«Երեւան»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Երեւան |հեղինակ = Մկրտիչ Արմեն |աղբյուր = «Երեւան» |թարգմանիչ = }} Կատեգո...»:)
 
 
Տող 11. Տող 11.
  
 
1․
 
1․
 +
 
Վերջին երեկոյեան Արշակ Բուդաղեանը շատ վաղ քնեց։ Պառկելուց առաջ նորից մօտեցաւ լուսամուտին, նայեց դուրս՝ դէպի գետը, դէպի ծառերը՝ որ խշշում էին։ Մթութիւնն ամբողջովին հագեցած էր խոնաւութեամբ։ Զգացւում էր ջրի ու ծառերի իւրայատուկ բոյրը։ Մօտիկ ու հեռու հազիւ նշմարուում էին առարկաների առանձին ուրուագծերը։
 
Վերջին երեկոյեան Արշակ Բուդաղեանը շատ վաղ քնեց։ Պառկելուց առաջ նորից մօտեցաւ լուսամուտին, նայեց դուրս՝ դէպի գետը, դէպի ծառերը՝ որ խշշում էին։ Մթութիւնն ամբողջովին հագեցած էր խոնաւութեամբ։ Զգացւում էր ջրի ու ծառերի իւրայատուկ բոյրը։ Մօտիկ ու հեռու հազիւ նշմարուում էին առարկաների առանձին ուրուագծերը։
  
Տող 33. Տող 34.
 
Այդքան շտապում էր նա։
 
Այդքան շտապում էր նա։
  
***
+
{{ԵրեքԱստղ}}
  
 
Արշակը բարձրացաւ կառք եւ յոգնած մարդու ամբողջ ծանրութեամբ նստեց։ Դեռ չէր տեղաւորուել, երբ յանկարծ իր շուրջը փողոցը ցնցուեց։ Իր երկու կողմերում ցեխաշէն տնակների երկու շարքերը ցնցուեցին եւ սկսեցին սլանալ։ Դիմացը մի հրապարակ կար, որից ծայր էին առնում երեք փողոցներ։ Այդ հրապարակն արագ մօտենում էր։ Քիչ յետոյ նա շրջապատեց Արշակին։ Արշակը մտածկոտ կերպով մատը երկարեց դէպի երեք փողոցներից մէկը եւ ոչինչ չասաց։
 
Արշակը բարձրացաւ կառք եւ յոգնած մարդու ամբողջ ծանրութեամբ նստեց։ Դեռ չէր տեղաւորուել, երբ յանկարծ իր շուրջը փողոցը ցնցուեց։ Իր երկու կողմերում ցեխաշէն տնակների երկու շարքերը ցնցուեցին եւ սկսեցին սլանալ։ Դիմացը մի հրապարակ կար, որից ծայր էին առնում երեք փողոցներ։ Այդ հրապարակն արագ մօտենում էր։ Քիչ յետոյ նա շրջապատեց Արշակին։ Արշակը մտածկոտ կերպով մատը երկարեց դէպի երեք փողոցներից մէկը եւ ոչինչ չասաց։
Տող 61. Տող 62.
 
Փողոցը նոյնպէս։
 
Փողոցը նոյնպէս։
  
***
+
{{ԵրեքԱստղ}}
  
 
Աչքերը կիսախուփ, կենտրոնացած եւ ուշադիր՝ նա սկսեց բարձրանալ սանդուղքներով։ Նրա ոտքերի տակ ճռնչում էին տախտակէ աստիճանները։ Նա ուշադիր լսում էր նրանց ձայնը, ճանաչում էր եւ յիշում։ Լսողութեամբ շօշափում էր նրանցից իւրաքանչիւրի մաշուած տախտակները։
 
Աչքերը կիսախուփ, կենտրոնացած եւ ուշադիր՝ նա սկսեց բարձրանալ սանդուղքներով։ Նրա ոտքերի տակ ճռնչում էին տախտակէ աստիճանները։ Նա ուշադիր լսում էր նրանց ձայնը, ճանաչում էր եւ յիշում։ Լսողութեամբ շօշափում էր նրանցից իւրաքանչիւրի մաշուած տախտակները։
Տող 131. Տող 132.
 
Արշակ Բուդաղեանն սթափուեց։ Նայելով ժամացոյցին, նա գլխարկը դրեց եւ սենեակից դուրս ելաւ։
 
Արշակ Բուդաղեանն սթափուեց։ Նայելով ժամացոյցին, նա գլխարկը դրեց եւ սենեակից դուրս ելաւ։
  
***
+
{{ԵրեքԱստղ}}

Ընթացիկ տարբերակը 18:24, 29 Փետրվարի 2020-ի դրությամբ

Երեւան

հեղինակ՝ Մկրտիչ Արմեն
աղբյուր՝ «Երեւան»

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

1․

Վերջին երեկոյեան Արշակ Բուդաղեանը շատ վաղ քնեց։ Պառկելուց առաջ նորից մօտեցաւ լուսամուտին, նայեց դուրս՝ դէպի գետը, դէպի ծառերը՝ որ խշշում էին։ Մթութիւնն ամբողջովին հագեցած էր խոնաւութեամբ։ Զգացւում էր ջրի ու ծառերի իւրայատուկ բոյրը։ Մօտիկ ու հեռու հազիւ նշմարուում էին առարկաների առանձին ուրուագծերը։

Արշակն սկսեց մտածել, ապա ծխեց, դուրս նետեց ծխախոտի մնացորդը, որի կայծը մի քանի վայրկեան պլպլաց խիտ կանաչի միջից եւ անհետացաւ։

Նա քնեց առանց լուսամուտը փակելու։ Համարեա ամբողջ գիշերը լսում էր գետի ու ծառերի խշշոցը։ Եւ որովհետեւ երեկոյեան շատ վաղ էր քնել, դրա համար էլ արթնացաւ այն ժամանակ, երբ արեւը դեռ նոր էր ծագում։ Քնկոտ աչքերով վերցրեց ժամացոյցը, նայեց։ Առանց կոպերը բարձրացնելու՝ ձեռքով շօշափեց փոքրիկ սեղանի երէսը եւ գտաւ լուցկին ու ծխախոտի տուփը։ Ծխեց հէնց այդպէս, պառկած։ Բայց վերջին անգամ ծուխը դուրս փչելիս վեր կացաւ ու լայն յօրանջեց։

Մօտեցաւ լուսամուտին։ Նախ ծխախոտի մնացորդը նետեց դուրս, ապա սկսեց անփոյթ նայել։ Լուսամուտից բացւում էր խանձուած եւ անջրդի դաշտավայրի միապաղաղ տեսարանը, որը հեռուում երիզուած էր լեռնաշղթայով։ Պապակուած հողի վրայ բուսականութիւն բոլորովին չկար, բացի մի քանի վտիտ մացառներից, որոնք դեղնել էին հողի եւ օդի չորութեան հետեւանքով։ Չնայած վաղ առաւօտուան, արդէն շոգ էր։ Արեւի ճառագայթները, որոնք մի ամիս առաջ երկար թելերով էին ձգուում դեռ ցուրտ օդի մէջ, այժմ հալուել էին հէնց իրենց տաքութիւնից եւ տարածուել ամբողջ մթնոլորտում։

Տասը կիլոմետր այն կողմ՝ խաղողի կանաչ այգիների լայն օղակով շրջապատուած՝ փռուած էր քաղաքը։ Նա յագեցած էր արեւի թափանցիկ֊դեղինով։ Առանձին շէնքերը կամ փողոցները չէին երեւում, այլ երեւում էր արեւի պայծառ լոյսով ողողուած ամբողջական մի պատկեր, երիզուած կանաչագոյն հաստ շրջանակով։

Սրբիչն ուսի վրայ գցելով՝ Արշակը գնաց լուացուելու։ Երկար ժամանակ ջուրն այս ու այն կողմ էր ֆռֆռացնում, թափանցիկ կաթիլներով թրջելով յատակը։ Ապա վերադառնալով լուսամուտի մօտ՝ նստեց եւ փորձեց կարդալ։ Բայց հազիւ աչքերը սահեցնելով մի քանի տողի վրայից, դիրքը վար դրեց։ Նորից հենուեց լուսամուտին եւ սկսեց նայել։ Երկինքն անամպ էր, օդը՝ մաքուր։ Առարկաները երեւում էին չափազանց յստակ։ Նոյնիսկ հեռաւոր լեռները մօտիկ էին թուում։

Երեք կիլոմետր այն կողմ՝ փռուած էր քաղաքը։ Երեւում էին նրա բոլոր մանրամասնութիւնները։ Կենտրոնում պարզ գծագրուում էին սակաւաթիւ կանոնաւոր փողոցները՝ միյարկանի եւ երկյարկանի քարէ տներով։ Այնույետեւ սկսուում էր նրբանցքների եւ ցեխաշէն տնակների օղակը, որն ամէն կողմից շրջապատել էր այդ կենտրոնը, կարծես թոյլ չտալով նրան աճել, տարածուել։ Պարզ երեւում էին նեղ նրբանցքների քմայաճ գալարները, ցեխով ծեփուած տնակների խորանարդները։

Արշակ Բուդաղեանը ետ քաշուեց լուսամուտի մօտից, նորից ծխախոտ վառելու համար։ Լուցկին վառելիս, լուցկու տուփն ընկաւ փոքրիկ սեղանի վրայ եւ բացուեց։ Դուրս թափուեցին բարակ ձողիկները։

Մի կողմից ծխելով, նա միւս կողմից սկսեց հաւաքել լուցկիները եւ նրանցից կամուրջ կառուցել։ Երկար ժամանակ նրան այդ չէր յաջողուում։ Հազիւ մի քանի լուցկի իրար վրայ դրուած՝ արդէն ամէն ինչ քանդուում էր։ Պէտք էր նորից սկսել։ Բայց քանդուում էր նորից։ Մեղաւորն ինքը չէր, այլ սեղանը, որն անընդհատ շարժուում էր։

Վերջապէս կառուցեց։ Նայեց մի քիչ, ուղղեց։ Ուղղելիս՝ կամուրջը նորից քանդուեց։ Հաւաքելով լուցկիները տուփի մէջ, նա դարձեալ մօտեցաւ լուսամուտին։ Շոգ էր, շատ շոգ։ Իսկ քաղաքը շոգի եւ ստուերների մէջ կորած, կարծես շնչում էր։ Արշակը ցանկանում էր դուռն իր ետեւից շրխկացնելով դուրս վազել, կտրել այդ մի կիլոմետր տարածութիւնը, ոչ, այդ կէս կիլոմետրը, այդ հարիւր մետրը եւ մտնել քաղաք։

Այդքան շտապում էր նա։

✻    ✻



Արշակը բարձրացաւ կառք եւ յոգնած մարդու ամբողջ ծանրութեամբ նստեց։ Դեռ չէր տեղաւորուել, երբ յանկարծ իր շուրջը փողոցը ցնցուեց։ Իր երկու կողմերում ցեխաշէն տնակների երկու շարքերը ցնցուեցին եւ սկսեցին սլանալ։ Դիմացը մի հրապարակ կար, որից ծայր էին առնում երեք փողոցներ։ Այդ հրապարակն արագ մօտենում էր։ Քիչ յետոյ նա շրջապատեց Արշակին։ Արշակը մտածկոտ կերպով մատը երկարեց դէպի երեք փողոցներից մէկը եւ ոչինչ չասաց։

Հրապարակն արագ շարժումով մի կիսաշրջան արեց Արշակի շուրջը եւ կանգնեց։ Փողոցն առաջ եկաւ։ Նրա շէնքերն անցան կառքի երկու կողքով։ Նրանց մի շարքի գորշ պատերի վրայ Արշակը կարդաց․— 1, 3, 5, 7…

Շէնքերն առաջ էին գալիս, մի պահ նայում էին եւ անցնում։ Բայց Արշակն շտապում էր։ «Շուտ, շուտ»,— մտածում էր նա։ Երեւի մի անգամ էլ լսելի ձայնով ասաց այդ խօսքը, որովհետեւ շէնքերն սկսեցին աւելի շտապել։ Միանման, գորշ պատերի վրայ կպցրած թուանշաններն այժմ երեւում էին առանց ընդմիջումների՝ կազմելով աստղաբաշխական ահռելի մի թիւ․— 798183858789…

Արշակ Բուդաղեանն սկսեց դիտել․—

Փոշու եւ քրտինքի ամպերի մէջ կորած՝ գալիս էր մի գիւղացի, իր մելամաղձոտ էշի հետ։ Քայլելիս նա նայում էր իր եւ նրա միաձոյլ ստուերին եւ կարծես աշխատում էր որոշել, թէ որտեղ է վերջանում էշը եւ որտեղ է սկսուում ինքը։

Երկու գործնական մարդիկ, պորտֆէյլները ձեռքներին, շտապ եկան նոյն մայթի հակառակ ծայրերից եւ դէմ առ դէմ հանդիպեցին իրար։ Ցանկանալով ճանապարհ տալ միմեանց՝ նրանք նախ թեքուեցին դէպի աջ, ապա ձախ, բայց նորից իրար դէմ եկան։ Կարծես կատակ էին անում։ Կատակն աւելի ծիծաղելի էր դառնում, որովհետեւ երկուսն էլ լուրջ էին։ Ապա թուաց, թէ մէկն ուզում է փախչել, իսկ միւսը խանգարում է նրան։ Վերջապէս նրանք իրարից պոկուեցին եւ շարունակեցին կիսատ մնացած ճանապարհները։

Հերթում կանգնած մի մարդ պատահաբար կող տուեց միւսի ոտքը, ապա նայելով նրա դէմքին, ներողութիւն յայցողի պէս ժպտաց։ Տուժողը ժպիտն այս կերպ բացատրեց․ — Տեսնո՞ւմ էք, սիրելիս, թէ ինչե՜ր կարող եմ անել։ Բայց գիտէ՞ք, սա բոլորը չէ, ես նաեւ բաւական յաջողութեամբ գլուխ եմ ջարդում…

Խմբագրատան լուսամուտից երեւում էր, թէ ինչպէս բանաստեղծը վերնագիրը գրել էր վերջացրել եւ այժմ գրչակոթի պոչը մտածկոտ կերպով հպել էր քունքին, կարծես սպասելով, որ մտքերը քունքից ուղիղ հաղորդակցութեամբ հասնեն դէպի գրչածայրը։ Սովորական ճանապարհը շատ երկար էր, եւ մինչեւ տեղ հասնելն ահագին բան կորչում էր։

Կանացի գլխարկներ վաճառող տիկին Զարուհին բազմաթիւ գլխարկներ թակարդների նման դրել էր վիտրինում եւ այժմ նստած զարմանում էր, թէ ինչու մի մոլորուած գլուխ չի գալիս ընկնում դրանցից մէկի մէջ։

Դիմացի անկիւնում, պատի վրայ, կպցրած էր «Զրահանաւ Պատեօմկինի» պատկերը։ Դպրոցից վերադարձող մի երեխայ պոկեց նրա կէսը։ Պատի վրայ մնացին նաւաստու նկարն ու «եօմկին» տառերը։ Սակայն պոկուածի փոխարէն յայտնուեց «Տարզանը Ջունգլիում» հին պլակատի կէսը, Տարզանի հետ միասին, որը պատրաստուում էր յարձակուել ինչ֊որ գազանի վրայ։ Գազանը գտնուում էր «եօմկինի» տակը եւ չէր երեւում։ Այնպէս դուրս եկաւ, թէ Տարզանն ուզում է յարձակուել նաւաստու վրայ։ Նկարի տակ գոյացաւ անհասկանալի, գուցէ եւ անիմաստ «Տարեօմկին» բառը։ Բուդաղեանի մտքում ուժեղ տպաւորուեց այն, որովհետեւ դա Երեւանում նրան հանդիպած առաջին բառն էր։

Մարդիկ առաջ էին քայլում, բայց կարծես ետ էին գալիս, որովհետեւ նրանց ու Բուդաղեանի միջեւ տարածութիւնն անընդհատ կրճատուում էր։ Մի հեռագրասիւն վազեց եւ անցաւ։ Յանկարծ Բուդաղեանը բացականչեց՝ կաց։ Տներից մէկը քարացած կանգ առաւ։ Երբ Բուդաղեանը ներքեւ իջաւ, տունը ճանաչեց նրան եւ ուրախացաւ։ Այժմ նա չէր ուզում հեռանալ, որքան էլ ձիերը ոտերը գետնին դոփէին։ Այժմ կառքն ինքն ստիպուած եղաւ շարժուել եւ հեռացաւ։

Տունն անշարժ էր։

Փողոցը նոյնպէս։

✻    ✻



Աչքերը կիսախուփ, կենտրոնացած եւ ուշադիր՝ նա սկսեց բարձրանալ սանդուղքներով։ Նրա ոտքերի տակ ճռնչում էին տախտակէ աստիճանները։ Նա ուշադիր լսում էր նրանց ձայնը, ճանաչում էր եւ յիշում։ Լսողութեամբ շօշափում էր նրանցից իւրաքանչիւրի մաշուած տախտակները։

Հասնելով սանդուղքի ծայրին, նա մօտեցաւ սենեակի դռանը։ Բանալի փնտրեց պատի մէջ, երկու քարերի արանքում։ Շատ կը զարմանար, եթէ չգտնէր։ Բացելով ժանգոտած կողպէքը՝ նա մտաւ ներս։

Վեց տարի առաջ նա հեռացել էր այդ սենեակից։ Այնինչ, այդտեղ նա անց կացրել էր իր մանկութիւնը, պատանեկութիւնը, երիտասարդութիւն,— իր երեսուն տարիներից քսանչորս տարին։ Այժմ, երբ նա նորից մտաւ այդտեղ, կատարուեց մի տարօրինակ բան․— նրա ուղեղում վեց լրիւ, կլոր տարիներ պտտուեցին իրենց առանցքի շուրջը, ապա դուրս ընկան նրա մտապատկերներից։ Տարիների ետեւից եկաւ, մօտեցաւ հրաժեշտի վերջին օրը եւ միացաւ այդ նոր օրուայ հետ։ Սենեակում ոչինչ չէր փոխուել։ Նրան թուաց, որ ինքը բոլորովին չի էլ հեռացել այդտեղից։

Նա մօտեցաւ սեղանին եւ այնտեղ տեսաւ մի քանի օր առաջ ուղարկած իր նամակը, որով հօրեղբօրը խնդրում էր իր սենեակն ազատել, որովհետեւ ինքը վերադառնում էր։ Նամակն արդէն կարդացուած էր․ ծրարի մի կողմի ատամնաւոր կտրուածքի միջից երեւում էին կիսատ բառեր եւ տողեր։ Արշակին թուաց, որ դա իր ձեռագիրը չի։ Թուղթը դուր քաշեց։ Ոչ, դա ուրիշ նամակ էր, իր ծրարի մէջ դրուած։ Գրում էր հօրեղբօր որդին։—

«Արշակ ջան, երբ կը գաս՝ քեզ հազար ողջոյն։ Ես քեզ շատ սպասեցի քաղաքում, բայց դու ուշացար։ Մենք ամբողջ ընտանիքով բաղումն ենք։ Կը գաս մեզ մօտ»։

Ստորագրուած էր՝ Արշակ Բուդաղեան։

Միեւնոյն օրն էին ծնուել նրանք։ Իսկ այդ օրն սպանուել էր իրենց պապը՝ Արշակը։ Եւ նրա յիշատակը յաւերժացնելու համար նրանց հայրերը երկուսի անուններն էլ Արշակ էին դրել։

Բուդաղեանը մօտեցաւ լուսամուտին։ Ձեռքը մեկնեց՝ ապակու վրայից վարագոյրը ետ տանելու համար։ Նա նոյնիսկ բռնեց վարագոյրի ծայրը, բայց յետոյ թողեց։ Մի բիծ, մի փոքրիկ բիծ պատի վրայ՝ նրա ուշադրութիւնը գրաւեց։

Ծանօթ բիծ էր․— անիմաստ, անանուն, բայց ծանօթ։ Երբ Արշակ Բուդաղեանը նայեց նրան, նա յիշեց շատ մանրամասնութիւններ, չնչին դէպքեր, մտքեր… Նա ինչքա՜ն է նայել այդ անանուն նշանին եւ մտածել…

…Իր ամբողջ կեանքում նա մի ձգտում ունէր․ ստեղծագործել։ Եօթ տարի առաջ նա համոզուեց, որ իրենց բանաստեղծական շնորհք չի տրուած։ Դա նրա կեանքի առաջին մեծ հիասթափութիւնն էր։ Երբ համոզուեց դրանում, որոշեց թողնել ամէն ինչ եւ նորից սկսել։ Այս անգամ ձեռնարկեց բոլորովին տարբեր մի գործի․ մտածեց դառնալ ճարտարապետ։

Նա ատում էր թուերը, սարսափում էր չոր հաշիւներից։ Ընտրելով ճարտարապետութիւնը՝ նա կարծես ցանկանում էր վրէժ լուծել անյաջող բանաստեղծից, տանջել եւ չարչարել նրան։ Միայն հետագայում սկսեց հաշտուել իր ընտրած ճիւղի հետ։ Եղաւ այնպէս, որ մաթեմատիկայի չոր թուերի, երկրաչափական սխեմատիկ գծերի եւ ճարտարապետական դաժան հաշուումների մէջ նա սկսեց տեսնել ուրիշ բովանդակութիւն, ուրիշ իմաստ։ Այդ օրուանից սկսած՝ նա նորից իրեն զգաց իբրեւ նախկին բանաստեղծը, բայց այս անգամ աւելի ուժեղ, աւելի զինուած…

Նա նորից ձեռքը երկարեց՝ լուսամուտի վրայից վարագոյրը ետ տանելու համար, բայց նրա աչքերը կանգ առան լուսամուտի գոգի վրայ։ Մի բիծ, մի աննկատելի, բայց անջնելի բիծ, գրաւեց նրա ուշադրութիւնը։

Արշակ Բուդաղեանն անցեալում մի տարօրինակ սովորութիւն ունէր։ Որքան շատ էր սիրում որեւէ իր, որեւէ առարկայ, այնքան շատ ծաղրում էր նրան։ Նա դրանով արտայայտում էր իր համակրանքն ու մտերմութիւնը։ Ոչ, նա ուրիշ կերպ չգիտէր արտայայտել իր սէրը։ Եւ այդ էր պատճառը որ կանայք նրան չէին սիրում։

Նա չէր խնայում նոյնիսկ թուերին։ Երբեմն նա իրեն պատկերացնում էր 2֊ի թամքի վրայ նստած, 1֊ը՝ իբրեւ մտրակ ձեռքում բռնած, 0֊ի յաղթական կամարի տակից անցնելիս։ Երբեմն նա 8֊ի երկփողանի հրացանն ուղղում էր դէպի 5֊ը, որը կիսաբաց բերանով գազանի էր նման։ Պատահում էր, որ նրա դէմ կանգնում էր 4֊ի ցանկապատն իր ճաղերով կամ 3֊ն էր փակուում կողպէքի պէս, բայց յաղթողը միշտ ինքն էր լինում, եւ իր առջեւից միշտ գնում էր 7֊ը՝ իբրեւ յաղթութեան ծածանուող դրօշակ…

Վերջապէս նա ձեռքը մեկնեց դէպի վարագոյրը եւ երբ արդէն պատրաստուում էր քաշել, նրա աչքովն ընկաւ հազիւ նշմարուող մի բիծ՝ հէնց վարագոյրի վրայ… Վեց տարի առաջ նա օպտիմիստ էր, ծայրայեղ օպտիմիստ։ Նա գիտէր իր դժուարութիւններն ու դժբախտութիւններն այնպէս չափազանցնել, այնքան մեծացնել, որ նրան շարժի էին վերածուում եւ դառնում թեթեւ, չնչին, ծիծաղելի։ Դա մի ամբողջ փիլիսոփայութիւն էր, որով նա մօտենում էր երեւոյթներին։ Միեւնոյն ժամանակ նա գիտէր ամենահասարակ առարկան դիտել եւ ցոյց տալ այնպէս, ինչպէս դեռ ոչ ոք չէր տեսել նրան իր կեանքում։

Մի անգամ, երբ նա դեռ ուսանում էր Երեւանում, պատահել էր հետեւեալ դէպքը․—

Ինքն ու իր ընկերը ճաշարանում նստած ճաշում էին։ Ընկերն այդ օրը անյայտ պատճառներով չափազանց տխուր էր։ Արշակն իզուր էր աշխատում նրան ուրախացնել։

— Թող, Արշակ,— կրկնում էր ընկերն ամէն անգամ․— զուարճանալու ոչինչ չկայ…

— Մի՞ թէ,— զարմանում էր Արշակը։ Նա ինչ֊որ մտածում էր։ Ու մինչդեռ ընկերն ընկղմուած էր իր մտքերի մէջ, նա յանկարծ բացականչեց․

— Սպասիր, ես իսկոյն զուարճանալու նիւթ կը գտնեմ քեզ համար։ Պատրաստ է։ Նայիր։ Տեսնո՞ւմ ես այն մարդուն, որ ճաշում է։ Կարծեմ բաւական համաչափ են շարժուում նրա ձեռքերը դէպի բերանը, եւ այնտեղից էլ դէպի ետ։ Հետաքրքիր, իհարկէ, ոչինչ չկայ այնտեղ։ Բայց փորձիր աչքերդ բաց ու խուփ անել այնպէս, որ տեսնես միայն գդալը բերանում եղած մոմէնտը։ Հետեւեալ վայրկեանին փակիր աչքերդ եւ նորից բաց արա։ Այդպէս։ Նորից։ Մէկ էլ։ Ի՞նչ տպաւորութիւն ես ստանում։ Տարօրինակ ձեռնածու է նա, այնպէս չէ՞։ Գդալը կոխել է բերանը եւ աչքերը վեր հառած՝ անշարժացել…

Արշակի սեփական տեղեկութիւնների համաձայն՝ ընկերը կատարելով իր ասածը եւ տեսնելով անծանօթի քարացած վիճակը, հետեւեալ վայրկեանին ճչալով վազել էր դէպի այդ մարդը, ենթադրելով, որ նա կամ հիւանդացել է, կամ հիպնոսուել…

Պատահել էր դա իրօք, թէ ոչ, այնուամենայնիւ, կասկածից դուրս էր մի բան․ Արշակը գիտէր կեանքը տեսնել իւրայատուկ ձեւով եւ այդպէս էլ ցոյց տալ ուրիշներին…

Նա դանդաղօրէն ձեռքը բարձրացրեց։ Կարծես ձեռքն ինքը մտածում էր։ Երազկոտ շարժումով բռնեց վարագոյրի ծայրից։ Մատներով սկսեց շորը հաւաքել ափի մէջ, ապա մի ուժեղ ցնցումով ամբողջ վարագոյրը պոկեց։ Արշակը նրան պահեց իր ձեռքում։ նրա աչքերը մեխուեցին դէպի դուրս, եւ նա անորոշ բացականչեց։ Վարագոյրը կախ ընկաւ Արշակի ձեռքից, ապա ծալքերն իրար ետեւից դուրս եկան նրա ափի միջից եւ նոր ծալքերով դիզուեցին հատակի վրայ։ Քիչ յետոյ, մի թեթեւ շարժումով վար ընկաւ վարագոյրի վերջին ծայրը։ Այժմ նրանք երկուսն էլ անշարժ էին․ Արշակն ու վարագոյրը…

Դրսում, ապակիների ետեւը, ինչ֊որ բան կար, որը Բուդաղեանի դէմքի վրայ արտայայտուում էր վշտի՞, թէ հիասթափութեան արտայայտութեամբ։ Ի՞նչն էր այդ։ Ոչինչ գուշակել չէր կարելի։ Դիմացը բացուում էր փողոցների եւ նրբանցքների խառնիխուռը մի պանորամա, իսկ հեռուում՝ բլուրներ եւ դաշտավայր․ փողոցներում՝ մի յարկանի շէնքեր, հնամաշ խանութներ, նորակառոյց տնակներ, մայթերի կողքով անցնող ջրի առուակներ։ Գնում եւ գալիս էին սովորական կառքեր, պատահական աւտոմոբիլ եւ մարդիկ՝ որոնք առաջին հայեացքից այնքան նման էին միմեանց։

Բայց նա չէր նկատում այդ բոլորին։

Հեռուում, բլուրներից մէկի վրայով, անցնում էր մի ճանապարհ։ Փոշոտ ճանապարհ, երկար, սպիտակաւուն։ Այդպիսի բազմաթիւ ճանապարհների հետ նա գործ էր ունեցել Լենինգրադի շրջակայքում։ Տարածուում էր կուպրի հոտը, տարածուում էր մածուցիկ ասֆալտը եւ յետոյ վերստեր՝ ասֆալտով ծածկուած։ Երբեմն Արշակը կանգնում էր ճանապարհի վրայ եւ նայում։ Սակայն նա չէր կարողանում տեսնել այն սահմանը, ուր վերջանում էր իր ձեռքով մշակուած ուղին։ Նրա հայեացքը մեխուում էր հորիզոնին, ապա կոր գծով թեքուում էր նրանից այն կողմ եւ հազարաւոր աւտոներից մէկն ու մէկի նման սահում էր ասֆալտի վրայով։ Նա երեւակայութեամբ տեսնում էր աչքով անտեսանելի այն հեռուները, որոնցով անցնում է իր աշխատանքը։ Եւ նա գոհ էր, որ արդէն նուաճել է ֆիզիկական աշխարհի չափումներից մէկը՝ երկարութիւնը։ Այժմ պէտք էր նուաճել լայնութիւնը եւ բարձրը։ Մանաւանդ՝ բարձրը։

Մի անգամ, նա իր սեփական ձեռքերով շուռ էր տուել մի մեծ, զարհուրելի ֆուրգոն, որը համարձակութիւն էր ունեցել իր ահռելի անիւները դնել ասֆալտի վրայ։ Խճուղային վարչութիւնն Արշակի այդ արարքի համար ոչինչ չէր ասել, որովհետեւ բոլորին յայտնի էր նրա խանդոտ սէրը դէպի իր կառուցումները։ Սակայն վերջին դարձեալ ինքն էր զգացել իր արածի չափազանցութիւնը եւ մի պատեհ առիթով, ռաեօնի կոմբջիջների ընդհանուր ժողովում ասել էր հետեւալը․

— Մեզ կուլտուրա է պէտք։ Պէտք է օրինաչափ կերպով զարգացնել մեր ողջ տեխնիկան։ Եթէ մի կողմից երկար վերստերով ասֆալտէ ճանապարհներ կառուցենք, իսկ միւս կողմից աւտո֊գրոհ չտանք ֆուրգոնների վրայ, միեւնոյնն է, ասֆալտից ոչինչ դուրս չի գայ…

Սակայն այժմ, կանգնած լուսամուտի մօտ՝ Բուդաղեանի բլուրի վրայից անցնող այն ճանապարհին չէր նայում։ Մտածկոտ, ինքնամփոփ, նա մոռացել էր իր ու ժամանակի փոխյարաբերութեան մասին։ Բայց այսպէս թէ այնպէս, անթիւ տեղերում տկտկում էին մեծ ու փոքր, թեւի, ծոցի, պատի, սեղանի ժամացոյցները, դառնում էին բազմաթիւ սլաքները եւ ժամանակն անցնում էր։

Լսուեց եկեղեցիներից մէկի զանգի ձայնը։ Առաջին ղողանջի հետ՝ սկսեց իրիկնանալ։ Փողոցներից մէկում միլիցիոները սուլիչը մօտեցրեց բերանին․— խանութները փակելու ժամանակն էր։ Երբ նա սուլեց՝ մութը մի քիչ թանձրացաւ։ Արշակի սենեակի տակ, առաջին յարկում, լսուեց արհեստանոցի փեղկերի ձայնը։ Մութն աւելի խտացաւ։

Արշակը շարունակում էր նայել։ Այժմ փողոցում երեւում էին դէպի տուն շտապող մարդիկ։ Հեռուում նկատուում էին հատ ու կենտ բաց մնացած խանութների լոյսերը։

Օրն անցաւ։

Արշակը լուսամուտի ապակու վրայ, աղօտ գոյներով նկատեց իր սեփական դէմքը, ձուլուած փողոցի անցուդարձի հետ։ Այդ դէմքը դեռ շատ աղօտ էր եւ նրա միջով ազատ անցուդարձ էին անում մարդիկ ու կառքերը։ Այնուհետեւ որքան դրսում մթնեց, այնքան պայծառացաւ նրա դէմքն ապակու վրայ եւ աղօտացաւ տիրող տեսարանը։ Վերջում միայն դէմքը մնաց, որը նայում էր մտածկոտ ու հարցական հայեացքով։

Արշակ Բուդաղեանն սթափուեց։ Նայելով ժամացոյցին, նա գլխարկը դրեց եւ սենեակից դուրս ելաւ։

✻    ✻