Ավազակի դուստր Ռոնին

Գրապահարան-ից
Ավազակի դուստր Ռոնին
հեքիաթ֊վիպակ

հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն
թարգմանիչ՝ Հ․ Վարդանյան
աղբյուր՝ «Ավազակի դուստր Ռոնին»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Այն գիշեր, երբ պետք է լույս աշխարհ գար Ռոնին, որոտում էր ամպրոպը։ Այո, ամպրոպն այդ գիշեր սարերի վրա այնպես էր մոլեգնել, որ ավազակների անտառում բնակվող բոլոր չար ոգիները վախից մտել էին բներն ու փոսերը, այրերն ու ճեղքերը և միայն չար դրուդները, որոնց համար որոտը մեղրից էլ քաղցր էր, ճղճղոցով ու գոռգոռոցներով թռչկոտում էին ավազակների սարի վրա կանգնած ավազակների ամրոցի վրայով։ Լովիսան պատրաստվում էր երեխա ունենալու, և դրուդների գոռգոռոցները խանգարում էին նրան, ու նա իր ամուսին Մատիսին ասաց.

— Ապա մի քշիր այդ չար դրուդներին, նրանց պատճառով չեմ լսում՝ ինչ եմ երգում։

Բանն այն է, որ երեխայի ծնվելուն սպասելիս Լովիսան երգում էր։ Նա մտածում էր, որ և՛ իր համար հեշտ կլինի, և՛ երեխան ուրախ բնավորություն կունենա, եթե ծնվի իր երգի տակ։

Մատիսը տեղնուտեղը ճանկեց աղեղն ու մի քանի նետ արձակեց։

— Կորե՛ք այստեղից,— բղավեց նա։— Մենք երեխա ենք ունենալու, հասկանո՞ւմ եք, զզվելի մռութներ։

— Հա՛֊հա՛֊հա,— ի պատասխան գոռացին դրուդները։— Նրանք երեխա՜ են ունենալու։ Այս գիշե՛ր։ Հո՛֊հո՛֊հո՛։ Ամպրոպային երեխա՜։ Այ թե այլանդա՜կն է լինելու։ Հո՛֊հո՛֊հո՛։ Իսկը թունավոր սունկ։

Այդ ժամանակ Մատիսը նորից նետահարեց վայրի երամի ամենախոր մասը, բայց դրուդները միայն չարությամբ հռհռացին և հռհռալով, բարձր աղմուկով թռան ծառերի գագաթների վրայով։

Մինչ Լովիսան երգում էր, իսկ Մատիսը ամրոցից քշում էր զզվելի արարածներին, նրա ավազակները, բոլոր տասներկուսն էլ, նստած էին դահլիճում, կրակի մոտ, և՛ խմում էին, և՛ ուտում, և՛ աղմկում խելապակասների նման, հետ չմնալով չար դրուդներից։ Իսկ ի՛նչ անեին։ Չէ որ նրանք էլ սպասում էին, թե երբ է վերջապես երեխան ծնվելու այնտեղ՝ վերևի աշտարակում։ Որովհետև նրանց ամբողջ ավազակային կյանքի ընթացքում դեռ ոչ մի անգամ ավազակների ամրոցում երեխա չէր ծնվել։ Բայց բոլորից շատ պստլիկի հայտնվելուն սպասում էր Ճաղատ Պերը։

— Ախր վերջապես երբ է հայտնվելու այդ փոքրիկ ավազակը,— բացականչում էր նա։— Ես արդեն ծեր եմ ու անզոր, իմ ավազակային կյանքը մոտենում է ավարտին։ Շատ կուզենայի մինչև աչքերս փակելը տեսնել մեր նոր ատամանին։

Ճաղատ Պերը դեռ խոսքը չէր ավարտել, որ դուռը բացվեց, և դահլիճ վազեց ուրախությունից խելքը կորցրած Մատիսը։ Նա թռչկոտում էր՝ կրունկներով թակելով քարե հատակը և բղավելով ամբողջ ձայնով.

— Ես երեխա՛ ունեմ... Է՜յ, լսեք բոլորդ, ես երեխա եմ ունեցել...

— Աղջի՞կ է, թե՞ տղա,— իր անկյունից հարցրեց Ճաղատ Պերը։

— Իմ երջանկությո՜ւն... Իմ ուրախությո՜ւն...— գոռում էր Մատիսը։— Ահա նա... Ավազակի դո՜ւստրը։

Լովիսան անցնելով բարձր շեմքը, մտավ դահլիճ՝ պստիկը ձեռքին։ Ավազակները միանգամից լռեցին։

— Է՜յ, դուք, գարեջրից խեղդվեցի՞ք, ինչ է,— բղավեց նրանց վրա Մատիսը։

Նա Լովիսայի ձեռքից վերցրեց աղջկան և մոտեցավ տասներկու ավազակներից յուրաքանչյուրին։

— Ահա՛, հիացեք, եթե ուզում եք, ամենահրաշալի երեխայով, որը երբևէ ծնվել է ավազակների ամրոցներում։

Դուստրը պառկած էր հոր մեծ ափի վրա և նայում էր նրան առանց աչքը թարթելու։

— Դեմքն այնպես խելացի է, կարծես արդեն ինչ֊որ բան է հասկանում։

— Անունն ի՞նչ եք դրել,— նորից հարցրեց Ճաղատ Պերը։

— Ռոնի,— պատասխանեց Լովիսան։— Ես վաղուց էի որոշել։

— Իսկ եթե տղա ծնվե՞ր,— հետաքրքրվեց նա։

— Եթե ես որոշել էի, որ իմ երեխան պետք է Ռոնի կոչվի, ուրեմն ես միայն Ռոնի պետք է ունենայի։

Հետո նա դարձավ Մատիսին.

— Վերցնե՞մ երեխային։

Բայց Մատիսը դեռ չէր ուզում բաժանվել աղջկանից։ Նա կանգնել ու զարմացած ուսումնասիրում էր Ռոնիի պարզ աչուկները, փոքրիկ բերանը, մուգ մազերը, անօգնական ձեռքերը և խելքը գնում էր նրա սիրուց։

— Իմ բալիկ,— ասաց նա։— Սրանից հետո իմ ավազակային սիրտը քո փոքրիկ ձեռքերում է։ Չգիտեմ ինչու, բայց այդպես է։

— Ապա տուր մի քիչ պահեմ, — խնդրեց ճաղատ Պերը։

Եվ Մատիսը զգուշությամբ նրա ձեռքերի վրա դրեց Ռոնիին, ասես ոսկե ձու լիներ։

— Ահա նա, նոր ավազակապետը, որի մասին այնքան երկար երազում էիր։ Տե՛ս, չգցես, թե չէ վերջդ կգա։

Բայց Ճաղատ Պերը միայն ժպտաց իր անատամ բերանով։

— Ոնց որ փետուր լինի,— ասաց նա, ձեռքերի վրա կամացուկ թռցնելով պստլիկին։

Մատիսը զայրացավ ու խլեց Ռոնիին նրա ձեռքից։

— Իսկ ի՞նչ էիր սպասում տեսնել, ծեր ավազակ։ Չլինի՞ հաստափոր ավազակապետի՝ թավամազ մորուքով։ Հեխխե, այդպե՞ս է։

Այդ ժամանակ բոլոր ավազակները հասկացան, որ այդ երեխայի մասին ոչ մի վատ բան ասել չի կարելի, եթե չես ուզում գժտվել ավազակապետի հետ։ Իսկ Մատիսի հետ կատակել չի լինի։ Դրա համար էլ բոլորն սկսեցին գովաբանել ու փառաբանել նորածնին։ Եվ նրա առողջության համար դատարկեցին գարեջրի շատ բաժակներ, որը Մատիսին շատ դուր եկավ։ Նա նստեց սեղանի մոտ և նորից ու նորից նրանց ցույց էր տալիս իր հրաշալի պստլիկին։

— Թե որ մեկը հիմա նախանձից պայթի, դա Բորկան է լինելու,— բացականչեց Մատիսը։— Դե թող նստի իր հոտած քարայրում և զայրույթից ատամները կրճտացնի։ Այո, սատանան տանի։ Այնտեղ այնպիսի հառաչանք ու կրճտոց կբարձրանա, որ բոլոր չար դրուդներն ու գորշ թզուկները ստիպված ականջները կփակեն, հավատացեք ինձ։ Ճաղատը հաստատական թափահարեց գլուխն ու ծիծաղով ասաց.

— Ո՜նց նախանձից չպայթի։ Հիմա Մատիսի տոհմը կապրի, իսկ Բորկայի տոհմին՝ վերջ։

— Ոսկի խոսքեր,— միացավ Նրան Մատիսը։— Վերջ, որովհետև Բորկան երեխա չունի և չի ունենա...

Այդ վայրկյանին կայծակի այնպիսի հարված ճայթեց, որպիսին ավազակային սարերում դեռևս ոչ ոք երբեք չէր լսել։ Բոլոր ավազակները վախից գունատվեցին, իսկ Ճաղատ Պերը նույնիսկ ընկավ երեսի վրա, ախր նա արդեն ոտքերի վրա այնքան էլ հաստատուն չէր կանգնում։

Հանկարծ Ռոնին խղճալի ծվաց, և այդ անսպասելի ծվոցից Մատիսի սիրտն ավելի ուժգին կծկվեց, քան կայծակի սարսափելի ճայթյունից։

— Իմ զավակը լաց է լինում,— բղավեց նա։— Ի՞նչ պետք է անել։ Ի՞նչ անել։

Բայց Լովիսան չկորցրեց իրեն։ Նա հանգիստ վերցրեց երեխային նրա ձեռքից ու կերակրեց։

Ծվոցն իսկույն կտրվեց։

— Ա՛յ թե դղրդոց էր,— բացականչեց Ճաղատ Պերը, երբ ուշքի եկավ։— Գլուխս կտրել կտամ, թե մոտերքում կայծակը խփած չլինի։

Այո, կայծակն իսկապես խփել էր, այն էլ ինչպես։ Դրանում նրանք համոզվեցին, հենց որ լույսը բացվեց։ Ավազակների՝ սարի գլխին կանգնած հնագույն ամրոցը կիսվել էր վերից վար՝ աշտարակից մինչև խորը գետնահարկերը։ Եվ այդ կեսերի միջև անդունդ էր գոյացել։

— Ինչ զարմանալի սկսվեց քո կյանքը, Ռոնի,— ասաց Լովիսան, երբ երեխան ձեռքին բարձրացավ աշտարակը ու դիտեց բոլոր ավերածությունները, որ կատարել էր ամպրոպը։


Իսկ ավազակային որջում կյանքն ընթացավ առաջվա նման։ Միայն այն տարբերությամբ, որ այնտեղ հիմա երեխա կար։ Փոքրիկ աղջիկ, որը, ինչպես գտնում էր Լովիսան, օրըստօրե ավելի ու ավելի էր բռի մեջ հավաքում ոչ միայն իրեն՝ Մատիսին, այլև նրա բոլոր տասներկու ավազակներին։ Իհարկե, այն, որ նրանք ճգնում էին առաջվա նման կոպիտ չլինել, վատ չէր, բայց ամեն բանում չափավորություն է պետք։ Իսկ ահա այն, որ ավազակապետը և նրա ամբողջ հրոսակախումբը հիմարաբար քրքջում են՝ նայելով ինչպես է փոքրիկը չորեքթաթ անում քարե հատակի վրա, ու հրճվում, ասես ներկա են մեծագույն հրաշքի, անհնարին էր հասկանալ։ Ճիշտ է, Ռոնին անսովոր ժրությամբ էր չորեքթաթ անում ու մի տեսակ յուրօրինակ՝ ճարպկորեն հրվելով ձախ ոտքով, ինչը հատուկ հիացմունք էր պատճառում բոլոր ավազակներին։ Բայց չէ որ վերջ ի վերջո երեխաների մեծ մասը վաղ թե ուշ սկսում են չորեքթաթ անել, գտնում էր Լովիսան, բայց ոչ ոք այդ առիթով հորթի հրճվանքի մեջ չի ընկնում, իսկ այդ չորեքթաթ անող երեխաների հայրերը ժամերով գորովալից չեն նայում նրանց, այլ շարունակում են զբաղվել իրենց տղամարդկային գործերով։

— Մատիս, այնպես չանես, որ Բորկան քո անտառում ավազակություն անի,— փնթփնթում էր Լովիսան, երբ ամբողջ հրոսակախումբը ավազակապետի գլխավորությամբ իսկական ավազակության ժամին խուժում էր ամրոց միայն այն բանի համար, որ տեսնի, թե Ռոնին ինչպես է խժռում շիլան, և մայրն ինչպես է նրան դնում օրորոցը՝ քնելու։

Բայց Մատիսը կնոջ փնթփնթոցը չլսելու էր տալիս։

— Փոքրիկս, աղունիկս,— գոռում էր նա, երբ Ռոնին ձախ ոտքով ճարպկորեն հրելով շարժվում էր նրան ընդառաջ՝ թեքությամբ հատելով դահլիճը։

Նա իր աղունիկին նստեցնում էր ծնկներին ու կերակրում, իսկ տասներկու ավազակները շարվում էին շուրջը և աչք չէին կտրում նրանցից։

Նույնիսկ Լովիսան էր ծիծաղում, երբ Մատիսը, մորուքն ու ունքը շիլայոտած, կերակրում էր իր սիրելուն։

— Տե՛ր աստված, Մատիս, հիմա քեզ նայելով ո՞վ կմտածի, թե դու երկրի երեսի բոլոր անտառների ու լեռների ամենահզոր ավազակապետն ես։ Եթե Բորկան հիմա քեզ տեսներ, ծիծաղից կմեռներ։

— Հա, ես նրան ծիծաղել ցույց կտայի,— բացականչեց Մատիսը։

Բորկան նրա երդվյալ թշնամին էր, ճիշտ այնպես, ինչպես Բորկայի հայրն ու պապը եղել էին Մատիսի հոր ու պապի երդվյալ թշնամիները։ Մարդիկ հիշում են, որ հնուց ի վեր երկու ավազակախմբերը մահացու թշնամիներ էին։ Անցնող վաճառականների համար, վերջ ի վերջո, միևնույն էր, թե ում ավազակախումբն է իրենց թալանում, բայց ահա Մատիսի ու Բորկայի համար բոլորովին էլ միևնույն չէր, թե իրենցից որին կհասնի ավարը։ Երկու ավազակախմբերը դաժանորեն էին կռվում դրա համար, իսկ երբ վաճառականները, չգիտես ինչու, չէին անցնում վայրի կիրճով, ավազակներն սկսում էին իրար թալանել։ Այդ ամենն, իհարկե, Ռոնին չգիտեր, որովհետև դեռ փոքր էր։ Նա պատկերացում անգամ չուներ, որ իր հայրն, ավազակների սարսափազդու ատաման է։ Նրա համար հայրը բարեհոգի մորուքավոր Մատիսն է, որը բարձր քրքջում է, երգում կամ ուրախ բղավում է ամբողջ կոկորդով, մեկ էլ շիլա է ուտեցնում իրեն, և Ռոնին սիրում էր նրան։

Ռոնին աճում էր ոչ թե օրերով, այլ ժամերով և կամաց֊կամաց սկսեց դիտել իրեն շրջապատող աշխարհը։ Երկար ժամանակ նա կարծում էր, թե քարե պատերով հսկայական դահլիճն էլ հենց ամբողջ աշխարհն է որ կա։ Եվ այնտեղ իրեն հրաշալի էր զգում, հատկապես, երբ մտնելով սեղանի տակ՝ խաղում էր կոներով ու մանրիկ քարերով, որոնք Մատիսն էր բերում նրա համար։ Այդ դահլիճն, իրոք, շատ հարմար տեղ էր մանկական խաղերի համար։ Այնտեղ միշտ զվարճանալու որևէ բան էր լինում, և այնտեղ նաև շատ բան սովորեց։ Ռոնիին դուր էր գալիս, երբ երեկոները, կրակի մոտ տեղավորվելով, ավազակները երգում էին։ Մկան նման լուռ նա նստում էր սեղանի տակ, լսում ու աստիճանաբար միտն էր պահում բոլոր ավազակային երգերը։ Եվ ահա սկսեց ձայնակցել զանգակի նման զրնգուն ձայնով։ Եվ Մատիսը չէր հոգնում հիանալուց իր հրաշալի դստրիկով, որն այդքան լավ երգում է։ Ռոնին պարել էլ ինքնուրույն սովորեց։ Երբ ավազակները գալիս էին ավարով, ուրախությունից սկսում էին պարել ու թռչկոտել դահլիճով մեկ, ասես վայրի այծեր լինեին, և Ռոնին շուտով սկսեց նրանց ընդօրինակել։ Նա էլ նրանց նման պարում էր՝ մոլեգին դոփելով ոտքերով և, ի մեծագույն ուրախություն հոր, թռչկոտում էր իսկական ավազակի նման։ Իսկ երբ այդպիսի մոլեգին պարերից հետո ավազակները անուժ ընկնում էին մեծ սեղանի մոտի նստարաններին, որ գարեջրով թարմանան, Մատիսն սկսում էր պարծենալ իր դստրիկով։

— Գիտեք, նա լավիկն է, ինչպես փոքրիկ դրուդ, ճիշտ չէ՞... Նրա նման բարեկազմ է, խաժաչ ու սև մազերով։ Ձեզանից ոչ մեկը երբեք չի տեսել այսպիսի հրաշալի աղջնակ, ճի՞շտ է։

Եվ ավազակները միահամուռ գլխով էին անում ու խմբով պատասխանում.

— Ճիշտ է։

Եվ ահա մի գեղեցիկ օր Մատիսը հասկացավ, թեև դա բոլորովին էլ նրա սրտովը չէր, որ եկել է թռչնակին դուրս թողնելու ժամանակը։

— Լովիսա,— ասաց նա այդ ժամանակ կնոջը,— մեր դուստրը պետք է սովորի թափառել իմ ավազակային անտառում։ Թող գնա զբոսնի։

— Փառք աստծո, վերջապես դու էլ դու հասկացար,— ասաց Լովիսան,— ինձ որ մնար, նա վաղուց արդեն կզբոսներ անտառում։

Այդպես Ռոնին թույլտվություն ստացավ գնալ՝ ուր խելքին փչեր։ Բայց մինչ այդ Մատիսը զգուշացրեց նրան այն վտանգներից, որոնք սպառնում էին նրան։

— Այսպես ուրեմն. զգուշացիր չար դրուդներից և գորշ թզուկներից, և Բորկայի ավազակներից։

— Բայց ես ինչպես իմանամ, դա չար դրո՞ւդ է, թե Բորկայի ավազակ։

— Ինքդ գլխի կընկնես,— պատասխանեց Մատիսը։

— Պարզ է,— ասաց Ռոնին։

— Մեկ էլ, տես, չմոլորվես,— շարունակեց Մատիսը։

— Իսկ ի՞նչ անեմ, եթե մոլորվեմ։

— Գտիր անհրաժեշտ արահետը։

— Պարզ է, — ասաց Ռոնին։

— Եվ տես, չընկնես գետը։

— Իսկ ի՞նչ անեմ, եթե ընկնեմ գետը։

— Դուրս լողա։

— Պարզ է։

— Իսկ հետո էլ, տես, չթրմփաս անդունդը։— Մատիսը հիշեց անհատակ անդունդը, որը գոյացավ այն օրը, երբ կայծակը զարկեց ավազակների ամրոցին։

— Բայց ինչ անեմ, եթե այնուամենայնիվ, թրմփամ այնտեղ։

— Այդ դեպքում դու ոչինչ անել չես կարող,— ասաց Մատիսը և հանկարծ այնպես տխուր հառաչեց, ասես աշխարհի ամբողջ թախիծը հավաքվեց նրա կրծքում։

— Պարզ է,— ասաց Ռոնին, երբ Մատիսը դադարեց հառաչել,— այդ դեպքում ես կաշխատեմ չթրմփալ։ Կա՞ն էլի ուրիշ վտանգներ։

— Իհարկե, շատ, բայց ինքդ դրանք կտեսնես։ Իսկ հիմա գնա...

Եվ Ռոնին գնաց։ Շատ շուտով հասկացավ՝ ինչ հիմարն է եղել, երբ կարծել է, թե իրենց քարե հատակով մեծ դահլիճը հենց ամբողջ աշխարհն է, որ կա։ Նույնիսկ իրենց անմատչելի ավազակային ամրոցը՝ իր բոլոր աշտարակներով ու գետնահարկերով, էլի ողջ աշխարհը չէ։ Եվ բարձր ավազակային սարն էլ դեռ ողջ աշխարհը չէ։ Ոչ, ողջ աշխարհը շա՜տ֊շատ մեծ է։ Այնքան հսկայական է, որ ուղղակի շունչը բռնվում է։ Իհարկե, Ռոնին մեկ անգամ չէ, որ լսել է՝ ինչպես Մատիսն ու Լովիսան խոսում էին այն մասին, ինչ գտնվում է ամրոցի պատերից դուրս։ Օրինակ՝ գետի մասին։ Բայց երբ Ռոնին՝ ինքը տեսավ ինչպես է վայրի դղրդոցով, մոլեգին ու փրփրած՝ ավազակային լեռան ստորոտի խոր կիրճով անցնում ջրի հոսանքը, նոր հասկացավ, թե ինչ է գետը։ Անտառի մասին էլ էին խոսում նրանք։ Բայց միայն երբ Ռոնին՝ ինքը տեսավ անտառը՝ մութ ու խորհրդավոր, աղմկող սաղարթով, հասկացավ ինչ է անտառը ու կամացուկ ծիծաղեց նրա համար, որ իրականում կան այդ հսկայական ծառերը և՛ այդ մոլեգին գետը, և՛ շուրջը փոթորկվում է այդպիսի բազմազան կյանք։ Դե, ասեք, ինչպես չծիծաղի։

Ռոնին արահետով գնաց ուղիղ անտառի թավուտը և վերջ ի վերջո հայտնվեց անտառի լճի ափին։ Ավելի հեռու գնալ չէր կարելի, այդպես ասաց Մատիսը։ Լճի սև հայելին շրջապատված էր մուգ սոճիներով, և միայն ջրաշուշաններն էին օրորվում մակերեսին, ասես ճերմակ կրակներ լինեին։ Ռոնին, իհարկե, չգիտեր, որ դրանք ճերմակ շուշաններ էին, բայց երկար նայում էր դրանց ու կամացուկ ծիծաղում, որ դրանք կան։

Ամբողջ օրը նա անցկացրեց լճի մոտ և ուրախանում էր ամեն ինչից, ինչպես երբեք առաջներում։ Նա երկար ժամանակ ջուրն էր գցում եղևնու կոներ և ուրախությունից քրքջաց, երբ նկատեց, որ հենց ինքը ոտքերով մի քիչ չլմփացնում է ջուրը, կոները հեռու են լողում։ Այդպես ուրախ նա երբեք չէր եղել։ Եվ նրա ոտքերն էլ երբեք այդքան ազատ չէին եղել։ Բայց ավելի զվարճալի էր մե՜ծ֊մեծ քարերի վրա մագլցելը։ Լճի շուրջն ընկած էին մամուռով ծածկված հսկայական քարեր, որոնք ստեղծված էին, որ դրանց վրա մագլցեն, և աճում էին սոճիներ ու մայրիներ, որոնց ճյուղերի վրա կարելի էր հրաշալի ճոճվել։ Եվ ահա Ռոնին ճոճվում էր, ցած թռչում ու նորից մագլցում քարերի վրա, քանի դեռ արևը չէր մտել ծառերի գագաթների հետևը։ Այդ ժամանակ նա կաշվե տոպրակից, որ վերցրել էր հետը, հաց ու կաթ հանեց և ախորժակով կերավ։ Հետո պառկեց մամուռի վրա, որ մի քիչ հանգստանա, իսկ նրա վրա՝ բա՜րձր֊բարձր, աղմկում էին ծառերը։ Նա վեր էր նայում ու ծիծաղում, որ ինքը կա։ Հետո քնեց։ Ռոնին արթնացավ, երբ արդեն մթնել էր, և ծառերի գագաթներից վեր փայլփլում էին աստղերը։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ աշխարհն ավելի մեծ է, քան ինքը կարծում էր։ Բայց նրան տխրեցրեց այն, որ ինչքան էլ ձեռքերը մեկներ դեպի աստղերը, միևնույն է՝ չէր հասնի նրանց...

Նա անտառում մի քիչ ավելի երկար մնաց, քան իրեն թույլատրել էին։ Հարկավոր էր շուտ տուն վերադառնալ, թե չէ հայրը անհանգստությունից ուղղակի կգժվի, դա լավ էր հասկանում նա։

Շուրջը մութ֊մութ էր, միայն աստղերն էին արտացոլվում ջրում։ Բայց Ռոնին մթից չէր վախենում, նա դրան սովոր էր. նրանց ավազակային ամրոցում ձմեռային երկարատև գիշերներին, երբ կրակը հանգցնում էին, այնպես մութ էր լինում, որ մատդ մտցնեիր դիմացինիդ աչքը, չէր տեսնի, ավելի մութ, քան գիշերը անտառում։ Չէ, մթից նա չէր վախենում։

Ռոնին արդեն պատրաստվում էր ճամփա ընկնել, բայց հանկարծ հիշեց, որ կաշվե տոպրակը թողել է այն քարին, որի վրա հաց էր կերել և իսկույն մագլցեց քարի վրա։ Եվ այնտեղ, վերևում, նրան թվաց, թե շատ ավելի մոտ է աստղերին։ Ռոնին նորից պարզեց ձեռքերը դեպի երկինք, որ մի քանի, թեկուզ ամենափոքրիկ, աստղ բռնի ու տուն տանի, բայց, ավաղ, այդպես էլ չհաջողվեց։ Այդ ժամանակ նա որոշեց, որ, այնուամենայնիվ, ժամանակն է իջնել։

Եվ այստեղ նա տեսավ, որ ծառերի բների միջև պսպղում են ինչ֊որ մեկի աչքերը։ Շատ վախեցավ։ Այո, այո, նա չէր էլ նկատել, որ գլաքարի շուրջը աչքեր են փայլում՝ հետևում են իրեն։ Նա հայտնվեց լուսարձակող օղակում։ Առաջներում Ռոնին երբեք չէր տեսել աչքեր, որոնք մթան մեջ լույս արձակեին, և դրանք նրան բոլորովին դուր չեկան։

— Է՛յ, դուք,— բղավեց,— ի՞նչ եք ուզում։

Բայց պատասխան չստացավ։ Փոխարենը աչքերն սկսեցին մոտենալ։ Աչքերի կրակները դանդաղ, քիչ֊քիչ մոտենում էին նրան, և Ռոնիին սկզբում հասավ անհասկանալի, խուլ տարօրինակ ծերունական խռպոտ ձայների աղմուկ, իսկ հետո նա տարբերեց բառերը.

— Լսեք, գորշ թզուկներ, լսեք բոլորդ, գորշ թզուկներ, այստեղ մարդ կա, մեր անտառում մարդ կա։ Բռնեք նրան, կծեք նրան, կսմթեք նրան և ծեծեք նրան... Բոլորդ, մեկ մարդու պես, գորշ թզուկներ, բռնեք, կծեք, կսմթեք և ծեծեք։ Թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ...

Նրանք միահամուռ սկսեցին հարվածել քարին՝ չգիտես փայտերով, թե դագանակներով, ով իմանա, ինչ կար նրանց ձեռքին։ Թխկոցը, շխկոցը, աղմուկը լցրել էին ողջ անտառը, և Ռոնին բղավեց։ Նա շատ վախեցավ. հանկարծ իրեն սպանեն։

Թզուկները դադարեցրին քարին խփելը, բայց տիրող լռության մեջ նա լսեց ավելի սարսափելի ձայն՝ ինչ֊որ խշխշոց։ Այդ թզուկներն էին մագլցում քարի վրա։ Նրանք մոտենում էին Ռոնիին բոլոր կողմերից։ Նրանց եղունգները ճանկռոտում ու քերում էին քարը։ Եվ նորից հնչեցին նրանց խռպոտ ձայները.

— Բոլոր գորշ թզուկներ, բոլորդ մեկ մարդու նման կծեք, կսմթեք և խփեք՝ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ...

Այդ ժամանակ Ռոնին սարսափից ավելի բարձր բղավեց ու սկսեց հուսահատությամբ թափահարել կաշվե տոպրակը։ Ահա֊ահա, նրանք կհարձակվեն և կկծոտեն, մինչև մեռնի։ Անտառում նրա առաջին օրը կլինի և վերջինը։ Բայց այդ վայրկյանին նա լսեց ահեղ կանչ, այդպես ահեղ կարող էր գոռալ միայն Մատիսը։ Դե, իհարկե, նա էր, հայրը՝ իր տասներկու ավազակների հետ։ Նրանց ջահերի կրակները առկայծում էին ծառերի արանքում, իսկ Մատիսի ձայնը խլացնում էր ողջ անտառը.

— Կորե՛ք, գորշ թզուկներ, քաշվեք ձեր տարտարոսները, թե չէ մենք դուրս կքաշենք մեր կացինները...

Ռոնին լսեց, ինչպես էին փոքրիկ մարմինները շրմփում գետնին։ Ջահերի պայծառ լույսի տակ նրանց տեսավ այժմ. զզվելի գորշ արարածները ամբողջ ուժով ծլկում էին ու անհետանում մթնում։

Ռոնին նստեց իր կաշվե տոպրակին, ոնց որ սահնակ, ու քարի վրայից սահեց ցած, իսկ այստեղ վրա հասավ Մատիսը. հայրը նրան բարձրացրեց գետնից ու ամուր գրկեց։ Եվ մինչ նա Ռոնիին գրկած տանում էր տուն, աղջիկը լալիս էր, դեմքը թաղած հոր մորուքի մեջ։

— Դե՛, հիմա ճանաչեցի՞ր գորշ թզուկներին,— հարցրեց Մատիսը, երբ արդեն նստել էին օջախի մոտ, և Ռոնին տաքացնում էր սառած ոտքերը։

— Ըհը՛, հիմա ճանաչեցի գորշ թզուկներին։

— Բայց դեռ չգիտես ինչպես նրանց հաղթել։ Նրանք հեռվից զգում են, որ իրենցից վախենում են, և իսկույն դառնում են վտանգավոր։

— Այո, այո,— հաստատեց Լովիսան։— Եվ այդպես պահում են իրենց ոչ միայն գորշ թզուկները։ Այդ պատճառով էլ անտառում պետք է ոչնչից չվախենալ։

— Լավ,— ասաց Ռոնին,— ես դա կհիշեմ։

Մատիսը միայն հոգոց հանեց ու նրան սեղմեց կրծքին։

Ռոնին զգուշանում էր վտանգներից ու վարժվում էր քաջության շատ ավելի ջանասիրությամբ, քան կարող էին ենթադրել Մատիսն ու Լովիսան, և շուտով նա դարձավ վայրի գազանիկի նման ճարպիկ, ուժեղ ու անվախ։

Երբ գալիս էր գիշերը, և մութը պարուրում էր ավազակների սարը, իսկ մեծ դահլիճում բոցկլտում էր օջախի կրակը, Ռոնին տուն էր վերադառնում՝ հոգնածությունից հազիվ ոտքերը քարշ տալով. այնպե՜ս եռանդով էր նա ամբողջ օրը պաշտպանվում, ինչից որ պետք է պաշտպանվեր, և սովորում էր ոչնչից չվախենալ։ Հենց այդ նույն ժամին էլ սովորաբար իր ավազակային երթերից տուն էր դառնում Մատիսը՝ իր տասներկու ավազակների հետ։ Եվ Ռոնին նրանց հետ նստում էր կրակի մոտ ու նրանց հետ միասին երգում ավազակային երգեր, բայց ավազակային կյանքի մասին նվազագույն պատկերացում անգամ չուներ։ Նա, իհարկե, տեսնում էր, որ երբ գիշերները վերադառնում էին ամրոց, նրանց ձիերին բարձված էին լինում հակեր, կաշվե պարկեր ու արկղեր, բայց Ռոնիին ոչ ոք չէր ասում որտեղից է այդ բեռը, իսկ նրա մտքով անգամ չէր անցնում հարցնել այդ մասին, ինչպես որ, օրինակ, չէր հարցնում ինչու է անձրև գալիս։ Ախր աշխարհում այնքա՜ն անբացատրելի բաներ կան։ Այդ բանը նա վաղուց արդեն նկատել է։

Շատ է լսել խոսակցություններ Բորկայի ավազակների մասին և վաղուց հասկացել է, որ ինքը պետք է նրանցից զգուշանա։ Բայց մինչև այժմ այդ ավազակներից ոչ մեկին չէր հանդիպել։

— Եթե Բորկան այդքան անարգ շուն չլիներ,— մի երեկո ասաց Մատիսը,— ես նրան նույնիսկ կխղճայի։ Անտառում զինվորները հետապնդում են նրան վայրի գազանի նման՝ հանգիստ ու դադար չտալով։ Ա՛յ, կտեսնեք, շուտով նրանք Բորկային կքշեն իր որջից։

— Բորկայի բոլոր ավազակները նույնպիսի խոզեր են, ինչպես ինքը, ամբողջ հրոսակախումբը այդպիսին է, մեկը մեկից վատ,— ասաց Ճաղատ Պերը, և ոչ ոք նրա հետ չվիճեց։

«Ինչ երջանկություն է, որ մեր ավազակները այդպես լավն են»,— մտածեց Ռոնին։ Նա հայացք գցեց բոլորի վրա. նրանք նստել էին սեղանի մոտ և մեծ գդալով ապուր էին խփշտում։ Մորուքներով, կեղտոտ, վայրենացած, նրանք ջանում էին տեղնուտեղը գզվռտոց բացել։ Բայց թող փորձեր մեկնումեկը Ռոնիի մոտ ասել, թե նրանք խոզեր են։ Ախր նրանք բոլորը՝ և՛ Ճաղատ Պերը, և՛ Տյոգեն, և՛ Պելյեն, և՛ Ֆյոսոկը, և՛ Ժուտիսը, և՛ Ժոենը, և՛ Լաբասը, և՛ Կնոտասը, և՛ Տուրեն, և՛ Տյորմը, և՛ Ստուրկասը, և՛ Պստիկ Կլիպը նրա ընկերներն են և պատրաստ են նրա համար հրի ու ջրի մեջ ընկնել։

— Բախտներս բերել է, որ այս ամրոցն ունենք,— ասաց Մատիսը։— Այստեղ մենք լիակատար ապահովության մեջ ենք, ոնց որ աղվեսը որջում, ոնց որ արծիվը սարի գլխին։ Եթե այդ քոսոտ զինվորները քթները խոթեն այստեղ, մենք նրանց տեղնուտեղը կուղարկենք գրողի ծոցը։

— Ուղիղ ճանապարհով կքշենք դժոխքը,— ուրախութամբ շարունակեց Ճաղատ Պերը։

Եվ բոլոր ավազակները քաջալերեցին Ճաղատ Պերին ու չկարողացան ծիծաղները պահել այն մտքից, թե որևէ մեկը սիրտ կանի քիթը խոթել այդտեղ։

Սարի վրա բարձրանում էր անառիկ ամրոցը։ Միայն նրա հարավային կողմից ցած էր վազում նեղ արահետը և կորչում անտառում, իսկ մյուս կողմերից զառիվայր ժայռեր էին։ Դեռ չի ծնվել այնպիսի մի հիմար, որ կփորձի այդ զառիթափով վեր մագլցել՝ ծիծաղում էին ավազակները։ Նրանք չէին էլ կասկածում, թե որտեղ է սովորում Ռոնին ոչնչիցչվախենալ։