Changes

/* 3. Դաշանց թուղթը */
Հայտնի է, որ հայ եկեղեցին սկզբնապես ենթարկվում էր Կեսարիայի եպիսկոպոսապետին և անչափ հեռու էր արտոնված այն դիրքից, որ իբրև թե հատկացրած են եղել նրան Կոստանդինոսն ու Սեղբեստրոսը։ Միայն կեղծ, խաբուսիկ ու միտումնավոր մի թուղթ կարող էր շաղկապել հայ եկեղեցու սկզբնավորման պատմությունը Հռոմի հետ, ընդ սմին տիեզերական եկեղեցու մեջ վերագրելով հայ եկեղեցուն այնպիսի դիրք, որպիսին նա ունեցած չէ երբեք։ Հայ կաթողիկոսությունը ոչ միայն գերիշխող, այլ նույնիսկ հավասարազոր չի ճանաչվել երբևէ Երուսաղեմի, Անտիոքի կամ Ալեքսանդրիայի պատրիարքությունների հանդեպ։ Բայց այս մեծարանքի ժամանակ իսկ «Դաշանց թղթի» խմբագրողը պարզում է ստախոս իր լեզուն։ Հայտնի է, որ չորրորդ դարի սկզբում, բացի Հռոմի պապից և Անտիոքի ու Ալեքսանդրիայի պատրիարքություններից, գոյություն ուներ նաև նրանց հավասարազոր Եփեսոսի պատրիարքությունը, որի իրավունքները մի քանի տասնամյակ հետո անցան Կ. Պոլսի պատրիարքությանը։ «Դաշանց թուղթը» լռում է թե՛ Եփեսոսի և թե՛ նրան հաջորդած Կ. Պոլսի պատրիարքության մասին։ Այս լռությունը մեզ փոխադրում է չորրորդ դարից խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակները, երբ գրավելով Պոլիսը՝ խաչակիրները ենթարկեցին նրա պատրիարքությունը պապի գերիշխանությանը, փաստապես ի չիք դարձնելով պատրիարքական իշխանությունը։ Պատահական չէ, որ Պոլսի պատրիարքության փոխարեն «Դաշանց թղթի» հեղինակները նպատակահարմար են համարում հիշատակել խաչակրաց արշավանքների դարաշրջանում կարևորություն ստացած Երուսաղեմի պատրիարքությունը և միաժամանակ հավաստիացումներ անել արևելյան մյուս աթոռների նկատմամբ հայոց կաթողիկոսության վայելած գահերեցության մասին։ Բնորոշ է նաև, երբ «Դաշանց թուղթը» տուրքերից ազատ էր հայտարարում աղքատներին և օտարներին։ Օտարներին խոստացվող իմունիտետը ցույց է տալիս արևմտյան ներշնչումների առկայությունը, առանց որոնց անհնարին էր «Դաշանց թղթի» առաջացումը։ Ինչ վերաբերում է աղքատների հիշատակման, այս ձրի մի խոստում էր, որով «Դաշանց թղթի» հեղինակները ձգտում էին կարթել հայ ժողովրդական մասսաների համակրանքը։
 
Քննելով Ագաթոնի գուշակությունները՝ ուշադրություն դարձրինք Լուսավորչի տոհմի կաթողիկոսությունը վերականգնելու շուրջը արծարծվող մտայնության վրա և մատնանշեցինք այն ակնկալությունները, որ կապվում էին այդ առիթով քաղկեդոնական Բյուզանդիոնի և Հռոմի հետ։ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (1166—1173), որի արևմտյան կողմնորոշումը ծանոթ է մեզ արդեն, հպարտորեն վերագրում էր իրեն Պահլավունի֊Արշակունի ծագում։
Վստահելի
199
edits