Վերջին թարմացում 15 Նոյեմբերի 2016, 15:24

Երկրորդ բիծը

Երկրորդ բիծը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Գ․ Վիրապյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Ես կարծում էի, թե այլևս չեմ գրի իմ բարեկամ Շերլոկ Հոլմսի հռչակավոր սխրանքների մասին։ Եվ այդ ոչ այն պատճառով, որ նյութ չունեի։ Ընդհակառակը, ես պահպանում եմ հարյուրավոր դեպքերի մասին կատարած գրառումներ, որոնք ես դեռ երբեք չեմ հիշատակել։ Ճիշտ այդպես էլ չի կարելի ասել, թե անցած կլինի ընթերցողների հետաքրքրությունը դեպի այդ զարմանալի մարդու յուրօրինակ անձն ու աշխատանքի արտասովոր ձևերը։ Իսկական պատճառը միայն այն էր, որ Շերլոկ Հոլմսը ոչ մի կերպ չէր ուզում, որպեսզի մամուլում շարունակեին հանդես գալ իր արկածների մասին պատմվածքներ։ Քանի դեռ Հոլմսը գործից չէր հեռացել, հաջողությունների մասին հաշվետվությունները նրա համար ունեին գործնական հետաքրքրություն, իսկ երբ նա վերջնականապես լքեց Լոնդոնը և, տեղափոխվելով Սասսեքսի բլուրները, նվիրվեց մեղուների ուսումնասիրությանն ու աճեցմանը, հռչակը նրա համար դարձավ ատելի, և նա համառորեն պահանջեց, որ իրեն հանգիստ թողնեն։ Միայն այն բանից հետո, երբ ես հիշեցրի նրան, որ ժամանակին խոսք եմ տվել հրապարակել այդ պատմվածքը՝ «Երկրորդ բիծը», և համոզեցի, որ շատ տեղին կլիներ վերջացնել պատմվածքների ամբողջ ցիկլը միջազգային քաղաքականությանը վերաբերող այնքան կարևոր էպիզոդով, որը ամենապատասխանատու գործերից մեկն էր, որոնցով երևէ զբաղվել է Հոլմսը — ես նրանից համաձայնություն ստացա հրատարակելու այն, ինչն այդպիսի խստությամբ գաղտնի էր պահվում։ Եթե իմ պատմվածքի որոշ մանրամասնություններ միգապատ թվան, ընթերցողները հեշտությամբ կհասկանան, որ իմ զսպվածությունը իր բավականին կարևոր պատճառն ունի։

Մի անգամ աշնանը, երկուշաբթի առավոտյան (թիվը և նույնիսկ տասնամյակը չեն կարող հիշատակվել), Բեյքր֊ստրիտի մեր համեստ բնակարանը ներկայացան եվրոպայում հռչակ վայելող երկու մարդ։ Նրանցից մեկը, որը մի խիստ, գոռոզ, արծվի կիսադեմով և տիրական հայացքով մարդ էր, ոչ այլ ոք էր, եթե ոչ նշանավոր լորդ Բելլինջերը, որը երկու անգամ զբաղեցրել էր մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստրի պոստը։ Երկրորդը մի պերճաշուք, համաչափ դիմագծերով միջին տարիքին տակավին չհասած թուխ մարդ էր, օժտված ոչ միայն գեղեցկությամբ, այլև սուր մտքով։ Դա Տրելոնի Հոուպն էր, Անգլիայի պերը[1] և մինիստրը Եվրոպական գործերի գծով․ մեր երկրի ամենամեծ ապագա խոստացող պետական գործիչը։

Այցելուները նստեցին թղթեր թափված բազմոցի վրա։ Այդ մարդկանց հուզված ու խոնջացած դեմքերից հեշտությամբ կարելի էր կռահել, որ նրանց այստեղ էր բերել ինչ֊որ շտապ ու վերին աստիճանի կարևոր մի գործ։ Պրեմիերի նիհար, թափանցիկ երակներով ձեռքերը ջղաձգորեն սեղմել էին հովանոցի ոսկրե բռնակը։ Նա մռայլ ու զգուշորեն նայում էր մերթ Հոլմսին, մերթ ինձ։

Եվրոպական գործերով մինիստրը նյարդայնորեն քաշքշում էր բեղերը և մատներով տնտղում ժամացույցի փոքրիկ շղթայի բրելոկները։

― Կորուստը հայտնաբերելուց անմիջապես հետո, միստր Հոլմս, ― իսկ այդ տեղի ունեցավ այսօր առավոտյան ժամը ութին ― ես անմիջապես հայտնեցի պրեմիեր մինիստրին, և նա առաջարկեց, որ մենք երկուսս էլ գանք ձեզ մոտ։

― Դուք ոստիկանությանը հայտնե՞լ եք։

― Ո՛չ, սըր, ― ասաց պրեմիեր մինիստրը իրեն յուրահատուկ արագությամբ ու որոշակիությամբ։ ― Չենք հայտնել և երբեք էլ չենք հայտնի։ Հայտնել ոստիկանությանը՝ նշանակում է գործը հրապարակել։ Հենց դրանից էլ մենք ամենից առաջ ուզում ենք խուսափել։

― Իսկ ինչո՞ւ, սըր։

― Այն փաստաթուղթը, որին վերաբերում է խոսքը, այնքան կարևոր է, որ նրա հրապարակումը կարող է հեշտությամբ հանգեցնել, և, թերևս, տվյալ պայմաններում անպայման կհանգեցնի, միջազգային կոնֆլիկտի։ Կարող եմ առանց չափազանցության ասել, որ պատերազմի և խաղաղության հարցերը կախված են այդ փաստաթղթից։ Եթե հետախուզությունը չի կարելի կատարել բացարձակ գաղտնի կերպով, ավելի լավ է բոլորովին հրաժարվել այդ հետախուզությունից, քանի որ այդ փաստաթուղթը հափշտակել են հենց նրա համար, որպեսզի հանձնեն լայն հրապարակայնության։

― Հասկանում եմ։ Իսկ այժմ, միստր Տրելոնի Հոուպ, ես ձեզ շատ երախտապարտ կլինեմ, եթե դուք ինձ մանրամասնորեն պատմեք, թե ինչ հանգամանքներում անհետացավ այդ փաստաթուղթը։

― Ես ձեզ կպատմեմ այդ ամենը մի քանի խոսքով, միստր Հոլմս․․․ Այդ փաստաթուղթը, որը օտարերկրյա մի միապետի նամակ է, ստացված է վեց օր առաջ։ Նամակն այնպիսի մեծ նշանակություն ունի, որ ես չեմ համարձակվում թողնել մինիստրության սեյֆում և ամեն երեկո ինձ հետ տուն էի տանում՝ Ուայտհոլլ֊Տերրաս, որտեղ ես այն պահում էի իմ ննջարանում՝ պաշտոնական թղթերի փակ արկղում։ Այդ նամակը այնտեղ էր գտնվում նաև երեկ երեկոյան, ես դրանում համոզված եմ։ Երբ ճաշին հագնվում էի, մի անգամ էլ բացեցի արկղիկը և համոզվեցի, որ փաստաթուղթը իր տեղումն է։ Իսկ այսօր առավոտյան նամակը չքացավ։ Արկղիկը ամբողջ գիշերը դրված էր հայելու կողքին իմ զարդասեղանի վրա։ Ես շատ զգույշ եմ քնում, կինս՝ նույնպես։ Մենք երկուսս էլ պատրաստ ենք երդվելու, որ գիշերը ոչ ոք մեր սենյակը չի մտել։

― Դուք ժամը քանիսի՞ն եք ճաշել։

― Յոթն անց կեսին։

― Ե՞րբ պառկեցիք քնելու։

― Կինս թատրոնում էր։ Ես սպասում էի նրան։ Մենք ննջարան գնացինք մոտավորապես ժամը տասնմեկն անց կեսին։

― Նշանակում է չորս ժամ շարունակ արկղիկը ոչ ոք չի՞ պահպանել։

― Ոչ ոքի չի թույլատրվում ննջարան մտնել, բացի աղախնուց՝ առավոտները, և իմ կամերդիներներից ու կնոջս սենեկասպասուհուց՝ օրվա մնացած ժամերին։ Բայց նրանք երկուսն էլ հավատարիմ ծառաներ են և վաղուց է, ինչ ապրում են մեր տանը։ Բացի դրանից, նրանցից և ոչ մեկը չէր կարող իմանալ, որ արկղում պահպանվում է, հասարակ պաշտոնական թղթերից բացի, ինչ֊որ ավելի թանկ բան։

― Ո՞վ գիտեր այդ նամակի գոյության մասին։

― Իմ տանը՝ ոչ ոք։

― Բայց ձեր կինը, հարկավ գիրտե՞ր։

― Ո՛չ, սըր։ Ես մինչև այս առավոտ կնոջս ոչինչ չեմ ասել, քանի դեռ չէի հայտնաբերել նամակի կորուստը։

Պրեմիերը գլխի շարժումով հաստատեց նրա ասածը։

― Ես միշտ էլ իմացել եմ, թե որքան է մեծ ձեր պարտքի զգացումը, սըր, ― ասաց նա։ ― Չեմ կասկածում, որ այդքան կարևոր և գաղտնի գործում այն ավելի ուժեղ կլիներ, քան նույնիսկ ամենասերտ ընտանեկան կապերը։

Եվրոպական գործերի գծով մինիստրը գլուխ տվեց։

― Միանգամայն իրավացի է, սըր։ Մինչև այս առավոտ ես ոչ մի բառ այդ նամակի մասին կնոջս չեմ ասել։

― Նա կարո՞ղ էր արդյոք ինքը կռահել։

― Ո՛չ, միստր Հոլմս, նա չէր կարող կռահել, և առհասարակ ոչ ոք չէր կարող։

― Իսկ առաջներում փաստաթղթեր չե՞ն կորել։

― Ո՛չ, սըր։

― Այստեղ՝ Անգլիայում, ո՞վ գիտեր այդ նամակի գոյության մասին։

― Երեկ նամակի մասին հայտնվել է կաբինետի բոլոր անդամներին։ Բայց գաղտնիքը պահպանելու պահանջը, որը ուղեկցում է կաբինետի յուրաքանչյուր նիստը, այս անգամ հաստատվեց պրեմիեր֊մինիստրի հանդիսավոր նախազգուշացմամբ։ Աստված իմ, և ինչպե՜ս կարելի էր երևակայել, որ մի քանի ժամից հետո ես ինքս կորցրի այն։

Հուսահատությունը ծամածռեց Տրելոնի Հոուպի գեղեցիկ դեմքը։ Նա գլուխը առավ ափերի մեջ։ Մի վայրկյան մեր առաջ բացվեցին պոռթկուն, տաքարյուն և ծայրահեղորեն տպավորվող մարդու զգացմունքները։ Բայց իսկույն ևեթ նրա դեմքին հայտնվեց հպարտության դիմակը, և արդեն հանգիստ ձայնով նա շարունակեց․

― Բացի կաբինետի անդամներից, նամակի գոյության մասին գիտեն դեպարտամենտի ևս երկու, հնարավոր է, երեք պաշտոնյաներ, և ուրիշ ոչ ոք ամբողջ Անգլիայում, հավատացնում եմ ձեզ, միստր Հոլմս։

― Իսկ արտասահմանո՞ւմ։

― Արտասահմանում, ես հավատացած եմ, այդ նամակը ոչ ոք չի տեսել, բացի այն մարդուց, ով գրել է։ Ես հաստատ համոզված եմ, որ նույնիսկ նրա մինիստրները․․․ այսինքն՝ ես ուզեցի ասել, որ առաքվելիս նա չի անցել սովորական պաշտոնական կանալներով։

Հոլմսը որոշ ժամանակ մտքի մեջ ընկավ, հետո ասաց․

― Իսկ այժմ, սըր, ես պետք է ավելի ստույգ պատկերացնեմ, թե դա ի՛նչ փաստաթուղթ է և ինչո՞ւ նրա անհետանալը կհանգեցնի այդպիսի լուրջ հետևանքների։

Պետական երկու գործիչները հապճեպորեն հայացքներ փոխանակեցին, և պրեմիերը կիտեց թավ հոնքերը․

― Միստր Հոլմս, նամակը դրված էր երկար, նեղ և երկնագույն ծրարի մեջ։ Կարմիր զմուռսի կնիքի վրա պատկերված է հարձակման պատրաստվող առյուծ։ Հասցեն գրված է մեծ֊մեծ և հաստատուն ձեռագրով․․․

― Այդ մանրամասնությունները, ― ընդհատեց նրան Հոլմսը, ― իհարկե շատ հետաքրքիր են և էական, բայց ինձ անհրաժեշտ է իմանալ նամակի բովանդակությունը։ Ինչի՞ մասին էր այդ նամակը։

― Դա պետական խստագույն գաղտնիք է, և վախենում եմ, որ ես չկարողանամ պատասխանել ձեզ, առավել քան, որ ես դրա մեջ ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եթե ձեր արտասովոր, ինչպես ասում են, ունակությունների օգնությամբ ձեզ կհաջողվի գտնել իմ նկարագրությանը համապատասխանող ծրար իր բովանդակության հետ, դուք կարժանանաք ձեր երկրի շնորհակալությանը և կստանաք ուզած վարձահատուցումը, ինչ որ մեր հնարավորության սահմաններում կլինի։

Շերլոկ Հոլմսը ժպտալով տեղից վեր կացավ։

― Ես, իհարկե, հասկանում եմ, որ դուք պատկանում եք Անգլիայի ամենաշատ զբաղված մարդկանց թվին, ― ասաց նա, ― բայց իմ համեստ պրոֆեսիան ինձնից նույնպես շատ ժամանակ է խլում։ Շատ եմ ցավում, որ այս գործում ձեզ օգտակար չեմ կարող լինել, և գտնում եմ, որ մեր զրույցի հետագա շարունակությունը ժամանակի անօգուտ կորուստ է։

Պրեմիեր֊մինիստրը տեղից վեր թռավ։ Նրա խոր ակնաբներում գտնվող աչքերում փայլատակեց այն հուրը, որը հազվադեպ չի ստիպել կաբինետի անդամների սրտերին կուչ գալ սարսափից։

― Ես սովոր չեմ, սըր․․․ սկսեց նա, բայց տիրապետեց իրեն և նորից զբաղեցրեց իր տեղը։

Մի րոպե, թե ավելի շատ մենք նստած էինք լուռ։ Հետո պետական գործիչը թոթվեց ուսերը։

― Մենք ստիպված ենք ընդունել ձեր պայմանները, միստր Հոլմս։ Դուք անշուշտ, իրավացի եք, և մեր կողմից անմտություն կլինի սպասել ձեր օգնությանը, քանի դեռ ամբողջապես չենք վստահել ձեզ։

― Ես համաձայն եմ ձեզ հետ, ― ասաց երիտասարդ դիվանագետը։

― Լավ, ես ձեզ կպատմեմ բոլորը, բայց լրիվ հուսադրվում եմ ձեր և ձեր կոլեգայի՝ դոկտոր Ուոտսընի համեստության վրա։ Ես կոչ եմ անում ձեր հայրենասիրությանը, ջենտլմեններ, քանի որ չեմ կարող պատկերացնել ավելի մեծ չարիք մեր երկրի համար, քան այդ գաղտնիքը տարածելը։

― Դուք կարող եք լրիվ վստահել մեզ։

― Այսպես, ուրեմն, դա օտարերկրյա մի միապետի նամակ է․ նա անհանգստացած է վերջերս մեր երկրի գաղութների ընդարձակմամբ։ Նամակը գրած է զայրույթի պահին և ամբողջապես նրա անձնական պատասխանատվության վրա է ընկած։ Հարցուփորձը ցույց տվեց, որ նրա մինիստրները այդ նամակի մասին ոչինչ չգիտեն։ Բացի դրանից, նամակի տոնը բավականին խիստ է, մի քանի դարձվածքներ այնպիսի զայրացուցիչ բնույթ են կրում, որ նրանց հրապարակումը անկասկած կգրգռեր Անգլիայի հասարակական կարծիքը։ Եվ նույնիսկ ավելին, սըր․ առանց տատանվելու կարող եմ ասել, որ այդ նամակի հրապարակումից մի շաբաթ հետո մեր երկիրը ներգրավված կլինի մեծ պատերազմի մեջ։

Հոլմսը թղթի մի թերթիկի վրա գրեց մի անուն և ցույց տվեց այն պրեմիեր֊մինիստրին։

― Միանգամայն ճիշտ է, այդ նա է։ Հենց այդ նամակն է, որ այդպիսի հանելուկային ձևով անհետացավ․ նամակ, որը հնարավոր է պատճառ դառնա միլիոնների ծախսման և հարյուր հազարավոր մարդկանց կորուստի։

― Դուք հայտնե՞լ եք նամակի հեղինակին։

― Այո՛, սըր, ծածկագիր հեռագիր է ուղարկված։

― Բայց, գուցե, նրա հույսը հենց նամակի հրապարակման վրա է դրված եղել։

― Ո՛չ, սըր։ Մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ նա արդեն հասկացել է իր արարքի անզգուշությունն ու անշրջահայեցությունը։ Նամակի հրապարակելը նրա և նրա երկրի համար ավելի մեծ հարված կլիներ, քան մեզ համար։

― Եթե այդպես է, ապա ո՞վ է շահագրգռված բացել այդ նամակի բովանդակությունը։ Ի՞նչ նպատակով է ինչ֊որ մեկին պետք եղել գողանալ այդ։

― Այստեղ, միստր Հոլմս, դուք ստիպում եք ինձ շոշափել բարձր միջազգային քաղաքականության բնագավառը։ Եթե դուք նկատի ունենաք Եվրոպայի իրադրությունը, ձեզ համար դժվար չի լինի հասկանալ հանցագործության մոտիվը։ Եվրոպան իրենից ներկայացնում է զինված լագեր։ Գոյություն ունեն հավասար ռազմական ուժ ունեցող երկու միություն։ Մեծ Բրիտանիան նեյտրալիտետ է պահպանում։ Եթե մենք պատերազմի մեջ ներգրավված լինենք մի միության հետ, դա կապահովեր մյուսի գերազանցությունը, նույնիսկ անկախ նրանից, թե նա կմասնակցեր այդ պատերազմում թե չէ։ Դուք հասկանո՞ւմ եք։

― Ամեն ինչ միանգամայն պարզ է։ Եվ այսպես, այդ նամակի հափշտակման և հրապարակման հարցում շահագրգռված են այդ միապետի թշնամիները, որոնք ձգտում են խռովություն սերմանել նրա և մեր երկրի միջև։

― Այո՛, սըր։

― Իսկ ո՞ւմ կարող էին ուղարկել այդ փաստաթուղթը, եթե նա թշնամու ձեռքն ընկներ։

― Եվրոպական տերություններից ցանկացածին։ Շատ հավանական է, որ տվյալ պահին նա այնպիսի արագությամբ է սլանում իր նշված տեղը, ինչպիսի արագություն շոգենավը միայն կարող է ունենալ։

Միստր Տրելոնի Հոուպը գլուխը թեքեց կրծքին և ծանրորեն հառաչեց։ Պրեմիերը փաղաքշաբար ձեռքը դրեց նրա ուսին․

― Ձեզ դժբախտություն է պատահել, իմ սիրելի բարեկամ։ Ոչ ոք չի համարձակվի մեղադրել ձեզ․ դուք ձեռք եք առել նախազգուշական բոլոր միջոցները․․․ Այժմ, միստր Հոլմս, ձեզ հայտնի է ամեն ինչ։ Ի՞նչ խորհուրդ կտաք նախաձեռնել։

Հոլմսը տխուր օրորեց գլուխը․

― Դուք գտնում եք, սըր, որ պատերազմն անխուսափելի՞ է, եթե այդ փաստաթուղթը չգտնվի։

― Կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է։

― Այդ դեպքում, սըր, պատրաստվեք պատերազմի։

― Ձեր ասածը դաժան խոսքեր են, միստր Հոլմս։

― Նկատի ունեցեք փաստերը, սըր։ Ես թույլ չեմ տալիս կարծելու, որ նամակը հափշտակվել է գիշերը ժամը տասնմեկն անց կեսին, քանի որ այդ ժամից սկսած մինչև այն պահը, երբ հայտնաբերվել է կորուստը, միստր Հոուպը և նրա կինը երկուսով էլ գտնվել էլ ննջարանում։ Նշանակում է, նա հափշտակվել է երեկ երեկոյան ժամը յոթն անց կեսին ավելի մոտ, որովհետև գողն իմացել է, թե որտեղ է այն գտնվում, և, իհարկե, աշխատել է ձեռք գցել որքան կարելի է շուտ։ Իսկ այժմ, սըր, եթե այդպիսի փաստատուղթը հափշտակված է դեռ երեկ, ապա որտե՞ղ կարող է լինել այսօր։ Գողը ոչ մի պատճառ չունի այն պահելու։ Ամենից հավանականն այն է, որ այդ նամակն արդեն հանձնված է շահագրգռված անձին։ Այժմ էլ ի՞նչ շանսեր մենք ունենք այն բռնելու կամ թե չէ նրա հետքերը գտնելու գործում։ Նա մեզ համար անհասանելի է։

Պրեմիեր֊մինիսրը բազկաթոռից բարձրացավ։

― Դուք դատում եք միանգամայն տրամաբանորեն, միստր Հոլմս։ Ես տեսնում եմ, որ այստեղ իսկապես ոչինչ հնարավոր չէ անել։

Ենթադրենք, օրինակ, որ փաստաթուղթը հափշտակված է աղախնու կամ ծառայի կողմից․․․

― Նրանք երկուսն էլ մեր հին և հավատարիմ ծառաներն են։

― Որքան ես հասկացա, ննջարանը գտնվում է երկրորդ հարկում և փողոցի կողմից առանձին մուտք չունի, իսկ նախասենյակի կողմից՝ չի կարելի մտնել այնտեղ, առանց նկատվելու։ Նշանակում է նամակը գողացել է տնայիններից որևէ մեկը։ Ո՞ւմ կարող էր հանձնել գողը այդ նամակը։ Նա կարող էր հանձնել միջազգային լրտեսներից և գաղտնի գործակալներից մեկն ու մեկին, որոնց անունները ինձ քաջ հայտնի են։ Երեք հոգի կան, որոնք, կարելի է ասել, գլխավորում են այդ կոմպանիան։ Ես սկզբից կիմանամ, թե ինչով է այժմ զբաղվում նրանցից ամեն մեկը։ Եթե նրանցից որևէ մեկը գնացել է, և հատկապես եթե նա գնացել է երեկ երեկոյան, ապա մենք կիմանանք, թե ինչ է եղել այդ փաստաթուղթը։

― Իսկ նա ինչո՞ւ պետք է գնար, ― հարցրեց Եվրոպական գործերի գծով մինիստրը։ ― Նա կարող էր այդ նույն հաջողությամբ նամակը տանել հենց այնտեղ, Լոնդոնում գտնվող դեսպանություն։

― Չեմ կարծում։ Այդ գործակալները աշխատում են միանգամայն ինքնուրույն և դեսպանությունների հետ հաճախ լինում են բավականին լարված հարաբերությունների մեջ։

Պրեմիեր֊մինիստրը գլխի շարժումով հաստատեց այդ։

― Ես գտնում եմ, որ դուք ճիշտ եք, միստր Հոլմս։ Նա իր սեփական ձեռքով այդպիսի արժեքավոր նվերը տեղ կհասցնի։ Գործելու ձեր պլանը ինձ թվում է միանգամայն ճիշտ է։ Այնուամենայնիվ, Հոուպ, մեզ չի կարելի այդ դժբախտության պատճառով մոռանալ մեր մնացած պարտականությունների մասին։ Եթե օրվա ընթացքում տեղի ունենան նոր դեպքեր, մենք ձեզ կհաղորդենք, միստր Հոլմս, և դուք մեզ կտեղեկացնեք ձեր սեփական հետախուզությունների արդյունքների մասին։

Երբ մեր բարձրաստիճան հյուրերը գնացին, Հոլմսը լուռ ծխեց ծխամորճը և մի առժամանակ սուզվեց խոր մտածմունքների մեջ։ Ես բացեցի առավոտյան լրագիրը և սկսեցի կարդալ մի սենսացիոն հանցագործության մասին, որը կատարվել էր Լոնդոնում նախօրյակի երեկոյան։ Հանկարծ իմ բարեկամը բարձր ճչաց, ոտքի կանգնեց և ծխամորճը դրեց բուխարիկի վրա։

― Այո՛, ― ասաց նա, ― ավելի լավ ուղի չկա։ Դրությունը հուսահատական է, բայց անհույս չէ։ Հիմա անհրաժեշտ է թեկուզ իմանալ, թե ով է այդ հափշտակողը․ հնարավոր է, որ նամակը դեռ նրա ձեռքից գնացած չլինի։ Վերջ ի վերջո այդ մարդկանց հետաքրքրում է միայն փողը, իսկ Բրիտանիայի գանձարանը պատրաստ է ինձ համար։ Եթե նամակը վաճառվում է, ես այն կգնեմ․․․ Նույնիսկ եթե կառավարությունը ստիպված լինի մի պեննիով ավելացնել եկամտահարկը։ Հնարավոր է, որ այդ մարդը դեռ իր մոտ է պահում նամակը․ չէ՞ որ մինչև արտասահմանում բախտ փորձելը, նրան անհրաժեշտ է իմանալ, թե ինչ գին կառաջարկեն այստեղ։ Միայն երեք մարդ կա, որոնք ընդունակ են այդպիսի համարձակ խաղի․ դրանք Օբերշտեյնը, Լյա Ռոտիերը և Էդուարդ Լուկասն են։ Բոլորի հետ էլ կտեսակցեմ։

Ես նայեցի առավոտյան լրագիրը․

― Էդուարդ ԼուկասըԳոդոլֆին֊ստրիտի՞ց։

― Այո՛։

― Դուք չեք կարող նրա հետ տեսակցել։

― Ինչո՞ւ։

― Երեկ երեկոյան նա իր տան մեջ սպանվել է։

Իմ բարեկամը մեր արկածների ժամանակ այնքան հաճախ էր ինձ զարմացնում, որ ինձ համակեց հաղթանակի զգացումը, տեսնելով, թե ինչպես ապշեցրեց նրան իմ հաղորդածը։ Նա զարմացած նայեց ինձ, ապա իմ ձեռքից ճանկեց լրագիրը։ Ահա այն հոդվածը, որը ես կարդում էի այն րոպեին, երբ Հոլմսը վեր կացավ իր բազկաթոռից․

«Սպանություն Վեստմինստերում»

«Երեկ երեկոյան Գոդոլֆին֊ստրիտի» N 16 տանը կատարված է խորհրդավոր հանցագործություն։ Գոդոլֆին֊ստրիտը այն հնամյա և խաղաղ փողոցներից մեկն է, որոնք ձգվում են գետի և Վեստմիսնստերի աբբայության միջև, պառլամենտի շենքի գրեթե մեծ աշտարակի ստվերում։ Հիշյալ փողոցի տների մեծամասնությունը կառուցված է դեռ XVIII դարում։ Այդ տներից մեկում, որը մի փոքրիկ, բայց գեղատեսիլ առանձնատուն է, մի քանի տարի շարունակ ապրում էր միստր Էդուարդ Լուկասը․ սա հասարակության մեջ լավ հայտնի էր որպես հմայիչ մարդ, Անգլիայի ամենալավ սիրող֊տենորներից մեկը։ Միստր Լուկասը ամուրի էր, երեսունչորս տարեկան․ նրան սպասարկողները հասակն առած տնտեսուհի միսսիս Պրինգլն էր և ծառա Միտտոնը։ Տնտեսուհին սովորաբար երեկոները չէր աշխատում․ նա վաղ էր բարձրանում իր սենյակը, որը գտնվում էր տան վերին հարկում։ Այդ երեկո ծառան գնացել էր Համմերսմիտ՝ տեսակցելու իր բարեկամին։

Ժամը տասից միստր Լուկասը բնակարանում մնացել էր մենակ։ Այժմ դեռ պարզված չէ, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակի ընթացքում, բայց ժամը տասնմեկն անց քառասունհինգ րոպեին կոնստեբլ Բըրետտը, Գոդոլֆին֊ստրիտով անցնելիս նկատել է, որ N 16 տան դուռը բացված է։ Նա թակել է, բայց պատասխան չի ստացել։ Առաջին սենյակում լույս տեսնելով, նա մտել է միջանցքը և նորից թակել դուռը, այդ անգամ նույնպես նրան չեն պատասխանել։ Այնժամ նա բացել է դուռը և մտել ներս։

Սենյակը եղել է սոսկալի խառնաշփոթ վիճակում, ամբողջ կահույքը քաշած է եղել մի կողմ, մեջտեղում ընկած է եղել շրջված մի աթոռ։ Այդ աթոռի ոտքը ձեռքով սեղմած, ընկած է եղել դժբախտ տանտերը։ Նա սպանված էր սրտին հասցրած դանակի հարվածով, ըստ որում, մահը, հավանական է, վրա է հասել վայրկենապես։ Այն դանակը, որով կատարվել է սպանությունը, հնդկական կեռ դաշույն էր, վերցրած արևելյան զենքերի կոլեկցիայից, որը զարդարում էր սենյակի պատերից մեկը։ Սպանությունը, ըստ երևույթին, կատարվել էր ոչ թալանի նպատակով, քանի որ սենյակում եղած թանկարժեք իրերին ձեռք չէր տրված։

Միստր Էդուարդ Լուկասը այնքան հայտնի էր և սիրված բոլորի կողմից, որ նրա բռնի և առեղծվածային մահվան հաղորդագրությունը իր բազմաթիվ բարեկամների կողմից ընդունվեց անկեղծ վշտով»։

― Դե, Ուոտսըն, ի՞նչ եք մտածում այդ մասին, ― հարցրեց Հոլմսը, երկար լռությունից հետո։

― Զարմանալի զուգադիպություն։

― Զուգադիպությո՞ւն։ Երեք մարդկանցից մեկը, որոնց մենք համարում էինք այդ դրամայի հավանական մասնակիցները, մահանում է բռնի մահով հենց այն ժամին, երբ տեղի է ունենում դրաման։ Դա ի՞նչ զուգադիպություն է։ Ո՛չ, ո՛չ, իմ սիրելի Ուոտսըն, այդ երկու դեպքերը միմյանց հետ կապված են, անկասկած կապված են։ Եվ մեր խնդիրը այդ կապը գտնելն է։

― Բայց ոստիկանությունը այժմ ամեն ինչ կիմանա։

― Բոլորովին էլ ոչ։ Նրանք գիտեն լոկ այն, ինչ տեսնում են Գոդոլֆին ստրիտում։ Նրանք չգիտեն և ոչինչ չեն իմանա Ուայտհոլլ֊Տերրասի մասին։ Միայն մեզ են հայտնի երկու դեպքերն էլ, և միայն մենք կարող ենք բաղդատել դրանք։ Կա մի բացահայտ հանգամանք, որը բոլոր դեպքերում էլ կգրգռեր իմ կասկածները Լուկասի նկատմամբ։ Վեստմինստերում Գոդոլֆին֊ստրիտը գտնվում է Ուայտհոլլ֊Տերրասից մի քանի քայլի վրա։ Մյուս ծպտյալ գործակալները, որոնց մասին ասել եմ, ապրում են Վեստ֊Էնդի հեռավոր ծայրում։ Այդպիսով, բնական է, Լուկասի համար շատ ավելի հեշտ էր կապ հաստատել և տեղեկություններ ստանալ եվրոպական գործերի գծով մինիստրի տնից, քան մյուսներին։ Դա աննշանակալից հանգամանք է, բայց եթե հաշվի առնենք, իրադարձությունների այդպիսի արագությամբ ծավալվելը, այն կարող է էական թվալ։ Ահա, ինչ֊որ նորություններ կան։

Հայտնվեց միսսիս Հադսընը, մատուցարանի վրա բերելով կանացի մի այցետոմս։ Հոլմսը նայեց, վեր բարձրացրեց հոնքերը և այցետոմսը հանձնեց ինձ։

― Լեդի Հիլդա Տրելոնի Հոուպին խնդրեցեք, թող ներս գա, ― ասաց նա։

Մի ակնթարթ հետո մեր համեստ բնակարանին կրկին պատիվ ցույց տրվեց, այս անգամ Լոնդոնի ամենասքանչելի կնոջ այցելությամբ։ Ես հաճախ էի լսել հերցոգ Բելմինստըրի կրտսեր աղջկա գեղեցկության մասին, բայց ոչ մի նկարագրություն, ոչ մի լուսանկար չէին կարող հաղորդել նրա նուրբ դեմքի զարմանալի, քնքուշ հմայքն ու հիանալի գույները։ Սակայն այդ աշնանային առավոտը նրա գեղեցկությունը չէր, որ առաջին հայացքից զարնվեց մեր աչքին։ Նրա դեմքը սքանչելի էր, բայց հուզմունքից գունատ, աչքերը փայլում էին, սակայն այդ փայլը թվում էր տենդային․ արտահայտիչ բերանը ամուր սեղմված էր ― նա աշխատում էր իրեն տիրապետել։ Սարսափը և ոչ թե գեղեցկությունը ― ահա թե ինչը ապշեցրեց մեզ, երբ մեր սքանչելի հյուրը հայտնվեց բացված դռների միջև։

― Ձեզ մո՞տ էր իմ ամուսինը, միստր Հոլմս։

― Այո՛, այստեղ էր, միլեդի։

― Միստր Հոլմս, աղաչում եմ ձեզ, նրան չասեք, որ ես եկել եմ այստեղ։

Հոլմսը սառնորեն գլուխ տվեց և տիկնոջը առաջարկեց նստել։

― Ձերդ պայծառափայլությունը ինձ շատ անհարմար վիճակի մեջ է դնում։ Խնդրում եմ նստեցեք և ասեք, թե ինչ եք բարեհաճում։ Բայց դժբախտաբար, ոչ մի անպայման խոստում նախապես տալ ես չեմ կարող։

Նա անցավ ամբողջ սենյակի միջով և նստեց թիկունքով դեպի լուսամուտը։ Դա իսկական թագուհի էր՝ բարձրահասակ, նազելի և շատ կանացի։

― Միստր Հոլմս, ― սկսեց նա, և մինչ խոսում էր, նրա ձեռքերը սպիտակ ձեռնոցներում անընդհատ սեղմվում ու բացվում էին, ― ես ձեզ հետ անկեղծ եմ լինելու և հույս ունեմ, որ դա ձեզ կստիպի անկեղծ լինել ինձ հետ։ Իմ և ամուսնուս միջև ոչ մի գաղտնիք չկա, բացառությամբ մի բանից․ դա քաղաքականությունն է։ Այստեղ նա լռում է, նա ինձ ոչինչ չի ասում։ Այնուամենայնիվ, ես իմացա, որ երեկ երեկոյան մեր տանը պատահել է ինչ֊որ շատ տհաճ մի բան։ Ինձ հայտնի է, ինչ֊որ փաստաթղթի կորուստ։ Բայց քանի որ այստեղ շոշափված է քաղաքականությունը, ապա ամուսինս հրաժարվում է իրազեկ պահել ինձ այդ մասին։ Իսկ չէ՞ որ շատ կարևոր է․․․ Հավատացեք, շատ կարևոր է․․․ որ ես այդ մասին ամեն ինչ իմանամ։ Բացի կառավարության անդամներից, դուք միակ մարդն եք, որ գիտեք ճշմարտությունը։ Աղաչում եմ ձեզ, միստր Հոլմս, բացատրեք ինձ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել։ Պատմեցեք ինձ բոլորը, միստր Հոլմս։ Թող ձեր կլիենտի շահերը չստիպեն ձեզ լռել։ Հավատացնում եմ ձեզ, ես աշխատում եմ նրա շահերի համար, և եթե նա միայն հասկանար այդ, ապա, հավանական է, ամբողջովին կվստահեր ինձ։ Այդ ի՞նչ թուղթ է եղել, որ գողացել են։

― Միլեդի, դուք ինձանից պահանջում եք անհնարին բան։

Տիկինը խոր հոգոց քաշեց և ձեռքերով ծածկեց դեմքը։

― Դուք պետք է ինձ հասկանաք, միլեդի։ Եթե ձեր ամուսինը գտնում է, որ ավելի լավ է դուք տվյալ գործի մասին չիմանաք, ինչպե՞ս կարող եմ ես, որից խոսք են վերցրել պահպանել այդ գաղտնիքը, բացել ձեզ այն, ինչը նա կցանկանար թաքցնել։ Դուք նույնիսկ իրավունք չունեք ինձ հարցնելու, դուք պետք է հարցնեք ձեր ամուսնուն։

― Ես հարցրել եմ նրան։ Ես եկա ձեզ մոտ, փորձելով օգտագործել վերջին հնարավորությունը։ Բայց եթե նույնիսկ դուք էլ չեք ուզում ասել ոչինչ որոշակի, ապա ես ձեզ երախտապարտ կլինեմ, եթե պատասխանեք մի հարցի։

― Ի՞նչ հարցի, միլեդի։

― Կարո՞ղ է արդյոք այդ դեպքի պատճառով տուժել իմ ամուսնու քաղաքական կարիերան։

― Գիտե՞ք ինչ միլեդի, եթե գործը չհարթվի, ապա այն, իհարկե, կարող է ունենալ միանգամայն տխուր հետևանքներ։

― Օ՜։

Նա խոր հառաչեց, ինչպես այն մարդը, որի կասկածները հաստատվում են։

― Եվս մի հարց, միստր Հոլմս։ Պատահած դժբախտությունից անմիջապես հետո իմ ամուսնու ծամծմած խոսքերից ես հասկացա, որ նամակի կորուստը կարող է ծանր հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար։

― Եթե նա այդպես է ասել, ես, իհարկե, այդ բանը չեմ ժխտի։

― Բայց ինչպիսի՞ն կարող են լինել այդ հետևանքները։

― Ախ, միլեդի, դուք նորից ինձ այն հարցն եք տալիս, որին ի վիճակի չեմ պատասխանելու։

― Եթե այդպես է, ես այլևս ձեզանից ժամանակ չեմ խլի։ Չեմ կարող ձեզ հանդիմանել, միստր Հոլմս, այն բանի համար, որ դուք հրաժարվեցիք ինձ հետ անկեղծ լինելուց, և, հուսով եմ, դուք իմ մասին վատ բան չեք մտածի, որովհետև ես անկեղծորեն ցանկանում եմ բաժանել իմ ամուսնու հոգսերը նույնիսկ նրա կամքին հակառակ։ Ձեզ կրկին եմ խնդրում՝ իմ այցելության մասին նրան ոչինչ չասեք։

Շեմքի վրա միլեդին ետ նայեց, և ես դարձյալ տեսա նրա գեղեցիկ, հուզված դեմքը, վախեցած աչքերը և ամուր սեղմված բերանը։ Այնուհետև նա անհետացավ։

― Դե, Ուոտսըն, գեղեցիկ սեռի մասնագետն արդեն դուք եք, ― ժպտալով ասաց Հոլմսը, երբ շքամուտքի դուռը ուժգնորեն փակվեց, և այլևս չլսվեց կանացի զգեստի խշխշոցը։ ― Ինչպիսի՞ խաղ է խաղում այդ գեղեցիկ կինը։ Իսկապես, արդյոք ի՞նչ է ուզում։

― Նա շատ պարզ ամեն ինչ բացատրեց, իսկ նրա տագնապը միանգամայն բնական է։

― Հը՛մ։ Հիշեցեք նրա դեմքի արտահայտությունը․ հազիվ զսպված տագնապը, նրա անհանգստությունը և այն համառությունը, որով հարցեր էր տալիս։ Մի՛ մոռացեք, որ նա պատկանում է այն դասին, ով գիտե թաքցնել իր զգացմունքները։

― Այո՛, նա շատ հուզված էր։

― Հիշեցեք նաև, թե ինչպիսի ջերմությամբ էր նա աշխատում համոզել մեզ, որ գործում է միայն իր ամուսնու շահերի օգտին և դրա համար պետք է ամեն ինչ իմանա։ Ի՞նչ էր ուզում նա դրանով ասել։ Եվ դուք, հավանական է, նկատեցիք, Ուոտսըն, որ նա աշխատում էր թիկունքով դեպի լույսը նստել։ Նա չէր ուզում, որ մենք իր դեմքը տեսնենք։

― Այո, նա հատկապես այդ տեղն էր ընտրել։

― Կանանց առհասարակ դժվար է հասկանալ։ Դուք մեկին հիշում եք, Մարգեյտում, որին ես նույն հիմունքով սկսեցի կասկածել, իսկ հետո պարզվեց, որ նրա հուզմունքի պատճառը լոկ պուդրայի բացակայությունն էր քթի վրա։ Ինչպե՞ս կարելի է ենթադրություններ անել մի այդպիսի ոչ ճիշտ նյութից ելնելով։ Կնոջ ամենասովորական վարմունքի հետևում կարող է թաքնվել շատ բան, իսկ նրա իրարանցումը երբեմն կախված է հերակալից կամ գանգրունելիքներից․․․ Ցտեսություն, Ուոտսըն։

― Դուք գնո՞ւմ եք։

― Այո՛, ես առավոտը կանցկացնեմ Գոդոլֆին֊ստրիտում՝ ոստիկանության մեր բարեկամների հետ։ Մեր պրոբլեմի լուծումը Էդուարդ Լուկասի սպանության մեջ է, թեև խոստովանում եմ, չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե այն ինչպիսի ձև կընդունի։ Իսկ առանց փաստեր ունենալու տեսություն ստեղծելը մեծ սխալ է։ Մնացեք այստեղ, իմ սիրելի Ուոտսըն, և իմ փոխարեն ընդունեք այցելուներին։ Իսկ ես, եթե հաջողվի, նախաճաշի ժամանակ կվերադառնամ։

Այդ ամբողջ և հաջորդ երկու օրը Հոլմսը համառորեն լուռ էր՝ ինչպես նրա բարեկամները կասեին, և մռայլ՝ ինչպես կասեին մյուսները։ Նա մերթ գալիս էր, մերթ գնում անընդհատ ծխում էր, ջութակի վրա ինչ֊որ եղանակներից հատվածներ նվագում, հաճախ ընկնում էր մտածմունքի մեջ, սնվում էր միմիայն բուտերբրոտներով և տհաճությամբ էր պատասխանում այն հարցերին, որոնք երբեմն֊երբեմն տալիս էի նրան։ Ես հասկանում էի, որ նրա որոնումները դեռ ոչ մի արդյունք չեն տվել։ Նա ինձ ոչինչ չէր պատմում այդ գործի մասին, և ես միայն թերթերից իմացա հետաքննության ընթացքի և հանգուցյալի սպասավորի՝ Ջոն Միտտոնի, բանտարկության ու շուտափույթ ազատման մասին։

Հետաքննությունը հաստատել էր «կանխամտածված սպանության» փաստը, բայց սպանողը չէր գտնված։ Չէր հաջողվում բացատրել նաև հանցագործության դրդապատճառը։ Սենյակում շատ թանկարժեք իրեր էին եղել, բայց ոչ մի բան չէր վերցվել։ Հանգուցյալի թղթերին ձեռք չէր կպել։ Դրանք մանրակրկիտ կերպով քննության էին առել և հաստատել, որ հանգուցյալը մեծ եռանդով ուսումնասիրել է միջազգային քաղաքականությունը, անխոնջ կերպով հավաքել է ամեն տեսակի խոսակցություն ու բամբասանք, եղել է հայտնի լեզվաբան և հսկայական քանակությամբ նամակագրություններ է ունեցել։ Նա մոտիկից ծանոթ է եղել մի քանի երկրների նշանավոր քաղաքական գործիչների հետ։ Բայց նրա գրասեղանի արկղները լցված փաստաթղթերի մեջ ոչ մի սենսացիոն բան չեն գտել։ Ինչ վերաբերում է կանանց հետ ունեցած նրա հարաբերություններին, ապա դրանք, ըստ երևույթին, ունեցել են անկանոն և մակերեսային բնույթ։ Կանանց մեջ նա շատ ծանոթներ է ունեցել, բայց մտերիմներ՝ քիչ, և նրանցից ոչ մեկին նա սիրահարված չի եղել։ Ունեցել է անփոփոխ սովորություններ և վարել է խաղաղ կյանք։ Նրա մահը անլուծելի առեղծված է, որի պատճառը այդպես էլ չհաջողվեց գտնել։

Ինչ վերաբերում է սպասավոր Ջոն Միտտոնին, ապա ոստիկանությունը նրան ձերբակալեց հուսահատությունից, որպեսզի ծածկի իր լրիվ անճարակությունը։ Նրան ոչ մի մեղադրանք հարուցել չկարողացան։ Այդ երեկո նա Համմերսմիթում իր մտերիմների հետ հյուր է եղել։ Այլուրեքությունը անհերքելի էր։ Ճիշտ է, նա շուտ էր գնացել տուն և կարող էր Վեստմինստեր վերադառնալ դեռ մինչև հանցագործության հայտարարելը, բայց նա բացատրեց, որ ճանապարհի կեսը գնացել է ոտքով, և դրան կարելի էր հավատալ, եթե հիշենք որ երեկոն հրաշալի էր։ Նա եկել էր ժամը տասներկուսին և, ըստ երևույթին, ցնցված էր անսպասելի ողբերգությունից։ Միտտոնը միշտ էլ լավ հարաբերությունների մեջ է եղել իր տիրոջ հետ։ Հանգուցյալին պատկանող իրերից մի քանիսը, օրինակ, տուփով ածելիները, գտնվել էին սպասավորի ճամպրուկում, բայց նա բացատրեց, որ դրանք իր մեռած տիրոջ նվերներն են, և տնտեսուհին հաստատել էր այդ։

Միտտոնը երեք տարի էր, ինչ ծառայում էր Լուկասի մոտ։ Ուշագրավ է, որ Լուկասը երբեք իր հետ Միտտոնին մայր ցամաք չի տարել։ Երբեմն նա երեք ամիս շարունակ ապրել է Փարիզում, բայց Միտտոնին թողել է Գոդոլֆին֊ստրիտում գտնվող տանը՝ հսկելու համար։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսուհուն, ապա այդ երեկոյան, երբ տեղի է ունեցել հանցագործությունը, նա ոչինչ չի լսել։ Եթե անգամ եղել է նրա տիրոջ մոտ այցելու, ապա, ինչպես երևում է տերը ինքն է ներս թողել նրան։

Եվ այսպես, դատելով թերթերից, գաղտնիքը արդեն երեք օր էր, ինչ մնում էր չպարզաբանված։ Իսկ Հոլմսը, եթե թերթերից նույնիսկ ավելի էլ գիտեր, ինձ ոչինչ չէր պատմում, միայն ի միջի այլոց նկատեց, որ տեսուչ Լեստրեյդը նրան ծանոթացրել է գործի հետ, և այդ պատճառով էլ ես հասկանում էի, որ նա հրաշալի գիտի բոլոր երևույթների մասին։ Չորրորդ օրը Փարիզից հայտնվեց մի երկար հեռագիր, որը թվում էր լուծում է ամբողջ հարցը։

«Փարիզի ոստիկանությունը, ― գրում էր «Դեյլի Տելեգրաֆը», ― հայտնագործություն է արել, որը բարձրացնում է Էդուարդ Լուկասի ողբերգական մահվան վրա կախված վարագույրը։ Էդուարդ Լուկասը անցյալ երկուշաբթի օրը երեկոյան մահացել էր Վեստմինստերի Գոդոլֆին֊ստրիտում։ Մեր ընթերցողները հիշում են, որ հանգուցյալ ջենտլմենին գտել էին սենյակում՝ դանակը կրծքի մեջ մխրճված, և որ կասկածը ընկնում էր նրա սպասավորի վրա, որին հաջողվեց ապացուցել իր այլուրեքությունը։ Փարիզի Աուստերլից փողոցում բնակվող Անրի Ֆուրնեի ծառաները երեկ ոստիկանությանը հաղորդեցին, որ իրենց տիրուհին խելքը թռցրել է։ Բժշկական քննությունը ցույց տվեց, որ նա իրոք տառապում է վտանգավոր և խրոնիկական խելացնորությամբ։ Հետաքննության ժամանակ ոստիկանությունը պարզեց, որ տիկին Անրի Ֆուրնեն անցած երեքշաբթի օրը վերադարձել է լոնդոնյան ուղևորությունից, և հիմք կա կարծելու, որ այդ ուղևորությունը ինչ֊որ կապ ունի Վեստմինստերում կատարված հանցագործության հետ։ Լուսանկարի համեմատությունը հնարավորություն տվեց հաստատել, որ տիկին Անրի Ֆուրնեի ամուսինը և միստր Էդուարդ Լուկասը միևնույնն անձնավորությունն են, և որ հանգուցյալը ինչ֊որ պատճառով ապրել է կրկնակի կյանքով՝ Լոնդոնում և Փարիզում։ Տիկին Ֆուրնեն, ծագումով կրեոլուհի է, աչքի է ընկնում ծայր աստիճանի բռնկվող բնավորությամբ, ունեցել է խանդի նոպաներ, որոնք նրան դարձրել էին բոլորովին անմեղսունակ։ Հենց այդպիսի նոպաներից մեկի ժամանակ էլ, ինչպես ենթադրում են, նա կատարել է այդ սարսափելի հանցագործությունը, որը հուզմունք առաջացրեց ամբողջ Լոնդոնի մեջ։ Մինչ այժմ պարզված չէ, թե նա ինչ է արել երկուշաբթի օրը երեկոյան, մինչդեռ հայտնի է, որ նրա նման մի կին իր խելագար տեսքով ու տարօրինակ շարժումներով գրավել է այն մարդկանց ուշադրությունը, որոնք երեքշաբթի օրը առավոտյան գտնվել են Չերինգ֊կրոսս կայարանում։ Այնուհետև հնարավոր է, որ հանցագործությունը կամ կատարվել է նրա կողմից խելագարության նոպայի ժամանակ, կամ թե չէ դա այնպես է ազդել դժբախտ կնոջ վրա, որ խելագար է դարձրել նրան։ Այժմ նա ի վիճակի չէ պատմել տեղի ունեցածի մասին, և բժիշկները հույս չեն հայտնում նրա մտավոր ունակությունների վերականգնման համար։ Տեղեկություններ կան, որ երկուշաբթի օրը երեկոյան ինչ֊որ մի կին, հնարավոր է տիկին Ֆուրնեն, մի քանի ժամ շարունակ կանգնել է Գոդոլֆին֊ստրիտի վրա գտնվող տան մոտ․․․ Ի՞նչ եք կարծում այս մասին, Հոլմս։

Ես բարձրաձայն նրա համար կարդացի հոդվածը, մինչև որ նա վերջացրեց նախաճաշը։

― Իմ սիրելի Ուոտսըն, ― ասաց նա, վեր կենալով սեղանի մոտից և սենյակում այս ու այն կողմ քայլելով, ― դուք հրեշտակի համբերություն ունեք, բայց այս երեք օրը ես ձեզ ոչինչ չեմ պատմել պարզապես այն պատճառով, որ պատմելու բան էլ չկար։ Նույնիսկ այժմ էլ Փարիզից եկած այդ տեղեկությունները շատ քիչ բանով են մեզ օգնում։

― Բայց այդ մարդու սպանության գործը վերջնականապես պարզված է։

― Այդ մարդու մահը հասարակ էպիզոդ է, փոքր մի դեպք՝ մեր իսկական խնդրի հետ համեմատությամբ, որը կայանում է նամակը գտնելու և Եվրոպան աղետից փրկելու մեջ։ Անցած երեք օրվա ընթացքում տեղի է ունեցել միայն մի նշանակալի իրադարձություն․ դա այն է, որ ոչինչ տեղի չի ունեցել։ Գրեթե յուրաքանչյուր ժամը մեկ անգամ ես կառավարությունից տեղեկություն եմ ստանում և գիտեմ, որ ոչ մի տեղ ամբողջ Եվրոպայում տակավին անհանգստության ոչ մի նշան չկա։ Եթե նամակը կորել է․․․ ոչ, նա չէր կարող կորչել․․․ Բայց եթե չի կորել, ապա որտե՞ղ է։ Ո՞ւմ մոտ է։ Ինչո՞ւ են թաքցնում այն։ Ահա մի հարց, որ ուղեղիս մեջ մեխված, մտատանջում է ինձ։ Եվ հասարակ զուգադիպությո՞ւն է արդյոք, որ Լուկասը սպանվել է հենց այն երեկոյան, երբ կորել է նամակը։ Նամակն առհասարակ նրա մոտ եղե՞լ է արդյոք։ Եթե եղել է, ապա ինչո՞ւ չեն գտել նրա թղթերի մեջ։ Արդյոք այդ նամակը իր հետ չի՞ տարել Լուկասի խելացնոր կինը։ Եթե տարել է, չի՞ գտնվում արդյոք նրա տանը, Փարիզում։ Եվ ինչպե՞ս կարող եմ որոնել այնտեղ, առանց առաջացնելու ֆրանսիական ոստիկանության կասկածները։ Սա այն դեպքն է, սիրելի Ուոտսըն, որտեղ օրինականությունը մեզ համար նույնքան սոսկալի է, որքան և նրա խախտումը։ Ամեն ինչ ուղղված է մեր դեմ, բայց այն ակնկալությունները, որոնք թղթախաղի են դրված, վիթխարի են։ Եթե ինձ հաջողվի արդյունավետ ավարտի հասցնել այս գործը, դա, իհարկե, արժանավայել կերպով կպսակի իմ կարիերան․․․ Ահա և վերջին նորությունները՝ առաջավոր դիրքերից։ ― Նա անմիջապես աչքի անցկացրեց իրեն հանձնած գրությունը։ ― Ահա, Լեստրեյդը, կարծում եմ, ինչ֊որ հետաքրքրիր բան է գտել։ Դրեք ձեր գլխարկը, Ուոտսըն, և մենք միասին կուղևորվենք Վենստմիսնտեր։

Ես առաջին անգամ տեսա այն տեղը, որտեղ կատարվել էր հանցագործությունը․ դա բարձր, խղճուկ տեսքով, նեղ ճակատով մի տուն էր, որը իր սեթևեթությամբ, պաշտոնականությամբ և մասսիվությամբ հիշեցնում էր այն հարյուրամյակը, երբ կառուցված էր։ Լեստրեյդի բուլդոգյան դեմքը դուրս նայեց լուսամուտից, և երբ հսկա կոնստեբլը բացեց մեր առաջ դուռը, Լեստրեյդը բարեկամաբար ողջունեց մեզ։

Սենյակը ուր մենք մտանք, հենց այն տեղն էր, որտեղ կատարվել էր հանցագործությունը, բայց ոչ մի հետք արդեն չէր մնացել, բացի խալու վրայի այլանդակ ու աղոտ բծից։ Խալին, որը հաստ մահուդի մի փոքրիկ քառակուսի կտոր էր, ծածկում էր միայն սենյակի մեջտեղը և շրջապատված էր գեղեցիկ հնամյա պարկետի փայլեցրած քառակուսի շերտատախտակների լայն տարածությամբ։ Բուխարիկի վերևը կախված էր զենքերի մի հրաշալի կոլեկցիա․ հենց այդտեղից էլ այդ ողբերգական երեկոյին վերցրել էին դաշույնը։ Լուսամուտի մոտ դրված էր շքեղ մի գրասեղան, և սենյակում ամեն մի իր՝ նկար, խալի, վարագույր, վկայում էր տանտիրոջ նուրբ, մինչ քնքշության հասնող ճաշակի մասին։

― Դուք լսե՞լ եք Փարիզից ստացած նորության մասին, ― հարցրեց Լեստրեյդը։

Հոլմսը դրականորեն գլխով արեց։

― Այս անգամ մեր ֆրանսիական բարեկամները ուղղակի ճիշտ կետին են կպել։ Սպանությունը, անկասկած, տեղի է ունեցել ճիշտ այնպես, ինչպես նրանք պնդում են։ Այդ կինը դուռը թակել է, դա անսպասելի այցելություն է եղել՝ կարծում եմ, որովհետև հանգուցյալի մոտ ոչ ոք չէր գալիս։ Հանգուցյալը ներս է թողել նրան, հանդիմանություններ է թափել գլխին։ Իսկ հետո քանի որ դաշույնը ձեռքին է եղել, շուտով ամեն ինչ վերջացել է։ Այդ ամենը, իհարկե, կատարվել է ո՛չ միանգամից, որովհետև բոլոր աթոռները թափված էին իրար վրա, իսկ մեկը նույնիսկ նրա ձեռքին էր գտնվում, կարծես թե փորձել էր նրանով պաշտանվել։ Մենք այդ ամենը այնքան պարզ ենք պատկերացնում, կարծես թե ինքներս ենք վկա եղել։

Հոլմսը հոնքերը կիտեց։

― Եվ, այնուամենայնիվ, դու իմ հետևից մա՞րդ ուղարկեցիք։

― Ախ հա, դա ուրիշ բան է, դա փոքրիկ մի դատարկություն է, բայց այնպիսի դատարկություններից մեկը, որով դուք հետաքրքրվում եք․ կասկածելի, գիտեք, և դուք, թերևս, կանվանեք՝ տարօրինակ։ Առաջին հայացքից դա ոչինչ ընդհանուր չունի այդ ամբողջ գործի հետ։

― Այդ դեպքում ի՞նչ է դա։

― Ձեզ հայտնի է, որ այն բանից հետո, ինչ հանցագործությունը հայտնաբերված է, մենք ուշի֊ուշով հետևում ենք, որպեսզի բոլոր իրերը մնան իրենց տեղերում։ Այստեղ ոչ մի բանի ձեռք չի կպել։ Ոստիկանը զոր ու գիշեր հետևել է։ Այսօր առավոտյան, սպանվածին թաղելուց և այս սենյակի հետազոտությունը վերջացնելուց հետո մենք որոշեցինք մի փոքր կարգի բերել այն։ Եվ ահա խալին․․․ Ինչպես տեսնում եք, ամրացված չէ հատակին, պարզապես փռած է։ Մենք պատահաբար բարձրացրինք և հայտնաբերեցինք․․․

― Հա՞։ Հայտնաբերեցի՞ք․․․ ― Հոլմսի դեմքն արտահայտում էր մեծագույն հետաքրքրություն։

― Օ՜, ես համոզված եմ, որ դուք հարյուր տարի էլ մտածեք, չեք գտնի, թե մենք ինչ ենք հայտնաբերել։ Տեսնո՞ւմ եք խալու վրայի այս բիծը։ Չէ՞ որ այդ խալու միջով պետք է ներծծվեր մեծ քանակությամբ արյուն, ճի՞շտ է։

― Միանգամայն։

― Եվ պատկերացրեք, որ բաց գույնի պարկետի վրա այդ տեղում ոչ մի բիծ չկա։

― Բիծ չկա՞։ Բայց պետք է լինի։

― Այո՛, դուք այդպես եք կարծում։ Այնուամենայնիվ, չկա։

Նա բարձրացրեց խալու ծայրը, և մենք համոզվեցինք, որ ճիշտ հենց այդպես է։

― Բայց չէ՞ որ խալու թարս կողմի վրա նույնպես բիծ կա, ինչպես և շիտակ։ Ուրեմն այդ բիծը պետք է մնար նաև հատակին։

Տեսնելով հռչակավոր մասնագետի զարմանքը, Լեստրեյդը ցնծությունից հռհռաց․

― Դե, իսկ հիմա ես ձեզ կբացատրեմ բանն ինչումն է։ Երկորդ բիծ ևս կա, բայց նա չի համընկնում առաջինի հետ։ Նայեք ինքներդ։

Այդ խոսքերով նա բարձրացրեց խալու մյուս ծայրը, և իսկապես, պարկետի բաց գույնի քառակուսիներում, հնամյա դռանն ավելի մոտ, մենք տեսանք մի մեծ, մուգ֊կարմիր գույնի բիծ։

― Ի՞նչ կասեք սրա մասին, միստր Հոլմս։

― Այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Երկու բծերը համընկնում են միմյանց հետ, բայց խալին շրջված էր։ Քանի որ այն քառակուսի է և ամրացված չէ հատակին, այդ անելը դժվար չէր։

― Միստր Հոլմս, ոստիկանությունը խալին շրջված լինելու կապակցությամբ չէ ձեր բացատրության կարիքն զգում։ Դա միանգամայն պարզ է․ եթե խալին փռենք այ այսպես, հետքերը կընկնեն միմյանց վրա։ Իսկ ես ձեզ հարցնում եմ ո՞վ է խալին տեղից վերցրել և ինչո՞ւ։

Հոլմսի անշարժ դեմքի վրա ես տեսա, որ նա դժվարությամբ է զսպում իրեն բռնկող հուզմունքը։

― Լսեք, Լեստրեյդ, ― ասաց նա, ― միջանցքում գտնվող այն ոստիկանը մի՞շտ է հերթապահում այստեղ։

― Այո՛։

― Ուրեմն, ահա իմ խորհուրդը ձեզ․ լավ հարցաքննեք նրան։ Բայց միայն ոչ մեր ներկայությամբ, մենք այստեղ կսպասենք։ Նրան տարեք ուրիշ սենյակ։ Ձեզ հետ առանձնացած նա ավելի շուտ կխոստովանի։ Հարցրեք, թե նա ինչպես է համարձակվել թույլ տալ այստեղ մարդ մտնելու և թողնել, որ այդ մարդը մենակ մնա ներսում։ Մի՛ հարցրեք, նա այդ արել է թե չէ։ Հաշվեք, որ դա ապացուցման կարիք չի զգում։ Նրան ասացեք, որ ձեզ հայտնի է ինչ֊որ մեկի այստեղ եղած լինելը։ Սպառնացեք նրան։ Ասացեք նրան, որ միայն անկեղծ խոստովանությունը կարող է քավել նրա մեղքը։ Ամեն ինչ արեք այնպես, ինչպես ես եմ ասում։

― Երդվում եմ, ես նրանից ամեն ինչ կքամեմ, եթե նա թեկուզ որևէ բան գիտե, ― բացականչեց Լեստրեյդը։

Նա վազելով դուրս եկավ նախասենյակ, և մի րոպեից հետո մենք լսեցինք, թե ինչպես է հարևան սենյակում բղավում։

― Շո՛ւտ, Ուոտսըն, շո՛ւտ, ― գոռաց Հոլմսը, անհամերությունից դողալով։

Այդ մարդու ամբողջ գերբնական ուժը, որը թաքնվում էր ապատիայի դիմակի տակ, ժայթքեց բուռն էներգիայով։ Նա մի կողմ նետեց խալին և, չոքելով, սկսեց շոշափել նրա տակ գտնվող պարկետի յուրաքանչյուր քառակուսին։ Պարկետներից մեկը, երբ նա ձեռքով կպավ եզրին, թռավ մի կողմ։ Դա արկղի կափույրն էր․ նրա տակ գտնվում էր մի փոքրիկ ու մութ փոս։ Հոլմսը անհամբերությամբ ձեռքը խրեց այնտեղ, բայց ետ քաշելիս, տնքաց զայրույթից ու դառը հիասթափությունից։ Արկղը դատարկ էր։

― Արա՛գ, Ուոտսըն, արա՛գ։ Դրեք իր տեղը։

Մենք հազիվ էինք հասցրել փակել թաքստոցը և փռել խալին իր տեղը, երբ միջանցքում լսվեց Լեստրեյդի ձայնը։ Երբ նա ներս մտավ, Հոլմսը կանգնել էր, հուսահատ ու տառապյալ տեսքով, անփութորեն հենված բուխարիկին և հազիվ զսպելով անսանձահարելի հորանջումը։

― Ներեցեք, որ ուշացա, միստր Հոլմս։ Տեսնում եմ ձեզ այս բոլորը մահու չափ ձանձրացրել է։ Վերջապես նա խոստովանեց։ Ներս եկեք Մակֆերսըն։ Թող ջենտլմենները նույնպես իմանան ձեր աններելի վարքի մասին։

Կողքանց սենյակ մտավ մի հսկայական, կարմրած և հուզված կոնստեբլ։

― Հավատացնում եմ ձեզ, սըր, որ իմ մտքում անգամ ոչ մի վատ բան չի եղել։ Երեկ երեկոյան այստեղ եկավ մի երիտասարդ կին․ ասաց, որ տունը շփոթել է։ Մենք մի քիչ զրուցեցինք։ Չէ՞ որ ձանձրալի է այստեղ ամբողջ օրը մենակ կանգնելը․․․

― Է՛, և ի՞նչ պատահեց։

― Նա ուզեց տեսնել, թե որտեղ է կատարվել սպանությունը, ասաց, որ այդ մասին կարդացել է թերթերում։ Նա շատ կարգին կին էր, սըր, և սահուն էլ խոսում էր։ Ես մտածեցի, որ ոչ մի վատ բան էլ չի լինի, եթե ներս թողնեմ տեսնի։ Բայց տեսնելով խալու վրայի բիծը, նա ընկավ ու փռվեց հատակին ինչպես մեռել։ Ես նետվեցի խոհանոց, ջուր հասցրի, բայց նրան ուշքի բերել չկարողացա։ Այնժամ ես վազեցի անկյունի այն կողմը գտնվող «Բաղեղի ծիլ» խորտկանոցը կոնյակ բերելու, սակայն, մինչև իմ վերադառնալը, երիտասարդ կինը ուշքի էր եկել ու հեռացել․․․ Նա, ըստ երևույթին, անհարմար էր զգացել ինձ հանդիպել։

― Իսկ խալուն ոչ ոք ձեռք չէ՞ր տվել։

― Գիտեք ինչ, սըր, երբ ես վերադարձա, խալին թերևս մի փոքր տեղից շարժված էր։ Չէ՞ որ այդ կինը ընկել էր նրա վրա, իսկ խալին ոչնչով ամրացված չէր հատակին։ Հետո ես ուղղեցի։

― Սա թող ձեզ դաս լինի, կոնստեբլ Մակֆերսըն, որպեսզի դուք էլ ինձ չխաբեք, ― ծանրումեծ ասաց Լեստրեյդը։ ― Դուք, իհարկե, որոշել էիք, որ դասավորության այդ խանգարումը չի նկատվի, իսկ ինձ համար բավական էր միայն մի հայացք գցել խալու վրա, և անմիջապես հասկանալ, որ ինչ֊որ մեկը ոտք է դրել այս սենյակը։ Ձեր բախտից է, բարեկամ, որ ոչինչ չի կորել, այլապես գործը վատ կվերջանար։ Ափսոսում եմ, միստր Հոլմս, որ ձեզ այստեղ եմ կանչել այսպիսի դատարկ բանի համար։ Ես կարծում էի, որ առաջինի հետ չհամընկնող այս երկրորդ բիծը ձեզ կհետաքրքրի։

― Իհարկե, դա շատ հետաքրքիր է․․․ Կոնստեբլ, այդ կինը միայն մի անգա՞մ է մտել այստեղ։

― Այո՛, սըր, միայն մի անգամ։

― Իսկ ի՞նչ է նրա անունը։

― Չգիտեմ, սըր։ Նա ասաց, որ մեքենագրուհու աշխատանք է որոնում, բայց տան համարը շփոթել է․ շատ հաճելի, լրջախոհ երիտասարդ կին էր, սըր։

― Բարձրահասա՞կ էր։ Գեղեցի՞կ էր։

― Այո՛, սըր, բավականին բարձեահասակ, երիտասարդ կին էր։ Կարելի է ասել, որ գեղեցիկ էր։ Թերևս, նույնիսկ շատ գեղեցիկ։ «Օ՜, ապա, թույլ տվեք մի անգամ նայել», ― ասաց նա։ Նրա շարժուձևերը շատ հաճելի էին, ուղղակի փաղաքշական, և ես մտածեցի, որ մեծ փորձանք չի լինի, եթե թույլ տամ դռնից ներս նայել։

― Նա ինչպե՞ս էր հագնված։

― Շատ հասարակ, սըր․ հագին մինչև հատակը հասնող երկար թիկնոց էր։

― Ժամի քանիսի՞ն էր այդ։

― Հենց նոր էր սկսել մթնել։ Երբ ես խորտկարանից վերադառնում էի, լապտերները սկսել էին վառել։

― Շատ լավ, ― ասաց Հոլմսը։ ― Գնանք, Ուոտսըն, մեզ ուրիշ տեղ մի այլ կարևոր գործ է սպասում։

Երբ մենք տնից դուրս էինք գալիս, Լեստրեյդը մնաց սենյակում, իսկ զղջանքով լցված կոնստեբլը աճապարեց բացել մեր առաջ դուռը։ Հոլմսը շեմքի վրա շրջվեց և ինչ֊որ բան մեկնեց Մակֆերսընին։ Կոնստեբլը ուշադրությամբ զննեց։

― Աստված իմ, սըր, ― ապշած բացականչեց նա։

Հոլմսը մատը մոտեցրեց շուրթերին, այդ առարկան նորից դրեց գրպանը և երբ մենք դուրս եկանք փողոց, բարձրաձայն ծիծաղեց։

― Հրաշալի է, ― ասաց նա։ ― Գնանք, սիրելի Ուոտսըն։ Վարագույրը բարձրացված է, սկսվում է վերջին գործողությունը։ Կարող եք հանգիստ լինել․ պատերազմ չի լինի, բարձրապատիվ լորդ Տրելոնի Հոուպի փայլուն կարիերան չի վնասվի, անզգույշ միապետը չի պատժվելու իր շտապողականության համար, և պրեմիեր֊մինիստրը ստիպված չի լինի կարգի բերել Եվրոպայի բարդ իրադրությունը։ Մեզանից միայն պահանջվում է որոշ տակտ ու հնարամտություն, և այնժամ ամբողջ այդ պատմությունը, որը սպառնում է շատ տհաճ հետևանքներով, մի ջարդված գրոշ էլ չի արժենալու։

Ես հրճվանքով լցվեցի դեպի այդ զարմանալի մարդը։

― Դուք խնդիրը լուծեցի՞ք, ― բացականչեցի ես։

― Առայժմ ո՛չ, Ուոտսըն։ Դեռ մի քանի հանգամանքներ կան, որոնք նույն ձևով տակավին անհասկանալի են, ինչպես և առաջ։ Բայց մեզ այնքան շատ բան է հայտնի, որ պարզապես ցավալի կլինի, եթե բոլորը չիմանանք։ Մենք կուղևորվենք ուղղակի Ուայտհոլլ֊Տերրաս և գործը կհասցնենք իր վախճանին։

Երբ մենք եկանք եվրոպական գործերի գծով մինիստրի տունը, Շերլոկ Հոլմսը հայտարարեց, որ ցանկանում է տեսնել լեդի Հիլդա Տրելոնի֊Հոուպին։ Մեզ առաջնորդեցին ընդունարանը։

― Միստր Հոլմս, ― ասաց լեդին, և նրա դեմքը զայրույթից շառագունեց։ ― Դա պարզապես ձեր կողմից մեծ անազնվություն է։ Չէ՞ որ ես ասացի, ցանկանում եմ իմ այցելությունը պահպանել որպես գաղտնիք, այլապես ամուսինս կարող է կարծել, թե ես խառնվում եմ նրա գործերին։ Մինչդեռ դուք ձեր գալով անվանարկում եք ինձ։ Չէ՞ որ դա ապացուցում է, որ մեր միջև գոյություն ունեն գործնական հարաբերություններ։

― Դժբախտաբար, միլեդի, ես ուրիշ ընտրություն չունեի։ Ինձ հանձնարարել են գտնել այդ ծայր աստիճանի կարևոր փաստաթուղթը, այդ պատճառով էլ ես ստիպված եմ ձեզ խնդրելու, միլեդի, որ դուք այն հանձնեք ինձ։

― Լեդին ոտքի թռավ, կարմրությունն ակնթարթորեն չքացավ նրա երեսից, աչքերը մթնեցին, նա օրորվեց։ Ինձ թվաց, թե հիմա ուշագնաց կլինի, բայց կամքի հսկայական ճիգով նա իրեն տիրապետեց, և զարմանքից ու զայրույթից բոցավառվեց դեմքը։

― Դուք․․․ դուք ինձ վիրավորում եք, միստր Հոլմս։

― Լսեք, միլեդի, դա անօգուտ է։ Տվեք նամակը։

Նա նետվեց դեպի զանգը։

― Ծառայապետը ձեզ դուրս կտանի։

― Մի զանգահարեք, լեդի Հիլդա։ Եթե դուք այդ անեք, սկանդալից խուսափելու իմ բոլոր անկեղծ փորձերը դուրս կգան իզուր։ Վերադարձրեք ինձ նամակը, և ամեն ինչ կհարթվի։ Եթե դուք ինձ լսեք, ես կօգնեմ։ Եթե դուք չուզեք վստահել ինձ, ես ստիպված կլինեմ մատնել ձեզ։

Լեդին հպարտ ու վեհ կանգնել էր Հոլմսի առաջ։ Նրա աչքերը հանդիպեցին Հոլմսի հայացքին, կարծես թե ցանկանալով հասկանալ ինչ կա նրա մտքում։ Լեդին ձեռքը զանգից չէր վերցնում, բայց և չէր զանգահարում։

― Դուք փորձում եք վախեցնել ինձ։ Դա ազնվություն չէ, միստր Հոլմս, այստեղ գալ՝ կանանց սպառնալու համար։ Դուք ասում եք, որ ձեզ որոշ բաներ հայտնի են։ Ի՞նչ է ձեզ հայտնի։

― Խնդրում եմ, միլեդի, նստեցեք։ Դուք կարող եք վնասվել, եթե ընկնեք։ Ես ոչինչ չեմ ասի, մինչև որ չնստեք։ Շատ շնորհակալ եմ։

― Ես ձեզ հինգ րոպե եմ տալիս, միստր Հոլմս։

― Բավական է և մի րոպեն, լեդի Հիլդա։ Ես գիտեմ այն մասին, որ դուք եղել եք Էդուարդ Լուկասի մոտ, այդ փաստաթուղթը տվել եք նրան, գիտեմ, թե երեկ երեկոյան ինչպիսի խորամանկությամբ եք կրկին անգամ ընկել նրա սենյակը և խալու տակ գտնվող թաքստոցից վերցրել նամակը։

Լեդի Հիլդայի դեմքը մահվան չափ դժգունացավ։ Նա աչքերը Հոլմսից չէր հեռացնում, շնչահեղձ էր լինում, չէր կարողանում ոչ մի բառ արտասանել։

― Դուք խելագարվել եք, միստր Հոլմս․․․ Դուք խելագարվել եք, ― բացականչեց վերջապես նա։

Հոլմսը գրպանից հանեց ստվարաթղթի մի կտոր։ Դա կնոջ լուսանկարն էր։

― Ես սա հետս վերցրի, որովհետև գիտեի, որ պետք կգա, ― ասաց Հոլմսը։ ― Ոստիկանը ճանաչել է ձեզ։

Լեդին մեծ դժվարությամբ կուլ տվեց օդը, և նրա գլուխն ընկավ բազկաթոռի թիկնատեղին։

― Լսեք, լեդի Հիլդա․․․ Նամակը ձեզ մոտ է, բայց գործը, այնուամենայնիվ, կարելի է կարգավորել։ Ես ոչ մի ցանկություն չունեմ ձեզ տհաճություններ պատճառելու։ Իմ պարտականությունները կվերջանան, երբ ես ձեր ամուսնուն վերադարձնեմ կորուսյալ նամակը։ Լսեք իմ խորհուրդը և անկեղծ եղեք ինձ հետ, այստեղ է ձեր փրկությունը։

Լեդու անվեհերությունը հիասքանչ էր։ Նույնիսկ այդ պահին էլ նա իրեն հաղթված չէր զգում։

― Ես նորից եմ կրկնում, միստր Հոլմս, դուք գտնվում եք ինչ֊որ անհեթեթ ֆանտազիայի իշխանության ներքո։

Հոլմսը աթոռից վեր կացավ․

― Ես ցավում եմ ձեզ համար, լեդի Հիլդա։ Ես ձեզ համար արի այն ամենը, ինչ կարող էի, այժմ տեսնում եմ, որ այդ բոլորը իզուր է։

Նա սեղմեց զանգի կոճակը։ Ներս մտավ ծառայապետը։

― Միստր Տրելոնի Հոուպը տա՞նն է։

― Նա տանը կլինի, սըր, տասնհինգ րոպեից հետո։

Հոլմսը նայեց ժամացույցին։

― Դեռ տասնհինգ րոպե կա, ― ասաց նա։ ― Շատ լավ, ես կսպասեմ։

Ծառայապետը հազիվ էր փակել դուռը իր հետևից, երբ լեդի Հիլդան, տարածելով ձեռքերը ընկավ Հոլմսի ոտքերի առաջ։ Նրա հիասքանչ դեմքը ողողված էր արցունքներով։

― Օ՜, խնայեք ինձ, միատր Հոլմս։ Խնայեք ինձ, ― աղերսում էր նա ծայրահեղ հուսահատության մեջ, ― ի սեր աստծո, մի՛ ասեք․ ես այնքան եմ սիրում նրան։ Ինձ համար շատ ցավալի է նրան նույնիսկ ամենաչնչին տհաճություն պատճառելը, իսկ սա, ես գիտեմ, կփշրի նրա ազնիվ սիրտը։

Հոլմսը վեր բարձրացրեց լեդիին։

― Շնորհակալ եմ ձեզանից, միլեդի, որ դուք գոնե վերջին պահին ուշքի եկաք։ Չի կարելի ոչ մի րոպե կորցնել։ Ո՞ւր է նամակը։

Լեդին նետվեց դեպի գրասեղանը, բացեց այն և հանեց երկնագույն երկար մի ծրար։

― Ահա նա, միստր Հոլմս․․․ Երանի թե ես երբեք տեսած չլինեի։

― Այժմ ինչպե՞ս մենք սա հանձնենք նրան, ― մտածում էր Հոլմսը, ― շո՛ւտ, շո՛ւտ պետք է գտնել որևէ մի ելք․․․ Որտե՞ղ է փաստաթղթերով ղարդատուփը։

― Դեռ ննջարանում է։

― Որքան լավ է։ Շուտ, միլեդի, զարդատուփն այստեղ բերեք։

Մի րոպեից հետո միլեդին հայտնվեց՝ ձեռքին բռնած կարմիր, տափակ մի զարդատուփ։

― Ինչո՞վ էիք առաջ դուք սա բացում։ Երկրորդ բանալի ունե՞ք։ Իհարկե, ունեք։ Բաց արեք։

Լեդի Հիլդան կորսաժի տակից հանեց մի փոքրիկ բանալի։ Զարդատուփը բացեցին․ նա թղթերով լցված էր։ Հոլմսը երկնագույն ծրարը խրեց այդ թղթերի արանքը, դնելով ինչ֊որ փաստաթղթի թերթիկների մեջ։ Զարդատուփը փակեցին և նորից տարան ննջարան։

― Այժմ մենք պատրաստ ենք նրան դիմավորելու, ― ասաց Հոլմսը։ ― Մենք դեռ տասը րոպե ունենք։ Ես ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ վերցնում ձեզ պաշտպանելու հարցում, լեդի Հիլդա։ Դրա համար դուք պետք է այժմ ազնվորեն ինձ պատմեք այդ ամբողջ տարօրինակ պատմությունը։

― Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ, միստր Հոլմս, ― բացականչեց լեդին։ ― Օ՜, միստր Հոլմս, ինձ համար ավելի հեշտ է կտրել աջ ձեռքս, քան նրան թեկուզ և մի րոպեի վիշտ պատճառել։ Ամբողջ Լոնդոնում չկա մի այնպիսի կին, որն իր ամուսնուն այնպես սիրի, ինչպես ես եմ սիրում, և այնուամենայնիվ, եթե նա իմանար, թե ես ինչ եմ արել, թե ինչ եմ ստիպված եղել անելու, նա երբեք ինձ չէր ների։ Նա այնքան բարձր է դասում իր անձնական պատիվը, որ ի վիճակի չէ մոռանալ կամ ներել ուրիշի անազնիվ արարքը։ Օգնեցեք ինձ միստր Հոլմս։ Իմ երջանկությունը, մեր կյանքը, դրված են խաղաթղթին։

― Շուտ արեք, միլեդի, ժամանակն անցնում է։

― Դեռ մինչև ամուսնությունս, միստր Հոլմս, ես գրեցի մի անգույշ, հիմար նամակ, մի տպավորվող սիրահարված աղջկա նամակ։ Նրա մեջ ոչ մի վատ բան չկար, բայց այնուամենայնիվ, իմ ամուսինը այն կհամարեր հանցագործություն։ Եթե նա կարդար այդ նամակը, կդադարեր ինձ հավատալուց։ Տարիներ են անցել այն օրից, ինչ ես գրել եմ այդ նամակը։ Ես կարծում էի, թե ամեն ինչ մոռացության է մատնված։ Բայց հանկարծ այդ մարդը, Լուկասը, ինձ հաղորդեց, որ նամակն ընկել է իր ձեռքը, և որ սա մտադիր է հանձնել այն իմ ամուսնուն։ Ես աղաչեցի նրան խնայել ինձ։ Նա ասաց, որ կվերադարձնի նամակը, եթե ես հանձնեմ նրան մի փաստաթուղթ, որը, նրա ասածի համաձայն, պահպանվում է ամուսնուս դիվանագիտական ճեպագրերի զարդատուփում։ Նա մինիստրությունում ինչ֊որ մի լրտես ուներ, որը հաղորդել էր այդ փաստաթղթի գոյության մասին։ Լուկասը համոզում էր ինձ, որ դա իմ ամուսնուն ոչ մի չափով վնաս չի բերի։ Պատկերացրեք ձեզ իմ տեղը, միստր Հոլմս։ Ես ի՞նչ պետք է անեի։

― Այդ ամենի մասին պետք է պատմեիք ձեր ամուսնուն։

― Ես չէի կարող, միստր Հոլմս, չէի կարող։ Մի կողմից ինձ սպառնում էր անխուսափելի կորուստը, մյուս կողմից, թեև ինձ սարսափելի բան էր թվում այդ փաստաթղթի վերցնելը, որը պատկանում էր ամուսնուս, բայց, այնուամենայնիվ, ես լրիվ կերպով չէի պատկերացնում, թե ինչ հետևանքներ կարող է այդ ունենալ միջազգային քաղաքականության բնագավառում։ Իսկ ինչ վերաբերում է մեր սիրուն և փոխադարձ վստահությանը, ինձ ամեն ինչ միանգամայն պարզ էր թվում։ Եվ ես կատարեցի այդ հափշտակությունը, միստր Հոլմս։ Ես բանալուց հանեցի պատճենակաղապարը, իսկ այդ մարդը, Լուկասը, ձեռք բերեց երկրորդ բանալին։ Ես բացեցի զարդատուփը, վերցրի փաստաթուղթը և տարա Գոդոլֆին֊ստրիտ։

― Եվ այնտեղ ի՞նչ կատարվեց, միլեդի։

― Ես թակեցի դուռը, ինչպես որ պայմանավորվել էինք։ Լուկասը բացեց։ Ես նրա հետևից գնացի իր սենյակը, իմ հետևից դուռը կիսաբաց թողնելով, որովհետև երկյուղում էի այդ մարդու հետ մենակ մնալուց։ Հիշում եմ, երբ ես մտնում էի տուն, փողոցում կանգնած ինչ֊որ մի կին կար։ Մեր խոսակցությունը շուտ վերջացավ։ Իմ նամակը դրված էր նրա գրասեղանի վրա։ Ես փաստաթուղթը տվի նրան, իսկ նա ինձ վերադարձրեց նամակը։ Այդ պահին դռան մոտ աղմկալի ձայն լսվեց, և միջանցքից լսվեցին ոտնաձայներ։ Լուկասն անմիջապես ետ գցեց խալին, փաստաթուղթը կոխեց ինչ֊որ մի թաքստոց և նորից խալին քաշեց իր տեղը։

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, նման էր ինչ֊որ մի մղձավանջի։ Ես տեսա մի թուխ, խելագար դեմք, լսեցի ինչ֊որ մի կնոջ ձայն, որը ֆրանսերեն գոռգոռում էր․ «Ես իզո՛ւր չսպասեցի։ Ի վերջո ես բռնեցի քեզ նրա հետ»։ Տեղի ունեցավ մի վայրենի տեսարան։ Ես տեսա, թե ինչպես Լուկասը ճանկեց աթոռը, իսկ կնոջ ձեռքում փայլեց դաշույնը։ Ես դուրս նետվեցի տնից և սկսեցի փախչել այդ սոսկումից և միայն հաջորդ օրը առավոտյան թերթերից իմացա, սարսափելի սպանության մասին։ Այդ երեկոյան ես երջանիկ էի, որովհետև իմ սեփական նամակը գտնվում էր ինձ մոտ, և դեռ չէի պատկերացնում, թե ինչ է պատրաստում ինձ համար ապագան։

Սակայն հաջորդ առավոտյան ես հասկացա, որ ազատվելով մի փորձանքից ընկել եմ մի ուրիշի մեջը։ Փատաթղթի կորուստը հայտնաբերած ամուսնուս հուսահատությունը ինձ ցնցեց։ Ես հազիվ ինձ զսպեցի, որպեսզի չընկնեմ նրա ոտքերն ու չպատմեմ այն, ինչ արել էի։ Բայց չէ՞ որ այդպիով ես ստիպված կլինեի խոստովանել նաև այն, ինչ առաջ էր եղել։ Այն առավոտը ես եկա ձեզ մոտ և հենց այդ առավոտն էլ միայն ինձ պարզ դարձավ իմ արարքի ամբողջ ծանրությունը։ Այն պահից ես ամբողջ ժամանակ մտածում էի, թե ինչպես վերադարձնել ամուսնուս համար այդ փաստաթուղթը։ Փաստաթուղթը պետք է գտնվեր այնտեղ, ուր Լուկասը դրեց, որովհետև նա այնտեղ խրեց մինչ այդ սոսկալի կնոջ գալը։ Եթե այդ կնոջ հայտնվելը չլիներ, ես երբեք չէի իմանա, թե որտեղ է գտնվում թաքստոցը։ Ինչպե՞ս թափանցել նրա սենյակը։ Երկու օր շարունակ ես հետևում էի այդ տանը, բայց ոչ մի անգամ նրա դուռը բաց չէր մնում։ Երեկոյան ես կատարեցի երկրորդ փորձը։ Դուք արդեն գիտեք, թե ինչպես ինձ հաջողվեց ձեռք բերել նամակը։ Ես այն բերի տուն և որոշեցի ոչնչացնել, քանի որ չգիտեի, թե ինչպես վերադարձնեմ ամուսնուս, առանց ամեն ինչը պատմելու․․․ Աստված իմ, ես լսում եմ նրա քայլերը սանդուղքների վրա։

Եվրոպական գործերի գծով մինիստրը ծայր աստիճան հուզված ներս մտավ։

― Ի՞նչ նոր բան կա, միստր Հոլմս, ի՞նչ նոր բան կա, ― գոռաց նա։

― Ես որոշ հույսեր ունեմ։

― Փա՜ռք աստծո։ ― Նրա դեմքը պայծառացավ։ ― Պրեմիեր֊մինիստրը ինձ հետ նախաճաշելու է, կարո՞ղ եմ ուրախացնել նրան։ Նրա ներվերը պողպատից են, բայց ես գիտեմ, որ այն ժամանակից ի վեր, ինչ տեղի է ունեցել այս սոսկալի դեպքը, նա գրեթե չի քնում։ Ջեյկոբս, խնդրեցեք պրեմիեր֊մինիստրին այստեղ գա։ Ինչ վերաբերում է ձեզ, սիրելիս, ― դիմեց նա կնոջը, ― ապա հազիվ թե քաղաքականության մասին այս խոսակցությունները ձեզ համար հետաքրքիր լինեն։ Մի քանի րոպեից հետո մենք ձեզ կմիանանք ճաշասրահում։

Պրեմիեր֊մինիստրը լավ էր տիրապետում իրեն, բայց նրա աչքերի փայլից ու չոր ձեռքերի ջղաձկական շարժումներից ես տեսնում էի, որ նա բաժանում է իր երիտասարդ կոլեգայի հուզմունքը։

― Որքան ես հասկանում եմ, միստր Հոլմս, դուք ուզում եք մեզ ինչ֊որ բա՞ն հաղորդել։

― Առ այժմ միայն բացասական, ― պատասխանեց իմ բարեկամը։ ― Ես ամենուրեք, որտեղ միայն կարող էի, հարցուփորձ եմ արել, և համոզվել եմ, որ հուզվելու ոչ մի հիմք չկա։

― Բայց դա բավական չէ, միտր Հոլմս։ Մենք չենք կարող հավիտենապես ապրել հրաբուխի վրա, մեզ անհրաժեշտ է իմանալ որոշակի։

― Ես հույս ունեմ նամակը գտնելու, այդ պատճառով էլ եկել եմ այստեղ։ Որքան շատ եմ մտածում այդ գործի մասին, այնքան շատ համոզվում եմ, որ նամակը երբեք այս տան սահմանները չի լքել։

― Միստը՜ր Հոլմս։

― Եթե նա հափշտակված լիներ, իհարկե, վաղուց ի վեր հրապարակած կլինեին։

― Բայց ի՞նչ միտք ունի վերցնել այն և այս նույն տանը թաքցնել։

― Ես համոզված չեմ, որ այն առհասարակ վերցրել են։

― Այդ դեպքում նա ինչպե՞ս չքացավ զարդատուփից։

― Ես համոզված չեմ, որ նա զարդատուփից չքացել է։

― Միստր Հոլմս, այժմ հարմար ժամանակ չէ կատակներ անելու։ Ես ձեզ հավատացնում եմ, որ զարդատուփում նամակ չկա։

― Երեքշաբթի օրից այս կողմ դուք նայե՞լ եք այնտեղ։

― Ոչ։ Չէ՞ որ դա միանգամայն աննպատակ է։

― Դուք կարող էիք և չնկատել այն։

― Դուք անհնարին բան եք ասում։

― Ո՞վ գիտե։ Այդպիսի բաներ եղել են։ Այնտեղ, հավանական է, ուրիշ փաստաթղթեր էլ կան։ Նա կարող էր նրանց մեջ կորչել։

― Նամակը գտնվում էր վերևից։

― Որևէ մեկը կարող էր ցնցել զարդատուփը, և նա ուրիշ տեղ է ընկել։

― Ո՛չ, ո՛չ, ես բոլորը հանել եմ։

― Բայց չէ՞ որ դա դժվար չէ ստուգել, Հոուպ, ― ասաց պրեմիերը։ ― Կարգադրեցեք զարդատուփը այստեղ բերել։

Եվրոպական գործերի գծով մինիստրը սեղմեց զանգի կոճակը։

― Ջեյկոբս, այստեղ բերեք իմ թղթերի զարդատուփը․․․ Մենք միանգամայն իզուր ժամանակ ենք վատնում, բայց եթե դա ձեզ կբավարարի, ինչ կա որ, կստուգենք․․․ Շնորհակալ եմ, Ջեյկոբս, դրեք այստեղ․․․ Բանալին միշտ ինձ մոտ, ժամացույցիս շղթային գցած է։ Ահա բոլոր թղթերը, տեսնում եք։ Լորդ Մերրոուի նամակը, Չարլզ Հարդիի զեկուցումը, Բելգրադից ստացված հուշագիրը, ռուս֊գերմանական հացային հարկերի մասին տեղեկությունները, լորդ Ֆլաուերսի զեկույցը․․․ Աստվա՜ծ իմ։ Սա ի՞նչ է։ Լորդ Բելլինջերը։ Լորդ Բելլինջերը։

Պրեմիերը ճանկեց նրա ձեռքից երկնագույն ծրարը։

― Այո՛, սա նա է։ Եվ նամակն էլ կա․․․ Ողջունում եմ, Հոուպ։

― Շնորհակալություն, շնորհակալություն։ Ի՜նչ ծանրություն ընկավ ուսերիցս․․․ Սակայն սա անհասկանալի է․․․ Անհնարին է․․․ Միստր Հոլմս, դուք կախարդ եք, դուք հմայող եք։ Որտեղի՞ց իմացաք, որ նամակն այստեղ է։

― Որովհետև ես գիտեի, որ նա այլ տեղ լինել չի կարող։

― Աչքերիս չեմ կարող հավատալ։ ― Նա թափով դուրս վազեց սենյակից։ ― Որտե՞ղ է կինս։ Ես նրան պետք է ասեմ, որ ամեն ինչ հարթվեց։ Հիլդա, Հիլդա։ ― Լսեցինք մենք նրա ձայնը սանդուղքների վրա։

Պրեմիերը աչքերը կկոցելով, նայեց Հոլմսին։

― Լսեք, սըր, ― ասաց նա, ― այստեղ դեռ ինչ֊որ բան կա թաքնված։ Ինչպե՞ս կարող էր նամակը նորից զարդատուփի մեջ ընկնել։

Հոլմսը ժպտալով շրջվեց, այդ թափանցող աչքերի հայացքից խույս տալու համար։

― Մենք նույնպես ունենք մեր դիվանագիտական գաղտնիքները, ― ասաց նա և, վերցնելով գլխարկը, գնաց դեպի դուռը։











  1. Անգլիական պերը ― անգլիական արիստոկրատիայի վերնախավի ներկայացուցիչը։