Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 9484 բայտ, 14:12, 12 Սեպտեմբերի 2015
130 Նա, գնալիս, այսպես էր ինձ բարբառում։
</poem>
 
 
==Երգ քսաներեքերորդ==
 
<poem>
Լռիկ, մնջիկ, անուղեկից, մենավոր
Քայլում էինք մեկըս մյուսի ետևից,
Այնպես ինչպես եղբայրները փոքրավոր ։
 
4 Այն դևերի կռիվը միտքս է բերում
Եզոպոսի մի առակը հինավուրց ,
Որ գորտի ու մուկի մասին է խոսում։
 
7 «Արդն» ու «այժմը» այնքան նման չեն միմյանց,
Որքան մեկ ու մյուս դեպքը, եթե մենք
Լավ բաղդատենք սկիզբն ու վերջը նրանց ։
 
10 Եվ ինչպես մի մտքից ուրիշն է ծագում,
Այսպես իմ մեջ մեկից ծագեց մի այլ միտք,
Որ պատճառեց ինձ կրկնակի մի սոսկում։
 
13 Խորհում էի այսպես. «Դևերն այդ դժնի
Մեր պատճառով եղան առակ֊նշավակ,
Եվ դա նրանց խիստ զայրացրած կլինի։
 
16 Երբ զայրույթը զուգակցվի կամքին չար,
Նրանք մեզ հետ ավելի վատ կվարվեն,
Քան թե շունը նապաստակի հետ անճար»։
 
19 Ահից ցցվել էին մազերըս բիզ֊բիզ։
Ես նայելով իմ ետևը ասացի.
«Վարպե՛տ, նրանք մեր ետևից են գալիս.
 
22 Շուտ թաքնվենք մի անկյունում երկուսով.
Չար ճանկերից վախենում եմ և կարծես
Նրանց ձայնը ես լսում եմ ականջով»։
 
25 «Թե լինեի մի հայելի,–– ասաց նա,—
Դեմքըդ չէի ես ընկալի այնպես շուտ,
Ինչպես միտքըդ ընկալում եմ ես հիմա։
 
28 Քո խորհածը այնքան հար է և նման
Իմ խորհածին, որ երկուսիս համար էլ
Ես հանգեցի միատեսակ որոշման։
 
31 Եթե դարի աջ կողմն այնքան լինի թեք,
Որ կարենանք իջնել ձորը հետևյալ,
Ապա արդեն նրանց ձեռքից կազատվենք...»։
 
34 Նա տակավին իր միտքը չէր ավարտել,
Երբ ես տեսա նրանց՝ բացված թևերով,
Որ ահա մեզ ուզում էին ձեռք ձգել։
 
37 Վարպետըս ինձ իսկույն գրկեց առ ահի,
Նման այն մոր, որ աղմուկից զարթնելով
Եվ տեսնելով մոտից բոցերն հրդեհի,
 
40 Որդուն առնում ու փախչում է անդեդև
Եվ միմիայն նրա մասին խորհելով
Մոռանամ է հագնել շապիկն իսկ թեթև,—
 
43 Եվ կռնակի վրա սահեց փութակի
Այն զառիթափ ու առապար դարն ի վար,
Որ փակում էր մի կողմն հաջորդ ձորակի։
 
46 Ջուրն առվակով այնպես արագ չի իջնում
Պտտացնելու անիվն հովտի ջաղացքի,
Երբ, հոսելով, փառերին է մոտենում,
 
49 Ինչպես իջավ իմ վարպետը դարն ի վար,
Ինձ կրելով կրծքին իբրև զավակի,
Եվ ոչ իբրև մի ընկերոջ հավասար։
 
52 Հազիվ թե նա ձորի հատակը հասավ,
Դևերն ահա երևացին մեր վերև.
Բայց նրանցից վախ չունեինք էլ բնավ.
 
55 Զի Բարձրյալը, որ պարտադրել է նրանց
Պահապաններ դառնալ ձորի հինգերորդ,
Թույլ չի տա, որ նրանք լինեն պարտազանց։
 
58 Ցածում գտանք մեղապարտներ ոսկեփայլ ,
Որ լալագին, հոգնաբեկ ու հուսաբեկ,
Շուրջանակի շարժվում էին համրաքայլ։
 
61 Նրանք կրում էին փիլոն կնգղանի,
Որոնք լայն ու փայլուն էին, այնպիսիք,
Որ կրում են մոնազները Կլունյիի ։
 
64 Դրանք դրսից պսպղուն էին ու ոսկյա,
Սակայն ներսից կապար էին, ծանր այնպես,
Որ կթվար Ֆեդերիկինը հարդյա։
 
67 Օ՛ վերարկու տաժանելի առհավետ։
Մենք, ինչպես միշտ, նորից դարձանք դեպի ձախ,
Ունկնդրելով նրանց ողբին տխրավետ։
 
70 Սակայն նրանք ծանըր բեռան պատճառով
Մեզ ուղեկցում էին այնպես համրընթաց,
Որ նոր անձանց էինք գտնում միշտ մեր քով։
 
73 Ես ասացի առաջնորդիս. «Արդ նայիր
Եվ սրանց մեջ գտիր մեկին, որ երկրում
Հայտնի լինի անունով ու գործով իր»։
 
76 Տոսկանացու լեզուս մեկը լսելով՝
Մեր ետևից աղաղակեց. «Կանգ առեք,
Դուք, որ այդպես շտապում եք մութ օդով։
 
79 Քո ուզածը գուցե ինձնից կիմանաս»։
Այնժամ ասաց վարպետըս ինձ. «Սպասի՛ր,
Ապա նրա ոտքով առաջ կընթանաս»։
 
82 Ես կանգ առա և տեսա, որ երկու անձ
Ինձ հասնելու ճիգեր էին թափում մեծ,
Բայց ծանըր բեռն հապաղեցնում էր նրանց։
 
85 Երբ ինձ հասան, հայացքով խեթ, խուզարկու,
Նրանք մի պահ ինձ նայեցին լռելյայն,
Ապա դարձան և ասացին մեկ մեկու.
 
88 «Մեկը ողջ է թվում շարժից կոկորդի,
Եթե ողջ չեն, ինչ շնորհով են նրանք
Քայլում առանց ծանրակապար զգեստի»։
 
91 Եվ ապա ինձ. «Օ՜ տոսկանցի՛դ բարետես,
Որ եկել ես կեղծավորաց համայնքն այս,
Մի՛ քամահրիր մեզ ասելու, թե ով ես»։
 
94 Եվ ես նրանց. «Ծնվել եմ ու մեծացել
Մեծ քաղաքում գեղածիծաղ Առնոյի .
Ես մարմնով եմ, քանզի դեռ չեմ մահացել։
 
97 Իսկ դուք ո՞վ եք, որոնց այտերն հենց ի վար
Արցունքներ են հոսում, ինչպես տեսնում եմ.
Եվ ի՞նչ են այդ սքեմները ոսկեվառ»։
 
100 Եվ մեկն ասաց. «Մեր փիլոններն ոսկետես
Կապարե են և այնպես ծանր ու ստվար,
Որ նրանց տակ մենք տնքում ենք մշտապես։
 
103 Բոլոնիացի ենք, Վայելող եղբայրներ .
Ես Կատալան, նա Լոդերինգ ենք կոչվում.
Քո քաղաքը մեզ ընտրել էր իրեն տեր,
 
106 Որ պահպանի խաղաղությունն իր ներքին,
Բայց մենք այնպես վարվեցինք, որ հետքը դեռ
Երևում է Գարդինգոյի մոտերքին»։
 
109 Ես ասացի. «Եղբայրնե՛ր, ձեր գործերով...»,
Բայց կանգ առա, քանզի տեսա ես մեկին,
Որ խաչված էր գետնին երեք ցցերով։
 
112 Ինձ տեսնելով նա գալարվեց ու խոպաց,
Հառաչանքով մորուքի մեջ փչելով։
Երբ Կատալանն այդ նկատեց՝ ինձ ասաց.
 
115 «Այս մեխվածը , որ դու տեսար հանկարծուստ,
Փարիսեցոց խորհուրդ տվեց, թե լավ է
Զոհվի մի մարդ, քան մի ամբողջ ժողովուրդ։
 
118 Ճամփի վրա նա պառկած է շեղակի
Եվ զգում է ծանրությունները նրանց,
Որ անցնում են իր վրայով ուղղակի։
 
121 Նույն ձևով են այստեղ տանջվում նրա հետ
Նրա աներն ու անդամներն ատյանի ,
Որ հրեից համար դարձավ չարաղետ»։
 
124 Վիրգիլիոսը զարմացել էր չափազանց
Ի տես նրա, ով աքսորում այս հավերժ
Այդպես խաչված ու փռված էր գետնամած։
 
127 Ապա եղբոր այս խոսքերը ուղղեց նա.
«Բարեհաճիր մեզ ասել, թե աջ կողմում
Կա՞ որևէ մի անցուղի մոտակա,
 
130 Որպեսզի մենք դուրս գանք տեղից այս զնդան,
Առանց երբեք հարկադրված լինելու
Դիմելու սև հրեշտակների օգնության»։
 
133 Եվ եղբայրը պատասխանեց. «Քիչ հետո
Կա մի ժայռ, որ մեծ պարսպից ձգվելով,
Խաչհատում է բոլոր ձորերն ահարկու.
 
136 Այս ձորից զատ նա փլված է ամեն տեղ.
Դուք կարող եք բարձրանալ այդ փլվածքով,
Որ կազմում է մի զառիթափ նվազ թեք»։
 
139 Առաջնորդըս մի պահ կանգնեց մտախռով,
Ապա ասաց. «Ուրեմըն մեզ խաբեց նա ,
Որ լլկում էր հոգիներին ճանկերով»։
 
142 Եղբայրն ասաց. «Դևի ամեն չարության
Մասին արդեն Բոլոնիայում լսել եմ ,
Ի մեջ այլոց, թե նա հայր է ստության»։
 
145 Առաջնորդըս արագացրեց քայլերն իր,
Բարկությունից ջղայնացած բավական.
Եվ ես թողած հոգիներին ծանրակիր՝
 
148 Հետևեցի իմ վարպետին պատվական։
</poem>
Վստահելի
381
edits