Գիտակցափոխություն

Գրապահարան-ից
Գիտակցափոխություն

հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի
թարգմանիչ՝ Ռուբեն Ավետիսյան (անգլերենից)
աղբյուր՝ «Մտքի բուրմունքը»

Գլուխ 1

Մարվին Ֆլինը «Սթենհոուփ գազեթի» ազդերի էջում կարդաց հետեւյան հայտարարությունը․

«Մարսեցի մի ջենտլմեն՝ 34 տարեկան, զուսպ, զարգացած, քաղաքավարի, ցանկանում է փոխանակել մարմինը նույն հակումների տեր երկրացի ջենտլմենի հետ։ Օգոստոսի 1֊ից սեպտեմբերի մեկը։ Երաշխավորագրերն՝ ըստ պահանջի։ Միջնորդությունն անվճար»։

Այս առօրեական հայտարարությունը բավական էր, որ Ֆլինի զարկերակը կատաղի բաբախեր։ Մարմինը փոխանակել մարսեցու հետ… Գաղափարը գրավիչ էր, բայց եւ վանող։ Ի վերջո, ո՞վ կուզի, որ ավազ փորփրող ինչ֊որ մարսեցի մտնի իր գլխի մեջ, շարժի իր ձեռքերն ու ոտքերը, նայի իր աչքերով, եւ լսի իր ականջներով։ Բայց դրա փոխարեն՝ ինքը՝ Մարվին Ֆլինը, հնարավորություն կստանա Մարսը տեսնելու։ Տեսնելու այնպես, ինչպես հարկն է՝ բնիկի աչքերով։

Ոմանք նկարներ են սիրում, մյուսները՝ գրքեր, ուրիշները՝ կանայք։ Մարվին Ֆլինը նույնպես սիրում էր այդ ամենը, բայց ամենից շատ նա սիրում էր ճանապարհորդել։ Սակայն, ցավոք, նրա իղձն անկատար էր մնացել։ Մարվինը ծնվել եւ մեծացել էր Սթենհոուփում՝ Նյու Յորքի նահանգ։ Առարկայական իմաստով այդ քաղաքը Նյու Յորքից ինչ֊որ երեք հարյուր մղոն էր հեռու։ Բայց հոգեկան ու զգացմունքային տեսակետից երկու քաղաքներին հարյուր տարվա անջրպետ էր բաժանում։

Սթենհոուփը Էդիրոնդաքի ստորոտում ծվարած մի բարետես գյուղական ավան էր՝ պատված երփներանգ այգիներով եւ կանաչ խորդուբուրդ արոտավայրերով, որտեղ առավոտից իրիկուն խումբ֊խումբ արածում էին շագանակագույն կովերը։ Անդառնալիորեն հովվերգական այդ քաղաքը հավատարիմ էր անտիկ սովորույթներին․ մեղմորեն, բայց միաժամանակ թաքուն կամակորությամբ, Սթենհոուփը իրեն հեռու էր պահում քարսիրտ ու անբարտավան հարավից։ RT—7֊րդ պողոտայի[1] մետրոյի գիծը հասել էր մինչեւ Քինգսթըն, սակայն ոչ Սթենհոուփ։ Հսկա ֆրիուեյները[2] տարածել էին իրենց բետոնե շոշափուկները գյուղական արվարձաններով մեկ, բայց չէին կարողացել կլանել Սթենհոուփի թեղիազարդ Մեյն֊սթրիրը[3]։ Մյուս քաղաքները վաղուց անցել էին հրթիռային թռիչքահորանների, Սթենհոուփը, մինչդեռ, համառորեն պահպանում էր հնամենի ռեակտիվ օդանավերի կայանը, բավարարվելով շաբաթական երեք թռիչքով։ (Հաճախ գիշերները Մարվինը պառկած ականջ էր դնում անհետացող գյուղական Ամերիկայի այդ թախծոտ ու տանջալի ձայներին՝ ռեակտիվ օդանավի միայնակ ողբին)։

Սթենհոուփը գոհ էր իրենից, իսկ մնացած աշխարհը, թվում է, միանգամայն գոհ էր Սթենհոուփից եւ պատրաստ էր թողնելու, որ այն ապրի ավելի հանգիստ դարաշրջանի մասին իր ռոմանտիկ անուրջների հետ։ Միակ անձնավորությունը, որին ստեղծված իրավիճակը ձեռք չէր տալիս, Մարվին Ֆլինն էր։

Նա ճանապարհորդել էր սովորական երթուղիներով եւ տեսել էր սովորական տեսարժան վայրերը։ Բոլորի նման բազում հանգստյան օրեր էր անցկացրել Եվրոպայի մայրաքաղաքներում։ Ջրասուզակի հանդերձանքով հետազոտել էր խորտակված Մայամի[4] քաղաքը, զմայլվել Լոնդոնի կախովի պարտեզներով, եւ ծնրադրել Հայիֆայում՝ Բահայի տաճարում։ Արձակուրդների օրերին ոտքով արշավի էր գնացել Մարի Բիրդ երկրով, զննել ներքին Իթուրիի Անձրեւի անտառը, ուղտով կտրել Սինքյանը եւ նույնիսկ մի քանի շաբաթ ապրել Լհասսայում՝ արվեստի համաշխարհային մայրաքաղաքում։ Այդ ամենը հատկանշական էր նրա տարիքի ու դիրքի համար։

Բայց այդ ճամփորդությունները Մարվինի աչքում ոչ մի արժեք չունեին։ Դրանք սովորական տուրիստական երթուղիներ էին, ցանկացած պատահական զբոսաշրջիկ այդ նույն բաները կաներ։ Եվ փոխանակ ունեցածով ուրախանալու, Ֆլինը դժգոհում էր։ Նրա ուզածն իսկական ճանապարհորդություն էր, իսկ դա նշանակում էր ուղեւորվել Երկրից դուրս։

Թվում է, ուզածը մեթ բան չէր, եւ այնուհանդերձ, Մարվինը նույնիսկ Լուսնում չէր եղել։

Պատճառը միջոցներն էին։ Միջաստղային ճանապարհորդությունները թանկ արժեին․ դրանք մեծ մասամբ հարուստների, գաղութարարների եւ ղեկավար անձանց մենաշնորհն էին։ Միջին վաստակ ունեցողն այդ մասին երազել անգամ չէր կարող։ Եթե միայն, իհարկե, չէր կամենում օգտվել գիտակցափոխության առավելություններից։

Ֆլինը, գավառացու բնածին պահպանողականությամբ, խուսափել էր այդ տրամաբանական, բայց տագնապահարույց քայլից։ Խուսափել էր մինչ օրս…

Մարվինը փորձել էր համակերպվել կյանքային իր դիրքին եւ այդ դիրքից բխող տանելի հնարավորություններին։ Ի վերջո, ինքն ազատ էր, գորշ[5] եւ ընդամենը երեսունմեկ տարեկան (ավելի ճիշտ, երեսունմեկից մի քիչ ավել)։ Նա գեղեցկադեմ, բարձրահասակ, լայնաթիկունք տղա էր, խուզած սեւ բեղերով ու մեղմ շագանակագույն աչքերով։ Մարվինը առողջ էր, խելացի, մարդամոտ, հակառակ սեռը նրա հանդեպ անտարբեր չէր։ Ստացել էր սովորական կրթություն՝ տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, տասներկու տարի քոլեջում եւ սովորելուց հետո չորս տարվա պրակտիկա։ Նա լավ մասնագետ էր։ Աշխատում էր Ռայք֊Փիսըրս միավորումում, որտեղ ֆլյուորոսկոպիայի էր ենթարկվում պլաստմասսայից խաղալիքները, ճնշման անալիզի ենթարկելով, ստուգելով միկրոսեղմման , ծակոտկենության, հյուսվածքների ամրության աստիճանը։ Գուցե դա աշխարհում ամենակարեւոր գործը չէր, ինչ արած՝ բոլորը չէ, որ կարող են տիեզերանավ վարող կամ թագավոր լինել։, Ինչեւէ, աշխատանքը պատասխանատու էր, հատկապես եթե հաշվի առնենք խաղալիքների կարեւորությունը ժամանակակից աշխարհում եւ երեխաների հուսալքվածությունը մեղմացնելու կենսական խնդիրը։

Մարվինն այս ամենը գիտեր, եւ այնուհանդերձ, անբավարարվածություն էր զգում։ Նա գնացել էր տեղական Խորհրդատուի մոտ, բայց ապարդյուն։ Այդ բարի մարդը փորձել էր Մարվինին օգնել «Իրավիճակային գործոնի վերլուծության» միջոցով, սակայն Մարվինը ներքնապես չէր արձագանքել այդ փորձին։ Նա ուզում էր ճանապարհորդել, չէր կարողանում ազնվորեն քննել այդ ցանկության գաղտնի իմաստը եւ ճանապարհորդությանը փոխարինող ոչ մի բան էլ չէր կամենում ընդունել։

Եվ այժմ, կարդալով այդ սովորական եւ, սակայն, հուզաթռթիռ հայտարարությունը՝ շատ նման հազարավոր ուրիշներին, բայց եւ եզակի ու առանձնահատուկ (քանի որ ինքն էր այդ պահին կարդացողը), Մարվինը կոկորդում ինչ֊որ տարօրինակ համ զգաց։ Գիտակցությունը փոխանակել մարսեցու հետ… տեսնել Մարսը, այցելել Ավազե արքայի որջը, անցնել Ճեղքվածքի ակուստիկ փայլատակման միջով, ունկնդրել Մեծ չորացած ծովի խրոմատիկ ավազներին։

Նախկինում էլ նա երազել էր։ Բայց այս անգամ ուրիշ էր։ Կոկորդի տարօրինակ համը վկայում էր ինչ֊որ կազմավորվող որոշման մասին։ Մարվինը իմաստուն կերպով որոշեց դրա ընթացքի վրա չբռնանալ։ Փոխարենը գլխին դրեց թասակը եւ քայլեց կենտրոն՝ դեղատուն[6]։


Գլուխ 2

Մարվինի ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, սվորականի պես, զովացուցիչ ջրերի կանգնակի մոտի աթոռակին նստած, թույլ հալյուցինոգեն էր խմում, հայտնի LSD-ի օշարակ անունով։

― Ի՛նչ կա-չկա, ծեր սրիկա,― հարցրեց Հեյքն այդ ժամանակներում տարածված ժարգոնով։

― Ձյուն ու քամի առանց համի,― արձագանքեց Մարվինը, տալով պարտադիր պատասխանը։

― Du koomen ta de la klipje?[7],― հարցրեց Բիլլին։ (Խառը իսպանա֊աֆրիկաներեն բարբառով խոսելն այդ տարվա նորույթ կատակ֊սրամտությունն էր)։

― Ja, Mijnheer[8],― մի քիչ դժկամությամբ պատասխանեց Մարվինը։ Նա այդ պահին պարզապես սիրտ չուներ սուր պատասխան գտնելու։

Բիլլին որսաց դժգոհության երանգը։ Նա հարցականորեն հոնքը բարձրացրեց, փակեց ձեռքի Ջեյմս Ջոյսի [9] թեմաներով կոմիքսը արագ շարժումով սիգար դրեց բերանը, ծայրը կծեց, անուշաբույր կանաչ մի քուլա արտաշնչեց և հարցրեց.

― Քիթդ կախել ես, ի՞նչ։― հարցը վատ Էր ձևակերպված, բայց ակնհայտորեն բարեհամբույր երանգ ուներ։

Մարվինը նստեց Բիլլիի կողքին։ Ծանրացած սրտով, և սակայն թաքցնելով իր ընկերոջից, որ տխուր է, նա բարձրացրեց զույգ ձեռքերը և շարունակեց խոսել Հարթավայրերի հնդկացիների նշաններով։ (Շատ ինտելեկտուալ հակումների տեր երիտասարդներ դեռևս անցյալ տարվա սենսացիոն պրոյեկտոֆիլմի՝ «Դաքոթական երկխոսություն» ազգեցության տակ էին՝ գլխավոր դերերում նորահայտ աստղ Բյորն Ռաքրադիշ (Խելահեղ ձի) և Միլովար Սլավովիվովից (Կարմիր ամպ), ֆիլմում բառերը լրիվ փոխարինված էին շարժումներով)։

Կիսակատակ֊կիսալուրջ Մարվինը շարժումներով արտահայտեց սիրտ֊որը֊կոտրված է, ձի֊որը֊թափառում է, արև֊որը֊չի փայլի, լուսին֊որը֊չի կարող֊ծագել։

Նրան ընդհատեց միստր Բայգլոուն՝ Սթենհոուփյան դեղատան տնօրենը։ Միստր Բայգլոուն միջին տարիքի՝ յոթանասուն չորսամյա տղամարդ էր։ Նա արդեն սկսել էր թեթևակի ճաղատանալ և փոր էր գցում՝ դեռևս փոքր, բայց նկատելի։ Այնուհանդերձ, միստր Բայգլոուն սիրում էր իրեն ջահել տղայի տեղ դնել։ Այժմ նա դիմեց Մարվինին.

― Eh, Mijnheer, querenzie tomar la klopje inmensa de la cabeza vefrouvens in forma de ein skoboldash sundae? [10]

Միստր Բայգլոուի և նրա սերնդի մյուս ներկայացուցիչների համար հատկանշական էր երիտասարդական խոսելաձևը չարաշահելը, նրանց շուրթերում կոմիկական էֆեկտը կորում էր, միայն երբեմն, ամենաանհարկի տեղում իրենց իսկ կամքից անկախ դուրս սպրդելով։

― Schnell [11],― ասաց Մարվինը, զուտ երիտասարդական անողոքությամբ լռեցնելով նրան։

― Այ քեզ բա՜ն,― ասաց միստր Բայգլոուն և նեղացած հեռացավ, քայլելուց կոտրատվելով, ինչպես «Կյանքի իմիտացիա» շոուի հերոսները։

Բիլլին զգաց, որ ընկերը վշտացած է։ Դա անհանգստացրեց նրան։ Բիլլին երեսունչորս տարեկան էր, համարյա հասուն տղամարդ։ Նա լավ աշխատանք ուներ՝ մոնտաժային 23֊րդ գծի ավագ վարպետ՝ Փիթերսընի տուփերի գործարանում։ Իհարկե, շարունակում էր իրեն պատանու պես պահել, բայց գիտեր, որ տարիքը որոշակի պարտավորություններ է դնում բոլորի վրա։ Ուստի թաքցնելով անհանգստությունը, Բիլլին շիտակ խոսեց հին ընկերոջ հետ։

― Մարվին, ի՞նչ է եղել։

Մարվինն ուսերը թոթվեց, քմծիծաղեց և մատներով աննպատակ թմբկահարեց սեղանին։ Նա ասաց.

― Oiga, hombre, ein Kleinnachtmusik es demansiado, nicht wahr? [12] Հարցը, որ դու...

― Պարզ խոսիր,― ասաց Բիլլին իր տարիքի համար չափից դուրս վսեմորեն։

― Ներողություն,― անցնելով անգլերենի, ասաց Մարվինը,― ուղղակի... ա՛խ Բիլլի, այնպե՜ս եմ ուզում ճանապարհորդել։

Բիլլին գլխով արեց։ Նա տեղյակ էր ընկերոջ նվիրական ցանկության մասին։

― Իհարկե,― ասաց նա։― Ես էլ։

― Բայց ո՛չ ինձ նման, Բի՛լլի․․․ Ես վառվում եմ ցանկությունից։

Բերեցին սքոբոլդաշ սանդեն։ Մարվինը չնկատեց այն և շարունակեց սիրտը զեղել։

― Mira [13] Բիլլի, այդ միտքն ինձ պարուրել է, ինչպես պոլիէթիլենային փրկարար պարան։ Ես մտածում եմ Մարսի, Վեներայի, կամ իսկապես հեռավոր վայրերի մասին ինչպես Ալդեբերանն ու Անթարեսը և... մի խոսքով գլուխս անընդհատ դրանով է լցված։ Կամ Պրոցիոն 5-րդի Խոսող օվկիանոսը, Ալոլա 2֊րդի եռասեռ հոմինոիդները... ինձ թվում է պարզապէս կմեռնեմ, եթե չտեսնեմ։

― Անշուշտ,― ասաց նրա ընկերը,― ես էլ կուզեի տեսնել։

― Ոչ, դու չես հասկանում,― ասաց Մարվինը։― Ոչ թե ուղղակի տեսնել, այլ... այլ ավելի վատ... ուզում եմ ասել, չեմ կարող մինչև կյանքիս վերջն ապրել այս Սթենհոուփում, չնայած կյանքն ուրախ է, լավ աշխատանք ունեմ, հանդիպում եմ իսկապես guapa [14] աղջիկների հետ, բայց գրողը տանի, չեմ ուզում բոլորի նման ամուսնանալ երեխաներ մեծացնել և... և... ինչ֊որ բան պակասում է։

Մարվինը սկսեց պատանեկան իր տարիքին հատուկ անկապություններ խոսել։ Սակայն բառերի այդ հեղեղի մեջ սրտաբուխ զգացմունքներ կային։ Բիլլին ի պատասխան գլուխը խորիմաստորեն տարուբերեց։

― Մարվին,― մեղմորեն ասաց նա,― ինձ ամեն ինչ պարզ է, ինչպես հինգ անգամ հինգը, Սեմի արևը վկա։ Բայց, ախր, նույնիսկ միջմոլորակային ճամփորդությունը մի ամբողջ կարողություն արժի։ Դե, իսկ միջաստղային ճանապարհորդությունը պարզապես անհնար բան է։


  1. Հնարովի պողոտա։
  2. Լայն խճուղիներ ԱՄՆ֊ում։
  3. Գլխավոր փողոց (main-street), ամերիկյան միջին ու փոքր քաղաքների մեծ մասի կենտրոնական փողոցները չունեն հատուկ անուն։
  4. Հանրահայտ ծովափնյա առողջարան ԱՄՆ֊ում
  5. Նկատի ունի ռասսայական պատկանելությունը՝ համարյա սպիտակ
  6. ԱՄՆ֊ում դեղատները ծառայում են նաեւ որպես խորտկարաններ։
  7. Սարի՞ց եկար (այստեղ և հետագայում իսպաներեն, իսպանա֊աֆրիկաներեն արտահյատությունները հաճախ ոչ այնքան կապակցված բառերի խումբ են։ Ուստի թարգմանությունը կարող Է համարվել մոտավոր)։
  8. Այո, պարոն։
  9. Շեքլին կատակով ակնարկում Է, որ այդ Հեռու դարաշրջանում կոմիքսների ձևով կմատուցվեն մինչև իսկ Ջոյսի գերբարդ սաեղծագործությունները։
  10. Ի՞նչ կասեք, պարոն, կուզեի՞ք ձեր գլխին մի ուժգին, կշտացնող հարված ստանալ հանձին սքոբոլդաշ սանդեի (Հավանաբար հնարովի կերակրատեսակ)։
  11. Արագ։
  12. Լսիր, մարդ աստծո, գիշերային սիրունիկ երաժշտությունը չափից դուրս ազդել է վրադ, այնպես չէ՞։
  13. Նկատի ունեցիր։
  14. Գեղեցիկ, լավ հագնված։