«Ալիսը հայելու աշխարհում»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 59. Տող 59.
 
::::::::Չի վրդովի նրանց շունչը՝
 
::::::::Չի վրդովի նրանց շունչը՝
 
::::::::Մեր հեքիաթն ու մեղմ մրմունջը...</poem>
 
::::::::Մեր հեքիաթն ու մեղմ մրմունջը...</poem>
 +
 +
 +
==ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ==
 +
 +
(Ինչպես դասավորվեցին նրանք խաղը սկսվելուց առաջ)
 +
 +
ՍՊԻՏԱԿՆԵՐ
 +
 +
Ֆիգուրներ — Զինվորներ
 +
 +
Չըրխկ — Մարգարտածաղիկ
 +
 +
Միաեղջյուր — Լապստրակ
 +
 +
Ոչխար — Ոստրե
 +
 +
Սպիտակ Թագուհի — Շուշան
 +
 +
Սպիտակ Արքա — Եղնիկ
 +
 +
Ծերուկ — Ոստրե
 +
 +
Սպիտակ Ձի — Գդակագործ
 +
 +
Շըրխկ — Մարգարտածաղիկ
 +
 +
 +
ՍԵՎԵՐ
 +
 +
Զինվորներ — Ֆիգուրներ
 +
 +
Մարգարտածաղիկ — Պստլիկ֊Հաստլիկ
 +
 +
Սուրհանդակ — Հյուսն
 +
 +
Ոստրե — Ծովացուլ
 +
 +
Վագրաշուշան — Սև Թագուհի
 +
 +
Վարդ — Սև Արքա
 +
 +
Ոստրե — Ագռավ
 +
 +
Գորտ — Սև Ձի
 +
 +
Մարգարտածաղիկ — Առյուծ
 +
 +
 +
(Սպիտակ Զինվորը՝ Ալիսը սկսում է խաղը և շահում 11 քայլից)
 +
 +
1. Ալիսը հանդիպում է Սև թագուհուն: 2. Ալիսն անցնում է d3֊ի միջով (երկաթուղով), գնում է դեպի d4 (Չըրխկն ու Շըրխկը): 3. Ալիսը հանդիպում է Սպիտակ Թագուհուն (գլխաշորով): 4. Ալիսը գնում է դեպի d5 (Խանութ, գետ, խանութ): 5. Ալիսը գնում է դեպի d6 (Պստլիկ֊Հաստլիկ): 6. Ալիմը գնում է դեպի d7 (անտառ): 7. Սպիտակ Ձին վերցնում է Սև Ձիուն: 8. Ալիսը գնում է դեպի d8 (թագադրում): 9. Ալիսը Թագուհի է դառնում: 10. Ալիսը փոխատեղություն է կատարում (խնջույք): 11. Ալիսը վերցնում է Սև Թագուհուն և շահում խաղը:
 +
 +
1. Սև Թագուհին հեռանում է դեպի h5: 2. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c4 (բռնում է գլխաշորը): 3. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c5 (դառնում է Ոչխար): 4. Սպիտակ Թագուհին հեռանում է դեպի f8 (ձուն թողնում է վաճառասեղանին): 5. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c8 (փախչում է Սև ձիուց): 6. Սև Ձին գնում է դեպի e7: 7. Սպիտակ Ձին գնում է դեպի h5: 8. Սև Թագուհին գնում է դեպի e8 (քննության): 9. Թագուհիները փոխատեղություն են կատարում: 10. Սպիտակ Թագուհին գնում է դեպի a6 (ապուր):
  
  

20:10, 13 Հունիսի 2014-ի տարբերակ

Ալիսը հայելու աշխարհում

հեղինակ՝ Լուիս Քերոլ
թարգմանիչ՝ Սոնա Սեֆերյան (արձակ), Սամվել Մկրտչյան (չափածո)
աղբյուր՝ «Ալիսը հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում», երկրորդ բարեփոխված հրատարակություն, «ՍամՍոն» հրատ., Երևան, 1994թ

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Քանի որ 132֊րդ էջի շախմատի տախտակը զարմացրել է իմ որոշ ընթերցողներին, ապա հարկ եմ համարում ասել, որ այն կազմված է ճիշտ՝ ըստ քայլերի։ Սև և Սպիտակ քայլերի հաջորդականությունը այնքան էլ բծախնդրությամբ սահմանված չէ։ Իսկ երեք թագուհիների փոխատեղությունը սոսկ միջոց է ասելու, որ նրանք պալատ են մտնում։ Բայց Սպիտակ Արքայի «շախը» 6֊րդ քայլում, Սև Ձիու կորուստը 7֊րդ քայլում և Սև Արքայի վերջնական «մատը» հայտնի կդառնան բոլոր նրանց, ովքեր նեղություն կկրեն խաղաքարերը դասավորելու և խաղի կանոնները խստորեն պահպանելով քայլեր անելու։

Ծննդյան տոն, 1896թ.


Մանկիկ անբիծ ու անաղարտ,
Հրաշք֊աչքեր աստղալից,
Տարիները անցան հանդարտ
Ու հեռո՜ւ ենք իրարից.
Բայց քո ժպիտն է շողշողում
Իմ հեքիաթի ամեն տողում։

Էլ չտեսա դեմքդ պայծառ.
Ձայնդ կորավ մշուշում,
Ջահել կյանքիդ բովում կայտառ,
Գիտեմ, դու ինձ չես հիշում.
Սակայն դարձյա՛լ ուրախ եմ ես,
Որ հեքիաթս պիտի լսես։

Հեքիաթը, որ մի օր հնչեց
Արևավառ ամռան մեջ
Ու զանգակի պես ղողանջեց
Կոհակների հետ անվերջ։
«Մոռացի՛ր»,— ասում է կյանքը,
Բայց հնչում է արձագանքը։

Ականջ արա, երբ դեռ չկան
Ցավ ու կսկիծ, կյանքը՝ անքուն,
Մելամաղձոտ, հեզ աղջկան
Պիտի դարձնի մշտարթուն։
Մենք, սիրելի՛ս, արդ մեծացել
Հասուն մանուկներ ենք դարձել։

Դրսում՝ ձմեռ, սառած առու,
Բուք ու բորան, ցուրտ գիշեր,
Ներսում՝ կարմիր ցոլք բուխարու
Եվ մանկության ջերմ հուշեր...
Թող որ բառերն այս քաղցրահունչ
Խեղդեն ձայնը փոթորկաշունչ։

Թեկուզ այստեղ դու անհամար
Հառաչ լսես սրտաբեկ,
Ամռան զվարթ օրվա համար
(Չի՛ կրկնվի այն երբեք)։
Չի վրդովի նրանց շունչը՝
Մեր հեքիաթն ու մեղմ մրմունջը...


ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

(Ինչպես դասավորվեցին նրանք խաղը սկսվելուց առաջ)

ՍՊԻՏԱԿՆԵՐ

Ֆիգուրներ — Զինվորներ

Չըրխկ — Մարգարտածաղիկ

Միաեղջյուր — Լապստրակ

Ոչխար — Ոստրե

Սպիտակ Թագուհի — Շուշան

Սպիտակ Արքա — Եղնիկ

Ծերուկ — Ոստրե

Սպիտակ Ձի — Գդակագործ

Շըրխկ — Մարգարտածաղիկ


ՍԵՎԵՐ

Զինվորներ — Ֆիգուրներ

Մարգարտածաղիկ — Պստլիկ֊Հաստլիկ

Սուրհանդակ — Հյուսն

Ոստրե — Ծովացուլ

Վագրաշուշան — Սև Թագուհի

Վարդ — Սև Արքա

Ոստրե — Ագռավ

Գորտ — Սև Ձի

Մարգարտածաղիկ — Առյուծ


(Սպիտակ Զինվորը՝ Ալիսը սկսում է խաղը և շահում 11 քայլից)

1. Ալիսը հանդիպում է Սև թագուհուն: 2. Ալիսն անցնում է d3֊ի միջով (երկաթուղով), գնում է դեպի d4 (Չըրխկն ու Շըրխկը): 3. Ալիսը հանդիպում է Սպիտակ Թագուհուն (գլխաշորով): 4. Ալիսը գնում է դեպի d5 (Խանութ, գետ, խանութ): 5. Ալիսը գնում է դեպի d6 (Պստլիկ֊Հաստլիկ): 6. Ալիմը գնում է դեպի d7 (անտառ): 7. Սպիտակ Ձին վերցնում է Սև Ձիուն: 8. Ալիսը գնում է դեպի d8 (թագադրում): 9. Ալիսը Թագուհի է դառնում: 10. Ալիսը փոխատեղություն է կատարում (խնջույք): 11. Ալիսը վերցնում է Սև Թագուհուն և շահում խաղը:

1. Սև Թագուհին հեռանում է դեպի h5: 2. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c4 (բռնում է գլխաշորը): 3. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c5 (դառնում է Ոչխար): 4. Սպիտակ Թագուհին հեռանում է դեպի f8 (ձուն թողնում է վաճառասեղանին): 5. Սպիտակ Թագուհին գնում է դեպի c8 (փախչում է Սև ձիուց): 6. Սև Ձին գնում է դեպի e7: 7. Սպիտակ Ձին գնում է դեպի h5: 8. Սև Թագուհին գնում է դեպի e8 (քննության): 9. Թագուհիները փոխատեղություն են կատարում: 10. Սպիտակ Թագուհին գնում է դեպի a6 (ապուր):


ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ. Հայելու միջատները

Առաջին հերթին անհրաժեշտ էր հետազոտել այն երկիրը, որտեղ ճանապարհորդելու էր ինքը։

«Կարծես աշխարհագրության դաս լինի»,— մտածեց նա և հեռուն տեսնելու համար կանգնեց ոտքերի ծայրերին։

— Գլխավոր գետեր... չկան։ Գլխավոր լեռնաշղթաներ... Դե սա միակն է, որի վրա կանգնած եմ, բայց երևի անուն էլ չունի։ Գլխավոր քաղաքներ... Վա՜յ, այդ ի՞նչ արարածներ են այնտեղ մեղր պատրաստում... Ոչ, դրանք մեղուներ չեն կարող լինել, մեկ մղոն հեռավորության վրա մեղուները չեն երևա։

Մի որոշ ժամանակ Ալիսը լուռ դիտում էր, թե ինչպես նրանցից մեկը, կնճիթիկը մտցնելով թերթիկների մեջ, մի ծաղկից մյուսն էր անցնում։

«Կարծես իսկական մեղու լինի»,— ենթադրեց Ալիսը։

Շուտով գլխի ընկավ, որ իր տեսածը ոչ թե մեղու է, այլ փիղ, և այդ մտքից նրա շունչը կտրվեց։

— Ուրեմն ի՞նչ ահռելի մեծություն ունեն ծաղիկները, կարծես տանիքները հանած խրճիթներ լինեն ցողունների վրա, և ինչ շա՜տ մեղր կստացվի։ Ապա մի գնամ այնտեղ։ Ոչ, հիմա չէ,— մտմտում էր նա, երբ հանկարծ զգաց, որ վազում է դեպի բլուրը ու անմիջապես կանգ առավ պատճառաբանություն գտնելու իր հանկարծակի երկչոտության համար։

— Պետք է ձեռքիս երկար ճյուղ ունենամ, որպեսզի նրանց քշեմ։ Ա՜յ թե ծիծաղելի կլինի, եթե ինձ տանը հարցնեն, թե ինչպես զբոսնեցի։ Ես կասեմ՝ հիանալի (այդ ասելով նա, ըստ իր սիրած սովորության, գլխի թեթևակի շարժում արեց), միայն թե սարսափելի շոգ էր ու փոշի, և փղերն էլ խանգարում էին։

— Ավելի լավ է մյուս ճանապարհով գնամ,— քիչ անց որոշեց Ալիսը,— գուցե հետո կայցելեմ փղերին, հիմա պետք է հասնել Երրորդ Քառակուսուն։

Այս խոսքերն ասելուն պես նա վազեց բլուրն ի վար ու ցատկեց վեց փոքր առվակներից առաջինի վրայով։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

— Ձեր տոմսերը,— գլուխը պատուհանին մոտեցնելով ասաց Հսկիչը։

Քիչ անց ուղևորները պարզեցին իրենց տոմսերը, որ համարյա նույն չափսին էին, ինչ իրենք, և վագոնում նեղվածք առաջացավ։

— Իսկ քո՞նը, փոքրիկ,— բարկացած նայելով Ալիսին, հարցրեց Հսկիչը։

Բոլորը մեկ մարդու պես հանդիմանեցին («Կարծես խմբերգ լինի»,— մտածեց Ալիսը)։

— Մի՛ զբաղեցրու նրան, փոքրիկ։ Նրա մի րոպեն հազար ֆունտ արժե։

— Ես... չունեմ,— կմկմաց Ալիսը,— այն կայարանում, որտեղ գնացք նստեցի, տոմսարկղ չկար։

Եվ բոլորը նորից միաբերան.

— Քո երկրում տոմսարկղի համար տեղ չկա։ Այնտեղ հողի մեկ մատնաչափը հազար ֆունտ արժե։

— Մի արդարանա,— ասաց Հսկիչը,— դու պետք է մեքենավարից տոմս գնեիր։

Մեկ անգամ ևս նույն ձայները.

— Մեքենավարից։ Միայն նրա մեքենայի ծխի մի քուլան հազար ֆունտ արժե։

Ալիսը մտածեց, որ խոսելն ավելորդ է։ Այս անգամ ոչ մի ձայն չլսվեց, բայց, ի զարմանս աղջկա, նրանք սկսեցին խմբովին մտածել (հուսով եմ, դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում դա։ Խոստովանում եմ, ես չեմ հասկանում)։

— Ավելի լավ է բոլորովին չխոսես, ամեն մի բառը հազար ֆունտ արժե։

«Հաստատ գիտեմ, այս գիշեր երազումս հազար ֆունտ կտեսնեմ»,— մտածեց Ալիսը։

Խոսակցության ընթացքում Հսկիչը շարունակ աղջկան էր զննում։ Սկզբում նայեց հեռադիտակով, հետո՝ մանրադիտակով, իսկ վերջում էլ՝ թատերական դիտակով։

— Դու սխալ ճանապարհով ես գնում,— վերջապես եզրակացրեց նա և, պատուհանը փակելով առաջ անցավ։

— Քեզ պես փոքրիկ երեխան,— ասաց Ալիսի դիմաց նստած պարոնը (նրա հագուստը սպիտակ թղթից էր),— պետք է իմանա, թե ինչ ճանապարհով է գնում, եթե նույնիսկ իր սեփական անունն էլ չիմանա։

Այծը, բազմած սպիտակազգեստի կողքին, փակեց աչքերն ու բարձրաձայն արտասանեց.

— Նա պետք է տոմսարկղ տանող ճանապարհն իմանա, եթե նույնիսկ այբուբենն էլ չիմանա։

(Դա բավական արտառոց վագոն էր՝ լեփ֊լեցուն ուղևորներով)։

Բզեզը, որ նստած էր Այծի կողքին, ասաց.

— Նրան պետք է ետ ուղարկել ծանրոցով։ (Որպես կանոն նրանք խոսում էին հերթով)։

Ալիսը չէր կարողանում տեսնել Բզեզի կողքինին, բայց լսեց մի խռպոտ ձայն.

— Ուրիշ գնացք նստիր,— այստեղ ձայնը խզվեց և ստիպված լռեց։

«Ոնց որ մրսած լինի»,— մտածեց Ալիսը։

Եվ անմիջապես նրա ականջը խուտուտ եկավ մի բարակ ծվծվոցից.

— Կարող ես բառախաղ անել. «Դրսում չես մրսի, եթե բժիշկը քեզ ներսում մերսի»։

Ապա հեռվից մեկը մեղմ խոսեց.

— Գիտե՞ք ինչ, նրա վրա պետք է պիտակ փակցնել՝ «Զգույշ, փոքրիկ աղջիկ է»։

Հետո զանազան ձայներ հնչեցին («Ինչքան շատ մարդ կա այստեղ»,— մտածեց Ալիսը)։

— Նրան պետք է փոստով ուղարկել, քանի որ գլուխ ունի վրան...

— Նրան պետք է հեռագրով ուղարկել... Թող հիմա էլ ինքը քշի գնացքը...

Սպիտակազգեստ պարոնը առաջ թեքվեց ու շշնջաց Ալիսի ականջին.

— Սիրելիս, ուշադրություն մի դարձրու նրանց ասածներին, բայց ամեն կայարանում վերադարձի տոմս գնիր։

— Ոչ էլ կգնեմ,— սրտնեղեց Ալիսը,— ես բոլորովին էլ գնացքով չէի ուզում գնալ, քիչ առաջ անտառում էի և շատ եմ ուզում նորից այնտեղ վերադառնալ։

— Դու այդ էլ կարող ես բառախաղի վերածել,— Ալիսի ականջին դիպավ նույն բարակ ծվծվոցը,— մոտավորապես այսպես. «Կգնամ անտառ, կլինեմ կայտառ»։

— Ինչու ես ծաղրում, եթե շատ ես ցանկանում, կարող ես ինքդ կատակել,— ասաց Ալիսն ու շուրջը նայեց՝ տեսնելու, թե որտեղից է գալիս այդ ձայնը։

Խոր հառաչ լսվեց։ Երևում է, ձայնի տերը շատ դժբախտ էր։ Նրան մխիթարելու համար Ալիսը մի բան կասեր, եթե միայն նա մարդու պես հառաչեր։ Բայց հառաչն այնքան մեղմ էր ու ցածր, որ եթե շատ մոտեցած չլիներ Ալիսի ականջին, չէր լսվի։ Շուտով նրա ականջը քոր եկավ, մտքերը ցրվեցին, և նա դադարեց մտածել խեղճ փոքրիկ արարածի դժբախտության մասին։

— Ես գիտեմ, որ դու բարի ես,— շարունակեց բարակ ծվծվոցը,— սիրելի բարեկամ, դու ինձ չես վնասի, թեպետ ես միջատ եմ։

— Ինչպիսի՞ միջատ,— նկատելիորեն հուզվեց Ալիսը, որովհետև ուզում էր իմանալ, թե արդյոք նա կարո՞ղ է խայթել, բայց անհարմար էր զգում նման հարց տալ։

— Մի՞թե գլխի չես ընկնում...— շարունակեց ծվծվոցը, որն անմիջապես խլացավ շոգեմեքենայի սուլոցից։ Վագոնում գտնվողները տագնապահար վեր թռան, Ալիսն էլ հետևեց նրանց։

Ձին, որ գլուխը հանել էր պատուհանից, հանգիստ նստեց տեղն ու ասաց.

— Առվակի վրայով ենք ցատկում։

Ուղևորները բավարարվեցին այդ բացատրությամբ, իսկ Ալիսին փոքր֊ինչ մտահոգեց այն միտքը, որ գնացքները ցատկում են։

— Ինչ էլ որ լինի, կհասնենք Չորրորդ Քառակուսուն։ Ահա իմ միակ մխիթարանքը,— ինքն իրեն ասաց նա։

Հաջորդ վայրկյանին Ալիսը զգաց, որ վագոնն օդ բարձրացավ և վախեցած կառչեց մոտակա ինչ֊որ բանից, որն ինչպես պարզվեց ոչ այլ ինչ էր, եթե ոչ Այծի մորուքը։


  • * *

Բայց մորուքը հալվեց, անհետացավ նրա ձեռքում։ Հանկարծ Ալիսը նկատեց, որ նստած է ծառի տակ։ Մոծակը (այդ այն միջատն էր, որի հետ խոսում էր) տեղավորվեց Ալիսի գլխավերևում՝ ճյուղի վրա և սկսեց թևերով հովհարել աղջկան։

Դա մի հսկայական Մոծակ էր։

«Ոնց որ աքլոր լինի»,— մտածեց Ալիսը։

Երկար ժամանակ նա զրուցում էր Մոծակի հետ և նրանից վախենալու պատճառ չուներ։

— Ուրեմն դու բոլոր միջատներին էլ չե՞ս սիրում,— հանգիստ շարունակեց Մոծակը, կարծես ոչինչ չէր պատահել։

— Ես սիրում եմ խոսողներին, իսկ մեր երկրում նրանք չեն խոսում։

— Ի՞նչ միջատներ ունես ձեր երկրում։

— Ես ոչ մի միջատ էլ չունեմ, որովհետև շատ եմ վախենում նրանցից, մանավանդ խոշորներից, բայց կարող եմ ասել, թե նրանց ինչպես են կանչում։

— Անշուշտ նրանք գալի՞ս են, երբ նրանց կանչում են,— անփույթ նկատեց Մոծակը։

— Ոչ, չեն գալիս։

— Դե, էլ ինչո՞ւ են կանչում, եթե չեն գալիս։

— Դա միջատների համար միևնույնն է, իսկ մարդկանց համար կարևոր է։ Եթե այդպես չլիներ, ոչ մի բան էլ անուն չէր ունենա,— բացատրեց Ալիսը։

— Համոզված չեմ,— պատասխանեց Մոծակը,— բայց այս անտառում նրանք անուններ չունեն։ Սկսիր թվարկել։ Ժամանակ ես վատնում։

— Ուրեմն՝ Մոծակ,— սկսեց Ալիսը, ծալելով մի մատը։

— Շատ լավ,— ասաց Մոծակը,— եթե ուշադիր նայես թփին, կտեսնես Մոծաքլորին։ Սուր կնճիթ ունի, ամբողջ օրը ծուղրուղու է կանչում։

— Իսկ ինչո՞վ է սնվում,— հետաքրքրվեց Ալիսը։

— Արյունով ու կորեկով։ Շարունակիր,— ոգևորվեց Մոծակը։

Ալիսը նայեց Մոծաքլորին և որոշեց, որ նա կռվարար մոծաքլոր է. կնճիթը ցցած՝ գլուխն անդադար ցնցում էր։

— Հետո՝ Բզեզը։

— Գլխավերևիդ ճյուղին նստած է Բըզ֊Եզը։ Թողնես ամբողջ օրը թևերը թափահարի ու բառաչի։

— Իսկ ի՞նչ է ուտում։

— Զանազան այլ միջատներ, բայց ավելի շատ՝ խոտ։

— Ապա Զատիկը,— շարունակեց Ալիսը Բըզ֊Եզին լավ նայելուց հետո և մտածեց. «Ահա թե ուր են անհետանում զանազան փոքր միջատները, նրանք կեր են դառնում Բըզ֊Եզին»։

— Եթե սողաս ոտքերիդ վրա,— ասաց Մոծակը (Ալիսը տագնապահար ետ քաշեց ոտքերը),— շատ Հովազատիկներ կտեսնես։ Նրանք զոլավոր են և պիսակավոր։

— Ինչո՞վ են սնվում։

— Եղջերավոր անասուններով։

— Իսկ եթե ոչ մեկին չգտնե՞ն։

— Դե, ուրեմն կմեռնեն։

— Երևի շատ հաճա՞խ է այդպես պատահում,— մտածկոտ նկատեց Ալիսը։

— Միշտ էլ պատահում է։

Ալիսը լուռ մտածեց նրա ասածների մասին։ Մինչ այդ Մոծակը բզզում էր նրա գլխավերևում։ Ի վերջո նստեց ու ասաց.

— Ինձ թվում է, դու չես ցանկանում անունդ կորցնել։

— Իհարկե, ոչ,— նկատելիորեն անհանգստացավ Ալիսը։

— Չգիտեմ,— անփույթ պատասխանեց Մոծակը,— բայց շատ հիանալի բան կլինի, եթե առանց անունի տուն գնաս։ Օրինակ, երբ ուսուցչուհին ուզենա քեզ դաս հարցնել, կասի. «Եկ այստեղ... և ուրիշ ոչինչ, քանի որ անուն չունես և դու էլ դասդ չես պատասխանի»։

— Այդպես չի լինի, ուսուցչուհին ինձ երբեք չի ների։ Եթե չկարողանա անունս հիշել, ինձ «փոքրիկ» կկոչի, ինչպես մեր սպասուհիները։

— Եթե քեզ միայն «փոքրիկ» ասի,— նկատեց Մոծակը,— դու էլ դասի չես գնա։ Գիտե՞ս, սա կատակ է, և լավ կլիներ, որ դու անեիր այդ։

— Իսկ ինչո՞ւ,— հարցրեց Ալիսը,— դա շատ վատ կատակ է։

Բայց Մոծակը միայն խոր հառաչեց, և արցունքի երկու խոշոր կաթիլ սահեց նրա այտերով։

— Եթե դրանք քեզ այդքան վշտացնում են, ուրեմն չպետք է կատակես,— խորհուրդ տվեց Ալիսը։

Հետո նորից լսվեցին Մոծակի մելամաղձոտ հառաչները, որոնք թռցրին, հեռու տարան միջատին, և երբ Ալիսը վեր նայեց, ճյուղը դատարկ էր։ Նա այնքան երկար էր նստել, որ սկսեց մրսել, ուստի ոտքի ելավ ու քայլեց առաջ։

Շուտով Ալիսը հայտնվեց մի բաց դաշտում, որի մի կողմը մութ անտառ էր՝ ավելի մութ, քան նախորդը։ Սկզբում փոքր֊ինչ վախեցավ և չհամարձակվեց մոտենալ անտառին, բայց հետո որոշեց մտնել.

— Այլևս հետ չեմ դառնա։

Անտառը դեպի Ութերորդ Քառակուսին տանող միակ ճանապարհն էր։

— Սա հենց այն անտառն է,— մտածկոտ ասաց Ալիսը,— որտեղ իրերն անուն չունեն։ Հետաքրքիր է, ի՞նչ կպատահի անվանս, երբ գնամ այնտեղ։ Բոլորովին չեմ ուզում անունս կորցնել, որովհետև այն ժամանակ ինձ ուրիշը կտան և հաստատ գիտեմ, որ նորը լավը չի լինի։ Տեսնես կհանդիպե՞մ իմ անունն ստացող մարդուն։ Դա շատ նման է այն հայտարարություններին, որ մարդիկ տալիս են շները կորցնելու դեպքում. «Կորել է արույրե վզնոցով մի շուն»։ Պատկերացրեք, ամեն հանդիպածիս «Ալիս» կանչեմ և նրանցից միայն մեկը պատասխան տա։ Բայց եթե նրանք խելք ունենան, ձայն չեն հանի։

Անկապ֊անկապ խոսելով, Ալիսը մտավ անտառ, այնտեղ զով էր ու ստվերախիտ։

— Համենայն դեպս, շատ հաճելի է,— ուրախացավ նա,— այդպիսի անտանելի շոգից հետո մտնել, մտնել, ո՞ւր,— շարունակեց նա զարմացած, որ չի կարողանում հիշել հաջորդ բառը։

— Ուզում եմ ասել, նստել սրա... սրա... տակ,— ձեռքը ծառի բնին դնելով ասաց նա,— հետաքրքիր է, ինչպե՞ս է կոչվում սա, հավատացած եմ, որ անուն չունի։ Չէ՛, իհարկե, չունի։

Նա լուռ կանգնեց և մի քանի րոպե մտածելուց հետո նորից սկսեց խոսել.

— Մոծակի ասածը վերջիվերջո իրականացավ։ Իսկ այժմ ո՞վ եմ ես։ Անպատճառ կհիշեմ, եթե միայն կարողանամ։ Ես պետք է հիշեմ, վճռել եմ հիշել ու կհիշեմ։

Բայց վճռելը հերիք չէր։ Այն ամենը, ինչ երկար մտածելուց հետո կարողացավ հիշել, հետևյալն էր.

— «Լ» տառով է..., հաստատ գիտեմ «Լ» տառով է սկսվում։

Այդ րոպեին նրան մոտեցավ մի Եղնիկ և իր խոշոր, մեղմ աչքերը հառեց Ալիսին ու բոլորովին չվախեցավ։

— Արի ինձ մոտ, արի,— Ալիսը ձեռքը Երկարեց դեպի կենդանին և փորձեց շոյել նրան։ Եղնիկը հետ քաշվեց ու շարունակեց անթարթ աչքերով նայել աղշկան։

— Անունդ ի՞նչ է,— չափազանց հաճելի, քնքուշ ձայնով հարցրեց Եղնիկը։

«Ինձ էլ է այդ հարցը հետաքրքրում»,— մտածեց խեղճ աղջիկը և տխուր պատասխանեց.

— Ես անուն չունեմ։

— Ապա մի լավ մտածիր, այդպես չի լինի։

Ալիսը երկար մտածեց, բայց ոչինչ չստացվեց։

— Ասա, խնդրեմ, ի՞նչ է քո անունը,— վախվորած հարցրեց նա,— ինձ թվում է, եթե քոնն ասես՝ ես իմը կհիշեմ։

— Մի քիչ քայլենք, հետո,— պատասխանեց Եղնիկը,— ես այստեղ չեմ կարող հիշել։

Նրանք սկսեցին միասին ճեմել անտառում։ Ալիսը ձեռքը գորովալից դրել էր Եղնիկի նուրբ պարանոցին։ Վերջապես նրանք հասան մի բացատ։ Այստեղ հանկարծ Եղնիկը օդում ոստյուն արեց՝ պարանոցն ազատելով նրա ձեռքից։

— Ես Եղնիկ եմ,— ուրախ բացականչեց նա,— իսկ դու, սիրելիս, մարդու զավակ ես։

Եվ անմիջապես նրա գեղեցիկ, դարչնագույն աչքերում տագնապ երևաց, ու հաջորդ վայրկյանին նա անսպասելիորեն առաջ սուրաց։

Ալիսն ափսոսանքով նայում էր Եղնիկի հետևից։ Նա պատրաստ էր արտասվելու, որ այդքան հանկարծակի կորցրեց իր սիրելի ուղեկցին։

— Այնուամենայնիվ, ես այժմ գիտեմ անունս, սա որոշ մխիթարանք է ինձ համար։ «Ալիս, Ալիս», այլևս չեմ մոռանա։ Իսկ հիմա շարունակեմ քայլել։ Արդյոք այս ուղեցույց սյուներից որի՞ն հետևեմ։

Դա այնքան էլ դժվար չէր, որովհետև անտառում միայն մի ճանապարհ կար, և սյուները նույն ուղղությունն էին ցույց տալիս։

— Մի քիչ գնամ, հետո կորոշեմ, երևի նրանք մի տեղ կբաժանվեն,— ինքն իրեն խոսեց Ալիսը։

Նա երկար քայլեց, բայց որտեղ որ ճանապարհը բաժանվում էր, երկու ուղեցույցները դարձյալ նույն ուղղությունն էին ցույց տալիս։ Մեկի վրա գրված էր. «ԴԵՊԻ ՉԸՐԽԿԻ ՏՈՒՆԸ», մյուսի վրա՝ «ԴԵՊԻ ՇԸՐԽԿԻ ՏՈՒՆԸ»։

— Ուրեմն, նրանք միևնույն տանն են ապրում,— կռահեց Ալիսը,— զարմանալի է, ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին չեմ մտածել։ Բայց այնտեղ երկար մնալ չեմ կարող։ Միայն կողջունեմ նրանց և կհարցնեմ, անտաոից դուրս գալու ճանապարհը։ Երանի մինչև մութն ընկնելը հասնեմ Ութերորդ Քառակուսուն։

Նա սկսեց թափառել անտառում՝ խոսելով ինքն իր հետ, և երբ անցավ ճանապարհի շրջադարձը, նրա դիմաց ելան երկու գեր մարդ։ Այդ հանդիպումն այնքան հանկարծակի էր, որ Ալիսը ցնցվեց ու կանգ առավ, սակայն շուտափույթ հավաքեց իրեն՝ ենթադրելով, որ նրանք պիտի լինեն։


ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ. Չըրխկն ու Շըրխկը

Նրանք կանգնել էին ծառի տակ, ձեռքերը դրած միմյանց ուսի։ Ալիսն անմիջապես տարբերեց նրանց, որովհետև նրանցից մեկի օձիքին ասեղնագործած էր «Չ», իսկ մյուսի օձիքին՝ «Շ»։ «Երևի մնացած տառերն էլ օձիքի հետևում են»,— մտածեց Ալիսը։

Եղբայրներն այնպես անշարժ էին կանգնել, որ Ալիսին թվաց, թե արձաններ են։ Նա փնտրում էր, թե արդյոք երկուսի օձիքներին «ՐԸԽԿ» չկա՞ գրված, երբ հանկարծ ուժգին ցնցվեց «Շ»֊ի ձայնից։

— Եթե դու կարծում ես, որ մենք մոմից ենք պատրաստված, ուրեմն պետք է վճարես։ Մոմից պատրաստված մարդկանց երբեք անվճար չեն դիտում, երբեք։

— Եվ ընդհակառակը,— շարունակեց «Չ»֊ն,— եթե կարծում ես, որ մենք կենդանի մարդիկ ենք, ուրեմն պետք է խոսես մեզ հետ։

— Ներեցեք, ներեցեք,— շշնջաց Ալիսը։ Նրա գլխում ժամացույցի զարկերի պես դեռ հնչում էին հին երգի բառերը, և հազիվ զսպեց իրեն, որ բարձրաձայն չարտասանի.

Մի օր Չըրխկն ու Շըրխկը
Մի մեծ կռիվ սարքին տանը.
Փչացրել էր չար Չըրխկը
Խեղճ Շրըխկի չխկչխկանք։

Մեկ էլ ոնց որ ձյութի տակառ՝
Ագռավ իջավ կռկռան,
Կտրիճներն էլ լեղապատառ
Թողին կռիվն ու թռան։

— Ես գիտեմ, ինչի մասին ես մտածում,— ասաց Չըրխկը,— բայց դա բոլորովին էլ այդպես չէ։

— Ընդհակառակը,— շարունակեց Շըրխկը,— եթե այդպես լիներ, ուրեմն կլիներ, իսկ եթե այդպես է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, քանի որ այդպես չէ, ուրեմն այդպես էլ չպետք է լինի։ Դա տրամաբանական է։

— Ես մտածում էի,— վերին աստիճանի քաղաքավարի սկսեց Ալիսը,— թե ինչպես դուրս գամ անտառից։ Արդեն մթնում է։ Խնդրում եմ ասացեք, ո՞ր ճանապարհով գնամ։

Կարճ, գեր մարդուկները լուռ նայեցին միմյանց ու ժպտացին։

Նրանք նման էին դպրոցական աշակերտների։ Ալիսը շատ էր ուզում մատնացույց անել Չըրխկին և ասել. «Առաջին շարքում նստած տղա, ե՛կ դասդ պատասխանիր»։

— Ոչ մի դեպքում,— աշխույժ վրա բերեց Չըրխկը և աղմուկով փակեց բերանը։

— Երկրորդ տղա,— Շըրխկին նայելով ասաց Ալիսը, չնայած հաստատ համոզված էր, որ Շըրխկը պիտի միայն բղավեր. «Ընդհակառակը»։ Նա այդպես էլ արեց։

— Դու սխալ սկսեցիր,— ասաց Չըրխկը,— հյուր գնալիս սկզբից ասում են. «Բարև ձեզ» և ապա ձեռք սեղմում։

Այս խոսքերի վրա եղբայրները գրկախառնվեցին ու իրենց ազատ ձեռքերը երկարեցին դեպի աղջիկը։

Ալիսը միաժամանակ սեղմեց երկուսի ձեռքերը, որպեսզի նրանցից ոչ մեկը չվիրավորվեր։ Քիչ անց նրանց հետ շրջան կազմած պարում էր։ Նրան շատ բնական թվաց այդ (հիշում էր նա հետագայում) և նույնիսկ չզարմացավ, երբ երաժշտություն լսեց։ Մեղեդին կարծես հնչում էր հենց այն ծառից, որի տակ պարում էին, և հենց այն ժամանակ (ինչպես Ալիսը գլխի ընկավ), երբ ճյուղերն իրար էին քսվում, ինչպես ջութակն ու իր աղեղը։

— Բայց տարօրինակն այն էր,— (ասում էր Ալիսը, երբ պատմում էր քրոջն իր արկածները),— որ ես հանկարծ սկսեցի մռմռալ՝ «Ահա մենք պտտվում ենք թթենու շուրջը» երգը։ Չեմ կարող ասել, թե երբ սկսեցի, բայց ինձ թվաց, երկար ժամանակ է, ինչ երգում էի։

Ալիսի պարընկերները չափազանց գեր էին ու շուտով շնչասպառ եղան։

— Մի պարի համար չորս անգամ պտտվելը բավական է,— հևաց Չըրխկը, և նրանք այնքան անսպասելիորեն կանգ առան, որքան անսպասելիորեն սկսել էին։ Այդ նույն վայրկյանին մեղեդին լռեց։

Հետո նրանք թողեցին Ալիսի ձեռքերը և մի որոշ ժամանակ կանգնած դիտում էին նրան։ Լռությունը ճնշող էր, որովհետև Ալիսը չգիտեր, ինչպես խոսակցություն սկսեր իր պարընկերների հետ։ «Բարև ձեզ» ասելու ժամանակը վաղուց անցել էր, նրանք արդեն ծանոթացել էին։

— Հուսով եմ, չհոգնեցի՞ք,— վերջապես հարցրեց նա։

— Բոլորովին էլ ոչ, շատ շնորհակալ ենք, որ հարցրիր,— ասաց Չըրխկը։

— Այնքան զգացված ենք,— ավելացրեց Շըրխկը։— Դու ոտանավոր սիրո՞ւմ ես։

— Այո֊ո, բայց նայած ինչ ոտանավոր,— կակազեց Ալիսը,— չե՞ք ասի, որն է անտառից դուրս գալու ճանապարհը։

— Ի՞նչ արտասանեմ նրա համար,— ուշադրություն չդարձնելով Ալիսի ասածին, լրջախոհ հարցրեց Շըրխկը։

— «Ծովացուլն ու Հյուսնը» ամենաերկարն է,— ջերմ գրկելով եղբորը, պատասխանեց Չըրխկը։

Շըրխկն անմիջապես սկսեց.

— Շողշողում էր արեգակը...

Այս խոսքերի վրա Ալիսը՝ հնարավորին չափ քաղաքավարի, համարձակվեց ընդհատել նրան.

— Եթե ոտանավորը շատ երկար է, խնդրում եմ, սկզբից ինձ ճանապարհը...

Շըրխկը մեղմ ժպտաց ու նորից սկսեց.

Շողշողում էր արեգակը
Ծովի վրա հրավառ
Ու տքնում, որ ալիքները
Ցոլան հանդարտ ու պայծառ.
Ա՜յ քեզ հրաշք, որովհետև
Կեսգիշեր էր ու սև մառ։

Իսկ լուսինը, քիթը կախած,
Տխուր հոգոց էր հանում.
— Ի՞նչ գործ ունի արևն էստեղ,
Ցերեկն ի՞նչ է սա անում,
Որ անտաշի պես գալիս է
Ու գիշերս հարամում։

Դեռ ծովն այսքան թաց չէր եղել,
Ավազը՝ չոր ու ցամաք,
Երկինքն՝ անամպ, որովհետև
Նա անամպ էր ու դատարկ,
Իսկ հավքերը չէին թռչում,
Քանզի չկար ոչ մի հավք։

Ծովացուլն ու Հյուսնը ափին
Ողբում էին վշտահար.
— Ավազն էս ի՜նչ շատացել է,
Լավ կլինի՝ մեկը գար
Ու ավելով մի լա՜վ մաքրեր
Էս ծովափը վերից վար։

— Թե յոթ աղջիկ յոթ ավելով
Ավլեն ուղիղ կես տարի,
Ի՞նչ ես կարծում՝ կհասցնե՞ն
Մաքրել ափն այս վիթխարի։
— Կասկածում եմ,— ողբաց Հյուսնը՝
Արցունքներով դառնաղի։

— Ա՛խ, Ոստրենե՜ր, միացե՛ք մեզ,—
Ծովացուլն էր աղաչում.
Մենք կզբոսնենք, կզրուցենք
Ծովի ափին կարկաչուն։
Եկեք գնանք զբոսնելո՜ւ,
Նա լալիս էր ու կանչում։

Տարեց Ոստրեն նայեց նրան,
Բայց չխոսեց ոչ մի բառ.
Հալիվորը աչքը թարթեց,
Շարժեց գլուխն անբարբառ.
— Ինչո՞ւ թողնեմ անկողինս՝
Ա՛յս էր ասում նա անբառ։

Բայց նույն պահին ժիր ու ջահել
Չորս Ոստրեներ դուրս եկան՝
Կոկ հագնված, լավ սանրված,
Կոշիկները՝ պսպղան.
Ոստրենե՞րն էլ կոշիկ հագնեն,
Ո՞վ է տեսել նման բան։

Մի նոր քառյակ ելավ ծովից,
Հետո՝ ևս մի քառյակ,
Ու խմբվեցին Ոստրեները
Ծեր Ոստրեին հակառակ.
Ափ դուրս եկան խառնախռիվ
Արեգակի շողի տակ։

Ծովացուլն ու Հյուսնը այսպես,
Դեռ քայլեցին երկու ժամ,
Ու նստեցին քարի վրա
Ընկերները անբաժան,
Մինչ խմբվեցին նրանց շուրջը
Ոստրեները հարգարժան։

Ծովացուլը թե՝ «Տեղ հասանք,
Շատ հարցեր պիտ քննարկենք.
Մի զույգ կոշիկ... Զմուռս ու նավ...
Կաղամբ... Արքա... Գահ ու զենք...
Թե ինչո՞ւ է ծովը եռում,
Խո՞զն է լավ թռչում, թե՞ մենք»։

— Կա՛ց,— գոչեցին Ոստրեները,—
Թող մի կարգին շունչ առնենք,
Հալից ընկանք ու քրտնեցինք
Ոտից մինչև գլուխ մենք։
— Կհամբերե՜նք,— Հյուսնը ասաց։
Պատասխանը՝ Շատ գոհ ենք։

Ծովացուլը թե՝ «հաց լիներ
(Զսպելով իր արցունքը),
Մի քիչ պղպեղ, մի քիչ քացախ,
Որ շատ լիներ հաճույքը։
Իմ պստիկնե՜ր, թե պատրաստ եք.
Մենք կսկսենք խնջույքը»։

— Մե՞ր խնջույքը,— ճղճղացին
Ոստրեները վախեցած,—
Հրավերքից հետո արժե՞
Քթից բերել աղ ու հաց...
— Ի՜նչ գիշեր է, ի՜նչ տեսարան,—
Ծովացուլը մեղմ ասաց։

— Լա՛վ արիք, որ մեզ հետ եկաք,—
Շարունակեց նա տխուր։
Իսկ անհամբեր Հյուսնը ասաց.
— Ի՞նչ ես խոսում քեզնից դուրս։
Դու հո խուլ չես, ա՛յ տնաշեն,
Հլա մեկին դե՛սը տուր։

Ծովացուլը, թե՝ «Ամո՜թ է,
Թողած ծովի հատակը՝
Խեղճերն ելան մեզ հետ եկան
Էսպես ընկան կրակը»։
Իսկ անհամբեր Հյուսնը ասաց.
— Հաստ ես քսել կարագը։

— Խե՜ղճ Ոստրեներ,— ամաչում էր
Ծովացուլն իր վարմունքից,
Մինչ ջոկում էր թմբլիկ ոստրե,
Ջուրն էր վազում շրթունքից,
Իսկ ձախ ձեռքում թաշկինակը
Լրի՜վ թրջվեց արցունքից։

— Դե՛, Ոստրեներ,— Հյուսնը ասաց,—
Մեր զբոսանքն ավարտվեց։
Ի՞նչ եք ասում՝ տուն չգնա՞նք։
Բայց պատասխան չլսվեց։
Ի՞նչ պատասխան, երբ բոլորին
Կերել էին փոքրից մեծ։

— Ինձ ավելի դուր եկավ Ծովացուլը,— ասաց Ալիսը,— որովհետև նա մի քիչ խղճում էր ոստրեներին։

— Բայց նա Հյուսնից շատ էր ուտում,— համառեց Շըրխկը,— թաշկինակով ծածկում էր դեմքը, որ Հյուսնը չկարողանար հաշվել պատառները։ Ընդհակառակը։

— Դա անազնվություն է,— վրդովվեց Ալիսը,— ես Հյուսնին կսիրեի, եթե Ծովացուլի չափ ոստրե չուտեր։

— Բայց նա կերավ միայն այնքան, որքան կարողացավ ճարել,— ասաց Չըրխկը։

Սա շփոթության մեջ գցեց Ալիսին, և նա մի որոշ ժամանակ լռեց։

— Նրանք երկուսն էլ վատն են,— եզրակացրեց նա։

Հանկարծ Ալիսը տագնապահար եղավ, լսելով մի խուլ ձայն՝ նման հսկա գնացքի փնչոցի մոտերքում և վախեցավ մտածելով, որ անտառում վայրի գազան լինի։

— Այստեղ առյուծներ ու վագրեր կա՞ն,— երկչոտ հարցրեց նա։

— Դա Սև Արքան է խռմփացնում,— հանգիստ պատասխանեց Շըրխկը։

— Արի գնանք նրան տեսնելու,— միաբերան գոչեցին եղբայրները և, բռնելով աղջկա ձեռքերից, քարշ տվին նրան քնած Արքայի մոտ։

— Գեղեցիկ է, չէ՞,— հարցրեց Չըրխկը։

Ալիսը չհամարձակվեց ասել, որ նա տգեղ է։ Արքայի գլխին ծոպավոր կարմիր թասակ կար, պառկած էր գունդ ու կծիկ եղած ու բարձր խռմփացնում էր։

— Այնպես է խռմփացնում, որ քիչ է մնում գլուխը վրայից պոկվի,— նկատեց Չըրխկը։

— Իսկ խոնավ խոտի վրա չի՞ մրսի,— անհանգստացավ Ալիսը, որը շատ հոգատար աղջիկ էր։

— Նա այժմ երազ է տեսնում,— ասաց Շըրխկը,— ի՞նչ ես կարծում, ո՞ւմ է տեսնում երազում։

— Ի՞նչ իմանաս,— ասաց Ալիսը։

— Դե, իհարկե, քեզ է տեսնում,— հաղթականորեն բացականչեց Շըրխկն ու ծափ զարկեց,— ասա մի տեսնեմ, որտե՞ղ կլինեիր դու, եթե նա դադարեր քեզ երազում տեսնել։

— Իհարկե, այստեղ,— ասաց Ալիսը։

— Ոչ,— արհամարհանքով առարկեց Շըրխկը,— դու ոչ մի տեղ էլ չէիր լինի։ Դու միայն նրա երազի մի մասն ես։

— Եթե Արքան արթնանա,— ավելացրեց Չըրխկը,— դու մոմի նման կմարես, փո՛ւհ։

— Չեմ մարի,— զայրացավ Ալիսը,— եթե ես նրա երազի մի մասն եմ, ապա շատ կուզեի իմանալ, դուք ի՞նչ եք։

— Նույնություն,— պատասխանեց Չըրխկը։

— Նույն բանն ենք, նույն բանն ենք,— ճչաց Շըրխկը։

Նա այնպես բարձր գոռաց, որ Ալիսը չկարողացավ իրեն զսպել ու նկատողություն արեց.

— Ի՞նչ եք գոռում, սո՛ւս մնացեք, սո՛ւս, կարթնացնեք նրան։

— Իզուր տեղն էլ խոսում ես նրան արթնացնելու մասին,— ասաց Չըրխկը,— դու շատ լավ գիտես, որ իրականում գոյություն չունես, նրա երազի մի մասնիկն ես։

— Ես իրական եմ,— Ալիսն սկսեց հեկեկալ։

— Ինչո՞ւ ես լաց լինում, կարծում ես դրանով մի բան կփոխվի,— նկատեց Շըրխկը,— արտասվելու ոչ մի պատճառ չկա։

— Եթե ես իրական չլինեի, չէի կարող լաց լինել,— լացակումած ծիծաղեց Ալիսը. այդ բոլորը նրան զավեշտական թվաց։

— Երևի կարծում ես, որ արցունքներդ իսկական են,— խորը արհամարհանքով ընդհատեց Շըրխկը։

«Հաստատ գիտեմ, որ նրանց ասածը հիմարություն է,— մտածեց Ալիսը,— չարժե դրա համար ողբալ»։ Նա սրբեց աչքերը և հնարավորին չափ զվարթ ձայնով շարունակեց.

— Համենայն դեպս, ես պետք է դուրս գամ անտառից, արդեն մթնում է։ Ի՞նչ եք կարծում, անձրև կգա՞։

Չըրխկը բացեց հսկայական հովանոցը, որն ամբողջովին ծածկեց իրեն ու եղբորը, ապա նայեց վեր.

— Կարծում եմ, գոնե այստեղ՝ սրա տակ, համենայն դեպս չի գա։

— Իսկ հովանոցից դուրս կգա։

— Հնարավոր է, եթե միայն ցանկանա,— ասաց Շըրխկը,— մենք չենք առարկում։ Ընդհակառակը։

«Եսասերներ»,— մտածեց Ալիսը և հենց այն է, պատրաստվում էր «բարի գիշեր» ասելով հեռանալ, երբ հանկարծ Չըրխկը դուրս ցատկեց հովանոցի տակից ու բռնեց նրա դաստակը.

— Նայիր այնտեղ,— շշնջաց նա հուզմունքից խեղդվելով և նրա աչքերը մի ակնթարթում լայն բացվեցին ու դեղնեցին, երբ դողդոջուն ձեռքով մատնացույց արեց ծառի տակ ընկած փոքրիկ սպիտակ իրը։

— Բոժոժիկ է, չխկչխկան խաղալիք,— իրն զգույշ զննելուց հետո ասաց Աւիսը,— և ոչ թե բոժոժավոր օձ,— շտապ ավելացրեց նա, մտածելով հանգստացնել վախեցած Չրըխկին,— հին, ջարդված չխչխկան է, ուրիշ ոչինչ։

— Այդպես էլ գիտեի,— Չըրխկը սկսեց կատաղորեն դոփել գետինն ու պոկել մազերը,— երևի փչացել է։

Սրա վրա նա աչքերն այնպես ոլորեց Շըրխկի վրա, որ վերջինս անմիջապես կուչ եկավ, փորձելով թաքնվել հովանոցի տակ։

Ալիսը ձեռքը դրեց Չըրխկի ուսին ու մխիթարեց.

— Իզուր ես բարկանում այդ հին խաղալիքի համար։

— Բայց դա հին չէ,— ավելի զայրացած գոռաց Չըրխկը,— նոր է, երեկ եմ գնել, իմ գեղեցիկ ՆՈՐ ԲՈԺՈԺԻԿԸ,— ու նրա ձայնը բարձրացավ ճչալու աստիճան։

Մինչ այդ Շըրխկը փորձում էր թաքնվել հովանոցի տակ։ Տեսարանն այնքան արտասովոր էր, որ Ալիսն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց նրա վրա։ Վերջապես Շըրխկը թավալ տալով կծկվեց հովանոցի մեջ և, գլուխը դուրս հանած, սկսեց բացուխուփ անել բերանն ու խոշոր աչքերը։

«Ինչքա՜ն նման է ձկան»,— մտածեց Ալիսը։

— Կուզե՞ս կռվենք,— մեղմ հարցրեց Չըրխկը։

— Այո,— հովանոցից դուրս սողալով մռայլ համաձայնեց Շըրխկը,— բայց գիտե՞ս ինչ, թող նա մեզ օգնի, թե չէ մենք ինքներս չենք կարող հագնվել։

Եղբայրներն իրար ձեռք բռնած գնացին անտառ ու քիչ անց բարձեր, վերմակներ, բուխարու առաջ գցելու գորգիկներ, սեղանի ծածկոցներ և ածխի դույլեր գրկած վերադարձան։

— Հուսով եմ, որ կապելու մեջ վարպետ ես,— Ալիսին դիմեց Չըրխկը,— այս բոլոր իրերը մեզ վրա պիտի ամրացվեն, օգնի՛ր մեզ։

Ալիսը հետագայում խոստովանեց, որ կյանքում երբեք նման գզվռտոց չէր տեսել։ Նրանք թավալ էին տալիս իրենց բերած կույտի մեջ և շարունակ անհանգստացնում աղջկան, խնդրելով կապել պարաններն ու կոճկել կոճակները։

«Նրանք ավելի շուտ հին շորի կապոցներ են հիշեցնում, քան թե կռվողներ»,— բարձն ամրացնելով Շըրխկի վզին, մտածեց Ալիսը։

— Սա կպահպանի վիզս կտրվելուց,— ասաց Շըրխկը,— գիտե՞ս ինչ,— մռայլ շարունակեց նա,— կռվի ժամանակ հաճախ է պատահում, որ մարդ կորցնում է գլուխը։

Ալիսը փռթկաց, բայց անմիջապես զսպեց իրեն, որպեսզի Շըրխկին չվիրավորի։

— Շա՞տ եմ գունատ,— սաղավարտն ամրացնելու համար Ալիսն մոտեցավ Չըրխկը (նա տապակը կոչում էր սաղավարտ)։

— Այո... մի քիչ,— մեղմ պատասխանեց Ալիսը։

— Ես, ընդհանրապես, շատ քաջ եմ,— ցածրաձայն ավելացրեց նա,— միայն թե այսօր գլխացավ ունեմ։

— Իմ էլ ատամն է ցավում,— լսելով եղբորը, գանգատվեց Շըրխկը,— ես քեզնից վատ եմ զգում։

— Ավելի լավ է այսօր չկռվեք,— Ալիսն ուրախացավ, որ գտավ նրանց հաշտեցնելու առիթը։

— Մի վախեցիր, երկար չենք կռվի, հիմա ժամը քանի՞սն է,— ասաց Չըրխկը։

Շըրխկը նայեց ժամացույցին.

— Չորս անց կես։

— Եկ կռվենք մինչև վեցը, իսկ հետո ճաշենք,— առաջարկեց Չըրխկը։

— Շատ լավ,— տխուր համաձայնեց Շըրխկը,— իսկ նա թող մեզ նայի, միայն թե շատ մոտ չգա,— և դիմելով Ալիսին, խորհուրդ տվեց,— երբ հուզվում եմ, ոչ մեկին չեմ խնայում, ում հանդիպեցի՝ կխփեմ։

— Իսկ ինձ համար տեսնելը նշանակություն չունի, ձեռքիս տակ ինչ ընկնի, կխփեմ,— բղավեց Չրըխկը։

Ալիսը ծիծաղեց.

— Ուրեմն դուք հաճախ ծառերին էլ եք խփում։

Չըրխկը գոհ ժպիտով նայեց շուրջը.

— Կռվից հետո ոչ մի ծառ չի մնա մեր շուրջը։

— Եվ այս ամենը մի չխկչխկանի պատճառո՞վ,— Ալիսը հույս ուներ նրանց գոնե մի քիչ ամաչեցնել, որ դատարկ բանի համար չկռվեն։

— Եթե չխկչխկանը նոր չլիներ, այդքան չէի մտածի,— ասաց Չըրխկը։

«Երանի այն ահռելի ագռավը գար»,— մտածեց Ալիսը։

— Դու գիտես չէ, որ մենք միայն մի թուր ունենք,— եղբորը դիմեց Չըրխկը,— ուզում ես հովանոցը վերցրու, բավականին սուր է։ Միայն թե շո՛ւտ, սկսե՛նք։ Արդեն մթնում է, ինչ էլ սև է երկինքը՝ կուպրի նման։

— Մի բան էլ ավելի,— վրա բերեց Շըրխկը։

Մութն իջնում էր այնպիսի արագությամբ, որ Ալիսին թվաց, թե ամպրոպ է ճայթելու։

— Ի՜նչ թուխ ամպ է,— ասաց Ալիսը,— և ի՜նչ էլ արագ է շարժվում։ Կարծես թևեր ունենա։

— Ագռա՜վն է,— տագնապահար ծղրտաց Չըրխկը։

Եղբայրները սրարշավ առաջ նետվեցին և մի ակնթարթում կորան տեսադաշտից։

Ալիսն էլ հետևեց նրանց ու սկսեց վազել այնքան, մինչև կանգ առավ սաղարթախիտ ծառի տակ։

«Այստեղ ագռավն ինձ երբեք չի հասնի,— մտածեց նա,— որովհետև հսկա է և չի կարող ծառերի արանքը մտնել։ Բայց լավ կլինի թևերն այդպես չթափահարի, որովհետև անտառում սարսափելի փոթորիկ է բարձրանում։ Վա՜յ, այս ո՞ւմ գլխաշորն է, երևի քամին է թռցրել»։


ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ. Բուրդն ու ջուրը

Այս խոսքի վրա նա բռնեց գլխաշորը և նայեց շուրջը, հուսալով տեսնել տիրոջը։ Քիչ անց երևաց Սպիտակ Թագուհին։ Նա անտառով մեկ կատաղի վազում էր թևերը տարածած, կարծես սավառնում էր։ Ալիսը զուսպ ու քաղաքավարի ընդառաջ գնաց։

— Լավ է, որ այստեղ էի։— Նա Թագուհու ուսին գցեց գլխաշորը։

Սպիտակ Թագուհին անօգնական ու վախեցած նայեց նրան ու շարունակեց կիսաձայն կրկնել ինչ֊որ մի նախադասություն, որից Ալիսը տարբերեց հետևյալ բառերը. «Հաց ու կարագ, հաց ու կարագ»։ Նա հասկացավ, որ Թագուհին տրամադրություն չունի, ուստի առաջին խոսողը ինքը եղավ և բավական երկչոտ ձայնով դիմեց նրան.

— Թույլ կտա՞ք ձեզ հարցնել...

— Դե, այո, եթե դա հագցնել ես անվանում,— պատասխանեց նա,— բայց իմ կարծիքն այլ է։

Ալիսը մտածեց, որ հարմար չէ խոսքի հենց սկզբից վիճաբանության մեջ մտնել և ժպտալով առաջ անցավ.

— Եթե ձերդ գերազանցությունն ինձ բացատրի սկսելու ճիշտ ձևը, ես կհետևեմ նրա ասածին։

— Բայց ես բոլորովին էլ չեմ ուզում,— մռնչաց Թագուհին,— այս վերջին երկու ժամը ես հագնվում էի։

«Լավ կլիներ նրան ինչ֊որ մեկը օգներ, որովհետև շատ անփույթ է հագնված։ Ամեն ինչ ծուռ ու մուռ է, գնդասեղներով մի կերպ ամրացված»,— մտածեց Ալիսը և բարձրաձայն ավելացրեց.

— Թույլ տվեք ձեր գլխաշորն ուղղել։

— Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում,— տխուր ասաց Թագուհին,— երևի բարկացել է։ Ամեն կողմից ամրացնում եմ, բայց դարձյալ դժգոհ է։

— Գիտե՞ք ինչ, դուք մի կողմից եք ամրացրել, դրա համար էլ ուղիղ չի մնում,— Ալիսը քնքշությամբ ուղղեց գլխաշորը։— Աստվա՜ծ իմ, այս ի՜նչ վիճակի մեջ են ձեր մազերը։

— Խոզանակը խրվել է մեջը,— հառաչեց Թագուհին,— իսկ երեկ էլ սանրս կորցրի։

Ալիսն զգուշությամբ հանեց խոզանակը և խնամքով հարդարեց Թագուհու մազերը։

— Դե, հիմա ավելի գեղեցիկ տեսք ստացաք,— ծամակալներից մի քանիսի տեղերը փոխելով բացականչեց նա,— դուք անպատճառ պետք է նաժիշտ ունենաք։

— Ես մեծ սիրով քեզ կվերցնեի,— ասաց Թագուհին,— շաբաթը երկու փենս և օր ու մեջ՝ մեղր։

Ալիսը չկարողացավ զսպել ծիծաղը։

— Ես չեմ ուզում ձեր նաժիշտը լինել և, բացի այդ, մեղր չեմ սիրում։

— Շատ համեղ է,— համոզեց Թագուհին։

— Միևնույն է, ես այսօր չեմ ուզում քաղցր ուտել։

— Եթե նույնիսկ ցանկանաս էլ, չես ստանա։ Օրենքը այսպես է՝ մեղր տալ երեկ, մեղր տալ վաղը, բայց ոչ մի դեպքում՝ այսօր,— բացատրեց Թագուհին։

— Ինձ թվում է, դուք հաճախ ստիպված կլինեք այսօր մեղր տալ,— առաջարկեց Ալիսը։

— Չի կարող պատահել,— ասաց Թագուհին,— մենք օր ու մեջ ենք տալիս, իսկ այսօրը օր ու մեջ չէ։

— Չեմ հասկանում,— ծոր տվեց Ալիսը,— դուք ինչ֊որ խառնաշփոթ բաներ եք ասում։

— Սա է հակառակ ձևով ապրելու հմայքը,— մեղմ բացատրեց Թագուհին,— դրանից սկզբում մարդու գլուխն ուղղակի պտտվում է...

— Հակառակ ձևով ապրելու հմա՞յքը,— ապշած կրկնեց Ալիսը,— ես երբեք այդպիսի բան չեմ լսել9։

— Դրա միակ խոշոր առավելությունն այն է, որ հիշողությունը երկու ուղղությամբ է գործում։

— Իմ հիշողությունը միայն մի ուղղությամբ է գործում,— նկատեց Ալիսը,— ես միայն անցյալն եմ հիշում։

— Ուրեմն քո հիշողությունը շատ աղքատ է, որ միայն կատարված դեպքերն է հիշում,— եզրակացրեց Թագուհին։

— Իսկ դուք ամենից լավ ի՞նչն եք հիշում,— համարձակվեց հարցնել Ալիսը։

— Դե՜, այնպիսի դեպքեր, որ կատարվելու են սրանից մի շաբաթ հետո,— անփույթ նետեց Թագուհին և խոսելիս մատին դեղ քսեց։— Օրինակ, հիմա Թագավորի Սուրհանդակը պատժված է ու բանտ նետված։ Դատը նույնիսկ հաջորդ չորեքշաբթի էլ տեղի չի ունենա, իսկ այդ բոլորից հետո հանցագործությունը կկատարվի։

— Իսկ եթե նա երբեք հանցանք չգործի՞,— հարցրեց Ալիսը։

— Ավելի լավ,— պատասխանեց Թագուհին և ժապավենով կապեց մատը։

Ալիսն զգաց, որ չի կարող հակաճառել դրան։

— Իհարկե, ավելի լավ, բայց ինչո՞ւ նրան պատժել,— զարմացավ Ալիսը։

— Այդտեղ՝ արդեն սխալվեցիր,— հայտարարեց Թագուհին։— Ասա ինձ, քեզ երբևէ պատժե՞լ են։

— Միայն հանցանքների համար,— ասաց Ալիսը։

— Եվ դա քո օգտին է եղել, չէ՞,— հաղթական գոչեց Թագուհին։

— Այո, բայց ես սկզբից հանցանք եմ գործել ու հետո պատժվել։ Դա բոլորովին այլ բան է,— ուրախացավ Ալիսը։

— Իսկ եթե հանցանք չգործեիր,— ասաց Թագուհին,— այն ժամանակ ավելի լավ կլիներ, ավելի լա՜վ, ավելի լա՜վ, ավելի լա՜վ,— նրա ձայնը գնալով բարձրացավ ու վերածվեց ճղճղոցի։

Ալիսը պատրաստվում էր ասել. «Սխալվում եք», բայց Թագուհին այնպիսի ուժգնությամբ ճչաց, որ ստիպված լռեց։

— Վա՜յ, վա՜յ, վա՜յ,— տնքում էր Թագուհին՝ ձեռքն այս ու այն կողմ թափահարելով, կարծես ուզում էր ազատվել նրանից։— Մատիցս արյուն է գալիս, վա՜յ։

Թագուհու ճիչերն այնքան նման էին գնացքի սուլոցի, որ Ալիսը ձեռքերով փակեց ականջները։

Երբ Թագուհին ձայնը կտրեց, Ալիսը հարցրեց.

— Ի՞նչ պատահեց, ծակեցի՞ք ձեր մատը։

— Դեռ ոչ,— պատասխանեց Թագուհին,— բայց շուտով կծակեմ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։

— Իսկ ե՞րբ,— զսպելով ծիծաղը, հարցրեց Ալիսը։

— Երբ նորից ամրացնեմ գլխաշորս,— տնքաց Թագուհին,— կրծքազարդս բացվելու է։ Վա՜յ, վա՜յ...

Հենց այս խոսքերի վրա կրծքազարդի ամրակը բացվեց, իսկ Թագուհին գազազած շտապեց փակել այն։

— Զգո՜ւյշ, սխալ եք բռնել,— բղավեց Ալիսը և փորձեց փակել, բայց արդեն ուշ էր, ամրակը սահել, ծակել էր Թագուհու մատը։

— Տեսնո՞ւմ ես, արյուն եկավ,— գոհ ժպտաց Թագուհին,— այժմ հասկանո՞ւմ ես, թե այստեղ ինչպիսի բաներ են կատարվում։

— Իսկ ինչո՞ւ հիմա չեք ճչում,— հարցրեց Ալիսը ձեռքերը պատրաստ պահած, որ փակի ականջները։

— Որովհետև արդեն ճչացել եմ,— բացատրեց Թագուհին,— ի՞նչ կարիք կա նորից ճչալու։

Լուսանում էր։

«Երևի ագռավը գնացել է,— մտածեց Ալիսը,— ինչ լավ արեց, գնաց, թե չէ կարծեցի՝ արդեն մթնում է»։

— Ես կուզեի ուրախանալ,— շարունակեց Թագուհին,— միայն թե երբեք չեմ կարողանում հիշել կանոնը։ Դու շատ երջանիկ ես, որ այս անտառում ես ապրում և ուզածդ րոպեին ուրախանում ես։

— Այստեղ ես շատ մենակ ու տխուր եմ,— թախծեց աղջիկը, և այդ մտքի վրա արցունքի երկու խոշոր կաթիլ ցայտեց նրա աչքերից։

— Մի լաց, մի լաց,— աղերսալից ձայնով խնդրեց Թագուհին՝ հուսահատ, մատները կոտրատելով,— մտածիր, որ մեծ աղջիկ ես, մտածիր, թե որքան երկար ճանապարհ ես անցել այսօր։ Մտածիր, թե ժամը քանիսն է, մտածիր՝ ինչի մասին ուզում ես, միայն թե լաց մի եղիր։

Ալիսը չկարողացավ իրեն զսպել և սկսեց արցունքների միջից ծիծաղել.

— Երբ որևէ բան մտածես, մի՞թե չես լացի։

— Իհարկե,— վճռականորեն պատասխանեց Թագուհին,— ոչ ոք միաժամանակ երկու բան անել չի կարող։ Ենթադրենք, թե դու... Քանի՞ տարեկան ես։

— Ճիշտ յոթ ու կես։

— Կարիք չկա ասելու «ճիշտ»,— նկատեց Թագուհին,— ես քեզ հավատում եմ։ Հիմա մի այնպիսի բան կասեմ քեզ, որ հավատաս։ Ես հարյուր տարեկան հինգ ամսական և մեկ օրական եմ։

— Չեմ հավատում։

— Չե՞ս հավատում,— խղճալի ձայնով ասաց Թագուհին,— նորից փորձիր։ Փակիր աչքերդ ու խոր շունչ քաշիր։

Ալիսը ծիծաղեց.

— Փորձելն անօգուտ է։ Մարդ չի կարող անկարելի բաներին հավատալ։

— Համարձակվում եմ նկատել, որ դու անփորձ ես,— առարկեց Թագուհին,— երբ ես քո տարիքին էի, օրվա մեջ կես ժամ հավատում էի։ Երբեմն նախաճաշից առաջ վեց անկարելի բաների էի հավատում։ Նորից գլխաշորս քանդվեց։

Կրծքազարդը արձակվել էր և անսպասելիորեն բարձրացած քամին թռցրեց գլխաշորն ու գցեց առվակի մեջ։ Թագուհին տարածեց ձեռքերն ու վազեց հետևից, այս անգամ նրան հաջողվեց բռնել։

— Ահա՛,— հաղթական ձայնեց նա,— հիմա անմիջապես կամրացնեմ, ես ինքս, առանց որևէ մեկի օգնության։

— Երևի ձեր մատն արդեն լավացավ,— քաղաքավարությամբ հարցրեց Ալիսը և հետևելով Թագուհուն, ցատկեց առվի վրայով։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

— Այո, իհարկե,— գոչեց Թագուհին և սկսեց նորից ճչալ,— իսկ այս մե՜կը, իսկ այս մե՜կը, մե՜կը, մե՜կը։— Վերջին խոսքն ավարտվեց մի երկար մայունով՝ մե՜ե՜ե՜, այնքան նման ոչխարի մայունի, որ Ալիսը ցնցվեց։

Նա տեսավ, թե ինչպես Թագուհին հանկարծ թաթախվեց բրդի մեջ։ Ալիսը շփեց աչքերն ու նորից նայեց. չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ է կատարվել և որտե՞ղ է գտնվում ինքը։ Կարծես խանութում էր, և վաճառասեղանի դիմաց նըստողն էլ... ոչխա՞ր էր։ Գուցե միայն իրեն էր թվում։ Ալիսը շարունակեց տրորել աչքերը, բայց ոչինչ չփոխվեց։ Արմունկները վաճառասեղանին հենած, նա կանգնել էր մութ խանութում և դիտում էր բազկաթոռին նստած ծեր Ոչխարին, որը մերթ հյուսում էր, մերթ էլ դադար տալով նայում Ալիսին իր հսկայական ակնոցի միջով։

— Ի՞նչ ես ցանկանում գնել,— վերջապես հարցրեց Ոչխարը՝ աչքերը գործից կտրելով։

— Դեռ չգիտեմ,— մեղմ խոսեց Ալիսը,— թույլ տվեք նայեմ շուրջս, հետո կասեմ։

— Եթե ցանկանում ես, կարող ես նայել առաջ և երկու կողմերդ, բայց շուրջդ նայել չես կարող, որովհետև գլխիդ հետևում աչքեր չունես,— ասաց Ոչխարը։

Ոչխարի ասածը համապատասխանում էր իրականությանը, ուստի Ալիսը բավարարվեց նրանով, որ մի քանի անգամ պտտվեց, նայելով դարակներին։

Խանութը լի էր տարբեր տեսակի արտառոց իրերով։ Բայց տարօրինակն այն էր՝ ո՛ր դարակին մոտենում էր, այն անմիջապես դատարկվում էր, չնայած կողքի դարակները պայթում էին իրերի ծանրությունից։

— Այս ի՞նչ է, ամեն ինչ թռչում է,— բողոքեց Ալիսը երկու րոպե մի խոշոր փայլուն գունդ հետապնդելուց հետո, որ երբեմն տիկնիկի էր նմանվում, երբեմն էլ թելերի զամբյուղի և միշտ հայտնվում էր այն դարակի վերևում, որին նայում էր Ալիսը։

— Սա ինձ բոլորից շատ է զայրացնում։— Հանկարծ մի փայլուն միտք ծնվեց նրա գլխում։— Ես կգնամ նրա հետևից մինչև վերջին դարակը, նա այնտեղ կանգ կառնի, որովհետև չի կարող առաստաղի միջով անցնել։

Բայց նույնիսկ սա էլ ձախողվեց։ Գունդը հեշտությամբ ճեղքեց առաստաղը, ասես սովոր լիներ նման բաների։

— Դու երեխա՞ ես, թե՞ հոլ,— մի զույգ շյուղ վերցնելով հարցրեց Ոչխարը,— եթե այդպես շարունակես, շուտով գլուխս կպատվի։

Ոչխարն այժմ հյուսում էր տասնչորս զույգ շյուղերով միաժամանակ։ Ալիսն ապշած դիտում էր նրան։

«Ինչպես է կարողանում այդքանով հյուսել...— մտածեց երեխան,— գնալով էլ գորշուկի է նմանվում»։

— Թիավարել կարո՞ղ ես,— մի զույգ շյուղ մեկնելով Ալիսին, հարցրեց Ոչխարը։

— Այո, մի քիչ, բայց գետնի՞ն և այն էլ շյուղերո՞վ...— բացատրում էր Ալիսը, երբ հանկարծ շյուղերը նրա ձեռքում թիերի վերածվեցին։ Հաջորդ վայրկյանին տեսավ, որ իրենք գտնվում են փոքրիկ նավակում, որն ափերի երկայնքով հանդարտ առաջ էր լողում, ուստի մնում էր միայն թիավարել։

Ոչխարը մի զույգ շյուղ վերցնելով, բղավեց.

— Դե քշի՛ր, քը՛շ։

Ոչխարը կարծես պատասխանի չէր սպասում, այնպես որ Ալիսը ոչինչ չասաց ու շարունակեց թիավարել։ Ջուրն ինչ֊որ սովորականի նման չէր։ Երբեմն թիերը խրվում էին մեջը և դժվարությամբ դուրս գալիս։

— Քը՛շ, քը՛շ,— կրկին բղավեց Ոչխարը, վերցնելով մի քանի զույգ շյուղ,— դու հենց հիմա ծովախեցգետին կորսաս։

«Փոքրիկ ու սիրուն ծովախեցգետին, ի՜նչ լավ կլինի»,— մտածեց Ալիսը։

— Չլսեցի՞ր, ասացի՝ քը՛շ,— զայրացավ Ոչխարը, դարձյալ մի կապ շյուղ վերցնելով։

— Իհարկե, լսեցի,— պատասխանեց Ալիսը,— դուք այնքան հաճախ եք ասում այդ բառը, որ ես չլսել չեմ կարող։ Ասացեք խնդրեմ, որտե՞ղ են ծովախեցգետինները։

— Էլ որտե՞ղ, ջրում։— Ոչխարը մի քանի շյուղ խրեց Ալիսի մազերի մեջ, որովհետև աղջկա ձեռքերն զբաղված էին։

— Քը՛շ, ասացի։

— Ինչո՞ւ եք այդքան հաճախ կրկնում այդ բառը,— բարկացավ Ալիսը,— ես թռչուն չեմ։

— Բա՞ ինչ ես,— պատասխանեց Ոչխարը,— դու մի փոքրիկ սագ ես։

Ալիսը վիրավորվեց նրա ասածից և մի պահ լռություն տիրեց։ Նավակը մեղմ առաջ էր շարժվում, երբեմն անցնելով խիտ ջրիմուռների միջով (այդպիսի դեպքերում թիերը ավելի էին խրվում նրանց մեջ), երբեմն էլ ծառերի տակով, բայց միշտ միևնույն բարձր գետափն էր տեսադաշտում։

— Խնդրում եմ, այնտեղ նայեք, թե ի՜նչ հոտավետ եղեգներ են և ի՜նչ գեղեցիկ են,— հիացած բացականչեց Ալիսը։

— Ինչո՞ւ ես ինձ խնդրում,— Ոչխարը շարունակում էր հյուսել,— եղեգներն այնտեղ ես չեմ դրել և չեմ էլ պատրաստվում վերցնել։

— Ես այդ չէի ուզում ասել։ Խնդրում եմ, կանգնե՛ք, քաղեմ նրանցից մի քանիսը։ Կանգնեցրե՛ք նավակը,— աղերսեց Ալիսը։

— Ինչպե՞ս կարող եմ կանգնեցնել. եթե դու չթիավարես, նավակն ինքն իրեն կկանգնի,— ասաց Ոչխարը։

Նավակը հանձնվեց հոսանքին և այն սկսեց մեղմորեն սահել օրորվող եղեգների միջով։ Իսկ հետո Ալիսը թևքերը քշտեց, բազուկները մտցրեց ջրի մեջ և միառժամանակ լրիվ մոռացավ և՛ Ոչխարին, և՛ շյուղերը։ Նրա մազերի ծայրերը ցողվեցին կաթիլներով։ Եվ նավակի եզրին հենված՝ ոգևորությունից պայծառ շողալով քաղում էր հոտավետ բույսերը։

— Լավ կլինի նավակը չճոճվի,— ինքն իրեն ասաց աղջիկը,— ա՜խ, ինչ գեղեցիկն է, միայն թե չեմ կարողանում հասնել։ Եղեգը բարկացնում էր Ալիսին («Կարծես դիտմամբ է անում»,— մտածեց նա)։ Չնայած նավակի դանդաղ ընթացքի ժամանակ շատ քաղեց, բայց միշտ էլ գտնվում էր ավելի գեղեցիկը, որին չէր կարողանում հասնել։

— Ամենագեղեցիկները հեռվում են,— հառաչեց Ալիսը՝ զայրացած եղեգների այդքան հեռու աճելու հանդգնությունից։ Նրա այտերը կարմրել էին, մազերից ու ձեռքերից կաթկթում էր ջուրը։ Նա ուղղվեց և սկսեց կարգի բերել իր գտած գանձերը։

Բայց հանկարծ բույսերն սկսեցին թառամել և մի ակնթարթում կորցրեցին իրենց բուրմունքն ու գեղեցկությունը։ Նույնիսկ իսկական հոտավետ եղեգները շատ քիչ են ապրում, իսկ Ալիսի քաղածները, որ թափված էին նավակի հատակին, նրա ոտքերի մոտ, երազի եղեգներ էին և ձյան պես հալվեցին, գնացին։ Ալիսը հազիվ թե նկատեց այդ բոլորը, որովհետև մտածելու շատ հետաքրքիր բաներ ուներ։

Նրանք այնքան էլ չէին հեռացել, երբ հանկարծ թիերից մեկի ծայրը խրվեց ջրի մեջ և ոչ մի կերպ չցանկացավ դուրս գալ (այսպես բացատրեց նա հետագայում), իսկ դրա հետևանքն այն եղավ, որ կոթը բռնեց, աղջկա ծնոտից վեր բարձրացրեց և, առանց ուշադրություն դարձնելու նրա աղեկտուր ճիչերին, գցեց եղեգների կույտի վրա։

Ալիսի ոչ մի տեղը չէր վնասվել։ Նա իսկույն ոտքի ելավ։ Ոչխարը շարունակում էր հյուսել, կարծես ոչինչ չէր պատահել։

— Դու մի գեղեցիկ ծովախեցգետին որսացիր,— նկատեց Ոչխարը, երբ Ալիսը նստեց տեղը՝ գոհ, որ դեռևս նավակի մեջ է։

— Իսկապե՞ս, ես չտեսա խեցգետնին,— Ալիսն սկսեց ուշադրությամբ նայել մութ ջրի մեջ,— երանի բաց չթողնեի, ես այնքան եմ ուզում մի փոքրիկ ծովախեցգետին տուն տանել։

Ոչխարը միայն արհամարհանքով ծիծաղեց, չդադարեցնելով հյուսելը։

— Այստեղ շա՞տ ծովախեցգետիններ կան,— հարցրեց Ալիսը։

— Այո, և զանազան այլ ծովային կենդանիներ,— ասաց Ոչխարը,— որն ուզում ես ընտրիր, միայն թե շուտ։ Դե, ի՞նչ ես ուզում գնել։

— Գնե՞լ,— արձագանքեց Ալիսը կես զարմացած, կես վախեցած, որովհետև թիերը, նավակն ու գետը մի ակնթարթում չքացան, և ինքը կրկին հայտնվեց փոքրիկ, մութ խանութում։

— Ձու եմ ուզում,— երկչոտ ձայնով ասաց Ալիսը,— ի՞նչ արժի։

— Մեկն արժե հինգ փենս և մի ֆարդինգ, իսկ երկուսը՝ երկու փենս։

— Ուրեմն երկուսն ավելի՞ էժան է,— ապշեց Ալիսը, հանելով քսակը։

— Այո, միայն մի պայմանով, եթե գնես, պետք է երկուսն էլ ուտես,— բացատրեց Ոչխարը։

— Ուրեմն մեկ հատ տվեք,— Ալիսը դրամը դրեց վաճառասեղանին և մտածեց. «Գուցե ձվերը բոլորովին էլ թարմ չեն»։

Ոչխարը վերցրեց դրամը և գցեց տուփի մեջ։

— Ես երբեք մարդկանց ձեռքի մեջ ոչինչ չեմ դնում, դու ինքդ կվերցնես։

Այդ ասելով նա գնաց խանութի մյուս ծայրը և ձուն կանգնեցրեց դարակի վրա։

«Տեսնես, ինչո՞ւ է այդպես անում»,— մտածեց Ալիսը և խարխափելով առաջ անցավ սեղանների ու աթոռների միջով, որովհետև խանութի խորքում շատ մութ էր։

— Ինչքան մոտենում եմ, ձուն այնքան հեռանում է։ Ապա մի տեսնեմ, սա ի՞նչ է, աթո՞ռ է։ Վա՜յ, կարծես ճյուղեր ունի։ Հետաքրքիր է։ Ահա փոքրիկ առվակը։ Կյանքումս այսպիսի արտասովոր խանութ չեմ տեսել։

  • * *

Յուրաքանչյուր քայլափոխին է՛լ ավելի զարմանալով, նա առաջ էր անցնում և այն ամենը, ինչին մոտենում էր, վերածվում էր ծառի։ Ալիսը ենթադրեց, որ ձուն էլ կարող է շուտով ծառ դառնալ։


ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. Պստլիկ Հաստլիկը

Այնուամենայնիվ, ձուն գնալով մեծանում էր ու մեծանում և վերջապես մարդկային կերպարանք ընդունեց։ Եվ երբ Ալիսը մի քանի քայլ առաջացավ, տեսավ, որ ձուն ունի աչքեր, քիթ ու բերան։ Իսկ ավելի մոտենալով հասկացավ, որ իր տեսածը ՊՍՏԼԻԿ ՀԱՍՏԼԻԿՆ է11:

— Հենց նա է, որ կա,— ինքն իրեն ասաց Ալիսը,— այնպես համոզված եմ, կարծես անունը գրված լինի դեմքին։

Նրա հսկայական դեմքին այդ բառը հարյուր անգամ կգրվեր։ Պստլիկ Հաստլիկը թուրքի նման նստել էր բարձր պատին։ Պատն այնքան նեղ էր, որ Ալիսը զարմացավ, թե նա ինչպես է տեղավորվել և ինչպես է պահում հավասարակշռությունը։ Հայացքը հեռուն հառած, նա ուշադրություն անգամ չէր դարձնում աղջկա վրա։

Ալիսին թվաց, թե իր տեսածը Պստլիկ Հաստլիկի խրտվիլակն է։

— Ինչքա՜ն նման է ձվի,— բացականչեց Ալիսը և ձեռքերը պատրաստ պահեց բռնելու Պստլիկ Հաստլիկին, որովհետև ամեն վայրկյան սպասում էր նրա ընկնելուն։

— Շա՜տ վիրավորական է «ձու» կոչվել, շա՜տ,— երկար լռությունից հետո, շարունակելով նայել հեռուն, խոսեց Պստլիկ Հաստլիկը։

— Ես ասացի, դուք նման եք ձվի, պարոն,— մեղմ բացատրեց Ալիսը,— իսկ որոշ ձվեր շատ գեղեցիկ են,— ավելացրեց նա, հուսալով իր դիտողությունը հաճոյախոսության վերածել։

— Իսկ որոշ մարդիկ,— ասաց Պստլիկ Հաստլիկը դարձյալ հայացքը հեռուն հառած,— երեխայի չափ էլ խելք չունեն։

Ալիսը չգիտեր ինչ ասել այդ կապակցությամբ։ Նա մտածեց, որ դա երկխոսություն չէ, որովհետև Պստլիկ Հաստլիկը ոչինչ չէր ասում իրեն։ Հիրավի, վերջին դիտողությունը բացահայտորեն ուղղված էր ծառին։ Այդ պատճառով էլ Ալիսը զգաստ կանգնեց և սկսեց կամաց արտասանել.

Պստլիկ Հաստլիկը պատին էր նստած,
Պստլիկ Հաստլիկը հանկարծ ընկավ ցած։
Թագավորի շքախումբը հեծյալներով ժամանեց,
Ու ինչ արեց֊չարեց, մեր Հաստլիկին տեղից չհանեց։

— Վերջին տողը շատ երկար է ոտանավորի համար,— բարձրաձայն ասաց Ալիսը, մոռանալով, որ Պստլիկ Հաստլիկը կարող է լսել իրեն։

— Ի՞նչ ես քթիդ տակ փնթփնթում,— առաջին անգամ նայելով աղջկան, խոսեց Պստլիկ Հաստլիկը,— ասա՛ անունդ ու զբաղմունքդ։

— Անունս Ալիս է, բայց...

— Բավական հիմար անուն է,— անհամբերությամբ ընդհատեց Պստլիկ Հաստլիկը,— ի՞նչ է նշանակում։

— Պարտադի՞ր է անունն իմաստ ունենա,— կասկածանքով հարցրեց Ալիսը։

— Իհարկե,— փռթկացրեց Պստլիկ Հաստլիկը,— օրինակ, իմ անունը կշիռս է ցույց տալիս, և այն էլ ինչպիսի՜ կշիռ։ Քոնն էլ պետք է ինչ֊որ բան ցույց տա։

— Ինչո՞ւ եք մենակ նստել այդտեղ,— հարցրեց Ալիսը, չցանկանալով վիճել։

— Ինչո՞ւ, որովհետև կողքիս ոչ ոք չկա,— բղավեց Պստլիկ Հաստլիկը,— կարծում էիր, չե՞մ կարող դրա պատասխանը տալ։ Ուրիշ հանելուկ ասա։

— Ի՞նչ եք կարծում, եթե գետնին նստեք, ավելի ապահով չեք լինի։ Այդ պատը շատ նեղ է,— շարունակեց Ալիսը ոչ թե նրա համար, որ հանելուկ ասի, այլ, պարզապես բարեհոգությունից դրդված, անհանգստանում էր Պստլիկ Հաստլիկի համար։

— Դու չափից ավելի հեշտ բաներ ես հարցնում,— փնթփնթաց Պստլիկ Հաստլիկը,— բայց ես այդ կարծիքին չեմ։ Եթե ընկնելու լինեմ, որն անհավանական է, եթե ընկնելու լինեմ...

Այստեղ նա սեղմեց շրթունքները և այնպիսի վեհ ու հանդիսավոր տեսք ընդունեց, որ Ալիսը հազիվ զսպեց ծիծաղը։

— Եթե ընկնելու լինեմ, թագավորն ինձ խոստացել է... Հը՛, գունատվո՞ւմ ես, չէի՞ր կարծում, որ կպատասխանեի, հա՞... Թագավորն ինձ խոստացել է... անձամբ...

— Ուղարկել իր ողջ հեծյալներին,— բավականին անխոհեմաբար ընդհատեց նրան Ալիսը։

— Ի՞նչ վատն ես,— զայրացավ Պստլիկ Հաստլիկը,— ուրեմն դու դռան մոտ կանգնած լսում էիր կամ ծառի հետևն էիր թաքնվե՞լ... Գուցե ծխնելույզի մե՞ջ էիր մտել, այլապես չէիր կարող իմանալ գաղտնիքը։

— Ես ոչ մի տեղ էլ չէի,— քնքշորեն պատասխանեց Ալիսը,— գրքում է գրված։

— Հնարավոր է,— հանգիստ ասաց Պստլիկ Հաստլիկը,— դուք այդ գիրքը անվանում եք Անգլիայի պատմություն։ Այժմ ինձ լավ նայիր։ Ես այն մեկն եմ, որ խոսել եմ Թագավորի հետ։ Երևի դու այլևս ինձ նմանի չհանդիպես, և ցույց տալու համար, որ բոլորովին չեմ հպարտանում, կարող ես սեղմել ձեռքս։— Նա ժպտաց մինչև ականջները և, առաջ թեքվելով (ընկնելու հավանականությունը մեծացավ), մեկնեց ձեռքը։ Ալիսը բռնեց այն և փոքր֊ինչ անհանգստացած դիտեց նրան։

«Եթե մի քիչ էլ ավելի լայն ժպտա, բերանի ծայրերը կհանդիպեն գլխի ետևում, իսկ հետո չգիտեմ, թե ինչ կպատահի գլխին։ Վախենամ երկու կես լինի»,— մտածեց Ալիսը։

— Այո, Թագավորի ողջ հեծյալները,— շարունակեց Պստլիկ Հաստլիկը,— նրանք ինձ մի վայրկյանում վեր կբարձրացնեն, կթռցնեն։ Բայց այս խոսակցությունը չափազանց արագ է ընթանում։ Ե՛կ վերադառնանք նախավերջին դիտողությանը։

— Չեմ հիշում, ինչի մասին էինք խոսում,— խիստ քաղաքավարի ասաց Ալիսը։

— Այդ դեպքում նորից սկսենք,— առաջարկեց Պստլիկ Հաստլիկը,— այժմ խոսակցության նյութ ընտրելու հերթը իմն է։ («Կարծես խաղ ենք խաղում»,— մտածեց Ալիսը)։ Ահա քեզ մի հարց.

— Քանի՞ տարեկան ես, ասացիր։

Ալիսը մտքում հաշվեց ու պատասխանեց.

— Յոթ տարեկան և վեց ամսական։

— Սխալ է,— հաղթականորեն գոչեց Պստլիկ Հաստլիկը,— դու երբեք նման բան չես ասել։

— Ինձ թվաց, դուք հարցրիք՝ «Քանի՞ տարեկան ես»,— բացատրեց Ալիսը։

— Եթե ես ուզեի այդ հարցը տալ, այդպես էլ կասեի։

Ալիսը գերադասեց լռել, որովհետև չէր ուզում նորից վիճաբանել։

— Յոթ տարեկան և վեց ամսական,— մտածկոտ կրկնեց Պստլիկ Հաստլիկը,— անհարմար տարիք։ Եթե ինձնից խորհուրդ հարցնեիր, կասեի՝ «Կանգնիր յոթի վրա», բայց այժմ չափազանց ուշ է։

— Ես երբեք մեծանալու համար խորհուրդ չեմ հարցնում,— վրդովվեց Ալիսը։

— Հպարտությունդ թույլ չի՞ տալիս,— տեղեկացավ Պստլիկ Հաստլիկը։

Նրա այդ խոսքը ավելի զայրացրեց Ալիսին։

— Ես ուզում եմ ասել, որ մարդ չի կարող չմեծանալ։

— Գուցե մեկը չկարողանա,— ասաց Պստլիկ Հաստլիկը,— բայց երկուսը կարող են։ Հատուկ օգնությամբ դու միշտ կարող էիր մնալ յոթ տարեկան։

— Ի՜նչ գեղեցիկ գոտի ունեք,— հանկարծ նկատեց Ալիսը (նրանք արդեն բավական խոսել էին տարիքի մասին և այժմ Ալիսի հերթն էր նյութ ընտրելու),— ավելի ճիշտ,— ուղղեց նա իր ասածը,— ուզում էի ասել, գեղեցիկ փողկապ, ո՛չ, ո՛չ, ուզում եմ ասել, գոտի, ներեցեք ինձ,— վախեցած շարունակեց նա, որովհետև Պստլիկ Հաստլիկը նայեց նրան միանգամայն վիրավորված և Ալիսը զղջաց նման խոսակցություն սկսած լինելու համար։

— Եթե միայն իմանայի,— ինքն իրեն ասաց նա,— թե որն է վիզը և որը՝ մեջքը։

Ըստ երևույթին Պստլիկ Հաստլիկը զայրացավ, որովհետև մի քանի րոպե ոչինչ չասաց։ Իսկ երբ սկսեց խոսել, նրա ձայնը նման էր խուլ մռնչոցի։

— Վրդովեցուցիչ է, երբ մարդ չի կարողանում փողկապը գոտուց տարբերել,— վերջապես ասաց նա։

— Ես գիտեմ, որ այդպիսի բան հարցնելն իմ կողմից մեծ տգիտություն է,— Ալիսն այնպիսի խղճալի ձայնով արդարացավ, որ Պստլիկ Հաստլիկն իսկույն փափկեց։

— Դա փողկապ է, փոքրիկ, և ինչպես դու ասացիր, գեղեցիկ փողկապ է։ Սպիտակ Արքայի ու Սպիտակ Թագուհու նվերն է։ Ահա՛ թե ինչ։

— Իսկապե՞ս,— ուրախացավ Ալիսը և գոհ մնաց, որ վերջապես իրեն հաջողվել է խոսակցության այդպիսի լավ նյութ ընտրել։

— Նրանք այս փողկապն ինձ նվիրել են իմ ոչ֊ծննդյան օրը,— ոտքը ոտքին դնելով և գրկելով ծնկները, մտածկոտ շարունակեց Պստլիկ Հաստլիկը։

— Ներեցեք, ինչ ասացի՞ք,— շփոթված հարցրեց Ալիսը։

— Ես չեմ վիրավորվում։

— Ուզում եմ իմանալ, թե ինչ բան է ոչ֊ծննդյան օրվա նվերը։

— Դե՛, դա այն նվերն է, որ տալիս են քեզ, երբ քո ծննդյան օրը չէ։

Ալիսը մտմտաց.

— Ես բոլորից շատ ծննդյան օրվա նվերներն եմ սիրում։

— Դու չես հասկանում, թե ինչ ես ասում,— բացականչեց Պստլիկ Հաստլիկը,— տարին քանի՞ օր ունի։

— Երեք հարյուր վաթսունհինգ։

— Իսկ դու քանի՞ ծննդյան օր ունես։

— Մեկ։

— Եվ եթե երեք հարյուր վաթսունհինգից հանես մեկը, ի՞նչ կմնա։

— Երեք հարյուր վաթսունչորս։

— Ավելի լավ է թղթի վրա գրես,— կասկածանքով ասաց Պստլիկ Հաստլիկը։

Ալիսը չկարողացավ զսպել ժպիտը և, հանելով հուշատետրը, գրեց՝ 365-1=364

Պստլիկ Հաստլիկը վերցրեց այն և ուշադիր նայեց գրածին։

— Կարծես թե ճիշտ է,— սկսեց նա։

— Դուք սխալ եք բռնել,— ընդհատեց Ալիսը։

— Դե, իհարկե, զվարթացավ Պստլիկ Հաստլիկը, նայելով ուղղած տետրին,— ես էլ մտածում էի, թե ինչու գրածդ տարօրինակ տեսք ունի։ Չկարողացա լավ զննել, դրա համար էլ ասացի՝ Կարծես թե ճիշտ է։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ դու երեք հարյուր վաթսունչորս օր կարող ես ստանալ ոչ֊ծննդյան օրվա նվերներ։

— Անկասկած։

— Եվ միայն մի օր՝ ծննդյան օրվա նվերներ, հասկացա՞ր, փառք քեզ։

— Չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ասել «փառք» բառով,— հարցրեց Ալիսը։

Պստլիկ Հաստլիկը արհամարհանքով ժպտաց.

— Մինչև չբացատրեմ, չես հասկանա։ Ուզում էի ասել՝ «Դու մի լավ ջարդ տալու հնարավորություն ունես»։

— Բայց «փառք» չի նշանակում «Մի լավ ջարդ տալու հնարավորություն»,— առարկեց Ալիսը։

— Երբ ես մի բառ եմ օգտագործում,— վերամբարձ ոճով ասաց Պստլիկ Հաստլիկը,— այն արտահայտում է իմ ցանկացած իմաստը, ո՛չ ավել, ո՛չ պակաս։

— Հարցն այն է, թե դուք կարո՞ղ եք բառերին ստիպել այդքան շատ նշանակություն ունենալ։

— Կարևորն այն է, թե մեզնից որն է տերը, պա՞րզ է։

Ալիսն այնպես շփոթվեց, որ ոչինչ չկարողացավ ասել։ Քիչ անց Պստլիկ Հաստլիկը նորից սկսեց.

— Բառերը բնավորություն ունեն, նրանցից մի քանիսը, մեծ մասամբ բայերը, ամենահպարտն են։ Ածականների հետ կարող ես ցանկացածդ ձևով վարվել, բայց բայերի հետ՝ երբեք։ Ես կարող եմ ածականներից շատերի իմաստը փոխել։ Անանցանելիություն։ Ահա՛ թե ինչ։

— Ասացեք խնդրեմ, ի՞նչ է նշանակում այդ,— հարցրեց Ալիսը։

— Դու խելացի երեխայի նման ես խոսում,— գոհ ժպտաց Պստլիկ Հաստլիկը, — ես «անանցանելիություն» բառով ուզեցի հասկացնել, որ մենք խոսեցինք այդ նյութի շուրջ։ Լավ կլիներ, եթե ասեիր, թե ինչ ես մտադիր անել։ Կարծում եմ, ամբողջ կյանքումդ այստեղ չես կանգնելու։

— Բայց այդ մեկ բառը շատ բան նշանակեց,— մոլորվեց Ալիսը։

— Երբ ես բառին ստիպում եմ տաժանակիր աշխատանք կատարել, միշտ էլ ավելի եմ վճարում,— բացատրեց Պստլիկ Հաստլիկը։

— Ա՜յ քեզ բան,— բացականչեց Ալիսը։

Նա այնպես էր խճճվել, որ կարկամեց մի պահ։

— Դու պիտի տեսնես, թե ինչպես են նրանք շաբաթ երեկո շուրջս հավաքվում,— գլուխն այս ու այն կողմ տարուբերելով լուրջ շարունակեց Պստլիկ Հաստլիկը,— իրենց վարձն ստանալու։

(Ալիսը չհամարձակվեց հարցնել, թե Պստլիկ Հաստլիկն ինչով է վարձատրում, այդ պատճառով էլ ես չեմ կարող ձեզ ասել)։

— Դուք բառերը հիանալի եք բացատրում, պարոն, խնդրում եմ, բարի եղեք, մեկնաբանեք «Փրչրթան» կոչվող ոտանավորը։

— Ե՛կ լսենք այն,— ասաց Պստլիկ Հաստլիկը,— ես կարող եմ բացատրել բոլոր ոտանավորները, որոնք գրվել են ու կգրվեն։

Նրա խոսքերը հավաստի հնչեցին, ուստի Ալիսն արտասանեց առաջին քառյակը.

Ճաշչորսն էր գալիս, փանչերը ճկլոր
Հոլում էին և շաղափում քամչին,
Ու թշվաբր էին չամչերը բոլոր,
Փռնչում էին խոչերը փամճին։

— Բավական է, սկսենք,— ընդհատեց Պստլիկ Հաստլիկը,— չափազանց դժվար բառեր են։ «Ճաշչորս» նշանակում է ցերեկվա ժամը չորսը, երբ դու սկսում ես ճաշի համար ուտելիք տապակել։

— Շատ բարի, իսկ «ճկլո՞ր»։

— Դա էլ նշանակում է «ճկուն և կլոր»։ «Ճկուն» բառը նույնն է, ինչ֊որ «աշխույժը»։ Տեսնո՞ւմ ես, կարծես ճամպրուկ լինի. մեկ բառի մեջ երկու իմաստ է տեղավորվում12։

— Հիմա հասկացա,— մտորեց Ալիսը,— իսկ «փանչե՞ր»։

— Դա մոտավորապես ճանճի ու մանչի տեսք ունի, իսկ վերջինս էլ իր հերթին չանչերի է նմանվում։

— Երևի դրանք անճոռնի արարածներ են։

— Այո,— ասաց Պստլիկ Հաստլիկը,— բույն են դնում արևի ժամացույցների տակ ու սնվում պանրով։

— Իսկ ի՞նչ են նշանակում «հոլել և շաղափել» բառերը։

— Առաջինը՝ հոլի պես պտտվել, իսկ մյուսը՝ շաղափի պես անցքեր բացել։

— Ուրեմն «քամչին»֊ը քամիչներ են արևի ժամացույցի շուրջը, այո՞,— իր սեփական հնարամտության վրա հիացած հարցրեց Ալիսը։

— Ճի՛շտ է, և այդպես են կոչվում այն պատճառով, որ շրջապատում են ժամացույցին։

— Բոլոր կողմերով,— ավելացրեց Ալիսը։

— Անկասկած, շարունակենք՝ «թշվաբր» նշանակում է թշվառ ինչպես շվաբրը, ահա քեզ մի ճամպրուկ ևս։ «Չամչն» էլ ամաչկոտ, չորացած թռչուն է՝ ցցված փետուրներով, ինչպես կենդանի խոզանակ։

— Իսկ «խոչերը փամճին»,— հարցրեց Ալիսը,— ես ձեզ շա՞տ եմ ձանձրացնում։

— Առաջին մասը մոտավորապես «խոշոր խոզ» է, բայց երկրորդը կասկածում եմ։ Երևի նշանակում է «ճամփին»։ Գիտե՞ս ինչ, ուզում են ասել, որ ճանապարհը կորցրել են։

— Իսկ «փռնչա՞լ»։

— Դա էլ նշանակում է «մռնչալ և փռշտալ»։ Դու գուցե նման ձայն լսես այստեղ անտառում։ Երբ մեկ անգամ լսես, քեզ լրիվ բավարարված կզգաս։ Ո՞վ է քեզ այդ հիմարությունն ասել։

— Գրքում եմ կարդացել,— ասաց Ալիսը,— բայց ես ուրիշը գիտեմ, դրանից ավելի հեշտը՝ Չըրխկի մասին է։

— Եթե գործը դրան հասնի,— ձեռքերը տարածեց Պստլիկ Հաստլիկը,— ես էլ կարող եմ արտասանել և այն էլ ինչպես։

— Չէ՛, չէ՛, կարիք չկա,— շտապ վրա բերեց Ալիսը, որպեսզի կանխի նրան։

Ամենևին հաշվի չառնելով այդ խոսքերը, Պստլիկ Հաստլիկը շարունակեց.

— Այն մասը, որ արտասանելու եմ, գրված է միայն ու միայն քեզ զվարճացնելու համար։

Ալիսն զգաց, որ ստիպված է լսելու, ուստի լռեց, նստեց գետնին ու բավական տխուր ասաց.

— Շնորհակալ եմ։

Ցուրտ ձմռանը, երբ դաշտերն են սպիտակ,
Ես հմայված քեզ եմ երգում շարունակ...

— Միայն թե ես չեմ երգում,— որպես բացատրություն ավելացրեց Պստլիկ Հաստլիկը։

— Տեսնում եմ,— ասաց Ալիսը։

— Եթե տեսնում ես, ուրեմն շատ սուր տեսողություն ունես,— նկատեց Պստլիկ Հաստլիկը։

Ալիսը լռեց։

Տաք գարնանը, երբ վարում են ու ցանում,
Պատմում եմ, թե երգս ինչ է ցուցանում։

— Անչափ շնորհակալ եմ,— խոնարհվեց Ալիսը։

Շոգ ամռանը, երբ վերջացած է հերկը,
Կհասկանաս գուցե այդժամ իմ երգը։

Զով աշնանը, երբ տերևներն են պայծառ,
Գրիչ վերցրու ու իմ երգը գրի առ։

— Ես անպատճառ կանեմ, եթե մինչ այդ չմոռանամ,— ասաց Ալիսը։

— Ինչո՞ւ ես դիտողություններ անում, դրանք անիմաստ են և շեղում են ինձ,— բարկացավ Պստլիկ Հաստլիկը։

Ես ձկներին ուղարկեցի մի նամակ.
«Լավ կանեք, թե ցանկությունս հասկանաք»։

Իսկ ձկները փոքրիկ խորհուրդ արեցին
Եվ քիչ հետո ինձ պատասխան հղեցին։

Ես ստացա նրանց երկտողը առ այն,
Որ՝ հարգելիս, մենք կօգնեինք քեզ, սակա՛յն...

— Ես ձեզ լրիվ չեմ հասկանում,— ասաց Ալիսը։

— Ոչինչ, գնալով հեշտանում է,— պատասխանեց Պստլիկ Հաստլիկը։

Եվ ես իսկույն մի նոր երկտող հղեցի.
— Կփոշմանե՜ք, թե այդ չանեք,— գրեցի։

Իսկ ձկները ծիծաղեցին ու ասին,
— Ջղայի՜ն ես, էլ ի՞նչ ասենք քո մասին։

Եվ գրեցի վերջին անգամ ես նրանց,
Բայց ստացա նույն պատասխանը քիչ անց։

Ես ճարեցի մի մեծ ու նոր թեյաման՝
Գործի համար սրանից էլ հարմար բա՞ն։

Սիրտս թնդաց ու թրմփաց կատաղի,
Թեյամանի մեջ լցրեցի ջուրն աղի։

Հետո մեկը եկավ ինձ մոտ ու ասաց.
— Ձկները անկողնում են դեռ պառկած։

Պարզ ու հստակ ես կանչեցի եկվորին,
— Գնա՛ իսկույն և արթնացրու բոլորին։

Ինձ թվաց, թե նա չենթարկվեց իմ կանչին,
Մոտ գնացի ու գոռացի ականջին։

Վերջին տողն արտասանելիս Պստլիկ Հաստլիկի ձայնը ճչոցի վերածվեց։ Ալիսը սարսափահար մտածեց.— «Ես ոչ մի դեպքում սուրհանդակ չէի լինի»։

Նա կանգնել էր զգաստ, ինչպես ցախավել,
Ասաց.— Պետք չէ այդքան բարձր բղավել։

Զգաստ, հպարտ այդպես կանգնած նա ասաց.
— Ես հաճույքով կարթնացնեի նրանց, բա՛յց...։

Խցանահանը ձեռքիս անցա ես գործի,
Ինձնից բացի արթնացնել ո՞վ կփորձի։

Բայց երբ տեսա, որ դուռը փակ է ներսից,
Քաշքշեցի, քացի տվի ես հերսից։

Ու երբ տեսա, որ չի բացվում դուռը այն,
Ես շրջեցի դռան բռնակը, սակա՛յն...

Երկար լռություն տիրեց։

— Վերջացա՞վ,— երկչոտ հարցրեց Ալիսը։

— Վերջացավ,— ասաց Պստլիկ Հաստլիկը.— Ցտեսություն։

«Շատ անսպասելի էր»,— մտածեց աղջիկը, բայց Պստլիկ Հաստլիկի վերջին ակնարկից հետո անիմաստ էր մնալը։ Ալիսը կանգնեց ու ձեռքը մեկնեց նրան։

— Ցտեսություն, մինչ նոր հանդիպում,— հնարավորին չափ զվարթ ասաց նա։

— Եթե մենք նորից հանդիպենք, ես քեզ չեմ ճանաչի։ Դու այնքան նման ես մյուս մարդկանց,— դժգոհ քրթմնջաց Պստլիկ Հաստլիկը և Ալիսին պարզեց ձեռքի մատներից մեկը։

— Ընդհանրապես մարդիկ դեմքով են տարբերվում,— մտածկոտ նկատեց Ալիսը։

— Ահա, թե ինչի դեմ եմ բողոքում, բոլորդ էլ նույն դեմքն ունեք, երկու աչք (Պստլիկ Հաստլիկը բութ մատով օդի մեջ աչքերի տեղերը գծեց), մեջտեղում՝ քիթ, նրանից ցած՝ բերան։ Բոլորինն էլ նույնն է։ Իսկ եթե, օրինակի համար, աչքերդ քթիդ մի կողմում լինեին, կամ էլ բերանդ գլխիդ վրա, միգուցե ես քեզ հիշեի։

— Գեղեցիկ չէր լինի,— առարկեց Ալիսը, բայց Պստլիկ Հաստլիկը փակեց աչքերն ու ասաց.

— Կփորձես, կտեսնես։

Ալիսը սպասեց մի քանի րոպե Պստլիկ Հաստլիկի խոսելուն, բայց նա նույնիսկ չբացեց աչքերը և այլևս ուշադրության չարժանացրեց աղջկան։

Ալիսը կրկին ցտեսություն ասաց ու, պատասխան չստանալով՝ զգույշ հեռացավ, բայց քայլելիս ինքն իրեն խոսում էր. «Այն բոլոր դժգոհ ու դժկամ մարդկանցից, որոնց երբևէ հանդիպել եմ...» (նրան դուր էր գալիս հոմանիշներ գտնելը). այդպես էլ չկարողացավ վերջացնել նախադասությունը, որովհետև այդ պահին մի ուժգին դղրդյուն հիմքից ցնցեց անտառը։


ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ. Առյուծն ու Միեղջյուրը

Այդ նույն պահին անտառի խորքից դուրս թռան մի խումբ զինվորներ, որոնք սկզբում վազում էին զույգերով ու եռյակներով, հետո տասնյակներով ու քսանյակներով և վերջապես այնպիսի հոծ խմբերով, որ ամբողջ անտառը լցվեց նրանցով։ Ալիսը թաքնվեց ծառի հետևում, վախենալով ոտնատակ լինել, ու սկսեց դիտել նրանց։

Նա երբեք այդպիսի զինվորներ չէր տեսել, որ չկարողանային ոտքերի վրա մնալ և շարունակ սայթաքում էին։ Երբ մեկն ընկնում էր, մյուսները թափվում էին վրան. շուտով գետինը ծածկվեց մարդկանց փոքր կույտերով։

Հետո եկավ հեծելազորը։ Ձիերը ավելի հաստատուն էին քայլում, որովհետև չորս ոտք ունեին, բայց նույնիսկ դրանք էլ երբեմն գլորվում էին։ Թվում էր, թե ընդունված կանոն էր, երբ ձին սայթաքում էր, հեծյալն անմիջապես գլխիվայր փռվում էր գետնին։ Խառնաշփոթությունը գնալով ավելանում էր և Ալիսն անչափ ուրախացավ, երբ անտառից դուրս գալով ընկավ մի բացատ։ Այստեղ նա հանդիպեց Սպիտակ Արքային, որ նստած գետնին, ոգևորված ինչ-որ բան էր գրում հուշատետրում։

— Սիրելիս, դու անտառով անցնելիս զինվորների հանդիպեցի՞ր,— Ալիսին տեսնելով հիացած հարցրեց Արքան,— ես եմ բոլորին ուղարկել։

— Այո, երևի մի քանի հազար կլինեին,— պատասխանեց Ալիսը։

— Չորս հազար երկուհարյուրյոթ, սա է ճիշտ թիվը,— տետրին նայելով ասաց Արքան։— Գիտե՞ս, ես չկարողացա ուղարկել բոլոր ձիերին, որովհետև երկուսը պետք է խաղին մասնակցեն։ Դեռ երկու սուրհանդակ էլ են գալու, բայց նրանք քաղաք են գնացել։ Ապա մի նայիր ճանապարհի կողմը, գուցե տեսնես նրանց։

— Ոչ մեկին չեմ տեսնում,— ասաց Ալիսը։

— Ես շատ կուզենայի այդպիսի աչքեր ունենալ,— նախանձով նկատեց Արքան,— որ կարողանայի Ոչ Մեկին տեսնել, և այն էլ այդպիսի հեռավորությունից, իսկ ես, օրը ցերեկով, հազիվ եմ տեսնում, այն էլ իսկական մարդկանց։

Ալիսը չէր լսում Արքային, ձեռքը աչքերին հովանի արած դեռ շարունակում էր համառորեն նայել հեռուն։

— Հիմա ինչ֊որ մեկը երևում է,— վերջապես բացականչեց նա,— բայց շատ դանդաղ է գալիս և ծիծաղելի շարժումներ անում։

(Սուրհանդակը իր հսկայական ձեռքերը հովհարաձև տարածած օձաձկան նման ցատկոտելով ու գալարվելով առաջ էր շարժվում)։

— Բոլորովին էլ ոչ,— ասաց Արքան,— նա անգլո֊սաքսոնացի Սուրհանդակն է, հետևաբար շարժումներն էլ անգլո֊սաքսոնական ոն։ Եվ երբ նա իրեն երջանիկ է զգում, այդպիսի շարժումներ է անում։ Նրա անունը Լապստրակ է։

— Իմ Սիրո անունը սկսվում է «Լ» տառով13,— սկսեց արտասանել Ալիսը։— Ես սիրում եմ նրան, որովհետև նա Լավն է։ Ես ատում եմ նրան, որովհետև նա Լալկան է։ Եմ կերակրում եմ նրան Լորով ու Լոբով։ Նրա անունը Լապստրակ է և նա ապրում է...

— Նա ապրում է Լեռան Լանջին,— պարզապես նկատեց Արքան, միանգամայն անտեղյակ մասնակցելով խաղին։ Մինչ այդ Ալիսը փորձում էր գտնել «Լ» տառով սկսվող քաղաքի անունը։

— Մյուս սուրհանդակը կոչվում է Գդակագործ։ Գիտե՞ս, ես պետք է երկուսն ունենամ, մեկը՝ գա, մյուսը՝ գնա։

— Ներեցեք, խնդրեմ,— սկսեց Ալիսը։

— Չարժե խնդրել,— ասաց Արքան։

— Ես միայն ուզում էի ասել, որ չհասկացա ձեր ասածը,— շարունակեց Ալիսը,— ինչո՞ւ մեկը գա, մյուսը գնա։

— Չասացի՞ քեզ,— անհամբերությամբ կրկնեց Արքան,— ինձ անհրաժեշտ է երկու սուրհանդակ՝ բերող և տանող, մեկը բերում է, մյուսը տանում է։

Հենց այդ պահին մոտեցավ Սուրհանդակը։ Նա այնպես էր հևում, որ չէր կարողանում խոսել, միայն ձեռքերն էր թափահարում և սարսափելի ծամածռություններ անում խեղճ Արքայի դիմաց։

— Այս փոքրիկ աղջիկը սիրում է քեզ, որովհետև անունդ «Լ» տառով է սկսվում,— Ալիսին ներկայացրեց Արքան, հուսալով շեղել Սուրհանդակի ուշադրությունը, բայց անօգուտ։ Անգլո֊սաքսոնացի Սուրհանդակի շարժումները գնալով ավելի արտառոց էին դառնում. նա իր խոշոր աչքերը կատաղությամբ հառել էր Արքային։

— Դու ինձ վախեցնում ես,— ասաց Արքան,— ես ուշաթափվում եմ, ինձ լորու լյարդ տուր։

Այդ լսելուն պես, ի զարմանս Ալիսի, Սուրհանդակը բաց արեց վզից կախված պայուսակը և լորու լյարդ տվեց Արքային, որն ագահաբար խժռեց։

— Մի քիչ էլ,— խնդրեց Արքան։

— Լոբուց բացի, ոչինչ չի մնացել,— պայուսակի մեջ նայելով պատասխանեց Սուրհանդակը։

— Ուրեմն լոբի տուր,— նվաղուն ձայնով մրմնջաց Արքան։

Ալիսն ուրախացավ, երբ քիչ անց Արքան ուշքի գալովփնթփնթաց.— Երբ ուշաթափվում ես, լոբու նման լավ բան չես գտնի։

— Ինձ թվում է, եթե ձեր վրա սառը ջուր լցնեին, ավելի լավ կլիներ կամ էլ անուշադրի լուծույթ տային,— առարկեց Ալիսը։

— Ես չասացի, որ լոբուց լավը չկա,— պատասխանեց Արքան,— ես ասացի՝ լոբու նման լավ բան չես գտնի։

Ալիսը չհամարձակվեց հակաճառել։

— Քեզնից առաջ ո՞վ անցավ,— Արքան լոբի վերցնելու համար ձեռքը մեկնեց Սուրհանդակին։

— Ոչ ոք,— պատասխանեց Սուրհանդակը։

— Ճիշտ է,— ասաց Աոքան,— այս փոքրիկ աղջիկն էլ տեսավ նրան։ Իհարկե, Ոչ Ոքը քեզնից դանդաղ էր քայլում։

— Ես շատ արագ եմ քայլում,— մռայլվեց Սուրհանդակը,— համոզված եմ, ոչ ոք ինձնից արագ չի քայլում։

— Անկասկած, եթե այդպես լիներ, առաջինը նա այստեղ կլիներ։ Դե, հիմա արդեն հանգստացար, պատմիր տեսնեմ, ինչ նորություն կա քաղաքում։

— Ականջիդ կասեմ,— Սուրհանդակը, ձեռքերը փողի նման բերանին դրած՝ մոտեցավ Արքային։ Ալիսը խիստ վշտացավ, որովհետև ուզում էր լսել նորությունը։ Բայց Սուրհանդակը փոխանակ շշնջալու, ինչքան ուժ ուներ բղավեց Արքայի ականջին.

— Նրանք նորից են սկսել։

— Եվ դու այդ շշնջա՞լ ես համարում,— ցնցվեց խեղճ Արքան,— եթե նորից բղավես, ես քեզ յուղել կտամ։ Ձայնդ երկրաշարժի նման անցավ գլխիս միջով։

— «Ի՞նչ թույլ երկրաշարժ է»,— մտածեց Ալիսը։

— Ովքե՞ր են նորից սկսել,— համարձակվեց հարցնել Ալիսը։

— Առյուծն ու Միեղջյուրը, է՜լ ով,— պատասխանեց Արքան։

— Թագի՞ համար են կռվում,— հետաքրքրվեց Ալիսը։

— Այո, բայց ծիծաղելին այն է, որ իմ թագի համար են կռվում։ Ե՛կ, գնանք նրանց տեսնելու։

Ու երեքով առաջ սլացան, վազելիս Ալիսը կրկնում էր հին երգի խոսքերը.

Առյուծը և Միեղջյուրը թագի համար կռվեցին,
Ու Առյուծը քաղաքով մեկ շան ծեծ տվեց այն մեկին։
Ոմանք նրանց սպիտակ հաց, ոմանք՝ սև հաց տվեցին,
Ոմանք՝ թխվածք ու կարկանդակ և քաղաքից քշեցի՛ն։

— Հաղթողը... թագը... կստանա՞...— մի կերպ հարցրեց Ալիսը, որովհետև վազելուց շնչասպառ էր եղել և հազիվ էր կարողանում խոսել։

— Չէ՜ մի, ինչե՞ր ես ասում,— պատասխանեց Արքան։

— Բարի եղեք... կանգնեք մի րոպե,— որոշ տարածություն անցնելուց հետո հևասպառ խնդրեց Ալիսը,— մի րոպե կանգնեք... շունչ քաշեմ։

— Ես բավական բարի եմ, բայց բավական ուժեղ չեմ։ Տեսնո՞ւմ ես, րոպեն ինչպիսի արագությամբ է թռչում, կարծես Չարչամչարախը լինի։

Ալիսն այլևս խոսելու ուժ չուներ։ Նրանք լուռ վազում էին։ Վերջապես կանգ առան, տեսնելով մի հոծ բազմություն, որի մեջտեղում կռվում էին Առյուծն ու Միեղջյուրը։ Նրանք այնպիսի փոշու ամպ էին բարձրացրել, որ սկզբում Ալիսը չէր կարողանում զանազանել կռվողներին։ Բայց շուտով տարբերեց Միեղջյուրին, տեսնելով նրա եղջյուրը։

Նրանք տեղավորվեցին մյուս Սուրհանդակի՝ Գդակագործի կողքին, որը լուռ դիտում էր կռիվը։ Նրա մի ձեռքին կարագահաց կար, իսկ մյուսին՝ թեյի բաժակ։

— Հենց նոր է բանտից եկել և դեռ թեյելը չի վերջացրել,— շշնջաց Լապստրակը Ալիսի ականջին,— բանտում միայն ոստրե են տալիս, դրա համար էլ սոված է ու ծարավ։

Լապստրակը քնքշորեն ձեռքը դրեց Գդակագործի ուսին.

— Ինչպե՞ս ես, սիրելի փոքրիկ։

Վերջինս շրջվեց, գլխով արեց ու շարունակեց ուտել։

— Բանտում քեզ ինչպե՞ս էիր զգում, սիրելի փոքրիկ,— կրկին հարցրեց Լապստրակը։

Գդակագործը նորից շրջվեց։ Արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվեց նրա այտերից և ոչինչ չասաց։

— Ինչո՞ւ չես խոսում,— անհամբերությամբ բղավեց Լապստրակը։

Սուրհանդակը միայն թեյ էր խմում ու ծամում։

— Խոսիր, լսո՞ւմ ես,— ճչաց Արքան,— կռիվն ինչպե՞ս է ընթանում։

Գդակագործը մեծ ճիգով հացի մի խոշոր պատառ կուլ տվեց և խեղդվող ձայնով ասաց.

— Կռիվը լավ է ընթանում։ Նրանցից յուրաքանչյուրը մոտ ութսունյոթ անգամ գետնին գլորվեց։

— Ուրեմն շուտով սև ու սպիտակ հաց կբաժանեն,— համարձակվեց նկատել Ալիսը։

— Ես էլ եմ դրան սպասում,— ասաց Գդակագործը,— իմ կերածը այդ հացից է։

Շուտով դադար հայտարարվեց։ Առյուծն ու Միեղջյուրը շնչասպառ նստեցին, իսկ Արքան բղավեց.

— Ընդմիջում տասը րոպե։

Սուրհանդակներն անմիջապես գործի անցան։ Նրանք բերեցին սև ու սպիտակ հացով լի սկուտեղներ։ Ալիսը մի կտոր հաց վերցրեց, բայց այն շատ չոր էր։

— Երևի նրանք այսօր չկռվեն,— Արքան դիմեց Գդակագործին,— գնա՛ հրամայիր, թմբուկներ զարկեն։

Վերջինս ծղրիդի նման ցատկոտելով առաջ անցավ։ Ալիսը լուռ նայում էր նրա հետևից։ Հանկարծ աղջկա դեմքը պայծառացավ, տեսնելով հեռվից եկող Սպիտակ Թագուհուն։

— Տեսե՛ք, տեսե՛ք,— ուրախացած մատնացույց արեց նա,— Սպիտակ Թագուհին է գալիս։ Գնդակի նման դուրս թռավ անտառից։ Ի՞նչ արագ են վազում այդ Թագուհիները։

— Երևի նրան թշնամի է հետապնդում,— առանց շուրջը նայելու խոսեց Արքան,— անտառը յիքն է թշնամիներով։

Զարմանալով Արքայի սառնասրտության վրա, Ալիսը հարցրեց.

— Դուք չե՞ք գնա նրան օգնելու։

— Միտք չունի,— ասաց Արքան։— Նա չափազանց արագ է վազում, կարծես Չարչամչարախը լինի։ Բայց եթե ցանկանում ես, Թագուհու մասին կգրեմ հուշատետրումս։ Թագուհին սիրելի է ու բարի,— մեղմ ասաց նա և, բացելով հուշատետրը, հարցրեց.— «Թագուհի» բառը «գ»֊ով է գրվո՞ւմ, թե՞ «ք»֊ով։

Այդ պահին Միեղջյուրը ձեռքերը գրպանները դրած հաղթական քայլերով մոտեցավ նրանց։

— Ես այս անգամ լավ կռվեցի,— նայելով Արքային ասաց նա։

— Այո՛, այո՛,— նյարդայնացավ Արքան,— բայց դու չպետք է նրան եղջյուրով խփեիր։

— Ես նրան չվնասեցի,— անտարբերությամբ նետեց Միեղջյուրը և հանկարծ նկատելով Ալիսին, սկսեց զզվանքով նայել նրան։

— Սա ի՞նչ է,— վերջապես հարցրեց նա։

— Երեխա է,— մոտ գալով շտապ պատասխանեց Լապստրակը և Ալիսին ներկայացնելու համար անգլո֊սաքսոնական ձևով տարածեց թևերը,— մենք նրան այսօր ենք գտել, իսկական է։

— Իսկ ինձ թվում էր, երեխաները առասպելական հրեշներ են,— ասաց Միեղջյուրը,— մեռա՞ծ է, թե՞ կենդանի։

— Նա կարող է խոսել,— հանդիսավոր ձայնով հայտարարեց Լապստրակը։

Միեղջյուրը մտածկոտ նայեց Ալիսին.

— Խոսի՛ր, փոքրիկ։

Ալիսը չկարողացավ զսպել ժպիտը.

— Գիտե՞ք ինչ, ես էլ միշտ կարծել եմ, թե Միեղջյուրները առասպելական հրեշներ են, երբեք չէի հանդիպել իսկական Միեղջյուրի։

— Դե, այժմ մենք իրար տեսանք, եթե դու ինձ հավատաս, ես էլ քեզ կհավատամ. համաձա՞յն ես։

— Այո, իհարկե,— պատասխանեց Ալիսը։

— Սալորի կարկանդակն այստեղ բեր, բարեկամ,— Արքային դիմեց Միեղջյուրը,— ես քո սև հացն ուտել չեմ կարողանում։

— Հենց հիմա, հենց հիմա,— նշան անելով Լապստրակին, մռթմռթաց Արքան,— բաց արա պայուսակը,— շշնջաց նա,— դե՛, շուտ, սա՛ չէ, մյուսը, սա լոբով է լցված։ Լապստրակը պայուսակից մի հսկայական թխվածք հանեց ու տվեց Ալիսին պահելու, մինչ դուրս կհաներ սուր դանակն ու ափսեն։ Ալիսը չկարողացավ հասկանալ, թե այդ բոլորը ինչպես էին տեղավորվել փոքրիկ պայուսակի մեջ. կարծես կախարդական լիներ։

Մինչ այդ Առյուծը մոտեցել էր նրանց։ Նա այնքան էր հոգնել, որ քունը տանում էր, և կոպերը փակվում էին։

— Սա ի՞նչ է,— աչքերը կկոցելով Ալիսի վրա, ծուլորեն հարցրեց նա խուլ ձայնով, որը հիշեցրեց մեծ զանգի ղողանջ։

— Ուզո՞ւմ ես ասեմ,— ոգևորված գոչեց Միեղջյուրը,— մինչև չասեմ, գլխի չես ընկնի։ Ես էլ սկզբում չիմացա։

Առյուծը հոգնած հայացքն ուղղեց Ալիսին։

— Դու կենդանի՞ ես, բանջարեղե՞ն, թե՞ հանք,— յուրաքանչյուր բառի վրա հորանջելով, հարցրեց նա։

— Առասպելական հրեշ է,— բացականչեց Միեղջյուրը՝ նախքան Ալիսը կհասցներ բացել բերանը։

— Ուրեմն ինձ սալորի թխվածք տուր, Հրե՛շ,— Առյուծը պառկեց գետնին և ծնոտը դրեց թաթերի վրա։

— Ի՞նչ եք կանգնել, նստեք,— Արքային ու Միեղջյուրին դիմելով շարունակեց Առյուծը,— թխվածքը հավասար բաժանեք։

Ըստ երևույթին Միեղջյուրի և Առյուծի արանքում նստած Արքան նեղվում էր, բայց ոչինչ չէր կարող անել, որովհետև նստելու ուրիշ տեղ չկար։

— Թագի համար ինչ հիանալի կռիվ կանեինք հիմա,— ասաց Միեղջյուրը՝ խորամանկորեն նայելով թագին, որը ցնցվում էր վախից դողացող Արքայի գլխին։

— Ես հեշտությամբ կհաղթեի,— ասաց Առյուծը։

— Չեմ կարծում,— քմծիծաղ տվեց Միեղջյուրը։

— Ի՞նչ ես դուրս տալիս, ես չէի՞, որ քեզ ամբողջ քաղաքով մեկ ծեծելով քարշ տվի, լակոտ,— զայրացավ Առյուծը և խոսելիս կիսով չափ բարձրացավ։

Այստեղ Արքան ընդհատեց նրանց վեճը։ Նա այնպես էր հուզվել, որ ձայնը դողում էր։

— Ամբողջ քաղաքով մեկ,— գոչեց նա,— դա շատ երկար ճանապարհ է։ Հին կամրջո՞վ անցաք, թե՞ շուկայի միջով։ Կամրջից հիանալի տեսարան է բացվում։

— Հաստատ չեմ կարող ասել,— մռնչաց Առյուծը, փռվելով տեղը,— այնպիսի փոշի էր բարձրացել, որ բան չկարողացա տեսնել։ Հրեշն այդ ի՜նչ երկար է կտրում թխվածքը։

Ալիսը խոր ափսեն ծնկներին դրած նստել էր առվակի ափին և ջանասիրաբար կտրտում էր։

— Բան չեմ հասկանում,— ի պատասխան Առյուծին ասաց Ալիսը (նա արդեն վարժվել էր Հրեշ անվանը)։— Կտրում եմ, կտրում, բայց կտրածներս իրար են կպչում։

— Դու Հայելու թխվածքների հետ վարվելու ձևը չգիտես, սկզբից հյուրասիրիր, հետո կտրիր,— խորհուրդ տվեց Միեղջյուրը։

Նրա ասածը հիմարություն էր, բայց աղջիկը հնազանդ ոտքի կանգնեց և սկսեց հյուրասիրել։ Ընթացքում թխվածքը բաժանվեց երեք մասի։

— Իսկ այժմ կտրիր,— ասաց Առյուծը, երբ Ալիսը դատարկ ափսեով ետ եկավ և, դանակը ձեռքն առնելով, շփոթված նստեց։

— Դա անազնվություն է, Հրեշը Առյուծին երկու անգամ ավել տվեց, քան ինձ,— բողոքեց Միեղջյուրը։

— Բայց նա իրեն ոչինչ չպահեց,— ասաց Առյուծը,— քեզ դո՞ւր եկավ սալորի թխվածքը, Հրեշ։

Ալիսն ուզեց պատասխանել, բայց հանկարծ սկսեցին թմբուկները հարվածել։ Եվ չկարողացավ հասկանալ, թե որտեղից էին գալիս այդ խառնաշփոթ ձայները։ Այնպիսի աղմուկ էր տիրում շուրջը, որ նրան թվաց, թե խլանում է։ Ապա վեր թռավ ու սարսափած ցատկեց փոքրիկ առվակի վրայով, բայց հասցրեց նկատել Առյուծին ու Միեղջյուրին, որոնք խիստ զայրացած, որ իրենց խնջույքն ընդհատվեց, ելան կանգնեցին։ Ալիսը ձեռքերը դրած ականջներին չոքեց, փորձելով խլացնել անախորժ ձայները։

«Եթե այս աղմուկն Առյուծին ու Միեղջյուրին քաղաքից դուրս չքշի,— մտածեց Ալիսը,— ուրեմն ուրիշ ոչ մի բան չի օգնի»։


ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ. «Դա իմ սեփական հնարամտությունն է»

Որոշ ժամանակ անց աղմուկն սկսեց աստիճանաբար մարել, և շուտով տիրեց մեռելային լռություն։ Ալիսը տագնապահար բարձրացրեց գլուխը։ Ոչ ոք չէր երևում։ Նրան թվաց, թե երազում է տեսել Առյուծին, Միեղջյուրին և տարօրինակ անգլո֊սաքսոնացի սուրհանդակներին։ Բայց դեռ կողքին էր խոր ափսեն, որի մեջ փորձել էր կտրտել սալորի թխվածքը։

— Ուրեմն իմ տեսածը երազ չէր,— եզրակացրեց նա,— բայց գուցե... գուցե մենք բոլորս էլ նույն երազի մի մասն ենք կազմում, միայն թե իմ, այլ ոչ թե Սև Արքայի։ Ես չեմ սիրում, երբ ինձ ուրիշներն են տեսնում երազում,— դժգոհեց նա,— գնամ արթնացնեմ Սև Արքային, տեսնենք ինչ է լինելու հետո։

Հանկարծ հնչեց մի ուժեղ ձայն, և նրա մտքերն ընդհատվեցին.

— Հե՜յ, այդ ո՞ւր, շա՛խ։

Երևաց զրահապատ Սև Ձին և քառատրոփ վազքով ելավ ընդառաջ՝ ձեռքին մի հսկայական մահակ։ Մոտենալով Ալիսին, հանկարծ կանգ առավ։

— Դու իմ գերին ես,— գոռաց Սև Ձին գլորվելով։

Ալիսը վախից ցնցվեց, բայց ավելի շուտ հեծյալի համար, քան իր։ Սև Ձին ոտքի ելավ և երբ լավ տեղավորվեց թամբին, նորից սկսեց գոռալ.

— Դու իմ...— այստեղ լսվեց մի ուրիշ ձայն.

— Հե՜յ, այդ ո՞ւր, շա՛խ։

Ալիսը զարմացած նայեց շուրջը՝ նոր թշնամուն տեսնելու։

Այս անգամ եկողը Սպիտակ Ձին էր. նա էլ, Սև Ձիու նման մոտենալով Ալիսին, ցած գլորվեց։ Հետո նստեց տեղը, և Ձիերն սկսեցին լուռ միմյանց դիտել։ Ալիսը շփոթված մերթ մեկին էր նայում, մերթ մյուսին։

— Գիտե՞ս, որ նա իմ գերին է,— մատնացույց անելով Ալիսին, վերջապես խոսեց Սև Ձին։

— Այո, բայց չէ՞ որ ես եկա ու ազատեցի նրան,— պատասխանեց Սպիտակ Ձին։

— Ուրեմն, մենք պիտի կռվենք նրա համար,— Սև Ձին բարձրացրեց սաղավարտը (որը կախված էր թամբից և նժույգի գլխի ձև ուներ) ու դրեց գլխին։

— Չխախտես ճակատամարտի կանոնները,— հիշեցրեց Սպիտակ Ձին ու ինքն էլ հագավ սաղավարտը։

— Ես երբեք չեմ խախտում,— ասաց Սև Ձին։

Եվ նրանք սկսեցին այնպիսի ցասումով հարվածել միմյանց, որ Ալիսը վախից թաքնվեց ծառի հետևը՝ հարվածներից խուսափելու համար։

«Չեմ հասկանում, թե որոնք են ճակատամարտի կանոնները,— վախեցած դուրս նայելով իր թաքստոցից, մտածում էր Ալիսը,— երևի աոաջին կանոնը սա է. եթե մեկը հարվածի մյուսին, պետք է նժույգից վայր գցի, իսկ եթե վրիպի, ինքն իրեն պիտի գցի։ Երկրորդ կանոնն էլ այն է, որ նրանք պետք է բռնեն իրենց մահակները Փանչի ու Ջուդիի նման14։ Բայց ի՜նչ աղմուկ են բարձրացնում վայր ընկնելիս։ Ասես բուխարիկի մի խուրձ ունելիներ են թափվում ցանցի վրա։ Ի՜նչ էլ հանգիստ են նժույգները։ Հեծյալները մեկ ընկնում են, մեկ բարձրանում, իսկ նրանց հեչ պետքն էլ չէ»։

Ճակատամարտի մյուս կանոնը, որ Ալիսը չէր նկատել՝ միշտ գլխի վրա նետվելն էր։ Կռիվն ավարտվեց նրանով, որ երկուսն էլ գլխիվայր ընկան և փռվեցին կողք կողքի։ Քիչ անց ոտքի ելնելով ողջագուրվեցին, ապա Սև Ձին մի լավ տեղավորվեց թամբին ու առաջ սլացավ։

— Փառավոր հաղթանակ էր, չէ՞,— հևալով հարցրեց Սպիտակ Ձին։

— Չգիտեմ,— կասկածանքով ասաց Ալիսը,— ես չեմ ուզում ոչ մեկի գերին լինել։ Ես ուզում եմ Թագուհի դառնալ։

— Կդառնաս, երբ անցնես հաջորդ առվակը, ես քեզ կտանեմ մինչև անտառի ծայրը ու հետո հետ կգամ, որովհետև դա իմ խաղաքայլի վերջն է։

— Շատ շնորհակալ եմ, թույլ տվեք օգնել ձեզ,— Ձին չէր կարողանում սաղավարտը հանել, բայց Ալիսի օգնությամբ գործը գլուխ եկավ։

— Հիմա կարող եմ ազատ շունչ քաշել,— Ձին երկու ձեռքով հետ տարավ գզգզված բաշը և իր քնքուշ դեմքն ու խոշոր տխուր աչքերն ուղղեց աղջկան։

«Իմ ամբողջ կյանքում այսպիսի տարօրինակ զինվոր չեմ տեսել»,— մտածեց Ալիսը։

Սպիտակ Ձին թիթեղյա զրահ էր հագել, որը նրա վրա շատ վատ էր նստում։ Թիկունքին գլխիվայր կախված էր եղևնու փայտից պատրաստված մի փոքրիկ անսովոր ձևի տուփ։ Ալիսը հետաքրքրությունից մղված նայեց մեջը։

— Երևում է տուփը քեզ դուր եկավ,— մտերմաբար ասաց Ձին,— դա իմ սեփական հնարամտությունն է, հագուստների ու կարագահացերի համար է։ Տեսնո՞ւմ ես, գլխիվայր եմ կախել, որ մեջն անձրև չլցվի։

— Բայց պարունակությունը կարող է թափվել,— մեղմ նկատեց Ալիսը,— գիտե՞ք, կափարիչը բաց է։

— Չգիտեի,— Ձիու դեմքով ափսոսանքի մի ստվեր անցավ,— ուրեմն ամեն ինչ թափվել է, իսկ տուփն առանց այդ իրերի ոչ մի արժեք չունի։— Խոսելիս նա արձակեց այն և պատրաստվում էր նետել թփերի մեջ, երբ հանկարծ դեմքը պայծառացավ ինչ֊որ մտքից և զգուշությամբ կախեց տուփը ծառից։

— Կարո՞ղ ես ասել, թե ինչու ծառից կախեցի,— հարցրեց նա։

Ալիսը բացասաբար շարժեց գլուխը։

— Որպեսզի մեղուները բույն դնեն մեջը, և ես մեղր ստանամ։

— Բայց ձեր թամբից փեթակ է կախված,— ասաց Ալիսը։

— Այո, հիանալի փեթակ է,— դժգոհ մռթմռթաց Ձին,— ամենալավ տեսակի, բայց դեռ ոչ մի մեղու նրան չի մոտեցել։ Իսկ մյուսը մկան թակարդ է։ Հավանաբար մկներն են մեղուներին հեռու պահում և կամ մեղուները՝ մկներին, չգիտեմ, ո՞րն է ճիշտը։

— Չեմ հասկանում, ձեր ինչի՞ն է պետք թակարդը,— զարմացավ Ալիսը,— թամբին մկներ չեն լինում։

— Գուցե, բայց եթե հանկարծ հայտնվեն, չեմ ուզում վազվզեն շուրջս։ Հասկանո՞ւմ ես,— մի պահ լռելուց հետո շարունակեց նա,— պետք է ամեն ինչին նախօրոք պատրաստվել։ Հենց դա է պատճառը, որ ձիերն իրենց ոտքերի շուրջը ապարանջաններ ունեն։

— Իսկ ինչի՞ համար են դրանք,— հետաքրքրվեց Ալիսը։

— Որպեսզի շնաձկները չկծեն,— պատասխանեց Ձին,— դա իմ սեփական հնարամտությունն է։ Դե, հիմա օգնիր ինձ՝ մի լավ տեղավորվեմ թամբին։ Ես քեզ հետ կգամ մինչև անտառի ծայրը։ Այդ ի՞նչ ափսե է։

— Սալորի թխվածքի համար։

— Ավելի լավ է մեզ հետ վերցնենք,— ասաց Ձին,— պետք կգա, երբ կարկանդակ գտնենք։ Օգնիր պայուսակիս մեջ դնեմ։

Այս գործողությունը երկար ժամանակ խլեց։ Չնայած Ալիսը լայն բացել էր պայուսակը, բայց Ձին այնքան անճարակ էր, որ չէր կարողանում ափսեն տեղավորել։ Մի քանի անգամ դրա փոխարեն ինքը մտավ պայուսակի մեջ։ Վերջապես, երբ գործը գլուխ եկավ՝ արդարացավ.

— Հասականո՞ւմ ես, պայուսակում բավական նեղվածք է, այնքան շատ մոմակալներ կան...— և կախեց այն թամբից, որն արդեն բեռնված էր գազարի փնջերով, կրակխառնիչներով և զանազան այլ իրերով։

— Մազերդ լավ ամրացրի՞ր,— հարցրեց Ձին, երբ նրանք ճամփա ընկան։

— Սովորականի պես,— ժպտաց Ալիսը։

— Չէ, այդպես չի լինի,— անհանգստացավ Ձին,— տեսնում ես, քամին այստեղ ինչ զորեղ է, զորեղ ու հզոր, ինչպես կաղնի։

— Իսկ դուք կարո՞ղ եք այնպես անել, որ ձեր մազերը կաղնու ճյուղերի պես չծածանվեն,— հետաքրքրվեց Ալիսը։

— Դեռ ոչ,— պատասխանեց Ձին,— բայց ես որոշել եմ այնպես պահել մազերս, որ դրանք ցած չթափվեն։

— Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս, ես շատ կուզեի իմանալ։

— Սկզբում մի ուղիղ փայտ ես վերցնում,— ասաց Ձին,— հետո մազերդ փաթաթում ես վրան՝ ինչպես ծառին։ Նրանց թափվելու միակ պատճառը ներքև կախված լինելն է։ Իսկ գիտե՞ս, երբեք ոչինչ վերև չի ընկնում։ Դա իմ սեփական հնարամտությունն է։ Եթե ցանկանում ես, կարող ես փորձել։

Նրա ասածը այնքան էլ խելքի մոտ բան չէր։ Ալիսը մի քանի րոպե լուռ քայլում էր, մտածելով և ժամանակ առ ժամանակ օգնում խեղճ Ձիուն, որն, անշուշտ, վատ հեծյալ էր։

Երբ Ձին կանգ էր առնում (դա հաճախ էր պատահում), հեծյալը գլորվում֊ընկնում էր գլխի վրայով, իսկ երբ նորից շարունակում էր ճանապարհը (դա հանկարծակի էր կատարվում) այս անգամ էլ գլորվում էր գավակի վրայով։ Ընդհանրապես, իրեն լավ էր պահում թամբին, չնայած սովորություն ուներ շուռ գալու մե՛կ աջ, մե՛կ ձախ և սովորաբար ընկնում էր այն կողմի վրա, որ կողմով քայլում էր աղջիկը. շուտով Ալիսը հասկացավ, որ ավելի լավ է Ձիուն շատ մոտ չքայլի։

— Ինձ թվում է, դուք փորձված հեծյալ չեք,— համարձակվեց նկատել Ալիսը և արդեն հինգերորդ անգամ օգնեց Ձիուն՝ բարձրանալու նստատեղին։

Ձին խիստ զարմացավ ու վիրավորվեց։

— Ինչի՞ց եզրակացրիր,— հարցրեց նա տեղավորվելով թամբին և մի ձեռքով բռնեց Ալիսի մազերից, որպեսզի չընկնի մյուս կողմի վրա։

— Որովհետև փորձված հեծյալները քիչ են ընկնում։

— Ես մեծ փորձ ունեմ,— լրջացավ Ձին,— մեծ փորձ։

Ալիսը հարմար պատասխան չգտավ։

— Իհարկե,— միայն կարողացավ ասել նա, բայց հնարավորին չափ մեղմ ու հոգատար։

Նրանք լուռ առաջ էին շարժվում։ Ձին աչքերը փակած մրմնջում էր, իսկ Ալիսը սրտատրոփ սպասում էր նրա հաջորդ ընկնելուն։

— Նժույգ հեծնելու մեծ արվեստը,— հանկարծ թափահարելով աջ ձեռքը, բարձրաձայն ասաց Ձին,— իրեն պահելն է...

Բայց չկարողացավ ավարտել միտքը, որովհետև գլխիվայր ընկավ ճիշտ Ալիսի դիմաց։ Այս անգամ Ալիսը սաստիկ վախեցավ և, սարսափահար բարձրացնելով նրան, հարցրեց.

— Հուսով եմ, ձեր ոչ մի տեղը չջարդվեց։

— Ինչ ես խոսում,— ասաց Ձին այնպիսի եղանակով, որ կարծես այդ բոլորն իր համար ոչ մի նշանակություն չունեին։— Նժույգ հեծնելու մեծ արվեստը, ինչպես ասացի, հավասարակշռությունը պահելու մեջ է, տես, այսպես...

Նա թողեց սանձն ու տարածեց ձեռքերը, ցույց տալու Ալիսին իր ասածի իսկությունը, բայց այս անգամ ընկավ մեջքի վրա, ճիշտ կենդանու ոտքերի տակ։

— Մեծ փորձ, մեծ փորձ,— շարունակում էր կրկնել նա, երբ Ալիսը բարձրացնում էր նրան։

— Ծիծաղելի է,— համբերությունը կորցրած բղավեց Ալիսը,— դուք ավելի լավ է անիվներով փայտե նժույգ հեծնեք։

— Այդպիսի նժույգները սահո՞ւն են գնում,— աշխուժացավ Ձին և բռնեց նժույգի վիզը, որպեսզի չընկնի։

Ալիսը չկարողացավ զսպել ծիծաղը.

— Իհարկե, ավելի սահուն, քան թե իսկականները։

— Ես մի այդպիսի նժույգ կվերցնեմ, գուցե երկուսը կամ մի քանիսը,— մտածկոտ ասաց Ձին։

Մի որոշ ժամանակ նրանք լուռ առաջ էին շարժվում։

Քիչ անց Ձին նորից խոսեց։

— Ես վարպետ հնարող եմ։ Դու վերջին անգամ ինձ բարձրացնելիս նկատեցի՞ր, որ խիստ մտազբաղ էի։

— Դուք փոքր֊ինչ տխուր էիք,— ասաց Ալիսը։

— Հենց այդ պահին ես հնարում էի դարպասի վրայով անցնելու մի նոր ձև։ Ուզո՞ւմ ես լսել։

— Սիրով,— քաղաքավարությամբ համաձայնեց Ալիսը։

— Գիտե՞ս, ինչպես սկսեցի մտածել այդ մասին,— սկսեց Ձին։— Միակ դժվարությունը ոտքերն են, ասացի ինքս ինձ, իսկ գլուխը բավական բարձր է։ Սկզբում գլուխս կդնեմ դարպասի ծայրին, իսկ ոտքերս իրենք իրենց կբարձրանան, և ես կանցնեմ։

— Հնարավոր է, եթե միայն այդ բոլորն իրագործեք...— մտազբաղ ասաց Ալիսը,— իսկ ձեզ չի՞ թվում, որ չափազանց դժվար բան է։

— Դեռ չեմ փորձել,— մռայլվեց Ձին,— ուստի, չեմ կարող ասել, բայց երևի դու ճիշտ ես։

Այդ միտքն այնպես մտահոգեց Ձիուն, որ Ալիսն իսկույն խոսքը փոխեց։

— Ի՞նչ տարօրինակ սաղավարտ ունեք,— զվարթացավ նա,— դա՞ էլ է ձեր հնարածը։

Ձին հպարտությամբ նայեց թամբից կախված սաղավարտին։

— Այո, բայց ես ավելի լավն էի հնարել՝ սրածայր բլրի էր նման։ Երբ զգում էի ընկնելու վտանգը, դնում էի գլխիս և սաղավարտն անմիջապես խրվում էր գետնին։ Այսպիսով ընկնելու քիչ հնարավորություն ունեի։ Բայց մեջն ընկնելու վտանգը կար։ Մի անգամ ինձ հետ պատահեց ամհնասարսափելին. մինչ կկարողանայի դուրս գալ, մյուս Սպիտակ Ձին վերցրեց այն ու դրեց գլխին, կարծելով, թե իրենն է։

Ձին այնպես լուրջ էր խոսում, որ Ալիսը սկզբում չհամարձակվեց նույնիսկ ժպտալ։

— Երևի սաղավարտը նեղ էր Սպիտակ Ձիու համար,— ծիծաղից դողդողացող ձայնով հարցրեց Ալիսը,— քանի որ դուք մեջն էիք։

— Ստիպված նրան ոտքով հարվածեցի,— շատ լուրջ ասաց Ձին,— և նա հանեց սաղավարտը, բայց ժամեր անցան, մինչև կարողացավ ինձ միջից հանել։ Ես շատ թունդ չարչարվեցի, շատ թունդ, շատ թունդ... ինչպես գինի։

— Դա արդեն ուրիշ թնդություն է,— առարկեց Ալիսը։

Ձին տարուբերեց գլուխը։

— Ես քեզ հավատացնում եմ, որ ես թունդ չարչարվեցի։— Ձին հուզված բարձրացրեց ձեռքերը և անմիջապես թամբի վրայից սահելով գլխիվայր ընկավ խոր փոսը։

Ալիսը մոտ վազեց նրան փնտրելու։ Չնայած Ձին միշտ էլ անվնաս էր մնում, բայց այս անգամ խիստ վախեցավ, որ ջարդուխուրդ եղած լինի։ Շուտով կարողացավ զանազանել Ձիու ներբանները և ուրախացավ, լսելով նրա ձայնը.

— Շատ թունդ չարչարվեցի,— կրկնում էր նա,— բայց նրա կողմից անզգուշություն էր ուրիշի սաղավարտ հագնելը, և այն էլ այնպիսին, որի մեջ մարդ կար։

— Ինչպե՞ս եք կարողանում գլխիվայր հանգիստ խոսել,— հարցրեց Ալիսը և Ձիու ոտքերից քաշելով հանեց նրան փոսից ու պառկեցրեց գետնին։

— Ի՞նչ նշանակություն ունի, թե որտեղ է մարմինս,— զարմացավ Ձին,— միտքս շարունակ գործում է։ Որքան ցած է թեքվում գլուխս, այնքան ավելի շատ բաներ եմ հնարում։ Իմ ամենամեծ հնարամտությունը,— շարունակեց նա քիչ անց,— ճաշ ուտելու ժամանակ խմորեղեն թխելն է։

— Հավանաբար ճաշելիս թխում վերջացնում եք և ճաշից անմիջապես հետո ուտում,— ասաց Ալիսը,— ա՜յ թե արագ եք թխում։

— Այո,— բայց ճաշից հետո չէ,— դանդաղ ու մտածկոտ պատասխանեց Ձին,— ճաշից հետո չէ։

— Ուրեմն հաջորդ օրը. մի ճաշին երկու անգամ խմորեղեն չեն ուտում։

— Ոչ էլ հաջորդ օրը։ Հաջորդ օրն էլ չէ,— կրկնեց Ձին՝ ցածրացնելով գլուխը, և նրա ձայնը գնալով մարում էր,— չեմ պատկերացնում այդ խմորեղենը երբևէ թխված։ Նույնիսկ չեմ հավատում, որ այն ընդհանրապես հնարավոր լինի թխել։ Բայց իմ մտածածը շատ հիանալի է։

— Իսկ ինչո՞վ էիք ուզում թխել,— հարցրեց Ալիսը, ցանկանալով Ձիու տրամադրությունը բարձրացնել, որովհետև խեղճը տխրել էր։

— Սկզբում վերցնում եմ ծծան թուղթ,— տնքտնքաց Ձին։

— Ինձ թվում է համեղ չի ստացվի։

— Իհարկե, եթե միայն ծծանով պատրաստես,— աշխույժ ընդհատեց Ձին,— դու չես պատկերացնում, թե ինչ համեղ է լինում, երբ այն խառնում ես վառոդի ու զմուռսի հետ։ Արդեն հասանք, ես քեզ կթողնեմ այստեղ ու հետ կդառնամ։

Նրանք գտնվում էին անտառի եզրին։

Ալիսն աչքերը լայն բացած նայում էր Ձիուն ու մտածում խմորեղենի մասին։

— Ինչո՞ւ ես տխրել,— անհանգստացավ Ձին,— հիմա քեզ համար մի երգ կերգեմ։

— Երկա՞ր է,— հարցրեց Ալիսը, նա առանց այն էլ այդ օրը շատ երգեր էր լսել։

— Այո, բայց շատ ու շատ լավն է։ Ով որ լսում է իմ երգը կամ արցունքներ են հայտնվում նրա աչքերում, կամ էլ...

— Կամ էլ ի՞նչ,— հարցրեց Ալիսը, որովհետև Ձին հանկարծ լռեց։

— Կամ էլ չեն հայտնվում։ Այն կոչվում է «Հողաձկան աչքերը»։

— Դա՞ է երգի անունը,— Ալիսը ցույց տվեց, որ հետաքրքրվում է։

— Ոչ, դու չես հասկանում,— նկատելիորեն բարկացավ Ձին,— դա երգի անունն է, իսկական վերնագիրը «Ծերունին» է։

— Ուրեմն ես պետք է հարցրած լինեի վերնագի՞րը,— ինքն իրեն ուղղեց Ալիսը։

— Ո՛չ, ի՞նչ ես խոսում, դա բոլորովին այլ բան է։ Երգը կոչվում է «Ճանապարհներ ու միջոցներ», բայց միայն այդպես է կոչվում։

— Իսկ երգը ո՞րն է,— սրտնեղեց Ալիսը, որն արդեն լրիվ կորցրել էր իրեն։

— Հիմա կասեմ. «Ցանկապատին նստածը», ահա թե ինչ, երաժշտությունն էլ ինքս եմ հորինել։

Սրա վրա նա թողեց սանձերն ու կանգնեցրեց նժույգը։ Հետո սկսեց երգել դանդաղ՝ շարժելով ձեռքը երաժշտության տակ, և մի երանավետ ժպիտ ողողեց նրա բարի, միամիտ դեմքը, ասես բավականություն էր ստանում իր երգի բառերից։

Հայելու Աշխարհում տեսած բոլոր հրաշքներից սա միակն էր, որ Ալիսը միշտ բոլորից պարզ հիշում էր հետագայում։ Տարիներ անց նա հստակորեն մտաբերում էր այդ տեսարանն այնպես, կարծես միայն երեկ էր կատարվել՝ Ձիու մեղմ, կապույտ աչքերը, բարի ժպիտը, մազերն ու զրահը՝ մայրամուտի շլացնող լույսի տակ, որից ծակծկում էին Ալիսի աչքերը։ Անտառի մութ ստվերները գծագրվում էին այդ տարօրինակ հեծյալի հետևում։ Նժույգը դանդաղ արածում էր, վզին թույլ գցված սանձի ծայրերը քսվում էին խոտերին՝ Ալիսի ոտքերի մոտ։ Նա մանրամասնորեն հիշում էր այդ բոլորը՝ ինչպես ուժեղ տպավորված նկար։ Ծառին հենված ու ձեռքը աչքերին հովանի արած դիտում էր տարօրինակ զույգին ու ասես երազի մեջ լսում երգի մելամաղձոտ հնչյունները։

— Բայց երաժշտությունը նրա հորինածը չէ,— ինքն իրեն ասաց Ալիսը. «Ես քեզ ավի այն բոլորը, ինչ կարող էի» երգի մեղեդին է։ Նա կլանված ունկնդրում էր, բայց մինչև վերջ էլ արցունքներ չերևացին աչքերում։

Ես չեմ խոսի երկար֊բարակ,
Բայց կպատմեմ մի արկած.
Մի օր տեսա մի ծերունի
Ցանկապատին լուռ նստած։
— Ո՞վ ես, ո՞նց ես ապրում,— ասի,
Իսկ պատասխանը կարծես
Եկավ֊անցավ գլխիս միջով
Մաղով թափվող ջրի պես։

— Ես թիթեռ եմ բռնում,— ասաց,—
Ու նրանցից մի տարի
Համով կարկանդակ եմ թխում՝
Ծախում որտեղ պատահի.
Հիմնականում նրանց, ովքեր
Ծովերում են անդադար։
Է՛ս է ապրուստիս միջոցը՝
Չնչին, դատարկ, բայց արդար։

Խորհում էի, թե ոնց ներկել
Այտմորուսները կանաչ,
Ու հնարել մի մեծ հովհար,
Որ դառնայի անճանաչ։
Ու պատասխան չգտնելով՝
Ամբողջ ուժով կանչեցի.
— Բայց չասացիր ոնց ես ապրում։—
Ու ճակատին բամփեցի։

Ծերուկը մեղմ պատասխանեց.
— Ես միշտ թրև եմ գալիս,
Երբ գտնում եմ սարի առվակ,
Իսկույն կրակ եմ տալիս
Ու ստանում չտեսնված
Հեղուկ, քսուք ու դրոժ,
Իսկ տքնանքիս, ցավիս դիմաց
Մտածածս ի՞նչ՝ գրո՛շ։

Խորհում էի, թե մարդ ինչպես
Ուտի միայն արաժան,
Ու օրեցօր ճարպակալի
Ու չաղանա ժամ առ ժամ։
Ու ցնցեցի ես ծերուկին,
Մինչև գցեց նա գույնը,
Ու գոռացի.— Ո՞նց ես ապրում,
Ի՞նչ է գործիդ անունը։

— Աչք եմ որսում Ձողաձկան՝
Հավամրգի թփի մեջ,
Ու նրանցից կոճակ սարքում
Գիշեր ու զօր անընդմեջ։
Բայց չեն առնում դրանք ոսկով,
Արծաթով էլ չեն առնում,
Ինը փայլուն կոճակները
Կես փեննի են սոսկ դառնում։

— Հաց եմ հանում գետնի տակից,
Խեցգետինով եմ ես բռնում,
Խոտի թումբն հաճախ որպես
Կառքի անիվ վաճառում։
Էսպես եմ ես հարստանում
Ու վաստակում իմ հացը։
Իսկ հիմա ես պիտի խմեմ
Քո թանկագին կենացը։

Մինչ խոսում էր իմաստունը,
Այս էր մտքովս անցել՝
Որ կամուրջը չժանգոտվի
Պետք է գինով եռացնել։
Ուրախ էի ես լսելով,
Ոնց է ճարում իր հացը,
Բայց հատկապես նրա՛ համար,
Որ խմեց իմ կենացը։

Ամեն անգամ, երբ սոսինձը
Իմ մատներն է կպցնում,
Կամ երբ ձախլիկ ոտքս աջլիկ
Կոշկի մեջ եմ մտցնում,
Կամ երբ գլխիս քար է ընկնում,
Կամ պատահում այլ արկած,
Ես լալիս եմ աղեկտուր,
Ծերուկին եմ հիշում տխուր,
Հայացքն այնպես մեղմ ու տխուր,
Կտուց֊քիթը՝ փոքր֊ինչ անդուր,
Ու մազերը՝ ձյան պես գանգուր,
Ձայնը՝ այնպես ախորժալուր,
Իսկ աչքերը՝ կրակ ու հուր.
Որ թախծում ու փնթփնթում էր,
Որ քթի տակ մռթմռթում էր,
Գոմեշի պես խռնչում էր,
Ագռավի պես կռնչում էր,
Գիշեր ու ցերեկ փչո՜ւմ էր
Ցանկապատին լուռ նստած15։

Հենց որ Ձին երգեց վերջին տողերը, անմիջապես սանձը ձեռքն առավ ու շրջվեց դեպի անտառ։

— Դու մի քիչ էլ կգնաս, բլրով կիջնես, կանցնես փոքրիկ առվակը ու կդառնաս Թագուհի։ Բայց նախ ինձ ճանապարհ դի՛ր, հետո,— ասաց Ձին, նկատելով, որ Ալիսը պատրաստվում է գնալ մատնացույց արած ուղղությամբ։— Ես քեզ երկար չեմ սպասեցնի։ Դու միայն կանգնիր այստեղ, ու երբ հասնեմ ճանապարհի շրջադարձին, թափահարիր թաշկինակդ։ Դա ինձ կոգևորի։

— Շատ բարի,— համաձայնեց Ալիսը,— շնորհակալություն, որ մինչև այստեղ բերեցիք։ Երգի համար էլ շնորհակալություն, ինձ շատ դուր եկավ։

— Կարծում եմ,— անվստահ ասաց Ձին,— բայց դու այնքան էլ լաց չեղար։

Նրանք իրար ձեռք սեղմեցին, ապա Ձին ուղղվեց դեպի անտառ։

— Երևի երկար չի տևի նրան ճանապարհ դնելը,— ինքնիրեն ասաց Ալիսը, որ կանգնած դիտում էր նրան,— ինձ թվում է, հիմա ուր որ է, ընկնելու է... տրամադրությունը։ Կարծեմ այդպես ասաց։ Դե՛, իհարկե, ընկավ... Միայն թե ոչ տրամադրությունը, այլ ինքը՝ գլխիվայր։ Ահա նորից է նստում նժույգը, իսկ կենդանին խելոք կանգնել է։ Վրան էլ այնքան շատ բան կա բարձած։

Ալիսը մտորում էր, հայացքով հետևելով Ձիուն, որ մեկ մի կողմ էր ընկնում, մեկ՝ մյուս, իսկ նժույգը դանդաղաքայլ առաջ էր շարժվում ճանապարհի երկայնքով։ Հինգ֊վեց անգամ գետնին գլորվելուց հետո հասան ճանապարհի ոլորանին։ Այնժամ Ալիսը թափահարեց թաշկինակը և սպասեց այնքան, մինչև Ձին բոլորովին չքացավ։

«Կարծում եմ իմ հրաժեշտը նրան գոտեպնդեց,— բլուրն ի վար վազելով, մտածեց Ալիսը,— ահա վերջին առվակը, սրա վրայով էլ կթռչեմ ու Թագուհի կդառնամ։ Ա՜յ թե հիանալի կլինի»։

Եվս մի երկու քայլ՝ և Ալիսը առվակի ափին էր։

— Վերջապես Ութերորդ Քառակուսին,— գոչեց Ալիսը ցատկելով . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

ու երեսնիվայր փռվեց կանաչ մամուռի պես փափուկ մարգին, որտեղ այս ու այնտեղ երփներանգին էին տալիս ծաղկաթմբերը։

— Ես այնքան ուրախ եմ, որ վերջապես տեղ հասա։ Բայց գլխիս վրայի՞նն ինչ է,— տարակուսած բացականչեց նա և ձեռքերը վեր տանելով շոշափեց մետաղյա օղակը, որն իսկ և իսկ գլխովն էր։

— Ինչպե՞ս է հայտնվել, առանց իմ գիտության,— զարմացավ աղջիկը և հանելով օղը, դրեց ծնկին՝ տեսնելու, թե ինչ կարող էր լինել։

Դա մի ոսկե թագ էր։


ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ. Թագուհի Ալիսը

— Սքանչելի է,— հրճվեց Ալիսը,— ես երբեք չէի կարծում, որ այսքան շուտ Թագուհի կդառնամ։ Ահա՛ թե ինչ, ձերդ գերազանցություն,— խիստ նախատեց նա,— քեզ բոլորովին հարմար չէ թավալվել խոտերի վրա։ Թագուհիները պետք է արժանավայել կեցվածք ունենան։ (Նա սիրում էր իրեն նկատողություն անել)։

Եվ անմիջապես ոտքի ելավ ու սկսեց քայլել։ Սկզբում քայլում էր ձգված, վախենալով թագի ընկնելուց։ Բայց հետո հանգստացավ այն մտքից, որ ինքը մենակ է, և ոչ ոք չի տեսնի իրեն։

— Եթե ես իսկապես Թագուհի եմ, ուրեմն ժամանակի ընթացքում կվարժվեմ թագով քայլելուն,— վճռեց նա ու նստեց։

Ալիսն անհամար հրաշքներ էր տեսել այդ օրը և բնավ չզարմացավ, երբ իրեն գտավ նստած Սև ու Սպիտակ Թագուհիների մեջտեղում։ Հետաքրքիր էր, թե նրանք ինչպես հայտնվեցին, բայց նման հարց տալն իր կողմից անքաղաքավարություն կլիներ։

«Այնուամենայնիվ, կարելի է հարցնել խաղի ավարտի մասին...»,— մտածեց նա։

— Ասացեք խնդրեմ,— երկչոտ նայելով Սև Թագուհուն, սկսեց Ալիսը։

— Խոսիր միայն այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն,— ընդհատեց Թագուհին։

— Բայց եթե բոլորն էլ հետևեին այդ կանոնին,— Ալիսը միշտ պատրաստ էր վիճաբանելու,— և դուք խոսեիք միայն այն ժամանակ, երբ ձեզ խոսեցնեին, մյուսն էլ սպասեր ձեր խոսելուն, ապա ոչ ոք ոչինչ չէր ասի։

— Ծիծաղելի է,— ճչաց Թագուհին,— չե՞ս հասկանում, երեխա...— Այստեղ նա կնճռոտեց դեմքն ու մի պահ մտածելուց հետո խոսակցությունը փոխելով շարունակեց.

— Ի՞նչ ես ուզում ասել. «Թե ես իսկապես Թագուհի եմ»։ Ի՞նչ իրավունք ունես քեզ այդպես կոչելու։ Դու Թագուհի չես կարող դառնալ մինչև հատուկ քննություն չհանձնես, և ինչքան շուտ գործի անցնենք, այնքան լավ քեզ համար։

— Բայց ես միայն ասացի «Եթե»,— լացակումեց խեղճ Ալիսը։

Երկու Թագուհիները նայեցին միմյանց, իսկ Սև Թագուհին թափահարելով գլուխը, շարունակեց.

— Ասում է, որ ինքը միայն «Եթե» է ասել։

— Բայց նա ուրիշ բառեր էլ օգտագործեց,— ձեռքերն իրար սեղմելով տնքաց Սպիտակ Թագուհին,— այնքան շատ բառեր, շա՜տ ու շա՜տ։

— Ճիշտ է,— դիմելով Ալիսին, հաստատեց Սև Թագուհին,— միշտ ասա ճշմարտությունը, մտածիր խոսելուց առաջ ու հետո գրի առ այն։

— Ես չէի մտածում...— սկսեց Ալիսը, բայց Սև Թագուհին բարկացած ընդհատեց նրան.

— Ահա թե ինչն ինձ դուր չի դայիս։ Դու պետք է մտածեիր։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ են պետք չմտածող երեխաները։ Նույնիսկ կատակը պետք է իմաստ ունենա, իսկ երեխայի խոսքը կատակից ավելի կարևոր է։ Դու չես կարող ժխտել այդ, եթե նույնիսկ երկու ձեռքով էլ փորձես։

— Ես ձեռքերով չեմ ժխտում,— առարկեց Ալիսը։

— Ոչ ոք չասաց, թե դու ձեռքերով ես ժխտում,— հակառակեց Սև Թագուհին,— ես ասացի, որ դու եթե փորձես էլ՝ չես կարող։

— Սև Թագուհին այնպիսի վիճակում է,— բացատրեց Սպիտակ Թագուհին,— որ ուզում է ինչ֊որ բան ժխտել, միայն թե չի իմանում՝ ինչ։

— Զզվելի, այլանդակ բնավորություն,— նկատեց Սև Թագուհին։

Այս խոսքերից հետո մի որոշ ժամանակ ճնշող լռություն տիրեց։

Սև Թագուհին դիմելով Սպիտակ Թագուհուն, առաջինը խզեց լռությունը.

— Ես այսօր կեսօրին քեզ հրավիրում եմ Ալիսի ճաշկերույթին։

Սպիտակ Թագուհին թույլ ժպտաց ու ասաց.

— Ես էլ քեզ եմ հրավիրում։

— Ա՜յ քեզ բան, ես բոլորովին էլ չգիտեի, որ ճաշկերույթ եմ տալու,— զարմացավ Ալիսը,— եթե այդպես է, ուրեմն պետք է հյուր կանչեմ։

— Մենք քեզ տալիս ենք այդ հնարավորությունը,— նկատեց Սև Թագուհին,— բայց համարձակվում եմ ասել, դու վարվելակերպի դասեր չես անցել։

— Դասերի ժամանակ վարվելակերպ չեն սովորեցնում,— ասաց Ալիսը,— այլ թվեր հաշվել և նման բաներ։

— Կարո՞ղ ես գումարել,— հարցրեց Սպիտակ Թագուհին,— որքա՞ն կանի մեկին գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ։

— Չգիտեմ,— պատասխանեց Ալիսը,— հաշիվը կորցրի։

— Նա չի կարող գումարել,— ընդհատեց Սև Թագուհին և դիմեց Ալիսին,— ապա փորձիր հանել. ութից հանիր ինը։

— Չեմ կարող,— շտապ պատասխանեց Ալիսը,— հավանաբար...

— Նա հանել էլ չի կարող,— ասաց Սպիտակ Թագուհին,— կարո՞ղ ես բաժանել. բաժանիր հացը դանակով, ի՞նչ կստացմի։

— Ինձ թվում է...— սկսեց Ալիսը, բայց Սև Թագուհին պատասխանեց նրա փոխարեն,— կարագահաց կստացվի։ Իսկ հիմա մեկ ուրիշը փորձիր։ Շան առջևից մի ոսկոր վերցրու, ի՞նչ կմնա։

Ալիսը քիչ մտածեց, ապա պատասխանեց.

— Ոչինչ չի մնա, եթե ոսկորը վերցնեմ։ Շունն էլ չի մնա, կհարձակվի ինձ վրա, այդ դեպքում ես էլ չեմ մնա։

— Ուրեմն, կարծում ես ոչինչ չի՞ մնա,— հարցրեց Սև Թագուհին։

— Այո, ինձ այդպես է թվում։

— Սխալ է, ինչպես միշտ,— հրճվեց Սև Թագուհին,— շան համբերությունը կմնա։

— Չեմ հասկանում, թե ինչպես...

— Ի՞նչ կա այստեղ չհասկանալու,— գոչեց Սև Թագուհին,— չէ՞ որ, եթե շունը բարկանա, կկորցնի համբերությունը։

— Միգուցե,— զգույշ պատասխանեց Ալիսը։

— Ուրեմն, եթե շունը գնա, համբերությունը կմնա,— հաղթականորեն բացականչեց Սև Թագուհին։

— Բայց նրանք կարող են տարբեր ճանապարհներով գնալ,— մռայլվեց Ալիսը և մտածեց. «Ի՜նչ ահավոր հիմարություններ ենք դուրս տալիս»։

— Դու բոլորովին չես կարողանում հաշվել,— յուրաքանչյուր բառը շեշտելով միաբերան ասացին Թագուհիները։

— Իսկ դուք կարո՞ղ եք,— անսպասելիորեն դիմելով Սպիտակ Թագուհուն, հարցրեց Ալիսը. նրան դուր չէր գալիս, որ Թագուհիները շարունակ մեղադրում էին իրեն։

Սպիտակ Թագուհին խոր շունչ քաշեց ու փակեց աչքերը.

— Եթե ինձ ժամանակ տաս, կարող եմ գումարել, բայց հանել՝ ոչ մի դեպքում։

— Դու երևի այբուբենը գիտե՞ս,— հարցրեց Սև Թագուհին։

— Իհարկե՛,— պատասխանեց Ալիսը։

— Ես էլ,— շշնջաց Սպիտակ Թագուհին,— սիրելիս, մենք հաճախ միասին կասենք այն։ Ուզո՞ւմ ես լսել իմ գաղտնիքը։ Ես կարող եմ կարդալ մի տառից բաղկացած բոլոր բառերը։ Հիանալի է, չէ՞։ Դե լավ, մի հուսահատվիր, ժամանակի ընթացքում դու էլ կհասնես դրան։

Այստեղ Սև Թագուհին նորից ընդհատեց.

— Անցնենք տնտեսվարությանը, հացն ինչի՞ց են պատրաստում։

— Հիմա կասեմ,— ոգևորվեց Ալիսը,— վերցնում ենք մի քիչ ցորեն, աղում ենք...

— Որքա՞ն աղ ենք գցում,— հարցրեց Սպիտակ Թագուհին,— դու այդպիսի մանրամասնություններ չպետք է բաց թողնես։

— Ոչ թե աղ ենք գցում, այլ աղում ենք աղացում...— բացատրեց Ալիսը։

— Հով արա նրա գլխին,— մտահոգված ընդհատեց Սև Թագուհին,— երկար մտածելուց երևի տաքություն եկավ վրան։

Թագուհիները գործի անցան և տերևների փնջերով հովհարեցին նրան այնքան ժամանակ, մինչև որ Ալիսն աղերսեց դադարեցնել, որովհետև մազերը խառնվեցին, այս ու այն կողմ թռան։

— Հիմա իրեն նորից լավ է զգում,— ասաց Սև Թագուհին։— Քանի՞ լեզու գիտես։ Ինչպե՞ս կլինի «անհե֊թե֊թե֊թություն» բառը ֆրանսերեն։

— Այդ բառն անգլերեն չէ,— լուրջ պատասխանեց Ալիսը։

— Իսկ ո՞վ ասաց, որ անգլերեն է,— վրդովվեց Սև Թագուհին։

Մի պահ մտածելուց հետո Ալիսին թվաց, որ այս անգամ դուրս կգա դժվարին կացությունից։

— Եթե դուք ինձ ասեք, թե դա ինչ լեզվով է, ես կասեմ դրա ֆրանսերենը,— հաղթական գոչեց նա։

Բայց Սև Թագուհին ձգվեց ու նստեց ուղիղ։

— Թագուհիները երբեք գործարքներ չեն կնքում։

— Իսկ ես կուզեի, որ Թագուհիները երբեք վեճի չբռնվեին,— ասաց Ալիսը։

— Եկեք չվիճենք,— անհանգստացավ Սպիտակ Թագուհին։

— Ինչի՞ց է առաջանում կայծակը,— կրկին Ալիսին դիմեց Սև Թագուհին։

— Կայծակն առաջանում է,— վճռականորեն սկսեց Ալիսը. նա համոզված էր իր գիտեցածի վրա,— որոտից... Ո՛չ, ո՛չ,— շտապ ուղղեց իրեն,— ուզում էի ասել...

— Արդեն ուշ է, չես կարող ուղղել,— կանխեց Սև Թագուհին,— երբ մի միտք ես հայտնում, արդեն հաստատվում է, դու պետք է հետևանքի համար պատասխան տաս։

— Դա ինձ հիշեցնում է...— գետնին նայելով և ձեռքերը ջղաձգորեն իրար հագուցելով շարունակեց Սպիտակ Թագուհին,— անցյալ երեքշաբթի մի այնպիսի որոտ եղավ... Ո՛չ, ուզում էի ասել, անցյալ շաբաթվա երեքշաբթիներին... Ալիսն ապշեց։

— Մեր երկրում,— նկատեց նա,— շաբաթվա մեջ միայն մի երեքշաբթի է լինում։

— Դա խղճուկ ու հնացած ձև է,— ասաց Սև Թագուհին,— իսկ այստեղ մենք հաճախ միաժամանակ երկու կամ երեք ցերեկ ենք վերցնում. երբեմն էլ ձմռանը հինգ գիշեր միասին՝ որպեսզի տաք լինի։

— Ուրեմն հինգ գիշերն ավելի տաք է, քան մեկ գիշե՞րը,— համարձակվեց հարցնել Ալիսը։

— Իհարկե, հինգ անգամ։

— Բայց, միևնույն կանոնի համաձայն հինգ անգամ ավելի ցուրտ պիտի լինի։

— Ճիշտ այդպես,— բղավեց Սև Թագուհին,— հինգ անգամ ավելի տաք և հինգ անգամ ավելի ցուրտ, ինչպես ես հինգ անգամ ավելի հարուստ եմ և հինգ անգամ ավելի խելացի, քան դու։

Ալիսը հոգոց հանեց և այլևս չշարունակեց խոսակցությունը։

«Դա շատ նման է պատասխան չունեցող հանելուկի»,— մտածեց նա։

— Պստլիկ Հաստլիկն էլ տեսավ,— ցածրաձայն շարունակեց Սպիտակ Թագուհին, կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ,— խցանահանը ձեռքին եկավ ու կանգնեց դռան շեմին...

— Ի՞նչ էր ուզում,— հարցրեց Սև Թագուհին։

— Ուզում էր ներս մտնել, որովհետև գետաձի էր փնտրում, բայց այդ առավոտ մեր տանը գետաձի չգտնվեց։

— Իսկ ընդհանրապես լինո՞ւմ է,— հետաքրքրրվեց Ալիսը։

— Միայն հինգշաբթի օրերը,— պատասխանեց Սպիտակ Թագուհին։

— Հիմա հասկացա, թե Պստլիկ Հաստլիկն ինչո՞ւ էր եկել,— ասաց Ալիսը,— նա ցանկանում էր պատժել ձկներին, որովհետև...

Այստեղ Սպիտակ Թագուհին նորից ընդհատեց Ալիսին.

— Չես կարող պատկերացնել, թե ինչպիսի որոտ էր։

(— Նա երբեք չի կարող պատկերացնել,— նկատեց Սև Թագուհին)։

— Կտուրները կիսով չափ փուլ եկան, որոտը տուն լցվեց, մտավ սենյակ, գետնին տապալեց սեղաններն ու աթոռները։ Ես այնպես էի վախեցել, որ չէի կարող հիշել սեփական անունս։

«Տեսնես ինչի՞ն էր պետք։ Ես երբեք այդպիսի ժամանակ չէի փորձի հիշել անունս»,— շվարեց Ալիսը, բայց բարձրաձայն չարտահայտվեց, որովհետև վախենում էր վիրավորել Թագուհուն։

— Ձերդ գերազանցությունն անշուշտ կների Սպիտակ Թագուհուն,— դիմելով Ալիսին ասաց Սև Թագուհին և, իր ափերի մեջ վերցնելով Սպիտակ Թագուհու ձեռքը, սկսեց մեղմորեն հարվածել և միաժամանակ խոսել.

— Ես գիտեմ, նա խելոք բաներ է ուզում ասել, սակայն չի կարողանում զսպել իրեն և, որպես կանոն, հիմարություններ է դուրս տալիս։

Սպիտակ Թագուհին վախվորած նայեց Ալիսին։ Վերջինս զգաց, որ ինքը պետք է մի բան ասի, բայց այդ պահին ոչ մի հարմար բան չկարողացավ մտածել։

— Նա դաստիարակություն չի ստացել,— ակնարկելով Սպիտակ Թագուհուն, շարունակեց Սև Թագուհին,— և զարմանալին այն է, որ լավ բնավորություն ունի։ Բամփիր նրա գլխին և կտեսնես ինչքան գոհ կմնա։

Ալիսը չհամարձակվեց կատարել Սև Թագուհու խորհուրդը։

— Եթե դու բարի լինես և նրա մազերը գանգրացնես, նա անճանաչելի կդառնա։

Սպիտակ Թագուհին խոր հառաչեց և գլուխը դրեց Ալիսի ուսին.

— Քունս տանում է...

— Հոգնել է խեղճը,— ասաց Սև Թագուհին,— շոյիր նրա մազերը, տուր նրան քո գիշերային թասակը և մի մեղմ օրորոցային երգիր նրա համար։

— Ես մոտս գիշերային թասակ չունեմ, բացի այդ, մեղմ օրորոցայիններ չգիտեմ,— սրտնեղեց Ալիսը։

— Այդ դեպքում ինքս կերգեմ,— ասաց Սև Թագուհին և սկսեց.

Նանիկ֊նանիկ, սիրունիկ, Ալիսի ծնկին քնենք,
Մինչև խնջույքն սկսվի՝ աչք կփակենք մի քիչ մենք.
Երբ խնջույքը ավարտվի, պարահանդես կգնանք՝
Արդ, Սպիտակ Թագուհին, Ալիսն ու ես քուն մտանք։

— Դու արդեն բառերը սովորեցիր,— նա գլուխը դրեց աղջկա մյուս ուսին,— իսկ այժմ նույնը երգիր ինձ համար, իմ քունն էլ է տանում։

Քիչ անց Թագուհիները բարձր խռմփացնում էին։

«Ի՞նչ պետք է անեմ ես հիմա»,— շվարած նայելով շուրջը, մտածեց Ալիսը, երբ նախ Սպիտակ Թագուհու գլուխը պոկվեց տեղից ու ընկավ նրա գիրկը, իսկ հետո՝ Սև Թագուհու գլուխը և ծանր քարերի պես դիզվեցին գրկում։

— Երևի ոչ ոք իր կյանքում երբեք չի հսկել երկու քնած Թագուհիների։ Ոչ էլ Անգլիայի պատմության մեջ է այդպիսի դեպք արձանագրված։ Չէ՞ որ Անգլիայում միաժամանակ երբեք երկու Թագուհի չի եղել։

— Արթնացե՛ք, ծանր գլուխներ,— անհամբերությամբ բղավեց Ալիսը, բայց համաչափ խռմփոցից բացի ոչինչ չլսվեց։

Խռմփոցը գնալով ավելի որոշակի էր դառնում և վերջապես փոխվեց երգի։ Ալիսը շուտով կարողացավ որոշ բառեր որսալ և սկսեց կլանված ականջ դնել, այնպես որ չնկատեց, թե ինչպես ծանր գլուխներն անհետացան։

Ալիսը կանգնած էր կամարաձև դռան առջև, որի վրա խոշոր տառերով գրված էր՝ «ԹԱԳՈԻՀԻ ԱԼԻՍ»։ Դռան երկու կողմերում զանգակի բռնակներ կային։ Մեկի վրա գրված էր՝ «Հյուրերի համար», իսկ մյուսի վրա՝ «Ծառաների համար»։

— Հենց որ երգը վերջանա, կհնչեցնեմ զանգը, բայց ո՞ր մեկը,— տարակուսեց նա,— ես հյուր չեմ, ոչ էլ ծառա։ Պետք է մեկ ուրիշն էլ լիներ «Թագուհու համար» մակագրությամբ։

Այդ պահին դուռը կիսաբաց եղավ, ու երկար կտուցով մի արարած գլուխը դուրս հանեց։

— Երկու շաբաթ ընդունելություն չի լինելու,— ծվծվաց նա և շրխկոցով փակեց դուռը։

Ալիսը երկար ժամանակ բախում էր դուռը, հնչեցնում զանգերը, բայց անօգուտ։ Վերջապես ծառի տակ նստած ծեր Գորտը ելավ֊կանգնեց ու թեթև կաղալով մոտեցավ։ Նա հագել էր վառ դեղին համազգեստ և հսկայական մեծության կոշիկներ։

— Ի՞նչ կա,— խռպոտ ձայնով հարցրեց Գորտը։

Ալիսը շրջվեց՝ բարկությունն առաջին իսկ պատահածի վրա թափելու պատրաստ։

— Որտե՞ղ է այն ծառան, որի պարտականությունն է պատասխանել դռան զանգերին,— բարկացած հարցրեց նա,— ինչո՞ւ ոչ ոք չի մոտենում դռանը։

— Ո՞ր դռան զանգերին,— հարցրեց Գորտը։

Կենդանին խոսում էր ծոր տալով և դա այն աստիճան բարկացրեց Ալիսին, որ նա ոտքը խփեց գետնին ու ճչաց.

— Իհարկե, այս դռան։

Գորտը իր չռած, մշուշոտ աչքերը մի պահ հառեց դռանը, հետո մատներով շոշափեց զանգակի շղթայիկը, ապա նայեց Ալիսին։

— Զանգերն ի՞նչ են հարցրել, որ չի պատասխանել։

Գորտն այնպիսի խռպոտ ձայնով էր խոսում, որ Ալիսը հազիվ կարողացավ մի քանի բառ զանազանել։

— Չեմ հասկանում, թե դուք ինչ եք ասում,— զայրացավ նա։

— Ոնց թե չես հասկանում,— շարունակեց Գորտը,— հո խո՞ւլ չես։ Զանգը քեզ ի՞նչ է հարցրել։

— Ոչինչ,— վրա բերեց Ալիսը,— ես դուռը բախում էի։

— Դու այդպիսի բան չպետք է անես,— կռկռաց Գորտը,— այդ նրան բարկացնում է։— Ապա մի քանի քայլ առաջացավ ու ոտքով հարվածեց դռանը։— Եթե դու նրան հանգիստ թողնես, նա էլ քեզ հանգիստ կթողնի,— հևիհև կռկռաց Գորտը և կաղալով հետ գնաց դեպի ծառը։

Հանկարծ դուռը լայն բացվեց, ու ներսից լսվեց երգի զիլ ձայն.

Ալիսն ասաց Հայելու Տիրությանը բովանդակ.
— Ձեռքիս ունեմ գայիսոն, գլխիս ունեմ ոսկե թագ։
Թո՛ղ բոլորը անխտիր գան մասնակցեն մեր ճաշին՝
Սև, Սպիտակ Թագուհու, Ալիսի հետ միասին։

Եվ հարյուրավոր ձայներ երգեցին կրկներգը.

Բաժակները ձեր լցրեք որքան կարող եք արագ
Ու շաղ տվեք սեղանին կոճակ, ասեղ ու կարագ,
Կատու գցեք սուրճի մեջ, իսկ թեյի մեջ մուկ ու շուն.
Գովեք Ալիս թագուհուն երեք անգամ երեսուն։

Երգին հաջորդեց խառնաշփոթ ցնծության աղաղակներ։

Ալիսը մտածեց. «Երեք անգամ երեսուն՝ կանի իննսուն։ Տեսնես որևէ մեկը հաշվո՞ւմ է»։ Քիչ անց նորից լռություն տիրեց, և նույն զիլ ձայնը երգեց մի ուրիշ քառյակ.

— Հե՜յ, բոլորդ մոտեցեք,— նորից Ալիսը ձայնեց,—
Ինձ տեսնելը պատիվ է, ինձ լսելը շնորհ է մեծ,
Քանզի ձեզ բախտ վիճակվեց գալ մասնակցել մեր ճաշին՝
Սև, Սպիտակ թագուհու, Ալիսի հետ միասին։

Կրկին խումբը երգեց կրկներգը.

Բաժակները ձեր լցրեք թանաքով ու մածուկով,
Լցրեք ինչ որ պատահի, միայն՝ խմվի հաճույքով.
Ավազ խառնեք խմիչքին և բուրդ խառնեք այս գինուն,
Ինը անգամ իննսուն գովեք Ալիս Թագուհուն։

— Ինը անգամ իննսուն,— հուսահատ կրկնեց Ալիսց,— ավելի լավ է չհաշվեմ և անմիջապես ներս մտնեմ։

Երբ նա հայտնվեց դռան շեմին, դահլիճում մեռելային լռություն տիրեց։

Ներս մտնելիս Ալիսը հուզված նայեց ճաշասեղանին և տեսավ մոտ հիսուն հոգի՝ այդ թվում կենդանիներ, թռչուններ և նույնիսկ ծաղիկներ։

«Շատ ուրախ եմ, որ իմ հյուրերն առանց հրավերի եկել են,— մտածեց աղջիկը,— թե չէ երբեք չէի իմանա, ում հրավիրել»։

Սեղանի ծայրին երեք աթոռ էր դրված։ Սպիտակ ու Սև Թագուհիներն արդեն գրավել էին իրենց տեղերը, բայց մեջտեղի աթոռն ազատ էր։ Ալիսը ճնշող լռությունից շվարած նստեց։ Գոնե մեկը խոսեր։

Վերջապես Սև Թագուհին սկսեց.

— Դու ուշացար՝ ապուրն ու ձուկը չկերար, տապակած միսը բերե՛ք։

Ծառաները սկուտեղով ոչխարի ոտքը դրեցին Ալիսի առջև։ Ալիսը լուրջ անհանգստացավ, որովհետև երբեք ոչխարի ոտք չէր կտրել։

— Մի՛ ամաչիր,— ասաց Սև Թագուհին,— թույլ տուր քեզ ներկայացնել։ Դե՛, ծանոթացեք, Ալիս, սա Ոչխարի Ոտքն է. Ոչխարի Ոտք, սա Ալիսն է։

Ոչխարի Ոտքը կանգնեց ափսեի մեջ և հարգալից գլուխ տվեց։ Ալիսն էլ իր հերթին փոխադարձաբար խոնարհվեց՝ չիմանալով ծիծաղի, թե վախենա։

— Ուզո՞ւմ եք ուտել,— վերցնելով դանակն ու պատառաքաղը, հարցրեց նա՝ նայելով մեկ Սև, մեկ Սպիտակ Թագուհիներին։

— Իհարկե ոչ,— կտրուկ պատասխանեց Սև Թագուհին,— դուք հենց նոր ծանոթացաք և արդեն ուզում ես նրան կտրատե՞լ։ Տարե՛ք Ոչխարի Ոտքը։

Ծառաներն անմիջապես հեռացրին սկուտեղը և տեղը դրեցին մի մեծ սալորի թխվածք։

— Ես չեմ ուզում սալորի թխվածքի հետ ծանոթանալ,— շտապ վրա բերեց Ալիսը,— թե չէ ուտելու բան չենք ունենա։ Ուզո՞ւմ, եք մի շերտ։

Բայց Սև Թագուհին մռայլվեց ու գռմռաց.

— Թխվածք, սա Ալիսն է. Ալիս, սա Թխվածքն է։ Տարե՛ք Թխվածքը։

Ծառաներն այնքան արագ տարան ափսեն, որ Ալիսը չհասցրեց նույնիսկ գլուխ տալ ի պատասխան։

Բայց և այնպես Ալիսը չէր կարողանում հասկանալ, թե ինչու միայն Սև Թագուհին էր հրամաններ արձակում։

— Սպասավոր, ե՛տ բերեք Թխվածքը,— փորձի համար բղավեց նա։

Եվ մի ակնթարթում այն հայտնվեց՝ ասես կախարդանքով։ Թխվածքն այնքան խոշոր էր, որ Ալիսը նույն զգացումն ունեցավ, ինչ Ոչխարի Ոտքի ժամանակ՝ փոքր ինչ ամաչեց։ Բայց և այնպես ճիգով հաղթահարեց իրեն ու մի շերտ կտրելով տվեց Սև Թագուհուն։

— Ինչպիսի՜ անպատկառություն,— ասաց Թխվածքը,— հետաքրքիր է, դուրդ կգա՞ր, եթե քեզնից մի կտոր կտրեին, ստո՛ր արարած։

Թխվածքը թավ ու յուղոտ ձայնով էր խոսում։ Ալիսը պատասխան չուներ տալու, միայն լուռ ու ակնապիշ նայում էր նրան։

— Մի բան ասա,— միջամտեց Սև Թագուհին,— ծիծաղելի է, Թխվածքը խոսում է, իսկ դու լռում ես։

— Գիտե՞ք ինչ, ես այսօր բազմաթիվ ոտանավորներ եմ լսել,— սկսեց Ալիսը և ճնշվեց, տեսնելով, որ այդ խոսքի վրա դահլիճում լռություն իջավ և հյուրերի հայացքներն ուղղվեցին իրեն,— և զարմանալին այն է, որ բոլորն էլ ձկների մասին էին։ Դուք գիտե՞ք, թե այստեղ ինչու են ձուկ շատ սիրում։

Ալիսը դիմեց Սև Թագուհուն, որի պատասխանը ավելին էր հարկ եղածից։

— Ինչ վերաբերում է ձկներին,— դանդաղ ու հանդիսավոր արտասանեց նա հենց Ալիսի ականջի մոտ,— նորին Սպիտակ Գերազանցությունը մի հիանալի չափածո հանելուկ գիտի ձկների մասին։ Կուզե՞ս լսել։

— Նորին Սև Գերազանցությունը վերին աստիճանի բարի է,— Ալիսի մյուս ականջին շշնջաց Սպիտակ Թագուհին։ Նրա ձայնը հիշեցնում էր աղավնու ղունղունոց,— ուզո՞ւմ ես լսել։

— Խնդրում եմ, ասացեք,— քաղաքավարությամբ տեղի տվեց Ալիսը։

Սպիտակ Թագուհին հրճվանքից ծիծաղեց ու շոյեց Ալիսի այտը, ապա սկսեց.

«Նախ պետք է ձուկը բռնել»։
Դժվար բան չէ, երեխան էլ կբռնի։
«Հետո՝ փող տալ ու առնել»։
Դժվար բան չէ, մի փեննին էլ այն կառնի։

«Մի ձուկ եփիր ինձ համար»։
Դժվար բան չէ, աչքդ թարթես՝ եփված է։
«Ափսեի մեջ դիր հարմար»։
Դժվար բան չէ, մանավանդ երբ դրված է։

«Բեր ու ոչինչ մի հարցրու»։
Ի՞նչ է մի ափսե բերելը՝ խաղ ու պար։
«Կափարիչը բարձրացրու»։
Իսկ էդ մեկը վայ թե ծանր է ու դժվար։

«Ա՜յ քեզ հրաշք ու զավեշտ,
Սոսնձում է եղած֊չեղածն էս ձուկը։
Ասա տեսնեմ որն է հեշտ՝
Ափսեն բացել, թե՞ բացել այս հանելուկը»։

— Մի րոպե մտածիր, հետո, մինչ այդ, մենք կխմենք քո կենացը։ Թագուհի Ալիսի կենացը,— Սև Թագուհին ճչաց ամբողջ ուժով, և հյուրերն անմիջապես գործի անցան, չնայած խիստ տարօրինակ ձևով։ Նրանցից ոմանք գավաթները կրակմարիչների նման դրեցին գլխներին և խմեցին այն, ինչ կաթկթում էր վերևից, մյուսները շրջեցին կժերը և կլանեցին սեղանի եզրերից հոսող գինին։ Իսկ երեք արարածներ (նման կենգուրուների) մագլցեցին տապակած մսի սկուտեղի վրա ու ագահորեն լիզեցին մսաջուրը։

«Կարծես խոզեր լինեն տաշտակի մեջ»,— մտածեց Ալիսը։

— Դու պետք է փոխադարձ շնորհակալական ճառ ասես,— Ալիսին նայելով խոժոռվեց Սև Թագուհին։

— Մենք քեզ կօգնենք,— շշնջաց Սպիտակ Թագուհին։

Ալիսը հնազանդ ու վախեցած կանգնեց.

— Շատ շնորհակալ եմ,— նույնպես շշուկով պատասխանեց նա,— բայց ես ինքս էլ կարող եմ առանց ձեր օգնության։

— Դա նույնը չէ,— վճռական ասաց Սև Թագուհին։

Ալիսը ստիպված պատշաճության սահմաններում տեղի տվեց։

— (Նրանք երկու կողմից ինձ այնպես հրեցին,— հետագայում պատմում էր նա քրոջը խնջույքի մասին,— կարծես ուզում էին ինձ տափակեցնել), ճիշտն ասած, Ալիսի համար դժվար էր խոսելիս կանգնած մնալ։ Թագուհիները այնպես էին սեղմում նրան, որ համարյա գետնից կտրել էին։ — Ես բարձրացել եմ շնորհակալություն հայտնելու,— սկսեց Ալիսը։ Նա իրոք, խոսելիս բարձրացավ մի քանի մատնաչափ, բայց հասցրեց բռնել սեղանի երկու ծայրերից ու մնաց կանգնած տեղը։

— Զգուշացի՛ր,— ճչաց Սպիտակ Թագուհին՝ երկու ձեռքով կառչելով աղջկա մազերից,— հիմա ինչ֊որ բան է լինելու։

Անմիջապես (ինչպես նկարագրում էր Ալիսը հետո), մի ակնթարթում ամեն ինչ տակն ու վրա եղավ։ Մոմերը ձգվեցին դեպի առաստաղ՝ կատարները կրակով բռնկված եղեգների պես։ Շշերը մեկական ափսե վերցնելով, թևերի նման շտապ ամրացրին իրենց կողերին և, հենվելով պատառաքաղների վրա՝ որպես ոտքերի, թռան տարբեր ուղղություններով։

«Ի՜նչ նման են թռչունների»,— հասցրեց մտածել Ալիսը այդ սարսափելի իրարանցման մեջ։

Այդ վայրկյանին հենց իր կողքին Ալիսը մի խռպոտ ծիծաղ լսեց և շրջվեց տեսնելու, թե ինչ է կատարվում Սպիտակ Թագուհու հետ, բայց Թագուհու փոխարեն Ոչխարի Ոտքն էր նստած աթոռին։

— Ես այստեղ եմ,— լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։

Ալիսը դարձյալ շրջվեց և տեսավ Թագուհու լայն, բարի դեմքը, որ մի պահ ժպտաց ապուրամանի եզրին ու ապա սուզվեց֊անհետացավ։

Պետք էր շտապել։ Հյուրերից մի քանիսն արդեն պառկած էին ափսեների մեջ, իսկ շերեփը քայլում էր սեղանի վրայով դեպի Ալիսն ու անհամբերությամբ գլխով նշան անում, որ ճամփից հեռու կանգնի։

— Բավական է,— ճչաց Ալիսը,— այլևս չեմ կարող տանել։

Նա մի ցատկ արեց, երկու ձեռքով ճանկեց սեղանի սփռոցը ու քաշեց ձիգ տվեց. ափսեները, սկուտեղները, հյուրերն ու մոմերը գետնին թափվեցին, ջարդ ու փշուր եղան՝ դիզվելով հատակին։

— Իսկ ձեզ,— շարունակեց նա՝ կատաղի շրջվելով դեպի Սև Թագուհին, որին համարում էր այդ չարիքի պատճառը, բայց Թագուհին այլևս կողքին չէր։

Նա հանկարծ դարձավ փոքրիկ տիկնիկի մեծության և սկսեց աշխույժ վազվզել սեղանի վրա, ցանկանալով բռնել իր գլխաշորը, որը պոչի պես կախ էր ընկել ետևից։

Ուրիշ անգամ Ալիսը կապշեր, բայց այժմ նրան ոչնչով զարմացնել հնարավոր չէր։

— Իսկ ձեզ,— կրկնեց նա և ճիշտ ժամանակին հասցրեց բռնել Թագուհուն, որ պատրաստվում էր ցատկել սեղանին նոր թառած շշի վրայով,— իսկ ձեզ մի լավ ծեծ կտամ, ինչպես իմ փիսիկին։


ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ. Կերպարանափոխում

Այս խոսքերն ասելուն պես Ալիսը բարձրացրեց նրան ու ամբողջ ուժով թափ տվեց։

Սև Թագուհին չէր դիմադրում։ Նրա դեմքը փոքրացավ, աչքերը լայն բացվեցին ու կանաչ գույն ստացան։ Մինչ Ալիսը շարունակում էր ցնցել նրան, Թագուհին փոքրանում էր, հաստանում, փափկանում, կլորանում և...


ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ. Արթնացում

... Վերջապես փիսիկի կերպարանք ընդունեց։


ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ. Ո՞ւմ երազն էր այդ

— Ձերդ Սև Գերազանցությունը իզուր է այդպես բարձր մռլտում,— ասաց Ալիսը և շփելով աչքերը, խիստ, բայց հարգանքով դիմեց փիսիկին.

— Դու ինձ արթնացրիր, փիսո, ես այնպիսի հրաշալի երազ էի տեսնում։ Դու էլ հետս էիր, Սևուկս, Հայելու Աշխարհում։ Հիշո՞ւմ ես, սիրելիս։

Կատուները մի անդուր սովորություն ունեն (ինչպես նկատել էր Ալիսը), ինչ ասում ես, մռլտում են։ Եթե միայն մռլտան «այո» ասելիս և մլավեն «ոչ»֊ի դեպքում, այն ժամանակ մարդ կկարողանա խոսել հետները։ Բայց ինչպե՞ս կարող ես խոսել մեկի հետ, որ շարունակ նույն բանն է ասում։

Այս առիթով փիսիկը նորից մռլտաց և անհնար էր գուշակել նրա միտքը՝ համաձա՞յն էր աղջկա ասածին, թե ոչ։

Ալիսը սկսեց սեղանի վրա կարգի բերել շախմատի ֆիգուրները, գտավ Սև Թագուհուն, ապա չոքեց բուխարիկի առջև դրված գորգին և Թագուհուն ու փիսիկին դրեց դեմ դիմաց։

— Դե՛, հիմա խոստովանիր, Սևուկ,— ծափ տալով հաղթականորեն գոչեց Ալիսը,— որ դու Թագուհի էիր դարձել։ (Փիսոն անգամ չնայեց էլ Թագուհուն,— պատմում էր նա հետագայում քրոջը,— գլուխը շրջեց, կարծես չէր էլ նկատում նրան, բայց մի քիչ մեղավորի տեսք ուներ, այնպես որ, կարծում եմ, նա էր եղել Սև Թագուհին)։

— Ուղիղ նստիր, սիրելիս,— ուրախ ծիծաղեց Ալիսը,— և գլուխ տուր, նախքան կմտածես, թե ինչ կմռլտաս, հիշի՛ր, դրանով դու ժամանակ կշահես,— նա գիրկն առավ փիսիկին ու մեղմ համբուրեց,— հանուն այն բանի, որ մի ժամանակ Սև Թագուհի ես եղել։

— Ձյունիկ, սիրելիս,— շարունակեց Ալիսը՝ ուսի վրայով նայելով Սպիտակ Կատվիկին, որը հնազանդ պառկել էր, երբ Դինան լիզում էր նրան.— Ձերդ Սպիտակ Գերազանցություն, ե՞րբ է Դինան ավարտելու ձեր արդուզարդը։ Ահա թե ինչու դուք երազիս մեջ այդքան թափթփված էիք։ Դինա, գիտե՞ս, որ Սպիտակ Թագուհուն ես լվանում, և պետք է հարգանքով վերաբերվես հետը։

— Տեսնես Դինան ի՞նչ էր դարձել,— մի արմունկը հենելով գորգին Ալիսը հարմար տեղավորվեց, իսկ ծնոտը դրեց ձեռքին և սկսեց դիտել կատվիկներին,— ասա ինձ, Դինա, դու Պստլիկ Հաստլիկն էիր դարձել, հա՛, ճիշտ է, բայց լավ կանես դեռ ընկերներիդ չպատմես, ես այնքան էլ վստահ չեմ։

— Ի միջի այլոց, Սևուկ, եթե դու իսկապես ինձ հետ եղած լինեիր երազիս մեջ, ուրեմն մի բանից շատ գոհ մնացած կլինեիր։ Ես այնքան շատ ոտանավորներ լսեցի և բոլորն էլ ձկների մասին։ Վաղն առավոտյան քեզ իսկական ձուկ կտամ։ Մինչև դու նախաճաշդ ավարտես, ես կարտասանեմ «ծովացուլն ու Հյուսնը», և քեզ կթվա, թե ոստրե ես ուտում։

— Լսի՛ր, Սևուկ, ե՛կ մտածենք, թե ո՞վ տեսավ այդ երազը։ Սա շատ լուրջ հարց է, սիրելիս, վերջ տուր թաթդ լիզելուն, չէ որ Դինան առավոտյան քեզ լվաց։ Ուրեմն, Սևուկ, կամ ես տեսա այդ երազը, կամ էլ՝ Սև Արքան։ Դե՛, իհարկե, ես եմ տեսել... Բայց գուցե ինքն է ինձ տեսել... Ո՞վ տեսավ այդ երազը, Սևուկ։ Դու նրա կինն էիր, սիրելիս, այնպես որ, պետք է իմանաս։ Դե՛, փիսո, օգնիր ինձ։ Թաթդ թող մի րոպե։

Բայց չարաճճի Սևուկը սկսեց մյուս թաթը լիզել, ձևացնելով, թե չէր լսել Ալիսի հարցը։

Իսկ ձեր կարծիքով, ո՞ւմ երազն էր այդ։

Ամառ... Գետում կապուտակ
Լուռ լողում էր մի նավակ
Իրիկնային լույսի տակ...

Սուսիկ նավակում նստած
Փոքրիկներն իմ դիմաց
Լսում էին հմայված...

Եվ հուշերն են լուռ մարում,
Զվարթ ամառ ու գարուն
Ընկղմվե՜լ են խավարում։

Նվաղել է ամեն իղձ...
Սակայն Ալիսն իմ նորից
Լուռ այցի է գալիս ինձ։

Իջնում ենք բյուր ճամփաներ,
Դեպի հազա՜ր երազներ...
Երազ էր և կյանքը մեր՝

Լուսավո՜ր ու հուսաբե՜ր22։


Կեղծամով Իշամեղուն

... Եվ Ալիսն արդեն պատրաստվում էր ցատկել առվակի վրայով, երբ հանկարծ խոր տնքոց լսեց։ Ձայնը, կարծես, անտառից էր գալիս։

«Ինչ֊որ մեկը շատ տխուր է»,— մտածեց Ալիսն ու անհանգստացած նայեց անտառի կողմը։

Այնտեղ մի տարօրինակ արարած կռթնել էր ծառին և կուչ եկած դողում էր, ինչպես սառնամանիքից։ Ասես զառամյալ ծերունի լիներ (միայն թե դեմքով ավելի շատ իշամեղվի էր նման)։

«Վայ թե ոչնչով չկարողանամ նրան օգնել,— Ալիսը շրջվեց՝ ցատկելու առվակի վրայով։— Բայց և այնպես կհարցնեմ, թե ինչ է պատահել»։

Նա դժկամորեն մոտեցավ Իշամեղվին, որովհետև ուզում էր որքան հնարավոր է շուտ Թագուհի դառնալ։

— Ո՜նց են ցավում զառամյալ ոսկորներս, ո՜նց են ցավում,— տնքում էր Իշամեղուն։

«Հաստատ հոդացավ ունի»,— մտածեց Ալիսն ու կռացավ։

— Հուսով եմ, որ շատ չի ցավում,— մեղմորեն ասաց նա։

Իշամեղուն միայն ուսերը թոթվեց ու շուռ եկավ։

— Ա՜խ, տեր աստված,— մրմնջաց նա։

— Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,— շարունակեց Ալիսը։— Այստեղ ցուրտ չէ՞։

— Տեր աստված,— դժգոհեց իշամեղուն,— էս ինչ տեսակ աղջիկ է, կպել ու պոկ չի գալիս։ Թողնես միայն լեզվին տա։

Ալիսը վիրավորվեց, շուտ ուզեց շրջվել ու հեռանալ, սակայն մտածեց. «Միգուցե ցավից է այդքան ջղային»։ Եվ նա մեկ անգամ էլ փորձեց.

— Թույլ տվեք օգնել ձեզ նստելու ծառի մյուս կողմում։ Այնտեղ չի փչում։

Իշամեղուն բռնեց Ալիսի ձեռքը և, աղջկան կռթնած, անցավ մյուս կողմը։ Բայց հենց որ նստեց, ասաց.

— Ո՜ւֆ, կպել ու պոկ չի գալիս։ Թողնես միայն լեզվին տա։ Մի՞թե չես կարող ինձ հանգիստ թողնել։

— Ուզո՞ւմ եք ձեզ համար կարդամ,— Ալիսը բարձրացրեց ոտքերի մոտ ընկած թերթը։

— Կարդա, եթե ուզում ես,— մռայլվեց Իշամեղուն։— Քեզ, կարծեմ, ոչ ոք չի խանգարում։

Ալիսը նստեց նրա կողքին, թերթը ծնկներին դրեց ու սկսեց.

— «Վերջին լուրեր։ Հետախուզական ջոկատը կրկին ուղևորվեց դեպի Մառան և այնտեղ հայտնաբերեց շաքարի ևս հինգ կտոր։ Կտորները բավականին մեծ են և լավ պահպանված։ Հետադարձ ճանապարհին...»։

— Իսկ շաքարավազ չե՞ն գտել,— ընդհատեց Իշամեղուն։

Ալիսն շտապ աչքի անցկացրեց էջը։

— Ոչ, շաքարավազի մասին ոչ մի տեղեկություն չկա։

— Շաքարավազ չեն գտել,— փնթփնթաց Իշամեղուն,— Հետախուզական ջոկատ եմ ասել, հա՜։

— «Հետադարձ ճանապարհին հայտնաբերել են օշարակի լիճ։ Լճի ափերը կապտա֊սպիտակավուն են՝ նման հախճապակու։ Վերջինիս բաղադրությունը ստուգելու ժամանակ դժբախտություն պատահեց. արշավախմբի երկու անդամներ ընկղմվեցին...»։

— Ի՞նչ եղան,— զայրացած հարցրեց Իշամեղուն։

— Ըն֊կըղմ֊վե֊ցին,— ասաց Ալիսը։

— Այդպիսի բառ չկա։

— Բայց թերթում կա,— երկչոտ ձայնով հակաճառեց Ալիսը։

— Ուրեմն թող էնտեղ էլ մնա,— Իշամեղուն զայրացած շրջվեց։

Ալիսը մի կողմ դրեց թերթը։

— Երևի ձեզ լավ չէք զգում,— հարցրեց նա, փորձելով հանգստացնել Իշամեղվին։— Ինչո՞վ կարող եմ օգնել։

— Ամեն ինչի պատճառը էս կեղծամն է,— փափկեց Իշամեղուն։

— Կեղծա՞մը,— Ալիսն ուրախացավ, որ Իշամեղվի տրամադրությունը բարձրանում է։

— Դու էլ կկատաղեիր, եթե էսպիսի կեղծամ ունենայիր,— շարունակեց Իշամեղուն։— Բոլորն իրենց բան ու գործը թողած՝ կեղծամս են ծաղրում։ Կպնում ու պոկ չեն գալիս։ Դե, ես էլ կատաղում եմ ու խռովում բոլորից, հանում եմ դեղին թաշկինակս ու այտս կապում, ա՜յ էսպես։

Ալիսը խղճահարված նայեց նրան։

— Այտս կապում են ատամի ցավի դեպքում,— ասաց նա։— Շատ է օգնում։

— Սնապարծությունից էլ է օգնում,— ասաց Իշամեղուն։

Ալիսը չհասկացավ և հարցրեց.

— Դա՞ էլ է հիվանդություն, ինչպես ատամի ցավը։

Իշամեղուն մի րոպե մտածեց։

— Չէ՜է՜է՜,— ասաց նա,— դա էն է, երբ քիթդ ցցում ես... ա՜յ էսպես... ու ոտքերդ չես տեսնում։

— Պարզ է,— ասաց Ալիսը,— կարճատեսություն է կոչվում։

— Էդ մեկը չգիտեմ։ Մեր ժամանակներում սնապարծություն էր կոչվում։

— Սնապարծությունը ամենևին էլ հիվանդություն չէ,— նկատեց Ալիսը։

— Այ էդտեղ սխալվեցիր։ Սպասիր, կհիվանդանաս՝ էդ ժամանակ կիմանաս։ Իսկ եթե հիվանդանաս, այտդ դեղին թաշկինակով կապիր։ Իսկույն կապաքինվես։

Այս ասելով՝ Իշամեղուն արձակեց թաշկինակը և Ալիսը զարմանքով տեսավ, որ Իշամեղվի գլխին կեղծամ է դրված։ Այն դեղին էր, ինչպես թաշկինակը, ամբողջովին խճճված ու գզգզված, ասես ջրիմուռի կույտ լիներ։

— Սանրիկով կարելի է կատարիկը կարգի բերել,— քնքշորեն ասաց Ալիսը.— Տե՛ս, ինչպես իմը։

— Եթե դու կատարիկ ունես, ուրեմն հավ ես,— ասաց Իշամեղուն ուշադիր նայելով Ալիսի մազերին։— Իսկ եթե հավ ես, պետք է ձու ածես։

— Դուք չհասկացաք,— ասաց Ալիսը։— Ես ուզում էի ասել, որ ձեր կեղծամը լրիվ խճճվել է։

— Ուզում ես էս կեղծամի պատմությունն անեմ,— ասաց Իշամեղուն։— Ի՜նչ մազեր ունեի ջահել ժամանակ...

Այստեղ Ալիսի գլխում զվարճալի միտք ծագեց։ Այս երկրում աղջիկը ում հանդիպում էր՝ ոտանավորներ էին ասում, և նա որոշեց փորձել Իշամեղվին։

— Իսկ կարող եք այդ բոլորը ոտանավորի ձևով պատմել։

— Երբեք անգիր չեմ սովորել։ Բայց կփորձեմ... Հիմա... Իշամեղուն մի քիչ մտածեց և արտասանեց.

Առաջ, երբ ես ջահել էի ու թեթև,
Գանգուրներս երկար էին, թավ ու սև։
Ինձ ասացին՝ փրչոտ գլուխդ սափրիր՝
Ազնվական, մեղուների պես ապրիր։

Ես լսեցի նրանց բարի խորհուրդը
Ու սափրեցի գլխիս աճած թավ բուրդը։
Հետո դեղին կեղծամ գլխիս դրեցի,
Իսկ նրանք, թե՝ ոնց որ լինես գեղացի։

— Չէ,— ասացին,— քեզ էնքան էլ չի գալիս,
Դեմքիդ ցանցառ դմբոյի տեսք է տալիս։
Շվարեցի. ինձ ո՞վ կօգներ կամ ինչպե՞ս,
Գանգուրներս խուզե՛լ էի արդեն ես։

Հիմա, երբ ես դարձել եմ ծեր ու ճաղատ,
Քաշքշում են իմ կեղծամը անընդհատ։
Ձեռ են առնում թե՛ անծանոթ, թե՛ ընկեր.
— Ի՞նչ է, բիձա՛, համը բերանդ է ընկել։

Ուր էլ գնամ, նույն խոսքերն եմ ես լսում.
Ցանցառ, տխմար, կեղտոտ խոզ ու անասուն։
Որ իմանաս ինչքան մուր եմ կուլ տվել
Այն օրից, ինչ դեղին կեղծամ եմ կրել։

— Ցավում եմ ձեզ համար,— սրտանց ասաց Ալիսը։— Իմ կարծիքով, եթե կեղծամը ձեր գլխին լավ նստեր, ոչ ոք չէր ծաղրի։

— Ի՞նչ անենք, որ քո կեղծամը լավ է նստում,— մռթմռթաց Իշամեղուն։— Որովհետև քո գլխի կառուցվածքը հարմար է կեղծամի համար։ Ճիշտ է, ծնոտներդ էնքան էլ լավը չեն։ Երևի կարգին չես կարողանում կծել։

Ալիսը քրքջաց, բայց անմիջապես ձևացրեց, թե հազում է։ Ի վերջո նա հավաքեց իրեն և լուրջ֊լուրջ ասաց.

— Ինչո՞ւ։ Ամեն ուտելիք էլ կծում եմ։

— Էդպիսի բերանո՞վ։ Օրինակ, ասենք հարձակման ժամանակ կարո՞ղ ես ատամներով թշնամուդ օձիքից բռնել։

— Վայ թե չեմ կարող,— ասաց Ալիսը։

— Տեսնո՞ւմ ես։ Որովհետև ծնոտներդ կարճ են։ Փոխարենը կատարդ կլոր է ու գեղեցիկ։

Այս ասելով՝ Իշամեղուն հանեց կեղծամն ու թաթը մեկնեց Ալիսին, ասես ուզում էր ցուցադրել քիչ առաջվա ասածը։ Ալիսն ընկրկեց, ձևացնելով, թե չի հասկանում, իսկ Իշամեղուն շարունակեց իր քննադատությունը.

— Աչքերդ շատ են դուրս պրծած։ Հաստատ։ Մեկն էլ բավական էր, ինչի են պետք երկուսը, երբ էդքան մոտ են տեղավորված։

Ալիսին դուր չեկավ Իշամեղվի քննադատությունը, և տեսնելով, որ վերջինս արդեն իրեն լավ է զգում ու լեզվին է տվել, որոշեց, որ կարելի է հանգիստ խղճով հեռանալ։

— Դե ես գնամ,— ասաց Ալիսը։— Ցտեսություն։

— Ցտեսություն և... շնորհակալություն,— պատասխանեց Իշամեղուն։

Եվ Ալիսը կրկին իջավ զառիթափ բլրով։ Նա ուրախ էր, որ կարճ ժամանակամիջոցում կարողացավ հանգստացնել խեղճ ծերուկին։