Դեպի վար

Գրապահարան-ից
Դեպի վար

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Լոնդոնում, մի մեծ տան հինգերորդ հարկում, միստր Ուոլլինգթոն անունով մի մարդ էր ապրում։

Ամեն առավոտ ժամը ութ անց կեսին նա գնում էր գործի։ Դուրս գալուց առաջ համբուրում էր կնոջը, շոյում էր կատվին եւ գլխի վրա պահում բաց հովանոցը։

Նա տնից միշտ գնում էր բաց հովանոցով։

— Ո՞վ գիտե՝ ինչ կլինի,— ասում էր նա։

Ու երբեք սանդուղքով չէր իջնում֊բարձրանում։ Միշտ օգտվում էր վերելակից։ Չէ՞ որ ապրում էր հինգերորդ հարկում։

Ամեն անգամ, երբ նա բաց հովանոցով մտնում էր վերելակ, մարդիկ զարմանում էին ու հարցնում․

— Ինչո՞ւ ե վերելակ մտնում բաց հովանոցով։ Այստեղ հո չի՞ կարող անձրեւ գալ։

— Ո՞վ գիտե՝ ինչ կլինի,— պատասխանում էր միստր Ուոլլինգթոնը։

— Իսկ եթե փողոցում էլ անձրեւ չի գալիս, ուրեմն, մի՞թե իզուր չեք բաց արել ձեր հովանոցը։

— Ավելի դյուրին է հովանոցը փակել, երբ անձրեւ չի գալիս, քան բացել անձրեւի տակ։

— Ճիշտ է,— համաձայնում էին մարդիկ։— Հաջողություն ձեզ, միստր Ուոլլինգթոն։

Դռնապանը արծաթե կոճակներով կապույտ համազգեստ էր հագնում եւ հետեւում էր, որ ամեն բան՝ վերելակը, դռների զանգերը, հարթակների լապտերները կարգին ու սարքին լինեն։

Ու մի անգամ, ինչպես միշտ գործի գնալիս, միստր Ուոլլինգթոնը մտավ դատարկ վերելակ եւ արդեն ուզում էր սեղմել «դեպի վար» կոճակը, երբ հանկարծ գլխում միտք ծագեց․

«Իսկ եթե ոչ թե «դեպի վար»֊ը, այլ «դեպի վեր»֊ը սեղմեմ»։

Հետո մտածեց․

«Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կլինի եթե երկու կոճակներն էլ միաժամանակ սեղմեմ։ Արդյոք դեպի վե՞ր կգնամ, վա՞ր, թե՞ կմնամ նույն տեղում։ Իհարկե, ես կարգը խախտած կլինեմ։ Բայց եւ այնպես՝ փորձեմ, տեսնենք՝ ի՞նչ կլինի»։ Ու նա միաժամանակ երկու կոճակներն էլ սեղմեց։

Դեռ չէր հասցրել ձեռքը ետ քաշել, երբ լսվեց սոսկալի մի թնդյուն․ ասես կաթնավաճառի սայլակը ընդհարվեց շոգեքարշին։ Վերելակը երկու կես եղավ։ Վերեւի կեսը շարժվեց Դ Ե Պ Ի Վ Ե Ր, իսկ վարի կեսը՝ Դ Ե Պ Ի Վ Ա Ր։ Եվ միստր Ուոլլինգթոնն էլ պարաշյուտիստի պես հովանոցից կառչած, ցած գահավիժեց։

«Վա՜յ, վա՜յ,— մտածեց նա։— Իսկ եթե դռնապանը բարկանա՞։ Դեռ բախտս բերեց, որ հովանոցը բաց էր»։

Երբ միստր Ուոլլինգթոնը հասավ ցած, դռնապանը արդեն սպասում էր նրան եւ հուզմունքից դոփում տեղում։

— Ուրեմն, այդպես, միստր Ուոլլինգթոն,— ասաց նա։— Ուրեմն այդպես…

— Բարի լույս, պարոն դռնապան,— ասաց միստր Ուոլլինգթոնը։— Ի֊ինչ հիանալի եղանակ է ա֊այսօր։— Ու ելաւ փողոց։

— Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ,— ասաց դռնապանը։— Ի՜նչ չարաճճին է։