Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Միայն Կոզեռնը չէր, որ տագնապալից այս ժամանակներին լուսատուների շարժումները կամ երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթները կապում էր հայ ժողովրդի քաղաքական բախտի մեջ կատարված շրջափոխությունների հետ։ «Քրիստոսի խաչելութեան» հազարամյակին, 1033 թվականին, նշելով «յամսեանն Արաց յաւուրն ուրբաթու ի դառնալ աւուրն» տեղի ունեցած արեգակի խավարումը, Լաստիվերտցին գրում էր. «Զոր տեսեալ '''բազումք''' ի գիտնոց, կարծեցին գոլ զծնունդն Նեռինն զայն, կամ մեծամեծ չարեաց գուշակ» <ref> Լաստիվերտցի, նույն տեղում, էջ 42։</ref>։ Նույն այդ դեպքն է, որի մասին, առնելով հին տարեգրություններից, Մխիթար Այրիվանեցին նվազ որոշակի նշում էր 1031-1041 թվականների արանքում. «Արեգակն խաւարեցաւ ի Քաղոց ժգ յուրբաթու, ի միջօրէի, և արձակեցաւ սատանայ ի կապանաց խաչելութեան Քրիuտոսի»<ref>Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58։ Աստղաբաշխական և ժամանակաբանական գրականության մեջ արեգակի խավարումների մասին եղած այս նշումների ճշտությունը վիճարկվում է (տե՛ս այս մասին «Մանր ժամանակագրություններ XIlI-XVIII դարերի», Երևան, 1956, II, էջ 163. Վ. Հակոբյանի ծանոթագրությունը)։ Սակայն այդ վեճերն ըստ էության չեն շոշափում մեզ զբաղեցնող հարցի էությունը, որչափ, ինչպես պիտի տեսնենք, Կոզեռնի անվամբ մեզ հասած տեսիլները կապված չեն ոչ արեգակնային խավարումների և ոչ իսկ նրա անձնավորության կամ ապրած ժամանակի հետ։</ref>։
Կոզեռնի տեսիլը վկայակոչող հայ աղբյուրների մեջ նախատեսվում են կրոնական պատվիրանների խախտումներ, հարստահարումների, կաշառակերությունների և հափշտակությունների հաճախում, կարգավորների գործած զեղծումներ, արծաթասիրություն ու սիմոնականություն, անբարոյություն և աշխարհային զվարճանքների ծավալում վանքերում ու դղյակներում. «Առաջնորդք և. իշխանքն լինելոց են կաշառակերք և ստախոսք և սուտերդմունք և ի ձեռս կաշառաց թիւրեն զդատաստանս իրաւանցն աղքատին...։ Իշխանք և դատաւորք պոռնկասէրք առաւել քան աստուածասէրք... մեծարեն զմատնիչսըն և զգողսն, յաւիշաակեն անիրաւաբար զաշխատողաց զինչսն, անողորմ ի վերայ ուղիղ դատաստանացն»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 69 և հետ.։</ref>։ Փաստապես այս ամենը ընթացիկ կյանքում դիտված և հոգևոր ու աշխարհիկ իշխող խավերի դեմ սրված մերկացումներ էին տեսիլքի մեջ՝ գալիքի գոգը առաջաձգված։
Երկրում հաստատվելիք օտար տիրապետությունը այն պատուհասն է, որ հղվելու է երկնքից՝ ի պատիժ մարդկային զանցառումների։ Կասկած չկա, որ ընթացիկ փորձից են առնված նաև գունեղ այն ներկերը, որոնցով պատկերացվում են քրիստոնյաների ներքին բախումներն օտար տիրապետության ժամանակ. «Գրգռին որդիք ընդ հարցն, ատեցողք լինին հարք առ որդիս, յարիցեն եղբարք ի վերայ միմեանց, սպանութեամբ և արեան հեղութեամբ ջանան կորուսանել զիրեարս, ուրանան զգութ և զսէր եղբայրութեանն, ցամաքեսցի արիւն եղբայրութեան նոցա, և այսպիսի գործովք հաւասարակից լինին անօրինացն»<ref>Նույն տեղում, էջ 72։</ref>։ Ո՞վքեր են այս «անօրենները»։ Ուռհայեցու մոտ պահված վերսիայի համաձայն՝ Հայաստանում հաստատվելու է նախ '''թուրքերի''' վաթսունամյա տիրապետությունը, որին հաջորդելու է Երուսաղեմի անցումը ֆրանկներին, իսկ հիսուն տարի հետո՝ քրիստոնյաների համատարած ազատագրումը։ Իհարկե, XI դարի առաջին կեսում Կոզեռնը չէր կարող նախատեսած լինել ոչ թուրքերի վաթսունամյա տիրապետությունը, ոչ Քրիստոսի գերեզմանի նվաճումը ֆրանկների ձեռքով։ Ըստ երևույթին նրան վերագրված տեսիլներն ընդառաջում էին հարստահարումների ու ճնշումների դեմ տրտնջացող այլ վայրի և այլ ժամանակի հայ մասսաների տրամադրություններին, ջանալով միաժամանակ կապել նրանց ակնկալությունները ֆրանկ խաչակիրների ներշնչած ազատագրական պատրանքների հետ։
Վստահելի
199
edits