Բուլատ Օկուջավա (կենսագրություն)

Գրապահարան-ից
08:45, 19 Հուլիսի 2013 տարբերակ, Թարումեան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Բուլատ Օկուջավա (մայիս 9, 1924, Մոսկվա, ԽՍՀՄ - հունիս 12, 1997, Կլամառ, Ֆրանսիա), սովետական ​​բանաստեղծ, երգահան, գրող, վիպասան և սցենարիստ: Համարվում է սովետական շրջանի ռուսերեն խոշորագույն երգագիրներից: Բազմաթիվ բանաստեղծական ու պատմվածքների ժողովածուների, մի քանի պատմական և ինքնակենսագրական վեպերի հեղինակ է:

Բուլատ Շալվայի Օկուջավան ծնվել է Մոսկվայում, Թբիլիսիից Կոմունիստական Ակադեմիայում սովորելու եկած կուսակցական գործիչ, ազգությանբ վրացի Շալվա Ստեփանի Օկուջավայի և Աշխեն Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում: Մայրը Վահան Տերյանի ազգականն էր: Հետագայում հայրը տարբեր կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանում և Ռուսաստանում: Ծնողները բռնադատվել են 1937 թ., հայրը գնդակահարվել է, իսկ մայրն աքսորվել է Կարագանդայի ճամբար, որտեղից վերադարձել է 1955 թ.: Բուլատին պահել է մորական տատը: Միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիում և Մոսկվայում: Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1942 թ. 17 տարեկանում կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է: Զորացրվել է 1945 թ.: 1950 թ. ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը: Աշխատել է որպես ուսուցիչ Ռուսաստանի Կալուգայի մարզում: 1954 թ. համագործակցում է Կալուգայի "Մոլոդոյ լենինեց" թերթին, 1956 թ. հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` "Лирика" վերնագրով: Վերադառնալով Մոսկվա, աշխատել է "Մոլոդյա Գվարդիյա" հրատարակչությունում որպես խմբագիր, ապա` "Լիտերատուրնայա գազետա" թերթում որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1961 թվականից չի աշխատել` իրեն ամբողջովին նվիրելով գրականությանը: Բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի, պատմվածքների, մի քանի վեպերի հեղինակ է: Կյանքի վերջին տարիներին բնակվել է Պերեդելկինոյում: Մահացել է Փարիզի արվարձան Կլամառի ռազմական հոսպիտալում: Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Մոսկվայում կանգնեցվել են Բուլատ Օկուջավայի 2 արձաններ, առաջինը` 2002 թ., Արբատի և Պլոտնիկով նրբանցքի հատման տեղում, երկրորդը` 2007 թ., թիվ 109 կրթական կենտրոնի բակում: Երկու արձանների հեղինակն էլ Գեորգի Ֆրանգուլյանն է: