Ավազակի դուստր Ռոնին

Գրապահարան-ից
17:50, 9 Հուլիսի 2015 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ավազակի դուստր Ռոնին
հեքիաթ֊վիպակ

հեղինակ՝ Աստրիդ Լինդգրեն
թարգմանիչ՝ Հ․ Վարդանյան
աղբյուր՝ «Ավազակի դուստր Ռոնին»


Այն գիշեր, երբ պետք է լույս աշխարհ գար Ռոնին, որոտում էր ամպրոպը։ Այո, ամպրոպն այդ գիշեր սարերի վրա այնպես էր մոլեգնել, որ ավազակների անտառում բնակվող բոլոր չար ոգիները վախից մտել էին բներն ու փոսերը, այրերն ու ճեղքերը և միայն չար դրուդները, որոնց համար որոտը մեղրից էլ քաղցր էր, ճղճղոցով ու գոռգոռոցներով թռչկոտում էին ավազակների սարի վրա կանգնած ավազակների ամրոցի վրայով։ Լովիսան պատրաստվում էր երեխա ունենալու, և դրուդների գոռգոռոցները խանգարում էին նրան, ու նա իր ամուսին Մատիսին ասաց.

— Ապա մի քշիր այդ չար դրուդներին, նրանց պատճառով չեմ լսում՝ ինչ եմ երգում։

Բանն այն է, որ երեխայի ծնվելուն սպասելիս Լովիսան երգում էր։ Նա մտածում էր, որ և՛ իր համար հեշտ կլինի, և՛ երեխան ուրախ բնավորություն կունենա, եթե ծնվի իր երգի տակ։

Մատիսը տեղնուտեղը ճանկեց աղեղն ու մի քանի նետ արձակեց։

— Կորե՛ք այստեղից,— բղավեց նա։— Մենք երեխա ենք ունենալու, հասկանո՞ւմ եք, զզվելի մռութներ։

— Հա՛֊հա՛֊հա,— ի պատասխան գոռացին դրուդները։— Նրանք երեխա՜ են ունենալու։ Այս գիշե՛ր։ Հո՛֊հո՛֊հո՛։ Ամպրոպային երեխա՜։ Այ թե այլանդա՜կն է լինելու։ Հո՛֊հո՛֊հո՛։ Իսկը թունավոր սունկ։

Այդ ժամանակ Մատիսը նորից նետահարեց վայրի երամի ամենախոր մասը, բայց դրուդները միայն չարությամբ հռհռացին և հռհռալով, բարձր աղմուկով թռան ծառերի գագաթների վրայով։

Մինչ Լովիսան երգում էր, իսկ Մատիսը ամրոցից քշում էր զզվելի արարածներին, նրա ավազակները, բոլոր տասներկուսն էլ, նստած էին դահլիճում, կրակի մոտ, և՛ խմում էին, և՛ ուտում, և՛ աղմկում խելապակասների նման, հետ չմնալով չար դրուդներից։ Իսկ ի՛նչ անեին։ Չէ որ նրանք էլ սպասում էին, թե երբ է վերջապես երեխան ծնվելու այնտեղ՝ վերևի աշտարակում։ Որովհետև նրանց ամբողջ ավազակային կյանքի ընթացքում դեռ ոչ մի անգամ ավազակների ամրոցում երեխա չէր ծնվել։ Բայց բոլորից շատ պստլիկի հայտնվելուն սպասում էր Ճաղատ Պերը։

— Ախր վերջապես երբ է հայտնվելու այդ փոքրիկ ավազակը,— բացականչում էր նա։— Ես արդեն ծեր եմ ու անզոր, իմ ավազակային կյանքը մոտենում է ավարտին։ Շատ կուզենայի մինչև աչքերս փակելը տեսնել մեր նոր ատամանին։

Ճաղատ Պերը դեռ խոսքը չէր ավարտել, որ դուռը բացվեց, և դահլիճ վազեց ուրախությունից խելքը կորցրած Մատիսը։ Նա թռչկոտում էր՝ կրունկներով թակելով քարե հատակը և բղավելով ամբողջ ձայնով.

— Ես երեխա՛ ունեմ... Է՜յ, լսեք բոլորդ, ես երեխա եմ ունեցել...

— Աղջի՞կ է, թե՞ տղա,— իր անկյունից հարցրեց Ճաղատ Պերը։

— Իմ երջանկությո՜ւն... Իմ ուրախությո՜ւն...— գոռում էր Մատիսը։— Ահա նա... Ավազակի դո՜ւստրը։

Լովիսան անցնելով բարձր շեմքը, մտավ դահլիճ՝ պստիկը ձեռքին։ Ավազակները միանգամից լռեցին։

— Է՜յ, դուք, գարեջրից խեղդվեցի՞ք, ինչ է,— բղավեց նրանց վրա Մատիսը։

Նա Լովիսայի ձեռքից վերցրեց աղջկան և մոտեցավ տասներկու ավազակներից յուրաքանչյուրին։

— Ահա՛, հիացեք, եթե ուզում եք, ամենահրաշալի երեխայով, որը երբևէ ծնվել է ավազակների ամրոցներում։

Դուստրը պառկած էր հոր մեծ ափի վրա և նայում էր նրան առանց աչքը թարթելու։

— Դեմքն այնպես խելացի է, կարծես արդեն ինչ֊որ բան է հասկանում։

— Անունն ի՞նչ եք դրել,— նորից հարցրեց Ճաղատ Պերը։

— Ռոնի,— պատասխանեց Լովիսան։— Ես վաղուց էի որոշել։

— Իսկ եթե տղա ծնվե՞ր,— հետաքրքրվեց նա։

— Եթե ես որոշել էի, որ իմ երեխան պետք է Ռոնի կոչվի, ուրեմն ես միայն Ռոնի պետք է ունենայի։

Հետո նա դարձավ Մատիսին.

— Վերցնե՞մ երեխային։

Բայց Մատիսը դեռ չէր ուզում բաժանվել աղջկանից։ Նա կանգնել ու զարմացած ուսումնասիրում էր Ռոնիի պարզ աչուկները, փոքրիկ բերանը, մուգ մազերը, անօգնական ձեռքերը և խելքը գնում էր նրա սիրուց։

— Իմ բալիկ,— ասաց նա։— Սրանից հետո իմ ավազակային սիրտը քո փոքրիկ ձեռքերում է։ Չգիտեմ ինչու, բայց այդպես է։

— Ապա տուր մի քիչ պահեմ, — խնդրեց ճաղատ Պերը։

Եվ Մատիսը զգուշությամբ նրա ձեռքերի վրա դրեց Ռոնիին, ասես ոսկե ձու լիներ։

— Ահա նա, նոր ավազակապետը, որի մասին այնքան երկար երազում էիր։ Տե՛ս, չգցես, թե չէ վերջդ կգա։

Բայց Ճաղատ Պերը միայն ժպտաց իր անատամ բերանով։

— Ոնց որ փետուր լինի,— ասաց նա, ձեռքերի վրա կամացուկ թռցնելով պստլիկին։

Մատիսը զայրացավ ու խլեց Ռոնիին նրա ձեռքից։

— Իսկ ի՞նչ էիր սպասում տեսնել, ծեր ավազակ։ Չլինի՞ հաստափոր ավազակապետի՝ թավամազ մորուքով։ Հեխխե, այդպե՞ս է։

Այդ ժամանակ բոլոր ավազակները հասկացան, որ այդ երեխայի մասին ոչ մի վատ բան ասել չի կարելի, եթե չես ուզում գժտվել ավազակապետի հետ։ Իսկ Մատիսի հետ կատակել չի լինի։ Դրա համար էլ բոլորն սկսեցին գովաբանել ու փառաբանել նորածնին։ Եվ նրա առողջության համար դատարկեցին գարեջրի շատ բաժակներ, որը Մատիսին շատ դուր եկավ։ Նա նստեց սեղանի մոտ և նորից ու նորից նրանց ցույց էր տալիս իր հրաշալի պստլիկին։

— Թե որ մեկը հիմա նախանձից պայթի, դա Բորկան է լինելու,— բացականչեց Մատիսը։— Դե թող նստի իր հոտած քարայրում և զայրույթից ատամները կրճտացնի։ Այո, սատանան տանի։ Այնտեղ այնպիսի հառաչանք ու կրճտոց կբարձրանա, որ բոլոր չար դրուդներն ու գորշ թզուկները ստիպված ականջները կփակեն, հավատացեք ինձ։ Ճաղատը հաստատական թափահարեց գլուխն ու ծիծաղով ասաց.

— Ո՜նց նախանձից չպայթի։ Հիմա Մատիսի տոհմը կապրի, իսկ Բորկայի տոհմին՝ վերջ։

— Ոսկի խոսքեր,— միացավ Նրան Մատիսը։— Վերջ, որովհետև Բորկան երեխա չունի և չի ունենա...

Այդ վայրկյանին կայծակի այնպիսի հարված ճայթեց, որպիսին ավազակային սարերում դեռևս ոչ ոք երբեք չէր լսել։ Բոլոր ավազակները վախից գունատվեցին, իսկ Ճաղատ Պերը նույնիսկ ընկավ երեսի վրա, ախր նա արդեն ոտքերի վրա այնքան էլ հաստատուն չէր կանգնում։

Հանկարծ Ռոնին խղճալի ծվաց, և այդ անսպասելի ծվոցից Մատիսի սիրտն ավելի ուժգին կծկվեց, քան կայծակի սարսափելի ճայթյունից։

— Իմ զավակը լաց է լինում,— բղավեց նա։— Ի՞նչ պետք է անել։ Ի՞նչ անել։

Բայց Լովիսան չկորցրեց իրեն։ Նա հանգիստ վերցրեց երեխային նրա ձեռքից ու կերակրեց։

Ծվոցն իսկույն կտրվեց։

— Ա՛յ թե դղրդոց էր,— բացականչեց Ճաղատ Պերը, երբ ուշքի եկավ։— Գլուխս կտրել կտամ, թե մոտերքում կայծակը խփած չլինի։

Այո, կայծակն իսկապես խփել էր, այն էլ ինչպես։ Դրանում նրանք համոզվեցին, հենց որ լույսը բացվեց։ Ավազակների՝ սարի գլխին կանգնած հնագույն ամրոցը կիսվել էր վերից վար՝ աշտարակից մինչև խորը գետնահարկերը։ Եվ այդ կեսերի միջև անդունդ էր գոյացել։

— Ինչ զարմանալի սկսվեց քո կյանքը, Ռոնի,— ասաց Լովիսան, երբ երեխան ձեռքին բարձրացավ աշտարակը ու դիտեց բոլոր ավերածությունները, որ կատարել էր ամպրոպը։


Իսկ ավազակային որջում կյանքն ընթացավ առաջվա նման։ Միայն այն տարբերությամբ, որ այնտեղ հիմա երեխա կար։ Փոքրիկ աղջիկ, որը, ինչպես գտնում էր Լովիսան, օրըստօրե ավելի ու ավելի էր բռի մեջ հավաքում ոչ միայն իրեն՝ Մատիսին, այլև նրա բոլոր տասներկու ավազակներին։ Իհարկե, այն, որ նրանք ճգնում էին առաջվա նման կոպիտ չլինել, վատ չէր, բայց ամեն բանում չափավորություն է պետք։ Իսկ ահա այն, որ ավազակապետը և նրա ամբողջ հրոսակախումբը հիմարաբար քրքջում են՝ նայելով ինչպես է փոքրիկը չորեքթաթ անում քարե հատակի վրա, ու հրճվում, ասես ներկա են մեծագույն հրաշքի, անհնարին էր հասկանալ։ Ճիշտ է, Ռոնին անսովոր ժրությամբ էր չորեքթաթ անում ու մի տեսակ յուրօրինակ՝ ճարպկորեն հրվելով ձախ ոտքով, ինչը հատուկ հիացմունք էր պատճառում բոլոր ավազակներին։ Բայց չէ որ վերջ ի վերջո երեխաների մեծ մասը վաղ թե ուշ սկսում են չորեքթաթ անել, գտնում էր Լովիսան, բայց ոչ ոք այդ առիթով հորթի հրճվանքի մեջ չի ընկնում, իսկ այդ չորեքթաթ անող երեխաների հայրերը ժամերով գորովալից չեն նայում նրանց, այլ շարունակում են զբաղվել իրենց տղամարդկային գործերով։

— Մատիս, այնպես չանես, որ Բորկան քո անտառում ավազակություն անի,— փնթփնթում էր Լովիսան, երբ ամբողջ հրոսակախումբը ավազակապետի գլխավորությամբ իսկական ավազակության ժամին խուժում էր ամրոց միայն այն բանի համար, որ տեսնի, թե Ռոնին ինչպես է խժռում շիլան, և մայրն ինչպես է նրան դնում օրորոցը՝ քնելու։

Բայց Մատիսը կնոջ փնթփնթոցը չլսելու էր տալիս։

— Փոքրիկս, աղունիկս,— գոռում էր նա, երբ Ռոնին ձախ ոտքով ճարպկորեն հրելով շարժվում էր նրան ընդառաջ՝ թեքությամբ հատելով դահլիճը։

Նա իր աղունիկին նստեցնում էր ծնկներին ու կերակրում, իսկ տասներկու ավազակները շարվում էին շուրջը և աչք չէին կտրում նրանցից։

Նույնիսկ Լովիսան էր ծիծաղում, երբ Մատիսը, մորուքն ու ունքը շիլայոտած, կերակրում էր իր սիրելուն։

— Տե՛ր աստված, Մատիս, հիմա քեզ նայելով ո՞վ կմտածի, թե դու երկրի երեսի բոլոր անտառների ու լեռների ամենահզոր ավազակապետն ես։ Եթե Բորկան հիմա քեզ տեսներ, ծիծաղից կմեռներ։

— Հա, ես նրան ծիծաղել ցույց կտայի,— բացականչեց Մատիսը։

Բորկան նրա երդվյալ թշնամին էր, ճիշտ այնպես, ինչպես Բորկայի հայրն ու պապը եղել էին Մատիսի հոր ու պապի երդվյալ թշնամիները։ Մարդիկ հիշում են, որ հնուց ի վեր երկու ավազակախմբերը մահացու թշնամիներ էին։ Անցնող վաճառականների համար, վերջ ի վերջո, միևնույն էր, թե ում ավազակախումբն է իրենց թալանում, բայց ահա Մատիսի ու Բորկայի համար բոլորովին էլ միևնույն չէր, թե իրենցից որին կհասնի ավարը։ Երկու ավազակախմբերը դաժանորեն էին կռվում դրա համար, իսկ երբ վաճառականները, չգիտես ինչու, չէին անցնում վայրի կիրճով, ավազակներն սկսում էին իրար թալանել։ Այդ ամենն, իհարկե, Ռոնին չգիտեր, որովհետև դեռ փոքր էր։ Նա պատկերացում անգամ չուներ, որ իր հայրն, ավազակների սարսափազդու ատաման է։ Նրա համար հայրը բարեհոգի մորուքավոր Մատիսն է, որը բարձր քրքջում է, երգում կամ ուրախ բղավում է ամբողջ կոկորդով, մեկ էլ շիլա է ուտեցնում իրեն, և Ռոնին սիրում էր նրան։

Ռոնին աճում էր ոչ թե օրերով, այլ ժամերով և կամաց֊կամաց սկսեց դիտել իրեն շրջապատող աշխարհը։ Երկար ժամանակ նա կարծում էր, թե քարե պատերով հսկայական դահլիճն էլ հենց ամբողջ աշխարհն է որ կա։ Եվ այնտեղ իրեն հրաշալի էր զգում, հատկապես, երբ մտնելով սեղանի տակ՝ խաղում էր կոներով ու մանրիկ քարերով, որոնք Մատիսն էր բերում նրա համար։ Այդ դահլիճն, իրոք, շատ հարմար տեղ էր մանկական խաղերի համար։ Այնտեղ միշտ զվարճանալու որևէ բան էր լինում, և այնտեղ նաև շատ բան սովորեց։ Ռոնիին դուր էր գալիս, երբ երեկոները, կրակի մոտ տեղավորվելով, ավազակները երգում էին։ Մկան նման լուռ նա նստում էր սեղանի տակ, լսում ու աստիճանաբար միտն էր պահում բոլոր ավազակային երգերը։ Եվ ահա սկսեց ձայնակցել զանգակի նման զրնգուն ձայնով։ Եվ Մատիսը չէր հոգնում հիանալուց իր հրաշալի դստրիկով, որն այդքան լավ երգում է։ Ռոնին պարել էլ ինքնուրույն սովորեց։ Երբ ավազակները գալիս էին ավարով, ուրախությունից սկսում էին պարել ու թռչկոտել դահլիճով մեկ, ասես վայրի այծեր լինեին, և Ռոնին շուտով սկսեց նրանց ընդօրինակել։ Նա էլ նրանց նման պարում էր՝ մոլեգին դոփելով ոտքերով և, ի մեծագույն ուրախություն հոր, թռչկոտում էր իսկական ավազակի նման։ Իսկ երբ այդպիսի մոլեգին պարերից հետո ավազակները անուժ ընկնում էին մեծ սեղանի մոտի նստարաններին, որ գարեջրով թարմանան, Մատիսն սկսում էր պարծենալ իր դստրիկով։

— Գիտեք, նա լավիկն է, ինչպես փոքրիկ դրուդ, ճիշտ չէ՞... Նրա նման բարեկազմ է, խաժաչ ու սև մազերով։ Ձեզանից ոչ մեկը երբեք չի տեսել այսպիսի հրաշալի աղջնակ, ճի՞շտ է։

Եվ ավազակները միահամուռ գլխով էին անում ու խմբով պատասխանում.

— Ճիշտ է։

Եվ ահա մի գեղեցիկ օր Մատիսը հասկացավ, թեև դա բոլորովին էլ նրա սրտովը չէր, որ եկել է թռչնակին դուրս թողնելու ժամանակը։

— Լովիսա,— ասաց նա այդ ժամանակ կնոջը,— մեր դուստրը պետք է սովորի թափառել իմ ավազակային անտառում։ Թող գնա զբոսնի։

— Փառք աստծո, վերջապես դու էլ դու հասկացար,— ասաց Լովիսան,— ինձ որ մնար, նա վաղուց արդեն կզբոսներ անտառում։

Այդպես Ռոնին թույլտվություն ստացավ գնալ՝ ուր խելքին փչեր։ Բայց մինչ այդ Մատիսը զգուշացրեց նրան այն վտանգներից, որոնք սպառնում էին նրան։

— Այսպես ուրեմն. զգուշացիր չար դրուդներից և գորշ թզուկներից, և Բորկայի ավազակներից։

— Բայց ես ինչպես իմանամ, դա չար դրո՞ւդ է, թե Բորկայի ավազակ։

— Ինքդ գլխի կընկնես,— պատասխանեց Մատիսը։

— Պարզ է,— ասաց Ռոնին։

— Մեկ էլ, տես, չմոլորվես,— շարունակեց Մատիսը։

— Իսկ ի՞նչ անեմ, եթե մոլորվեմ։

— Գտիր անհրաժեշտ արահետը։

— Պարզ է, — ասաց Ռոնին։

— Եվ տես, չընկնես գետը։

— Իսկ ի՞նչ անեմ, եթե ընկնեմ գետը։

— Դուրս լողա։

— Պարզ է։

— Իսկ հետո էլ, տես, չթրմփաս անդունդը։— Մատիսը հիշեց անհատակ անդունդը, որը գոյացավ այն օրը, երբ կայծակը զարկեց ավազակների ամրոցին։

— Բայց ինչ անեմ, եթե այնուամենայնիվ, թրմփամ այնտեղ։

— Այդ դեպքում դու ոչինչ անել չես կարող,— ասաց Մատիսը և հանկարծ այնպես տխուր հառաչեց, ասես աշխարհի ամբողջ թախիծը հավաքվեց նրա կրծքում։

— Պարզ է,— ասաց Ռոնին, երբ Մատիսը դադարեց հառաչել,— այդ դեպքում ես կաշխատեմ չթրմփալ։ Կա՞ն էլի ուրիշ վտանգներ։

— Իհարկե, շատ, բայց ինքդ դրանք կտեսնես։ Իսկ հիմա գնա...

Եվ Ռոնին գնաց։ Շատ շուտով հասկացավ՝ ինչ հիմարն է եղել, երբ կարծել է, թե իրենց քարե հատակով մեծ դահլիճը հենց ամբողջ աշխարհն է, որ կա։ Նույնիսկ իրենց անմատչելի ավազակային ամրոցը՝ իր բոլոր աշտարակներով ու գետնահարկերով, էլի ողջ աշխարհը չէ։ Եվ բարձր ավազակային սարն էլ դեռ ողջ աշխարհը չէ։ Ոչ, ողջ աշխարհը շա՜տ֊շատ մեծ է։ Այնքան հսկայական է, որ ուղղակի շունչը բռնվում է։ Իհարկե, Ռոնին մեկ անգամ չէ, որ լսել է՝ ինչպես Մատիսն ու Լովիսան խոսում էին այն մասին, ինչ գտնվում է ամրոցի պատերից դուրս։ Օրինակ՝ գետի մասին։ Բայց երբ Ռոնին՝ ինքը տեսավ ինչպես է վայրի դղրդոցով, մոլեգին ու փրփրած՝ ավազակային լեռան ստորոտի խոր կիրճով անցնում ջրի հոսանքը, նոր հասկացավ, թե ինչ է գետը։ Անտառի մասին էլ էին խոսում նրանք։ Բայց միայն երբ Ռոնին՝ ինքը տեսավ անտառը՝ մութ ու խորհրդավոր, աղմկող սաղարթով, հասկացավ ինչ է անտառը ու կամացուկ ծիծաղեց նրա համար, որ իրականում կան այդ հսկայական ծառերը և՛ այդ մոլեգին գետը, և՛ շուրջը փոթորկվում է այդպիսի բազմազան կյանք։ Դե, ասեք, ինչպես չծիծաղի։

Ռոնին արահետով գնաց ուղիղ անտառի թավուտը և վերջ ի վերջո հայտնվեց անտառի լճի ափին։ Ավելի հեռու գնալ չէր կարելի, այդպես ասաց Մատիսը։ Լճի սև հայելին շրջապատված էր մուգ սոճիներով, և միայն ջրաշուշաններն էին օրորվում մակերեսին, ասես ճերմակ կրակներ լինեին։ Ռոնին, իհարկե, չգիտեր, որ դրանք ճերմակ շուշաններ էին, բայց երկար նայում էր դրանց ու կամացուկ ծիծաղում, որ դրանք կան։

Ամբողջ օրը նա անցկացրեց լճի մոտ և ուրախանում էր ամեն ինչից, ինչպես երբեք առաջներում։ Նա երկար ժամանակ ջուրն էր գցում եղևնու կոներ և ուրախությունից քրքջաց, երբ նկատեց, որ հենց ինքը ոտքերով մի քիչ չլմփացնում է ջուրը, կոները հեռու են լողում։ Այդպես ուրախ նա երբեք չէր եղել։ Եվ նրա ոտքերն էլ երբեք այդքան ազատ չէին եղել։ Բայց ավելի զվարճալի էր մե՜ծ֊մեծ քարերի վրա մագլցելը։ Լճի շուրջն ընկած էին մամուռով ծածկված հսկայական քարեր, որոնք ստեղծված էին, որ դրանց վրա մագլցեն, և աճում էին սոճիներ ու մայրիներ, որոնց ճյուղերի վրա կարելի էր հրաշալի ճոճվել։ Եվ ահա Ռոնին ճոճվում էր, ցած թռչում ու նորից մագլցում քարերի վրա, քանի դեռ արևը չէր մտել ծառերի գագաթների հետևը։ Այդ ժամանակ նա կաշվե տոպրակից, որ վերցրել էր հետը, հաց ու կաթ հանեց և ախորժակով կերավ։ Հետո պառկեց մամուռի վրա, որ մի քիչ հանգստանա, իսկ նրա վրա՝ բա՜րձր֊բարձր, աղմկում էին ծառերը։ Նա վեր էր նայում ու ծիծաղում, որ ինքը կա։ Հետո քնեց։ Ռոնին արթնացավ, երբ արդեն մթնել էր, և ծառերի գագաթներից վեր փայլփլում էին աստղերը։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ աշխարհն ավելի մեծ է, քան ինքը կարծում էր։ Բայց նրան տխրեցրեց այն, որ ինչքան էլ ձեռքերը մեկներ դեպի աստղերը, միևնույն է՝ չէր հասնի նրանց...

Նա անտառում մի քիչ ավելի երկար մնաց, քան իրեն թույլատրել էին։ Հարկավոր էր շուտ տուն վերադառնալ, թե չէ հայրը անհանգստությունից ուղղակի կգժվի, դա լավ էր հասկանում նա։

Շուրջը մութ֊մութ էր, միայն աստղերն էին արտացոլվում ջրում։ Բայց Ռոնին մթից չէր վախենում, նա դրան սովոր էր. նրանց ավազակային ամրոցում ձմեռային երկարատև գիշերներին, երբ կրակը հանգցնում էին, այնպես մութ էր լինում, որ մատդ մտցնեիր դիմացինիդ աչքը, չէր տեսնի, ավելի մութ, քան գիշերը անտառում։ Չէ, մթից նա չէր վախենում։

Ռոնին արդեն պատրաստվում էր ճամփա ընկնել, բայց հանկարծ հիշեց, որ կաշվե տոպրակը թողել է այն քարին, որի վրա հաց էր կերել և իսկույն մագլցեց քարի վրա։ Եվ այնտեղ, վերևում, նրան թվաց, թե շատ ավելի մոտ է աստղերին։ Ռոնին նորից պարզեց ձեռքերը դեպի երկինք, որ մի քանի, թեկուզ ամենափոքրիկ, աստղ բռնի ու տուն տանի, բայց, ավաղ, այդպես էլ չհաջողվեց։ Այդ ժամանակ նա որոշեց, որ, այնուամենայնիվ, ժամանակն է իջնել։

Եվ այստեղ նա տեսավ, որ ծառերի բների միջև պսպղում են ինչ֊որ մեկի աչքերը։ Շատ վախեցավ։ Այո, այո, նա չէր էլ նկատել, որ գլաքարի շուրջը աչքեր են փայլում՝ հետևում են իրեն։ Նա հայտնվեց լուսարձակող օղակում։ Առաջներում Ռոնին երբեք չէր տեսել աչքեր, որոնք մթան մեջ լույս արձակեին, և դրանք նրան բոլորովին դուր չեկան։

— Է՛յ, դուք,— բղավեց,— ի՞նչ եք ուզում։

Բայց պատասխան չստացավ։ Փոխարենը աչքերն սկսեցին մոտենալ։ Աչքերի կրակները դանդաղ, քիչ֊քիչ մոտենում էին նրան, և Ռոնիին սկզբում հասավ անհասկանալի, խուլ տարօրինակ ծերունական խռպոտ ձայների աղմուկ, իսկ հետո նա տարբերեց բառերը.

— Լսեք, գորշ թզուկներ, լսեք բոլորդ, գորշ թզուկներ, այստեղ մարդ կա, մեր անտառում մարդ կա։ Բռնեք նրան, կծեք նրան, կսմթեք նրան և ծեծեք նրան... Բոլորդ, մեկ մարդու պես, գորշ թզուկներ, բռնեք, կծեք, կսմթեք և ծեծեք։ Թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ...

Նրանք միահամուռ սկսեցին հարվածել քարին՝ չգիտես փայտերով, թե դագանակներով, ով իմանա, ինչ կար նրանց ձեռքին։ Թխկոցը, շխկոցը, աղմուկը լցրել էին ողջ անտառը, և Ռոնին բղավեց։ Նա շատ վախեցավ. հանկարծ իրեն սպանեն։

Թզուկները դադարեցրին քարին խփելը, բայց տիրող լռության մեջ նա լսեց ավելի սարսափելի ձայն՝ ինչ֊որ խշխշոց։ Այդ թզուկներն էին մագլցում քարի վրա։ Նրանք մոտենում էին Ռոնիին բոլոր կողմերից։ Նրանց եղունգները ճանկռոտում ու քերում էին քարը։ Եվ նորից հնչեցին նրանց խռպոտ ձայները.

— Բոլոր գորշ թզուկներ, բոլորդ մեկ մարդու նման կծեք, կսմթեք և խփեք՝ թը՛խկ֊թը՛խկ֊թը՛խկ...

Այդ ժամանակ Ռոնին սարսափից ավելի բարձր բղավեց ու սկսեց հուսահատությամբ թափահարել կաշվե տոպրակը։ Ահա֊ահա, նրանք կհարձակվեն և կկծոտեն, մինչև մեռնի։ Անտառում նրա առաջին օրը կլինի և վերջինը։ Բայց այդ վայրկյանին նա լսեց ահեղ կանչ, այդպես ահեղ կարող էր գոռալ միայն Մատիսը։ Դե, իհարկե, նա էր, հայրը՝ իր տասներկու ավազակների հետ։ Նրանց ջահերի կրակները առկայծում էին ծառերի արանքում, իսկ Մատիսի ձայնը խլացնում էր ողջ անտառը.

— Կորե՛ք, գորշ թզուկներ, քաշվեք ձեր տարտարոսները, թե չէ մենք դուրս կքաշենք մեր կացինները...

Ռոնին լսեց, ինչպես էին փոքրիկ մարմինները շրմփում գետնին։ Ջահերի պայծառ լույսի տակ նրանց տեսավ այժմ. զզվելի գորշ արարածները ամբողջ ուժով ծլկում էին ու անհետանում մթնում։

Ռոնին նստեց իր կաշվե տոպրակին, ոնց որ սահնակ, ու քարի վրայից սահեց ցած, իսկ այստեղ վրա հասավ Մատիսը. հայրը նրան բարձրացրեց գետնից ու ամուր գրկեց։ Եվ մինչ նա Ռոնիին գրկած տանում էր տուն, աղջիկը լալիս էր, դեմքը թաղած հոր մորուքի մեջ։

— Դե՛, հիմա ճանաչեցի՞ր գորշ թզուկներին,— հարցրեց Մատիսը, երբ արդեն նստել էին օջախի մոտ, և Ռոնին տաքացնում էր սառած ոտքերը։

— Ըհը՛, հիմա ճանաչեցի գորշ թզուկներին։

— Բայց դեռ չգիտես ինչպես նրանց հաղթել։ Նրանք հեռվից զգում են, որ իրենցից վախենում են, և իսկույն դառնում են վտանգավոր։

— Այո, այո,— հաստատեց Լովիսան։— Եվ այդպես պահում են իրենց ոչ միայն գորշ թզուկները։ Այդ պատճառով էլ անտառում պետք է ոչնչից չվախենալ։

— Լավ,— ասաց Ռոնին,— ես դա կհիշեմ։

Մատիսը միայն հոգոց հանեց ու նրան սեղմեց կրծքին։

Ռոնին զգուշանում էր վտանգներից ու վարժվում էր քաջության շատ ավելի ջանասիրությամբ, քան կարող էին ենթադրել Մատիսն ու Լովիսան, և շուտով նա դարձավ վայրի գազանիկի նման ճարպիկ, ուժեղ ու անվախ։

Երբ գալիս էր գիշերը, և մութը պարուրում էր ավազակների սարը, իսկ մեծ դահլիճում բոցկլտում էր օջախի կրակը, Ռոնին տուն էր վերադառնում՝ հոգնածությունից հազիվ ոտքերը քարշ տալով. այնպե՜ս եռանդով էր նա ամբողջ օրը պաշտպանվում, ինչից որ պետք է պաշտպանվեր, և սովորում էր ոչնչից չվախենալ։ Հենց այդ նույն ժամին էլ սովորաբար իր ավազակային երթերից տուն էր դառնում Մատիսը՝ իր տասներկու ավազակների հետ։ Եվ Ռոնին նրանց հետ նստում էր կրակի մոտ ու նրանց հետ միասին երգում ավազակային երգեր, բայց ավազակային կյանքի մասին նվազագույն պատկերացում անգամ չուներ։ Նա, իհարկե, տեսնում էր, որ երբ գիշերները վերադառնում էին ամրոց, նրանց ձիերին բարձված էին լինում հակեր, կաշվե պարկեր ու արկղեր, բայց Ռոնիին ոչ ոք չէր ասում որտեղից է այդ բեռը, իսկ նրա մտքով անգամ չէր անցնում հարցնել այդ մասին, ինչպես որ, օրինակ, չէր հարցնում ինչու է անձրև գալիս։ Ախր աշխարհում այնքա՜ն անբացատրելի բաներ կան։ Այդ բանը նա վաղուց արդեն նկատել է։

Շատ է լսել խոսակցություններ Բորկայի ավազակների մասին և վաղուց հասկացել է, որ ինքը պետք է նրանցից զգուշանա։ Բայց մինչև այժմ այդ ավազակներից ոչ մեկին չէր հանդիպել։

— Եթե Բորկան այդքան անարգ շուն չլիներ,— մի երեկո ասաց Մատիսը,— ես նրան նույնիսկ կխղճայի։ Անտառում զինվորները հետապնդում են նրան վայրի գազանի նման՝ հանգիստ ու դադար չտալով։ Ա՛յ, կտեսնեք, շուտով նրանք Բորկային կքշեն իր որջից։

— Բորկայի բոլոր ավազակները նույնպիսի խոզեր են, ինչպես ինքը, ամբողջ հրոսակախումբը այդպիսին է, մեկը մեկից վատ,— ասաց Ճաղատ Պերը, և ոչ ոք նրա հետ չվիճեց։

«Ինչ երջանկություն է, որ մեր ավազակները այդպես լավն են»,— մտածեց Ռոնին։ Նա հայացք գցեց բոլորի վրա. նրանք նստել էին սեղանի մոտ և մեծ գդալով ապուր էին խփշտում։ Մորուքներով, կեղտոտ, վայրենացած, նրանք ջանում էին տեղնուտեղը գզվռտոց բացել։ Բայց թող փորձեր մեկնումեկը Ռոնիի մոտ ասել, թե նրանք խոզեր են։ Ախր նրանք բոլորը՝ և՛ Ճաղատ Պերը, և՛ Տյոգեն, և՛ Պելյեն, և՛ Ֆյոսոկը, և՛ Ժուտիսը, և՛ Ժոենը, և՛ Լաբասը, և՛ Կնոտասը, և՛ Տուրեն, և՛ Տյորմը, և՛ Ստուրկասը, և՛ Պստիկ Կլիպը նրա ընկերներն են և պատրաստ են նրա համար հրի ու ջրի մեջ ընկնել։

— Բախտներս բերել է, որ այս ամրոցն ունենք,— ասաց Մատիսը։— Այստեղ մենք լիակատար ապահովության մեջ ենք, ոնց որ աղվեսը որջում, ոնց որ արծիվը սարի գլխին։ Եթե այդ քոսոտ զինվորները քթները խոթեն այստեղ, մենք նրանց տեղնուտեղը կուղարկենք գրողի ծոցը։

— Ուղիղ ճանապարհով կքշենք դժոխքը,— ուրախութամբ շարունակեց Ճաղատ Պերը։

Եվ բոլոր ավազակները քաջալերեցին Ճաղատ Պերին ու չկարողացան ծիծաղները պահել այն մտքից, թե որևէ մեկը սիրտ կանի քիթը խոթել այդտեղ։

Սարի վրա բարձրանում էր անառիկ ամրոցը։ Միայն նրա հարավային կողմից ցած էր վազում նեղ արահետը և կորչում անտառում, իսկ մյուս կողմերից զառիվայր ժայռեր էին։ Դեռ չի ծնվել այնպիսի մի հիմար, որ կփորձի այդ զառիթափով վեր մագլցել՝ ծիծաղում էին ավազակները։ Նրանք չէին էլ կասկածում, թե որտեղ է սովորում Ռոնին ոչնչից չվախենալ։


Մեծ դահլիճում քնում էին միայն երեքով՝ Ռոնին, Մատիսը և Լովիսան։

Ռոնին սիրում էր, քանի դեռ քունը չէր հաղթել, վարագույրի ճեղքից նայել, թե ինչպես է հանգչում կրակը բուխարիկում, մինչ Լովիսան երգում էր։ Այն ժամանակվանից, ինչ Ռոնին իրեն հիշում էր, մայրը պառկելուց առաջ երգում էր Գայլի երգը։ Ռոնիի համար դա նշանակում էր քնելու ժամանակն է, բայց մինչև աչքերը փակելը նա ամեն անգամ ուրախությամբ մտածում էր. «Վաղը ես նորից կարթնանամ»։

Եվ Ռոնին իսկապես արթնանում ու անկողնուց դուրս էր թռչում, երբ դեռ նոր էր այգը բացվում։ Ինչ եղանակ էլ որ բերեր նոր օրը, միևնույն է, նա վազում էր անտառ, և Լովիսան միշտ նրա կաշվե տոպրակի մեջ դնում էր հացի կողն ու տափաշշով կաթ։

Նույնիսկ չար դրուդները չէին կարող Ռոնիին քշել անտառից, ուր նա անցկացնում էր իր ժամանակը՝ առավոտից մինչև երեկո, իր տրորած արահետներից ու սիրելի բացատներից։ Այնտեղ նա միշտ մենակ էր խաղում, բայց, ճիշտն ասած, ոչ ոքի կարիքն էլ չէր զգում։ Եվ ով էր նրան պետք, երբ օրերը առանց այդ էլ լի էին երջանկությամբ։ Միայն թե դրանք շատ արագ էին անցնում։ Եվ չհասցրեց էլ Ռոնին ետ նայել, որ ամառն անցավ ու եկավ աշունը։

Իսկ աշնանը չար դրուդները բոլորովին կապները կտրում էին և մի անգամ կատաղությունից գլուխները կորցրած այնքան երկար հետապնդեցին Ռոնիին անտառում, որ նա վերջապես հասկացավ, թե իրեն ինչ վտանգ է սպառնում։

Ռոնին սուզվեց անտառի լճի մեջ, լողաց ջրի տակով մինչև մյուս ափը և սողալով մտավ խիտ եղևնու կանաչ վրանի տակ։ Թաքնվեց այնտեղ ու լսում էր ինչպես են դրուդները փնտրում իրեն և կատաղի ֆշշացնում.

— Ո՞ւր է մարդուկը։ Ո՞ւր է, ո՞ւր։ Դուրս արի, դուրս արի։ Մենք քեզ կգուրգուրենք֊կծվատենք, և արյունդ գետակի պես կհոսի... Օհո՜֊հո՜։ Հո՜֊հո՜...

Իսկ Ռոնին նստեց իր թաքստոցում այնքան ժամանակ, մինչև որ չար դրուդները անհետացան ծառերի կատարների հետևը։ Անտառում մնալ արդեն չէր ուզում։ Բայց մինչև գիշեր, մինչև Լովիսայի Գայլի երգը դեռ շատ ժամանակ կար, և Ռոնին որոշեց զբաղվել նրանով, ինչով վաղուց էր որոշել զբաղվել՝ սովորել զգուշանալ անդունդից։ Թրթուրի նման նա սողաց մինչև անդունդի եզրը և նայեց ներքև։ Օ՛հ, դա ավելի սարսափելի էր, քան նա ենթադրում էր։

Նա վերցրեց քարը և ցած գցեց։ Իսկ երբ լսեց ինչպես այդ քարը զարկվեց հատակին, վախեցավ՝ այնքան խուլ ու հեռավոր էր ձայնը։ Ռոնին նորից ներքև նայեց, վա՛հ, ա՜յ քեզ խորություն։ Հետո շուրջը նայեց՝ գցել֊բռնելով, թե որտեղից թռչելն է ավելի լավ, ու տեսավ։ Նա այնպիսի բան տեսավ, որ զարմանքից հազիվ ոտքի վրա մնաց։ Մյուս կողմում նստած էր ինչ֊որ մեկը։ Այդ «ինչ֊որ մեկը» մոտավորապես իր հասակին էր, նստել էր անդունդի եզրին ու ոտքերն էր թափահարում։

Ռոնին գլխի էր, որ ինքը միակ երեխան չէր աշխարհում։ Նա Մատիսի ամրոցում և ավազակների անտառում էր միակը։ Լովիսան արդեն շատ անգամ էր ասել, որ աշխարհը լի է երեխաներով, և որ նրանց մի մասը մեծանալով դառնում են Մատիսներ, իսկ մյուսը՝ Լովիսաներ։ Եվ ինչ֊որ ձևով Ռոնին զգաց՝ նա, որ նստել էր անդունդի մյուս կողմում և ոտքերն էր թափահարում, երբ մեծանա, դառնալու է Մատիս։

Նստածը նրան դեռ չէր նկատել։ Ռոնին երկա՜ր֊երկար նայում էր նրան և ուրախությունից լուռ ծիծաղում էր։

Հետո էլ նստածը նրան նկատեց ու նույնպես ծիծաղեց։

— Ես գիտեմ՝ ով ես դու,— բղավեց նա։— Դու ավազակի աղջիկ ես և օրնիբուն վազվզում ես անտառում։ Ես քեզ արդեն տեսել եմ։

— Իսկ դո՞ւ ով ես,— բղավեց Ռոնին,— և ինչպես ես հայտնվել այստեղ։

— Իմ անունը Բիրկ է, ես Բորկայի որդին եմ և հիմա ապրում եմ այստեղ։ Այս գիշեր մենք տեղափոխվել ենք այստեղ։

Ռոնին շվարած նայում էր նրան։

— Ովքե՞ր են այդ մենքը։

— Բորկան, Ունդիսան և մեր տասներկու ավազակները։

Բավական ժամանակ անցավ, մինչև Ռոնին հասկացավ նրա խոսքերի անհավանական իմաստը։

Վերջապես նա հարցրեց.

— Հո չես ուզում ասել, թե մեր ամրոցի հյուսիսային աշտարակը հիմա լցվել է ամեն տեսակի անպետքությամբ։

Նստածը ծիծաղեց։

— Չէ, այնտեղ միայն ատաման Բորկայի քաջարի ավազակներն են, բայց հարավային աշտարակը, ուր դու ես ապրում, լիքն է ամեն տեսակի անպետքությամբ, դա բոլորը գիտեն։

— Ախ բոլորի՞ն է հայտնի։ Գիտես ի՛նչ...— Ռոնին զայրույթից ուղղակի եռում էր։

— Եվ նկատի ունեցիր,— բղավեց Բիրկը։— Ձեր հյուսիսային աշտարակը չկա, այլ կա Բորկայի ամրոցը։ Այսօրվանից այդպես է կոչվում։ Հիշի՛ր։

Ռոնին դժվարությամբ շունչ քաշեց, այնպես կատաղած էր։ Բորկայի ամրո՜ցը... Շունչը կտրվելու պատճառ կար։ Այ թե ստոր են Բորկայի այդ ավազակները, իսկ այս լակոտը, որ նստած խնդմնդում է, դրանցից մեկն է։

— Դժոխք ու կրակ,— բացականչեց նա։— Դե սպասիր, այ կլսի Մատիսն այդ նորությունը և իսկույն բոլորդ, ձեր ամբողջ հրոսակախումբը գլուխկոնծի տալով կթռչի այստեղից։

— Գլուխկոնծի տալո՜վ,— ծաղրեց Բիրկը։— Սպասի՛ր...

Բայց Ռոնին պատկերացրեց Մատիսին ու վախեցավ։ Արդեն տեսել էր, ինչպիսին է նա զայրույթի պահին, և գիտեր որ դա վատ է վերջանալու։ Իրենց ամրոցը, երևի, մի անգամ էլ կճեղքվի երկու մասի կամ էլ կտոր֊կտոր կլինի։ Եվ այս մտքից նա սարսափից հառաչեց։ Այստեղ նա տեսավ, թե ինչ է անում Բիրկը։ Պատկերացրեք, այդ անպետքը հարմարվում էր, ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ թռչելու անդունդի վրայով։ Նա կանգնած էր մյուս կողմում՝ ուղիղ Ռոնիի դիմաց, և հանկարծ, տեղից պոկվելով, վազեց դեպի անդունդը։ Այդ ժամանակ Ռոնին բղավեց.

— Դե՛, թռի՛ր, այնպես կխփեմ, որ քիթդ կծռվի։

— Հա՛֊հա։,— ի պատասխան բղավեց Բիրկը և թռչունի նման թռավ֊անցավ անդունդի վրայով։— Իսկ դու սիրտ չես անի այսպես թռչել...— ավելացրեց նա քմծիծաղով։

Այդ բանը նա անտեղի ասաց, դա արդեն չափազանց էր։ Բավական էր, որ ինքն ու իր ստոր հրոսակախումբը զավթել էին հյուսիսային աշտարակը և բնակություն հաստատել այնտեղ։ Նա չէր կարող թույլ տալ, որ Բորկայի ավազակը աներ այն, ինչ չէր համարձակվի կրկնել Մատիսի ավազակը։

Եվ Ռոնին վճռեց։ Կարգին չհասկանալով, թե ինչ է անում, ինքն էլ թռավ անդունդի վրայով և հայտնվեց մյուս կողմում։

Բայց Ռոնին իսկույն էլ ետ թռավ իր կողմը։ Թող նա կանգնի այնտեղ ու աչքերը չռի, ինչքան ուզում է։

— Է՜յ, դո՛ւ, ինչո՞ւ ինձ չխփեցիր,— բղավեց Բիրկը։— Գալիս եմ քեզ մոտ։

— Շատ պետքս է։

Բիրկը նորից թռավ մյուս կողմը։ Բայց այս անգամ Ռոնին չսպասեց նրան ու նորից թռավ հակառակ կողմը։ Ռոնին որոշեց, որ թռչելու է այն կողմ ու հետ՝ մինչև վերջին շունչը, միայն թե չհայտնվի նրա կողքին։

Դրանից հետո արդեն ոչ մեկը ոչ մի բառ չարտաբերեց։ Նրանք ասես գժվել էին և միայն լուռ թռչում էին հետ ու առաջ, ոչինչ չէր լսվում բացի նրանց ծանր, ընդհատ շնչառությունից։

Եվ ահա այդտեղ նա հանկարծ տեսավ, որ իջնելիս Բիրկի ոտքը քարի կպավ, ու լսեց ինչպես բղավեց նա նախքան ճեղքի մեջ անհետանալը։

Լռություն տիրեց, միայն ագռավներն էին կռավում։ Ռոնին աչքերը փակեց։ Հիմա նա մի բան էր ուզում՝ որ այդ ամենը եղած չլիներ։ Ինչու էին իրենք թռչում գժերի նման։ Ռոնին սողալով հասավ անդունդի եզրին, ցած նայեց և տեսավ նրան։ Բիրկը կանգնած էր ուղիղ իր տակ՝ կամ քարի ելուստի, կամ կոտրված գերանի, կամ մի ուրիշ բանի վրա, որ դուրս էր ցցված կայծակից ճեղքված պատից, բայց ընդամենը մի ոտքի լայնքով, ոչ ավելի։ Նա այնտեղ կանգնած էր, իսկ նրա տակ անդունդն էր։ Բիրկը դողացող ձեռքերով շոշափում էր պատը, հույս ունենալով գտնել մի ելուստ, որից կարելի լիներ կառչել մատներով, որպեսզի ցած չընկներ։ Բիրկը հասկանում էր, և Ռոնին նույնպես, որ առանց իր օգնության ինքն այնտեղից դուրս չի գա։ Կկանգներ այնքան, մինչև ուժերը սպառվեին, հետո, նրանք երկուսն էլ հասկանում էին՝ այլևս երկրի երեսին չէր լինի Բիրկը՝ Բորկայի որդին...

— Չշարժվե՛ս,— բղավեց Ռոնին։

— Ուրիշ էլ ի՞նչ է մնում ինձ,— քմծիծաղեց նա ի պատասխան։

Բայց պարզ էր, որ նա վախենում էր։

Նա շտապ քանդեց երկար, գործած փոկը, որը միշտ կապում էր գոտուց։ Դա շատ անգամ էր փրկել իրեն, երբ բարձրանում էր ժայռերը կամ իջնում էր բարձր ծառերից։ Մի ծայրը օղակ արեց, իսկ մյուսով կապեց իրեն։ Հետո օղակ արած ծայրը իջեցրեց Բիրկին և նկատեց, որ նրա աչքերը ուրախությունից փայլեցին, երբ տեսավ այդ օղակը։ Այո, փոկը բավական երկար էր, այդ Բորկայի թուլայի բախտը բերեց, մտածեց Ռոնին ու բղավեց.

— Է՜յ, դո՛ւ, այս օղակը անցկացրու վրադ, բայց չմագլցես, մինչև չասեմ։

Կայծակն այն գիշեր, երբ Ռոնին լույս աշխարհ եկավ, պոկել էր ատամնավոր պատից մի կտոր, և դա բարեբախտաբար այն ժամանակվանից ընկած մնացել էր հենց անդունդի եզրին։ Ռոնին սողաց դրա հետևն ու գոռաց.

— Սկսի՛ր։

Եվ տեղնուտեղը զգաց՝ ինչպես կողերը սեղմեց ձգված փոկի օղակը։ Շատ էր ցավում։ Բիրկի յուրաքանչյուր շարժումից, երբ նա վեր էր մագլցում, Ռոնին բղավում էր։ «Փոկը երևի ինձ երկու կես կանի, և ես երկու մասից բաղկացած կլինեմ, ինչպես մեր ամրոցը»,— մտածեց Ռոնին և սեղմեց ատամները, որ չտնքա։

Բայց հանկարծ փոկը միանգամից թուլացավ. Բիրկը կանգնել էր նրա գլխավերևն ու նայում էր նրան։

— Շատ լավ պառկել ես այստեղ,— ասաց նա։

— Ըհը,— պատասխանեց նա,— հուսով եմ այլևս չես թռչի։

— Չէ, մեկ անգամ էլ դեռ ստիպված եմ թռչել, որ հայտնվեմ մյուս կողմում։ Պետք է վերադառնամ, չէ՞, տուն՝ Բորկայի ամրոցը։

— Միայն թե շուտ հանիր իմ փոկը,— հրամայեց Ռոնին և ոտքի թռավ։— Ես չեմ ուզում քեզ հետ կապված լինել, հասկացա՞ր։

Բիրկն իսկույն վրայից գցեց փոկի օղակը։

— Հասկացա,— ասաց նա։— Բայց հիմա ես, միևնույն է, կապված եմ քեզ հետ։ Նույնիսկ առանց փոկի։

— Գնա այստեղից, լսո՛ւմ ես,— գոռաց Ռոնին։— Բան է հնարել՝ Բորկայի ամրոցը։ Կորի՛ր այստեղից։

Ռոնին բռունցք արեց և թափով հարվածեց նրա քթին։

Իսկ Բիրկը ծիծաղեց ու ասաց.

— Բայց այլևս այսպիսի բան չանես, հասկացա՞ր։ Կյանքս փրկեցիր։ Շատ լավ է։ Շնորհակալ եմ։

— Գնա այստեղից, քեզ եմ ասում,— բղավեց Ռոնին ու փախավ։

— Է՜յ, դո՛ւ, ավազակի աղջիկ... Մենք դեռ կհանդիպենք։


Ամեն բան ավելի վատ եղավ, քան ենթադրում էր Ռոնին։ Մատիսն այնպես կատաղեց, որ նույնիսկ նրա ավազակները վախեցան։

Բայց սկզբում նրան ոչ ոք չհավատաց, և Մատիսը, գուցե կյանքում առաջին անգամ, նրա վրա զայրացավ։

— Ստեղծագործիր քեզ համար ինչ խելքիդ փչի, բայց այդպիսի հիմարություն չհամարձակվես հնարել։ Հենց այդ պետք է գլուխդ մտներ՝ Բորկայի ավազակները բնակություն են հաստատել Մատիսի ամրոցում։

— Չէ,— ասաց Ռոնին,— ես չեմ ստում։

Եվ նա նորից սկսեց պատմել՝ ինչ լսել էր Բիրկից։

— Սո՛ւտ է,— բղավեց Մատիսը։— Եվ Բորկան էլ որդի չունի։ Նա ընդհանրապես երեխա չունի։ Դա վաղուց բոլորին հայտնի է։

Ավազակները նստած էին լուռ, ոչ ոք չէր համարձակվում խախտել լռությունը։ Առաջինը Ֆյոսոկի լեզուն բացվեց.

— Դա, իհարկե, այդպես է, բայց և այնպես մարդիկ ասում են, թե նա տղա ունի։ Նրան Ունդիսան վախից ծնել է այն ամպրոպային գիշերը, հիշում եք, երբ հայտնվեց մեր Ռոնին։

Մատիսն այրեց նրան իր հրացայտ աչքով։

— Եվ ոչ մեկը ինձ այդ մասին մի խոսք չի՞ ասել։ Դե, ճիշտն ասեք, էլ ի՞նչ եք ինձնից թաքցնում։

Նա բոլոր ավազակներին չափեց վայրի հայացքով, ճանկեց սեղանից միանգամից երկու մեծ բաժակ գարեջուր և թափով շփեց, ամբողջ պատը ծածկելով սպիտակ փրփուրով։

— Ուրեմն ի՛նչ է դուրս գալիս՝ Բորկայի թուլան թափառում է իմ ամրոցում և դո՛ւ, Ռոնի՛, խոսո՞ւմ ես նրա հետ։

— Այդ նա էր ինձ հետ խոսում։

Ամբողջ երեկո ավազակները նստել կրակի մոտ՝ որոշում էին ինչ անել։ Ինչպես Բորկայի ավազակներին քշել հյուսիսային աշտարակից, ահա թե ինչի վրա էր գլուխ ջարդում Մատիսը։

Հաջորդ առավոտ Ռոնին արթնացավ լույսը բացվելու հետ։ Հայրն արդեն նստած էր սեղանի մոտ ու շիլա էր ուտում, բայց ափսեի շիլան համարյա չէր պակասում։ Նա մռայլ՝ գդալը մոտեցնում էր բերանին, բայց մոռանում էր, որ պետք է բերանը բացի, և շատ քիչ բան էր նրան հաջողվում կուլ տալ։ Ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ դահլիճ խուժեց Պստիկ Կլիպը, որը Ստուրկասի և Տյոգեի հետ գիշերը պահակ էր կանգնել ամրոցը երկու մասի բաժանող անդունդի մոտ։

— Հե՜յ, Մատիս, շուտ արի, Բորկան քեզ է սպասում։ Կանգնած է մյուս կողմում և գժի նման գոռում է։ Ուզում է քեզ հետ խոսել։

— Ահա՜ թե ինչ, Բորկան ցանկանում է հետս խոսե՞լ։ Դժոխք ու կրակ... Ինչ կա որ, թող փորձի, բայց դրանից հետո հազիվ թե կարողանա վաղը մեկ ուրիշի հետ խոսել,— ասաց Մատիսը և այնպես սեղմեց ատամները, որ կրճտացին։ Եվ այստեղ բոլոր ավազակները դուրս թռան իրենց խուցերից, որ տեսնեն, թե դահլիճում ինչ է կատարվում։

— Արագ վերջացրեք ձեր շիլան,— հրամայեց Մատիսն իր մարդկանց։— Եվ գնանք։ Մենք պետք է բռնենք այդ վայրի ցուլի կոտոշներից ու անդունդը գցենք։

Ռոնին վայրկենապես հագնվեց։ Որպեսզի հագնի հորթի չդաբաղած կաշվից կարած բաճկոնակն ու շալվարը, շատ ժամանակ պետք չի։ Մինչև ձյան գալը նա ման էր գալիս ոտաբոբիկ։ Չէր սիրում երկարաճիտ կոշիկ հագնել կամ կապել կոշիկները։ Առավել ևս չարեց այդ բանն այս առավոտ, երբ պետք էր շտապել։

«Ահա թե ինչպիսին է նա»,— մտածեց Ռոնին, տեսնելով Բորկային, որը ոտքերը հեռու֊հեռու դրած ու մեծ բերանը ծռած՝ ժպտալով կանգնել էր իր մարդկանց առաջ։ «Լավ է, որ նա այնպես բարձրահասակ ու բարեկազմ չէ, ինչպես Մատիսը»,— մտածեց Ռոնին։ Բայց Բորկան, ակնհայտորեն շատ ուժեղ էր, ոչինչ չես կարող ասել։ Հասակը, ճիշտ է, այն չէր, բայց ինչ լայնաթիկունք էր ու պինդ։ Նրա կարմիր մազերը անհնազանդ ցցվել էին այս ու այն կողմ։ Նրա կողքին կանգնած էր նույնպիսի կարմրագլուխ մեկը ևս, բայց նրա մազերը հավասար պառկած էին, և հեռվից թվում էր, թե նա պղնձե սաղավարտով էր։ Այո, հոր կողքին կանգնած էր Բիրկը, և ամեն բանից երևում էր, որ այն, ինչ այստեղ կատարվում էր, նրա սրտովն էր։ Նա թաքուն Ռոնիին գլխով ողջունեց, ասես իրենք հին ընկերներ են։ Այ քեզ մեծամիտ։ Ինչ է փչել խելքին, Բորկայի թուլա...

— Լավ է, Մատիս, որ այդքան շուտ եկար,— ասաց Բորկան։

Մատիսը մռայլ նայեց իր թշնամուն։

— Ես ավելի շուտ կգայի, բայց մի գործ ինձ ուշացրեց։

— Այդ ի՞նչ գործ է,— քաղաքավարի հետաքրքրվեց Բորկան։

— Պատկերացրու, մի բանաստեղծություն, որը ես հնարեցի առավոտ վաղ։ Կոչվում է «Մեռած Բորկայի հուղարկավորության ողբը»։ Գուցե դա, թեկուզ փոքր, մխիթարություն կլինի Ունդիսայի համար, երբ այրիանա։

Բորկան կարծում էր, թե Մատիսն իսկույն իր հետ բանակցություններ կսկսի և աղմուկ չի բարձրացնի այն բանի համար, որ ինքը բնակություն է հաստատել հյուսիսային աշտարակում։ Բայց, ավաղ, նրան դառն հիասթափություն էր սպասում։

— Այնուամենայնիվ, լսիր ինձ, Մատիս,— նորից սկսեց Բորկան։— Մեր անտառում մենք այլևս չէինք կարող մնալ, որովհետև զինվորները հետապնդում էին մեզ գոմաղբի ճանճերի պես։ Իսկ ես որևէ տեղ պետք է պատսպարվեի երեխայիս, կնոջս ու ավազակներիս հետ։

— Այդ բոլորը հասկանալ կարելի է, բայց, ոչ այս, ոչ այն՝ զավթել ուրիշի բնակավայրը, առանց տիրոջից թույլտվություն խնդրելու՝ այդպես չեն վարվում մարդիկ, որոնք գոնե մի կաթիլ խիղճ ունեն։

— Բավական տարօրինակ խոսքեր են ավազակի համար,— բացականչեց Բորկան։— Մի՞թե դու չես վերցնում այն ամենը, ինչ ուզում ես, ոչ ոքից թույլտվություն չհարցնելով։

— Հը՛մ֊հը՛մ,— փնչացրեց Մատիսը։

Ակնհայտ էր, որ նա չգիտեր ինչ պատասխանի, թեև Ռոնին չէր էլ հասկանում՝ ինչու հայրն այդպես կորցրեց իրեն։ Հետաքրքիր է, մտածեց նա, ի՞նչ է վերցնում Մատիսը ոչ ոքից թույլտվություն չխնդրելով։ Հարկավոր է անպայման պարզել։

— Ի դեպ,— ասաց Մատիսը որոշ ժամանակ լռելուց հետո,— հետաքրքիր է, այնուամենայնիվ, իմանալ, ինչպես եք հայտնվել իմ աշտարակում, որ այդ նույն ճանապարհով էլ ձեզ դուրս շպրտեմ։

— Դե ի՛նչ, փորձի՛ր,— պատասխանեց Բորկան։— Ուզում ես իմանալ, ինչպե՞ս ենք մտել այնտեղ։ Մենք, հասկանում ես, մի տղա ունենք, որը երկար, ամուր պարանի օգնությամբ կարող է բարձրանալ ամենաբարձր պատը։

Եվ նա խառնեց Բիրկի մազերը, իսկ Բիրկն, ի պատասխան, ժպտաց։

— Եվ, ահա, այս տղան վերևում ամրացրեց պարանը, ու մենք բոլորս նրանով վեր մագլցեցինք, իսկ հետո շատ հանգիստ մտանք աշտարակը և այնտեղ հյուսեցինք ավազակների հարմարավետ մի բույն...

— Կամ մենք ստիպված կլինենք երգել «Մեռած Բորկայի հուղարկավորության ողբը», կամ դու քո ամբողջ խուժանի հետ կկորչես մեր աշտարակից նույն ճանապարհով, որով թափանցել ես այնտեղ,— ասաց Մատիսը։

— Չեմ կասկածում, որ մեզնից մեկնումեկի համար կերգեն «հուղարկավորության ողբը»,— ասաց Բորկան,— բայց հյուսիսային աշտարակից ես ոչ մի տեղ չեմ գնա։

— Դեռ կտեսնենք,— ասաց Մատիսը։

Նրա բոլոր ավազակները միահամուռ հավանություն արտահայտեցին և իսկույն ճանկեցին իրենց զենքերը, բայց Բորկայի ավազակներն էլ զինված էին, իսկ անդունդի եզրին այդպիսի ընդհարումը լավ չէր կարող վերջանալ, դա հասկանում էին և՛ Մատիսը, և՛ Բորկան։ Այդ պատճառով էլ, մի անգամ էլ հայհոյելով միմյանց, նրանք առժամանակ ցրվեցին։

Երբ Մատիսը վերադարձավ իր քարե դահլիճը, նրա տեսքը բոլորովին էլ հաղթանակած չէր, այնպես, ինչպես իր ավազակներինը։ Ճաղատ Պերը աչքով արեց եկածներին և ժպտաց՝ լայն բացելով անատամ բերանը։

— Հը, ո՞նց է վայրի ցուլը, որին կոտոշներից բռնած ուզում էիր անդունդը գցել։ Ի՞նչ եղավ։ Երևի այնպիսի դղրդոց հնչեց, որ ամրոցը վախից ցնցվեց։

— Շիլադ կուլ տուր, ծերուկ, և լռիր, իսկ ցուլի հոգսը թող ինձ,— ասաց Մատիսը,— ժամանակը կգա, և ես նրա հախից կգամ։


* * *

Ռոնին հոր հետ նստած էր վառվող բուխարիկի մոտ։ Եվ հանկարծ հիշեց, որ ուզում էր հարցուփորձ անել մի բանի մասին։

— Այդ ինչ իրեր են, որոնք դու վերցնում էիր առանց որևէ մեկին հարցնելու, ինչպես ասաց Բորկան։

Մատիսը ոչինչ չպատասխանեց, բայց նրա փոխարեն խոսեց Ճաղատ Պերը.

— Շա՜տ֊շա՜տ... Հո՜֊հո՜... Հի՜֊հի՜... Այո֊այո... Շա՜տ֊շատ բաներ։ Երևի որոշ բաներ կարողանամ հիշել...

— Ձայնդ կտրի՛ր,— չարացած նրա խոսքը կտրեց Մատիսը։— Քո գործը չի։

Բոլոր ավազակները, բացի Ճաղատ Պերից, արդեն գնացել էին քնելու, իսկ Լովիսան բակ էր դուրս եկել, որ հավերին, ոչխարներին ու այծերին ներս քշի ու դուռը վրաները փակի։ Այդ պատճառով էլ միայն Ճաղատ Պերը լսեց ինչպես էր Մատիսը դստերը բացատրում, թե ինչ է նշանակում ավազակ լինել։ Ավազակն, իբր, այն մարդն է, որ վերցնում է, ինչ ինքն ուզում է, ոչ ոքից չհարցնելով։

Ընդհանրապես Մատիսը չէր ամաչում իր աշխատանքից, ընդհակառակը։ Նա հպարտանում ու պարծենում էր, որ բոլոր լեռների ու անտառների ավազակների ամենահզոր ատամանն է։ Բայց հիմա, երբ այդ մասին պետք է պատմեր Ռոնիին, մի տեսակ վատ էր զգում։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ պատրաստվում էր երբևէ պատմել նրան իր գործերի մասին, ուրիշ ճար չկար, բայց հաճույքով կհետաձգեր այս խոսակցությունը։

Իսկ Ռոնին կամաց֊կամաց սկսեց հասկանալ բանն ինչ է։ Միայն հիմա նա գլխի ընկավ՝ ինչով էին իրենք ապրում։ Այն, ինչ ավազակները գիշերները ամրոց էին բերում ձիերին բարձած, պարկերով զանազան ապրանքներ ու փաթեթներ, իհարկե, անտառում՝ ծառերի վրա չէին աճում։ Պարզվում է, իր հայրը այդ ամենը պարզապես խլում էր ուրիշ մարդկանցից։

— Իսկ մարդիկ չե՞ն զայրանում, երբ նրանցից խլում են իրենց ապրանքը,— հարցրեց Ռոնին։

Այստեղ Ճաղատ Պերը քթի տակ ծիծաղեց։

— Այն էլ ինչպե՜ս,— իր գործն իմացողի պես հավաստիացրեց նա։— Օհո՜֊հո՜, միայն լսես, թե ինչ են գոռում նրանք։

— Ծերո՛ւկ, ա՛յ ծերուկ, վատ չէր լինի, եթե դու վերջապես հանդարտվեիր,— ասաց Մատիսը, բայց Ճաղատ Պերը տեղից չշարժվեց։

— Շատերը նույնիսկ բարձրաձայն լալիս են,— շարունակեց նա։

— Բերանդ փակի՛ր, թե չէ այստեղից քեզ դուրս կշպրտեմ...

Հետո նա շոյեց Ռոնիի այտը.

— Դու պետք է հասկանաս, Ռոնի։ Աշխարհի կարգն է այդպես։ Այդպես եղել է դարերով, և քննարկելու բան չկա։

— Ինչ կա քննարկելու,— հավանություն տվեց Ճաղատ Պերը։— Միայն թե մարդիկ, չգիտես ինչու, ոչ մի կերպ դրան չեն վարժվում։ Նրանք այնպես են վրդովվում, հեկեկում և անիծում մեզ, որ նայելը հաճույք է։

Մատիսը կատաղի հայացքը հառեց նրա վրա, հետո նորից շրջվեց Ռոնիի կողմը։

— Եվ հայրս է ատաման եղել, և պապս, և նախապապս, իմացիր։ Այո, այսպես ահա... Ես ևս չխայտառակեցի մեր տոհմը։ Ես էլ եմ ատաման, բոլոր անտառների ու լեռների ամենահզոր ատամանը։ Դու էլ, աղջիկս, կդառնաս ատաման, երբ մեծանաս...

— Ե՞ս,— գոռաց Ռոնին,— ո՛չ մի դեպքում։ Ես չեմ ուզում, որ մարդիկ վրդովվեն ու լան։

Մատիսը ձեռքը խրեց մազերի մեջ։ Նա մտահոգ էր։ Ուզում էր, որ Ռոնին հիանա իրենով և սիրի իրեն ճիշտ այնպես, ինչպես ինքն էր հիանում նրանով ու սիրում։ Իսկ այժմ նա, տեսե՛ք֊տեսե՛ք, բղավում է՝ «ոչ մի դեպքում», և չի ուզում ատաման դառնալ իր հոր նման։ Մատիսն իրեն դժբախտ զգաց։ Ինքը պարտավոր է որևէ կերպ համոզել, որ գործը, որով ինքն զբաղվում է, լավն է ու արդար։

— Հասկացիր, աղջիկս, ես միայն հարուստներից եմ վերցնում,— բացատրեց նա. հետո քիչ մտածեց ու շարունակեց,— և մի մասը տալիս եմ աղքատներին։ Այո֊այո, հենց այդպես։

Այստեղ Ճաղատ Պերը նորից քթի տակ ծիծաղեց.

— Ճիշտ է։ Հիշում ես, մի պարկ ալյուր նվիրեցիր խեղճ այրուն, որը ութ երեխա ուներ։

— Անշուշտ։ Հենց այդպես էլ վարվում եմ։

Նա շոյեց իր սև մորուքը, որովհետև շատ գոհ էր իրենից և Ճաղատ Պերից։

Իսկ Ճաղատ Պերը շարունակ ծիծաղում էր քթի տակ։

— Մատիս, դու հրաշալի հիշողություն ունես, այրու պատմությունը, սպասիր հաշվեմ, կլիներ մի տասը տարի առաջ, այո՛, ոչ պակաս։ Խոսք չկա, դու հաճախակի ես օգնում աղքատներին, մոտավորապես՝ տասը տարին մեկ։

— Եթե անմիջապես չպառկես քնելու,— ոչ իր ձայնով բղավեց Մատիսը,— ապա ե՛ս քեզ կպառկեցնեմ, չկասկածե՛ս։

Բայց գործը դրան չհասավ, որովհետև բակից վերադարձավ Լովիսան։ Ճաղատ Պերը իսկույն քաշվեց իր բույնը, և Ռոնին նույնպես պառկեց։ Մինչ Լովիսան երգում էր Գայլի երգը, բուխարու կրակը հանգեց։ Ռոնին պառկել էր իր մահճակալին և լսում էր, ինչպես է Լովիսան երգում, ու բոլորովին չէր տխրում, որ իր հայրը ավազակապետ է։ Նա իր Մատիսն է և ինչ էլ անի, ինքը սիրում է նրան։

Եվ, այնուամենայնիվ, Ռոնին այդ գիշեր անհանգիստ քնեց։

Բիրկին նա անտառում այլևս չէր հանդիպում։ Եվ դա նրան ուրախացնում էր։ Իսկ գուցեև՝ ո՞չ։ Երբեմն ինքն էլ չէր իմանում, ինչ մտածի։

Հետո եկավ ձմեռը։ Ձյուն եկավ, սառնամանիքներ եղան և եղյամը Ռոնիի անտառը վերածեց բյուրեղապակյա անտառի, ամենահրաշալի անտառի, որը կարելի է միայն երևակայել։ Հիմա նա դահուկներով էր այնտեղ գնում, իսկ երբ մթան հետ տուն էր դառնում, մազերը եղյամից սպիտակած էին լինում, իսկ ոտքերի ու ձեռքերի մատները չէին զգում, թեև մորթե ձեռնոցներ էր հագնում ու տաք մորթե կոշիկներ։ Բայց ո՛չ դաժան սառնամանիքները, ո՛չ տեղացող ձյունը չէին կարող նրան տանը պահել։ Մատիսը շատ էր տագնապում, երբ տեսնում էր, որ Ռոնին նույնիսկ ամենացուրտ օրերին դահուկներով սլանում է դեպի Գայլի երախը։

— Միայն թե փորձանքի չգա։ Միայն թե նրան մի վատ բան չպատահի, թե չէ ես չեմ ապրի։

— Ի՞նչ ես կռկռում,— փնթփնթում էր Լովիսան։— Այս աղջիկը ինքն իրեն ամեն մի ավազակից էլ լավ կպաշտպանի։

Եվ իսկապես, Ռոնին շատ լավ կարող էր իրեն պաշտպանել։ Այնուամենայնիվ, մի անգամ այնպիսի մի բան պատահեց, որի մասին լավ կլիներ Մատիսը չիմանար։

Ամբողջ գիշեր առատ ձյուն էր գալիս և ծածկել էր Ռոնիի դահուկավազքի ճանապարհը։ Նա ստիպված էր նորը բացել, իսկ դա, հավատացեք, հեշտ գործ չէր։ Ռոնին մի գլուխ թաղվում էր ձյան մեջ և վերջ ի վերջո այնպես հոգնեց, որ միայն մի բան էր ուզում՝ շուտ տուն հասնել։ Բարձրացավ ցածր բլրին։ Վայրէջքը այնտեղից շատ զառիթափ էր, բայց ինքը փայտեր ուներ, որոնցով կարող էր արգելակել, և Ռոնին անվախ ցած սուրաց, իսկ ձյունը թռավ չորս կողմը։ Նրա ճանապարհին փոքրիկ թումբ հայտնվեց ու նա ճարպկորեն թռավ դրա վրայով, բայց դահուկը ոտքից ընկավ։ Ռոնին տեսավ ինչպես դահուկը ցած սուրաց և աչքից կորավ, իսկ երբ ոտքով հենվեց ձյանը, ծնկից վեր թաղվեց ձյան մեջ։ Սկզբում նա ծիծաղեց, բայց երբ զգաց, որ չի կարողանում շարժվել, էլ ծիծաղը չէր գալիս։ Ինչքան ոտքը քաշում էր, ինչքան պտտում էր, չէր կարողանում ազատվել։ Հանկարծ նրա ականջին անորոշ աղմուկ հասավ, որ գալիս էր գոյացած ձնափոսից։ Նա միանգամից չհասկացավ ինչ ձայներ են դրանք, բայց հետո տեսավ բրդոտ տյուխերի մեծ ամբոխ, որ դուրս էր գալիս ձյան տակից։ Նրանց հեշտ էր ճանաչել լայն դուրս ցցված հետույքներից, փոքր կնճռոտված մռութներից և գզգզված մազերից։ Սովորաբար բրդոտ տյուխերը խաղաղասեր էին լինում և չար բան չէին անում։ Բայց նրանք, որ կանգնած էին Ռոնիի շուրջը, մեխելով նրան բութ հայացքները, բացահայտորեն ինչ֊որ բանից դժգոհ էին։ Նրանք առանց դադարի ինչ֊որ բաներ էին փնթփնթում ու ծանր շնչում, հետո նրանցից մեկը խիստ հարցրեց.

— Ինչո՞ւխանցի նախանցի այդպեսխանցի արեցխանցի։

Եվ իսկույն մյուսները ձայնակցեցին.

— Ինչո՞ւխանցի նախանցի այդպեսխանցի արեցխանցի։ Ջարդեցխանցի մերխանցի տանիքըխանցի։ Ինչո՞ւխանցի։

Ռոնին հասկացավ, որ իր ոտքը խրվել է նրանց՝ ձնով ծածկված տունը։ Բրդոտ տյուխերը, չգտնելով հարմար փչակ, իրենց համար այդպիսի տներ էին կառուցում։

— Ես դիտմամբ չեմ արել,— ասաց Ռոնին։— Ավելի լավ է՝ օգնեք ոտքս հանեմ։

Բայց տյուխերը միայն բութ հայացքով նայում էին նրան և ավելի ծանր էին շնչում։

— Ինչո՞ւխանցի ոտքովխանցի ջարդեցիրխանցի մերխանցի տանիքըխանցի։

Այստեղ Ռոնիի համբերությունը հատեց։

— Դե օգնե՛ք դուրս գամ այստեղից։

Բայց տյուխերը կամ չէին լսում, կամ չէին հասկանում, ինչ է նա ասում։ Շարունակում էին բութ նայել, հետո արագ քաշվեցին իրենց ստորգետնյա կացարանը։ Եվ դեռ երկար ժամանակ Ռոնիին էր հասնում նրանց զայրացկոտ մրթմրթոցը։ Բայց շուտով այդ ձայները վերածվեցին հրճվագին գոռոցների, ասես տյուխերը ինչ֊որ բանից ուրախանում էին։

— Ա՛յխանցի լավխանցի էխանցի,— ուրախ բլբլացնում էին նրանք։— Օրորոցըխանցի օրորվումխանցի էխանցի... Ի՜նչխանցի լավխանցի էխանցի։

Եվ Ռոնին զգաց, որ իր ոտքից ինչ֊որ ծանր բան կախեցին։

— Մերխանցի փոքրիկըխանցի լավխանցի էխանցի կախվածխանցի,— գոչում էին բրդոտ տյուխերը։— Օրորոցըխանցի օրորվումխանցի էխանցի։ Քանիխանցի որխանցի նրախանցի ոտքըխանցի ջարդեցխանցի մերխանցի կտուրըխանցի, ուրեմնխանցի թողխանցի օրորոցըխանցի օրորիխանցի։

Բայց Ռոնին ամենևին չէր ուզում պառկել ձյան վրա և օրորել այդ հիմար փոքրիկ տյուխին։ Նա նորից փորձեց ազատել ոտքը, ամբողջ ուժով քաշեց, բայց բան դուրս չեկավ։

Տյուխերը հրճվանքի մեջ էին։

Անտառում կարևորը ոչնչից չվախենալն է, սա Ռոնին լսել էր մանկուց և շատ էր աշխատում այդ ուղղությամբ։ Բայց երբեմն չէր լինում չվախենալ։ Այ, օրինակ, ինչպես հիմա, չէր լինում, և վերջ։ Ապա մտածեք, հանկարծ իրեն այդպես էլ չհաջողվի ազատել ոտքը և գիշերը մնա ձյան վրա պառկած։ Այդ դեպքում գիշերը կսառչի։ Նա տեսնում էր, որ անտառի վրա սև ամպեր են հավաքվում, ուրեմն նորից ձյուն կտեղա, շատ ձյուն։ Եվ իրեն կծածկի։ Փայտացած, անշունչ կպառկի ձյան տակ, և դեռ այդ օրորոցն էլ ծանրոցի նման կախված կլինի իր անշարժ ոտքից։ Եվ միայն գարնանը, երբ ձյունը հալվի, Մատիսը կգտնի իր խեղճ, ձմռանը անտառում սառած֊մնացած դստերը։

— Ո՛չ, ո՛չ,— գոչեց նա։— Օգնեցե՜֊ե՜ք։ Հե՜յ, մեկնումեկը...

Բայց ո՞վ կարող էր լսել նրան դատարկ անտառում։ Ոչ ոք, նա այդ գիտեր։ Եվ, այնուամենայնիվ, բղավում էր, բղավում այնքան ժամանակ, մինչև ձայնը կտրվեց։ Եվ այդ ժամանակ լսեց տյուխերի բարձր կշտամբանքները.

— Ինչո՞ւխանցի նախանցի չիխանցի ուզումխանցի օրորոցայինխանցի երգելխանցի։ Ինչո՞ւխանցի...

Բայց հետո Ռոնին արդեն չէր լսում։ Նա տեսավ չար դրուդին։ Ասես մեծ գեղեցիկ գիշատիչ թռչուն՝ նա թռչում էր ծառերի գագաթների վրայով՝ սև ամպերի ֆոնի վրա, և աստիճանաբար ավելի ու ավելի ցած էր իջնում։ Նա նշան էր բռնել ուղիղ Ռոնիին, և Ռոնին աչքերը փակեց՝ հիմա արդեն փրկություն չկար, նա այդ հասկանում էր։ Սուլոցով ու հռհռոցով չար դրուդը իջավ նրա կողքին։

— Սքանչելի մարդկային էակ... Փոքրիկ էակ...— տհաճ ձայնով բղավեց նա և կառչեց Ռոնիի մազերից։— Պառկել ես այստեղ ու հանգստանո՞ւմ ես, անբան։ Ա՛յ֊ա՛յ։ Հի՛֊հո՛֊հա՛,— նորից ծիծաղեց նա, և նրա ծիծաղը սարսափելի էր։— Կաշխատես։ Մեզ մոտ՝ լեռներում։ Մինչև արյունը հոսի եղունգներիդ տակից... Թե չէ քեզ կպատառոտենք, կհոշոտենք։

Եվ իր սուր ճանկերը խրեց Ռոնիի ուսը, որ բարձրացնի նրան։ Բայց Ռոնին չշարժվեց, և դրուդը դրանից կատաղեց։

— Ի՞նչ է, ուզում ես, որ քեզ պատառոտեմ, հոշոտե՞մ։

Նա նորից փորձեց բարձրացնել աղջկան։ Բայց ինչքան էլ քաշում էր, չէր կարողանում նրան տեղից շարժել։

— Օգնության կկանչեմ քույրերիս,— ֆշշացրեց նա։— Վաղն առավոտյան կթռչենք֊կգանք քո հետևից։

Չար դրուդը թափահարեց թևերը, հասավ ծառերի կատարներին ու թռավ դեպի բարձր սարերը։

«Վաղն առավոտյան, երբ նրանք գան իմ հետևից,— մտածեց Ռոնին,— ես արդեն սառույց դարձած կլինեմ»։

Ներքևում՝ բրդոտ տյուխերի մոտ լռություն տիրեց։ Անտառը անշարժացավ՝ սպասելով գիշերվան, որն արդեն իջնում էր։ Ռոնին էլ էր սպասում նրան։ Նա պառկած էր անշարժ և չէր փորձում դուրս գալ ձյան միջից։ Թող շուտ գա իր վերջին սև գիշերը։

Ձյուն տեղաց։ Խոշոր փաթիլները ընկնում էին նրա դեմքին, հալչում էին, խառնվելով նրա արցունքներին։ Ռոնին լալիս էր։ Նա մտածում էր Մատիսի ու Լովիսայի մասին։ Այլևս երբեք նրանց չի տեսնի, և ուրախությունն ընդմիշտ կլքի ավազակների ամրոցը։ Խե՜ղճ Մատիս։ Նա վշտից կգժվի։

Եվ այստեղ Ռոնին լսեց, որ մեկը տալիս է իր անունը՝ պարզ ու հստակ, բայց մտածեց, թե իրեն թվում է և ավելի դառնագին լացեց։

— Ռոնի, քո տուն գնալու ժամանակը չէ՞։

Նա դժվարությամբ բացեց կոպերը։ Նրա առջև կանգնած էր Բիրկը։

— Այնտեղ, ցածում գտա քո դահուկը։ Ա՛յ քեզ հաջողություն, թե չէ մենակդ այստեղից դուրս չէիր պրծնի։

Եվ նրա կողքին՝ ձյան մեջ խրեց դահուկը.

— Օգնե՞մ։

Այստեղ Ռոնին այնպես բարձր ու անզուսպ լաց եղավ, որ ինքն էլ ամաչեց և չկարողացավ նրան պատասխանել։ Իսկ երբ Բիրկը կռացավ նրա վրա, որ հանի ձնակույտի միջից, նա երկու ձեռքով գրկեց Բիրկի պարանոցը և հուսահատ շշնջաց.

— Երբեք, լսո՞ւմ ես, այլևս երբեք ինձ մենակ մի թող, խնդրում եմ քեզ...

Բիրկը ժպտաց.

— Լավ, ես միշտ կքայլեմ քո հետևից, բայց մի գոտու հեռավորությամբ։ Իսկ հիմա բաց թող ինձ և այդպես մի տզզա, թե չէ չեմ իմանա ոնց քեզ ազատեմ...

Նա հանեց դահուկները և երեսնիվայր պառկեց նրա կողքին։ Հետո ձեռքը, համարյա մինչև ուսը, թաղեց ձյան մեջ ու երկար ժամանակ փնտրում էր այնտեղ, իսկ հետո հրաշք կատարվեց՝ Ռոնին դուրս քաշեց ոտքը։ Հիմա նա ազատ էր։

Բայց բրդոտ տյուխերը նորից զայրացան, իսկ փոքրիկ տյուխը կոկորդով մեկ բղավեց։

— Արթնացրեցխանցի փոքրիկինխանցի։ Աչքերդխանցի ավազխանցի կլցնենքխանցի, կիմանասխանցի։ Ինչուխանցի էխանցի նախանցի այդպեսխանցի վարվումխանցի։

Ռոնին դեռ լալիս էր, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ։

— Ասում եմ քեզ՝ մի տզզա,— ասաց Բիրկը,— թե չէ տուն չես հասնի։

— Կաշխատեմ հասնել,— ասաց Ռոնին։— Դու կգա՞ս ինձ հետ։

— Կգամ,— պատասխանեց Բիրկը։

Ռոնին հրվեց ու սահեց թեքությամբ, իսկ Բիրկը սուրաց նրա հետևից։ Եվ ամբողջ ժամանակ, քանի Ռոնին դահուկներով դժվարությամբ դեպի տուն էր շարժվում, Բիրկը հետևում էր նրան։ Ռոնին շարունակ շրջվում էր, ստուգելու՝ այնտեղ է արդյոք նա։ Այնպես էր վախենում, որ հանկարծ կանհետանա ու իրեն մենակ կթողնի։ Բայց Բիրկը գնում էր նրա ետևից՝ մի գոտու հեռավորությամբ, մինչև Գայլի երախը։ Այնտեղ նրանց ճամփաները բաժանվում էին, նա պետք է հետ դառնար դեպի Բորկայի աշտարակը։

Որոշ ժամանակ նրանք լուռ կանգնած էին, իսկ ձյունը գալիս ու գալիս էր։ Ռոնին ոչ մի կերպ չէր կարողանում հրաժեշտ տալ Բիրկին, բաժանվել նրանից։

— Գիտես, Բիրկ,— ասաց նա։— Ես ուզում եմ, որ իմ եղբայրը լինես։

Բիրկը ժպտաց.

— Ես կարող եմ քո եղբայրը դառնալ, եթե ուզում ես, ավազակի դուստր։

— Այո, ուզում եմ,— ասաց նա։— Միայն թե ինձ Ռոնի անվանիր։

— Ռոնի, քույր իմ,— ասաց Բիրկը և անհետացավ ձյան մառախուղում։


* * *

Այդ գիշեր այնքան ձյուն եկավ, որ նույնիսկ Ճաղատ Պերն իր ողջ երկար կյանքի ընթացքում այդպիսի բան չէր տեսել։ Չորս ավազակ հազիվ կարողացան ծանր դարպասը մի փոքր բացել, որպեսզի, դժվարությամբ խցկվելով արանքը, մաքրեն ձնակույտը։ Գայլի երախը կարծես փակվել էր։ Եթե այս գրողի տարած ձյունը չդադարի տեղալ, զգուշացնում էր Ճաղատ Պերը, ապա մեր ճանապարհով մինչև գարուն անցնել չի լինի։

Մատիսը ամբողջ ժամանակ համարյա չէր մտածում Բորկայի մասին, նրան բոլորովին ուրիշ բան էր անհանգստացնում. Ռոնին հիվանդացել էր, կյանքում առաջին անգամ։ Անտառում պատահած դեպքից հետո, երբ նա քիչ էր մնում սառչեր, առավոտյան արթնացավ ջերմության մեջ և, ի զարմանս իրեն, զգաց, որ բոլորովին չի ուզում անկողնուց վեր կենալ։

— Քեզ ինչ է պատահել,— բացականչեց Մատիսը և ծնկի իջավ նրա մահճակալի մոտ։— Չլինի՞ հիվանդացել ես։

Նա բռնեց Ռոնիի ձեռքը և սարսափեց. ինչ տաք էր, և ամբողջ մարմինն էլ այրվում էր։ Մատիսը վախեցավ։ Նա սովոր էր, որ Ռոնին միշտ առողջ ու առույգ լինի։ Իսկ հիմա իր դուստրը, իր սիրելին պառկած է՝ գլուխը հետ գցած, և Մատիսը իսկույն հասկացավ ինչով դա կվերջանա, ինչ է իրեն սպառնում։ Իհարկե, ինքը կկորցնի Ռոնիին, նա կմեռնի, ինքը դա զգում էր, և նրա սիրտը կտոր֊կտոր էր լինում։

Նա չգիտեր ուր կորչեր։ Այնպես էր տանջվում, որ ուզում էր գլուխը պատին զարկել ու աղաղակել, բայց խեղճ աղջկան վախեցնելու ահից լռում էր։ Այդքան խելքը կտրում էր։ Դրա համար էլ միայն ձեռքը դրեց նրա այրվող ճակատին ու մրթմրթաց.

— Լավ է, որ տաք տեղ ես պառկել, փոքրիկս։ Երբ հիվանդանում ես, պետք է տաք տեղ պառկես...

Բայց Ռոնին տեսնում էր, ինչ է կատարվում հոր հետ, ու թեև ամբողջապես այրվում էր, փորձեց մխիթարել նրան.

— Հանգստացիր, Մատիս։ Դատարկ բան է, կարող էր և ավելի վատ լինել։

Այո, կարող էր ավելի վատ լինել։ «Ես կարող էի ամբողջ ձմեռը, մինչև գարուն, պառկած մնալ ձյան տակ»,— մտածեց Ռոնին։ Խեղճ Մատիս։ Նորից պատկերացրեց, թե ինչպես էր նա տանջվելու, եթե ինքը սառչեր, և չկարողացավ արցունքները զսպել։

— Ո՞ւր է մայրիկը։ Ո՞ւր է կորել,— բղավեց Մատիսը և, ինքն էլ հեկեկալով, դուրս թռավ դահլիճից։

Մատիսը լաց եղավ այնքան ժամանակ, մինչև Լովիսան, հավերին ու այծերին կերակրելով, հայտնվեց փարախում։

Այդ ժամանակ նա բղավեց.

— Ա՛յ կին, ինչու հոգ չես տանում քո հիվանդ երեխային։

— Հիվա՞նդ։ Իմ երեխա՞ն,— հանգիստ հարցրեց Լովիսան։— Իսկ ես չգիտեմ էլ։ Հիմա, ահա, ոչխարներին ճյուղեր գցեմ, հետո...

— Ես ինքս կգցեմ, վազիր Ռոնիի մոտ,— գոռաց նա և շշուկով ավելացրեց,— եթե դեռ կենդանի է։

Լովիսան դստերը դեղաբույսերի եփուկ խմեցրեց, և երեք օր հետո արդեն Ռոնին, ի զարմանս և հուրախություն Մատիսի, անկողնուց վեր կացավ։ Նա նորից առաջվանն էր, միայն թե, երևի, քիչ ավելի մտածկոտ։ Այն երեք օրը, ինչ հիվանդ էր, շատ էր մտածում։ Հիմա ի՞նչ է լինելու։ Ինչպե՞ս է Բիրկը։ Ինքը եղբայր ունի, բայց որտե՞ղ և ինչպե՞ս են տեսնելու իրար։ Միայն թաքուն։ Ինքը երբեք սիրտ չի անի ասել Մատիսին, որ Բորկայի ավազակախմբից մի ավազակ դարձել է իր ընկերը։ Դա նույնն է, թե բռունցքով խփես նրա գագաթին, միայն թե՝ ավելի վատթար։ Դա նրան կսպաներ կամ էլ նա այնպես կկատաղեր, ինչպես երբեք չէր եղել։ Ախր ինչո՞ւ հայրը ոչ մի բանում իրեն զսպել չգիտի։

Իսկ հողմերը շարունակում էին ոռնալ ամրոցի շուրջը։ Ձնաթմբերը օրեցօր մեծանում էին, և վերջապես Ռոնին հասկացավ, որ մինչև գարուն Բիրկին չի տեսնի։ Նա իր կողքին էր, բայց նույնքան անհասանելի իր համար, որքան, եթե ապրեր այստեղից հազար մղոն հեռու։


* * *

Ավազակները կարոտում էին գարունը՝ ե՜րբ է նորից գալու ավազակության ժամանակը։ Եվ անհամբեր սպասելով տաքանալուն, նրանք մաքրում էին ձյունը, դահուկներ էին տաշում, մաքրում էին զենքը, խնամում ձիերին, զառ էին գցում, բուխարու մոտ նստած երգում էին իրենց ավազակային երգերը և ավազակային պարեր պարում։

Ռոնին խաղում էր նրանց հետ և ավազակներից ոչ պակաս կարոտում գարնանային անտառը։ Այդ ժամանակ նա վերջապես նորից կտեսնի Բիրկին և կհարցնի՝ իսկապե՞ս ուզում է լինել իր եղբայրը, ինչպես խոստացել էր այն ժամանակ, երբ ձյուն էր գալիս։

Բայց սպասելն, ինչպես հայտնի է, հեշտ չէ, իսկ Ռոնին էլ, դրա հետ մեկտեղ, չէր կարող նստել փակի տակ, չորս պատերի մեջ։ Նա ուղղակի իրեն տեղ չէր գտնում, և օրերը նրա համար ձգվում էին տանջալիորեն երկար։ Դրա համար էլ մի անգամ իջավ ամրոցի նկուղը, ուր վաղուց արդեն չէր եղել։ Նրան վախեցնում էր այդ հսկայական խոնավ նկուղը՝ իսկական ժայռի մեջ փորված բանտ։

Հայտնվելով ներքևում, նա բարձրացրեց մխացող լապտերը ու լուսավորեց ցածր, մռայլ առաստաղը, որի տակ մի ժամանակ տանջվել էին այն դժբախտները, որոնք կորցրել էին երբևէ լույս աշխարհ դուրս գալու հույսը։ Մի անգամ այստեղ նա եղել էր Ճաղատ Պերի հետ։ Պերն այստեղ էր բերել Ռոնիին ցույց տալու, թե ինչ էր արել կայծակն իր ծնվելու գիշերը. ոչ միայն ամրոցն էր երկու մասի բաժանել՝ մասերը հեռացնելով իրարից անհատակ անդունդով, այլև փշրել էր ժայռը, որի վրա այն կանգնած էր, և դրա համար էր գետնուղու մուտքը այդ մասում փակվել էր ջարդոտված քարերով։

Ռոնին մտքերի մեջ ընկավ։ Փլվածքի մյուս կողմում ստորգետնյա մուտքը շարունակվում է, որը նա գիտեր, և Ճաղատ Պերն էլ էր նրան այդ մասին ասել։ Նա այն ժամանակ էլ էր զայրանում, որ առաջ գնալ չէր կարող, իսկ հիմա հասավ հուսահատության։ Ախր այս ջարդոտված քարերի բլրի հետևում, ինչ֊որ տեղ, ամրոցի այն մասում գտնվում է Բիրկը, և, ով գիտի, գուցե հենց հիմա նա էլ է թափառում գետնահարկում։

Այսպես էր մտածում և չէր կարողանում աչքը կտրել փլվածքից։ Եվ վերջապես որոշում ընդունեց։

Հաջորդ բոլոր օրերին Ռոնին անհետանում էր վաղ առավոտից, և ոչ ոք չգիտեր որտեղ է անցկացնում նա իր ժամանակը։ Բայց ոչ Մատիսը, ոչ Լովիսան չէին անհանգստանում։ Հավանորեն ձյան հետ է խաղում, բոլորի նման մտածում էին նրանք։

Բայց նա ձյան հետ չէր խաղում։ Նա քանդում, հանում էր ժայռաբեկորները ու հեռացնում էր անցուղուց և այնպիսի ջանադրությամբ, որ մեջքի ցավից ուզում էր բղավել, իսկ ձեռքերն ուղղակի պոկվում էին։ Բայց և այնպես, դեռ լույսը չբացված, նորից վազում էր նկուղային հարկ։ Եվ մոլագարի նման դույլ դույլի ետևից լցնում էր քարերով ու քարշ էր տալիս մոտակա խորդանոցը։ Եվ ահա, եկավ մի օր, որ խորդանոցը լիքը լցվեց քարերով։

Այդ ժամանակ անցուղին փակող քարե արգելքը այնքան փոքրացավ, որ նրա վրայով, թեև մեծ դժվարությամբ, բայց կարելի էր արդեն անցնել։ Եթե սիրտ անի։ Հարկավոր է նախ ամեն բան լավ ծանրութեթև անել։ Համարձակություն կունենա՞ թափանցել Բորկայի տիրույթները։ Ի՞նչ է սպասում նրան այնտեղ։ Նա չգիտեր։ Բայց որ այդ ճանապարհը վտանգավոր է՝ լավ հասկանում էր։ Եվ, այնուամենայնիվ, պատրաստ էր գնալ այդ վտանգավոր ճանապարհով։ Միայն թե տեսներ Բիրկին։

Հանկարծ նրան ինչ֊որ ձայներ հասան, կարծես քայլերի աղմուկ լիներ։ Այո, այնտեղ, փլվածքի ետևում, ինչ֊որ մեկը քայլում էր։ Դա կարող էր միայն Բորկայի ավազակը լինել։ Ռոնին շունչը պահեց և, չհամարձակվելով շարժվել, մկան նման թաքնվեց։

Բայց այստեղ Բորկայի ավազակը մի մեղեդի սուլեց, որը Ռոնին մի անգամ արդեն լսել էր։ Այո, իհարկե, լսել էր։ Այդ երգն էր սուլում Բիրկը, երբ իր ոտքը հանում էր տյուխերի որջից։ Իսկ գուցե Բորկայի բոլոր ավազակներն էլ սուլո՞ւմ են այդ մեղեդին։

Քիչ մնաց մեռներ հուզմունքից, բայց սիրտ չարեց ձայն տալ սուլողին, դա չափազանց վտանգավոր էր։ Ինչպե՞ս իմանա ով է։

Եվ ինքն էլ սուլեց։ Մյուս կողմում սուլոցը դադարեց։ Ճնշող լռությունը այնքան երկար էր, որ նա արդեն որոշեց փախչել. հանկարծ ու անծանոթ ավազակը դուրս սոդա հիմա փլվածքի ետևից ու բռնի իրեն։

Բայց այստեղ նա լսեց Բիրկի ձայնը։ Կամաց ու անվճռական, ասես ինքն իրեն չէր հավատում.

— Ռոնի։ Այդ դո՞ւ ես։

— Բիրկ,— բղավեց նա, ուրախությունից կորցնելով իրեն,— Բիրկ, Բիրկ...— Ու, լսելով, հարցրեց։— Դու իսկապե՞ս ուզում ես իմ եղբայրը լինել։

Ի պատասխան լսեց նրա կամացուկ ծիծաղը։

— Քույր իմ,— ասաց նա,— ինչ ուրախ եմ, որ լսում եմ քեզ, բայց ուզում եմ նաև տեսնել։ Քո աչքերը նույնքան սև են, ինչպես որ առա՞ջ էին։

— Մագլցիր այստեղ ու տես,— բղավեց Ռոնին։

Ուրիշ բան ասել չհասցրեց, որովհետև վախից նրա շունչը կտրվեց։ Նա լսեց, որ հեռվում ճռռալով բացվեց ու դղրդոցով փակվեց նկուղի ծանր դարպասը. ինչ֊որ մեկը սանդուղքով ցած էր իջնում։ Այո, այո, ինչ֊որ մեկը այստեղ էր գալիս։ Եթե նա հենց այս րոպեին չգտնի, թե ինչ անի, կորած է։ Եվ Բիրկն էլ։ Նա լսում էր քայլերը, դրանք մոտենում էին, իսկ Ռոնին դեռ անշարժ կանգնած էր, ասես վախից քարացած ոչխար լիներ։ Եվ միայն վերջին վայրկյանին ցնցվեց ու շտապ շշնջաց Բիրկին.

— Մինչև վաղը։

Եվ ամբողջ ուժով նետվեց ընդառաջ նրան, ով այստեղ էր գալիս։ Ով էլ որ լինի եկողը, չպետք է իմանա, որ ինքը քանդել է փլվածքը։ Պատկերացրեք, դա Ճաղատ Պերն էր, և նրա աչքերը ուրախությունից փայլատակեցին, երբ տեսավ Ռոնիին։

— Մեռա քեզ փնտրելով։ Երդվեցնում եմ քեզ բոլոր չար դրուդներով, ասա, այստեղ ի՞նչ ես անում։

Նա արագ բռնեց ծերուկի ձեռքն ու ետ դարձրեց նրան.

— Հո չի կարելի օր֊օրի միայն ձյան հետ խաղալ,— պատասխանեց Ռոնին։— Գնանք, գնանք, հիմա ես ուզում եմ շուտ դուրս գալ մաքուր օդի։

— Ճիշտ ես ասում,— քաջալերեց նրան ծերուկը,— ձանձրալի է ամեն օր ձյան հետ խաղալ։ Իսկ ահա զառ գցել կարելի է բոլոր օրերին՝ անընդհատ։

— Այո, զառ գցել կարելի է բոլոր օրերին, անընդհատ։ Ահա, հիմա էլ կսկսենք,— բացականչեց Ռոնին և Ճաղատ Պերին քարշ տվեց իր հետևից։

Եվ նրա հետ զառ գցեց այնքան ժամանակ, մինչև Լովիսան երգեց Գայլի երգը։ Բայց այդ ամբողջ ժամանակ Ռոնին մտածում էր Բիրկի մասին։

Վաղը։ Դա վերջին բառն էր, որ նա արտասանեց մտքում, մինչև խոր քուն մտնելը։ Վաղը։

Եվ ահա այդ վաղը վերջապես եկավ։ Ռոնին կարող էր գնալ Բիրկի մոտ։

Նա շտապ իր կաշվե տոպրակը մի կտոր հաց գցեց, փայտե տափաշշի մեջ այծի կաթ լցրեց։ Ոչ ոք չտեսավ՝ ինչպես նա քարե աստիճաններով ցած վազեց։ Եվ մի քանի րոպե հետո արդեն կանգնած էր փլվածքի մոտ։

— Բիրկ,— գոռաց, վախենալով, որ նա այնտեղ չի լինի։

Ոչ ոք նրան չպատասխանեց, քարե փլվածքի հետևում ոչ մի ձայն չէր լսվում։ Ռոնին այնպես վշտացավ, որ քիչ մնաց լաց լիներ։ Իսկ եթե ընդհանրապես չգա՞։

Հանկարծ մեկը քաշեց նրա մազերը։ Նա վախից նույնիսկ ճչաց։ Ինչ է որոնում այստեղ այդ Ճաղատ Պերը։ Ինչո՞ւ է նորից թափառում նկուղում ու իր գործը փչացնում։

Բայց դա ոչ թե Ճաղատ Պերն էր, այլ՝ Բիրկը։ Նա ժպտալով կանգնել էր Ռոնիի կողքին և նրա ճերմակ ատամները շողում էին կիսախավարում։ Իսկ ատամներից բացի նա ոչինչ չէր կարող տեսնել, այնպես թույլ էր լուսավորում նրա լապտերը։

— Ես վաղուց եմ սպասում,— ասաց Բիրկը։

Ռոնին զգաց, ինչպես իր մեջ բռնկվեց ուրախությունը։

Մտածեք հապա, ինքը եղբայր ունի, որը վաղուց սպասում է իրեն։

— Իսկ ես ինչքա՜ն վաղուց եմ սպասում,— ասաց նա։— Հենց այն օրից, որ ինձ փրկեցիր։

Նրանք լռեցին, չիմանալով ինչ ասել իրար, և երկար լուռ կանգնել էին, ուրախանալով, որ միասին են։

Հետո Բիրկը բարձրացրեց իր ինքնաշեն մոմը ու լուսավորեց Ռոնիի դեմքը։

— Աչքերդ առաջվա նման սև֊սև են,— ասաց նա։— Նույնն ես, ինչպես որ կայիր, միայն՝ քիչ ավելի գունատ։

Իսկ Բիրկը բոլորովին այն չէր, ինչպես հիշում էր նրան Ռոնին։ խիստ նիհարել էր, դեմքը՝ երկարել, իսկ աչքերը դարձել էին հսկայական։

— Քեզ ի՞նչ է պատահել,— բացականչեց նա։

— Ոչինչ,— պատասխանեց Բիրկը։— Ուղղակի քիչ եմ ուտում, չնայած ինձ ավելի շատ ուտելիք են տալիս, քան Բորկայի աշտարակում եղած մյուս բոլորին։

Ռոնին միանգամից չհասկացավ ինչ ասաց նա։

— Դուք, ինչ է, ուտելու բան չունե՞ք։ Դուք կուշտ չեք ուտո՞ւմ։

— Մեզ մոտ վաղուց արդեն բոլորը քաղցած են մնում։ Ուտելիք համարյա չի մնացել։ Եթե գարունը ուշանա, մենք իսկապես կգնանք տարտարոսը, ինչը դու մեկ անգամ չէ, որ կամենում էիր, հիշո՞ւմ ես,— հարցրեց նա ու ծիծաղեց։

— Այդ ժամանակից շատ ջրեր են հոսել,— ասաց Ռոնին,— այն ժամանակ ես դեռ եղբայր չունեի։ Իսկ հիմա եղբայր ունեմ։

Նա արձակեց կաշվե մախաղը ու Բիրկին տվեց ամբողջ հացը, որ բերել էր։

— Կեր, քանի որ սոված ես։

Բիրկը ինչ֊որ տարօրինակ ձայն արձակեց, կամացուկ ճիչի նման, երկու ձեռքով ճանկեց հացն ու սկսեց ուտել այնպիսի ագահությամբ, ասես Ռոնին այդտեղ չէր։ Եվ կերավ ամբողջը՝ մինչև վերջին փշուրը։ Այդ ժամանակ Ռոնին նրան մեկնեց փայտե տափաշիշը։ Նա շուրթերը հպեց տափաշշին ու միանգամից խմեց ողջ կաթը՝ մինչև վերջին կաթիլը։

Հետո շփոթված նայեց Ռոնիին։

— Դու ինքդ էլ երևի ուտել ես ուզում։

— Ես սոված չեմ։ Մեր տանը լիքը ուտելիք կա,— պատասխանեց Ռոնին։

Եվ իսկապես, Լովիսայի մարագը պայթում էր մթերքներից։ Հրաշալի թարմ հաց, այծի պանիր, յուղ, ձու, տակառիկներով թթու, փայտերից կախված ոչխարի ապխտած ազդրեր, սնդուկներով ալյուր, պուտուկներով մեղր, կողովներով անտառի ընկույզ, պարկերով տարբեր արմտիք ու անուշահոտ խոտեր, որ Լովիսան հավաքում ու չորացնում էր հավի արգանակի մեջ գցելու համար։

— Իսկ մենք հիմա աղքատ ավազակներ ենք,— հայտարարեց Բիրկը։— Մինչև ձեր ամրոցը գալը մենք էլ ոչխարներ ու այծեր էինք պահում։ Իսկ հիմա միայն ձիեր են մնացել, դրանք էլ տվել ենք դաշտավայրի գյուղացիներին, որ ձմեռը պահեն։ Եվ ճիշտ ենք արել, թե չէ այս ձմեռվա ընթացքում դրանք էլ կուտեինք։ Բացի ալյուրից, շաղգամից, ծովատառեխից ու ոլոռից մենք ուրիշ ոչինչ չունեինք։ Իսկ հիմա այդ պաշարներն էլ են վերջանում։ Այ թե ձմեռ է։

Ռոնին դարձյալ նայեց Բիրկին՝ լուսավորելով նրա դեմքը լապտերով։ Նրա հարթ, շեկ մազերը նման էին կարմիր պղնձե սաղավարտի, գլխի դրվածքը հպարտ էր, վիզը՝ երկար, ուսերը՝ ոչինչ... «Ինչ գեղեցիկ եղբայր ունեմ»,— մտածեց Ռոնին։

— Ես չեմ ուզում, որ դու սոված մնաս,— ասաց նա։

— Սովից վատ բան չկա։ Ես պետք է գոնե մի կտոր հաց պահեի Ունդիսայի համար։

— Ես էլի կճարեմ,— ասաց Ռոնին ու մտքի մեջ ընկավ։

Բայց Բիրկը տարուբերեց գլուխը։

— Չէ, պետք չի։ Ես չեմ կարող Ունդիսային հաց տանել, չբացատրելով, թե որտեղից է։ Իսկ Բորկան կկատաղի, եթե իմանա, որ դու ես տվել։ Եվ դեռ դարձել եմ քո եղբայրը։

Ռոնին հոգոց հանեց։ Նա հասկանում էր, որ Բորկան նույնքան ատում է Մատիսի ավազակներին, ինչքան Մատիսը՝ Բորկայի ավազակներին։ Ինչպես էր այդ թշնամությունը խանգարում իրեն ու Բիրկին։

— Այո,— տխուր ասաց նա։— Մենք կարող ենք հանդիպել միայն թաքուն։

Եվ ամբողջ ձմեռը ամեն առավոտ Ռոնին գալիս էր նկուղ Բիրկի մոտ ու հյուրասիրում էր նրան Լովիսայի մառանում եղած մթերքներով։

Պետք է խոստովանել, որ Բիրկն ամաչում էր ընդունել նրա բերած բարիքները։

— Դուրս է գալիս, ես ձեզ թալանում եմ,— ասում էր նա։

Բայց Ռոնին ի պատասխան միայն ծիծաղում էր։

— Ես, ախր, ավազակի դուստր եմ, դրա համար էլ առանց հարցնելու վերցնում եմ։ Ավազակներն ընդհանրապես ամեն ինչ վերցնում են առանց հարցնելու։ Այդ բանը ես վերջապես յուրացրեցի,— քմծիծաղեց Ռոնին։— Ահա և դուրս է գալիս, ես անում եմ այն, ինչ ինձ սովորեցնում են։ Այնպես որ, հանգիստ կեր։

Ամեն անգամ Ռոնին Բիրկին բերում էր նաև ալյուր ու ոլոռ, որոնք նա թաքուն լցնում էր Ունդիսայի դատարկված արկղերի մեջ։

«Ահա թե ուր եմ հասել,— մտածում էր Ռոնին։— Բորկայի ավազակներին փրկում եմ սովամահությունից։ Ինչ կանի ինձ Մատիսը, եթե իմանա»։

Փոխարենը Բիրկն այնքան շնորհակալ էր Ռոնիին առատաձեռնության համար։

— Ունդիսան ամեն օր զարմանում է, որ արկղերի մեջ դեռ մնում է մի քիչ ալյուր ու ոլոռ, և հավատացնում է, որ դրուդներն են կախարդում,— ասաց Բիրկը, սովորականի նման ծիծաղելով։

Հիմա արդեն նա այնպես էր, ինչպես ամռանը, համենայն դեպս, աչքերում արդեն սովածության անսովոր փայլը չկար։ Եվ դա Ռոնիին ուրախացնում էր։

— Լսիր, գուցե մայրս իրավացի է,— ասաց Բիրկը։— Գուցե իսկապե՞ս դրուդներն են կախարդում։ Որովհետև դու շատ նման ես փոքրիկ դրուդի։

— Միայն թե՝ շատ բարի։

— Քեզնից բարի աշխարհում չկա։ Քանի անգամ դեռ կփրկես կյանքս, քույր իմ։

— Ճիշտ այնքան, որքան դու կփրկես իմ կյանքը,— ասաց Ռոնին։— Ուղղակի մենք արդեն չենք կարող առանց մեկս մյուսի ապրել։ Ես գիտեմ։

Դաժան ձմեռը աստիճանաբար նահանջում էր։ Ձյունն սկսեց հալվել, իսկ երբ մի անգամ կեսօրի արևն սկսեց լուրջ այրել, Լովիսան ավազակներին հրամայեց մերկանալ և բոլորին քշեց բակ, որ լվացվելու փոխարեն թավալ տան ձյան մեջ։ Ավազակները փորձեցին փնթփնթալ, հակառակվել։ Ֆյոսոկը հավատացնում էր, թե դա վնասակար է առողջության համար, բայց Լովիսայի հետ հնարավոր չի վիճել։ Հարկավոր է ձմռան շունչը դուրս քշել ամրոցի սենյակներից՝ ասում էր նա, եթե նույնիսկ դա լինի մի փնթիի կյանքի գնով։ Նա բոլորին քշեց ձյան վրա, մերկ, գոռգոռացող ու ծղրտացող ավազակները դեռևս ձյունածածկ թեքությամբ սահեցին ցած՝ մինչև Գայլի երախը։ Նրանք ամենավերջին նզովքներով նզովում էին Լովիսային դաժանության համար, բայց շփում էին իրենց ժրաջանորեն, ինչպես նա կարգադրել էր։ Նրան չլսել ոչ ոք չէր համարձակվում։

Բայց Ճաղատ Պերը չթավալվեց ձյան մեջ։

— Միևնույն է, շուտով մեռնելու եմ,— ասաց նա։— Եվ ոչ մի դեպքում չեմ բաժանվի իմ կեղտից։

— Դե լավ,— համաձայնեց Լովիսան,— բայց մահից առաջ գոնե խուզիր բոլորի մազերն ու մորուքները։

Ճաղատ Պերը խոստացավ։ Ախր նա փորձված խուզ անող է, ճարպկորեն խուզում է այծերն ու ոչխարները, ուրեմն այդ գոռգոռացողներին խուզելը նրա համար հեչ գործ է։

— Բայց իմացիր, իմ վերջին մի երկու մազը ոչ մի դեպքում չեմ խուզի,— զգուշացրեց նա։— Հավես չկա չարչարվելու, մեկ է, շուտով հողի տակ եմ պառկելու։

Եվ նա շոյեց իր ճաղատը։

Այդ ժամանակ Մատիսը գրկեց նրան իր հզոր թևերով ու վեր բարձրացրեց։

— Մտքովդ էլ չանցնի մեռնել, հասկացա՞ր։ Ախր առանց քեզ ես մի օր էլ չեմ ապրի աշխարհում... Դու ի՞նչ է, որոշել ես թաքուն ինձնից ընդմիշտ հեռանա՞լ։ Չէ, դու չես կարող ինձ հետ այդպես վարվել, պա՞րզ է, հիմա՛ր ծերուկ։

— Լավ, պստիկ, ես չեմ շտապի,— ասաց Ճաղատ Պերն ու գոհ ժպտաց։

Օրվա մնացած մասը Լովիսան ամրոցի բակում լվանում էր ավազակների կեղտոտ շորերը։ Իսկ նրանք, որպեսզի մի կերպ ծածկեն իրենց մերկությունը, խորդանոցում քանդրտում էին քրջերով լի սնդուկները, որոնք դեռևս Մատիսի պապն էր թալանել անտառի ճանապարհներին։ Եվ ինչպես էլ խելքը գլխին մարդիկ կարող էին այսպիսի շորեր հագնել, զարմանում էր Ֆյոսոկը, զզվանքով վրան քաշելով ինչ֊որ կարմիր քուրջ։ Եվ, կարելի է ասել, նրա բախտը բերեց, ոչ թե Կնոտասի կամ Պստիկ Կլիպի նման։ Նրանք ստիպված եղան բավարարվել փեշերով ու սեղմիրաններով, որովհետև երբ նրանք ներխուժեցին խորդանոց, ամբողջ տղամարդկանց հագուստներն արդեն հասցրել էին մեջ֊մեջ անել։ Չի կարելի ասել, թե նրանց տրամադրությունը դրանից լավացավ, փոխարենը Մատիսն ու Ռոնին ուզածների չափ քրքջացին։


* * *

Գարունը հրճվանքի ճիչի նման խուժեց ավազակների ամրոցը շրջապատող անտառը։ Ձյունը հալվեց։ Զրնգուն հեղեղներով վազում էր ջուրը բոլոր թեքություններով, իր համար ճանապարհ բացելով դեպի գետը։ Իսկ գետը փոթորկվում ու եռում էր՝ փրփրելով ջրապտույտներում և երգում էր վայրի գարնանային երգը, որը ոչ մի վայրկյան չէր լռում։ Ռոնին շարունակ լսում էր այն, քանի դեռ արթուն էր և նույնիսկ քնի մեջ էլ։ Երկարատև, սարսափելի ձմեռն անցել էր։ Գայլի երախը վաղուց մաքրվել էր ձյունից, հիմա այնտեղ քչքչում էր գարնանային առվակը, և նրա ջուրը ոլորվում էր ձիերի սմբակների շուրջը, երբ Մատիսն ու իր ավազակները մի հրաշալի առավոտ դուրս եկան լեռնային նեղ անցումից։ Նրանք ձի վարելով երգում ու սուլում էին, օ՜֊հո՛֊հո՛, վերջապես նորից սկսվում է ուրախ ավազակային կյանքը։

Եվ Ռոնին էլ վերջապես վերադարձավ իր անտառը, որին այնպես կարոտել էր։ Նա վաղուց արդեն ձգտում էր այնտեղ, տեսնելու՝ ինչպիսին է այն ձյան ու սառույցի հալվելուց հետո։ Բայց Մատիսն անդրդվելի էր և թույլ չէր տալիս նրան դուրս գալ ամրոցից։ Գարնանային անտառը լի է վտանգներով, ասում էր նա, և միայն այն օրը, երբ ինքը դուրս եկավ ամրոցից իր ավազակների հետ, դստերը դուրս թողեց։

Հենց որ վերջին ձին ծածկվեց թփերի հետևում, Ռոնին էլ ցած սլացավ։ Եվ նույնպես երգում ու սուլում էր, չփչփացնելով սառը ջրում։ Իսկ հետո վազեց։ Նա վազում ու վազում էր, կանգ չառնելով և շունչը տեղը չբերելով, մինչև լիճը։

Բիրկը եկավ առաջինը։ Ինչպես խոստացել էր։ Նա պառկել էր տաք ժայռին՝ ձգված ամբողջ հասակով, ու տաքանում էր արևի տակ։ Ռոնին չհասկացավ՝ քնա՞ծ է, թե ոչ, քար վերցրեց ու գցեց ջուրը, որ ստուգի՝ Բիրկը կլսի՞ ճղփոցը։ Նա լսեց, ոտքի թռավ ու նետվեց դեպի Ռոնին։

— Ես վաղուց քեզ եմ սպասում,— ասաց Բիրկը, և նա նորից զգաց ինչպես իր մեջ բռնկվեց ուրախությունը, ուրախություն, որ ինքը ունի եղբայր, որն սպասում է իրեն։

Շուրջն աղմկում էին ծառերը։ Ռոնին հախուռն սուզվեց գարնան մեջ։ Բազմաձայն գարունը անզուսպ ղողանջում էր, և Ռոնին ինքն էլ այնպես էր համակվել գարնան ղողանջով, որ հանկարծ բղավեց, թռչունի նման սուր ու բարձր, իսկ հետո Բիրկին բացատրեց.

— Ես պետք է բղավեմ, հանգստանամ, թե չէ կպայթեմ։ Դու լսո՞ւմ ես գարունը։

Որոշ ժամանակ նրանք լուռ կանգնել և ականջ էին դնում ճռվողյունին, շրշյուններին, սվսվոցին ու ճողփյուններին և երգին, որ լցրել էր իրենց անտառը։

— Ես զգում եմ ինչպես է ձմեռը քիչ֊քիչ մեջիցս դուրս գալիս,— ասաց Ռոնին։— Շուտով ես այնքան կթեթևանամ, որ կկարողանամ թռչել։

Եվ այստեղ նրանք սմբակների դոփյուն լսեցին։ Վայրի ձիերի երամակը գետի մոտից լանջով վեր էր սլանում, ու Ռոնին պոկվեց տեղից։

— Վազենք,— գոչեց նա։— Այնպես եմ ուզում վայրի ձի բռնել։

Եվ նրանք վազում էին, անցնելով թփերի միջով, մինչև տեսան սլացող երամակը։ Հարյուրից ոչ պակաս ձիեր, ծածանվող բաշերով ու պոչերով, այնպես կատաղի էին արշավում անտառով, որ գետինը դղրդում էր նրանց սմբակների դոփյունից։

— Երևի արջից կամ գայլից են վախեցել,— ասաց Բիրկը,— միայն վախը կարող է նրանց այսպես քշել։

Բայց Ռոնին տարուբերեց գլուխը։

— Նրանք սլանում են ոչ թե վախից, այլ որ իրենցից թոթափեն ձմեռը՝ ամբողջը, մինչև վերջ։ Հենց որ հանգստանան և կամաց֊կամաց սկսեն խոտ արածել, կբռնեմ նրանցից մեկին։ Ես վաղուց եմ երազում ձի բռնել։ Գնանք, փորձենք։

Նրանք իրենց գոտուց արձակեցին կաշեփոկերը, Բիրկն էլ էր դրանից ճարել, դարձրին օղապարան ու թաքնվեցին ժայռի հետևը՝ այն մարգագետնի մոտ, որտեղ սովորաբար արածում էին ձիերը։

Սպասումը չէր ճնշում նրանց։

— Ինչ լավ է այստեղ նստելը,— բացականչեց Բիրկը։— Իսկ գիտե՞ս ինչու։ Որովհետև ես հենց գարնան միջուկի մեջ եմ։

Ռոնին թեք նայեց նրան ու կամացուկ ասաց.

— Այ հենց դրա համար էլ ես քեզ սիրում եմ։

Այդպես էլ նստել էին նրանք գարնան հենց միջուկի մեջ։

Լսում էին ինչպես է երգում կեռնեխը և կկուն կկու կանչում, և այդ ձայները լցնում էին աշխարհը։ Աղվեսի նորածին ձագերը խաղում էին իրենց որջի առջև՝ նրանցից երկու քայլի վրա։ Սկյուռները մի եղևնուց մյուսն էին թռչում, նապաստակները ցատկոտում էին մամուռի մեջ, շարունակ անհետանալով թփերում, իսկ Ռոնիի ու Բիրկի կողքին իժը կծիկ էր դարձել ու հանգիստ տաքանում էր արևի տակ։ Երեխաները նրան ձեռք չէին տալիս, և նա էլ նրանց ձեռք չէր տալիս։ Գարունը բոլորին էր պատկանում։

— Ահա և նրանք...

Եվ իսկապես, երամակը ներխուժեց մարգագետին։ Ձիերն սկսեցին արածել թարմ խոտը։ Բիրկը ուշադրություն դարձրեց երկու գեղեցիկ աշխետ հովատակի վրա, որոնք արածում էին երամակից քիչ հեռու։

— Հը, հավանո՞ւմ ես։

Ռոնին գլխով արեց։ Վերցնելով իրենց օղապարանները, նրանք գաղտագողի մոտեցան ջահել ձիերին։

Այն աշխետները, որոնց ընտրել էին իրենց համար Բիրկն ու Ռոնին, արդեն գտնվում էին նրանցից օղապարան նետելու հեռավորության վրա։ Երեխաները միմյանց լուռ գլխով արեցին, նրանց օղապարանները օդ թռան, և անտառն իսկույն թնդաց բռնված ձիերի վայրի վրնջյունից ու անտառ խոյացող երամակի սմբակների դոփյունից։ Նրանք բռնեցին երկու հովատակ, երկու դեռ բոլորովին երիտասարդ ձի, որոնք դոփում էին սմբակներով, ծառս էին լինում, փախչում էին ամեն կողմ, կծում էին, մի խոսքով, կատաղի պայքարում էին, որ ազատվեն։

Վերջապես, այնուամենայնիվ, նրանց հաջողվեց ծառին կապել, բայց Բիրկն ու Ռոնին իսկույն ետ թռան, որովհետև ձիերը ջանում էին նրանց աքացի տալ։

— Հարկավոր է հասկացնել նրանց, որ ոչ մի վատ բան չենք անի իրենց։

— Ես արդեն փորձեցի հասկացնել,— ասաց Ռոնին,— և քիչ մնաց առանց մատների մնայի։ Ես նրան հացի չորուկ տվեցի, իսկ նա հո՜ չհափռեց։ Պատկերացնո՞ւմ ես։ Այ թե Մատիսը կվշտանար, եթե ձին երեք մատս պոկեր։

Բիրկը գույնը գցեց.

— Այդ խորամանկն իսկապե՞ս ուզում էր քեզ հափռել, երբ ուզում էիր հաց տալ։

— Խորամանկ. լավ անուն է ձիու համար,— ասաց աղջիկը։— Այդպես էլ կկոչեմ նրան։

Բիրկը ծիծաղեց։

— Հիմա էլ իմ ձիու համար անուն գտիր։

— Քոնը շատ կատաղածն է,— ասաց Ռոնին,— կոչիր Վայրենի։

— Լսո՞ւմ եք, ձիեր, մենք ձեզ անուններ տվեցինք։ Ձեզ կոչում են. քեզ՝ Խորամանկ, իսկ քեզ՝ Վայրենի։ Դա նշանակում է, որ սրանից հետո դուք մերն եք, ուզում եք, թե չեք ուզում։

Խորամանկն ու Վայրենին այդ չէին ուզում, այստեղ ոչ մի կասկած լինել չէր կարող։ Հովատակների ուժը սպառվեց միայն արևամուտին։ Նրանք կանգնել էին ծառի մոտ, գլուխները կախ, երբեմն անտառը լցնելով իրենց տխուր, կամացուկ վրնջյունով։

— Նրանք ծարավ են,— ասաց Բիրկը։— Նրանց ջրել է պետք, այ թե ինչ։

Երեխաները կապեցին հանդարտված ձիերին, տարան լճի մոտ, այնտեղ հանեցին փոկերը և թողեցին, որ մի կուշտ խմեն։

Ձիերը երկար խմում էին։ Հետո բոլորովին հանգստանալով, կանգնել էին անշարժ, և Ռոնիին ու Բիրկին էին նայում հնազանդ աչքերով։

Ռոնին ամուր կառչեց Խորամանկի բաշից ու թռավ նրա մեջքին։

— Դե հիմա գնա, Խորամանկ,— հրամայեց նա և նույն ակնթարթին էլ ձիու գլխի վրայով թռավ ուղիղ լճի մեջ։ Երբ դուրս լողաց, տեսավ, որ Խորամանկն ու Վայրենին քառատրոփ սլանում են դեպի անտառի թավուտը և շուտով անհետացան աչքից։

Բիրկը ձեռքը մեկնեց Ռոնիին ու օգնեց նրան ափ ելնել։

— Ամեն ինչ պարզ է,— ասաց նա,— այսօր ես ձիով չեմ զբոսնի։

Բիրկը ծիծաղեց.

— Ես էլ։

Վրա հասավ երեկոն։ Արևը մայր մտավ, աղջամուղջը թանձրացավ, այն հատուկ գարնանային աղջամուղջը, որը նույնիսկ ծառերի տակ թողնում է ցերեկային լույսի առկայծումները և երբեք չի վերածվում խուլ, մութ գիշերվա։ Անտառը լռեց։

Թվում էր, ողջ անտառը քնել է։ Բայց անտառը իսկույն էլ սկսեց դանդաղ արթնանալ, ապրել իր աղջամուղջային կյանքով։ Անտառի բոլոր գիշերային բնակիչները շարժվեցին։ Ինչ֊որ բան խշխշաց, շարժվեց, ֆշշացրեց ու չպպացրեց մամուռի մեջ։ Գզգզված տյուխերը գաղտագողի շարժվում էին ծառերի բների արանքում, սև տրոլները նայում էին քարերի հետևից, գորշ թզուկները դուրս էին ցատկում իրենց ստորերկրյա թաքստոցներից ու բարձր փռշտում էին, որ վախեցնեն բոլոր նրանց, ում կհանդիպեն իրենց ճանապարհին։ Իսկ բարձր սարերից թռան֊եկան չար դրուդները, ամենասարսափելիներն ու ոխակալները բոլոր արարածներից, որոնք բնակվում են կիսամութ անտառում։ Գարնանային երկնքի բաց ֆոնի վրա նրանք մրից էլ սև էին թվում։ Ռոնին տեսավ նրանց և բացարձակապես չհավանեց։

— Գիտես,— շշնջաց Ռոնին,— այստեղ ամեն տեսակի պիղծ բան ավելի շատ կա, քան պետք է։ Ես ուզում եմ տուն գնալ, ախր ես մինչև ոսկորներս թրջվել եմ և լրիվ կապտուկներով եմ ծածկված։

— Հետո ինչ, որ թրջվել ես ու կապտուկներով ծածկվել,— պատասխանեց Բիրկը։— Փոխարենը՝ ամբողջ օրը եղել ես գարնան հենց սրտում։


* * *

Ռոնին ու Բիրկը բոլոր օրերը անց էին կացնում անտառում։

Դա նրանց միակ երջանկությունն էր։ Բայց հիմա ոչ Ռոնին, ոչ Բիրկը չէին կարող հրճվել գարունով այնպես անհոգ, ինչպես առաջ։ Մատիսի ու Բիրկի միջև պատերազմը նրանց կյանքը շատ էր ծանրացնում։

— Նույնիսկ մեր գարունը փչացրին։ Եվ պատճառը այդ երկու ծեր համառ ավազակապետերն են, որոնք մի կաթիլ ուղեղ էլ չունեն։

Ռոնին տխրում էր, որ իր Մատիսը դարձել էր ծեր, համառ ավազակապետ՝ առանց մի կաթիլ ուղեղի։ Իր Մատիսը, բոլորից լավը, իր պարծանքը։ Ինչպես կարող էր հասնել այն բանին, որ աղջիկը իր բոլոր հոգսերը չի կարող կիսել ոչ ոքի հետ, բացի Բիրկից։

— Եթե դու իմ եղբայրը չլինեիր,— ասաց նա,— ես ուղղակի չէի իմանա ինչ անել։

Նրանք նստել էին լճի մոտ, իսկ նրանց շուրջը փոթորկում էր գարունը՝ իր ողջ պերճությամբ, բայց նրանք այդ չէին նկատում։

— Ինչ սարսափելի է այս ամենը,— կրկնեց Ռոնին։— Եվ այսպես կլինի մեր ամբողջ կյանքում։

Ռոնին ուզեց տուն վերադառնալ։ Երկու ծեր համառ ավազակապետերի պատճառով անտառը նրանց արդեն չէր ուրախացնում այնպես, ինչպես առաջ։

Այդ օրը, ինչպես միշտ, Ռոնին հրաժեշտ տվեց Բիրկին բավական հեռու Գայլի երախից և բոլոր ճանապարհներից, որոնցով սովորաբար անցնում են ավազակները։ Նրանք գիտեին՝ որ ճանապարհով է վերադառնում Մատիսը, իսկ որով՝ Բորկան։ Եվ, այնուամենայնիվ, միշտ վախենում էին պատահաբար նրանց աչքովն ընկնել։

Առաջինը Բիրկը գնաց։ Եվ Ռոնին երկար նայում էր նրա հետևից։

— Մինչև վաղը,— բղավեց նա ու ինքն էլ վազեց։

Բայց ոչ տուն։ Որոշեց նախ այցելել նորածին աղվեսներին։ Աղվեսի ճտերը ցատկում էին ու խաղում այնպես զվարճալի, որ կուզենար նայել ու նայել։

Բայց Ռոնին ոչ մի ուրախություն չզգաց։ Նա հետ դարձավ և շուտով հասավ Գայլի երախ, որն այդ օրը պահպանում էին Ժոենը և Պստիկ Կլիպը։ Նրանք երկուսն էլ փայլում էին պղնձե դրամների նման։

— Վազիր տուն, Ռոնի,— ասաց Ժոենը։— Տանը կիմանաս ինչ է պատահել։

Անհամբերությունից այրվելով նա բացեց մեծ դահլիճի դուռը, ուր հնչում էր Մատիսի ամպրոպանման ծիծաղը, այնպես ուրախ, որ Ռոնին միանգամից մոռացավ իր բոլոր տագնապները։ Հենց որ Մատիսը տեսավ դստերը, նետվեց դեպի նա, օդ թռցրեց, սեղմեց գրկում, իսկ հետո պտտվեց դահլիճում նրա հետ։ Թվում էր, Մատիսը ուրախությունից իրեն կորցրել էր։

— Ռոնի, զավակս,— երջանիկ գոռաց նա։— Դու ճիշտ ես։ Ինչու արյուն թափել։ Հիմա Բորկան անմիջապես կքաշվի իմ ամրոցից։

— Ինչո՞ւ,— հարցրեց Ռոնին։

Մատիսը մատով ցույց տվեց անկյունը։

— Մի տե՛ս, ում եմ բռնել, ա՛յ, այս ձեռքերով։

Բոլոր տասներկու ավազակները հրճվանքով վազում էին դահլիճով, ցատկոտում էին ու պարում։ Այդ պատճառով Ռոնին սկզբում չտեսավ նրան, ում ցույց էր տալիս հայրը։ — Հասկացա՞ր, բալիկս։ Այ հիմա ես Բորկային կասեմ. «Հը, կմնա՞ս ամրոցում, թե հաշտ ու խաղաղ կհեռանաս։ Ուզո՞ւմ ես ստանալ լակոտիդ կամ գուցե դու նրա կարիքը չունես»։

Եվ այստեղ Ռոնին տեսավ Բիրկին։ Նա պառկած էր դահլիճի հեռավոր անկյունում, ձեռքերն ու ոտքերը կապված էին, ճակատն արյունոտ, աչքերը հուսահատությամբ լի, իսկ շուրջը թռչկոտում էին Մատիսի ավազակները և գոռում, ծանակում նրան։

— Է՜յ, դո՛ւ, Բորկայի որդի՛, վազիր տուն, հայրդ քեզ է սպասում...

Ռոնին բղավեց, և արցունքները, զայրույթի արցունքները ցայտեցին նրա աչքերից։

— Չհամարձակվես... Չհամարձակվես այդ անել,— բղավեց նա ոչ իր ձայնով և սկսեց բռունցքներով հարվածել Մատիսին։— Չհամարձակվես այդ անել, գազան...

Մատիսը հրեց Ռոնիին։ Նա արդեն չէր ծիծաղում։ Նա սփրթնեց զայրույթից։

— Դա ի՞նչ է նշանակում, դուստր իմ... Ի՞նչ չպետք է ես անեմ,— սպառնալից հարցրեց նա։

— Սպասիր, հիմա քեզ կբացատրեմ։ Ավազակություն արա ինչքան ուզում ես։ Փող գողացիր, իրեր գողացիր ինչքան ուզում ես, բայց չհամարձակվես մարդ գողանալ, թե չէ... թե չէ ես քո դուստրը չեմ։ Հասկացա՞ր։

— Մա՞րդ...— հարցրեց Մատիսը, և նրա ձայնը անճանաչելի էր։— Ես բռնել եմ այս փուչ արարածին, այս սատկած լակոտին, և հիմա կարող եմ Բորկայի ամբողջ աղտեղությունից մաքրել իմ նախնիների ամրոցը։ Իսկ թե դու կլինես իմ դուստրը, թե չէ, դա արդեն՝ ոնց կուզես։

— Ես թքում եմ քեզ վրա։ Թո՛ւ...— մոլեգնած բղավեց Ռոնին։

Ճաղատ Պերը մոտեցավ և կանգնեց նրանց միջև, որովհետև վախեցավ։ Դեռ երբեք նա չէր տեսել Մատիսին այդպես քարացած, սարսափելի դեմքով, և վախը հաղթեց նրան։

— Ինչպե՞ս ես խոսում հորդ հետ,— բացականչեց նա և բռնեց Ռոնիի ձեռքը։

Բայց նա դուրս պրծավ։

— Ես թքում եմ քեզ վրա,— համառորեն բղավում էր աղջիկը,— թո՛ւհ, թո՛ւհ։

Թվում էր, Մատիսը չի լսում նրան, ասես Ռոնին դադարել էր նրա համար գոյություն ունենալուց։

— Ֆյոսոկ, գնա պատի վրա, փլվածքի մոտ, և ասա, որպեսզի հաղորդեն Բորկային, որ ես վաղը կսպասեմ նրան այնտեղ, հենց որ արևը ծագի,— հրամայեց Մատիսը նույն ահարկու ձայնով։— Լավ կլինի գա, այդպես էլ ասա։

Լովիսան այդ բոլորը լուռ լսում էր։ Նա կիտեց հոնքերը, բայց ոչ մի բառ չասաց։ Հետո մոտեցավ Բիրկին, տեսավ նրա ճակատի արյունը, և այդ ժամանակ վերցրեց բուժիչ թուրմով կավե ամանը, որով վերքեր էր լվանում։

— Չհամարձակվես դիպչել այդ իժի ճտին,— մռլտաց Մատիսը։

— Իժի ճուտ է, թե ոչ, բայց վերքը պետք է լվանալ,— ասաց նա և գործի անցավ։

Այդ ժամանակ Մատիսը բռնեց նրան և շպրտեց ամբողջ դահլիճով այնպես, որ նա կզարկվեր մահճակալի վրայի ամպհովանին պահող սյանը, եթե Լովիսային չպահեր ժամանակին վրա հասած Կնոտասը։

Բայց այդպիսի վերաբերմունքը Լովիսան ոչ ոքի չէր ներում։ Եվ քանի որ այդ վայրկյանին Մատիսին չէր հասնի, նա Կնոտասին այնպիսի ապտակ տվեց, որ ձայնը արձագանքեց ողջ դահլիճով։ Այդպես նա հատուցեց Կնոտասին այն բանի համար, որ ետ պահեց նրան սյանը զարկվելուց։

— Դուրս այստեղից բոլորդ,— գոռաց նա։— Ձեր շունչն այստեղ չլինի։ Կորեք գրողի ծոցը։ Ձեզնից միայն չարիք է գալիս... Լսում ես, Մատիս, դու էլ կորի, անմիջապես։

Մատիսը նրա վրա մռայլ հայացք գցեց, որից ում սիրտն ասես փորը կընկներ։ Միայն ոչ Լովիսայինը։ Նա կանգնել էր՝ ձեռքերը կրծքին խաչած և անվրդով նայում էր, ինչպես է Մատիսը դուրս գալիս դահլիճից, իսկ հետևից շարքով քարշ էին գալիս նրա տասներկու ավազակները։ Բայց Մատիսը ուսը գցած տանում էր կապկպված Բիրկին, և նրա շեկ մազափունջը օրորվում էր ավազակապետի քայլերի հետ համաչափ։

— Ես թքում եմ քեզ վրա, Մատիս,— մի անգամ էլ հասցրեց բղավել Ռոնին, նախքան ավազակները կհասցնեին իրենց հետևից ծածկել դահլիճի կոփածո դուռը։

Այդ գիշեր Մատիսը չքնեց իր տեղում, և Լովիսան չգիտեր որտեղ է գիշերում նա։

Բայց կինը ողջ գիշերը աչքերը չփակեց, որովհետև լսում էր, ինչպես է հուսահատ հեկեկում իր զավակը։ Ռոնին նրան մոտ չէր թողնում և չէր ուզում, որ իրեն մխիթարեն։ Այդ վիշտը Ռոնին պետք է տաներ մենակ։ Նա այնքան երկար չէր կարողանում քնել և այնպես մոլեգին էր ատում իր հորը, որ սիրտն իսկապես սեղմվում էր։ Ատել նրան, ում սիրում ես այն ժամանակից, ինչ քեզ հիշում ես, շատ ծանր է, այդ պատճառով էլ Ռոնիի համար դա իր կյանքի ամենասարսափելի գիշերն էր։

Վերջիվերջո, նա, այնուամենայնիվ, քնեց, բայց վեր թռավ, երբ նոր֊նոր լույսը բացվեց։ Արևածագի հետ նա պետք է լիներ պատի վրա, փլվածքի մոտ, որ սեփական աչքերով տեսնի ամենը, ինչ որ այնտեղ կկատարվի։ Լովիսան փորձեց տանը պահել Ռոնիին, բայց Ռոնին ականջ չդրեց, և այդ ժամանակ Լովիսան անխոս գնաց նրա հետևից։


* * *

Մատիսն ու Բորկան կանգնել էին դեմ դիմաց՝ անդունդի երկու կողմում, յուրաքանչյուրը շրջապատված իր ավազակներով։ Ունդիսան էլ էր եկել, և Ռոնին դեռ հեռվից լսեց նրա գոռգոռոցն ու անեծքները։ Նա լուտանքներ էր թափում Մատիսի գլխին։ Բայց Մատիսը տեղնուտեղը վճռականորեն դրա վերջը տվեց։

— Էյ, Բորկա, դու, ի՞նչ է, չե՞ս կարողանում կնկադ բերանը փակել,— հարցրեց նա։— Քեզ վնաս չի լսել ինչ որ ասելու եմ։

Ռոնին կանգնեց հոր թիկունքում, որ նա իրեն չտեսնի։ Բայց ինքը տեսնում ու լսում էր ավելի շատ, քան ուժ ուներ դիմանալու։ Մատիսի կողքին կանգնած էր Բիրկը։ Նրա ձեռքերն ու ոտքերը արձակել էին, բայց վիզը գցած էր լայն կաշվե օղապարան՝ վզակապի նման, իսկ կաշեփոկի մյուս ծայրը Մատիսի ձեռքում էր, ասես վիզը կապած շուն էր ման ածում։

— Դու դաժան մարդ ես, Մատիս,— ասաց Բորկան։— Ու նաև՝ գարշելի։ Դու ուզում ես ինձ այստեղից վռնդել, ինչ կա որ, ես դա կարող եմ հասկանալ... Բայց բռնել իմ որդուն, որպեսզի ստիպես ինձ հեռանալ ամրոցից, ախր դա ստորություն է, Մատիս...

— Ես քեզ չեմ հարցնում ինչ ես մտածում իմ մասին,— կտրեց նրան Մատիսը։— Ես ուզում եմ իմանալ, ե՞րբ ես այստեղից կորչելու։

Բորկան լռում էր, նա այնքան չարացած ու ճնշված էր, որ բառերը մնում էին նրա կոկորդում։ Նա երկար լուռ կանգնած էր, հետո ստիպեց իրեն պատասխանել։

— Սկզբում ես պետք է տեղ գտնեմ, ուր մենք բոլորս կկարողանանք ապահով ապրել, իսկ դրա համար ժամանակ է պետք։ Վերադարձրու որդուս, և մենք այստեղից կհեռանանք դեռ ամառը չվերջացած, քեզ խոսք եմ տալիս։

— Լավ,— ասաց Մատիսը։— Այդ դեպքում, ես էլ քեզ խոսք եմ տալիս, որ որդուդ կվերադարձնեմ նույնպես մինչև ամառվա վերջը։

— Ես կարծում էի դու կվերադարձնես հիմա,— ասաց Բորկան։

— Իսկ ես կարծում եմ, որ հիմա դու նրան չես ստանա,— պատասխանեց Մատիսը։— Մեր ամրոցում շատ կան մութ նկուղներ, այնպես որ քո լակոտի գլխին ծածկ կլինի։ Սա քեզ կմխիթարի, եթե ամառը անձրևոտ լինի։

Ռոնին կամացուկ հառաչում էր իր անզորությունից։ Ահա, պարզվում է, ինչ դաժան հաշվեհարդար է մտածել կատարել հայրը։ Եթե Բորկան և նրա մարդիկ անմիջապես չհեռանան այստեղից ուր աչքները կտրի, ապա Բիրկը ստիպված կլինի նստել ստորերկրյա դամբարանում մինչև ամառվա վերջը, բայց այդքան երկար նա այնտեղ չի ապրի, Ռոնին դա գիտեր, նա կմեռնի, և ինքն այլևս եղբայր չի ունենա։

Եվ հայր էլ, որին այնպես սիրում էր, ինքը չի ունենա այլևս։ Նրա սիրտը ուղղակի ցավից պատառ֊պատառ էր լինում։ Նա ուզում էր Մատիսին պատժել նաև այն բանի համար, որ չի կարող այլևս իրեն նրա դուստրը համարել։ Ախ, ինչ կրքոտությամբ էր ուզում, որ հայրը հիմա տառապի իրենից ոչ պակաս, ինչպես էր երազում խանգարել նրան։ Եվ հանկարծ գլխի ընկավ ինչպես ի չիք անի նրա մտահղացումը։ Մի անգամ արդեն նա այդ արել է և՝ նույնպես զայրույթի պահին, ճիշտ է, ոչ այսպես խելահեղ, ինչպես այժմ։ Իրեն կորցրած, Ռոնին հանկարծ թափ առավ ու թռավ։ Մատիսը տեսավ նրան, երբ նա թռչունի նման թռավ֊անցավ անդունդի վրայով, ու գոռաց։

Այդպես գոռում են վայրի կենդանիները մահացու վտանգի պահին։ Արյունը սառեց նրա ավազակների երակներում, որովհետև ոչինչ ավելի ահարկու նրանք չէին լսել իրենց ողջ կյանքի ընթացքում։ Եվ հետո, նրանք բոլորը տեսան Ռոնիին, անդունդի այն կողմում, իրենց թշնամիների մոտ։ Ավելի սարսափելի բան պատկերացնել չէր էլ կարելի, ավելի անբացատրելի՝ նույնպես։

Ասենք, Բորկայի ավազակների համար էլ դա նմանապես անբացատրելի էր։ Նրանք նայում էին Ռոնիին այնպիսի զարմանքով, կարծես նա աղջիկ չէր, այլ հանկարծ նրանց մոտ թռած֊եկած չարասիրտ դրուդ։

Բորկան նույնպես քարացավ զարմանքից, բայց իսկույն տիրապետեց իրեն։ Ամեն ինչ միանգամից փոխվեց։ Մատիսի դուստրը, այս փոքրիկ չարասիրտ դրուդը, իրեն օգնության եկավ այսպես տարօրինակ ձևով։ Նա, իհարկե, չէր հասկանում ինչու աղջիկը դիմեց այդպիսի խելահեղ արարքի, բայց քմծիծաղով, լուռ նրա վիզը գցեց կաշեփոկի օղակը։

Հետո ձայնեց Մատիսին.

— Մեր աշտարակում էլ կա մութ նկուղ։ Եվ քո դուստրն էլ տանիք կունենա գլխին, եթե անձրև գա։ Ահա, ես էլ քեզ եմ մխիթարում, Մատիս։

Բայց մի՞թե Մատիսին որևէ բան կարող էր մխիթարել։ Նա կանգնած էր՝ ասես մահացու վիրավորված հսկայական արջ և ետուառաջ էր օրորվում, կարծես փորձելով դրանով խլացնել անտանելի ցավը։ Ռոնին նայում էր նրան, և արցունքները հոսում էին այտերով։ Մատիսը ձեռքից բաց թողեց կաշեփոկը, բայց տղան չշարժվեց, նրա դալուկ, անարյուն դեմքը հուսահատություն էր արտահայտում։ Նա աչքը չէր հեռացնում Ռոնիից, որ կանգնած էր փլվածքի մյուս կողմում, և տեսավ, որ նա լալիս է։

Ունդիսան մոտեցավ նրան, կոպիտ հրեց։

— Տզա՛, տզա՛... Ես էլ լաց կլինեի, եթե իմ հայրը այդպիսի գազան լիներ...

Բայց Բորկան կոպտորեն ընդհատեց կնոջը։ Իբր, թող հեռանա այստեղից և չխառնվի ուրիշի գործերին։

Չնայած Ռոնին ինքն էլ Մատիսին գազան անվանեց, բայց հիմա նա միայն մի բան էր ուզում՝ սփոփել հորը, չէ որ ինքը նրան այնպիսի վիշտ է պատճառել։ Լովիսան էլ էր ուզում օգնել Մատիսին, ինչպես միշտ, երբ նա փորձանքի մեջ էր ընկնում։ Նա կանգնեց Մատիսի կողքին, բայց Մատիսը նույնիսկ չնկատեց այդ։ Նա ընդհանրապես ոչինչ չէր նկատում։ Հիմա նա բոլորովին մենակ էր ամբողջ աշխարհում։

Այստեղ Բորկան ձայն տվեց նրան.

— Է՛յ, Մատիս, որդուս կվերադարձնե՞ս, թե ոչ։

Մատիսն առաջվա նման առաջ ու ետ էր օրորվում և ոչինչ չէր պատասխանում։

Այդ ժամանակ Բորկան բղավեց ամբողջ ուժով.

— Կվերադարձնե՞ս որդուս։

Վերջապես Մատիսը ուշքի եկավ։

— Տար,— պատասխանեց նա անտարբեր։— Երբ կուզես։

— Ես հիմա եմ ուզում,— ասաց Բորկան։— Ոչ թե երբ վերջանա ամառը, այլ հիմա։

Մատիսը գլխով արեց։

— Ասացի չէ՞, երբ ուզես։

Թվում էր, հիմա նրան ոչինչ չէր հետաքրքրում։ Բայց Բորկան քմծիծաղով ավելացրեց։

— Եվ դու տեղնուտեղը ետ կստանաս քո դստերը։ Փոխանակություն է, դա քո գծով է, սրիկա։

— Ես դուստր չունեմ,— կամաց ասաց Մատիսը։

Բորկայի քմծիծաղը միանգամից մարեց։

— Ուշքի արի, ի՞նչ ես դուրս տալիս։ Էլի ի՞նչ ես մտածել։

— Ասում եմ՝ տար որդուդ,— ասաց Մատիսը։— Բայց դու աղջկաս վերադարձնել չես կարող։ Ես աղջիկ չունեմ։

— Փոխարենը՝ ես ունեմ դուստր,— բղավեց Լովիսան այնպես բարձր, որ բոլոր ագռավները թռան ամրոցի պարիսպների ատամների վրայից։— Եվ իմ երեխային ուզում եմ ետ ստանալ։ Դու հասկացա՞ր, Բորկա։ Հիմա։

Նա սևեռուն նայեց Մատիսին ու ավելացրեց։

— Եթե նույնիսկ հայրը խելքը թռցրել է։

Մատիսը շրջվեց ու ծանր քայլերով հեռացավ։


* * *

Հաջորդ բոլոր օրերին Մատիսը չէր երևում ամրոցի մեծ դահլիճում։ Եվ Գայլի երախի մոտ էլ, երբ փոխանակում էին երեխաներին, նա նույնպես չկար։

Այստեղ եկավ Լովիսան, որ տանի դստերը։ Նրան ուղեկցում էին Ֆյոսոկն ու Ժոենը, իսկ նրանց միջև քայլում էր Բիրկը։ Բորկան իր ավազակներով և Ունդիսան արդեն սպասում էին Գայլի երախի մոտ, ու հենց որ Լովիսային տեսավ, Ունդիսան, չթաքցնելով իր ցնծությունը, չարությամբ բղավեց.

— Իսկ Մատիսը, երևի, ամաչում է մարդկանց աչքին երևալ, բա ո՜նց, վայ֊ավազակ, որը երեխաներ է գողանում...

Լովիսան նրան պատասխանի չարժանացրեց։ Նա գրկեց Ռոնիին և ուզեց տանել, ոչ մեկին ոչինչ չասելով։ Նա շատ էր մտածել այն մասին, թե ինչու իր աղջիկը կամավոր իրեն հանձնեց Բորկայի ձեռքը, բայց միայն այստեղ, երբ երեխաները հանդիպեցին, գլխի ընկավ բանն ինչ է։

Ռոնին ու Բիրկը իրար նայում էին այնպես, ասես, ամբողջ կիրճում միայն իրենք էին, ի՜նչ կիրճ, մենակ էին ամբողջ աշխարհում։ Այո, այդ երկուսը իրար պաշտպան կկանգնեն մինչև վերջ, դա պարզ դարձավ բոլորի համար։

Ունդիսային՝ նույնպես, բայց նրան դուր չեկավ։

— Ի՞նչ գործ ունես նրա հետ։

— Նա իմ քույրն է,— պատասխանեց Բիրկը։— Նա փրկել է իմ կյանքը։

Ռոնին հպվեց մորն ու լաց եղավ։

Բայց Բորկան զայրույթից ամբողջապես կարմրեց։

— Չլինի՞ իմ տղան ինձնից թաքուն ընկերություն է անում այս անպետք աղջկա՝ մեր մահացու թշնամիների դստեր հետ։

— Նա իմ քույրն է,— նորից ասաց Բիրկն ու նայեց Ռոնիին։

— Քո՞ւյրը,— կրկնեց Ունդիսան քմծիծաղով։— Ո՜նց չէ։— Նա գրկեց Բիրկի ուսերը, որ շուտ տանի այդտեղից։— Գիտենք ինչ կլինի այդ քույրը քեզ համար մի քանի տարի հետո։

— Ձեռքերդ քաշիր, ի՛նքս կգամ։

Նա շրջվեց ու հեռացավ։

— Բիրկ,— ավելի շուտ տնքաց, քան բղավեց նրա հետևից Ռոնին։

Բայց նա հետ չնայեց, քայլում էր՝ ոտքերի տակ նայելով և շուտով անհետացավ ճանապարհի ոլորանի հետևում։ Այդ ժամանակ Լովիսան փորձեց հարցուփորձ անել աղջկան ամեն ինչի մասին, բայց ապարդյուն։

— Ինձ հետ մի՛ խոսիր,— կոպիտ կտրեց Ռոնին։

Լովիսան նրան հանգիստ թողեց, ու նրանք լուռ գնացին տուն։

Ճաղատ Պերը Ռոնիին սպասում էր դահլիճում և այնպես դիմավորեց նրան, ասես աղջիկը փրկվել է մահացու վտանգից։

— Ի՜նչ երջանկություն, որ դու ողջ ես,— բացականչեց նա։— Խեղճ երեխա, այնպես էի քեզ համար անհանգստանում։

Ոչ մի բառ չպատասխանելով, Ռոնին ուղղվեց դեպի իր մահճակալը, պառկեց և քաշեց ամպհովանը։

— Մեր ամրոցում բույն է դրել դժբախտությունը,— տրտմում էր Ճաղատ Պերը և տխուր օրորում գլուխը։ Իսկ հետո ձայնն իջեցնելով շշնջաց Լովիսային.— Մատիսը խցում է։ Պառկել է իմ մահճակալին՝ հայացքը առաստաղին, ու լռում է։ Վեր կենալ չի ուզում, ուտելիքից հրաժարվում է։ Ի՞նչ անենք։

— Ոչինչ։ Մի լավ կսովածանա, կգա այստեղ,— պատասխանեց Լովիսան, բայց երևում էր, որ նա էլ էր անհանգստացած։

Չորրորդ օրը նա մտավ Ճաղատ Պերի խուցը և Մատիսին ասաց.

— Գնանք ճաշենք։ Հերի՛ք է կամակորություն անես։

Վերջիվերջո Մատիսը, այնուամենայնիվ, վեր կացավ և գնաց դահլիճ՝ ամպի նման մռայլ։ Նա այնպես էր նիհարել, որ դժվար էր ճանաչել։ Լուռ փլվեց նստարանին ու սկսեց ուտել։ Նրա բոլոր ավազակները ևս լուռ էին։ Դեռ երբեք այդ դահլիճում այսպիսի լռություն չէր եղել։ Ռոնին նստած էր իր սովորական տեղում, բայց Մատիսը, թվում էր, նրան չի տեսնում։ Աղջիկն էլ չէր համարձակվում աչքերը բարձրացնել նրա վրա, բայց, այնուամենայնիվ, թաքուն հայացք գցեց նրա կողմը ու տեսավ անծանոթ Մատիսին, որ բոլորովին նման չէր հորը, որին ճանաչում էր իր ամբողջ կյանքում։ Այո, նրա կերպարանքը փոխվել էր, չճանաչելու աստիճան, սարսափելի էր։ Նա ուզեց վեր թռչել սեղանի մոտից ու փախչել, փախչել Մատիսից, բոլորից ու ամեն ինչից, մնալ մենակ։ Բայց անորոշությունից տեղից չշարժվեց։ Աղջիկը չգիտեր՝ ինչ անի, ինչպես գլուխ հանի իր վրա թափված բոլոր դժբախտություններից։

— Հը՛, կաչաղակներ, կշտացա՞ք,— ծաղրական հարցրեց Լովիսան լուռ ավազակներին, երբ ճաշն ավարտվեց։ Նույնիսկ նա ի վիճակի չէր տանել այդ ձգձգվող լռությունը։ Քթի տակ անհասկանալի բաներ մրթմրթալով՝ ավազակները միանգամից վեր կացան և մի մարդու նման գնացին ախոռ, իրենց ձիերի մոտ, որոնց արդեն չորրորդ օրն էր չէին հանել մսուրքից։ Քանի որ իրենց ատամանը փռվել է Ճաղատ Պերի խցում ու նայում է առաստաղին, ապա իրենք էլ չէին կարող անցնել ավազակի իրենց արհեստին, որը, նրանց կարծիքով, շատ ցավալի էր, ախր ավազակություն անելու ամենալավ ժամանակն էր։

Մատիսը դահլիճից դուրս եկավ՝ այդպես էլ առանց մի բառ ասելու, և այդ օրը այլևս ոչ ոք նրան չտեսավ։

Ռոնին էլ փախավ տնից։ Շուտ, շուտ դեպի անտառ։ Արդեն երեք օր սպասում էր այնտեղ Բիրկին, բայց նա այդպես էլ չհայտնվեց։ Նա չէր հասկանում ինչու, ինչ են արել Բիրկին Բորկայի աշտարակում։ Գուցե փակել են, որ կտրեն անտառից, բաժանեն իրենց։ Նրա համար ծանր էր սպասել ու չիմանալ՝ ինչ է պատահել նրան։

Եվ ահա նա եկավ։ Սկզբում Ռոնին լսեց նրա սուլոցը սոճուտում և ուրախությունից իրեն կորցնելով՝ նետվեց նրան ընդառաջ։ Ահա նա։ Եվ քարշ էր տալիս ինչ֊որ ծանր կապոց։

— Ես տեղափոխվում եմ ապրելու անտառում,— ասաց նա,— էլ չեմ կարող մնալ Բորկայի աշտարակում։

Ռոնին նրան էր նայում զարմանքով։

— Ինչո՞ւ։

— Տանել չեմ կարող կշտամբանքները,— ասաց,— երեք օր դիմացա, հերիք է։

«Մատիսի լռությունը ցանկացած կշտամբանքից վատ է»,— մտածեց Ռոնին։ Եվ հանկարծ հասկացավ ինչ պետք է անի. եթե կյանքը անտանելի է դառնում, պետք է փոխել։ Բիրկը դրանից չվախեցավ, ինչո՞ւ ինքն էլ այդպես չվարվի։

— Ես էլ կհեռանամ մեր ամրոցից,— վճռականորեն ասաց նա։— Այո, կհեռանամ։

— Ես ծնվել եմ քարանձավում,— ասաց Բիրկը,— և կարող եմ ապրել քարանձավում։ Իսկ դու կարո՞ղ ես։

— Քեզ հետ՝ ուր ասես,— պատասխանեց Ռոնին,— իսկ Արջի քարանձավում՝ առավել ևս։

Շրջապատի լեռները միավորվելով՝ անձավներ էին կազմում, բայց ոչ մեկը նման չէր Արջի քարանձավին։ Ռոնին դրա մասին վաղուց իմացել էր Մատիսից, երևի, այն ժամանակվանից, որ սկսեց անտառում անցկացնել բոլոր օրերը։ Մատիսն ինքը մի ժամանակ սիրում էր այնտեղ գիշերել։ Երբ դեռ երեխա էր։ Ամռանը։ Իսկ ձմեռն այնտեղ քնում են արջերը, պատմում էր այն ժամանակ Ճաղատ Պերը։ Դրա համար էլ անվանեցին Արջի քարանձավ։ Հիմա էլ են այդպես կոչում, երբ նույնիսկ այնտեղ արդեն արջեր չեն էլ ապրում։

Այդ քարանձավը, որ բարձր ժայռապատի մեջ էր, կարելի էր մտնել միայն մի նեղլիկ ելուստով, որ անցնում էր փրփրադեզ գետի վրայով։ Բայց հենց մուտքի առջև ելուստը լայնանում էր։ Այդ հրապարակի վրա կարելի էր նստել ու նայել, ինչպես փայլելով ու շողշողալով՝ լեռների ու անտառների վրա բացվում է նոր օրը։ Այո, այդ անձավում կարելի է ապրել, այդ բանը նա հաստատ գիտեր։

— Ես երեկոյան կգամ այնտեղ,— ասաց Ռոնին։— Այնտեղ կլինե՞ս։

— Իհարկե,— պատասխանեց Բիրկը։— Ես կսպասեմ քեզ։

Այդ երեկո Լովիսան երգում էր Գայլի երգը։ Ինչպես որ երգում էր միշտ օրվա վերջին, ինչպիսին էլ որ լիներ՝ երջանիկ, թե տխուր, երգում էր Ռոնիի համար։

«Ախր ես լսում եմ նրան վերջին անգամ»,— մտածեց Ռոնին։ Եվ թախիծը համակեց նրան։ Ծանր է բաժանվել մորից, բայց ավելի ծանր է չլինել այլևս Մատիսի դուստրը։ Դրա համար էլ պետք է հեռանա, գնա անտառ, եթե նույնիսկ էլ երբեք չլսի Գայլի երգը։ Եվ հեռանալ պետք է հենց հիմա։ Հենց որ Լովիսան քնի։

Ռոնին անկողնում սպասում էր ու նայում էր կրակին։ Լովիսան անհանգիստ պտտվում էր իր լայն մահճակալին, բայց վերջապես հանդարտվեց, և նրա հանգիստ շնչառությունից Ռոնին հասկացավ, որ քնած է։

Այդ ժամանակ Ռոնին կամաց մոտեցավ մահճակալին և երկար նայում էր քնած մորը՝ լուսավորված օջախի հանգչող կրակի անհավասար լույսով։

«Թանկագին իմ Լովիսա,— մտածում էր նա,— ով գիտի, կտեսնվենք մենք երբևէ»։

Լովիսայի մազերը թափված էին բարձին։ Ռոնին մատներով հպվեց բաց շագանակագույն մազափնջին։ Իսկապե՞ս սա իր մայրն է։ Քնած ժամանակ փոքրիկ աղջկա նման է։ Եվ շատ տանջված տեսք ունի։ Նա, երևի, իրեն շատ միայնակ է զգում այս լայն մահճակալի վրա առանց Մատիսի։ Հիմա էլ դուստրն է լքում նրան։

— Ներիր ինձ,— շշնջաց Ռոնին։— Ես ուրիշ կերպ վարվել չեմ կարող։

Գաղտագողի նա դուրս եկավ դահլիճից և ուսը գցեց իր կապոցը, որը դեռ ցերեկը պահել էր խորդանոցում։ Կապոցն այնքան ծանր էր, որ Ռոնին հազիվ էր քարշ տալիս։ Դրա համար էլ հենց հասավ Գայլի երախին, գետին շպրտեց, ու կապոցը գլորվեց ուղիղ Տյոգեի ու Տյորմի ոտքերի մոտ, որոնք պահակ էին կանգնած։ Իհարկե, հիմա Մատիսը սիրտ չուներ, որ ամրոցի շուրջը պահապաններ կարգեր, բայց այդ գործը ջանասիրությամբ կատարում էր Ճաղատ Պերը։

— Չխաբես, չխաբես... Նզովում եմ քեզ բոլոր չարասիրտ դրուդներով, ասա, ի՞նչ ես անում այստեղ գիշերով։

— Ես հեռանում եմ ամրոցից,— ասաց Ռոնին։— Եվ կապրեմ անտառում։ Հաղորդիր սա Լովիսային։

— Իսկ ինչո՞ւ ինքդ նրան չես ասում։

— Նա չէր թողնի։ Իսկ ես չեմ ուզում, որ ինձ հետ պահեն։

— Իսկ հա՞յրդ ինչ կասի,— հարցրեց Տյորմը։

— Իմ հա՞յրը,— կրկնեց Ռոնին։— Մի՞թե ես հայր ունեմ։

Ավազակների ձեռքերը սեղմելով՝ Ռոնին հրաժեշտ տվեց։

Նա հանգիստ քայլում էր լուսնի լույսով լուսավորված անտառով, մայրիների ու սոճիների արանքով, մամուռի ու սև հաղարջի թփուտների վրայով, ճահիճների կողքով, որոնցից մոմածաղկի հոտ էր փչում, անհատակ սև փոսերի կողքով, մագլցում֊անցնում էր քամու տապալած մամռածածկ ծառերի վրայով ու բոբիկ ոտքերով չփչփացնում էր՝ անցնելով արագահոս վտակները։ Նա գնում էր դեպի Արջի քարանձավը՝ անցնելով ողջ անտառը և ոչ մի անգամ ճանապարհը չկորցրեց։ Նա տեսավ ինչպես են գլաքարի վրա լուսնի լույսի մեջ պարում մուգ տրոլները։

Ռոնին ակամա հիշեց և՛ Մատիսին, և՛ Լովիսային, ու նրա սիրտը նվվաց։ Նա իր ցավը մոռացավ, հենց որ վերջապես մոտեցավ ժայռին։ Այնտեղ խարույկ էր վառվում։ Այս քարանձավի առջևի քարե հրապարակում Բիրկը կրակ էր վառել, որ Ռոնին չմրսեր գարնանային գիշերվա ցրտից։ Կրակը թրթռում էր՝ լուսավորելով շուրջն ամեն ինչ։ Ռոնին այն դեռ հեռվից նկատեց և հիշեց Մատիսին, որը սիրում էր կրկնել. «Որտեղ տուն, այնտեղ էլ կրակ»։

Բայց կարելի է ասել նաև հակառակը. «Որտեղ կրակ, այնտեղ տուն»,— մտածեց Ռոնին։ Սրանից հետո Արջի քարանձավը կլինի իրենց տունը։

Բիրկը հանգիստ նստել էր խարույկի մոտ ու տապակած միս էր ծամում։ Նա ձողով մի կտոր էլ վերցրեց ու մեկնեց Ռոնիին։

— Ես վաղուց արդեն քեզ եմ սպասում,— ասաց նա։— Կեր մինչև Գայլի երգը երգելը։


* * *

Հենց որ նրանք պառկեցին՝ յուրաքանչյուրը եղևնու ճյուղերից սարքած իր փռոցի վրա, Ռոնին փորձեց Բիրկի համար երգել Գայլի երգը։ Բայց երբ հիշեց, ինչպես էր Լովիսան սովորաբար երգում իր ու Մատիսի համար այն երջանիկ ժամանակ, երբ ամրոցում ամեն բան դեռ հին ձևով էր, նրան այնպիսի թախիծ համակեց, որ ձայնը կտրվեց։

Եվ Բիրկն էլ արդեն համարյա քնել էր։ Ռոնիին սպասելով, նա ամբողջ օրը քարանձավը մաքրել էր արջերի թողած կեղտից, որոնք այնտեղ քնած անցկացրել էին ձմեռը։ Հետո անտառից չոր փայտ բերեց խարույկի համար և եղևնու թարմ ճյուղեր՝ անկողինների համար։ Մի խոսքով, ամբողջ օրն աշխատել էր առանց հանգստանալու, դրա համար էլ քունն այդպես շուտ տարավ։ Բայց Ռոնին դեռ չէր քնել։

Նա երկար ժամանակ պառկած էր բաց աչքերով, այնքան էլ ուրախ չէր, ինչպես սպասում էր։ Բայց քարանձավի մուտքից նա տեսնում էր գարնանային լուսավոր երկինքը և լսում էր ինչպես էր գետը աղմկում այնտեղ՝ ներքևում, իր քարե հունի մեջ, և դրանից թեթևացավ։

«Նույն երկինքն է, ինչ մեր ամրոցի վերևում,— մտածում էր նա,— և նույն գետն է աղմկում, ոնց որ տանը»։

Եվ Ռոնին էլ քնեց։

Նրանք արթնացան, երբ արևը բարձրանում էր գետի վրա։ Հրե գնդի նման նա դուրս էր լողում առավոտվա թանձր մշուշի միջից և, ասես հրդեհ, մոտիկ ու հեռու անտառները լուսավորում էր կարմիր հրացոլքով։

— Այնպես եմ սառել, որ ատամս ատամիս վրա չի կանգնում,— ասաց Բիրկը։— Բայց լուսաբացին է ցուրտ լինում, շուտով կտաքանա։ Ես քեզ մխիթարեցի՞։

— Խարույկն ամենալավ մխիթարությունը կլիներ,— ասաց Ռոնին։

Նա էլ էր ցրտից դողում։ Բիրկը փչեց ածուխները, որոնք դեռ մլմլում էին տաք մոխիրի տակ։ Նրանք նստեցին խարույկի մոտ ու սկսեցին հաց ուտել, վրայից էլ այծի կաթ խմել, որը Ռոնին իր հետ բերել էր փայտե տափաշշով։ Երբ կաթը խմեցին վերջացրին, Ռոնին ասաց.

— Հիմա միայն աղբյուրի ջուր կխմենք։

— Այո, այստեղ չենք չաղանա,— շարունակեց Բիրկը,— բայց դրանից չեն մեռնում։

Նրանք իրար նայեցին ու ծիծաղեցին։ Կյանքը Արջի քարանձավում հեշտ չի լինի, բայց դա նրանց բոլորովին չէր վախեցնում։ Ռոնին արդեն մոռացել էր, որ գիշերը անվերջ տխրել է։ Նրանք կերան ու տաքացան, ու առավոտն էլ չափազանց պարզ էր, և նրանք թռչունների նման ազատ էին։ Միայն այժմ այդ հասկացան ինչպես պետքն է։ Ամենը, ինչ նրանց ճնշում ու ընկճում էր, մնացել էր ետևում, և առանց պայմանավորվելու, որոշեցին այդ մասին չմտածել ու չհիշել։

— Ռոնի,— ասաց Բիրկը։— Հասկանո՞ւմ ես ինչ ազատ ենք մենք։ Այնպես ազատ ենք, որ ուզում եմ ծիծաղել։

— Ըհը՛, և այս ամենը մեր թագավորությունն է,— ասաց Ռոնին։— Ոչ ոք չի կարող մեզնից խլել կամ քշել մեզ այստեղից։

Նրանք նստել էին կրակի մոտ, քանի դեռ արևը բարձրանում էր, իսկ ներքևում, ժայռի ստորոտին աղմկում էր գետը, և արթնանում էր անտառը։ Ծառերի կատարները կամացուկ դողդողում էին առավոտյան քամուց, ինչ֊որ տեղ կանչում էր կկուն, կողքը փայտփորիկը թխկթխկացնում էր մայրու բնին, իսկ որմզդեղնի ընտանիքը եկել էր ջուր խմելու։ Ռոնիին ու Բիրկին թվում էր, թե իրենց են պատկանում և՛ գետը, և՛ անտառը, և՛ ամեն, ամեն բան, ինչ այնտեղ ապրում է։

— Ականջներդ փակի՛ր, Բիրկ,— հանկարծ ասաց Ռոնին։— Որովհետև ես հիմա կբղավեմ։ Դա կլինի իմ գարնանային ճիչը։

Եվ նա բղավեց այնպես բարձր, որ արձագանքը գլորվեց բոլոր լեռներով ու հովիտներով։

— Գիտե՞ս, Ռոնի, ինչի մասին եմ հիմա մտածում։ Պետք է շուտ այստեղ բերեմ իմ արբալետը, քանի դեռ քո բղավոցի վրա չեն թռել֊եկել բոլոր չարասիրտ դրուդները։

— Իսկ ինձ Մատիսը դեռ թույլ չի տվել արբալետ վերցնել,— ասաց Ռոնին։— Բայց եթե ինձ դանակ տաս, ես ինքս քեզ համար աղեղ կսարքեմ։

— Ըհը, բայց տես, չկորցնես։ Սա մեր ամենաթանկ իրն է։ Առանց դրա մենք անտառում կկորչենք։

Հետո Բիրկն անձավի մուտքի առջևի ժայռոտ հրապարակի վրա դասավորեց իր ամբողջ հարստությունը, որ դրանք ցույց տա Ռոնիին. կացին, սրաքար, կաթսայիկ, ձկնորսական պարագաներ, թռչուն որսալու թակարդ, նետեր և կարճ նիզակ, մի խոսքով, ամենաանհրաժեշտ իրերը անտառում ապրողների համար։

— Իսկ դու, պարզվում է, գիտես, որ անտառի բնակիչները իրենք են իրենց համար կեր հայթայթում և պաշտպանվում են չարասիրտ դրուդներից ու զանազան գիշատիչներից։

— Իհարկե գիտեմ,— ասաց Բիրկը։— Մենք...

Բայց խոսքը վերջացնել չհասցրեց, որովհետև Ռոնին թափով բռնեց նրա ձեռքն ու վախով շշնջաց.

— Սը՛սս։ Այնտեղ ինչ֊որ մեկը կա։ Անձավում։

Շունչները պահելով՝ նրանք ականջ դրին։ Այո, անձավի խորքում իսկապես մի բան շարժվում էր։ Բիրկը ճանկեց նիզակը։ Նրանք անշարժ կանգնել էին՝ ականջ դնելով անհասկանալի ձայներին։ Քարանձավում ինչ֊որ մեկը, ակներև, քայլում էր, և նրանք վախեցան, որովհետև չգիտեին ով է այնտեղ քայլում։ Գուցե թաքնվել էին չարասիրտ դրուդնե՞րը։ Եվ հանկարծ ամբողջ երամով միանգամից դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն բզկտել իրենց սուր ճանկերով։

— Կորե՛ք այստեղից, զզվելի արարածներ,— բղավեց Բիրկը։— Դո՛ւրս թռեք, եթե չեք վախենում այս անտառի ամենասուր նիզակից։

Բայց ոչ ոք դուրս չթռավ։ Փոխարենը չար ֆշշոց լսվեց։

— Մ֊մարդիկ մ֊մոխրագույն թզուկների֊ի անտառում։ Բոլ֊լ֊լոր մ֊մ֊մոխրագույն թզ֊զ֊զուկներ, կծ֊ծ֊ծեք ու ծեծեք նրանց։ Կծ֊ծ֊ծեք ու ծեծեք նրանց...

Ռոնին կատաղությունից ուղղակի կորցրեց իրեն։

— Դո՛ւրս մեր անձավից։ Կորե՛ք, մոխրագույն թզուկներ... Չքվե՛ք, թե չէ ձեր գզգզված մազերը կպոկեմ։

Եվ այստեղ մոխրագույն թզուկները սարսափած, խուռներամ դուրս թափվեցին անձավից։ Նրանք չարությամբ նայում էին Ռոնիին, ծտտացնում էին լեզուներն ու ֆշշում, իսկ նա ի պատասխան ֆշշում էր նրանց վրա։ Իսկ երբ Բիրկը նիզակով սպառնաց նրանց, նրանք գլուխները ջարդելով ցած խուժեցին, կառչելով դուրս ցցված ժայռի ելուստներից, որ չգլորվեն։

— Բանը վատ է,— ասաց Ռոնին։— Հիմա ամբողջ անտառում խոսք ու զրույցը մեր մասին կլինի, այն մասին, որ մենք ապրում ենք այս քարանձավում, և ամեն մի չար դրուդ կիմանա որտեղ գտնել մեզ։

Բայց անտառում վախենալ չի կարելի, այդ բանը Ռոնիին սովորեցրել էին մանկուց։ Նրանք երկուսն էլ՝ և՛ Բիրկը, և՛ Ռոնին, գտնում էին, որ նախապես տագնապելը ուղղակի հիմարություն է։ Դրա համար էլ նրանք ամենայն հանգստությամբ անձավ տարան իրենց բոլոր մթերքները, և զենքերը, և մնացած բաները։ Հետո գնացին աղբյուրի ջուր բերելու և գետը ուռկան գցեցին։ Ափին տափակ քարեր գտան ու դրանցից անձավի մուտքի առջև իսկական օջախ շարեցին։ Միայն դրանից հետո խորացան անտառում՝ գիհի գտնելու, որ Ռոնիի համար աղեղ պատրաստեն։

— Տուր դանակը,— բացականչեց Բիրկը։— Վերջին անգամ սրեմ։

— Դանակը՞,— հարցրեց Ռոնին։— Քեզ մոտ է։

Բիրկը տարուբերեց գլուխը։

— Ոչ, դու ես վերցրել։ Ո՞ւր է...

— Ինձ մոտ դանակ չկա,— ասաց աղջիկը։— Դու, ինչ է, չե՞ս լսում։ Չկա։

— Ի՞նչ ես արել։

Ռոնին զայրացավ։

— Այդ դու ես մի տեղ գցել, ոչ թե ես։ Դո՛ւ վերջինը ձեռք տվիր։

— Ո՛չ, դո՛ւ,— ասաց Բիրկը։

Ռոնին մռայլվեց ու լուռ սկսեց փնտրել դանակը։ Նա փնտրում էր ամեն տեղ. և՛ անձավում, և՛ հրապարակում։ Դանակը ոչ մի տեղ չկար։

Բիրկը չար նայեց Ռոնիին։

— Ես քեզ զգուշացրի, առանց դանակի մենք անտառում կկորչենք։

— Նախ և առաջ,— ասաց Ռոնին,— դու պետք է այն լավ պահեիր։ Իսկ երկրորդը՝ միայն ստորներն են իրենց մեղքը ուրիշի վրա գցում։

Բիրկը սփրթնեց։

— Դե ինչ, ավազակի դուստր, հավատարիմ ես քեզ։ Մի բան չեղած՝ ճանկերդ հանում ես։ Եվ ես, չգիտես ինչու, պետք է քեզ հետ միասին ապրեմ։

— Իսկ ով է քեզ պարտադրում, Բորկայի ավազակախմբի ավազակ։ Ապրիր քո դանակի հետ, եթե կարողանաս գտնել... Իսկ ընդհանրապես, կորիր սատանայի ծոցը...

Եվ բարձր հեծկլտալով՝ դուրս թռավ անձավից։ Փախչել, փախչել անտառ, թեկուզ տարտարոսը, միայն թե չտեսնի այդ ստորին։ Երբեք չտեսնի։ Եվ այլևս չխոսի հետը։

Բիրկը նայում էր նրա հետևից և ավելի ու ավելի էր զայրանում։

— Այդպես, այդպես,— գոռում էր նա,— թող քեզ այնտեղ ճանկեն չարասիրտ դրուդները, դու նրանց ցեղից ես։

Այստեղ նրա հայացքն ընկավ մամուռին, որը չորանում էր արևի տակ։ Ռոնիի ցնդաբանությունն է։ Եվ Բիրկը չարությունից ոտքով այսուայն կողմ գցեց մամուռը։ Մամուռի տակ ընկած էր դանակը։ Նա երկար նայեց դրան մինչև վերցնելը։ Ախր իրենք այնպես մանրակրկիտ փնտրել էին ամեն տեղ, և մամուռի մեջ էլ՝ ի դեպ։ Ինչպե՞ս է դանակը հայտնվել այստեղ և ո՞ւմ պատճառով։ Այն բանում, որ այդ հիմար մամուռը քարշ էին տվել այստեղ, Ռոնին էր մեղավոր։ Դա նրա մտահղացումն էր։ Եվ ընդհանրապես, նա մի տեսակ ցնդած է, համառ է ավանակի նման։ Այդպես թող թափառի անտառում, մինչև խելքը գլուխը գա։

Բիրկը համաչափորեն սրում էր դանակը, մինչև նորից դարձավ սուր։ Հետո մի քանի անգամ վեր֊վեր գցեց ափի մեջ և զգաց ինչ հուսալի ու հարմար տեղավորվել է ձեռքի մեջ։ Հրաշալի դանակ է, համ էլ չի կորել։ Բիրկի զայրույթն անցավ, անհետացավ այն ընթացքում, երբ զբաղված էր դանակով։ Հիմա ամեն ինչ կարգին է։ Դանակը կա։ Միայն թե Ռոնին չկա։ Չլինի՞ դրա համար է կրծքի տակ ճմլվում։ «Ապրիր քո դանակի հետ»,— ահա ինչ բղավեց նա։ Եվ զայրույթը նրա մեջ բռնկվեց նոր ուժով... Իսկապես, անտառում որտե՞ղ է պատրաստվում ապրել։ Իհարկե, դա իրեն չի վերաբերում։ Կարող է վազվզել ուր խելքին փչի... Եվ եթե չվերադառնա, այն էլ՝ շուտ, մեղքը իր վիզը։ Հիմա ինքը նրան ուղղակի ներս չի թողնի Արջի քարանձավը։ Ոչ մի դեպքում։ Եվ նա ուզեց անմիջապես այդ ասել նրան։ Բայց հո չի կարող նրա պատճառով գժի նման վազվզել անտառում։ Իհարկե, նա շուտով կվերադառնա և կխնդրի, որ հետ ընդունի իրեն, և ահա այդ ժամանակ ինքը կասի նրան. «Շուտ պետք է գայիր, հիմա ուշ է։ Ա՛յ, այդպես...»։

Այդ բառերը նա բարձրաձայն ասաց, որպեսզի լսի ինչպես են հնչում։ Եվ վախեցավ։ Մի՞թե կարելի է այդպես դաժանորեն խոսել քրոջ հետ։ ճիշտ է, նա ինքն էր այդ ուզում։ Ի՞նքն է դուրս արել նրան։

Բիրկը տեսավ, որ գետից մառախուղ է բարձրանում։ Եվ հիշեց ինչպես մի անգամ Ռոնիի պատճառով կռվում էր ստորգետնյա ոգիների հետ, որոնք նրան հմայել֊տարել էին իրենց երգով։ Նա այն ժամանակ այնպես անողոք վարվեց իր հետ, նույնիսկ այտը կծեց։ Այդպես էլ դեմքին փոքրիկ սպի մնաց։ Բայց, այնուամենայնիվ, ինչքան է նա իրեն դուր գալիս։ Այո, դուր եկավ առաջին հայացքից, բայց Ռոնին չգիտեր։ Բիրկը երբեք նրան այդ չէր ասել։ Հիմա ինքը պետք է մենակ ապրի այդ անձավում։ Իր դանակի հետ... Եվ ինչպես կարողացավ այդպիսի չար խոսքեր ասել իրեն։ Նա առանց մտածելու գետը կգցեր այդ չարաբաստիկ դանակը, միայն թե Ռոնին վերադառնար, հիմա տղան դա լավ էր հասկանում։

Ինչ լինում է լինի, այլևս ուժ չունի Ռոնիին սպասելու։ Պետք է նրա ետևից վազի անտառ։ Եվ անպայման գտնի Ռոնիին։

Բիրկը վազում էր այնքան երկար, որ շունչը կտրվեց։ Նա փնտրում էր աղջկան բոլոր արահետներում և բոլոր տեղերում, որտեղ նա, ինչպես իրեն թվում էր, կարող էր թաքնվել։ Բղավում էր անունը այնպես բարձր, որ իր ձայնից վախենում էր։

Գարնանային երեկոն չքնաղ էր, ինչպես հրաշք, բայց Բիրկը չնկատեց այդ գեղեցկությունը։ Նա չէր զգում տերևների ու խոտերի բույրը, չէր լսում ինչ են երգում թռչունները, չէր տեսնում բացատների ծաղիկները և զգում էր միայն, որ իր սիրտը կծկվում է վշտից։

Եվ այստեղ նա լսեց, որ հեռվում ինչ֊որ տեղ ձի խրխնջաց։ Ասես մահացու վախից։ Վազեց այդ կողմը, իսկ վրնջոցը հնչում էր ավելի բարձր ու ավելի հուսահատ։ Վերջապես եղևնիներով շրջապատված փոքրիկ բացատի մեջտեղը նա տեսավ ձիուն, պատռված վերքից նրա վզով հոսում էր արյունը։ Ձին վախեցավ Բիրկից, նա դա նկատեց, բայց չփախավ, այլ ավելի հուսահատ վրնջաց՝ ասես նրանից օգնություն ու պաշտպանություն խնդրելով։

— Խեղճ,— ասաց Բիրկը։— Ո՞վ է քեզ այսպես...

Եվ այստեղ հայտնվեց Ռոնին։ Նա դուրս թռավ եղևնուտից ու վազեց Բիրկին ընդառաջ։ Արցունքները վազում էին նրա այտերով։

— Դու տեսա՞ր արջին,— բղավեց նա։— Վա՜յ, Բիրկ, նա պատառոտեց նրա մտրուկին, սպանեց նրան։

Եվ չնայած Ռոնին դառնագին լաց էր լինում, Բիրկը ուրախությունից կորցրել էր իրեն։ Ռոնին կենդանի է, անվնաս, արջը նրան ձեռք չի տվել։ Ի՜նչ երջանկություն։ Ո՛չ չար դրուդները, ո՛չ Մատիսը չեն խլել նրան իրենից։

Ռոնին կանգնած էր ձիու կողքին ու նայում էր ինչպես է վերքից նրա վզին կաթում արյունը։ Եվ հանկարծ կարծես Լովիսայի ձայնը խոսեց նրա մեջ։ Նա միանգամից հասկացավ ինչ է պետք անել։

— Սպիտակ մամուռ։ Շուտ բեր, թե չէ արնաքամ կլինի,— բղավեց Ռոնին Բիրկին։

Եվ Բիրկը վազեց։ Իսկ քանի նա չկար, Ռոնին գրկում էր ձիու գլուխն ու ականջին շշնջում սիրալիր խոսքեր, ինչպես կարող էր։ Եվ ձին կանգնել էր անշարժ, ասես հասկանում էր դրանք։

Բիրկը վերադարձավ ու բերեց մի գիրկ սպիտակ մամուռ։ Նրանք միասին սպիտակ մամուռը դրին վերքի վրա և տեսան, որ տեղնուտեղը արյունը թրջեց այն։ Այդ ժամանակ վրայից մի շերտ էլ դրեցին ու ամրացրին իրենց գոտիներով՝ ինչպես կարող էին։ Ձին հնազանդ կանգնած էր ու չէր խանգարում նրանց, երևի հասկանում էր, որ իրեն բուժում են։ Իսկ ահա բրդոտ տյուխը, որը նայում էր մոտիկ եղևնու հետևից, այդ բանը չէր հասկանում։

— Ինչուխանցի եքխանցի դուքխանցի այդպեսխանցի անումխանցի,— մռայլ հարցրեց նա։

Ռոնին ու Բիրկը ուրախացան՝ տեսնելով բրդոտ տյուխին, որովհետև դա նշանակում էր, որ արջը գնացել է։ Չէ՞ որ արջերն ու գայլերը վախենում են անտառի չար ոգիներից։

— Մտրուկըխանցի,— ասաց բրդոտ տյուխը,— այլևսխանցի չիխանցի թռչկոտումխանցի։ Նախանցի չկախանցի։

— Մենք գիտենք,— տխուր պատասխանեց Ռոնին։

Ամբողջ գիշեր նրանք չհեռացան ձիու մոտից, համարյա չէին քնել ու սառել էին, բայց նույնիսկ չէին նկատում այդ։ Նստել էին կողք֊կողքի՝ խիտ եղևնու տակ։ Եվ խոսում էին ինչի մասին ասես, միայն՝ ոչ վեճի։ Ասես դրա մասին մոռացել էին։

Կեսգիշերից հետո վերքի մամուռը փոխեցին, հետո մի քիչ քնեցին ու արթնացան, երբ սկսեց լույսը բացվել։

— Նայիր, վերքն արդեն չի արյունահոսում։ Մամուռը չոր է,— ասաց Ռոնին։

Նրանք գնացին դեպի քարանձավը՝ իրենց հետևից տանելով ձիուն։ Չէ որ չէր կարելի նրան մենակ թողնել։ Ամեն մի քայլը տանջանքով էր գցում խեղճը, բայց սիրով գնում էր։

Քարանձավից ոչ հեռու աղբյուր կար և ոլորապտույտ հոսում էր եղևնիների ու կեչիների բների արանքով։ Սովորաբար այնտեղից էին ջուր բերում։ Եվ հիմա ձիուն բերին այդտեղ։

— Խմիր,— ասաց Ռոնին,— որ արյունդ ավելանա։

Զին երկար ու ագահաբար խմում էր։ Հետո Բիրկը նրան կապեց ծառից։

Եվ այստեղ Ռոնին տեսավ, որ նրա պտուկներից կաթ է կաթում։

— Այս կաթը քո մտրուկի համար է, բայց հիմա դու կարող ես մեզ տալ։

Ռոնին վազեց քարանձավ և վերադարձավ փայտե թասը ձեռքին։

Եվ կթեց ձիուն։ Թասը լիքը լցվեց կաթով։ Ձին շատ թեթևացավ, երբ իր լցված կուրծը դատարկվեց։ Իսկ Բիրկը կաթ շատ էր սիրում։

— Հիմա մենք տնային կենդանի ունենք,— ասաց նա։— Ձիուն պետք է անուն դնենք։ Ի՞նչպես կոչենք։

— Արի Լիտա անվանենք,— առանց մտածելու առաջարկեց Ռոնին,— Մատիսը փոքր ժամանակ ձի է ունեցել, որին այդպես էլ անվանել են՝ Լիտա։

Թարմ կաթ խմել, այն էլ աղբյուրի ջրում սառեցրած, դրանից լավ ինչ կարող է լինել։ Նրանք նստել էին քարանձավի մուտքի առջևի հրապարակում, հաց էին ուտում, վրայից կաթ խմում ու նայում էին ինչպես է ծագում արևը։

— Ափսոս դանակ չունենք,— հանկարծ ասաց Ռոնին։

Այդ ժամանակ Բիրկը գրպանից հանեց դանակն ու մեկնեց նրան։

— Ես գտա,— ասաց Բիրկը։— Իր համար հանգիստ պառկած էր մամուռի տակ ու սպասում էր, մինչ մենք կռվում էինք։

Ռոնին բավական ժամանակ լուռ նստել էր, հետո ասաց.

— Գիտե՞ս ինչի մասին եմ մտածում։ Այն մասին, որ մի փուչ բանից կարելի է շատ բան ավերել...

— Դե, ուրեմն, արի զգուշանանք այդ փուչ բանից... Իսկ գիտե՞ս ինչի մասին եմ մտածում։ Այն մասին, որ դու ինձ համար թանկ ես, քան հազար դանակը։

Ռոնին նայեց նրան ու ժպտաց.

— Դու ի՞նչ է, խելքդ թռցրի՞ր։

Այդպես Լովիսան էր ասում Մատիսին։


Օրերն անցնում էին, գարնանը փոխարինեց ամառը, շոգն ընկավ։

Ձիու վերքն արդեն լավացել էր։ Նրանք Լիտային ազատ արձակեցին, նա հիմա ապրում էր վայրի ձիերի երամակում, բայց առաջվա նման կաթ ունեին։ Երեկոյան երամակը միշտ արածում էր քարայրից ոչ հեռու գտնվող բացատում, և ամեն երեկո Բիրկն ու Ռոնին գնում էին այդ բացատը, կանչում էին Լիտային. «Լիտա, Լիտա»։ Նա արձագանքում էր, և երեխաները գնում էին նրա արձակած խրխնջոցի ուղղությամբ։

Այդ երեկո Լիտային կթում էր Բիրկը, իսկ Խորամանկն ու Վայրենին, սովորականի նման, կանգնել էին կողքին ու նայում էին։

Ռոնին ասաց.

— Հիշում ես, ես որոշել էի ձի քշել։ Դե ինչ, ժամանակն է սկսել։ Լսեցի՞ր, ինչ ասացի։

Նա դիմում էր Խորամանկին։ Եվ հանկարծ կառչեց նրա բաշից ու թռավ մեջքին։ Ձին ցած գցեց նրան, բայց ոչ ակնթարթորեն, ինչպես առաջին անգամ։

— Ինչպես որ կայիր խորամանկ, այնպես էլ մնացել ես,— ասաց նա՝ վեր կենալով ու արմունկը շփելով։— Բայց նկատի ունեցիր, ես չեմ հանձնվի։

Նա, իսկապես էլ, չհանձնվեց։ Ամեն երեկո, Լիտային կթելուց հետո, Ռոնին ու Բիրկը նորից ու նորից փորձում էին ձիերին իրենց ենթարկել։ Բայց ձիերը հնազանդվողներից չէին, և Ռոնին ընկնում էր հազարերորդ անգամ։

— Հիմա իմ ամբողջ մարմինն է ցավում, ուղղակի անվնաս տեղ չկա,— ասաց նա ու ապտակեց Խորամանկի գավակին։— Սա քո արածն է, ամբարտավան։

Խորամանկը հանգիստ կանգնել էր ու շատ վեհ էր թվում։

Իսկ Բիրկն այդ ժամանակ շարունակում էր իր մենամարտը Վայրենու հետ։ Վայրենին նույնպիսի քմահաճ ձի էր, ինչպես և Խորամանկը, բայց Բիրկը, այնուամենայնիվ, կարողանում էր մնալ ձիու մեջքին։

— Տե՜ս, Ռոնի,— գոչեց Բիրկը,— նա այլևս ծառս չի լինում։

Վայրենին վախեցած խեթ֊խեթ նայում էր, վրնջում, չշարժվելով տեղից։

Ռոնիին զայրացնում էր, որ Բիրկն իր ձիուն հնազանդեցրեց ավելի շուտ, քան ինքը՝ իր ձիուն։

— Դե լավ,— ասաց հանկարծ Ռոնին,— կապտուկները կապտուկներ, բայց ահա կվերջացնեմ կթելը, և մենք ցույց կտանք, թե ինչպես են ձի վարում։

Եվ նա ցույց տվեց։ Խորամանկը ոչինչ չկասկածելով իր համար հանգիստ արածում էր ոչ հեռվում։ Նա չհասցրեց ուշքի գալ, որ Ռոնին նորից թռավ նրա մեջքին։ Դա ձիուն բոլորովին դուր չեկավ։ Բայց ինչքան էլ աշխատեց ցած գցել աղջկան, ինչքան էլ ծառս եղավ, ինչքան էլ աքացի տվեց, ոչինչ դուրս չէր գալիս, և դրանից նա ավելի էր չարանում ու կամակոր դառնում։

— Օգնեցե՜ք... Ինձ կսպանի... Օգնեցե՜ք։

Իսկ Խորամանկը ուղղակի խենթացել էր։ Նա արշավում էր առաջ, ասես փրկելով իր կյանքը, և Ռոնին հասկանում էր, որ ցանկացած րոպեին ձին կարող է իրեն գետին նետել, և ինքը կկոտրի վիզը։

Բիրկը, Վայրենու վրա, արշավում էր նրանց հետևից։

Այդ մտրուկը վազքի մեջ իրեն հավասարը չուներ։ Նա շուտով հասավ Խորամանկին ու անցավ նրանից։ Այդ ժամանակ Բիրկը հանկարծ կանգնեցրեց իր ձին, Խորամանկն էլ կանգ առավ և այնպես կտրուկ, որ քիչ մնաց Ռոնին նրա գլխի վրայով թռչեր։ Բայց նա, այնուամենայնիվ, ձեռքից բաց չթողեց բաշը և իսկույն ուղղվեց, ասես թամբին էր նստած։ Խորամանկը հնազանդ կանգնել էր ու ծանր շնչում էր, նա ակնհայտորեն շփոթված էր։ Կամակորության չարքը լքել էր նրան։ Ամբողջովին փրփրակալած, նա մանր դողում էր։ Եվ ահա այդ ժամանակ Ռոնին սկսեց շոյել նրան, ափով թփթփացնել վզին ու գովել այն բանի համար, որ այդպես հրաշալի արշավել էր։

Դանդաղ վարգով վերադարձան նրանք Լիտայի մոտ, վերցրին կթած կաթը, բաց թողեցին Խորամանկին ու Վայրենուն՝ գնան հանգստանան, իսկ իրենք գնացին դեպի անձավը։

— Բիրկ, իմ կարծիքով, Լիտան հիմա ավելի քիչ կաթ է տալիս, քան առաջ,— ասաց Ռոնին։

— Շուտով նա բոլորովին կաթ չի ունենա։ Երևի նոր մտրուկ է ունենալու։

— Եվ մենք նորից միայն աղբյուրի ջուր ենք խմելու։ Մեր հացն էլ շուտով կվերջանա։

Այնուամենայնիվ, դա չէր նշանակում, թե նրանց սպառնում է սովը։ Չէ որ շուրջը ձկներով լի այնքան լճակներ էին տարածված, և որսն էլ անտառում շատ֊շատ էր։ Ցախաքլոր ու խլահավ միշտ էլ կճարեն, եթե ուտելու բան չունենան։ Ռոնին չորացնում էր նաև ուտելի խոտեր ու տերևներ, մի խոսքով, հավաքում էր ամեն բան, ինչ հնարավոր էր ուտել, դա նա սովորել էր Լովիսայից։ Եվ արդեն հասունանում էր մորին։

— Չէ, մենք, հաստատ, քաղցած չենք մնա,— ասաց Ռոնին։— Բայց հացի ու կաթի պակասը շատ կզգանք։

Այն օրը, երբ հաց ու կաթ այլևս չունեին, ավելի շուտ եկավ, քան նրանք սպասում էին։ Իհարկե Լիտան առաջվա պես արձագանքում էր, երբ երեկոյան բացատում կանչում էին նրան, բայց չէր ուզում, որ իրեն կթեն, նրանք այդ նկատեցին։ Եվ այդ ժամանակ Ռոնին գրկեց նրա գլուխն ու նայեց նրա աչքերի մեջ։

— Շնորհակալություն, Լիտա, կաթի համար, որ մեզ տալիս էիր։

Ռոնին շոյեց ձիուն։ Նա ուզում էր հավատալ, որ Լիտան հասկացավ իր խոսքերը։

Նա դեռ երկար կանգնած էր Լիտայի կողքին, իսկ երբ սկսեց մթնել, և նրանք վերջապես գնացին դեպի քարանձավը, ձին մի քիչ տեղ ճանապարհեց նրանց։ Թվում էր, նա հասկանում էր, որ եկել է վերջը այդ զարմանալի արկածի, որ ոչ մի կերպ չէր տեղավորվում իր՝ վայրի ձիու կյանքի մեջ։ Փոքրիկները, որոնք իր հետ այդպես լավ վարվեցին, հիմա հեռանում էին իրենից, և նա կանգնել ու նայում էր նրանց հետևից, մինչև նրանք չծածկվեցին եղևնուտում։ Այդ ժամանակ նա վերադարձավ իր երամակը։

Ռոնին ու Բիրկը երբեմն տեսնում էին նրան, երբ գնում էին բացատ, որ ձի քշեն, կանչում էին նրան, և նա պատասխանում էր վրնջյունով։ Բայց այլևս ոչ մի անգամ չլքեց իր երամակը ու չմոտեցավ նրանց։

Փոխարենը, Խորամանկն ու Վայրենին հազիվ տեսած Ռոնիին ու Բիրկին, քառատրոփ թռչում էին նրանց մոտ։ Իրարից առաջ ընկնելով արշավելը՝ հեծյալը մեջքին, նրանց համար ամենամեծ հաճույքն էր դարձել հիմա։ Իսկ Ռոնին ու Բիրկը անտառային այդ զվարճալի ձիարշավից ուրախանում էին, իհարկե, ձիերից ոչ պակաս։

— Այս օրերը ես կհիշեմ մինչ իմ մահը,— ասաց Ռոնին։

Բիրկը հայացքով ընդգրկեց անտառը, ուր արդեն խտանում էր աղջամուղջը, և հոգում մի տեսակ տարօրինակ թախիծ զգաց։ Նա դեռ չէր հասկանում, որ դա թախիծ չէ, այլ հիացում՝ այդ ամառային անտառի գեղեցկությամբ ու հանգստությամբ։

— Այս օրե՜րը...— ասաց նա ու նայեց Ռոնիին։— Այո, այս ամառվա օրերը իմ մեջ կլինեն մինչև իմ մահը, ես գիտեմ։

Վերջապես նրանք հասան Արջի քարանձավին։ Մուտքի առջևի հրապարակում նստած էր Պստիկ Կլիպը և սպասում էր նրանց։

Այո, այո, այնտեղ նստած էր Պստիկ Կլիպը։ Տափակ քիթ, տարբեր կողմ ցցված մազեր, գզգզված մորուք՝ այսպիսի տեսքով է ճանաչել նրան Ռոնին ամբողջ կյանքում։ Հիմա նա նստել էր այստեղ, անձավի մուտքի շեմին, և նրան թվում էր՝ նրանից ավելի գեղեցիկ ոչ ոքի չի տեսել։ Ուրախության ճիչով վազեց ու կախվեց նրա վզից։

— Պստիկ Կլիպ։ Օ՜, այդ դու ես... Ի՜նչ լավ է... Որ... որ դու եկար...— Ռոնին այնքան երջանիկ էր, որ չէր կարողանում խոսել։

— Աննման տեսարան է այստեղից,— ասաց Պստիկ Կլիպը։— Եվ գետը, և անտառը՝ ամեն բան երևում է։

Ռոնին ծիծաղեց։

— Այո, երևում է։ Դու եկել ես գետով ու անտառով հիանալո՞ւ։

— Չէ։ Լովիսան ուղարկել է ինձ, որ քեզ հաց բերեմ։

Նա արձակեց կաշվե տոպրակը և այնտեղից հանեց հինգ հատ կլոր բոքոն։

— Բի՛րկ, նայիր։ Հա՛ց... Մենք հաց ունենք։

Ռոնին վերցրեց մի բոքոնը, կպցրեց երեսին, շնչեց բույրը, և արցունքներ հայտնվեցին նրա աչքերում։

— Լովիսայի հացը, իսկ ես մոռացել էի, որ աշխարհում այսպիսի հրաշք է լինում։

Ռոնին չորուկը պոկեց և ատամները խրեց մեջը։ Նա մի կտոր էլ Բիրկի համար պոկեց, բայց նա չվերցրեց, կանգնել էր մռայլ, լուռ, հետո մտավ անձավը։

— Լովիսան մտածեց, որ դու արդեն հաց չես ունենա,— ասաց Պստիկ Կլիպը։

Ռոնին ուտում էր հացը, ի՜նչ աստվածային համեղ էր թվում այն։ Եվ այստեղ նա սուր զգաց, որ կարոտել է Լովիսային։ Հիմա Կլիպին մնացել էր կատարել Լովիսայի ևս մի հանձնարարությունը։ Լովիսան կարգադրել էր դա անել խորամանկորեն, և Պստիկ Կլիպը չգիտեր ինչից սկսել, որովհետև այնքան էլ խորամանկ չէր։

— Լսիր, Ռոնի,— ասաց նա անվստահ։— Իսկ դու չե՞ս մտածում տուն գալ։

Այստեղ քարանձավում ինչ֊որ բան դղրդաց. Բիրկը նշան էր անում, որ լսում է իրենց խոսակցությունը։

Բայց հիմա Ռոնիի համար Պստիկ Կլիպից բացի ոչ ոք գոյություն չուներ։ Նա այնքան շատ բանի մասին պետք է հարցներ նրանից, այնքան շատ բան էր ուզում իմանալ։ Պստիկ Կլիպը նստել էր նրա կողքին, այդ պատճառով էլ հարցեր տալիս Ռոնին նայում էր ոչ թե նրան, այլ միայն գետին ու անտառին։

— Դե, ո՞նց եք ապրում ամրոցում,— հարցրեց Ռոնին այնքան կամաց, որ Պստիկ Կլիպը հազիվ լսեց։ Եվ Պստիկ Կլիպը ասաց նրան ճշմարտությունը։

— Տխուր է մեր ամրոցում, Ռոնի, արի դու վերադարձիր տուն։

Ռոնին նայում էր գետին ու անտառին։

— Լովիսան ուղարկել է, որ այդ ասե՞ս։

Պստիկ Կլիպը գլխով արեց։

— Այո... Մեզ համար ծանր է առանց քեզ, Ռոնի։ Բոլորը սպասում են, որ տուն վերադառնաս։

Ռոնին նայեց գետին, անտառին ու կամացուկ հարցրեց.

— Իսկ Մատի՞սը։ Նա՞ էլ է սպասում, որ ես տուն վերադառնամ։

Պստիկ Կլիպը հանդիմանանքով ասաց.

— Սատանի ցուլ։ Մի՞թե կհասկանաս ինչ կա նրա մտքում, և սպասում է որևէ մեկին, թե ոչ։

Նրանք քիչ լռեցին, հետո Ռոնին հարցրեց.

— Իսկ գոնե հիշո՞ւմ է իմ մասին։

Պստիկ Կլիպը զգաստացավ։ Այ հենց հիմա, հասկացավ նա, ինքը պետք է ցուցաբերի տղամարդկային խորամանկություն, դրա համար էլ լռեց։

— Ասա ինձ ամեն բան, ինչպես կա, Պստիկ Կլիպ, Մատիսը գոնե երբևէ իմ անունը տալի՞ս է։

— Չէ,— չուզենալով, մի կերպ ասաց Պստիկ Կլիպը։— Եվ ոչ ոք նրա ներկայությամբ սիրտ չի անում քո անունը տալ։

Այ քեզ ձախորդություն։ Ահա և ինքը դուրս տվեց այն, ինչի մասին Լովիսան հրամայել էր լռել։ Այո, այո, այս աղջիկը ճարպկորեն իրենից դուրս քաշեց ամեն ինչ։ Եվ նա աղերսանքով նայեց Ռոնիին.

— Ամեն բան կարգին կլինի, եթե վերադառնաս ամրոց։

Ռոնին տարուբերեց գլուխը։

— Ո՛չ, ես տուն չեմ վերադառնա, երբեք։ Քանի որ Մատիսը ինձ չի համարում իր դուստրը։ Ասա այդ նրան, ասա այնպես բարձր, որ ամրոցում բոլորը լսեն։

— Շատ պետք է,— ասաց Պստիկ Կլիպը։— Նույնիսկ Ճաղատ Պերը սիրտ չի անի այդ ասել։ Վա՛խ, վա՛խ, վա՛խ,— շարունակեց Պստիկ Կլիպը։— Բա Ճաղատ Պերը ո՜նց է թուլացել վերջին ժամանակներս, սարսափելի է։ Ուրիշ բան չէր էլ կարող լինել բոլոր ձախորդություններից հետո, որ թափվեցին մեզ վրա։ Մատիսը միայն այն է անում, որ գոռգոռում է բոլորի վրա։ Ով ինչ էլ ասի, նրա սրտովը չի։ Եվ ավազակության գործն էլ վատ է։ Անտառը լցված է զինվորներով, նրանք օրերս այստեղ բռնել են Պելյեին։ Գյուղապետը նրան նետել է պատժախուց և միայն հաց ու ջուր են տալիս, իսկ այդ պատժախցում արդեն նստած էին Բորկայի ավազակախմբի երկու ավազակ։ Եվ, ասում են, գյուղապետը ազնիվ խոսք է տվել, որ մինչև այս տարվա վերջը կբռնի այս անտառի բոլոր ավազակներին։

— Հիմա նա բոլորովին չի՞ ծիծաղում,— հարցրեց Ռոնին։

Պստիկը նրան նայեց զարմանքով.

— Ո՞վ։ Գյուղապե՞տը։

— Ո՛չ, Մատիսը։

Եվ Պստիկ Կլիպը պատմեց նրան, որ այն առավոտից, երբ Ռոնին բոլորի աչքերի առջև թռավ անդունդի վրայով, ոչ ոք ոչ մի անգամ չի լսել, որ Մատիսը ծիծաղի։

— Լսիր, Ռոնի, ավելի լավ է վերադարձիր տուն, արա այդ բանը ինձ համար, շատ եմ խնդրում։ Վերադարձիր։ Դե վերադարձիր, խնդրում եմ...

Բայց Ռոնին տարուբերեց գլուխն ու ասաց.

— Շնորհակալություն հայտնիր Լովիսային հացի համար և հազար անգամ համբուրիր նրան։

Գնալուց առաջ Պստիկ Կլիպը շտապ ձեռքը մտցրեց իր կաշվե տոպրակի մեջ և բացականչեց.

— Վա՜յ, քիչ մնաց մոռանայի։ Ախր քեզ աղ էլ եմ բերել։ Ա՛յ թե ջարդս կտային, եթե մոռանայի տալ։

— Մայրս ամեն բանի մասին հոգ կտանի։ Նա գիտի ինչ է պետք կյանքի համար։ Բայց ո՞նց է գուշակել, որ մեզ ընդամենը մի քանի պտղունց աղ է մնացել։

Նա երկար կանգնել էր հրապարակում ու նայում էր հեռացող Պստիկ Կլիպի հետևից, թե ոնց է թեթևությամբ նեղ արահետով վազում անտառ, և մտավ անձավ միայն այն ժամանակ, երբ նա ծածկվեց ծառերի թավուտում։

— Տե՛ս է, դու, պարզվում է, չես գնացել նրա հետ, չվերադարձար ամրոց՝ հորդ մոտ,— մրթմրթաց Բիրկը։

— Ես այլևս հայր չունեմ,— կատաղած ասաց Ռոնին։— Բայց եթե դու դատարկ֊դատարկ դուրս տաս, ապա, նկատի ունեցիր, ես կարող եմ յոլա գնալ նաև առանց եղբոր։

— Ներիր, քույր, ես երևի անարդար եմ,— տխուր ասաց Բիրկը։— Բայց երբեմն գլխի եմ ընկնում, ինչի մասին ես մտածում։

— Ըհը՛,— պատասխանեց մթան միջից Ռոնին,— ես հիմա մտածում եմ, որ երկրի վրա ապրել եմ տասնմեկ ձմեռ և վախենում եմ, որ տասներկուերորդը ինձ մահ կբերի։ Իսկ ես դեռ շատ եմ ուզում ապրել, Բիրկ, հասկանում ես։

— Դե դու էլ ձմռան մասին մի մտածիր,— ասաց Բիրկը,— մտածիր ամռան մասին։

Այո, շոգ ամառ էր։ Օրեցօր ավելի էր շոգում։ Դա ամենաուրախ ու պարզ ամառն էր բոլորից, որ Ռոնին հիշում էր։ Ամեն օր կեսօրվա շոգին լողում էին սառը գետում։ Նրանք ջրասամույրների նման լողում ու չփչփացնում էին ջրի մեջ և հոսանքը նրանց տանում էր այն տեղը, ուր ջրվեժի շառաչը դառնում էր վտանգավոր։ Գետն իր ջրերը թափում էր բարձր ժայռից, և նա, ով ընկներ այդ եռացող ջրապտույտի մեջ, հրաժեշտ կտար կյանքին։

Բայց Ռոնին ու Բիրկը ճշգրիտ գիտեին որտեղից պետք է լողալ դեպի ափ, եթե չես ուզում ռիսկի դիմել։

— Հենց որ հեռվից տեսնես ջրվեժի դոդոշը,— զգուշացնում էր Ռոնին,— կանգ առ։ Առաջ գնալ չի կարելի։

Ջրվեժի դոդոշ նա անվանում էր մեծ գլաքարը, որը դուրս էր ցցվել ջրից՝ ջրվեժից ոչ հեռու։ Ռոնիի ու Բիրկի համար դա զգուշացնող նշան էր։

Երեկոյան դեմ, երբ շոգը թուլանում էր, նրանք գնում էին անտառ՝ ձի քշելու։

— Ինչ լավ է վարգել ամառային այսպիսի տաք երեկոյան,— ասաց Ռոնին, իսկ մտքում ասաց. «Ինչո՞ւ է անտառում ամբողջ տարին ամառ։ Եվ ինչո՞ւ ես չեմ կարող միշտ ուրախ լինել»։

Հիմա սկսել էր բավական շուտ մթնել։ Սպիտակ գիշերների ժամանակն անցել էր։ Մի անգամ երեկոյան Ռոնին ու Բիրկը նստել էին օջախի մոտ ու նայում էին ինչպես էին ճերմակավուն երկնքում բռնկվում դժգույն աստղերը։ Բայց ինչքան խտանում էր մութը, այնքան վառ էին փայլում աստղերը և շիկացած ածուխների նման առկայծում էին անտառի վրա։ Երկինքը դեռ ամառային էր, բայց Ռոնին գիտեր ինչի մասին էին տեղեկացնում նրանք առկայծելով. շուտով աշունը կգա։

Բայց գիշերվան հետևեց առավոտը։ Սկսվում էր նոր տաք օրը, և նրանք, սովորականի նման, վազեցին լողալու։

Եվ հենց այստեղ էլ թռան եկան չարասիրտ դրուդները։ Ոչ թե մեկը, ոչ թե երկուսը, այլ շա՜տ, մե՜ծ, սարսափելի երամ։ Օդը հանկարծ լցվեց դրանցով և ֆշշոցով ու սուլոցով սուրում էին դեպի գետն ու գոռում.

— Օհո՜֊հո՜։ Է՛յ, դո՛ւք, ջրի միջի սիրունիկ մարդուկներ, հիմա կհոսի ձեր արյունը։ Օհո՜֊հո՜։

— Սուզվի՛ր, սուզվի՛ր, Ռոնի,— բղավեց Բիրկը։

Նրանք սուզվեցին և լողացին ջրի տակով, ինչքան որ հերիքեց շնչառությունը։ Իսկ երբ դուրս լողացին, տեսան ինչպես է երկինքը մթնել չարասիրտ դրուդների անհամար երամից, և հասկացան, որ հիմա իրենց ոչինչ չի փրկի։ Այս անգամ, այդ բանը նրանք հասկանում էին, իրենք փորձանքից չեն պրծնի։

— Է՛յ, դուք, ջրի միջի սիրունիկ մարդուկներ, հիմա դուք կզգաք ի՜նչ սուր են մեր ճանկերը... Հիմա կհոսի ձեր արյունը, օհո՜֊հո՜...

Չարասիրտ դրուդները, նախքան իրենց զոհերի վրա հարձակվելը, միշտ վախեցնում էին նրանց։ Վերջիվերջո, ինչու պետք է շտապեին։ Ճանկերը խրել փափուկ մարմնի մեջ, հետո այն պատառ֊պատառ անել միշտ էլ կհասցնեն։ Չէ որ նրանք պակաս հաճույք չէին ստանում, երբ ահա այսպես թռչում էին ֆշշոցով ու սուլոցով, ամեն կենդանի արարածի մեջ սարսափ ներշնչելով և սպասելով, երբ գլխավոր դրուդը ազդանշան կտա. «Ժամանակն է»։ Իսկ առայժմ մեկը, ամենաչարն ու ամենասարսափելին, մեծ պտույտներով ճախրում էր գետի վրա։ Օհո՜֊հո՜։ Նա չէր շտապում։ Բայց շուտով, շատ շուտով առաջինը ճանկերը կխրի այն մարդուկների քնքուշ մաշկի մեջ, որ հիմա չփչփացնում են ջրում։

Այստեղ Ռոնին վեր լողաց, որ օդ հավաքի։ Աչքերով փնտրեց Բիրկին։ Ո՞ւր է։ Նրան չտեսավ, ոչ մի տեղ չկար։ Նա նույնիսկ ահից տնքաց։ Ո՞ւր է։ Չլինի՞ խեղդվել է։ Մի՞թե իրեն մենակ է թողել այս դրուդների հետ։

— Բի՛րկ,— հուսահատ բղավեց նա։— Բի՛րկ, ո՞ւր ես։

Այդ ակնթարթին գլխավոր դրուդը, ֆշշոցով ու սուլոցով, սկսեց ընկնել, ասես անգղ, որ ճանկի նրան, և Ռոնին աչքերը փակեց... «Բիրկ, եղբայրս, ինչպես ինձ մենակ թողեցիր այս սարսափելի րոպեին, Բի՜֊ի՜֊ի՜րկ...»։

— Այս կո՛ղմ... Ռո՛նի... Շո՛ւտ...

Հոսանքով քշվում էր քամուց արմատահան եղած կանաչ սաղարթով մի կեչի։ Հենց դրանից էլ կառչել էր Բիրկը, որ թաքնվի կանաչ սաղարթի մեջ։ Ռոնին կեչու տերևների մեջ հազիվ նկատեց նրա կարմիր գլուխը։ Նա Ռոնիին մենակ չէր թողել։ Ի՜նչ երջանկություն։

Բայց եթե մի քիչ դանդաղի, հոսանքը կքշի նրան։ Ռոնին նորից սուզվեց և ջրի տակ լողաց այնպես արագ, ինչպես լողում են, երբ փրկում են որևէ մեկի կյանքը... Եվ ահա, արդեն Բիրկի կողքին է։ Նա բռնեց աղջկա ձեռքը և թափով քաշեց իր կողմը։ Հիմա նրանք երկուսով ամուր բռնել էին ծառի բնից և քշվում էին հոսանքից՝ ծածկված խիտ կանաչ սաղարթով։

— Բիրկ,— խռպոտ ձայնով հազիվ լսելի ասաց Ռոնին,— իսկ ես մտածեցի, թե դու խեղդվել ես։

— Դեռ ոչ,— շշնջաց Բիրկը։— Բայց շուտով երկուսս էլ կխեղդվենք։ Լսո՞ւմ ես ինչպես է աղմկում ջրվեժը։

Այո, Ռոնին լսում է ջրի ահեղ դղրդոցը, ջրվեժի սարսափելի ձայնը։ Եվ հորձանուտը անողոքությամբ նրանց տանում էր այդ փրփրացող, եռացող ջրապտույտի մեջ։ Ջրվեժն արդեն բոլորովին մոտիկ էր, Ռոնին դա գիտեր, զգում էր։ Իսկ հոսանքը գնալով ավելի արագ էր քշում նրանց կեչին, և գնալով ավելի բարձր էր դղրդում ջրվեժը։ Ահա հիմա, հիմա ջուրը կանցնի կատարի վրայով, իրենց հետ միասին կփլվի ցած, և կսկսվի իրենց վերջին ճամփան, այն, որ մարդկանց տրված է անցնել միայն մեկ անգամ։ Նա ուզեց հիմա մոտիկ լինել Բիրկին։ Ձեռքերը բնի վրա փոխելով՝ մոտեցավ նրան։ Ռոնին գիտեր, Բիրկը նույնպես մտածում է նույնը, ինչ ինքը, ավելի լավ է ջրվեժը, քան դրուդները։

Բիրկը ձեռքը դրեց նրա ուսին։ Ինչ էլ որ պատահի, նրանք՝ քույր ու եղբայր, մինչև վերջ միասին կլինեն, և հիմա ոչինչ նրանց չի բաժանի։ Իսկ չարասիրտ դրուդները ուղղակի խելքները կորցրել էին։ Ո՞ւր էին կորել այդ մարդուկները։ Ախր արդեն ժամանակն էր նրանց պատառ֊պատառ անելու։ Բայց ո՞ւր են։ Ինչո՞ւ չեն երևում։

Գետի վրա ոչինչ չկար, բացի ճյուղաշատ կեչուց, որը քշում էր հորձանքը։ Խիտ սաղարթի մեջ թաքնված երեխաներին նրանք չէին տեսնում և կատաղությունից ճչալով, կայծակի նման դեսուդեն էին նետվում ջրի վրա...

Իսկ Ռոնին ու Բիրկը արդեն հեռու էին նրանց վայրի երամից և չարագուշակ ճիչերը չէին լսում։ Բայց փոխարենը լսում էին ջրվեժի գնալով ահագնացող դղրդոցը ու հասկանում էին, որ հիմա կգա վերջը։

— Քույր իմ,— շշնջաց Բիրկը։

Այս բառերը Ռոնին չլսեց, բայց հասկացավ շուրթերի շարժումից։ Եվ չնայած թափվող ջրի աղմուկից նրանք միմյանց ձայնը չէին լսում, շարունակում էին վարել իրենց խոսակցությունը։ Չէ որ նրանք պետք է հասցնեին այնքան շատ բան ասել։ Այն մասին, որ երբ ուժգին սիրում ես, չես վախենում Նույնիսկ ամենասարսափելիից, և այն մասին՝ ինչ լավ է այդպես ուժգին սիրելը... Ահա թե ինչի մասին էին նրանք խոսում, չնայած ոչ մի բառ լսել հնարավոր չէր։

Հետո նրանք միանգամից լռեցին, ձեռք֊ձեռքի տվին ու աչքերը պինդ փակեցին։

Հանկարծ նրանք այնպիսի ուժգին ցնցում զգացին, որ ուշքի եկան։ Կեչին ամբողջ թափով զարկվեց ջրվեժի դոդոշին։ Հարվածից ծառը պտտվեց ջրի մեջ և նախքան հորձանքը կքշեր այն, հոսանքը կեչին մղեց ափին մոտիկ։

— Ռոնի,— բղավեց Բիրկը,— արի ռիսկ անենք։

Նա աղջկան պոկեց այն ճյուղից, որը բռնել էր, և երկուսով հայտնվեցին փրփրակալած ջրապտույտի մեջ։ Հիմա ամեն մեկը ինքը պետք է պայքարեր անողոք տարերքի դեմ իր կյանքի համար։ Հոսանքը անխնա քշում էր նրանց, քարշ էր տալիս դեպի ջրվեժը։ Եվ այնպես մոտիկ էր ափի մոտի այդ հանգիստ ջուրը, այնքան մոտիկ ու անհաս։

«Ջրվեժը, անկասկած, կհաղթի մեզ»,— մտածում էր Ռոնին։

Նա արդեն ամենևին ուժ չուներ։ Հիմա մի բան էր երազում, վերջ տալ հոսանքին հակառակվելուն, ընկղմվել ջրի մեջ, թույլ տալ հոսանքը քշի իրեն և ընդմիշտ չքանալ սպիտակ փրփուրի մեջ։ Բայց իրեն շատ մոտիկ տեսնում էր իր կողքից լողացող Բիրկին։ Նա ամբողջ ժամանակ շրջվում էր, աչքերով փնտրում Ռոնիին, և այդ ժամանակ աղջիկը որոշեց մի անգամ էլ ջրի երես դուրս գալ։ Եվ Ռոնին լողաց։ Վերջին ուժերը հավաքած, մինչև լիակատար ուժասպառ լինելը։

Եվ հանկարծ պարզվեց, որ նա արդեն չփչփացնում է հանգիստ ջրում։ Բիրկը կառչեց նրանից, բարձրացրեց ու նրա հետ լողաց մինչև ափ։ Բայց այստեղ ուժերը լքեցին նրան...

Անբացատրելի է, թե ինչպես, բայց նրանք, այնուամենայնիվ, կիսամեռ դուրս եկան ափի արևից տաքացած քարերի վրա ու իսկույն քնեցին, իսկ գուցե գիտակցությունն էին կորցրել և նույնիսկ չգիտեին այն մասին, որ փրկվել էին։

Արջի անձավը նրանք վերադարձան, երբ արևն արդեն բոլորովին ցած էր իջել։ Քարե հրապարակին, անձավի մուտքի մոտ, նստել էր Լովիսան ու նրանց էր սպասում։

— Զավակս,— ասաց Լովիսան,— ինչո՞ւ են մազերդ թաց։ Լողացե՞լ ես։

Ռոնին անխոս նայում էր մորը։ Լովիսան նստել էր՝ հենված ուղղաբերձ ժայռին, նույնքան անսասան ու հավատարիմ։ Բայց ինչքան էլ Ռոնին սիրում էր մորը, հասկանում էր՝ լավ կլիներ, որ նա այսօր եկած չլիներ։ Ցանկացած ուրիշ օր, բայց ոչ այսօր։ Հիմա նա ուզում էր մնալ Բիրկի հետ մենակ։ Նրա հոգին դեռ դողում էր բոլոր սարսափներից ու վախից, որ նրանք ստիպված էին ապրել քիչ առաջ։ Ավելի լավ է մնան երկուսով, որպեսզի միասին ուրախանային այն բանի համար, որ կենդանի են մնացել։

Բայց ժայռի տակ նստել էր Լովիսան, իր սիրելի Լովիսան, որին այնքան երկար ժամանակ չէր տեսել։ Մայրը չպետք է զգա, որ անժամանակ է եկել։

Եվ Ռոնին ժպտաց նրան։

— Այո, ես ու Բիրկը մի քիչ լողացինք։

Բիրկը։ Ռոնիի համար պարզ դարձավ, որ նա հիմա կմտնի անձավ։

— Ինչո՞ւ ես մի կողմ կանգնել, ինչո՞ւ մորս չբարևեցիր։

Բիրկը սառը նայեց Ռոնիին։

— Անկոչ հյուրերին չեն ողջունում, մայրս դա ինձ սովորեցրել է, երբ դեռ ծծկեր էի։

Ռոնիի շունչը նույնիսկ բռնվեց։ Զգալ միաժամանակ և կատաղություն, և հուսահատություն՝ անտանելի ցավ է։ Իսկ Բիրկը կանգնել ու նայում է նրան՝ երկու՝ սառույցի նման սառը աչքերով։ Այն նույն Բիրկը, որ քիչ առաջ նրա համար աշխարհում ամենամոտիկ մարդն էր, որի հետ ուզում էր զոհվել ջրվեժի ջրում։ Ի՜նչ հեշտությամբ հրաժարվեց իրենից ու միանգամից դարձավ բոլորովին օտար։ Ինչպես էր ատում հիմա նրան։ Դեռ երբեք այդպիսի դառնության զգացում չէր ունեցել։ Եվ նա ատում էր ոչ միայն Բիրկին, այլև բոլորին, ով այդպես տանջում, ով այդպես անխղճորեն կտոր֊կտոր էր անում իրեն. և՛ Բիրկին, և՛ Լովիսային, և՛ Մատիսին, և՛ չարասիրտ դրուդներին, և՛ Արջի անձավը, և՛ անտառը, և՛ ամառը, և՛ ձմեռը, և՛ Ունդիսային, որը փոքր տարիքից Բիրկին զանազան հիմարություններ է սովորեցրել...

Ռոնին վերադարձավ Լովիսայի մոտ և Բիրկի փոխարեն ներողություն խնդրեց։ «Նա հոգնել է»,— ասաց ու լռեց։ Հետո նստեց մոր կողքին և դեմքով հպվելով նրա ծնկներին, լաց եղավ։ Բայց նրա լացից սարերը մաս֊մաս չեղան, ոչ, դա կամաց, բոլորովին անլսելի լաց էր։

— Գիտե՞ս ինչու եմ եկել,— հարցրեց Լովիսան։

Եվ Ռոնին արցունքների միջից փնթփնթաց.

— Երևի, ոչ նրա համար, որ ինձ հաց բերես։

— Չէ, ոչ դրա համար,— ասաց Լովիսան և շոյեց նրա մազերը։— Հաց կուտես, երբ վերադառնաս տուն։

Ռոնին հեծկլտաց.

— Ես երբեք չեմ վերադառնա տուն։

— Այդ դեպքում Մատիսն իրեն գետը կգցի,— հանգիստ ասաց Լովիսան։

— Իմ պատճառո՞վ։ Ախր նա նույնիսկ իմ անունը չի տալիս։

— Ցերեկը,— ասաց Լովիսան,— բայց գիշերները լալիս է քնի մեջ ու բարձր ձայնով քեզ կանչում։

— Դու որտեղի՞ց գիտես։ Նա Ճաղատ Պերի խցում չի քնում։

— Ոչ, Ճաղատ Պերը այլևս չէր դիմանում նրա տանջանքներին։ Ես էլ արդեն ուժ չունեմ, բայց չէ որ մեկնումեկը պետք է լինի կողքին, երբ իրեն այդքան վատ է զգում...

Լովիսան բավական լռեց, հետո ասաց.

— Գիտես, Ռոնի, անհնարին է տեսնել, երբ որևէ մեկը անմարդկային տանջանք է կրում։

— Դե, իսկ դու, Լովիսա, եթե երեխա լինեիր և ունենայիր հայր, որը ոչ միայն հրաժարվեր քեզնից, այլև նույնիսկ քո անունը չտար, դու տուն կվերադառնայի՞ր, եթե նա ինքը չկանչեր քեզ... Չգար քո հետևից...

Լովիսան մտածեց։

— Չէ, չէի վերադառնա։ Կսպասեի, մինչև ինքը գա ու կանչի ինձ։

— Իսկ այդ բանը Մատիսը երբեք չի անի,— ասաց Ռոնին։

Եվ նորից դեմքը թաղեց Լովիսայի զգեստի մեջ, որ արդեն թաց էր Ռոնիի արցունքներից։

Այդ ժամանակ արդեն իջավ երեկոն, մթնեց. պարզվում է, նույնիսկ ամենածանր օրերն էլ վերջ են ունենում։

— Գնա քնիր, Ռոնի,— ասաց Լովիսան։— Իսկ ես կնստեմ այստեղ և նույնպես մի քիչ կքնեմ։ Երբ լույսը բացվի, կգնամ։

— Ես ուզում եմ քո ծնկների վրա քնել,— ասաց Ռոնին։— Եվ որ դու երգես ինձ համար Գայլի երգը, ինչպես առաջ։

Լովիսան երգեց։ Եվ նորից աշխարհը դարձավ այնպիսին, ինչպիսին որ պետք է լինի։ Ռոնիին վերադարձավ իր մանկական անխռովությունը։ Գլուխը դնելով մոր ծնկներին, խորը քնով քնել էր աստղերի տակ և արթնացավ, երբ արդեն բոլորովին լուսացել էր։

Լովիսան արդեն գնացել էր։ Բայց թողել էր իր մոխրագույն շալը, որով ծածկել էր դստերը։ Հենց որ Ռոնին բացեց աչքերը, զգաց այդ շալի ջերմությունը, խորը ներշնչեց դրա հոտը։

Օջախի մոտ կծկվել֊նստել էր Բիրկը, նա ճակատը հենել էր ձեռքերին, և նրա պղնձագույն մազերը կախվել էին՝ ծածկելով երեսը։ Նա Ռոնիին այնպես անհույս միայնակ թվաց, որ սիրտը ցավեց։ Աղջիկն իսկույն ամեն ինչ մոռացավ և գետնի վրա քարշ տալով Լովիսայի շալը, գնաց նրա մոտ։ Բայց միանգամից հետը խոսել սիրտ չարեց, ով գիտի, գուցե ուզում է, որ իրեն հանգիստ թողնեն։

Բայց վերջիվերջո հարցրեց.

— Բիրկ, քեզ ի՞նչ է պատահել։

Նա նայեց աղջկան ու ժպտաց։

— Նստել, տխրում եմ, քույր իմ։

— Ինչի՞ համար։

— Նրա համար, որ իմ քույրը լինում ես միայն այն ժամանակ, երբ որևէ վատ բան է պատահում, ինչպես երեկ, ջրվեժի մոտ։ Բայց հենց որ Մատիսը քեզ կանչի, ես այլևս քո եղբայրը չեմ լինի։ Դրա համար էլ ինձ հիմարի պես եմ պահում։ Եվ դրանից ավելի եմ տխրում։ Ահա բոլորը։

«Իսկ ո՞վ չի տխրում,— մտածեց Ռոնին։— Կարո՞ղ եմ չտխրել, երբ բոլորի առաջ մեղավոր եմ»։

— Ես իրավունք էլ չունեմ քեզ որևէ բանում մեղադրել,— շարունակեց Բիրկը,— ամեն ինչ գնում է այնպես, ինչպես որ պետք է գնա, այդ ես գիտեմ։

Ռոնին վախեցած աչքերը հառեց նրան։

— Բայց դու չես հրաժարվի իմ եղբայրը լինելուց, չէ՞։

— Բանն էլ հենց այդ է,— ասաց Բիրկը։— Ես քո եղբայրն եմ ընդմիշտ, և դու դա գիտես։ Բայց հիմա քեզ կասեմ ինչու էի այդքան ուզում այս ամառը ապրել հանգիստ, առանց ձեր ամրոցի ամեն տեսակի ներկայացուցիչների, և ինչու տանել չեմ կարողանում ձմեռվա մասին խոսակցությունները։ Եթե, իհարկե, այդ բանն ուզում ես իմանալ։ Աշխարհում ամեն ինչից շատ Ռոնին հատկապես այդ էր ուզում իմանալ։ Նա արդեն բազմաթիվ անգամներ ինքն իրեն հարց էր տվել, ինչո՞ւ Բիրկին չի վախեցնում ձմեռը։ «Հիմա ամառ է, քույրիկս»,— ասում էր նա ամեն անգամ այնպես հանգիստ, ասես ձմեռն էլ երբեք չի գալու։

— Մենք ունենք միայն այս ամառը,— ասաց Բիրկը։— Առանց քեզ կյանքն ինձ համար կկորցնի ամեն արժեք... Հասկանո՞ւմ ես... Երբ ձմեռը գա, դու էլ իմ կողքին չես լինի։ Կվերադառնաս ձեր ամրոցը։

— Իսկ դո՞ւ։ Դո՞ւ որտեղ կլինես։

— Այստեղ,— պատասխանեց Բիրկը։— Իհարկե, ես կարող եմ խնդրել, որ ինձ ներս թողնեն Բորկայի աշտարակը։ Ինձ ոչ ոք դուրս չի անի, ես գիտեմ։ Բայց ինչո՞ւ։ Միևնույն է, քեզ կորցնելու եմ, նույնիսկ չեմ տեսնի քեզ։ Դրա համար էլ կմնամ Արջի քարանձավում։

— Եվ կսառչես այստեղ,— ասաց Ռոնին։

Ամառը հավիտյան ձգվել չի կարող, դա Բիրկը գիտեր, և Ռոնին նույնպես։ Բայց նրանք ապրում էին այնպես, ասես այն ձգվելու էր հավիտյան, և աշխատում էին, ինչքան հնարավոր է, խլացնել ձմռան մասին տանջալի մտքերը։ Նրանք ուզում էին հագենալ այս ամռան յուրաքանչյուր ժամով, ցայգալույսի մեգից մինչև գիշերվա մութը։ Անցնում էին օրերն օրերի հետևից, նրանք ապրում էին, ասես, մի ինչ֊որ մոլուցքով բռնված, ոչ մի բանի մասին չմտածելով։ Չէ որ նրանք առջևում դեռ մի քիչ ժամանակ ունեին։

— Ես հավաքում եմ ամառը, ինչպես մեղուն՝ մեղրը,— ասաց Ռոնին։— Ամառային պաշարներ եմ հավաքում, որոնցով կսնվեմ, երբ գա ձմեռը։ Եվ գիտե՞ս դրանք ինչից են բաղկացած։

Եվ սկսեց հեքիաթի նման պատմել.

— Դա կլինի հսկա֊հսկա կարկանդակ։ Խմորը արևի արշալույսներից է՝ հասած սև հապալասից, պեպեններից, որոնք տարածված են քո ձեռքերին, գետի վրա ընկած լուսնի ճանապարհից, սև մութ երկնքի պայծառ աստղերից և կեչու թավուտից, երբ այն գվվում է տապից... Իսկ այդ կարկանդակի միջուկը արևի շողերից է, որ այրվում են սոճու բներին, գայլի անձրևի գողացող կաթիլներից՝ կախված սոճու ասեղներից։ Ու այնտեղ թռչկոտում են սկյուռներ ու նապաստակներ, վազում են աղվեսներ ու որմզդեղններ, և վայրի ձիեր՝ մեր ամբողջ երամակը։ Եվ, իհարկե, գետում լողալը, և մեր՝ ձիերով սուրալը... Դե ինքդ ես տեսնում, ես այդ կարկանդակը թխում եմ այն ամենից, ինչը որ ամառ է։

— Ամառով հրաշալի կարկանդակ է,— հիացավ Բիրկը։— Միշտ թխիր դրանից։


Ամբողջ ժամանակ վաղ առավոտից մինչև գիշեր նրանք անց էին կացնում անտառում։ Ձուկ էին բռնում և որս էին անում միայն սնվելու համար, և ապրում էին համերաշխ ամենի հետ, ինչ նրանց շրջապատում էր։ Երկարատև զբոսանքներ էին կատարում՝ դիտելով գազաններին ու թռչուններին, բարձրանում էին ժայռերն ու ծառերը, ձի էին քշում, լողում էին անտառի լճերում, որտեղ նրանց չէին վախեցնում չարասիրտ դրուդները։ Այսպես օրը օրի հետևից անցնում էր ամառը։

Օդը դարձավ ավելի թափանցիկ ու սառը, գիշերները ցրտեցին, իսկ հետո դեղնեց գետափի կեչու գագաթը։ Նրանք դա իսկույն նկատեցին, երբ վաղ առավոտյան դուրս եկան օջախի մոտ, բայց իրար բան չասացին։

Հետո օրերը ցրտեցին, իսկ օդն ավելի թափանցիկ դարձավ։ Նրանց հրապարակից հիմա անվերջ տեսարան էր բացվում կանաչ անտառների վրա, բայց դրանք արդեն այնպես կանաչ չէին, ինչպես առաջ, այլ երփներանգվում էին դեղին ու կարմիր բծերով։ Շուտով գետի ամբողջ ափն էլ հրդեհվեց ոսկե֊կարմիր կրակով։ Առավոտները Ռոնին ու Բիրկը առաջվա նման նստում էին օջախի մոտ և տեսնում էին, ինչ գեղեցիկ է շուրջն ամեն բան, բայց այդ մասին չէին խոսում։


* * *

Ամառը դանդաղ մեռնում էր, և աշնանային անձրևը մաղում էր այնպիսի համառությամբ, որ նույնիսկ Ռոնիին ձանձրացրեց, չնայած, ընդհանրապես նա անձրև շատ էր սիրում։

Օրը օրի նստում էին նրանք քարանձավում և լսում էին, ինչպես են կաթիլները շարունակ թմբկահարում ժայռերին։ Այդպիսի խոնավ եղանակին նրանց չէր հաջողվում օջախում կրակ վառել։ Եվ այնպես դաժանորեն էին մրսում, որ մի առավոտ որոշեցին վազվզել անտառում, որպեսզի գոնե մի քիչ տաքանան։ Նրանք տաքացան, բայց թրջվել էին մինչև վերջին թելը։ Անձավ վերադառնալով՝ հանեցին շորերը, փաթաթվեցին մորթե ծածկոցների մեջ ու սկսեցին երկինք նայել, հույս ունենալով գոնե մի փոքրիկ լուսաշերտ տեսնել։ Բայց անձրևը պատի նման ծածկում էր ելքը։

— Ինչ անձրևոտ է մեր ամառը,— ասաց Բիրկը։— Բայց շուտով եղանակը կլավանա, ա՛յ, կտեսնես։

Անձրևն, իսկապես, վերջիվերջո, դադարեց։ Բայց մի իսկական փոթորիկ բարձրացավ, որը կեչիներից պոկում էր տերևները, արմատահան էր անում դարավոր եղևնիներն ու սոճիները։ Ամբողջ անտառը աղմկում էր։ Այո, ոսկե աշունն անցել էր։ Գետի ափին հիմա կանգնած էին մերկ ծառերը և թեքվում էին իրենց վրա հարձակված անողոք քամուց։

— Ինչ քամոտ է մեր ամառը,— ասաց Բիրկը։— Բայց շուտով եղանակը կլավանա, ա՛յ, կտեսնես։

Բայց եղանակը ոչ թե լավանում, այլ վատանում էր։ Օրեցօր ավելի էր ցրտում։ Ձմռան մասին չմտածելն արդեն անհնարին էր, համենայն դեպս, Ռոնիի համար։ Գիշերները նրան տանջում էին մղձավանջները։ Մի անգամ նա երազում տեսավ, որ Բիրկը ընկած է ձյան վրա՝ մահվան պես գունատ, իսկ մազերը ծածկված են եղյամով։ Նա արթնացավ իր ճիչից։ Արդեն լույս էր, և Բիրկը օջախն էր վառում։ Ռոնին նետվեց նրա կողմը ու թեթևացած տեսավ, որ նրա մազերը առաջվա նման կարմիր են և եղյամով չեն ծածկվել, բայց գետի հետևի անտառը առաջին անգամ սպիտակել էր եղյամից։

— Ինչ ցուրտ է մեր ամառը,— ասաց Բիրկը քմծիծաղով։

Ռոնին զայրացկոտ նայեց նրան։ Ինչո՞ւ է նա այդպես հանգիստ։ Ինչպե՞ս կարող է այդպես թեթևամտորեն կատակել։ Մի՞թե չի հասկանում՝ ինչ է սպասում իրենց։ Գուցե նա բանի տեղ չի՞ դնում իր թշվառ կյանքը։ Անտառում վախենալ չի կարելի, Ռոնին դա գիտեր, բայց հիմա սարսափելի վախեցավ այն բանից, թե ինչ կպատահի իրենց, երբ ձմեռը գա։

— Քույրս մի տեսակ տրտում է,— ասաց Բիրկը։— Ժամանակը չէ՞ արդյոք, որ գնա այստեղից ու տաքանա ուրիշ օջախի մոտ։

Ռոնին լուռ վերադարձավ անձավ և պառկեց եղևնու ճյուղերից սարքած իր անկողնու վրա։ Բիրկն ասաց. «Տաքանալու ուրիշ օջախի մոտ»,— ախր ինքը ուրիշը չունի, ինքը տեղ չունի տաքանալու։ Բիրկը մտածում էր մեծ դահլիճի օջախի մասին, պարզ է։ Եվ, իհարկե, նա գիտի, որ այս անիծյալ ցրտին ինքը երազում է դրա մասին։ Գոնե կյանքում մեկ անգամ էլ տաքանա։ Բայց Ռոնին չէր կարող վերադառնալ ամրոց, որովհետև Մատիսը իրեն այլևս չէր հաշվում իր դուստրը։ Ուրեմն, ինքը երբեք չի տաքանա ընտանեկան օջախի մոտ, երբեք։

Այստեղ նա տեսավ, որ բադյան դատարկ է, ու պատրաստվեց գնալ աղբյուրը՝ ջրի։

— Ես կհասնեմ քեզ, հենց որ կրակը վառեմ,— կանչեց նրա հետևից Բիրկը։

Ռոնին զառիթափ լանջի նեղ արահետով ցած էր իջնում, զգույշ դնելով ոտքերը, որ չսահի։ Երբ արահետը անտառ մտավ, Ռոնին կեչիների ու սոճիների արանքով վազեց դեպի անտառի բացատը, ուր աղբյուրն էր։ Բայց հանկարծ քար կտրած կանգ առավ։ Հենց աղբյուրի մոտի քարին ինչ֊որ մեկը նստած էր։ Եվ, պատկերացրեք, Մատիսն էր։ Այո, նա էր։ Այդ նրա սև, գանգուր մազերն էին։ Ռոնիի սիրտը նվաղեց, արցունքները ցայտեցին աչքերից։ Նա կանգնել էր կեչու տակ ու առանց թաքցնելու լալիս էր։ Եվ այստեղ նա նկատեց, որ Մատիսն էլ է լաց լինում։ Ճիշտ ինչպես իր երազում՝ նստել է անտառում միայնակ ու լաց է լինում։ Նա դեռ չգիտեր, որ Ռոնին կանգնած է կողքին, բայց հանկարծ բարձրացրեց գլուխն ու տեսավ նրան։ Եվ այդ ժամանակ նա ափերով ջղաձգորեն փակեց աչքերը։ Նա այնպես էր վհատվել, որ Ռոնին իրեն տեսել էր լաց լինելիս, և այնպես անճարակությամբ փորձում էր թաքցնել արցունքները, որ աղջիկը չէր կարող դա չտեսնել։ Ճչալով վազեց մոտը և փաթաթվեց նրա վզին։

— Զավակս,— շշնջում էր նա,— զավակս...

Հետո նա որոտաձայն գոռաց.

— Իմ զավակը վերադարձել է ինձ մոտ։

Ռոնին հեծկլտում էր՝ դեմքը թաղելով նրա մորուքի մեջ, իսկ հետո հարցրեց.

— Ես հիմա նորից քո զավա՞կն եմ, Մատիս։ Ես հիմա իսկապե՞ս քո դուստրն եմ։

Եվ Մատիսը արցունքների միջից պատասխանում էր.

— Այո։ Այո, դու չէիր դադարում իմ դուստրը լինելուց, փոքրիկս... Իմ սիրելի դուստրը, որի համար ես արտասվել եմ օրեր ու գիշերներ... Տե՜ր աստված, ինչպես էի տանջվում։

Նա մի քիչ հեռացրեց Ռոնիին իրենից, որ նայի դեմքին ու հեզորեն հարցրեց.

— Լովիսան ասաց, որ կվերադառնաս տուն, եթե ես քեզ խնդրեմ։ Այդպե՞ս է։

Բայց Ռոնին լռում էր։ Այդ րոպեին նա տեսավ Բիրկին։ Նա ասես քարացել էր կեչիների միջև, դեմքը՝ սփրթնած, աչքերում՝ միայն վիշտ։ Անհնար է դիմանալ այդ վշտին։ «Բիրկ, եղբայրս, ինչի՞ մասին ես մտածում, երբ դեմքդ այդպիսին է»։

— Այդպե՞ս է,— նորից հարցրեց Մատիսը։— Դու կվերադառնա՞ս ինձ հետ ամրոց։

Իսկ Ռոնին լսում էր ու առանց հայացքը կտրելու նայում էր Բիրկին։ «Բիրկ, եղբայրս, դու հիշո՞ւմ ես ջրվեժը»։

— Գնանք, աղջիկս, ժամանակն է,— ասաց Մատիսը։

Եվ Բիրկն զգաց, որ եկել է ժամը, որ ինքը պետք է հրաժեշտ տա Ռոնիին և վերադարձնի նրան Մատիսին։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ որ ինքն էր այդ ուզում։ Նա վաղուց էր սպասում այդ րոպեին։ Բայց որտեղի՞ց այս տանջալի ցավը։ «Ռոնի, դու նույնիսկ չգիտես ինչ ցավալի է ինձ համար, բայց գնա՛։ Գնա, շուտ։ Գնա անմիջապես»։

— Ես դեռ չեմ խնդրել քեզ տուն վերադառնալ, փոքրիկս,— ասաց Մատիսը։— Իսկ հիմա խնդրում եմ... Համառորեն եմ խնդրում, Ռոնի՛, վերադարձիր ինձ մոտ։

«Ավելի ծանր ինձ համար կյանքումս դեռ երբեք չի եղել»,— մտածեց Ռոնին։ Հիմա ինքը ստիպված է ասել այն, ինչը, հաստատ, կսպանի հորը, նա գիտեր, և, այնուամենայնիվ, պետք է այդ ասել։ Ասել, որ ինքը չի կարող բաժանվել Բիրկից։ Որ ինքը չի կարող նրան մենակ թողնել ձմեռային անտառի սարսափելի ցրտի մեջ։ «Բիրկ, եղբայրս, ոչ կյանքում, ոչ մահվան մեջ մեզ ոչ ոք չի բաժանի, մի՞թե դու դա չգիտես»։

Միայն այժմ Մատիսը նկատեց Բիրկին և ծանր հոգոց հանեց։ Բայց հետո բղավեց.

— Է՜յ, դու, Բի՛րկ, Բորկայի տղա, եկ այստեղ։ Ուզում եմ քեզ մի բան ասել։

Բիրկը չուզելով շարժվեց նրա կողմը, բայց դեռ ճանապարհի կեսին չհասած կանգ առավ, հանդուգն նայեց Մատիսին ու հարցրեց.

— Ի՞նչ ես ուզում։

— Հաճույքով կհասցնեի վզակոթիդ,— ասաց Մատիսը։— Բայց այդ բանը չեմ անի։ Հակառակը, կխնդրեմ, որ մեզ հետ գաս մեր ամրոցը։ Կխնդրեմ ոչ թե նրա համար, որ հանկարծ սիրեցի քեզ։ Չէ։ Բայց իմ դուստր Ռոնին սիրում է քեզ, հիմա ես հասկացա, և... գուցե... ով գիտի... ես էլ երբևէ կկարողանամ սիրել քեզ... Վերջին ամիսներին ես ժամանակ ունեցել եմ այդ մասին մտածելու...

Երբ Ռոնիին հասավ նրա խոսքերի իմաստը, նա զգաց, որ իր ներսում ինչ֊որ բան հալվեց։ Այո, այո, ինչ֊որ բան սկսեց հալվել նրա մեջ, այդ նա պարզորոշ զգաց։ Ամբողջ վերջին ժամանակները Ռոնին իր մեջ տանում էր, ինչպես նրան թվում էր, սառցե մի բեկոր։ Ինչպե՞ս հայրը կարողացավ, ընդամենը մի քանի բառով, հալեցնել այն, դարձնել գարնանային խոխոջացող առվակ։ Ինչպե՞ս կարող էր հանկարծ կատարվել այն, ինչը դեռ մեկ րոպե առաջ նրան թվում էր անհնարին։ Ախր իսկական հրաշք կատարվեց. ինքը այլևս չպետք է ընտրություն կատարի Բիրկի ու հոր միջև։ Երկու մարդկանց միջև, որոնց այնքան սիրում է։ Հիմա չի կորցնի նրանցից ոչ մեկին։ Նա նայեց Մատիսին, և սիրտը լցվեց ուրախությամբ, սիրով ու երախտագիտությամբ։ Հետո նայեց Բիրկին և տեսավ, որ նա չի բաժանում իր ուրախությունը։ Նա շփոթված տեսք ուներ, հայացքում անվստահություն կար, և Ռոնին լուրջ անհանգստացավ։ Նա չէ՞ որ այնպես համառն ու կամակորն է, իսկ եթե հանկարծ չուզենա՞ փրկել իրեն, հանկարծ հրաժարվի գալ իրենց հետ։

— Մատիս,— ասաց Ռոնին,— ես պետք է խոսեմ Բիրկի հետ առանց քեզ։

— Առանց ի՞նձ,— հարցրեց Մատիսը։— Դե լավ։ Այդ դեպքում կգնամ իմ Արջի քարանձավը, տեսնեմ ինչպիսին է հիմա։ Բայց շուտ արեք, որովհետև տուն գնալու ժամանակն է։

— Տուն գնալու ժամանակն է,— քմծիծաղով կրկնեց Բիրկը, հենց որ Մատիսը հեռացավ։— Հետաքրքիր է, ի՞նչ տուն։ Չլինի նա կարծում է, որ ես պատրաստ եմ դառնալ նրանց համար ծեծող տղա։ Դա երբեք չի լինի։

— Ծեծող տղա՜։ Ինչ հիմարն ես,— ասաց Ռոնին և հանկարծ բարկացավ, ուղղակի կատաղեց։— Դու գերադասում ես սառչել Արջի քարանձավո՞ւմ։ Այդպե՞ս է։ Այո՞։

Բիրկը լռեց, իսկ հետո կամաց ասաց.

— Այո, գերադասում եմ։

Ռոնին վհատության մեջ էր։

— Մի՞թե չես հասկանում, որ չի կարելի այդպես վերաբերվել սեփական կյանքին... Սեփական կյանքը պետք է պահպանել։ Եթե դու ձմեռես Արջի քարանձավում, ապա կկործանես և քո կյանքը, և իմը։

— Ի՞նչ ես դուրս տալիս,— բացականչեց Բիրկը։— Քո կյանքն այստեղ ի՞նչ գործ ունի։

— Հենց այն, ոչխարի գլուխ, որ ես կմնամ քեզ հետ,— բղավեց Ռոնին՝ կատաղությունից ու հուսահատությունից իրեն կորցրած։— Կուզես դու, թե չէ, միևնույն է, այդպես կլինի։

Բիրկը երկար, անխոս նայում էր նրան։

— Դու հասկանո՞ւմ ես ինչ ասացիր հիմա, Ռոնի։

— Հասկանում եմ։ Ոչինչ չի կարող մեզ բաժանել։ Եվ դու ինքդ այդ գիտես, խենթուկ։

Եվ այստեղ Բիրկը ժպտաց։ Իսկ նրա ժպիտը շողշողուն էր։ «Ինչ գեղեցիկ է նա, երբ ժպտում է»,— մտածեց Ռոնին։

— Քո կյանքը ես չեմ կարող կտրել, քույրիկս։ Ամեն բան, ինչ ասես, միայն ոչ այդ։ Ես կգամ քո հետևից, ուր էլ որ գնաս։ Եթե նույնիսկ հանուն դրա ապրեմ Մատիսի ավազակների մեջ, ես պատրաստ եմ դիմանալ դրան մինչև... Մինչև որ շնչահեղձ լինեմ այնտեղ։

Նրանք ոտքերով տրորեցին օջախի մոխիրը և կապեցին իրերը։ Դե ինչ, գնալու ժամանակն է։ Արջի քարանձավին հրաժեշտ տալ չէին ուզում։ Բայց Ռոնին Բիրկի ականջին շատ կամաց, որ Մատիսը չլսի ու ժամանակից շուտ չվշտանա, շշնջաց.

— Գարնանը կվերադառնանք այստեղ։

— Եթե կենդանի մնանք,— ժպտաց Բիրկը։

Նա նախապես արդեն ուրախանում էր դրա համար։

Եվ Մատիսն էլ շատ ուրախ էր։ Նա մեծ֊մեծ քայլերով գնում էր անտառով, երեխաներից շատ առաջ, և այնպես բարձր ու ահեղաձայն էր երգում, որ վայրի ձիերի ամբողջ երամակը վախից փախավ, բացի Խորամանկից ու Վայրենուց։ Նրանք կանգնել էին, երևի սպասում էին, թե երբ են արշավելու՝ իրար առաջ կտրելով։

— Չէ, այսօր չէ,— ասաց Ռոնին ու շոյեց Խորամանկին։— Բայց, գուցե՝ վաղը կամ մյուս օրը, իսկ հետո՝ ամեն օր, եթե շատ ձյուն չգա։

Բիրկը նույնպես թփթփացրեց իր Վայրենու պարանոցին։

— Այո, կվերադառնանք, միայն թե դուք սպասեք մեզ։

Մատիսը քայլում էր երեխաներից շատ առաջ և շարունակ երգում ու երգում էր։ Ռոնին ու Բիրկը հազիվ էին հասնում նրա հետևից։ Թվում էր, թե ճանապարհն անվերջ էր, բայց ահա նրանք հասան Գայլի երախին։ Այստեղ Բիրկը կանգ առավ։

— Մատիս, ես պետք է նախ գնամ մեր աշտարակը ու տեսնեմ ինչպես են Բորկան և Ունդիսան,— ասաց նա։— Բայց շատ շնորհակալ եմ, որ թույլ տվիր, երբ ուզենամ՝ գամ և տեսնեմ Ռոնիին։

— Խոստովանում եմ, դա ինձ շատ էլ դուր չի գալիս, բայց դու արի, համենայն դեպս արի...

Հետո ծիծաղեց։

— Գիտե՞ք ինչ է ասում Ճաղատ Պերը։ Այդ հիմար ծերուկը իսկապես կարծում է, թե գյուղապետն ու իր զինվորները մեզ հետ առանձին֊առանձին դատաստան կտեսնեն։ Նա ասաց, որ ավելի խելացի կլինի հիմա երկու ավազակախմբերը միավորվեն. Մատիսի ավազակները Բորկայի ավազակների հետ։ Մի՜ մտածեք, ինչ տարօրինակ մտքեր են գալիս ծեր խորամանկի գլուխը։

Մատիսը նայեց Բիրկին չթաքցրած ցավակցությամբ։

— Ափսոս, որ հայրդ այդպիսի փչան է, թե չէ կարելի էր այդ մասին մտածել։

— Ինքդ ես փչանը,— բարեկամաբար բացականչեց Բիրկը, իսկ Մատիսը, ի պատասխան, ապա պատկերացրեք, սիրալիր ժպտաց նրան։

Բիրկը ձեոքը մեկնեց Ռոնիին։ Առաջ էլ, Գայլի երախի մոտ հրաժեշտ տալիս, նրանք միշտ միմյանց ձեռք էին սեղմում։

— Մենք ամեն օր կտեսնվենք, ավազակի դուստր։ Այո՞, քույրիկ։

Ռոնին գլխով արեց։

— Ամեն, ամեն օր, Բիրկ, Բորկայի որդի։


* * *

Երբ Մատիսն ու Ռոնին մտան քարե դահլիճը, այնտեղ մեռելային լռություն տիրեց։ Ոչ ոք սիրտ չարեց նույնիսկ ուրախությունից ճչալ, որովհետև վաղուց արդեն Մատիսը չէր հանդուրժում ոչ մի ուրախություն։ Եվ միայն Ճաղատ Պերը չզսպեց իրեն ու վեր թռավ, այնքան երջանիկ էր, և դրա հետ մեկտեղ էլ բարձր զկրտաց։

— Սալյուտ՝ ժառանգորդուհու բարեհաջող հայրական տուն վերադառնալու առթիվ,— բացականչեց նա։

Մատիսը քրքջում էր այդ կատակի վրա այնպես հնչուն ու երկար, որ բոլոր ավազակները զգացվեցին արտասվելու աստիճան. նրանք նույնպես երջանիկ էին։ Այո, այն չարաբաստիկ առավոտից, երբ Ռոնին բոլորի աչքի առաջ թռավ անդունդի վրայով, նրանք առաջին անգամ էին լսում, որ իրենց ատամանը քրքջա, և իրենք էլ սկսեցին քրքջալ։ Մինչև ընկնելը։ Նրանք ուղղակի ծիծաղից գալարվում էին։ Ռոնին էլ էր ծիծաղում։ Իսկ հետո գոմից եկավ Լովիսան, և դահլիճում նորից լռություն տիրեց։ Հարմա՞ր է արդյոք ծիծաղել, երբ մայրը հանդիպում է երկարատև բացակայությունից հետո վերջապես հայրական տուն վերադարձած դստերը։ Եվ այդ հուզիչ րոպեին ավազակների աչքերը նորից լցվեցին արտասուքով։

— Գիտես ինչ, Լովիսա,— ասաց Ռոնին,— խնդրում եմ այստեղ բեր մեծ տաշտը և ջուր տաքացրու։

Լովիսան գլխով արեց։

— Ջուրն արդեն տաքանում է։

— Ա՛յ դա բան է,— բացականչեց Ռոնին։

Ռոնին մի ամբողջ բոքոն հաց կերավ՝ Լովիսայի թխածը, ու մի մեծ պուլիկ կաթ խմեց, դրանից հետո Լովիսան նստեցրեց նրան տաք ջրով տաշտի մեջ և ճիլոպով տրորեց֊կարմրացրեց։ ճիմա Ռոնին պառկած էր իր հին մահճակալի մեջ ու վարագույրի անցքից նայում էր ինչպես է կրակը մարմրում բուխարիկում։ Ամեն բան առաջվա նման էր։ Լովիսան երգեց Գայլի երգը, ու եկավ քնելու ժամանակը։ Ռոնին շատ էր հոգնել, բայց նրա գլխում դեռ զանազան մտքեր էին թափառում։

«Արջի քարանձավում հիմա սարսափելի ցուրտ է,— մտածում էր նա։— Իսկ իմ մեջ ջերմությունը տարածվում է ողջ մարմնովս... Տարօրինակ չէ՞, որ այս փոքր բանից քեզ երջանիկ ես զգում»։ Հետո մտածեց Բիրկի մասին։ «Ինչպե՞ս է հիմա նա, ինչպես ընդունեցին Բորկայի աշտարակում։ Հույս ունեմ, նրա մարմնով ևս տարածվում է ջերմությունը...»։

Մեծ դահլիճում լռություն տիրեց։ Եվ հանկարծ հնչեց Մատիսի վախեցած ձայնը.

— Ռո՛նի։

— Ը՜մ֊մ,— բառաչեց նա քնի մեջ։

— Ես միայն ուզում էի ստուգել՝ այստե՞ղ ես,— ասաց Մատիսը։


* * *

Անտառը, որ այնպես սիրում էր Ռոնին և՛ ամառային հագուստով, և՛ աշնանային, նորից դարձավ նրա ընկերը։ Իսկ վերջին ժամանակները Արջի քարանձավում այն թվում էր նրան ահեղ ու թշնամական։ Բայց հիմա ինքն ու Բիրկը ձիով արշավում էին ձնածածկ անտառում, և Ռոնին երջանիկ էր։

— Դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչպես և՛ Ունդիսան, և՛ Բորկան ուրախացան, երբ վերադարձա,— ասաց Բիրկը։— Իսկ ես, ճիշտն ասած, չէի էլ մտածում, որ նրանք ինձ այդպես սիրում են։

— Դու էլ ապրիր նրանց հետ,— ասաց Ռոնին։— Մինչև գարուն։ ֊֊֊ Մատիսի ամրոցում կյանքը մտավ իր հին հունի մեջ, հիմա այնտեղ նորից ուրախությունն էր իշխում։ Ավազակները դարձյալ երգում ու պարում էին երեկոները, և Մատիսի որոտալիդ ծիծաղը նորից ցնցում էր պատերը... Մի խոսքով, կյանքն ընթացավ առաջվա նման։

Առաջվա նման, բայց ոչ բոլորովին։ Գյուղապետի զինվորների հետ պայքարը անողոք դարձավ։

Ճաղատ Պերը առավոտից երեկո միայն մի բան էր պնդում.

— Քանի դեռ ուշ չէ, Մատիսն ու Բորկան պետք է հաշտվեն։ Եթե լինի ավազակների մեկ ուժեղ խումբ, գուցե մեզ հաջողվի ինչ֊որ ձևով հաղթահարել գյուղապետին ու նրա զինվորներին։ Իսկ եթե մնա երկու ավազակախումբ, որոնք զբաղված են միայն նրանով, որ իրար երախից խլում են ավարը ինչպես քաղցած գայլեր, ապա բոլորիս վերջը կգա։

— Ես գիտեմ, ծերուկ, դու ասում ես, ինչ մտածում ես։ Իհարկե, ինչ֊որ տեղ դու ճիշտ ես, բայց ահա պատասխանիր, ո՞վ կլինի այդ կրկնապատկված ավազակախմբի ավազակապետը, ի՞նչ ես կարծում։— Եվ Մատիսը խորամանկ ժպտաց։— Բորկա՞ն։ Չէ որ ես, Մատիսս, ամենաուժեղ ու հզոր ավազակապետն եմ բոլոր լեռների ու անտառների և մտադիր եմ մնալ այդպիսին ընդմիշտ։ Բայց շատ հնարավոր է, որ այդ դմբո Բորկան դա չի հասկանում...

— Ուրեմն ապացուցիր նրան այդ։ Ախր կոխ բռնելիս դու կհաղթես նրան, այ դու ցուլ։

Այդ բոլորը խորամանկ Ճաղատ Պերը մտածել էր, երբ գիշերները անքուն պառկած էր եղել իր խցում. ավազակապետերի մրցություն։

Օրերն անցնում էին, իսկ Մատիսն առաջվա նման ականջ չէր դնում Ճաղատ Պերի խորհուրդներին։ Բայց մի անգամ առավոտյան, երբ Մատիսի ավազակները դեռ չէին թամբել իրենց ձիերը, Գայլի երախ արշավեց Բորկան և հանդիպում պահանջեց Մատիսի հետ։ Նա վատ լուրեր էր բերել։ Լուսադեմին իրենք վերադառնում էին ավարառությունից, իսկ նրանց ճանապարհին ծուղակ էին սարքել։ Զինվորները ավազակախմբից երկուսին բռնեցին, իսկ երրորդին վիրավորեցին նետով, երբ փորձում էր փախչել։

— Իսկական արնախում շներ են,— դառնորեն ասաց Բորկան։— Չեն թողնում խեղճ ավազակը մի կտոր հաց վաստակի։

Մատիսը խոժոռվեց.

— Չէ, հերիք է։ Մենք դրանց ցույց կտանք։ Էլ համբերել չի կարելի։

Ճիշտ է, նա տեղնուտեղը գլխի ընկավ, որ ասաց «մենք». հոգոց հանեց և սպասողական լռեց՝ ոտքից գլուխ Բորկային չափելով գնահատող հայացքով։

— Գուցե, մենք, այնուամենայնիվ... արժեր... պետք է... միավորվել...— վերջիվերջո, դժվարությամբ արտաբերեց Մատիսը, չնայած սոսկումը պատեց նրան այդ խոսքից։ Այդպես խոսել ավազակապետ Բորկայի հե՜տ։ Ե՛վ իր հայրը, և՛ պապը, և՛ նախապապը շուռ կգային դագաղների մեջ, եթե լսեին այդ բառերը։ Ինչ մնում է Բորկային, ապա նա շողաց պղնձադրամի նման։

— Վերջապես լսեցի քեզնից, լսեցի այն, ինչ վաղուց էի ուզում լսել, Մատիս։ Մեկ ուժեղ ավազակախումբ։ Ա՛յ դա խելացի կլինի։ Մեկ ուժեղ ավազակապետի հրամանատարությամբ։ Եվ ես գիտեմ, ով է հարմար այդ գործի համար,— ասաց նա և բռունցքով խփեց իր կրծքին։— Քարի նման պինդ և եզան նման աշխատասեր, ուժս էլ՝ չափից շատ...

Այստեղ Մատիսը քրքջաց, և այնպես զարհուրելի, որ շուրջը կանգնած բոլորը սարսափից փշաքաղվեցին։

— Ապա մի մոտ եկ, ես քեզ ցույց կտամ, ով է այստեղ ավազակապետը...


* * *

Իմիջիայլոց, ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես ուզում էր Ճաղատ Պերը։ Որոշվեց ատամանների մրցամարտ անցկացնել։

Առավոտը արևոտ էր, բայց ցուրտ, և հողը ծածկվել էր եղյամով։ Գայլի երախի առջևի բացատում արդեն խմբվել էին Մատիսի ավազակները և Բորկայի ավազակները, բոլորը՝ տեգերով։ Խիտ օղակով շրջապատեցին նրանք Մատիսին ու Բորկային։ Այ հիմա էլ հենց պարզ կլինի՝ նրանցից ով կդառնա ավազակապետը։

Բացատի վրա կախված ժայռին նստել էր Ճաղատ Պերը՝ գայլի մորթու մեջ փաթաթված։ Նա նման էր ծեր գզգզված ագռավի, բայց աչքերը անհամբերությունից այրվում էին, և նա մեծ հետաքրքրությամբ հետևում էր ցածում՝ բացատում կատարվածին։

Կռվողները վերնաշապիկով էին, հանել էին կոշիկները և հիմա ոտքից ոտք էին փոխվում սառած հողի վրա։ Հետո սկսեցին ձգել ու շփել թևերի մկանները և թռչկոտել տեղում, որ տաքանան։

— Է՜, դու ցրտից բոլորովին կապտել ես, Բորկա,— գրգռող տոնով գոչեց Մատիսը։— Բայց մի հուզվիր, շուտով կշոգես։

— Ինձ թվում է, որ դու էլ չես մրսի,— նրա տոնով պատասխանեց Բորկան։

Ֆյոսոկը վերջապես ազդանշան տվեց, և իսկույն Մատիսն ու Բորկան գոչյունով հարձակվեցին իրար վրա։

— Շատ ափսոս, որ այդպիսի փչան ես,— բղավեց Մատիսը, իր արջի թաթերով գրկելով Բորկայի մեջքը ու սեղմելով նրան, իհարկե, դեռ ոչ ամբողջ ուժով, բայց Բորկան քրտնեց,— թե չէ վաղուց քեզ դարձրած կլինեի իմ օգնականը,— այստեղ նա սեղմեց ավելի ուժգին, գործի դնելով հատուկ ձև։— Եվ հիմա ստիպված չէի լինի քո փորոտիքը ճզմել։— Այստեղ այնպես սեղմեց Բորկային, որ սա խռխռաց։

Իսկ երբ ձանձրացավ խռխռոցից, Բորկան հնար գտավ և ամբողջ ուժով իր ծանր գլխով այնպես խփեց Մատիսի դեմքին, որ նրա քթից արյան շատրվան ցայտեց։

— Իսկ ես շատ եմ ափսոսում,— ի պատասխան բղավեց Բորկան,— որ ստիպված եմ այլանդակել այսպիսի կերպարանքը,— և նա մի անգամ էլ գլխով հարվածեց Մատիսի քթին,— որովհետև դու առանց այդ էլ նման ես խրտվիլակի։— Այստեղ Բորկան ճանկեց Մատիսի ականջը։— Երկու ակա՞նջ։ Քո ինչի՞ն է պետք։ Բավական է և մեկը։

Ի պատասխան՝ Մատիսն այնպես ճզմեց Բորկային, որ նրա մատները բացվեցին։ Եվ հենց այդ վայրկյանին Բորկան արդեն պառկած էր գետնին, իսկ Մատիսը իր ծանր երկաթե թաթով արդուկում էր իր հակառակորդի տափակ դեմքը, և թվում էր, դեմքը դրանից ավելի է տափակում։

— Ցավալի է, որ ստիպված եմ այլանդակել քեզ, ինչպես աստված՝ կրիային, և Ունդիսան արցունք կթափի ամեն անգամ, երբ օրվա լույսով նայի քեզ։— Եվ նա նորից ուժով ափով տրորեց Բորկայի դեմքը, բայց Բորկան կարողացավ ատամներով հափռել նրա ափը։ Մատիսը գոռաց։ Նա փորձում էր ձեռքը դուրս քաշել, բայց Բորկան ծնոտները չէր բացում, մինչև որ ստիպված եղավ շունչ քաշել։ Այդ ժամանակ Մատիսը ընկավ նրա վրա իր ամբողջ ծանրությամբ։ Այստեղ պարզվեց, որ թեև Բորկան երկաթե ատամներ ունի, սակայն Մատիսի հետ ուժով չափվել, այնուամենայնիվ, չի կարող։

Ահա և մարտը վերջացավ։ Մատիսը բոլորի առջև կանգնեց որպես հաղթող։ Եվ թող որ նրա երեսը կորած էր արյան, կապտուկների մեջ, իսկ շապիկը ծվեն֊ծվեն էր եղել, ոչ ոքի մոտ կասկած չկար, որ հենց նա է ավազակապետը։ Դա ընդունեցին հիմա բոլոր ավազակները, չնայած մի քանիսը ոչ առանց դժվարության, իսկ ամենածանրը իր՝ Բորկայի համար էր խոստովանել այդ բանը։

Նրա տեսքը սարսափելի էր, քիչ էր մնում լաց լիներ։ Դրա համար էլ Մատիսն ուզեց նրան մի քանի մխիթարական բառեր ասել։

— Եղբայր Բորկա։ Այո, սրանից հետո մենք եղբայրներ ենք։ Իմացիր, որ մինչև կյանքիդ վերջը դու կպահպանես ավազակապետի քո կոչումն ու պատիվը և քո մարդկանց կտնօրինես դու։ Բայց երբեք չմոռանաս, ով է բոլոր լեռների ու անտառների ամենահզոր ավազակապետը, և հիշիր՝ վերջին խոսքը միշտ իմն է լինելու։

Հենց այդ երեկո Մատիսը մեծ դահլիճում խնջույք տվեց երկու ավազակախմբի համար՝ և՛ իր, և՛ Բորկայի։ Ի՜նչ խնջույք էր։ Ի՜նչ ուտելիքներ կային։ Ինչքա՜ն գարեջուր խմեցին։

Իսկ Մատիսն ու Բորկան կողք֊կողքի նստել էին խնջույքի սեղանի մոտ և մերթ ծիծաղում էին, մերթ սրբում արցունքները, հիշելով իրենց մանկությունը, և ավելի շատ էին իրենց եղբայրներ զգում։ Իրար ընդհատելով, նրանք ավազակներին պատմում էին ինչպես էին առնետներ բռնում հին խոզանոցում և ուրիշ չարաճճիությունների մասին, և բոլորը սիրով լսում էին նրանց ու բարձր քրքջում էին, երբ ծիծաղելի էր լինում։ Ռոնին ու Բիրկը, որոնք նստած էին սեղանի հեռավոր ծայրում, նույնպես սրտանց ուրախանում էին, լսելով իրենց հայրերի պատմածները։ Նրանց զվարթ ծիծաղը զնգում էր զանգակի նման՝ ավազակների խռպոտ քրքիջի ֆոնի վրա, մեծ ուրախություն պատճառելով և՛ Մատիսին, և՛ Բորկային, ախր այնքան երկար ամիսներ ամրոցում չէր հնչել իրենց զավակների ծիծաղը, և նրանք դեռ չէին վարժվել այն բանին, որ երեխաները իրենց հետ են։

— Լսիր, Բորկա, մի վշտացիր, որ այսօր այսպես եղավ։ Գուցե Բորկայի ավազակախումբը դեռ լավ օրեր կտեսնի։ Երբ ես ու դու ընդմիշտ հեռանանք, քո որդին ավազակապետ կդառնա, այդպես եմ կարծում։ Որովհետև իմ դուստրը չի ուզում ավազակապետ դառնալ։ Իսկ երբ նա ասում է՝ ոչ, դա արդեն հաստատ ոչ է։ Մորն է քաշել։

Բորկան երբ այդ լսեց, անսահման ուրախացավ։ Բայց Ռոնին սեղանի մյուս ծայրից գոչեց.

— Իսկ դու կարծում ես Բիրկը կուզի՞ ատաման դառնալ։

— Անշուշտ,— համոզված բացականչեց Բորկան։

Այդ ժամանակ Բիրկը վեր կացավ և անշտապ հասավ դահլիճի մեջտեղը, այնպես, որ բոլորը իրեն տեսնեն։ Նա բարձրացրեց աջ ձեռքը ու հանդիսավոր երդում տվեց, որ երբեք, ոչ մի գնով ավազակ չի դառնա, ինչ էլ որ պատահի։

Դահլիճում ճնշող լռություն տիրեց։ Դառն արցունքները մշուշեցին Բորկայի աչքերը, նա որդու երդումից հուսահատության մեջ էր, չէր կարողանում հասկանալ այդ բանը։ Բայց Մատիսն այստեղ էլ փորձեց մխիթարել Բորկային։

— Ես արդեն հաշտվել եմ դրա հետ,— ասաց նա։— Դու էլ կհաշտվես։ Հիմա մեր խոսքը երեխաների համար օրենք չէ։ Նրանք վարվում են, ինչպես ուզում են։ Եվ այստեղ արդեն ոչինչ անել չես կարող, չնայած շատ դժվար է։

Երկու ավազակապետերը երկար լուռ նստել էին, և ապագան նրանց ներկայանում էր մռայլ գույնով։ Կանցնեն շատ տարիներ, և իրենց հպարտ ավազակային կյանքը մարդկանց կթվա մտացածին հեքիաթ, ֆանտազիա, հիշողությունները շուտ կխամրեն, ոչ մի տեղ ոչ մի հետք չի մնա։

Բայց կամաց֊կամաց նրանք, այնուամենայնիվ, վերադարձան խոզանոցում առնետ որսալու իրենց պատմություններին ու որոշեցին համենայն դեպս ուրախանալ, չնայած իրենց երեխաների կամայականությանը։ Իսկ ավազակներն ուղղակի կաշվից դուրս էին գալիս, ճգնելով աշխույժ երգերով ու վայրի պարերով խլացնել իրենց ավազակապետերի վիշտը։

Իսկ խնջույքը գնում էր իր կարգով։ Այնքան ժամանակ, մինչև որ Ճաղատ Պերը հանկարծ հոգնածությունից ուշագնաց ընկավ։ Չնայած իր պատկառելի տարիքին, նա բոլորի հետ միասին հիանալի, ուրախ օր էր անցկացրել, բայց հիմա ուժերը դավաճանեցին նրան, և երբ ուշքի եկավ, ավազակները նրան տարան իր խուցը։ Շատ գոհ, նա բոլորովին ուժասպառ ընկավ իր մահճակալին, և Ռոնին մորթե ծածկոցը քաշեց նրա վրա։

— Ազնվորեն կասեմ, սիրտս թեթևացավ այն բանից, որ ձեզնից ոչ մեկը, ո՛չ դու, ո՛չ Բիրկը, չի ուզում ավազակապետ դառնալ։ Իմ տարիներին ավազակություն անելը հաճույք էր, ռիսկ, ուրախություն, բայց հիմա դա շատ վտանգավոր գործ է։ Չես հասցնի գլուխդ թեքել, արդեն կճոճվես կախաղանի վրա։

— Բացի այդ, երբ մարդկանցից խլում են իրենց իրերը, նրանք լալիս են ու գոռում, իսկ ես չեմ ուզում, որ մարդիկ լան ու գոռան։

— Ճիշտ է,— ասաց Ճաղատ Պերը,— դու դրան չես դիմանա։ Իսկ հիմա ուզում եմ քեզ վստահել մի փոքրիկ, բայց հրաշալի գաղտնիք, իհարկե, եթե խոստանում ես ձկան նման լռել։

Եվ Ռոնին խոստացավ։

Այդ ժամանակ Ճաղատ Պերը նրա տաք ձեռքերը վերցրեց իր այնքան սառը ձեռքերի մեջ ու սկսեց պատմել։

— Լսիր, իմ հոգու ուրախություն,— սկսեց նա։— Երբ ես փոքր ժամանակս շրջում էի անտառում, ճիշտ և ճիշտ քեզ նման, մի անգամ փրկեցի մի փոքրիկ գորշ թզուկի կյանքը, որին ուզում էին կործանել չար դրուդները։ Եվ պատկերացնում ես, նա իր գլուխն էր մտցրել, որ անպայման պետք է ինձ որևէ բան նվիրի։ Եվ գիտես... Մի տես, ահա և Մատիսն էլ եկավ մեզ մոտ,— ասաց Ճաղատ Պերը, որովհետև հանկարծ դռների մեջ հայտնվեց Մատիսը։

— Խնջույքն արդեն վերջացավ,— ասաց նա։— Գայլի երգը երգելու ժամանակն է։

— Սկզբում ես պետք է մինչև վերջ լսեմ հեքիաթը։

Եվ քանի դեռ Ճաղատ Պերը շշնջում ու շշնջում էր նրա ականջին, Մատիսը կանգնած էր խուցի շեմին ու սպասում էր նրան։


* * *

— Ծերուկները չպետք է ցցվեն֊նայեն «արջակռվին» ու բազմեն սառը ժայռերին,— խիստ ասաց Լովիսան, երբ առավոտյան պարզվեց, որ Ճաղատ Պերին ցնցում է դողը, որ նրա բոլոր հոդերը մղկտում են, և չի ցանկանում անկողնուց վեր կենալ։

Ամեն օր Մատիսը մտնում էր Ճաղատ Պերի խուցը, որ պատմի ծերուկին, ինչպես է անցնում ավազակային կյանքը խմբերի միավորումից հետո։ Առայժմ ամեն ինչ շատ լավ է։ Բորկան իրեն պահում էր բավական կարգին ու չէր ընդվզում։ Իսկ ընդհանրապես, հասկացող տղա է, և հիմա, երբ միասին են գործում, նրանց ուղեկցում են հաջողությունները, իսկ գյուղապետի զինվորներին այնպես ճարպկորեն են քթից բռնած ման ածում, որ մարդու սիրտ է ուրախանում։

Լովիսան ուղղակի կաշվից դուրս էր գալիս, որ գոհացնի Ճաղատ Պերին։ Մեկ տաք թանձր մսաջուր էր բերում, մեկ որևէ յուրահատուկ ուտելիք, որը ծերուկն առաջ սիրում էր։

— Կեր, քանի չի սառել,— խնդրում էր նա,— գոնե մի գդալ, որ ներսդ տաքանա։

Բայց նույնիսկ եռացող մսաջուրը չէր կարող դուրս քշել ցուրտը Ճաղատ Պերի մարմնից, և դա տագնապ էր պատճառում Լովիսային։

— Հարկավոր է նրան տեղափոխել այստեղ դահլիճ, կրակին մոտիկ,— մի անգամ երեկոյան ասաց նա Մատիսին,— թող տաքանա կրակի մոտ։

Մատիսը գրկեց նրան և, հիվանդ երեխայի նման, դուրս հանեց խցից ու պառկեցրեց իր անկողնում։

— Վերջապես ես, խեղճս, գոնե մի քիչ կտաքանամ,— ուրախանում էր Ճաղատ Պերը։

Առավոտյան Ճաղատ Պերը հրաժարվեց վերադառնալ իր խուցը։ Այդ լայն մահճակալի վրա նրա համար շատ լավ էր, և մնաց այդտեղ։ Պառկած, նա հետևում էր, ինչպես է Լովիսան գլուխ բերում իր տնային գործերը։ Երեկոները նրա շուրջը հավաքվում էին ավազակները ու պարծենում իրենց սխրանքներով, իսկ Ռոնին պատմում էր, թե ինչպես էին ինքն ու Բիրկը անցկացրել այդ օրը անտառում, և Ճաղատ Պերը գոհ էր։

— Այսպես էլ ես պետք է ապրեմ, քանի դեռ սպասում եմ...— ասաց նա մի անգամ։

— Ինչի՞ն,— հարցրեց Մատիսը։

— Իսկ դու ի՞նչ ես կարծում,— հարցին հարցով պատասխանեց Ճաղատ Պերը։

Մատիսն այդ անգամ այդպես էլ գլխի չընկավ, բայց անհանգստությամբ նկատում էր, որ ծերուկը օրեցօր նիհարում ու թուլանում է, և հարցրեց Լովիսային.

— Նրա ի՞նչն է պակաս։

— Տարիքը մեծ է, ահա թե ինչ։

Մատիսը վախով նայեց կնոջը։

— Բայց, հույս ունեմ դրանից չի՞ մեռնի։

— Կմեռնի,— ասաց Լովիսան։

— Լռի՛ր,— բղավեց Մատիսն ու լաց եղավ։— Ես թույլ չեմ տա մեռնի...

Իսկ Ռոնին ո՜նց էր անհանգստանում Ճաղատ Պերի համար։ Ինչքան շատ էր ծերուկը թուլանում, այնքան երկար էր նստում նրա կողքը։

— Իմ հոգու ուրախություն, տես, չմոռանաս ասածս։

— Չեմ մոռանա,— ասում էր Ռոնին։— Միայն թե գտնեմ։

— Կգտնես, կգտնես,— հավատացնում էր նա Ռոնիին։— Կգա ժամանակը, և դու կգտնես։

Օրերը վազում էին, և Ճաղատ Պերը ավելի շատ էր թուլանում։ Եվ ահա եկավ գիշերը, երբ ոչ ոք չպառկեց քնելու։ Ամբողջ ավազակախումբը հավաքվեց Ճաղատ Պերի շուրջը. և՛ Մատիսը, և՛ Լովիսան, և՛ Ռոնին, և՛ բոլոր ավազակները։ Ճաղատ Պերը աչքերը փակած անշարժ պառկել էր։ Մատիսը վախեցած նայում էր ծերուկի դեմքին, փնտրելով այնտեղ կյանքի նշաններ, բայց չնայած օջախի վառ կրակին և մոմի ցայտուն լույսին, որ Լովիսան վառել էր, Ճաղատ Պերի մահճակալի մոտ մութ էր, և կյանքի ոչ մի նշան Մատիսը նկատել չկարողացավ։ Եվ այդ ժամանակ բղավեց.

— Նա մեռել է։

Բայց այստեղ Ճաղատ Պերը բացեց աչքերը ու կշտամբանքով նայեց Մատիսին։

— Չէ, ես չեմ մեռել,— շշնջաց նա։— Մի՞թե դու կարծում ես ես այդքան անշնորհք եմ, որ կհեռանամ ձեզնից՝ առանց հրաժեշտ տալու։

Հետո նորից փակեց աչքերն ու երկար այդպես պառկած էր։ Բոլորը լուռ կանգնել էին նրա շուրջը և ականջ էին դնում նրա ընդհատ շնչառությանը։

— Այ, հիմա ժամանակն է,— կամաց ասաց Ճաղատ Պերը ու նորից բացեց աչքերը։— Հիմա եղբայրներս, մնաք բարով... Ես մեռնում եմ...

Եվ մեռավ...

Ռոնին երբեք չէր տեսել ինչպես են մարդիկ մեռնում, և լաց եղավ։ Իսկ Մատիսը քայլում էր դահլիճում անկյունից անկյուն, բարձր ձայնով հեկեկալով ու գոռգոռալով.

— Ախր ո՞նց կլինի։ Չէ որ նա միշտ կար, իսկ հիմա չկա՞։ Ինչպես եմ նրա պակասը զգում,— հանկարծ գոչեց։— Ուղղակի սիրտս կանգ է առնում կրծքիս մեջ։

— Ուզո՞ւմ ես քեզ գրկեմ,— հարցրեց Լովիսան։

— Այո։ Գրկիր, շուտ,— բղավեց Մատիսը։— Եվ Ռոնին նույնպես թող գրկի։

Այդպես էլ նստել էր նա, փոխնիփոխ հպվելով մերթ Լովիսային, մերթ Ռոնիին, և ողբում էր Ճաղատ Պերի մահը։ Ինչքան իրեն հիշում էր, Ճաղատ Պերը միշտ իր կողքին էր եղել, իսկ հիմա չկար։

Հաջորդ օրը Ճաղատ Պերին թաղեցին գետի մոտ։ Ձմեռն ավելի էր մոտեցել։ Եկավ առաջին ձյունը, և ճերմակ խոնավ փաթիլները թափվում էին դագաղի վրա, որը ձեռքերի վրա տանում էին Մատիսն ու իր ավազակները։

Ճաղատ Պերի համար սուգը մթագնեց ամրոցում ապրողների կյանքը։ Ամբողջ երկարատև ձմեռվա ընթացքում Մատիսը ամպից էլ մռայլ էր, և ավազակներն էլ ուրախ չէին, որովհետև նրանց տրամադրությունը կախված էր Մատիսի տրամադրությունից։ Իսկ Ռոնին ու Բիրկը այդ ամբողջ տխրությունից փախչում էին անտառ։ Այնտեղ, ինչպես և ամենուրեք, հիմա թագավորում էր ձմեռը։ Եվ երբ Ռոնին դահուկներով սարի թեք լանջով ցած էր սահում, մոռանում էր ամեն տխրություն։ Բայց բավական է ոտքը ամրոցի շեմից ներս դներ ու տեսներ մռայլ Մատիսին, որը լուռ ու անշարժ նստում էր բուխարիկի մոտ, որ վիշտը դարձյալ պարուրեր նրան։

— Մխիթարիր ինձ, Ռոնի,— խնդրում էր Մատիսը։— Մի բան պատմիր։

— Շուտով նորից գարուն կգա, և քեզ համար հեշտ կլինի,— ասում էր նա, բայց Մատիսը դրան չէր հավատում։

— Ճաղատ Պերն էլ երբեք չի տեսնի գարունը,— ասում էր նա հոգոց հանելով։

Եվ դրա համար Ռոնին մխիթարական խոսքեր չուներ։


* * *

Ձմեռն անվերջ էր թվում, բայց, այնուամենայնիվ, անցավ, և գարունը եկավ։ Նա միշտ գալիս է, հաշվի չնստելով այն բանի հետ՝ որևէ մեկը մեռել է, թե ոչ։ Մատիսը զվարթացավ, ինչպես միշտ լինում էր գարնանը, նա արդեն սուլում էր ու երգեր երգում, երբ իր ավազակների հետ ձիերով անցնում էին Գայլի երախով։ Իսկ այնտեղ՝ ներքևում, արդեն սպասում էր Բորկան՝ իր մարդկանցով։ Էհե՜֊հե՜յ։ Հիմա երկար ձմեռվանից հետո նորից կսկսվի ուրախ֊զվարթ ավազակային կյանքը։ Ու երկու ատամանները՝ և՛ Մատիսը, և՛ Բորկան, ուրախանում էին դրանից, չէ որ ավազակությունից բացի նրանք ուրիշ բան չէին կարողանում անել։ Նրանք ավազակ էին ծնվել և կմնան ավազակ իրենց ողջ կյանքում։

Իսկ ահա նրանց երեխաները ավելի խելոք դուրս եկան և բոլորովին ուրիշ բաներով էին ուրախանում։ Օրինակ, որ ձյունը համարյա արդեն հալվել է, և իրենք շուտով նորից կկարողանան ձի հեծնել ու քշել կամ, որ շուտով, շատ շուտով կտեղափոխվեն Արջի քարանձավը։

— Եվ հետո, Բիրկ, ես ուրախ եմ այն բանի համար, որ դու չես ուզում ավազակապետ դառնալ։

Տղան ծիծաղեց։

— Ես, ախր, երդվել եմ։ Միայն թե, մենք ինչո՞վ ենք ապրելու, երբ մեծանանք։

— Հայտնի է ինչով,— ասաց Ռոնին։— Ճաղատ Պերն ինձ ասաց, մենք պետք է փնտրենք արծաթի բնակտորներ։

Եվ նա Բիրկին պատմեց արծաթե սարի գաղտնիքը, որը փոքրիկ գորշ թզուկը ցույց էր տվել Ճաղատ Պերին որպես շնորհակալություն այն բանի, որ փրկել էր իր կյանքը։

— Նա ասում էր, որ այնտեղ պատահում են գլաքարի մեծության արծաթի բնակտորներ,— ասաց Ռոնին։— Ով գիտե, գուցե այդպես էլ կա։ Ճաղատ Պերը երդվում էր, որ դա զուտ ճշմարտություն է։ Ես գիտեմ, որտեղ է այդ սարը։ Մենք կարող ենք ձիերով գնալ այնտեղ և ամեն բան մեր աչքով տեսնել։

— Շտապ չի,— պատասխանեց Բիրկը։— Առայժմ, համենայն դեպս, մենք լավ յոլա ենք գնում առանց արծաթի կտորների։ Մեզ այստեղ, Արջի քարանձավում, բոլորովին ուրիշ բաներ են պետք։

Գարունը գնալով ավելի էր մտնում իր իրավունքների մեջ, իսկ Ռոնին ոչ մի կերպ սիրտ չէր անում հորն ասել, որ նորից ուզում է տեղափոխվել Արջի քարանձավը։ Բայց Մատիսն ինքն էլ ամեն բան հասկանում էր, երբեք չէր կարելի գուշակել, նա ինչպես կվարվի։

— Իմ հին քարանձավը հոյակապ տեղ է,— ոչ այս, ոչ այն, հանկարծ բացականչեց Մատիսը։— Իսկ գարնանն այնտեղ առանձնապես հրաշալի է, ի՞նչ ես կարծում, Լովիսա։

— Տեղափոխվիր այնտեղ, փոքրիկս,— ասաց մայրը,— քանի որ հայրդ քեզ խորհուրդ է տալիս։ Բայց ես քո կարիքը շատ կզգամ։

— Իսկ աշնանը կվերադառնա՞ս տուն, ինչպես միշտ,— ասաց Մատիսը, ասես Ռոնին ծնված օրից ամեն գարնան գնում էր ամրոցից, իսկ աշնանը՝ վերադառնում։

— Ըհը՛, ինչպես միշտ,— հավատացրեց նրան Ռոնին, զարմացած, որ ամեն բան այդպես հեշտ անցավ, իսկ ինքը սպասում էր արցունքի ու գոռգոռոցների։ Բայց Մատիսը նստած էր նրա առջև նույնպիսի ուրախ տեսքով, ինչպիսին ունենում է, երբ հիշում է իր մանկական հիմար արարքները հին խոզանոցում։

— Այո, երբ ես ապրում էի Արջի քարանձավում, շատ քաջն էի, ոչնչից չէի վախենում։ Եվ ընդհանրապես, եթե ուզում ես իմանալ, այդ անձավը իմն է, մի մոռանա այդ։ Կարող է պատահել՝ ժամանակ առ ժամանակ ձեզ այցելության գամ։

Երբ Ռոնին Բիրկին պատմեց այդ խոսակցության մասին, նա մեծահոգաբար ժպտաց.

— Իմ կարծիքով, թող գա։ Ժամանակ առ ժամանակ։ Եթե նրա գանգրահեր սև գլուխը մշտապես այնտեղ չի երևալու, դա արդեն երջանկություն է։

Վաղ առավոտ է։ Հրաշալի, ինչպես արարչագործության առաջին օրվա առավոտը։ Ռոնին ու Բիրկը գնում էին Արջի քարանձավը։ Ահա անցնում են անտառով, իսկ շուրջը հաղթանակում է գարունը։ Բոլոր ծառերի, կանաչ թփերի վրա, բոլոր ջրամբարներում փոթորկվում է սեփական բուռն կյանքը։ Ամեն ինչ ճռվողում է, շրշում, կչկչում է, երգում ու ճողփում է, ամեն տեղ զրնգում է պատանի ու անզուսպ գարնանային երգը։

Եվ ահա նրանք վերջապես հասան իրենց անձավին, իրենց տանը՝ թաքնված խուլ անտառում։ Այստեղ ամեն բան առաջվանն է, ոչինչ չի փոխվել, ամեն ինչը լավ ծանոթ է, ամեն ինչ իր տեղում է։ Եվ գետը, որ աղմկում է այնտեղ ցածում, և անտառը՝ լուսավորված լուսաբացի արևով։ Բայց այս գարունը նոր է, չնայած և այնպիսին է, որպիսին միշտ լինում են գարուններն ընդհանրապես։

— Չվախենաս, Բիրկ, ես հիմա պետք է ուժասպառվելու աստիճան բղավեմ։

Եվ Ռոնին բղավեց սուր ու բարձր, ինչպես թռչուն։ Դա անզուսպ, հրճվագին ճիչ էր։ Այն տարածվեց հեռո՜ւ֊հեռու անտառների, սարերի ու գետիվրա։