«Պարիտետի» ժամը

Գրապահարան-ից
16:32, 30 Հուլիսի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«Պարիտետի» ժամը

հեղինակ՝ Ավետիս Հարությունյան
աղբյուր՝ «Գյադաների ժամանակը»

1․ Խառնակչություն՝ Ջավախքի ուղղությամբ

Մարիուս Յուզբաշյանը սպանվեց՝ իր հետ գերեզման տանելով Ղարաբաղյան շարժման սկզբնավորման գաղտնիքը։ Հետագայում Մոսկվայում երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ Ղարաբաղի ղեկավարի պաշտոնում Կեւորկովին փոխարինած Հենրիկ Պողոսյանը, որին վիճակվա՞ծ, թե՞ վերապահված էր գլխավորել խռովության օրենսդրական փուլը եւ որի օգնականն էր, ի դեպ, Սերժ Սարգսյանը։ Վերջինս միաժամանակ լինելով Շարժման ակտիվիստ՝ նաեւ մարզի ղեկավարի կապն էր գործադուլային ղեկավար մարմնի՝ Դիրեկտորների խորհրդի հետ։ Այս փաստը առավել չարագուշակ երանգ է ստանում, եթե հիշենք, որ նա նաեւ Ստեփանակերտի ռուսական կայազորի եւ հայկական կողմի միջեւ կապավորի դեր ուներ։

Չարագուշակ այն իմաստով, որ բոլոր նրանք, ովքեր պաշտոնի բերումով Ղարաբաղում եւ Հայաստանում պիտի որ առաջինը տեղյակ լինեին պատրաստվող ստորագրահավաքի մասին (Միացման մասին֊խմբ․), այդ մարդիկ այսօր կենդանի չեն։ 1988թ․ Ղարաբաղի մարզկոմի քարտուղար Պողոսյանը, Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Դեմիրճյանը, հանրապետության անվտանգության նախարար Յուզբաշյանը եւ ներքին գործերի նախարար Շահինյանը։ Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ միայն բացառիկ հիվանդ երեւակայություն ունեցողը կարող է այսպիսի պատկեր տեսնել, եւ առավել հակված եմ սա վերագրել հայ ավանդական փնթի ինքնահոշոտման կրքին, բայց փաստը մնում է փաստ։ Եթե այս անուններին ավելացնենք Վազգեն Սարգսյանի եւ ժամանակի մարզխորհրդի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի անունները, ամբողջանում է այն մարդկանց շարքը, ում պիտի որ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ տված լինեին սովետական հետախուզական ծառայությունները եւ ովքեր «իրավունք ունեին» այդ բանը ակնկալելու ներկայիս… բայց ումի՞ց։ Ցուցակը ամբողջանում է այն պահին, երբ օրախնդիր է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցը։

Անհասկանալի է մնում Սերժ Սարգսյանի պարագան։ Կամ նա հայտ չի ներկայացնում Ղարաբաղին տրված երաշխիքների «պահանջատերը» լինելու, կամ սկզբում հասարակ սադրիչի դեր է ունեցել, ինչ դեր ուներ Իգոր Մուրադյանը՝ Յուզբաշյանին կից, կամ դեռ անելիք ունի Հայաստանում՝ այս պատմության ավարտական փուլում։ Թող որ մենք սխալված լինենք, բայց, կարծես թե, չունի։ Քանի որ այդ դերը կապված է լինելու ոչ միայն նոր պատերազմի հանգամանքներին, այլեւ նոր խառնակչությանը՝ այս դեպքում Ջավախքի ուղղությամբ։ Եւ ուրեմն, այդ դերի համար բոլորովին նոր մարդ է պետք՝ կազմակերպությամբ հանդերձ։

Հասկանալի է, որ դա Դաշնակցությունը կլինի։ Օգնականներ կգտնվեն «Ջավախք» հայրենակցական միությունում, Սիլվան դեռ կա, ախալքալաքցի Զորի Բալայանի հարցը ավելի հեշտ է։ Բայց տանող ուժը կլինի Դաշնակցությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ կոմպլեքսավորված է, որ առաջին անգամ իր պատմության մեջ բաց է թողել խառնակչության պահը, այլեւ սեփական քաղաքական համոզմունքից ելնելով եւ քաղաքական ծրագրին ի նպաստ։ Ծրագիր, որի էությունն այն է, թե ինչքան խոր խրվի Հայաստանը տարածաշրջանային կոնֆլիկտների մեջ, այնքան կախված կլինի Ռուսաստանից, ինչքան կախված լինի Ռուսաստանից, այնքան ժամանակ թշնամի կլինի Թուրքիային, եւ որքան երկար ժամանակ Հայաստանը թշնամի մնա Թուրքիային, այնքան տեւական ժամանակ իրենք հնարավորություն կունենան դրսում զբաղվելու Հայ դատով։

Արդյո՞ք Ղարաբաղի տարբերակը Վրաստանի դեմ կիրառելու անհրաժեշտություն կլինի, դժվար է ասել, բայց Հայաստանում դրան պատրաստ թե´ ուժեր կան, թե´ բախտախնդիր իշխանություն։ Այդ ուժերը եղել են միշտ, բայց Հայաստանի նախկին իշխանությունները ժամանակին կարողացան զինաթափել ՀԱԲ֊ը, գուցե կանխարգելիչ միջոցառում որպես՝ փակեցին Դաշնակցությունը, նաեւ Գամսախուրդիան ժամանակին պաշտոնազրկվեց։ Վերջին հաշվով, գուցե շնորհիվ այն բանի, որ Հայաստանում չկարողացան իշխանության գալ Էլչիբեյի եւ Գամսախուրդիայի տիպի գործիչները։

Թերեւս, այս անգամ էլ խուսափենք երկրորդ ճակատից, բայց դա կախված կլինի միմիայն Վրաստանից։ Իսկ Հայաստանում այդ ավանտյուրան նախապատրաստվում է դաշնակցականների պաշտոնեական առաջխաղացումով։ Քոչարյանը ընդհանրապես պատրաստվում է պատերազմի եւ այդ վիճակին համապատասխան կոալիցիոն կառավարություն կազմելը, համենայն դեպս, սկսել է ծնունդով ջավախքեցի դաշնակցական Լոքյանով։ Եթե ուժային կառույցներից մեկնումեկն էլ հանձնի դաշնակցությանը, կարելի կլինի գրեթե համոզված լինել, որ, դաս չքաղելով ոչ մի բանից, նշմար է տալիս ում որ հարկն է, որ պատրաստ է ծառայել Վրաստանի ուղղությամբ համը հանելու գործում։ Սերժի «ռուսական կողմնորոշումը» չփրկեց, պետք է մի նոր դեմք, ում ռուսական գաղտնի ծառայությունները համարում են իրենցը։ Արեւմուտքն էլ, գուցե, իրենցը համարի, բայց այդպես պատահում է հետախույզների առօրյայում։

Քոչարյանը կուզենար այդ մարդը ինքը լիներ։ Այսինքն, այդ էլ ինքը լիներ։ Մի կողմից՝ Ամերիկան չդադարեր փող տալ, մյուս կողմից՝ Ռուսաստանը նրան համարեր իրենը։ Որովհետեւ ինքը ծնունդով, ավանդաբար, դաստիարակությամբ, ուղնուծուծով նրանցն է ու ասիացի, բայց ստիպված է խաղալ եվրոպամետ։ Վիրավորական է՝ իր արդար հացը իրենից հանիրավի խլողներից վրեժխնդիր լինելու աստիճան։ Բայց ո՞ր մեկի դեմն առնի։ Բարեբախտաբար, դաշնակցականները նաեւ իրենն են եւ պետք են գալու պատերազմի ժամանակ։ Ոչ թե կռվելու համար, այլ ռազմաճակատի գիծ գնացած երկրապահների ու զորքի հնարավոր նահանջը գնդացիրներով թիկունքից կանխելու համար։ Նաեւ խոր թիկունքում՝ որպես ռազմական դրության ռեժիմը ապահովող զինված ուժ։ Իսկ ամենամոտ ապագայում դաշնակցականի ղեկավարած պատժիչ ծառայությունը կապահովի, որ «27»֊ի դատավարության ժամանակ Նաիրի Հունանյանը ավելորդ բաներ չասի։

Գուցե եւ հարցը «արմատապես» լուծելու միջոցով։ Սերժ Սարգսյանը խանդի տեսարաններ չի սարքի։ Նրան կործանելու է ագահությունը։ Վերջին ամսի վերջին միլիոնին հետամուտ՝ նա այս անգամ բաց է թողնելու դավաճանելու պահը։ Եւ այդ կողմից Քոչարյանը ապահով է։ Նա ապահով է զգում իրեն նաեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի ներսում ուզած քաղաքական կոմբինացիաներ անելու տեսակետից։ Նրան դեռ ամեն ինչ ներվելու է․ անգամ ռուսական հեռուստաալիքների փակումը, մամուլի ոլորտում դեռ սպասվող սահմանափակումները, երկրապահական֊զինվորական թեւի հանդեպ քրեական հետապնդումների փուլը, որը, թերեւս, կսկսվի «27»֊ի դատավարությանը համընթաց։ Ներվելու է, որովհետեւ Ստամբուլի դաշնագրի տառին հավատարիմ՝ Ղարաբաղի խնդիրը տանում է հանգուցալուծման, մեծ տերությունների կարծիքով՝ ստորագրության, իր հաշվարկով՝ պատերազմի միջոցով։ Այս ճանապարհին նա ոչ Ղարաբաղում, ոչ Հայաստանում ոչ մի հենարան չունի, Դաշնակցությունից բացի։ Բայց այստեղ էլ միակարծիք չեն։

Դատելով այն բանից, թե Բազեյանի հրաժարականը ինչ աստիճան ջղագրգիռ է դարձրել դաշնակցական մամուլին, նրանք հասկանում են, որ պարտության պատասխանատվությունը կրելու են միայնակ եւ որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո զրկվում են ո´չ միայն իշխանությունից։ Ի տարբերություն սկսնակ դաշնակցական Քոչարյանի, որը իր խելքից է ընկել «Մահ կամ ազատության» թակարդը, Դաշնակցությունը լավ բան չի սպասում առանց Ռուսաստանի զինակցության մղվելիք պատերազմից, առավել եւս՝ իշխանությունը պահելու ձեւ չի տեսնում այդ հանգամանքներում։ Եւ զարմանալի չէ, որ վերջերս սկսել է իր բառապաշարին անհարիր բառեր արտաբերել (ճիշտ է՝ գերագույն ջանքով) հանդուրժողականության թեմայով՝ ելքը տեսնելով նրանում, որ պարտությունը լինի ազգովին, միասնաբար, համազգայնորեն, անզիջում ու չպարտվողաբար… Որովհետեւ չի կարելի արյունով նվաճած հողը ետ տալ, բայց ավելի մեծ արյունով՝ խնդրեմ։

2․ Դեգերումներ ռուսական տափաստաններում

Ճիշտն ասած, տպավորություն է ստեղծվում, որ արդեն Ռուսաստանն ու Արեւմուտքն էլ չեն հավատում Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը։ Մինչ Բաքվի հանդիպումը Արեւմուտքը ամեն ինչ անում էր, որ Ռուսաստանը պատերազմը առիթ չդարձնի՝ Վրաստանից զորքերի դուրսբերումը կասեցնելու եւ Հայաստանում իր ռազմական ներկայությունը բազմապատկելու համար։ Բաքվի (ռուս֊ադրբեջանական֊խմբ) համաձայնագրից հետո այդ վտանգը անցել է, թեեւ որոշ վտանգ դեռ կա՝ Ջավախքի ուղղությամբ հայկական ավանտյուրայի հետ կապված։

Բայց Արեւմուտքի մտավախությունը հիմնականում փարատված պիտի համարել, քանի որ Ռուսաստանի այսօրվա դիրքորոշումը ոչ միայն բացառում է այդ վտանգը, այլ նաեւ կանխում է Պարսկաստանի միջամտությունը հայ֊ադրբեջանական կոնֆլիկտին, ինչի հնարավորությունը որպես շանտաժ այնքա՜ ն դեռ պետք էր գալու հայ գործիչներին։ Մանավանդ, հույս կար, որ օրերից մի օր շանտաժը կդառնա իրականություն եւ կստացվի, որ «իրականացավ ապուշիս երազանքը»։ Բայց Սերգեեւը Թեհրանում հոգացած կլինի այս մասը։ Ռուսաստանը չէր թողնի, որ հզոր բանակի տեր հոգեւորականները յուրովի մեկնաբանեն Ռուսաստանի նոր նկատառումները։ Ռազմական հանգուցալուծմանը դեմ չի լինի նաեւ Ռուսաստանը։

Աշնանը Մոսկվայում հայ֊ռուսական հանդիպման ժամանակ Պուտինը հստակ արտահայտվեց, որ Ռուսաստանը չի առաջարկի մի տարբերակ, որից դժգոհ մնա մեկ կամ մյուս ժողովուրդը։ Այսինքն, ինքը չգիտի որեւէ տարբերակ, որը կգոհացնի երկու կողմերին։ Եւ փոխզիջման վերաբերյալ հերթապահ նախադասությունը արտաբերելով հանդերձ, զգուշացրեց, որ Ալիեւ֊Քոչարյան հանդիպումների մեղրամիսին հատկացված ժամանակը սպառված է՝ հայտարարելով, որ հայ֊ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը խոչընդոտում է Ռուսաստանին՝ նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանի երկրների հետ։ Կարծես այդ ապտակը քիչ էր, Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նույն օրը անձամբ հերքեց Ալիեւի մահվան մասին տարածված լուրը եւ հարկ համարեց ավելացնել, որ համաձայնագրերի վրա աշխատանքները շարունակվում են, ինքը զանգել է Ամերիկա, եւ որ Պուտինի այցը Բաքու կկայանա մոտ ժամանակներս։

Ընդհանրապես այդ պատմությունից (Հայաստանի պատվիրակության՝ Մոսկվայում գտնվելու օրը Ալիեւի մահվան մասին դեզինֆորմացիայից) վատ հոտ է գալիս։ Կամ դա «Արմենիկումի» մակարդակի ժուլիկություն էր, որը չի ներվում, կամ ռուսական ծառայությունների հնարք, որ առիթ լինի կոպտորեն ասել այն, ինչը չեն հասկանում դիվանագիտության լեզվով։ Եւ հայկական պատվիրակությունը բանակցությունները ավարտելուց հետո հայրենիք չվերադարձավ։ Պաշտպանության նախարարը առանձին Սոչի գնաց՝ Սերգեեւին երեւի հարցնելու, որ եթե ռազմավարական դաշնակիցների բարձր հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը հանգստանում է իր համար, արդյո՞ք դա նշանակում է, որ… Իսկ Քոչարյանը երկու օր ուշքի էր գալիս Սարատովի տափաստաններում։

Այդպես մաս֊մաս վերադարձան Հայաստան։ Իսկ ռուսական կողմը շարունակեց պատրաստվել բուն՝ Կասպից ծովի ընդերքի ու մակերեւույթի շուրջ բանակցություններին։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ընդերքի, մակերեւույթի, նավթամուղի հարց չկար 88 թվականին։ Այն, ինչ ձեռնարկում էր ԿԳԲ֊ն մեծ երկրի ծայրամասերում՝ ազգամիջյան հրահրումների եւ քրեական հետապնդումների ասպարեզում, նպատակ ուներ չափի բերել միութենական հանրապետություններ կոչված կուսակցապետությունների խաների հղփացածությունը։ Եւ այն մեծամիտ անփութությունը, որով դիպչում էին ամենանուրբ՝ ազգամիջյան հարաբերությունների լարերին, վկայում է այն մասին, որ երկրի անսասանությանը դույզն֊ինչ չէին կասկածում, հետեւաբար ռեսուրսների պատկանելության հարց չկար։

Պարզապես ուզում էին է´լ ավելի կենտրոնացնել, է´լ ավելի ինտերնացիոնացնել, է´լ ավելի գաղափարայնացնել ժողովուրդների անխախտ միությունը։ Երկար տարիներ զտումներ չէին եղել, իսկ սիստեմը առանց զտումների չէր կարող գոյատեւել։ Հիմա դժվար է ասել, թե հայ֊ադրբեջանական առճակատումը ինչ աստիճան էր խորանալու, եթե ամեն ինչ ընթանար այդ կոնտեքստում։ Համենայն դեպս, Մասիսում Սումգայիթին համարժեք ջարդ կազմակերպել չհաջողվեց։ Գուցեեւ շնորհիվ այն բանի, որ Երեւանում հաջողվեց ժամանակին սահմանափակել Ադրբեջանական ՍՍՀ քաղաքացիների միահեծան ու հրահրիչ ազդեցությունը Հայաստանը ալեկոծող միտինգների վրա։

Հետագայում նրանք առհասարակ մեկուսացվեցին, եւ «պարիտետի» հարցը մնաց բաց։ Բայց Յուզբաշյանին փոխարինեց Բադամյանը, եւ նման բանի մի փորձ եղավ վերջինիս օրոք ստեղծված «ՀԱԲ»֊ի ձեռքով՝ Ոսկեպարում։ Ժամանակը կգա, մեզ դեռ կհիշեցնեն Ոսկեպարն ու Խոջալուն՝ ի հակակշիռ Սումգայիթի։

Բայց «պարիտետի» հարցը վերջին պլան մղվեց, երբ Ադրբեջանում իշխանության եկավ Ազգային ճակատը եւ բացեց պարսկական սահմանը։ Այստեղ էր, որ առաջ եկավ նավթի եւ նավթամուղի հարցը, եւ Ռուսաստանը որդեգրեց անթաքույց հայաստանանպաստ քաղաքականություն։ Պատերազմը պատերազմ էր, եւ Հայաստանը, հափշտակված անակնկալ զորակցությունով, այդ հնարավորությունը օգտագործեց առավելագույնս։ Տարածքներ կորցրած Ադրբեջանում հեղաշրջում եղավ (ինչի եզրին էր Հայաստանը ընդամենը Արծվաշեն գյուղը կորցնելուց հետո), իշխանության եկավ Ալիեւը։ Եւ երբ ժամանակ անց, ռուսական կողմը Ալիեւին հանձնեց՝ նրան իշխանության բերած եւ իբր նոր խռովության մասնակից դարձած հերոս ու վարչապետ, ռուսական զինվորականության բարեկամը լինելու հանգամանքով՝ Ռուսաստանում ապաստանած գնդապետ Հուսեյնովին, պարզ դարձավ, որ հայ֊ռուսական զինակցությունը դեպի անկում է գնում։ Ռուս֊ադրբեջանական ռազմական համագործակցությունը ժամանակի հարց էր։

Բայց մի՞թե դա հասկանալու համար հարկավոր էր 5֊6 տարի։ Մի՞թե թափանցիկ չէր հոկտեմբերի զոհերի հոգեհանգստին եկած ռուսական բարձր պատվիրակության գնահատականը, թե՝ Հայաստանում սպանվել են Ռուսաստանի բարեկամները։ Արժե՞ր այդքան աղերսել Պուտինի հետ մի հանդիպում, որի ժամանակ փաստորեն պիտի թքեին երեսներին՝ պաշտպանության նախարարին նախապես արձակուրդ ուղարկելով, իսկ Հայաստանի նախագահին ուղարկելով «ինստանցիաներով» եւ միայն հաջորդ օրը բարեհաճելով ընդունել։ Եւ այնպես ընդունել, որ այդ օրը չկարողանա գտնի տան ճամփան, այլ երկու օր դեգերի ռուսական տափաստաններում, որպես փորձի փոխանակման եկած արհկոմի նախագահ կամ որպես մի մարզպետ Մուկ։ Իսկ ինչպե՞ս կհրամայեիք ընդունել մի երկրի ղեկավարի, որի պառլամենտական մեծամասնությունը գնդակահարվում է օրը ցերեկով։ Չլինի՞ սպասում էր, որ ճակատը պիտի պաչեն Վազգենի ու Դեմիրճյանի համար։ Հետո, հո´ նրա համար չէի՞ն համաձայնել հանդիպմանը, որ հերթապահ շաղակրատանք լսեն տնտեսական համագործակցության մասին։ Տնտեսական համագործակցությո՞ւն ես ուզում, ասին, գնա քեզ թայ գտիր։ Գնա համագործակցելու երկրի ութ տասնյակ գավառներից մեկնումեկի հետ։

… Թե չէ՝ ի՞նչ էր կորցրել ռուսական տափաստաններում, որ դժվարանում էր տուն վերադառնալ։ Եթե հնարավոր լիներ, Հայաստան կմտներ Այրումով, որովհետեւ օդակայանում ինչ հարց էլ տալու լինեն նենգ լրագրողները, ենթատեքստում բուն հարցն է լինելու․ «Կոպեկդ գտա՞ր, պարոն նախագահ»։ Եւ ի՞նչ հետեւության պիտի գար այդ հոգեվիճակում գտնվող, իր ժողովրդի պատմությունից անտեղյակ, իր ժողովրդի գիրը չիմացող, հավատից հեռու եւ ճաշակից բոբիկ մի մարդ, եթե ոչ սփոփանք որպես՝ փնտրեր ու գտներ իր նման մեկին, շատ կարդացած֊քիչ հասկացած Մազին (ապշել կարելի է, ո՜ նց մինչեւ հիմա չէին գտել իրար) ու իրենով, կաթողիկոսով, կույսերով֊բանով համայն հայությանը ի տես բեմադրեր այդ «Տխուր մայմունների պարը»՝ դիվադադար անելով Լուսավորչի հոգին։ Աշխարհի վերջը էլ ինչպե՞ս է լինում։ Համենայն դեպս՝ իշխանության վերջը։