Ազատության փիլիսոփայություն

Գրապահարան-ից
Ազատության փիլիսոփայություն

հեղինակ՝ Ռուդոլֆ Շտայներ
թարգմանիչ՝ Արա Գուրզադյան (գերմաներենից)
աղբյուր՝ «Ազատության փիլիսոփայություն»

Ա.Գուրզադյան. Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը» (V)

Այս աշխատության նախապատմությունն ու հետագա ճակատագիրը հասկանալու համար անհրաժեշտ է ոչ միայն հեղինակի կյանքի և ստեղծագործությսւն մանրակրկիտ ուսումնասիրություն, այլև արևմտաեվրոպական հոգևոր կյանքի առնվազն վերջին հարյուրամյակների խորը իմացություն, մասնավորապես գերմանական դասական փիլիսոփայության (Գյոթե-Հեգել-Շելլինգ-Ֆիխթե-Նիցշե-Է. Հարթման գծով) և հատկապես XX դարի առաջին քառորդի մշակութային ահռելի խմորումների ճանաչողություն, որոնց լեյտմոտիվն ի վերջո ազատության նոր իրագործման ձգտումն էր։ Թեմայի լրջությունն ու խորությունը դժվար է գերագնահատել։ Բնականաբար, խոսքը գնում է ազատության մասին։ Սակայն, ի տարբերություն տվյալ թեմայի շուրջ գրված բազմաթիվ այլ երկերի, այստեղ մենք գործ ունենք ոչ թե խոսքի և դատողությունների մակարդակով վերապրված ազատության, այլ տվյալ հեղինակի կյանքով և ստեղծագործությամբ ապացուցված և իրագործված ազատության, ազատության հենց մարմնավորման հետ։

1894-ին Գերմանիայում լույս տեսած այս գիրքը, դնելով ազատության իմացաբանական հիմքերը, հեղինակի հետագա գործունեության մեջ իրոք մարմնավորվում է որպես ազատության կենսագրություն՝ տալով մարդկության պատմության մեջ իմացաբանական֊ստեղծագործական եզակի արդյունքներ։ Բերենք մի օրինակ. Ռուդոլֆ Շտայների երկերի (դեռ հրատարակվող) լիակատար ժողովածուն այսօր արդեն ընդգրկում է 352 հատոր։ Իմացաբանական շերտերն ընդգրկում են մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները։ Այսօր այդ իմացությունները շարունակում են մարմնավորվել մարդկային կոնկրետ գործունեության մեջ։ Դրանք մի մարդու կողմից իրագործված ազատության պտուղներն են, որոնք անձնականի սահմաններից ելնելով՝ արդեն համամարդկային նշանակություն ունեն։

Արդյունքներն այսօր շոշափելի են, օրինակ, կրթության ասպարեզում (Վալդորֆյան մանկավարժության մեթոդներով առաջնորդվող մանկապարտեզներ և դպրոցներ, որոնց թիվն այսօր աշխարհում անցնում է 500-ից, նոր ազատ համալսարաններ, բարձրագույն դպրոցներ և այլն), բժշկության մեջ (նորաստեղծ հիվանդանոցներում հիվանդությունների բուժում նոր ըմբռնման հիման վրա, նոր դեղորայքների ոչ քիմիական արտադրություն, տարբեր արվեստների ներգրավում թերապևտիկ բուժման պրոցեսում և այլն), գյուղատնտեսության մեջ (բիոդինամիկական գյուղատնտեսություն, որը լուծում է թե՛ էկոլոգիական, թե առողջ, քիմիական պարարտանյութերից զերծ սննդամթերքի արտադրության խնդիրներ), ֆինանսա-վարչական համակարգում (նոր բանկեր, ինքնակառավարման հիմունքների վրա ստեղծված վարչական նոր կառույցներ), արվեստի և գիտության տարբեր ոլորտներում (նկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երաժշտություն, թատրոն, էվրիթմիա, խոսքարվեստ, մաթեմատիկա, ֆիզիկա և այլն)։ Սա տքնաջան և դժվարին զարգացում է, ահռելի փորձություն, հատկապես արևմտյան քաղաքակրթության ներկայիս ընդերքում, ուր իրական ազատության փոխարեն աշխատանք-դրամ-հաճույք նշանաբանի ներքո ծաղկում է (մետաստազների հասնող ճոխությամբ) ազատության սոսկ արտաքին, նյութական կողմը սպառողական բնույթի հաճույքների անծայրածիր ջունգլիներում։ էգոիզմի զսպանակների վրա հիմնված այս մեխանիզմին ահռելի արագությամբ կուլ են գնում միլիոնավոր հոգիներ՝ չգիտակցելով անգամ արհավիրքի լրջությունը։ Մարդկությունը գտնվում է լուրջ փորձության մեջ։ Արևելքն ու Արևմուտքը, Հարավն ու Հյուսիսը յուրովի են վերապրում այդ փորձությունը՝ ստրկությամբ և ազատությամբ (կամայականությամբ). փորձություն, որի նշանաբանի տակ անցավ XX դարի պատմությունը և որի լուծումից է կախված XXI դարի ապագան։

Այս իմաստով «Ազատության փիլիսոփայության», առհասարակ դրա հեղինակի և իր գործունեության ճակատագիրը չափազանց խորհրդանշական է։ Այդ ճակատագիրը ցուցանիշն է լինելու մարդկության հետագա ճակատագրի, որքանով որ խոսքը վերաբերում է ազատության իրականությանն ու իրականության ազատությանը։ Հակիրճ անդրադառնանք այդ բացառիկ կենսագրությանը։


Ռուդոլֆ Շտայները ծնվել է 1861 թվականի փետրվարի 27-ին երբեմնի Ավստրո-Հունգարիայի Կրալյևեչ կոչվող վայրում (այժմ Հորվաթիա), որն ընկած է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի սահմանին։ Նրա ծնողները ծագումով Ավստրիայի գերմանացիներից էին։ Հոր մասնագիտության բերումով (երկաթուղային ծառայող) նրանք հաճախ էին փոխում իրենց բնակավայրը և այդ շրջանում ապրում էին Ավստրիայի սլավոնական տարածքում։ 1863-ին Շտայներները տեղափոխվում են Փոթշախի երկաթգծային փոքրիկ կայարանը, որի մերձալպյան գեղատեսիլ բնության և այդ բնության մեջ նոր-նոր ներխուժող տեխնիկայի հարևանությամբ էլ անցնում են Ռուդոլֆ Շտայների մանկության առաջին տարիները։ 1868-ին հետևում է նոր տեղափոխություն դեպի Նոյդյորֆլ։ «Իմ կյանքի ուղին» խորագիրը կրող իր ինքնակենսագրականում այդ տարիների մասին նա գրում է.

«Մի օր ... դասարանում հայտնաբերեցի երկրաչափության մի գիրք... Շաբաթներ շարունակ տարվեցի եռանկյունների, քառանկյունների, բազմանկյունների հավասարությամբ, նմանությամբ, ես գլուխ էի ջարդում այն հարցի շուրջ, թե որտեղ են իրականում հատվում զուգահեռները. Պյութագորասի թեորեմը կախարդել էր ինձ։

Այն, որ հոգեպես կարելի էր ապրել զուտ ներքուստ հայեցված ձևերի մեջ, առանց արտաքին զգայարանների տպավորությունների, ինձ մեծագույն բավականություն էր պատճառում... Զուտ ոգով ինչ-որ բան ըմբռնել կարողանալն ինձ ներքին երջանկություն էր բերում։ Ես գիտեմ, որ երկրաչափությունից եմ առաջին անգամ երջանկություն ճաշակել...

...Ես երկու պատկերացում ունեի, որոնք չնայած անորոշ էին, բայց մինչև իմ ութ տարեկան հասակը հոգուս կյանքում արդեն մեծ դեր էին խաղում։ Արդեն տարբերում էի իրեր և էակներ, “որոնց տեսնում են”, և այնպիսիներ, “որոնց չեն տեսնում”։»(Gesamtausgabe (GA), Bd. 28.)

Շատ վաղ հասակում երեխայի մեջ ինքնաբերաբար արթնացած պայծառատեսական ընդունակությունները, «անտեսանելի աշխարհի» ընկալողությունը բերում են վերապրումների, որոնց մասին արտահայտվելու փորձերն անպատասխան են մնում և վաղ հասակից ստիպում նրան ապրել լուռ ու ինքնամփոփ՝ իր մեջ կրելով հոգևոր ապրումների վիթխարի մի աշխարհ։

1872-ին նա սկսում է հաճախել Վիներ-Նոյշտադթի ռեալական դպրոցը, որտեղ առնչվում է բնագիտական և տեխնիկական առարկաների հետ։ Զուգահեռաբար ծանոթանում է գերմանական դասական գրականությանը՝ Գյոթե, Շիլլեր, Լեսսինգ։ Տասնվեց տարեկան հասակում սկսում է ուսումնասիրել Կանտի «Զուտ բանականության քննադատությունը»։

«Որոշ էջեր վերընթերցում էի քսան անգամից ավել։ Ես ուզում էի գաղափար կազմել բնության ստեղծարար գործի նկատմամբ մարդկային մտածողության վերաբերմունքի մասին»։(Ibid.)

1879-ին ավարտելով ռեալական դպրոցը՝ Ռուդոլֆ Շտայներն ընդունվում է Վիեննայի տեխնիկական բարձրագույն դպրոց և տրվում մաթեմատիկայի, ֆիզիկայի, անալիտիկ մեխանիկայի, կենդանաբանության, հանքաբանության, քիմիայի, բուսաբանության, երկրաբանության, գրականության պատմության և պետական իրավունքի երկարատև ուսումնասիրությանը։ Հաճախում է գերմանական գրականության մասին Գյոթեի մեծ գիտակ Կարլ Յուլիուս Շրյոերի դասախոսություններին։ Զուգահեռաբար համալսարանում լսում է Ռոբերտ Ցիմմերմանի և Ֆրանց Բրենտանոյի փիլիսոփայական դասախոսությունները։ Սկսում է կարդալ Ֆիխթե, ծանոթանալ Վիեննայի մշակութային հարուստ կյանքին։ Շփվում է բազմաթիվ նշանավոր անհատականությունների հետ։

1882-ին Կարլ Յուլիուս Շրյոերի միջամտությամբ 21-ամյա Ռուդոլֆ Շտայներին առաջարկություն է արվում Յոզեֆ Քյուրշների հրատարակած «Գերմանական ազգային գրականության» մոնումենտալ շարքում խմբագրելու և լույս ընծայելու Գյոթեի բնագիտական աշխատությունները։ Սկսվում է Գյոթեի բնագիտության ինտենսիվ ուսումնասիրությունը, որն իր խմբագրված և ծավալուն մեկնություններով հարստացած տեսքն է ստանում այդ շարքի հինգ հատորներում։ Սա ֆունդամենտալ աշխատանք էր, որը հետագայում զարգանալու էր Գյոթեի իմացաբանությանը նվիրված առանձին գրքերով («Գյոթեի աշխարհայացքի իմացաբանական հիմնագծերը», 1886. «Գյոթեի աշխարհայացքը», 1897)։ Դրա շնորհիվ Գյոթե