«Դեպք փողոցի անկյունում»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Դեպք փողոցի անկյունում |հեղինակ =Ալբերտ Մալց |թարգմանիչ = Ռոբերտ Տեր-Մերգե...»:)
 
չ
 
Տող 194. Տող 194.
 
― Մի բան ասեմ քեզ, բարեկամ,— պատասխանեց միջին տարիքի մարդը,— ինչպես իռլանդացին իռլանդացուն։ Հենց քո նման բարի և իռլանդացի մի կաթոլիկ էր, որ 1914 թվականին գոկերների գործադուլի ժամանակ ջարդեց գանգս։ Երբ իռլանդացի կաթոլիկը ոստիկանի համազգեստ է հագնում, իմացիր, որ նա արդեն ոստիկան է։ Նա այլևս ո՛չ իռլանդացի է, ո՛չ էլ կաթոլիկ։
 
― Մի բան ասեմ քեզ, բարեկամ,— պատասխանեց միջին տարիքի մարդը,— ինչպես իռլանդացին իռլանդացուն։ Հենց քո նման բարի և իռլանդացի մի կաթոլիկ էր, որ 1914 թվականին գոկերների գործադուլի ժամանակ ջարդեց գանգս։ Երբ իռլանդացի կաթոլիկը ոստիկանի համազգեստ է հագնում, իմացիր, որ նա արդեն ոստիկան է։ Նա այլևս ո՛չ իռլանդացի է, ո՛չ էլ կաթոլիկ։
  
― Քեզ պետք է նստեցնել, միկ<ref>Արհամարհական մականուն, որով կոչում են իռլանդացիներին Ամերիկայում։ (Ծ.Թ.)
+
― Քեզ պետք է նստեցնել, միկ<ref>Արհամարհական մականուն, որով կոչում են իռլանդացիներին Ամերիկայում։ (Ծ.Թ.)</ref>,— հայհոյեց տարեց ոստիկանը,— հենց հիմա պետք է նստեցնել։
</ref>,— հայհոյեց տարեց ոստիկանը,— հենց հիմա պետք է նստեցնել։
+
  
 
― Դե, ի՞նչ ես կանգնել։ Նստեցրո՛ւ։
 
― Դե, ի՞նչ ես կանգնել։ Նստեցրո՛ւ։

Ընթացիկ տարբերակը 20:22, 4 Օգոստոսի 2015-ի դրությամբ

Դեպք փողոցի անկյունում

հեղինակ՝ Ալբերտ Մալց
թարգմանիչ՝ Ռոբերտ Տեր-Մերգերյան
աղբյուր՝ «Դեպք փողոցի անկյունում»

Հունվարյան կիրակի էր, կեսօրից հետո։ Խոնավ մառախուղը ծանրորեն իջել էր մութ փողոցի վրա։ Ու չնայած անցորդները քիչ էին թվում, բայց շուտով մի փոքրիկ բազմություն հավաքվեց։

Երիտասարդը շատ էր հարբած։ Նրա բութ դեմքը նման էր դիմակի, աչքերը կիսափակ էին, կարծես քնած լիներ։ Շարժումներր քնկոտ էին ու դանդաղ, բայց տարօրինակ կերպով համառ ու աանդրդվելի, ինչպես բոլոր հարբած մարդիկ, որոնց խելքին փչում է անպայման ինչ֊որ բան անել։

Երիտասարդն ուզում էր հեռանալ, բայց երկու ոստիկան չէին թողնում։

Ոստիկանները երիտասարդ էին և ուժեղ։ Նրանցից մեկը մոտ երեսուն տարեկան էր, բարեկազմ, սպիտակ ու ոսկրոտ դեմքով, շրթունքին՝ մի փոքրիկ սպի։ Մյուսն ավելի տարիքավոր էր, մսոտ ու կարմիր դեմքով, կարծես տարիներ շարունակ քամու դիմաց էր կանգնել։

Ամեն մեկը բռնել էր հարբածի մի թևից, իսկ սա համառորեն այս ու այն կողմ էր նետվում, իր հետ քաշելով նաև ոստիկաններին։

Ոստիկանները հագել էին մուգ գույնի անջրանցիկ թիկնոցներ, որոնք խանգարում էին ազատ շարժվելու։ Երբեմն նրանք փորձում էին քանդել թիկնոցի կոճակները, բայց ամեն անգամ հարբածը մի կողմ էր նետվում, և նրանք ստիպված նորից էին բռնում նրան։

Ամբոխը լուռ հետևում էր։ Մի քանիսի դեմքին ինչ֊որ անորոշ վախ էր երևում։ Մյուսներն այնպես էին ծռել շրթունքները, որ կարծես ուր որ է ժպտալու են։ Բայց բոլորն էլ, սպասողական վիճակում, ուշադիր հետևում էին նրանց։

Հանկարծ հարբածը սայթաքեց ու ընկավ։ Ոստիկաններր կորցրել էին հավասարակշռությունը։ Բայց հարբածր չվնասվեց, որովհետև նրանք բաց չէին թողել նրա թևերը, և հենց դրա համար էլ նա այնքան էլ ուժեղ չէր ընկել։

Կարմիր երեսով ոստիկանն ուղղվեց։

― Մի րոպե բռնիր սրան,— ասաց նա մյուսին ու սկսեց թիկնոցի կապերն արձակել։

Հարբածը հանգիստ չէր մնում։ Շեկ մազերը ընկել էին նրա երիտասարդ դեմքին և լուսնոտի տեսք տվել, աչքերը փակ էին, ու նա համառորեն շարունակում էր ազատվելու փորձեր անել։

Կարմիր երեսով ոստիկանը հանեց թիկնոցը։ Նա դարձավ դեպի բազմությունը և դիմեց գլանաձև գլխարկ դրած մի փոքրիկ մարդու։

― Պահեք, խնդրում եմ։

Մարդը վերցրեց թիկնոցը և գցեց թևին։ Ոստիկանը վերադարձավ հարբածի մոտ։ Բայց հենց այդ պահին հարբածը ամբողջ մարմնով գալարվեց, ոտքերը ծալեց ու չոքեց գետնին։ Թվում էր, որ պայքարը նորից պիտի սկսվեր։ Կարմիր երեսով ոստիկանը անսպասելի շարժումով ծալեց ոտքը ու հետո ծնկով խփեց հարբածին։

— Ա՛ռ քեզ,— ասաց նա։

Ծունկը կպավ մարդու դեմքին և ջարդեց նրա քիթը։ Արյունը ջրարգելակից հոսող ջրի պես, առատորեն դուրս հորդեց։

Ամբոխի միջից կարճատև, խուլ հոգոց լսվեց, հազիվ լսելի մի հոգոց։ Հետո կարծես բոլորի շունչը կտրվեց։

Լռություն տիրեց։ Ոստիկանն ուղղվեց։ Հարբածը դեռ ընկած վիճակում ձեռքերը հենել էր գետնին ու այլևս հեռանալու փորձ չէր անում։ Նրա գլուխը այնպես էր ծանրացել, որ կարծես դժվարությամբ էր ուսերին մնում։ Վզի սպիտակ մաշկի տակից երևում էին թուլացած, դողդողացող մկանները։ Արյան հոսանքը դադարեց։ Ու հիմա թանձր, կարմիր կաթիլները դանդաղ հոսում և ընկնում էին գետնին առաջացած լճակի մեջ։

Մի րոպե ևս անցավ։ Նորանոր անցորդներ էին միանում տեսարանի շուրջը հավաքված բազմությանը։ Ամեն մեկն ուզում էր դիտելու ավելի հարմար տեղ գտնել։

Մի քանի րոպե անց հարբածի շուրջը մի ամուր շրջան կազմվեց։

Ոստիկանները մեկ նայում էին ցած՝ հարբածին, մեկ վեր՝ մարդկանց ծուռումուռ պատնեշին, իսկ հետո՝ նորից ցած։ Շրջանը հետզհետե սեղմվում, փոքրանում էր, ու ոստիկաններն ավելի էին մոտենում նրան։

Հանկարծ հարբածի գլուխը ետ ընկավ, և նա բարձրաձայն գոռաց։

― Օ՜յ,— ասաց նա,— օ՜յ, ցավում է։

Մարդկանց պատնեշն ալիքի պես տատանվեց, անհանգիստ շարժումներ նկատվեցին ու լսվեցին դժգոհության ձայներ։ Մի երիտասարդ, որի դեմքը կարմրել էր հուզմունքից, առաջ խցկվեց։

― Ի՞նչ եք կանգնել,— ասաց նա,— հո չե՞ք կարող մարդուն այս վիճակում թողնել, պետք է մի բան անել։

Շփոթված, բութ հայացքով ոստիկանները նայեցին երիտասարդին։ Կարմիր դեմքով ոստիկանը թափահարեց ձեռքը։

― Կես ժամ է, ինչ սրա հետևից ենք ընկել,— ասաց նա։

Հարբածը նորից ցավագին տնքաց ու գլուխը ետ թեքեց։ Թանձր արյունը սառեց նրա բերանի շուրջը և սկսեց կաթիլ֊կաթիլ ընկնել մաշված վերարկուի վրա։

Բազմության միջից լսվեց մեկի ձայնը։

― Պառկեցրե՛ք։ Շրթունքին մի բան դրե՛ք։

Առաջ խցկված երիտասարդը թեքվեց հարբածի վրա ու թաշկինակ դրեց նրա քթին։ Հետո նա ուղղեց հարբածի մարմինը, ու հարբածն ամբողջ հասակով մեկ պառկեց մայթին։ Ոստիկանները հոնքերը կիտած, շվարած հետևում էին։

Մի պահ նորից լռություն տիրեց։

Փողոցի անկյունից մի կին երևաց ու մոտեցավ բազմությանը։ Նա մոտ երեսունհինգ տարեկան էր, կծկված, նիհար, փոքրիկ մարմնով ու տգեղ ատամներով, որոնք դուրս էին ցցվել շրթունքների տակից։ Նրա նիհար, ոսկրոտ դեմքն այրվում էր հետաքրքրությունից։ Նա ճեղքեց մարդկանց շղթան։ Ճիշտ այնպես, ինչպես բարակ երկաթալարն է անցնում սոսնձի միջով։ Նա նայեց մայթի վրա պառկած մարդուն ու գունատվեց։

Հետո նա սարսռաց ամբողջ մարմնով և սկսեց ճչալ։

― Ես գիտեմ ձե՜զ,— ասաց նա,— ես ճանաչում եմ ձեզ, ոստիկանների՜դ։ Ղուք միայն խեղճ մարդկանց եք ծեծում, ես ձեզ գիտե՜մ։

Երիտասարդ ոստիկանը շուռ եկավ։ Նրա դեմքը կատաղությունից կարմրել էր։

― Բան էլ չգիտես։

― Գիտե՜մ,— գոռաց կինը։— Մի օր ձեզ էլ կծեծեն։ Ա՛յ, կտեսնեք, դուք էլ այս օրին կընկնեք։

― Տո՛ւն գնա,— ոստիկանն սպառնագին ձայնով ասաց կնոջը,— տո՛ւն գնա, ասում եմ քեզ, լավ կանես, եթե տուն գնաս։

Կնոջ բարակ ձայնն ավելի ու ավելի էր բարձրանում, իսկ մարմինը դողում էր։

― Սրիկանե՛ր , կեղտոտ սրիկանե՛ր։ Մի անգամ ձեզ պես երկու կեղտոտ սրիկաներ ինձ էլ են բռնել։

― Տո՛ւն գնա,— ասաց ոստիկանը,— քեզ նմաններին էլ գիտեմ։ Տուն գնա։— Նա սպառնագին տեսք ուներ։ Գլուխն ուսերի մեջ քաշած, այս ու այն կողմ էր նայում։

Կարմիր երեսով ոստիկանը մոտեցավ բազմությանը։ Նրա ձայնը հնչեց «սովորականի» պես։

― Ցրվե՛ք,— գոռգոռաց նա,— ամբողջ փողոցըն եք փակել։ Դե, շո՛ւտ, ցրվե՛ք։

Բազմությունը մի փոքր ետ քաշվեց։ Ոստիկանն ամբոխի մեջ ճամփա բացեց ու ետ վերադարձավ։ Ծուռ ու մուռ պատնեշը նորից փակվեց ու առաջվա պես ամուր դարձավ։

Ոստիկանն աչքերը հառեց մարդկանց վրա և թափ տվեց ձեռքը։

— Կես ժամ է, ինչ սրա հետևից ենք ընկել,— ասաց նա։

Ոչ ոք չպատասխանեց։

Կինը, որ այդքան աղմկել էր քիչ առաջ, նայեց հարբածին։ Հարբածն արդեն հանգստացել էր և ամբողջ հասակով անշարժ փռվել էր գետնին։ Դեմքն ու վերարկուն ծածկվել էին արյունով։

― Դուք դեռ սպասե՜ք։ Մի օր էլ ձեզ կծեծե՜ն,— անսպասելի հանդարտությամբ ասաց կինը։ Հետո անհետացավ նույնքան արագ, ինչպես որ երևացել էր։

Նորից լռություն տիրեց։

Ոստիկանները նայեցին բազմությանը։ Նրանք մեծ մասամբ տղամարդիկ էին։ Բոլորն էլ նման էին իռլանդացի բանվորների, բոլորն էլ հագել էին կիրակնօրյա զգեստներ։ Կանգնել էին ուս֊ուսի։ Նրանք ամրակազմ էին, խիստ դիմագծերով ու մռայլ դեմքերով։

Կարմիր երեսով ոտիկանը բթամատով ինչ-որ անորոշ շարժում արեց։

― Այդ կինը ինքն էլ չգիտեր, թե ինչ էր դուրս տալիս,— ասաց նա։ Նա խոսում էր արդարանալով։— Նա չգիտեր, թե ինչ է պատահել։

Առջևի շարքում կանգնած մի կին համաձայնվեց նրա հետ.

― Իհարկե,— ասաց նա,— ամեն մարդ էլ գիտե, որ հարբածը խենթից էլ վատ է։

Նորից լռություն տիրեց։ Մարդիկ շարունակում էին նայել նույն սառը, մռայլ հայացքներով։

― Հարբած մարդը խենթից էլ վատ է,— կրկնեց կինը։

Ամբոխի միջից մեկը գրպանից թուղթ ու մատիտ հանեց, նայեց ոստիկաններին, ապա պատրաստվեց գրելու։

Երիտասարդ ոստիկանը մոտեցավ նրան։

― Ի՞նչ ես անում։

Մարդը չպատասխանեց։ Նա շարունակում էր գրել։

— Ի՞նչ ես անում,— նորից հարցրեց ոստիկանը։— Ինչ է, ուզում ես նստեցնե՞մ քեզ։

― Քո գործն է, ուզո՞ւմ ես, նստեցրու,— պատասխանեց մարդը,— ես քո համարն եմ գրում։

Նա թուդթը դրեց գրպանը։

Ոստիկանը լուռ էր։ Նա անշարժ մեխվել էր տեղում։

Մի անցորդ մոտեցավ ու բարձրաձայն հարցրեց, թե ինչ է պատահել։ Հետևի շարքում կանգնած մի մարդ պատասխանեց։

― Ա՛յ, այս խեղճ տղան հարբել է, իսկ սրանք ծեծել, ուշագնաց են արել,— բարձրաձայն ու մի տեսակ մարտահրավեր նետելով, պատասխանեց մարդը։

― Դու ինչո՞ւ ես խցկվում,— կմկմալով ասաց կարմիր երեսով ոստիկանը։— Կես ժամ է, ինչ սրա հետևից ենք ընկել։ Իսկ դու ի՞նչ գիտես, որ խառնվում ես։

― Շատ լավ էլ գիտեմ,— հանգիստ պատասխանեց նույն ձայնը,— ոստիկաններ չե՞ք։

― Ի՞նչ եք ուզում ասել,— հարցրեց ոստիկանը,— դա ի՞նչ կապ ունի սրա հետ։

― Ոստիկաններ եք, չէ՞,— լսվեց նույն ձայնը։

Նրանք մի պահ լռեցին։

― Իսկ գիտե՞ս, որ նա ուզում էր մի կնոջ խփել,— ասաց երիտասարդ ոստիկանը։

— Հետո՞ ինչ։

― Ինչպես թե՝ հետո ինչ,— ասաց ոստիկանը,— ախր մենք պետք է կարգ պաշտպանենք, չէ՞։ Մենք օրենքի պաշտպաններն ենք, չէ՞։

― Գրողի ծոցն եք։

― Ո՞վ էր ասողը։ Ո՞վ էր։— Տարեց ոստիկանը այնպիսի տեսքով մոտեցավ բազմությանը, որ կարծես մարտի էր հրավիրում նրանց։

― Ե՛ս էի։

Մի թիկնեղ, միջին տարիքի մարդ, որ աչքի էր ընկնում իր մեծ գլխով ու ամրակազմ մարմնով, առաջ եկավ։

Նա կանգնեց ոտքերը լայն բաց արած, ձեռքերը մեջքին։

― Ես էի։

― Դու էիր, հա՞,— կմկմալով կրկնեց ոստիկանը,— ինչ է, ուզում ես քեզ նստեցնե՞մ։

― Թքած, նստեցնում ես նստեցրու։

― Ուրեմն այդպես, հա՞,— կրկնեց ոստիկանը,— հո խելքդ չե՞ս թռցրել։

Նա մի պահ լռեց։

― Ինչո՞ւ ես այստեղ եկել, տեսարա՞ն սարքելու։— Նա դարձավ դեպի բազմությունը։— Գրողը տանի, իսկ դուք ինչո՞ւ չեք հեռանում այստեղից։

— Մենք չենք ուզում տեսարան սարքել,― հանգիստ պատասխանեց թիկնեղ մարդը։— Մենք պարզապես ուզում ենք, որ դուք այլևս չծեծեք նրան։

― Ճի՛շտ է,— ասաց մեկ ուրիշը։

― Մի սրանց տե՜ս,— ծիծաղեց տարեց ոստիկանը։ Նա դարձավ ընկերոջ կողմը։— Լսեցի՞ր։

Երիտասարդ ոստիկանը քրքջաց։

Ամբոխը լուռ էր։

― Այնպես եք խոսում, կարծես մենք գազան լինենք, կամ ես ինչ գիտեմ ինչ,— նախատինքով ասաց տարեց ոստիկանը։— Ես իռլանդացի եմ, կաթոլիկ եմ։ Սա իմ պարտքն է, և ես կատարում եմ այն։

― Մի բան ասեմ քեզ, բարեկամ,— պատասխանեց միջին տարիքի մարդը,— ինչպես իռլանդացին իռլանդացուն։ Հենց քո նման բարի և իռլանդացի մի կաթոլիկ էր, որ 1914 թվականին գոկերների գործադուլի ժամանակ ջարդեց գանգս։ Երբ իռլանդացի կաթոլիկը ոստիկանի համազգեստ է հագնում, իմացիր, որ նա արդեն ոստիկան է։ Նա այլևս ո՛չ իռլանդացի է, ո՛չ էլ կաթոլիկ։

― Քեզ պետք է նստեցնել, միկ[1],— հայհոյեց տարեց ոստիկանը,— հենց հիմա պետք է նստեցնել։

― Դե, ի՞նչ ես կանգնել։ Նստեցրո՛ւ։

Ոստիկանը նայեց իր շուրջը հավաքված ամբոխին։ Ամբոխն էլ նրան էր նայում։

― Շտապ օգնություն կանչիր, իռլանդացի կաթոլիկ,— ասաց միջին տարիքի մարդը,— վիրավորին գետնին եք թողել։

Ոստիկանը աչքերը զայրացած հառեց նրա վրա։

― Դե՛, շտապ օգնություն կանչեցեք,— կրկնեցին մի քանիսը։

― Կանչո՛ւմ եմ, կանչո՛ւմ եմ,— ասաց ոստիկանը,— համբերեք մի քիչ։ Ես իմ գործը գիտեմ։— Նա քայլերն ուղղեց դեպի բազմությունը։

― Կանչիր, քանի դեռ ինքդ շտապ օգնության կարիք չունես,— ասաց ինչ-որ մեկը։ Ոստիկանը կանգ առավ։ Նա ձեռքը տարավ ատրճանակին։

― Դե՛, դե՛,— ասաց միջին տարիքի մարդը։

Մարդկանց պատնեշը քանդվեց։ Ոստիկանն անցավ նրանց միջով և ուղղվեց դեպի հեռախոսի խցիկը։

Օղակը նորից փակվեց։

Գլանաձև գլխարկ դրած փոքրիկ մարդը, որ ոստիկանի թիկնոցն էր պահում, առաջ եկավ ու գետնին դրեց այն։

― Սա ի՞նչ բան էր,— հարցրեց երիտասարդ ոստիկանը,— ինչո՞ւ թիկնոցը գետնին դրեցիր։

Մարդը չպատասխանեց։ Բազմությունը ճանապարհ տվեց նրան, և նա արագ հեռացավ։ Ամուր օղակը նորից փակվեց։

Անձրևը սաստկացել էր, բայց ոչ ոք չէր հեռանում։ Արդեն բավական մութ էր։

Մարդիկ կանգնել, սպասում էին շտապ օգնությանը։

― Ի՞նչ է պատահել, ի՞նչ եք ուզում,— հանկարծ չդիմացավ ու պոռթկաց երիտասարդ ոստիկանը,— գրողը տանի, ի՞նչ եք ուզում։

Ոչ ոք չպատասխանեց։



  1. Արհամարհական մականուն, որով կոչում են իռլանդացիներին Ամերիկայում։ (Ծ.Թ.)