Ամպիկը

Գրապահարան-ից
21:54, 14 Սեպտեմբերի 2013 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ամպիկը

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Արամ Արսենյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

Ամպիկը.png

Ութը տարի առաջ էր, որ ընկերոջը ճանապարհեց Նորթ– Ուոլ նավահանգստից եւ բարի ճանապարհ մաղթեց նրան։ Գալահերը հաջողության էր հասել։ Դա անմիջապես երեւում էր նրա ճանապարհորդական տրամադրությունից, լավ կարված զոլավոր կոստյումից եւ անբռնազբոսիկ տոնից։ Քչերն ունեն նրա տաղանդը և թերևս ավելի քչերն են, որ նման հաջողությունից հետո չեն փչանում։ Գալահերը բարի նպատակներ ուներ և արժանի էր հաղթանակի։ Այդպիսի ընկեր ունենալն ինչ֊որ բան նշանակում էր։

Նախաճաշից հետո Փոքրիկ Չանդլերի մտքերը պտտվում էին միայն ու միայն Գալահերի հետ հանդիպման, Գալահերի հրավերի և Լոնդոն մեծ քաղաքի շուրջ, ուր Գալահերն էր ապրում։ Նրան Փոքրիկ Չանդլեր էին կոչում, որովհետև փոքրիկի տպավորություն էր թողնում, չնայած միջահասակից մի քիչ էր ցածր։ Ձեռքերր փոքր էին ու սպիտակ, ինքը թուլակազմ էր, ձայնը՝ ցածր, շարժուձևը՝ նուրբ։ Նա չափազանց հոգատար էր իր բաց գույնի մետաքս մազերի ու բեղի նկատմամբ, իսկ թաշկինակից միշտ անուշաբույր օծանելիքի թույլ հոտ էր բուրում։ Եղունգաբները կատարյալ ձև ունեին, իսկ ժպտալիս երևում էր նրա, մանկական ատամների պես սպիտակ, ատամնաշարը։

Դատական պալատի իր գրասենյակում նստած նա մտածում էր, թե այդ ութ տարիներն ինչ փոփոխություններ են բերել։ Ընկերը, որին նա միշտ տեսել էր մաշված հագուստով ու կարիքավոր, հիմա լոնդոնյան մամուլի աչքի ընկնող դեմքերից էր։ Փոքրիկ Չանդլերը երբեմն ընդհատում էր իր հոգնեցուցիչ գրագրությունը և պատուհանից դուրս նայում։ Աշնանային բոսորագույն վերջալույսը ծածկել էր ծառուղիներն ու գազոնները, ողորմածաբար իր ոսկե փոշով շաղել էր թափթփված դայակներին ու զառամյալ ծերունրներին, որ ննջում էին նստարաններին, խաղում էր այն ամենի վրա, ինչ շարժվում էր՝ երեխաների, որ ճիչերով վազվզում էին մանրախճով ծածկված արահետներով, անցորդների, որ կտրում֊անցնում էին զբոսայգին։ Փոքրիկ Չանդլերը հետևում էր այդ տեսարանին ու խորհրդածում կյանքի մասին և (ինչպես միշտ, երբ մտածում էր կյանքի մասին) տխրեց։ Նրան համակեց մի մեղմ թախիծ։ Զգաց, թե որքան անօգուտ է ճակատագրի դեմ պայքարելը, այդպիսին էր իմաստության բեռը, որ կտակել էին նրան դարերր։

Հիշեց տունը, գրադարակների վրա շարված պոեզիայի հատորները։ Դրանք գնել էր դեռևս ամուրի ժամանակ և երեկոները, նախասենյակի կողքի փոքրիկ սենյակում նստած, նրա մեջ հաճախ ցանկություն էր առաջանում դրանցից մեկը վերցնել գրադարակից և բարձրաձայն ընթերցել կնոջ համար։ Բայց ամեն անգամ անվճռականությունը նրան ետ էր պահում, և գրքերն այդպես էլ մնում էին գրադարակների վրա։ ժամանակ առ ժամանակ մտքում բանաստեղծություններ էր կրկնում, և դա նրան հանգստացնում էր։

Երբ աշխատանքի ժամը վերջացավ, նա վեր կացավ և բարեխղճորեն հրաժեշտ տվեց գրասեղանին ու գործընկերներին։ Դուրս եկավ Դատական պալատի միջնադարյան կամարի տակով՝ կոկիկ հագնված, համեստ մի կերպարանք, և արագորեն ներքև շարժվեց Հենրիեթ սթրիթով։ Ոսկեգույն վերջալույսը հանգչում էր, օրը՝ ցրտում։ Փողոցում վխտում էին կեղտոտ, ցնցոտիավոր երեխաները։ Նրանք կանգնել կամ վազվզում էին կամրջի վրա, լայն բացված դռների դիմաց սողում էին աստիճաններն ի վեր և կամ մկների նման թաքնվում շեմքերի վրա։ Փոքրիկ Չանդլերը նրանց չէր նկատում։ Մռայլ, երևակայական պալատների հովանու տակ, ուր հնում զվարճանում էր դուբլինյան ազնվականությունը, նա իր համար հեշտությամբ ճանապարհ էր հարթում այդ վխտացող կծիկի միջով։ Անցյալի հիշողությունները նրան չէին անհանգստացնում, որովհետև միտքը լեցուն էր ներկայի խինդով։

Նա երբեք «Կոռլեսում» չէր եղել, բայց այդ անվան արժեքը լավ գիտեր։ Գիտեր, որ մարդիկ այնտեղ էին գնում թատրոնից հետո ոստրե և լիկյոր վայելելու, լսել էր, որ այնտեղ մատուցողները ֆրանսերեն ու գերմաներեն են խոսում։ Գիշերներն այնտեղով արագ քայլելիս տեսել էր, թե ինչպես են կառքերը մոտենում մուտքին, և ճոխ հագնված կանայք, իրենց երկրպագուների ուղեկցությայմբ, իջնում ու արագ անհետանում են դռների ետևում։ Նրանց հագին խշխշացող զգեստներ ու թեթև մանտոներ էին։ Դեմքերը ծածկված էին դիմափոշիով, եւ կառքից իջնելիս բռնում էին փեշերը, կարծես վախեցած Ատլանտներ լինեին։ Սովորաբար այդտեղով անցնելիս Չանդլերը գլուխը չէր շրջում նրանց նայելու։ Նա սովորություն ուներ նույնիսկ ցերեկները փողոցում արագ քայլել, իսկ երբ պատահում էր, որ ուշ գիշերին քաղաքի կենտրոնում էր լինում, համարյա վազում էր՝ միաժամանակ և՛ վախ, և՛ հուզում ապրելով։ Երբեմն, հենց ինքն էր վախենալու առիթ փնտրում։ Ընտրում էր ամենամութ ու ամենանեղ փողոցները և մինչ անվախ առաջ էր շարժվում, լռությունը, որ սփռված էր իր ոտնահետքերի տակ, վախեցնում էր նրան, թափառող լուռ կերպարանքներն անհանգստացնում էին, իսկ ժամանակ առ ժամանակ լսվող ծիծաղի ցածր, վաղանցիկ ձայնից դողում էր տերևի պես։

Նա թեքվեց աջ, դեպի Քեփել սթրիթ։ Եվ հիմա, Իգնատիուս Գալահերը լոնդոնյան մամուլի աստղերից է։ Ո՞վ կհավատար դրան ութ տարի առաջ։ Սակայն գնալով ետ, դեպի անցյալը, Փոքրիկ Չանդլերն ընկերոջ մեջ կարողանում էր տեսնել ապագայում մեծություն դառնալու շատ ու շատ հատկանիշներ։ Ասում էին, որ Իգնատիուս Գալահերը դատարկապորտի մեկն է եղել։ Իհարկե, այն ժամանակ նա թրեւ էր գալիս կործանված մարդկանց հետ, շատ էր խմում և աջ ու ձախ պարտքով փող վերցնում։ Վերջիվերջո մի մութ գործի մեջ էր ընկել՝ ինչ֊որ փողային գործարք, առնվազն այս էր նրա փախուստի մասին եղած վերսիաներից մեկը։

Սակայն ոչ ոք չէր կարող ժխտել նրա տաղանդը։ Իգնատիուս Գալահերի մեջ միշտ ինչ֊որ… մի բան կար, որ մարդկանց մոտ հարգանք էր առաջացնում, հակառակ իրենց կամքի։

Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա արմունկները գջլտված էին, իսկ գրպանը՝ դատարկ, նա չէր կորցնում կայտառությունը։ Փոքրիկ Չանդլերը հիշեց (և այդ հիշողությունից նրա այտերը հպարտության մեղմ երանգ էին ստանում), թե ինչ էր ասում Իգնատիուս Գալահերը մի անգամ, երբ գործերը վատ էին։

— Տղանե՛ր, մի պահ ընդմիջում,— անփութորեն ասում էր նա,— ու ես գլխիս զոռ կտամ։

Այս էր ողջ Իգնատիուս Գալահերը և, սատանան տանի, անկարելի էր նրանով չհիանալ։ Փոքրիկ Չանդլերն արագացրեց քայլերը, քանի որ կյանքում առաջին անգամ իրեն բարձր դասեց այն մարդկանցից, որոնց կողքով անցնում էր։ Կյանքում առաջին անգամ նրա հոգին ըմբոստացավ Քեփել սթրիթի գորշ աղքատության դեմ։ Ոչ մի կասկած չկա՝ եթե ուզում ես հաջողության հասնել, հեռացի՛ր այստեղից։ Դուբլինում ոչինչ անել չես կարող։ Գրաթանի կամուրջով անցնելիս Չանդլերը նայեց գետին, ցածր ափերի խղճուկ, աղքատ, կիսավեր տներին։ Դրանք հիշեցնում էին փոշոտ ու մրոտ վերարկուներ հագած թափառաշրջիկների մի խումբ, որ խռնվել էր գետափի երկարությամբ եւ, արևամուտի համայնապատկերով դյութված, սպասում էր գիշերվա առաջին ցրտին, որպեսզի արթնանա, իրեն թափ տա ու հեռանա։ Նա մտածում էր, արդյոք չի՞ կարող այս բոլորը բանաստեղծությամբ արտահայտել։ Հավանաբար Գալահերը կկարողանար այդ բանաստեղծությունը տպագրել լոնդոնյան թերթերից մեկում։ Կարո՞ղ է որևէ անսովոր բան գրել։ Համոզված չէր, թե ինչ միտք էր ուզում արտահայտել, սակայն այն գիտակցումը, որ բանաստեղծական ոգեշնչումը պարուրել էր իրեն, նրա մեջ մանկավայել հույս էր ծնել։ Սիրտ առած առաջ շարժվեց։

Իր քայլերին համընթաց նա, կարծես, մոտենում էր Լոնդոնին, հեռանում իր լրջմիտ կյանքից։ Նրա մտքի հորիզոնում մի լույս թրթռաց։ Այնքան էլ ծեր չէր՝ երեսուներկու տարեկան։ Նրա եռանդը հիմա է, որ պետք է դրսևորվի։ Այնքան տրամադրություններ եւ տպավորություններ կային, որ ուզում էր արտահայտել բանաստեղծական տողերով։ Այդ ամենը զգում էր իր մեջ։ Նա փորձեց իր հոգու խորքը նայել, ստուգելու՝ արդյո՞ք դա բանաստեղծի հոգի էր։ Եվ գտավ, որ իր խառնվածքում գերիշխողը թախիծն է, սակայն դա հավատի պոռթկումներով ամոքված, ճակատագրին հլու և անմեղ երջանկությամբ լի թախիծ էր։ Եթե նա կարողանա այդ ամենը պատկերել բանաստեղծությունների գրքում, մարդիկ, հավանաբար, կունկնդրեն իր ձայնը։ Իհարկե հասկանում էր, որ երբեք հանրաճանաչ չի լինի։ Նա չէր կարող նվաճել ամբոխը, բայց իր հոգուն հարազատ մարդկանց մի փոքր խումբ կգնահատեր նրան։

Ամենայն հավանականությամբ անգլիական քննադատներն իր բանաստեղծությունների թախծալի երանգը կվերագրեն կելտական դպրոցին։ Բացի դրանից, ինքն էլ կակնարկի այդ մասին։ Նա սկսեց իր գրքի ապագա գրախոսականից նախադասություններ եւ դարձվածներ հորինել․ «Միստր Չանդլերն օժտված է հեշտ ու նրբագեղ բանաստեղծություն ստեղծելու շնորհով… Նրա բանաստեղծությունները համակված են մտախոհ տխրությամբ… Կելտական նրբերանգ…»։ Ափսո՜ս, որ անունը իռլանդական չէր։ Գուցե ավելի լավ կլիներ իր անվան կողքին մոր ազգանո՞ւնն ավելացնել․ Թոմաս Մելոնի Չանդլեր, կամ ավելի լավ է՝ Թ․ Մելոնի Չանդլեր։ Այդ մասին կխոսի Գալահերի հետ։

Նա այնքան էր տարված երազանքներով, որ իր փողոցն անցավ եւ ստիպված էր ետ վերադառնալ։ Երբ մոտեցավ «Կոռլեսին», հուզմունքը նախկին ուժով համակեց նրան, եւ նա անհամարձակ կանգ առավ մուտքի առաջ։ Վերջապես դուռը բաց արեց ու ներս մտավ։

Բարի լույսն ու աղմուկը նրան մի պահ գամեցին դռանը։

Նայեց շուրջը, բայց աչքերը շաղվում էին բազմաթիվ կարմիր ու կանաչ բաժակների փայլից։ Նրան թվաց, թե բարը լի է մարդկանցով, և բոլորը հետաքրքրությամբ իրեն են նայում։ Արագ աջ ու ձախ նայեց (մի քիչ խոժոռվելով, կարծես թե շատ լուրջ գործով էր եկել), բայց երբ հայացքը փոքր֊ինչ պարզվեց, տեսավ, որ ոչ ոք չի նայում իր կողմը, իսկ այնտեղ վաճառասեղանին հենված և ոտքերն իրարից հեռու դրած, կանգնել էր ինքը՝ Իգնատիուս Գալահերը։

— Հելլո՛, Թոմի։ Նստի՛ր, հերոս։ Ի՞նչ ենք խմելու։ Ի՞նչ կուզեիր։ Ես վիսկի եմ խմում, սրա նմանը Լոնդոնում էլ չես ճարի։ Սոդայո՞վ։ Թե՞ զելտերյան։ Հանքային չե՞ս սիրում։ Ես էլ։ Համը փչացնում է… Հե՜յ, գարսո՛ն, բարի եղիր, մեզ երկու վիսկի բեր, երկու հատ կես… Դե, ի՞նչ հաջողություններ ես ունեցել մեր վերջին հանդիպումից հետո։ Ողորմած աստված, ինչպե՜ս ենք ծերանում։ Ասա՛ տեսնեմ, շա՞տ է երևում, որ արդեն ծեր եմ։ Գագաթս սկսել է սպիտակել ու նոսրանալ, այդպես չէ՞։

Իգնատիուս Գալահերը հանեց գլխարկն ու ցույց տվեց կարճ կտրած մազերով մեծ գլուխը։ Դեմքը լայն էր, դժգույն և լավ սափրած։ Կապտասև աչքերը, որ ընդգծում էին հիվանդագին դժգունությունը, կրակի պես փայլում էին նրա նարնջագույն փողկապի վերևում։ Այս երկու հակադիր գծերի միջև շուրթերը շատ երկար, անձև ու անգույն էին թվում։ Նա կախեց գլուխը և երկու մատներով կարեկցաբար շոյեց նոսրացող մազերը։ Փոքրիկ Չանդլերը բացասաբար շարժեց գլուխը։ Իգնատիուս Գալահերը նորից դրեց գլխարկը։

— Ուժասպառ ես լինում,— ասաց,— ինչի՞ է նման լրագրողի կյանքը։ Միշտ շտապողականություն և աճապարանք, միշտ նյութերի որոնում, որ երբեմն էլ չես գտնում։ Իսկ հետո՝ մշտական հետապնդում նոր բան գտնելու համար։ Դե, ես էլ որոշեցի գոնե մի քանի օրով գրողի ծոցն ուղարկել շարվածասյուներն ու գրաշարներին։ Գիտե՞ս որքան ուրախ եմ, որ հարազատ օջախս եմ վերադարձել։ Երբեմն անհրաժեշտ է չէ՞, լավ զգալ, մի քիչ հանգստանալ։ Կարծես հարություն առա, երբ հայտնվեցի իմ հարազատ, կեղտոտ Դուբլինում։ Խնդրեմ, Թոմի, խմիր։ Զո՞ւր։ Ասա, ինչքա՞ն։

Փոքրիկ Չանդլերը թողեց, որ իր վիսկիին շատ ջուր խառնեն։

— Օգուտդ չգիտես, տղաս,— ասաց Իգնատիուս Գալահերը,— ես մաքուրն եմ խմում։

— Սովորաբար քիչ եմ խմում,— համեստորեն պատասխանեց Փոքրիկ Չանդլերը։— Երբեմն կես կամ մի բաժակ, եթե հանդիպում եմ հին ընկերներիցս որևէ մեկին, սա է ամբողջը։

— Դե,— ուրախ ասաց Իգնատիուս Գալահերը,— խմենք մեր հին ժամանակների ու հին ծանոթության կենացը։

Նրանք բաժակներն իրար զարկեցին ու խմեցին։

— Այսօր նախկին հրոսակախմբից մի քանիսին եմ տեսել, — ասաց Իգնատիուս Գալահերը,— Օ՛Հարան ինձ ինչ֊որ դուր չեկավ։ Ինչո՞վ է զբաղվում։

— Ոչ մի բանով,— պատասխանեց Փոքրիկ Չանդլերը,— շան օրն է ընկել։

— Բայց Հոգենը կարծես լավ է տեղավորվել։ Այդպես չէ՞։

— Այո, ծառայում է Հողային հանձնաժողովում։

— Մի գիշեր Լոնդոնում հանդիպեցի։ Ինչպես երևում է, բարգավաճում է… Խե՜ղճ Օ՚Հարա։ Հավանաբար իրեն հարբեցողության է տվել։

— Եվ ոչ միայն դա,— չոր ասաց Փոքրիկ Չանդլերը։ Իգնատիուս Գալահերը ծիծաղեց։

— Թո՛մի,— ասաց,— տեսնում եմ, որ մազաչափ անգամ չես փոխվել։ Դեռ այն նույն լուրջ պատանին ես, որ կիրակի առավոտները խրատներ էր կարդում իմ գլխին, երբ սարսափելի գլխացավով և փառակալած լեզվով թավալվում էի անկողնում։ Քեզ հարկավոր է մի քիչ թափառել աշխարհում։ Մի՞թե ոչ մի տեղ չես ճանապարհորդել։

— Մեն կղզում եմ եղել,— ասաց Փոքրիկ Չանդլերը։ Իգնատիուս Գալահերը ծիծաղեց։

— Մեն կղզո՜ւմ,— ասաց,— գնա Լոնդոն կամ Փարիզ, ավելի լավ է Փարիզ։ Դա քեզ մեծ օգուտ կտա։

— Դու Փարիզում եղե՞լ ես։

— Այն էլ ինչպե՜ս։ Այնտեղ բավականին զվարճացել եմ։

— Իսկ Փարիզն իսկապե՞ս այդքան գեղեցիկ է,– հարցրեց Փոքրիկ Չանդլերը։

Նա մի կում արեց, իսկ Իգնատիուս Գալահերը բաժակը դատարկեց մինչև հատակը։

— Գեղեցի՞կ,— ասաց Իգնատիուս Գալահերը, այդ բառը շատ դանդաղ արտասանելով և ախորժանքով վայելելով խմածի բուրմունքը։— Հասկանո՞ւմ ես, այնքան էլ գեղեցիկ չէ։ Ոչ․ իհարկե գեղեցիկ է… Բայց կարևորն այնտեղի կյանքն է։ Ոչ մի քաղաք չի կարող իր ուրախությամբ, աղմուկով, զվարճալիքներով մրցել Փարիզի հետ…

Փոքրիկ Չւսնդլերը վերջացրեց իր բաժին վիսկին և ոչ այնքան հեշտությամբ վերջապես որսաց բարմենի հայացքը։ Նա նորից վիսկի պատվիրեց։

— Մուլեն Ռուժում եմ եղել,— շարունակեց Իգնատիուս Գալահերը, երբ բարմենն արդեն տարել էր բաժակները,— և այցելել բոհեմական բոլոր սրճարանները։ Ա՜յ, դա ուրիշ բան է։ Դե՛, քեզ նման հավատացյալի համար չէ։

Փոքրիկ Չանդլերը լուռ էր, մինչև որ բարմենը վերադարձավ բաժակները ձեռքին։ Հետո իր բաժակը թեթև զարկեց ընկերոջ բաժակին և կրկնեց նախկին կենացը։ Նա սկսում էր թույլ հուսախաբություն ապրել։ Գալահերի շեշտված բառերը, մտքերն արտահայտելու ձևը նրան դուր չէին գալիս։ Ընկերոջ մեջ ինչ֊որ գռեհիկ բան կար, որ մինչ այդ չէր նկատել։ Հավանաբար, դա արդյունքն էր այն բանի, որ նա ապրում էր Լոնդոնում, մամուլում տիրող գզվռտոցի ու մրցակցության մեջ։ Սակայն նոր, անպարկեշտ վարքի ետևում դեռ զգացվում էր նրա նախկին հմայքը։ Եվ, վերջապես, Գալահերն ապրել էր, աշխարհ տեսել։ Փոքրիկ Չանդլերը նախանձով նայեց ընկերոջը։

— Փարիզում ընդհանրապես ուրախ է,— ասաց Իգնատիուս Գալահերը,— նրանք սիրում են կյանքի վայելքները։ Չե՞ս գտնում, որ ճիշտ են։ Եթե ուզում ես իսկական կյանքով ապրել, պետք է Փարիզ գնաս։ Եվ գիտես, փարիզեցիները շատ լավ են վերաբերվում իռլանդացիներին։ Երբ այնտեղ իմացան, որ Իռլանդիայից եմ, քիչ էր մնում կուլ տային ինձ, հասկանո՞ւմ ես։

Փոքրիկ Չանդլերը չորս֊հինգ կում արեց։

— Ասա ինձ, ճի՞շտ է, որ Փարիզն այդքան… անբարոյական է, որքան ասում են։

Իգնատիուս Գալահերը իմաստալից բարձրացրեց աջ ձեռքը։

— Բոլոր տեղերում էլ անբարոյականություն է տիրում, իսկ Փարիզի մասին, իհարկե, կարելի է ավելի սուր բաներ ասել։ Օրինակ, այցելիր ցանկացածդ ուսանողական պարահանդեսներից մեկը։ Տեսնելու շատ բան կա, հատկապես երբ կաքավիկները ոգևորվում են։ Հուսով եմ, հասկանո՞ւմ ես, թե ում մասին եմ խոսում։

— Դրանց մասին լսել եմ,— ասաց Փոքրիկ Չանդլերը։ Իգնատիուս Գալահերը դատարկեց բաժակն ու գլուխը թափահարեց։

— Է՜հ,— ասաց,— ինչ ուզում ես արա, բայց փարիզուհու նման կին չկա՝ թե՛ սրամտությամբ և թե՛ շուքով։

— Ուրեմն դա բարոյազուրկ քաղաք է,— երկչոտ համառությամբ խոսեց Փոքրիկ Չանդլերը,— իհարկե, Լոնդոնի կամ Դուբլինի համեմատ։

— Լոնդո՛ն,— ծոր տվեց Իգնատիուս Գալահերը,— նույն բանն է։ Հարցրու Հոգենին, սիրելիս։ Երբ ինձ մոտ էր, Լոնդոնի հարցում մի քիչ լուսավորեցի նրան։ Նա կբացի քո աչքերը… Լսիր, Թոմի, վիսկին կում֊կում մի անի, դա քեզ համար փունջ չէ, միանգամից խմիր։

— Չէ, գիտես ինչ…

— Դե վերջ տուր, քեզ ոչինչ չի անի։ Ի՞նչ պատվիրենք։ Կարծում եմ նույնը։

— Դե լավ… համաձայն եմ։

— Fracois, մեկական բաժակ էլ… Ծխե՞նք, Թոմի՛։

Իգնատիուս Գալահերն հանեց իր ծխախոտատուփը։ Երկու ընկերներն էլ վառեցին սիգարները և լուռ փնչացնում էին, մինչև կբերեին խմիչքը։ — Քեզ կասեմ իմ կարծիքը,— ասաց Իգնատիուս Գալահերը, վերջապես հայտնվելով ծխի ամպի միջից, որտեղ նա մի պահ անհայտացել էր,— սա խելագար աշխարհ է։ Էլ ուր մնաց անբարոյականությունը։ Այնպիսի դեպքերի մասին եմ լսել, ի՞նչ լսել, ես ինքս գիտեմ դրանց մասին… անբարոյականության… դեպքեր…

Իգնատիուս Գալահերը մտահոգ փստացրեց սիգարը, հետո հանդարտ, էպիկական տոնով սկսեց ընկերոջը նկարագրել նեխվածության այն պատկերները, որ թագավորում էին արտասահմանում։ Թվարկեց մի քանի մայրաքաղաքների արատավոր կողմերը եւ, թվում էր, հակված էր առաջնության դափնին հանձնելու Բեռլինին։ Որոշ բաների համար նա չէր կարող երաշխավորել (ընկերներն էին պատմել), բայց մնացածը սեփական փորձից էր իմացել։ Նա չէր խնայում ո՛չ կոչում, ո՛չ աստիճան։ Մերկացնում էր եվրոպական եկեղեցիների շատ գաղտնիքներ, նկարագրում բարձր հասարակությունում մոդայիկ դարձած մի քանի այլանդակություններ և վերջացրեց նրանով, որ մանրամասն պատմեց անգլիական մի դքսուհու մասին տարածված այն պատմությունը, որի ճշմարիտ լինելու մեջ ինքը համոզված էր։ Փոքրիկ Չանդլերն ապշել էր։

— Այո՛,— ասաց Իգնատիուս Գալահերը,— այստեղ՝ մեր հին, հետամնաց Դուբլինում այդպիսի բաների մասին նույնիսկ չեն էլ լսել։

— Մեզ մոտ, ինչպես երևում է,— ասաց Փոքրիկ Չանդլերը,— այդ բոլորից հետո, ինչ տեսել ես, քեզ տխուր է թվում։

— Գիտես,— ասաց Իգնատիուս Գալահերը,— ինձ համար այստեղ լինելը հանգստություն է։ Եվ, վերջապես, ինչպես ասում են, սա իմ հայրենի տունն է, այդպես չէ՞։ Ինչ էլ որ լինի, այն չսիրել չես կարող։ Այդպիսին է մարդկային բնավորությունը… Դե՛ լավ, քո մասին պատմիր։ Հոգենն ինձ ասել է, որ դու… զգացել ես ամուսնական երանությունը։ Երկու տարի առաջ, այո՞։

Փոքրիկ Չանդլերը կարմրեց ու ժպտաց։

— Այո,— ասաց նա,— մայիսին լրացավ ամուսնությանս մեկ տարին։

— Կարծում եմ, այնքան էլ ուշ չէ իմ անկեղծ բարեմաղթությունները հայտնելու,— ասաց Իգնատիուս Գալահերը,— հասցեդ չգիտեի, թե չէ այս ամենը ժամանակին կանեի։

Նա մեկնեց ձեռքը, և Փոքրիկ Չանդլերը սեղմեց այն։

— Դե՛, Թոմի,— ասաց Գալահերը,— քեզ և քո ընտանիքին ցանկանում եմ ամենայն երջանկություն կյանքում, կույտերով փող, և որ դու այնքան ապրես, մինչև ես ինքս քեզ գնդակահարեմ։ Սա քեզ ցանկանում է քո անկեղծ ընկերը, հին ընկերը։ Դու այդ գիտե՞ս։

— Գիտեմ,— պատասխանեց Փոքրիկ Չանդլերը։

— Երեխաներ կա՞ն,— հարցրեց Իգնատիուս Գալահերը։ Փոքրիկ Չանդլերը կրկին կարկամեց։

— Մի երեխա ունենք,— պատասխանեց։

— Տղա՞, թե աղջիկ։

— Մանչուկ։

Իգնատիուս Գալահերը ձեռքն ուժով խփեց ընկերոջ մեջքին։

— Ապրե՛ս,— ասաց,— չէի կասկածում, Թո՛մի։

Փոքրիկ Չանդլերը ժպտաց, շփոթված նայեց իր բաժակին եւ կծեց ներքևի շուրթը մանկան իր երեք սպիտակ ատամներով։

— Հուսով եմ, որ մի երեկո կայցելես մեզ,— ասաց նա,— կինս անչափ ուրախ կլինի։ Մի քիչ կնվագենք և…

— Շա՛տ շնորհակալ եմ, սիրելիս,— ասաց Իգնատիուս Գալահերը,— շատ եմ ցավում, որ ավելի շուտ չենք հանդիպել։ Սակայն վաղը երեկոյան մեկնում եմ։

— Գուցե այս երեկո՞…

— Շա՛տ եմ ցավում, սիրելիս։ Տեսնո՞ւմ ես, մենակ չեմ, ինձ հետ է նաև ընկերս, նա էլ հետաքրքիր երիտասարդ է, և որոշել ենք միասին մի քիչ թղթախաղով զբաղվել։ Թե՛ չէ…

— Դե՛, այդ դեպքում…

— Բայց ո՞վ գիտե,— ասաց Իգնատիուս Գալահերը մտահոգված,— քանի որ այս տարի սառույցը կոտրեցի, գուցե հաջորդ տարի նորից գամ։ Հետաձգումը չի փչացնի հաճույքը։

— Շատ լավ,— ասաց Փոքրիկ Չանդլերը,— երբ հաջորդ անգամ գաս, միասին մի ամբողջ երեկո կանցկացնենք։ Որոշված է, չէ՞։

— Այո, հաստա՛տ,— պատասխանեց Իգնատիուս Գալահերը,— եթե միայն հաջորդ տարի գամ, ապա parole d'honneiur

— Դրա համար,— ասաց Փոքրիկ Չանդլերը,— ե՛կ մի֊մի բաժակ էլ խմենք։

Իգնատիուս Գալահերը հանեց ոսկյա մեծ ժամացույցն ու նայեց։ — Եթե միայն վերջինն է,— ասաց,— որովհետև, ինչպես գիտես, ինձ սպասում են։

— Վճռվա՜ծ է, որ վերջինն է,— ձայնը բարձրացրեց Փոքրիկ Չանդլերը։

— Դե լավ,— ասաց Իգնատիուս Գալահերը,— այդ դեպքում արի մի հատ էլ deoc an derius խմենք, կարծեմ մի գավաթ վիսկիին ժողովրդական լեզվով այդպես են կոչում։

Փոքրիկ Չանդլերը խմիչք պատվիրեց։ Կարմրությունը, որ մի քանի րոպե առաջ հայտնվել էր նրա դեմքին, տարածվեց երեսով մեկ։ Նա միշտ շատ շուտ էր կարմրում, իսկ հիմա շոգում էր և մի փոքր գրգռված էր։ Երեք գավաթ վիսկին գլխին էր խփել, իսկ Գալահերի ուժեղ սիգարը մթագնել էր ուղեղը, նա թուլակազմ էր և միշտ զուսպ։ Ութ տարվա բաժանումից հետո հանդիպել Գալահերին, Գալահերի հետ միասին Կոռլեսի մոտ նստել՝ լույսի և աղմուկի մեջ, Գալահերի պատմությունները լսել, Գալահերի աստանդական ու փառահեղ կյանքին, թեկուզ և շատ կարճ ժամանակով, մասնակցել—այս ամենը նրա համար մի արկած էր, որ խախտել էր նրա զգայուն խառնվածքի հավասարակշռությունը։

Չանդլերը շատ սուր կերպով զգաց ընկերոջ ու իր սեփական կյանքի միջև եղած հակադրությունը եւ գտավ, որ դա անարդար է։ Գալահերն իրենից ցածր էր թե՛ ծագումով և թե՛ կրթությամբ։ Նա համոզված էր, որ ինչ֊որ բան կարող էր ավելի լավ անել, քան ընկերը երբևէ կաներ, ինչ֊որ բան, որ ավելի բարձր էր, քան էժանագին լրագրությունը, եթե միայն առիթ լիներ։ Սակայն ի՞նչն էր փակում նրա ճանապարհը։ Իր չարաբաստիկ երկչոտությո՞ւնը։ Նա ցանկանում էր որևէ ձևով վրեժ լուծել, պաշտպանել իր տղամարդկային արժանապատվությունը։ Նա յուրովի էր հասկանում Գալահերի կողմից իր հրավերի մերժումը։ Գալահերը պարզապես մեծ պատիվ էր անում նրան իր բարեկամությամբ, ինչպես Իռլանդիային՝ իր այցով։

Բարմենը վիսկի բերեց։ Փոքրիկ Չանդլերը բաժակներից մեկը ընկերոջ կողմը հրեց և վճռականորեն վերցրեց մյուսը։ — Ո՞վ գիտե,— ասաց նա, երբ իրար էին զարկում բաժակները,— մյուս տարի, երբ գաս, գուցե բախտ կունենամ երկար կյանք ու երջանկություն մաղթելու տեր և տիկին Իգնատիուս Գալահերներին։

Իգնատիուս Գալահերը խմելով վիսկին, մի աչքն արտահայտիչ կերպով կկոցեց բաժակի վրա։ Երբ վերջացրեց խմելը, վճռականորեն չպպացրեց, բաժակը սեղանին դրեց ու ասաց․

— Մի՛ փորձիր երևակայել, սիրելիս։ Նախ և առաջ ես մի լավ կզվարճանամ և հաճույքիս համար կապրեմ, կյանք ու աշխարհ կտեսնեմ, իսկ հետո արդեն վիզս լծի տակ կդնեմ, եթե, իհարկե, երբևէ այդ անեմ։

— Մի օր կանես,— հանգիստ ասաց Փոքրիկ Չանդլերը։ Իգնատիուս Գալահերը իր կապտասև աչքերը հառեց ընկերոջ կողմը։

— Այդպե՞ս ես կարծում։

— Վիզդ լծի տակ կդնես,— վստահորեն կրկնեց Փոքրիկ Չանդլերը,— ինչպես բոլորը, եթե, իհարկե, քո ուզած աղջկան գտնես։

Նա այդ ասաց մի փոքր մարտական տոնով և զգաց, որ իրեն մատնեց, բայց, չնայած այտերի կարմրությունը թանձրացել էր, դիմացավ ընկերոջ սևեռուն հայացքին։

Իգնատիուս Գալահերը մի պահ ուշադիր նրան նայեց, ապա ասաց․

— Եթե դա երբևէ պատահի, կարող ես քո վերջին շիլլինգով գրազ գալ, որ ոչ մի ավելորդ զգացմունք չի լինի։ Ես կամուսնանամ միայն փողի հետ։ Կամ նա բանկում չաղլիկ ընթացիկ հաշիվ կունենա, կամ էլ՝ թող գրողի ծոցը գնա։

Փոքրիկ Չանդլերը գլուխն օրորեց․

— Դե, մարդ աստծո,— ասաց Իգնատիուս Գալահերը կրքոտությամբ,— ի՞նչ էիր կարծում։ Ինձ մնում է միայն մի բառ ասել և հենց վաղը թե՛ կին և թե՛ փող կունենամ։ Չե՞ս հավատում։ Բայց գիտեմ, չէ՞ որ ասում եմ։ Հարյուրավոր, ի՞նչ եմ ասում, հազարավոր հարուստ գերմանուհիներ և հրեուհիներ կան, որ համարյա պայթում են փողից և շատ ուրախ կլինեն… Մի քիչ սպասիր, բարեկամս։ Կտեսնես, թե ինչպես եմ պարզելու առագաստներս։ Եթե որևէ գործ բռնեցի, մի կասկածիր, սխալ չեմ անի։ Սպասի՛ր, կտեսնես։

Նա բաժակը թափով տարավ բերանը, դատարկեց և բարձրաձայն ծիծաղեց։ Հետո մտահոգված շուրջը նայեց և խոսեց ավելի հանգիստ տոնով․

— Բայց ես չեմ շտապում։ Նրանք կսպասեն։ Չեմ պատրաստվում ինձ միայն մի կնոջ հետ կապել, հասկանո՞ւմ ես,— նա շարժեց շուրթերը, կարծես համտեսում էր ինչ֊որ բան եւ ծամածռեց դեմքը։

— Կարծում եմ նույնն է, ինչ֊որ թթված գարեջուրը։

Փոքրիկ Չանդլերը երեխան ձեռքին նստել էր նախասենյակին կից սենյակում։ Խնայողության նպատակով սպասուհի չէին պահում, և Մոնիկան՝ Աննիի փոքր քույրը, առավոտյան ու երեկոյան մեկական ժամով գալիս էր նրանց օգնելու տնտեսության գործերում։ Բայց Մոնիկան արդեն վաղուց տուն էր վերադարձել։ Իննին քառորդ էր պակաս։ Փոքրիկ Չանդլերը թեյից ուշացել էր և, բացի դրանից, մոռացել էր Բյուլիի խանութից Աննիի համար սուրճ բերել։ Իհարկե, կինը վիրավորվել էր և ամուսնու հետ համարյա չէր խոսում։ Աննին ասաց, որ ոչինչ չի խմի, սակայն երբ մոտեցավ փողոցի անկյունում գտնվող կրպակի փակվելու ժամը, նա որոշեց անձամբ գնալ քառորդ ֆունտ թեյ և երկու ֆունտ շաքար գնելու։ Քնած երեխային ճարպկորեն դրեց ամուսնու ձեռքերին ու ասաց․ — Պահի՛ր։ Միայն թե չարթնացնես։

Սեղանին մի փոքրիկ, ճենապակյա լուսամփոփ էր վառվում, եւ լույսն ընկնում էր ծածանքավոր եղջյուրով շրջանակված լուսանկարի վրա։ Աննիի լուսանկարն էր։ Փոքրիկ Չանդլերը նայեց նրան՝ հայացքը սևեռելով նուրբ, իրար պինդ սեղմված շուրթերին։ Հագին բաց երկնագույն բլուզն էր, որ ինքն էր նվիրել մի կիրակի։ Տասը շիլլինգ և տասնմեկ պենս արժեր, բայց որքան տանջալի հուզումներ էր պատճառել իրեն։ Ինչպե՜ս էր ինքը տանջվում այդ օրը, երբ սպասում էր խանութի մոտ, որպեսզի այն դատարկվեր, կամ երբ կանգնել էր վաճառասեղանի մոտ՝ փորձելով համարձակ երևալ, մինչ վաճառողուհին նրա առջև դարսում էր կանացի բլուզներ, կամ երբ դրամն էր վճարում և մոռացավ մանրը վերցնել, և գանձապահուհին նրան ետ կանչեց, և վերջապես, երբ խանութից դուրս գալով կարմրած դեմքը ծածկելու համար ստուգում էր՝ արդյո՞ք փաթեթն ամուր է կապված։ Տուն վերադառնալով բլուզը տվեց Աննիին, որը համբուրեց նրան ու ասաց, որ շատ գեղեցիկ է, պերճաշուք, բայց գինը լսելով նետեց սեղանին և գտավ, որ տասը շիլլինգ և տասնմեկ պենս վճարելը մաքուր թալան է։

Սկզբում կինն ուզում Էր ետ տանել բլուզը, բայց երբ հագավ՝ հիացավ, հատկապես թևքերի ձևը դուր եկավ, ամուսնուն համբուրեց ու ասաց, որ շատ է սիրելի, քանի որ մտածել է իր մասին։

— Հը՛մ…

Չանդլերը սառնորեն նայեց լուսանկարի աչքերին, և աչքերի պատասխանում նույն սառնությունը կար։ Աչքերն անկասկած գեղեցիկ էին, գեղեցիկ էր և դեմքը, բայց ինչ֊որ ճղճիմ արտահայտություն կար դեմքին։ Ինչո՞ւ է այդքան անկյանք ու տիկնային։ Աչքերի հանգստությունը զայրացնում էր, վանում և մարտի հրավիրում նրան, դրանց մեջ կիրք չկար, չկար ինքնամոռացություն։ Հիշեց թե ինչ էր ասում Գալահերը հարուստ հրեուհիների մասին։ «Մուգ, արևելյան աչքեր,– մտածեց,— որքա՛ն երանություն կա դրանց մեջ, որքա՛ն կրքոտ տռփանք»։ Ինչո՞ւ ամուսնացավ այդ աչքերի հետ։

Այդ հարցի վրա բռնեց իրեն և վախեցած չորս կողմը նայեց․ գեղեցիկ կահույքը, որ վարձով էր վերցրել, նույնպես անշուք էր թվում։ Աննին ինքն էր այն ընտրել, և կահույքը հիշեցրեց նրան։ Կահույքը նույնպես գեղեցիկ էր ու շինծու։ Իր կյանքի հանդեպ մի աղոտ վիրավորանք արթնացավ նրա մեջ։ Մի՞թե չի կարող փախչել այդ նեղ բնակարանից։ Մի՞թե ուշ է նոր, համարձակ կյանք սկսելու, ինչպես Գալահերն է ապրում։ Մի՞թե նա չի կարողանա գնալ Լոնդոն։ Կահույքի համար դեռ լրիվ չէր վճարել։ Եթե միայն կարողանար գիրք գրել ու տպագրել, դա ուղի կհարթեր նրա համար։

Նրա առջև, սեղանի վրա Բայրոնի բանաստեղծությունների ժողովածուն էր։ Շատ զգույշ, որպեսզի երեխային չարթնացնի, ձախ ձեռքով բացեց գիրքը և սկսեց կարդալ առաջին բանաստեղծությունը․


Մինչ ես գալիս եմ Մարգարիտի դամբանիս այցի է
Եվ ծաղիկներով աճյունը ծածկում,
Անշարժ է քամին, խաղաղ՝ երեկոն,
Անգամ Զեփյուռն է քնած թավուտում։

Դադարեցրեց ընթերցանությունը, զգաց՝ շուրջը բանաստեղծական ռիթմ էր։ Որքան թախիծ կար այդ տողերում։ Կարո՞ղ է ինքն էլ այդպես գրել, իր հոգու թախիծն արտահայտել բանաստեղծությամբ։ Այնքան բան կցանկանար նկարագրել, հենց թեկուզ իր ունեցած զգացումն այսօր կեսօրին՝ Գրաթան կամրջի վրա։ Եթե միայն կարողանար նորից վերապրել այդ տրամադրությունը…

Երեխան արթնացավ ու սկսեց լաց լինել։ Նա պոկվեց գրքից և փորձեց հանգստացնել նրան, սակայն երեխան չէր լռում։ Փոքրիկ Չանդլերը սկսեց օրորել նրան, բայց լացը գնալով ավելի ուժեղացավ։ Նա ավելի ու ավելի արագ էր օրորում մինչդեռ աչքերը սկսել էին երկրորդ տունը կարդալ․


Նեղ գերեզմանում աճյունն է նրա,
Աճյուն որի մեջ…

Ամեն բան անօգուտ էր։ Կարդալ անհնար էր։ Ամեն ինչ անհնար էր։ Երեխայի լացի ձայնն ականջ էր ծակում։ Ամեն ինչ անօգուտ էր, անօգուտ։ Նա ողջ կյանքում բանտարկյալ էր։ Բարկությունից ձեռքերը դողացին եւ հանկարծ, թեքվելով երեխայի վրա, գոռաց․

— Լռի՛ր։

Երեխան մի ակնթարթ լռեց, հետո վախից ցնցվեց ու ճղճղաց։ Փոքրիկ Չանդլերը վեր թռավ աթոռից և երեխան ձեռքին արագ ետ ու առաջ քայլեց սենյակում։ Երեխան ջղաձգորեն լաց էր լինում, մի վայրկյան շունչը տեղն էր բերում և հետո ճչում նոր ուժով։ Սենյակի բարակ պատերն արձագանքում էին ձայնը։ Փոքրիկ Չանդլերը փորձեց հանգստացնել նրան, բայց մանկական հեկեկոցը գնալով ավելի ջղաձիգ էր դառնում։ Նայեց նրա կծկված ու ցնցվող դեմքին և անհանգստացավ։ Երեխան յոթ անգամ անընդմեջ հեկեկաց, և Փոքրիկ Չանդլերը նրան սարսափով կրծքին սեղմեց։ Իսկ եթե մեռնի՞…

Դուռն աղմուկով բացվեց, և մի երիտասարդ կին շնչակտուր ներս վազեց։

— Ի՞նչ է պատահել։ Ի՞նչ է պատահել,— ճչաց նա։ Երեխան, լսելով մոր ձայնը, մի հիստերիկ ճիչ արձակեց։ — Ոչինչ, ոչինչ, Աննի… ոչինչ… Նա սկսեց լաց լինել…

Կինը գնումները նետեց հատակին ու խլեց երեխային։

— Ի՞նչ ես արել նրան,— բղավում էր կինը՝ աչքերն ամուսնու վրա պտտելով։

Փոքրիկ Չանդլերը մի վայրկյան դիմացավ այդ հայացքին, եւ սիրտը կծկվեց, երբ այնտեղ ատելություն տեսավ։ Նա սկսեց կակազել․

— Ոչինչի նա… նա սկսեց լաց… լինել… Ես չը… չկարողացա… Ես նրան ոչինչ չեմ արել… Ի՞նչ։

Նրա վրա ուշադրություն չդարձնելով, կինը, երեխային պինդ գրկած, քայլում էր սենյակում և ցածր խոսում․

— Փոքրի՛կս։ Սիրելի՛ս։ Քեզ վախեցրե՞լ են, արև՜ս։ Դե՛, դե՛, մանկիկս։ Դե՛, տե՛ս… Ա՜, ա… Մայրիկի պստլիկ գառնուկ։ Դե՛, դե՛։

Փոքրիկ Չանդլերը զգաց, որ այտերն ամոթից շառագունում են, և մի կողմ քաշվեց լամպի լույսից։ Նա լսում էր, մինչդեռ երեխայի հեկեկոցը գնալով ավելի ու ավելի էր նվազում, և փոքրիկ Չանդլերի աչքերում զղջանքի արցունքներ երևացին։