Վերջին թարմացում 22 Հունիսի 2015, 14:26

Երրորդ որդի

14:26, 22 Հունիսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երրորդ որդին

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»


Անձրեւը երկու oր առաջ էր եկել, առավոտյան արեւը կուրացնող բռնկումներով դուրս եկավ, անտանելի լույսի հոսքը միանգամից վերցրեց հողի խոնավությունը։ Հարեւան Ներսիկը հարբած քնած էր, ինչքան էլ ձեն էին տալիս, չէր արթնանում։ Նրա տրակ տորը հանեցինք բակից ու առանց նրա գնացինք լճերի մարգա գետինը` խոտը հնձելու։

Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ։

Դեռ չորս շրջադարձ էինք կատարել, ու հնձված խոտի ծորերը ձգվում էին մեր ետեւից, կողքիս նստած Սամվելը ծամոնը փուչիկ էր անում ու քթի տակ պայթեցնում, նորից ու նորից պտտեցնում էր դեմի ատամների տակ, շուրթերի վրա փքում էր ու պայթեցնում, հետո խցիկից դուրս ընկավ, ու տրակտորի ետեւի մեծ դողը վրայով անցավ։ Հայրս խոտհնձիչ֊քարշակի վրա էր, առաջինը խոշորացած չափերով նրա դեմքը տեսա ու կանգնեցրի մեքենան։ Մի ժամ, երկու ժամ նստել էինք ու չէինք խոսում։ Հպանցիկ մկներ էին անցնում֊դառնում։ Մեզ մոտիկ արտույտն էլ կանչեց։ Հետո հայրս ասաց․ «Գնա գյուղ, մորդ կանչի` թող գա»։ Նրա աչքի տակ մեղուն խայթել էր, կապտած ուռուցքը մի աչքը փակել էր` քիթ ու բերանը լավ ծեծված մարդու նման էր։ Ասաց․ «Այսպիսի գործին միլիցիան չպիտի խառնվի։ Նրանք հարեւանՆեր սի կին էլ կնստեցնեն, ինձ ու քեզ էլ։ Սա մեր գործն է։ Մորդ ասա, թող կեսօրվա հացը բերի, ու հարեւաններին հարցրու` Սամվելին չե՞ն տեսել, եթե տեսնեն, թող Երեք լճերի մարգագետինը ուղարկեն»։ Լճերից մեկը կարմիր էր, մյուսը դեղին, էն մեկը` կապույտ։

Ես միանգամից բարձրացա տեղիցս, շատ արագ էի քայլում ու ետ չէի նայում։ Հետո բռունցքից էլ փոքր մի թեթեւ թռչուն միացավ ինձ ու մինչեւ գյուղ ուղեկցում էր, համարյա ոտքերիս տակ էր ընկնում, սրընթաց իջնում, զարնվում էր ու արագ հեռանում։

Ցանկապատի դռնակը ճռռոցով էլ բացեցի` պապս չարթնացավ։ Փեթակների կողքի քարին էր նստած, մեղուների միալար բզզոցից ու շինվող մեղրի բուրմունքից թունավոր` անզգա էր, ու ինձ չտեսավ։

Մայրս մինչեւ հանդի մեր կերակուրն էր պատրաստում, դուրս եկա գյուղամեջ ու թաղից թաղ յոթ֊ութ տարեկան երեխաներին ու մեծերին հարցնում էի․ «Սամվելին չե՞ք տեսել»։ Վերադարձա, հացը հացին շարված, կապոցը դրված էր․ պայուսակները վերցրինք ու դուրս եկանք։

Պապս փեթակների կողքին էլի քարին էր նստած, մոտեցա, ուսը սեղմեցի, աչքը խաղաց ակնակապիճի մեջ, սովորականից մի քիչ բարձր էր խոսում․ «Խոտն ենք հնձում, Սամվելը որ տուն գա, ուղարկեք Երեք լճերի մարգագետին` մեզ օգնելու»։Լսում է, ուշակորույս աչքերն ինձ են նայում։

Անընդհատ առջեւից ես էի քայլում։ Հենց գյուղից դուրս եկանք ու մտանք մարգագետին, այն թռչունը դարձյալ եկավ ու սկսեց թեւել ու զարնվել մեր ոտքերի տակ։ Մի քիչ առաջ էր անցնում, ետ վերադառնում ու նորից կորչում։ Մայրս ասաց․ «Մի վախեցիր»։ Ասացի․ «Մի քիչ նստենք, թող հեռանա, նոր գնանք»։ Ես նստել էի, նա ափը գլխիս դրեց․ «Երեւի երբ տուն էիր գալիս, էլի ուղեկցե՞լ է, դրա համար սարսափեցիր։ Նրա գլխապատառ ճչոցներից վախենալու բան չկա, սովորական թռչուն է։ Հիմա շոգ է, բոլոր բզեզներն ու մլակները թաքնվել են խոտերի տերեւների տակ, որ քայլում ենք, ոտքերով կպչում ենք խոտերի ցողուններին ու թռչեցնում նրանց, մեզ ուղեկցող շաղկտիկն էլ, ուրախու թյան ձայներ արձակելով, որս է անում։ Ոչ մի խորհրդավոր բան էլ չկա, այդպիսի թռչուն էլ է լինում, վախենալ պետք չէ, նա երբեք մարգագետնի տարածքներից դուրս չի գալիս, սովորությունն է այդպիսին»։ Արագ էի քայլում, շաղկտիկը ուղեկցում էր մեզ։ Հեռվից առաջինը երեք լճերը տեսա, հետո` հորս։ Նա նույն դիրքով նստած էր։ Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ։

Մայրս նույն տրամադրությամբ խոսելով գալիս էր, որ Եփրեմի Սաշիկը Երեւանում տուն է գնել, իսկ Եվան գիշերը Մուկուչին մի կճուճ մածուն է տարել։ Հետո մենք հասանք ու կանգնեցինք նրանց գլխավերեւը, մեր երկու թանձր ու սեւ ստվերներն էլ էին հողի վրա փռված։ Մորս ձեռքից կապոցն ընկավ, բայց չէր լացում, հացերը հավաքում էր կապոցի մեջ, նորից ընկնում, գլորվում էին, ինքը հավաքում էր` մատների միջից փախչում, շաղ էին գալիս, ոչ աչքերն էին թացանում, ոչ էլ լացում էր, միայն մազերն էին խոնավանում, ջուր դառնում։ Հայրս նրան ասաց․ «Ինչքան ուզում ես` լաց, մազերդ փետիր, գոռա, սուգդ արա, որ տանը ծպտուն չհանես, ոչ ոք չպիտի իմանա»։ Մորս լացն օգնեց` մենք էլ լացեցինք։ Մեղվի խայթոցից հորս մի աչքը կապույտ ուռուցքով փակ էր, ու արտասվելիս լավ ծեծված մարդու էր նման, իսկ ձենով լացելիս` նաեւ փոքրիկ երեխայի պես էր։ Երկնքում կուրացնող բռնկումները դառնում են ավելի պայծառ, շողացող բոցերի շեղբը կտրում է, արցունքներից ոչ թալկանում ենք, ոչ էլ քրտնում։ Փորում ենք։ Արդեն երեկոյանում էր։ Ես ու հայրս ճիմը քառակուսի֊քառակուսի կտրել ու փոսը փորել էինք։ Վերջում նորից քառակուսի֊քառակուսի ճիմերն այնպես շարեցինք, որ մարգագետինը հարթ դարձավ, ու կասկածելի բան չմնաց։

Հետո արեւը մայր էր մտնում, հայրս մտավ խցիկը, մեզանից շատ առաջ անցավ․ փոսերի վրա ոստոստալիս խոտհնձիչ֊քարշակն ահռելի դղրդում էր, մետաղների սուր ճռնչոցներով տրակտորը գյուղ էր տանում։

Մենք մարգագետնի ճանապարհով ոտքով էինք գնում, ու այն թռչունը, որ մեր ոտքերի հարվածներից,` խոտերի ցողուններից թռչող բզեզներ ու մլակներ էր որսում, դարձյալ մեզ ուղեկցեց։ Աջից ու ձախից թեւում էր, գալիս֊գնում։ Արդեն մարգագետնից դուրս էինք եկել, մոտենում էինք գյուղին, ոտքներիս տակ չոր գետինն էր` նա դարձյալ թռչում էր մեր շուրջը։ Մայրս ավելի մոտեցավ` ուսով կպավ ինձ։ Վաղուց, երբ ճանապարհ ընկանք, այդ ժամանակ էի նկատել, որ ականջօղերից մեկը չկա, բայց չէի ուզում նրան ասել։ Երբ թռչունը դարձյալ հպանցիկ անցավ, մայրս ինձ թեւանցուկ արեց, թեւի մեջ դող կար, ու հայացքով հետեւում էր նրա պտույտներին, այդպես նա տնքում էր դաշտային աշխատանքներից հետո` գիշերները քնի մեջ, ու նրա դողը եկավ իմ մեջ` ես էլ էի սրթսրթում։

Երբ գյուղ հասանք, մութը դեռ լրիվ չէր իջել, ձիու աչքերի մեջ պատկերներ կային։ Մեղուները փեթակներն էին մտել, պապս արթնացել էր թունավոր անզգայությունից, ձին կապել էր ցանկապատին ու թիմարում էր, ձիու թրթռացող մաշկի հետ ձեռքը դողում էր, ամբողջ մարմնով ինքն էլ էր ցնցվում։ Ձիու խոշոր, սեւ աչքերի մեջ մենք երեքս էլ դեմքով երեւում էինք, ու մորս մի ականջօղը չկար։ Ասաց․ «Սամվելը դեռ չի վերադարձել, հայրդ գնացել է նրան որոնելու»։ Ես ու մայրս, էլ գնացինք ու «Սամվե՛լ, Սամվե՛լ» գոռալով` եղբորս էինք որոնում գյուղի թաղերում։ Գյուղացիներից էլ ոչ ոք նրա տեղը չգիտեր։ Երկու հաղթանդամ հորեղբայրներս արյուն իջած աչքերով էին․առնական ու բամբ ձայնով, քրտինքը ճակատներին` բոլորին հարցաքննում եւ հրամաններ էին տալիս, շատերը միացան մեզ, ու մինչեւ լուսադեմ, լապտերները վառած, բոլոր հավանական ու կասկածելի տեղերում նրան էին որոնում։

Հովիվներից մեկը` Ավոն, ասաց․ «Վայ թե ես տեսել եմ նրան»։ Մորս հարցրեց․ «Ճերմակ սարոշկա՞ էր հագած, եթե սպիտակ էր հագինը, ուրեմն Սամվելն էր։ Դեղին լճում ձուկ էր որսում։ Ես էլ ասի` էս մատմ երեխուն ինչո՞ւ են միայնակ ծովը թողել, ճիշտ է, շատ հեռվից տեսա, բայց հագինը հաստատ ճերմակ սարոշկա էր»։ Ճնշումից արնակոխ աչքերով հորեղբայրներս` առաջնորդ, լապտերներով ճանապարհներս լուսավորելով` հասանք լճափ ու, խմբերի բաժանված, նրան էինք որոնում։ Մենք էլ բազմու ֊Սկզբից հորս ծնկներին, կրծքին, հետո կոկորդին ջուրը հասավ` առաջանում էր ու գոռում, առաջանում էր ու գոռում։ Մայրս էլ էր կանչում թիկունքից` բազմության միջից, նրա ձայնը տարբերակող, տարորոշ լսվեց, երեւի դրա համար հայրս ետ եկավ։

Մորս զգեստի` կրծքերը սքողող մի կոճակը չկար, վաղուց, երբ ճանապարհ ընկանք, այն ժամանակ էի նկատել, բայց չէի ուզում ասել։

Առավոտյան Մակարը շրջկենտրոնից քննիչներ կանչեց։ Նրանք, ակումբը գրասենյակ դարձրած, երկու հաղթանդամ հորեղբայրներիս էլ դռանը պահակ կարգած, շատերին հարցաքննեցին։ Հորս հարցրին․ «Գյուղում թշնամի չունե՞ս»։ Արնակոխ աչքերով հորեղբայրներս ծիծաղեցին։ Հարցին․ «Բա աչքդ ինչի՞ է փակ ու կապտած»։ Հայրս աչք, քիթ ու բերանը լավ ծեծված մարդու էր նման։ Նրանց հետ եկած փորձագետը դեմքը զննեց, ասաց․ «Ճիշտ է, մեղվի խայթոց է»։ Արձանագրությունների մեջ գրեցին, որ տղան ձուկ որսալիս խեղդվել է լճում։ Հորս էլ տակը ստորագրել տվեցին ու գնացին։ Մեր տուն հարեւան կանայք էին գալիս` մորս մխիթարելու, ասում էին․ «Մեկ էլ տեսար, մի տեղից կհայտնվի Սամվելը։ Երեխա է, մի տեղ մոլորվել է, մի թփի տակ քնով է անցել, քարից ընկել, ուշաթափվել է` կարթնանա ու կգա»։

Լճերից մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ։