Ապուշը

Գրապահարան-ից
Ապուշը

հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի
թարգմանիչ՝ Արփիկ Վարդապետյան
աղբյուր՝ «Ապուշը»

Առաջին մաս

I

Նոյեմբերի վերջին, մի տաք օր, առավոտյան ժամը իննին մոտ Պետերբուրգ—Վարշավյան երկաթուղու գնացքը ամենայն արագությամբ մոտենում էր Պետերբուրգին։ Այնպես խոնավ ու մառախլապատ էր, որ հազիվհազ լուսացավ, աջ ու ձախ՝ ճանապարհից տասը քայլ այն կողմ, դժվար էր գեթ որևէ բան նշմարել վագոնի լուսամուտներից։ Ուղևորների մեջ կային նաև արտասահմանից վերադարձողներ, բայց ավելի շատ լցված էին երրորդ կարգի բաժանմունքները, և բոլորը մանր ու գործարար մարդկանցով, որոնք գալիս էին ոչ այնքան հեռվից։ Ինչպես սովորաբար, բոլորը հոգնել էին, գիշերվա ընթացքում բոլորի աչքերը ծանրացել էին, բոլորը սառել էին, բոլորի դեմքերը դալկադեղին էին, ինչպես մառախուղի գույնն էր։

Երրորդ կարգի վագոններից մեկում, հենց լուսամուտի մոտ, լուսաբացից իրար դեմ հանդիման հայտնվեցին երկու ուղևոր՝ երկուսն էլ երիտասարդ, երկուսն էլ գրեթե առանց բեռի, երկուսն էլ ոչ պճնագեղ հագնված, երկուսն էլ բավականին աչքի ընկնող դիմագծերով և, վերջապես, երկուսն էլ ցանկացան խոսակցության բռնվել իրար հետ։ Եթե երկուսն էլ միմյանց մասին իմանային, թե նրանք այդ րոպեին հատկապես ինչով են նշանավոր, ապա, իհարկե, կզարմանային, որ դիպվածը այդպես տարօրինակ կերպով նրանց նստեցրել է դեմառդեմ, Պետերբուրգ—Վարշավյան գնացքի երրորդ կարգի վագոնում։

Նրանցից մեկը ցածրահասակ էր, մոտ քսանյոթ տարեկան, գանգուր ու գրեթե սև մազերով, գորշ, փոքրիկ, բայց հրացայտ աչքերով։ Նրա քիթը լայն էր ու ճապաղ, դեմքը՝ դուրս ցցված այտոսկրներով. բարակ շրթունքներին շարունակ խաղում էր մի ինչ֊որ անպատկառ, ծաղրական և նույնիսկ չար ժպիտ, բայց ճակատը բարձր էր ու լավ ձևավորված և աննկատելի էր դարձնում դեմքի անազնիվ զարգացած ստորին մասը։ Այդ դեմքի վրա առանձնապես ուշագրավ էր մահացու դալկությունը, որը չնայած բավական ամուր կազմվածքին, երիտասարդի ամբողջ կերպարանքին տալիս էր տանջահար տեսք, և միաժամանակ տառապանքի աստիճանի հասնող ինչ֊որ կրքոտ բան, որը չէր ներդաշնակում անպատկառ ու կոպիտ ժպիտին և սուր, ինքնագոհ հայացքին։ Նա տաք էր հագել, գառնենի լայն սև աստառած քուրքով էր և գիշերը չէր մրսում, մինչդեռ նրա հարևանը հարկադրված էր իր սառած մեջքի վրա զգալ քաղցրությունը ռուսական խոնավ նոյեմբերյան գիշերվա, որին, ակներևաբար, նախապատրաստված չէր։ Նրա հագին մի բավական լայն ու հաստ թիկնոց էր առանց թևքերի և հսկայական կնգուղով, ճիշտ և ճիշտ, այնպես, ինչպիսին հաճախ ձմեռները գործածում են ճամփորդները, հեռու, որևէ տեղ արտասահմանում, Շվեյցարիայում կամ, օրինակ, Հյուսիսային Իտալիայում, ըստ որում, իհարկե, նկատի չունենալով նաև այնպիսի երկար ճանապարհ, ինչպես էյդկունենից մինչև Պետերբուրգ։ Բայց այն, ինչ պիտանի էր և միանգամայն բավարարում էր Իտալիայում, այնքան էլ պիտանի չեղավ Ռուսաստանում։ Կնգուղավոր թիկնոցի տերը նույնպես քսանվեց կամ քսանյոթ տարեկան երիտասարդ էր, միջահասակից փոքր֊ինչ բարձր, շատ խարտյաշ, խիտ մազերով, և թեթև, սուրուլիկ, գրեթե բոլորովին սպիտակահեր մորուքով։ Նրա աչքերը խոշոր էին, կապույտ և սևեռուն. այդ աչքերի նայվածքում ինչ֊որ հանդարտ, բայց ծանր բան կար, ինչ-որ մի բան՝ լի այն տարօրինակ արտահայտությամբ, որից ոմանք առաջին հայացքից կռահում են, որ այդ անձնավորությունը ընկնավոր է։ Սակայն երիտասարդի դեմքը հաճելի էր, նուրբ ու չոր, բայց անգույն, իսկ հիմա նույնիսկ կապտելու աստիճան մրսած։ Նրա ձեռքին տարուբերվում էր հին, խունացած ֆուլյարե մի լղարիկ կապոց, որն իր մեջ պարունակում էր, կարծեմ, նրա ճամփորդական ամբողջ ունեցվածքը։ Ոտքերին հագել էր հաստ ներբաններով ու կոճակավոր զանգապաններով կոշիկներ՝ ամեն ինչ ոչ֊ռուսավարի։ Աստառված քուրքով սևահեր հարևանը այդ բոլորն ուշադիր զննել էր, մասամբ պարապությունից, և, վերջապես, հարցրեց այն անքաղաքավարի քմծիծաղով, որի մեջ երբեմն այնպես կոպտորեն ու անփույթ արտահայտվում է մարդու բավականությունը՝ մերձավորի ձախորդությունները տեսնելիս։

— Ցո՞ւրտ է։

Եվ թոթվեց ուսերը։

— Շատ,— պատասխանեց հարևանը արտակարգ պատրաստակամությամբ,— և, նկատի ունեցեք, սա դեռ ձնհալ է։ Ի՞նչ կլիներ, եթե սառնամանիք լիներ։ Նույնիսկ մտքովս չէր անցնում, թե մեզանում այսպես ցուրտ է։ Ետ եմ սովորել։

— Արտասահմանի՞ց եք գալիս, ինչ է։

— Այո, Շվեյցարիայից։

— Ֆյո՜ւ։ Տես թե ո՜ւր եք հասել...

Սևահերը մի սուլոց արձակեց ու քրքջաց։

Նրանք սկսեցին զրուցել։ Զարմանալի էր շվեյցարական թիկնոց հագած խարտյաշ երիտասարդի պատրաստակամությունը՝ պատասխանելու իր թխադեմ հարևանի բոլոր հարցերին, առանց որևէ կասկած տանելու որոշ հարցերի կատարյալ անփութությանը, անտեղի և դատարկ լինելուն։ Պատասխանելով, նա ի միջի այլոց հայտնեց, որ իրոք երկար ժամանակ Ռուսաստանում չի եղել, ավելի քան չորս տարի, որ արտասահման է ուղարկված եղել հիվանդության պատճառով, ընկնավորության կամ վիտյան պարի նման ինչ֊որ տարօրինակ ներվային հիվանդության, ինչ֊որ ցնցումների ու ջղաձգության պատճառով։ Նրան ականջ դնելով, թխադեմը մի քանի անգամ քմծիծաղ տվեց. առանձնապես նա ծիծաղեց, երբ այն հարցին. «է՛, բուժեցի՞ն»,― խարտյաշը պատասխանեց, թե՝ «չէ, չբուժեցին»։

— Հը՛մ։ Ով գիտե, ինչքան ավելորդ փող եք վճարել, իսկ մենք էստեղ նրանց հավատում ենք,― խայթոցով նկատեց թխադեմը։

— Կատարյա՜լ ճշմարտություն,― մեջ ընկավ կողքներին նստած և վատ հագնված մի պարոն, գրագրության մեջ չորացած մոտ քառասուն տարեկան, ամրակազմ, կարմիր քթով ու պզուկոտ դեմքով մի չինովնիկ,— կատարյա՜լ ճշմարտություն, միայն զուր տեղը բոլոր ռուսական ուժերը փոխադրում են իրենց մոտ։

— Օ, ինչպես սխալվում եք իմ դեպքում,— հարեց շվեյցարացի պացիենտը մեղմ ու հաշտարար ձայնով,— իհարկե, չեմ կարող վիճել, որովհետև ամեն ինչ չգիտեմ, բայց իմ բժիշկը դեռ իր վերջին կոպեկներից ինձ այստեղ գալու ճանապարհածախս տվեց և համարյա երկու տարի այնտեղ իր հաշվին էր պահում։

— Այդ ինչո՞ւ, վճարո՞ղ չկար, թե ինչ,— հարցրեց թխադեմը։

— Այո, պարոն Պավլիշչևը, որը պահում էր ինձ այնտեղ, երկու տարի առաջ մեռավ, ես հետո նամակ գրեցի այստեղ գեներալի կին Եպանչինային, իմ հեռավոր ազգականուհուն, բայց պատասխան չստացա։ Այդպես էլ վերադարձա։

— Իսկ այդ ո՞ւր վերադարձաք։

— Այսինքն՝ որտեղ եմ իջևանելո՞ւ... Ճիշտն ասած, դեռ չգիտեմ... այնպես...

— Ղեռ չե՞ք վճռել։

Եվ երկու ունկնդիրները նորից քրքջացին։

— Եվ ով գիտե, ձեր ամբողջ ունեցած֊չունեցածը այս կապոցի մե՞ջ է,— հարցրեց թխադեմը։

— Գրազ կգամ, որ այդպես է,— արտակարգ գոհունակ տեսքով վրա տվեց կարմրաքիթ չինովնիկը,— և որ բագաժի վագոններում հետևից եկող ծանրոց չկա, թեպետև աղքատությունը արատ չէ, որը նույնպես չի կարելի չնշել։

Պարզվեց, որ այդ էլ այդպես էր, խարտյաշ երիտասարդը անմիջապես և արտասովոր շտապողականությամբ խոստովանեց այդ։

— Ձեր կապոցը, համենայն դեպս, որոշ նշանակություն ունի,— շարունակեց չինովնիկը, երբ մի կուշտ հռհռացին (ուշագրավ է, որ կապոցի տերն ինքն էլ, նրանց նայելով, վերջապես սկսեց ծիծաղել, որն ավելացրեց ուղեկիցների զվարճությունը),— ու թեև կարելի է գրազ գալ, որ այնտեղ չկան ոսկե, արտասահմանյան նապոլեոնդորների ու ֆրիդրիխսդորների, ոչ էլ նույնիսկ հոլանդական արաբիկների փաթեթներ, որի մասին կարելի է եզրակացնել հենց թեկուզ միայն ձեր արտասահմանյան կոշիկները պարուրող զանգապաններից, բայց... եթե ձեր կապոցին ավելացնենք մի այնպիսի իբր թե ազգականուհի, ինչպես, օրինակ, գեներալի կին Եպանչինան է, ապա կապոցն էլ մասամբ այլ նշանակություն կստանա, եթե գեներալի կին Եպանչինան իրոք ձեզ ազգականուհի է, և դուք չեք սխալվում ցրվածության պատճառով... որը շատ և շատ հատուկ է մարդուն, ասենք, թեկուզ․․․ երևակայության հավելուրդից։

— Օ, դուք նորից կռահեցիք,― հարեց խարտյաշ երիտասարդը,— ախր իսկապես համարյա թե սխալվում եմ, այսինքն՝ համարյա թե ազգականուհի չէ. նույնիսկ այն աստիճան, որ ես, ճշմարիտ, այն ժամանակ բոլորովին չզարմացա, որ ինձ չպատասխանեցին այնտեղ։ Ես այդպես էլ սպասում էի։

— Զուր տեղը նամակի նախավճարի համար փող եք ծախսել։ Հը՛մ... գոնե պարզասիրտ ու անկեղծ եք, իսկ դա գովելի է։ Հը՛մ․․․ Իսկ գեներալ Եպանչինին ճանաչում ենք։ Ճիշտն ասած, այն պատճառով, որ հանրահայտ մարդ է. հանգուցյալ պարոն Պավլիշչևին էլ, որ ձեզ Շվեյցարիայում պահում էր, նույնպես ճանաչում էինք, եթե միայն նա Նիկոլայ Անդրեևիչ Պավլիշչևն է, որովհետև նրանք երկու հորեղբորորդիներ են։ Մյուսը մինչև հիմա Ղրիմում է, իսկ Նիկոլայ Անդրեևիչը, հանգուցյալը, հարգարժան և մեծ կապեր ունեցող մարդ էր և ժամանակին չորս հազար հոգի ուներ...

— Ճիշտ այդպես, նրա անունը Նիկոլայ Անդրեևիչ Պավլիշչև էր,— և պատասխանելով, երիտասարդն ուշադիր ու հետաքրքրությամբ նայեց պարոն ամենագետին։

Այդ պարոն ամենագետները հանդիպում են երբեմն, նույնիսկ բավական հաճախ, որոշակի հասարակական խավում։ Նրանք ամեն ինչ գիտեն, նրանց մտքի ողջ անհանգիստ հետաքրքրասիրությունն ու ընդունակությունները անզսպելիորեն ուղղվում են մի կողմ, իհարկե, ավելի կարևոր կենսական շահերի ու հայացքների բացակայության պատճառով, ինչպես կասեր ժամանակակից խորհողը։ Ի դեպ, «ամեն ինչ գիտեն» ասելով պետք է հասկանալ բավական սահմանափակ բնագավառ․ որտեղ է ծառայում այսինչը, ում հետ է նա ծանոթ, ինչքան կարողություն ունի, որտեղ է նահանգապետ եղել, ում հետ է ամուսնացած, կնոջ օժիտն ինչքան է եղել, ով է նրան հորեղբոր տղա գալիս, ով մի պորտ ավելի հեռու և այլն, և այլն, բոլորը այս կարգի բաներ։ Մեծ մասամբ այդ ամենագետների արմունկները քրքրված են լինում, և նրանք ստանում են ամսական տասնյոթ ռուբլի ռոճիկ։ Մարդիկ, որոնց մասին նրանք գիտեն ամենաթաքուն գաղտնիքները, իհարկե, չէին կարողանա հասկանալ, թե ինչ շահեր են ղեկավարում այդ ամենագետներին, մինչդեռ նրանցից շատերը մի ամբողջ գիտության հավասարվող այդ իմացությամբ լիովին մխիթարված են, հասնում են ինքնահարգման և նույնիսկ հոգեկան գերագույն բավականության։ Համ էլ գայթակղիչ գիտություն է։ Ես տեսել եմ գիտնականների, գրականագետների, բանաստեղծների, քաղաքական գործիչների, որոնք իրենց բարձրագույն հաշտությունն ու նպատակները ձեռք էին բերում և ձեռք են բերել հենց այդ գիտության մեջ, նույնիսկ բացառապես դրանով են կարիերա արել։ Այդ ամբողջ խոսակցության ընթացքում թխադեմ երիտասարդը հորանջում էր, աննպատակ նայում լուսամուտից դուրս, և անհամբեր սպասում էր ճանապարհորդության վախճանին։ Նա մի տեսակ մտացրիվ էր, ինչ֊որ շատ մտացրիվ, գրեթե տագնապած, նույնիսկ մի տեսակ տարօրինակ էր դառնում. երբեմն լսում էր ու չէր լսում, նայում էր ու չէր նայում, ծիծաղում էր և հաճախ ինքն էլ չգիտեր ու չէր հասկանում, թե ինչի վրա է ծիծաղում։

— Բայց, ներեցեք, ո՞ւմ հետ պատիվ ունեմ․․․― հանկարծ դիմեց պզուկավոր պարոնը ձեռքին կապոց բռնած խարտյաշ երիտասարդին։

— Իշխան Լև նիկոլաևիչ Միշկին,― պատասխանեց նա լիակատար և անհապաղ պատրաստակամությամբ։

— Իշխան Միշկի՞ն։ Լև նիկոլաևի՞չ։ Չեմ ճանաչում։ Այնպես որ նույնիսկ լսած էլ չկամ,— մտմտալով պատասխանեց աստիճանավորը,— այսինքն՝ ես անվան մասին չեմ ասում. անունը պատմական անուն է, Կարամզինի պատմության մեջ կարելի է և պետք է գտնել։ Ես դեմքի մասին եմ ասում, և իշխան Միշկիններ էլ արդեն կարծես ոչ մի տեղ չեն հանդիպում, նույնիսկ համբավը լռել է։

— Օ, այլ կերպ չի էլ կարող լինել,— իսկույն պատասխանեց իշխանը,— իշխան Միշկիններ հիմա բոլորովին չկան, բացի ինձնից, ինձ թվում է, ես վերջինն եմ։ Ինչ վերաբերում է մեր հայրերին ու պապերին, ապա նրանք մենածուխ էլ էին լինում։ Ասենք, հայրս բանակի փոխպորուչիկ էր, յունկերներից։ Եվ ահա չգիտեմ, թե ինչպես է գեներալի կին Եպանչինան էլ Միշկին իշխանադուստրերից եղել, նույնպես իր ցեղի վերջինը...

— Հի՜֊հի՜-հի՜։ Իր ցեղի վերջինը։ Հի՜-հի՜, այդ ոնց շուռ տվիք,— հեգնանքով ծիծաղեց չինովնիկը։

Քմծիծաղ տվեց նաև թխադեմը։ Խարտյաշը փոքր-ինչ զարմացավ, որ իրեն հաջողվել էր, ի դեպ բավական վատ, բառախաղ ասել։

— Բայց պատկերացրեք, ես բոլորովին առանց մտածելու ասացի,— վերջապես բացատրեց նա զարմանքով։

— Դե հասկանալի է, հասկանալի է,— ուրախ համաձայնեց չինովնիկը։

— Այնտեղ պրոֆեսորի մոտ դուք գիտություններ է՞լ էիք սովորում, իշխան,— հանկարծ հարցրեց թխադեմը։

— Այո... սովորում էի...

— Իսկ ես ահա երբեք ոչ մի բան չեմ սովորել։

— Դե ես ինքս էլ միայն քիչ֊միչ,— ավելացրեց իշխանը համարյա ներողություն խնդրելով։— Հիվանդությանս պատճառով հնարավոր չէին համարում կանոնավոր սովորեցնել։

— Ռոգոժիններին ճանաչո՞ւմ եք,— արագ հարցրեց թխադեմը։

— Ոչ, բոլորովին չեմ ճանաչում։ Ախր ես Ռուսաստանում շատ քչերին եմ ճանաչում։ Այդ դո՞ւք եք Ռոգոժինը։

— Այո, ես եմ, Ռոգոժին Պարֆեն։

— Պարֆե՞ն։ Էդ էն Ռոգոժիններից չե՞ք, որ...— չափազանց լրջությամբ սկսեց չինովնիկը։

— Այո, էն, հենց էն Ռոգոժիններից,— արագ և անքաղաքավարի անհամբերությամբ ընդհատեց նրան թխադեմը, որը, ի դեպ, բոլորովին, ոչ մի անդամ չէր դիմել պզուկավոր չինովնիկին, այլ սկզբից ևեթ խոսում էր միայն իշխանի հետ։

— Բայց... էդ ո՞նց,— ապշելու աստիճան զարմացավ և համարյա աչքերը չռեց չինովնիկը, որի ամբողջ դեմքը անմիջապես սկսեց ինչ֊որ երկյուղած ակնածանքի ու ստորաքարշության, նույնիսկ վախեցած արտահայտություն ստանալ,— էդ էն Սեմյոն Պարֆենիչ Ռոգոժինի՞, տոհմական պատվավոր քաղաքացո՞ւ, որ մոտ մի ամիս առաջ մեռավ և երկուս ու կես միլիոն կապիտալ թողեց։

— Իսկ դու որտեղի՞ց իմացար, որ նա երկուս ու կես միլիոն զուտ կապիտալ է թողել,— ընդհատեց թխադեմը, այս անգամ էլ չինովնիկին չարժանացնելով իր հայացքին,— հլա տե՜ս (աչքով արավ իշխանին) մարդ իմանա՝ ի՞նչ շահ ունեն դրանից, որ իսկույն պոչ են դառնում։ Իսկ դա ճիշտ է, որ ահա ծնողս մեռել է, և ես մի ամիս անց Պսկովից համարյա անկոշիկ տուն եմ գնում։ Ոչ սրիկա եղբայրս, ոչ մայրս, ոչ փող, ոչ ծանուցում՝ ոչինչ չուղարկեցին։ Ոնց որ շանը։ Պսկովում տենդի մեջ մի ամբողջ ամիս պառկեցի...

— Իսկ հիմա միանգամից պիտի միլիոնից մի բան էլ ավելի ստանաք, և դա՝ առնվազն, օ տեր,— ձեռներն իրար խփեց չինովնիկը։

— Դե նրա՞ ինչ գործն է, ասացեք խնդրեմ,― գրգռված ու չար նորից նրա կողմը գլխով արավ Ռոգոժինը,— ախր ես քեզ մի կոպեկ էլ չեմ տա, թեկուզ այստեղ իմ առաջ գլխիդ վրա ման գաս։

— Եվ կգա՛մ, և մա՛ն կգամ։

— Մի տե՜ս։ Բայց ախր չեմ տա, չեմ տա, թեկուզ մի ամբողջ շաբաթ պար գաս։

— Եվ մի՛ տուր։ Ինձ տե՛ղն է. մի տուր։ Իսկ ես կպարեմ, Կնոջս, մանր երեխեքիս կթողնեմ, իսկ քո առաջ պար կգամ։ Սիրաշահեմ, սիրաշահեմ։

― Թո՛ւհ քեզ,— թքեց թխադեմը։— Հինգ շաբաթ առաջ ես ահա, ոնց որ դուք,— դիմեց նա իշխանին,— մի կապոց ձեռքիս ծնողիցս փախա Պսկով, հորաքրոջս մոտ. և տենդով պառկա այնտեղ, իսկ նա առանց ինձ մեռավ։ Կաթվածահար եղավ։ Աստված հանգուցյալի հոգին լուսավորի, բայց էն ժամանակ քիչ մնաց ինձ սպաներ։ Կհավատա՞ք, իշխան, է՛ն աստվածը։ Էն ժամանակ չփախչեի՝ տեղնուտեղը կսպաներ։

— Դուք նրան մի բանով բարկացրե՞լ էիք,— արձագանքեց իշխանը, մի որոշ առանձնահատուկ ուշադրությամբ դիտելով քուրքավոր միլիոնատիրոջը։ Եվ թեպետ կարող էր ուշադրության արժանի որևէ բան լինել բուն միլիոնի և ժառանգություն ստանալու մեջ, իշխանին զարմացրեց և հետաքրքրեց մի այլ բան ևս. Ռոգոժինն ինքն էլ չգիտես ինչու մի առանձին բավականությամբ իշխանին ընտրեց որպես զրուցակից, թեև կարծես զրույցի կարիքն զգում էր ավելի մեքենաբար, քան բարոյապես. մի տեսակ ավելի շուտ մտացրիվ լինելուց, քան թե պարզասրտությունից, տագնապից, հուզմունքից, միայն թե որևէ մեկին նայեր և որևէ բանի մասին լեզվին տար։ Թվում էր, թե մինչև հիմա նա տենդի մեջ է կամ, համենայն դեպս, ջերմում է։ Ինչ վերաբերում է չինովնիկին, ապա նա ուղղակի կախվել էր Ռոգոժինի գլխին, չէր համարձակվում շունչ քաշել, որսում ու կշռում էր ամեն մի խոսքը, կարծես ադամանդ էր որոնում։

— Բարկանալը բարկացել էր, և, գուցե, արժեր էլ,— պատասխանեց Ռոգոժինը,— բայց ամենից ավելի եղբայրս հոգիս հանեց։ Մայրիկիս մասին բան չունեմ ասելու, պառավ կին է, Չետյի֊Մինեի է կարդում, պառավների հետ է նստում, և ինչ որ Սենկա֊եղբայրս որոշի, այնպես էլ պետք է լինի։ Իսկ նա ինչո՞ւ ժամանակին ինձ իմաց չարավ։ Հասկանում ենք։ Ճիշտ է, որ էն ժամանակ գիտակցությունս տեղը չէր։ Ասում են նաև, որ հեռագիր են տված եղել։ Բայց արի տես, որ հեռագիրը հորաքրոջս է հասնում։ Իսկ նա էնտեղ երեսուն տարի է՝ այրի է և շարունակ գիշեր ու զօր կրոնախևրի հետ է նստում֊վեր կենում։ Միանձնուհի ասես՝ միանձնուհի չէ, բայց դրանից էլ մի բան ավելի է։ Դե հեռագրից վախենում է ու, առանց բացելու, ներկայացնում է ոստիկանատուն, էդպես էլ հեռագիրը մինչև հիմա էնտեղ ընկած մնում է։ Միայն Կոնևը՝ Վասիլի Վասիչիչը, նեղ տեղից ազատեց, ամեն ինչ գրեց։ Ծնողիս դագաղի դիպակե ծածկոցից, գիշերը, եղբայրս ձուլածո ոսկե ծոպերը կտրել է. «Դրանք, իբր, հրեն ի՜նչ փող արժեն»։ Բայց ախր հենց միայն դրա համար նա կարող է Սիբիր գնալ, եթե ես ուզենամ, որովհետև դա սրբապղծություն է։ Էյ դո՛ւ, խրտվիլա՛կ,— դիմեց նա չինովնիկին։— Ինչպե՞ս է օրենքով․ սրբապղծությո՞ւն է։

— Սրբապղծությո՜ւն է։ Սրբապղծությո՜ւն է,― անմիջապես համաձայնեց չինովնիկը։

— Դրա համար Սիբի՞ր է։

— Սիբիր է, Սիբի՛ր։ Տեղնուտեղը Սիբի՛ր։

— Նրանք կարծում են, թե ես դեռ հիվանդ եմ,― շարունակեց Ռոգոժինը իշխանին դառնալով,— իսկ ես, առանց մի խոսք ասելու, սուսուփուս, դեռ հիվանդ, վագոն նստեցի և գնում եմ։ Դարպասը բա՜ց արա, եղբայրս, Սեմյոն Սեմյո՜նիչ։ Նա հանգուցյալ ծնողիս մոտ ինձ զրպարտել է, ես գիտեմ։ Իսկ որ ես այն ժամանակ Նաստասյա Ֆիլիպովնայի պատճառով ծնողիս զայրացրի, այդ ճիշտ է։ Էստեղ արդեն մենակ ես եմ մեղավոր։ Չարը մոլորեցրեց։

— Նաստասյա Ֆիլիպովնայի՞ պատճառով,— քծնանքով հարցրեց չինովնիկը, կարծես թե ինչ-որ բան կռահելով։

— Դե ախր չգիտես,— անհամբեր նրա վրա բղավեց Ռոգոժինը։

— Տե՛ս որ գիտեմ,— հաղթականորեն պատասխանեց չինովնիկը։

— Մի տե՜ս։ Քի՞չ կան Նաստասյա Ֆիլիպովնաներ։ Եվ ինչ անպատկառ արարածն ես, ես քեզ կասեմ։ Դե, այդպես էլ գիտեի, որ ահա սրա նման մի որևէ արարած իսկույն պիտի կպչի ու պոկ չգա,― շարունակեց նա իշխանին դիմելով։

— Հենց գուցե և գիտեմ,— կուչ ու ձիգ էր անում չինովնիկը։— Լեբեդեը գիտի՜։ Դուք, ձերդ պայծառափայլություն, բարեհաճում եք ինձ նախատել, իսկ եթե ես ապացուցե՞մ։ Եթե հենց է՞ն Նաստասյա Ֆիլիպովնան է, որի պատճառով ձեր ծնողը ցանկացավ ձեր վրա ազդել բռնչու ցուպով, իսկ Նաստասյա Ֆիյիպովնան Բարաշկովա է, այսպես ասած նույնիսկ ազնվական տիկին է, և նույնիսկ յուրատեսակ իշխանուհի, իսկ հարաբերություն է պահպանում մի ոմն Տոցկու հետ, Աֆանասի Իվանովիչի, բացառապես նրա, որը կալվածատեր և գերկապիտալիստ է, միությունների ու ընկերությունների անդամ և այդ կապակցությամբ գեներալ Եպանչինի հետ սերտ ընկերություն է անում։

— Էհե՜, դու ահա՛ թե ինչ,— վերջապես իրոք զարմացավ Ռոգոժինը,— թո՛ւհ, գրողի տարած, ախր նա իսկապես որ գիտի։

— Ամե՜ն ինչ գիտի։ Լեբեդևը ամե՜ն ինչ գիտի։ Ես, ձերդ պայծառափայլություն, Լիխաչով Ալեքսաշկայի հետ էլ երկու ամիս ճամփորդում էի, և նույնպես ծնողի մահից հետո, և ամեն ինչ, այսինքն՝ բոլոր ծակուծուկերը գիտեմ, և բանն այնտեղ հասավ, որ առանց Լեբեդևի մի քայլ չէր անում։ Հիմա նա պարտապանների կալանատանն է գտնվում, իսկ էն ժամանակ և՛ Արմանսին, և՛ Կորալիային, և՛ իշխանուհի Պացկայային, և՛ Նաստասյա Ֆիլիպովնային ճանաչելու առիթն ունեցա, և ուրիշ շատ բաներ իմանալու էլ առիթ ունեցա։

— Նաստասյա Ֆիլիպովնայի՞ն։ Բայց մի՞թե նա Լիխաչովի հետ...— չարությամբ նրան նայեց Ռոգոժինը, նույնիսկ նրա շրթունքները սփրթնեցին ու դողացին։

— Ո֊ոչի՜նչ, Ո֊ո֊ոչի՜նչ։ Ոնց որ ո՛չ մի բա՜ն,— հանկարծ սթափվեց ու շտապ վրա բերեց չինովնիկը։— Այսինքն՝ ոչ մի տեսակ փողերով Լիխաչովը չկարողացավ մոտենալ։ Չէ, նա Արմանսը չէր։ Էստեղ մենակ Տոցկին է։ Եվ երեկոները Մեծ կամ թե ֆրանսիական թատրոնում իր սեփական օթյակում է նստում։ Շատ էլ թե սպաները իրար մեջ ինչ ասես խոսում են, բայց նրանք էլ ոչ մի բան ապացուցել չեն կարող․ «Ահա, իբր, սա էն Նաստասյա Ֆիլիպովնան է», և ուրիշ ոչինչ, իսկ դրանից հետո՝ ո՛չ մի բան։ Որովհետև ոչինչ էլ չկա։

— Այդ ամենը ահա հենց էդպես է,— մռայլ ու խոժոռած հաստատեց Ռոգոժինը,— այն ժամանակ Զալյոժովն էլ ինձ նույնն ասաց։ Ես այն ժամանակ, իշխան, հորս երեք տարվա բեկեշը հագիս վազելով կտրում էի Նևսկին, իսկ նա դուրս է գալիս խանութից, կառք է նստում։ Հենց էդտեղ էլ կրակն ընկավ ջանս։ Հանդիպում եմ Զայլոժովին, նա իմ թայը չէ, հագնվում է ոնց որ վարսավիրի գործակատար, աչքին էլ լոռնետ ունի, իսկ մենք մեր ծնողի մոտ ձիթած կոշիկ հագնելով ու պասուց շչի ուտելով էինք հայտնի։ Սա, ասում է, քո թայը չէ, սա, ասում է, իշխանուհի է, անունն էլ Նաստասյա Ֆիլիպովնա է, ազգանունը՝ Բարաշկովա, և ապրում է Տոցկու հետ, իսկ Տոցկին չգիտի, թե հիմա ոնց ազատվի նրա ձեռքից, որովհետև, իսկական տարիքն առել է, դարձել է հիսունհինգ և ուզում է ամբողջ Պետերբուրգում ամենաառաջին գեղեցկուհու հետ ամուսնանալ։ Այստեղ նա ինձ միտք ներշնչեց, թե հենց այսօր կարող ես Նաստասյա Ֆիլիպովնային Մեծ թատրոնում տեսնել, բալետում, իր օթյակում, բենուարում նստած կլինի։ Մեր տանը, ծնողիս մոտ, փորձիր բալետ գնալ, մի դատաստան կա՝ կսպանի՜։ Բայց ես գողտուկ մի ժամով գնացի և նորից տեսա Նաստասյա Ֆիլիպովնային. այն ամբողջ գիշերը չքնեցի։ Առավոտյան հանգուցյալն ինձ երկու հատ հինգտոկոսանոց տոմս է տալիս, ամեն մեկը հինգհազարանոց, գնա, ասում է, ծախիր, և յոթ հազար հինգ հարյուրը տար Անդրեևների գրասենյակը, վճարիր, իսկ տասը հազարի մնացորդը, առանց որևէ տեղ մտնելու, ինձ ներկայացրու, կսպասեմ քեզ։ Տոմսերը ես ծախեցի, փողն առա, բայց Անդրեևների գրասենյակը չմտա, այլ առանց դես ու դեն նայելու գնացի անգլիական խանութ և ամբողջ գումարին մի զույգ օղ ընտրեցի, ամեն մեկի վրա մեկական ադամանդ, էսպես, համարյա կաղինի մեծության կլինեն, չորս հարյուր ռուբլի պարտք մնացի, անունս ասացի՝ վստահեցին։ Զարդերն առա, գնացի Զալյոժովի մոտ. էսպես ու էսպես, եղբայր, գնանք Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ Գնացինք։ Թե ինչ կար այն ժամանակ ոտքերիս տակ, ինչ կար առջևումս, ինչ՝ կողքերիս, ոչինչ չգիտեմ ու չեմ հիշում։ Ուղղակի նրա դահլիճը մտանք։ Ինքը դուրս եկավ մեզ մոտ։ Ես, այսինքն այն ժամանակ չասացի, որ ես հենց ինքս եմ․ այլ «իբր, Պարֆեն Ռոգոժինից,— ասում է Զալյոժովը,— ձեզ ի հիշատակ երեկվա հանդիպման. բարեհաճեցեք ընդունել»։ Բաց արավ, նայեց, քմծիծաղ տվեց, «Շնորհակալություն հայտնեցեք, ասում է, ձեր բարեկամ պարոն Ռոգոժինին նրա սիրալիր ուշադրության համար», հրաժեշտ տվեց ու գնաց։ Դե, ահա ինչո՞ւ այնտեղ չմեռա հենց այն ժամանակ։ Եվ եթե գնացի էլ, նրա համար, որ մտածում էի․ «Միևնույն է, ողջ չեմ վերադառնա»։ Իսկ ամենավիրավորականն ինձ այն թվաց, որ այդ խարդախ Զալյոժովը ամեն ինչ իրեն վերագրեց։ Ես հասակով էլ փոքր եմ և հագնված եմ ոնց որ ծառա, և կանգնել լռել եմ, աչքերս պլշել եմ վրան, որովհետև ամաչում եմ, իսկ Զալյոժովը ամբողջովին մոդայով, մազերն օծած ու գանգրացրած, կարմրադեմ, փողկապը վանդակավոր, մի հաճոյախոսում է, մի ոտքերն է քստքստացնում, և երևի էստեղ Նաստասյա Ֆիլիպովնան նրան իմ տեղը դրեց։

«Դե,— ասում եմ նրան, հենց որ դուրս եկանք,— դու հիմա էստեղ մտքովդ էլ անցկացնել չհամարձակվես, հասկանո՞ւմ ես»։ Ծիծաղում է. «Բայց ասա տեսնեմ դո՞ւ հիմա ոնց ես Սեմյոն Պարֆենիչին հաշիվ տալու»։ Ես, ճիշտ որ, ուզում էի հենց այն ժամանակ ջուրն ընկնել, առանց տուն մտնելու, բայց մտածում եմ. «Ախար արդեն մեկ է», և անիծվածի պես տուն դարձա։

— Է՜խ։ Ո՜ւխ,— ծռմռվում էր չինովնիկը և նույնիսկ սարսուռ էր անցնում մարմնովը,— բայց ախար հանգուցյալը ոչ թե տասը հազարի, այլ տասը մանեթի համար էր այն աշխարհ ղրկում,— գլխով արավ նա իշխանին։ Իշխանը հետաքրքրությամբ դիտում էր Ռոգոժինին. թվում էր, նա այդ րոպեին ավելի ևս դժգույն էր։

― Այն աշխա՜րհ էր ղրկում,— կրկնեց Ռոգոժինը,— դու ի՞նչ գիտես։ Անմիջապես,— շարունակեց նա դիմելով իշխանին,— ամեն ինչ իմացավ, և Զալյոժովն էլ գնաց ամեն պատահածի մոտ դուրս տալու։ Վերցրեց ինձ ծնողս և վերևում փակեց, և մի ամբողջ ժամ խրատ էր տալիս. «Սա ես մենակ, ասում է, քեզ նախապատրաստում եմ, իսկ գիշերը մեկ էլ կգամ քեզ հրաժեշտ տալու»։ Ի՞նչ ես կարծում։ Ալևորը գնում է Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ, մինչև գետին գլուխ տալիս, լաց է լինում ու աղաչում․ վերջապես Նաստասյա Ֆիլիպովնան բերում է տուփը և նրան շպրտում․ «Ահա, ասում է, հալիվոր միրուք, քո ականջօղերը, իսկ ինձ համար հիմա դրանք տասն անգամ ավելի արժեն, եթե Պարֆենը դրանք քեզ պես ահ ու սարսափի ձեռքից է կորզել։ Բարևիր, ասում է, և շնորհակալություն հայտնիր Պարֆեն Սեմյոնիչին»։ Դե, իսկ ես այդ ժամանակ մայրիկիս օրհնությամբ Սերյոժկա Պրոտուշինից քսան մանեթ ճարեցի ու մեքենայով ճամփա ընկա Պսկով, բայց տեղ հասա տենդի մեջ. այնտեղ պառավներն սկսեցին վրաս սուրբ գիրք կարդալ, իսկ ես նստել եմ հարբած, և հետո վերջին փողերովս գնացի օղետները և ամբողջ գիշերը փողոցում անզգա ընկած մնացի, և առավոտվա կողմ արդեն տենդի մեջ էի, իսկ մինչ այդ՝ գիշերը դեռ շներն էլ գզգզել էին։ Հազիվհազ ուշքի եկա։

— Դեհ, դեհ, հիմա մեր Նաստասյա Ֆիլիպովնան կսկսի երգել,— ձեռքերը շփելով, քթի տակ ծիծաղում էր չինովնիկը,— հիմա, տեր իմ, օղերն ինչ է։ Հիմա էնպիսի՜ օղեր կհատուցենք...

— Բայց եթե թեկուզ մի անգամ Նաստասյա Ֆիլիպովնայի մասին մի խոսք ասես, ահա էն աստվածը, քեզ կձաղկեմ, շատ էլ որ Լիխաչովի հետ ճանապարհորդել ես,― բղավեց Ռոգոժինը, ամուր բռնելով նրա ձեռքը։

— Թե որ ձաղկես, նշանակում է չես էլ քշի։ Ձաղկիր։ Որ ձաղկես, դրանով էլ ինձ ընդունած կլինես... Ահա և հասանք։

Իրոք, մտնում էին կայարան։ Թեև Ռոգոժինն ասում էր, թե սուսուփուս է մեկնել, բայց նրան արդեն մի քանի հոգի սպասում էին։ Նրանք բղավում ու գլխարկներն էին թափահարում։

— Մի տե՜ս, Զալյոժովն էլ է էստեղ,— մրթմրթաց Ռոգոժինը, նրանց նայելով հաղթական և նույնիսկ կարծես չար ժպիտով, և հանկարծ դարձավ դեպի իշխանը։— Իշխան, ինձ անհայտ է, թե ինչու քեզ սիրեցի։ Գուցե այն պատճառով, որ մի այսպիսի րոպեի հանդիպեցի, բայց ահա նրան էլ հանդիպեցի (նա գլխով ցույց տվեց Լեբեդևին), բայց ախր չսիրեցի նրան։ Անցիր ինձ մոտ, իշխան։ Մենք էդ շտիբլետիկներդ ոտներիցդ կհանենք, քեզ կզաքիսե մորթուց ընտիր մուշտակ կհագցնեմ․ քեզ ընտիր ֆրակ կկարեմ, սպիտակ ժիլետկա, կամ ինչպես որ կուզես, գրպաններդ լիքը փող կլցնեմ ու․․․ Գնանք Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ։ Կգնա՞ս, թե չէ։

— Ականջ արեք, իշխան Լև Նիկոլաևիչ,— ազդու և հանդիսավոր հարեց Լեբեդևը։— Օյ, առիթը մի փախցրեք։ Օյ, մի փախցրեք...

Իշխան Միշկինը տեղից փոքր-ինչ բարձրացավ, քաղաքավարությամբ ձեռքը պարզեց Ռոգոժինին և սիրալիր ասաց նրան․

— Մեծագույն բավականությամբ կգամ և շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ինձ սիրեցիք։ Կարող է պատահել նույնիսկ այսօր գամ, եթե հասցնեմ։ Այն պատճառով, անկեղծ ասեմ ձեզ, որ ինքներդ ինձ շատ դուր եկաք և հատկապես երբ պատմեցիք ադամանդե օղերի մասին։ Նույնիսկ օղերից առաջ էլ դուր եկաք, թեև մռայլ դեմք ունեք։ Շնորհակալ եմ ձեզնից նաև խոստացած հագուստների համար, որովհետև իրոք ինձ շուտով հագուստը և մուշտակը պետք կլինի։ Իսկ փող այս րոպեին համարյա ոչ մի կոպեկ չունեմ։

— Փող կունենաս, երեկոյան կողմ կունենաս, եկ։

— Կունենաք, կունենաք,— կրկնեց չինովնիկը,— երեկոյան կողմ, դեռ մինչև մթնշաղը կունենաք։

— Իսկ կանացի սեռի մե՞ծ սիրահար եք, իշխան։ Առաջուց ասացեք։

— Ես, ո-ո֊ոչ։ Ես... Դուք գուցե չգիտեք, ախար ես իմ բնածին հիվանդության պատճառով նույնիսկ բոլորովին ծանոթ չեմ կանանց։

— Դե որ այդպես է,— բացականչեց Ռոգոժինը,— դուրս է գալիս, իշխան, որ դու բոլորովին խև ես, և քեզպեսներին աստված սիրում է։

— Եվ էդպիսիներին տեր աստված սիրո՜ւմ է,— կրկնեց չինովնիկը։

— Իսկ դու հետևս ընկիր, մանրուք,— ասաց Ռոգոժինը Լեբեդևին, և բոլորը դուրս եկան վագոնից։

Լեբեդևը վերջը նպատակին հասավ։ Շուտով աղմկոտ խումբը հեռացավ Վոզնեսենսկի պողոտայի ուղղությամբ։ Իշխանը պետք է թեքվեր դեպի Լիտեյնայա փողոցը։ Խոնավ ու թաց էր. իշխանը հարցուփորձ արեց անցորդներին. մինչև նրա անցնելիք ճանապարհի վերջը դուրս էր գալիս մոտ երեք վերստ, և նա որոշեց կառք վերցնել։