«Ադամի ընտանիքի արխիվը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Հատված Եվայի ինքնակենսագրությունից)
Տող 292. Տող 292.
  
 
Եվ դա ճիշտ էր։ Կատարելով մի շարք փորձեր, մենք արդեն վաղուց համոզվել էինք, որ մթնոլորտային օդը անտեսանելի վիճակում գտնվող կախույթաջուր է, իսկ ջուրը կազմված է ջրածնից ու թթվածնից, ըստ որում երկու մաս ջրածնին ընկնում է մեկ մաս թթվածին, որն արտահայտվում է  H₂O բանաձևով։ Իմ հայտնագործությունն ապացուցեց, որ գոյություն ունի ևս մի բաղադրամաս՝ կաթը, և մենք ճշտեցինք բանաձևը՝ H₂OԿ։
 
Եվ դա ճիշտ էր։ Կատարելով մի շարք փորձեր, մենք արդեն վաղուց համոզվել էինք, որ մթնոլորտային օդը անտեսանելի վիճակում գտնվող կախույթաջուր է, իսկ ջուրը կազմված է ջրածնից ու թթվածնից, ըստ որում երկու մաս ջրածնին ընկնում է մեկ մաս թթվածին, որն արտահայտվում է  H₂O բանաձևով։ Իմ հայտնագործությունն ապացուցեց, որ գոյություն ունի ևս մի բաղադրամաս՝ կաթը, և մենք ճշտեցինք բանաձևը՝ H₂OԿ։
 +
 +
 +
==Հատվածներ Եվայի օրագրերից, որոնք մտցված են նրա ինքնակենսագրության մեջ==
 +
 +
 +
Եվս մի հայտնագործություն։ Մի առիթով նկատեցի, որ Ուիլյամ Մակ Քինլին<ref>Ուիլյամ Մաք Քինլի՝ ԱՄՆ֊ի պրեզիդենտ 1897-1901 թթ։</ref> իսկական հիվանդի տեսք ունի։ Դա ամենառաջին առյուծն է, և ես հենց սկզբից նրան շատ կապվեցի։ Ես զննեցի խեղճին, փնտրելով նրա տկարության պատճառը, և պարզեցի, որ նրա բկին կանգնել է մի գլուխ չծամված կաղամբ։ Այն դուրս քաշել չկարողացա, ուստի ավելից հանեցի մի փայտիկ և դրանով կաղամբը ներս հրեցի։ Ուիլյամ Մաք Քինլին անմիջապես թեթևություն զգաց։ Նրանով զբաղվելիս ես ստիպում էի երախը լայն բացել, որպեսզի ինձ համար ավելի հարմար լիներ ներս նայել, և նկատեցի, որ նրա ատամներն ինչ֊որ տարօրինակ են։ Եվ ահա հիմա ես դրանք ուշադիր գիտական զննման ենթարկեցի ու մեծագույն զարմանքով հայտնագործեցի հետևյալը․ առյուծը բուսակեր չէ, նա գիշակեր գազան է։ Համենայն դեպս, նա պատրաստվում է դառնալ գիշակեր գազան։
 +
 +
Ես վազեցի Ադամի մոտ և այդ մասին հաղորդեցի նրան, բայց նա, իհարկե, միայն քմծիծաղ տվեց և ասաց․
 +
 +
― Իսկ նա լեշ որտե՞ղ կգտնի։
 +
 +
Ես հարկադրված էի խոստովանել, որ այդ չգիտեմ։
 +
 +
― Հիանալի է։ Ուրեմն, դու ինքդ տեսնում ես, որ դա զուտ երևակայություն է։ Լեշը ուտելու համար չի նախատեսված, այլապես այն ի վերուստ կառաքվեր։ Քանի որ ի վերուստ առաքված լեշ գոյություն չունի, այստեղից անհերքելիորեն հետևում է, որ աշխարհաստեղծման պլանի մեջ գիշակեր արարածներ մտցված չեն եղել։ Սա տրամաբանական է, այնպես չէ՞։
 +
 +
― Տրամաբանական է։
 +
 +
― Այս դատողության մեջ կա՞, արդյոք, որևէ բռնազբոսիկ բան։
 +
 +
― Ոչ։
 +
 +
― Լավ։ Այդ դեպքում դու ինչո՞վ կարող ես դրան առարկել։
 +
 +
― Նրանով, որ գոյություն ունի տրամաբանությունից բարձր մի բան։
 +
 +
― Մի՞թե։ Իսկ դա ի՞նչն է։
 +
 +
― Փաստերը։
 +
 +
Ես մոտ կանչեցի պատահած առաջին առյուծին և նրան հրամայեցի բանալ երախը։
 +
 +
― Հապա նայիր քամուց պաշտպանված վերին ծնոտը, ― ասացի ես։ ― Մի՞թե առջևի այս երկար ատամը ժանիք չէ։
 +
 +
Նա զարմացավ և վճռականորեն ու ծանրակշիռ ասաց․
 +
 +
― Երդվում եմ իմ լուսապսակով, որ դա ժանիք է։
 +
 +
― Իսկ սրա հետևի այն չո՞րսը։
 +
 +
― Մանր սեղանատամներ են, եթե դատողությունն ինձ չի դավաճանում։
 +
 +
― Իսկ դրանց հետևի այն երկո՞ւսը։
 +
 +
― Սեղանատամներ են կամ ես ընդունակ չեմ աչքաչափով տարբերել սեղանատամը անցյալ ժամանակի ածական դերբայից։ Ես այլևս առարկելու ոչինչ չունեմ։ Վիճակագրությունը չի կարող սխալվել՝ այս գազանը բուսակեր չէ։
 +
 +
Այ նա միշտ այդպիսին է՝ ո՛չ մանրախնդրություն, ո՛չ նախանձ, միայն արդարամտություն և մեծահոգություն։ Ապացուցեք նրան որևէ բան, և նա անմիջապես ու առանց մազաչափ վիրավորվելու կխոստովանի, որ ինքը իրավացի չի եղել։ Չգիտեմ, արդյոք, ես արժանի՞ եմ այդ սքանչելի երիտասարդին, որն այնքա՜ն գեղեցիկ է ու ազնիվ։
 +
 +
Դա տեղի ունեցավ անցյալ շաբաթ։ Դրանից հետո մենք հետազոտեցինք շատ կենդանիների և համոզվեցինք, որ այս տեղերում կան գիշակեր գազաններ, թեև առաջ մենք այդ բնավ չէինք նկատում։ Եվ ահա հիմա, չգիտես ինչու, շատ տխուր է նայել բենգալական փառահեղ առյուծին, որը գետնամորի ու սոխ է խժռում․ դա ինչ֊որ չի համապատասխանում նրա էությանը, թեև առաջ ես նման բան չեմ զգացել։
 +
 +
(Ավելի ուշ)։ Այսօր մենք անտառում Ձայն լսեցինք։
 +
 +
Երկար ժամանակ փնտրում էինք նրան, բայց այդպես էլ չգտանք։ Ադամն ասաց, որ այդ Ձայնը առաջ էլ է լեսել, բայց երբեք չի տեսել նրան, թեև շատ մոտ է գտնվել։ Ադամի կարծիքով, այդ Ձայնը օդի նման է և այն տեսնել հնարավոր չէ։ Ես Ադամին խնդրեցի պատմել ամեն բան, ինչ գիտեր դրա մասին, բայց նա համարյա ոչինչ չգիտեր։ Դա Այգու Տիրակալն է, ասաց նա, որը իրեն հրամայել է խնամել ու պահպանել Այգին, և մեկ էլ Ձայնը ասել է, թե կա մի ծառ, որի պտուղը չպետք է ուտենք, եթե կերանք, անպայման կմեռնենք։ Մեր մահը անխուսափելի կլինի։ Դրանից ավելի Ադամը չգիտեր։ Ես ուզեցի տեսնել այդ ծառը, և մենք երկար ու անչափ հաճելի մի ճանապարհով գնացինք ու հասանք մեկուսի և շատ գեղեցիկ մի վայր, որտեղ աճում էր այդ ծառը․ այնտեղ նստեցինք գետնին, և երկար ժամանակ դիտում էինք ծառն ու զրուցում։ Ադամն ասաց, որ դա չարն ու բարին իմանալու ծառն է։
 +
 +
― Չարն ու բարի՞ն։
 +
 +
― Այո՛։
 +
 +
― Իսկ դա ի՞նչ է։
 +
 +
― Ի՞նչ «դա»։
 +
 +
― Դե, հենց դա։ Ի՞նչ բան է «բարին»։
 +
 +
― Չգիտեմ։ Ի՞նչ իմանամ։
 +
 +
― Լավ, իսկ «չա՞րը»։
 +
 +
― Երևի մի որևէ առարկայի անուն է, բայց չգիտեմ ինչ առարկայի։
 +
 +
― Ադամ, բայց չէ որ դու պետք է դրա մասին գոնե որոշ պատկերացում ունենաս։
 +
 +
― Իսկ ինչո՞ւ։ Ես այն երբեք չեմ տեսել, ինչպե՞ս կարող եմ նրա մասին պատկերացում ունենալ։ Իսկ քո կարծիքով դա ի՞նչ է։
 +
 +
― Իհարկե, ես ոչինչ չէի կարող նրան պատասխանել, և հասկացա, թե իմ կողմից ինչպիսի անմտություն էր նրանից բացատրություն պահանջելը։ Մենք ոչ մի կերպ չէինք կարող կռահել, թե դա ինչ բան է։ Պարզապես, մի նոր բառ, ինչպես որ «բարին»։ Առաջ մենք այդպիսի բառեր երբեք չէինք լսել, և դրանք մեզ համար ոչ մի իմաստ չունեին։ Ես շարունակում էի դրանց մասին մտածել և շուտով հարցրեցի․
 +
 +
― Ադամ, իսկ այդ մյուս նոր բառերը՝ «կմեռնենք» և «մահ», դրանք ի՞նչ են նշանակում։
 +
 +
― Գաղափար չունեմ։
 +
 +
― Իսկ ի՞նչ ես կարծում, դրանք ի՞նչ կարող են նշանակել։
 +
 +
― Փոքրիկս, մի՞թե չես զգում, թե որքան անհնար է գոնե մոտավորապես կռահել, թե ինչի մասին է խոսքը, եթե ես առհասարակ ոչինչ չգիտեմ այդ մասին։ Մարդը ի վիճակի չէ կարծելու, եթե նա կարծելու բան չունի։ Մի՞թե այդպես չէ։
 +
 +
― Այո․․․ իհարկե, բայց շատ ցավալի է։ Չէ որ հենց նրա համար եմ ես ուզում իմանալ, որովհետև ոչինչ չգիտեմ։
 +
 +
Որոշ ժամանակ մենք լուռ նստած գլուխ էինք կոտրում այդ հանելուկի վրա, բայց հանկարծ ես կռահեցի, թե ինչ պետք է անել բոլոր տարակուսանքները ցրելու համար և նույնիսկ զարմացա, թե ինչպես մենք այդ իսկույն չմտածեցինք․ դա հո այնքան հասարակ բան էր։ Ես վեր թռա ու բացականչեցի․
 +
 +
― Ի՜նչ հիմարն ենք մենք։ Եկ այդ պտուղն ուտենք, մենք «կմեռնենք», կիմանանք ինչ բան է «մահը», ու այլևս դրա պատճառով չենք տանջվի։
 +
 +
Ադամը համաձայնեց ինձ հետ, ոտքի ելավ և արդեն ձեռքը մեկնել էր խնձորին, երբ հանկարծ մեր մոտով կաղեկաղ անցավ շատ հետաքրքիր մի արարած, որի նմանը դեռ չէինք տեսել, և մենք, իհարկե, մոռանալով գիտության հետ առնչություն չունեցող մանրուքները, վազեցինք այդ արարածի հետևից, որն ամենաուղղակի առնչություն ուներ գիտության հետ։
 +
 +
Շատ մղոններ մենք սարերով ու հովիտներով վազում էինք այդ անճոռնի, թևծափող հրեշի հետևից, մինչև որ հասանք հովտի արևմտյան մասը, որտեղ մեծ ժանտաթզենի է աճում, և այդտեղ մենք նրան բռնեցինք։ Ինչպիսի՜ ուրախություն, ինչպիսի՜ ցնծություն։ Պարզվեց, որ պտերոդակտիլ է։ Որքա՜ն հմայիչ ու լավիկն էր այդ ճիվաղը։ Եվ որքա՜ն չարն էր ու որքա՜ն զզվելիորեն էր կռնչում։ Մենք երկու առյուծ կանչեցինք, և նրանց հեծած տուն եկանք, նրան էլ վերցնելով հետներս, և հիմա նա նստած է մեր կողքին․ արդեն ուշ է, բայց ես չեմ պառկում քնելու․ այնքան հմայիչ է այդ հրեշը և, բացի այդ, իսկական արքայական ավանդ է գիտության մեջ։ Ես գիտեմ, որ աչք չեմ փակի, շարունակ կմտածեմ նրա մասին ու անհամբեր կսպասեմ լուսաբացին, որպեսզի րոպե առաջ հետազոտեմ նրան, զննեմ, կռահեմ նրա ծագման գաղտնիքը և որոշեմ, թե որքանով է նա թռչուն ու որքանով սողուն, և սահմանեմ՝ վերապրո՞ւկ է նա թե բնական ընտրության արդյունք․ ասենք, վերջինս, դատելով հրեշի տեսքից, տարակուսելի է։ Օ՜, գիտություն։ Քո առջև մյուս բոլոր հետաքրքրությունները մշուշի նման ցրվում են։
 +
 +
Ադամն արթնացավ։ Նա ինձ խնդրում է, որ չմոռանամ գրի առնել այդ չորս նոր բառերը։ Ուրեմն, նա արդեն մոռացել է։ Բայց ես դրանք հիշում եմ։ Հանուն նրա ես միշտ զգաստ եմ։ Դրանք արդեն գրի են առնված։ Նա բառարան է կազմում։ Համենայն դեպս նրան այդպես է թվում, սակայն ես նկատում եմ, որ բոլոր գլխացավանքներն ինձ են բաժին ընկնում։ Բայց ինչ մեծ բան է որ։ Ես սիրում եմ անել այն, ինչ նա ինձ խնդրում է, իսկ բառարանի հետ կապված աշխատանքն ինձ առանձնահատուկ բավականություն է պատճառում, որովհետև հակառակ դեպքում խեղճ տղան շատ անհարմար վիճակի մեջ կընկներ։ Անչափ ոչ գիտական է նրա ուղղագրությունը։ «Մուկ» բառը նա գրում է «գ»֊ով, իսկ «տամուկը»֊ը՝ «կ»֊ով, թեև այդ երկու բառերը միևնույն արմատն ունեն։
 +
 +
Երեք օր անց։ Հակիրճության համար մենք նրան Տերի ենք կանչում, և նա ուղղակի սքանչելի է։ Այս երեք օրը մենք ամբողջ ժամանակ հենց միայն նրանով ենք զբաղված։ Ադամը չի կարողանում հասկանալ, թե գիտությունն ինչպես է մինչև այժմ յոլա գնացել առանց Տերիի, և ես նրա հետ համաձայն եմ։ Մեր կատուն, տեսնելով օտարի, իրեն թույլ տվեց օտարի հետ չափից ավելի ազատ վարվել, բայց տեղնուտեղը ափսոսաց դրա համար։ Տերին այնպես չանչեց Թոմասին՝ քթից մինչև պոչը, որ նրա մազերը երկինք թռան, և Թոմասը հեռացավ այնպիսի տեսքով, կարծես անակնկալ էր պատրաստել, իսկ հիմա ազատ ժամանակ ուզում է մտածել, թե ինչու ամեն բան հակառակը ստացվեց։ Տերին սքանչելի է, նրա հետ ոչ մեկը համեմատվել չի կարող։ Ադամը նրան հանգամանորեն հետազոտել է և այժմ համոզված է, որ նա բնական ընտրության արդյունք է։ Ինձ թվում է, որ Թոմասը այլ կարծիքի է։
 +
 +
Երրորդ տարի։ Հուլիսի սկզբին Ադամը նկատել էր, որ լճակի ձկներից մեկի վրա ոտքեր են աճել․ այդ ձուկը կետազգիների ընտանիքին է պատկանում, բայց կետ չէ, այլ միայն նրա գաճաճ տարատեսակը։ «Շերեփուկ» է կոչվում։ Մենք մեծագույն հետաքրքրությամբ զննում էինք նրան, որովհետև որոշել էինք, որ եթե նրա ոտքերը բավականաչափ աճեն, ամրանան և պիտանի լինեն գործի համար, մենք ոտքեր կաճեցնենք նաև մյուս ձկների վրա, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ ցամաք և այնտեղ ազատ զբոսնեն։ Մեզ հաճախ վշտացնում է այդ թշվառների վիճակը, որոնք ապրում են հավիտենական խոնավության մեջ և դատապարտված են միշտ մնալու ջրում, մինչդեռ մյուս բոլոր արարածները կարող են ծաղիկների մեջ վազվզել և ուրախանալ։ Շուտով ոտքերը բոլորովին իսկական դարձան, և կետից գորտ ստացվեց։ Նա ափ դուրս եկավ, սկսեց թռչկոտել և ուրախ երգել, հատկապես երեկոները, որովհետև նրա երախտագիտությունն անսահման էր։ Մյուսները հետևեցին նրա օրինակին, և  հիմա գիշերները մենք կատարյալ երաժշտություն ենք ունենում, մի բան, որ շատ հաճելի է առաջվա լռության համեմատությամբ։
 +
 +
Մենք ափ էինք հանում ամենաբազմապիսի ձկներ և նրանց բաց թողնում մարգագետնում զբոսնելու, բայց ամեն անգամ մեզ մի նոր հիասթափություն էր սպասվում՝ նրանց վրա ոտքեր չէին աճում։ Դա շատ տարօրինակ էր, մենք ոչինչ չէինք կարողանում հասկանալ։ Մեկ շաբաթ էլ չէր անցել, որ նրանք բոլորը նորից ջուրը մտան, և թվում է, թե նրանց այնտեղ ավելի դուր է գալիս, քան ցամաքում։ Մենք հետևություն արեցինք, որ ձկներն առհասարակ ցամաքը չեն սիրում և դրանով չեն հետաքրքրվում, բոլորը, բացի կետերից։ Այստեղից մոտ երեք հարյուր մղոն հեռու մի ընդարձակ լճում մեծ կետեր են ապրում, և Ադամը գնաց այնտեղ, որպեսզի նրանց վրա ոտքեր աճեցնի և նրանց կյանքը ավելի երջանիկ դարձնի։
 +
 +
Նրա գնալուց մեկ շաբաթ անց ծնվեց փոքրիկ Կայենը։ Ես շատ զարմացա․ ես չէի էլ կասկածում, թե նման բան կարող էր պատահել։ Բայց, ինչպես սիրում է ասել Ադամը, միշտ պատահում է այն, ինչ չես սպասում։
 +
 +
Սկզբում չհասկացա, թե նա ինչ է, և մտածեցի, որ մի նոր կենդանի է։ Բայց նրան հետազոտելով համոզվեցի, որ դա սխալ է, որովհետև անօգնական ճուտիկը ո՛չ ատամ ուներ ու համարյա ոչ էլ մազ։ Նրա որոշ գծեր լիովին մարդկային էին, բայց դրանք բավարար չէին, որպեսզի ես գիտական իրավունք ունենայի նրան դասելու այդ տեսակին։ Այնպես որ սկզբում նա դիտվում էր որպես lusus naturae,<ref>Բնության խաղ (լատ․)։</ref> այլանդակություն, և միառժամանակ հարկ եղավ դրանով սահմանափակվել, սպասելով նրա հետագա զարգացմանը։
 +
 +
Սակայն շուտով նա սկսեց ինձ հետաքրքրել, այդ հետաքրքրությունն օրեցօր աճում էր և դարձավ ավելի ջերմ զգացում՝ մտերմություն, հետո սեր, իսկ այնուհետև՝ կույր աստվածացում։ Այդ էակը տիրեց իմ ամբողջ հոգուն, և ես անասելիորեն երջանիկ էի ու իմ բախտից շնորհակալ։ Կյանքը դարձավ երանություն, ցնծություն, զմայլանք, և ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե փափագում էի, որ Ադամը շուտ վերադառնա և ինձ հետ բաժանի իմ անսահման ուրախությունը։
 +
 +
Չորրորդ և հինգերորդ տարիներ։ Վերջապես, նա վերադարձավ, բայց չհամաձայնեց, որ դա երեխա է։ Նա լավագույն մտադրություններ ունի, և ես նրան շատ եմ սիրում, բայց նա միշտ նախ գիտնական է և հետո միայն մարդ, այդպիսին է նա իր բնույթով, և յուրաքանչյուր փաստ անպայման ուզում է գիտականորեն ստուգել։ Թե որքան տագնապալից օրեր անցկացրի ես հաջորդ տարվա ընթացքում, մինչ նա կատարում էր իր փորձերը, նկարագրել անհնար է։ Ադամը փոքրիկին ենթարկում էր ամեն տեսակ զրկանքների ու փորձությունների, որպեսզի պարզեր՝ թռչո՞ւն է նա, սողո՞ւն թե չորքոտանի, և որն է նրա դերը․ այնպես որ ես հոգնածությունից ու հուսահատությունից ուժասպառ լինելով, գիշեր ու ցերեկ շրջում էի նրա հետևից, աշխատելով փոքրիկին հանգստացնել և ինչ֊որ չափով օգնել տանելու այդ փորձությունները։ Ադամը կարծում էր, թե ես փոքրիկին անտառում եմ գտել, և ես չէի փորձում նրան հակառակը համոզել, քանի որ այդ միտքը նրան հարկադրում էր ժամանակ առ ժամանակ գնալ անտառ մեկ ուրիշ նույնպիսի արարած փնտրելու, իսկ ես և փոքրիկը այդ ժամանակամիջոցում կարողանում էինք հանգստանալ և ուժ հավաքել։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ես ինչպիսի թեթևություն էի զգում, երբ նա դադարեցնում էր իր սարսափելի փորձերը, հավաքում թակարդներն ու խայծերը և գնում անտառ։ Հենց որ նա տեսադաշտից անհետանում էր, ես փոքրիկին սեղմում էի կրծքիս, անդադար համբուրում և ուրախությունից լալիս։ Խեղճ մանկիկն ասես հասկանում էր, որ մեզ համար ինչ֊որ հաճելի բան է կատարվել, և տոտիկները շարժելով ղունղունում էր ու երջանիկ լայն ժպիտով բացում անատամ փոքրիկ բերանը՝ ընդհուպ մինչև ուղեղը, եթե, իհարկե, նրա ուղեղը հենց այդտեղ է գտնվում։
 +
 +
Տասներորդ տարի։ Հետո լույս աշխարհ եկավ մեր փոքրիկ Աբելը։ Իմ կարծիքով, մենք մեկուկես֊երկու տարեկան էինք, երբ ծնվեց Կայենը, և երեք կամ երեքուկես տարեկան, երբ մեր ընտանիքում ավելացավ Աբելը։ Մինչ այդ Ադամն արդեն շատ բան էր հասկացել։ Նրա փորձերը աստիճանաբար դառնում էին պակաս վտանգավոր և, վերջապես, Գլեդիսի ու Էդվինայի ծնվելուց հետո (հինգերորդ և վեցերորդ տարում) լիովին դադարեցին։ Նա քնքշորեն սիրեց երեխաներին այն բանից հետո, երբ գիտականորեն նրանց դասակարգեց, և այդ ժամանակից ի վեր Եդեմում լիակատար երջանկություն էր տիրում։
 +
 +
Հիմա մենք ինը երեխա ունենք․ դրանց կեսը տղաներ են, կեսը՝ աղջիկներ։
 +
 +
Կայենն ու Աբելը սկսել են սովորել։ Կայենը արդեն կարողանում է գումարել ինձանից ոչ վատ և, բացի այդ, մի քիչ էլ՝ հանել և բազմապատկել։ Աբելն այնպես ընդունակ չէ, ինչպես նրա եղբայրը, բայց նա էլ շատ ջանասեր է, և այդ հատկությունը ասես թե փոխարինում է խելամտությանը։ Երեք ժամում Աբելը սովորում է նույնքան, որքան Կայենը, բայց Կայենը այդ ընթացքում կարողանում է մի երկու ժամ էլ խաղալ։ Այսպիսով, թեև Աբելը ճանապարհին շատ է թրև գալիս, բայց, ինչպես Ադամն է ասում, «տեղ է հասնում ճիշտ ըստ չվացուցակի»։ Ադամը հանգեց այն հետևության, որ ջանասիրությունը նույնպես տաղանդ է, և այդ բառը զետեղեց բառարանի համապատասխան բաժնում։ Ես համոզված եմ, որ գրագիտությունը նույնպես ձիրք է։ Չնայած իր փայլուն ընդունակություններին, Կայենը անգրագետ է գրում։ Այդ տեսակետից նա շատ նման է իր հորը, որը մեր բոլորից ավելի ընդունակ է, բայց որի ուղղագրությունը միանգամայն աննկարագրելի է։ Ես գրագետ եմ գրում, և Աբելը՝ նույնպես։ Այս առանձին փաստերը դեռ ոչինչ չեն ապացուցում, որովհետև այդ փոքրաթիվ օրինակները բավական չեն ընդհանուր սկզբունք սահմանելու համար, բայց դրանք, այնուամենայնիվ, ստիպում են ենթադրել, որ գրագետ գրելու ընդունակությունը հատուկ ձիրք է, որը մարդուն տրվում է ի ծնե, և միջակ խելքի նշան է։ Այստեղից կարելի է հակառակ հետևություն անել՝ դրա բացակայությունը բարձր մտավոր կարողության նշան է։ Երբեմն, երբ Ադամը իր աղացով անցկացնում է որևէ պատկառելի բառ, ասենք՝ «ռացիոնալիզմ», և, ճակատի քրտինքը սրբելով, արդյունքի հասնում, ես պատրաստ եմ նրա առջև ծնկի գալու՝ նա մոտավորապես այնքան մեծ, հզոր ու հոյակապ է թվում։ Նա ընդունակ է «թոքախտաբույժ» բառը գրելու ավելի շատ եղանակներով, քան առհասարակ կարելի է մտածել։
 +
 +
Կայենն ու Աբելը շատ լավ տղաներ են և քնքշորեն հոգ են տանում իրենց կրտսեր եղբայրների ու քույրերի մասին։ Չորս ավագները ուր ուզեն թափառում են, և մենք հաճախ երկու֊երեք օր անընդմեջ նրանց չենք տեսնում։ Մի անգամ նրանք Գլեդիսին կորցրել էին և առանց նրա տուն վերադարձան։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել, թե որտեղ էին նրան կորցրել։ Ինչ֊որ հեռու մի տեղ, ասում էին նրանք, բայց թե որտեղ՝ իրենք էլ չգիտեն, որովհետև առաջ երբեք այդ տեղերում չէին եղել։ Այնտեղ շատ կան հատապտուղներ, որ մենք անվանում ենք «մահաբեր շնախաղող», իսկ թե ինչու մահաբեր, ինքներս էլ չգիտենք։ Այդ բառը ոչ մի իմաստ չունի․ մենք դրա համար գործածեցինք այն բառերից մեկը, որ շատ վաղուց լսել էինք Ձայնից, որովհետև մենք սիրում ենք ամեն մի հարմար դեպքում նոր բառեր օգտագործել, որպեսզի դրանց ընտելանանք, ու սովորական դառնան։ Երեխաներն այդ հատապտուղները շատ են սիրում, և դրանք հավաքելով, երկար թափառել են թփուտների մեջ, իսկ երբ որոշել են ուրիշ տեղ գնալ, տեսել են, որ Գլեդիսը անհետացել է, և նա չի պատասխանել սրանց կանչերին։
 +
 +
Հաջորդ օրը նա չվերադարձավ։ Երկրորդ օրն էլ, երրորդ օրն էլ։ Անցավ ևս երեք օր, իսկ նա չէր վերադառնում։ Դա շատ տարօրինակ էր․ մինչ այդ նման բան դեռ չէր պատահել։ Դա շարժեց մեր հետաքրքրությունը։ Ադամը որոշեց, որ եթե նա վաղը կամ, ծայրահեղ դեպքում, վաղը չէ մյուս օրն էլ չվերադառնա, մենք պետք է Կայենին ու Աբելին ուղարկենք որոնումների։
 +
 +
Այդպես էլ արեցինք։ Նրանք երեք օր բացակայեցին, բայց և այնպես Գլեդիսին գտան։ Նա շատ արկածներ էր ունեցել։ Առաջին իսկ գիշերը մթության մեջ նա գետն էր ընկել, և հոսանքը նրան տարել էր շատ հեռու, թե որքան հեռու՝ նա չգիտեր, և դուրս էր գցել մի ավազոտ ծանծաղուտ։ Դրանից հետո նա հյուրընկալվել էր կենգուրույի ընտանիքում, որը նրան շատ լավ ընդունել և խնամել էր։ Մայր կենգուրուն նրա նկատմամբ արտակարգ քնքուշ ու հոգատար է եղել, ամեն օր նա իր ձագուկներին հանել է պարկից և ուղևորվել դեպի բլուրներն ու հովիտները՝ կեր հայթայթելու, տունը է վերադարձել պարկը լիքը ամենահասուն մրգերով ու ընկույզներով և գրեթե ամեն երեկո նրանց մոտ հյուրեր են եկել՝ արջեր, ճագարներ, մորաճուռակներ, հավեր, աղվեսներ, բորենիներ, ժանտաքիսներ ու ամեն տեսակ ուրիշ գազաններ, և բոլորը շատ ուրախ ժամանակ են անցկացրել։ Կենդանիներն, ըստ երևույթին, անհանգստացել էին, որ աղջկա վրա մորթի չկա, և երբ քնել է, նրան ծածկել են տերևներով ու մամուռով, որպեսզի նրա նուրբ մաշկը ցրտից պաշտպանվի։ Տղաները նրան գտել էին հենց այդ վիճակում՝ տերևների կույտի տակ պառկած։ Առաջին օրերին նա իրեն շատ վատ էր զգացել, որ տնից այդքան հեռու է, բայց հետո դա անցել էր։
 +
 +
«Վատ զգալ»․ դա նրա սեփական արտահայտությունն է։ Մենք այն զետեղեցինք բառարանում և շուտով դրա համար կգտնենք որևէ իմաստ։ Այն կազմված է մեզ արդեն հայտնի բառերից, որոնք ունեն ինքնուրույն պարզ իմաստ, թեև կապակցության մեջ դրանք այդ իմաստը ասես կորցնում են։ Բառարան կազմելը շատ գրավիչ, բաց դժվար աշխատանք է, ինչպես ասում է Ադամը․․․
 +
 +
 +
==Մի էջ Եվայի ինքնակենսագրությունից, աշխարհաստեղծման 920-րդ տարի==
 +
 +
 +
Այո, այն հեռավոր, պարզունակ, անհոգ ժամանակներում մեր թեթևամտության պատճառով մտքներովս անգամ չէր անցնում, որ մենք՝ համեստ, անհայտ, փոքր մարդիկս, օրորում, խնամում ու փայփայում ենք ամենանշանակալից ու արտասովոր մի իրադարձության, որին էլ վիճակված էր տիեզերքում տեղի ունենալ այս հազարամյակի ընթացքում՝ մարդկության հիմնադրումը։
 +
 +
Ճիշտ է, առաջին օրերին, աշխարհն ամայի էր, բայց պարզվեց, որ դա ուղղելի բան է։ Երբ լրացավ մեր երեսուն տարին, մենք արդեն երեսուն երեխա ունեինք, իսկ մեր երեխաներն ունեին երեքհարյուր երեխա, ևս քսան տարի անց բնակչության թիվն աճեց, հասնելով վեց հազարի, իսկ երկրորդ հարյուրամյակի վերջին այդ թիվը հասավ մի քանի միլիոնի։ Որովհետև մեր ընտանիքը երկարակյաց էր և միայն քչերն էին մահանում։ Իմ երեխաների կեսից ավելին մինչև այսօր էլ ողջ են։ Ես ծննդաբերում էի մինչև հասակս առնելը։ Իմ երեխաներից համարյա ոչ մեկը, որոնք բարեհաջող անցկացրին մանկության առաջին քնքուշ տարիները, այդ ժամանակից ի վեր չի մահացել։ Նույնն է նաև ուրիշ ընտանիքներում։ Մարդկության թիվն այժմ միլիարդների է հասել։
 +
  
  

11:14, 31 Մայիսի 2016-ի տարբերակ

Ադամի ընտանիքի արխիվը

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Կ․ Ս․ Վարդանեան եւ Խ․ Զ․ Դադայան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ադամի օրագիրը»


Ադամի օրագիրը

(Հատված)


Երկուշաբթի։ ― Այդ նորահայտ երկարամազ արարածն ինձ անչափ ձանձրացնում է։ Նա ամբողջ ժամանակ ցցված է աչքիս առջև և կրնկակոխ հետևում է ինձ։ Դա ինձ բնավ դուր չի գալիս․ ես ընկերության սովոր չեմ։ Թող գնա ուրիշ կենդանիների մոտ․․․ Այսօր ամպամած է, քամին արևելքից է, կարծում եմ՝ մենք լավ տեղատարափ կտեսնենք․․․ Մե՞նք։ Որտեղից ես կարող էի ճանկել այդ բառը․․․ Հիշեցի, նոր էակն է այն գործածում։

Երեքշաբթի։ ― Հետազոտեցի ջրի վիթխարի գահավիժումը։ Թերևս դա ամենալավ բանն է, որ կա իմ կալվածքում։ Նոր էակը այն Նիագարայի ջրվեժ է անվանում։ Ինչո՞ւ։ Ոչ ոքի հայտնի չէ։ Ասում է, թե դա այդպիսի տեսք ունի։ Ըստ իս, այդ դեռ բավարար հիմք չէ։ Իմ կարծիքով, դա մի հիմար հորինվածք է և ցնդաբանություն։ Բայց ես ինքս հիմա զուրկ եմ մի բանի որևէ անուն տալու ամեն հնարավորությունից։ Դեռ բերանս չբացած՝ նոր էակը հորինում է այդ անունները։ Եվ ամեն անգամ նույն պատճառաբանությունը՝ դա այդպիսի տեսք ունի։ Վերցնենք օրինակի համար դոդոն։ Նոր էակը պնդում է, թե բավական է միայն նայել դոդոյին և իսկույն երևում է, որ «որ դա իսկը դոդո է»։ Ուրեմն, դա պետք է մնա դոդո, ոչինչ չես կարող անել։ Ես այնքան ուժ չունեմ, որ պայքարեմ դրա դեմ, և միտք էլ չունի, քանի որ դա անօգուտ բան է։ Դոդո՛։ Դա նույնքան է նման դոդոյի, որքան ես ինքս։

Չորեքշաբթի։ ― Անձրևից պատսպարվելու համար մի հյուղակ սարքեցի, բայց չկարողացա գոնե մեկ րոպե միայնակ հանգստանալ նրանում։ Նոր էակը առանց հրավերի ներս խուժեց։ Իսկ երբ փորձեցի նրան վռնդել, սկսեց ջուրը դուրս թափել այն փոսորակներից, որոնք նրան ծառայում էին շրջապատի առարկաները զննելու համար, իսկ հետո սկսեց այդ ջուրը սրբել թաթերի հակառակ երեսով և այնպիսի ձայներ արձակել, ինչպիսին արձակում են մյուս կենդանիները, երբ փորձանքի մեջ են ընկնում։ Թո՛ղ այդպես լինի։ Միայն թե նա չխոսի։ Բայց նա անդադար խոսում է։ Գուցե իմ բառերի մեջ որոշ ծաղր, կծու հեգնանք էր հնչում, բայց ես ամենևին չէի ուզում վիրավորել խղճուկին։ Պարզապես, դեռ երբեք ես մարդկային ձայն չէի լսել, և այդ հանդիսավոր նիրհուն լռությունն ու մենությունը խախտող ամեն մի անսովոր ձայն կեղծ նոտայի նման սղոցում է լսողությունս։ Իսկ այս նոր հնչյուններն, ի լրումն, այնքա՜ն մոտիկից են լսվում։ Դրանք ամբողջ ժամանակ հնչում են իմ թիկունքում, ուղղակի ականջիս տակ՝ մերթ մեկ, մերթ մյուս կողմից, իսկ ես սովոր եմ միայն որոշ հեռավորությունից լսվող աղմուկի։

Ուրբաթ։ ― Հակառակ իմ բոլոր ջանքերի, անվանումները շարունակում են ծնվել ինչպես պատահի։ Իմ կալվածքի համար ես շատ լավ անուն ունեի՝ երաժշտական ու գեղեցիկ․ Դրախտային այգի։ Ինքս իմ մեջ հիմա էլ շարունակում եմ այդպես կոչել, բայց հրապարակորեն՝ այլևս ոչ։ Նոր էակը պնդում է, թե այստեղ չափազանց շատ ծառեր կան, և՛ ժայռեր, և՛ բաց լանդշաֆտներ, ուստի և սա բնավ էլ նման չէ այգու։ Նա ասում է, թե դա զբոսայգու, միմիայն զբոսայգու է նման։ Եվ ահա, նույնիսկ առանց ինձ հետ խորհրդակցելու, նա իմ այգին վերանվանեց Նիագարյան զբոսայգի։ Հենց միայն դա, իմ կարծիքով, բավականաչափ համոզիչ կերպով ցույց է տալիս, թե նա ինչ աստիճանի է իրեն թույլ տալիս ինքնագլուխ բաներ անել։ Ու հիմա էլ այստեղ հանկարծ երևաց մի ցուցանակ՝

Կանաչը չտրորե՛լ

Ես այլևս առաջվա պես երջանիկ չեմ։

Շաբաթ։ ― Նոր էակը չափազանց շատ է պտուղ ուտում։ Այսպես մենք երկար չենք դիմանա։ Դարձյալ «մենք»․ այդ նրա բառն է։ Բայց դա հիմա դարձել է նաև իմը և զարմանալի չէ, քանի որ ամեն րոպե այն լսում եմ։ Այսօր առավոտից թանձր մառախուղ է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա մառախուղի ժամանակ տնից դուրս չեմ գալիս։ Նոր էակը հակառակն է անում։ Ցանկացած եղանակի նա շրմփացնելով քայլում է ջրափոսերով, իսկ հետո ցեխոտ ոտքերով ներխուժում է իմ հյուղակը։ Եվ սկսում է խոսել։ Մի ժամանակ որքա՜ն խաղաղ ու հարմարավետ էի ես ապրում այստեղ։

Կիրակի։ ― Ժամանակը մի կերպ սպանեցի։ Կիրակի օրերն ինձ համար գնալով ավելի ձանձրալի են դառնում։ Դեռ նոյեմբերին կիրակին հատկապես առանձնացվել էր որպես շաբաթվա՝ հանգստի համար նախատեսված միակ օր։ Առաջ շաբաթվա մեջ վեցական այդպիսի օր ունեի։ Այսօր առավոտյան տեսա, թե ինչպես նոր էակը փորձում էր խնձորներ գցել այն ծառից, որի վրա արգելք է դրված։

Երկուշաբթի։ ― Նոր էակը պնդում է, թե իր անունը Եվա է։ Դե, ինչ կա որ, ես չեմ առարկում։ Նա ասում է, թե ես պետք է նրան այդպես կանչեմ, երբ ուզում եմ, որ ինձ մոտ գա։ Ես ասացի, որ դա, իմ կարծիքով, արդեն ավելորդություն է։ Եվ իսկապես, դա բավականին երկար ու լավ բառ է, հարկավոր է այսուհետև գործածել։ Նոր էակը ասում է, թե ինքը սոսկ «նա» չէ, այլ «կին»։ Կարծում եմ, որ տարակուսելի է։ Ասենք, ինձ համար միևնույն է, թե նա ինչ է։ Թող լինի «կին», միայն թե ինձ հանգիստ թողնի ու լռի։

Երեքշաբթի։ ― Նա ամբողջ զբոսայգին այլանդակել է տարօրինակ ցուցանշաններով ու անչափ վիրավորական մակագրություններով՝

Դեպի ջրվեժ

Դեպի այծակղզի

Դեպի հողմերի քարանձավ

Նա ասում է, թե այս զբոսայգին կարելի էր մի շատ լավ բուժավայր դարձնել, եթե համապատասխան հասարակություն հավաքվեր։ Բուժավայր․ սա էլ նրա մի նոր գյուտն է, որևէ իմաստից զուրկ վայրենի մի բառ։ Ի՞նչ բան է բուժավայրը։ Բայց գերադասում եմ չհարցնել, առանց այդ էլ նա ամեն ինչ պարզաբանելու մոլուցքով է տարված։

Ուրբաթ։ ― Հիմա էլ նա ինձ ձանձրացնում է մի ուրիշ բանով՝ աղերսում է ջրվեժի վրայով չանցնել։ Դա ո՞ւ մ է խանգարում։ Նա ասում է, թե դրանից ինքը սարսռում է։ Չեմ հասկանում, թե ինչու։ Ես միշտ էլ այդ բանն անում եմ․ ինձ դուր է գալիս ջուրը նետվել, հաճելի հուզմունք ու թարմացնող զովություն զգալ։ Կարծում եմ, որ հենց դրա համար էլ ստեղծված է ջրվեժը։ Չեմ հասկանում, թե ուրիշ ի՞նչ օգուտ կա դրանից, չէ՞ որ դա մի բանի համար գոյություն ունի։ Նա պնդում է, թե ջրվեժը ստեղծել են հենց այնպես, ինչպես որ ռնգերղջյուրներին և փղակերպներին են ստեղծել՝ բնապատկերին գեղատեսիլություն հաղորդելու համար։

Ես ջրվեժն անցա տակառի մեջ նստած, դա նրան չբավարարեց։ Այնժամ ես լագան օգտագործեցի, նա դարձյալ դժգոհ մնաց։ Ես ջրապտույտն ու սահանքը լողալով անցա թզենու տերևից պատրաստված լողազգեստով։ Լողազգեստը հիմնավորապես փչացավ, և ես ստիպված եղա լսել ամենաձանձրալի մի կշտամբանք՝ նա ինձ մեղադրեց վատնողության մեջ։ Այդ խնամակալությունը անտանելի է դառնում։ Զգում եմ, որ անհրաժեշտ է փոխել իրադրությունը։

Շաբաթ։ ― Երեքշաբթի գիշերը ես փախա, և գնում ու գնում էի, ամբողջ երկու օր, իսկ հետո մեկուսի մի վայրում ինձ համար նոր հյուղակ սարքեցի և աշխատեցի հնարավորին չափ խնամքով թաքցնել հետքերս, բայց նա, այնուամենայնիվ, ինձ գտավ մի կենդանու օգնությամբ, որին կարողացել էր վարժեցնել և որին գայլ էր անվանում․ եկավ այդտեղ ու նորից սկսեց արձակել իր աղիողորմ ձայները և ջուր շաղ տալ այն փոսորակներից, որոնք նրան ծառայում էին շրջապատի առարկաները զննելու համար։ Ստիպված եղա նրա հետ վերադառնալ, բայց հենց որ առիթ ներկայանա՝ նորից կփախչեմ։ Նրան շարունակ զբաղեցնում են ինչ֊որ աներևակայելի հիմարություններ՝ ինչու վագր և առյուծ կոչվող կենդանիները կանաչով ու ծաղիկներով են սնվում, մինչդեռ, նրա ասելով, այդ կենդանիները ստեղծված են միմյանց ուտելու համար, բավական է միայն նայել նրանց ատամներին։ Դա, իհարկե, անչափ տխմար դատողություն է, որովհետև միմյանց ուտել՝ նշանակում է միմյանց սպանել, այսինքն, ինչպես ես հասկանում եմ, այստեղ բերել այն, ինչը կոչվում է «մահ», իսկ մահը, որքան ինձ հայտնի է, դեռ չի թափանցել զբոսայգի։ Որի համար, ի դեպ, երբեմն կարելի է ափսոսալ։

Կիրակի։ ― Մի կերպ սպանեցի ժամանակը։

Երկուշաբթի։ ― Կարծե հասկացա, թե ինչի համար գոյություն ունի յոթնօրյա շաբաթը՝ որպեսզի կիրակի օրվա ձանձրույթից հետո կարելի լինի հանգստանալ։ Իմ կարծիքով, դա շատ ճիշտ ենթադրություն է․․․ Նա դարձյալ մագլցում էր այդ ծառը։ Ես նրան այնտեղից վռնդեցի, հողի գուղձեր նետելով վրան։ Նա ասաց, թե իբր, ոչ ոք իրեն չի տեսել։ Դա, ըստ երևույթին, նրա համար բավարար արդարացում է, որպեսզի սիրտ անի և իրեն վտանգի ենթարկի։ Ես նրան հենց այդպես էլ ասացի։ «Արդարացում» բառը նրան հրճվանք պատճառեց․․․ և, թվում է, թե նախանձ արթնացրեց նրա մեջ։ Դա լավ բառ է։

Երեքշաբթի։ ― Նա ասաց, որ ինքը ստեղծվել է իմ կողոսկրից։ Դա խիստ տարակուսելի է, եթե չասենք ավելին։ Իմ բոլոր կողոսկրերը տեղում են․․․ Նա տագնապահար է եղել մորաճուռակի պատճառով, ասում է, թե վերջինս չի կարող կանաչով սնվել, այն վատ է մարսում։ Նա վախենում է, որ իրեն չի հաջողվի խնամելով ոտքի կանգեցնել նրան։ Նրա կարծիքով մորաճուռակը պետք է սնվի լեշով։ Դե, ճուռակը պետք է գտնի եղածով յոլա գնալու եղանակը։ Մենք չենք կարող մեր ողջ համակարգը տապալել մորաճուռակի քմահաճույքի համար։

Շաբաթ։ ― Երեկ նա լիճն ընկավ, ըստ սովորության նայում էր ջրին և ընկավ։ Քիչ էր մնում խեղդվեր և ասաց, որ խիստ տհաճ զգացողություն է։ Դա նրա մեջ առաջացրեց կարեկցանք այն էակների հանդեպ, որոնք ապրում են լճում և որոնց նա ձուկ է անվանում։ Նա առաջվա նման շարունակում է անուններ հորինել զանազան արարածների համար, թեև նրանք ամենևին դրա կարիքը չունեն և երբեք էլ նրա կանչով չեն մոտենում, ինչին, նա, ի դեպ, ամենափոքր իսկ կարևորություն չի տալիս, քանի որ նա, ինչ ուզում ես ասա, միևնույն է, պարզապես հիմարի մեկն է։ Մի խոսքով, երեկ երեկոյան նա մեծ քանակությամբ որսացել էր այդ ձկներից, բերել հյուղակ և դրել իմ անկողնու մեջ, որպեսզի նրանք տաքանային, բայց այսօր ես ժամանակ առ ժամանակ դիտում էի նրանց և չէի ասի, թե առանձնապես երջանիկ էին զգում իրենց, եթե չասենք, որ բոլորովին հանդարտվել էին։ Գիշերը ես նրանց դուրս կնետեմ։ Ես այլևս նրանց հետ միևնույն անկողնում չեմ քնի, որովհետև սառն են և լպրծուն, ու, ինչպես երևում է, այնքան էլ հաճելի չէ պառկել նրանցով շրջապատված, մանավանդ մերկ վիճակում։

Կիրակի։ ― Ժամանակը մի կերպ սպանեցի։

Երեքշաբթի։ ― Հիմա էլ նա օձի հետ է բարեկամություն հաստատել։ Մյուս բոլոր կենդանիներն ուրախ են դրա համար, որովհետև նա ամբողջ ժամանակ նրանց վրա զանազան փորձեր էր կատարում, ձանձրացնում էր նրանց։ Ես էլ եմ ուրախ, որովհետև օձը խոսում է, և դա ինձ մի փոքր հանգստանալու հնարավորություն է տալիս։

Ուրբաթ։ ― Նա հավատացնում է, թե օձը իրեն խորհուրդ է տալիս ճաշակելու հենց այդ խնձորենու պտուղները, որովհետև դա հնարավորություն կտա իմանալու վեհը, ազնիվն ու սքանչելին։ Ես ասացի, որ բանը միայն իմանալով չի սահմանափակվի, որ նա, բացի այդ, նաև մահ կբերի աշխարհ։ Ես սխալ թույլ տվեցի, պետք է ավելի զգույշ լինեի, որովհետև իմ դիտողությունը միայն նոր միտք առաջացրեց նրա մեջ․ նա որոշեց, որ այդ դեպքում իր համար ավելի հեշտ կլինի խնամել հիվանդ մորաճուռակին և թարմ մսով կերակրել տրտմած վագրերին ու առյուծներին։ Ես նրան խորհուրդ տվեցի հեռու մնալ այդ ծառից։ Նա ասաց, որ մտքովն է չի անցկացնի։ Ես դժբախտություն եմ կանխազգում։ Կսկսեմ պատրաստվել փախուստի։

Չորեքշաբթի։ ― Գլխովս շատ բան անցավ։ Հենց նույն գիշերը ես փախա։ Ձի նստեցի և ամբողջ թափով քշեցի մինչև լուսաբաց, հուսալով զբոսայգուց դուրս գալ և ապաստան գտնել մի ուրիշ երկրում, նախքան աղետը տեղի կունենար։ Բայց բան դուրս չեկավ։ Արևածագից մոտավորապես մեկ ժամ անց, երբ սլանում էի մի ծաղկաշատ հովտով, որտեղ գազանները խաղաղ արածում էին, սովորականի պես խաղալով միմյանց հետ կամ պարզապես ինչ֊որ բան անրջելով, հանկարծ, առանց մի պատճառի, բոլորը կատաղի, սարսափելի ոռնոց սկսեցին․ մի ակնթարթում հովտում քաոս տիրեց, և տեսա, որ ամեն մի գազան ուզում է խժռել իր հարևանին։ Հասկացա, թե ինչ է կատարվել․ Եվան ճաշակել էր արգելված պտուղը, և աշխարհ էր եկել մահը․․․ Վագրերը լափում էին ձիուս, ամենափոքր իսկ ուշադրություն չդարձնելով իմ խոսքերին, թեև ես նրանց վճռաբար հրամայեցի դադարեցնել այդ։ Նրանք ինձ էլ կուտեին, եթե շփոթվեի, բայց ես, իհարկե, առանց հապաղելու, չորեքթաթ փախուստի դիմեցի․․․ Զբոսայգու ետևում մի հարմար տեղ գտա և մի քանի օր ինձ միանգամայն լավ էի զգում, բայց նա այստեղ էլ ինձ գտավ։ Գտավ ու անմիջապես այդ տեղն անվանեց Տոնաունդա, ասելով, թե դա այդպիսի տեսք ունի։ Ճիշտն ասած, երբ Եվային տեսա, չվշտացա, որովհետև այդտեղ ուտելու առանձնապես ոչինչ չկար, իսկ նա այդ խնձորներից մի քանի հատ բերել էր։ Ես այնպես քաղցած էի, որ ստիպված կերա դրանք։ Դա հակառակ էր իմ կանոններին, բայց համոզվեցի, որ կանոններն իրենց ուժը պահպանում են այնքան ժամանակ, քանի կուշտ ես․․․ Եվան ներկայացավ ճյուղերի ու տերևների փնջերով զարդարված, իսկ երբ հարցրի, թե այդ ինչ հիմարություն է, և փնջերը պոկելով գետնին շպրտեցի, նա հռհռաց ու կարմրեց։ Մինչ այդ պահը երբեք առիթ չէի ունեցել տեսնելու, թե ինչպես են հռհռում ու կարմրում, և ես նրա վարքագիծը ծայրաստիճան ապուշային ու անպարկեշտ համարեցի։ Բայց նա ասաց, որ շուտով այդ ամենը ինքս էլ կհասկանամ։ Եվ իրավացի գտնվեց։ Չնայած քաղցած էի, գետնին դրի կծած խնձորը (այն իսկապես որ երբևիցե իմ տեսած բոլոր խնձորներից ամենալավն էր, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ խնձորի ժամանակը վաղուց անցել էր), հավաքեցի թափած տերևներն ու ու ճյուղերը և դրանցով զարդարվեցի, իսկ հետո նրան բավականաչափ խիստ հանդիմանեցի ու հրամայեցի տերևներ ու ճյուղեր հավաքել և այսուհետև պարկեշտ լինել, այդ ձևով իրեն չցուցադրել։ Նա ամեն բան արեց այնպես, ինչպես ասացի, որից հետո մենք մտանք հովիտ, ուր տեղի էր ունեցել գազանների ճակատամարտը, այնտեղ մի քանի մորթի ճարեցինք, և ես հրամայեցի դրանցից զգեստներ պատրաստել, որոնցով կարողանայինք երևալ հասարակության մեջ։ Պետք է խոստովանեմ, որ այդ զգեստներով քեզ այնքան էլ հարմար չես զգում, բայց փոխարենը դրանք զուրկ չեն որոշ շուքից, իսկ չէ որ, ճիշտն ասած, հենց այդ էլ պահանջվում է․․․ Ես կարծում եմ, որ Եվայի հետ կարելի է բավական հաճելի ժամանակ անցկացնել։ Այժմ, երբ զրկվել եմ իմ կալվածքներից, ես մենակություն ու թախիծ եմ զգում, եթե նա ինձ հետ չի լինում։ Ու մի բան էլ․ Եվան ասում է, թե այսուհետև մեզ վիճակված է մեր ճակատի քրտինքով ձեռք բերել մեր հացը։ Այստեղ նա կարող է օգտակար լինել։ Կղեկավարեմ ես։

Տասն օր անց։ ― Եվան ինձ է մեղադրում, ասում է, թե աղետի պատճառը ես եմ։ Նա պնդում է, ու ասես միանգամայն անկեղծորեն ու ճշմարտացի, թե, օձի ասելով, արգելված պտուղը ամենևին էլ խնձորը չէ, այլ կիտրոնը։ Ես ասացի, որ դա ավելորդ անգամ ապացուցում է իմ անմեղությունը, որովհետև ես երբեք կիտրոն չեմ կերել։ Բայց, ասում է նա, օձը իրեն պարզաբանել է, որ դա զուտ այլաբանական իմաստ ունի, որովհետև «կիտրոն» ասելով պայմանականորեն հասկացվում է ամեն բան, ինչից մի ակնթարթում մարդու ատամներն առնվում են, ինչպես, օրինակ, տափակ, ծամծմած սրախոսությունները։ Այս բառերի վրա ես գունատվեցի, որովհետև պարապությունից շատ անգամ եմ սրախոսել, և իմ սրախոսություններից որևէ մեկը իսկապես կարող էր այդպիսին լինել, թեև միամտաբար դրանք համարել եմ միանգամայն սրամիտ ու թարմ։ Եվան ինձ հարցրեց, թե արդյոք աղետի նախօրյակին ես պատահաբար չեմ սրախոսե՞լ։ Ստիպված եղա խոստովանել, որ նման մի բան իրոք թույլ եմ տվել, թեև ոչ բարձրաձայն, այլ մտքումս։ Բանն այսպես էր եղել։ Ես հիշեցի ջրվեժը և մտածեցի․ « Ինչ զարմանալի տեսարան է վերևից ներքև գահավիժող ջրի այդ ամբողջ զանգվածը»։ Եվ նույն ակնթարթին կայծակի արագությամբ իմ մեջ մի փայլուն սրամտություն ծագեց, և ես ինձ թույլ տվեցի մտքումս այն արտահայտել հետևյալ բառերով․ «Բայց չէ որ էլ ավելի զարմանալի կլիներ, եթե այդ ամբողջ ջուրը սկսեր գահավիժել ներքևից վերև»։ Այդտեղ սկսեցի այնպես հռհռալ, որ քիչ էր մնում ծիծաղից պայթեի, և այդ նույն պահին ամբողջ բնությունն ասես կատաղեց, թշնամանքն ու մահը համակեցին հովիտը, և ես հարկադրված եղա փախչել, փրկելով կյանքս։

― Այ տեսնում ես, ― ասաց նա հաղթական շեշտով։ ― Այդպես էլ կա։ Հենց այդպիսի սրախոսություններ նկատի ուներ օձը, երբ ասաց, թե դրանք կարող են կիտրոնի նման մարդու ատամներն առնել, որովհետև գործածվում են աշխարհի արարչագործումից ի վեր։

Ավա՜ղ, ըստ երևույթին, ամեն բանում ես եմ մեղավորը։ Լավ կլիներ սրամիտ չլինեի։ Լավ կլիներ, եթե այդ փայլուն սրախոսությունը երբեք չծագեր իմ գլխում։

Հաջորդ տարի։ ― Մենք նրան կոչեցինք Կայեն։ Եվան նրան բերել էր իմ բացակայության ժամանակ, երբ ես Էրի լճի հյուսիսային ափին թակարդներ էի դնում։ Եվան, ըստ երևույթին, նրան բռնել էր անտառում ինչ֊որ տեղ, մեր բնակավայրից մի երկու մղոն, իսկ գուցե ավելի՝ մի երեք֊չորս մղոն հեռավորության վրա։ Նա ինքն էլ հաստատ չգիտի, թե որտեղ։ Որոշ տեսակետից այդ էակը մեզ է նման և, հնարավոր է, որ մեր ցեղին է պատկանում։ Համենայն դեպս այդպես է մտածում Եվան, բայց, իմ կարծիքով, դա մոլորություն է։ Չափերի միջև եղած տարբերությունն արդեն ինքնըստինքյան ապացույց է, որ դա նոր էակ է և ուրիշ ցեղի է պատկանում։ Գուցե ձուկ է, թեև, երբ ստուգելու համար նրան լիճը գցեցի, ջրի տակն անցավ, բայց Եվան իսկույն ջուրը նետվեց և նրան դուրս բերեց, այդպիսով ինձ խանգարելով փորձը մինչև վերջ հասցնել ու պարզել ճշմարտությունը։ Այնուամենայնիվ, հակված եմ կարծելու, որ նա ձկան ցեղից է, բայց Եվայի համար բնավ հետաքրքրիր չէ դրա ինչ լինելը, և նա թույլ չի տալիս, որ փորձեմ պարզել այդ։ Ես նրան չեմ հասկանում։ Այն ժամանակից ի վեր, երբ մեզ մոտ հայտնվեց այդ էակը, Եվան անճանաչելի է դարձել․ խենթ համառությամբ նա լսել անգամ չի ցանկանում որևէ փորձի մասին։ Ոչ մի կենդանի այդպես չէր կլանել նրա ուշքն ու միտքը, ինչպես այս արարածը, ըստ որում նա ամենևին ի վիճակի չէ բացատրելու, թե ինչու։ Նա խելքը թռցրել է, դրա բոլոր նշանները կան։ Պատահում է, որ համարյա ամբողջ գիշերը նա այդ ձկանը գրկած անընդհատ ման է գալիս, եթե վերջինս ճվճվում է, ըստ երևույթին, խնդրելով, որ իրեն ջուրը գցեն։ Եվան թփթփացնում է ձկան մեջքին և բավականին նուրբ հնչյուններ արձակում, աշխատելով նրան հանգստացնել, ու էլի հազար ու մի տեսակ հոգատարություն ու խղճահարություն է հանդես բերում նրա նկատմամբ, իսկ այն փոսորակներից, որոնք նրան ծառայում են շրջապատի առարկաները դիտելու համար, նորից սկսում է ջուր հոսել։ Ես երբեք չեմ տեսել, որ նա այդպես վարվի ուրիշ ձկների հետ, և դա ինձ մեծ տագնապ է ներշնչում։ Երբ մենք դեռ չէինք զրկվել մեր կալվածքներից, պատահում էր, որ նա գրկում էր փոքրիկ վագրիկներին և խաղում նրանց հետ, բայց դա պարզապես խաղ էր։ Նա երբեք այդքան սրտին մոտ չէր ընդունում, երբ ուտելուց հետո վագրիկների փորը լուծում էր։

Կիրակի։ ― Հիմա կիրակի օրերը նա այլևս չի աշխատում, այլ կատարելապես հոգնած պառկում է և թույլ տալիս, որ ձուկը թավալգլոր տա իր վրայով, ու դա բացահայտ հաճույք է պատճառում նրան։ Նա ինչ֊որ անհեթեթ հնչյուններ է արձակում, որպեսզի զվարճացնի ձկանը և ցույց է տալիս, թե իբր կծում է նրա վերջավորությունները, իսկ ձուկը ծիծաղում է։ Ես դեռ երբեք չեմ տեսել, որ ձկները ծիծաղեն։ Դա խորհրդածությունների տեղիք է տալիս․․․ Հիմա ես էլ սկսեցի սիրել կիրակի օրերը։ Ամբողջ շաբաթվա ընթացքում ղեկավարում ես, իսկ հետո ֆիզիկապես բոլորովին ջարդված ես զգում։ Հարկավոր էր ավելի շատ կիրակի օրեր ստեղծել։ Առաջ ես դրանք տանել չէի կարողանում, իսկ հիմա ստացվում է, որ կիրակիները միանգամայն ժամանակին են գալիս։

Չորեքշաբթի։ ― Ոչ, դա ձուկ չէ։ Այդպես էլ ես չեմ կարողանում որոշել, թե դա ինչ է։ Երբ որևէ բանից դժգոհ է լինում, այնպիսի տարօրինակ ձայներ է արձակում, որ մարմինդ սարսռում է, իսկ երբ գուրգուրում են, «ղու֊ղու» է անում։ Նա մեր ցեղից չէ, որովհետև չի քայլում, բայց թռչուն էլ չէ, որովհետև չի թռչում, և գորտ էլ չէ, որովհետև չի ցատկում, և օձ էլ չէ, որովհետև չի սողում, և ես համարյա հավատացած եմ, որ ձուկ էլ չէ, թեև մինչև այժմ հնարավորություն չեմ ունեցել պարզելու, թե նա գիտի՞, արդյոք, լողալ։ Նա ուղղակի պառկում է գերազանցապես մեջքի վրա, ոտքերը վեր բարձրացրած։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ կենդանի այդպես վարվի։ Ասացի, որ իմ կարծիքով, դա ինչ֊որ առեղծված է, իսկ Եվան, թեև ուրախացավ այդ բառերը լսելով, բայց ամենևին չհասկացավ դրա իմաստը։ Կարծում եմ, որ դա կա՛մ առեղծված է, կա՛մ ինչ֊որ միջատ։ Եթե սատկի, կանդամահատեմ, որպեսզի իմանամ դրա կառուցվածքը։ Կյանքումս առաջին անգամ ես ուղղակի փակուղու առջև եմ կանգնած։

Երեք ամիս անց։ ― Ես կատարելապես շփոթված եմ, և վիճակս գնալով ավելի է վատանում։ Քունս կորցրել եմ։ Արարածը հիմա այլևս մեջքի վրա չի պառկում, և սկսել է չորեքթաթ շարժվել։ Սակայն խիստ տարբերվում է մյուս չորքոտանի կենդանիներից, որովհետև առջևի ոտքերը աննորմալ կերպով կարճ են և այդ պատճառով նրա մարմնի աչքի ընկնող մասը տարօրինակ ձևով վեր է ցցված, որը բավականին տհաճ տպավորություն է գործում։ Իր կառուցվածքով նա խիստ նմանվում է մեզ, սակայն նրա շարժվելու եղանակը ստիպում է ենթադրել, որ այդ արարածը մեր ցեղից չէ։ Ետևի երկար և առջևի կարճ թաթերը ցույց են տալիս, որ նա կենգուրուների ընտանիքին է պատկանում, սակայն դա, անկասկած, միանգամայն առանձնահատուկ տարատեսակ է, որովհետև սովորական կենգուրուները ցատկոտում են, իսկ սա երբեք այդ բանը չի անում։ Մի խոսքով, սա չափազանց հետաքրքիր և հազվագյուտ նմուշ է, որը մինչև այժմ դեռ դասակարգված չի եղել։ Քանի որ նրան ես եմ հայտնագործել, իրավունք եմ վերապահում ինձ վերագրելու այդ հայտնագործությունը և ի պատիվ ինձ նրան կոչելու Ադամակերպ կենգուրու․․․ Ըստ երևույթին, նա մեր ձեռքն էր ընկել դեռ շատ վաղ հասակում, որովհետև այն ժամանակից ի վեր անհավատալիորեն մեծացել է։ Նա հիմա առնվազն հինգ անգամ ավելի խոշոր է, և եթե որևէ բան սրտովը չէ, առաջվա համեմատությամբ մի քսան֊երեսուն անգամ ավելի է աղմուկ բարձրացնում։ Ուժի գործադրումը ոչ միայն չի հանգստացնում նրան, այլև միանգամայն հակառակ արդյունք է տալիս, ուստի ստիպված եղանք հրաժարվել ներգործության այդ միջոցից։ Եվան նրան հանգստացնում է համոզելով կամ էլ այնպիսի առարկաներ տալով, որ քիչ առաջ հրաժարվում էր տալ։ Ինչպես արդեն ասացի, ես տանը չեմ եղել, երբ նա հայտնվել է մեր տանը, և Եվան այն ժամանակ ասաց, որ նրան անտառում է գտել։ Ինձ անհավանական է թվում, որ դա մեն֊միակ նմուշը լինի երկրի երեսին, բայց, ըստ երևույթին, դա այդպես է։ Ես ուղղակի տանջվեցի․ մի քանի շաբաթ շարունակ փորձում էի գտնել դրա նման ևս մեկ արարած, որ լրացնեի իմ հավաքածուն, և որ սա էլ մեկի հետ կարողանար խաղալ (չէ՞ որ այդ դեպքում նա հաստատապես մի փոքր կհանգստանար և մեզ համար ավելի հեշտ կլիներ նրան ձեռնասուն դարձնել), սակայն այնպես էլ ո՛չ թեկուզ հեռավոր կերպով նրան նման մի արարած գտա, ո՛չ էլ, որ հատկապես տարօրինակ է, որևէ հետք։ Նա չի կարող չքայլել երկրի վրայով, ուզի թե չուզի՝ պետք է քայլի, այդ դեպքում ինչպե՞ս է կարողանում հետքեր չթողնել։ Ես տասից ավելի թակարդ դրեցի, բայց ոչ մի արդյունք։ Թակարդի մեջ ընկան միայն մի քանի մանր գազաններ, բայց ոչ նա։ Այդ գազանիկներն էլ, ինձ թվում է, թակարդ էին մտել սոսկ հետաքրքրությունից դրդված՝ տեսնելու, թե ինչի համար է այնտեղ կաթ դրված։ Նրանցից և ոչ մեկը կաթին չէր էլ դիպել։

Երեք ամիս անց։ ― Կենգուրուն շարունակում է մեծանալ․ դա շատ տարօրինակ է և տագնապ է ներշնչում։ Ես դեռ չեմ տեսել ոչ մի կենդանի, որին մեծանալու համար անհրաժեշտ լիներ այդքան ժամանակ։ Հիմա նրա գլուխը ծածկվել է բրդով, որը բնավ նման չէ կենգուրույի մորթու, այլ խիստ հիշեցնում է մեր մազերը, միայն այն տարբերությամբ, որ շատ ավելի բարակ է, փափուկ ու սև չէ, այլ շեկ։ Ես, երևի, շուտով կխելագարվեմ գիտականորեն չուսումնասիրված այդ կենսաբանական այլանդակի անլուր և անհեթեթ կամակորությունների ու տարօրինակությունների պատճառով։ Եթե միայն կարողանայի բռնել դրա նման թեկուզ և մեկին․․․ Բայց ավաղ։ Դա կենդանական միանգամայն նոր տարատեսակի մեն֊միակ նմուշն է։ Տարակույս այլևս չկա։ Սակայն ես բռնեցի սովորական մի կենգուրու և բերեցի տուն, կարծելով, թե մերը կուրախանար գոնե դրանով, քանի որ ինքը զուրկ էր իր նմանների ընկերությունից և առհասարակ զուրկ է հասակակիցներից, որոնց հետ կարողանար մտերմանալ և որոնք կարեկցեին նրան իր սարսափելի միայնության մեջ, նրան խորթ էակների շրջանում, որոնք չեն հասկանում ո՛չ նրա բարքերը, ո՛չ էլ սովորությունները և չեն կարողանում նրան բացատրել, որ ինքը բարեկամների շրջապատում է գտնվում։ Բայց ես սխալվում էի․ կենգուրուն տեսնելով, նա այնպես վախեցավ, որ նոպան բռնեց, և ես հասկացա, որ կյանքում դեռ երբեք նա կենգուրու չէր տեսել։ Ես խղճում եմ հեգ, ճղճղան գազանիկին, բայց անզոր եմ գեթ մի բանով ուրախացնելու նրան։ Եթե կարողանայի նրան ընտելացնել․․․ Բայց այդ մասին մտածելն անգամ ավելորդ է․ որքան շատ եմ ջանում, այնքան վատ է ստացվում։ Ես ցավ եմ զգում տեսնելով, թե ինչպես է այդ փոքրիկ գազանիկը մոլեգնում, երբ մի բանից զայրացած է կամ վշտացած։ Ես նրան ազատ կարձակեի, բայց Եվան այդ մասին լսել անգամ չի ուզում։ Իմ կարծիքով, դա դաժանություն է և բոլորովին նման չէ նրան, բայց, այնուամենայնիվ, գուցե նա իրավացի է։ Գուցե այդ դեպքում փոքրիկ արարածն ավելի միայնակ լինի, չէ որ, եթե ես չկարողացա գտնել նման մեկ ուրիշ արարած, մի՞թե ինքը կգտնի։

Հինգ ամիս անց։ ― Դա կենգուրու չէ։ Ոչ, որովհետև նա ետևի ոտքերի վրա, Եվայի մատը բռնած, մի քանի քայլ է անում, իսկ հետո ընկնում։ Հնարավոր է, որ դա արջի մի տարատեսակ է, սակայն նա պոչ չունի, համենայն դեպս առայժմ չունի, և բուրդ էլ չունի, եթե չհաշվենք գլխինը։ Նա դեռ շարունակում է աճել, և այդ հանգամանքը ինձ վերին աստիճանի տարօրիանակ է թվում, քանի որ արջերը շատ ավելի արագ են աճում, հասնելով սահմանված չափերին։ Արջերը հիմա (աղետից հետո) վտանգավոր են դարձել, և ես չէի կամենա, որ այս էակը այսուհետև էլ ուզած տեղում զբոսներ առանց դնչկալի։ Եվային խոստացա իր համար կենգուրու ճարել, եթե նա համաձայնի արջուկին ազատ արձակել, սակայն ոչինչ չստացվեց։ Ըստ երևույթին, նա ուզում է, մենք ամենահիմար ձևով վտանգի ենթարկենք մեր կյանքը։ Նա միանգամայն ուրիշ էր, քանի դեռ խելքը չէր կորցրել։

Երկու շաբաթ անց։ ― Ես ուսումնասիրեցի նրա երախը։ Հիմա նա դեռ վտանգավոր չէ․ առայժմ միայն մեկ ատամ ունի։ Եվ առաջվա նման պոչատ է։ Հիմա նա ավելի շատ է աղմկում, մանավանդ գիշերները։ Ես հյուղակից փոխադրվեցի բաց երկնքի տակ։ Ի դեպ, հյուղակ եմ մտնում միայն առավոտները, որպեսզի նախաճաշեմ և տեսնեմ, թե արդյոք արջուկը նոր ատամներ չի հանել։ Երբ նրա բերանը լիքը ատամներ լինեն, այն ժամանակ նա պետք է այստեղից հեռանա ուր որ ուզի։ Ի վերջո, շրջապատի համար վտանգ ներկայացնելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ արջը պոչ ունենա։

Չորս ամիս անց։ ― Մոտ մեկ ամիս բացակայում էի․ ձուկ էի բռնում և որսորդություն անում մի վայրում, որը Եվան, չգիտես ինչու, Բիզոն է անվանում․ ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ այնտեղ ոչ մի բիզոն չկա։ Իմ բացակայության ժամանակ արջուկը սովորել է միանգամայն ինքնուրույն կերպով շարժվել ետևի թաթերի վրա և ասել՝ «հայրիկ», «մայրիկ»։ Անկասկած, դա միանգամայն նոր տարատեսակ է։ Այն, որ հնչյունների այդ զուգորդումները բառերի են նման, կարող է, իհարկե, բացատրվել ինչ֊որ պատահականությամբ, և միանգամայն հնարավոր է, որ դրանք զուրկ են որևէ իմաստից ու պարզապես ոչինչ չեն նշանակում, բայց, այնուամենայնիվ, դա արտասովոր բան է և ամեն մի արջի ուժերից վեր է։ Հնչյունների այդ նմանակումը՝ բրդի համարյա կատարյալ և պոչի լիակատար բացակայության հետ միսին, բավական ցայտուն ապացույց է, որ մենք գործ ունենք արջի մի նոր տարատեսակի հետ։ Նրա հետագա ուսումնասիրությունը կարող է արտակարգ հետաքրքիր արդյունքներ տալ։ Առայժմ ես մտադիր եմ հեռավոր արշավի մեկնել և ամենահանգամանալից կերպով հետազոտել Հյուսիսի անտառները։ Չի կարող պատահել, որ այնտեղ չգտնվի թեկուզև մեկ այդպիսի նմուշ, իսկ մեզ մոտ եղածը, անկասկած, պակաս վտանգ կներկայացնի, եթե հնարավորություն ստանա հաղորդակից լինելու իր նմանի հետ։ Որոշել եմ առանց ժամանակ կորցնելու ուղևորվել։ Բայց նախ նրան դնչկալ կհագցնեմ։

Երեք ամիս անց։ ― Օ՜հ, որքան հոգնեցուցիչ եղավ այդ որսորդությունը, իսկ որ գլխավորն է, որքան ապարդյուն։ Եվ հենց այդ ժամանակ, տնից ոչ մի քայլ չհեռանալով, Եվան բռնել էր ևս մեկին։ Կյանքումս չէի տեսել, որ որևէ մեկի բախտը այդպես բերեր։ Իսկ ես ոչ մի գնով չէի գտնի այդպիսի մի արարած, նույնիսկ եթե էլի հարյուր տարի թափառեի անտառներում։

Հաջորդ օրը։ ― Ես նորին համեմատում եմ հնի հետ, և ինձ համար միանգամայն պարզ է դառնում, որ նրանք միևնույն ցեղից են։ Ես ուզեցի մեկնումեկից պաճուճապատանք պատրաստել իմ հավաքածուի համար, բայց Եվան ինչ֊որ նկատառումով ընդդիմացավ դրան։ Ստիպված եղա հրաժարվել իմ մտադրությունից, թեև կարծում եմ, որ իզուր։ Եթե նրանք փախչեն, դա անհատուցելի կորուստ կլինի գիտության համար։ Ավագը հիմա ավելի ձեռնասուն է դարձել, սովորել է ծիծաղել և թութակի նման խոսել․ ըստ երևույթին, դա նրանից է, որ շատ ժամանակ է անցկացնում թութակի հետ, և, բացի այդ, ընդօրինակման չափազանց զարգացած ընդունակություն ունի։ Ես խիստ կզարմանամ, եթե վերջին հաշվով պարզվի, որ դա թութակի մի նոր տարատեսակ է, թեև, ասենք, արդեն ժամանակն է, որ ես ոչ մի բանի վրա չզարմանամ, քանզի այն առաջին օրերից սկսած, երբ նա դեռ ձուկ էր, արդեն հասցրել էր աշխարհում լինել ամեն բան։ Կրտսեր էակը կատարելապես նույն այլանդակն է, ինչ որ սկզբնական շրջանում ավագն էր։ Գույնով նման է մի տեսակ գորշադեղնավուն երանգով հում մսի, իսկ գլուխը նույնպես շատ տարօրինակ ձև ունի և մազի ոչ մի նշույլ։ Եվան նրան անվանեց Աբել։

Տասը տարի անց։ ― Դրանք տղաներ են․ դա մենք վաղուց ենք հայտնաբերել։ Մեզ պարզապես շփոթեցնում էր այն հանգամանքը, որ նրանք լույս աշխարհ էին գալիս այդպես փոքրիկ, ոչ կատարյալ մարմնաձևով, մենք պարզապես նախապատրաստված չէինք դրան։ Իսկ հիմա արդեն աղջիկներ էլ ունենք։ Աբելը լավ տղա է, բայց Կայենի համար ավելի օգտակար կլիներ, եթե արջ մնար։ Հիմա, ետ նայելով, տեսնում եմ, որ Եվայի նկատմամբ մոլորության մեջ եմ եղել․ ավելի լավ է ապրել դրախտի սահմաններից դուրս, բայց նրա հետ, քան թե առանց նրա՝ դրախտում։ Մի ժամանակ ես կարծում էի, թե նա անչափ շատ է խոսում, բայց հիմա ինձ համար տխուր կլիներ, եթե այդ ձայնը լռեր և ընդմիշտ հեռանար իմ կյանքից։ Օրհնյա՜լ լինես տափակ սրախոսություն, որ մեզ հավիտյանս միացրիր և ինձ հնարավորություն տվեցիր հասկանալու նրա սրտի անարատությունն ու հեզ բնավորությունը։


Եվայի օրագիրը

(Թարգմանություն բնագրից)


Շաբաթ։ ― Ես արդեն համարյա մեկ օրական եմ։ Լույս աշխարհ եմ եկել երեկ։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում։ Եվ, հավանաբար, դա հենց այդպես է, որովհետև եթե նախանցյալ օր եղել է, ես այն ժամանակ դեռ գոյություն չեմ ունեցել, այլապես այն կհիշեի։ Ասենք հնարավոր է, որ ես ուղղակի չեմ նկատել, թե երբ է եղել նախանցյալ օրը, թեև այն եղել է։ Դե՛հ, ինչ արած։ Հիմա ես ավելի ուշադիր կլինեմ, և եթե նախանցյալ օրը մեկ անգամ էլ կրկնվի, անպայման գրի կառնեմ դա։ Թերևս, ավելի լավ է միանգամից սկսեմ, որպեսզի հետո ժամանակագրության մեջ որևէ բան չշփոթեմ․ մի ներքին ձայն ինձ թելադրում է, որ այդ բոլոր մանրամասնությունները կարող են հետագայում շատ կարևոր լինել պատմաբանների համար։ Բանն այն է, որ իմ կարծիքով, ես փորձ եմ, այո, ուղղակի ինձ զգում եմ որպես փորձ, պարզապես անհնարին է ավելի սաստիկ իրեն զգալ որպես փորձ, քան այդ ես եմ, և այդ պատճառով էլ ավելի ու ավելի եմ համոզվում, որ դա հենց այդպես է, ես փորձ եմ, պարզապես փորձ, և ոչ ավելին։

Դե՛հ, եթե ես փորձ եմ, ուրեմն՝ փորձը ես եմ։ Ոչ, իմ կարծիքով, ոչ։ Ինձ թվում է, որ մնացած ամեն բան նույնպես այդ փորձի մի մասն է։ Ես դրա գլխավոր մասն եմ, բայց մնացած ամեն բան, իմ կարծիքով, նույնպես մասնակցում է փորձին։ Կարելի է, արդյո՞ք, համարել, որ իմ վիճակը վերջնականապես որոշված է, թե ես դեռ պետք է ինձ համար երկյուղեմ և զգույշ լինեմ։ Հավանաբար, ավելի շուտ, վերջինը։ Ներքին ձայնն ինձ ասում է, որ գերազանցությունը ձեռք է բերվում արթուն զգոնության գնով։ (Ինձ թվում է, որ սա շատ հաջող ասույթ է ինձ նման դեռատի էակի համար։)

Այսօր ամեն բան զգալիորեն ավելի լավ է, քան երեկ։ Երեկ օրվա վերջում այնպիսի իրարանցում սկսվեց, որ սարերը խառնիխուռն կիտվեցին իրար վրա, իսկ հարթավայրերն այնպես խճողվեցին ամեն տեսակ բեկորներով ու զանազան աղբով, որ դա անչափ ճնշող տպավորություն էր գործում։ Արվեստի սքանչելի ու ազնիվ ստեղծագործությունները չպետք է կերտվեն հապճեպորեն, իսկ այս հոյակապ նոր աշխարհը հիրավի սքանչելի ու ազնիվ ստեղծագործություն է, որը կանգնած է կատարելության սահմանին, չնայած ստեղծագործվել է այդքան կարճ ժամանակամիջոցում։ Աստղերը տեղ֊տեղ, թերևս, շատ են, իսկ տեղ֊տեղ էլ՝ պակաս, բայց դա, անտարակույս, դժվար չէ շտկել։ Լուսինը անցյալ գիշեր պոկվեց, ցած գլորվեց և դուրս ընկավ տիեզերքից։ Դա շատ մեծ կորուստ է, և սիրտս ճմլվում է, երբ մտածում եմ այդ մասին։ Բոլոր նախշերի ու զարդերի մեջ չկա մի բան, որը կարողանար գեղեցկությամբ և կատարելությամբ համեմատվել նրա հետ։ Այն հարկավոր էր ավելի լավ ամրացնել։ Եթե միայն հնարավոր լիներ վերադաձնել․․․

Բայց, հասկանալի է, որ ոչ ոքի հայտնի չէ, թե ուր կարող էր ընկնել լուսինը։ Եվ, իհարկե, ով այն գտնի, կաշխատի ավելի խոր տեղ պահել․ ես այդ գիտեմ, որովհետև ինքս էլ այդպես կվարվեի։ Ինձ թվում է, թե մյուս բոլոր տեսակետներից ես կարող եմ ազնիվ լինել, բայց արդեն այժմ սկսում եմ հասկանալ, որ էությանս հիմքերի հիմքը սերն է գեղեցիկի նկատմամբ, կրքոտ ձգտումը դեպի գեղեցիկը, ուստի և ուրիշի լուսինն ինձ վստահելը վտանգավոր է, մանավանդ որ նա, ում պատկանում է լուսինը, չգիտի, որ այն ինձ մոտ է։ Ես գուցե և վերադարձնեի լուսինը, եթե այն գտած լինեի օրը ցերեկով․ կվախենայի, թե որևէ մեկը տեսել է՝ ինչպես եմ այն գտել։ Բայց եթե այն գտնեի մթության մեջ, այդ դեպքում, կարծում եմ, կկարողանայի որևէ պատրվակով թաքցնել գտածս։ Որովհետև լուսինների համար ես խելագարվում եմ, դրանք այնքան գեղեցիկ են և այնքան ռոմանտիկ։ Կուզենայի, որ մենք դրանից մի հինգ կամ վեց հատ ունենայինք։ Այդ ժամանակ ես բնավ չէի քնի, երբեք չէի ձանձրանա փափուկ մամուռի վրա պառկած վերև նայելուց ու դրանցով հիանալուց։

Աստղերը նույնպես ինձ դուր են գալիս։ Կուզենայի ճարել դրանցից մի երկու֊երեք հատ և խրել մազերիս մեջ։ Բայց վախենում եմ դա անհնարին լինի։ Ուղղակի դժվար է հավատալ, թե դրանք մեզանից այդքան հեռու են, որովհետև արտաքուստ դա չի զգացվում։ Երբ անցյալ գիշեր դրանք առաջին անգամ երևացին, ես փորձեցի փայտով մի քանիսը ցած գցել, բայց ոչ մեկին հասնել չկարողացա, և դա ինձ շատ զարմացրեց։ Հետո սկսեցի կավե կոշտուկներ նետել վերև, ու նետում էի այնքան ժամանակ, մինչև որ բոլորովին ուժասպառ եղա, բայց աստղերից ոչ մեկն էլ ցած չգցեցի։ Դա նրանից է, որ ձախլիկ եմ և դիպուկություն չունեմ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ դիտավորյալ կոշտուկը նետում էի ոչ դեպի այն աստղը, որին նշան էի բռնել, ինձ չէր հաջողվում ցած գցել ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը, թեև բավական ճշգրիտ նետում էի և տեսնում, թե ինչպես է կավի սև կոշտուկը մի քառասուն, երբեմն էլ հիսուն անգամ թռչում դեպի ոսկե ողկույզը և միայն ինչ֊որ հրաշքով ոչինչ ցած չէր գցում։ Ճիշտ է, եթե այնքան ուժ ունենայի, որ կարողանայի մի փոքր էլ դիմանալ, անպայման ցած կգցեի գոնե մեկ աստղ։

Խոստովանեմ, որ մի քիչ լաց եղա, և կարծում եմ, իմ տարիքում դա միանգամայն բնական է, իսկ երբ հանգստացա, զամբյուղս վերցրի ու գնացի մեր կլոր հրապարակի եզերքը, որտեղ աստղերը երկրի վրա կախված են բոլորովին ցածր և դրանք կարելի է ուղղակի ձեռքով պոկել, մի բան, որ, ի դեպ, շատ ավելի լավ է, որովհետև դա կարելի է անել զգուշությամբ, այնպես, որ աստղերը չկոտրվեն։ Բայց հարկ եղավ գնալ ավելի հեռու, քան ես կարծում էի, և վերջ ի վերջո ստիպված եղա հրաժարվել իմ մտադրությունից․ այնպես էի հոգնել, որ այլևս մեկ քայլ կատարել չէի կարող և, բացի այդ, ոտքերս հարվել և սաստիկ ցավում էին։

Տուն վերադառնալ չէի կարող, որովհետև շատ հեռու էի գնացել, և շատ էլ ցրտեց, բայց ինձ հանդիպեցին մի քանի վագրեր, և ես նրանց արանքում այնպես հարմար տեղավորվեցի, որ ինձ երջանկության գագաթնակետում էի զգում․ վագրերը զարմանալիորեն հաճելի, բուրումնավետ շնչառություն ունեն, և դա այն պատճառով, որ նրանք վայրի ելակով են սնվում։ Մինչ այդ պահը ես երբեք վագր չէի տեսել, բայց այդտեղ անմիջապես ճանաչեցի վագրերին, որովհետև նրանք շերտավոր են։ Եթե կարողանայի այդպիսի մի մորթի ճարել, դրանից մի հիանալի շոր կկարեի։

Այսօր արդեն սկսում եմ ավելի լավ ըմբռնել տարածությունները։ Ես այնպես էի ուզում տիրանալ բոլոր գեղեցիկ բաներին, որ առանց խելքիս տալու փորձում էի դրանք բռնել, և պարզվում էր, որ դրանցից մեկը շատ ավել հեռու է ինձանից, քան ես կարծում էի, իսկ մյուսը՝ հակառակը․ ինձ թվում էր, թե մինչև այն մի ամբողջ ոտնաչափ էր, իսկ իրականում ընդամենը մի վեց մատնաչափ էր, բայց դրա փոխարեն, որքան փշեր կային ամեն մի մատնաչափի վրա։ Դա ինձ համար դաս եղավ։ Բացի այդ, ես հայտնագործեցի մի աքսիոմա, որին հանգեցի իմ սեփական խելքով, և որն իմ առաջին աքսիոման էր, այն է՝ ճանկռոտված փորձը փշից վախենում է։ Թվում է, որ ինձ նման դեռատի արարածի համար դա շատ լավ է ասված։

Երեկ կեսօրից հետո երկար ժամանակ հետևում էի մեկ ուրիշ փորձի, նրանից որոշ հեռավորության վրա, որպեսզի, հաջողվելու դեպքում, պարզեի նրա ինչ լինելը, բայց դա ինձ չհաջողվեց։ Կարծում եմ, որ տղամարդ է։ Ես դեռ երբեք տղամարդ չեմ տեսել, բայց դա տղամարդու նման է, և ես զգում եմ, որ հենց այդպես է որ կա։ Ես հայտնություն արեցի, որ այդ էակն իմ հետաքրքրությունը շարժում է ավելի, քան ցանկացած այլ սողուն։ Եթե, իհարկե, նա սողուն է, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես է, որովհետև նա փռչոտ է, երկնագույն աչքեր ունի և, առհասարակ, սողունի է նման։ Նա կոնքեր չունի, դեպի ներքև՝ գնալով նեղանում է, ինչպես գազարը, իսկ երբ կանգնում է, երկճյուղվում է ինչպես պարսատիկ։ Մի խոսքով, կարծում եմ, որ դա սողուն է, թեև, կարող է պատահել, որ դա նաև կոնստրուկցիա է։

Սկզբում նրանից վախենում էի, և ամեն անգամ, երբ նա իմ կողմն էր շրջվում, փախչում էի, կարծելով, թե ուզում է ինձ բռնել, բայց կամաց֊կամաց հասկացա, որ նա, ընդհակառակը, աշխատում է ինձանից խուսափել, և այդ ժամանակ ես դադարեցի այդքան ամաչկոտ լինելուց ու մի քանի ժամ շարունակ նրան հետապնդում էի մոտ քսան յարդ հեռավորությունից, որի հետևանքով նա շատ վախվորեց և բոլորովին խեղճացած տեսք ընդունեց։ Ի վերջո, նա այնպես տագնապեց, որ բարձրացավ ծառը։ Ես բավական երկար ժամանակ սպասեցի ծառի տակ, հսկելով նրան, բայց հետո ձանձրացա և տուն վերադարձա։

Այսօր ամեն բան նույնությամբ կրկնվեց։ Ես նորից նրան քշեցի ծառի վրա։

Կիրակի։ ― Նա դեռ նստած է ծառի վրա։ Երևի հանգստանում է։ Բայց դա պարզապես խորամանկություն է, կիրակին հանգստյան օր չէ, դրա համար սահմանված է շաբաթ օրը։ Ինձ թվում է, որ այդ էակը աշխարհում ամեն բանից շատ սիրում է հանգստանալ։ Իսկ իմ կարծիքով, այդքան շատ հանգստանալը անասելիորեն հոգնեցուցիչ է։ Հենց այնպես ծառի տակ նստելն ու նրան հսկելն անգամ ինձ հոգնեցնում է։ Ես շատ եմ ուզում իմանալ, թե նա ինչի համար գոյություն ունի։ Դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա որևէ բան անի։ Երեկ երեկոյան նրանք լուսինը վերադարձրին իր տեղը, և ես անչափ ուրախացա։ Ես գտնում եմ, որ դա նրանց կողմից շատ օրինավոր վարվելակերպ էր։ Լուսինը նորից ցած գլորվեց ու ընկավ, բայց դա ինձ չվշտացրեց․ երբ այդպիսի հարևաններ ունես, անհանգստանալու հարկ չկա, նրանք նորից լուսինը կկախեն իր տեղում։ Ես կուզենայի ինչ֊որ ձևով իմ երախտագիտությունը հայտնել նրանց։ Լավ կլիներ, օրինակ, նրանց մի քիչ աստղ ուղարկեինք, մանավանդ որ մենք դրանց համար տեղ էլ չունենք։ Ավելի ճիշտ՝ ոչ թե մենք, այլ ես, քանի որ սողունը, ինչպես տեսնում եմ, այդպիսի բաներով բացարձակապես չի հետաքրքրվում։

Նա ցածր ճաշակի տեր է և բարություն չունի։ Երեկ մթնշաղին գնացի նրա մոտ և տեսա, թե ինչպես ծառից իջավ և աշխատում էր բռնել լճում լողացող մանր բծավոր ձկնիկներին, և ես ստիպված եղա հողի կոշտուկներ շպրտել, որպեսզի ձկնիկներին հանգիստ թողներ և նորից ծառը բարձրանար։ Մի՞թե հենց դրա համար նա գոյություն ունի։ Մի՞թե նա սիրտ չունի։ Մի՞թե նա չունի կարեկցանք այդ փոքրիկ արարածների նկատմամբ։ Մի՞թե այդպիսի անազնիվ զբաղմունքի համար է նա մտահղացվել և արարվել։ Երևի այդպես էլ կա։ Երբ հողի կոշտուկներ էի նետում վրան, մեկը դիպավ գլխին, և պարզվեց, որ խոսել գիտի։ Դա հաճելիորեն հուզեց ինձ, քանի որ առաջին անգամ էի լսում ինչ֊որ մեկի խոսակցությունը, բացի իմ սեփական խոսքից։ Բառերը ես չհասկացա, բայց դրանք չափազանց արտահայտիչ հնչեցին։

Երբ իմացա, որ խոսելու ունակություն ունի, նրա նկատմամբ հետաքրքրությունս ավելի ուժեղացավ, քանի որ ես խոսել շատ եմ սիրում։ Ամբողջ օրը, նույնիսկ քնիս մեջ բլբլացնում եմ, և ինձ լսելը շատ հետաքրքիր է, իսկ եթե մի խոսակից ունենայի, կրկնակի հետաքրքիր կստացվեր և կկարողանայի անդադար խոսել․ բավական է, որ ինձ խնդրեին։

Եթե սողունը տղամարդ է, ուրեմն նրան չի կարելի կանչել ցուցական դերանունով, այդպես չէ՞։ Դա քերականորեն սխալ կլիներ, ճի՞շտ է։ Ինձ թվում է, որ այդ դեպքում պետք է կանչել «նա» անձնական դերանունով․ կարծում եմ, որ այդպես է։ Այդ դեպքում հոլովումն այսպես կլինի․ ուղղական՝ նա, տրական՝ նրան, նախդրական՝ նրա մասին։ Մի խոսքով, ես նրան կհամարեմ տղամարդ և կանվանեմ «նա» այնքան ժամանակ, մինչև պարզվի, որ դա մեկ ուրիշ բան չէ։ Այդպես ավելի հարմար կլինի, այլապես չափազանց շատ են անորոշությունները։

Հարորդ շաբաթ։ Կիրակի։ ― Մի ամբողջ շաբաթ աննահանջ հետևում էի նրան և աշխատում ծանոթանալ։ Ես ստիպված էի ամբողջ զրույցը ինձ վրա վերցնել, որովհետև նա շատ ամաչկոտ է, ասենք, դա ինձ համար ոչինչ չարժեր։ Նրան, ըստ երևույթին, հաճելի է, որ ես ամբողջ ժամանակ իր մոտ եմ լինում, իսկ ես քաղաքավարությունից դրդված աշխատում եմ հնարավորին չափ ավելի հաճախ ասել «մենք»։ Ինձ թվում է, թե նրան շոյում է այն, որ դրանով նա, ասես, հողորդակցվում է ինձ հետ։

Չորեքշաբթի։ ― Հիմա մենք միանգամայն համերաշխ ենք և ավելի ու ավելի մոտիկից ենք ծանոթանում միմյանց հետ։ Նա այլևս չի փորձում խուսափել ինձնից, և դա բարի նշան է, նրան, ըստ երևույթին, դուր է գալիս իմ ընկերակցությունը։ Դա ինձ հաճելի է, և ես սովորում եմ նրա համար օգտակար լինել ինչով կարող եմ, որպեսզի նրան ավելի տրամադրեմ իմ նկատմամբ։ Վերջին օրերը նրան ազատել եմ զանազան առարկաների համար անուններ որոնելու անհրաժեշտությունից, և դա նրան շատ թեթևացրեց։ Նա անուններ հորինելու ոչ մի ընդունակություն չունի և ինձանից անչափ շնորհակալ է։ Թեկուզ սպանես, չի կարող հորինել քիչ թե շատ խելացի և ոչ մի անուն, բայց ես ցույց եմ տալիս, թե չեմ նկատում նրա այդ թերությունը։ Հենց որ երևան է գալիս մի նոր արարած, անմիջապես դրան անուն եմ տալիս, քանի դեռ նա անհարմար լռությամբ չի դրսևորել իր տգիտությունը։ Այդ եղանակով ես շատ անգամ եմ նրան դուրս բերել դժվար դրությունից։ Իսկ ինքս ամենևին չեմ տառապում նման թերությամբ, ինչպես որ նա։ Բավական է միայն նայեմ որևէ կենդանու, և արդեն գիտեմ, թե դա ինչ է։ Ես ինձ նեղություն չեմ տալիս անգամ մի ակնթարթ մտածելու․ ճիշտ անվանումը իմ մեջ ծնվում է կայծակնային արագությամբ, ասես վերին ներշնչմամբ, անկասկած, դա այդպես էլ կա, որովհետև ես միանգամայն հաստատ գիտեմ, որ մի վայրկյան առաջ անգամ ամենափոքր պատկերացում չունեի այդ բառի մասին։ Երևի պարզապես ամեն մի արարածի արտաքին տեսքով և նրա սովորություններով իսկույն կռահում եմ, թե դա ինչ գազան է։

Երբ, օրինակ, լույս աշխարհ եկավ դոդոն, նա սրան վայրի կատվի տեղ ընդունեց․ ես դա հասկացա նրա աչքերի արտահայտությունից։ Բայց ես նրան փրկեցի։ Ես աշխատեցի դա այնպես անել, որ նրա ինքնասիրությանը չդիպչի։ Ես ուղղակի ամենաբնական եղանակով, ասես հաճելիորեն զարմացած, ասացի․ «Նայե՛ք, սա հո դոդո՛ է։ Դե, իհարկե, սա դոդո՛ է»։ Այո, ես դա ասացի այնպես, ասես մտքովս անգամ անցնել չէր կարող, թե նա իմ տեղեկության կարիքն ունի։ Եվ ես բացատրեցի, կարծես ոչինչ չբացատրելով, թե որտեղից գիտեմ, որ դա դոդո է, ու եթե նրան մի թեթև դիպա էլ այն բանով, որ այդ թռչունին ճանաչեցի, իսկ ինքը՝ ոչ, այնուամենայնիվ, միանգամայն ակներև էր, որ նա ինձանով հիացած է։ Դա ինձ համար անչափ հաճելի էր, և ես, նախքան քնելս, կրկին և կրկին անսահման գոհունակությամբ վերհիշում էի այդ։ Ամեն մի չնչին բան կարող է մեզ երջանիկ դարձնել, երբ մենք զգում ենք, որ դրան լիովին արժանի ենք։

Հինգշաբթի։ ― Իմ առաջին վիշտը։ Երեկ նա ինձանից խուսափում էր և, ըստ երևույթին, չէր ուզում, որ հետը խոսեմ։ Ես չէի կարող դրան հավատալ, կարծում էի թյուրիամացություն է, չէ որ ես շատ եմ սիրում նրա մոտ լինել և լսել, թե ինչ է ասում․ ինչպես կարող է պատահել, որ նա սկսի վատ վերաբերվել ինձ, եթե ես ոչ մի վատ բան չեմ արել։ Բայց երբ տեսա, որ, այնուամենայնիվ, դա այդպես է, գնացի ու մեն֊մենակ երկար նստեցի այնտեղ, որտեղ առաջին անգամ նրան տեսա այն առավոտ, երբ մենք ստեղծվեցինք, և ես դեռ չգիտեի, թե նա ինչ է, ու միանգամայն անտարբեր էի նրա նկատմամբ։ Բայց հիմա այդ տեղը ինձ համար վշտով էր համակված, ամեն մի մանրուք նրան էր հիշեցնում, և սիրտս ճմլվում էր։ Դա ինձ համար նոր զգացում էր, և ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ տրտմում։ Դեռ երբեք նման զգացում չէի ունեցել, այդ ամենում ինչ֊որ խորհրդավորություն կար, և չէի կարողանում հասկանալ, թե ինձ հետ ինչ է կատարվում։

Բայց երբ վրա հասավ գիշերը, ես զգացի, որ այլևս ի վիճակի չեմ տանելու միայնությունը, և ուղևորվեցի դեպի նոր հյուղակը, որ նա կառուցել էր իր համար։ Ուզում էի հարցնել, թե ի՞նչ մեղք եմ գործել և ինչպե՞ս կարող եմ վերականգնել նրա բարյացակամությունը։ Բայց նա ինձ դուրս վռնդեց անձրևի տակ, և դա եղավ իմ առաջին վիշտը։

Կիրակի։ ― Հիմա նորից ամեն ինչ լավ է, և ես երջանիկ եմ։ Բայց անցած օրերը ինձ համար շատ ծանր էին, և ես աշխատում էի դրանք չհիշել։

Ես ուզում էի նրա համար մի քանի պտուղ ցած բերել այն նույն խնձորենուց, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում սովորել դիպուկ խփել։ Իմ մտադրությունից ոչինչ չստացվեց, սակայն ինձ թվում է, որ իմ բարի մտադրությունը նրան հաճելի էր։ Այդ խնձորներին ձեռք տալը արգելված է, և նա ասաց, որ ես իմ գլխին փորձանք կբերեմ։ Բայց ինչ փույթ, եթե ես գլխիս փորձանք բերեմ նրան հաճույք պատճառելու համար։

Երկուշաբթի։ ― Այսօր առավոտյան ես նրան հայտնեցի իմ անունը, կարծելով, թե դա նրան հետաքրքիր կլինի։ Բայց նա ուշադրություն էլ չդարձրեց դրա վրա։ Շատ տարօրինակ է։ Եթե նա ինձ հայտներ իր անունը, ես անտարբեր չէի լինի։ Ինձ թվում է, որ նրա անվան հնչյունը ամենահաճելի բանը կլիներ ականջներիս համար։

Նա շատ քիչ է խոսում։ Գուցե այն պատճառով, որ այնքան էլ խելամիտ չէ ու դրանից ինքն էլ է տառապում և աշխատում է թաքցնել այդ։ Եթե դա իրոք նրան տանջում է, ես շատ եմ խղճում նրան, որովհետև խելքը ոչինչ է, սիրտն է, որ մեր մեջ գնահատելի է։ Կուզենայի ստիպել նրան հասկանալու, որ սիրելու ընդունակ սիրտը հարստություն է, իսկական հարստություն, իսկ խելքն առանց սրտի՝ հեչ բան է։

Չնայած նա շատ քիչ է խոսում, սակայն բառապաշարը բավական հարուստ է։ Այսօր առավոտյան նա մի զարմանալի բառ գործածեց։ Հավանորեն ինքն էլ այդ հասկացավ, որովհետև էլի մի երկու անգամ, ասես պատահաբար, կրկնեց։ Չի կարելի ասել, թե դա նրա մոտ սահուն ստացվեց, բայց, այնուամենայնիվ, պարզ է, որ նա զուրկ չէ որոշ զգացողությունից։ Տարակույս լինել չի կարող, որ խնամքի դեպքում այդ սերմերը կարող են հիանալի ծիլեր տալ։

Որտեղից է նա գտել այդ բառը։ Չեմ հիշում, որ ես երբևիցե այն գործածած լինեմ։

Ո՛չ, իմ անունը նրան բնավ չի հետաքրքրում։ Ես աշխատում էի թաքցնել հիասթափությունս, բայց վախենում եմ, որ դա ինձ չհաջողվեց։ Ես հեռացա և երկար ժամանակ, ոտքերս ջուրն իջեցրած, նստեցի մամռապատ լճափին։ Ես միշտ այդպես եմ անում, երբ մենակություն եմ զգում և մեկին տեսնելու, մեկի հետ խոսելու ցանկություն է առաջանում։ Իհարկե, ինձ համար դա էլ քիչ է, քիչ է այն հիանալի սպիտակ պատկերը, որ այնտեղ երևում է լճի մեջ, բայց, այնուամենայնիվ, դա գոնե որևէ բան է, իսկ որևէ բանը ավելի լավ է, քան կատարյալ մենությունը։ Երբ խոսում եմ, նա էլ է խոսում, երբ տխուր եմ, նա էլ է տխուր, նա կարեկցում և մխիթարում է ինձ, նա ասում է․ «Մի հուսահատվիր, խեղճ, միայնակ աղջիկ, ես քեզ ընկեր կլինեմ»։ Եվ իրոք, նա իմ հավատարիմ բարեկամն է, ըստ որում միակը։ Նա իմ քույրն է։

Օ՜հ, այն ժամը, երբ նա առջին անգամ հեռացավ ինձանից։ Ես դա երբեք չեմ մոռանա, երբե՛ք ու երբե՛ք։ Ինչպիսի ծանրություն իջավ իմ սրտին։ Ես ասացի․ «Բացի նրանից ես ոչինչ չունեի, և ահա նա չկա»։ Հուսահատ բացականչեցի․ « Սիրտ իմ, փշրվի՜ր, ես այլևս ուժ չունեմ ապրելու»։ Եվ ձեռքերով ծածկեցի երեսս ու անմխիթար ողբացի։ Իսկ երբ մի քանի րոպեից հետո բարձրացրի գլուխս, նա նորից այնտեղ էր՝ սպիտակ, շողշողուն ու սքանչելի, և ես նետվեցի նրա գիրկը։ Դա իսկական երանություն էր։ Ես առաջ էլ ճաշակել էի երջանկությունը, բայց դա միանգամայն ուրիշ բան էր, դա զմայլելի էր։ Դրանից հետո այլևս երբեք չէի տարակուսում նրա նկատմամբ։ Ժամանակ առ ժամանակ նա կորչում էր՝ երբեմն մեկ ժամով, երբեմն ամբողջ օրը, բայց ես սպասում ու հավատում էի նրան։ Ես ասում էի․ «Նա որևէ գործ ունի կամ էլ մեկնել է ճանապարհորդության։ Բայց կվերադառնա»։ Եվ իրոք, նա միշտ վերադառնում է։ Նա վեհերոտ, վախկոտ արարած է, և այդ պատճառով երբեք մութ գիշերներին չի հայտնվում, բայց հենց որ լուսինը դուրս է գալիս, նա անմիջապես երևում է։ Ես ինքս մթությունից չեմ վախենում, բայց չէ որ նա ինձանից փոքր է, առաջ ես եմ ծնվել, իսկ հետո՝ նա։ Շատ ու շատ անգամ եմ գնացել նրա մոտ, նա իմ մխիթարությունն ու հենարանն է կյանքիս ծանր րոպեներին, իսկ այդպիսի րոպեներն այնքա՜ն շատ են։

Երեքշաբթի։ ― Ամբողջ առավոտ աշխատում էի՝ կարգի էի բերում մեր կալվածքները և դիտավորյալ աշխատում նրա աչքին չերևալ, հուսալով, թե կտխրի և կգա։ Բայց նա չեկավ։

Կեսօրին, ավարտելով օրվա աշխատանքները, ես հանգստանում էի, խաղում էի թիթեռնիկների ու մեղուների հետ և գգվում էի ծաղիկների՝ աստծու այդ հրաշագեղ ստեղծագործությունների մեջ, որոնք երկնքում որսում են Արարչի ժպիտը և այն պահում իրենց բաժակների մեջ։ Ես շատ ծաղիկ քաղեցի, դրանցից պսակներ ու դրասանգներ հյուսեցի, դրանցով զարդարվեցի և երկրորդ անգամ սովորականի պես նախաճաշեցի խնձորով։ Հետո նստեցի ստվերում, տանջվում էի ու սպասում։ Բայց նա չեկավ։

Սակայն, միևնույն է։ Դրանից ոչ մի լավ բան չէր ստացվի, որովհետև նա ծաղիկներ չէր սիրում։ Նա ասում է, թե դա աղբ է, մի ծաղիկը մյուսից տարբերել չի կարողանում և կարծում է, թե դա նշանակում է մանրուքով զբաղվել։ Նա ինձ չի սիրում, ծաղիկներ չի սիրում, չի սիրում իրիկնային երկնքի գույները, հետաքրքիր է, թե սիրո՞ւմ է մեկ ուրիշ բան, բացի սեխերը ձեռքի ափով թփթփացնելուց, ծառի վրայի տանձերը շոշափելուց և որթի վրայի խաղողը համտես անելուց, ստուգելով, թե այդ ամենը արդյոք լավ է հասունանում, ու մեկ էլ հոլիկներ պատրաստելուց՝ թարմացնող հիանալի անձրևից դրանցում պատսպարվելու համար։

Ես գետնին դրել էի չոր փայտի մի կտոր և ջանում էի մեկ ուրիշ փայտով դրա մեջ անցք շաղափել։ Դա ինձ հարկավոր էր փորձի համար, որ մտահղացել էի, բայց մի բան պատահեց, որից սոսկալի վախ զգացի։ Անցքի միջից երկինք բարձրացավ թեթև, թափանցիկ, բաց կապտավուն ինչ֊որ մի բան, և ես մի կողմ նետեցի փայտն ու փախա։ Կարծեցի, թե դա ինչ֊որ ոգի է, և սաստիկ վախեցա։ Բայց հետո ետ նայելով ու տեսնելով, որ նա իմ ետևից չի վազում, հենվեցի ժայռին մի փոքր շունչ առնելու և ուշքի գալու համար ու սպասեցի, մինչև ոտքերս ու ձեռքերս դադարեցին դողալուց և սկսեցին կրկին, ինչպես հարկն է, ծառայել ինձ։ Դրանից հետո զգուշորեն վերադարձա, ամեն րոպե պատրաստ կրկին փախչելու։ Մոտենալով, ետ տարա վարդենու ճյուղերը և նայեցի փայտին (շատ ափսոս, որ մոտակայքում տղամարդ չկար․ այդ պահին ես այնքան հմայիչ տեսք ունեի), բայց ոգին անհետացել էր։ Ավելի մոտեցա և շաղափված անցքում տեսա մի բուռ վառ կարմիր փոշի։ Մատս խրեցի անցքի մեջ, ուզեցի շոշափել, բայց տեղնուտեղը ճչացի ու ձեռքս ետ քաշեցի։ Այրող ցավ զգացի։ Այն ժամանակ մատս տարա բերանս, թռչկոտեցի սկզբում մեկ, ապա մյուս ոտքի վրա, մի քիչ տնքտնքացի, և դա որոշ չափով թեթևացրեց ցավը։ Բայց իմ մեջ արդեն սաստիկ հետաքրքրություն էր արթնացել, և ես սկսեցի հետազոտել։

Շատ էի ուզում հասկանալ, թե ինչ բան էր այդ վառ կարմիր փոշին։ Եվ անսպասելիորեն գլխի ընկա, թեև մինչ այդ երբեք չէի լսել այն մասին, որ դա կրակ է։ Եթե կարելի է առհասարակ որևէ բանում վստահ լինել, ապա ես բացարձակապես վստահ էի, որ դա կրակ է, ուստի և առանց դույզն ինչ տատանվելու դրան այդպես էլ անվանեցի։

Ես ստեղծեցի այնպիսի մի բան, որ առաջ գոյություն չէր ունեցել՝ առարկաների անթիվ ու անհամար աշխարհին ավելացրեցի ևս մեկ առարկա։ Ես հասկացա այդ ու հպարտ էի, և արդեն ուզում էի վազել, գտնել տղամարդուն ու նրան պատմել իմ գյուտի մասին, որպեսզի դրանով բարձրանայի նրա աչքում, բայց, մի փոքր մտածելով, որոշեցի այդ բանը չանել։ Ոչ, դրանով նրան չես հրապուրի։ Նա կհարցնի՝ իսկ դա ինչի համար է։ Ես ի՞նչ կպատասխանեմ։ Որովհետև, եթե դա ոչ մի բանի համար պիտանի չէ, ապա պարզապես գեղեցիկ է, միայն գեղեցիկ․․․

Մի խոսքով, ես հոգոց հանեցի և չգնացի նրա ետևից, որովհետև իմ հայտնագործությունը, իրոք, ոչ մի բանի պետք չէ, դրա օգնությամբ ոչ կարելի է հյուղակ շինել, ոչ սեխի տեսակը բարելավել, ոչ պտուղների հասունացումն արագացնել․ դա միանգամայն անօգտակար բան է, դա ուղղակի հիմարություն է և դատարկ փառամոլություն, և նա, իհարկե, դրան արհամարհանքով կվերաբերվի ու մի խայթող բան կասի։ Բայց ես չէի կարող իմ հայտնագործությանը արհամարհանքով վերաբերվել։ Ես ասացի․ «Ո՜վ դու կրակ։ Ես սիրում եմ քեզ, ընտիր, նրբակարմիր ստեղծագործություն։ Սիրում եմ, որովհետև դու սքանչելի ես, և այդքանն ինձ բավական է»։ Եվ այդպես ասելով, այն սեղմել կրծքիս։ Բայց եռանդս զսպեցի։ Եվ հենց այդ պահին հորինեցի մի նոր աֆորիզմ․ ես այն հորինեցի իմ խելքով, բայց դա այնքան նման է իմ առաջին ասույթին, որ վախենում եմ՝ արդյոք դա գրագողությո՞ւն չէ․ «Այրված փորձը կրակից կվախենա»։

Ես նորից սկսեցի աշխատել, և երբ բավականաչափ մեծ կույտ հրափոշի ստացա, այն դատարկեցի մի փունջ չոր խոտի վրա․ ես ուզում էի դա տուն տանել, որպեսզի միշտ ձեռքիս տակ լիներ և ուզածս ժամանակ խաղայի հետը, բայց քամին փչեց, խոտի փունջը բոցավառվեց և այնպես սարսափելի ֆշշացրեց ինձ վրա, որ այն ձեռքիցս ցած գցեցի ու փախա։ Իսկ երբ ետ նայեցի, երկնագույն ոգին այնտեղ ոլորապտույտ քուլաներով բարձրանում էր, ճիշտ ինչպես ամպ, և նույն վայրկյանին ես այն ճանաչեցի․ դա ծուխ էր։ Բայց երդվում եմ, որ մինչև այդ պահը ես երբեք չէի լսել ծխի մասին։

Եվ համարյա նույն պահին ծխի միջից ժայթքեցին կուրացուցիչ դեղնակարմրավուն լեզուներ, և ես ակնթարթորեն դրանք անվանեցի բոց, ու, իհարկե, չսխալվեցի, թեև դա առաջին բոցն էր երկրի երեսին։ Բոցը սկսեց թռչել ծառերի վրա, վեհորեն փայլատակելով և մերթ երևալով քուլա֊քուլա բարձրացող ծխի վիթխարի ու գնալով ծավալվող քողի միջով, մերթ անհետանալով դրա ետևում, և ես ցնծության մեջ ակամայից սկսեցի ծափ տալ, ծիծաղել ու պարել․ այդ ամենն այնքան նոր էր ու այնքան սքանչելի, այնքան զարմանալի ու հիանալի։

Նա շնչակտուր վազեվազ եկավ, կանգ առավ, հայացքը սևեռեց կրակին՝ աչքերը լայն բացած, և մի հինգ֊տասը րոպե ոչ մի բառ չարտասանեց։ Հետո հարցրեց՝ սա ինչ բան է։ Ա՜հ, ինչու նա հարցը այդպես կտրուկ դրեց։ Հասկանալի է, որ ես ստիպված էի պատասխանել և պատասխանեցի։ Ասացի, որ դա կրակ է։ Եթե նրա համար հաճելի չէ, որ ստիպված է ինձ հարցնել դրա ինչ լինելը, իմ մեղքը չէ։ Ես բոլորովին չէի ուզում նրան բարկացնել։

Մի փոքր լռելուց հետո, նա հարցրեց․

― Որտեղի՞ց դա հայտնվեց։

Եվս մի ուղղակի հարց, որը նույնպիսի ուղղակի պատասխան էր պահանջում։

― Ես եմ այդ արել։

Կրակը ավելի ու ավելի էր տարածվում։ Նա մոտեցավ խանձված բացատի եզրին, կանգ առավ, նայեց գետնին և ասաց․

― Իսկ սա ի՞նչ է։

― Ածուխ։

Նա վերցրեց ածուխի մի կտոր, այն ավելի լավ զննելու համար, բայց ըստ երևույթին միտքը փոխեց ու ետ դրեց։ Հետո գնաց։ Ոչ մի բան նրան չի հետաքրքրում։

Իսկ ինձ հետաքրքրում է։ Գետնին փռված էր գորշ, փափուկ, նուրբ ու գեղեցիկ մոխիրը, և ես իսկույն հասկացա, որ դա մոխիր է։ Այնտեղ նաև կար մարմրող մոխիր։ Ես այն նույնպես իսկույն ճանաչեցի։ Եվ այնտեղ գտա իմ խնձորներն ու դրանք հանեցի մոխրից։ Խնձորների համար շատ ուրախացա․ չէ որ ես դեռ երիտասարդ եմ և լավ ախորժակ ունեմ։ Բայց հիասթափվեցի․ բոլոր խնձորները ճաքճքել էին և լիովին փչացել։ Ասենք, պարզվեց, որ դրանք փչացած էին միայն արտաքուստ, իսկ իրականում հումերից ավելի համեղ էին։ Կրակը հիանալի բան է, և ինձ թվում է, որ երբևիցե այն օգուտ կբերի։

Ուրբաթ։ ― Երկուշաբթի, ուշ երեկոյան, ես նորից նրան տեսա մեկ րոպեով, միայն մեկ րոպեով։ Հույս ունեի, թե նա ինձ կգովի այն ջանասիրության համար, որով ես մեր կալվածքը կարգի էի բերում․ չէ որ աշխատում էի առանց ձեռքերս ծալելու և լավագույն մտադրություններով, բայց նա ոչ մի բանով չարտահայտեց իր հավանությունը, շուռ եկավ ու գնաց։ Ավելին, նա դժգոհ էր և ահա թե ինչու․ ես մեկ անգամ էլ փորձեցի նրան համոզել, որ ջրվեժը չլողա֊անցնի։ Բանն այն է, որ կրակը իմ մեջ արթնացրեց նոր, միանգամայն նոր զգացում, որը բացարձակապես նման չէր ո՛չ սիրո, ո՛չ տխրության, ո՛չ էլ որևէ ուրիշ բանի, որ արդեն առիթ էի ունեցել ճաշակելու։ Ինչ կարիք կար, որ ես այն ճաշակեի։ Դա դառնացնում է իմ կյանքը, ինձ խանգարում է երջանիկ լինել, ինձ հարկադրում է դողալ, սարսռել ու ցնցվել։ Բայց ինձ չհաջողվեց նրան համոզել, որովհետև նա դեռ երկյուղ չէր զգացել և, հետևաբար, ի վիճակի չէ ինձ հասկանալու։


Ադամի օրագրից

(Հատված)


Հավանաբար, ես չպետք է մոռանամ, որ Եվան դեռ շատ երիտասարդ է, ըստ էության, աղջնակ է և իր նկատմամբ ներողամտություն է պահանջում։ Նա անչափ հետաքրքրասեր է, ամեն ինչ նրան հետաքրքրում է, կյանքը նրա մեջ հորդում է աղբյուրի նման, և նրա աչքում աշխարհը հրաշք է, մի գաղտնիք, ուրախություն, երանություն․ երբ նա նոր ծաղիկ է տեսնում, ցնծությունից չի կարողանում ոչ մի բառ արտասանել, փաղաքշում է ծաղիկը, խաղում է դրա հետ, և՛ զբոսնում է, և՛ հոտ է քաշում, և ամենաքնքուշ անուններ է տալիս դրան։ Նա նաև գույների խելագար է․ դարչնագույն ժայռերը, դեղին ավազը, գորշ մամուռը, կանաչ տերևը, կապույտ երկինքը, մարջանավարդագույն արշալույսը, մանիշակագույն ստվերները կիրճերում, ամպերի ոսկեգույն կղզյակները վերջալույսի բոսորագույն օվկիանոսում, պատառոտված ամպերի մեջ լողացող գունատ լուսինը, անհուն տարածության մեջ առկայծող աստղերի ալմաստե ցրոնքը՝ այս ամենը, որքան ես կարող եմ դատել, նվազագույն գործնական արժեք անգամ չունի, բայց քանի որ դրանում կան գույներ և վեհություն, նրա համար այդքանը բավական է, նա ուղղակի գլուխը կորցնում է։ Եթե նա կարողանար այդպես ձեռուոտ չընկնել և թեկուզ երբեմն, գոնե երկու֊երեք րոպե հանգիստ մնալ, դա արտակարգ ուրախալի տեսարան կլիներ։ Այդ դեպքում, ինձ թվում է, հաճելի կլիներ նայել նրան, նույնիսկ հավատացած եմ, որ դա ինձ համար հաճելի կլիներ, որովհետև սկսում եմ նկատել, որ նա բացառիկ սիրունատես արարած է՝ ճկուն, բարեկազմ, նրբագեղ, չափված֊ձևված, ճարպիկ, արագաշարժ, նազելի․․․ Եվ մի անգամ, երբ նա մարմնաճերմակ ու արևով ողողված, կանգնած էր մեծ քարի վրա և, գլուխը ետ գցած, ձեռքով աչքերին հովանի արած հետևում էր երկնքում ճախրող թռչունին, ես հասկացա, որ նա գեղեցիկ է։

Երկուշաբթի, կեսօր։ ― Եթե ամբողջ մոլորակի վրա կա թեկուզ մեկ առարկա, որ նրան չի հետաքրքրում, ապա ես, համենայն դեպս, չեմ կարող դրա անունը տալ։ Որոշ կենդանիներ ինձ համար զուրկ են որևէ հետաքրքրությունից, իսկ նրա համար այդպիսիք գոյություն չունեն։ Նա խտրություն չի դնում, հավասարապես պաշտում է բոլորին, դրանց գանձ է համարում և ամեն մի նոր կենդանու դիմավորում է գրկաբաց։

Երբ հսկա բրոնտոզավրը մտավ մեր ճամբարը, Եվան այն կարծիքին էր, որ դա շատ արժեքավոր ձեռքբերում է, մինչդեռ ես դա ընկալեցի որպես աղետ։ Ահա մեր հայացքների լիակատար անհամապատասխանության հիանալի օրինակ։ Նա ուզում էր ընտելացնել բրոնտոզավրին, իսկ ես ուզում էի նրան նվիրել մեր հողամասը և փոխադրվել այլ տեղ։ Եվան հավատում է, որ բրոնտոզավրի հետ լավ վարվելու դեպքում կարելի է նրան վարժեցնել և դարձնել ընտանիքի սիրված շնիկի նման մի բան, իսկ ես ասացի, որ քսանմեկ ոտնաչափ բարձրություն և ութսունչորս ոտնաչափ երկարություն ունեցող ընտանի շնիկը տնային պայմաններում այնքան էլ հարմար չէ, քանզի այդ հսկան կարող է ամենալավ մտադրությամբ պատահաբար նստել մեր տան վրա և ճզմել ու բլիթ դարձնել այն․ չէ որ հեշտությամբ կարելի էր նկատել, թե այդ հրեշն ինչքան ցրված է, բավական է միայն տեսնել նրա աչքերի արտահայտությունը։

Բայց Եվան ուզում էր, ինչ գնով էլ լինի, հրեշ ունենալ և չցանկացավ նրանից բաժանվել։ Նա որոշեց, որ մենք կարող ենք կաթնաֆերմա կազմակերպել, և ինձ խնդրում էր իրեն օգնել կթելու կենդանուն։ Բայց ես հրաժարվեցի, քանի որ դա չափազանց վտանգավոր էր։ Նախ և առաջ այդ կենդանին միանգամայն անհամապատասխան սեռի էր, և, բացի այդ, մենք դեռ հենասանդուղք չունեինք։ Այդ ժամանակ նա մտածեց գազանին հեծած շրջագայել և դիտել մերձակայքը։ Գազանի պոչը երեսուն֊քառասուն ոտնաչափ երկարությամբ փռված էր գետնին, ինչպես գետնատարած ծառ, և Եվան որոշեց, որ կկարողանա պոչի վրայով բարձրանալ հրեշի մեջքին, բայց դա նրան չհաջողվեց։ Նա կարողացավ մագլցելով բարձրանալ միայն մինչև այնտեղ, որտեղ պոչը դարձավ չափից ավելի զառիվեր, և ցած գլորվեց, որովհետև պոչը լպրծուն էր, և եթե ես ժամանակին նրան չբռնեի, նա լուրջ վնասվածքներ կստանար։

Կարծում եք, թե դրանից հետո նա հանգստացա՞վ։ Ամենևին էլ ոչ։ Նա երբեք չի հանգստանում, մինչև բոլոր հնարավորությունները չի փորձում․ փորձով չստուգված տեսությունների հետ նա գործ չունի, դրանք նրան չեն բավարարում։ Պետք է խոստովանեմ, որ դա հիանալի հատկություն է, միանգամայն իմ սրտովն է․ ես զգում եմ, որ դրանով վարակվում եմ նրանից և որ լիովին կընկալեի այդ, եթե մենք ավելի շատ շփվեինք։ Ի դեպ, այդ հսկայի վերաբերյալ նա ուներ ևս մի մտադրություն․ կարծում էր, թե մեզ կհաջողվի ընտելացնել գազանին և հարկադրել բարեկամանալ մեզ հետ, և այն ժամանակ մենք կկարողանայինք նրան կանգնեցնել գետի լայնությամբ ու նրա վրայով քայլել ինչպես կամրջի վրայով։ Բայց պարզվեց, որ նա հիմա էլ արդեն բավականաչափ ընտելացած է, համենայն դեպս, Եվային լիովին է ընտելացած, և Եվան փորձեց կենսագործել իր գաղափարը, բայց դրանից ոչինչ չստացվեց․ հենց որ նրա հրեշին անհրաժեշտ դիրքով տեղավորում էր գետի լայնությամբ և ջրից դուրս գալիս, որպեսզի փորձեր իր նոր կամուրջը, գազանն էլ իսկույն ջրից դուր էր գալիս և կրնկակոխ նրա հետևից շարժվում, ինչպես ձեռնասուն մի սար, ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր կենդանիները։ Նրանք բոլորն էլ այդպես են վարվում։

Ուրբաթ։ ― Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և այսօր՝ այս բոլոր օրերին ես չեմ տեսել նրան։ Դժվար է այսքան երկար ժամանակ միայնակ լինել, բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է լինել միայնակ, քան թե անկոչի դերում։

Սակայն ես չեմ կարող ապրել առանց ընկերության․ ինձ թվում է, որ ընկերությունը իմ տարերքն է, և ես ընկերություն եմ անում կենդանիների հետ։ Նրանք սքանչելի են, մեղմ, հաճելի բնավորություն և ամենաքաղաքավարի վարվեցողություն ունեն, երբեք մռայլ չեն լինում, երբեք ձեզ չեն հասկացնում, որ դուք անժամանակ եք ներկայացել, նրանք ձեզ ժպտում են և պոչ խաղացնում, եթե, իհարկե, պոչ ունեն, և միշտ պատրաստ են ուրախ խաղալու ձեզ հետ կամ մի փոքր էքսկուրսիա կատարելու, մի խոսքով, համաձայն են ամեն բանի, ինչ էլ որ նրանց առաջարկեք։ Ես կարծում եմ, որ նրանք իսկական ջենտլմեններ են։ Այս բոլոր օրերին մենք այնքան հիանալի ժամանակ էինք անցկացնում, և ես ոչ մի անգամ ինձ միայնակ չզգացի։ Միայնա՞կ։ Ոչ, օ՜, ոչ։ Չէ որ դրանց ամբողջ հոտեր կան շրջակայքում, երբեմն դրանք չորս֊հինգ ակր տարածություն են գրավում, ուղղակի անհնար է հաշվել, և երբ ժայռին կանգնած նայում ես շուրջդ, նայում մորթիների այդ ծովին, որ այնքա՜ն խայտաբղետ է, և՛ ուրախ, և՛ գեղեցիկ, իսկ այդ բոլոր բծերն ու շերտերը արևի տակ շողշողում են ինչպես ծածանք, կարող է թվալ, թե դա իսկապես ծով է, բայց ես հո գիտեմ, որ դա, այնուամենայնիվ, այդպես չէ։ Ժամանակ առ ժամանակ էլ հողմի նման թռչում գալիս են մտերմիկ թռչունների բազում երամներ, որոնց թևերի թափահարումից ասես փոթորիկ է բարձրանում, և երբ արեգակի ճառագայթները ճեղքում են այդ փետրավորների քաոսը, ձեր աչքի առջև փայլատակում են գույնզգույն կայծակներ, վառվում ու շողշողում են աշխարհի բոլոր գույները, և կարելի է երկա՜ր֊երկա՜ր նայել, հիանալ դրանով։

Մենք մեծ էքսկուրսիաներ էինք կատարում, և ես տեսա աշխարհի մի զգալի մասը․ ինձ նույնիսկ թվում է, թե ես տեսել եմ համարյա ամբողջ աշխարհը։ Այսպիսով, ես առաջին և առայժմ միակ ճանապարհորդն եմ երկրի երեսին։ Երբ մենք ճանապարհին ենք, դա հոյակապ տեսարան է, որը չունի իր հավասարը։ Հարմար տեղաշարժվելու համար ես սովորաբար գնում եմ վագր կամ ընձառյուծ հեծած, որովհետև նրանք փափուկ, կլորավուն մեջք ունեն, որին նստելը հաճելի է, և որովհետև դրանք շատ սիրունատես կենդանիներ են, բայց հեռավոր ճանապարհորդությունների ժամանակ կամ այն դեպքում, երբ ուզում եմ դիտել շրջակայքը, փիղ եմ հեծնում։ Փիղն իր կնճիթով ինձ նստեցնում է մեջքին, իսկ իջնել ես կարողանում եմ նաև առանց կողմնակի օգնության․ երբ մենք որոշում ենք դադար առնել, փիղը նստում է, և ես գետին եմ իջնում, այսպես ասած, ետնամասից։

Բոլոր թռչուններն ու բոլոր կենդանիները ընկերություն են անում միմյանց հետ, և նրանց միջև երբեք ոչ մի տարաձայնություն չի ծագում։ Նրանք բոլորը խոսել գիտեն և խոսում են ինձ հետ, բայց դա, հավանորեն, որևէ օտար լեզու է, որովհետև ես ոչ մի բառ չեմ հասկանում։ Սակայն նրանք հաճախ հասկանում են, երբ ես նրանց որևէ բան եմ ասում, ինձ հատկապես լավ են հասկանում շունն ու փիղը, և այդպիսի դեպքերում ես միշտ էլ խիստ ամաչում եմ․ չէ որ դա ցույց է տալիս, որ նրանք ինձանից խելոք են, և ես պետք է ընդունեմ նրանց գերազանցությունը։ Դա վիրավորական է, որովհետև ես ուզում եմ գլխավոր լինել և, այնուամենայնիվ, հուսով եմ, որ այդպիսին կլինեմ։

Ես արդեն բավական տարբեր բաներ գիտեմ և հիմա դարձել եմ կրթված, մի բան, որ առաջ իմ մասին ոչ մի կերպ չէր կարելի ասել։ Սկզբում կատարյալ տգետ էի։ Այն ժամանակ որքան էլ գլուխ էի ջարդում, ոչ մի կերպ չէի կարողանում հետևել, թե երբ է ջրվեժը սարն ի վեր ետ վազում․ դրա համար ես չունեի բավականաչափ ըմբռնություն, և ինձ համար շատ ցավալի էր, բայց հիմա հանգստացել եմ։ Ես հետևում ու համադրում էի, և հիմա գիտեմ, որ ջուրը երբեք սարն ի վեր չի վազում լույսով, այլ միայն այն ժամանակ, երբ մութ է։ Ես հասկացա, որ այդ բանն արվում է խավարում, որովհետև լիճը չի ցամաքում, իսկ չէ որ, եթե ջուրը գիշերը չվերադառնար իր տեղը, լիճը անպայման կցամաքեր։ Բոլորից լավը ամեն բան փորձով ստուգելն է․ այդ դեպքում իսկապես կարելի է գիտելիքներ ձեռք բերել, մինչդեռ ենթադրություններ անելով և մտահանգումներ կատարելով երբեք չես դառնա հարկ եղածին պես կրթված մարդ։

Որոշ բաներ հասկանալ անհնար է, բայց դուք այնքան ժամանակ չեք հասկանա, որ դրանք անճանաչելի են, քանի դեռ կփորձեք դրանք կռահել և զանազան ենթադրություններ անել․ ո՛չ, դուք պետք է զինվեք համբերությամբ և փորձեր կատարեք, մինչև հայտնագործեք, որ ոչ մի բան հայտնագործել չի կարելի։ Եվ չէ որ հենց այդ է հիանալի, այդ ժամանակ աշխարհը արտակարգ հետաքրքիր է դառնում։ Իսկ եթե հայտնագործելու բան չլիներ, կյանքը կդառնար տխուր։ Եվ, ի վերջո, երբ աշխատում ես հայտնագործել, բայց ոչինչ չես հայտնագործում, նույնպես հետաքրքիր է, գուցե նույնիսկ ավելի հետաքրքիր, քան այն, երբ աշխատում ես հայտնագործել և հայտնագործում ես։ Ջրվեժի գաղտնիքը մի իսկական գանձ էր, քանի դեռ ես այն չէի հայտնագործել, որից հետո ամբողջ հետաքրքրությունս կորավ, և ինձ ծանոթ դարձավ կորստի զգացումը։

Փորձերի միջոցով ես պարզեցի, որ ծառը, ինչպես նաև չոր տերևները, փետուրները և էլի մեծ քանակությամբ զանազան առարկաներ լողում են․ այստեղից, ընդհանրացում անելով, կարելի հանգել այն հետևության, որ ժայռը նույնպես պետք է լողա, բայց ստիպված եմ լոկ ընդունել դա, որովհետև փորձով այդ ապացուցելու ոչ մի հնարավորություն չկա․․․ առայժմ։ Իհարկե, դրա համար էլ ես մի եղանակ կգտնեմ, բայց այդ դեպքում ամբողջ հետաքրքրությունը կկորչի։ Այդ մասին մտածելիս տխրում եմ, չէ որ աստիճանաբար ամեն բան կհայտնագործեմ և այն ժամանակ հուզվելու առիթ չի լինի, իսկ ես հուզվել շատ եմ սիրում։ Անցյալ գիշեր ոչ մի կերպ չկարողացա քնել, շարունակ այդ մասին էի մտածում։

Առաջ չէի կարողանում հասկանալ, թե ինչի համար եմ լույս աշխարհ եկել, բայց հիմա ինձ թվում է, որ հասկացել եմ՝ նրա համար, որ բացահայտեմ հրաշքներով լի այս աշխարհի գաղտնիքները ու երջանիկ լինեմ և շնորհակալություն հայտնեմ Արարչին, որ նա այս աշխարհը ստեղծել է։ Կարծում եմ, դեռ շատ ու շատ գաղտնիքներ կան, որ պետք է իմանամ, և հուսով եմ, որ դա այդպես է․ ու եթե զգույշ գործեմ և չափից դուրս չշտապեմ, դրանք, իմ կարծիքով, պետք է բավական լինեն ոչ մեկ շաբաթվա համար․ հուսով եմ, որ այդպես է։ Եթե փետուրը վերև նետեք, այն կճախրի օդում և կանհետանա տեսադաշտից։ Իսկ եթե կավի կոշտուկը վերև նետեք, այդպիսի բան չի լինի։ Կոշտուկը ամեն անգամ գետին կընկնի։ Ես կրկին ու կրկին փորձել եմ և ամեն անգամ նույնն է ստացվում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այդպես։ Իհարկե, ես հասկանում եմ, որ իրականում այն չի ընկնում, բայց ինչու պետք է անպայման այդպես թվա։ Հավանաբար, դա տեսողական խաբկանք է։ Այսինքն ուզում եմ ասել, որ այդ երկու երևույթներից մեկը տեսողական խաբկանք է։ Իսկ թե հատկապես որը, չգիտեմ։ Գուցե փետուրի դեպքում, գուցե կավակոշտուկի դեպքում․ ես չեմ կարող ապացուցել ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, ես կարող եմ միայն երկուսն էլ ցուցադրել, և պարզ կլինի, որ երկուսից մեկը խաբկանք է, իսկ թե հատկապես որը՝ յուրաքանչյուրը կարող է որոշել իր հայեցողությամբ։

Իմ դիտումներից գիտեմ, որ աստղերը հավերժական չեն։ Ես տեսել եմ, թե ինչպես որոշ աստղեր, ամենագեղեցիկները, հանկարծ սկսել են հալվել և երկնակամարի վրայով ցած գլորվել։ Բայց եթե մեկը կարող է հալվել, ուրեմն կարող են հալվել նաև բոլորը, իսկ եթե հալվել կարող են բոլորը, ուրեմն դրանք բոլորն էլ կարող են հալվել մեկ գիշերվա ընթացքում։ Եվ այդ դժբախտությունը երբևիցե տեղի կունենա, ես դա գիտեմ։ Եվ որոշել եմ ամեն գիշեր նստել ու նայել աստղերին այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանամ քունս հաղթահարել․ կաշխատեմ հիշողությանս մեջ տպավորել այդ ամբողջ շողշողացող տարածությունը, որպեսզի, երբ աստղերն անհետանան, կարողանամ երևակայությանս միջոցով վերադարձնել երկնքի սև գմբեթի վրա առկայծող այդ բյուրավոր կրակները և դրանց ստիպել, որ նորից շողշողան այնտեղ, երկատվելով իմ արցունքների վճիտ բյուրեղում։


Մեղսագործությունից հետո

Երբ հետ եմ նայում, ինձ թվում է, թե մեր այգին երազումս եմ տեսել։ Այն հիանալի էր, անհամեմատելիորեն հիանալի, զմայլելիորեն հիանալի, իսկ այժմ մեզ համար կորած է, ու այլևս երբեք ես այն չեմ տեսնի։

Այգին կորած է հավիտյան, բայց ես գտա Ադամին և գոհ եմ։ Նա ինձ սիրում է ինչպես կարող է, ես նրան սիրում եմ իմ կրքոտ խառնվածքի ամբողջ ավյունով, ինչպես որ, թվում է, վայել է իմ տարիքին ու սեռին։ Երբ ինձ հարց եմ տալիս, թե ինչու եմ նրան սիրում, ինձ համար պարզ է, որ ես այդ բանը չեմ հասկանում ու, ճիշտն ասած, առանձնապես չեմ էլ ձգտում հասկանալ․ այդպիսի սերը, իմ կարծիքով, ընդհանուր ոչինչ չունի ո՛չ դատողությունների, ո՛չ էլ վիճակագրության հետ, ինչպես որ սերը մյուս սողունների կամ կենդանիների նկատմամբ։ Այո, հավանաբար ամբողջ բանն էլ հենց այդ է։ Որոշ թռչունների սիրում եմ նրանց երգի համար, բայց Ադամին սիրում եմ ամենևին ոչ այն բանի համար, թե նա ինչպես է երգում, ո՛չ, դրա համար չէ։ Որքան շատ է նա երգում, այնքան քիչ դա ինձ դուր գալիս։ Այնուամենայնիվ, ես նրան խնդրում եմ երգել, որովհետև ուզում սիրել սովորել այն ամենը, ինչը նրան դուր է գալիս, և հավատացած եմ, որ կսովորեմ, չէ որ սկզբում բնավ չէի կարողանում տանել նրա երգերը, իսկ հիմա արդեն կարողանում եմ։ Նրա երգելուց կաթը թթվում է, բայց դա էլ նշանակություն չունի, մածունին էլ կարելի է ընտելանալ։

Ես նրան սիրում եմ ոչ իր խելամտության համար․ ո՛չ, դրա համար չէ։ Ինչպիսին էլ որ նա լինի՝ իր մեղքը չէ, չէ որ նա ինքը չի ստեղծել իրեն։ Նա այնպիսին է, ինչպես տերն է նրան ստեղծել, և դա ինձ լիովին բավարարում է։ Այստեղ հատուկ իմաստնություն է հանդես բերվել, ես դրանում միանգամայն հավատացած եմ։ Ժամանակի ընթացքում նրա մտավոր կարողությունները կզարգանան, թեև կարծում եմ, որ դա միանգամից չի կատարվի։ Շտապելու կարիք չկա։ Այդպես էլ նա բավականաչափ լավն է։

Ես նրան սիրում եմ ո՛չ այն բանի համար, որ նա քաղաքավարի է, հոգատար և զգայուն, ո՛չ այդ տեսակետից նա թերություններ ունի, բայց, չնայած դրանց, նա բավականաչափ լավն է և, բացի այդ, արդեն սկել է կամաց֊կամաց ուղղվել։

Ես նրան սիրում եմ ո՛չ այն բանի համար, որ նա աշխատասեր է, ո՛չ, դրա համար չէ։ Ինձ թվում է, որ նա այդ հատկությունն ունի, և ես չեմ հասկանում, թե ինչու է նրան հարկավոր դա ինձանից թաքցնել։ Ահա՛ միակ բանը, որ ինձ վշտացնում է։ Մնացած ամեն բանում նա հիմա ինձ հետ լիովին անկեղծ է։ Ես հավատացած եմ, որ բացի դրանից, նա ոչ մի բան ինձանից չի թաքցնում։ Ինձ վշտացնում է, որ նա անհրաժեշտ է համարում ինչ֊որ բան ինձանից ծածուկ պահել, և երբեմն երկար ժամանակ քնել չեմ կարողանում, շարունակ այդ մասին եմ մտածում։ Բայց ես ինձ կստիպեմ այդ մտքերը գլխիցս դուրս գցել․ չէ՞ որ, բացի դրանցից, ուրիշ ոչ մի բան չի մթագնում իմ երջանկությունը։

Ես նրան սիրում եմ ոչ այն բանի համար, որ նա շատ կրթված է, ո՛չ, դրա համար չէ։ Նա ինքնուս է և իսկապես անհամար զանազան բաներ գիտի, բայց միայն թե ոչ այնպես, ինչպես հարկն է։

Ես նրան սիրում եմ ոչ այն բանի համար, որ նա ասպետորեն ազնիվ է, ո՛չ, դրա համար չէ։ Նա ինձ մատնեց, բայց ես նրան չեմ մեղադրում, ինձ թվում է, որ դա նրա սեռի հատկությունն է, բայց չէ որ նա ինքը չի ստեղծել իր սեռը։ Իհարկե, ես ավելի շուտ կմեռնեի, բայց երբեք նրան չէի մատնի, սա էլ իմ սեռի առանձնահատկությունն է, և ես դա չեմ համարում իմ առավելությունը, քանի որ ես չեմ ստեղծել իմ սեռը։

Ուրեմն, ինչու եմ ես նրան սիրում։ Հավանաբար, պարզապես այն պատճառով, որ նա տղամարդ է։

Հոգու խորքում նա բարի է, և դրա համար եմ ես նրան սիրում, բայց եթե այդպես չլիներ, միևնույն է, ես նրան կսիրեի։ Եթե նա սկսեր ինձ նախատել և ծեծել, միևնույն է, ես կշարունակեի նրան սիրել։ Ես այդ գիտեմ։ Ինձ թվում է, բանը միայն այն է, որ իմ սեռն է այդպիսին։

Նա ուժեղ է և գեղեցիկ, և դրա համար եմ ես նրան սիրում, և՛ հիանում եմ, և՛ հպարտանում եմ եմ նրանով, բայց, միևնույն է, ես նրան կսիրեի, եթե նույնիսկ նա այդպիսին չլիներ։ Եթե նա արտաքինով լավն էլ չլիներ, միևնույն է, ես նրան կսիրեի, եթե նա խեղանդամ էլ լիներ, ես նրան կսիրեի, և՛ կաշխատեի նրա համար, և՛ նրա ստրուկը կլինեի, և՛ կաղոթեի նրա համար, և՛ արթուն կնստեի նրա մահճի մոտ՝ քանի դեռ ողջ եմ։

Այո, կարծում եմ, որ նրան սիրում եմ պարզապես այն պատճառով, որ նա իմն է, և այն պատճառով, որ նա տղամարդ է։ Ուրիշ պատճառ, ինձ թվում է, գոյություն չունի։ Ուստի և, հավանաբար, հենց սկզբից էլ ես ճիշտ էի վճռել՝ այդպիսի սերը ընդհանուր ոչինչ չունի ո՛չ դատողությունների, ո՛չ էլ վիճակագրության հետ։ Այն պարզապես գալիս է բացարձակապես հայտնի չէ թե որտեղից, և դա անհնար է բացատրել։ Ասենք, բացատրելու կարիք էլ չկա։

Այսպես եմ ես կարծում։ Բայց չէ որ ես սոսկ կին եմ, համարյա երեխա, ընդսմին առաջին կինը, որը փորձում է գլուխ հանել այդ հարցից, և շատ հավանական է, որ իմ անփորձության ու անգիտության պատճառով սխալ հետևության եմ հանգել։


Քառասուն տարի անց

Իմ միակ ցանկությունը և ջերմեռանդ աղերսանքն այն է, որ մենք կարողանանք այս աշխարհից հեռանալ միասին, և այս աղերսանքը հավիտյան կհնչի երկրի երեսին, բոլոր ժամանակներում այն կապրի յուրաքանչյուր սիրող կնոջ սրտում, և այն կկոչեն Եվայի աղոթք։

Բայց եթե մեզանից մեկը պետք է առաջինը հեռանա այս աշխարհից, թող դա ես լինեմ, և այդ մասին է իմ աղերսանքը, որովհետև նա ուժեղ է, իսկ ես թույլ եմ, և ես այնպես անհրաժեշտ չեմ նրան, ինչպես նա՝ ինձ, առանց նրա կյանքն ինձ համար կյանք չէ․ ես ինչպե՞ս եմ քարշ տալու իմ գոյությունը։ Այս աղերսանքը ևս հավիտենական կլինի և կբարձրանա երկինք, քանի դեռ երկրի երեսին ապրում է մարդկային ցեղը։ Ես առաջին կինն եմ երկրի երեսին և կկրկնվեմ վերջին կնոջ մեջ։

Եվայի գերեզմանի մոտ

Ադամ։ Այնտեղ, որտեղ նա կար, Դրախտն էր։


Հատված Եվայի ինքնակենսագրությունից

Սեր, անդորր, հաշտություն, անսահամանորեն խաղաղ երջանկություն՝ այսպես գիտեինք մենք կյանքը դրախտի այգում։ Ապրելը հաճույք էր։ Թռչող ժամանակը չէր թողնում ոչ մի հետք՝ ո՛չ տառապանք, ո՛չ զառամություն, հիվանդությունները, վիշտը, հոգսը տեղ չունեին Եդեմում։ Դրանք թաքնված էին նրա պարսպից դուրս, բայց ներս թափանցել չէին կարողանում։ Բոլոր օրերը այնտեղ նման էին միմյանց, և դրանցից յուրաքանչյուրը անսահման ցնծություն էր։

Իսկ որքա՜ն հետաքրքիր բաներ կային այնտեղ։ Չէ որ մենք երեխաներ էինք և անգետ երեխաներ։ Այժմ անհնար է անգամ պատկերացնել, թե որքան անգետ էինք մենք։ Մենք ոչինչ չգիտեինք, բացարձակապես ոչինչ։ Մենք ստիպված էինք սկսել ամենասկզբից։ Մենք պետք է սովորեինք ամբողջը ի սկզբանե։ Այժմ չորս տարեկան երեխան հիանալի հասկանում է այն, ինչի մասին մենք պատկերացում չունեինք նույնիսկ երեսուն տարեկանում։ Չէ որ մենք անդայակ և անուսուղիչ երեխաներ էինք։ Ոչ ոք մեզ ոչինչ չէր բացատրում։ Մենք բառարան չունեինք և չգիտեինք՝ ճիշտ ենք գործածում բառերը թե ոչ․ մենք նախապատվությունը տալիս էինք երկար բառերին, բայց, ինչպես հիմա գիտեմ, մեզ դուր էին գալիս դրանց հնչեղությունն ու պատկառելիությունը, իսկ իրականում հաճախ անգամ նվազագույն պատկերացում չունեինք, թե դրանք, ըստ էության, ինչ են նշանակում։ Իսկ մեր ուղղագրությունը մի աներևակայելի բան էր։ Բայց այդպիսի մանրուքները մեզ ամենևին չէին անհանգստացնում։ Մենք ուզում էինք կուտակել ավելի մեծ թվով շքեղ բառեր, իսկ թե ինչ եղանակով՝ դա կարևոր չէր։

Բայց ամեն բանից ավելի մեզ դուր էր գալիս սովորելը, մեր տեսած բոլոր իրերի ու երևույթների պատճառները, բնույթն ու դերն իմանալը, ուսումնասիրելը․ դա իսկական կիրք էր։ Ադամը թե՛ հակումներով, թե՛ բնավորությամբ իսկական գիտնական էր, առանց կեղծ համեստության ես կարող եմ նույնը ասել նաև իմ մասին, և մենք սիրում էինք մեզ կոչել այդ վեհ բառով։ Մեզանից յուրաքանչյուրը տենչում էր գիտական հայտնագործություններով գերազանցել մյուսին, և այդ բարեկամական մրցակցությունը մեզ խթանում էր, թույլ չէր տալիս անգործության մատնվել ու տարվել դատարկ բավականությունների որոնմամբ։

Մեր կատարած առաջին հիշարժան գիտական հայտնագործությունը այն օրենքն էր, ըստ որի ջուրը և դրա նման հեղուկները հոսում են դեպի ցած, այլ ոչ թե դեպի վեր։ Այդ հայտնագործությունն արեց Ադամը։ Շատ օրերի ընթացքում նա գաղտնի կատարում էր իր փորձերը և դրանց մասին ինձ ոչինչ չէր ասում, որովհետև ուզում էր նախ վերջնականապես համոզվել։ Ես գիտեի, որ նրա հիանալի ուղեղը զբաղված է մի ինչ֊որ կարևոր հարցի լուծմամբ, որովհետև նա անհանգիստ էր քնում և գիշերները շարունակ շուռումուռ էր գալիս անկողնում։ Բայց, վերջապես, նրա վերջին տարակուսանքները ցրվեցին, և ամեն ինչ ինձ պատմեց։ Ես ուղղակի չէի կարողանում նրան հավատալ, այնքան տարօրինակ էր դա թվում։ Իմ զարմանքը նրա պարգևն էր, նրա հաղթանակը։ Նա ինձ տանում էր առվակից֊առվակ, մենք զննեցինք մի քանի տասնյակ առվակներ, անվերջ կրկնելով․ «Ահա՛, տեսնո՞ւմ ես, նա հոսում է բլրակից։ Ամեն անգամ դրանք ցած էին վազում և դրանցից ոչ մեկը չի վազում վերև, բլուրնիվեր։ Իմ ենթադրությունը ճիշտ է։ Բոլոր փաստերը հաստատում են այդ։ Դա ապացուցված է։ Ոչ մի բան չի կարող այն հերքել»։ Որքան հաճելի էր տեսնել այն ուրախությունը, որ նրան պատճառել էր իր մեծ հայտնագործությունը։

Հիմա մի երեխա էլ չի գտնվի, որը զարմանա, տեսնելով, որ ջուրը հոսում է բլրից ցած, այլ ոչ թե բլուրնիվեր։ Բայց այն ժամանակ դա շշմեցնող ու անհավանական բան էր թվում։ Գիտեք ինչ, ես այդ հասարակ երևույթը անգիտակցաբար դիտել եմ իմ ստեղծման պահից, բայց երբեք դրան ուշադրություն չեմ դարձրել։ Միանգամից չէ, որ ես ընտելացա այդ մտքին ու հարմարվեցի դրան, և այդ բանից հետո դեռ երկար ժամանակ հենց որ հոսող ջուր էի տեսնում, ակամայից սկսում էի հետևել, թե այն ուր է հոսում, ակնկալելով, թե ուր որ է կհայտանաբերեմ մի բացառություն Ադամի օրենքից, բայց ի վերջո, վերջնականապես համոզվեցի և հիմա շատ կզարմանամ ու կշփոթվեմ, եթե հանկարծ տեսնեմ մի ջրվեժ, որը թափվի վերև, այլ ոչ թե ներքև։ Գիտելիքները ծանր աշխատանքով են ձեռք բերվում։ Գիտության ոչ մի մասնիկ ձրի չի տրվում մեզ։

Այդ օրենքը Ադամի առաջին նշանակալից ավանդն էր գիտության մեջ և երկու հարյուրամյակից ավելի նրա անունն էր կրում՝ «Ադամի օրենքը հեղուկների հոսքի մասին»։ Ադամի տրամադրությունը միշտ կարելի էր բարձրացնել, եթե նրա ներկայությամբ, իբր թե, պատահաբար, այդ օրենքի մասին մի երկու֊երեք գովասանական բառ արտասանեիր։ Չեմ թաքցնում, որ նա անչափ հպարտանում էր իր հայտնագործությամբ, բայց չէր գոռոզանում։ Սնապարծությունը նրան միշտ խորթ էր, նա այնքան լավն էր, սիրալիր ու բարեսիրտ։ Նա, ձեռքը սրտնեղությամբ թափահարելով, սովորաբար պատասխանում էր, թե դատարկ բան է, թե մեկ ուրիշ գիտնական անպայման կհայտնագործեր նույն բանը։ Եվ, այնուամենայնիվ, եթե որևէ եկվոր նրա հետ հանդիպում ունենալիս անքաղաքավարությամբ մոռանում էր հիշատակել այդ օրենքի մասին, մենք միշտ նկատում էինք, որ նա երկրորդ անգամ հրավեր չէր ստանում։ Մի երկու հարյուրամյակ հետո տարակուսանքներ ծագեցին, թե իրականում ով է հայտնագործել այդ օրենքը․ գիտական ընկերությունները կես դարից ավելի վիճում էին, և այդ հայտնագործության պատիվը շնորհեցին նորերից մեկին։ Դա դաժան հարված էր։ Ադամը այդպես էլ չկարողացավ այդ հարվածից ուշքի գալ։ Վեց հարյուր տարի այդ վիշտը կրծում էր նրա սիրտը, և ես համոզված եմ, որ դա էլ նրան գերեզման տարավ։ Հասկանալի է, որ մինչև իր կյանքի վերջը նա թագավորներից և մյուս բոլոր մարդկանցից վեր էր կանգնած որպես Առաջին Մարդ, և վայելում էր այն բոլոր մեծարանքները, որոնց իրավունքը տալիս էր այդ տիտղոսը, բայց այդ պատիվները չէին կարող փոխհատուցել այդչափ վշտալի կորուստը, որովհետև իսկական գիտնական էր, առաջին գիտնականը երկրի վրա, և նա շատ անգամ է ինձ խոստովանել, որ եթե հեղուկների հոսքի օրենքի առաջին հայտնագործողի իր փառքը պահպանվեր, ինքը կհամաձայներ համարվել իր սեփական որդին և Երկրորդ Մարդը։ Ես նրան մխիթարում էի ինչպես կարող էի։ Ասում էի, որ նրա համբավը, Առաջին Մարդու համբավը հավիտենական է, բայց կգա ժամանակը, երբ ջուրը դեպի ցած հոսելու օրենքի կեղծ հայտնագործողի անունը կմոռացվի, կչքվի և կանհետանա երկրի երեսից։ Եվ ես դրան հավատում եմ։ Ես երբեք չեմ դադարել դրան հավատալուց։ Իհարկե, այդ օրը կգա։

Իր հաջորդ մեծ հաղթանակով գիտությունը ինձ է պարտական։ Այսինքն, ես եմ պարզել, թե կաթն ինչպես է մտել կովի մեջ։ Մենք երկուսով երկար ժամանակ գլուխ էինք ջարդում այդ գաղտնիքը պարզելու համար։ Տարիներ շարունակ կրնկակոխ շրջում էինք կովերի ետևից, իհարկե, ցերեկը, բայց ոչ մի անգամ չտեսանք, որ նրանք այդ գույնի հեղուկ խմեին։ Ուստի մենք, վերջապես, հանգեցինք այն հետևության, որ նրանք կաթը հայթայթում են գիշերները։ Այդ ժամանակ մենք սկսեցինք հերթով նրանց հետևել գիշերները։ Արդյունքը դարձյալ նույնն էր լինում՝ հանելուկը մնում էր չլուծված։ Սկսնակներից այլ եղանակներ չէր էլ կարելի սպասել, իսկ այժմ, իհարկե, դժվար չէր նկատել, թե դրանք որքան ոչ գիտական էին։ Սակայն ժամանակի ընթացքում փորձը մեզ ավելի հուսալի գործելակերպ հուշեց։ Մի անգամ գիշերը, երբ ես պառկած, մտազբաղ դիտում էի աստղերը, իմ գլում մի սքանչելի միտք ծագեց, և ես տեսա, թե դա ինչպես կարելի է անել։ Ես արդեն ուզում էի արթնացնել Ադամին և ամեն բան նրան պատմել, բայց ինձ զսպեցի և գաղտնիքս չհայտնեցի։ Մինչև առավոտ աչք փակել չկարողացա։ Հենց որ լուսաբացի առաջին ճառագայթը շողաց, ես անաղմուկ դուրս սողացի և, անտառի խորքում գտնելով մի կանաչ բացատ, այն ցանկապատեցի, ապա այդ ապահով փարախում փակեցի մի կով։ Ես նրան մաքուր կթեցի և թողեցի այնտեղ գերության մեջ։ Նա խմելու ոչինչ չուներ․ նա կա՛մ պետք է կաթ ստեղծեր ինչ֊որ գաղտնի կերպով, կա՛մ էլ այդպես կթած մնար։

Ամբողջ օրը հանգիստ չունեի և բոլոր հարցերին պատասխանում էի անպատեհորեն, որովհետև միայն մի փորձի մասին էի մտածում։ Բայց Ադամը զբաղված էր բազմապատկման աղյուսակի հայտնագործությամբ, և ոչինչ չնկատեց։ Մայրամուտից քիչ առաջ նա արդեն պարզել էր, որ վեց անգամ ինը հավասար է քսանյոթի, և քանի դեռ այդ հայտնագործությամբ արբած նա մոռացել էր իմ գոյության և աշխարհում ամեն բանի մասին, ես գաղտագողի գնացի իմ կովի մոտ։ Հուզմունքից ու անհաջողության մատնվելու երկյուղից ձեռքերս այնպես էին դողում, որ մի քանի րոպե չէի կարողանում ինչպես հարկն է բռնել կովի պտուկները։ Բայց, վերջապես, դա ինձ հաջողվեց, և․․․ կաթը ցայտեց։ Երկու գալոն։ Երկու գալոն, չնայած որ կաթ պատրաստելու համար կովը ոչ մի հյութ չէր ընդունել։ Եվ ես իսկույն գտա դրա բացատրությունը․ կովը բերանով չէր կուլ տալիս կաթը, այն օդից կոնդենսացվում էր կովի մորթու վրայի մազերի միջոցով։

Ես վազեվազ գնացի Ադամին այդ ամենը պատմելու, և նա էլ ինձ նման երջանիկ էր ու անասելի հպարտանում էր ինձանով։

Հետո նա հանկարծ ասաց․ «Գիտես, դու ոչ թե մեկ, այլ ամբողջ երկու կարևոր ու բազմախոստում ավանդ ես ներդրել գիտության մեջ։

Եվ դա ճիշտ էր։ Կատարելով մի շարք փորձեր, մենք արդեն վաղուց համոզվել էինք, որ մթնոլորտային օդը անտեսանելի վիճակում գտնվող կախույթաջուր է, իսկ ջուրը կազմված է ջրածնից ու թթվածնից, ըստ որում երկու մաս ջրածնին ընկնում է մեկ մաս թթվածին, որն արտահայտվում է H₂O բանաձևով։ Իմ հայտնագործությունն ապացուցեց, որ գոյություն ունի ևս մի բաղադրամաս՝ կաթը, և մենք ճշտեցինք բանաձևը՝ H₂OԿ։


Հատվածներ Եվայի օրագրերից, որոնք մտցված են նրա ինքնակենսագրության մեջ

Եվս մի հայտնագործություն։ Մի առիթով նկատեցի, որ Ուիլյամ Մակ Քինլին[1] իսկական հիվանդի տեսք ունի։ Դա ամենառաջին առյուծն է, և ես հենց սկզբից նրան շատ կապվեցի։ Ես զննեցի խեղճին, փնտրելով նրա տկարության պատճառը, և պարզեցի, որ նրա բկին կանգնել է մի գլուխ չծամված կաղամբ։ Այն դուրս քաշել չկարողացա, ուստի ավելից հանեցի մի փայտիկ և դրանով կաղամբը ներս հրեցի։ Ուիլյամ Մաք Քինլին անմիջապես թեթևություն զգաց։ Նրանով զբաղվելիս ես ստիպում էի երախը լայն բացել, որպեսզի ինձ համար ավելի հարմար լիներ ներս նայել, և նկատեցի, որ նրա ատամներն ինչ֊որ տարօրինակ են։ Եվ ահա հիմա ես դրանք ուշադիր գիտական զննման ենթարկեցի ու մեծագույն զարմանքով հայտնագործեցի հետևյալը․ առյուծը բուսակեր չէ, նա գիշակեր գազան է։ Համենայն դեպս, նա պատրաստվում է դառնալ գիշակեր գազան։

Ես վազեցի Ադամի մոտ և այդ մասին հաղորդեցի նրան, բայց նա, իհարկե, միայն քմծիծաղ տվեց և ասաց․

― Իսկ նա լեշ որտե՞ղ կգտնի։

Ես հարկադրված էի խոստովանել, որ այդ չգիտեմ։

― Հիանալի է։ Ուրեմն, դու ինքդ տեսնում ես, որ դա զուտ երևակայություն է։ Լեշը ուտելու համար չի նախատեսված, այլապես այն ի վերուստ կառաքվեր։ Քանի որ ի վերուստ առաքված լեշ գոյություն չունի, այստեղից անհերքելիորեն հետևում է, որ աշխարհաստեղծման պլանի մեջ գիշակեր արարածներ մտցված չեն եղել։ Սա տրամաբանական է, այնպես չէ՞։

― Տրամաբանական է։

― Այս դատողության մեջ կա՞, արդյոք, որևէ բռնազբոսիկ բան։

― Ոչ։

― Լավ։ Այդ դեպքում դու ինչո՞վ կարող ես դրան առարկել։

― Նրանով, որ գոյություն ունի տրամաբանությունից բարձր մի բան։

― Մի՞թե։ Իսկ դա ի՞նչն է։

― Փաստերը։

Ես մոտ կանչեցի պատահած առաջին առյուծին և նրան հրամայեցի բանալ երախը։

― Հապա նայիր քամուց պաշտպանված վերին ծնոտը, ― ասացի ես։ ― Մի՞թե առջևի այս երկար ատամը ժանիք չէ։

Նա զարմացավ և վճռականորեն ու ծանրակշիռ ասաց․

― Երդվում եմ իմ լուսապսակով, որ դա ժանիք է։

― Իսկ սրա հետևի այն չո՞րսը։

― Մանր սեղանատամներ են, եթե դատողությունն ինձ չի դավաճանում։

― Իսկ դրանց հետևի այն երկո՞ւսը։

― Սեղանատամներ են կամ ես ընդունակ չեմ աչքաչափով տարբերել սեղանատամը անցյալ ժամանակի ածական դերբայից։ Ես այլևս առարկելու ոչինչ չունեմ։ Վիճակագրությունը չի կարող սխալվել՝ այս գազանը բուսակեր չէ։

Այ նա միշտ այդպիսին է՝ ո՛չ մանրախնդրություն, ո՛չ նախանձ, միայն արդարամտություն և մեծահոգություն։ Ապացուցեք նրան որևէ բան, և նա անմիջապես ու առանց մազաչափ վիրավորվելու կխոստովանի, որ ինքը իրավացի չի եղել։ Չգիտեմ, արդյոք, ես արժանի՞ եմ այդ սքանչելի երիտասարդին, որն այնքա՜ն գեղեցիկ է ու ազնիվ։

Դա տեղի ունեցավ անցյալ շաբաթ։ Դրանից հետո մենք հետազոտեցինք շատ կենդանիների և համոզվեցինք, որ այս տեղերում կան գիշակեր գազաններ, թեև առաջ մենք այդ բնավ չէինք նկատում։ Եվ ահա հիմա, չգիտես ինչու, շատ տխուր է նայել բենգալական փառահեղ առյուծին, որը գետնամորի ու սոխ է խժռում․ դա ինչ֊որ չի համապատասխանում նրա էությանը, թեև առաջ ես նման բան չեմ զգացել։

(Ավելի ուշ)։ Այսօր մենք անտառում Ձայն լսեցինք։

Երկար ժամանակ փնտրում էինք նրան, բայց այդպես էլ չգտանք։ Ադամն ասաց, որ այդ Ձայնը առաջ էլ է լեսել, բայց երբեք չի տեսել նրան, թեև շատ մոտ է գտնվել։ Ադամի կարծիքով, այդ Ձայնը օդի նման է և այն տեսնել հնարավոր չէ։ Ես Ադամին խնդրեցի պատմել ամեն բան, ինչ գիտեր դրա մասին, բայց նա համարյա ոչինչ չգիտեր։ Դա Այգու Տիրակալն է, ասաց նա, որը իրեն հրամայել է խնամել ու պահպանել Այգին, և մեկ էլ Ձայնը ասել է, թե կա մի ծառ, որի պտուղը չպետք է ուտենք, եթե կերանք, անպայման կմեռնենք։ Մեր մահը անխուսափելի կլինի։ Դրանից ավելի Ադամը չգիտեր։ Ես ուզեցի տեսնել այդ ծառը, և մենք երկար ու անչափ հաճելի մի ճանապարհով գնացինք ու հասանք մեկուսի և շատ գեղեցիկ մի վայր, որտեղ աճում էր այդ ծառը․ այնտեղ նստեցինք գետնին, և երկար ժամանակ դիտում էինք ծառն ու զրուցում։ Ադամն ասաց, որ դա չարն ու բարին իմանալու ծառն է։

― Չարն ու բարի՞ն։

― Այո՛։

― Իսկ դա ի՞նչ է։

― Ի՞նչ «դա»։

― Դե, հենց դա։ Ի՞նչ բան է «բարին»։

― Չգիտեմ։ Ի՞նչ իմանամ։

― Լավ, իսկ «չա՞րը»։

― Երևի մի որևէ առարկայի անուն է, բայց չգիտեմ ինչ առարկայի։

― Ադամ, բայց չէ որ դու պետք է դրա մասին գոնե որոշ պատկերացում ունենաս։

― Իսկ ինչո՞ւ։ Ես այն երբեք չեմ տեսել, ինչպե՞ս կարող եմ նրա մասին պատկերացում ունենալ։ Իսկ քո կարծիքով դա ի՞նչ է։

― Իհարկե, ես ոչինչ չէի կարող նրան պատասխանել, և հասկացա, թե իմ կողմից ինչպիսի անմտություն էր նրանից բացատրություն պահանջելը։ Մենք ոչ մի կերպ չէինք կարող կռահել, թե դա ինչ բան է։ Պարզապես, մի նոր բառ, ինչպես որ «բարին»։ Առաջ մենք այդպիսի բառեր երբեք չէինք լսել, և դրանք մեզ համար ոչ մի իմաստ չունեին։ Ես շարունակում էի դրանց մասին մտածել և շուտով հարցրեցի․

― Ադամ, իսկ այդ մյուս նոր բառերը՝ «կմեռնենք» և «մահ», դրանք ի՞նչ են նշանակում։

― Գաղափար չունեմ։

― Իսկ ի՞նչ ես կարծում, դրանք ի՞նչ կարող են նշանակել։

― Փոքրիկս, մի՞թե չես զգում, թե որքան անհնար է գոնե մոտավորապես կռահել, թե ինչի մասին է խոսքը, եթե ես առհասարակ ոչինչ չգիտեմ այդ մասին։ Մարդը ի վիճակի չէ կարծելու, եթե նա կարծելու բան չունի։ Մի՞թե այդպես չէ։

― Այո․․․ իհարկե, բայց շատ ցավալի է։ Չէ որ հենց նրա համար եմ ես ուզում իմանալ, որովհետև ոչինչ չգիտեմ։

Որոշ ժամանակ մենք լուռ նստած գլուխ էինք կոտրում այդ հանելուկի վրա, բայց հանկարծ ես կռահեցի, թե ինչ պետք է անել բոլոր տարակուսանքները ցրելու համար և նույնիսկ զարմացա, թե ինչպես մենք այդ իսկույն չմտածեցինք․ դա հո այնքան հասարակ բան էր։ Ես վեր թռա ու բացականչեցի․

― Ի՜նչ հիմարն ենք մենք։ Եկ այդ պտուղն ուտենք, մենք «կմեռնենք», կիմանանք ինչ բան է «մահը», ու այլևս դրա պատճառով չենք տանջվի։

Ադամը համաձայնեց ինձ հետ, ոտքի ելավ և արդեն ձեռքը մեկնել էր խնձորին, երբ հանկարծ մեր մոտով կաղեկաղ անցավ շատ հետաքրքիր մի արարած, որի նմանը դեռ չէինք տեսել, և մենք, իհարկե, մոռանալով գիտության հետ առնչություն չունեցող մանրուքները, վազեցինք այդ արարածի հետևից, որն ամենաուղղակի առնչություն ուներ գիտության հետ։

Շատ մղոններ մենք սարերով ու հովիտներով վազում էինք այդ անճոռնի, թևծափող հրեշի հետևից, մինչև որ հասանք հովտի արևմտյան մասը, որտեղ մեծ ժանտաթզենի է աճում, և այդտեղ մենք նրան բռնեցինք։ Ինչպիսի՜ ուրախություն, ինչպիսի՜ ցնծություն։ Պարզվեց, որ պտերոդակտիլ է։ Որքա՜ն հմայիչ ու լավիկն էր այդ ճիվաղը։ Եվ որքա՜ն չարն էր ու որքա՜ն զզվելիորեն էր կռնչում։ Մենք երկու առյուծ կանչեցինք, և նրանց հեծած տուն եկանք, նրան էլ վերցնելով հետներս, և հիմա նա նստած է մեր կողքին․ արդեն ուշ է, բայց ես չեմ պառկում քնելու․ այնքան հմայիչ է այդ հրեշը և, բացի այդ, իսկական արքայական ավանդ է գիտության մեջ։ Ես գիտեմ, որ աչք չեմ փակի, շարունակ կմտածեմ նրա մասին ու անհամբեր կսպասեմ լուսաբացին, որպեսզի րոպե առաջ հետազոտեմ նրան, զննեմ, կռահեմ նրա ծագման գաղտնիքը և որոշեմ, թե որքանով է նա թռչուն ու որքանով սողուն, և սահմանեմ՝ վերապրո՞ւկ է նա թե բնական ընտրության արդյունք․ ասենք, վերջինս, դատելով հրեշի տեսքից, տարակուսելի է։ Օ՜, գիտություն։ Քո առջև մյուս բոլոր հետաքրքրությունները մշուշի նման ցրվում են։

Ադամն արթնացավ։ Նա ինձ խնդրում է, որ չմոռանամ գրի առնել այդ չորս նոր բառերը։ Ուրեմն, նա արդեն մոռացել է։ Բայց ես դրանք հիշում եմ։ Հանուն նրա ես միշտ զգաստ եմ։ Դրանք արդեն գրի են առնված։ Նա բառարան է կազմում։ Համենայն դեպս նրան այդպես է թվում, սակայն ես նկատում եմ, որ բոլոր գլխացավանքներն ինձ են բաժին ընկնում։ Բայց ինչ մեծ բան է որ։ Ես սիրում եմ անել այն, ինչ նա ինձ խնդրում է, իսկ բառարանի հետ կապված աշխատանքն ինձ առանձնահատուկ բավականություն է պատճառում, որովհետև հակառակ դեպքում խեղճ տղան շատ անհարմար վիճակի մեջ կընկներ։ Անչափ ոչ գիտական է նրա ուղղագրությունը։ «Մուկ» բառը նա գրում է «գ»֊ով, իսկ «տամուկը»֊ը՝ «կ»֊ով, թեև այդ երկու բառերը միևնույն արմատն ունեն։

Երեք օր անց։ Հակիրճության համար մենք նրան Տերի ենք կանչում, և նա ուղղակի սքանչելի է։ Այս երեք օրը մենք ամբողջ ժամանակ հենց միայն նրանով ենք զբաղված։ Ադամը չի կարողանում հասկանալ, թե գիտությունն ինչպես է մինչև այժմ յոլա գնացել առանց Տերիի, և ես նրա հետ համաձայն եմ։ Մեր կատուն, տեսնելով օտարի, իրեն թույլ տվեց օտարի հետ չափից ավելի ազատ վարվել, բայց տեղնուտեղը ափսոսաց դրա համար։ Տերին այնպես չանչեց Թոմասին՝ քթից մինչև պոչը, որ նրա մազերը երկինք թռան, և Թոմասը հեռացավ այնպիսի տեսքով, կարծես անակնկալ էր պատրաստել, իսկ հիմա ազատ ժամանակ ուզում է մտածել, թե ինչու ամեն բան հակառակը ստացվեց։ Տերին սքանչելի է, նրա հետ ոչ մեկը համեմատվել չի կարող։ Ադամը նրան հանգամանորեն հետազոտել է և այժմ համոզված է, որ նա բնական ընտրության արդյունք է։ Ինձ թվում է, որ Թոմասը այլ կարծիքի է։

Երրորդ տարի։ Հուլիսի սկզբին Ադամը նկատել էր, որ լճակի ձկներից մեկի վրա ոտքեր են աճել․ այդ ձուկը կետազգիների ընտանիքին է պատկանում, բայց կետ չէ, այլ միայն նրա գաճաճ տարատեսակը։ «Շերեփուկ» է կոչվում։ Մենք մեծագույն հետաքրքրությամբ զննում էինք նրան, որովհետև որոշել էինք, որ եթե նրա ոտքերը բավականաչափ աճեն, ամրանան և պիտանի լինեն գործի համար, մենք ոտքեր կաճեցնենք նաև մյուս ձկների վրա, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ ցամաք և այնտեղ ազատ զբոսնեն։ Մեզ հաճախ վշտացնում է այդ թշվառների վիճակը, որոնք ապրում են հավիտենական խոնավության մեջ և դատապարտված են միշտ մնալու ջրում, մինչդեռ մյուս բոլոր արարածները կարող են ծաղիկների մեջ վազվզել և ուրախանալ։ Շուտով ոտքերը բոլորովին իսկական դարձան, և կետից գորտ ստացվեց։ Նա ափ դուրս եկավ, սկսեց թռչկոտել և ուրախ երգել, հատկապես երեկոները, որովհետև նրա երախտագիտությունն անսահման էր։ Մյուսները հետևեցին նրա օրինակին, և հիմա գիշերները մենք կատարյալ երաժշտություն ենք ունենում, մի բան, որ շատ հաճելի է առաջվա լռության համեմատությամբ։

Մենք ափ էինք հանում ամենաբազմապիսի ձկներ և նրանց բաց թողնում մարգագետնում զբոսնելու, բայց ամեն անգամ մեզ մի նոր հիասթափություն էր սպասվում՝ նրանց վրա ոտքեր չէին աճում։ Դա շատ տարօրինակ էր, մենք ոչինչ չէինք կարողանում հասկանալ։ Մեկ շաբաթ էլ չէր անցել, որ նրանք բոլորը նորից ջուրը մտան, և թվում է, թե նրանց այնտեղ ավելի դուր է գալիս, քան ցամաքում։ Մենք հետևություն արեցինք, որ ձկներն առհասարակ ցամաքը չեն սիրում և դրանով չեն հետաքրքրվում, բոլորը, բացի կետերից։ Այստեղից մոտ երեք հարյուր մղոն հեռու մի ընդարձակ լճում մեծ կետեր են ապրում, և Ադամը գնաց այնտեղ, որպեսզի նրանց վրա ոտքեր աճեցնի և նրանց կյանքը ավելի երջանիկ դարձնի։

Նրա գնալուց մեկ շաբաթ անց ծնվեց փոքրիկ Կայենը։ Ես շատ զարմացա․ ես չէի էլ կասկածում, թե նման բան կարող էր պատահել։ Բայց, ինչպես սիրում է ասել Ադամը, միշտ պատահում է այն, ինչ չես սպասում։

Սկզբում չհասկացա, թե նա ինչ է, և մտածեցի, որ մի նոր կենդանի է։ Բայց նրան հետազոտելով համոզվեցի, որ դա սխալ է, որովհետև անօգնական ճուտիկը ո՛չ ատամ ուներ ու համարյա ոչ էլ մազ։ Նրա որոշ գծեր լիովին մարդկային էին, բայց դրանք բավարար չէին, որպեսզի ես գիտական իրավունք ունենայի նրան դասելու այդ տեսակին։ Այնպես որ սկզբում նա դիտվում էր որպես lusus naturae,[2] այլանդակություն, և միառժամանակ հարկ եղավ դրանով սահմանափակվել, սպասելով նրա հետագա զարգացմանը։

Սակայն շուտով նա սկսեց ինձ հետաքրքրել, այդ հետաքրքրությունն օրեցօր աճում էր և դարձավ ավելի ջերմ զգացում՝ մտերմություն, հետո սեր, իսկ այնուհետև՝ կույր աստվածացում։ Այդ էակը տիրեց իմ ամբողջ հոգուն, և ես անասելիորեն երջանիկ էի ու իմ բախտից շնորհակալ։ Կյանքը դարձավ երանություն, ցնծություն, զմայլանք, և ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե փափագում էի, որ Ադամը շուտ վերադառնա և ինձ հետ բաժանի իմ անսահման ուրախությունը։

Չորրորդ և հինգերորդ տարիներ։ Վերջապես, նա վերադարձավ, բայց չհամաձայնեց, որ դա երեխա է։ Նա լավագույն մտադրություններ ունի, և ես նրան շատ եմ սիրում, բայց նա միշտ նախ գիտնական է և հետո միայն մարդ, այդպիսին է նա իր բնույթով, և յուրաքանչյուր փաստ անպայման ուզում է գիտականորեն ստուգել։ Թե որքան տագնապալից օրեր անցկացրի ես հաջորդ տարվա ընթացքում, մինչ նա կատարում էր իր փորձերը, նկարագրել անհնար է։ Ադամը փոքրիկին ենթարկում էր ամեն տեսակ զրկանքների ու փորձությունների, որպեսզի պարզեր՝ թռչո՞ւն է նա, սողո՞ւն թե չորքոտանի, և որն է նրա դերը․ այնպես որ ես հոգնածությունից ու հուսահատությունից ուժասպառ լինելով, գիշեր ու ցերեկ շրջում էի նրա հետևից, աշխատելով փոքրիկին հանգստացնել և ինչ֊որ չափով օգնել տանելու այդ փորձությունները։ Ադամը կարծում էր, թե ես փոքրիկին անտառում եմ գտել, և ես չէի փորձում նրան հակառակը համոզել, քանի որ այդ միտքը նրան հարկադրում էր ժամանակ առ ժամանակ գնալ անտառ մեկ ուրիշ նույնպիսի արարած փնտրելու, իսկ ես և փոքրիկը այդ ժամանակամիջոցում կարողանում էինք հանգստանալ և ուժ հավաքել։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ես ինչպիսի թեթևություն էի զգում, երբ նա դադարեցնում էր իր սարսափելի փորձերը, հավաքում թակարդներն ու խայծերը և գնում անտառ։ Հենց որ նա տեսադաշտից անհետանում էր, ես փոքրիկին սեղմում էի կրծքիս, անդադար համբուրում և ուրախությունից լալիս։ Խեղճ մանկիկն ասես հասկանում էր, որ մեզ համար ինչ֊որ հաճելի բան է կատարվել, և տոտիկները շարժելով ղունղունում էր ու երջանիկ լայն ժպիտով բացում անատամ փոքրիկ բերանը՝ ընդհուպ մինչև ուղեղը, եթե, իհարկե, նրա ուղեղը հենց այդտեղ է գտնվում։

Տասներորդ տարի։ Հետո լույս աշխարհ եկավ մեր փոքրիկ Աբելը։ Իմ կարծիքով, մենք մեկուկես֊երկու տարեկան էինք, երբ ծնվեց Կայենը, և երեք կամ երեքուկես տարեկան, երբ մեր ընտանիքում ավելացավ Աբելը։ Մինչ այդ Ադամն արդեն շատ բան էր հասկացել։ Նրա փորձերը աստիճանաբար դառնում էին պակաս վտանգավոր և, վերջապես, Գլեդիսի ու Էդվինայի ծնվելուց հետո (հինգերորդ և վեցերորդ տարում) լիովին դադարեցին։ Նա քնքշորեն սիրեց երեխաներին այն բանից հետո, երբ գիտականորեն նրանց դասակարգեց, և այդ ժամանակից ի վեր Եդեմում լիակատար երջանկություն էր տիրում։

Հիմա մենք ինը երեխա ունենք․ դրանց կեսը տղաներ են, կեսը՝ աղջիկներ։

Կայենն ու Աբելը սկսել են սովորել։ Կայենը արդեն կարողանում է գումարել ինձանից ոչ վատ և, բացի այդ, մի քիչ էլ՝ հանել և բազմապատկել։ Աբելն այնպես ընդունակ չէ, ինչպես նրա եղբայրը, բայց նա էլ շատ ջանասեր է, և այդ հատկությունը ասես թե փոխարինում է խելամտությանը։ Երեք ժամում Աբելը սովորում է նույնքան, որքան Կայենը, բայց Կայենը այդ ընթացքում կարողանում է մի երկու ժամ էլ խաղալ։ Այսպիսով, թեև Աբելը ճանապարհին շատ է թրև գալիս, բայց, ինչպես Ադամն է ասում, «տեղ է հասնում ճիշտ ըստ չվացուցակի»։ Ադամը հանգեց այն հետևության, որ ջանասիրությունը նույնպես տաղանդ է, և այդ բառը զետեղեց բառարանի համապատասխան բաժնում։ Ես համոզված եմ, որ գրագիտությունը նույնպես ձիրք է։ Չնայած իր փայլուն ընդունակություններին, Կայենը անգրագետ է գրում։ Այդ տեսակետից նա շատ նման է իր հորը, որը մեր բոլորից ավելի ընդունակ է, բայց որի ուղղագրությունը միանգամայն աննկարագրելի է։ Ես գրագետ եմ գրում, և Աբելը՝ նույնպես։ Այս առանձին փաստերը դեռ ոչինչ չեն ապացուցում, որովհետև այդ փոքրաթիվ օրինակները բավական չեն ընդհանուր սկզբունք սահմանելու համար, բայց դրանք, այնուամենայնիվ, ստիպում են ենթադրել, որ գրագետ գրելու ընդունակությունը հատուկ ձիրք է, որը մարդուն տրվում է ի ծնե, և միջակ խելքի նշան է։ Այստեղից կարելի է հակառակ հետևություն անել՝ դրա բացակայությունը բարձր մտավոր կարողության նշան է։ Երբեմն, երբ Ադամը իր աղացով անցկացնում է որևէ պատկառելի բառ, ասենք՝ «ռացիոնալիզմ», և, ճակատի քրտինքը սրբելով, արդյունքի հասնում, ես պատրաստ եմ նրա առջև ծնկի գալու՝ նա մոտավորապես այնքան մեծ, հզոր ու հոյակապ է թվում։ Նա ընդունակ է «թոքախտաբույժ» բառը գրելու ավելի շատ եղանակներով, քան առհասարակ կարելի է մտածել։

Կայենն ու Աբելը շատ լավ տղաներ են և քնքշորեն հոգ են տանում իրենց կրտսեր եղբայրների ու քույրերի մասին։ Չորս ավագները ուր ուզեն թափառում են, և մենք հաճախ երկու֊երեք օր անընդմեջ նրանց չենք տեսնում։ Մի անգամ նրանք Գլեդիսին կորցրել էին և առանց նրա տուն վերադարձան։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել, թե որտեղ էին նրան կորցրել։ Ինչ֊որ հեռու մի տեղ, ասում էին նրանք, բայց թե որտեղ՝ իրենք էլ չգիտեն, որովհետև առաջ երբեք այդ տեղերում չէին եղել։ Այնտեղ շատ կան հատապտուղներ, որ մենք անվանում ենք «մահաբեր շնախաղող», իսկ թե ինչու մահաբեր, ինքներս էլ չգիտենք։ Այդ բառը ոչ մի իմաստ չունի․ մենք դրա համար գործածեցինք այն բառերից մեկը, որ շատ վաղուց լսել էինք Ձայնից, որովհետև մենք սիրում ենք ամեն մի հարմար դեպքում նոր բառեր օգտագործել, որպեսզի դրանց ընտելանանք, ու սովորական դառնան։ Երեխաներն այդ հատապտուղները շատ են սիրում, և դրանք հավաքելով, երկար թափառել են թփուտների մեջ, իսկ երբ որոշել են ուրիշ տեղ գնալ, տեսել են, որ Գլեդիսը անհետացել է, և նա չի պատասխանել սրանց կանչերին։

Հաջորդ օրը նա չվերադարձավ։ Երկրորդ օրն էլ, երրորդ օրն էլ։ Անցավ ևս երեք օր, իսկ նա չէր վերադառնում։ Դա շատ տարօրինակ էր․ մինչ այդ նման բան դեռ չէր պատահել։ Դա շարժեց մեր հետաքրքրությունը։ Ադամը որոշեց, որ եթե նա վաղը կամ, ծայրահեղ դեպքում, վաղը չէ մյուս օրն էլ չվերադառնա, մենք պետք է Կայենին ու Աբելին ուղարկենք որոնումների։

Այդպես էլ արեցինք։ Նրանք երեք օր բացակայեցին, բայց և այնպես Գլեդիսին գտան։ Նա շատ արկածներ էր ունեցել։ Առաջին իսկ գիշերը մթության մեջ նա գետն էր ընկել, և հոսանքը նրան տարել էր շատ հեռու, թե որքան հեռու՝ նա չգիտեր, և դուրս էր գցել մի ավազոտ ծանծաղուտ։ Դրանից հետո նա հյուրընկալվել էր կենգուրույի ընտանիքում, որը նրան շատ լավ ընդունել և խնամել էր։ Մայր կենգուրուն նրա նկատմամբ արտակարգ քնքուշ ու հոգատար է եղել, ամեն օր նա իր ձագուկներին հանել է պարկից և ուղևորվել դեպի բլուրներն ու հովիտները՝ կեր հայթայթելու, տունը է վերադարձել պարկը լիքը ամենահասուն մրգերով ու ընկույզներով և գրեթե ամեն երեկո նրանց մոտ հյուրեր են եկել՝ արջեր, ճագարներ, մորաճուռակներ, հավեր, աղվեսներ, բորենիներ, ժանտաքիսներ ու ամեն տեսակ ուրիշ գազաններ, և բոլորը շատ ուրախ ժամանակ են անցկացրել։ Կենդանիներն, ըստ երևույթին, անհանգստացել էին, որ աղջկա վրա մորթի չկա, և երբ քնել է, նրան ծածկել են տերևներով ու մամուռով, որպեսզի նրա նուրբ մաշկը ցրտից պաշտպանվի։ Տղաները նրան գտել էին հենց այդ վիճակում՝ տերևների կույտի տակ պառկած։ Առաջին օրերին նա իրեն շատ վատ էր զգացել, որ տնից այդքան հեռու է, բայց հետո դա անցել էր։

«Վատ զգալ»․ դա նրա սեփական արտահայտությունն է։ Մենք այն զետեղեցինք բառարանում և շուտով դրա համար կգտնենք որևէ իմաստ։ Այն կազմված է մեզ արդեն հայտնի բառերից, որոնք ունեն ինքնուրույն պարզ իմաստ, թեև կապակցության մեջ դրանք այդ իմաստը ասես կորցնում են։ Բառարան կազմելը շատ գրավիչ, բաց դժվար աշխատանք է, ինչպես ասում է Ադամը․․․


Մի էջ Եվայի ինքնակենսագրությունից, աշխարհաստեղծման 920-րդ տարի

Այո, այն հեռավոր, պարզունակ, անհոգ ժամանակներում մեր թեթևամտության պատճառով մտքներովս անգամ չէր անցնում, որ մենք՝ համեստ, անհայտ, փոքր մարդիկս, օրորում, խնամում ու փայփայում ենք ամենանշանակալից ու արտասովոր մի իրադարձության, որին էլ վիճակված էր տիեզերքում տեղի ունենալ այս հազարամյակի ընթացքում՝ մարդկության հիմնադրումը։

Ճիշտ է, առաջին օրերին, աշխարհն ամայի էր, բայց պարզվեց, որ դա ուղղելի բան է։ Երբ լրացավ մեր երեսուն տարին, մենք արդեն երեսուն երեխա ունեինք, իսկ մեր երեխաներն ունեին երեքհարյուր երեխա, ևս քսան տարի անց բնակչության թիվն աճեց, հասնելով վեց հազարի, իսկ երկրորդ հարյուրամյակի վերջին այդ թիվը հասավ մի քանի միլիոնի։ Որովհետև մեր ընտանիքը երկարակյաց էր և միայն քչերն էին մահանում։ Իմ երեխաների կեսից ավելին մինչև այսօր էլ ողջ են։ Ես ծննդաբերում էի մինչև հասակս առնելը։ Իմ երեխաներից համարյա ոչ մեկը, որոնք բարեհաջող անցկացրին մանկության առաջին քնքուշ տարիները, այդ ժամանակից ի վեր չի մահացել։ Նույնն է նաև ուրիշ ընտանիքներում։ Մարդկության թիվն այժմ միլիարդների է հասել։





  1. Ուիլյամ Մաք Քինլի՝ ԱՄՆ֊ի պրեզիդենտ 1897-1901 թթ։
  2. Բնության խաղ (լատ․)։