում է ամենից, ինչ որ հայտնվում է ափին, երկու ձեռքերով բռնեց այն մտքից, թե միայն հավատով կարող է փրկել նրան։ Չէ՞ որ միայն այդ միջոցն էր մնում, չէ՞ որ Պետրոսն ասում էր, որ հավատով կարելի է գետինը շարժել հիմքից։

Եվ նա ուժերը հավաքեց, իր մեջ զսպեց կասկածը, ամբողջ իր էությունը պարփակեց մի խոսքի մեջ «հավատում եմ», և սպասում էր հրաշքի։

Բայց ինչպես չափազանց ձգված լարը պետք է կտրվի, այնպես էլ նրան ուժասպառ արեց այս ջանքը։ Մեռելային գունատությունը ծածկեց նրա դեմքը, և մարմինն սկսեց անզգայանալ։ Այն ժամանակ նա մտածեց, որ իր աղաչանքը լսելի է եղել, որովհետև ահա մեռնում է. նրան թվաց, որ Լիգիան, անտարակույս, պիտի որ նույնպես մեռած լինի, և որ Քրիստոսն այս եղանակով առնում է նրանց Իր մոտ։ Արենան, անթիվ հանդիսականների սպիտակ տոգաները, հազարավոր լապտերների ու ջահերի լույսը, բոլորը միասին անհետացան նրա աչքից։

Բայց այս տկարությունը երկար չտևեց։ Մի քանի րոպեից նա արթնացավ, կամ ավելի ճիշտ՝ նրան արթնացրեց անհամբեր ժողովրդի ոտքերի դոփյունը։

— Հիվանդ ես,— ասաց նրան Պետրոնիոսը,— հրամայիր, որ քեզ տուն տանեն։

Եվ ուշադրություն չդարձնելով նրա վրա, թե ինչ կասի Կեսարը, վեր կացավ, Վինիկիոսի թևի տակից բռնելու և նրա հետ դուրս գնալու համար։ Նրա սիրտը կարեկցությամբ լցվեց, և, բացի այդ, նրան չափազանց գրգռում էր այն, որ Կեսարը զմրուխտի միջով դիտում էր Վինիկիոսին, բավականությամբ ուսումնասիրելով նրա վիշտը, գուցե նրա համար, որ հետո այդ նկարագրի զգացված ոտանավորներով և ձեռք բերի ունկնդիրների ծափահարությունները։

Վինիկիոսը տարուբերեց գլուխը։ Կարող է մեռնել այս ամֆիթատրոնում, բայց այստեղից դուրս չի գնա։ Իսկ ներկայացումը կարող էր ամեն րոպե սկսվել։

Արդարև, հենց այդ րոպեին քաղաքապետը կարմիր թաշկինակը թափահարեց, իսկույն ճռռաց կայսերական պոդիոնի դիմացի դուռը, և նրա սև բերանից պայծառ լուսավորված արենա դուրս եկավ Ուրսուսը։

Հսկան, արենայի լույսից կուրացած, պշացնում էր աչքերը. հետո առաջ եկավ և նայում էր շուրջը, կարծես կամենալով տեսնել, թե ինչի է հանդիպելու։ Բոլոր ավգուստիաններին և հանդիսականների մեծ մասին հայտնի էր, որ սա այն մարդն է, որ խեղդեց Կրոտոնին, այդ պատճառով, նրան տեսնելով, բոլոր նստարաններից շշուկներ տարածվեցին։

Հռոմում պակաս չէին այնպիսի գլադիատորները, որոնք սովորական մարդկանցից շատ ավելի ահագին էին, բայց այսպիսին դեռ տեսած չէին քվիրիտների աչքերը։ Պոդիոնում Կեսարի ետևը կանգնած Կասսիոսը այդ լիգի առջև կարճահասակ մարդ էր երևում։ Սենատորները, վեստալուհիները, Կեսարը, ավգուստիանները և ժողովուրդը վարպետներին ու սիրահարներին հատուկ հիացմունքով նայում էին նրա հզոր, կոճղերի պես հաստ ոտքերին, երկու միացած վահաններ հիշեցնող կրծքին և հերակլյան բազուկներին։ Շշուկը հետզհետե սաստկանում էր։ Այս ամբոխի համար ուղղակի չէր կարող ավելի մեծ զվարճություն գոյություն ունենալ, քան այդպիսի մկանունք տեսնելը խաղի, մարզության կամ կռվի մեջ։ Շշուկը փոխվում էր աղաղակների և տենդային հարցմունքների, թե որտեղ է ապրում այն ազգությունը, որ այսպիսի հսկաներ է ծնում. իսկ նա կան գնած էր ամֆիթատրոնի կենտրոնում, մերկ, ավելի քարե կոլոսի, քան թե մարդու նման, կենտրոնացած, նաև տխուր, բարբարոսական դեմքով և, տեսնելով դատարկ արենան, զարմացած նայում էր իր մանկական կապույտ աչքերով մեկ հանդիսականներին, մեկ Կեսարին, մեկ կունիկուլոնների վանդակներին, որտեղից սպասում էր դահիճներին։

Այն րոպեին, երբ դուրս էր գալիս արենա, նրա պարզամիտ սրտում վերջին անգամ ծփաց այն հույսը, թե գուցե իրեն խաչ է սպասում, բայց երբ ոչ խաչը տեսավ, ոչ էլ պատրաստի փոսը, մտածեց, որ արժանի չէ այսպիսի շնորհի և որ պետք է ուրիշ մահով մեռնի, և հավանական է՝ գազանների ժանիքներից։ Անզեն էր և վճռեց մեռնել, ինչպես վայել է «Գառան» հետևողին՝ հանգիստ և խոնարհությամբ։ Մինչ այդ նա կամենում էր մեկ էլ աղոթել Փրկչին և, չոքելով արենայի վրա, ձեռքերը ծալեց, աչքերն ուղղեց աստղերին, որոնք պսպղում էին կրկեսի գլխի բացվածքի միջով։

Ամբոխը չհավանեց այս դիրքը։ Արդեն բավականին քրիստոնյաներ էր տեսել, որոնք մեռնում էին ոչխարների պես։ Հասկացան, որ եթե հսկան չուզենա պաշտպանվել, տեսարանը կանհամանա։ Այս և այնտեղ լսվեցին սուլոցներ։ Մի քանիսն սկսեցին գոչել, որ բերեն մաստիգոֆորներին, որոնք կոչված էին մտրակելու կռվել չցանկացող մարտիկներին։ Մի րոպեից սակայն ամեն ինչ լռեց (ոչ ոք չգիտեր, թե ինչ է սպասում հսկային, և արդյոք չի՞ կամենա կռվել, երբ երես առ երես հանդիպի մահին)։

Արդեն երկար չէին սպասելու։ Հանկարծ լսվեց պղնձե շեփորների սուր ձայնը, այս նշանի վրա բացվեց կայսերական պոդիոնի դիմացի վանդակը, և բեստիարները աղաղակներով արենա դուրս քշեցին մի ահագին գերմանական ցուլ կանացի մերկ մարմինը գլխին կապած։

— Լիգիա՜, Լիգիա՜,— աղաղակեց Վինիկիոսը։

Հետո ձեռքերով բռնեց քունքերի մոտի մազերը, կծկվեց, ինչպես մի մարդ, որ իր մեջ նիզակի ծայրը կզգա, և խռպոտ, ոչ մարդկային ձայնով սկսեր կրկնել.

— Հավատո՜ւմ եմ, հավատո՜ւմ եմ... Քրիստո՜ս... հրա՜շքդ...

Եվ մինչև անգամ չզգաց, թե այդ րոպեին Պետրոնիոսն ինչպես տոգայով ծածկեց նրա գլուխը։ Թվում էր, թե այդ մահն է կամ ցավը իր աչքերը փակում։ Չէր նայում, չէր տեսնում։ Նրան պաշարեց մի սարսափելի դատարկության զգացում։ Գլխում միտք չմնաց, միայն շրթունքները կարծես խելագարված կրկնում էին.

— Հավատո՜ւմ եմ, հավատո՜ւմ եմ, հավատո՜ւմ եմ...

Իսկ ամֆիթատրոնը լուռ էր։ Ավգուստիանները մեկ մարդու պես ոտքի կանգնեցին, քանի որ արենայի վրա մի արտասովոր բան կատարվեց։ Ահա խոնարհ ու մեռնելու պատրաստ լիգը, տեսնելով իր արքայադստերը վայրի գազանի եղջյուրների վրա, վեր թռավ, կարծես կենդանի կրակով խանձված, և մեջքը ոլորելով, սկսեց կողք֊կողք վազել կատաղած գազանի դեմ։

Բոլոր կրծքերից դուրս թռավ զարմանքի կարճ բացականչություն, որից հետո խուլ լռություն տիրեց։ Լիգը այդ միջոցին մի ակնթարթում հասավ կատաղած եզին և բռնեց նրան եղջյուրներից։

— Տե՛ս,— գոչեց Պետրոնիոսը՝ ետ ձգելով տոգան Վինիկիոսի գլխից։

Երիտասարդը ոտքի կանգնեց, բարձրացրեց քաթանի պես սպիտակ դեմքը և սկսեց ապակե, անգիտակցական աչքերով նայել արենային։

Լիգը վայրի գազանին բռնել էր եղջյուրներից։ Նրա ոտքերը, կոճերից վեր, թաղվել էին ավազի մեջ, ողնաշարը ոլորվել էր լարված աղեղի պես, գլուխը ծածկվել ուսերում, բազուկների մկաններն այնպես էին ուռել, որ կաշին քիչ էր մնում տրաքվեր նրանց ճնշումից, բայց, այնուամենայնիվ, տեղնուտեղը կանգնեցրել էր եզրին։ Թե մարդը և թե գազանը մնում էին այսպես անշարժ, այնպես որ հանդիսականներին թվում էր, թե մի պատկեր են տեսնում, որ Հերակլեսի կամ Թեսեոսի սխրագործություններն է ներկայացնում, կամ քարից քանդակած մի խումբ։ Բայց այս առերես հանգստության մեջ երևում էր երկու իրար հետ մրցող ուժերի սարսափելի լարում։ Ցուլը ոտքերով, ինչպես և մարդը, թաղվել էր ավազի մեջ. նրա մուգ, բրդոտ մարմինը կծկվել էր այնպես, որ նման էր մի ահագին գնդի։ Առաջինը ո՞վ ուժասպառ կլինի, առաջինը ո՞վ կընկնի, ահա այն հարցը, որ կռիվների սիրահար այս հանդիսականների համար այդ րոպեին ավելի մեծ նշանակություն ուներ, քան իրենց սեփական վիճակը, քան ամբողջ Հռոմը և նրա տիեզերական իշխանությունը։ Այդ լիգն այժմ նրանց համար մի կիսաստված էր՝ պաշտամունքի ու արձանների արժանի։ Ինքը Կեսարը նույնպես ոտքի կանգնեց։ Նա և Տիգելլինոսը, լսելով այդ մարդու ուժի մասին, դիտմամբ սարքել էին այդ ներկայացումը և ծաղրելով ասում էին միմյանց. «Թող այդ կրոտոնասպանը հաղթի մեր ընտրած ցուլին», իսկ այժմ զարմանքով նայում էին իրենը առաջ եղած տեսարանին, կարծես չհավատալով, որ դա կարող է իրականություն լինել։ Ամֆիթատրոնում կարելի էր այնպիսի մարդիկ տեսնել, որոնք ձեռքերը տարածելով քարացել էին այդ դրության մեջ։ Ուրիշների ճակատը թրջվել էր քրտնքից, կարծես իրենք կռվելիս լինեին գազանի դեմ։ Կրկեսում լսելի էր միայն լապտերների բոցի սոսափյունը և ջահերից վայր ընկնող ածուխների ձայնը։ Ձայները սառան հանդիսականների շրթունքներին, իսկ սրտերը դրա փոխարեն այնպես էին բաբախում կրծքերի տակ, կարծես ուզում էին ճայթեցնել դրանք։ Բոլորին թվում էր, թե կռիվը դարեր է տևում։

Իսկ մարդն ու գազանը շարունակ կանգնած էին նույն տեղում, մեխվածի պես։

Հանկարծ խուլ, հառաչանքի նմանող մռնչյուն լսվեց արենայից, որից հետո բոլոր կրծքերից բացականչություն դուրս թռավ, և նորից տիրեց լռություն։ Մարդիկ կարծում էին, թե երազ է. ահա՝ եզի ահագին գլուխն սկսեց ոլորվել բարբարոսի երկաթե ձեռքերի մեջ։

Լիգի դեմքը, պարանոցն ու բազուկները կարմրեցին ծիրանիի պես, ողնաշարը ավելի ևս ծռվեց։ Երևում էր, որ հավաքում է իր գերմարդկային ուժի մնացորդը, բայց որ արդեն երկար չի բավականանալու այդ։

Ցուլի ավելի ու ավելի խուլ, խռպոտ և ավելի ու ավելի ցավագար մռնչյունը խառնվում էր հսկայի կրծքի սուլող շնչառության հետ։ Գազանի գլուխն ավելի ոլորվեց, իսկ բերանից դուրս կախվեց երկար, փրփրոտ լեզուն։

Մի րոպե ևս և ավելի մոտիկ նստած հանդիսականների ականջին հասավ կոտրտվող ոսկորների ձայնը, և ապա անասունը գետին տապալվեց՝ վիզը կոտրված։

Այդ ժամանակ հսկան մի ակնթարթում պարանները քակեց նրա եղջյուրներից և, թևերի վրա առնելով աղջկան, սկսեց արագ֊արագ շունչ քաշել։

Նրա դեմքը գունատվել էր, մազերը կպել էին քրտնքից, ուսերն ու բազուկերը թվում էին ջրով թրջված։ Մի րոպե կանգնել էր կարծես կիսով չափ ուշաթափված, բայց հետո բարձրացրեց աչքերը և սկսեց նայել հանդիսականներին։

Իսկ ամֆիթատրոնը կորցրեց խելքը։

Շենքի պատերն սկսեցին դղրդալ մի քանի տասնյակ հազարների աղաղակներից։ Ներկայացումներն սկսվելու օրից այսպիսի հիացմունք չէր տեսնվել։ Վերևի շարքերում նստածները տեղերը թողին և սկսեցին ցած իջնել, խռնվելով միջանցքներում, որպեսզի ավելի մոտիկից տեսնեն ամեհի լիգին։ Ամեն կողմից թնդացին շնորհման մոլեգին, համառ ձայներ, որոնք շուտով մի ընդհանուր աղաղակի փոխվեցին։ Այդ հսկան այժմ մարմնական ուժի սիրահար այդ ժողովրդի համար թանկագին էակն ու Հռոմի առաջին անձնավորությունը դարձավ։

Իսկ նա հասկացավ, որ ժողովուրդը պահանջում է, որ իրեն կյանք ու ազատություն պարգևի, բայց ակներև էր, որ նա միայն իր մասին չէր մտածում։ Մի րոպե նա իր շուրջն էր նայում. հետո մոտեցավ կայսերական պոդիոնին և, օրորելով աղջկա մարմինը իր տարածված բազուկների վրա, աչքերը բարձրացրեց աղերսական հայացքով, կարծես ուզում էր ասել.

— Սրա՜ն գթացեք, սրա՜ն ազատեցեք. սրա՜ համար ես այդ արի։

Հանդիսականները շատ լավ հասկացան, ի՛նչ էր ուզում։ Տեսնելով ուշաթափված աղջկան, որ լիգի ահագին մարմնի մոտ փոքրիկ մանուկ էր երևում, հուզմունքը տիրեց ամբոխին, ասպետներին, սենատորներին։ Նրա փոքրիկ և ալեբաստրի պես սպիտակ մարմինը, նրա ուշաթափությունը, այն սարսափելի վտանգը, որից ազատեց նրան այդ հսկան, և վերջապես նրա գեղեցկությունը և լիգի սերը շարժեցին սրտերը։ Մի քանիսը կարծում էին, թե հայրն է գթություն պաղատում իր աղջկա համար։ Կարեկցությունը հանկարծ, բռնկվեց բոցի պես։ Հերիք էր արդեն արյունը, հերիք էր մահը, հերիք էին չարչարանքները։ Արտասուքներից խեղդվող ձայներն սկսեցին շնորհում պահանջել երկուսի համար։

Ուրսուսն այդ միջոցին շրջում էր արենայի շուրջը և, իր բազուկների վրա օրորելով աղջկան, շարժումներով և աչքերով կյանք էր պաղատում նրա համար։ Իսկ Վինիկիոսը հանկարծ վեր թռավ տեղից, ցատկեց արենան առաջին շարքից բաժանող շրջապատի վրայից և, Լիգիայի մոտ վազելով, նրա մերկ մարմինը ծածկեց տոգայով։

Հետո նա պատռեց տոգան իր կրծքի վրա, բաց արեց սպիները, որոնք մնացել էին հայկական պատերազմի մեջ ստացած վերքերից, և ձեռքը պարզեց դեպի ժողովուրդը։

Այն Ժամանակ ամֆիթատրոնում ամբոխի հափշտակությունն անցավ տեսնված չափերից։ Խուժանն սկսեց ոտքերով դոփել ու դղրդացնել։ Շնորհում պահանջող ձայներն ուղղակի սպառնալից դարձան։ Ժողովուրդն արդեն ոչ միայն մարզիկի կողմն էր կանգնում, այլև օրիորդի, զինվորականի և նրանց սիրո պաշտպան էր դառնում։ Հազարավոր հանդիսականներ դարձան Կեսարի կողմը բարկության կայծերն աչքերում և սեղմված բռունցքներով։ Իսկ նա այնուամենայնիվ ուշացնում էր և տատանվում։ Ճիշտ է, Վինիկիոսին չէր ատում, և Լիգիայի մահը նրան ոչ մի օգուտ չէր բերելու, բայց կգերադասեր աղջկա մարմինը ցուլի եղջյուրներով կամ գազանների ժանիքներով գզգզված տեսնել։ Ինչպես նրա դավանությունը, այդպես և նրա այլասերված երևակայությունն ու այլասերված ցանկությունները մի տեսակ զվարճություն էին գտնում այդպիսի տեսարաններից։ Իսկ ահա ժողովուրդը կամենում էր զրկել նրան այդ զվարճությունից։ Այս մտքից բարկություն երևաց նրա պարարտացած դեմքին։ Անձնասիրությունը նույնպես թույլ չէր տալիս հնազանդվել ամբոխի կամքին, բայց իր բնածին երկչոտության շնորհիվ չէր համարձակվում հակառակել նրան։

Ուստի սկսեց նայել շուրջը, թե արդյոք գոնե ավգուստիանների մեջ չի՞ տեսնի ներքև ուղղված մատներ՝ ի նշան մահվան։ Բայց Պետրոնիոսը ձեռքը վեր էր բարձրացրել և գրեթե կռվի հրավիրողի հայացքով էր նայում նրա երեսին։ Սնահավատ, բայց և հափշտակությունների հակված Վեստինոսը, որ վախենում էր ոգիներից, բայց չէր վախենում մարդկանցից, շնորհման նշան էր տալիս։ Նույնն անում էր և սենատոր Սկևինոսը, նույնը՝ Ներվան, նույնը՝ Տուլլիոս Սենեկիոնը, նույնը՝ հռչակավոր ծերունի զորավար Օստորիոս Սկապուլան, նույնը՝ Անտիսաիոսը, նույնը՝ Պիսոնը և՛ Վետոսը, և՛ Կրիսպինոսը, և՛ Մինուկիոս Թերմոսը, և՛ Պոնտիոս Տելեսինոսը, և՛ ամենանշանավոր, ժողովրդից հարգված Թրասեան։ Այս տեսնելով՝ Կեսարն աչքից հեռացրեց զմրուխտն արհամարհանքի ու վիրավորանքի արտահայտությամբ, իսկ այդ միջոցին Տիգելլինոսը, որի հոգսն այն էր, որ Պետրոնիոսի հակառակն անի, կռացավ և ասաց.

— Մի զիջիր, աստվածային. պրետորիանները մեր կողմն են։

Այդ ժամանակ Ներոնը դարձավ այն կողմը, որտեղ պրետորիանների հրամանատարությունը վարում էր խիստ և ամբողջ հոդով իրեն նվիրված, Սուբրիոս Ֆլավիոսը, և տեսավ անլուր մի բան։ Ծերունի տրիբունի դեմքն ահռելի էր, բայց արտասուքներով թրջված, իսկ ձեռքը վեր էր պարզված՝ ի նշան շնորհման։

Մինչ այդ՝ ամբոխին սկսեց կատաղությունը տիրել։ Փոշի էր բարձրացել տրոփող ոտքերի տակից և ծածկել ամբողջ ամֆիթատրոնը։ Աղաղակների միջից լսվում էին ձայներ. «Ահենոբա՜րբ, մայրասպա՜ն, հրդեհաձի՜գ»։

Ներոնը վախեցավ։ Ժողովուրդն ամենակալ տեր էր կրկեսում։ Նախորդ կայսրերը և մանավանդ Կալիգուլան թույլ էին տալիս իրենց երբեմն գնալ նրա կամքին հակառակ, և դա առհասարակ միշտ խռովություններ էր առաջացնում, որոնք շատ անգամ արյունահեղության էին հասնում։ Բայց Ներոնն առանձին պայմանների մեջ էր։ Նախ, իբրև կոմեդիանտ և երգիչ, ժողովրդական սիրո պետք ուներ, ապա՝ կամենում էր նրան իր կողմն ունենալ ծերակույտի ու պատրիկների դեմ և վերջապես՝ Հռոմի հրդեհից հետո բոլոր միջոցներով աշխատում էր գրավել նրա սերը և նրա բարկությունը դարձնել քրիստոնյաների դեմ։ Հասկացավ, վերջապես, որ ավելի երկար դիմադրելն ուղղակի անվտանգ չէր։ Կրկեսում սկսված խռովությունը կարող էր ամբողջ քաղաքն ընդգրկել և անակնկալ հետևանքներ ունենալ։

Ուստի մի անգամ ևս նայեց Սուրբիոս Ֆլավիոսին, սենատորի ազգական Սկևինոս կենտուրիոնին, զինվորականներին և, ամեն տեղ կիտված հոնքեր, հուզված դեմքեր ու, իրեն հառած ալքեր տեսնելով, շնորհման նշան տվեց։

Այդ ժամանակ ծափահարությունները դղրդացին վերևից մինչև ներքև։ Ժողովուրդը վստահ էր դատապարտվածների կյանքի նկատմամբ, որովհետև այդ րոպեից նրանք իր հովանավորության տակ էին մտնում, և նույնիսկ Կեսարը չէր համարձակվի իր վրեժխնդրությամբ այլևս հալածել նրանց։

ԳԼՈՒԽ ԻԴ

Չորս բյութանիացիներ Լիգիային զգուշորեն տանում էին դեպի Պետրոնիոսի տուն, իսկ Վինիկիոսը և Ուրսուսը գնում էին նրա կողքից՝ ջանալով որչափ կարելի է շուտ հանձնել նրան հույն բժշկի խնամքին։ Նրանք գնում էին լուռ, որովհետև այդ օրվա դեպքերից հետո լեզուները պապանձվել էին։ Վինիկիոսի գիտակցությունը դեռ կիսով չափ վրան չէր։ Նա կրկնում էր ինքն իրեն, թե Լիգիան փրկված է, թե նրան այլևս չի սպառնում ո՛չ բանտը, ո՛չ մահը կրկեսում, թե իրենք դժբախտությունները մի անգամ ընդմիշտ վերջացել են, և թե նրան իր տունն է տանում, որպեսզի այլևս չբաժանվի նրանից։ Եվ թվում էր, թե այդ ավելի շուտ մի ինչ֊որ նոր կյանքի սկիզբ է, քան իրականություն։ Ժամանակ առ ժամանակ նա կռանում էր բաց դեսպակի վրա այն սիրված դեմքը տեսնելու համար, որ լուսնյակի լույսով քնած էր երևում, և կրկնում էր մտքում. «Նա՜ է, նա՜ է. Քրիստոսը փրկեց նրան»։ Հիշեց նույնպես, որ սպոլիարիոնում, ուր Ուրսուսի հետ միասին տարել էր Լիգիային, երևաց մի անծանոթ բժիշկ և հավատացրեց իրեն, որ Լիգիան ողջ է և կապրի։ Այս մտքից ուրախությունը ճայթեցնում էր նրա կուրծքը, այնպես որ երբեմն թուլանում էր և հենվում Ուրսուսի ձեռքին՝ չկարողանալով սեփական ուժերով գնալ։ Իսկ Ուրսուսը նայում էր աստղազարդ երկնքին և աղոթում էր։

Նրանք արագ շարժվում էին փողոցներով, որոնց երկու կողմերում նոր կառուցված սպիտակ տները փայլփլում էին լուսնի փայլով։ Քաղաքը դատարկ էր։ Տեղ֊տեղ միայն բաղեղի պսակները գլխներին խումբ֊խումբ մարդիկ երգում էին և պարում պորտիկների առջև, սրնգի ձայներով, օգուտ քաղելով հրաշալի գիշերից և տոներից, որոնք տևում էին խաղերի սկզբից ի վեր։ Միայն երբ արդեն հեռու չէին տնից, Ուրսուսը դադարեց աղոթելուց և սկսեց կամաց շշնջալ, կարծես վախենում էր արթնացնել Լիգիային.

— Տե՛ր, Փրկիչն էր, որ ազատեց սրան մահից։ Երբ տեսա սրան ցուլի եղջյուրներին, հոգուս մեջ ձայն լսեցի. «Պաշտպանիր դրան», և դա, անկասկած, Գառան ձայնն էր։ Բանտը մաշել էր իմ ուժերը, բայց Նա մի րոպե վերադարձրեց ինձ այդ և Նա ներշնչեց այն քարասիրտ ժողովրդին, որ պաշտպան հանդիսանա սրան։ Օրհնվա՜ծ լինի Նրա կամքը։

Իսկ Վինիկիոսը պատասխանեց.

— Փառավորված լինի Նրա անունը։

Բայց չէր կարող շարունակել, որովհետև հանկարծ զգաց, որ անզուսպ հեկեկանք է հավաքվում իր կրծքում։ Անդիմադրելի ցանկություն տիրեց նրան՝ գետին ընկնել և Փրկչին շնորհակալություն հայտնել հրաշքի և ողորմածության համար։

Բայց այդ միջոցին նրանք տուն հասան. դիտմամբ առաջ ուղարկված ստրուկից իմանալով եղելությունը, ծառաները խուռն բազմությամբ դուրս էին թափվել դիմավորելու նրանց։ Պողոս Տարսոնացին դեռ Անտիոնում քրիստոնյա էր դարձրել այս մարդկանց մեծ մասին։ Վինիկիոսի դժբախտությունները նրանց շատ լավ հայտնի էին, և այս պատճառով նրանց ուրախությունը սաստիկ մեծ էր, երբ տեսան Ներոնի չարությունից ազատված այդ զոհերին, և խնդությունն ավելի մեծացավ, երբ բժիշկ Թեոկլեսը, զննելով Լիգիային, հաղորդեց, որ ոչ մի անարգանք չի կրել և որ բանտային հարինքից առաջացած թուլությունն անցնելուց հետո բոլորովին կառողջանա։

Ուշքը վերադարձավ Լիգիային նույն այդ գիշեր։ Զարթնելով փառավոր կուբիկուլոնում, որ լուսավորված էր կորնթական լապտերներով, աղավնիճի անուշահոտությունների մեջ, չէր հասկանում ուր է և ինչ է իր հետ կատարվում։ Նրա հիշողության մեջ միայն այն րոպեն էր մնացել, երբ իրեն կապում էին շղթայակապ եզի եղջյուրներից. իսկ այժմ, տեսնելով իր վրա կռացած Վինիկիոսի դեմքը, որ լուսավորված էր մեղմ գունավոր լույսով, կարծեց, թե երևի արդեն գետնի վրա չեն։ Մտքերը դեռ խառնվում էին նրա թույլ գլխում. նրան բնական բան երևաց, որ կանգ են առել մի տեղ, երկնքի ճանապարհին՝ իր տանջված ու թույլ լինելու պատճառով։ Սակայն ոչ մի ցավ չզգալով՝ նա ժպտաց Վինիկիոսին և կամենում էր նրան հարցնել, թե ուր են, բայց նրա շրթունքներից միայն կամացուկ շշուկ դուրս թռավ, որի մեջ Վինիկիոսը հազիվ կարողացավ իր անունը որոշել։

Վինիկիոսը չոքեց նրա մոտ և ձեռքը թեթևակի դնելով նրա ճակատին՝ ասաց.

— Քրիստոսը քեզ փրկեց և վերադարձրեց ինձ։

Նրա շրթունքները նորից անհասկանալի շշուկ արձակեցին, սակայն քիչ հետո նրա արտևանունքները փակվեցին, կուրծքը թեթև հոգոց հանեց, և նա խոր քուն մտավ, որին սպասում էր բժիշկ Թեոկլեսը, և որից հետո, ըստ նրա գուշակության, նա պիտի սկսեր առողջանալ։

Իսկ Վինիկիոսը նրա կողքին մնաց ծնկաչոք և աղոթքի մեջ խորասուզված։ Նրա հոգին հալվում էր այնպիսի անսահման սիրուց, որ նա բոլորովին ուշակորույս էր եղել։ Թեոկլեսը քանիցս մտավ կուբիկուլոն, քանիցս ետ քաշված վարագույրի ետևից երևաց Եվնիկեի ոսկեհեր գլուխը, վերջապես պարտեզներում բազմացրած կռունկներն սկսեցին կանչել, օրվա սկիզբն ազդարարելով, իսկ նա իր հոգու մեջ դեռ գրկում էր Քրիստոսի ոտքերը՝ չտեսնելով և չլսելով ինչ է իր շուրջը կատարվում. սիրտը մի գոհացուցիչ զոհաբերության բոցի փոխված, հափշտակված, դեռ կենդանի՝ կիսով չափ երկինք տեղափոխված։

ԳԼՈՒԽ ԻԵ

Պետրոնիոսը, Լիգիայի ազատվելուց հետո, չկամենալով գրգռել Կեսարին, մյուս ավգուստիանների հետ միասին նրա ետևից Պալատիոն գնաց։ Կամենում էր լսել, թե ինչի մասին են այնտեղ խոսելու, և, մանավանդ, համոզվել, թե արդյոք Տիգելլինոսը որևէ նոր բան չի՞ հնարելու աղջկան կորցնելու համար։ Ճիշտ է, թե՛ Լիգիան և թե՛ Ուրսուսը մի տեսակ մտնում էին ժողովրդի հովանավորության տակ, և առանց խռովություն առաջ բերելու ոչ ոք այժմ չէր կարող նրանց վրա ձեռք բարձրացնել. բայց Պետրոնիոսը, գիտենալով, թե ինչպե՛ս է իրեն ատում պրետորիական ամենազոր պրեֆեկտը, ենթադրում էր, որ նա, չկարողանալով ուղղակի դիպչել իրեն, կաշխատի դեռ որևէ եղանակով վրեժ լուծել իր քեռորդուց։

Ներոնը բարկացած էր և գրգռված, որովհետև ներկայացումը բոլորովին ուրիշ կերպ էր վերջացել, քան ցանկանում էր։ Պետրոնիոսի վրա սկզբում նայել անգամ չէր ուզում. բայց սա, սառնարյունությունը չկորցնելով, մոտեցավ նրան «arbiter elegantiarum»֊ին հատուկ ամբողջ ազատությամբ և ասաց նրան.

— Գիտե՞ս, աստվածային, ի՞նչ է իմ մտքով անցնում։ Գրիր մի երգ, թե ինչպես տիեզերքի տերը հրամայում է օրիորդին ազատել վայրի ցուլի եղջյուրներից և տալիս է նրա սիրահարին։ Հույներն զգայուն սիրտ ունեն, և, հավատացած եմ, որ նրանց կհիացնի այդպիսի երգը։

Ներոնին, չնայելով նրա ամբողջ գրգռման, այս միտքը հաճելի և կրկին հաճելի թվաց, նախ՝ որպես երգի նյութ և ապա, որ կարող էր փառաբանել նրա մեջ ինքն իրեն, ինչպես տիեզերքի վեհանձն տեր, ուստի մի րոպե նայեց Պետրոնիոսին և ասաց.

— Այո, գուցե արդարացի ես։ Բայց մի՞թե վայել է, որ սեփական բարությունս երգեմ։

— Հարկ չկա, որ անունդ մեջ բերես, Հռոմում ամեն մեկն առանց այդ էլ կհասկանա, թե խոսքն ում մասին է, իսկ Հռոմից լուրերն ամբողջ աշխարհն են տարածվում։

— Եվ հավատացա՞ծ ես, որ երգս կհավանեն Աքայայում։

— Պոլլուքսը վկա՜,— բացականչեց Պետրոնիոսը։

Եվ հեռացավ գոհ. այժմ նա արդեն հավատացած էր, որ Ներոնը, որի ամբողջ կյանքը եղել էր իրականության կերպարանափոխում գրական ստեղծագործությունների համեմատ, չի կամենա իր նյութը փչացնել և հենց դրանով կկապի Տիգելլինոսի ձեռքերը։ Այնուամենայնիվ նա չփոխեց իր՝ Վինիկիոսին Հռոմից հեռացնելու մտադրությունը, հենց որ Լիգիայի առողջությունը կդադարի արգելք լինել դրան։ Այդ պատճառով, հետևյալ օրն իր քեռորդուն տեսնելով, ասաց նրան.

— Տար նրան Սիցիլիա։ Այնպիսի բան պատահեց, որ Կեսարի կողմից ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում. բայց Տիգելլինոսը պատրաստ է մինչև անգամ թույնի դիմել՝ ատելով եթե ոչ ձեզ, գոնե ինձ։

Վինիկիոսն այս խոսքերի վրա ժպտաց և պատասխանեց.

— Նա ցուլի եղջյուրների վրա էր, այնուամենայնիվ Քրիստոսը փրկեց նրան։

— Պատվիր նրան հեկատոմբեով,— գրեթե սրտնեղությամբ պատասխանեց Պետրոնիոսը,— բայց մի՛ ստիպիր երկրորդ անգամ փրկել աղջկան։ Հիշո՞ւմ ես, ինչպե՛ս ընդունեց Եվոլոսը Ոդիսևսին, երբ սա վերադարձավ երկրորդ անգամ՝ նրանից հաջող հողմ խնդրելու[436]։ Աստվածները չեն սիրում կրկնել։

— Երբ Լիգիայի առողջությունը կվերականգնվի,— պատասխանեց Վինիկիոսը,— կտանեմ նրան Պոմպոնիա Գրեկինայի մոտ։

— Եվ շատ լավ արած կլինես, մանավանդ որ Պոմպոնիան հիվանդ պառկած է։ Այդ ինձ հայտնել է Ավլոսների ազգական Անտիստիոսը։ Այստեղ այդ միջոցին այնպիսի դեպքեր կլինեն, որ մարդիկ կմոռանան ձեր մասին. իսկ ներկա ժամանակներում ամենաբախտավորները նրանք են, որոնց մասին մոռանում են։ Թող Ֆորտունան ձեզ համար արև լինի ձմռանը և ամռանը՝ ստվեր։

Այս ասելով՝ նա Վինիկիոսին թողեց իր երջանկությամբ զմայլվելու, իսկ ինքը գնաց Թեոկլեսից՝ Լիգիայի առողջության և կյանքի մասին տեղեկություն առնելու։

Լիգիային արդեն վտանգ չէր սպառնում։ Գետնափորում, բանտային հարինքից թուլացած, նա կմեռներ ապականված օդից և անհարմարություններից. բայց այժմ նրան շրջապատում էր ամենախնամատար հոգացողություն, ունևորություն, մինչև իսկ՝ առատություն։ Թեոկլեսի պատվերի համաձայն, երկու օրից հետո նրան սկսեցին դուրս տանել դղյակը շրջապատող պարտեզները, ուր նա մնում էր ժամերով։ Վինիկիոսը նրա դեսպակը զարդարում էր հարսնուկներով ու հիրիկներով՝ նրան Ավլոսների տան ատրիոնը հիշեցնելու համար։ Սաղարթախիտ ծառերի ստվերում առանձնացած՝ նրանք հաճախ, միմյանց ձեռքը բռնած, խոսում էին անցած վշտերի ու անցած նեղությունների մասին։ Լիգիան ասում էր նրան, որ Քրիստոսը նրան դիտմամբ տարավ չարչարանքի ճանապարհով, որպեսզի փոխի նրա հոգին և բարձրացնի նրան դեպի ինքը. իսկ Վինիկիոսը զգում էր, որ այդ ճշմարիտ է, և որ իր մեջ նախկին պատրիկից ոչինչ չի մնացել, այն պատրիկից, որ ոչ մի ուրիշ իրավունք չէր ճանաչում, բացի իր սեփական ցանկությունից։ Բայց այս հիշողությունների մեջ ոչ մի դառնություն չկար։ Նրանց երկուսին էլ թվում էր, թե այդ սարսափելի անցյալը գտնվում է արդեն հեռու, իրենց ետևում։ Այդ միջոցին նրանց այնպիսի անդորրություն էր տիրում, որպիսին երբեք չէին զգացել մինչև այդ օրը։ Մի ինչ֊որ նոր, սաստիկ երանելի կյանք էր գալիս նրանց դեմից և նրանց առնում իր մեջ։ Հռոմում կարող էր խենթություններ անել Կեսարը և աշխարհը լցնել խռովությամբ. նրանք, իրենց վրա հարյուր անգամ ավելի հզոր հովանավորություն զգալով, արդեն չէին վախենում ոչ նրա չարությունից, ոչ էլ նրա խենթություններից, այնպես որ, կարծես թե դադարել էր իրենց կյանքի կամ մահվան տերը լինելուց։ Մի անգամ, արևը մայր մտնելիս, նրանք լսեցին հեռավոր վիվարիոններից հասնող առյուծների և վայրի այլ գազանների մռնչյունները։ Մի ժամանակ այդ ձայները խռովեցին Վինիկիոսի սիրտը, իբրև չար գուշակություն։ Իսկ այժմ նրանք միայն ժպիտով նայեցին միմյանց և հետո իրենց աչքերն ուղղեցին վերջալույսին։ Երբեմն Լիգիան, դեռ շատ թույլ լինելով և չկարողանալով առանց ուրիշի օգնության ման գալ, քնում էր պարտեզի խաղաղության մեջ, իսկ նա հսկում էր նրան և ակամա մտածում էր, որ դա արդեն այն Լիգիան չէ, որին հանդիպել էր Ավլոսների մոտ։ Բանտն ու տկարությունը, իրոք, մասամբ պակասեցրել էին նրա գեղեցկությունը։ Այն ժամանակ, երբ նրան տեսել էր Ավլոսների տանը, և հետո, երբ եկել էր նրան Միրիամի տնից խլելու, նա հրաշագեղ էր ինչպես արձան և ինչպես ծաղիկ, իսկ այժմ նրա դեմքը գրեթե թափանցիկ էր դարձել, ձեռքերը նիհարել էին, մարմինը հիվանդությունից ուժաթափվել էր, շրթունքները գունատվել էին և մինչև անգամ աչքերը պակաս կապույտ էին երևում, քան առաջ։ Ոսկեհեր Եվնիկեն, որ նրա համար ծաղիկներ էր բերում և թանկագին կերպասներ՝ ոտքերը ծածկելու համար, Լիգիայի առջև Կիպրոսի աստվածությունն էր հիշեցնում։ Գեղագետ Պետրոնիոսը իզուր էր ճիգ թափում, որպեսզի նրա մեջ նախկին հրապույրը գտնի, և ուսերը շարժելով հոգու խորքում մտածում էր, որ Ելիսեյան դաշտերի այդ ուրվականը արժանի չէր այն ջանքերին, այն վշտահարություններին, որոնք քիչ էր մնում քամեին Վինիկիոսի կյանքը։ Բայց Վինիկիոսը, որ այժմ նրա հոգին էր սիրում, առավել ևս սիրում էր նրան և երբ հսկում էր քնածի վրա, թվում էր, թե հսկում է ամբողջ աշխարհի վրա։

ԳԼՈՒԽ ԻԶ

Լիգիայի հրաշքով ազատվելու լուրը արագ տարածվեց քրիստոնյաների մնացորդների մեջ, որոնք մինչև այդ օրը ազատ էին մնացել հալածանքից։ Հավատացյալներն սկսեցին հավաքվել տեսնելու նրան, որով ավելի ակներև երևաց Քրիստոսի շնորհը։ Նախ և առաջ եկավ Նազարիասը Միրիամի հետ, որոնց մոտ մինչև այդ ժամանակ թաքնվում էր Պետրոս առաքյալը. նրանց ետևից շտապեցին և ուրիշները։ Բոլորը միասին, Վինիկիոսի, Լիգիայի և Պետրոնիոսի քրիստոնյա ստրուկների հետ միատեղ, ուշադրությամբ լսում էին Ուրսուսի պատմությունն այն ձայնի մասին, որ իր հոգու մեջ հնչեց և պատվիրեց իրեն մարտնչել վայրենի անասունի հետ. և ամենքը հեռանում էին քաջալերված այն հույսով, թե Քրիստոս թույլ չի տա աշխարհի երեսից ոչնչացնել իր բոլոր հավատացյալներին, առաջ, քան թե ինքը կգա ահեղ դատաստանին։ Եվ այս հույսը նրանց սիրտ էր տալիս, որովհետև հալածանքը դեռ չէր դադարել։ Ում վրա որ հասարակական ձայնն իբրև քրիստոնյայի վրա էր մատնացույց անում, նրան վիգիլներն իսկույն քարշ էին տալիս բանտերը։ Ճիշտ է, զոհերն արդեն ավելի սակավաթիվ էին, որովհետև հավատացյալների մեծ մասն արդեն կալանավորված էր և չարչարված, իսկ մնացածները կամ փախել էին Հռոմից, հեռավոր նահանգներում փոթորկի անցնելուն սպասելու համար, կամ ամենայն զգուշությամբ թաքնվում էին, և չէին համարձակվում ընդհանուր աղոթքներին հավաքվել այլ տեղ, եթե ոչ քաղաքից դուրս գտնվող արենարիաներում։ Այնուամենայնիվ, նրանց դեռևս հետևում էին, և չնայելով, որ իսկական խաղերն արդեն վերջացել էին, նրանց պահում էին հաջորդ խաղերի համար, կամ շտապ դատում էին։ Թեև հռոմեական ժողովուրդն արդեն չէր հավատում, որ քրիստոնյաներն էին քաղաքի հրդեհի պատճառը, այնուամենայնիվ, նրանց դեմ հրովարտակը շարունակում էր պահպանել իր ուժը։

Պետրոս առաքյալը երկար չէր համարձակվում երևալ Պետրոնիոսի տանը, բայց վերջապես մի երեկո Նազարիասն ազդարարեց նրա գալուստը։ Լիգիան, որ արդեն ման էր գալիս, և Վինիկիոսը ընդառաջ վազեցին և սկսեցին նրա ոտքերը գրկել. իսկ նա ողջունում էր նրանց առավել մեծ հուզմունքով, քանի որ արդեն շատ ոչխարներ չէին մնացել այն հոտից, որը Քրիստոսն իրեն էր հանձնել հովվելու, և որի վիճակի վրա լաց էր լինում այժմ իր մեծ սիրտը։ Եվ երբ Վինիկիոսն ասաց նրան. «Տե՛ր, քեզ սիրելով, Փրկիչը վերադարձրեց սրան ինձ», նա պատասխանեց. «Նա վերադարձրեց սրան քեզ քո հավատի համար և նրա համար, որ չլռեն բոլոր շրթունքները, որոնք փառավորում էին Նրա անունը»։ Եվ ակներև էր, որ այդ ժամանակ նա մտածում էր իր այն հազարավոր զավակների մասին, որոնց պատառել էին վայրի գազանների ժանիքները, այն խաչերի մասին, որոնցով լցված էին արենաները, և «Գազանի» պարտեզների բոցեղեն սյուների մասին, որովհետև նա այդ խոսքերը սաստիկ թախիծով էր ասում։ Վինիկիոսը և Լիգիան նկատեցին, որ նրա մազերը բոլորովին ճերմակել են, ամբողջ կազմվածքը ծռվել է, իսկ դեմքին այնքան տխրություն ու տառապանք է դրոշմված, կարծես ինքն անցած լիներ այն ցավերի և չարչարանքների միջով, որոնց միջով անցել էին Ներոնի կատաղության ու ցնորամտության զոհերը։ Բայց երկուսն էլ արդեն հասկանում էին, որ քանի որ ինքը Քրիստոսն իր անձը չարչարանքի ու մահվան մատնեց, ոչ ոք չի կարող նրանից խույս տալ։ Այնուամենայնիվ նրանց սիրտը պատառ֊պատառ էր լինում՝ տեսնելով տարիքի, աշխատանքի և կսկծի ծանրությունից ճնշված առաքյալին։ Ուստի Վինիկիոսը, որ մի քանի օրից հետո արդեն մտադիր էր Լիգիային Նեապոլ տանելու, ուր պետք է Պոմպոնիային հանդիպեին, և այնուհետև հեռանալու Սիցիլիա, սկսեց աղաչել նրան, որ իրենց հետ միասին թողնի Հռոմը։

Բայց առաքյալը ձեռքը դրեց նրա գլխին և պատասխանեց.

— Լսում եմ ահա հոգուս մեջ Տիրոջ խոսքերը, որ Տիբերական լճի ափին ասաց ինձ. «Երբ դու ավելի երիտասարդ էիր, գոտևորվում էիր և գնում էիր, ուր որ կամենում էիր. բայց երբ կծերանաս, կպարզես ձեռքերդ, և մեկ ուրիշը քեզ կգոտևորի ու կառաջնորդի, ուր որ չես կամենում»։ Ուստի պետք է, որ ես գնամ իմ հոտի ետևից։

Եվ որովհետև նրանք լռում էին, չհասկանալով, թե ինչ է ասում, ավելացրեց.

— Վախճանին է հասնում աշխատությունս, բայց հյուրընկալություն ու հանգիստ կգտնեմ միայն Տիրոջ տանը։

Ապա դարձավ նրանց և ասաց. «Հիշեցեք ինձ, որովհետև սիրում էի ձեզ, ինչպես հայրը սիրում է իր զավակներին. իսկ ինչ որ կյանքի մեջ անելու լինեք, արեք Տիրոջ փառքի համար»։

Այս ասելով՝ նրանց վրա տարածեց իր ծերացած դողդոջուն ձեռքերը և օրհնեց նրանց. իսկ նրանք սեղմվում էին նրան, զգալով, որ այդ գուցե վերջին օրհնությունն է, որ ստանում են նրա ձեռքից։

Սակայն նրանց մի անգամ ևս վիճակվեց տեսնել Պետրոսին։ Մի քանի օրից հետո Պետրոնիոսը երկյուղալի լուրեր բերեց Պալատիոնից։ Այնտեղ պարզվել էր, որ Կեսարի ազատագիրներից մեկը քրիստոնյա էր, և գտել էին նրա մոտ Պետրոս ու Պողոս առաքյալների, նաև՝ Հակոբի և Հովհաննեսի թղթերը։ Տիգելլինոսին վաղուց հայտնի էր, որ Պետրոսը Հռոմում է, բայց նա կարծում էր, թե նա ոչնչացել է հազարավոր ուրիշ հավատացյալների հետ միասին։ Այժմ երևաց, որ նոր հավատի երկու զորավիգները մինչև այդ օրը կենդանի են և գտնվում են մայրաքաղաքում, ուստի վճռված էր որոնել նրանց և անպատճառ ձերբակալել, որովհետև հույս ունեին, թե միայն նրանց մահով պոկված կլինեն ատելի աղանդի վերջին արմատները։ Պետրոնիոսը լսել էր Վեստինոսից, որ ինքը Կեսարը հրաման է արձակել, որ երեք օրվա ընթացքում թե Պետրոսը և թե Պողոս Տարսոնացին Մամերտինյան բանտում լինեն, և որ պրետորիանների ամբողջ վաշտեր ուղարկվեն՝ խուզարկելու Անդրտիբերիսի բոլոր տները։

Վինիկիոսը, իմանալով այս, վճռեց գնալ առաքյալին նախազգուշացնելու։ Երեկոյան նա և Ուրսուսը, գալլիաեան թիկնոցները վրաները ձգած և գլխանոցներով դեմքերը ծածկած, շտապեցին Միրիամի տուն, որտեղ մնում էր Պետրոսը, այդ տունը գտնվում էր անդրտիբերիսյան արվարձանի ծայրամասում, Հանիկուլյան բլրի ստորոտում։ Ճանապարհին տեսնում էին զինվորներով շրջապատված տներ. ինչ֊որ անհայտ մարդիկ ցուցմունքներ էին տալիս պրետորիաններին։ Արվարձանը տակն ու վրա էր եղել, իսկ տեղ֊տեղ հավաքվել էին հետաքրքիր խմբեր։ Այս և այնտեղ կենտուրիոնները հարցաքննում էին ձերբակալված բանտարկյալներին՝ հարցնելով նրանց Պետրոս Սիմոնի և Տարսոնացի Պողոսի մասին։

Ուրսուսն ու Վինիկիոսը, կանխելով զինվորներին, հաջողությամբ հասան Միրիամի բնակարանը, ուր գտան Պետրոսին հավատացյալներից մի քանիսի շրջապատում։ Պողոս Տարսոնացու օգնական Տիմոթեոսը և Լիննոսը նույնպես առաքյալի հետ էին։

Մոտալուտ վտանգի լուրը լսելով՝ Նազարիասը բոլորին գաղտնի անցքով դուրս տարավ մինչև պարտեզի դռնակը, իսկ այստեղից՝ ամայի թողած քարհանքերը, որոնք մի քանի հարյուր քայլ էին հեռու Հանիկուլյան դարպասից։ Ուրսուսն այդ միջոցին պետք է իր թևերի վրա տաներ Լիննոսին, որի փշրված ոսկորները չարչարանքներից հետո դեռ չէին ողջացել։ Հենց որ նրանք մտան գետնափորը, իրենց ապահով զգացին և Նազարիասի վառած ճրագի լույսով սկսեցին կամացուկ խորհրդածել, թե ինչպե՛ս ազատեն առաքյալի՝ իրենց համար թանկագին կյանքը։

— Տե՛ր,— ասաց նրան Վինիկիոսը,— թող վաղը լուսադեմին Նազարիասը քաղաքից քեզ Ալբանոյի լեռները տանի։ Այնտեղ քեզ կգտնենք և մեզ հետ կտանենք Անտիոն, ուր մեզ մի նավ է սպասում, որով ես և Լիգիան պիտի տեղափոխվենք Նեապոլ և Սիցիլիա։ Բախտի օր կլինի այն օրը և այն ժամը, երբ դու իմ տան շեմքը կկոխես և կօրհնես իմ օջախը։

Մյուսներն ուրախությամբ լսում էին նրան և հարկադրում էին առաքյալին.

— Թաքնվիր, մեր հովիվ, որովհետև Հռոմում կենդանի չես մնա։ Պահիր կենդանի ճշմարտությունը, որպեսզի չկորչի մեզ և քեզ հետ միասին։ Լսիր մեզ, որ պաղատում ենք քեզ, իբրև հոր։

— Արա՛ այդ հանուն Քրիստոսի,— գոչում էին մյուսները՝ բռնելով նրա զգեստից։

Իսկ նա պատասխանեց.

— Իմ զավակնե՜ր. ով գիտե, թե երբ է Տերը իմ կյանքին վախճան տալու։

Բայց չէր ասում, որ Հռոմը չի թողնի, և ինքը վարանում էր, թե ինչ անի, որովհետև վաղուց արդեն նրա հոգու մեջ անվստահություն և մինչև անգամ շփոթություն էր մտել։ Չէ՞ որ նրա հոտը ցրված էր, գործը քանդված, եկեղեցին, որը կառուցել էր քաղաքի հրդեհից առաջ իբրև մի պերճ ծառ, գետին էր տապալված «Գազանի» զորությամբ։

Ոչինչ չէր մնացել, բացի արտասուքներից։ Ցանքսը առատ հունձ էր տվել, բայց սատանան ոտնակոխ արեց այն։ Հրեշտակների բազմությունն օգնության չեկավ նահատակվողներին, և ահա Ներոնը փառքի մեջ բազմել է տիեզերքի վրա՝ ահարկու, ավելի հզոր, քան երբևէ, տեր բոլոր ծովերի ու բոլոր ցամաքների։ Շատ անգամ արդեն աստվածային ձկնորսը առանձնության մեջ ձեռքերը պարզել էր դեպի երկինք և հարցրել. «Տե՛ր, ի՞նչ պետք է անեմ։ Ինչպե՞ս մնամ և ինչպե՞ս անզոր ծերունիս պետք է կռվեմ չարի այս անծայր ուժի դեմ, որին թույլ ես տվել իշխել և հաղթանակել»։

Եվ այսպես գոչում էր չափազանց կսկծի խորքից, կրկնելով հոգու մեջ. «Չկան արդեն այն ոչխարները, որոնց հովվել ինձ հրամայեցիր. չկա Քո եկեղեցին, անապատ է և որբ Քո մայրաքաղաքը, ուստի ի՞նչ կհրամայես ինձ այժմ։ Պե՞տք է արդյոք մնամ այստեղ, թե պետք է հոտիս մնացորդները վերցնեմ և ծովերի մյուս ափը տանեմ, որպեսզի թաքստի մեջ փառավորենք Քո անունը»։

Եվ վարանում էր։ Հավատում էր, որ կենդանի ճշմարտությունը չի կորչի և պետք է գերակշիռ լինի, բայց երբեմն մտածում էր, թե դեռ դրա ժամանակը չի հասել և թե այդ ժամանակը միայն այն օրը կհասնի, երբ Տերը ոտք կդնի գետին դատաստանի օրը, փառքի ու զորության մեջ, որ հարյուր անգամ զորեղ է Ներոնի զորությունից։

Հաճախ նրան թվում էր, որ եթե ինքը թողնի Հռոմը, հավատացյալները կերթան իր ետևից, և ինքն այն ժամանակ կտանի նրանց հեռու, Գալիլիայի ստվերախիտ պարտեզները, դեպի Տիբերական ջինջ ծովը, հովիվների մոտ, որոնք խաղաղ են, որպես աղավնիներ կամ որպես այն ոչխարները, որոնք այնտեղ արածում են ծոթրինի ու նարդոսի դաշտերում։ Եվ անդորրության ու հանգստի ավելի և ավելի մեծ փափագը, լճի և Գալիլիայի ավելի և ավելի մեծ կարոտը տիրում էր նրա ձկնորսական սրտին, ավելի և ավելի հաճախ էին արտասուքներ երևում ծերունու աչքերին։

Բայց երբ մի րոպե արդեն ընտրություն էր անում, նրան հանկարծակի երկյուղ ու անհանգստություն էր տիրում, թե ինչպես թողնի այդ քաղաքը, ուր գետինն այնքան նահատակների արյուն է ծծել և ուր այնքան մեռնողների շրթունքներ ճշմարտության վկայություն էին տվել։ Ի՞նքը միայն պիտի խույս տա դրանից։ Եվ ի՞նչ պիտի պատասխանի Տիրոջը, երբ լսի Նրա խոսքերը. «Ահա նրանք մեռան իրենց հավատի համար, իսկ դու փախար»։

Քանի՜֊քանի՜ գիշեր֊ցերեկ նա անց էր կացրել այսպես թախծի և տանջանքի մեջ։ Ուրիշները, որոնց պատառոտել էին առյուծները, որոնց մեխել էին խաչերին, որոնց այրել էին Կեսարի պարտեզներում, չարչարանքների մի քանի վայրկյաններից հետո ննջեցին ի Տեր, իսկ նա ննջել չէր կարող և զգում էր ավելի մեծ տանջանք, քան այն տանջանքներն էին, որ հնարել էին դահիճները զոհերի համար։ Լույսը հաճախ արդեն լուսավորում էր տների տանիքները, երբ նա դեռ կոծում էր վշտահար սրտի խորքից.

— Տե՜ր, չէ՞ որ դու ինձ հրամայեցիր այստեղ գալ և «Գազանի» այս որջի մեջ Քո աթոռը հաստատել։

Տիրոջ մահվանից ի վեր երեսուն և չորս տարի հանգստություն չէր ունեցել։ Գավազանը ձեռքին շրջել էր աշխարհը և քարոզել «բարության ավետիսը»։ Նրա ուժերը սպառվել էին ճանապարհորդություններից և աշխատանքից, և երբ վերջապես այս քաղաքում, որ աշխարհի գլուխ էր, հաստատեց Վարդապետի գործը, Չարի մի բոցեղեն շունչ այրեց այդ գործը, և նա տեսնում էր, որ պետք է նորից սկսի կռիվը։ Եվ որպիսի՜ կռիվ։ Մի կողմից՝ Կեսարը, ծերակույտը, ժողովուրդը, լեգեոնները, որոնք երկաթե օղակով պատել էին ամբողջ աշխարհը, անհամար քաղաքները, անհամար երկրները,— մի զորություն, որպիսին մարդկային աչքը չէր տեսել. մյուս կողմից՝ ինքը, տարիքով ու վաստակով այնքան ճնշված մի ծերուկ, որի դողդոջուն ձեռքերը հազիվ էին կարողանում ճամփորդական ցուպ բռնել։

Ուստի երբեմն նա ասում էր իրեն, որ իր գործը չէ Հռոմի Կեսարի հետ գրոհ տալ, և որ այդ գործը կարող է կատարել միայն ինքը Քրիստոսը։

Այս բոլոր մտքերն արագ անցնում էին նրա մտատանջ գլխով, երբ նա լսում էր իր հավատացյալների վերջին խմբակի աղաչանքները. իսկ սրանք, ավելի և ավելի շրջապատելով նրան, կրկնում էին պաղատող ձայներով.

— Թաքնվիր, ռաբբի, և մեզ դուրս տար Գազանի զորության տակից։

Վերջը Լիննոսն էլ նրա առաջ խոնարհեց իր բազմաչարչար գլուխը և՝

— Տե՛ր,— ասաց,— Փրկիչը քեզ պատվիրեց հովվել իր ոչխարները. բայց նրանք չկան այլևս, կամ վաղը չեն լինելու, ուրեմն գնա այնտեղ, որտեղ կարող ես դեռ գտնել նրանց։ Ահա դեռ կենդանի է Աստծո խոսքը Երուսաղեմում և՛ Անտիոքում, և՛ Եփեսոսում, և՛ ուրիշ տեղեր։ Ի՞նչ շահած կլինես Հռոմում մնալով։ Եթե ընկնես, միայն կմեծացնես Գազանի հաղթանակը։ Հովհաննեսի կյանքին Տերը չի սահմանել վախճան. Պողոսը Հռոմի քաղաքացի է և առանց դատարանի չեն կարող նրան պատժել. բայց եթե քեզ վրա, վարդապետ, հարձակվի դժոխային զորությունը, այն ժամանակ նրանք, որոնց սիրտը թուլացել է, կհարցնեն. «Ո՞վ է Ներոնից հզոր»։ Դու վեմ ես, որի վրա կառուցված է Աստուծո եկեղեցին։ Թող մենք մեռնենք. բայց թույլ մի տա, որ Նեռը հաղթի Աստծո փոխանորդին, և մի՛ վերադառնա այստեղ, մինչև որ Աստված չխորտակի նրան, որ այնքան անմեղ արյուն թափեց։

— Նայիր մեր արտասուքներին,— կրկնում էին բոլոր ներկա եղողները։

Արտասուքներ էին հոսում և Պետրոսի այտերով։ Բայց մի րոպեից նա վեր կացավ և, չոքածների վրա ձեռքերը պարզելով, ասաց.

— Փառավորված լինի Տիրոջ անունը, և թող կատարվի նրա կամքը։

ԳԼՈՒԽ ԻԷ

Հաջորդ օրը լուսադեմին երկու մութ կերպարանքներ Ալպիական ճանապարհով շարժվում էին դեպի Կամպանիայի հովիտները։

Նրանցից մեկը Նազարիասն էր, մյուսը՝ Պետրոս առաքյալը, որ թողնում էր Հռոմը և այնտեղ չարչարվող դավանակիցներին։

Երկինքն արևելքում արդեն բաց կանաչագույն փայլ էր ստանում, որ կամաց֊կամաց, ավելի ու ավելի որոշ կերպով ներքևից զաֆրանի գույնով էր ներկվում։ Ծառերն իրենց արծաթազօծված տերևներով, դղյակների ճերմակ մարմարիոնները և հովտի միջով դեպի քաղաքը ձգվող ջրմուղների կամարները պարզ որոշվում էին խավարի միջից։ Երկնքի կանաչն աստիճանաբար պայծառանում էր՝ թանձրանալով ոսկու գույներով։ Ապա արևելքն սկսեց վարդագունել և լուսավորեց Ալբանոյի լեռները, որոնք այնպես հրաշագեղ, մանուշակագույն էին երևում, կարծես միայն շողքերից էին ծնված։

Արշալույսն արտացոլվում էր ծառերի տերևներին դողդողացող ցողի կաթիլների մեջ։ Մառախուղը նոսրանում էր՝ ավելի ու ավելի ընդարձակ տեսարաններ բաց անելով դեպի հովիտը, նրա վրա տեղավորված տները, գերեզմանատները, քաղաքները և անտառները, որոնց մեջ սպիտակին էին տալիս մեհյանների սյուները։

Ճանապարհը դատարկ էր։ Քաղաքը բանջարեղեն բերող գյուղացիները, երևի, դեռ չէին կարողացել սայլակները լծել։ Սալաքարերից, որոնցով ծածկված էր ամբողջ ճանապարհը մինչև լեռները, խաղաղության մեջ բարձրանում էր ճամփորդական փայտե հողաթափերի ձայնը։

Հետո արևը դուրս նայեց լեռների շղթայի վրայից, և մի զարմանալի տեսիլ ընկավ առաքյալի աչքին։ Նրան թվաց, թե, ոսկե գունդը, փոխանակ ավելի ու ավելի երկինք բարձրանալու, իջել է լեռներից և շարժվում է ճանապարհով։

Այն ժամանակ Պետրոսը կանգնեց և ասաց.

— Տեսնո՞ւմ ես այն լույսը, որ մոտենում է մեզ։

— Ոչինչ չեմ տեսնում,— պատասխանեց Նազարիասը։

Բայց մի րոպեից Պետրոսը կրկին ձայն տվեց՝ աչքերը ձեռքով պաշտպանելով.

— Ինչ֊որ մարդ գալիս է դեպի մեզ արևի ճաճանչների մեջ։

Սակայն նրանց ականջին ոչ մի ոտնաձայն չէր հասնում։ Շուրջը բոլորովին հանգիստ էր։ Նազարիասը տեսնում էր միայն, որ հեռվում դողդողում էին ծառերը, կարծես մեկը նրանց թափ տալիս լիներ. արևի շողերն ավելի ու ավելի էին տարածվում հովտի մեջ։

Եվ սկսեց զարմանքով նայել առաքյալին։

— Ռաբբի, ի՞նչ պատահեց քեզ,— գոչեց նա անհանգստացած։

Իսկ Պետրոսի ձեռքից ճանապարհորդական գավազանն ընկել էր գետնին, աչքերն անշարժ առջև էին նայում, շրթունքները բաց էին, դեմքին զարմանք էր երևում, ուրախություն և զմայլանք։

Հանկարծ նա ծնկաչոք ընկավ և իր առջև տարածեց ձեռքերը, իսկ շրթունքները բացականչեցին.

— Քրիստո՜ս, Քրիստո՜ս...

Եվ գլուխը գետնին խոնարհեց, կարծես համբուրում էր մեկի ոտքերը։

Երկար տևեց լռությունը, և ապա խաղաղության մեջ լսվեց ծերունու հեկեկանքից կտրվող ձայնը.

— Quo vadis, Domine?...[437]

Եվ Նազարիասը չլսեց պատասխանը, բայց Պետրոսի ականջին հասավ մի տխուր ու քաղցր ձայն, որ ասում էր.

— «Քանի որ դու թողնում ես իմ ժողովրդին, Հռոմ եմ գնում, որպեսզի երկրորդ անգամ խաչվեմ»։

Առաքյալը փռված էր գետնին, երեսը փոշու մեջ, անշարժ և անխոս։ Նազարիասին արդեն թվաց, թե նա ուշաթափվել է կամ մեռել. բայց նա վերջապես ոտքի կանգնեց, դողդոջուն ձեռքերով բարձրացրեց ճանապարհորդական գավազանը և, ոչինչ չասելով, շրջվեց դեպի յոթնբլրյա քաղաքը։

Իսկ պատանին, տեսնելով այս, հարցրեց արձագանքի պես.

— Quo vadis, Domine?...

— Հռոմ, — պատասխանեց ցածր ձայնով առաքյալը։

Եվ վերադարձավ։

......................................

Պողոսը, Հովհաննեսը, Լիննոսն ու բոլոր հավատացյալները զարմանքով ու անհանգստությամբ ընդունեցին նրան, մանավանդ, որ հենց լուսադեմին, իսկույն նրա հեռանալուց հետո, պրետորիանները շրջապատել էին Միրիամի բնակարանը և այնտեղ որոնում էին առաքյալին։ Բայց նա նրանց բոլոր հարցերին ուրախ և հանգիստ ձայնով պատասխանում էր միայն.

— Տիրոջը տեսա՛։

Եվ նույն իսկ երեկոն գնաց Օստրիանոնի գերեզմանատուն, որպեսզի այնտեղ սովորեցնի և մկրտի նրանց, որոնք կամենում էին լվացվել կենաց ջրի մեջ։

Եվ այնուհետև ամեն օր գալիս էր այնտեղ, և նրա ետևից այնտեղ ավելի ու ավելի մեծ բազմություն էր հավաքվում։ Թվում էր, թե նահատակվածների ամեն մի արտասուքից ծնվում են նոր հավատացյալներ և թե արենայի վրա դուրս թռած ամեն մի հառաչանք արձագանք է գտնում հազարավոր կրծքերի տակ։ Կեսարը լողում էր արյան մեջ, Հռոմն ու ամբողջ հեթանոս աշխարհը խենթություններ էին անում։ Բայց նրանք, որոնք արդեն զզվել էին ոճիրներից ու խենթություններից, նրանք, որոնց ոտնակոխ էին անում, նրանք, որոնց կյանքը թշվառության ու բռնության կյանք էր, նրանք՝ այդ բոլոր բեռնավորվածները, բոլոր վշտացածները, բոլոր անբախտները, գալիս էին հրաշալի պատմությունը լսելու այն Աստծո մասին, որ մարդկանց սիրուց իրեն խաչել տվեց և քավեց նրանց մեղքերը։

Եվ գտնելով Աստծուն, որին կարող էին սիրել, նրանք գտնում էին այն, ինչ որ մինչև այդ օրը այն ժամանակվա աշխարհը չէր կարողացել տալ ոչ ոքի՝ սիրուց բխող երջանկություն։

Իսկ Պետրոսը հասկացավ, որ ոչ Կեսարը, ոչ էլ նրա բոլոր լեգեոնները չեն հաղթի կենդանի ճշմարտությանը, որ չեն խեղդի նրան ո՛չ արտասուքները, ո՛չ էլ արյունը, և որ այժմ միայն սկսվում է նրա հաղթանակը։ Հասկացավ նաև, թե ինչո՛ւ Տերն իրեն վերադարձրեց ճանապարհից. ահա զեխության, ոճրագործության, անառակության և բռնության այդ քաղաքն սկսում էր իր քաղաքը և կրկնակի աթոռանիստը լինել, որտեղից պիտի կառավարեր աշխարհի մարմիններն ու հոգիները։

ԳԼՈՒԽ ԻԸ

Եվ վերջապես լրացավ երկու առաքյալների ժամը։ Բայց կարծես ծառայությունն ամբողջացնելու համար աստվածային ձկնորսին վիճակված էր երկու հոգի որսալ նաև բանտի մեջ. Պրոկեսոս և Մարտինիանոս զինվորները, որոնք պահպանում էին նրան Մամերտինյան բանտում, մկրտություն ընդունեցին։ Հետո հասավ չարչարանքների ժամը։ Ներոնն այն ժամանակ Հռոմում չէր։ Դատավճիռն արձակեցին Հելիոս և Պոլիթետես ազատագիրները, որոնց Կեսարն իր բացակայության միջոցին հանձնել էր Հռոմի կառավարումը։ Զառամյալ առաքյալին նախ և առաջ ենթարկեցին օրենքով սահմանված գանակոծության, իսկ հաջորդ օրը տարան քաղաքի պարիսպներից դուրս, դեպի Վատիկանյան բլուրները, ուր պետք է կրեր իրեն նշանակված խաչելության պատիժը։ Զինվորներին զարմացրեց այն ամբոխը, որ հավաքվել էր բանտի առջև, որովհետև նրանց կարծիքով մի հասարակ մարդու, այն էլ մի օտարականի մահը այդքան հետաքրքրություն չպիտի շարժեր, և չէին հասկանում, որ այդ խումբը բաղկացած էր ոչ թե հետաքրքրվողներից, այլ հավատակիցներից, որոնք կամենում էին մեծ առաքյալին ուղեկցել մինչև պատժի տեղը։ Կեսօրին վերջապես բացվեցին բանտի դռները, և երևաց Պետրոսը՝ շրջապատված պրետորիանների վաշտով։ Արևն արդեն մի փոքր թեքվել էր Օստիայի կողմը, օդը խաղաղ էր և ջինջ։ Նկատի ունենալով Պետրոսի զառամյալ տարիքը՝ նրան չէին ստիպել խաչ կրել. կարծում էին, որ ուժ չի ունենա այն շարժելու. նաև եղան չէին ամրացրել նրա պարանոցին՝ ճանապարհը չդժվարացնելու համար։ Նա կամաց էր գնում, և հավատացյալները կարող էին նրան լավ տեսնել։ Այն րոպեին, երբ նրա ճերմակ գլուխը երևաց զինվորական երկաթե սաղավարտների շարքում, լաց լսվեց ամբոխի մեջ, բայց համարյա իսկույն դադարեց, որովհետև ծերունու դեմքն այնքան պայծառ էր և այնպես էր փայլում ուրախությամբ, որ բոլորը հասկացան, որ ոչ թե զոհն է գնում պատիժ կրելու, այլ հաղթողն է իր հաղթական հանդեսը կատարում։

Իրոք այդպես էր։ Ձկնորսը, որ սովորաբար խոնարհ տեսք ուներ և կռացած էր, այժմ գնում էր մեջքն ուղղած, հասակով զինվորներից բարձր, ծանրաքայլ։ Երբեք նրա կերպարանքի մեջ այդքան վեհություն չէր տեսնվել։ Կարող էր այնպես թվալ, թե այդ մի իշխան է առաջ գնում՝ ժողովրդով և զինվորներով շրջապատված։ Բոլոր կողմերից լսվեցին ձայներ. «Ահա Պետրոսը գնում է Տիրոջ մոտ»։ Բոլորը կարծես մոռացան, որ նրան չարչարանք և մահ է սպասում։ Նրանք հետևում էին հանդիսավոր մտախոհությամբ, բայց անշփոթ հոգով, զգալով, որ Գողգոթայի վրա տեղի ունեցած մահվանից ի վեր նման ոչ մի մեծ բան չի կատարվել, և ինչպես որ այն մահը փրկեց ամբողջ աշխարհը, նույնպես և այս մահը պիտի փրկի քաղաքը։

Ճանապարհին մարդիկ զարմանքով կանգ էին առնում՝ այդ ծերունուն տեսնելով. իսկ հավատակիցները, ձեռքը նրանց ուսերի վրա դնելով, հանգիստ ձայնով ասում էին. «Նայեցե՛ք ինչպես է մեռնում արդարը, որ ճանաչում էր Քրիստոսին և աշխարհում սեր էր քարոզում». իսկ նրանք մտածմունքի մեջ էին ընկնում, հետո հեռանում էին, իրենք իրենց ասելով. «Իրոք, սա չի կարող անարդար լինել»։

Ճանապարհին դադարում էին փողոցային աղաղակներն ու գոչումները։ Երթն անցնում էր նոր կառուցված տների միջով, մեհյանների սպիտակ սյուների միջով, որոնց վրա, վերևում, տարածվում էր խոր, ջինջ և կապուտակ երկինքը։ Գնում էին լուռ, երբեմն միայն զնգում էր զինվորի զրահը, կամ բարձրանում էր աղոթքների շշուկը։ Պետրոսը լսում էր նրանց, և նրա դեմքը փայլում էր ավելի մեծ ուրախությամբ, որովհետև նրա հայացքը հազիվ էր կարողանում ընդգրկել այդ հազարավոր հավատացյալներին։ Զգում էր, որ գործը վերջացել է, և գիտեր արդեն, որ այն ճշմարտությունը, որն իր ամբողջ կյանքում քարոզում էր, ալիքի պես կծածկի ամեն ինչ, և որ արդեն ոչինչ չի կարողանա նրա առաջն առնել։ Եվ այսպես մտածելով՝ նա աչքերը դեպի երկինք էր բարձրացնում և ասում. «Տեր, հրամայեցիր ինձ գրավել այս քաղաքը, որ տիրում է աշխարհին, և ես ահա գրավեցի։ Հրամայեցիր ինձ քո աթոռն այստեղ հաստատել, ահա հաստատեցի։ Այս Քո քաղաքն է, Տեր, իսկ ես գալիս եմ Քեզ մոտ, որովհետև հոգնել եմ սաստիկ»։

Եվ մեհյանների մոտից անցնելիս՝ ասում էր նրանց. «Քրիստոսի տաճարներ կլինեք»։ Իր աչքի առջև շարժվող խուռն բազմությանը նայելիս՝ ասում էր. «Քրիստոսի ծառաներ կլինեն ձեր որդիները», և առաջ էր գնում՝ զգալով իր տարած հաղթանակը, ճանաչելով իր վաստակը, ճանաչելով իր զորությունը, հանգիստ և վեհ։ Զինվորները նրան տարան Հաղթական կամրջով, կարծես ակամա վկայություն տալով նրա հաղթանակին, և դիմեցին Նավմաքիայի և կրկեսի կողմը։ Անդրտիբերիսյան հավատացյալները հարեցին գնացքին, և այնպիսի մեծ բազմություն հավաքվեց, որ պրետորիաններին առաջնորդող կենտուրիոնը, հասկանալով վերջապես, որ մի որևէ քահանայապետի է ուղեկցում, որին շրջապատում են հավատակիցները, սկսեց անհանգստանալ իր ունեցած զինվորների չափազանց փոքր թվի պատճառով։ Բայց ո՛չ հուզմունքի, ո՛չ էլ կատաղության որևէ աղաղակ չէր լսվում ամբոխի միջից։ Դեմքերը րոպեի վեհությամբ էին ներշնչված, հանդիսավոր էին և միևնույն ժամանակ սպասողությամբ լի, որովհետև մի քանի հավատացյալներ, հիշելով որ Տիրոջ մահվան միջոցին գետինը պատռվեց զարհուրանքից, և մեռածները վեր կացան դագաղների միջից, կարծում էին, որ այժմ էլ կհայտնվեն որևէ տեսանելի նշաններ, որոնց շնորհիվ հավիտյան չի ջնջվի առաքյալի մահվան հիշատակը։ Շատերը մինչև անգամ ասում էին իրար. «Իսկ եթե Տերը Պետրոսի մահվան րոպեն ընտրի որպես իսկական պահը երկնքից իր խոստման համաձայն իջնելու և աշխարհի դատը անելու համար»։ Եվ այս մտքով ապավինում էին Փրկչի ողորմածությանը։

Բայց շուրջը խաղաղ էր։ Բլուրները կարծես տաքանում էին և նիրհում արևի տակ։ Երթը վերջապես կանգ առավ կրկեսի և Վատիկանյան բլրի միջև։ Զինվորներից մի քանիսն սկսեցին փոս փորել, մյուսները գետնին դրին խաչը, մուրճն ու մեխերը, սպասելով, որ պատրաստությունները վերջանան, իսկ ամբոխը, շարունակ խաղաղ և մտազբաղ, չոքեց շուրջը։

Առաքյալը, որի գլուխը շողքերով և ոսկեգույն ճաճանչներով էր լուսավորված, վերջին անգամ շուռ եկավ քաղաքի կողմը։ Հեռվում, մի փոքր ներքև, երևում էր պսպղացող Տիբերիսը. մյուս ափին՝ Մարսյան դաշտը, ավելի վերև՝ Օգոստոսի մավսոլեոնը[438] ներքև՝ լայնատարած բաղնիքները, որ Ներոնը նոր էր սկսել շինել, ավելի ներքև՝ Պոմպեոսի թատրոնը, իսկ այնուհետև՝ տեղ֊տեղ երևացող, տեղ֊տեղ ուրիշ շինություններով ծածկված septa Iulia[439] բազմաթիվ պորտիկներ, մեհյաններ, կոլումնաներ, բազմահարկ տներ և վերջապես այնտեղ, հեռվում` բլուրներ՝ իրենց վրա կպած տներով. մարդկային ահագին մրջնանոց, որի ծայրերը կորչում էին կապույտ մշուշի մեջ, ոճրագործության, բայց և զորության որջ, խենթությունների, բայց և կարգապահության բույն, որ աշխարհի գլուխն էր դարձել, նրա բռնակալը, բայց միևնույն ժամանակ և նրա օրենքն ու խաղաղությունը. ամենակալ, անպարտելի, հավիտենական բույնը։

Իսկ Պետրոսը, զինվորներով շրջապատված, նայում էր այդ քաղաքին այնպես, ինչպես տերը և արքան՝ իր ժառանգությանը։ Եվ ասում էր նրան. «Փրկված ես և իմը»։ Եվ ոչ ոք, ոչ միայն այն զինվորների միջից, որոնք խաչը հաստատելու համար փոս էին վարում, այլ մինչև անգամ հավատացյալների միջից, չկարողացավ հասկանալ, որ, իրոք, իրենց մեջ կանգնած է այդ քաղաքի ճշմարիտ տերը, և որ կանցնեն բարբարոսների ալիքները, կանցնեն դարեր, իսկ այդ ծերունին շարունակ կիշխի այդտեղ։

Արևն ավելի էր թեքվում Օստրիայի կողմը և մեծ ու շիկացած էր դառնում։ Երկնքի ամբողջ արևմտյան կողմը սկսեց այրվել սաստիկ փայլով։ Զինվորները մոտեցան Պետրոսին՝ մերկացնելու։

Սակայն նա, աղոթելով, հանկարծ ուղղվեց և բարձր պարզեց աջը։ Դահիճները կանգ առան, կարծես նրա այդ դիրքից ակնածելով. հավատացյալները նույնպես շունչները պահեցին, կարծելով, թե նա կամենում է խոսել, և տիրեց անխռովելի լռություն։

Իսկ նա, բարձրության վրա կանգնած, սկսեց պարզված աջով խաչի նշան հանել՝ օրհնություն ուղարկելով մահվան րոպեին.

— Urbi et orbil[440]։

......................................

Նույն հրաշալի երեկոյան մի ուրիշ զինվորական գունդ Օստիական ճանապարհով Տարսոնացի Պողոսին տանում էր դեպի Aquae Salviae կոչված տեղը։ Նրա ետևից նույնպես գնում էին բազմաթիվ հավատացյալներ, որոնց ինքը քրիստոնյա էր դարձրել, և նա ճանաչում էր մոտիկ ծանոթներին, կանգ էր առնում և խոսում նրանց հետ, որովհետև նրան, իբրև Հռոմի քաղաքացու, պահապաններն ավելի պատկառանքով էին վերաբերվում։ Tergemina կոչված դարպասն անցնելով նա պատահեց Ֆլավիոս Սարինոս պրեֆեկտի աղջիկ Պլավտիլլային և, տեսնելով արտասուքներից թրջված նրա մատաղահաս դեմքը, ասաց. «Պլավտիլլա, հավիտենական փրկության դուստր, գնա՛ խաղաղությամբ։ Փոխ տուր ինձ միայն քո քողը, որով աչքերս կապեն, երբ Տիրոջ մոտ գնալիս կլինեմ»։ Եվ վերցնելով քողը՝ շարունակեց ճանապարհը, իսկ դեմքն այնպես լի էր ուրախությամբ, որպես այն բանվորի դեմքը, որ ամբողջ օրը լավ աշխատել է և տուն է վերադառնում։ Նրա մտքերը, ինչպես և Պետրոսի մտքերը, այնպես խաղաղ ու ջինջ էին, որպես այդ երեկոյի երկինքը։ Աչքերը մտախոհ նայում էին դեպի հովիտը, որ տարածվում էր նրա առջև, և արևի ճառագայթներով շաղախված Ալբանոյի լեռները։ Նա մտաբերում էր իր ճանապարհորդությունները, աշխատանքն ու գործերը, այն կռիվները, որոնցից հաղթանակով էր դուրս եկել, և այն եկեղեցիները, որ հիմնել էր ամեն երկրներում և շատ ծովերի ափերին, և մտածում էր, որ բավականին վաստակել է՝ հանգիստ առնելու համար։ Նա ևս վերջացրել էր իր գործը։ Զգում էր, որ իր ցանքսն արդեն չի ցրի չարության քամին։ Նա հեռանում էր համոզված, որ այն կռվի մեջ, որն իր ճշմարտությունը հռչակել էր աշխարհին, ճշմարտությունը կհաղթի, և անսահման անդորրություն տիրեց նրա հոգուն։

Ճանապարհը մինչև պատժի տեղը հեռու էր, և մութն սկսեց կոխել։ Լեռները ծիրանագույն էին դառնում, իսկ նրանց ստորոտները կամաց֊կամաց խորասուզվում էին ստվերի մեջ։ Խաշները վերադառնում էին տուն։ Տեղ֊տեղ անցնում էին խումբ֊խումբ ստրուկներ՝ բանվորական գործիքներն ուսերին։ Տների առջև, ճանապարհին, խաղում էին երեխաները, որ հետաքրքրությամբ էին նայում անցնող գնդին, իսկ այդ երեկոյի, այդ թափանցիկ, ոսկեգույն օդի մեջ ոչ միայն խաղաղություն ու նիրհ կար, այլև ինչ֊որ ներդաշնակություն, որ կարծես գետնից բարձրանում էր դեպի երկինքը... Իսկ Պողոսն ականջ էր դնում այդ ներդաշնակությանը, և նրա սիրտն ուրախությամբ էր լցվում այն մտքից, որ աշխարհի այդ երաժշտությանն ինքն էլ մի հնչյուն էր ավելացրել, որ մինչև այդ օրը չկար և առանց որի ամբողջ երկիրը «իբրև պղինձ է, որ հնչում է, և իբրև ծնծղա, որ ղողանջում է»[441]։

Եվ մտաբերեց, թե ինչպես սեր էր սովորեցնում մարդկանց, ինչպես նրանց ասում էր, որ թեկուզ ամբողջ կարողությունը աղքատներին բաժանած լինեին և թեկուզ բոլոր լեզուներին, բոլոր գաղտնիքներին և բոլոր գիտություններին տիրելիս լինեին, ոչինչ կլինեին առանց սիրո, որ գգվող է, համբերող է, որ չարություն չի գործում, փառքի չի ձգտում, ամեն ինչ տանում է, ամենին հավատում է, ամեն բանի հույս ունի, ամենին դիմանում է։

Ահա՝ իր ամբողջ կյանքն անցել էր մարդկանց այդ ճշմարտությունը սովորեցնելով։ Եվ այժմ նա ասում էր հոգու մեջ. ինչպիսի՞ զորություն կջնջի և ի՞նչը կհաղթի նրան։ Կեսարն ինչպե՞ս կկարողանա խեղդել նրան, թեկուզ երկու անգամ ավելի լեգեոններ ունենար, երկու անգամ ավելի քաղաքներ, ծովեր ու ազգեր։

Եվ նա գնում էր իր վարձն ստանալու՝ իբրև հաղթող։

Թափորը թողեց վերջապես մեծ ճանապարհը և նեղ շավղով ծռվեց դեպի արևելք, Սալվիական Ջրերի կողմը։ Շիկացած արևը նստել էր կատարներին։ Աղբյուրի մոտ կենտուրիոնը կանգնեցրեց զինվորներին, որովհետև ժամը հասել էր։

Բայց Պողոսը, ուսի վրայով ձգելով Պլավտիլլայի քողը, որպեսզի նրանով աչքերը կապի, վերջին անգամ անսահման հանգստությամբ լի հայացքն ուղղեց դեպի երեկոյան ճաճանչները և աղոթեց։ Այո, ժամը հասել էր, բայց նա տեսնում էր իր առջև մի մեծ ճանապարհ, որ վերջալույսի շողերից էր հյուսված և տանում էր դեպի երկինք, և հոգու մեջ ասում էր իրեն այն իսկ խոսքերը, որ առաջ, նախազգալով իր կատարած ծառայության վերջը և մոտալուտ վախճանը, գրել էր. «Բարի պատերազմ պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատը պահեցի։ Այսուհետև պատրաստված մնում է ինձ արդարության պսակը»[442]։

ԳԼՈՒԽ ԻԹ

Իսկ Հռոմը գժվում էր առաջվա պես, այնպես, որ թվում էր, թե այդ քաղաքը, որ նվաճել էր ամբողջ աշխարհը, սկսում է վերջապես ինքն իրեն քայքայվել առաջնորդների պակասության պատճառով։ Դեռ առաջ, քան առաքյալների վերջին ժամը խփեց, երևան եկավ Պիսոնի դավադրությունը, և դրանից հետո Հռոմում տեղի ունեցավ մեծամեծների մի այնպիսի անողոք կոտորած, որ մինչև անգամ նրանց, որոնք հավատում էին Ներոնի աստված լինելուն, վերջում նա երևում էր իբրև մահի աստված։ Սուգ ընկավ քաղաքի մեջ, սարսափ տիրեց տներում և սրտերի մեջ. բայց պորտիկները բաղեղով և ծաղիկներով էին զարդարվում, որովհետև արգելված էր մեռածներին ողբալ։ Մարդիկ, զարթնելով առավոտյան, հարց էին տալիս իրենց՝ ո՛ւմ հերթն է այսօր գալու։ Կեսարի ետևից ձգվող ուրվականների շարքն օրեցօր ստվարանում էր։

Պիսոնը կյանքը զոհեց իր դավադրության պատճառով. նրան հետևեցին Սենեկան և՛ Լուկանոսը, Ֆենիոս Ռուֆոսը և՛ Պլավտիոս Լատերասոսը, Ֆլավիո Սկևինոսը և Աֆրիանոս Քվինկտիանոսը և՛ Կեսարի ցնորամտությունների անառակ ընկերակիցը՝ Տուլլիոս Սենեկիոնը, և՛ Պրոկուլոսը, և՛ Արարիկոսը, և՛ Տուգուրինոսը, և՛ Գրատոսը, և՛ Սիլանոսը, և՛ Պրոքսիմոսը, և՛ մի ժամանակ ոտով գլխով Ներոնին նվիրված Սուբրիոս Ֆլավիոսը, և՛ Սուլպիկիոս Ասպերը։ Մի քանիսին կորցնում էր սեփական ոչնչությունը, մյուսներին՝ երկյուղը, կամ հարստությունը, կամ արիությունը։ Կեսարը, սարսափելով դավադիրների ահագին թվից, զինվորներով շրջապատել էր պարիսպները և կարծես պաշարման մեջ էր պահում քաղաքը՝ ամեն օր կենտուրիոններ ուղարկելով կասկածելի տները՝ մահվան դատավճռով։ Դատապարտյալները դեռևս շողոքորթություններով լի նամակներով քաշեքաշ էին գալիս, շնորհակալություն էին հայտնում Կեսարին դատավճռի համար և իրենց կարողության մի մասը նրա անունով էին թողնում, որպեսզի մնացածը պահպանեն իրենց երեխաների համար։ Վերջը թվում էր, թե Ներոնը դիտմամբ ամեն չափն անցնում է, համոզվելու համար, թե ինչ աստիճան չնչինացել էին մարդիկ և թե որչափ երկար կտանեն արյունարբու կառավարությունը։ Դավադիրներից հետո կոտորեցին նրանց ազգականներին, բարեկամներին, նույնիսկ հասարակ ծանոթներին։ Հրդեհից հետո կառուցված հոյակապ տների բնակիչները, փողոց դուրս գալիս, հավատացած էին, որ կտեսնեն մի շարք հուղարկավորություններ։ Պոմպեոսը, Կոռնելիոս Մարտիալիսը, Ֆլավիոս Նեպոսը և Ստատիոս Դոմիտիոսը մեղադրվեցին Կեսարին չսիրելու մեջ. Նովիոս Պրիսկոսը՝ որպես Սենեկայի ընկեր, Ռուֆիոս Կրիսպոսին զրկեցին կրակի և ջրի իրավունքից[443] նրա համար, որ մի ժամանակ Պոպպեայի ամուսինն էր։ Մեծ Թրասեային կորցրեց նրա առաքինությունը, շատերը մեռան իրենց ազնիվ ծագման համար, մինչև անգամ Պոպպեան զոհ դարձավ Կեսարի րոպեական գրգռման։

Իսկ ծերակույտը քարշ էր գալիս ահռելի տիրոջ առջև, մեհյաններ էր կառուցում նրա պատվին, ուխտադրություններ էր անում նրա ձայնի համար, պսակում էր նրա անդրիկները և քրմեր էր նշանակում նրա, որպես աստվածության համար։ Սենատորները դողը սրտերում գնում էին Պալատիոն՝ «Պերիոդոնիկեսի» երգեցողությունը փառաբանելու և նրա հետ գժություններ անելու մերկ մարմինների, գինու ու ծաղիկների օրգիաների մեջ։

Իսկ այդ միջոցին ներքև, արյունով և արտասուքներով ցողված արտի վրա, դանդաղ, բայց ավելի ու ավելի հզոր աճում էր Պետրոսի ցանքսը։

ԳԼՈՒԽ Լ

Վինիկիոսը Պետրոնիոսին.

«Գիտենք և այստեղ, carrissime, ինչ է կատարվում Հռոմում, իսկ ինչ որ չգիտենք, լրացնում են քո նամակները։ Երբ քար ես նետում, ջրի ալիքներն ավելի ու ավելի են տարածվում շուրջը, և խենթության ու չարության այդպիսի ալիքը Պալատիոնից հասավ մեզ մոտ։ Հունաստան գնալիս Կեսարն այստեղ էր ուղարկել Կառինասին, որ կողոպտեց քաղաքներն ու մեհյանները՝ դատարկ գանձարանը լցնելու համար։ Մարդկային քրտինքի ու արտասուքների գնով Հռոմում կառուցվում է «Domus aurea»[444]. գուցե մինչև այսօր աշխարհը այսպիսի տուն չի տեսել, բայց նույնպես չի տեսել և այսպիսի բռնություններ։ Չէ՞ որ դու գիտես Կառինասին։ Նրա նման էր Քիլոնը իր կյանքը մահով սրբելուց առաջ։ Բայց նրա մարդիկ մեր մոտերքում գտնվող քաղաքները չհասան, գուցե նրա համար, որ սրանց մեջ մեհյաններ ու գանձեր չկան։ Հարցնում ես՝ արդյոք ապահո՞վ ենք։ Կպատասխանեմ քեզ միայն, որ մեզ մոռացել են, և այս պատասխանը քեզ համար բավական կլինի։ Ահա այս րոպեին, պորտիկից, որի տակ գրում եմ, տեսնում եմ մեր խաղաղ ծոցը և նրա վրա, նավակի մեջ Ուրսուսին, որ ուռկան է ձգում պարզ ջրերը։ Կինս ծիրանի բուրդ է մանում կողքիս, իսկ պարտեզներում, նշենիների ստվերում երգում են մեր ստրուկները։ Օ՜, ի՜նչ խաղաղություն է, carrissime, և նախկին շփոթությունների ու կսկիծների որպիսի մոռացություն։ Բայց այս Պարկաները չեն, որ, ինչպես գրում ես, մանում են այսպես քաղցր մեր կյանքի թելը, այս՝ մեզ Քրիստոսն է օրհնել, մեր պաշտելի Աստվածն ու Փրկիչը։ Արտասուք և կսկիծ մենք էլ գիտենք, որովհետև մեր ճշմարտությունը մեզ պատվիրում է լաց լինել ուրիշի դժբախտությունների վրա. բայց մինչև անգամ և այս արտասուքների մեջ ծածկված է ձեզ անծանոթ մխիթարությունը, թե երբևիցե, երբ մեր կյանքի ժամը կլրանա, կգտնենք այն բոլոր թանկագին էակներին, որոնք չարչարվել են և դեռ պետք է չարչարվեն աստվածային ուսմունքի համար։ Մեզ համար Պետրոսն ու Պողոսը մեռած չեն, այլ վերածնվել են փառքով։ Մեր հոգիները նրանց տեսնում են, և մինչդեռ աչքերս արտասուք են թափում, սրտերս ուրախանում են նրանց ուրախության վրա։ Օ՜, այո՛, անգինս, մի այնպիսի երջանկությամբ ենք երջանիկ, որ ոչ մի բանից չի կարողանա խորտակվել, որովհետև մահը, որ ձեզ համար ամեն բանի վերջն է, մեզ համար միայն ավելի ևս մեծ խաղաղության, ավելի մեծ սիրո, ավելի մեծ ուրախության սկիզբ է։

Եվ այսպես ամիսներ ու օրեր են անցնում այստեղ մեզ համար սրտերի անդորրության մեջ։ Մեր ծառաներն ու ստրուկները մեզ պես հավատում են Քրիստոսին, և որովհետև Նա սեր է պատվիրել, բոլորս սիրում ենք միմյանց։ Հաճախ, երբ արևը մայր է մտնում կամ երբ լուսինը փայլում է ջրի մեջ, Լիգիայի հետ խոսում ենք անցած օրերի մասին, որոնք այժմ մեզ երազ են թվում, իսկ երբ մտածում եմ, որ այն թանկագին գլուխը, որն այժմ ամեն օր օրորում եմ կրծքիս վրա, չարչարանքին ու մահվանն այնպես մոտ էր, ամբողջ հոգով փառավորում եմ իմ Տիրոջը, որովհետև Նա միայն կարող էր սրան խլել այն ձեռքերից, փրկել արենայից և ընդմիշտ վերադարձնել ինձ։ Օ՜, Պետրոնիոս, դու տեսել ես, թե որքա՛ն մխիթարություն ու տոկունություն է տալիս այդ ուսմունքը թշվառության մեջ, որքա՛ն համբերություն ու արիություն՝ մահվան րոպեին, ե՛կ, ուրեմն, տե՛ս, որքա՛ն երջանկություն է տալիս կյանքի սովորական առօրյա զբաղմունքների մեջ։ Մարդիկ, տեսնում ես, մինչև օրս չէին ճանաչում Աստծուն, որին կարելի էր սիրել, այդ պատճառով չէին սիրում և միմյանց, և այստեղից էր առաջանում նրանց թշվառությունը, որովհետև ինչպես լույսը արևից, նույնպես և երջանկությունը սիրուց է բխում։ Այս ճշմարտությունը չսովորեցրին նրանց ոչ օրենսդիրները, ոչ էլ փիլիսոփաները, և չկա նա ոչ Հունաստանում, ոչ էլ Հռոմում, իսկ եթե ասում եմ՝ ոչ էլ Հռոմում, այդ նշանակում է՝ ամբողջ աշխարհում։ Ստոիկների սառն ու ցամաք ուսմունքը, որին հարում են առաքինի մարդիկ, ջրդեղում է սրտերը սրերի պես, բայց ավելի շուտ անտարբեր է դարձնում նրանց, քան թե ավելի լավ։ Բայց ինչո՞ւ եմ ես այս ասում քեզ, չէ՞ որ դու ինձանից ավելի ես սովորել և ավելի ես հասկանում։ Չէ՞ որ դու նույնպես ճանաչում էիր Պողոս Տարսոնացուն և հաճախ երկար խոսել ես նրա հետ, ուստի ամենից լավ գիտես, որ այն ճշմարտության հետ համեմատած, որը նա քարոզում էր, ձեր փիլիսոփաների ու հռետորների բոլոր ուսմունքները ոչինչ և դատարկ բառեր են՝ առանց նշանակության։ Հիշո՞ւմ ես այն հարցը, որ նա քեզ տվեց. «Իսկ եթե Կեսարը քրիստոնյա լիներ, մի՞թե դուք ձեզ ավելի ապահով չէիք զգա, ավելի վստահությամբ չէիք տիրի այն ամենին, ինչին որ տիրում եք, չէիք լինի խռովություններից ազատ և վաղվա նկատմամբ ապահով»։ Բայց դու ասում էիր ինձ, որ մեր ճշմարտությունը կյանքի թշնամի է, իսկ ես քեզ այժմ պատասխանում եմ, որ եթե նամակի սկզբից շարունակ կրկնեի երկու բառ «երջանիկ եմ», դեռևս ամբողջ երջանկությունս չէի կարողանա արտահայտել։ Կասես ինձ, որ իմ երջանկությունը Լիգիան է։ Այո՛, սիրելիս։ Նրա համար, որ սիրում եմ նրա անմահ հոգին, և որ երկուսս սիրում ենք Քրիստոսին, իսկ այս սիրո մեջ չկա ո՛չ անջատում, ո՛չ դավաճանություն, ո՛չ փոփոխություն, ո՛չ ծերություն, ո՛չ էլ մահ։ Երբ կանցնի երիտասարդությունն ու գեղեցկությունը, երբ կչմշկեն մեր մարմինները և կգա մահը, սերը կմնա, քանի որ հոգիները մնում են։ Առաջ, քան իմ աչքերս բացվեցին լույսի համար, պատրաստ էի Լիգիայի համար հրդեհել մինչև անգամ սեփական տունս, իսկ այժմ ասում եմ քեզ՝ չէի սիրում նրան, որովհետև սիրել սովորեցրեց ինձ միայն Քրիստոսը. Նա է երջանկության և անդորրության աղբյուրը։ Այս ոչ թե ես եմ ասում, այլ դա ակներև է։ Համեմատիր անհանգստությունը, աստառ ունեցող ձեր զվարճությունները, վաղվա օրվա անապահով ձեր հրճվանքները, հուղարկավոր հանդեսների նման ձեր օրգիաները քրիստոնյաների կյանքի հետ, և պատրաստի պատասխան կգտնես։ Բայց որպեսզի ավելի լավ կարողանաս համեմատել, ե՛կ ծոթրինի հոտ բուրող մեր լեռները, ստվերախիտ ձիթենու մեր պուրակները, բաղեղապատ մեր ափերը։ Այստեղ քեզ անդորրություն է սպասում, որ վաղուց չես զգացել, և սրտեր, որոնք քեզ ճշմարիտ սիրում են։ Դու, որ ունես ազնիվ և բարի հոգի, պետք է բախտավոր լինես։ Քո սուր միտքն ընդունակ է ճշմարտությունը զանազանելու, և երբ կճանաչես, կսիրես նրան, որովհետև գուցե կարելի է նրա թշնամին լինել Կեսարի կամ Տիգելլինոսի պես, բայց ոչ ոք չի կարողանա անտարբեր լինել նրա նկատմամբ։ Օ՜ իմ Պետրոնիոս, ես և Լիգիան երկուսս հույս ենք տածում, որ շուտով քեզ կտեսնենք։ Ողջ եղիր և երջանիկ։ Տես՝ եկ»։

Պետրոնիոսը ստացավ Վինիկիոսի այս նամակը Կումայում, ուր մեկնել էր ուրիշ ավգուստիանների հետ, որոնք հետևում էին Կեսարին։ Նրա երկարամյա կռիվը Տիգելլինոսի հետ վախճանին էր մոտենում։ Պետրոնիոսը գիտեր արդեն, որ այդ կռվի մեջ ինքը պիտի ընկնի, և հասկանում էր դրա պատճառները։ Կեսարը քանի օրեցօր ստորանում էր մինչև կոմեդիանտի, խեղկատակի և կառավարի աստիճան, քանի ավելի խոր էր սուզվում հիվանդոտ, զազրելի և կոպիտ անառակության մեջ, նրբազգաց arbiter elegantiarum֊ը նրա համար միայն ծանրություն էր դառնում։ Երբ Պետրոնիոսը մինչև անգամ լռում էր, Ներոնը նրա լռության մեջ հանդիմանություն էր տեսնում, երբ նույնիսկ գովում էր, հեգնություն էր տեսնում։ Պերճ պատրիկը նրա ինքնասիրությունն էր գրգռում և մինչև անգամ նախանձ էր արթնացնում։ Նրա հարստությունն ու հրաշալի գեղարվեստական երկերը թե՛ պետի և թե՛ նրա ամենահզոր մինիստրի իղձերի առարկա էին դարձել։ Մինչև այդ օրը խնայում էին նրան, նկատի ունենալով Աքայայի ճանապարհորդությունը, որտեղ նրա ճաշակը, հունական գեղարվեստի նրա գիտությունը կարող էին պետք գալ։ Բայց Տիգելլինոսը կամաց֊կամաց սկսել էր բացատրել Կեսարին, թե Կառինոսը գերազանցում է Պետրոնիոսին իր ճաշակով ու գիտությամբ և թե Աքայայում նրանից ավելի լավ կկարողանա խաղեր, ընդունելություններ և տրիումֆներ կազմակերպել։ Այդ րոպեից Պետրոնիոսը կորած էր։ Բայց Հռոմում չէին համարձակվում նրան մահվան դատավճիռ ուղարկել։ Թե Կեսարը և թե Տիգելլինոսը հիշում էին, որ այդ իբր թե փափկակյաց գեղասերը, որ «գիշերը ցերեկ էր շինում», որ միայն զվարճությամբ, գեղարվեստով և մեծարքներով էր զբաղված, երբ պրոկոնսուլ էր Բյութանիայում և հետո կոնսուլ մայրաքաղաքում, արտասովոր գործունեություն և եռանդ էր ցույց տվել։ Նրան ամեն բանի ընդունակ էին համարում և գիտեին, որ Հռոմում ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև մինչև անգամ պրետորիանների սերն է վայելում։ Կեսարի մերձավորներից ոչ ոք չէր կարող գուշակել, թե ներկա հանգամանքում նա ինչպես կվարվի, և ավելի ճարպիկ միջոց էր համարվում նրան մի կերպ քաղաքից դուրս հանել և միայն գավառում նրա վճիռը տալ։

Այս նպատակով նա հրավեր ստացավ, որպեսզի ուրիշ ավգուստիանների հետ միասին գնա Կումա. իսկ նա թեև հասկանում էր նրանց մտադրությունը, դուրս գնաց քաղաքից, գուցե նրա համար, որպեսզի բացարձակ չդիմադրի, գուցեև որպեսզի Կեսարին և ավգուստիաններին մի անգամ էլ ցույց տա իր ուրախ, ամեն հոգսերից ազատ դեմքը և վերջին օրհասական հաղթությունը տանի Տիգելլինոսց։

Մինչ այդ՝ Տիգելլինոսն իսկույն մեղադրեց նրան սենատոր Սկևինոսի ընկեր լինելու մեջ, իսկ Սկևինոսը Պիսոնի դավադրության հոգին էր։ Պետրոնիոսի՝ քաղաքում մնացած մարդկանց իսկույն ձերբակալեցին, տունը շրջապատեցին պրետորիական զինվորներով։ Բայց նա, տեղեկանալով այս մասին, ոչ մի շփոթություն ցույց չտվեց, մինչև անգամ ոչ մի հոգ չարեց և ժպտալով ասաց ավգուստիաններին, որոնց մեծարում էր իր սեփական հոյակապ դղյակի մեջ Կումայում.

— Ահենոբարբը չի սիրում, երբ իրեն ուղղակի հարցնում են. ուստի կտեսնեք՝ ինչպես կշփոթվի, երբ նրան կհարցնեմ՝ արդյոք նա՞ է հրամայել իմ «ֆամիլիան» ձերբակալել մայրաքաղաքում։

Հետո հայտնեց, որ մեծարք է ունենալու «երկար ճանապարհորդությունից» առաջ, և հենց սրա պատրաստություններն էր տեսնում, երբ ստացավ Վինիկիոսի նամակը։

Պետրոնիոսը, կարդալով նամակը, մի փոքր մտածեց, բայց քիչ անց նրա դեմքին փայլեց սովորական պայծառ արտահայտությունը, և նույն օրը երեկոյան պատասխանեց հետևյալը.

«Ուրախանում եմ ձեր երջանկությամբ և զարմանում եմ ձեր սրտերի վրա, carrissime, որովհետև չէի կարծում, որ երկու սիրահարներ կարող են որևէ երրորդ և հեռավոր մեկի մասին հիշել։ Իսկ դուք ոչ միայն չեք մոռացել ինձ, այլև կամենում եք ինձ համոզել Սիցիլիա գալու, որպեսզի ինձ հետ բաժանեք ձեր կտոր հացը և ձեր Քրիստոսին, որ, ինչպես գրում ես, այդպիսի առատությամբ երջանկություն է պարգևում ձեզ։

«Եթե այդպես է, պաշտեցե՛ք նրան։ Ես կարծում եմ, սիրելիս, որ Լիգիային քեզ վերադարձրեց մի քիչ Ուրսուսը, մի քիչ էլ Հռոմի ժողովուրդը։ Եթե Կեսարը ուրիշ մարդ լիներ, մինչև անգամ, կարծում եմ, կդադարեցներ հալածանքները, նկատի ունենալով քո խնամությունը իր հետ այն թոռան միջոցով, որին Տիբերիոսը իր ժամանակին կին էր տվել Վինիկիոսներից մեկին։ Իսկ եթե կարծում ես, որ այդ Քրիստոսն է վերադարձրել, չեմ հակաճառի քեզ։ Այո՛, զոհաբերություններ մի՛ խնայեք նրա համար։ Պրոմեթեոսը նույնպես իրեն նվիրեց մարդկանց, բայց eheu! Պրոմեթեոսը երևի միմիայն բանաստեղծների երևակայության արդյունք է, իսկ արժանահավատ մարդիկ ասում էին ինձ, որ Քրիստոսին իրենց աչքերով են տեսել։ Ես ձեզ հետ միասին կարծում եմ, որ դա աստվածներից ամենապատվականն է։

«Պողոս Տարսոնացու հարցը հիշում եմ և համաձայն եմ, որ եթե, օրինակի համար, Ահենոբարբը ապրելիս լիներ Քրիստոսի ուսմունքի համաձայն՝ ես գուցե ժամանակ ունենայի գալու ձեզ մոտ Սիցիլիա։ Այն ժամանակ ծառերի ստվերում, աղբյուրների մոտ երկար խոսակցություն կունենայինք բոլոր աստվածների ու բոլոր ճշմարտությունների մասին, ինչպես այդ անում էին մի օր հույն փիլիսոփաները։ Այսօր պիտի կարճ պատասխան տամ քեզ։

«Միայն երկու փիլիսոփա եմ կամենում ճանաչել. մեկը կոչվում է Պիռռոն, մյուսը՝ Անակրեոն[445], մնացածներին հույն ու մեր ստոիկների ամբողջ դպրոցի հետ միատեղ էժան գնով կարող եմ քեզ ծախել։ Ճշմարտությունը բնակվում է մի այնպիսի բարձր տեղ, որ իրենք աստվածները չեն կարող տեսնել նրան Օլիմպոսի կատարներից։ Քեզ, carrissime, թվում է, թե ձեր Օլիմպոսն ավելի բարձր է, և նրա վրա կանգնած՝ կանչում ես ինձ. «Բարձրացիր, և այնպիսի տեսարաններ կտեսնես, որպիսին դեռ մինչև օրս չես տեսել»։ Շատ կարելի՜ է։ Բայց ես քեզ պատասխանում եմ. «Բարեկամ, ոտքեր չունեմ»։ Եվ երբ մինչև վերջը կարդաս այս նամակը, կարծում եմ, կասես, որ արդարացի եմ։

«Ո՛չ, արշալույս թագուհու երջանիկ ամուսին։ Ձեր ուսմունքն ինձ համար չէ։ Պե՞տք է սիրեմ բյութանացիներին, որոնք իմ դեսպակն են կրում. եգիպտացիներին, որոնք իմ բաղնիքներն են տաքացնում. Ահենոբարբին և Տիգելլինոսին։ Քարիտների սպիտակ ազդրերով երդվում եմ քեզ, որ ուզենամ էլ, չեմ կարող։ Հռոմում ամենաքիչը հարյուր հազար մարդ կա, որոնք կամ ծուռ թիակներ ունեն, կամ հաստ ծնկներ, կամ կլոր աչքեր, կամ ահագին գլուխներ։ Կհրամայե՞ս, որ դրանց էլ սիրեմ։ Որտե՞ղ պետք է այդ սերը գտնեմ, քանի որ սրտիս մեջ այդ չեմ զգում. իսկ եթե ձեր աստվածը կամենում է, որ դրանց ամենքին սիրեմ, ինչո՞ւ Իր ամենակալությամբ նրանց չի տվել այն Նիոբիդների կերպարանքները, որոնց տեսել ես Պալատիոնում։ Ով գեղեցկություն է սիրում, հենց այս պատճառով չի կարող անճոռնությունը սիրել։ Ա՛յլ բան է չհավատալ մեր աստվածներին. բայց սիրել նրանց կարելի է, ինչպես սիրում էին նրանց Ֆիդիասը, և Պրաքսիտելեսը, և Միրոնը, և Սկոպասը, և Լիսիասը[446]։

«Եթե մինչև անգամ կամենայի գնալ այնտեղ, ուր ինձ ուզում ես տանել, չեմ կարող։ Դու հավատում ես Պողոս Տարսոնացու պես, որ երբևիցե, Ստիքսի[447] մյուս ափին, մի ինչ֊որ Ելիսեյան դաշտում կտեսնեք ձեր Քրիստոսին։ Շատ բարի։ Թող նա քեզ այն ժամանակ ասի՝ արդյոք կընդունե՞ր ինձ իմ գոհարեղեններով, իմ միռենական անոթով, Սոսիոսների հրատարակություններով և իմ Ոսկեհերով։ Մտածելով այս մասին՝ ծիծաղս է գալիս, իմ անգին, որովհետև չէ՞ որ նույնիսկ Պողոս Տարսոնացին ասում էր ինձ, որ Քրիստոսի համար պետք է հրաժարվել վարդե պսակներից, մեծարքներից ու զվարճություններից։ Ճիշտ է, նա ինձ ուրիշ երջանկություն էր խոստանում. բայց նրան պատասխանեցի, որ ծերացել եմ այդ ուրիշ երջանկության համար և որ վարդերով միշտ կզմայլվեն աչքերս, իսկ մանուշակների հոտը միշտ ինձ ավելի դուր կգա, քան թե Սուբուռայի կեղտոտ «մերձավորի» հոտը։

«Սրանք են պատճառները, որոնց հիման վրա ձեր երջանկությունն ինձ համար չէ։ Բայց բացի սրանցից կա ևս մեկը, որը պահել եմ վերջի համար։ Ահա ինձ կանչում է Թանատոսը։ Ձեզ համար սկսվում է կյանքի արշալույսը, իսկ ինձ համար արևն արդեն մայր է մտել, և խավարը պատում է գլուխս։ Ուրիշ խոսքերով՝ ես պետք է մեռնեմ, carrissime!

«Չարժե դրա մասին խոսել։ Այսպես պետք է վերջանար։ Դու, որ ճանաչում ես Ահենոբարբին, հեշտությամբ կհասկանաս այս։ Տիգելլինոսն ինձ հաղթեց, և այլևս ոչի՛նչ։ Այդ միայն իմ հաղթությունները վախճանին հասան։ Ապրում էի, ինչպես որ կամենում էի, և կմեռնեմ, ինչպես որ սիրտս ուզում է։

«Ձեր սրտին մոտ մի ընդունեք այս։ Ոչ մի աստված ինձ անմահություն չէր խոստացել, ուստի ոչ մի անակնկալ բան չի հանդիպում ինձ։ Մեկ էլ դու սխալվում ես, Վինիկիոս, պնդելով, թե միայն ձեր աստվածն է հանգիստ մեռնել սովորեցնում։ Ո՛չ։ Մեր աշխարհը ձեզանից շատ առաջ գիտեր, որ երբ վերջին թասը դատարկված է, ժամանակն է հեռանալու, ննջելու, և դեռ կարող եմ անվրդով հոգով անել այդ։ Պլատոնն ասում է, որ առաքինությունը երաժշտություն է, իսկ իմաստունի կյանքը՝ ներդաշնակություն։ Եթե այդպես է, կմեռնեմ այնպես, ինչպես ապրել եմ՝ առաքինի։

«Կուզեի քո աստվածային ամուսնուն մի անգամ ևս հրաժեշտ տալ նույն խոսքերով, որոնցով ողջունեցի նրան մի ժամանակ Ավլոսների տանը՝ «Անթիվ անհամար ազգեր եմ տեսել, բայց քեզ նմանի չեմ հանդիպել»։

«Այսպես, ուրեմն. եթե հոգին մի ավելի մեծ բան է, քան թե կարծում է Պիռռոնը, իմս կանգ կառնի ձեզ մոտ դեպի օվկիանոսի սահմանը թռչելու ժամանակ և կնստի ձեր տան մոտ թիթեռնիկի, կամ, ինչպես հավատում են եգիպտացիները, բազեի կերպարանքով։

«Ուրիշ կերպ չեմ կարող այցելել ձեզ։

«Իսկ մինչ այդ՝ թող Սիցիլիան ձեզ համար Հեսպերիդների[448] պարտեզի փոխվի. թող դաշտերի, անտառների աղբյուրների աստվածուհիները ծաղիկներ ցանեն ձեր ճանապարհին և թող բոլոր ականթների մեջ, ձեր տան սյուներին բուն դնեն սպիտակ աղավնիները»։

ԳԼՈՒԽ ԼԱ

Պետրոնիոսը չէր սխալվում։ Երկու օր անց երիտասարդ Ներվան, որ միշտ նրան բարի էր ցանկանում և նվիրված էր նրան, իր ազատագրին ուղարկեց նրա մոտ, տեղեկացնելով ամենը, ինչ կատարվում էր Կեսարի արքունիքում։

Պետրոնիոսի կորուստն արդեն վճռված բան էր։ Վաղը երեկոյան մտադիր էին նրա մոտ կենտուրիոն ուղարկել պատվիրելու, որ Կումայում մնա և այնտեղ սպասի հաջորդ կարգադրություններին։ Հետևյալ սուրհանդակը մի քանի օր հետո պետք է նրան մահվան դատավճիռ բերեր։

Պետրոնիոսն անխռով հանգստությամբ լսեց ազատագրին և ասաց.

— Կտանես քո տիրոջն իմ անոթներից մեկը, որ քեզ կհանձնեմ ճանապարհ ընկնելուցդ առաջ։ Ասա նրան, որ ամբողջ հոգով շնորհակալ եմ նրանից, որովհետև միայն այս եղանակով կկարողանամ մահավճիռը կանխել։

Եվ հանկարծ սկսեց ծիծաղել, իբրև մի մարդ, որ մի հիանալի մտքի ետևից ընկնելով, կանխավ խնդում էր նրա իրագործումից։

Եվ հենց նույն երեկոյան նրա ստրուկները ցրվեցին՝ մեծարքի հրավիրելով Կումայում եղած բոլոր ավգուստիաններին ու ավգուստիանուհիներին arbiter elegantiarum֊ի հոյակապ դղյակը։

Իսկ նա կեսօրից հետո գրում էր գրադարանում, ապա լողացավ բաղնիքում, այնուհետև վեստիպլիկաներին հրամայեց զգեստավորել իրեն և պերճ, վայելչակազմ, աստվածների նման մտավ տրիկլինիոն, որպեսզի վարպետ աչք ձգի պատրաստության վրա. հետո անցավ պարտեզը, որտեղ պատանիները և մատաղահաս հույն աղջիկները վարդերից պսակներ էին հյուսում ընթրիքի համար։

Նրա դեմքին ամենափոքր իսկ անհանգստություն չէր երևում։ Որ մեծարքը մի արտասովոր բան է լինելու, ծառաները հասկացան միայն նրանից, որ նա հրամայեց արտասովոր նվերներ տալ նրանց, որոնցից գոհ էր, և թեթև ծեծ այն բոլորին, որոնց աշխատանքը նրա աչքին դուր չեկավ, կամ որոնք դեռ դրանից առաջ հանդիմանության ու պատժի էին արժանացել։ Կիթառածուներին և երգիչներին նախապես խոստացավ առատորեն վճարել և վերջը, նստելով պարտեզում, մի հաճարենու տակ, որի տերևների միջով արևի ճառագայթներ էին անցնում և պայծառ բծեր էին կազմում գետնի վրա, իր մոտ կանչել տվեց Եվնիկեին։

Նա եկավ ճերմակ հագնված, մրտենու ճյուղը մազերի մեջ, հրաշագեղ, որպես մի Քարիտ, իսկ Պետրոնիոսը նստեցրեց նրան իր կողքին և, մատներով թեթև դիպչելով նրա քունքերին, սկսեց այնպիսի զմայլանքով նայել նրան, որպիսի զմայլանքով գեղարվեստի սիրահարն է նայում մի աստվածային արձանի, որ կատարյալ վարպետի ձեռքի գործ է։

— Եվնիկե՛,— ասաց նա աղջկան,— արդյոք գիտե՞ս, որ վաղուց արդեն ստրկուհի չես։

Իսկ աղջիկը նրա վրա բարձրացրեց իր հանգիստ, երկնքի պես կապուտակ աչքերը և սկսեց գլխով բացասական շարժում անել։

— Միշտ ստրկուհիդ եմ, տեր,— պատասխանեց նա։

— Բայց գուցե այն էլ չգիտես,— շարունակեց Պետրոնիոսը,— որ այս դղյակը և այս ստրուկները, որոնք պսակներ են հյուսում, և ամենը, ինչ որ այստեղ է, և դաշտերը, և խաշները, այսօրվանից քեզ են պատկանում։

Եվնիկեն, այս լսելով, հանկարծ ետ քաշվեց նրանից և մի ձայնով, որի մեջ հանկարծակի անհանգստություն էր հնչում, հարցրեց.

— Ինչի՞ համար ես ինձ ասում, տեր։

Հետո նորից մոտ քաշվեց և սկսեց նայել նրան՝ զարհուրանքից թարթելով աչքերը։ Մի րոպեից նրա դեմքը քաթանի պես գունատվեց, իսկ Պետրոնիոսը շարունակ ժպտում էր և վերջում միայն մի բառ ասաց.

— Այսպե՛ս։

Լռություն տիրեց, միայն թեթև զեփյուռն էր սոսափում հաճարենու տերևները։

Պետրոնիոսը, իրոք, կարող էր կարծել, թե իր առջև սպիտակ մարմարիոնից քանդակած մի արձան է։

— Եվնիկե,— ասաց նա,— կամենում եմ հանգիստ մեռնել։

Իսկ աղջիկը սրտաճմլիկ ժպիտով նայելով նրան, շշնջաց.

— Լսում եմ քեզ, տեր։

Երեկոյան հյուրերը, որոնք շատ անգամ արդեն եղել էին Պետրոնիոսի մեծարքներին և գիտեին, որ սրանց հետ համեմատած նույնիսկ Կեսարի մեծարքները տաղտկալի ու բարբարոսական էին երևում, սկսեցին խումբ֊խումբ ժողովվել, և ոչ ոքի մտքով անգամ չանցավ, որ այդ պիտի վերջին «սիմպոսիոնը»[449] լիներ։ Շատերին, ճիշտ է, հայտնի էր, որ նրբաճաշակ arbiter֊ի գլխին սկսել էին կուտակվել Ներոնի դժկամության ամպերը, բայց այս էլ քանի անգամ էր պատահել, և քանի անգամ էլ Պետրոնիոսը մի որևէ ճարպիկ վարմունքով կամ համարձակ խոսքով կարողացել էր ցրել այդ ամպերը, որ, իսկապես, ոչ ոք չէր ենթադրում, թե կարող էր նրան լուրջ վտանգ սպառնալ։ Նրա ուրախ դեմքը և սովորական անփույթ ժպիտը վերջնականապես բոլորի մտքում հաստատեցին այս ենթադրությունը։ Գեղանի Եվնիկեն, որին նա ասել էր, թե կամենում է հանգիստ մեռնել, և որի համար նրա ամեն մի խոսքը կարծես օրենք էր, իր աստվածային դիմագծերի մեջ կատարյալ խաղաղություն ուներ, իսկ աչքերում մի ինչ֊որ տարօրինակ փայլ, որը կարելի էր հրճվանքի տեղ ընդունել։ Տրիկլինիոնի դռան մոտ ոսկեթել ցանցիկներով մազերը հավաքած պատանիները վարդե պսակներ էին դնում եկողների գլխներին, սովորության համաձայն նախազգուշացնելով նրանց, որ շեմքի վրայից անցնեն աջ ոտքով։ Դահլիճում տարածվում էր մանուշակների թեթև հոտը, ճրագները վառվում էին ալեքսանդրիական բազմերանգ ապակիների մեջ. բարձերի մոտ կանգնած էին հույն աղջիկներ, որոնք պետք է անուշահոտություններով օծեին հյուրերի ոտքերը։ Պատերի տակ կիթառածուներն ու աթենացի երգիչները սպասում էին իրենց խմբավարի նշանին։

Սեղանի սարքը փայլում էր շռայլությամբ. բայց այս շռայլությունը աչք չէր ծակում, ոչ ոքի չէր ճնշում և կարծես ստեղծվել էր ինքնըստինքյան։ Ուրախությունն ու ազատությունը տարածվում էին դահլիճի մեջ մանուշակների հոտի հետ միասին։ Այստեղ մտնելիս հյուրերն զգում էին, որ իրենց վրա ոչ բռնություն, ոչ էլ սպառնալիք չի ծանրանա, ինչպես այդ լինում էր Կեսարի մոտ, ուր կարելի էր կյանքը վտանգել նրա երգեցողությունը կամ ոտանավորները ոչ բավականին վսեմ կամ սրամիտ բառերով գովաբանելով։ Այս պատճառով տեսնելով ճրագները, բաղեղազարդ գավաթները, ձյունի մեջ սառչող գինիները և ընտիր կերակուրները՝ հրավիրվածների սրտերը լցվում էին խնդությամբ։ Խոսակցությունը միանգամից սկսեց աղմուկով, կարծես մեղուների պարսն էր բզզում ծաղկած խնձորենու շուրջը։ Երբեմն միայն նա ընդմիջվում էր ուրախ ծիծաղի բռնկումով, երբեմն գովասանքների շշուկով, երբեմն էլ ճերմակ ուսին դրոշմված չափազանց բարձրաձայն համբույրով։

Հյուրերը, գինի խմելիս, գավաթներից մի քանի կաթիլ կաթեցնում էին անմահ աստվածների պատվին, որպեսզի նրանց հովանավորությունն ու խնամքը լինի տանտիրոջ վրա։ Ոչինչ, որ շատերը չէին հավատում աստվածներին. այդպես էր պատվիրում սովորությունը և սնահավատությունը։ Պետրոնիոսը, Եվնիկեի կողքին բազմած, խոսում էր Հռոմի նորությունների, ամենանոր ապահարզանների, սիրո, սիրային արկածների, ձիարշավների, Սպիկուլոս գլադիատորի, որ վերջին ժամանակներս արենայի վրա հռչակ էր ստացել, և ամենանոր գրքերի մասին, որոնք երևացել էին Ատրակտոսի և Սոսիոսների մոտ։ Գինին կաթեցնելով՝ ասում էր, թե կաթեցնում է միայն Կիպրոսի տիկնոջ պատվին, որ բոլոր աստվածներից գերագույնն է և ամենամեծը, միակ անմահը, տևականը, իշխողը։

Նրա խոսակցությունը կարծես արևի ճառագայթ լիներ, որ մեկ այս, մեկ այն իրն է լուսավորում, կամ կարծես ամառային զեփյուռ էր, որ պարտեզում ճոճում է ծաղիկները։ Վերջը նա նշան տվեց խմբապետին, և այս նշանի վրա թեթև զնգզնգացին կիթառները, իսկ երիտասարդ ձայները ձայնակցեցին նրանց։ Հետո կոսացի կաքավչուհիները՝ Եվնիկեի համերկրացիք, սկսեցին պարել և իրենց թափանցիկ զգեստի տակից խաղացնել մարմինները։ Վերջը եգիպտական կախարդն սկսեց հյուրերի ապագան գուշակել, բյուրեղյա անոթի մեջ նայելով ծիածանագույն փայլերի խաղին։

Բայց երբ բավականին զվարճացել էին, Պետրոնիոսը մի փոքր վեր քաշվեց իր ասորական սնարից և ասաց անփութությամբ.

— Բարեկամներ, ներեցեք ինձ, որ մեծարքի ժամանակ խնդիրքով եմ դիմում ձեզ. թող ամեն մեկն ինձանից նվեր ընդունի այն գավաթը, որից ամենից առաջ սրսկեց աստվածների պատվին և իմ հաջողության համար։

Պետրոնիոսի գավաթները պսպղում էին ոսկուց, գոհարներից և գեղարվեստական քանդակներից, ուստի թեև նվերներ բաժանելը Հռոմում սովորական բան էր, ուրախությունը լցրեց ներկա եղողների սրտերը։ Մի քանիսն սկսեցին շնորհակալություն հայտնել և բարձր ձայնով գովաբանել նրան, մի քանիսն ասում էին, որ մինչև անգամ ինքը Յուպիտերը Օլիմպոսի վրա երբեք չի պատվել աստվածներին նմանօրինակ նվերով, կային վերջապես և այնպիսիները, որոնք տատանվում էին նվերն ընդունելու, այնքան դա անցնում էր սովորական չափը։

Իսկ նա վեր բարձրացրեց միռենական անոթը, որ իր փայլով ծիածանի էր նման և ուղղակի գին չուներ, և ասաց.

— Իսկ ահա սա այն գավաթն է, որից ես սրսկեցի ի պատիվ Կիպրոսի տիկնոջ։ Թող այսուհետև սրան ոչ ոքի շրթունքները չդիպչեն և թող ոչ ոքի ձեռքը սրանից ուրիշ աստվածուհու պատվին չսրսկի։

Եվ շպրտեց անոթը զաֆրանի մանուշակագույն ծաղիկներով փռված հատակին, և երբ գավաթը փշուր֊փշուր եղավ, ասաց՝ շուրջը զարմացած հայացքները տեսնելով.

— Բարեկամներ, ուրախացեք զարմանալու փոխարեն։ Ծերությունը, անզորությունը կյանքի վերջին տարիների տխուր ընկերակիցներ են։ Բայց ես ձեզ բարի օրինակ կտամ և բարի խորհուրդ։ Կարելի է, տեսնում եք, այդ ընկերակիցներին չսպասել և հոժարակամ հեռանալ նրանցից առաջ, ինչպես ես եմ հեռանում։

— Ի՞նչ ես կամենում անել,— հարցրին մի քանի անհանգստացած ձայներ։

— Կամենում եմ ուրախանալ, գինի խմել, երաժշտություն լսել, նայել ահա այս աստվածային ձևերին, որ տեսնում եք իմ կողքին, և այնուհետև քնել պսակը գլխիս։ Արդեն հրաժեշտ եմ տվել Կեսարին, և արդյոք կամենո՞ւմ եք լսել, թե ինչ հրաժեշտ եմ գրել նրան։

Այս ասելով՝ սնարքից հանեց ծիրանե մի նամակ և սկսեց կարդալ.

«Գիտեմ, ո՛վ Կեսար, որ անհամբեր աչք ես դրել իմ ճանապարհին և որ քո հավատարիմ բարեկամական սիրտը գիշեր֊ցերեկ կարոտում է ինձ։ Գիտեմ, որ ինձ գլխից մինչև ոտ ոսկու մեջ կնստեցնեիր, կհանձնեիր ինձ պրետորիայի պրեֆեկտուրա, իսկ Տիգելլինոսին կհրամայեիր լինել այն, ինչի համար որ նրան աստվածներն ստեղծել են՝ ջորիների վերակացու քո այն կալվածքներում, որ ժառանգեցիր Դոմիտիային[450] թունավորելուց հետո։ Ների՛ր ինձ սակայն, որովհետև ահա երդվում եմ քեզ Հադեսով և նրա մեջ եղած քո մոր, կնոջ, եղբոր և Սենեկայի ուրվականներով, որ քեզ մոտ գալ չեմ կարող։ Կյանքը մեծ գանձ է, սիրելիս, իսկ ես իմանում էի այդ գանձից ամենաթանկագին գոհարներ ընտրելը. բայց կյանքում կան նաև այնպիսի բաներ, որոնք այլևս տանել չեմ կարող։ Ո՜հ, մի մտածի, խնդրեմ, որ ինձ զարհուրեցրեց այն, որ դու սպանեցիր մորդ և՛ կնոջդ, և՛ եղբորդ, որ դու այրեցիր Հռոմը և Երեբոս[451] ուղարկեցիր քո տերության բոլոր ազնիվ մարդկանց։ Ո՛չ, քռոնոսի թոռնիկս։ Մահը մարդուս ճակատի գիրն է, իսկ քեզանից ուրիշ արարմունքներ անկարելի է սպասել։ Բայց էլի ձիգ տարիներ ականջները փչացնել քո երգեցողությամբ, տեսնել քո դոմիտիական բարակ ոտքերը պիռիքական պարի[452] մեջ թռչկոտելիս, լսել քո նվագածությունը, քո բեմբասացությունը և քո վիպասանությունները, խեղճ փողոցային բանաստեղծ, ահա թե ինչն սպառեց իմ ուժերը և գրգռեց մահվան փափագը։ Հռոմը ականջները խցում է քեզ լսելիս, աշխարհը քեզ ծաղրում է. իսկ ես արդեն ավելի երկար չեմ կամենում քեզ համար կարմրել, չե՜մ կարող։ Կերբերի[453] ոռնոցը, իմ բարեկամ, թեկուզև քո երգեցողության նման լինի, ավելի քիչ ինձ կվշտացնի, որովհետև երբեք նրա մտերիմը չեմ եղել և պարտական չեմ ամաչել նրա ձայնի համար։ Ողջ եղիր, բայց մի՛ երգիր. սպանիր, բայց ոտանավորներ մի՛ գրիր. թունավորիր, բայց մի՛ պարիր. կրակ ձգիր, բայց կիթառ մի՛ նվագիր. այս քեզ ցանկանում է և այս վերջին մտերմական խորհուրդն ուղարկում է քեզ «arbiter elegantiarum»֊ը»։

Հյուրերը զարհուրեցին, որովհետև գիտեին, որ եթե Ներոնը պետությունը ձեռքից կորցնելու լիներ, հարվածը նրա համար պակաս սարսափելի կլիներ։ Հասկացան նաև, որ մի մարդ, որ այսպիսի նամակ է գրել, պետք է մեռնի, և միևնույն ժամանակ իրենց էլ երկյուղ տիրեց, որ այսպիսի նամակին ունկնդիր էին եղել։

Բայց Պետրոնիոսն այնպիսի անկեղծ և ուրախ ծիծաղով ծիծաղեց, կարծես ամենաանմեղ հանաք լիներ արած, հետո աչքերը ներկա եղողների վրայով ման ածեց և գոչեց.

— Ուրախացեք և հեռու նետեցեք անհանգստությունը։ Ոչ ոք հարկ չունի պարծենալու, թե այս նամակը լսել է. իսկ ես գուցե պարծենամ միայն Քարոնին՝ գետն անցնելու ժամանակ։

Ապա նշան տվեց հույն բժշկին և ձեռքը մեկնեց նրան. վարժ հույնը մի ակնթարթում նրա ձեռքը կապեց ոսկե ժապավենով և երակը բաց արեց արմնկածալի վրա։ Արյունը ցայտեց սնարին, թրջեց Եվնիկեին, որ Պետրոնիոսի գլուխը պահելով՝ կռացավ նրա վրա և ասաց.

— Տեր, մի՞թե դու կարծում էիր, որ ես քեզ կթողնեմ։ Եթե աստվածներն ուզենային ինձ անմահություն տալ, իսկ Կեսարը՝ աշխարհի իշխանությունը, էլի քո ետևից կերթայի։

Պետրոնիոսը ժպտաց, մի փոքր վեր քաշվեց, իր շրթունքները նրա շրթունքներին հպեց և պատասխանեց.

— Եկ իմ ետևից։

Իսկ հետո ավելացրեց.

— Դու ինձ ճշմարիտ սիրում էիր, իմ աստվածային...

Իսկ աղջիկը պարզեց բժշկին իր վարդագույն ձեռքը, և մի րոպեից նրա արյունը սկսեց խառնվել Պետրոնիոսի արյան հետ։

Բայց սա նշան տվեց խմբապետին, և նորից լսվեցին կիթառների և երգեցողության ձայները։ Նախ և առաջ երգեցին «Հարմոդիոսը»[454], հետո հնչեց Անակրեոնի երգը, որի մեջ բանաստեղծը գանգատվում է, որ մի անգամ դռների տակ գտավ Աֆրոդիտեի սառած ու լացաթաթախ զավակին[455]. առավ նրան հետը, տաքացրեց, թևերը չորացրեց, իսկ նա, ապերախտը, իր սիրտը խոցեց սլաքով, և այդ րոպեից ի վեր հանգիստ չունի[456]...

Իսկ նրանք, միմյանց վրա հենվելով, երկու գեղեցիկ աստվածությունների նման լսում էին ժպտալով և գունատվելով։ Պետրոնիոսը, երգի վերջանալուց հետո հրամայեց շարունակել գինի և կերակուրներ բաժանել. հետո սկսեց մերձավոր սեղանակիցների հետ խոսել դատարկ, բայց սիրելի բաների մասին, որոնք սովորաբար մեծարքների զրույցների նյութ էին։ Վերջը մոտ կանչեց հույնին, որպեսզի մի րոպե կապի իր երակը, որովհետև ասում էր, թե նիրհը տանում է և թե կամենում է դեռևս անձնատուր լինել «Հիպնոսին»՝ առաջ, քան «Թանատոսը»[457] հավիտյան կքնեցնի իրեն։

Եվ, իրոք, քնեց։ Երբ արթնացավ, աղջկա գլուխն արդեն սպիտակ ծաղկի նման նրա կրծքի վրա էր։ Այն ժամանակ սնարի վրա դրեց այդ գլուխը, որպեսզի մի անգամ ևս նայի նրան։ Եվ ապա նորից հրամայեց երակը բանալ։

Երգիչները նրա պատվերով սկսեցին Անակրեոնտի նոր երգը, իսկ կիթառները մեղմ ձայնակցում էին նրանց, այնպես որ ձայները չխլանան։ Պետրոնիոսն ավելի և ավելի էր գունատվում, բայց երբ վերջին հնչյունները լռեցին, մի անգամ էլ դարձավ սեղանակիցներին և ասաց.

— Բարեկամներ, խոստովանեցնեք, որ մեզ հետ միասին կորչում է...

Բայց չվերջացրեց. նրա թևը վերջին շարժումով գրկեց Եվնիկեին, ապա գլուխն ընկավ սնարի վրա։ Մեռավ։

Սակայն սեղանակիցներն այդ երկու հրաշալի արձանների նման սպիտակ մարմիններին նայելով լավ հասկացան, որ նրանց հետ միասին կորչում է այն, ինչ որ մենակ դեռևս մնացել էր իրենց աշխարհին, այն է՝ նրա բանաստեղծությունն ու գեղեցկությունը։

Սկզբում գալլիական լեգեոնների ապստամբությունը Վինդեքսի[458] առաջնորդությամբ այնքան էլ վտանգավոր չէր երևում։ Կեսարը միայն երեսունմեկ տարեկան էր, և ոչ ոք չէր համարձակվում հուսալ, թե աշխարհը շուտով պետք է ազատվեր իրեն խեղդող հրեշից։ Հիշում էին, որ լեգեոնների մեջ շատ անգամ արդեն, դեռ նախորդ տիրապետությունների օրով, խռովություններ էին եղել, որոնք սակայն անցնում էին, առանց տիրապետության փոփոխության։ Այսպես՝ Տիբերիոսի օրով Դրուսոսը զսպեց պանոնական լեգեոնների ապստամբությունը, իսկ Գերմանիկոսը՝ հռենոսյանը։ «Ո՞վ վերջապես պիտի Ներոնից հետո կարողանա գահ բարձրանալ,— ասում էին մարդիկ,— քանի որ աստվածային Օգոստոսի գրեթե ամբողջ սերունդը ոչնչացել է նրա օրով»։ Մյուսները, նայելով Կոլոսներին, որոնք Ներոնին իբրև Հերակլես էին ներկայացնում, ակամա ենթադրում էին, որ ոչ մի ուժ չի խորտակի այսպիսի մի զորություն. կային և այնպիսիները, որոնք այն օրից ի վեր, երբ նա ճանապարհ էր ընկել Աքայա, կարոտում էին նրան, որովհետև Հելիոսը և Պոլիթետեսը, որոնց նա հանձնել էր Հռոմի և Իտալիայի կառավարությունը, նրանից ավելի արյունռուշտ էին կառավարում։

Ոչ ոք ապահով չէր իր կյանքի և կարողության նկատմամբ։ Իրավունքը դադարել էր պաշտպան լինելուց։ Մարդկային արժանավորությունն ու առաքինությունը մարել էին, լուծվել էին ընտանեկան կապերը, և մանրացած սրտերը չէին համարձակվում մինչև անգամ հույս տածել։ Հունաստանից լուրեր էին գալիս Կեսարի անլուր հաղթանակների, վաստակած հազարավոր պսակների և հաղթված հազարավոր ախոյանների մասին։ Աշխարհը մի օրգիա էր երևում, արյունաշաղախ և խելագարված օրգիա, բայց և հաստատվում էր այն կարծիքը, թե հասել է առաքինության և լուրջ բաների վերջը, թե տիրել է պարի, երաժշտության, անառակության և արյան ժամանակը և թե այսուհետև արդեն այսպես պետք է ընթանա կյանքը։ Կեսարը, որի համար ապստամբությունը նոր ավարառությունների դուռ էր բաց անում, շատ չէր հոգում ապստամբ լեգեոնների և Վինդեքսի մասին և մինչև անգամ այս առիթով հաճախ ուրախություն էր ցույց տալիս։ Աքայայից չէր կամենում հեռանալ, և միայն, երբ Հելիոսը տեղեկացրեց, որ երկար հապաղումը կարող է տերության կորուստ առաջացնել, նա ճանապարհ ընկավ Նեապոլ։

Այստեղ նա նորից խաղում և երգում էր՝ ականջ չդնելով դեպքերի վտանգավոր ընթացքի մասին իր ստացած լուրերին։ Իզուր էր Տիգելլինոսը բացատրում նրան, որ լեգեոնների նախկին ապստամբությունները առաջնորդ չէին ունենում, իսկ այժմ գլուխ է կանգնած մի մարդ, որ վաղեմի աքվիտանական թագավորներից է ծագում և անվանի, հմուտ զորավար է։ «Այստեղ,— պատասխանեց նրան Ներոնը,— ինձ լսում են հույները, որոնք միայն գիտեն լսել և որոնք միայն արժանի են իմ այս երգեցողությանը»։ Ասում էր, որ իր առաջին պարտականությունը գեղարվեստն ու փառքն են։ Բայց երբ վերջապես նրան լուր հասավ, որ Վինդեքսը նրան վատ արտիստ է համարել, նա տեղից վեր թռավ և շտապեց Հռոմ։ Պետրոնիոսի ձեռքից ստացած վերքերը, որ սկսել էին ծածկվել Հունաստանում եղած ժամանակ, նորից բացվեցին նրա սրտում, և նա ուզում էր ծերակույտի մոտ արդարություն որոնել այսպիսի անլուր ստության դեմ։

Ճանապարհին տեսնելով բրոնզից ձուլված մի խումբ, որ ներկայացնում էր, թե ինչպես մի հռոմեացի ասպետ գետին էր գլորել գալլիացի զինվորին, նա այս բարի նախագուշակություն համարեց և այնուհետև, եթե հիշում էր ապստամբած լեգեոնների և Վինդեքսի մասին, միայն նրա համար, որպեսզի ծաղրի նրանց։ Նրա մուտքը Հռոմ մոռացնել տվեց այն ամենը, ինչ մինչև այդ օրը տեսել էին։ Նա նստած էր նույն այն կառքը, որով մի ժամանակ Օգոստոսն էր հայտնվել հաղթանակով։ Քանդեցին կրկեսի մի կամար՝ թափորի ճանապարհը բանալու համար։ Ծերակույտը, ասպետներն ու մի անհամար բազմություն դուրս եկան նրան դիմավորելու։ Պարիսպները դղրդում էին աղաղակներից. «Կեցցե՛ Ավգուստոս, կեցցե՛ Հերակլես, կեցցե՛ աստվածային, միա՜կ, Օլիմպիացի՜, Պիթիացի՜, անմա՜հ»։ Նրա ետևից տանում էին վաստակած պսակները, այն քաղաքների անունները, որտեղ հաղթանակ էր ստացել, և տախտակների վրա՝ հաղթված արվեստագետների անունները։ Ներոնն ինքը զմայլված էր և հուզված հարցնում էր իրեն շրջապատող ավգուստիաններին. «Ի՞նչ էր Հուլիոս Կեսարի տրիումֆն այս իմ տրիումֆի հետ համեմատած»։ Այն միտքը, թե մահկանացուներից որևէ մեկը հանդգնել էր ձեռք բարձրացնել այդպիսի արվեստագետ֊կիսաստվածի վրա, չէր կարող տեղավորվել նրա գլխում։ Նա իրեն ճշմարիտ օլիմպիացի էր զգում և հենց այս պատճառով ապահով։ Ամբոխի հափշտակությունն ու խելագարությունն էլ ավելի էին գրգռում նրա սեփական խենթությունը։ Այդ տրիումֆի օրը, իրոք, կարող էր թվալ, թե ոչ միայն Կեսարն ու քաղաքը, այլև ամբողջ աշխարհն է խելքը կորցրել։

Ծաղիկների և պսակների դեզերի տակ ոչ ոք չէր կարողանում նկատել անդունդը։ Սակայն հենց նույն երեկոյան մեհյանների կոլումնաներն ու պատերը ծածկվեցին գրություններով, որոնց մեջ թված էին Կեսարի ոճիրները, սպառնալիք էր կարդացվում նրան և ծաղրում էին նրան, որպես արտիստի։ Բերնեբերան անցնում էին այս բառերը. «Նա այնքան երգեց, մինչև որ զարթեցրեց աքաղաղներին (gallos)[459]»։ Խռովահույզ լուրեր սկսեցին պտտել քաղաքի մեջ և հրեշավոր ծավալ ստանալ։ Անհանգստություն տիրեց ավգուստիաններին։ Մարդիկ վստահ չլինելով, թե ապագան ինչ է բերելու, չէին համարձակվում հույսի ցանկություն արտահայտել, չէին համարձակվում զգալ ու մտածել։

Իսկ Ներոնն ապրում էր միայն թատրոնով և երաժշտությամբ։ Նրան զբաղեցնում էին նորահնար երաժշտական գործիքները և նոր ջրային երգեհոնը, որի փորձերն էր անում Պալատիոնում։ Իր մանկամիտ և որևէ խորհրդածության անընդունակ խելքով երևակայում էր, թե ներկայացումների ընդարձակ ծրագրերն ինքնըստինքյան բավական են հեռացնելու վտանգը։ Ամենամոտ մարդիկ, տեսնելով, որ միջոցների և զորքի մասին մտածելու փոխարեն նա միայն այն դարձվածքների մասին էր մտածում, որոնք կտրուկ ոճով նկարագրում են վտանգը, կորցնում էին գլուխները։ Մի քանիսը կարծում էին, թե նա միայն հանգստացնում է իրեն և ուրիշներին մեծահնչյուն բառերով, իսկ հոգու մեջ շփոթված ու անհանգստացած է։ Նրա վարմունքը, իրոք, տենդային էր դարձել։ Ամեն օր հազարավոր տարբեր մտադրություններ էին անցնում նրա գլխով։ Երբեմն տեղից վեր էր թռչում, իբր թե վտանգի դեմ գնալու համար, հրամայում էր կառքերի մեջ դնել կիթառներն ու վիները, զինել երիտասարդ ստրկուհիների, իբրև ամազոններ[460], ինչպես և լեգեոնները բերել Արևելքից։ Երբեմն նորից մտածում էր, որ ոչ թե պատերազմով, այլ երգեցողությամբ է վերջանալու գալլիական լեգեոնների ապստամբությունը։ Եվ նրա հոգին խնդում էր՝ երևակայելով այն տեսարանը, որ տեղի էր ունենալու զինվորներին երգով իր հետ հաշտեցնելուց հետո։ Ահա՝ լեգեոնականները կշրջապատեն իրեն արտասուքները աչքերին, իսկ ինքը կսկսի նրանց համար Էպինիկիոնը[461], որից հետո ոսկե դար կսկսվի իր և Հռոմի համար։ Երբեմն նորից արյուն էր կանչում, երբեմն հայտարարում էր, թե կբավականանա Եգիպտոսի կուսակալությամբ, մտաբերում էր այն կախարդներին, որոնք իրեն գուշակել էին Երուսաղեմի թագավորությունը, կամ զգացվում էր այն մտքից, թե իր ամենօրյա հացը կվաստակի իբրև թափառաշրջիկ երգիչ, իսկ քաղաքներն ու երկրները կմեծարեն իրեն ոչ իբրև Կեսարի՝ աշխարհի տիրոջ, այլ իբրև մի երգչի, որի նմանը դեռ մինչև այդ օրը չի եղել։

Եվ այսպես նա այս ու այն կողմն էր ընկնում, խենթություններ անում, նվագում էր, երգում էր, փոխում էր մտադրությունները, փոխում էր հատվածները, փոխում էր իր և աշխարհի կյանքը մի ինչ֊որ անհեթեթ երևակայական ու սարսափելի երազի, մի աղմկալից ներկայացման, որ կազմված էր փքուն դարձվածքներից, անհաջող ոտանավորներից, հառաչանքներից, արտասուքներից և արյունից. իսկ այդ միջոցին Արևմուտքի ամպը մեծանում և սաստկանում էր օրեցօր։ Չափն արդեն անցել էր։ Խեղկատակային թատերգությունը ակներև կերպով դիմում էր իր վախճանին։

Երբ Գալբան[462] և Իսպանիան հարեցին ապստամբությանը, և երբ այս լուրը հասավ Ներոնի ականջը, նա գժվեց, կատաղեց, ջարդ ու փշուր արեց անոթները, մեծարքի ժամանակ շուռ տվեց սեղանը և այնպիսի հրամաններ արձակեց, որ ոչ Հելիոսը, ոչ էլ Տիգելլինոսը չհամարձակվեցին կատարել։ Հռոմում վերաբնակեցված գալլիացիներին կոտորելը, հետո երկրորդ անգամ քաղաքը հրդեհելը, գազաններին արենարիաներից դուրս թողնելը, իսկ մայրաքաղաքը Ալեքսանդրիա տեղափոխելը նրան մեծ, զարմանալի և հեշտ գործ երևաց։ Բայց արդեն նրա ամենակալության օրերն անցել էին, և մինչև անգամ նրա նախկին ոճիրների գործակիցներն սկսել էին նրան նայել իբրև մի խելագարի։

Վինդեքսի մահը և ապստամբ լեգեոնների անհամաձայնությունը թվում էր, թե նորից կշեռքի թաթը նրա կողմն էին թեքում։ Արդեն նոր մեծարքներ, նոր տրիումֆներ և նոր դատավճիռներ էին ազդարարվում Հռոմում, երբ մի գիշեր պրետորիանների բանակից փրփրոտած ձիով մի սուրհանդակ եկավ՝ հայտնելով, որ հենց քաղաքի մեջ զինվորներն ապստամբության դրոշ են բարձրացրել և Գալբային կայսր հայտարարել։

Սուրհանդակի գալու ժամանակ Կեսարը քնած էր, բայց զարթնելով՝ իզուր էր կանչում պահապան զինվորներին, որոնք գիշերով հսկում էին սենյակի դռան մոտ։ Պալատն արդեն դատարկվել էր։ Ստրուկները կողոպտում էին հեռավոր անկյուններում, ինչ որ կարելի էր շտապ կողոպտել։ Բայց նրա տեսքը սարսափեցրեց նրանց. նա միայնակ թափառում էր տան մեջ՝ սրահները լցնելով շփոթության և հուսահատության աղաղակներով։

Վերջը, սակայն, Ֆավոն, Սպորոս և Եպափրոդիտես ազատագիրները նրան ազատելու եկան։ Կամենում էին, որ փախչի, ասելով, թե կորցնելու ժամանակ չկա, բայց նա դեռ իրեն խաբում էր։ Իսկ եթե, սգի զգեստը հագին, խոսի ծերակույտի հետ, մի՞թե ծերակույտը կդիմանա իր արտասուքներին և ճարտասանությանը։ Եթե գործ դներ իր ամբողջ պերճախոսությունը, ամբողջ ճարտասանությունը և դերասանական ձիրքը, մի՞թե աշխարհիս երեսին որևէ մեկը կկարողանա իրեն դիմադրել։ Մի՞թե չեն տա իրեն թեկուզ Եգիպտոսի պրեֆեկտուրան։

Իսկ նրանք, շողոքորթելու ընտելացած, դեռ չէին համարձակվում ուղղակի հակաճառել նրան, միայն զգուշացրին, որ առաջ, քան կհաջողի ֆորում հասնել, ժողովուրդը նրան կտոր֊կտոր կանի և սպառնացին, որ եթե իսկույն ձի չհեծնի, իրենք ևս կթողնեն նրան։

Ֆավոնը նրան թաքուստ առաջարկեց իր դղյակում, Նոմենտանյան դարպասից դուրս։ Մի րոպեից նրանք ձիերի վրա էին, և գլուխները թիկնոցներով ծածկած՝ շտապում էին դեպի քաղաքի ծայրը։ Գիշերը փարատվում էր։ Բայց փողոցներում արդեն շարժում էր տիրում, որ վկայում էր վայրկյանի արտակարգ լինելը։ Զինվորները մեկ առանձին֊առանձին, մեկ փոքրիկ խմբերով ցրվում էին քաղաքում։ Բանակից հեռու Կեսարի ձին դիակի պատահելով հանկարծ մի կողմ ցատկեց։ Այն ժամանակ թիկնոցը ետ բացվեց ձիավորի գլխից, և մի զինվոր, որ հենց այդ րոպեին անցնում էր նրա մոտով, ճանաչեց Ներոնին, բայց անակնկալ հանդիպումից շվարած՝ նրան զինվորական ողջույն տվեց։ Պրետորիանների բանակի մոտով անցնելիս՝ նրանք դղրդալի աղաղակներ լսեցին ի պատիվ Գալբայի։ Ներոնը հասկացավ վերջապես, որ մոտենում է մահվան րոպեն։ Նրան սարսափ և խղճահարություն տիրեց։ Ասում էր, թե առջևը սև ամպի պես խավար է տեսնում, իսկ այս ամպի միջից իր կողքը դեմքեր են պարզվում, որոնց մեջ ճանաչում է մոր, կնոջ և եղբոր դեմքերը։ Նրա ատամներն իրար էին դիպչում զարհուրանքից, սակայն նրա կոմեդիանտական հոգին ինչ֊որ հրապույր էր գտնում րոպեի սպառնալից պատկերի մեջ։ Աշխարհի ամենակալ տեր լինել և ամեն ինչ կորցնել նրան ծայրագույն ողբերգություն էր թվում։ Եվ հավատարիմ մնալով իրեն՝ նա մինչև վերջ առաջին դերն էր խաղում այս ողբերգության մեջ։ Նրան հատվածներ արտասանելու տենդ բռնեց և մի մոլեռանդ ցանկություն, որ ներկա եղողները հիշեն այդ հատվածները ապագա սերունդների համար։ Երբեմն ասում էր, թե կամենում է մեռնել և կանչում էր Սպիկուլոսին, որ բոլոր գլադիատորներից ավելի ճարպկորեն էր սպանում։ Երբեմն շշնջում էր. «Մայրս, կինս, հայրս ինձ մահվան են հրավիրում»։ Հույսի շողեր էին ժամանակ առ ժամանակ արթնանում նրա մեջ, զո՜ւր և մանկական հույսե՜ր։ Գիտեր, որ մահը գալիս է, և միաժամանակ չէր հավատում նրան։

Նոմենտանյան դարպասը բաց գտան։ Շարունակելով ճանապարհը՝ անցան Օստրիանոնի մոտով, ուր քարոզում և մկրտում էր մի ժամանակ Պետրոսը։ Լուսադեմին նրանք Ֆավոնի դղյակում էին։

Այստեղ ազատագիրներն արդեն այլևս չէին ծածկում նրանից, որ ժամանակն է մեռնելու, ուստի նա հրամայեց իր համար փոս փորել, և ինքը պառկեց գետնին, որպեսզի կարողանային չափը ճիշտ վերցնել։ Բայց տեսնելով դուրս նետվող հողը՝ նա երկյուղ զգաց իր սրտում։ Նրա պարարտ դեմքը գունատվեց, իսկ ճակատի վրա երևացին քրտինքի կաթիլներ՝ առավոտյան ցողի կաթիլների պես։ Սկսեց հապաղել։ Միաժամանակ թե դողդոջուն և թե դերասանական ձայնով հայտարարեց, թե րոպեն դեռ չի հասել. ապա նորից սկսեց բեմբասացությունը։ Վերջը խնդրում էր, որ իրեն այրեն։ «Որպիսի՜ արվեստագետ է կորչում», կրկնում էր նա, կարծես զարմանքով։

Մինչ այդ՝ եկավ Ֆավոնի սուրհանդակը և լուր բերեց, որ ծերակույտն արդեն դատավճիռ է արձակել և որ «parricida»֊ն[463] պետք է պատժվի հին սովորության համեմատ։

— Այդ ի՞նչ սովորություն է,— հարցրեց ճերմակած շրթունքներով Ներոնը։

— Պարանոցդ կբռնեն եղանով և կգանակոծեն, մինչև որ մեռնես, և մարմինդ կձգեն Տիբերիս,— չորությամբ պատասխանեց Եպաֆրոդիտեսը։

Իսկ նա թիկնոցը բաց արեց կրծքին և՝

— Ուրեմն ժամանակն է,— ասաց՝ նայելով երկնքին։

Ապա մի անգամ էլ կրկնեց.

— Որպիսի՜ արվեստագետ է կորչում։

Այդ րոպեին ձիու դոփյուն լսվեց։ Կենտուրիոնն էր, որ զինվորներով գալիս էր Ահենոբարբի գլխի համար։

— Շտապի՛ր,— գոչեցին ազատագիրները։

Ներոնը դանակը կոկորդին դրեց, բայց ծակում էր միայն երկչոտ ձեռքով, և երևում էր, որ երբեք չի համարձակվի ծայրն ավելի խորը խրել։ Այդ ժամանակ Եպաֆրոդիտեսն անսպասելի կերպով նրա ձեռքը հրեց, և դանակը համարյա թե մինչև կոթը ներս խրվեց, իսկ աչքերը, սարսափելի, ահագին, զարհուրած աչքերը դուրս ցցվեցին։

— Կյանք եմ բերում քեզ,— ներս մտնելով գոչեց կենտուրիոնը։

— Ո՜ւշ է,— խռպոտ ձայնով պատասխանեց Ներոնը։

Ապա ավելացրեց.

— Ա՛յ թե հաստա՛տ հարված էր։

Շուտով մահն սկսեց տիրել նրան։ Արյունը հաստ պարանոցից սև վտակի պես հոսում էր պարտեզի ծաղիկների վրա։ Նրա ոտքերն սկսեցին փորել գետինը, և վախճանվեց։

Հավատարիմ Ակտեն մյուս օրը նրան փաթաթեց թանկագին կերպասների մեջ և այրեց անուշահոտ խոտերով լցված խարույկի վրա։

Եվ այսպես անցավ Ներոնը, ինչպես անցնում է հողմը, փոթորիկը, հրդեհը, պատերազմը կամ ժանտախտը, իսկ Պետրոսի բազիլիկան Վատիկանյան բարձունքներից մինչև այսօր իշխում է քաղաքի և աշխարհի վրա։

Իսկ նախկին Կապենական դարպասի մոտ այսօր բարձրանում է մի փոքրիկ մատուռ, փոքր֊ինչ ջնջված արձանագրությամբ. «Quo vadis, Domine?»։


  1. Ephebeum — ընդարձակ մարզարան։
  2. Insula — բառացի՝ «կղզի» էր կոչվում առանձին կանգնած մի տուն կամ ամեն կողմից փողոցներով շրջապատված տների մի խումբ։ Հաճախ insula նշանակում էր նաև մեծ, շատ ընտանիքների համար կառուցված կամ վարձով տրվող տունը։
  3. Laconicum — բաղնիքի տաք վառարան։
  4. Tepidarium — բաղնիքի զով բաժանմունք, որտեղից մի դռնով կարելի էր անցնել տաք Բաղնիքը (caldorium), իսկ մյուսով՝ հանդերձատունը (apodyterium)։
  5. Nomenclator — ստրուկ֊հուշարար, որի պարտականությունն էր ազդարարել իր տիրոջը առավոտ չան ողջույնին (salutatio) եկող կլիենտների գալուստը։ Կլիենտների թիվն այնքան շատ էր լինում, պատրոնը մոռանում էր նրանցից շատերի ազգանունն ու դիրքը. այսպիսի դեպքերում նոմենկլատորը նրան հնարավորություն էր տալիս կլիենտների հետ իրեն պահել իբրև նրանց լավ ճանաչող մի մարդ։
  6. Corbulo Gn. Dom. — Կալիգուլա կայսրի կնոջ եղբայրն էր, հռչակավոր զորավար։ 47 թ. նա հաղթեց գերմանացիներին Վեզերի գետաբերանի մոտ, իսկ 58 - 60 թ.՝ հայոց Տրդատ թագավորին և նրա եղբորը՝ պարթևաց Վաղարշ թագավորին։ Քաղցրաբարո և արդարադատ մարդ լինելով՝ նա գրգռեց իր դեմ Ներոնի նախանձը։ Ներոնը Փոքր Ասիայից Հունաստան տեղափոխելով նրան՝ նախապես ուղարկեց մահվան դատավճիռ, բայց այս դատավճիռը ուշ հասավ, Կորբուլոնը կանխել էր՝ անձնասպանություն գործելով 67 թվականին։ Կորբուլոնը իր արևելյան գործերի մասին հիշատակարան ուներ գրած, որից ոչ մի հատված չի հասել մեզ։ Հռչակված էր և իբրև հռետոր, իսկ նրա հասակն ու մարմնի ուժը առած էին դարձել։
  7. Asciepius (Aesculapius) — բժշկական արվեստի հունական աստված։ Ըստ ավելի ընդունված ավանդության` ամոքիչ Ապոլլոն աստծո և լապիթոսների թագավորադուստր Կորոնիդ Ֆլեգիայի որդին էր։ Ապոլլոնը խանդից սպանեց Կորոնիդին, իսկ մանկանը հանձնեց կրթելու Կենտավրոս Քերոնին, որ ուրիշ արվեստների հետ սովորեցրեց նրան և բժշկություն։ Իր հմտությամբ նա շատ մահկանացուներ ազատեց մահից, մինչև անգամ մեռածներին հարություն տվեց։ Զևսը շանթահար արեց նրան, որպեսզի աշխարհի կարգը չխանգարվի, և մարդիկ բժշկական արվեստի օգնությամբ, բոլորովին չազատվեն մահից, չարհամարհեն ապագայում աստվածների օգնությունը։ Մի ուրիշ ավանդություն ասում է, որ Ասկլեպիոսը Արսինոեի որդին էր։ Նրա պաշտամունքը Հռոմ անցավ 291 թ. (մ. թ. ա.), նրա տաճարը Տիբերիսի մի կղզու վրա էր։
  8. Բյութանիա — Փոքր Ասիայի հյուսիս֊արևմտյան մի նահանգ (Կ. Պոլսից ոչ հեռու, Սև ծովի ափին)։
  9. Հերակլեա — Բյոլթանիայի ծովեզրյա քաղաք (այժմ Երեգլի)։
  10. Pirron Ելիսացին՝ սկեպտիկական դպրոցի հիմնադիրը, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակից էր։ Նա քարոզում էր, որ մարդկության ծայրագույն նպատակը առաքինությունն է, և պնդում էր, որ մարդս անկարող է իրերի էությունը ճանաչել և գտնել ճշմարտությունը։
  11. Epidarius — Արգոլիսի մի քաղաք, Սարոնիկյան ծոցի ափին, այստեղ էր Ասկլեպիոսի ամենահռչակավոր տաճարը։
  12. Porta Capena — Հռոմի հարավային դարպասը։
  13. Asclepiadae անունը Հունաստանում տալիս էին մի քանի ընտանիքների, որոնք որդոց որդի բժշկությամբ էին զբաղվում և իրենց Ասկլեպիոսի սերունդ էին համարում։
  14. Incubatio — «նիրհում»։ Հիվանդները կամ անձամբ պառկում էին, կամ վարձով պառկեցնում էին ուրիշների, մանավանդ, ասկլեպիագներին Ասկլեպիոաի տաճարում (Եպիդավրոսում), զոհ բերած կենդանու մորթու, վրա, որպեսզի աստվածային հայտնությամբ նիրհի մեջ իմանան իրենց հիվանդության ճարը։ Բժշկվածը հետո կախ էր անում տաճարում մի տախտակ, որի վրա գրված էր լինում թե՛ իր հիվանդությունը և թե՛ աստծու ցույց տված ճարը։
  15. Hypocaustum — հռոմեական բաղնիքի այն բաժանմունքը, որտեղից վառարանի տաքությունը տարածվում էր բաղնիքի ուրիշ սենյակների հատակների տակ։
  16. Amor — հռոմեական դիցաբանության սիրո աստված (Eroc — նույնը՝ հունական դիցաբանության մեջ)։
  17. Charites, Gratiae — Զևսի և Հերայի (կամ Եվրինիմեի) աղջիկները Հունաստանում նազելիության, ընկերական վայելքների և ուրախ կյանքի՝ զվարճությունների աստվածուհիներ էին։
  18. Epilator — երևի depilator, depilare բայից, որ նշանակում է մարմնի մազերը պոկել։
  19. Tunica — հռոմեացու առօրյա զգեստը, որ երկու մասից էր բաղկացած։ Ուղղակի մերկ մարմնի վրա հագնում էին tunica, որ մի տեսակ շապիկ էր, սկզբում առանց թևքերի, իսկ հետո և թևքերով, սակայն, արմունկներից երկար չէին լինում։ Իբրև տակի շոր, տունիկան չպետք է վերևի շորից՝ տոգայից (toga) երկար լիներ. երկար տունիկաներ տղամարդկանց համար անվայել էին։ Կանանց տունիկան շատ երկար էր և կրծքի տակ սովորաբար հավաքվում էր գոտիով։ Նյութն էր բուրդը, իսկ հետո՝ նաև քաթանը։
  20. Lysippus — սիկիոնցի հույն քանդակագործ, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակից, ուսումնասիրելով մարդու մարմինը և գեղեցկության իդեալը գտնելով՝ աստվածների և մարդկանց արձանների մեջ աշխատում էր միացնել ամենամեծ նմանությունը ամենամեծ գեղեցկության հետ։ Ներկայացրեց Հերակլեսի բնավորությունը նոր ձևով։ Նրա քանդակած հսկա Հերակլեսի պատկերը, որ ուներ 30 կանգուն բարձրություն, կանգնեցրած էր Տարենտոնում, որտեղից վերջը փոխադրվեց Հռոմ, Կապիտոլիում։
  21. R. Palatium կոչվում էր այն թաղը, որ գտնվում էր Պալատինյան բլրի վրա։ Այստեղ էին գտնվում Օգոստոսի, Տիբերիոսի, Ներոնի և ուրիշ կայսրերի պալատները։
  22. Patres («հայրեր) էին կոչվում Հռոմի ծերակույտի պատրիկ անդամները։
  23. Seneca L. Ann. — ծնվել է նախքան մ. թ. Իսպանիայի Կորդուբա (Կորդովա) քաղաքում։ Նա վաղ տեղափոխվեց Հռոմ և ճարտասանություն ու փիլիսոփայություն ուսումնասիրելով՝ մտավ պետական ծառայության մեջ։ Կլավդիոսի կին Մեսալինայի ջանքերով աքսորվեց Կորսիկա, ուր մնաց 8 տարի։ Վերադառնալով Հռոմ՝ նա Ագրիպպինա Կրտսերի առաջարկությամբ ստանձնեց նրա որդու՝ Ներոնի կրթությունը, բայց սանիկը միայն յուր կայսրության առաջին տարիներին ենթարկվեց նրա ազդեցությանը, իսկ հետո զզվանք և ատելություն սկսեց զգալ այդ խստաբարո և բավական հաստատամիտ մարդու նկատմամբ։ Նրան մեղադրեցին Պիսոնի դավադրությանը մասնակից լինելու մեջ և մահվան դատապարտեցին, թույլ տալով, որ մահվան եղանակն ինքն ընտրի։ Նա իր երակները բաց արեց և մեռավ արյունաքամ լինելուց, 65 թ.։ Սենեկան նախ և առաջ փիլիսոփա էր և ապա՝ բանաստեղծ։ Իր փիլիսոփայական հայացքներով նա շատ մոտ էր ստոիկներին և գիտեր իր խորիմաստ մտքերն արտահայտել կտրուկ ու պարզ։ Բարոյագիտության և մարդկային պարտականությունների մասին իր ունեցած հասկացողությամբ նա հաճախ առիթ է տվել շատերին այդ ուսմունքը համեմատելու քրիստոնեության հետ։
  24. Histrio — «դերասան» Ներոնը Ագրիպպինա կրտսերի և Դոմիտիոս Ահենոբարբի (Ahenobarbus պղնձամորուս՝ շիկահեր) որդին էր և ինքն էլ այդ տոհմանունն էր կրում։ Երբ Ագրիպպինան Կլավդիոս կայսեր հետ ամուսնացավ, կայսրը որդեգրեց պա տանի Դոմիտիոս Ահենոբարբին և նրա անունը փոխեց Տիբերիոս Կլավդիոս Ներոն Գրուսոս Գերմանիկոս Կեսար։
  25. Frigidarium — բաղնիքի սառը բաժանմունք։
  26. Faunus — դաշտերի և անտառների հռոմեական աստված. հովանավորում էր դաշտերում և անտառներում արածող հոտերին. սիրում էր կատակ անել և վախեցնել մարդկանց անտառներում ու դաշտերում, մտնում էր նույնիսկ նրանց տները։ Հունաց ազդեցության ներքո ֆավնների թիվը բազմապատկվեց. պատմում էին զանազան առասպելներ նիմֆաների՝ հավերժահարսերի հետ ունեցած նրանց սիրային արկածների մասին։
  27. Հին աշխարհում՝ թե՛ Հունաստանում և թե՛ Հռոմում, տեղի էին ունենում կառք վարելու հմտության հրապարակական մրցություններ։
  28. Poppea Sabina — նախ պրետորիական պրեֆեկտ Ռուֆոս Կրիսպինոսի, այնուհետև Օթոնի կինն էր։ Օթոնը իր կնոջը զիջեց Ներոնին, որի փոխարեն քվեստորության պաշտոն ստացավ Իսպանիայում։
  29. Unctorium — բաղնիքի այն բաժանմունքն էր, որտեղ յուղերով օծում էին մարմինները։
  30. Vestiplicae — զգեստները կարգի բերող և տերերին հագցնող կանայք։
  31. Familia — «գերդաստան». այսպես էին կոչվում հռոմեացու բոլոր ստրուկները՝ միասին վերցրած։
  32. Homo novus — Հռոմում կոչվում էին այն բարձրաստիճան պաշտոնյաները և առհասարակ այն նոր բարձրացած մարդիկ, որոնց նախնիները ոչնչով հայտնի չէին եղել և որոնք իրենք էին սկսում իրենց ընտանիքների պատմությունը։
  33. Paisithea — Քարիտուհիներից մեկն է։ Հերան խնդրել էր Քնից, որ քնեցնի Զևսին, որպեսզի ազատորեն կարողանա վնասել Տրոյայից վերադարձող Հերակլեսին։ Զևսը, արթնանալով, կամենում էր պատժել Քնին, բայց սա փախուստ տվեց։ Հերան կրկին համոզեց Քնին մի այսպիսի բան անել՝ խոստանալով նրան կնության տալ Պայիսթեային։
  34. Ligil կամ Lugil ժողովուրդը մ.թ.ա. Ա. դարում ապրում էր վերին Վիսլայի ափերին, այժմյան Լեհաստանում։ Նա պատկանում էր Մարբոդի ազգային մեծ զինակցությանը։
  35. Mopsos — Մանտոյի և Ապոլլոնի որդին, Կոլոփոնում և Կիլիկիայի Մալլոս քաղաքներում պաշտվում էր իբրև կիսաստված և գուշակ։ Հաղթեց Իլիականի մեջ հիշվող Կալքաս գուշակին, որից հետո վերջինս վշտից մեռավ կամ ինքն իրեն սպանեց։ Կիլիկիայի Մսիս քաղաքը հնում կոչվում էր Մոպսուեստիա։
  36. Venus Genitrix — Վենուսի (Վեներա) մականուններից մեկն է, որ նշանակում է՝ ծնող, մայր։
  37. Soracte — Էտրուրիայի մի լեռ, Հռոմից 40 վերստ հեռու դեպի հյուսիս, այժմ Monte di St. Oreste։ Նրա գագաթը հաճախ ծածկված է լինում ձյունով։
  38. Alumna— սանուհի։
  39. Stola — սովորական լայն և երկար վերնազգեստ, որ ձգում էին տունիկայի վրայից. միայն հռոմեացի քաղաքացիներն իրավունք ունեին հագնելու։ Ծածկում էր ամբողջ մարմինը պարանոցից մինչև ոտները։
  40. Univira — մեկ անգամ միայն մարդու գնացած կին։
  41. Ներոնի դաստիարակները։
  42. Triclinium— սեղանատուն։
  43. Iares — հռոմեացիների տնային աստվածներ։
  44. Արևի աստված։
  45. Աղեքսանդր կոչվում էր Պրիամոսի Պարիս որդին։
  46. Animal impudens — անամոթ անասուն։
  47. Prandium — կեսօրյա ճաշ։ Հռոմեացիները օրական երեք անգամ էին ուտում՝ նախաճաշիկ' առավոտյան ժ. 9-ին, (ientaculum), կեսօրյա ճաշ (prandium) - ժ. 12֊ին, և ճաշ՝ կեսօրից հետո ժ. 8֊ին։
  48. Forum — «Հրապարակ»։ Forum Romanum կամ պարզապես ֆորում կոչվում էր ազգային ժողովների այն հրապարակը Հռոմում, որ տարածվում էր Կապիալյան և Պալատինյան բլուրների մեջտեղ։
  49. Cubiculum — ննջարան։
  50. Iectica — դեսպակ։ Հունաստանում, Փ. Ասիայում և Հռոմում գործ էին ածվում այս պատգարակները, որոնց վրա մահիճ և բարձեր էին դրվում պառկելու համար։ Հետո ավելացրին ծածկ, վարագույրներ, մինչև իսկ ապակե պատուհաններ և առհասարակ զարդարեցին շքեղորեն։ Քաղաքից դուրս ճանապարհորդությունների ժամանակ դեսպակների գործածությունն ընդհանուր էր, իսկ քաղաքներում սկզբում գործածվում էին միայն կանանց և հիվանդների, իսկ կայսրերի օրով նաև տղամարդկանց փոխադրման համար։ Դեսպակները տանում էին ուժեղ ստրուկներ, որոնց կայսրության ժամանակ կարմիր շքազգեստ էին հագցնում, ստրուկների թիվը լինում էր 2 - 8՝ նայած դեսպակի մեծության։
  51. Vicus — փողոց։ Vicus Sceleratus — ոճրագործության փողոց, այսպես էր կոչվում նրա համար, որ Տուլլիան այստեղ կառքը քշեց իր հոր՝ Սերվիոս Տուլլիոս թագավորի մարմնի վրայով։
  52. Pedisequii — ստրուկներ, որոնք դեսպակի համար ճանապարհ էին բաց անում ժողովրդի մեջ։
  53. Licinius Stolo — հայտնի ժողովրդական տրիբուն, որ մ. թ. ա. 876 թ. ի միջի այլոց առաջարկում էր, որ հասարակական հողից պատրիկներից ոչ ոք իրավունք չունենա օգտվելու ավելի, քան 125 օրավարով, իսկ մնացած հողը բաժանվի պլեբեյների մեջ՝ ընտանիքին տալով ոչ ավելի, քան մոտ 2 օրավար հող։
  54. Bulla — տափակ ոսկե տուփ (մեդալիոնի նման), որ ժապավենի վրա, ըստ հին էտրուսկական սովորության, կախ էին անում պարանոցից սկզբում միայն ազնվականները, իսկ հետո՝ առհասարակ ազատ ծնվածները։ Հնում ծառայում էր իբրև հմայիլ֊պահարան. հանվում էր toga praetexta֊ի հետ միաժամանակ, այսինքն՝ չափահաս դառնալիս, 17 տարին լրանալուց հետո։
  55. Hamadrias — ծառի հավերժահարս, որ ապրում և մեռնում էր նրա հետ միասին։
  56. Satyri — Դիոնիսոսի ուղեկիցներն էին և հեշտասեր ու սանձարձակ կյանքի ոգիներ, ծույլ և աշխատանքից փախչող, երաժշտության, սիրո և գինու անձնատուր եղած, սիրում էին նիմֆաների ընկերությունը և նրանց հետ թափառում էին անտառներում, պարում ու ձանձրացնում իրենց սիրով։ Ունեին այծի կերպարանք, մարդուն մի փոքր նմանեցրած կոպիտ և քմահաճ դիմագծեր, այծի կամ ձիու պոչ։
  57. Carissime — սիրելիս։
  58. Cavius Apidus — Օգոստոսի և Տիբերիոսի ժամանակակից էր և հայտնի էր իր որկրամոլությամբ։
  59. Columna — սյուն։ Հունաստանում և Հռոմում մարմարից և այլ քարերից շինած սյուներ էին կանգնեցված տների առջև և մանավանդ տաճարների շուրջը շինությունների հետ մի ծածկի տակ, որ մի տեսակ պատշգամբներ էին կազմում։ Կոլումնաներ պատահում էին և առանձնացած՝ հրապարակների վրա կամ գերեզմանատներում։
  60. Triglyphus — մեհյանների արտաքին զարդեր՝ սյուների և ճակատների մեջտեղ։
  61. Quadriga — քառաձի կառք։
  62. Basilica — հոյակապ շինվածքներ Հռոմում և նահանգներում՝ դատարանների, վաճառանոցների, քաղաքապետության կամ բորսայի համար։ Վերևում ունեին պատշգամբներ՝ հանդիսականների համար։ Պատշգամբները հաստատված էին սյուների վրա, որոնցով բասիլիկան բաժանվում էր մի քանի դասերի։ Կոստանդին Մեծից հետո բասիլիկաները տաճարների փոխվեցին և ազդեցին քրիստոնեական ճարտարապետության վրա։
  63. Iovi optimo, maxsimo — բարերար, մեծ (Յուպիտերին)։
  64. Rostra — Հռոմեական ֆորումի այն ամբիոնը, որտեղից խոսողները դիմում էին ժողովրդին՝ ազգային ժողովների ժամանակ։
  65. Sistrum — երաժշտական գործիք, որ եգիպտացիները գործածում էին Իսիդի պաշտամունքի ժամանակ։ Մի քանի մետաղե ձողիկներ ամրացրած էին կլոր շրջանակի մեջ, որի կոթից բռնում էին և արագ շարժում, այնպես, որ գործիքը ձայներ էր հանում։ — Sambuca — արֆայի նման լարավոր գործիք։
  66. Quirites — Հռոմի քաղաքացիներ։
  67. Seres — Միջին Ասիայի (Արևմտյան Չինաստանի) մի ժողովուրդ, հեղինակը Sericum է անվանում նրանց երկիրը։
  68. Serapis — մեռած ոգիների աստված Եգիպտոսում. սրան դիմում էին մահից կամ հիվանդությունից ազատվելու համար։ Չնայած պետության հարուցած սաստիկ հալածանքներին, սրա պաշտամունքը շատ էր տարածվում Հունաստանում և Հռոմում։
  69. Isis — եգիպտական աստվածուհի, որ շատ պաշտողներ գտավ և Եգիպտոսից դուրս։ Սկզբում Նեղոսի պտղատու հովտի, հետո՝ լուսնի, ապա կենդանության, որդեծնության, բարոյականության և զգաստության աստվածուհի (համ. Անահիտ)։
  70. Cybela — հույների դիցաբանության մեջ պտղատու գետնի սնուցանող աստվածուհի։ Սրա պաշտամունքը մտել էր Փռյուգիայից։
  71. Cryptoporticus — ծածկված սյունազարդ պատսպարան, ուր պաշտպանվում էին շոգից, վատ եղանակին. կամ ծառայում էր որպես անցուղի (լինում էր և ստորգետնյա)։
  72. Բրիտանիկոս — Կլավդոս կայսեր և Մեսալինայի որդին։— Ագրիպպինա կրտսերը Կլավդիոսի երկրորդ կինն էր, Ներոնի մայրը։ Օկտավիա Բրիտանիկոսի քույրը և Ներոնի կինն էր։
  73. Pandataria — կղզի Տիրենյան ծովում։
  74. Peгistylium — սյունազարդ պատշգամբներով շրջապատված բակ։
  75. Mora — մի խաղ էր, որի ժամանակ խաղացողներից մեկը պետք է որչափ կարելի է արագ իմանար դիմացինի մատների թիվը, որ սա ծալում էր և բաց անում։
  76. Stator — «կանգնեցնող». Յուպիտերի մականուններից մեկն է, որովհետև նա էր կռվի և հաղթության առաջնորդում զորքերը և ետ պահում փախուստից։
  77. Պետրոնիոս Արբիտերին վերագրում են Սատիրիկոն (Satiricon) գրվածքը, որ հին աշխարհի միակ վեպն է, ուր փորձ է արվում նկարագրել իրական կյանքը։ Քսան գրքից հասել են մեզ միայն մի քանի հատվածներ, որոնցից նշանավորն է քաղաքացիական կռվից մի միջադեպ (ոտանավոր) և Տրիմալքիոնի խնջույքը (արձակ)։ Տրիմալքիոնը հարուստ, բայց անճաշակ և անառակ ազատագիր է, որ իր ազատությունը ձեռք է բերել իր տերերի ստոր կրքերին գոհացում տալու ընդունակությամբ։ Խնջույքին մասնակցում են գավառական հասարակության թե՛ բարձր և թե՛ ցածր շրջանների մարդիկ։ Նկարագրությունն անչափ իրական է, այսպես՝ երբ Տրիմալքիոնի կինը, որին նա գնել էր ստրուկների շուկայում և որ այժմ իշխում է նրա վրա, ականատես է լինում, թե ինչպես ամուսինն իր ներկայությամբ համբուրում է մի գեղեցիկ տղայի, սկսում է նրան հայհոյել և վերջը նրան շուն է անվանում։ Արբած Տրիմալքիոնը հյուրերի առջև գավաթը շպրտում է կնոջ երեսին, փողոցային հիշոցներ տալիս և պարծենում, որ ոչնչությունից նրան մարդ է շինել։ Այս տեսարանը այնպես կենդանի և բնական է նկարագրված, որ ընթերցողին թվում է, թե իր աչքերով է այդ ամենը տեսնում։ Հեղինակի մեջ երևում են զարմանալի սրամտություն, աշխարհագիտություն, ուրախ հեգնություն, լեզուն կենդանի է և զերծ հռետորական փքունությունից, ամեն մի գործող անձ խոսում է իր հատուկ ոճով։
  78. Այս դարում հռոմեացիների մեջ շռայլությունը և որկրամոլությունը այն աստիճանի էր հասել, որ նրանք ճաշի ժամանակ հազար ու մի տեսակ կերակուրներով ստամոքսը լցնելուց հետո, որպեսզի կարողանան նոր և նոր տեսակներ ուտել, ճաշից վեր էին կենում, մի կողմ քաշվում և փետուրով կամ մի այլ միջոցով, նույնիսկ մատով, գրգռում լեզվի արմատը, կերածը ետ տալիս ու նորից վերադառնում սեղան։
  79. Ostium — երկար նախասենյակ (հաշտ), որ դրսի դռնից տանում էր տան առաջին սենյակը՝ ատրիոնը (atrium)։
  80. Noricum — հռոմեական նահանգ Դանուբի մոտ (այժմյան Վիեննայից մինչև Ադրիատիկ ծովը)։
  81. Velarius — վարագույր (velarium) ետ քաշող ստրուկ։
  82. Tablinum — հռոմեական տան գլխավոր սենյակներից մեկը՝ ատրիոնին կից։
  83. Centurio — հարյուրապետ, բայց կայսրերի օրոք 60 զինվորի հրամանատար։
  84. Aulus Blantius — հռոմեական զորքերի այն հրամանատարն էր, որ մ. թ. 43-47 թթ. կարողացավ հաստատ նվաճումներ անել Բրիտանական կղզու վրա։ Նրա ձեռքի տակ այդ ժամանակ ծառայում էր և բարձրացավ Վեսպասիանոսը՝ ապագա կայսրը։ Այս հաղթությունների հիշատակին՝ Կլավդիոսն իր որդու անունը փոխեց Բրիտանիկոս։
  85. Domus transitoria — Անցման տուն էր կոչվում Ներոնի պալատը, որ ձգվում էր Պալատինյան բլրից մինչև Էսքվիլինյանը և Կելիականը, և որի սյունազարդ պորտիկները մի մղոն երկարություն ունեին, ներսը ահագին պարտեզներ էին, սենյակները, մանավանդ սեղանատները աչք շլացնող շքեղությամբ էին զարդարված։ Հրդեհից հետո այս պալատը նորոգվեց և կոչվեց «Ոսկե» (Аурае)։
  86. Հույների մայրության և տանտիկնության աստվածուհին։
  87. Psyche — մարդկային հոգու կերպարանացում հույների մեջ, գեղարվեստի մեջ ներկայացվում էր իբրև թիթեռնիկ, կամ իբրև թիթեռնիկի թևեր ունեցող նազելի աղջիկ։
  88. Pretexta — ափերին ծիրանի կարած երկար զգեստ, որը կրում էին քաղաքացիները մինչև չափահաս, այն է՝ մինչև 17 տարեկան դառնալը։
  89. Anacreon — հույն հանճարեղ քնարերգու։
  90. Libitina — հուղարկավորության, իսկ ավելի առաջ՝ պարտեզների և այգիների լատինական աստվածուհի։
  91. Cornitus L. Ann. — ծնվել է մ. թ. ա. 20 թ. Աֆրիկայում. ազնիվ ու ճակատախոս մարդ էր, ուստի և՝ Ներոնի համար ատելի, և աքսորվեց մի անմարդաբնակ կղզի։ Պերսիոս երգիծաբանի մերձավոր ընկերն էր և հրատարակեց նրա գրվածքները գրողի մահից հետո։ Ստոիկյան փիլիսոփայության հետևորդ էր։
  92. Xenophanes Կոլոփոնացին ապրում էր մ. թ. ա. մոտ 580-480 թթ.։ Աքսորվելով իր հայրենիքից՝ նա թափառում էր Հունաստանում, Սիցիլիայում և Հարավային Իտալիայում, ուր մասնակցեց Վելիա քաղաքի հիմնադրությանը, ամբողջ իր կյանքը նվիրեց ժողովրդական սնապաշտությունների դեմ մաքառելուն։ Բնության պատճառը նա մի էություն էր համարում, որի հատկանիշն է բարձրագույն Բանականությունը։ Հակառակ էր հոմերական բազմաստվածությանը։ — Parmenides ծն. Վելիայում, մ. թ. ա. 500 թ. առաջինի աշակերտն էր. գալով Աթենք՝ ընկերացավ Սոկրատեսին և, հայրենիք վերադառնալով, նոր օրենքներ սահմանեց այնտեղ։ Հայտնի էր իր խիստ բարոյականությամբ։ — Zeno ծն. Վելիայում, մոտավորապես մ. թ. ա. 460 թ., Պարմենիդեսի հետ միասին եկավ Աթենք՝ Սոկրատեսի մոտ։ Նախորդների հետ միասին վելիական փիլիսոփայության հիմնադիր էր, որ ընդունում էր մի, անփոփոխ, ամենուրեք և ամենագետ սկզբունք ամբողջ գոյության մեջ։ — Plato ծն. Աթենքում, մ. թ. ա. 429 թ.։ Սոկրատեսի ամենատաղանդավոր աշակերտն էր։ Հիմնեց իր փիլիսոփայական դպրոցը, որ գլխավորապես Պարմենիդեսի (վելիական) ու Սոկրատեսի ուսմունքների միացումը և շարունակությունն էր։ Վախճ. մ. թ. ա. 348 թ.։
  93. Selene — լուսնի հունական աստվածուհի։
  94. Diana — Արտեմիս։
  95. Actaeon — թեբեացի դյուցազն, Կադմոսի թոռը, իր դեմ գրգռեց Արտեմիսի բարկությունը։ Աստվածուհին բարկացել էր, որովհետև Ակտեոնը իրեն տեսել էր լողանալիս։ Որսի ժամանակ նա դյուցազնին եղջերու դարձրեց և հենց նրա 50 որսորդական շներին գզգզել տվեց նրան։
  96. Io — Արգոսի Ինաքոս թագավորի աղջիկը և Հերայի մեհյանի քրմուհին, գրավվեց Զևսի սիրուց և հալածվեց Զևսի կին Հերայից։ Հերան նրան կով դարձրեց և քշեց մինչև Եգիպտոս, ուր նա նորից մարդու կերպարանք ընդունեց։ — Dane֊ն Զևսից ունեցավ Պերսեվս դյուցազն որդին։
  97. Ամուսնական ծեսեր հին հռոմեացիների մեջ։
  98. Attalus անունը կրում էին Պերգամոնի (Փոքր Ասիայի արևմտյան ափի) թագավորները։
  99. Demetra — Զևսի քույրը, գետնի աստվածուհի էր. նա էր աճեցնում բույսերը, մանավանդ՝ հացահատիկները։
  100. «Ավա՜ղ, ավա՜ղ անբախտիս»։
  101. Iovi liberatori — Յուպիտեր ազատարարին։
  102. Peplos — հռոմեական palla զգեստի հունարեն թարգմանությունն է։ Լայն և երկայն հանդիսավոր վերնազգեստ էր, որ կարելի էր գցել գլխին, այնպես, որ ամբողջովին ծածկեր մարդուն։ Այդ զգեստը կարող էին գործածել ոչ միայն հռոմեացի մատրոնաները՝ քաղաքացի կանայք, այլև օտարականները, ազատագրուհիները, նույնիսկ կասկածելի վարքի կանայք։
  103. Zeno (Զենոն) Կիտիացի (Կիպրոս) — ծն. մ. թ. ա. մոտավորապես 300թ.։ Մասնակցելով հոր վաճառականական ճանապարհորդություններին՝ վաղ ծանոթացավ զանազան փիլիսոփայական համակարգերին և հետո կատարելագործվեց Աթենքում, գլխավորապես Սոկրատեսի իմաստասիրական աշխատությունները զարգացնող փիլիսոփաների մոտ։ Իր բարոյական մաքրության համար շատ էր հարգված ժամանակակիցներից։ Ստոիկյան փիլիսոփայության հիմնադիրն էր։ Ըստ այդ փիլիսոփայության՝ Աստված Բանականություն է, որ ապրում է ամենուրեք, աշխարհիս մեջ, ոչ թե նրանից դուրս։ Մարդուս հոգին Աստծո մասնիկն է, միայն թե՝ անցավոր։ Բարոյականության հիմնական կանոնն է բնության օրենքների համաձայն կյանք վարել։ Ստոիկյաններն անվեհերությամբ էին հանդիպում կյանքի ամեն տեսակ ձախորդություններին և անշեղորեն հետևում իրենց սկզբունքներին։
  104. Lupanarium — հասարակաց տուն։
  105. Sestertius — հռոմեական ամենագործածական արծաթե դրամ, որ Ներոնի ժամանակ հավասար էր մոտ հինգ կոպեկի (ոսկով)։
  106. Հայտնի թունագործ կին։
  107. Պրոտագորասը, Պրոդիկոսը և Գորգիասը Պերիկլեսի և Սոկրատեսի դարում հռչակված սոփեստներ էին։
  108. Առաքինության իդեալ դարձած աթենացի մ. թ. ա. V դարում։
  109. Mina — հունական դրամ = 1/60 տաղանդ։
  110. Clientes — Հոոմում, հին ժամանակներում, բացի պատրիկներից և պլեբեյներից, կային և կլիենտներ, որոնք, մի քանիսի կարծիքով, հոժարակամ քաղաք տեղափոխված օտարականներ էին, մյուսների կարծիքով՝ բռնի կերպով Հռոմ փոխադրված իտալացի արհեստավորներ և վաճառականներ։ Քաղաքացիական իրավունքներ չունենալով՝ նրանք պատրիկների հովանավորությունն էին որոնում և նրանցից իրենց համար պատրոն էին ընտրում, որ պետք է ամեն կերպ պաշտպաներ կլիենտին իր ազդեցությամբ ու խորհրդով, օրինակ՝ դատարանում։ Իսկ կլիենտի պարտքն էր զենքով և դրամով օգնության գալ պատրոնին, մանավանդ աղջիկ մարդու տալու, գերությունից փրկվելու, հարկեր վճարելու և այլ դեպքերում։ Բայց կայսրերի ժամանակ կլիենտները աղքատ ու չնչին մարդիկ էին, որոնք առավոտները հայտնվում էին իրենց պատրոնին բարի լույս ցանկանալու և ողջույնից հետո հաճախ ուղեկցում նրան ֆորում, Մարսյան դաշտ կամ պալատ և դրա համար ստանում էին հաց, զգեստ և փող։
  111. Ergastolum — ստրուկների բանտ, այսպիսի բանտեր հարուստները շինում էին իրենց դղյակներում, կամ ավելի սակավ քաղաքային տներում, այստեղ ձգում էին ստրուկներին, որոնք դաշտային աշխատանքների էին տարվում։
  112. Mimus կոչվում էին այն դերասանները, որոնք մասնակցում էին mimus թատերգություններին։ Այս ներկայացումները կոշտ ու կոպիտ և անպատկառ կատակերգություններ էին, որոնց նյութը վերցված էր քաղաքացիների հասարակական և ընտանեկան կյանքից։ Դրանց դերասանները, մանավանդ կանայք, վատ համբավ ունեին, բայց, այնուամենայնիվ, կայսրերի օրով մուտք ունեին ազնվականների տները։
  113. Epictetus հույն փիլիսոփան երկար ժամանակ ապրում էր Հռոմում։ Ներոնի բարեկամ Եպիփրոդիտեսի ստրուկն էր և վերջը ազատություն ստացավ իր անկախ մտածողության համար։ Հափշտակված ստոիկյան փիլիսոփայությամբ՝ նա տարածում էր այդ ուսմունքը սկզբում Հռոմում, իսկ հետո Փոքր Ասիայում։ Նրա քարոզչության գլխավոր սկզբունքներն են՝ համբերատարություն և անձնազսպում։
  114. Հռչակավոր հույն քանդակագործ։
  115. Լիսիաս քանդակագործն ապրում էր Օգոստոսի ժամանակ։
  116. Lamula — փղոսկրյա կիսալուսին կոշիկի վրա. պատրիկական ծագման նշան։
  117. Կայոս Կալիգուլան՝ Գերմանիկոսի և Ագրիպպինա Մեծի որդին (37—41) սկսեց իր կայսրությունը մի քանի խոհեմ կարգադրություններով, բայց վերջում խելագարվելով, այն աստիճան արյունարբու դարձավ, որ ափսոսում էր, թե ինչո՞ւ մարդկությունը մեկ գլուխ չունի, որ կարողանար միանգամից կտրել։ Դավադիրները, Կասսիոս Քերեա թիկնապահապետի առաջնորդությամբ, պալատիոնի անցքերից մեկի մեջ սպանեցին նրան։
  118. Դրուսոս կրտսերը — Կալիգուլայի եղբայրն էր. Սեյանոս Տիբերոս (մ. թ. ա. 14 -37 թ.) կայսեր սիրելին, կամենալով իր համար ճանապարհ բանալ դեպի կայսերական գահը՝ նախ աշխատեց ոչնչացնել Դրուսոս երեցին, որ Տիբերիոսի որդին էր և թագաժառանգ էր նշանակված։ Այս Դրուսոսն ապտակեց Սեյանոսին, և սա, դավելով նրա կնոջ հետ՝ պալատական բժշկի ձեռքով դանդաղ ներգործող թույն խմեցրեց Դրուսոս երեցին (23 թ.)։ Այնուհետև սկսեց հեռացնել մյուս թագաժառանգներին՝ կայսեր եղբորորդու՝ Գերմանիկոսի ընտանիքը։ Ագրիպպինա Մեծը մեռավ Պանդատարիա կղզու վրա. Դրուսոս կրտսերին նետեցին պալատիոնի ամրոցի մի աշտարակի նկուղը, և այնտեղ մեռավ,
  119. Ագրիպպինա Մեծի աղջիկ Ագրիպպինա Փոքրը, Կլավդիոս կայսեր կինը դառնալով, կամեցավ իր Դոմիտիոս (Ներոն) որդուն հասցնել գահի։ Հայտնի թունագործ Լոկուստայի օգնությամբ ճաշի ժամանակ նա թույն խառնել տվեց Կլավդիոսի սիրած սունկե ապուրի մեջ։ 54 թ. հոկտ. 13֊ին կայսրը սաստիկ չարչարանքներով մեռավ։
  120. Բրիտանիկոսը Կլավդիոսի և Մեսալինայի որդին էր։ Ագրիպպինա Փոքրը, տեսնելով, որ իր որդի Ներոնը իրեն չի լսում և հակառակ իր կամքի կամենում է պսակվել «մի ոմն աղախնի»՝ Ակտեի հետ, սկսեց որդուն սպառնալ, որ կաշխատի նրա տեղ կայսր նստեցնել Բրիտանիկոսին, որն ավելի մեծ իրավունքներ ուներ գահի համար։ Ներոնն իր սեղանի վրա Բրիտանիկոսի կերակուրի մեջ լցնել տվեց Լոկուստայի պատրաստած թույնը, որից արքայազնը իսկույն մեռավ (55 թ.)։ Սա Ներոնի առաջին ոճիրն էր, և հետո տեսնելով, թե ծերակույտն ու Հռոմը ինչպիսի ներողամտությամբ են նայում այդ բանին, համոզվեց, որ կայսեր համար եղբայրասպանությունը հանցանք չէ։
  121. Habet — «ունի», այսինքն՝ վերք է ստացել։ Վիրավորված գլադիատորը կարող էր գթություն աղերսել ժողովրդից։ Եթե հանդիսականները (իսկ կայսրության ժամանակ՝ կայսրը) վեր էին բարձրացնում ձեռքը, բռունցքը սեղմելով՝ նրան կյանք էին պարգևում, իսկ եթե պարզում էին ձեռքը, մատները բաց արած՝ նրան մահվան էին դատապարտում։
  122. Proconsul — փոխհյուպատոս։
  123. Vitelius — երիտասարդությունը անց կացրեց Տիբերիոսի օրով զվարճություններով և մոլություններով, իսկ Ներոնի ժամանակ իր շողոքորթություններով բարձրացավ և 58 թ. ստացավ կոնսուլի, ապա Աֆրիկայի կուսակալի պաշտոն, վերջը Գերմանիա նահանգի կառավարիչ եղավ և կարողացավ Ներոնի մահից հետո լեգեոնների սերը գրավել ու 69 թ. կայսր դառնալ, բայց հենց նույն թվին սպանվեց։
  124. M. Ann. Lucanus — Սենեկայի եղբորորդին (մ. թ. 39 - 65 թ.), իր ժամանակի ամենամեծ վիպասանն էր. նրա բազմաթիվ հեղինակություններից մեզ հասել է միայն «Փարսալիա» վեպը, որտեղ նկարագրված է Պոմպեոսի կռիվը Հ. Կեսարի հետ և փառաբանվում է Պոմպեոսն, իբրև հին հռոմեական ազատության զորավիգ՝ հակառակ Կեսարի։ Լուկանոսը դիմադիր կուսակցության անդամ էր։ Ներոնը, նախանձելով նրա բանաստեղծական փառքի վրա, արգելեց նրան իր ոտանավորները կարդալ և հետո, ինչպես և Սենեկային, մեղադրելով Պիսոնի դավադրության մասնակից լինելու մեջ, մահվան դատապարտեց։
  125. Crater — մեծ պնակաձև անոթ, որի մեջ գինին խառնում էին ջրի հետ և որից հետո գավաթների մեջ լցնում։ Առհասարակ հռոմեացիք ջրախառն գինի էին խմում։
  126. Lucreti Carus — հռոմեական բանաստեղծ մ. թ. ա. Ա. դարում։
  127. Augusta — կոչվում էր կայսեր կինը կամ աղջիկը։
  128. Ըստ հին աշխարհի ավանդության, Նարկիսն այնչափ սիրուն էր, որ ինքն իրեն սիրահարվեց։ Նա այնքան էր զմայլվում ջրի մեջ իր պատկերով, որ վերջապես անձկությունից ծաղիկ դարձավ, որ իր անունն է կրում։
  129. Oculle mi — իմ աչք, իմ աչքի լույս։
  130. Orpheus — թրակիացիների առասպելական երգիչ֊դյուցազն, որի երգից շարժվում էին ծառերն ու ժայռերը և զսպվում էին վայրենի գազանները։ Մասնակցեց արգոնավորդների ճանապարհորդությանը։
  131. Orgia — անառակ, անզուսպ խնջույք։
  132. Տուլլիոսը շփոթում է Քսենոֆանեսին Էմպեդոկլեսի հետ (մ. թ. ա. 490 — 430 թ.), որին պատկանում է Սփերոսի ուսմունքը։ Սա Ագրիգինդոնի հռչակավոր պետական գործիչ, բնագետ, փիլիսոփա բանաստեղծ էր։ Ըստ այդ ուսմունքի՝ ոչինչ չի ստեղծվում և չի ոչնչանում, ստեղծագործությունը և ոչնչացումը միայն տարրերի խառնվածք է և խառնվածքի լուծում։ Աշխարհիս մեջ երկու ուժ են գործում՝ «սերը», որ բոլոր տարրերը միացնում է, և «ատելությունը», որ նրանց բաժանում է։ Գնդաձև Սփերոսը բոլոր տարրերի «սիրով» կատարյալ միացումն է, տիեզերական ներդաշնակություն, ամեն ինչի միություն, ճշմարիտ աստված։
  133. Domitius Afer (Աֆրիկացի) — հյուպատոս 39 թ., հմուտ հռետորի անուն ուներ իր ժամանակ, վախճանվել է 59 թ.։
  134. Videant consules (ne quid respublica detrimenti capiat) — «թող կոնսուլները միջոցներ ձեռք առնեն, որ տերությունը որևէ վնաս չկրի».— այս խոսքերով մեծ լիազորություններ էին արվում կոնսուլներին։ Pax romana — հռոմեական խաղաղություն։
  135. Կիմերական երկրներ այստեղ կոչվում է ստորերկրյա աշխարհը, թեև ըստ Հոմերոսի, կիմերները բնակվում էին «մութ աշխարհում», ստորերկրյա աշխարհի մուտքի մոտ։ «Ոդիսականի» մեջ Աքիլլեսի ուրվականը, որ մեռած հոգիների վրա ագավոր էր կարգվել, ասում է Ոդիսևսին. «Ես կգերադասեի իբրև մի բանվոր ծառայել երկրի երեսին որևէ աղքատի մոտ, քան թե թագավոր լինել բոլոր մեռածների վրա»։
  136. Baiae և Bauli (այժմ Baia ևBacoli) — քաղաքներ Կամպանիայում, Տոսկանական ծովի մոտ։
  137. lemures — մեռածների ոգիներ, մեծ մասամբ չար, թե՛ իրենց և թե՛ մեռածներին ու կենդանի մնացածներին տանջող։ Մայիսի 9-ին, 11-ին և 13-ին գերդաստանների գլխավորները մաղթանքներ էին կատարում, կեսգիշերին բոբիկ ոտներով մոտենում էին տան դռանը, ձեռները լվանում էին հոսուն աղբյուրի մեջ, շուռ էին գալիս և բերանն էին առնում սև սիսեռ, ապա սիսեռը իրենց հետևն էին մտցնում և ինն անգամ ասում էին՝ «Սա քեզ եմ տալիս, այս սիսեռով քավում եմ ինձ և իմոնց»։ Այս արարողությունը lemuralia էր կոչվում։
  138. Subura֊ն Հռոմի այն ցածրադիր թաղն է, որ գտնվում է Կելիական և Էսքվիլինյան բլուրների մեջտեղ, այստեղով անցնող փողոցում միշտ կենդանություն էր տիրում, որովհետև այս թաղը սաստիկ բազմամարդ էր։
  139. Carinae — Հռոմի հարուստ թաղը՝ Էսքվիլինյան բլրին կպած, Սուբուռային կից։
  140. Ապոլլոնիոս Տիանացին (Կապադովկիա) ապրում էր մոտ մ. թ. 50 թ. և պյութագորական ու նեոպլատոնական փիլիսոփայության հետնորդ էր։ Իր ժառանգած կարողությունն աղքատներին բաժանելով՝ նա ճանապարհորդեց մինչև Հնդկաստան, եղավ Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, եկավ Հռոմ, աքսորվեց Իսպանիա, Եգիպտոս, կրկին եկավ Հռոմ և մեռավ, երևի, Եփեսոսում։ Խիստ ճգնավոր կյանքը և նրան վերագրված հրաշքները մեծ պատկառանք էին ազդում ժամանակակիցների վրա։ Նա ստացել էր մոգական արվեստին լավ ծանոթ մարդու հռչակ։
  141. Mars — պատերազմի աստված։
  142. «Վա՜յ ինձ, անբախտիս, վա՜յ ինձ»։
  143. Augustiani — Ներոնի հեծյալ թիկնապահ գունդը՝ գվարդիան։
  144. Impluvicum — ատրիոնի ավազանը, ուր երդիկից թափվում էր անձրևի ջուրը։
  145. Erebos և Hecata — ստորերկրյա աստվածություններ։
  146. Praetoriani — կայսերական թիկնապահ գունդն էր կազմում՝ հեծյալ և հետիոտն, մոտ 9000 հոգի։ Բնակվում էին Հռոմի պարսպի մոտ, Castрa praetoria֊ում, ծառայում էին 16 տարի և լավ ռոճիկ ստանում. ընտրվում էին բարձրահասակներից։
  147. Primipilus կամ primus centurio ֊ ձայն ուներ զինվորական խորհրդում։ Հասարակ կենտուրիոնը մի կենտուրիայի հրամանատար էր, որ բաղկացած էր լինում 60 հոգուց։
  148. Extra humanum gaildium — «մարդկային ուրախությունից դուրս», այսինքն՝ ավելի մեծ ուրախությամբ, քան թե զգում են սովորաբար մարդիկ։ Ներոնի դուստր Կլավդիա֊Ավգուստան էր, որ ծնվելով 63 թ., ապրեց միայն չորս ամիս։
  149. Antium — (այժմ Պորտո դ՚Անցո) ծովեզրյա քաղաք է Լատիումում, ժայռերի գագաթին։ Այստեղ էր ծնվել և ինքը Ներոնը, հռոմեացի մեծավորների սիրելի բնակատեղին էր
  150. Fortuna — ճակատագրի աստվածուհի։
  151. Tabula— փայտե տախտակ, մեղրամոմով կամ գիպսով ծածկված, որ գործ էր ածվում գրելու համար։
  152. Հռոմեական հարսանիքի ժողովրդական սովորություններն են և նվիրական խոսքերը։
  153. Վենուս։
  154. Atriensis — ատրիոնի վերակացու ստրուկը, որը հսկում էր նաև տան մնացած ստրուկների վրա։
  155. Volaterrae — քաղաք էտրուրիայում։ Caecinae — Վոլատեռայից ծագող մի ազնվական տոհմի անուն, այստեղ երևի՝ Վոլատեռայի մի արվարձան։
  156. Խնամատար։
  157. Hecatombe — հարյուր եզից բաղկացած և առհասարակ մեծ ու առատ զոհ։
  158. Lacerna — թեթև և արձակ թիկնոց, որ ձգում էին տոգայի վրայից և կոճկում սովորաբար աջ ուսին. կարվում էր թանկագին, առհասարակ սպիտակ կամ ծիրանի կտորից, ունենում էր հաճախ նաև գլխանոց (կապյուշոն), որով կարելի էր գլուխը ևս ծածկել։ Չնայելով Օգոստոսի հալածանքներին, այս զգեստը կայսրության ժամանակ տարածված էր։
  159. Scopas — հռչակավոր քանդակագործ և ճարտարապետ, ապրում էր մ. թ. ա. մոտավորապես 880 թ.։
  160. Diana — ողջախոհության և զգաստության աստվածուհի։ Համեմատ.՝ Անահիտ։
  161. Preator — հնում դատաստանական բարձր պաշտոնյա էր. հետո այսպես էր կոչվում և գավառի կառավարիչը։
  162. Զգեստի ծալքերը հարդարող ստրկուհի։
  163. Thersites — Տրոյա գնացած հունաց զորքի մեջ ամենատգեղ մարդը, որին հանդուգն և չար զրպարտությունների համար Ոդիսևսը (Ուլիսսես) դագանակով ծեծում էր ժողովների ժամանակ։
  164. Ելիսեյան դաշտերն ըստ հունական առասպելաբանության գտնվում էին երկրի ամենաարևմտյան ծայրում, օվկիանոսի մոտ. այնտեղ ոչ ձյուն, ոչ անձրև, ոչ էլ փոթորիկ է լինում, և մարդիկ ապրում են անսահման երջանկության մեջ։ Վերջը հռոմեացիներն ու հույները այս դաշտերը տեղավորում էին ստորերկրյա աշխարհին կից։
  165. Հեկատան եռակի մարմնով կամ եռակի գլխով էր ներկայացվում, որովհետև սկզբում լուսնի մարմնացում էր՝ սրա երեք շրջաններով։
  166. Ցինիկական փիլիսոփայության հիմնադիրն է Անտիսթենես Աթենացին (մ. թ. ա. մոտավորապես 400 - 330 թ.), Սոկրատեսի աշակերտը, որ զարգացրեց սրա բարոյագիտությունը։ Ըստ Անտիսթենեսի՝ առաքինությունը ցանկություններից ազատ լինելը և չարիքից փախուստ տալն է. այս առաքինությունը հենց ինքը միայն բավական է երջանկության համար։ Այս փիլիսոփայության հետևողներից ամենածայրահեղն էր Դիոգենես Սինոպացին, որ առանց կոշիկների, առանց թիկնոցի էր ման գալիս, ահագին մորուքով, մահակը ձեռքին և պարկը մեջքին. քնում էր տաճարների պատշգամբների վրա կամ ապրում էր, օրինակ, տակառի մեջ և առհասարակ աշխատում էր ոչ մի պետք չզգալ և չունենալ։
  167. Պերիպատետիկ, այսինքն՝ «զբոսնող» կոչվում էին Արիստոտելի (մ. թ. ա. 384—322 թ.) փիլիսոփայական դպրոցի հետևողները։ Արիստոտելը սովորեցնում էր՝ զբոսնելով Ապոլլոնին նվիրված Lyceion — Լիցեոն գիմնազիոնում։
  168. Heraclitus (մ. թ. ա. մոտավորապես 500 թ.) փիլիսոփայի ասելով ամբողջ աշխարհը մի տարրից է առաջացել, որ հուրն է, իսկ տիեզերքի բազմազան երևույթներն ու առարկաները այս տարրի զանազանակերպություններն են, բնության մեջ ամեն ինչ փոփոխվում է, «հոսում է» այնպես, որ մարդ երկու անգամ չի կարող մտնել միևնույն գետի մեջ, որովհետև երկրորդ անգամ գետն արդեն այն չի լինի, ինչ որ էր առաջին անգամ։
  169. Դիոգենես Ապոլլոնիացին (Կրետեում) ապրում էր մ. թ. ա. Ե դ.։ Նա բնության և մարդկային հոգու բոլոր երևույթները բխեցնում էր օդից, որին վերագրում էր կենդանարար, ստեղծագործ և մտածող ուժ։
  170. Capua — Կամպանիայի քաղաք. Telesia — այժմ՝ Տելեզե — Սամնիոնի քաղաք։
  171. Mesambria — այժմ Միսիվրի, քաղաք Թրակիայում, Սև ծովի ափին։
  172. Puteoli — ծովեզրյա քաղաք Կամպանիայում։
  173. Lanista — զինավարժ, որ վարժեցնում էր գլադիատորներին։ Հաճախ լանիստաները գլադիատորական խմբեր էին կազմում և վարձով տալիս խաղեր սարքողներին։
  174. Arenaria — փորվածքներ, որտեղից ավազ էին հանում։
  175. Ակնարկում է Ալեքսանդր Մակեդոնացու հոր՝ Փիլիպպոսի խոսքերը, որ ասում էր, թե չկա մի այնպիսի ամրոց, որը չառնի ոսկով բեռնավորված էշը։
  176. Vigilles — Հռոմի ոստիկաններ, որոնք գիշերով շրջում էին քաղաքում։
  177. Matrona stolata — ստոլան միմիայն հռոմեացի կանանց զգեստն էր. «ստոլազգեստ մատրոնա» նշանակում է հին հռոմեական, բարձր և խիստ բարոյականության տեր կին։
  178. Հռոմուլոսը՝ Հռոմի հիմնադիրը, ըստ ավանդության գայլի կաթով է մեծացել։
  179. Obolos — հունական մանր դրամ՝ 5 կոպեկ։
  180. Նիոբե — փյուգիացիների Տանտալոս թագավորի աղջիկը, առասպելի ասելով՝ զրկվեց իր բոլոր զավակներից և վշտից քար դարձավ։
  181. Helios — «Արև» աստված։
  182. Sophonius Tigellinus — Ներոնի սիրելիներից մեկը և պրետորիանների հրամանատարը։
  183. Peractum est — «Վերջացած է»։
  184. «Հույնիկներ». graecus (հույն) խոսքի նվազականն է. գործ էր ածվում արհամարհական իմաստով։
  185. Ատլանտ (Ատլաս) տիտանը, ըստ ավանդության, Ջիբրալթար նեղուցի մոտ իր ուսերով պահում էր այն սյուները, որոնք բաժանում են երկինքը երկրից։ Սրա անունով օվկիանոսը կոչվում է Ատլանտյան։
  186. Հռոմեական ամեն մի լեգեոն, որ 6000 հոգուց էր բաղկացած, ուներ վեց զինվորական տրիբուն, որոնք հերթով ամբողջ լեգեոնի հրամանատարությունն էին անում։
  187. Հերակլեսի սյուները Ջիբրալթարի նեղուցն է։
  188. Iesous Christos Theou uios Soter — Որի առաջին տառերը կազմում են ichthus հունարեն բառը, որ նշանակում է «ձուկ»։
  189. Յուպիտերի աղջիկը և դժոխքի թագուհին։
  190. Մերկուրիոս աստվածը ամեն տեսակ խորամանկությունների և հնարագիտությունների հովանավորողն էր։
  191. AS— հռոմեական պղնձե դրամ։
  192. Ostia — Հռոմի նավահանգիստն էր Տիբերիոսի գետաբերանի մոտ։
  193. «Խաղաղությունը ձեզ հետ, խաղաղությունը...»
  194. Վենուսը։
  195. Աքայա կոչվում էր Հունաստանը, իբրև հռոմեացիների նահանգ։
  196. Sirenes — առասպելական կանայք, որոնք ապրում էին Միջերկրական ծովի արևմտյան մասում և իրենց գրավիչ երգերով հրապուրում էին նավորդներին ու կործանում։
  197. Ամփիտրիտեն ծովի աստված Նեպտունի կինն էր։ Ամփիտրիտեի անդունդները — ծովի խորքերը։
  198. Կլավդիոս կայսրը 35 թ, Հայաստանում թագավոր կարգեց վրաց Փարսման թագավորի եղբայր Միհրդատին, որին 51 թ. սպաներ Հռադամիստ եղբորորդին և ինքը թագավորեց։ Պարթևաց Վաղարշ Ա. թագավորը (մ. թ. 51 - 78 թ.), Հռադամիստի տեղ կամեցավ իր եղբայր Տրդատին նստեցնել՝ Հայաստանը Պարթևստանի հետ սերտ կապերով միացնելու համար։ Պարթևական այս ձգտումները հռոմեացիներին ստիպեցին զորքեր ուղարկել Հայաստան՝ Կորբուլոնի առաջնորդությամբ, որ երկարատև կռիվներից հետո հայոց թագավոր նստեցրեց Կապադովկիայի արքայազն Տիգրանին (60 թ.)։ Այս պատերազմի մասին է, որ հեղինակը ակնարկություններ է անում առաջին գլխում, սրան մասնակցեց և Վինիկիոսը։ Հաջորդ տարին այս Տիգրանը ստիպված էր Հայաստանը թողնել պարթևների ձեռքին և փախչել, իսկ կայսրը համաձայնվեց այս երկիրը տալ Տրդատին, պայմանով, որ նա գա Հռոմ և Կայսեր ձեռքից ընդունի թագը։ Այս միջորին՝ 63 թ. Ներոնը Վաղարշից ստացավ այստեղ հիշված վիրավորական նամակը, որի մեջ սա գրում էր, թե աստվածները Հայաստանի տերությունը տվին պարթևներին՝ համոթ հռոմեացիներին, և քանի որ ինքը կարող էր ջախջախել հռոմեացիների զորքերին, գթություն ցույց տվեց նրանց և թողեց կենդանի դուրս գալ Հայաստանից։ Տրդատը եկած կլիներ Հռոմ, եթե նրան արգելք չլինեին նրա քրմական պարտականությունները, բայդ նա կերթա կայսերական դրոշակների և պատկերի մոտ և այնտեղ աստվածների ներկայությամբ կանի իր թագավորության նավակատիքը։ Այս նամակի վրա Ներոնը արևելյան զորքերի լիակատար հրամանատարությունը կրկին հանձներ Կորբուլոնին, որը և 64 թ, ամռանը մտավ Հայաստան։
  199. «Կոշկակար, մի քննադատիր կոշկից բարձր»։ Այս խոսքերը հույները վերագրում էին իրենց հռչակավոր Ապելլես նկարչին, որ ցուցադրել էր իր նկարը, որպեսզի անցորդները ցույց տան նրա մեջ նկատված պակասությունները։ Մի կոշկակար պատկերի վրա նկարած կոշկի մեջ մի սխալ ցույց տվեց։ Ապելլեսր ուղղեց։ Բայց երբ մյուս օրը կոշկակարը սկսեց և ազդրերի մասին խոսել, նկարիչը նրան ասաց վերը բերված խոսքերը։
  200. Minturnae քաղաքը Լատիումի և Կամպանիայի սահման մոտ էր գտնվում։
  201. Պահապան զինվորներ
  202. «Մեծ կրկես», գտնվում էր Պալատինյան և Ավենտինյան բլուրների մեջտեղը։
  203. Emporium — ապրանքների պահեստատեղի և առհասարակ այս նպատակի համար կառուցված քաղաք կամ քաղաքամաս։
  204. Forum pistorium — սպիտակ հացի շուկա, via — ճանապարհ։
  205. Ostrianum — գտնվում էր Հռոմի պարիսպներիդ դուրս, հյուսիսային կողմում, Նոմենտանական և Սալարիական ճանապարհների մեջտեղ։
  206. Pollux — Զևսի և Լեդայի որդին, Հելենայի եղբայրը, որ ըմբշամարտի դյուցազն էր։
  207. Furiae — անեծքի և վրեժխնդրության սոսկալի աստվածուհիներ, որոնք խղճահարություն էին ներշնչում։
  208. Orestes — Ագամեմնոնի և Կլիտեմնեստրայի որդին, որը հոր մահվան վրեժն առնելով՝ սպանեց մորը։ Ֆուրիաներն այնուհետև սկսեցին նրան հալածել, այնպես որ կատաղության հասցրին. խելագարվելով՝ նա մինչև անգամ իր մատը կրծեց։
  209. Castor — Պոլլուքսի անբաժան եղբայրն էր։
  210. Castor֊ը և Pollux֊ը նույնպես նավորդների ուղեկից և աջակից էին համարվում։
  211. Բաքոսուհիների խրախճական ճիչեր։
  212. Murra կամ murrha — մետաղ էր, բայց ո՞րը, հայտնի չէ. հավանորեն երփներանգ գետորձաքար։ Նրանից պատրաստում էին թանկագին անոթներ՝ murrina։ Ժամանակակիցների վկայությամբ Պետրոնիոսը մի այսպիսի անոթի համար վճարել էր 300 տաղանդ։
  213. Fatum — ճակատագիր։
  214. էնեասը Անքիսի և Վեներայի որդին էր և Տրոյայի ավերումից հետո տեղափոխվեց Լատիում. նրա որդի Ասկանիասից են ծագել բազմաթիվ հռոմեական տոհմեր։
  215. Մերկուրիոսը Զևսի և Մայայի որդին էր։
  216. Գտել եմ։
  217. Hipogeum — գերեզմանատուն։
  218. Pontifex maximus — բարձրագույն քրմապետ։
  219. Cantharus — կոթավոր թաս։
  220. ScrupuIum — մանր ոսկեդրամ՝ հավասար ոսկե դինարի կամ aureus֊ի մեկ երրորդականին։
  221. Athleta Հունաստանում կոչվում էր նա, ով որ մարմնական ուժն ու ճարպկությունը ցույց տալու համար մրցման էր դուրս գալիս օլիմպիական և այլ խաղերի ժամանակ. վերջը թե՛ այնտեղ և թե՛ Հռոմում ատլետները փոքր տարիքից վարժվում էին և գոտեմարտությանն ու նման այլ մրցումներն արհեստ էին դարձնում իրենց համար։
  222. Մերկուրիոսր սպանեց հարյուրաչյա Արգոսին, որին Հերան հանձնարարել էր հսկել իր ամուսին Զևսի սիրուհու՝ կով դարձած Իոյի վրա։
  223. Cacos — այն ահռելի հսկան էր, որ Արկադիայի Պալլանգիոն քաղաքի մոտ, Հերակլեսի քնած ժամանակ, գողացավ նրա հոտի մի մասը և փակեց իր քարայրում։ Զարթնելով՝ Հերակլեսը բառաչյունից իմացավ նրանց տեղը և սարսափելի կռվի մեջ սպանեց Կակոսին։
  224. Calabria — Իտալիայի հարավային երկու թերակղզիներից արևելյանը։
  225. Tessera — փոքրիկ տախտակներ, որոնց վրա գրում էին բանակի զինվորական պահապաններին ցույց տալու ծածկանշանը (պարոլ)։
  226. Ճաշկերույթ, մանավանդ աղքատների համար (քրիստոնյաների մեջ)։
  227. R. Trans Tiberim — Տիբերիս գետի աջ ափին գտնված Հռոմի միակ արվարձանը, որտեղ մեծ մասամբ արհեստավորներ էին բնակվում՝ ներկարարներ, հյուսներ և այլն։
  228. Fossor — հող փորող գործավոր։
  229. Crypte — ստորգետնյա անցք։
  230. Demioyrgos — աշխարհի ստեղծող։
  231. Աֆրիկյան մի ցեղ։
  232. Maranatha — ասորերեն՝ «Տերը գալիս է» (դատելու, վրեժ առնելու)։
  233. էնեասը շալակելով իր հայր Անքիսին՝ դուրս բերեց Տրոյայից։
  234. Դժոխքի պահապան շունը։
  235. Չթաղված մարդկանը հոգիները, ըստ հին աշխարհի ավանդության, թափառում էին աշխարհիս երեսին մինչև իրենց մարմինների հողին հանձնելը։
  236. Hermes — Մերկուրիոս։
  237. «Խաղաղություն քեզ, խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն»։
  238. Stilus — երկաթե կամ ոսկրե ձողիկ, որի մեկ սուր ծայրով գրում էին մեղրամոմով պատած տախտակի վրա, իսկ մյուս՝ բութ ծայրով մեղրամոմը նորից հարթեցնում՝ գրածը ջնջելու համար։
  239. Sibylla — իմաստուն, վերուստ ներշնչված կանայք, որ երկար դարեր գործել են ժողովրդի մեջ։ Հռոմում պահվում էին սիբիլլական գրքեր, ուր գրված էին հունարեն գուշակություններ, այս գրքերը ձեռք է բերել, ըստ ավանդության, Տարքվինիոս Գոռոզ թագավորը մի անծանոթ պառավից, որ ստացել էր այն՝ Կումե վերաբնակված մի երկարակյաց հույն սիբիլլայից։ Սիբիլլաները գուշակում էին կամ ներքին ներազդմամբ, աստվածային հոգու ներշնչմամբ, կամ նվիրական աղբյուրից մի քանի կաթիլ ջուր խմելով։
  240. Pluto (Aides) — Կռոնոսի և Հռեայի որդին և Զևսի ու Պոսեյդոնի եղբայրը. տիտաններին հաղթելուց հետո ստորերկրյա աշխարհն ստացավ որպես իր բաժին։ Նա այնտեղ հավաքում էր մարդկանց հոգիները և կողպած պահում, այնպես որ մեռածներից ոչ ոք չէր կարող լույս աշխարհ դուրս գալ։ Նրա դեմքը մռայլ էր, մազերը ճակատին իջած, զգեստը լայն, ձեռքին ուներ ստորերկրյա աշխարհի բանալին, իսկ կողքին Կերբերն էր՝ այդ աշխարհի պահապան շունը։
  241. Hades — ստորերկրյա աշխարհ։
  242. Sica — կարճ դաշույն։
  243. Porta Capena — Հռոմի հարավային դարպասը, որ տանում էր դեպի Ալպիական և Լատինական ճանապարհները։
  244. Աեդոնը՝ Թեբեի Զեթոս թագավորի կինը, նախանձելով Նիոբեի բազմաթիվ որդիներ ունենալուն, որոշեց սպանել նրա անդրանիկ զավակին, բայց սխալմամբ սպանեց իր Իտալոս որդուն։ Զևսը նրան մի սոխակ դարձրեց, որ շարունակ երգում է իր կորուստը։
  245. Lacus Nemorensis լիճը գտնվում է Հռոմից 16 մղոն դեպի հարավ, Արիկիա քաղաքի մոտ, Ալբանոյի լեռների ստորոտում (այժմ Արիչչա)։ Այստեղ էր Դիանայի (Արտեմիսի) պուրակն ու տաճարը, որի քրմապետը — nemoralis rex — «նեմորական թագավորը», փախած ստրուկ պիտի լիներ և մնում էր իր «թագավորության» մեջ, մինչև մի ուրիշ ստրուկի ձեռքով սպանվելը։ Այնուհետև «թագավոր» էր դառնում սպանողը։
  246. Cyclops — միաչյա հաղթանդամ հսկաներ հունաց առասպելաբանության մեջ։
  247. L. Pomponius Secundus — Սեյանոս մինիստրի կուսակից էր և սրա անկումից հետո հազիվ խույս տվեց մահից։ Կլավդիոսի օրով լեգատի պաշտոնով ուղարկվեց կատտերի դեմ, Գերմանիա։ Պոմպոնիոսը գրում էր ողբերգություններ, որոնց միայն վերնագրերն են պահպանվել։
  248. Bestiarii — կոչվում էին նրանք, որոնք կռվում էին կրկեսներում գազանների դեմ՝ կամ անզեն, իբրև պատիժ, կամ համապատասխանորեն զինված։
  249. Տնային աստվածներ։
  250. Հռոմեական քաղաքացիներ։
  251. Compeditus — շղթայած ոտքերով աշխատող մարդ։
  252. Saturnus-Cronos — ըստ Հռոմեական ավանդության, երկրագործության աստված էր։ Մի ժամանակ նա ապրում էր այն բլուրներ ի վրա, որտեղ հետո հիմնադրվեց Հռոմը, և երկրագործություն սովորեցրեց լատիններին։ Նրա դարը երջանիկ «ոսկե» դար էր։
  253. Լակեդեմոնացիները կարճ և հակիրճ էին խոսում, այստեղից՝ լակոնական ոճ։
  254. «Եկա, տեսա, հաղթեցի» — միայն այսչափ գրեց Հուլիոս Կեսարը Հոոմ՝ տեղեկացնելով պոնտացիների Փառնակես թագավորի դեմ տարած իր հաղթության մասին։
  255. «Եկա, աեսա, փախա»։
  256. Caledonia — Շոտլանդիա, Hibernia — Իռլանդիա։
  257. Pythia կոչվում էր Դելփյան Ապոլլոնի տաճարի պատգամախոս կինը։ Պյութիան սկզբում կույսերից էր ընտրվում, իսկ հետագայում լինում էր առնվազն 50֊ամյա կին։ Տաճարը շինված էր գետնի մի ճեղքվածքի վրա, որտեղից դուրս էին գալիս թմրեցնող և գրգռող գոլորշիներ։ Հենց այս ճեղքվածքի վրա դրված էր ոսկեպատ փայտե եռոտանի, որի վրա նստում էր պյութիան և քիչ անց ուշքը կորցնում ու զառանցում։ Նրա արտասանած բառերը չափի էին վերածում տաճարում ծառայող բանաստեղծները և այդպես հաղորդում պատգամ հարցնողներին։ Ամենափայլուն ժամանակ երկու պյութիա կային, որոնք հերթով էին կատարում պաշտոնը։
  258. Theurgos — կախարդ, ոգիներ դուրս կանչող։
  259. Lararium — սենյակի այն տեղը, որտեղ պահվում էին տնային աստվածների՝ lares֊ի պատկերները։
  260. Circe — այն կախարդուհին է, որ մի ամբողջ տարի պահեց իր մոտ Ոդիսևսին, իսկ նրա ուղեկիցներին խոզ դարձրեց։
  261. Օ՜, ամոթ։
  262. Aricia — լատինական քաղաք Ալրանոցի լեռների ստորոտում։
  263. Via Appia — Ապպիական ճանապարհը գնում էր ծովափով՝ Հռոմից մինչև Կապուա, իսկ վերջում՝ մինչև Բրունդուզիոն. համարվում էր «ճանապարհների թագուհի» (regina viarum) ու անխախտ պահպանվեց մինչև Հուստինիանոսի օրերը։ Ամբողջապես սալահատակված էր մեծ քառակուսի քարերով և այնպես լայն էր, որ երկու բարձված սայլեր ազատ կարող էին անցնել իրար մոտից։
  264. Lanuvlium, այժմ Չիվիտա Լավինիա՝ լատինական քաղաք, 40 մղոն Հռոմից դեպի հարավ, Ալբանոյի լեռների մի ճյուղի վրա. այստեղ էր Յունոն Սոսպիտայի հռչակավոր մեհյանը։ Յունոնը (Հերա) Յուպիտերի (Զևսի) քույրն ու կինն էր, նրա հետ միասին հովանավորում էր հռոմեացիների պետությունը (Sospita). կանանց սեռի և ամուսնության պաշտպան էր։
  265. Camica— քառանիվ շքեղ կառք։
  266. Molossi— Էպիրոսում, Դոդոնայի շրջակայքում ապրող ժողովուրդ էր։ Սրանց երկիրը հայտնի էր իր ահագին որսի շներով։
  267. Paphus — Կիպրոսի արևմտյան ափին մի քաղաք, ուր, ըստ ավանդության, ծովից ցամաք դուրս եկավ Աֆրոդիտեն (Վենուսը), այստեղ էր նրա գլխավոր մեհյանը, որի քրմապետը կղզու բարձրագույն իշխանն էր։
  268. Verres — Սիցիլիայի կառավարիչը, այնպես հարստահարեց ժողովրդին ու այնպիսի գանձեր դիզեց իր պաշտոնավարության ժամանակ, որ նրա հարստությունը առած դարձավ։ Սիցիլիացիները Կիկերոնի օգնությանը դիմեցին, և սա այնպիսի ճարպկությամբ ու պերճախոսությամբ գործը տարավ դատարանում, որ Վեռեսը դեռ դատի վերջանալուց առաջ հոժարակամ հեռացավ քաղաքից։
  269. Հռչակավոր քանդակագործներ։
  270. Paros — Կիկլադյան կղզիներից մեկը, Pentelicon — լեռ Ատտիկայում, Աթենքից ոչ հեռու։
  271. Colossus — հսկայական մարդկային արձան։ Քարես Լինդացին կերտեց Արևի կոլոսը և կանգնեցրեց Հռոդոսի նավահանգստի նախամուտքում։ 70 կանգուն բարձրություն ուներ, բութ մատը շատ քչերն էին կարողանում բազուկներով գրկել։ Կանգնեցնելուց 66 տարի հետո, մ. թ. ա. 222 թ. տապալվեց երկրաշարժից և մ. թ. 672 թ. մի արաբ առաջնորդ այն ծախեց մի հրեայի, որ 900 ուղտ բեռնավորեց նրա բրոնզով։
  272. Prometheus — տիտան էր, որ Զևսի իշխելուց հետո սկսեց նրա հետ բանակցել այն զոհաբերությունների մասին, որ մարդիկ պետք է մատուցեին աստվածներին, և կարողացավ խաբել նրան։ Զևսն այս պատճառով մարդկանցից խլեց հուրը, բայց Պ. հուրը գողացավ երկնքից և վերադարձրեց մարդկանց։ Այս բանի համար Զևսը, նրա կուրծքը ցից խրելով, գամեց նրան Կովկասյան լեռներին, մինչև որ Հերակլեսը ազատեց նրան։ Ասում էին նույնպես, թե Պ. է մարդկանց ստեղծել հողից, կամ հողից ու ջրից՝ Աթենասի օգնությամբ։ Նրա որդին էր Դևկալիոնը, որի ժամանակ ջրհեղեղ եղավ։
  273. Leda — Տենդարեոսի կինը։ Սրան սիրահարվեց Զևսը և կարապի կերպով նրա հետ միավորվելով՝ նրանից երկու ձու առաջացրեց, որոնցից մեկից դուրս եկավ Հելենեն, մյուսից՝ Կաստորն ու Պոլլուքսը։
  274. Agamemnon — հույների առաջնորդը Տրոյայի պատերազմում, որ զայրացել էր նրա եղբայր Մենելավոսի կնոջ Հելենեի պատճառով։ Հելենեին հափշտակել էր Տրոյայի Պրիամոս թագավորի Պարիս որդին։
  275. Իսիդը եգիպտական (Նեղոսի հովտի) աստվածուհի էր, բեղմնավորվում էր Նեղոսի աստծուց՝ Օսիրիսից։ Նրա ամուսին Օսիրիսին սպանեց Տիփոնը, և Իսիդը ողբում է նրան և որոնում։
  276. Memnon — Էոսի (արշալույսի) որդին, արևելյան եթովպացիների թագավորն էր, որ օգնում էր Պրիամոսին՝ հույների դեմ։ Սխալմամբ Մեմնոնի կոլոս էին անվանում եգիպտացիների Ամենոփ թագավորի կոլոսը, որի մնացորդները մինչև այսօր երևում են Մեդինետ-Գաբուի մոտ. սա նստած, ոտը ոտի վրա դրած արձան էր, հավանորեն մ. թ. ա. 27 թ. նրա վերևի մասն ընկավ երկրաշարժից, և այն ժամանակից ի վեր զարմանալի երևույթ էր նկատվում՝ արշալույսին արձանի միջից լսվում էին տարօրինակ ձայներ, որոնք կտրված լարի ձայներ էին հիշեցնում։ Սա առաջանում էր նրանից, որ արձանի քարի ճեղքվածքի միջով օդ էր անցնում, մանավանդ արշալույսին, օդի ջերմության փոփոխվելուց։
  277. Սֆինքս — մարդակերպ հրեշ, որի մարմինը, ըստ հույների, առյուծի էր, բայց թևավոր, գլուխը և կուրծքը՝ օրիորդի, պոչը՝ շան և այլն։ Հավանորեն սկզբում ժանտախտի կերպարանավորումն էր։ Եգիպտոսում սֆինքսներին ներկայացնում էին անթև, առյուծի մարմնով, տղամարդու գլխով ու կրծքով, բայց գլխին թաշկինակ կապած։ Սովորաբար այսպիսի նստած սֆինքսների երկու շարք շարվում էին տաճար տանող ճեմելիքի երկու կողմը։ Ամենամեծ սֆինքսը, որ գտնվում էր Մեմֆիսի մոտ, քանդակած էր մի ամբողջ ժայռից և այնպես մեծ էր, որ այժմ նրա առջևի թաթերի միջև մեհյանի բավականին ընդարձակ մնացորդներ են գտնվել։
  278. Cheops, հին եգիպտերեն՝ Քու֊ֆու, նախկին Մեմֆիսյան հարստության թագավորը, ամենաբարձր բուրգը կառուցեց, որի բարձրությունը 716 ոտնաչափ է։
  279. Apis —Մեմֆիսի նվիրական եզը։ Նրա նշաններն էին՝ բոլորովին սև գույն, սպիտակ եռանկյունի, կամ քառակուսի բիծ ճակատին, սպիտակ, լուսնաձև բիծ աջ կողքին, որդանման, սև մսի հանգույց լեզվի տակ, երկու տեսակ մազերով զարդարված պոչ։ Նրա համար առանձին տաճար էր շինված, և քրմերը կերակուր էին մատուցում նրան ոսկե անոթներով։ Զոհեր էին մատուցում նրան և ամեն տարի մեկ ամիս տոն էր կատարվում նրա պատվին։ Եթե սատկում էր, մինչև նոր ապիսի գտնվելը ընդհանուր ազգային սուգ էր պահվում։
  280. Դոմիտրիոս Աֆերը, ինչպես վերը հիշեցինք, այս ժամանակ արդեն մեռած էր. հեղինակը այստեղ երևի սխալվում է։
  281. Ares — Զևսի և Հերայի որդին, կռվի և պատերազմի դաժան աստվածն էր, որ իրավունք չէր ճանաչում և սպանության մեջ զվարճություն էր գտնում։ Նա սիրահարված էր Ափրոդիտեին և սրանից մի քանի որդի ունեցավ։ Հռոմում նա այդ քաղաքի հիմնադիր Հռոմուլոսի հայրն էր համարվում։
  282. Այս լիճը փորել էր տվել Օգոստոս կայսեր փեսա Ագրիպպան իր հոյակապ պարտեզներում։
  283. Lupanarium — պոռնկանոց։
  284. Pythagoras գեղեցիկ պատանու հետ Ներոնը հրամայեց պսակել իրեն, քրմերը պսակադրեցին՝ ճշտիվ հետևելով քրմական բոլոր արարողություններին։
  285. M. Cavius Apicius որկրամոլն իր ահագին կարողությունը կերուխումի տվեց և անձնասպանություն գործեց, հաշվելով, որ բոլոր պարտքերը վճարելուց հետո իրեն մնալու է միայն 10 միլիոն սեստերց, և վախենալով, որ չլինի թե սովից մեռնի։
  286. Triclinium — երեք բազմոցների կամ երեք բարձերի միացում սեղանի շուրջը, որովհետև կայսրերի ժամանակ միշտ բազմած էին ճաշում։ Սեղանի չորրորդ կողմն ազատ էր. այնտեղից էին կերակուրներ մատուցում։ Տրիկլինիոն կոչվում էին և սեղանատները։ Անվանի հռոմեացիներն իրենց տներում մի քանի սեղանատներ էին ունենում՝ հարմարեցրած տարվա եղանակներին։
  287. Ֆավն — դաշտերի և անտառների հռոմեական աստված։ — Նիմֆա — հույների մեջ բնության զանազան իրերի հավերժահարս ոգիներ։ Դրիադներ — անտառային ոգիներ։ Համադրիադներ — ծառերի հետ միատեղ ապրող և մեռնող ոգիներ։
  288. «Աստվածային Ավգուստան», այսինքն՝ Պոպպեան։
  289. Pessinus — Պեսինունտը Փ. Ասիայի Գալատիայի ամենանշանավոր քաղաքն էր, ուր գտնվում էր Կիբելայի տաճարը։ Այստեղ էր պահվում աստվածուհու երկնքից ընկած պատկերը, որ հետո տեղափոխվեց Հռոմ, որովհետև, ըստ սիբիլլական գրքերի, Հռոմի բախտը այդ պատկերի հետ էր կապված։
  290. Dispensator ստրուկը անվանի տներում գանձապահ էր, ելևմուտքի հսկող, հաշիվը ներկայացնում էր տիրոջը։
  291. Քվադները սվեվական մի ցեղ էին և բնակվում էին այժմյան Բոհեմիայում ու Մորավիայում։
  292. Մեծ Հունաստան հնում կոչվում էր հարավային Իտալիան, որտեղ հունական բազմաթիվ գաղթականություն կար։
  293. Ate — կուրություն, որ մեղքի և կորստի է հասցնում. նա նույնիսկ մի անգամ կուրացրեց իր հայր Զևսին, որն այս պատճառով իր մի անզգույշ խոսքով Հերային հնարավորություն տվեց Հերակլեսին զրկել Արգոսի տիրապետությունից։ Այս բանի համար Զևսը Ատեի ոտքերից բռնեց և վայր նետեց Օլիմպոսից։ Ատեն, ըստ ողբերգուների, ֆուրիաների պես դատավոր և չար գործերի վրեժխնդիր էր։
  294. Fregeliae, այժմ Չեպրանո, վոլսկերի քաղաք Լատիոնում, հայտնի էր իր գինով։
  295. Parcae — ճակատագրի և անհրաժեշտության աստվածուհիներ, որոնք սահմանում են մարդու ծնվելու և մեռնելու ժամանակը։ Առհասարակ երեք պարկա էին ընդունում, որոնցից մեկը իլիկն էր մանում և կյանքի թելը կծկում. մյուսը ձեռքին գունդ ուներ, որի վրա մարդուս վիճակն էր նշանակվում. երրորդը մկրատով կտրում էր կյանքի թելը։
  296. Օ՜, անգին, անգին։
  297. Ubi tu Caius, ibi ego Caia այս նվիրական բանաձևը նորահարսը արտասանում էր փեսայի տուն մտնելիս։
  298. Pronuba — այն մատրոնան, որ նորահարսին ընկերակցում էր մինչև փեսայի տուն և սովորեցնում ամուսնական պարտականությունները։ Ընտրվում էր անարատ և աոաջին անգամ ամուսնացած կանանցից։
  299. «Աստվածային»։
  300. A. Persius Flaccus բանաստեղծը (4 - 62 թ. մ. թ.) մտերմացած էր Կոռնուտոս ստոիկի և Թրասեայի հետ։ Մաքուր և ազնվախոհ մտքով օժտված լինելով` նա վաղ զարգացավ կրթված ընկերների շրջանում և սկսեց գրել ոտանավորներ, մանավանդ երգիծաբանություններ, որոնք հարգի էին նույնիսկ քրիստոնյաների մեջ։ — Virgilius Maro ծն, 70 թ. մ. թ. ա., Մանտուայում. Օգոստոս կայսեր ժամանակվա առաջնակարգ մարդկանց բարեկամն էր և հռոմեական հանճարեղ բանաստեղծի հռչակ ունի։ Նրա «էնեականը» հռոմեացիների համար ազգային վիպասանություն դարձավ և ընդունված էր ամեն տեղ, իբրև դասագիրք մանուկների համար, ինչպես Հոմերոսը՝ Հունաստանում։
  301. Հին աշխարհը մեզ նման բազմածալ կազմած գրքեր չգիտեր։ Ստեղծագործությունները գրվում էին մի քանի առանձին կամ մեկ երկար թերթի վրա, ոլորվում էին գլանակի պես և թելով կապվում։
  302. Պարիսը հռչակավոր միմոս էր։ «Լեդայի արկածները» ներկայացնում էր շարժումներով, թե ինչպես Զևսը կարապի կերպարանքով երևաց Լեդային։
  303. Այսինքն՝ Մերկուրիոսը։
  304. Flora — ծաղիկների և գարունքի հռոմեական աստվածուհի։
  305. Proteus֊ը պատգամախոս ծովային ծերունին էր, որը Պոսեյդոնի ձեռքի տակ էր ծառայում և արածեցնում էր նրա կնոջ Ամփիդրիտեի շնաձկներին. ապրում էր Եգիպտոսի Փարոս կղզու վրա և ուզած ժամանակ կարողանում էր կերպարանքը փոխել։
  306. Ակտեին բարձրացնելու համար Ներոնը նրա ծագումն սկսեց բխեցնել Պերգամոսի Ատտալոս թագավորից։
  307. Leto կամ Latona, այն տիտանուհին էր, որ Զևսի կինն էր Հերայից առաջ և որ նրանից ունեցավ Ապոլլոնին և Արտեմիսին։
  308. Օլիմպոս լեռը գտնվում է Թեսալիան Մակեդոնիայից բաժանող լեռնաշղթայի ծայրին, ծովից ոչ շատ հեռու, ըստ հունական ավանդության, նրա հավիտենական ձյունով ծածկված գագաթին էին բնակվում Զևսն ու մյուս աստվածները։
  309. Այսինքն՝ Ապոլլոնի, որ իր արծաթե աղեղից նետեր է արձակում և սպանում մահկանացուներին։
  310. Periodonices կոչվում էին Հունաստանում նրանք, որոնք հաղթող էին հանդիսանում ազգային չորս հասարակական (օլիմպյան, նեմեյան, պյության և իսթմեյան) խաղերի մեջ։
  311. Harmodius և Aristogiton երկու աթենացի երիտասարդներ, որ տոնախմբության ժամանակ հարձակվեցին Պիսիստրատյան եղբայրներից Հիպպարքոսի վրա և սպանեցին նրան, բայց սպանվեց և Հարմոդիոսը, իսկ Արիստոգիտոնին մահվան դատապարտեց կենդանի մնացած եղբայրը՝ Հիպպիաս տիրանը, բայց ժողովուրդը մի չորս տարուց հետո, մ. թ. ա. 510 թ. վռնդեց այս բռնակալին, իսկ երկու երիտասարդների պատվին արձան կանգնեցրեց՝ նրանց ազատության վերականգնող հռչակելով։ Բերված կտորը գիներգի մի հատված է։
  312. Ավա՜ղ։
  313. Plebs — Հռոմի ազգաբնակութլան ոչ ազնվական դասակարգը, որ շրջակա զանազան նվաճած քաղաքներից տեղափոխվել էր այստեղ և սկզբում պարապում էր երկրագործությամբ և մանավանդ արհեստներով ու վաճառականությամբ։ Սկզբում պլեբեյները քաղաքացիական իրավունքներ չունեին, բայց մ. թ. ա. I դ. արդեն հավասարվեցին պատրիկների հետ։ Նրանց միջից առանձնացավ հարուստ մասը և միացավ պատրիկների հետ, իսկ մեծամասնությունը կայսրերի օրով աղքատ և անգործ էր։
  314. Briareus — Ուրանոսի (Երկնի) և Գեայի (Երկրի) որդին էր, «հարյուրաբազուկներից» մեկը, ուներ 100 ձեռք և 50 գլուխ։— Hiperborei — առասպելական ցեղ, որ բնակվում է հյուսիսում, քամիներից այն կողմ, այնպես որ հողմը նրանց չէր հասնում։ Դա մի երջանիկ ցեղ էր, որի համար արևը մի անգամ էր ծագում ու մայր մտնում, իսկ պտուղները նրանց մոտ անասելի արագությամբ էին հասնում։ Ոչ վեճ գիտեին, ոչ կռիվ, ուստի՝ ոչ էլ խղճահարություն։ Ապոլլոնը սիրով ապրում էր նրանց մեջ։ Նրանք ապրում էին մինչև հազար տարի։— Արևը,— հին դարերում կարծում էին, թե առավոտները բարձրանում է արևելքում օվկիանոսից, իր փայլուն կառքով անցնում է երկնքով և նորից օվկիանոսն է մտնում արևմուտքում։
  315. Plinius (մ. թ. 23 - 79 թ.) իր ժամանակի հռչակավոր գիտնական էր. մեռավ՝ Վեզուվի հրաբուխի ժայթքումը մոտիկից տեսնել ուզենալով։— Tacitus ապրում էր I դարում կայսրերի ժամանակ, հայտնի պատմաբան էր։
  316. Sigambri — Հռենոսից ոչ հեռու բնակվող գերմանական մի ցեղ։
  317. Իտալիայի բնակիչերը դեռ Օգոստոսի օրով ազատված էին զինվորական ծառայությունից, այնպես որ cohors Italica֊ն, որը Փոքր Ասիայումն էր կանգնած, կամավորներից էր կազմվում։ Նույնպես և պրետորիական պահապան գնդերի մեջ, ուր բացի օտարազգիներից, ծառայում էին և կամավորները։
  318. Macte — մոտավորապես՝ «կեցցես»։
  319. Հաղթական հանդեսով քաղաք ներս մտնող։
  320. Օրեստես՝ Ագամեմնոնի և Կլիտեմնեստրալի որդին, սպանեց իր մորը, որ իր սիրեկանի ձեռքով սպանել էր տվել Ագամեմնոնին։— Alcmaeon֊ը սպանեց իր մորը՝ Երիֆիյային, որը դավով կորստաբեր պատերազմի էր ուղարկել իր ամուսին Աֆիավոսին։— Օկտավիային՝ իր աոաջին կնոջը, Ներոնը մահվան դատապարտեց 62 թ., Պոպպեայի հետ պսակվելու համար։
  321. Flava-coma — շիկահեր։
  322. Legio — Ներոնի ժամանակ բաղկացած էր մոտ 12,000 մարդուց։
  323. Իմ աչքի լույս։
  324. Տիրուհի։
  325. Deucalion — Պրոմեթեոսի որդին։ Երբ Զևսը ջրհեղեղով ոչնչացրեց մարդկային պղնձե ցեղը՝ նա իր կին Պիռայի հետ ազատվեց մի նավի մեջ, որ շինել էր իր հոր խորհրդով։ Նավը կանգ առավ Պառնաս լեռան վրա, Դելֆիսից ոչ հեռու։ Այնուհետև մարդ ու կին իրենց գլուխների վրայով սկսեցին քարեր նետել, Դևկալիոնի նետած քարերը տղամարդիկ էին դառնում, իսկ Պիռայինը՝ կանայք։
  326. Հրաշագործ։
  327. Լուսաբեր, Լուսաստղ — առավոտյան արևելքում պսպղացող աստղն է։
  328. Իմ հարսնացու։
  329. Arena — ավազով ծածկված ասպարեզ կրկեսում, որտեղ կռվում էին գլադիատորները։
  330. էպիկուրոս փիլիսոփայի ուսմունքին հետևող։ Այս աթենացի իմաստունը ապրում էր մ. թ. ա. 342 - 271 թթ. իր բազմամյա կյանքն անց էր կացրել սովորեցնելով, պարզ և համեստ կյանք էր վարում։ Նրա վարդապետությունը բոլորովին հակառակ էր ստոիկյանին, ստոիկները գաղափարը ինչ֊որ ճշմարիտ, իրական բան էին ընդունում, իսկ գոյությունը՝ մի ինչ֊որ մտացածին բան։ էպիկուրոսը պնդում էր հակառակը։ Բարոյականության մեջ առաջիններն իբրև հիմնական սկզբունք ընդունում էին բացարձակ անձնազսպում, իսկ Էպիկուրոսը՝ բացարձակ զվարճություն, միայն թե պնդում էր, որ անհրաժեշտ է զվարճություններից ամենատևականը և ամենաքաղցրն ընտրել, իսկ այդպիսի զվարճություն կարելի է ստանալ միայն բանականության օգնությամբ։ Բարձրագույն զվարճություններն են երկյուղից և իղձերից ազատությունն ու անգործությունը։ Ի վերջո՝ էպիկուրյանները ոչ մի տարբերություն չէին դնում զվարճությունների մեջ և անձնատուր էին լինում առավելապես մարմնական բիրտ հաճույքներին։
  331. Տրոյայի կործանման վիպասանություն։
  332. P. Ovidius Naso (մ. թ. ա. 43 թ. - մ. թ. ա. 17 թ.) — հայտնի բանաստեղծ։
  333. Պապիրուս — ծառի կեղևից պատրաստում էին երկար թղթի կտորներ, որոնց վրա և գրում էին։
  334. Այսինքն՝ Հեփեստոսը՝ Զևսի և Հերայի որդին և հրո աստվածը (Միհր)։
  335. Հայտնի աթենացի ողբերգու, մ. թ. ա. VI—V դ.։ Նրա նշանավոր ողբերգությունն է «Շղթայված Պրոմեթևսը»։
  336. Procurator֊ները կայսրերի ժամանակ ուղարկվում էին կայսերական նահանգները՝ կայսեր մասնավոր գանձարանի, fiscus֊ի, եկամուտները հավաքելու։ Աննշան նահանգներում նրանք, բացի հարկահան լինելուց, նաև կառավարիչ էին ու դատավոր։
  337. Areopagus — բարձրագույն դատարան, մանավանդ քրեական գործերի համար, և վարչական ատյան։
  338. Իսկապես՝ հունաց միայն մի ցեղն էր այսպես կոչվում, բայց կայսրերի ժամանակ առհասարակ աքայաններ էին ասվում Աքայա նահանգի, այն է՝ Հունաստանի բոլոր բնակիչները։
  339. Democritus— ապրում էր մեր թվարկությունից առաջ V դ., դեռևս Սոկրատեսի օրով։ Նրա ասելով՝ ամբողջ տիեզերքը կազմված է ատոմներից։ Մեր նպատակը պետք է լինի ոգու հանգստությունը, կրքերից և հուզմունքներից ազատությունը. այս պատճառով ավանդությունը նրան ներկայացնում էր ծիծաղկոտ կերպարանքով (gelasinos)։
  340. Կերածը փսխելու համար։
  341. Hecuba կամ Hekabe — Պրիամոսի կինը։
  342. Empirici կոչվում էր բժշկական այն դպրոցը, որ իր արվեստը կամենում էր հիմնել փորձի վրա։
  343. Տայիլոսը Պրիամոսի որդին էր։ Նրա սերը Կրեսիդի նկատմամբ նկարագրում է Շեքսպիրը, հին մատենագիրները դրա մասին ոչինչ չեն ասում։
  344. Լուկրեաիան՝ Տարքվինիոս Կոլլատինոսի կինը, իր գեղեցկությամբ տռփանք գրգռեց Տարքվինիոս Գոռոզ թագավորի որդի Սեքստիոսի սրտում։ Մի գիշեր Սեքստիոսը, նրա տունը մտնելով, բռնությամբ անպատվեց նրան։ Մյուս օրը կինը կանչեց իր հորն ու ամուսնուն, հայտնեց իր անպատվությունը, նրանցից վրեժխնդրություն աղերսեց և ինքն իրեն սպանեց։ Սա եղավ Տարքվինիոս Գոռոզի և առհասարակ թագավորության անկման պատճառը, մ. թ. ա. 510թ.։
  345. Euterpe — երգեցողության մուսա։
  346. Phorminx — հունական լարային երաժշտական գործիք։
  347. Consul — հյուպատոս։ Հասարակապետության ժամանակ կոնսուլները բարձրագույն կատարողական իշխանություն ունեին, իսկ կայսրերի օրով բոլորովին կորցրին իրենց նշանակությունը և հաճախ փոփոխվում էին. նրանք շարունակում էին նախագահել միայն ծերակույտի մեջ և հոգ էին տանում կրկեսների, խաղերի և կայսրի պատվին սարքվող տոնախմբությունների մասին։
  348. Վա՜յ ինձ, անբախտիս։
  349. Spartakus Թրակիացին սկզբում զինվոր էր, հետո, գերի ընկնելով, դարձվեց գլադիատոր, մ. թ. ա. 73 թ. նա իր 80 ընկերներով փախավ Կապուայի գլադիատորական դպրոցից և շուտով մոտ 70.000 ստրուկ իր շուրջը հավաքելով՝ ապստամբեց Հռոմի դեմ. հավիտենական քաղաքը քիչ էր մնում ընկներ ազատված ստրուկների ձեռքը։ Միայն երկու տարուց հետո հասարակապետությունը կարողացավ զսպել նրանց, գլխավորապես նրանց մեջ ծագած երկպառակությունների շնորհիվ։
  350. aquae ductus — Հռոմում ջրհորները սակավ էին, ուստի սարքված էին մեծ ջրմուղներ, որոնցով ջուրը գալիս էր հեռավոր աղբյուրներից։ Խողովակներն անցնում էին լեռների ու ձորերի վրայով, կամարներով և շատ տեղ բարձր տների կտուրներով։
  351. Brennus (կելտերեն՝ առաջնորդ) այն գալլերի առաջնորդն էր, որոնք մ. թ. ա. 891 թ. մտան Իտալիա և հետևյալ թվականին հարձակվեցին Հռոմի վրա, առան բնակիչներից թողած քաղաքը, բացի Կապիտոլիոն միջնաբերդից, այրեցին այն և պաշարեցին միջնաբերդը։ Դիկտատոր Կամիլլոսը, փախած հռոմեացի զորքերի գլուխն անցած, ստիպեց նրան ետ քաշվել հյուսիսային Իտալիա և Ալպերի մյուս կողմը։
  352. Ցցավոր կամուրջ։— Bonae Deae — Բարի աստվածուհի, որին պաշտում էին հռոմեացիները ուրիշ աստվածուհիների պես և որը հիշեցնում է Դեմետրային։ Նրա տոնախմբությանը մասնակցում էին միայն մատրոնաները և վեստալուհիները։
  353. Այս ճանապարհներն սկսվում էին Հռոմի հարավային կողմից, Ապպիական ճանապարհի և Տիբերիսի մեջտեղ։
  354. Միհրդատ VI Մեծը կամ Եվպատորը, պոնտացիների թագավորը (մ. թ. ա. 121 թ. 67 թ.) հռոմեացիների ոխերիմ թշնամին էր, երկարատև կռիվներ մղեց նրանց դեմ, ի միջի այլոց և հայոց Տիգրան II Մեծի դաշնակցությամբ։ Իր արշավանքներից մեկի ժամանակ նա պատվիրեց կոտորել Փ. Ասիայում գտնվող բոլոր հռոմեացի քաղաքացիներից մոտ 80.000, ուրիշների ասելով՝ մոտ 150.000 հոգու։
  355. Նեսսոս Կենտավրը առասպելական կենդանի էր, որ ձիու մարմին ուներ, տղամարդու պարանոց, մարմնի վերին մասը ձեռքերով և գլխով, ուզում էր առևանգել Դեյա տիրային՝ Հերակլեսի կնոջը, երբ նրան գետի մեկ ափից մյուսն էր անցկացնում։ Հերակլեսը, հեռվից այս տեսնելով, նետով սպանեց նրան։ Մեռնելիս Նեսսոսը իր մորթուց մի քանի մազ պոկեց և տվեց Դեյատիրային, իբրև սիրո հմայություն։ Սա այդ մազը կարեց Հերակլեսի շապկի մեջ, կամենալով նրան ավելի մեծ սիրով կապել իր հետ, բայց շապիկը կպավ դյուցազնի մարմնին և սկսեց այրել, այնպես որ նա ցավից խելագարի պես կատաղեց։ Դեյատիրան վշտից սպանեց իրեն, իսկ Հերակլեսը խարույկ սարքեց և այրեց ինքն իրեն։
  356. Midas— բրիգների թագավորը, իր ժողովուրդը Մակեդոնիայից տեղափոխեց Փռյուգիա, և այնուհետև նրանք փռյուգացիներ կոչվեցին։ Դիոնիս աստվածը նրան այն շնորհը տվեց, որ ինչին էլ ձեռք էր տալիս, ոսկի էր դառնում. բայց երբ ձեռք տված կերակուրներն էլ սկսեցին ոսկի դառնալ, Միդասը աղաչեց Դիոնիսին իրեն զրկել այդ շնորհից։
  357. Vulcanus — Հեփեստոս՝ կրակի աստված։
  358. Vesta-Hestia — հռոմեացիների տան օջախի և կրակի աստվածուհին, ամեն մի ընտանիքում պաշտվում էր լարերին հավասար չափով։ Նրա մեհյանում մշտական կրակ էր վառվում, վեստալուհիները, այդ տաճարի քրմուհիները, պետք է այդ կրակը անշեջ պահեին, երբ կրակը մարում էր, մեծ դժբախտություն էր համարվում տերության համար։ Քրմուհիներն ընտրվում էին 6-10 տարեկան աղջիկներից և 30 տարի կույս մնում, ծառայում աստվածուհուն, այնուհետև նրանք կարող էին վերադառնալ տուն և ամուսնանալ։ Ուխտադրուժ վեստալուհուն կենդանի թաղում էին։ Եթե որևէ հանցավորի, որին կառափման տեղն էին տանում, պատահում էր մի վեստալուհի, հանցավորն ազատվում էր մահից և շղթաներից։ Վեստայի տաճարում էին դրված նաև պետության պենատները, այսինքն՝ պահապան աստվածների պատկերները։
  359. Amerla կամ Ameгiola (այժմ Ամեյիա) Ումբրիայի քաղաքը Տիբերիսի ափին էր։
  360. Քրմական դարպասը գտնվում էր Հռոմի հյուսիսային պարսպի մեջ և առաջինն էր Տիբերիսի ձախ ափին։
  361. Persephone — Հադեսի կինն ու Զևսի աղջիկը, ուրվականների աշխարհի տիրուհին էր, թագավորում էր մեռած հոգիների և ստորերկրյա աշխարհի հրեշների վրա և իր ամուսնու հետ լսում ու կատարում էր մարդկանց անեծքները։
  362. Ida— լեռնաշղթա Տրոյայից ոչ Հեռու։
  363. Evander֊ը Տրոյայի կործանումից 60 տարի առաջ մի պելասգական գաղութ հանեց Արկադիայի (այժմյան Մորեայում) Պալլանտիոն քաղաքից և բնակեցրեց Լատիոնում, Պալատինյան բլրի վրա, ուր հետո Հռոմ քաղաքն էր։ Այդ իր շինած քաղաքը նա անվանեց Palatium կամ Pallanteum։ Նա երաժշտություն, գիր, զանազան արհեստներ և մեհենական պաշտամունքներ սովորեցրեց լատիններին։
  364. Սերվիոս Տուլլիոս (մ. թ. ա. 578—534 թթ.) և Նումա Պոմպիլիոս (մ. թ. ա. 672 թ.) Հռոմեացիների ավանդական թագավորներ են։
  365. Syrma— երկար, գետնին քսվող վերնազգեստ, որ հագնում էին ողբերգակ դերասանները։
  366. Niobides — Նիսբեի որդիները, որոնց իրենց նետերով սպանեցին Ապոլլոնն ու Արտեմիսը։
  367. Praefectus — ամեն մի ատյանի, կառավարության պետ կամ քաղաքագլուխ։ Այստեղ ենթադրվում է պրետորիանական պրեֆեկտը, որ սահմանվեց Օգոստոսի օրով։ Թվով երկուսն էին։
  368. Cohors — լեգեոնը բաժանվում էր 10 կոհորտների՝ 1000 - 1200 մարդ ամեն մեկի մեջ։
  369. C. Calpuinlus Piso֊ն ազնիվ բնավորության տեր մարդ էր. ժամանակակիցները նրան ուզում էին կայսր նստեցնել։ Նա ղեկավարում էր Ներոնի դեմ դավադրությունը, որ բացվեց, և նա տուժեց բռնի մահով 65 թ.։ Nerva֊ն մի քանի անգամ կոնսուլի պաշտոն է վարել. 96 թ. դարձավ կայսր, իր կառավարության ժամանակ մի շարք օգտակար օրենքներ հրատարակեց, թեթևացրեց հարկերի ծանրությունը և հազիվ երկու տարի թագավորելով՝ 98 թ. մեռավ։ Herennius Senecio֊ն ժամանակակից ազատամիտ մարդկանցից մեկն էր և 93 թ. դատապարտվեց մահվան։
  370. Հաց և կրկեսնե՜ր։
  371. Epilimma — օծանելիք ճարպ։
  372. Proscriptio — հարուստ և անվանի մարդկանց բանադրող ցուցակ։ Աոաջին անգամ մտցրեց Սուլլան։ Բանադրվածների անունները դրվում էին մի ցուցակի մեջ և հրապարակ դրվում, այնպես որ այդ բանադրանքին ենթարկվածները օրենքների պաշտպանությունից դուրս էին մնում, ամեն մի պատահող կարող էր սպանել նրանց. նրանց զավակները կորցնում էին բոլոր պաշտոնները, իսկ գույքը հարքունիս էր գրավվում, ավելի ճիշտ՝ հօգուտ հրամանատարների և նրանց զինվորների։
  373. Amphora — երկականջանի սափոր, որի մեջ ջուր, ձեթ, մեղր և մանավանդ գինի էին պահում։
  374. Հունաստանում և Հռոմում շատ ընդհանրացած էր գնդակ խաղալը։ Խաղում էին ոչ միայն երեխաները, այլև չափահասները։ Այս զվարճությունների և մարզանքների համար առանձին հասարակական շինություններ կային։
  375. Triumphator-triumphus — հաղաթկան մուտք ստացող։ Հաղթությամբ հռչակված զորավարին թույլ էր տրվում հանդիսավոր կերպով մտնել Հռոմ։ Նշանակված օրը նա ծերակույտի, զորքի և ժողովրդի ուղեկցությամբ մտնում էր Կապիտոլիոն միջնաբերդը՝ ոսկեզօծ, քառաձի կառքով, դափնիներով զարդարված։ Կառքում նրա ետևից կանգնած էր լինում պետական ստրուկը և ոսկե պսակ էր բռնում նրա գլխին։ Կապիտոլինում նա զոհաբանական մաղթանք էր կատարում և եզ էր զոհում Յուպիտերին։
  376. Stadium — մարզարան, ուր մրցում էին վազելու մեջ։
  377. Tartarus — ստորերկրյա աշխարհ, դժոխքի անդունդ, ուր, ի միջի այլոց, կալանավորված էին տիտանները։
  378. Clio— պատմության մուսա։
  379. Libethrides — ինը մուսաներ, որոնց քարանձավն իր երկու աղբյուրներով գտնվում էր Լիբեթրիոնում, Հելիկոն լեռան արևմտյան ճյուղում
  380. Ակնարկում է խաղի մեջ գործածվող ոսկորները։
  381. Այսպիսի սեղանները սաստիկ թանկ էին գնահատվում և շատ անգամ մի ամբողջ կալվածքից ավելի էին արժենում։
  382. Աթենքի ճեմարանում ուսուցանում էր Պլատոնը և նրանից հետո՝ նրա աշակերտները, դա մի ընդարձակ պարտեզ էր ճեմելիքներով և մարմնամարզական հաստատություններով։— Serapeum — Սերապիս աստուծո տաճարը գտնվում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Այստեղ մի ընդարձակ գրադարան կար, որ, երբ Կեսարն առավ այս քաղաքը, 40 - 70 հազար հատոր ուներ։
  383. Cronos— Զեսի հայրը. վախենալով, չլինի թե իր զավակներից մեկը իրեն գահընկեց անի, ծնվելուն պես կուլ էր տալիս իր որդիներին։
  384. Gemma — գոհարեղեն։
  385. Asphodelus — անախորժ, մռայլ տեսք ունեցող մի բույս, որով ըստ հունական ավանդության, ծածկված էր մի ընդարձակ դաշտ ստորերկրյա աշխարհում։
  386. Capsa — պայուսակ, արկղ։
  387. coa vestis — «կոսական զգեստ», այսինքն՝ Կոս կղզու զգեստ։ Կարվում էր փափուկ, բարակ և թափանցիկ կտորից, այնպես որ տակից երևում էր մարմինը։
  388. Վենուսի պուրակները։
  389. Olaeothesium — օծելու սենյակ։
  390. Tulianum — բանտի ամենաստորին մասը, որ գտնվում էր գետնի տակ և միայն մի բացվածք ուներ առաստաղի մեջ։ Այդտեղ մեռավ Յուգուրտան։
  391. Mirmillo — մի տեսակ գլադիատոր, որ ըստ գալլիական տարազի կրում էր սաղավարտ, վահան և սուր։
  392. Սիբիլլական գրքերն էին նայում այն ժամանակ, երբ տերությանը որևէ դժբախտություն էր սպառնում, և նրանց մեջ կարդում էին աստվածների սիրտը մեղմացնելու և սպառնացող վտանգի առաջն առնելու միջոցները։
  393. Sellisternia կամ lictisternia — «աստվածների խնջույքների» ժամանակ՝ աստվածների պատկերները բարձերի վրա էին դրվում, և նրանց կերակուր էր առաջարկվում։
  394. Հռոմում թագավորական իշխանությունը վերացնելուց հետո սկսեցին մեկ տարով ընտրվել երկու կոնսուլներ։ Աոաջին երկու կոնսուլներից մեկն էր Բրուտոսը, որ իմանալով, թե իր որդիները դավադրություն են կազմակերպել հասարակապետության դեմ, մահվան դատապարտեց նրանց և անվեհերությամբ ներկա եղավ այդ վճռի իրագործմանը։
  395. Seianus — Տիբերի մտերիմը և տեղակալը, սկսել էր մտածել գահ բարձրանալու մասին և այդ պատճառով ձերբակալվել էր ու գլխատվել։ Նրա վիճակին ենթարկվեցին նույնպես և նրա որդիները, ազգականներն ու կուսակիցները։ Նրա դուստրը մեռցվելուց առաջ «a carnifice laqueum iuxta compressa» էր եղել։
  396. Առավոտյան խաղ։
  397. Ստորերկրյա անցք։
  398. Քրիստոսի համար։
  399. Pileolus — փոքրիկ, բրդից չինած գլխարկ, որ միայն գագաթն էր ծածկում՝ առջևից և ետևից ազատ թողնելով մազերը։ Հռոմեացիները քաղաքում շրջելիս առհասարակ գլուխը չէին ծածկում, գլխարկը ծածկում էին միայն ճանապարհորդության ժամանակ, կամ թատրոնում։
  400. Helios — Արև աստված։
  401. Spoliarum — ամֆիթատրոնի այն մասը, ուր քարշ էին տալիս արենայի վրա սպանվածների մարմինները և նրանց վրայից հանում զենքն ու հագուստը։
  402. Մեծ կույս, մեծ վեստալուհի։
  403. Amphitheatrum— կլոր շինություն էին գլադիատորական խաղերի ու գազանների կռիվների համար։ Մեջտեղը կլոր տարածություն էր, ավազով ծածկված, որը կոչվում էր area կամ arena. այստեղ էին տեղի ունենում ներկայացումները։ Իսկ շուրջն աստիճանաբար շարք֊շարք իրար վրա բարձրանում էին հանդիսականների նստարանները։ Արենայի շուրջը հաստ, կամարավոր պատ էր քաշված, որոնց հետև պահվում էին գազանները կամ սպասում էին գլադիատորները։ Պատի գլխին երկաթե վանդակապատ էր՝ գազանների հարձակումից ապահով մնալու համար։ Այս վանդակապատի հետևն անմիջականորեն բարձրանում էր կայսեր օթյակ՝ potium֊ը. այնուհետև, համակենտրոնական շրջաններով, երեք կամ չորս հարկ բարձրանում էին ավելի ու ավելի լայնացող աստիճաններ, իսկ ամենից վերևում գալերեան էր։ Ֆլավիոսների հարստության Վեսպասիանոս կայսրը և նրա որդի Տիտոսը կառուցեցին առաջին քարե ամֆիթատրոնը, որ հայտնի է ավելի Coliseum անունով, դրա ավերակները կան մինչև այսօր։ Այդտեղ 87,000 մարդ տեղավորվում էր նստարանների վրա և 20,000՝ գալերեայում։
  404. Velarium— քող, վարագույր, ամֆիթատրոնը տանիք չէր ունենում, և հանդիսականներին արևից կամ անձրևից պաշտպանելու համար ամբողջ շինության վրա վելարիոն էին քաշում։
  405. Ամեն ազգություն հատուկ զենք ուներ։ Այս զենքով տարբերվում էին գլադիատորները։ Ռետիարները ոչ սաղավարտ, ոչ վահան, ոչ էլ որևէ պաշտպանողական զենք ունեին, այլ միայն ցանց, որը ձգում էին ախոյանի վրա, թեթև եռաժանի և կարճ սուր։
  406. Charon — ստորերկրյա աշխարհի ծեր ու կեղտոտ նավավարը, որ իր նավով մեռածների հոգիները տեղափոխում էր դժոխքի գետերով։— Մերկուրիոսը մեռածներին տանում էր ստորերկրյա աշխարհը։
  407. Lictores — բարձրադիր պաշտոնյաների ծառայողներն էին, որոնք նրանց առջևից տանում էին asces, այսինքն՝ ճիպոտների կապեր սակրերով։ Նրանք հետևում էին ի միջի այլոց, որ այդ պաշտոնյաներին արժանավոր հարգանք և պատիվ ցույց տրվի։
  408. Andabatae — գլադիատորները կռվում էին աչքերը երկար սաղավարտով ծածկված, սրերը կամ նիզակները ձեռքին, հաճախ ձիավոր էին լինում։
  409. «Վերջացած է»։
  410. «Ողջույն, Կեսար իմպերատոր, մեռնելուները քեզ ողջունում են»։
  411. կամ՝ murmillo, որ գալլիական զենք էր կրում։
  412. «Քեզ չեմ որսում, ձուկ եմ որսում, ի՞նչ ես փախչում ինձնից, գա՛լլ»։
  413. Տոմսակներ
  414. Կեցցե. ունի (հաղթեց)։
  415. «Քրիստոսը թագավորում է»։
  416. Քրիստոսի համար, Քրիստոսի համար։
  417. Լետայի որդին Ապոլոնն էր, որին պաշտում էին մանավանդ Տենեդոս կղզու վրա (Տրոյայից ոչ հեռու) և Կիլլա և Քրիսա քաղաքներում (Տրոյայի շրջակայքում)։
  418. Smintheus — Ապոլլոնի մականուններից մեկն էր, որ հույների մեծ մասը բացատրում էր «smintheos» «մուկ» բառով, գուցե նրա համար, որ մուկը նախագուշակության նշան էր, կամ որ Ապոլլոնը մկներ ոչնչացնող էր համարվում։
  419. Գալլերի արշավանքի ժամանակ, մ. թ. ա. 390 թ., քիչ էր մնում Կապիտոլիոնն էլ ընկներ նրանց ձեռքը, նրանք մի գիշեր արդեն բարձրացել էին միջնաբերդի պարիսպները, երբ հանկարծ նվիրական սագերը աղմուկ հանեցին և զարթեցրին քնած պահապաններին ու զինվորներին։
  420. «Առանց զենքի և առանց արվեստի», այսինքն՝ ոչ զենք ունենալով, ոչ էլ առաջուց հատկապես վարժվելով։
  421. Puticuli գերեզմանատունը, որ գտնվում է Էսքվիլինյան բլրի վրա, այստեղ թաղում էին աղքատներին և ստրուկներին։
  422. Theocritus հույն հովվերգուն, որ ծնվել էր Սիցիլիայի Սիրակուսա քաղաքում, հռչակվեց մ. թ. ա. IV դ.։ Նա ապրում էր մեկ Ալեքսանդրիայում, Պտղոմեանների մոտ, մեկ Սիրակուսայում, Հիերոն Բ տիրանի մոտ։
  423. Xystos — հունական գիմնազիոնների (մարզարանների) ծածկված գալերեա, ուր ատլետները մարմնամարզությամբ էին պարապում, մանավանդ ձմեռը։ Հռոմեացիներն այսպես էին կոչում նաև գալերեայի առջև եղած և ծաղիկներով ու թփերով զարդարված հրապարակը։
  424. Դեդալոսը, որ մի քանիսի ասելով, կարողացել էր Կրետեից Սիցիլիա թռչել, հռոմեական ամֆիթատրոններում նույնպիսի մահով էր մեռնում, որպես և Իկարոսը։
  425. Dirce — թեբեացիների թագավոր Լիկոսի կինն էր։ Լիկոսը սրա հետ պսակվելու համար մերժեց իր առաջին կին Անտիոպեին։ Դիրկեն վախենում էր՝ չլինի թե նա նորից հաշտվի Անտիոպեի հետ, և նրանից թույլտվություն ստացավ այդ կնոջը բանտարկելու։ Բայց Անտիոպեի որդիները սպանեցին Լիկոսին, իսկ Դիրկեին կապեցին վայրի եզան եղջյուրներից և հետո խեղդեցին մի աղբյուրի մեջ, որը նրա անունով Դիրկե կոչվեց։ Մեզ հասել է և այժմ պահպանվում է Նեապոլում այդ պատիժը ներկայացնող արձանախումբը, որը կոչվում է «Ֆոռնեզեական եզ»։
  426. Pasiphae — Կրետեի Մինոս թագավորի կինն էր։ Այս Մինոսը, կամենալով թագավոր դառնալ, հավատացնում էր, որ աստվածներն իր ամեն խնդիրքը կատարելու են, և խնդրեց Ապոլլոնից՝ ալիքներից մի եզ դուրս բերել իրեն զոհելու համար։ Երբ աստվածը այդ եզը դուրս բերեց, Մինոսը, կենդանու գեղեցկությամբ հիացած, իր նախիրը ուղարկեց դրան, իսկ Ապոլլոնին ուրիշ եզ զոհեց։ Բարկացած աստվածը կատաղեցրեց հրաշալի եզան և Մինոսի կին Պասիֆայեի մեջ սեր արծարծեց նրա հանդեպ։ Այս անբնական սիրո պտուղն էր Մինոտավրոսը (մարմինը մարդու, գլուխը՝ եզան), որին սպանեց Թեսեոս Աթենացին։
  427. «Անմեղ մարմիններ»։
  428. Sarmentitii - «sarmentum» բառից, որ նշանակում է ցախ։— Semaxii - semis «կես» և axis — «առանցք» բառերից։ Հանցավորին կապում էին մի սյունի, որ ցցված էր լինում առանցքի մեջտեղ, ցախով պատում և այրում։
  429. «Այստեղ է Աբդերան». Abdera — Թրակիայի քաղաք, որի բնակիչները հիմարների հռչակ էին ստացել։ Սա մի առած է, որ նշանակում է. «ա՜յ հիմարի գլուխ»։
  430. Thantos — մահվան աստվածը։
  431. Piacula — մաքրող և հաշտեցնող զոհաբերություններ, կոչվում էր նան iustratio։ Այդ արարողությունների մեջ դեր էին խաղում ջուրը և հուրը։
  432. Aureolus — «Ոսկե» (դրամ)։
  433. Այն քրիստոնեուհին, որի մասին պատմվում է Գործք Առաքելոցի Թ. գլխում։
  434. Թող Կիպրոսի աստվածային տիրուհին (Վենուսը), թող Հելենեի եղբայրները՝ պայծառ աստղերը (Կաստորն ու Պոլլուքսը) և հողմերի հայրը (Եվոլոսը) քեզ առաջնորդեն (օ՜, նա՜վ)...
  435. Spoliarium — թատրոնի այն բաժանմունքն էր, որ քարշ էին տալիս դիակներն արենայից։
  436. Ոդիսևսը բազմաթիվ փորձություններից հետո հասավ քամիների տեր Եվոլոսի կղզին։ Եվոլոսը, զիջելով նրան, օգնեց, որ նա իր հայրենիքը՝ Իթակե վերադառնա, նպաստավոր քամի տվեց և բոլոր մրրկաբեր քամիները կապելով մի իննամյա եզի կաշուց կարած պարկի մեջ, ընծայեց նրան։ Ոդիսևսն արդեն Իթակե հասնելու վրա էր, երբ քուն մտավ, իսկ նրա ընկերները կամեցան իմանալ՝ ինչ կա պարկի մեջ, և կապերը բաց արին։ Հողմերը դուրս թռան, մրրիկ բարձրացրին և նավերը նորից Եվոլոսի կղզի ձգեցին։ Ոդիսևսը կրկին օգնություն խնդրեց Եվոլոսից, բայց սա բարկացած վռնդեց նրան իր տնից (Ոդիսական, ժ երգ)։
  437. «Յո՞ երթաս. Տեր» («Ո՞ր ես գնում, Տեր»)։
  438. Mausoleium — հարուստ և շքեղ դամբարան։
  439. Sepa — փայտով պարսպված բակ, ուր տեղի էին ունենում ազգային ժողովները. նիստերից հետո քանդվում էին։ Բայց Հուլիոս Կեսարը մարմարիոնից շինեց մշտական հոյակապ sepia marmorea կամ Septa lulia։
  440. Քաղաքին և աշխարհին։
  441. Առ Կորնթ. Ա, գլ. ժգ. 1։
  442. Առ Տիմոթեոս Բ, Դ, 7։
  443. Aquae et ignis interdictio — զրկվելով ջրի և կրակի իրավունքից՝ դատապարտյալը չպետք է գործածեր այս անհրաժեշտ կենսական նյութերը և ակամա հեռանար հռոմեական պետության սահմաններից։ Կայսրերի ժամանակ այս պատիժը մեծ մասամբ փոխարինվում էր աքսորով. աքսորում էին կայսրի նշանակած մի տեղ։
  444. Ոսկե տուն — Ներոնի պալատ։
  445. Ուզում է ասել, որ կրոնական հարցերի մեջ թերահավատ է (սկեպտիկ. այս ուսմունքի հիմնադիրը Պիռոնն է), իսկ կյանքի մեջ առհասարակ զվարճությանց սիրահար (Անակրեոնտը գինու և սիրո բանաստեղծ էր)։
  446. Երևելի քանդակագործներ։
  447. Styx — ստորերկրյա աշխարհի գետ։
  448. Hesperides — Ատլանտի (այն տիտանի, որ իր ուսերով բռնած ունի երկինքը) աղջիկներն են և ապրում են արևմուտքի ծայրին, որտեղ պահպանում են Հեսպերիդյան խնձորները, որ Գեան նվիրել էր Հերային, երբ սա ամուսնանում էր Զևսի հետ։ Հերակլեսը այս խնձորներից երեքը բերեց Միկենե։
  449. Symposion — խնջույք, որ սկսվում էր ճաշկերույթից (convivium) հետո։ Հյուրերը կատակ էին անում, ծիծաղում, երաժշտությամբ և պարերով զվարճանում կամ լուրջ խոսակցություններով զբաղվում, գլխավորապես գինի էին կոնծում։
  450. Domitia — Ներոնի հորաքույրն էր, որին սա զառամյալ հասակում թունավորել տվեց 59 թ., նրա հարստությանը տիրանալու համար։
  451. Erebus — Քաոսի ծնունդը, սկզբնական խավարն է։ Կազմում է ստորերկրյա աշխաըհի ամենամութ մասը, որտեղ ապրում է Հադեսը։
  452. Pyrriche — զինվորական պար էր, որի ժամանակ շարժվածքներով ներկայացվում էր, թե ինչպես պատերազմի մեջ խույս են տալիս թշնամու հարվածից կամ հարված են տալիս և հարձակվում թշնամու վրա։ Այս պարը Հունաստանից անցավ Հռոմ Կալիգուլայի օրով։
  453. Cerber — դժոխքի շուն։
  454. Այս երգը հյուսել էին հույները ի պատիվ Հարմոդիոսի և Արիստոդիտոնի, որոնք սպանեցին Աթենքի տիրան Պիսիստրատի որդի Հիպպարքոսին և սրանով նպաստեցին աթենացիների ազատությունը վերականգնելուն։
  455. Amor (Eros) — սիրո աստված։
  456. Այս երգը մեզ հասել է և սխալմամբ վերագրվում է Անակրեոնտին։
  457. Hipnos — երազի, Thanatos — մահվան աստվածներ։ ՎԵՐՋԱԲԱՆ ========
  458. G. Iulius Vindex — Աքվիտանիայի (Հարավ֊Արևմտյան Գալլիայի մի նահանգ Հարոննի և Պիրենեական լեռների մեջ) իշխանական ցեղից էր ծագում և Ներոնի օրով նշանակված էր հյուսիսային Գալլիայի պրոպրետոր։ 68 թ. նա ապստամբեց Ներոնի բռնակալության դեմ՝ վճռելով գահընկեց անել նրան և նրա տեղը Գալբային նստեցնել։ Ինքը կայսրության չէր ձգտում և պատվիրել էր իր գալլիացիներին սպանել իրեն, եթե այսպիսի ձգտում ցույց տալու լինի։ Գալլիացիք սկսեցին հավաքվել նրա ձեռքի տակ, և այսպիսով նա մեծ զորքի հրամանատար դարձավ։ Ապա նա Գերմանիայի կուսակալ Վիրգինիոս Ռուֆոսի հետ դաշն կապեց. բայց երբ Վինդեքսը գնաց Վեսոնտիոն քաղաքն առնելու, Ռուֆոսի զինվորները կասկածեցին, թե նա իրենց վրա է գալիս, և հարձակվեցին նրա դեմ։ Վինդեքսը, կարծելով, թե վտանգը մեծ է, շտապեց ինքն իրեն սպանել։
  459. Այստեղ բառախաղ է. Gallus լատիներեն նշանակում է աքաղաղ և գալլիացի։ «Զարթեցրեց աքաղաղներին» կամ «զարթեցրեց գալլիացիներին»։
  460. Amazоnes — առասպելական, պատերազմասեր կանացի ժողովուրդ էր, որ բնակվում էր սկզբում Կապադովկիայում, իսկ հետո Սկյութիայում և Տանայիս (Դոն) գետի մոտ։ Նրանք իրենց երկրում այր մարդկանց չէին ընդունում, իսկ սերունդը շարունակելու համար կապ էին հաստատում հարևան Գարգարեացիների հետ, որոնք բնակվում էին Կովկասի ստորոտում։ Ծնված տղաներին նրանք կամ սպանում էին, կամ ուղարկում իրենց հայրերի մոտ, իսկ աղջիկներին պահում էին իրենց մոտ և վարժեցնում զինվորական արհեստի մեջ։
  461. Epinicium — հաղթական երգ էր հաղթողի պատվին, հաճախ երգվում էր խնջույքի ժամանակ։
  462. Servius Sulpicius Galba ծն. մ. թ. ա. 5 թ. Օգոստոսի ազգականն էր նրա կին Լիվիայի միջոցով։ Հայտնի էր իբրև լավ զորավար և խիստ մարդ։ Քանիցս Օգոստոսի մահից հետո նրան առաջարկել էին գահ բարձրանալ։ Բայց միշտ հրաժարվում էր։ Ներոնի օրով նա Իսպանիայի կուսակալ էր։ Երբ գավառներում զորավարներն ապստամբեցին Ներոնի դեմ, նրանք կայսր հայտարարեցին Գալբային, որ արդեն 73 տարեկան էր։ Մինչև անգամ Հռոմում պրետորիաններն անցան նրա կողմը։ Գալբան Օթոնի ուղեկցությամբ մտավ մայրաքաղաք և կայսր դարձավ, բայց, վատ ընկերներով շրջապատված և ժլատ լինելով, նա շուտով իր դեմ գրգռեց շատերին։ Նա վիրավորեց Օթոնին՝ թագաժառանգ նշանակելով ոչ թե նրան, այլ տաղանդավոր Լիկինիոս Պիսոնին։ Այն ժամանակ զորքերը ապստամբեցին, կայսր հռչակեցին Օթոնին և 69 թ. հունվարին սպանեցին Գալբային։
  463. հայրասպան, այլև մայրասպան և առհասարակ ազգականներ սպանող։