«Անտեսանելի Մարդը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
(Գլուխ երրորդ։ Հազար ու մի շշեր)
Տող 231. Տող 231.
  
 
== Գլուխ երրորդ։ Հազար ու մի շշեր ==
 
== Գլուխ երրորդ։ Հազար ու մի շշեր ==
 +
 +
Եվ այսպես, փետրվարի իննին, երբ հենց նոր էր սկսվել ձնհալը, այս արտասովոր մարդը անհունությունից ընկավ Այպինգ գյուղը։ Հաջորդ օրը տիղմի միջով հասան նրա բեռները։ Եվ խիստ ուշագրավ էին այդ բեռները։ Երկու արկղներ կային, որոնք, ճիշտ է, կարող էին պատկանել որևէ ողջմիտ մարդու, բայց դրանցից զատ կար խոշոր հաստափոր գրքերով լեցուն մի սնդուկ, գրքեր, որոնցից ոմանք անհասկանալի ձեռագրով և էլի մի երկվեցյակ զամբյուղներ, սնդուկներ և տուփեր՝ ծղոտի մեջ դրված առարկաներով։ Ինչպես թվաց անփույթ հետաքրրքրությամբ ծղոտը քաշքշող Հոլին, շշեր էին դրանք։ Անծանոթը, որ փաթաթվել էր վերարկուի, շարֆի, գլխարկի ու ձեռնոցների մեջ, շատ անհամբեր դուրս եկավ սենյակից, որպեսզի դիմավորի Ֆիրենսայդի սայլակը, մինչ Հոլը շաղակրատում էր, նախքան կօգներ իրերը ներս տանելու։ Դուրս եկավ նա, չնշմարելով Ֆիրենսայդի շանը, որ dilettante մի եղանակով հոտոտում էր Հոլի սրունքները։
 +
 +
― Դե շուտ բերեք այդ արկղները,― գոչեց նա։― Առանց այդ էլ շատ սպասեցի։
 +
 +
Ապա աստիճաններով ցած իջավ և ուղղվեց դեպի սայլակի հետնամասը, ասես ուզում էր վերցնել փոքրիկ զամբյուղը։
 +
 +
Հենց որ Ֆիրենսայդի շունը տեսավ անծանոթին, վայրագորեն ցցվեց տեղում ու մռլտաց, իսկ երբ սա աստիճաններով ցած խուժեց, շունը մի թեթև ցատկեց, ապա ուղիղ նրա ձեռքի վրա նետվեց։
 +
 +
― Օ՜շտ,— ընկրկելով բղավեց Հոլը, որ շներից վախենում էր, իսկ Ֆիրենսայդը մռնչաց։
 +
 +
― Պառկի՛ր,― և խլեց մտրակը։
 +
 +
Նրանք տեսան, թե ինչպես շան ատամները սահեցին անծանոթի ձեռքի վրայով, քացու ձայնը լսեցին, ապա տեսան, որ շունը մի կողմ ցատկեց ու կպավ անծանոթի սրունքին։ Հետո լսվեց նրա պատռվող տաբատի ճթթոցը։ Ֆիրենսայդի մտրակի փափուկ ծայրը հասավ իր ապրանքին, և շունը, սարսափից կաղկանձելով սայլակի անիվների տակ քաշվեց։ Այդ բոլորը կես րոպեի պատմություն եղավ։ Ոչ ոք չէր խոսում, ամենքը գոռում էին։ Անծանոթը արագ մի նայվածք նետեց պատռված ձեռնոցին և սրունքին, ասես ուզում էր թեքվել դեպի սրունքը, ապա շուռ եկավ ու աստիճաններով վեր, դեպի պանդոկ վազեց։ Նրանք լսեցին, թե նա ինչպես շտապ անցավ միջանցքով և առանց ուղեգորգի աստիճաններով, սենյակ բարձրացավ։
 +
 +
— Ա՜յ դու ապուշ արարած,— թշշաց Ֆիրենսայդը մտրակը ձեռքին սայլակից ցած իջնելով, մինչ շունը անիվների ետևից նրան էր գիտում։— Արի էստեղ, թե չէ․․․
 +
 +
Հոլը ապշահար կանգնել էր։
 +
 +
— Կծեց նրան,― ասաց Հոլը։― Գնամ֊տեսնեմ ինչ եղավ։― Եվ անծանոթի ետևից սանդուղքով վեր նետվեց։ Միջանցքում նա պատահեց տիկին Հոլին։― Սայլապանի շունը կծեց նրան։
 +
 +
Հոլը ուղիղ վերնահարկ բարձրացավ, հրեց անծանոթի կիսաբաց դուռը և առանց այլևայլի մտավ, ի բնե կարեկից բնավորության տեր լինելով։
 +
 +
Վարագույրը ցած էր թողնված և սենյակում կիսամութ էր։ Լոկ մի ակնթարթ Հոլը նշմարեց շատ արտասովոր մի պատկեր՝ դեպի իր կողմն էր թափահարվում անձեռք բազուկի պես մի բան և մի դեմք, որ բաղկացած էր սպիտակի վրա երեք խոշոր, աղոտ կետերից, իսկ և իսկ հնգատերև մանուշակ: Ապա կրծքին շատ բուռն մի հարված ստացավ, դեպի ետ հրվեց, և դուռը շրխկոցով փակվեց քիթ ու բերնին ու կողպվեց։ Եվ այդ բոլորն այնքան արագ, որ Հոլը գլխի չընկավ, թե ինչ կատարվեց։ Շփոթ ձևերի շարժումներ, մի հարված ու ցնցում... Եվ ահա նա կանգնեց խավար ու փոքրիկ արտասանդուղքի վրա, մտորելով, թե այդ ինչ տեսավ։
 +
 +
Մի քանի րոպե անց նա միացավ «Կառք ու ձիեր» պանդոկի առաջ հավաքված մարդկանց։ Այստեղ էր Ֆիրենսայդը, որ արդեն երկրորդ անդամ պատմում էր դեպքը, այստեղ էր տիկին Հոլը, որ ասում էր, թե նրա շան ինչ բանն է իր հյուրերին կծելը. այստեղ էր դիմացի խանութպանը՝ Հաքսթըրը, որ հարցեր էր տալիս, և դարբին Սենդի Ուեջըրզը, որ խոհուն լսում էր։ Եվ հետո՝ կանայք ու երեխաներ, որոնք անմտություններ էին դուրս տալիս. «Հլա թող փորձեր կծել, չէ մի..» «Չի՛ կարելի էսպես շներ պահել․․․» «Բա ինչի կծեց...» և այլն, և այլն...
 +
 +
Պարոն Հոլը սանդուղքի վրա կան գնած ականջ էր դնում. նրան թվաց, թե վերնահարկում ոչ մի արտասովոր բան չէր տեսել։ Եվ հետո, տպավորությունները արտահայտելու համար շատ սահմանափակ էր բառապաշարը։
 +
 +
― Ասում է՝ ոչ մի բանի կարիք չի զգում,― հարեց նա, պատասխանելով կնոջ հարցումին։― Լավ կանենք՝ ներս տանենք բեռները։
 +
 +
― Պետք է իսկույն դաղել վերքը,― ասաց պարոն Հաքսթըրը։― Հատկապես եթե բորբոքված է։
 +
 +
― Ինձ մնար, կխփեի այդ շանը,― գոչեց կանանցից մեկը։
 +
 +
Հանկարծ շունը նորից սկսեց մռլտալ։
 +
 +
― Դե շարժվե՛ք,— գոռաց բարկացած մի ձայն, և շեմքին երևաց անծանոթր, որը մի լավ փաթաթվել էր, օձիքը բարձրացրել էր և գլխարկի բոլորքն էլ իջեցրել։― Ինչքան շուտ ներս տանեք իրերս՝ այնքան լավ։
 +
 +
Անանուն ականատեսներից մեկն ասում է, թե նա փոխել էր տաբատն ու ձեռնոցները։
 +
 +
― Վերքը խո՞րն է, սըր,― հարցրեց Ֆիրենսայդը։― Շատ եմ ցավում, որ իմ շունը...
 +
 +
― Դատարկ բան է․․․― պատասխանեց անծանոթը։― Մաշկը չի էլ պատռվել։ Դե՛ շտապ փոխադրեցեք իրերը։
 +
 +
Ապա, ինչպես հավաստիացնում է պարոն Հոլը, նա յուրովի հայհոյեց։
 +
 +
Անմիջապես, որ առաջին զամբյուղը իր իսկ ցուցումով հյուրասենյակ տարվեց, անծանոթը արտասովոր անհամբերությամբ վրան նետվեց և սկսեց բացել, առանց խղճահարության ծղոտները շաղ տալով տիկին Հոլի կարպետի վրա։ Եվ ահա զամբյուղից դուրս քաշեց ամեն տեսակի շշեր― հաստափոր փոքրիկ շշեր՝ մեջը փոշի լցված, փոքրիկ, լղարիկ շշեր՝ գունավոր և սպիտակ հեղուկներով, ակոսավոր կապույտ շշեր՝ թույն պիտակով, բարակ վզերով կլոր շշեր, կանաչ ապակե և սպիտակ ապակե խոշոր շշեր, և հետո շշեր ապակե խցանով և փայլատ պիտակով, բարակ խցաններով, կալաններով և փայտե կափարիչներով, գինու շշեր ու աղցանի ձեթի շշեր։ Այդ բոլորը նա շարքով տեղավորեց պահարանի վրա, բուխարիի գլխավերևը, պատուհանի տակ դրված սեղանին, հատակին, գրքերի դարակի վրա— մի խոսքով՝ ամենուրեք։ Բրեմբըլհըրստի դեղատունն իր օրում այդ շշերի կեսն իսկ չէր ունեցել։
 +
 +
Իսկապես որ տեսնելու բան էր։ Զամբյուղ զամբյուղի ետևից շշեր էր թափում, մինչև որ վեցն էլ դատարկվեցին, ծղոտները դիզվեցին սեղանի վրա։ Շշերից զատ, զամբյուղներից դուրս եկան միայն մի քանի փորձանոթ և խնամքով փաթաթված մի կշեռք։
 +
 +
Հենց որ դատարկվեցին զամբյուղները, անծանոթը մոտեցավ լուսամուտին և սկսեց աշխատել, բնավ ուշադրություն չդարձնելով չորս կողմը շաղ տրված ծղոտների, հանգած բուխարիի, դրսում թողնված գրքերի արկղի և կամ վեր բերված մյուս արկղների կամ ճամպրուկների վրա։
 +
 +
Երբ տիկին Հոլը ճաշը բերեց, անծանոթն արդեն խորասուզվել էր աշխատանքում և շշերից՝ փորձանոթների մեջ կաթիլ-կաթիլ հեղուկներ էր լցնում, ուստի չնկատեց նրա ներս մտնելը, մինչև որ պանդոկապետուհին սրբեց֊թափեց սեղանի վրայի ծղոտների կույտը, գուցե մի քիչ աղմկալի կերպով, տեսնելով, թե ինչ վիճակում է հատակը։ Անծանոթը գլուխը տիկին Հոլի կողմը դարձրեց, ապա անմիջապես շուռ եկավ։ Բայց սա տեսավ, թե կենվորը հանել էր ակնոցը, որ հենց նրա կողքին, սեղանի վրա էր։ Տիկնոջը թվաց, թե նրա ակնակապիճները արտակարգորեն խորն են։ Կենվորը դարձյալ դրեց ակնոցը, ապա շուռ եկավ ու նայեց տիկին Հոլի դեմքին։ նա պատրաստվում էր գանգատվել հատակին շաղ տրված ծղոտի մասին, բայց կենվորը կանխեց նրան։
 +
 +
― Խնդրում եմ առանց բախելու ներս չմտնեք,― ասաց նա արտակարգ վրդովմունքի այն շեշտով, որ բնորոշ էր նրա համար։
 +
 +
― Ես բախեցի, բայց երևի...
 +
 +
― Գուցե և բախեցիք։ Բայց իմ հետազոտությունների Ժամանակ, հետազոտություններ, որոնք խիստ շտապ ու կենսական են, ամենափոքր խանգարումը, դռան ճռնչյունը... Ուստի խնդրում եմ ձեզ...
 +
 +
― Իհարկե, սըր։ Եթե ուզում եք, կարող եք կողպել դուռը... Երբ ցանկանաք...
 +
 +
— Շատ լավ միտք է,― գոչեց անծանոթը։
 +
 +
― Բայց այս ծղոտները, սըր։ Եթե ներելի է, որ համարձակվեմ նկատել...
 +
 +
— Հարկ չկա։ Եթե ծղոտները անհանգստացնում են ձեզ, իմ հաշվին գրեցեք։— Եվ նա տիկին Հոլի դեմ քրթմնջաց, և այդ խոսքերը շատ նման էին հիշոցների։
 +
 +
Այնքան տարօրինակ էր նա, պատուհանի առաջ կանգնած, կռվարար և ուր որ է պայթելու մոտ, մի ձեռքում շիշը և մյուսում՝ փորձանոթը, որ տիկին Հոլը երկյուղ զգաց։ Բայց նա վճռական կին էր։
 +
 +
— Այդ դեպքում, կուզենայի իմանալ, սըր, ըստ ձեզ, ինչքան պետք է...
 +
 +
― Մի շիլինգ։ Մի շիլինգ հաշվեք։ Ինչ խոսք, որ դա բավական է։
 +
 +
— Թող այդպես լինի,— ասաց տիկին Հոլը և ծածկոցը վերցնելով սկսեց սեղան բանալ։― Եթե դա ձեր սրտով է, իհարկե։
 +
 +
Անծանոթը շուռ եկավ ու նստեց, թիկունքը պանդոկապետտուհուն դարձնելով։
 +
 +
Ամբողջ հետմիջօրեն դուռը կողպած աշխատեց և, ինչպես վկայում է տիկին Հոլը, ընդհանուր առմամբ՝ կատարյալ լռության մեջ։ Բայց մի պահ լսվեց մի թնդյուն և շշերի զնգոց, ասես հարվածել էին սեղանը, ապա բուռն կերպով դեն շպրտված շշի կոտրվելու աղմուկ և արագ֊արագ սենյակը չափչփող քայլերի դոփյուն։ Վախենալով, թե բան է պատահել, տիկին Հոլը մոտեցավ դռանը և ականջ դրեց, չհամարձակվելով բախել։
 +
 +
— Առաջ չի՜ գնում,— մռնչում էր կենվորը,— առաջ չի գնում։ Երեք հարյուր հազար, չորս հարյուր հազար․․․ Անըմբռնելի է․․․ Խաբվա՜ծ եմ․․․ Սա ամբողջ կյանքս կմաշի։ Համբերությո՜ւն․․․ Հե՜շտ է ասելը․․․ Տխմարի ու խաբեբայի մեկը...
 +
 +
Խորտկարանի կղմինդրե հատակին դոփդոփացին մեխավոր կոշիկներ, և տիկին Հոլը հակառակ իր ցանկության, մինչև վերջ չլսեց մենախոսությունը։ Երբ վերադարձավ, սենյակում նորից լռություն էր տիրում, բացի նրա աթոռի թեթև ճռճռոցից և շշերի պատահական զնգոցից։ Ամեն ինչ վերջացել էր, անծանոթը վերսկսել էր աշխատանքը։
 +
 +
Երբ տիկին Հոլը թեյ մատուցեց, սենյակի անկյունում տեսավ ապակիի կտորտանքներ, որոնք թափվել էին գոգավոր հայելու տակ և ոսկեզօծ մի նախշ, որ անզգուշությամբ ջնջված էր։ Նա կենվորի ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա։
 +
 +
— Իմ հաշվին գրեցեք,― կտրուկ ասաց անծանոթը։― Աստծո սիրույն, գլուխս մի տանեք։ Եթե որևէ բան վնասվել է, իմ հաշվին գրեցեք։― Եվ նա շարունակեց նշումներ անել իր առաջ գտնվող տետրում գրված ցուցակի վրա։
 +
 +
— Արի քեզ մի բան ասեմ,― ասաց Ֆիրենսայդը խորհրրդավոր եղանակով։ Երեկոն իջնում էր, և նրանք գտնվում էին Այպինգի «Հենգըր» գարեջրատանը։
 +
 +
— Ի՜նչ,— գոչեց Թեդդի Հենֆրին։
 +
 +
— Այս քո ասած մարդը, նա՛, ում կծեց շունս․․․ Դե լավ, սևամորթ է։ Գոնե սրունքները։ Աչքովս տեսա տաբատի և ձեռնոցի պատռվածքից։ Պետք էր սպասել, որ վարդագույն մաշկ երևար, չէ՞։ Բայց իսկի էլ այդպես չէր։ Միայն սև էր երևում։ Ես քեզ բան եմ ասում, այդ մարդը գլխարկիս պես սև էր։
 +
 +
― Ողորմա՜ծ տեր,— բացականչեց Հենֆրին։― Այս ինչ հանելուկ է։ Բայց չէ՞ որ քիթը վարդադույն է, ասես ներկած լինի։
 +
 +
— Ճիշտ է,— պատասխանեց Ֆիրենսայդը։— Ես էլ եմ նկատել։ Դե դու հիմա լսիր, ինչ եմ ասում։ Այդ մարդը ինչ֊որ խատուտիկ է, Թեդդի։ Մի տեղ սև է, մի ուրիշ տեղ սպիտակ― պիսակներով ծածկված է։ Եվ դրա համար էլ ամաչում է։ Մի տեսակ խառնածին է։ Եվ գույնը փոխանակ խառնվելու, պիսակներով է դուրս եկել։ Սրանից առաջ լսել էի այսպիսի դեպքերի մասին։ Ամեն մարդ էլ գիտե. ձիերի մոտ սովորական բան է։
  
 
== Գլուխ չորրորդ։ Պարոն Քասը զրույց է ունենում անծանոթի հետ ==
 
== Գլուխ չորրորդ։ Պարոն Քասը զրույց է ունենում անծանոթի հետ ==

00:33, 10 Փետրվարի 2016-ի տարբերակ

Անտեսանելի Մարդը

հեղինակ՝ Հերբերտ Ուելս
թարգմանիչ՝ Հրաչ Բուջիկանյան


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Բովանդակություն

Գլուխ առաջին։ Տարօրինակ մարդու ժամանումը

Անծանոթը եկավ փետրվարի սկզբին, ձմեռային մի օր։ Բուք ու բորան էր, տարվա վերջին բուքը։ Նա բլրալանջով ցած իջավ. ըստ երևույթին ոտքով էր եկել Բրեմբըլհըրստ կայաբանից՝ հաստ ձեռնոցով ձեռքում մի սև ճամպրուկ բռնած։ Ոտքից մինչև գլուխ փաթաթվել էր և կակուղ ֆետրե գլխարկի բոլորքը ծածկում էր ամբողջ դեմքը, բացի քթի փայլուն ծայրից։ Ձյունը դիզվել էր նրա ուսերին ու կրծքին և մի սպիտակ կատար էր ավելացրել նրա կրած բեռին։ Հազիվհազ քարշ գալով նա մտավ «Կառք ու ձիեր» պանդոկը, ըստ երևույթին ավելի մեռած, քան ողջ, և ճամպրուկը ցած գցեց։

— Մի կրա՛կ,— գոչեց նա,— հանո՜ւն մարդասիրության, մի սենյակ և կրակ։— Խորտկարանում նա դոփդոփեց ու թափ տվեց վրայի ձյունը և տիկին Հոլի հետքերով հյուրասենյակ մտավ, որպեսզի պայմանների մասին համաձայնության գա։ Այս կարճ ծանոթացումից և պայմաններին տեղն ու տեղը համաձայնելուց հետո, նա երկու ստերլինգ նետեց սեղանին և տեղավորվեց պանդոկում։

Տիկին Հոլը կրակը վառեց ու մի պահ մենակ թողեց հյուրին, որպեսզի անձամբ ճաշ պատրաստի նրա համար։ Ձմեռ ժամանակ Այպինգում կենվոր ունենալը անլուր բախտավորություն էր, այն էլ այնպիսի կենվոր, որ չէր սակարկում, և տիկին Հոլը որոշեց ցույց տալ, թե ինքն արժանի է այդ բախտին։ Հենց որ խոզապուխտը կարմրեց և ծանրաշարժ սպասուհին՝ Միլին, մի քիչ աշխուժացավ ճարտարորեն ընտրված մի քանի արհամարհալից խոսքերով, տիկին Հոլը հյուրասենյակ տարավ սփռոցը, պնակներն ու բաժակները և սկսեց առավելագույն շուքով բացել սեղանը։ Թեև կրակն աշխուժորեն բոցավառվում էր, նա զարմանքով տեսավ, որ հյուրը դեռևս չէր հանել գլխարկն ու վերարկուն, այլ կռնակն իրեն դարձրած պատուհանից դիտում էր բակում տեղացող ձյունը. ձեռնոցավոր ձեռքերը մեջքին դրած, անծանոթը թաղվել էր մտքերի մեջ։ Պանդոկապետուհին նկատեց, որ նրա ուսերին նստած հալած ձյունը կաթկթում էր իր կարպետների վրա։

― Թույլ չե՞ք տա, սը՛ր,— ասաց տիկին Հոլը,— վերցնել ձեր գլխարկն ու վերարկուն և մի լավ չորացնել խոհանոցում։

— Ո՛չ,― հարեց անծանոթը առանց շուռ գալու։

Տիկին Հոլին թվաց, թե սխալ լսեց և պատրաստվեց կրկնել հարցումը։

Հյուրը գլուխը շրջեց և ուսի վրայով նայեց պանդոկապետուհուն։

— Նախընտրում եմ չհանել գլխարկս ու վերարկուս,— շեշտակի ասաց նա, և տիկին Հոլը նկատեց, որ կապույտ ու խոշոր պահպանակնոց էր կրում նա, իսկ թավ այտամորուքները ամբողջովին ծածկում էին դեմքը և իջնում վերարկուի օձիքի վրա։

― Շատ բարի, սը՛ր,— ասաց տիկին Հոլը։— Ոնց ուզում եք։ Սենյակը հիմի կտաքանա։

Անծանոթը չպատասխանեց և դարձյալ շուռ տվեց դեմքը։ Զգալով, որ մի զրույց սկսելու փորձերն անտեղի են, տիկին Հոլը արագ ու կտրուկ շարժումներով դասավորեց սեղանը և սենյակից դուրս սահեց։ Երբ վերադարձավ, անծանոթը դեռ կանգնել էր տեղում, իսկ և իսկ քարե արձան, կռացած, օձիքը վեր դարձրած, իսկ գլխարկի կաթկթող բոլորքը վար իջեցրած, այնպես որ դեմքն ու ականջները բոլորովին չէին երևում։ Զգալիորեն շեշտված շարժումով տիկին Հոլը ձվածեղն ու խոզապուխտը սեղանին դրեց և ավելի շուտ ձայն տվեց նրան, քան թե ասաց.

— Ձեր նախաճաշը պատրաստ է, սը՛ր։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց անծանոթը իսկույն, բայց տեղից չշարժվեց, մինչև որ տիկին Հոլը դուռը ետևից չփակեց։ Ապա շուռ եկավ և սեղանին մոտեցավ։

Երբ խորտկարանի վաճառասեղանի ետևն անցավ ու խոհանոց մտավ, պանդոկապետուհին լսեց համաչափ ընդհատումներով կրկնվող մի ձայն, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ ― պնակի մեջ արագ պտտվում էր գդալը։— Ա՜խ այդ աղջիկը,— գոչեց նա։— Տե՛ս, ոնց մոռացա։ Ի՜նչ ծանրաշարժն է։― Ու մինչդեռ կվերջացներ մանանեխը խառնելը, խայթող մի քանի խոսք նետեց Միլիին, նրա ծայրահեղ դանդաղկոտության համար։ Ինքը խոզապուխտն ու ձվածեղը եփել էր, սեղանը շտկել ու ամեն ինչ պատրաստել, իսկ Միլին (այսպե՜ս էլ սպասուհի...) վերջ ի վերջո ուշացրել էր մանանեխը։ Իսկ սա այնպիսի մի հյուր է, որն այստեղ մնալ է ուզում։ Ապա նա լցրեց մանանեխի ամանը և հատուկ հանդիսավորությամբ ոսկեզօծ սև մատուցարանի վրա դնելով, հյուրասենյակ տարավ։

Դուռը բախեց և անմիջապես ներս մտավ։ Նույն ակնթարթին անծանոթը արագ շարժվեց, տիկին Հոլը հազիվհազ նշմարեց ինչ-որ սպիտակ բան, որ աներևութացավ սեղանի ետևը։ Կարծեք հյուրը հատակին ընկած մի իր էր վերցնում։ Պանդոկապետուհին մանանեխի ամանը թրխկոցով դրեց սեղանի վրա, ապա նկատեց, որ հյուրը վերարկուն ու գլխարկը հանել էր ու դրել աթոռին, բուխարու առաջ։ Մի զույգ թաց, սև կոշիկներ սպառնում էին ժանգոտել պողպատե վանդակորմը։ Նա վճռականորեն մոտեցավ այդ իրերին։

― Ինձ թվում է՝ այլևս կարող եմ վերցնել ու չորացնել սրանք,— ասաց նա առարկություն չընդունող շեշտով։

― Թողե՛ք գլխարկս,— ասաց նորեկը խեղդուկ ձայնով։ Շուռ գալով, տիկին Հոլը տեսավ, որ նա գլուխը բարձրացրել էր ու նստած՝ իրեն էր նայում։

Տիկին Հոլը մի պահ ակնապիշ դիտեց անծանոթին, և զարմանքից լեզուն կապ ընկավ։

Մարդը դեմքի ստորին մասը ծածկել էր սպիտակ շորով (հետը բերած անձեռոցիկն էր), բերանն ու կզակը բնավ չէին երևում, դրա համար էլ ձայնը խեղդուկ էր։ Բայց տիկին Հոլին հանկարծակիի բերողը դա չէր։ Խնդիրն այն էր, որ կապույտ ակնոցից վերև՝ ամբողջ ճակատը ծածկված էր սպիտակ վիրակապով, իսկ մի ուրիշ վիրակապ ծածկում էր ականջները, բաց չթողնելով և ոչ մի մասը, բացի վարդագույն, սրածայր քթից։ Վառ վարդագույն էր դա և փայլում էր, ինչպես այն պահին, երբ առաջին անգամ երևացել էր անծանոթը։ Հագել էր թավշյա մուգ-սրճագույն բաճկոն, սև աստառով բարձրադիր օձիքով, որ վզի շուրջը վեր էր դարձվել։ Խիտ, սև մազերը, որոնք ինչքան հնարավոր էր դուրս էին պրծել իրար խաչաձևող վիրակապերի տակից ու արանքներից ― իսկ և իսկ արտառոց պոչիկներ ու եղջյուրներ — աներևակայելիորեն տարօրինակ տեսք էին տալիս նրան։ Այս փաթաթված, վիրակապված գլուխն այնքան տարբեր էր տիկին Հոլի պատկերացումից, որ մի պահ նա քարացավ֊մնաց։

Անծանոթը դեմքից չհեռացրեց անձեռոցիկը. Նա դեռ բռնել էր այն՝ սրճագույն ձեռնոց կրող ձեռքում, ինչպես այժմ նկատեց տիկին Հոլը։

― Թողե՛ք գլխարկս,— կրկնեց նա շատ հստակ խոսելով սպիտակ շորի միջով և անքնին կապույտ ակնոցով տիկին Հոլին նայելով։

Տիկնոջ ցնցված ներվերը հանգստացան։ Նա դարձյալ գլխարկը դրեց բուխարիի առջևի աթոռին։

― Ես չգիտեի, սը՛ր, որ...— սկսեց նա և շփոթված կանգ առավ։

― Շնորհակալ եմ,— ասաց նորեկը սառնորեն, հայացքը պանդոկապետուհուց դեպի դուռը և ապա նորից դեպի նա տանելով։

― Իսկույն մի լավ կչորացնեմ,— ասաց տիկին Հոլը և հագուստները սենյակից դուրս տարավ։ Դռնով դուրս գալիս նա դարձյալ նայեց անծանոթի սպիտակ վիրակապերով փաթաթված գլխին և կապույտ պահպանակնոցին, բայց անձեռոցիկը առաջվա պես ծածկում էր բերանը։ Դուռն ետևից փակելիս տիկին Հոլը մի քիչ սարսռաց. դեմքը շատ բան էր ասում նրա զարմանքի ու շփոթմունքի մասին։— Ողջ կյանքումս...— շշնջաց նա։— Դե լավ... Ապա հանդարտ քայլերով խոհանոց գնաց, բայց այնքան տարված էր մտքերով, որ Միլիին չհարցրեց, թե հիմա՛ ինչ բանի է։

Նորեկը նստեց ու ականջ դրեց պանդոկապետուհ ու հեռացող ոտնաձայնին և զննող հայացքը հառեց պատուհանին, նախքան դեն կնետեր անձեռոցիկը և կվերսկսեր նախաճաշը։ Նա մի պատառ կերավ, կասկածանքով նայեց պատուհանին, մի երկրորդ պատառ էլ կերավ, ապա վեր կացավ և անձեռոցիկը ձեռքին մոտեցավ պատուհանին և վարագույրը ցած քաշեց, մինչև հասցրեց ներքևի ապակիները ծածկող սպիտակ մառլային։ Սենյակը թաղվեց մթնշաղի մեջ։ Հենց որ այդ արեց, մի քիչ թեթևացած ուղղվեց դեպի սեղանը և շարունակեց նախաճաշը։

― Խեղճ մարդը արկած է ունեցել կամ էլ վիրահատվել է և կամ որևէ փորձանք է եկել գլխին,— ասաց տիկին Հոլը։― Ինչպե՜ս ցնցեցին ինձ այդ վիրակապերը...

Ապա կրակի վրա մի քիչ էլ ածուխ դրեց, հագուստների իշոտնուկը բացեց և վրան փռեց նորեկի վերարկուն։

― Հապա այդ ակնո՜ցը... Ախր, ավելի շուտ սուզակի սաղավարտի էր նման, քան մարդկային գլխի։— Տիկին Հոլը իշոտնուկի մի անկյունում կախեց անծանոթի շարֆը։— Իսկ այդ շորը մինչև վերջը բերանի առաջ բռնելը և դրա միջով խոսե՞լը... Ո՛վ գիտե, գուցե բերանն էլ է վնասվել։

Նա շուռ եկավ, հանկարծ մի բան հիշելով.

— Ողորմա՜ծ տեր,— գոչեց նա ընդոստ առաջ նետվելով,— դու դեռ չե՞ս վերջացրել այդ թխվածքը, Միլի։

Երբ տիկին Հոլը գնաց անծանոթի սեղանը հավաքելու, այլևս հաստատվեց նրա գուշակությունը, թե ինչ֊որ արկածով վիրավորվել կամ այլանդակվել էր նրա բերանը, նա ծխում էր, բայց այնքան ժամանակ, որ տիկին Հոլը հյուրասենյակումն էր, ծխամորճը բերանը դնելու համար ոչ մի անգամ չթուլացրեց այտի շուրջ փաթաթված մետաքսե շարֆը։ Եվ դա մոռացկոտությունից չէր, որովհետև տիկին Հոլը նշմարեց, որ նա դիտում էր մարմրող ծխամորճը։ Անկյունում նստել էր նա, մեջքը տված պատուհանի վարագույրին, հիմա որ կերել֊խմել և հաճելիորեն տաքացել էր, առաջվա պես խայթող ու կտրուկ չէր խոսվածքը։ Հրացոլքը մի տեսակ կարմիր աշխուժություն էր տալիս մինչ այդ՝ կյանքի ոչ մի նշույլ ցույց չտվող ակնոցին։

― Մի քանի ճամպրուկ ունեմ Բրեմբըլհըրստի կայարանում,— ասաց նա և հարցրեց, թե ինչպես կարող է ստանալ։ Շատ քաղաքավարի խոնարհեց վիրակապված գլուխը առ ի շնորհակալություն տիկին Հոլի տված բացատրության։— Վա՞ ղը...— գոչեց նա։— Իսկ ավելի շուտ չի՞ կարելի,— և հիասթափվեց, երբ տիկին Հոլը պատասխանեց՝ ոչ։— Մի՞թե ոչ մի կերպ չի կարելի,— պնդեց անծանոթը։— Որևէ սայլապան չկա՞, որ գնա ու բերի։

Տիկին Հոլը հաճույքով պատասխան ում էր նրա հարցերին և առաջ տանում զրույցը։

― Սարահարթում ճանապարհը զառիվեր է, սը՛ր,— ասաց նա՝ պատասխանելով սայլապանի մասին հաճախորդի արած հարցումին և ապա, որսալով ծագած առիթը։— Մի տարի է, ինչ հենց այդ ճամփին մի կառք շուռ եկավ։ Կառապանից զատ մի ջենտլմեն էլ էր սպանել։ Արկած ասածդ վայրկյանի բան է։ Ճիշտ չե՞մ ասում, սը՛ր։

Բայց հյուրին խոսքի բռնելն այնքան էլ հեշտ չէր։

— Ճիշտ եք ասում,— հարեց նա, անթափանց ակնոցի միջով նրան նայելով։

— Իսկ վերքերի բուժումը երկար է քաշում, չէ՞, սըր։ Քրոջս տղան՝ Թոմը մանգաղով թևն էր կտրել, խոտի դաշտում վրան էր ընկել և աստվա՜ծ իմ, ամբողջ երեք ամիս թևը կապված մնաց, սը՛ր։ Մարդու հավատալը չէր գալիս։ Այդ օրվանից, սը՛ր, մահու չափ վախենում եմ մանգաղներից։

― Հասկանում եմ,— ասաց հյուրը։

― Մի ժամանակ վախենում էր՝ հարկ կլինի վիրահատել, այնքան որ վատ էր զգում, սը՛ր։

Հյուրը անտեղի ծիծաղեց, հաչոցի նման մի ծիծաղ, որ նա կարծես կծեց ու խեղդեց բերանում։

― Վատ էր զգում, հա՞,— հարցրեց նա։

― Այո՛, սըր։ Եվ դա իսկի ծիծաղելի չէր նրան խնամողների համար, թեկուզ ինձ համար, քանի որ քույրս փոքրիկ երեխաներով էր զբաղված։ Բան ու գործս վիրակապ կապել ու վիրակապ քանդելն էր։ Այնպես որ, թույլ տվեք համարձակություն ունենամ ասել․․․

— Ինձ լուցկի չե՞ք բերի,— ասաց հյուրը հանկարծ։― Ծխամորճս հանգել է։

Տիկին Հոլը սառեց-մնաց։ Բոլոր արածների մասին այսպես պատմելուց հետո, անծանոթի վարմունքն անկասկած կոպիտ էր։ Մի պահ բերանաբաց նրան նայեց ու հիշեց երկու ստերլինգը։ Եվ գնաց լուցկի բերելու։

― Շնորհակալություն,― կարճ ասաց հյուրը, երբ տիկին Հոլը սեղանին դրեց լուցկին։ Ապա նա թիկունքը շուռ տալով դարձյալ պատուհանից դուրս նայեց։ Դա չափազանց վհատեցուցիչ էր։ Բացահայտ էր՝ վիրահատումների և վիրակապերի մասին ամեն մի զրույց տհաճ էր նրա համար։ Ուստի, տիկին Հոլը այլևս «այնքան համարձակուլթյուն չունեցավ» մի բան ասելու։ Բայց այդ վիրավորանքը վրդովեց նրան և ամբողջ հետմիջօրեն նա Միլիի հոգին կերավ։

Հյուրը մինչև ժամը չորսը հյուրասենյմնաց, առանց առիթ տալու, որ որևէ մեկը մոտը գնար։ Համարյա ամբողջ ժամանակ շատ հանդարտ էր. երևի նստել էր հետզհետե իջնող մթության մեջ և հրացոլքի դիմաց ծխում էր, կամ մրափում։

Եթե որևէ մեկը ուշադիր ականջ դներ, կլսեր, թե ինչպես նա մերթ ընդ մերթ խառնում էր կրակը և ապա մի հինգ րոպե չափչփում էր սենյակը։ Թվում էր՝ նա խոսում էր ինքն իրեն։ Ապա բազկաթոռը ճռճռում էր, երբ նա նորից նստում էր։

Գլուխ երկրորդ։ Պարոն Թեդդի Հենֆրիի առաջին տպավորությունը

Ժամը չորսին, երբ բավական մթնել էր, և տիկին Հոլը ինքն իրեն սրտապնդում էր, որ ներս գնա և կենվորին հարցնի՝ թեյ չի՞ ուզում, ժամագործ Թեդդի Հենֆրին խորտկարան մտավ։

— Տե՜ր աստված, այս ինչ սարսափելի եղանակ է, միսիս Հոլ,— գոչեց նա,— մանավանդ երբ մարդու հագին բարակ կոշիկներ են։

Դրսում ձյունն ավելի առատ էր տեղում։

Տիկին Հոլը համաձայնեց, թե եղանակը վատ է, իսկ երբ նշմարեց, որ պայուսակը նրա հետն է, մի փայլուն միտք հղացավ։

— Հիմա, որ այստեղ եք, միստր Թեդդի,— ասաց նա,— շատ եմ խնդրում, մի քիչ աչքի անցկացնեիք հյուրասենյակի ժամացույցը։ Աշխատում է, ժամերն էլ ոնց որ պետք է խփում է, բայց ժամի սլաքը, վեցից բացի, ուրիշ բան ցույց չի տալիս։

Տիկին Հոլը առաջ անցնելով մոտեցավ հյուրասենյակի դռանը և բախելով ներս մտավ։

Դուռը բանալիս նկատեց, որ կենվորը բուխարիի առաջ, բազկաթոռում նստել էր և ըստ երևույթին մրափում էր. վիրակապված գլուխը մի կողմ էր թեքվել։ Սենյակում ուրիշ լույս չկար բացի հրացոլքից, որ երկաթգծի շեղակի ազդանշանների պես լուսավորում էր նրա ակնոցը, բայց մթության մեջ էր թողնում կախ ընկած դեմքը, իսկ օրվա վերջին շողերը կիսաբաց դռնով ներս էին թափանցում։ Ամեն ինչ կարմրավուն, ստվերոտ ու տարտամ թվաց առավել ևս նրա համար, որ հենց նոր էր վառել խորտկարանի ճրագը և աչքերը շլացել էին։ Բայց մի ակնթարթ թվաց, թե մարդը լայն բացել էր վիթխարի բերանը, անհավատալիորեն խոշոր մի բերան, որ կուլ էր տաԼիս դեմքի ամբողջ ստորին մասը։ Զգայացունց մի րոպե էր դա — սպիտակ վիրակապով գլուխ, հսկա ակնոց և ներքևը մի վիթխարի հորանջ։ Ապա կենվորը շարժվեց, ընդոստ ուղղվեց բազկաթոռում և ձեռքը բերանը տարավ։ Տիկին Հոլը դուռը լայն բացեց, սենյակը լուսավորվեց, և ահա կենվորն երևաց ավելի հստակ, դեմքը շարֆով ծածկած, ինչպես որ դրանից առաջ տեսել էր նրան՝ անձեռոցիկը դեմքի առաջ բռնած։ Նա վճռեց, թե ստվերները խաղի էին բերել իրեն։

— Թույլ կտա՞ք, սը՛ր, այս մարդն եկել է՝ ժամացույցը նայի, — ասաց նա վայրկենական ցնցումից ուշքի գալով։

— Ժամացույցը նայի՞, — ասաց կենվորը, քնկոտ նայվածքը չորս կողմը հառելով և ձեռքը բերանին դրած խոսելով։— Իհարկե։

Տիկին Հոլը դուրս եկավ, որ ճրագ բերի, իսկ անծանոթը վեր կացավ և ձգվեց։ Ապա ճրագն եկավ, և պարոն Թեդդի Հենֆրին հյուրասենյակ մտնելիս իր դիմաց գտավ վիրակապված այս մարդուն։ Եվ, իր իսկ ասելով, շշմեց։

— Բարի երեկո,— հարեց անծանոթը, նայելով նրան «խեցգետնի պես», ինչպես ինքը միստր Հենֆրին է ասում՝ խիստ տպավորված նրա սև ակնոցով։

— Հուսով եմ՝ չեմ անհանգստացնում ձեզ, — ասաց պարոն Հենֆրին։

— Բնա՛վ,— պատասխանեց անծանոթը։— Թեև, ինձ թվում էր,— ասաց նա տիկին Հոլին դառնալով,— թե այս սենյակն ինձ հատկացվեց իմ սեփական գործածության համար։

— Իսկ ես կարծում էի,— ասաց տիկին Հոլը,— թե դուք կուզենայիք, որ ժամացույցը...— Նա ուզում էր ավելացնել «նորոգվի» բայց անծանոթը ընդհատեց։

— Իհարկե, իհարկե, բայց առհասարակ ուզում եմ՝ ինձ մենակ թողնեն ու չխանգարեն։ Բայց ես իսկապես ուրախ եմ, որ ժամացույցը նորոգվում է,— ասաց նա, տեսնելով, որ պարոն Հենֆրին վարանած կանգ է առնում։— Շատ ուրախ եմ։

Պարոն Հենֆրին մտադիր էր ներողություն խնդրել և հեռանալ, բայց այս խոսքերը հանգստացրին նրան։ Անծանոթը թիկունքը բուխարիին էր դարձրել և ձեռքերը մեջքին դրել։

— Քիչ հետո, երբ ժամացույցի նորոգումը կվերջանա, թեյ կխմեմ։ Բայց ոչ դրանից առաջ,— ասաց նա։

Տիկին Հոլը պատրաստվում էր սենյակից հեռանալ. այս անգամ չփորձեց զրույց սկսել, որովհետև պարոն Հենֆրիի առաջ վիրավորանք կրել չէր ուզում, երբ կենվորը հարցրեց, թե որևէ կարգադրություն արե՞լ է Բրեմբըլհըրստում գտնվող արկղների մասին։ Տիկին Հոլն ասաց՝ այս խնդրի մասին խոսել է փոստատարի հետ և վաղը սայլապանը կբերի արկղները։

— Վստա՞հ եք՝ ավելի շուտ չի կարելի։

Տիկին Հոլը շեշտվածորեն սառն պատասխանեց, թե՝ վստահ է։

— Պետք է բացատրեմ ձեզ, ինչ որ նախապես չարեցի մրսած և հոգնած լինելուս պատճառով, թե գիտական հետազոտություններով եմ զբաղվում։

— Իսկապե՞ս, սըր,— հարեց տիկին Հոլը խիստ տպավորված։

— Եվ իմ արկղներում ապարատներ և գործիքներ կան։

— Ինչ խոսք, որ շատ պիտանի բաներ կլինեն,— գոչեց տիկին Հոլը։

— Եվ բնական է՝ անհամբեր եմ առաջ տանելու իմ պրպտումները։

— Իհարկե, սը՛ր։

— Իմ Այպինգ գալու պատճառը,— շարունակեր անծանոթը բացահայտ ճիգով ընտրելով բառերը,— այն է, որ... ես առանձնություն եմ փնտրում։ Չեմ ուզում աշխատանքս խանգարող լինի։ Դրանից զատ, մի արկած...

— Հենց այդպես էլ ենթադրում էի,— ասաց տիկին Հոլն ինքն իրեն։

— ... Անհրաժեշտ է դարձնում որոշ չափով առանձնանալ։ Աչքերս... երբեմն այնքան տկարանում են ու ցավում, որ ստիպվում եմ ժամերով փակվել մթան մեջ։ Դուռը վրաս կողպում եմ։ Երբեմն... մեկ֊մեկ... Ոչ հիմա, իհարկե։ Այդպիսի ժամանակ ամենաթեթև անհանգստությունը, որևէ անծանոթի սենյակս մտնելը, տանջալից տաղտուկ է պատճառում ինձ... Ավելի լավ է հենց սկզբից այս բոլորը պարզ լինի։

— Իհարկե, սը՛ր, — գոչեց տիկին Հոլը,— և եթե ինձ թույլ տրվի, կհամարձակվեմ հարցնել...

— Ինձ թվում է՝ այսքանը բավական է,— հարեց անծանոթը առարկություն չվերցնող հանդարտ ու անդիմադրելի շեշտով, որին նա դիմում էր երբեմն։ Տիկին Հոլը ավելի պատեհ մի առիթի վերապահեց հարցումներն ու համակրանքի արտահայտությունը։

Տիկին Հոլի սենյակից դուրս գալուց հետո, անծանոթը բուխարիի առաջ կանգնած մնաց, դաժան աչքերով դիտելով ժամացույցի նորոգությունը, ինչպես հետո ասում էր պարոն Հենֆրին։

Պարոն Հենֆրին հանել էր ոչ միայն ժամացույցի սլաքները այլև մեխանիզմը։ Նա ճգնում էր աշխատել ինչքան հնարավոր է դանդաղ, հանգիստ ու անշուք։ Ճրագը կողքին դրած աշխատում էր նա, և կանաչ լուսամփոփը պայծառ լույս էր սփռում ձեռքերի, ժամացույցի կառուցվածքի և անվակների վրա, իսկ ամբողջ սենյակը ստվերի մեջ էր թողնում։ Երբ ժամագործը վեր նայեց, խայտաբղետ բիծեր խաղացին աչքերի առաջ։ Ի բնե հետաքրքիր՝ նա բոլորովին ավելորդ տեղը հանել էր մեխանիզմը, այդտեղ երկար մնալու ու թերևս անծանոթի հետ զրույցի բռնվելու համար։ Բայց անծանոթը կանգնել էր, կատարելապես լուռ ու հանդարտ, այնքան հանդարտ, որ պարոն Հենֆրիի ջղերի վրա ազդեց։ Նա իրեն մենակ զգաց սենյակում ու վեր նայեց և ահա՛, գորշ ու տարտամ, երևաց վիրակապված գլուխը, սևեռուն իրեն հառած խոշոր կապույտ ակնոցը և այդ բոլորի առաջ խաղացող կանաչ բիծերի մշուշը։ Այդ ամենն այնքան ուրվային թվաց Հենֆրիին, որ մի պահ նրանք ակնապիշ իրար դիտեցին։ Ապա Հենֆրին նորից ցած նայեց։ Ինչ տհաճ դրություն... Մարդ կուզենար մի բան ասել։ Արդյոք չասի՞, թե տարվա այս եղանակի համար չափից դուրս ցուրտ է։

Դարձյալ վեր նայեց, ասես ուզում էր նշան բռնել այս ներածական կրակոցով։

— Օդը...— սկսեց նա։

— Ինչո՞ւ չեք վերջացնում ու գնում,— ասաց աներեր կերպարանքը, բացահայտ տանջանքով զսպելով զայրույթը։— Ձեր ամբողջ ամբողջ անելիքը ժամի սլաքը առանցքի վրա ամրացնելն է։ Պարզապես աչքիս փոշի եք փչում։

— Իհարկե, սը՛ր, այս րոպեիս, սը՛ր։ Ես մտքերով տարվեցի...— Եվ պարոն Հենֆրին գործը վերջացրեց ու գնաց։

Բայց նա դուրս եկավ չափազանց վրդովված։

— Գրո՛ղը տանի,— գոչեց նա ինքն իրեն, հալչող ձյունի վրայով գյուղամիջով քարշ գալով։— Հո մարդ մեկ֊մեկ պիտի նորոգի ժամացույցը։

Քիչ անց դարձյալ բռնկվեց.

— Ի՞նչ է, չի՞ կարելի քեզ նայել... Զզվելի՛...

Հետո էլի վրա տվեց.

— Երևի՝ չի՛ կարելի։ Թեկուզ ոստիկանությունը քեզ հետապնդելիս լիներ՝ դժվար, թե դրանից ավելի կապկպվեիր ու փաթաթվեիր։

Երբ Գլիզընների տան անկյունը հասավ, նա տեսավ Հոլին, որ վերջերս ամուսնացել էր «Կառք ու ձիեր» պանդոկի տիրուհու հետ և հիմա Այպինգի հանրակառքն էր վարում, երբ պատահական ուղևորներ ուզում էին Սիդըրբրիջ կայարանը գնալ։ Հենց հիմա նա այնտեղից էր վերադառնում։ Կառքը քշելու ձևից դատելով, պարզ էր, որ Հոլը մի քիչ «կանգ էր առել» Սիդըրբրիջում։

— Ո՞նց ես, Թեդդի,— հարցրեց նա, Հենֆրիին հավասարվելով։

— Տարօրինակ մի տիպ ունես տանդ,— գոչեց Թեդդին։

Հոլը սիրալիր ձգեց սանձը։

— Ինչ ասացի՞ր,— հարցրեց նա։

— Ես իմ հոգին... Տարօրինակ տեսքով մի հաճախորդ է իջել պանդոկդ։

Եվ նա սկսեց Հոլի օգտին վառ գույներով նկարագրել անճոռնի հյուրին։

— Ոնց որ ծպտված լինի։ Եթե մարդու մեկը պանդոկս իջներ, նախ կուզենայի դեմքը տեսնել,— ասաց Հենֆրին։— Բայց կին ասածդ դյուրահավատ է, երբ գործ ունի օտարների հետ։ Սենյակդ վարձել է, Հո՛լ, և իսկի անունն էլ չի տվել։

— Ի՜նչ ես ասում,— գոչեց Հոլը, որ ուշ էր գլխի ընկնում։

— Այո՛,— հաստատեց Թեդդին,— մի շաբաթով։ Ով էլ լինի, շաբաթը չվերջացած՝ նրանից ազատվել չես կարող։ Եվ վաղն էլ, ասում է, մի կույտ բեռ է գալիս ետևից։ Հուսանք արկղներով քարեր չեն, Հո՛լ։

Ապա պատմեց Հոլին, թե ինչպես Հեստինգզում դատարկ ճամպրուկներով մի անծանոթ շորթել էր հորաքրոջ դրամը։ Մեկ խոսքով՝ տարտամ կասկածներ արթնացրեց Հոլի մեջ։

— Դե շարժվի՛ր, պառավ, — մռլտաց Հոլը։— Երևի պիտի կարգի բերեմ այս գործը։

Թեդդին զգալիորեն թեթևացած շարունակեց ճանապարհը։

Սակայն, փոխանակ կարգի բերելու գործը, պարոն Հոլը շատ խիստ շշպռվեց կնոջ կողմից՝ Սիդըրբրիջում այնքան երկար մնալու համար. իսկ կենվորի մասին երկչոտ հարցումներին ստացավ կծու և խնդրին չվերաբերող պատասխաններ։ Հակառակ այս վհատեցուցիչ արդյունքին, Թեդդիի սերմանած կասկածն սկսել էր ծիլեր արձակել պարոն Հոլի մտքում։

— Դուք կնանիքդ իսկի բան չգիտեք,— գոչեց պարոն Հոլը, որ վճռել էր առաջին իսկ առիթով մանրամասն տեղեկանալ, թե ո՛վ էր իրենք հյուրը։ Ժամը ինն անց կեսին, երբ անծանոթը անկողին էր մտել, պարոն Հոլը գրգռիչ կերպով հյուրասենյակ մտավ և ուշադիր աչքի անցկացրեց կնոջ կարասիները, պարզապես ցույց տալու, թե անծանոթը տեր ու տիրական չէ այնտեղ. ապա ուշի֊ուշով ու մի քիլ էլ արհամարհանքով զննեց մաթեմատիկական հաշվումների մի թուղթ, որ անծանոթը թողել էր սեղանին։ Եվ երբ պառկեց քնելու, նա տիկին Հոլին խորհուրդ տվեց աչալուրջ քննել անծանոթի ճամպրուկները, որոնք հասնելու էին հաջորդ օրը։

— Դու քո գործին կաց, Հո՛լ,— ասաց տիկինը,— ես էլ իմ գործին։

Տիկինն ավելի ևս հակամետ էր խայթելու Հոլին, որովհետև անծանոթը իսկապես որ արտասովոր կերպով արտառոց օտարական էր, և հենց ինքը, պանդոկապետուհին, հոգու խորքում այնքան էլ ապահով չէր նրանից։ Գիշերվա կեսին նա ընդոստ զարթնեց, նա երազում տեսել էր խոշոր, սև աչքերով հսկա, սպիտակ գլուխներ, որոնք շաղգամի նման էին և անվերջանալի վզերի վրա թառած՝ գալիս էին իր հետքերով։ Բայց ողջմիտ կին լինելով, նա հաղթահարեց սոսկումը և շուռ գալով, նորից քուն մտավ։

Գլուխ երրորդ։ Հազար ու մի շշեր

Եվ այսպես, փետրվարի իննին, երբ հենց նոր էր սկսվել ձնհալը, այս արտասովոր մարդը անհունությունից ընկավ Այպինգ գյուղը։ Հաջորդ օրը տիղմի միջով հասան նրա բեռները։ Եվ խիստ ուշագրավ էին այդ բեռները։ Երկու արկղներ կային, որոնք, ճիշտ է, կարող էին պատկանել որևէ ողջմիտ մարդու, բայց դրանցից զատ կար խոշոր հաստափոր գրքերով լեցուն մի սնդուկ, գրքեր, որոնցից ոմանք անհասկանալի ձեռագրով և էլի մի երկվեցյակ զամբյուղներ, սնդուկներ և տուփեր՝ ծղոտի մեջ դրված առարկաներով։ Ինչպես թվաց անփույթ հետաքրրքրությամբ ծղոտը քաշքշող Հոլին, շշեր էին դրանք։ Անծանոթը, որ փաթաթվել էր վերարկուի, շարֆի, գլխարկի ու ձեռնոցների մեջ, շատ անհամբեր դուրս եկավ սենյակից, որպեսզի դիմավորի Ֆիրենսայդի սայլակը, մինչ Հոլը շաղակրատում էր, նախքան կօգներ իրերը ներս տանելու։ Դուրս եկավ նա, չնշմարելով Ֆիրենսայդի շանը, որ dilettante մի եղանակով հոտոտում էր Հոլի սրունքները։

― Դե շուտ բերեք այդ արկղները,― գոչեց նա։― Առանց այդ էլ շատ սպասեցի։

Ապա աստիճաններով ցած իջավ և ուղղվեց դեպի սայլակի հետնամասը, ասես ուզում էր վերցնել փոքրիկ զամբյուղը։

Հենց որ Ֆիրենսայդի շունը տեսավ անծանոթին, վայրագորեն ցցվեց տեղում ու մռլտաց, իսկ երբ սա աստիճաններով ցած խուժեց, շունը մի թեթև ցատկեց, ապա ուղիղ նրա ձեռքի վրա նետվեց։

― Օ՜շտ,— ընկրկելով բղավեց Հոլը, որ շներից վախենում էր, իսկ Ֆիրենսայդը մռնչաց։

― Պառկի՛ր,― և խլեց մտրակը։

Նրանք տեսան, թե ինչպես շան ատամները սահեցին անծանոթի ձեռքի վրայով, քացու ձայնը լսեցին, ապա տեսան, որ շունը մի կողմ ցատկեց ու կպավ անծանոթի սրունքին։ Հետո լսվեց նրա պատռվող տաբատի ճթթոցը։ Ֆիրենսայդի մտրակի փափուկ ծայրը հասավ իր ապրանքին, և շունը, սարսափից կաղկանձելով սայլակի անիվների տակ քաշվեց։ Այդ բոլորը կես րոպեի պատմություն եղավ։ Ոչ ոք չէր խոսում, ամենքը գոռում էին։ Անծանոթը արագ մի նայվածք նետեց պատռված ձեռնոցին և սրունքին, ասես ուզում էր թեքվել դեպի սրունքը, ապա շուռ եկավ ու աստիճաններով վեր, դեպի պանդոկ վազեց։ Նրանք լսեցին, թե նա ինչպես շտապ անցավ միջանցքով և առանց ուղեգորգի աստիճաններով, սենյակ բարձրացավ։

— Ա՜յ դու ապուշ արարած,— թշշաց Ֆիրենսայդը մտրակը ձեռքին սայլակից ցած իջնելով, մինչ շունը անիվների ետևից նրան էր գիտում։— Արի էստեղ, թե չէ․․․

Հոլը ապշահար կանգնել էր։

— Կծեց նրան,― ասաց Հոլը։― Գնամ֊տեսնեմ ինչ եղավ։― Եվ անծանոթի ետևից սանդուղքով վեր նետվեց։ Միջանցքում նա պատահեց տիկին Հոլին։― Սայլապանի շունը կծեց նրան։

Հոլը ուղիղ վերնահարկ բարձրացավ, հրեց անծանոթի կիսաբաց դուռը և առանց այլևայլի մտավ, ի բնե կարեկից բնավորության տեր լինելով։

Վարագույրը ցած էր թողնված և սենյակում կիսամութ էր։ Լոկ մի ակնթարթ Հոլը նշմարեց շատ արտասովոր մի պատկեր՝ դեպի իր կողմն էր թափահարվում անձեռք բազուկի պես մի բան և մի դեմք, որ բաղկացած էր սպիտակի վրա երեք խոշոր, աղոտ կետերից, իսկ և իսկ հնգատերև մանուշակ: Ապա կրծքին շատ բուռն մի հարված ստացավ, դեպի ետ հրվեց, և դուռը շրխկոցով փակվեց քիթ ու բերնին ու կողպվեց։ Եվ այդ բոլորն այնքան արագ, որ Հոլը գլխի չընկավ, թե ինչ կատարվեց։ Շփոթ ձևերի շարժումներ, մի հարված ու ցնցում... Եվ ահա նա կանգնեց խավար ու փոքրիկ արտասանդուղքի վրա, մտորելով, թե այդ ինչ տեսավ։

Մի քանի րոպե անց նա միացավ «Կառք ու ձիեր» պանդոկի առաջ հավաքված մարդկանց։ Այստեղ էր Ֆիրենսայդը, որ արդեն երկրորդ անդամ պատմում էր դեպքը, այստեղ էր տիկին Հոլը, որ ասում էր, թե նրա շան ինչ բանն է իր հյուրերին կծելը. այստեղ էր դիմացի խանութպանը՝ Հաքսթըրը, որ հարցեր էր տալիս, և դարբին Սենդի Ուեջըրզը, որ խոհուն լսում էր։ Եվ հետո՝ կանայք ու երեխաներ, որոնք անմտություններ էին դուրս տալիս. «Հլա թող փորձեր կծել, չէ մի..» «Չի՛ կարելի էսպես շներ պահել․․․» «Բա ինչի կծեց...» և այլն, և այլն...

Պարոն Հոլը սանդուղքի վրա կան գնած ականջ էր դնում. նրան թվաց, թե վերնահարկում ոչ մի արտասովոր բան չէր տեսել։ Եվ հետո, տպավորությունները արտահայտելու համար շատ սահմանափակ էր բառապաշարը։

― Ասում է՝ ոչ մի բանի կարիք չի զգում,― հարեց նա, պատասխանելով կնոջ հարցումին։― Լավ կանենք՝ ներս տանենք բեռները։

― Պետք է իսկույն դաղել վերքը,― ասաց պարոն Հաքսթըրը։― Հատկապես եթե բորբոքված է։

― Ինձ մնար, կխփեի այդ շանը,― գոչեց կանանցից մեկը։

Հանկարծ շունը նորից սկսեց մռլտալ։

― Դե շարժվե՛ք,— գոռաց բարկացած մի ձայն, և շեմքին երևաց անծանոթր, որը մի լավ փաթաթվել էր, օձիքը բարձրացրել էր և գլխարկի բոլորքն էլ իջեցրել։― Ինչքան շուտ ներս տանեք իրերս՝ այնքան լավ։

Անանուն ականատեսներից մեկն ասում է, թե նա փոխել էր տաբատն ու ձեռնոցները։

― Վերքը խո՞րն է, սըր,― հարցրեց Ֆիրենսայդը։― Շատ եմ ցավում, որ իմ շունը...

― Դատարկ բան է․․․― պատասխանեց անծանոթը։― Մաշկը չի էլ պատռվել։ Դե՛ շտապ փոխադրեցեք իրերը։

Ապա, ինչպես հավաստիացնում է պարոն Հոլը, նա յուրովի հայհոյեց։

Անմիջապես, որ առաջին զամբյուղը իր իսկ ցուցումով հյուրասենյակ տարվեց, անծանոթը արտասովոր անհամբերությամբ վրան նետվեց և սկսեց բացել, առանց խղճահարության ծղոտները շաղ տալով տիկին Հոլի կարպետի վրա։ Եվ ահա զամբյուղից դուրս քաշեց ամեն տեսակի շշեր― հաստափոր փոքրիկ շշեր՝ մեջը փոշի լցված, փոքրիկ, լղարիկ շշեր՝ գունավոր և սպիտակ հեղուկներով, ակոսավոր կապույտ շշեր՝ թույն պիտակով, բարակ վզերով կլոր շշեր, կանաչ ապակե և սպիտակ ապակե խոշոր շշեր, և հետո շշեր ապակե խցանով և փայլատ պիտակով, բարակ խցաններով, կալաններով և փայտե կափարիչներով, գինու շշեր ու աղցանի ձեթի շշեր։ Այդ բոլորը նա շարքով տեղավորեց պահարանի վրա, բուխարիի գլխավերևը, պատուհանի տակ դրված սեղանին, հատակին, գրքերի դարակի վրա— մի խոսքով՝ ամենուրեք։ Բրեմբըլհըրստի դեղատունն իր օրում այդ շշերի կեսն իսկ չէր ունեցել։

Իսկապես որ տեսնելու բան էր։ Զամբյուղ զամբյուղի ետևից շշեր էր թափում, մինչև որ վեցն էլ դատարկվեցին, ծղոտները դիզվեցին սեղանի վրա։ Շշերից զատ, զամբյուղներից դուրս եկան միայն մի քանի փորձանոթ և խնամքով փաթաթված մի կշեռք։

Հենց որ դատարկվեցին զամբյուղները, անծանոթը մոտեցավ լուսամուտին և սկսեց աշխատել, բնավ ուշադրություն չդարձնելով չորս կողմը շաղ տրված ծղոտների, հանգած բուխարիի, դրսում թողնված գրքերի արկղի և կամ վեր բերված մյուս արկղների կամ ճամպրուկների վրա։

Երբ տիկին Հոլը ճաշը բերեց, անծանոթն արդեն խորասուզվել էր աշխատանքում և շշերից՝ փորձանոթների մեջ կաթիլ-կաթիլ հեղուկներ էր լցնում, ուստի չնկատեց նրա ներս մտնելը, մինչև որ պանդոկապետուհին սրբեց֊թափեց սեղանի վրայի ծղոտների կույտը, գուցե մի քիչ աղմկալի կերպով, տեսնելով, թե ինչ վիճակում է հատակը։ Անծանոթը գլուխը տիկին Հոլի կողմը դարձրեց, ապա անմիջապես շուռ եկավ։ Բայց սա տեսավ, թե կենվորը հանել էր ակնոցը, որ հենց նրա կողքին, սեղանի վրա էր։ Տիկնոջը թվաց, թե նրա ակնակապիճները արտակարգորեն խորն են։ Կենվորը դարձյալ դրեց ակնոցը, ապա շուռ եկավ ու նայեց տիկին Հոլի դեմքին։ նա պատրաստվում էր գանգատվել հատակին շաղ տրված ծղոտի մասին, բայց կենվորը կանխեց նրան։

― Խնդրում եմ առանց բախելու ներս չմտնեք,― ասաց նա արտակարգ վրդովմունքի այն շեշտով, որ բնորոշ էր նրա համար։

― Ես բախեցի, բայց երևի...

― Գուցե և բախեցիք։ Բայց իմ հետազոտությունների Ժամանակ, հետազոտություններ, որոնք խիստ շտապ ու կենսական են, ամենափոքր խանգարումը, դռան ճռնչյունը... Ուստի խնդրում եմ ձեզ...

― Իհարկե, սըր։ Եթե ուզում եք, կարող եք կողպել դուռը... Երբ ցանկանաք...

— Շատ լավ միտք է,― գոչեց անծանոթը։

― Բայց այս ծղոտները, սըր։ Եթե ներելի է, որ համարձակվեմ նկատել...

— Հարկ չկա։ Եթե ծղոտները անհանգստացնում են ձեզ, իմ հաշվին գրեցեք։— Եվ նա տիկին Հոլի դեմ քրթմնջաց, և այդ խոսքերը շատ նման էին հիշոցների։

Այնքան տարօրինակ էր նա, պատուհանի առաջ կանգնած, կռվարար և ուր որ է պայթելու մոտ, մի ձեռքում շիշը և մյուսում՝ փորձանոթը, որ տիկին Հոլը երկյուղ զգաց։ Բայց նա վճռական կին էր։

— Այդ դեպքում, կուզենայի իմանալ, սըր, ըստ ձեզ, ինչքան պետք է...

― Մի շիլինգ։ Մի շիլինգ հաշվեք։ Ինչ խոսք, որ դա բավական է։

— Թող այդպես լինի,— ասաց տիկին Հոլը և ծածկոցը վերցնելով սկսեց սեղան բանալ։― Եթե դա ձեր սրտով է, իհարկե։

Անծանոթը շուռ եկավ ու նստեց, թիկունքը պանդոկապետտուհուն դարձնելով։

Ամբողջ հետմիջօրեն դուռը կողպած աշխատեց և, ինչպես վկայում է տիկին Հոլը, ընդհանուր առմամբ՝ կատարյալ լռության մեջ։ Բայց մի պահ լսվեց մի թնդյուն և շշերի զնգոց, ասես հարվածել էին սեղանը, ապա բուռն կերպով դեն շպրտված շշի կոտրվելու աղմուկ և արագ֊արագ սենյակը չափչփող քայլերի դոփյուն։ Վախենալով, թե բան է պատահել, տիկին Հոլը մոտեցավ դռանը և ականջ դրեց, չհամարձակվելով բախել։

— Առաջ չի՜ գնում,— մռնչում էր կենվորը,— առաջ չի գնում։ Երեք հարյուր հազար, չորս հարյուր հազար․․․ Անըմբռնելի է․․․ Խաբվա՜ծ եմ․․․ Սա ամբողջ կյանքս կմաշի։ Համբերությո՜ւն․․․ Հե՜շտ է ասելը․․․ Տխմարի ու խաբեբայի մեկը...

Խորտկարանի կղմինդրե հատակին դոփդոփացին մեխավոր կոշիկներ, և տիկին Հոլը հակառակ իր ցանկության, մինչև վերջ չլսեց մենախոսությունը։ Երբ վերադարձավ, սենյակում նորից լռություն էր տիրում, բացի նրա աթոռի թեթև ճռճռոցից և շշերի պատահական զնգոցից։ Ամեն ինչ վերջացել էր, անծանոթը վերսկսել էր աշխատանքը։

Երբ տիկին Հոլը թեյ մատուցեց, սենյակի անկյունում տեսավ ապակիի կտորտանքներ, որոնք թափվել էին գոգավոր հայելու տակ և ոսկեզօծ մի նախշ, որ անզգուշությամբ ջնջված էր։ Նա կենվորի ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա։

— Իմ հաշվին գրեցեք,― կտրուկ ասաց անծանոթը։― Աստծո սիրույն, գլուխս մի տանեք։ Եթե որևէ բան վնասվել է, իմ հաշվին գրեցեք։― Եվ նա շարունակեց նշումներ անել իր առաջ գտնվող տետրում գրված ցուցակի վրա։

— Արի քեզ մի բան ասեմ,― ասաց Ֆիրենսայդը խորհրրդավոր եղանակով։ Երեկոն իջնում էր, և նրանք գտնվում էին Այպինգի «Հենգըր» գարեջրատանը։

— Ի՜նչ,— գոչեց Թեդդի Հենֆրին։

— Այս քո ասած մարդը, նա՛, ում կծեց շունս․․․ Դե լավ, սևամորթ է։ Գոնե սրունքները։ Աչքովս տեսա տաբատի և ձեռնոցի պատռվածքից։ Պետք էր սպասել, որ վարդագույն մաշկ երևար, չէ՞։ Բայց իսկի էլ այդպես չէր։ Միայն սև էր երևում։ Ես քեզ բան եմ ասում, այդ մարդը գլխարկիս պես սև էր։

― Ողորմա՜ծ տեր,— բացականչեց Հենֆրին։― Այս ինչ հանելուկ է։ Բայց չէ՞ որ քիթը վարդադույն է, ասես ներկած լինի։

— Ճիշտ է,— պատասխանեց Ֆիրենսայդը։— Ես էլ եմ նկատել։ Դե դու հիմա լսիր, ինչ եմ ասում։ Այդ մարդը ինչ֊որ խատուտիկ է, Թեդդի։ Մի տեղ սև է, մի ուրիշ տեղ սպիտակ― պիսակներով ծածկված է։ Եվ դրա համար էլ ամաչում է։ Մի տեսակ խառնածին է։ Եվ գույնը փոխանակ խառնվելու, պիսակներով է դուրս եկել։ Սրանից առաջ լսել էի այսպիսի դեպքերի մասին։ Ամեն մարդ էլ գիտե. ձիերի մոտ սովորական բան է։

Գլուխ չորրորդ։ Պարոն Քասը զրույց է ունենում անծանոթի հետ

Գլուխ հինգերորդ։ Ավազակություն երեցի տանը

Գլուխ վեցերորդ։ Խելագարված կահույքը

Գլուխ յոթներորդ։ Անծանոթի մերկացումը

Գլուխ ութերորդ։ Անցողակի

Գլուխ իններորդ։ Պարոն Թոմաս Մարվըլը

Գլուխ տասներորդ։ Պարոն Մարվըլի այցելությունը Այպինգ

Գլուխ տասնմեկերորդ։ «Կառք ու ձիեր» պանդոկում

Գլուխ տասներկուերորդ։ Անտեսանելի Մարդը մոլեգնում է

Գլուխ տասներեքերորդ։ Պարոն Մարվըլը ուզում է հրաժարական տալ

Գլուխ տասնչորսերորդ։ Փորթ-Սթոում

Գլուխ տասնհինգերորդ։ Վազող մարդը

Գլուխ տասնվեցերորդ։ «Զվարթ կրիկետիստները» պանդոկում

Գլուխ տասնյոթերորդ։ Բժիշկ Քեմփի այցելուն

Գլուխ տասնութերորդ։ Անտեսանելի Մարդը քնում է

Գլուխ տասնիններորդ։ Մի քանի հիմնական սկզբունքներ

Գլուխ քսաներորդ։ Գրեյթ֊Փորթլենդ֊սթրիթի տանը

Գլուխ քսանմեկերորդ։ Օքսֆորդ֊սթրիթում

Գլուխ քսաներկուերորդ։ Ունիվերմագում

Գլուխ քսաներեքերորդ։ Դրյուրի-Լեյնում

Գլուխ քսանչորսերորդ։ Ձախողված ծրագիրը

Գլուխ քսանհինգերորդ։ Անտեսանելի Մարդու հետապնդումը

Գլուխ քսանվեցերորդ։ Ուիքսթիդի սպանությունը

Գլուխ քսանյոթերորդ։ Քեմփի տունը պաշարման վիճակում

Գլուխ քսանութերորդ։ Թե ինչպես որսացին որսորդին

Պարոն Հիլասը՝ հարևան վիլլայի տերը, քնել էր իր տաղավարում, երբ սկսվում էր Քեմփի տան պաշարումը։ Պարոն Հիլասը մեկն էր այն փոքրաթիվ անդրդվելի մարդկանցից, որոնք մերժում էին հավատալ Անտեսանելի Մարդու մասին «այս դատարկաբանությանը»։ Եվ սակայն կինը հավատում էր և հետագայում բազմիցս հիշեցնում էր պարոն Հիլասին։ Սա համառում էր ման գալ պարտեզում, ասես ոչինչ չէր պատահել, և հետմիջօրեին պառկեց քնելու ինչպես սովոր էր տարիներով։ Մինչ ջարդուփշուր էին արվում Քեմփի պատուհանները, պարոն Հիլասը քնած էր, իսկ հետո հանկարծ զարթնեց, տարօրինակ մի զգացողությամբ, թե՝ ինչ-որ վատ բան է կատարվում։ Նայեց Քեմփի տանը, որ դիմացն էր, աչքերը սրբեց ու մեկ էլ նայեց։ Ապա ոտքերը գետնին դրեց և մահճակալին նստած՝ լսողությունը լարեց։ Անեծքներ տեղաց նա, բայց տարօրինակ երևույթը չհեռացավ։ Տունն այնպիսի տեսք ուներ, ասես շաբաթներով լքվել էր, շատ բուռն մի հարձակման ենթարկվելուց հետո․ ապակիները ջարդվել էին, և բոլոր պատուհանները, բացի աշտարակի աշխատասենյակի պատուհաններից, փակված էին ներքին փեղկերով։

― Պատրաստ եմ երդվել,— պարոն Հիլասը ժամացույցին նայեց,— թե քսան րոպե առաջ ամեն ինչ կարգին էր։

Հեռվից լսվում էին ռիթմիկ հարվածներ և ապակու փշրվելու աղմուկ։ Ապա, մինչ պարոն Հիլասը բերանաբաց նստել էր, շատ ավելի զարմանալի մի բան պատահեց։ Հյուրասենյակի փեղկերը աղմկալից բացվեցին․ աղախինը տնից դուրս գալու համար հագնված ու գլխարկը գլխին, ջղաձգորեն աշխատում էր բացել պատահանը։ Հանկարծ աղախնի կողքին երևաց մի մարդ ու սկսեց օգնել նրան — այդ բժիշկ Քեմփն էր։ Եվս մի ակնթարթ ու պատուհանը բացված էր, և աղախինը դուրս էր unղոսկում․ ապա նա առաջ նետվեց ու չքացավ թփերի մեջ։ Պարոն Հիլասը վեր կացավ, շփոթ ու բուռն բացականչություններ արձակելով ի տես այս բոլոր արտասովոր իրադարձություններին։ Նա տեսավ, թե Քեմփը ինչպես կանգնեց լուսամուտագոգում, ապա ցած նետվեց և իսկույն հայտնվեց թփուտների շավղում․ վազելիս Քեմփը կռանում էր, ասես թաքնվում էր ինչ֊որ մեկի աչքից։ Ապա անհետացավ «ոսկե անձրևի» թփի ետև ու նորից երևաց սարահարթը եզերող ցանկապատը բարձրանալիս։ Մի ակնթարթում նա մյուս կողմն էր նետվել և զառիթափով ցած՝ շատ արագ վազում էր դեպի պարոն Հիլասի կողմը։

— Տե՜ր աստված․․․— գոչեց պարոն Հիլասը՝ հանկարծ գլխի ընկնելով, թե ինչ է կատարվում։— Այգ գազան Անտեսանելի Մա՜րդն է․․․ Ուրեմն ճի՜շտ է․․․

Պարոն Հիլասի համար այդպես մտածելը նշանակում էր գործի անցնել․ վերնահարկի պատուհանից նրան դիտող խոհարարուհին զարմացավ, երբ տեսավ, որ պարոն Հիլասը սլանում էր դեպի տուն, ժամում գրեթե ինը մղոն արագությամբ։

― Կարծում էի՝ չի վախենում,— ասաց խոհարարուհին։— Մերի, հենց հիմա այստեղ արի։

Դռները շրխկացին, զանգերը հնչեցին և ցուլի պես բառաչող պարոն Հիլասի ձայնը որոտաց․

― Դռները փակե՜ք, լուսամուտները փակե՜ք, ամեն ինչ փակե՜ք․․․ Անտեսանելի Մարդն է գալի՜ս․․․

Իսկույն ամբողջ տնով մեկ թնդացին աղաղակներ, հրամաններ և վազվզող ոտքերի դոփյուններ։ Պարոն Հիլասը վազեց, որ անձամբ փակի վերանդայի վրա բացվող դուռ֊պատուհանները, նույն պահին պարտեզի ցանկապատի ետևից երևացին Քեմփի գլուխն ու ուսերը, հետո էլ՝ ծունկը։ Մի ակընթարթ ևս ու Քեմփը տրորում էր ծնեբեկների ածուն և թենիսի խոտածածկ դաշտի վրայով դեպի տուն էր վազում։

― Ներս չէ՛մ թողնի․․․— ասաց պարոն Հիլասը՝ սողնակները գցելով։— Շատ եմ ցավում, որ նա ձեր ետևից է ընկել, բայց ձեզ ներս չեմ թողնի․․․

Քեմփի սարսափահար դեմքը կպավ ապակուն։ Նա բախեց, ապա ջղաձգորեն ցնցեց դուռ֊պատուհանը։ Տեսնելով, որ ջանքերն իզուր են, վազեց վերանդայի երկայնքով․ վերջավորությանը հասնելով՝ պարտեզ ցատկեց ու սկսեց թակել կողմնակի դուռը։ Հետո կողքի դարպասը շրջանցեց, տան ճակատի կողմն անցավ և բլրի ճանապարհը բռնեց։ Պատուհանից սարսափահար դուրս նայող պարոն Հիլասը հազիվ էր նկատել Քեմփի անհայտանալը, երբ ինչ—որ անտեսանելի ոտքեր անխնա տրորեցին ծնեբեկների ածուն։ Այս որ տեսավ, պարոն Հիլասը գլուխը կորցրած աստիճաններով վեր փախավ և ականատես չեղավ հետապնդման մնացած մասին։ Բայց լուսամուտի մոտով անցնելիս լսեց կողքի դարպասի շրխկոցը։

Բլրի ճանապարհն ընկնելով, Քեմփր բնականաբար զառիթափի ուղղությունը բռնեց և անձամբ կատարեց հենց այն վազքը, որ միայն չորս օր առաջ այնքան տարակուսանքով դիտել էր աշտարակի աշխատասենյակից։ Վարժությունը կորցրած մարդու համար անհավատալի լավ էր վազում Քեմփը, ու թեև դեմքը դժգունել էր ու քրտնել, սառը դատողությունը տեղն էր: Վազում էր մեծ քայլերով և որտեղ որ խորդուբորդ էր ճանապարհրը, որտեղ որ սրածայր կայծքարեր էին երևում, կամ էլ շլացուցիչ փայլփլում էին ապակու կտորտանքները, դրանց վրայով էր վազում և իրեն հետապնդող անտեսանելի բոբիկ ոտքերին էր թողնում ընտրել իրենց բռնելիք ճանապարհը։

Կյանքում առաջին անգամ Քեմփը նկատեց, թե բլրի ճամփան աննկարագրելիորեն երկար ու անմարդ է, և ցածրում, բլրի ստորոտը փռված քաղաքի ծայրամասերը տարօրինակորեն հեռու են։ Երբեք չէր եղել տեղափոխության ավելի դանդաղ ու տանջալից միջոց, քան վազքը։ Հետմիջօրեի արևի տակ քնած մռայլ վիլլաները, պարզ երևում էր, որ կողպված ու ամրացված էին։ Անկասկած՝ այդ բոլորը կողպված ու ամրացված էին հենց իր հրամանով։ Այսուհանդերձ մարդիկ պետք էր աչքները չորս բացեին նման մի դեպքի ակնկալությամբ։

Քեմփի դիմաց արդեն իսկ ուրվագծվում էր քաղաքը, որի թիկունքում ընկած ծովը չքացել էր և ցածրում վխտում էին մարդիկ։ Նույն պահին մի ձիաքարշ հասավ բլրի ստորոտը։ Մի քիչ դենը ոստիկանատանն էր։ Բայց թիկունքում այդ, ի՜նչ էր լսում․ ոտնաձայներ չէի՞ն․․․ Հառա՜ջ․․․

Ներքևում գտնվող մարդիկ ակնապիշ նրան էին նայում, մի քանիսը վազում էին, իսկ կոկորդում շունչն սկսում էր խռխռալ։ Ձիաքարշն արդեն շատ էր մոտեցել, իսկ «Զվարթ կրիկետիստներ» գինետան դռները աղմուկով փակվում էին։ Ձիաքարշից դենը ձողեր և խճաքարի կույտեր կային ճահճախուտների չորացման աշխատանքների համար։ Քեմփի մտքով անցավ՝ ցատկել ձիաքարշի մեջ ու շրխկացնել դռները, բայց վճռեց, թե ավելի լավ է՝ ոստիկանատուն գնա։ Մի ակնթարթում անցավ «Զվարթ կրիկետիստների» դռան կողքով և հայտնվեց փողոցի ծայրում, որ եռուզեռի մեջ էր։ Հիմա այլևս չորս կողմը մարդիկ կային։ Ձիաքարշի վարորդն ու օգնականը Քեմփի մոլեգին աճապարանքի տեսարանի առաջ, ակնապիշ կանգնել էին ու չէին լծում ձիերը։ Ավելի հեռվում խճաքարի կույտերի վրա երևացին սևագործ բանվորների զարմաgած դեմքերը։

Քեմփը մի քիչ դանդաղեցրեց վազքը, բայց երբ լսեց հետապնդողի սրընթաց դոփյունը, նորից առաջ սլացավ։

― Անտեսանելի Մա՜րդը,— բղավեց նա սևագործներին, տարտամորեն մատնացույց անելով թիկունքում, և ասես ներշնչումով ցատկեց փորված առվի մյուս կողմը, իսկույն նրա և հետապնդողի միջև հայտնվեցին մի խումբ ջլապինդ մարդիկ։ Ոստիկանատուն գնալու մտքից հրաժարվելով՝ նա թեքվեց մի նրբանցք, բանջարավաճառի սայլակի կողքով սլացավ, քաղցրեղենի խանութի դռանը մի ակնթարթ դանդաղեց, ապա ուղղվեց դեպի մի ծառուղի, որ նորից գլխավոր փողոց տարավ նրան։ Այստեղ խաղացող մի քանի երեխաներ նրա երևալուն պես ճչացին և վազեվազ ցրվեցին։ Իսկույն դռներ ու պատուհաններ բացվեցին և բորբոքված մայրեր թափեցին իրենց սրտի զայրույթը։ Քեմփը դարձյալ սլացավ Հիլ֊Սթրիթ, որ ձիաքարշի կանգառից երեք հարյուր յարդի չափ հեռու էր․ նա իռկույն տեսավ աղմկալից գոռում֊գոչյունով վազվզող մարդկանց։

Փողոցն ի վեր դեպի բլուրը նայեց նա։ Հազիվ մի տասնյակ յարդի վրա վազում էր մի հսկա սևագործ բանվոր, կցկտուր հայհոյելով և ձեռքի բահը կատաղորեն թափահարելով, իսկ նրա ետևից կրնկակոխ գալիս էր ձիաքարշի վարորդը, որ սեղմել էր բռունցքները։ Փողոցն ի վեր ուրիշներ էլ էին հետևում այս երկուսին, աջ ու ձախ հարվածելով ու գոռգոռալով։ Մյուս կողմից քաղաքի ուղղությամր վազում էին տղամարդիկ ու կանայք։ Քեմփը պարզ ու հստակ նշմարեg, թե ինչպես խանութներից մեկից դուրս նետվեց մի մարդ, ձեռքում մի գավազան բռնած։

― Ցրվե՛ք, ցրվե՛ք,— գոռաց ինչ֊որ մեկը։

Քեմփը հանկարծ գլխի ընկավ, թե դրությունը փոխված էր հետապնդման գործում։ Նա կանգ առավ և հևալով չորս կողմը նայեց։

— Նա մոաերքում է,— գոռաց Քեմփը։― Շղթա կազմեցե՛ք։

— Ա՛ռ քեզ,— գոչեց մի ձայն։

Քեմփը ականջի տակ մի հարված ստացավ և երերալով ընկրկեց, աշխատելով դառնալ անտեսանելի հակառակորդի կողմը։ Նա հազիվհազ ոտքի վրա մնաց և օդի մեջ մի հակահարված տվեց որն իզուր անցավ։ Ապա մի երկրորդ հարված հասավ կզակին, և նա թավալգլոր գետին ընկավ։ Մի ակնթարթում ինչ֊որ ծունկ չոքեց իր ստոծանու վրա, և անհամբեր ձեռքեր սեղմեցին կոկորդը, բայց ձեռքերից մեկը մյուսից թույլ էր գործում։ Քեմփը բռնեց դաստակները, վրան հարձակվողը ցավագին աղաղակեց, և ապա սևագործ բանվորի բահը իր գլխավերևում պտույտ գործելով՝ խուլ թնդյունով ինչ֊որ բան հարվածեց։ Քեմփը մի կաթիլ զգաց դեմքի վրա։ Կոկորդը սեղմող ձեռքերը հանկարծ թուլացան, շղաձգական շարժումով Քեմփը ինքն իրեն ազատեց, փափկած մի ուս բռնեց և հակառակորդի վրան գլորվեց։ Գետնի մոտ նա բռնեց Անտեսանելիի արմունկները։

— Բռնեցի նրան,— բղավեց Քեմփը։— Օգնեցե՛ք, օգնեցե՛ք․․․ Բռնեցե՛ք․․․ Ես գետնով տվեցի նրան։ Ոտքերը բռնեցեք։

Մի ակնթարթում ամեն կողմից խուժեցին կռվի վայրը․ հանկարծ այս ճանապարհով անցնող որևէ անծանոթ կարող էր մտածել, թե ռեգբի ֆուտբոլի չափազանց վայրագ մի խաղ էր տեղի ունենում։ Իսկ Քեմփի բղավելուց հետո ոչ ոք չէր գոռում․ միայն հարվածների, ոտքերի դոփյունի և մի ծանր շնչառության ձայներն էին լսվում։

Ապա, հզոր մի ճիգով Անտեսանելի Մարդը հակառակորդներից երկուսին իր վրայից դեն շպրտեց և բարձրացավ ծնկների վրա։ Քեմփը կառչեց նրանից ինչպես բարակը կկառչեր եղջերուից․ տասնյակ ձեռքեր բռնում էին, թակում ու քաշքշում Անտեսանելիին։ Ձիաքարշի վարորդը հանկարծ չանթեց նրա վիզն ու ուսերը և նորից զգետնեց նրան։

Ոտքով֊ձեռքով կռվող մարդկանց կույտը դարձյալ թավալգլոր գետին ընկավ։ Պետք է խոստովանել մի քանիսը վայրագորեն քացով էին տալիս։ Հետո հանկարծ լսվեց մի վայրի աղաղակ. «Գթացե՛ք, գթացե՛ք» և իսկույն հանգավ խեղդվողին հատուկ խռպոտ ձայնի մեջ։

— Դեն քաշվեք, հիմարներ,— բղավեց Քեմփը խուլ ձայնով, և ջլապինդ մի քանի տղամարդիկ բուռն կերպով ետ մղվեցին։— Վիրավորված է ասում եմ ձեզ։ Դեն քաշվե՛ք։

Մի փոքր հրմշտուքից հետո, տեղ բացվեց և շրջան կազմած մարդկանց անհամբեր աչքերը տեսան, որ ինչպես, թվում էր՝ գետնից մի տասնհինգ մատնաչափ բարձրության վրա՝ ծնկի էր եկել բժիշկը և գետնին էր սեղմում անտեսանելի ձեռքեր։ Նրա թիկունքում մի ոստիկան բռնել էր անտեսանելի բումբեր։

— Բաց չթողնե՛ք նրան,― բղավեց մի հսկա սևագործ բանվոր, արյունոտ բահը ձեռքում,— նա ձևացնում է։

— Չի՛ ձևացնում,— պատասխանեց բժիշկը զգույշ բարձրացնելով ծունկը։― Եվ հետո ես բռնել եմ նրան։— Քեմփի դեմքը քերծված էր և արդեն կարմրում էր, արյունոտվող շրթունքի պատճառով խռպոտ էր խոսում։ Նա բաց թովեց անտեսանելի բազուկներից մեկը և ըստ երևույթին շոշափեց դեմքը։— Բերանը ամբողջովին թաց է,— ասաց նա և ապա գոչեց։— Ողորմա՜ծ տեր․․․

Քեմփը ընդոստ վեր կացավ, հետո գետնին ծնկի եկավ անտեսանելի էակի կողքին։ Հավաքվածները դարձյալ սկսեցին հրմշտել ու բոթել իրար։ Ծանր դոփյուններ լսվեցին, նորանոր մարդիկ հասան՝ ավելացնելու համար ամբոխի գործադրած ճնշումը։ Մարդիկ արդեն դուրս էին գալիս իրենց տներից։ «Զվրթ կրիկետիստներ» գինետան դռները հանկարծ լայն բացվեցին։ Համարյա ոչ ոք չէր խոսում։

Քեմփը ձեռքը շարժեց, թվում էր՝ դատարկ օդն էր շոշափում։

— Չի շնչում,— ասաց նա, ապա ավելացրեց։— Սիրտն էլ չի խփում։ Իսկ կո՜ղը․․․ Ա՜խ․․․

Հանկարծ մի ծեր կին, որ հսկա սևագործ բանվորի թևի տակով դիտում էր, սուր ձայնով ճչաց․

— Այնտեղ նայեք,— ու երկարեց խորշոմած ցուցամատը։

Նրա ցույց տված կողմը նայելով ամեն ոք տեսավ ձեռքի ուրվագիծը, մի ձեռք, որ գունատ էր ու թափանցիկ, ասես ապակյա լիներ, երակներն ու զարկերակները և ոսկրներն ու ներվերը հստակ նկատվում էին։ Ապա մինչ դիտում էին, ձեռքը մուգացավ և անթափանց դարձավ։

— Էհե՜յ․․․— գոչեց ոստիկանը։— Հիմա էլ ոտքերն են երևում։

Եվ այսպես ձեռքերից ու ոտքերից սկսելով և բոլոր անդամների երկայնքով դեպի մարմնի կենսական կենտրոնները սողոսկելով, շարունակվեց այս տարօրինակ փոփոխությունը։ Թույնի դանդաղորեն տարածվելու նման մի բան էր դա։ նախ երևացին փոքրիկ, սպիտակ ներվերը, սրունքի մշուշոտ ու գորշ ուրվագիծը, ապա ապակենման ոսկրները և բազմաճյուղ զարկերակները և ի վերջո մարմինն ու մաշկը, որոնք նախ թեթևորեն մշուշապատ էին, հետո շուտով մուգ ու անթափանց դարձան։ Քիչ անց կարելի էր տեսնել ջախջախված կուրծքն ու ուսերը և ձգված ու ծեծկված դեմքի աղոտ ուրվագիծը։

Երբ ի վերջո բազմությունը տեղ արեց, և Քեմփը կարողացավ ոտքի կանգնել, մերկ ու խղճալի գետնին պառկած՝ երևաց մոտ երեսուն տարեկան մի երիտասարդի ծեծված ու այլանդակված մարմինը։ Մազն ու մորուքը ճերմակ էին․ ոչ թե տարիքի բերվումով ալևորված էին, այլ ալբինոսին հատուկ սպիտակություն ունեին, իսկ աչքերը միմի նռնաքար էին։ Նա սեղմել էր բռունցքները. աչքերը լայն բաց էին, իսկ դեմքը բարկություն ու հուսախաբություն էր արտահայտում։

― Ծածկեցե՛ք դեմքը,— գոչեց մի մարդ։— Աստծո սիրույն, ծածկեցե՛ք դեմքը։

Երեք երեխաների, որոնք բազմության միջով ճանապարհ էին բացել, հանկարծ շուռ տվին և տեղն ու տեղը ետ մղեցին։

Մի մարդ «Զվարթ կրիկետիստներ» գինետնից սավան բերեց, և նրան ծածկելով, հենց այդ տունը տարան։

Վերջաբան

Այսպես է ավարտվում Անտեսանելի Մարդու արտասովոր ու չարաղետ փորձարկության պատմությունը։ Իսկ եթե ուզում եք ավելին իմանալ նրա մասին, պետք է գնաք Փորթ֊Սթոուի մոտերքում գտնվող մի փոքրիկ պանդոկ և զրույց ունենաք պանդոկապետի հետ։ Պանդոկի ցուցանակը մի դատարկ տախտակ է, միայն թե վրան նկարված է մի գլխարկ ու մի զույգ կոշիկ, իսկ պանդոկի անունը այս վիպակի վերնագիրն է։ Պանդոկապետը կարճլիկ ու հաստլիկ մի մարդուկ է, գլանի պես ցցված քթով, կոշտ մազերով և կարմիր արատներով ծածկված դեմքով։ Առատորեն խմեցեք, և նա առատորեն կպատմի ձեզ, թե այդ օրվանից ի վեր ինչե՜ր պատահեցին իրեն. և թե ինչպես փաստաբանները փորձեցին խլել իր վրա գտնված գանձը։

― Երբ նրանք տեսան, որ չեն կարող ապացուցել, թե ում փողերն են դրանք, ինչ ասեն լավ է... թե ես գանձերի մի գրողի տարած թաքստոց եմ։ Մի՞թե ես գանձերի թաքստոցի նման եմ։ Իսկ հետո մի ջենտլմեն ամեն մի գիշերվա համար մի գինեա էր տալիս ինձ, որ «Կայսերական մյուզիք հոլում» իմ գիտցածի պես պատմեի ամբողջ պատմությունը, առանց որևէ բան զանց անելու։

Եթե ուզենաք տեղն ու տեղը դադարեցնել նրա պատմության հեղեղը, բավական է հարց տաք, թե այս պատմության մեջ ինչ դեր են խաղացել երեք ձեռագիր գրքերը։ Նա կընդունի, թե դրանք իսկապես գոյություն ունեցել են, և երդում ուտելով կսկսի բացատրել, որ ամեն ոք մտածում է, թե իր մոտն են այդ գրքերը, բայց, գրողը տանի, իր մոտ չեն, է՜...

― Հենց ինքը, Անտեսանելի Մարդը ինձնից վերցրեց դրանք ու թաքցրեց, երբ ես ծլկեցի և Փորթ֊Սթոու փախա։ Այդ պարոն Քեմփը բոլորին հավատացրեց, թե իմ մոտ են գրքերը։

Ապա նա թաղվում է մտքերի մեջ, գաղտագողի դիտում է ձեզ, ջղային շարժումներով սրբում է բաժակները և քիչ անց հեռանում է խորտկարանից։

Նա ամուրի է, նիստուկացով միշտ էլ ամուրի է եղել և տանը ոչ մի կին չկա։ Հագուստները միշտ կոճկված են — իր դիրքի բերմամբ հարկադրաբար անում է այդ, բայց ինչ վերաբերում է ամենամտերիմ շորերին, օրինակ տաբատակալներին, նա մինչև այսօր նախընտրում է առասանը։ Պանդոկի գործերը վարում է առանց ձեռներեցության, բայց հոգածու է պանդոկի բարի համբավին։ Դանդաղաշարժ է ու միշտ մտքերով տարված։ Խելացիության ու պատշաճ խնայասիրության համբավ է վայելում, իսկ Հարավային Անգլիայի ճանապարհների մասին իր գիտելիքներով գերազանցում է ամեն մի ուղեցույց։

Կիրակի առավոտները, և դա տարվա բոլոր եղանակներում, նա առանձնանում է արտաքին աշխարհից, և ամեն գիշեր ժամը տասից հետո, խորտկարանի հյուրասենյակն է գնում, ձեռքում մի բաժակ ջին, որի մեջ մի քիչ ջուր է խառնած լինում։ Բաժակը ցած դնելուց հետո նա կողպում է դուռը, քննում է վարագույրները և մինչև իսկ սեղանի տակն է նայում։ Ապա, ապահով զգալով, թե մենակ է, բացում է պահարանն ու այնտեղ գտնվող մի արկղ ու դրա գզրոցներից մեկը, դուրս է բերում երեք կաշեկազմ սրճագույն գիրք և հանդիսավոր տեղավորում սեղանի մեջտեղը։ Կազմերը քայքայվել են և կանաչ բորբոսի փառով են ծածկվել, որովհետև մի ժամանակ այդ գրքերը գիշերել են ինչ֊որ առվակում և կեղտաջուրը սրբել է մի քանի էջ։ Պանդոկապետը նստում է բազկաթոռում, դանդաղորեն լցնում է կավե երկար ծխամորճը և չարախնդալով դիտում է գրքերը։ Ապա գրքերից մեկը առջևն է քաշում, բացում է և սկսում է զննել, ետ ու առաջ դարձնելով թերթերը։

Նա կիտում է հոնքերը և տանջանքով շարժում է շրթունքները։

— Հեքս, վերևում, մի փոքրիկ երկու, մի խաչ, հետո էլ խենթուխելառ մի նշան։ Տե՜ր իմ աստված, ինչ գլուխ էր, է՜...

Քիչ անց եռանդը թուլանում է, նա կռթնում է բազկաթոռի հենակին և աչքերը թարթում է, ասես ծխի քուլաների միջով սենյակի ծայրում տեսնում է այնպիսի բաներ, որոնք ուրիշ աչքերի համար անտեսանելի են։

— Սրանք լիքն են գաղտնիքներով,— գոչում է նա,— զարմանալի գաղտնիքներով․․․ Հերիք է մի անգամ բացեմ դրանք... Տե՜ր աստված․․․ Բայց ես չեմ անի նրա արածը․․․ Ես պարզապես... Դե այս մասին հետո...

Ապա անձնատուր է լինում երազանքների — իր կյանքի անմեռ ու հրաշալի երազանքներին։ Եվ չնայած Քեմփն անդադար հետախուզել է, իսկ Էդայը խաչաձև հարցուփորձել, պանդոկապետից բացի, ոչ մի մարդկային էակ չգիտե, թե այնտեղ են երեք գրքերը, որոնք ամեն ինչ կասեն անտեսանելիության անորսալի գաղտնիքի և տասնյակ ուրիշ ապշեցուցիչ գաղտնիքների մասին։ Եվ ոչ ոք չի իմանա այդ մինչև նրա մահը։