Բաբելոնյան գրադարան

Գրապահարան-ից
Բաբլոնյան գրադարան

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

By this art you may
Contemplate the variation
Of the 23 letters…

The Anatomy of Melancholy, part 2, sect. II, mem IV[1]

Տիեզերքը, այլոք անվանում են Գրադարան, բաղկացած է ընդարձակ, գուցե և անհամար վեցանկյունաձև սրահներից, դրանց կենտրոնում որպես օդափոխիչ ծառայող հորերից` շրջապատված ոչ այնքան բարձր բազրիքներով: Սրահների դասավորությունն անփոփոխ է. բացի երկուսից, քսան դարակներ` յուրաքանչյուր պատի վրա հինգը, զբաղեցնում են սրահը, որի բարձրությունը մեկ հարկաչափ է, իսկ գրադարանի բարձրությունը սովորական գրադարանների չափ է:

Ազատ կողմերից մեկը տանում է դեպի նեղ միջանցք, ապա դուրս է գալիս մի այլ սրահ, որ մյուսի և բոլորի կրկնօրինակն է: Միջանցքի աջ և ձախ կողմերում երկու փոքրիկ սենյակներ կան: Մեկում հնարավոր է միայն ոտքի վրա քնել, մյուսում` բավարարել մարմնական կարիքները: Կից` պարույրաձև սանդուղքն է, որ մեկ տանում է դեպի վեր, մեկ` ներքև, և կորչում հեռվում: Միջանցքում ճշգրտորեն կրկնապատկող մի հայելի կա: Այդ հայելու գոյությունը մարդկանց եզրակացնել է տալիս, որ Գրադարանը անսահման չէ. (եթե իսկապես անսահման լիներ, ու՞մ էր պետք պատրանքային այդ կրկնությունը), ես նախընտրում եմ կարծել, որ ողորկ մակերեսները ձևավորում և խոստանում են անսահմանություն…

Լույսը բխում է ապակյա վարսանդ հիշեցնող կլոր, լամպ կոչվող ջահերից: Ամեն մի վեցանկյունում երկու հատ կա` յուրաքանչյուրը հակադիր պատից կախված: Նրանց արձակած անբավարար լույսը երբեք չի մարում: Գրադարանի յուրաքանչյուր մարդու պես ես էլ եմ ճամփորդել երիտասարդությանս օրերին:

Ուխտագնացության ընթացքում որոնել եմ մի գիրք, գուցե քարտարանների քարտարանը, այժմ, երբ աչքերս չեն կարողանում գրածս կարդալ, իմ ծննդավայր վեցանկյունուց մի քանի մղոն հեռավորության վրա պատրաստվում եմ մեռնել: Երբ կմահանամ, ինչ-որ բարեգութ ձեռքեր ինձ կնետեն փոսը, և գերեզմանս անթափանցելի օդը կլինի, մարմինս դանդաղորեն կիջնի և քայքայվելով ցրիվ կգա իմ անվերջանալի անկումից առաջացած քամուց: Ես հավաստում եմ, որ Գրադարանը անսահման է: Իդեալիստներն ասում են, թե վեցանկյունաձև սրահները բացարձակ տարածության անհրաժեշտ ձևն են, կամ գոնե` տարածության մեր զգացումը:

Նրանք ենթադրում են, որ եռանկյունաձև կամ հնգանկյունաձև սրահն անըմբռնելի է: (Միստիկները հավատացնում են, որ էքստազի մեջ նրանց հայտնվում է մի գնդաձև սրահ, ուր պատերին հասնող, կլորավուն, անվերջանալի կողեզրով մի գիրք կա, սակայն նրանց վկայությունը կասկածելի է, և մութ են նրանց խոսքերը: Այդ ոլորտների գիրքը Աստված է):Առայժմ կարելի է բավարարվել դասական բանաձևով. Գրադարանը գունդ է, որի ճշգրիտ կենտրոնը որևէ վեցանկյունի է, իսկ մակերեսը` անմատչելի է:

Յուրաքանչյուր վեցանկյունու յուրաքանչյուր պատին համապատասխանում են հիգ դարակներ, յուրաքանչյուր դարակ իր մեջ պարունակում է երեսուներկու նույն չափսի գիրք, յուրաքանչյուր գիրք բաղկացած է չորս հարյուր տասը էջից, յուրաքանչյուր էջ` քառասուն տողից, յուրաքանչյուր տող` մոտավորապես ութսուն սև գույնի տառերից: Տառեր կան նաև գրքերի եզրակողերին, այդ տառերը, սակայն, չեն նշում կամ հուշում էջերի բովանդակությունը: Գիտեմ, որ այդ անհամապատասխանությունը մի ժամանակ խորհրդավոր էր թվում: Եզրակացություն անելուց առաջ (որը, չնայած նույնիսկ իր ողբերգական հեռանկարին, գուցե և այս պատմության մեջ հիմնականն է) ուզում եմ մի քանի աքսիոմաներ հիշեցնել:

Առաջին` Գրադարանը գոյություն ունի ab aeterno[2]: Այս ճշմարտությանը, որի անմիջական հետևությունն աշխարհի ապագա հավերժությունն է, ոչ մի առողջ դատողություն չի կարող կասկածել: Մարդը` անկատար գրադարանավարը, կարող է բախտի կամ չարանենգ հանճարների ստեղծագործությունը լինել, իսկ նրբագեղ դարակներով, խորհրդավոր հատորներով, ճամփորդների համար անվերջանալի աստիճաններով, նստակյաց գրադարանավարների համար նախատեսված արտաքնոցներով տիեզերքը միայն աստվածային արարչություն է: Աստվածայինի և մարդկայինի միջև եղած տարբերություններն ընկալելու համար բավական է գրքի եզրակողին իմ դողդոջուն ձեռքի խզբզած կոշտ ու կոպիտ այս խորհրդանիշները համեմատել ներսի ներդաշնակ, ճշգրիտ, նուրբ, սև, անընդօրինակելիորեն համաչափ տառերի հետ:

Երկրորդ` գրության նշանների քանակը քսանհինգ է[3]: Այդ փաստարկումը թույլ տվեց երեք հարյուր տարի առաջ բանաձևել Գրադարանի մասին ընդհանուր մի տեսություն և բավարար կերպով լուծել մինչ այդ անլուծելի համարվող խնդիրը` գրքերի, առանձին-առանձին յուրաքանչյուր գրքի մութ և անկազմակերպ բնույթը: Տասնհինգի իննսունչորսերորդ վեցանկյունում հայրս մի գիրք հայտնաբերեց, որը բաղկացած էր միմիայն MCV տառերից, որոնք կարծես դիտավորյալ կրկնվում էին գրքի առաջին տողից մինչև վերջինը: Մեկ ուրիշը (այդ վայրերում հաճախակիորեն ուսումնասիրված մի գիրք) ինքնին տառերի մի լաբիրինթոս է, սակայն նախավերջին էջում ասվում է. «Օ ժամանակ, քո բուրգերը»:

Հայտնի բան է, որ իմաստավորված մի տողի կամ ճշգրիտ մի տեղեկության կողքին լինում են հազարավոր անմտություններ, խոսքային անպետքությունների խառնակույտեր և անտրամաբանական անհեթեթություններ: (Ինձ հայտնի է մի վայրի տեղը, ուր գրադարանավարներն հրաժարվել են գրքերի մեջ իմաստ որոնելու նախապաշարումից ու ունայն սովորությունից, կարծելով, թե դա նույնն է, ինչ երազների կամ ձեռնափերի գծերի մեջ իմաստ որոնելը: Նրանք ընդունում են, որ գրեր հորինողները դրանք ընդօրինակել են բնական քսանհինգ նշաններից, սակայն պնդում են, որ դրանց կիրառությունը պատահական է, և գրքերն ինքնին ոչինչ չեն նշանակում: Այս դատողությունը, ինչպես հետո կտեսնենք, անհիմն չէ):

Երկար ժամանակ կարծում էին, որ այդ անհասկանալի գրքերը կարող էին գրված լինել անցյալի մի հնագույն կամ էկզոտիկ լեզվով: Ճիշտ է, հնագույն մարդիկ` առաջին գրադարանավարները, այլ լեզու են գործածել, բայց ճիշտ է նաև, որ մի քանի մղոն դեպի աջ` լեզուն բարբառային է, իսկ իննսուն հարկ վերև` անհասկանալի: Այդ ամբողջը, կրկնում եմ, ճիշտ է, սակայն անփոփոխական MCV-ի չորս հարյուր էջերը չեն կարող պատկանել ոչ մի լեզվի, որքան էլ սա բարբառային կամ պարզունակ լինի: Ոմանք անուղղակիորեն ակնարկեցին, որ յուրաքանչյուր տառ կարող է ազդել հաջորդի վրա, և որ MCV-ի նշանակությունը 71-րդ էջի երրորդ տողում մի այլ էջի այլ դիրքում գտնվողի արժեքը չի կարող ունենալ, բայց այդ անորոշ տեսությունը հաջողություն չունեցավ: Ոմանք էլ կարծեցին, թե գաղտնագրություն է. այդ կռահումը համաշխարհային ընդունելություն գտավ, բայց ընդունվեց հնարողների կողմից չկանխատեսված իմաստով: Հինգ հարյուր տարի առաջ վերին վեցանկյուններից մեկի գրադարանավարը[4] մյուսների պես խառնափնթոր, բայց գրեթե երկու թերթ համաչափ տողեր ունեցող մի գիրք հայտնաբերեց: Իր հայտնությունը ցույց տվեց թափառական մի վերծանողի, սա ասաց, որ այդ տողերը գրված են պորտուգալերեն, սակայն ոմանք պնդեցին, որ լեզուն եբրայերեն է: Մի դար չանցած կարողացան ճշտել, որ այն գուարանիի սամոյեդո – լիտվական մի բարբառ է, որ կրել է դասական արաբերենի ազդեցությունը: Բովանդակությունն էլ պարզվեց` համակցական վերլուծության գաղափարներ, անսահման կրկնությամբ տարբերակների օրինակներով պարզաբանված: Այդ օրինակները թույլ տվեցին, որ հանճարեղ մի գրադարանավար հայտնաբերեր գրադարանի գլխավոր օրենքը:

Այս մտածողը նկատեց, որ բոլոր գրքերը, որքան էլ իրարից տարբեր, բաղկացած են միևնույն տարրերից` տառերի միջև ընկած տարածություն, վերջակետ, ստորակետ, այբուբենի քսաներկու տառ: Գրադարանավարն ակնարկեց ևս մի հանգամանք, որ հաստատել են բոլոր ճամփորդները` հսկայական Գրադարանում երկու նույնանման գրքեր չկան : Այդ անվիճելի նախադրյալներից ելնելով եզրակացրեց, որ Գրադարանը համընդգրկուն է, և որ դարակները պարունակում են քսանից ավելի գրության նշանների բոլոր հնարավոր կապակցությունները (շատ մեծ, բայց ոչ անսահման մի թիվ), այսինքն` այն ամենը, ինչ հնարավոր է ասել գոյություն ունեցող բոլոր լեզուներով:

Ամբողջը` ապագայի մանրակրկիտ պատմությունը, հրեշտակապետների ինքնակենսագրությունը, Գրադարանի իսկական քարտարանը, հազարավոր կեղծ քարտարաններ, այդ քարտարանների կեղծությունն հաստատող գործեր, իսկական քարտարանի կեղծիքն ապացուցող մի ստեղծագործություն, Բասիլիդեսի գնոստիկական ավետարանը, այդ ավետարանի մեկնությունը, այդ ավետարանի մեկնության մեկնությունը, քո սեփական մահվան ճշգրիտ պատմությունը, յուրաքանչյուր գրքի բոլոր տարբերակները` բոլոր լեզուներով, յուրաքանչյուր գրքից մեջբերումներ` բոլոր գրքերում:

Երբ ազդարարվեց, որ Գրադարանը պարունակում է բոլոր գրքերը, առաջին զգացողությունը անզուսպ ուրախությունն էր: Յուրաքանչյուր մարդ ինքն իրեն անձեռնմխելի ու գաղտնի մի գանձի տեր զգաց: Գոյություն չուներ անհատական կամ համաշխարհային որևէ խնդիր, որ իր լուծումը չունենար Գրադարանի որևէ վեցանկյուններից մեկում: Տիեզերքն իմաստ ձեռք բերեց, վիթխարիացավ, ինչպես հույսը: Այդ ժամանակահատվածում շատ խոսվեց Արդարացումների մասին. ջատագովական ու մարգարեական այդ գրքերը հավերժության համար արդարացնում են յուրաքանչյուր մարդու արարքներն ու նրանց ապագայի համար պահում հրաշալի գաղտնիքներ: Հազարավոր ագահներ, իրենց արդարացումը որոնելու ունայն մտադրությամբ, լքեցին իրենց քաղցր ծննդավայրերն ու նետվեցին աստիճաններն ի վեր:

Այդ ուխտավորներն սկսեցին վիճել նեղ միջանցքներում, իրար նզովեցին, իրար խեղդեցին աստվածային աստիճաններին, նրանք թունելների խորքերը նետեցին խաբուսիկ գրքերը, նրանք ցած գլորվեցին հեռավոր վայրերում բնակվող մարդկանց կողմից: Նրանցից շատերը գժվեցին… Արդարացումներ գոյություն ունեն (ես անձամբ տեսել եմ երկուսը, որոնք վերաբերում էին ապագայի` գուցե և ոչ երևակայական մարդկանց), սակայն որոնողները մոռացել են, որ սեփական Արդարացումը կամ նրա չարանենգ տարբերակը գտնելու հնարավորությունը հավասար է զրոյի:

Նաև ակնկալվեց մարդկային հիմնական խորհուրդների` Գրադարանի և ժամանակի ծագման պարզաբանությունը: Անհավանական չէ մտածել, որ հնարավոր է բառերով բացատրել այդ լուրջ խորհուրդները, և եթե փիլիսոփաների լեզուն չբավարարեր, բազմաձև Գրադարանը հնարած կլիներ պահանջված արտառոց լեզուն, նույնիսկ այդ լեզվի բառապաշարն ու քերականությունը: Արդեն չորս դար է, ինչ մարդիկ քջջում են վեցանկյունիները… Կան նաև պաշտոնական որոնողներ` հավատաքննիչներ: Ես տեսել եմ նրանց աշխատանքը. գալիս են հոգնած, պատմում անավարտ աստիճանների մասին, որոնց վրա քիչ էր մնացել ջարդուփշուր լինեին, գրադարանավարների հետ զրուցում են սրահների ու աստիճանների մասին, մեկ – մեկ վերցնում են ամենամոտիկ գիրքն ու թերթում` նրա էջերում ինչ-որ պիղծ բաներ որոնելով: Ակնհայտ է, որ ոչ ոք որևէ բան հայտնաբերելու հույս չունի:

Բնականաբար անսահման հույսին հաջորդեց չափազանցված հուսահատությունը: Անտանելի էր գիտակցել, որ ինչ-որ վեցանկյունում ինչ-որ դարակ պարունակում է թանկարժեք գրքեր, և որ այդ գրքերն անմատչելի են: Մի պիղծ աղանդ առաջարկեց դադարեցնել բոլոր որոնումները և զբաղվել այդ կանոնիկ գրքերի դասակարգմամբ այնպես, որ անհավանական, բախտի քմահաճույքով միախառնված տառերն ու նշանները նոր վերադասավորում ստանան: Իշխանությունը ստիպված խիստ կարգադրությունների դիմեց: Աղանդն անհետացավ, սակայն մանկությանս օրերին արտաքնոցներում թաքնված ծերունիների եմ տեսել, որոնք արգելված սկահակներում մետաղյա խորանարդիկներով փորձում էին օրինակել աստվածային քմահաճույքը: Ուրիշները կարծում էին, որ գլխավորը անօգուտ գործերի ոչնչացումն է: Ներխուժում էին վեցանկյունիները, ցույց տալիս ոչ միշտ կեղծ փաստաթղթեր, տաղտուկով թերթում էին մի ժողովածու ու բանադրում մի ամբողջ դարակ. միլիոնավոր գրքերի անիմաստ կորուստը նրանց մաքրասիրության, ճգնավորական մոլեգնության հետևանքն էր: Նրանց անունն անիծված է, սակայն ովքեր ողբում են նրանց ոչնչացրած «գանձերը», անտեսում են երկու կարևոր հանգամանք:

Առաջին` Գրադարանն այնքան մեծ է, որ մարդու պատճառած յուրաքանչյուր վնաս անսահմանորեն փոքր է: Մյուսը` յուրաքանչյուր օրինակ եզակի է, անփոխարինելի, սակայն (քանի որ Գրադարանն համընդգրկուն է) գոյություն ունեն ստեղծագործությունների հարյուր-հազարավոր անկատար նմանօրինակները, որոնք միայն մի տառով կամ մի ստորակետով են իրարից տարբերվում: Ընդհանուր կարծիքի դեմ համարձակվում եմ պնդել, որ մաքրագործողների կատարած ավարառությունները չափազանցված են նրանց մոլեգնության պատճառած սարսափից: Բոսորագույն Վեցանկյունու գրքերը նվաճելու տենչանքն էր մղում նրանց. այդ գրքերը սովորականից փոքր, սակայն ամենակարող էին, պատկերազարդ և մոգական:

Հայտնի է նաև այդ ժամանակներում տարածված մի այլ սնոտիապաշտություն` Գրքի Մարդը: Ինչ-որ վեցանկյունու ինչ-որ դարակում (կարծեցին մարդիկ) պետք է գոյություն ունենա մի գիրք, որ բոլոր մնացածների բուն էություն ու համառոտագրությունը կլինի, ինչ-որ գրադարանավար կարդացել է այդ գիրքը, և նա հավասարվել է Աստծուն: Այս շրջանի լեզվում պահպանվում են այդ հնագույն աշխատողի պաշտամունքի հետքերը: Շատերը ճամփա ելան Նրան որոնելու: Մի դարի չափ զուր չափչփեցին ամենատարբեր տեղեր: Ինչպե՞ս գտնել Նրա բնակավայրը հանդիսացող սրբազան և գաղտնի վեցանկյունին: Մեկը հետադիմական մի մեթոդ առաջարկեց. A գիրքը գտնելու համար պետք է այն որոնել B գրքում, որը ցույց կտա A-ի տեղը,B գիրքը գտնելու համար դիմել մի C գրքի, և այդպես մինչև անվերջություն... Այդպիսի պարապ խաղերում եմ շռայլել ու վատնել կյանքս: Ինձ հավանական է թվում, որ տիեզերքի դարակներից որևէ մեկում գոյություն կունենա համընդգրկուն մի գիրք [5]:

Անհավատները պնդում են, որ Գրադարանում բնականը խելացնորությունն է, իսկ խելամտությունը (և նույնիսկ համեստ կապակցված) գրեթե հրաշալի բացառություն է: Խոսում են (լսել եմ) «տենդագին Գրադարանի մասին, ուր բախտի քմահաճույքին թողնված հատորները անընդմեջ վերադասավորմամբ փոխում են իրենց ձևերը, ամեն ինչ հաստատում, մերժում ու խառնում, որպես ցնորված մի աստվածությունե: Այդ բառերը, որ ոչ միայն մատնանշում են անկարգությունը, այլ օրինակում, ակնհայտորեն փաստում են նրանց անճաշակությունն ու անհուսալի տգիտությունը: Գրադարանն իսկապես ընդգրկում է լեզվական բոլոր կառույցներն ու գրության քսանհինգ նշանների բոլոր հնարավոր տարբերակները, բայց ոչ երբեք կատարյալ անմտությունը: Հավանաբար իմաստ չունի ասել, որ իմ վարած բազմաթիվ վեցանկյունիների ամենալավ ժողովածուն վերնագրված է «Սանրված որոտե, և մեկ ուրիշը` «Գաջային ջղաձգումըե, և մեկ այլը` «Աքսաքսաքսաս մլյոե:

Առաջին հայացքից անհեթեթ թվացող այս վերնագիրը անկասկած կարող են թաքուն կամ այլաբանական իմաստ ունենալ. այդ իմաստը գրառված է և ex hypotesy արդեն գոյություն ունի Գրադարանում: Չեմ կարող այնպիսի նշաններ կապակցել, ինչպես օրինակ` դհցմրչդյ, որոնք կանխատեսված չլինեն աստվածային Գրադարանում, որոնք նրա գաղտնի լեզուներից մեկնումեկում ինչ-որ սարսափելի իմաստ չպարունակեն: Ոչ ոք չի կարող ոչ մի վանկ հոդավորել, որը միևնույն ժամանակ և՛ փաղաքշանք, և՛ երկյուղ չպարունակի, ու այդ լեզուներից մեկնումեկում ինչ-որ աստվածության անունը չլինի: Խոսել` նշանակում է ընկղմվել նույնաբանության մեջ: Այս անօգուտ ու բառաշատ նամակն արդեն գոյություն ունի անհամար վեցանկյունիներից մեկի հինգ դարակների երեսուն գրքերից մեկնումեկում, ինչպես նաև սրա հերքումը: (Հնարավոր լեզուների մի n թիվ գործածում է նույն բառապաշարը, մի քանիսում Գրադարան բառը թույլ է տալիս ճշմարիտ բնորոշում. «վեցանկյուն սրահների ընդգրկուն և կայուն համակարգե, բայց այդ դեպքում Գրադարանը նշանակում է «հացե կամ «բուրգե, կամ որևէ այլ բան, և նրան սահմանող յոթ բառերն այլ իմաստ ունեն: Դու, որ ընթերցում ես այս տողերը, համոզվա՞ծ ես, որ հասկանում ես լեզուս): Գրելու սովորությունը ինձ շեղում է մարդկային ներկայիս վիճակից: Այն համոզմունքը, թե ամեն ինչ գրված է, ոչնչացնում է մեզ կամ տեսիլք դարձնում: Շրջաններ գիտեմ, ուր երիտասարդները երկրպագում են գիրքը և բարբարոսաբար համբուրում նրանց էջերը, սակայն այդ գրքերում ոչ մի տառ անգամ չեն կարող կարդալ: Վարակիչ հիվանդությունները, աղանդավորական վեճերը, ավազակության վերածված ուխտագնացությունները տասնապատիկ նվազեցրել են բնակչության թիվը: Կարծեմ տարեցտարի ավելացող ինքնասպանություններն արդեն նշել եմ: Գուցե ծերությունն ու վախը խաբում են ինձ, սակայն ինձ թվում է, որ մարդկային ցեղը- միակը- ոչնչանալու է, իսկ Գրադարանը հարատևելու է` լուսավորված, անբնական, անվերջանալի, կատարելապես անշարժ, թանկագին հատորներով հարուստ, անօգուտ, անապական, խորհրդավոր:

Գրեցի անվերջանալի: Այդ ածականը առ հռետորություն սիրատածում չէ, պնդում եմ, որ անտրամաբանական չէ մտածել, թե աշխարհն անվերջանալի է: Այն վերջավոր համարողներն ասում են, որ հեռավոր վայրերում միջանցքները, աստիճաններն ու վեցանկյունիները անհայտ պատճառներով կարող են չլինել. դա անհեթեթ է: Այն անսահման պատկերացնողները մոռանում են, որ սահմանափակ է հնարավոր գրքերի քանակը: Ես համարձակվում եմ առաջարկել հին խնդրի հետևյալ լուծումը` Գրադարանն անսահման է և պարբերական: Եթե հավերժական թափառականը անցնի գրադարանով և գնա որևէ ուղղությամբ, դարերի ընթացքում կփաստի, որ միևնույն հատորները կրկնվում են նույն անկարգությամբ (որն իհարկե կրկնություն լինելով, ի վերջո կարգ կդառնա` Կա՛րգ): Այդ նուրբ հույսը զարդարում է իմ մենությունը[6]:

Ծանոթագրություններ

  1. «Այս արվեստը թույլ կտա ձեզ մտահայել քսաներեք տառերի տարբեր համակցությունները…ե,«Մելամաղձության կազմախոսությունը», մաս 2, բաժին II, գլ. IV(անգլ.):
  2. Հավերժորեն (լատ.):
  3. Ձեռագրում բացակայում են թվերն ու գլխատառերը: Կետադրությունը սահմանափակված է միայն ստորակետով և վերջակետով: Այդ երկու նշանները, տառերի միջև ընկած տարածությունն ու այբուբենի քսաներկու տառերը կազմում են անծանոթի թվարկած քսանհինգ նշանները (ծան. Բորխեսի հրատարակչի.-ծան. խմբ.):
  4. Առաջ ամեն մարդու բաժին էր հասնում երեք վեցանկյունի: Ինքնասպանություններն ու թոքերի հիվանդությունները խախտել են այդ կարգը: Անասելիորեն տխուր է խոստովանել, որ հաճախ, երկար գիշերներ ճամփորդել եմ ողորկ միջանցքներով ու սրահներով և ոչ մի գրադարանավարի չեմ հանդիպել (ծան. հեղ.):
  5. Կրկնում եմ, բավական է, որ որևէ գիրք հնարավոր լինի, և այն գոյություն կունենա: Միայն անհնարինն է բացառված: Օրինակ, ոչ մի գիրք չի կարող միևնույն ժամանակ աստիճան լինել, սակայն անկասկած գոյություն ունեն գրքեր, որոնք վիճարկում, ժխտում և ապացուցում են այդ հնարավորությունը, և կան գրքեր, որոնց կառուցվածքը համապատասխանում է աստիճանի կառուցվածքին (ծան. հեղ.):
  6. Լետիսիա Ալվարես դե Տոլեդոն նկատել է, որ այդ մեծ Գրադարանն ավելորդ է, թե բավարար կլիներ սովորական չափսի անսահմանորեն բարակ էջերից բաղկացած մեն մի հատոր (Կավալյերին XVIIդարի սկզբին ասել է, որ կարծր մարմինը բաղկացած է անվերջ թվով հարթություններից): Այս մետաքսյա wademecum-ի գործածությունը հարմար չէր լինի, և ամեն մի էջ կերկատվեր համանման էջերի, ու անհասանելի միջնաէջը հակառակ կողմ չէր ունենա: