Changes

Բարթլբի գրագիրը

Ավելացվել է 20 737 բայտ, 20:57, 28 Դեկտեմբերի 2018
― Ահա եկավ․․․ նա՛ է,― բացականչեց առջևի կանգնածը․ նա վերջերս ինձ այցելած իրավաբանն էր։
 
― Դուք, սը՛ր, պարտավոր եք անմիջապես տանել նրան,― գոռաց խմբի ամենագերը, որ Ուոլ֊Սթրիթի ․․․ համարի տան տերն էր։― Այս պարոնները՝ իմ վարձակալները, այլևս չեն համբերում։ Միսթր Բ․․ը,― նա մատնացույց արեց իրավաբանին,― նրան դուրս է արել, իսկ նա ուրվականի պես չի հեռանում․ ցերեկը նստում է աստիճանների բազրիքին, գիշերը քնում է մուտքի մոտ։ Բոլորն անհանգստանում են․ հաճախորդները խուսափում են գրասենյակից, մնում է, որ ամբոխ հավաքվի։ Դուք պետք է ինչ֊որ բան անեք, այն էլ՝ անհապաղ։
 
Այս հղեղից շվարած՝ ես ընկրկեցի և մեծ հաճույքով կփակվեի իմ նոր գրասենյակում։ Իզուր էի պնդում, թե Բարթլբին ինձ հետ ոչ մի կապ չունի կամ այնքան կապ ունի, որքան ներկաներից յուրաքանչյուրի հետ։ Իզո՜ւր։ Չէ որ վերջին անգամ ես էի նրա հետ գործ ունեցել, և հիմա մարդիկ ինձնից հաշիվ էին պահանջում։ Վախենալով, որ իմ դեմ կարող են գործ հարուցել (ինչպես ներկաներից մեկն աղոտ կերպով սպառնաց), ես մտովի քննարկեցի հարցը և ի վերջո ասացի, որ եթե իրավաբանն իր գրասենյակում թույլ տա գրագրի հետ առանձին խոսել, ապա հենց նույն օրը ամեն ինչ կանեմ նրան ազատելու այդ տհաճ անձնավորությունից։
 
Վերադարձանք իմ հին գրասենյակը։ Բարթլբին լուռ նստած էր աստիճանների բազրիքին։
 
― Բարթլբի, ի՞նչ ես անում այստեղ։
 
― Նստած եմ բազրիքին,― հանգիստ պատասխանեց նա։
 
Ես նրան հրավիրեցի իրավաբանի սենյակը, վերջինս մեզ մենակ թողեց։
 
― Բարթլբի,― ասացի ես,― գիտակցո՞ւմ ես, որ ինձ նեղություն ես պատճառում, գրասենյակն այլևս մերը չէ, իսկ դու համառորեն դուրս չես գալիս։
 
Ոչ մի պատասխան։
 
― Հիմա երկու բան կարող է պատահել․ կամ դու պիտի ինչ֊որ բան անես, կամ քեզ հետ ինչ֊որ բան կանեն։ Հիմա ի՞նչ գործ կուզենայիր անել։ Կուզենայի՞ր որևէ մեկի գրագիրը լինել։
 
― Ոչ, ես գերադասում եմ այստեղ մնալ։
 
― Ուզո՞ւմ ես կտորեղենի խանութում գործակատար աշխատել։
 
― Դա գործ չէ, այլ՝ բանտարկություն։ Ոչ, գործակատար աշխատել չեմ ուզում, չնայած ես բծախնդիր չեմ։
 
― Բանտարկությո՜ւն,― բացականչեցի ես,― դու ի՛նքդ ես քեզ բանտարկել։
 
― Ես գերադասում եմ գործակատար չաշխատել,― կրկնեց Բարթլբին, ասես, մեկընդմիշտ փակելով այդ հարցը։
 
― Բուֆետապանի գործը հարմա՞ր է։ Այդ գործի համար պարտադիր չէ սուր տեսողություն ունենալ։
 
― Ոչ, հարմար չէ, չնայած, կրկնում եմ, ես բծախնդիր չեմ։
 
Նրա հազվագյուտ շատախոսությունը ոգևորեց ինձ։ Ես կրկին դարձա խնամատարությանը։
 
― Լավ։ Ուզո՞ւմ ես ճանապարհորդել երկրով և վաճառականների համար պատվերներ հավաքել։ Սա բարերար ներգործություն կունենա քո առողջության վրա։
 
― Ոչ, ուրիշ բան կգերադասեի։
 
― Ուզո՞ւմ ես Եվրոպա մեկնել որպես առևտրական ընկերության անդամ, որևէ երիտասարդ պարոնի կզբաղեցնես զրույցով։ Հարմա՞ր է։
 
― Ամենևին։ Չեմ կարծում, թե դա լուրջ գործ է։ Ես նստակյաց գործ կուզենայի։ Բայց բծախնդիր չեմ։
 
― Նստակյաց գործ ես ուզում՝ կունենաս,― համբերությունս կորցնելուց գոռացի ես, և առաջին անգամ մեր հարաբերություններում կորցրի ինքնատիրապետումս։― Եթե հենց այսօր չհեռանաս այս գրասենյակից, ես ինձ պարտավորված կզգամ․․․ ո՛չ, ես պարտավոր եմ․․․ ինքս հեռանալ։
 
Այսպես անիմաստ կերպով եզրափակեցի․ ի՞նչ սպառնալիքով կարելի էր նրա անհողդողդությունը վերածել պատրաստակամության։ Բոլոր հետագա ջանքերից հուսահատված՝ ես փութով դուրս էի գաիս, երբ գլխումս մի նոր միտք ծագեց, չնայած առաջ էլ մտածել էի այդ մասին։
 
― Բարթլբի,― ասացի ես վերին աստիճանի քաղաքավարի, որ հնարավոր էր նման հանգամանքներում,― տուն կգա՞ս ինձ հետ, ոչ թե գրասենյակ, այլ՝ իմ բնակարանը։ Կմնաս այնտեղ, մինչև մի հարմար գործ գտնենք։ Գնա՛նք՝, հենց հիմա։
 
― Ո՛չ, առայժմ ես գերադասում եմ այստեղ մնալ։
 
Այլևս ոչնչ չասացի։ Խույս տալով բոլորից՝ փութով դուրս նետվեցի շենքից, Ուոլ֊Սթրիթից վազեցի մինչև Բրոդվեյ և ինձ գցելով առաջին հանդիպած հանրակառքը՝ ազատվեցի հետապնդումից։ Քիչ անց, երբ հանդարտվեցի, պարզորոշ կերպով սկսեցի գիտակցել, որ արել եմ հնարավոր ամեն բան՝ թե՛ տանտիրոջն ու վարձակալներին և թե՛ իմ ցանկությունն ու պարտականության զգացումը բավարարելու, ինչպես նաև Բարթլբիին օգնելու և նրան հալածանքից պաշտպանելու համար։ Այժմ ես ջանում էի լինել ամբողջոովին անհոգ ու անվրդով, որի համար իմ խիղճն արդարացնում էր ինձ, չնայած, իհարկե, այնքան էլ չէր հաջողվում։ Այնպես էի վախենում գազազած տանտիրոջն ու նրա հուզված կենվորներին կրկին հանդիպելուց, որ ամբողջ գործը մի քանի օրով Աքցանին հանձնելով, նստեցի իմ կառքը, քաղաքից դուրս եկա արվարձան, անցա Ջերսի Սիթին ու Հոբոքենը և սկսեցի գաղտնի այցելություններ կատարել Մանհեթենվիլում և Ասթորիայում։ Իրականում որոշ ժամանակ կառքի մեջ էի ապրում։
 
Երբ գրասենյակ վերադարձա, գրասեղանիս վրա տանտիրոջից երկտող էր դրված։ Դողացող ձեռքերով բացեցի այն և տեղեկացա, որ տողերի հեղինակը ոստիկանություն է կանչել և Բարթլբիին՝ որպես շրջմոլիկի, տարել են «Գերեզմանոց» բանտը։ Ավելին, քանի որ բոլորից շատ ես եմ նրան ճանաչում, նա՝ տանտերը, ցանկանում է, որ ներկայանամ բանտ և համապատասխանաբար շարադրեմ փաստերը։ Դեպքերի նման ընթացքը հակասական ներգործություն ունեցավ․ սկզբում ես խիստ զայրացա, սակայն վերջում նույնիսկ հավանություն տվեցի կատարվածին։ Տանտիրոջ եռանդուն ու ամփոփ խառնվածքը ստիպել էր անել այն, ինչ ես երբեք չէի կարողանա անել։ Այդուհանդերձ, որպես վերջին միջոց, սա միակ քայլն էր նման պարագայում։
 
Ինչպես հետագայում իմացա, երբ Բարթլբիին հայտնել են, որ նրան բանտ են տանում, խեղճ գրագիրն ամենևին չի դիմադրել, այլ լուռ ու հանգիստ հնազանդվել է։ Կարեկցող ու հետաքրքրասեր մարդկանց խումբը միացել է Բարթլբիին և նրան տանող ոստիկանների խմբին, և անձամբ շքախումբն անցել է աղմկոտ, շոգ ու զվարթ փողոցներով։
 
Երկտողն ստանալու նույն օրը գնացի բանտ կամ ավելի ստույգ՝ Արդարադատության պալատ։ Համապատասխան մարդուն փնտրելով՝ հայտնեցի այցելությանս նպատակը և տեղեկացա, որ իմ նկարագրած անձը ներսում է։ Այդժամ պաշտոնյային սկսեցի հավատացնել, որ Բարթլբին միանգամայն ազնիվ մարդ է, որն արժանի է կարեկցանքի, չնայած շատ տարօրինակություններ ունի։ Ամեն ինչ պատմեցի և եզրափակեցի՝ առաջարկելով հնարավորին չափ ներողամիտ գտնվել նրա հանդեպ, մինչև որ մի բան արվի, չնայած ինքս էլ չգիտեի, թե ինչ կարելի է անել։ Ամեն դեպքում, եթե ուրիշ ոչինչ չվճռվի, աղքատանոցը պետք է որ ընդունի Բարթլբիին։ Հետո ես տեսակցություն խնդրեցի։
 
Քանի որ Բարթլբին անվնաս էր, նրան խիստ հսկողության տակ չէին առել, այլ թույլատրել էին ազատ շրջել բանտում, հատկապես՝ կանաչապատ բակում։ Այնտեղ էլ գտա նրան, մեն֊մենակ կանգնած, դեքով դեպի պատը, մինչև շուրջբոլորը, բանտի անձուկ պատուհաններից նրան էին նայում մարդասպանների և գողերի աչքերը։
 
― Բարթլբի։
 
― Ճանաչեցի ձեզ,― առանց շրջվելու ասաց նա։― Ձեզ հետ խոսելու ոչինչ չունեմ։
 
― Ես չեմ բերել քեզ այստեղ, Բարթլբի,― նրա կասկածանեն ինձ ցավ էր պատճառում։― Բացի այդ, քեզ համար սա այնքան էլ զազրելի վայր չէ։ Ամենևին վիրավորական չէ, որ դու այստեղ ես։ Շուրջդ նայիր, ի՞նչ մի վատ տեղ է՝ երկինք, կանաչապատ բակ․․․
 
― Ես շատ լավ գիտեմ, թե որտեղ եմ գտնվում,― պատասխանեց նա և այլևս չխոսեց։
 
Թողեցի նրան կաում ու մտա միջանցք, որտեղ ինձ կանգնեցրեց մի հաղթամարմին, գոգնոցավոր տղամարդ և մատնացույց անելով բակը՝ հարցրեց․
 
― Քո ընկե՞րն է։
 
― Այո։
 
― Որոշել է սովից մեռնե՞լ։ Եթե որոշել է, թող շարունակի բանտի աղքատիկ կերակուրն ուտել, էդքան բան։
 
― Ո՞վ եք դուք,― հարցրի ես շփոթված, առաջին անգամ էին ինձ նման վայրում դիմում նման ոչ պաշտոնական ձևով։
 
― Ես ճաշարանատերն եմ։ Էստեղի լավ պարոններն ինձ փող են տալիս, որպեսզի իրենց համար դրսից լավ սնունդ բերեմ։
 
― Ահա թե ինչ,― ասացի ես՝ դառնալով բանտապանին։
 
Վերջինս գլխով արեց։
 
― Բարի,― ասացի՝ ճաշարանատիրոջը մի քանի արծաթե մետաղադրամ տալով։― Խնդրում եմ հոգատար եղեք իմ ընկերոջ հանդեպ․ նրա համար ամենալավ սնունդը բերեք։ Եվ խնդրում եմ նրա հետվարվեք հնարավորին չափ քաղաքավարի։
 
― Ծանոթացրեք մեզ,― ասաց ճաշարանատերը․ նա այլևս չէր համբերում ցուցադրելու իր բարեկրթվածությունը։
 
Մտածելով, որ սա գրագրին օգուտ կլինի, համաձայնեցի․ հարցրի ճաշարանատիրոջ անունն ու նրա հետ մոտեցա Բարթլբիին։
 
― Բարթլբի, սա իմ բարեկամն է, նա միշտ կօգնի քեզ։
 
― Ձեր խոնարհ ծառան, սը՛ր, ձեր խոնարհ ծառան,― խոնարհվելով ասաց ճաշարանատերը։― Հուսով եմ, որ ձեզ համար այստեղ հաճելի է, սը՛ր, հիանալի բակ․․․ զով սենյակներ․․․ Հուսով եմ, որոշ ժամանակ կապրեք այստեղ․․․ հաճելի տեղ է։ Ի՞նչ կուզենայիք այսօր ճաշի համար։
 
― Գերադասում եմ այսօր չճաշել,― շուռ գալով ասաց Բարթլբին։― Վնասակար կլինի ինձ, ես սովոր չեմ ճաշերի։
 
Եվ Բարթլբին դանդաղ հեռացավ մեզնից դեպի բակի մյուս ծայրը ու կանգնեց պատի դիմաց։
 
― Ո՞նց թե,― շվարած ինձ դիմեց ճաշարանատերը։― Հո ցնդա՞ծ չէ։
 
― Կարծում եմ, մի քիչ խանգարվել է,― տխուր ասացի ես։
 
― Խանգարվե՞լ է, հա՞։ Ա՛յ քեզ բան։ Ես էլ կարծում էի, թե քո ընկերը դրամի զեղծարար է․ դրանք միշտ գունատ են ու մի տեսակ քաղաքավարի։ Խղճում եմ դրանց․ շատ եմ խղճում, սը՛ր։ Մոնրո Էդվարդսին գիտեի՞ք,― հոգնած հարցրեց նա, ապա կարճատև դադարից հետո ձեռքերը խղճմտանքով դրեց ուսիս և հառաչեց․― թոքախտից մեռավ, Սինգ֊Սինգում։ Ճանաչո՞ւմ էիք Մոնրոյին։
 
― Ոչ, ես զեղծարար ծանոթներ չունեմ։ Ես շտապում եմ։ Լավ նայեք բարեկամիս։ Չեք տուժի Ես ձեզ նորից կտեսնեմ։
 
Մի քանի օր հետո կրկին թույլտվություն ստացա այցելելու բանտ, միջանցքներում Բարթլբիին որոնեցի, բայց չգտա։
 
― Քիչ առաջ իր խցից դուրս եկավ,― ասաց բանտապաններից մեկը,― երևի բակում լինի։
 
Գնացի այդ ուղղությամբ։
 
― Այն լռակյաց մարդո՞ւն եք փնտրում,― հարցրեց իմ կողքով անցնող մեկ ուրիշ բանտապան։― Այնտեղ քնած է, բակում։ Քսան րոպե առաջ պառկեց։
 
Բակը բացարձակապես խաղաղ է։ Սովորական բանտարկյալներն այնտեղ մուտք չունեին։ Շրջապատող, զարմանալիորեն հաստ պատերը բոլոր ձայները խլացնում էին։ Քարաշինության եգիպտական ոճը ճնշում էր ինձ իր մռայլությամբ, սակայն ոտքերի տակ փափուկ խոտ էր աճած։ Հավերժական բուրգերի ոգին ասես չքվել էր ինչ֊որ կախարդանքով, ճեղքերի միջով կամ սերմնահատիկ գցող թռչունների հետ․․․
 
Տեսա հյուծված Բարթլբիին, պատի տակ կծկված, ծնկները կրծքին սեղմած, կողքի պակած և գլուխը դրած սառը քարին։ Սակայն ոչ մի շարժում։
 
Ես կանգ առա, հետո մոտեցա նրան, կռացա և տեսա, որ նրա մշուշոտ աչքերը բաց են, այլապես նա խորը քնած էր թվում։ Հպվեցի նրան, շոշափեցի ձեռքը, և ամբողջ մարմնովս այրող սարսուռ անցավ։
 
Հանկարծ հայտնվեց ճաշարանատիրոջ կլոր դեմքը։
 
― Նրա ճաշը պատրաստ է։ Այսօ՞ր էլ չի ճաշելու, թե՞ օդով է սնվում։
 
― Օդով է սնվում,― ասացի՝ փակելով Բարթլբիի աչքերը։
 
― Քնա՞ծ է։
 
― Թագավորների ու երկրի խորհրդականների հետ,― մրմնջացի ես։
 
 
Երևի այլևս կարիք չկա շարունակելու այս պատմությունը։ Երևակայությունը պատրաստակամորեն կմեկնի տարաբախտ Բարթլբիին հողին հանձնելու աղքատիկ ծեսը Բայց և այնպես, նախքան ընթերցողից բաժանվելը, թող ինձ թույլ տրվի ասելու, որ եթե այս պատմությունը հուզեց նրան, հետաքրքրություն արթնացրեց Բարթլբիի ով լինելու կամ նրա նախկին կյանքի և ապրելակերպի վերաբերյալ, ապա միան կարող եմ պատասխանել, որ ես ինքս լիովին կիսում եմ այդ հետաքրքրասիրությունը, չնայած անզոր եմ այն բավարարաելու։ Չգիտեմ, հարմա՞ր է արդյոք այստեղ հրապարակել մի փոքրիկ ասեկոսե, որն ականջիս հասավ գրագրի մահից մի քանի ամիս հետո։ Թե որքանով էր այն հավաստի՝ այդպես էլ չկարողացա հաստատել․ այնպես որ իրականությունը չեմ երաշխավորում։ Սակայն, քանի որ այդ խոսքուզրույցը, որքան էլ տխուր լինի, անչափ հետաքրքրում է ինձ, ուրիշներին ևս կարող է հետաքրքրել։ Հակիրճ ներկայացնեմ այն․ Բարթլբին աշխատելիս է եղել Վաշինգտոնի «Չստացված նամակներ» գրասենյակում՝ որպես ստորադրյալ գրավար, և ղեկավարության փոփոխության պատճառով հանկարծակի զրկվել է իր աշխատանքից։ Ես չեմ կարող նկարագրել իմ հուզմունքը։ Չստացված նամակներ։ Այդ բառերը հնչում են չստացված կյանքների պես։ Պատկերացրեք մեկին, որն իր խառնվածքով ու ճակատագրով հակված է դալուկ հուսահատությանը։ Ի՞նչ աշխատանք կարող է ավելի խորացնել նրա վիշտը, քան չստացված նամակները կրակին հանձնելը։ քանզի այդ նամակները հավաքվում են և տարվա վերջին հանձնվում կրակին։ Երբեմն ծալած թղթերի միջից գունատ գործակատարը մատանի է գտնում (իսկ այն մատը, որի համար նախատեսված է եղել մատանին, գուցե արդեն հող է դարձել) կամ գտնում է որպես ողորմածություն ուղարկված թղթադրամ՝ մեկին, որն զգում էր դրա կարիքը, սակայն հիմա ո՛չ ուտում է, ո՛չ սովի մատնվում, թողություն նրանց, ովքեր հուսահատության մեջ մեռան, հույս նրանց, ովքեր մեռան անհույս, բարի լուրեր՝ նրանց, ովքեր մեռան՝ խեղդվելով անամոք դժբախտությունից․․․ Կյանքի հանձարարությամբ ուղարկված՝ այս նամակները դեպի մահ են փութում։
 
Ախ, Բարթլբի։ Ախ, մարդկային ցեղ։