Տղամարդու դժվար տարիք

Գրապահարան-ից
13:19, 13 Հունիսի 2015 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տղամարդու դժվար տարիք

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Ծանր լույս»

Ճակատագրի խնդիրը հեշտ էր, քան փողինը։

Եթե տոմս եղա՜վ, մտածել էր տոմսարկղերի շարքի երկայնքով երկու-երեք օր գնալ-գալով, եթե եղավ՝ ճակատագիր է, պիտի գնա։

․․․Մյուս կողմից էլ, եթե քնքշության կարիք ունես, սովորական պատահականությունը կմեծարեց ճակատագիր․․․ Բայց այդուհանդերձ, նա համոզված էր, որ ճակատագրականության ինքնամատույց հանգամանքին տեղ թողնվում է։ Ինքը իր կողմից մեծ ջանք չի դնում․ հերթ չի կանգնում, առաջիկայի պատվեր չի տալիս, գնացքի հարյուր տոկոսանոց լինելիք տոմսի վրա չի քշում, բաց է թողնում ճամփա դուրս գալու փորձված միջոցը, ― թողնում է մի դուռ՝ օդայինը, իսկ սեպտեմբերին օդագնացության հույսին մնալը նախախնամությանը ապավինել է նշանակում։ Ուրեմն, եթե եղավ՝ ճակատագիր է։

․․․Դե, եթե երկու-երեք օր քարշ գաս տոմսարկղերի մոտ, մի դուռ կբացվի․ տոմսավաճառներից մեկը քեզ կհասնի, վերավաճառող ստահակներից մեկը ականջիդ կշշնջա․․․ Սիրահարվածը, անփորձ ճամփորդը տարբերվում է հիվանդի նման։

Նախախնամությունը ողորմած եղավ։ Չլինելու պես հեշտ եղավ տոմսը։ Բայց․․․ իր նմանը, որ հայրական ժառանգության վրա չի նստած, ով էժան առնում ― թանկ չի ծախում, ով գողությունից թունդ ամաչում է եւ չի ստացվել, որ աշխատի կարբիդի ցեխում, նա երկրիս վրա ճամփա գնալու մի միջով ունի՝ պիտի պարտք անի։ Եվ ընկերների ոտքը գնաց։ Մեկի, երկուսի, երրորդի ու․․․ Առանց այն էլ նրա կորովը լարովի էր, դժվար պրկվում՝ փրթվում էր մի ակնթարթում, եւ հետեւյալ այցելությանը պնդերեսությամբ զինվելու համար մի գիշեր ու մի ցերեկ պետք էր։

Հանաքամիտ ընկերոջ հետ փորձեց գործը հանաքով տանել, բայց խոսքի կեսին սխալը զգաց։ Փող ունեցողը հանաքի ձիրքը կորցնում է՝ հենց փողի մասին անլուրջ խոսեցիր։ Հայացքը նախ սգավորվում է, ապա պաղում-խորթանում է, վերջը դառնում է լրիվ բացակա՝ կարծես գնաց իր գանձի վրա աչք պահելու․․․ Փողատերերը նաեւ ունեն մի նվիրական նախապաշարմունք, որ ձեռք են բերում մեկ օրվա մեջ, մեկ մարդու նման՝ չի կարելի ավանդից կտրել ուրիշին տալ, անհարկի չի կարելի պակասեցնել, թե չէ կսկսի ինքն իրեն պակասել․․․

Ամեն այցը ստոր դավ էր ընկերության դեմ։