Բլուրներն ինչպես սպիտակ փղեր

Գրապահարան-ից
19:38, 9 Հուլիսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բլուրներն ինչպես սպիտակ փղեր

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Սարգիս Փանոսյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ»_(1_հատոր)


Էբրոյի[1] դաշտավայրը եզերող բլուրները երկար էին ու սպիտակ։ Այս մասում ոչ ծառեր կային եւ ոչ էլ ստվեր, ու կայարանն ընկած էր արեւի տակ՝ երկու երկաթուղիների միջեւ։ Կայարանի դիմաց շենքի հեղձուցիչ ստվերն էր։ Խորտկարանի դռնից, ճանճերից պաշտպանվելու համար բամբուկի փայտիկներից վարագույր էր կախված։ Ամերիկացին մի աղջկա հետ նստեց դրսի ստվերում՝ սեղանի մոտ։ Խիստ շոգ էր, իսկ ճեպընթացը Բարսելոնայից գալու էր քառասուն րոպե հետո։ Այստեղ այն կանգնում էր երկու րոպե, ապա մեկնում Մադրիդ։

— Ի՞նչ էինք խմելու,— հարցրեց աղջիկը։ Նա հանել էր գլխարկը եւ դրել սեղանին։

— Անտանելի շոգ է,— ասաց տղամարդը։

— Արի գարեջուր խմենք։

— Dos cervezas[2], — վարագույրի ետեւից ձայն տվեց տղամարդը։

— Միանգամից մեծո՞վ,— հարցրեց մի կին խորտկարանի մուտքից։

— Այո։ Երկու մեծ գավաթով։

Կինը երկու գավաթ գարեջուր եւ թաղիքե երկու տակդիր բերեց։ Նա դրանք դրեց սեղանին եւ նայեց տղամարդուն ու աղջկան։ Աղջիկը նայում էր բլուրների շարքին։ Արեւի տակ նրանք սպիտակ էին, իսկ շուջրն ամեն ինչ գորշավուն էր ու չոր։

— Նրանք նման են սպիտակ փղերի,— ասաց աղջիկը։

— Ես երբեք չեմ տեսել,— տղամարդը խմեց իր գարեջուրը։

— Դու չէիր էլ կարող տեսնել։

— Կարող էի,— ասաց տղամարդը։— Իսկ այն, որ դու ասում ես, թե չէի կարող, ոչինչ չի նշանակում։

Աղջիկը նայեց հուլունքաշար վարագույրին։

— Նրանք ինչ֊որ բան են նկարել դրա վրա,— ասաց նա։— Այդ ի՞նչ է նշանակում։

— Anis del Toro։ Խմիչք է։

— Կարո՞ղ էինք փորձել։

— Լսեք,— փայտիկների արանքից ձայն տվեց տղամարդը։ Կինը դուրս եկավ խորտկարանից։

— Չորս ռեալ։

— Մենք երկու բաժակ Անիս դել Տորո ենք ուզում։

— Ջրո՞վ։

— Դու ջրո՞վ ես ուզում։

— Չգիտեմ,— ասաց աղջիկը։— Իսկ ջրով լա՞վ է։

— Լավ է։

— Դուք ջրո՞վ եք ցանկանում,— հարցրեց կինը։

— Այո՛, ջրով։

— Մատուտակի[3] համ է տալիս,— ասաց աղջիկը եւ ցած դրեց բաժակը։

— Ամեն ինչ էլ այդպես է։

— Այո,— ասաց աղջիկը։— Ամեն ինչ մատուտակի համ է տալիս։ Հատկապես այն ամենը, ինչի երկար ես սպասել։ Օշինդրողու նման։

— Օ՜հ, թող այդ։

— Դու սկսեցիր,— ասաց աղջկը։— Ես ուրախ էի։ Ես հրաշալի ժամանակ էի անցկացնում։

— Լավ։ Եկ փորձենք զվարճանալ։

— Դե, ես փորձում էի։ Ես ասացի․ բլուրները նման են սպիտակ փղերի։ Զվարճալի չէ՞ր։

— Զվարճալի էր։

— Ես ցանկացա փորձել այս նոր խմիչքը։ Շրջագայել եւ նոր խմիչքներ փորձել, ահա այն ամենը, ինչ մենք անում ենք։ Այդպես չէ՞։

— Այդպես է։

Աղջիկը նայեց բլուրների շարքին։

— Հրաշալի բլուրներ են,— ասաց նա։— Իրականում նրանք նման չեն սպիտակ փղերի։ Ես միայն նկատի ունեի նրանց մաշկի գունավորումը ծառերի արանքից։

— Էլի խմե՞նք։

— Կարելի է։

Տաք քամին բամբուկե վարագույրը հրեց դեպի սեղանը։

— Գարեջուրը սառն է եւ հաճելի։

— Հրաշալի է,— ասաց աղջիկը։

— Դա, իրոք, մի չտեսնված պարզ վիրահատություն է, Ջի՛գ,— ասաց տղամարդը։— Դա ընդհանրապես վիրահատություն էլ չէ։

Աղջիկը նայեց սեղանի հենակին՝ ոտքերը դնելով նրա վրա։

— Ես գիտեմ, քեզ չէր կարելի խնդրել, Ջի՛գ։ Բայց սարսափելի ոչինչ չկա։ Միայն պիտի սրսկեն։

Աղջիկը ոչինչ չասաց։

— Ես կգամ քեզ հետ ու կողքիդ կմնամ ամբողջ ժամանակ։ Նրանք միայն կսրսկեն, եւ հետո ամեն ինչ սովորականի նման կլինի։

— Հետո ի՞նչ ենք անելու։

— Հետո լավ կլինի։ Ճիշտ առաջվա նման։

— Ինչո՞ւ ես այդպես կարծում։

— Միայն դա է մեզ խանգարում։ Մեր դժբախտության միակ պատճառը դա է։

Աղջիկը նայեց բամբուկաշար վարագույրին, երկարացրեց ձեռքը եւ բռնեց երկու ձողիկները։

— Եվ դու կարծում ես, որ հետո մենք երջանի՞կ կլինենք։

— Այո, կլինենք։ Դու մի՛ վախեցիր։ Ես շատ մարդկանց գիտեմ, որ այդպես է արել։

— Ուրեմն ես էլ,— ասաց աղջիկը։— Եվ դրանից հետո նրանք ընդհանրապես երջանի՞կ էին։

— Լավ,— ասաց տղամարդը,— եթե դու չես ցանկանում, մի՛ արա։ Չէի ցանկանա, որ դու այդ անեիր, եթե ինքդ չես ուզում։ Բայց ես գիտեմ, որ դա շատ հեշտ է։

— Եվ, դու, իրոք, ուզո՞ւմ ես։

— Իմ կարծիքով ամենահարմարը դա է։ Բայց եթե դու, իրոք, չես ուզում, պետք չէ։

— Իսկ եթե ես այդ անեմ, դու երջանիկ կլինե՞ս, ամեն ինչ առաջվա պես կլինի՞ եւ դու կսիրե՞ս ինձ։

— Ես հիմա էլ սիրում եմ։ Դու գիտես, որ քեզ սիրում եմ։

— Ես գիտեմ։ Բայց եթե ես այդ անեմ, հետո նորից լավ կլինի՞։ Եթե ասեմ, որ բլուրները նման են սպիտակ փղերի, այդ քեզ դո՞ւր կգա։

— Ինձ դուր է գալիս։ Ինձ հիմա էլ այդ դուր է գալիս։ Միայն թե չեմ կարող մտածել այդ մասին։ Դու գիտես, ինչպիսին եմ ես, երբ զայրանում եմ։

— Եթե ես այդ անեմ, դու էլ երբեք չե՞ս զայրանա։

— Ես զայրանում եմ, որովհետեւ դա շատ հեշտ է։

— Ուրեմն ես կանեմ այդ։ Որովհետեւ ես չեմ մտածում իմ մասին։

— Ի՞նչ ես ուզում անել։

— Ես չեմ մտածում իմ մասին։

— Դե, իսկ ես մտածում եմ քո մասին։

— Օ՜հ, այո։ Բայց ես չեմ մտածում իմ մասին։ Եվ կանեմ այդ ու հետո ամեն ինչ լավ կլինի։

— Եթե այդպես ես մտածում, չեմ ուզում, որ անես այդ։

Աղջիկը վեր կացավ եւ գնաց դեպի կայարանի վերջը։ Հանդիպակաց կողմում հացահատիկի դաշտերն էին եւ ծառերն Էբրոյի երկայնքով։ Գետից հեռու առանձնացած լեռներն էին։ Ամպի ստվերը սահեց հացահատիկի դաշտի վրայով, եւ աղջիկը ծառերի միջեւ տեսավ գետը։

— Եվ այս բոլորը կարող էր մերը լինել,— ասաց նա։— Եվ մենք կարող էինք ամեն ինչ ունենալ, բայց ամեն օր մենք դրանք դարձնում ենք ավելի ու ավելի անհասանելի։

— Ի՞նչ ասացիր։

— Ասացի՝ կարող էինք ամեն ինչ ունենալ։

— Կարող ենք ամեն ինչ ունենալ։

— Ո՛չ, չենք կարող։

— Կարող ենք ամեն տեղ գնալ։

— Ո՛չ։ Եթե որեւէ բան ձեռքիցդ մի անգամ բաց ես թողնում, այն էլ երբեք չի վերադառնում։

— Բայց մենք ոչինչ բաց չենք թողել։

— Կսպասենք, կտեսնենք։

— Գնանք ստվերը,— ասաց տղամարդը։— Դու չպետք է հուզվես։

— Ես չեմ հուզվում,— ասաց աղջիկը։— Պարզապես գիտեմ ինչն ինչոց է։

— Ես չեմ ուզում դու որեւէ բան անես, եթե ինքդ չես ցանկանում…

— … կամ եթե դա ինձ վնաս է,— ասաց աղջիկը։— Գիտեմ։ Էլի գարեջուր խմե՞նք։

— Լավ։ Բայց դու պետք է հասկանաս…

— Հասկանում եմ,— ասաց աղջիկը։— Միգուցե լռեի՞նք։

Նրանք նստեցին սեղանի մոտ։ Աղջիկը նայում էր դաշտավայրից այն կողմ՝ խանձված բլուրներին։ Իսկ տղամարդը մերթ նայում էր նրան, մերթ՝ սեղանին։

— Դու պետք է հասկանաս,— ասաց տղամարդը,— որ ես չեմ ուզում այդ անես, եթե ինքդ չես ցանկանում։ Ես, իրոք, պատրաստ եմ տանել այդ, եթե դա քեզ համար որեւէ նշանակություն ունի։

— Քեզ համար դա ոչ մի նշանակություն չունի՞։ Մենք կարող էինք խաղաղ ապրել։

— Իհարկե, նշանակություն ունի։ Բայց ես, բացի քեզանից, ոչ ոքի չեմ ուզում։ Ինձ ուրիշ ոչ ոք պետք չէ։ Եվ ես գիտեմ, որ դա շատ հեշտ է։

— Այո։ Դու գիտես, որ դա շատ հեշտ է։

— Քեզ համար դժվար չէ այդպես խոսելը, բայց ես գիտեմ, որ դա հեշտ է։

— Կարելի՞ է քեզանից մի բան խնդրել։

— Այո։

— Խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ, լռի՛ր։

Տղամարդը ոչինչ չասաց, այլ նայեց կայարանի պատի տակ դրված ճամպրուկներին։ Նրանց վրա բոլոր այն հյուրանոցների պիտակներն էին, ուր նրանք գիշերել էին։

— Բայց ես չեմ ուզում, որ դու այդ անես,— ասաց նա։— Ինձ հարկավոր չէ այդ։

— Կգոռամ,— ասաց աղջիկը։

Կինը գարեջրի երկու գավաթները ձեռքին դուրս եկավ վարագույրի ետեւից․ գավաթները դրեց թաղիքի խոնավ տակդիրների վրա։

— Գնացքը ժամանում է հինգ րոպեից,— ասաց նա։

— Ի՞նչ ասաց նա,— հարցրեց աղջիկը։

— Որ գնացքը գալիս է հինգ րոպեից։

Աղջիկը, ի նշան շնորհակալության, ժպտաց կնոջը։

— Ավելի լավ է, ես ճամպրուկները տանեմ կառամատույցի մյուս կողմը,— ասաց տղամարդը։ Աղջիկը ժպտաց նրան։

— Լավ։ Հետո վերադարձիր, ավարտենք գարեջուրը։

Տղամարդը բարձրացրեց երկու ծանր ճամպրուկները եւ անցկացրեց երկաթգծի մյուս կողմը։ Նայեց դեպի վեր, բայց գնացքը չտեսավ։ Վերադառնալիս նա անցավ խորտկարանով, ուր մարդիկ խմում էին՝ սպասելով գնացքին։ Վաճառասեղանի մոտ մի բաժակ Անիս խմեց եւ նայեց մարդկանց։ Բոլորը համբերությամբ սպասում էին գնացքին։ Նա դուրս եկավ հուլունքաշար վարագույրով դռնից։ Աղջիկը նստած էր սեղանի մոտ եւ ժպտում էր նրան։

— Դու հիմա լա՜վ ես զգում քեզ,— հարցրեց տղամարդը։

— Գերազանց,— ասաց աղջիկը։— Ինձ ոչինչ չի պատահել։ Ես ինձ գերազանց եմ զգում։
  1. Էբրո— գետ Իսպանիայի հյուսիս֊արեւելքում, որ թափվում է Միջերկրական ծովը։ Նավարկելի է։
  2. Երկու գավաթ (իսպ․)
  3. Մատուտակ— քաղցր արմատով բազմամյա բույս․ օգտագործվում է որպես դեղաբույս, ինչպես նաեւ՝ տեխնիկական նպատակներով։