Անաբելը

Գրապահարան-ից
22:57, 4 Նոյեմբերի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անաբելը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Անաբել անունով մի կով կար։ Խեղճի փորը հաճախ էր ցավում։ Բայց մի անգամ նա խորտակվելուց փրկեց նավը։

Մի ամպամած օր Անաբելը արածում էր Քորնուոլլի մարգագետնում, ծովափին շատ մոտիկ։ Մառախուղը այնքան թանձր էր, որ Անաբելը նույնիսկ իր քիթը չէր տեսնում եւ անզգուշաբար կուլ տվեց փշոտ մի տատասկ։

Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ… Ինչպես էր ցավում նրա փորը։ Անաբելը, այլեւս չկարողանալով արածել, բարձրաձայն բառաչեց։

Իսկ այդ պահին ծովում նավարկում էր խոշոր մի նավ։

Նավապետը աչքին մոտեցրեց հեռադիտակը, սակայն մառախուղից բացի ոչինչ չտեսավ։

— Մենք հիմա որտե՞ղ ենք գտնվում,— հարցրեց նա իր ավագ օգնականին։

— Հաստատ չգիտեմ,— սըր։ Կարծես Քորնուոլլի ափերի մոտ պետք է լինենք։

— Ազդանշան տվեք,— ասաց նավապետը։

Նավապետի ավագ օգնականը ազդանշան տվեց։

— Ու֊ու֊ու֊ու֊ու֊ու֊ո՜ւ—… գոչեր շչակը։

Անաբելը լսեց շչակի ձայնն ու մտածեց․

Երեւի մի ուրիշ կով էլ է տատասկ կերել։ Պետք է բժիշկ կանչել»— եւ ի պատասխան նորից բառաչեց, որպեսզի մյուս կովն իմանա, թե իրեն լսել են։

— Ականջ դրեք,— ասաց նավապետը։

Ավագ օգնականը անջատեց շչակը եւ ականջ դրեց։ Մառախուղի ու ալիքների միջով նրանց հասավ մի ձայն․

— Մու֊ու֊ու֊ու֊ու֊ու֊ո՜ւ…

— Անաբելն է,— ասաց նավապետը։— Ուրեմն, մենք նրա մարգագետնի մոտակայքում ենք։— Եվ առանց ժամանակ կորցնելու հրաման արձակեց․— Կանգնեցնել մեքենան… Ահ, ինչ եմ ասում… Կանգնեցնել մեքենան։

— Լրիվ ընթացքով դեպի ետ…

— Խարիսխ գցե՛լ։

— Ազդանշան տա՛լ…

Խարիսխը կառչեց հատակից, նավը կանգ առավ, իսկ շչակը դարձյալ շաչեց։

— Ու֊ու֊ու֊ու֊ու֊ու֊ո՜ւ…

Նավապետը նայեց շուրջը։ Այդ պահին դուրս եկավ արեւը, եւ նավապետը տեսավ, որ ճիշտ ժամանակին է կանգնեցրել նավը։ Եվս մի րոպե, եւ նրանք կջախջախվեին, զարնվելով սուր֊սուր քարափին։

Նրան հաջողվեց խրտակումից փրկել նավը այն պատճառով, որ լսեց Անաբելի բառաչը։

Եվ այդ պահին նորից լսվեց․

— Մու֊ու֊ու֊ու֊ու֊ու֊ո՜ւ… Մու֊ու֊ու֊ու֊ու֊ու֊ո՜ւ…

— Տարօրինակ է,— մտածեց նավապետը։— Անաբելը դեռ բառաչում է։ Գուցե նրա փո՞րն է ցավում։

Եվ նավի բժշկին ափ ուղարկեց, որպեսզի դեղահաբերով բուժի Անաբելին։

— Սա էլ հանձնեք նրան,— ասաց նավապետը եւ բժշկին փոքրիկ մի տուփ տվեց, որտեղ արծաթե խոշոր մի շքանշան կար։

Երբ բժիշկը ափ դուրս եկավ, Անաբելը դեռեւս բառաչում էր։ Բայց բժիշկը նրան հաբեր տվեց, եւ Անաբելի փորի ցավն անմիջապես անցավ։

Նավապետը խնդրեց, որ այս տուփն էլ քեզ հանձնեմ,— ասաց բժիշկը։

Նա գրպանից հանեց նավապետի տված տուփը եւ ցույց տվեց Անաբելին։ Կափարիչին գրված էր․

«Անաբելին՝ նավապետից․ նավը փրկելու համար»։

Իսկ տուփի մեջ արծաթե իսկական շքանշան կար։ Բժիշկը այդ շքանշանը կախեց Անաբելի վզից։ Անաբելը շատ հպարտ զգաց իրեն։

— Քո բառաչը փրկեց մեր նավը,— ասաց բժիշկը։— Իսկ հիմա ես պետք է շտապեմ, քանի որ շարունակելու ենք նավարկությունը մինչեւ Ամերիկա։

Ու վերադարձավ դեպի նավ։ Արեւը պայծառ շողում էր, մառախուղը կամաց֊կամաց ցրվում էր։

Անաբելը նայեց ծովին։

— Մու֊ու֊ո՜ւ…— ասաց նա։

— Ու֊ու֊ո՜ւ…— պատասխանեց նավը։

Որքան նավը հեռանում էր, այնքան «Ու֊ու֊ու»֊ն դառնում էր հազիվ լսելի։ Բայց նավապետը դեռեւս հեռադիտակով տեսնում էր շքանշանը վզից կախած Անաբելին։

— Մու֊ու֊ո՜ւ,— ասաց Անաբելը, նայելով ծովին։— Մո՜ւ֊ու֊ո՜ւ…

Եվ բաց ծովում նավարկող խոշոր նավերից որպես պատասխան նորից հնչեց «Ու֊ու֊ո՜ւ»…

Անաբելը շատ երջանիկ էր զգում իրեն։ Նա խոտ էր որոճում, իսկ շքանշանը փայլփլում էր արեւի վաղորդյան ճառագայթների տակ։